— Վերջապես,— թեթեւացած շունչ քաշեց Երեւակայությունը։— Իմ ջերմ բարեւը հաղորդեք ծիածանին։ Բարեւեք Ռռռռին։ Բարի ճանապարհ։ Ցտեսություն։
==Երրորդ գլուխ==
<b>այն մասին, թե ինչպես սարքեցին նավակն ու ինպես նամակներ գրեցին</b>
Մորեղբայր Թիկ֊Թակը վերցրեց կացինը, մեխեր ու տախտակներ, եւ Ռռռռի հետ մի նավակ սարքեց։ Հետո նավակը ներկեցին ու տարան գետափ։ Պարզվեց, որ ջրի վրա շատ լավ է մնում, բայց երկուսով նստել այնպես էլ չհաջողվեց․ նավակը փոքր էր։ Մորեղբայր Թիկ֊Թակի համար տեղը բավական էր։ Իսկ Ռռռռը չէր տեղավորվում, որովհետեւ շատ մեծ էր։
Ստիպված եղան նավակը ջրից հանել ու ետ բերել տուն։
— Ի՞նչ կլիներ, Ռռռռ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը,— եթե դու մի քիչ փոքր լինեիր։ Հիմա ի՞նչ ենք անելու։ Պետք է կամ նավակը մեծացնենք, կամ էլ քեզ փոքրացնենք։ Ուզո՞ւմ ես Փ Ո Ք Ր Ի Կ վագր լինել։ Եթե փոքրիկ վագր լինես, քեզնից քիչ կվախենան։
— Իսկ ես սիրում եմ, երբ ինձնից շատ են վախենում,— ասաց Ռռռռը։— Բայց եթե շատ ես ուզում՝ լավ, թող փոքրանամ։ Միայն թե կարճ ժամանակով։
Մորեղբայց Թիկ֊Թակը ծոծրակը քորեց։
— Որ այդպես է՝ իմ լավ, իմ խելոք գլուխ, մի ճար մտածիր,— ասաց նա։
Ու ինչ֊որ տարօրինակ շըրշ… շշշոց լսեց։
— Այս ի՞նչ ձայն է։ Հա՛, իմացա,— կռահեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Այնքան երկար մտածեցի, որ գլխիս բոլոր մտքերը սկսեցին աշխուժանալ։
«Ահ, ներեցեք, խնդրեմ,— ասաց մի միտքը մյուսին։— Պատահաբար կպա ձեզ»։
«Ոչինչ,— պատասխանեց մյուսը եւ շարունակեց․— Մորեղբայր Թիկ֊Թակ, մի քիչ ընդմիջում արեք, լոգանք ընդունեք, իսկ այդ ընթացքում մենք մի հարմար բան կմտածեինք»։
«Համաձայն եմ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Միայն թե, նախ ուզում եմ մի նամակ գրել»։
«Ինչո՞ւ։ Ո՞ւմ»։
«Ռռռռին,— պատասխանեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Ես ուզում եմ նամակ գրել, որ նա աշխարհի ամենագեղեցիկ ու ամենալավ վագրն է, եւ որ նրան ես սիրում եմ»։
«Էլ ինչո՞ւ եք գրում, հենց իրեն էլ ասացեք»— խորհուրդ տվեցին մտքերը։
«Չեմ կարող,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Անհարմար եմ զգում։ Ավելի լավ է, այդ մասին նամակով հայտնեմ նրան»։
Այդ նույն ժամանակ մտածում էր նաեւ Ռռռռը։
«Ռռռռռռռռռռ… ռռռռռռռռռռ… ռռռռռռռռռռ… Համեղ մարդ է այդ մորեղբայր Թիկ֊Թակը»։
«Ոչ թե համեղ, այլ երեւի՝ փառահեղ»— ուղղեց նրան մտքերից մեկը։
«Չէ, համեղ,— ասաց Ռռռռը։— Թեեւ, իհարկե, բոլոր համեղ բաներն էլ երեւի փառահեղ են։ Մի խոսքով, նույն բանն է։ Չե՞ք հավատում՝ հարցրեք շանը»։
Ռռռռը եւ մորեղբայր Թիկ֊Թակը նամակներ գրեցին իրար։ Ռռռռը նամակները տարավ փոստարկղ գցելու, իսկ մորեղբայր Թիկ֊Թակը գնաց լոգանք ընդունելու։
— Շատ ընդունակ վագր է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը տաք ծորակին։— Ձեռքից ամեն ինչ գալիս է․ նույնիսկ նավակ սարքել էլ գիտե։ Միայն թե գոնե մի քիչ փոքր լիներ… Խնդրում եմ, տաք ջուրն ավելացրեք։
Եվ, մինչ տաք ծորակը լոգարանի մեջ տաք ջուր են ավելացնում, մորեղբայր Թիկ֊Թակը ոտքերն իրեն ձգեց։
— Բավական է,— գոչեց մորեղբայր Թիկ֊Թակը։$ Շնորհակալ եմ։
— Հը՛մ…— անհամարձակ ասաց սառը ծորակը։— Ներեցեք, որ միջամտում եմ, բայց ինչո՞ւ չեք ուզում այնպես անել, որ նա մի քիչ նստի։
— Նստի՞,— բացականչեցին մորեղբայր Թիկ֊Թակն ու տաք ծորակը միասին։— Դուք ուզում եք ասել, որ…
— Ես ուզում եմ ասել, որ վագրերը շատ են սիրում լոգանք ընդունել։ Այնպես որ, եթե նա չափից ավելի պառկի տաք ջրում, անպայման կնստի֊կփոքրանա, հասկանո՞ւմ եք։ Բրդեղենը տաք ջրից նստում է։
— Իհարկե,— համաձայնեց մորեղբայր Թիկ֊Թակը։— Բայց չեմ ուզում, որ նա ատ փոքրանա։ Ո՞ւմ է պետք մեղրաճանճի չափ վագրը։ Բայց, ասենք, ուրիշ բան է, երբ վագրը կատվի չափ է։ Ավելի ճիշտ, նման է Մ Ե Ծ կատվի։ Այդ դեպքում նա հեշտությամբ կտեղավորվի նավակում։ Բայց եթե հանկարծ նա չուզենա՞ պառկել լոգարանում այնքան, որքան պետք է։
— Տա՜քը,— գոչեց սառը ծորակը։— Տաք ծորակը մեզ կօգնի։ Գիտե՛ք, Տաքը հիանալի հեքիաթներ է պատմում։ Այնքան էլ լավ է պատմում, որ էլ ուրիշ բանի մասին չես մտածում։
— Օ՜, Սառը, դուք շատ սիրալիր ծորակ եք,— շփոթվեց տաքը։
— Վստահ եմ, որ եթե Տաքը սկսի հեքիաթներ պատմել վագրին,— շարունակեց Սառը,— Ռռռռը ջրից դուրս չի գա, մինչեւ չնստի այնքան, որքան պետք է։
— Հիանալի է,— համաձայնեց մորեղբայր Թիկ֊Թակը։
Ու երբ Ռռռռը փոստից վերադարձավ, մորեղբայր Թիկ֊Թակը նրան ասաց․
— Սիրելի Ռռռռ, չե՞ս ուզում լոգանք ընդունել։ Գուցե մի փոքր կնստե՞ս…
— Ուզո՜ւմ եմ,— ուրախացավ Ռռռռը եւ սանդուղքներով երեք֊երեք աստիճան թռչելով, հասավ լոգարան, բացեց տաք եւ սառը ծորակներն ու հարմար դիրքով պառկեց մեջքի վրա։
— Լինում է, չի լինում…— սկսեց իր հեքիաթը տաք ծորակը։