Բայց քամին նորից ետ տարավ մեզ դեպի կղզին։ Սակայն մենք այլևս կղզի չմտանք, այլ ապաստան գտանք բարձր ու մեծ ժայռերի վրա, կղզուց մի մղոն հեռու։
==Գլուխ XLI==
Այն մասին, թե ինչպես մեր նավը քիչ էր մնում խորտակվի
Հենց որ քամին մի փոքր հանդարտվեց, մենք նորից խարիսխները բարձրացրինք և ճանապարհ ընկանք։ Բայց մոտավորապես քսաներեք մղոն անցելուց հետո հանկարծ սկսվեց մի այնպիսի մոլեգին մրրիկ, որ մեր նավը, ինչպես մի տաշեղ, այս ու այն կողմ էր ընկնում։ Նավապետը հավատացնում էր, որ անհնար է այդ մրրիկի միջով անցնել, պետք է սպասենք, մինչև մրրիկն ինքն իրեն դադարի։
Սակայն մրրիկն այնքան երկար տևեց, որ մենք խնդրում էինք նավապետին մի կերպ անց կենա նրա միջով։ Վերջապես նավապետը համաձայնեց։ Պարզեցին բիզան֊առագաստը, իսկ ղեկն ուղղեցին համաձայն կողմնացույցի սլաքի։ Մեր նավը ցնցվեց ու առաջ սլացավ, և կարճ ժամանակից հետո մենք դուրս եկանք մրրիկի շերտից։
Բայց պարզվեց, որ մենք կրակից պրծանք, բոցի մեջ ընկանք։ Հազիվ երկու մղոն անցած լինեինք, երբ մեր նավերը հանկարծ իրենց առաջընթացի ամբողջ թափով խրվեցին ավազե ծանծաղուտների մեջ և կանգ առան։
Ամբողջ նավակազմի տրամադրությունը վատացավ։ Նավի մեջ լսվում էր հողմի սուլոցը։ Միայն Ժան վարդապետն էր, որ չէր վհատվում։ Նա աշխատում էր մեզ հանգստացնել և հավատացնում էր, որ շուտով մեզ օգնության կհասնեն։ Զուր չէ, որ նա մեր կայմի ծայրին նկատեց սուրբ Էլմի<ref>Սուրբ Էլմի կրակ։ Երբ ամպրոպային ամպերը շատ ցածր են լինում՝ կայմերի ծայրերին երբեմն լույս է երևում։ Դրանք էլեկտրական լույսեր են, որոնք առաջ են գալիս ամպրոպային ամպերից։ Այդ լույսը ֆրանսիացի ծովագնացներն անվանում էին սուրբ Էլմի կրակներ։</ref> կրակը։ Ժան վարդապետի կարծիքով, դա լավ նշան էր։
Սակայն Պանուրգը շատ էլ չէր հավատում նշաններին։
― Ես խոսք կտամ երբեք չպսակվել, ― ասում էր նա, ― միայն թե ինձ ափ դուրս բերեն։ Աստված վկա, ես չեմ ուզում ոչ սպասավորներ, ոչ ճանապարհողներ, բավական է մի հասարակ ձի։ Այդ ձիով ես տուն կհասնեմ և ձեր գալուստը շքեղ կդիմավորեմ։
Այդ րոպեին մեզ մի մեծ նավ մոտեցավ ծայրեծայր բեռնավորված թմբուկներով։ Այդ տարօրինակ նավի ուղևորների մեջ ես նկատեցի իմ վաղեմի բարեկամ Անրի Կոտիրալին։ Նրա գոտուց կախ էր ընկած էշի մի մեծ գլուխ, ձախ ձեռքում բռնած ուներ մի կեղտոտ ու ճարպոտ թասակ, իսկ աջ ձեռքում կաղամբի կոթ։
― Մի լավ նայիր այս կողմը, բարեկամ, ― ձայն տվեց նա, թափահարելով էշի գլուխը, երբ տեսավ ինձ, ― գիտե՞ս արդյոք, ինչ է սա։ Սակայն դու ինչպես կարող ես իմանալ։ Նկատի ունեցիր, որ սա բնության անզուգական ու սքանչելի ստեղծագործություն է։ Սրանից ես հրաշագործ դեղ պիտի պատրաստեմ, որը ամեն մի մետաղ ոսկի կդարձնի։<ref>Ռաբլեն ծաղրում է միջնադարյան ալքիմիա գիտությունը, որ փորձեր էր անում գտնելու «փիլիսոփայական քարը», այսինքն այն նյութը, որի հպումից ամեն մետաղ պետք է ոսկի դառնար։</ref> Այս, ― նա ցույց տվեց իր թասակը, ― իմ դոկտորական գլխարկն է,<ref>Դոկտորը գիտական աստիճան է։ Դոկտորները յուրատեսակ գլխարկներ էին դնում, որոնցով զանազանվում էին մյուսներից։</ref> իսկ այս, ― նա ցույց տվեց կաղամբի կոթը, ― նշանավոր լուսնի խոտն է։<ref>Լուսնի խոտը միջնադարյան ալքիմիկոսների կարծիքով անհրաժեշտ էր «փիլիսոփայական քար» պատրաստելու համար։</ref> Սա ինձ հարկավոր կլինի կախարդական մի դեղ պատրաստելու համար։
― Ո՞րտեղից եք գալիս և ո՞ւր եք գնում, ― հարցրի ես։
― Մենք Խելքի Տոպրակների կղզուց ենք գալիս, ― պատասխանեց Անրին, ― գնում ենք Ֆրանսիա, Տուրեն։ Մենք այժմ այնպես խելքի տոպրակներ ենք դարձել, որոնց նմանը աշխարհում ոչ ոք չի տեսել։
― Իսկ տախտակամածի վրա եղած մարդիկ ո՞վքեր են, ― հարցրի ես։
― Դրանք երգիչներ են, երաժիշտներ են, ոտանավոր թխողներ են, աստղագետներ են և ուրիշ գիտնական մարդիկ, ― պատասխանեց նա։ ― Դրանք բոլորը գալիս են Խելքի Տոպրակների կղզուց և ունեն լավ հանձնարարականներ։
― Քանի որ դուք բոլորդ էլ այդպիսի խելքի տոպրակներ եք, ― ասաց Պանուրգը, ― հապա ինչո՞ւ չեք մտածում մեր նավի մասին և դուրս չեք քաշում մեզ ծանծաղուտից։
― Մենք էլ հենց ուզում էինք այդ անել, ― ասաց Անրի Կոտիրալը, ― այս րոպեիս մենք ձեզ կօգնենք։
Եվ նա հրամայեց ծակել 7532810 մեծ թմբուկների տակը։ Դրանից հետո խելքի տոպրակները թմբուկները ծակված կողմով կապեցին մեր նավին ու մեզ բուքսիրի վերցրին։ Մի զորեղ հրումով մեզ ծանծաղուտից դուրս քաշեցին։ Թմբուկները խուլ որոտում էին, խիճը ճթճթում էր, նավաստիները ծղրտում էին այս ու այն կողմից, և այդ բոլորը մեզ թվում էր մի հրաշալի երաժշտություն։ Մեր նավն ազատված էր։
Որպես շնորհակալություն մեզ մատուցած ծառայության՝ նրանց թմբուկները լցրինք երշիկներով ու նրբերշիկներով և նրանց տախտակամածը փոխադրեցինք վաթսուներկու տակառ գինի։ Բայց այդ րոպեին ջրի մեջ երևաց մի մեծ կետ և ջրի մի ահագին սյունով հեղեղեց նրանց տախտակամածը։ Ջուրը լցվեց թմբուկների մեջ և ոտից մինչև գլուխ թրջեց խելքի տոպրակներին։
Նորից մրրիկ սկսվեց, և մեր նավերը ցրիվ եկան զանազան կողմեր։ Նավապետը վճռեց լողալ հոսանքի ուղղությամբ և այլևս ուշ չէր դարձնում մեր խորհուրդներին։ Նրա միտքն այն էր, որ որքան կարելի է շուտ հասնի Խելքի Տոպրակների կղզին։
==ԳլուխXLII==
Այն մասին, թե ինչպես ժամանեցինք Խելքի Տոպրակների երկիրը
Երրորդ օրը եղանակը պարզվեց, և մենք ողջ ու առողջ մտանք Դատարկ նավահանգիստը, որ մոտ էր Խելքի Տոպրակների թագուհու պալատին։ Ափին մեր դեմ դուրս եկավ զինվորների մի մեծ ջոկատ, որ պահպանում էր զինանոցը։ Սկզբում մենք նրանցից մի փոքր վախեցանք, որովհետև նրանք մեզ կանգնեցրին ու զինաթափ արին։
― Ի՞նչ մարդիկ եք և ո՞րտեղից եք, ― կոպտաբար ու բարձրաձայն հարցրին նրանք։
― Եղբայրներ, ― ասաց Պանուրգը, ― մենք տուրենցի ենք, եկել ենք Ֆրանսիայից և ուզում ենք մեր հարգանքը հայտնել ձեր թագուհուն։ Մենք հասարակ գյուղացի մարդիկ ենք և մեր սիրտը բաց է բոլորի առաջ։
― Դե, այդպես ասեք, որ իմանանք, ― ասացին զինվորները, ― Տուրենից շատերն են գալիս այստեղ, և ով ասես գալիս է։ Նրանք բոլորը սրտաբաց ապուշների նման էին երևում մեր աչքին։ Բայց ուրիշ տեղերից գալիս են մեզ մոտ այնպիսի սրիկաներ, որոնք մեզ տեսնելուն պես սկսում են հռհռալ։ Բայց ձեր բանն ուրիշ է։ Բարով եք եկել։
Այս խոսքերից հետո զինվորները գրկախառնեվեցին մեզ հետ և մեզ տարան պալատ՝ իրենց թագուհու մոտ։ Ճանապարհին պահակախմբի պետն ուզեց խոսել Պանտագրյուելի հետ, բայց նրա հասակը չէր հասնում մինչև Պանտագրյուելի ականջը, այդ պատճառով նա հրամայեց մեծ սանդուղք բերել, որի վրա բարձրանալով, ասաց Պանտագրյուելին․
― Եթե մեր թագուհին կամենար մեզ հսկաներ դարձնել, մենք էլ մեր հասակով ձեզանից պակաս չէինք լինի։ Շատ հավանական է, որ նա հենց այդպես էլ անի, երբ նրան այդ հաճելի կլինի։
Թագավորական պալատի առաջին սրահում մենք տեսանք մեծ թվով հիվանդներ։ Կային այդտեղ ժանտախտավորներ, բորոտներ, թունավորվածներ, խուլեր, կույրեր։ Եվ դրանք բոլորն առանձին խմբեր կազմած նստել էին, կարծես մի բանի էին սպասում։
Երկրորդ սրահում պահակախմբի պետը ցույց տվեց մեզ մի ջահել ու սիրունիկ տիկնոջ։ Ճիշտ է, նա առնվազը ութ հարյուր տարեկան կլիներ, բայց և այնպես նա այնքան գեղեցիկ էր, այնքան շքեղ հագնված, որ տեսնողը նրան շատ ջահել կին կհամարեր։
― Ահա մեր թագուհին, ― ասաց պետը։ ― Նա զբաղված է։ Ուշ դարձրեք, թե նա ինչ պիտի անի։ Ասում են, ձեր երկում կան այնպիսի թագավորներ, որոնք մի քանի հիվանդություններ բժշկում են միայն ձեռքի հպումով։<ref>Այն հավատը, թե հիվանդությունը կարելի է բուժել երաժշտությամբ, գոյություն է ունեցել հին ժամանակներից։ Օրինակ, ըստ Աստվածաշնչի, Դավիթը տավից նվագելով բուժել է Սավուղ թագավորին։</ref> Իսկ մեր թագուհին առանց բացառության բժշկում է բոլոր հիվանդությունները։ Թե ինչպես, այդ դուք իսկույն կտեսնեք։
Պետը դեռ իր խոսքը չվերջացրած՝ թագուհին նստեց բարձր ու գեղեցիկ երգեհոնի առաջ և նշան արեց պալատական իշխաններին։ Այդ նշանի համաձայն իշխանները դահլիճ բերին բորոտների խումբը։ Թագուհին նրանց համար ինչ֊որ մի երգ նվագեց, և բորոտները միանգամից բժշկվեցին իրենց հիվանդությունից։ Հետո ներս բերին թունավորվածներին։ Թագուհին նրանց համար ուրիշ եղանակ նվագեց։ Նրանք էլ բոլորը բուժվեցին։ Նույն եղանակով թագուհին բուժեց կույրերին, խուլերին, համրերին և նույնիսկ խելագարներին։ Այս բոլորը մեզ այնպիսի հիացմունք պատճառեց, որ ընկանք գետնի վրա և ոչ մի խոսք չկարողացանք արտասանել։
Թագուհին մոտեցավ Պանտագրյուելին և ձեռքին բռնած կարմիր վարդերի փնջով կամացուկ խփեց նրան։ Մենք սթափվեցինք ու ոտքի կանգնեցինք։ Դրանից հետո թագուհին մեզ հետ խոսեց մետաքսե խոսքերով, որովհետև նրա յուրաքանչյուր խոսքը կարծես հյուսված լիներ մետաքսե ամենանուրբ թելերից։
Ազնվության այն շողշողումը, որ ամեն կողմից պատել է ձեզ, հարկադրում է ինձ կարծելու, որ դուք ազնիվ ու բարեմիտ մարդիկ եք։ Ուստի ես, այստեղ իշխողս, չեմ կարող ինձ զսպել, որ չասեմ ձեզ՝ «Բարով, բարով, հազար բարով եք եկել։
― Ես գիտուն մարդ չեմ, ― ասաց ինձ Պանուրգը, ― եթե ցանկանում եք, դուք պատասխանեցեք։
Բայց ես չպատասխանեցի։ Չպատասխանեց և Պանտագրյուելը։ Մեր լեզուները կարծես կապ ընկան, երբ լսեցինք այդ սեթևեթ ճառը։
― Տեսնելով ձեր լռությունը, ― ասաց թագուհին, ― ես գալիս եմ այն եզրակացության, որ դուք հետևողներ եք լռակյաց իմաստունների ուսմունքին, որովհետև լռության մեջ դուք տեսնում եք մի ինչ֊որ աստվածային բան։<ref>«Լռության մեջ դուք տեսնում եք, մի ինչ֊որ աստվածային բան»։ Այս խոսքերն ասելիս Խելոքների թագուհին նկատի է ունեցել Պյութագորոս փիլիսոփայի հետևորդներին, որոնց կանոններից մեկը լռությունն էր։</ref> Համենայն դեպս, ես կամենում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ՝ ձեր ցույց տված ուշադրության համար դեպի ինձ և իմ ժողովուրդը։
Ճառը վերջացնելուց հետո թագուհին ասաց իր պալատականներին․
― Խոհարարներ, տարեք Պանացեան։<ref>Պանացեա նշանակում է համադարման՝ բոլոր հիվանդությունները բուժող դեղ։</ref>
Խոհարարները մեզ ասացին, որ մենք պետք է ներողամիտ լինենք դեպի թագուհին, որ մեզ իր մոտ չի հրավիրում ճաշի։ Բանն այն է, որ թագուհին ոչինչ չի ուտում, բացի Մտացածին հնարանքներից, Խոհերից, Երազանքներից, Հանելուկներից, Առաջարկություններից և դրանց նման ուրիշ կերակուրներից։ Այդ բոլոր կերակուրները չեն կարող հագեցնել մեր ախորժակը, ուստի մեզ ուրիշ կերակուրներ կտան, այնպիսի կերակուրներ, որ ուտում են սովորական մարդիկ։
Եվ մեզ տարան սեղանատուն ու հրաշալի ճաշ տվին։ Ասում են, որ մեծ աստված Յուպիտերը մի այծի դաբաղած մորթու վրա գրել է այն ամենը, ինչ որ կատարվում է աշխարհում։ Երդվում եմ, սիրելի բարեկամներ, որ տասնութ մորթիների վրա անկարելի կլինի գրել այն հրաշալի կերակուրների անունները, որ մեզ մատուցեցին ճաշին, եթե գրելու լինեին անգամ չափազանց մանր տառերով։
Ճաշին Պանտագրյուելը միտք էր անում, թե ինչ բան է Պանացեան, թագուհին ինչու ասաց․ «Խոհարարներ, տարեք Պանացեան»։ Պանտագրյուելը որոշեց, որ դա պայմանական նշան էր խնջույքն սկսելու։ Այդ խոսքերով թագուհին պատվիրում էր մատուցել կերակուրները։
Գլուխ XLIII
Այն մասին, թե ինչպիսի հրաշալիքներ տեսանք մենք Խելքի Տոպրակի երկրում
Ճաշից հետո իշխանները տարան մեզ պալատը ցույց տալու։ Այդտեղ տեսանք բազմաթիվ թագավորական գիտնականների, որոնք զբաղված էին իրենց զարմանալի գիտություններով։ Այդ գիտնականների շնորհքն ինձ այնպես զարմացրեց, որ մինչև օրս էլ նրանց հիշելիս հիանում եմ։
Օրինակ՝ այնտեղ մի խելքի տոպրակ տեսա, որ բժշկում էր տենդով հիվանդների։ Նա հիվանդի գոտուց, ձախ կողմից, կապում էր աղվեսի պոչ, և տենդը բոլորովին անցնում էր։
Երկրորդ իմաստունը մի զարմանալի մեքենայի օգնությամբ տները լուսամուտներից դուրս էր նետում։ Ասում էին, որ դա շատ լավ գործ է, որովհետև դրանից հետո տների մեջ եղած վտանգը մաքրվում էր։
Այնուհետև տեսանք մի մարդու, որ ծերերին երիտասարդ էր դարձնում։ Նրա մոտ հավաքվել էին բազմաթիվ պառավ կանայք, անատամ, խորշոմած երեսով, մազերն սպիտակած, հիվանդոտ և ճպռոտ աչքերով։ Ասում էին, որ այդ իմաստունը դարձնում է նրանց տասնվեց տարեկան սիրունիկ աղջիկներ։ Պառավները նորից դառնում էին ջահել, կարմրաթշիկ և ուրախ աղջիկներ, միայն նրանց գարշապարներն ավելի կարճանում էին, քան եղել էին երիտասարդության ժամանակ։ Այդ պատճառով ասում են, ջահելացած պառավները չեն կարողանում երկար ժամանակ կանգնած մնալ։
Պալատի շուրջը նույնպես եռում էր աշխատանքը։
Ես տեսա, թե ինչպես մի քանի խելքի տոպրակներ հին զամբյուղի տակով տրորում էին մի նեգրի փորը։ Դրանից հետո նեգրը սպիտակ մարդ էր դառնում։
Մի քանիսն ուռկաններով քամի էին բռնում, հետո խեցգետին որսում։
Մյուսները թրիքի միջից միջատներ էին հավաքում ու դրանից հրաշալի կերակուր պատրաստում։
Ես տեսա մի խելքի տոպրակ, որը կրակը կտրում էր դանակով, միզափամփուշտից հրաշալի լապտերներ էր շինում, իսկ ամպերից՝ երկաթե վառարաններ։
Կային և այնպիսիները, որոնք ոչնչից մի մեծ բան էին շինում, հետո այդ մեծ բանը դարձյալ ոչինչ դարձնում։
Մի բարձր աշտարակի ծայրին տեսա երկու խելքի տոպրակներ՝ սպառազինված ասպետական բոլոր զենքերով։ Մեզ ասացին, որ նրանք պահպանում էին լուսինը գայլերի հարձակումից։
Այս զարմանահրաշ զբաղմունքները դիտելը տևեց մինչև երեկո, երբ երկնակամարի վրա երևաց երեկոյան պայծառ աստղը։ Նորից երևաց թագուհին իր փայլուն շքախմբով։
― Ինչպես տեսնում եմ, ― ասաց նա Պանտագրյուելին, ― ձեզ և ձեր ուղեկիցներին մեծ զարմանք ենք պատճառել այն փորձերը, որ կատարում են իմ հպատակները։ Սակայն մի վախեցեք և հանգիստ սրտով շարունակեցեք դիտել այն բոլորը, ինչ որ կատարվում է իմ տան մեջ։ Կամաց֊կամաց դուք կազատվեք ձեր տգիտությունից և այնպիսի բաներ կսովորեք, որ մինչև այսօր չեք իմացել։ Ի նշան ձեր նկատմամբ ունեցած իմ բարեհաճ վերաբերմունքի, ես տալիս եմ ձեզ պալատական խորհրդականների կոչում։ Ձեր անունները կնշանակվեն իմ պալատականների ցուցակում։
Մենք շնորհակալություն հայտնեցինք թագուհուն և ընդունեցինք այդ պատվավոր կոչումը։
Երեկոյան մեզ հրավիրեցին թագուհու մոտ ընթրելու։ Ընթրիքի ժամանակ թագուհին ոչինչ չէր ուտում, բացի աստվածային ամբրոզիայից, և ոչինչ չէր խմում, բացի աստվածային նեկտարից։<ref>Ամբրոզիա հունական դիցաբանության մեջ նշանակում է աստվածների կերակուր, որը տալիս էր նրանց մշտական երիտասարդություն և անմահություն։ Նեկտարը աստվածների խմիչքն էր։</ref> Բայց իշխաններին, պալատական տիկիններին և մեզ հյուրասիրեցին այնպիսի հազվագյուտ կերակուրներով, որ մենք երբեք չէինք կերել։
Ընթրիքի վերջում նրանց համար, ովքեր դեռ լավ չէին կշտացել, սեղանի վրա դրին ահագին կաթսայի չափ մի մեծ աման։ Այդ ամանի մեջ ինչ ասես կար՝ այծեմիկ, սիսեռից պատրաստված ռագու, տապակած միս, խոզապուխտ և մեծ քանակությամբ մրգեղեն։ Այդ բոլորը չափազանց համեղ բաներ էին, բայց ես ոչ մի բանի ձեռք չտվի, որովհետև այնքան կուշտ էի, որ փորս ճաքում էր։ Ամանի տակին՝ խաղաթղթեր, շախմատ, տամախաղի տուփ, զառեր ինչպես նաև ոսկե դրամներով լիքը թասեր։ Այդ դրամները խաղացողների համար էին։
Ամանի բոլորովին տակին կային թամբած և թավշե տապճակով ծածկված ջորիներ, ձիեր, որոնց վրա կային տղամարդկանց ու կանանց թամքեր և մի քանի շքեղաշուք կառքեր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կառքով զբոսնելու թարմ օդում։
Բայց ամենից շատ ինձ զարմացնում էր ինքը թագուհին։ Ընթրիքի ժամանակ նա ոչինչ չէր ծամում։ Կերակուրները նրա համար ծամում էին նշանակված հատուկ պալատականները։ Նրանց բերանի խոռոչը պատած էր ոսկե թելիկներով, հրաշալի ատլասով, իսկ ատամները շինված էին փղոսկրից։ Ծամած կերակուրը լցնում էին թագուհու փորը ոսկե խողովակի միջով։ Այդպես էր այստեղի սովորությունը։
Ընթրիքից հետո շախմատախաղի շքեղ պարահանդես սարքեցին։
Դահլիճի հատակը ծածկեցին թավշե մեծ գորգով, որի վրա ասեղնագործված էին սպիտակ և դեղին գույնի քառակուսիներ։
Երբ գորգը փռեցին, դահլիճը դարձավ շախմատի մի ահագին տախտակ։
Լսվեց երաժշտություն, և դահլիճ մտան երեսուներկու երիտասարդներ, որոնք ներկայացնում էին շախմատի ֆիգուրներ։ Նրանցից տասնվեցը հագել էին ոսկե զգեստ, տասնվեցը՝ արծաթե զգեստ։ Ֆիգուրները կանգնեցին իրենց տեղերում և սկսվեց մի չտեսնված շախմատախաղի զինախաղ, որ միաժամանակ նման էր և պարի։ Երաժշտության նվագի համաձայն ֆիգուրներն անցնում էին մի քառակուսուց մյուսը, մեկ առաջ էին խաղում, մեկ ետ նահանջում, աշխատելով գերի վերցնել հակառակ կողմի թագավորին։ Երբ մեկը գերի էր վերցնում հակառակորդին, նախ և առաջ ողջունում էր նրան, ապա կամացուկ խփում էր նրա ձեռքին։ Հակառակորդը հեռանում էր ռազմադաշտից, իսկ հաղթողը բռնում էր նրա տեղը։
Մենք այնպես էին տարվել այդ կենդանի զինախաղով, որ չնկատեցինք թագուհու անհետանալը։ Պալատական իշխանների միջոցով հայտնելով նրան մեր ողջույնը, մենք վերադարձանք մեր նավերը, և հետևյալ օրը լուսաբացին շարունակեցինք ճանապարհը։
==Գլուխ XLIV==
Այն մասին, թե ինչպես է Պանուրգը զրուցում մի վարդապետի հետ Սանդալի կղզում
Երկու օր հետո մենք հասանք Սանդալի կղզին։ Այդ կղզու Բենիոս անունով թագավորը լավ կոնծաբանություն անելուց հետո մեզ տարավ ցույց տալու այն նոր վանքը, որ նա կառուցել էր վարդապետների համար։ Այստեղի վարդապետները կոչվում էին ֆրեդոններ, այսինքն՝ երգողներ, որովհետև շատ լավ էին երգում և միշտ գեղգեղելով։
Վանքում մենք երկար չմնացինք, բայց իմացանք, թե ինչով են զբաղվում վարդապետները ամբողջ շաբաթվա ընթացքում։ Նրանց զբաղմունքները շատ էլ դժվար չեն։ Կիրակի օրերը նրանք ծեծում են իրար, երկուշաբթի օրը թրխկացնելով խփում են իրար քթի, երեքշաբթի օրերը չանգռոտում են իրար, չորեքշաբթի օրերը իրար քիթ են սրբում, հինգշաբթի օրերը բլոճներ են հանում իրար քթից, ուրբաթ օրերը խուտուտ են ածում միմյանց թևատակերը, իսկ շաբաթ օրերը միմյանց ծեծում պարաններով։
Պանուրգն զբաղված էր միայն այդ արժանապատիվ ֆրեդոնների երեսները դիտելով։ Վերջ ի վերջո նա ընտրեց վարազի պես մի գեր ֆրեդոնի, քաշեց նրա թևից, մի կողմ տարավ և նրանց միջև հետևյալ հետաքրքրիր խոսակցությունը տեղի ունեցավ։
Պանուրգ։ Ֆրեդոն, հայր սուրբ, ֆրեդոնական, ֆրեդոնիկս, ի՞նչ կա ձեր խոհանոցում։
Ֆրեդոն։ Կրակ։
Պանուրգ։ Ի՞նչն է պահպանում կրակը։
Ֆրեդոն։ Փայտը։
Պանուրգ։ Ինչպիսի՞ փայտը։
Ֆրեդոն։ Չոր փայտը։
Պանուրգ։ Ինչի՞ փայտը։
Ֆրեդոն։ Կարմրածառի փայտը։
Պանուրգ։ Իսկ ինչպե՞ս են ձեզ կերակրում։
Ֆրեդոն։ Լավ։
Պանուրգ։ Ի՞նչ եք ուտում։
― Ֆրեդոն։ Հաց։
Պանուրգ։ Ինչպիսի՞ հաց։
Ֆրեդոն։ Սև հաց։
Պանուրգ։ Է՞լ ինչ։
Ֆրեդոն։ Միս։
Պանուրգ։ Ինչպիսի՞ միս։
Ֆրեդոն։ Տապակած։
Պանուրգ։ Իսկ ջրալի կերակուր ուտո՞ւմ եք։
Ֆրեդոն։ Այն էլ ինչպես։
Պանուրգ։ Իսկ թխվածքնե՞ր։
Ֆրեդոն։ Իհարկե։
Պանուրգ։ Իսկ ձուկ ուտո՞ւմ եք։
Ֆրեդոն։ Ուտում ենք։
Պանուրգ։ Ինչպիսի՞ ձուկ։
Ֆրեդոն։ Սառը ձուկ։
Պանուրգ։ Է՞լ ինչ եք ուտում։
Ֆրեդոն։ Ձու։
Պանուրգ։ Իսկ ինչպիսի՞ ձու եք ուտում։
Ֆրեդոն։ Եփած։
Պանուրգ։ Ես հարցնում եմ, ինչպե՞ս եփած։
Ֆրեդոն։ Պինդ եփած։
Պանուրգ։ Եվ ա՞յդ է միայն ձեր կերածը։
Ֆրեդոն։ Ոչ։
Պանուրգ։ Ուրիշ էլ ի՞նչ են տալիս ձեզ։
Ֆրեդոն։ Խոզի միս։
Պանուրգ։ Էլ ի՞նչ։
Ֆրեդոն։ Էգ սագի միս։
Պանուրգ։ Դրանից բացի էլ ի՞նչ։
Ֆրեդոն։ Որձ սագի միս։
Պանուրգ։ Էլ ի՞նչ։
Ֆրեդոն։ Աքլորի միս։
Պանուրգ։ Ի՞նչ տեսակ սոուսով։
Ֆրեդոն։ Աղի սոուսով։
Պանուրգ։ Իսկ ճաշից հետո ի՞նչ են տալիս։
Ֆրեդոն։ Բրնձից պատրաստած որևէ բան։
Պանուրգ։ Էլ ի՞նչ։
Ֆրեդոն։ Մրգեղեն։
Պանուրգ։ Ի՞նչ տեսակ։
Ֆրեդոն։ Լավը։
Պանուրգ։ Իսկ ինչպե՞ս եք խմում։
Ֆրեդոն։ Հաճույքով։
Պանուրգ։ Ի՞նչ եք խմում։
Ֆրեդոն։ Գինի։
Պանուրգ։ Ի՞նչ տեսակ։
Ֆրեդոն։ Սպիտակ։
Պանուրգ։ Իսկ ձմե՞ռը։
Ֆրեդոն։ Թունդ։
Պանուրգ։ Իսկ գարնա՞նը։
Ֆրեդոն։ Առողջարար։
Պանուրգ։ Իսկ ամռա՞նը։
Ֆրեդոն։ Թարմ գինի։
― Տեսեք, ― ասաց Պանուրգը, ― այս ողորմելի ֆրեդոնիկն այնքան է հաստացել, որ կարողանում է արտասանել միայն կարճ ու միավանկ բառեր։
― Բայց այդ նույն ֆրեդոնիկը ոչխարի ամբողջ բուդը մի րոպեում կխպշտի, ― ասաց Ժան վարդապետը։
― Ինչպես վայել է վարդապետին, ― ավելացրեց Էպիտեմոնը։
― Իսկ ի՞նչ կասեիք դուք այս մարդու մասին, իմ սիրելի ֆրեդոն, ― հարցրեց Պանուրգը, ― ո՞վ է իմանում, հերետիկոս չի՞ արդյոք։
Ֆրեդոն։ Հերետիկոս է։
Պանուրգ։ Ուրեմն նրան պետք է այրել։
Ֆրեդոն։ Պետք է այրել։
Պանուրգ։ Եվ որքան կարելի է շո՞ւտ։
Ֆրեդոն։ Իհարկե։
Պանուրգ։ Առանց խորովելո՞ւ։
Ֆրեդոն։ Առանց խորովլու։
Պանուրգ։ Իսկ ինչպե՞ս։
Ֆրեդոն։ Ողջ֊ողջ։
Պանուրգ։ Նա ձեզ շա՞տ բարկացրեց։
Ֆրեդոն։ Այո, շա՜տ։
Պանուրգ։ Ո՞վ է նա ձեր կարծիքով։
Ֆրեդոն։ Խենթի մեկը։
Պանուրգ։ Իսկ ուրիշներին դուք այրե՞լ եք։
Ֆրեդոն։ Շատերին։
Պանուրգ։ Նրա՞նք էլ հերետիկոսներ էին։
Ֆրեդոն։ Ավելի պակաս, քան սա։
Պանուրգ։ Եվ դուք չե՞ք ներել նրանց։
Ֆրեդոն։ Ոչ։
Պանուրգ։ Դարձյա՞լ պետք է այրել։
Ֆրեդոն։ Այո։
― Չեմ հասկանում, ― ասաց Էպիտեմոնը, ― ի՞նչ բավականություն եք ստանում, որ երկար ու բարակ զրույց եք անում այդ կեղտոտ վարդապետի հետ։
― Աստված վկա, նա ինձ շատ է դուր գալիս, ― ասաց Պանուրգը։ ― Ես ուրախությամբ կտանեի նրան Գարգանտյուայի մոտ։ Երբ ես ամուսնանամ, նա իմ կնոջ մոտ ծաղրածու կլինի։
― Եվ կնոջդ կատարյալ հրեշ կդարձնի, ― ավելացրեց Էպիտեմոնը ծիծաղելով։ ― Խեղճ Պանուրգ, ուղտի պոչը ավելի շուտ գետնին կհասնի, քան թե դու լավ կնոջ կհանդիպես։
==Գլուխ XLV==
Այն մասին, թե ինչպես էինք լողում Լապտերների երկիրը և ինչ տեսանք այնտեղ
Սանդալի կղզուց հեռանալով՝ ճանապարհ ընկանք դեպի Լապտերների երկիրը։ Ճանապարհին մտանք Խողոս կղզին և եղանք «Ասում են» կղզում։ Խողոս կղզին նշանավոր է նրանով, որ այնտեղ բոլոր ճանապարհները շարժուն են։ Ճանապարհներն այնպես են շարժվում կղզու վրա, ինչպես ման են գալիս կենդանիները՝ լայնությամբ, երկարությամբ և ամեն ուղղությամբ։ Երբ ճանապարհորդները հարցնում են․
― Ո՞ւր է տանում այս ճանապարհը։
Պատասխանում են․
― Եկեղեցի, քաղաք, դեպի գետ։
Եվ ճանապարհորդները, առանց որևէ ջանք գործ դնելու, ընտրում են համապատասխան ճանապարհը, որը նրանց տանում է այնտեղ, որտեղ պետք է։
Այդ է պատճառը, որ կղզում բավականին շատացել են պարապ֊սարապ մարդիկ և թափառաշրջիկները։ Դրանց բան ու գործն այն է միայն, որ շարժվում են մի տեղից մյուսը։ Խեղճ ճանապարհները նրանցից շատ են վախենում, և ամեն կերպ աշխատում են մի կերպ խույս տալ նրանցից։
Այդ կղզում ես տեսա դեպի Բուրժ տանող ճանապարհը։ Ճանապարհը գնում էր համաչափ քայլերով։ Բայց հենց որ երևացին սայլապաններն իրենց ծանր սայլերով, ճանապարհը գլուխն առավ ու նրանցից փախավ առանց ետ նայելու։ Նա վախեցավ ձիերի սմբակներից։
Վերադառնալիս մենք տեսանք մի թափառաշրջիկի, որին տանում էին պահակները։ Բանից պարզվեց, որ այդ թափառաշրջիկն օր ու գիշեր թափառելիս է եղել մեծ ճանապարհին և կոտրել է նրա կողը։ Այժմ այդ թափառաշրջիկի բանը վատ կլինի։
«Ասում են» կղզում մենք լսում էինք մի տարօրինակ աղմուկ։ Թվում էր, թե մոտերքում աշխատում է մի ջրաղաց կամ հողմաղաց, որի անընդմեջ դղրդյունը լսվում էր չորս կողմը։ Երբ մի քիչ առաջ գնացինք, հանդիպեցինք մի կարճլիկ, կուզիկ և չափազանց այլանդակ ձիուկի։ Նրան կոչում էին «Ասում են»։ Նրա բերանը հասնում էր մինչև ականջները, իսկ բերանում յոթ լեզու կար։ Նրա յոթ լեզուները միաժամանակ անդադար շաղակրատում էին, և լեզուներից յուրաքանչյուրը շաղակրատում էր մի առանձին եղանակով, ոչ այնպես, ինչպես մյուսները։ Բացի այդ, «Ասում են»֊ը շատ ականջներ ուներ գլխին և ամբողջ մարմնի վրա։ Բայց աչքեր չուներ, և ոտքերն անշարժ էին։
«Ասում են»֊ի շուրջը մեծ բազմություն էր հավաքվել։ Բոլորն ականջ էին դնում, թե ինչ է ասում նա, և նրանից խելք ու գիտություն էին սովորում։ Մեկի ձեռքին տեսա տիեզերքի մի մեծ քարտեզ։ Նա բացատրում էր քարտեզը և այսպես, և այնպես, խոսում, դատողություններ էր անում ամենազարմանալի բաների մասին, հիմնվելով միայն «ասեկոսների» վրա։ Մյուսները բերանբաց լսում էին նրան և մի քանի ժամից հետո իրենք էլ դառնում էին մի֊մի գիտնական։ Որպեսզի մարդ իրոք իմանա թեկուզ մի հարյուրերորդը այն բանի, ինչ որ նրանք իմանում էին մի քանի ժամում, բավական չէր լինի մարդկային ամբողջ կյանքը։ Բայց նրանք այժմ ամեն բան գիտեին և «լսածով» դատողություն էին անում ամեն բանի մասին։
Ինձ թվում էր, որ մարդկանց մեջ ես տեսա հին գրողներից ու իմաստուններից շատերին։ Թաքնվելով գորգի ետևում, նրանք գրում էին գեղեցիկ գրքեր բուրգերի մասին, հսկաների մասին, գաճաճների մասին, մարդակերների մասին, և ուրիշ ինչի մասին ասես, և միշտ միայն «լսածով»։
Ճանապարհ ընկանք «Ասում են» կղզուց և չորս օր նավարկելուց հետո մոտեցանք Լապտերների կղզուն։<ref>Լապտերների կղզի ասելով Ռաբլեն այլաբանորեն ուզում է ասել իսկական գիտության, լուսավորության և արվեստների աշխարհ։</ref> Դեռ կղզուն չմոտեցած՝ տեսանք ծովում շատ շարժուն կրակներ։ Ես կարծում էի, թե դրանք լուսատու ձկներ են՝ նման իմ հայրենիքի լուսատտիկներին։ Բայց նավապետն ասաց, որ դրանք լապտերներն են գիշերապահ ոստիկանների, որոնք պահպանում են այս երկրի սահմանները։
Շատ չանցած մենք մտանք Լապտերների նավահանգիստը։ Ահագին Փարոսները պայծառ լույսով լուսավորում էին Լապտերների նավահանգիստը։ Մենք բացատրեցինք Փարոսներին, թե ինչ է մեր ճամբորդության նպատակը, և նրանք հանձն առան մեզ ներկայացնելու իրենց թագուհուն։
Անհնար է պատմել, թե որքան լավ ընդունեց մեզ թագուհին։ Պանուրգը ողջունեց թագուհուն Լապտերների լեզվով և խնդրեց մի լավ ուղեկցող տալ, որ մեզ առաջնորդի Շշի պատգամախոսի մոտ։ Թագուհին մեզ հրավիրեց ընթրիքի։ Այնտեղ մենք ինքներս պետք է ուղեկցող ընտրեինք պալատական լապտերների միջից։
Եկավ ընթրիքի ժամը։ Թագուհին առաջինը սեղան նստեց, իսկ նրանից հետո մնացած բոլոր Լապտերները՝ համաձայն իրենց աստիճանի ու դիրքի։ Թագուհու շորը լեռնային բյուրեղից էր՝ զարդարված խոշոր ադամանդներով։ Ականավոր Լապտերներից ոմանք ապակե հագուստ էին հագել, ոմանք՝ փայլարե հագուստ, մնացածները եղջյուրե, թղթե և մոմլաթե։
Ընթրիքին մատուցեցին վառված մեծ֊մեծ մոմեր։ Թագուհուն մատուցեցին ծայրը կարմիր մի մեծ սպիտակ մեղրամոմ։ Ականավոր լապտերներին մատուցեցին ճարպամոմեր, մնացածներին ընկույզից պատրաստած մոմեր։ Եվ որքա՜ն պայծառ էր Լապտերների լույսն ընթրիքից հետո։ Պարզ երևում էր, որ նրանք շատ կուշտ են։
Ընթրիքից հետո մենք որպես ուղեկցող ընտրեցինք մի հրաշալի և ամենաբարձր որակի Լապտեր, և, թագուհուն շնորհակալություն հայտնելով, շարունակեցինք մեր ճանապարհը։