Յիշիր պատերազմը

Գրապահարան-ից
08:04, 22 Հունիսի 2017 տարբերակ, LevonDa (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

ՅԻՇԻՐ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Գարեգին Նժդեհ

Իր ցեղի ձայնին չհնազանդելով ժողովուրդը պատժւումէ մահուամբ։

Տարիներէ ի վեր իմ մտածումը կը դառնայ մի հիմնական հարցի շուրջը. ճիշդ այնպէս, ինչպէս կալանաւորը անվերջ կը դառնայ այն սիւնի շուրջը, որին շղթայուած է ինքը։

Իմ «Բաց նամակներ հայ մտաւորականութեան» յօդուածաշարքը մի վճռական փորձ էր՝ հայ քաղաքական միտքը ներգործօն կերպով զբաղեցնելու մեր ժողովրդի ֆիզիքական ինքնապաշտպանութեան խնդրով։ Իսկ «Որդիների պայքարը հայրերի դէմ» իմ գիրքը մի անհանգստացուցիչ աղաղակ էր հայութեան վտանգուած ապագայի մասին։

Այդ երկու աշխատութեանց մէջ ցանցնուած մտածումներս կարելի պիտի լինէր բիւրեղացնել հետեւեալ հատուածի մէջ.—

«Չնայած որ հարեւաններէդ մահուան ես դատապարտուած, հայ ժողովուրդ, բայց եւ այնպէս մահուան դատավճռից խուսափելու բազում ճամբաներ ունիս»։

Ահա այդ մահէն խուսափելու միջոցներէն մէկը հայութեան ցոյց տալու համար է, որ ձեռնարկում եմ այս նոր աշխատութեանը՝ «Յիշի՛ր պատերազմը»։


I. Կայ մարդը՝ կայ պատերազմը

Մարդն ու պատերազմը միաժամանակ են յայտնուել մեր երկրագնդի վրայ։ Այսպէս է վկայում մարդկային ցեղի պատմութիւնը, որը չունի մի հատիկ էջ, որ գրուած չլինէր արիւնով։

Մարդը աշխարհ է եկել սեղմուած բռունցքով, որ իր առաջին զէնքն է եղել՝ միշտ պատրաստ յարձակուելու, հարուածելու, ոչնչացնելու այն ամէնը, ինչ որ սպառնացել է իր գոյութեան։ Նա իր թշնամին է համարել այն բոլոր ոյժերը, որոնց գոյութեան փաստը այս կամ այն ձեւով ու չափով փորձել է սահման դնել իր տարամերժ «ազատութեան»։ Եւ եթէ մի օր միանալով իր նմաններին, մղուել է վարելու ցեղային՝ եւ ապա դարեր յետոյ պետական կեանք, դա եղել է ոչ թէ գոյութեան պայքարին վերջ տալու ցանկութեամբ, այլ այդ վերջինը աւելի հեշտ եւ արգասաւոր դարձնելու նպատակով։

Առաջին կազմակերպութիւնը, որին ծնունդ է տուել մարդը, եղել է զինուորականը. ինչպէս եւ առաջին արուեստը, որ մշակել է նա, եղել է ռազմարուեստը։

Բնազդական մարտիկ էր մարդը, երբ մենակեաց էր՝ դէմ յանդիման բնութեան ոյժերին։ Նոյնն է մնացել եւ այսօր, որպէս անդամ հասարակութեան ու պետութեան։

Մարդը պատերազմ է վարել իր բարեշրջութեան բոլոր աստիճանների վրայ։ Մշտական կռուի մէջ էր, որ նա ստիպուած էր ապահովել իր սնունդը։ Այլ բան չէր նրա թափառիկ, վաչկատուն կեանքը։ Մի օր էլ, երբ իր նստակեցութեան հետ ծնունդ առաւ սեփական հողի գաղափարը՝ պատերազմը բորբոքուիլ սկսաւ եւ հայրենիքների շուրջը։

Այսպէս, արիւնն է գծել եւ դեռ արիւնն է գծում մարդկային ցեղի ուղին։ Ճիշդ է, ժամանակի ընթացքում, բնաշրջման ճամբով փոխուած են միջցեղային պայքարի զէնքերն ու ձեւերը, բայց դրա էութիւնը մնացել է նոյնը։

* * *

Մարդկային ցեղի գոյութեան ձիգ տարածութեան վրայ չի եղել մի ժամանակաշրջան, որ նրա մէջ գազանն աւելի ուժեղ չլինէր, քան՝ մարդը։ Քաղաքակրթութիւնը սպանելու փոխարէն միայն թշնամացրել է գազանը մարդու մէջ։ Նա երկաթէ սանձեր է դրել մարդու անասնական հակումներին՝ դարձնելով աւելի զուսպ, բայց ոչ այլասէր։

Մեր պատմութեան ծանօթ Ալանները կը պաշտէին մերկ սուրը՝ թաղուած գետնի մէջ՝ ճշմարիտ անձնաւորումը իրենց վայրագութեան։

Էապէս փոխուած չէ ռազմական պաշտամունքի առարկան եւ այսօր։ «Անյայտ զինուորի» գերեզմանն այլ բան չէ, եթէ ոչ սրի պաշտամունքը, անշուշտ, աւելի գեղարուեստական ձեւի տակ։

Թշնամու գանկերը կը կազմէին տօնօրեայ զարդն ալանների։ Այսօր ջախջախուած թշնամուց խլուած թնդանօթները, դրօշակները և այլ ձևի աւարներն են զարդարում յաղթականի թանգարանները։

Հին ժամանակ, որպէս արիանալու միջոց կը պատռէին կռւում ընկած առաջնորդի կուրծքը եւ երկիւղածօրէն կը վայելէին նրա սիրտը։ Եւ որեւէ հերոսի սիրտն ուտողը կը համարուէր անպարտելի։ Արիութեան եւ ռազմական խանդավառութեան աղբիւրների կարիք ունի եւ այսօրուայ մարդկութիւնը, որն իր հերոսների սիրտը ուտելու փոխարէն դաստիարակչական ճիգեր չէ խնայում՝ նրանց մարտական ոգին տեղափոխելու նոր սերունդների սրտի մէջ։

Միկադօյի հայրենիքում ամէն տարի, երբ խորհրդանշական բալենին փթթել է սկսում, ճապոնական հայրենապաշտ ժողովուրդը իր հանդիսաւոր ուխտագնացութիւններն է սկսում դէպի իր անմահների՝ իր փառքի եւ մեծութեան ճամբին իրենց արիւնը թափած ռազմիկների գերեզմանները, եւ նրանց ամենամեայ ոգեկոչումով իր մարտնչող սերունդների հոգու մէջ հրահրում է պաշտամունքը հայրենի երկրի։ Ահա՛ թէ ո՞ւր է գաղտնիքն այն հրաշագործ ոյժի, որ ռազմադաշտերում քաջաբար ընկնող ճապոն մարտիկների շրթունքներին դնում է ժպիտ եւ աստուածային արհամարհանք դէպի մահը։

Օրուայ մարդկութեան պաշտած սուրը մերկ չէ եւ թաղուած չէ գետնի մէջ, ոչ էլ հրապարակի վրայ է։ Նա թաղուած է ժողովուրդների հոգու մէջ։

Կայ ամենակուլ եսականութիւնը, ատելութիւնը, նախանձը, կայ եւ այդ չար ոյժերի տարերային պոռթկումը ինչպէս անհատների, այնպէս էլ ազգերի եւ ցեղերի միջև։

Չկայ մի ժողովուրդ, բացի հայութիւնից, որի հանճարն այսօր չծառայէր աւելի պատերազմի քան խաղաղութեան գործին, որի մի ձեռքը եթէ քրտնում է խաղաղ շինարարութեան մէջ, միւս ձեռքը զէնք է կռում թշնամու համար, որը հակառակ նիւթական զինաթափութեան մասին այնքան յաճախ լսուող խօսքերին, շարունակում է զինուիլ միշտ աւելի կատարելագործուած զէնքերով։ Կայ, վերացած չէ երբեք արտաքին վտանգը եւ ժողովուրդները տենդօրէն կը պատրաստուին՝ վաղը յաղթական կամ նուազ պարտուած դուրս գալու համար ճակատագրական բախումներից։