Ճեղքված շրթունքով մարդը
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Այզա Ուիթնին սկսեց վարժվել ափիոն[1] ծխելուն։ Դեռևս կոլեջում, կարդալով դե Կուինսիի[2] գիրքը, որի մեջ նկարագրված են ափիոն ծխողի երազներն ու զգայությունները, նա սկսեց ծխախոտին ափիոն խառնել, որպեսզի ունենա այն ապրումները, ինչ որ գրողն է ունեցել։ Ինչպես և շատ ուրիշները նա շուտով համոզվեց, որ ծխելն սկսելն ավելի հեշտ է, քան թողնելը, և տարիներ շարունակ դարձած իր մոլության գերին, նա բոլոր բարեկամների սրտերում ափսոսանք ու սարսափ էր առաջացնում։ Մինչև հիմա էլ աչքիս առաջ է նրա դեղնած, փոքր֊ինչ ուռած դեմքը, կախ ընկած կոպերով ու փոքրացած բիբերով աչքերը, անզորությամբ բազկաթոռին ընկած նրա մարմինը՝ մարդկային խղճուկ ավերակները։
1889 թվականի հունիսին, մի անգամ երեկոյան հենց այն պահին, երբ արդեն սկսում ես հորանջել ու հաճախ նայել ժամացույցին, հնչեց իմ բնակարանի զանգը։ Բազկաթոռում նստած տեղս ուղղվեցի, իսկ կինս, իր կարն իջեցնելով ծնկներին, դժգոհ կնճռոտեց դեմքը։
― Երևի հիվանդ է, ― ասաց նա։ ― Դու ստիպված պիտի լինես նրա մոտ գնալ։
Ես հոգոց քաշեցի, որովհետև ամբողջ օրվա հոգնեցուցիչ աշխատանքից հետո նոր էի վերադարձել տուն։
― Մենք լսեցինք բացվող դռան աղմուկն ու ինչ֊որ մեկի շտապ քայլերի ձայնը միջանցքում։ Սենյակի դուռը կրնկի վրա բացվեց, և ներս մտավ սև շղարշը դեմքին, մուգ գույնի շոր հագած մի կին։
― Ներեցեք, որ ես ներխուժեցի այսքան ուշ ժամի, ― սկսեց նա և հանկարծ, ինքնիրեն կորցնելով, նետվեց դեպի կինս, գրկեց նրան ու սկսեց հեկեկալ նրա ուսին։ ― Ախ, ես այնպիսի մի վիշտ ունեմ, ― բացականչեց նա, ― ինձ այնպես է պետք օգնությունը։
― Ախ, Կեթ Ուիթնի՜ն է, ― ասաց կինս, բարձրացնելով նրա շղարշը։ ― Ինչքան վախեցրիր ինձ, Կեթ։ Մտքովս էլ չանցավ, որ դու ես։
― Ես դիմում եմ քեզ, որովհետև չգիտեմ, թե ինչ անեմ։
Դա սովորական երևույթ էր։ Մարդիկ, ում դժբախտություն էր պատահում, սլանում էին դեպի կինս, ինչպես թռչունները՝ դեպի փարոսը։
― Լավ էլ արել ես։ Նստիր, ինչպես քեզ հարմար է, ջրախառն գինի խմիր ու պատմիր, թե ինչ է պատահել։ Գուցե ուզում ես, որ Ջեյմսին ուղարկեմ քնելո՞ւ։
― Օ՜, ո՛չ, ո՛չ։ Ես բժշկից էլ եմ ուզում խորհուրդներ և օգնություն սպասում։ Գործն Այզին է վերաբերում։ Ահա երկու օր է, ինչ նա տանը չէ։ Այնպես եմ վախենում նրա համար։
Դա առաջին անգամը չէր, որ նա զրուցում էր մեզ հետ իր դժբախտ ամուսնու մասին․ ինձ հետ որպես բժշկի, իսկ կնոջս հետ որպես իր դպրոցական հին ընկերուհու։ Մենք մխիթարում և հանգստացնում էինք նրան, ինչպես կարողանում էինք։ Գիտի՞ նա արդյոք, թե որտեղ է ամուսինը։ Արդյոք չի՞ կարելի գնալ ու տուն բերել նրան։
Բանից դուրս եկավ, որ դա միանգամայն հնարավոր է։ Կեթին հայտնի էր, որ վերջին ժամանակներս ամուսինը սովորաբար ափիոն է ծխում Սիթիի արևելյան փողոցներից մեկում գտնվող անառականոցում։ Մինչ այդ, նրա շվայտանքը միշտ էլ սահմանափակվում էր մի օրով ու երեկոյան դեմ նա վերադառնում էր տուն լիակատար ուժասպառ եղած, լրիվ ջարդված, բայց այս անգամ քառասունութ ժամ է արդեն, ինչ նա բացակայում է և, իհարկե, պառկած է այնտեղ՝ ամեն տեսակի կասկածելի անձնավորությունների միջև, ներծծում է թույնը կամ ծխելուց քունն է առնում։ Կինը համոզված էր, որ նա հենց այնտեղ է գտնվում, Էպպեր֊Սուոնդըմ֊լեն փողոցի այդ «Բնածին ոսկի» կոչված անառականոցում։ Բայց ի՞նչ կարող է անել ինքը։ Ինչպե՞ս կարող է նա, այդ երիտասարդ, ամաչկոտ ու երկչոտ կինը, մտնել այդպիսի տեղ ու դուրս քաշել ամուսնուն խաժամուժ ամբոխի միջից։
Ես չգնա՞մ արդյոք Կեթի հետ։ Էլ ինչո՞ւ նա գա որ։ Ես եմ բուժել Այզա Ուիթնիին և, որպես բժիշկ կարող եմ ազդել նրա վրա։ Համոզված էի, որ առանց կնոջ գործն ավելի հեշտ գլուխ կբերեմ։ Կեթին խոսք տվի, որ երկու ժամ չանցած ամուսնուն կեբ կնեստեցնեմ ու կուղարկեմ տուն, եթե իրոք նա «Բնածին ոսկի» անառականոցում է։
Տասը րոպե հետո, թողնելով հարմարավետ հյուրասենյակը, արդեն կառք նստած ես սլանում էի դեպի արևելք։ Գիտեի, որ ինձ սպասում է բավականին անսովոր մի գործ, բայց իրականում դա ավելի տարօրինակ դուրս եկավ, քան սպասում էի։
Սկզբում ամեն ինչ լավ էր գնում։ Էպպեր֊Սուոնդըմ֊լենը մի կեղտոտ նրբանցք է, ընկած բարձր նավաշինարանների հետևը, որոնք գետի ձախ ափի երկայնքով ձգվում են դեպի արևելք, ընդհուպ մինչև Լոնդոնի կամուրջը։ Իմ փնտրած անառականոցը գտնվում էր կեղտոտ կրպակի ու գինետան միջև ընկած նկուղում․ դեպի այդ սև բունը, ինչպես դեպի քարայրը, տանում էին դիք աստիճանները։ Այնքան շատ հարբածների ոտքեր էին իջել ու բարձրացել նրանցով, որ աստիճանների մեջտեղը մի գոգավորություն էր առաջացել։
Կեբավարին կարգադրեցի, որ սպասի ու իջա ցած։ Դռան վերևը կախված նավթի թարթող լամպիկի լույսի ներքո գտա սողնակն ու մտա երկար, ցածր առաստաղով սենյակ, որը լիքն էր շագանակագույն ծխով։ Պատերի երկայնքով ձգվում էին տախտակե նառեր, ինչպես վտարանդիների նավի բաքում։
Մթության միջով ես դժվարությամբ նշմարեցի տարօրինակ, ֆանտաստիկ դիրքերով պառկած մարմիններ՝ կորացած ուսերով, վեր տնկած ծնկներով, ետ գցած գլուխներով, ցցված կզակներով։ Նկատեցի այս ու այն տեղից ինձ վրա սևեռված մթամած, հանգած աչքեր։ Մթության մեջ առկայծում էին մանրիկ ու կարմիր կրակներ, որոնք հետզհետե աղոտանում էին, մետաղե փոքրիկ ծխամորճներում թույնի պակասելու հետ միասին։ Շատերը պառկած էին անխոս, բայց ոմանք քթների տակ ինչ֊որ բան էին մրմնջում, իսկ մյուսները զրուցում էին տարօրինակ ցածր ու միապաղաղ ձայներով, մերթ գրգռված ու շտապելով, մերթ հանկարծակի լռելով, ըստ որում ոչ ոք իր զրուցակցին չէր լսում, ամեն մեկը կլանված էր միայն իր սեփական մտքերով։ Նկուղի ամենահեռավոր անկյունում դրված էր մի կրակարան, որի մեջ ածուխ էր վառվում և որի կողքին՝ եռոտանի աթոռին նստած էր բարձրահասակ, նիհար մի ծերունի․ նա արմունկները ծնկներին հենած անշարժ նայում էր կրակին։
Հենց որ ներս մտա, իմ կողմը նետվեց մի թուխ մալայացի, պարզեց ինձ ծխամորճը, մի բաժին ափիոն և ցույց տվեց ազատ մի տեղ նառի վրա։
― Շնորհակալ եմ, ես այստեղ մնալ չեմ կարող, ― ասացի, ― այստեղ է իմ բարեկամը, միստր Այզա Ուիթնին․ պետք է խոսեմ նրա հետ։
Ինձնից աջ մի բան շարժվեց․ ես լսեցի ինչ֊որ մեկի բացականչությունը և, լավ նայելով մթության մեջ, տեսա Ուիթնիին, որն ակնապիշ նայում էր ինձ․ նա գունատ էր, մռայլ ու մի տեսակ գզգզված։
― Աստվա՜ծ իմ, ախր սա Ուոտսընն է, ― արտասանեց նա։
Նա արբեցումից հետո ամենաողբալի ռեակցիայի մեջ էր։
― Ժամը քանիսն է հիմա, Ուո՛տսըն։
― Շուտով տասնմեկը կլինի։
― Իսկ այսօր ի՞նչ օր է։
― Ուրբաթ է, հունիսի տասնինը։
― Մի՞թե։ Իսկ ես կարծում էի՝ դեռ չորեքշաբթի է։ Չէ՜, այսօր չորեքշաբթի է։ Խոստովանեցեք, որ կատակ արիք։ Եվ ինչ էլ հավաս ունեք մարդ վախեցնել, է՜․․․
Նա ափով ծածկեց դեմքն ու հեկեկաց։
― Ես ասում եմ, որ այսօր ուրբաթ է։ Ձեր կինն արդեն երկու օր է, ինչ սպասում է ձեզ։ Դուք պետք է որ ամաչեք, ճիշտ եմ ասում։
― Դե՛ ես էլ ամաչում եմ, էլի։ Բայց դուք ինչ֊որ շփոթում եք, Ուո՛տսըն։ Ընդամենը մի քանի ժամ է, ինչ ես այստեղ եմ։ Երեք ծխամորճ․․․ չորս ծխամորճ․․․ մոռացա՝ ինչքան էր։ Բայց ես ձեզ հետ կգամ տուն։ Չեմ ուզում, որ Կեթն անհանգստանա․․․ Խե՜ղճ իմ փոքրիկ Կեթ։ Տվեք ինձ ձեր ձեռքը։ Կեն կա՞։
― Կա։ Դռանն սպասում է։
― Այդ դեպքում՝ հենց հիմա էլ կգամ։ Բայց պարտք եմ սրանց։ Ուո՛ւտսըն, իմացեք, թե ինչքան է պարտքս։ Ես բոլորովին կակղել ու թուլացել եմ։ Ուժ էլ չունեմ, որ հասանելիքս վճարեմ։
Քնածների երկու շարքի միջև ընկած նեղ անցքով, շունչս պահելով, որ չշնչեմ թունավոր դեղի հարբեցնող գոլորշին, գնացի տիրոջը գտնելու։ Հավասարվելով կրակարանի մոտ նստած բարձրահասակ ծերունուն, զգացի, որ մեկը պիջակիս փեշը քաշում է․ ես մի շշունջ լսեցի․
― Անցեք իմ կողքով, իսկ հետո ետ նայեցեք։
Այս բառերը լսեցի շատ պարզ։ Դրանք կարող էր արտասանել միայն իմ կողքին գտնվող ծերունին։ Սակայն նա առաջվա պես այնպիսի տեսք ուներ, որ կարծես թե խորասուզված է ինքն իր մեջ և շուրջը ոչինչ չի նկատում։ Նա նստած էր տարիների ծանրության տակ կքված, վտիտ, չորացած ու կնճռոտված դեմքով։ Ափիոնով լիքը ծխամորճը կախվել էր ծնկների միջև, ասես դուրս էր ընկել նրա ուշաթափ մատների արանքից։ Երկու քայլ գնացի առաջ ու ետ նայեցի։ Ինձ անհրաժեշտ եղավ կամքիս ամբողջ լարումը, որպեսզի զարմանքից չճչվամ։ Ծերունին շուռ եկավ այնպես, որ նրա դեմքը, ինձնից բացի, ոչ ոք չէր կարող տեսնել։ Նրա մեջքն ուղղվեց, կնճիռները հարթվեցին, խամրած աչքերում երևաց սովորական փայլը։ Կրակի մոտ, իմ զարմանքիս վրա խնդմնդալով, նստած էր ոչ այլ ոք, քան Շերլոկ Հոլմսը։ Նա ինձ մի նշան արեց, որպեսզի մոտենամ իրեն, ու նորից դարձավ այն դողդոջուն, կախ ընկած շրթունքով ծերունին։
― Հո՛լմս, ― շշնջացի․ ― ի՞նչ գործ ունեք այս որջում։
― Որքան հնարավոր է ցածր խոսեք, ― շշնջաց նա․ ― ես հիանալի լսողություն ունեմ։ Եթե դուք ազատվեք ձեր ցնդած բարեկամից, երջանիկ կլինեմ մի քիչ զրուցել ձեզ հետ։
― Դռանն ինձ սպասում է կեբը։
― Է՛, ձեր բարեկամին դրեք այդ կեբն ու մենակ ուղարկեցեք տուն։ Կարող եք չվախենալ, որովհետև նա այնքան է թույլ, որ ոչ մի ղալմաղալի մեջ չի ընկնի։ Ամենից լավ կլինի, եթե դուք կառապանի միջոցով ձեր կնոջը մի երկտող ուղարկեք, որ հանդիպեցիք ինձ ու մնացիք հետս։ Սպասեցեք ինձ փողոցում, հինգ րոպե հետո դուրս կգամ։
Դժվար է մերժել Շերլոկ Հոլմսին․ նրա պահանջները միշտ այնքան որոշակի են ու ճշգրիտ և արտահայտված են այնպիսի հրամայական տոնով․․․ Բացի այդ, ես զգում էի, որ հենց Ուիթնիին նստեցնեմ կեբ, կատարած կլինեմ բոլոր պարտականություններս նրա նկատմամբ և ինձ արդեն ոչ մի բան չի խանգարի մասնակից լինելու այն արտասովոր արկածներից մեկին, որոնք նշանավոր բարեկամիս ամենօրյա պրակտիկան էին կազմում։
Շերլոկ Հոլմսին օգնել նրա որոնումների մեջ՝ ինձ համար բարձրագույն երջանկություն էր։ Այդ պատճառով էլ կնոջս անմիջապես մի երկտող գրեցի, վճարեցի Ուիթնիին տանելու վարձը, նրան նստեցրի կեբ ու սկսեցի տնից ոչ հեռու համբերությամբ սպասել։ Կեբն իսկույն անհետացավ խավարի մեջ։ Մի քանի րոպե հետո ծերուկը դուրս եկավ ծխարանից, ու ես քայլեցի նրա հետ փողոցով։ Երկու թաղամաս նա անցավ առանց մեջքն ուղղելու և ծերունավարի անվստահ փոխելով ոտքերը։ Ապա փութկոտ ետ նայեց, ուղղվեց ու սրտանց քրքջաց։ Իմ առաջ Շերկոկ Հոլմսն էր։
― Ուո՛տսըն, ― ասաց նա, ― երևի դուք կարծեցիք, թե ես վարժվել եմ ափիոն ծխելուն։
― Ճիշտն ասած, ես իրոք զարմացա, երբ ձեզ այդ որջում տեսա։
― Համենայն դեպս, ես ավելի զարմացա, քան դուք, երբ այդ որջում տեսա ձեզ։
― Ես այնտեղ փնտրում էի բարեկամիս։
― Իսկ ես թշնամուս։
― Ձեր թշնամո՞ւն։
― Այո։ Կարճ ասած, ես զբաղված եմ արտակարգ ուշագրավ մի գործով, Ուո՛տսըն, և ափիոնի հիմարացած ծխողների անկապ շաղակրատանքից հույս ունեի որևէ բան իմանալ։ Առաջ դա ինձ երբեմն հաջողվում էր։ Եթե ինձ այդ որջում ճանաչեին, կյանքս մի քոռ կոպեկ էլ չէր արժենա, որովհետև մի անգամ չի որ եղել եմ այդտեղ և սրիկա լասկարը՝ որջի տերը, երդվել է իմ դատաստանը տեսնել։ Այդ տան հետնաբակում, սուրբ Պողոսի նավաշինարանի անկյունի մոտ, կա գաղտնի մի դռնակ, որը կարող է զարմանահրաշ շատ պատմություններ անել, թե ինչեր են դուրս նետվում իրա միջով մութ, անլուսին գիշերները։
― Մի՞թե դիակներ։
― Այո, Ուո՛տսըն, դիակներ։ Ես և դուք միլիոնատերեր կլինեինք, եթե այդ որջում սպանված ամեն մի դժբախտի համար ստանայինք հազար ֆունտ։ Դա ամբողջ գետակի ամենասարսափելի թակարդն է, և ես վախենում եմ, որ այդտեղ ընկած Նևիլ֊Քլերը երբեք չվերադառնա տուն։ Բայց մենք էլ թակարդ կսարքենք։
Շերլոկ Հոլմսը երկու մատը կոխեց բերանն ու զիլ սուլեց։ Նույն րոպեին հեռվից նույնպիսի սուլոց լսվեց, իսկ հետո մենք լսեցինք անիվների դղրդոց ու սմբակների կտկտոց։
― Դե, Ուո՛տսըն, կգա՞ք ինձ հետ, ― ասաց Հոլմսը, երբ մթության միջից դուրս սողաց երկանիվ կառքը, որի զույգ լապտերները վառ լույսի շերտեր էին արձակում։
― Եթե օգտակար կլինեմ ձեզ․․․
― Հավատարիմ ընկերը միշտ էլ օգտակար է։ «Կեդրիի» սենյակումս երկու մահճակալ կա։
― «Կեդրիի՞»։
― Այո՛։ Այդպես է կոչվում միստը Սենտ֊ Քլերի տունը։ Ես պետք է ապրեմ նրա տանը, մինչև որ բացեմ այդ խճճված գործը։
― Իսկ որտե՞ղ է այդ տունը։
― Քենետում, Լիից ոչ հեռու։ Մենք կառքով յոթ մղոն պիտի անցնենք։
― Ոչինչ չեմ հասկանում։
― Միանգամայն բնական է։ Հենց հիմա ձեզ ամեն ինչ կբացատրեմ։ Նստեցեք․․․ Լավ, Ջո՛ն, դուք մեզ այլևս հարկավոր չեք։ Ահա ձեզ կես կրոն։ Սպասեցեք ինձ վաղը ժամը տասնմեկին մոտ։ Տվեք ինձ սանձերը։ Գնաք բարով։
Նա մտրակեց ձին, ու մենք սլացանք անվերջանալի, մութ, ամայի փողոցներով ու վերջապես հայտնվեցինք մի ինչ֊որ լայն կամրջի վրա, որի տակով դանդաղորեն հոսում էին գետի պղտոր ջրերը։ Կամուրջի մյուս կողմը նույնպիսի փողոցներ կային՝ աղյուսաշեն տներով։ Այդ փողոցների լռությունը խանգարվում էր միայն ոստիկանների համաչափ ու ծանր քայլերի ձայնով և ուշացած քեֆասերների երգերով ու բղավոցներով։
Սև ամպերը դանդաղորեն սահում էին երկնքով, և նրանց արանքներում՝ մեկ այստեղ, մեկ այնտեղ աղոտ առկայծում էին աստղերը։ Հոլմսը խոր մտածմունքների մեջ թաղված գլուխը կախել էր կրծքին և լուռ վարում էր կառքը, իսկ ես նստել էի նրա կողքին, ճգնելով գուշակել, թե ի՛նչ մտքեր են զբաղեցնում նրան, չհամարձակվելով ընդհատել նրա մտորումները։ Մենք գնացինք մի քանի մղոն և արդեն կտրում անցնում էինք մերձքաղաքային ամառանոցների գոտին, երբ նա վերջապես սթափվեց, ուսերը թափ տվեց ու ծխամորճը ծխեց։
― Դուք օժտված եք լռելու մեծ տաղանդով, Ուոտսըն, ― ասաց նա։ ― Այդ ընդունակության շնորհիվ դուք անփոխարինելի ընկեր եք։ Բայց հիմա ինձ պետք է մի մարդ, որի հետ կարողանայի շատախոսել՝ տհաճ մտքերս ցրելու համար։ Չեմ պատկերացնում, թե ինչ կասեմ այդ փոքրիկ, հմայիչ կնոջը, երբ նա ինձ դիմավորի շեմքի մոտ։
― Դուք մոռանում եք, որ ես ոչինչ չգիտեմ։
― Իմ ժամանակը լիուլի կբավականացնի, որպեսզի ձեզ ամեն ինչ պատմեմ, մինչև Լի հասնելը։ Գործը ծիծաղելի լինելու չափ հասարակ է, մինչդեռ չգիտեմ, թե ինչպես ձեռնամուխ լինեմ դրան։ Թելեր շատ կան, բայց նրանցից ոչ մեկը չեմ կարողանում բռնել ինչպես հարկն է։ Ես ամեն ինչ կպատմեմ ձեզ, Ուոտսըն, միգուցե ձեզ հաջողվի գտնել գոնե մի կայծ շրջապտող խավարի մեջ։
― Պատմեցեք։
― Մի քանի տարի առաջ, ավելի ճիշտ՝ 1884 թվականի մայիսին, Լիում երևաց մի ջենտլմեն Նեվիլ Սենտ֊Քլեր անունով, որն ըստ երևույթին շատ փող ուներ։ Նա վարձեց մի մեծ վիլլա, տան շուրջը մի հիանալի այգի գցեց ու սկսեց հարուստ պարոնի պես լիուբոլ ապրել։ Նա կամաց֊կամաց մտերմացավ հարևանների հետ ու 1887 թվականին կնության վերցրեց տեղի գարեջրագործի դստերը, որից հիմա երկու երեխա ունի։ Որոշակի գործով նա չի զբաղվում, բայց մասնակից է մի քանի առևտրական ձեռնարկությունների և սովորաբար ամեն առավոտ գնում է քաղաք, վերադառնալով այնտեղից ժամը 5.14 գնացքով։ Միստր Սենտ֊Քլերն այժմ երեսունյոթ տարեկան է։ Ապրում է համեստ․ լավ ամուսին է և սիրող հայր․ նրա հետ գործ ունեցած մարդիկ շատ լավ են խոսում նրա մասին։ Կարող եմ ավելացնել նաև, որ նրա պարտքն ընդամենը ութսունութ ֆունտ և տասը շիլինգ է։ Իսկ բանկում ընթացիկ հաշվին՝ երկու հարյուր քսան ֆունտ ստերլինգ կա։ Հետևապես, հիմքեր չկան ենթադրելու, թե նա դրամական որևէ դժվարություն է կրում։
Անցյալ երկուշաբթի օրը միստր Նեվիլ Սենտ֊Քլերը քաղաք մեկնեց սովորականից շուտ, գնալուց առաջ ասելով, թե ինքը երկու կարևոր գործ ունի, և որ իր տղային մի տուփ խորանարդիկներ կբերի։ Հենց նույն երկուշաբթի օրը, ամուսնու մեկնելուց մի փոքր անց, Սենտ֊Քլերի կինը պատահաբար ստացավ մի հեռագիր այն մասին, որ Էբերդինի նավային ընկերությունում իր անվամբ ստացված է ոչ մեծ, բայց խիստ թանկարժեք մի ծանրոց, որ ինքը դեռ վաղուց էր սպասում։ Եթե դուք Լոնդոնը լավ գիտեք, ապա ձեզ հայտնի պիտի լինի, որ այդ նավային ընկերության գրասենյակը տեղավորված է Ֆրեսնո֊ստրիտի վրա, որը դեմ է առնում Էպպեր֊Սուոնդըմ֊լեն փողոցին՝ որտեղ դուք ինձ գտաք այս երեկոյան։ Միսսիս Սենտ֊Քլերը նախաճաշեց, գնաց քաղաք, որոշ գնումներ կատարեց, մտավ ընկերության գրասենյակը, ստացավ իր ծանրոցն ու ժամը չորսն անց երեսունհինգ րոպեին գնում էր Սուոնդըմ֊լենով դեպի կայարան․․․ Մինչև այս տեղը ամեն ինչ պարզ է ձեզ համար, ճի՞շտ է։
― Իհարկե, այստեղ անհասկանալի ոչինչ չկա։
― Եթե հիշում եք, երկուշաբթի օրը շատ շոգ էր, և միսսիս Սենտ֊Քլերը քայլում էր դանդաղ, նայելով չորսդին, թե չկա՞ արդյոք մի կեբ, որովհետև քաղաքի այդ թաղամասը, ուր նա գտնվում էր, դուր չէր գալիս նրան։ Եվ ահա, Սուոնդըմ֊լենով գնալու ժամանակ նա հանկարծ մի գոռոց լսեց ու ամբողջովին սառեց, ինչ֊որ մի տան երկրորդ հարկի լուսամուտներից մեկում տեսնելով ամուսնուն, որը նայում էր իրեն և, ինչպես նրան թվաց, ձեռքի շարժումներով կանչում էր իր մոտ։ Լուսամուտը բաց էր, և կինը պարզ տեսավ ամուսնու դեմքը, որը նրան չափազանց հուզումնալից թվաց։ Ամուսինը զույգ ձեռքերը պարզեց դեպի կինը, և հանկարծ այնպես վայրկենական չքացավ, որ կարծես զոռով ետ քաշեցին լուսամուտից։ Սակայն կանացի սուր աչքը հասցրեց նկատել, որ չնայած ամուսնու հագին նույն սև սերթուկն էր, որով նա տանից դուրս էր եկել, բայց, ո՛չ օձիք կար վրան, ո՛չ փողկապ։
Հավատացած լինելով, որ ամուսնուն դժբախտություն է պատահել, նա աստիճաններով վազեց ցած (դա հենց այն տունն էր, ուր տեղավորված է հետնախորշը, որտեղ այս երեկո դուք գտաք ինձ), վազելով անցավ նախասենյակով ու փորձեց բարձրանալ դեպի վերին հարկերը տանող սանդուղքով։ Բայց սանդուղքի մոտ նա դեմ առավ սրիկա լասկարին, որի մասին հիմա ասացի։ Լասկարն իր օգնականի օժանդակությամբ այդ կնոջը դուրս քշեց փողոց։ Նա մի այդպիսի օգնական ունի, դանիացի է։ Սարսափից խենթացած կինը վազեց փողոցով և բարեբախտաբար, Ֆրեսնո֊սիտիում հանդիպեց ոստիկանների, որոնք տեսչի գլխավորությամբ շրջագայություն էին կատարում։ Տեսուչն ու երկու կոնստեբլը հետևեցին միսսիս Սենտ֊Քլերին և, չնայած որջի տիրոջ համառ դիմադրությանը, նրանց հաջողվեց թափանցել այն սենյակը, որի լուսամուտին տիկինը տեսել էր ամուսնուն։ Բայց այդ սենյակում ամուսինը չկար։ Ամբողջ հարկում ոչ մի մարդ չգտան, գարշելի արտաքինով մի խեղանդամից բացի, որն, ըստ երևույթին՝ հենց այդտեղ էլ ապրում էր։ Նա էլ, լասկարն էլ համառորեն երդվում էին, որ շենքում ուրիշ ոչ ոք չի եղել։ Նրանք այնպես վճռաբար էին հերքում ամեն ինչ, որ տեսուչը քիչ էր մնում կասկածեր, թե չի՞ սխալվել արդյոք միսսիս Սենտ֊Քլերը, երբ տիկինը ճչալով հանկարծ նետվեց դեպի սեղանին դրված փայտե փոքրիկ արկղը, և պոկեց նրա խուփը։ Արկղից դուրս թափվեցին մանկական խորանարդիկները։ Դա այն խաղալիքն էր, որ ամուսինը խոստացել էր քաղաքից բերել։
Խաղալիքի գտնելն ու խեղանդամի հանկարծակի շփոթվելը տեսչին համոզեցին, որ գործը լուրջ է։ Սենյակները մանրազնին խուզարկեցին, և խուզարկությունը հանգեցրեց զազրելի մի ոճրագործության բացելուն։
Այդ բնակարանի կահավորությունն, իհարկե, աղքատիկ է։ Նախասենյակն իրենից ներկայացնում է հյուրասենյակի պես մի բան, իսկ դրա կողքին ոչ այնքան մեծ ննջարան է, որի լուսամուտը նայում է նավաշինարաններից մեկի հետնաբակին։ Նավաշինարանի և ննջարանի լուսամուտի միջև մի նեղ ջրանցք կա, որը տեղատվության ժամանակ ցամաքում է, իսկ մակընթացության ժամանակ լցվում ջրով՝ չորսուկես ոտնաչափ բարձրությամբ։ Ննջարանի լուսամուտը լայն է ու բացվում է ներքևից։
Սենյակը զննելու ժամանակ լուսամուտի գոգին արյան հետքեր հայտնաբերվեցին․ արյան մի քանի բծեր գտան նաև փայտե հատակին։ Նախասենյակի փաթաթվող վարագույրի հետևը հաջողվեց հայտնաբերել միստր Նևիլ Սենտ֊Քլերի ամբողջ հագուստը։ Չկար միայն նրա պիջակը։ Նրա կոշիկները, նրա գուլպաները, նրա շլյապան, նրա ժամացույցը, բոլորը այդտեղ էր։ Հագուստի վրա բռնի ուժի գործադրման ոչ մի հետք չգտան։ Բայց ինքը միստր Նևիլ Սենտ֊Քլերը անհետ կորել էր։ Անհետանալ նա կարող էր միայն լուսամուտով․ և լուսամուտի գոգի արյան չարագուշակ բծերը պարզ ցույց էին տալիս, որ հազիվ թե նրան հաջողվել է փրկվել լող տալով, մանավանդ որ ողբերգության ժամին մակընթացությունը հասել էր ամենաբարձր մակարդակին։
Այժմ դառնանք այն սրիկաներին, որոնց վրա կասկածում են։ Լասկարը հայտնի է որպես մութ անցյալ ունեցող մարդ, բայց միսսիս Սենտ֊Քլերի պատմածից մենք գիտենք, որ լուսամուտին նրա ամուսնու երևալուց մի քանի ակնթարթ անց լասկարն արդեն ցածն էր․ և, հետևապես, նրան կարելի է համարել միայն ոճրագործության մեղսակից։ Նա ժխտում է իր որևէ մասնակցությունն այդ գործին։ Ըստ նրա ասածի, ինքը մի չնչին պատկերացում անգամ չունի, թե իր տնվոր Հյու Բունն ինչով է զբաղվում։ Կորած ջենտլմենի հագուստի հայտնվելը սենյակում նրա համար լիակատար հանելուկ է։
Ահա այն բոլորը, ինչ հայտնի է տիրոջ՝ լասկարի մասին։ Հիմա դառնանք որջի վերևը՝ երկրորդ հարկում ապրող մռայլ խեղանդամին․ նա անպայման վերջին մարդն է, որ տեսել է Նևիլ Սենտ֊Քլերին։ Նրա այլանդակ դեմքը լավ գիտեն այն մարդիկ, ովքեր ստիպված են հաճախ լինել Սիտիում։ Հյու Բունը պրոֆեսիոնալ մուրացկան է։ Ի դեպ, որպեսզի շրջանցի ոստիկանական կանոնները, նա ձևացնում է, թե իբր մոմե լուցկիներ է ծախում։
Երևի մի անգամ չի որ տեսել եք, Տրեդ֊Նիդլ֊ստրիտի ձախ կողմում մի որմնախորշ կա։ Այդ որմնախորշում ծալապատիկ նստած է մի խեղանդամ՝ ծնկներին դրած մի քանի տուփ լուցկի։ Նրա տեսքը խղճահարություն է առաջ բերում, և ողորմության անձրևը անընդհատ թափվում է նրա առջևը՝ սալահատակին դրված կաշվե կեղտոտ կեպիի մեջ։ Մեկ ու երկու անգամ չի, որ դիտել եմ նրան, թերևս չենթադրելով, որ մենք երբևէ ստիպված կլինենք ծանոթանալու նրա հետ որպես հանցագործի, և միշտ զարմացել եմ, թե ինչքա՜ն առատ բերք է հավաքում այդ մարդը ամենակարճ ժամանակվա ընթացքում։ Նա այնքան անսովոր արտաքին ունի, որ ոչ ոք չի կարող անցնել նրա կողքով և ուշադրություն չդարձնել նրան։ Նարնջագույն շիկա֊կարմիր մազերը, գունատ դեմքը՝ այլանդակված հրեշավոր մի սպիով, որի ներքևի ծայրը երկու կես է արել վերին շրթունքը, բուլդոգի դնչի նման կզակն ու խորաթափաբց թուխ աչքերը, որոնց գույնն այնքան խիստ կոնտրաստ է ստեղծում մազերի գույնի հետ․․․ այս բոլորը տարբերում են նրան մուրացկանների գորշ ամբոխի մեջ։ Նա միշտ էլ պատրաստ ունի կծու մի կատակ այն մարդու համար, ով կանցնի մոտովն ու կփորձի ծաղրական խոսքով դիպչել պատվին։
Այսպիսին է այդ կասկածելի ծխարանի վերին հարկի բնակիչը․․․ Այդ մարդուց հետո արդեն ոչ ոք չի տեսել այն ջենտլմենին, որին մենք փնտրում ենք։
― Բայց չէ՞ որ այդ բնակիչը խեղանդամ է, ― ասացի ես։ ― Նա ինչպե՞ս կարող է մեն֊մենակ զոռել ուժեղ, մկանոտ երիտասարդին։
― Միայն ոտքն է հաշմված, և նա քայլելիս թեթևակի կաղում է, իսկ ընդհանրապես պինդ է և ուժեղ։ Դուք, Ուո՛տսըն, որպես բժիշկ, իհարկե, գիտեք որ մարմնի մի վերջավորության թուլությունը հաճախ հատուցվում է մյուսների արտասովոր ուժով։
― Խնդրում եմ, շարունակեցեք պատմել։
― Լուսամուտի գոգին արյուն տեսնելով, միսսիս Սենտ֊Քլերն իրեն վատ զգաց, և ոստիկանի ուղեկցությամբ նրան տուն ուղեկցեցին, մանավանդ որ հետագա քննության համար նրա ներկայության կարիքը չկար։ Տեսուչ Բարտոնը, որն իր վրա էր վերցրել այդ գործը վարելու պարտականությունը, մանրազնին խուզարկեց այդ ամբողջ բույնը, բայց ոչ մի նոր բան չգտավ։ Սխալ արեցին, որ հենց առաջին իսկ րոպեին Բունին չձերբակալեցին և դրանով հնարավորություն տվին նրան մի քանի րոպեի ընթացքում երկու֊երեք խոսք փոխանակել իր բարեկամի՝ լասկարի հետ։ Սակայն այդ սխալը շուտով շտկվեց․ Բունին բռնեցին ու խուզարկեցին։ Բայց խուզարկությունը ոչ մի հանցանշան չտվեց նրանց ձեռքը։ Ճիշտ է Բունի վերնաշապկի աջ թևքին արյան հետքեր կային, բայց նա ոստիկաններին ցույց տվեց իր մատանու մատը, որի վրա կտրած տեղ կար՝ հենց եղունգի մոտ, և ավելացրեց, որ լուսամուտի գոգի արյան հետքերը հավանաբար, այդ վերքի հետևանք են, քանի որ նա մոտեցել է լուսամուտին, երբ մատից արյուն էր գալիս։ Նա համառորեն պնդում էր, թե միստր Սենտ֊Քլերին երբեք չի տեսել, ու երդվում էր, որ այդ ջենտլմենի հագուստի գտնվելն իր սենյակում նույնպիսի գաղտնիք է իր համար, ինչպես և ոստիկանության համար։ Իսկ երբ նրան հաղորդեցին, որ միսսիս Սենտ֊Քլերն իր ամուսնուն տեսել է նրա սենյակի լուսամուտին, Բունն ասաց, որ դա տիկնոջը կամ թվացել է, երբ նա խելագարության մոլուցք է ունեցել, կամ ուղղակի երազում է տեսել։ Բունին տարան ոստիկանատուն։ Նա բարձրաձայն բողոքեց։ Տեսուչը մնաց սպասելու տեղատվությանը, հույս ունենալով ջրանցքի հատակին հայտնաբերել որևէ հանցանշան։ Եվ իրոք, հենց հատակին, կպչուն ցեխի մեջ որոշ բան գտան, բայց բոլորովին ոչ այն, ինչ նրանք այնպիսի վախով սպասում էին գտնել։ Երբ ջուրը ետ գնաց, նրանք ջրանցքում գտան ոչ թե իրեն Նևիլ Սենտ֊Քլերին, այլ միմիայն Նևիլ Սենտ֊Քլերի պիջակը։ Եվ ի՞նչ եք կարծում, ի՞նչ հայտնաբերեցին պիջակի գրպաններում։
Պատկերացնել չեմ կարող։
― Չեմ էլ կարծում, որ դուք կկարողանաք գլխի ընկնել։ Բոլոր գրպանները լիքն էին մեկ պեննիանոց ու կես պեննիանոց դրամներով․ չորս հարյուր քսանմեկ պեննի ու երկու հարյուր յոթանասուն կես պեննի։ Եվ զարմանալի չէ, որ տեղատվությունը պիջակը չէր տարել։ Իսկ, ա՛յ, դիակը՝ ուրիշ բան։ Այդ շենքի ու նավաշինարանի միջև հոսանքը շատ ուժեղ է։ Միանգամայն հնարավոր է, որ դիակը քշվել է գետը, այն ժամանակ, երբ ծանրակշիռ պիջակը մնացել է հատակին։
― Բայց եթե չեմ սխալվում, մնացած ամբողջ հագուստը գտան սենյակում։ Մի՞թե դիակի վրա միայն պիջակն էր։
― Ոչ, սը՛ր, բայց դրա բացատրությունը կարելի է գտնել։ Ենթադրենք, թե Բունը Նևիլ Սենտ֊Քլերին դուրս է նետել լուսամուտից և այդ բանը ոչ ոք չի տեսել։ Ի՞նչ կաներ հանցագործը դրանից հետո։ Բնական է, նա առաջին հերթին կփորձեր ազատվել հագուստից, որը կարող էր իրեն մատնել։ Նա վերցնում է պիջակը, ուզում է շպրտել լուսամուտից դուրս, բայց այդ ժամանակ գլխում միտք է ծագում, որ պիջակը ոչ թե կսուզվի, այլ ջրի հետ կգնա։ Նա սոսկալի շտապում է, որովհետև աստիճանների վրա իրարանցում է լսում, լսում է, թե ինչպես Սենտ֊Քլերի կինը պահանջում է, որ իրեն ներս թողնեն ամուսնու մոտ․ դեռ ավելին, գուցե նրա մեղսակից լասկարը նրան զգուշացնում է ոստիկանության գալու մասին։ Ոչ մի րոպե չի կարելի կորցնել։ Հյու Բունը նետվում է մի մութ անկյուն, որտեղ պահված են նրա մուրացկանության պտուղները, և պիջակի գրպանները լցնում է ձեռքն ընկած առաջին իսկ դրամներով։ Այնուհետև դուրս է գցում պիջակը և ուզում է շպրտել մյուս իրերն էլ, բայց սանդուղքի վրա ոտնաձայներ է լսում և ոստիկանության երևալուց առաջ հազիվ հասցնում է շրխկալով փակել լուսամուտը։
― Դա ճշմարտության նման է։
― Ընդունենք դա որպես գործնական հիպոթեզ, ավելի լավը չունենալու պատճառով․․ Ինչպես ձեզ ասացի, Բունը ձերբակալվեց ու տարվեց ոստիկանատուն։ Նրա նախկին կյանքն ըստ էության անբասիր է։ Ճիշտ է, երկար տարիների ընթացքում նա հայտնի է եղել որպես պրոֆեսիոնալ մուրացիկ, բայց ապրել է խաղաղ և ոչ մի վատ բանում աչքի չի ընկել։
Ահա թե ինչ վիճակում է այդ գործը ներկայումս։ Ինչպես տեսնում եք, առաջվա պես չլուծված են մնում այն հարցերը, թե ինչ էր անում Նևիլ Սենտ֊Քլերն ափիոնի այդ ծխարանում, ինչ պատահեց նրան այնտեղ, ուր է նա հիմա և ինչ կապ ունի Հյու Բունը նրա անհայտացման հետ։ Պետք է խոստովանեմ, որ իմ պրակտիկայից չեմ հիշում մի դեպք, որն առաջին հայացքից այդքան պարզ ու հասարկ լինի և իրականում այդքան բարդն ու դժվար։
Մինչև Շերլոկ Հոլմսը պատմում էր այդ զարմանալի դեպքերի մանրամասնությունները, մենք անցանք հսկայական քաղաքի արվարձանը, մեր հետև թողեցինք վերջին տները և արագ սլացանք այն ճանապարհով, որի երկու կողմով ձգվում էին գյուղական շյուղահյուս ցանկապատները։ Հենց այն ժամանակ, երբ մենք հայտնվեցինք գյուղում, բարեկամիս ամբողջ պատմությունը վերջացել էր։ Հատուկենտ լուսամուտներին առկայծում էին կրակները։
― Մենք մտնում ենք Լի, ― ասաց բարեկամս։ ― Կարճատև ճանապարհորդության ընթացքում մենք եղանք Անգլիայի երեք կոմսություններում․ մեկնեցինք Միդդլսեքսից, կտրեցինք֊անցանք Սերրիի անկյունը և եկանք Քենտ։ Տեսնո՞ւմ եք այն կրակները ծառերի արանքներում։ Դա «Կեդրին» է։ Այնտեղ լամպի մոտ նստած է մի կին, որի լարված լսողությունն անկասկած արդեն որսաց մեր ձիու սմբակների կտկտոցը։
― Այս գործը վարելիս ինչո՞ւ եք այստեղ ապրում և ոչ թե Բեյքր֊ստրիտում, ― հարցրի ես։
― Որովհետև շատ բան ստիպված եմ քննել այստեղ․․․ Միսսիս Սենտ Քլերն ինձ սիրով տրամադրել է երկու սենյակ, և կարող եք համոզված լինել, նա ուրախ կլինի հյուրընկալել բարեկամիս, որն օգնում է ինձ իմ պրպտումների ժամանակ։ Օ՜, ինչքն ծանր է ինձ համար հանդիպել նրան, Ուո՛տսըն, քանի դեռ չեմ կարող նոր բան հաղորդել իր ամուսնու մասին։ Հասանք․ ռռ՜․․․
Մենք կանգ առանք պարտեզով շրջապատված մի մեծ վիլլայի առաջ։ Տնից մեզ դիմավորելու դուրս վազած ձիապանին հանձնելով կառքը, ես ու Հոլմսը դեպի տուն քայլեցինք մի նեղ ճամփով, որի վրա մանրախիճ էր ցանած։ Երբ մոտենում էինք տանը, դուռը լայն բացվեց, ու շեմքին հայտնվեց փոքրիկ, շիկահեր մի կին, որի հագին բաց գույնի մետաքսե մի շոր կար՝ շքեղ վարդագույն շիֆոնի զարդակարերով։ Մի ձեռքով նա բռնել էր դուռը, իսկ մյուսն անհամբերությամբ բարձրացրել․ թեքված դեպի առաջ, շրթունքները կիսաբաց՝ նա ագահաբար նայում էր մեզ, իր ամբողջ կերպարանքով ասես հարցնելով, թե ինչ նոր բան ենք բերել նրան։
― Հը՞, ― բարձրաձայն հարցրեց նա։
― Տեսնելով, որ երկու հոգի ենք, նա ուրախությունից ճչաց, բայց այդ ճիչը փոխվեց հառաչանքի, երբ ընկերս տարուբերեց գլուխը և ուսերը վեր քաշեց։
― Որևէ լավ բան իմացա՞ք։
― Ո՛չ։
― Իսկ վա՞տ։
― Նույնպես՝ ո՛չ։
― Է՛հ, փառք աստծու։ Դե՛, ներս մտեք։ Ձեզ համար ծանր օր է եղել այսօր, դուք երևի հոգնել եք։
― Սա իմ բարեկամն էմ, դոկտոր Ուոտսընը։ Չափազանց օգտակար է եղել իմ շատ հետաքննությունների ժամանակ, և երջանիկ պատահականությամբ ինձ հաջողվեց այստեղ բերել նրան, որպեսզի մեր պրպտումների ընթացքում օգտվեմ նրա օգնությունից։
― Ուրախ եմ ձեզ տեսնելուս համար, ― ասաց տիկինը, սիրալիր սեմելով ձեռքս։ ― Վախենում եմ, որ մեր տունը ձեզ համար հարմար ու հաճելի չլինի։ Դուք հոտ գիտե՞ք, թե ինչպիսի հարված հասավ մեր ընտանիքին հանկարծ․․․
― Տիկի՛ն, ― ասացի, ― ես պաշտոնաթող զինվոր եմ, արշավային կյանքին սովոր, բայց, հիրավի, եթե զինվոր եղած էլ չլինեի, դուք ինձանից ոչ մի բանի համար ներողություն չպետք է խնդրեք։ Երջանիկ կլինեմ եթե ինձ հաջողվի օգուտ տալ ձեզ կամ իմ բարեկամին։
― Մի՛ստր Շերլոկ Հոլմս, ես ուզում եմ մի քանի անկեղծ հարց տալ և խնդրում եմ դրանց պատասխանել նույնպիսի անկեղծությամբ ու շիտակությամբ, ― ասաց տիկինը, ներս տանելով մեզ պայծառորեն լուսավորված ճաշասենյակը, որտեղ սպասում էր սառն ընթրիքը։
― Խնդրեմ, տիկի՛ն։
― Մի՛ խնայեցեք իմ զգացմունքները։ Ես ո՛չ հիստերիկայի մեջ եմ ընկնում, ոչ էլ ուշաթափված եմ։ Ուզում եմ իմանալ ձեր իսկական, արդար կարծիքը։
― Ինչի՞ մասին։
― Ձեր հոգու խորքում դուք հավատո՞ւմ եք, որ Նևիլը կենդանի է։
― Շերլոկ Հոլմսն ըստ երևույթին շփոթվեց այդ հարցը լսելուց։
― Անկեղծ ասացեք, ― կրկնեց տիկինը գորգի վրա կանգնած ու սևեռուն նայելով Հոլմսի դեմքին։
― Անկեղծ ասած՝ չեմ հավատում, տիկի՛ն։
― Դուք կարծում եք, թե նա մահացե՞լ է։
― Այո՛, կարծում եմ։
― Սպանվե՞լ է։
― Այդ բանը չեմ պնդում։
― Իսկ ո՞ր օրն է մահացել։
― Երկուշաբթի օրը։
― Այդ դեպքում բարի եղեք բացատրել, մի՛ստր Հոլմս, ինչպե՞ս կարող էի այսօր նրանից ստանալ այս նամակը։
Շերլոկ Հոլմսն այնպես վեր թռավ բազկաթոռից, որ կարծես էլեկտրական հոսանքը խփեց նրան։
― Ի՞նչ, ― գոռաց նա։
― Այո՛, այսօր։
Տիկինը ժպտում էր, նամակի թերթիկը ձեռքում պահած։
― Կարելի՞ է կարդալ։
― Խնդրեմ։
Հոլմսը խլեց նամակը նրա ձեռքից, փռեց սեղանին, հարթեց ու սկսեց ուշադրությամբ զննել։ Ես վեր կացա բազկաթոռից ու սկսեցի նայել նրա ուսի վրայով։ Ծրարը հասարակ էր, գրասենյակային․ ծրարի վրա Գրևզդենի փոստի կնիքն էր․ կնիքի վրա այսօրվա, կամ ավելի ճիշտ՝ երեկվա թվականն էր, որովհետև կես֊գիշերն անց էր արդեն։
― Կոպիտ ձեռագիր է, ― փնթփնթաց Հոլմսը։ ― Համոզված եմ, որ սա ձեր ամուսնու ձեռագիրը չի, տիկի՛ն։
― Այո՛, ծրարի վրայինն ուրիշի ձեռագիր է, բայց նամակինը ամուսնուս ձեռագիրն է։
― Ծրարի վրա գրող մարդն ստիպված է եղել տեղեկություններ հավաքել ձեր հասցեի վերաբերյալ։
― Ինչի՞ց իմացաք այդ։
― Ծրարի վրայի անունը, ինչպես տեսնում եք, աչքի է ընկնում իր սևությամբ, որովհետև թանաքը, որով գրել են այդ անունը, ինքն իրեն է չորացել։ Իսկ հասցեն մի փոքր գույնը գցել է, որովհետև ծծան են դրել վրան։ Եթե ծրարի վրայի բառերը միանգամից գրած ու ծծանով ամբողջովին չորացած լինեին, բոլորն էլ կստացվեին միանգամայն գորշ։ Այս մարդը ծրարի վրա սկզբում լոկ ձեր անունն է գրել և որոշ ժամանակ անցնելուց հետո միայն, ավելացրել է հասցեն, ինչից կարելի է եզրակացնել, որ հասցեն սկզբում նրան հայտնի չի եղել։ Իհարկե, դա մանր բան է, բայց իմ մասնագիտության մեջ մանրերից ավելի կարևոր բան չկա։ Թույլ տվեք՝ նայեմ նամակը։ Ըհը՜․․․ Նամակի մեջ ինչ֊որ բան է դրված եղել։
― Այո, մատանի է եղել․ Նևիլի մատանին՝ կնիքով։
― Իսկ դուք հավատացա՞ծ եք, որ սա ձեր ամուսնու ձեռագիրն է։
― Նրա ձեռագրերից մեկն է։
― Նրա ձեևագրերից մե՞կը։
― Սա նրա ձեռագիրն է, երբ հապճեպ է գրում։ Սովորաբար նա այլ կերպ է գրում․ բայց այս ձեռագիրն էլ ինձ լավ հայտնի է։
― «Սիրելիս, մի՛ հուզվիր․ ամեն ինչ լավ կվերջանա։ Տեղի է ունեցել մի սխալ, որն ուղղելու համար պահանջվում է որոշ ժամանակ։ Համբերությամբ սպասիր։ Նևիլ»․․․ Գրված է մատիտով, մատյանից պոկած թերթիկի վրա, առանց ջրանիշի։ Հը՜մ։ Գրևզենդից ուղարկված մարդու միջոցով, որի բութ մատն ինչ֊որ բանով աղտոտված է։ Հա՛․․․ Եթե չեմ սխալվում, ծրարը փակող մարդը ծխախոտ է ծամում․․․ Դուք համոզվա՞ծ եք, տիկի՛ն, որ սա ձեր ամուսնու ձեռագիրն է։
― Համոզված եմ․ այս նամակը գրել է Նևիլը։
― Նամակն ուղարկված է այսօր Գրևզենդից։ Դե լավ է, մութ ամպերը ցրվում են, մի՛սսիս Սենտ֊Քլեր, թեև ես չեմ կարող ասել, թե վտանգն արդեն անցել է։
― Սակայն նա կենդանի է, մի՛ստր Հոլմս։
― Եթե, իհարկե, սա մի հնարամիտ կեղծիք չէ, որպեսզի մեզ տանեն սխալ հետքերով։ Մատանին վերջ ի վերջո ոչինչ չի ապացուցում։ Մատանին կարող էին նրանից խլել։
― Բայց սա նրա, նրա, նրա ձեռագիրն է։
― Լավ։ Իսկ ի՞նչ կասեք, եթե նամակը գրված լինի երկուշաբթի, իսկ ուղարկված՝ այսօր։
― Դա անհնարին է։
― Իսկ այդ ժամանակվա ընթացքում շատ բան կարող էր պատահել։
― Օ՜, մի խլեք ինձանից իմ ուրախությունը, մի՛ստր Հոլմս։ Ես գիտեմ, որ նրան ոչինչ չի պատահել։ Ես և նա այնքան մոտ էինք, որ անպայման կզգայի, եթե նա իսկական դժբախտության մեջ ընկած լիներ։ Անհետանալուց մի օր առաջ, նա անզգուշությամբ կտրեց մատը։ Ես ճաշասենյակում էի, նա՝ ննջարանում․ և ես իսկույն վազեցի մոտը, զգալով, որ նրան վատ բան է պատահել։ Մի՞թե կարծում եք, թե ես չէի իմանա նրա մահվան մասին, երբ նույնիսկ այսպիսի չնչին հանգամանքն ընդունակ է ազդել ինձ վրա։
― Ես փորձված մարդ եմ և գիտեմ, որ կնոջ անմիջական զգացողությունը երբեմն կարող է ավելի արժեքավոր լինել, քան թե ուզածդ տրամաբանական եզրակացությունը։ Եվ այս նամակը, իհարկե, կարևոր մի ապացույց է, որ դուք իրավացի եք։ Սակայն, եթե միստր Սենտ֊Քլերը կենդանի է, եթե նա կարողանում է ձեզ նամակ գրել, ինչո՞ւ ձեզ հետ չէ։
― Չգիտեմ։ Պատկերացնել նույնիսկ չեմ կարող։
― Երկուշաբթի օրը, մեկնելիս նա ձեզ ոչ մի բան չասա՞ց, չզգուշացրե՞ց։
― Ո՛չ։
― Եվ դուք շա՞տ զարմացաք, երբ նրան տեսաք Սուոնգըմ֊լեյնում։
― Շատ։
― Լուսամուտը բա՞ց էր։
― Այո՛։
― Նա կարո՞ղ էր լուսամուտից ձայն տալ ձեզ։
― Այո՛։
― Այնինչ, որքան ես հասկացա, նրա կոկորդից դուրս թռավ միայն անկապ մի բացականչություն, չէ՞։
― Այո՛, նա ձեռքով արավ։
― Բայց միգուցե նա ճվացել է անակնկալի՞ց։ Նա կարող էր ձեռքերն իրար զարկել զարմանքից, որ տեսնում է ձեզ։
― Հնարավոր է։
― Եվ ձեզ թվաց, թե նրան լուսամուտից ետ քաշեցին։
― Նա անհետացավ այնքա՜ն հանկարծակի․․․
― Կարող է պատահել, որ նա պարզապես ետ է ցատկել լուսամուտից։ Դուք սենյակում ուրիշ ոչ ոքի չտեսա՞ք։
― Ոչ ոքի։ Բայց չէ՞ որ այդ գարշելի մուրացկանն ինքը խոստովանեց, որ Նևիլն այնտեղ է եղել։ Իսկ լասկարը կանգնած էր ցածը՝ սանդուղքի մոտ։
― Շատ ճիշտ է։ Որքան դուք կարողացաք տեսնել, ձեր ամուսինը հագնված էր ինչպես միշտ, այնպես չէ՞։
― Բայց նրա վզին ոչ օձիք կար, ոչ փողկապ։ Ես շատ պարզ տեսա նրա մերկ վիզը։
― Նա ձեզ մոտ երբևէ զրուցե՞լ է Սուոնդըմ֊լեյնի մասին։
― Երբեք։
― Շնորհակալ եմ, միսսիս Սենտ֊Քլեր։ Սրանք այն հիմնական կետերն էին, որոնց կապակցությամբ ուզում էի իմանալ ամեն ինչ։ Հիմա մենք կընթրենք ու կգնանք հանգստանալու․ միանգամայն հավանական է, որ վաղը շատ գլխացավանք կունենանք։
Մեր տրամադրության տակ դրվեց զույգ մահճակալով, ընդարձակ ու հարմար մի սենյակ, ու ես անմիջապես պառկեցի, որովհետև գիշերային արկածները հոգնեցրել էին ինձ։ Բայց որևէ չլուծված խնդրի դեպքում Շերլոկ Հոլմսը կարող էր ամբողջ օրերով և նույնիսկ շաբաթներով չքնել, մտածելով այդ խնդրի մասին, համադրելով փաստերը, զննելով այն տարբեր տեսակետներից, մինչև որ իրեն չհաջողվեր կամ լուծել խնդիրը, կամ համոզվել, որ ինքը սխալ ճանապարհի վրա է գտնվում։ Ես շուտով հասկացա, որ նա պատրաստվում է անքուն նստել ողջ գիշերը։ Նա հանեց պիջակն ու ժիլետը, հագավ կապույտ լայն խալաթը և սկսեց մահճակալի, օթոցի և բազկաթոռների վրայից բարձերն ի մի հավաքել։ Այդ բարձերից նա իր համար արևելյան բազմոցի նման ինչ֊որ բան պատրաստեց, բարձրացավ, ծալապատիկ նստեց դրա վրա և մի տուփ ծխախոտ ու լուցկի դրեց առջևը։ Լամպի աղոտ լուսով ես տեսա, թե նա ինչպես է նստել այնտեղ, կապույտ ծխի ամպերի մեջ, հին ծխամորճը բերանում, աչքերը ցրվածորեն հառած առաստաղին, լուռ, անշարժ։ Եվ լամպը լուսավորում էր նրա խիստ արծիվային դիմագծերը։
Այդպես էր նա նստած, երբ ես քնեցի, և այդպես էլ նստած էր, երբ առավոտյան արևի շողերից բաց արի աչքերս, արթնանալով նրա անակնկալ բացականչությունից։ Ծխամորճը դեռ ցցված էր նրա բերանում, ծուխը շարունակում էր գալարվել դեպի վեր, սենյակը լիքն էր ծխի մշուշով, իսկ երեկոյան տեսածս մի փաթեթ ծխախոտից արդեն ոչինչ չէր մնացել։
― Արթնացա՞ք, ― հարցրեց նա։
― Այո՛։
― Ցանկանո՞ւմ եք կառքով մի քիչ զբոսնել։
― Հաճույքով։
― Որ այդպես է, հագնվեցեք։ Տանը բոլորը դեռ քնած են․ բայց ես գիտեմ, թե որտեղ է գիշերում ձիապանը, և հենց հիմա մենք կունենանք մի զբոսակառք։
Այս խոսքի վրա նա քթի տակ ծիծաղեց․ նրա աչքերը փայլում էին, և նա բոլորովին նման չէր այն մռայլ մտածողին, որ երեկ տեսա։
Հագնվելու հետ միասին նայեցի ժամացույցին։ Զարմանալի չէր, որ տանը բոլորը քնած էին․ Ժամը չորսն անց քսանհինգ րոպե էր։ Հազիվ էի հագնվել, երբ Հոլմսը ներս մտավ ու ասաց, թե ձիապանն արդեն ձին լծել է։
― Ուզում եմ ստուգել իմ մի տեսությունը, ― ասաց Հոլմսը, կոշիկները քաշելով ոտքերը։ ― Դուք, Ուոտսըն, ձեր առջև տեսում եք ամենամեծ անխելքներից մեկին, որ կարող են գոյություն ունենալ Եվրոպայում։ Ես կույր էի, ինչպես խլուրդը։ Հարկավոր էր մի այնպիսի դմբուզ հասցնել վզակոթիս, որ թռչեի այստեղից մինչև Չերինգ֊կրոսս։ Բայց հիմա, թվում է թե գտել եմ այդ առեղծվածի բանալին։
― Հապա ո՞ւր է ձեր այդ բանալին, ― հարցրի ժպտալով։
― Վաննայի սենյակում, ― պատասխանեց Հոլմսը։ ― Չէ, ես կատակ չեմ անում, ― շարունակեց նա, նկատելով իմ կասկածկոտ հայացքը։ ― Ես արդեն մտել եմ վաննայի սենյակը, վերցրել եմ բանալին ու պահել, ա՛յ, այստեղ՝ փոքրիկ այս ճամպրուկի մեջ։ Գնանք, բարեկամս, գնանք տեսնենք ՝ այս բանալին կհարմարվի փականքին։
Մենք իջանք սանդուղքով, ջանալով որքան հնարավոր է անաղմուկ փոխել ոտքներս։ Դուրսն արդեն վառ շողում էր առավոտյան արևը։ Դարբասի մոտ մեզ արդեն սպասում էր կառքը։ Ձիապանը բռնել էր լծված ձիու սանձերը։
Մենք թռանք կառքի մեջ և արագ սլացանք Լոնդոն տանող ճանապարհով։ Երբեմն շրջանցում էինք սայլերը, որոնք բանջարեղեն էին տանում մայրաքաղաք, բայց շրջակա ամառանոցներում լռություն էր տիրում․ ամեն ինչ քնած էր, ինչպես կախարդված քաղաքում։
― Որոշ հանգամանքներով սա շատ բացառիկ գործ է, ― ասաց Հոլմսը, սրարշավ քշելով ձին։ ― Խոստովանում եմ, ես կույր եմ եղել, ինչպես խլուրդը, բայց ավելի լավ է խելքի գալ ուշ, քան երբեք։
Մենք քաղաք մտանք Սերրիի կողմից։ Լուսամուտներում արդեն սկսեցին երևալ հենց նոր արթնացած մարդկանց քնաթաթախ դեմքերը։ Մենք գետն անցանք Վաթերլոոյի կամուրջով, շրջվեցինք աջ ու ընթացանք Վեսինգտոն֊ստրիտով և հայտնվեցինք Բաու֊ստրիտում։ Շերլոկ Հոլմսին լավ էին ճանաչում ոստիկանական վարչությունում․ ու երբ մեր կառքը մոտեցավ, երկու կոնստեբլ պատվի առնելով ողջունեցին նրան։ Նրանցից մեկը բռնեց ձիու սանձը, իսկ մյուսը տարավ մեզ շենքը։
― Ո՞վ է հերթապահը, ― հարցրեց Հոլմսը։
― Տեսուչ Բրեդստրիտը, սը՛ր։
Քարի սալերով հատակած միջանցքով մեզ դեմ եկավ բարձրահասակ, ծանրամարմին մի ոստիկան՝ լրիվ համազգեստը հագին։
― Ա՜, Բրեդստրի՞տ։ Ինչպե՞ս եք։ Ուզում եմ ձեզ հետ խոսել, Բրեդստրիտ։
― Խնդրեմ, մի՛ստր Հոլմս։ Համեցեք ինձ մոտ՝ իմ սենայկը։ Սենյակը գրասենյակի էր նման, սեղանին՝ գրանցման վիթխարի մատյանն էր, պատից կախված էր հեռախոսը։
Տեսուչը նստեց սեղանի մոտ։
― Ինչո՞վ կարող եմ ծառայել, մի՛ստր Հոլմս։
― Ես ուզում եմ հարց ու փորձ անել, թե այն մուրացկանը, որի մատը խառն է միստր Նևիլ Սենտ֊Քլերի անհետացման գործում, ի՞նչ եղավ։
― Նրան ձերբակալեցին ու բերեցին այստեղ քարցաքննման։
― Հիմա այստե՞ղ է։
― Մենախցում է։
― Գժություն չի՞ անում։
― Ոչ, հանգիստ է պահում իրեն․ բայց ինչքա՜ն կեղտոտ է այդ անպիտանը։
― Կեղտո՞տ։
― Այո՛։ Հազիվհազ ստիպեցինք, որ ձեռքերը լվա, իսկ երեսը սև է ինչպես պղնձագործինը։ Թող մի հետաքննությունը վերջանա, նա չի կարող խուսափել բանտային վաննայից։ Դուք որ տեսնեք նրան, կհամաձայնեք ինձ հետ։
― Ես շատ կուզենայի տեսնել նրան։
― Իսկապե՞ս։ Դա դժվար չէ կազմակերպել։ Եկեք իմ հետևից։ Ճամպրուկը կարող եք թողնել այստեղ։
― Ոչ, ես հետս կվերցնեմ։
― Լավ․ համեցեք այս կողմը։
Նա բաց արեց կողպած դուռը, պտուտակաձև սանդուղքով ցած իջավ ու մեզ հասցրեց մի միջանցք, որի պատերն սպիտակեցրած էին։ Աջ ու ձախ կողմը դռների մի ամբողջ շարք կար։
― Նրա մենախուցը աջ կողմից երրորդն է, ― ասաց տեսուչը։ ― Ա՛յ այստեղ։
Տեսուչն զգուշությամբ ետ տարավ դռան վերևի մասում եղած փոքրիկ տախտակն ու ծակից ներս նայեց։
― Քնած է, ― ասաց նա։ ― Դուք կարող եք մի լավ զննել նրան։
― Երկուսս էլ կպանք վանդակին ու նայեցինք։ Բանտարկյալը պինդ քնած էր․ շնչում էր դանդաղ ու ծանր։ Նա դեմքը դարձրել էր մեր կողմը։ Դա միջահասակ մի տղամարդ էր և, ինչպես նրա մասնագիտությունն ունեցող մարդկանց է վայել, շատ վատ էր հագնված, պատռտված պիջակի բացվածքներից տնկված էին գունավոր վերնաշապիկի ցնցոտիները։ Նա իսկապես որ արտակարգ կեղտոտ էր․ բայց դեմքը ծածկող հաստ շերտն անգամ չէր կարող թաքցնել նրա վանող այլանդակությունը։ Լայն սպին աջից իջնում էր մինչև կզակը, և վերին շրթունքի վրա առաջացած ճեղքից միշտ երևում էին երեք ցցված ատամները։ Ամենավառ շիկակարմիր մազերի փունջն ընկել էր ճակատին ու աչքերին։
― Գեղեցիկ տղամարդ է, ճիշտ չէ՞, ― ասաց տեսուչը։
― Նրան անհրաժեշտ է լվացվել, ― նկատեց Հոլմսը։― Ես հենց սկզբից էլ էի գլխի ընկել ու հետս բերել եմ ամբողջ գործիքը։
Նա բացեց փոքրիկ ճամպրուկը և, ի զարմանս մեր, այնտեղից հանեց մի մեծ սպունգ։
― Հե՛֊հե՛, կատակասերն եք, հա՜, ― ծիծաղեց տեսուչը։
― Բարեհաճեցեք կամացուկ բաց անել դուռը, և մենք ձեռաց ավելի վայելուչ տեսք կտանք նրան։
― Լավ, ― ասաց տեսուչը, ― թե չէ նա իրոք որ խայտառակում է մեր բանտը։
Տեսուչը բացեց դուռը, ու մենք երեքս էլ անաղմուկ մտանք բանտախուցը։ Բանտարկյալը շարժվեց, բայց հենց նույն րոպեին էլ քնեց ավելի պինդ։ Հոլմսը մոտեցավ լվացարանին, թրջեց սպունգն ու երկու անգամ ուժով տարավ֊բերեց բանտարկյալի երեսի վրայով։
― Թույլ տվեք ձեզ ներկայացնել Քենտ կոմսության Լիեցի միստր Նևիլ Սենտ֊Քլերին, ― գոչեց Հոլմսը։
Կյանքումս երբեք նման բան չէի տեսել։ Բանտարկյալի դեմքը սրբվեց֊իջավ իրենից, ինչպես ծառից կեղևը։ Անհետացավ կոպիտ ու մուգ արևայրուքը, անհետացավ սոսկալի սպին, որ շեղակի կտրում էր ամբողջ դեմքը, անհետացավ ճեղքված շրթունքը, անհետացան վանող բաց ատամները։ Շիկակարմիր փրչոտ մազերն անհետացան Հոլմսի ձեռքի մի թեթև թափահարումից ու մենք տեսանք գունատ, տրտում, գեղատեսիլ մի մարդու՝ սև մազերով ու նուրբ մաշկով, որն անկողնում նստած աչքերն էր տրորում և տարակուսանքով նայում մեզ, քնից դեռևս ոչ լրիվ սթափված։ Հանկարծ նա ամեն ինչ հասկացավ, ճվաց ու գլուխը թաղեց բարձի մեջ։
― Աստվա՜ծ իմ, ― գոռաց տեսուչը, ― չէ՞ որ սա հենց ինքը կորածն է։ Ես գիտեմ սրան, տեսել եմ լուսանկարը։
Բանտարկյալը դարձավ դեպի մեզ այնպիսի մարդու անհուսալի տեսքով, որը վճռել է չդիմադրել ճակատագրին։
― Ինռ ուզում է թող լինի․․․ ― ասաց նա։ ― Ինչի՞ համար եք ինձ պահում այստեղ։
― Նևիլ Սենտ֊Քլերի սպանու․․․ թյու․․․ Անհնար է այժմ մեղադրել ձեզ սպանության մեջ։ Ձեզ կարող էին թերևս մեղադրել միայն ինքնասպան լինելու փորձի մեջ, ― ասաց տեսուչը քթի տակ ծիծաղելով։ ― Քսանյոթ տարի է, ինչ ծառայում եմ ոստիկանությունում, բայց այսպիսի բան չէի տեսել։
― Քանի որ ես միստր Նևիլ Սենտ֊Քլերն եմ, ապա նշանակում է հանցագործություն չի կատարված և, հետևապես, ես ձերբակալված եմ ապօրինի։
― Հանցագործություն չկա, բայց մի մեծ սխալ է արված, ― ասաց Հոլմսը, ― իզուր տեղը դուք չեք վստահել ձեր կնոջը։
― Բանը կինը չէ, այլ երեխաները, ― բորբոքվելով ասաց բանտարկյալը։ ― Ես չէի ուզում, որ նրանք հոր առաջ ամոթով լինեն։ Աստվա՜ծ իմ, ի՜նչ խայտառակություն է․․․ Ի՞նչ անեմ հիմա։
Շերլոկ Հոլմսը նստեց նրա կողքին՝ մահճակալի վրա և սիրալիր թփթփացրեց նրա ուսը։
― Եթե թույլ տաք, որ դատարանը քննի ձեր գործը, ապա չեք խուսափի հրապարակումից, ― ասաց նա։ ― Իսկ եթե ձեզ հաջողվի համոզել ոստիկանությանը, որ դուք ոչ մի մեղք չունեք, լրագրերը ոչինչ չեն իմանա։ Տեսուչ Բրեդստրիտը կարող է գրի առնել ձեր ցուցմունքներն ու տալ համապատասխան օրգաններին, և գործը դատարան չի հասնի։
― Օ՜, ինչքան շնորհակալ եմ ձեզնից, ― բացականչեց բանտարկյալը։ ― Ես պատրաստ եմ բանտարկության և աքսորի, նույնիսկ մահապատժի, միայն թե իմ ողորմելի գաղտնիքը բացելով չխայտառակեմ երեխաներիս։ Դուք առաջինը կլսեք իմ պատմությունը․․․
Իմ հայրն ուսուցիչ էր Չեստերֆիլդում, և ես այնտեղ հիանալի կրթություն ստացա։ Երիտասարդ ժամանակ շատ եմ ճանապարհորդել, աշխատել եմ բեմում և, վերջապես դարձա Լոնդոնի երեկոյան մի լրագրի ռեպորտյորը։ Մի անգամ խմբագրիս պետք եղավ ակնարկների մի շարք մայրաքաղաքի մուրացկանության մասին, և ես պատրաստակամություն հայտնեցի գրել։ Հենց դրանից էլ սկսվեցին իմ բոլոր արկածները։ Ակնարկներիս համար անհրաժեշտ փաստեր ձեռք բերելու նպատակով, որոշեցի հագնվել աղքատի նման, և սկսեցի մուրացկանություն անել։ Երբ դեռևս դերասան էի, հռչակված էի շպարվելու իմ շնորհքով։ Հիմա այդ կարողությունը պետք եկավ։ Ես ներկեցի դեմքս, իսկ որպեսզի ավելի շատ խղճահարություն առաջացնեմ, դեմքիս վրա սպի սարքեցի ու մարմնագույն պլաստիրի օգնությամբ այլանդակեցի շրթունքս՝ մի փոքր բարձրացնելով այն։ Հետո ցնցոտիներ հագնելով ու շիկակարմիր կեղծամ դնելով, նստեցի Սիտիի ամենահեռու տեղն ու լուցկի ծախելու անվան տակ, սկսեցի ողորմություն խնդրել։ Առանց տեղիցս վեր կենալու յոթ ժամ նստեցի, իսկ երեկոյան տուն դառնալուց հետո, ի մեծագույն զարմանս իմ, հայտնաբերեցի, որ հավաքել եմ քսանվեց շիլլինգ ու չորս պենս։
Ակնարկներ գրեցի ու մոռացա ամբողջ այդ պատմությունը։ Բայց, ա՛յ, որոշ ժամանակ անց, ինձ ներկայացրին մի մուրհակ, ըստ որի ես խոստացել էի մտերիմ ընկերոջս համար վճարել քսանհինգ ֆունտ։ Չէի իմանում, թե որտեղից կարելի էր գտնել այդքան փող․ և հանկարծ գլխումս մի հրաշալի միտք ծագեց։ Պարտատիրոջը խնդրեցի, որ երկու շաբաթ սպասի, և աշխատանքի տեղից արձակուրդ վերցնելով, ժամանակս անցկացրի Սիտիում ողորմություն խնդրելով։ Տասն օրում հավաքեցի անհրաժեշտ գումարն ու պարտքս տվի։ Այժմ պատկերացրեք․ հե՞շտ է արդյոք աշխատել շաբաթական երկու ֆունտով, երբ գիտես, որ այդ երկու ֆունտը դու կարող ես ստանալ մի օրում, ապականելով դեմքդ, կեպիդ գետնին դնելով ու բացարձակապես ոչինչ չանելով։
Երկար տևեց պայքարը հպարտությանս ու շահույթ ձեռք բերելու միջև, բայց փող ունենալու կիրքը վերջ ի վերջո հաղթեց։ Ես թողեցի լրագրային աշխատանքը ու սկսեցի բոլոր օրերս անցկացնել վաղուց հավանածս անկյունում, խղճահարություն կորզելով իմ այլանդակ տեսքով և պղնձե դրամներով լցնելով գրպանս։
Միայն մի մարդու էի հաղորդակից արել իմ գաղտնիքին․ դա Սուոնդըմ֊լենի վրա գտնվող ցածրահարգ որջի տերն էր․ մի որջ, որտեղ ես բնակություն էի հաստատել։ Ամեն առավոտ այնտեղից դուրս էի գալիս խղճուկ աղքատի տեսքով, ու ամեն երեկո դառնում լավ հագնված պարոն։ Ես առատորեն վճարում էի այդ լասկարին նրա սենյակների համար, համոզված լինելով, որ նա ոչ մի դեպքում ոչ ոքի չի ասի իմ գաղտնիքը։
Շուտով սկսեցի մեծ գումարներ ետ գցել։ Հազիվ թե Լոնդոնում գտնվի մուրացկան, որ տարին յոթ հարյուր ֆունտ վաստակի, իսկ ես վաստակում էի դեռ ավելին։ Տիրապետեցի անցորդների պատահական նկատողություններին կատակով պատասխանելու արվեստին և շուտով հայտնի դարձա ամբողջ Սիտիում։ Արծաթե դրամներին խառնված պենսերի հոսանքը անդադար տեղում էր ինձ վրա, և ես անհաջող էի համարում այն օրերը, երբ վաստակում էի երկու ֆունտից պակաս։ Ինչքան հարստանում էի, այնքան լենուբոլ էի ապրում։ Քաղաքից դուրս մի տուն վարձեցի, ամուսնացա, և ոչ ոք չէր կասկածում, թե ինչով եմ զբաղվում իրականում։ Իմ անուշիկ կինը գիտեր, որ Սիտիում ես ինչ֊որ գործեր ունեմ․ բայց թե ինչ տեսակ գործեր են դրանք, ամենաչնչին պատկերացում անգամ չուներ։
Անցյալ երկուշաբթի օրը վերջացնելով աշխատանքս, շորերս էի փոխում իմ սենյակում, երբ հանկարծ լուսամուտից դուրս նայելով, ի սարսափ իմ, տեսա, որ կինս կանգնած է փողոցում և ուղիղ ինձ է նայում։ Զարմանքից բղավեցի, ձեռքերս բարձրացրի, որ դեմքս ծածկեմ, ու նետվեցի իմ գործակցի կողմը, խնդրելով ոչ ոքի ներս չթողնել սենյակս։ Ցածից ես լսում էի կնոջս ձայնը, բայց գիտեի, որ նա վերև բարձրանալ չի կարողանա։ Արագ հագնվեցի, վրաս քաշեցի մուրացկանի ցնցոտիները, կեղծամը և ներկելով շպարեցի դեմքս։ Նույնիսկ կինս չէր կարող ճանաչել ինձ այդ տեսքով։
Բայց դրանից հետո ես մտածեցի, որ սենյակս կարող են խուզարկել, և այն ժամանակ հագուստս կմատնի ինձ։ Ես լայն բաց արի լուսամուտը, որի ժամանակ շտապելուց, խփեցի վիրավոր մատիս (մատս կտրել էի առավոտը՝ ննջարանում), ու վերքիցս նորից արյուն հոսեց։ Հետո ճանկեցի մուրացկանի իմ տոպրակից հենց նոր գրպաններս տեղափոխած պղնձե դրամներով լեփլեցուն պիջակս ու լուսամուտից դուրս նետեցի․ ու նա կորավ Թեմզայի մեջ։ Ես պատրաստվում էի մնացած շորերս էլ շպրտել այնտեղ, բայց այդ ժամանակ ոստիկանները ներխուժեցին սենյակս, և մի քանի րոպե հետո, փոխանակ ինձ մերկացնելու, որպես Նևիլ Սենտ֊Քլերի, ձերբակալեցին որպես նրա սպանողի։
Ուրիշ ոչինչ չունեմ ավելացնելու։ Ցանկանալով պահել դեմքիս շպարը, լվացվելուց հրաժարվում էի։ Գիտեի, որ կինս շատ կանհանգստանա իմ մասին մտածելով․ դրա համար էլ մատանին ոստիկաններից թաքուն հանեցի մատիցս ու տվի լասկարին հապճեպ խզմզված երկտողի հետ միասին, որով հաղորդում էի նրան, թե ինձ ոչ մի վտանգ չի սպառնում։
― Նա միայն երեկ ստացավ այդ երկտողը, ― ասաց Հոլմսը։
― Աստվա՜ծ իմ․ ինչպիսի՜ շաբաթ է անցկացրել նա։
― Լասկարին ոստիկանությունը հետևում էր, ― ասաց տեսուչ Բրեդստրիտը․ ― և նրան երևի ոչ մի կերպ չէր հաջողվում աննկատելի ուղարկել գրությունը։ Նա երևի այդ թուղթը տվել է որևէ նավաստու՝ իր որջի մշտական մի հաճախորդի, իսկ սա էլ մի քանի օր մոռացել է փոստարկղը գցել։
― Անկասակած հենց այդպես էլ եղել է, ― հաստատեց Հոլմսը, ― բայց մի՞թե ձեզ երբեք դատի չեն տվել մուրացկանության համար։
― Շատ անգամ։ Բայց ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ ինձ համար աննշան տուգանքը։
― Սակայն այժմ դուք պետք է թողնեք ձեր այդ արհեստը, ― ասաց Բրեդստրիտը։ ― Եթե ուզում եք, որ ոստիկանությունը կոծկի այս պատմությունը, Հյու Բունը պետք է անհետանա։
― Ինքս ինձ արդեն երդում եմ տվել, ամենահանդիսավորն այն երդումներից, որ մարդ կարող է տալ։
― Այդ դեպքում ամեն ինչ կմոռացվի, ― ասաց Բրեդստրիտը։ ― Բայց եթե ձեզ նորից նկատեցին, մենք այլևս ոչինչ չենք թաքցնի․․․ Մենք շատ երախտապարտ ենք ձեզ, մի՛ստր Հոլմս, որ բաց արիք այս գործը։ Շատ կուզենայի իմանալ, թե ինչպե՞ս եք դուք հասնում այդպիսի արյդունքների։
― Այս անգամ, ― արձագանքեց բարեկամս, ― հարկ եղավ նստել հինգ բարձի վրա ու ծխել կես ֆունտ ծխախոտ։ Ուո՛տսըն, ինձ թվում է, որ եթե մենք հիմա գնանք Բեյքր֊ստրիտ, ճիշտ և ճիշտ նախաճաշիին կհասնենք։