Բաֆուտի քերծեները

Գրապահարան-ից
Բաֆուտի քերծեները

հեղինակ՝ Ջերալդ Դարրել
թարգմանիչ՝ Մ․ Վ․ Արիստակեսյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Բաֆուտի քերծեները»


Սրբագրման համար անհրաժեշտ ծրած նյութը՝ Ծրած տեքստերի հղումների պահոց֊ում։




ԲԱՖՈԻՏԻ ՔեՐԾեՆԵՐԸ

Ահա և մենք եկանք

Կրոս գետը, զգույշ գալարվելով, Կամերունի լեռներից իջնում է ցած, մինչև որ բերնեբերան լցվում է իր ամբողջ լայնքով, փայլփլում, շողշողում Մամֆեն շրջապատող անտառների վիթխարի թավուտում։ Լեռներում նա կարկաչում, փրփրում ու ջրվեժներով գահավիժում է ծերպերից, իսկ այստեղ՝ խաղաղվում ու հանդարտ հոսում է քարքարոտ հունով։ Նրա անշտապ ընթացքը ծանծաղուտի հոսանքին հակառակ բերում է ճերմակ ավազ և ողողում մերձափնյա ծառերի հողն այնպես, որ մերկացած արմատներն ասես ութուտնիկի խճճված, գալարուն շոշափուկներ լինեն։ Գետը վեհորեն ընթանում է առաջ, նրա պղտոր ջրերում վխտում են գետաձիերն ու կոկորդիլոսները, իսկ վերևում, տաք օդում, ճռվողելով ճախրում են կապտա֊նարնջագույն ու սպիտակ ծիծեռնակները։

Մամֆեի մոտ գետը փոքր֊ինչ արագացնում է իր վազքը և մխրճվում անտառածածկ ու քարքարոտ երկու մեծ ժայռերի մեջ։ Դրանց ստորոտները հղկել է ջուրը, իսկ վերևից պատառոտված ժանյակների նման կախվել են թփերը։ Դուրս գալով նեղ կիրճից, գետն արագ նետվում է դեպի ընդարձակ ու ձվաձև ավազանը։ Քիչ այն կողմ, նույնանման մի կիրճից այդ նույն ավազանն է լցվում ևս մի գետ, նրանց ջրերը հանդիպում և հյուսվում են փոքրիկ հոսանքների, հորձանուտների և ծփանքների ալեկոծվող կծիկի մեջ, որ հետո միասին շարունակեն իրենց ճամփան։ Իսկ գետի մեջտեղում մնում է նրանց միացման հետքը՝ ճերմակ ավազի փայլփլուն ու վիթխարի բլուրը՝ գետաձիերի ոտնահետքերով և թռչունների հետքերի ժանեկանման շղթայիկներով։ Այս ավազոտ կղզյակի մոտ անտառը վեր է ածվում մի ոչ մեծ հովտի, որը շրջապատում է Մամֆե գյուղը, և ահա հենց այստեղ էլ, անտառի բացատում, գետի հանգիստ ու պղտոր ջրերից վեր մենք որոշում ենք խփել մեր գլխավոր ճամբարը։

Երկու օր պահանջվեց ծառերը կտրելու և գետինը հավասարեցնելու համար, որպեսզի շինարարական հրապարակ պատրաստենք, և, վերջապես, երրորդ օրը մենք Սմիթի հետ միասին կանգնած էինք մարգագետնի ծայրին ու դիտում էինք, թե ինչպես երեսուն տեղացի բնակիչներ, քրտնած դեմքերով ու գոռգոռալով, քաշում էին վիթխարի վրանը․ թվում էր, թե փորփրած կարմիր կավի վրա ընկած է վիթխարի կետի շագանակագույն, կնճռոտ մսեղիքը։

Պարուսինե այս ծովը աստիճանաբար հավաքեցին, և այն ձգվեց դեպի վեր, փքվեց, նմանվելով հրեշավոր անձրևասւնկի։ Հետո սունկը հանկարծ տարածվեց երկայնքով ու լայնքով և դարձավ բավական պատկառելի չափերի մի վրան։ Երբ վերջապես պարզվեց, թե դա ինչ է, լսվեց զարմանքի ու հիացմունքի մի բացականչություն՝ այդ գոռում էին գյուղի բնակիչները, որոնք հավաքվել էին նայելու, թե մենք ինչպես ենք ճամբար խփելու։

Եվ այսպես, մեր գլխավերևում տանիք հայտնվեց, բայց ստիպված եղանք ևս մի ամբողջ շաբաթ չարչարվել, մինչև որ կարողացանք սկսել գազանների որսը։ Պետք է վանդակներ պատրաստեինք, ջրափոսեր փորեինք, հարցուփորձ անեինք մոտակա գյուղերի ավագներին և ասեինք նրանց, թե ինչ գազաններ են մեզ հարկավոր, հոգայինք սննդամթերքի մասին և դեռ էլի բազմաթիվ գործեր կատարեինք։ Վերջապես ճամբարում ամեն ինչ կարգավորվեց, և մենք որոշեցինք, որ կարելի է սկսել։ Դեռ սկզբում պայմանավորվել էինք, որ Սմիթը կմնա Մամֆեում և կհսկի գլխավոր ճամբարը, մանրակրկիտ հավաքելով այն ամենը, ինչ կհաջողվի գտնել մոտակա անտառում տեղական բնակիչների օգնությամբ, իսկ ես այդ ընթացքում կգնամ երկրի խորքը, լեռները, ուր անտառներն իրենց տեղը զիջում են խոտառատ թավ հարթավայրերին։ Տարօրինակ բուսականությամբ և ավելի զով կլիմայով այս լեռնային աշխարհում կարելի է գտնել բոլորովին այլ ֆաունա, քան շոգ անտառներում։

Ես չգիտեի, թե հարթավայրի որ մասն ընտրեմ, որտեղ կանգ առնեմ, և գնացի խորհրդակցելու տեղի պետի հետ։ Ես նրան բացատրեցի, թե ինչ է ինձ հարկավոր, նա սեղանի վրա փռեց լեռնային շրջանների քարտեզը, և մենք երկուսով կռացանք նրա վրա։ Հանկարծ նա մատը դրեց ինչ֊որ կետի և նայեց ինձ։

― Ի՞նչ կասեք Բաֆուտի մասին, ― հարցրեց նա։

― Իսկ դա հարմա՞ր տեղ է։ Ի՞նչ մարդիկ են այնտեղ։

― Բաֆուտում ձեզ պետք է հետաքրքրի միայն մի մարդ՝ Ֆոնը, ― ասաց պաշտոնյան, ― նրան գրավեք ձեր կողմը, և մարդիկ ձեզ համար կանեն այն ամենը, ինչ դուք ցանկանաք։

― Ֆո՞ն։ Ի՞նչ է, նա առաջնո՞րդ է։

― Նա այս երկրում Հռոմի կայսեր նման մի բան է, ― ասաց պաշտոնյան և քարտեզի վրա մատիտով մի մեծ շրջան գծեց։ ― Ֆոնի խոսքը օրենք է նրանց համար։ Այս Ֆոնը գերհաճելի ծերուկ խաբեբա է, և դեպի նրա սիրտը տանող ամենաճիշտ ճանապարհն այն է, որ դուք ապացուցեք, թե կարող եք խմել նրանից ոչ պակաս։ Նա մի հիանալի, մեծ առանձնատուն ունի, և դա կառուցել է հենց նրա համար, որ այնտեղ եվրոպացի հյուրեր հայտնվեն։ Գրեք նրան և, նա ձեզ թույլ կտա մնալ իր մոտ, և նույնիսկ հավանաբար, հենց ինքը ձեզ կհրավիրի։ Եվ հետո ընդհանրապես արժե Բաֆուտ մեկնել, եթե նույնիսկ այնտեղ չմնաք էլ։

― Է՜, ինչ կա որ, ես նրան երկտող կուղարկեմ, տեսնենք, թե նա ինչ կասի։

― Աշխատեք․․․ լավ թրջել ը՜․․․ ը՜․․․ ը՜․․․ ձեր երկտողը, ― ասաց պաշտոնյան։

― Հենց հիմա կգնամ խանութից մի շիշ խմիչք կվերցնեմ, ― հավաստիացրի ես։

Այդ նույն օրը սուրհանդակը, վերցնելով իմ նամակն ու մի շիշ գինի, մեկնեց լեռները։ Չորս օր հետո նա վերադարձավ Ֆոնի պատասխան֊նամակով․ այդ հետաքրքիր փաստաթուղթն ինձ արտակարգ ոգևորեց․

Բաֆուտի Ֆոնի ռեզիդենցիա
Բաֆուտ, Բեմենդա, մարտի 5
1949 թ․

Իմ թանկագին բարեկամ․

Մարտի 3֊ի քո նամակն ստացա, ի դեպ, հավելվածով, և գնահատեցի։

Այո՛, ես ընդունում եմ քո ժամանումը Բաֆուտ՝ երկու ամիս ժամանակով, ինչ վերաբերում է քո կենդանիներին, էլի շատ ուրախ կլինեմ քո տնօրինությանը հանձնելու իմ տերության տներից մեկը, եթե դու ինձ լավ վճարես։

Սրտանց՝ քո
Բաֆուտի Ֆոն

Ես իսկույն պատրաստվեցի Բաֆուտ մեկնելու։


Գլուխ առաջին

Դոդոշներն ու պարող կապիկները


Արևմտյան Աֆրիկայի բեռնատար մեքենաների մեծ մասի մասին երբեք չես ասի, թե գտնվում են երիտասարդության ու գեղեցկության ծաղկուն շրջանում, և ես իմ դառը փորձով սովորեցի նրանցից ոչ մի լավ բան չսպասել։ Եվ, այնուամենայնիվ, ժամանած բեռնատարը, որն ինձ պետք է տաներ լեռները, գերազանցեց իմ վատթարագույն սպասումները։ Թվում էր, թե նա ուր որ է պետք է փլվի։ Մեքենան կանգնած էր կիսափչած դողերի վրա, փնչացնում ու խռխռացնում էր հոգնածությունից ուժասպառված։ Իսկ ընդամենը բարձրացել էր փոքրիկ բլրի թեք լանջով դեպի մեր ճամբարը։ Ու ես տագնապով նրան վստահեցի իմ բեռն ու ինձ։ Վարորդը կենսուրախ մարդ էր և անմիջապես հայտնեց, թե ես պետք է իրեն օգնեմ չափազանց կարևոր երկու գործողություններում։ Առաջինը, երբ մենք կսկսենք իջնել սարնիվար, ես պետք է սեղմեմ ձեռքի արգելակիչը, որովհետև եթե այն չսեղմենք գրեթե մինչև խցիկի հատակը, ապա ընդհանրապես չի ենթարկվի։ Երկրորդ, ես պետք է աչքս չկտրեմ կցման ոտնակից, քանի որ այդ շատ քմահաճ մասը ամեն մի հարմար առիթով դուրս է թռչում կցորդիչից և մռնչում ծուղակն ընկած ընձառյուծի պես։ Միանգամայն պարզ է, որ բեռնատարի վարորդը նույնիսկ Արևմտյան Աֆրիկայում չի կարողանա մեքենա վարել, կռանալով սարքային վահանակի տակ և ծռմռվելով երեքտակ, այնպես որ, եթե ես ցանկանում եմ կենդանի մնալ այս ճամբորդությունից հետո, պետք է օգնեմ նրան ղեկավարելու քմահաճ մեխանիզմները։

Այսպես, ես շարունակ կռանում էի, սեղմում էի արգելակը և շնչում էի շիկացած ռետինի հեղձուցիչ հոտը, իսկ այդ ընթացքում մեր քաջ մեքենան ցնցվում էր լեռների ուղղությամբ, ժամում քսան մղոն մշտական արագությամբ։ Իսկ երբ ճանապարհը ցած էր իջնում, մեքենան հախուռն նետվում էր առաջ և արագությունը հասցնում էր գրեթե քսանհինգի։

Առաջին երեսուն մղոնը գյուղամիջյան կարմիր կավից ճանապարհը ոլորապտույտ անցնում էր անտառածածկ հարթավայրով, ճանապարհի երկու կողմում հոծ պատի նման կանգնած էին վիթխարի ծառեր․ նրանց ճյուղերը վերևում միահյուսվել էին, կազմելով տերևների մի կամար։ Թռչուն֊ռնգեղջյուրների երամները, թափահարելով թևերը, թռչում էին ճանապարհի վրայով և կռկռում, թվում էր, թե այդ ազդանշան էին տալիս ավտոմոբիլիզմի արշալույսի հինավուրց տաքսիների ուրվականները, իսկ ճամփեզրին, որ գեղատեսիլ լուսավորված էր խիտ տերևների կամարի միջից թափանցած արևի շողերով, տաքանում էին ագամները, լույսով ողողված՝ նրանք բոցկլտում էին հուզմունքից, ինչպես վերջալույսի ցոլքեր, և կատաղորեն գլխով էին անում։ Աստիճանաբար, գրեթե աննկատելիորեն՝ ճանապարհը գնում էր դեպի վեր, մեղմորեն ոլորվելով անտառապատ բլուրների կլոր լանջերով։ Բեռնատարի թափքում իմ օգնականները բարձրաձայն երգում էին․

Հավիտյան չեմ մոռանա իմ տունը․․․
Ե՞րբ եմ տեսնելու տունս հարազատ․
Ե՞րբ եմ տեսնելու մորս հարազատ,
Տո՜ւն, տո՜ւն, տո՜ւն եմ ուզում։

Վարորդը կամացուկ երգեց կրկներգը և աչքի տակով նայեց ինձ, թե՝ կարելի՞ է։ Ի զարմանս, ես էլ երգեցի, և այսպես բեռնատարն ընթանում էր առաջ, իր հետևից թողնելով կարմիր փոշու ամպ, թափքից լսվում էր համերաշխ ձայների խմբերգը, իսկ ես ու վարորդը ձայնակցում էինք, զարդարելով երգը զանազան տարբերակներով, ընդ որում նա դեռ հասցնում էր նվագակցել կլակսոնի ընդհատուն շչակներով։

Որքան ավելի էինք բարձրանում լեռները, այնքան ավելի էր նոսրանում անտառը, իսկ հետո մանրանտառն սկսեց փոխվել․ ճանպարհի երկու կողմից մռայլ դավադիրների պես կանգնած էին ծառակերպ ձարխոտերի թավ խմբերը՝ հաստ՝ գետնահակ, մազածածկ բներով։ Նրանց կատարները ցայտում էին նուրբ տերևների կանաչ շատրվաններ։ Ձարխոտերը նոր աշխարհի առաջին պահապաններն էին, որովհետև հանկարծ, ասես լեռները ուսերից գցեցին իրենց ծանր հագուստները, անտառն անհետացավ։ Մնաց ետևում, հովտում․ թավ կանաչ մորթին ալիքաձև գնում էր դեպի տապից առկայծող հեռուն, իսկ մեր առջևում վեհորեն վեր էին խոյանում լեռները, որոնք ծածկված էին քամուց օրորվող և արևից ոսկեզօծված բարձր խոտով։ Բեռնատարը բարձրանում էր ավելի ու ավելի վեր, շարժիչը շնչահեղձ էր լինում ու ցնցվում էր անսովոր ճիգերից։ Ես արդեն մտածում էի, որ մենք վերջին երկու հարյուր ոտնաչափը մեքենան հրելով պիտի բարձրացնենք վեր, բայց ի զարմանս բոլորի, նա ինքը դուրս եկավ այդ վիճակից․ մագլցեց լեռան գագաթը, և, հոգնածությունից դողալով, ռադիատորից ժայթքեց շոգու քուլաներ, ինչպես սատկող կետը՝ ջրի շատրվաններ։ Մենք սողացինք վեր ու կանգ առանք։ Վարորդն անջատեց շարժիչը։

― Մի քիչ սպասենք, շարժիչը շատ է տաքացել, ― բացատրեց նա, ցույց տալով բեռնատարի ռադիատորը, որն արդեն բոլորովին չէր երևում գոլորշու ամպերի մեջ։

Ես ուրախությամբ դուրս եկա շիկացած խցիկից և գնացի դեպի այն տեղը, ուր ճանապարհն իջնում էր դեպի հերթական հովիտը։

Այս դիտակետից երևում էր ամբողջ տեղանքը, որ մենք անցել էինք, և այն, ուր պետք է գնայինք։

Հեռվում էր մնացել վիթխարի կանաչ անտառը, այստեղից այն թվում էր հոծ ու խիտ, ինչպես ոչխարի բուրդը, միայն բլուրների կատարին անթափանց տերևների զանգվածի մեջ կարելի էր տեսնել լույսի շիթեր։ Երկնքի ֆոնի վրա ծառերը պատկերվում էին իբրև ընդհատուն ծոպեր։ Իսկ մեր առջև բացվում էր միանգամայն այլ աշխարհ, ուղղակի անհնարին էր հավատալ, որ այդ երկուսը՝ և՛ այս, և՛ այն, այդքա՜ն տարբեր, գոյություն ունեին կողք֊կողքի։ Եվ այդ հերթագայումը աստիճանաբար տեղի չէր ունենում․ ո՛չ, ետևում մնացել էր ծառ֊հսկաների անտառը, որ փայլում էր լաքապատ տերևների իր շքեղ թիկնոցներով, ինչպես կանաչ վիթխարի մարգարիտ, իսկ առջևում, ընդհուպ մինչև մշուշապատ երկնագույն հորիզոնը, շղթայակերպ բարձրանում էին սարերը, ձուլվելով իրար, նմանվելով վիթխարի, սառած ալիքների, նրանք կարծես դեմքները դարձրել էին դեպի արևը, իսկ լանջերը, ստորոտից մինչև կատար, ծածկված էին ոսկեկանաչ թավշյա խոտով, որ ծփում էր քմահաճ քամուց ու մերթ լուսավորում, մերթ մթնում, երբ քամին այն գալարում էր կամ հարթեցնում։ Ետևում անտառը ծաղկում էր վայրի ծիրանով, խոտի ամենավառ ու ամենաբազմազան երանգներով։ Իսկ առջևում՝ այս տարօրինակ լեռնային աշխարհի բոլոր գույները նուրբ էին ու մեղմ․ բաց դեղնավուն, ոսկեգույն և մուգ դեղնա֊շագանակագույնի բոլոր նրբերանգներով։ Բլուրների սահուն գալարներն ու ծալքերը, որ ծածկված էին նուրբ ու պաստելային երանգներ ունեցող խոտով, շատ էին հիշեցնում Անգլիայի բնությունը, նրա հարավային ցածրավայրերը, միայն ավելի մեծ մասշտաբներով։ Բայց արևն այստեղ փայլում էր առանց հոգնելու և անողոքաբար այրում էր՝ ոչ անգլիական ձևով։

Այստեղից սկսած ճանապարհը վեր էր ածվում ամերիկյան լեռների, մեքենան, արգելակները շխկշխկացնելով ու վնգվնգացնելով, շարունակ իջնում էր հարթավայր և նորից, փնչալով ու հազալով, բարձրանում էր զառիկող լանջերը։ Մի սարի գագաթին մենք նորից կանգ առանք, որ շարժիչը սառչի, ու այստեղից ես տեսա իմ դիմացի հովտում փռված գյուղը․ հեռվից, շրջապատող կանաչ ֆոնի վրա այն թվում էր սև սունկերի մի տձև կույտ։ Երբ շարժիչն անջատեցինք լռությունը պարուրեց մեզ, ինչպես փափուկ վերմակ։ Միայն լսվում էր, ինչպես է կամացուկ սվսվում խոտը, օրորվելով քամուց։ Իսկ գյուղից, որ ընկած էր հեռու ներքևում, մեզ էին հասնում շան հաչոցի ու աքաղաքի կանչի՝ հեռավորությամբ մեղմացած, բայց պարզորոշ ձայներ՝ ինչպես զանգակների ղողանջ։ Հեռադիտակով գյուղում ինչ֊որ իրարանցում տեսա․ խրճիթների շուրջը խռնվել էր մարդկանց բազմությունը, երբեմն փայլատակում էին մաչետի նմանվող դանակներն ու նիզակները, առկայծում էին վառ գույների սարոնգաները։ [1]

― Այդ ինչ իրարանցում է, ― հարցրի ես վարորդին։

Նա աչքերը կկոցելով նայեց և ուրախ ժպտալով շրջվեց դեպի ինձ։

― Դա շուկան է, սըր, ― բացատրեց նա և հարցրեց, հուսալով։ ― Մասսան ուզո՞ւմ է այնտեղ կանգ առնել։

― Իսկ դու կարծո՞ւմ ես, որ մենք այնտեղ որս կգտնենք։

― Այո՛, սըր։

― Իսկապե՞ս։

― Իսկապես, սըր։

Ես ձևացրի, թե զայրանում եմ։

― Դու ստում ես, անպիտան, ― ասացի ես, ― դու ուզում ես այնտեղ կանգ առնել, որ խմես։ Մի՞թե այդպես չէ։

― Այո՛, սըր, ― քմծիծաղեց վարորդը, ― միայն թե մասան էլ այնտեղ որս կգտնի։

― Դե լավ, կանգ կառնենք կարճ ժամանակով։

― Այո՛, սըր, ― ուրախ ասաց վարորդը և բեռնատարն ուղղեց սարի լանջն ի վար։

Ծղոտե սրագագաթ տանիքներով մեծ խրճիթները խնամքով շարվել էին դալար էվկալիպտների ստվերի տակ պատսպարված մի փոքրիկ հրապարակի շուրջը։ Հենց այստեղ էլ գտնվում էր շուկան, առևտրականներն իրենց ապրանքները փռել էին ուղղակի գետնին, սլացիկ ծառերի տակ, ամեն մեկը իր հողակտորի վրա, իսկ շուրջը խռնվել էին գյուղական բնակիչները, նրանք խցկվում էին առևտրականների միջև, համարձակ վիճում էին, շատախոսում ու թափահարում ձեռքերը։ Ի՜նչ ասես, որ չէին վաճառում այստեղ։ Ես ուղղակի զարմացած էի, ի՜նչ ասես որ չկար, ամեն տեսակ անհեթեթ ու անսպասելի բան։ Վաճառում էին կրակի վրա ապխտած և կարճ փայտիկների վրա շարած կապտաձկներ, այս ձուկը կենդանի ժամանակ էլ մի հաճելի տեսք չունի, իսկ չորացած, կնճռոտված, ծխից սևացած, ասես շամանի տիկնիկ լինի, որը, զզվելիորեն գալարվելով պարում է։ Այստեղ կային նաև կտորների վիթխարի հակեր, մեծ մասամբ վառ ու խայտաբղետ գույներով, դրանք բերում էին Անգլիայից ու խիստ համընկնում են աֆրիկացիների ճաշակին․ ավելի դուրեկան տեսք ունեին տեղական գործվածքները՝ ամուր, փափուկ և ոչ այնքան աղաղակող։ Այս վառ գույների մեջ աչքի էին զարնում բամբուկե զամբյուղների մեջ դրած ձվերի ու հավերի ամենաանհավանական զուգորդումները, կանաչ տաքդեղ, կաղամբ, կարտոֆիլ, շաքարեղեգն, արյունոտ մսի հսկայական կտորներ․ թոկերից կախված էին խնամքով քերթված մեծ եղեգնառնետներ, վաճառվում էին նաև կավե ապրանքներ, հյուսած զամբյուղներ և աթոռներ, ասեղներ, վառոդ, գարեջուր, թռչուններ որսալու թակարդներ, մանգոյի ու պապայիի պտուղներ, հոգնաներ, կիտրոններ, տեղական կոշկեղեն, ռաֆիի թելերից սքանչելի պայուսակներ, մեխեր, կայծքար, կարբիդ, լուծողական, սվիններ ու ընձառյուծի մորթիներ, պարուսինե կոշիկներ, ֆետրե փափուկ գլխարկներ, արմավենու գինի, հին թիթեղե նավթամաններով կոկոսի ու պիստակի յուղ։

Շուկայի այցելուները աչքի էին զարնում նույնպիսի բազմազանությամբ ու արտառոցությամբ, ինչպես վաճառքի հանված ապրանքները։ Այստեղ կարելի էր տեսնել խաուս ցեղի մարդկանց՝ կուրացուցիչ ճերմակ հագուստներով ու փոքրիկ սպիտակ գլխարկներով․ տեղական առաջնորդներին՝ բազմերանգ հագուստներով ու շքեղ ծոպավոր գլխարկներով, այստեղ էին նաև հեռավոր լեռնային բնակավայրերի կիսավայրենի բնակիչները․ նրանց վրա ոչինչ չկար, բացի կեղտոտ կաշվե ազդրակապերից, նրանց ատամները սրված էին, իսկ դեմքերը՝ վիտված։ Նրանց համար, իհարկե, այս գյուղը ամենաբազմամարդ մայրաքաղաքն է, իսկ շուկան հավանաբար, ամենաուրախ ժամանցը ամբողջ տարվա համար։ Նրանք կատաղի վիճում էին, թափահարում ձեռքերը, հրմշտում իրար․ նրանց սև աչքերը հիացմունքից փայլատակում էին այնպիսի բաների տեսքից, ինչպիսին յամսն է կամ եղեգնառնետը․ ավելի հաճախ նրանք հոծ խմբով կանգնում էին ու ագահ աչքերը գամում բազմագույն կտորների կույտերին․ գնել դրանք նույնիսկ հույս էլ չունեին և միայն երբեմն փոխում էին իրենց դիտակետները, այդ անհասանելի շքեղությունը ավելի լավ տեսնելու համար։

Իմ օգնականներն ու վարորդը թաղվեցին ամբոխի գունեղ հորձանուտում, ինչպես մրջյունները՝ պատոկայի բանկայի մեջ, և ես մնացի ինքս իմ կամքին։ Մի քիչ թափառեցի չորս կողմը, հետո որոշեցի լուսանկարել լեռնային գյուղերի բնակիչներին և հանեցի լուսանկարչական ապարատն ու սկսեցի ֆոկուսի բերել․․․ Ի՜նչ կատարվեց այնտեղ։ Զարհուրելի՜ դժոխք։ Առևտրականները իսկույն վայր գցեցին իրենց ապրանքները և վայրի գոռում գոչյունով նետվեցին մոտակա թաքստոցը։ Ես նույնիսկ շփոթվեցի․ չէ՞ որ աֆրիկացիները սովորաբար շատ են սիրում լուսանկարվել, և հարցրեցի կողքիս կանգնած խաուսին, թե ինչ պատահեց․ հաջորդեց շատ հետաքրքիր բացատրություն․ ինչպես երևում է, լեռնականներն արդեն գիտեն, որ եթե լուսանկարչական ապարատն ուղղված է մարդու վրա, հետո ստացվում է մարդու դիմանկարը։ Բայց նրանք հաստատ համոզված են, որ նկարի հետ լուսանկարին է փոխանցվում այն մարդու հոգու մի մասնիկը, ով նկարվել է, և եթե իրեն շատ լուսանկարեն, ապա լուսանկարիչը իր նկատմամբ ձեռք կբերի լիիրավ իշխանություն։ Կախարդանքի գերազանց օրինակ, միանգամայն ժամանակակից միջոցներով․ հնում դուք մարդու նկատմամբ իշխանություն էիք ձեռք բերում, եթե տիրանում էիք նրա մազերի փնջին կամ կտրված եղունգներին։ Մեր օրերում այդ նույն նպատակով, հավանաբար, միանգամայն պիտանի է լուսանկարը։ Եվ այնուամենայնիվ, թեև լեռնականները չցանկացան լուսանկարվել, ես հաջողեցի մի քանի նկարահանումներ անել շատ հասարակ եղանակով․ կանգնում էի նրանց կողքին և նայում ուրիշ կողմ ու շրխկացնում թևիս տակ դրած ապարատը։

Սակայն շուտով հայտնաբերեցի մի այնպիսի բան, որ լուսանկարչության ու կախարդանքի մասին բոլոր մտքերը անմիջապես դուրս թռան գլխիցս։ Հրապարակը շրջապատող փոքրիկ ու մութ վրաններից մեկում առկայծեց շիկա֊կարմրավուն ինչ֊որ բան․ ես շարժվեցի այնտեղ և տեսա մի գեղեցիկ կապիկ՝ վզին շատ երկար թոկ կապած․ նա պպզել էր փոշու մեջ և բարձր ու սուր ձայնով գոռում էր՝ «պրրո՜ւպ»։ Նրա բուրդը բաց դեղին էր, կրծքին՝ սպիտակ զոլ, իսկ դնչիկը՝ սգավոր֊սև։ Նրա «պրո՜ւպը» հնչում էր ոչ այն է թռչնի կանչի, ոչ այն է կատվի բարեկամական մլավոցի նման։ Մի քանի վայրկյան կապիկը շատ ուշադիր նայեց ինձ, հետո հանկարծ վեր ցատկեց ու սկսեց պարել։ Սկզբում նա ոտքի կանգնեց և սկսեց բարձր ցատկոտել, լայն տարածելով ձեռքերը, ասես պատրաստվում էր սեղմել ինձ կրծքին։ Հետո չորեքթաթ իջավ և սկսեց գնդակի նման մի կողմից մյուսը ցատկել, բարձր վեր֊վեր թռչելով օդի մեջ։ Հետզհետե նա ավելի ու ավելի էր ոգևորվում և թռչում էր ավելի բարձր։ Այնուհետև եղավ կարճ ընդմիջում, և ապա նոր պար։ Այժմ կապիկը կանգնել էր չորս ոտքի վրա, ուսերը և իրանի ամբողջ առջևի կեսը օրորում էր ճոճանակի պես, իսկ հետևի մասը մնում էր միանգամայն անշարժ։ Պարի հիմնական սխեման շատ պարզ էր, և այստեղ կապիկն ինձ ցույց տվեց, թե ինչի է ընդունակ կապկային ցեղի իսկական, փորձված պարուհին։ Նա պտտվում էր հոլի պես, այնպես էր թռչում ու սուրում, որ գլուխս սկսեց պտտվել։ Կապիկը ինձ դուր եկավ հենց առաջին հայացքից, իսկ դերվիշի այդ մոլեգին պարը միանգամայն ինձ գերեց և, իհարկե, ես ուղղակի չկարողացա չգնել պարուհուն։ Կրկնակի վճարեցի նրա տիրուհուն և հանդիսավորությամբ տարա կապկին։ Մի ինչ֊որ վրանից նրա համար բանաններ գնեցի, և նա այնքան զգացվեց իմ առատաձեռնությունից, որ անմիջապես վարձահատույց եղավ՝ թրջեց ամբողջ շապիկս։ Ես գտա իմ օգնականներին և վարորդին (նրանցից գարեջրի հոտ էր փչում), մենք տեղավորվեցինք մեքենայի մեջ և շարժվեցինք առաջ։ Կապիկը նստել էր ծնկներիս, բերանը բանան էր լցնում, խցիկի պատուհանից դիտում էր շրջակայքը և մեղմիկ վնգստում հուզմունքից ու բավականությունից։ Ի նշան նրա պարային տաղանդների, ես որոշեցի նրան կոչել «Պավլովա», և մենք նրան այդպես էլ անվանեցինք «Կարմիր կապիկ Պավլովա»։

Մեր ճանապարհորդությունը տևեց դարձյալ մի քանի ժամ, և վերջում հովիտը լցվեց մուգ մանուշակագույն ստվերներով, իսկ արևը անշտապ սուզվեց կարմրա֊կանաչավուն փետրավոր ամպիկների մեջ՝ արևմտյան լեռների ամենաբարձր գագաթների ետևում։

Մենք իսկույն հասկացանք, որ, վերջապես, հասել ենք նպատակին, որովհետև Բաֆուտի մոտ պարզապես ճանապարհը վերջանում էր։ Ձախից ձգվում էր հսկայական փոշոտ բակը, որ շրջապատված էր կարմիր աղյուսի բարձր պատով։ Պատի ետևում տեղավորված էին ծղոտե բարձր կտուրներով կլոր խրճիթներ, նրանք շարված էին մի ոչ շատ մեծ, մաքուր առանձնատան շուրջը։ Բայց այս բոլոր կառույցները թվում էին պստլիկ ու խղճուկ այն վիթխարի կառույցի համեմատությամբ, որ նման էր վայրի մեղուների փեթակի, միայն թե հազար անգամ մեծացրած։ Դա գմբեթանման, ծղոտե հաստ կտուրով, հնությունից սևացած ու առևղծվածային մի վիթխարի, կլոր խրճիթ էր։ Ճանապարհի մյուս կողմում շեշտակի վերելք էր սկսվում, վեր էր խոյանում լայն սանդուղքը՝ յոթանասուն աստիճանով, և տանում էր դեպի կոշիկի տուփ հիշեցնող երկհարկանի մի առանձնատուն, որի ամեն մի հարկը երիզված էր լայն պատշգամբով, և երկու պատշգամբներն առատորեն պատված էին բուգենվիլներով և այլ գալարաբույսերով։ Այսպես, ուրեմն, ահա թե ինչպիսին է այս մի քանի ամիսների իմ տունը։

Հազիվ էի դուրս եկել բեռնատարի խցիկից (ոտքերս ուռել էին), երբ ընդարձակ բակի հեռավոր կամարի տակ բացվեց մի դուռ, և մի մեծ թափոր ուղղվեց դեպի ինձ։ Դրանք տղամարդիկ էին, մեծ մասը՝ տարիքավոր, նրանց բազմագույն, ծածանվող հագուստները խշխշում էին քայլելիս․ յուրաքանչյուրի գլուխը ծածկված էր փոքրիկ, խայտաբղետ բրդից գործված գեղեցիկ կլոր գլխարկով։ Խմբի կենտրոնում քայլում էր բարձրահասակ ու բարեկազմ, աշխույժ, ծիծաղկոտ դեմքով մի մարդ։ Նա հագել էր սպիտակ, պարզ հագուստ և առանց որևէ զարդարանքի գլխարկ, ու, չնայած դրան, այնուամենայնիվ ես իսկույն հասկացա, որ այդ բազմերանգ ամբոխի մեջ նա ամենագլխավորն էր՝ այնքան վեհ էր նրա կեցվածքը։ Դա Ֆոնն էր, այսինքն՝ Բաֆուտի տիրակալը, այն վիթխարի մարգագետնային թագավորության, որը մենք անցանք այստեղ բերող ճանապարհին։ Ես գիտեի, որ նա հեքիաթային հարստություն ունի, իր թագավորությունը վարում է հմտորեն և խելացի, թեև փոքր֊ինչ բռնակալորեն։ Ֆոնը կանգ առավ իմ դիմաց, հյուրընկալ ժպտաց ու ինձ մեկնեց մեծ, բարակ ձեռքը․

― Բարի եք եկել, ― ասաց նա․

Հետագայում ես համոզվեցի, որ նա խոսում է կոտրատված անգլերենով ոչ պակաս, քան իր հպատակները։ Բայց, չգիտես ինչու, ամաչում էր, և մենք սկզբում խոսում էինք թարգմանչի միջոցով․ վերջինս կանգնել էր նրա կողքին, հարգալից խոնարհված, և թարգմանում էր իմ ողջյունի խոսքերը, ձեռքերով բերանը ծածկած։ Ֆոնը հարգալից լսում էր, քանի դեռ խոսում էի, իսկ թարգմանիչը թարգմանում էր, հետո մեծ ձեռքը տարածելով ցույց տվեց առանձնատունը, որ կանգնած էր ճանապարհի այն կողմում գտնվող բլրի գագաթին։

― Հիանալի է, ― ասաց նա և լայն ժպտաց։ Մենք նորից իրար ձեռք սեղմեցինք, նա իր խորհրդականների հետ բակի միջով ետ գնաց և անհետացավ կամարի տակի դռան ետևում, թողնելով, որ ես ինքս տնօրինեմ նրա առանձնատանը։

Երկու ժամ հետո, երբ ես արդեն լոգանք էի ընդունել ու նախաճաշել, ներկայացավ սուրհանդակն ու հայտնեց, որ Ֆոնը կցանկանար այցելել ինձ ու զրուցել, եթե իհարկե, ես արդեն հասցրել եմ ճանապարհից հետո հանգստանալ։ Ես պատասխանեցի, որ լիովին հանգստացել եմ, և երջանիկ կլինեմ ընդունել Ֆոնին, հետո ճամպրուկից հանեցի մի շիշ վիսկի և սկսեցի սպասել։ Շուտով նա եկավ փոքրիկ շքախմբի ուղեկցությամբ։ Մենք նստեցինք պատշգամբում, ուր արդեն վառվում էր լամպը, և սկսեցինք խոսել։

Ես նրա կենացը խմեցի ջուր խառնած վիսկիով, իսկ նա իմը՝ մաքուր վիսկիով։ Սկզբում՝ մենք խոսում էինք թարգմանչի միջոցով, բայց երբ վիսկիի մակարդակը շշի մեջ զգալիորեն իջավ, Ֆոնն սկսեց խոսել անգլերեն։ Երկու ժամից ավելի ես նրան մանրամասն պատմում էի, թե ինչու եմ այստեղ եկել, ցույց էի տալիս ինձ անհրաժեշտ գազանների մասին գրքեր ու լուսանկարներ, նկարում նրանց թղթի կտորների վրա և, երբ իմ ասածները չէին հասկացվում, փորձում էի հանել նրանց ձայները, իսկ Ֆոնի բաժակն այդ ընթացքում կրկին ու կրկին լցվում էր։ Ուղղակի սոսկալի էր։

Նա ասաց, որ պետք է հուսալ, թե ինձ կհաջողվի հայթայթել գրեթե բոլոր այն գազաններին, որ ես նրան ցույց տվեցի, և խոստացավ վաղն ևեթ ուղարկել հմուտ որսորդների։ Բայց, թերևս, ավելի լավ կլինի ինքը անձամբ հայտնի մարդկանց, թե ինչ է հարկավոր ինձ, ― շարունակեց Ֆոնը, ― և նրանք բոլորը կաշխատեն ինձ համար որս ձեռք բերել, իսկ այդ մասին հայտարարելու ամենահարմար առիթը կներկայանա տասը օր հետո։ Այդ ժամանակ ինչ֊որ արարողություն պետք է տեղի ունենա․ ինչպես հասկացա, նշանակված օրը նրա հպատակները լեռներում ու հովիտներում հավաքում են հսկայական քանակությամբ չոր խոտ և բերում են Բաֆուտ, որպեսզի Ֆոնը կարողանա ծածկել իր վիթխարի, խորհրդավոր կացարանի տանիքը և իր անհամար կանանց տների կտուրները։ Երբ խոտը բերեն, նա աշխարհով մեկ խնջույք կսարքի։ Տոնակատարությանը հազարավոր մարդիկ են գալիս չորս կողմից, և, ինչպես բացատրեց Ֆոնը, ավելի լավ առիթ չի լինի։ Նա ճառ կարտասանի և մարդկանց կբացատրի, թե ինչ եմ նրանցից ուզում։ Ես ուրախությամբ համաձայնվեցի, սրտանց ու բավականին պերճախոս շնորհակալություն հայտնեցի և նորից լցրի նրա դատարկ բաժակը։ Շիշը արագ դատարկվում էր, վերջապես նրա մեջ ոչ մի կաթիլ չմնաց, թեկուզ այն շուռ տայիր։ Այնժամ Ֆոնը վեհորեն վեր կացավ տեղից, զսպեց զկռտոցն ու ձեռքը մեկնեց ինձ։

― Ես գնացի, ― հայտարարեց նա և ձեռքը պարզեց իր փոքրիկ առանձնատան կողմը։

― Ափսո՜ս, ― հարգալից ասացի ես։ ― Ուզո՞ւմ ես, գամ ճանապարհեմ։

― Այո՛, բարեկամս, ― պայծառացավ նա։ ― Այո՛, հիանալի է։

Ես կանչեցի նրա շքախմբից մեկին, և նա վազելով սլացավ, ձեռքին բռնած «կայծակ» լապտերը։ Լուսավորելով լապտերով, նա գնում էր մեր առջևից, նախ պատշգամբով, իսկ հետո երկար սանդուղքով։

Ֆոնր շարունակում էր բռնել ձեռքս, իսկ մյուս ձեռքով ցույց էր տալիս պատշգամբը, սենյակները և լուսնի լույսով ողողված այգին հեռու ներքևում, ու, շատ գոհ, մռթմռթում ինքն իրեն․ «Հիանալի՜ է, հիանալի՜»։ Երբ մենք հասանք սանդուղքին, նա կանգ առավ, մի պահ մտահոգ նայեց ինձ, հետո երկար ձեռքը մեկնեց ցած։

― Յոթանասունհի՜նգ աստիճան, ― ասաց նա և պայծառացավ։

― Շատ լավ է, ― համաձայնվեցի ես և գլխով արի։

― Հիմա մենք դրանք կհաշվենք, ― առաջարկեց Ֆոնը, հիացած իր բռնած գործից, ― յոթանասունհի՜նգ, մենք դրանք կհաշվենք։

Նա բռնեց ուսերիցս և ամբողջ ծանրությամբ ընկավ վրաս․ մենք սկսեցինք իջնել, չդադարելով բարձրաձայն հաշվել աստիճանները։ Ֆոնը անգլերեն հաշվում էր միայն մինչև վեցը, մնացածը նա մոռացել էր․ կես ճանապարհին մենք սխալվեցինք, ինչ֊որ բան խառնեցինք, և երբ հասանք մինչև ներքևի աստիճանին, պարզվեց, որ նրա հաշվով երեք աստիճան պակաս էր։

― Յոթանասուներկո՞ւ, ― հարցրեց նա ինքն իրեն։ ― Ո՛չ, ո՛չ, յոթանասուհինգ։ Իսկ ո՞ւր են կորել մյուսները։

Եվ զայրույթով նայեց վախից չորացած իր շքախմբին, որն սպասում էր մեզ ներքևում, ճամփի վրա, ասես կասկածում էր, որ պակասող երեք աստիճանը պալատականները թաքցրել են իրենց հագուստի տակ։ Ես արագ առաջարկեցի նորից հաշվել։ Մենք նորից մագլցեցինք վեր, մինչև պատշգամբ, ամբողջ ուժով հաշվելով, հետո վերջնական ստուգման համար ներքև իջնելիս էլ հաշվեցինք։ Հաշվելով մինչև վեցը, Ֆոնն ամեն անգամ սկսում էր նորից, այնպես որ ես շուտով գլխի ընկա՝ եթե չեմ ցանկանում ամբողջ գիշեր այս սանդուղքով մագլցել վեր ու վար, փնտրելով պակասող աստիճանները, ապա պետք է ինչ֊որ բան ձեռնարկեմ։ Ուստի երբ մենք հասանք ամենավերին աստիճանին և նորից իջանք ցած, ես բարձրաձայն, հանդիսավոր հայտարարեցի՝ «Յոթանասունհի՜նգ», և ուրախ ժպտացի իմ ուղեկցին։

Սկզբում նա այնքան էլ հեշտությամբ չհամաձայնվեց իմ հաշվի հետ, քանի որ ինքը հասել էր միայն հինգին, և համոզված էր, որ մնացած յոթանասունի գոյությունը դեռ պետք է ապացուցել։ Սակայն ես նրան հավատացրի, որ պատանի հասակումս շատ պարգևներ եմ ստացել բանավոր հաշվելու համար և որ բոլորը հաշվված է ճիշտ։ Ֆոնն ինձ սեղմեց կրծքին, հետո բռնեց ձեռքս, ուժեղ սեղմեց և քրթմնջաց․ «Հիանալի՜ է, հիանալի՜, բարեկամս»։

Վերջապես նա վիթխարի բակի միջով շարժվեց դեպի իր ռեզիդենցիան, իսկ ես քայլեցի (յոթանասունհինգ աստիճաններով) դեպի վեր, դեպի իմ մահճակալը։

Հետևյալ ամբողջ օրը հաղթահարելով սոսկալի գլխացավը (Ֆոնի հետ խմելու երեկվա արդյունքը), ես խնամքով մեխում էի վանդակները, հուսալով, որ հիմա ուր որ է ինձ «որս» կբերեն։ Կեսօրին ինձ մոտ եկան բարձրահասակ, վստահելի տեսքով չորս երիտասարդներ, որոնք հագել էին տոնական վառ սարոնգաներ և ձեռքներին ունեին կայծքարի հրացաններ։ Այդ սարսափազդու զենքն աներևակայելիորեն հինավուրց էր, կոթերը ժանգից քայքայվել էին, և դրանց տեսքն այնպիսին էր, ասես յուրաքանչյուր հրացանը հիվանդացել էր ծանր տեսակի ծաղկով։ Ես երիտասարդներին խնդրեցի սարսափելի զենքը դուրս տանել դարպասից և դնել այնտեղ, հետո նոր միայն թույլատրեցի բարձրանալ ինձ մոտ։ Դրանք էլ հենց այն որսորդներն էին, որոնց ուղարկել էր Ֆոնը․ կես ժամում ես նրանց ցույց տվի գազանների լուսանկարները և բացատրեցի, թե որ գազանի համար որքան պետք է վճարեմ։ Հետո նրանց հրամայեցի գնալ որսի, իսկ երեկոյան բերել այստեղ, ինձ մոտ այն բոլորը, ինչ նրանք կորսան։ Եթե նրանք ոչինչ չորսան, թող գան մյուս առավոտյան։ Ես նրանց սիգարեթներ բաժանեցի, և նրանք ճամփա ընկան, ինչ֊որ բանի մասին աշխույժ զրուցելով և հրացանները թխկացնելով չորս կողմը։

Հենց այդ երեկո չորսից մեկը վերադարձավ փոքրիկ զամբյուղով։ Նա պպզեց, խեղճ֊խեղճ նայեց ինձ ու սկսեց բացատրել, որ իր ու իր ընկերների որսը այնքան էլ հաջող չանցավ։ Նրանք հեռու էին գնացել, ասաց նա, բայց իմ ցույց տված գազաններից և ոչ մեկին չեն գտել։ Սակայն ինչ֊որ բան, այնուամենայնիվ, նրանք բերել են։

Այստեղ նա առաջ թեքվեց և զամբյուղը դրեց ոտքերիս մոտ։

― Չգիտեմ, մասան այսպես որս ուզի՞, ― հարցրեց նա։

Ես բարձրացրի կափարիչը ու նայեցի զամբյուղի մեջ։ Ես կարծում էի, որ կտեսնեմ սկյուռ կամ էլ, թերևս, առնետ, բայց այնտեղ նստած էին մի զույգ մեծ, հիանալի դոդոշներ։

― Մասա դո՞ւր գա այսպես որս, ― հարցրեց որսորդը, տագնապով նայելով դեմքիս։

― Այո՛, շատ դուր կգա, ― ասացի ես, և նա ողողվեց ժպիտով։

Ես նրան վճարեցի ինչ պետք էր, սիգարեթներ տվեցի, ու նա մեկնեց յուրայինների մոտ, խոստանալով առավոտյան վերադառնալ ընկերների հետ։ Երբ նա գնաց, ես վերջապես կարողացա զբաղվել դոդոշներով։ Ամեն մեկը մի ափսեի մեծություն ուներ, աչքերը հսկայական, փայլուն, իսկ կարճ ու հաստ թաթերը թվում էր, թե առանց դժվարության չէին կրում ծանր մարմինը։ Նրանց գույնը ուղղակի ապշեցուցիչ էր։ Մեջքը մուգ մարմնագույն էր, ծածկված ոլորուն սև գծերով, գլխի երկու կողմերն ու մարմինը մուգ կարմիր էր, ոչ այն է գինու, ոչ այն է կարմրածառի գույնի, իսկ փորը՝ վառ դեղին, հրանունկի գույն ուներ։

Պետք է ասել, որ դոդոշներն ինձ միշտ էլ դուր են եկել, քանի որ ես համոզվել եմ, որ նրանք հանգիստ, բարի արարածներ են և ինչ֊որ հմայք ունեն․ նրանք անհավասարակշռված չեն, և ոչ էլ այնքան հիմար ու անշնորհք, ինչպես գորտերը, նրանց մաշկը արտաքինից այնքան էլ թաց չէ, և նրանք չեն նստում բերանները բաց։ Բայց մինչև այս երկուսին հանդիպելը ես ենթադրում էի, որ թեև դոդոշներն իրենց գույնով և ընդհանրապես արտաքին տեսքով իրարից շատ տարբեր են, բայց նրանց բոլորի վարքուբարքը մոտավորապես նույնն է, եթե մեկին իմանաս, կարող ես ասել, թե բոլորին էլ գիտես։ Սակայն, ինչպես ես շատ շուտով իմացա, այս երկու երկկենցաղների բնավորությունն այնքան յորօրինակ էր, որ նրանք գրեթե ետ չէին մնում կաթնասուններից։

Այս արարածները կոչվում են չոր տերևանման դոդոշներ, որովհետև նրանց անսովոր բաց֊դեղնավուն մեջքերը (մուգ խավերով) գույնով ու նախշերով շատ են հիշեցնում չոր տերևը։ Եթե այսպիսի դոդոշը անշարժ գետնին կպչի աշնանային անտառում, ապա նրան երբեք չես տարբերի չոր տերևներից։ Այստեղից էլ ծագում է նրանց անգլիական անունը։ Իսկ գիտական անունը՝ հոնքավոր դոդոշ է, լատիներեն դրանք ավելի հաջող անուն ունեն ― Bufo supercillaris,[2] որովհետև այդպիսի դոդոշն առաջին հայացքից թվում է անսովոր գոռոզ։ Մեծ աչքերի վերևի մաշկն ասես վեր ցցված ու հավաքված է սուր անկյուններով։ Եվ դրանից այն տպավորությունն է ստացվում, թե դոդոշը բարձրացրել է հոնքերն ու աշխարհին նայում է բարձրից, թունոտ սարկազմով։ Լայն ձգված բերանը դոդոշին տալիս է արիստոկրատական ամբարտավանություն․ բերանի անկյունները թեթևակի ցած են կախված, ասես ծիծաղում է․ այսպիսի արտահայտություն ես տեսել եմ աշխարհում էլի մի կենդանու՝ ուղտի մոտ։ Ավելացրեք դրան նաև անշտապ, օրորվող քայլվածքը և ամեն մի երկու֊երեք քայլից հետո նստելու և արհամարհական կարեկցանքով ձեզ նայելու սովորությունը, և դուք կհասկանաք, որ ձեր առջև կանգնած է աշխարհի ամենագոռոզ արարածը։

Իմ երկու չորտերևիկները կողք֊կողքի նստել էին զամբյուղի մեջ, թարմ խոտի վրա, ու ինձ էին նայում ոչնչացնող արհամարհանքով։ Ես թեքեցի զամբյուղը, և նրանք ճոճվելով, իջան հատակին, մի այնպիսի արժանապատվությամբ ու վրդովմունքով, որ ասես երկու լորդմերներ լինեին, որոնց փակել էին հասարակական զուգարանում։ Նրանք մի քանի քայլ հեռացան զամբյուղից և նստեցին, հազիվ շունչ քաշելով․ ըստ երևույթին, ուժասպառ էին եղել։ Տասը րոպե դոդոշները համառորեն նայում էին ինձ և վայրկյան առ վայրկյան ակնհայտորեն ավելի ու ավելի ուժեղ էին արհամարհում։ Հետո մեկը շարժվեց մի կողմ և տեղավորվեց սեղանի ոտքի մոտ, երևի, այն ընդունելով ծառաբնի տեղ։ Երկրորդը շարունակեց դիտել ինձ և հասուն խորհրդածությամբ իմ մասին մի այնպիսի կարծիք կազմեց, որ սիրտը խառնեց, և հատակին հայտնվեցին կիսամարսած մորեխի ու երկու թիթեռի մնացորդները։ Հետո դոդոշն ինձ վրա նետեց հանդիմանական ու տառապալից հայացք և, օրորվելով, գնաց սեղանի ոտքի մոտ, ուր նստած էր ընկերուհին։

Նրանց հարմար վանդակեր ես չգտա, և չորտերևիկները առաջին մի քանի օրն անցկացրին իմ ննջարանում փակված․ այնտեղ նրանք դանդաղ ու մտածկոտ թափառում էին հատակին կամ նստում խոր մտքերի մեջ թաղված, մահճակալի տակ․ մի խոսքով․ անասելիորեն զվարճացնում էին ինձ իրենց վարքուբարքով։ Մեր ծանոթությունից անցել էր ընդամենը մի քանի ժամ, իսկ ես արդեն համոզվել էի, որ խորապես անարդարացի էի իմ հաստլիկ տնվորների նկատմամբ։ Նրանք ամենևին էլ այդքան ինքնահավան ու ամբարտավան չէին, ինչպես ձևանում էին։ Իրականում դրանք խղճուկ ու ամաչկոտ արարածներ էին, հեշտությամբ շփոթվում էին ու պարզապես զուրկ էին ինքնավստահությունից․ ես նույնիսկ կասկածում եմ, որ նրանք տառապում էին անլիարժեքության խորը, անուղղելի կոմպլեքսով, և նրանց անտանելի հպարտ տեսքը՝ սոսկ մի փորձ է աշխարհից թաքցնելու համար խղճուկ իրողությունը։ Նրանք ամենևին էլ ինքնավստահ չեն։ Դա միանգամայն պատահմամբ հայտնաբերեցի իմ ննջարանում նրանց գտնվելու առաջին իսկ երեկոն։ Ես նկարագրում էի նրանց գույնը, իսկ դոդոշները նստել էին իմ ոտքերի մոտ, ու նրանց տեսքն այնպիսին էր, ասես խորհում էին, թե ինչպես պիտի իրենց կենսագրությունը գրեն Լորդերի Գրքում։ Ինձ անհրաժեշտ էր ուշադիր զննել նրանց մարմնի ստորին մասը, ուստի ես կռացա և մեկին բարձրացրի երկու մատով, բռնելով նրա առջևի երկու թաթերի տակից այնպես, որ նա ճոճվեց օդում, և այդ ժամանակ շատ ողորմելի տեսք ուներ․ այդ դիրքով ուղղակի անհնարին է պահպանել արժանապատվությունը։ Նման վերաբերմունքից ցնցված, դոդոշը բարձր, զայրացած ճղավեց և աքացի տվեց օդում ետևի հաստ թաթերով, բայց ինչպե՜ս կարող էր ինձնից պոկվել։ Եվ նա ստիպված էր ճոճվել օդում, քանի դեռ ես չէի վերջացրել զննումս։ Իսկ երբ, վերջապես, նրան դրի իր նախկին տեղը, ընկերուհու կողքին, դա արդեն բոլորովին ուրիշ դոդոշ էր։ Նրա մոտ չէին մնացել նախկին արիստոկրատական մեծամտության նույնիսկ հետքերը, հատակին նստել էր ընկճված, հնազանդ երկկենցաղը։ Դոդոշն ամբողջովին կուչ էր եկել, խոշոր աչքերը տագնապով թարթում էր, ամբողջ էությունը տխրություն ու երկչոտություն էր արտահայտում։ Թվում էր, թե հիմա պիտի լաց լինի։

Այդ վերափոխումը տեղի ունեցավ այնքան հանկարծակի ու անվերադարձ, որ կարելի էր միայն զարմանալ, և որքան էլ դա ծիծաղելի է, ես շատ վշտացա․ ախր, ես էի նրան այդպես ստորացրել։ Որպեսզի թեկուզ ինչ֊որ ձևով պատահածը հարթեմ, ես բարձրացրի երկրորդ դոդոշին, նրան էլ թույլ տվեցի օդում ճոճվել, և սա էլ կորցրեց իր ինքնավստահությունը․ հազիվ էի նրան իջեցրել գետնին, որ նա էլ դարձավ երկչոտ ու ամաչկոտ։ Այսպես նրանք նստել էին ստորացած, դժբախտ և այնքան ծիծաղելի տեսք ունեին, որ ես անտակտորեն ծիծաղեցի։ Նրանց զգայուն հոգիները դրան արդեն չդիմացան․ երկուսն էլ արագ հեռացան ինձանից, թաքնվեցին սեղանի տակ և նստեցին այնտեղ մի կես ժամ։ Հիմա ես գտել էի նրանց գաղտնիքը և կարող էի նրանց խեղճացնել, երբ որ ուզենայի։ Բավական էր մատով թեթևակի թխկացնել նրանց քթին, և նրանք իսկույն մեղավորի պես չորանում էին տեղում, քիչ էր մնում, որ կարմրեին շփոթվելուց և ինձ էին նայում աղերսագին աչքերով։

Ես իմ չորտերևիկների համար պատրաստեցի մի մեծ ու հարմար վանդակ, և նրանք հիանալի տեղավորվեցին այնտեղ․ հոգալով նրանց առողջության մասին, ես ամեն օր թույլ էի տալիս պարտեզ դուրս գալ զբոսանքի։ Ճիշտ է, երբ իմ կենդանիները շատացան, ես այնքան շատ աշխատանք ունեի, որ արդեն չէի կարող կանգնել ու սպասել, թե երբ պիտի իմ արիստոկրատները՝ կապույտ արյունակիրները, օդ շնչեն․ ի մեծ զարմանս նրանց, հարկ եղավ զբոսանքը կրճատել։ Բայց մի անգամ պատահմամբ ես դոդոշների համար պահակ գտա, որի խնամակալության տակ կարող էի հանգիստ թողնել նրանց, չընդհատելով աշխատանքս։ Այդ պահակը կարմիր կապիկ Պավլովան էր։

Պավլովան հազվադեպ ձեռնասուն և շատ բարեկիրթ կապիկ էր, նա աշխուժորեն հետաքրքրվում էր այն ամենով, ինչ տեղի էր ունենում շուրջը։ Երբ ես առաջին անգամ չորտերևիկներին զբոսանքի բաց թողեցի այնտեղ, ուր կապված էր Պավլովան, կապիկը դյութված հետևում էր նրանց, նա կանգնել էր ետևի ոտքերի վրա ու վիզը անընդհատ այս ու այն կողմ էր դարձնում, ձգտելով աչքից բաց չթողնել դոդոշներին, քանի դեռ նրանք հանդիսավոր քայլում էին պարտեզով։ Տասը րոպե հետո ես վերադարձա պարտեզ, որ տեսնեմ, թե ինչպես են այնտեղ իմ դոդոշները, և տեսա, որ նրանք երկուսն էլ մոտեցել են կապկին։

Պավլովան պպզել էր նրանց մեջտեղում, քնքշորեն շոյում էր նրանց և զարմանքից ու հաճույքից ինչ֊որ բան էր բարձր մռթմռթում։ Դոդոշները ծիծաղելիորեն գոհ տեսք ունեին, նրանք նստել էին անշարժ․ այդ շոյանքները ակնհայտորեն բավականություն էին պատճառում նրանց։

Դրանից հետո ես ամեն օր դոդոշներին բաց էի թողնում այնտեղ, ուր կապված էր Պավլովան, և կապիկը նրանց հետևում էր, քանի դեռ նրանք թափառում էին շուրջը։ Տեսնելով նրանց, կապիկը հիացմունքից բացականչում էր, հետո քնքուշ շոյում էր, մինչև որ նրանք անշարժ հիպնոսացվածի նման պառկում էին իր մոտ։ Եթե նրանք շատ էին հեռանում և կարողանում էին թաքնվել պարտեզի թավ թփուտների մեջ, Պավլովան սարսափելի հուզվում էր և ականջ ծակող ձայնով ճչում, ջանալով իմաց անել ինձ, որ իր խնամակալությանը հանձնվածները փախել են, և ես պետք է նրանց բռնեմ ու հետ բերեմ իր մոտ։ Մի անգամ նա ինձ կանչեց, երբ դոդոշները շատ հեռու էին գնացել, բայց ես չէի լսել նրա ճիչը, և երբ ուշացած իջա պարտեզ, կապիկը հիստերիկ դես ու դեն էր նետվում, պարանը ձգելով մինչև վերջ և հուսահատ բղավում էր, իսկ դոդոշները ոչ մի տեղ չէին երևում։ Ես արձակեցի կապկին, և նա անմիջապես ինձ տարավ պարտեզի ծայրի խիտ թփուտը, այնտեղ նա շատ շուտ գտավ փախստականներին և ընկավ նրանց վրա՝ բարձր և ուրախ ճչալով։

Պավլովան սարսափելի կապվել էր այդ դոդոշների հետ։ Եթե միայն տեսնեիք, թե ինչպիսի անհամբերությամբ էր ողջունում նրանց առավոտները, ինչքան քնքուշ էր շոյում, ինչպես էր անհանգստանում, երբ նրանք շատ հեռու էին գնում, դա իրոք հուզիչ տեսարան էր։ Միայն թե նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու նրանք մորթի չունեն, ինչպես կապիկները։ Մատներով շոյում էր նրանց հարթ կաշին, փորձում էր շարժել գոյություն չունեցող մորթին, և նրա սևուկ մռութիկին ակնհայտորեն տագնապ էր երևում․ երբեմն նա կռանում էր և սկսում էր մտածկոտ լիզել նրանց մեջքերը։ Ի դեպ, շատ շուտով նրանց անմազ մեջքերը դադարեցին անհանգստացնել Պավլովային, և նա նրանց հետ վարվում էր քնքուշ ու սիրալիր, ինչպես կվարվեր իր սեփական ձագերի հետ։ Դոդոշներն էլ, իրենց հերթին, նույնպես կապվել էին կապկի հետ, թեև նա էլ երբեմն ստորացնում էր իրենց արժանապատվությունը։ Հիշում եմ, մի անգամ առավոտյան ես նրանց լողացրի, պատճառելով մեծ հաճույք, իսկ պարտեզից տուն տանող ճանապարհին նրանց փորերին հող ու մանր փշեր էին կպել։ Դա շատ վշտացրեց Պավլովային․ նա ուզում էր, որ իր սիրեցյալները միշտ մաքուր ու կոկիկ լինեն։ Եվ ահա ես ականատես եղա մի այսպիսի տեսարանի․ կապիկը նստել էր արևի տակ, ետևի ոտքերը, ինչպես պատվանդանի վրա, դրված էին մի դոդոշի մեջքին, իսկ մյուս չորտերևիկը կախված էր օդում, կապիկը նրան պահել էր ամենաանհարմար ու ստորացուցիչ դիրքով։ Դոդոշը դանդաղ պտտվում էր օդում, իսկ կապիկը խնամքով հավաքում էր նրա վրայից աղբը և ամբողջ ժամանակ ծվծվում էր, մռմռում ու ինչ֊որ բան բացատրում։ Վերջացնելով իր դոդոշին մաքրելը, Պավլովան նրան դրեց գետնին, որտեղ նա նստեց լուռ, ընկճված, և զբաղվեց մյուսով՝ բարձրացնելով նրան օդ, ստիպեց կրել այդ նույն ստորացումը։ Այո՛, Պավլովայի ներկայությամբ չորտերևիկները ոչ մի կերպ չէին կարողանում դրսևորել իրենց արիստոկրատական գոռոզամտությունը։


Գլուխ երկրորդ

Բաֆուտի Քերծեները


Բաֆուտի կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչներին որսալու համար իմ տրամադրության տակ կային չորս որսորդ, նրանց ինձ ուղարկել էր Ֆոնը, իսկ նրանցից բացի՝ վեց հյուծված, անճոռնի շներ․ շների տերերը ինձ հավատացնում էին, թե դրանք ամենալավ որսի շներն են ամբողջ Արևմտյան Աֆրիկայում։ Այս ամբողջ խայտաբղետ խումբը ես անվանեցի Բաֆուտի Քերծեներ։

Որսորդները, իհարկե, չէին հասկանում այդ անունը․ բայց նրանով չափազանց հպարտանում էին, և մի անգամ ես լսեցի, թե ինչպես նրանցից մեկը հարևանի հետ վիճելիս բարձր ու վրդովված հայտարարեց․ «Դու ինձ վրա մի բղավիր, բարեկամս։ Չգիտե՞ս, որ ես էլ եմ Բաֆուտի Քերծե»։

Մենք այսպես էինք որս անում․ գնում էինք մի հեռու հովիտ, կամ լեռ և ընտրում էինք մի այնպիսի տեղ, ուր խոտն ու թփուտներն ավելի խիտ էին։ Այնտեղ կիսալուսնաձև փռում էինք ցանցերը և հետո շների հետ գնում անտառի ծայրը ու դեպի ցանցերն էինք քշում այն ամենը, ինչ հանդիպում էր։ Յուրաքանչյուր շան վզից կախված էր փայտե փոքրիկ զանգուլակ, և երբ ամբողջ ոհմակը թաքնվում էր բարձր խոտերի մեջ, այդ զանգերի բարձր զնգզնգոցից միշտ կարելի էր որոշել, թե որտեղ են շները։ Որսի այսպիսի եղանակը շատ հարմար էր, ես միշտ տեղում էի լինում ու կարողանում էի իսկույնևեթ զբաղվել բռնած կենդանիներով․ դրանց անմիջապես տանում էինք Բաֆուտ և առանց հապաղելու տեղավորում հարմար վանդակի մեջ։ Մենք նրանց տեղափոխում էինք օդի համար անցքեր ունեցող պարկերով (այդ անցքերը երիզված էին լինում լատունի օղակներով, որպեսզի անհնար լինի պատռել ներսից)․ ավելի խոշոր և կատաղի գազանների պարկերը կարված էին լինում բրեզենտից կամ կոշտ կտավից, իսկ մանր ու անվնասներինը՝ փափուկ կտորից։ Հարմարվելով մութ պարկի մեջ, մեր գերիները, որպես կանոն, դադարում էին դեսուդեն խփվել և հանգիստ պառկում էին այնքան ժամանակ, մինչև որ ընկնում էին վանդակի մեջ։ Կենդանու համար ամենասարսափելին այն պահերին էին, երբ նրան հանում էին ցանցից, բայց արդեն շատ շուտով մենք այնպես էինք հմտացել, որ դա անում էինք շատ ճարպկորեն․ մեկ րոպե՝ և արդեն կենդանին բռնված էր, ցանցից հանված ու պարկի մեջ։

Առաջին օրը, երբ ես ճամփա ընկա Բաֆուտի Քերծեների հետ, որսորդներն այնպես էին զինվել, ասես մենք պատրաստվում էինք առյուծի որսի։ Սովորական դանակներից բացի, նրանք վերցրել էին նիզակներ ու կայծքարի հրացան։ Ես ամենևին էլ չէի ցանկանում, որ ինչ֊որ մեկի անզգուշության պատճառով կողքիս մեջ խրվեին ժանգոտված մեխեր կամ էլ քարե գնդիկներ, ուստի չնայած որսորդների լալագին աղերսանքներին, պնդեցի, որ զենքերը թողնեն տանը։ Որսորդներն ուղղակի սարսափեցին իմ որոշումից։

― Մասա, ― աղերսագին ասաց մեկը, ― եթե մեզ հանդիպի վտանգավոր որս, ինչպես մենք նրան խփել, եթե հրացան պառկել այստեղ։

― Եթե մենք հանդիպենք վտանգավոր որսի, մենք նրանց չպետք է սպանենք, այլ բռնենք, ― վճռականորեն բացատրեցի ես։


― Իսկ մասան բռնի՞ վտանգավոր որս։

― Ճիշտ այդպես, բարեկամս, իսկ եթե դու վախենում ես, մի գա մեզ հետ, հասկացա՞ր։

― Մասա, ես չեմ վախենում, ― վրդովված ավելացրեց որսորդը։ ― Բայց որ հանդիպել վտանգավոր որս և նա սպանի մասա, Ֆոնը շատ բարկանալ մեզ վրա։

― Լռիր, բարեկամս, ― ասացի ես և հանեցի որսորդական հրացանս։ ― Ես հրացան կվերցնեմ։ Եվ այդ ժամանակ, եթե որսը սպանի ինձ, դա արդեն ձեր հոգը չէ, հասկացա՞ր։

― Ես հասկացա, սըր։

Առավոտը դեռ նոր էր բացվել, և արևը դեռ չէր բարձրացել Բաֆուտը շրջապատող լեռնաշղթաների վրա։ Երկինքը նուրբ վարդագույն երանգ ուներ, և այս ու այնտեղ սպիտակին էին տալիս ժանեկավոր ամպերը։ Հովիտներն ու լեռները դեռ պարուրված էին վաղորդյան մշուշով։ Ճանապարհի երկայնքով փռված բարձր ոսկեզօծ խոտը խոնարհվել էր ցողի ծանրությունից։ Որսորդները իրար ետևից գնում էին առջևից, իսկ շները մերթ վազում էին թփուտները, մերթ վերադառնում, և նրանց զանգուլակները ուրախ զնգզնգում էին չորս կողմից։ Վերջապես մենք ճանապարհից թեքվեցինք նեղ ու ոլորուն արահետը, որ անցնում էր բլուրների միջով։ Այստեղ մշուշն ավելի խիտ էր, բայց սահում էր ցածր, գրեթե գետնահար։ Նա բոլորովին ծածկել էր մեր ոտքերը, և դա շատ տարօրինակ էր․ ասես քայլում ես հարթ ու փրփրադեզ լճի միջով։ Ցողից խոնավացած բարձր խոտը խշխշում էր ներբաններիս տակ, իսկ շուրջը, այդ կաթնասպիտակ մշուշի խորքերում, մերթ ընդ մերթ պոռթկում էր ծիծաղը՝ այդ փոքրիկ գորտիկներն էին ծիծաղում ինչ֊որ բանի վրա, որը հասկանալի էր միմիայն իրենց։ Ահա և արևը բարձրացավ հեռավոր լեռների լանջերին, ասես մի հսկա սառած նարինջ, րոպե առ րոպե նրա շողերը տաքացնում էին ավելի ուժգին, մշուշն սկսեց բարձրանալ ու, թեթև պարույրներով և օղակներով, ձգվեց դեպի վեր․ շուտով արդեն թվում էր, թե մենք քայլում ենք տեսլային սպիտակ ծառերի միջով, որոնք ոլորվում, թեքվում, ընկնում ու նորից բարձրանում էին հրաշքով, ամեոբայի թեթևությամբ փոխելով իրենց ձևը, և ձգվում վեր, ասես պտուտակվում էին օդի մեջ։

Երկու ժամ հետո հասանք այն տեղը, որ որսորդները ընտրել էին մեր առաջին որսի համար։ Այդ բավականին լայն ու խոր հովիտն ընկած էր երկու բլուրների միջև, փոքր֊ինչ գալարվելով աղեղի նման։ Փոքրիկ գետակը իր համար ճանապարհ էր բացել հովտի հատակում, սև քարակոշտերի ոսկեզօծ մարգագետինների միջև։ Գետակը փայլում էր արևի տակ, ապարե բարակ սարդոստյանի պես։ Հովիտն այստեղ գրեթե ամբողջովին ծածկված էր խիտ, անանցանելի բարձր խոտով և մանր թփուտներով։ Տեղ֊տեղ ստվեր գցելով խոտի վրա, կանգնած էին ավելի բարձր թփերն ու դալար ծառերը։

Մենք իջանք հովիտ և մի հարյուր յարդ լայնությամբ փռեցինք ցանցերը։ Հետո որսորդները կանչեցին շներին և գնացին դեպի հովտի մուտքը, իսկ ես մնացի ցանցերի մոտ։ Կես ժամ լռություն էր տիրում․ որսորդները շների հետ դանդաղ մոտենում էին ցանցերին, միայն շների փայտե զանգուլակներն էին զնգզնգում, մեկ էլ լսվում էր մի որևէ անհաջողակ որսորդի թունդ հայհոյանքը, որը ոտքը դրել էր փշի վրա։ Ես արդեն սկսեցի մտածել, որ մենք այսօր ոչինչ չենք որսա, երբ հանկարծ որսորդները մոլեգին աղմուկ բարձրացրին, իսկ շները սկսեցին կատաղած հաչալ։ Նրանք ցանցերից դեռ շատ հեռու էին, և ես ոչինչ չէի տեսնում ծառերի ետևում։

― Ի՞նչ է պատահել, ― գոռացի, փորձելով իմ ձայնով լռեցնել այդ ամբողջ աղմուկը։

― Այնտեղ որս կա, մասա, ― լսվեց պատասխանը։

― Ես համբերությամբ սպասում էի, և վերջապես ծառերի ետևից երևաց վազելուց շնչահեղձ եղած որսորդը։

― Մասա, տուր ինձ այ այն փոքրիկ ցանցը, ― ասաց նա ցույց տալով մանր ցանցերը, որ խնամքով դրված էին պարկերի կողքին։

― Իսկ ի՞նչ որս եք այնտեղ գտել, ― հարցրի ես։

― Սկյուռ, սըր։ Նա փախավ ծառի վրա։

Ես վերցրի բրեզենտե հաստ պարկը և թփերի միջով գնացի նրա հետևից դեպի ծառերը։ Այստեղ խռնվել էին որսորդները, նրանք խոսում էին բոլորը միասին և կատաղի վիճում էին, թե ինչպես ավելի լավ է բռնել գազանիկին, իսկ շները հաչում էին և ցատկոտում ոչ մեծ ծառի շուրջը։

― Ո՞ւր է ձեր որսը, ― հարցրի ես։

― Նա այնտեղ, մասա վերևում։

― Լավ որս է, մասա։

― Մենք հիմա նրան բռնել, մասա։

Ես մոտեցա ուղղակի ծառաբնին, գլուխս վեր տնկեցի և սկսեցի նայել տերևներին․ մոտ քսան ոտնաչափ մեզնից վեր, ճյուղի վրա, նստել էր մեծ ու գեղեցիկ սկյուռը։ Մոխրագույն֊բծավոր մորթիով, կողերին՝ սպիտակ գծեր, իսկ թաթերը՝ նարնջագույն։ Պոչը երկար էր, բայց ոչ փափկամազ, լայնակի զոլերով, ասես բաց մոխրագույն և սև օղակներ լինեին։ Սկյուռը նստել էր ծառին, պոչը թափահարում էր մեզ վրա և բավական բարկացած գոռում՝ «Չա՛կ, չա՛կ», ասես մենք նրան ոչ թե վախեցրել էինք, այլ զայրացրել։ Մենք սկսեցինք ցանցերը փռել ծառի բնից տասը ոտնաչափ տարածությամբ, իսկ սկյուռը հետևում էր մեզ չար հայացքով։ Հետո մենք կապեցինք շներին, և ես որսորդներից ամենափոքրամարմնին կարգադրեցի բարձրանալ ծառը և սկյուռին քշել ցած։ Գործողության երկրորդ մասը առաջարկվեց իրենց՝ որսորդների կողմից։ Ես կարծում էի, որ սկյուռի հետ ծառի վրա հաշիվ մաքրելը անիրականանալի խնդիր է, բայց որսորդները հավատացնում էին, որ եթե որևէ մեկը բարձրանա ծառը, սկյուռն անպայման ցած կիջնի։ Եվ նրանք միանգամայն իրավացի էին․ որսորդը դեռ չէր հասցրել հասնել վերին ճյուղերին ծառաբնի մի կողմից, երբ սկյուռը նրա մյուս կողմից նետվեց ցած։ Ուղղակի հրա՜շք։ Ինչպե՜ս նա կռահեց նետվել այն միակ տեղը, ուր ցանցը մի քիչ պատռված էր, դուրս պրծավ անցքի միջից ու փախավ խոտի վրայով, իսկ մենք, գլուխներս կորցրած, ընկանք նրա ետևից․ վազում էինք ու բոլորս բղավում ամեն տեսակ խելացի խորհուրդներ ու կարգադրություններ, և, իհարկե, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում դրանց վրա։ Հենց նոր էինք դուրս եկել թփերի տակից, երբ տեսանք մեր սկյուռին, որը վեր էր մագլցում մի ուրիշ ոչ բարձր ծառաբնի վրայով։

Մենք նորից ցանցերը փռեցինք, և նորից որսորդը ծառը բարձրացավ, որ սկյուռին ցած քշի։ Բայց այս անգամ սկյուռն ավելի խորամանկ դուրս եկավ․ նկատելով, որ հսկում ենք ցանցի անցքին, որտեղից ինքը դուրս պրծավ առաջին անգամ, նա բնի վրայով իջավ ցած, գնդակի նման սեղմվեց ու թռավ։ Կես դյույումի չափ թռչելով օդում ցանցի վրայով, նա իջավ ցանցի մյուս կողմը։ Մյուսներից ավելի մոտ կանգնած որսորդը հուսահատ ցատկ կատարեց, բայց վրիպեց, և սկյուռը փախավ հեռու, զայրացած շարունակելով իր «Չա՛կ, չա՛կը»։ Այս անգամ նա ուրիշ տակտիկա ընտրեց․ փոխանակ ծառը բարձրանալու, խցկվեց արմատների միջև եղած փոսի մեջ։

Եվ նորից մենք ցանցերով շրջապատեցինք ծառը ու սկսեցինք երկար ու բարակ ճիպոտներով փորփրել արմատների լաբիրինթոսը, որտեղ նա թաքնվել էր։ Բայց դրանից էլ բան դուրս չեկավ, միայն «Չա՛կ, չա՛կն» ավելի հաճախ սկսեց լսվել, և մենք շուտով նահանջեցինք։ Մեր հաջորդ փորձը, սակայն, ավելի հաջող ստացվեց․ ամենամեծ ճեղքի մեջ մտցրինք այրվող խոտի մի փունջ, և խեղդող ծուխը տարածվեց լաբիրինթոսի բոլոր ոլորաններով ու մուտքերով մեկ։ Մենք լսեցինք զայրացած փռշտոց ու հազ։ Վերջապես սկյուռը չդիմացավ և դուրս թռավ արմատների տակից, գլխով ուղղակի դեպի ցանցը։ Բայց այստեղ էլ նա դեռ չհանձնվեց, մինչ նրան կհանեինք ցանցից, նա կծեց ինձ և երկու որսորդի ևս, իսկ երբ նրան մտցրինք բրեզենտե պարկը՝ կծեց երրորդին։ Հետո ես պարկը կախեցի մոտակա թփի ճյուղից, և մենք բոլորս նստեցինք ծխելու, մեր կրած տանջանքից հետո դա ուղղակի անհրաժեշտ էր, իսկ սկյուռիկը նայում էր մեզ ճեղքի լատունե անցքից և զայրույթով գոռում, ասես մեզ մարտակոչ էր անում՝ ապա փորձեց բաց անել պարկը և ինձ հետ հանդիպել դեմ առ դեմ։

Շերտավոր գետնասկյուռները լայնորեն տարածված են Արևմտյան Աֆրիկայի կանաչ հարթավայրում, բայց ես շատ գոհ էի, որ գոնե մեկին բռնեցի, դրանցից ես դեռ չէի ունեցել։ Ինչպես երևում է նրանց անունից, այս սկյուռներն ապրում են գրեթե բացառապես գետնի վրա, և ես խիստ զարմացա, որ մեր սկյուռը փորձում էր ապաստան գտնել ծառի վրա։ Հետագայում համոզվեցի, որ բոլոր այն սկյուռները, որ ապրում են մարգագետիններում (դրանց մեծ մասը իսկապես գետնասկյուռներ են), վտանգի պահին նետվում են ծառերի վրա և միայն ամենածայրահեղ դեպքում են փրկություն փնտրում արմատների մեջ կամ էլ փտած ծառերի փչակներում։

Վերջապես, կապեցինք մեր վերքերը, ծխեցինք ու իրար շնորհավորեցինք առաջին որսի առթիվ, հետո մեծ ցանցը առաջ շարժեցինք հովտի միջով ավելի հեռու․ այստեղ խոտը խիտ էր, խճճված, բարձրությունը հասնում էր գրեթե վեց ոտնաչափի։ Սա հիանալի տեղ էր հատուկ որսի համար, ասացին ինձ որսորդները, թեև, միանգամայն հասկանալի զգուշավորությամբ, չցանկացան ճշտել, թե հատկապես ինչպիսի որսի։ Մենք ցանցերը փռեցինք, ես տեղավորվեցի մի հարմար տեղ, կենտրոնում, հենց աղեղի տակ, որպեսզի անմիջապես այնտեղից հանեմ այն, ինչ որ կընկնի ցանցը, իսկ որսորդները վերցրին շներին ու գնացին մոտավորապես հովտից չորս մղոն հեռու։ Բարձր, երկարաձիգ կանչով նրանք ինձ իմաց տվին, որ սկսել են մտնել խիտ խոտի մեջ, և ապա լռություն տիրեց․ միայն չորս կողմը ճռճռում ու խշխշում էին անհամար մորեխներն ու ճպուռները, և հեռվից հազիվ լսվում էր շների զանգուլակների ձայնը։ Անցավ կես ժամ։ Ոչ մի բան։ Ամեն կողմից ինձ նեղում էր բարձր խոտի խշշացող թավուտը՝ այնքան խիտ ու հոծ, որ երկու քայլից այն կողմ արդեն ոչինչ չէր երևում։

Փոքրիկ բացատը, ուր ես նստել էի, տոթից այրվում էր։ Սարսափելի ծարավ էի․ շուրջս նայեցի և հանկարծ հիշեցի, որ իմ հոգատար խոհարարը պարկերից մեկի մեջ էր խոթել թեյով լի թերմոսը, իսկ ես այդ մասին բոլորովին մոռացել էի։ Ես երախտապարտությամբ հանեցի թերմոսը՝ պպզեցի բարձր խոտերի մեջ, բացատի եզրին, և թեյ լցրեցի թերմոսի բաժակի մեջ։ Խմեցի, նայեցի չորս կողմը և հանկարծ ուղիղ իմ դիմաց, խոտի հոծ պատի մեջ տեսա նեղ, մութ անցք․ խոտի անտառում դա ակնհայտորեն բացել էր ինչ֊որ գազան, ու ես որոշեցի, որ թեյը խմելուց հետո հետազոտեմ այդ անցքը։

Չհասցրեցի երկրորդ բաժակը լցնել, երբ աջից, ուղղակի կողքիս կատաղի աղմուկ ու աղաղակ լսվեց։ Որսորդներն ականջ ծակող բացականչություններով քաջալերում էին շներին, իսկ շները հաչում էին տարօրինակ հաչոցով։ «Ի՞նչ է կատարվում այնտեղ», ― մտածեցի ես, և հանկարծ խոտի մեջ խշշոց լսվեց․ ես առաջ շարժվեցի դեպի մութ անցքը, հուսալով, որ կտեսնեմ, թե ինչ է այնտեղ խշշում։ Հանկարծ խոտը բացվեց, այնտեղից դուրս թռավ ինչ֊որ մուգ մոխրագույն բան ու նետվեց ուղիղ ինձ վրա։ Ես բոլորովին չէի սպասում հարձակման, դեռ ավելին՝ պպզել էի ու մի ձեռքումս պահել թերմոսը, իսկ մյուսում տաք թեյով բաժակը։ Կենդանին, որը վախիցս ինձ երկու անգամ ավելի մեծ թվաց կուղբից, թռավ ուղղակի կրծքիս վրա․ անսպասելիությունից ես մեջքիս վրա ընկա, գազանիկը կանգնել էր փորիս, իսկ տաք թեյը թերմոսից լցվում էր ուղիղ ծնկներիս։ Մենք երկուսս էլ հավասարապես զարմացած էինք և, թվում է, միանման էլ ճչացինք վախից։ Ձեռքերս զբաղված էին, ես փորձում էի գազանիկին սեղմել արմունկներով, բայց նա ռետինե գնդակի պես թռավ վրայիցս և ծլկեց խոտի մեջ։ Ցանցը մի տեղում սկսեց ցնցնվել ու ձգվել ու ինձ հասավ հուսահատ վնգոցը․ երևում էր, իմ անծանոթն ընկել էր ուղիղ ցանցի մեջ։ Ես կանչեցի որսորդներին ու թավ խոտերի միջով դժվարությամբ դուրս եկա ճիշտ այնտեղ, ուր շարժվում էր ցանցը։ Գազանիկը հիմնովին մոլորվել էր ու, կուչ եկած, ցնցվում էր, վախեցած փնչացնում, ատամներով ջանալով կրծել ցանցի օղակները։ Այժմ արդեն ես լավ նայեցի նրան, ցանցի մեջ ընկել էր շատ մեծ եղեգնառնետ, կենդանի, որ աֆրիկացիներին հայտնի է խոտահատ անունով, ինչը շատ ճիշտ տալիս է նրա սովորությունները։ Իր մեծ, հիանալի զարգացած կտրիչներով խոտահատն անցնում է մարգագետիններով, ցանված արտերով՝ ինչպես խոտհնձիչ։ Նրա երկարությունը ավելի քան երկու ոտնաչափ է, և ծածկված է շագանակագույն կոշտ մորթով։ Դունչը կլոր է, ինչպես կուղբինը, փոքրիկ ականջները կիպ սեղմված են, պոչը հաստ է, առանց մազերի, մեծ թաթերը նույնպես մազածածկ չեն։ Ինչպես երևում է, նա մահու չափ վախեցած էր ինձանից, և ես չմոտեցա նրան, մինչև չհասան որսորդները, վախենալով, որ նա հանկարծ դուրս կպրծնի ցանցից։ Առնետը պառկել էր և դողալով ցնցվում էր, երբեմն վեր էր թռչում, ջանում էր ցատկել օդի մեջ, և ամեն անգամ դա անելիս հուսահատ կաղկանձում էր։ Ես լուրջ անհանգստանում էի․ հանկարծ սիրտը չպայթի՞։ Միայն շատ հետո, երբ ավելի մոտիկից ծանոթացա եղեգնառնետների հետ, իմացա, որ այդպիսի հիստերիկայով նրանք դիմավորում են ամեն մի նոր, անսովոր թշնամու, հավանաբար, նրան վախեցնելու համար։ Իսկ իրականում եղեգնառնետը ամենևին էլ երկչոտ չէ և չի հապաղի իր հսկայական կտրիչները խրել ձեր ձեռքի մեջ, եթե դուք ձեզ թույլ տաք նրա հետ ազատ վարվել։ Ես պատկառելի հեռավորության վրա մնացի այնքան ժամանակ, մինչև որսորդները մոտեցան։ Հետո մենք ընդհանուր ջանքերով առնետին հանեցինք ցանցից։

Երբ նրան հանեցինք ու սկսեցինք դնել ամուր պարկի մեջ, առնետը հանկարծ հուսակտուր թպրտաց իմ ձեռքերում․ ես նրան ամուր սեղմեցի, և, ի զարմանս իմ, ձեռքումս մնաց բրդի մի մեծ փունջ։ Վերջապես, մենք խոտահատին հաջող մտցրինք պարկը, իսկ ես նստեցի ու սկսեցի դիտել բուրդը, որն ակամա պոկել էի իմ գիրուկ գերյալից։ Բուրդը երկար էր ու բավական կոպիտ, խոզի մազի պես, արմատները, երևում է, թույլ էին, դեռ չձգած՝ թափվում էին փունջ֊փունջ։ Առնետի բուրդը նորից աճում է շատ դանդաղ, և քանի որ ճաղատ եղեգնառնետին ոչ մի կերպ չի կարելի գեղեցիկ անվանել, նրա հետ պետք է վարվել ծայրաստիճան զգույշ։

Որսալով եղեգնառնետին, մենք դանդաղ առաջ շարժվեցինք հովտով, ժամանակ առ ժամանակ ցանցերը փռելով և կասկածելի թփերն ու կարճլիկ ծառերը խուզարկելով։ Երբ պարզվեց, որ այստեղ արդեն ոչինչ չկա, մենք հավաքեցինք ցանցերը և ուղղվեցինք դեպի մեծ բլուրը, որ գտնվում էր հովտից կես մղոն այն կողմ։ Այդ բլուրը հազվադեպ պատահող ուղիղ ձև ուներ, և իմ մտքում իսկույն այն պատկերացավ որպես շիրմաթումբ, որի տակ թաղված էր վաղո՜ւց անցած֊գնացած ժամանակներում այս կողմերում թափառող ինչ֊որ հսկա։ Ամենավերևում բարձրանում էր քարակոշտերի կույտը, յուրաքանչյուրը մի տան մեծության, և թվում էր, թե այստեղ հուշարձան են կանգնեցրել։ Նեղ ծերպերում ու քարակոշտերի արանքներում աճել էին բարալիկ ծառեր, դրանց բները ծռված ու ոլորված էին ամեն տեսակ քամիներից, բայց յուրաքանչյուրի վրա փայլում էր վառ ոսկեգույն պտուղների ողկույզը։ Բարձր խոտի մեջ, ծառերի ստորոտում, երևում էին մանուշակագույն ու դեղին խոլորձեր, իսկ տեղ֊տեղ այդ վիթխարի քարերը ծածկված էին խիտ աճած ինչ֊որ գալարախոտի հաստ գորգով։ Նրա ցողուններից կախվել էին փղոսկրի գույնի զանգակածաղիկներ։ Այդ սրագագաթ ժայռերը, վառ ծաղիկներն ու տարօրինակ ծռված ծառերը զարմանալի տեսարան էին կազմում իրիկնային երկնակամարի բոսորակապույտ ֆոնի վրա։

Մենք բարձրացանք բլուրը և ծալապատիկ նստեցինք բարձր խոտերի մեջ, քարերի ստվերում, որ հաց ուտենք։ Շուրջը, որքան աչքդ կտրում էր, տարածվում էին լեռնային մարգագետինները, ծաղիկներն ու խոտերը օրորվում էին քամուց, նրանց գույները փայլում ու շողշողում էին, րոպե առ րոպե երանգափոխվելով։ Բլուրների կատարները բաց ոսկեգույնից աստիճանաբար փոխվում էին սպիտակի, իսկ նուրբ կապտականաչավուն հովիտները տեղ֊տեղ մթնում էին, երբ նրանց վրայով հանդիսավոր, լողում էր ամպակույտը, իր հետևից թողնելով մանուշակագույն ստվեր։ Ուղիղ մեր դիմաց, երկնքում պարզորոշ ուրվագծվում էին լեռնաշղթաները, նրանց լանջերը գրեթե ծածկված էին վիթխարի գլաքարերով, որոնց արանքներում տեղ֊տեղ աճել էին նոսր ծառեր։

Լեռները սահուն կլորանում էին, նրանք զարմանալիորեն գեղեցիկ ձևեր ունեին, ծածկված էին ամենաբազմազան երանգների՝ կանաչ, ոսկեգույն, ծիրանի ու սպիտակ գույնի խոտով, և, թվում էր, օվկիանոսային վիթխարի ալիքն է այդտեղ փրփրում։ Այն բարձրանում էր քարերի ու թփերի թույլ պատնեշի վրայով, և ասես ահա ուր որ է պիտի փլվեր ցած։ Այդ բարձրունքներն արտասովոր հանգիստ էին, խաղաղ, լռությունը միայն քամին էր խախտում, նետվելով այս ու այն կողմ, ստիպելով ամեն մի խոտի երգելու իր սեփական երգը։ Քամին սանրում էր խոտը, և այն նուրբ խշխշում էր, քամին խրվում էր քարերի մեջ, հասնում լեռների ճեղքերին ու ծերպերին, և այնտեղից լսվում էին բվի աղերսագին հառաչի և անզուսպ քրքջի նման ձայներ, քամին կռացնում ու պտտում էր համառ ու ամուր ծառերը, նրանք ճոճվում էին ու տնքում, իսկ տերևները դողում էին ու մլավում կատվի ձագերի նման։ Եվ, այնուամենայնիվ, այդ անորոշ ձայները ոչ թե խախտում, այլ ավելի շուտ ընդգծում էին մարգագետինների լռությունը։

Հանկարծ լռությունը խախտվեց, ժայռերի հոծ խմբերի ետևից տարածվեց սարսափելի ոռնոց։ Ես դժվարությամբ հասա այնտեղ և տեսա, որ քարակոշտի ստորոտում իրար գլխի էին հավաքվել որսորդներն ու շները։ Երեք որսորդ ինչ֊որ բանի շուրջ կատաղի վիճում էին, իսկ չորրորդը ցավից նվվում էր ու տեղում թռչկոտում։ Նրա ձեռքի վերքից արյուն էր հոսում։ Հուզված շները թռչկոտում էին չորս կողմը ու մոլեգին հաչում։

― Ի՞նչ է պատահել, ― հարցրեցի ես։

Չորսն էլ միասին շրջվեցին իմ կողմը, և ամեն մեկը սկսեց յուրովի պատմել, թե ինչ է եղել, ամեն մեկը բղավում էր ինչքան ուժ ուներ, ջանալով ավելի բարձր գոռալ մյուսներից։

― Ինչո՞ւ եք այդպես բղավում։ Ինչպես հասկանամ ձեզ, երբ բղավում եք բոլորդ միասին, ոնց որ կանայք, ― ասացի ես։

Այս ձևով լռության հասնելով, ես դիմեցի արյունլվիկ որսորդին։

― Այդ ինչպե՞ս դու վիրավորվեցիր, բարեկամս։

― Մասա, որսը ինձ կծել։

― Որսը՞, ի՞նչ որս։

― Է, մասա, ես չգիտեմ, նա շատ ուժեղ կծեց, սըր։

Ես զննեցի նրա ձեռքը և համոզվեցի, որ ափից շատ խնամքով կտրված էր շիլինգի չափ մի կտոր։ Որսորդին ցույց տվեցի առաջին պարզագույն օգնությունը և սկսեցի հարցնել, թե ինչ կենդանի է նրան կծել։

― Որտեղի՞ց եկավ այդ որսը։

― Այ այն անցքից, սըր, ― պատասխանեց վիրավորը և ցույց տվեց բարձր ժայռի ստորոտի խոր ճեղքը։

― Իսկ դու չգիտե՞ս, թե ինչպես է կոչվում այդ որսը։

― Ոչ, սըր, ― հուզված ասաց վիրավորը։ ― Ես նրան չտեսնել․ ես եկա այդ տեղը և տեսնել անցքը։ Ես մտածեցի, որ այդ անցքը լինել որս և մտցրի ձեռքս․ նա էլ ինձ կծել։

Ես շրջվեցի դեպի մյուս որսորդները։

― Ահա, ― ասացի ես, ― այս մարդը վախ չգիտե․ նա սկզբում չնայեց որջի ներսը, վերցրեց ու ձեռքը մտցրեց անտեղ, որսն էլ նրան կծեց։ ― Որսորդները քահ֊քահ ծիծաղեցին, ես նորից շրջվեցի դեպի տուժած որսորդը․

― Ուրեմն դու ձեռքդ մտցրիր որջը, այնպես չէ՞։ Բայց չէ՞ որ այդպիսի տեղերում կարող է և օձ լինել, ճի՞շտ է։ Իսկ եթե օձը կծի քեզ, դու ի՞նչ կանես։

― Ես չգիտեմ, մասա, ― ասաց նա ու մռայլվեց։

― Բարեկամս, ինձ ամենևին էլ պետք չէ մեռած որսորդ, այնպես որ դու այլևս նման հիմարություններ չանես, հասկացա՞ր։

― Հասկացա, սըր։

― Դե, ուրեմն լավ։ Այժմ արի նայենք, թե ինչ վտանգավոր որս է քեզ կծել։

Ես պարկից հանեցի ջահը, կռացա երկտակ և նայեցի որջի ներսը․ ջահի լույսի տակ սկզբում փայլատակեցին արյունակալած աչքերը, հետո դուրս ցցվեց սուր ու կարմրավուն դնչիկը չարագուշակ ու սուր վնգաց ու անհետացավ որջի խավարում։

― Հա՜, ― բացականչեց որսորդներից մեկը, լսելով վնգոցը։ ― Դա «բուշ դոգ է», շատ ուժեղ կատաղած որս։

Դժբախտաբար, «բուշ դոգ» (անտառային շուն) այս տեղերում անխտիր կոչում են ամենատարբեր մանր կաթնասուններին, դրանցից միայն քչերն են թեկուզ և հեռավոր չափով շներին ցեղակից։ Ուստի որսորդի բացատրությունը ամենևին էլ ինձ չլուսավորեց, ես այդպես էլ չհասկացա, թե դա ինչ գազան էր։ Մենք մի քիչ խորհրդակցեցինք և որոշեցինք, որ գազանիկին որջից դուրս գալ ստիպելու միայն մի հաստատ ճանապարհ կա․ պետք է խարույկ վառել հենց որջի մուտքի առաջ և տերևների խրձով ծուխը մղել ներս։ Այդպես էլ արեցինք, նախապես մուտքի դիմաց կախելով մի ոչ մեծ ցանց։ Ծխի առաջին քուլան քարի ճեղքից դեռ ներս չէր մտել, որ գազանիկը այնտեղից դուրս թռավ ուղիղ ցանցի մեջ մի այնպիսի ուժով, որ ցանցն իր ամրակներից դուրս թռավ, և գազանիկը նրա հետ միասին բարձր խոտերի վրայով գլորվեց ցած։ Շները խլացուցիչ աղմուկով ընկան նրա ետևից, մենք էլ՝ նրանց, ամեն տեսակ սպառնալիքներ գոռալով շների վրա, որ նրանք չհամարձակվեն ձեռք տալ փախստականին։ Սակայն շատ շուտով պարզվեց, որ գազանիկը կարող է գերազանց կերպով ինքն իրեն պաշտպանել ու ամենևին էլ մեր օգնության կարիքը չի զգում։

Նա գցեց իր վրայից ցանցը, կանգնեց ետևի թաթերի վրա, և այստեղ մենք տեսանք, որ մեր առջև կանգնած է թզուկ մանգուստան։ Շիկակարմիր գեղեցիկ գազանիկը կզաքիսի չափ էր։ Նա այդպես էլ մնաց կանգնած, թեթև օրորվելով մի կողմից մյուսը, բերանը լայն բացած, այնպիսի բարձր ու ականջ ծակող ճիչեր արձակելով, որ ես կյանքումս չէի լսել մի այդպիսի փոքրիկ գազանիկից։ Շները միանգամից կանգ առան և քարացած նայեցին մանգուստային, իսկ սա շարունակ օրորվում էր մեր առջև ու ճղճղում։ Մյուսներից ավելի համարձակ մի շուն զգուշորեն առաջ շարժվեց և ցանկացավ հոտոտել այդ տարօրինակ արարածին, բայց մանգուստան, երևում էր, հենց դրան էր սպասում․ նա կրծքի վրա թրմփաց խոտին, սողալով սահեց առաջ, գալարվելով օձի պես, հետո անհետացավ բարձր ցողունների արանքում և հանկարծ նորից հայտնվեց ամբողջ ոհմակի ոտքերի մոտ։ Այստեղ նա պտտվեց հոլի նման, խլացնելով մեզ ահավոր ղժղժոցով, և միաժամանակ ատամները խրելով ամեն մի ոտքի կամ թաթի մեջ, որ աչքը տեսնում էր։ Շներն ամեն կերպ ջանում էին դուրս պրծնել նրա սուր ատամներից, բայց դա հեշտ չէր, չէ՞ որ մանգուստան խոտի միջով աննկատելիորեն էր մոտենում նրանց, և շներին մնում էր միայն բարձր թռչկոտել օդի մեջ։ Եվ հանկարծ արիությունը դավաճանեց նրանց․ բոլոր շները միասին շուռ եկան և խայտառակ փախուստի դիմեցին բլուրն ի վեր, իսկ մանգուստան այդպես էլ մնաց ետին թաթերի վրա մարտի դաշտում միայնակ կանգնած․ նա արդեն թեթև շունչ քաշեց, բայց դեռ շարունակում էր թունոտ ծաղրով ճղճղալ փախչող պոչերի ետևից։

Այսպես պարտվեց ոհմակը, այժմ մնում էր, որ մենք ինքներս գերի վերցնեինք փոքրիկ, բայց կատաղի հակառակորդին։ Սա ավելի հեշտ ստացվեց, քան ենթադրում էինք․ ես մանգուստայի ուշադրությունը գրավեցի, նրա քթի առջև թափահարելով բրեզենտե պարկը, նա նետվեց պարկի վրա և սկսեց կատաղորեն կծոտել այն, իսկ այդ ընթացքում որսորդներից մեկը ետևից գաղտագողի ցանցը նետեց նրա վրա։ Մինչ մենք մանգուստային հանում էինք խճճված ցանցի միջից, նա մեզ ուղղակի խլացրեց իր կատաղի ոռնոցներով և չդադարեց ղժղժալ ամբողջ վերադարձի ճանապարհին։ Բարեբախտաբար, հաստ բրեզենտը փոքր֊ինչ խլացնում էր այդ ճղճղոցը։ Մանգուստան լռեց միայն այն ժամանակ, երբ արդեն Բաֆուտում ես նրան թափ տվի մեծ վանդակի մեջ և նետեցի այնտեղ հավի ճտի արյունլվա գլուխը։ Գերին անմիջապես սկսեց ուտել, փիլիսոփայական խոհեմությամբ, և շուտով լրիվ կերավ, ոչ մի փշուր չթողնելով։ Դրանից հետո մանգուստան լռեց, բայց հենց որ մեզանից մեկն ու մեկը երևում էր նրա աչքին, նետվում էր վանդակի ճաղերի մոտ ու նորից մոլեգնորեն ճղճղում։ Դա, վերջապես, մեզ այնպես ձանձրացրեց, որ ստիպված եղա վանդակի առջև կախել պարկի մի կտոր․ թող այդպես նստի, մինչև որ սովորի մարդկանց։ Երեք օր անց ես ճանապարհից ծանոթ վայնասուն լսեցի, և շատ հեռվից, մինչև որսորդին տեսնելը, հասկացա, որ ինձ մոտ են բերում ևս մի փոքրիկ մանգուստայի։ Ես շատ ուրախացա, որ դա մի երիտասարդ էգ էր, և նրան դրեցի նույն վանդակի մեջ, ուր գտնվում էր առաջին մանգուստան։ Եվ իզուր․ նրանք անմիջապես սկսեցին ճղճղալ երկու ձայնով, աշխատելով մեկը մյուսից ավելի բարձր ճչալ, և այդ դուետը մոտավորապես այնքան դուրեկան էր ու հանգստացուցիչ, որքան դանակի զնգոցը ափսեին խփելիս, այն էլ մի քանի հազար անգամ ուժեղացված։

Վերադառնալով Բաֆուտ առաջին որսից, ես Ֆոնից հրավեր ստացա․ նա հրավիրում էր ինձ խմելու և պատմելու որսի բոլոր նորությունները։ Ես ճաշեցի, հագնվեցի և լայն բակի միջով քայլեցի դեպի Ֆոնի փոքրիկ դղյակը։ Նա նստել էր պատշգամբում և լույսի տակ զննում էր ջինի շիշը՝ շա՞տ է անտեղ դեռ մնացել։

― Օ՜, բարեկամս, ― ասաց նա։ ― Դու եկա՞ր։ Դու լավ որս անել։

― Այո՛, ― պատասխանեցի ես, նստելով առաջարկված աթոռին։ ― Բաֆուտի որսորդները կարողանում են փառահեղ որս անել։ Մենք բռնեցինք երեք որս։

― Հիանալի է, հիանալի, ― ասաց Ֆոնը, լցրեց մի լիքը բաժակ ջին և տվեց ինձ։ ― Դու այստեղ ապրել քիչ ժամանակ և որսալ շատ֊շատ որս։ Ես պատմել իմ բոլոր մարդիկ։

― Այո՛, լավ է։ Ես կարծում եմ, որ Բաֆուտի մարդիկ Կամերունի բոլոր մարդկանցից ավելի լավ են որս անում։

― Այո՛, ճիշտ է, ճիշտ է, ― բավականությամբ հաստատեց Ֆոնը։ ― Դու ասել ճիշտ, բարեկամս։

Մենք բաժակներս վեր բարձրացրինք, խփեցինք, լայն ժպտացինք միմյանց ու խմեցինք։ Ֆոնը նորից լցրեց բաժակները, հետո իր բազմամարդ շքախմբից մեկին ուղարկեց նոր շիշ բերելու։ Երբ մենք գրեթե հասել էինք երկրորդ շշի հատակին ու երկուսս էլ կարգին քնքշացել էինք, Ֆոնը շրջվեց իմ կողմը։

― Դու երաժշտություն սիրե՞լ, ― տեղեկացավ նա։

― Այո՛, շատ, ― անկեղծ սրտով պատասխանեցի ես, որովհետև լսել էի, որ Ֆոնը լավ նվագախումբ ունի։

― Լավ, այդ դեպքում երաժշտություն կլինի, ― ասաց նա և հատ֊հատ ինչ֊որ բան կարգադրեց ծառաներից մեկին։

Շուտով բակում, պատշգամբի մոտ, հայտնվեց նվագախումբը։ Ի զարմանս իմ, այն բաղկացած էր Ֆոնի երկու տասնյակ կանանցից, գրեթե միանգամայն մերկ, եթե չհաշվենք նեղ ազդրակալները։ Կանայք զինված էին ամենատարբեր տեսակի բազմաթիվ թմբուկներով, սկսած փոքրիկ կաթսայի մեծության թմբուկներից մինչև հսկայական, ուռած փորով գործիքները, այնպիսիք, որ մի մարդը չէր կարող բարձրացնել․ այնտեղ կային և փայտե գործիքներ, և բամբուկե սրինգներ, և բամբուկե մեծ տուփեր, որոնք լցված էին չորացած մայիսի սերմերով․ երբ դրանք թափահարում էին, լսվում էր ոչ այն է խշշոց, ոչ այն է ճայթոց։ Բայց այս նվագախմբում ամենազարմանալի գործիքն ինձ համար չորս ոտնաչափ երկարությամբ փայտե խողովակն էր։ Այն բռնում էին կանգնած դիրքով, մի ծայրը գետնին հենած, և փչում էին նրա մեջ հատուկ ձևով, հանելով ցածր, թավ ու դողացող ձայն․ ոչ ոք չէր կարող կասկածել, որ նման ձայնը կարող է լսվել նաև ինչ֊որ ուրիշ տեղից, եթե ոչ միայն զուգարանից, այն էլ եթե զուգարանում բացառիկ ակուստիկա կա։

Նվագախումբը նվագեց, և շուտով Ֆոնի բազմաթիվ տնեցիները սկսեցին պարել բակում։ Դա պարահանդեսային և ժողովրդական պարերի ինչ֊որ միջին տեսակն էր։ Զույգերը գրկելով իրար դանդաղ պտտվում էին, նրանց ոտքերը մանրիկ քայլեր էին անում, ընդ որում կատարելով բավական բարդ շարժումներ, իսկ մարմինները այդ շարժումներից այնպես էին օրորվում ու գալարվում, ինչ չէր թույլատրվի և ոչ մի պարասրահում։ Ժամանակ առ ժամանակ զույգերից մեկը առանձնանում էր, և ամեն մեկը օրորվում ու պտտվում էր իր համար, ամբողջովին երաժշտության ներգործության տակ, յուրաքանչյուրն անում էր իր սեփական պարաքայլը։ Սրինգները ճլվլում ու ծվծվում էին, թմբուկները դխկդխկացնում ու հռնդում էին, մաիսի սերմերով թմբուկները ճայթում ու շրշում էին համաչափ, միօրինակ, այն ալիքների նման, որ տեղից շարժում են փոքրիկ քարերը, և այս ձայների քաոսում անլռելի, թավաձայն սուլում էր հսկայական խողովակը, յուրաքանչյուր վայրկյանը մի անգամ, և այնքան համաչափ, որ ասես մի վիթխարի սիրտ էր բաբախում, ապա սուլոցն ընդհատվում էր բարձր ոռնոցով։

― Քեզ դո՞ւր է գալիս իմ երաժշտությունը։

― Այո՛, շատ լավն է, ― ասացի ես ի պատասխան։

― Իսկ քո երկիր կա՞ այսպիսի երաժշտություն

― Ո՛չ, ― ասացի ես անկեղծ ափսոսանքով, ― մեզ մոտ այդպիսի երաժշտություն չկա։

Ֆոնը երկրորդ անգամ լցրեց իմ բաժակը․

― Շուտով, երբ իմ ժողովուրդը խոտ բերել, մեզ մոտ շատ երաժշտություն լինի, շատ պարեր, հը՞։ Մենք ուրախ ժամանակ կունենանք, մենք բոլորս կլինենք ուժեղ ուրախ, հա՞։

― Այո՛, իհարկե։ Մենք հիանալի կուրախանանք։

Իսկ պատշգամբի տակ նվագախումբը շարունակում էր նվագել, թմբուկների ռիթմիկ զարկն ու շառաչը, թվում էր, մխրճվում էին մութ երկինքը, և նույնիսկ աստղերն էի սկսում երերալ ու պարել նրանց հատուկ ռիթմի տակ։


Գլուխ երրորդ

Շչացող սկյուռը


Երբ ես որս էի անում Բաֆուտում, առանձնապես շատ էի ուզում ձեռք բերել խոտառատ դաշտերի ֆաունայի երկու ներկայացուցիչներին՝ ժայռային դամանին և այսպես կոչված Ստեյնջերի սկյուռին։ Բայց նրանք ապրում են միանգամայն տարբեր վայրերում, և դրանց որսը իմ հիշողության մեջ մնաց ավելի կենդանի ու վառ, քան Կամերունի հարթավայրերում իմ մյուս բոլոր որսերը։

Սկզբում մենք ճանապարհ ընկանք սկյուռ որսալու։ Այս որսը նշանավոր էր նրանով, որ ինձ հաջողվեց նախապես կազմել որսի պլանը և իրականացնել այն միանգամայն հաջող, վերջին րոպեին չբախվելով չնախատեսված խոչնդոտների հետ։ Ստեյնջերի սկյուռը բավական տարածված կենդանի է Կամերունում, բայց առաջ ես այն որսում էի կուսական խուլ անտառներում և Մամֆե գետի ավազանում։ Այսպիսի տեղերում գազանիկը գրեթե շարունակ նստում է ամենաբարձր ծառերի ամենավերին ճյուղերին և սնվում է ամեն տեսակ պտուղներով, որ առատորեն աճում են այդ արևաշատ բարձրունքներում, իսկ գետին և ընդհանրապես ցած իջնում է շատ հազվադեպ։ Ուստի այնտեղ սկյուռ որսալը գրեթե անհնարին է։ Սակայն հետո արդեն իմացա, որ հարթավայրերում սկյուռները հաճախ այցելում են առավելապես գետափնյա թավուտները և բավական երկար ժամանակ մնում են գետնի վրա, խոտերի մեջ կեր որոնելով։ Եվ ես վճռեցի, որ այստեղ դրանց որսալն ավելի հեշտ կլինի։ Երբ այդ սկյուռի նկարը ցույց տվի Բաֆուտի Քերծեներին, նրանք իսկույն ճանաչեցին և բարձրաձայն հայտնեցին, որ գիտեն, թե որտեղ պետք է նրան փնտրեն։ Ես նրանց հիմնավորապես հարցաքննեցի և համոզվեցի, որ իսկապես լավ գիտեն այդ գազանիկի սովորությունները, քանի որ հաճախ են նրան որսացել։

Պարզվեց, որ Ստեյնջերի սկյուռներն ապրում են ոչ մեծ լեռնային անտառում, բայց լուսաբացին կամ էլ իրիկնամուտին իջնում են ծառերից և, խիզախությամբ զինվելով, ճանապարհ են ընկնում մարգագետինները կեր հայթայթելու։ Ահա հենց այդ ժամանակ էլ պետք է նրանց որսալ, ասացին Բաֆետի Քերծեները։

― Իսկ ի՞նչ են անում այդ սկյուռները գիշերը, ― հարցրի ես։

― Ա՜խ, մասա, գիշերը նրան չես բռնի, ― եղավ պատասխանը։ ― Այդ որսը, նա քնել մեծ ծառերին, բարձր, մարդ այնտեղ չհասնել։ Բայց այ երբ երեկո և շուտ֊շուտ առավոտ, մենք նրան բռնենլ։

― Լավ, ― ասացի ես։ ― Նրանց կորսանք վաղ֊վաղ առավոտյան։

― Մենք Բաֆուտից դուրս եկանք գիշերվա ժամը մեկին և բլուրներով, հովիտներով ու մարգագետիններով երկարատև ու ձանձրալի անցումներից հետո, լուսաբացից մեկ ժամ առաջ, վերջապես, տեղ հասանք։ Դա մի ոչ մեծ տափարակ էր, որ ընկած էր դեպի լեռան գագաթը տանող զառիկող լանջին։ Այս տեղանքը համեմատաբար ուղիղ էր, կարկաչելով այն հատում էր բավական լայն ու ծանծաղ մի գետակ, որի ափերը երիզված էին թավ անտառի նեղ շերտով։ Մենք կանգ առանք մեծ ժայռի քամհարվող կողմում ու սկսեցինք նայել մշուշի միջով, սրբելով վաղորդյան ցողից թաց դեմքներս։ Այստեղ մենք զննեցինք չորս կողմը և կազմեցինք որսի պլանը։ Որոշված էր երկու֊երեք ցանց փռել բարձր խոտերի մեջ, ծառերից հինգ հարյուր յարդ այն կողմ։ Եվ դա պետք է արվեր առանց դանդաղելու, քանի դեռ չէր լուսացել, թե չէ սկյուռները մեզ կնկատեին։

Ցանցեր փռել մինչև գոտկատեղը հասնող խոտի վրա, երբ այն ամբողջովին ներծծված է ցողով, այնքան էլ դուրեկան զբաղմունք չէ, և մենք երջանիկ էինք, երբ ամրացրինք վերջին ցանցը։ Հետո զգուշությամբ մոտեցանք անտառին և սողացինք դեպի բարձր թփուտը, որ հեռու լինենք կողմնակի հայացքներից։ Այստեղ մենք պպզեցինք, ջանալով ցրտից չկրճտացնել ատամներս․ չէր կարելի ո՛չ ծխել, ո՛չ խոսել, ո՛չ էլ թեկուզ շարժվել, և մենք լռելյայն նայում էինք, թե ինչպես է երկինքը գունատվում արևելքում, գիշերային խավարն ասես կաթիլ առ կաթիլ դուրս էր գալիս նրանից։ Աստիճանաբար երկնակամարը դարձավ բաց մոխրագույն, և հանկարծ դուրս եկավ արևը․ երկինքը լցվեց կուրացուցիչ կապույտով, վառ՝ ճիշտ և ճիշտ ալկիոնի փետուրների կապույտով։ Այս ջինջ ու նուրբ լույսի տակ չորս կողմից սկսեցին երևալ մշուշով պարուրված լեռները․ արևը բարձրանում էր ավելի ու ավելի վեր, և մշուշը, ալեկոծվելով, սկսում էր սահել լեռների լանջերով, հոսելով դեպի հովիտները։ Ընդամենը մեկ վայրկյան առաջ հարթավայրերը մեր աչքի առաջ խախաղ քնով քնած էին մշուշի հովանու տակ, և ահա լեռները ուղղակի արթնանում են քնից, հորանջում ու ձգվում են իրենց սպիտակ վերմակների տակ, այնտեղ դեն են նետում վերմակը, այստեղ պարուրվում ավելի ամուր և, վերջապես, քնաթաթախ, ցողաթաթախ վեր են կենում իրենց ճերմակաթույր անկողիններից։ Հետագայում ես շատ անգամ եմ նայել, թե ինչպես են արթնանում լեռները, և ոչ մի անգամ չեմ հագեցել այդ գեղեցիկ տեսարանից։ Եթե հիշենք, որ նույն բանը տեղի է ունենում ամեն առավոտ, սկսած այն անհիշելի ժամանակներից, երբ այս հինավուրց լեռները ծնունդ են առել երկրի վրա, միայն պիտի զարմանալ, թե ամեն անգամ որքան նոր ու թարմ է թվում այս տեսարանը։ Երբեք չի լինում ձանձրալի, սովորական։ Նրանում միշտ նոր բան կա։ Երբեմն մշուշը, բարձրանալով, գալարվում է հրաշագեղ քուլաներով, և առաջանում են հեքիաթային գազաններ՝ հրեշավոր մողեսներ, առասպելական փյունիկներ, թևավոր վիշապներ, կաթնասպիտակ միեղջույրներ, իսկ երբեմն էլ մշուշահյուսքերը ձգվում ու օրորվում են, ինչպես ջրիմուռների տարօրինակ, սահող ցողուններ, վեր են խոյանում, ինչպես ծառեր, կամ էլ վիթխարի գզգզված թփեր՝ ամբողջովին ծածկված սպիտակ ծաղիկներով․ երբեմն փչում է զեփյուռը, և մշուշին տալիս էլ ավելի ապշեցուցիչ ձևեր։ Եվ շարունակ մշուշը սահում է, տեղից տեղ փոխվում, իսկ նրա տակ, ասես ծաղրելով, առկայծում են լեռները, փայլատակում են նուրբ գույների հարուստ գամմայով, այնքան նուրբ, եթերային և անորսալի, որ դրանք նկարագրելու համար ուղղակի խոսքերը չեն բավականացնում։

«Այո՛, ― մտածեցի ես, թփի տակ նստած ու ճյուղերի արանքներից նայելով, թե ինչպես են արթնանում լեռները, ― արժեր այսպես հոգնել, դողալ ու քաղցածանալ, արժեր ցողից թրջվել մինչև շապիկը ու հալից ընկնել այն բանի համար, որ այս բոլորը տեսնեմ»։ Եվ այստեղ մտքերս ընդհատեց բարձր, մարտական «Չա՛կ, չա՛կը»։ Դա գալիս էր մեր վերևից․ որսորդներից մեկը բռնեց ձեռքս, նրա աչքերը փայլում էին։ Նա զգուշությամբ կռացավ և ուղղակի ականջիս մեջ փսփսաց․

― Մասա, այստեղ հենց նույն որս, ինչ մասա ուզի։ Մենք նստել հանգիստ֊հանգիստ, և նա քիչ ժամանակ հետո իջնել ցած, գետին։

Ես ցողը մաքրեցի դեմքիցս և սկսեցի նայել թավ խոտին, ուր փռել էինք ցանցերը։ Շուտով թավ անտառի խորքից նորից լսվեց «Չա՛կ, չա՛կը»։ Արթնանում էին մյուս սկյուռները ևս, կասկածելի հայացքով դիմավորում բացվող օրը։ Մենք սպասում էինք, ինչպես թվում էր մեզ, սարսափելի երկար, և հանկարծ ես տեսա, որ մարգագետնում, մեր և ցանցերի միջև ինչ֊որ բան է շարժվում, ինչ֊որ շատ տարօրինակ բան։ Առաջին հայացքից այն կարելի էր ընկալել իբրև սպիտակ֊սև ու ձվաձև զոլավոր գնդակ, որը նորից ու նորից ցատկոտում է բարձր խոտի մեջ։ Վաղորդյան մշուշի մեջ ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե դա ինչ է, և լուռ տնկեցի մատս, որսորդներին ցույց տալով շարժվող գնդակը։

― Դա որս է, մասա, ― ասաց մեկը։

― Իջավ գետին, արդեն իջավ, ― ցնծալով, վրա բերեց մյուսը։

― Իսկ ինչ բան է դա, ― շշուկով հարցրի ես․ գնդաձև տարօրինակ առարկան բնավ չէր հիշեցնում սկյուռի մարմնի կառուցվածքը։

― Այ, պոչը, սըր, ― բացատրեց որսորդներից մեկը, և, որպեսզի վերջնականապես ցրի իմ կասկածները, ավելացրեց, ― նրա ետևից է աճում։

Ցանկացած ձեռնածությունը եթե բացատրես, անմիջապես կդառնա ակնհայտ։ Այժմ ես պարզորոշ տեսնում էի, որ այդ սպիտակասև, գծավոր բանը իսկապես սկյուռի պոչն է, ու ինքս ինձ զարմացա, թե ինչից ենթադրեցի, որ դա գնդակ է։ Շուտով այդ գնդակին խոտի մեջ միացան և ուրիշները, իսկ երբ մշուշը վեր բարձրացավ ու ցրվեց, մենք տեսանք նաև սկյուռներին։ Դրանք ութն էին և անտառից ցատկոտելով գալիս էին մարգագետին։ Բավական խոշոր, բավական ամուր, մեծագլուխ գազանիկներ էին, բայց նրանց մարմնի ամենախոշոր, ամենանկատելի մասը պոչն էր։ Նրանք զգուշությամբ թռչում էին թմբիկից֊թումբ, երբեմն կանգ էին առնում, նստում էին ետևի թաթերի վրա և խնամքով հոտոտում օդը՝ թե ինչ հոտ է գալիս այնտեղից, այն կողմից, ուր իրենք գնում են։ Հետո նորից էին իջնում չորս թաթերի վրա ու ցատկում էին ևս մի քանի յարդ, թափահարելով պոչերը։ Կամ էլ հանկարծ նստում էին և մի քանի վայրկյան քարանում, պոչը խնամքով դրած մեջքին այնպես, որ փափկամազ ծայրը կախվում էր ճակատի վրա և համարյա ծածկում էր դնչիկը։ Նրանք, որ արդեն հասել էին մարգագետին, լռել էին, բայց դրա փոխարեն մեր ետևի ծառերից երբեմն նորից լսվում էր կասկածելի «չա՜կը»․ որոշ գազանիկներ դեռևս չէին համարձակվում ցած իջնել։ Ես վճռեցի, որ որսի համար միանգամայն բավական են ութը, ― դրանցից որևէ մեկին կբռնենք․ և նշան արի որսորդներին․ մենք վեր կացանք նստած տեղերիցս, շղթայաձև ցրվեցինք ծառերի միջև, և որսորդները կանգ առան՝ հարձակման ազդանշանի սպասելով։

Սկյուռները արդեն մոտ 150 յարդ հեռացել էին անտառի բացատից։ Բավական է, մտածեցի ես, ձեռքով նշան արի, և մենք դուրս եկանք ծառերի ետևի մեր թաքստոցներից բարձր խոտի մեջ։ Անտառում մնացած սկյուռները բարձր ու տագնապալից ճչում էին, իսկ մյուսները, որ գտնվում էին մարգագետնում, բարձրացան ետին թաթերի վրա, տեսնելու, թե ինչ է եղել։ Մեզ տեսան ու քարացան, այստեղ մենք դանդաղ առաջ շարժվեցինք, և նրանք իսկույն թռան խոտերի մեջ, ավելի ու ավելի հեռանալով ծառերից։ Իմ կարծիքով, նրանք այդպես էլ չիմացան, թե մենք ինչ ենք․ չէ՞ որ մենք շատ զգույշ էինք առաջ շարժվում, աշխատում էինք չանել ոչ մի ավելորդ շարժում։ Սկյուռները վտանգը զգում էին, բայց չգիտեին, որքանով է այն մեծ, ուստի և փախչում էին մի քանի յարդ, հետո կանգնում, որ լավ զննեն մեզ, և ռունգերով աղմուկով ներս էին քաշում օդը։ Ահա հենց այստեղ էր մեր պլանի ամենախոցելի մասը, սկյուռները դեռ չէին մտել ցանցերի կիսաշրջանը, և եթե նրանք թեքվեին աջ կամ ձախ, ապա հեշտությամբ կփախչեին մեզնից մարգագետին։ Մենք զգույշ շարժվում էինք նրանց կողմը․ շուրջը լռություն էր տիրում, միայն մեր ոտքերի տակ լսվում էր թաց խոտի շրշյունը, և հեռվից աղոտ լսվում էին այն սկյուռների տագնապալից ճիչերը, որ մնացել էին մեր ետևում։

Հանկարծ սկյուռներից մեկը, երևում է, մյուսներից ավելի խելացին գլխի ընկավ, թե ինչ է կատարվում։ Նա չէր կարող տեսնել առջևի ցանցերը (դրանք ծածկված էին բարձր խոտերով և հիմնավորապես քաղարկված), բայց հասկանում էր, որ մեր մոտիկանալը իրեն քշում է անտառից ավելի ու ավելի հեռու և հեռացնում իր եղբայրներից, բարձր ծառերից, ուր իրենք կարող էին թաքնվել։ Սկյուռը բարձր ու տագնապալից ճիչ արձակեց ու նետվեց մի կողմ, իսկ երկար պոչն ասես հոսում էր խոտի միջով նրա ետևից, հետո նա թեքվեց ձախ և խոտի վրայով ցատկեց ցանցերից այն կողմ։ Նա միայն մի բան էր ցանկանում՝ շրջանցել մեզ ու հասնել ծառերին։ Մյուս սկյուռները անմիջապես սյուների պես վեց ցցվեցին ու սկսեցին տագնապով հետևել նրան։ Այստեղ ես հասկացա, որ անհրաժեշտ է անհապաղ ինչ֊որ բան ձեռնարկել, այլապես նրանք բոլորն էլ համարձակություն կստանան և կհետևեն առաջինի օրինակին։ Նախապես մտածված պլանով, մենք մտադիր էինք սպասել, մինչև որ գազանիկները խորանան ցանցերի կիսաշրջանի մեջ, և միայն այն ժամանակ նետվել առաջ ու վախեցնել նրանց, որ նրանք գլուխները կորցրած ուղղակի նետվեն ցանցերը։ Բայց հիմա արդեն պարզ դարձավ, որ պետք է բախտը փորձել և հենց հիմա նրանց վախեցնել։ Ես ձեռքերս բարձրացրի, այս նշանի վրա բոլոր որսորդները (և ես էլ) աղմուկ֊աղաղակով նետվեցին առաջ։ Ձեռքներս թափահարելով, մենք աշխատում էինք մեր ամբողջ տեսքով ավելի շատ սարսափ ազդել։ Մի պահ սկյուռները քարացած նայում էին մեզ, հետո պոկվեցին տեղներից։

Չորսը հետևեցին իրենց ընկերոջ օրինակին, ուղիղ անկյամբ, նետվեցին մի կողմ, և այդպիսով կարողացան փախչել ցանցերից և որսորդներից, իսկ մնացած երեքը սլացան ուղիղ դեպի ծուղակը։ Մենք նետվեցինք նրանց ետևից և անմիջապես տեսանք, թե ինչպես էին առջևում քաշքշվում ցանցերը, նշանակում է՝ սկյուռները խրվել էին ցանցի մեջ։ Իսկապես, երբ վազելով մոտեցանք, գազանիկներն արդեն ամբողջովին խճճվել էին, նրանք կատաղաբար փայլեցնում էին աչքերը մեզ վրա, խլացուցիչ ու սպառնագին ոռնում․ ոչ մի նման բան ես կյանքում չեմ լսել և ոչ մի սկյուռից։ Այս ճչոցները բնավ չէին նմանվում նրանց սովորական բարձր «Չա՛կ, չա՛կին»։ Դա մի ահեղ նախազգուշացում էր, խռմփոցի ու մռնչոցի նման մի բան։ Եվ ամբողջ ժամանակ, մինչ մենք նրանց հանում էինք ցանցերից, նրանք անդադար ճչում էին ու կատաղորեն մեր ձեռքերի մեջ խրում իրենց նարնջագույն կտրիչները։ Երբ մենք, վերջապես, նրանց մտցրինք բրեզենտե պարկի մեջ, ստիպված եղանք յուրաքանչյուր պարկն ամրացնել փայտի ծայրին և այդպես տանել․ ցանկացած այլ տեսակի սկյուռը, երբ հայտնվում է մութ պարկի մեջ, խեղճանում է, բայց սրանք ակնհայտորեն ծարավի էին պայքարը շարունակել, և ամենափոքրիկ շփումը պարկի հետ հանդիպում էր կծելու կատաղի փորձերի և ահեղ ոռնոցների։

Անտառում սկյուռները ավելի իրար անցան․ ծառերի մեջ արձագանքում էր նրանց մոլեգին «Չա՛կ, չա՛կը»։ Այժմ նրանք հասկանում էին, թե ինչպիսի վտանգ էինք ներկայացնում նրանց համար, այնպես որ, չարժեր, նույնիսկ փորձ անել թեկուզ մեկ հատ ևս որսալ, ստիպված էինք բավարարվել այն երեքով, որոնց արդեն որսացել էինք։

Եվ այսպես, մենք հավաքեցինք ցանցերը և մյուս հանդերձանքը ու ետ վերադարձանք Բաֆուտ։ Այստեղ ես մեր թանկարժեք սկյուռներին տեղավորեցի երեք ամուր, թիթեղապատ վանդակներում, դրանք լցրեցի կերով և յուրաքանչյուր գերուն թողեցի խիստ մենակության մեջ՝ թող այդպիսի ստորացումից հետո մի քիչ խելքի գան։ Հենց որ մենք հեռացանք վանդակներից, սկյուռները որոշեցին դուրս գալ իրենց մութ «ննջարաններից», խժռեցին իրենց համար դրված հյութալի մրգերը, շուռ տվին ջրով լի ամանները, ատամներով փորձեցին վանդակների թիթեղյա ծածկը, ― կարելի՞ է արդյոք դրանք կրծել, ― և համոզվելով, որ դա իրենց ուժերից վեր է, մտան «ննջարանները» և քնեցին։ Մոտիկից նրանք շատ գեղեցիկ գազանիկներ են․ փորերն ու թշիկները բաց դեղնավուն են, մեջքները՝ կարմրա֊շագանակագույն, լայնակի շերտերով մեծ պոչերն, ասես ժապավեն լինեն։ Ճիշտ է, տպավորությունը մի քիչ փչացնում էր չափից մեծ գլուխը (ինչ֊որ ձիու բան կար, գանգին կիպ կպած փոքրիկ ականջներն ու ատամները բավական դուրս էին ցցված)։

Ես ինչ֊որ տեղ կարդացել եմ, որ այդ սկյուռները վաղ առավոտյան մագլցում են ծառերի ամենավերին ճյուղերը և անտառը լցնում արտակարգ ուժեղ ու տարօրինակ ձայներով․ դա ցածր, թնդուն շչոց է, ասես վիթխարի զանգի մարող ղողանջ լինի։ Ես շատ էի ցանկանում լսել այդ ճիչը, բայց չէի կարծում, որ նրանք կսկսեն այդպես ճչալ գերության մեջ։ Սակայն հենց հաջորդ առավոտյան, մոտավորապես ժամը վեցի կեսին, ինձ արթնացրեց մի տարօրինակ ձայն։ Մեր որսած բոլոր գազանները գտնվում էին հենց իմ պատուհանի տակ, պատշգամբում․ ես նստեցի մահճակալիս և իսկույն հասկացա, որ այդ ձայնը գալիս է վանդակներից, միայն թե չէի կարողանում հասկանալ, թե որի՞ց հատկապես։ Հագնվեցի և զգուշությամբ դուրս եկա սենյակից։ Այնտեղ վաղորդյան մշուշոտ լույսի տակ, ցրտից դողալով ու դեռևս կարգին չարթնացած, ես համբերատար սպասում էի, թե չի՞ կրկնվի արդյոք զարմանալի ձայնը։ Մի քանի րոպե հետո այն կրկնվեց, և պարզ դարձավ, որ ձայնը գալիս է սկյուռի վանդակից։ Նկարագրել այդ ձայնը չափազանց դժվար է․ սկսվում էր տնքոցի նման, աստիճանաբար ուժեղանում և հնչում թրթռացող դողով՝ մոտավորապես այդպես շչում ու թրթռում են հեռագրալարերը․․․ Շչոցը տատնվում էր, ասես ուր որ է պիտի խլանար, հետո կարծես նորից մեկը շատ թեթև հարվածում էր կոչնաթմբուկին, ձայնը կտրուկ ուժեղանում էր, ապա նորից կամաց֊կամաց նվազում։ Երևում է, սկյուռիկներն այնքան էլ չէին ջանք թափում, անտառում նրանք իրենց «երգի» մեջ ավելի շատ հոգի կդնեին․ այնտեղ՝ վաղորդյան մշուշում, ծառերի ճյուղերի մեջ՝ դա հավանաբար կհնչեր ավելի խորհրդավոր ու կախարդիչ։

Այդ երեկո, ինչպես միշտ, ինձ ներկայացավ Ֆոնը․ սկսեց հարցաքննել, արդյոք հաջո՞ղ ենք որս արել, և ինձ մատուցեց արմավենու թարմ գինով կալեբասը։[3] Չափազանց հպարտ ես նրան ցույց տվի սկյուռներին և մանրամասն պատմեցի, թե ինչպես ենք դրանց բռնել։ Ֆոնն անպայման ցանկացավ իմանալ, թե հատկապես որտեղ ենք դրանց բռնել, բայց ես շատ քիչ գիտեի Բաֆուտի շրջակայքի մասին և ստիպված եղա օգնության կանչել որսորդներից մեկին, որն այդ ժամանակ զվարճանում էր խոհանոցում։ Նա եկավ և կանգնեց Ֆոնի առջև․ հարցերին պատասխանում էր բերանը ձեռքի ափերով փակած։ Բացատրելու համար քիչ ժամանակ չպահանջվեց․ այնտեղ, ուր մենք որս էինք անում, ոչ մի գյուղ չկա․ ընդհանրապես ոչ մի բնակավայր, և որսորդը կարող է վկայակոչել միայն այնպիսի նշաններ, ինչպիսիք են ժայռերի, ծառերի ձևերը, բլուրների արտասովոր ուրվագծերը։ Վերջապես Ֆոնը աշխույժ գլխով արեց և մի քանի րոպե մտածմունքի մեջ ընկավ։ Հետո սկսեց արագ֊արագ ինչ֊որ բան ասել որսորդին, լայն տարածելով իր երկար ձեռքերը, իսկ որսորդը հավանության նշան արեց ու խորը գլուխ տվեց։ Այնուհետև Ֆոնը բարեհամբույր ժպիտով շրջվեց իմ կողմը և անփույթ, գրեթե ցրված՝ ինձ մեկնեց դատարկ բաժակը։

― Ես այս մարդուն կարգադրել, ― բացատրեց նա ինձ, իբր թե անտարբեր նայելով, թե ինչպես եմ լցնում իր բաժակը, ― որ քեզ տանի սարում մի հատուկ տեղ։ Այնտեղ դու գտնես հատուկ որս։

― Իսկ ի՞նչ որս կա այնտեղ, ― հարցրի ես։

― Որս, ― անորոշ կրկնեց Ֆոնը և օդում ճոճեց արդեն կիսով չափ դատարկ բաժակը։ ― Հատուկ որս։ Դու դեռ այդպես չես տեսել։

― Իսկ դա վտանգավո՞ր որս է, ― հարցրի ես։

Ֆոնը բաժակը դրեց սեղանին և հսկայական ձեռքերով ցույց տվեց որսի չափը։

― Ա՜յ, այսպես մեծ, ― ասաց նա։ ― Այնքան էլ ուժեղ վտանգավոր չէ, բայց շատ կծի։ Նա ապրել այն շատ մեծ, մեծ ժայռի վրա, նա գնում է այն մեծ ժայռի տակ։ Լինում է, շատ է բղավում, ա՛յ, այսպես․ «ուիի՜ իիիիիիի՜իի՜»։

Ես նստել էի ու գլուխ էի կոտրում՝ ի՞նչ կարող էր այդ լինել, իսկ Ֆոնը հույսով լի հայացքը հառել էր դեմքիս։

― Շատ նման է խոտահատին, միայն չունի պոչ, ― ասաց նա վերջապես, ձգտելով ինձ օգնել։

Հանկարծ գլուխմս մի միտք ծագեց, ես գնացի վերցրի անհրաժեշտ գիրքը, այնտեղ փնտրեցի մի նկար և ցույց տվի Ֆոնին։

― Սա նա՞ է, ― հարցրի ես։

― Օ՜, այո՛, այո՛, ― ուրախացավ Ֆոնը և իր երկար մատներով շոյեց ժայռային դամանի նկարը։ ― Այդ նույն որսը։ Ինչպե՞ս դու նրան ասել։

― Ժայռային դաման։

― Ժայռային դամա՞ն։

― Այո՛։ Իսկ ինչպես եք դուք նրան անվանում այստեղ, Բաֆուտում։

― Այստեղ մենք նրան ասել նիիր։

Ես այդ բառը գրեցի գազանների տեղական անունների ցուցակում, որը կազմել էի, և նորից լցրեցի Ֆոնի բաժակը։

Իսկ նա հմայվածի պես դեռ շարունակում էր հիանալ դամանի նկարով և մատով շոյում էր այն։

― Ֆ֊ֆա՜, ― երազկոտ հառաչեց վերջապես նա։ ― Շատ համեղ այդ տապակած որսը։ Մենք այն տապակել գետնախնձորով․․․

Նրա ձայնը նվաղեց և, հիշողություններով տարված՝ նա լիզեց շրթունքները։

Որսորդը հայացքը սևեռել էր ինձ վրա և, մի ոտքից մյուսին հենվելով, ակնհայտորեն ինչ֊որ բան էր ուզում ասել․

― Դու ի՞նչ ուզել։

― Մասան ուզե՞ց գնալ այն տեղը, ինչի մասին Ֆոնը խոսել է։

― Այո՛։ Մենք հենց վաղը առավոտյան կգնանք։

― Այո՛, սըր։ Որպեսզի բռնել այդ որսը, շատ֊շատ մարդ է հարկավոր, մասա։ Այդ որսը, նա շատ ուժեղ վազել։

― Դե ինչ, գնա բոլորին ասա, որ մենք վաղը որսի ենք գնում։

― Այո՛, սըր։

Բայց նա դեռ շարունակում էր կանգնել և մի ոտքից մյուսին հենվել։

― Դե, ի՞նչ ես ուզում։

― Մասա, ես դեռ հարկավո՞ր եմ։

― Ո՛չ, բարեկամս։ Գնա խոհանոց և խմիր քո գինին։

― Շնորհակալություն, սըր, ― ասաց նա, լայն ժպտաց ու կորավ պատշգամբի կիսախավարում։

Շուտով Ֆոնը վեր կացավ գնալու, և ես նրան ուղեկցեցի մինչև ճանապարհը։ Բակի վերջում մենք կանգ առանք, և նա ժպտաց ինձ իր վիթխարի հասակի բարձրությունից։

― Ես արդեն ծեր, ― ասաց նա։ ― Ես շատ հոգնել։ Եթե ես ծեր չլինել, ես քեզ հետ որսի գալ վաղը։

― Ճիշտ չէ, բարեկամս։ Դու ամենևին էլ ծեր չես։ Դու շատ ուժեղ ես։ Դու դեռ շատ ուժ ունես, ավելի շատ, քան քո լավագույն որսորդները։

― Ո՛չ, բարեկամ, դու ինքդ խոսել ոչ ճիշտ։ Իմ ժամանակն անցել․ ես շատ հոգնել։ Ես ունենալ շատ կանայք, դրանցից շատ շուտ հոգնել։ Միշտ գործեր, միշտ հոգսեր մի մարդու հետ, մյուս մարդու հետ, և ես շատ հոգնել։ Բաֆուտ մեծ տեղ, շատ մարդիկ։ Երբ շատ մարդիկ, շատ հոգսեր։

― Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։ Ես գիտեմ, դու շատ հոգսեր ունես։

― Ճիշտ է, ― ասաց նա։ Եվ այստեղ նրա աչքերը չարաճճիորեն փայլեցին։ ― Լինում է, որ ես հոգսեր ունենալ ոստիականական աստիճանավորների հետ, այ, այն ժամանակ ես բոլորովին, բոլորովին հոգնել։

Նա սեղմեց ձեռքս և, ծիծաղելով, բակի միջով գնաց իր տունը։

Հաջորդ առավոտյան մենք մեկնեցինք դամանի որսի։ Ես, Բաֆուտի չորս Քերծեները և Ֆոնի հինգ ծառաները։ Առաջին երկու֊երեք մղոնը ճանապարհն անցնում էր մշակված դաշտերով և փոքրիկ ֆերմաներով։ Բլուրների զառիկող լանջերը ամբողջովին փորված էին, մուգ կարմիր հողը առկայծում էր այգաբացի արևի ցոլքերից։ Տեղ֊տեղ դաշտերն արդեն ցանված էին, և ցանքը հասել էր։ Մենք տեսանք մանիոկի փարթամ թփերը, մաիսի շարքերը, ուր ամեն մի ոսկեզօծ կողրը իր նուրբ մետաքսի թելերով պարում էր քամուց։ Որոշ դաշտերում աշխատում էին մինչև գոտկատեղը մերկ կանայք, նրանք հողը փխրեցնում էին կարճ կոթով բրիչներով։ Ոմանց մեջքերին կապված էին փոքրիկ երեխաներ, բայց նրանք, ասես, չէին էլ նկատում այդ սովորական բեռը, ինչպես սապատավորը ժամանակի ընթացքում դադարում է նկատել իր սապատը։ Նրանք, ովքեր ավելի տարիքով էին, ծխում էին երկար ու սև ծխամորճեր, և երբ նրանք կռանում էին, մոխրագույն թանձր ծխի բարակ քուլաները դիպչում էին նրանց դեմքերին։ Ամենածանր աշխատանքն այստեղ բաժին էր ընկնում երիտասարդներին, նրանք ծանր ու անճոռնի բրիչները բարձրացնում էին գլխից վեր և թափով խրում գետնի մեջ։ Քրտնքից փայլող ճկուն մարմինները համաչափ օրորվում էին արևի տակ։ Ամեն անգամ, երբ բրիչը խրվում էր կարմիր հողի մեջ, կանայք բարձր տնքում էին լարվածությունից։

Մենք գնում էինք դաշտերով, կանանց մոտով, և նրանք բարձր ու սուր ձայներով կանչում էին մեզ, կատակում ու քրքջում, ոչ մի վայրկյան չդադարեցնելով աշխատանքը և չընկնելով ռիթմից։ Խոսակցությունը հնչում էր շատ տարօրինակ․ քանի որ շարունակ ընդհատվում էր բարձր տնքոցներով։

― Բարի առավոտ, մասա․․․ ո՜ւֆ․․․ Ո՞ւր գնալ․․․ ո՜ւֆ․․․

― Մասան պատրաստվում է որս․․․ ո՜ւֆ․․․ ճի՞շտ է, մասա, ո՜ւֆ․․․

― Մասան շատ որս անի․․․ ո՜ւֆ։ Մասան շատ ուժ ունենա․․․ ո՜ւֆ։

― Մասա, շուտ գնա․․․ ո՜ւֆ․․․ շատ որս բռնել․․․ ո՜ւֆ․․․

Եվ դեռ երկար ժամանակ, երբ վաղուց դուրս էինք եկել դաշտերից և հասել էինք բլուրների ոսկեզօծ լանջերը, մեզ էին հասնում նրանց շաղակրատությունները, ծիծաղն ու բրիչների համաչափ զարկերը, որ խրվում էին հողի մեջ։

Վերջապես հասանք Բաֆուտը շրջապատող բլուրների շարքի ամենաբարձր կատարին, և այստեղ որսորդներն ինձ ցույց տվին նախատեսվող որսի տեղը․ մանուշակագույն մշուշով պարուրված լեռնաշղթան սկիզբ էր առնում ինչ֊որ տեղ անհասանելի հեռվում։ Ֆոնի ծառաները հառաչում էին, տնքում զարմանքից ու հուսահատությունից, հո ես չե՞մ ստիպել նրանց այդքան հեռուն գնալ։ Իսկ Ջեյկոբը՝ խոհարարը, ուղղակի հայտարարեց, որ ինքը, միևնույն է, չի կարող հասնել այնտեղ, ցավոք, նրա ոտքը փուշ է մտել։ Լավ զզնելուց հետո պարզվեց, որ ոչ մի փուշ էլ նրա ոտքը չի ծակել, այլ պարզապես մաշիկի մեջ փոքրիկ քար է ընկել։ Երբ դա հայտնաբերեցինք և քարը դեն գցեցինք մաշիկից, խոհարարը խիստ հուզվեց ու մռայլվեց․ նա քարշ էր գալիս ամենավերջում և կատաղի ինչ֊որ բան քրթմնջում քթի տակ։ Ի զարմանս իմ, հեռավորությունը խաբուսիկ դուրս եկավ․ երեք ժամ էլ չէր անցել, երբ մենք արդեն քայլում էինք երկար, ոլորապտույտ հովտի միջով, որի վերջում վեր էր խոյանում ոսկու ու կանաչի փայլով առկայծող պատը․ դա էլ հենց մեր նպատակն էր։ Մինչ մենք, մինչև գոտկատեղերս խրված բարձր խոտի մեջ, դժվարությամբ բարձրանում էինք սարի լանջն ի վեր, որսորդներն ինձ պատմեցին իրենց գործողության պլանը։ Ես հասկացա, որ մենք պիտի անցնենք լեռնաշղթայի հարթ ելուստը․ այնտեղ, այդ երկուսի և մյուս ելուստի միջև, ձգվում էր խոր հովիտ, որն իր մյուս ծայրով խրվում է ուղղակի լեռան սիրտը։ Այս հովիտները շրջապատում են գրեթե ուղղաձիգ ժայռեր, իսկ ստորոտներում, քարերի մեջ ապրում է դամանը։

Մենք դժվարությամբ շրջանցեցինք լեռան հսկայական սուր ելուստը, և այստեղ մեր առջև բացվեց հովիտը՝ խաղաղ, մեկուսի, ողողված պայծառ լույսով արևի, որը լուսավորում էր հովտի երկու կողմի խստաշունչ ժայռերը․ ասես ծալքավորվելով՝ իջնում էին քարե երկու ծանր վարագույրներ, ներկված արևի վարդագույն ու ոսկեզօծ ճաճանչներով և երկնագույն նուրբ ստվերներով։ Ժայռերի ստորոտներում կուտակվել էին անհամար քարահոսքերի հետքերը՝ ամեն ձևի ու չափի քարակոշտերի քաոս էր այդ, մի քանիսը գլորվել էին հովտի անհարթ հունով, մի մասը կուտակվել էին իրար վրա, ասես դրանցից հապճեպ պատրաստել էին բարձր ծխնելույզներ, որոնք հիմա ուր որ է պետք է փլվեին։ Այս ժայռերի վրա և դրանց շուրջը փռված էր քամուց օրորվող կանաչ գորգ․ կորացած, կեռումեռ թփուտներ և բարձր խոտ, կռացած, ծռմռված, խորամանկ կախարդների նման ծառեր, փոքրիկ խոլորձներ, սլացիկ շուշաններ ու փղոսկրյա֊դեղին և վարդագույն ծաղիկներով պատուտակների խիտ ցանց։ Ժայռերի փեշերին, որ ուղղված էին դեպի մեզ, ցրված էին բազմաթիվ քարանձավներ, նրանց խորհրդավոր, մթին մուտքերը ասես նեղ ճեղքեր լինեն քարի մեջ, իսկ երբեմն էլ՝ տաճարների լայն բացված դռներ։ Հովտի հենց կենտրոնում վազում էր կարկաչուն մի առվակ, այդ ժիր փոքրիկը մերթ ուրախ խոխոջում էր քարերի մեջ, մերթ նորից դուրս պրծնում այնտեղից և շտապ ցած գահավիժում մի ելուստից մյուսը։

Հովտաբերանում մենք կանգ առանք հանգստանալու ու ծխելու, և ես հեռադիտակով նայեցի դիմացի ժայռերին, չկա՞ այնտեղ արդյոք կենդանության որևէ հետք։ Բայց հովիտը թվում էր մեռյալ, ամայի, ոչ մի ձայն, լսվում էր միայն փոքրիկ առվակի ինքնավստահ, զվարթ կարկաչյունը, և մեկ էլ քամին էր շողոքորթ սուլում ու փսփսում խոտի հետ։ Երկնքում երևաց մի ոչ մեծ բազե․ մի պահ անշարժ կախվեց երկնի կապույտում և անհետացավ ժայռի ետևում։ Ջեյկոբը կանգնել և դիտում էր հովիտը, նրա հաստ մռութը մռայլվել էր։

― Ի՞նչ է եղել, Ջեյկոբ, ― անմեղ հարցրի ես, ― դու արդեն նկատե՞լ ես որսը։

― Ո՛չ, սըր, ― պատասխանեց նա և զայրացած նայեց գետնին։

― Քեզ այստեղ դո՞ւր չի գալիս։

― Այո՛, սըր, չի դուր գալիս։

― Ինչո՞ւ։

― Սա շատ վատ տեղ, սըր։

― Իսկ ինչո՞ւ է վատ։

― Է՜, լինում է էդպես կախարդված տեղ, վատ բան կլինի, սըր։

Ես նայեցի Բաֆուտի Քերծեներին, որոնք պառկած էին խոտի մեջ։

― Այստեղը կախարդվա՞ծ է։ Այստեղ ձեզ հետ վատ բա՞ն է պատահել, ― հարցրի նրանց։

― Ո՛չ, սըր, երբեք, ― միաձայն պատասխանեցին նրանք։

― Ահա տեսնո՞ւմ ես, ― ասացի ես Ջեյկոբին, ― այստեղ ոչ մի կախարդանք էլ չկա, և վախենալու բան չկա, հասկացա՞ր։

― Այո՛, սըր, ― պատասխանեց Ջեյկոբը, այնքան էլ չհամոզված։

― Իսկ եթե դու ինձ համար բռնես այդ որսը, ես քեզ շատ լավ կվարձատրեմ, ― շարունակեցի ես։

Ջեյկոբը նկատելիորեն աշխուժացավ։

― Մասան ինձ այնպիսի վարձ տալ, ինչպես որսորդների՞ն, ― հուսադրված հարցրեց նա։

― Այո՛, իհարկե։

Ջեյկոբը հոգոց հանեց ու մտածկոտ քորեց փորը։

― Ինչ է, դեռ շարունակում ես վախենալ, որ այստեղ քեզ կկախարդե՞ն։

― Է՜, ― առարկեց նա ու թոթվեց ուսերը։ ― Լինում է, որ ես էլ եմ սխալվում։

― Է՜յ, Ջեյկոբ, եթե մասան տա քեզ վարձ, դու սպանես քո հարազատ մամիին, ― ծիծաղելով ասաց Քերծեներից մեկը։ Ջեյկոբի փողասիրությունը լավ հայտնի էր ամբողջ Բաֆուտում։

― Հա՜, ― զայրացած բացականչեց Ջեյկոբը, ― իսկ դու փող չսիրե՞լ, հա՞։ Ինչո՞ւ դու մասայի հետ գալ որսի, թե որ չսիրել փող, հը՜։

― Դա իմ աշխատանք, ― ասաց որսորդը և բացատրեց, որպեսզի ոչ մի կասկած չմնա։ ― Ես Բաֆուտի Քերծե եմ։

Ջեյկոբը դեռ չէր հասցրել արժանի պատասխան մտածել, երբ մյուս որսորդը ձեռքը բարձրացրեց։

― Լսիր, մասա, ― հուզված ասաց նա։

Բոլորը լռեցին, և այստեղ հովտից մեզ հասավ տարօրինակ մի ճիչ․ սկզբում մեկ֊մեկ, կարճ ընդմիջումներով, լսվում էր մի բեկբեկուն սուլոց․․․ և հանկարծ այն փոխվեց երկարաձիգ ոռնոցի, որը չարագուշակ արձագանքով տարածվեց հովտի քարե պատերի մեջ։

― Դա, նիին է, մասա, ― շշնջացին որսորդները, ― նա ոռնում է ա՜յ, այնտեղ, բարձր ժայռին։

Ես հեռադիտակս ուղղեցի քարերի անկանոն կույտի վրա, որ ցույց տվին որսորդները, բայց միանգամից չնկատեցի դամանին։ Նա նստել էր ժայռի ծերպին և տիրաբար դիտում էր հովիտը։ Նա խոշոր ճագարի չափ էր, բայց թաթերը կարճ էին, հաստ, դունչը՝ բութ, ինչպես առյուծինը։ Ականջները փոքր, կոկիկ, ասես բոլորովին պոչ չուներ։ Մի երկու րոպե ես նրան ցննեցի, հետո նա շրջվեց նեղ ելուստի մյուս կողմը, վազքով բարձրացավ ժայռի գագաթը, մի պահ այնտեղ կանգ առավ, և, որոշելով հեռավորությունը, թեթև թռավ հարևան քարակույտի վրա ու անհետացավ գալարախոտի մացառուտներում։ Ըստ երևույթին, դրանց հետևում ինչ֊որ որջ կար։ Ես հեռադիտակս իջեցրի և նայեցի որսորդներին։

― Դե, ― հարցրի ես, ― ինչպե՞ս նրան բռնենք։

Նրանք արագ մտքեր փոխանակեցին իրենց լեզվով, հետո որսորդներից մեկը շրջվեց իմ կողմը։

― Մասա, այդ որսը, նա շատ խելոք, ― ասաց որսորդը, ծռմռելով դեմքը և քերելով ծոծրակը։ ― Ցանցով նրան մենք երբեք չբռնել, միևնույն է, նա փախչել մարդկանց կողքով։

― Իսկ ինչպե՞ս վարվենք, բարեկամս։

― Մենք սարում որջ գտնել, սըր, և մենք անել խարույկ և շատ ծուխ, մենք ցանցը դնել որջի առաջ, և հենց նա փախչել, մենք նրան բռնել։

― Լավ, ― համաձայնվեցի ես, ― գնանք, ժամանակն է։

Մենք առաջ շարժվեցինք հովտով։ Առջևից գնում էր Ջեյկոբը, այժմ նրա դեմքն արտահայտում էր մռայլ վճռականություն։ Մենք անցնում էինք ցածր, խիտ թփուտների միջով և, վերջապես, հասանք քարերի առաջին կույտին, որ կուտակվել էր իրար վրա այնպես անկանոն, կարծես ուր որ է պիտի փլվեին։ Այստեղ մենք ցրվեցինք չորս կողմ և, շների պես, գրեթե սողալով, շարժվեցինք ժայռի չորս կողմով, նայելով ամեն մի ճեղքի մեջ՝ չկա՞ արդյոք այնտեղ որևէ մեկը։ Որքան էլ տարօրինակ թվա, առաջինը Ջեյկոբի բախտը բերեց․ նա գլուխը հանեց թփերի միջից և կանչեց ինձ։ Նրա քրտնած դեմքը ուղղակի փայլում էր։

― Մասա, ես որջ գտել։ Ուրսը նստել այնտեղ, ներսում, ― ուրախ հայտարարեց նա։

Մենք խմբվեցինք որջի շուրջը և ականջ դրինք։ Դե, իհարկե, այնտեղ կա ինչ֊որ կենդանի էակ։ Մեզ էին հասնում թույլ շրշյուններ, ասես գազանիկը թաթերով ճանկռոտում էր հողը։

Մենք չոր խոտերից շտապ խարույկ սարքեցինք հենց մուտքի մոտ, և երբ, ինչպես հարկն է, այն բռնկվեց, կրակը ծածկեցինք կանաչ տերևներով։ Վայրկենապես թանձր ու կծու ծուխը երկինք բարձրացավ։ Մենք ցանցը կախեցինք որջի մուտքի վրա և տերևների մեծ փնջով ծուխն ավելի խոր ներս մղեցինք։ Տերևները ուժգին թափահարելով, ծուխն ուղղեցինք մութ ճեղքի մեջ․ այն քուլաներով գնում էր ավելի խորքը, և հանկարծ ամեն ինչ կատարվեց գլխապտույտ արագությամբ։ Որջից դուրս թռան դամանի երկու ձագուկներ, յուրաքանչյուրը ծովախոզուկի մեծությամբ, թռիչքի ժամանակ նրանք զարնվեցին ցանցին այնպիսի ուժգնությամբ, որ պոկեցին ամրակապերից, և ավելի ու ավելի խճճվելով նրա մեջ գլորվեցին թփուտները։

Նրանց ետևից դուրս թռավ մայրը, բավական խոշոր ու մարմնեղ մի գազանիկ՝ զայրույթից գազազած։ Նա դուրս թռավ որջից և անմիջապես նետվեց դեպի իրեն մոտ կանգնած մարդը, դա որսորդներից մեկն էր։ Դամանը սլանում էր այնպիսի արագությամբ, որ որսորդը չհասցրեց խուսափել, էգը ատամները խրեց նրա ոտքի մեջ և կախվեց նրանից, ինչպես բուլդոգը, քթով արձակելով բարձր ու սարսափելի «ուի՜ ի ի ի ի»֊ն։ Որսորդն ընկավ պատատուկի խիտ գորգին և հուսահատ թպրտում էր ու ոռնում ցավից։

Բաֆուտի մյուս Քերծեները այդ ընթացքում ջանում էին ցանցից հանել ձագուկներին, բայց դա այնքան էլ հեշտ բան չէր։ Ֆոնի տնեցիք իսկույն փախան, հենց որ ասպարեզում երևաց զայրացած մայրիկը, այնպես որ թփերի մեջ գալարվող և ամբողջ ուժով գոռացող որսորդին օգնության վազեցինք ես ու Ջեյկոբը։

Սակայն ես դեռ չէի հասցրել որևէ բան մտածել, երբ հանկարծ Ջեյկոբը ասես սթափվեց քնից։ Այս անգամ իրադարձությունները նրան հանկարծակիի չբերին։ Վախենում եմ, ճիշտն ասած, որ նրա արարքը թելադրված չէր ընկերոջ տանջանքներին կարեկցելուց։ Ըստ երևույթին, նա հասկացել էր, որ անհրաժեշտ է արագ ինչ֊որ բան անել, թե չէ գազանիկը կփախչի, և այն ժամանակ, ինքը՝ Ջեյկոբը, այլևս չի ստանա խոստացված դրամը, ինչպես որ չի տեսնի իր ականջները։ Ջեյկոբը բրեզենտե մեծ պարկը վերցրեց և սլացավ իմ կողքով․ այդ միշտ քնկոտ ու դանդաղաշարժ մարդուց ես ոչ մի կերպ չէի սպասում նման արագաշարժություն։ Չհասցրի նույնիսկ աչքս թարթել, երբ նա արդեն բռնեց չարաբախտ որսորդի ոտքից ու խցկեց պարկի մեջ՝ նրանից կախված դամանի հետ միասին։ Հետո ամուր ձգեց պարկի բերանը և, գոհ ժպտալով, շրջվեց դեպի ինձ։

― Մասա՜, ― աղաղակեց նա, ձգտելով խլացնել որսորդի գոռոցը, որն այժմ արդեն գոռում էր ոչ միայն ցավից, այլև զայրույթից, ― ես նրան բռնել։

Սակայն նա չափազանց շուտ էր տոնում իր հաղթանակը․ այլևս չկարողանալով դիմանալ, որսորդը վեր կացավ գալարախոտի վրայից և թափով խփեց Ջեյկոբի գանգրահեր ծոծրակին։ Ջեյկոբը ցավից ու վիրավորանքից հեկեկաց և գլորվեց ժայռն ի վար, իսկ որսորդը այդ ընթացքում ոտքի ելավ, հուսահատորեն աշխատելով ազատվել դամանից ու պարկից։ Որքան էլ ցավալի է, բայց պետք է խոստովանեմ, որ այստեղ ես նստեցի քարին և սկսեցի այնպես ծիծաղել, որ աչքերիցս արցունքներ հոսեցին, ավելի խելոք բան՝ մտքովս չանցավ։ Ջեյկոբը նույնպես ոտքի կանգնեց, սպառնալիքներ ու անեծք թափելով, և տեսավ, որ որսորդը փորձում է ոտքը հանել պարկից։

― Հե՜յ, ― աղաղակեց նա, ոստյուններով բարձրանալով լանջն ի վեր։ ― Հիմար մարդ, որսը հիմա փախչել։

Նա ձեռքերով գրկեց որսորդին, և երկուսով մեջքի վրա ընկան ուղղակի գալարախոտի գորգի մեջ։ Այդ ընթացքում մնացած որսորդները ձագուկներին դրեցին պարկերի մեջ և կարող էին արդեն օգնության գալ ընկերոջը։ Նրանք մի կողմ քաշեցին Ջեյկոբին և օգնեցին, որ նա ոտքը հանի պարկից։ Բարեբախտաբար, դամանն իր ատամները հանել էր նրա ոտքից, երբ ընկել էր պարկի մեջ, և, երևի, այնպես էր շշմել, որ էլ չէր կծել, բայց իհարկե, խեղճ որսորդը կարգին տանջվել էր։

Ես դեռ խեղդվում էի ծիծաղից, թեև ամեն կերպ ձգտում էի դա թաքցնել մյուսներից, հետո մի կերպ հանգստացրի վիրավոր որսորդին, հանդիմանեցի Ջեյկոբին նրա արարքի համար և ասացի, որ իր սեփական հիմարության պատճառով կստանա խոստացած վարձի միայն կեսը գազանիկին որսալու համար, իսկ մյուս կեսը կստանա որսորդը, չէ՞ որ Ջեյկոբի ողորմածությամբ նա քիչ մնաց ոտքից զրկվեր։ Իմ որոշումը, բոլորը, ընդունեցին հավանության նշաններով և գոհունակությամբ։ Ես վաղուց եմ համոզվել, որ աֆրիկացիների մեծ մասի մոտ չափազանց զարգացած է արդարության զգացումը, և նրանք սրտանց խրախուսում են ամեն տեսակ արդարացի վճիռը, եթե այն նույնիսկ ուղղված է իրենց դեմ։

Այսպիսով, վերականգնելով կարգ ու կանոնը և առաջին օգնությունը ցույց տալով վիրավորին, մենք հովիտով առաջ շարժվեցինք։ Ծխահարեցինք էլի մի քանի քարանձավ ու փոս, բայց՝ անարդյունք և, վերջապես, առանց որևէ արյունահեղության, հետապնդեցինք ու բռնեցինք մի մեծ արու դամանի։ Այժմ ես ունեի չորս դաման, ինձ ուղղակի չլսված հաջողություն վիճակվեց։ Եվ ես որոշեցի, որ ժամանակն է տուն վերադառնալու։ Մենք դուրս եկանք հովտից, շրջանցեցինք լեռնաշղթան, իջանք թեք լանջով, որ ծածկված էր քամուց օրորվող ոսկեգույն խոտով, և անցանք առաջ։ Հասնելով ավելի հարթ տեղանքի, մենք կանգ առանք ծխելու և հանգստանալու համար։ Ես նստեցի տաք խոտի վրա և նայեցի լեռներին, այնտեղից լսվում էր որոտի խուլ ճայթյունը։ Այո, մենք չէինք էլ նկատել, որ երկնքով դեպ մեզ էր սողում ծանր ու մռայլ ամպը, որն իր ուրվագծերով նմանվում էր պարսկական վիթխարի կատվի և որն արդեն տարածվել էր լեռնագագաթների վրա։ Նրա ստվերի տակ լեռների կանաչն ու ոսկին խամրել էին, դարձել մռայլ մուգ մանուշակագույն, իսկ հովիտները կտրտվել էին նրա սև շերտերով։ Ամպը շարժվում էր, փոխելով ուրվագծերը՝ մերթ ոլորվում, մերթ տարածվում․ ասես տրորում ու հունցում էր լեռնապարը, ինչպես կատուն է թաթերով ճանկռում հսկայական բազմոցը։ Ժամանակ առ ժամանակ այս վիթխարի զանգվածը ճեղքվում էր, և այնտեղից թափանցում էին արևի պայծառ ճառագայթները, ջինջ ոսկեփայլով լուսավորում լեռները, որոնց լանջերի մռայլ, մուգ մանուշակգույն խոտը բռնկվում էր վառ դեղին ու կանաչ գույներով։

Ապշեցուցիչ արագությամբ ամպը ավելի ու ավելի սևանում, մռայլվում, ասես ուռչում էր, պատրաստվելով անձրև տեղալ։ Ու ահա այնտեղ փլվում, ընկնում են կայծակները, ինչպես ծակող ատամնավոր արծաթե սառցալուլաներ, և լեռները դողում են ամպրոպի որոտից։

― Մասա, պետք է գնալ շուտ֊շուտ, ― ասաց որսորդներից մեկը։ ― Ինչ֊որ տեղ ամպրոպը մեզ հասնի։

Մենք շտապում էինք, գրեթե վազում բայց այնուամենայնիվ չհասցրինք․ ամպը փլվեց լեռների կատարներին և, ասես դանդաղեցրած թռիչքով, տարածվեց երկնակամարով մեկ, մեր ետևում։ Պոռթկուն ու սառը քամի բարձրացավ, և իսկույնևեթ անձրև տեղաց՝ արծաթե հոծ վարագույրի նման․ առաջին իսկ վայրկյանում մենք ամբողջովին թրջվեցինք։ Շեկ հողը մգացավ ու դարձավ սայթաքուն, անձրևն այնպես բարձր էր սուլում, որ խոսելը գրեթե անհնար դարձավ։ Երբ մենք մոտեցանք Բաֆուտի արվարձաններին, մեր ատամները զնգզնգում էին ցրտից, իսկ լրիվ թրջված հագուստները սառեցնում էին մարմիններս։ Մենք արդեն հասել էինք ճանապարհի վերջին, և այստեղ անձրևն արդեն կամաց֊կամաց պակասեց, դեռևս ցայտում էր թեթև ցնցուղի պես, իսկ հետո ամբողջովին դադարեց։ Թաց գետնից սպիտակ մշուշ բարձրացավ և զարնվեց մեր ոտքերին, ինչպես տեղատվության վիթխարի ալիքը։


Գլուխ չորրորդ

Միապետը և կոնգան


Վերջապես հասավ խոտահունձի հանդիսավոր արարողության օրը։ Ես արթնացա լուսաբացից առաջ, երբ աստղերը նոր էին սկսել նոսրանալ և խամրել, երբ դեռ նույնիսկ ամենաջահել ու ոգևորված գյուղական աքաղաղները չէին փորձել իրենց ձայնը․ ինձ արթնացրեց փոքրիկ թմբուկների թնդյունը, ծիծաղը, բարձր խոսակցությունը, և տան առջև, փոշոտ փողոցում, բոբիկ ոտքերի փափուկ շրմփոցը։ Ես պառկել և ունկնդրում էի այդ բոլոր ձայները այնքան ժամանակ, քանի դեռ արթնացող օրը չէր ներկել երկինքը նուրբ կանաչավուն երանգներով․ այդժամ ես վեր կացա և դուրս եկա պատշգամբ, տեսնելու, թե ինչ է տեղի ունենում։

Վաղորդյան աղջամուղջում Բաֆուտի շուրջը կուտակված լեռները փայլատակում էին կարմրակապույտ ու գորշ երանգներով, տեղ֊տեղ դրանք հատվում էին հովիտների մուգ շերտերով․ նրանց խորքում դեռևս թաքնվում էր սև ու մուգ մանուշակագույն խավարը։ Երկինքը հիասքանչ էր, արևմուտքում՝ սև, ուր դեռ առկայծում էին վերջին աստղերը, դեղնականաչ իմ գլխավերևում, իսկ բլուրների արևելյան եզրին՝ նուրբ երկնագույն, ինչպես ալկիոնի փետուրը։ Ես հենվել էի պատշգամի այն պատին, որ ամբողջովին ծածկված էր բուգենվիլեյի հսկայական ոստայնով, ասես անփութորեն վրան էին գցել դարչնակարմիր ծաղիկների մի թիկնոց, և հայացքս գցեցի յոթանասունհինգ աստիճաններից կազմված սանդուղքին, դեպի ներքև տանող ճանապարհին ու դրանից այն կողմ՝ Ֆոնի բակին։ Ճանապարհի աջ և ձախ կողմերով շարժվում էր մարդկային խիտ հոսանքը․ մարդիկ ծիծաղում էին, զվարթ խոսում և մերթ ընդ մերթ զարկում փոքրիկ թմբուկներին։ Յուրաքանչյուրը ուսին տանում էր երկար փայտե ձող, իսկ ձողին ամրացված էր չոր խոտի մեծ ու կոնաձև խուրձ։ Շուրջը վազվզում էին տղաները, նրանք նույնպես բարակ ճյուղերին կապած տանում էին ավելի փոքր խրձեր։ Մարդիկ անցնում էին Ֆոնի բակը տանող կամարի կողքով և իրենց բեռը թափում ճանապարհի եզրի ծառերի տակ գոյացած կույտի մեջ։ Հետո կամարի տակով մտնում էին բակ և մնում այնտեղ խմբերով, խոսում էին ու ծիծաղում․ երբեմն սրինգն ու թմբուկը սկսում էին մի ինչ֊որ կարճ մեղեդի, և իսկույն ամբոխից դուրս էին գալիս պարողները։ Նրանք ոտքերով դոփում էին գետինը՝ հանդիսատեսների ծափահարության ու հիացական բացականչությունների տակ։ Դա մի ուրախ, աշխույժ ու բարեհամբույր հավաք էր։

Երբ ես ավարտեցի նախաճաշս, ճամփեզրի ծառերի տակ կուտակված խոտի դեզը հասնում էր գրեթե մինչ երկինք, երբ նրա վրա ընկնում էր նոր խուրձ, ամբողջ դեզը ճոճվում էր, թվում էր, թե հիմա ուր որ է կփլվի։ Բակը լեփ֊լեցուն էր բազմությամբ, մարդկանց արդեն տեղ չկար, և շատերը մնում էին կանգնած կամարի տակ ու ճանապարհին։ Օդը լիքն էր ձայներով, նրանք, ովքեր ավելի շուտ էին եկել, ողջունում էին նոր եկողներին և հանդիմանում նրանց ծուլության համար։ Երեխաները աղմուկ աղաղակով վազում էին իրար ետևից, մերթ խցկվելով ամբոխի մեջ, մերթ դուրս պրծնելով այնտեղից, իսկ նրանց ետևից խանդավառ հաչոցով ուրախ վազում էին նիհար ու աշխույժ շները։ Ես յոթանասունհինգ աստիճանով իջա դեպի ճանապարհը և միացա ժողովրդին։ Ես շատ ուրախ էի ու գոհ, որ ոչ ոք չէր առարկում իմ ներկայության դեմ, ընդհակառակը, շատերը բարեկամաբար ժպտում էին ինձ, իսկ երբ ես սկսեցի բոլորին բարևել, նրանց սովորական կոտրտված անգլերենով՝ ժպտացին ավելի լայն ու սիրալիր։ Հետո ես հարմարավետ տեղավորվեցի ճանապարհի մոտ, գիբիսկուսի վիթխարի թփի ստվերում (թուփն ամբողջովին ծածկված էր մուգ կարմիր ծաղիկներով և բզզում էր ամեն տեսակ մժեղների պարսերով)։ Ես նստել էի այնտեղ, ծխում և դիտում էի շուրջս ցնծացող տոնական ամբոխին․ շատ շուտով շուրջս խիտ շրջան կազմեցին տղաներն ու պատանիները և սկսեցին լուռ դիտել ինձ։ Վերջապես, շնչակտուր ինձ գտավ Բենը․ արդեն վաղուց անցել է ճաշի ժամը, հայտնեց նա, և բոլոր այն համեղ բաները, որ պատրաստել է խոհարարը, հիմա արեն, իհարկե, բանի պետք չեն։ Ես դժգոհությամբ հեռացա իմ երկրպագուների խմբից, նրանք բոլորը հարգալից վեր կացան և սեղմեցին ձեռքս, ու ես քարշ եկա դեռևս փնթփնթացող Բենի հետևից դեպի տուն։

Ճաշից հետո ես նորից իջա իմ դիտակետը՝ գիբիսկուսի հովանու տակ, և շարունակեցի մարդաբանի հայացքով ուսումնասիրել Բաֆուտի բնակիչներին, որոնք անընդհատ հոսանքով անցնում էին իմ կողքով։ Երևի, ես առավոտյան ժամերին դիտում էի պարզ ու հասարակ աշխատավոր մարդկանց։ Որպես կանոն, հասարակ մարդկանց ամբողջ հագուստը կազմում էր ծաղկավոր սարոնգան, որ կիպ փաթաթված էր նրանց կոնքերին․ այդպես հագնված էին նաև կանայք, ի դեպ, որոշ պառավ կանայք կրում էին միայն կեղտոտ, կաշվի ազդրակապեր։ Ես հասկացա, որ ազդրակապը նրանց բուն հագուստն է, իսկ վառ սարոնգան տուրք էր ժամանակին, նորաձև հագուստ։ Գրեթե յուրաքանչյուր տարեց կնոջ ատամների արանքում ծխամորճ կար, բայց ոչ կարճ, ինչպես քոթուկ, որ հարգի է հարթավայրի ցեղերի մոտ, այլ երկար, նուրբ ծխամորճ, որը հիշեցնում էր հինավուրց կավե ծխամորճերը, և բոլոր այս ծխամորճերը սևացած էին ծխից։ Ահա այսպիսի տեսք ուներ Բաֆուտի աշխատավոր ժողովուրդը։ Ճաշից հետո ճանապարհին հայտնվեցին ավագանու անդամները, իշխանիկները և ավելի կարևոր ու ազդեցիկ դեմքեր։ Եվ ահա սրանց ոչ մի կերպ չէր կարելի շփոթել սովորական աշխատավորների հետ։ Նրանք բոլորը հագել էին հոյակապ ու վառ գույների լայն ու երկար հագուստներ (այս հագուստները խշխշում ու փայլում էին քայլելիս), իսկ փոքրիկ ու գանգը կիպ գրկած կլոր թասակները ասեղնագործված էին բարդ ու վառ նախշերով։ Ոմանք ձեռքներին ունեին մուգ շագանակագույն փայտից գավազան՝ զարմանալիորեն նուրբ ու գեղեցիկ զարդաքանդակով։ Դրանք բոլորն էլ տարիքավոր կամ էլ նույնիսկ ծեր մարդիկ էին․ նրանք, ակնհայտորեն, շատ էին հպարտանում հասարակության մեջ ունեցած իրենց բարձր դիրքով, և յուրաքանչյուրն ինձ ողջունում էր չափազանց հանդիսավոր, սեղմելով ձեռքս ու մի քանի անգամ արտահայտիչ կրկնելով․ «Ողջունում եմ»։ Այսպիսի արիստոկրատներ շատ կային, և ամբողջ արարողությանը նրանք զարմանալի գունավորում էին հաղորդում։ Ժամը հինգին իմ տուն դառնալու և թեյ խմելու ժամանակն էր․ ճանապարհին ես կանգ առա սանդուղքի վերին աստիճանին և նայեցի ցած, հսկայական բակին։ Բակն այնպես լեփ֊լեցուն էր, որ շեկ գետինը միայն մերթ ընդ մերթ էր երևում այն տեղերում, ուր ուրախ պարողները վեր֊վեր էին թռչում։ Ամբոխի մեջ վառ գույներով առկայծում էին ցեղապետների հագուստները, ինչպես սևահող ծաղկաթմբի վրա՝ գույնզգույն ծաղիկները։

Երեկոյան դեմ ես արդեն բազմության ամենահոծ կենտրոնում էի և աշխատում էի լուսանկարել, քանի դեռ լրիվ չէր մթնել։ Եվ այստեղ հանկարծ ինձ մոտեցավ մի ուշագրավ կերպարանք։ Դա Ֆոնի սուրհանդակն էր․ նրա ծփացող հագուստները փայլփլում էին կարմիր, ոսկե ու կանաչ գույներով, իսկ ձեռքում սեղմել էր կաշվե մտրակը։ Նա ինձ հայտնեց, որ իրեն ուղարկել է Ֆոնը, և եթե ես միանգամայն պատրաստ եմ, նա ինձ կուղեկցի իր միապետի մոտ՝ չոր խոտի հավաքման տոնակատարությանը։ Ես լուսանկարչական ապարատի մեջ նոր ժապավեն դրի և հետևեցի նրան ամբոխի միջով, հիացած նայելով, թե ինչպիսի հեշտությամբ էր նա իր համար ճանապարհ հարթում մարդկային հոծ բազմության մեջ։ Ֆոնի սուրհանդակն ինձ տարավ հսկայական բակով, կամարի տակով դուրս բերեց դարպասից, հետո նեղ անցումով մենք հասանք մյուս դարպասներին և, վերջապես, հայտնվեցինք փոքրիկ բակերի ու անցումների լաբիրինթոսում։ Դրանք իրարից զանազանելն անհնարին էր, բայց իմ ուղեկցողն այստեղ իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում․ նա հեշտությամբ սուզվում ու սահում էր մի անցումից մյուսը, բակից բակ, վեր ու վար էր անում փոքրիկ աստիճաններով, և, վերջապես անցնելով աղյուսե փլվող կամարի տակով, մենք մտանք մոտավորապես քառորդ ակր տարածությամբ մի երկար բակ, որ շրջապատված էր կարմիր աղյուսից բարձր պատերով։ Այս բակի ծայրում աճում էր մանգոյի մի մեծ ծառ, նրա հարթ բնի շուրջը կար տախտակներից պատրաստված պատվանդան, պատվանդանի վրա դրված էր շքեղ փորագրված մի մեծ բազկաթոռ, իսկ բազկաթոռի վրա բազմել էր Բաֆուտի Ֆոնը։

Ֆոնի զգեստն այնքան շլացուցիչ շքեղ էր, որ առաջին րոպեին նույնիսկ չճանաչեցի նրան․ երկնակապույտ, շատ գեղեցիկ երանգներով զգեստը զարդարված էր, կարմիր դեղին ու սպիտակ ապշեցուցիչ նախշերով։ Գլխին փայլում էր կարմիր ֆետրից սրածայր գլխարկը, որի վրա կարված էին փղի պոչի մազիկներ։ Հեռվից թվում էր, թե նրա գլխին դրված է կոնաձև խոտի խուրձ, Ֆոնը ձեռքում պահել էր ճանճորսիչը, որի փայտե պոչը նուրբ փորագրված էր, իսկ մետաքսանման փոքրիկ ծոպիկը պատրաստված էր գվերեցայի երկար, սպիտակասև պոչից։ Բայց այս չափազանց ազդու պատկերը փոքր֊ինչ փչացնում էին Ֆոնի ոտքերը, որոնք հանգչում էին վիթխարի, արդեն հնությունից դեղնած ու սևացած փղի ժանիքի վրա․ սրաքիթ խայտաբղետ կոշիկների միջից երևում էին դեղնա֊կանաչ գուլպաները։

Ֆոնը սեղմեց ձեռքս, սրտանց տեղեկացավ առողջությանս մասին։ Ինձ համար բազկաթոռ բերեցին, և ես նստեցի Ֆոնի կողքը։ Բակի երկու կողմերում տեղավորվել էին ամեն տեսակ խորհրդատուներ, իշխանիկներ ու նրանց կիսամերկ կանայք․ նրանք բոլորն էլ պպզել էին աղյուսե ցանկապատի երկայնքով և գինի էին խմում ինչ֊որ հատուկ գավաթներից, որոնք, ըստ էության, գեղեցիկ զարդաքանդակված կովի եղջյուրներ էին։ Ֆոնի բազկաթոռի ձախ կողմում կիտված էին սև կալեբասները, որոնք խցանված էին կանաչ տերևների փնջով։ Դրանք լցված էին «միմբոյով» կամ արմավի գինով՝ կամերունցիների սիրված խմիչքով։ Ֆոնի կանանցից մեկը ինձ համար էլ բաժակ բերեց, հետո բարձրացրեց կալեբասը, հանեց խցանը և մի քիչ գինի լցրեց Ֆոնի մեկնած ափի մեջ։ Նա խմիչքը մի քիչ պահեց բերանում, հետո թքեց և գլուխն օրորեց, ծանոթացավ ևս մի կալեբասի պարունակությանը ― միևնույն արդյունքով, հետո փորձեց դարձյալ երկուսը։ Վերջապես գտնվեց մի այնպիսի կալեբաս, որի գինին Ֆոնը արժանի համարեց և՛ իրեն, և՛ ինձ, ու նրա կինը լցրեց իմ բաժակը։ Տեսքից միմբոն հիշեցնում էր ջրով նոսրացրած կաթ, իսկ համը նուրբ է, փոքր֊ինչ թթու, ինչպես լիմոնադինը, բայց այդ բոլորը նենգ խաբեություն է։ Իրականում լավ միմբոն այնքան անմեղ համ ունի, որ հրապուրում է խմողին․ խմում ես ու խմում, և հանկարծ զգում ես, որ դա այնքան էլ անմեղ խմիչք չէ, ինչպես թվում էր։ Ես մի կում արի, չպչպացրի հաճույքից և շնորհավորեցի Ֆոնին՝ գինու հիանալի որակի համար։ Ես նկատեցի, որ բոլոր խորհրդատուները և իշխանիկները խմում էին կովի եղջյուրներով, որ փոխարինում էր նրանց գավաթներին, իսկ Ֆոնը գինին կլանում էր ցուլի եղջյուրից, որ հիանալի հղկված ու նախշված էր։ Մենք այդտեղ նստեցինք այնքան ժամանակ, մինչև որ գրեթե մթնեց, անընդհատ խոսում էինք, իսկ միմբոյի կալեբասները կամաց֊կամաց դատարկվում էին։

Վերջապես Ֆոնը վճռեց որ հասել է մեծագույն պահը․ ժամանակն է հյուրասիրել մարդկային ողջ զանգվածին, որ այստեղ հավաքվել էր նրա կանչով։ Մենք վեր կացանք ու գնացինք բակի միջով՝ երկու շարքով գետին խոնարհված Ֆոնի հպատակների միջով․ ընդսմին տղամարդիկ համաչափ ծափ էին տալիս, իսկ կանայք բերանները ծածկում էին ձեռքով, թեթևակի խփում էին շրթունքներին և օդը խլացնում այնպիսի ճիչերով, որ նման էին շչակների սուլոցներին, իսկ ես տգիտորեն կարծում էի, թե այդպիսի ոռնոցներ արձակում են միայն կարմրամորթ հդնկացիները։ Մենք անցնում էինք ամեն տեսակ դռների, անցումների ու փոքրիկ բակերի միջով, իսկ ամբողջ շքախումբը հետևում էր մեզ, շարունակելով ծափահարել ու ոռնալ։ Երբ մենք դուրս եկանք կամարի տակից գլխավոր բակը, ամբոխը միահամուռ իր գոհունակությունը հայտնեց խլացուցիչ աղաղակով, բոլորն սկսեցին ծափ տալ ու զարկել թմբուկները։ Աղմկոտ ողջյունների տակ մենք Ֆոնի հետ պատի երկայնքով անցանք դեպի այն տեղը, ուր արդեն բերել ու ընձառյուծի լայն փռված մորթու վրա կանգնեցրել էին Ֆոնի գահավորակը։ Մենք նստեցինք, Ֆոնը ձեռքով նշան արեց, և սկսվեց մի աշխարհացունց խնջույք։

Կամարի տակով հոսում էր գրեթե ամբողջովին մերկ, եթե չհաշվենք փոքրիկ ազդրակապերը, երիտասարդ մարդկանց թափորը, մկանուտ ու փայլուն ուսերին նրանք տանում էին ամեն տեսակ ուտելիքներ Բաֆուտի Ֆոնի հպատակների համար։ Այստեղ կային արմավի գինով ու գարեջրով լի կալեբասներ, կարմիր ու ոսկե֊դեղին բանանների կապոցներ, մեծ եղեգնառնետների մսեղիքներ, մանգուստաների, ջղջիկների, այծքաղների ու կապիկների, պիտոնի մսի վիթխարի կտորներ, սրանք բոլորը խնամքով մաքրված, ապխտած էին ու բամբուկե ձողերին հագցրած։ Կային նաև չորացրած ձկներ, չորացրած ծովախեցգետիններ և թարմ խեցգետիններ, կարմիր ու կանաչ տաքդեղներ, մանգոյի ու պապայիի պտուղներ, նարինջներ, անանասներ, կոկոսի ընկույզներ, մանիոկ ու գետնախնձոր։ Մինչ բաժանում էին այս ամբողջ աներևակայելի ուտեստների զանգվածը, Ֆոնը ողջունում էր ցեղապետներին, խորհրդատուներին ու իշխաններին։ Յուրաքանչյուրը մոտենում էր նրան, ցածր խոնարհվում ու երեք անգամ ծափ տալիս։ Ֆոնը ի պատասխան կարճ, արքայաբար գլխով էր անում, ու մոտեցողը ոտքերի ծայրերի վրա ետ֊ետ գնալով, հեռանում էր։ Եթե որևէ մեկը ցանկանում էր դիմել միապետին, պետք է խոսեր ձեռքերը բերանին դրած։

Այդ ընթացքում ես արդեն կուլ էի տվել պատկառելի քանակությամբ միմբո ու գերհամակվել էի անսովոր բարեհամբույրությամբ, նույնը երևի, տեղի էր ուենում Ֆոնի հետ։ Նա հանկարծ մռթմռթաց մի ինչ֊որ հրաման և ի սարսափ իմ, մեր կողքին հայտնվեց մի փոքրիկ սեղան՝ երկու բաժակով և ֆրանսիական ինչ֊որ մակնիշի շշով, որի մասին ես մինչ այդ չէի լսել և հետագայում էլ չէի ցանկանա վերականգնել ծանոթությունը։ Ֆոնը բաժակի մեջ լցրեց երեք դյույումի չափ ջին և տվեց ինձ, ես ժպտացի և ջանացի ձևացնել, իբր ջրով չբացած ջինը հենց այն է, ինչի մասին երազում էի։ Ես զգույշ հոտոտեցի բաժակը, ― լավ տեսակի նավթի հոտ էր գալիս։ Ո՛չ, մաքուր ջինի այդպիսի քանակությունը ուղղակի իմ ուժերից վեր էր, ու ես խնդրեցի, որ ջուր բերեն։ Ֆոնը նորից ինչ֊որ բան քրթմջաց, և իսկույն մոտ վազեց նրա կանանցից մեկը, ձեռքում նա սեղմել էր մի շիշ դառը թուրմ։

― Դառն է, ― հպարտությամբ հայտարարեց Ֆոնը և երկու գթալ լցրեց բաժակի մեջ։ ― Դու սիրո՞ւմ ջինը դառը թուրմով։

― Այո՛, ― ասացի ես և, ճիգ թափելով, ժպտացի։ ― Պաշտում եմ դառը թուրմով ջինը։

Այդ խմիչքի հենց առաջին կումը քիչ մնաց հիմնովին այրեր կոկորդս, կյանքումս ես մաքուր սպիրտ չէի խմել, այն էլ այդքան զզվելի համով։ Նույնիսկ Ֆոնը, որի համար, թվում էր, դժվար բան չկար, առաջին կումից հետո ինչ֊որ տարօրինակ կերպով աչքերը թարթեց։ Հետո ուժգին հազաց և շրջվեց իմ կողմը, մաքրելով արցունքոտված աչքերը։

― Շա՜տ թունդ է, ― նկատեց նա։

Երբ վերջապես բերին ամբողջ ուտելիքը և հսկայական կույտերով դարսեցին ուղղակի մեր առջև, Ֆոնը բոլորին կարգադրեց լռել և Բաֆուտի բնակիչներին մի կարճ ճառ արտասանեց․ պատմեց նրանց, թե ով եմ ես, ինչու եմ եկել այստեղ, և ինչ է ինձ հարկավոր։ Վերջում նա բացատրեց, որ նրանք պետք է ինձ համար որքան կարելի է շատ և ամեն տեսակ կենդանիներ որսան։ Ամբոխն այս ճառը լսեց խոր լռությամբ, իսկ երբ Ֆոնը ավարտեց խոսքը, բոլորը ծափ զարկեցին և բարձրաձայն բացականչեցին «ա՜֊ա՜֊ա՜֊ա՜»֊ի պես մի բան։ Ֆոնը ինքնագոհ տեսքով նստեց իր գահավորակին և մի թափով ըմպեց դառը թուրմով կես բաժակ ջինը։ Այս անշրջահայաց արարքին հաջորդած հինգ րոպեն տանջալից էր ոչ միայն նրա, այլև մեր բոլորիս համար։ Նա հազում էր և պտտվում իր բազկաթոռի մեջ, դեմքի վրայով առվակների նման հոսում էին արցունքները։ Վերջապես, փոքր֊ինչ շունչ առավ և լուռ նստեց, կարմրած ու չար աչքերով նայելով ջինով լի իր բաժակին։ Հետո նորից մի քիչ խմեց, խմիչքը մտածկոտ պահեց բերանում և վստահորեն շրջվեց դեպի ինձ։

― Այս ջին, դա շատ պինդ ուժեղ, ― խռպոտ շշնջաց նա, ― մենք այս ուժեղ խմիչքը տալ մեր փոքրիկ֊ փոքրիկ մարդիկ, իսկ հետո գնալ իմ տուն և խմել, հա՞։

Ես սիրով համաձայնվեցի, որ ջինը տանի այդ իշխանիկներին ու խորհրդատուներին՝ փոքրիկ֊փոքրիկ մարդկանց, ինչպես դրանց անվանեց Ֆոնը, ― սքանչելի միտք է։

Ֆոնը զգուշությամբ նայեց շուրջը․ արդյոք որևէ մեկը մեզ չի՞ լսում, բայց մեր շուրջը խռնված էին ընդամենը ինչ֊որ հինգ հազար մարդ, և նա վճռեց, որ միանգամայն հանգիստ կերպով կարող է իր գաղտնիքը բացել իմ առջև։ Ուստի նա մի անգամ ևս թեքվեց իմ կողմը և նորից շշնջաց․

― Շուտով մենք գնալ իմ տուն, ― նրա տոնի մեջ լսվում էր անկեղծ ցնծություն, ― ու մենք խմել «Սպիտակ ձի» վիսկի։

Հետո ետ ընկավ բազկաթոռին, որ տեսնի, թե ինչ տպավորություն թողեցին ինձ վրա այդ բառերը։ Ես աչքերս չռեցի ու ամեն կերպ այնպիսի տեսք ընդունեցի, որ շատ երջանիկ եմ հենց միայն այդպիսի հյուրասիրության մտքից, իսկ ինքս սարսափով մտածում էի․ միմբոյից ու ջինից հետո՝ վիսկի․ ախր ի՞նչ կստացվի դրանից։ Իսկ Ֆոնը, շատ գոհ, սկսեց իր մոտ կանչել այդ «փոքրիք֊փոքրիկ» մարդկանց և ջինի մնացորդները լցրեց կովի եղջյուրներից պատրաստված նրանց «ըմպանակները», որ կիսով չափ լցված էին միմբոյով։ Հենց միայն ջինի մասին հիշելիս անգամ սիրտս խառնում էր։

Այդ կասկածելի ողորմածությամբ երջանկացնելով իր հպատակներին, Ֆոնը ոտքի ելավ և ծափահարությունների, թմբուկների զարկի ու բացականչյությունների տակ, որ նման էին կարմրամորթ հնդիկների մարտականչերին, խառնիխուռն բակերի ու անցումների միջով տարավ ինձ իր տունը։

Ֆոնի առանձնատունը կորել էր, գրեթե չէր երևում նրա բազմաթիվ կանանց խոտե խրճիթների մեջ, որոնք ասես լուցկու տուփեր լինեին մեղվանոցում։ Մենք ներս մտանք և հայտնվեցինք ցածր առաստաղով մի ընդարձակ սենյակում․ այնտեղ դրված էին թիկնաթոռներ ու մի մեծ սեղան, փայտե հատակը ծածկված էր ընձառյուծի գեղեցիկ մորթիներով և խոտից գործած շատ վառ խսիրներով՝ տեղական վարպետների արտադրանքը։ Ենթադրելով, որ ինքն արդեն կատարել է իր պարտքը հպատակների առջև, Ֆոնը փռվեց շեզլոնգի վրա։

Բերին «Սպիտակ ձին», տանտերը հաճույքով ճպճպացրեց շրթունքները, երբ բաց արին անարատ շիշը, և ինձ հասկացնել տվեց, որ այժմ, երբ պետական ձանձրալի պարտականությունները ետևում են մնացել, կարելի է արդեն խմել սեփական հաճույքի համար։ Հետո մենք ամբողջ երկու ժամ խմում էինք և երկար ու ամենայն մանրամասնությամբ քննարկում, թե ինչ զենքով է ամենից լավ որսալ փղերին, ինչից է պատրաստվում «Սպիտակ ձի» վիսկին, ինչու ես ներկա չեմ գտնվում Բուկինհեմյան պալատի ճաշկերույթներին, և այլ հուզող հարցեր։ Երկու ժամ տևող այսպիսի ժամանցից հետո ոչ Ֆոնի հարցերը, ոչ էլ իմ պատասխաններն արդեն չէին հնչում այնպես գեղեցիկ ու կապակցված, ինչպես մենք կցանկանայինք, դրա համար էլ Ֆոնը կանչեց իր նվագախմբին, երևում է, նա ենթադրում էր, որ քաղցրահնչուն երաժշտությունը կարող է ցրել թունդ խմիչքների կործանիչ հետևանքները, բայց, ավա՜ղ, սխալվում էր։ Երաժիշտները մտան բակ և երկար ժամանակ երգում ու պարում էին պատուհանների տակ, իսկ Ֆոնն այդ ընթացքում ևս մի շիշ «Սպիտակ ձի» պահանջեց․ չէ՞ որ պետք էր նշանավորել նվագախմբի ժամանումը։ Հետո երաժիշտները կիսաշրջան արեցին, մեջտեղ ելավ մի կին և սկսեց պարել․ նա օրորվում էր, գետինը դոփում ոտքերով ու հետն էլ երգում։ Նրա երգը հոգեպարար էր ու տխուր։ Բառերը ես չէի հասկանում, բայց երգը չափազանց տխուր էր, և ես ու Ֆոնը խիստ զգացվեցինք։

Վերջում Ֆոնը, սրբելով արցունքները, նվագախմբին կտրուկ հայտարարեց, որ ցանկանում է ինչ֊որ ուրիշ բան լսել։ Երաժշտությունն այնքան աշխույժ և ուրախ էր, որ մեր տրամադրությունն իսկույն բարձրացավ, շատ շուտով ես արդեն երգի տակտով գետնին էի խփում ոտքերս, իսկ Ֆոնը դիրիժորություն էր անում նվագախմբին։ Ընդ որում, նրա ձեռքում դեռ սեղմված էր «Սպիտակ ձիով» բաժակը։ Ֆոնի հյուրասիրությունից գլուխս տաքացել էր, և հետո երաժշտությունն էլ էր ինձ աշխուժացրել, և գլխումս մի հիանալի միտք ծագեց։

― Օրերս դու ինձ ցուցադրեցիր ձեր ազգային պարը, ճի՞շտ է, ― ասացի ես Ֆոնին։

― Այո՛, ճիշտ է, ― հաստատեց նա, աշխատելով զսպել զկռտոցը։

― Դե՛ լավ։ Իսկ կուզես այսօր ես քեզ եվրոպական պար սովորեցնեմ։

― Ա՜խ, բարեկամս։ ― Ֆոնը պայծառացավ և գրկեց ինձ։ ― Այո՛, այո՛, հիանալի է, սովորեցրու ինձ։ Գնանք, մենք հիմա գնալ պարերի տուն։

― Մենք, օրորվելով, ոտքի ելանք և քարշ եկանք դեպի նրա «դանսինգը»։ Մի խոսքով, երբ մենք տեղ հասանք, ես տեսա, որ այդ ջանքերը (մենք անցել էինք հիսուն քայլ, կամ գուցե մի քիչ ավելի), խիստ հոգնեցրել են իմ ուղեկցին։ Ամբողջովին շնչահեղձ լինելով, նա անմիջապես փլվեց իր ճոխ զարդաքանդակված գահի վրա։

― Գնա, սկզբում սովորեցրու բոլոր փոքրիկ֊փոքրիկ մարդիկ, ― ասաց նա և ձեռքերը տարածեց իշխանիկների ու խորհրդականների բազմության կողմը։ ― Հետո ես էլ պարեմ նույնպես։

Ես նայեցի մի ոտքից մյուսի վրա հենվող շփոթված խորհրդականներին, որոնց պետք է սովորեցնեի, ու վճռեցի, որ կոնգայի ամենաբարդ քայլերը այժմ նրանց ուժերից վեր են։ Ճշմարիտ ասած, ես սկսեցի մտածել, որ դրանք հիմա, թերևս, իմ սեփական ուժերից էլ վեր են։ Ուստի վճռեցի բավարարվել նրանով, որ ցույց կտամ միայն պարի վերջին եզրափակիչ մասը, այն մասը, երբ բոլոր պարողները շղթայաձև կանգնած են մեկը֊մյուսի ետևից, և այդպես պտտվում են, հետևելով առջևում կանգնածին։ Ամբողջ դահլիճը քարացավ, երբ ես քսաներկու խորհրդականնեին առաջարկեցի գալ ինձ մոտ, դահլիճի կենտրոնը, և մի այնպիսի լռություն տիրեց, որ լսվում էր, թե ինչպես են քայլելիս խշխշում պետական այրերի մետաքսե հագուստները։ Ես նրանց բոլորին կանգնեցրի ինձնից հետո այնպես, որ յուրաքանչյուրը բռնի առջևում կանգնածի գոտկատեղից, հետո նշան արի նվագախմբին․ երաժիշտները տաքացած նվագում էին կոնգայի ռիթմով։ Եվ մենք սկսեցինք պարել։ Մինչ այդ ես շատ խնամքով աշակերտներիս բացատրեցի, որ իրենք պետք է կրկնեն իմ յուրաքանչյուր շարժումը։ Եվ նրանք անշեղորեն կատարեցին։ Սակայն շատ շուտով հայտնաբերեցի, որ Ֆոնի գինու մառանում խեղդվել են իմ բոլոր գիտելիքները կոնգայի մասին։ Միայն մի բան էր ամուր նստել հիշողությանս մեջ, թե ինչ֊որ մի պահ պետք է դոփել ոտքով և այն տարծել կողմ։ Եվ մենք գնացինք պտտվելու դահլիճում։ Նվագախումբը նվագում էր ամբողջ ուժով, իսկ մենք անում էինք մերը՝ քա՛յլ, երկո՛ւ, երե՛ք֊ոտքը կո՛ղմ, քա՛յլ, երկո՛ւ, երե՛ք, կողմ։ Իմ աշակերտներն առանց հատուկ ջանք թափելու կրկնում էին այդ հասարակ շարժումը։ Այսպես մենք հանդիսավոր պտտվում էինք դահլիճում, և նրանց շքեղ հագուստները խշխշում էին նույն եղանակով։ Ես հաշվում էի տակտը և անհրաժեշտ պահին բացակնչում էի՝ «բրի՜կ», որ նրանց համար հեշտ լիներ հասկանալ, թե երբ պետք է դոփեն ոտքով, իսկ նրանք իմ բացականչությունն ընդունեցին որպես պարի անհրաժեշտ տարր, ծիսային կրկներգի պես մի բան, և խմբով սկսեցին բղավել այդ «բրի՜կը» ինձ հետ միասին։ Մի տեսնեիք, թե ինչ էր կատարվում մեր բազմաթիվ հանդիսատեսների հետ, նրանք հիացմունքից ոռնում էին, իսկ Ֆոնի շքախմբի բոլոր անդամները, մոտ չորս տասնյակ կանայք և նրանց մի քանի մեծահասակ ժառանգները, նետվեցին դեպի մեզ, որպեսզի իրենք էլ պարեն պետական այրերի հետ, և յուրաքանչյուր նոր պարող կանգնում էր մեր շարասյան պոչից ու սկսում երգել բոլորի հետ միասին։

― Մեկ, երկու, երեք, իայա՜, ― ճվճվում էին կանայք։

― Մեկ, երկու, երեք, ի՜֊ի՜֊ի՜, ― ծվծվում էին երեխաները։

Հասկանալի է, որ Ֆոնը ոչ մի կերպ չէր կարող հեռու մնալ այսպիսի ուրախությունից։ Նա դժվարությամբ ցած սահեց գահավորակից և, հենվելով երկու մարդու վրա, տեղավորվեց շարասյան ետևում։ Նրա շարժումները չէին համընկնում մյուսների ներդաշնակ շարժումներին, բայց դրանից նրա ուրախությունը ամենևին էլ չպակասեց։ Ես նրանց անընդհատ պտտեցնում էի դահլիճի շուրջը, մինչև որ գլուխս պտտվեց և ինձ թվաց, թե պատերն ու առաստաղը ցնցվում են մեր ցատկերի տակտով ու աղմուկից։ Այստեղ ես զգացի, որ վատ չէր լինի, եթե թարմ օդ շնչեի, և բոլորին դուրս բերի բակ։ Այդպես էլ մենք երկար, օրորվող շղթայով իջնում ու բարձրանում էինք սանդուղքներով, անցնում էինք բակից֊բակ, անծանոթ խրճիթների միջով՝ ամեն տեղով, որտեղով կարելի էր անցնել։ Նվագախումբը, ընկնելով էքստազի մեջ, հետ չէր մնում, մենք պարում էինք, իսկ նվագողները վազում էին մեր ետևից, քրտնքի մեջ կորած, բայց ոչ մի անգամ չխախտեցին ռիթմը և չսխալվեցին։ Վերջապես, պատահականության բերումով, քան գիտակցաբար, ես իմ աշակերտներին նորից բերեցի պարասրահ և այստեղ բոլորս, շնչակտուր լինելով ու ծիծաղելով, իրար գլխի թավալվեցինք հատակին։ Ֆոնը դեռ ճանապարհին երեք անգամ ընկավ, իսկ հիմա նրան տարան մինչև գահավորակը և նստեցրին․ նա ցնծում էր և դժվարությամբ շնչում։

― Ա՜խ, ինչ հիանալի պար, ― բացականչեց նա, ― գերազանց, գերազանց։

― Քեզ դո՞ւր է գալիս, ― փնչալով, հազիվ ասացի ես։

― Շատ դուր գալիս, ― վճռականորեն ասաց Ֆոնը։ ― Դու մեծ ուժ ունես, ես երբեք չտեսնել այդպես եվրոպական պար։

Ես ամենևին էլ չզարմացա, հազիվ թե եվրոպացիներից որևէ մեկը Արևմտյան Աֆրիկայում իր հանգիստը կծախսի այն բանի վրա, որ տեղացի իշխաններին ու նրանց հպատակներին սովորեցնի կոնգա պարել։ Դե, իհարկե, եթե նրանցից որևէ մեկը տեսներ ինձ այս պահին, կհայտարարեր, որ ես կես ժամում այնքան մեծ վնաս հասցրի սպիտակ մարդու հեղինակությանը, որքան չէր հասցրել որևէ մեկը Արևմտյան Աֆրիկայի պատմության ողջ ընթացքում։

― Մե՛կ, երկո՛ւ, երե՛ք, ― երազկոտ մրմնջաց Ֆոնը, ― հիանալի՜ երգ։

― Այո՛, դա միանգամայն առանձնահատուկ երգ է, ― ասացի ես։

― Այո՞, ճի՞շտ, ― ասաց Ֆոնը, գլուխն օրորելով։ ― Այո՛, հիանալի։

Նա, մտածկոտ, մի քիչ էլ նստեց իր գահավորակին, այդ միջոցին նվագախումբը նորից նվագեց, և պարողները դուրս եկան դահլիճի կենտրոնը։ Ես արդեն մի քիչ շունչ էի առել և նույնիսկ սկսել էի հպարտանալ ինձնով, երբ հանկարծ Ֆոնը աշխուժացավ ու ինչ֊որ հրաման արձակեց։ Պարողների բազմությունից առանձնացավ մոտ տասնհինգ տարեկան մի աղջիկ ու մոտեցավ պատվանդանին, ուր նստել էինք մենք։ Նրա վրա կար մի չափազանց նեղ ազդրակապ, այնպես որ նրա հմայքները ոչ մի կասկած չէին թողնում։ Թմբլիկ, օծված մարմինը շողշողում էր։ Նա մոտեցավ մեզ և ամաչկոտ ժպտաց․ Ֆոնը կռացավ և, բռնելով նրա ձեռքը, թափով նստեցրեց իմ ծնկներին, և նա մնաց այնտեղ նստած, ծիծաղից ցնցնվելով։

― Սա քեզ համար, այս կին, ― ասաց Ֆոնը, ― լավն է, նա լավն է, նա իմ աղջիկ։ Արի ամուսնացիր նրա հետ։

Ասել, որ ես ցնցված էի, նշանակում է՝ ոչինչ չասել, ես ուղղակի սարսափից քարացել էի։ Իմ տանտերն արդեն հասել էր այն երանելի վիճակին, որից հետո սովորաբար վրա է հասնում ծայրահեղ մարտատենչությունը, և ես հասկացա, որ պետք է հրաժարվել որքան կարելի էր զգույշ ու տակտով, այլապես կփչացնեի ամեն ինչ, ինչին հասել էի այդ երեկո։ Ես անօգնական նայեցի դահլիճին, և առաջին անգամ այդ ամբողջ երեկոյի ընթացքում նկատեցի, որ շատ֊շատերը զինված են նիզակներով։ Նվագախումբն արդեն դադարել էր նվագել, և բոլորը սպասողաբար նայում էին ինձ։ Ֆոնը նույնպես նայում էր ինձ շշմած աչքերով։ Ես գլխի չէի, թե նա իսկապե՞ս է այդ աղջկան կնության տալիս ինձ, թե պատշաճությունից ելնելով, այդ բառերով ուրիշ բան է հասկացնում։ Ինչ էլ որ լիներ, պետք է մի կերպ հրաժարվեի, աղջիկը ամենևին էլ իմ ճաշակով չէր, եթե ուրիշ բանի մասին չխոսենք։ Ես շրթունքներս լիզեցի, հազացի և արի այն, ինչ կարող էի․ ամենից առաջ Ֆոնին շնորհակալություն հայտնեցի, որ նա ինձ առաջարկեց իր լավ օծված դստերը (աղջիկն այնքան ծանր էր, որ ծնկներս արդեն տնքում էին), սակայն, ինչպես ինձ հայտնի է, նա հիանալի քաջատեղյակ է իմ հայրենակիցների հիմար սովորություններին, և, հետևաբար, հասկանում է, որ անգլիացին ամենամեծ ցանկության դեպքում անգամ չի կարող մեկից ավելի կին պահել։ Իմ այս դիտողությանը Ֆոնը խոհեմաբար գլխով արեց։ Ուստի, շարունակեցի ես, ակամա պետք է մերժեմ նրա ծայրաստիճան հրապուրիչ առաջարկը, ես արդեն կին ունեմ Անգլիայում և անօրինական և բավական վտանգավոր կլինի ինձ համար երկրորդ կինը տանել այնտեղ։ Իհարկե, եթե ամուսնացած չլինեի, արագ֊արագ շարունակեցի ես, ինձ համար ավելի մեծ երջանկություն չէր լինի, քան նրա պարգևն ընդունելը, այս աղջկա հետ ամուսնանալը, Բաֆուտում մնալը մինչև կյանքիս վերջին օրերը։

Մեծագույն թեթևությամբ լսեցի ծափահարության որոտը, որը պայթեց, երբ հազիվ էի ավարտել խոսքս, միայն Ֆոնը մի քիչ հեծկլտաց, երբ հասկացավ, որ իր չքնաղ երազանքին վիճակված չէ իրականանալ։ Քանի դեռ բոլորը ծափահարում էին ու գոռգոռում, ես ծնկներիցս իջեցրի իմ հաստլիկին, թեթև շոյեցի նրան, ու նա, շարունակելով ծիծաղել, գնաց դահլիճ՝ պարելու։ Դե, այս երեկո արդեն բավական զբաղվեցի դիվանագիտական բանակցություններով, վճռեցի ես ու առաջարկեցի ցրվել տները։ Ֆոնն ու նրա շքախումբը ճանապարհեցին ինձ մինչև մեծ բակը, և այստեղ Ֆոնը վճռականորեն պահանջեց ինձնից, որ նրան թույլ տամ բռնել իմ մեջքից և մի անգամ էլ նրա հետ պարեմ Դարրելի կոնգան։ Ամբոխը դանդաղ միացավ մեզ, և մենք պարեցինք հրապարակի շուրջը, բղավելով ու քացի տալով այնպես, որ վախեցրինք բոլոր թևավորներին․ նրանք դուրս էին թռչում մանգոյի ծառի տերևների միջից, իսկ շրջապատի բոլոր շները կատաղի հաչում էին։ Սանդուղքի ներքևում ես ու Ֆոնը զգացված հրաժեշտ տվինք իրար, ու ես կանգնել ու նայում էի, թե ինչպես են նրանք օրորվելով պարում ետ դառնալու ճանապարհին։ Հետո, վերջապես, բարձրացա իմ յոթանասունհինգ աստիճանները, երազելով, որ հիմա արդեն կմտնեմ անկողին։ Վերևում կշտամբանքով լի հայացքով ինձ դիմավորեց Բենը, լապտերիկը ձեռքին։

― Սըր, այստեղ որսորդներ արի, ― ասաց նա։

― Ինչպե՞ս, այս ժամին, ― հարցրի ես զարմացած։ Համարյա գիշերվա ժամը չորսն էր։

― Այո՛, սըր։ Ասե՞լ նրանց, որ գնան։

― Նրանք որևէ բա՞ն են բերել, ― հույսի նշույլով հարցրի ես, և իմ հայացքի առջև պատկերացան ինչ֊որ հազվադեպ նմուշներ։

― Չէ, սըր։ Նրանք ուզել խոսել մասայի հետ։

― Դե՛, լավ։ Թող ներս գան, ― ասացի ես, ընկղմվելով բազկաթոռի մեջ։

Մի քանի րոպե հետո Բենը սենյակ բերեց շատ երիտասարդ և շատ շփոթված հինգ որսորդների, նրանք բոլորն էլ ձեռքներում սեղմել էին նիզակները։ Որսորդները խոր գլուխ տվին ու ասացին․ «Բարի երեկո»։ Պարզվեց, որ նրանք էլ են մասնակցել այսօրվա տոնին և լսել են Ֆոնի ճառը։ Նրանք ապրում են Բաֆուտից բավական հեռու ընկած գյուղում, ուստի և որոշել են մինչև տուն վերադառնալը ինձ տեսնել ու իմանալ, թե ինչպիսի կենդանիներ են ինձ հարկավոր։

Ես քաջալերեցի նրանց դրա համար, սիգարեթներ բաժանեցի և բերեցի գրքերն ու լուսանկարները։ Նրանք երկար նայում էին լուսանկարները, ես պատմեցի, թե հատկապես ինչպիսի կենդանիներ են ինձ պետք և ինչքան կվճարեմ դրանց համար։ Որսորդներն արդեն պատրաստվում էին գնալ, երբ հանկարծ մեկը նկատեց իմ մահճակալին ընկած մի նկար, որը նրանց ցույց չէի տվել։

― Մասա, ուզո՞ւմ ես այս որսը, ― հարցրեց նա։

Ես նայեցի նկարին, հետո երիտասարդ որսորդին, նա, թերևս, չէր կատակում։

― Այո՛, ― ասացի ես, որքան կարելի էր արտահայտիչ։ ― Ես շատ եմ ուզում այդ որսը։ Իսկ ինչ է, դու դրան ճանաչո՞ւմ ես։

― Այո՛, սըր, ես նրան գիտես, ― հաստատեց որսորդը։

Նկարը բարձրացրի և ցույց տվի բոլորին։

― Լավ նայեցեք, ― նախազգուշացրի ես։

Բոլորն էլ հայացքները հառեցին նկարի կողմը։

― Դե, ինչ, դուք իսկապես ճանաչո՞ւմ եք այս որսը, ― հարցրի ես նորից։

― Այո՛, սըր, ― միաբերան պատասխանեցին որսորդները։ ― Մենք դրան լավ գիտել։

Ես նստեցի ու նայեցի նրանց, ասես այլ մոլորակից էին եկել։ Նրանք շատ հանգիստ ճանաչեցին նկարում պատկերված գազանին, և դա ինձ ցնցեց։ Ես արդեն շատ վաղուց էի երազում բռնել այդ, աշխարհի, թերևս, ամենահիանալի երկկենցաղին․ գիտնականներին նա հայտնի է Triohobut rachus robustus անվամբ, իսկ սովորական մարդիկ դրան ուղղակի անվանում են մազոտ գորտ։

Այստեղ անհրաժեշտ է որոշ բան պարզաբանել։ Կամերուն կատարած նախորդ ուղևորությանս ժամանակ իմ բոլոր մտքերը զբաղված էին այն բանով, որ ձեռք բերեմ թեկուզ մեկ այսպիսի հրաշք֊երկկենցաղ, բայց ոչինչ դուրս չեկավ։ Այն ժամանակ ես նրան փնտրում էի ցածրադիր անտառներում, և բոլոր տեղական որսորդները, որոնց ցույց էի տալիս մազոտ գորտի նկարը, միաբերան պնդում էին, որ աշխարհում այդպիսի բան չկա։ Ես պնդում էի իմը, իսկ նրանք կարեկցանքով նայում էին ինձ, իբր, ահա ևս մի ապացույց սպիտակ մարդու անհասկանալի հիմարության, չէ՞ որ նույնիսկ փոքրիկ երեխաները գիտեն, որ գորտը մազեր չի ունենում։ Գազանները մազեր ունեն, թռչունները՝ փետուր, իսկ գորտերը ունեն միայն մաշկ և ուրիշ ոչինչ։ Եվ քանի որ նրանց հաստատ հայտնի էր, որ այդպիսի գորտ աշխարհում չկա, նույնիսկ չէին էլ մտածում այն որոնել, չնայած ես հսկայական գումար էի առաջարկում։ Ինչ միտք ունի որոնել հեքիաթային հրեշին՝ մազոտ գորտին։ Ես ինքս էլ քիչ տանջալից օրեր չանցկացրի անտառում։ Բոբիկ ման էի գալիս գետակների ու վտակների մեջ, որոնելով ինձնից խուսափող այդ երկկենցաղին, մինչև որ հոգնածությունից ուժասպառ էի լինում, բայց՝ ապարդյուն։ Դրանից հետո ես ինքս էլ հավատացի, որ բոլոր դասագրքերը խաբում են, իսկ որսորդները իրավացի են, ցածրադիր անտառներում այդ գորտին չես գտնի։ Մազոտ գորտի մասին սոսկ հիշատակությունն անգամ ցածրավայրերի բնակիչների մեջ անմիջապես ատելություն ու ծաղր էր առաջացնում, և իմ երկրորդ ուղևորության ժամանակ ես, դաժանորեն հիասթափված՝ նույնիսկ չէի ցանկանում որևէ մեկին ցույց տալ այս նկարը։ Դե, իհարկե, լեռնաբնակ որսորդները համաձայն կլինեն մեծ անտառների իրենց եղբայրակիցների հետ։ Ահա թե ինչու ես այդպես հուզվեցի ու զարմացա, երբ երիտասարդ որսորդը, առանց իմ որևէ ակնարկի, անմիջապես ճանաչեց արտառոց երկկենցաղին և դեռ տեղեկացավ, թե արդյոք հարկավո՞ր չէ այն ինձ։

Ես մանրամասն հարցուփորձ արեցի որսորդներին, ամբողջովին դողալով՝ որսի հետքերով գնացող քերծեի նման։ Այո՛, հաստատեցին նրանք երրորդ անգամ, նրանք գիտեն այդ կենդանուն, այո՛, նա մազեր ունի․ այո՛, դժվար չէ նրան որսալը։ Ես հարցրի, թե ինչպիսի՞ տեղերում է նա բազմանում, և ձեռքի անփույթ թափահարումները ինձ պարզորոշ ցույց տվին, որ այդ գորտերն այստեղի անտառներում լեփլեցուն են։ Աչքերս փայլատակեցին, և ես հարցրի, գիտե՞ն արդյոք նրանք ճիշտ տեղը, ուր կարելի է գնալ այս գորտերին բռնելու համար։ Այո՛, եղավ պատասխանը․ կա մի այդպիսի «փոքրիկ ջուր» Բաֆուտից մոտավորապես երկու մղոն հեռու, այնտեղ գիշերը միշտ կարելի է մազոտ գորտ տեսնել։ Շարունակությունն արդեն չցանկացա լսել։ Վազեցի պատշգամբ և ամբողջ ուժով գոռացի։ Իմ օգնականները, սայթաքելով և քնկոտ աչքերը տրորելով, դուրս թռան իրենց խրճիթից և հավաքվեցին պատշգամբում։

― Այս որսորդն ասում է, ինքը գիտե, ուր պիտի գնալ և որտեղ կարելի է բռնել այս որսը, ― բացատրեցի ես։ ― Եվ մենք գնում ենք նրա հետևից։

― Հիմա՞, սըր, ― սարսափած հարցրեց Բենը։

― Այո՛, հենց հիմա, բոլորդ գնացեք պարկեր ու լապտերներ բերեք։ Շուտ, շուտ։

― Հենց գիշե՞րը, ― մեռնող ձայնով նորից հարցրեց Բենը․ ախր նա շատ էր սիրում քնել։

― Այո՛, հիմա, դե շարժվիր, հերիք է հորանջես, ծնոտդ դուրս կընկնի։

Քնից ուռած աչքերով, չդադարելով հորանջել, օգնականներս տհաճությամբ ենթարկվեցին։ Ջեյկոբը՝ խոհարարը, մի պահ հապաղեց և սկսեց բացատրել ինձ, որ ինքը խոհարար է, և ոչ թե որսորդ ու չի հասկանում, թե ինչու ինքը պետք է իր մասնագիտությունը փոխի գիշերվա ժամը չորսին։

― Բարեկամս, ― ասացի ես վճռականորեն։ ― Եթե դու հինգ րոպե հետո այստեղ չբերես պարկն ու լապտերը, ապա առավոտյան արդեն ոչ խոհարար կլինես, ոչ էլ որսորդ։ Հասկացա՞ր։

Ջեյկոբը արագ նետվեց մյուսների ետևից՝ իր որսորդական հանդերձանքը որոնելու։ Կես ժամ չանցած, իմ քնաթաթախ ջոկատն արդեն հավաքված էր, և մենք ցողածածկ ճանապարհով առաջ շարժվեցինք մազոտ գորտերին որոնելու։







  1. Տոնական հագուստ։
  2. Տառացիորեն՝ ամբարտավան դոդոշ։
  3. Տիկ։