Ավելացվել է 4901 բայտ,
12:14, 24 Նոյեմբերի 2015 {{Վերնագիր
|վերնագիր = Իմբիրե թխվածքը
|հեղինակ = [[Դոնալդ Բիսեթ]]
|թարգմանիչ = Կարեն Ա․ Սիմոնյան
|աղբյուր = [[«Մոռացված ծննդյան օրը»]]
}}
[[Կատեգորիա:Մանկական]]
Աշխարհում մի Պրեմիեր֊Մինիստր կար։ Նա այնքան էլ խելացի Պրեմիեր֊Մինիստր չէր ու, երբ արտասանում էր իր երկար ճառերը, լսողները միայն հոգոց էին հանում․ «Դե լավ… Պարապ խոսքեր են», կամ․ «Այ քեզ հիմարություն», կամ էլ պարզապես՝ «Դե լավ, լավ»։
Ու մի անգամ Պրեմիեր֊Մինիստրի կինը ասաց ամուսնուն․
— Եթե դու ճառեր չարտասանեիր, սիրելիս, բոլորն էլ քեզ խելացի կհամարեին։
— Առանց այդ էլ ես Խ Ե Լ Ա Ց Ի եմ,— ասաց Պրեմիեր֊Մինիստրը։
Պրեմիեր֊Մինիստրի կինը այնպես ձեւացրեց, թե իբր չի լսում։
— Քեզ մի խորհուրդ կտամ,— շարունակեց նա։— Վաղը պառլամենտ գնալիս, քեզ հետ մի փիղ էլ տար։ Ճառ արտասանելիս թող փիղը կողքիդ նստի։
— Փիղն ինչի՞ս է հարկավոր,— զարմացավ Պրեմիեր֊Մինիստրը։
— Մի վիճիր։ Ես մի ծրագիր ունեմ։ Դու պետք է քեզ հետ փիղ տանես։
— Փղին թույլ չեն տա ներս մտնել,— ասաց Պրեմիեր֊Մինիստրը։— Մուտքի վրա հայտարարություն կա․ «Պարլամենտի անդամներին չի թույլատրվում նիստերի ժամանակ ընտանի կենդանիներ բերել»։
— Իսկ փղերի մասին գրված բան չկա՞։
— Չկա։
— Տեսնո՞ւմ ես, ուրեմն փիղ տանել կարելի է։
Հետեւյան օրը, նախաճաշից հետո, Պրեմիեր֊Մինիստրը դուրս եկավ Դաունինգ֊սթրիթի տասերկուերորդ տանը գտնվող իր բնակարանից, որպեսզի գնա պառլամենտ ու ճառ արտասանի այնտեղ։ Կինը նրան տվեց գլխարկն ու այն պարանի ծայրը, որից կապված էր փիղը։ Այդ փիղը շատ հնազանդ էր։ Առանց առարկության քայլեց Պրեմիեր֊Մինիստրի ետեւից, բայց ավտոմեքենա նստել ոչ մի կերպ չկարողացավ, թեեւ շատ էր ուզում։
— Գուցե ավտոմեքենայի ծածկի վրա՞ նստացնենք,— առաջարկեց Պրեմիեր֊Մինիստրը։
— Ի՞նչ ես ասում, չի կարելի,— գոչեց կինը։— Նա վախից կմեռնի։ Թող ոտքով գա։ Մինչեւ պառլամենտ մոտիկ է։
— Լավ,— համաձայնեց Պրեմիեր֊Մինիստրը։
Պրեմիեր֊Մինիստրի կինը փղին մի տոպրակ իմբիրե թխվածք տվեց։ Փիղը շատ գոհ էր ու ամբողջ ճանապարհին նա տոպրակը կնճիթից բաց չթողեց։
Այսպես հասան մինչեւ պառլամենտ։ Պրեմիեր֊Մինիստրը փղին տարավ նիստերի դահլիճ ու նստեցրեց կողքին։
Հետո Պրեմիեր֊Մինիստրը ոտքի ելավ ու սկսեց ճառ արտասանել, իսկ փիղը բացեց տոպրակն ու կնճիթով դեպի բերանը տարավ իմբիրե թխվածքը։ Ի՜նչ աղմուկ բարձրացավ թխվածքը ծամելիս… Ի՜նչ աղմուկ…
Մարդիկ մի բառ անգամ չկարողացան լսել Պրեմիեր֊Մինիստրի ամբողջ ճառից, թեեւ նա ուղղակի բղավում էր, ոչ թե խոսում։
Ու երբ լռեց, բոլորը ծափահարեցին։
— Սա մեր Պրեմիեր֊Մինիստրի լավագույն ճառն էր,— ասում էին նրանք։— Պարզվում է, որ նա խելացի մարդ է։
Ու բոլորն էլ մոտենալով, հերթով սեղմեցին նրա ձեռքը։
Պրեմիեր֊Մինիստրը շատ գոհ էր ու այդ օրվանից սկսած, ամեն անգամ, երբ պառլամենտում ճառ ասելու անհրաժեշտություն էր լինում, փղին տանում էր հետը, իսկ Պրեմիեր֊Մինիստրի կինը փղին իմբիրե թխվածքով լի մի տոպրակ էր տալիս։
«Ինչ համե՜ղ է իմբիրով թխվածքը,— մտածում էր փիղը։— Խըրթ֊խըրթ֊խըրթ»։