Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

Գրապահարան-ից
Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում

հեղինակ՝ Մարկ Տվեն
թարգմանիչ՝ Կ․ Դալլաքյան (անգլերէնից)
աղբյուր՝ «Կոնեկտիկուտցի Յանկին Արթուր թագավորի արքունիքում»


Նախաբան

Այս գրքի մեջ տարածվող կոպիտ օրենքներն ու սովորությունները պատմականորեն հավաստի են։ Պատմականորեն հավաստի են նաև դրանք լուսաբանելու համար օգտագործված դեպքերը։ Չենք պնդում, թե այդ օրենքներն ու սովորությունները գոյություն են ունեցել Անգլիայում ճիշտ վեցերորդ դարում, ոչ, պարզապես գտնում ենք, որ եթե դրանք գոյություն են ունեցել Անգլիայում և ուրիշ քաղաքակիրթ երկրներում շատ ավելի ուշ ժամանակներում, ապա, առանց զրպարտիչ կոչվելու վախի, կարելի է ենթադրել, որ վեցերորդ դարում նույնպես դրանք եղել են։ Բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ եթե նույնիսկ այստեղ նկարագրված այս կամ այն օրենքն ու սովորությունը գոյություն չի ունեցել այդ հեռավոր ժամանակներում, ապա դրան լիովին փոխարինե՞լ է մի ուրիշ էլ ավելի վատթարը։

Այն հարցը, թե իրոք գոյություն ունի՞ արդյոք թագավորների աստվածային իրավունք՝ այս գրքում չի քննարկվում։ Այդ հարցը շատ բարդ է ու խրթին։ Ակնհայտ է և անառարկելի, որ պետության գործադիր իշխանության գլուխ կանգնած մարդը պետք է վսեմ հոգու և երևելի ընդունակությունների տեր անձնավորություն լինի։ Նույնքան ակնհայտ է և անառարկելի, որ միայն նախախնամությունը կարող է անսխալ ընտրել այդպիսի մարդուն։ Այստեղից էլ, ակնհայտաբար ու անառարկելիորեն հետևում է, որ նման մարդու ընտրությունը միշտ էլ կատարում է նախախնամությունը, քանի որ այդ կետին է հանգեցնում անխուսափելի եզրակացությունը։ Գո՞ւցե այդպես էր թվում այս գրքի հեղինակին, մինչև որ նա երես առ երես չեկավ տիկին Պոմպադուրի, լեդի Քասլմենի և գործադիր իշխանության գլուխ կանգնած նման կարգի այլ ներկայացուցիչների հետ։ Սրանց այնքան դժվար էր վերը շարադրված կաղապարի մեջ առնելը, որ հեղինակը որոշեց այս գիրքը (որ պետք է լույս տեսնի աշնանը) նվիրել ուրիշ խնդիրների, իսկ հետո ավելի փորձ ձեռք բերել և հարցը լուծել առանձին գրքի մեջ։ Իսկ այդ հարցը, անշուշտ, այնպիսի մի թնճուկ է, որ պետք է անպատճառ լուծել․ և ձմռանն էլ, ի դեպ, ես ուրիշ անելիք չունեմ։

Մարկ Տվեն