== Նախաբան ==
Ձեր առջև «Մատանիների տիրակալը» եռագրության երկրորդ տարեգրությունն է: Առաջին տարեգրությունում պատմվում էր այն մասին, թե ինչպես Գենդալֆը հայտնաբերեց, որ Ֆրոդոյի մատանին հենց Համիշխանության Մատանին է, որին ենթարկվում են մնացած բոլոր Մատանիները: Պատմվում էր նաև այն մասին, թե ինչպես Ֆրոդոն և նրա ընկերները փախան Հոբիթստանից` հետապնդվելով Մորդորից ուղարկված սարսափելի սև հեծյալների կողմից: Արագորնի օգնությամբ փախչելով աներևակայելի վտանգներից՝ հոբիթները հայտնվում են Ազատքում: Էլրոնդը կազմակերպում Է մեծ խորհուրդ, որտեղ որոշվում է ոչնչացնել Մատանին: Մատանու գլխավոր Պահապան նշանակվում է Ֆրոդոն, այնուհետև ընտրվում են մնացած պահապանները: Ֆրոդոն ու մնացած պահապանները պետք է հասնեն Մորդոր՝ Ճակատագրի Լեռ, որպեսզի Մատանին ոչնչացնեն լեռան ընդերքում: Պահապանները ծածուկ հեռանում են Ռիվենդելից և որոշ ժամանակ առանց դիմադրության հանդիպելու անցնում են հյուսիսային հողերով, բայց Քարադրասի լանջերին ձախողվելով, որոշում են անցնել Մորիայով: Գտնելով թաքնված դարպասը՝ Գենդալֆը Մորիայի քարանձավներով առաջնորդում է պահապաններին՝ հուսալով դուրս գալ լեռան մյուս կողմը: Բայց ճանապարհին նա զոհվում է Բալրոգի հետ մենամարտում՝ նրա հետ միասին ընկնելով սև, անհատակ անդունդը: Արագորնը առաջնորդում է Պահապաններին դեպի Լորիեն՝ էլֆերի անտառային թագավորություն, որից հետո նրանք ուղևորվում են Անդուին գետի հոսանքն ի վար մինչև Ռաուրոս ջրվեժը: Այնտեղ Պահապանները պետք է որոշեն գնալ արևելք՝ Մորդոր, թե Մինաս Թիրիթ՝ Գոնդորի մայրաքաղաք, որպեսզի օգնեն նրանց գոնդորցիներին թշնամու դեմ ճակատամարտում: Հասկանալով, որ գլխավոր Պահապանը չի փոշմանել և հաստատակամ է մինչև վերջ գնալ, Բորոմիրը որոշում է ուժով խլել նրանից Մատանին։
Առաջին տարեգրությունը վերջանում է Ֆրոդոյի և Սեմի փախուստով, որից հետո Պահապանները ցրվում են տարբեր կողմեր: Երկրորդ տարեգրությունում կիմանանք Պահապանների հետագա ճակատագիրը: