Մի պտոյտ Ճապոնում
հեղինակ՝ Հեղինէ Մէլիք֊Հայկազեան |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Բովանդակություն
Նագասակիʼի ծոցը
Յունիսի առաւօտը նոր էր ծագում, երբ մեր առջևը ծովի մէջ նկարւեցին ճապոնական լեռների անորոշ գծերը։
Առաւօտը թարմութիւն ու զով էր շնչում։
Եւ կուրծքը ազատ ու թեթև էր շունչ քաշում։
Անընդհատ շարքով ձգւում էին սարերը, մեր ամեն շարժումին նկատելի կերպով աճելով, մինչև որ երկու կողմից մեզ բոլորովին մէջ առան։
Մտանք Նագասակիի ծոցը, Ճապոնի նախադուռը։
Սքանչելի է այդ ծոցը։
Նա սուր գալարուն օձի պէս խորը խրւում է ցամաքի մէջ և ձեզ մի անգամից փոխադրում է մի այլ, ուրոյն աշխարհ, ու ամեն֊ինչ զարմանք է պատճառում ձեր աչքերին իր մինիատիւր չափերով։
Բաց ծովը թողնելուց յետոյ շոգենաւը մնում է նեղ ու երկար նեղուցը և առաջ է սողում բլրոտ ու անտառապատ մանրիկ կղզեակների ամբողջ մի լաբիրինտի միջով։
Կանաչ պուրակների անդրադարձումները իրար կցւում են ջրի մէջ։, ծածկում են ծովի ամբողջ մակերեսը՝ ջրի մէջ մի նոր ցոլածու անտառ կազմելով։
Շոգենաւը առաջ է գնում այդ իրար հիւսող կանաչի խիտ ցանցի միջոց, յամառ ու անխնայ պատռտելով նրան։
Կղզեակները առաջ են վազում աջից, ձախից, դէմ են տալիս իրանց կուրծքը նրա ճամփին, կարծես ուզում են առաջը կտրեն, կանգնեցնեն շոգենաւի ընթացքը։ Բայց յանկարծ նորից բացւում է բարակ նեղուցը ― և նորից առջևդ զմրուխտ կղզիներ։
Վերջ չկայ քմահաճ գալարներին։ Շոգենաւի պտուտակի ամեն դարձին տեսարանը փոխւում է։ Դէմ եկող ամեն մի հրւանդան բերում է իր հետ և մի նոր անակընկալ։
Երբեմն նաւակների մի ամբողջ շարք է, որ խմբւել է մանրիկ խորշում ձկնորսի խրճիթի տակ, երբեմն մի գերեզմանոց, որ սարն ի վեր է մագլցում կամ ճգնաւորի լռիկ խուցը, որ գաղտուկ ցած է նայում անտառակի թագուն անկիւնից։
Թէև օրը շատ վաղ էր դէռ, բայց մեր շոգենաւի ամբողջ բնակչութիւնը դուրս էր թափւել տախտակամած, զմայլւէ առատօրէն մեր դէմ բացւող տեսարանով ու այդ սար ու ծովի իրար գրկող գոյներով, որոնք աւելի էին գեղեցկացել «ծագող արևի» ճառագայթների տակ։
Մի առանձին պարզութիւն, փափկութիւն ու իդիլիկ անդորրութիւն է բորում այդ ոչ֊բարձր կենսուրախ սարերից, այդ օրօրուն մեղմ ծովից և երկնքի ջինջ կապոյտից։
Ո՛չ մի խիստ բեկւող գիծ չի խանգարում նկարի փափուկ ներդաշնակութիւնը, չի գրգռում դիտողի երևակայութիւնն ու ջիղերը։
Ամեն ինչ կարծես ձգտում էր ճամփորդին էլ ներշնչելու մի խաղաղ ու զւարթ տրամադրութիւն՝ այդ ժպտուն, կանաչ աշխարհը մտնելիս։
Կեանքը հետզհետէ զարթնում էր ծոցում։ Ջօնկերը ծալաւոր առագաստները բացածսլանում էին մեր մօտից ու շտապում բաց ծոցը ձկան որսի։
Ճապոնական երկճեղ վերջով նաւակները ճօճւելով լող էին տալիս ամեն ուղղութեամբ։ Ծովի կապոյտի վրա որոշակի գծագրւում էր ղեկավարի բնորոշ կերպարանքը, որը կանգնած կառավարում էր միակ թին, որը միևնոյն ժամանակ և ղեկի պաշտօն էր կատարում։
Նրա ընկերները մէկի միւսի ետևից դուրս էին սողում փոքրիկ խցիկից, որ անխուսափելի է ճապոնական ամեն մի նավաւկի ցրա, և սիրալիր ժպիտով նայում էին մեր ետևից։
Մի ոլոր էլ, և ահա երևացին ռէյդում կանգնած մեծ նաւերի կայմերն ու ծխնելոյզները․ սա՝ Նագասակիին մօտ լինելու նշանն էր։
Նեղուցը յանկարծ բացւում է։
Քաղաքը ինքը մեր դէմ է լողում և շուտով պատում է մեղ օղակի պէս։
Ամերիկեան կրէյսերը, որի մօտով մենք անցնում ենք, նւագում է մի պատիւ մեզ ռուսական օրհներգը, որին շուտով յաջորդում է ամերիկական ազգային երգը, հնչուն ու սահուն կերպով փռւելով ծովի վրա։ Բայց ընդհանրապէս շատ քիչ շարժում կայ ծոցում ամառւա շնորհիւ։
Ռէյդում կանգնած են մի քանի կէտորս նաւեր, երկու֊երեք ճապոնական սովորական շոգենաւ, այլ և լայն ծոցի խորքում միայնակ կանգնած է ֆրանսիական մի գեղեցիկ զրահակիր։
Բոլորովին այլ պատկեր է ձմեռը, երբ այդ ծոցի մէջ աշխարհի ամեն կողմից հաւաքւում են ռազմական տորմիղները։ Այն ժամանակ օդ մէջ ծածանւում են հազարաւոր գոյնզգոյն դրօշակներ․ ծովը կենդանանում է փորձեր անող մակոյկներով․ սուր ճչում են շոգեմակոյկների սուլիչները, որոնք զինւորական հիւրերին մի նաւից միւսն են փոխադրում․ նրանց ետևից թնդում է հրազէնների զարկը, որը մի ճշմարիտ թնդանօթաձգութիւն է դառնում, երբ ծոց է մտնում մի նոր կրէյսեր։ Իսկ այժմ ամեն֊ինչ հանգիստ է ու խաղաղ։ Լսւում է միայն ջրերի ճողփիւնը մօտից սլացող ջօնկի տակ, և կրկին լուռ է։
Խարիս ձգեցինք։