Երկլեզու Հայաստան ֊ անլեզու հայվան
Գրապահարան-ից
17:58, 15 Մարտի 2013 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)
հեղինակ՝ Ավետիս Հարությունյան |
- Հայերեն իմացողները գնացին Ամերիկա, ռուսերեն իմացողները գնացին Ռուսաստան, բայց Հայաստանը մնաց դարձյալ երկլեզվյան. պետական լեզու դարձան Շիլաչու հայերենը եւ Ասկերանի ռուսերենը... Ինչ լավ է գերեզման չունես, որ շուռ գաս գերեզմանում, Խաչատուր Աբովյան:
- Պետական լեզուն սովորելու վրա սպիտակեց արտգործնախարարը, հայերեն բառեր արտաբերելու ջանքից ուր որ է չանի խեղվածք կստանա երկրի առաջին պաշտոնյան, առանց թղթի հայերեն խոսում է միայն պետական հեռուստատեսության պետը՝ հաղորդման ընդհանուր սրահից ամենաազիզ հյուրի հետ «բուդուարում» առանձնացած, մեկ էլ Արմեն Խաչատրյանը, այն էլ՝ անիմաստ: Մեկ էլ իր տեղակալը՝ անլսելի: Մեկ էլ երեքուկես դաշնակցական, որից երեքը՝ հիստերիկ: ... Լեզուն երկրի պատկերն է: Լեզուն չի կարող չմեռնել, եթե մեռնում է երկիրը: Լեզուն չի կարող չմեռնել քրջի շուկայում, որտեղ սակարկելու անգամ անհրաժեշտություն չկա, ինչ մնաց խոսելու:
- Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որի առօրյան բացվում է գավառական քաղաքի թուրքի թաղի առավոտի նման, թուրքի լակոտների ուշունցով, եւ ձայնը կտրում է հեռուստացույցը անջատելով միայն:
Լեզուն չի կարող հայերեն լինել մի երկրում, որտեղ միայն գռմռում են ատելությունից կամ սովից: Առհասարակ գռմռոցը չի լինում հոդաբաշխ, ինչ մնաց թե լիներ հայերեն: Այնպես, ինչպես իր տգետ ու ապօրինածին կառավարիչներն են տնքում ամեն հայերեն բառը արտասանելու վրա, այդպես տնքում է հայերենը Հայաստանում: Այդպես, իր վիճակը արտահայտող բառ գտնելու ջանքից պապանձվում է Հայաստանը: