«Պարիտետի» ժամը֊3
Գրապահարան-ից
18:39, 15 Մարտի 2013 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)
հեղինակ՝ Ավետիս Հարությունյան |
- Ստամբուլի եւ Բաքվի հռչակագրերի արանքում
- Բաքվի հռչակագիրը Ստամբուլի վեհաժողովի տրամաբանական շարունակությունն է: Անելով առաջին քայլը Ստամբուլում՝ Հայաստանը կանի եւ երկրորդ քայլը՝կմիանա Բաքվի հռչակագրին, Ղարաբաղը վերադարձնելով Ադրբեջանին: Հանձնման արարողությունը փաստաթղթերում ներկայացված կլինի Ղարաբաղի կարգավիճակի հարցը ապագայում որոշելու մասին հեղհեղուկ բառակույտով, իբր, օրինակ, ռեֆերենդում կանեն հետագայում եւ այլն: Բայց ռեֆերենդում կանեն Ղարաբաղի ադրբեջանցիները (եթե կարիքը ունենան), որովհետեւ դեպքերը կզարգանան սրընթաց. զորքերը ետ քաշելու մասին առաջին իսկ պաշտոնական լրատվությունից հետո, երբ էլ որ զորքի տեղաշարժը ծրագրված լինի, բնակչությունը կտեղահանվի զորքերից շատ առաջ: Ո՞ւմ պիտի հավատան, թե դեռ ժամանակ կա: Մանավանդ որ՝ ինչ հավատալու տեղ է:
- Ղարաբաղի համար փաստական անկախություն եւ բնակչության անվտանգ գոյատեւման երաշխիքներ հնարավոր կլիներ ապահովել երեք-չորս տարի առաջ, գուցե ավելի վաղ, քանի դեռ Կասպիական նավթի արդյունահանման ու տեղափոխման միջազգային պրոյեկտները նախնական փուլում էին, եւ Ադրբեջանը սուր կարիք ուներ Արեւմտյան այն միլիարդավոր դոլարների, որ ներդրվեցին տնտեսության մեջ վերջին տարիներին: Ռուսաստանի նվազ միջազգային կշիռը, Չեչնիայում պարտված բանակի վհատությունը, Հայաստանի միջազգային հեղինակությունն ու Ադրբեջանի ռազմական անկարողությունը վճռորոշ երաշխիքներ էին, որպեսզի Արեւմուտքը ստիպեր Ադրբեջանին ընդունել այդպիսի կարգավիճակ: Ստիպեր հանուն ինչի՞: Հանուն Արեւմուտքի շահերի:
- Հիմա այդ միլիարդները ներդրված են, էներգակիրների նախագծերը՝ հաստատված, Ռուսաստանը ազատվել է Չեչնիայի կոմպլեքսից, նավթի գների աներեւակայելի թռիչքի շնորհիվ ռուսական կառավարությունը աշխատավարձ է տալիս ժողովրդին ու զորքին, եւ հնարավոր է դարձել դեր խաղալ Կովկասում: Հետեւաբար, Ադրբեջանը որեւէ զիջման գնալու անհրաժեշտություն այլեւս չունի: Կոմպլեմենտար, իսկ իրականում՝ հույսը ռուսական զենքի քրիստոնեական թրծվածության վրա դրած հայկական դիվանագիտությունը կամ դիվանագիտական եռամյա դատարկապորտությունը բերեց-հասցրեց այսօրվան: «Անզիջում» բախտախնդիրների բանակցությունների սաբոտաժը՝ սկսած 94 թվականից, դրան հաջորդած հեղաշրջումն ու վարած «ազգային քաղաքականությունը» այս տարիներին ծառայեցին բացառապես Ադրբեջանի եւ Ռուսաստանի ազգային շահերին:
- Ի՞նչ գնահատական տալ այս ամենին: Դավաճանությո՞ւն, հայրենադավությո՞ւն, հանցագործությո՞ւն, ուրացողությո՞ւն... Ոչ մի բնորոշում եւ բոլորը միասին վերցրած չեն արտահայտում երեւույթի էությունը: Ավելին, այդ մեղքերի համար պատիժն ու հատուցումը, նույնիսկ գնդակահարությունը ոչինչ չի փոխում եւ ուրեմն՝ անիմաստ է: Ոչ մի դավաճանի գնդակահարություն չի կանխել նոր դավաճանությունը: Պետք է, որ մարդկային հարաբերություններո՞ւմ, թե՞ մարդու եւ հասարակության փոխհարաբերություններում , թե՞ հայրենիքի ընկալման մեջ, գուցե հայ ընտանիքի ներսում ինչ-որ բեկում մտնի, արժեքների այս համակարգին սթափության մի կայծակ զարկի, որից հետո ուշքի եկած մարդը անընդունակ լինի բարբառելու, թե՝ «Հանուն հայրենիքի պատրաստ է ծառայել անգամ սատանային»: Կարեւորը այստեղ այն չէ, թե որ կուսակցության ղեկավարն է ասույթի հեղինակը (դա ընդհանուր մտայնություն է հայոց մեջ): Մտքի ահավորությունը նրանում չէ անգամ, որ այդպես մտածում են (իսկ խոսքը օտար երկրների ծառայությունների լրտես լինելու մասին է), նույնիսկ էական չէ՝ անգիտանո՞ւմ են միտումնավո՞ր, թե՞ իրոք չեն հասկանում, որ դժվարը մեկ անգամ սատանային ծառայելն է, դրանից հետո կծառայես ընդմիշտ ու նաեւ հայրենիքի դեմ:
- Ահավորը այն չէ, որ հայ քաղաքական գործիչները ընդունակ են այդպես մտածելու (դա կարելի է բացատրել հազար մաղի հաց կերած գաղթական լինելու հանգամանքով), այլ այն, որ ապահովաբար համարձակվում են բարձրաձայն արտահայտվել, որովհետեւ պիղծ մտքի ու արարքի ընկալունակություն կա հասարակության մեջ: Հասարակության մեջ ու ընտանիքում տաբու չկա Հայրենիք եւ Սատանա բառերը իրար կողք դնելու: Քրիստոնեությունը առաջինը ընդունելով եւ շուտով զրկվելով պետականությունից, Աստվածաշունչը պիտի որ դառնար մեր անկառավարելի մնացած ժողովրդի Սահմանադրությունը, լինելով ոչ միայն մարդկային համակեցության բոլոր ոլորտները հանգամանալից կանոնակարգող ու հստակ ձեւակերպող օրենսգիրք, այլեւ մարդու առօրյայի ու կենցաղավարության համար բացառիկ պրակտիկ ձեռնարկ: Աստվածաշունչը այդ կիրառական՝ ընտանիք, հանրություն ու ազգ ձեւավորելու իր (թող թույլ տրվի ասել) գլխավոր նշանակությամբ մնացել է փակ ու համր հայ ժողովրդի համար: Մարդկության հազարամյակների կուտակած փորձը, խոսքն ու խրատը մեր կողքով են անցել, եւ մեր ժողովրդի քիմքին առել է միայն իմաստուն գրքի դիցաբանական համը՝ մարդկության մանկության շրջանի բնազդային ընկալումներով:
- Չիմացությունը մարդուն ժամանակից դուրս է դնում:
- Դա էլ իր քաղցրությունը ունի, բայց դա տեսիլքների աշխարհն է՝ օգտակար երեխաներին եւ բանաստեղծներին եւ հատուկ՝ սալդաֆոններին: Մեր նման տեսլականի պատանդ Հունաստանում հեղաշրջում կատարած տխրահռչակ «Սեւ գնդապետները» նույն նվերը մատուցեցին թշնամուն տարիներ առաջ, երբ հակաթուրքական հիստերիայով եւ Կիպրոսի հարցում «անզիջում» դիրք բռնելով՝ առիթ տվին թուրքերին բանակը մտցնել Կիպրոս եւ կղզին բաժանել երկու մասի: Ելնելով հայ-հունական «թուրքահուշտ» բնույթի նույնությունից՝ վստահաբար կարելի է ասել, որ գնդապետները իրենց «հակաթուրքական» դիրքորոշման մեջ ստացած կլինեին Սովետական կառավարության «դաբրոն»: Կհարցնեք՝ սովետականերին ի՞նչ էր պետք գզվռտոց ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջե՞ւ. մի բուռ աղ Կիպրոսի անդորրության երաշխավոր Անգլիայի դիվանագիտության ճաշի մեջ, նաեւ տասնամյակների հնարավորություն՝ սղոցելու թուրքիայի ականջը ամերիկյան բազաների համար...
- Գուցեեւ Բուլղարիայից թուրքազգի բնակչությունը քշելու՝ Ժիվկովի խնդիրը դյուրացնելու խնդիր կար: Ի դեպ, Բուլղարիայից վտարված տասնյակ հազարավոր թուրքեր բնակություն հաստատեցին Կիպրոսի թուրքական մասում, իսկ Կիպրոսի կրոնավոր պրեզիդենտ Կլիրիդիսը մեկ տասնամյակ չէր իջնում Սովետական «ԹՐպՎÿ» ծրագրի էկրանից: Ուղղափառ եղբայրների կողմից այս մնաց հույներին իրենց «կոպլեմենտար»՝ ՆԱՏՕ-ի անդամ լինելով՝ Սովետների հետ հակաթուրքական խաղեր տալու քաղաքականությունից:
- Իսկ Թուրքիան Կիպրոսի հյուսիսը փաստորեն իրեն միացնելով՝ իր տերիտորիալ ջրերի սահմանը Միջերկրական ծովում ետ ձգեց 300 կիլոմետր: Այսպիսի խաղեր: Բաքվի հռչակագրին կմիանա ոչ միայն Հայաստանը: Իզուր չէ այն կոչվում Կովկասի անվտանգության եւ համագործակցության մասին: Դրան կմիանա նաեւ Վրաստանը՝ իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու պայմանով: Կմիանան-կվավերացնեն փաստաթուղթը Թուրքիան եւ ԱՄՆ-ը: Գուցեեւ Իրանը, որը ստիպված կլինի միանալ նաեւ Բաքվում կնքված երկրորդ փաստաթղթին, որը Ռուսաստան-Ղազախստան համաձայնագրի հետ ոչ այլ ինչ է, եթե ոչ Կասպից ծովի միջազգային կարգավիճակի համաձայնագիրը, որը կարելի է արդեն եղած համարել, որովհետեւ ընդերքի ու ծովի մակերեւույթի երեք քառորդին տիրապետող երեք երկիր արդեն որոշում են ընդունել, մնացած երկուսի՝ Իրանի եւ Թուրքմենիայի ստորագրությունը որոշիչ չէ, այլ ընդամենը ցանկալի:
- Այսպիսով, Բաքվում ստորագրված երկու փաստաթղթերն էլ ստրատեգիական նշանակություն ունեն. մեկը Կովկասի տարածաշրջանում, մյուսը Կասպիական, եւ, ըստ էության, տարածաշրջանային զարգացման կամ ազդեցությունների գոտիների վերահաստատման միեւնույն համաձայնագրի երկու բաղկացուցիչ մասերն են: Եւ հույս ունենալ, որ նման համաձայնագրերի մայրաքաղաք դարձած Բաքուն նվազագույն իսկ զիջման կգնա, նշանակում է ոչ թե բան չհասկանալ քաղաքականությունից առհասարակ, այլ տարրական դատողունակությունից զրկված լինել իսպառ: Այն աստիճան, որ արդեն մնում է երազել, որ լինի սերունդներին պահապան միջազգային մի ատյան, որը լիազորված լինի այս կամ այն էթնոսին, գոնե որոշ ժամանակով, զրկել ծնողական իրավունքից: Եւ սկսել մեզնից, որովհետեւ այսպիսի մտավոր մթագնումով չի կարելի սերունդ դաստիարակել:
- Վիճակի հեղինակը իր ժողովրդի զավակն է, եւ իր վայրիվերո երեւակայությունը համարժեք է այն անբանական համառությանը, որով այս չափահաս մարդկանց ընդհանրությունը սերնդե-սերունդ իր զավակներին ոչ թե դեպի կյանք է առաջնորդում, այլ քշում է դեպի ետ՝ մի տեղ, որտեղ ինքն էլ լուսավոր բան չի տեսել (եւ հատկապես այնտեղ, որտեղ լուսավոր բան չի տեսել):
- Եւ որպեսզի սերունդը ոչ մի հնարավորություն չունենա թպրտալու մի այլ բախտի համար, ձեռ ու ոտը կապում է պատճառաբանված ատելության (հանդեպ Թուրքիան) եւ նույնքան չպատճառաբանված սիրո (հանդեպ Ռուսաստանը) քառատման դժոխային սարքին: Անցյալը մոռանալ անհնար է, հետեւաբար, անցյալը չմոռանալու կոչն է շինծու: Անցյալը ինքնին, ինքնապահպանման բնազդով, մոռացվում է այնքանով, որքանով խանգարում է ապագային: Դրա համար էլ մեռնողին թաղում են:
- Ճիշտ է, միլիոնից մի դեպքում կորցնում են հրաժեշտի բնազդը, եւ այդ դեպքում մարդուն հանձնում են հոգեբույժի խնամքին: Պատմությանն ու պատմական անցյալին բնական եւ քրիստոնեաբար կլինի վերաբերվել այնպես, ինչպես մարդը վերաբերվում է գնացողի հիշատակի հետ, որի մեծարման աստվածահաճո ձեւը ծառայելն է նրա սերունդների բախտին: Հիշողությունը նրա համար է, որ անցյալի աճյունը ամփոփվի այնտեղ, այլ ոչ թե կռապաշտորեն ներքաշվի մեր առօրյայի մեջ, ինչը ոչ միայն հակառակ է քրիստոնեության կարգին, այլեւ հակընդդեմ է ժամանակի ընթացքին: Հիշողությունը այնքան ներանձնական բան է, որ չի կարող լինել հավաքական, առավել եւս՝ չի կարող լինել պատմական: Պատմությունը լինում է արյունահեղ՝ պակաս կամ ավելի, քիչ թե շատ լինում է հերոսական, պատմությունը կանխորոշում է յուրաքանչյուրի ճակատագիրը, բայց մարդկային հիշողությունը սահմանափակվում է իր սեփական կյանքի ժամանակի սահմաններում, ինչը ոչ միայն պակաս սքանչելիք չէ, այլեւ միակ հնարավորն է: Մի´ դրեք ձեր նախնիների աճյունասափորը ձեր երեխաների հացի սեղանին, Աստծուց վախեցեք: