— Լավ, կզգուշանանք,— գոչեց Ռռռռը։— Շնորհակալություն։ Ցտեսություն։
==Հինգերորդ գլուխ==
<b>այն մասին, թե ինչպես է ճենապակե Շնիկը սովորում պատասխանել ժամը քանիսն է</b>
Երբ մորեղբայր Թիկ֊Թակը տեսավ Ռռռռին լոգարանից դուրս գալուց հետո, շատ ուրախացավ։
— Հիմա քո չափսը շատ հարմար է,— ասաց նա։— Հապա նայիր… Գետից այն կողմ տեսնո՞ւմ ես ծիածանը։ Ափսոս, որ արդեն անհետացավ։ Ռռռռ, որպես գաղտնիք քեզ կասեմ, որ այնքան էլ վստահ չեմ, որ կգտնենք ծիածանի վերջը։ Բայց արկածներ շատ կունենանք։ Հիմա որոշելու ենք, թե ինչ ենք վերցնելու հետներս։ Մի րոպե… մտածեմ։ Նախ՝ Չալտիկ Հավիկին, որպեսզի նախաճաշի համար դեղին հավկիթներ ածի։ Հետո՝ իմ ժամացույցը։ Այն ժամացույցը, որը զանգ էլ ունի եւ աշխատում է այսպես՝ թիկ֊թակ, թիկ֊թակ։ Ճենապակե Շնիկին էլ կվերցնենք հետներս։ Նրան կնստեցնենք նավակում, ժամացույցի կողքին, որպեսզի մեզ ժամն ասի։ Առանց ժամացույցի ոչ մի դեպքում չի կարելի ճամփորդության դուրս գալ, այն էլ Ժամանակի Գետով։
— Բայց ճենապակե շնիկները բոլորովին չգիտեն ժամանակն ասել,— նկատեց Ռռռռը։
Ճենապակե Շնիկը լաց եղավ։ Նա շատ էր ուզում, որ իրեն էլ տանեին։
— Լաց մի եղիր,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մինչ ես իրերը հավաքել ճամփա ելնելու համար, Ռռռռը քեզ կսովորեցնի։
Ու գնաց իրերը հավաքելու։
Ռռռռը շփոթվեց․ թեեւ նա շատ խելացի վագր էր, բայց ժամացույցից ինքն էլ ոչինչ չէր հասկանում։
«Խե՜ղճ Ռռռռ,— ասաց նա ինքն իրեն։— Խե՜ղճ փոքրիկ վագր, որին բոլորը նեղացնում են եւ ոչ ոք չի սիրում, փը՛ֆ…»
Ճենապակե Շնիկը ավելի բարձր լաց եղավ, բայց այդ պահին մոտ վազեց Պստիկ֊Ամպիկը, անձրեւ սկսվեց ու նավակի շուրջը մի լճակ գոյացավ։
Մորեղբայր Թիկ֊Թակի ուրախությանը չափ չկար։
— Հիմա նավակը մինչեւ գետ քարշ տալու ոչ մի անհրաժեշտություն չկա, մենք հենց այստեղից էլ կնավարկենք։ Ապրես, Ամպիկ։ ու էլ մեզ միացիր․ երբեմն անձրեւ կտեղաս ու կզովացնես մեզ։
Պստիկ֊Ամպիկը հաճույքով համաձայնեց։
— Սեփական ամպիկ ունենալը շատ հարմար բան է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Երբ ուզես՝ անձրեւ կգա։ Հենց որ չուզենաս՝ կկտրվի, եւ այդ ժամանակ կարող ես խաղալ կամ զբոսնել։ Իսկ հիմա ես պետք է Ճենապակե Շնիկին սովորեցնեմ պատասխանել ժամը քանիսն է։ Ռռռռ, լավ կլինի, որ դու էլ ուշադիր լինես ու ականջ դնես մեր պարապմունքին։
Բայց Ռռռռը շրջվեց ու հեռացավ։
— Ի՜նչ ծույլ վագր է։ Շնիկ, հիմա հաշվիր մինչեւ տասներկուսը։
— Ես կարողանում եմ մինչեւ տասը հաշվել,— պատասխանեց Ճենապակե Շնիկը։
— Ոչինչ, տասից հետո գալիս է տասնմեկը, հետո էլ՝ տասներկուսը։ Հիմա հաշվիր մինչեւ տասներկուսը։
— Մեկ, երկու, երեք, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, տասը տասնմեկ, տասներկու,— հաշվեց Շնիկը։
— Շատ խելացի շնիկ ես,— գովեց նրան մորեղբայր Թիկ֊Թակը։— Հիմա ասա՝ ժամը քանի՞սը կլինի, եթե ժամացույցի փոքրիկ սլաքը հինգի եւ վեցի միջեւ է, իսկ մեծ սլաքը կանգնած է երեքի վրա։
Ճենապակե Շնիկը երկար մտածեց, իսկ հետո ասաց․
— Երեքն անց կես։
— Չէ,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Մ Ե Ծ Ը ցույց է տալիս երեքը, իսկ Փ Ո Ք Ր Ը կանգնած է հինգի եւ վեցի միջեւ։
— Հինգ անց քառորդ,— պատասխանեց շնիկը։
— Շատ ճիշտ է,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը եւ համբուրեց նրան։
— Հիմա արդեն կարող ենք սկսել նավարկությունը,— ասաց նա։— Բոլորդ նստեք նավակ։
— Կըրթ֊կըրթ֊կըրթ֊կըրթ,— կչկչաց Չալտիկ Հավիկը եւ տեղավորվեց նավակի մեջ, այն անկյունում, որտեղ դրված էին շոկոլադե թխվածքով տուփն ու մի խուրձ խոտ, որը վերցրել էին, մտածելով, թե ճանապարհին հանկարծ կհանդիպեն Ձիուն։
Ռռռռը նստեց ցռուկին։ Մի թաթով նա բռնել էր ղեկը, իսկ մյուսով՝ հովանոցը, որը նրա հպարտությունն էր։
Մորեղբայր Թիկ֊Թակը ժամացույցը դրեց նավախելին, կողքին նստեցրեց Ճենապակե Շնիկին, քիչ այն կողմ տեղավորեց հեռադիտակը (մի շատ Հ Ր Ա Շ Ա Լ Ի հեռադիտակ), մի քանի հավկիթ, բուտերբրոդներ․ հետո թիերը վերցնելով, նավարկեց դեպի գետը։
Պստիկ֊Ամպիկն էլ լողաց նավակի ետեւից, միայն թե նա երկնքում էր լողում։
— Ես կթիավարեմ մինչեւ ժամը երեքը,— ասաց մորեղբայր Թիկ֊Թակը։— Իսկ հետո դու կթիավարես, Ռռռռ։
Ու այդպես նրանք նավարկեցին այնքան ժամանակ, մինչեւ Ճենապակե Շնիկը հաչելով ասաց․ «Ժամը երեքն է։ Հաֆ֊հաֆ֊հաֆ։ Ժամը երեքն է»։