Երկ ռազմարվեստի մասին
հեղինակ՝ Սուն Ցզի |
Բովանդակություն
- 1 Գլուխ առաջին։ Հիմնական հաշվարկները
- 2 Գլուխ երկրորդ։ Պատերազմի վարումը
- 3 Գլուխ երրորդ։ Ռազմավարական հարձակում
- 4 Գլուխ չորրորդ։ Ձև
- 5 Գլուխ հինգերորդ։ Հզորություն
- 6 Գլուխ վեցերորդ։ Լեփ-լեցունություն և դատարկություն
- 7 Գլուխ յոթերորդ։ Պայքարը պատերազմում
- 8 Գլուխ ութերորդ։ Ինը փոփոխություններ
- 9 Գլուխ իններորդ։ Զորքն արշավի ժամանակ
- 10 Գլուխ տասներորդ։ Տեղանքի ձևերը
- 11 Գլուխ տասնմեկերորդ։ Ինը տեղանք
- 12 Գլուխ տասներկուերորդ։ Հարձակում կրակով
- 13 Գլուխ տասներեքերորդ։ Հետախույզների օգտագործումը
Գլուխ առաջին։ Հիմնական հաշվարկները
(Ցըզի)
Սուն Ցըզին ասաց. պատերազմը պետության համար մեծ գործ է, կյանքի ու մահվան հարց է, գոյության կամ կործանման ուղի։ Այս հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատուն իմանալ։[1] Ուստի պատերազմը վճռվում է հինգ գործոններով, նրան համեմատում են (յոթ) հաշվարկների հետ և որոշում են (հետևյալ) դրույթներով. առաջինը՝ Դաո (ուղի), երկրորդը՝ Տյան (երկինք), երրորդը՝ Դի (երկիր), չորրորդը՝ Ցըզյան (զորավար), հինգերորդը՝ Ֆա (օրենք)։
Ուղին՝ երբ ժողովրդի մտքերն ու տիրակալի մտքերը միանման են։ Այդ իսկ պատճառով ժողովուրդը պատրաստ է տիրակալի հետ մեռնել կամ ապրել, երբ ժողովուրդը չի վախենում հնարավոր վտանգից և վախ չգիտի։[2]
Երկինքը՝ լույսն ու խավարն է, ցուրտը և շոգը, ժամանակի հաջորդականությունն է։[3]
Երկիրը՝ հեռավորությունն ու մոտիկությունն է, անանցանելիությունն է ու անցանելիությունը, լայնն ու նեղը, մահն ու կյանքը։[4]
Զորավարը՝ քաջությունն է, մարդասիրությունն է, արդարությունն է, խստությունն է։
Օրենքը՝ զինվորական կարգ ու կանոնն ու կարգապահությունն է, զորքի ղեկավարումն ու մատակարարումը։
Այս հինգ կանոնները հայտնի են յուրաքանչյուր զորավարի, սակայն հաղթում է նա, ով յուրացրել է դրանք, ով չի յուրացրել, (նա) չի հաղթում։
Ուստի պատերազմը համեմատում են (յոթ) հաշվարկների (հետ) և որոշում (հետևյալ) դրույթներով. տիրակալներից նա, ով ճիշտ կորոշի Ուղին, Երկնքի ու Երկրի վիճակը, ով կատարում է կանոններն ու հրամանները, ով ավելի ուժեղ զորք ունի, ում մոտ հրամանատարներն ու ռազմիկները (շի և ցըզա) ավելի լավ են նախապատրաստված, ով արդարացիորեն պարգևատրում և պատժում է։
Այդ ամենով ես կիմանամ, թե ով հաղթանակ կտոնի և ով պարտություն կկրի։
Այն զորավարը, որը կկիրառի իմ հաշվարկները, հաստատուն կերպով յուրացնելով դրանք, անպայման կհաղթի, թող նա հրամայի զորքերին, (այն) զորահրամանատարը, որ չի հենվում իմ հաշվարկների վրա, չյուրացնելով դրանք, անպայման պարտություն կկրի, այդպիսի զորավարին պետք է հեռացնել։ Եթե զորավարը յուրացրել է հաշվարկները, հաշվի առնելով շահը, դրանք կկազմեն հզորություն, որը կարող է օգտագործվել և այս հաշվարկների սահմաններից դուրս։
Հզորությունը լինում է այն դեպքում, երբ հաշվի են առնում օգուտը և կիրառում են մարտավարությունը։
Պատերազմը խաբեության ուղին է։ Ուստի, եթե դու որևէ բան կարող ես անել, ցույց տուր, որ չես կարող։ Եթե օգտվում ես որևէ բանից, ցույց տուր, որ չես օգտվում, եթե հեռու ես գտնվում, ցույց տուր, որ մոտիկ ես, հակառակորդին հրապուրիր շահով, հակառակորդի մոտ խառնաշփոթ առաջացրու և հաղթիր նրան։ Եթե հակառակորդի մոտ ամեն ինչ առատ է, պատրաստ եղիր, եթե հակառակորդն ուժեղ է քեզանից, խուսափիր նրանից, եթե նա ենթակա է զայրույթի, նրան հավասարակշռությունից հանիր, խոնարհ տեսք ընդունելով, նրա մեջ ինքնավստահություն առաջացրու, թարմ ուժերը ուժասպառ արա, եթե հակառակորդի շրջանում համաձայնություն կա, անկարգություն մտցրու, հարձակվիր հակառակորդի վրա, երբ նա պատրաստված չէ, հայտնվիր այնտեղ, որտեղ նա քեզ չի սպասում։ Սակայն չի կարելի վաղօրոք մատնանշել որևէ եղանակ։
Ընդհանրապես, ով որ ճակատամարտից առաջ նախնական հաշվարկով հաղթանակում է, հաղթանակի ավելի մեծ հնարավորություններ ունի, ով մինչև ճակատամարտը նախնական հաշվարկով չի հաղթում, նա քիչ հնարավորություն ունի հաղթելու, առավել ևս չի հաղթում նա, ով որ չունի նախնական հաշվարկներ։ Այս հաշվի առնելով, ինձ համար հասկանալի են հաղթանակն ու պարտությունը։
Գլուխ երկրորդ։ Պատերազմի վարումը
(Ցըզոչժան)
Սուն Ցըզին ասաց. ընդհանրապես պատերազմ վարելու կանոնները հետևյալն են՝ եթե ունես 1000 չիչե (թեթև մարտակառք) և 1000 գեչե (գումակային ծանր կառքեր), 100000 դայցզա (զրահապատ զինվորներ), եթե պարենը զորքի համար պետք է ուղարկել 1000 լիից ավելի, պետք է հաշվի առնել ներքին և արտաքին ծախսերը, հյուրերին ընդունելու ծախսերը, լաքի ու սոսնձի համար նյութեր, ծախսերը մարտակառքերի ու սպառազինության համար, ապա այդ ամենի համար օրական կպահանջվի 1000 ցզին (ոսկի), միայն այդ պայմաններում կարելի է ոտքի հանել հարյուր հազարանոց զորք։
Եթե պատերազմը վարում են, և հաղթանակը երկար ժամանակով հետաձգվում է, ապա զենքր բթանում է, և ծայրը կոտրվում է, եթե ամրոցի պաշարումը երկարաձգվում է, ուժերը սպառվում են, եթե զորքը գտնվում է երկարատև ռազմարշավի, ապա պետության միջոցները չեն բավականացնում։
Եթե զենքը բթանում է, (նրա) ծայրը կոտրվում է, ուժերը հյուծվում են, միջոցները սպառվում են, ապա իշխանները (չժոխոու) դրությունից օգտվելով, քո դեմ դուրս կգան։ Դրանից հետո նույնիսկ իմաստուն խորհրդականները ոչինչ չեն կարող անել։
Ուստի պատերազմում նրա արագ հաղթանակի մասին լսում են նույնիսկ նրա անհմուտ վարման դեպքում և չեն տեսնում հաջողությունը երկարատևության մեջ, նույնիսկ երբ այն վարպետորեն են վարում։
Երբևիցե դեպք չի եղել, որ պատերազմը երկարատև բնույթ կրի և դա շահավետ լինի պետության համար։ Այդ իսկ պատճաոով, նա, ով չի հասկանում ողջ վնասը, որ հասցնում է պատերազմը, նա չի կարող խորությամբ ըմբռնել պատերազմի օգուտը։
Ով կարողանում է պատերազմը վարել, (նա) երկու անգամ զորահավաք չի կատարում, երեք անգամ պարեն չի փոխադրում, սպառազինությունը վերցնում է պետությունից, իսկ պարենը՝ հակառակորդից, ուստի պարենը նրան կբավականացնի։
Պատերազմի ժամանակ պետական գանձարանն աղքատանում է, որովհետև զորքի համար պարենը բերվում է հեռվից։ Երբ պարենը բերվում է հեռվից, ժողովուրդն աղքատանում է։
Զորքի մոտակայքում բնակվող բնակչությունը զորքի համար անհրաժեշտ ամեն ինչ վաճառում է թանկ, երբ ամեն ինչ վաճառվում է թանկ, ժողովրդի ունեցվածքը հատնում է, երբ ունեցվածքը սպառվում է, պարհակները դժվար է կատարել։
Երբ երկրի ուժերը հյուծվում են, ժողովրդի միջոցները սպառվում են, այդ ժամանակ բնակչության տները դատարկվում են, ժողովրդի գույքը նվազում է յոթ տասներորդով։ Տիրակալի գույքը՝ ջարդված սայլեր, հոգնատանջ ձիեր, զրահներ, սաղավարտներ, նետեր, աղեղներ, նիզակներ, մեծ ու փոքր վահաններ, եզներ, մեծ սայլեր՝ այդ ամենը նվազում է վեց տասնորդականով։
Ուստի խելացի զորավարն անպայման սնվում է հակառակորդի հաշվին։ Հակառակորդից վերցրած մեկ չժուն ուտելիքը համապատասխանում է սեփական քսան չժուին, հակառակորդից գրաված մեկ դանը համապատասխանում է սեփական քսան դանին։
Ուստի հակառակորդին սպանում է կատաղությունը, հակառակորդի հարստությունը գրավում է ագահությունը։
Այդ իսկ պատճաոով, եթե կռվի ընթացքում մարտակառքերը գրավեն տասը և ավելի մարտակառք, որպես պարգև, բաժանիր դրանք նրան, ով առաջինն է դրանք գրավել։ Հակառակորդից գրաված մարտակառքերի դրոշակները փոխարինիր քոնով և օգտագործիր այդ մարտակառքերը քոնի հետ։ Գերված ռազմիկների հետ լավ վարվիր և հոգ տար նրանց մասին։ Դա նշանակում է հաղթել հակառակորդին և ավելացնել քո ուժերը։
Այդ իսկ պատճաոով պատերազմը գնահատում է հաղթանակը և չի հարգում երկարատևությունը։
Ուստի պատերազմի էությունը հասկացող զորավարը ղեկավարում է ժողովրդի ճակատագիրը և հանդիսանում է պետության անվտանգության տիրակալը։
Գլուխ երրորդ։ Ռազմավարական հարձակում
(Մոուգուն)
Սուն Ցրզին ասաց. սովորաբար պատերազմի վարման կանոնները հետևյալն են՝ կարևոր է պահպանել հակառակորդի պետությունն անվնաս, քան ջախջախել նրան, կարևոր է պահպանել հակառակորդի ցզյուն անվնաս, քան ջախջախել նրան, կարևոր է պահպանել հակառակորդի լյուն անվնաս, քան ջախջախել նրան, ավելի կարևոր է պահպանել հակառակորդի ու-ն անվնաս, քան ջախջախել նրան։
Ուստի հարյուր անգամ մարտ մղել և հարյուր անգամ հաղթանակ տանել դեռ չի նշանակում լավագույնից լավագույնը։ Լավագույնից լավագույնն այն է, որպեսզի հնազանդեցնել հակառակորդի բանակն առանց մարտի։ Այդ պատճառով պատերազմի բարձրագույն արվեստը հակառակորդի ծրագրերր խախտելն է, որից հետո քայքայել նրա դաշինքները, հաջորդ վայրում ջախջախել նրա զորքերը և, վատթարագույնը՝ ամրոցի պաշարումը։
Ամրոցի պաշարման կանոնների համաձայն, պաշարումր կատարվում է այն դեպքում, երբ դա անխուսափելի է։ Մեծ վահանների, պաշարողական կառքերի, զանազան ռազմական հանդերձանքի նախապատրաստման համար պահանջվում է երեք ամիս, և դա էլ չես հասցնի։ Զորավարը, սակայն, չկարողանալով հաղթահարել իր անհամբերությունը, մրջյունների հոսքի նման նետում է իր ռազմիկներին գրոհի, ուստի և կորցնում է իր ռազմիկների մեկ երրորդը, և, այնուամենայնիվ, ամրոցը մնում է անառիկ։ Այդպիսին է պաշարման բացասական ազդեցությունը։
Ուստի, ով վարպետորեն է վարում պատերազմը, նա հնազանդեցնում է օտար զորքերն առանց ճակատամարտի, գրավում է ամրոցներն առանց պաշարման, ջախջախում է օտար պետություններն առանց երկարատև կամպանիաների։ Ամեն ինչ անվնաս պահպանելով, նա պայքարում է Երկնաբարձունքի տիրապետության համար։ Այդ պատճառով առանց պատերազմ մղելու կարելի է շահ ունենալ։ Դա է ռազմավարական հարձակման կանոնը։
Ուստի գոյություն ունեն պատերազմը վարելու կանոններ՝ եթե քո ուժերը տասն անգամ գերազանցում են հակառակորդին, ապա պետք է շրջապատել նրան, եթե քո ուժերը հինգ անգամ են գերազանցում, պետք է գրոհել հակառակորդի վրա, եթե քո ուժերը երկու անգամ են ավելի հակառակորդի ուժերից՝ պետք է քո զորքը բաժանես երկու մասերի, հավասար ուժեր ունենալու դեպքում կարելի է մարտը վարել, եթե քո ուժերը քիչ են՝ կարելի է պաշտպանվել, եթե քո ուժերը զիջում են հակառակորդին բոլոր պարագաներում, կարողացիր խուսափել մարտից։ Ուստի ոչ մեծ ուժերը կարող են համառ պայքար մղել, սակայն նրանք բոլորն էլ կարող են դառնալ հակառակորդի առավել խոշոր ուժերի գերիները։
Սովորաբար զորավարը պետության հենարանն է։ Եթե այդ հենարանը կատարյալ հատկություններ ունի, (ապա) պետությունն անպայման ուժեղ կլինի, եթե այդ հենարանը թերություններ ունի, ապա պետությունն անպայման թույլ կլինի։
Ուստի զորքը տառապում է իր տիրակալից երեք դեպքում՝
- Երբ նա, չգիտենալով, որ զորքը չի կարող հարձակվել, հրամայում է հարձակվել, երբ նա, չգիտենալով, որ զորքը չպետք է նահանջի, նրան հրամայում է նահանջել։ Այդ նշանակում է, որ նա կաշկանդում է զորքը։
- Երբ նա, չիմանալով զորքերում գործի էությունը, զորքերի ղեկավարման համար տարածում է այն նույն սկզբունքները, որոնք կիրառվում են պետության ղեկավարման դեպքում։ Նման պարագայում հրամանատարները զորքերում շփոթմունքի մեջ են ընկնում։
- Երբ նա, չգիտենալով զորքերի մարտավարությունը, զորավարին նշանակում է այն նույն սկզբունքով, ինչպես պետությունում։ Այդ ժամանակ հրամանատարները զորքերում շփոթմունքի մեջ են ընկնում։
Հետևաբար գոյություն ունեն պատերազմն ապահովող հինգ պայմաններ՝
- հաղթում է նա, ով գիտի, թե երբ կարելի է կռվել, իսկ երբ չի կարելի.
- հաղթում է նա, ով կարողանում է ղեկավարել մեծ և փոքր ուժերը.
- հաղթում է նա, ում մոտ վերևից ներքև գոյություն ունեն միասնական ցանկություններ.
- հաղթում է նա, ով ցուցաբերում է զգուշություն և սպասում է հակառակորդի անզգուշությանը.
- հաղթում է նա, ում մոտ զորավարը տաղանդավոր է և նրան թագավորը չի ղեկավարում։
Այս հինգ պայմաններն են դեպի հաղթանակը տանող ուղիները։
Այդ պատճաոով ասում են՝ եթե գիտես նրան և ճանաչում ես քեզ, թեկուզ հարյուր ճակատամարտ վարիր՝ վտանգ չի լինի, եթե գիտես նրան և չես ճանաչում քեզ, մի անգամ կհաղթես և մի անգամ պարտություն կկրես, եթե չգիտես ոչ նրան, ոչ էլ քեզ, (ապա) յուրաքանչյուր ճակատամարտում պարտություն կկրես։
Գլուխ չորրորդ։ Ձև
(Սին)
Սուն Ցըզին ասաց. նա, ով հնում վարպետորեն էր պատերազմը վարում, սկզբում իրեն դնում էր անպարտելի դրության մեջ և հարմար առիթ էր ակնկալում հակառակորդին հաղթելու համար։
Անպարտելիությունը կախված է մեզանից, սակայն հաղթանակի հնարավորությունը գտնվում է հակառակորդի մեջ։ Հետևաբար, ով լավ է կռվում, կարող է իրեն անպարտելի դարձնել, սակայն չի կարող ստիպել հակառակորդին, որպեսզի նա թույլ տա իրեն հաղթել։
Հետևաբար ասվում է՝ կարելի է իմանալ, թե ինչպես է հնարավոր հաղթել, սակայն գործնականում դրան հասնել չես կարող։
Անպարտելիությունը պաշտպանությունն է, հաղթանակի հնարավորությունը հարձակումն է։ Պաշտպանություն՝ նշանակում է ինչ որ թերության առկայություն, հարձակում՝ նշանակում է, որ ամեն ինչ առատ է։
Նա, ով լավ է պաշտպանվում, թաքնվում է իններորդ հողի տակ, նա, ով լավ է հարձակվում, գործում է իններորդ երկնքից։ Ուստի մենք կարող ենք պահպանել մեզ և լիակատար հաղթանակ տանել։
Ով հաղթանակր տեսնում է որպես սովորական մարդ, լավագույնից լավագույնը չէ։ Նրա մասին, ով հաղթանակ կտանի ճակատամարտում, Երկնատակը կասեն. «լավ է կենսագործվել», սակայն դա նույնպես չի լինի լավագույնից լավագույնը։
Ուստի աշնանային փետուրիկ բարձրացնելը մեծ ուժի նշան չէ, տեսնել արևն ու լուսինը դեռ չի նշանակում ունենալ սուր տեսողություն, ամպրոպի որոտը լսելը զգայուն լսողության (նշան) չէ։
Հնում ասում էին այն մասին, թե լավ կռվում էր և հաղթում նա, ում (մարտում) դյուրին էր հաղթել։ Հետևաբար, ով լավ կռվելով հաղթել էր, նա չի ունեցել ոչ հռչակավոր անուն, ոչ էլ հերոսական սխրագործություններ։ Այդ իսկ պատճաոով, նրա ճակատամարտերն ու հաղթանակներն արդյունք էին այն բանի, որ նա սխալներ չի կատարել։ Ով որ սխալներ թույլ չի տալիս՝ նրա կողմից ձեռնարկած ամեն ինչը հաղթանակի է բերում։ Նա հաղթում է արդեն պարտվածին։
Ուստի նա, ով լավ է կռվում այնպիսի դիրք է գրավում, որի դեպքում պարտությունն անհնար է և պահը բաց չի թողնի հակառակորդին պարտության մատնելու համար։ Ահա թե ինչու, զորքը, որ պետք է հաղթի, կռիվ է փնտրում միայն այն բանից հետո, երբ հաղթանակն (արդեն) ապահովված է, պարտության դատապարտված զորքը սկզբում կռվում է, և միայն հետո է հաղթանակ փնտրում։
Ով պատերազմը վարպետորեն է վարում, նա իրականացնում է Ուղին և պահպանում է Օրենքը։ Հետևաբար, նա կարող է ղեկավարել հաղթանակն ու պարտությունը։
Պատերազմի օրենքների համաձայն, գոյություն ունեն առաջին երկարություն (դու), երկրորդ՝ ծավալ (լյան), երրորդ՝ թիվ (շու), չորրորդ՝ քաշ (չեն), հինգերորդ՝ հաղթանակ (շեն)։ Տեղանքը ծնում է երկարություն, երկարությունը ծավալ, ծավալը՝ թիվ, թիվը՝ քաշ, քաշը՝ հաղթանակ։
Ուստի հաղթող զորքը նման է «ի»–ի քաշին «չժուի» քաշի համեմատությամբ, իսկ պարտության դատապարտված զորքը նման է «չժուի» քաշին՝ «ի»–ի համեմատ։
Ճակատամարտում հաղթում է նա, ով նման է 1000 ժեն բարձրությունից դեպի անդունդը գահավիժող կուտակված ջրին։ Այդ է ձևը։
Գլուխ հինգերորդ։ Հզորություն
(Շի)
Սուն Ցըզին ասաց. սովորաբար խոշոր ուժերի ղեկավարումը հիմնված է այն նույն սկզբունքի վրա, ինչ փոքր ուժերի ղեկավարումը։ Էությունը միայն ստորաբաժանումների և քանակի մեջ է։
Մեծ ուժերով մարտը վարելու սկզբունքը նույնն է, երբ մարտը վարում են փոքր ուժերով։ Էությունը միայն ձևի և անվան մեջ է։ Այն, ինչը զորքը դարձնում է անպարտելի, հակառակորդի հետ մշտապես հանդիպելիս, կանոնավոր մարտը և հմուտ զորաշարժն է։
Զորքի հարվածը պետք է լինի այնպիսին, ինչպես նետված ջրաղացքարը հարվածում է ձվին։ Դա լեփ-լեցունությունն ու դատարկությունն է։
Ընդհանրապես հակառակորդի հետ մարտը սկսում են կանոնավոր մարտով, իսկ հաղթում են զորաշարժով։ Ուստի նա, ով լավ է օգտագործում զորաշարժը անսահման է, ինչպես երկինքն ու երկիրը, անսպառ է, ինչպես գետերի հոսանքն ու հեղեղը։ Ավարտվում և սկսվում է արևի և լուսնի նման մահանում և կրկին ծնվում է, ինչպես տարվա չորս եղանակները։ Ձայներանգներն առնվազն հինգն են, սակայն այդ ձայներանգների զուգակցումը ստեղծում է մեղեդիներ, որոնք կարելի է անընդհատ լսել, գույներն առնվազն հինգն են, սակայն այդ գույների զուգակցումը ստեղծում է բազմաթիվ գուներանգներ, որոնք տեսնելն իսկ անհնար է, համերն առնվազն հինգն են, սակայն այդ հինգ համերն ստեղծում են բազմաթիվ համային հատկություններ, որոնք բոլորը հնարավոր չէ զգալ։ Մարտական հզորությունը կախված է կանոնավոր մարտից և զորաշարժից, սակայն կանոնավոր մարտի և զորաշարժի զուգակցումը կարելի է ստեղծել անվերջ։ Զորաշարժը և կանոնավոր մարտը ծնունդ են տալիս մեկը մյուսին, շրջապտույտի նման, որը վերջ չունի։ Ո՞վ կարող է սպառել դրանք մինչև վերջ։
Այն, որ ջրի բուռն հեղեղը իր հոսանքով տանում է նաև քարեր, նշանակում է հզորություն։ Այն, որ գիշատիչ թոչունը սրընթաց խոցում է իր զոհին նախանշված հարված է։ Ուստի, լավ կռվողի հզորությունը սրընթաց է, իսկ ծրագրավորումը՝ կարճ։ Հզորությունը նման է ձգված աղեղալարին, իսկ ծրագրավորված հարվածը նման է արձակված նետի։
Ամեն ինչ խառնվել և խճճվել է, անկանոն մարտ է ընթանում, սակայն անկարգության մեջ չեն կարող ընկնել, խառնաշփոթության և քաոսի մեջ չեն կարող ընկնել, չնայած ձևը խախտված է, միևնույնն է, պարտություն չեն կարող կրել։
Անկարգությունը ծնվում է կարգ ու կանոնից, վախկոտությունը ծնվում է քաջությունից, թուլությունը ծնվում է ուժից։ Կարգ ու կանոնը և անկարգությունը ստեղծվում են թվով, քաջությունն ու վախկոտությունը ստեղծվում են հզորությամբ, ուժն ու թուլությունը առաջանումեն ձևով։
Այդ է պատճառը, որ նա, ով հմտորեն շարժում է հակառակորդին ձևի ցուցադրմամբ, հակառակորդն անպայման հետևում է դրան, երբ հակառակորդին մի ինչ-որ բան են տալիս, նա անպատճառ վերցնում է, շահով նրան ստիպում են շարժվել, իսկ դիմավորում են դարանով։
Ահա թե ինչու լավ կռվողները փնտրում են հզորություն և ամեն ինչ մարդկանցից չեն պահանջում։ Ուստի կարողանալով ընտրել մարդկանց, նրանց նշանակում է հզորությանը համապատասխան։
Երբ մարդկանց նշանակում են իրենց հզորությանը համապատասխան, նրանք մարտի են գնում գլորվող ծառերի ու քարերի նման։ Հարթ տեղանքում քարերի ու ծառերի հատկությունն է ընկած լինել առանց շարժվելու, երբ տեղը թեք է, ապա նրանք գլորվում են։ Ուստի մարտում վարպետորեն օգտագործված մարդկանց հզորությունը նման է կլոր քարի, որը բաց է թողնված 1000 ժեն բարձրություն ունեցող լեռից։ Դա է հզորությունը։
Գլուխ վեցերորդ։ Լեփ-լեցունություն և դատարկություն
(Սյույ, Շի)
Սուն Ցըզին ասաց. սովորաբար նա, ով մարտադաշտ առաջինն է գալիս և սպասում հակառակորդին, նա մարտին նախապատրաստված է, ով ուշացավ մարտադաշտ գալ և ընթացքից մարտի մեջ մտավ, նա արդեն հոգնած է։ Ուստի նա, ով որ լավ է մարտնչում, ղեկավարում է հակառակորդին և թույլ չի տալիս հակառակորդին ղեկավարել իրեն։
Ով կարողանում է հակառակորդին ստիպել (իր կամքով) գալ, նա նրան շահով է գայթակղեցնում, ով կարողանում է հակառակորդին թույլ չտալ գալ, նա նրան (թշնամուն) կասեցնում է վնասով։ Ուստի հակառակորդի թարմ ուժերը կարելի է հոգնեցնել, կուշտին կարելի է ստիպել քաղց զգալ, պինդ կառչածին էլ կարելի է տեղաշարժել։
Առաջ շարժվել այնտեղ, որտեղ նա (հակառակորդը) անպայման կնախաձեռնի ուղղվել, առաջանալ այնտեղ, ուր նա բացարձակապես ինձ չի սպասում։ Ով 1000 լին անցնում է առանց հոգնելու, նա անցնում է այն վայրերով, որտեղ մարդիկ չկան։
Հարձակվել և անպայման գրավել՝ նշանակում է հարձակվել չպաշտպանվողի վրա, պաշտպանվել և անպայման պահել՝ նշանակում է այնպես պաշտպանվել, որ նա (հակառակորդը) չկարողանա հարձակվել։
Ուստի, ով կարողանում է հարձակվել, հակառակորդը չգիտի, թե որտեղ պաշտպանվի, ով լավ է պաշտպանվում, հակառակորդը չգիտի, թե որտեղ հարձակվի։ Օ՜, նրբագույն արվեստ։ Նույնիսկ բառերով այն չես արտահայտի։ Ուստի կարելի է դառնալ հակառակորդի ճակատագրի կառավարողը։
Առաջ շարժվել անարգել, նշանակում է հարվածը հասցնել հակառակորդին դատարկության մեջ։ Նահանջել առանց հանդիպելու՝ նշանակում է արագությունն այնպիսին է, որ ի վիճակի չեն հասնել։
Ուստի, երբ ցանկանում եմ մարտի բռնվել, չնայած հակառակորդը թաքնվում է բարձր պարիսպների հետևում, շրջապատված խորը խրամներով, այնուամենայնիվ նա կկռվի ինձ հետ, որովհետև հարձակման ժամանակ նա անպայման պետք է պաշտպանվի։ Երբ ես չեմ ուզում մարտի բռնվել, հենց որ ես տեղ գրավեմ և սկսեմ պաշտպանվել, հակառակորդը չի կարող ինձ հետ կռվել, որովհետև ես նրան շեղում եմ այդ վայրից։
Հետևաբար, հակառակորդին ցույց տալով ձևը, ինքս այն չեմ ունենա, ես կպահպանեմ իմ ամբողջականությունը, իսկ հակառակորդը մասերի կբաժանվի։ Իմ ամբողջականությունը կկազմի միավոր, հակառակորդը բաժանվելով մասերի, կկազմի տասը միավոր։ Այդ ժամանակ ես, օգտագործելով բոլոր տասն էլ, կհարձակվեմ հակառակորդի միավորի վրա, մենք շատ կլինենք, իսկ հակառակորդը՝ քիչ։ Ով կարողանում է զանգվածով հարվածել (թվով) քչերին, որոնք կռվում են ինձ հետ, նրան դյուրին է հաղթել։
Արա այնպես, որ հակառակորդը չիմանա, թե որ վայրում նա պետք է կռվի։ Երբ վայրերը, որտեղ հակառակորդը պետք է պատրաստ լինի, շատ են, ապա նրանք, ովքեր կռվելու են ինձ հետ, քիչ են։
Ուստի, նախապատրաստվելով առջևում, նրա մոտ քիչ ուժեր կլինեն ետևում, նախապատրաստվելով աջում, նրա մոտ քիչ ուժեր կլինեն ձախում։ Եթե չես կարող պատրաստ չլինել (եթե ցանկանում ես պատրաստ լինել), ապա պետք է բավականաչափ ուժեր ունենաս։ Սակայն ուժեր ունի նա, ով պատրաստ է ամենուր, շատ ուժեր ունի նա, ով հարկադրում է ուրիշին պատրաստ լինել ամենուր։
Հետևաբար, երբ գիտես ճակատամարտի վայրը և ճակատամարտի օրը, ապա գտնվելով 1000 լիից հեռու, դու կկարողանաս կռվել։ Երբ չգիտես ճակատամարտի վայրը, չգիտես նաև ճակատամարտի օրը, ապա ձախ թևով չես կարող օգնել աջին, աջ թևով չես կարող օգնել ձախին, առջևում գտնվողները չեն կարող օգնել ետևիններին, առավել ևս դա վերաբերում է նրանց, ովքեր գտնվում են մի քանի տասնյակ լի հեոավորության վրա և նրանց, ովքեր գտնվում են ավելի մոտ մի քանի լի հեռավորության վրա։
Չնայած ես ասում եմ, որ յուժեններն ավելի շատ զորք ունեն, սակայն հայտնի չէ՝ նրանք կհաղթե՞ն, թե՞ պարտություն կկրեն։ Ուստի ասված է. «Հաղթանակը կարելի է ստեղծել»։ Թող հակառակորդի մոտ շատ զորք լինի, սակայն կարելի է նրան թույլ չտալ մարտի մեջ մտնել։
Հետևաբար, գնահատելով հակառակորդին, անհրաժեշտ է իմանալ նրա պլանն իր բոլոր արժանիքներով և թերություններով։ Այնպես արա, որպեսզի իմանաս նրա հանգիստը ղեկավարող սկզբունքները, ցույց տուր նրան որևէ ձև և կիմանաս նրա կյանքի ու մահվան տեղը, բախվելով հակառակորդի հետ, կիմանաս, թե որտեղ նա ունի առատություն և որտեղ՝ պակաս։
Ուստի սեփական զորքին տրվող ձևի ծայրահեղ սահմանը՝ այնպես անել, որպեսզի ձև չլինի։ Երբ ձև չկա, ապա նույնիսկ իմաստունը չի կարող որևէ բանից գլուխ հանել։
Օգտվելով այդ ձևից, հաղթանակը դրվում է զանգվածների վրա, սակայն զանգվածն այդ մասին չի կարող իմանալ։ Բոլոր մարդիկ գիտեն այն ձևը, որից օգտվելով ես հաղթել եմ, սակայն չգիտեն այն ձևը, որից օգտվելով ես կազմակերպել եմ հաղթանակը։ Ուստի մարտում տարած հաղթանակը հնարավոր չէ կրկնել միևնույն տեսքով, այն համապատասխանում է ձևերի անվերջ տեսակներին։
Զորքի ձևը նման է ջրին, ջուրը բարձունքի վրա չի մնում և ձգտում է դատարկությանը։ Ջուրը հաստատում է իր հոսքը կախված տեղանքից, զորքը հաստատում է հաղթանակը՝ կախված հակառակորդից։
Ուստի զորքը չունի մշտական հզորություն, ջուրը չունի մշտական ձև։ Ով կարողանում է հակառակորդից կախված օգտվել փոփոխություններից և փոխակերպումներից ու նրանց հիման վրա հասնում է հաղթանակի, նա կոչվում է Աստվածություն։
Հետևաբար, բնության հինգ ուժերի մեջ չկան մշտապես հաղթողներ։ Տարվա չորս եղանակների մեջ չկա մշտապես սահմանվածը։ Արևն ունի կարճատևություն և երկարատևություն, լուսինն ունի կյանք և մահ։
Գլուխ յոթերորդ։ Պայքարը պատերազմում
(Ցյունչժեն)
Սուն Ցըզին ասաց. սովորաբար պատերազմի կանոնները հետևյալն են` զորավարը թագավորից ստանալով կարգադրություն, հավաքում է զորքը, կենտրոնացնում է ուժերը և ռազմարշավի ելնելով հակառակորդի հետ շփման մեջ է մտնում։ Չկան այնպիսի դժվարություններ, ինչպիսին պայքարն է պատերազմում։
Պայքարի դժվարությունն այն է, որպեսզի շրջանցիկ ճանապարհը վերածի ուղիղի, աղետը վերածի օգուտի։ Ուստի, նախրնտրելով շրջանցիկ ճանապարհ, հրապուրիր հակառակորդին օգուտով։ Հակառակորդից ավելի ուշ դուրս գալով, հասիր նրանից շուտ։ Ով գիտի այս, նա օգտագործում է ուղիղ և շրջանցիկ ճանապարհները։
Հետևաբար, պայքարը պատերազմում հանգեցնում է օգուտի, պայքարը պատերազմում ստեղծում է նաև դժվարություններ։ Եթե պայքարել միայն օգուտի համար, ողջ զորքը ոտքի հանելով, ապա որոշված նպատակին չես հասնի։ Եթե պայքարել շահի համար՝ շարժունակ բանակ ուղարկելով, ապա հարկադրված կզոհես գումակը։ Ուստի, երբ պայքարում են շահի համար 100 լիից հեռու, հանելով սպառազինությունը, առանց հանգստի օր ու գիշեր սլանալով, կրկնապատկելով երթուղիները և միավորելով անցումները, ապա գերի են ընկնում բոլոր երեք բանակների հրամանատարները։ Դիմացկուններն առաջ են անցնում, թույլերր քարշ են գալիս ետևում, և ողջ զորքից նպատակին է հասնում մեկ տասներորդը։ Երբ պայքարում են շահի համար հիսուն լիից հեռու, ապա կկորցնեն առաջավոր բանակի հրամանատարին, և ողջ զորքից (միայն) կեսն է հասնում նպատակին։ Երբ պայքարում են շահի համար երեսուն լիից հեռու, ապա նպատակին հասնում է երկու երրորդը։
Ուստի, երբ չունի գումակ, նա (բանակը) կործանվում է, եթե չկա պարեն և (անասնա)կեր, այն (բանակը) կործանվում է, եթե չկա պաշարը այն (բանակը) կործանվում է։
Հետևաբար, ով չգիտի իշխանների դիտավորությունները, նա չի կարող նրանց հետ դաշինք կնքել։ Ով չգիտի տեղանքի լեռների ու անտառների, զառիթափերի և ուղղաբերձ դարափների, ճահճուտների ու ճահիճների բնույթր, նա չի կարող ղեկավարել զորքը։ Ով չի օգտագործում տեղական ուղեկցորդներին, նա չի կարող օգտվել տեղանքի առավելություններից։
Ուստի, ով վարում է պատերազմը, շարժվում է խաբելու ուղիով, շարժվում է հանուն օգուտի, փոխում է դրությունը բաժանելով և կենտրոնացնելով։
Հետևաբար նա (զորավարը) սրընթաց է քամու նման, հանգիստ է անտառի նման և խժռում է կրակի նման, (իսկ) նրա շարժումները նման են ամպրոպի հարվածին։
Գյուղերը թալանելու համար զորքը մասերի բաժանիր, տարածքը գրավելիս տիրիր շահավետ կետերին։
Նախքան առաջ շարժվելդ, ամեն ինչ ծանր ու թեթև արա։ Ով վաղօրոք գիտի ուղիղ և շրջանցիկ ճանապարհների սկզբունքները նա հաղթում է։ Դրանք են պատերազմում պայքարի օրենքները։
«Զորքերի ղեկավարումր» գրքում ասված է. «Ձայնով արտասանած բառն այնքան էլ հեռու չեն լսում, ուստի մտցրեցին կոչնազանգը (գոնգը) և թմբուկները, երբ նայում և այնքան էլ հեռու չեն տեսնում, այդ պատճառով մտցրեցին դրոշակներն ու դրոշները»։ Չէ որ ով օգտագործում է կոչնազանգերն ու թմբուկները, դրոշներն ու դրոշակները՝ նա միավորում է իր ռազմիկների աչքերն ու ականջները։ Եթե բոլոր ռազմիկները նպատակադրվում են մեկ ուղղության վրա, ապա քաջը միայնակության մեջ առաջ չի շարժվում, վախկոտներին միայնակ թույլ չեն տալիս ետ գնալ։ Դա է մարդկանց զանգվածների ղեկավարման օրենքը։
Հետևաբար, գիշերային մարտի ժամանակ շատ կրակ և թմբուկներ, (իսկ) ցերեկային մարտում շատ դրոշակներ են օգտագործում։ Այդ նույն միջոցով մոլորության մեջ են գցում հակառակորդի աչքերն ու ականջները։
Այդ պատճաոով ողջ զորքից կարելի է խլել ոգին, զորքերի հրամանատարից խլել սիրտը։ Ուստի առավոտյան հոգով քաջ են, ցերեկը հոգով ծուլանում են, (իսկ) գիշերը մտածում են ճամբար վերադառնալու մասին։ Հետևաբար, ով որ պատերազմը վարպետորեն է վարում, խուսափում է հակառակորդից, երբ նա հոգով քաջ է և հարվածը հասցնում է այն ժամանակ, երբ նա ծուլացել կամ էլ մտածում է ճամբար վերադառնալու մասին։ Դա է ոգու ղեկավարումը։
Գտնվելով կարգ ու կանոնի վիճակում, սպասում են հակառակորդի շրջանում անկարգությունների, գտնվելով հանգստության վիճակում, սպասում են հուզումների հակառակորդի շրջանում։ Դա է ղեկավարումը սրտով։
Մոտիկ գտնվելով, սպասում են հեռու գտնվողներին, հանգստանալով, սպասում են հոգնածներին, լինելով կուշտ, սպասում են սովածներին։ Դա է ուժի կաոավարումը։
Ձեռնպահ մնա հակառակորդի վրա հարձակումից, երբ նրա դրոշակները կարգին են, մի հարձակվիր հակառակորդի ճամբարի վրա, երբ նա պահպանում է մարտակարգը։ Դա է փոփոխությունների ղեկավարումը։
Հետևաբար, պատերազմի վարման կանոնն այսպիսին է՝ մի հարձակվիր բարձունքի վրա գտնվող հակառակորդի վրա, մի հակազդիր բարձունքից իջնող հակառակորդին, մի հետապնդիր շինծու փախչողին, մի հարձակվիր քաջ զինվորների վրա, մի գայթակղվիր ռազմական խայծով, մի կանգնեցրու տուն վերադարձող հակառակորդին, անպայման մի կողմը բաց թող, ճնշում մի գործադրիր հակառակորդի վրա, երբ նա անելանելի վիճակում է գտնվում։ Դա է պատերազմի վարման կանոնը։
Գլուխ ութերորդ։ Ինը փոփոխություններ
(Ցզյուբյան)
Սուն Ցըզին ասաց. սովորաբար պատերազմի վարման կանոնները հետևյալն են՝ զորավարը տիրակալից հրաման ստանալով, հավաքում է զորքը և կենտրոնացնում է ուժերը։
Դժվարանցանելի տեղանքում ճամբար մի խփիր, մեծ ճանապարհների հատման վայրում դաշինքներ կնքիր, անապատային տեղանքում մի հապաղիր, շրջապատման վայրում մտածիր, մահվան տեղանքում կռվիր։
Կան ճանապարհներ, որոնցով չեն գնում, կան զորքեր, որոնց վրա չեն հարձակվում, կան ամրոցներ, որոնք չեն գրոհում, կան տեղանքներ, որոնց համար չեն կռվում, լինում են տիրակալի հրամաններ, որոնք չեն կատարվում։
Հետևաբար, զորավարը, որը հասկանում է «ինը փոփոխությունների» էության շահը, գիտի, թե ինչպես վարի պատերազմը։ Զորավարը, որը չի հասկանում «ինը փոփոխությունների» էության շահը, նույնիսկ գիտենալով տեղանքի ձևը, չի կարող օգտագործել նրա օգուտը։ Զորքերի ղեկավարման ժամանակ, եթե չգիտես «ինը փոփոխությունների» արվեստը, չես կարող տիրապետել մարդկանց ղեկավարման արվեստին, նույնիսկ եթե գիտես «հինգ օգուտը»։
Ուստի խելացի զորավարի գործողությունների կշռադատվածությունն այն է, որ նա պարտադիր կերպով միավորի օգուտն ու վնասը։ Երբ օգուտի հետ միավորում են վնասը, ապա գործը կարելի է իրականացնել, երբ վնասի հետ միավորվում են օգուտը՝ ապա աղետը կարելի է վերացնել։ Հետևաբար իշխաններին հնազանդեցնում են վնասով, իշխաններին հարկադրում են ծառայել գործով, իշխաններին հարկադրում են ինչ-որ տեղ շարժվել շահից դրդված։
Ուստի պատերազմի վարման կանոնները պահանջում են հույսը չդնել այն բանի վրա, թե հակառակորդը չի գա, այլ հիմնվել նրան դիմավորելու մեր պատրաստվածության վրա, չհուսալ, թե նա չի հարձակվի, այլ հիմնվել այն բանի վրա, որ մենք անհնարին կդարձնենք նրա հարձակումը։
Հետևաբար, զորավարի մոտ կան հինգ վտանգավոր սխալներ՝ երբ նա ձգտում է անպայման մահանալ նա կարող է սպանվել, երբ նա ձգտում է անպայման կենդանի մնալ՝ նա կարող է գերի ընկնել, երբ նա շուտ է զայրանում՝ նրան կարող են արհամարհել, երբ նա պատվի նկատմամբ զգայուն է՝ նրան կարող են խայտառակել, երբ նա սիրում է մարդկանց՝ նրա համար կարող են անհանգստություններ ստեղծել։ Այս բոլոր վտանգները զորավարի թերություններն են, (և) աղետ են պատերազմի ժամանակ։ Ջախջախում են զորքին, սպանում են զորավարին անպայման այս հինգ վտանգներով։ Չի կարելի այդ չիմանալ։
Գլուխ իններորդ։ Զորքն արշավի ժամանակ
(Սինցզյուն)
Սուն Ցըզին ասաց. սովորաբար զորքի տեղակայումը և հակառակորդին հետևելը իրականացվում է հետևյալ կերպ. լեռներով անցնելիս շարժվիր հովիտներով, տեղավորվիր բարձունքի արևային կողմի վրա, բարձրում գտնվող հակառակորդի վրա մի հարձակվիր։ Ահա ամեն ինչ լեռներում զորքի տեղակայման մասին։
Ջրային արգելքն անցնելիս, անպայման գետից հեռու գտնվիր։ Երբ ներխուժած հակառակորդն անցնում է գետը, նրան ջրի վրա մի դիմավորիր։ Ընդհանրապես շահավետ է նրա մի մասին թույլ տալ գետն անցնել և հետո հարվածել։ Ով որ ցանկանում է հակառակորդի հետ մարտի բռնվել, չպետք է նրան գետի մոտ հանդիպի։ Տեղավորվիր գետի արևային կողմում։ Հակառակորդի հետ հանդիպելու համար մի շարժվիր հոսանքի ուղղությամբ։ Ահա ամեն ինչ զորքը ջրային տարածքի վրա տեղակայելու մասին։
Ճահճով անցնելիս, շտապիր արագ հեոանալ, մի հապաղիր։ Եթե քեզ առաջիկայում սպասվում է մարտը վարել ճահճի շրջանում, անպայման տեղավորվիր այնտեղ, որտեղ կա ջուր և խոտ, իսկ թիկունքում էլ անտառ լինի։ Ահա այն ամենը, ինչ վերաբերում է ճահճում զորքի տեղակայմանը։
Հարթավայրային տեղանքում տեղավորվիր (այնպիսի) հարմար տեղում, որտեղ աջից ու ձախից կան բարձունքներ, վտանգը սպասիր առջևից, իսկ թիկունքն ապահովված է։ Ահա այն ամենը, ինչ վերաբերում է հարթավայրում զորքերի տեղակայմանը։
Զորքերի տեղակայման այս չորս շահավետ եղանակներն ապահովեցին Խուանդիի հաղթանակը չորս կայսրերի նկատմամբ։
Ընդհանրապես զորավարը պետք է սիրի բարձր վայրերը և ատի ցածրերը, գնահատի արևային լույսը և մերժի ստվերը, հոգ տանի (մարդկանց) կյանքի մասին և հաշվի առնի տեղանքի իրողությունը, այդ դեպքում զորքերում հիվանդություններ չեն լինի։ Դա կոչվում է պարտադիր հաղթանակ։
Բլրապատ և բարձունքաշատ տեղանքում տեղավորվիր նրանց արևային կողմում, դրանք ունեցիր աջից և թիկունքում, դա շահավետ է զորքի համար։ Այդպիսին է տեղանքի օգնությունը։
Եթե գետի վերին հոսանքերում անձրևներ են եկել, և ջուրը փրփրում է, ապա նա, ով ցանկանում է (գետն) անցնել, թող սպասի, մինչև գետը հանդարտվի։ Ընդհանրապես, այն տեղանքում, ուր կան ուղղաձիգ ժայռեր, բնական ջրհորներ, քարանձավներ, բնական ծուղակներ, ճահճուտներ, բնական ճեղքեր, անպայման փութացեք նրանցից հեռանալ և մի մոտեցեք նրանց։ Ինքդ հեռացիր դրանցից, իսկ հակառակորդին հրապուրելով, տար այնտեղ։ Այնպես արա, որ նման տեղանքը գտնվի հակառակորդի թիկունքում։
Եթե զորքի տեղակայման վայրում կան ձորակներ, խոտածածկ ճահճուտներ, անտառներ, թփեր, մացառուտներ անպայման հետազոտիր դրանք։ Այդպիսի վայրերում դարաններ են լինում, և գտնվում են հակառակորդի դետքերը։
Երբ հակառակորդը մոտիկ է գտնվում, նա իրեն լուռ է պահում, դա նշանակում է, որ նա ցանկանում է, որպեսզի դու առաջանաս։ Երբ հակառակորդը հարմար է տեղավորված, նշանակում է նա շահ ունի։
Երբ ծառերը սկսում են շարժվել, նշանակում է նա (հակառակորդը) մոտենում է, երբ խոտից պատրաստված մեծ քանակությամբ արգելափակիչներ են պատրաստված, նշանակում է նա ցանկանում է քեզ մոլորության մեջ գցել, որտեղ թոչունները դեպի վեր են թռչում՝ (նշանակում է, որ) այնտեղ դարան է արված, եթե գազանները վախեցած փախչում են այնտեղ ինչ-որ մեկը թաքնվել է։ Երբ փոշին վեր է բարձրանում, նշանակում է մարտակառքերն են շարժվում, երբ փոշին բարձրանում է ցածր և լայն, նշանակում է՝ ամբոխն է գալիս (մեծ թվով հետիոտն մարտիկներ), երբ փոշին տարբեր ուղղություններով է բարձրանում, նշանակում է վառելիք են հավաքում, եթե փոշին քիչ է և այս ու այն կողմ է շարժվում, նշանակում է հակառակորդը ճամբար է կազմակերպում։
Երբ հակառակորդի ճառերը խոնարհ են, իսկ նախապատրաստություններն ուժեղացված, նշանակում է՝ նա պատրաստվում է հարձակման, երբ նրա ճառերը հանդուգն են և նա փորձեր է անում առաջ շարժվել, նշանակում է՝ նա պատրաստվում է նահանջել։ Երբ նրա թեթև մարտակառքերն առաջ են գալիս, իսկ զորքը տեղավորվում է նրանց թևերում, նշանակում է՝ հակառակորդը մարտակարգ է կազմում։ Եթե հակառակորդն ընկճված չէ և խաղաղություն է խնդրում, նշանակում է՝ նա գաղտնի դիտավորություն ունի։ Երբ նրա մոտ արագ այս ու այն կողմ են վազում, և ռազմիկները մարտակարգեր են գրավում, նշանակում է՝ պահը հասել է։ Երբ նրա մոտ ոմանք հարձակվում, իսկ ուրիշները նահանջում են՝ նշանակում է, որ նա փորձում է հրապուրել (հարձակման)։ Երբ նրա ռազմիկները զենքին հենված կանգնած են՝ նշանակում է, որ նրանք սոված են։ Երբ նրա (հակառակորդի) ջրկիրները մոտենալով ջրին, սկզբում իրենք են խմում նշանակում է՝ նրանք տառապում են ծարավից։ Երբ նա տեսնում է շահը և չի հարձակվում, նշանակում է նա ուժասպառ է եղել։
Որտեղ թոչունները հավաքվում են երամներով՝ այնտեղ ոչ ոք չկա։ Երբ գիշերը հակառակորդի մոտ միմյանց ձայն են տալիս՝ նշանակում է, որ այնտեղ վախենում են։ Երբ զորքը կազմալուծված է՝ նշանակում է, որ զորավարը հեղինակություն չունի։ Երբ դրոշակներն ու դրոշները տեղից տեղ են փոխադրվում, նշանակում է տեղի են ունենում անկարգություններ։ Երբ նրա (հակառակորդի) հրամանատարները զայրանում են՝ նշանակում է՝ զինվորները հոգնել են։ Երբ հակառակորդի զորքում ձիերին կերակրում են կորեկաձավարով, իսկ իրենք միս են ուտում, սափորները չեն կախում և չեն վերադառնում իրենց ճամբարը, նշանակում է, որ նրանք հուսահատության են հասել, ինչպես ավազակները։
Երբ զորավարը ռազմիկների հետ զրուցում է երկար, քնքուշ, հարգանքով, նշանակում է՝ նա կորցրել է զանգվածների վստահությունը։ Երբ նա (զորավարը) հաճախ է պարգևատրում, նշանակում է՝ զորքը գտնվում է դժվարության մեջ, երբ հաճախ է պատժում, նշանակում է՝ ընկել է կարգապահությունը։ Երբ նա սկզբում դաժան է, իսկ հետո վախենում է զանգվածներից, նշանակում է՝ ռազմական արվեստի գեր անհասկացություն։
Երբ հակառակորդի կողմից գալիս են դեսպանները հաճոյախոսություններով և սիրալիրություններով, նշանակում է՝ նա զինադադար է խնդրում։ Երբ հակառակորդի զորքը գրգռված առաջ է գալիս, սակայն երկար ժամանակ չի ցանկանում մարտի մեջ մտնել և ետ չի քաշվում՝ այդ դեպքում պահանջվում է ուշադիր հետևել նրան։
Պարտադիր չէ զորքն ավելացնել մինչև քանակական գերազանցությունը, չի պահանջվում առաջ գնալ միայն ռազմական հզորությամբ։ Բավական է ունենալ անհրաժեշտ քանակությամբ զորք և կենտրոնացնելու ճանապարհով ու դրության ճիշտ գնահատմամբ կարելի է վերցնել (հաղթել) հակառակորդին։ Ով չի մտածում և հակառակորդին թեթևամտորեն է վերաբերվում, նա անպայման նրա (հակառակորդի) գերին է դառնում։
Եթե ռազմիկներին, մինչև նրանց քո հետ կապվելը, սկսես պատժել, նրանք քեզ չեն ենթարկվի, և այդ դեպքում նրանց դժվար կլինի օգտագործել։ Եթե ռազմիկները լավ են տրամադրված քո նկատմամբ, սակայն պատիժներ չեն կիրառվում, այդ դեպքում նրանց բացարձակապես չի կարելի օգտագործել։
Ուստի, հրամայելով ռազմիկներին՝ օգտվիր քաղաքացիական սկզբունքից՝ պահանջելով նրանցից լիակատար հնազանդություն, անպայման օգտվիր զինվորական սկզբունքներից, երբ հրամաններն ընդհանրապես կատարվում են, այն ժամանակ, երբ դու ժողովրդին մի ինչ-որ բան ես հրամայում՝ ժողովուրդը հնազանդվում է, երբ հրամանները ընդհանրապես չեն կատարվում, ապա, երբ դու որևէ բան ես հրամայում՝ ժողովուրդը չի ենթարկվում։ Երբ հրամաններն ընդունվում են վստահությամբ և պարզ գիտակցմամբ, ապա դու և զանգվածները փոխադարձաբար հասկանում եք միմյանց։
Գլուխ տասներորդ։ Տեղանքի ձևերը
(Դիսին)
Սուն Ցըզին ասաց. տեղանքն իր ձևով լինում է` մատչելի, թեք, կտրտված, դաշտավայրային, լեռնային, հեռավոր։
Երբ ես կարող եմ անցնել և նա (հակառակորդը) կարող է գալ, այդպիսի տեղանքը կոչվում է մատչելի։ Մատչելի տեղանքում առաջին հերթին զբաղեցրու արևային կողմի բարձունքները և ապահովիր մատակարարման ուղիների պահպանումը, այդ դեպքում օգուտ (աոավելություն) կունենաս։
Երբ դյուրին է գնալ և դժվար է վերադառնալ, այդպիսի տեղանքը կոչվում է թեք։ Թեք տեղանքում, եթե հակառակորդը պատրաստ չէ մարտի, եթե առաջանաս կհաղթես նրան, եթե հակառակորդը պատրաստ է մարտի, առաջանալով չես հաղթի նրան, վերադառնալ դժվար է, օգուտ չես ունենա։
Երբ և քո, և հակառակորդի համար հարձակվելը շահավետ չէ, այդպիսի տեղանքը կոչվում է կտրտված։ Կտրտված տեղանքում մի հարձակվիր նույնիսկ այն ժամանակ, ռերբ հակառակորդը տալիս է այդ հնարավորությունը, ետ քաշիր զորքերդ և հեոացիր, հարկադրիր հակառակորդին անցնել այնտեղ կիսով չափ (ուժերի մի մասով), հարվածելով նրան՝ օգուտ կունենաս։
Դաշտավայրային տեղանքում, եթե առաջինն այն գրավես, տեղավորիր (զորքը) ամենուրեք և սպասիր հակառակորդի մոտենալուն։ Եթե հակառակորդը, կանխելով, կգրավի այն, մի հետևիր նրան։ Հետևիր նրան (այն դեպքում), երբ նա այն ամբողջությամբ չի գրավի։
Լեռնային տեղանքում, եթե առաջինը այն գրավես, անպայման տեղավորվիր արևային կողմի բարձունքի վրա և սպասիր հակառակորդի մոտենալուն։ Եթե հակառակորդը, կանխելով քեզ, կգրավի այն, ետ քաշիր զորքերդ և հեռացիր։ Մի հետևիր նրան։
Հեռավոր տեղանքում, ուժերի հավասարության դեպքում դժվար է մարտը սկսել։ Եթե սկսես մարտը, (ապա) չես շահի։
Այս բոլոր վեց կանոնները ուսմունքն են տեղանքի մասին։ Զորավարի հիմնական պարտականությունն է դրանք լավ իմանալ։
Ուստի, երբեմն զորքը հապճեպորեն նահանջում է, երբեմն այն ուժասպառ է լինում, երբեմն ընկնում է հակառակորդի ձեռքը, երբեմն նա կազմալուծվում է, երբեմն անկարգություններ են ծագում։ Այդ վեց աղետները միակը չեն։ Դրանք առաջանում են զորավարի սխալների հետևանքով։ Եթե հավասար պայմաններում մեկը հարձակվում է տասի վրա, արդյունքում ստացվում է հապճեպ նահանջ։ Եթե ռազմիկներն ուժեղ են, իսկ հրամանատարները թույլ՝ նշանակում է զորքն անհնազանդ է։ Երբ հրամանատարներն են ուժեղ, իսկ ռազմիկները թույլ՝ նշանակում է՝ զորքը կգերվի հակառակորդի կողմից։ Երբ բարձրաստիճան հրամանատարներն իրենց դժգոհությունն են արտահայտում, չեն ենթարկվում իրենց պետին, իսկ հակառակորդի հետ բախման ժամանակ իրենց պետի նկատմամբ ունեցած թշնամանքի պատճառով հակառակորդի դեմ ինքնագլուխ մարտ են սկսում, նշանակում է զորավարը չգիտի նրանց ընդունակությունները, այդպիսի պայմաններում զորքը կկործանվի։ Եթե զորավարն ի վիճակի չէ գնահատել հակառակորդին, երբ նա իր փոքրաթիվ ուժերով հարձակվում է հակառակորդի մեծաքանակ ուժերի վրա, երբ զորքում չկան հարվածային ջոկատներ, նշանակում է զորքը դատապարտված է փախուստի։ Այս վեց կանոնները պարտության մասին ուսմունքն են։ Զորավարի հիմնական պարտականությունն է դրանք հաստատորեն իմանալ։
Չէ՞ որ տեղանքի ձևն օգնում է զորքերին։ Ուստի գլխավոր զորահրամանատարի խնդիրն է կարողանալ գնահատել հակառակորդին, կազմակերպել հաղթանակը, հաշվի առնել անանցանելիությունը, կիրճերը, հեռու և մոտ լինելը։ Ով մարտը վարում է գիտենալով այս, նա անպայման հաղթում է, ով որ վարում է մարտը չգիտենալով այս, նա անպայման պարտություն է կրում։
Ուստի, եթե համոզված ես, որ պատերազմի վարման մասին ուսմունքի համաձայն անպայման կհաղթես, ապա կռվիր, նույնիսկ այն դեպքում, եթե տիրակալն ասում է «Մի կռվիր»։ Եթե պատերազմի մասին ուսմունքի համաձայն չես հաղթելու, մի կռվիր, եթե նույնիսկ տիրակալն ասում է. «Անպատճառ կռվիր»։
Հետևաբար, երբ զորավարը մարտի է ելնում, փառք չփնտրելով, իսկ նահանջում է չվախենալով խայտառակությունից, այս պարագայում նա մտածում է ժողովրդի մասին՝ այդպիսի զորավարը գանձ է պետության համար։
Երբ ռազմիկներին կդիտես (կընդունես) այնպես, ինչպես քո երեխաներին, այդ դեպքում նրանց հետ կարող ես գնալ նույնիսկ ամենախոր կիրճերը։ Երբ ռազմիկներին կդիտես (կվերաբերվես) այնպես, ինչպես քո սիրելի որդիներին, այդ դեպքում նրանց հետ կարող ես գնալ թեկուզ մահվան։ Երբ նրանց հետ առատաձեռն լինես՝ ապա չես կարող նրանց հրամայել, երբ անկարգություններ առաջանան, ապա դու չես կարող կարգ ու կանոն հաստատել նման դեպքում նրանք նման են քմահաճ որդիների նրանցից օգտվելն անհնարին կլինի։
Երբ գիտակցում ես, որ քո ռազմիկների հետ կարելի է հարձակվել հակառակորդի վրա, սակայն չգիտես, որ հակառակորդի վրա չի կարելի հարձակվել՝ հաղթանակը կիսով չափ կլինի։ Երբ գիտես, որ հակառակորդի վրա կարելի է հարձակվել, սակայն չգիտես, որ քո ռազմիկների հետ չի կարելի հարձակվել՝ հաղթանակը կիսով չափ կլինի։ Երբ գիտես, որ հակառակորդի վրա հարձակվել կարելի է, որ քո ռազմիկների հետ կարող ես հարձակվել, սակայն չգիտես, որ տեղանքի ձևից ելնելով չի կարելի նրա վրա հարձակվել՝ հաղթանակը կիսով չափ կլինի։
Ուստի, ով գիտի պատերազմը, առաջանալով չի սխալվի, սկսելով փորձանքի մեջ չի ընկնի։
Հետևաբար ասվում է՝ եթե գիտես նրան (հակառակորդին) և գիտես քեզ հաղթանակն ապահովված է, եթե դու նաև գիտես Երկինքն ու Երկիրը՝ հաղթանակն անպայման կարող է լինել ամբողջական։
Գլուխ տասնմեկերորդ։ Ինը տեղանք
(Ցըզյուդի)
Սուն Ցըզին ասաց. պատերազմի վարման կանոնների համաձայն, գոյություն ունեն սփՌված տեղանքներ, թեթև (կամ սահմանային) տեղանքներ, վիճարկելի տեղանքներ, լուրջ տեղանքներ, դժվարանցանելի տեղանքներ, շրջապատման տեղանքներ, մահացու տեղանքներ։
Երբ իշխանները մարտնչում են իրենց տարածքի սահմաններում՝ դա սփռված տեղանքն է. երբ թափանցում են օտար տարածքը, սակայն այնքան էլ չեն խորանում թեթև (սահմանային) տարածքն է. երբ ես կզավթեմ և այն ինձ համար շահավետ է, նա (հակառակորդը) կզավթի՝ նրան նույնպես շահավետ է՝ վիճարկելի տեղանքն է։ Երեք հարևան իշխանությունների միջև գտնվող տարածքը ով կգրավի՝ առաջինը նա կտիրի ողջ Երկնաբարձունքին՝ մեծ ճանապարհներով հատող տեղանքն է։ Երբ օտար տարածքի մեջ խորանում են և թիկունքում թողնում են մեծ ամրացված շատ քաղաքներ՝ լուրջ տեղանքն է. երբ անցնում են լեռներով և անտառներով, անդունդների և զառիթափերի վրայով, ճահճուտներով և ճահիճներով և ընդհանրապես դժվարանցանելի ճանապարհներով՝ դժվարանցանելի տեղանքն է, (իսկ) երբ ճանապարհի մուտքը նեղ է, իսկ ճանապարհը, որով գնում են, ոլորապտույտ, երբ նա (հակառակորդը) փոքրաթիվ ուժերով կարող է հարձակվել իմ մեծաքանակ ուժերի վրա՝ շրջապատման տեղանքն է. երբ արագ մարտի մեջ չեն մտնում, կործանվում են՝ մահվան տեղանքն է։
Ուստի սփռված տեղանքում մի կռվիր, թեթև տեղանքում մի հապաղիր, վիճարկելի տեղանքում մի հարձակվիր, բաց տեղանքում կապը մի կտրիր, մեծ ճանապարհների հատման տարածքում միավորվիր դաշնակիցների հետ, լուրջ տեղանքում թալանիր, դժվարանցանելի տեղանքն անցիր, շրջապատման տեղանքում խորհիր, մահվան տեղանքում կռվիր։
Հնում ասում էին՝ լավ է կռվել նա, ով կարող է հակառակորդին այնպիսի կացության մեջ դնել, որ նրա առաջավոր և թիկունքային մասերն իրար հետ փոխադարձ կապ չունենան, մեծ և փոքր ուժերը չհենվեն միմյանց վրա, ազնվազարմներն ու ստորինները չօգնեն միմյանց, բարձրագույններն ու ստորադասները կապված չլինեն միմյանց հետ, նրա (հակառակորդի) մոտ ռազմիկները բաժանված են եղել, խոչընդոտել են նրանց միավորումը, իսկ եթե զորքը միավորվել է, ապա, այնուամենայնիվ, միասնական չեն եղել։ Շարժվել է, երբ ձեռնտու է եղել, երբ ձեռնտու չի եղել՝ մնացել է տեղում։
Համարձակվում եմ հարցնել, իսկ եթե հակառակորդը դա մեծ ուժերով, լրիվ մարտակարգով, ինչպե՞ս նրան դիմավորել։ Ասեմ՝ նախ գրավիր այն, ինչը նրա համար թանկ է, երբ կգրավես՝ նա կհնազանդվի քեզ։
Պատերազմում ամենագլխավորը արագությունն է։ Գրավիր այն, ինչին նա (հակառակորդը) չի հասցրել մոտենալ։ Շարժվիր այն ճանապարհներով, որի մասին չի էլ ենթադրել։ Հարձակվիր այնտեղ, որտեղ նա չի զգուշանում։
Ընդհանրապես, հակառակորդի սահմանները ներխուժած օտարականի մտադրությունն այն է, որպեսզի իր ուշադրությունը կենտրոնացնի գլխավորի վրա, և այդ դեպքում տերը չի հաղթի։
Թալանիր բերրի արտերը, որպեսզի զորքի համար առատ պարեն ունենաս։ Ուշադիր հետևիր քո ռազմիկների բարեկեցությանր, մի հոգնեցրու նրանց, ոգին ամրացրու և նրանց ուժերը կուտակիր։ Զորքը շարժիր հաշվարկով և ծրագրի համաձայն, այնպես արա, որպեսզի հակառակորդը չկարողանա (կռահել) քո դիտավորությունները։ Ռազմիկներիդ այնպիսի տեղում կանգնեցրու, որտեղ ելք չկա, այդ դեպքում նրանք կնախընտրեն մահը փախուստից, (իսկ) եթե նրանք պատրաստ են մեռնելու, ինչպե՞ս չհասնել հաղթանակի։ Հրամանատարներն ու մյուսները նման դրության ժամանակ լարում են իրենց բոլոր ուժերը։ Երբ զորքը գտնվում է կործանման եզրին, (այն ժամանակ) նա ամուր կանգնում է (դիմակայում է)։ Երբ նա գտնվում է խորքում (հակառակորդի երկրի), նրան ոչինչ չի պահում։ Երբ ելք չկա, նա (զորքը) անզիջում կռվում է։
Ուստի, քո զորքերն առանց հրամանի էլ զգույշ կլինեն, առանց պահանջելու կատարող, առանց համոզելու համերաշխ, առանց հրամանի հավատարիմ։
Արգելեք հավատալ նախանշաններին, վերացրեք կասկածները, մինչև մահ մի երկյուղեք աղետներից։
Եթե ձեր ռազմիկների մոտ ավելորդ փող չկա, դա չի նշանակում, որ նրանք հարստություն չեն սիրում։ Եթե նրանց կյանքը երկարատև չի, չի նշանակում, որ նրանք չեն սիրում երկարակեցությունը։
Այն օրը, երբ հրատարակվում է մարտական հրամանը, նստած հրամանատարների և ռազմիկների արցունքները հոսում են նրանց կրծքին, նրանց մոտ, ովքեր պաոկած են, արցունքները հոսում են այտերով, բայց բավական է, որ նրանք հայտնվեն անելանելի դրության մեջ՝ նրանք կլինեն արի, ինչպես Չժուն և Գույը։
Հետևաբար, ով լավ է վարում պատերազմը, նման է Շուայժանին։ Շուայժանը Չանշան լեռների օձն է։ Երբ նրա գլխին են հարվածում, նա գրոհում է պոչով, երբ հարվածում են նրա պոչին՝ նա հարձակվում է գլխով, երբ հարվածում են նրա մեջտեղին, նա գրոհում է գլխով և պոչով։
Համարձակվում եմ հարցնել, կարո՞ղ է արդյոք զորքը նմանվել Շուայժանին։ Կաս եմ՝ այո։ Չէ որ ուժենը և յուժենը թշնամի են միմյանց, սակայն երբ հայտվեն մի նավակի մեջ և սկսեն անցնել գետը և փոթորիկը վրա հասնի՝ նրանք կսկսեն միմյանց օգնել այնպես, ինչպես ձախ ձեռքն օգնում է աջին։
Ուստի, երբ կկապես ձիերին և անիվները (մարտակառքերի) հողի մեջ կթաղես, այնուամենայնիվ, դրա վրա հույս մի դիր։ Երբ բոլորը մի մարդու նման քաջ են ապա միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրականացնել զորքերի իսկական ղեկավարումը։
Ինչպես ուժեղները, այնպես էլ թույլերր, կարող են օգտվել տեղանքի օրենքներից։ Հետևաբար, ով վարպետորեն է վարում պատերազմը, նա իր զորքի ձեռքից բռնած, ինչպես մի մարդու, դուրս է բերում, թվում է, թե անելանելի դրությունից։
Զորքի հրամանատարը պարտավոր է լինել հանգիստ և դրանով ստեղծել անթափանցելիություն, լինել արդարացի և դրանով պահպանել կարգը, կարողանալ հրամանատարների և ռազմիկների աչքերն ու ականջները մոլորության մեջ գցել նրանց պահելով անգիտության մեջ, փոխել իր մտադրություններն ու պլանները, թույլ չտալ, որ որևէ մեկը դրանց մասին որևէ բան իմանա, փոխել իր գտնվելու վայրը, իր համար շրջանցիկ ճանապարհներ ընտրել, և թույլ չտալ, որպեսզի ուրիշներն այս մասին կռահեն։
Ղեկավարելով (զորքը) ճգնաժամային վիճակում, (նրան) զորքին դիր այնպիսի դրության մեջ, ասես թե բարձունք ես բարձրացել և մի կողմ նետել աստիճանները։ Երբ զորքը գլխավորելով կխորանաս իշխանների տարածքը՝ ցույց տուր քո վճռականությունը, վառիր նավերը, ջարդիր կաթսաները, ռազմիկներիդ ղեկավարիր ինչպես ոչխարների հոտը, նրանց քշելով մեկ այստեղ, մեկ այնտեղ, նրանց պահելով անգիտության մեջ։ Հավաքելով զորքը մեկ ամբողջության մեջ, նետիր նրանց ամենավտանգավոր տեղերը։ Դա է զորքի հրամանատարի պարտականությունը։
Տեղանքի ինը տեսակների փոփոխությունները, խտացման և ձգման շահի, մարդկային զգացմունքների օրենքները այդ ամենը պետք է լավ իմանալ։
Օտարերկրացու գործողությունների ուղին ընդհանրապես, եթե հակառակորդի տարածքը շատ ես խորացել՝ կենտրոնացիր գլխավորի վրա, եթե այնքան էլ չես խորացել ցրվածություն է առաջանում։
Երբ հեռանում են իրենց երկրից և զորքով անցնում են սահմանը՝ կտրվելու տեղանքն է, երբ չորս կողմը ճանապարհները բաց են՝ մեծ ճանապարհների խաչմերուկների տեղանքն է, երբ այնքան էլ չեն խորանում՝ թեթև (սահմանային) տեղանքն է, երբ թիկունքում թողնում են ամրացված կետեր, իսկ առջևում՝ նեղ անցումներ՝ շրջապատման տեղանքն է, երբ գնալու տեղ չկա մահվան տեղանքն է։
Հետևաբար, սփռված տեղանքում ես բոլորին կբերեմ միասնական նպատակադրվածության, թեթև տեղանքում ես կստիպեմ բոլոր զորամասերին միմյանց հետ սերտորեն կապ պահպանել, վիճարկելի տեղանք ես կգնամ հակառակորդներիցս հետո, բաց տեղանքում ես ուշադիր կլինեմ պաշտպանության նկատմամբ, մեծ ճանապարհների հատման տեղանքում ես կամրապնդեմ կապը դաշնակիցների հետ, լուրջ տեղանքում ես կշարժվեմ ճանապարհով, շրջապատման տեղանքում ես կփակեմ անցումները, մահվան տեղանքում ես ռազմիկներին կներշնչեմ, որ նրանք չեն ապրի։
Ուստի ռազմիկների զգացմունքները հետևյալն են. երբ նրանք շրջապատված են՝ նրանք պաշտպանվում են, երբ ելք չկա՝ նրանք մարտնչում են, երբ դրությունը չափից դուրս վտանգավոր է՝ նրանք հնազանդվում են։
Հետևաբար, ով չգիտի իշխանների մտադրությունները, նա չպետք է նրանց հետ դաշինք կնքի, ով չգիտի տեղանքի ուրվապատկերները՝ լեռների ու անտառների, անդունդների ու կիրճերի, ճահճուտների և ճահիճների նա չի կարող ղեկավարել զորքը, ով չի օգտագործում տեղացի ուղեկցորդներին, նա չի կարող օգտվել տեղանքի առավելություններից։
Ով չգիտի ինը կանոնները, (նրա մոտ) զորքը չի լինի բավանի (հեգեմոնի) զորքը։ Եթե հեգեմոնի զորքը պատերազմի գնա մեծ պետության վրա, ապա չի կարող հավաքել բավականաչափ ուժ, եթե նրա ողջ հզորությունը ուղղված լինի հակառակորդի դեմ, ապա չի կարող դաշինքներ կնքել։
Այդ պատճաոով հեգեմոնը չի պայքարում դաշինքների համար Երկնաբարձունքում, չի աջակցում Երկնաբարձունքում ուրիշների իշխանության վերելքին, նա հավատում է իր սեփական հզորությանը և ազդում է հակառակորդի վրա իր հզորությամբ։ Ուստի նա կարող է գրավել նրանց քաղաքները, ավերել նրանց պետությունները, բաժանում է պարգևներ, չի կառչում սովորական կանոններից, հրապարակում է հրամաններ՝ չհետևելով սովորական ղեկավարման կանոններին։ Հարձակվում է իր զորքերով, ասես ղեկավարում է մի մարդու, հարձակվելով խոսում է գործերի մասին, չմտնելով մանրամասնությունների մեջ, հարձակվելով խոսում է օգուտի, այլ ոչ թե վնասի մասին։
Այն բանից հետո, երբ զորքին կնետեն մահվան վայրը, նա կապրի, քանի որ, երբ զանգվածները (զինվորները) ընկնում են աղետի մեջ, այդ դեպքում նրանք կարող են վճռել մարտի ելքը։
Ուստի պատերազմի վարումն այն է, որպեսզի տրվելով հակառակորդի նկատառումներին, մանրազնին ուսումնասիրել դրանք, որից հետո անհրաժեշտ է հակառակորդի ուշադրությունը կենտրոնացնել մի ինչ-որ բանի վրա և սպանել զորավարին, եթե անգամ նա գտնվում է 1000 լիից հեռու։ Դա նշանակում է գործը հմտորեն ավարտել։
Հետևաբար, զորքերի ղեկավարումն ընդունելու օրը փակիր սահմանային անցարանները, արգելիր պատվիրակների շփումները արտասահմանի հետ։ Թող տիրակալը ղեկավարի արքունի խորհրդին և պատերազմական գործերի համար պատասխան պահանջի իր զորավարից։
Եթե (նկատես, որ) հակառակորդը բացվում և փակվում է, անպայման սրընթաց ներխուժիր նրա մոտ։ Առաջին հերթին գրավիր այն, ինչն արժեքավոր է նրա համար և հանգիստ սպասիր նրան։ Գնա հաստատված կանոնների ուղիով և հետևիր հակառակորդին։ Նման միջոցներով կվճռես պատերազմը։
Ուստի սկզբում եղիր ամոթխած, ինչպես կույսը, և հակառակորդը կբացի դռները, հետո եղիր արագ, ինչպես նապաստակը, և հակառակորդը չի հասցնի դիմադրություն ցույց տալ։
Գլուխ տասներկուերորդ։ Հարձակում կրակով
(Խոգուն)
Սուն Ցըզին ասաց. սովորաբար կրակով հարձակվելու հինգ եղանակ կա. առաջին՝ երբ վառում են մարդկանց, երկրորդ՝ երբ հրդեհում են պալատները, երրորդ՝ երբ վառում են գումակը, չորրոդ՝ երբ հրդեհում են պահեստները, հինգերորդ՝ երբ վառում են ջոկատները։
Կրակով գործելու համար անհրաժեշտ է առաջնորդվել քո խնդրով, և անպայման պետք է առկա լինեն հրդեհման անհրաժեշտ միջոցները։ Կրակի օգտագործման հարմար պահին կրակ տալու համար ընտրում են հարմար օր։ Ժամանակը հարմար է, երբ եղանակը չոր է, (իսկ) օրը հարմար է, երբ հայտնվում են Ցըզի (մաղ), Բի (պատ), Ի (թև), Չժեն (արգելք) համաստեղությունները։ Այս չորս համաստեղությունների օրերին եղանակը, սովորաբար, քամոտ է։
Կրակով հարձակվելիս սովորաբար ընտրում են կրակով հարձակվելու հինգ եղանակներից մեկը և հետևում նրան։ Երբ կրակը բռնկվում է ներսում, անհրաժեշտ է նրան աջակցել դրսից։ Երբ կրակը բռնկվում է, սակայն հակառակորդի ռազմիկները հանգիստ են, համբերատար սպասիր և մի հարձակվիր։ Երբ կրակի ուժը հասնում է գագաթնակետին՝ հետևիր նրան, եթե կարելի է հետևել մնա տեղում։ Երբ կարելի է հրդեհել դրսից, մի սպասիր նրան դրա ներսում, ընտրիր ժամանակը և հրդեհիր։ Երբ հրդեհումն իրականացվում է քամու ուղղությամբ, մի հարձակվիր քամուն ներհակ։ Երբ ցերեկը քամին երկար է փչում երեկոյան այն թուլանում է։
Ընդհանրապես, պատերազմում պարտադիր է գիտենալ կրակով հարձակվելու հինգ տեսակները և մշտապես պաշտպանվել նրանցից։ Հետևաբար, հարձակմանը կրակին ցույց տված օգնությունը հասկանալի է, հարձակմանը ջրի օգնությունը առավել ուժեղ է։ Ջրով կարելի է խափանել, սակայն նրանով գրավել չի կարելի։
Երբ ճակատամարտով ցանկանում ես հաղթել, հարձակումով ցանկանում ես գրավել, նման դեպքում, չօգտագործելով այդ միջոցները (հարձակում կրակով և ջրով), կստացվի աղետ, (որը) կոչվում է «տևական ծախսեր»։ Ուստի ասում են. խելացի տիրակալը հոգում է այդ միջոցների մասին, իսկ լավ զորավարը օգտագործում է դրանք։
Եթե շահ չունես, մի առաջացիր, եթե չես կարող ձեռք բերել, (ապա) զորքը գործողության մեջ մի մտցրու, եթե վտանգ չկա մի պատերազմիր։ Տիրակալը չպետք է զորքը բարձրացնի զայրույթի պատճառով, զորավարը մարտի մեջ չպետք է մտնի ոխի պատճառով։ Շարժվում են, երբ դա շահավետ է, երբ դա շահավետ չէ մնում են տեղում։ Զայրույթը կարող է փոխվել ուրախության, չարությունը կարող է փոխվել խնդության, սակայն կործանված պետությունը չի կարելի կրկին վերածնել, մահացածներին չի կարելի վերակենդանացնել։
Ուստի խելամիտ տիրակալը զգույշ է պատերազմի նկատմամբ, իսկ լավ զորավարը կանխում է այն։ Դա է պետությունը պահպանելու, իսկ զորքն անվնաս պահելու ուղին։
Գլուխ տասներեքերորդ։ Հետախույզների օգտագործումը
(Յունցըզյան)
Սուն Ցըզին ասաց. ընդհանրապես, երբ ոտքի են հանում հարյուր հազարանոց զորք և այդ զորքը արշավում է 1000 լիից ավելի, ժողովրդի ծախսերը, տիրակալի ծախսերն օրական կազմում են 1000 ցըզին (ոսկի)։ Ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս հուզումներ են առաջանում։ 700000 ընտանիքներ բեռնափոխադրման պարհակների հետևանքով ուժասպառ են լինում և չեն կարողանում զբաղվել իրենց աշխատանքով։
Միմյանցից պաշտպանվում են մի քանի տարի, իսկ հաղթանակը վճռվում է մեկ օրվա ճակատամարտով, և դրա համար խնայել տիտղոսներ, մի քանի հարյուր ցըզի (ոսկի) պարգևներ և միևնույն ժամանակ չիմանալ հակառակորդի դրությունը, (ապա) դա անմարդկայնության բարձրագույն սահմանն է։
Ով նման կերպ է գործում, մարդկանց հարմար զորավար չէ, իր տիրակալի համար օգնական չէ, հաղթանակի տիրակալը չէ։
Ուստի խելամիտ տիրակալը և իմաստուն զորավարը շարժվում և հաղթում էին, սխրանքներ էին գործում գերազանցելով սովորական մահկանացուներին միայն այն պատճառով, որ նրանք կանխավ ամեն ինչ գիտեին։
Գիտելիքները չի կարելի վաղօրոք ստանալ դևերից և աստվածներից, չի կարելի ստանալ գործերում ընդօրինակելուց, չի կարելի ստանալ չափումների և հաշվարկների ուղիով։ Հակառակորդի դրության մասին գիտելիքներն անպայման ստանում են մարդկանցից։
Հետևաբար օգտագործում են հինգ տեսակի հետախույզների՝ կան տեղական հետախույզներ, կան ներքին հետախույզներ, կան վերադարձող հետախույզներ, կան մահվան հետախույզներ, կան կյանքի հետախույզներ։
Երբ հինգ կատեգորիաների հետախույզներն աշխատում են, (ապա) ոչ ոք չգիտի նրանց ուղիները։ Այդ կոչվում է աստվածային գաղտնիք։ Նրանք պետության համար թանկարժեք զարդեր են։
Տեղական հետախույզներին հավաքագրում են հակառակորդի տեղացի բնակիչներից և օգտագործում են նրանց, ներքին հետախույզներին հավաքագրում են աստիճանավորներից և օգտագործում են նրանց, մահվան հետախույզները նրանք են, երբ կատարելով որևէ խաբեություն, ես այդ մասին տեղեկացնում եմ իմ հետախույզներին, իսկ նրանք այդ մասին հայտնում են հակառակորդին, կյանքի հետախույզները նրանք են, ովքեր վերադառնում են հակառակորդի մասին տեղեկություններով։
Ուստի զորքերում չկան այնպիսի սերտ հարաբերություններ, ինչպես հետախույզների հետ, չկան ավելի առատաձեռն պարգևներ, ինչպես հետախույզների համար, հետախույզների գործերից չկան առավել գաղտնի գործեր։
Բազմակողմանի գիտելիքների չտիրապետելով, չես կարող օգտագործել հետախույզներին, չտիրապետելով հումանիզմին և արդարացիությանը, չես կարող հետախույզներ ուղարկել, չտիրապետելով նրբանկատության և դիտողականության՝ հետախույզներից չես կարող ստանալ օգտակար տեղեկություններ։ Օ՜, նրբություն։ Նրբությո՜ւն։ Չկա ոչինչ, որում կարելի չլինի օգտագործել հետախույզներին։
Եթե որևէ հետախուզական տեղեկություն դեռևս չի ուղարկվել, իսկ նրա մասին արդեն հայտնի է դարձել, ապա հետախույզը և նա, ում այդ տեղեկությունը հայտնի է դարձել սպանվում են։
Ընդհանրապես, երբ ցանկանում ես հարվածել հակառակորդի զորքին, սպանել նրա մարդկանցից որևէ մեկին, անպայման նախապես իմացիր զորավարի պահակախմբի (մարդկանց) անունները, նրա (զորավարի) մերձավոր օգնականներին, մշտական այցելուներին, բարապաններին։ Հրամայիր քո հետախույզներին՝ անպայման պարզեն այդ ամենը։
Նկատելով քեզ մոտ հակառակորդի հետախույզի հայտնվելը, շահով գրավիր նրան քո կողմը, տար քեզ մոտ և տեղավորիր քո տանը։ Այդ դեպքում կարելի է ձեռք բերել վերադարձող հետախույզի և օգտագործել նրան։ Նրանից դու շատ բան կիմանաս։ Ուստի կարելի է ձեռք բերել տեղական և ներքին հետախույզների և ուղարկել նրանց (հակառակորդի մոտ)։ Հետևաբար, մի ինչ-որ բան հնարելով (կեղծ տեղեկություն) դու կարող ես ստիպել քո մահվան հետախույզներին հաղորդել այդ մասին հակառակորդին։ Նրանից դու շատ բան կիմանաս։
Ուստի կյանքի հետախույզներին կարելի է ստիպել գործել քո մտադրությունների համաձայն։
Այս բոլոր հինգ կատեգորիաների հետախույզների գործերը տնօրինում է տիրակալը։ Հակառակորդի մասին ամեն ինչ իմանում են վերադարձող հետախույզների միջոցով։ Ուստի վերադարձող հետախույզների նկատմամբ պետք է հատկապես առատաձեռն լինել։
Հնում Ին թագավորությունն իր բարձրացմամբ պարտական է Լյու Յաին, որը ծառայում է իր Ինի գլխավորության ներքո։ Ուստի միայն լուսավորյալ տիրակալները և իմաստուն զորավարները կարող են իրենց համար հետախույզներ դարձնել (միայն) լայնածավալ գիտելիքներ ունեցող մարդկանց և դրանով մեծ գործեր կատարեի։
Հետախույզներն անհրաժեշտ են հատկապես պատերազմի ժամանակ։ Նրանք այն հենարանն են, որի օգնությամբ շարժվում է զորքը ։
- ↑ Երկի սկզբում Սուն Ցըզին պատերազմը դիտարկում է նրա արդյունքներով և պետության համար կարևոր նշանակությամբ։ «Պատերազմը պետության համար մեծ գործ է»։ Այն վտանգավոր քայլ է, քանզի պատերազմի միջոցով որոշվում է «կյանքի և մահվան» հարցը։ Այդպիսի կանխազգացումն ունի կոնկրետ իմաստ։ Արևելյան Չժոուի թագավորության դարաշրջանում (մ.թ.ա. 770–249 թթ.) իշխանությունների միջև անընդհատ երկպառակտչական պատերազմներ էին մղվում։ Շատ հաճախ պատերազմն ավարտվում էր կռվող իշխանություններից մեկի կործանումով։ Այսպես օրինակ՝ Ու իշխանությունում, որտեղ Սուն Ցըզին մ.թ.ա. VI դարի վերջին զորավար էր, մ.թ.ա. 529 թ. գրավեց Չժոուլայ իշխանական կալվածքր և էլի մի քանի իշխանությունների տարածքներ։ Ուստի դա էր պատճառը, որ Սուն Ցըզին նախազգուշացնում էր, որ «այդ հիմնական դրույթն անհրաժեշտ է հաստատապես իմանալ»։
- ↑ Դաո (ուղի)։ Հին Չինաստանում Ուղին հասկանում էին ոչ միայն կոնկրետ իմաստով ուղի, ճանապարհ, այլև, նկատի ունենալով դրա վերացական նշանակությունը կյանքի ուղի, հասարակական կյանքի առանձին կողմերի ընդհանուր ուղղություն։ Սուն Ցրզին «ուղի» հասկացության մեջ ներդնում է նեղ մասնագիտական նշանակություն։ Նա գտնում է, որ պատերազմել կարելի է միայն այն ժամանակ, երբ հասարակական կյանքում առկա է ներքին համաձայնություն, միասնություն տիրակալի և ժողովրդի միջև։ Այնպիսի միասնություն, որ ժողովրդի մոտ որևէ կասկած չլինի իր տիրակալի գործողությունների ճշմարտացիության մեջ, որպեսզի ժողովրդի կողմից լինի ամբողջական, անառարկելի հնազանդություն իր տիրակալին։ Այսպիսով, Սուն Ցըզին ընդունում է, որ ժողովուրդը կենդանի ուժ է, որը պատերազմի պայմաններում գլխավոր գործոնն է։
- ↑ Տյան (երկինք)։ Սուն Ցըզին համառոտ պարզաբանում է նրա նշանակությունը՝ դա տարվա տարբեր եղանակներն են, կլիմայական պայմանները, եղանակը, ցուրտը, շոգը, օրերի հերթափոխումը և այլն։ Չինաստանի կլիմայական պայմաններուն գերակշռում են մուսոնները, որոնք ամռանը փչում են հարավ-արևելքից (այսինքն ծովից ցամաք), և մեծ քանակությամբ խոնավություն են բերում, ուստի գարնանից տեղում են անձրևներ։ Ամռանը շոգ և անձրևային է։ Տարվա լավագույն եղանակը աշունն է։ «Սիմա ֆայի» («Սիմի օրենքները») ռազմական երկում ասված է. «Ձմռանն ու ամռանը» (դաժան սառնամանիքներին և ուժեղ շոգերին) զորքը ոտքի չեն հանում, որովհետև խնայում են իրենց ժողովրդին»։
- ↑ Դի (երկիր)։ Նշանակում է աշխարհագրական պայմաններ։ Սուն Ցըզիի ժամանակ երկիրը կուսական տեսք ուներ։ Գետերը, որոնց ոչինչ չէր պահում, հեղեղում էին ցածրավայրերը, անանցանելի ճահիճները տարածքի նշանակալից մասն էին կազմում (հատկապես ներկա Ցըզյանսու գավառում և Անհուեյ գավառի արևելյան մասը։ Այս վայրերում է գործել Սուն Ցըզին Ու իշխանության զորքի հետ), խիտ անտառներն աճում էին ամենուր, խոտը ծածկում էր անտառներից ազատ տարածությունները։ Հարուստ էր նաև երկրի կենդանական աշխարհը։ Աստիճանաբար մարդն իր աշխատանքով, դարերի ընթացքում փոխեց երկրի տեսքը։ Սուն Ցըզին պատահական չէ, որ հիշատակում է «մահվան տեղանքի» մասին։ Տեղանքի որոշ տեսակներ (նրանք մանրամասնորեն թվարկված են 10-րդ և 11-րդ գլուխներում) կարող են վճռորոշ լինել այնտեղ պատերազմող կողմերի համար։ Իսկ մյուսները «կյանքի տարածքները», խելամտորեն օգտագործելու դեպքում, հասնում են շոշափելի արդյունքների։ Հետևաբար, պատերազմին նախապատրաստվողը պետք է գիտենա ռազմաթատերաբեմի աշխարհագրական պայմանները։ Սուն Ցըզիի երկի մեկնաբան Գու Մունը հետևյալ պարզաբանումն է տալիս. «Յուրաքանչյուր զորահրամանատար անպայման, վաղօրոք, պետք է մանրակրկիտ ծանոթանա տեղանքի քարտեզին։ Նա անպայման պետք է կատարելապես իմանա (բոլոր) վտանգավոր վայրերը, մարտակարգերի անցման վայրերը, այն գետերը, որոնցով կարող են անցնել մարտակառքերը, լեռների անվանումները, հովիտները, այն վայրերր, որտեղ փարթամորեն խոտ է աճում, ճանապարհների երկարությունը, քաղաքային պատերի չափերը, քանդված քաղաքները, այգիների և բանջարանոցների համար նախատեսված վայրերը։ Այս ամենը (զորավարը) պետք է պարտադիր իմանա, ինչպես նաև ռելիեֆը, սահմանների սկիզբն ու վերջը։ Զորավարն այդ ամենը պահում է իր հիշողության մեջ և միայն այդ դեպքում նա չի կորցնի տեղանքի առավելությունը»։