«Պարիտետի» ժամը֊2-2
Գրապահարան-ից
18:34, 15 Մարտի 2013 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)
հեղինակ՝ Ավետիս Հարությունյան |
- Հավելում՝ «Հայի բախտը» թեմայով միջանկյալ զեղումներին
- 1. Անունների միստիկան
- Այո, ժողովուրդն էլ պիտի բախտ ունենա: Այլապես ո՞նց հասկանալ, որ Հայաստանի երկու բարեկամ երկրներից մեկում հայերի ազգային շահերի պաշտպանը Սերժ Ջիլավյանն է, մյուսում՝ Ժորժիկ Աբրահամյանը՝ նախաձեռնողը Իրանի մեջլիսում Ցեղասպանության հարցը օրակարգ մտցնելու: Եւ հրաշք պիտի լիներ, եթե այդ թեւերը մայր հայրենիքում ազգային անվտանգության հողի վրա ի մի բերողի անունը չլիներ Սերժիկ Սարգսյան: Կարելի է ասել նաեւ, որ հեղինակը մանրախնդրություն ու բառախաղ է անում զուգադիպության վրա: Չգիտեմ, Ժորժիկը զուգադիպություն է, թե ոչ, բայց ժամանակին, երբ Ս.Սարգսյանը պաշտպանության նախարար էր, Ստեփանավանի զինվորական օդակայանում էր իջնում՝ հայտնի չէ ում պատկանող, Ջիլավյանին սպասարկող օդանավը: Այդ ի՞նչ էին տանում-բերում 8 տեղանոց մարդատար ինքնաթիռով՝ շրջանցելով Հայաստանի մաքսատունը: Այդ ու՞մ էին տանում-բերում՝ օգտվելով բանակի արտոնյալ վիճակից ու շրջանցելով Հայաստանի իրավապահ մարմիններին՝ այն երկու դժնդակ տարիներին, երբ իրար ետեւից, առանց մի հետք թողնելու, սպանեցին Մարիուս Յուզբաշյանին, Վարդգես Պետրոսյանին, Համբարձում Գալստյանին, Աշոտ Սարգսյանին՝ երեքին արհեստավարժորեն գլխից կրակելով:
- 2. Չլիներ այդ նավթը (գովք հայվանության)
- Հայ ժողովուրդը չունենա´ր այդպիսի լոբբի, որը իր համար զբաղմունք է սարքել Պանթուրքիզմի խրտվիլակով վախեցնելը Ռուսաստանի նման մի երկրի, որի քաղաքացիների 10-ից 3-ը թուրքալեզու է: Չունենա´ր այս իշխանությունը, որը ողջ հույսը դրել է հարեւանների կործանման վրա: Չունենա´ր այդ հարյուրամյա կուսակցությունները՝ իրենց հույսը սպասարկող մամուլով հանդերձ: Այն բանի համար, որ Ղարաբաղի փրկությունն ու Հայաստանի ապագան, նաեւ ժողովրդի մարտական ոգու պահպանման հույսը կապել են Կասպից ծովում նավթ չլինելու՝ իրենց անեծքի հետ: Անեծքի, որովհետեւ անօգնականորեն օրնիբուն կրկնելով, որ չկա, չկա, չկա,-դա արդեն թուղթուգիր անելու է նմանվում: Դա արդեն նույնիսկ ծիծաղելի չէ: Իսկ պետական հեռուստատիկնանց՝ ատելությունից ծամածռվող բերանից ամեն օր դուրս գալով՝ հնչում է սրտաճմլիկ՝ պետական-կուսակցական այրերի կատարմամբ «պաշտոնական թուղթուգիր անելու» այդ արարողությունը: Ողորմելի է՝ ազգովին գետինը մտնելու ցանկության աստիճան:
- Երանի չէ՞ր ծախու լիներ այդ մամուլը, գոնե հույս կլիներ, որ ինչ-որ ժամանակ կծառայի բանական մարդու եւ բանական գաղափարի: Բայց հարյուր տարի ոչինչ չի փոխվել հայ մամուլի վարքի մեջ: Ինչպես տասնիններորդ դարի վերջերին ու քսանի սկզբին մանկամտորեն հավատում էր, որ ռուսական զենքը ազատագրելու է ու նվիրի հայերին Տաճկահայաստանը: Եւ ինչպիսի անպատասխանատվությամբ այդ նույն մամուլը, ռազմահայրենասիրական էքստազի մեջ ընկած, կամավորական ջոկատների նախատեսվող գործողությունների ուղղություններն էր քարտեզագրելով մատնում իր էջերում, նույն մանկամտությունն ու անպատասխանատվությունը հանդես բերեց արդեն անցած դարձած 20-րդ դարի վերջին տասնամյակի ողջ ընթացքում: Պատմությունը, այո, դաս չի լինում: Խելացի մարդիկ են ասել:
- Բայց նկատի են ունեցել, որ դաս չի լինում հիմարներին: Անցած տասնամյակի առաջին կեսին, երբ առանձնապես կշտամբելու բան չկար, թերուսների դասը կշտամբանքի ու թերահավատության առարկա էր սարքել առաջին նախագահի՝ լեզուների իմացությունն ու ակադեմիական կրթությունը: Ու քանի որ նոր հանրապետության ինքնահաստատումը առաջ էր գնում բավականաչափ հավասարակշիռ ու անխաթար, նորանոր խավեր սկսեցին կորցնել զգոնությունը, մտածելով, թե այդպես էլ պիտի լիներ: Եւ հիմա էլ իրենց հաշիվ չեն տալիս, որ եթե, օրինակ, Արամ Մանուկյանը նույնքան տգետ լիներ, ինչքան այսօրվա իշխողները, բոլորովին էլ միանշանակ չէ, որ Առաջին Հանրապետությունը կկայանար: Եւ թե այդ հիմքի վրա կկայանար Խորհրդային Հայաստանը: Ապա եւ՝ այսօրվա անկախ Հայաստանը: Չէ՞ որ Թիֆլիսում նստած Ազգային խորհուրդը չէր ուզում հռչակել անկախ պետություն, իսկ երբ ստիպված եղավ հռչակել՝ Ադրբեջանի ու Վրաստանի հռչակումից հետո, հիմա էլ դժվարանում էր տեղափոխվել Երեւան եւ կառավարել այդ պետությունը:
- 3. Կերեք, խնդրեմ, ձեր եփած ճաշը
- Դառնանք մեր կուսակցություններին ու ոչ բարով իշխանությանը հարցով. Ինչի՞ հասաք՝ այսքան տարիներ ժողովրդին ներշնչելով, թե մեր թշնամին նավթ չունի, եւ թե մեր քրիստոնյա լինելը բավարար պայման է, որպեսզի Ռուսաստանը մեր կողմից լինի միշտ: Հասաք նրան, որ Պուտինի՝ Բաքու այցելելու մի փաստով սառը ջուր մաղվեց հայության հույսին: Մարդիկ մեղավոր չեն: Հայ կորստաբեր քաղաքական մտքի ասպետների մի քանի սերունդ ջանք է թափել (նաեւ թափելով ժողովրդի արյունը), որպեսզի հայ մարդը առավելագույնս հիվանդագին ընկալի Ռուսաստանի ամեն մի քայլը տարածաշրջանում: Հիմա պատրաստ եղեք վայելելու դրա պտուղները:
- Հայ ժողովրդին կարելի է «կերցնել» ամեն ինչ, բայց ռուս-ադրբեջանական մերձեցումը նա ընկալում է իբրեւ իր գոյության հիմքերի խարխլում: Տաք եք, չեք զգում զանգվածային փսիխոզի խմորումը այդ հողի վրա: Խաթարված հոգեվիճակում չեն ներելու ոչ միայն զույգ իշխողներին: Եւ ոչ միայն քաղաքական հենարանին: Էլ ականջ չեն դնելու «մազութի», «թալանի» հեքիաթներին, չեն հավատալու, որ ցանկություն ունեիք «երկիրը դուրս բերել փոսից»: Տնտեսության եւ քաղաքականության մեջ անելիքները զուգարանի փոս փորողի բառապաշարով մատուցելու ընդունակ (փոսից հանել, փոսը լցնել, փոսը ծածկել) կուսակցություն, կուսակցական ու պատգամավոր պետք չի գալու այլեւս մարդկանց, որովհետեւ դուք ոչ միայն Ղարաբաղն եք ծախել ու դատապարտել հայաթափման, այլեւ անբանությամբ, վախկոտությամբ ու անխելքությամբ Ռուսաստանի համակրանքն եք ծախել Ադրբեջանին: Այսպիսին է լինելու ժողովրդի ընկալումը: Այսպիսի ընկալման համար դուք շա՜ տ եք ջանացել: Բարի եղեք ուտել ձեր եփած ճաշը: