Վերջին թարմացում 13 Դեկտեմբերի 2015, 14:36

Տիեզերագնացը

Տիեզերագնացը

հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի
թարգմանիչ՝ Լևոն Անանյան
աղբյուր՝ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»


Մայրիկի մուգ մազերի վրա պտտվում էր էլեկտրական լուսատտիկների պարսը։ Նա կանգնել էր ննջարանի շեմին և հայացքով ուղեկցում էր ինձ։ Հոլլում լռություն էր տիրում։

— Գոնե այս անգամ դու ինձ կօգնե՞ս, որ նրան տանը պահենք,— հարցրեց նա։

— Կաշխատեմ,— պատասխանեցի։

— Խնդրում եմ,— նրա դեմքով անհանգիստ ցոլքեր սահեցին։— Այս անգամ մենք նրան բաց չենք թողնելու։

— Լա՛վ,— փոքր-ինչ մտածելով, պատասխանեցի ես։— Բայց իզուր է։ Ոչինչ չի ստացվի։

Նա շրջվեց․ լուսատտիկները, թափառող համաստեղությունների պես, իրենց ուղեծրերով թռչում էին նրա գլխավերևում ու լուսավորում շուրջը։ Լսեցի, թե ինչպես նա կիսաձայն ասաց.

— Համենայն դեպս, փորձենք։

Լուսատտիկների մյուս պարսը ինձ ուղեկցեց մինչև իմ սենյակը։ Ես պառկեցի, ու հենց որ մարմինս իր ծանրությամբ անջատեց էլեկտրական շղթան, լուսատտիկները մարեցին։

Մինչև կեսգիշեր, անկշիռ խավարով իրարից բաժանված, ես ու մայրս սպասում էինք՝ ամեն մեկս իր սենյակում։ Մահճակալը մեղմ երգելով օրորում էր ինձ։ Սեղմեցի անջատիչը։ Երգն ու օրորը ընդհատվեցին։ Քնել չէի ուզում. քունս չէր տանում։

Այդ գիշերը ոչնչով չէր տարբերվում մեզ համար հիշարժան մյուս բոլոր գիշերներից։ Քանի՜ քանի անգամ ենք արթուն պառկել և հանկարծ զգացել, թե ինչպես զով օդը դառնում է այրող, ինչպես է քամին կրակ բերում իր հետ, կամ տեսել ենք, թե ինչպես պատերը մի ակնթարթ պարուրվում են պայծառ շողերով։ Մենք գիտեինք, որ այդ պահերին տան վրայով անցնում է նրա հրթիռանավը։ Նրա հրթիռանավը անցնում էր մեր տան վրայով, և կաղնիները ճկվում էին մրրիկի տակ։ Ես պառկում էի, աչքերս լայն բացած ու հևիհև շնշելով, և ռադիոֆոնի մեջ լսում էի մայրիկի ձայնը.

— Զգացի՞ր։

Ու ես պատասխանում էի։

— Այո՛, այո՛։ Նա է։

Անցնելով մեր քաղաքի, փոքրիկ քաղաքի վրայով, որտեղ երբեք վայրէջք չեն կատարում տիեզերանավերը, իմ հայրիկի նավը շարունակում էր թռչել և մենք դեռ երկու ժամ էլ պառկած, մտածում էինք. «Հիմա հայրիկը վայրէջք է կաաարում Սփրինգֆիլդում, հիմա նա դուրս եկավ կպրապատ ճանապարհի վրա, հիմա թղթերն է ստորագրում, հիմա արդեն ուղղաթիռի մեջ է, թռչում է գետակի և բլուրների վրայով, հիմա ուղղաթիռը իջեցնում է Գրին Վիլլեջի մեր օդանավակայանում․․․»։ Արդեն կեսգիշերն անց է, իսկ ես ու մայրիկս, մեր մահճակալներում պառկած, շարունակ մտածում և ականջ ենք դնում։ «Հիմա նա քայլում է Բելլ Սթրիտով։ Միշտ քայլելով է գալիս... մեքենայից հրաժարվում է... Հիմա կտրում-անցնում է զբոսայգին, թեքվում է Օուքհերսթ անկյունից, և հիմա...»։

... Գլուխս բարձրացրեցի։ Փողոցից լսվում էին անրնդհատ մոտեցող թեթև, հապճեպ, անհամբեր ոտնաձայներ։ Թեքվեցին մեր դռան կողմր... Տերրասի աստիճաններով բարձրացան վեր... Եվ մենք երկուսով՝ մայրիկն ու ես, ժպտացինք զով խավարի մեջ, լսելով, թե ինչպես ցածում, տիրոջը ճանաչելով, ինքն իրեն բացվեց շքամուտքի դուռը, ողջունելով ինչ-որ բան ասաց կիսաձայն և փակվեց նորից։

Եվս երեք ժամ անց ես զգուշորեն, շունչս պահած, պտտեցի նրանց սենյակի դռան փայլուն բռնակը, սուզվեցի մոլորակների միջև ընկած տիեզերքի պես անեզր խավարի մեջ և ձեռքս պարզեցի դեպի փոքրիկ, սև արկղը, որ դրված էր ծնողներիս մահճակալի մոտ, նրանց ոտքերի կողմը։ Գտա՛։ Եվ անաղմուկ վազեցի իմ սենյակը, մտածելով. «Միևնույն է, նա ոչինչ էլ չի պատմի, նա չի ուզում, որ ես իմանամ»։

Արկղից հանեցի տիեզերագնացի սև արտահագուստը, որը կարծես սև միգամածություն լիներ հեռավոր և ցանցառ աստղակույտերով։ Ձեռքով տրորում էի մուգ կտավը և զգում մոլորակների բույրը․ Մարսի՝ երկաթի բույրը, Վեներայի՝ կանաչ թավշի բուրմունքը, Մերկուրիի՝ ծծումբն ու կրակը, առնում էի կաթնային լուսնի և դաժան աստղերի հոտը։ Հետո ես արտահագուստը դրեցի կենտրոնախույս մեքենայի մեջ, որը վերջերս էի պատրաստել դպրոցի արհեստանոցում, և սեղմեցի կոճակը։ Քիչ անց թորանոթում նստեց մանրիկ փոշին։ Ես այդ փոշին տեղավորեցի մանրադիտակի տակ։

Ծնողներս խորը քնել էին. քնել էր ամբողջ տունը․ ավտոմատ խոհարարները, մեքենայական ծառայողները և ինքնաշարժ հավաքարարները խորասուզվել էին իրենց էլեկտրական նինջի մեջ, իսկ ես դեռ նայում ու նայում էի երկնաքարերի ու գիսաստղերի փոշու և Յուպիտերի կավի փայլատակող հատիկներին։ Այդ հատիկները կարծես հենց իրենք հեռավոր աշխարհներ էին, և մանրադիտակի օգնությամբ ես դուրս էի գալիս միլիարդավոր կիլոմետրերով ու ֆանտաստիկ արագությամբ հեռավոր թռիչքների...

Լուսադեմին, ճանապարհորդելուց հոգնած և վախենալով, թե կնկատեն, որ արկղը անհետացել է, ես այն տարա դրեցի իր տեղը, ծնողներիս ննջարանում։

Հետո քնեցի, բայց անմիջապես արթնացա պատուհանի տակից լսվող ազդանշանի ձայնից։ Քիմիական մաքրման գրասենյակից էին եկել արտահագուստը ախտահանելու համար։ «Լավ է, որ ժամանակ չեմ կորցրել»,— մտածեցի ես։ Չէ՞ որ մեկ ժամ հետո արտահագուստը կվերադարձնեն ճանապարհորդության բոլոր հետքերից մաքրված ու զտված։

Ու ես նորից քնեցի, իսկ գիշերանոցիս գրպանում, ճիշտ սրտիս մոտ, գտնվում էր կախարդական փոշիով լի սրվակը։


* * *

Երբ ցած իջա, հայրս սեղանի մոտ նստած նախաճաշում էր։

— Ինչպե՞ս ես քնել, Դուգ,— նա այնպես դիմավորեց ինձ, կարծես միշտ տանն է եղել, կարծես երեք ամսով տիեզերք չի մեկնել։

— Լավ,— պատասխանեցի։

— Բոված հաց կուտե՞ս։

Նա սեղմեց կոճակը, և սեղանը ինձ համար չորս կտոր հաց տապակեց յուղի մեջ։ Կարմրած, ոսկու պես փայլող հաց։

Հիշում եմ, թե ինչպես այդ օրը հայրս աշխատում էր այգում․ փորում էր ու փորում, կարծես ինչ-որ բան էր որոնում։ Երկար և թուխ ձեռքերը անհանգիստ շարժվում էին. ծիլեր էին տնկում, հողը փխրեցնում, պատվաստում, կապում, կտրում, և թուխ դեմքը անընդհատ դարձած էր դեպի հողը։ Հայրիկի աչքերը նայում էին միայն այն բանին, ինչով զբաղված էին ձեռքերը, այդ աչքերը ոչ մի անգամ դեպի երկինք կամ ինձ, նույնիսկ դեպի մայրիկը չդարձան։ Միայն երբ մենք նրա մոտ ծնկի եկանք, որպեսզի հագուստի միջով զգանք հողի խոնավությունը, որպեսզի մատներս խրենք սև հումուսի մեջ և մոռանանք կատաղի երկինքը, նա աջ ու ձախ նայեց, նայեց մայրիկին ու ինձ և քնքշությամբ աչքով անելով, շարունակեց աշխատել, հայացքը հառած հողին, անընդհատ՝ միայն հողին, ու երկինքը տեսնում էր միայն նրա կռացած մեջքը։


* * *

Իրիկնադեմին, ճոճի մեջ նստած, մենք ճոճվում էինք, քամին շոյում էր մեր դեմքը, ու երգեր էինք լսում մենք։ Ամառ էր․ կար լուսին. կար նաև մրգաջուր։ Մենք ձեռքներումս սեղմել էինք սառը գավաթները, և հայրիկն էլ ստերեոթերթ էր կարդում, որն հարմարեցված էր հատուկ գլանակին, ու երեք անգամ աչքը թարթելուն պես շրջվում էին խոշորացույցի տակ գտնվող մանրաէջերը։ Հայրիկը սիգարեթ էր ծխում և պատմում, թե ինչպիսի չարաճճի տղա է եղել ինքը 1997 թվականին։ Հետո մի փոքր լռեց և, ինչպես միշտ, հարցրեց․

— Ինչո՞ւ չես զբոսնում։ Ինչո՞ւ պահածոյի դատարկ տուփերով ֆուտբոլ չես խաղում, Դուգ։

Ես չպատասխանեցի, բայց մայրիկն ասաց․

— Նա զբոսնում է, երբ դու տանը չես լինում։

Հայրիկը նայեց ինձ, ապա, այդ օրն առաջին անգամ հայացքը հառեց երկնքին։ Մայրիկը երբեք աչքերը չէր հեռացնում նրանից, երբ հայրիկը նայում էր աստղերին։

Վերադարձի առաջին օրն ու առաջին երեկոն հայրիկը հազվադեպ էր նայում երկնքին։ Ես նրան տեսնում էի այգում աշխատելիս, և այդ պահերին նրա հայացքը կենտրոնացած էր լինում միայն փխրուն հողին։ Երկրորդ օրն արդեն նա ավելի հաճախ էր նայում աստղերին։ Ցերեկները մայրիկը երկնքից այնքան էլ չէր վախենում։ Բայց երեկոները որքա՜ն կկամենար մարել երկնքով մեկ սփռված աստղերը։ Երբեմն ինձ թվում էր, թե նա մտքով անջատիչ է որոնում։ Բայց արդյոք կգտնե՞ս այն անջատիչը, որով աստղերն են մարում... Երրորդ օրը երեկոյան, պատահում էր այնպես, որ երբ պատրաստվում էինք քնելու, հայրիկը դեռ ներս գալ չէր ուզում, և լսում էի, թե ինչպես է մայրիկը կանչում նրան։ Ճիշտ այդպես նա ինձ էր տուն կանչում փողոցից։ Եվ հայրիկը, հառաչելով, միացնում էր ֆոտոէլեկտրական փականը։ Իսկ հաջորդ օրն առավոտյան, նախաճաշի ժամանակ, ես ցած նայելով, նրա ոտքերի տակ նկատում էի սև արկղը, մայրիկը դեռ քնած էր լինում։

— Ցտեսություն, Դուգ,— ասում էր հայրս, ձեռքս սեղմելով։

— Երեք ամսո՞վ։

— Երեք ամսով։

Նա քայլում էր փողոցով, չէր նստում ո՛չ տաքսի, ո՛չ ուղղաթիռ, ոչ էլ ավտոբուս. պարզապես քայլում էր, թևի տակ առած այն պայուսակը, որտեղ գտնվում էր տիեզերական հագուստը։ Նա դրսում երբեք չէր հագնում այն, որպեսզի մարդիկ չմտածեն, թե տիեզերագնաց դառնալուց հետո մեծամտացել է ինքը։

Մեկ ժամ անց մայրիկն էր գալիս նախաճաշելու և ուտում էր տապակած հացի մի փոքրիկ կտոր միայն։

Բայց այսօր դեռ այսօրն էր, առաջին երեկոն, և հայրիկը բոլորովին չէր նայում աստղերին։

— Հեռուստատեսային դիմակահանդես գնա՞նք,— առաջարկեցի ես։

— Հրաշալի միտք է,— ասաց հայրիկը։

Մայրիկը ինձ նայեց ու ժպտաց։

Եվ մենք ուղղաթիռով դեպի քաղաք շտապեցինք, ու հայրիկին տարանք անհամար էկրանների մոտով, որպեսզի նրա գլուխը, նրա դեմքը մեզ հետ լինի, որպեսզի նա այլևս ոչ մի տեղ չնայի։ Ծիծաղում էինք ծիծաղելի բաների վրա, լուրջ հայացքով նայում էինք լուրջ բաներին, իսկ ես անդադար մտածում էի․ «Հայրիկս թռչում է դեպի Սատուրն, Նեպտուն, Պլուտոն, բայց երբեք ինձ համար նվերներ չի բերում։ Իմ հասակակիցներից նրանք, որոնց հայրերը ճանապարհորդում են տիեզերքում, իրենց ընկերներին հպարտությամբ են ցույց տալիս Կալլիստոյից բերված մի հանքանմուշ, սև երկնաքարի բեկորներ, երկնագույն ավազ։ Եվ ես էլ ստիպված եմ լինում հավաքածու կազմելու համար տղաներից խնդրել նմուշներ՝ Մերկուրիից բերված ավազ, Մարսի քարեր, որոնք լցված են իմ սենյակում, բայց որոնց մասին հայրիկը երբեք չի ուզում խոսել»։

Պատահում էր, հիշում եմ, նա որևէ բան բերում էր մայրիկի համար։ Մի անգամ մեր բակում նա Մարսից բերած արևածաղիկ ցանեց, բայց հերթական թռիչքի մեկնելուց մեկ ամիս հետո, երբ ծաղիկներն արդեն աճել էին, մայրիկը հանկարծ վազեց բակ և դրանք բոլորը կտրատեց։

Մենք կանգնել էինք ստերեոսկոպիկ էկրանի առաջ, և ես, առանց երկար-բարակ մտածելու, հայրիկին հարցրեցի.

— Ասա, ինչպիսի՞ն է տիեզերքը․․․

Մայրիկս ինձ նայեց սարսափած հայացքով։ Բայց ուշ էր։

Մեկ-երկու րոպե հայրիկը կանգնել էր լուռ, պատասխան էր որոնում։ Հետո թոթվեց ուսերը.

— Տիեզերքը․․․ կյանքում եղած լավագույն բանից էլ լավագույնն է։— Նա, իհարկե, վրիպեց։— Ասենք, մի արտակարգ բան չկա այնտեղ։ Հիմարությո՛ւն։ Դու չէիր հավանի տիեզերքը։— Նա քննախույզ հայացքով նայեց ինձ։

— Բայց դու էլի ամեն անգամ թռչում ես։

— Սովորություն է։

— Իսկ հիմա դեպի ո՞ւր ես թռչելու։

— Դեռ չեմ որոշել։ Մտածելու բան է։

Նա միշտ մտմտում, կշռադատում էր։ Այն ժամանակ տիեզերագնացներ շատ չկային, և նա ինքը կարող էր որոշել, թե ինչպես, որտեղ և երբ է թռչելու։ Վերադարձից հետո, երրորդ օրվա երեկոյան, մենք ականատես եղանք, թե ինչպես է նա աստղ ընտրում իր համար։

— Գնանք,— ասաց մայրիկը։— Տուն գնալու ժամանակն է։

Դեռ ուշ չէր, և տանը ես հայրիկին խնդրեցի, որ հագնի տիեզերագնացի համազգեստը։ Ես այդպիսի բան չպետք է խնդրեի, մայրիկին չվշտացնելու համար, բայց չկարողացա դիմանալ։ Ես շատ խնդրեցի հայրիկին, չնայած նա միշտ էլ մերժում էր ինձ։ Ես նրան համազգեստով երբեք չէի տեսել։ Վերջապես նա ասաց.

— Դե՛, լավ։

Մենք սպասեցինք հյուրասենյակում, մինչև որ նա վեր կբարձրանար օդային հորանցքով։ Մայրիկը թախծոտ ինձ էր նայում, կարծես չհավատալով, թե հարազատ որդին կարող է մոր հետ այդպես դաժան վարվել։ Հայացքս փախցրեցի։

— Ներիր,— ասացի ես։

— Դու ինձ բնավ չես օգնում,— ասաց նա։ Բնա՛վ։

Մի քանի րոպե անց օդային հորանցքում խշրտոց լսվեց։

— Ես պատրաստ եմ,— մեղմ ասաց հայրիկը։

Նա համազգեստով էր։

Համազգեստը սև էր, փայլուն հենքով։ Արծաթե կոճակներ, արծաթե երիզներ, որոնք հասնում էին մինչև սև կոշիկների կրունկները։ Թվում էր, թե նա մբողջությամբ՝ մարմինը, ձեռքերը, ոտքերը, քանդակված է սև միգամածությունից, որի միջով առկայծում են դժգույն աստղիկներ։ Համազգեստը այնպես էր գրկել նրա մարմինը, ինչպես ձեռնոցն է գրկում երկար ու ճկուն ձեռքը։ Սրանից զով օդի, մետաղի, տիեզերքի հոտ էր գալիս։ Նրանից գալիս էր կրակի ու ժամանակի հոտ։

Հայրիկը կանգնել էր սենյակի կենտրոնում և ժպտում էր շփոթված։

— Շրջվիր,— ասաց մայրիկը։

Հայրիկին հառած նրա աչքերը նայում էին ինչոր հեռու-հեռու տեղ։

Երբ հայրիկը տիեզերքում էր լինում, մայրս նրա մասին չէր խոսում բոլորովին։ Նա, ընդհանրապես, ոչնչի մասին չէր խոսում, բացի եղանակից, իմ վզից, թե վատ չէր լինի, եթե մի լավ լվանայի, կամ իր անքնությունից։ Մի անգամ նա բողոքեց, թե գիշերները չափից դուրս լուսավոր են։

— Բայց այս շաբաթ լուսին չկա։

— Հապա աստղե՞րը,— պատասխանեց նա։

Խանութից նրա համար նոր վարագույրներ գնեցի, որոնք ավելի մուգ էին, թանձր կանաչ։ Գիշերը, մահճակալին պառկած, ես լսում էի, թե ինչպես է նա, պատուհանի փեղկերը ամուր փակելուց հետո, իջեցնում վարագույրները։ Լսում էի երկարատև շրշացող ձայնը․․․

Մի անգամ, ինչպես եղավ, որոշեցի խուզել ծաղկաթումբը։

— Կարիք չկա,— մայրիկը կանգնած էր դռների մեջ։— Մանգաղը տեղը դիր։

Եվ մեր ծաղկաթմբի խոտը երեք ամիս շարունակ այդպես էլ աճեց առանց խուզվելու։ Երբ հայրիկը վերադարձավ տիեզերքից, ինքն իր ձեռքով խուզեց այն։

Մայրիկը ընդհանրապես թույլ չէր տալիս որևէ բան անել, ասենք՝ նախաճաշ պատրաստող մեքենան կամ մեխանիկական ընթերցողը վերանորոգել։ Ամեն ինչ կուտակում էր նա, ինչպես կուտակում են տոնակատարությունների նախապատրաստվելիս։ Իսկ հետո ես տեսնում էի, թե ինչպես է հայրս ժպտադեմ թխկթխկացնում կամ զոդում, իսկ մայրիկը, նրան նայելով, ժպտում էր երջանիկ։

Այո՛, երբ բացակայում էր հայրիկը, նրա մասին մայրս ոչինչ չէր խոսում։ Իր հերթին հայրս երբեք չէր փորձում կապվել մեզ հետ, միլիոնավոր կիլոմետրերի վրայով կամուրջ գցել մեր միջև թռիչքի ընթացքում։

Մի անգամ նա ինձ ասաց․

— Մայրդ ինձ հետ վարվում է այնպես, կարծես ես գոյություն չունենամ, կարծես անտեսանելի լինեմ։

Ինքս էլ էի այդ նկատել։ Մորս հայացքը ծակում անցնում էր նրան, մայրս նայում էր նրա ձեռքերին, այտերին, բայց աչքերին՝ երբեք։ Իսկ եթե աչքերին էր նայում, ապա այնպես, կարծես թաղանթի միջով նայելիս լիներ, այնպես, ինչպես ննջող գազանն է նայում։ Եթե հարկ կար, «այո» էր ասում, որտեղ անհրաժեշտ էր՝ ժպտում էր, և միշտ էլ մի կես վայրկյան ուշացումով։

— Կարծես, թե ես նրա համար գոյություն չունեմ,— ասաց հայրս։

Իսկ հետևյալ օրը մայրս կրկին մեզ հետ էր, և հայրս էլ նրա համար արդեն գոյություն ուներ, նրանք իրար ձեռք բռնած զբոսնելու էին գնում մեր տան շրջակայքում, կամ ձիարշավի էին դուրս գալիս միասին, և մայրիկի մազերը քամու տակ գզգզվում էին, ու նա նմանվում էր փոքրիկ աղջկա։ Մայրս անջատում էր խոհանոցային բոլոր մեխանիզմները և հայրիկի համար իր ձեռքով թխում էր զարմանալի խմորեղեններ, տորթեր ու թխվածքներ։ Նա հայրիկի աչքերի մեջ էր նայում ագահությամբ և ժպտում էր իր իսկական ժպիտով։ Իսկ երբ անցնում էին այդ օրերը, մայրս անպայման լալիս էր։ Եվ հայրս էլ կանգնում էր շփոթված, նայում շուրջը, կարծես պատասխան որոնելով, որը երբեք չէր գտնում։

... Հայրս դանդաղ շրջվեց, ցուցադրելով իր համազգեստը։

— Մեկ էլ շրջվիր,— ասաց մայրիկը։


* * *

Հետևյալ օրն առավոտյան հայրիկը տուն սլացավ տոմսակների մի ամբողջ կապուկով։ Կալիֆորնիական հրթիռի համար տոմսակները վարդագույն էին, իսկ մեքսիկական օդային տորմիղինը՝ երկնագույն։

— Շտապե՛ք,— գոչեց նա։— Ճամփորդական հագուստ ենք գնելու, հետո այն կվառենք։ Տեսեք՝ կեսօրին թռչելու ենք Լոս-Անջելոս, ժամը երկուսին ուղղաթիռով կմեկնենք մինչև Սանթ-Բարբարա, կգիշերենք և առավոտյան ժամը իննին էլ ինքնաթիռով կգնանք մինչև Էնսենադ։

Եվ մենք ուղևորվեցինք դեպի Կալիֆորնիա։ Մեկուկես օր ճանապարհորդեցինք Խաղաղականի ափերով, մինչև հասանք Մալիբուի ավազուտ լողափը։

Հայրս անընդհատ կա՛մ լսում էր, կա՛մ երգում, կա՛մ ագահությամբ զննում շրջապատը, կառչելով տպավորություններից, կարծես աշխարհը կենտրոնախույս մի հսկա մեքենա լիներ, որն այնքան արագ է պտտվում, որ ամեն վայրկյան կարող էր հորս մեզնից կտրել ու դեն շպրտել։

Այդ օրը մայրս մնաց հյուրանոցում։ Հայրս երկար պառկեց կողքիս, արևի ջերմ ճառագայթներից շիկացած ավազի վրա։

— Ո՜ւֆ,— հառաչեց նա։— Ի՜նչ հաճելի է...

Մեջքի վրա պառկած, նա փակել էր աչքերն ու արև էր խմում։

— Այ թե ինչ չկա...— ասաց նա։

Իհարկե, ուզում էր ասել «հրթիռում»։ Բայց հայրս խուսափում էր իր հրթիռի մասին հիշատակելուց և չէր սիրում խոսել այն ամենի մասին, ինչ-որ տիեզերանավում չկար։ Որտեղի՞ց այնտեղ աղահամ քամի լինի։ Կամ կապույտ երկինք։ Կամ շոյող արև։ Կամ մայրիկի պատրաստած կերակուրը։ Եվ մի՞թե հրթիռում կարող ես զրուցել տասնչորսամյա որդուդ հետ։

— Ի՞նչ ես կարծում, չշատախոսե՞նք,— վերջապես, ասաց նա։

Ես արդեն գիտեի, որ հիմա մենք զրուցելու ենք, զրուցելու ենք երեք ժամ առանց դադարի, ինչպես միշտ։ Մինչև ուշ երեկո, արևի տակ տապակվելով, կիսաձայն շատախոսելու ենք իմ դասերից, այն մասին, թե որքան բարձր կարող եմ թռչել, և արդյոք արա՞գ եմ լողում։

Հայրս լսում էր ինձ, գլխով էր անում, ժպտում և գոհունակությամբ թեթևակի շոյում այտերս։ Մենք զրուցում էինք։ Ոչ թե հրթիռի և ոչ թե տիեզերքի, այլ Մեքսիկայում հին ավտոմեքենայով կատարած մեր ճանապարհորդության մասին, զրուցում էինք կանաչ, պայծառ ջունգլիներում բռնած թիթեռների մասին. կեսօրին էր, հարյուրավոր թիթեռներ փակչում էին ավտոմեքենայի քթին և զոհվում տեղնուտեղը, թրթռալով ջղաձգումներից։ Գեղեցիկ ու տխուր տեսարան էր դա։ Զրուցում էինք ամեն բանի մասին։ Ամենի մասին, բացի նրանից, ինչ ես էի կամենում։ Եվ հայրս լսում էր ինձ։ Լսում էր այնպես, կարծես ուզում էր հագենալ այն հնչյուններով, որոնք որսում էին նրա ականջները։ Լսում էր քամուն, օվկիանոսի շնչառությունը և իմ ձայնն էր լսում. նա լսում էր նրբազգաց, կենտրոնացած, լարված ուշադրությամբ, որը կարծես ֆիզիկական մարմիններն այս ու այն կողմ էր ցրում, իրեն պահելով միայն հնչյունները։ Աչքերն էր փակում ավելի լավ լսելու համար։ Եվ ես հիշեցի, թե ինչպես է նա ականջ դնում մեքենայի ճռինչին, երբ ինքն է խուզում ծաղկաթումբը՝ ծրագրային ղեկավարությունը միացնելու փոխարեն, տեսա, թե ինչպես է նա շնչում հնձված խոտի բույրը, երբ կանաչը շատրվանում էր նրա վրա։

— Դուգ,— ասաց նա ժամը հինգի մոտերքին. մենք հենց նոր էինք վերցրել մեր սրբիչները և ծովեզրով քայլում էինք դեպի հյուրանոց,— ինձ մի բան խոստացիր։

— Ի՞նչ։

— Երբեք տիեզերագնաց չդառնալ։

Ես կանգ առա։

— Լուրջ բան եմ ասում,— շարունակեց նա։ — Քանի որ տիեզերքում դու միշտ Երկիր կձգտես, իսկ այստեղից՝ միշտ տիեզերք։ Այնպես որ, լավ կլինի եթե բնավ գործ չունենաս։ Որպեսզի հեշտ լինի ապրելը։

— Բայց...

— Դու չգիտես, թե դա ինչ բան է։ Ամեն անգամ, երբ ես այնտեղ եմ լինում, ասում եմ ինքս ինձ․ «Հենց որ վերադառնամ Երկիր, ընդմիշտ կմնամ այնտեղ ու այլևս երբեք չեմ թռչի»։ Բայց, չնայած դրան, նորից թռչում եմ ու, երևի, միշտ էլ այդպես կլինի։

— Ես վաղուց է, ինչ ուզում եմ տիեզերագնաց դառնալ,— ասացի։

Նա ինձ ականջ չդրեց։

— Ես փորձում եմ ստիպել ինձ, որ մնամ։ Երբ շաբաթ օրը տուն եկա, հաստատ որոշեցի․ ամեն ինչ անելու եմ, որպեսզի ինձ ստիպեմ այստեղ մնալ։

Հիշեցի, թե նա ինչպես քրտնաշաղախ, աշխատում էր այգում, ինչպես ինքնաթիռով թռչելու ժամանակ ինչ-որ բանով տարված էր, ինչ-որ բանի էր ականջ դնում։ Եվ, իհարկե, այդ ամենը նա անում էր, որպեսզի ինքն իրեն համոզի, որ ծովը, քաղաքները, հողը, հարազատ ընտանիքը, սրանք են միակ իրականը, որ կյանք արժեն։ Եվ գիտեի, թե հայրս ինչ է անելու այս գիշեր․ տերրասում կանգնած, նա երկար կդիտի Օրիոնի ալմաստաշող համաստեղությունը։

— Խոստացիր, որ իմ ճանապարհով չես գնալու,— խնդրեց նա։

Ես հապաղեցի։

— Լա՛վ,— պատասխանեցի քիչ հետո։

Նա սեղմեց ձեռքս։

— Իմ խելոք տղա,— ասաց նա։


* * *

Ճաշը հրաշալի էր։ Հենց որ տուն եկանք, մայրիկը շտապեց խոհանոց և զբաղվեց եփութափով, խմորով ու դարչինով, և մի իսկական աղմուկ-աղաղակ բարձրացավ խոհանոցում։ Եվ քիչ հետո սեղանը զարդարեց մի հսկա հնդկահավ իր համեմունքներով՝ հապալասի սոուս, ոլոռ, եփած դդում։

— Մի՞թե այսօր տոն է,— զարմացավ հայրս։

— Երախտագիտության օրը դու տանը չես լինի։

— Ա՜յ թե ինչ։

Նա հաճույքով հոտ քաշեց կերակուրներից։ Կաթսայիկների կափարիչները վերցնում և թեքվում էր այնպես, որ բուրումնավետ գոլորշին շոյում էր նրա արևախանձ դեմքը։ Եվ ամեն անգամ ասում էր․ «Ա՜-ա՜խ»։ Հետո նայեց շուրջը, ձեռքերին։ Հայացքով անցավ պատից կախած նկարների, աթոռների, սեղանի, իմ և մայրիկի վրայով։ Վերջապես հազաց, ու ես հասկացա, որ նա արդեն վճիռ է կայացրել։

— Լիլլի՛։

— Այո՞,— մայրիկի հայացքը սահեց սեղանի զբաղեցրած տարածության միջով. սեղանը նրա ձեռքերի տակ դարձել էր մի արծաթյա հրաշալի թակարդ, սոուսե մի կախարդական լճափոս, որի մեջ նա հույս ուներ, թե ամուսինը թաղվելու է, ինչպես նախապատմական գազանը կուպրի լճակում, կպչելու և մնալու է ընդմիշտ։

Մայրիկի աչքերում կայծեր հայտնվեցին։

— Լիլլի՛,— ասաց հայրս։

«Դե ,— անհամբեր մտածում էի ես,— դե ասա՛, ասա՛, որ այս անգամ մնալու ես տանը, մնալու ես ընդմիշտ և երբեք չես թռչելու, դե ասա՛»։

Հենց այդ պահին լռությունը խախտեց տան վրայով անցնող ուղղաթիռի ականջ ծակող աղմուկը, որին պատուհանի ապակիները արձագանքեցին իրենց բյուրեղային զրնգոցով։ Հայրս նայեց պատուհանին։

Ահա երկնագույն, իրիկնային աստղերը և արևելքում ծագող կարմիր Մարսը։

Մի ամբողջ րոպե հայրս նայում էր Մարսին։ Հետո, առանց շրջվելու, ձեռքը դեպի ինձ պարզեց։

— Մի քիլ ոլոռ կարելի՞ է,— խնդրեց նա։

— Ներողություն,— ասաց մայրս,— ես հացը մոռացել եմ։

Եվ նա վազեց խոհանոց։

— Հացը սեղանի վրա է,— գոչեցի նրա ետևից։

Հայրս սկսեց ուտել, ջանալով չնայել ինձ։


* * *

Այդ գիշեր քնել չկարողացա։ Կեսգիշերից քիչ անց ցած իջա։ Լուսնի լույսը տների տանիքները կարծես սառցակեղևով ծածկած լիներ․ փայլատակող շողը ծաղկաթումբը դարձրել էր ձնեդաշտ։ Միայն գիշերանոցով կանգնել էի շեմքին, և ինձ պարուրել էր գիշերային տաք զեփյուռը։ Հանկարծ նկատեցի, որ հայրս այստեղ է, տերրասում։ Նստել էր մեխանիկական ճոճին և դանդաղ ճոճվում էր։ Տեսա դեպի երկինք ուղղված նրա մուգ կիսադեմը, նա աստղերի շարժումներին էր հետևում։ Աչքերը նման էին ծխապարուր բյուրեղների, որոնցից ամեն մեկի մեջ մի լուսին էր արտացոլված։

Մոտեցա ու նստեցի կողքին։

Սկսեցինք միասին ճոճվել։

Վերջապես հարցրեցի․

— Իսկ տիեզերքում մահացու վտանգներ կա՞ն։

— Միլիոններով։

— Ասա որևէ մեկը։

— Ընդհարում երկնաքարի հետ, որի հետևանքով տիեզերանավից դուրս կգա ամբողջ օդը։ Կամ քեզ կբռնացնի գիսավոր աստղը։ Վթար։ Պայթյուն։ Շնչարգելություն։ Կենտրոնախույս ուժեր։ Չափազանց մեծ արագացում։ Անբավարար արագացում։ Շոգ, ցուրտ, արև, լուսին, աստղեր, մոլորակներ, ռադիացիա․․․

— Զոհվածներին այրո՞ւմ են։

— Թե կարող ես՝ գնա, գտիր նրանց։

— Իսկ որտե՞ղ է կորչում մարդը։

— Թռչում է միլիարդավոր կիլոմետրեր։ Այդպիսի հրթիռներին անվանում են թափառող դագաղներ։ Դու դառնում ես երկնաքար կամ փոքրիկ մոլորակ, որը հավերժ թռչում է տիեզերքում։

Չէի խոսում։

— Դրա փոխարեն,— ասաց նա քիչ հետո,— տիեզերքում մահը շատ ավելի արագ է վրա հասնում։ Վե՛րջ։ Ոչ մի տանջանք։ Ավելի շուտ, մարդ ընդհանրապես ոչինչ չի հասցնում նկատել։

Գնացինք քնելու։


* * *

Լույսը բացվեց։

Դռների մեջ կանգնած՝ հայրս լսում էր, թե ինչպես է իր ոսկե վանդակում երգում դեղին դեղձանիկը։

— Ուրեմն՝ վճռված է,― ասաց նա։— Հաջորդ անգամ, երբ վերադառնամ՝ կվերադառնամ մեկընդմիշտ, այլևս չեմ թռչի։

— Հայրի՛կ,— բացականչեցի ես։

— Մայրիկին կասես, հենց որ արթնանա։

— Դու լո՞ւրջ ես ասում։

Նա գլխով արեց։

— Ցտեսությո՛ւն։ Կհանդիպենք երեք ամիս հետո։

Եվ նա քայլեց փողոցով, սև համազգեստը թևի տակ դրած, սուլելով, նայելով բարձր, կանաչ ծառերին։ Քայլելու ժամանակ էլ ալոճենու թփից հատապտուղ պոկեց և նետեց վեր՝ օդի մեջ, ինքն էլ ձուլվելով լուսաբացի թափանցիկ ստվերներին...


* * *

Մի քանի ժամ հետո ես զրույցի բռնվեցի մորս հետ․ ուզում էի ինչ-որ բաներ պարզել ինձ համար։

— Հայրիկն ասում է, թե դու երբեմն քեզ այնպես ես պահում, կարծես նրան ոչ տեսնում ես, ոչ էլ լսում,— ասացի ես։

Նա ամեն բան բացատրեց ինձ։

— Տասը տարի առաջ, երբ նա առաջին անգամ թռավ տիեզերք, ինքս ինձ ասացի. «Նա մեռած է։ Կամ միևնույն է, թե մեռած է։ Նրա մասին մտածիր այնպես, ինչպես կմտածեիր մեռածի մասին»։ Ու երբ նա տարվա մեջ երեք կամ չորս անգամ տուն է վերադառնում, ապա ոչ թե նա է, այլ պարզապես մի հաճելի հուշ կամ երազ։ Երբ հուշերը կամ երազը լքում են քեզ, ապա դա այնքան էլ ցավ չի պատճառում։ Դրա համար էլ ես գրեթե միշտ նրա մասին մտածում եմ որպես մեռածի...

— Բայց պատահում է․․․

— Պատահում է, որ ես չեմ կարողանում տիրապետել ինձ։ Կարկանդակներ եմ թխում և դիմում եմ նրան որպես կենդանի մարդու։ Եվ դա ինձ ցավ է պատճառում։ Ոչ, ավելի լավ է համոզված լինել, որ նա հեռացել է տասը տարի առաջ, ու ես այլևս երբեք չեմ տեսնի նրան։ Այս դեպքում ցավն էլ թեթև է լինում։

— Մի՞թե նա քեզ չասաց, թե հաջորդ անգամ ընդմիշտ կմնա մեզ հետ։

Մայրս դանդաղ օրորեց գլուխը։

— Ոչ, նա մեռել է։ Ես դրանում համոզված եմ։

— Նա կենդանի կվերադառնա,— ասացի ես։

— Տասը տարի առաջ,— շարունակեց մայրս,— ես մտածում էի. ի՞նչ կլինի, եթե նա զոհվի Վեներայի վրա։ Այդ դեպքում այլևս չենք կարողանա նայել Վեներային։ Իսկ եթե Մարսի վրա զոհվի։ Չենք կարողանա նայել Մարսին։ Հենց որ այդ մոլորակը իր կարմիր ցոլքերով հայտնվի երկնակամարի վրա, մենք անմիջապես կուզենանք տուն մտնել և ամուր փակել դռները։ Իսկ եթե նա զոհվի Յուպիտերի՞ վրա, Սատուրնի՞, Նեպտունի՞ վրա։ Այն գիշերները, երբ ծագեն մոլորակները, մենք կատենք աստղացան երկինքը։

— Այն էլ ո՜նց,— ասացի ես։


* * *

Լուրն ստացանք հաջորդ օրը։

Փոստատարը տվեց ինձ, և ես կարդացի հենց տերրասում։ Արևը նստել էր հորիզոնին։ Մայրս կանգնել էր դռների մեջ ու նայում էր, թե ինչպես եմ թղթի կտորը ծալում և թաքցնում նրանից։

— Մա՛մ,— ասացի ես։

— Խնդրում եմ, չասես այն, ինչ առանց քո ասելու էլ գիտեմ,— ասաց նա։

Լաց չեղավ։

Ո՛չ, հորս չսպանեց ո՛չ Մարսը, ո՛չ Վեներան, ո՛չ Յուպիտերը և ո՛չ էլ Սատուրնը։ Հարկ չէր լինի, որ մենք վախենայինք, թե կհիշենք նրան, երբ գիշերային երկնքում վառվեին Յուպիտերը, Սատուրնը կամ Մարսը։

Դեպքերը բոլորովին այլ ընթացք էին ստացել։

Նրա նավը ընկել էր Արևի վրա։

Արևի վրա, վիթխարի, բոցավառ, անողոք Արևի վրա, որն ամեն օր լուսավորում է երկնքից կախված, և որից ոչ մի տեղ չես փախչի։

Հորս մահից հետո մայրիկը քնում էր մինչև կեսօր և մինչև երեկո էլ տնից դուրս չէր գալիս։ Մենք նախաճաշում էինք կեսգիշերին, լանչ էինք ուտում գիշերվա ժամը երեքին, ճաշում էինք առավոտյան Ժամը վեցին, երբ թագավորում էր ցուրտ աղջամուղջը։ Մենք ամբողջ գիշերն անց էինք կացնում թատրոնում և միայն լուսադեմին էինք պառկում քնելու։

Հետո մենք երկար ժամանակ զբոսնում էինք դրսում միայն անձրևային օրերին, երբ արևը ծածկված էր լինում թուխպերով։