Ավելացվել է 5043 բայտ,
15:14, 13 Նոյեմբերի 2015 {{Վերնագիր
|վերնագիր = Ղա՜֊ղա՜֊ղա՜…
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]
Ուիլյամ անունով մի սագիկ էր ապրում։ Բայց մայրիկը նրան միշտ ասում էր Վիլլի։
— Գնալու ենք զբոսանքի, Վիլլի, —ասում էր մայրիկը։— Մյուսներին էլ ձայն տուր, ղա՜֊ղա՜֊ղա՜…
Մյուսներին զբոսանքի կանչելիս Վիլլին շատ էր սիրում ղա՜֊ղա՜֊ղա՜ ասել։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— հենց այսպես էլ երգում էր ամբողջ ճանապարհին։
Զբոսանքի ժամանակ, մի անգամ նա հանդիպեց կատվի ձագին։ Դա շատ համակրելի մի սեւ փիսիկ էր, որի առջեւի թաթերը ճերմակ էին։ Վիլլին նրան հավանեց։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— ասաց նա կատվի ձագին։— Ղա՜֊ղա՜֊ղա՜։
— Մյաո՜ւ,— պատասխանեց կատվի ձագը։
Վիլլին զարմացավ։ Ի՞նչ է նշանակում «Մյաո՜ւ»։ Նա միշտ էլ համոզված էր, թե կատուները սագերի նման «ղա֊ղա֊ղա» են ասում։
Վիլլին շարունակեց ճանապարհը։ Հիանալի օր էր։ Արեւը փայլում էր եւ թռչուններն էլ ճռվողում էին։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— երգում էր Վիլլին։
— Հա՛ֆ֊հա՛ֆ,— պատասխանեց ճանապարհով վազող շունը։
— Հի՜ի՜֊հի՜֊հի՜խ,— ասաց ձին։
— Նո՜֊ո՜֊ո՜, —բղավեց կաթնավաճառը ձիու վրա։
Խեղճ Վիլլին այդ ամենից ոչինչ չհասկացավ։
Այդ պահին նրա մոտով անցավ ֆերմերն ու ձայն տվեց Վիլլիին․
— Բարեւ, սագիկ։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— պատասխանեց Վիլլին։
Հետո մոտ վազեցին երեխաները։ Տղաներից մեկը բղավեց Վիլլիի վրա․ «Քը՜շշ»։
Վիլլին վշտացավ։ Այնքան վշտացավ, որ նույնիսկ կոկորդը սկսեց քերվել։
— Գիտեմ, որ ես մի սովորական սագիկ եմ միայն։ Բայց ինչո՞ւ են «քը՜շշ» ասում ինձ։
Լճակում նա մի ոսկի ձկնիկ տեսավ, բայց Վիլլիի բոլոր «ղա֊ղա֊ղաների» վրա ձկնիկը միայն իր փոքրիկ պոչը թափահարեց ու ոչինչ չասաց։
Վիլլին շարունակեց ճանապարհը եւ հանդիպեց կովերի նախրին։
— Ը՜մ֊մ֊մ,— ասացին կովերը։— Ը՜մ֊մ֊մ֊մ֊մ֊մ…
Հետո հանդիպեց հավերին․
— Կը՜֊ը՜թ֊կը՛թ֊կը՛թ,— կչկչացին հավերը։— Կը՜֊ը՜թ֊կը՛թ֊կը՛թ…
Իսկ աքաղաղն ավելացրեց․
— Կու֊կու֊լիկո՜ւ…
«Գոնե մեկնումեկը «ղա֊ղա֊ղա» ասեր,— մտածեց Վիլլին։— Ո՞ւմ հետ մի քիչ զրուցեմ։ Ի՜նչ տխուր է»։
— Բը՜զզզզզզզզզզզ,— բզզաց մեղուն։
Աղավնիները մնչում էին, բադերը՝ կռնչում, իսկ ծառերի կատարներին նստած ագռավները՝ կռռում։ Եվ ոչ ոք, ոչ ոք նրան «ղա֊ղա֊ղա» չէր ասում։
Խեղճ Վիլլին նույնիսկ լաց եղավ, եւ արցունքները նար կտուցից հոսեցին փոքրիկ ու սիրուն կարմիր թաթիկներին։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— հեծկլտում էր Վիլլին։
Ու հանկարծ հեռուներից լսվեց շատ հաճելի մի «ղա֊ղա֊ղա»։
Հետո ճանապարհին հայտնվեց մի կապույտ ավտոմեքենա։
— Ղա՛֊ղա՛֊ղա՛,— ասաց ավտոմեքենան։
Չէ՞ որ անգլիական բոլոր ավտոմեքենաները «տո՜ւ֊տո՜ւ֊տո՜ւ»֊ի փոխարեն «ղա՛֊ղա՛֊ղա՛» են ասում։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— ուրախացավ Վիլլին։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— ասաց ավտոմեքենան ու անցավ նրա մոտով։
Վիլլին չէր կարողանում հայացքը կտրել ավտոմեքենայից։
Նա իրեն աշխարհի ամենաերջանիկ սագիկն էր զգում։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— կրկնեց ավտոմեքենան եւ անհետացավ կեռմանից այն կողմ։
— Ղա՜֊ղա՜֊ղա՜,— նրա ետեից գոչեց Վիլլին։