Փոքրիկ շրջմոլիկը

Գրապահարան-ից
17:26, 13 Հուլիսի 2016 տարբերակ, Տարածող (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Փոքրիկ Շրջմոլիկը

հեղինակ՝ Ջեմս Գրինվուդ
թարգմանիչ՝ Հարություն Հարությունյան
աղբյուր՝ http://poqrik.am

Բովանդակություն

Գլուխ 1. Ինչ պատահեց մի ուրբաթ օր

Ես փողոցում խաղս վերջացրել և տուն էի վերադառնում։ Դռան մոտ ինձ կանգնեցրեց մեր հարևանուհի միսիս Ջենքինսը։ Նա մի հարկ մեզանից ցած էր ապրում, բայց, չգիտեմ ինչու, այդ օրը մեր սենյակում էր։ Գլուխը դռան ետևից դուրս հանելով նա բարկացկոտ ձայնով ինձ պատվիրեց գնալ փողոց խաղալու և դուռը բանալիով փակեց ուղիղ իմ քթի առաջ։ Այդ ինձ շատ նեղացրեց ու բարկացրեց։ Ես սկսեցի ամբողջ ուժով լաց լինել։ Դուռը ծեծում էի ու հրում, պահանջում էի, որ մայրիկս վռնդի այդ անպիտան Ջենքինսին և ինձ մեղրով հաց տա։ Մայրիկս իմ աղաղակը լսեց և մոտեցավ դռանը։

-Մի՛ աղմկիր, Ջիմմի,― ասաց նա փաղաքուշ ձայնով։― Ես հիվանդ եմ։ Գլուխս ցավում է։ Ահա, վերցրու, քեզ համար կարկանդակ գնիր։ Եվ դռան ճեղքից ինձ մեկնեց մի դրամ։ Ես փողը նրա ձեռքից առա և վազեցի կարկանդակ գնելու։

Երկար ժամանակ խաղում էի փողոցում, բայց վերջապես ձանձրացա ու նորից տուն վերադարձա։ Դեռ սանդուղքով չէի բարձրացել, երբ իմ առաջն ընկավ ամբողջովին սև հագած մի բարձրահասակ մարդ։ Նա, ինչպես երևում է, շտապում էր. երկու-երեք աստիճան միանգամից էր բարձրանում։ Մեր դռան մոտ նա կանգ առավ և բախեց։ Դուռը բաց արին, նա ներս մտավ և նորից դուռը փակեցին։ Ես նստեցի աստիճանի վրա և սկսեցի սպասել, որ այն մարդը հեռանա։ Բայց նա դուրս չէր գալիս, ես էլ երկար սպասեցի և ի վերջո քնեցի։ Այդ երեկո հայրս վերադարձավ սովորականից ուշ և մի փոքր խմած։ Նրա ոտքը դիպավ ինձ, և նա սկսեց բարձրաձայն նախատել մորս, որ ինձ այդպես անխնամ է թողել։

― Մայրիկի մոտ մի մարդ կա,― ասացի ես.

― Մարդ, ի՞նչ մարդ,― հարցրեց հայրս։

― Մի պարոն է. վզին՝ էսպես մի սպիտակ բան. կոշիկներն էլ ճռճռում են... Միսիս Ջենքինսն էլ այնտեղ է։

Հայրս դադարեց աղմկել։

Մենք ցած իջանք և բախեցինք միսիս Ջենքինսենց դուռը։ Դուռը բացեց նրա ամուսինը և իսկույն հայրիկին ներս քաշեց։

― Դուք վերևում եղե՞լ եք Ջիմ.

― Ոչ,― պատասխանեց հայրս։ ― Ի՞նչ է պատահել։

― Բանը վատ է,― ասաց նա։ ― Իմ պառավը պատվիրել է, որ ձեզ չթողնեմ այնտեղ գնալ։ Նա բժշկի հետևից էլ մարդ ուղարկեց։ Այնտեղ շատ կանայք էին հավաքվել, բայց բժիշկը բոլորին վռնդեց։ Ասում է՝ անդորրություն է հարկավոր։

― Բժիշկները միշտ Էլ ասում են անդորրություն է հարկավոր,― նկատեց հայրս։

Հորս դիտողությունը միստր Ջենքինսին դուր չեկավ։

― Չի հասկանում, ոչինչ չի հասկանում,― մրթմրթաց նա ատամների արանքից։― Ես ինչպես սրան քիչ-քիչ նախապատրաստեմ։ Եվ դիմելով հորս՝ վճռական ձայնով ասաց.

― Պետք Է ձեզ ասեմ, Ջիմ, որ այնտեղ բանը վատ է, շատ վատ։― Եվ մատով ցույց տվեց առաստաղը։

Այս անգամ հայրս երևի հասկացավ միստր Ջենքինսին։ Նրա ձեռքերը դողացին։ Նա գլխարկը վերցրեց և ծանրորեն նստեց աթոռին։ Հետո ինձ նստեցրեց իր ծնկին։

― Նա շարունակ ձեզ էր սպասում,― խոսեց Ջենքինսը մի րոպե լռությունից հետո։― Հենց որ դրսի դուռը թխկում էր, իսկույն ասում Էր. «Ա՛յ, սա իմ Ջիմն է։ Այդ նրա քայլվածքն է, ես գիտեմ»։

― Նա ինձ էր սպասում։ Ուզում Էր տեսնե՞լ։ Մի՞թե,― գոչեց հայրս։

― Դուք գուցեև չհավատաք, թե ինչ էր ասում նա,― շարունակեց Ջենքինսը։― Նա ասում էր. «Ես ուզում եմ համբուրել նրան, ուզում եմ մեռնելուց առաջ հաշտվել նրա հետ»։

Հայրս արագ վեր թռավ աթոռից, երկու-երեք անգամ քայլեց սենյակի երկարությամբ այնքան կամաց, որ հազիվ էր լսվում, թե նրա կոշիկներն ինչպես են դիպչում հատակին։ Հետո կանգ առավ երեսը պատի կողմն արած և այդպես մի քանի րոպե կանգնած մնաց։ Պատին կախված էր մի նկար՝ առանց շրջանակի։ Հայրս ակնապիշ նրան էր նայում։

― Ջենքի՛նս,― ասաց նա վերջապես, շարունակելով նայել նկարին։― Բժիշկը բոլորին վռնդել է այնտեղից... Ես վախենում եմ այնտեղ գնալ... Դուք գնացեք, կանչեք ձեր կնոջը։

Ջենքինսը սենյակից դուրս եկավ և շուտով մենք լսեցինք նրա ոտքերի աղմուկը սանդուղքի վրա։ Մի քանի րոպեից հետո սենյակ մտավ միսիս Ջենքինսը՝ ամուսնու հետ։ Մեզ տեսնելով՝ նա ձեռքերը խփեց իրար, ընկավ աթոռին և սկսեց բարձր հեկեկալ։ Ես խիստ վախեցա.

― Հը, ի՞նչ կա. մայրիկս հիմա վե՞ր է կացել,―հարցրի ես։

― Վե՜ր է կացել։ Չէ, իմ խեղճ գառնուկ,― պատասխանեց նա արցունքների միջից։― Չէ, խեղճ որբուկ, նա այլևս երբեք չի վեր կենա։

Հայրս մի րոպե հայացքը հեռացրեց նկարից և նայեց միսիս Ջենքինսին, կարծես մի բան էր ուզում ասել, բայց լռեց։

― Նա մեռնում է, Ջիմ,― շարունակեց միսիս Ջենքինսը։― Բժիշկն ասաց, որ նրան փրկելու հույս չկա։

Եվ միսիս Ջենքինսը նորից սկսեց հեկեկալ։ Ես լավ չհասկացա, թե նա ինչ ասաց, բայց, չգիտեմ ինչու, նրա խոսքերը ինձ շատ վախեցրին։ Ես վազեցի նրա մոտ և գլուխս թաղեցի նրա ծնկների մեջ։ Հայրս կարծես ոչինչ չէր նկատում։ Նա ճակատը հենել էր պատին, և հանկարծ ես լսեցի մի տարօրինակ ձայն՝ կը՛թ, կը՛թ, կը՛թ։ Նկարը, որ նա դրանից առաջ այնպես ուշի-ուշով դիտում էր, պատին էր մեխված միայն վերևի կողմից, ներքևի եզրը ոլորվել, վերև էր բարձրացել, և հավանորեն հայրիկիս արցունքները կաթելով նրա ներքևի եզրին՝ այդպիսի տարօրինակ ձայն էին արձակում՝ կը՛թ, կը՛թ, կը՛թ։

Հանկարծ հայրս ջանք գործադրելով թաշկինակով սրբեց աչքերը և դարձավ դեպի մեզ։

― Բժիշկը վերև՞ն է,― հարցրեց նա։

― Այո, իհարկե։ Մի՞թե ես մահամերձին մենակ կթողնեի։

― Ես կգնամ այնտեղ,― վճռական շեշտով ասաց հայրս։

― Ո՛չ, մի գնացեք, Ջիմ,― սկսեց համոզել միսիս Ջենքինսը։― Բժիշկն ասում է, որ նրան հանգիստ է հարկավոր, որ ամեն մի հուզմունք ուժեղացնում է նրա տանջանքը։

― Ասում եմ՝ պիտի գնամ,― կրկնեց հայրս։― Խեղճ կին, ուզում է սրտին սեղմել այն ձեռքը, որն այնքան հաճախ ծեծել է իրեն։ Նա ուզում է հաշտվել ինձ հետ։ Սպասեցեք այստեղ, միսիս Ջենքինս, գուցե նա ուզում է որևէ գաղտնի բան ասել ինձ։

Նա դուրս եկավ սենյակից, բայց հենց այդ րոպեին վերևից լսվեց բժշկի անհամբեր ձայնը.

― Միսիս, ինչ է ձեր անունը։ Շուտ, այստեղ եկեք։ Հենց հիմա՞ պիտի գնայիք։

Միսիս Ջենքինսը տեղից վեր թռավ և վերև վազեց։ Նրա հետևից էլ հայրս գնաց։

Նա վերևում երկար մնաց։ Շուտով սանդուղքի վրա նորից լսվեց նրա ոտնաձայնը, և նա վերադարձավ մեզ մոտ։

Նա ինձ նստեցրեց իր ծնկին, հենվեց սեղանին և երեսը լռիկ ծածկեց ձեռքերով։ Ծերունի Ջենքինսը դեղձանիկների համար վանդակ էր շինում։

Հանկարծ հայրս ցնցվեց և անսպասելիորեն գոչեց.

― Ջենքինս, Ջենքինս, շա՜տ ծանր է վիճակս։ ես այլևս չեմ կարող, խեղդվում եմ։ ― Նա արձակեց պարանոցի հաստ թաշկինակը։ ― Այլևս ոչ մի րոպե դիմանալ չեմ կարող։ Չե՛մ կարող։ Չե՛մ կարող։

― Ես լինեի ձեր տեղը, Ջի՛մ, մի տասը րոպեով փողոց դուրս կգայի։ Գնանք, ես էլ կգամ ձեզ հետ։

― Իսկ երեխա՞ն,― հարցրեց հայրս։

― Նրան ոչինչ չի լինի։ Թող մենակ նստի։ Նա ոչ ոքից չի վախենում։ Ճիշտ է, չէ՞, Ջիմմի։ Նա կնայի, թե սկյուռն ինչպես է ցատկոտում անիվի վրա։

― Լավ, ես այստեղ կնստեմ, հայրիկ,― պատասխանեցի ես։ Մենակ մնալով ես շուրջս նայեցի։ Պատի երկարությամբ մի քանի թռչնավանդակ էր դրված։ Բոլոր թռչուններն արդեն քնած էին։ Քնած չէր միայն տորդիկը։ Ամեն անգամ, երբ նայում էի նրան, նա աչքերը զարհուրելի փայլեցնում էր։ Ես նրանից վախենում էի, ինչպես վայրի գազանից։ Փոքրիկ սեղանին դրված էր մի հաստափոր կճուճ, որը նման էր բերանը լայն բաց արած մարդու գլխի։ Որքան ավելի էր մթնում, այնքան ավելի տարօրինակ էին թվում ինձ շրջապատող առարկաները, ես նույնիսկ վախենում էի շուրջս նայել։ Հայացքս հառեցի սկյուռի վանդակին և սկսեցի նայել փոքրիկ կենդանուն, որը արագ-արագ վազվզում էր իր լարահյուս անիվի վրա։ Բայց նույնիսկ սկյուռը սարսափելի էր թվում ինձ։

Տասը րոպեից շատ ավելի անցավ, բայց իմ հայրիկը և Ջենքինսը չէին վերադառնում։ Բոլորովին մթնեց։

Սկյուռն այլևս չէր երևում։ Նրա անիվը ճռնչում էր, ժամացույցը չխկչխկում էր, իսկ վերևում, մայրիկի սենյակում, կոշիկների ճռճռոց էր լսվում։ Բժշկի ոտնաձայն էր դա։ Սիրտս այնպիսի վախ ընկավ, որ այլևս դիմանալ չէի կարող։ Աթոռից իջա հատակին, աչքերս փակեցի, որպեսզի չտեսնեմ սարսափելի տորդիկին և կամացուկ դուրս եկա սենյակից։ Մինչև սանդուղքի կեսը բարձրանալով՝ նստեցի աստիճանի վրա։ Կոշտ սանդուղքի վրա նստելն այնքան էլ հարմար չէր, բայց և այնպես, դա ավելի լավ էր, քան Ջենքինսի սոսկալի սենյակում մնալը։ Մեր դռան բանալու անցիք լույսի մի պայծառ շերտ էր ընկնում, որ լուսավորում էր բազրիքը։ Ես, որքան կարելի է, մոտ նստեցի այդ լուսավոր տեղին, երկու ձեռքով բռնեցի բազրիքը և շուտով խոր քուն մտա։ Չգիտեմ որքան ժամանակ էի քնել։ Ինձ արթնացրեց հորս ձայնը։

― Այդ դո՞ւ ես, Ջիմմի,― հարցրեց նա։ ― Ինչո՞ւ ես այստեղ։ Ձանձացա՞ր մենակ նստելուց։

― Երևի նա լուսամուտի առաջ նստած սպասելիս է եղել մեզ ― ասաց Ջենքինսը,― և հենց որ տեսել է գալիս ենք, իսկույն վազել է դուռը բանալու։

― Ո՛չ, ո՛չ,― գոռացի ես հորս ձեռքը բռնելով։― Ճիշտ չէ։ Ես վախենում էի, հայրիկ։

Հայրս ուզեց մի բան պատասխանել, բայց լռեց, և մենք լուռ մտանք Ջենքինսի սենյակը, որտեղ Ջենքինսն արդեն լույսը վառել էր։

Հանկարծ վերևում լսվեց բացվող դռան ձայն, և սանդուղքի վրա ճռճռացին բժշկի կոշիկները։

― Բժիշկը գնում է,― գոչեց հայրս։― Երևի կինս իրեն լավ է զգում։

Բայց բժիշկը չէր գնում։ Նա կանգ առավ մեր դռան առաջ և բախեց։ Ջենքինսը շտապ բաց արեց դուռը։

― Ձեր անունը Բալիզե՞տ է,― նրան դիմեց բժիշկը։― Դուք ամուսի՞նն եք...

― Ոչ, ներեցեք, այդ ես չեմ։ Ջի՛մ, եկ այստեղ։

― Ես եմ նրա ամուսինը, ձեզ ծառա, սը՛ր,― ասաց հայրս, համարձակ առաջ գնալով, առանց բաց թողնելու իմ ձեռքը։― Թույլ տվեք հարցնել, այժմ ինչպե՞ս է զգում նա իրեն։

― Ա՜, այդ դո՞ւք եք, միստր Բալիզետ,― խոսեց բժիշկը բոլորովին ոչ այն կոպիտ ձայնով, որով խոսում էր առաջ։― Իսկ սա այն տղան է, որի մասին նա խոսո՞ւմ էր։

― Այո, երևի, սը՛ր։ Արդյոք չի՞ կարելի, որ այժմ գնանք նրան տեսնենք։ Մենք նրան չենք անհանգստացնի։

― Դե, բարեկամս,― ընդհատեց բժիշկը՝ իմ ձեռքն առնելով իր խոշոր, սև ձեռնոցները հագին ձեռքի մեջ,― քո խեղճ մայրիկը վախճանվեց, և այժմ դու պետք է լավ տղա լինես։ Դու մի փոքրիկ քույր ունես, պետք է քո մոր հիշատակի համար հոգ տանես նրան։ Մնաս բարով, սիրելիս։ Մնաք բարով, միստր Բալիզետ։ Արիաբար կրեք ձեր կորուստը, ինչպես վայել է տղամարդուն։ Բարի գիշեր։

Հայրս լուռ գլուխը խոնարհեց։ Նա շշմած էր, նրա աչքերը թափառում էին այս ու այն կողմ, և կարծես նա ոչինչ չէր հասկանում։

― Մեռել է, մեռել է, մեռել է,― հեկեկանքը խեղդելով ասաց նա խուլ ձայնով։

Միսիս Ջեննետը և մի քանի հարևանուհի սենյակ մտան։ Բոլորն էլ աշխատում էին որևէ մխիթարիչ բան ասել հայրիկիս, բայց նա նրանց չէր լսում։ Միսիս Ջեննետը իր հետ բերել էր փալասների ու լաթերի մի փաթեթ, որը բաց անելով՝ հորս խնդրեց, որ երեխային նայի և իր ձեռքն առնի։ Հայրս երեխային վերցրեց, բայց շատ քիչ ուշադրություն դարձրեց նրան։ Ինձ նույնպես թույլ տվին մի քիչ ձեռքս առնել իմ փոքրիկ քրոջը։ Հայրիկս ոչ ոքի հետ չէր խոսում, և կանայք իրար հետևից ցրվեցին։ Միսիս Ջենքինսին վերև կանչեցին, և մենք նորից Ջենքինսի հետ մենակ մնացինք։

― Լսեք իմ խորհուրդը, Ջիմ,― ասաց նա, դիմելով հորս,― տղայի հետ պառկեք քնելու։ Այնտեղ, հետևի սենյակում, իմ տղա Ջոյի անկողինն է գցված։ Ջոն մինչև առավոտ տուն չի գա... Պառկեք, Ջիմ. եթե չքնեք էլ, գոնե կհանգստանաք։

Երկար ժամանակ նա համոզում էր մեզ։ Վերջապես, ես և հայրս համաձայնեցինք գիշերել Ջոյի սենյակում։ Այդ սենյակը հարմար ննջարան համարվել չէր կարող։ Ջո Ջենքինսը գիշերներն աշխատում էր գրաֆիտի գործարանում, իսկ ցերեկն զբաղվում էր թռչուններ, ճագարներ ու շներ վաճառելով։ Բացի դրանից, նա վանդակներ էր շինում և թռչունների խրտվիլակներ էր լցնում։ Ամբողջ սենյակում զանազան իրեր էին թափթփված, ամեն տեղ երկաթալարեր ու փայտե ձողեր էին ցցված, ներկի ու սոսնձի ուժեղ հոտ էր գալիս։ Բայց այս անգամ հայրիկս հանգիստ քնել չէր կարողանա նույնիսկ ամենաշքեղ ննջարանում, ամենահարմար անկողնում։ Նա կողքից կողք էր շուռ գալիս, մերթ ձեռքն ամուր սեղմում էր կրծքին, մերթ գլուխն էր բռնում։ Մի բան ինձ շատ էր զարմացնում։ Ինչպես էլ շուռ էր գալիս հայրս, ամեն կերպ աշխատում էր չանհանգստացնել ինձ։ Ամեն անգամ անհարմար շարժում անելիս նա քնքշությամբ շոյում էր իմ մեջքը և շշնջում, «շ՜-շ՜-շ». կարծես վախենում էր, թե ես կարթնանամ։ Բայց ես չէի էլ մտածում քնել։ Ես չգիտեի, թե ինչ է պատահել, բայց զգում էի, որ սոսկալի բան է պատահել։ Ես շատ էի ուզում իմանալ, թե մայրիկիս ինչ է պատահել։ Ես միսիս Ջենքինսին հարցրել էի, թե ուր է գնացել մայրիկը, շուտ կվերադառնա։ Միսիս Ջենքինսը պատասխանել էր. «Քո մայրիկը երբեք չի վերադառնա, իմ խեղճ տղա»։ Արդյոք այդ «երբեքը» շա՞տ երկար է, հարցնում էի ինքս ինձ։ Ի՞նչ Է դա, մի օ՞ր, մի շաբա՞թ, ամի՞ս, թե՞ ավելի շատ ժամանակ է։ Առաջ ես շատ էի լսել «երբեք» բառը, բայց չէի հասկացել։ Հիշում եմ, մի անգամ առավոտյան նախաճաշի ժամանակ հայրս ասաց մայրիկին. «Երեսդ տեսնել չեմ ուզում։ Այլևս երբեք քեզ հետ մի պատառ հաց չեմ ուտի», իսկ երեկոյան եկավ և մայրիկի հետ հանգիստ ոչ միայն հաց կերավ, այլև ուրիշ շատ բաներ։ Մայրիկն էլ մի անգամ, երբ հայրիկը նրան այնպես ուժեղ հարվածեց, որ նա հատակին ընկավ, հայրիկին ասաց. «Ջիմ, քանի կենդանի եմ՝ երբեք, երբեք, չեմ ների քեզ»։ Բայց ասում են նա ներել է հայրիկին, ցանկացել է համբուրել նրան և հաշտվել հետը։ Հարկավոր է անպայման վաղը միսիս Ջենքիսին հարցնել, թե ինչ է նշանակում «երբեք»։ Բայց գուցե հայրի՞կն էլ գիտե, ավելի լավ է նրան հարցնեմ։

― Հայրիկ, դու քնա՞ծ ես։

― Չէ, Ջ՛իմմի, քնած չեմ, ի՞նչ կա։

― Հայրիկ, ի՞նչ է «երբեքը»։

Հայրս արմունկի վրա բարձրացավ։ Երևի նա ամենևին այդպիսի հարց չէր սպասում։

― Շը՜շ... Քնիր, Ջիմմի, երևի որևէ երա՞զ ես տեսել։

― Չէ, ես դեռ չեմ քնել։ Հենց դրա համար էլ քնել չեմ կարողանում, որ շարունակ դրա մասին եմ մտածում։ Ասա, հայրիկ, ի՞նչ բան է «երբեքը»։

― Մայրիկի «երբե՞քը»,― կրկնեց նա։― Զարմանալի տղա ես դու... Ես չեմ հասկանում, թե ի՞նչ ես ասում։

― Ես էլ չեմ հասկանում, հայրիկ, կարծում էի դու ինձ կասես։

― Ավելի լավ է հիմա քնիր,― ասաց հայրս պինդ ծածկելով ինձ։― Հիմա բոլոր խելոք երեխաները քնած են. «երբեքի» մասին մտածելու կարիք չկա... Երբեքը երկար օր է։

― Միայն օր։ Միայն մի երկար օր։ Որքան ուրախ եմ ես։ Դո՞ւ էլ ուրախ ես, հայրի՛կ։

― Այնքան էլ չէ, Ջիմմի։ Կարճ օր է թե երկար՝ ինձ համար միևնույն է։

― Իսկ մայրիկի համար միևնույն չէ։ Եթե «երբեքը» միայն մի օր է, նշանակում է, մի օրից հետո մայրիկը կվերադառնա մեզ մոտ։ Դու ուրախ կլինես, հայրիկ։

Նա ավելի վեր բարձրացավ արմունկի վրա և տխուր նայեց ինձ։

― Չէ, Ջիմմի,― ասաց նա տխուր ձայնով,― նա չի վերադառնա, երբեք չի վերադառնա։ Տոպրակներով ոսկի էլ տաս չի վերադառնա։ Ինչպե՞ս կարող է վերադառնալ, Ջիմմի, երբ մեռել է։ Դու հո գիտես, որ նա մեռել է։

― Մեռե՞լ է։

― Այո, մեռել է,― շշուկով կրկնեց հայրիկը։― Այ, տեսնում ես դարակում դրված թռչունը (դա մի թռչուն էր, որից Ջոն խրտվիլակ էր պատրաստել։ Լուսնի աղոտ լույսի տակ ես կարողացա լավ տեսնել, սարսափելի էր. առանց աչքերի, կտուցը լայն բացած և ամբողջ մարմնին փայլուն երկաթալարեր փաթաթած)։ Տեսնո՞ւմ ես, Ջիմմի, այ, դա է մահը։ Մայրիկը չի կարող կենդանանալ ու մեզ մոտ գալ, ինչպես որ այդ թռչունը չի կարող դարակից ցատկել ու սենյակում թռչել։

― Ես, հայրի՛կ, կարծում էի, «մեռել է» նշանակում է գնացել է, իսկ մայրիկը չի գնացել։ Ուրեմն նա վերևն է, և նրա մեջ այդպիսի սուր-սուր բանե՞ր են խրել։

― Չէ, չէ, ի՞նչ ես ասում։ Բանն այն է, Ջիմմի, որ մայրիկը ոչ տեսնել կարող է, ո՛չ լսել, ո՛չ քայլել, ո՛չ էլ զգալ։ Եթե նույնիսկ հիմա նրան ասեղներով ծակծկեն, չի զգա։ Նա մեռել է, Ջիմմի, և շուտով դագաղ կբերեն, նրան կդնեն մեջը և կիջեցնեն փոսը… իմ խեղճ Պոլլի, խեղճ սիրելի Պոլիի։ Դու այնպես ուզում էիր հրաժեշտ տալ ինձ, իսկ ես մեռնելուց առաջ չհամբուրեցի էլ քեզ։

Հանկարծ հայրիկի ձայնը ընդհատվեց, նա երեսը խրեց բարձի մեջ և այնպես հեկեկաց, ինչպես երբեք չէր հեկեկացել։ Ես էլ սկսեցի զռռալ ու լաց լինել։ Հայրիկը վախեցավ, որ իմ գոռոցը տան բոլոր բնակիչներին կարթնացնի։ Նա ջանք գործադրեց, որպեսզի իր վիշտը խեղդի և սկսեց ինձ մխիթարել։

Բայց դա հեշտ բան չէր։

Նա ինձ մի հեքիաթ պատմեց ինչ-որ սարսափելի հսկա մարդակերի մասին, որ ամեն ճաշի ժամանակ տապակած երեխաներ է ուտում, բայց այդ հեքիաթն ավելի վախեցրեց ինձ։ Իմանալով, որ ես աղած ձուկ եմ սիրում, նա խոստացավ նախաճաշին ինձ մի ամբողջ աղած ձուկ տալ, եթե ես խելոք լինեմ։ Ես վաղուց էի նրան խնդրում ինձ համար մի լավ փայտե ձի գնել, որ տեսել էի խաղալիքների խանութի ցուցափեղկում, և այժմ նա ինձ ազնիվ խոսք տվեց, որ այդ ձին կգնի, եթե ես պառկեմ ու քնեմ և վերջ տամ գոռալուն։

Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ Ես պահանջում էի, որ մայրիկը վերադառնա, և ուրիշ ոչինչ չէի ուզում։ Ուզում էի անպայման հայրիկի հետ գնալ վերև, որտեղ մայրիկը պառկած է ամբողջովին երկար քորոցներով ծակծկված, ինչպես այն թռչունը, և ազատ արձակել նրան։ Ես խնդրում, աղաչում էի հայրիկիս գնալ վերև և մի կերպ օգնել խեղճ մայրիկին։ Առանց դրան չէի համաձայնում հանգստանալ։

― Ո՛չ,― վճռական տոնով ասաց հայրիկը,― այդ ես ոչ մի գնով չեմ անի։ Եթե դու չես ուզում խելոք տղա լինել, գոռա քեզ համար, մինչև որ հոգնես։

Հայրիկն այս ասաց այնպես հաստատորեն, որ իսկույն տեսա, թե որքան անօգուտ է գոռալը։ Ես համաձայնեցի նրան համբուրել և խելոք լինել, եթե նա իսկույն վեր կենա և մոմը վառի։ Իսկ վաղը առավոտյան ես կտեսնեմ մայրիկին։ Հայրիկս ուրախացավ, որ ես հանգստացա, բայց իմ խնդրանքը կատարելն այնքան էլ հեշտ չեղավ։ Ջենքինսը գնալիս մոմը տարել էր իր հետ և վառելու բան չկար։

― Տես, ինչ անպիտանն է այդ Ջենքինսը,― ասաց հայրիկս, մտածելով կատակի տալ։― Բոլոր մոմերը տարել է։ Վաղը մենք նրան մի լավ խրատ կտանք։ Հը՞, ի՞նչ ես կարծում։

Ես հիշեցի, որ կանայք մայրիկի մոտից դուրս գալիս մոմն ու լուցկին դրին մեր բնակարանի մոտ, սանդուղքի վրա։ Եվ հայրիկիս ասացի այդ։ Նա, ինչպես երևում է, չէր ուզում գնալ մեր դռան մոտ և նորից սկսեց ինձ համոզել ու զանազան նվերներ խոստանալ։ Բայց ես նորից սկսեցի բարձր գոռալ. «Մայրիկ, մայրիկ»։ Հայրիկս մի փոքր մրթմրթալով դուրս գնաց, մոմի մնացորդը բերեց, վառեց և դրեց դարակի վրա։ Օ՜, ինչպես էի ուզում, որ այդ մոմը երկար լինի և վառվի ամբողջ գիշերը, մինչև լուսաբաց։ Ես վախենում էի, որ այդ փոքրիկ մոմի կտորը շուտով կվերջանա, և նորից ես մթի մեջ կմնամ այն սոսկալի մտքերի հետ, որ իմ գլուխն էին գալիս հայրիկի պատմածից հետո։

Բայց ահա վերջացող մոմը սկսեց ճրթճրթալ ու բռնկումներ տալ։ Ես ճիգ գործադրեցի, երեսս դարձրի պատի կողմը և քնեցի։ Եվ հանգիստ քնեցի այնքան ժամանակ, մինչև որ առավոտյան Ջենքինսի սենյակում թեյի ամանեղենի զնգզնգոցը լսվեց։


Գլուխ 2. Թաղումը

Մայրիկիս մահից հետո սկզբի շրջանում ես այնքան էլ չէի մտածում նրա մասին։

Ես լավ էի ապրում։

Մեր փողոցի բոլոր մայրերը իմանալով, որ ես որբ եմ, խղճում ու գուրգուրում էին ինձ։ Պատահում էր, հենց որ դուրս էի գալիս մեր բակից, ամեն կողմից լսում էի. «Ահա գալիս է փոքրիկ Ջիմմին»։ Մինչև ձեռքս ջրի տակառին կհասցնեի՝ մի քանի տասնյակ ձեռքեր արդեն փաղաքշում էին ինձ, շոյում գլուխս և իմ բուռը այնքան պուդինգ ու հաց էին կոխում, որ ես ամբողջ օրը դժվարությամբ էի ուտում։ Շալվարիս գրպանում հազիվ էի տեղավորում իմ հարստությունը, և դարձել էի շատ շռայլ։ Մեր փողոցի անկյունի հրուշակեղենի խանութում չկար մի քաղցրավենիք, որի համը տեսած չլինեի։ Եվ այս ամենը վերջացավ նրանով, որ մայրիկիս մահից հետո երրորդ օրը փորս սկսեց ցավել և այնպես սաստիկ էր ցավում, որ բժիշկ բերին ինձ համար։ Բոլորն ասում էին, որ ես շուտով կմեռնեմ և ավելի էին խղճում ինձ։

Իմ մայրիկը մեռավ ուրբաթ օրը, իսկ թաղումը նշանակված էր երեքշաբթի։ Այդ ամբողջ ժամանակ ես այնքան քիչ էի տանը լինում, որ բոլորովին չէի տեսնում տխուր արարողության պատրաստությունները։ Ես նույնիսկ մեր տանը չէի քնում, որովհետև պառավ լվացարարուհի միսիս Ուինքշիփը իմ տրամադրության տակ էր դրել այն օրորոցը, որի մեջ քնելիս էր եղել նրա ազգականուհի Մարթան, երբ դեռ փոքրիկ աղջիկ էր։

Թաղումը մեր փողոցում կատարում էին շատ հասարակ, առանց ավելորդությունների։ Այդտեղ ապրում էին բանվոր մարդիկ, որոնք հանգուցյալի հետ շատ գլուխ դնելու ժամանակ չունեին։ Սովորաբար սգի շոր հագնում էին միայն կանայք, իսկ տղամարդիկ իրենց ֆլանելի և բումազեի բաճկոնները չէին փոխում, միայն իրենց թևքին սև շղարշի մի կտոր էին կապում։ Մայրիկիս մահվան ժամանակ հորս հագին մկնագույն բումազեի բաճկոն կար և վզին կարմիր թաշկինակ՝ կապտավուն գծերով։ Երեքշաբթի առավոտյան, երբ դագաղագործը վերևում գործի էր անցել, հայրս Ջենքինսի սենյակում հենց այդ շորերն էր հագնում։ Թաղման առթիվ հայրիկս իր համար գնել էր մի զույգ նոր կոշիկ, իսկ ինձ համար հովհարավոր մի գլխարկ։ Իմանալով, որ ես գնալու եմ դագաղի հետևից, դագաղագործ միստր Կրոուլը այդ գլխարկը վերցրեց և դրան ամրացրեց մի երկար, սև դրոշակ, որ իջնում էր ուղիղ մինչև իմ կրունկները։ Մի քանի րոպեից հետո, երբ դարպասի տակ ես իմ ընկերներին հյուրասիրում էի քաղցր կարկանդակներով, իմ մոտով անցնելիս միստր Կրոուլը նկատեց, որ մի տղա ոտքը դրեց իմ երկար դրոշակի վրա։ Մռայլ դագաղագործը բարկացավ, տղայի երեսին շրխկացրեց, ցեխը մաքրեց դրոշակի վրայից և քորոցով ավելի վերև ամրացրեց։

Դագաղի հետևից գնալու էինք հայրիկս, ես, միսիս Ջենքինսը՝ երեխան գրկին, և հայրիկիս ընկերներից չորս հոգի։ Ամեն ինչ արդեն պատրաստ էր, միայն ես էի խաղում դարպասի տակ և ոչ մի թաղման մասին էլ չէի մտածում։ Վերջապես հարևանուհուն ուղարկեցին իմ հետևից։ Նա ինձ տեսավ, ձեռքս բռնեց և շտապ տարավ։

― Գնանք, Ջիմմի,― ասում էր նա։― Բոլորը հավաքվել են, միայն քեզ են սպասում։

Իսկապես էլ, թաղման թափորն արդեն մեր տանից դուրս էր եկել։ Բոլորն սպասում էին, որ ես հայրիկիս կողքին կանգնեմ։ Գերեզմանատունը հեռու չէր, բայց դագաղագործը կոշիկները մաքրել էր, մազերը յուղել, հագել լաքե ձեռնոցները, կարծես ճանապարհ էր ընկնում ամբողջ օրով։ Նա դանդաղ քայլում էր առջևից, իսկ նրա հետևից շարժվում էր սև կտորով ծածկված պատգարակը։ Երևի ես շատ հիմար էի իմ տարիքի համեմատությամբ. ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ինչ է պառկած այդ պատգարակում։ Տեսնում էի միայն մի տարօրինակ սև բան, որ փայլուն էր, գեղեցիկ, շուրջ բոլորը ծոպերով զարդարված և առաջ էր շարժվում ութ ոտքի վրա։ Այդ ոտքերից մեկի կոշիկը ծակ էր, որի միջով երևում էր գուլպան։

― Այս ի՞նչ բան է, հայրի՛կ,― շշնջացի ես հորս։

― Ի՞նչ ես հարցնում, բալիկս։

― Այ, այդ ոտավոր բանը, հայրիկ։

― Սո՜ւս-ս-ս... Դա քո մայրն է, Ջիմմի։ Հիշո՞ւմ ես, որ ես քեզ պատմեցի։ Սրանք նրան տանում են փոսի մեջ դնելու։― Հայրիկս ձեռքը տարավ բաճկոնի գրպանը, թաշկինակը հանեց և աչքերը սրբեց։

Եղանակը շատ շոգ էր, և մենք նեղվում էինք բազմության մեջ։ Այդ դեռ ոչինչ, բայց նոր գլխարկը իմ գլխին մեծ էր, հայրիկս գնել էր այն առանց չափելու, և համարյա բոլորովին ծածկում էր աչքերս։ Ես փորձեցի ծոծրակիս կողմը հրել, բայց այդ ժամանակ էլ իմ սգո դրոշակն սկսեց գետնին քարշ գալ։ Միսիս Ջենքինսը, որ քայլում էր իմ ետևից՝ երեխան գրկին, ոտքը դրեց իմ սգո դրոշակի վրա։ Այն ժամանակ նա գլխարկս հրեց ուղիղ քթիս վրա, և իմ դրությունն ավելի վատացավ։

Վերջապես մենք հասանք գերեզմանատուն։ Դարպասը բաց էր, և եկեղեցու պահակը մուտքի մոտ մեզ էր սպասում։ Մենք ներս մտանք։ Պատգարակը տանող ութ ոտքերն ավելի դանդաղ շարժվեցին։ Ինձ համար քայլելը դժվար էր, և հայրիկս ձեռքս բռնեց։ Մենք կանգ առանք մի մեծ փոսի մոտ։ Ոտից գլուխ սպիտակ հագած մի անծանոթ մարդ սկսեց գրքից ինչ-որ բան կարդալ, իսկ մեզ մոտեցան ամբողջովին հողոտված չորս մարդ, նրանք փայլուն սև բանը բեռնատարների ուսերից վերցրին, մի շորի մեջ փաթաթեցին և իջեցրին մեծ փոսի մեջ։

Այժմ, միայն այժմ հասկացա, թե ինչ է նշանակում մահ, դագաղ և «երբեք»։

Հայրիկիս և մյուս բոլորի համար մայրիկը մեռել էր դեռ ուրբաթ օրը։ Նրանք բոլորն էլ գիտեին, որ մայրիկը պառկած է դագաղում և որ նրան թաղում են։ Ինձ համար նա մեռնում է միայն այժմ, այդ րոպեին, և ես կեղտոտ գերեզմանափորներին համարում էի նրա սպանողները։ Իմ սիրտը խիստ ծանրացել էր, բայց լաց լինել չէի կարողանում։ Ինչ-որ խառնակ մտքեր էին առաջանում իմ գլխում և արցունքներս զսպում։

Երբ մենք գերեզմանատնից հեռացանք, միստր Կրոուլը հայրիկիս ասաց, որ վատ չէր լինի մտնել գարեջրատուն և մի-մի գավաթ գարեջուր խմել; Հայրիկս սիրով համաձայնեց, և ամբողջ խումբը մտավ առաջին հանդիպած գարեջրատունը։ Ես էլ մյուսների հետ ներս մտա, բայց շուտով շոգ սենյակում նստելն ինձ ձանձրացրեց։ Հայրիկս սկսեց իր ծանոթներից մեկի հետ վիճել, իսկ ես վազեցի տուն։


Գլուխ 3. Պեպենները

Երբ մորս թաղումից հետո ես տուն էի վերադառնում, արդեն մութ էր։ Ոչ ոք չտեսավ, թե ես ինչպես փողոցով անցա և սանդուղքով վերև բարձրացա։

Մեր սենյակի դուռը կիսաբաց էր։ Ես տեսա պատի մի մասը, զարմանալի բան, պատին լույս էր արտացոլվում։ Կյանքումս երբեք չեմ մոռանա այն զարմանալի զգացումը, որ այդ րոպեին համակեց ինձ։ Ո՞վ կարող էր կրակ վառել մեր սենյակում։ Իհարկե մայրիկս։ Բացի նրանից էլ ո՞վ կարող է լինել։ Ես միշտ փողոցում կուշտ խաղալուց հետո տուն էի վերադառնում հենց այդ ժամանակ։ Մայրիկս ետուառաջ էր անում վառարանի մոտ, փայտ էր ավելացնում կրակին և ընթրիք էր պատրաստում հայրիկի համար։ Գուցե թե սև պատգարակը, գերեզմանի փոսը և այն ամենը, ինչ որ վերջին օրերս այնքան զարմացնում էր ինձ, կպարզվի մի որևէ լավ ձևով, և ես նորից ուրախ կլինեմ։ Հանկարծ սենյակում կտեսնեմ մայրիկին, ինչպես տեսա նրան հինգ օր առաջ, երբ վերջին անգամ երեկոյան այստեղ մտա։

Այս բոլոր մտքերը աղոտ կերպով խռնվեցին իմ գլխում, և մի ինչ-որ ուրախ հուզմունք էի զգում։

Ես նետվեցի դեպի դուռը, բայց իմ երազանքը մի ակնթարթում ցրվեց։ Կիսաբաց դռան միջով նկատեցի, որ մեր սենյակի հատակը արտակարգ մաքուր լվացված է։ Իմ ականջին հասավ կանացի մի երգ։ Ոչ, դա մայրիկը չէ։ Ես իսկույն իմացա, թե այդ ում ձայնն է։ Մեր հարևանուհի միսիս Բերկն էր երգում։ Բայց ինչպես էր, որ նա մեր սենյակում էր։

Ես դուռը կիսաբաց արի և ներս նայեցի։ Իսկապես էլ դա միսիս Բերկն էր։

Միսիս Բերկը ապրում էր մեր հարկում։ Նա այրի կին էր, ծագումով՝ իռլանդացի։ Նրա ամուսինը տանիքագործ էր եղել, մեռել էր իրենց հարսանիքից մի քանի ամիս հետո։ Միսիս Բերկը երիտասարդ էր, ուրախ, տեսքով էլ լավն էր, բայց ես նրան տանել չէի կարողանում. Զզվում էի նրա կարմրաշեկ մազերից և ձեռքերի ու երեսի անթիվ-անհամար պեպեններից։ Ես կարծում էի, թե այդ զզվելի դեղին բծերը հեշտությամբ կարելի է լվանալ, բայց որովհետև միսիս Բերկը չէր լվանում, ես էլ նրան համարում էի կեղտոտ, անմաքրասեր կին։

Նրա ձեռքերն ինձ այնքան կեղտոտ էին թվում, որ ես երբեք չէի համաձայնի թեկուզ ամենաանուշ բանը նրա ձեռքից վերցնել և ուտել։ Նա միշտ էլ ինձ առատորեն հյուրասիրում էր, բայց ես հրաժարվում էի նրա պուդինգներից ու կարկանդակներից, ասելով, թե կուշտ եմ։ Նրա նվիրած խնձորը ես մաքրում էի՝ հաստ կճպելով։

Մի անգամ նա ինձ մի հինգ հատ խորոված կարտոֆիլ տվեց։ Ես դրանք չկերա, այլ նետեցի սանդուղքի տակ եղած աղբի մեջ։

― Հը՞, Ջիմմի, իմ նվիրած կարտոֆիլները դուր եկա՞ն քեզ,― հարցրեց նա մի քանի րոպե հետո։

― Այո շատ դուր եկան, շնորհակալ եմ,― պատասխանեցի ես։ Բայց այդ ժամանակ սենյակ մտավ նրա շունը խորոված կարտոֆիլը ատամների մեջ բռնած։ Նա սանդուղքի տակից կարտոֆիլը հանել էր և բերել իր տիրուհուն։

Դրանից հետո միսիս Բերկը ինձ չէր սիրում։ Միշտ զայրացած էր նայում ինձ, իսկ երբեմն էլ նույնիսկ նախատում էր։ Հայրիկիս և մայրիկիս հետ նա շատ սիրալիր էր։ Եվ դա զարմանալի էլ չի։ Հայրիկը միշտ նրան շատ կանաչեղեն էր տալիս։ Նա ասում էր. «Չի կարելի չօգնել խեղճ կնոջը»։

Եվ ահա հիմա այդ նույն միսիս Բերկը նստած է մեր սենյակում, բուխարիկի մոտ, չթե մաքուր շորը հագին, գեղեցիկ գլխադիրը գլխին, գոգին դրած օրորում է իմ փոքրիկ քույրիկին և երգ ասում նրա համար։ Սեղանին ափսեներ ու գավաթներ են շարված, և ինձ է հասնում տապակած հացի հաճելի բուրմունքը։ Այդ օրը ամենքն էլ մայրիկի թաղումով այնքան էին զբաղվել, որ ես մնացել էի առանց ճաշի, ուստի և խիստ քաղցած էի։ «Ի՜նչ լավ կլիներ մի տապակած հաց ուտեի», անցավ իմ մտքով բայց և իսկույն պատկերացրի միսիս Բերկի պեպենոտ ձեռքերը և որոշեցի, որ չեմ ուտի այն հացը, որ այդ ձեռքերի մեջ է եղել, ավելի լավ է դուրս գամ և փողոցում սպասեմ հայրիկին։

Այդ րոպեին միսիս Բերկի կատուն սենյակ մտավ և իր տիրուհուն հոտն առնելով՝ մլավեց։ Միսիս Բերկը ետ նայեց, որ տեսնի ո՞վ բացեց դուռը և նկատեց ինձ, նախքան ես կկարողանայի հետ քաշվել։

― Ա՜, այդ դո՞ւ ես, սիրելի՛ Ջիմմի,― ասաց նա այնպիսի փաղաքուշ ձայնով, որպիսին երբեք չէի լսել նրանից։ ― Դե ներս արի, նստիր կրակի մոտ, տաքացիր։

― Պետք չի, այստեղ էլ տաք է ինձ համար։

― Դե լավ, խելոք տղա եղիր, եկ նստիր, ես քեզ թեյ կլցնեմ,― պնդեց միսիս Բերկը։

Ես հրաժարվել չկարողացա և տխուր-տրտում մտա սենյակ։

Դեռ դռնից վեց քայլ էլ չէի հեռացել, երբ արդեն զղջացի, որ այդքան ապերախտ եմ եղել միսիս Բերկի հանդեպ։ Բարի կինը մեր սենյակն այնպես էր լվացել ու մաքրել, որ ուղղակի հաճելի էր նայել։ Վառարանը լվացված էր, օջախը մաքրված, մեր ծռմռված ունելիի և կրակ քաշելու ժանգոտ թիակի փոխարեն դրված էր միսիս Բերկի սեփական սարքը, որ փայլում էր արծաթի պես։ Հատակը լվացված էր և մանր ավազ ցանված, իսկ վառարանի առաջ փռված էր մի մաքուր, փոքրիկ գորգ։ Մեր թեյի թասերը շարված էին միսիս Բերկի թեյի մատուցարանում, իսկ թասերի մեջ դրված թեյի գդալները նույնպես միսիս Բերկինն էին։ Թիթեղյա թասի փոխարեն, որով ես սովորաբար թեյ էի խմում, դրված էր մի գեղեցիկ ճենապակե խոշոր թաս, որի վրա ոսկեգույն տառերով գրված էր. «Նվեր Թենբրիջից»։ Թասի մեջ էլ մի գդալ էր դրված։ Այդ դեռ քիչ է, միսիս Բերկը սիրում էր զանազան մանր-մունր բաներ, և նրա սենյակում կար մի ամբողջ դարակ, որի վրա շարված էին ամենազարմանալի ձևերի ապակե ու ճենապակե իրեր։ Այդ իրերի մեջ պատվավոր տեղ էր գրավում ճենապակե յուղամանը, որի վրա կանաչ, կարմիր ու կապույտ գույներով նախշեր էին արված։ Այժմ այդ նույն յուղամանը դրված էր մեր վառարանի վրա, մեջը երեխայի համար պատրաստված շիլա, և երբ կրակի շողերը խաղում էին նրա գույնզգույն նախշերի վրա, նա զարմանալի գեղեցիկ էր թվում։

― Հայրիկդ որտե՞ղ է, Ջիմմի,― հարցրեց միսիս Բերկը՝ գլխարկը իմ գլխից վերցնելով և խնամքով կախելով դռան ետևը խփած մեխից։― Նա գերեզմանատա՞նը մնաց, Ջիմմի։

― Այո, գերեզմանատնից ոչ հեռու։

― Որտե՞ղ Է այդ ոչ հեռուն, հոգյակս։

― Գարեջրատանը։

― Եվ ճիշտ որ. իր այդ վշտի հետ ինչպե՞ս մի բաժակ չխմի խեղճը։ Մի լար, Ջիմմի,― ես չէի էլ մտածում լալ,― նա երևի հիմա տուն կգա։

― Ո՛չ, նա մի սենյակում նստած է գերեզմանափորների հետ։

― Հա՜, նստած է,― ասաց միսիս Բերկը և սկսեց փաղաքշել իմ փոքրիկ քույրիկին։― Իսկ նա լա՞ց էր լինում, Ջիմմի։

― Ո՛չ, նա ծխամորճ էր ծխում և օղի խմում։

― Իսկ քեզ տո՞ւն ուղարկեց, Ջիմմի։ Ի՞նչ էր ասում նա։

― Նա մի մարդու բացատրում էր, թե վարունգն ինչպես պետք է ցանել։ Իսկ այն մարդը հակառակում էր. «Ախր ես քեզանից լավ կարող եմ վարունգ ցանել, որովհետև բանջարաբույծ եմ»։ «Ո՛չ, թեպետև դու բանջարաբույծ ես, բայց վարունգից բան չես հասկանում»,― ասաց իմ հայրիկը և թը՛խկ՝ բանջարաբույծի ականջին։ Մեծ կռիվ սկսվեց, հայրիկս պատրաստ է ջարդել ամեն մեկի գլուխը, ով որ նրա մոտ վարունգի մասին խոսի։

― Երևի այդ մարդը հայրիկիդ մի որևէ վիրավորական անուն է տվել։

― Ոչ, նա հայրիկին ոչ մի անուն չի տվել, միայն վարունգի մասին էր խոսում։

Միսիս Բերկը ոչինչ չասաց, բայց սկսեց ավելի քնքուշ փաղաքշել երեխային։ Հետո նա քույրիկիս անկողին դրեց, իր սենյակից հատակի խոզանակը բերեց, հատակին թափված մոխիրը սրբեց, մաքուր գոգնոցով մաքրեց ճենապակե յուղամանը և մի արագ հայացք գցեց ամբողջ սենյակին։ Հետո նա մոտեցավ վառարանին, յուղամանը մի քիչ առաջ քաշեց, որպեսզի ամեն մի ներս մտնողի աչքին իսկույն երևա։ Երբ մութն ընկավ, նա լուսամուտի վարագույրներն իջեցրեց և մոմը դրեց պղնձե մոմակալի մեջ, որ փայլում էր հայելու պես։ Երևի նա նկատեց, թե ես ինչպիսի զարմանքով էի նայում այդ շողշողուն մոմակալին։

― Հարկավոր է մաքրել այդ կեղտոտ բանը, Ջիմմի,― ասաց նա,― սա առաջ շատ ավելի մաքուր էր, ճիշտ չէ՞։

― Ոչ, մեր մոմակալը երբեք այդպես մաքուր չի եղել,― անկեղծորեն ասացի ես։― Այդ ի՜նչ սքանչելի մոմակալ Է։

― Դե լավ, ուրեմն կարելի Է թողնել։ Ախր, քո հայրիկը այնպես խիստ Է, Ջիմմի։ Նա երևի չի հավանի այս կեղտոտ, հին յուղամանը։

― Ի՞նչ յուղաման։

― Ա՛յ, այն, որ վառարանի վրա Է դրված, մեջը երեխայի շիլան։

― Այդ յուղամանը կեղտոտ չի։ Այստեղ ամեն ինչ մաքուր Է, միայն...

― Միայն ի՞նչ։ Ի՞նչը մաքուր չէ այստեղ։ Ասա, շուտ, դե ասա։

Միսիս Բերկը զայրույթից կարմրատակեց և այս բառերն ասաց խիստ բարկացած ձայնով։ Դա երևի իմ բախտից էր. հիմարաբար ինձ թվում Է, թե ամեն ինչ մաքուր է, բացի նրա պեպենոտ երեսից ու ձեռքերից, և ես ուզում էի այդ ասել նրան։ Նրա զայրույթը վախեցրեց ինձ, և ես խորամանկություն արի ու խոնարհ ձայնով ասացի.

― Այ, ես այնքան էլ մաքուր չեմ. իմ ձեռքերը կեղտոտ են։

Եվ ես իսկույն պատժվեցի այդ խորամանկության համար։ Միսիս Բերկը զարմանքից ճչաց, կարծես իր կյանքում երբեք կեղտոտ ձեռքեր չէր տեսել (այնինչ իմ ձեռքերը սովորականից ավելի մաքուր էին) ինձ քարշ տվեց իր սենյակը և այնտեղ իմ երեսն ու ձեռքերը այնպես լվաց դեղին օճառով և այնպես սրբեց կոշտ սրբիչով, որ աչքերիցս արցունքներ էին ցայտում։ Դրանից հետո նա իմ մազերին քսեց իր օծանելիքը, գլուխս սանրեց իր սանրով և երկու քունքերիս վրա մի-մի գանգուրիկ շինեց։ Ապա իմ գոգնոցն ու գոտին ուղղելով՝ ինձ նստեցրեց աթոռին, վառարանի մոտ, և հարցրեց.

― Ուզո՞ւմ ես հիմա խմել թեյը, Ջիմմի, թե՞ կսպասես հայրիկին։

Ես արդեն վաղուց ագահությամբ նայում էի յուղի մեջ տապակած հացի կտորներին։ Քաղցը տանջում էր ինձ, բայց տեսնել չէի կարող միսիս Բերկի պեպենոտ ձեռքերը։ «Չէ՞ որ հացը դանակով կտրտելիս ձեռքով բռնել Է։ Գուցե տապակվելիս հացը մաքրվել է», անցավ իմ մտքով։ Ասենք այդպես, բայց չէ։ որ նա հացին յուղ Է քսել։ Ա՜, այ քեզ հիանալի բան։ Ամբողջ յուղը վերևի կտորից քամվել, ծծվել Է ներքևի կտորի մեջ։ «Եթե նա ինձ մի կտոր հաց առաջարկի,― մտածում էի ես,― կվերցնեմ վերևի կտորը»։ Բայց դժբախտաբար հենց այն րոպեին, երբ նա ինձ հարցրեց, թե ուզում եմ թեյ խմել, յուղամանի վրայից մի փոքրիկ անմաքրություն թափ տվեց, և նրա պեպենոտ ձեռքը դիպավ իմ աչքադրած հացի կտորին։

― Շնորհակալ եմ,― ասացի ես տխուր ձայնով,― ավելի լավ է սպասեմ հայրիկիս։

Միսիս Բերկը կար անող էր. նա կարտոֆիլի պարկեր էր կարում։ Երբ ես թեյ խմելուց հրաժարվեցի, նա գնաց իր սենյակը և այնտեղից բերեց երեք պատրաստի պարկ ու մի կտոր քաթան՝ չորրորդ պարկի համար։ Պատրաստի պարկերը նա դրեց աթոռին, գոգնոցը կապեց, որպեսզի մաքուր չթե շորը չկեղտոտվի, և անցավ աշխատանքի։

Չգիտեմ, թե որքան ժամանակ էր միսիս Բերկը իր պարկը կարում, երևի շատ երկար։ Քունս տանում Էր։ Ես սկսեցի անողոքաբար մազերս խառնշտել։ Դրա համար միսիս Բերկը ինձ նախատեց ամենախիստ ձևով։

― Մոտ արի, խոզո՛ւկ,― գոռաց նա․― ավելի լավ Է մոմը բռնես այստեղ, քան թե խռմփաս և գլուխդ քորես։

Ես մոմը վերցրի ու այդպես պահեցի, մինչև որ նա պարկը կարեց։ Այդ ժամանակ վառարանի կրակները վառվեցին պրծան և փլվելով՝ օջախը կեղտոտեցին։ Տապակած հացը բոլորովին այրվեց։ Մի կտոր ածուխ հանկարծ պայծառ բոց արձակեց, բոցը հասավ ճենապակե յուղամանին և մրոտեց։

― Գրողը տանի այս թեյը,― բարկացած գոչեց միսիս Բերկը վերցնելով յուղամանը։― Նստիր այստեղ ու սպասիր, իսկ նա այնտեղ հարբեցողությամբ է զբաղված խոզի պես։ Ճիշտ է ասած, թե մարգարիտը խոզի առաջ չպետք է գցել։

Մի քանի րոպե նա փնթփնթում էր՝ բարկանալով գլխավորապես ինձ վրա, կարծես նրա բոլոր անախորժությունների մեղավորը ես էի, հետո հանկարծ մի բան հիշեց, սկսեց մի ուրախ երգ երգել, ապա ձեռքը թափ տալով ասաց.

― Ոչինչ, Ջիմմի, աշխարհում սրանից ավելի մեծ դժբախտություններ էլ են լինում։

Հանգստանալուց հետո նա կրակն ուղղեց, յուղամանից մուրը մաքրեց, հացի կտորների տեղը փոխեց, իմ մազերը հարդարեց, վերջացրած պարկը դրեց մյուս երեքի վրա և սկսեց նորը կարել։ Ես աթոռին նստած ննջում էի. ինձ արթնացրեց սանդուղքով վեր բարձրացող հորս ծանր, անհաստատ ոտնաձայնը։

Նա դուռը լայն բաց արեց և ներս մտավ։


Գլուխ 4. Միսիս Բերկը խնամում է իմ հորը

― Համեցեք, միստր Բալիզետ,― ասաց միսիս Բերկը ամենափաղաքշական ու բարի ձայնով։

Հայրիկս երեք-չորս քայլ արեց սենյակում, զարմացած նայեց շուրջը։ Երևում էր, որ նա մի քիչ ավելի է խմել, քան հարկավոր էր։ Նրա գլխարկը թեքված էր մի կողքի վրա։ Մի ձեռքում փայտի մի կապոց ուներ, մյուսում՝ ձուկ։

― Դուք ավելի շուտ եք տուն եկել, քան մենք սպասում էինք դրա համար էլ ինձ գտաք ձեր սենյակում աշխատելիս... Ներեցեք, խնդրում եմ, ես հիմա կգնամ։

Այս ասելով, միսիս Բերկը վեր կացավ, պատի կողմը հրեց այն աթոռը, որի վրա դրված էին պատրաստի պարկերը և կանգնեց սենյակի մեջտեղը բարի, սիրալիր, չավարտած աշխատանքը ձեռքին։

Հայրիկս զարմացած էր։ Նա զարմանքով նայում էր մերթ վառարանին դրված յուղամանին, մերթ տապակած հացին ու թեյի սպասքին։ Վերջապես նստեց աթոռին և գլուխը կախեց։ Փայտերը գլորվեցին սենյակում, և ձկները ձեռքից սահելով ընկան հատակին։

― Դուք երևի այնքան էլ առողջ չեք, Ջեմս Բալիզետ,― քնքուշ հոգատարությամբ ասաց միսիս Բերկը։― Այսօրվա հուզումները ընկճել են ձեզ, խեղճ մարդ։

― Ոչ, ոչ, այդպես չէ...

― Ինչպե՞ս թե այդպես չէ։ Իհարկե այդպես է։ Դուք ինձանից մի քաշվեք. չէ՞ որ ես ինքս էլ այդ ամենը ապրել եմ և գիտեմ, թե ինչ պետք է զգաք դուք։

― Ոչ, դուք չգիտեք,― պնդեց հայրս։― Ես գալիս էի այստեղ ու մտածում, դեհ, այժմ ամեն ինչ վերջացավ, այլևս դու մի տաքուկ անկյուն չես ունենա վառարանի մոտ, այլևս պատրաստի ընթրիք չի լինի։ Եթե ուզենաս մի որևէ բան ուտել, գնիր և՛ փայտ, և՛ ամեն բան։ Եվ ահա, տեսեք, ես գնել եմ։

Հայրիկս բաճկոնի գրպանից հանեց մի ապակե ամանով մանանեխ, դրեց սեղանին և լաց եղավ։

― Բավական է, Ջեմս Բալիզետ,― գոչեց միսիս Բերկը։― Դուք բարի մարդ եք, հո չէիք կարող մոռանալ, որ այս տանը ապրում է նույնպիսի մի միայնակ անբախտ արարած, ինչպիսին դուք եք։ էս հո չէի կարող անտեր թողնել երկու անօգնական որբերին։

― Ահա հենց ես էլ շարունակ դրա մասին եմ մտածում,― ողբագին ձայնով շարունակեց հայրս։― Գալիս եմ տուն և ի՞նչ եմ տեսնում։ Տեսնում եմ, որ ամեն ինչ այնպես լավ է, կարծես ոչինչ էլ չի պատահել... դեռ ավելի լավ է։

Եվ սկսեց սաստիկ լալ։

― Ես չէի ուզում այդպես վշտացնել ձեզ, միստր Բալիզետ,― տխուր ձայնով ասաց միսիս Բերկը,― ճիշտ որ, չէի ուզում... Ներեցեք ինձ, խնդրում եմ։

― Ոչ, ոչ, ես շատ լավ գիտեմ, որ դուք չեք ցանկացել ինձ վշտացնել ― գոչեց հայրս։― Դուք ոսկի սիրտ ունեք, ես միշտ այդպես եմ մտածել, իսկ այժմ համոզվեցի դրանում։

― Որևէ բան չէի՞ք հրամայի, միստր Բալիզետ,― խոնարհ ձայնով հարցրեց միսիս Բերկը։― Թեյ չլցնե՞մ ձեզ համար։ Չէի՞ք ցանկանա գնամ իմ սենյակը և ձեզ համար մի կտոր ձուկ տապակեմ։

― Ոչ, շնորհակալ եմ,― դեռևս տխուր ձայնով խոսեց հայրս։― Ես ուտել չեմ ուզում։

― Լավ, եթե ձեզ որևէ բան հարկավոր լինի, ձայն տվեք ինձ,― ասաց միսիս Բերկը՝ ուղղվելով դեպի իր սենյակը։

― Դուք գնում եք, որովհետև տանը գո՞րծ ունեք,― հարցրեց հայրս։

― Ես գնում եմ, որպեսզի ձեզ չանհանգստացնեմ։ Դե ուրեմն մինչև վերջ տարեք ձեր ողորմածությունը, մնացեք մեզ մոտ թեյ խմելու։

Միսիս Բերկը զիջեց հայրիկիս ցանկությանը և իր համար աթոռ մոտեցրեց սեղանին։

― Դուք քաղցր թեյ սիրում եք, Ջեմս, այսքանը շատ չի՞ լինի։

― Ինձ համար մի անհանգստացեք, խնդրում եմ, լցրեք ձեզ համար․― քաղաքավարությամբ պատասխանեց հայրս։

― Տե՛ր աստված, սա ինչ անհանգստություն Է որ...

Միսիս Բերկը թասի մեջ մի կտոր շաքար գցեց, խառնեց, թեյի համը տեսավ, հետո Էլի շաքար ավելացրեց և թասը մեկնեց հայրիկիս։

Հայրս շնորհակալությամբ նայեց նրան և ձեռքը մեկնեց տապակած հացին։

― Ա՛խ, ի՞նչ եք անում,― գոչեց միսիս Բերկը հորս ձեռքից վերցնելով նրա վերցրած պատառը․― վերևի շերտը մի վերցրեք, դա տապակվել է մի ժամից ավելի և ամբողջապես այրվել է. թույլ տվեք ես ձեզ համար ավելի փափուկ և ավելի յուղալի պատառ ընտրեմ։

― Մենք բոլորովին երես կառնենք, Ջիմմի, եթե մեզ այսպես հյուրասիրելու լինեն,― ասաց ինձ հայրս՝ կծելով իրեն տված պատառը։

― Աթոռդ մի քիչ հետ քաշի, Ջիմմի,― ասաց միսիս Բերկը,― կրակի առաջը մի կտրի... թող հայրիկի տեղն ավելի տաք լինի։

― Իմ տեղը լավ է, շնորհակալ եմ,― ասաց հայրս։― Ճիշտն ասած՝ ավելի լավ կլիներ, եթե կրակն այսքան չտաքացներ իմ ոտքերը, թե չէ նոր կոշիկներս նեղ են և տաքից ավելի շատ են սեղմում։ Լավ կլիներ հանեի։

― Դե դա ինչ բան է որ։ Ջիմմի, ինչու չես ծառայում հայրիկիդ։ Հանիր նրա կոշիկները և բեր մաշիկները։

― Մաշիկներ,― ծիծաղելով գոչեց հայրս։― Ի՞նչ մաշիկներ։ Դուք իմ մասին այնպես եք խոսում, որ կարծես ես մի ինչ-որ աղա լինեմ։

― Մի՞թե դուք մաշիկ չեք հագնում,― հարցրեց միսիս Բերկը այնպիսի զարմանքով, որ կարծես հայրս նրան ասաց, թե իր ունեցածը ոտքեր չեն, այլ անիվներ։

― Կյանքումս երբեք մաշիկ չեմ հագել։ Ինձ պես կոշտ ու կոպիտ մարդուն ի՜նչ կսազի մաշիկներով զարդարվել։

― Բայց ինչպես կարելի է առանց մաշիկի։ Դուք ուղղակի զարմացնում եք ինձ, Ջեմս։ Իհարկե, դուք կոպիտ, ծանր գործով եք զբաղվում, դուք ազնիվ աշխատանքով եք վաստակում ձեր հացը, բայց դա ոչինչ չի նշանակի։ Ամեն մարդ իր տանը թագավոր է, և ամեն մի բարի կին պետք է իր ամուսնուն նայի որպես իր տիրոջ։ Հայրիկի կոշիկները հանիր, Ջիմմի։ Մենք հիմա նրա ոտքերը կհանգստացնենք։

Երբ ես հայրիկիս ոտքերից նրա ծանր կոշիկներն էի քաշում, միսիս Բերկը գնաց իր սենյակը և մի րոպեից վերադարձավ՝ բերելով նուրբ կաշվից կարված, փափուկ աստառով մի զույգ հիանալի մաշիկ։

― Սրանք իմ հանգուցյալ բարի ամուսնու մաշիկներն են, աստված նրա հոգին լուսավորի,― ասաց միսիս Բերկը։― Ներեցեք, որ ես այդպիսի հնոտին առաջարկում եմ ձեզ, միստր Բալիզետ։

Նա մաշիկները վառարանի առաջ տաքացրեց և ապա հագցրեց հայրիկիս ոտքերին։

― Տես ինչ լավն են։ Ոտքերս կարծես թավիշի մեջ լինեն,― հիացմունքով նկատեց հայրս։― Երևի այսպիսի մաշիկները թանկ արժեն։ Միթե դուք սրանք գնել եք ձեր ամուսնու վաստակած փողով։

― Ո՜չ, ի՞նչ եք ասում, դա շատ դժվար կլիներ,― ծիծաղեց Միսիս Բերկը։― Ես դրանք գնել եմ իմ սեփական վաստակով՝ օրական մեկ-երկու պեննի ետ գցելով։

― Մի՛թե կարող է այդպիսի բան լինել,― գոչեց հայրս զարմանքով նայելով միսիս Բերկին։

― Ինչու չէ՛։ Ամուսինս առավոտից մինչև երեկո աշխատում էր ինձ համար, ուրեմն հարկավոր էր, որ ես էլ նրա համար մի քիչ չարչարվեմ։ Հայրս ոչինչ չպատասխանեց։ Նա ակնապիշ նայում էր միսիս Բերկին, կարծես զարմանում էր։

― Ջիմմի,― ասաց նա մի քանի րոպե լռությունից հետո։― Այժմ մենք լավ ենք, հարկավոր է այնպես անել, որ միշտ էլ այսպես լինի։ Հիշո՞ւմ ես, թե այն երեկո բժիշկն ինչ ասաց քեզ։ Բարի տղա եղիր, լսիր միսիս Բերկին։

― Նա ինձ չասաց, որ պետք է լսեմ միսիս Բերկին,― առարկեցի ես։― Նա ասում էր...

― Բանն այն չէ, թե նա ինչ էր ասում։ Դու պետք է լսես, թե ես ինչ եմ ասում և չհամարձակվես դատողություններ անել,― ընդհատեց ինձ հայրս հոնքերը կիտելով։

― Ախ, դե նա առանց այդ էլ հնազանդ երեխա է,― միջամտեց միսիս Բերկը։― Հաց կեր, հոգյակս,― ավելացրեց նա և ինձ մեկնեց մի կտոր տապակած հաց։

Ես ստիպված էի ուտել, որովհետև նա աչքերը հառել էր ինձ վրա։

― Իսկ դուք ինչ շատ գործ եք ունեցել,― նկատեց հայրս։― Դուք և՛ երեխաներին եք պահել, և սենյակն եք մաքրել։

― է՜, ինչ եք ասում, ինչ աշխատանք։ Դա միայն բավականություն է։ Ինքներդ դատեցեք, թե շատ եմ չարչարվել ես։ Տեսեք, թե այսօր երեկոյան ինչպիսի պարկեր եմ կարել՝ հատը չորսուկես պեննիով։

-Ինչպե՞ս, դուք այստեղ ամեն ինչ մաքրել եք և դեռ այդ բոլոր պարկերն էլ կարե՞լ,― գոչեց հայրս հաշվելով պարկերը։― Դուք վաստակել եք 18 պեննի, խնամել եք երկու երեխաներին և սենյակը մաքրել, այդ ամենը մի երեկոյի ընթացքում։ Դուք չտեսնված կին եք։

― Ես ամենևին չեմ էլ շտապել։ Աշխատանքը ինձ չի կարող վախեցնել, միստր Բալիզետ։

Նա ճիշտ չէր ասում։ Ես շատ լավ էի հիշում, որ երեք արդեն բոլորովին պատրաստ պարկերը իր սենյակից բերեց։ Կարծելով, որ նա ուղղակի սխալվել է, ես բերանս բաց արի, որպեսզի նրա սխալն ուղղեմ, բայց նա գլուխն օրորեց և հոնքերը կիտեց։ Ասենք, ես նրանից չէի վախենում։ Նա չէր համարձակվի հորս մոտ ծեծել ինձ, իսկ ես ուզում էի նրանից վրեժ առնել, որ ինձ նախատել էր և ստիպել, որ մոմը բռնեմ իր համար։

― Ի՜նչ սարսափելի հնարողն եք դուք, միսիս Բերկ,― ասացի ես՝ մոտենալով հորս։

Նա ինձ նայեց այնպիսի չարությամբ, որ նույնիսկ աչքը շլեց։

― Այդ ինչպե՞ս,― հարցրեց հայրս՝ հանկարծ շուռ գալով իմ կողմը։

― Նա փչան է,― անվեհեր ասացի ես։

― Այդ ո՞վ է «նան», ում ես դու «նա» անվանում, կոպիտ տղա, ինչ իրավունքով դու միսիս Բերկին փչան ես անվանում։

Ես Նկատեցի, որ Նա վերցրեց կաշվե գոտին և թափ տվեց։

― Ա՜խ, ի՞նչ եք անում, Ջեմս։ Մի բարկացեք նրա վրա,― նորից ինձ պաշտպան կանգնեց միսիս Բերկը։― Նա այդ ասաց առանց վատ մտքի։ Պարզապես նա հիշեց, թե ես ինչպիսի հեքիաթներ էի պատմում իրեն, որպեսզի մինչև ձեր գալը չքնի։ Եվ դրա համար էլ ինձ փչան անվանեց։

― Ա՜, այ թե ինչ։ Իսկ ես կարծում էի այս հիմարը պարկերի մասին է ասում, թե ձեր հաշիվը ճիշտ չէ, դա ոչ իմ գործն է, ոչ էլ նրա։

― Ճշմարտությունը բոլորի գործն է, Ջեմս,― առարկեց միսիս Բերկը։

Հետո նա դարձավ ինձ և աչքով անելով՝ ասաց.

― Տես, Ջիմմի, աղավնյակս, այստեղ չորս պարկ կա։ Ասա հայրիկին, քանի հատ կարեցի ես, երբ դու այդտեղ նստած նայում էիր ինձ։

Ի՞նչ պիտի անեի։ Երևում էր, որ հայրս նրան ավելի էր հավատում, քան ինձ։ Ես երբեք նրա գոտու համը չէի տեսել, բայց տեսել էի, թե այդ նույն գոտիով ինչպիսի ծանր հարվածներ էր տալիս հանգուցյալ մորս։

― Չորս,― պատասխանեցի ես։

― Դե իհարկե,― հանգիստ ասաց միսիս Բերկը,― ինչ որ ճիշտ է, ճիշտ է։

Եվ ինձ մի մեծ կտոր շաքար տվեց։

Դա իմ առաջին սուտն էր, և այդ սուտը շատ տխուր վախճանի հասցրեց։ Այն միտքը, որ միսիս Բերկը մի երեկոյի ընթացքում կարող է 18 պեննի վաստակել, ուժեղ տպավորություն գործեց հայրիկիս վրա, և այդպիսով ես մասնակից եղա այդ կնոջ ստոր խարդախությանը։

Իմ փոքրիկ քրոջ ճիչը վերջ դրեց պարկերի մասին սկսված խոսակցությանը։ Միսիս Բերկը երեխային գիրկն առավ և սկսեց կերակրել հիանալի յուղամանից, համբուրել և ամենաքնքուշ անունները տալ նրան։ Հայրիկս գորովանքով էր նայում այդ փաղաքշանքներին, բայց քունը հաղթեց նրան, և նա շուտով սկսեց ննջել իր աթոռին։ Քրոջս կերակրելուց հետո մեր հարևանուհին նրան տարավ իր սենյակը, ապա վերադարձավ մեզ մոտ և սկսեց թեյի բաժակները հավաքել։ Բաժակների զնգոցը հորս արթնացրեց։

― Դուք սովորաբար ո՞ր ժամին եք վեր կենում, միստր Բալիզետ,― հարցրեց միսիս Բերկը՝ տեսնելով, որ հայրիկս աչքերը բացեց։― Ես կուզենայի ձեզ համար թեյ պատրաստել։

― Թե՞յ։ Դատարկ բան։ Ես կարող եմ շուկայում էլ նախաճաշել։

― Այդ ինչո՞ւ որ։ Ավելի լավ չէ՞ մի պատառ հաց ուտել տանը, քան թե շուկայում, հրմշտոցի մեջ։

― Լավը իհարկե լավ է։ Բայց բանն այն է, որ ես տանից գնում եմ ժամը հինգին։ Դա խիստ վաղ է,― առարկեց հայրս։

― Ի՞նչ անենք, որ վաղ է։ Այժմ դուք միայնակ այրի եք, և մի՞թե պետք է շուկա գնաք առանց մի բաժակ թեյով տաքանալու։ Ես ինքս ինձ անպետք կին կհամարեի, եթե ամեն բան, ինչ հարկավոր է ձեզ, չպատրաստեի ոչ միայն ժամը հինգին, այլ նույնիսկ երեքին։ Բարի գիշեր, միստր Բալիզետ։

Մյուս օրը առավոտյան ժամը չորսն անց կեսին միսիս Բերկը արդեն բախում էր մեր դուռը՝ հորս հայտնելով, որ արդեն պատրաստ է թեյը և մի կտոր տապակած ձուկ։ Հայրս դեռ նոր էր հագնվել, երբ նա նորից վազեց մեր դռան մոտ։

― Ներեցեք ինձ, միստր Բալիզետ,― ասաց քնքուշ ձայնով,― ես հենց հիմա հիշեցի, որ ասեղս ձեր սենյակում եմ թողել, այնինչ ցանկանում եմ շուտ սկսել աշխատանքս։

― Հարյուր տարի ապրես, այսպիսի կին չես գտնի,― կիսաձայն մրթմրթաց հայրս։


Գլուխ 5. Իմ նոր մայրը

Մյուս օրը միսիս Բերկը չարությամբ ինձ ասաց.

― Հապա, մոտ արի, աղավնյակս։ Հիշո՞ւմ ես, թե երեկ դու ինչպես էիր ուզում խայտառակել ինձ։

Միսիս Բերկը ակնարկում էր երեկվա խոսակցությունը պարկերի մասին։ Ես ոչինչ չպատասխանեցի, բայց նա տեսնում էր, որ հասկանում եմ, թե ինչի մասին է խոսում։

― Դու կարծում էիր, թե հորդ մոտ ինձանից վախենալու կարիք չկա՞։ Դու մտածում էիր ինձ վախեցնել։ Լսի՛ր, թե ինչ եմ ասում քեզ, օձի ճուտ։ Ես քեզ այն օրը կգցեմ, որ մետաքսի պես կփափկես։ Մի պատառ հաց առանց ինձ չես ուտի։ Եվ եթե իմ մասին ծպտուն հանես հորդ մոտ, ես քեզ այն օրը կգցեմ, որ ինքդ էլ զարմանաս։

Ես տեսնում էի, որ այդպիսի հակառակորդի դեմ պայքարելն իմ ուժից վեր է, և լուռ հնազանդվեցի։ Ես կատարում էի միսիս Բերկի հրամանները, սրբությամբ պահում էի նրա բոլոր գաղտնիքները և առանց նրա թույլտվության ոչինչ չէի անում։ Այս ամենը բոլորովին չէր մեղմացնում նրան։ Ամբողջ օրը նա ինձ տանջում էր մի որևէ աշխատանքով։ Եթե Պոլլին չէր քնում, ես պետք է պահեի նրան։ Երբ նա քնած էր լինում, ինձ որևէ բանի համար խանութ էր ուղարկում կամ ստիպում սենյակը մաքրել, կամ թե մոմել էր տալիս այն թելը, որով ինքը պարկեր էր կարում։ Ես ոչ մի ազատ րոպե չունեի։ Եվ իմ այս բոլոր աշխատանքների դիմաց ինձ նույնիսկ չէին կերակրում։ Հայրիկս ամեն առավոտ միսիս Բերկին փող էր տալիս տան կարիքների համար, իսկ նա փողը ծախսում էր իր համար օղի գնելով։ Որպեսզի հայրիկս այդ բանը չիմանար, նա ինձ ուղարկում էր մի գրոշի ոսկոր գնելու և հայրիկիս պատմում էր, թե դրանք մեր ճաշի մնացորդներն են։

Հայրիկի համար միշտ որևէ տաք ընթրիք էր պատրաստում, իսկ ես, քանի որ հաճախ նախաճաշից մինչև ընթրիքը ոչինչ կերած չէի լինում, բացի մի պատառ հացից, շատ էի ցանկանում գոնե հայրիկիս ընթրիքի մնացորդներն ստանալ։ Եթե միսիս Բերկը տեսնում էր, որ հայրիկս իր ամանից որևէ բան է տալիս ինձ, իսկույն մեջ էր ընկնում։

― Ա՜խ, սիրելի Ջեմս,― ասում էր նա,― խնդրում եմ, երեխային մի կերակրեք, ախր նա չափից ավելի ուտելով կհիվանդանա։ Նա շատ բարի տղա է, բայց սարսափելի ագահ է։ Այսօր ճաշի ժամանակ ես նրան երեք անգամ այնպիսի խոշոր տապակած մսի կտորներ եմ տվել, որ երկու մարդու էլ բավական կլիներ։

― Ա՛յ դու, անպիտան,― բարկացած ասաց հայրս։― Իսկ այստեղ պտույտ-պտույտ է գալիս ու նայում բերանիս, կարծես մի ամբողջ ամիս ոչինչ չի կերել։ Գնա քնիր, շատակեր, քանի չես ծեծվել։

Ես պառկեցի քնելու դատարկ փորով՝ չհամարձակվելով ոչ մի խոսք ասել ինձ արդարացնելու համար։

Մի անգամ միսիս Բերկը առանձնապես գարշելի մի խաղ խաղաց ինձ հետ։ Նրա մոտ մի կին հյուր էր եկել, և նրանք միասին խմեցին բոլոր փողերը, որ հայրս թողել էր ճաշի և ընթրիքի համար։ Երբ հյուրը գնաց, միսիս Բերկը մի փոքր ուշքի գալով՝ սկսեց վախենալ։ Հարկավոր էր որևէ տեղից փող ճարել հայրիկի ընթրիքի համար։ Բայց որտեղի՞ց։

Նա սկսեց լալ և ողբալ ամենաողորմելի ձևով։

― Ա՜խ, ինչ թշվառն եմ, ինչ անբախտ եմ ես, ինչ անեմ,― հեկեկում էր նա։― Շուտով տուն կգա քո հայրը, սիրելի Ջիմմի։ Ես նրա համար ընթրիք պատրաստել չեմ կարող, և նա կծեծի ինձ սպանելու աստիճան։ Ա՛խ, ես անտեր-անտիրական թշվառ կին եմ։

Նրա արցունքներն ազդեցին ինձ վրա, և իմ սիրտը հալվեց «սիրելի» քնքուշ անունից։ Ես մոտեցա միսիս Բերկին. աշխատում էի մխիթարել նրան և հարցնում էի, թե որևէ բանով չե՞մ կարող օգնել նրան։

― Այդ միայն լեզուդ է ասում, Ջիմմի,― ողբագին ասաց նա,― բայց մտածում ես բոլորովին ուրիշ բան։ Եվ ճիշտ որ դու ինձ խղճալ չես կարող, ես միշտ վատ եմ վարվել քեզ հետ։ Ա՜խ, միայն թե այս փորձանքն անցնի, ես այլևս քեզ մատով էլ չեմ դիպչի։

Միսիս Բերկի այս զղջումն ավելի հուզեց ինձ։

― Դուք միայն ասացեք, թե ինչով կարող եմ ձեզ օգնել և ես ամեն ինչ կանեմ,― եռանդով հավատացնում էի ես բռնելով նրա պեպենոտ ձեռքը։

― Ինձ օգնել, իհարկե, կարելի է, սիրելի Ջիմմի, միայն թե ես չեմ ուզում քեզ խնդրել այդ։ Ահա քեզ, աղավնյակս, մեկուկես պեննի, ծախսիր ինչպես ուզում ես։

Միսիս Բերկի առատաձեռնությունը բոլորովին զարմացրեց ինձ, և ես սկսեցի ավելի խնդրել, որ ասի, թե ինչպես կարող եմ օգնել իրեն։

― Այ թե ինչ հոգյակս,― խոսեց նա վերջապես,― դու կարող ես հայրիկիդ ասել թե ես քեզ ուղարկել եմ երեխայի համար անիսոնի սերմ գնելու, և դու փողը կորցրել ես։ Չէ՞ որ այդ դժվար չէ, սիրելի Ջիմմի։

― Իսկ եթե հայրիկը ինձ ծեծի՞։

― Պահ, սիրելիս, ինչպես կարող է ծեծել։ Չէ՞ որ ես այստեղ կլինեմ։ Ես հայրիկիդ կասեմ, որ փողոցում քեզ վրա է հարձակվել քեզանից շատ մեծ մի տղա և հրել է քեզ, որ դու մեղավոր չես։ Հայրիկդ քեզ չի ծեծի, վստահ եղիր։ Իսկ հիմա գնա խաղա, քո մեկուկես պեննիով գնիր ինչ որ ուզենաս։

Ես գնացի, թեպետ սիրտս հանգիստ չէր։ Դիտմամբ այդ երեկո ես չէի շտապում տուն վերադառնալ, որպեսզի միսիս Բերկը ինձանից շուտ հայրիկիս պատմի փողը կորցնելու պատմությունը։

Երբ ես ներս մտա, հայրս կանգնած էր դռան մոտ, կաշե փոկը ձեռքին։

― Հապա մոտ արի տեսնեմ, անպիտան,― գոչեց նա բռնելով ականջս։― Ի՞նչ արիր իմ փողերը, շուտ ասա։

― Կորցրի, հայրիկ,― սարսափած մրմնջացի ես աղերսագին նայելով միսիս Բերկին։

― Կորցրի՞ր, այդ որտե՞ղ կորցրիր։

― Գնում էի Պոլլիի համար անսիոնի սերմ գնելու, մի մեծ տղա հարձակվեց ինձ վրա և փողը խլեց ձեռքիցս։

― Եվ դու կարծում ես, թե ես կհավատամ քո այդ պատմությանը,― գոչեց հայրս՝ զայրույթից սփրթնած։

Ես չէի զարմանում, որ հայրիկս չի հավատում, բայց խիստ զարմացա, երբ հանկարծ միսիս Բերկը ասաց.

― Նա ինձ էլ հենց նույնը պատմեց։ Բայց մի նրան հարցրեք, Ջեմս, թե որտե՞ղ էր թափառում մինչև այժմ և ինչո՞ւ նրա գոգնոցը յուղոտված է։

Իմ գոգնոցին իսկապես որ յուղի բծեր կային այն կարկանդակից, որ ես գնել էի իմ մեկուկես պեննիով։

― Ախ դու, անպիտան գող,― գոռաց հայրս։― Դու գողացել ես իմ փողերը և քեֆիդ ծախսել։

― Այո, ես էլ կարծում եմ, որ այդպես է, Ջեմս,― ասաց ստոր կինը,― և ես ձեզ խորհուրդ կտայի դրա համար մի լավ դաս տալ նրան։

Եվ նա կանգնած էր այդտեղ, երբ հայրս արյունլվա անելու չափ ինձ ծեծում էր կաշեփոկով։ Որքան հնարավոր էր ես գոռալով պատմում էի փողի ամբողջ պատմությունը, բայց հայրս ինձ չէր լսում և այնքան ծեծեց, մինչև որ ձեռքը հոգնեց։ Ծեծից հետո ինձ փակեցին ետևի սենյակում և այնտեղ թողին մինչև գիշեր։ Օ՜, այդ ժամանակ ինչպես էի ես ատում միսիս Բերկին։ Ես այնքան էի կատաղել, որ համարյա ցավ չէի զգում իմ մարմինն ակոսող արյունլվա վերքերից։

Մյուս օրը միսիս Բերկը մեր սենյակը մտավ բարի և ուրախ դեմքով, կարծես ոչինչ էլ չէր եղել, և ամեն օր էլ ներս էր գալիս այդպես ուրախ, մինչև որ հայրս ամուսնացավ նրա հետ։

Հարսանիքը շատ հանդարտ անցավ։ Իմ մտքով էլ չէր անցնում, թե մեր տանը կարևոր իրադարձություն է պատրաստվում։ Մի երեկո հայրս տուն վերադարձավ միսիս Բերկի հետ։ Նրանք իրենց հետ բերին մի երիտասարդի և ինձ ուղարկեցին մի շիշ ռոմ գնելու։ Երբ ես ռոմը բերի, հյուրը բաժակները լցրեց և սկսեց շնորհավորել հորս ու միսիս Բերկին և ամեն տեսակ բարիք ցանկանալ նրանց։ Այդ ինձ ամենևին չէր հետաքրքրում, և ես պատրաստվում էի դուրս գնալ սենյակից, երբ հայրս ինձ կանգնեցրեց։

Այստեղ արի, Ջիմ,― ասաց նա։― Տեսնում ես, թե այս ով է նստած աթոռին։

― Իհարկե տեսնում եմ,― պատասխանեցի ես։― Միսիս Բերկն է։

― Դե, լսիր։ Այլևս երբեք չհամարձակվես այդ անունը տալ։ Նրա անունը Բերկ չէ։

― Բերկ չէ, հապա ի՞նչ է, հայրիկ։

― Նրան ասում են մայրիկ։ Ահա թե ինչպես պետք է կոչես նրան։ Եվ պետք է նրա հետ վարվես, ինչպես մոր հետ։ Եթե այդպես չանես, ես քեզ այնպիսի բանով կհյուրասիրեմ, որ բոլորովին դուր չի գա քեզ։ Լավ հիշիր ասածս։

Հորս խոսքերի մեջ առանձնապես ոչ մի տխուր բան չկար, բայց այդ խոսքերը լսելով՝ ես սկսեցի դառնորեն լալ։

― Այդ ի՞նչ է նշանակում,― բարկացած ասաց հայրս։― Դու պետք է շնորհակալ լինեիր ինձանից։ Մի՞թե ուրախ չես, որ այժմ մայր ունես։

Ես պատասխանել չկարողացա։ Արցունքները խեղդում էին ինձ։

― Ասացեք խնդրեմ,― գոչեց հայրս,― ի՞նչ է նվում այս անպիտանը։ Ի՞նչ Է, ես պետք Է նախ խորհուրդ հարցնեի սրանից։

― Թող նրան, սիրելիս,― միջամտեց միսիս Բերկը։― Նա խիստ համառ տղա Է... Դու ինքդ Էլ հո գիտես, թե ինչ անպիտանն է նա։

Ես գիտեի, որ նա կորած փողերի պատմությունն է ակնարկում, և արդեն պատրաստ էի պատասխանել ոչ բոլորովին քաղաքավարի, բայց երիտասարդ հյուրը հավանորեն գուշակեց իմ ցանկությունը, աչքով արեց, որ սուս մնամ և ինձ քաշեց իր մոտ։

― Դե լավ, լավ, երեխայի վրա մի հարձակվեք,― ասաց նա։― Գուցե նա հենց նոր մայրիկ ունենալու ուրախությունից է լաց լինում։ Քանի՞ տարեկան է, Ջեմս։

― Յոթի մեջ է։

― Օ, ուրեմն շուտով ինքը կսկսի իր հացը վաստակել։

― Իհարկե, վաղուց ժամանակն է,― վրա բերեց խորթ մայրս։― Տես ինչ մեծ տղա է։ Վաղուց աշխատելու ժամանակն է։

― Այո, նա առանց այդ էլ աշխատում է,― անբավական ձայնով նկատեց հայրս։― Օրերով Պոլլիին է պահում։

― О՛հ, ի՜նչ աշխատանք է դա, նստում է իր համար փոքրիկ մանուկը գրկին, կամ մեկ էլ կտեսնես՝ ցած դրեց ու սկսեց խաղալ տղաների հետ։

― Իսկ ես ձեզ կասեմ,― վճռական տոնով վրա բերեց հյուրը,― որ աշխարհում երեխա խնամելուց ավելի վատ աշխատանք չկա։ Ինձ էլ ստիպել են զբաղվել այդ հիանալի գործով, բայց ես առաջին իսկ հնարավորությանը ձեռք եմ քաշել դրանից, թեև հետո ստիպված եմ եղել զբաղվել հաչելով։

Այս ասելով բարեսիրտ հյուրը կամացուկ իմ ձեռքը խոթեց մի պեննի։ Ես խիստ ցանկանում էի դուրս պրծնել, որպեսզի ծախսեմ իմ փողը, ուստի այլևս ուշադրություն չէի դարձնում մեծերի զրույցին։ Սակայն հաչելու մասին երիտասարդի ասածն ամուր մեխվեց իմ մտքում։ Ես ինքս էլ ավելի մեծ սիրով կսկսեի շան պես հաչել, քան թե երեխա խնամել։ Բայց ում կարող էր պետք գալ իմ հաչելը։ Ես երբեմն տեսնում էի, թե ինչպես հովիվը քշում է ոչխարների հոտը և տեսել էի, թե ինչպես երեխաները նրան օգնում էին նախիրը քշելիս և շան նման հաչում ու ոռնում էին, բայց երբեք մտքովս չէր անցել, թե այդպիսի գործի համար փող կվճարեն։ Եթե հովիվը կարող է հաչելու համար երեխաներ վարձել, ապա նրան ավելի էժան կնստեր իսկական շուն պահելը,― մտածում էի ես։ Բայց հյուրն ասաց, որ հաչելն ավելի լավ է, քան երեխա խնամելը, իսկ նա դեռ չգիտեր, թե որքան վատ եմ ապրում ես, ինչպես քիչ է իմ մասին հոգում հայրս, ինչպես է տանջում ինձ միսիս Բերկը։ Նրա համար տհաճ է եղել երեխա խնամելը, իսկ ինձ համար դա իսկական տանջանք էր։


Գլուխ 6. Նոր տանջանքներ։ Փախուստ

Միսիս Բերկի հետ հորս ամուսնանալուց հետո իմ կյանքն առաջվանից էլ ավելի վատացավ։

Մինչ այդ միսիս Բերկը գիշերը երեխային տանում էր իր մոտ, և ես գոնե հանգիստ քնել կարող էի։ Բայց այժմ խորթ մայրս ու հայրս որոշեցին, որ Պոլլին պետք է քնի ինձ հետ մի մահճակալի վրա։ եթե նա գիշերները քներ, այդ կարգադրությունն ինձ չէր վշտացնի։ Միսիս Բերկի սենյակում դրված մահճակալը մեր երկուսիս համար բավական մեծ էր, և ես իմ փոքրիկ քրոջը այնպես էի սիրում, որ ինձ համար նույնիսկ հաճելի էր նրա հետ քնելը։ Բայց բանն այն է, որ Պոլլին շատ քիչ էր քնում։ Կարծեմ նրա ատամները դուրս էին գալիս և դրանից էլ նա այնքան անհանգիստ էր։ Նրան իմ անկողնում պառկեցնում էին վաղ երեկոյան, երբ ես պառկում էի քնելու, ամեն կերպ աշխատում էի չարթնացնել նրան։ Եթե այդ ինձ հաջողվում էր, ես կարող էի երեք-չորս ժամ հանգիստ քնել։ Բայց գիշերվա ժամը երկուսին նա անպայման արթնանում էր և սկսում ամենայն ուժով գոռալ։ Ոչ մի բանով նրան հանգստացնել չէր լինում, անպայման հարկավոր էր ուտելու և խմելու բան տալ։ Մեր անկողնի մոտ միշտ մի կտոր հաց ու յուղ էին դնում և մի թաս ջրախառն կաթ։ Պոլլին լուռ էր լինում, քանի դեռ ուտում էր, բայց գիշերները զարմանալի ախորժակ էր ունենում և բոլոր պաշարներն շտապ ոչնչացնելուց հետո նորից սկսում էր գոռալ։ Ոչ մի գուրգուրանք, ոչ մի երգ, ոչ մի օրոր չէր հանգստացնում նրան։

― Մամա, մամա, մամա,― գոռում է նա այնպես բարձր, որ նույնիսկ փողոցի մյուս ծայրում լսվում էր։

Ես լարում էի բոլոր ուժերս, որպեսզի հանգստացնեմ նրան։

― Պոլլի, չե՞ս ուզում Ջիմմիի հետ զբոսանքի գնալ,― հարցնում էի ես, և երբեմն, մանավանդ լուսնյակ պարզ գիշերներին, նա համաձայնում էր։ Մենք, իհարկե, իսկապես զբոսանքի գնալ չէինք կարող, բայց Պոլլին այդ չէր հասկանում։ Հագնվում էինք, որպես թե պատրաստվում ենք փողոց դուրս գալու։ Ես Նրա գլխին էի դնում միսիս Բերկի սև շղարշե գլխարկը և ուսերին էի գցում իմ բաճկոնը։ Զբոսանքի իմ հագուստը լինում էր հայրիկիս մուշտակե հին գդակը, որը պահված էր լինում մեր ներքնակի տակ։ Երբ հագնվում էինք, ես ձայնս նմանեցնելով միսիս Բերկհ ձայնին՝ ասում էի.

― Ջիմմի, գբոսանքի տար Պոլլիին, ցույց տուր նրան շաքարեղենի խանութը։

Ապա պատասխանում էի իմ ձայնով.

― Մենք պատրաստ ենք, հիմա կգնանք։

Հետո գնում էինք զբոսանքի, բայց ոչ մի կերպ դուռը գտնել չէինք կարողանում։ Հենց գլխավոր գաղտնիքն էլ այդ էր։ Մենք պետք է դուրս գայինք փողոց, որպեսզի շաքարեղեն գնենք, բայց դռանը հասնել չէինք կարողանում։ Այս գործում Պոլլիի գլխին դրած մեծ գլխարկը լավ էր օգնում ինձ։ Հաճախ մի կես ժամ այսպես իմ գրկին զբոսնելով՝ Պոլլին քնում էր, և ես զգուշությամբ նրան դնում էի անկողին։ Պատահում էր, և դա ամենից վատն էր, որ նա բոլորովին չէր ցանկանում զբոսանքի գնալ։ Իզուր էի ես նրան շաքարեղեն խոստանում, իզուր էի հաչում շան նման, մլավում կատվի պես, նմանվում էշի կամ կատաղած ցուլի. Նա ոչինչ չէր լսում, ոչ մի բանի չէր նայում և բարձր գոռալով պահանջում էր «յուղած»։ «Յուղած» ասելով նա հասկանում էր յուղ քսած հաց, և իմ բոլոր հորդորանքներին նա գոռալով պատասխանում էր այդ նույն բառով։ Պատի ետևում թխկոց էր լսվում, իմ խորթ մայրն էր փայտով հատակը ծեծում։

Այդ ի՞նչ ես անում խեղճ երեխային, չար տղա։

Նա «յուղած» է ուզում։

― Դե ինչ կա, չես կարո՞ղ վեր կենալ ու տալ, ծույլ անպիտան։

― Ախր ի՞նչ տամ, Նա ամբողջը կերել է։

― Ինչպես թե կերել է։ Ա՛խ դու, ստախոս։ Երևի նորից քո զզվելի գործն ես արել, ինքդ կերել ես խեղճ երեխայի բաժինը։ Իսկույն հանգստացրու նրան, համբերությունից մի հանիր ինձ, թե չէ վատ կլինի։

Ես գիտեի, որ իսկապես իմ բանը շատ վատ կլինի, և սկսում էի արցունքն աչքերիս Պոլլիին խնդրել, որ լռի։ Բայց որտե՜ղ։ «Մայրիկի» ձայնը լսելով նա սկսում էր ավելի բարձր գոռալ։ Սարսափից դողալով ես հարևան սենյակում լսում էի քայլեր, դռան բռնակի ճռինչ, և ահա զայրացած խորթ մայրս շապկանց ու գիշերային թասակը գլխին՝ ներս էր ընկնում։ Առանց մի խոսք ասելու նա հարձակվում էր ինձ վրա և սկսում անողոքաբար ծեծել, խփել մերկ մարմնիս։ Նա իմ գլուխը սեղմում էր բարձին ու այնպես ճզմում, որ ես նույնիսկ գոռալ չէի կարողանում։

Հայրիկս չգիտեր, թե նա ինչ էր անում ինձ հետ, որովհետև շարունակ բարձրաձայն գոռում էր, թե ինձ կծեծի, եթե ես մի անգամ էլ երեխայի բաժինն ուտեմ։

― Ի՞նչ ես դատարկ-դատարկ վախեցնում նրան,― մյուս սենյակից գոռում էր հայրս։― Լավ կլինի, որ դու մի լավ դաս տաս այդ անպիտան շատակերին, թե չէ նա քեզ բանի տեղ չի դնում։

― Եվ իսկապես, իմ համբերությունն էլ շուտով կսպառվի,― ասում էր խորթ մայրս։― Խելքդ գլուխդ հավաքիր, անպիտան։

Հետո վերադառնում էր մյուս սենյակը և հորս ասում.

― Ավելի լավ է առանց ծեծի խրատել, Ջիմ։ Երեխային ծեծելով ուղղել չի լինի։

Զարմանալի է, որ ինձ ծեծելուց հետո Պոլլին սովորաբար կծկվում էր անկողնում և քնում, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Դրա համար էլ հայրս կարծում էր թե իսկապես, երբ ես ուզենամ, կարող եմ հանգստացնել նրան։ Մի անգամ ես չհամբերեցի և սկսեցի խորթ մորիցս գանգատվել։

― Ես քեզ բոլորովին չեմ խղճում,― պատասխանեց հայրս։― Քեզ պես կամակոր անպիտանին հարկավոր է ավելի խիստ դաս տալ։

― Դե լավ,― ասացի ես,― շատ չի ձեռքերը հանգստացնի ինձ վրա. կմեծանամ, նրան ցույց կտամ։

Հայրս նայեց ինձ և ծիծաղեց։

― Եթե ես մեծ լինեի,― շարունակեցի ես խրախուսված նրա ծիծաղից,― նրա քիթը կջարդեի, ոտքերը կկոտրեի, ես ատում եմ նրան։

― Բավական է հիմարություններ դուրս տաս,― ընդհատեց ինձ հայրս։

― Նա ամեն ինչ սուտ է ասում ձեզ։ Ես ոչ մի ազատ րոպե չունեմ, ես պետք է ամբողջ օրը Պոլլիի հետ քարշ գամ։

― Ի՞նչ մեծ բան է երեխային նայելը։ Ուրիշ տղաները քո հասակին արդեն կարողանում են փող վաստակել։

― Ես էլ կուզեի աշխատել, հայրիկ։

― Կուզեի աշխատել... Աշխատանքը պետք է գտնել, նա ինքը մարդկանց մոտ չի գալիս։ Ա՛յ, առավոտները ժամը չորսին, երբ շուկա եմ գնում, դու դեռ քնած ես լինում, իսկ ես ճանապարհին հանդիպում եմ քեզանից էլ երկու անգամ փոքր երեխաների։ Վաստակում են իրենց համար մեկ-երկու պեննի ուտում են, իսկ թե չեն վաստակում՝ նստում են քաղցած։

― Ես էլ կարգին շոր չունեմ, ոչ գուլպա ունեմ, ոչ կոշիկ, հայրիկ։ Ես ինչպե՞ս գնամ աշխատանք գտնելու։

― Ախ դու, հիմար տղա։ Կարծում ես, թե աշխատանքի համար շքեղ հագուստ է հարկավոր։ Ա՛յ, այն տղաները, որոնց մասին ես խոսում եմ մի-մի վերնաշապիկ ունեն հագներին, բայց ուրիշներից վատ չեն աշխատում. ձուկ են տանում, կարտոֆիլով լի զամբյուղներ են տանում, ապրանք բարձած սայլակներ կամ նավակներ են պահպանում։ Իսկ դու ուզում ես աշխատանքի գնալ սպիտակ վերնաշապիկով ու լաքե ձեռնոցներով։ Ի՜նչ տիպն ես։

Հայրս արհամարհանքով շուռ եկավ ու գնաց։

Հորս հետ այս խոսակցությունը տեղի ունեցավ նրա ամուսնությունից կես տարի հետո։ Օր օրի վրա միսիս Բերկն ավելի ու ավելի էր տանջում ինձ։ Իմ դրությունը շատ ավելի վատացավ, երբ հայրս մի անգամ միսիս Բերկին հարբած գտավ ու ծեծեց։ Ես հաճախ օրերով սոված կմնայի, եթե ինձ չօգներ պառավ լվացարարուհի միսիս Ուինքշիփը։ Միսիս Ուինքշիփը վաղուց էր ճանաչում իմ մայրիկին և միշտ գովում էր նրան. «Քո մայրը շատ լավն էր քո հոր համար, իսկ հայրդ շատ լավն է այդ չարասիրտ ու խորամանկ Բերկի համար»,― ասում էր նա։ Սովորաբար ես իմ բոլոր վշտերը պատմում էի միսիս Ուինքշիփին։ Նա ինձ կանչում էր իրենց խոհանոցը և կերակրում իր ճաշի մնացորդներով։ Երբեմն նա Պոլլիին վերցնում էր իր մոտ և պահում, որ ես մի քիչ խաղալու ժամանակ ունենամ։ Մի օր ես միսիս Ուինքշիփին հարցրի, թե ինչ բան է «հաչողը»։ Նա ինձ բացատրեց, որ այդպես է կոչվում այն տղան, որին մանրավաճառը վարձում է, որ ապրանք բարձած սայլակը քաշի և դրան հսկի, երբ տերը շուկայում զանազան բաներ է գնում, իսկ հետո էլ, երբ գնում են փողոցներում ապրանքը վաճառելու, իր տիրոջն օգնի գովաբանել ապրանքը։

― Իսկ ձեր տեսած «հաչողներից» ամենափոքրը ինչպիսի՞ն է եղել,― հետաքրքրվեցի ես։

― Ինչպիսի՞ն։ Ես տեսել եմ այնպիսիներին, որոնք քո ուսերին կգան։ Հասակն այստեղ կարևորը չէ։ Գլխավորը զիլ ձայն ունենալն է։

Միսիս Ուինքշիփը երկար բացատրեց, թե առևտրականի համար որքան մեծ նշանակություն ունի բարձր ու դուրեկան ձայնով իր ապրանքները գովաբանելը։ Նա ասաց, որ ամեն մի ապրանք պետք է գովել հատուկ ձայնով։

Դրանից հետո ինձ սկսեց տանջել այն հարցը, թե ունեմ երաժշտական ձայն։ Իմ խորթ մայրը լավ երգչուհի էր համարվում, ես նրանից մի քանի երգ էի սովորել և հաճախ երգում էի, իմ կարծիքով, բոլորովին ճիշտ։ Բայց ով գիտե, գուցե իմ ձայնը երգի համար լավ է, բայց ձուկ կամ որևէ միրգ գովաբանելու համար բոլորովին անպետք կլինի։ Ես ուզում էի, ինչ գնով էլ լինի, ազատվել խորթ մորս ծեծից, բայց դրա համար բացի «հաչող» դառնալուց ուրիշ ոչ մի միջոց հնարել չէի կարողանում։ Մի քանի անգամ փորձեցի գոռալ՝ ձայնս նմանեցնելով այս կամ այն մանրավաճառին, բայց չէի կարողանում որոշել, թե լավ եմ գոռում ես։

Մի անգամ Պոլլիին գրկած նստել էի մեր սանդուղքի վրա և այնպես մտքի մեջ ընկա, որ երեխան դուրս պրծավ ձեռքիցս և ճչալով գլորվեց աստիճաններով։ Միսիս Բերկը լսեց նրա ճիչը և կայծակի արագությամբ հարձակվեց ինձ վրա։ Առանց իմ բացատրությունները լսելու, նույնիսկ առանց երեխային վերցնելու, նա մազերիցս բռնեց և մի քանի անգամ գլուխս խփեց պատին։ Նա ուզեց ականջս բռնել, բայց ես խույս տվի, և նրա եղունգները այտիս քսվելով՝ արյունոտեցին երեսս։ Հետո նա սկսեց ինձ ծեծել բռունցքներով ու քիթս սեղմել մատերի արանքում։ Ցավը ինձ կատաղության հասցրեց։ Ես նրա մատը կծեցի և ձեռքից դուրս պրծա։ Նա ցավից աղաղակեց և ինձ բաց թողեց։ Օգտվելով դրանից՝ ես հեռացա նրանից և որքան ուժ ունեի՝ սկսեցի փախչել մեր փողոցով։


Գլուխ 7. Երեկոն Սմիթֆիլդի շուկայում։ Ինձ լուրջ վտանգ է սպառնում

Չգիտեմ, թե հետապնդում էր արդյոք ինձ միսիս Բերկը։ Ես վազում էի մեր փողոցով և նույնիսկ ետ չէի նայում։ Միսիս Ուինքշիփը ինձ տեսավ և իմ վախեցած դեմքից հասկանալով, որ ես մեծ վտանգից եմ փախչում, գոռաց ինձ.

― Փախիր, Ջիմմի, փախիր, տղա որ քեզ չհասնեն։

Մեր նրբափողոցից ես անցա Տերնմիլ փողոցը և շուռ եկա դեպի Սմիթֆիլդի շուկան։ Ես հասկանում էի, որ բաց տեղում միսիս Բերկը հեշտությամբ կբռնի ինձ, բայց շուկայի հրապարակի նեղ և ծուռումուռ անցքերում ինձ գտնել չէր կարող։

Շուկայի օր չէր։ Հրապարակը խաղաղ էր ու դատարկ։ Ես այդ հրապարակը լավ էի ճանաչում, որովհետև հաճախ էի խաղացել այնտեղ ընկերներիս հետ։ Հիշում էի, որ տղաները «խոզի շարքը» գնալ չէին սիրում, ուստի և հենց այնտեղ գնացի։ Բարձրացա մի փակ խանութի սանդուղքի վրա և սկսեցի այդտեղից շուրջս դիտել։ Միսիս Բերկը ոչ մի տեղ չէր երևում։ Արագ վազելուց շունչս կտրվում էր. լալիս էի ցավից ու սրտնեղությունից։ Արցունքս խառնվում էր արյունին, որ ծորում էր իմ երեսից, միսիս Բերկի չանգռած տեղերից։ Մազերս խճճված էին, գլխիս գլխարկ չկար։ Բոբիկ ոտքերս ցեխոտվել էին, բաճկոնս քրքրված էր և կարկատաններով պատած։ Ահա ինչ վիճակում էի ես նստել խոզի շարքի խանութի աստիճանների վրա մայիսյան այն ջերմ երեկոյին։

Առաջին կես ժամը իմ միտքն զբաղված էր մեկ բանով, ես շարունակ վախենում էի, թե միսիս Բերկը մի որևէ անկյունում թաքնված կլինի և ահա հանկարծ կհարձակվի ինձ վրա։ Անվերջ այս ու այն կողմ էի նայում ու ականջ էի դնում ամեն մի խշշոցի։ Բայց ժամանակն անցնում էր, իսկ իմ թշնամին ոչ մի տեղ չէր երևում։ Քիչ-քիչ հանգստացա և լսելով, որ ժամը չորսը խփեց, սկսեցի լուրջ մտածել, թե ի՞նչ պիտի անեմ։ Տուն գնամ։ Ո՛չ, անկարելի է, նա ինձ կսպանի։ Այժմ ինչ ուզենա կանի ինձ. հայրիկիս ցույց կտա իր կծած մատը, և հայրս կասի, որ հենց տեղն է եղել ինձ ծեծելը։ Ինչո՞վ կարող եմ արդարանալ։ Ես կծեցի նրա ձեռքը, այդ արդեն վատ էր։ Բացի դրանից երեխային ցած գցեցի։ Ինձ հրամայված էր հանգիստ նստել և պինդ պահել երեխային, իսկ ես նրան ցած գցեցի, նա երևի վնասվածք ստացավ, գուցե և շատ խիստ։ Խե՜ղճ Պոլլի։ Նա վայր ընկավ սարսափելի թխկոցով ու ճիչով։ Գուցե հենց հիմա նրա բոլոր ոսկորները կոտրվել են։ Գուցե հենց դրա համար էլ խորթ մայրս իմ ետևից չվազեց։ Ոչ, տուն վերադառնալու մասին մտածել անգամ չի կարելի։

Բայց ո՞ւր գնամ։ Փողոցում արդեն մութ էր։ Սկսեցին լապտերները վառել։ Խոզի շարքում նստելը շատ անդուրեկան բան էր։ Ես քայլեցի մինչև շուկայի առաջին շարքը և այնտեղ նորից նստեցի՝ աշխատելով մտածել իմ դրության մասին։ Որքան ավելի էր մթնում, այնքան ավելի ուտել էի ուզում։ Սկսեցի մտածել, թե ինչ կպատահի ինձ, եթե վերադառնամ տուն։ Մտաբերում էի իմ կերած ամենաուժեղ ծեծերը և աշխատում էի պատկերացնել, թե կարող եմ դիմանալ այդպիսի պատժի։ Հանկարծ մեկը դիպավ իմ թևին։ Վերև նայելով՝ ես տեսա իմ առջև կանգնած մի մարդու, ձեռքին բռնած երկու պենս։

― Ա՜խ, խեղճ մոխրատիտիկ,― ասաց նա կարեկից ձայնով։― Առ, հաց գնիր քեզ համար։

Մինչև ես զարմանքից ուշքի կգայի, անցորդը մթության մեջ անհետացավ; Ես նույնիսկ չհասցրի շնորհակալություն հայտնել նրան և չգիտեի, ուրախանա՞մ ստացածս փողի համար։ Ինչու նա ուղղակի չասաց. «Ահա քեզ երկու պեննի»։ Ինձ շատերն Էին մոխրատիտիկ անվանել, և ես դրանից չէի նեղանում, բայց ինչու նա ինձ պատվիրեց հաց գնել, կարծես ես մուրացկան եմ։ Իմ արժանապատվությունը պահելու համար ես բարձր ու առողջ ձայնով գոռացի այն կողմը, ուր անհետացել Էր գթասիրտ մարդը.

― Ես հաց չեմ գնի։ Կգնեմ ինչ-որ քեֆս ուզի։

Եվ ճամփա ընկա հաստատ որոշելով ինձ ողորմություն տվող մարդու ասածի հակառակն անել։ Ես վճռականորեն հեռանում էի ճանապարհին ինձ հանդիպող հացի խանութներից և աշխատում էի մտածել միայն քաղցրավենիքի մասին։ Այսպես հասա մի փոքրիկ խանութի, որտեղ վաճառում Էին զանազան անուշեղեն ու դոնդողներ։ Դրանք լցված Էին ապակե խոշոր ամանների մեջ, և յուրաքանչյուր ամանի վրա նշանակված Էր գինը։ Ինձ առանձնապես հրապուրեց մի աման, որի մեջ սալորի անուշ կար։ Նրա վրա գրված Էր՝ «ֆունտը 18 պեննի»։ Ես սկսեցի մատներով հաշվել և գտա, որ այդ անուշի երկու ունցին կարժենա 2 պեննի և 1 ֆարտինգ։ Ճիշտ Է, ինձ մեկ ֆարտինգ պակասում էր, բայց միևնույն է, ես կարող էի պարզապես երկու պեննիի անուշ խնդրել։ Երկու պեննին լավ փող է, դա մի ինչ-որ կես պեննի չէ։

― Խնդրեմ ինձ երկու պեննիի սալորի անուշ տաք,― կրկնեցի ես ինքս ինձ և հաստատ քայլերով ուղղվեցի դեպի խանութի դուռը։ Բայց հազիվ էի ոտքս շեմքին դրել, մեկ էլ ականջիս մի հարված իջավ, որն ինձ ետ շպրտեց դեպի փողոց։

― Կորի՛ր այստեղից,― գոռաց խանութպան պառավը։― Արդեն տասը րոպե է հետևում եմ քեզ, գող անպիտան։― Այս ասելով նա դուռը շրխկոցով ծածկեց։

Ես դրանից շատ նեղացա։ Նետվեցի փողոց, որ մի քար վերցնեմ ու զզվելի խանութի լուսամուտները փշրեմ, բայց այդ րոպեին ինձ շշմեցրեց այնպիսի մի հրապուրիչ բուրմունք, որ իմ զայրույթն իսկույն չքացավ։

Բուրմունքը գալիս էր հարևան խորտկարանից։ Երևի այնտեղ հենց նոր փռից հանել էին սիսեռի պուդինգ և յուղոտ բլիթներ։ Ի՞նչ կլիներ ինձ հետ, եթե ես խորտկարանին մոտենայի իմ երկու պեննին անուշի մի չնչին կաթիլի վրա ծախսելուց հետո։ Առանց մի րոպե տատանվելու մտա խորտկարան և ինձ համար ընթրիք գնեցի, մեկ յուղաբլիթ, մի կտոր սիսեռի պուդինգ կես պեննիի և կես պեննիի էլ՝ տապակած կարտոֆիլ։ Ուզեցի անմիջապես սկսել ընթրիքս, բայց լսել էի, որ աշխարհում կան չար մարդիկ, որոնք հետամուտ են լինում անպաշտպան երեխաներին և կողոպտում նրանց։ Դրա համար էլ ես իմ ընթրիքը փաթաթեցի կաղամբի տերևի մեջ, թաքցրի բաճկոնիս փեշի տակ, գնացի խոզի շարքը և այնտեղ մեծ բավականությամբ ամբողջը կերա մինչև վերջին փշրանքը։

Չի կարելի ասել, թե կշտացա։ Ո՛չ, ես կարող էի երեք անգամ ավելի ուտել, բայց և այնպես ընթրիքը փոքր-ինչ հագեցրեց իմ քաղցը։ Իմ մտքերը նորից դարձան դեպի փոքրիկ Պոլլին։ Ի՞նչ դրության մեջ է նա հիմա։ Նրա մասին ես ավելի շատ էի մտածում, քան հայրիկիս, տան կամ որևէ բանի մասին։ Նա ինձ հետ խոսել չէր կարողանում, բայց ես տեսնում էի, որ նա իրեն շատ վատ էր զգում, երբ ես լաց էի լինում։ Երբ միսիս Բերկը ինձ ծեծում էր, փոքրիկ Պոլլին իր թաթիկները փաթաթում էր վզիս և քնքշությամբ համբուրում ինձ։

Սիրտս այնպես ծանրացավ, որ ես որոշեցի գնալ տուն կամ գոնե մեր նրբափողոցի մոտերքը թափառել, մինչև որ հարևաններից որևէ մեկը հանդիպի ու ինձ պատմի, թե ինչ դրություն է մեր տանը։

Արդեն բոլորովին մութն էր, և Սմիթֆիլդի շուկայի ճանապարհին ինձ քիչ անցորդներ էին պատահում։ Ես քայլում էի շատ զգույշ, շուրջս նայելով, և երբ ինձ թվում էր, թե դեմս է գալիս հայրիկիս կամ միսիս Բերկին նման որևէ մեկը, իսկույն թաքնվում էի դարպասների տակ։ Բայց իմ երկյուղն իզուր էր. ես արդեն Տերնմիլ փողոցի կեսից ավելին անցել էի անվտանգ։ Հանկարծ, մեր նրբափողոցից դեռ մի քսան սաժեն հեռու, հանդիպեցի իմ ընկերներից մեկին՝ Ջերրի Պեպին, որը երեք-չորս տարով ինձանից մեծ մի տղա էր։ Ասենք, ավելի ճիշտ, ոչ թե ես նրան հանդիպեցի, այլ նա ուղղակի կպավ ինձ։ Փողոցի մյուս կողմից նա վազեց ինձ մոտ, երկու ձեռքով գրկեց ինձ, կարծես շատ էր ուրախացել, որ ինձ տեսավ։

― Ջիմ, սիրելի բարեկամ,― գոչեց նա։― Այդ ո՞ւր ես գնում։

― Ինքս էլ չգիտեմ, Ջերրի,― պատասխանեցի ես։― Ուզում էի գնալ տուն, տեսնեմ ինչ կա...

― Մի՞թե դու դեռ տանը չես եղել։ Առավոտվանից չես եղել, այն ժամանակից, երբ փախար։

― Այո, ամբողջ օրը փողոցում եմ եղել։ Ի՞նչ կա մեզ մոտ, Ջերրի։ Այսօր ճաշից հետո դու չե՞ս տեսել փոքրիկ Պոլլիին։

Պեպը իմ հարցերին չէր պատասխանում։

― Եթե դու տանը չես եղել, ուրեմն շուտ գնա,― ասաց նա՝ բռնելով օձիքս և հրելով մեր նրբափողոցի կողմը։― Գնանք, գնանք։

Ջերրիի արարքն ինձ կասկածելի թվաց։

― Ես կգնամ տուն, երբ ինքս ուզեմ,― ասացի՝ նստելով փողոցում։― Կարիք չկա, որ դու ինձ հրես, Պեպ։

― Ես քեզ հրո՞ւմ եմ։ Ա՛յ թե հնարեցիր։ Ինչո՞ւ պետք է հրեմ քեզ։ Դու ինքդ ասացիր, որ տուն ես գնում։ Ինչ արժանի ես, որ մարդ քեզ ծառայություն անի։

― Ի՞նչ ծառայություն, Ջերրի։

― Ինչ ծառայությո՞ւն։ Շատ պարզ է, թե ինչ։ Այնտեղ, մեր փողոցում, բոլորը ողբում են քեզ համար, հայրդ էլ, մայրդ էլ, փոքրիկ Պոլլին էլ. լսելիս մարդու սիրտը մղկտում է։ Առանց քեզ ընթրիքի նստել չեն ուզում։ Իսկ ընթրիքի համար մի ահագին մսե պուդինգ են պատրաստել, կարտոֆիլով։ Ես էլ ինքս ինձ մտածեցի, սրանք այստեղ լացուկոծ են անում, իսկ խեղճ Ջիմմին թափառում է փողոցներում, վախենում է տուն վերադառնալ։ Գնամ գտնեմ նրան, ասեմ, որ չվախենա։ Եվ ահա եկա։ Իսկ դու թափառում ես փողոցում և կարծում ես, թե ես խաբում եմ։

Ես նայեցի ուղիղ Ջերրիի երեսին, և գազե լապտերի լույսի տակ նրա դեմքն ինձ այնպես ազնիվ երևաց, որ դադարեցի կասկածել։ Մինչդեռ նրա պատմությունը համարյա անհավանական էր։ Բոլորը լալի՞ս են ինձ համար։ Մսե պուդինգը պաղո՞ւմ է իմ պատճառով։ Ես խղճի խայթ զգացի ու նույնիսկ աչքերս արտասվակալեցին։

― Ջերրի, այդ բոլորը ճի՞շտ ես ասում,― գոչեցի ես՝ վեր ցատկելով։― Դու համոզվա՞ծ ես, որ այդ ճիշտ է։ Ախր դու գիտես, թե ինչ վատ կլինի իմ օրը, եթե ճիշտ չես ասում։ Դու հո գիտես, թե միսիս Բերկը ինչպես Է ծեծում ինձ ու մազերս քաշքշում։

― Ի՞նչ կա սուտ ասելու։ Բոլորը քեզ են ողբում, կարծես ամբողջ տունը վառվում Է, իսկ ամենից ավելի հայրդ է ողբում։ Թե որ ինձ չես հավատում, մտիր մեր փողոցը, հենց Ուինկշիպների տան մոտից կլսես նրա ձայնը։ Նա պատրաստ Է վշտից կախվելու։

― Իսկ Պոլլի՞ն։ Ինչպե՞ս է նա։ Առո՞ղջ է։ Որևէ ոսկորը չի՞ կոտրվել, երբ ես նրան ցած գցեցի սանդուղքից։ Քիթը չի՞ արնոտվել։ Գլխին ուռուցքներ չե՞ն առաջացել։

― Ա՜, այ թե ինչից ես վախենում,― ուրախ վրա բերեց Ջերրին։― Դատարկ բան։ Նա բոլորովին առողջ է։ Երբ նրան բարձրացրին, նա քրքջում էր խելագարի պես։ Նրան վերցրին և տարան բժշկի մոտ...

― Ինչպե՞ս։ Իսկ ինչո՞ւ տարան բժշկի մոտ, Ջերրի։ Ախր դու ասում ես նա չի վնասվել։

― Մի՞թե ես ասացի՝ բժշկի մոտ,― պատասխանեց Պեպը՝ շփոթված երեսը դարձնելով ինձանից։

― Ասացիր, ասացիր, Պեպ։ Դու ասացիր, որ նրան տարան բժշկի մոտ։

― Դե լավ, բայց հո ես չասացի, թե ինչու տարան։ Ես միայն ասացի, որ երբ նրան բարձրացրին, նա քրքջում էր։ Եվ այնպես էր քրքջում, որ նույնիսկ վախեցան, մտածելով, թե դա հո հիվանդությունից չէ, և դրա համար էլ տարան բժշկի մոտ։

Այս բացատրությունից բոլորովին հանգստացած ու մխիթարված՝ ես վազեցի դեպի մեր փողոցը։ Ջերրին ուրախ շատախոսելով գալիս էր ինձ հետ։ Մենք արդեն մի քանի քայլ էինք հեռու մեր փողոցից, երբ հանկարծ մեզ մոտ վազեց մի տղա, որի հետ նույնպես շատ անգամ էի խաղացել, և բռնեց իմ ձեռքը։

― Բռնեցինք, Ջերրի,― գոռաց նա։― Հը, կես ենք անելու, չէ՞։

― Չէ, չէ,― գոռաց Ջերրին՝ բռնելով իմ մյուս ձեռքը։― Ես քեզ հետ կես չեմ անի։ Այն րոպեից, երբ նրա հայրը տուն է եկել, ես եմ վազվզում սրա ետևից։ Նախ ես եմ բռնել սրան։

― Իսկ ես քեզ ասում եմ՝ կես ենք անելու,― ասաց մյուս տղան՝ ավելի ամուր բռնելով ձեռքս։― Ես հետևում եմ ձեզ այն րոպեից, երբ դուք հանդիպեցիք իրար։ Առանց ինձ դու սրան տուն քարշ տալ չես կարող։ Դատարկ խոսքերի ժամանակ չէ, տանենք սրան։

― Հեռու կորիր։ Ջեմս Բալիզետն ի՞նչ ասաց։ Ով ամենից առաջ նրան բռնի ու տուն բերի, նրան մեկ շիլլինգ կտամ։ Իսկ երկրորդի մասին ոչինչ էլ չասաց։

― Ձայնդ կտրիր, ձայնդ կտրիր,― ասաց մյուս տղան, որ Ջերրիից ավելի ուժեղ էր։

― Դե արի, արի,― այս վերջին խոսքերը վերաբերում էին ինձ։― էլ ես քեզանից չեմ բաժանվի։ Հայրդ քեզ մահու չափ կծեծի, հենց որ ձեռքն ընկար։

Վախից սարսափահար ես դուրս պրծա նրանց ձեռքից և ընկա սալահատակի վրա, ամբողջ կոկորդով գոռալով, որ ավելի շուտ կմեռնեմ, քան մեկ քայլ կանեմ դեպի մեր փողոցը։ Որովհետև իմ ոտքերին կոշիկ չկար, ես այնքան էլ ուժեղ քացի տալ չէի կարող, բայց և այնպես բավական հաջող պաշտպանվում էի իմ թշնամիներից և չէի թողնում, որ ինձ բռնեն։ Երկուսն էլ կատաղության էին հասել։ Ստոր դավաճան Պեպը չարությունից սփրթնել էր։ Թեև նա հայտնի էր իր վախկոտությամբ, բայց այստեղ նրա մեջ հանկարծ քաջություն էր երևան եկել։ Նա շուռ եկավ դեպի իր հակառակորդը և ամբողջ թափով բռունցքը խփեց նրա երեսին։ Տղան՝ հարվածից շշմած, մի վայրկյան անշարժ կանգնած մնաց, աչքերը չռած նայեց Պեպին՝ տրորելով իր ցաված քիթը։ Հետո հանկարծ մի ոստյունով հարձակվեց նրա վրա, գետին գլորեց և սկսեց ամբողջ ուժով ծեծել։

Իմ թշնամու այդ անհաջողությունն այնքան հաճելի էր ինձ, որ ես վտանգը մոռացած, մի քանի րոպե դիտում էի այդ պատկերը։ Բայց շուտով իմ գլխում մի միտք ծագեց. «Քանի նրանք կռվում են, գլուխս ազատեմ»։ Ես նույն վայրկյանին վեր թռա տեղիցս և կայծակի արագությամբ փախա, քանի դեռ իմ հակառակորդները փողոցի ցեխի մեջ թավալած՝ ծեծում էին իրար։


Գլուխ 8. Ես փորձում «հաչել»։ Իմ նոր ծանոթները

Ես ետ փախա այն կողմը, որտեղից եկել էի և շուտով ընկա Սմիթֆիլդ, շուկայի այն կողմը, որտեղ անց էի կացրել օրվա մեծ մասը։ Ոչ ոք իմ հետևից չէր ընկել, և շուկան ավելի մութ էր ու լուռ, քան կես ժամ առաջ, երբ հեռացել էի այնտեղից։ Այժմ արդեն ես գիտեի, մեր տուն վերադառնալն անմտություն է։ Ջերրի Պեպի և նրա ընկերոջ միջև տեղի ունեցած խոսակցությունից հետո ես չէի կասկածում, որ և հայրս, և միսիս Բերկը սաստիկ բարկացած են ինձ վրա։ Հայրս այնպես էր ուզում շուտ հաշիվս տեսնել, որ նույնիսկ մի ամբողջ շիլլինգ էր խոստացել ինձ բռնողին։ Նրա համար մեծ գումար էր. մեկ շիլլինգով նա կարող էր երեք թաս գարեջուր գնել իր համար։ Բայց եթե տուն չվերադառնամ, ապա ի՞նչ պիտի անեմ, որտե՞ղ պետք է քնեմ։

Մինչև այժմ ես միշտ քնել էի շատ թե քիչ հարմար անկողնում։ Մի՞թե պիտի գիշերեմ հենց այնտեղ, որտեղ նստած եմ։ Ասենք ինչո՞ւ չէ։ Ես լավ ընթրել եմ, իսկ գիշերն այնքան էլ ցուրտ չէ։ Մի գիշեր կարելի է քնել։ Կծկվեմ այստեղ, անկյունում, և կքնեմ։ Հիմա շուտ է լուսանում, և այն ժամանակ...

Այն ժամանակ... այո, ի՞նչ պիտի անեմ ես այն ժամանակ։ Քնելուց առաջ մտածեմ, թե ինչ աշխատանքի կպչեմ, և վաղը առավոտվանից ինձ համար գործ փնտրեմ։ էլ ի՞նչ աշխատանքի կարող եմ անցնել։ Իհարկե հաչելու։ Վաղը կգնամ մի որևէ շուկա, այնտեղ մի հարմար մանրավաճառ կգտնեմ և կառաջարկեմ իմ ծառայությունը։ Բայց ի՞նչ կլինի, եթե իմ ձայնը բավականաչափ զիլ չլինի։ հարկավոր է փորձել։

Դեռևս ուշ չէր. ընդամենը ժամը տասն էր, և ես քաշվեցի խոզի շարքի մեջտեղը, որպեսզի այնտեղ սկսեմ իմ փորձերը։

Ի՞նչ ծաղիկներ ու պտուղներ եմ վաճառելու ես։ Ծաղիկներից ամենահավանականը դեղնաշուշանն է, հիմա դրանից շատ են առնում։

― Դեղնաշուշա՜ն... թարմ, բուրումնավետ դեղնաշուշա՜ն...

Իմ ձայնը ինձ բավական զիլ թվաց, բայց այն չէր, ինչ որ իսկական մանրավաճառներինն էր։ հարկավոր է շուշանը ավելի շատ երկարացնել։ Նորից փորձեմ։

Այսպես շատ ավելի լավ էր։ Ես մի քառորդ ժամ ետ ու առաջ էի քայլում շուկայի մութ շարքում և դեղնաշուշան էի գոռում։ Գոռում էի «հո-հո, հո-հո», պատկերացնելով, թե ծաղկի զամբյուղներ բարձած էշ եմ քշում և հարգանքով դիմում էի երևակայական տիրոջս՝ մնացորդի համար մանր փող խնդրելու։ Դեղնաշուշան վաճառելը միանգամայն բավարար սովորելուց հետո ես սկսեցի ելակի վաճառքը։ Պարզվեց, որ ելակ գոռալն ավելի դժվար է։

― Ելա՜կ, քաղցր, հյութալի ելա՜կ, ելա՜կ գնեցե՜ք,― գոռում էի ես զանազան ձայներով և ոչ մի կերպ հարմար տոն գտնել չէի կարողանում։ Վերջապես, բազմաթիվ փորձերից հետո, կարծես թե բոլորովին լավ սովորեցի ելակ գոռալ։ Հենց այդ ժամանակ նկատեցի, որ պահեստի անկյունում թաքնվել են երկու տղա։ Իսկույն մտքովս անցավ, թե այդ Ջերրի Պիպը և իր հակառակորդն են, որոնք իրենց կռիվը վերջացնելուց հետո համաձայնել են միասին իմ դեմ գործել։ Այն րոպեին, երբ ես շուռ եկա նրանց կողմը, նրանցից մեկը իր դարանից դուրս նետվեց և մազերիցս բռնեց։

― Քաղցր ելա՜կ, հյութալի ելա՜կ,― գոռաց նա՝ ծաղրելով ինձ և ամեն մի բառն ասելիս քաշելով մազերս։― Ի՞նչ ես գոռգոռում այստեղ։ Ինչպե՞ս ես համարձակվում աղմկել շուկայում, երբ վաղուց պետք է պառկած լինես անկողնում։ Հը՞։

Նա իր ձայնը նմանեցնում էր բարկացած ոստիկանի ձայնի։ Թեև շատ ուժեղ էր քաշքշում մազերս, բայց երբ շուռ եկա նրա կողմը, ուրախություն զգացի, դա Ջերրի Պեպը չէր, ուրիշ տղա էր։ Ուրեմն սրանք ինձ քարշ չեն տա տուն։

― Լսո՞ւմ ես, տղա,― շարունակեց իմ «ոստիկանը»։― Իսկույն գնա տուն, թե չէ քեզ ոստիկանատուն կտանեմ։

― Ինքներդ գնացեք տուն,― պատասխանեցի ես՝ դուրս պրծնելով նրա ձեռքից։― Ինչո՞ւ ինքներդ տուն չեք գնում։ Ի՞նչ եք կպել ինձանից։

Մենք հենց տուն ենք գնում,― պատասխանեց մյուս տղան՝ ուրախ քրքջալով ընկերոջ արարքի վրա։― Մենք թատրոնում էինք, իսկ հիմա գնում ենք տուն։

Ապա դառնալով իր ընկերոջը ավելացրեց.

― Գնանք, իսկապես, Մոուլդի։ Այսպես մենք մինչև կեսգիշեր Վեստմինստեր չենք հասնի։

Ես մի քանի անգամ հայրիկիս հետ եղել էի Քովնթգարդեն շուկայում և գիտեի, որ այդ շուկան գտնվում է կամ հենց Վեստմինստերում, կամ նրա մոտ, բայց ճանապարհը գտնել չէի կարող և որոշեցի այդ տղաներին հարցնել։

― Վեստմինստերի ո՞ր մասում եք ապրում,― հարցրի ես վերջին խոսքերն ասող տղային։

― Իհարկե՛ ամենալավ մասում,― պատասխանեց նա։

― Իսկ Քովնթգարդենը մոտի՞կ է ձեզանից։

― Մինչև Քովնթգարդեն թատրո՞նը,― հարցրեց Մոուլդին։― Ի՞նչ եք ասում, մեր կառքով երկու րոպեի ճանապարհ է, և ես ու Ռիփսթոնը միշտ այնտեղ օթյակ ենք վերցնում։ ճիշտ չէ՞, Ռիփսթոն։

― Բավական է հիմարություններ դուրս տաս,― ընդհատեց նրան Ռիփսթոնը։― Մենք, ճիշտ է, Քովնթգարդեն շուկային էլ, թատրոնին էլ մոտիկ ենք ապրում։ Ապրում ենք Դելֆիում։ Իսկ դո՞ւ, այ տղա։

«Միևնույն չէ, թե որտեղ եմ ապրում,― մտածեցի ես։― Քովնթգարդենում ես նույնպիսի հարմար օթևան կգտնեմ ինձ համար, ինչպես և Սմիթֆիլդում։ Եթե այս տղաների հետ գնամ այնտեղ, նրանք ինձ ցույց կտան ճանապարհը, և ես վաղը ժամանակին այնտեղ կլինեմ»։

― Գնանք,― ասացի ես,― արդեն ուշ է։

― Բայց դու ո՞ւր ես գնում,― զարմացած հարցրեց Մոուլդին։

― Ես գալիս եմ ձեզ հետ,― համարձակորեն պատասխանեցի ես։

― Բայց մենք գնում ենք Դելֆի։

― Ես էլ այնտեղ եմ գնում։

― Մի՞թե դու «Կամարներում» ես ապրում։

― Ի՞նչ «Կամարներ»։ Դուք ասացիք՝ Դելֆիում։

― Դե հա. Դելֆի, թե Կամարներ՝ միևնույն է։

― Ախ, ես այդ չգիտեի։ Եվ չէի էլ կարող իմանալ, չէ որ ես երբեք այնտեղ չեմ եղել։

― Երբեք չե՞ս եղել։ Բայց դու ասացիր, որ այնտեղ ես ապրում։

― Չէ, ես ոչ մի տեղ չեմ ապրում, ես տուն չունեմ։

― Լավ, արդեն փչում ես,― գոչեց Մոուլդին։― Ամեն մարդ էլ տուն ունի։ Իսկ որտե՞ղ էր քո հին տունը։

― Որտեղ է իմ տո՞ւնը։― Ես չէի ուզում այդ անծանոթ տղաներին պատմել իմ գլխով անցածը, բայց նրանք հարցեր էին թափում ինձ վրա, և ես այլևս չկարողացա թաքցնել նրանցից։ Ասենք, կարծես նրանց պատմելը վտանգավոր էլ չէր։ Նրանք, ինչպես երևում է, ապրում են ինքնագլուխ, և գուցե թե կօգնեն ինձ տեղավորվել և մի աշխատանք գտնել։

― Դուք խոստանո՞ւմ եք, որ ինձ չեք մատնի, եթե ամեն հնչ պատմեմ,― հարցրի ես։

Նրանք հանդիսավոր կերպով ինձ վստահեցրին, որ այդպիսի ստորության ընդունակ չեն։

― Դե ուրեմն լսեցեք. ես ապրում էի տանը, հորս հետ։ Մինչև այսօրվա գիշերը այնտեղ էլ քնում էի։

― Եվ փախե՞լ ես ու չե՞ս ուզում տուն գնալ։

― Ես երբեք չեմ վերադառնա։ Վերադառնալ չի կարելի,― համոզված պատասխանեցի ես։

― Հասկանում եմ,― ասաց Մոուլդին։― Դու ի՞նչ ես թռցրել այնտեղից։

― Ինչպե՞ս թե թռցրել։

― Այնպես, էլի, գողացել։ Քեզ բռնեցի՞ն, թե՞ կարողացար հաջողությամբ ծլկել։

― Ինչպե՞ս թե բռնեցին։ Ես ոչինչ չեմ գողացել։ Պարզապես փախել եմ, որովհետև ինձ այնտեղ ծեծում էին։

Տղաները թերահավատությամբ իրար նայեցին։

― Եվ մի՞թե, իսկապես, միայն նրա համար ես փախել, որ քեզ ծեծում էին,― հարցրեց Ռիփսթոնը։

― Միայն դրա համար։ Եթե ձեզ էլ այնպիսի ծեծ տային, չէիք ասի «միայն»։

― Իսկ քեզ այնտեղ ճաշ և զանազան ուրիշ բաներ տալի՞ս էին։

― Տալիս էին։

― Եվ դու ունեիր իսկական անկողին՝ սավանով, վերմակով, բարձով։

― Իհարկե։

― Սրան տես. դեռ ասում է «իհարկե»,― գոչեց Ռիփսթոնը։― Եվ մի՞թե կարծում ես մենք կհավատանք, որ թողել ես այդ բոլորը՝ և՛ ուտելիքը, և՛ անկողինը, և տանից փախել ես միայն նրա համար, որ քեզ ծեծում էին։ Դու պարզապես ստախոս ես։

― Կամ թե դարմանագլուխ հիմար,― վճռական վրա բերեց Մոուլդին։

― Չեք հավատում, մի հավատացեք,― ասացի ես։― Միայն թե ես ճշմարտությունն ասացի։

― Ինչ կա որ, գուցե և այդպես է,― ասաց Ռիփսթոնը։― Աշխարհում զարմանալի բաներ լինում են։ Միայն, այ թե ինչ կասեմ ես քեզ, այ տղա. ով որ տնից և լավ ուտելիքներից փախչում է միայն նրա համար, որ իրեն ծեծում են, նրան արժե թողնել անտուն ու անուտելիք, մինչև որ սովորի գնահատել դրանք։

― Թող որևէ մեկը առավոտվանից մինչև երեկո ծեծեր ինձ,― վրա բերեց Մոուլդին,― միայն թե ինձ մի կանոնավոր տուն տար։

― Օ՜, սրա համար դա ձեռնտու չէր լինի, Մոուլդի,― ծիծաղելով պատասխանեց նրա ընկերը։― Ո՛չ, ես չեմ հավատում, որ այս տղան ծեծից է փախել։ Նա երևի որևէ մեկից բան է գողացել կամ վառել, բայց չի ուզում խոստովանել. վախենում է, թե կմատնենք։ Եվ հասկանալի է, քանի որ մեզ չի ճանաչում։

Այսպես զրուցելով մենք շատ արագ առաջ էինք գնում։ Ի դեպ, հաճախ ստիպված էինք լինում կանգ առնել, որովհետև Մոուլդիի մեծ-մեծ կոշիկները հաճախ դուրս էին ընկնում նրա ոտքերից։ Մենք անցնում էինք այնպիսի մութ և ծուռումուռ փողոցներով, որպիսիք կյանքումս չէի տեսել։ Նույնիսկ ցերեկը այդ մռայլ ու նեղ փողոցներով անցնելը հաճելի բան չէր լինի։ Իսկ այժմ գիշեր էր, խավար գիշեր, և ես զգում էի, որ յուրաքանչյուր քայլը ինձ հեռացնում է տանից։ Տանը իմ կյանքը շատ դառն էր, բայց և այնպես, իմ ուղեկիցների ասածներից դատելով, ես հիմար էի, որ լքել էի մեր տունը։ Ես սկսում էի զղջալ, և աչքերս լցվում էին արցունքով։ Մենք շարունակ առաջ էինք գնում և վերջապես ընկանք գազե լապտերներով լուսավորված մի լայն փողոց։


Գլուխ 9. Կամարները

Արդեն ուշ է, մոտավորապես ժամը տասնմեկը, բայց փողոցում դեռ շատ ժողովուրդ կար։ Ամեն քայլափոխին մեզ հրմշտում էին, և մենք դժվարությամբ էինք առաջ գնում։

― Շուտ գնանք,― ասաց Ռիփսթոնը՝ դառնալով դեպի ինձ։― Արդեն քիչ է մնացել։

Այս դիտողությունն ինձ ուրախացրեց։ Երբ դուրս եկանք մի լայն ու լուսավոր փողոց, ես մտածեցի. «Ի՜նչ հիանալի տեղ են ապրում իմ ուղեկիցները, և ինչ բավականությամբ ինքս էլ կապրեի այստեղ»։ Բայց հետո ես մտքի մեջ ընկա։ Նրանք ասացին, որ գնում են տուն, իրենց բնակարանը, իսկ ինձ իրենց հետ չկանչեցին։ Երևի իրենք կմտնեն այն տունը, որտեղ ապրում են, իսկ ինձ կթողնեն փողոցում։ Երբ Ռիփսթոնն ասաց՝ «գնանք, արդեն մոտեցել ենք», ես սիրտ առա. նշանակում է՝ նրանք որոշել են ինձ հրավիրել իրենց մոտ, մտածեցի ես։

Հանկարծ իմ երկու ուղեկիցն էլ անհետացան։ Ո՞ւր կորան նրանք։ Գուցե ես նրանցից առաջ եմ անցել և ինքս էլ չեմ նկատել այդ։ Թեպետև ճշմարտության նման չէր, բայց և այնպես ես շուռ եկա և սկսեցի բարձր կանչել նրանց անունները։ Ոչ ոք ինձ չպատասխանեց։ Ես նորից առաջ վազեցի և ամբողջ ուժով գոռացի. «Ռիփսթոն»։ Պատասխան չկար։ Հուսահատությունը նորից տիրեց ինձ։ Գուցե այդ տղաները դիտմամբ ինձ հետ այս չար խաղը խաղացին։ Նրանք չէին ուզում ինձ հետ գնալ և ինձ լքեցին փողոցի մեջտեղը։ Գուցե նրանք ինձ ամենևին էլ այնտեղ չեն տարել, ուր Քովնթգարդենն է գտնվում, և հիմա ես նրանից ավելի հեռու եմ, քան նրանց հանդիպելու ժամանակ։ Այս բոլոր մտքերը այնքան տխուր էին, որ ես չկարողացա տիրապետել իմ վշտին, հենվեցի լապտերի սյունին և սկսեցի դառնորեն լալ։ Հանկարծ լսեցի ծանոթ ձայնը.

― Սմիթֆիլդ, որտե՞ղ ես։

Իմ անունը Սմիթֆիլդ չէր, բայց այդպես էր կոչվում այն տեղը, ուր ինձ հանդիպել էին իմ ընկերները, դրա համար էլ, իսկական անունս չիմանալով, այդպես էին կոչել ինձ։ Իմ լսածը Մոուլդիի ձայնն էր, դրան ես չէի կասկածում։

― Այստեղ եմ,― պատասխանեցի ես։― Դո՞ւք որտեղ եք։

― Մենք այստեղ ենք։ Մի՞թե չես տեսնում։

― Ես ոչ ոքի չէի տեսնում։ Ձայնը կարծես գետնի տակից էր գալիս։ Այն խանութների կողքին, որոնց առաջ այժմ ես գտնվում էի, կար մի ցածրիկ պատ։ Այդ պատի մեջ, ուղիղ գետնի մոտ, կային կլոր անցքեր, որոնք ինչ-որ խորքեր էին տանում։ Արդյոք այնտեղից չէ՞ր գալիս ձայնը։

Հանկարծ մեկը ձեռքս բռնեց։

― Այդ դո՞ւ ես, Մոուլդի,― հարցրի ես։

― Իհարկե ես եմ,― անհամբերությամբ պատասխանեց նա։― Դե արի, եթե ուզում ես։

Եվ Մոուլդին ինձ տարավ պատի մեջ եղած կլոր անձավներից մեկը։ Իմ երեսին խոնավություն և պաղ օդ փչեց։ Շուրջս այնքան մութ էր, որ երկու քայլի վրա ոչինչ տեսնել չէր կարելի։ Անցնելով մի քանի սաժեն այդ զարհուրելի անցքով, որը գազանի որջի նման տանում է դեպի խորքերը, ես այնպիսի վախ զգացի, որ ստիպված եղա կանգ առնել։

― Դուք այստե՞ղ եք ապրում, Մոուլդի,― հարցրի ես։

― Այնտեղ ցածում,― պատասխանեց նա։― Պետք է էլի մի քիչ ցած իջնենք։ Գնանք, ի՞նչ ես վախենում։

― Ախր այստեղ այնպես մութ է, Մոուլդի։

― Դու երևի սովոր ես քաղցր ուտել և փետուրե անկողնում քնել, բայց մենք շատ էլ պահանջկոտ չենք։ Գնանք, թե չէ՝ ձեռքս բաց թող, ինձ մի ուշացնի։

Ես ամբողջ ուժով կառչեցի նրա թևից։ Չգիտեի ինչ անեմ։ Նա երևի զգաց, թե ինչպես է դողում իմ ձեռքը։

― Դե լավ, ինչ վախենալու բան կա այստեղ, երեխա,― ասաց նա համարյա փաղաքշաբար։― Շուտ գնանք, այնտեղ գտնենք մի ֆուրգոն կամ սայլակ և մի խտիտ ծղոտ, որի վրա կարող ենք պառկել։

Մութ ու խոնավ անցքով ես նրա հետ առաջ գնացի։ Այդ անցքը այնպես թեք էր իջնում ներքև և այնպես լպրծուն էր, որ եթե կոշիկներով լինեի, երևի մի տասն անգամ ընկած կլինեի։ Ես աշխատում էի ինձ սիրտ տալ՝ մտածելով, թե վատ չի լինի, երբ այս անցքի վերջում գտնենք ծղոտն ու սայլակը, որի մասին խոսում էր Մոուլդին, և կպառկենք նրա մեջ։ Ինչ բարի տղա է Մոուլդին, որ այդպես սիրով ինձ առաջարկում է քնել իր հետ նույն անկողնում։ Մենք ավելի ու ավելի ցած էինք իջնում, իսկ մեր երեսին փչող քամին ավելի ու ավելի սառն էր դառնում։ Վերջապես հասանք Ռիփսթոնին։ Նա մրթմրթաց մեզ վրա, որ այդպես ուշացել ենք և ասում էր, թե այժմ ազատ սայլակ գտնել չենք կարողանալու։

― Ո՞ւր ենք գնում ― հարցրի ես անհամարձակ։― Ո՞ւր է տանում այս ճանապարհը։

― Գետը, եթե շարունակ ուղիղ առաջ գնաս,― ծիծաղելով պատասխանեց Ռիփսթոնը։

― Ինչո՞ւ ես վախեցնում նրան,― բարեսրտությամբ միջամտեց Մոուլդին։― Այո, Սմիթֆիլդ, ճանապարհը դեպի գետն է տանում, եթե շարունակ ուղիղ առաջ գնալու լինենք, բայց ուղիղ չենք գնա, մի կողմ կթեքվենք։

Ես երկյուղից ինձ կորցրել էի և առաջ էի գնում միայն նրա համար, որ եթե մտածեի վերադառնալ, ճանապարհը չէի գտնի։ Շուրջը առաջվա պես մութ էր։ Մոուլդին ինձ տանում էր ձեռքիցս բռնած, իսկ Ռիփսթոնը քայլում էր հետևից՝ մի ուրախ երգ երգելով։ Մենք թեքվեցինք մի կողմ և սկսեցինք իջնել աստիճաններով։ Հասնելով ամենացածր աստիճանին՝ Մոուլդին ասաց.

― Դե, արդեն տեղ հասանք։ Ռիփ, բռնիր սրա մյուս ձեռքը, թե չէ որևէ բանի կդիպչի և ոտքը կկոտրի։

― Ոտքդ բարձրացրու, Սմիթֆիլդ,― խորհուրդ տվեց ինձ Ռիփսթոնը․― և եթե ոտքդ որևէ տաք ու փափուկ բանի դիպչի, չկարծես թե բարձիկ է, ձեռք չտաս, թե չէ՝ կկծի։

― Ի՞նչը կկծի,― վախեցած հարցրի ես՝ զղջալով, որ չեմ մնացել խոզի շարքում գիշերելու։

― Ինչը՞։ Առնետը,― պատասխանեց Ռիփսթոնը՝ ուրախանալով իմ վախից։― Այստեղ ահագին առնետներ են վազվզում, կատվի մեծության կլինեն։

― Բավական է հիմարություններ դուրս տաս։ Առաջ անցիր,― ընկերոջն ընդհատեց Մոուլդին։

Ո՞ւր էինք ընկել։ Մութ էր ու զարհուրելի։ Աղյուսե պատերից թանձր գոլորշի է դուրս գալիս, այդ երևում է այս ու այն կողմ տեղավորված ճարպի մոմերի աղոտ լույսի տակ։ Այդպիսի մի մոմ էլ, մի հին դանակի պտուտակին խրած, ամրացված էր պատին մի քսան քայլ հեռու այն սանդուղքից, որով մենք իջնում էինք։ Մոմի լույսն ընկնում է մի կեղտոտ, ցնցոտիապատ ծերունու վրա, որը մի կոշիկ է նորոգում։ Ծերունին նստած է ձկան կողովի վրա։ Նրա համար որպես գործիք ծառայում են մի հին պատառաքաղ և մի կտոր թել։ Պատառաքաղի ծայրով ծակելով կոշիկը՝ ծերունին շրթունքներով սրում է թելի ծայրը և կոշիկը բռնում մոմին մոտիկ, որպեսզի ավելի լավ տեսնի, թե որտեղով պիտի անցկացնի թելը։

Նրա քթին ակնոց կա, կամ ավելի լավ է ասել ակնոցի պղնձե շրջանակ, որի մեկ ապակին կա միայն։ Նրա ձեռքերը դողում են այնպես, որ անցքը տեսնելուց հետո էլ չի կարողանում թելը միանգամից անցկացնել նրա մեջ։ Ծերունուն լուսավորող մոմը լույս է գցում նաև մի սայլակի առջևի մասի վրա։ Այդ սայլակում նստած են մի քանի տղա և ցեխի գնդիկներ են նետում ծերունու մոմի վրա։ Ցեխի մի գունդ դիպավ ծերունու ճակատին։

-Հա՛-հա՛-հա՛։ Տե՛ս, Սմիթֆիլդ,― ծիծաղեց Մոուլդին։― Հիանալի է։ Տեղն է այդ ծերուկին։

― Ինչո՞ւ։ Ի՞նչ է արել այդ տղաներին,― հարցրի ես։

― Օ՜, նա այնպիսի ժլատն է,― պատասխանեց Մոուլդին։― Ասում են՝ այս քարերի տակ շատ փող ունի պահած, ամբողջն էլ ոսկի։ Օ՜խ, ինչ լավ կլիներ, եթե մենք գտնեինք։

Այդ րոպեին ճիշտ նշանով գցած ցեխի գունդը ծերունու ձեռքից դուրս գցեց կոշիկը, թեև հենց նոր նրան հաջողվել էր անցքի միջով անցկացնել թելը։ Այժմ ծերունին չորեքթաթ սողում էր գետնին՝ կոշիկը գտնելու համար։ Այն սայլակից, որտեղ տղաներն էին նստած, ընդհանուր հռհռոց լսվեց։

― Երեխաներ, թողեք աշխատանքս վերջացնեմ,― խնդրում էր ծերունին։― Մնացել է մի վեց-յոթ տեղից կարեմ, հետո իմ մոմը ձեզ կտամ։ Այն ժամանակ կարող եք թուղթ խաղալ կամ ինչ-որ ուզենաք։

― Դե, մեզ համար մի երգ երգիր, քեռի,― լսվեց սայլակից մի ձայն,― այն ժամանակ մենք քեզ ձեռք չենք տա։

Ծերունին երգեց դողդոջուն ձայնով, աշխատելով օգտվել զինադադարից, որպեսզի աշխատանքն ավարտի։ Երբ նա առաջին տունը երգեց և հասավ կրկներգին, տղաները խմբով ձայնակցեցին նրան։ Այդ նույն րոպեին ճարպկորեն նետած ցեխի մի կտոր բոլորովին ծեփեց ծերունու ակնոցի միակ ապակին։ Մի ուրիշ ցեխի կտոր մոմը հանգցրեց և գցեց գետին։ Սայլակում առաջվանից ավելի բարձր ծիծաղ սկսվեց։

― Գնանք,― ասաց Մոուլդին,― այստեղ կանգնելու կարիք չկա։ Մեր ֆուրգոնն այն կողմն է, ետևի ծայրում։

Ամուր բռնելով Մոուլդիին՝ ես հետևեցի իմ ընկերներին։ Նրանք երկուսն էլ, ինչպես երևում է, բոլորովին վարժվել էին այդ տեղին, ճարպկությամբ առաջ էին գնում, մինչդեռ ես շարունակ ոտքս խփում էի սայլակների լծափայտերին, որոնք դժվար էր նկատել մթության մեջ։ Միայն խեղճ ծերունու մոմը կարող էր փոքր-ինչ լուսավորել շրջապատը։ Մյուս բոլոր մոմերը շրջապատված էին տղաների ու մեծահասակների խմբերով, որոնք խոնավ գետնին ու ծղոտի կույտերին նստած թուղթ էին խաղում, ծխամորճ էին ծխում և իրար հայհոյում ամենագարշելի բառերով։ Վերջապես մենք կանգ առանք։

― Կաց, Սմիթֆիլդ, ահա մեր ֆուրգոնը,― ասաց Մոուլդին։

Ես ոչինչ չէի տեսնում, բայց լսում էի, որ Մոուլդին բարձրանում է անիվների ճաղերի վրայով։

― Հը, ի՞նչ կա, ինչպե՞ս է այդտեղ,― հարցրեց Ռիփսթոնը։

― Հիանալի,― պատասխանեց Մոուլդին ֆուրգոնի վրայից։

― Դե, բարձրացիր,― ասաց ինձ Ռիփսթոնը։― Ոտքդ դիր անիվի վրա, ես քեզ կօգնեմ։

Նա իսկապես վեր հրեց ինձ, բայց այնպես ուժգին, որ ես չորեքթաթ ընկա ֆուրգոնի հատակին։

― Ասում ես «հիանալի է»,― մրթմրթաց Ռիփսթոնը՝ նույնպես բարձրանալով ֆուրգոնը,― այնինչ այստեղ ծղոտ չկա։

― Ոչ մի բուռ չկա,― հաստատեց Մոուլդին։

― Ես այդպես էլ գիտեի,― շարունակեց մրթմրթալ Ռիփսթոնը։― Հենց որ բարձրացա անիվի վրա, իսկույն զգացի, որ այս սայլով այսօր ածուխ են փոխադրել։

― Լավ կանեիր գրեիր սայլապանին,― վրա բերեց Մոուլդին,― որ նա վերջ տա ածուխ փոխադրելուն, զբաղվի կահ-կարասի փոխադրելով և ամեն երեկո մի լավ խուրձ ծղոտ թողնի, թե չէ մենք մեր բնակարանը կփոխենք։

― Այդ դեռ ոչինչ, որ ծղոտ չկա,― խոսեց Ռիփսթոնը․― վատն այն է, որ անիծյալ ածուխի փոշին մարդու քիթ ու բերանն է լցվում։

― Հը՛, քեզ դո՞ւր գալիս է այստեղ, Սմիթֆիլդ։

― Մենք այստե՞ղ ենք քնելու։

― Այս է մեր բնակարանը։ Համեցեք խնդրեմ, զգացեք ինչպես ձեր տանը,― սիրալիր խոսեց Մոուլդին։

― Իսկ ո՞ւր է ձեր անկողինը։ Անկողին հո ունե՞ք։

― Ինչպես չէ. մի ամբողջ ներքնակ՝ ամենաընտիր փետուրով լցված, և բարձերի ու սավանների մի ամբողջ կույտ։ Մենք ամեն ինչ ունենք, միայն ցավն այն է, որ չգիտեմ, թե ուր են կորել այդ բոլորը․― Եվ Մոուլդին սկսեց պրպտել ֆուրգոնի մեջ, կարծես կորած իրերն էր որոնում։

― է՜,― ասաց նա հետո,― անկողնի մասին ես խոսում։ Ահա մեր անկողինը։― Եվ նա կրունկով խփեց ֆուրգոնի եզրին։― Թե կոշտ է թվում քեզ, իջիր ցած, այնտեղ փափուկ ցեխ շատ կա։

― Նրան մի լսիր, Սմիթֆիլդ,― ասաց Ռիփսթոնը։― Այսօր այստեղ ավելի վատ է, քան միշտ եղել է, որովհետև ծղոտ չկա։ Իսկ երբ ծղոտ է լինում, այստեղ շատ լավ է։ Գալիս ես այստեղ ցուրտ գիշերին, մտածում ես. ի՜նչ անբախտ մարդ ես դու , նորից մերկ տախտակներին ես քնելու։ Հանկարծ նայում ես ֆուրգոնի մեջ հիանալի, չոր ծղոտի մի ամբողջ խուրձ կա, որի մեջ թեկուզ գլուխդ թաղիր։

Եվ այդ շքեղությունը հիշելիս Ռիփսթոնը լեզուն չթացրեց այնպես ախորժակով, կարծես մի գդալ տաք ու համեղ արգանակ կուլ տվեց։

― Իսկ դուք չե՞ք մրսում, երբ ձեր շորերը հանում եք,― հարցրի ես։

― Չգիտեմ,― կարճ պատասխանեց Ռիփսթոնը։― Երբեք չեմ փորձել։

― Վերջին անգամ ես շորերս հանել եմ անցյալ օգոստոսին,― ասաց Մոուլդին։― Բայց քնելու ժամանակն է, եկեք պառկենք։ Ո՞վ է բարձ լինելու, Սմիթֆիլդ, դու ուզո՞ւմ ես։

Ես այնքան դժբախտ էի զգում ինձ, որ ինձ համար միևնույն էր, թե ինչ կլինեմ, ուստի և համաձայնեցի։

― Բայց գուցե դու չե՞ս ուզում, ասա, մի քաշվի,― ասաց Ռիփսթոնը։― Նայած ով ինչպես է սիրում։ Մեկը ուզում Է, որ փափուկ լինի, մյուսը՝ որ տաք լինի։ Քեզ համար ո՞րն Է ավելի լավ։

― Ես սիրում եմ, որ իմ քնելու տեղը և՛ տաք լինի, և՛ փափուկ,― արցունքն աչքերիս պատասխանեցի ես։

― Սրան տես, և՛ այն, և՛ մյուսը,― ծիծաղեց Մոուլդին։― Դե, լսիր, եթե ուզում ես բարձ լինել, բարձրացիր այստեղ և մի նվնվա։ Մեզ լաց պետք չէ։ Իզուր քեզ բերինք հետներս։

Ես շտապեցի Մոուլդիին համոզել, թե լալիս եմ նրա համար, որ արցունքներս զսպել չեմ կարողանում, բայց պատրաստ եմ բարձ լինելու, եթե ինձ ցույց կտա, թե ինչ պետք է անեմ։

― Այստեղ ցույց տալու բան էլ չկա,― պատասխանեց Մոուլդին՝ մեղմանալով։― Բարձը նա է, ով պառկում է ներքևը, այնպես, որ մյուսները գլուխները գոնե դնեն նրա վրա։ Դրանից ցածում պառկողի տեղը տաք է լինում, իսկ մյուսներինը փափուկ։ Դա և հեշտ է, և հարմար։

― Լավ, հեռու կացեք, ես բարձ կլինեմ,― գոչեց Ռիփսթոնը և պառկեց ֆուրգոնի մի ծայրում։― Պառկեք ինձ վրա։

― Պառկիր ինձ պես, Սմիթֆիլդ,― ասաց Մոուլդին՝ պառկելով քնելու։

Բայց նրա օրինակին հետևելը բավական դժվար էր. նա գրավեց Ռիփսթոնի ամբողջ իրանը, իսկ ինձ մնացին ոտքերը։ Տրտնջալն անօգուտ բան էր, և ես էլ մի կերպ տեղավորվեցի։

― Դու քնե՞լ ես ուզում, Ռիփ,― հարցրեց Մոուլդին մի քանի րոպե լռելուց հետո։

― Ուզում եմ։ Իսկ դո՞ւ։

― Ես երբեք այդպիսի կռիվներից հետո քնել չեմ կարողանում։ Երևակայիր, որ քո նավի վրա երեք ավազակ են հարձակվում, իսկ դու վրադ ունես ընդամենը մի շապիկ, վարտիք ու երկու դանակ, ուրիշ ոչ մի զենք։

― Հա, հիանալի բաներ են ցույց տալիս թատրոնում,― խոսեց Ռիփսթոնը քնկոտ ձայնով։― Բարի գիշեր։

― Բարի գիշեր։

Նորից լռություն տիրեց և նորից Մոուլդին ընդհատեց.

― Քնա՞ծ ես, Ռիփ։ Լսո՞ւմ ես։ Քնա՞ծ ես։

― Դե, էլ մյուս անգամ ինձ բարձ դարձնել չես կարող, եթե այդքան պիտի շատախոսես,― բարկացած ասաց Ռիփսթոնը։― Ի՞նչ ես ուզում։

― Զարմանալի մարդ ես։ Չես սիրում պառկել ու զրուցել տեսածիդ մասին։

― Հենց այդպիսի հիմարության համա՞ր արթնացրիր ինձ։

― Ես միայն ուզում էի քեզ հարցնել, ի՞նչ ես կարծում, ավազակները իսկական մարմի՞ն գցեցին ջրհորը։

― Իհարկե, ես պարկի ծակերի միջով տեսա ձեռքերը,― ծիծաղով պատասխանեց Ռիփսթոնը։

― Եվ դու կարծում ես իսկական խոր ջրհո՞ր էր։

― Այ քեզ բա՜ն, իհարկե՛։

― Իսկ ես ջրի ճղփոց չլսեցի,― պնդեց Մոուլդին։

― Դու լավ չես լսել. չէ՞ որ ջրհորը խորն է, միանգամից չի լսվի, իսկ ես լսեցի երեք րոպեից հետո։

Մոուլդին լռեց, բայց նա շնչում էր շատ ծանր։ Երևում էր, որ խոսել է ուզում։ Նա սկսեց ձայն տալ Ռիփսթոնին, բայց սա պատասխանի փոխարեն սկսեց բարձր խռմփալ։ Նա ինձ ձայն տվեց, բայց ես խոսել չէի ուզում և քնած ձևացա։

Իրականում իմ քունը չէր տանում։ Արցունքից թրջված այտս Ռիփսթոնի սրունքներին սեղմած՝ ես մտածում էի իմ գլխով անցածի, տանից փախչելու և այն մասին, թե ի՞նչ է սպասում ինձ ապագայում։ Ավելի լավ կլիներ դիմանայի միսիս Բերկի ծեծին, ավելի լավ կլիներ տուն վերադառնայի, երբ Ջերրի Պեպը բռնեց ինձ։ Հայրս ինձ կծեծեր գոտիով, բայց այժմ արդեն ամեն ինչ վերջացած կլիներ, ես տաք անկողնում պառկած՝ օրորելիս կլինեի փոքրիկ Պոլլիին։ Իհարկե, ծեծի ցավը դեռ անցած չէր լինի, բայց այդ րոպեին ես պատրաստ էի ամեն տանջանք կրել, միայն թե ինձ փոխադրեին մեր փողոցի 19 տունը և ներեին իմ բոլոր հանցանքները։

Խե՜ղճ փոքրիկ Պոլլի։ Ես չէի կարողանում նրա մասին մտածել առանց արցունքի, իսկ նա ամենևին դուրս չէր գալիս իմ գլխից։

Գուցե թե նա սանդուղքի քարե աստիճաններին զարնվելով սպանվել է և այժմ միայնակ պառկած է սենյակում անշարժ, անշնչացած։ Այս վերջին միտքն այնքան զարհուրելի էր, որ արցունքներս դադարեցին։ Ես հիշեցի իմ մորը, հիշեցի այն երեկոն, երբ նա մեռավ, և այն օրը, երբ նրան թաղեցին։

Հանկարծ ծանր ոտնաձայներ լսվեցին։ Թուղթ խաղացող տղաներն ու պատանիները դեպի ֆուրգոնները նետվելով՝ գոռացին․― հանգցրեք մոմերը։ Չանգալները գալիս են։ Ես գիտեի, որ չանգալ անվանում են ոստիկաններին, և հանկարծ սարսափը պատեց ինձ։ Երևի միսիս Բերկը ոստիկանությանը հայտնել է իմ փախուստի մասին, և այժմ ինձ են որոնում։ Ինչո՞ւ ես բարձի տեղ չպառկեցի. այն ժամանակ մյուսների տակ մնալով չէի երևա։ Քայլերը մոտենում էին։ Երեք ոստիկան մոտեցան մեր ֆուրգոնին։ Ես ամբողջ մարմնով դողում էի, և երեսս ծածկվեց պաղ քրտինքով։ Ոստիկաններից մեկը բարձրացավ անիվի վրա և լապտերի պայծառ լույսով լուսավորեց մեր ֆուրգոնը։

Բայց ահա նա նորից ցած թռավ, և ես ազատ շունչ քաշեցի։ Երեքն էլ գնացին՝ խոսելով իրենց գործերի մասին, և նրանց քայլերի ձայնը ավելի ու ավելի թույլ էր լսվում։ Կամաց-կամաց բոլոր ձայները լռեցին, բացի քնածների խռմփոցից և առնետների ծվծվոցից։ Ես քուն մտա։


Գլուխ 10. «Ռիփսթոն, Մոուլդի եվ ընկ.» ընկերությունը

Ես խոր քնած էի, երբ «բարձը» դուրս պրծավ իմ տակից, և գլուխս թրխկաց ֆուրգոնի հատակին։ Ես աչքերս տրորեցի և նկատեցի, որ Մոուլդին արդեն վեր է կացել։ Շուրջը կիսախավար էր։ Ինձ թվում էր, թե ոստիկանը մեզ լապտերով լուսավորեց ընդամենը մի հինգ րոպե առաջ։ Ես ինձ զգում էի հոգնած ու տանջված, կարծես բոլորովին չէի քնել, դրա համար էլ առանց երկար մտածելու նորից կծկվեցի անկյունում, ձեռքս դնելով գլխիս տակ։

― Ի՞նչ ես անում, Սմիթֆիլդ,― գոչեց Ռիփսթոնը։― Շուռ արի։ Ի՞նչ է, մտադիր ես ամբողջ օրն այստե՞ղ նստել։

― Բայց հիմա դեռ ցերեկ չէ,― մրթմրթացի ես. – չե՞ս տեսնում, դեռ որքան մութ է։

Հիմարություններ ես դուրս տալիս։ Վեր կաց և տես ինչ լույս է։ Արևն արդեն դուրս է եկել։ Բարձրացիր այստեղ, ինքդ կտեսնես։

Այս ասելով Ռիփսթոնը բարձրացավ ֆուրգոնի կողի վրա, որտեղ արդեն նստած էր Մոուլդին, և ես նույնպես բարձրացա նրա մոտ։

Շուրջը ամեն ինչ խավար էր, բայց Ռիփսթոնի ցույց տված տեղում երևում էր մի բան, որ առաջին հայացքից նման էր փայլուն արծաթի գնդի։ Ավելի ուշադիր նայելով՝ ես հասկացա, որ դա պարզապես մի կլոր անցք էր, որտեղից ներս էին թափվում արևի շողերը։ Այդ անցքի միջով երևում էր գետի ջուրը, որ թեթևակի ալեկոծված՝ շողշողում էր արեգակի ճառագայթների տակ։ Երևում էր կապուտակ երկնքի մի պատառ և խոտ բարձած մի բեռնանավ, որ դանդաղորեն շարժվում էր հոսանքի հետ։

― Գնանք,― ասացի ես ոտքս գցելով ֆուրգոնի կողի մյուս կողմը,― գնանք այնտեղ, որտեղ լուսավորում է արեգակը։ Ի՞նչ կա այս խավարում նստելու։

― Ամեն մեկը իր ճամփեն է գնում,― մռլտաց Մոուլդին։― Գնա այնտեղ, թե որ ուզում ես։

― Իսկ դու և Ռիփսթոնը մի՞թե չեք գա։

― Մենք կգնանք այնտեղ, ուր միշտ գնում ենք՝ Քովնթգարդեն։ Ի՞նչ կա գետի մոտ, որ գնանք այնտեղ։

― Գուցե նա ոսկոր հավաքելու է գնում,― ասաց Ռիփսթոնը։

― Լավ գործ է. մի ֆունտի համար մի պղնձե գրոշ ստանալ, այն էլ երբ կհավաքես մի ֆունտը։ Նավատերերն էլ ծեծում են. նրանք կարծում են, թե ով գետափ է գնում՝ ածուխ գողանալու է գնում։ Դու, ինչ է, Սմիթֆիլդ, ոսկոր հավաքելո՞ւ ես գնում։

― Չէ, ես այդ գործը չգիտեմ։

― Հապա ի՞նչ ես մտածում անել։

― Ինձ համար միևնույն է։ Ինձ հարկավոր է միայն որևէ բան վաստակել հացի համար։ Ես մտածում էի «հաչող» դառնալ։ Դա կարծեմ լավ գործ է, չէ՞։

Երկու տղաները իրար նայեցին ու ծիծաղեցին։

― Այդ որտեղի՞ց հնարեցիր,― հարցրեց Մոուլդին։― Դու որևէ մեկի մոտ եղե՞լ ես «հաչող»։

― Չէ, ես հենց այնպես, միայն փորձում էի, սովորում էի։ Հիշո՞ւմ եք, երեկ շուկայում։

― Իսկապես։ Օ՜, բայց դու հիանալի ձայն ունես։

Ինձ համար շատ հաճելի էր այդ գովասանքը լսել։

― Ուրեմն դու կարծում ես, որ ինձ կհաջողվի՞ տեր գտնել և դրանով հաց վաստակել,― հարցրի ես Մոուլդիին։

― Քեզ համար տեր գուցե և գտնես,― պատասխանեց Մոուլդին,― բայց ինչ վերաբերվում է հացին..․― նա ձեռքով մի արտահայտիչ շարժում արեց։― Մենք փորձել ենք այդ գործը, մեր ծանոթ տղաներից շատերն էլ են փորձել, դրա մեջ ոչ մի լավ բան չկա։ ճիշտ չէ՞, Ռիփ։

― էն էլ ինչպես,― հաստատեց Ռիփսթոնը։― Ի՞նչ կյանք է դա։ Առավոտյան դեռ մութ-մութ վեր ես կենում, պետք է սայլակը տանես շուկա, հետո սայլակը հսկես, մինչև որ տերդ զանազան բաներ գնի։ Եթե նա բանջարեղեն է վաճառում, պետք է դրանք լվանաս ու դասավորես, իսկ հետո ամբողջ օրը թափառես փողոցներում ու գոռաս։

― Երեկոյան,― վրա բերեց Մոուլդին,― ամբողջ ապրանքը պետք է դարսես զամբյուղում և նորից վազվզես ու գոռաս, մինչև որ բոլոր տներում լույսերը մարեն։ Եվ այս բոլորի համար ի՞նչ ես ստանում, միայն այն, որ քեզ կերակրում են։

― Այն էլ ոչ միշտ,― ավելացրեց Ռիփսթոնը։

Դա ամենևին էլ մխիթարական չէր։ Ես հույս ունեի «հաչող» դառնալ և այդ հույսն էլ ինձ ստիպեց լքել հայրական տունը և հետո՝ Ռիփսթոնի ու Մոուլդիի հետ գնալ Քովնթգարդեն։ Բայց ահա պարզվում է, որ երկու տղա արդեն փորձել են զբաղվել «հաչելով» և այդ գործից ձեռք են քաշել, որովհետև ձեռնտու չի եղել։

― Հապա դուք ինչպե՞ս եք հաց վաստակում,― հարցրի ես իմ ընկերներին։

― Ինչպես ենք վաստակո՞ւմ։ Զանազան ձևերով,― պատասխանեց Մոուլդին։

Այդ ժամանակ երեքս էլ քայլում էինք այն նույն նեղ անցքով, որով երեկ գիշեր ներս էինք մտել։

― Նայում ենք մեր շուրջը և ինչ-որ պատահում է, այն էլ ճանկում ենք,― բացատրեց Ռիփսթոնը։

― Նշանակում է՝ դուք ոչ մի որոշակի զբաղմունք չունե՞ք։

― է՜, խտրություն դնելու հնարավորություն չունենք,― ասաց Մոուլդին։― Երբեմն այնպես լավ է լինում, որ նստում ենք մեզ համար և տապակած խոզի միս ուտում, իսկ մի ուրիշ անգամ չոր հացի կտոր էլ չենք գտնում։ Բախտի բան է։

― Եվ երբեք չգիտենք, թե բախտը երբ կբացվի։ Ա՛յ հենց, օրինակ, երեկ երեկոյան։ Ամբողջ օրը ոչինչ չճարեցինք։ Ո՛չ նախաճաշել էինք, ոչ ճաշել, ոչ մի փշրունք չէինք կերել։ Աղբակույտի մեջ մի քանի հատ կաղամբի կոթուկ գտանք, այդ էր մեր ամբողջ ուտելիքը։ Մոուլդին արդեն հույսը կտրել էր. «Գնանք,― ասում է,― կամարի տակ քնելու, ի՞նչ կարիք կա այստեղ թափառելու»։ Իսկ ես ասում եմ. «Մի քիչ էլ փորձենք, թե բան չճանկեցինք, կգնանք»։ Հենց որ այդ ասացի, մեկ էլ լսեցինք՝ մեկը կանչում է. «Էյ»։ Տեսնում ենք՝ կանգնել է մի ջենտլմեն, ուզում է կառեթ վարձել։ Մոուլդին վազեց, նրա համար կառեթ բերեց։ Ջենտլմենը նրան վեց պեննի տվեց, կառապանն էլ՝ մեկ պեննի։ Դե, ուրեմն, մենք հարստացանք։ Հինգ պեննին կերանք, իսկ երկու պեննիով թատրոն գնացինք։ Մենք հաճախ ենք լինում թատրոնում։ Իսկ դու ներկայացում տեսե՞լ ես, Սմիթֆիլդ։

― Ես միայն բալագանում եմ տեսել։

― Դա բոլորովին ուրիշ է։ Մենք իսկական թատրոն ենք գնում, որտեղ հիանալի պիեսներ են խաղում, «Կապիտան վամպիրը», «Ավազակի մահը», «Անապատի ավազակը», «Արյունաշաղախ բանդիտը»...

Այդ ժամանակ դուրս եկանք գետափնյա փողոցը։ Այնտեղ շատ խաղաղ էր. ժամացույցը հենց նոր էր խփել հինգը։

Մոուլդին մեզ կանգնեցրեց։

― Լսիր,― ասաց ինձ։― Նախքան առաջ գնալը դու պետք է որոշես, գնալու ես ցած, դեպի գետը, թե՞ ինձ ու Ռիփսթոնի հետ գալու ես Քովնթգարդեն։

― Ավելի լավ է ձեզ հետ գամ, եթե թույլ կտաք։

― Ի՞նչ կա թույլ չտալու։ Ով ուր ուզի՝ այնտեղ էլ կգնա։ Գլխավորն այն է՝ որոշես, թե ինչ գործ պետք է անես։

― Ես ոչ մի գործ չգիտեմ, բոլորովին մեն-մենակ եմ և չգիտեմ, թե ինչ անեմ,― պատասխանեցի ես։― Կուզեի ձեզ հետ գալ, որ դուք ինձ սովորեցնեք։

― Բայց դու ինչպե՞ս ես ուզում,― հարցրեց Ռիփսթոնը։― Ինքդ քեզ համար աշխատել, թե՞ մեզ հետ ընկեր դառնալ։

― Ավելի լավ կլիներ ձեզ հետ ընկերանայի,― ուրախությամբ կառչեցի այդ ձեռնտու առաջարկությանը։

― Դե լավ. ուրեմն դու ամեն բանում մեզ հետ ընկեր ես լինելու,― ասաց Ռիփսթոնը։― Մեզ հետ և՛ աշխատելու ես, և՛ ուտելու, և՛ ապրելու։

― Իհարկե։

― Ուրեմն գալու ես մեզ հետ և անելու ես նույնը, ինչ որ մենք,― ասաց Մոուլդին։

― Ինչ որ գտնես, ինչ որ ստանաս, բոլորը տալու ես մեզ, առանց մեզ ոչինչ չես ծախսելու։

― Երբե՛ք։ Ես գիտեմ, որ դա լավ բան չէ։

― Եվ եթե ոստիկանությունը քեզ բռնի, դու մեզ չես մատնի քեզ փորձանքից ազատելու համար։

― Համաձայն եմ։

Ես ամեն ինչի համաձայնում էի, թեպետ լավ էլ չէի հասկանում, թե ինչ է պահանջվում ինձանից։

― Դու կլինես հավատարիմ ընկեր, չես վախենա և չես դավաճանի։

― Երբե՛ք։

― Դե, ուրեմն ձեռքդ տուր։ Մենք ընկերներ ենք։ Գնանք և իսկույն գործի անցնենք։

Իմ բախտը որոշված Էր. ամբողջ օրը և ամբողջ գիշերը ես տանը չէի եղել։ Այժմ տուն վերադառնալու մասին մտածել անգամ չէի համարձակվի։ Բացի դրանից, այն կյանքը, որ վարում էին իմ նոր ընկերները, ինձ շատ ավելի հաճելի էր թվում ընտանեկան կյանքից, նրանց ոչ ոք չէր ծեծում, անում էին այն, ինչ ցանկանում էին, երբեմն խոզի միս էին ուտում, որ միսիս Բերկը ինձ երբեք չէր տալիս, և նույնիսկ թատրոն էին գնում։

Այս մտքերն էին ինձ զբաղեցնում, երբ մենք գնում էինք Քովնթգարդեն։ Մենք շուկայի ծածկած մասը չմտանք, այլ սկսեցինք քայլել ծայրամասերում, որտեղ սայլեր ու սայլակներ էին բարձվում։ Այսպես երկար ժամանակ քայլում էինք, և ես արդեն ուզում էի հարցնել, թե երբ ենք սկսելու մեր աշխատանքը, երբ հանկարծ Ռիփսթոնը բաժանվեց մեզանից ու մոտեցավ մի մարդու, որ մի կույտ սալաթի մոտ կանգնել էր մատը վեր ցցած։

― Ո՞ւր գնաց,― հարցրի ես։

― Աշխատանքի,― բացատրեց Մոուլդին։― Դու տեսար այն մարդուն, որ կանգնել էր մատը վեր ցցած։ Նշանակում է՝ նրան մի տղա էր հարկավոր։ Եթե երկու մատը բարձրացներ, կնշանակեր մեծ մարդու գործ է։ Ռիփսթոնի աշխատանքը մեզ մի սուրճ կտա։ Եթե ես ու դու էլ մի բան ճարենք, կարող ենք բուլկի գնել, թե չէ սուրճը առանց բուլկիի վատ նախաճաշ է։ Շուրջդ նայիր Սմիթֆիլդ։

Ես նայում էի ամեն կողմ, բայց ոչ ոք մատը չէր բարձրացնում։

Մի քսան րոպե անց՝ մենք մոտեցանք շուկայից ոչ հեռու գտնվող սրճարանին։ Այդտեղ եկավ նաև Ռիփսթոնը։ Նա վաստակել էր մեկուկես պեննի, և մենք որոշեցինք չսպասել հաց ճարելուն, այլ իսկույն գնալ սուրճ խմելու։ Սուրճը խմելուց հետո մենք մեզ շատ ավելի առույգ էինք զգում և գնացինք նոր աշխատանք որոնելու։

Այս անգամ մեր որոնումներն անհաջող եղան։ Շրջեցինք բանջարեղենի ամբողջ շուկան, եղանք մրգեղենի շուկայի բոլոր անկյուններում, բայց ոչ մի աշխատանք չգտանք։ Ես չէի հուսահատվում, տեսնելով, որ Ռիփսթոնն ու Մոուլդին հանգիստ և ուրախ ետ ու առաջ են քայլում, ամենևին չվշտանալով մեր անհաջողությունից։ Առավոտյան ժամը տասին մոտ մենք դուրս եկանք շուկայից և խուլ փողոցներով ու բակերի միջով գնացինք դեպի Դրյուրի-Լեյն։

― Հը՞, Մմիթֆիլդ,― հարցրեց ինձ Մոուլդին,― քեզ դո՞ւր է գալիս մեր ընկերը լինելը։

― Դուր է գալիս,― պատասխանեցի ես,― միայն ափսոս, որ այսօր քիչ հաջողություն ունեցանք։

― Չէ, այնքան էլ քիչ չի,― ասաց Ռիփսթոնը։― Դու, Սմիթֆիլդ, կարծեմ, լավ ես զգում քեզ։

Ես այդ խոսքերը կատակի տեղ ընդունեցի և պատասխանեցի ծիծաղելով.

― Իհարկե, ինձ համար ամեն տեղ լավ է, ինչպես ձեզ համար։

Ուրախ ու անհոգ գնացինք մինչև մի կեղտոտ նրբափողոցի ծայրը։ Այստեղ իմ ընկերները կանգ առան։

― Դե, Սմիթֆիլդ,― ասաց Ռիփսթոնը,― հանիր տեսնենք։

― Ի՞նչը հանեմ,― զարմացած հարցրի ես։

― Օ՜, էն բոլորը, ինչ-որ ունես,― ասաց Ռիփսթոնը։― Այն ծերունին, որի հետ մենք գործ ենք բռնում, այստեղ է ապրում։

Ես բացարձակապես չէի հասկանում, թե ինչ են ուզում իմ ընկերները ինձանից։ Մոուլդին սկսեց խուզարկել ինձ և տնտղեց բոլոր գրպաններս։ Երբ համոզվեց, որ գրպաններս դատարկ են, նրա դեմքը ծայրահեղ կատաղության արտահայտություն ստացավ։

― Ա՛յ թե ընկեր ենք գտել, հա՜,― գոչեց նա՝ դիմելով Ռիփսթոնին։― Հիանալի ընկեր է, խոսք չկա։

― Ախր ի՞նչ է պատահել,― հարցրեց Ռիփսթոնը։

― Այն, որ սա ոչինչ չունի, բացարձակապես ոչինչ։ Գոնե մի անպետք սոխուկ ունենար։

― Եվ դա դու անվանում ես մեզ ընկե՞ր լինել,― կշտամբանքով հարցրեց ինձ Ռիփսթոնը։― Տիպն ես, հա՜, խոսք չկա։

― Բայց ի՞նչ կարող էի անել,― արդարացա ես,― եթե ոչ մի տեղ աշխատանք գտնել չկարողացա։ Դուք հո գիտեիք, որ ես փող չունեմ։ Եվ եթե լիներ էլ, ավելի շուտ ես հաց կգնեի, քան թե սոխ։

Ես երբեք իմ կյանքում ավելի բարկացած երես չէի տեսել, քան Մոուլդիի դեմքն էր, երբ իմ բացատրությունը լսելուց հետո դարձավ դեպի ինձ։ Նրա զայրույթն այնքան սաստիկ էր, որ ոչ մի բառ արտասանել չկարողացավ։

Ռիփսթոնը ծիծաղեց։

― Դե լավ, այդպես մի բարկանա, Մոուլդի,― ասաց նա։― Սմիթֆիլդը դեռևս հիմար է։ Այստեղ նայիր, Սմիթֆիլդ։

Այս ասելով Նա իր բաճկոնի գրպանից հանեց յոթ հատ հիանալի խնձոր։ Հետո ինձ ցույց տվեց իր շալվարի գրպանները։ Այդ գրպանները լիքն էին նուշով։

― Իսկ ինչո՞ւ ես այսքան խնձոր և նուշ գնել,― հարցրի ես։

― Ինչո՞ւ։ Վաճառելու համար։ Չէ՞ որ ես առևտուր եմ անում։

― Բայց ե՞րբ գնեցիր, որ ես չտեսա։

― Այն առևտրականը, որից ես սրանք գնեցի, նույնպես չտեսավ։ Այդ ժամանակ նա ուրիշ գնորդներով էր զբաղված, և ես չուզեցի նրան իր գործից կտրել։ Հասկանո՞ւմ ես։

Ես սկսում էի հասկանալ և զարհուրում էի։ Ես նույնիսկ վախենում էի իմ ենթադրությունը հայտնել, որպեսզի որևէ թյուրիմացություն դուրս չգա։

― Է՜, ի՞նչ խոսես սրա հետ,― գոչեց Մոուլդին․― սա քո ակնարկները չի հասկանում։ Այստեղ նայիր, Սմիթֆիլդ։ Տեսնո՞ւմ ես այս խնձորներն ու նուշը, որ ճարել է Ռիփսթոնը։ Դե իմացիր. նա թռցրել, գողացել է դրանք։ Հասկանո՞ւմ ես։ Հիմա այստեղ նայիր։ Ա՛յ, սա էլ ես եմ գողացել, և շատ եմ ափսոսում, որ ավելին թռցնել չհաջողվեց։ Այժմ մենք գնում ենք այս փողոցը մեր գողացածները ծախելու։ Հետո այդ փողով մեզ համար ուտելիք կգնենք։

Մոուլդիի այս կոպիտ խոստովանությունը շշմեցրեց ինձ։

― Դե, ի՞նչ ես տզտզում,― ծաղրական գոչեց նա։― Մի՞թե կարծում էիր, թե մենք բարեբարո, բարեկիրթ տղաներ ենք։

― Դու ընտանիք ունես,― ասաց Ռիփսթոնը։― Դու կարող ես տուն վերադառնալ, երբ ցանկանաս։ Հո պարտավոր չես ուտել այն պուդինգը, որ մենք կգնենք մեզ համար, որովհետև այդ պուդինգը մեր ձեռքն է ընկնելու անազնիվ ճանապարհով։ Գնա քեզ համար հաց ճարիր, ինչպես կուզես։

Այս ասելով նրանք շուռ եկան և ինձ փողոցում մենակ թողնելով՝ մտան նրբափողոցը։


Գլուխ 11. Ես սկսում եմ աշխատել

Ես կանգնած էի փողոցում և, ինչպես Ռիփսթոնն ասաց, պետք է հաց ճարեի ինձ համար։ Ես կարող էի տուն վազել։ ճիշտ է, ճանապարհը չգիտեի, բայց կարող էի անցորդներին հարցնել։ Լիովին ազնիվ տղան ոչ մի դժվարության առաջ կանգ չէր առնի։ Բայց մի՞թե ես ազնիվ չէի։ Ես գիշերել էի գողերի հետ, ամբողջ առավոտն անց էի կացրել նրանց հետ, նախաճաշել էի նրանց հետ։ Բայց դա տանջում էր ինձ, ես կարմրատակում էի հենց միայն դրա մասին մտածելով։ Ինչո՞ւ տուն չէի գնում։ Ինչի՞ էի սպասում։ Այս հարցը կարող է տալ միայն նա, ով չի զգացել, թե ինչ բան է քաղցը, այն տղայի քաղցը, որ նախորդ օրը քիչ է կերել և առավոտվանից կուլ է տվել միմիայն մի թաս ջրիկ սուրճ՝ առանց բուլկու, այն ահավոր քաղցը, որից ամբողջ մարմինդ դող է ընկնում, թմրում են ոտքերդ ու ձեռքերդ։ Այն միտքը, որ Մոուլդին ու Ռիփսթոնը գողեր են, զարհուրելի էր, բայց իմ քաղցը պակաս զարհուրելի չէր։ Ռիփսթոնն ասաց, որ կարող եմ չուտել իրենց պուդինգը, եթե չեմ ուզում։ Նշանակում է, եթե ուզենամ, նրանք ինձ բաժին կտան։ Եվ ի՜նչ հիանալի պուդինգ է լինելու։ Ես գիտեմ ինչ բան է դա. դրանից վաճառում են ուտելեղենի բոլոր խանութներում։ Դա պատրաստում են ալյուրից, երիկամի ճարպից և էլի մի ուրիշ արտակարգ կշտացնող բանից։ Նա այնպես տաք է լինում, որ մարդու ձեռքեր է տաքացնում, մինչև որ վերջին պատառը բերանդ ես դնում։ Սովորաբար պուդինգը կտրտում են խոշոր կտորներով, յուրաքանչյուրը քառորդ աղյուսի մեծությամբ։

Պուդինգի այդպիսի մեծ, տաք ու համեղ կտորի պատկեր էր կանգնած իմ աչքի առաջ, երբ տեսա, որ Ռիփսթոնն ու Մոուլդին վերադառնում են նրբափողոցից։ Ես թաքնվեցի ալյուրի պարկեր բարձած ֆուրգոնի ետևը և սկսեցի հայացքով հետևել նրանց։

― Դե, ուրեմն,― ուրախ խոսեց Ռիփսթոնը,― վերջապես մենք կարող ենք նախաճաշել։

― Այո, լավ վճարեց մեզ ծերուկր խնձորների և նուշի համար,― պատասխանեց Մոուլդին՝ ուրախ-ուրախ վեր նետելով և օդում որսալով հինգ թե վեց պեննիանոց դրամը։

― Բայց ո՞ւր կորավ Սմիթը։ Հարկավոր է կանչել նրան։

Եվ Ռիփսթոնը սուլեց, որ ինձ իմաց տա։

Բայց ես ամուր սեղմվեցի անիվին, և նրանք անցան իմ մոտով, առանց ինձ նկատելու։ Ես անցա ճանապարհի մյուս կողմը և սկսեցի հետևել նրանց։

― Ահա և Բլինքինսի խանութը։ Ներս մտնենք և մեզ համար երկու բաժին պուդինգ գնենք, Ռիփ։ Թող այդ հիմար Սմիթը քաղցած մնա, եթե նրան դուր է գալիս։

Մոուլդին մտավ խանութ և մի քանի վայրկյան հետո այնտեղից դուրս եկավ, կաղամբի մի մեծ տերևի վրա շարված բերելով մի ամբողջ կույտ այն Նույն պուդինգից, որի մասին ես երազում էի։

Հիանալի բուրմունք է արձակում,― ասաց Ռիփսթոնը՝ ներշնչելով շուրջը տարածված բուրումնավետ գոլորշին։

Ես անցա փողոցի մյուս կողմը և գնացի նրանց ետևից։ Բավական հեռու էի, բայց և այնպես կարողանում էի պարզ տեսնել, թե ինչպես Ռիփսթոնը վերցրեց խոշոր կտորներից մեկը, մոտեցրեց բերանին և մի կտոր կծեց, ախ, ինչ մեծ կտոր էր։ Ես ավելի ու ավելի էի մոտենում նրանց և վերջապես այնքան մոտեցա, որ կարող էի լսել, թե ինչպես են ուտում նրանք։ Ես լսում էի թե Ռիփսթոնն ինչպես է ներշնչում ու արտաշնչում, որպեսզի պաղեցնի բերանն առած պատառը։ Երբ նա երեսը դարձրեց իմ կողմը, ես նույնիսկ նկատեցի նրա աչքերի մեջ շողացող բավականությունը։

Երբ նրանք սկսեցին ուտել, կաղամբի տերևի վրա ընդամենը հինգ կտոր կար։ Այժմ արդեն նրանցից յուրաքանչյուրը երկրորդ կտորն էր ուտում։

― Սիրում եմ Բլինքինսի պուդինգը,― ասաց Ռիփսթոնը,― նրա մեջ այնքան շատ ճարպ է լինում։

― Ճիշտ է,― շրթունքները լիզելով պատասխանեց Մոուլդին։― Այնպես են պատրաստված, որ կարծես մսով լինեն։

― Ես, կարելի է ասել, կշտացա,― ասաց Ռիփսթոնը։― Շուտ կշտացնող պուդինգ է։

― Դե իհարկե, զոռով հո չես ուտելու,― ծիծաղեց Մոուլդին։― Ես մենակ էլ կարող եմ վերջին կտորի հաշիվը մաքրել։

― Ես չկարողացա դիմանալ։

― Մոուլդի,― գոչեցի ես՝ ձեռքս դնելով նրա ուսին։― Տվեք ինձ մի կտոր։

― Ա՜, այդ դու ես,― գոչեց Մոուլդին՝ տեսնելով ինձ։― Հը՜, երևի վազեցիր տուն, որ տեսնես՝ չե՞ն ընդունի քեզ, և քեզ վռնդեցի՞ն։

― Կամ գուցե գնացիր շուկա և մեզ մատնեցիր,― հարցրեց Ռիփսթոնը։

― Ես ոչ մի տեղ չեմ գնացել, շարունակ ձեր ետևից էի գալիս։ Բարի եղեք, տվեք ինձ մի կտոր պուդինգ։ Եթե իմանաք որքան քաղցած եմ...

― Բայց մի՞թե դու չգիտես, որ գողանալը վատ բան է,― ծաղրեց ինձ անողոք Մոուլդին՝ իր երկրորդ կտորի վերջին պատառը բերանը դնելով։― Ինչպե՞ս ես ուզում, որ ես քեզ կերակրեմ գողացած ուտելիքով։ Մեկ էլ տեսար՝ խեղդվեցիր։

― Բայց մենք հո որոշեցինք, որ ամեն ինչ պետք է կիսենք,― ասացի ես, տեսնելով, որ Մոուլդիի սիրտը գութ գցել չեմ կարողանալու։

― Այո, իհարկե։ Ես հիմա էլ դեմ չեմ դրան,― ասաց նա։― Բայց դու մեզ հետ պուդինգ ուտել ուզում ես, իսկ գողանալ՝ ոչ։ Այդպես չի կարելի։ Ճիշտ չե՞մ ասում, Ռիփ։

― Դե, երևի նա չի հասկացել, թե ինչ է անելու,― ասաց Ռիփսթոնը, որ ավելի բարի էր իր ընկերոջից։― Եթե մենք նրան մի լավ բացատրեինք, երևի հիմարավարի չէր վարվի։ ճիշտ չէ՞, Սմիթֆիլդ։

Եվ Ռիփսթոնը ինձ տվեց իր ձեռքին մնացած պուդինգի վերջին կտորը։ Բայց ինչ կտոր էր այդ։ Կյանքումս ես այդպիսի բան չէի կերել։ Այնպես տաք էր, այնպես համեղ։ Իսկ Մոուլդիի ձեռքում, կաղամբի տերևի վրա գոլորշի էր արձակում մի մեծ կտոր, որից իմ ստացածի նման առնվազն տասը կտոր կստացվեր։

― Դե ուրեմն, ի՞նչ անենք, Սմիթֆիլդ։

Մոուլդին արդեն բերանին էր մոտեցնում վերջին կտորը։ Ռիփսթոնը նշանով կանգնեցրեց նրան։ Ո՞վ կուտի այդ կտորը։ Ամեն ինչ կախված էր իմ պատասխանեց։ Իսկ ես երեկվա նախաճաշից հետո ոչինչ չէի կերել, բացի աղքատիկ ընթրիքից։

― Իհարկե,― համարձակ պատասխանեցի ես։― Եթե իմանայի, հիմարավարի չէի վարվի։

― Նշանակում է, հիմա, որ գիտես, աչքաբաց կլինես։

― Իհարկե։

― Դե լավ։ Իրեն տուր պուդինգի այդ կտորը, Մոուլդի։ Նա, ինչպես երևում է, սարսափելի քաղցած է։

― Չէ, սպասիր,― առարկեց Մոուլդին։― Ես այս կտորը չեմ ուտի,― նա կտորը դրեց բաճկոնի գրպանը,― բայց թող Սմիթֆիլդը նախ վաստակի այն և ապացուցի, որ ճիշտ է ասում։ Գնանք։

Մենք ետ գնացինք դեպի Քովնթգարդեն։ Ես մոտիկ էի քայլում այն գրպանին, որտեղ պուդինգն էր, և ետ չէի մնում ընկերներիցս։

Երբ շուկային մոտեցանք, Մոուլդին շուրջը նայեց։

― Տեսնո՞ւմ ես առաջին խանութը, սյուների միջև, որտեղ կապույտ գոգնոցով մի մարդ է կանգնած,― հարցրեց ինձ։― Այնտեղ ընկույզի զամբյուղներ կան։

― Տեսնում եմ։

― Առաջին զամբյուղի մեջ նուշ է։ Գնա այնտեղ, իսկ մենք կսպասենք քեզ։

Ես հասկացա, թե Մոուլդին ինչ էր պահանջում ինձանից։ Նա ուզում էր, որ ես գնամ ու զամբյուղներից նուշ գողանամ։ Ես արդեն որոշել էի, ինչ գնով էլ լինի, մի բաժին պուդինգ վաստակել և չտատանվեցի, թեպետև սիրտս թպրտում էր, երբ մոտենում էի խանութին։ Խանութի այդ կողմում ծաղկակաղամբի և կանաչեղենի կույտեր էին թափած։ Երբ մոտեցա, տեսա, որ պետք է պտույտ տամ և մյուս կողմից մոտենամ նուշին։ Ես թաքնվեցի կաղամբի կույտի ետևը և տեսա, որ ընկուզավաճառ խանութպանը մեջքը իմ կողմը դարձրած՝ զրուցում է մի գնորդի հետ։ Կաղամբ վաճառող կինը նույնպես նստել էր մեջքը իմ կողմը դարձրած։ Նա ճաշում էր ուտելիքը ծնկին դրած։ Զամբյուղը լիքն էր նուշով։ Ես ձեռքս մեջը մտցրի մեկ, երկու, երեք անգամ, գրպանս լիքը լցրի և նեղլիկ անցքից դուրս գալով գնացի դեպի Մոուլդին ու Ռիփսթոնը, որոնք ինձ դիտում էին սյան ետևից։

― Հիանալի էր, Մմիթֆիլդ,― գոչեց Մոուլդին։― Ես ամեն ինչ տեսա։ Դու իզուր ես հավատացնում, թե գործ անել չգիտես։ Կեցցես, ահա քեզ պուդինգը։

― Ես ինքս այդպես ճարպկորեն երբեք չէի կարող,― ասաց Ռիփսթոնը։

― Դու,― արհամարհանքով վրա բերեց Մոուլդին։― Եթե դու երևակայում ես, թե Սմիթֆիլդի թեկուզ քառորդի չափ հաջող կարող ես գողանալ, ուրեմն սարսափելի պարծենկոտն ես։ Ես ինքս էլ չէի կարող նուշն այնպես ճարպկորեն թռցնել, ինչպես նա արեց։ Բայց իհարկե ուրիշ գործերի մեջ հավասարվել չի կարող,― ավելացրեց նա, վախենալով, թե ես չափից ավելի կհպարտանամ։

Քանի դեռ լույս էր, ամեն ինչ լավ էր ընթանում, բայց երբ գիշերը վրա հասավ, և ես նորից ընկա մութ ֆուրգոնը, սկսեցի սաստիկ խղճի խայթ զգալ։ Այս անգամ Մոուլդին բարձ եղավ, և ինձ ամենալավ տեղը տվին։ Ես գլուխս դրել էի նրա կրծքին, բայց չնայած դրան, քնել չէի կարողանում։ Ես գող էի դարձել։ Ես նուշ գողացա, փախցրի, վաճառեցի և ստացած դրամը ծախսեցի։ Իմ բոլոր ջղերը լարվում էին ու զարկում, անընդհատ կրկնելով սարսափելի խոսքը՝ «գող»։ Գո՛ղ, գո՛ղ, գո՛ղ,― կրկնում էր սիրտս, և ես ոչ մի րոպե հանգիստ չէի զգում ինձ։

― Գող,― շշնջացի ես։

Մոուլդին դեռ քնած չէր։

― Ո՞վ է գողը,― հարցրեց նա։

― Ես եմ, Մոուլդի։

― Լավ, բայց ո՞վ է քեզ ասում, որ դու գող ես,― ծաղրանքով հարցրեց Մոուլդին։

― Բայց առաջ երբեք գող չեմ եղել,― լրջորեն ասացի ես։― Հավատացնում եմ, որ երբեք չեմ եղել, դրա համար էլ այժմ այսպես տխուր եմ։

― Ստում ես,― ասաց Ռիփսթոնը, որ նույնպես դեռ քնած չէր։

― Ոչ, ճիշտ եմ ասում,― հավատացնում էի ես։― Մեռնեմ այս րոպեիս, թե որ ճիշտ չեմ ասում։

― է՜, ինչ կա որ,― ասաց Մոուլդին,― դու հիմա էլ կարող ես ասել՝ մեռնեմ այս րոպեիս, թե որ ես գող եմ։

― Չէ, այդ չեմ ասի, թե չէ՝ իսկապես կարող եմ մեռնել։ Չէ՞ որ հիմա ես գող եմ։

― Դատարկ բան է, դու ի՞նչ գող ես,― վրա բերեց Մոուլդին։― Մի՞թե այսօրվա քո արածը կարելի է գողություն անվանել։ Դա բոլորովին էլ գողություն չէ։

― Հապա ի՞նչ է։ Ինձ միշտ ասել են, որ ուրիշի իրը վերցնելը նշանակում է գողանալ։

― Այդ ասում են նրանք, ովքեր չեն փորձել, դրա համար էլ չեն հասկանում,― ասաց Մոուլդին՝ բարձրանալով արմունկի վրա, որպեսզի ավելի հարմար քննարկի հետաքրքրական հարցը։― Ա՛յ, տեսնում ես, եթե մի որևէ տղա շուկայում մտնի խանութ, ձեռքը մտցնի դրամարկղը, և նրան բռնեն, դա կլինի գողություն։ Եթե նա ձեռքը մտցնի գնորդների գրպանը, դա ևս գողություն կլինի։ Բայց եթե մի փոքրիկ տղա աշխատում է մի կես պեննի վաստակել, և նրան բռնեն ուրիշի խնձորը կամ նուշը ձեռքին, կարծում ես դրա համար կդատե՞ն։ Երբե՛ք։ Պարզապես առևտրականը նրա վզակոթին կհասցնի, իսկ ամենաշատը, կկանչի պահակին։ Նա էլ այդ տղային փայտով կծեծի և բաց կթողնի։ Բայց եթե իսկական գող լիներ, պահակին կթողնեին, որ նա ինքը դատ տեսներ։ Երբե՛ք։

― Եթե նուշ կամ ուրիշ բաներ վերցնելը գողություն չի կոչվում, ուրեմն ի՞նչ է կոչվում,― հարցրի ես Մոուլդիին։

― Ինչպես ուզես, դա կարող է կոչվել թռցնել, ծլկացնել, ծպպացնել, փախցնել, փռթացնել։ Միևնույն չէ՞, թե ինչ կկոչվի։

― Իսկ եթե ոստիկանին հարցնեմ, նա ի՞նչ անուն կտա դրան։

― Բան ասաց, ո՞վ կհարցնի ոստիկանին։ Հայտնի է, թե ինչ ստախոսներ են նրանք,― առարկեց Ռիփսթոնը։

― Խոստովանիր, Սմիթֆիլդ, որ դու պարզապես վախենում ես,― ասաց Մոուլդին։

― Չէ, չեմ վախենում։ Ես միայն մտածում էի, թե սա գողություն է, իսկ եթե գողություն չէ, ուրեմն հիանալի է։

― Հենց բանն էլ այդ է,― ասաց Մոուլդին։― Երբ ես փոքրիկ էի և ապրում էի տանը, լսում էի, թե ինչպես հայրս լրագիր էր կարդում մայրիկիս համար։ Ա՛յ, լրագրի մեջ էլ հաճախ գրում են, որ նույնիսկ դատավորներ էլ, որ այնքան խորամանկ մարդիկ են, նրանք էլ պետք է զգույշ լինեն, ամեն ինչ պետք է անվանեն ինչպես պետք է։ Եթե մեկը իսկական գողության մեջ չի բռնվել, նրանք չեն համարձակվում գող անվանել նրան։ Նրանք ասում են, որ նա «կողոպուտ» է կատարել կամ՝ «փոքրիկ խարդախություն»։ Իսկ «կողոպուտը» մեծ բան չէ։ Ա՛յ, Ռիփսթոնը մի անգամ մի թեյի գդալ էր փախցրել, նրան բանտ նստեցրին երկու շաբաթով։ ճիշտ չէ՞, Ռիփսթոն։

― Կարիք չկա դա աչքս խոթելու,― բարկացած պատասխանեց Ռիփսթոնը։― Ես գիտեմ այնպիսի տղաների, որոնք երկու շաբաթից էլ ավելի են նստել և դեռ ծեծ էլ են կերել, բայց ես ամեն բան չեմ ասում։

Այդ ակնարկը երևի վերաբերում է Մոուլդիին, որը վիրավորվեց և Ռիփսթոնին շրջմոլիկ անվանեց։ Բայց շուտով նրանք էլի հաշտվեցին, էլի մի քիչ ժամանակ խոսեցին զանազան բաների մասին և երկուսն էլ հանգիստ քնեցին։

Բայց ես, ինչպես և նախորդ գիշերը, երկար ժամանակ տանջվում էի քնելուց առաջ։ Իմ ընկերների դատողությունները ինձ չհամոզեցին։ Գուցեև նուշ փախցնելը գողություն չի կոչվում, բայց և այնպես ես այդպիսի բաներով զբաղվել չէի ուզում։ Ես պատրաստվում էի հենց մյուս օրն առավոտյան Մոուլդիին և Ռիփսթոնին հայտնել, որ բոլորովին ազնիվ տղա եմ լինելու և սկսելու եմ աշխատել շուկայում։ Եթե իրենք չեն ցանկանում ինձ ընկեր լինել, ես կհեռանամ նրանցից։ Այս որոշումն ընդունելով քնեցի։

Մյուս առավոտյան արթնանալով՝ ես ինձ սարսափելի դժբախտ էի զգում։ Սոսկալի մրսում էի, ատամներս զնգզնգում էին, ներսս մի տեսակ դողդողում էր, և ես պատրաստ էի իմ բոլոր շորերը տալ մի կում տաք սուրճի համար։

Մոուլդին սուրճի փող ուներ։ Նախորդ երեկոյան նա պահել էր մի պարոնի ձին, երբ պարոնը մտել էր ճաշարան՝ ոստրե ուտելու։ Դրա համար պարոնը նրան վեց պեննի էր տվել։ Չորս պեննին ծախսել էինք ընթրիքի վրա, իսկ երկուսը պահել էինք նախաճաշի համար։

Մենք փողոց դուրս եկանք ցրտից դողալով։ Անձրև էր գալիս, որ թեև շատ վարար չէր, բայց հարվածում էր ուժեղ։ Փողոցի մայթը թաց էր ու ցեխոտ։ Մենք դեռ սրճարան չէինք հասել, երբ զգացի, որ իմ շապիկն ու վարտիքը ամբողջովին թրջվել ու կպել են մարմնիս։ Ես երեկվա իմ որոշումը չէի մոռացել և շարունակ ինձ սիրտ էի տալիս, որ արտահայտեմ այն։ Բայց ինչպես սիրտ անեի։ Ես քաղցած էի, թրջվել էի մինչև ոսկորներս և զգում էի, որ եթե իմ ընկերների հետ գժտվեմ, բոլորովին միայնակ ու անօգնական կմնամ։

― Երեք բաժակ սուրճ՝ երկու պեննի,― պահանջեց Մոուլդին բուֆետի աշխատողից։

Ամեն ինչ վերջացած էր։ Եթե այդ սուրճը որևէ մեկ ուրիշի պատկաներ, ես թերևս կասեի իմ որոշումը, բայց հո չէի կարող Մոուլդիի հյուրասիրությունն ընդունելով՝ կշտամբել նրան մութ գործերի համար։

Մինչև սուրճը վերջացնելը Մոուլդին ասաց.

― Դե, սառելու կարիք չկա։ Այսօր մենք գործ շատ կունենանք։ Գիտե՞ս ինչ, Սմիթֆիլդ, լավ եղանակին ամեն ոք ինքն է իր գործի հետևից վազում, իսկ վատ եղանակին ուզում են մի ուրիշին վարձել իրենց փոխարեն։

Եվ այդ ճիշտ էր։ Ամբողջ առավոտյան անձրև էր տեղում, և մենք ինչքան ասես աշխատանք ունեինք։ Ես վաստակեցի տասնմեկ պեննի, Ռիփսթոնը մեկ շիլլինգ և մեկուկես պեննի, իսկ Մոուլդին՝ ինը և կես պեննի։ Ես շատ ուրախ էի, որ Մոուլդիից ավելի էի վաստակել։ Թեպետ մինչև ոսկորներս թրջվել էի և կոտրված շշի վրա ոտք դնելով ոտքիս մատը կտրել էի, բայց ինձ արտակարգ երջանիկ էի զգում, նայելով ազնիվ աշխատանքով վաստակած իմ փողերին։ Ռիփսթոնը և Մոուլդին նույնպես սնունդի համար բավականաչափ փող վաստակելով՝ շուկայում ոչ մի խնձոր չթռցրին։

― Ա՛յ, կարելի է ասել՝ այս առավոտ ազնիվ աշխատեցինք,― փողերը մեզնից ստանալով, ասաց Մոուլդին, որ միշտ մեր գանձապահն էր լինում։

― Սա ավելի լավ է, քան զանազան վատ միջոցներով իրեր ճանկելը և վաճառելը,― համարձակվեցի ասել ես։

― Բան ասաց, իհարկե այսպես ավելի շատ կվաստակես։

― Ես կուզենայի, որ ինձ ստիպեն աշխատել և ոչ թե... ուրիշ թաներ անել,― ասացի ես։

― Իսկ ո՞վ է ստիպում քեզ։ Բանն այն է, որ միշտ միևնույն գործով զբաղվել չի կարելի։ Երբեմն գործն այնպես վատ է գնում, որ հեշտությամբ կարելի է սովից մեռնել։ Իմ կարծիքով, պետք է անել ամեն բան, ինչ-որ ձեռքդ ընկնի։

Ռիփսթոնը միանգամայն համաձայն էր իր ընկերոջ կարծիքին։

Մենք գնացինք ճաշարան, շատ ուրախ ճաշեցինք, ընթրիքի համար փող առանձնացրինք և էլի վեց պեննի մնաց մեզ։ Ընկերներս որոշեցին այդ վեց պեննիով ինձ համար կոշիկ գնել։ Մենք գնացինք հնավաճառների շարքը և գնեցինք մի քիչ լայն, բայց շատ հարմար կոշիկ։


Գլուխ 12. Շնիկը։ Ինձ հետապնդում են։ Անախորժ գիշերը

Մեր կյանքն էապես բավական միապաղաղ էր։ Երկուշաբթի օրվանից մինչև շաբաթ օրը վեր էինք կենում վաղ լուսաբացին, շրջում էինք միևնույն փողոցներում ու նրբանցքներում և կատարում էինք միևնույն աշխատանքը։ Երբ աշխատանքը մեր սնունդի համար քիչ էր լինում, զանազան մանրունքներ էինք գողանում միևնույն զամբյուղներից և վաճառում միևնույն ծերունուն, ապա գնում ճաշելու։ Երբեմն, ինչպես Մոուլդին էր ասում, մենք մեզ հյուրասիրում էինք խոզի մսով, բայց երբեմն էլ ուտում էինք միայն սև հաց։ Պատահում էր, մենք մեր ֆուրգոնում ծղոտ էինք գտնում, բայց երբեմն էլ ստիպված էինք լինում քնել չոր տախտակների վրա։

Երբ ես տանից փախա, հագուստ քիչ ունեի, ընդամենը մի շալվար, մեկ վերնաշապիկ և մի մաշված բաճկոն։ Այժմ իմ վերնաշապիկն ու շալվարը նոր էին, իսկ բաճկոնի փոխարեն ունեի սերթուկի նման մի բան։ Իմ վեց պեննիանոց կոշիկները շատ շուտ քրքրվեցին, և ես առաջվա պես շրջում էի՛ բոբիկ, որովհետև նոր կոշիկ գնելու համար փող չէինք ունենում։

Ռիփսթոնի և Մոուլդիի հետ ես ծանոթացա մայիսի կեսերին, իսկ այժմ արդեն հոկտեմբերի կեսերն էր։ Աշնան ընթացքում ես յոթ թե ութ անգամ եղել էի թատրոնում, և դա ինձ շատ մեծ բավականություն էր պատճառել։ Մի անգամ պատահեց, որ ես գիշերն անցկացրի ոստիկանական թաղամասում։

Ահա թե դա ինչպես եղավ։ Տուն, այսինքն՝ Կամարների տակ, վերադառնալիս մենք նկատեցինք մի փոքրիկ շնիկ, որ վազում էր մեր ետևից։

― Կորիր,― մռլտաց Մոուլդին։― Գլուխ չունենք քեզ հետ քարշ գալու։

Նա մի քար վերցրեց ու նետեց շնիկին։

― Ինչպես չես ամաչում, Մոուլդի,― բարեսրտությամբ ասաց Ռիփսթոնը։― Թող իր համար վազի, քեզ ինչ նեղություն է տալիս։

― Ռիփ, վերցնենք մեզ հետ,― ասացի ես։― Մենք կարող ենք ապաստան տալ նրան մեր ֆուրգոնում և նույնիսկ կերակրել։ Երևի անտեր է խեղճը։

Գիշերը ես արթնացա լապտերի ուժեղ լույսից, որ ընկել էր իմ երեսին։ Մեր ֆուրգոնի առաջ կանգնած էր մի ոստիկան՝ ձեռքին բռնած մեր բերած շնիկը։

― Դու ես գողացել շնիկը, ավազակ,― գոռաց ոստիկանը կոպտորեն բռնելով թևս։

― Նա ինքն ընկավ իմ ետևից, սըր,― պատասխանեցի ես վախից դողալով։

― Գիտենք, թե ինչպես է «ինքն ընկել քո ետևից»,― բարկացած ասաց ոստիկանը և օձիքս բռնած ինձ դուրս քաշեց ֆուրգոնից։

Ես դառնորեն լաց եղա։

― Ոչինչ, Սմիթ, մի վախենա,― հանգստացրեց ինձ Ռիփսթոնը,― քեզ կազատեմ։

Եվ իսկապես, նա ինձ ազատեց սպառնացող բանտարկությունից։ Նա հարցուփորձ անելով իմացել էր, թե ումն է շնիկը, ուղիղ գնացել էր նրա տերերի տուն և ամեն ինչ պատմել։ Շնիկը պատկանում էր քաղաքային բժշկի հիվանդ աղջկան։

Մյուս օրը կեսօրին ինձ կանչեցին ոստիկանատան ընդունարանը։ Այնտեղ նստած էր մի երիտասարդ տխրադեմ կին, որն ինձ իր մոտ կանչեց և հարցրեց.

― Դո՞ւ ես այն տղան, որ երեկ ապաստան է տվել մեր փոքրիկ շնիկին։

― Ես եմ, միլեդի,― պատասխանեցի, չիմանալով՝ վախենամ, թե ուրախանամ դրանից։

― Քեզ հիմա բաց կթողնեն այստեղից։ Ես եկել եմ միջնորդելու և շնորհակալություն հայտնելու իմ փոքրիկ աղջկա փոխարեն։ Նա հիվանդ է և քնել չէր կարողանում, շարունակ իր շան համար էր լալիս։ Այժմ մի քիչ լավ է զգում իրեն։ Շնորհակալ եմ քեզանից։ Մի բարկանա, որ նրա պատճառով դու գիշերը ոստիկանատանն ես անցկացրել։

Եվ նա փաղաքշանքով շոյեց իմ գլուխը։

Ոստիկանատնից դուրս գալով՝ ես թռչկոտում էի ուրախությունից, գրպանումս շոշափելով հինգ շիլլինգանոց դրամը, որ տվել էր նա ինձ։

Հինգ շիլլինգ։ Դա այնպիսի մի հարստություն է, որպիսին մեր փոքրիկ ընկերությունը երբեք միանգամից չէր ստացել։ Որոշեցինք մի լավ կշտանալ դրանով։ Ճաշեցինք մի լավ ճաշարանում, ճաշի ժամանակ մի-մի բաժակ գարեջուր խմեցինք և այնպես ուրախացանք, որ որոշեցինք թատրոն գնալ հանրակառքով, յուրաքանչյուրիս համար վճարելով երկու պեննի։ Ռիփսթոնը և Մոուլդին գարեջրից իրենց վատ զգացին, մեզ թատրոնից հանեցին պիեսի կեսին, և մենք այլևս ոչ մի պեննի չունենալով՝ ոտքով պետք է տուն վերադառնայինք անձրևի տակ։

Մի առավոտ, տանից փախչելուցս մի հինգ շաբաթ անց, ես շուկայում հանդիպեցի մեր հարևանին, որ հորս լավ ծանոթն էր։

― Ա՜,― գոչեց նա,― այ թե ճանկս ընկար, անպիտան։ Հիմա ես քեզ կտանեմ հորդ մոտ։

Եվ նա ուզեց բռնել ինձ, բայց ես դուրս պրծա ու փախա։ Դրանից հետո սկսեցի ավելի ուշադիր շուրջս նայել, վախենալով, թե կհանդիպեմ հորս։ Ընկերներս, որոնց ես մանրամասն նկարագրել էի հորս արտաքինը, ջանասիրությամբ օգնում էին ինձ։

Հետևյալ առավոտյան, ժամը յոթին մոտ Մոուլդին ինձ ցույց տվեց երկու մարդու, որոնք դուրս էին գալիս մրգեղենի շարքից։ Ես իսկույն ճանաչեցի հորս և այն մարդուն, որ երեկ քիչ մնաց պիտի բռներ ինձ։ Հայրս շատ գունատ էր. երևում էր շատ էր վրդովված, իսկ ձեռքին ուներ մի մեծ մտրակ, որ երևի որևէ մեկից ճարել էր ինձ ծեծելու համար։ Նրանց տեսնելուն պես ծնկներս դող ընկան և շրթունքներս դողդողացին։

― Ռիփ, հոգիս, փրկիր ինձ,― ասացի ես թաքնվելով ընկերոջս ետևը։― Տեսնում ես, թե որքան բարկացած է նա և ինչպիսի մեծ մտրակ ունի ձեռքին։

Ռիփսթոնը ետ-ետ գնաց, այդպիսով ինձ հասցրեց դատարկ զամբյուղների մոտ և թաքցրեց դրանց մեջ, իսկ ինքը նստեց մի շրջված կողովի վրա և սկսեց մի գազար մաքրել և ուտել, որպես թե ոչինչ չի եղել։ Մի քանի վայրկյանից հետո հայրս մոտեցավ։

― Լսիր, է՜յ, փոքրիկ,― դիմեց նա Ռիփսթոնին,― այստեղ շուկայում դու չե՞ս տեսել հին բաճկոնով մի տղայի։ Ահա այս հասակին կլինի։

Ես զամբյուղի ճեղքերից տեսա, թե ինչպես հայրս իմ հասակն Էր ցույց տալիս։

― Իսկ անունն ի՞նչ Է,― հարցրեց Ռիփսթոնը, շարունակելով ծամել գազարը։

― Ջիմ։

― Ջիմին ճանաչում եմ։ Նա այսպես հաստ, ուժեղ մարդ Է, լավ բռնցքակռիվ գիտե, ամեն մարդու գետնին կգցի։

― Է՛հ, դու Էլ,― անհամբերությամբ խոսեց հայրս։― Ես քեզ հարցնում եմ մի փոքրիկ տղայի մասին, կլինի ութ տարեկան։

― Ո՜ւթ..․― դանդաղորեն կրկնեց Ռիփսթոնը։― Իսկ նրա անունն իսկապե՞ս Ջիմ է։

― Դե իհարկե, Ջիմ Բալիզետ։

― Ջիմ Բալիզե՞տ,― ծոր տվեց Ռիփսթոնը, կարծես հանկարծ հիշելով։― Գիտեմ, գիտեմ, մենք նրան կոչում էինք Ռաուզեր, դրա համար էլ իսկույն հիշել չկարողացա։ Նա ապրում էր Կաու-Կրոսի մոտ. հայրն էլ կարծեմ նամակատար է։

― Հենց այդ է, որ կա։ Իսկ ո՞ւր է նա։

― Հայրն էլ էնպես չար մարդ է։ Շուտ-շուտ Ջիմին ծեծում էր կաշվե փոկով։

― Այդ նա՞ է պատմել։ Տես ինչ ապերախտ տղա է։

― Եվ մի խորթ մայր ունի, օձի մեկը, բամբասում է նրան, ինքն էլ օղին ջրի պես է խմում...

― Որտե՞ղ է այդ տղան,― գոռաց հայրս՝ հարձակվելով Ռիփսթոնի վրա և, նրա օձիքը բռնելով, այնպես ուժեղ թափահարեց, որ զամբյուղներն ամեն րոպե կարող էին շուռ գալ։

― Բաց թողեք՝ ասեմ, թե չէ՝ չեմ ասի,― գոռաց Ռիփսթոնը, և նրա ձայնից թվաց, թե իրոք ուզում է մատնել ինձ։

― Դե, ասա,― ասաց հայրս։

― Ճիշտ որ ասեմ, նա գնաց որպես բեռնող բանվոր աշխատելու։

― Ե՞րբ, ո՞ւր գնաց։

― Այդ արդեն չգիտեմ,― մռայլ պատասխանեց Ռիփսթոնը։― Երեկ երեկոյան իմ մի ծանոթը նրան պատահեց Վեստմինստերյան կամուրջի մոտ ու հարցրեց. «Ի՞նչ ես անում այստեղ, Ռաուզեր, մի՞թե շուկայում աշխատանք չկա»։ Իսկ Ռաուզերն ասաց. «Չէ, ասում է, ես այլևս շուկա չեմ գնա, այնտեղ հայրս հետապնդում է ինձ, ավելի լավ է գնամ իմ ծանոթ նավատիրոջ մոտ, որ Ուենսվորթի ճանապարհին է ապրում, և նրա մոտ մտնեմ որպես բեռնող բանվոր»։ Ահա, սրանից ավելի ոչինչ չգիտեմ։

― Անպիտան տղա,― գոչեց հայրս։― Իսկ չասա՞ց, թե երբ է վերադառնալու տուն։

― Չգիտեմ, բայց հազիվ թե վերադառնա։ Նա միշտ ասում էր, որ ուզում է ծով դուրս գալ,― պատասխանեց Ռիփսթոնը։― Հիմա դուրս կգա գետը, այնտեղ նավեր և ուրիշ-ուրիշ բաներ կտեսնի, և պրծավ, դու միայն նրա անունը կհիշես։

― Ճիշտ է,― բարկացած ասաց հայրս։― Գնանք, Ջեկ,― դիմեց նա իր ծանոթին։― Ի՞նչ կարիք կա անպիտանի հետևից ընկնելու։ Թող խեղդվի ծովում, գարշելին։

Եվ մտրակը թևի տակ խրելով՝ հայրս հեռացավ իր ծանոթի հետ, իսկ Ռիփսթոնն ինձ օգնեց դուրս գալու իմ ապաստարանից։

Դրանից հետո ես ոչ մի անգամ չհանդիպեցի ոչ հորս, ոչ էլ իմ նախկին ծանոթներից որևէ մեկին։

Շուտով ես հիվանդացա։

Թեև դիմանում էի ոտքի վրա և չէի գանգատվում, բայց վաղուց արդեն զգում էի, որ այնքան էլ առողջ չեմ։ Եվ զարմանալի չէ։ Շատ անձրևային աշուն էր, օրեր շարունակ հագիս շորերը չէին չորանում։ Ես ոչ միայն շորերս չորացնել չէի կարող, այլև գիշերները հանել չէի կարող։ Մի քանի անգամ կոկորդումս և թիակներիս միջև ուժեղ ցավեր զգացի։ Ամբողջ երկու շաբաթ ատամի ցավից էի տանջվում։ Դա զարհուրելի բան էր։ Չէի կարող մի կտոր հաց ուտել, առանց ջրի մեջ թրջելու, չէի կարող կրծել ոչ շաղգամ, ոչ կաղամբի կոթուկ, որոնք հաճախ մեր միակ ուտելիքն էին լինում, և ստիպված սոված էի մնում, մինչև որ մի որևէ երջանիկ դեպք ինձ հնարավորություն էր տալիս բուլկեվաճառից կամ ուտելեղենի խանութից մի որևէ փափուկ բան գնել։ Ամբողջ գիշերներ ես նստում էի ֆուրգոնի մի անկյունում և ցավից առանց աչք փակելու շուռումուռ էի գալիս, որ բարկացնում էր իմ ընկերներին։

― Ի՞նչ ես նվում, Սմիթ, մի խանգարի, թող քնենք,― փնթփնթում էր Ռիփսթոնը։

― Իսկապես, Սմիթ, ինչ անտանելի տղա ես դու,― ավելացնում էր Մոուլդին։― Ոչ միայն ցերեկը չես օգնում ուտելիք ճարել, այլև գիշերները հանգիստ չես տալիս։

― Ախր ի՞նչ անեմ, Ռիփ,― լալիս էի ես։― Դուք ավելի բարի կլինեիք իմ հանդեպ, եթե ինքներդ էլ տանջվեիք, ինչպես ես։

― Հարկավոր է սրան մի կերպ օգնել, Մոուլդի,― ասաց Ռիփսթոնը՝ խղճահարվելով։― Կանչենք ծերունի ջութակահարին, որ հարևան ֆուրգոնում է գիշերում։ Ես լսել եմ, որ նա կարողանում է հիվանդ ատամները հանել։ Իմ կարծիքով, ավելի լավ է միանգամից ուժեղ ցավին դիմանալ, քան թե շաբաթներով տանջվել մի ինչ-որ անպետք ատամի ձեռքից։

― Ա՛յ, լավ ասացիր,― ասաց Մոուլդին և գնաց ջութակահարին կանչելու։

Մի քանի րոպե հետո նրանք երկուսն էլ եկան։ Ջութակահարի ձեռքին մի երկար, ժանգոտած լար կար։

― Դե, խեղճ տղա,― ասաց ջութակահարը,― նստիր և բերանդ լայն բաց արա. իսկ դուք, տղերք, բռնեցեք ձեռքերը, որ ինձ չխանգարի աշխատել։

Ես հնազանդվեցի, թեև սիրտս թպրտում էր վախից։ Ծերունին լարը փաթաթեց իմ հիվանդ ատամին և...ամբողջ ուժով դուրս քաշեց։

― Ա՜-ա-ա,― գոռացի ես՝ մեջքիս վրա ընկնելով։ Իմ բերանից սկսեց արյուն հոսել, բայց ատամիս ցավը կտրվել էր։ Վերջին ժամանակներս Քովնթգարդենում մեր գործերն ավելի ու ավելի վատ էին գնում։ Այդտեղ մեզ նկատել էին, և դա շատ աննպաստ բան էր։ Բոլորը գիտեին, որ մենք փոքրիկ գողեր ենք և ուշի-ուշով հետևում էին մեզ։ Համարյա ամեն օր մեզ ծեծում էր մերթ որևէ առևտրական, մերթ շուկայի պահակը։

Ռիփսթոնին հաջողվել էր գտնել մի նկուղ, որտեղ ձմեռվա համար գազար էր պահվում։ Մենք մտանք այնտեղ և մի ամբողջ շաբաթ միմիայն գազարով էինք սնվում։ Սկզբում կարծում էինք, որ դա մեծ բախտ է մեզ համար, բայց շուտով տեսանք, որ միայն գազար ուտելը շատ վնասակար է։ Երևի մասամբ հենց այդ եղավ իմ հիվանդության պատճառը։

Սովորաբար կիրակի օրերը, եթե եղանակը վատ չէր լինում, մենք երկար ժամանակ զբոսնում էինք գետի ափին, իսկ հետո պառկում էինք մեր ֆուրգոնում և զանազան պատմություններ պատմում միմյանց։ Այն օրը, երբ ես հիվանդացա, Ռիփսթոնն ու Մոուլդին գնացին զբոսնելու, իսկ ես մնացի ֆուրգոնում։ Նախորդ օրվանից նրանց մոտ մի քանի պեննի էր մնացել, և նրանք ճաշին բավարարվեցին հացով ու շարբաթով, իսկ ես նախորդ օրվա ճաշից հետո ոչինչ չէի կերել։ Ես ամբողջովին այրվում էի ու դողում, լեզուս ցամաքել էր, աչքերս ցավում էին, գլուխս դմբդմբում էր, կարծես մեկը շարունակ հարվածում էր նրան։ Իմ բախտից ֆուրգոնում մի քիչ ծղոտ կար, և ընկերներս այդ ամբողջ ծղոտը իմ տրամադրության տակ դրին։ Բայց ես ոչ մի կերպ չէի կարողանում պառկել ինչպես հարկն է որքան էլ թափ էի տալիս իմ ծղոտե բարձը, էլի նա խիստ ցածր էր թվում իմ ծանրացած գլխի համար։ Գիշերը իմ դրությունն ավելի վատացավ։ Այդ գիշեր ես պետք է բարձի դեր կատարեի, բայց Ռիփսթոնը մեծահոգաբար գրավեց իմ տեղը, իսկ Մոուլդին ինձ թույլ տվեց պառկել նրա իրանի վրա, թեև տեղն ընտրելու իրավունքը նրան էր պատկանում, որովհետև նախորդ օրը նա էր բարձ եղել։ Նրանք նույնիսկ սովորականից շուտ պառկեցին քնելու, որպեսզի ես կարողանամ ավելի շուտ պառկել։ Բայց նրանց այս ամբողջ հոգատարությունն իզուր էր։ Շուտով Ռիփսթոնը նկատեց, որ իմ գլուխը բաճկոնի միջով վառում է իրեն։ Մոուլդին, որ ընդհանրապես հեզ տղա էր, քունը գլխում եղած ժամանակ սարսափելի չար էր լինում։ Հանկարծ, առանց որևէ բան ասելու նա հարվածեց Ռիփսթոնի ծնկին։

-Ի՞նչ է պատահել քեզ,― նեղացած հարցրեց Ռիփսթոնը։

― Հապա ինչու հանգիստ չես պառկում։ Ցնցում էս ոտքերդ կարծես պար ես գալիս։

― Բայց մի՞թե այդ ես եմ,― գոչեց Ռիփսթոնը։― Այդ Սմիթֆիլդն է։

― Դու ինչո՞ւ ես ցնցվում, Սմիթ։

― Ես սարսափելի մրսում եմ, Մոուլդի։ Ուղղակի սառույցի պես սառն եմ։

― Լա՜վ սառույց ես. թշշում է վառարանի պես։ Մի ձեռք տուր սրան, Մոուլդի,― ասաց Ռիփսթոնը։

Մոուլդին ձեռքը դրեց իմ այտին։

― Այ քեզ բան։ Չհամարձակվես ստել,― գոչեց նա և մի ուժեղ ապտակ տվեց ինձ։― Իսկ թե որ լաց եղար՝ երկրորդ ապտակը կտամ։

Ես աշխատում էի ինձ զսպել և լաց չլինել, բայց դա իմ ուժերից վեր էր։ Ամբողջ երեկոն ես զսպել էի արցունքներս, բայց Մոուլդիի արարքը փականքը քանդեց, հեկեկոցը խեղդում էր ինձ, և արցունքն իմ աչքերից հոսում էր այնպես արագ, որ սրբել չէի հասցնում։ Ես կարծես լցվել էի վշտով, որն անպայման պետք է դուրս հորդեր։ Ես լալիս էի կամացուկ, սեղմված ֆուրգոնի հատակին, և ընկերներս իմ արցունքները կարող էին նկատել միայն իմ հեծկլտոցներից, որոնք երբեմն դուրս էին թռչում սրտիս խորքից։ Երբ ես Քովնթգարդենի շուկայում տեսա իմ հայրիկին՝ մտրակը ձեռքին, որոշեցի այլևս երբեք տուն չվերադառնալ։ Այդ օրվանից նույնիսկ չէի մտաբերել ոչ փոքրիկ Պոլլիին, ոչ ընտանեկան կյանքը, իմ սիրտը սառել էր ու քարացել։ Այժմ ես զգում էի, որ սիրտս կարծես հալվում է, փափկում և միևնույն ժամանակ նրա վրա ընկած է մի ծանրություն, որ ես կրելու ուժ չունեմ։

Մոուլդին նույնպես երևի իմ լացին դիմանալու ուժ չուներ։ Կատարելով իր խոստումը՝ նա ձեռքը ետ տարավ և առաջվանից ավելի ուժեղ ապտակ տվեց ինձ։

― Ա՛յ քեզ ավազակ,― նրա վրա հարձակվեց Ռիփսթոնը։― Ծեծում է խեղճ տղային, որն իրենից փոքր է և դեռ հիվանդ էլ է։ Վեր կաց, սիրելի Մմիթֆիլդ, օգնիր ինձ, մենք սրան մի լավ դաս տանք։

Եվ իմ օգնությանը չսպասելով՝ Ռիփսթոնը թևքերը վեր քաշեց և սկսեց Մոուլդիին ծեծել։ Ես կռվել չէի ուզում, աշխատում էի հաշտեցնել նրանց, հավատացնելով, թե ինձ ամենևին ցավ չտվեց, որ ես լաց եմ լինում ոչ թե ապտակի, այլ հիվանդության պատճառով։

Հենց որ Մոուլդին բոլորովին ուշքի եկավ, խիստ զղջաց իր արածի համար։ Նա խոստովանեց, որ շատ վատ է վարվել և ինձ գոհացնելու համար առաջարկեց ամբողջ ուժով զարկել իր քթին, խոստանալով ձեռքերը պահել մեջքին դրած։ Ռիփսթոնն ինձ համոզում էր ընդունել այդ առաջարկությունը, բայց ես հրաժարվեցի, և այն ժամանակ Մոուլդին ինձ ստիպեց գոնե իր գլխարկը դնել գլխիս տակ և ծածկվել իր բաճկոնով։ Ռիփսթոնը նույնպես սիրով իր շորը կտար ինձ, բայց նա ուներ ընդամենը մի կապույտ վերնաշապիկ, որ նրան ծառայում էր և՛ որպես շապիկ, և՛ որպես բաճկոն, իսկ գլխարկը նա կորցրել էր նախորդ օրը շուկայի պահակի ձեռքից փախչելիս։

Թեև ընկերներս ամեն կերպ աշխատում էին ինձ հանգիստ պառկեցնել և ավելի տաք ծածկել, բայց իմ դրությունը չէր լավանում։ ես առաջվա պես ամբողջովին այրվում էի և միաժամանակ դողում էի ցրտից, լեզուս ցամաքել էր, իսկ շնչառությունս ընդհատ էր ու ծանր։ Բայց պետք է ասել, որ արցունքից հետո ես ինձ ավելի թեթև էի զգում և պատրաստ էի հանգիստ պառկելու ու հնազանդվելու, ինչ էլ անեին ինձ հետ։


Գլուխ 13. Ես ընկնում եմ բանվորական տուն

Իմ հիվանդությունը խիստ անհանգստացնում էր ընկերներիս։ Ինձ բաճկոնով ծածկելով և որքան կարելի է հանգիստ պառկեցնելով՝ նրանք իրենք չպառկեցին, այլ նստեցին ֆուրգոնի մյուս ծայրում և սկսեցին փսփսալ։

― Երևի մրսած կլինի,― շշնջաց Ռիփսթոնը։― Վատ է, երբ մարդ մրսում է։ Հը, ի՞նչ ես կարծում, Մոուլդի, մրսած կլինի, չէ՞։

― Երևի այդպիսի մի բան է,― ավելի ցածրաձայն պատասխանեց Մոուլդին։

― Լավ կլինի մանանեխաթուղթ կպցնենք մեջքին... Հիշում եմ, ինձ կպցնում էին, երբ փոքրիկ էի... Ի՞նչ ես կարծում, Մոուլդի, չգնա՞մ մանանեխաթուղթ բերեմ։

― Ո՞ւր գնաս։ Ախր այսօր կիրակի է, բոլոր խանութները փակ են, միայն դեղատներն են բաց։

― Դեղատանը կարելի է հաբ գնել,― առաջարկեց Ռիփսթոնը։― Միայն վատն այն է, որ այդ հաբերն այնպիսի դժվար անուններ ունեն... Մարդ չգիտի ինչ ասի։

― Հենց այդպես էլ ասա՝ չորս պեննի հաբ։

― Իսկ դեղագործը կհարցնի ի՞նչ հաբեր։

Կասես լուծողական։ Կարծեմ դրանք բոլորն էլ լուծողական են,― անտարբեր պատասխանեց Մոուլդին։ Նա կարծես այնքան էլ սիրով չէր խոսում և շարունակ մի ուրիշ բանի մասին էր մտածում։

― Ուրեմն վճռված է, Մոուլդի,― դարձյալ խոսեց Ռիփսթոնը,― վաղը մեր առաջին պեննին կծախսենք Սմիթֆիլդի համար հաբեր գնելու վրա։

Մոուլդին ոչինչ չպատասխանեց, և երկուսն էլ մի րոպե լռեցին։ Ես պառկել էի լուռ և լսում էի նրանց փսփսոցը։ Մոուլդիի լռությունը Ռիփսթոնի մեջ կասկած առաջացրեց։

― Մոուլդի, եթե դա մրսելուց չէ, ապա ի՞նչ կարող է պատահած լինել Սմիթֆիլդին,― հարցրեց նա։

― Ես ի՞նչ գիտեմ,― տհաճությամբ պատասխանեց Մոուլդին։

― Բայց դու եղել ես հիվանդանոցում, այնքան շատ հիվանդ ես տեսել։ Գուցե որևէ մեկը այնպես է եղել, ինչպես Սմիթֆիլդն է։

― Կամաց,― ասաց Մոուլդին։― Գուցե նա քնած չի։

― Քնած է։ Լսո՞ւմ ես ինչ համաչափ է շնչում։

― Այո։ Բայց դու լսում ես, թե ծղոտն ինչպես է խշխշում նրա տակ,― երևի նորից սկսել է դողացնել։― Հետո նա ավելի ցածր շշնջալով ավելացրեց․― Ափսոս, որ իմ բաճկոնը նրան տվի, Ռիփ։ Գլխարկս ոչինչ, բայց բաճկոնս ափսոս։

― Ի՛նչ ագահ անասուն ես դու,― նախատեց Ռիփսթոնը։― Նա ինքն էլ երևի քեզ կտար իր բաճկոնը, եթե քեզ հարկավոր լիներ։

― Լավ, թող կորչի, միևնույն է,― հառաչեց Մոուլդին։

― Իսկ ինչո՞ւ պիտի կորչի։ Վաղը կվերցնես։

― Օ՜, ոչ, նրա հետ միասին կարելի է այնպիսի բան ստանալ, որ ես բոլորովին չէի ուզենա։

― Բայց ի՞նչ՝ ախր, այնպես ասա, որ բան հասկանանք։

― Կամաց, կամաց։ Նա որ լսի, կվախենա։

Նրանք կամացուկ վեր կացան և գլուխները դուրս հանեցին ֆուրգոնից, բայց և այնպես ես լսում էի նրանց բոլոր ասածները։

― Քո ծաղիկը կտրա՞ծ է, Ռիփ,― հարցրեց Մոուլդին։

― Կտրած է, վկայական էլ ունեմ։

― Դե ուրեմն շատ լավ։ Նշանակում է դու վախենալու բան չունես։ Իսկ իմը կտրած չէ. հենց ես էլ կարող եմ տենդախտ ընկնել։

― Մի՞թե նա տենդախտ ունի,― վախեցած հարցրեց Ռիփսթոնը։― Ուրեմն կմեռնի, Մոուլդի։

― Երևի։

― Հանկա՞րծ, Մոուլդի, հենց այնպես էլ հանկարծ կմեռնի՞։

― Ոչ, հանկարծ չի մեռնի,― շշնջաց Մոուլդին։― Նրանց նախ զանազան բաներ են անում, նրանց գլուխը սափրում են և էլի այսպիսի բաներ։

― Իսկ ինչո՞ւ են անում, Մոուլդի,― սարսափահար հարցրեց Ռիփսթոնը։

― Ախր նրանք բոլորովին խելագարի պես են դառնում։ Գլուխները որ չսափրես, իրենց մազերը կպոկռտեն,― պատասխանեց Մոուլդին։

― Ա՜խ, ի՜նչ դժբախտություն։ Խեղճ Սմիթֆիլդը կմեռնի։ Խեղճ Սմիթֆիլդ։

Եվ Ռիփսթոնը լաց եղավ։ Ես հազիվ էի հավատում իմ աչքերին, բայց դա ճշմարտություն էր. նա լաց էր լինում։

Ես չվախեցա և նույնիսկ չզարմացա, որ, Մոուլդիի ասելով, ես տենդախտ ունեի։ Տենդախտը իմ գիտեցած հիվանդություններից ամենավատն էր, իսկ ես շատ ու շատ վատ էի զգում։ Ես գիտեի, որ տենդախտը մահացու հիվանդություն է, բայց նույնիսկ դա չէր վախեցնում ինձ։ Ես միայն մի բան էի ուզում, որ ինձ հանգիստ թողնեն, որ ոչ ոք ձեռք չտա ինձ, չխոսի ինձ հետ։ Ռիփսթոնը և Մոուլդին շարունակում էին փսփսալ ֆուրգոնի մյուս անկյունում։ Ես լսում էի նրանց փսփսոցը և թուղթ խաղացող տղաների խոսակցությունները, ծիծաղն ու հայհոյանքը, լսում էի ոտնաձայներ և ուրիշ զանազան ձայներ։ Քիչ-քիչ ամեն բան հանդարտվեց, միայն իմ ընկերները շարունակում էին խոսակցել։ Ես ուրախ էի, որ նրանք քնած չեն։ Սարսափելի ծարավ էի, և Մոուլդիին խնդրեցի մի կում ջուր ճարել ինձ համար։

Ընկերներս իրար անցան։

― Դե լավ, սիրելիս,― համոզում էր ինձ Մոուլդին քնքուշ ձայնով։― Ես ինչպե՞ս ջուր ճարեմ։ Դու հո գիտես, որ մենք ոչ մի աման չունենք։ Համբերիր, հանգիստ պառկիր մինչև ժամը հինգը, մակույկավարները կգան, և դու ինչքան ուզես կարող ես խմել։

― Ա՜խ, չեմ կարող մինչև ժամը հինգը սպասել, Մոուլդի, իսկապես չեմ կարող, կխելագարվեմ։ Մի ասա, որ սպասեմ մինչև ժամը հինգը։

― Դե լավ, չեմ ասի, միայն թե ճիշտ Է, դրա համար էլ ասացի։

― Իսկ հիմա ժամը քանի՞սն է։

― Երևի մեկին մոտ կլինի։

Ինձ տանջում էր սոսկալի ծարավը, իսկ գետի ալիքներն անընդհատ զարնվում էին այն պատի ստորին մասին, որի մոտ կանգնած էր մեր ֆուրգոնը։ Ես պատկերացրի գետը այնպես, ինչպես տեսել էի Կամարների տակ առաջին գիշերն անցկացնելուց հետո, առաջին առավոտյան։ Նա կայծկլտում էր արևի շողերի տակ, և նրա վրայով դանդաղ լողում էր խոտ բարձած մի բեռնանավ։ Իմ մեջ ծագեց մի անհաղթահարելի ցանկություն՝ իջնել ցած, գնալ ափը և մի կուշտ խմել։ Ինձ աման հարկավոր չէր, ես կարող էի պարզապես գլուխս կախել և խմել ուղղակի գետից։ Վեր կացա և սկսեցի անցնել ֆուրգոնի կողի վրայով։ Այնպես մութ էր, որ ընկերներս ինձ տեսնել չէին կարող, բայց նրանք խշխշոցը լսեցին, և ես հազիվ էի մի ոտքս ֆուրգոնի կողի եզրից անցկացրել, երբ Ռիփսթոնը պինդ բռնեց իմ մյուս ոտքը։

― Ի՞նչ ես անում, Սմիթֆիլդ,― գոչեց նա վախեցած ձայնով և համարյա արտասվելով։― Այդ ո՞ւր ես գնում, սիրելիս։

― Գնում եմ ջուր խմելու։

― Բայց, ախր ջուր չկա։ Մոուլդի, եկ օգնիր ինձ,― Հուսահատությամբ գոչեց խեղճ Ռիփսթոնը։― Ջուր չկա, Սմիթ։

― Ջուր կա,― ասացի ես։― Կգնամ գետի ափը, այնտեղ էլ կխմեմ։

― Չէ, դու խմելու չես գնում։ Երևի ուզում ես խեղդվել, չէ որ դու հիմա համարյա խելագար ես,―հուսահատությամբ գոչում էր Ռիփսթոնը։― Մոուլդի, բավական է վախենաս, բռնիր սրան և օգնիր, որ պահենք։

Բայց Մոուլդին սիրտ չէր անում մոտենալ, վախենում էր։ Չէ՞ որ նրա ծաղիկը կտրած չէր։ Բացի դրանից, նրան թվում էր, որ կատաղության մեջ ես կարող եմ իրեն կծել։ Նա սկսեց ինձ հետ բանակցել՝ առանց իր անկյունից դուրս գալու։

― Ի՞նչ ես վեր թռել, Սմիթ,― ասում էր նա հանգստացնող ձայնով։― Ախր ամբողջ Կամարը կարթնացնես։ Հանգիստ պառկիր, ես հիմա քեզ համար ջուր կճարեմ։

Ռիփսթոնը կասկածեց Մոուլդիի ասածի վրա.

― Ախր սուտ ես ասում, թե ջուր կբերես,― ասաց նա։― Դու պարզապես ուզում ես փախչել, և ինձ մենակ թողնել սրա հետ։

Ես էլ միևնույնն էի մտածում, բայց մենք անարդար էինք Մոուլդիի նկատմամբ։

Նա իմ գլխի տակից վերցրեց իր գլխարկը, դուրս եկավ ֆուրգոնից և մի քանի րոպե հետո վերադարձավ՝ բերելով գլխարկը լիքը գետի թարմ ջուր։ Գետը նույնիսկ ցերեկը բավական հեռու էր թվում, իսկ այժմ մթության մեջ այնտեղ գնալը պարզապես անվտանգ չէր։ Բայց և այնպես Մոուլդիին հաջողվել էր իր ճանապարհորդությունը կատարել բարեհաջող կերպով։ Նրա գլխարկը թեպետև հին էր, բայց ամուր էր և այնքան էր ճարպոտած, որ բոլորովին ջուր չէր անցկացնում։ Ես այդ ջուրը կլանեցի հինգ խոշոր կումերով, և դա ինձ չտեսնված բավականություն պատճառեց։ Այդ գիշեր իմ փոքրիկ շրջմոլիկ ընկերները ուղղակի փրկեցին իմ կյանքը։ Եթե թողնեին գետափ գնամ, ապա գետից փչող սուր, պաղ քամին երևի կսպաներ ինձ։ Խարխափելով մթության մեջ՝ ես հեշտությամբ կարող էի սայթաքել ու գետն ընկնել։

Ծարավս հագեցնելով՝ պառկեցի և քնեցի։ Ես շարունակ ինչ-որ հին ու անդուրեկան երազներ էի տեսնում, մինչև որ Ռիփսթոնը իմ ուսը ցնցեց, ասելով, որ ժամանակն է ֆուրգոնից դուրս գալու, որ կառապանն արդեն գնացել է ձիերը բերելու։ Ես փորձեցի վեր կենալ, բայց չկարողացա։ Նստել կարողանում էի, բայց երբ ոտքի էի ելնում, ծնկներս դողում էին, և ընկնում էի։

― Դե՛, տղերք,― ասաց կառապանը՝ մոտենալով ֆուրգոնին։― Դուրս թափվեք, ես ժամանակ չունեմ ձեզ հետ գլուխ դնելու։

― Բայց, ա՛յ, մեր տղաներից մեկը չի կարողանում դուրս գալ,― ասաց Մոուլդին, որ արդեն դուրս էր թռել ֆուրգոնից։

― Ինչե՞ր ես ասում։ Ինչպե՞ս թե չի կարող դուրս գալ։

― Դուրս գալ գուցե և կարող է, բայց կանգնել չի կարող։ Ասում է, որ իր ոտքերը թուլացել են։ Նեղություն չե՞ք քաշի՝ ինքներդ ցած դնեք նրան։

― Ես նրան այնպես ցած կգցեմ, որ երկար ժամանակ ինձ չի մոռանա։

Այս ասելով բարկացած կառապանը լապտերը ձեռքին արագ քայլեց դեպի ֆուրգոնը։

― Դուրս կորիր, ծույլ անպիտան,― գոռաց նա ինձ վրա։

Բայց այդ րոպեին նրա լապտերի լույսն ընկավ իմ երեսին, և նա իսկույն իր շեշտը փոխեց.

― Խեղճ տղա,― գոչեց նա։― Վաղո՞ւց է այսպես։

― Երեկ երեկոյից,― պատասխանեց Ռիփսթոնը,― և մենք չգիտեինք, որ նա այդպես վատ է։

― Իսկ որտե՞ղ է ապրում։ Հարկավոր է տուն տանել նրան,― ասաց կառապանը։

Ես հիշեցի հայրիկիս բարկացած դեմքը, երբ վերջին անգամ նրան տեսա շուկայում՝ զամբյուղի ճեղքերի արանքից։ Վախենում էի նրա մտրակից երբ առողջ էի, իսկ այժմ նրա մոտ վերադառնալն ինձ անհնարին էր թվում։

Ես ձևացրի, թե չեմ լսում և ոչինչ չպատասխանեցի։

― Իսկ դո՞ւք, երեխաներ, չգիտե՞ք, թե որտեղ Է ապրում նա,― դիմեց կառապանը իմ ընկերներին։

Նրանք շատ լավ գիտեին, թե որտեղ Է մեր տունը, բայց մենք երդվել էինք ոչ ոքի չհայտնել, թե որտեղ են մեր տները, և նրանք չմատնեցին ինձ։

― Նա ոչ մի տուն չունի, ապրում է այստեղ,― ասաց Մոուլդին։

― Հայր ու մայր էլ չունի, որբ է,― ավելացրեց Ռիփսթոնը։

― Թշվառ երեխա,― ասաց կառապանը։― Եթե այստեղ թողնենք, երևի մեռնի։ Հարկավոր Է գոնե բանվորական տուն տանել։ Կուզե՞ս բանվորական տուն գնալ, այ տղա։

Ինձ համար միևնույն էր, միայն թե մեր տուն չտանեին։ Ես այնպես թույլ էի, որ խոսել չէի կարողանում։ Կառապանի հարցին ես միայն գլխով դրական նշան արի։ Բարի մարդը հոգատարությամբ ինձ փաթաթեց իր ձիու ծածկոցի մեջ և ձիու սանձը բռնելով՝ ֆուրգոնը դուրս բերեց Կամարի տակից։ Ռիփսթոնը շարունակ քայլում էր ֆուրգոնի կողքով։

Մոուլդին, չնայած տենդախտից վախենալուն, չկարողացավ առանց հրաժեշտ տալու բաժանվել ինձանից։ Ես լսեցի, որ նա ձեռքերով կառչում է ֆուրգոնի ետնամասին, և այն կողմը նայելով՝ տեսա նրա կեղտոտ երեսը։― Բարի ճանապարհ, Սմիթֆիլդ,― ասաց նա ինձ, ապա դարձավ կառապանին․― նրա վրա իմ բաճկոնն է. խնդրում եմ բանվորական տանը ասեք, որ լավ պահեն և եթե լավանա, տան իրեն։ Դե, բարի ճանապարհ, սիրելի Սմիթ։ Չտխրես։

Եվ նա անհետացավ։

Ռիփսթոնը մնաց ֆուրգոնի մեջ, մինչև որ մենք դուրս եկանք։ Հետո նա ամուր սեղմեց իմ տաք ձեռքը, սիրալիր նայեց ինձ, ավելի լավ փաթաթեց ձիու ծածկոցի մեջ, ցատկեց ֆուրգոնի ետնամասի վրայով և, առանց մի խոսք ասելու, հեռացավ։


Գլուխ 14. Ես կենդանի եմ մնում

Բարի կառապանն ինձ հասցրեց բանվորական տուն։ Այնտեղ իմ շորերը հանեցին, լողացրին և պառկեցրին անկողնում։ Բոլորն ասում էին, որ իմ դրությունը շատ ծանր է, սակայն, զարմանալի բան. ես ինձ առանձնապես վատ չէի զգում։ Եթե որևէ մեկն ինձ հարցներ, թե ո՞րն է ավելի լավ՝ լինել առողջ և պառկել մթին կամարի տակ, թե՞ տենդախտ ունենալ և պառկել այստեղ, ես առանց տատանվելու կընտրեի տենդախտը։ Եվ ինչ կար տատանվելու։ Տենդախտը ինձ ոչ մի ցավ չէր պատճառում։ Ես նույնիսկ մեկ քսաներորդ մասը չէի քաշում այն տանջանքի, որ կրել էի ֆուրգոնում ատամնացավի ժամանակ։ Իմ անկողինը մաքուր էր ու փափուկ, դեղն առանձնապես վատը չէր, իսկ այն արգանակը, որով ինձ կերակրում էին, սքանչելի էր։ Բայց և այնպես բոլորը, նույնիսկ բժիշկը, ինձ նայում էին մի տեսակ լրջադեմ, բոլորն զգուշությամբ էին մոտենում իմ անկողնուն և ինձ հետ խոսում էին մեղմ, քնքուշ ձայնով, ասես կարծում էին, թե ես սարսափելի տանջվում եմ։ Հաճախ մտքովս անցնում էր, թե գուցե սխալմամբ եմ այստեղ ընկել, թե ես ամենևին էլ չունեմ այն սարսափելի հիվանդությունը, որը կոչվում է տենդախտ, թե հենց որ սխալը բացվի, ինձ անմիջապես կվռնդեն այստեղից։

Չգիտեմ, թե որքան ժամանակ այդպես պառկեցի, բայց հիշում եմ, որ մի անգամ առավոտյան արթնացա շատ ավելի առույգ, քան նախորդ օրը։ Բոլորը զարմացած էին նայում ինձ։ Հիվանդապահ կինը ինձ նախաճաշ տալիս քիչ մնաց պիտի թափեր և սկսեց ինչ-որ խոսքեր մրմնջալ դագաղից փրկվող մարդկանց մասին։ Վերակացուհին կանգ առավ իմ անկողնու մոտ և ասաց.

― Դե, կարծում եմ, մենք սրան շուտ չենք թաղի։

Ամենից շատ զարմացավ բժիշկը։

― Ա՛յ դու կտրիճ տղա,― գոչեց նա։― Բոլորովին չէի սպասում, որ այսպես ճարպկորեն դուրս կպրծնես։

― Այո, սըր,― նկատեց հիվանդապահ կինը,― կարելի է ասել՝ սա իր մահին խաբեց։

― Ա՛յ, դա ճիշտ է,― ծիծաղեց բժիշկը,― նա իսկապես որ խաբեց մահին։ Երեկ գիշեր սրա կյանքը մազից էր կախված, իսկ այժմ տես ինչ կտրիճն է։ Հավանորեն կլավանա։ Մենք սրան ոտքի կհանենք ավելի շուտ, քան հարկ կլինի մեկ անգամ ևս մազերը խուզել։

Ես այդ ամբողջ խոսակցությունն այնքան էլ լավ չէի հասկանում, բայց բժշկի վերջին խոսքերը զարմացրին ինձ։ Բանվորական տուն մտնելուս առաջին իսկ օրը գլուխս այնպես էին խուզել, որ բոլորովին ողորկ էր դարձել, ուրեմն երկար ժամանակ իմ մազերը խուզելու կարիք չէր լինելու, մի՞թե ես դրանից շուտ չեմ լավանալու։ Երևի բժիշկը սխալվեց։

Եվ իսկապես բժիշկը սխալվեց, բայց վատն այն էր, որ ես ևս սխալվել էի։ Իմ մազերը շատ դանդաղ էին աճում, բայց առողջացումս ավելի դանդաղ էր ընթանում։ Նույնիսկ կարելի է ասել, որ իմ իսկական տանջանքներն սկսվեցին հենց այն ժամանակ, երբ ես, բժշկի կարծիքով, պետք է առույգ կերպով ոտքի կանգնած լինեի։ Ճիշտ է, ես ոտքի կանգնում էի, այսինքն՝ ինձ ստիպում էին վեր կենալ, շորերս հագնել և հիվանդասրահում ման գալ։ Բայց ես ինձ ոչ կայտառ էի զգում, ոչ էլ ուրախ։ Ախորժակս լավ էր, նույնիսկ չափից ավելի լավ, այնպես որ հիվանդանոցային աղքատիկ բաժնից երեք անգամ ավելին կարող էի ուտել։ Բայց ինձ համար շատ ավելի հաճելի էր տաքության մեջ պառկած լինելը, երբ բոլորը խնամում էին ինձ, և ես կարող էի ուզածիս չափ հանգստանալ իմ անկողնում, քան թե անկյունից անկյուն քարշ գալ, բոլորի ոտքի տակ ընկնել, հիվանդ ոսկորներս անվերջ խփել մահճակալների եզրերին կամ կոշտ կահույքին։ Մի շաբաթ իմ ոտքերն ուռեցին, այնպես որ ոտնաման հագնել չէի կարող, հետո ականջներս ցավեցին, հետո՝ աչքերս, այնպես որ ստիպված էի քայլել մի մեծ կանաչ հովար աչքերիս դրած։ Եվ այդ ամբողջ ժամանակ խիստ տխրում էի, ինձ զգում էի և՛ անբախտ, և՛ զայրացած։ Դռան ամեն մի ճռռոց գրգռում էր ինձ, բանվորական տունը զզվեցրել էր։ Ես ուզում էի շուտ առողջանալ, որպեսզի շորերս տան ինձ և ազատ արձակեն։

Ես լիովին հավատացած էի, որ ուրիշ բան չեն անի։ Միայն մի բան էի ուզում, որ իմ շորերին ավելացնեն մի շապիկ, գլխարկ, մեկ էլ՝ կոշիկներ։ Ես կարծում էի, թե ուզած ժամանակ կարող եմ ասել. «Շնորհակալ եմ ձեզանից, որ ինձ առողջացրիք, հիմա գնում եմ», ու իսկույն իմ առաջ դուռը կբացվի, և ես կկարողանամ ուզածս տեղը գնալ։ Ո՞ւր պիտի գնամ։ Դրա մասին էլ երկար չէի մտածում։ Իհարկե, կվերադառնամ Կամարների տակ, Ռիփսթոնի և Մոուլդիի մոտ, որոնք ինձ տեսնելով շատ կուրախանան։ Թեպետև բանվորական տանը լավ սնունդ էի ստանում և լավ օթևան ունեի, բայց ես առանց վախի էի մտածում փոքրիկ շրջմոլիկի նախկին կյանքին վերադառնալու մասին։ Հիշում էի, թե ինչպես ազատ շրջում էինք քաղաքի փողոցներով, փող ճարելով և ծախսելով ինչի վրա ուզենայինք, ես մտաբերում էի մեր բոլոր ուրախ արարքները և սրտանց ցանկանում էի շուտ տեսնել Մոուլդիին ու Ռիփսթոնին։ Ամբողջ աշխարհում ես միայն նրանց մասին էի սիրով մտածում։ Իմ հարազատ տունը կարծես գոյություն չուներ ինձ համար։

Մեր հիվանդասրահում ուրիշ տղաներ էլ կային, որոնք վաղուց էին ապրում բանվորական տանը, բայց ես նրանց հետ չէի մտերմանում։ Նրանք ինձ թվում էին մի տեսակ հիմար տղաներ և ես վախենում էի որևէ բան պատմել նրանց իմ գործերի մասին, որպեսզի նրանք չմատնեն ինձ։ Բանվորական տանը, կառապանի ասածի հիման վրա, բոլորն ինձ համարում էին որբ, որը ոչ տուն ունի, ոչ սրտակից, ոչ հովանավոր։

Վերջապես ես առողջացա։ Արդեն փետրվար ամիսն էր։ Գետինը ծածկված էր ձյան հաստ շերտով, երբ բժիշկը հիվանդասրահ այցելելով՝ հրամայեց հետևյալ օրը հիվանդանոցից դուրս գրել ինձ և մի ուրիշ տղայի՝ Բայլսին, որը բուժվել էր քութեշից։

Երբ բժիշկը գնաց, Բայլսը ինձ հարցրեց.

― Լսիր, Սմիթֆիլդ, դու ո՞րբ ես։

― Որբ եմ,― պատասխանեցի ես։

― Դե, ուրեմն քեզ ծովային աշխատանքի կտանեն։

― Ինչպես թե։ Ինչո՞ւ։

― Որովհետև բոլոր որբերին ուղարկում են Ստրատֆորդ, և քեզ էլ այնտեղ կուղարկեն։ Մի՞թե դու չգիտեիր։ Սոսկալի ծեծում են Ստրատֆորդում և սև փոսի մեջ են նստեցնում։ Ես ճանաչում էի քեզ պես մի որբ տղայի, որին այնտեղ սպանեցին։

― Իսկ ինչո՞ւ սպանեցին։

― Նրան բռնել էին, երբ ցանկացել էր փախչել, նա փորձել էր անցնել բարձր պատի վրայով, որի եզրերին խփած են եղել սուր-սուր մեխեր։ Նրան բռնել են, գցել ցած, փակել մթին փոսի մեջ, և դրանից հետո այլևս նրա մասին ոչ ոք ոչինչ չի իմացել։ Բոլորն ասում են, որ նրան սպանել են։

― Ուրեմն ինչ հիմարն է եղել, որ գնացել է Ստրատֆորդ,― ասացի ես։

― Կարծում ես նա ի՞նքը գնաց։ Նրան տարան, ինչպես որ, այ, քեզ կտանեն,― պատասխանեց Բայլսը։

― Ո՛չ, ինձ չեն տանի,― վճռական տոնով հայտարարեցի ես։― Երբ հիվանդանոցի պետը անցնելիս կլինի մեր հիվանդասրահով, ես կխնդրեմ, որ իմ շորերը տա և թույլատրի, որ գնամ, ուր ինքս կուզենամ։

― Ա՛յ, դա ճարպիկ բան է,― ծիծաղեց Բայլսը,― խնդրիր նրան, երևի քեզ արձակի և, թերևս, կառապանի փող էլ կտա։

Ես Բայլսի խոսքերին ուշադրություն չդարձրի։ Միշտ այն կարծիքին էի, որ նա հիմար է, իսկ այժմ բոլորովին համոզվեցի դրանում։ Ի՛նչ մի կարևոր բան է ինձ բանվորական տանը պահել։ Ընդհակառակը, բոլորն էլ շատ ուրախ կլինեն, որ ազատվում են ինձանից։

Ամեն երեկո պետը շրջում էր հիվանդասրահները, որ տեսնի՝ բոլորն են իրենց անկողիններում։ Երբ նա մոտեցավ ինձ, կանչեցի նրան։ Հիվանդասրահում բոլորը գլուխները բարձրացրին բարձերից և զարմացած նայեցին ինձ։ Ես չէի էլ մտածում, թե հանդուգն բան եմ անում։

― Ինձ կանչեցի՞ր, տղա,― հարցրեց պետը՝ կարծես չհավատալով իր ականջներին։

― Այո, սըր, ես ուզում էի խնդրել ձեզ, որ հրամայեք տան իմ հին շորերը, դնեն այնտեղ, աթոռի վրա, որպեսզի վաղը հագնեմ։ Ես ուզում եմ այստեղից գնալ։

Պետի աչքերում զայրույթ շողաց։ Հետո նա հանգիստ դարձավ վերակացուհուն.

― Սա ի՞նչ է, միսիս Բրաուն, այս տղայի խելքը տե՞ղն է,― հարցրեց նա։

― Տեղն է, սըր, եթե միայն խելք ունի այդ հանդուգն սրիկան,― պատասխանեց վերակացուհին։

― Շատ լավ,― ասաց պետը՝ հանելով մատիտն ու ծոցատետրը։― Կարծեմ, սա այն խմբից է, որ վաղը գնում է, չէ՞։ Ո՞րն է սրա համարը։

― 127, սըր,― պատասխանեց վերակացուհին։

― Շնորհակալ եմ... Դե, № 127, դու ստիպված կլինես հիշել այսօրվա երեկոն։

Եվ մի անգամ էլ նայելով ինձ՝ շարունակեց իր ճանապարհը։

Ես շշմել էի։ Գլուխս ծածկեցի վերմակով և երկար ժամանակ ուշքի չէի գալիս։ Մի՞թե ճիշտ է։ Մի՞թե ես չեմ կարող ցանկացած ժամանակ հեռանալ բանվորական տնից։ Ես այստեղ գերի եմ, վաղը ինձ կտանեն այն զարհուրելի տեղը, որի մասին պատմում էր Բայլսը, և այնտեղ, իհարկե, միանգամից կգցեն սև փոսը պետի նկատմամբ թույլ տված իմ հանդգնության համար։

Ի՞նչ անեմ։ Ինչպե՞ս ազատվեմ ինձ սպառնացող սարսափելի վիճակից։ Եթե նույնիսկ ինձ հաջողվի դուրս պրծնել բանվորական տնից, այս հագուստով փախչել չեմ կարող։ Պետք է խոստովանեմ, որ ես չէի քաշվի բանվորական տան տված հագուստը տանել ինձ հետ, բայց դա մի տեսակ տարօրինակ հագուստ էր. կարճ բաճկոնակ, մինչև ծնկներս հասնող շալվար, բրդյա կապույտ գուլպաներ և պղնձե կոճակներով կոշիկներ։ Ինչպե՞ս կարող էի փախչել այդպիսի հագուստով։ Ամեն ոք մի վերստ հեռավորությունից կճանաչեր ինձ։ Ասենք բանվորական տնից մինչև Կամարները շատ էլ հեռու չէր։ Բավական էր միայն հասնել այնտեղ, և Մոուլդին ու Ռիփսթոնը ինձ կփրկեին։ Բայց ինչպե՞ս ծլկել բանվորական տնից։

Երկար ժամանակ դրա մասին մտածելով՝ քնել չէի կարողանում։ Վերջապես կազմեցի մի շատ վտանգավոր ծրագիր, բայց ուրիշը մտածել չէի կարող։ Մեր հիվանդասրահում կար մի բարի կին՝ հիվանդապահների օգնականուհին, որը հաճախ ինչ-որ մեկից նամակներ էր ստանում։ Նրա անունն էր Ջեն։ Այդ նամակները դռնապահը պահում էր իր մոտ, իսկ Ջենը սովորաբար կամ ինքն էր իջնում նամակը վերցնելու, կամ թե ուղարկում էր մեզանից որևէ մեկին։ Իր նամակները պահելու համար երբեմն նա դռնապահին ծխախոտի փող էր տալիս։ Ես մտածեցի օգտվել դրանից։ Իհարկե, ես շատ ստեր պետք է ասեի, բայց դա դատարկ բան է։ Ստրատֆորդը ինձ չափազանց սարսափելի էր թվում։

Լույսը բացվում էր։ Մենք նախաճաշում էինք ժամը յոթն անց կեսին, իսկ նամակները գալիս էին ժամը ութի փոստով։ Երբ ես արթնացա, սկսել էի տատանվել, բայց նախաճաշի ժամանակ տղաներն սկսեցին ինձ ծաղրել և շարունակ խոսում էին, թե ինչ օրն են գցելու ինձ Ստրատֆորդում։ Այդ բանը իմ բոլոր տատանումներին վերջ տվեց։

ժամը ութից քառորդ անց՝ ես մի հնարով գլխարկս թաքցրի շալվարիս մեջ, աննկատելիորեն դուրս եկա հիվանդասրահից և սանդուղքով ցած իջա։ Ցածում կար մի երկար միջանցք, որ տանում էր մինչև բակը, որի հեռավոր ծայրին գտնվում էր դարբասը։ Այնտեղ նստած էր դռնապանը։ Հիվանդասրահի լուսամուտը նայում էր բակին, և ես տեսա, որ Ջենը նայում է ինձ և կարծես զարմանում է, թե այդ ժամին ինչու եմ իջել բակ։ Ես նրա վրա ուշադրություն չդարձրի և համարձակորեն մոտեցա դռնապանի տնակին։

― Նամակ չկա,― ասաց նա տեսնելով ինձ։

― Գիտեմ,― պատասխանեցի ես,― բայց Ջենը խնդրում է, որ ինձ թույլ տաք վազեմ անկյունի խանութը իր համար նամակի թուղթ գնելու։ Նա ասում է...

― Ա յ, թե բան է մտածել,― բարկացած գոչեց պահակը։― Մի՞թե կարող եմ թույլ տալ։ Ասա քո Ջենին, որ արդեն շատ է երես առել, այդպիսի հիմարություններ խնդրել...

Այս ասելով՝ նա նայեց վերև, լուսամուտին, իսկ լուսամուտի առաջ կանգնած Ջենը ամենակատաղի նշաններ էր անում նրան։

― Լավ, նշաններ անելու կարիք չկա։ Եթե ես սրան թողնեմ, դրա համար երևի ինձ ծառայությունից կվռնդեն։

― Ներեցեք,― ընդհատեցի ես նրան շտապով, տեսնելով, որ իմ ամբողջ հույսը օդ է ցնդում։― Ջենը հրամայել է ինձ նաև մի ութերորդական ծխախոտ գնել ձեզ համար։

― Հըմ, այդ լավ է..․― Նա նորից նայեց լուսամուտին, որտեղ դեռ կանգնած էր ամբողջովին կարմրատակած Ջենը. երևի նրա մեջ կասկած էր առաջացել, և նա կատաղաբար գլուխն էր օրորում։

― Միայն թե կարիք չկա, որ ձեր Ջենը ինձ ծխախոտ հյուրասիրի։ Ավելի լավ է փողը տուր ինձ և ինքդ վազիր, միայն, տես, չուշանաս, թե չէ վատ կլինի քեզ համար։

Փողը տալ նրան և վազել։ Նա ինձ բաց է թողնում, ճանապարհը բաց է իմ առաջ, և հանկարծ ամբողջ գործը փչանալու է, որովհետև ինձ մոտ մի երկու պեննի չկա։ Ես դիմեցի մի նոր ստի։

― Մանր չունեմ,― ասացի,― Ջենը հրամայել է ձեզ համար ծխախոտ գնել այն փողից, որ տվել է թղթի համար։

Եվ սկսեցի գրպանումս որոնել երևակայական արծաթե դրամը։

― Լավ, գնա, շուտ։ էլ ինչ ես այստեղ կանգնել ու շատախոսում։ Հիմա վերադարձած կլինեիր։

Նա փոքրիկ դռնակի մղլակը ետ քաշեց, և ես ազատ էի։ Ուզեցի իսկույն վազել, բայց վախեցա, թե որևէ մեկը չի հսկում ինձ, ուստի սկզբում սկսեցի միայն արագ-արագ քայլել։ Բայց հենց որ հասա առաջին անկյունին, սկսեցի վազել ամբողջ ուժով։ Մառախլապատ ցուրտ առավոտ էր, ես ինձ զգում էի արտակարգ թեթև ու կայտառ։ Այդ վայրն ինձ ծանոթ էր, ես գիտեի ամենակարճ ճանապարհը և մի վեց րոպեում հասա գետափնյա փողոցի այն անցքին, որը տանում էր ցած, դեպի մթին Կամարները։


Գլուխ 15. Ես նորից գնում եմ Թերնմիլ փողոցը

Երբ շուռ եկա դեպի Կամարների անցքը, ժամը ինը խփեց։ Դա ինձ ստիպեց կանգ առնել։ Մոուլդին և Ռիփսթոնը Կամարների տակ լինել չէին կարող, նրանք երևի վաղուց արդեն դուրս են եկել աշխատանքի և աղջամուղջից շուտ չեն վերադառնա։ Պետք է ամբողջ օրն անցկացնեմ առանց նրանց տեսնելու։ Դա բավական նվազեցրեց ուրախությունս, որ զգում էի այդպես հաջողությամբ բանվորական տանից դուրս պրծնելու համար։ Իհարկե, ես կարող էի իմ բարեկամներին որոնել շուկայում, բայց իմ հագուստով այնտեղ երևալը հիմարություն կլիներ։ Որոշեցի մտնել Կամարների տակ և այնտեղ սպասել նրանց վերադարձին։ Զարմանալի բան. այն տեղը, ուր կանգնած էր լինում մեր ֆուրգոնը, ինձ ամենևին այնպես հարազատ չթվաց, ինչպես սպասում էի։ Այդ տեղն ինձ թվաց արտակարգ մութ, մռայլ, ամայի ու տխուր։ Իմ քայլերը զրնգում էին խոնավ պատերի մեջ։ Քարերը սայթաքուն էին ապակու պես։

Պատերից մեկի մոտ ես տեսա հնոտիների մի կույտ և ուղղվեցի այնտեղ։ Բայց հազիվ էի մոտեցել, երբ կույտը շարժվեց և լսվեց ծերունական մի ճչացող ձայն.

― Ի՞նչ ես փնտրում այստեղ, այ տղա։ Կարծում էի՝ գոնե ցերեկը բոլորը կգնան ու կթողնեն, որ հանգիստ մեռնեմ։ Ծանր բան է մարդկանց աչքի առաջ մեռնելը։

― Ձեզ չեմ խանգարի մեռնել,― քաղաքավարությամբ պատասխանեցի ես։― Մեռեք, խնդրեմ, ես միայն ցրտից պաշտպանվելու տեղ եմ փնտրում։

Մտիր այն արկղը, որ դրված է ջրկիրի սայլակի վրա,― խռխռացրեց իմ նոր ծանոթը։― Եթե իմ ոտքերում ուժ լիներ, ես ինքս այնտեղ կբարձրանայի և մարդկանց չէի ձանձրացնի հիմար խոսակցություններով։

Ես շուրջս նայեցի ու նկատեցի սայլակը, որի վրա մի մեծ արկղ կար անցքը դեպի վերև արած։

Ես մտա նրա մեջ՝ ուրախանալով, որ ինձ համար հարմար անկյուն եմ գտել։ Բայց շուտով պարզվեց, որ այդ ապաստանն այնքան էլ հարմար չէ, որքան պատկերացնում էի։ Արկղի մեջ շատ ջուր էր մնացել, որ սառել էր և սկզբում բոլորովին պինդ էր, բայց երբ ես սառույցի վրա նստեցի, սկսեց հալվել, և ջուրը ծծվեց իմ շալվարի մեջ։ ես արկղից դուրս եկա և նստեցի ջրկիրի նստատեղը, որպեսզի գեթ քամուց պաշտպանվեմ։ Բայց քամին այնպես սուր էր, թափանցող, որ նրանից պաշտպանվելն անհնարին էր։ Նա թափով ներս էր հոսում նեղ անցքի միջով և գետի ափից խոնավ ձյուն էր բերում իր հետ։ Ես սառել էի մինչև ոսկորներս, ականջներս թշշում էին։ Իսկ երբ գլուխս բարձրացրի, քամին փչեց ուղղակի բերանիս։ Ես ստիպված էի գլխարկս բռնել երկու ձեռքով, մատներս ցավում էին ցրտից, կարծես այրված լինեին։ Կես ժամից ավելի այդ տանջանքին դիմանալ չկարողացա։ Ցած թռա սայլակից, ձեռքերս գրպաններս խոթեցի և սկսեցի ետ ու առաջ վազվզել, խփելով սայթաքուն քարերին, որպեսզի մի կերպ տաքացնեմ պաղած ոտքերս։ Վերջապես ցուրտն այն աստիճանի տանջեց ինձ, որ որոշեցի փորձել կրակ վառել։ Գետափին կարելի էր շատ տաշեղ և ածխի կտորներ հավաքել, ցավն այն էր, որ լուցկի չունեի։ Գետում բազմաթիվ բեռնանավեր էին կանգնած, որոնց վրա մարդիկ էին աշխատում և դրանցից շատերը ծխում էին։ Նրանք իհարկե ինձ լուցկի կտային, եթե խնդրեի։ Բայց իմ հագուստով ինչպես մոտենայի նրանց, կսկսեին հարցուփորձ անել իմ մասին, կպատմեին իրենց ծանոթներին, և կվերջանար նրանով, որ ինձ կբռնեին։ Մնում էր մի բան. հանել բաճկոնս, որ կարող էր ինձ մատնել, երեսս ու ձեռքերս ցեխոտել, որպեսզի նման լինեմ գետի տիղմի մեջ ոսկոր հավաքող տղաներին։ Դա դժվար բան չէր, բայց այդ ժամանակ ինձ չափազանց ծանր թվաց, ես դեռ հիվանդությունից բոլորովին չէի ապաքինվել, սարսափելի մրսել էի, այնինչ ստիպված էի հանել ոչ միայն բաճկոնս, այլև գուլպաներս, կոշիկներս և գլխարկս, որովհետև «ոսկոր հավաքողները» այդպիսի շորեր չեն հագնում։ Նրանց ձեռքերը, ոտքերը և երեսը միշտ ցեխոտ են լինում։ Նրանց պես ցեխոտվելու համար ես պետք է բոբիկ ոտքերով անցնեի գետափի տիղմի միջով, որ երեսից ծածկված էր սառույցով, պետք է ձեռքերս խրեի այդ տիղմի մեջ և քսեի երեսիս։ «Ոսկոր հավաքողները» միշտ իրենց հետ ունենում են մի պարկ կամ մի որևէ աման, որի մեջ հավաքում են այն ամենը, ինչ գտնում են։ Իմ բախտից, բեռնանավերից մեկի մոտ տեսա մի հին կաթսա, որ ընկած էր տիղմի մեջ։ Ես այդ կաթսան ձեռքս առա և մոտեցա մի ծերունի նավավարի, լուցկի խնդրեցի նրանից։

― Հեռու կորիր, գարշելի գող,― գոռաց նա․― հենց նոր դուրս է պրծել բանտից և էլի նախկին գործին է անցել։

― Ես բանտում չեմ եղել,― արցունքն աչքերիս պատասխանեցի ես,― ես երբեք բանտում չեմ եղել։

― Բանտում չես եղել, գարշելի ստախոս։ Ապա մի նայիր քո գլխին, բա դա բանտի խուզվածք չի՞։

― Ոչ, ես բանվորական տանն եմ եղել, և այնտեղ են գլուխս խուզել, որովհետև տենդախտ ունեի։ Ես բանվորական տանից եմ փախել։

Ծերունին նավեզրի վրայով կախեց ալեհեր գլուխը և քննող հայացքով նայեց իմ կեղտոտ, արտասվաթոր երեսին։ Երևի նա համոզվեց, որ ճիշտ եմ ասում, որովհետև շատ ավելի փաղաքշական տոնով ասաց.

― Դե, լավ, եթե քեզ միայն լուցկի է հարկավոր, վերցրու թեկուզ երկուսը և քո ճամփան գնա։

Նա լուցկին խրեց ձողի ճեղքի մեջ և այդ ձևով տվեց ինձ։ Բայց, ավաղ, իմ բոլոր ջանքերն իզուր անցան։ Ես համարյա մերկացել էի և ամբողջովին սառել, ինձ հայհոյեց նավավարը, և այդ ամենն ինձ ոչ մի օգուտ չտվեց։ Ես և՛ տաշեղ ունեի, և՛ ածուխ, և մի կտոր թուղթ, բայց այդ ամենն այնպես խոնավ էր, որ իմ երկու լուցկիներն էլ վառվեցին, իսկ կրակ վառել չկարողացա։ Նայեցի ափին։ Ինձ լուցկի տվող ծերունին այլևս նավի վրա չէր, և ստիպված էի մնալ առանց կրակի։ Նորից գնացի գետափ՝ ոտքերիս, ձեռքերիս ու երեսիս ցեխը լվանալու, սպասեցի մինչև չորացա, որովհետև սրբիչ չունեի, հետո նորից հագա գուլպաներս, կոշիկներս, բաճկոնս, գլխարկս դրի և սկսեցի Կամարների տակ ետ ու առաջ քայլել։

ժամը երկուսին մոտ ձյուն եկավ։ Դա ինձ չվշտացրեց, այլ, ընդհակառակն, ուրախացրեց, ես մտածեցի, թե վատ եղանակի պատճառով Ռիփսթոնն ու Մոուլդին շուտ կվերադառնան։ Նստեցի այն սանդուղքի վերջին աստիճանին, որտեղով նրանք սովորաբար իջնում էին Կամարների տակ, և սկսեցի սպասել։

Եկեղեցու ժամացույցը յոթը խփեց, բայց իմ բարեկամները չէին երևում։ Այժմ ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ։ Արդյոք տուն չվերադառնա՞մ։

Երբ այդ միտքն առաջին անգամ գլուխս եկավ, ես հեռու վանեցի որպես անհեթեթ մի միտք։ Բայց ժամանակն անցնում էր, հույսս կտրում էի, թե կտեսնեմ իմ միակ բարեկամներին։ Տուն գնալու միտքը վերադառնում էր։ Վերջապես այլևս չէի կարող ուրիշ բանի մասին մտածել։ Ի՞նչ կա այդքան վախենալու տուն վերադառնալուց։ Արդեն ինը ամսից ավելի մերոնցից ոչ մեկին չէի տեսել, գուցե նրանք կուրախանան ինձ տեսնելով, գուցե, վատագույն դեպքում, հայրս մի լավ կխրատի ինձ։ Հիմա ես այլևս այնպիսի փոքրիկ տղա չէի, ինչպես տանից փախչելու ժամանակ, ես արդեն գիտեի, թե ինչպես պետք է աշխատանք որոնել, ինչ աշխատանք կարելի է անել, ես բեռ չեմ լինի մեր ընտանիքին։

Սակայն մեր փողոցը գնալուց առաջ միառժամանակ թափառեցի Կամարների մոտերքը, հետո վազեցի շուկա, նայեցի, թե արդյո՞ք այնտեղ չեն Ռիփսթոնն ու Մոուլդին, և ոչ մի տեղ նրանց չգտնելով՝ որոշեցի գնալ Թերնմիլի փողոցը։ Ես գնում էի առույգ, առանց կանգ առնելու և ոչ ոքի վրա ուշադրություն չէի դարձնում։

Բայց երբ հասա Սմիթֆիլդ, քայլերս դանդաղեցին, իսկ երբ մոտեցա մեր փողոցին, կանգ առա։ Արդյոք վտանգավոր չէ՞ր այսպես ուղղակի ներկայանալ հայրիկիս։ Օրվա այս ժամին նա սովորաբար գարեջրատանն է լինում։ Արդյոք չսպասե՞մ մինչև դուրս գա այնտեղից։ Միշտ էլ, երբ մի քիչ խմած է լինում, ավելի բարի է լինում։ Ես կանգ առա մեր փողոցի դիմաց և սկսեցի սպասել հորս։ Նա միշտ տուն էր վերադառնում ժամը տասնմեկին մոտ, իսկ այժմ միայն տասն էր։ Ես սպասում էի համբերությամբ, և այն միտքը, թե հայրս ինչպես կդիմավորի ինձ, ինչ կասի, այդ միտքը նույնիսկ թույլ չէր տալիս, որ քաղց կամ ցուրտ զգամ։ Բայց ժամանակն անցնում էր, իսկ հայրս չկար ու չկար։ Վերջապես որոշեցի գնալ մինչև այն գարեջրատունը, ուր միշտ լինում էր հայրս, և տեսնել, թե այնտեղ չէ՞։

Հանկարծ գարեջրատան դուռը լայն բացվեց, և այնտեղից դուրս հրեցին մի կնոջ։ Այդ կնոջ շորերն ամբողջովին պատառոտված էին և կեղտոտ, շեկ մազերը գզգզված, շրթունքները պատառոտված, իսկ ձեռքին բռնած ուներ մի երեխա, որ փաթաթված էր կեղտոտ լաթերի մեջ։ Ես իսկույն ճանաչեցի, դա միսիս Բերկն էր՝ իմ փոքրիկ, խեղճ քույր Պոլլին գրկին։

― Ա՛յ դու, գարշելի հարբեցող,― ճղղում էր նա։― Ինչպե՞ս ես համարձակվում շշերը նետել ինձ վրա։ Քիչ մնաց երեխային պիտի սպանեիր։ Կգաս տուն, կտեսնես, ինչպես եմ կրակխառնիչը կոտրում քեզ վրա։

Գարեջրատնից նրան դուրս գցող մարդը նրա վրա հարձակվեց բռունցքը բարձրացրած։

― Դու դեռ համարձակվում ես ինձ նախատե՞լ հարբեցողության համար, գարշելի սողուն,― գոռում էր նա։― Ինքդ լակում ես ճաշի համար տված փողերս։ Ամբողջ ընտանիքը սովի է մատնվել այն օրվանից, երբ դու ոտք դրիր իմ տունը։ Քեզ սպանելն էլ քիչ է։

― Բավական է աղմկես, Ջիմ Բալիզետ,― ասաց միստր Պիգոտը բռնելով նրա ձեռքը։― Ես չեմ թույլ տա անկարգություններ անել իմ գարեջրատանը։ Կարող եք տանը ծեծել նրան, եթե ուզում եք, բայց այստեղ՝ ոչ։

Ջիմ Բալիզետ։ Այդ հարբած, կեղտոտ մարդուն նա անվանում էր Ջիմ Բալիզետ։ Մի՞թե դա իմ հայրն էր։ Ես սովոր էի հորս տեսնել միշտ կարգին հագնված, նույնիսկ մի փոքր պճնված։ Այն ժամանակ, երբ նա աշխատանքից տուն էր վերադառնում, միշտ խնամքով լվացվում էր և տանից դուրս գալուց առաջ հագնում էր մաքուր վերնաշապիկ, ֆլանելե բաճկոն, իսկ վզին մետաքսե թաշկինակ էր կապում։ Այնինչ այս մարդը լվացված էլ չէ, դեմքն ուռած է, աչքերը խամրած, երեսը ծածկված է մազերով։ Նրա մազերը վաղուց սանր չէին տեսել, նրա հագին սոսկալի կեղտոտ վերնաշապիկ է, գլխին՝ մի հին, բոլորովին ճմրթված գլխարկ։

― Թողեք ինձ,― գոռում էր նա միստր Պիգոտին։― Ես պետք է ջարդեմ այդ անասունի, այդ օձի, այդ տզրուկի մռութը, որ ծծել է իմ ամբողջ արյունը։

― Վերջ տուր, Ջիմ,― համոզում էին նրան գարեջրատնից դուրս թափվող մարդիկ։― Դու դեռ ժամանակ կունենաս նրա հետ հաշիվդ մաքրելու։ Ավելի լավ է՝ գնանք մի-մի բաժակ էլ խմենք։

Աղմկող բազմությանը մոտեցավ մի ոստիկան։

― Ի՞նչ է, էլի Բալիզետներն են կռիվ սարքել,― հանգիստ հարցրեց նա գարեջրատան տիրոջը։

― Այո,― պատասխանեց միստր Պիգոտը։― Մարդ չի էլ կարողանում սրանց զսպել։ Վերջապես դուք օգնության եկաք։

― Այո, պարոն ոստիկան,― գոռաց հայրս,― տարեք այստեղից այդ շեկ սողունին, որպեսզի այլևս աչքիս չերևա։

Եվ օրորվելով վերադարձավ գարեջրատուն։

― Ոչ, ավելի լավ է թրխկացնեք այդ ճիվաղին, որ խմեց մեր ամբողջ ունեցածը,― վրա տվեց միսիս Բերկը, որ ոստիկանի երևալուց փոքր-ինչ սրտապնդվել էր։

― Լավ, գնա, գնա տուն, անամոթ հարբեցող,― մռնչաց ոստիկանը անքաղաքավարի քարշ տալով միսիս Բերկին դեպի մեր փողոցը և հրեց մեր տան դռան մեջ։

Ի՞նչ անեի։ Միսիս Բերկի ետևից գնալն իհարկե հիմարություն կլիներ։ Ես երբեք հույս չէի ունեցել, թե նա սիրալիր կընդունի ինձ։ Իսկ նրա աչքին երևալ այն ժամանակ, երբ նրան ծեծել են, արդեն բոլորովին անմտություն կլիներ։ Ես շատ էի խղճում փոքրիկ Պոլլիին, բայց ինձ մխիթարում էր գեթ այն, որ նա կենդանի է և իմ հանցանքով հաշմանդամ չի դարձել։ Գնալ հորս մո՞տ։ Գուցե թե հայրիկս կխղճա ինձ։ Առաջ միսիս Բերկն էր նրան լարում իմ դեմ։ Այժմ հայրս նրա հետ կռվել է. գուցե նրան կատաղեցնելու համար ինձ ընդունի։ Ես վախվխելով մտա գարեջրատուն։ Այնտեղ շատ ժողովուրդ կար, և ես միանգամից հորս տեսնել չկարողացա։

Լավ նայելուց հետո միայն նկատեցի, որ նա նստել է՝ երկու ձեռքերը սեղանին դրած և գլուխը ձեռքերի վրա իջեցրած։

― է՜յ, բանվորական տուն, ի՞նչ ես ուզում,― հարցրեց ինձ գարեջրատան ծառայողը։

― Ես եկել եմ հայրիկիս մոտ, ահա նա, այնտեղ է,― ասացի ես՝ ցույց տալով հորս։

― Իսկ ի՞նչ է քո հոր անունը, տղա։

― Ջիմ Բալիզետ։

― Ա՜, ես այդպես էլ կարծում էի, իսկույն ճանաչեցի նրան,― գոչեց մեր փողոցում ապրող մուշտակագործը։― Ջիմ, արթնացիր, տես՝ տղադ վերադարձել է,― դիմեց նա հայրիկիս՝ թեթևակի հրելով նրան։

― Ի՞նչ ես դուրս տալիս, թող ինձ,― մռնչաց հայրս՝ առանց գլուխը բարձրացնելու։

― Խոսիր նրա հետ, փոքրիկ Ջիմ, նա քո ձայնը կճանաչի։

― Ես եմ, հայրիկ,― խոսեցի ես՝ դողացող ձեռքս դիպցնելով նրա արմունկին։― Ետ եմ եկել։

Հայրս դանդաղորեն բարձրացրեց գլուխը և ինձ վրա հառեց այնպիսի մի դաժան հայացք, որ ես մի երկու քայլ ետ քաշվեցի։ Նա մի քանի րոպե այդպես նայում էր ինձ, և ես արդեն սկսել էի հուսալ, որ նրա զայրույթը չքանում է, երբ հանկարծ առանց մի խոսք ասելու հարձակվեց ինձ վրա և բռնեց շապիկս ու բաճկոնիս օձիքը։ Նրա ձեռքը ուժեղ սեղմեց իմ կոկորդը, և ես ընկա նստարանին։

― Ա՜, ճանկս ընկար, անպիտան, ճանկս ընկար,―ասաց նա մյուս ձեռքով արձակելով իր զարհուրելի գոտին։

― Ի՞նչ եք անում, Ջիմ։ Ախր կխեղդեք նրան, Ջիմ։ Բաց թողեք երեխային, Ջիմ։ Կարելի՞ է այդպես վարվել երեխայի հետ,― օգնության հասան ինձ այս ու այն կողմից։

― Իմ տղան է, ինչ ուզեմ, այն էլ կանեմ,― գոռաց հայրս։

Նա մի րոպե կանգ առավ, կարծես մտածելով, թե ինչպես ավելի լավ պառկեցնի ինձ, որ ծեծի, ապա օձիքիցս բռնած բարձրացրեց և երեսնիվայր գցեց սեղանին։ Այստեղ նա կարծես առաջին անգամ նկատեց, թե ինչ տարօրինակ հագուստ ունեմ ես։

― Այս ի՞նչ հագուստ է,― հարցրեց նա։

― Դա երևի բանտի հագուստ է,― նկատեց մեկը։― Գլուխն էլ բանտարկյալի պես է խուզված։

― Չէ, դա բանտի շոր չի,― ասաց գարեջրատան ծառայողը։― Դա բանվորական տան հագուստ է։

― Այո, բանվորական տան,― վրա բերի ես։― Այս հագուստը տվին ինձ, երբ ես տենդախտով հիվանդացել էի և ընկել բանվորական տուն։

Ես կարծում էի այդ խոսքերով փոքր-ինչ կմեղմացնեմ հայրիկիս, բայց հակառակը դուրս եկավ։ Նա զզվանքով ետ ցատկեց սեղանից և դիմելով շրջապատողներին՝ արտասվախառն ձայնով ասաց.

― Ա յ, դուք ասում եք, որ բաց թողնեմ սրան, բայց գիտե՞ք թե ինչ է արել այս տղան։ Նա փախել է տնից, քիչ էր մնացել սպաներ իմ աղջկան, մուրացկանություն է արել, խայտառակել է ինձ, բանվորական տուն է ընկել, լսո՞ւմ եք՝ բանվորական տուն։ Եվ դեռ ասում եք, որ նրան բա՞ց թողնեմ։ Ո՛չ մի պայմանով, ես ծեծելով պիտի սպանեմ։

― Միայն թե, խնդրում եմ, ոչ իմ գարեջրատանը,― գոչեց միստր Պիգոտը, բռնելով կաշեփոկի ծայրը, որ հայրս արդեն բարձրացրել էր ինձ վրա։ Միստր Պիգոտը փորձեց նրա ձեռքից խլել ամբողջ գոտին, բայց մյուս ծայրը հայրս ամուր փաթաթել էր իր ձեռքին։ Նրանց միջև կռիվ սկսվեց, և օգտվելով դրանից՝ ես աննկատելիորեն սեղանից իջա հատակին։

― Ոստիկան կանչեք,― գոռում էր գարեջրատան տերը։

― Կանչեք ում ուզում եք. ոչ ոք ինձ չի կարող խանգարել, որ հաշիվ տեսնեմ այդ անպիտանի հետ։

Գարեջրատան դուռը կիսաբաց եղավ, և այնտեղից ներս խցկվեցին աղմուկի վրա հավաքված հետաքրքրասեր անցորդների մի կես դյուժին գլուխներ։ Ես թաքնվեցի սեղանի տակ։ Բարեսիրտ ծառայողը կռացավ և ինձ քաշեց դեպի դուռը։ Ներկա եղողներն այնքան էին զբաղված հայրիկիս և միստր Պիգոտի կռվով, որ ինձ վրա ուշադրություն չդարձրին։

Շուտ փախիր տուն և ուրախ եղիր, որ այդպես էժան պրծար,― ասաց ծառայողը դուրս հրելով ինձ փողոց և դուռը փակելով իմ ետևից։


Գլուխ 16. Ես ծանոթանում եմ երկու ջենտլմենների հետ

― Ուրախ եղիր, որ այդպես էժան պրծար,― ասաց ինձ գարեջրատան ծառայողը։

Ուրա՜խ լինել, ինչի՞ համար, կուզեի իմանալ։ Ես աշխարհում ամենադժբախտ տղան էի. ոչ անկյուն ունեի, ոչ բարեկամ, ոչ մի կտոր հաց։ Ես նույնիսկ հագուստ չունեի, որովհետև իմ հագի շորերը ինձ չէին պատկանում և խիստ նեղում էին իմ ազատությունը։ Իմ բոլոր հույսերն ու պլանները փուլ եկան։ Ես վտանգից փրկվել էի, բայց այդ ամենևին չէր մխիթարում ինձ։ Այնպիսի վհատություն էի զգում, որ նույնիսկ վազել չէի կարողանում։ Ինձ այնպես վատ էի զգում, որ եթե լսեի, թե ինչպես հայրս հասնում է իմ ետևից, թափահարելով գոտին, դարձյալ քայլերս չէի արագացնի։

Արդեն մոտավորապես ժամը տասնմեկն էր, բոլոր խանութները փակվում էին։ Ես գնում էի ուր որ պատահեր, ուշադրություն չդարձնելով ճանապարհին, պատահաբար շուռ գալով մերթ այս, մերթ մյուս կողմը, ինչպես անտուն-անտեր շուն։

Այդպես թափառեցի մի քառորդ ժամ, մինչև որ ընկա մի փոքրիկ փողոց, որը տանում էր դեպի կաշեգործների շարքը։ Այդ փողոցը երկար չէր և ամբողջովին բաղկացած էր խանութներից։ Խանութները փակ էին, միայն մի բուլկեվաճառի խանութից լույս էր երևում։ Ես մոտեցա լուսավորված ցուցափեղկին, և իմ աչքերի առաջ բացվեց զանազան ձևի ու մեծության բուլկիների մի ամբողջ կույտ։ Ես կանգ առա անշարժ, կարծես միանգամից ոտքերս պոկեցին։ Իզուր չէի ետ ու առաջ թափառել, վերջապես գտա այն, ինչ ինձ հարկավոր էր։ Ա՜խ, եթե ինձ գոնե մեկ հատ տային այդ կարմրաթուշ, սքանչելի բուլկիներից։ Քանի՞ հատ կարող էի ուտել, ո՞րը կընտրեի։ Ներքևինը. դա ավելի յուղոտ է երևում, և մեկ էլ ահա այն, որ լուսամուտին ավելի մոտ է։

― Զ...զ..․― փակվեց վերջին փեղկը։ Չքացավ և՛ լույսը, և՛ սքանչելի հացը։ Բուլկեվաճառի խանութն էլ մթնեց, ինչպես մյուս խանութները։ Առավոտվանից ես քաղց չէի զգացել, նույնիսկ չէի մտածել ուտելու մասին, բայց այժմ կարծես իմ ստամոքսն արթնացել էր և սկսել սնունդ պահանջել։ Տանջող սովը կարծես ուշքի բերեց ինձ, հանկարծ ինձ զգացի արտակարգ կայտառ։ Ինչ էլ որ լինի՝ հարկավոր է ուտելիք ճարել։ Բայց ինչպե՞ս։ Ողորմությո՞ւն խնդրել։ Ումի՞ց։ Այն փողոցներում, որոնցով ես գնում էի, հարուստ մարդիկ քիչ էին լինում, և այժմ այնտեղ ոչ մի մարդ չէր երևում։ Եվ ինչպե՞ս կարող եմ ողորմություն խնդրել բանվորական տան հագուստով։ Ո՞վ ինձ մի պեննի կտա և չի սկսի հարցուփորձ անել, թե ինչո՞ւ եմ գիշերով թափառում փողոցներում, ինչո՞ւ տուն չեմ գնում։ Բացի դրանից՝ ողորմություն խնդրելը ուշ է։ Մինչև մի պեննի ստանամ, բոլոր խանութները կփակվեն։ Արդյո՞ք որևէ բան չգողանամ։ Բայց որտեղի՞ց։ Ամբողջ փողոցում բաց է միայն պանդոկը, իսկ հետիոտն անցորդներից միայն ոստիկանն է երևում։ Ի դեպ, հեռվում ես ոչինչ նկատել չէի կարող, որովհետև թանձր փաթիլներով ձյուն էր տեղում։ Հանկարծ քայլեր և ուրախ ծիծաղ լսեցի, իսկ մի րոպե անց տեսա երկու երիտասարդ ջենտլմեն՝ սիգարներն ու ձեռնափայտերը ձեռքներին։ Նրանցից որևէ բան գողանալը մտքովս էլ չանցավ, բայց հույս ունեի, որ նրանք կխղճան ինձ և մի որևէ դրամ կտան։ Նրանք շատ ուրախ էին և պետք է որ հարուստ լինեին, յուրաքանչյուրի մատին մի մատանի կար՝ խոշոր շողշողուն քարով։

Իմ բախտից նրանցից մեկը ինձ բոլորովին մոտիկ կանգ առավ սիգարը վառելու։

― Բարի եղեք, խնդրում եմ,― ասացի ես,― մի որևէ բան տվեք ինձ։

― Ա՛յ, խնդրիր իմ ընկերոջից,― պատասխանեց նա։― Բեռնի, մի շիլլինգ տուր խեղճ տղային։

Հույսից թփրտացող սրտով ես դիմեցի նրա ընկերոջը։

― Ձեռքդ մեկնիր,― ասաց նա։

Ես մեկնեցի, իսկ նա ձեռքիս մեջ թքեց ու ասաց.

― Ահա այսպիսի շիլլինգներ եմ տալիս ես մուրացիկներին։

― Հա՛-հա՛-հա՛,― ծիծաղեց մյուս ջենտլմենը։

Մի րոպե ես այնպիսի կատաղություն զգացի, որ պատրաստ էի կառչելու միստր Բեռնիի քթից, բայց քաղցը խեղդեց իմ զայրույթը։ Ես ձեռքս քսեցի պատին և նորից մեկնեցի ուրախ պարոններին։

― Հիմա հույս ունեմ, որ գոնե մի պեննի կտաք ինձ, թեկուզ կես պեննի,― քաղաքավարությամբ ասացի ես։― Մեռնում եմ սովից։

― Ինչո՞ւ ես ստում, անպիտան,― գոչեց միստր Բեռնին,― սոված եմ, ասում է, այնինչ տես՝ ինչ լավ է հագնված։ Մի՞թե այդպիսի կոշիկներ հագնողը ողորմություն կխնդրի։ Սրան պետք է ուղղակի ոստիկանի մոտ տանել, Ջոնս։

Այս խոսքերը իմ մեջ մի շարք նոր մտքեր ծնեցրին։ Իսկապես, կոշիկները ամուր էին, լավը, մուրացկանի համար չափից ավելի լավը։ Ես կարող եմ ծախել դրանք։ Ավելի լավ է առանց կոշիկի մնամ, քան այսպիսի սոսկալի քաղց զգամ։ Կամարների տակ գիշերող տղաները հաճախ պատմում էին, որ Ֆիլդ-Լեյնում կան շատ խանութներ, որտեղ առևտուր են անում մինչև ուշ գիշերը, և գնում են ամեն ինչ, ինչ-որ պատահի, առանց խտրության, առանց հարցնելու, թե որտեղից է ապրանքը։

Ֆիլդ-Լեյնը հեռու չէր։ Ես կռացա և սկսեցի կոշիկներս հանել։

― Այդ ի՞նչ ես անում,― հարցրեց միստր Բեռնին։

― Ոչինչ, շնորհակալ եմ ձեզանից, դուք ինձ հիշեցրիք, թե ինչպիսի կոշիկներ ունեմ ես։ Հիմա արդեն ձեզանից փող չեմ խնդրի։ Ձեզ պահեք ձեր պեննին էլ, ձեր թուքն էլ, թե չէ՝ աղյուսները ձեր գլխին կգան։

― Գնանք, Ջոնս,― ասաց Բեռնին։― Եթե նա համարձակվի ձեռք տալ մեզ, մենք ոստիկանի մոտ քարշ կտանք նրան։

― Ոչ, սպասիր,― կանգնեցրեց նրան Ջոնսը։― Այդ ի՞նչ ես ուզում անել քո կոշիկները, այ տղա։

― Ծախել եմ ուզում։

― Ո՞ւր պիտի տանես այս կեսգիշերին։ Ուզում ես ծախե՞լ, ցույց տուր ինձ։ Գնանք լապտերի մոտ։

Ես գուլպաներս հանեցի, խրեցի կոշիկների մեջ, իսկ կոշիկներիս թելերը իրար կապելով գցեցի, ուսս։

Միստր Ջոնսը ինձ տարավ լապտերի մոտ, ձեռքն առավ մի կոշիկը և սկսեց ամենագործնական ձևով տնտղել ու շոշափել։

― Որքա՞ն ես ուզում սրանց համար,― հարցրեց նա.

― Բավական է ծաղրեք ինձ,― գոչեցի ես։― Ձեր ի՞նչ գործն է, թե որքան եմ ուզում։

― Կատակ չեմ անում, այ տղա,― լրջորեն ասաց միստր Ջոնսը։― Ես քեզ բան եմ ասում։ Գինն ասա, կգնեմ կոշիկը։

Ի՞նչ գին նշանակեի, ուղղակի չգիտեի։ Հանկարծ հիշեցի, որ մի անգամ մայրս երկու շիլլինգ և ինը պեննի տվեց մի զույգ կոշիկի, որոնք սրանից շատ ավելի վատն էին։ Այս կոշիկներն այնպես տաք ու հարմար էին։ Բոբիկ ոտքով ձյան վրա կանգնած լինելով՝ ես լիովին գնահատեցի կոշիկներս։

― Ես սրանց համար տասնութ պեննի եմ ուզում,― ասացի ես։

Միստր Ջոնսը նայեց միստր Բեռնիին, և ապա երկու երիտասարդներն էլ սկսեցին քրքջալ, կարծես թե ես մի տարօրինակ, հետաքրքրական բան էի ասել։

― Դե լավ, լավ,― խոսեց միստր Ջոնսը։― Կատակը կատակ, բայց մենք գործ անել չենք կարող, եթե դու լուրջ չխոսես։ Որքա՞ն տամ սրանց համար։

― Տասնութ պեննիից ոչ պակաս, ես գիտեմ սրանց գինը։

― Իսկ վեց պեննի կուզե՞ս։

― Ոչ, տասնութ, թե չէ՝ ետ տվեք կոշիկները, ես չեմ ուզում վաճառել։

― Դե լավ, ի՜նչ արած,― հառաչելով ասաց միստր Ջոնսը,― առ փողը, և շուտ հեռացիր, քանի դեռ միտքս չեմ փոխել։

Նա իմ բուռը դրեց յոթ պեննի, թևանցուկ արեց միստր Բեռնիին և գնաց։

Ես բռնեցի նրա վերարկուի փեշից։

― Ինձ էլի տասնմեկ պեննի պիտի տաք,― գոռացի ես։― Թե չէ՝ տվեք իմ գուլպաներն ու կոշիկները։

― Ի՛նչ է, խելագարվե՞լ ես,― գոչեց միստր Բեռնին։― Նոր կոշիկները դրանից ավելի էժան կարելի է գնել։

― Բայց այդտեղ գուլպաներ էլ կան։

― Ա՜, գուլպաները ես չէի նկատել։ Տեսնենք ինչ գուլպաներ են։

Միստր Բեռնին կոշիկների միջից հանեց գուլպաները, ուշի-ուշով նայեց, ապա ասաց.

― Դե, ինչ արած, դու կարծես լավ տղա ես, մենք գինը կավելացնենք. բոլորի համար մեկ շիլլինգ կտանք։

― Ո՛չ, չեմ ուզում, ինձ հարկավոր է տասնութ պեննի։ Ես այդքանով էլ չէի տա, եթե այսքան սարսափելի քաղցած չլինեի։

Այդ ժամանակ մենք մոտեցանք մի փոքրիկ, կեղտոտ խանութի, որ դեռ փակված չէր, և ցուցափեղկում դրված էին մի քանի հատ խոշոր հաց և մի կտոր խաշած ու սառեցրած ճարպ։

― Սուտ ես ասում, թե քաղցած ես,― ասաց միստր Ջոնսը։― Եթե իսկապես քաղցած լինեիր, մեկ շիլլինգի համար էլ կուրախանայիր։ Չէ՞ որ չորս պեննիով կարելի է մի ահագին կտոր հաց ու ճարպ առնել։

Սարսափելի հրապուրիչ էր խանութի ցուցափեղկում դրված հիանալի ճարպին նայելը։ Ես այնպես քաղցած էի, որ թվում էր, թե կարող եմ ուտել ամբողջ կտորը, մինչև վերջին փշրանքը։ Բայց և այնպես այդպիսի անհամապատասխան գնով կոշիկներս տալ չէի ուզում։

― Ինձ հարկավոր է տասնութ պեննի,― կրկնում էի ես։

― Ա՛յ քեզ տղա։ Դե լավ, եթե քեզ այդքան փող է հարկավոր, ուրեմն որոնիր, թե էլ ուրիշ բան չունե՞ս վաճառելու, թաշկինակ, դանակ կամ որևէ այդպիսի բան. նայիր գրպաններդ։

― Նայելու կարիք չկա. իմ ունեցածը միայն այն է, ինչ որ հագիս է.

― Դե, ի՞նչ կա որ։ Մենք ամեն ինչ գնում ենք,― ասաց միստր Բեռնին։― Կարող ենք քո շորերի համար տալ ոչ թե տասնութ պեննի, այլ տասնութ շիլլինգ։ Ծախի՛ր։

Մի՞թե, իսկապես, նրանք իմ շորերի համար տասնութ շիլլինգ կտան։ Ես պատրաստ եմ դրա կես գնով էլ վաճառել. չէ՞ որ այդ շորը ինձ միայն խանգարում էր։

― Ինչպե՞ս կարող եմ ես իմ հագուստը վաճառել այստեղ փողոցում,― ասացի ես։

― Ինչո՞ւ փողոցում։ Տանե՞նք սրան մեզ մոտ, Բեռնի,― առաջարկեց միստր Ջոնսը։

Այս ասելով երիտասարդ ջենտլմենները, իմ կոշիկներն ու գուլպաները ձեռքներին բռնած, արագ քայլեցին դեպի Սաֆրոն-Հիլլ, իսկ ես ետ չէի մնում նրանցից։ Հասնելով Հիլլի ամենակեղտոտ մասին՝ նրանք կանգ առան մի տան առաջ։ Դռան բանալին միստր Ջոնսի գրպանում էր, և մենք երեքս էլ մի մութ միջանցքով անցնելով՝ ճռճռացող սանդուղքով բարձրացանք երկրորդ հարկը և մտանք մի սենյակ։ Միստր Բեռնին վառեց անագե փոքրիկ լամպը, որ ամրացված էր պատին, և նրա լույսի տակ ես կարողացա դիտել երիտասարդների բնակարանը։ Այդ սենյակը նման էր հնավաճառի խանութի։ Մի անկյունում թափված էր գլխարկների այնպիսի մի ահագին կույտ, որ կոտրտված ու տրորված ցիլինդրի գագաթը հասնում էր առաստաղին։ Մյուս անկյունում թափված էին բազմաթիվ կոշիկներ ու գուլպաներ՝ ամեն տեսակի ու մեծության։ Բացի դրանից հին շորերի մի կույտ թափված էր պատին հենած երկար սեղանին։

Այդ խանութում, ըստ երևույթին, մարդիկ էին ապրում, բուխարու առաջ, ծալովի աթոռին դրված էր թեյի մատուցարան՝ վրան մի կեղտոտ սրճաման ու կեղտոտ, բաժակներ։ Հենց այդտեղ էլ կաղամբի տերևի վրա դրված էր մի կտոր կարագ և ծայրը կտրված մի բուլկի։

― Կարելի՞ է ուտել ― հարցրի ես և առանց պատասխանի սպասելու կծեցի մի մեծ կտոր։

Միստր Բեռնին պղնձե լուցկամանով այնպես խփեց ձեռքիս, որ բուլկին ձեռքիցս ընկավ հատակին։ Ես ուզեցի վերցնել, բայց միստր Ջոնսը վերցրեց։

― Թող, այ տղա, դու այստեղ գողություն անելու չես եկել,― խստությամբ ասաց նա։

― Ա՛յ թե ինչ, այ տղա,― ասաց միստր Բեռնին քնքշությամբ,― ես տեսնում եմ, որ դու շատ քաղցած ես և խղճում եմ քեզ. կոշիկների դիմաց այդ հացն էլ վերցրու մեկ շիլլինգի հետ և ձեռք քաշի մեզանից։

Եթե ես հացը փորձած չլինեի, գուցե շարունակեի պնդել իմ գնի վրա, բայց այժմ այդ չէի կարող։ Ես գրպանս դրի շիլլինգը, որ միստր Բեռնին մեկնեց ինձ հացի հետ միասին, և ատամներս ագահաբար խրեցի բուլկու մեջ։

― Դե, իսկ այժմ ցանվիր,― խոսեց միստր Ջոնսը՝ իմ առաջ բաց անելով դուռը։― Գործը վերջացած է, և այլևս դու ոչինչ չունես անելու մեզ մոտ։

― Հապա, չէ՞ որ դուք ուզում էիք գնել իմ բոլոր շորերը,― հիշեցրի ես։― Ասում էիք, որ տասնութ շիլլինգ կտաք։

― Տասնութ շիլլինգ,― միստր Ջոնսը շոշափեց իմ բաճկոնի կտորը։― Տասնութ շիլլինգ թանկ չէ. ես ավելին կտայի։ Դե լավ, եթե դու այդքան ուզում ես, ահա քո գինը։

Նա ինձ մեկնեց տասնութ պեննի։

― Դա տասնութ պեննի է,― գոչեցի ես,― իսկ ինձ հարկավոր է տասնութ շիլլինգ։

― Այ դու հիմարի գլուխ։ Ախր ով այդքան փող կտա այդ անպետքությանը։

― Հապա տասնութ պեննին ինչ անեմ։ Չէ՞ որ սրա փոխարեն ուրիշ շոր պիտի գնեմ ինձ համար։

Բեռնին ինձ քաշեց իր մոտ, մի անգամ ևս ուշադիր զննեց իմ հագուստը։

― Գիտե՞ս ինչ, Ջոնս,― ասաց նա բարի ձայնով։― Արի մի բարություն անենք խեղճ երեխային, մի ուրիշ շոր տանք սրան, թե չէ՝ այս հագուստը հարմար չէ։

― Բարություն անելը լավ բան է,― ասաց միստր Ջոնսը,― միայն թե դու ինձ էլ խղճա. Չէ՞ որ վնասի կեսը ես եմ կրելու։

― Դե լավ, սիրելիս, բարի գործից մարդ չի քայքայվի։

Այս ասելով նա փորփրեց հին շորերի կույտը և այնտեղից քաշեց բումազեի մի անդրավարտիք, որ բոլորովին մաշված էր ու ծածկված կարկատաններով և միաժամանակ շատ կեղտոտ էր։

― Սա պատառոտված է,― ասացի ես՝ ցույց տալով մի մեծ պատռվածք։

― Դե իհարկե, մի քիչ հագած է,― պատասխանեց միստր Բեռնին,― հո նոր շոր չենք տալու քեզ։

― Բացի այդ, սա ինձ վրա երկար ու լայն կլինի։

― Դատարկ բան է. հիմա լայն շալվար են հագնում, իսկ եթե երկար լինի, մի քիչ կկտրենք։ Հապա մի չափիր։

Իմ հագուստն այնպես էր կարված, որ այդ անդրավարտիքը չափելու համար ես պետք է հանեի բոլոր շորերս, բացի շապկից։ Միստր Ջոնսը իսկույն վերցրեց իմ իրերը և ինչ-որ տեղ-թաքցրեց։ Բումազեյի անդրավարտիքն ամենևին ինձ վրա չհարմարվեց, այնքան լայն էր, որ ոչ մի տեղ մարմնիս չէր դիպչում և ամեն ձևի կապկպելը բոլորովին անօգուտ բան էր։ Գոտին կռնատակերիս էր հասնում։ Ցածի կողմից փողքերս քարշ էին գալիս հատակին։

― Տեսնո՞ւմ եք,― ասում էի ես,― ինձ վրա չի գալիս։

― Ինչպե՞ս թե չի գալիս։ Կարծես հենց քեզ համար է կարված։

― Ախր սոսկալի անհարմար է։ Նայեցեք, այս կոճակը պետք Է առջևից լինի, այնինչ հասնում է թևիս տակը։

― Անհարմար Է զգում, որովհետև ամբողջ շապիկը ծալծլել Է գոտկատեղի վրա,― նկատեց միստր Ջոնսը։― Հանեք նրա շապիկը, Բեռնի, մենք նրան կտանք ուրիշը, ավելի բարակը։

Միստր Բեռնին իմ շապիկը արագ դուրս քաշեց վրայիցս։

― Այ, հիմա հիանալի է,― ասաց նա։― Այս կոճակը մենք կկոճկենք ոչ թե այս անցքից, այլ՝ այս մյուս։ Հիանալի է։ Ինչքան էլ վերև Է բարձրանում. ժիլետի կարիք էլ չկա։ Հիանալի՜ բան է։ Արդյո՞ք քեզ համար այսպիսի հարմար բաճկոն էլ կգտնենք։

― Ահա, սա տուր դրան,― ասաց միստր Ջոնսը՝ մի բաճկոն տալով։― Սա համարյա թե բոլորովին նոր Է, բայց ոչինչ, մեղք է տղան։

Նրանք ինձ վրա քաշեցին մի բաճկոն, որ ամբողջովին կեղտոտված Էր յուղաներկով։ Ինչպես երևում Էր, դա ներկարարի բաճկոն էր եղել։

― Շատ լավ կլինի քեզ համար, և՛ տաք, և՛ հարմար,― ասաց Բեռնին։― Վերցրու գլխարկդ և հայդա։

― Ինչպե՞ս, հապա շապիկս։ Ախր դուք ինձ շապիկ չտվիք։

― Շապի՞կ։ Բացի շալվարից ու բաճկոնից շապի՞կ ես ուզում։ Դու կարծես թե խելագարվել ես, սիրելիս։

― Դե գոնե մի քիչ փող տվեք ինձ։ Չէ՞ որ իմ հագուստը շատ ավելի արժեր։

― Տեսնում ես սրան, Ջոնս,― գոչեց Բեռնին նեղացած տոնով։― Մենք սրան բարություն արինք, իսկ սա դեռ պահանջում էլ է։ Անխի՛ղճ, ապերա՛խտ տղա։ Դո՛ւրս կորիր։

Նրանք դուրս արեցին ինձ սենյակից, սանդուղքից ցած հրեցին, նետեցին փողոց և դուռը փակեցին իմ ետևից։


Գլուխ 17. Ես դառնում եմ փողոցային երգիչ։ Հին բարեկամս

Եկեղեցու ժամացույցը գիշերվա տասներկուսը խփեց այն պահին, երբ երկու խաբեբաները իմ հետևից դուռը փակեցին, և ես սկսեցի քայլել փողոցի փափուկ ու սառը ձյան վրայով։

Ես միանգամից չէի կարողանում գլխի ընկնել, թե օգտակա՞ր գործարք կատարեցի պարոն Բեռնիի և Ջոնսի հետ։ Ինձ թվում էր, թե շահողը նրանք եղան, այնինչ ինձ մեղադրում էին անխղճության, ապերախտության մեջ։ Մի՞թե իսկապես ես արժանի չափով չեմ գնահատել նրանց մատուցած ծառայությունը։ Ի՞նչ արին նրանք ինձ համար։ Առաջ ես ունեի մի զույգ տաք գուլպա և ամուր կոշիկներ, ունեի լրիվ հագուստ, նույնիսկ շապիկ։ Այժմ ես չունեի ոչ կոշիկ, ոչ շապիկ, իսկ հագուստս մի բաճկոն էր և մի շալվար։ Բայց դրա փոխարեն այժմ այնքան էլ սաստիկ չէի տանջվում քաղցից, ինչպես առաջ։ Ես ազատվել էի այն հագուստից, որով ցերեկը որևէ մեկին երևալ չէի կարող, և իմ ձեռքին մի ամբողջ շիլլինգ կար։

Բայց ո՞ւր է այդ շիլլինգը։ Եթե սալահատակը իմ ոտքերի տակ ճեղքվեր, ես ավելի մեծ վախով չէի կանգ առնի։ Սկսեցի պտրտել իմ նոր անդրավարտիքի գրպանները։ Գրպանները խորն էին, և ստիպված եղա մինչև գետին կռանալ, որպեսզի ձեռքս հասցնեմ նրանց հատակին։ Բայց իզուր էի որոնում բոլոր անկյուններում, շիլլինգը չկար։ Ես սարսափով ձեռքերս խրեցի բաճկոնիս գրպանները, դրանք էլ դատարկ էին, մնացել էր միայն հացի մի քանի փշրանք։

Օ՜, դժբախտություն։ Ո՞ւր կորավ այդ շիլլինգը։ Եվ միայն այդտեղ հիշեցի, որ շիլլինգը թողել եմ հնավաճառների տանը։ Կոշիկների և գուլպաների համար մի շիլլինգ ու մի կտոր հաց ստանալով ես շիլլինգը դրել էի իմ նախկին անդրավարտիքի գրպանը, իսկ երբ հանել էի, որպեսզի այս բումազեի անդրավարտիքը փորձեմ, մոռացել էի փողը հանել։ Պարզ հիշելով այս ամենը ես փոքր-ինչ թեթևություն զգացի։ Նրանց տունը հեռու չէր, և ամբողջ ուժով սկսեցի վազել Սաֆրոն-Հիլլ։ Դժվար չէր գտնել Սաֆրոն-Հիլլը և նրա այն մասը, որտեղ հնավաճառներն էին ապրում, բայց հասնելով նրանց փողոցը ես տարակուսանքի մեջ կանգ առա. նրանց տան համարը չէի նկատել, իսկ արտաքին տեսքով բոլոր տներն էլ իրար շատ նման էին։ Ես քայլում էի՝ ուշի-ուշով նայելով շուրջս, բայց չկարողացա նկատել ոչ մի նշան, որով մի տունը տարբերվեր մյուսից, և, բացի դրանից, ամեն տեղ արդեն լույսերը մարած էին։ Հանկարծ երկրորդ հարկի մի լուսամուտում լույս նկատեցի։

Ես վեր ցատկեցի, թակը բռնեցի և դուռը բախեցի։ Պատասխան չկար։ Երկրորդ անգամ ավելի ուժգին բախեցի։ Լուսամուտը, որից լույս էր երևում, բացվեց, և այնտեղից դուրս ցցվեց թասակավոր մի ծերունու գլուխ։

― Ներեցեք, սըր,― ասացի ես,― այս տա՞նն են ապրում միստր Բեռնին և միստր Ջոնսը,― ես ուզում էի...

― Ես ի՞նչ գիտեմ։ Բան է մտածել՝ կեսգիշերին դռները բախել։ Ալարում եմ իջնել, թե չէ ես քեզ ցույց կտայի։

Այս նախատական խոսքերով նա լուսամուտը փակեց։ Ի՞նչ անեի։ Բոլոր դռները բախելն անհարմար էր։ Գնալ՝ նշանակում էր շիլլինգից զրկվել։ Իհարկե, ես էի մեղավոր, որ կորցրել էի իմ փողը։ Գնորդները հենց որ իմանան ի՞նչ է պատահել, կշտապեն վերադարձնել շիլլինգը։ Ամենից ավելի լավն է այստեղ սպասել մինչև առավոտ և հսկել, թե երիտասարդները ե՞րբ փողոց դուրս կգան։

Բարեբախտաբար այն տան դիմաց, որտեղ իմ կարծիքով ապրում էին հնավաճառները, կար մի խոր դարպաս, և ես այնտեղ տեղավորվեցի որքան հնարավոր էր հարմար ձևով։ Ամբողջ գիշերն անցկացրի մերթ մի քանի րոպե քնելով, մերթ արթնանալով, մինչև որ առավոտյան ժամը յոթին այն խանութպանը, որի խանութի առաջ պառկած էի, դուռը բաց արեց և ինձ արտաքսեց այնտեղից։

Սակայն ես մնացի մոտերքը, և ժամը իննին տեսա, որ իմ նշած տանից դուրս եկան երկու երիտասարդ, ձեռքներին մի-մի սև պարկ։ Նրանք այնպես լավ չէին հագնված, ինչպես երեկվա ջենտլմենները, նրանց սերթուկները շատ մաշված էին թվում, իսկ գլխարկները՝ խիստ ճարպոտված։ Այնուամենայնիվ ես իսկույն ճանաչեցի, որ դրանք միստր Բեռնին և միստր Ջոնսն են։

― Ներեցեք սըր,― ասացի ես՝ դիմելով նրանցից առաջինին,― ես իմ շիլլինգը թողել եմ այն անդրավարտիքի գրպանում... խնդրում եմ տվեք։

― Ի՞նչ։ Ի՞նչ շիլլինգ։ Ի՞նչ անդրավարտիք։

― Այն, որ երեկ ես ձեզ վաճառեցի բաճկոնի հետ միասին։ Վերադարձեք տուն՝ նայեք։

― Այս ի՞նչ է դուրս տալիս,― զարմացած հարցրեց միստր Բեռնին։― Դուք ճանաչո՞ւմ եք այս տղային, Ուիլկինս,― դիմեց նա իր ընկերոջը։

― Առաջին անգամն եմ տեսնում։

― Դուք սխալվել եք, սիրելիս,― քնքշանքով ասաց ինձ Բեռնին։― Ի՞նչ է այն պարոնի անունը, որին դուք որոնում եք։

― Մեկի անունը Բեռնի է, մյուսինը՝ Ջոնս։ Մի՞թե սա միստր Ջոնսը չէ։

― Ոչ, սիրելիս, իմ անունը Ջոնս չէ, այլ՝ Ուիլյամ Ուիլկինս,― պատասխանեց միստր Ջոնսը։

― Մի՞թե դուք կարող եք ասել, թե չեք գնել բանվորական տան իմ հագուստը, եթե դուք չեք ապրում այս տանը, այն սենյակում, որ լիքն է հին հագուստով,― հուսաբեկ գոչեցի ես։

― Իհարկե մենք չենք, ի՞նչ ես կպել մեզանից։

― Ճիշտ չէ, դուք եք։ Սպասեք, ահա ոստիկան է գալիս, ես հիմա կկանչեմ նրան։

Ոստիկանին տեսնելով՝ իմ ծանոթները կարծես շփոթվեցին և սկսեցին արագ քայլերով հեռանալ։

― Տվեք իմ շիլլինգը,― գոռում էի ես վազելով նրանց ետևից,― տվեք, թե չե ես կգոռամ, որ դուք գողեր եք։

― Ախ դու, գարշելի մուրացկան,― զայրույթից սփրթնելով գոռաց միստր Ջոնսը։― Ա՛ռ քեզ երկու պեննի և հեռացիր կորիր։

― Ես չեմ հեռանա։ Տվեք իմ ամբողջ շիլլինգը, թե չէ ես կգանգատվեմ ոստիկանին,― գոռացի ես։

― Ի՞նչ պիտի գանգատվես,― հարցրեց Բեռնին։

― Կգանգատվեմ, որ դուք վերցրել եք իմ փողը, երբ ինձանից գնում էիք բանվորական տան հագուստը։

― Բանվորական տան հագո՞ւստը։ Կեցցե՛ս։ Ուրեմն դու փախել ես բանվորական տնից և հագուստը վաճառե՞լ։ Շա՜տ լավ։ Հիմա ես ինքս քեզ ոստիկանատուն կտանեմ այդպիսի արարքի համար։

Այս ասելով նա բռնեց իմ բաճկոնի օձիքից և քարշ տվեց ոստիկանի կողմը։ Իմ դրությունը հուսահատական էր։ Ես ջանք գործադրեցի, դուրս պրծա Բեռնիի ձեռքից (նա ինձ ամուր չէր բռնել) և ամբողջ ուժով սկսեցի հեռու փախչել։ Փախուստիս օգուտն էլ այն եղավ, որ գլխարկից զրկվեցի։ Երբ Բեռնիի ձեռքից պոկվեցի, գլխարկս ընկավ գետնին և երբ շտապ հետ նայեցի, որ տեսնեմ, թե իմ հետևից չե՞ն վազում, տեսա, որ անխիղճ խաբեբան գլխարկս վերցրեց ու գցեց իր պարկի մեջ։

Ես հեռու փախա Սաֆրոն-Հիլլից և համոզվելով, որ ոչ ոք ինձ չի հետապնդում, կանգ առա, որ մտածեմ, թե այժմ ի՞նչ պիտի անեմ։ Ես դեռևս իմ նախկին ընկերներին գտնելու հույսը չէի կտրել։ Բացի դրանից ինձ համար աշխատանք էի որոնում։ Բայց իզուր էի խանութների առաջ հետ ու առաջ քայլում, ոչ Ռիփսթոնը, ոչ Մոուլդին ոչ մի տեղ չէին, երևում։ Հանդիպող ծանոթ տղաներն ինձ ասացին, որ իմ ընկերները դեռ ծննդյան տոներից շուկա չեն գալիս և ոչ ոք չգիտե, թե ուր են գնացել։ Այդպես էլ ես աշխատանք գտնելու բախտ չունեցա։ Թեպետ հիվանդ ժամանակս շատ էի մեծացել և ամենևին առաջվա նման չէի հագնված, բայց բոլոր առևտրականներն իսկույն ճանաչեցին ինձ։

― էլի՞ երևացիր, գրպանահատ։ Հեռացիր, հեռացիր այստեղից,― ասում էին նրանք՝ ինձ տեսնելուն պես։― Հեռու կորիր այստեղից, կալանավոր։

Բոլորը երեսովս էին տալիս իմ գլխի կալանավորական խուզվածքը, և որովհետև ես գլխարկ չունեի, իմ խուզած գլուխը բոլորի աչքին էր խփում։ Ինձ չհաջողվեց ոչ մի գրոշ վաստակել։ Այդ օրը ձյուն չկար, բայց ուժեղ սառնամանիք էր և քամի։

Առավոտվանից ես որոշել էի գողություն չանել, որով զբաղվում էին իմ նախկին ընկերները։ Այդ որոշումը ես ընդունեցի մի թաս սուրճ խմելիս, բայց հետո ամբողջ օրը շուկայում թափառեցի առանց մի բան ուտելու, որից իմ որոշումը բավական խախուտացավ։ Վերջապես բոլորովին մթնեց, խանութպաններն սկսեցին լույսերը վառել, քաղցն իմ խղճին ստիպեց լռել։ Ես որոշեցի մի անգամ էլ շրջել շուկայում և ոչ մի պայմանով դատարկաձեռն չվերադառնալ։

Երկու րոպե չանցած վազում էի դեպի Դրյուրի-Լեյն՝ մի հիանալի անանաս գրպանումս։ Այն ժամանակներն անանասը շատ թանկ բան էր։ Ես լսեցի, թե ինչպես այն խանութպանը, որին պատկանում էր իմ փախցրած անանասը, ցույց տալով այդ անանասը և մի կես դյուժին ուրիշները ասում էր. «Սրանք բոլորն էլ հատը կես գինեյ (անգլիական հին ոսկեդրամ) արժեն, սըր»։ Այդպիսի գին, իհարկե, ինձ ոչ ոք չի տա։ Ճիշտն ասած, եթե ես խանութպանի խոսքերը լսած չլինեի, իմ անանասը կգնահատեի երկու կամ ամենաշատը չորս պեննի, իսկ այժմ որոշել էի երկու շիլլինգից պակաս չտալ։ Երբ գնում էի ծերունի Բաջի Սիմոնսի մոտ, որը միշտ գնում էր իմ և ընկերներիս գողացած իրերը, ես արդեն որոշել էի, թե ինչպես եմ ծախսելու տասը պեննին, վեց պեննիով կընթրեմ, իսկ չորս պեննիով մի որևէ տեղ կտեղավորվեմ գիշերելու համար։ Նախորդ գիշերը տանջված լինելով՝ ես ուտելիքի չափ էլ լավ անկողնի պահանջ էի զգում։

Բաջի Սիմոնսը մի սենյակ ուներ մի կոշկակարի բնակարանում, որը թույլատրում էր նրա մոտ գնալ իր արհեստանոցի միջով։ Մոտենալով՝ ես ուրախությամբ տեսա, որ կոշկակարի արհեստանոցում լույս է վառվում և լուսամուտի դեղին վարագույրի վրայից երևում է նրա ձեռքը, որ ձիգ է տալիս թելը։ Կոշկակարը լավ էր ճանաչում ինձ, ուստի ես համարձակորեն դուռը բախեցի։ Նա դուռը բաց արեց։ Ես իսկույն նկատեցի, որ նա ինձ ճանաչեց, ուստի շատ զարմացա, երբ սկսեց հետս խոսել որպես անծանոթի։

― Ի՞նչ ես ուզում, տղա,― հարցրեց նա։

― Ոչինչ, թույլ տվեք միայն անցնել Բաջիի մոտ։

― Բաջի Սիմոնսն այստեղ չի ապրում։ Եվ քեզ համար ավելի լավ է հեռանալ այստեղից, թե չէ՝ մեկ էլ տեսար ոստիկանը եկավ։ Ես էլ կարծում էի, թե ձեր խմբից այլևս ոչ ոքի չեմ տեսնի։

― Իսկ ո՞ւր է փոխադրվել Բաջին,― անհանգստացած հարցրի ես։― Խնդրում եմ ասացեք, ինձ հարկավոր է նրան տեսնել։

― Ոչ մի տեղ էլ չի փոխադրվել, Նա պարզապես բանտում է,― պատասխանեց կոշկակարը անհանգիստ նայելով շուրջը։― Գնա, գնա այստեղից,― ավելացրեց նա՝ դուրս հրելով ինձ դռնից։― Ինձ հետևում են, թե ովքեր են իմ ծանոթները։ Գնա։

― Դե ինքներդ նայեք, գուցե դուք կգնեք Բաջիի փոխարեն,― հարցրի ես՝ սկսելով գրպանիցս հանել անանասը,― ձեզ էժան կտամ՝ մեկ շիլլինգով, ինը պեննիով։

― Թող, թող, գրպանդ դիր,― գոռաց կոշկակարը հուզմունքից դողալով և իր կեղտոտ ձեռքով նորից անանասը գրպանս խրեց։― Հեռացիր, ասում եմ քեզ։ Նա ինձ վրա հարձակվեց այնպիսի զայրույթով, որ ես՝ վախենալով, թե հիմա ինձ կսպանի, ամբողջ ուժով փախա նրանից։

Ամեն ինչ իմ դեմ էր դուրս եկել։ Բացի Բաջի Սիմոնսից, իմ ծանոթ գնորդներից ոչ մեկի հասցեն չէի հիշում։ Այժմ ինչ անեի այդ անպիտան անանասը։ Ավելի լավ էր դրա փոխարեն մի երկու-երեք տանձ կամ երկու-երեք նարինջ թռցրած լինեի։ Ես կարող էի դրանք վաճառել անցորդներին, իսկ անանասը ձեռքիս ուր գնամ։ Թե որ սկսեմ անանասն առաջարկել ամեն մի հանդիպած մարդու, երևի ստիպված կլինեմ նստել հենց այնտեղ, որտեղ այժմ Բաջի Սիմոնսն է նստած։ Ի՞նչ անեմ հիմա։ Մնում է մեկ բան. ինքս ուտեմ անանասը։ Երբեք այդ պտուղից չէի կերել և այժմ սիրով կփոխեի դա մի կտոր սև հացի հետ, բայց ընտրություն անելու հնարավորություն չունեի։ Հասնելով Բեդֆորդ կանգ առա զանազան սայլերով ու սայլակներով ծանրաբեռնված հրապարակում, բարձրացա սայլերից մեկի վրա և այնտեղ թաքնվելով՝ կերա ամբողջ անանասը մինչև վերջին կտորը։ Այդ թանկարժեք ընթրիքի հետևանքները շատ տհաճ եղան, փորս սկսեց այնպես սաստիկ ցավել, որ ուղղակի շարժվել չէի կարողանում։ Սայլի մեջ նստեցի մինչև կեսգիշեր, բայց ոտքերս ու ձեռքերս ցրտից այնպես փայտացան, որ ստիպված եղա դուրս գալ այնտեղից ու մի լավ տրորել։ Բարեբախտաբար հրապարակի անկյունում նկատեցի գոմաղբի մի կույտ, որից թանձր գոլորշի էր դուրս գալիս։ Իսկույն վազեցի այնտեղ և մինչև լուսաբաց շատ հարմար անցկացրի տաք գոմաղբի մեջ։

Թե ինչպես ապրեցի հետևյալ օրը, դժվար է պատմել։ Հիշում եմ միայն, որ աննպատակ թափառում էի զանազան փողոցներով։ Երեկոյան դեմ նկատեցի, որ փողոցի մի կողմում մարդիկ են հավաքվել։ Մոտեցա, և ի՞նչ տեսնեմ, բոլորը լսում են մի տղայի երգը։ Ես նույնպես սկսեցի լսել։ Երգն ինձ ծանոթ էր. դա իռլանդական մի երգ էր, որ սովորել էի միսիս Բերկից։ Տղան վատ չէր երգում, միայն թե նրա ձայնը մի տեսակ չէր հարմարվում բառերի իմաստին։ Չնայած դրան, նրա երգը դուր էր գալիս, և երբ վերջացրեց, նրա գլխարկի մեջ այնքան կես պեննիանոց դրամներ թափվեցին, որ ես զարմանքից աչքերս չռեցի։

«Իսկ ի՞նչ կլինի, եթե ես էլ այդ գործով զբաղվեմ,― անցավ գլխովս։― Համենայն դեպս, սա հաց վաստակելու ազնիվ միջոց է. սա ավելի լավ է, քան գողությունը կամ մուրալը։ Ինձ շատ բան հարկավոր չէ. եթե տասը, թեկուզ քսան անցորդից մեկն էլ կես պեննի տա, ինձ բավական կլինի»։

Ես մի քանի քայլ առաջ անցա, աշխատելով միտքս պահել երգի բառերն ու եղանակը, ապա կանգ առա և սկսեցի երգել։

Մի րոպեից հետո ինձ մոտ կանգ առավ մի տղա, հետո մի ծերունի և մի կին, ապա մի սպասուհի՝ գարեջրի թասը ձեռքին։

«Լավ է, սրան գործի են ուղարկել,― մտածեցի ես,― այնինչ կանգնել է և իմ երգն է լսում, նշանակում է վատ չեմ երգում»։

Դա ինձ սիրտ տվեց, և ես սկսեցի ավելի վստահությամբ երգել։ Քիչ-քիչ բազմությունն իմ շուրջը մեծացավ, և երբ երգը վերջացրի, երեք-չորս ձեռք մեկնվեցին իմ կողմը մանր պղնձեդրամներ բռնած։ Իմ երգն առանձնապես ուժեղ տպավորություն էր գործել մի կիսահարբած իռլանդացու վրա։

― Ա՛յ քեզ երգ, իսկական երգ,― գոչեց նա ամուր բռնելով ձեռքս։― Այսպիսի երգ ամեն օր չի հաջողվի լսել։ Իսկ դուք ժլատությամբ եք տալիս ձեր պղնձեդրամները. ժլատ մարդիկ։ Մի անգամ էլ երգիր, հոգյակս, և երբ վերջացնես, ես ինքս կսկսեմ փող հավաքել քեզ համար։

― Երգիր, երգիր, փոքրիկ տղա,― շուրջս ձայն տվին մի քանի հոգի։

Ես սիրով կրկնեցի իմ երգը, որ, ըստ երևույթին, դուր եկավ բոլոր ունկնդիրներին։ Երգը վերջանալուց հետո իռլանդացին գլխարկը ձեռքին շրջեց բազմության մեջ, և ինձ հանձնեց մի բուռ պղնձե դրամ։ Հենց նոր էի ես իմ հարստությունը տեղավորել գրպանումս և սկսել էի կամաց-կամաց դուրս գալ ամբոխի միջից, երբ մեկը ձեռքը դրեց ուսիս, և ես լսեցի մի կանացի ձայն.

― Ինչպես։ Այդ դո՞ւ ես, փոքրիկ Ջիմմի։ Խեղճ տղա։ Այդ ինչո՞վ ես սկսել զբաղվել։

Աշխարհում ես վախենում էի միայն մեկ կնոջից, բայց նրա ձայնը չէր։ Դա մի բարի, ծանոթ ձայն էր։ Ես աչքերս բարձրացրի և տեսա Մարթային՝ իմ ծանոթ լվացարարուհի միսիս Ուինքշիփի ազգականուհուն։


Գլուխ 18. Հին բարեկամս ինձ հյուրասիրում և հագցնում է

Միսիս Ուինքշիփից հետո աշխարհում չկար մի մարդ, որին ես ավելի սիրեի, քան նրա ազգականուհի Մարթային։

Նա այնպիսի բարեսիրտ կին էր, որ մեր բոլոր հարևանները սիրում էին նրան։ Սակայն այդ չէր խանգարում, որ բոլորը, և՛ մեծերը, և՛ փոքրերը, նրան անվանեին «միաչքանի շլդիկ»։ Նա իրոք մի աչքը չուներ։ Բոլոր տղաների մեջ միայն ես էի, որ նրան իսկական անունով էի կոչում։ Գուցե հենց դրա համար նա իմ նկատմամբ առանձնապես լավ էր տրամադրված։ Նա միշտ էլ ինձ մի բարի խոսք էր ասում և քանի-քանի անգամ կերակրել էր ինձ բարի Մարթան, երբ ես իմ խորթ մոր երեսից մեռնում էի սովից։

― Խեղճ տղա,― կրկնում էր նա ինձ հետ միասին դուրս գալով ամբոխի միջից։― Ո՜ւր ես հասել։ Գնանք ինձ հետ, անբախտ երեխա, պատմիր տեսնեմ ի՞նչ օրեր ես քաշել։

― Պատմելու բան էլ չունեմ ես, Մարթա,― պատասխանում էի ես և այդ ժամանակ նկատեցի, որ նա ինձ քաշում է դեպի այն փողոցը, որտեղ իմ հայրն էր ապրում։― Ես ձեզ հետ չեմ գա, ինչ-որ տեսա երեկ չէ առաջին օրը երեկոյան, դա էլ բավական է։

― Գիտեմ, գիտեմ, խեղճ երեխա, մորաքույրս էլ գիտե,― պատասխանեց երիտասարդ կինը։― Ինչպես է խղճում նա քեզ։ Եթե ես, ասում է, ուրիշ կանանց պես քայլել կարողանայի, ինքս կգնայի այդ անբախտ երեխային որոնելու։ Եվ ահա այժմ ես գտել եմ քեզ, և այն էլ՝ ինչ վիճակում։

Մարթան գոգնոցով սրբեց աչքերը։

― Սոսկալի քաղցած եմ Մարթա,― ասացի ես,― մեռնում եմ սովից։

Այս ասելով՝ լաց եղա, և մենք երկուսս էլ փողոցի մեջտեղը կանգնած լաց էինք լինում։

― Գնանք,― հանկարծ գոչեց Մարթան,― գնանք մեր փողոցը։ Մորաքույրս ասում էր, որ ուրախ կլինի, եթե դու գտնվես։ Եվ ահա դու գտնվել ես։

― Ո՛չ, ես տուն չեմ գնա, ոչ մի պայմանով չեմ գնա։

― Դե լավ, մի վախենա, ես քեզ այնպես կտանեմ, որ ոչ ոք չի տեսնի։ Եվ քեզ ճանաչելն էլ հիմա դժվար է,― ավելացրեց նա կարեկցաբար նայելով իմ նիհար մարմնին։― Ես ինքս քեզ միայն ձայնիցդ ճանաչեցի։

Մի քիչ տատանվելուց հետո վերջապես ես համաձայնեցի գնալ Մարթայի հետ։ Երբ հասանք մեր փողոցը, նա ինձ կանգնեցրեց Թերնմիլ փողոցի մի մութ անկյունում, իսկ ինքը գնաց միսիս Ուինքշիփին նախազգուշացնելու և միաժամանակ տեսնելու, թե ինձ համար վտանգավոր չի՞ լինի գնալը։

Անցավ մի քանի րոպե, որ ինձ շատ երկար թվաց, իսկ նա չէր վերադառնում։ Ես արդեն սկսել էի մտածել, թե հավանորեն միսիս Ուինքշիփը չի ուզում ինձ ընդունել, և պարապությունից սկսեցի իմ փողերը հաշվել։ Պարզվեց, որ ես ունեմ տասնչորս պեննի։ Ինչպիսի հարստություն։ Եվ այդ ամենը վաստակել եմ կես ժամից էլ պակաս ժամանակամիջոցում։ Ասենք՝ բարի իռլանդացին ինձ շատ օգնեց, բայց եթե ես, առանց նրա, թեկուզ երկու անգամ, չորս անգամ էլ պակաս վաստակեմ, այնուամենայնիվ, դա կկազմի 3 պեննի կես ժամում, 7 պեննի՝ մեկ ժամում, մեկ շիլլինգ և 9 պեննի՝ երեք ժամում։ Հիանալի է։ Ես արդեն սկսեցի ցանկանալ, որ Մարթան չվերադառնա։ Բայց ոչ։ Նա վերադարձավ, գլխաշորի տակ բերելով մի բան, և հայտնեց, որ մեր փողոցում ոչ ոք չկա, և միսիս Ուինքշիփն սպասում է ինձ։

― Բայց ավելի լավ է չգամ,― ասացի ես։― Գուցե երբ մենք այստեղ խոսում ենք, իմ խորթ մայրը դուրս է եկել տանից։ Շնորհակալ եմ ձեզանից, Մարթա, ավելի լավ է ես հեռու գնամ այստեղից։

― Ոչ, ոչ,― գոչեց նա փակելով իմ ճանապարհը։― Դու առանց այդ էլ բավական թափառել ես փողոցներում։ Ես այլևս բաց չեմ թողնի քեզ։ Գնանք ինձ հետ։ խելացի եղիր։ Ես քեզ այնպես կհագցնեմ, որ ոչ ոք չի ճանաչի։― Այս ասելով նա գլխաշորի տակից հանեց մի հին թիկնոց ու կանացի գլխարկ, արագ դրանք վրաս գցեց և ինձ թևանցուկ անելով՝ ուղղվեց դեպի մեր փողոցը այնպիսի վճռականությամբ, որին ես հակառակվել չկարողացա։

Մենք միսիս Ուինքշիփի տունը մտանք այն րոպեին, երբ նա բուխարու պայծառ կրակի առաջ նստած՝ հաճույքով ռոմ էր խմում՝ տաք ջրի հետ խառնած։

― Ահա նա, մորաքույր,― ասաց Մարթան՝ վրայիցս վերցնելով թիկնոցը և գլխարկը։

― Նա է, նա,― գոչեց միսիս Ուինքշիփը՝ իր զարմացած, համարյա վախեցած հայացքը հառելով ինձ վրա։― Իմ ուրախ, փոքրիկ տղան իսկական հանգուցյալ մոր պատկերն է։ Վա՜յ-վա՜յ-վա՜յ, ի՞նչ օրի է... Եվ այս ամենը՝ այն գարշելի շեկ հարբեցողի երեսից։ Ա՛յ թե այս րոպեիս ձեռքս ընկներ, ես իմ սեփական ձեռքերով կգզգզեի նրան։ Նայիր, Մարթա, նա նույնիսկ շապիկ չունի հագին։ Իսկ նրանք խաբում էին, թե երեխան բանվորական տան տաք ու հարմար հագուստ ունի։ Նա...

Թե միսիս Ուինքշիփն ինչպես վերջացրեց իր ճառը, ես չեմ հիշում։ Մտնելով տաք սենյակը և մոտենալով կրակին՝ ես հանկարծ մի զնգոց լսեցի իմ ականջներում ու գլուխս պտտվեց։ Ոտքերս դողացին, և ես ընկա հատակին։ Իմ ուշաթափությունը երևի բավական երկար է տևել, որովհետև այդ ժամանակամիջոցում իմ դրության մեջ զգալի փոփոխություններ էին եղել։ Ես ուշքի եկա միսիս Ուինքշիփի սենյակում դրված բազմոցի վրա։ Իմ բաճկոնի և բումազեի անդրավարտիքի փոխարեն ինձ հագցրել էին գործված ֆուֆայկա, երկար ու լայն անդրավարտիք, որ երևի մի ժամանակ պատկանելիս էր եղել միստր Ուինքշիփին, և մեծ քաթանե զգեստ, որ ինձ ծածկում էր ամբողջովին, ոտքերիս հետ միասին, որ հավանորեն միսիս Ուինքշիփի գիշերային շապիկն էր։ Ես դեռևս որոշ գլխապտույտ էի զգում, բայց կարող էի բարձրանալ ու շուրջս նայել։ Միսիս Ուինքշիփը վառարանի առաջ կանգնած մի փոքրիկ ամանում ինչ-որ բան էր խառնում, իսկ Մարթան մտավ սենյակ և սեղանին դրեց մի մատուցարան՝ մեջը երեք հատ հիանալի ոչխարի մսից կոտլետ։ Այդ սքանչելի ուտելիքը տեսնելով՝ ես քիչ մնաց վեր թռչեի բազմոցից, բայց ինձ խանգարեց իմ երկար հագուստը, որ փաթաթվել էր ոտքերիս։ Միսիս Ուինքշիփը նկատեց իմ այդ շարժումը։

― Հը, ի՞նչ կա, քաջ տղա, առողջացա՞ր,― փաղաքշաբար և ուրախ ձայնով գոչեց նա։― Դե լավ, աղավնյակս, ուրախացիր, այդ ինչո՞ւ հանկարծ այդպես թթվեցիր։

Դրանով նա ուզում էր ասել, թե ինչու ես հանկարծ սկսեցի լաց լինել։ Բայց որ իմ արցունքները հոսեցին, դրա մեղքը իրենն էր. նա համբուրեց իմ ճակատը, իսկ մորս մահից հետո դեռ ոչ ոք ոչ մի անգամ ինձ չէր համբուրել։ Բարի կնոջ այդ մայրական համբույրից ես մի անհասկանալի զգացում ունեցա և արցունքներս զսպել չկարողացա։ Միսիս Ուինքշիփը թողեց, որ կուշտ լաց լինեմ, իսկ ինքը սկսեց զբաղվել ընթրիք պատրաստելով։ Քիչ հետո հոլանդական փայլուն վառարանից արտասովոր հաճելի բուրմունք տարածվեց։

― Դե՛, Ջիմմի, պատրա՞ստ ես։

― Պատրաստ եմ, շնորհակալ եմ ձեզանից։

― Ճաշին մենք միս ունեինք,― փաղաքուշ ասաց միսիս Ուինքշիփը՝ գրկելով ինձ և նստեցնելով սեղանի առաջ դրված մեծ բազկաթոռին։― Մնացորդները ես քո բաժին արգանակի մեջ եմ գցել։ Կեր, հոգյակս, և տես, ոչ մի կտոր չթողնես, իսկ մինչև այդ կոտլետներն էլ պատրաստ կլինեն։

Երկար համոզելու կարիք չկար։ Արգանակը զարմանալի համեղ թվաց ինձ։ Բայց մի՞թե դա կարող էր հագեցնել իմ գայլային քաղցը։ ես հարձակվեցի ուտելիքի վրա ինչպես կհարձակվեն այն թշնամու վրա, որին հարկավոր է, ըստ հնարավորին, շուտ ոչնչացնել, խժռեցի այնպիսի արագությամբ, որ միսիս Ուինքշիփը զարմանքից շունչը պահել էր։

― Այ թե ինչ տեղն է հասել,― խոր հոգոց քաշելով բացականչեց նա, երբ արգանակի ամանը դատարկվեց։― Սա նրա համար ասես մի կում ջուր լիներ։

Եվ իսկապես, ինչ էլ որ ուտում էի, ինձ թվում էր մի կում ջուր, բայց ես այդ չասացի միսիս Ուինքշիփին։ Իմ քաղաքավարությունն այնտեղ հասավ, որ երբ ինձ հարցրեց, թե էլի կոտլետ կուտեմ, ես պատասխանեցի. «Թերևս կարելի է, բայց ոչ ամբողջ կոտլետ, այլ մի կտոր», թեև մտքով այդ ժամանակ խժռում էի ոչ միայն հոլանդական վառարանի մեջ դրված բոլոր կոտլետները, այլև հացի կտորը, որով պատրաստ էի ամբողջովին մաքրել մատուցարանում եղած յուղը։ Ի դեպ, իմ աչքերն ավելի ագահ էին ստամոքսիցս։ Մի կոտլետ և մի քանի կարտոֆիլ ուտելուց հետո ինձ բոլորովին կուշտ զգացի։

― Իսկ այժմ,― ասաց միսիս Ուինքշիփը, երբ Մարթան հավաքեց ընթրիքի սեղանը, և մենք երեքս էլ հանգիստ նստեցինք բուխարու առաջ դրված բազմոցին,― մեկ-մեկ պատմիր մեզ, Ջիմմի, այն ամենը, ինչ որ գլխիդ եկել է այս ամբողջ ժամանակամիջոցում։

Ես սիրով կատարեցի միսիս Ուինքշիփի ցանկությունը։ Մանրամասն նրան պատմեցի իմ ամբողջ կյանքը այն րոպեից, երբ իմ խորթ մոր մատը կծելով, փախա հայրական տանից։ Երբ սկսեցի պատմել իմ ընկերների՝ Ռիփսթոնի և Մոուլդիի մասին և թե ինչպես էի մասնակցում շուկայում կատարած նրանց գողություններին, միսիս Ուինքշիփն սկսեց անիծել իմ խորթ մորը, որը իր դաժանությամբ քիչ է մնացել բանտ հասցնի ինձ։

― Բայց շուկայի գողության համար բանտ չեն նստեցնում,― բացատրեցի ես։― Դրա համար ինքը պահակն է հաշիվ տեսնում։ Մոուլդին այդպես էր ասում ինձ։

― Լավ, լավ, քո Մոուլդին պարզապես անպիտան ստախոս է, դու ինքդ շուտով կիմանայիր այդ։ Դեռ լավ է, որ տենդախտ ես ընկել, Ջիմմի, և դա վերջ է տվել քո գողություններին։ Հիվանդությունից հետո դու այլևս չես գողացել, չէ՞։

― Ոչ, երբեք,― պատասխանեցի ես՝ որոշելով անանասի մասին լռել։

Բանվորական տանից փախչելուս պատմությունը շատ ծիծաղեցրեց միսիս Ուինքշիփին, իսկ հնավաճառների անազնիվ արարքը խիստ զայրացրեց նրան։

― Այ քեզ սրիկաներ,― գոչեց նա։― Եթե ես տղամարդ լինեի, կբռնեի դրանց և այնպես կզխկեի, որ էլ երբեք չմոռանան։

― Լավ է, որ ավելի վատ բաներ չեն պատահել,― թեթևացած շունչ առնելով ասաց նա, երբ իմ պատմությունը վերջացավ։― Իհարկե, այն էլ վատ է, որ իմ սիրելի Պոլլիի որդին մուրացիկ է դարձել, բայց կարող էր դրանից էլ վատը լիներ։

― Ինչպե՞ս թե մուրացիկ։ Ես ողորմություն չեմ խնդրել։ Երբ Մարթան ինձ հանդիպեց, ես երգում էի։

― Դե դա միևնույն բանն է. ես դրանց մեջ ոչ մի տարբերություն չեմ տեսնում,― վճռական տոնով պատասխանեց միսիս Ուինքշիփը։

― Ես չգիտեի, որ դա միևնույնն է,― ասացի ես շփոթված։― Ես մուրացկանությամբ ապրել չեմ ուզում, պատրաստ եմ նույնիսկ դեն գցելու այն տասնչորս պեննին, որ տվին ինձ։ Որտե՞ղ են այդ դրամները։

― Ավելի լավ է մի էլ հարցնի, թե որտեղ են, այդպիսի փողը քեզ պետք չէ, Ջիմմի։ Նրանք բարիք կգործեն այն աղքատին, որին ուղարկվել են, իսկ դու այդ փողերը քեզ վրա չպետք է ծախսես։ Մարթա, նա ի՞նչ ասաց կեղտոտ լաթերի մասին, երբ փողերի հետ միասին տարար նրա համար։

― Նա շատ շնորհակալ եղավ։ Ուղղակի չգիտեր, թե ինչպես շնորհակալություն հայտնի։ Նա իսկույն նստեց իր փոքրիկ Բիլլիի համար վարտիքներ կարելու։

Այդ ի՞նչ կեղտոտ լաթերի մասին էին խոսում նրանք։ Մի՞թե իմ բաճկոնի և անդրավարտիքի մասին է խոսքը։ Թող ուրեմն փոքրիկ Բիլլին օգտվի և այդ շորերից և իմ տասնչորս պեննիից։ Երևի միսիս Ուինքշիփը մտադիր է հոգալ իմ հագուստի մասին։ Այն շորը, որ այժմ հագցրել էր ինձ, հարմար էր. նրանով շատ տաք էր, բայց և այնպես այդ հագուստով ես փողոցում երևալ չէի կարող։ Բայց գուցե ես սխալվո՞ւմ եմ, գուցե նրանք խոսում են ամենևին էլ ոչ իմ իրերի մասին։ Հարկավոր էր շուտ ցրել իմ կասկածները։ Ես մի քանի րոպե մտածեցի, որ ավելի քաղաքավարի ձևով սկսեմ խոսակցությունը, և վերջապես բուխարու վրա մեծ կոճակ տեսնելով՝ հարցրի.

― Այս կոճակը ձեզ հարկավո՞ր է որևէ բանի համար։

― Ոչ։ Իսկ ինչո՞ւ ես հարցնում։

― Վատ չէր լինի կարել իմ բաճկոնին, վերևի կոճակը պակասում է։

― է՜, ի՞նչ կարիք կա հիշել այն կեղտոտ շորը։ Դու այլևս երբեք չես տեսնի այն, Ջիմմի։

― Երբեք չե՞մ տեսնի,― վախեցած գոչեցի ես։― Այդ ինչպե՞ս կարելի է։ Ես առանց բաճկոնի ինչպե՞ս մնամ։

― Դրա մասին մի անհանգստանա,― ասաց բարի կինը շոյելով իմ գլուխը,― դու բաճկոն կունենաս։ Լավ կլիներ, եթե քեզ համար բաճկոն ճարելուց ավելի դժվար գործ չլիներ։

― Իսկ ի՞նչն է ավելի դժվար,― հարցրի ես հետաքրքրությամբ։― Մի՞թե անդրավարտիք ճարելն ավելի դժվար Է։

Իմ հարցը խիստ ծիծաղեցրեց պառավին։

― Ոչ, անդրավարտիքն էլ մեծ բան չէ, Ջիմմի,― ասաց նա կուշտ ծիծաղելուց հետո։― Գլխավոր դժվարությունն այն է, թե ես ի՞նչ պիտի անեմ քեզ հետ։ Ինձ մոտ պահել չեմ կարող, ինքդ գիտես, թե ի՞նչ իրարանցում կբարձրանա, եթե քեզ այստեղ գտնեն։

― Իհարկե ես այստեղ մնալ չեմ կարող, ինքս էլ վախենում եմ դրանից,― շտապեցի պատասխանել ես։

― Լավ կլիներ սրան տայինք որևէ մեկի մոտ մի բան սովորելու,― հանգիստ ասաց Մարթան՝ շարունակելով իր աշխատանքը, այդ միջոցին նա գուլպա էր նորոգում։

― Լավը լավ կլիներ։ Բայց ո՞ւմ տանք։

― Այ, ես մտածեցի... միայն դուք կասեք՝ ի՞նչ արհեստ է դա...

― Ի՞նչը։

― Սրան տանք Բելչերին՝ ծխնելույզ մաքրել սովորելու։ Նա հո տղաներ պահում է։

― Շատ լավ ասացիր,― հիացած բացականչեց միսիս Ուինքշիփը։― Այ դա իսկական գործ է։ Ճիշտ չե՞մ ասում, Ջիմմի։

Ես քաղաքավարությունից դրդված պատասխանեցի.

― Այո, իհարկե։

Բայց իրականում ամենևին էլ համամիտ չէի միսիս Ուինքշիփի հիացմունքին։ Իհարկե, եթե ինձ առաջարկեին ծխնելույզ մաքրող դառնալ անցած գիշերը, երբ քաղցած ու սառած ընկած էի գոմաղբի կույտի մեջ, գուցե և ուրախությամբ համաձայնեի։ Բայց կուշտ ընթրած, փափուկ բազմոցին նստած և տաք բումազեի շոր հագած տղայի համար ծխնելույզների մեջ սողալն ամենևին էլ հաճելի զբաղմունք չէր թվում։

― Ի՜նչ ուրախ եմ, որ այդ բանը մտածեցիր, հոգյակս,― իր հիացմունքը շարունակեց միսիս Ուինքշիփը։― Դրանից լավ ոչինչ մտածել չի կարելի։ Նախ, դա մի արհեստ է, որ սովորելը դժվար չէ և կարելի է փող վաստակել, այն էլ՝ շատ կարգին գումար։ Դիկ Բելչերը ևս այնպիսի խեղճ երեխա է եղել, ինչպես Ջիմմին, իսկ այժմ ոչ մի բանի կարիք չի զգում։ Երկրորդ այստեղից հեռու է ապրում, և որ գլխավորն է, ծխնելույզ մաքրելը մարդուն այնպես է կերպարանափոխում, որ հարազատ հայրն էլ չի ճանաչի, թեկուզ դեմառդեմ հանդիպելու լինի։ Դե, այդ գործը կարգավորված է։ Հենց վաղն առավոտյան, Մարթա, գնա Բեմբերուել և այստեղ բեր Դիկ Բելչերին։


Գլուխ 19. Իմ նոր տերը

Միսիս Ուինքշիփի շնորհիվ ես այդ գիշեր կարող էի քնել շատ հարմար, փափուկ բազմոցի վրա, մաքուր սավանի ու վերմակի տակ։ Բայց իրականում երկար, շատ երկար ժամանակ քնել չէի կարողանում։ Շարունակ մտածում էի ինձ սպասող վիճակի մասին։ Եվ որքան ավելի էի մտածում, այնքան ավելի քիչ էի ցանկանում ծխնելույզ մաքրողի աշակերտ դառնալ։ Ես ճանաչում էի մի ծխնելույզ մաքրողի, որ իմ հոր հարևանն էր։ Նա ուներ երկու աշակերտ, և նրանց կյանքը մեզ տղաներիս իսկական տանջանք էր թվում։

Միստր Փայքի մոտ, մեր հարևան ծխնելույզ մաքրողի անունն էր, աշակերտները շատ կարճ ժամանակ էին ապրում, նրանք շուտ-շուտ փոխվում էին, և նրանցից ոչ մեկը կես տարուց ավելի չէր մնում։ Սովորաբար նրանք կամ մեռնում էին, կամ փախչում էին իրենց վարպետից։ Արտաքինով նրանք բոլորն էլ իրար նման էին լինում, բոլորն էլ կեղտոտ, սևացած, պատառոտված հագուստով, արևի լույսի տակ նրանց աչքերը կկոցվում էին։ Տղաների մեջ սարսափելի լուրեր էին տարածվել միստր Փայքի դաժանությունների մասին։ Մենք հավատացած էինք, թե նա իր աշակերտներին սովորեցնում է ծխնելույզների մեջ մտնել այսպես, պարանի մի ծայրը կապում է աշակերտի լեզվին, մյուսը բռնում է իր ձեռքում և կանգնում տանիքին, եթե աշակերտը բավականաչափ ճարպկորեն չի մտնում ծխնելույզի մեջ, վարպետն ամբողջ ուժով ձիգ է տալիս պարանը։ Իսկ եթե տղան դանդաղում է ծխնելույզի մեջ, վարպետը նրա տակ վառարանի մեջ տաշեղ է վառում, որի վրա նախապես պղպեղ է լցնում։ Մի անգամ նա իր աշակերտներից մեկին ուղարկեց ծխնելույզի մեջ մտնելու և աշակերտը չվերադարձավ։ Մենք լիովին համոզված էինք, որ միստր Փայքը չափից շատ տաշեղ է վառել և տղային ողջ-ողջ խորովել է ծխնելույզի մեջ։ Թեև մի շաբաթ անց շատերը նրան տեսել էին Շորդիչում և ասում էին, որ նա պարզապես փախել է։

Այս բոլոր սարսափները պատկերացնելով՝ ես պառկել էի անքուն մինչև որ ժամացույցը խփեց տասներկուսը ապա մեկը, երկուսը։ Վերջապես էս քուն մտա և քնեցի մինչև ժամը տասը։ Միսիս Ուինքշիփը և Մարթան հավանորեն սովորականի պես վաղ էին վեր կացել, նրանք ոչ միայն նախաճաշել էին, այլև գնացել էին պատրաստի հագուստեղենի ինչ-որ խանութ։ Որ նրանք եղել էին այդպիսի խանութում, դրա ապացույցը դրված էր իմ աչքի առաջ։ Իմ մահճակալի մոտ աթոռին դարսված էին մի մաքուր շապիկ, գուլպաներ, մահուդի ամուր բաճկոն և շերտավոր կտորից կարված գեղեցիկ անդրավարտիք, աթոռի տակ դրված էր մի զույգ կոշիկ, որ շատ ավելի լավն էր միստր Բեռնիի խլած կոշիկներից, իսկ աթոռի թիկնակին կախված էր մի գլխարկ։ Ես ամենևին չէի կասկածում, որ այդ բոլոր հիանալի հագուստները ինձ համար են նախատեսված, ուստի և շտապեցի հագնել և բարևել միսիս Ուինքշիփին։ Բարի պառավը շատ ուրախացավ, երբ ինձ տեսավ կարգին հագուստով։ Նա տաք ջուր բերեց իմ ձեռքերն ու երեսը լվանալու համար, ինքը սանրեց գլուխս իր սեփական սանրով ու խոզանակով, օծանեց մազերս իր սեփական օծանելիքով։

― Դե հիմա նայիր հայելուն, Ջիմմի,― ասաց նա ուրախ. – տեսնո՞ւմ ես, ինչ լավն ես դու, ուղղակի հրաշք։

― Այս հագուստը շատ էլ նման չէ նրան, որ հագնում են ծխնելույզ մաքրողները,― ասացի ես հպարտությամբ շուրջս նայելով և գաղտնաբար հուսալով, թե նա ինձ համար մի ուրիշ զբաղմունք գտած կլինի։― Ես չէի ուզենա այսպիսի հագուստով ծխնելույզի մեջ մտնել։

― Ի՜նչ խոսք,― պատասխանեց միսիս Ուինքշիփը։― Այդ հագուստը դու կարող ես հագնել տոն օրերին, իսկ աշխատանքի համար Բելչերը քեզ մի որևէ ցնցոտի կտա։ Մարթան գնացել է Բեմբերուել և երևի շուտով կվերադառնա Բելչերի հետ։

Իսկապես, իմ նախաճաշից հետո շուտով Մարթան վերադարձավ, սակայն ձիով ու սայլակով։ Ձիու և սայլակի լուրը փոքր-ինչ հանգստացրեց ինձ։ Նշանակում է միստր Բելչերն այնպես աղքատ չէ, ինչպես միստր Փայքը։

Անվտանգության համար ես ամբողջ օրը մնացի սենյակում։ Մթնշաղին եկավ Բելչերը։ Արտաքուստ նա ամենևին էլ նման չէր ծխնելույզ մաքրողի. նա սպիտակ էր և ոչ թե սև, հագել էր դարչնագույն վերարկու և դրել մի գեղեցիկ գլխարկ։ Նրա դեմքը նույնպես գունատ էր և չեչոտ, ինչպես Մարթայինը. վերևի դեղին ատամներն առաջ էին եկել և շրթունքը չէր ծածկում դրանք։ Ընդհանրապես նա ինձ դուր չեկավ։ Մարթան նրան չէր ասել, թե ինչու են կանչել, և այժմ, երբ միսիս Ուինքշիփը նրան հայտնեց, թե ինչու են կանչել, նա, ըստ երևույթին, շատ էլ գոհ չմնաց։

― Քանի՞ տարեկան է տղան,― հարցրեց նայելով ինձ։

― Ինը տարեկան է, տասի մեջ, շատ փոքր չէ։

― Ընդհակառակը, մեծ է։ Մեր արհեստը ամենից լավ է սովորել, երբ դեռ ոսկորները ճկուն են։ Ի՛նչ մաքուր տղա է. ափսոս է սրան ծխնելույզ մաքրող դարձնել։

― Հապա ինչպե՞ս անենք։ Բացի դրանից ուրիշ բան մտածել չենք կարող նրա համար։ Վերցրեք նրան, Դիկ։

― Իմ գործերը լավ չեն գնում,― դժկամությամբ պատասխանեց միստր Բելչերը,― և չգիտեմ էլ, թե նա բավականաչափ բարա՞կ է գործարանային ծխնելույզների համար...

Նա գրպանից հանեց քանոնը և իմ ուսերը չափեց։

― Դժվար կլինի սրա համար, ինքը գեր տղա չէ. սրանից ավելի նիհարել չի կարող, իսկ ես սրան այնպես պետք է պահեմ, որ ավելի ճարպ չկուտակվի, թե չէ՝ փորձանք է. մեկ էլ տեսար որևէ տեղ խրվեց-մնաց ծխնելույզի մեջ։ Այդպիսի մի դեպք վերջերս եղավ Բերմոնդսիի ճանապարհին գտնվող սղոցարանում։ Նրա ծխնելույզը 98 ոտնաչափ բարձրություն ունի, իսկ երեխան խցկված մնաց ուղիղ կեսին, և մինչև այժմ էլ մնացել է այնտեղ...

― Դե բավական է ստեր փչես, Դիկ,― բարկացած ընդհատեց նրան միսիս Ուինքշիփը։― Երբ դուք գալիս էիք ինձանից բան խնդրելու, ես չէի նվնվում և զանազան պատճառաբանություններ չէր որոնում։

Ինչ-որ մի լավության վերաբերող այդ ակնարկը իսկույն միստր Բելչերին ստիպեց իր տոնը փոխել։

― Դե հո ես չեմ ասում, թե չեմ վերցնի,― արդարացավ նա։― Ես միայն ասում եմ, որ այժմ իմ աշխատանքը շատ չէ, և երեխաներ շատ էլ պետք չեն ինձ, քանի որ ես մեքենայով եմ աշխատում։ Բայց և այնպես թող նա ապրի մեզ մոտ, այնուամենայնիվ ես նրան կսովորեցնեմ մեր գործը։

Այսպիսով իմ բախտը որոշված է։ Ես դառնալու եմ ծխնելույզ մաքրող, ինձ սպառնում է որևէ ծխնելույզի մեջ մնալու վտանգը։ Այս զզվելի, չեչոտ մարդը լինելու է իմ տերը։ Ես ինձ անասելի դժբախտ էի զգում։

― Իսկ ե՞րբ տանեմ սրան,― հարցրեց միստր Բելչերը։

― Թեկուզ հենց այժմ։ Նա պատրաստ է, իսկ ես շատ կուզենայի, որ տանեք հենց այսօր, մինչև գիշեր։

― Դե ինձ համար միևնույն է. այժմ, թող լինի այժմ։ Վերցրու գլխարկդ, տղա։

Ես սաստիկ նեղացա միսիս Ուինքշիփից, որ նա ուզում է շուտ ազատվել ինձանից, և շատ սառը պատասխանեցի նրա սիրալիր հրաժեշտին։ Միստր Բելչերի ձին ու սայլակը մեզ սպասում էին մեր փողոցի ծայրում, որտեղ միստր Բելչերը ձին հանձնել էր մի տղայի հսկողությանը՝ խոստանալով կես պեննի պարգևել։ Երբ մոտեցանք, ես նկատեցի, որ այդ տղան Ջերրի Պեպն էր։ Իմ սիրտը արագ-արագ խփեց, բայց, բարեբախտաբար, Ջերրին այնքան էր զբաղված կես պեննիի մտքով, որ ոչ մի ուշադրություն չդարձրեց ինձ վրա, և մենք բարեհաջող մեկնեցինք։

Երբ հասանք Բեմբերուել, այնտեղ, ուր ապրում էր միստր Բելչերը, արդեն ուշ էր։ Դա մի փոքրիկ, կեղտոտ փողոց էր ջրանցքի մոտ։ Այդ փողոցի բոլոր տներն ինձ շատ աղքատիկ թվացին։ Ի դեպ, միստր Բելչերի տունը բոլորից բարձր և սիրուն էր։ Դռանն ամրացված էր մի հիանալի պղնձե մուրճիկ։ Տան համարը ցույց տվող թիվը նույնպես պատրաստված էր կռած պղնձից։ Դռանը փակցված էր մի մակագրություն՝ «Ծխնելույզ մաքրող Բելչեր», իսկ փայլուն պղնձե զանգի տակ ամրացված էր մի տախտակ, վրան գրված՝ «Ծխնելույզ մաքրողի զանգը»։ Լուսամուտների միջև կախված էր մի ցուցանակ, որի վրա կար մի ամբողջ պատկեր՝ Բուքինհեյմի պալատը, որի ծխնելույզից կրակի մի սյուն էր ժայթքում, պալատի լուսամուտում կանգնած էր Վիկտորիա թագուհին՝ թագը գլխին, մազերը գզգզված և ձեռքերը պարզած դեպի ծխնելույզ մաքրողը, որը վազում էր պալատ։ Ծխնելույզ մաքրողի գլխարկին խոշոր տառերով գրված էր՝ «Բելչեր»։ Պալատի դարպասի մոտ կանգնած ժամապահը գոռում է այն բառերը, որ գրված են նրա քթի շուրջը ծածանվող ժապավենի վրա. «Բելչեր, մենք կարծում էինք, թե չեք գա։ Ուելսի իշխանը եկավ ձեր հետևից և վերադառնալով ասաց, որ դուք գնացել եք ուրիշ աշխատանքի»։― «Ճիշտ է,― պատասխանում էր Բելչերը (նույնպես ժապավենի միջոցով)․― ես աշխատում էի դուքս Վելինգտոնի մոտ, բայց լսելով թագուհու կանչը՝ այնտեղ ամեն ինչ թողի կրակի մեջ և ահա այստեղ եմ»։

Իմ տարիքի մի տղա, նույնպես սև ու ցնցոտիներով, ինչպես միստր Փայքի աշակերտները, մեր սայլակի անիվների աղմուկը լսելով՝ դուրս վազեց տան անկյունից և ձիու սանձը բռնեց։ Միստր Բելչերը դուրս եկավ սայլակից և ինձ թողեց մեջը։

― Թույլ տվեք ձեզ օգնեմ, պարոն,― քաղաքավարությամբ ինձ դիմեց փոքրիկ ծխնելույզ մաքրողը։― Բայց, ասենք, ավելի լավ է պարոնը իջեցնի ձեզ, թե չէ իմ ձեռքերով կարող եմ կեղտոտել ձեր շորերը։

― Ի՜նչ պարոն է դա,― ծիծաղեց միստր Բելչերը։― Ա՛յ դու անմիտ, անմիտ։ Դա պարզապես նոր աշակերտ է։

― Նոր աշակե՞րտ։ Ի՞նչ է, խելագարվե՞լ ես, Դիկ։ Քո ինչի՞ն էր պետք նոր աշակերտը։

Այս խոսքերն ասաց տան դռնից դուրս եկող մի գեր, անբարետես կին։ Նրա գզգզված գլխին կար մի կանացի թասակ՝ խայտաբղետ ժապավեններով, ականջներին շողշողում էին օղեր, բայց դեմքից ես իսկույն հասկացա, որ դա միսիս Ուինքշիփի հարազատ քույրն է։

― Ինչիս էր պե՞տք։ Ամենևին էլ պետք չէր,― խոսեց միստր Բելչերը։― Ես պետք է սրան վերցնեի, որպեսզի քո քրոջը չնեղացնեմ։ Գնանք սենյակ, ամեն ինչ կպատմեմ քեզ։

Ապա դառնալով տղային և ցույց տալով ինձ՝ ասաց.

― Սրան տար խոհանոց, Սեմ։ Երբ պետք լինի, կկանչեմ։

Սեմը ձիու սանձը բռնեց և քաշելով տարավ տան հետևի ընդարձակ բակը, որի մի կողմում գտնվում էր երկու դռներով մի երկար, սևավուն մարագ։

― Հապա, դուրս արի,― կոպիտ ձայնով ասաց ինձ Սեմը՝ կանգ առնելով այդ դռներից մեկի առաջ։― Ահա այստեղ է խոհանոցը։ Տես, որ աղմուկ չհանես, երբ ներս մտնես, թե չէ կարթնացնես այնտեղ քնած տղային և ինքդ էլ դրանից ուրախ չես լինի։ Ես հիմա կգամ, ձին տեղավորեմ՝ գամ։ Դուռը չբախես, փակված չէ, հրիր, կբացվի։

Ես թեթևակի հրեցի կեղտոտ սև դուռը, իսկապես որ հեշտ բացվեց, և մտա խոհանոց։ Դա շատ մութ մի սենյակ էր, որ փոքր-ինչ լուսավորվում էր կաթսայի տակ վառվող մի քանի ածուխի կրակով։ Սկզբում ես ոչինչ չկարողացա նկատել, բայց աչքերս կամաց-կամաց վարժվեցին մթությանը, և կարողացա տեսնել, որ կրակի մի կողմում դրված են մի սեղան և երկու աթոռ, իսկ մյուս կողմում մի սև կույտ էր, որից խռմփոց էր լսվում։ Ես մի քանի քայլ առաջ գնացի, աշխատելով ոչ մի աղմուկ չհանել, երբ հանկարծ սև կույտից լսվեց հաչոց, և ինձ վրա հարձակվեց մի փոքրիկ շնիկ։

― Ի՞նչ ես բարկացնում դրան, Սեմ,― լսվեց մի բարկացկոտ ձայն միևնույն կույտից,― նա հո քեզ ոչինչ չի անում։ Եվ դուռն էլ փակիր, գարշելի թափառաշրջիկ, առանց այդ էլ իմ բոլոր ոսկորները ցավում են, իսկ դու քամի ես ներս թողնում։ Փակիր դուռը, անիծյալ լակոտ։

Ավելի ուշադիր նայելով ես նկատեցի, որ կույտի միջից ծունկի ելավ մի կերպարանք։ Երբ այդ կերպարանքը ձայնը բարձրացրեց, շնիկն էլ սկսեց ավելի բարձր հաչել։

Ես վախեցա։

― Սեմը չի,― ասացի երկչոտ ձայնով,― այդ ես եմ։

― Դե փակիր դուռը, քեզ ասում եմ։

Այս խոսքի հետ ծանր կոշիկի նման մի բան թռավ երեսիս մոտով և թրխկոցով դիպավ իմ հետևի պատին։

Ես վախեցա դուռը ներսից ծածկել և մնալ այդպիսի սարսափելի ընկերոջ հետ։ խոհանոցից դուրս եկա և ուզում էի դրսից ծածկել դուռը, երբ երևաց Սեմը՝ լապտերով լուսավորելով իր ուրախ դեմքը։

― Ինչո՞ւ խոհանոց չես մտել,― դիմեց նա ինձ։― Ես հո քեզ ասացի՝ դուռը հրիր։

Ես Սեմին պատմեցի, թե ինչպիսի ընդունելություն գտա խոհանոցում։

― Գնանք,― ծիծաղելով ասաց նա և իր սև ձեռքով բռնեց իմ ձեռքը։― Սարդից վախենալու հարկ չկա։ Մինչև Նա իր պարկերի կույտից ցած գա, դու արդեն ուղեփակ հասած կլինես։

― Բայց ես շնից չեմ վախեցել, այլ այն մարդուց, որ պառկած է կրակի մոտ՝ պարկերի վրա։

― Դե, հենց նա է Սարդը։ Ի՞նչ մարդ է դա։ Դե գնանք, գնանք. չէ՞ որ պարոնը քեզ պատվիրեց խոհանոցում լինել։

Սեմը դուռը բաց արեց և ներս մտավ, իսկ ես հետևեցի նրան՝ աշխատելով որքան կարելի է կամաց քայլել, որպեսզի նորից չբարկացնեմ պարկերի վրա պառկած կերպարանքին։

― Այն ո՞վ էր քիչ առաջ այստեղ,― ողբացող ձայնով հարցրեց Սարդը։― Թխթխկացրեց, աղմկեց, այնպիսի քամի ներս թողեց, որ մարդ կարող էր մեռնել։ Դու նրան տեսա՞ր, Սեմ։

― Ով է եղե՞լ։ Այստեղ է եղել մի անվանի կոմս, լորդ Ֆլեֆֆիմի որդին, որ եկել էր քո առողջությունն իմանալու և քեզ համար սպեղանի էր բերել հոդացավի դեմ։ Իսկ դու վերցրել և կոշիկդ ես նետել նրա վրա։ Փորձանք կբերի գլխիդ քո այդ հիմար սովորությունը, անպայման մի օր փորձանք կբերի, Սարդ։

― Օ՜հ, իսկապես ես մեղավոր չեմ,― տնքաց Սարդը,― իմ ոսկորներն այնպես են ցավում, իսկ այստեղ դուռը բաց են անում և քամին բաց թողնում ինձ վրա։ Մի՞թե կոշիկը ցավեցրել է նրան, Սեմ։

― Այնքան էլ չի ցավեցրել։ Նա նեղացող տղա չի. ահա ինքը։

Սեմը լապտերը բարձրացրեց այնպես, որ Սարդը կարող էր պարզ տեսնել ինձ։ Ես ևս նայեցի խեղճ տղային։ Նա հագին ուներ սև ցնցոտիներ, նստել էր կուչ եկած, մի ձեռքը հենել էր պարկերի կույտին, որ նրա համար որպես անկողին էր ծառայում, իսկ մյուս ձեռքով աչքերից հետ էր տալիս մազերը։

― Ներեցեք ինձ, սըր,― դիմեց նա հեզ ձայնով,― երբեմն ցավից ինձ կորցնում եմ։ Հուսով եմ, որ ձեզ չեմ ցավեցրել։

Նախքան ես կպատասխանեի՝ Սեմը սկսեց բարձր քրքջալ։

― Հիանալի է, սքանչելի,― գոչեց նա։― Սա ինձ էլ խաբեց, բայց իհարկե ոչ այդքան լավ։ Հիմարի գլուխ, սա ամենևին էլ սըր չէ և ոչ լորդի որդի։ Սա պարզապես մի տղա է, որին հանձնել են այստեղ սովորելու։

― Սովորելո՞ւ,― զարմացած հարցրեց Սարդը։― Ա՛յ քեզ բան։

― Ի՞նչ կա զարմանալու,― միջամտեցի ես։― Մի՞թե չեմ կարող սովորել և դառնալ ծխնելույզ մաքրող։

― Ախր դու ի՞նչ պիտի սովորես, երբ մեր պարոնը ինքը ոչ մի աշխատանք չունի և ամենևին ծխնելույզ չի մաքրում։

― Ինձ համար միևնույն է,― անհոգությամբ պատասխանեցի ես,― կանեմ նույնը, ինչ-որ մյուս տղաները։ Դուք երկուսդ ի՞նչ գործ եք անում։

― Սարդը բոլորովին ոչինչ չի անում,― բացատրեց Սեմը։― Պարոնը վաղուց հետ ուղարկած կլիներ նրան, բայց չի կարելի, նրան վերցրել է յոթ տարվա պայմանագրով։ Իսկ ես երբեմն առավոտները պարոնի ու Նեդ Փերքսի հետ գնում եմ մեքենայով աշխատելու, իսկ դա բոլորովին դատարկ գործ է։ Ամբողջ ձեռնարկությունն ապրում է գիշերային աշխատանքով, որ կատարվում է գյուղերում։ Ես էլ պարոնի և Նեդի հետ գնում եմ սայլակը պահելու։

― Իսկ այդ ինչ աշխատանք է գյուղերում,― հետաքրքրվեցի ես։― Այնտեղ գործարանների ծխնելույզների վրա՞ պիտի բարձրանալ։

― Չգիտեմ, թե ուր պիտի բարձրանալ։ Ես կարծում եմ՝ ոչ մի տեղ էլ չեն բարձրանում,― պատասխանեց Սեմը։

Եվ մուր էլ չեն բերում տուն։ Չեմ հասկանում, թե ինչ ուղևորություններ են,― ասաց Սարդը նորից կնճռոտվելով ցավից։

Նա պառկեց իր անկողնում և սկսեց տնքալ և ախուվախ անել։ Նախքան նրա ցավը կմեղմանար, և մենք կկարողանայինք շարունակել ինձ համար հետաքրքիր խոսակցությունը, լսվեց վարպետ Բելչերի ձայնը, որ ինձ կանչում էր իր մոտ։ Սեմի օգնությամբ ես գտա տան հետևի դռան ճանապարհը, և այնտեղից իմ նոր տերը ինձ տարավ հյուրասենյակ։

Այնտեղ նստած էր այն հաստամարմին, թուխ կինը, որին ես իրավացիորեն միսիս Բելչերի տեղ էի դրել, իսկ սեղանին դրված էին հաց, կարագ և սոխ։ Միսիս Բելչերն ինձ այնքան էլ սիրալիր չդիմավորեց։

― Ա՛յ տղա, ի՞նչ է քո անունը։

― Ջիմ։

― Ահա, ընթրիր, եթե ուզում ես։ Սա կաքավ չէ՝ խնձորի համեմունքով, որով երևի ուրիշները հյուրասիրել են քեզ, բայց մեզ մոտ սրանից լավը չսպասես։

― Շնորհակալ եմ,― պատասխանեցի ես հաշտարար ձայնով։― Ես շատ եմ սիրում հացը կարագով և սոխով։

― Բան ասաց։ Ես կարծում եմ ամեն ուտելիք էլ սիրում ես։ Կարծես քիչ էր, որ մի պարապ շուն ուտում էր մեր հացը, այս մեկ ավարան էլ ավելացավ...

― Դե լավ, վերջ տուր,― լռեցրեց իր կնոջը միստր Բելչերը։― Ախր քույրդ չգիտե մեր գործերի մասին։ Եթե ամեն ինչ առաջվա պես լիներ, մեզ համար մեծ բան չէր լինի տղային մեզ մոտ վերցնելը։ Իսկ դու, ի՞նչ է, ուզում ես, որ ես ամեն ինչ նրան պատմե՞նք։

― Բան հնարեցիր,― գոչեց միսիս Բելչերը։― Ինձ որ հարցնես, ավելի լավ է քաղցից մեռնենք, քան թե պատմենք նրան։

― Իսկ դու ավելի շատ դուրս տուր տղայի մոտ, որ հենց նոր է մտել մեր տուն,― ծաղրանքով ասաց միստր Բելչերը։― Դու կեր, Ջիմ,― ավելացրեց նա դիմելով ինձ։― Տիրուհին այսօր մի քիչ վատ տրամադրություն ունի, նրա քնելու ժամանակն է, հոգնած է։

Ես ակնարկը հասկացա և շտապեցի շուտ վերջացնել ընթրիքի համար ինձ հատկացված հացի մեծ կտորը։

― Դե, այժմ գնա քնելու,― ասաց ինձ միստր Բելչերը, երբ ես հայտնեցի, որ պատրաստ եմ։― Դու կգտնես խոհանոցի ճանապարհը։ Ինձ մոտ աշխատող բոլոր տղաներն այնտեղ են քնում, այնտեղ տաք է ու լավ։ Քեզ համար առանձին անկողին սարքիր, երկուսով քնելն առողջապահական չէ, իսկ պարկեր շատ կան, բոլորիդ կբավականացնեն։ Բարի գիշեր։ Առավոտյան կարող ես վեր չկենալ, մինչև քեզ չկանչեն։

― Դու նրան բանվորական հագուստ տվե՞լ ես,― հարցրեց միսիս Բելչերը։

― Վայ, մոռացել էի։ Ահա,― ասաց տերս անկյունից վերցնելով և ինձ տալով մի սև կապոց։― Շապիկը և կոշիկները թող քոնը մնան, իսկ մյուս շորերդ լավ փաթաթիր և վաղն առավոտյան բեր այստեղ։

Ես կապոցը վերցրի, տերերիս բարի գիշեր մաղթեցի և գնացի հետ խոհանոց։


Գլուխ 20. Սարդը եվ իր շունը։ Խորհրդավոր մուրը

Խոհանոցում կրակը դեռ վառվում էր, լապտերը կախված էր առաստաղի գերաններից մեկին խփված մեխից։ Սարդը փաթաթվել, պառկել էր՝ կողքին իր փոքրիկ շնիկը, բայց Սեմը ոչ մի տեղ չկար։ Առանց նրան ես չգիտեի, թե որտեղ և ինչպես պիտի պառկեմ քնելու, ուստի ամեն տեղ հայացքով նրան էի փնտրում։ Հանկարծ բոլորովին մոտիկից մի քնկոտ շշուկ լսվեց.

― Իմացիր, ով վերջինն է պառկում, նա էլ հանգցնում է լույսը։

Ես ցած նայեցի և տեսա Սեմին։ Նա պառկել էր սև պարկերի մի կույտի վրա։ Երկտակ ծալված մի պարկ նրան ծառայում էր բարձի տեղ, ամբողջովին մրոտված գլխարկը քաշել էր ականջներին, այնպես որ նրա ամբողջ կերպարանքից ես կարողանում էի տեսնել միայն սպիտակ ատամները և աչքերի սպիտակուցները։

Զարմանալի է, թե մարդ որքան շուտ է վարժվում շքեղության։ Եթե նախորդ գիշերը, երբ ես ջրկիրի սայլակում կծկված ամբողջովին դողդողում էի ցրտից, ինձ առաջարկեին գիշերել տաք խոհանոցում՝ պարկերի կույտի վրա և դրա համար յոթ-ութ մղոն ճանապարհ գնալու լինեի, մեծ ուրախությամբ կհամաձայնեի։ Բայց այժմ, մի գիշեր միսիս Ուինքշիփի մոտ քնած լինելով, ես արդեն զզվանքով էի նայում Սեմի անկողնին։

― Բայց որտե՞ղ պառկեմ,― տխուր ձայնով հարցրի ես։

― Կուզե՞ս, պառկիր ինձ հետ,― առաջարկեց Սեմը։― Այն կույտերից վերցրու երկու պարկ, մեկը գլխիդ տակ դիր, մյուսի մեջ ինքդ մտիր։ Միայն թե տե՛ս, չաղմկես, Սարդին չարթնացնես, թե չէ ամբողջ գիշերը կտնքա և մեզ հանգիստ չի տա։

Ես մտածեցի, թե քանի որ ես ու Սեմը պառկելու ենք տարբեր պարկերի մեջ, ուրեմն կարող եմ պառկել նրա հետ առանց այնքան էլ խախտելու իմ տիրոջ հրամանը։ Ուստի և արագ հանվեցի, հագա միստր Բելչերի կապոցից հանած կեղտոտ վարտիքը, ինձ համար «բարձ» պատրաստեցի, լապտերը հանգցրի և մի րոպե անց պառկած էի պարկերի կույտի վրա։ Ճիշտ է՝ մուրն ուժեղ հոտ էր արձակում, բայց ինձ չխանգարեց շատ շուտ և հանգիստ քուն մտնել։

Համարյա դեռ մութ էր, երբ ինձ արթնացրեց Սարդի շնիկի հաչոցը։ Ես տեսա, որ Սեմը վեր է կենում աշխատանքի գնալու, իսկ Նեդ Փերքսը, չնայած Սարդի տնքոցներին ու գանգատներին, դուռը բաց պահած՝ ինչ-որ հրամաններ է տալիս Սեմին։ Մի քանի րոպեից հետո Նեդը և Սեմը գնացին, իսկ ես հիշելով իմ տիրոջ խոսքերը, որ կարող եմ քնել մինչև չկանչեն, մնացի պառկած։ Հանկարծ լսեցի, որ Սարդը խոսում է բարկացած ձայնով.

― Դու մյուսներից ոչնչով լավ չես։ Ի՞նչ ես վեր ընկել, կարծես հիմա կեսգիշեր է և ոչ թե առավոտյան ժամը վեցը։ Ի՛նչ է, դու առողջ ես, ուրեմն հիվանդների հետ գործ չունես։ Ի՛նչ ես լիզում ինձ։ Լիզել չի հարկավոր, այլ՝ շուտ վեր կենալ և անել այն, ինչ հարկավոր է։ Դե, վեր կաց, ծույլ անպիտան։ Սպասիր, ես քեզ կստիպեմ վեր կենալ։

Այս խոսքերի հետ լսվեց հարվածի ձայն, ապա անսպասելի կաղկանձ, շունը վազեց դեպի դուռը և սկսեց չանգռտել։

― Տես, թե ինչ է նշանակում առողջ ոտքեր,― մրթմրթաց Սարդը,― Ինչպես է վազում։

Նա իջավ իր պարկերի վրայից և ախուվախ անելով քարշ եկավ շան հետևից։

― Ի՞նչ ես շտապում, անասուն։ Ուզում ես քո ջանասիրությո՞ւնը ցույց տալ։ Իսկ երեկ, հիշո՞ւմ ես, թե ինչպես վարվեցիր ինձ հետ։ Մինչև ժամը ինը թողիր առանց կրակի։ Տես, այսօր ավելի խելոք եղիր։ Ինձ լիզելու կարիք չկա։ Ուզո՞ւմ ես լինել իմ ընկերը, ուրեմն ծառայիր ինչպես հարկն է։ Ա՛ռ, ահա հոտոտիր այս։ Գնա և լավ հիշիր, շուտ վերադարձիր։ Թե որ այսօր էլ երեկվա պես ես վարվել ինձ հետ, ես քեզ կսպանեմ, անպայման կսպանեմ։

Ես չկարողացա տեսնել, թե Սարդն ինչ տվեց հոտոտելու շանը, տեսա միայն, որ նա շանը բաց թողեց դռնով, իսկ ինքը տնքտնքալով նորից պառկեց իր պարկերի վրա։

Այդպես մենք պառկեցինք մի քառորդ ժամի չափ։ Երևի Սարդին ձանձրացրեց իր չորքոտանի ծառային սպասելը, սկսեց նախատել շանը, նույնիսկ մի քանի անգամ դուռը բաց արեց, որ տեսնի, թե չի՞ վերադառնում նա։ Վերջապես լսվեց շան թաթերի թեթև թխկոցը, ապա դռան ճանկռտոցը։ Սարդը դուռը բաց արեց, և շնիկը վազեց ներս՝ ինչ-որ բան բռնած բերանում։ Ես իսկույն տեսա, որ դա մաքուր կրծած ոչխարի ոսկոր էր։ Բայց Սարդը երևի իր թույլ աչքերով չէր կարողացել տեսնել այն։

― Արի, արի այստեղ, անպետք շուն,― դարձավ նա շանը։― Այսքան ժամանակ վազվզել ես հենց միայն մեկ կտոր փայտի համա՞ր։ Դե լավ, ի՞նչ արած։ Փայտը հաստ է, լավն է, տուր այստեղ։ Պինչ, սիրելիս, Պինչ, եկ այստեղ։

Բայց շունը չէր էլ մտածում մոտենալ իր տիրոջը։ Նա նետի պես վազեց նրա մոտով, խցկվեց սենյակի հեռավոր անկյունը և պառկեց իր ավարի վրա։ Խեղճ Սարդը կատաղում էր, փորձում էր մոտենալ համառ շնիկին, բայց հազիվ էր մի քանի քայլ արել, երբ հիվանդ ոտքերը դավաճանեցին նրան, և նա ընկավ հատակին։ Այն ժամանակ ծունկ չոքած՝ նա սկսեց կատաղի լուտանքներ թափել շան վրա։ Տիրոջ զայրույթն ավելացնում էր Պինչի երկյուղը, և նա չէր շարժվում իր անկյունից։ Վերջապես Սարդին հաջողվեց չորեքթաթ մոտենալ շանը։ Նա թափ առավ, որպեսզի ամբողջ ուժով հարվածի Պինչին, բայց շունը շտապ մի կողմ ցատկեց՝ թողնելով իր ավարը։

― Ա՛յ դու, նզովյալ շուն,― գոչեց Սարդը՝ տեսնելով կրծած ոսկորը։― Ուրեմն ա՞յս ես բերել։ Քեզ ուղարկում եմ փայտի, իսկ դու ոսկոր ես բերում։ Դե՛ սպասիր, ես քեզ ցույց կտամ, միայն թե կարողանամ բռնել։

Եվ շարունակելով հայհոյանքը՝ սկսեց սողալ շան հետևից։

Ես այլևս չկարողացա քնած ձևանալ։ Տեղիցս բարձրացա և Սարդին հարցրի, թե ինչո՞ւ է բարկացել։

― Ես նրան ցույց կտամ, հենց որ բռնեցի,― պատասխանեց նա շարունակելով հետապնդել շանը։― Բռնիր դրան, խնդրում եմ։

― Բայց ի՞նչ է արել,― հարցրի ես, փորձելով բռնել շանը, որը նետի պես սլացավ իմ կողքով։

― Ինչ է արե՞լ,― պատասխանեց Սարդը՝ հոգնածությունից հազիվ շունչ առնելով։― Նա պարզապես ծաղրում է ինձ, գիտե, որ ես կրակ վառել չեմ կարող, մինչև որ ինքը փայտ չբերի։ Դա ամեն առավոտ նրա աշխատանքն է։ Եվ ի՞նչ։ Երեկ նա ինձ համար բերեց երեք հատ ցեխոտ, թաց տաշեղ, որոնք բանի պետք չէին։ Ես նրան ներեցի։ Այսօր դիտմամբ նրան հոտոտելու տվի մի լավ, չոր փայտի կտոր, որպեսզի հասկանա, թե ինձ ինչ է հարկավոր, իսկ նա գնացել է զբոսնել, իր համար ոսկորներ է հավաքել և դեռ համարձակվում է քարշ տալ այստեղ։ Հիմա նա պիտի կրծի դրանք, իսկ ես պետք է առանց կրակի նստեմ մինչև Սեմը տուն վերադառնա, այսինքն՝ մինչև ժամը տասը-տասնմեկը, այնինչ իմ բոլոր ոսկորները ցավում են, այնպե՜ս են տնքում։

Խեղճ հաշմանդամի զայրույթը փոխվեց տխրության, նա լաց եղավ և սկսեց աչքերը սրբել իր կեղտոտ ձեռքերով։

― Դե լավ, մի լաց, ընկեր,― ասացի ես, խիստ զգացվելով նրա դժբախտ դրությունից,― մենք կրակ կունենանք, հիմա ես կգնամ և ածուխ կխնդրեմ միստր Բելչերից։ Նա կտա, չէ՞։

― Նրան մնար՝ կտար, բայց կինը չի տա,― շշնջաց Սարդը։― Եթե նա իմանա, որ ես տղաների վերադառնալուց շուտ կրակ եմ վառում, ուղղակի կսպանի ինձ։ Դրա համար էլ ես այսպիսի խորամանկություններ եմ անում, որպեսզի փայտ ճարեմ։

Անցյալ գիշերը, երբ դուրս էի գալիս միսիս Ուինքշիփի տնից, նա իմ բուռը դրեց վեց պեննիանոց մի դրամ։

― Դու միայն ինձ ասա, թե այստեղ մոտերքը որտեղ խանութ կա,― ասացի ես,― մենք մեզ համար կրակ կճարենք, ես կես պեննի ունեմ։

― Ինչպե՞ս, դու կես պեննիի ածուխ կգնե՞ս,― գոչեց Սարդը, և նրա խամրած աչքերը փայլեցին ուրախությունից։― Խանութն այստեղից մոտիկ Է, հենց փողոցի անկյունի այն կողմը։ Միայն թե, գիտե՞ս ինչ։ Գուցե քեզ մոտ էլի՞ մի կես պեննի կգտնվի։

― Այ, եթե մենք մեզ համար տաք սուրճ եփեի՜նք։ Դա գիտե՞ս որքան հիանալի բան է, երբ մարդու բոլոր ոսկորները ցավում են։ Ես մի փոքրիկ կաթսա էլ ունեմ, նրա մեջ կարող Էինք եփել։

Եթե ես ստիպված լինեի սուրճի վրա ծախսել ամբողջ հինգ պեննին, որ ածուխը գնելուց հետո մնալու էր ինձ մոտ, նույնիսկ այդ դեպքում չէի կարող հակառակվել Սարդի աղերսական հայացքին։

Տասը րոպեից ես գնումներով վերադարձա, և մի ժամ հետո ես ու Սարդն արդեն նստած էինք գոլորշի արձակող փոքրիկ կաթսայի մոտ։ Ես սուրճը խմում էի կոտրված կավե կճուճի տակով, իսկ նա մի հին երկաթե գդալով խմում էր ուղղակի կաթսայի միջից, որ փոխարինում էր սրճամանին։ Տաք խմիչքը հանգստացրեց խեղճ Սարդի ցավերը, նա զվարթացավ, զրուցասեր դարձավ և ինձ պատմեց իր ամբողջ պատմությունը։

Նա որբ էր եղել և մանկությունից ապրել էր բանվորական տանը։ Չորս տարի սրանից առաջ նրան աշակերտ էին տվել միստր Բելչերին։ Մի ամբողջ տարի գործը լավ էր ընթանում։ Թորիասը (այդ էր նրա իսկական անունը) շատ ժիր ու ճարպիկ տղա էր, որի համար էլ Սարդ մականունն էր ստացել, իսկ միստր Բելչերը նրան կերակրում էր, հագցնում և արհեստ էր սովորեցնում։ Բայց մի ձմեռային դժբախտ օր միստր Բելչերին կանչել էին մաքրելու երկար ժամանակ առանց գործածության մնացած շոգեմեքենայի կաթսան։ Սարդն ստիպված էր եղել մտնել կաթսայի մեջ, համարյա ամբողջ օրը պառկել սառած երկաթի վրա և քերել ու մաքրել ժանգոտած կաթսայի ներքին մասերը։ Այս աշխատանքի ժամանակ տղան մրսել էր, նրա ոտքերը հոդացավ էին ստացել, նա ոչ միայն ծխնելույզ մաքրել, այլև ոտքի վրա կանգնել կամ քայլել չէր կարող։ Միստր Բելչերը նրան տեղավորել էր իր խոհանոցում։ Նա պետք է սպասարկեր մյուս աշակերտներին, նրանց նախաճաշի համար սուրճ եփեր և ընթրիքի համար՝ խաշիլ։ Երբ տիրոջ գործերը վատացել էին, և նա ստիպված էր եղել իր աշակերտներին արձակել, Թոբիասը մնացել էր առանց գործի, բայց և այնպես միստր Բելչերը պարտավոր էր նրան կերակրել մինչև յոթ տարվա ժամկետը լրանալը, ինչպես նշված էր պայմանագրում։

― Իսկ ինչքա՞ն ուտելիք են տալիս քեզ,― հարցրի ես։

― Դե իհարկե ոչ այնքան, որքան ես ցանկանում եմ։ Բայց գանգատվել չեմ կարող, ինչի՞ համար են ինձ կերակրում, քանի որ ես ոչինչ չեմ անում։ Ասենք, ինչպես Սեմն է ասում, ես առողջ լինելու դեպքում էլ ոչինչ չպետք է անեի։ Նա ասում է, որ իրենք բոլորը միասին երբեմն շաբաթական մեկ ֆունտ էլ չեն վաստակում։

― Բայց կարծեմ Նրանք շատ են ստանում գյուղերում կատարած գիշերային աշխատանքների համար,― հարցրի ես։

― Զարմանալի բան,― շարունակեց Սարդը՝ չլսելով իմ դիտողությունը,― շաբաթական ընդամենը մի ֆունտ են վաստակում, բայց շարունակ նորանոր շորեր են կարում։ Մի ձին քիչ էր, երկրորդն էլ գնեցին, այն էլ ի՜նչ ձի։ Սեմն ասում է, որ շոգեքարշի պես է վազում։

― Դե ի՞նչ կա որ,― ասացի ես,― ձի և սայլակ ունենալը ձեռնատու բան է։

― Բայց հենց բանն էլ այն է,― ձայնը ցածրացնելով ասաց Սարդը,― որ նրանք ամբողջ օրը այդ ձին պահում էին գոմում, փակի տակ։

― Ի՜նչ է, ուրեմն գողացել են։

― Ի՞նչ գողանալ։ Սեմն ինքն է տեսել, թե ինչպես նրանք մաքուր փողով երեսուն ֆունտ են վճարել նրա համար։

― Եվ երբեք այդ ձին չե՞ն լծում։

― Ցերեկը՝ երբեք։ Նոր աշխետը լծում են միայն գիշերները։ Սը՛ս... Դու ոչ ոքի չասես, թե քեզ ինչ ասացի։

― Ինչո՞ւ։ Մի՞թե գաղտնիք է, որ մեր տերը աշխետ ձի ունի։

― Ոչ, գաղտնիքն այդ չէ, այլ այն, թե նրանք ուր են գնում այդ ձիով։

― Ինչպե՞ս թե ուր։ Գնում են գիշերային աշխատանքի։ Դու ինքդ ասացիր, որ դա ձեռնտու գործ է։

― Այո, ձեռնտու է։ Գյուղական ծխնելույզները հաճախ մաքրում են, և նրանց մեջ մուր չկա, համենայն դեպս՝ սովորական մուր,― ասաց Սարդը՝ տարակուսանքով գլուխն օրորելով։

Այդ րոպեին խոհանոց մտավ Սեմը և իր գալով վերջ դրեց մեր խորհրդավոր խոսակցությանը։

Շուտով ես իմացա, որ Սարդը և Սեմը ճիշտ են ասել, և որ ապրելով միստր Բելչերի մոտ՝ ինձ համար իրոք դժվար է ծխնելույզ մաքրողի արհեստը սովորել։ Ես համարյա բոլորովին անելիք չունեի։ Սակավ էր պատահում, որ միստր Բելչերը և Նեդ Փերքսը գործ ունենայինք և այդ դեպքում Սեմը գնում էր նրանցից մեկի հետ, ես՝ մյուսի։ Սովորաբար տուն էինք վերադառնում առավոտյան ժամը 10-ին, 11-ին, և այն փոքր աշխատանքը, որ ես կատարում էի, ամենևին էլ հոգնեցուցիչ չէր։ Երբ մենք մի տանից մյուսն էինք փոխադրվում, ես փոխադրում էի մեքենայի մի մասը, ձողեր էի տալիս միստր Բելչերին, որպեսզի նա դրանք ամրացնի և իրար հետ կապի, երբ քանդված էին լինում, և վերջապես երբ աշխատանքը ավարտված էր լինում, վառարանի շուրջը ավլում էի հատակը։ Նախաճաշից հետո ես ինչ ուզենայի կարող էի անել, և որովհետև ինձ լավ էին կերակրում, ամենևին էլ չէի անհանգստանում, որ զբաղմունք չունեմ։

Միստր Բելչերն էլ չէր հետևում, որ ավելի շատ աշխատանք ճարի։

― Պարոն,― ասացի նրան, երբ մի առավոտ գնում էինք աշխատանքի,― լուսամուտները փակված են, և ոչ ոք չգիտե, որ ծխնելույզ մաքրող է անցնում։ Կուզե՞ք ես գոռամ՝ «Ծխնելույզ մաքրող, ծխնելույզ մաքրող»։ Ես ուժեղ ձայն ունեմ, շատերը ինձ կլսեն և մենք տասնապատիկ ավելի աշխատանք կունենանք։

― Հարկավոր չէ, Ջիմ,― պատասխանեց միստր Բելչերը։― Իմ դռանը ցուցանակ է փակցված և ամեն ոք, ում որ պետք լինի իմ ծառայությունը, կարող է դիմել ինձ։

Նա միշտ գրպանում շատ փող էր ունենում։ Առավոտյան միստր Փերքսի հետ ռոմ էր խմում, իսկ երեկոներն անց էր կացնում պանդոկում, որտեղ ծխամորճ էր ծխում և հարբեցողությամբ զբաղվում։

Շաբաթական երկու անգամ նրանք գնում էին գիշերային աշխատանքի և իրենց հետ տանում էին Սեմին։ Սեմը շատ էր սիրում այդ ուղևորությունները, մեկնելուց առաջ նրան կերակրում էին համեղ ընթրիքով և մի գավաթ ռոմ էին տալիս, որ տաքանա։ Միստր Բելչերը և Փերքսը գնում էին երկուսով, բանվորական հագուստով, և իրենց հետ վերցնում էին ծխնելույզ մաքրելու մեքենան, գործիքներով լի մեկ երկար պարկ, մի դատարկ պարկ, մի լապտեր և ջրով լի մի շիշ։ Տուն էին վերադառնում երբեմն ժամը երկուսին, երբեմն չորսին։ Սեմը պատմում էր, որ երբեմն աշխատանքը կատարած է լինում որևէ մեկ ուրիշը, կամ թե որևէ պատճառով այդ անգամ աշխատանքը կատարել հնարավոր չի լինում, և այդպիսի դեպքերում վերադառնում էին դատարկաձեռն։ Իսկ երբ աշխատանքը հաջող էր լինում, տուն էին բերում մի պարկ լիքը մուր։ Տեղ հասնելուն պես նրանք Սեմին ուղարկում էին քնելու, իսկ իրենք դեռ երկար ժամանակ մնում էին գոմում, երևի միստր Բելչերի թանկարժեք ձիուն էին խնամում։

Մեզ տղաներիս առանձնապես հետաքրքրում էր այն հարցը, թե ո՞ւր է կորչում գյուղական ծխնելույզներից բերած մուրը։

― Ի՞նչ ես կարծում, Սեմ,― հարցնում էի ես,― որտե՞ղ են թաքցնում նրանք այդ մուրը։

― Չգիտեմ,― պատասխանում էր Սեմը։― Նեդ Փերքսը մրով լիքը մեծ պարկը քարշ է տալիս, տանում գոմը, իսկ հետո այդ մուրը չգիտեմ ուր է չքանում։

― Մի՞թե Նեդը իր հետ տանում է մուրը,― տարակուսանքով մտածում էինք մենք։― Չէ՞ որ նա ծխնելույզ մաքրելու ձեռնարկություն չունի։

Նեդ Փերքսը Բելչերի մոտ չէր ապրում։ Նա իր տունն ուներ Նյուգեթի ճանապարհին, և աշխատանքը վերջացնելուց հետո մեծ մասամբ իր տուն էր գնում փոքրիկ սայլակով։

― Իսկ ինչո՞ւ Սարդի շնիկն այնքան անհանգստանում է, երբ Փերքսը գիշերելու է մնում Բելչերի մոտ,― ասում էի ես։

― Ես կարծում եմ շնիկը Փերքսին չի սիրում,― պատասխանում էր Սեմը,― կամ գուցե գյուղական մրի հոտը դուր չի գալիս նրան։ Երևի Նեդը իր հետ տանում է այն, երբ գնում է։ Իսկ երբ Նեդը մեզ մոտ է գիշերում, Պինչը այնպես է ոռնում ու վնգստում, որ ուղղակի քնել չի լինում։

― Գուցե նա առնետի հոտ է առել,― ասաց Սեմը,― երբ Պինչը սովորականից ավելի էր կատաղել և թաթերով հողը փորփրում էր խոհանոցն ու գոմը միմյանցից բաժանող պատի տակ,― գոմում առնետներ կան։

― Ո՛չ, դա առնետի բան չէ,― շշուկով պատասխանեց Սարդը, փաղաքշանքով և սպառնալիքներով շանն ստիպելով, որ հանգիստ պառկի։― Բանն այն է, որ Փերքսը չի գնացել և այսօր չի գնալու, սարսափելի է։ Ճիշտ չէ՞, Ջիմ։

― Սարսափելի է, որովհետև քո Պինչն այդպես անհանգստանում է,― պատասխանեցի ես։

― Ջիմ,― խոսեց Սարդը մի քանի րոպե լռելուց հետո,― դու շների մասին բան գիտե՞ս։ Նրանք հո խելոք են, շատ բան են հասկանում, ճիշտ չէ՞։

Ես շատ էի ուզում քնել, բայց խղճում էի Սարդին, որը երևի տառապում էր անքնությունից և ուզում էր զրուցել ինձ հետ։ Ես նրան պատմեցի իմ լսած երկու-երեք պատմություններ խելոք շների մասին։

― Այո, պատահում է, որ նրանք ավելի խելոք են լինում,― պատասխանեց նա, երբ վերջացրի իմ պատմությունները։― Դու որևէ բան լսե՞լ ես շնաձկների մասին, Ջիմ։

― Ոչ, չեմ լսել։

― Այդ շնաձկները շատ հետաքրքիր արարածներ են։ Եթե նավի վրա մի նավաստի է մեռնում, նրանք մոտենում են նավեզրին, որ երբ նավաստուն ծովը նետեն, իրենք ուտեն։

― Վերջ տուր, Սարդ, ես այդպիսի պատմություններ լսել չեմ ուզում։ Ինչո՞ւ ես վախեցնում ինձ։ Եթե ուզում ես զրուցել, խնդրեմ, ես պատրաստ եմ զրուցելու շների մասին, միայն ոչ մեռելների։

― Ես միայն ուզում էի ասել, որ շներն էլ այնպիսի խելք ունեն, ինչպես շնաձուկը, Ջիմ, միայն թե նրանք դրա համար չեն ուրախանում, այլ վախենում են, հենց որ հոտ են առնում, սկսում են ոռնալ։

― Ինչի՞ հոտ են առնում։

― Դե դու չես ուզում, որ դրա մասին խոսեմ։ Այնպես էլի, ինչպես շնաձկները և...

― Դե բավական է, ես այլևս քեզ հետ խոսել չեմ ուզում։ Բարի գիշեր, ես քնել եմ ուզում։

Մյուս օրը միստր Բելչերի հետ աշխատանքի գնալիս տեղը եկավ, և ես նրան պատմեցի Սարդի արած պատմությունը շնաձկների մասին։ Նա ծիծաղեց, ապա հարցրեց.

― Իսկ ինչու պատմեց նա այդ պատմությունը։ Դրանից առաջ ինչի՞ մասին էիք խոսում։

Ես պատմեցի Պինչի տարօրինակ արարքների մասին և Սարդի հետ ունեցած մեր ամբողջ խոսակցությունը։ Միստր Փերքսը ևս մեզ հետ էր։ Նա և իմ տերը մի տեսակ իրար նայեցին և ինձ ուղարկեցին մի ուրիշ տեղ։ Հենց այդ գիշեր Սարդի շնիկն անհետացավ և այլևս տուն չվերադարձավ, մեծ վիշտ պատճառելով իր տիրոջը։


Գլուխ 21. Իմ ցանկությունը կատարվում է

Արդեն վեց շաբաթ էր, որ ես ապրում էի միստր Բելչերի մոտ։ Հանկարծ մի շաբաթ օր Սեմը երեկոյան եկավ խոհանոց և մեզ հայտնեց, որ միստր Բելչերը իր մորը կանչել է Դորեթշերից։ Մայրը եկավ, երկար ժամանակ ինչ-որ բան էր խոսում պարոնի հետ և վերջապես համաձայնել է պայմանագիրը ոչնչացնել և Սեմին տուն տանել։ Երկուշաբթի օրը նա պետք է գնար իր մոր հետ։

― Հիմա քո դրությունը լավ կլինի, Ջիմ,― ասաց Սեմը։― Պարոնի հետ դու կգնաս գիշերային աշխատանքի, իսկ նա ամեն մի գնալու համար վեց պեննի է տալիս, որ իր գաղտնիքը պահեն։

― Ինչ կա որ, ես շատ ուրախ եմ,― պատասխանեցի։ ― Ես սովոր եմ գաղտնիքներ պահել։ Իսկ մեր տիրոջ այդ գաղտնիքը պահելը դժվա՞ր է, Սեմ։

― Ոչ, շատ հեշտ է։ Պարոնն ինքը կասի քեզ։

― Ոչ, դու բարի ընկեր եղիր և առաջուց պատմիր ինձ։

― Դե լավ, միայն թե չպատմես ոչ Սարդին, ոչ էլ ուրիշ տղաների։

― Ոչ, ինչպե՞ս կարելի է։

― Դե գնանք բակ, թե չէ այստեղ Սարդը կլսի։

Մենք դուրս գնացինք։

― Ի՞նչ ես կարծում, Ջիմ, գիշերները նրանք մեծ սայլակով ի՞նչ մուր են բերում։

― Ինչպե՞ս թե՝ ինչ։ Ես կարծում եմ՝ ծխնելույզների մուր է. էլ ուրիշ որտեղի՞ց կարող է լինել։

― Ծխնելույզներից իհարկե, բայց ինչպիսի՞ ծխնելույզներից։ Լսիր, Ջիմ։ Մենք բերում ենք եկեղեցիների ծխնելույզների մուրը։

― Հետո՞ ինչ։ Ի՞նչ մի զարմանալի բան է, որ եկեղեցիների ծխնելույզների մուր է։

― Սը՜սս։ Կամաց։ Գիտե՞ս ինչ։ Օրենք կա, որ եկեղեցիների ծխնելույզը մաքրել չի կարելի, իսկ եթե մաքրվում է, խիստ գաղտնի պիտի անել։ Ով որ այդ գործի մեջ բռնվի, նրան կպատժեն, սոսկալի պատիժ կտան։ Սուր ճաղեր կխրեն փորը և քարշ կտան ճանապարհներով։ Ահա թե ինչու նրանք այդ աշխատանքը գիշերն են կատարում, գաղտագողի։

― Իսկ եթե բռնեն նրանց ձին պահող տղային, նրա՞ն էլ կպատժեն,― հարցրի ես։

― Ոչ, ինչպե՞ս կարելի է։ Տղան ինչո՞վ է մեղավոր։ Պատժում են միայն նրանց, ում որ բռնում են աշխատելիս։ Գիտե՞ս, ես այսպես եմ մտածում։ Եկեղեցու ծխնելույզը օրենքով երևի պետք է մաքրի քահանան, իսկ նա այդ գործը հանձնարարում է տիրացուին, տիրացուն՝ ժամհարին, իսկ ժամհարն էլ ծխնելույզ մաքրող է վարձում։ Եվ իհարկե նա լավ փող է վճարում մեր պարոնին, որովհետև դա վտանգավոր գործ է, և մրի համար էլ ոչինչ չի կարելի ստանալ։

― Իսկ ինչո՞ւ։ Մի՞թե դա նույնպիսի մուր չէ, ինչպես ամեն տեղ է։

― Նույնպիսի մուր է, միայն թե վաճառել չի կարելի, խիստ արգելված է օրենքով։ Միստր Բելչերից երդում են ընդունում, որ նա այդ մուրը չի վաճառի։ Նեդ Փերքսն այդ մուրը բերում է իր հետ և թաղում իր բանջարանոցում։ Ահա քեզ ամբողջ գաղտնիքը։ Սա ինձ մեր պարոնն է պատմել։ Քեզ էլ կասի, և որպեսզի ուրիշներին չպատմես, ամեն մի մեկնումի համար քեզ վեց պեննի կտա։

Այս ամենը Սեմն ինձ պատմում էր միանգամայն լուրջ, և ես լիովին հավատացի նրան։ Վերջապես իմացա իսկական գաղտնիքը։ Եվ այն էլ ի՜նչ գաղտնիք։ Միանգամայն անսովոր գաղտնիք, ինչպես Շորդիչի թատրոնի ներկայացումներում է լինում։ Այն զարհուրելի պատիժը, որ Սեմի ասելով տալիս են եկեղեցու ծխնելույզը մաքրողին, ամենևին չէր վախեցնում ինձ։ Ընդհակառակը, ձեռնարկության վտանգավորությունն էլ ավելի մեծ հրապույր էր տալիս նրան իմ աչքում, և ես վախենում էի միայն մեկ բանից, չլինի թե միստր Բելչերը Սեմի փոխարեն վերցնի ոչ թե ինձ, այլ որևէ մեկ ուրիշին։ Ես Սարդին հարցրի, թե նա ի՞նչ է կարծում, այժմ միստր Բելչերի հետ ո՞վ է գնալու գիշերային աշխատանքի։

― Ինչպե՞ս թե ով։ Պարզ բան է՝ դու։ Հո ինձ չեն տանելու իրենց հետ։ Ես ողջ-ողջ տուն չեմ հասնի,― վճռական տոնով պատասխանեց Սարդը։

Այս պատասխանն ինձ չհանգստացրեց. միստր Բելչերը շատ էր ձանձրացել Սարդից, և ես կարծում էի, թե դիտմամբ նրան կվերցնի իր հետ, որպեսզի շուտով մեռցնի և նրանից ազատվի։ Ճիշտ է, Սարդը քայլել չէր կարող, բայց կարող էր կառապանի տեղը նստել և երասանակները բռնել, իսկ դա բավական էր։ Ասենք շուտով իմ այդ կասկածները փարատվեցին։ Կիրակի օրը երեկոյան միստր Բելչերն ինձ կանչեց իր հյուրասենյակը և զանազան բաներից խոսելուց հետո հայտարարեց, որ գիշերային ուղևորությունների ժամանակ Սեմի փոխարեն ինձ է վերցնելու։ Նա ինձ չպատմեց իր գաղտնիքը, միայն ասաց, որ աշխատանքը կատարվում է գյուղերում և դրա մասին ոչ ոքի ոչինչ չպետք է ասել։

― Աշակերտներ պահող բոլոր վարպետներն ունեն իրենց գաղտնիքները,― ասաց նա։― Ես էլ ունեմ իմ գաղտնիքը, որ քեզ կհայտնեմ հետո, և եթե դու այդ գաղտնիքը պահես, քեզ համար լավ կլինի։ Սեմի գրպանում միշտ փող էր լինում, և նա այնպիսի կերակուրների համը գիտեր, որպիսիք ուրիշ տղաները հոտոտել անգամ չեն կարողանում։ Հասկանո՞ւմ ես ինչ եմ ասում, Ջիմ։

― Իհարկե հասկանում եմ,― ուրախ պատրաստականությամբ պատասխանեցի ես։

― Մյուս կողմից,― շարունակեց իմ տերը,― ի՞նչ ես կարծում, ես ի՞նչ կանեի Սեմին, եթե նա սկսեր այստեղ-այնտեղ շատախոսել իմ գործերի մասին։

― Ես կարծում եմ՝ նրա համար վատ կլիներ, սըր,― պատասխանեցի ես, նայելով վարպետիս բարկացած դեմքին։

― Այո, այնպես վատ կլիներ, ինչպես երևի ոչ մի տղա չի տեսել։ Ես պարզապես կբռնեի նրա կոկորդից, ահա այսպես, և տեղնուտեղը կխեղդեի։

Այս ասելիս միստր Բելչերը իր երկար մատներով իմ կոկորդը սեղմեց այնպես ամուր և ինձ նայեց այնպես կատաղաբար, որ ես վախից դողդողացի։ Բայց նա շուտով հանգստացավ։

― Սեմին այսպիսի բան չպատահեց,― շարունակեց նա նախկին ձայնով։― Նա բարի, հասկացող տղա էր, դրա համար էլ ինձանից ստանում էր ոչ թե ծեծ, այլ պեննիներ։ Այժմ բավական է։ Այսօր ես քեզ ավելի բան չեմ ասի։ Դու ինքդ վաղը գիշերը կտեսնես, թե ինչ է իմ գաղտնիքը, եթե վաղը լուսնյակ գիշեր չլինի։

Սրանով մեր խոսակցությունը վերջացավ։ Ես ընթրեցի իմ տերերի հետ, ապա ինձ ուղարկեցին խոհանոց, հիշեցնելով, որ Սարդի մոտ չշատախոսեմ։

Հետևյալ ամբողջ օրը ես այնպիսի հուզմունքի մեջ էի, որ նույնիսկ ճաշել չկարողացա։ Արդյոք լուսին լինելո՞ւ է, թե ոչ։ Այս հարցն ինձ հանգիստ չէր տալիս։ Լուսնի ընթացքի մասին ես ոչ մի հասկացողություն չունեի և երկնքում նրա երևալը պատահական բան էի համարում։ Երեկոյան դեմ Սարդը իմ մեջ հույս արթնացրեց։

― Ա՜խ, ոսկորներս,― գանգատվում էր նա,― իմ խեղճ ոսկորները նորից ցավել սկսեցին։ Երևի գիշերն անձրև կգա։

Իսկապես, մթնշաղին անձրև եկավ, իսկ գիշերվա դեմ եղանակը բոլորովին վատացավ։ Միսիս Բելչերն ինձ կանչեց ընթրելու, ինչպես սովորաբար կանչում էր Սեմին՝ գիշերային ուղևորությունից առաջ։ Ընթրիքն առատ էր ու շքեղ, բաղկացած էր գլխավորապես յուղի մեջ տապակած փորոտիքից և տրորած կարտոֆիլից։ Սեղանի շուրջը, բացի ինձանից, նստած էին միստր ու միսիս Բելչերները և Նեդ Փերքսը։ Երբ ուտելը վերջացրինք, միսիս Բելչերն իր ամուսնու պատվերով ինձ համար պատրաստեց կես բաժակ տաք գրոգ, և ես տղամարդավարի խմեցի, թեև այդ թունդ խմիչքից աչքերս արցունքակալեցին։ Միստր Բելչերը և Նեդ Փերքսը նույնիսկ ուզածների չափ օղի խմեցին, և մենք դուրս եկանք բակը, որտեղ արդեն կանգնած էր մեր սայլակը՝ աշխետ ձին լծված։ Միստր Բելչերը և Նեդ Փերքսն անձրևից պաշտպանվելու համար մի-մի պարկ գցեցին իրենց ուսերին և կողք-կողքի նստեցին սայլակում, իսկ ես ծածկվեցի ձիու ծածկոցով և հարմար տեղավորվեցի նրանց ոտքերի մոտ։ Բացի մեզանից, սայլակում տեղավորված էին ծխնելույզները մաքրելու մեքենան և մի պարկ՝ մեջը ինչ-որ գործիքներ, որոնց մասին ես, ինչպես և Սեմը, կարող էի ասել, որ զնգում էին, թեպետև աշխատում էի գաղտնի շոշափել դրանք պարկի հաստ կտորի տակ։

Ես ոչ մի գաղափար չունեի, թե ո՞ւր ենք գնում, բայց միևնույն է, ուղևորությունն ինձ արտակարգ բավականություն էր պատճառում։ Մենք սլանում էինք սարսափելի արագ, շուրջը խավար էր, անձրևը տեղում էր ինչպես դույլից ջուր թափես։ Ինձ թվում էր, թե առջևում սոսկալի վտանգներ են սպառնում մեզ, բայց չէի վախենում, ընդհակառակն, ուզում էի, որ շուտ հասնեն այդ վտանգները։

Երևի մի տասը մղոն անցել էինք, երբ միստր Բելչերը թեքվեց դեպի ճանապարհի եզրին դրված տաշտը և կանգ առավ ձիուն ջրելու։

― Չգիտեմ դուք ինչպե՞ս, Նեդ,― ասաց նա,― բայց ես մինչև ոսկորներս թրջվել եմ։ Լավ կլիներ մի քիչ խմեինք տաքանալու համար։

― Վատ չի լինի։ Խմենք և տղային ուղարկենք այս պանդոկից մի շիշ էլ գնի։

Նրանք շիշը հանեցին, իրենք խմեցին, ինձ Էլ մի լավ կում թունդ օղի տվին և ուղարկեցին պանդոկ՝ շիշը լցնելու։

Երբ օղին ձեռքիս վերադարձա, միստր Բելչերը նորից ձին քշեց, և մենք առաջ սլացանք առաջվանից էլ արագ։

― Ափսոս, որ մի պարկ էլ չվերցրինք,― ասաց Նեդ Փերքսը․― անձրևը խիստ թրջում է ինձ։

― Բայց մենք մի երկար պարկ էլ ունենք, Նեդ,― պատասխանեց իմ տերը,― ծածկվեք նրանով։

― Ծածկվել կարելի է, բայց...

― Բայց ի՞նչ։ Վախենում եք, թե ում համար որ այդ պարկը պատրաստված է, նա կմրսի՞,― ծիծաղելով ասաց միստր Բելչերը։

― է՜, ասենք, դրանից վախենալու հարկ չկա,― նույնպես ծիծաղելով պատասխանեց Նեդը։― Տուր այստեղ այդ պարկը, Ջիմ։

Ես նրան տվի իմ ոտքերի մոտ ընկած երկար պարկը և առաջին անգամ մի տարտամ վախ զգացի։ Ո՞ւմ մասին են խոսում սրանք։ Չէ՞ որ այս պարկը մրի համար է նախատեսված։ Այդ ո՞վ կարող է մրսել։

Հորդ անձրևը դեռ շարունակում էր, երբ միստր Բելչերը ձին կանգնեցրեց։

― Դե,― դիմեց նա ինձ,― այժմ ես քեզ կպատմեմ մեր գաղտնիքի մի մասը։ Տեսնո՞ւմ ես այն եկեղեցին։

Ես խավարի մեջ նայեցի այն ուղղությամբ, ուր նա ցույց էր տալիս, և դժվարությամբ նկատեցի եկեղեցու, զանգակատան մթին գծագրությունը, իսկ նրա մոտ ուրիշ ցածր, մոխրագույն ֆիգուրներ, որոնք երևի մահարձաններ էին։

― Մենք կգնանք այնտեղ ծխնելույզը մաքրելու,― շշնջաց նա։― Ես ամեն ինչ մանրամասն պատմելու ժամանակ չունեմ, մի խոսքով, եկեղեցու ծխնելույզը բոլորի աչքի առաջ մաքրել չի կարելի, հասկանո՞ւմ ես։

― Հասկանում եմ, սըր,― ոչ այնքան համարձակ ձայնով պատասխանեցի ես։

― Դու երևի լա՜վ թրջվել ես և քնե՞լ ես ուզում,― բարի ձայնով ասաց տերս,― վերցրու մի կում օղի էլ խմիր, դա քեզ կառույգացնի։

Այս ասելով նա շիշը մոտեցրեց իմ շուրթերին։ Մի կում օղին իրոք որ ինձ աշխուժացրեց, և ես նորից լիովին հավատացի, որ միստր Բելչերը գնում է եկեղեցու ծխնելույզները մաքրելու։

Իմ ուղեկիցները դուրս եկան սայլակից և ձին քաշելով դռնակի մոտ գտնվող մի խումբ ծառերի տակ՝ կանգ առան։

― Ցած իջիր, Ջիմ,― շշնջաց միստր Բելչերը,― և կանգնիր ձիու մոտ, մինչև որ մենք աշխատանքն ավարտենք։ Շատ չենք ուշանա։ Լսո՞ւմ ես, եկեղեցու ժամացույցը խփում է տասներկուսը։ Տասներկուսն անց կես կվերադառնանք, և ես քեզ կվճարեմ քո աշխատանքի համար։

― Հիմա դու կտրիճ տղա ես, չէ՞։

― Այո, սըր, շնորհակալ եմ,― պատասխանեցի ես կայտառ։

― Դու չե՞ս վախենում, որ գերեզմանատունն այսքան մոտիկ է։

― Ամենևին ոչ։― Եվ ես ծիծաղեցի, որպեսզի ցույց տամ իմ քաջությունը։ Այն ժամանակ Նեդը սայլակից հանեց գործիքները, միստր Բելչերը լապտերը վառեց, նրանք միասին դռնակից ներս մտան, ուղղվեցին դեպի եկեղեցի և համարյա նույն րոպեին անհետացան մթության մեջ։

Եվ ահա ես սպասում էի՝ աշխետի սանձը բռնած։ Անձրևը թափվում էր ինչպես դույլից ջուր թափես, և ես մինչև ոսկորներս թրջվեցի, որովհետև այժմ ծածկոցով ձին էր ծածկված։ Ես իմ առջև ոչինչ չէի տեսնում, բացի գերեզմանատան մոխրագույն փոքրիկ ֆիգուրներից և զանգակատան խոշոր գծագրությունից, ոչինչ չէի լսում, բացի ծառերի տերևներին, սայլակի տախտակներին և ձիու մեջքին գցած կոշտ ծածկոցին խփվող անձրևի խշշոցից։ Ինձ համար ուրախ բան չէր այդպիսի եղանակին, կեսգիշերին անթափանց խավարի մեջ մեն-մենակ կանգնել գերեզմանատան դարպասի առաջ, բայց ես ինձ մխիթարում էի այն մտքով, որ շուտով այդ դրությունը կվերջանա։ Շուտով նրանք կվերադառնան՝ բերելով մուրը, ես կստանամ իմ վեց պեննի դրամը, ձին ամբողջ թափով կվազի դեպի տուն, ես կմտնեմ իմ տաք անկողինը և ինձ համար շատ ուրախ բան կլինի այս ամենը հիշելը։

ժամացույցը խփեց տասներկուսն անց քառորդ։ Նշանակում է միստր Բելչերի նշանակած ժամանակի միայն կեսն է անցել։ Ես սկսեցի անհանգստություն զգալ։ Չէ՞ որ իրականում ուրվականներ գոյություն չունեն, դրանք բոլորը պառավների հնարածն են, բայց և այնպես սիրտս ահ էր ընկել, և ես շարունակ շոյում էի ձիուն, որպեսզի գոնե նրա վրնջոցը լսեմ։ Ահա ժամացույցը խփեց տասներկուս և կեսը։

«Այժմ ամեն ինչ վերջացած է,― մտածեցի ես․― մի րոպեից նրանք կվերադառնան»։

Եվ մեկ, երկու, երեք, չորս րոպե իմ հայացքը հառած էր եկեղեցու ճանապարհին՝ հուսալով, որ կտեսնեմ Նեդ Փերքսին՝ մրի պարկը շալակին։ Բայց նա չէր գալիս, ոչ ոք չէր գալիս, ոչինչ չէր երևում։ Ատամներս սկսեցին զնգզնգալ, և նախկին վախը համակեց ինձ։ Ես փաղաքշում էի ձիուն, զանազան փաղաքշական անուններ էի տալիս նրան, բայց նա կանգնել էր անշարժ, ինչպես գերեզմանաքար։

Վույ-վույ-վույ...

Դա երևի բուի կանչ է, բայց՝ ես այնքան վախեցա, որ այլևս դիմանալ չկարողացա, որոշեցի մի քանի քայլ առաջ գնալ շավիղով և ականջ դնել, թե չի՞ գալիս արդյոք միստր Բելչերը։ Սայլակի անիվների տակ քար դրի, որպեսզի աշխետը չմտածի քաշել սայլակը, և գնացի։ Շուրջը այնպիսի խավար էր, որ ես երեք քայլի վրա ոչինչ չէի տեսնում և ստիպված էի ոտքով շոշափել գետինը, որպեսզի ճանապարհից չշեղվեմ։ Ես ավելի ու ավելի առաջ էի գնում։ Հանկարծ ոտքս դիպավ մի ինչ-որ պինդ, խոշոր բանի։ Ես ցնցվեցի ու հետ ցատկեցի, բայց մի րոպե չանցած՝ սիրտ առա և շոշափեցի ինձ վախեցնող առարկան։ Որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ պարզվեց, որ դա ծխնելույզներ մաքրելու մեր մեքենան էր։ Սկզբում ինձ թվաց, թե միստր Բելչերը և Նեդը կանգնած են մոտերքում և մեքենան գետնին են դրել, որպեսզի մի փոքր շունչ առնեն։ Բայց իզուր էի տեսողությունս լարում, իզուր էի ականջ դնում, ոչինչ չէր երևում և ոչինչ չէր լսվում։ Հանկարծ եկեղեցու մոտ ցոլաց լապտերի լույսը, և ես նկատեցի, որ այդ լույսը մոտենում է ինձ։ ես անաղմուկ հետ վազեցի, քարերը հանեցի անիվների տակից և կանգնեցի ձիու մոտ, որպես թե ոչինչ չի եղել։

Անցավ սպասման էլի մի քանի րոպե, և վերջապես ինձանից մի քանի քայլ հեռավորության վրա երևացին երկու կերպարանք։ Նեդը կքել էր ծանր պարկի տակ, իսկ միստր Բելչերը բերում էր գործիքները և մեքենան։ Նրանք կանգ առան դռնակի մոտ, և միստր Բելչերը ցածրաձայն հարցրեց.

― Հաջո՞ղ է ամեն ինչ, Ջիմ, ոչ ոք չի՞ եկել։ Ոչ ոք չի՞ խոսել քեզ հետ։

― Ոչ ոք,― պատասխանեցի ես։

Նրանք սկսեցին մրի պարկը տեղավորել սայլակում և մի րոպեով բաց արին իրենց թաքցրած լապտերը։ Արտաքուստ նրանք ավելի շուտ որմնադիրների էին նման, քան թե ծխնելույզ մաքրողների։ Նրանց ձեռքերը, ոտքերը և ամբողջ հագուստը ցեխոտ էին, ցեխոտ էր նաև մրի պարկը։ Երբ պարկը տեղավորեցին, երկուսն էլ օղի խմեցին, և միստր Բելչերն ինձ ևս մի քանի կում օղի տվեց։

― Սրտալի խմիր, տղա՛,― ասաց նա,― սրանից վնաս չի լինի։ Դու կտրիճ տղա ես, ահա դրա համար քեզ մի շիլլինգ։

Նա տվեց ինձ դրամը, իսկ միստր Փերքսը փաղաքշաբար շոյեց գլուխս։

― Իսկ ինչպե՞ս ետ գնանք,― հարցրեց Նեդը։― Կարծում եմ՝ տղային կտեղավորենք մեր միջև։

― Ոչ,― պատասխանեց միստր Բելչերը։― Տղաներիցս մեկն արդեն պառկած է հոդացավով, սա էլ կարող է մրսել։ Ջիմ, նստիր սայլակի հատակին. ձիու ծածկոցը կգցենք մեր ծնկներին, նրա մի ծայրով դու քո մեջքը կծածկես։― Եվ նա ինձ խցկեց ցած, սայլակի մի անկյունը։

― Գլուխդ մրի պարկի վրա չդնես,― ասաց միստր Փերքսը,― պարկը թաց է, ականջդ կմրսի։

Հարմար նստելուց հետո միստր Բելչերը մտրակով հարվածեց ձիուն, և ձին առաջ սլացավ, կարծես ուրախանալով, որ վերջապես կարող է շարժել իր սառած ոտքերը։

Ավելի ու ավելի էր աճում այն տարօրինակ սարսափը, որ համակել էր ինձ, երբ ես եկեղեցու ճանապարհին հայտնաբերել էի մեքենան։ Պարզ բան էր, որ միստր Բելչերն ամենևին էլ ծխնելույզ մաքրելու չէր գնացել։ Նա նույնիսկ մեքենան իր հետ եկեղեցի չէր տարել, այլ թողել էր ճանապարհին։ Իսկ պարկը լիքն էր։ Այդ պարկն ինձ վրա այնպիսի սարսափ էր ազդում, որ ես նույնիսկ նայել չէի կարողանում։ Իսկ հետաքրքրությունն ավելի ու ավելի էր տանջում ինձ։ Հարկավոր էր, ինչ գնով էլ լինի, իմանալ ճշմարտությունը։ Ոտքերս զգուշությամբ մեկնեցի և պարկը շոշափեցի։ Նա փափուկ էր։ Գուցե իսկապես մուր է։ Ո՛չ, անորոշությունը խիստ տանջող բան է. ես պետք է ճշմարտությունն իմանամ։ Իմ գրպանում մի ծալովի դանակ կար։ Այդ դանակը հանեցի, զգուշությամբ բաց արի և կռանալով պարկի վրա արագ, մի հարվածով կտրեցի, մի մեծ ճեղք բաց արի։ Օ՜, սարսափ։ Պարկի ճեղքից դուրս պրծավ սառույցի պես պաղ մարդկային մի ձեռք և դիպավ իմ ձեռքին, որով դեռ բռնած էի դանակը։ Ես բարձր ճչացի։ Այդ ճչոցից վախեցած ձին ավելի արագ սլացավ, իսկ ես մի ակնթարթում դուրս նետվեցի սայլակի միջից և ամբողջ թափով ընկա ցեխի մեջ։ Երեսս ջարդվեց, բայց ոտքերս մնացին անվնաս։ Ես առաջ վազեցի։ Հետևիցս մարդկային ձայներ լսվեցին, և ես լսեցի ինչ-որ մեկի ոտնաձայները։ Ինձ հետապնդում էին։


Գլուխ 22. Ավելի սոսկալի տեսարան, քան թատրոնի բոլոր ներկայացումները

― Հետ դարձի՛ր,― գոռում էր Նեդ Փերքսը։― Հետ դարձիր, երբ քեզ կանչում եմ։ Եթե իսկույն կանգ չառնես և չդադարես գոռալ, ես քո վիզը կպոկեմ։

Ինչպե՞ս կարող էի կանգ առնել։ Ես լիովին համոզված էի, որ միստր Բելչերը մարդասպան է, և լիովին հավատում էի, որ Նեդ Փերքսը իմ վիզը կպոկի։ Վազում էի հազիվ շունչ առնելով, շարունակ սայթաքելով, ու ընկնելով ճանապարհի ցեխերի մեջ, բայց և այնպես կարողացա մի քանի անգամ գոռալ՝ «օգնեցեք»։ Հանկարծ լսվեց միստր Փերքսի սուլոցը և ապա աշխետի ոտնադոփյունները։ Վերջացած բան է. ձիով նրանք իմ հետևից կհասնեն։ Սարսափից դողալով ես մտա առուն և երեսնիվայր պառկեցի այնտեղ։ Առվի մեջ ջուր կար, այնպես որ ես պետք է հենվեի արմունկներիս, որպեսզի երեսս ջրից բարձր պահեմ։ Առվի երկու կողմերից բարձրանում էին խիտ թփեր ու խոտեր, որոնք բոլորովին ծածկում էին ինձ։

Մի քանի վայրկյան հետո Նեդ Փերքսը հասավ այնտեղ, ուր ես էի պառկած, իսկ միստր Բելչերը նրա հետևից հասավ սայլակով։

― Բռնեցի՞ք,― անհանգիստ հարցրեց նա Նեդին։

― Ախր նա հեռու փախչել չէր կարող,― պատասխանեց Նեդը։― Զարմանալի բան է, թե ո՞ւր կորավ։

― Հարկավոր է շուտ բռնել նրան, Նեդ,― ասաց միստր Բելչերը․― նա կարող է մեզ մատնել, նա ամեն ինչ բաց արեց։ Նայեցեք այստեղ։

Նա լապտերի լույսը գցեց սայլակի վրա. երևի Նեդին ցույց էր տալիս պատռված պարկը։

― Ա՜խ, անիծյալ տղա,― գոչեց Նեդը։― Լավ, դուք մի անհանգստացեք, պարոն, ես նրա հաշիվը կմաքրեմ։ Քշեք ձին, իսկ ես կվազեմ սայլակի եզրից բռնած։ Մենք իսկույն կհասնենք նրա հետևից։

Ես անասելի ուրախացա, որ միստր Փերքսի խորհուրդն ընդունվեց, և լսեցի աշխետի հեռացող ոտնաձայները։ Բայց ի՞նչ անեի։ Եթե առաջ վազեի, կարող էի հասնել նրանց, եթե վազեի դեպի Լոնդոն, նրանք շուտով կհասնեին ինձ։ Ես տարակուսանքով, բոլորովին թրջված՝ առվից դուրս եկա ճանապարհը, մեկ էլ հանկարծ թփերի հետևից դուրս եկավ մի մարդ և ձեռքը դրեց ուսիս։

― Ի՞նչ է պատահել, այ տղա,― հարցրեց նա։ Նրա ձեռքին կար մի լապտեր, որի լույսը գցեց ինձ վրա։ Դա մի բարձրահասակ տղամարդ էր՝ բրդոտ վերարկուն հագին, լայնեզր գլխարկով, հրացանը ձեռքին։

― Այդ ինչո՞ւ երեսդ արյունլվա է,― շարունակեց նա հարցուփորձը։― Ո՞վ է քեզ առվի մեջ գցել։ Այն սայլակի մարդիկ չե՞ն արել արդյոք։

― Ոչ, սըր,― դողացող ձայնով պատասխանեցի ես,― ինքս եմ մտել առվի մեջ։ Ինձ նրանց ձեռքը չտաք, սըր, նրանք ինձ կսպանեն, նրանք մարդասպան են։

― Ինչպե՞ս թե մարդասպան։ Ի՞նչ է պատահել,― զարմացած հարցրեց անտառապահը (ինձ հանդիպող այդ մարդը անտառապահ էր)։ Ես նրան պատմեցի, թե ինչ տեսա խորհրդավոր պարկի մեջ։

― Այժմ ո՞ւր գնացին,― հարցրեց նա, ըստ երևույթին խիստ անհանգստացած իմ պատմությունից։

― Նրանք գնացին ինձ որոնելու և բռնելու, սըր,― պատասխանեցի ես։― Նրանք շուտով կվերադառնան, գնալու են Լոնդոն, Ուիքզենդ փողոցը. այնտեղ է ապրում միստր Բելչերը, սըր։

― Ա՞, եթե այդ ճիշտ է, մենք հիանալի հանդիպում կպատրաստենք նրանց համար։

Անտառապահը իմ ձեռքը բռնեց, ցատկեց առվի մյուս կողմը, մտավ ճանապարհի եզրին գտնվող փոքրիկ անտառը և մի քանի անգամ անհամբեր սուլեց։ Երկու րոպե չանցած՝ մեզ մոտ վազեց մի ուրիշ անտառապահ՝ հետը երկու վիթխարի շուն։ Ես նրան էլ պատմեցի պարկի պատմությունը։

― Լավ, նրանք մեր ձեռքից չեն ազատվի, -խիստ ձայնով ասաց նա։

Շները հարձակվեցին ինձ վրա, և նրանցից մեկն արդեն բռնեց իմ վարտիքից։

― Պառկի՛ր,― գոռաց շների վրա մյուս անտառապահը։― Նստիր այստեղ, տղա՛։ Դյո՛ւկ, Սլո՛թ։ հսկեք նրան։

Ես նստեցի գետնին, իսկ երկու շները կանգնեցին ինձ մոտ, և ես նրանց աչքերից հասկանում էի, որ ոչ մի շարժում անել չեն թույլ տա ինձ։

Ճանապարհին լսվեց ձիու սմբակների դոփյուն։ Զգացվում էր, որ ձին քշում էին ամբողջ թափով։

Իմ նստած տեղից թփերի ճյուղերի միջով ես պարզ տեսնում էի ճանապարհը։ Ես նկատեցի, որ անտառապահներից մեկը դուրս եկավ ճանապարհը և կանգնեց այնտեղ, որտեղով պիտի անցներ սայլակը։ Անիվների աղմուկն ավելի ու ավելի մոտիկից էր լսվում, և վերջապես, երբ նրանք բոլորովին մոտեցան, հանկարծ լսվեց հրացանի որոտ։ Սարսափից ես մի րոպե աչքերս փակեցի և երբ նորից բաց արի, տեսա հետևյալ պատկերը։ Աշխետը ծառս էր եղել, և անտառապահներից մեկը սանձից բռնած մեծ դժվարությամբ պահում էր նրան, իսկ մյուսը իր լապտերով լուսավորել էր սայլակը և սարսափահար եղած ծխնելույզ մաքրողներին։ Նեդ Փերքսը թափահարում էր մտրակը և գոռում, սպառնալով փշրել ձին բռնող մարդու գլուխը։ Միստր Բելչերը հանգիստ էր ձևանում։

― Ի՞նչ եք ուզում, տղերք,― ասում էր նա անտառապահներին։― Եթե դուք ավազակներ եք, ի՞նչ շահ խեղճ ծխնելույզ մաքրողների վրա հարձակվելուց։ Լավ է հեռանաք անփորձանք, բաց թողեք ձին, թե չէ կարող է ձեզ սպանել։

― Օրենքի անունով մենք ձեզ ձերբակալում ենք,― հանդիսավոր ձայնով ասաց լապտերը բռնող անտառապահը։

― Ձերբակալում եք մե՞զ։ Ա՛յ քեզ բան։ Բայց ինչո՞ւ։

― Մարդասպանության համար։ Ձեր սայլակում սպանված մարդու դիակ կա։

― Ամեն ինչ կորած է։ Փախեք, Բելչեր,― գոչեց Նեդը և մի ոստյունով ցած նետվեց սայլակից։ Միստր Բելչերը հետևեց նրա օրինակին, բայց հենց որ նա ոտք դրեց գետնին, անտառապահը հրացանի կոթով այնպիսի ուժգին հարված տվեց գլխին, որ նա վայր ընկավ ուշաթափ։ Մինչև այդ Նեդ Փերքսը փախավ ուղիղ իմ կողմը։ Նա երևի կընկներ ինձ վրա, եթե իմ կրծքից դուրս թռած սարսափելի ճիչը նրան չստիպեր կանգ առնել։ Նեդը նայեց ինձ, և նրա երեսին երևաց մի չարախինդ ուրախություն։ Նա բարձրացրեց իր ձեռքի մեծ մահակը, որ հետը վերցրել էր սայլակից և պատրաստվում էր մահացու հարված հասցնել ինձ։ Սակայն շները ճիշտ էին հասկացել, որ իրենց հանձնարարված է պահել ինձ։ Նախքան մահակը կիջներ իմ գլխին՝ նրանք հարձակվեցին Նեդի վրա, գետնին տապալեցին նրան և ամուր բռնեցին մեկը նրա ձեռքից, մյուսը վզկապից։ Այն անտառապահը, որ բռնել էր ձին, վազեց մեզ մոտ և առանց մի խոսք ասելու, ճարպկորեն կապկպեց Փերքսի ձեռքերն ու ոտքերը։

― Իմը պատրաստ է,― գոչեց նա՝ վազելով սայլակի մոտ։― Իսկ դո՞ւ, Թոմ, նայեցի՞ր, ինչ դրության մեջ է խեղճ մարդը։ Նա իսկապե՞ս մեռած է։

Այդ ժամանակ Թոմն զբաղված էր սայլակի զննումով։

― Այո, մեռած է,― պատասխանեց Թոմը։― Սա պետք է որ առնվազն մի շաբաթ առաջ մեռած լինի։

― Ինչպես թե մի շաբաթ։ Կարո՞ղ է լինել։ Ի՜նչ չարագործներն են։

― Չարագործներ՝ թերևս այո, միայն թե ոչ մարդասպաններ, Ջո։ Նրանք մարդ չեն սպանել, Նրանք միայն թաղած դիակներ են հանել։ Տեսնում ես, սրանք այստեղ, պարկի մեջ զանազան գործիքներ ունեն՝ գայլիկոններ, բահեր, նիգ։ Բայց միևնույն է, սրա համար էլ նրանք պատասխան կտան։ Օգնիր ինձ սրանց դնել սայլակի մեջ, մենք նրանց կտանենք Իլֆորդ, այնտեղ կդատեն...

― Իսկ այն մյուսը կապկպա՞ծ է,― հարցրեց Ջոն՝ իջնելով սայլակից։

― Կարծում եմ նա դեռ իմ հարվածից ուշքի եկած չի լինի։ Բայց զգուշության համար լավ է կապկպել նրան։

Ջոն անցավ սայլակի հետևը, այնտեղ, ուր մի քանի րոպե առաջ ուշաթափ ընկած էր միստր Բելչերը, և զարմանքից աղաղակեց.

― Ա՛յ, նա գնացել է, չկա այստեղ։

Եվ ճիշտ որ։ Պաղ անձրևը հավանորեն ուշքի էր բերել միստր Բելչերին, և նա փախել էր, իր հետ տանելով հրացաններից մեկը, որ անտառապահը թողել էր սայլակի մոտ։

Անձրևային խավար գիշերին նրան հետապնդելն անհնարին էր։

― Էլ ճար չկա, գոնե այս մեկին տանենք,― ասաց անտառապահ Թոմը։

Նրանք գետնից բարձրացրին միստր Փերքսին, դրին սայլակի մեջ և իրենք էլ բարձրացան։

― Ավելի լավ է, ինձ թույլ տաք սայլակի կողքով վազեմ,― խնդրեցի ես՝ վախենալով նստել Փերքսի մոտ, որ ինձ էր նայում չար կատաղությամբ։

― Դատարկ բան է, վախենալու հարկ չկա,― պատասխանեց Ջոն՝ ինձ ևս քաշելով սայլակի մեջ,― Նա քեզ մատով դիպչել անգամ չի համարձակվի։

Նա ինձ տեղավորեց սայլակում, մտրակով հարվածեց ձիուն, և մենք գնացինք դեպի Իլֆորդ, որ մեզանից մի երկու մղոն հեռավորության վրա էր գտնվում։

Փերքսը իրոք որ ձեռք չտվեց ինձ, բայց ավեյի վատ բան արեց։ Նա ինձ մահու չափ վախեցրեց։

― Մի պատասխանիր դրան,― խորհուրդ տվեց ինձ անտառապահ Թոմը։

― Ջիմ,― շարունակեց Փերքսը,― դու լսեցի՞ր, որ միստր Բելչերը գնացել է և իր հետ տարել է հրացանը։ Չգիտեմ, թե շա՞տ բան ես ասել դու, միայն այլևս ոչինչ չասես։

― Նստիր այս կողմը, տղա, առջևը նստիր,― ասաց անտառապահ Ջոն․― այն ժամանակ դու չես լսի. թե ինչ է ասում նա։

Ես ուրախությամբ հեռու նստեցի Փերքսից, բայց նա գոռում էր այնպես բարձր, որ ես կլսեի, եթե նույնիսկ ճանապարհի մյուս կողմը լինեի։

― Ջիմ,― ասում էր նա. – հիշո՞ւմ ես, թե միստր Բելչերը ինչ խոստացավ քեզ, եթե որևէ ժանանակ որևէ մեկին բան ասես նրա աշխատանքի մասին։ Նա իր խոսքը կկատարի, վստահ եղիր։ Գուցե կանցնի մի շաբաթ, երկու շաբաթ, միևնույն է, նա չի մոռանա հր խոսքը։ Դու մի հուսա, թե դատավորը քեզ կպաշտպանի. դատավորը հո բոլորին չի հսկում, և միստր Բելչերը մի ակնթարթում կարող է քեզ այն օրը գցել, ինչպես ասել է։ Թեկուզ դու հարյուր մղոն այստեղից հեռու պառկած լինես անկողնում, թեկուզ դուռը փակված լինի երկաթե փականքով, միևնույն է, դու հանկարծ կարթնանաս և կտեսնես, որ նա մոտենում է քեզ, մոտենում է որպեսզի անի այն, ինչ որ խոստացել է։ Այս բանը դու հիշիր, և տես, զգույշ եղիր։

Անտառապահները դիտմամբ բարձր էին խոսում և ոտքերով թխկթըխկացնում սայլակի հատակին, որպեսզի ես չլսես Նեդին։ Բայց ես լսում էի նրա յուրաքանչյուր բառը, և այդ ինձ վրա այնպիսի սարսափ էր ազդում, որ քիչ էր մնում ուղղակր անիվների տակ նետվեմ։

Իմ հովանավորների համար հեշտ էր ասել՝ «Մի լսիր նրան, տղա, նա դիտմամբ քեզ վախեցնել է ուզում։ Դու վախենալու բան չունես, եթե դատարանում ճշմարտությունն ասես»։ Նրանք միստր Բելչերին չէին ճանաչում, նրանք չգիտեին, թե ինչ է սպառնացել ինձ, եթե ես գաղտնիքը հայտնեմ, և թե այդ ասելիս ինչ տեսք ուներ նա։ «Դու մի վախենա»։ Իսկ ո՞վ կպաշտպանի ինձ։ Մի՞թե այն ոստիկանները, որոնցից ես փախել եմ իմ ամբողջ կյանքում, հանկարծ կդառնան իմ լավ բարեկամները։ Բայց եթե նույնիսկ այդպես պատահեր, մի՞թե նրանք կարող են ամեն րոպե հսկել ու պահպանել ինձ։ Ընթրիքի ժամին մեր խոսակցության ժամանակ միստր Բելչերն ինձ պարզ ցույց տվեց, թե որքան քիչ ժամանակ է հարկավոր մի տղայի խեղդելու համար։ Բացի դրանից, երբ ես իմացա, որ իմ տերն ամենևին էլ մարդասպան չէ, իմ մեջ կասկած արթնացավ, թե հիմարություն չե՞մ արել ես՝ մատնելով նրանց։ Ես զղջում էի, որ այս շփոթն ստեղծեցի և որոշեցի հետևել Նեդի խորհրդին, որքան կարելի է քիչ բան ասել, երբ ինձ կանչեն դատավորի մոտ։

Առավոտյան ինձ կանչեցին ոստիկանատան ընդունարանը։ Բոլոր ոստիկանները հավաքվել էին իմ շուրջը, և բոլորն էլ զարմանալի զրուցասեր էին դարձել։

― Դե, տղաս,― փաղաքշանքով ասաց ոստիկանատան տեսուչը,― այժմ պատմիր ինձ այն ամենը, ինչ-որ գիտես քո նախկին տիրոջ մասին։ Օ՜, սա երևի բոլորովին սառել է։ Շորերը թաց են, հարկավոր է փոխել։

― Մենք հարմար չոր հագուստ ունենք,― ասաց ոստիկաններից մեկը։― Ես իսկույն կբերեմ, պարոն տեսուչ։

Երբ իմ շորերը փոխեցին և ճակատիս ուռուցքին սպեղանի դրին, տեսուչը պատվիրեց ինձ տաք սուրճ խմեցնել, և դրանից հետո միայն սկսեց հարցաքննությունը։

Ոստիկաններն ուշադիր լսում էին։

― Ասա, տղաս, քո տերը հաճա՞խ էր գնում գիշերային աշխատանքի,― հարցրեց նա։

― Չգիտեմ, սըր,― պատասխանեցի ես գլուխս խոնարհելով։

― Ինչպե՞ս թե չգիտես. Չէ՞ որ դու նրա հետ միևնույն տանն էիր ապրում։

― Նա ինձ առաջ երբեք իր հետ չի տարել, սը՛ր։ Ես քնում էի և ոչինչ չեմ իմացել։

― Քո պատասխաններն ինձ դուր չեն գալիս, տղա։ Դու պետք է ասես այն ամենը, ինչ գիտես։ Ասա տեսնեմ քո տիրոջ հասցեն։

― Ես մոռացել եմ, սըր։

― Դե, դու արդեն ստում ես։ Քո հասակի տղան չի կարող մոռանալ այն տան հասցեն, որտեղ ինքն այդքան ժամանակ ապրել է,― բարկացավ տեսուչը։

― Ազնիվ խոսք, սըր, երեկ գիշեր ես այնպես վախեցա, որ ամեն ինչ իմ գլխից դուրս է թռել։

― Բայց չէ՞ որ երեկ գիշեր դու այդ հասցեն ասել ես անտառապահին... Եվ ափսոս, որ նա իսկապես մոռացել է,― դիմեց նա ոստիկաններից մեկին։― Հապա, աշխատիր հիշել,― նորից դարձավ ինձ տեսուչը։

― Մոռացել եմ, ոչինչ չեմ կարող հիշել,― մռայլ կրկնեցի ես։

― Դե լավ,― խստությամբ ասաց տեսուչը,― տարեք դրան։ Բայց հիշիր, տղա, որ վաղը քեզ կստիպեն ասել ամբողջ ճշմարտությունը։

Ես դրան չհավատացի, բայց, իրոք, եղավ այնպես, ինչպես նա էր գուշակել։


Գլուխ 23. Ես փախչում եմ ոստիկանությունից

Մյուս օրը միստր Փերքսին և ինձ տարան հարցաքննելու։ Երևի դատավորներն արդեն գիտեին, որ ես մտադիր եմ որքան կարելի է քիչ խոսել, և նրանցից մեկը, ալեհեր, կանաչ ակնոցով մի մարդ, ինձ ընդունեց այնպիսի խստությամբ, որ միանգամից ահ ընկավ սիրտս։

― Ինձ նայիր, տղա՛,― գոչեց դատավորը ձեռքն այնպես ուժգին զարկելով սեղանին, որ սիրտս վեր թռավ։

Ես նայեցի նրան և ավելի խիստ վախեցա։ Նա ուղիղ ինձ էր նայում իր կանաչ աչքերով, իսկ քսան ոստիկան խոնարհ կանգնած էին նրա շուրջը՝ պատրաստ ենթարկվելու նրա ամեն մի նշանին։

― Կալանավորին մի նայիր, տղա,― այդ ժամանակ Նեդ Փերքսը հազում էր, և ես գլուխս շուռ էի տվել նրա կողմը,― նայիր միայն այս կողմը։ Հասկանո՞ւմ ես՝ ի՞նչ է նշանակում երդում տալ։

Մոուլդին, որ շատ էր սիրում զանազան պատմություններ անել դատարանների մասին, ինձ բացատրել էր այդ, ուստի և ես պատասխանեցի.

― Դա նշանակում է՝ ավետարանը համբուրել և երդվել, որ եթե սուտ բան ասես, պատժվելու ես։

Իմ հայացքը գամված էր դատավորի կանաչ ակնոցին։ Վերջապես աչքերս լցվեցին արցունքով, կարծես արևին էի նայում։

― Այո, եթե դու երդում տալուց հետո ստես,― միևնույն խիստ ձայնով խոսեց դատավորը,― խիստ պատիժ կկրես, քեզ կուղարկեն ծովի այն կողմը տաժանակիր աշխատանքի։ Բերեք նրան երդումի, էկզեկուտոր, իսկ դու, մեղադրյալ, մի նայիր վկային, երբ նրան հարցաքննում են։

Այդպիսի պայմաններում ես ինչպե՞ս կարող էի չխոսել։ Դատավորն այնպիսի ահավոր մարդ էր։ Նա կարծես ամբողջ գործը գիտեր և ինձ այնպիսի հարցեր էր տալիս, որ ես կամա-ակամա պետք է ամեն ինչ մանրամասն պատմեի նրան։ Եվ ես պատմեցի ամեն ինչ. ինչպես հեռացա տանից, ինչպես միսիս Ուինքշիփը ինձ տեղավորեց միստր Բելչերի մոտ, ինչպիսի խոսակցություն եմ ունեցել Սեմի հետ եկեղեցիների ծխնելույզները մաքրելու մասին, մի խոսքով՝ ամեն ինչ, մինչև այն րոպեն, երբ սպիտակ ձեռքերը երևալուց վախեցած՝ ես դուրս թռա սայլակից։

Ինձանից հետո անտառապահներ Թոմասը և Ջոզեֆը տվին իրենց ցուցմունքները, ապա որոշվեց գործը հետաձգել մեկ շաբաթով, որպեսզի ոստիկանությունը կարողանա բռնել միստր Բելչերին և նույնպես կանգնեցնի դատարանի առաջ։

― Տղային ավելի լավ է ուղարկել տուն, ծնողների մոտ։ Եվ ով նրան տանելու լինի, թող հորը խստիվ պատվիրի, որ մի շաբաթից հետո անպայման պետք է նրան բերի այստեղ,― ասաց կանաչ ակնոցով դատավորը։

Դատարանն սկսեց զբաղվել ուրիշ գործով, իսկ ես փողոց դուրս եկա անտառապահների և մի քանի ոստիկանների հետ։ Նրանք իրար հետ զրուցում էին, և բոլորը միասին մտան հարևան պանդոկը, իսկ ես, ինքս էլ չգիտակցելով, թե ինչ եմ անում, քարշ եկա նրանց հետևից։ Ինձ սարսափեցնում էին այն զարհուրելի խոսքերը, թե «Տղային ավելի լավ է ուղարկել տուն, ծնողների մոտ»։ Այս խոսքերը լրացնում էին փորձանքը։ Ախր ինչո՞ւ, ինչո՞ւ ես խառնվեցի ուրիշի գործերին։ «Ավելի լավ է ուղարկել տուն»։ Ես հորս մոտ կգնամ ոստիկանի հետ, որը նրան կպատմի դիակ հանողների հետ ունեցած իմ գործերը, կասի, որ ինձ նրանց մոտ տեղավորել է ոչ մի հանցանք չունեցող միսիս Ուինքշիփը։ Բայց հայրս պարզապես ինձ էլ կսպանի, խեղճ պառավին էլ։ Այսպես երախտապարտ եղա նրա բարերարության համար։ Ո՛չ, դա չափից ավելի սարսափելի կլինի։ Այդպիսի բան չպետք է լինի։ Ես պետք է մի որևէ բան անեմ, որպեսզի այդ աղետի առաջն առնեմ և կանեմ, անպայման որևէ բան կանեմ, թեկուզ հարկ լինի չկատարել կանաչ ակնոցով սոսկալի դատավորի խոսքը։ Ինձ հարկավոր էր ծլկել այժմյան իմ հսկիչների մոտից, դուրս պրծնել Իլֆորդից և թաքնվել Լոնդոնի մի որևէ խուլ անկյունում։ Ես ասում եմ իմ հսկիչներից, բայց, կարծես, ինձ ոչ ոք էլ չի հսկում։ Ես փորձեցի դուրս գալ այն սենյակից, որտեղ անտառապահները և ոստիկանները գարեջուր էին խմում. նրանք ինձ վրա ուշադրություն չդարձրին։ Ես դուրս եկա բակը, ապա փողոց, ոչ ոք ինձ չէր հետևում, նշանակում է՝ ես հեշտությամբ կարող եմ հեռանալ։ Բայց ես գիտեի, որ ոստիկանները խորամանկ մարդիկ են, որ նրանք մարդկանց հսկում են աչքի տակով, ուստի և որոշեցի վերադառնալ, միառժամանակ նստել գարեջրատանը, լսել, թե ինչի՞ մասին են խոսում այնտեղ։ Պարզվեց, որ ոստիկանները խոսում էին իմ մասին։

― Ահա նա,― ասաց նրանցից մեկը, երբ ես ներս մտա։― Դու, տղա՛, լավ կլինի մոտերքը մնաս, թե չէ հանկարծ այն հրացանով փախած մարդը կբռնի քեզ։

Դա երևի կատակ էր, որովհետև մյուս ոստիկանը և անտառապահները ծիծաղեցին։

― Իսկ դու, տղա, ուրախ կլինե՞ս, որ գնաս տուն և բոլոր փորձանքներից ազատվես։

Ես գիտեի, որ եթե ասեմ տուն գնալ չեմ ուզում, ոստիկանները կսկսեն առանձնապես խիստ հսկել ինձ, դրա համար էլ պատասխանեցի.

― Իհարկե, շատ ուրախ կլինեմ։ Ես կուզեի շուտ գնալ տուն, այլևս տանից չեմ փախչի։

― Դու այստեղից ձեր տան ճանապարհը գիտե՞ս։

― Շատ լավ գիտեմ, սը՛ր։ Հիմա կարո՞ղ եմ գնալ։

― Ոչ, դու գնալ չես կարող, մինչև որ ես չազատվեմ իմ գործերից և քեզ չտանեմ։ Դա կլինի ժամը չորսին, երբ դատարանում նիստը կսկսվի։ Բայց դու պարտավոր չես անպայման նստել այստեղ, դու հո կալանավոր չես, այլ վկա ես։ Կարող ես գնալ ոստիկանատուն, այնտեղ նստել կամ քեզ համար զբոսնել փողոցում։ Միայն թե հեռու չգնաս։

Այս խոսքերը լսելիս՝ ես հազիվ կարողացա ցնծությունս զսպել։ Ես կալանավոր չեմ, ես վկա եմ և կարող եմ զբոսնել։

― Շնորհակալ եմ, սըր,― ասացի ես և անհոգ զբոսնող մարդու նման դուրս եկա պանդոկից։ Դանդաղ քայլելով, առանց շտապելու անցա Իլֆորդի ճանապարհով, որը տանում էր ուղիղ դեպի Լոնդոն։ Մի բախտավոր դիպված ինձ ազատեց հոգնեցուցիչ ճանապարհորդությունից։ Հենց որ դատարանի շենքը իմ տեսողությունից ծածկվեց, իմ հետևից հասավ մի կառք, որի հետնակողմը շատ հարմար Էր, առանց մեխերի։ Ես ճարպկությամբ կպա այդ կառքի պոչին և սլացա դեպի Լոնդոն՝ մեկ ժամում տասը մղոն արագությամբ։ Անցա մեծ և փոքր Իլֆորդները, հասա մինչև Մայլ-Էնդ, բայց այստեղ մի տղայի ստորության պատճառով ստիպված էի իջնել իմ այդ հարմար կառքից։ Այդ տղան նույնպես ձրի կառք նստել էր ցանկանում և տեսնելով, որ կառքի պոչին իր համար տեղ չկա, սկսեց գոռալ, որ կառապանը քշի ինձ։ Կառապանը լսեց անպիտան տղային։ Ես այնպես էի բարկացել այդ ստոր տղայի վրա, որ վրա թռա ու մի լավ ծեծեցի նրան, թեպետև այդ ուշացումը կարող էր վտանգավոր լինել ինձ համար։

Ճանապարհի վերջը ես ոտքով անցա։ ժամը մոտավորապես երկուսին Հուայթ-Չեպելի մոտ էի։ Քաղաքի այդ մասը ես բոլորովին չէի ճանաչում, բայց Կամարների տակ ծանոթացել էի մի քանի տղայի հետ, որոնք այդտեղից էին եկել։ նրանք պատմում էին, որ դա Լոնդոնի ամենախուլ վայրն է։ Ինձ էլ հենց Լոնդոնի այդ խուլ վայրն էր հարկավոր իր բազմաթիվ ծուռումուռ, նեղ փողոցներով, հետնաբակերով ու զանազան անցքերով։ Իմ ամենամեծ ու առաջին ցանկությունն էր միառժամանակ թաքնվել, մինչև վերջանար դիակներ հափշտակելու այդ դժբախտ գործը, և այն ժամանակ... Ասենք դեռ վաղ է մտածել, թե ինչ կլինի այն ժամանակ։ Հարկավոր է հոգալ այժմյան անելիքի մասին։ Ընդամենը մի ժամ հետո Իլֆորդի ոստիկանատունը կսկսի անհանգստանալ իմ մասին, կսկսեն ինձ որոնել, ուստի և ամենից առաջ հարկավոր է թաքնվել։ ես անցա մի շարք նեղ ու կեղտոտ փողոցներ և վերջապես մտա ուտելեղենի մի շատ խաղաղ խանութ, որտեղ ծախսեցի իմ շիլլինգի չորս պեննին։ Խանութի տերը չորս պեննիով թույլ էր տալիս իր մոտ գիշերել և անկողին էլ էր տալիս, ուստի ես նրա թույլտվությամբ խանութում մնացի մինչև երեկո, ընթրիքին կերա մի բաժին արգանակ, որ արժեր մեկ պեննի, ապա բավական հարմար անկողնում պառկեցի քնելու։

Արթնացա մյուս օրը առավոտյան, իջա խանութ, նախաճաշի վրա ծախսեցի մնացած երեք պեննին և դուրս եկա փողոց։ Ամբողջ օրը ես թափառում էի փողոցներում, ընտրելով ամենաաղքատ ու մութ անկյունները և երկյուղով խույս տալով ոստիկանների հանդիպելուց։ Երեկոյան դեմ քաղցը ինձ հիշեցրեց, որ չեմ ճաշել և հավանորեն ընթրել էլ չեմ կարողանալու։

― Սպասելու և թաքնվելու կարիք չկա,― ասում էր ինձ քաղցը,― դու պետք է որևէ բան անես։

Բայց ի՞նչ անեի։ Ուր էլ գնալու լինեմ՝ ավելի կվատացնեմ իմ դրությունը։ Կվատացնե՞մ։ Բայց մի՞թե կարելի է սրանից էլ վատացնել։ Արդեն իմ դրությունն այնքան վատ է, որ հազիվ թե սրանից վատթարը լինի։ Ամեն րոպե վախենալ, թե առաջին իսկ հանդիպած ոստիկանը կբռնի, և դեռ քաղցին էլ դիմանալ։ Ո՛չ, դա անտանելի է։ Եթե մի որևէ շուկայի մոտիկ լինեի, ապա շատ դեսուդեն չէի ընկնի։ Եվ իսկապես, այս ի՞նչ բան է։ Ամեն ինչ իմ դեմ է, խեղճ, անպաշտպան երեխայի դեմ։ Եվ ինչ, դեռ պետք է դատողություններ անեմ, թե ո՞րն է ազնիվ և ո՞րը անազնիվ։ Միայն պետք է մտածեմ, թե ինչպե՞ս ապրեմ, իսկ մնացածը իմ բանը չէ։ Ես այն տեղն էի հասել, որ պատրաստ էի ուրիշների գրպաններից էլ բան գողանալ, եթե միայն կարողանայի։ Բայց դա միշտ էլ ինձ առանձնապես սարսափելի էր թվում։ Քովնթգարդենի խանութներից մրգեր գողանալը դժվար բան չէր։ Միշտ էլ կարելի էր գտնել մի րոպե, երբ առևտրականը ուրիշ կողմ է նայում, կամ թե վազել այնպես արագ, որ նա քեզ չհասնի։ Բայց ձեռքը խրել մի շքեղ հագնված պարոնի կամ տիկնոջ գրպանը բոլորովին ուրիշ գործ է, այստեղ հարկավոր է զարմանալի համարձակություն։ Երբ ես Կամարների տակ էի ապրում, ինձ ցույց էին տվել շատ տղաների, որոնք գրպանահատությամբ էին զբաղվում, բայց նրանց արհեստը ինձ նույնքան դժվար էր թվում, որքան զանազան ձեռնածուների ու խեղկատակների արհեստը։ Ինձ նույնիսկ թվում էր, թե գլուխկոնծի տալը և ծալովի դանակ կուլ տալը ավելի հեշտ է, քան մարդկանց գրպանից բան գողանալը։


Գլուխ 24. Ես ոտք եմ դնում մի նոր ճանապարհ

Այս ամենի մասին խորհելով՝ ես մութ ու խուլ նեղ փողոցներից դուրս եկա լայն ու գեղեցիկ մի փողոց, որտեղ բոլոր խանութները պայծառ լուսավորված էին, իսկ մայթերով երթևեկում էին հարուստ, շքեղ հագնված բազմաթիվ մարդիկ։ Իմ ուշադրությունը գրավեց գաղութային ապրանքների մի մեծ խանութ։ Նրա հսկայական ապակեպատ ցուցափեղկերում շարված էին զանազան պտուղներ, թեյ, քաղցրավենիքներ և պահածոների ու թթուների բանկաներ։ Բացի դրանից, այնտեղ կանգնած էին ճենապակուց և փայտից պատրաստված չինական արձանիկներ, որպիսիք առաջ ոչ մի տեղ չէի տեսել։ Դրանք միայն ինձ չէին հետւսքրքրում. համարյա ոչ ոք չէր անցնում այդ խանութի մոտով, առանց մի հայացք գցելու նրանց վրա, իսկ ոմանք էլ նույնիսկ կանգ էին առնում, որպեսզի ավելի մոտիկից նայեն, այնպես որ ցուցափեղկի առաջ մի փոքրիկ բազմություն էր հավաքվել։ Ես շտապելու կարիք չունեի, ուստի որոշեցի սպասել, մինչև որ ժողովուրդը ցրվի, և կարողանամ ավելի լավ դիտել այդ զարմանալի ֆիգուրները։ Հենց ուղիղ այդ խանութի դիմաց, մայթի եզրին կար մի լապտերի սյուն։ Ես հենվեցի այդ սյանը և սկսեցի սպասել։ Խանութի առաջ հավաքվածների մեջ կար մի պառավ լեդի, այնքան գեր, որ նրան չնկատել չէր կարելի։ Նա մենակ ավելի շատ տեղ էր գրավում, քան երկու սովորական մարդ։ Նա ուզում էր ցուցափեղկի ցածի մասում ինչ-որ բան տեսնել և կռացել էր ու վիզը երկարացրել։ Աչքս չհեռացնելով հաստամարմին լեդիից և չհասկանալով, թե այդքան ուշադիր ի՞նչ է դիտում, ես նկատեցի մի տղայի, որ ինձանից մի քիչ մեծ կլիներ։ Նա բոլորովին մոտեցավ լեդիին և ընդօրինակեց նրա բոլոր շարժումները։

Նա ձեռքը քսեց լեդիի մետաքսե շորին, հետո արագորեն ձեռքը ետ քաշեց, այդ րոպեին գազի լապտերի լույսն ընկավ նրա մատների վրա, և ես տեսա, որ ձեռքին բռնած ունի մի քսակ, որի մետաքսե օղակի միջով փայլփլում է արծաթե դրամների մի կույտ։ Հետո տղան քսակը արագությամբ պահեց գրպանում, դուրս եկավ ամբոխի միջից և առանց նկատվելու անհետացավ խավարի մեջ։ Հաստամարմին լեդին էլի մի քանի վայրկյան կանգնեց լուսամուտի առաջ և ապա ուրախ ժպտալով ու գլուխն օրորելով առաջ գնաց, երևի նա մտածում էր ծիծաղաշարժ չինացիների մասին։

Ի՜նչ երջանկություն այդ տղայի համար։ Ի՜նչ հիանալի մետաքսե քսակ էր՝ դրամներով լեփ-լեցուն։ Ես և՛ կոշիկներս, և՛ գուլպաներս ծախեցի մեկ շիլլինգի և մի կտոր հացի, իսկ նա մի րոպեում ամենաքիչը 12 շիլլինգ ճանկեց։ Ի՜նչ հանդուգն գող է։ Ի՜նչ բախտավորն է։ Իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ քսակը իմ ձեռքն ընկներ։ Այս մտքերը իրար հետևից անցան իմ գլխով, իսկ դրանց հետևից ուրիշ մտքեր, որ ես ակամա նայեցի շուրջս, կարծես վախենալով, թե որևէ մեկը կլսի իմ մտքերը։ «Ի՜նչ հեշտ բան է դա։ Մինչև դու կանգնել ու դողում էիր, կարելի էր երեք անգամ անել այդ բանը։ Դու պարզապես համարձակություն չունես»։ Հա, բան ասացիր,― պատասխանում էի ինքս ինձ,― իհարկե հեշտ գործ է, եթե պատահի այդպիսի հաստամարմին պառավ՝ կիսաբաց գրպանը մետաքսե հագուստի վրա։ Դա բոլորի համար էլ հեշտ կլինի, ես ինքս էլ երևի կկարողանայի անել։ Բայց բանն էլ այն է, թե էլի երբ կպատահի մի այդպիսի հարմար դեպք։

Եվ ահա լապտերի սյան մոտ կանգնած հարմար «դեպքի» էի սպասում։

Շատ էլ երկար չսպասեցի։ Այն «բախտը», որ ինձ օգնեց Քովնթգարդենի շուկայում իմ կատարած առաջին սխրագործության ժամանակ, այստեղ էլ չլքեց ինձ։ Դեռ հինգ րոպե էլ չէի կանգնել, մեկ էլ տեսա խանութից դուրս եկավ մի տիկին, ճիշտ է՝ ոչ հաստամարմին և ոչ պառավ, բայց մետաքսե հագուստով և լեփ-լեցուն քսակով։ Խանութից դուրս գալիս նա այդ քսակը ձեռքին բռնած ուներ և կարծես հաշվում էր նրա միջի փողը։ Հետո քսակը չխկոցով փակեց և դրեց իր մետաքսե շորի գրպանը։

«Այ, եթե սա լուսամուտին մոտենար»,― անցավ մտքովս։

Եվ իսկապես, նա խառնվեց չինացիներով հետաքրքրվող ամբոխին։ Ես էլ նրա հետևից մոտեցա ամբոխին և աշխատում էի ամեն ինչ անել այնպես, ինչպես այն տղան արեց։ Ես ձևացրի, թե ուշադիր դիտում եմ չինացիներին, մինչդեռ ձեռքս զգուշությամբ մետաքսե շորի ծալքերի վրայով սահում էր դեպի գրպանը։ Մի րոպե անց իմ մատները դիպան քսակի նուրբ, մետաքսե ցանցին, և ահա արդեն իմ ձեռքում էր։ Ճանկելով իմ ավարը սկսեցի փախչել։ Վազում էի երկար, առանց կանգ առնելու և հևասպառ, մինչև որ հասա մի խուլ ու մութ նրբափողոց։ Վերջապես այդտեղ կանգ առա և սիրտ արի իմ ավարին նայել։ Գրպանիցս հանեցի քսակը, փողերը դուրս թափեցի և սկսեցի հաշվել դերձակի մոտի լապտերի լույսի տակ։ Պարզվեց, որ ես ունեմ երկու կիսակրոն, կես ոսկի, երեք շիլլինգ և չորս պեննի, ընդհամենը տասնութ շիլլինգ և չորս պեննի։

Կյանքումս երբեք այդքան փող չէի ունեցել, նույնիսկ դրա մի քառորդը չէի ունեցել։

Ուղղակի չգիտեի, թե ինչ անեմ, այսինքն՝ չգիտեի, թե ինչ գնեմ ուտելու համար և որտեղ գնեմ։

Վերջապես հասա ուտելեղենի խանութին և չորս պեննի ծախսելով ընթրեցի։

Ամբողջ երեկոյի ընթացքում կամ ուտում էի, կամ մտածում էի, թե ինչ ուտեմ։ Մի հինգ անգամ մտա ճաշարան և երկու պեննիի նրբերշիկ կերա, հետո կերա մի կտոր հաց՝ արհեստական մեղրով, և վերջիվերջո մի պեննիով ինձ համար շոկոլադ գնեցի։

Վերջում, երբ պատրաստվում Էի գիշերել և սկսեցի իմ դրամը հաշվել, պարզվեց, որ այնքան Էլ շատ չեմ ծախսել։ Ինձ համար գնեցի մի զույգ ամուր կոշիկ, և դեռ էլի մնաց երեք շիլլինգ ու վեց պեննի, չհաշված կես ոսկին, որ խրել էի բաճկոնիս աստառի տակ և գնդասեղով ամրացրել։

Եվ ահա ես դարձա իսկական գող։ Ասենք՝ սկզբում հաստատ որոշել էի այլևս չկրկնել այսօրվա հանցագործությունը։ Իհարկե եղածը եղած էր, բայց բացի ինձանից ուրիշ ոչ ոք չգիտեր դրա մասին և երբեք էլ չի իմանա։ Ես առավոտվանից կսկսեմ մտածել, թե ինչ գործով զբաղվեմ։ Երբ մարդու գրպանում տասներեք շիլլինգ և վեց պեննի կա, նա ազնիվ ապրուստի հազար միջոց կարող Է գտնել, բայց ի ամոթ ինձ, պետք Է խոստովանեմ, որ ոչ մի միջոց չգտա։

Ճաշից հետո գնացի Փեթիքոթ-Լեյնում զբոսնելու և այնտեղ կանգ առա մի խանութի առաջ։ Ցուցափեղկում կախված Էր մի դեղին մետաքսե թաշկինակ, որի վրա թռչնակի կապույտ աչքեր էին նկարված։ Ճիշտ այդպիսի թաշկինակ էր կրում հայրս իր վզին։ Ես մտա խանութ և այդ թաշկինակը գնեցի երեք շիլլինգ վեց պեննիով։ Դատողությունս ինձ ասում էր, որ հիմարություն եմ անում, բայց ինձ մխիթարում Էի այն մտքով, թե թաշկինակը գնել եմ հորս հիշատակի համար։ Այդ բանը տան հուշեր արթնացրեց իմ մեջ, ես տխրեցի և մի թաս գարեջուր խմեցի, որպեսզի մի քիչ ուրախանամ։ Չգիտեմ այդ գարեջուրն էր շատ թունդ, թե անսովոր լինելուս պատճառով խիստ ազդեց ինձ վրա, այնուամենայնիվ, այնպիսի գրգռված վիճակի հասա, որ հազիվ էի կարողանում ինձ զսպել։ Ես բոլորովին դադարեցի վախենալ իմ թշնամիներից և պատրաստ էի դեմ առ դեմ հանդիպելու նրանց, նույնիսկ՝ միստր Բելչերին, իհարկե, եթե ձեռքին չլիներ երկփողանի հրացանը։ Այդ րոպեին ես անցնում էի մի փոքրիկ զինավաճառի խանութի մոտով, մտքովս անցավ, թե ինձ պես մարդը, որին հալածում է ամբողջ աշխարհը, անպայման պետք է զինված լինի։ Ես մտա խանութ և երկու շիլլինգ երեք պեննիով գնեցի արտաքուստ զարհուրելի մի հին ատրճանակ։ Երեկոյան մտածեցի, որ այդ զենքը շալվարի գրպանում պահելը խիստ անհարմար է, ուստի տարա, նույն խանութում վաճառեցի մի շիլլինգ չորս պեննիով։ Այսպիսով թանկ գնով ձեռք բերած իմ տասնութ շիլլինգ և չորս պեննին ծախսվեց մանրուքների վրա։ Թռչնակներով զարդարված գեղեցիկ մետաքսե թաշկինակը վաճառեցի տասնութ պեննիով, և երեք օր հետո փողոցի մեջտեղը կանգնած էի նույնքան աղքատ, ինչպես եղել էի այն րոպեին, երբ մրգեղենի խանութի դիմացի լապտերի սյանը հենված դիտում էի հաստամարմին լեդիին։ Եվ ահա...

Ասենք, հեշտ է հասկանալ, թե ինչպես ընթացավ իմ կյանքը։ Դժվարը միայն առաջին քայլն է. այդ քայլն անելուց հետո ես այլևս կանգ չառա։ Աշխատում էի ինքս ինձ համոզել, թե անբախտ եմ, բոլորի կողմից լքված մի երեխա, որ բոլորը հալածում ու ատում են ինձ, որ ես ակամայից պետք է անազնիվ լինեմ, որպեսզի քաղցից չմեռնեմ։ Երկրորդ գողության ժամանակ ես արդեն ափսոսում էի, որ քսակում գտնվեց ընդամենը չորս շիլլինգ, իսկ երրորդի ժամանակ ինքս էլ չեմ հիշում, թե ինչ էի զգում, որովհետև շուտով դրան հաջորդեց չորրորդը, հինգերորդը և այսպես շարունակ։

Ասենք, ես գրպանահատի աշխատանքով երկար չզբաղվեցի, երկու ամսից ոչ ավելի։ Թե այդ ժամանակամիջոցում որքան փող գողանալ հաջողվեց ինձ՝ չեմ հիշում։ Գիտեմ միայն, որ ես այնքան էի հարստացել, որ Միլֆորդի ոստիկանատան տված հին շորերի փոխարեն կարող էի ինձ համար շատ կանոնավոր շոր գնել։ Ես այլևս ուտելեղենի խանութում չէի գիշերում, այլ տեղավորվեցի Ուենթֆորտ փողոցում։


Գլուխ 25. Ես ծանոթանում եմ Ջորջ Հապկինսի հետ

Հուլիսյան մի երեկո անցնում էի Չիփսայդով։ Քանի որ այժմ ես կարգին հագուստ ունեի, համարձակ կերպով երևում էի մեծ ու հարուստ փողոցներում։ Զբոսանքի դուրս եկած անհոգ երեխայի տեսքով շուրջս նայելով, նկատեցի մի ջենտլմենի, որ ուշի-ուշով ինչ-որ բան էր դիտում գուլպաների խանութում։ Դա այն ջենտլմեններից էր, որոնցից գրպանահատները լավ հունձ են անում։ Նա այնքան հաստամարմին էր, որ երբ կռանում էր, սերթուկի փեշերը խիստ փքվում էին, և գրպանը բացվում էր շատ հրապուրիչ ձևով։ Այդպիսի հարմար դեպքը բաց թողնել չէր կարելի։ Ես նրա գրպանը շոշափեցի, այնտեղ քառանկյունի մի պինդ բան կար։ Ձեռքս մտցրեցի և մի վայրկյան չանցած՝ դուրս քաշեցի մի գեղեցիկ կաշվե դրամապանակ։ Մինչև այժմ ինձ հաջողվել էր դուրս քաշել քսակներ, պարզապես ծալված ու գրպանը դրած դրամ, թղթի մեջ փաթաթված փող, բայց ոչ մի անգամ ձեռքս դրամապանակ չէր ընկել։ Ցնծությունից դողալով ես շտապ շուռ եկա հարևան փողոցը, զգուշությամբ քսակը բաց արի և լապտերի լույսի տակ տեսա, որ մեջը մի քանի հատ ծալված բանկային արժեթղթեր կան և մի կույտ ոսկեդրամ։ Դա ինձ այնպես շշմեցրեց, որ մի հինգ վայրկյան մնացի անշարժ կանգնած՝ դրամապանակը բաճկոնիս փեշով ծածկած և չիմանալով, թե հիմա ինչ անեմ։ Հանկարծ մի ձեռք իջավ իմ ուսին։

― Չմտածես փախչել,― ասաց մի մարդ, որ, կարծես, գետնի տակից բուսավ․― իմ ձեռքից փախչել չես կարող։

Ես պատրաստ էի երդվել, որ Չիփսայդից ինձ ոչ ոք չէր հետևել։ Այս անծանոթի երևալը որոտի պես շշմեցրեց ինձ։ Ես թղթապանակը արագ գցեցի ջրհորդանի մեջ և շուռ եկա լիովին համոզված, որ ինձ բռնել է կամ ոստիկանը, կամ թե իմ կողոպտած ջենտլմենը։ Բայց սխալվել էի իմ օձիքից բռնել էր շատ շքեղ հագնված մի պարոն՝ մի մեծ մատանի մատին։ Նա բարձրացրեց իմ ցած նետած թղթապանակը և հանգիստ դրեց գրպանը, կարծես իր սեփականությունը լիներ։

― Ճիշտ են ասում, թե հիմարների բախտը բերում է,― ասաց նա շարունակելով բռնել իմ օձիքը և ինձ իր հետևից քաշելով դեպի մութ փողոցը։

― Լսեցեք, պարոն,― խոսեցի ես ողբագին ձայնով վախից ինքս ինձ կորցրած,― ախր ես այդ գտել եմ։ Միայն թե ինձ պետք էլ չէ, վերցրեք ձեզ, եթե ուզում եք, կամ գուցե դո՞ւք եք կորցրել...

― Գտել ես, իհարկե գտել ես,― քմծիծաղ տալով խոսեց անծանոթը։― Դե մի՞թե վաստակել ես։ Իսկ դու ո՞ւմ համար ես աշխատում,― հանկարծ հարցրեց նա կտրուկ ձայնով, երբ արդեն անցել էինք փողոցի կեսը։

«Սա երևի ինձ որևէ ազնիվ արհեստավորի տեղ է դնում»,― անցավ մտքովս։

― Ես աշխատում եմ,― ասացի բեկբեկուն ձայնով,― մի տուփագործի մոտ, Հուայտ-Չեպելի մոտերքը։

― Ի՛նչ ես ստում,― հանկարծ բարկացած գոռաց անծանոթը։―Ասա իսկույն ճշմարիտը։ Դու Սիմոնդսի՞, թե՞ Թոմ Մարտինսի մոտ ես ապրում։

― Ես ոչ մի Սիմոնդս ու Մարտինս չեմ ճանաչում,― գոչեցի ես մի փոքր սիրտ առած։― Բաց թողեք ինձ, ձեզ վերցնեք դրամապանակը, միայն թե ինձ հանգիստ թողեք։

― Ես քո վիզը կոլորեմ, եթե չպատասխանես,― ահեղ ձայնով ասաց անծանոթը։― Ասա իսկույն, ո՞ւմ համար ես աշխատում։

― Ոչ ոքի. ինքս ինձ համար եմ աշխատում։

Անծանոթը բաճկոնիս օձիքը բաց թողեց և մի քանի րոպե նայեց ուղիղ աչքերիս մեջ։

― Լսիր, տղա,― ասաց նա թեքվելով դեպի ինձ և խոսելով համարյա շշուկով,― մի կարծիր, թե ինձ կարելի է խաբել։ Ասա ճշմարիտը։ Եթե դու տեր ունես, մեծ դժբախտություն չէ։ Եթե չունես, ասա ինձ, և գուցե քեզ օգնություն ցույց տամ։

― Իսկ դուք ոստիկան չե՞ք, գաղտնի ոստիկան,― հարցրի ես։

― Ես՝ ոստիկա՜ն,― գոչեց անծանոթը և բարձր քրքջաց։― Այ դու միամիտ տղա։ Եվ այդպիսի խելքով գողություն ես սկսել։ Դու վաղո՞ւց ես զբաղվում այդ գործով։

― Երկու ամիս է։

― Եվ ոչ մի անգամ չե՞ս բռնվել։

― Ոչ մի անգամ։

― Զարմանալի բախտ է։ Այդպիսի պարզամիտ տղան հենց առաջին անգամը պիտի բռնվեր։ Հարկավոր է քեզ բռի մեջ առնել։ Գնանք ինձ հետ։

Նրա ձայնից երևում էր, որ մտադիր էր ինձ իր բուռն առնել։ Այդ ինձ ամենևին էլ հաճելի չէր թվում։ Նրանից ես պակաս չէի վախենում, քան ոստիկանից։

― Շնորհակալ եմ, սըր,― ասացի ― ես չեմ ուզում, որ ինձ բռի մեջ առնեն։

― Չե՞ս ուզում,― դաժանորեն գոչեց նա։― Ում ի՞նչ գործն է, թե դու ինչ ես ուզում կամ ինչ չես ուզում։ Մինչև այժմ դու տեր չես ունեցել, հիմա կունենաս։ Եկ իմ ետևից, երբ տուն հասնենք, ես քեզ հետ կխոսեմ։

Նա դուրս եկավ Պոուլտրի փողոցը, հետո շուռ եկավ մի նեղ փողոց, ապա երկրորդը, երրորդը, մինչև որ հասանք Քեթ փողոցը։ Նա ինձ չէր բռնել, բայց ես հետևում էի նրան, և նույնիսկ մտքովս չէր անցնում փախչել, այնպիսի սարսափ էր ազդել իր վճռական ու ահավոր վարվեցողությամբ։

Երբ հասանք Քեթ փողոցի կեսը, նա մի դուռ բախեց, և դուռը բաց արեց շքեղ հագնված մի ջահել կին։

― Այսպես վաղ չէի սպասում քեզ, Ջորջ,― ասաց նա փաղաքշաբար համբուրելով անծանոթին։

― Ես մի նոր բնակիչ եմ բերել, Սյուքի,― պատասխանեց նա ցույց տալով ինձ։

Ըստ երևույթին այդ նրան դուր չեկավ։

― Մի՞թե քեզ դեռ չեն ձանձրացրել այդ բնակիչները,― դժգոհ ձայնով ասաց նա։― Երևի սա էլ այն մյուսից շատ չի ապրի մեզ մոտ։

― Իհարկե, եթե փորձի գլխիս որևէ օյին խաղալ։ Իսկ թեյը պատրա՞ստ է։

― Պատրաստ է, եկ։

Մենք մտանք շատ լավ կահավորված մի սենյակ։ Բուխարու մոտի սեղանին դրված էր թեյի սպասքը։ Ջորջն ընկավ բազմոցի վրա և լուռ պառկեց՝ ձեռքերը դնելով գլխի տակ։ Երիտասարդ կինը բերեց լեցուն թեյամանը և մի սկուտեղ ձվածեղ խոզապուխտով սարքած։ Առաջվա պես նա ինձ նայում էր անբարյացակամ։

― Ոտքի տակ մի ընկեք, եթե չեք ուզում, որ ձեզ խաշեն,― բարկացած ասաց նա թեյամանը ձեռքին անցնելով իմ կողքով։

― Դու թեյ խմելո՞ւ ես,― հարցրեց նրան Ջորջը։

― Ոչ, ես արդեն խմել եմ։

― Դե ուրեմն գրողի ծոցը գնա,― կոպիտ ձայնով ասաց նա։

Կինը դուրս եկավ սենյակից՝ բարկացած շրխկացնելով դուռը։

― Իսկ դու,― դիմեց ինձ Ջորջը,― թեյ ուզո՞ւմ ես։

― Ոչ, շնորհակալ եմ, սըր։

― Դե, միևնույն է. ես կխմեմ և կխոսեմ, իսկ դու նստիր և լսիր։ Որտեղացի՞ ես։

Այս հարցն անսպասելի էր ինձ համար։ Ինչպես ասեմ նրան, թե որտեղացի եմ։ Ասեմ՝ Կլերկենուելի՞ց, Բեմբերուելի՞ց, թե՞ Ուենթֆորդի փողոցից։ Ջորջը նկատեց իմ շփոթությունը։

― Թե որ չես ուզում՝ մի ասի,― ասաց նա,― ինձ համար միևնույն է։ Ես միայն ուզում եմ իմանալ, թե իսկական տուն ունե՞ս։ Հայր և մայր ունե՞ս։

― Ես փախել եմ տնից, այլևս այնտեղ չեմ վերադառնա։

― Ինչո՞ւ։

― Որովհետև ինձ ծեծելով կսպանեն։

― Ա, այ թե ինչ։ Դե, հիանալի է։ Կարիք էլ չկա որ գնաս։ Դու այստեղ կապրես։

― Այստե՞ղ։

― Այո։ Ես քեզ վերցնում եմ ինձ մոտ՝ սովորելու։ Քեզ բնակարան կտամ, սնունդ կտամ, իսկ դու պետք է աշխատես ինձ համար։

― Բայց ի՞նչ պիտի անեմ։

― Հենց այն ինչ անում ես երկու ամիս, և ինչի վրա բռնեցի քեզ այսօր։ Չի կարելի ասել, թե շատ վարպետորեն արեցիր, բայց դու ինձ դուր եկար, եթե քեզ մի քիչ սովորեցնեն, քեզանից բան դուրս կգա։ Մինչև այժմ բախտդ բանել Է, բայց միայն բախտի վրա հույս դնել չի կարելի, հարկավոր Է մի քիչ արվեստ ձեռք բերել։ Դու իհարկե ինձ չես ճանաչում, բայց որ ոստիկանին կուզես հարցրու ով Է Ջորջ Հապկինսը, և ամեն մեկն էլ քեզ կասի. «Այ, դա գողերի հայտնի դաստիրակն է, ինչպե՞ս կարելի է չճանաչել նրան»։ Եվ ահա ես ուզում եմ զբաղվել քո դաստիարակությամբ։

― Շնորհակալ եմ, սըր,― ասացի ես՝ զգալով, որ պետք է մի որևէ բան ասեմ,― դուք շատ բարի եք, եթե ուզում եք օգնել ինձ։

― Օգնել քե՞զ։ Ես ուզում եմ քեզ երջանիկ դարձնել։ Հարյուրավոր փողոցային տղաներ կնախանձեին քեզ։ Եթե մնաս ինձ մոտ, մի ամսից հետո ինքդ կամաչես հիշելով, թե այսօրվա գործն ինչ անշնորհք կատարեցիր։― Նա ձեռքով ցույց տվեց իր գրպանը, որտեղ դեռ գտնվում էր իմ գողացած թղթապանակը։

― Անունդ ի՞նչ է։

― Ջիմ Սմիթ..․― Ես վախեցա իմ իսկական անունը ասել և ուզեցի ասել այն, ինչ տվել էին ինձ Մոուլդին և Ռիփսթոնը, բայց հենց առաջին վանկի վրա կանգնեցի։

― Ջիմ Սմիթ,― վրա բերեց իմ նոր տերը։― Հիանալի։ Դե ճիշտն ասա, Ջիմ. չնայած քո բախտին, ամեն անգամ հաջողակ չէիր լինում, այնպես չէ՞։ Մի օր շատ էր լինում, մի օր՝ քիչ։ Միշտ չէ, որ գրպանումդ զնգում էին կեսկրոնանոցները, չէ՞։

― Այո, շիլլինգներ էլ միշտ չէին լինում,― պատասխանեցի ես։― Որտեղի՞ց։ Երբեմն շատ էր լինում, երբեմն էլ ոչինչ ձեռք չէր ընկնում։

― Դե հայտնի բան է։ Ուրեմն լսիր, թե ինչ եմ ուզում դարձնել քեզ։ Ես քեզ կսովորեցնեմ մեր արվեստը, կկերակրեմ քեզ ուզածիդ չափ, կհագցնեմ պարոնի պես, փող կտամ քեզ քո հաճույքների համար։ Այդպես լավ կլինի։

― Պարզ է, նույնիսկ շատ լավ,― պատասխանեցի ես՝ զգալով, թե ինչպես չքանում է իմ զզվանքը միստր Հապկինսի նկատմամբ։― Իսկ այդ ամենի դիմաց ի՞նչ պետք է անեմ ես։

― Դու պետք է բերես ինձ տաս այն ամենը, ինչ որ ձեռքդ կընկնի։

― Լավ, դրան համաձայն եմ,― ասացի ես, հազիվ թաքցնելով իմ գոհունակությունը և վախենալով, թե նա իր միտքը կփոխի։

― Հիանալի։ Դա գործի մի կողմն է։ Բայց ահա և մյուս կողմը. Դու լսեցի՞ր թե քո մասին ինչ ասաց միսիս Հապկինսը, երբ մենք ներս մտանք։

― Որ ես նախորդ բնակչից ավելի երկար չեմ ապրի։

― Այո։ Գիտե՞ս ինչ. այդ նախկին բնակիչը քեզանից մի երկու տարով մեծ և զարմանալի ճարպիկ տղա էր։ Հիմա նա բանտ է ընկել երեք ամսով։ Եվ ի՞նչ ես կարծում, այնտեղ լա՞վ է նրա համար։

― Ինչպե՞ս կարող է լավ լինել բանտում նստելը։ Իսկ ինչի՞ համար է ընկել։

― Որովհետև խաբեբա էր և ուզում էր ինձ խաբել։ Ինձ մոտ երկար չեն ապրում այն տղաները, ովքեր մտածում են խաբել։ Ով որ ինձ հետ ազնվաբար է վարվում, նրա նկատմամբ ես հարազատ հորից էլ բարի եմ։ Եթե այդպիսի տղային մի փորձանք պատահի, ես ոչինչ չեմ խնայի, կազատեմ նրան։ Իսկ եթե մեկը փորձի խաբել, ես նրա կատաղի թշնամին եմ։ Եթե նա ինքը բանտ չընկնի, ինքս կաշխատեմ բանտ խցկել նրան։ Հասկանո՞ւմ ես։

― Ինչպե՜ս չէ։ Այդ ամենը շատ հասկանալի է։

― Դե ուրեմն՝ հիանալի։ Այժմ մենք այլևս ոչինչ չունենք խոսելու։ Եթե ուզում ես, կարող ես գնալ զբոսնելու կամ կարող ես թատրոն գնալ։ Փող ունե՞ս։

― Չորս պեննի ունեմ, սըր։

― Ես ևս մի քիչ մանր դրամ ունեմ։ Ահա քեզ երեք շիլլինգ և վեց պեննի։ Մենք շատ շռայլություն չենք անի, մինչև տեսնենք ինչպես կընթանան մեր գործերը։ Ցտեսություն։ Կգաս ժամը տասնմեկից ոչ ուշ։


Գլուխ 26. Ես հանդիպում եմ հին ընկերոջս

Միստր Հապկինսը իմ հետևից տան դուռը փակեց և ինձ ազատություն տվեց գնալու ուզածս տեղը։ Կյանքումս երբեք ինձ այդպիսի տարօրինակ դրության մեջ չէի զգացել։

Ի՞նչ մարդ էր այդ Հապկինսը։ Նա, իհարկե, կատակ չէր անում, թե չէ ինձ չէր ցույց տա իր այդ բնակարանը, փող չէր տա, անկեղծ չէր լինի հետս։ Նա ինձ կերակրելու է, հագցնելու, իմ բավականության համար փող է տալու, և այդ ամենը ինչի՞ համար։ Նրա համար, որ ես շարունակեմ զբաղվել նրանով, ինչով ահա երկու ամիս արդեն զբաղվում եմ, և այն էլ՝ շատ ավելի հանգիստ, նա խոստացավ անհաջողության դեպքում փրկել ինձ։ Պայմանը, իհարկե, բոլոր կողմերից էլ ձեռնտու էր ինձ համար։ Ես կապրեմ նրա մոտ, քանի դեռ լավ կզգամ, իսկ երբ նկատեմ, որ նա ինձ հետ վատ է վարվում՝ կթողնեմ ու կփախչեմ։ Ի՜նչ զարմանալի հիմար մարդ է այդ միստր Հապկինսը։ Քիչ էր մնում բարձրաձայն հռհռայի փողոցում, մտածելով իմ նոր տիրոջ հիմար, անհաշվենկատ վարմունքի մասին։

Բայց հիմա ո՞ւր գնամ։ Նա ասաց՝ թատրոն։ Շատ լավ. կգնամ Շորդիչի թատրոնը, որտեղ այնքան հաճախ էի լինում իմ սիրելի ընկերների հետ, և ինձ համար տեղ կվերցնեմ օթյակում։ Հիմա ժլատություն անելու կարիք չկա։ Գնեցի մի զույգ նրբերշիկ, հինգ նարինջ, խմեցի մի թաս գարեջուր և ճանապարհ ընկա դեպի թատրոն։

Մուտքի մոտ արդեն ժողովուրդ էր հավաքվել։ Ես գիտեի, որ այդ օրը նոր պիես է բեմադրվում, իմ սիրելի դերասանի բենեֆիսն էր, դրա համար էլ այդքան շատ ժողովուրդ էր հավաքվել։ Ես ընկա բազմության մեջ, ինձ սեղմում ու հրմշտում էին բոլոր կողմերից։ Առանձնապես մի տղա արմունկները գործի էր դրել այնպիսի եռանդով, որ բոլորովին ճզմում էր իմ գրպանի նրբերշիկը։ Ես թեթևակի հրեցի նրան և խնդրեցի չճզմել նրբերշիկները։

― Մեծ բան է քո նրբերշիկը,― պատասխանեց նա։― Ինչո՞ւ տանը չես կերել։

Տղան կանգնած էր իմ առջև և այս խոսքերն ասելիս երեսն իմ կողմը չդարձրեց, բայց ես ձայնից իսկույն ճանաչեցի նրան։

― Ռիփսթոն, մի՞թե դու ես,― գոչեցի ես։

― Սմիթֆիլդ։ Այ քեզ հանդիպում,― գոչեց իմ հին ընկերը։

Ուշադրություն չդարձնելով հարևանների դժգոհությանը՝ նա շուռ եկավ իմ կողմը և ձեռքը մեկնեց ինձ։ Այս շարժումը մեզ ետ մղեց թատրոնի դռնից։ Մեզ այնպես էին ճզմում ու հրմշտում, որ մենք աշխատում էինք շուտ դուրս գալ ամբոխի միջից։ Մուտքի մոտ կախված մեծ լամպի լույսի տակ մենք նայեցինք իրար։

― Այ քեզ զարմանալի հանդիպում,― գոչեց Ռիփսթոնը։ Ուրախությունից նա քիչ մնաց ինձ պիտի խեղդեր իր գրկում։― Իսկ ես կարծում էի, թե դու վաղուց արդեն մեռել ես, այնինչ մեծացել ես կես գլխով և ինչպիսի պճնամոլն ես դարձել։ Երևի քո գործը շատ հաջող Է եղել այն ժամանակից հետո, երբ մենք ապրում էինք Կամարների տակ, հա՞։

Ես ամենևին էլ պճնամոլ չէի, բայց իմ հագուստը կարգին էր։ Իհարկե այդ հագուստը շքեղ կարող էր երևալ նրա համեմատությամբ, որ հագնում էի, երբ հիվանդացա տենդախտով։ Բայց Ռիփսթոնին արդեն ոչ ոք պճնամոլ անվանել չէր կարող, նրա բաճկոնն ու անդրավարտիքը միևնույն կտորից էին և խիստ կեղտոտված։ Նրա դեմքն էլ այնքան մաքուր չէր։ Բայց ինձ առանձնապես զարմացրին նրա ձեռքերը։ Այդ ձեռքերը կեղտոտ էին ամեն անգամվա պես և բացի դրանից ծածկված էին կոշտուկներով, մի բան, որ երբեք չէի տեսել նրա ձեռքերի վրա։ Երբ այդ կոշտուկոտ ձեռքերը փաթաթվեցին իմ շքեղ սև բաճկոնի օձիքի շուրջը, ես մի տեսակ շփոթմունք զգացի։

― Այդ ի՞նչ է, Սմիթ,― հարցրեց Ռիփսթոնը, նկատելով իմ շփոթմունքը։― Մի՞թե ուրախ չես, որ հանդիպեցինք։ Ա՜, հասկանում եմ,― գոչեց նա մի քանի վայրկյան աչքերը հառելով ինձ վրա։ ― Դու, երևի, ազնիվ տղա ես դարձել, Սմիթ, և չես ուզում ծանոթություն տալ ինձ։ Ախր դու չգիտես, ես էլ եմ փոխվել, Սմիթ։

Այս հայտարարությունը ոչ միայն ինձ չհանգստացրեց, այլ, ընդհակառակը, ստիպեց ափսոսալ, որ հանդիպեցի հին ընկերոջը։

― Այսինքն՝ ինչպե՞ս ես փոխվել, ինչո՞վ ես փոխվել, Ռիփսթոն,― հարցրի ես։

― Ախր գիտե՞ս, այդ բոլոր հիմարություններից ես ձեռք եմ քաշել. Ի՜նչ կյանք էր որ. շարունակ թաքնվել անկյուններում, վախենալ ամեն մի պահակից, ամեն մի առևտրական կնոջից։ Ես հանդիպեցի ֆաբրիկայում աշխատող մի տղայի։ Նա ինձ համոզեց և օգնեց, որ ընդունվեմ Բեկկերի ֆաբրիկա, որ Սփիթալֆիլդում է գտնվում։ Իհարկե հեշտ չէ, բայց գոնե թաքնվելու կարիք չկա։ Շաբաթական տասնութ պեննի եմ ստանում։ Եվ ապրում եմ բանվորական հանրակացարանում։ Գլխավորն այն է, որ ընկերներս լավն են։

― Իսկ ինչպե՞ս է Մոուլդին,― հարցրի ես, գաղտնի հույսով, թե գուցե գոնե Մոուլդին դարձած լինի գրպանահատ։

― Մոուլդին մեռավ,― կարճ պատասխանեց Ռիփսթոնը։

― Մեռա՞վ։

― Այո, նա ձմեռը մեռավ։ Շուտ, գնանք ներս, թե չէ վերնասրահում տեղ չենք գտնի։

Ես ասացի, որ օթյակ եմ գնում, և Ռիփսթոնին էլ համոզեցի ինձ հետ գալ, ասելով, որ կարող եմ նրա տեղի համար էլ վճարել, որովհետև իմ գրպանում մեկ շիլլինգից ավելի փող կա։

― Մի տես, ինչ հարուստն է,― ասաց Ռիփսթոնը։― Երևի քո տեղը իմից լավն է։ Դու երևի կտորեղենի խանութում ես ծառայում։

― Այդպես էլ կա, ճիշտ գուշակեցիր,― պատասխանեցի ես ուրախանալով, որ նա ինքը զբաղմունք մտածեց ինձ համար։

― Եվ դու երևի հեշտությամբ ես փող կուտակել, իսկ այսօր մտածել ես քեզ քեֆ անել,― հարցրեց Ռիփսթոնը։

― Դու միշտ էլ ճիշտ ես գուշակում,― ասացի ես՝ խուսափելով ուղղակի պատասխանից։― Բայց գնանք, թե չէ օթյակներում էլ տեղ չենք գտնի։

Մենք շատ հարմար տեղավորվեցինք մի օթյակում, որտեղ բացի մեզանից ընդամենը երեք մարդ կար։ Ես Ռիփսթոնին հյուրասիրեցի նրբերշիկով ու նարինջով, և երբ ուտում էր, հարցրի, թե ի՞նչ պատահեց Մոուլդիին։

― Նրան դժբախտություն պատահեց, նա ընկավ այն մարագի տանիքից, որ գտնվում էր գետի ափին, հիշո՞ւմ ես։

― Հիշում եմ, ինչպես չէ։

― Ա՛յ, հենց այդ մարագի,― շարունակեց Ռիփսթոնը, թեքվելով դեպի ինձ և խոսելով համարյա թե շշուկով։― Այն էլ հիշում ես, որ երբ դու տենդախտով հիվանդացար, մեր գործերը վատ էին։ Քեզանից հետո գործերն ավելի վատացան։ Այն ֆուրգոնը, որի մեջ մենք գիշերները քնում էինք, դադարեց գալ Կամարների տակ, իսկ մյուսների մեջ մեզ չէին վերցնում։ Բոլորը վախենում էին, թե մենք քեզանից տենդախտով վարակված կլինենք։ Ստիպված եղանք քնել ցեխոտ մերկ քարերի վրա։ Փողոցում նույնպես մեր գործը չէր հաջողվում։ Մանրավաճառները և առևտըականները մեզ վռնդում էին, ոստիկանները հետևում, ոչ մի աշխատանք չկար, իսկ առաջվա պես մի որևէ բան թռցնելու մասին մի էլ մտածիր։ Դրան ավելացավ վատ եղանակը, այն էլ այնպես վատ, որ ուղղակի անտանելի։ էլ չգիտեմ, թե մենք ինչպես ապրեցինք երկու ամիս, մինչև Ծննդյան տոները։ Տոնի առթիվ, պարզ է, որ ամեն ոք մի որևէ լավ բան է սպասում, իսկ մենք ոչինչ չունեինք սպասելու։ Մոուլդին բոլորովին վհատվել էր։ Ոտքերն ու ձեռքերը ցրտահարվեցին, նստել ու տնքում էր, ուղղակի անտանելի էր։ Մեզ մոտ Կամարների տակ Ծնունդն ուրախ են տոնում։ Ամեն մեկը մի քիչ փող է տալիս, դրանով բան-ման են առնում, կրակ են վառում, որևէ տաք բան են խմում և երգեր երգում։ Անցյալ տարի մենք էլ մասնակցեցինք այդ ընդհանուր ծախսին, բայց այս տարի ոչինչ չկարողացանք տալ։ Դրա համար էլ սոված-ծարավ նստել էինք մի մութ անկյունում, իսկ ուրիշները ուտում-խմում, քեֆ էին անում։ Մոուլդին բոլորովին կատաղեց։ Նա, հո գիտես, միշտ էլ սիրում էր ուտել, իսկ այժմ ուրիշի տապակած մսի հոտն էր առնում, իսկ ինքը առավոտվանից մի փշրունք չէր դրել բերանը։ «Սպասիր, Ռիփ,― ասաց,― մեր փողոցում էլ տոն կլինի։ Բավական է, այլևս տանջվել չեմ ուզում։ Եթե բախտը ինքը ձեռքս չի ընկնում, ես ինքս կբռնեմ նրան»։ Ես կարծեցի, թե հենց այնպես է ասում, բարկությունից։ Մտքովս էլ չանցավ, թե նա որևէ լուրջ բան կլինի մտածած։ Պառկեցի և այլևս նրան հարցուփորձ չարի։ Բայց մյուս առավոտյան արթնանում եմ, տեսնեմ՝ Մոուլդին չկա։ Ես զարմացա, նա երբեք առանց ինձ ասելու չէր հեռանում։ Սկսեցի հարցնել բոլոր ծանոթներին։ Ոչ ոք նրան չէր տեսել։ Գնացի շուկա, այնտեղ էլ չկար Մոուլդին։ Տուն վերադարձա ժամը տասին։ Նոր էի իջնում սանդուղքից. մեկ էլ մի տղա հարցնում է ինձ։ «Հը, ինչպե՞ս է, տեսա՞ր նրան։ Իրեն ինչպե՞ս է զգում»։ Արյունս պաղեց։ «Ո՞ւմ մասին ես հարցնում»,― ասում եմ։ «Դե քո ընկերոջ՝ Մոուլդիի մասին,― ասում է։― Ախր նա հիվանդանոցում է։ Մի՞թե չգիտես։ Նա բարձրացել է գետափի մարագի կտուրը, սկսել է ջրհորդանով ցած իջնել, բայց ընկել է, ոտքը և կողերը կոտրված են։ Հազիվ թե մինչև վաղը ապրի»։

Ռիփսթոնն այնպես էր հափշտակվել իր պատմությամբ, որ չնկատեց, թե ինչպես վարագույրը բարձրացավ և ներկայացումն սկսվեց։ Ասենք, այդ ներկայացումը բալետ էր, որի նկատմամբ սեր չուներ իմ ընկերը։ Արցունքները սրբելով՝ նա շարունակեց իր պատմությունը։

― Ես, իհարկե, իսկույն գնացի հիվանդանոց, դռնապանին ասացի, որ Մոուլդիի եղբայրն եմ, նա ինձ ներս թողեց և ասաց, որ հարցնեմ քույր Մելիի հիվանդասրահը։ Ես հարցրի։ Դուրս եկավ քույր Մելին։ «Դուք,― ասում է,― Ռիփսթոնը չե՞ք արդյոք։ Մոուլդին շարունակ ձեզ էր կանչում։ Խեղճ տղան երկար չի ապրի այս աշխարհում»։ Նա ինձ առաջնորդեց այն սենյակը, որտեղ պառկած էր Մոուլդին։ Տեսնեմ՝ նրան լողացրել մաքրել և մաքուր շորեր են հագցրել։ Նա պառկած էր այնպես գունատ իսկ կապույտ աչքերն այնպես էին խոշորացել։ Հենց որ ինձ տեսավ ձեռքը մեկնեց. «Որքան ուրախ եմ, Ռիփ,― ասաց,― որ դու եկար։ Ես կարծում էի կմեռնեմ և քեզ չեմ տեսնի»։ Իսկ ես ոչինչ չէի կարողանում ասել նրան, Սմիթ, կարծես կոկորդումս մի բան էր նստել և չէր թողնում որ բառերը դուրս գան։ Իսկ Մոուլդին դեռ բռնել էր իմ ձեռքը։ Հանկարծ նա ամուր սեղմեց ձեռքս, նայեց ինձ, գլխով արեց ու մեռավ։

Արցունքն ընդհատեց Ռիփսթոնի խոսքը։ Ես որպես մխիթարություն նրա ձեռքը խցկեցի մի մեծ նարինջ. Նա մի փոքր կծեց, կատաղաբար ծծեց և ապա շարունակեց.

― Երբ Մոուլդին մեռավ, նրա մահն ինձ այնպես վշտացրեց, որ բոլորովին ուրիշ մարդ դարձա։ Որոշեցի, որ անպայման պետք է փոխեմ իմ կյանքը, միայն չգիտեի, թե ինչպես անեմ այդ, ինչ գործի կպչեմ։ Մեկ էլ տեսնեմ հարևան մահճակալի վրա էլ մի տղա է նստած։ Խալաթ կար հագին։ Բայց երևում էր, որ արդեն կազդուրվում է. այնպես ուրախ էր։ «Դու,― ասում է,― ախպերս, ի՞նչ ես գլուխդ կախել։ Ճարդ ինչ. մենք բոլորս այնտեղ ենք գնալու»։ Նախ կարծես նեղացա այդ խոսքից, բայց հետո տեսա, որ ոչինչ, չարությունից չի ասում այդ։ Եվ սկսեցինք խոսել։ Նա պատմեց, որ ծառայում է ֆաբրիկայում, այնտեղ սայլակը տրորել է նրա ոտքը, բայց ոչինչ, այս անգամ էժան է պրծել, ոտքը լավացել է։ Այդ տղան դուր եկավ ինձ։ Մենք մտերմացանք։ Իսկ ես բոլորովին չէի ուզում մենակ վերադառնալ Կամարների տակ։ Ես նրան ամեն ինչ պատմեցի։ Եվ նա ինձ ասաց. «Դու բանտից ազատվել չես կարող։ Ավելի լավ է մեզ մոտ գաս։ Ես գլուխ կբերեմ այդ»։ Եվ իսկապես էլ գլուխ բերեց։ Ահա իմ ամբողջ պատմությունը։ Մի անգամ անցիր մեզ մոտ, տես թե ինչպես ենք ապրում։ Շատ շքեղ չէ իհարկե, միայն թե տղաները լավն են։ Դե, հիմա դու պատմիր քո մասին։ Ինչպես երևում է՝ քո բախտն ավելի հաջողակ է եղել։ Հիմա ես նույնիսկ մոռացել եմ, որ առաջ գող եմ եղել։ Իսկ դո՞ւ։

Ես չկարողացա պատասխանել նրա հարցին և միայն գլխով արի որպես համաձայնության նշան։

― Քեզ համար երևի ավելի հեշտ էր,― ասաց նա,― դու ավելի քիչ պետք է փոխվեիր, քան ես ու Մոուլդին. որ դու դեռ գողության չէիր վարժվել։ Հիշում եմ, թե ինձ և Մոուլդիի համար որքան ծիծաղելի էր լինում քեզ նայելը, երբ դու սկսում էիր գողանալ։ Դու երբեք իսկական գող չես եղել, Սմիթ, դու համարձակություն էլ քիչ ունեիր։ Ես կարծում եմ, որ եթե ես ու Մոուլդին չլինեինք, դու երբեք գողություն անել չէիր սովորի։

― Գուցե,― ասացի ես։

― Կարծում եմ հիմա քեզ համար հաճելի է հիշել, որ դու այնպիսի գող չես եղել, ինչպես ես ու Մոուլդին։

― Այո, իհարկե հաճելի է։ Նայիր Ռիփ, տես ինչ հիանալի պար է։

― Այո, գեղեցիկ պար է։ Իսկ ես, Սմիթ, շարունակ մտածում եմ, ինչ լավ է, որ մենք հանդիպեցինք, երբ երկուսս էլ փոխվել ենք։ Մենք այնքան էլ ուրախ չէինք լինի, եթե փոխված լիներ մեզանից միայն մեկը։ Ի՞նչ կլիներ, եթե ես ապրելիս լինեի առաջվա պես, իսկ դու արդեն դարձած լինեիր ազնիվ տղա։ Երևի չէիր ուզենա խոսել ինձ հետ։ Կամ եթե դու խոսեիր, ես քեզ ի՞նչ պիտի պատասխանեի։ Կարծում եմ՝ քեզանից կթաքցնեի, թե դեռ գող եմ մնացել։ Կամ թե ճշմարտությունը քեզ կասեի և կսկսեի քեզ ծաղրել, որ դու այդպես պճնամոլն ես, այդպես պատկառելի տեսքով։

Կյանքումս երբեք Ռիփսթոնին չէի տեսել այսքան զրուցասեր և անկեղծ։ Նրա յուրաքանչյուր բառը կարծես մի դանակ էր, որ խրվում էր իմ սիրտը։ Վերջին ժամանակներս իմ խիղճը թմրել էր, բայց այժմ Ռիփսթոնը նորից արթնացրեց։ Իմ ծանոթությունը նրա և Մոուլդիի հետ բոլորովին ուրիշ էր, դա ամենից ավելի հեշտությամբ կարող էր դառնալ բարեկամություն։ Մոուլդիի մահվան լուրը իհարկե ինձ հուզեց։ Բայց գլխավորն այն էր, որ իմ հին բարեկամ Ռիփը, այն Ռիփը, որին ես շատ ավելի էի սիրում քան Մոուլդիին, դարձել էր ազնիվ, սկսել էր խոսել որպես ազնիվ տղա։ Առանց հասկանալու, թե ինչ է անում՝ նա բորբոքում էր իմ վերքը, և ես զգում էի այնպիսի ամոթ, այնպիսի զղջում, որ պատրաստ էի գետնի տակն անցնել։ Միևնույն ժամանակ վախենում էի, թե Ռիփսթոնը կնկատի իմ շփոթությունը, և այդ ավելի էր սաստկացնում իմ տանջանքը։ Եվ իմ վախը իզուր չէր։ Պատկերացնելով, թե մենք ինչպես կհանդիպեինք, եթե ինքը մնացած լիներ գող, իսկ ես դարձած լինեի ազնիվ տղա, իմ հին ընկերը ուրախ ծիծաղեց։ Իմ կողը հրելով նա քրքջալով հարցրեց, թե միթե ինձ համար ծիծաղելի չէ։ Ես չէի կարող ինձ ստիպել ոչ միայն ծիծաղել, այլև ժպտալ։ Նայում էի ուղիղ դեպի առաջ, հոնքերս կիտած և շրթունքներս սեղմած։ Հանկարծ Ռիփսթոնը ծիծաղի կեսին դադարեց։

― Ի՞նչ է պատահել, Սմիթ,― հարցրեց նա՝ ձեռքս բռնելով։― Դու կարծես լավ չես զգում։ Դու հո ծառայում ես խանութում, չէ՞։

Այդ րոպեին վարագույրը բարձրացավ, և սկսվեց մի նոր պիեսի ներկայացումը, այնպես որ ես կարող էի Ռիփի հարցը թողնել անպատասխան։ Իմ շփոթությունը թաքցնելու համար սկսեցի ծափահարել և հասարակության հետ «բրավո» գոռալ։

Պիեսը չափազանց հետաքրքիր էր և հուզիչ։ Այնտեղ պատկերված էր մի դժբախտ մարդու ամբողջ կյանքը։ Առաջին գործողության մեջ նա դեռ մի փոքրիկ մանուկ էր, և մայրը նրան գրկած էր պահում։ Նրա հայրը, որ մի չար, զզվելի հարբեցող էր, իր կնոջից փող էր պահանջում և երբ կինն ասում էր, թե փող չունի, ամուսինը ծեծում էր Նրան։

― Ձեր տանն էլ, Սմիթ, այսպե՞ս Է եղել,― առաջին գործողությունից հետո ինձ դիմեց Ռիփսթոնը,― հիշո՞ւմ ես, դու պատմում էիր, թե ինչպես հայրդ ծեծում էր քո մորը։

― Հիշում եմ,― պատասխանեցի ես և իսկույն միտքս եկավ իմ խեղճ մայրը։

― Իսկ ինչ լավ է մայր ունենալը, Սմիթ,― շարունակեց Ռիփսթոնը։-Կարծում եմ հիմա, որ փոխվել ես, շատ ես ցավում, որ իսկական մայր չունես։ Ինձ համար այնքան լավ էր, երբ վերադարձա տատիկիս մոտ։ Նա ինձ այնպես ամուր սեղմեց իր գրկում, որ ես մտածում էի՝ հիմա կխեղդի։ Եվ ինքն էլ ուրախությունից քիչ մնաց մեռներ։ Ա՜խ, ինչ էի զգում ես այն ժամանակ, Սմիթ։

Իմ աչքերը արցունքով լցվեցին, ուզեցի ամեն ինչ խոստովանել Ռիփին։ Միայն ամոթը զսպեց ինձ։ Այդ րոպեին ես ամբողջ հոգով արհամարհում էի Հապկինսին և նրա մոտ վերադառնալու ամենափոքր ցանկություն էլ չունեի։

Երկրորդ գործողության մեջ Ֆրենկը, այդ էր երեխայի անունը, արդեն մեծ տղա էր դարձել։ Նրա մայրը մեռնում Է, նա մորը թաղելու փող չունի և գողություն է անում, որպեսզի նրա համար դագաղ գնի։ Նրան ձերբակալում են և բանտ տանում։

Երրորդ գործողության մեջ նրան արդեն արձակել են բանտից, քեֆ է անում գողերի ու ավազակների հետ։ Նա իր խմած գարեջրի համար վճարելու փող չունի, ուստի նորից գողություն է անում։ Նրան բանտ են նստեցնում և ձեռքերն ու ոտքերը շղթայում։

Չորրորդ գործողությունում նա մյուս աքսորականների հետ աշխատում է աքսորավայրում։

Հինգերորդ գործողության մեջ նրա պատժի ժամանակամիջոցը լրացել է, և աշխատանք է որոնում, որպեսզի ազնիվ աշխատանքով ապրի։ Բայց գործ չի գտնում, հանդիպում է իր ծանոթ աքսորականներից մեկին, որը նրան դրդում է վատ գործի։

Վեցերորդ գործողության մեջ նա աքսորականների հետ մտնում է մի գրասենյակ, պահակին սպանում է և բոլոր փողերը վերցնում։ Ոստիկանությունը նրան հենց գողության պահին էլ բռնում է։ Աքսորականը փախչում է, իսկ Ֆրենկին նորից բանտ են նստեցնում։

Յոթերորդ գործողության մեջ Ֆրենկը շղթայակապ նստած է բանտում։ Նա զղջում է իր վատ արարքների համար և սոսկալի տանջվում։ Հանկարծ երազում տեսնում է մորը. Նա մխիթարում և սիրտ է տալիս որդուն։ Ֆրենկը լաց է լինում և մահապատժի է գնում հանգիստ, առանց հուսահատության։ Այդ ժամանակ բացվում է մի թուղթ, որի վրա խոշոր տառերով գրված է. «Մոր սերը անսահման է»։


Գլուխ 27. Փոխվելու իմ մտադրությունն արագորեն չքանում է

Պիեսը բուռն, որոտալից ծափահարություններ առաջացրեց։ Ինձ վրա այնքան շատ ազդեց, որ ես չէի համարձակվում Ռիփսթոնին նայել, որպեսզի նա չտեսնի իմ արցունքները։

― Ի՜նչ հիանալի պիես է, չէ՞, Սմիթ,― ասաց նա, երբ ամբոխի մեջ խցկված շարժվում էինք դեպի թատրոնի դուռը։― Այդ պիեսում որքան լավ է ցույց տրված, որ մարդ ամենևին էլ միանգամից, մի գեղեցիկ օր չի դառնում սրիկա։ Ո՛չ, կյանքը նրան աստիճանաբար է սրիկա դարձնում, օրըստօրե, քիչ-քիչ... «Մոր սերը անսահման է»։ Ես կարծում եմ, այդ նշանակում է, որ մայրը միշտ ներում է։ Հարկավոր է միայն մտածել նրա մասին, և միանգամից մարդ թեթևանում է, ինքդ էլ ավելի լավն ես դառնում։

― Այո, կարծում եմ։

― Խորթ մայրերի մասին այնտեղ ոչինչ չի ասված, Սմիթ։ Կարծում եմ՝ դու չէիր հանգստանա, եթե երազումդ տեսած լինեիր խորթ մորդ։

Ես աշխատեցի ծիծաղել, որպես նրա այդ խոսքերի պատասխան, բայց հոգուս խորքում ծիծաղի տեղ չկար։

― Ի՞նչ է պատահել քեզ։ Ինչու ես լալիս, Սմիթ,― հանկարծ գոչեց Ռիփը։

Այդ րոպեին մենք դուրս էինք եկել փողոց։

― Դե լավ, վերջ տուր,― մխիթարում էր ինձ ընկերս։― Դու չպետք է այսպիսի զգայացունց պիեսներ դիտես, եթե այդքան թույլ նյարդեր ունես։ Այդ ի՞նչ է, թաշկինակ չունե՞ս։ Առ իմը։

Եվ նա ինձ տվեց մի կեղտոտ լաթի կտոր։

― Ա՛խ, Ռիփ։

― Դե լավ, վերջ տուր։ Երևի առողջ չես։ Հանգստացիր, տես, արդեն ժամը տասն է, տուն գնալու ժամանակն է։ Ես բավական հեռու եմ գնալու։ Իսկ դու որտե՞ղ ես ապրում, ժամը քանիսի՞ն պետք է վերադառնաս։ Որտե՞ղ է քո տիրոջ խանութը։

Վերջին հարցը նա տվեց անհանգիստ ձայնով, կարծես նրա մեջ նորից կասկած էր ծագել։

― Ես խանութում չեմ ապրում,― խոսեցի ես բեկբեկուն ձայնով, թեքվելով դեպի նրա ականջը․― ես ոչ մի տեր չունեմ։

― Տեր չունե՞ս։ Հապա ինչո՞վ ես ապրում։ Որտե՞ղ ես աշխատում դու։

― Ոչ մի տեղ։ Հո չի՞ կարելի աշխատանք անվանել մեր նախկին գործը։

― Մեր նախկին գործը,― զարմանքով գոչեց Ռիփը։― Մի՞թե դու իսկապես չես փոխվել, Սմիթ։ Ոչ, չի կարող պատահել։

― Այո, ես փոխվել եմ,― հեկեկալով պատասխանեցի ես։― Միայն թե ավելի վատն եմ դարձել, այ, ինչպես պիեսում։

Ռիփսթոնը մի րոպե կանգ առավ՝ տարակուսանքով նայելով ինձ։ Հետո թափ տվեց գլուխը, նա միշտ այդպես էր անում, երբ մի որևէ բան էր որոշում։

― Դու դրա համա՞ր ես լալիս, Սմիթ,― հարցրեց նա։

― Այո, դրա համար։

― Նշանակում է, դու ուզում ես փոխվել։

― Իհարկե, շատ եմ ուզում։ Ես ուրախ կլինեի այժմ ազնիվ տղա դառնալ, միայն չգիտեմ, թե ի՞նչ անեմ։ Այ, եթե դու ինձ օգնեիր...

― Ես ինչպե՞ս կարող եմ քեզ օգնել։

― Չգիտեմ։ Ա՛յ, եթե ես էլ այնտեղ ընդունվեի, որտեղ դու ես...

― Ես հենց դրա մասին էի մտածում,― տաքացած վրա բերեց Ռիփսթոնը։― Կփորձեմ, կխոսեմ վարպետի հետ։ Գնանք շուտ, թե չէ մեր դարբասը կփակեն։

Ես հաստատորեն որոշեցի հետևել Ռիփսթոնի խորհրդին, և մենք արագ-արագ քայլեցինք փողոցով։ Բայց հազիվ էինք մի քանի քայլ արել, երբ մեր դիմաց դուրս եկավ Ջորջ Հապկինսը։ Նա կանգնած էր լապտերի սյանը հենված։ Երբ ես անցնում էի նրա մոտով, նա ձեռքը դրեց իմ ուսին, կարծես, լիակատար բարեսրտությամբ։ Բայց ես զգացի, որ ամուր է բռնել ինձ։

― Ա՜, այ թե որտե՜ղ ես դու,― ասաց նա փաղաքշական կշտամբանքի ձայնով։― Ի՛նչ վատ, անհնազանդ տղա ես դու։ Ամոթ չէ՞ այդպիսի վատ տեղեր գնալ, երբ գիտես, որ քո բարի մորաքույրը չի կարող այդպիսի բան տանել։ Մի՞թե դու երբեք ձեռք չես քաշելու ծանոթություններից։ Իսկ դու, այ տղա,― դիմեց նա Ռիփսթոնին,― եթե մի անգամ էլ փորձես սրան վատ ճանապարհով տանել, ես քեզ ոստիկանատուն քարշ կտամ։ Կորի՛ր։

Հապկինսի անակնկալ հայտնվելն ինձ այնպես էր շշմեցրել, որ մի բառ ասել չկարողացա։ Ռիփսթոնը նրա շքեղ հագուստից և հրամայական տոնից զարմացած՝ մերթ ինձ էր նայում, մերթ նրան՝ աչքերը չռած։

― Դե որ ինձ հետ գալ չես ուզում, Սմիթ,― խոսեց նա վերջապես,― ուրեմն մնաս բարով։

― Բարի ճանապարհ, Ռիփ։ Գուցե մենք շուտով տեսնվենք։

Նա առաջ գնաց, և ես տեսա, որ մի քանի անգամ շուռ եկավ ու ինձ նայեց միևնույն զարմացած հայացքով։

― Այդ ի՞նչ սրիկայի հետ տեսա քեզ,― հարցրեց Ջորջը՝ ձեռքը չվերցնելով իմ ուսից և ինձ քաշելով դեպի Քեթ փողոցը։

― Նա սրիկա չէ, ազնիվ տղա է,― պատասխանեցի ես։

― Իսկ եթե ազնիվ տղա է, ի՞նչ գործ ունի քեզ պես գողի հետ,― քմծիծաղ տալով ասաց միստր Հապկինսը։― Եվ դու ինչո՞ւ պետք է զբաղվես ազնիվ տղաներով։ Դու պետք է հիշես քո գործը և չմոռանաս, որ աշխատում ես ինձ համար։

Ես այնպես շփոթված էի, որ չիմացա ինչ պատասխանեմ։ Նա ձեռքը վերցրեց իմ ուսից, ես կարող էի փախչել և հասնել Ռիփսթոնին։ Այդ միտքը անցավ իմ գլխով, բայց ուժ չունեցա կատարելու։ Ջորջ Հապկինսն անբացատրելի վախ էր ազդել ինձ վրա, ես ոչ մի քայլ նրանից ետ մնալ չէի համարձակվում։

― Իսկ ինչի՞ մասին էիր խոսում այդ ազնիվ տղայի հետ, երբ ես ձեզ հանդիպեցի,― հարցրեց նա։

― Նախկին կյանքի մասին,― պատասխանեցի ես։

― Նախկին կյանքի։ Երբ դու ազնիվ տղա էիր։

― Ո՛չ, երբ նա էլ ազնիվ չէր։

― Ա՜, ուրեմն նա միշտ ազնիվ չի եղել, Ջիմ։ Ի՞նչ էր անում նա։

Ես զգում էի, որ վատ եմ վարվում իմ հին բարեկամին մատնելով, բայց չհամարձակվեցի հակառակվել իմ տիրոջը։

― Ես ու նա գողություն էինք անում Քովնթգարդենի շուկայում,― պատասխանեցի ես,― և միասին ապրում էինք Կամարների տակ։

― Ա՜յ թե ինչ։ Իսկ այժմ որտե՞ղ է ապրում։ Ի՞նչ է անում։

― Աշխատում է։

― Աշխատում է։ Տանջվում է մի ինչ-որ կեղտոտ, ծանր աշխատանքի մեջ, խե՜ղճ երեխա։ Եվ որքա՞ն է վաստակում։

― Շաբաթական տասնութ պեննի։

― Եվ դրա համար ամբողջ շաբաթը պետք է աշխատի ձիու պես, երկուշաբթի առավոտվանից մինչև շաբաթ օրվա երեկոն քարշ գա ցեխի մեջ։ Գիտե՞ս տարեկան որքան կստանա նա։ Երեք ֆունտ տասնութ շիլլինգ։

― Ի՞նչ կա որ. դա քիչ չէ։

― Քիչ չէ ամբողջ տարվա աշխատանքի համա՞ր։ Իսկ գիտե՞ս, թե որքան փող կար այսօրվա քո հանած թղթապանակի մեջ։ Քսանյոթ ֆունտ։ Այն, ինչ որ կվաստակի յոթ տարում։ Ի՞նչ կասեր նա, եթե իմանար, որ դու մեկ րոպեում, առանց ձեռքերդ կեղտոտելու, կարող ես վաստակել այնքան, որքան ինքը՝ յոթ տարում։ Ես կարծում եմ՝ նա շատ դժբախտ կհամարեր իր կյանքը։

― Գուցե կասեր, ավելի լավ է քիչ ստանալ, բայց... բայց առանց վտանգի,― անհամարձակ ասացի ես։

― Դե իհարկե, խաղողը լավ բան է, բայց խակ է։ Լսե՞լ ես այս առակը, Ջիմ։ Այսպես է ասել մի աղվես, երբ չի կարողացել հասնել հյութալի խաղողի ողկույզին։ Ես չեմ ուզում, որ դու քիթդ ցցես, Ջիմ, բայց պետք է հասկանաս, որ առանց տաղանդի չի կարելի անել այն, ինչ դու արիր այսօր։ Իսկ այն խեղճ տղան երևի ճարպկություն չունի, հենց դրա համար էլ ուզում է խրատել ուրիշներին։ Նա քեզ խրատում էր, չէ՞։

― Չգիտեմ ինչպես ասեմ։ Նա ինձ պատմում էր, թե ինքն ինչպես է փոխվել, և նման բաներ։

― Դե հա, և թե ինչպես ինքը հիմա լավ է ապրում, ինչպես իր համար սարսափելի է իր նախկին կյանքը հիշելը։ Պարզ բան է։ Իսկ դու ի՞նչ էիր ասում։

― Ինչի՞ մասին։

― Իմ մասին։

― Ոչինչ։

― Ի՞նչ։

Այդ ժամանակ մենք հասել էինք քաղաքի ամայի, սակավամարդ վայրը։ Վերջին բացականչության հետ միստր Հապկինսը շուռ եկավ դեպի ինձ և նայեց այնպիսի հայացքով, կարծես զարմանում էր, որ ես համարձակվում եմ ժխտել իրեն շատ լավ հայտնի մի բան։ Եթե ես իսկապես որևէ բան ասած լինեի նրա մասին, նրա հայացքին դիմանալ չէի կարող։ Բայց այժմ համարձակ նայեցի նրա աչքերին և կրկնեցի.

― Ես ձեր մասին ոչ մի խոսք չեմ ասել։

Հանկարծ նա քրքջաց։

― Այդ էր պակաս,― գոչեց նա,― այդ էր պակաս, որ դու մտածեիր թատրոնում առաջին իսկ պատահած տղային պատմել իմ մասին։ Շատ հիանալի բան կլիներ։

Եվ նա շարունակեց ծիծաղել, կարծես իր ասածների մեջ որևէ ծիծաղելի բան կար։

― Ահա թե ես քեզ ինչ կասեմ այն տղայի մասին,― մի քանի րոպեից հետո խոսեց Հապկինսը։― Նա պարզապես հիմար է, ուրիշ ոչինչ։ Իհարկե, դրա համար նա մեղավոր չէ, բայց հիմար է. կասկած չկա։ Նա փորձել է իսկական պարոնի կյանք վարել, շատ փող ունենալ և ոչինչ չանել։ Բայց դա իր ընդունակություններից վեր է եղել, և ահա սկսել է եզան պես աշխատել օրական երեք պեննիով։ Բայց երևակայիր, եթե նա հիմար չլիներ, եթե ընդունակ, տաղանդավոր տղա լիներ, ինչպես դու, մի՞թե կհամաձայներ այդպիսի կյանքի։ Ո՛չ մի դեպքում։ Եվ ո՞ւմ է ուզում զարմացնել, որ աշխատում է առավոտվանից մինչև գիշեր։ Ո՞վ կգովի դրա համար։ Ոչ ոք։ Ընդհակառակն, ամեն ոք կասի. «Տես, այ տղա, հիշիր, որ դու պետք է բախտավոր լինես, եթե մենք քեզ չենք վռնդում։ Հենց որ մի բան փոքր-ինչ վատ կատարեցիր, քեզ դուրս կգցենք որպես վերջին անասուն»։ Դե, արդեն տուն հասանք։

Այս ասելով՝ նա բաց արեց իր տան դուռը։ Մենք մտանք սենյակ, որտեղ մեզ արդեն հիանալի ընթրիք էր սպասում։ Սեղանին դրված էր մի սկուտեղ՝ վրան մսով պատրաստված տաք-տաք պուդինգ, մյուս սկուտեղում փխրուն կարտոֆիլ էր դրված, ապա երկու փայլփլուն բաժակ և մի մեծ փարչ գարեջուր։

Միստր Հապկինսն ինձ հրավիրեց նստել իր կողքին և ամենասիրալիր կերպով իմ ափսեի մեջ էր դնում համեղ ուտելիքները։ Ռիփսթոնի թշվառ կյանքի մասին իմ տիրոջ արած դատողություններից հետո այդ հիանալի ընթրիքը խիստ թուլացրեց ուղղվելու մտադրությունս։ Իհարկե, խեղճ Ռիփն անտաղանդ տղա է (ես չէի հասկանում, թե ինչ է նշանակում այդ բառը, բայց դա ինձ շատ էր դուր եկել) և կարող է ամբողջ կյանքն անցկացնել ածխով լի սայլակներ քարշ տալով։ Իսկ իմ բանն ուրիշ է։ Ախր նա չգիտե իմ ընդունակությունները։ Նա չգիտե, որ ամբողջ, երկու ամիս ես ինքնագլուխ ապրել եմ գրպանահատությամբ։ Նա չգիտե, թե որքան հեշտ բան է դա և որքան փող կարելի է ձեռք գցել այդ գործով։ Եվ իսկապես, ինչո՞ւ Ռիփի նման կեղտոտ ու աղքատ դառնալ, եթե դրա համար ոչ ոք շնորհակալություն չի հայտնի։

― Ջիմ,― խոսեց միստր Հապկինսը,― ի՞նչ ես կարծում, հիմա ի՞նչ է ուտում քո «ազնիվ» ծանոթը։ Խեղճը գնել է մի կտոր հաց ու բորբոսնած պանիր և պրծավ։ Ճիշտ չէ՞։

― Կարծում եմ, որ այդպես կլինի,― գլխով արի ես։

― Կուտի և կպառկի քնելու թախտի վրա մի որևէ անկյունում, նեղվածք ու կեղտոտ մի տեղ։ Ճիշտ չէ՞։

― Դե իհարկե,― ծիծաղեցի ես միստր Հապկինսի հետ։

― Դու հիանալի ննջարան ունես,― նորից խոսեց նա մի րոպե լռելուց հետո։― Այնտեղ պահարանում կգտնես վերնաշապիկ և սպիտակեղեն։ Այնտեղ շատ լավ շոր էլ է կախված, միայն թե չգիտեմ, քեզ հարմար կլինի՞։ Իսկ ժամացույց ունե՞ս։

― Ե՞ս, ժամացո՞ւյց։ Ես կյանքումս երբեք չեմ էլ երազել այդպիսի պերճանքի մասին։

― Հիմա կբերեմ։ Իմ տղաները միշտ էլ ժամացույց են ունեցել։

Նա սենյակից դուրս եկավ և մի րոպե անց վերադարձավ՝ ձեռքին բռնած մի հիանալի արծաթե ժամացույց՝ արծաթե երկար շղթայով, ինքն էլ ժամացույցն ամրացրեց իմ բաճկոնակին և շատ սիրալիր կերպով սովորեցրեց, թե ինչպես պետք է լարել։ Իմ բաճկոնակի վրա ճոճվող փայլուն շղթան տեսնելով՝ իմ և անբախտ Ռիփի միջև այնպիսի տարբերություն զգացի, որ նրա մասին մտածում էի միայն խղճահարությամբ։

Ընթրիքից հետո միստր Հապկինսը մի բաժակ գրոգ խմեց, սիգար ծխեց և հանգիստ նստելով բազմոցի վրա խնդրեց, որ պատմեմ, թե ի՞նչ տեսա թատրոնում։ Ես սիրով համաձայնեցի և սկսեցի մանրամասնորեն պատմել ինձ այնքան խիստ հուզած պիեսի բովանդակությունը։ Նրա վրա պիեսը բոլորովին այն տպավորությունը չգործեց, ինչ իմ և Ռիփի վրա։ Նա շուտ-շուտ ընդհատում էր իմ պատմությունը մի որևէ ծիծաղաշարժ դիտողությունով և ապացուցում, որ բոլոր գործող անձինք հիմարներ են և որ կյանքում երբեք այդպիսի հիմարություններ չեն լինում։ Վերջ ի վերջո ես էլ խիստ ամաչեցի, որ այդպիսի հիմարություն այնքան հուզել է ինձ։ Որպեսզի միստր Հապկինսը գլխի չընկնի, թե ինչ էի զգում թատրոնում, ես համաձայնում էի նրա բոլոր դիտողություններին և իրենից էլ բարձր էի ծիծաղում։ Մենք բոլորովին մտերմացանք։

Վերջապես միստր Ջորջը Նայեց ժամացույցին։

― Օհո՜, շատ նստեցինք,― գոչեց նա։―Արդեն ժամը 12-ն է։ Քնելու ժամանակն է, Ջիմ։ Վերցրու մոմը, ոչինչ, որ ես մթնում կմնամ։ Քո սենյակը վերևն է, աջ կողմը։ Երբ հանվես, ինձ կանչիր, մոմը կտանեմ։

Ես ուրախ ձայնով բարի գիշեր մաղթեցի նրան։ Տուն վերադառնալուց հետո իմ կարծիքը նրա մասին շատ էր լավացել։ Նա տեսնում էր, որ ես պատրաստ եմ ջանասիրաբար ծառայելու իրեն։ Մոմը վերցնելով՝ ես գնացի իմ սենյակը։ Նա ինձ նախազգուշացրել էր, որ լավ ննջարան եմ ունենալու, բայց այդպիսի փառահեղություն ես չէի սպասում։ Ձյունափառ սպիտակեղեն փռված մահճակալի վերևը կախված էին գեղեցիկ չթե վարագույրներ, լուսամուտներին՝ սպիտակ վարագույրներ, կոմոդի վրա դրված էր մի հայելի, իսկ հատակին փռված էր փափուկ, գույնզգույն գորգ։ Լվացարանի մոտ կախված էր մի մաքուր, սպիտակ սրբիչ։ Ես համարձակորեն գլուխս կոխեցի սենյակը, բայց տեսնելով նրա շքեղությունը՝ իսկույն ետ քաշվեցի, որպեսզի ստուգեմ, թե արդյոք ճի՞շտ եմ եկել, աջ կողմը չկա՞ արդյոք մի ուրիշ սենյակ։ Ոչ, ուրիշ ոչ մի սենյակ չկար, իսկապես դա իմ ննջարանն էր։ Ես կոշիկներս հանեցի, որպեսզի սքանչելի գորգը չկեղտոտեմ և վախվխելով մոտեցա անկողնուն։ Ես շատ էի ուզում մի լավ դիտել այդ սքանչելի սենյակում եղած բոլոր իրերը, բայց հիշեցի, որ միստր Հապկինսը նստած է մթության մեջ, ուստի շտապեցի հանվել ու պառկել։

― Ես պատրաստ եմ,― գոչեցի։― Նեղություն քաշեք մոմը վերցնել։

Ոչ ոք չպատասխանեց։ Այդ ժամանակ անկողնից վեր կացա և դուռը բաց արի, ցանկանալով ավելի բարձր կանչել, երբ հանկարծ լսեցի միստր Հապկինսի և այն երիտասարդ կնոջ ձայնը, որ մեր առաջ բաց էր արել դուռը։ Երևում էր, որ նրանք կռվում էին։

― Ի՛նչ է, ես քե՞զ պիտի հարցնեմ, թե երբ գնամ և երբ վերադառնամ։ Լավ բան ես հնարել։ Քեզ ասում եմ՝ գործով եմ գնում։

― Երեկ էլ, անցյալ օրն էլ դու գործի էիր գնում, Ջորջ։ Դու խաբում ես։ Ես գիտեմ, թե ինչ ես անում։ Ես կհետևեմ քեզ։

― Դե որ խաբում եմ, ինչո՞ւ ես հարցնում, գնում եմ, պրծավ գնաց։

Ձայները լռեցին։

― Նեղություն քաշեք մոմը վերցնել,― ձայն տվի ես։

Մի րոպե անց Ջորջը մտավ իմ սենյակը, մոմը վերցրեց ու լուռ դուրս գնաց։ Դրանից հետո ես լսեցի, թե ինչպես փակվեց փողոցի դուռը։

Միստր Հապկինսի և իր կնոջ կռիվը բոլորովին չանհանգստացրեց ինձ։ Նա ինչ-որ տեղ էր գնում, կինը չէր թողնում, ինձ ինչ։ Հանգիստ պառկեցի իմ հիանալի մահճակալում և արդեն պատրաստվում էի քնել, երբ հանկարծ լսեցի, որ իմ դուռը թրխկացրին։

― Ո՞վ է,― հարցրի ես։

― Հագնվի՛ր և ցած արի, տղա, քեզ բան ունեմ ասելու։

Ես ճանաչեցի միսիս Հապկինսի ձայնը։ Նա դուռը կիսաբաց արեց, վառած մոմը դրեց հատակին և առանց մի բառ ասելու հեռացավ։


Գլուխ 28. Միսիս Հապկինսն անախորժ բաներ է պատմում ինձ

Ես չհամարձակվեցի չկատարել միսիս Հապկինսի հրամանը։ Եթե նրա ամուսինը իմ տերն էր, ապա նա էլ իմ տիրուհին էր։ Արագ վեր թռա անկողնից և սկսեցի հագնվել։

― Կոշիկներդ մի հագիր,― ձայն տվեց նա սանդուղքի վրայից,― թող վերևը մնան։

Այս նոր պատվերը մասամբ հանգստացրեց ինձ։ Ես հիշում էի, թե նա ինչպիսի դժկամությամբ ընդունեց ինձ, և վախենում էի, թե այժմ, քանի որ Ջորջը տանը չէ, պարզապես ինձ փողոց կգցի, բայց այդ դեպքում, իհարկե, չէր պատվիրի կոշիկները թողնել։ Ցած իջնելով՝ տեսա, որ նա հյուրասենյակում նստած է մենակ, ու նրա աչքերը արցունքից կարմրել և ուռել են։

― Ներս արի,― անհամբեր գոչեց նա, տեսնելով որ ես անվճռականությամբ կանգ առա շեմքում։― Ներս մտիր և դուռը ծածկիր։

Ես ներս մտա, թեև իմ վախն ու տարակուսանքը շարունակ աճում էին։

― Մոտ եկ, մոմը դիր սեղանին և մոտեցիր, որ մի լավ նայեմ քեզ։ Չէ՞ որ ես համարյա չեմ տեսել քեզ։

Չգիտեմ, թե նա ինչ էր մտածում իմ մասին, բայց երբ իր կարմրած ու լացած աչքերով ուշի-ուշով դիտում էր ինձ, թվում էր, թե նա պարզապես հարբած պետք է լինի։

― Նստիր,― ասաց նա, կարծես գոհանալով իր տեսածից,― և ասա, ի՞նչ տղա ես դու։

― Այսինքն՝ ինչպե՞ս թե ինչ տղա եմ,― զարմացած հարցրի ես։

― Դու բոլորովին փչացած երեխա՞ ես, մինչև ուղն ու ծուծը փչացա՞ծ ես, ինչպես այն փոքրիկ սրիկաները, որոնք ապրել են մեզ մոտ։

Նա ակնապիշ նայում էր ինձ, և ես զգում էի, որ կարմրում եմ։ Ի՞նչ պատասխանեի։ Իհարկե, եթե լավ տղա լինեի, միստր Հապկինսը ինձ իր մոտ չէր վերցնի։

― Ես չգիտեմ, թե ի՞նչ Է նշանակում բոլորովին փչացած տղա,― ասացի ես։― Կարծում եմ, որ ես բոլորովին փչացած չեմ։ Ավելի լավ Է դուք միստր Հապկինսին հարցրեք, թե ես ինչպիսին եմ։

― Վաղո՞ւց է, որ գող ես։

― Մի քանի շաբաթ։

― Միայն շաբա՞թ։ Իսկ հաճա՞խ ես բանտ նստել։

― Ոչ մի անգամ։

― Ոչ մի անգա՞մ։ Մայր ունե՞ս։

― Ունեի, մեռավ, երբ ես դեռ փոքրիկ էի։

― Իսկ հա՞յր։

― Չգիտեմ, գուցե նա էլ է մեռել։ Ինձ համար միևնույն է։

― Նա երևի գող է։ Համարյա միշտ բանտ է նստում, չէ՞։

― Իմ հայրը բա՞նտ նստի։ Այդ ո՞վ հնարեց։ Նա լավ դաս կտար նրան, ումից որ այդպիսի խոսքեր լսեր։ Իմ հայրը ազնիվ մարդ է։― Զայրույթն ինձ համարձակություն տվեց նայելու ուղիղ նրա աչքերին։ Նա ժպտաց։

― Իսկ ինչո՞ւ ես դու գող դարձել,― հարցրեց նա։― Ինչպե՞ս ծանոթացար Ջորջի հետ։ Նա քեզ դո՞ւր է գալիս։

― Այո, շատ,― շտապեցի պատասխանել ես։― Նա շատ լավ մարդ է։

― Նա լա՜վ մարդ Է,― գոչեց միսիս Հապկինսը չարախնդությամբ։― Քեզ ասեմ, թե ով Է նա։ Նա սարդ է, որ աննկատելիորեն քեզ կքաշի իր ոստայնի մեջ և կծծի քո ամբողջ արյունը։

-Կծծի իմ արյո՞ւնը։― Այն բուռն տոնը, որով խոսում Էր միսիս Հապկինսը, վախեցրեց ինձ։

― Ամեն մեկի արյունը, ով որ նրա ճանկն ընկնի։ Նա իսկական վամպիր է։ Ի՞նչ ես կարծում, նա քեզ ինչո՞ւ է իր մոտ վերցրել։

Եթե նա չգիտեր, թե ինչու, ապա երևի Ջորջ Հապկինսը կբարկանար ինձ վրա, երբ ես նրան ասեի։ Իսկ եթե գիտեր, ուրեմն պատասխանելու կարիք չկար։ Ես հասկանում էի, որ նա իր ամուսնու հետ կռված լինելով՝ ուզում Է ինձ նրա դեմ հանել։ Բայց հիշելով, թե սովորաբար իրեն ինչպես էր պահում միսիս Բերկը, ես խիստ զգույշ էի դարձել, եթե իմ տիրոջ մասին որևէ վատ բան ասեմ, նա հենց վաղն էլ նրա հետ հաշտվելուց հետո ամեն ինչ կպատմի։ Բացի դրանից, համոզվելով, որ նա հարբած չէ, սկսեցի ավելի վախենալ նրանից։ Այս ամենը ինձ ստիպեց քաշվել դեպի դուռը, մտածելով առաջին իսկ հարմար առիթին վազել վերև և փակվել իմ ննջարանում։

― Մենք իրար հետ հարմարվել ենք,― ասացի ես հնարավորին չափ հաշտ տոնով։― Ես ամեն ինչից գոհ եմ։ Եթե մի որևէ բան վատ լինի, դրա մասին կարելի է խոսել վաղը առավոտյան։

Նա մի քանի վայրկյան ինձ նայեց կարեկից հայացքով, որն ինձ ավելի շփոթեցրեց, քան նրա զայրույթը։

― Լավ է, եթե դու այդ ասում ես չիմանալով,― խոսեց նա։― Դու գոհ ես։ Գոհ ես, որ պիտի բանտ նստես մի քանի ամիս, գուցե և մի քանի տարի։ Գոհ ես, որ ամբողջ կյանքումդ կրելու ես մի անուն, որը խայտառակություն է լինելու և քեզ համար, և քո բոլոր մերձավորների համար։ Ասենք թե դու ոչ հայր ունես, ոչ մայր, բայց մի՞թե չկա մեկը, որ երբևէ բարի է եղել քո նկատմամբ և որի մասին դու մտածելու ես, երբ քեզ բանտ նստեցնեն գողության համար։

Այո, իհարկե այդպիսի մարդ կար։ Ես հիշեցի միսիս Ուինքշիփին, հիշեցի այն գիշերը, երբ նա և Մարթան ապաստան տվին ինձ, կերակրեցին, հագցրին և գուրգուրում էին ինձ, հիշեցի, թե ինչպես նա ուզում էր ինձ ազնիվ տղա դարձնել, և զգացի, որ ինձ համար շատ ու շատ ծանր կլիներ, եթե նա իմանար, որ ես գողության համար բանտ եմ նստել։ Բայց ինչո՞ւ պիտի վախենամ դրանից։ Չէ՞ որ Ջորջ Հապկինսը խոստացել Է ինձ փրկել ամեն փորձանքից։

― Ես բանտ չեմ ընկնի,― ասացի ես։― Արդեն երկու ամսից ավելի է, ինչ զբաղվում եմ այս գործով և ոչ մի անգամ չեմ բռնվել։ Իսկ այն ժամանակ դեռ ինձ ոչ ոք էլ չէր օգնում։

― Իսկ հիմա դու օգնող գտել ես,― գոչեց միսիս Հապկինսը։― Նա քեզ կօգնի, որ ավելի երկար նստես բանտում։ Նա միշտ Է այդպես անում։ Հազար անգամ ինձ ասել Է. «Ես երբեք թարմ ձեռքերով աշխատել չեմ սկսում, մինչև չազատվեմ հներից։ Ամեն մի տղա ինձ մոտ կծառայի այնքան, քանի դեռ ոստիկանությանը հայտնի չի լինի, քանի դեռ նրան չեն հետևի»։ Հիմա հասկանո՞ւմ ես ինձ։

Դժվար չէր հասկանալը։

― Բայց միստր Հապկինսը ինձ այդպես չէր ասում,― նկատեցի ես։― Նա խոստացել է, որ փող չի խնայի ինձ փորձանքից փրկելու համար։

― Խոստացե՜լ է։ Մի՞թե կարելի Է հավատալ այդ խաբեբայի, այդ չարագործի խոստումներին։ Լսիր, տղա։ Ես քեզ շատ բան պատմեցի։ Դու կարող ես հենց վաղը մատնել ինձ, և նա ինձ ծեծելով կիսամեռ կանի, ինչպես արդեն շատ անգամ արել է։ Ինձ համար միևնույն է, արդեն ձանձրացել եմ այս կյանքից։

Նա ընկավ աթոռին, գլուխը դրեց սեղանին և լաց եղավ այնպես դառնորեն, որ իմ աչքերն էլ լցվեցին արցունքով։

― Խնդրում եմ, մի վախեցեք,― ասացի ես՝ մոտենալով նրան։― Ես նրան ոչինչ չեմ ասի։ Ես չեմ վնասի մի մարդու, որն իմ բարին է ցանկանում։

― Ես եմ քո բարին ցանկանում,― ասաց նա՝ սեղանից բարձրացնելով իր արտասվաթոր դեմքը։― Այն ամենը, որ քեզ ասացի, ճշմարտություն է, իսկական ճշմարտություն։

― Հավատում եմ ձեզ, միայն ինձ խորհուրդ տվեք, թե ի՞նչ անեմ ես։

― Գնա, պառկիր քո անկողնում և ինքդ մտածիր։ Գող լինելու համար դու շատ փոքրիկ ես։ Գնա և մտածիր, թե ո՞ւր կգնաս, երբ փախչես այստեղից։

― Իսկ եթե փախչեմ, նա կհետապնդի՞ ինձ, ի՞նչ եք կարծում։

― Գտիր այնպիսի տեղ, ուր նա չի համարձակվի հետապնդել քեզ։ Գնա, պառկիր և մտածիր դրա մասին։ Դե, ցտեսություն։

Ես վերադարձա իմ սենյակը խոր մտքի մեջ ընկած։ Հեշտ էր նրա համար ասել՝ «պառկիր և մտածիր»։ Ինչպե՞ս կարող էի մտածել, երբ այդ օրվա բոլոր արտասովոր դեպքերից հետո իմ գլխում մնացել էր միայն մի տեսակ քաոս։ Ինձ համար պարզ էր միայն մեկ բան. միսիս Հապկինսն ինձ ճշմարտությունն ասաց։ Նրա ամուսինը սրիկա է, և եթե ես նրա մոտ մնամ, ինձ սպասում է ամենաթշվառ վիճակ։ Ես պետք է փախչեմ, բայց ո՞ւր։ Որտե՞ղ նա չի համարձակվի հետապնդել ինձ։ Այդ ի՞նչ տեղ է։ Այդ հարցը ես լուծել չկարողացա։ «Ավելի լավ է հիմա քնեմ,― ինքս ինձ ասացի ես,― իսկ վաղը միսիս Հապկինսի հետ կխոսեմ դրա մասին։ Երևի նա ինձ մի որևէ խորհուրդ կտա»։

Միստր Հապկինսի նախորդ օրվա նվիրած հիանալի ժամացույցը ցույց էր տալիս ժամը ութը, երբ ես արթնացա հաջորդ առավոտյան։ Ես չէի իմացել, թե միստր Հապկինսն ինչպես էր տուն վերադարձել, բայց այժմ լսեցի նրա կոշիկների ճռճռոցը սանդուղքի վրա. նշանակում է նա տանն էր։ Ես սպասում էի, թե նա ինձ կկանչի, բայց առանց մի խոսք ասելու անցավ իմ սենյակի մոտով, և մի քանի րոպե հետո լսեցի, որ նա տնից դուրս է գնում։ Ես պառկել էի անկողնում և մտածում էի, թե ի՞նչ պիտի անեմ, երբ վեր կենամ, մեկ էլ հանկարծ փողոցի դուռը բացվեց, և ես սանդուղքի վրա երկու տղամարդու ոտնաձայներ լսեցի։ Քիչ անց Ջորջ Հապկինսը մտավ իմ սենյակը։

― Դե, Ջիմ,― ասաց նա,― ինչպես երևում է, այսօր դու պետք է և՛ խոհարար լինես, և՛ ծառա, և ամեն ինչ. տիկինը հիվանդացել է։

― Ծա՞նր է հիվանդ, սը՛ր,― հարցրի ես հիշելով նրա դեմքի նախորդ օրվա տարօրինակ արտահայտությունը։

― Այնքան ծանր, որ հիմա ես գնացել էի բժիշկ հրավիրելու։ Բժիշկն ասում է, թե տիֆ է սկսվում։

Պարզվեց, որ միսիս Հապկինսի հիվանդությունը կատակ բան չէր և շարունակվեց երեք շաբաթ։ Այդ ամբողջ ժամանակամիջոցում ես ոչ մի անգամ նրան չտեսա։ Միստր Հապկինսը վարձել էր մի պառավ կին, որը խնամում էր տիկնոջը, ուտելիք էր պատրաստում և տնային գործեր կատարում, իսկ ես ջանասիրությամբ օգնում էի նրան։ Ուրիշ գործ չունեի։ Տերս իր խոստումը չէր կատարում և չէր մտածում ինձ սովորեցնել մեր արհեստի բոլոր նրբությունները։ Նա տիֆով վարակվելուց այնպես էր վախենում, որ համարյա երբեք տանը չէր մնում։ Նա ճաշում էր սեղանատանը ինձ հետ նստելով բաց լուսամուտի մոտ և շարունակ հոտ քաշելով մոտը դրած սպիրտի սրվակից։ Հետո դուրս էր գնում և մինչև ուշ գիշեր տուն չէր վերադառնում։ Քնում էր միևնույն սեղանատանը, բազմոցի վրա։

Իմ դրությունը շատ լավ էր։ Ինձ կերակրում էին լավ։ Տերս միշտ ինձ մի շիլլինգ էր տալիս, երբ խնդրում էի, և թույլ էր տալիս երեկոյան ժամը վեցից մինչև տասը զբոսնել որտեղ որ ցանկանամ։ Նա ոչ միայն ինձ վատ բան չէր սովորեցնում, այլ, ընդհակառակն, ամեն առավոտ տանից դուրս գնալիս ինձ ասում էր, «խնդրեմ դու գործի չանցնես և ոչ մի վատ տեղ չգնաս։ Եթե ձանձրանում ես, գնա թատրոն կամ համերգ։ Եթե քեզ փող է հարկավոր, վերցրու ինձանից, բայց ինքդ ձեռք չբերես»։ Այսպիսով թեև միսիս Հապկինսի տված խորհուրդը չէի մոռանում, բայց գտնում էի, որ այժմ փախչելը մեծ հիմարություն կլինի։ Բացի դրանից, թեպետ ես իմ հիվանդ տիրուհուն չէի տեսնում, բայց հաճախ նա ինձ մանր հանձնարարություններ էր անում։ Ես նրան փոքրիկ ծառայություններ էի մատուցում, և ինձ թվում էր, որ իմ կողմից շատ անազնիվ բան կլինի, եթե ես նրան լքեմ իր հիվանդ ժամանակ։

Երեք շաբաթ հետո միսիս Հապկինսը դուրս եկավ իր սենյակից։ Նա խիստ նիհարել էի և գունատվել, նրա երկար մազերը կարճ խուզված էին, իսկ գլխին կար կանացի թասակ։ Դա այնքան էր այլանդակել նրան, որ ես հազիվ ճանաչեցի։ Միստր Հապկինսը, որ արդեն երկու շաբաթ չէր տեսել իր կնոջը, նույնպես զարմացած էր նրա դեմքի փոփոխությունից։

― Այդ ի՜նչ այլանդակն ես դարձել,― ասաց նա։― Ես լինեի քո տեղը այդպիսի կերպարանքով սենյակից դուրս չէի գա։

― Ես կուզենայի տասնապատիկ ավելի այլանդակ լինել քեզ ճաքեցնելու համար,― թշնամական տոնով պատասխանեց կինը։

Ակներև էր, որ միսիս Հապկինսի հիվանդությունը չէր հաշտեցրել իմ տերերին։

Հետևյալ օրը տուն վերադառնալով ես շատ զարմացա, տեսնելով, որ միսիս Հապկինսը նստած է սեղանատանը միստր Հապկինսի և էլի երկու մարդու հետ։ Նրանք ինչ-որ բանի մասին ուրախ զրուցում էին ծիծաղում և թվում էր, որ միանգամայն համերաշխ են։ Ի դեպ, ըստ երևույթին նրանք խոսում էին կարևոր գործի մասին, որովհետև երբ ներս մտա, միստր Հապկինսն ինձ ցույց տվեց իր բարեկամներին։ Նրանք ինձ ոտքից-գլուխ դիտեցին, որից հետո ինձ հրամայվեց կամ գնալ քնելու, կամ թե գնալ էլի զբոսնելու։ Ես ընտրեցի առաջինը։

Չգիտեմ, թե որքան էի քնել, մեկ էլ ինձ արթնացրեց մեկի ձեռքի շփումը իմ ուսին և միսիս Հապկինսի ձայնը։

― Քնած չե՞ս, Ջիմ։

― Ոչ, քնած չեմ։

― Դու մտածե՞լ ես, այն մասին, ինչ-որ մենք խոսեցինք իմ հիվանդության նախօրյակի գիշերը։

― Այո, դրա մասին ես շատ ու շատ եմ մտածել։

― Եվ ի՞նչ։ Որոշե՞լ ես հետևել իմ խորհրդին։

― Այո, իհարկե, միայն թե չգիտեմ, թե ո՞ւր փախչեմ։

Դու պետք է շուտ որոշես։ Եթե վաղը չգնաս, ամբողջ կյանքումդ կզղջաս։ Դու այսօր սեղանատանը տեսար իմ ամուսնու երկու բարեկամներին՝ Թուիներին և Ջոն Արմիտեջին։ Նրանք միասին մի վատ գործի են գնալու և քեզ էլ օգնական են վերցնելու։

― Այդ ի՞նչ գործ է.

― Կողոպուտ։ Սը՜սս... այլևս ոչինչ մի հարցնի։ Այդ արվելու է վաղը կամ մյուս օրը՝ գիշերով... ֆուլգերում, Պրեսկոր փողոց 12, ծերունի միստր Ջենեթի մոտ։ Լսիր ինձ։ Վաղը առավոտյան, հենց որ վեր կենաս, գնա այնտեղ։ Նա չի համարձակվի քեզ հետապնդել, և ամեն ինչ պատմիր։ Միայն թե իմ մասին ոչինչ մի ասի։ Հասկանո՞ւմ ես։

― Հասկանում եմ, մի անհանգստացեք, խնդրում եմ,― պատասխանեցի ես։

― Ես չեմ էլ անհանգստանում, գիտեմ, որ դու բարի տղա ես և չես ուզի բարիքը չարիքով վարձատրել։ Ցտեսություն, ես պետք է ցած իջնեմ, հիմա նրանք կվերադառնան։― Նա իր տաք ձեռքով թփթփացրեց իմ այտին և դուրս գնաց։

Վերջապես պետք է սկսվեր իմ ծառայությունը միստր Հապկինսի մոտ։ Միայն տարօրինակ բան էր, որ նա ինձ օգնական էր վերցնում կողոպուտի պես մի կարևոր գործում, առանց նախապես սովորեցնելու, ինչպես խոստացել էր։ Ինձ էլ ավելի զարմանալի Էր թվում միսիս Հապկինսի վարմունքը։ Եթե միայն նա ուզում Էր, որ ես փախչեմ ու վատ գործին չմասնակցեմ, ինչու հայտնեց իր ամուսնու գործակիցների անունը և այն տան տեղը, որը նրանք պատրաստվում էին կողոպտել։ Ես անկողնում շուռումուռ էի գալիս՝ շարունակ մտածելով միևնույն բանի մասին, բայց իմ հիմար գլուխը չէր կարողանում լուծել այդ հարցերը։ Վերջապես որոշեցի հետևյալ առավոտը, հենց որ վեր կենամ, վազեմ Սփիթալֆիլդ, այնտեղ գտնեմ Ռիփսթոնին, ամեն ինչ պատմեմ նրան և մի խորհուրդ հարցնեմ։ Սկզբում ուզում էի խորհուրդ ստանալու համար դիմել միսիս Ուինքշիփին, բայց հիշելով, որ նրա տան մոտ կարող էի հորս հանդիպել, և որ միսիս Ուինքշիփը գուցե ինձ վրա բարկանա Բելչերին դավաճանելու համար, այդ մտադրությունից հրաժարվեցի։


Գլուխ 29. Ես դավաճանում եմ ջորջ Հապկինսին։ Վարագույրն ընկնում է

Հետևյալ առավոտյան նախաճաշից հետո Ջորջ Հապկինսն ինձ ասաց.

― Այսօր դու շատ ման չգաս, որպեսզի գիշերվա կողմը շատ հոգնած չլինես։ Ինձ պետք ես գալու։

― Ինչո՞ւ,― հարցրի ես ամենամիամիտ տեսքով։

― Իսկ քո ի՞նչ գործն է։ Կիմանաս, երբ հարկավոր կլինի։

Քիչ ժամանակ անց՝ նա ինձ կանչեց բակի մյուս ծայրում գտնվող փոքրիկ լվացքատունը։ Այնտեղ կար ապակիով մի փոքրիկ լուսամուտ, որ բացվում էր դեպի խոհանոց։

― Հապա, մի փորձիր, կարո՞ղ ես այսպիսի անցքի միջով ներս խցկվել,― ասաց նա։

Ես դժվարությամբ ուսերս անցկացրի փոքրիկ լուսամուտով և ցատկեցի խոհանոց։

― Իսկ չե՞ս կարող մի քիչ ավելի աղմկել,― հարցրեց նա ծիծաղելով։

Ես անցա մեկ անգամ ևս՝ աշխատելով իջնել որքան կարելի է անձայն։

― Ա՛յ, հիմա ավելի լավ էր,― ասաց նա։― Փորձիր մեկ անգամ ևս. կանգնիր մատներիդ ծայրերի վրա։

Ես նորից ու նորից անցա, ընդամենը մի քսան անգամ։

― Դե, հիմա արդեն լավ է,― ասաց Ջորջը։― Ինչպիսի՞ կոշիկներ ունես դու, Ջի՛մ։

― Ամուր կոշիկներ են, սըր, հաստ ներբաններով։

― Դա բանի պետք չէ։ Դու պետք է գնես մի զույգ նուրբ կոշիկներ, որ կարողանաս հեշտությամբ հանել ու հագնել։ Գնա և իսկույն գնիր։ Բիշոփ փողոցում կոշկավաճառի խանութ կա։

Նա ինձ տվեց տասը շիլլինգ, և ես գնացի։ Ես պետք էի անցնեի սեղանատան մոտով։ Միսիս Հապկինսն ինձ տեսավ։ Նա ինձ գլխով արեց ու շշնջաց.

«Ժամանակն է, ժամանակն է, փախիր։ Հետո ուշ կլինի»։

Որպես պատասխան՝ ես գլխով արի։

Պարզ էր, որ երեկ նա ինձ չէր խաբել։ Միստր Հապկինսն ինձ չբացատրեց, թե ինչ գործի համար էի ես իրեն հարկավոր, բայց հասկացա, որ պետք է լուսամուտով մի ինչ-որ տեղ մտնեմ և այդպիսով կողոպուտի մասնակցեմ, իսկ կողոպուտի համար, ինչպես լսել էի, աքսորում են տաժանակիր աշխատանքի։ Նշանակում է ես կորած եմ, եթե չփախչեմ որքան կարելի է շուտ։ Այլևս առանց երկար մտածելու շտապեցի դեպի Սփիթալֆիլդ։

Ես չգիտեի, թե որտեղ է գտնվում այն ֆաբրիկան, որտեղ Ռիփսթոնն էր աշխատում։ Երևի, եթե հարցնեմ Բեկկերի պողպատաձուլական ֆաբրիկան, ինձ ցույց կտան։ Այժմ հենց ժամը տասներկուսին մոտ էր։ Նշանակում է շուտով բանվորներին կարձակեն ճաշելու։ Ես դարբասի մոտ կսպասեմ և Ռիփի հետ կխոսեմ։

Իսկապես, ֆաբրիկան ինձ իսկույն ցույց տվին։ Դարբասի մոտ կային շատ կանայք՝ կապոցները ձեռքներին։ Նրանք երևի ճաշ էին բերել այն բանվորների համար, որոնք ճաշում են ֆաբրիկայում։

«Իսկ եթե Ռիփսթոնին էլ դուրս չթողնե՞ն,― մտածեցի ես։― Այդ դեպքում ի՞նչ պիտի անեմ»։

Բայց հենց այդ ժամանակ զանգը հնչեց, և միանգամից բակ լցվեց բանվորների մեծ բազմություն։ Բոլորը գալիս էին դեպի դարբասը։ Ոմանք կապոցներ էին վերցնում իրենց կանանցից, ոմանց էլ պահակը փողոց էր թողնում։

Հանկարծ դռնակը լայն բացվեց, և այնտեղից դուրս թափվեց տղաների մի մեծ խումբ։ Նրանց մեջ ես իսկույն ճանաչեցի Ռիփսթոնին։ Առաջին րոպեին նա ինձ չնկատեց, բայց հենց որ կանչեցի, իսկույն ուրախ-ուրախ գոչեց.

― Ա՜, Սմիթ, սիրելիս։ Ա՛յ թե լավ ես արել, որ եկել ես։ Չարլի՛, այն տղան է, որի մասին քեզ ասում էի,― դիմեց նա իր ընկերոջը։― Դե, Սմիթ, գնանք միասին ճաշարան, այնտեղ կզրուցենք։ Մենք մեկուկես ժամ ազատ ենք։

Ես այնքան էլ չէի ուզում կողմնակի տղայի ներկայությամբ խոսել, բայց ճար չկար։ Ուզեցի Ռիփին աչքով անել, բայց նա ոչինչ չհասկացավ։ Հետո մտածեցի. «Միևնույն է, նա երևի ոչինչ չի թաքցնում իր ընկերոջից։ Ես Հապկինսի անունը չեմ տա»։

Մենք գնացինք սեղանատուն և նստեցինք անկյունում, մի հեռավոր սեղանի շուրջը։ Ռիփսթոնը և իր ընկերը գնացին վաճառասեղանի մոտ, գրպաններից ինչ-որ տոմսեր հանեցին և մի-մի ափսե ճաշ ու մի-մի կտոր հաց ստացան։ ես ասացի, որ քաղցած չեմ։

Մինչ նրանք ուտում էին, ես ցածրաձայն պատմում էի, թե ինչ է ասել ինձ իմ տիրոջ կինը, և ինչ է պատրաստվում այս գիշեր։

― Այ թե սրիկան է դա՜,― գոչեց Ռիփսթոնը, երբ ես վերջացրի։― Նրան կախելն էլ քիչ է։ Տես, թե ինքն ինչ բաներ է սարքում և ուրիշներին էլ խաբում։ էլ ի՞նչ մտածելու բան կա։ Գնա և ոստիկանությանը պատմիր։

― Ոչ, լավ չի լինի, Ռիփ,― միջամտեց Չարլին, որ մինչև այդ լուռ լսում էր ինձ։― Ոստիկանությանը խառնել պետք չէ։ Երևում է, որ դու նոր ես բանվոր դարձել։ Իսկական բանվորը երբեք ոստիկանության հետ չի կապվի։

― Ուրեմն, քո ասելով, թողնենք որ նա կողոպտի ու սպաս,,.

― Ոչ, բայց կարելի է առանց ոստիկանության էլ գլուխ բերել։ Դու հո գիտե՞ս այն մարդու հասցեն, որին նա կողոպտել է ուզում,― դիմեց ինձ Չարլին։

― Գիտեմ,― պատասխանեցի ես։

― Դե ուրեմն, հիանալի է։ Իսկույն գնա նրա մոտ և նախազգուշացրու։ Նա քեզանից շնորհակալ կլինի։ Իսկ եթե նրան օգնություն հարկավոր լինի, ես նրա համար այնպիսի կտրիճներ կբերեմ, որ ամեն տեսակ ավազակի հետ հաշիվ կտեսնեն։

Ես նայեցի Ռիփսթոնին։

― է՛, ինչ կա՞ որ, Սմիթ,― ասաց նա փոքր-ինչ շփոթված։― Ճիշտ էլ ասում է. գուցե այդպես ավելի լավ կլինի։ Մի վախենա։ Եթե ինքդ գնաս, նա չի մտածի, թե դու էլ նրանց նման ես։

― Դու, ավելի լավ է, շատ մի ձգձգի,― ավելացրեց Չարլին համոզիչ տոնով։― Գործը լուրջ է։ Հարկավոր է մանրամասն պատրաստվելու ժամանակ տալ։

Ես վեր կացա։ Դիտեի, որ հարկավոր է գնալ, բայց խիստ վախենում էի։

― Ի՞նչ է, Սմիթ,― ծիծաղեց Ռիփսթոնը։― Երևի վախենում ես, հա՞։ Չարլի,― դարձավ իր ընկերոջը,― դու էլ գնայիր նրա հետ։ Մենք դեռ մի ժամ ժամանակ ունենք։ Թե չէ՝ մենակ վախենում է։

― Է՜, ինչ կա՞ որ, կարելի է,― ասաց նա սիրով։ Ըստ երևույթին նրա համար հաճելի էր, որ իր օգնությանն են դիմում որպես մեծ մարդու։

Ես Ռիփսթոնին հրաժեշտ տվի, և մենք արագ ուղղվեցինք դեպի ֆուլգետ։ Դա շատ էլ հեռու չէր։ Նույն թաղամասում էր, որտեղ ֆաբրիկան էր գտնվում։ Միայն թե Պրեսկոր փողոցը շատ ավելի մաքուր էր;

Ավելի վստահ լինելու համար մենք հարևան խանութում հարցրինք, և մեզ ասացին, որ, իրոք, միստր Ջենեթը միայնակ ապրում է 12 տանը։ Նա ծովային է և վաղուց արդեն բնակություն է հաստատել այդտեղ։

№ 12-ը առանձնատուն էր և գտնվում էր մի փոքրիկ պարտեզի խորքում։

Դռնակը փակ չէր։ Երբ մենք մուտքի զանգը քաշեցինք, դուռը բաց արեց մի բարձրահասակ երիտասարդ։

― Միստր Ջենեթը տա՞նն է,― համարձակ հարցրեց Չարլին։

― Հայրս տանն է,― պատասխանեց նա։― Դուք ի՞նչ գործով եք եկել։ Նա չէ՞ որ այլևս չի նավարկում։

Երևի նա կարծեց, թե մենք եկել ենք նրա նավում վարձվելու։

― Մեզ հարկավոր է մի կարևոր գործով տեսնել միստր Ջենեթին,― ասաց Չարլին վստահ ձայնով։

Երիտասարդը մեզ վրա մի զարմացական հայացք գցեց, բայց ոչինչ չասաց և տուն մտավ։

― Ասում էին մենակ է ապրում, այնինչ տես, ինչպիսի տղա ունի,― նկատեց Չարլին։

Ես խոսելու ցանկություն չունեի, խիստ հուզված էի, և իմ հուզմունքն ավելի ու ավելի էր սաստկանում։ Արդյոք լա՞վ եմ անում, որ մատնում եմ միստր Հապկինսին։ Չէ՞ որ իմ պատճառով նրան կարող են աքսորել, եթե միստր Ջենեթը ոստիկանությանը հայտնի։ Կամ գուցե նա ինձ չհավատա և հենց ի՞նձ ուղարկի ոստիկանատուն։ Բայց դրա մասին մտածելն արդեն ուշ էր։ Դուռը բացվեց, և նույն երիտասարդը մեզ ներս կանչեց։

Միստր Ջենեթը մեզ դիմավորեց շատ սիրալիր։ Դա լայնաթիկունք մի ծերունի էր՝ մուգ, արևախանձ դեմքով և խիտ, սպիտակ մազերով։ Նա մեզ նստեցրեց իր դիմացը և հարցրեց, թե ի՞նչ կարևոր գործ ունենք։

Այստեղ, ըստ երևույթին, Չարլին էլ մի փոքր շփոթվեց։ Նա թեքվեց իմ կողմը և ասաց.

― Ահա այս տղան, սը՛ր, ձեզ կպատմի ամբողջ պատմությունը։ Դուք նրան հավատացեք։ Ինչ-որ ասի՝ ճշմարտություն է։ Ես երաշխավորում եմ սրա համար։

Միստր Ջենեթը թեթևակի ժպտաց, բայց հետո լուրջ նայեց ինձ և կարճ ասաց.

― Դե, պատմիր ամբողջ ճշմարտությունը։ Ես լսում եմ։

Ես կակազելով ու շփոթվելով սկսեցի պատմել։ Նա ինձ չէր ընդհատում։ Ես քիչ-քիչ սիրտ առա և արդեն բավական կապակցված պատմեցի, թե ի՞նչ է պատրաստվում այս գիշեր։

Երբ վերջացրի, նա կարծես ինքն իրեն ասաց.

― Ի դեպ, լավ է, որ իմ տղաները հենց այսօր եկել են ինձ մոտ։ ― Այս ասելով, նա դուռը բաց արեց և կանչեց․― Ջոն, եկ այստեղ և Թոմին էլ կանչիր։

Մի քանի րոպե հետո սենյակ մտան երկու բարձրահասակ երիտասարդ։

― Ի՞նչ կա, հայր,― հարցրեց նա, որ բաց էր արել դուռը։― Որևէ բա՞ն է պատահել։

Միստր Ջենեթը մանրամասն հաղորդեց նրանց իմ պատմածը։ Նրանք ինձ էլի մի քանի հարց տվին։ Հետո միստր Ջենեթը նրանց կանչեց լուսամուտի մոտ և մի քանի րոպե խորհրդակցեց նրանց հետ։ Հետո նա նորից մոտեցավ ինձ և հարցրեց.

― Դու ժամը քանիսի՞ն ես հեռացել Քեթ փողոցից։

Ես հիշեցի, որ ժամը տասնմեկևկեսն էր, երբ մտա սեղանատուն, որտեղ կանգնած էր միսիս Հապեինսը։

― Այժմ մեկից քառորդ է անց,― ասաց միստր Ջենեթը։― Նա քեզ պատվիրել է կոշիկներ գնել և վերադառնալ։

― Այո, սը՛ր։

― Դե, ուրեմն վազիր, գնիր այնպիսի կոշիկներ, ինչպես նա է պատվիրել։

― Բայց, սըր,― ասացի ես,― իմ կոշիկները դեռ շատ ամուր են։

Միստր Ջենեթը ժպտաց ու ասաց.

― Դու լավ տղա ես երևում։ Քո բախտն է, որ ժամանակին ես դուրս գալիս վատ ճանապարհից։ Հենց որ կոշիկները կգնես, իսկույն վազիր Քեթ փողոցը։

― Նորից Քեթ փողո՞ցը, Ջորջ Հապկինսի մո՞տ։ Բայց ինչո՞ւ, սըր։

― Գիտե՞ս ինչ։ Ես ուզում եմ, որ նա այդ կողոպուտն սկսի,― պատասխանեց միստր Ջենեթը։― Դու հիմար տղա չես, հասկանում ես, թե դա ինչի համար է հարկավոր։ Քեզ ոչ մի վտանգ չի սպառնում,― ավելացրեց նա նկատելով, որ ես վախեցա։― Եթե դու այդ սրիկաների գործակիցը լինեիր, քո բանը, իհարկե, շատ վատ կլիներ։ Բայց այժմ ուրիշ Է. դու ինձ օգնում ես բռնելու նրանց, ես խոստանում եմ պաշտպանել քեզ։ Ազնիվ խոսք եմ տալիս, որ այս րոպեից մինչև ամբողջ գործի վերջը իմ և իմ որդիների աչքը քեզ վրա կլինի։

Վերջին խոսքերը միստր Ջենեթն արտասանեց առանձնապես արտահայտիչ, երևի ցանկանալով հասկացնել, որ ես չմտածեմ իրեն խաբել։

― Մի խոսք ևս. ես կարո՞ղ եմ քեզ վրա հույս դնել։

Նա ձեռքը դրեց իմ ուսին և նայեց ուղիղ աչքերիս մեջ։

― Կարող եք, սըր,― պատասխանեցի ես։― Եթե դուք ասում եք, որ ինձ ոչ մի վատ բան չի պատահի, որ դուք չեք թողնի ինձ փորձանքի մեջ, ապա ես կվարվեմ այնպես, ինչպես դուք հրամայեցիք։

― Դե, ուրեմն, հիանալի։ Գնա տուն և ոչ ոքի մի պատմիր, թե որտեղ ես եղել։ Դու երևի ստիպված կլինես մի որևէ փոքրիկ լուսամուտով ներս սողոսկել, չվախենաս, ես մոտիկ կանգնած քեզ եմ սպասելու։ Այնտեղ երևի մութ կլինի, բայց դու ինձ կճանաչես նրանից, որ ես կբռնեմ քո մազերը, այ այսպես։ Դե, այժմ գնա։

Չարլին ուզեց ասել, որ պատրաստ է օգնելու նրան, բայց նա թփթփացրեց նրա մեջքին և ասաց.

― Շնորհակալ եմ, տղաս։ Թեպետև ես ծեր եմ, բայց իմ ձեռքերը երևի ուժեղ կլինեն քոնից։ Իզուր չէ, որ ամբողջ կյանքումս նավի վրա եմ աշխատել։ Տղաներս էլ ոչինչ։ Հորը նեղության մեջ չես թողնի։

Դրանից հետո մեզ մնում էր միայն տուն վերադառնալ։ Չարլին շտապ հրաժեշտ տվեց ինձ և վազեց իրենց ֆաբրիկան։ Նա ինձանից խոսք վերցվեց, որ հետևյալ օրը դարձյալ ճաշի ժամանակ կգնամ իրենց մոտ և կպատմեմ, թե գործն ինչպես վերջացավ։

Իմ գլխում ոչ մի որոշակի միտք չկար։ Գիտեի միայն մի բան, որ ճշտորեն կկատարեմ միստր Ջենեթի պատվերը։ Ես չէի մտածում, թե դրանով ինձ որևէ վտանգի եմ ենթարկում։ Երբ վերադարձա Քեթ փողոցը, Ջորջ Հապկինսը տանը չէր, և դուռը բաց արեց նրա կինը։ Ես կարծում էի, թե ինձ տեսնելով նա շատ կզարմանա, բայց ընդհակառակը, նա ուշադիր նայեց ինձ, ապա ուրախ ասաց.

― Ա՜, դու վերադարձար, Ջիմ։

― Այո, ես կմնամ այստեղ,― պատասխանեցի ես։

― Ավելի լավ։ Ես շատ ուրախ եմ, որ կմնաս,― ասաց նա։

― Բայց դուք ինձ ասում էիք, որ գնամ,― զարմացած վրա բերի ես։

― Դե, այո, դու գնացիր և նորից երկար, ես շատ ուրախ եմ։

Մի քանի րոպե անց նա ինձ հարցրեց, թե հիշո՞ւմ եմ արդյոք այն տեղը, ուր այս գիշեր ուզում է գնալ իր ամուսինը։ Ես այդ տեղի անունը տվի։

― Հիանալի է, Ջիմմի,― գոչեց նա դարձյալ ծիծաղելով։― Դու խելոք տղա ես, կարողանում ես և հիշել, և պահել գաղտնիքները։ Հիանալի բան է, չէ՞, հա՜-հա՜-հա՜։

― Այո, շատ,― թոթովեցի ես և խիստ հուզված վազեցի վերև, իմ ննջարանը։

Այդպես էլ ես չիմացա, թե նա կասկածո՞ւմ էր արդյոք որևէ բան։ Ժամը չորսին հագնվեց և դուրս գնաց՝ ինձ տանը թողնելով մենակ։ Ժամը մոտավորապես յոթին վերադարձավ Ջորջ Հապկինսը, նախ բարկացավ, որ կինը տանը չէր, հետո տրամադրությունը լավացավ։ Թեյի ժամանակ կատակներ էր անում և ինձ հետ խոսում ամենաբարեսիրտ ձևով։ Ինձ համար շատ ծանր էր լսել նրա կատակները։ Ավելի լավ կլիներ, եթե բարկանար ինձ վրա. այդ դեպքում ես ինձ ավելի թեթև կզգայի։ Թեյից հետո նա ինձ հարցրեց.

― Դու գիտե՞ս ուր Է ֆուլգետը, Ջիմ։

Ես պատասխանեցի, որ չգիտեմ։

― Լավ, միևնույն է։ Հագիր քո նոր կոշիկները և ոտքով գնա մինչև բանկ, իսկ այնտեղ կնստես ֆուլգետ գնացող հանրակառքը։ Հենց որ հասնես ֆուլգետ, հարցրու, թե որտե՞ղ է կամուրջը և կամուրջից դենը շուռ եկ դեպի երրորդ փողոցը։ Այնտեղ դու կգտնես մի գարեջրատուն։ Ներս մտիր և հարցրու, թե տա՞նն Է միստր Մեզոնը։ Դե, շուտ գնա։

Հագնելով իմ նոր կոշիկները՝ ես ուրախությամբ հեղձուցիչ սենյակից դուրս եկա մաքուր օդ և արագ քայլելով ուղղվեցի դեպի բանկ։

Ժամը իննին ես հասա միստր Հապկինսի ասած փողոցը։

Գարեջրատան վաճառասեղանի հետևը կանգնած տղան ասաց, որ միստր Մեզոնը ինձ սպասում է իր սենյակում, և ներս մտնելով տեսա միստր Ջորջ Հապկինսին, Թուիներին և Ջոն Արմիտեջին, որոնք զբաղված էին թղթախաղով։

― Ես եմ միստր Մեզոնը,― ասաց ինձ իմ տերը։― Նստիր, մի փոքր սպասիր, Ջիմմի։

Նրանք շարունակեցին խաղալ և գարեջուր խմել։ Գարեջրատան տերը մի քանի անգամ մոտեցավ և նրանց հետ զրուցեց հին բարեկամի պես։ Վերջապես ժամը տասնմեկն անց կեսին, երբ բոլորովին մթնել Էր, մենք փողոց դուրս եկանք։ Ջորջը և ես գնում էինք առջևից, իսկ մյուս երկուսը հետևում էին մեզ։ Այդպիսով, մի մղոնից ավելի ճանապարհ անցանք։ Ճանապարհին միստր Հապկինսն ինձ բացատրեց, թե ինչ պետք Է անեմ, պետք Է մի փոքրիկ լուսամատով ներս մտնեմ, զգուշությամբ առաջ գնամ պատի երկարությամբ և ապա ետ քաշեմ դուռը փակող սողնակը։

― Դու մի վախեցիր,― ավելացրեց նա։― Եթե վտանգավոր գործ լիներ, ես քեզ պես լավ տղային չէի տանի։ Դու կարո՞ղ ես անել իմ ասածները, չէ՞։

― Կարող եմ,― պատասխանեցի ես դողալով՝ ինչպես տենդից։

― Մենք ամեն ինչ լավ կսարքենք,― ասաց միստր Հապկինսը։― Այնտեղ նույնիսկ շուն չկա, իսկ տանտերը շուտ է պառկում քնելու։

Նա երևի չգիտեր, որ այժմ միստր Ջենեթը մենակ չէ։

Մենք շուռ եկանք դեպի մի փոքրիկ փողոց և մոտեցանք ցանկապատին։ Թուիներն ու Ջոն Արմիտեջը մեզ հասան, և բոլորս կամացուկ, կատվի պես անցանք մյուս կողմը։ Դրանից հետո անցանք ավազ ցանած ճանապարհով և մոտեցանք խոշոր ու մթին տանը։ Ոչ ոք ոչ մի խոսք չէր ասում։ Ես նկատեցի, որ Ջոն Արմիտեջն ինչ-որ փայլուն գործիքներ հանեց, բարձրացավ Թուիների ուսերին և սկսեց ինչ-որ բան անել պատի վրա։ Մի երկու րոպե անց մի բան զնգաց, և նա ցած թռավ։

― Կոշիկներդ հանիր, Ջիմ,― շշնջաց ինձ Ջորջո։

Վախից դողալով՝ ես կոշիկներս հանեցի։ Ջորջն ինձ վերցրեց, բարձրացավ Թուիների մեջքին և իմ ոտքերը խցկեց անցքի մեջ։

― Այդտեղ նեղվածք է, Ջիմ,― շշնջաց նա,― բայց ոչինչ, կանցնես։ Ձեռքդ պինդ սեղմիր կողիդ։ Մտիր թեքված։ Շատ լավ։ Ցած թռիր, մի վախենա, բարձր չէ. չմոռանաս ինչ-որ քեզ ասացի դռան և սողնակի մասին։― Ես անում էի ինչ-որ նա ինձ հրամայում էր, և վերջին խոսքերի հետ ցած թռա։

Այստեղ մի անտեսանելի ձեռք բռնեց իմ մազերից, որ ինձ շատ հանգստացրեց, մի ուրիշ ձեռք բերանս փակեց և ինձ կամացուկ տարան մի ինչ-որ սենյակ ու այնտեղ փակեցին։

Թե ինչ եղավ դրանից հետո՝ ես չտեսա։ Լսեցի բացվող սողնակի թեթև ճռինչը, ապա ոտնաձայների աղմուկ, գոռգոռոց, միստր Ջորջ Հապկինսի բարձր աղաղակը, ծեծ ու դմփոց, նորից ոտնաձայներ և այլևս ոչինչ։

Միստր Ջենեթի ծրագիրը լիովին հաջողվել էր։ Նրանք լավ դաս էին տվել Ջորջ Հապկինսին և նրա ընկերներին ու սպառնացել էին, որ մյուս անգամ այդքանով չեն բավարարվի։

Երբ ինձ մառանից արձակեցին, կողոպտիչների հետքն անգամ չկար։ Միստր Ջենեթն իմ ձեռքը սեղմեց և ասաց, որ ես կտրիճ տղա եմ, որ ինքն ինձ սիրով կվերցներ որպես յունգա, եթե դեռ նավարկելիս լիներ։

Այդ օրը ես գիշերեցի միստր Ջենեթի մոտ։ Մյուս օրն ինձ կուշտ նախաճաշ տվին, դարձյալ շնորհակալություն հայտնեցին, և ժամը տասներկուսին մոտ ես նորից վազեցի Ռիփսթոնենց ֆաբրիկան։

Ռիփսթոնը և Չարլին զանգից հետո համարյա առաջինը դուրս թռան։ Նրանք ինձ քարշ տվին հարևան ամայուտը և ստիպեցին մանրամասն պատմել, թե ինչպես եղավ։

― Կեցցես,― գոչեց Ռիփսթոնը, երբ ես վերջացրի։

Եվ նույնիսկ Չարլին խրախուսաբար թփթփացրեց մեջքիս։ Ճիշտն ասած՝ ես բոլորովին չէի հասկանում, թե ինչի համար էն գովում ինձ։ Չէ՞ որ ես ամբողջ ժամանակ խիստ վախենում էի, թեպետև աշխատում էի ցույց չտալ այդ։

Բայց ինձ հետւսքրքրում էր մի ուրիշ բան։ Ես անվճռական նայեցի Չարլիին և հարցրի.

― Իսկ ի՞նչ եք կարծում, կարո՞ղ եմ ես էլ բանվոր դառնալ։

― Ինչո՞ւ չէ,― պատասխանեց նա։― Գուցե հենց հիմա էլ տեղ լինի մեզ մոտ։ Հենց երեկ մեր վարպետ միստր Կրաուսն ասում էր, որ վաղվանից քանդելու են հին վառարանը և տեղը նորն են կառուցելու։ Դրա համար տղաներ հարկավոր կլինեն, որպեսզի հողակոշտերը թափեն։ Եթե ուզո՞ւմ ես, ես քո մասին կխոսեմ։

Ես լիակատար ցնծության մեջ էի։

Ճաշից հետո Չարլին և Ռիփսթոնը ինձ տարան վարպետ Կրաուսի մոտ, և նա ինձ պատվիրեց մյուս օրը գալ աշխատանքի։

Այդ ժամանակից ես դադարեցի «փոքրիկ շրջմոլիկ» լինել և դարձա փոքրիկ բանվոր։

Նոր կյանքն ինձ դժվարություն ու զրկանքներ բերեց։ Բայց որքան էլ երբեմն դժվար էր լինում, ինձ սիրտ էր տալիս այն միտքը, որ այժմ ես մենակ չեմ, ինչպես առաջ։ Իմ կողքին են իմ ընկերները։ Դժվարին րոպեին նրանք կօգնեն ինձ, և նրանց հետ միասին մենք երբևիցե լավագույն ապագայի կհասնենք բոլոր մեծ ու փոքր շրջմոլիկների համար, որոնք վաղ մանկությունից ոչ գուրգուրանք են տեսել, ոչ ուրախություն։

Եվ ինչպիսի հուսալի, բարի բարեկամ դուրս եկավ միստր Ջենեթը։ Նա ինձ և Ռիփին տվեց մի հիանալի երեկոյան դպրոց, իսկ երբ մենք այդ դպրոցն ավարտենք, էլի շարունակելու ենք սովորել, որպեսզի վերջ ի վերջո դառնանքինժեներ։