Տեսակների Ծագումը

Գրապահարան-ից
18:42, 28 Դեկտեմբերի 2016 տարբերակ, Մանվել (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Տեսակների Ծագումը

հեղինակ՝ Չարլզ Դարվին
թարգմանիչ՝ Ն. Սարգսյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Տեսակների Ծագումը»



ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ

ԲՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ

կամ

ՀԱՐՄԱՐՎԱԾ ՑԵՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԿՌՎՈՒՄ

«Բայց նյութական աշխարհի վերաբերմամբ մենք կարող ենք ընդունել, համենայն դեպս, հետևյալը, մենք կարող ենք տեսնել, որ երևույթներն առաջանում են ոչ թե յուրաքանչյուր առանձին դեպքում իր ազդեցությունը գործող աստվածային ուժի առանձին միջամտություններից, այլ ընդհանուր օրենքների հաստատումից»։
ՈՒԵՎԵԼԼ։ Բրիջուոտերյան տրակտատ

«Բնական» բառի միակ որոշակի նշանակությունն է՝ հաստատված, սահմանված կամ կարգավորված, որովհետև արդյոք բնական չէ՞ այն, ինչ պահանջում կամ ենթադրում է բանականությամբ արդարացվող մի ազդակ, որը նրան անում է այդպիսին, այսինքն՝ նրա կողմից իրագործվում է մշտապես կամ սահմանված ժամանակում, ճիշտ այնպես, ինչպես գերբնականը կամ հրաշագործականը — այն, որ իրագործվում է նրա կողմից միայն մեկ անգամ»։
ԲԵՏԼԵՐ։ Հայտնության կրոնի անալոգիան

«Ուստի եզրակացնում ենք, որ ոչ մի մարդ, սխալ կերպով գերագնահատելով առողջ դատողությունը կամ ոչ ճիշտ հասկանալով չափավորությունը, չպետք է կարծի կամ պնդի, թե մարդը աստվածային խոսքի գրքի կամ աստծու ստեղծագործության գրքի, աստվածաբանության կամ փիլիսոփայության հետազոտության կամ ուսումնասիրության մեջ կարող է չափազանց խորը թափանցել. բայց մարդիկ թող ավելի շատ ձգտեն անսահման կատարելագործության կամ հաջողությունների թե՛ մեկում և թե՛ մյուսում»։
ԲԵԿՈՆ։ Գիտության առաջադիմությունը

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՄԱՄԲ ԵՂԱԾ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՄԻՆՉ Եվ ՍՈՒՅՆ ԱՇԽԱՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԼՈԻ3Ս ՏԵՍՆԵԼԸ

Այստեղ մի համառոտ ակնարկ կտամ տեսակների ծագման վերաբերմամբ եղած գիտական հայացքի հաջողությունների մասին։ Մինչև վերջին ժամանակներս բնախույզների զգալի մեծամասնությունը համոզված էր, որ տեսակները ներկայացնում են մի ինչ որ անշարժ բան և ստեղծված են մեկը մյուսից անկախ կերպով։ Շնորհալի շատ հեղինակներ վարպետորեն պաշտպանել են այդ տեսակետը։ Մյուս կողմից, սակավաթիվ բնախույզներ կարծում էին, որ տեսակները ենթարկվում են փոփոխության և որ գոյություն ունեցող կենսաձևերը սովորական սաղմնավորման միջոցով սերվել են առաջներում գոյություն ունեցած ձևերից։ Կանգ չառնելով այդ իմաստով արված անորոշ ակնարկների վրա, որոնք հանդիպում են դասական գրողների մոտ[1], պետք է ընդունել, որ նորագույն ժամանակների գրողներից այդ հարցը իսկական գիտական ոգով առաջին անգամ քննության առնողը եղել է Բյուֆոնը։ Բայց քանի որ նրա կարծիքները մեծ տատանումների են ենթարկվել և քանի որ նա չի շոշափել այն պատճառները կամ ուղիները, որոնց միջոցով կատարվում էր տեսակների այդ ձևափոխումը, ես այստեղ մանրամասնությունների մեջ չեմ կարող մտնել։

Լամարկը առաջինն էր, որի եզրակացությունները այդ հարցի վերաբերմամբ իրենց վրա ուշադրություն գրավեցին։ Այդ, իրավամբ հռչակավոր գիտնականը առաջին անգամ շարադրեց իր հայացքները 1801 թվականին, նա զգալիորեն ընդարձակեց դրանք 1809 թվականին իր «Philosophie Zoologique» մեջ[2] և ավելի ևս ուշ՝ 1815 թ. իր «Histoire Naturelle des Animaux sans vertébres»-ի առաջաբանում[3]։ Այդ աշխատություններում նա պաշտպանում է այն տեսակետը, որ բոլոր տեսակները, ներառյալ մարդը, ծագում են առել այլ տեսակներից։ Նա մեծ ծառայություն մատուցեց, առաջինը նա սևեռեց ընդհանուրի ուշադրությունը այն ենթադրության հավանականության վրա, որ բոլոր փոփոխությունները օրգանական աշխարհում, ինչպես նաև անօրգանականում, տեղի են ունեցել բնության օրենքների հիման վրա, այլ ոչ թե հրաշագործ միջամտության հետևանքով։ Լամարկը, ըստ երևույթին, տեսակների աստիճանական փոփոխության մասին եզրակացրել է այն դժվարությունների հիման վրա, որոնք զգացվում են տեսակը տարատեսակից զանազանելիս, որոշ խմբերի ներկայացուցիչների միջև գրեթե անզգալի անցումների հիման վրա և ընտանեցված կենդանիների և կուլտուրական բույսերի համանմանության հիման վրա։ Ինչ վերաբերում է փոփոխություններ առաջացնող պատճառներին, ապա նա դրանք վերագրում էր մասամբ ֆիզիկական պայմանների անմիջական ազդեցությանը, մասամբ արդեն գոյություն ունեցող ձևերի միջև խաչաձևմանը, բայց գլխավորապես օրգանների վարժեցման կամ ոչ վարժեցման, այսինքն՝ սովորությանը։ Այս վերջին գործոնին նա, ըստ երևույթին, վերադրում էր բնության մեջ հանդիպող բոլոր հիանալի հարմարումները, ինչպիսին է ծառերի տերևներն ուտող ընձուղտի վիզը։ Բայց նա հավատում էր նաև պրոգրեսիվ զարգացման օրենքի գոյությանը, իսկ որովհետև այդ օրենքի ուժով բոլոր կենդանի էակները ձգտում են կատարելագործման, ապա ժամանակակից դարաշրջանում նաև պարզագույն ձևերի գոյությունը բացատրելու համար նա ընդունում էր նրանց ինքնածնությունը[4]։

Ժոֆֆրուա Սենտ-Իլերը, ինչպես երևում է նրա «Կենսագրական»-ից, որ գրել է նրա որդին, դեռ 1795 թ. կարծում էր, որ այսպես կոչված տեսակները միայն մեկ ընդհանուր տիպից զանազան շեղումներ են։ Բայց միայն 1828 թ. նա մամուլում հայտնեց իր համոզմունքը, որ աշխարհի հենց սկզբից ձևերը անփոփոխ չեն մնացել։ Ժոֆֆրուան փոփոխությունների գլխավոր պատճառը տեսնում էր գոյության պայմաններում կամ, ինչպես ինքն է արտահայտվել «le monte ambient»[5]։ Նա զգույշ էր իր եզրակացություններում և չէր կարծում, որ գոյություն ունեցող տեսակները շարունակում են փոփոխվել, իսկ նրա որդու խոսքերով «c’est donc սո problème à reserver entièrement a l’avienir, supposé même que l’avenir doive avoir prise sur lui»[6].

1813 թվականին դոկտոր Վ. Ս. Ուելսը թագավորական ընկերությունում մի հաղորդում կարդաց «Սպիտակ ցեղին պատկանող մի կնոջ մասին, որի մաշկի մի մասը նման էր նեգրերի մաշկին», բայց այդ հոդվածը չտպագրվեց մինչև նրա «Երկու հետազոտություն՝ ցեղի մասին և պարզ տեսողության մասին» հռչակավոր աշխատության լույս տեսնելը, այն է՝ 1818 թվականին։ Այդ հետազոտության մեջ նա որոշակիորեն ընդունում է բնական ընտրության սկզբունքը և այդ սկզբունքը ընդունողներից առաջինն է. բայց Ուելսը այն ընդունում է միայն մարդկային ցեղերի համար՝ այն էլ միայն մի քանի հատկանիշների վերաբերմամբ։ Մատնանշելով, որ նեգրերը, և մուլատները, ըստ երևույթին, արևադարձային որոշ հիվանդությունների չեն ենթարկվում, նա նշում է, որ բոլոր կենդանիները աննշան փոփոխությունների հակում ունեն, և գյուղական տնտեսատերերը իրենց ընտանի անասուններին բարելավում են ընտրության միջոցով, և վերջապես, ավելացնում է. «Այն, ինչ վերջին դեպքում ձեռք է բերվում արհեստականորեն, հավանորեն նույնպիսի հաջողությամբ, թեև ավելի դանդաղ, կատարվում է բնության մեջ, իրենց բնակավայրերին հարմարված մարդկային տարատեսակների առաջացման պրոցեսում։ Մարդու այն պատահական տարատեսակներից, որոնք երևան են եկել միջին Աֆրիկայի նոսր, ցրված բնակչության մեջ, որևէ մեկը գուցե մնացածներից ավելի լավ հարմարված է տեղական հիվանդություններին դիմանալու տեսակետից։

Հետևաբար, այդ ցեղը կբազմանա, մինչդեռ մյուսները կնվազեն ոչ միայն հիվանդություններին դիմադրելու անընդունակության պատճառով, այլև իրենցից ավելի հզոր հարևանների հետ մրցելու հնարավորություն չունենալու հետևանքով։ Այդ ավելի հզոր ցեղի գույնը, ասվածի հիման վրա, կլինի սև։ Բայց քանի որ տարատեսակներ առաջացնելու այդ ձգտումը պահպանվում է, ուստի հետևանքը այն կլինի, որ կառաջանա ավելի ու ավելի մգագույն ցեղ, և որովհետև ամենամուգը ամենից լավ հարմարված կլինի կլիմայական պայմաններին, ապա նա էլ կդառնա գերակշռող, եթե ոչ միակ ցեղը այն երկրում, որտեղ նա երևան է եկել»։ Այնուհետև նա իր հայացքները տարածում է նաև ավելի ցուրտ երկրներում ապրող սպիտակների վրա։ Ես այդ ցուցումների համար պարտական եմ Միացյալ նահանգներում ապրող մ-ր Ռոուլեին, որը մ-ր Բրեսի միջոցով իմ ուշադրությունը հրավիրեց Ուելսի աշխատությունների վրա։

Մեծարգո Վ. Հերբերտը, հետագայում Մանչեստերի դեկանը, 1822 թվականին իր «Horticultural Transactions»-ի[7] չորրորդ հատորում և իր «Ամարիլազգիներ» աշխատությունում (1837 թ., էջ 19, 339) հայտնում է իր համոզմունքը, որ «պարտիզագործական փորձերը անհերքելի կերպով հաստատում են այն դրույթը, որ բուսաբանական տեսակները միայն բարձր կարգի, բայց ավելի մնայուն տարատեսակներ են»։ Նա այդ հայացքը տարածում է նաև կենդանիների վրա։ Դեկանը կարծում է, որ յուրաքանչյուր սեռում ստեղծվել 'է մեկական տեսակ, որը օժտված է եղել ծայրահեղ պլաստիկությամբ, և հետո արդեն այդ տեսակները մասամբ խաչաձևման միջոցով, մասամբ փոփոխության ճանապարհով առաջացրել են բոլոր գոյություն ունեցող տեսակները ։

1826 պրոֆ. Գրանտը Spongilla-ի մասին իր հայտնի հետազոտության եզրափակիչ պարագրաֆում (Edinbourgh Pilosophical Journal[8], հատոր 14, էջ 283) միանգամայն որոշակիորեն հայտնում է իր համոզմունքը, որ տեսակներն առաջանում են այլ տեսակներից և որ իրենց փոփոխության հետ զուգընթաց նրանք կատարելագործվում են։ Նույն հայացքը նա բերում է իր 55-րդ դասախոսության մեջ, որը տպագրված է «Lancet»-ում 1834 թվականին։

1831 թվականին մ-ր Պատրիկ Մատյուն հրատարակել է իր «Նավաշինական անտառանյութի և ծառաբուծության մասին» աշխատությունը, որտեղ տեսակների ծագման վերաբերմամբ հայտնում է ճիշտ նույն հայացքը (ինչպես հիմա կտեսնենք), ինչ որ հայտնել է մ-ր Ուոլեսր և ես՝ «Linnean Journal»-ում[9] և մանրամասնորեն լուսաբանված է ներկա հատորում։ Դժբախտաբար մ-ր Մատյուն այդ հայացքը հայտնել է շատ համառոտ կերպով, կցկտուր դիտողությունների ձևով՝ բոլորովին այլ հարցի նվիրված մի աշխատության հավելվածում, այնպես, որ նա մնացել էր աննկատ, մինչև, որ մ-ր Մատյուն 1860 թ. ապրիլի 7-ին «Gardener’s Chronicle»-ում[10] նրա վրա ուշադրություն է հրավիրում։ Մ-ր Մատյուի և իմ հայացքների միջև եղած տարբերությունները էական չեն. նա, ըստ երևույթին, կարծում է, որ աշխարհը ժամանակ առ ժամանակ բոլորովին զրկվել է իր բնակչությունից և նորից բնակչությամբ լցվել է և, որպես նոր էակների գոյացման համար հնարավոր եղանակ, ենթադրում է, որ նրանք կարող էին ծնվել «առանց ընդունելու արդեն գոյություն ունեցած ձևերը և չառաջանալով արդեն գոյություն ունեցած սաղմնային ագրեգատներից»։ Ես վստահ չեմ, թե արդյոք լրիվ հասկացե՞լ եմ նրա գրքի որոշ տեղերը, բայց ինձ թվում է, որ նա մեծ նշանակություն է տալիս գոյության պայմանների անմիջական ներգործությանը։ Համենայն դեպս, նա պարզորոշ նկատել է բնական ընտրության սկզբունքի ամբողջ նշանակությունը։

Հռչակավոր երկրաբան և բնախույզ ֆոն-Բուխը իր «Description phisique des Isles Canaries»[11] հիանալի գրքում (1836 թ. էջ 147) պարզ կերպով հայտնում է իր համոզմունքը, որ տարատեսակները աստիճանաբար դառնում են հաստատուն տեսակներ, որոնք արդեն անընդունակ են միմյանց հետ խաչաձևելու։

Ռաֆինեսկը իր «Հյուսիսային Ամերիկայի նոր բուսականությունը» աշխատությունում, որը լույս է տեսել 1836 թվականին, գրում է (էջ 6). «Բոլոր տեսակները կարող էին մի ժամանակ տարատեսակներ եղած լինել, և շատ տարատեսակներ աստիճանաբար փոխվում են, դառնում տեսակներ, ձեռք բերելով յուրահատուկ և հաստատուն հատկանիշներ», բայց այնուհետև ավելացնում է (էջ 18),— «բացառությամբ յուրաքանչյուր սեռի օրիգինալ տիպերի կամ նախահայրերի»։

1843—1844 թվականներին պրոֆ. Գոլդմանը (Boston Journal of. Nat. Hist.[12] U. States, vol. IV, p. 468) շատ հմտորեն առադրել է տեսակների ձևափոխման և զարգացման հիպոթեզի վերաբերյալ թեր և դեմ փաստարկները, նա ինքը, ըստ երևույթին, հակվում է փոփոխականության կողմը։

1844 թվականին առաջին անգամ լույս են տեսել «Vestiges of Creation»[13]։ Այդ գրքի տասերորդ և զգալի չափով ուղղված հրատարակության մեջ (1853 թ.) անանուն հեղինակն ասում է (էջ 155). «Բազմաթիվ նկատառումների հիման վրա մենք գալիս ենք այն ընդհանուր եզրակացության, որ կենդանի էակների զանազան շարքերը՝ սկսած պարզագույններից ու հնագույններից և վերջացրած բարձրակարգներով ու նորագույններով, աստվածային նախախնամության գործողությամբ հանդիսանում են՝ առաջին, այն ազդակի արդյունքը, որը հաղորդվել է կենդանի էակներին և դրդում է նրանց որոշակի դարաշրջաններում անցնելու կազմվածքի որոշ աստիճաններ՝ հասնելով մինչև երկշաքիլավորները և ողնաշարավորները, ըստ որում այդ աստիճանները սակավաթիվ էին և կազմվածքում բաժանանշվում էին ընդհատումներով, որոնք գործնական դժվարություններ են ներկայացնում ձևերի փոխադարձ նմանությունը որոշելիս, երկրորդ, մի այլ ազդակի արդյունք, որը կապի մեջ է կենսական ուժերի հետ, որոնք ձգտում են սերունդների ընթացքում փոխել կազմվածքը՝ համապատասխանորեն արտաքին պայմաններին, ինչպիսիք են սնունդը, բնակավայրի հատկությունները և օդերևութաբանական պայմանները։ Այս վերջին փոփոխություններն էլ կազմում են այն, որոնք բնական աստվածաբանության մեջ կոչվում են «հարմարումներ»։ Ըստ երևույթին, հեղինակը կարծում է, որ կազմվածքը առաջադիմել է թռիչքներով, բայց գոյության պայմանների ներգործությունը եղել է աստիճանաբար։ Նա բերում է ընդհանուր բնույթ կրող շատ ուժեղ փաստեր հօգուտ այն բանի, որ տեսակները անշարժ ձևեր չեն։ Բայց չեմ պատկերացնում, թե ինչպես նրա ենթադրած երկու «ազդակները» կարող են գիտական բացատրություն տալ բնության մեջ հանդիպող բազմաթիվ հիանալի հարմարումների մասին։ Ես չեմ կարծում, որ այդ ճանապարհով մենք կարող ենք մի քայլ անգամ առաջ գնալ ըմբռնելու գործում, թե ինչպես է, օրինակ, փայտփորիկը ստացել այն բոլոր հարմարումները, որոնք անհրաժեշտ են նրա բացառիկ կենսակերպի համար։ Այդ գիրքը, իր ուժեղ և փայլուն ոճի շնորհիվ և չնայած առաջին հրատարակությունների հաղորդած տեղեկությունների որոշ անճշտությանը և գիտական շրջահայեցության պակասին, հենց սկզբից ձեռք բերեց ընթերցողների լայն շրջան։ Իմ կարծիքով, նա այս երկրում էական օգուտ տվեց, քննարկվող հարցի վրա ուշադրություն գրավելով, վերացնելով արմատացած նախապաշարումները և այսպիսով հող պատրաստելով համանման հայացքների ընդունման համար։

1846 թվականին վետերան երկրաբան Ժ. Օմալիուս դը Ալլուան մի փոքրիկ, բայց սքանչելի հոդվածում («Bulletin de l’Acad. Roy. Bruxelles[14] t. XIII, p. 581) կարծիք է հայտնում, որ ուրիշ ձևերից փոփոխվելու միջոցով տեսակների ծագումը ավելի հավանական է, քան նրանց ծագումն առանձին ստեղծագործական գործողությունների միջոցով, հեղինակն այդ կարծիքն առաջին անգամ հայտնել է դեռ 1831 թվականին։

Պրոֆ. Օուենը 1849 թ. («Nature of Limbs»[15] p. 86) գրել է հետևյալը. «Նախատիպերի գաղափարը մարմնում արտահայտվել է բազմազան փոփոխություններով շատ ավելի առաջ, քան այս մոլորակի վրա երևան են եկել կենդանիների այն տեսակները, որոնց մեջ նա հանդես է գալիս այժմ։ Թե ի՞նչ բնական օրենքների կամ երկրորդային պատճառների վրա են դրված այդ օրգանական երևույթների ճիշտ հաջորդականությունն ու զարգացումը, մեզ հայտնի չէ»։ 1858 թվականին Բրիտանական ասոցիացիայի նիստում իր նախագահական ճառի մեջ նա հիշատակում է (էջ LI) «ստեղծագործական ուժի անընդհատ ազդեցության աքսիոմայի, կամ կենդանի էակների նախասահմանված կենսագործման մասին»։ Այնուհետև (էջ XC), շոշափելով աշխարհագրական տարածման հարցը, նա ավելացնում է. «Այդ երևույթները մեզ ստիպում են կասկածել այն բանում, որ անգլիական կարմիր մայրահավը և նորզելանդական ապտերիքսը ստեղծված են այդ կղզիներից յուրաքանչյուրի համար առանձին և նրանց վրա։ Եվ ընդհանրապես միշտ էլ պետք է հիշել, որ կենդանաբանը, դիմելով «ստեղծված են» արտահայտությանը, դրանով ցույց է տալիս «իրեն անհայտ մի պրոցես»։ Այնուհետև նա մանրամասնորեն զարգացնում է այդ միտքը, ասելով, որ կարմիր մայրահավի նման օրինակներով, որոնք «կենդանաբանը թվարկում է որպես վկայություն այն ենթադրության օգտին, թե թռչուններն առանձին-առանձին ստեղծվել են որոշ կղզիների վրա և այդ կղզիների համար, նա միայն ցանկանում է հայտնել այն միտքը, որ չի հասկանում, թե կարմիր մայրահավը ինչպես է ընկել այնտեղ և բացառապես այնտեղ, որտեղ մենք նրան հանդիպում ենք. նրա անտեղյակությունը դրսևորող արտահայտության այդ եղանակով կենդանաբանը հայտնում է նաև իր համոզվածությունը այն բանում, որ թե՛ թռչունը և թե՛ կղզին իրենց ծագումով պարտական են մեծ ստեղծագործական նախապատճառին»։ Եթե մենք փորձենք մեկը մյուսի օգնությամբ մեկնաբանել միևնույն ճառում հանդիպող այդ երկու նախադասությունները, ապա կգանք այն եզրակացության, որ հռչակավոր գիտնականը 1858 թվականին արդեն համոզված չէր, թե ապտերիքսը կամ կարմիր մայրահավը առաջին անգամ երևացել են իրենց այժմյան գտնված տեղում՝ «անհայտ եղանակով» կամ «իրեն անհայտ, պրոցեսի շնորհիվ»։

Այդ ճառն արտասանվել է այն բանից հետո, երբ մ-ր Ուոլլեսի և իմ զեկուցագրերը, որոնց մասին հիմա կհիշատակենք, կարդացվել էին Լիննեյան ընկերությունում։ Այդ գրքի առաջին հրատարակությունը լույս տեսնելու ժամանակ ես, ուրիշ շատերի հետ միասին, այնպիսի խոր մոլորության մեջ էի ընկել «ստեղծագործական ուժի անընդհատ ազդեցություն» արտահայտությամբ, որ պրոֆ. Օուենին այլ հնէաբանների հետ մտցրել էի այն գիտնականների շարքը, որոնք խորապես համոզված են տեսակային ձևերի անշարժության մեջ. բայց բանից դուրս է գալիս, որ դա իմ կողմից հրեշավոր սխալ էր (Anat. of Vertebrates[16] vol. III, p. 796)։ Ներկա աշխատության վերջին հրատարակության մեջ հիմնվելով նրա գրքի այն տեղի վրա, որն սկսվում է «Կասկածի ենթակա չէ, որ տիպիկ ձևը» և այլն բառերով (Ibid., vol. I, p. XXXV), արել եմ ենթադրություն, որն այժմ էլ ինձ ճիշտ է թվում, թե պրոֆեսոր Օուենն ընդունում է, որ բնական ընտրությունը կարող էր որոշ դեր կատարել նոր տեսակների առաջացման գործում, բայց այդ ենթադրությունն էլ դուրս եկավ սխալ և անապացույց (Ibid., vol. III, p. 798)։ Ես բերել եմ քաղվածքներ պրոֆ. Օուենի և «London Review.»-ի[17] հրատարակչի միջև եղած նամակագրությունից, որոնցից ակներև դարձավ, ինչպես այդ հրատարակչի, այնպես էլ ինձ համար, որ պրոֆ. Օուենը պաշտպանում էր իր առաջնության իրավունքը բնական ընտրության ուսմունքը ինձնից առաջ տարածելու գործում։ Այդ հայտարարության առթիվ ես արտահայտել եմ իմ զարմանքը և գոհունակությունը, բայց ինչքան կարելի է հասկանալ նորագույն աշխատությունների մի քանի տեղերից (Ibid,, vol-III, p. 798), ես նորից, մասամբ կամ կատարելապես, մոլորության մեջ եմ ընկել։ Կարող եմ միայն այն մտքով մխիթարվել, որ ոչ միայն ես, այլև ուրիշ մարդիկ պրոֆ. Օուենի այդ բանավեճային երկերը համարում են դժվար հասկանալի և միմյանց հետ անհաշտելի։ Իսկ ինչ վերաբերում է բնական ընտրության սկզբունքի սոսկ հայտարարությանը, ապա բոլորովին էական չէ, թե արդյոք պրոֆ. Օուենը ինձ կանխե՞լ է թե ոչ, որովհետև բերված պատմական ակնարկից ակներև է, որ Ուելսը և մ-ր Մատյուն երկուսիս էլ կանխել են։

Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերը 1850 թվականին կարդացած իր դասախոսություններում (որոնցից քաղվածքը լույս է տեսել «Revue et Mag. de Zoologie»-ում[18] Jan. 1851) համառոտակի բերում է այն հիմքերը, որոնք ստիպեցին ընդունելու, որ տեսակային հատկանիշներր «sont fixes pour chaque espèce, tant qu’elle se perpetue au milieu des mêmes circonstances: ils se modifient, si les circonstances ambìantes viennent à changer». «En résumé l’observation des animaux sauvages démontre déjà la variabilité limitée des espèces. Les expériences sur les animaux sauvages devenus domestiques, et sur les animaux domestiques redevenus sauvages la démontrent plus clairement encore. Ces mêmes, expériences prouvent, de plus, que les differences produites peuvent être de valeur générique»[19]. Իր «Hist. Nat. Gérnerale»[20], (t. II, P, 480, 1850 թ.) աշխատության մեջ նա մանրամասնորեն զարգացնում է միանգամայն նման եզրակացություններ։

Դոկտոր Ֆրեկի վերջերս հրատարակած շրջաբերականից երևում է, որ նա 1851 թ. («Dublin Medical Press»[21], p. 322) զարգացնում է այն ուսմունքը, որ բոլոր օրգանական էակները ծագել են մեկ նախասկզբնական ձևից։ Նրա հիմնական համոզմունքները և հարցի հետագա զարգացումը արմատական կերպով տարբերվում են իմիններից, և քանի որ դ-ր Ֆրեկը այժմ (1861 թ.) հրատարակել է իր «Տեսակների ծագումը օրգանական ազգակցության միջոցով» ուրվագիծը, իմ կողմից ավելորդ կլիներ ձեռնարկել նրա գաղափարների շարադրման դժվարին խնդրին։

Հերբերտ Սպենսերը իր ուրվագծում (որը սկզբում լույս է տեսել «Leader»-ում 1852 թ. մարտին ու արտատպվել է նրա «Essays»[22]-ում 1858 թ.) զարմանալի ուժով և հմտությամբ համեմատում է օրգանական էակների ստեղծման և զարգացման տեսությունները։ Ելնելով ընտանի կենդանիների և մշակովի բույսերի անալոգիայից, այն փոփոխություններից, որոնց ենթարկվում են շատ տեսակների սաղմերը, այն դժվարություններից, որ զգացվում են տեսակներն ու տարատեսակները տարբերելիս, և ընդհանուր աստիճանականության սկզբունքից, նա եզրակացնում է, որ տեսակները փոփոխվել են, և նրանց փոփոխությունը վերագրում է գոյության պայմանների փոփոխությանը։ Նույն հեղինակը (1855 թ.) գրել է նաև հոգեբանություն, ելնելով այն սկզբունքից, որ բոլոր մտավոր հատկություններն ու ընդունակությունները անխուսափելիորեն ձեռք են բերվում աստիճանաբար։

1852 թվականի նշանավոր բուսաբան Նոդենը տեսակների ծագման մասին իր հիանալի հոդվածում («Revue Horticole.»[23], p. 102), հետագայում մասամբ արտատպված «Novelles Archives de Museum»[24], I, p. 171, հայտնել է իր համոզմունքը, որ տեսակներն առաջանում են այն եղանակով, ինչ եղանակով առաջանում են կուլտուրական տարատեսակները, իսկ վերջին պրոցեսը նա վերագրում է մարդու կողմից գործադրվող արհեստական ընտրությանը։ Բայց նա չի մատնանշում, թե ընտրությունը ինչպես կարող է գործել բնական վիճակում։ Դեկան Հերբերտի նման նա ենթադրում է, որ տեսակներն իրենց ծագման սկզբում ավելի պլաստիկ էին, քան այժմ։ Նա մեծ նշանակություն է տալիս այն բանին, որին անվանում է վախճանական պատճառի սկզբունք. «puissance mystérieuse, indéterminée; fatalité pour les uns; pour les autres volonté providentielle dont l’action incéssante sur les êtres vïvants détermine à toutes les époques de l’existence du monde la forme, le volume, et la durée de chacun d’eux, en raison de sa déstinée dans l’ordre des choses dont il fait partie. C’est cette puissance qui harmonise chaque membre à l’ensemble, en l’appropriant à la fonction qu’il doit remplir dans l’organism général de la nature, fonction, qui est pour lui sa raison d’être»[25]։

1853 թ. նշանավոր երկրաբան կոմս Կեյզերլինգը («Bulletin de la Soe Geolog»[26] 2-nd Ser., t. X, p, 357) հայտնել է այն միտքը, որ ինչպես որոշ հիվանդություններ, որոնք առաջանում են միազմների միջոցով, նորից ծագում էին ու արագ կերպով տարածվում ամբողջ աշխարհում, այնպես էլ որոշ դարաշրջաններում գոյություն ունեցող տեսակների սաղմերը կարող էին ենթարկվել իրենց շրջապատող որոշ առանձնահատուկ մոլեկուլների քիմիական ներգործությանը և նոր ձևերի սկիզբ տալ։

Նույն 1853 թ. դ-ր Շաֆհաուզենը {Werhandl. des Naturhist. Vereins des Preuss Rheinlands»[27]) հրատարակել է մի հիանալի կշռադատություն֊ որտեղ նա ապացուցում է օրգանական ձևերի առաջընթաց զարգացումը երկրի վրա։ Նա եզրակացնում է, որ շատ տեսակներ մեծ ժամանակաշրջանների ընթացքում պահպանվել են անփոփոխ, մինչդեռ մյուսները փոփոխվել են։ Տեսակը տարբերելու հնարավորությանը նա բացատրում ,է միջանկյալ ձևերի անհետացմամբ։ «Այսպիսով, ապրող բույսերն ու կենդանիները անհետացածներից չեն բաժանվում որպես ստեղծագործության առանձին ակտեր և պետք է դիտվեն որպես նրանց հաջորդները, որոնք նրանցից առաջացել են չընդհատվող վերարտադրության միջոցով»։

Ֆրանսիացի նշանավոր բուսաբան Լեկոկը 1854 թվականին գրում է («Etudes sur Géograph. Bot.»[28] t. I, p. 250). «On voit que nos recherches sur la fixité ou la variation de l’espèce nous conduisent directement aux idées émises par deux hommes justement célèbres, Geoffroy Saint-Hilaire et Goethe[29]. Բայց Լեկոկի ընդարձակ աշխատության մեջ ցրված մյուս նախադասությունները կասկած են հարուցում այն մասին, թե նա ինչ չափերով էր ընդունում տեսակների փոփոխականությունը։

Ստեղծագործության փիլիսոփայությունը վարպետությամբ մշակվել է հարգարժան Բադեն Պոուելի կողմից իր «Փորձ աշխարհների միասնության մասին» գրքում, որը լույս է տեսել 1855 թվականին։ Նա զարմանալի հստակությամբ ապացուցում է, որ նոր տեսակների երևան գալը պետք է դիտվի որպես «օրինաչափ, այլ ոչ թե պատահական երևույթ» կամ արտահայտվելով սըր Ջոն Հերշելի խոսքերով՝ որպես «բնական երևույթ, որը հակադրվում է հրաշագործականին»։

Լիննեյան ընկերության ամսագրի երրորդ հատորը բովանդակում է այն հոդվածները, որոնք 1858 թ. հուլիսի 1-ին ներկայացված են մ-ր Ուոլլեսի և իմ կողմից և պարփակում են, ինչպես երևում է ներկա աշխատության ներածությունից, բնական ընտրության տեսությունը, որ զարգացրել է մ-ր Ուոլլեսը զարմանալի պարզությամբ և ուժով։

Ֆոն-Բերը, որը կենդանաբանների այնպիսի խոր հարգանքն է վայելում, մոտավորապես 1859 թվականին (տե՛ս պրոֆ. Ռուդոլֆ Վագների «Zoologich—Antropologiche Untersuchungen.»[30] 1861 թ., էջ 51), հիմնվելով աշխարհագրական տարածման օրենքների վրա, այն համոզմունքն է հայտնում, որ այժմ իրարից խիստ տարբերվող ձևերն առաջացել են մի ընդհանուր, նախածնողից։

1859 թվականի հունիսին պրոֆ. Հյոքսլին թագավորական ինստիտուտում կարդացել է «Կենդանական կյանքի կայուն տիպերի մասին» դասախոսությունը։ Ուշադրություն դարձնելով նման դեպքերին, նա նկատում է. «Դժվար է բացատրել նման փաստերի նշանակությունը, եթե ենթադրենք, թե կենդանիների և բույսերի բոլոր տեսակները կամ կազմվածքի բոլոր հիմնական տիպերը ստեղծվել ու տեղադրվել են մեր մոլորակի մակերեսի վրա երկար ժամանակամիջոցներից հետո՝ շնորհիվ առանձին ստեղծագործական ակտերի։ Եվ չպետք է մոռանալ, որ նման ենթադրությունը նույնպես քիչ է հիմնավորվում ավանդությամբ կամ հայտնությամբ, ինչպես և հակասում բնության տրամադրած ընդհանուր անալոգիաներին։ Մյուս կողմից, եթե մենք դիտենք «կայուն տիպերը» այն հիպոթեզի տեսանկյունից, որի հիման վրա մի որոշ ժամանակում ապրող տեսակներն առաջանում են առաջներում ապրող տեսակներից աստիճանական փոփոխության միջոցով, մի հիպոթեզի, որը թեև դեռ ապացուցված չէ և զգալիորեն այլանդակված է նրան մի քանի կողմնակիցների կողմից, բայց առայժմ դեռ միակն է, որն ունի ֆիզիոլոգիական իմաստ,— ապա այդ տիպերի գոյությունը միայն կապացուրեր, որ երկրաբանական ժամանակաշրջանում կենդանի էակների կրած փոփոխությունները աննշան են ամբողջությամբ վերցրած այն փոփոխությունների համեմատությամբ, որ կրել են նրանք»։

1859 թ. դեկտեմբերին Հուկերը լույս ընծայեց իր «Ավստրալիական բուսականության ներածություն» աշխատությունը։ Այդ կապիտալ աշխատության առաջին մասում նա ընդունում է փոփոխության միջոցով տեսակների ծագման ուսմունքը և այն հիմնավորում է բազմաթիվ ինքնուրույն դիտումներով։

Ներկա աշխատության առաջին հրատարակությունը լույս է տեսել 1859 թ. նոյեմբերի 24-ին, իսկ երկրորդը՝ 1860 թ. հունվարի 7-ին։



  1. «Արիստոտելը իր «Physicae Auscultationesi-ում (գիրք 2, գլ. 8, էջ 2), այն դիտողությունից հետո, որ անձրևը գալիս է ոչ թե նրա համար, որպեսզի հացահատիկների բերքին նպաստի, ճիշտ այդպես էլ ոչ նրա համար, որպեսզի փչացնի այն հացահատիկը, որը կալսում են բաց երկնքի տակ, միևնույն փաստարկը կիրառում է նաև օրգանիզմների նկատմամբ. նա ավելացնում է (ինչպես այդտեղը թարգմանում է Կլեր Գրեսը, որն առաջին անգամ իմ ուշադրությունը դարձրեց նրա վրա). «Բնության մեջ ի՞նչն է խանգարում (մարմնի) զանազան մասերին, որ միմյանց նկատմամբ գտնվեն նույնպիսի պատահական հարաբերության մեջ։ Ատամները, օրինակ, աճում են ըստ անհրաժեշտության՝ առջևինները սուր են և հարմարված են սնունդը պատառ-պատառ անելու համար, իսկ սեղանատամները տափակ են, պիտանի են կերակուրը աղալու համար, բայց նրանք ստեղծված չեն դրա համար, այլ պատահականության արդյունք են։ Նմանապես և մյուս մասերի վերաբերմամբ, որոնք մեզ թվում են որևէ նպատակի համար հարմարված։ Այսպիսով, ամենուրեք, որտեղ առարկաներն ամբողջությամբ վերցրած (ինչպես, օրինակ, ամբողջության մասերը) մեզ այնպես են թվում, կարծես պատրաստված են ինչ-որ նպատակով, իրականում նրանք միայն պահպանվել են, որովհետև ինչ-որ ներքին ձգտման շնորհիվ համապատասխանորեն կառուցված են եղել. իսկ բոլոր այն առարկաները, որոնք այդպես կառուցված չեն եղել, ոչնչացել են և շարունակում են ոչնչանալ»։ Մենք այստեղ կարծես նկատում ենք բնական ընտրության ապագա սկզբունքի նշույլը, բայց թե որքան քիչ էր ըմբռնում Արիստոտելը այդ սկզբունքի էությունը, երևում է նրա դիտողություններից ատամների մասին։
  2. «Կենդանաբանության փիլիսոփայությունը»։— Խմբ.։
  3. «Անողնաշարավոր կենդանիների բնական պատմությունը»։— Խմբ.։
  4. Լամարկի առաջին աշխատության հրատարակության տարեթիվը ես վերցրել եմ Իսիդոր Ժոֆֆրուա Սենտ-Իլերից, որը իր գրքում (Hist. Nat. Generale, t. II, p. 405, 1859 թ.) տվել է այդ հարցի վերաբերյալ հղած տարբեր հայացքների մասին հիանալի պատմական ակնարկ։ Այդ աշխատությունում կարելի է գտնել նաև Բյուֆոնի հայացքների մասին լրիվ ակնարկ։ Հետաքրքիր է, թե որքան լայն չափով իմ պապս՝ Էրազմ Դարվինը իր «Զոոնոմիայում» (հատոր 1, էջ 500—510), որը լույս է տեսել 1794 թվականին, նախապես կռահել է այն հայացքները և սխալ հիմունքները, որոնցով առաջնորդվել է Լամարկը։ Իսիդոր Ժոֆֆրուայի կարծիքով, կասկածի ենթակա չէ, որ Գյոթեն եղել է նման հայացքների ջերմ կողմնակից, ինչպես այդ հետևում է 1794 և 1795 թվականներին նրա գրած, բայց ավելի ուշ հրատարակած աշխատության առաջաբանից. նա միանգամայն որոշակի կերպով հայտնում է այն միտքը «Goethe als Naturforscher» Կարլ Մեդինգի, էջ 34), որ ապագայում բնախույզին պետք է զբաղեցնի այն հարցը, թե եղջերավոր անասունը ինչպես է ձեռք բերել իր եղջյուրները, այլ ոչ թե այն հարցը, թե նրանք ինչի համար են հարկավոր նրան։ Որպես հիանալի օրինակ այն բանի, թե ինչպես իրար նման գաղափարները կարող են միաժամանակ, բայց բոլորովին անկախ կերպով ծագել, ծառայում է այն փաստը, որ Գյոթեն Գերմանիայում, Է. Դարվինը Անգլիայում և Ժոֆֆրուա Սենտ-Իլերը (ինչպես հիմա կտեսնենք) Ֆրանսիայում 1794—1795 թվականներին՝ կարճ ժամանակամիջոցում եկան միևնույն եզրակացություններին տեսակների ծագման մասին։
  5. Շրջապատող աշխարհը։— Խմբ.։
  6. «... այդ պրոբլեմը պետք է ամբողջովին հանձնել ապագային, եթե միայն ապագայում նրանով կզբաղվեն»։— Խմբ.։
  7. «Պարտիզագործության վերաբերյալ աշխատություններ»։— Խմբ.։
  8. Էդինբուրգի փիլիսոփայական ամսագիր։— Խմբ.։
  9. «Լիննեյան ամսագիր»։— Խմբ.։
  10. «Պարտիզագործի լրատու»։— Խմբ.։
  11. «Կանարյան կղզիների ֆիզիկական նկարագրությունը»։— Խմբ.։
  12. Բնական գիտության բոստոնյան ամսագիր։— Խմբ.։
  13. «Ստեղծագործության հետքերը»։— Խմբ.։
  14. «Թագավորական ակադեմիայի բյուլետեն Բրյուսելում»։— Խմբ.։
  15. «Վերջավորությունների բնույթը»։— Խմբ.։
  16. Ողնաշարավորների անատոմիան։— Խմբ.։
  17. «Լանդոնյան հանդես»։— Խմբ.։
  18. «Կենդանաբանության ամսագիր»։— Խմբ.։
  19. «Նրանք հաստատուն են յուրաքանչյուր տեսակի համար, քանի դեռ նա բազմանում էր միևնույն պայմաններում. հատկանիշները փոխվում են, երբ սկսում են փոխվել շրջապատող պայմանները»։ Ընդհանուր առմամբ վայրի կենդանիների վրա կատարված դիտումը ակնառու կերպով ցույց է տաքիս տեսակների սահմանափակ փոփոխականությունը։ Ընտելացված վայրի կենդանիների և վայրենացած ընտանի կենդանիների վրա կատարված փորձերը ավելի ևս պարզորոշ կերպով ապացուցում են այդ դրույթը, դեռ ավելին՝ հենց այդ փորձերը ապացուցում են, որ ստեղծված տարբերությունները կարող են այնպիսի նշանակություն ունենալ, որը հատուկ է տարբեր սեռերի։
  20. «Ընդհանուր բնական պատմություն»։ Կա այդ գրքի ռուսերեն թարգմանությունը «Ընդհանուր բիոլոգիա» վերնագրով։ Մ. 1880, հատոր I։— Խմբ.։
  21. «Դուբլինյան բժշկական ամսագիր»։— Խմբ.։
  22. «Փորձեր»։— Խմբ.։
  23. «Պարտեզագործական տեղեկատու»։— Խմբ.։
  24. «Մուզեի նոր արխիվները»։ — Խմբ.։
  25. [«Խորհրդավոր, անորոշ ուժ. ոմանց համար ճակատագրականությունը, մյուսների համար նախախնամության կամքն է, որի անդադար ներգործությունը կենդանի էակների վրա աշխարհի գոյության բոլոր դարաշրջաններում որոշում է նրանցից յուրաքանչյուրի ձևը, ծավալը և երկարակեցությունը՝ համապատասխան նրա նշանակության այն իրերի կարգում, որոնց մասն է կազմում նա։ Հենց այդ ուժն է, որ յուրաքանչյուր անդամը համապատասխանեցնում է ամբողջին, հարմարեցնելով նրան այն դերին, որ նա պիտի կատարի բնության ընդհանուր օրգանիզմում, այն դերին, որ նրա գոյության իմաստն է»]։
    Բրոննի «Untersuchungen über die Entwkkelungs Gesetze»-ում ասածների հիման վրա պարզվում է, որ նշանավոր բուսաբան և հնէաբան Ունգերը 1852 թ. տպագիր կերպով հայտնել է իր համոզմունքը, որ տեսակները փոփոխվում և զարգանում են։ 1821 թ. նույն համոզմունքն է հայտնել Դալտոնը բրածո համրուկների մասին իր և Պանդերի կողմից կատարած ուսումնասիրության մեջ։ Նման հայացքներ, ինչպես հայտնի է, հայտնել է նաև Օկեանը իր միստիկական «Natur Philosophie»֊-ում։ Գոդրոնի «De l’Espèce» գրքում հանդիպող այլ վկայակոչումների հիման վրա պարզվում է, որ Բորի Սեն Վենսենը, Բուրդախը, Պուարեն և Ֆրիսն ընդունել են, որ նոր տեսակները շարունակ նորից առաջանում են։ Ես կարող եմ ավելացնել, որ այս պատմական ակնարկում հիշատակված և տեսակների փոփոխականության վերաբերմամբ իրենց համոզմունքը արտահայտած կամ, համենայն դեպս, առանձին ստեղծագործական ակտեր չընդունող երեսուն և չորս հեղինակներից քսանյոթը միևնույն ժամանակ եղել են բնապատմության և երկրաբանության զանազան, բնագավառներում հատուկ հետազոտությունների հեղինակներ։
  26. «Երկրաբանական ընկերության բյուլետեն»։— Խմբ.։
  27. «Հռենոսյան մարզի բնախույզների ընկերության աշխատություններ»։— Խմբ.։
  28. «Ուրվագծեր բույսերի աշխարհագրության մասին»։— Խմբ.։
  29. «Այստեղից երևում է, որ տեսակների անփոփոխության կամ փոփոխականության մասին մեր որոնումները մեզ ուղղակի հանգեցնում են այն գաղափարներին, որ հռչակել են երկու իրավամբ նշանավոր մարդիկ՝ Ժոֆֆրուա Սենտ-Իլերը և Գյոթեն»։— Խմբ.։
  30. «Կենդանաբանական—մարդաբանական հետազոտություններ»։— Խմբ.։