հեղինակ՝ Մկրտիչ Արմեն |
Ճամբարներիի ցանկապատներն ունեին իրենց տիպական ձեւը՝ հաստատված ճամբարային վերին իշխանությունների կողմից։ Մարդու հասակի կրկնակի բարձրության գերանները, այնքան խիտ կերպով իրար մոտ խրված, որ ոչ մի ճեղք չէր մնում դրանց միջեւ, խուլ ու ապահով միշտ շրջապատում էին ճամբարի բարաքները՝ կազմելով մի մեծ քառակուսի։ Գերանները, իհարկե, իրենց ողջ բարձրության վրա, մի քանի տեղով պատած էին փշալարերով։ Դրանց գագաթների վրա եւս, իհարկե, առատ կերպով ամրացված էր փշալար։
Բայց դա բավական չէր։ Գերանաշեն այդ պարիսպների երկարությամբ, թե՛ դրսի կողմից եւ թե՛ ներսի, հողը մի քանի մետր լայնությամբ հերկված էր, ուղղակի սանրված, այնքան խնամքով ու մանր, որ ծտի հետքն անգամ կնկատվեր այդտեղ։ Այդ հողաշերտերը երիզված էին փշալարերի բարձր եւ լայն մացառներով։
Պարիսպի երկու անկյուններում, իհարկե, դրսի կողմից, վեր էին խոյացել հսկող պահակների երկու աշտարակներ։ Դրանցից յուրաքանչյուրի տեսողության տակ էին ճամբարի երկու պարիսպները։
Աշնանը, երբ սպիտակ գիշերները վաղուց էին անցել եւ գիշերային մթությունը դարձել էր առավելապես թանձր, վերին իշխանություններից ստացվեց կարգադրություն․ պարիսպի երկու անկյուններում,— ոչ այն անկյուններում, որտեղ աշխատարկներն էին, այլ մյուս,— ստեղծել լուսավորության կետեր, այլ կերպ ասած՝ վառել բոցառատ խարույկներ՝ պարիսպները լուսավորելու համար։
Թեեւ կալանավորները, որոնք առավոտից երեկո աշխատում էին անտառներում՝ մեծ տարածությունների վրա շաղ եկած, ամեն մի բրիգադը երկու կամ նույնիսկ մի պահակի հսկողությամբ, փախուստը կարող էին կատարել այդ տեղից եւ այդ ժամանակ, եւ հայտնի չէր մի դեպք, որ կատարվեր ճամբարից, գիշերով, բայց ճամբարային վերին իշխանությունները հեռատեսորեն եզրակացրել էին, որ կալանավորները պետք է որ նախընտրեին փախուստի հենց այդ ճանապարհը։ Այսինքն՝ նրանք պետք է մագլցեին փշալարերի լայն մացառով, իրենց հետքը թողնեին վարած հողաշերտի վրա, մոտենային գերանների շատ բարձր պարիսպներին, մի ոստյունով ցատկեին փշալարերով ծածկված դրա գագաթին, մի այլ ոստյանով նետվեին մյուս կողմի վարած հողաշերտի վրա, մագլցեին նաեւ այդտեղի փշալարերով, եւ ավարտելուց հետո այդ հանրամատչելի գործողությունները, իրեն հանձնեին գիշերային անտառի մթությանը…
Ուստի եւ, կանխելու համար այդպիսի խիստ հնարավոր դեպքերը, արել էին վերոհիշյալ աչալուրջ կարգադրությունը։ Խարույկները պետք է վառվեին մինչեւ ձյան իջնելը։
Ճամբարի պետը եւ պահակները, սակայն, ելնելով տեղական պայմաններից, որոշ սրբագրություն մտցրին այդ կարգադրության մեջ։ Պահակների պակասության պատճառով վաղուց ի վեր հսկողությունը կատարվում էր միայն մի աշտարակից, իսկ մյուսը թափուր էր։ Կարող էր ստացվել այն տպավորությունը, թե վտանգ ներկայացնում էին միայն երկու պարիսպները, իսկ մյուս երկուսը, չգիտես ինչու, խորշելի էին փախչելու պատրաստվողների համար։ Եվ այժմ որոշվեց վառել ոչ թե երկու, այլ, նույնպես, միայն մի խարույկ։
Իհարկե, կարելի էր եւ երկու, անտառը մոտ էր եւ փայտը ձրի, բայց խնդիրն այն էր, որ մոտակայքում ոչ մի տեղ չէին մնացել չորացած ծառեր, դրանք պետք էր բերել հեռվից, իսկ դրա համար չէր տրամադրվում ոչ մի տրանսպորտ։ Խարույկ վառողն ինքը պետք է գնար անտառ, գտներ չոր ծառեր, կտրեր, քարշ տար բերեր զոնայի մոտ եւ սղոցեր քիչ թե շատ փոքր կտորների։ Ընդ որում, ամեն գիշեր պետք էր վառել երեքից֊հինգ խորանարդ մետր փայտ, ոչ պակաս։ Խարույկ վառողն ամողջ գիշերը պետք է հսկեր բոցի առատությանը, առավոտյան կարող էր մտնել ճամբար՝ նախաճաշելու, ապա պետք է դուրս գար անտառ՝ վառելանյութի նոր պաշար տեսնելու։ Իսկ թե երբ պիտի քներ՝ դա թողնվում էր նրա հայեցողությանը եւ ազատ կամքին։
Պահակապետը, քսանչորս֊քսանհինգ տարեկան լուրջ երիտասարդ, իր մոտ կանչեց Հայաստանի գործարաններից մեկի կուսակցական կոմիտեի քարտուղար, իսկ այժմ ժողովրդի թշնամի, երեսուներկու֊երեսուներեք տարեկան Հակոբյանին եւ ասաց հանդիսավոր․
— Կալանավոր Ակոպյան… Ճամբարի պետերը քեզ վստահում են մի պատվավոր եւ պատասխանատու գործ… Հույս ունենք, որ դու չես խաբի մեր վստահությունը։ Դու քո ժամկետի մեծ մասը՝ յոթը տարին արդեն նստել ես։ Ազատվելու համար քեզ մնացել է մի տարի։ Դու, իհարկե, այժմ չես ուզենա փախչել, բռնվել եւ ստանալ նոր ժամկետ։ Մենք դրա վրա չենք կասկածում։
Հակոբյանը ժպտաց։
— Այո, այո,— կրկնեց պահակապետը,— չենք կասկածում։ Մենք ուզում ենք քեզ նախազգուշացնել մի ուրիշ բանից։ Այն անկյունում, որտեղ դու խարույկ պիտի վառես, սկսվում է մեր մերձճամբարային բանջարանոցը։ Կարտոֆիլն այնտեղ դեռ չի հավաքված։ Խորովել եւ ուտել քեզ թույլ ենք տալիս՝ ինչքան կարող ես։ Բայց եթե թեկուզ մի կարտոֆիլ նետես պարիսպից ներս…
— Ես այդպիսի բան չեմ անի,— ընդհատեց Հակոբյանը։
— Մի վստահեցնիր այդպես, կալանավոր, մեզ հայտնի է քո ընկերասիրությունը։ Իհարկե, դա լավ գիծ է՝ եթե դու գործ ունես ազնիվ մարդկանց հետ եւ ոչ թե…
— Ես էլ նրանցից մեկն եմ,— չկարողացավ զսպել իրեն, հիշեցրեց Հակոբյանը։
— Այո, կալանավոր։ Բայց մեզ հայտնի է քո օրինակելի վարքը։ Ինչպես երեւում է, յոթը տարին իզուր չի անցել քեզ համար։ Դու վերագնահատել ես քո անցյալը, իսկ Հայրենական պատերազմը, որը դեռ չի ավարտվել, մենք հույս ունենք, որ համոզիչ կերպով ցույց տվեց քեզ, թե ուր հասցրին մեր հայրենիքը քո եւ քո ընկերների կապերը ֆաշիզմի հետ, դավաճանությունը, մատնությունները եւ այլն, եւ այլն։ Մենք չենք կասկածում, որ ազատվելով ճամբարից, դու կսկսես ազնիվ կյանք եւ դրանով որոշ չափով կմաքրես սարսափելի բիծը քո անցյալի վրայից…
Հակոբյանը ձայն չհանեց։
— Ուրեմն, հասկացա՞ր,— նշանակալից ասաց պահակապետը։
— Հասկացա…
Առաջին իսկ գիշերը, կեսգիշերն անց, պահակապետը եկավ Հակոբյանին այցելության։
— Ի՞նչպես են գործերը, կալանավոր Ակոպյան։
— Գնում են։
— Շուտ֊շուտ փայտ դիր կրակի վրա։ Կեցցես, դիր այդ ձեւով, որ չխանգարի կրակին։ Դու ազատության մեջ եղած ժամանակ գործ ունեցե՞լ ես խարույկի հետ։
— Ոչ։ Միայն էլեկտրականության։
— Ուրեմն ճամբարո՞ւմ ես սովորել։
— Այո։
Պահակապետը գնաց։
Հետագա մի քանի օրերի ընթացքում Հակոբյանը հիմնավորապես տնավորվեց խարույկի մոտ։ Կառուցեց մի ցածրիկ տնակ՝ շատ որջի պես մի բան։ Ճամբարի պետը բարկացավ, հրամայեց քանդել, որպեսզի խարույկ վառողը չքնի այնտեղ, բայց պահակապետը բացատրեց, որ դա անձրեւից պաշտպանվելու համար է։
Շատ չանցած, անձրեւները կտրվեցին, բայց տնակը մնաց կանգուն․ դրա մասին մոռացել էին։
Տնակի ներսում Հակոբյանը փորեց մի փոս, այնտեղ լցրեց կարտոֆիլի պաշար, խնամքով քողարկեց խոտով։ Եվ իրոք, շուտով կարտոֆիլը բանջարանոցից հավաքեցին, իսկ նա դեռ ուներ։
Պահակապետն ամեն գիշեր այցելում էր նրան, ասում մի քանի խոսք, գնում։
Մի գիշեր, նրա գնալուց համարյա անմիջապես հետո, հայտնվեց պահակը, որ իջել էր աշտարակից։ Նա ձեռքերն էր իրար խփում եւ ոտքերն էր թմփթմփացնում, որից Հակոբյանը հասկացավ, որ սառնամանիք էր։ Խարույկի մոտ նստած, նա այդ չէր զգում։
Հանելով թաթմանները եւ դնելով գրպանը, պահակն իր հրացանը մեկնեց կալանավորին․
— Բռնիր, մի քիչ տաքանամ։
Նստելով Հակոբյանի կողքին, նա ձեռքերը մոտեցրեց խարույկին, շփեց իրար եւ բավականությամբ կռնչաց։
Մի քիչ տաքանալուց հետո նա հարցրեց․
— Խորոված կարտոֆիլ ունե՞ս։
— Կա։
— Տուր մի երկու հատ։
Հակոբյանը սվինի ծայրով ետ արեց մոխիրը խարույկի պռունգից, մի կարտոֆիլ անցկացրեց սվինի ծայրին, մեկնեց դեպի պահակը։ Ապա երկրորդը, երրորդը։
— Բավական է։
Ուտելուց հետո պահակը վեր կացավ, գնաց սամոսադ ծխախոտի մոտակա մարգը՝ մի տերեւ պոկելու համար։ Արագ վերադարձավ եւ ցույց տվեց այն կողմ․
— Նայի՛ր, կալանավոր… Հազար ափսոս…
Հակոբյանը նայեց։ Մարդաչափ բարձրությամբ սամոսադի խոշոր տերեւները, որ նախորդ գիշերները միանգամայն աննկատելի էին մթության մեջ, այժմ սպիտակին էին տալիս որոշակի։
— Սառել են։ Ուշացան քաղելուց, զրկվեցինք ծխախոտից այդ ապուշի պատճառով։
«Ապուշը»՝ դա ճամբարի պետն էր։
Հառաչելով, պահակը գրպանից հանեց քիսան, թափ տվեց ծխախոտի մնացորդը, ծխեց։
— Հակոբյան, դու էդ կողմի ճամբարներում եղե՞լ ես։— Նա ցույց տվեց դեպի ավելի հյուսիս։
— Միայն Վերինում, Միջինում, Ներքինում, տասչորսերորդում եւ քսաներեքում։
— Քսանութում չե՞ս եղել։
— Դեռ ոչ։
— Կնոջս եղբայրն է այնտեղ,— ավելի շուտ ինքն իր հետ խոսելով, ասաց պահակը։ Ապա, սթափվելով, դիմեց Հակոբյանին։— Մարդու բան չասես։ Ինձ իսկույն կզորացրեն, իսկ ես ընտանիք ունեմ։
— Ապահով կաց։
Պահակը հորանջեց։
— Լսիր, մեր պետը քա՞նի անգամ է գալիս գիշերները։
— Մի անգամ։
— Կարծեմ արդեն եկե՞լ է։ Տեսա վերեւից։
— Այո։
— Ես մի քիչ քնեմ տնակումդ։ Դու էնպես նստիր, որ ոտքերս չերեւան, տնակդ կարճ է։ Հրացանը դիր կողքիս։ Եթե մարդ գա՝ ինձ շտապ արթնացրու։ Իսկ եթե ոչ ոք չգա՝ արթնացրու առավոտյան, վեր կենալու զնգոցի ժամանակ։
Մի քանի գիշեր ամեն ինչ գնում էր կանոնավոր։ Պահակապետի այցելությունից համարյա անմիջապես հետո պահակը վար էր իջնում աշտարակից, տաքանում էր, ուտում էր մի քանի կարտոֆիլ եւ քնում։
Մի գիշեր, սակայն, պահակապետը երկար մնաց Հակոբյանի մոտ եւ խանգարեց պահակին՝ աշտարակից իջնելու։
Նստելով կալանավորի կողքին, պահակապետը ձեռքերը չերկարեց դեպի կրակը՝ նա գալիս էր տաք շենքից։ Հարցրեց․
— Կալանավոր Ակոպյան, դու ինչո՞վ էիր զբաղված նախքան բանտարկությունդ։
— Քայքայում էի մեր պետության հիմքերը,— ասաց Հակոբյանը՝ կրարի վրա նոր գերաններ դնելով։
— Ես ուրիշ բան եմ հարցնում։ Ի՞նչ պարտականություն էին վստահել քեզ։ Ես քո ֆորմուլյարը դեռ չեմ նայել։
Վերջին նախադասությունը հավանական չթվաց Հակոբյանին։
— Կուսակցական կազմակերպության քարտուղար էի,— համենայն դեպս ասաց նա։
— Քարտուղա՞ր…— գլուխն օրորեց պահակապետը։
— Այո։ Շրջապատի մարդկանց աչալրջության բացակայության պատճառով։
Պահակապետը ձայն չհանեց։
— Ես էլ եմ քարտուղար…— ասաց նա քիչ հետո։— Մեր պահակախմբի կուսակցական կազմակերպության։
— Վաղո՞ւց, քաղաքացի պետ։
— Ոչ։ Դրա համար էլ շաբաթ օրերը քարտուղարներս հավաքվում ենք կենտրոնական ճամբարում՝ մեր պատրաստությունը բարձրացնելու։
— Քաղպարապմունքի,— արտասանեց Հակոբյանը։— Կարտոֆիլ ուզո՞ւմ եք, քաղաքացի պետ։
— Ոչ, ես կուշտ եմ։ Իսկ… դուք է՞լ էիք հավաքվում քաղպարապմունքի։
— Ես կուսդպրոց եմ ավարտել։
— Այ թե ինչ։ Եվ անմիջապես նշանակել էին այդպիսի մեծ գործարանի քարտուղա՞ր։
— Ոչ անմիջապես։
— Պահակապետը կալանավորի ձեռքից վերցրեց փայտե ձողը, խառնեց կրակը։ Արձանից կիսամուշտակի կոճակները․ շոգ էր։
— Ուրեմն դիալեկտիկական մատերիալիզմն անցել եք կուսդպրոցո՞ւմ։
— Այո։
— Իսկ մենք՝ հիմա։
— Ի՞նչ եք անցել, քաղաքացի պետ։ Եթե, իհարկե, կարելի է այդ մասին ասել կալանավորին։
— Ռազմական գաղտնիք չէ, անցնում ենք քանակը որակի եւ որակը քանակի փոխելու տեսությունը։ Չե՞ս մոռացել, կալանավոր։ Դա այն օրենքն է, թե ինչպես, օրինակ, մենք կառուցեցինք բավական մեծ քանակությամբ գործարաններ, իսկ հիմա ասում ենք՝ գործարանների քանակը բավական է, հարկավոր է այժմ արդեն ուշադրություն դարձնել որակի վրա…
Հակոբյանը, իրեն իսկ համար անսպասելի, ծիծաղեց։
— Ինչո՞ւ ես ծիծաղում,— զայրացավ պահակապետը։— Մարքսիզմի վրա՞։
— Դա չէ քանակի եւ որակի փոխարկման օրենքը, քաղաքացի պետ։
— Ի՞նչպես թե դա չէ։ Ո՞ւմ համար դա չէ, ձե՞զ համար։
— Բոլորի համար։
Հակոբյանը լռեց՝ չուզենալով այլեւս շարունակել այդ խոսակցությունը։ Թեեւ պահակապետը լավ մարդ է, բայց ո՞վ իմանա։ Նորից ժամկետ ստանալ հակահեղափոխական ագիտացիայի համար…
— Իսկ ո՞րն է քո կարծիքով,— հետաքրքրվեց պահակապետը՝ արհամարհանքով։
Հակոբյանը չպատասխանեց։
— Կալանավոր Ակոբյան,— չոր եւ ազդու ասաց պահակապետը,— երբ քեզ հարց են տալիս, դու պարտավոր ես պատասխանել։ Ո՞րն է քանակի ու որակի փոխարկման օրենքը՝ քո կարծիքով։
— Իմ կարծիքով,— վճռեց ասել եւ պահակապետի աչքերի մեջ նայեց Հակոբյանը,— այն է, որ, ամենից առաջ, որակ ասելով մենք հասկանում ենք ոչ թե անպայման լավորակություն, այլ ընդհանրապես մի առանձին որակ, մի առանձին տեսակ։
Պահակապետը ոտից գլուխ չափեց Հակոբյանին եւ գուցե զղջաց, որ նրան նշանակել էր խարույկ վառելու պատասխանատու գործին։
— Դա նշանակում է…— շարունակեց Հակոբյանը։— Վերցնենք հենց թեկուզ ձեր բերած օրինակը։ Մենք գյուղացիական երկիր էինք։ Կառուցեցինք մի գործարան՝ դարձյան այդպիսին էինք։ Երկրորդը կառուցեցինք, երրորդը, տասներորդը՝ դարձյալ այդպիսին էինք, գյուղացիական երկիր։ Դա էր մեր որակը։ Բայց կառուցեցինք շատ քանակությամբ գործարաններ եւ դարձանք ինդուստրիալ երկիր։ Սա է մեր նոր որակը…
Պահակապետն աչքերը թարթեց մի քանի անգամ, ապա սթափվեց, օրորե գլուխը։
— Ե՞րբ տեղի ունեցավ փոխարկումը մի որակից մյուսը, հատկապես քա՞նի գործարանից հետո՝ չի կարելի ասել,— շարունակեց Հակոբյանը։— Գործարանների քանակը կուտակվեց եւ բերեց մեզ այդ նոր որակին…
Պահակապետը ոտքի կանգնեց, նայեց ժամացույցին։
— Գիտե՞ս ինչ, կալանավոր Ակոպյան… Ես խղճում եմ քեզ, դրա համար էլ խորհուրդ եմ տալիս մոռանալ ձեր դիալեկտիկան։ Փչացրիք ամեն բան, հիմա էլ մարքսի՞զմն եք ուզում փչացնել։ Իսկ ես կարծում էի, թե դու ուղղվել ես գոնե որոշ չափով։
Հակոբյանը լուրջ անհանգստացավ։
— Դա մնացորդներն են,— բացատրեց նա խնդրական տոնով,— ես կաշխատեմ վերջնականապես ազատվել դրանցից…
— Աշխատիր, աշխատիր,— խորհուրդ տվեց պահակապետը։— Հենց քեզ համար լավ կլինի։ Բարի գիշեր…
— Ի՞նչ էր խոսում էդքան ժամանակ,— քիչ հետո լսվեց մթության միջից եւ մոտեցավ պահակը։
— Ձանձրանում է պարապությունից, որոշել էր մի քիչ զրուցել ինձ հետ։
— Իհարկե, նա էլ մարդ է,— հառաչեց պահակը։— Եվ վատ էլ մարդ չէ։ Կարտոֆիլ ունե՞ս։ Հաց եմ բերել, որ հացով ուտենք։
— Ես աղ էի խնդրել։
— Հանիր, գրպանումս է,— գլխով ցույց տվեց պահակը՝ ինքը ձեռքերը տաքացնելով զբաղված։
Երկուշաբթի գիշերը պահակապետը նորից նստեց բանտարկյալի մոտ, բայց այս անգամ լուռ էր։ Երկար ժամանակ խառնոտում էր կրակը եւ քիչ մնաց, որ հանգցներ։
— Գիտե՞ս ինչ, կալանավոր Ակոպյան,— ասաց նա վերջապես։— Բանից դուրս եկավ, որ դու իրավացի ես։
— Ինչո՞ւմ…— զարմացավ Հակոբյանը։
— Դիալեկտիկայի հարցում։ Հիշո՞ւմ ես՝ քանակն ու որակը։ Ինձ թույլ նշանակեցին, իսկ չորրորդ ճամբարի քարտուղարը բառացի կրկնեց քո բացատրությունը եւ ստացավ բարձր գնահատական։
— Իսկ հիմա ի՞նչ եք անցնում,— հարցրեց Հակոբյանը՝ մի փոքր լռելուց հետո։
— Ժխտման ժխտումը։ Այ, այստեղից սկսած…
Պահակապետը ծուռ֊ծուռ նայեց աշտարակի կողմը, փոխեց իր նստած տեղը, կիսամուշտակի գրպանից դասագիրքը․
— Այստեղից…
— Թերթեցեք, քաղաքացի պետ, իմ ձեռքերը մրոտ են կարտոֆիլի կճեպից, խնդրեց Հակոբյանը։
— Մինչեւ այստեղ,— մատով ցույց տվեց պահակապետը։
— Թուղթ ու մատիտ բերե՞լ եք։
— Իհարկե։
— Դիալեկտիկայի այդ օրենքն ավելի դժվար է,— նախազգուշացրեց կալանավորը։— Լսեցեք ուշադրությամբ, քաղաքացի պետ…
— Սպասիր,— ընդհատեց զինվորականը՝ նորից աշտարակի կողմը նայելուց հետո,— լույսը հարկավոր է մեղմացնել, ո՞ւմ է պետք…
Նա վեր կացավ, սապոգներով շաղ տվեց, համարյա հանգցրեց խարույկը։։ Վառեց գրպանի լապտերը։
Այդ գիշեր պահակին չվիճակվեց իջնել աշտարակից։ Եվ ոչ էլ հաջորդ շատ գիշերներ։
Պատահարը տեղի ունեցավ անսպասելիորեն։ Այդ օրը, պահակապետի գնալուց հետո, պահակը չհամբերեց, իջավ աշտարակից, մոտեցավ խարույկին ու հարցրեց ջղայնացած․
— Ի՞նչ է նստում այդքան երկար։
— Ձանձրանում է։ Մարդ է։ Զրուցում ենք։
— Չեք զրուցում, այլ կարդում եք։ Ի՞նչ եք կարդում։
— Զանազան գրքեր։
— Իսկ ի՞նչ է նա գրանցում։
— Զանազան բաներ։
— Անցյալ օրը մեր ժողովում նրան գովեցին։ Սկսել է լավ տիրապետել մարքսիզմին, բարձր գնահատականներ է ստանում կենտրոնում։ Տեղեկություն չունե՞ս։
— Ո՞րտեղից։
— Քո շնորհիվ չէ՞։— Պահակը հորանջեց։— Դիր հրացանը կողքիս։ Լա՞վ է յուրացնում։
— Ընդունակ մարդ է,— խոստովանեց կալանավորը։
— Եվ լավ մարդ,— հաստատեց պահակը՝ պառկած տեղից։
Պահակապետը հայտնվեց անսպասելիորեն, ուրիշ կողմից, իր գնալուց հազիվ մի ժամ անց։
— Ես մոռացա քեզ հարցնել, Ակոպյան,— ասաց նա՝ ձեռքը տանելով դեպի դասագրքերը, բայց այդ պահին նկատեց տնակից դուրս ցցված վալենկաները։— Ա՞յս ով է… Է՛յ, վե՛ր կաց։
Պահակապետը քար կտրվեց ապշությունից, երբ նրա դիմաց ձգվեց կանգնեց աշտարակի պահակը։
— Ես քեզ զինտրիբունալ կհանձնեմ, սրիկա՛,— գոռաց նա։— Լքել այդպիսի պատասխանատու պոստը, քնել ժողովրդի թշնամու կողքին, նրա ողորմածությանը հանձնել հրացանը…
— Ընկեր պետ…
— Լռի՛ր, դավաճան։
— Ներեցեք, ընկեր պետ, աղաչում եմ ձեզ։ Առաջին անգամն էր, կլինի վերջինը։
— Բարձրացիր աշտարակ,— հրամայեց պահակապետը։— Ակոպյան, տուր դրան հրացանը։ Սպասիր,— ընդհատեց նա՝ սթափվելով։— Վերցրու ինքդ…
Պահակը վերցրեց հրացանը, շնորհակալություն հայտնեց պետին, գնաց։
— Մեծ էլ ընտանիք ունի,— հառաչեց պահակապետը։— Իսկ եթե հանկարծ ճամբարի պետը գա՞ր։
— Այո, պետք է լինել ավելի զգույշ,— համաձայնվեց Հակոբյանը։— Ուրեմն, ի՞նչն է ձեզ համար անհասկանալի, քաղաքացի պետ…
Պահակապետը բացեց դասագիրքը։