Որդիների պայքարը հայրերի դեմ

Գրապահարան-ից
07:59, 29 Հունիսի 2017 տարբերակ, LevonDa (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Որդիների պայքարը հայրերի դեմ

հեղինակ՝ Գարեգին Նժդեհ


Երկու խոսք

Կուզե՜ի, որ իմ խոսքը` ուղղած քեզ, հա՛յ երիտասարդություն, առաջին հաղորդության ազդեցությունն ունենար։ Կուզե՜ի, որ քեզ համար գրված խորհրդածությանս այս էջերը ընդունեիր, ինչպես ծարավ դաշտը ցողն է ընդունում։ Հոգեփոխել քեզ կուզե՜ի ճշմարտության ուժով, փրկել քեզ և քո միջոցով գաղութահայությունը կեղծիքի գերությունից։

Եթե դու չես, թող խոստովանեմ` գաղութներում միայն քեզ եմ հավատում, եթե չես կամ պիտ չդառնաս ճանապարհ փրկության մեր ժողովրդի համար, նրա համար կմնա մի հատիկ ճանապարհ՝ դեպի գերեզմանատուն։ Եթե դու էլ պիտի նմանվես այն սերունդներին, որոնցից «մի բուռ հող» իսկ չի մնացել, օտարի լուծը և տառապանքը պիտ մնան քո ժողովրդի բաժինը։ Որբ, գաղթական հայ անունները պիտ շարունակեն մնալ որպես նույնանիշ բառեր։ Եվ պիտ երկարի խաչելության հոգեվարքը և ուշանա հարությունը ցեղիդ։

Չէ՛, չէ՛, ես հավատում եմ քեզ, քո ներքին մարդուն և Հային։ Հավատում եմ, որ դու հրամայողաբար պիտ դառնաս ուխտված և վրիժակ սերունդ` դյուցազնախառն սերունդը մեր, որի ջանքերով Հայաստան երկիրը պիտ դառնա Նոր Սպարտա Արևելքի սրտի մեջ։

Ես հավատում եմ քեզ, և, ահա՛ թե ինչու եմ քեզ ուղղում իմ առաջին «Bon quart»-ը։ Դա քառորդապահի իմ աղաղակն է ուղղված քեզ, աղաղակը, կանչը նավաստիների, որ գիշերներն իրար կուղղեն ամեն քառորդ ժամ։

Bon quart! Խռովահույզ է ծովը, խավարը՝ անթափանց. վտա՛նգ, վտա՛նգ կա նավի համար։ Սակայն, նավազներն արթուն են, պատրաստ և սթափ։ Նավը` ալեկոծ, բայց անսույզ պիտ հասնի նավահանգիստ։ Այս խռով, խավար և նենգ ժամանակներում, երբ այնքան մեծ և իրական է վտանգը մեր ցեղի համար, քեզ, հա՛յ երիտասարդություն, ես քեզ իմ անհանգստացուցիչ աղաղակն եմ ուղղում։

Bon quart!


Անդունդի եզերքին

Ազգերի կյանքը ժամանակաշրջաններ ունի, երբ որդիները հարկադրաբար իրենց հայրերի դաստիարակիչն են հանդիսանում։ Նման մի ժամանակաշրջան է ապրում օրվա հայությունը։ Երբեք, հա՛յ երիտասարդություն, մեր ազգն ու ազգայնությունը այնքան լրջորեն վտանգված չեն եղել, որքան այսօր։ Ինչպես և երբեք մեր ժողովուրդն այն աստիճան պառակտված ու տկարացած չի եղել, ինչպես այժմ։

Քո ժողովուրդը բաց աչքերով աշխատում է իր մահացու թշնամիների համար. կատարում են ամեն ինչ, որ գալիք աղետը` թրքական վտանգը, որ դամոկլյան սրի նման կախված է իր գլխին, որ վաղվա աղետը լինի անչափելիորեն մեծ, անդիմագրավելի և անդարմանելի, որ դա լինի «իններորդ ալիքը» մեզ համար։

Մենք պառակտված ենք։ Իսկ նման ժողովուրդը նվազ է ուշադրություն դարձնում արտաքին իրական, թե հավանական վտանգի վրա։ Հայության հայացքն ուղղված չէ արտաքին թշնամուն, որ հարկադրված լինի չափավորելու կամ իսպառ արգելելու ներքին տարակարծությունները։ Երբ ազգերն այսօր եռում են հոգով, գիտության նորագույն զենքերով իրենց միտքն ու բազուկն են զինում ցեղամիջյան անողոք պայքարում հաղթանակելու կամ հաջողությամբ դիմագրավելու համար, հայությունը շարունակում է կորովաթափ լինել ներքին անփառունակ ճակատների վրա, նա պատրաստվում է վաղվա մահաբեր պարտությանը։

Մի ժողովուրդ, որի որոշ տարրերը կարծես արդեն հաշտվել են իրենց ցեղի գլխովին կորչելու մտքի հետ և ցուցադրում են մահվան դատապարտվածի հոգեբանություն։ Սրանք արևելյան ճակատագրապաշտությամբ ամեն ինչ թողել են բախտի կամքին և անհանգստանալու պատճառ չունեն։ Կան և այնպիսինները, որոնք ուզում են և՛ անկախ հայրենիք ունենալ, և՛ վաղը պարտված տեսնել արտաքին թշնամուն, բայց նախապատրաստվելու փոխարեն խոսում են ու գրում միայն։ Եվ գրեթե բոլորն էլ շարունակում են զարմանալ միամտորեն, թե ինչո՞ւ աշխարհն անտարբեր է մնում մեր Գողգոթայի հանդեպ, թե ինչո՞ւ մենք սպեղանու ենք սպասում, բայց նորանոր վերքեր ենք ստանում։

Դժվար է, ընթերցո՛ղ, անկարելիության աստիճան դժվար է ընդհանուր գծերով բնութագրել հոգեբանական այն հեղձուցիչ մթնոլորտը, որի մեջ շնչում է հայությունը։

Սպանիչ իրականություն, ուր գոյություն չունի մի հատիկ օրենք, կանոն իսկ, պարտադիր բոլորի, բոլորի համար, ուր որոշ տարրեր հանցապարտորեն ժխտում են և՛ ազգային սրբություններ, և՛ բարոյական արժեքներ, ուր կա առատորեն թույն, մաղձ, գռեհկություն, կա դիմածռություն, ծաղրանք, չարարվեստ խծծանք, ուր մարդիկ դառել են դառնախոս, նեղսիրտ, եսական, ուր տիրող հոգևոր մրափողության պատճառով նոր հեղինակություններ չեն ստեղծվում, և հները չեն հարգվում, ուր մտաբարոյական ընդհանուր աղավաղության մեջ մարդիկ, կարծեք, դադարել են իրար հասկանալուց, և ուր հնարավոր չէ գլուխ հանել որևէ ազգաշեն գործ, ուր կեղծիքն է կազմում որոշ քաղաքական հոսանքների բարոյական դրամագլուխը, ուր ամբողջ կազմակերպություններ ապրում են կեղծիքի և մտավոր կուրության մեջ` շրջելով անդունդի եզերքին։ Եվ այդ ամենն այն ժամանակ, երբ թրքությունը տապարն է դրել մեր ցեղի գոյության ծառի արմատին։

Աննպատակ և ուղեկորույս ժողովուրդ, որ կորցնելով իր ազգային իդեալը, վերածվել է «անհատների փոշու»։ Գողգոթաների տե՛ր ժողովուրդ, որ չի սարսափում իր ողբերգանքի մեջ տկար և ծիծաղելի լինելուց։ Մի ժողովուրդ, որի որոշ տարրերի համար ազգային դատ չկա, արտաքին պայքար գոյություն չունի, տարրեր, որոնք այլևս ոչինչ չեն ուզում աշխարհից, բացի ժամանակավոր կերն ու հանգիստը։ Հանցավոր տարրեր, որոնք մեր դերն այլևս վերջացած են համարում մարդկության պատմության մեջ և անվրդով թեքվում դեպի այլասերում և դանդաղ անհետացում։ Ահա՛ մոտավորապես այն սպանիչ մթնոլորտը՝ ստեղծված քո հայրերի կողմից. անուղղելի հայրեր, որոնք շարունակում են իրենց հին մեղքերն ու սխալները սնուցել նորերով, ազգ և ազգայնություն վտանգի մատնած հայրեր, որոնց վերադաստիարակիչը, դո՛ւ, հարկադրաբար դո՛ւ պիտ լինես, հա՛յ երիտասարդություն։

Դժբախտություն է, սակայն, երբ դաստիարակիչն ինքը ևս կարիք ունի դաստիարակության։ Որպես հարազատ ծնունդը մեր տխուր միջավայրի` դու էլ, հա՛յ երիտասարդություն, հոգեբանորեն դու էլ զերծ չես ստվերային կողմերից։

Վերադաստիարակչի վսեմ առաքելությունդ հաջողությամբ պսակելու համար քեզ պետք է նախ ամոթով երես դարձնել այն անիմաստ կյանքից, որ քարշ են տալիս կեղծապաշտ հայրերդ. անասնացուցիչ կյանք, որ մարդուն դարձնում է այն, որին աշխարհածանոթ Տոլստոյը զզվանքով «հիմար միս» անունն է տվել։

Քե՛զ, նախ քե՛զ պետք է հոգեփոխվել, իսկ այդ անելու համար դու օրվա հայրերիդ երեսին պիտ շպրտես քո վճռական «ոչ»-ը և ապա հռչակես քո նոր ուխտը, թե հայրերիդ դատապարտելի ընթացքի պատճառով վտանգված մեր ցեղի ապագան փրկելու սրբազան մտահոգությամբ վճռել ես հետայսու ապրել միայն երկու բանի` Հայրենիքիդ և իր անկախության համար։ Այո, դու պիտի լինես ուխտվածների սերունդ և, որպես այդպիսին, պիտ վերադաստիարակես քեզ և ապա դառնաս դաստիարակիչը հայրերիդ։ Այլ կերպ հայությունը կմնա մեկն այն դժբախտ ժողովուրդներից, որոնք գոյություն ունեն, բայց չեն ապրում, որոնք «աշխարհում են, բայց աշխարհից չեն»։ Այլապես քո ժողովուրդը իր տեղն արևի տակ աստիճանաբար պիտ զիջի իրեն շրջապատող այն գայլ ցեղերին, որոնց համար կյանքը լոկ առևտուր կամ լումայափոխություն չէ։ Քեզ պետք է հոգեփոխվել, իսկ դա նշանակում է, թե դու պիտ դառնաս հակապատկերը հայրերիդ։ Նրանցից շատերը դեռ այն են, որոնց կխարազաներ Նազովրեցու խոսքը` «ծույլ և նենգ ստրուկներ»։ Շատերը նրանցից չուզեցին գիտենալ, թե ինչպես մեր ժողովրդի մի մասը պայքարեց հանուն ազատ և անկախ Հայրենիքի։ Մեր անհավասար Ազատամարտի օրերին, երբ հայությունը աստիճանաբար բարձրանում էր դարերի ստրկության ճահճից, և երբ մարդկության լավագույն ներկայացուցիչները հոգեպես զինակցում էին մեզ, նրանցից շատերը, անընդունակ հանդգնելու և զոհաբերելու աստվածային արվեստին, խուսափեցին ազգային դատի խաչակիր զինվորը լինելու պատվից։ Հեռուներից խոսեցին Հայաստանի մասին` առանց այդ յոթնիցս սուրբ և հերոսական երկիրը ճանաչած լինելու։ Հայհոյեցին հաճախ հեղափոխությանը և խծբծեցին նրա Աստվածաշունչ Նահատակներին` առանց հասկանալու թե «Աստվածությունը հայհոյված չի լինի»։

Հանրապետության օրով չվերադարձան երկիր, որովհետև մեր նորազատ Հայրենիքում դեռ բավարար քանակությամբ նույնիսկ չոր հաց չկար։ Կար սակայն արտաքին վտանգը` սև ամպի պես կախված հանրապետության գլխին։ Շատերը դուրս մնացին Հայաստան երկրից, մնացին անտարբեր ու անկարեկիր, բայց մեծապես օգտվեցին մեր ժողովրդի վարած գոռ ազատամարտի շնորհիվ մարդկության մեջ դեպ հայությունը առաջացած համակրանքից։ Բարոյապես չարաշահեցին և՛ անօրինակ մարտիրոսագրությունը, և՛ նորագույն հերոսականը մեր ժողովրդի։ Ամենուրեք և միշտ էլ այդ տարրերը հայրենասիրության սրբազան կրակից օգտվեցին` «իրենց ծխափողը վառելով կամ ապուրը տաքացնելով»։ Այդպես էին երեկ, այդպես են և այսօր։

Զուրկ աստվածության զգացումից` սրբություն չճանաչեցին նրանք և մնացին անհասանելիորեն հեռու ճշմարիտ Հայ և Մարդ կոչվելու իրավունքից։ Կյանք վատնեցին առանց հոգեպես վառվելու և մի հատիկ կայծ վառելու իրենց շրջապատի մեջ։ Իմաստասիրություն և բարոյականություն ունեցան որոճող կենդանու, կեղծիքներ, որոնցով կշարունակեն դեռ իրենց տկարություններն ու կեղտերը արդարացնել։

Օտար ազգերի մեջ, նյութական դիրքի տեր այդ տարրերը, զոհաբերության իրենց լիաբուռն բաժինն են բերած և կբերեն ընդհանուր գործին`մնալով հիացողն ու խնկարկողը իրենց ցեղի հերոսականի։ Այդ տարրը մեզանում, անընդունակ հափշտակվելու վսեմ գաղափարներով, սովոր է մեծությունները դիտել անտարբերությամբ։

Ա՜հ, քո հայրերը ... նրանցից շատերը հոգով նպարավաճառ են մնում նաև այն դեպքում, երբ ապրում են աշխարհի մեծագույն և մեծածախք ոստաններում։

Եվրոպական խոսքեր, ասիական արարքներ։ Եղել է այդ տարրը, և շարունակում է մնալ տկարը, անփառունակն ու ամոթալին մեր պատմության մեջ՝ այն ամենը, որ հաճախ հեշտացրել է օտար տիրապետությունը Հայաստանում։

— Մեզ պետք չէ Անկախ Հայաստան,— դեռ այսօր էլ աղմկում են քո հայրերից ոմանք։

— Անկախ Հայրենիքը անհրաժեշտ է հենց նրա համար, որ ձեզ` հոգով թզուկներիդ, դարձնի կատարյալ մարդ և Հայ` արժանի Անկախության,— պատասխանում է Մայիսի Քսանութի շենքը իր ուսերին կրող ժողովուրդ-հսկան։

— Պետք չէ,— համառում են մտքի մանկաբարոյությամբ բռնվածները, առանց հասկանալու, թե անկախությունից զուրկ ժողովուրդները դատապարտված են մահվան` ծառայելով գերիշխան ազգերի համար որպես պարարտացուցիչ աղբ, ապավառ։

— Պե՛տք է,— կարճ կտրում է ժողովուրդը։

Այսպես, բորբոքվում է ներքին կռիվը, և մեր ցեղի տկար տարրերը դժվարանում են հասկանալ, թե «պետք չէ», ասել է` պետք չէ որ ապրի հայությունը։ Նրանք չեն ուզում հասկանալ, որ իրենց հաղթանակը պիտի լինի արտաքին թշնամու հաղթանակը։

«Պե՛տք է»,— ասա դու, հա՛յ երիտասարդություն, ապա հասկացրու հայրերիդ, թե իրենց վերջնական պարտության մեջ է մեր ցեղի քաղաքական իդեալի հաղթանակը, թե իրենց պարտությունը պիտ դառնա պարտությունը այն բոլոր տարրերի` հավիտենապես ստրկահոգի, տկար, զենընկեց, պարտվողականության այն ցավագար ոգու, որի նյութած վատության պատճառով դարերով օտարի լուծն ու ամոթն է եղել մեր ժողովրդի բաժինը։ Այո՛, պետք է։ Կրկնի՛ր, մեկ էլ, հազար անգամ, պետք է, որովհետև Անկախ Հայրենիք ունենալը իրավունք լինելուց զատ և պարտականություն է։ Որովհետև ցեղերի ուրույն հանճարը անկաշկանդորեն աճում է և ստեղծագործում միայն բացարձակ անկախության մեջ։ Որովհետև միայն գերիշխանությամբ են ժողովուրդներն արդարացնում իրենց գոյության իրավունքը։


Կեղծիքի գերությունը

Տարիներ ի վեր հրապարակի վրա մի կեղծիք կա, մի հրեշային կեղծիք, որին շարունակում է խունկ ծխել հայրերիդ մի մասը, հա՛յ երիտասարդություն։ Կեղծ դառնությամբ սրանք դեռ սգում են հեղափոխության զոհերի վրա։ Փարիսեցիորեն կուրծք են ծեծում, իմաստություն ծախում, երբեմն էլ արամազդյան կեցվածք ընդունելով՝ այդ դասալիքները երևան են գալիս դատավորի դերում և անիծում անկախության գաղափարը։

«Ա՜խ, տխմա՛ր հեղափոխականներ,- միամիտների ականջին փսփսում են սրանք,- ի՞նչպես կարելի էր զոհեր տալ, ի՞նչպես կարելի էր չգիտենալ, թե ազատությունը տարվա եղանակների նման գալիս է ինքնին, առանց պայքարի և արյան, պտուղի պես,- պնդում է ծպտված ստրուկը,- պտուղի պես բան է ազատությունը, ընկնում է հենց որ հասունացավ...»։

Այս և այսպես են թշվառաբանում հայրերիցդ ոմանք, որոնք կեղծում են, թե չգիտեն, որ ազգերը երկաթով ու արյունով են հարթել իրենց պատմական ճամփան, որ ազգերի բարօրությունը ձեռք է բերվում արյունով ու արցունքով, որ ազգերի անցած ճամփաները շարունակում են ծածկված մնալ մարդկային գանգերով։

«Հաղթությունը չի պտղաբերի, մինչև որ դաշտերը չոռոգվեն արյամբ»։ Արյան հեղեղներով են ներկված բոլոր հայրենիքները։ Անհաշիվ է զոհերի թիվը, անչափելի՝ ժողովուրդների թափած արյունը հանուն անկախության։ Այդ գիտեն մեր ցեղի տկար տարրերը, գիտեն, բայց կեղծիք կոչված հրեշի դեմ չմեղանչելու համար դեռ պնդում են, թե Հայոց աշխարհը կարող էր բացառություն կազմել ծանոթ երկաթե օրենքից` արյան տուրքից։ Եվ զայրացած են սրանք, երկրորդ կեղծիքը. զայրացած են, որ մեզ չի հաջողվել զինաթափել այն մեծ ու փոքր ազգերը, որոնք սուր մերկացրին աշխարհի խաղաղության դեմ։ Սրանք կուզեին, որ չպայթեր համաշխարհային պատերազմը, կուզեին, որ ազգերի իրար անցնելուց հետո հայությունը մնար չեզոք, և հավատում են, թե թրքությունը` դարերի գազանն ու խուժը, պատերազմի օրերին կարող էր դառնալ մարդ և հայասեր...

Չեզոքությո՛ւն... Համաշխարհային պատերազմի օրերին չեզոքություն պահանջելը հայ ժողովրդից կնշանակեր մահացիորեն տգետ և վատ լինել, կնշանակեր տարրական հասկացողություն չունենալ ստրկության մեջ հոգեվարքող ժողովուրդների հոգեբանության մասին։

Չեխը, լեհը, մակեդոնացին, սերբը, սիրիացին, քաղաքականապես անիրավված բոլոր ժողովուրդները կողմ դարձան դարերի իրենց երազը իրականացած տեսնելու համար։ Հոգեբանորեն ավելի քան հասկանալի շարժումներ էին կամավորականը ռուսահայ իրականության, լեգեոներականը գաղութահայության մեջ։

— Արդյո՞ք մեր բացարձակ չեզոքության դեպքում, եթե դա նույնիսկ հոգեբանորեն հնարավոր լիներ, թուրք կառավարությունը պիտի չտեղահաներ հայությունը։

— Նա պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այնպես, ինչպես որ վարվեց։

— Ինչո՞ւ։

— Որովհետև թուրքն ավելի դրական կարծիք ուներ և ունի հայ ցեղի մասին, քան մեր հայանուն ստրկամիտները, որոնք, ազնվության վկայական տալով թրքությանը, վատությունն ունեն կարծելու, թե հայության մեջ այլևս մեռած է մարդն ու Հայը, թե հայությունը կարող էր և չհուզվել, չուրախանալ, թե, ահա՛, կերևան եվրոպական գայլերը, և իսլամ շունը կթողնի, կհեռանա հայկական նահանգներից, թե, ահա՛, կհայտնվեն քրիստոնյա զորքերը, և հայությունը կթոթափի դարերի ստրկության լուծը։

Վատերը միայն վատ կարծիք ունեն մեր ժողովրդի մասին։ Սրանց համար այնքան զուլումներից զարնված հայությունը փայտե ժողովուրդ է` անընդունակ նույնիսկ զգալու և երազելու լավ օրերի մասին։ Յոթնիցս տգետ և զզվելի կարծիք...

Մեր բարյացակամ չեզոքության դեպքում իսկ, եթե դա, կրկնում եմ, նույնիսկ հնարավոր լիներ, թրքությունը պիտ վարվեր մեզ հետ ճիշտ այն ձևով, ինչպես որ վարվեց։ Նա չէր կարող հավատալ մեր բարեկամությանը, քանզի կար մոտիկ անցյալի խրատական պատմությունը։

Հունաստան, Ռումինիա, Սերբիա, Բուլղարիա, Սև Լեռ, Բոսնիա, Հերցեգովինա, այդ բոլոր ժողովուրդները իրար հետևից գարշանքով էին թոթափել թրքական լուծը։

Հայը չէր կարող սև բացառություն կազմել։ Որպեսզի Թուրքը վստահեր մեզ, հիշատակածս ազգերը ժամանակին պետք է ծառացած չլինեին թրքության դեմ։

Կարո՞ղ էինք այնպես անել, որ մեր «սև աչքերի» համար այդ ժողովուրդները շարունակեին մնալ ստրուկ։ Ո՛չ։ Կարո՞ղ էինք այնպես անել, որ թրքությունը մոռանար մոտիկ անցյալի խրատական պատմությունը և հավատար մեզ։ Ո՛չ։ Ուրեմն տեղի պիտ ունենար այն, ինչ որ տեղի ունեցավ։

Կա երրորդ կեղծիքը, որին «պաշտոն և ժամերգություն» է կատարում քո անդարձ, անապաշխար հայրերի որոշ մասը. դա մեծ կեղծիքն է Կարսի մասին։ Չի եղել, հա՛յ երիտասարդ, ու չկա մի ժողովուրդ, որի պատմութունը միայն և միայն փայլուն հաղթանակներ արձանագրած լինի։ Ժամանակավոր պարտության դառն բաժակը դատարկել են բոլոր ժողովուրդները, ինչպես և աշխարհակալ Հռոմը։

Երեկվա գոռ ու գոռոզ հաղթականը պարտվում է այսօր առանց, սակայն, կորցնելու վաղվա հաղթանակի հույսը։ Հարվածներ է, որ կփոխանակեն ժողովուրդները, և վա՛յ նրան, որ միայն ստանում է առանց վերադարձնելու, առանց հակահարվածելու։ Այդպիսինն իր տեղն արևի տակ ընդմիշտ կազատեր նրանց համար, որոնք կյանքն ու պատերազմը նույնանիշ երևույթներ են համարում, որոնք խոսում են խաղաղության մասին, բայց չեն դադարում պատրաստվել հարված տալու կամ իրենց տրվելիք հարվածը ետ մղելու համար։ Եվ սովորություն կա, գրչի ու գրքիտեր բոլոր ժողովուրդների մոտ, իմաստուն սովորություն կա պատերազմից հետո հաշվի նստել, պարզել իրենց հաջողության և պարտության պատճառները։

Հաղթականը կուսումնասիրի իր հաղթանակի պատճառները` վաղը ևս հաղթանակելու համար, պարտվածը կանդրադառնա իր պարտության պատճառներին` վաղը նրանցից խուսափելու նպատակով։

Համաշխարհային պատերազմին մասնակցություն բերած կողմերը վաղուց են պարզել ճշմարտությունն իրենց զենքի հաջողության ու ձախողանքի մասին, և զինված այդ ճշմարտությամբ` լռիկ ու մնջիկ պատրաստվում են վաղվա համար։ Մի տխուր բացառություն է կազմում աստվածապահ մեր ժողովուրդը միայն։

Տարիներ են անցել Կարսի անկման օրից, տարիներ, և ... այդ բերդի շուրջը տեղի ունեցած ողբերգության մասին հրապարակում կա ամեն ինչ, միայն ոչ ճշմարտություն։ Մի նշանախեց անգամ։ Շատ բան գրվեց, ավելի շատ խոսվեց, և դեռ գրում են, խոսում Կարսի անկման պատճառների մասին, բայց ոչ ճշմարտությունը երևան հանելու մտահոգությամբ։ Կարծիք հայտնեց մտավորականը, սրճեփը, դիվանագիտական մարզանքներով զբաղվողը, նպարավաճառը, սափրիչը, չմնաց արհեստ և արվեստ, որի ներկայացուցիչը լեզու չթրջեր Կարսի պատերի տակ հայ զենքի կրած անհաջողության պատճառների մասին, բայց ոչ ոք ձեռնահասություն և արիություն չունեցավ՝ մազաչափ անգամ մոտենալու ճշմարտության, ոչ ոք չուզեց և չկարողացավ տեսնել ճշմարտությունը։

— Հայաստանի կառավարության անհեռատեսությանն ենք պարտք Կարսի անկման համար։

— Պատերազմը դիվանագիտորեն կազմակերպված չէր,— ասացին և ասում են ոմանք,— Զինվորական նախարարի ապիկարության երեսից ընկավ Կարսը, որովհետև զորք չկար, որովհետև եղածը զորք չէր։

— Կարսը թշնամուն հանձնեց բարձր հրամանատարության անճարակությունը` զորք կար, բայց կռվեցնող չկար։

Սրանցով չի սպառվում մեղադրականը։ Շատ են նրա կետերը և բազմապիսի։ Եվ ամեն մեկը, երևակայական այս կամ այն պատճառներին վերագրելով հայկական բերդի անփառունակ անկումը, հագավ դատավորի պատմուճանը և գռեհկորեն հայհոյեց, զրպարտեց, բամբասեց նրանց, որոնց ձևականորեն հանձնված էր Հայաստանի ծանոթ ամրության պաշտպանությունը։ Եվ ամեն մեկը, որ տգիտություն և վատություն ունեցավ իրենից դուրս փնտրելու աղետի պատճառները, կրկնեց հիմարություններ միայն։

Հետևա՞նքը. փողոցում և հոգիների մեջ ամեն ինչ` տգիտություն, միամտություն, կեղծիք, իսկ ճշմարտություն` բնա՛վ։

Հետևե՛ք, ընթերցո՛ղ, կատարվող «քննադատություններին» և փութավճիռ դատաստաններին և պիտ մղվեք համոզվելու, թե հայրերիդ շարքերում կան ամեն գնով ծիծաղելի դառնալու մարմաջով բռնված մտավորականներ։ Ինչի՞, սակայն, վերագրել այդ տխուր երևույթը, արդյո՞ք միայն տգիտության։ Ճիշտ է, հասկանալի պատճառներով մեր ժողովրդի մի որոշ մասը, որ անհայրենասիրությունն ունեցավ հեռու մնալու ազգային պայքարից, ամենադույզն չափով իսկ հասկացողություն չունի պատերազմ կոչված բարդ երևույթի մասին։ Բայց և այնպես օրվա դատապարտելի վարքագիծը չի կարելի բացատրել իր տգիտությամբ միայն։ Այդ տարրերի մեջ տգիտության հետ զինակցած է վատությունը։

Երեք գլխավոր պատճառներ ունեն սրանք գիտակցորեն խուսափելու Ճշմարտությունից։

— Սրանց կուսակցական շահը պահանջում է տևականացնել Կարսի անկման առաջին օրերին ՀՀ կառավարության դեմ ստեղծված հասկանալի դժգոհությունը։ Այդ դժգոհությունը մի զենք է, որից ազգային իշխանության հակառակորդները չեն ուզում զրկվել։ Այստեղ, ինչպես տեսնում եք, կա մտքի անազնվություն։

— Ընդունել ճշմարտությունը հանրապետական բանակի անհաջողության մասին, պարզել Կարսի անկման իսկական պատճառները, կնշանակի պատասխանատվության բաժին ընդունել։ Ճշմարտությունն ընդունողը առաքինություն պիտ ունենար զբաղվելու ինքնաուղղումով՝ վաղը իր աղետաբեր սխալներն ու պակասությունները չկրկնելու համար։ Իսկ ինքնաուղղումը պահանջում է մտքի և հոգու ճիգեր՝ մի բան, որ այնքան էլ հաճելի չէ հոգեպես ծույլերի և նյութականացածների համար։ Այստեղ էլ տեսնում ենք բարոյականի պակասը։

— Ճշմարտությունից երես դարձնելու երրորդ պատճառը` դա իրենց դասալքությունն արդարացնելու հանցավոր միտումն է։ Հեռատես պիտ համարվեին, եթե կարողանային լռել։ Չկարողացան և մատնեցին իրենց։

Իմաստությունը չէր, որ նրանց հեռու էր պահել ազատագրական պայքարից, այլ` փոքրոգությունը։ Հին ծանոթ դասալիքներն են դրանք, որ միշտ էլ փորձել են փիլիսոփայել ու արդարացնել իրենց փախուստը ազգային պարտականություններից։

Հառաչող ազգերը` ստրուկ, անիրավված, իրենց տառապանքին վերջ տալու հույսով միշտ էլ դիմել են հեղափոխության՝ որպես ծայրահեղ և հերոսական միջոցի, մասնավորապես Արևելքում։ Այդ նույն միջոցին պիտ դիմեր և հայ ժողովուրդը։

Փա՛ռք իր խոյանքին, իր զոհերին և մայիսյան պատմական շարժուձևին։

Համաշխարհային պատերազմի բերումով հայ տարրի տեղահանությունը օսմանյան սպայակույտի համար ռազմագիտական անհրաժեշտություն լինելուց զատ, աշխարհի հզորներից ծեծված ու թքված թուրք ցեղի գրգռված բարբարոսության հագուրդ տալու հոգեբանական մի միջոց էր, որին անվարան կերպով դիմեց թուրք կառավարությունը։

Կարսի ամոթը Հանրապետական կառավարությանը չէ միայն, այլ` ողջ հայ ժողովրդինը։ Չափվում են, բախվում բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը։ Կարսի պատերի տակ պարտվողը հայ զինվորն ու զորավարը չէին միայն, այլ բովանդակ հայությունը, հայ ժողովրդի իր ամբողջության մեջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին։ Ահա՛ ճշմարտությունը, հա՛յ երիտասարդ՝ սպանիչը կեղծիքի, ճշմարտությունը, որով զինված, դու աննահանջ կռվի պիտ դուրս գաս տգիտության ու վատության դեմ։ Դու պիտ սպանես կեղծիք հրեշը, որ սպառնում է մեր ազգի նյութական և բարոյական գոյության։ Վաղուց է, ինչ այդ եռագլխանի հրեշը, հենված մեր հասարակական կյանքի գռեհկության, չաստվածաբար պաշտվում է և իշխում մեր ժողովրդի որոշ տարրերի հոգու և մտքի վրա։ Նա մեհյաններ ունի ցցված ամեն տեղ, ուր կսողա տկար, անարի, անանձ հայը։ Նա անսուրբ բագիններ ունի, որոնք դու Ավարայրի հերոս Երեցի սրբազան կատաղությամբ պիտ խորտակես։

Վե՛րջ կեղծիքի թագավորությանը մեր կյանքում, որ բազմիցս փորել է հիմքերը մեր ազգային գերիշխանության և կործանել այն։ Թագավորող կեղծիքի երեսից հալածական է ճշմարտությունը մեր իրականությունից։

Չկա՛, ճշմարտություն չկա՛ մեր կյանքում, և դրա համար էլ այնքան անլույս ու անհույս է մեր կյանքը, դրա համար էլ այնքա՜ն տգեղ են մեր բարքերը, այնքա՜ն խոպան մեր հոգիները։ Չկա ճշմարտություն, դրա համար էլ ներքին համերաշխությունը շարունակում է մնալ որպես սնամեջ խոսք, դրա համար էլ մտքի, զգացումի, ոգու աղքատությունն այնքա՜ն աղաղակող է մեր ազգային կյանքում։ Չկա՛ ճշմարտություն, և դրա համար էլ մեր ժողովուրդի մի մասը Մետերլինգյան կույրերի նման մոլորված է «տգիտության անտառում»։

Կա փիլիսոփայող եսականություն, ատելություն, նախանձ, փոքրոգություն, քաղաքական շաղակրատանք։ Կա այն ամենը, որ դժոխքն իսկապես դժոխք է դարձնում։ Կա այդ ամենը, որովհետև ճշմարտություն չկա։ Կա կեղծիքը և, ի ուրախություն թուրքերի, շարունակվում է ներքին իրարակերությունը։ Կա կեղծիքը, և հայությունը կշարունակի գրավաստակ լինել, մի մասը՝ շինարարելով, մյուսը` քանդելով։ Կեղծիքի մեջ շնչում են, ապրում են շատերը, և ահա՛, հայությունն իր ամբողջության մեջ շարունակում է մնալ հոգեպես տկար, ասել է` և անկարող ու անարժան անկախ հայրենիք ունենալու։ Ճշմարտության թագավորությունը մեր կյանքում, իրական և անսասան պիտ դարձնի մեր ժողովրդի հաղթանակը իր արտաքին թշնամիների հանդեպ։

Ճշմարտությունը, ա՜հ, երիտասա՛րդ հայություն, դա աստվածային այն լույսն ու ջերմությունն է, որով կսնվի ու կհզորանա հոգին անհատի և ժողովրդի։ Կեղծիքը կստրկացնի, ճշմարտությունը կփրկի։ Վերջինը ուժ է, առաջինը` տկարություն։ Վախկոտն ու ստորը, ահա՛ կեղծիքի աշակերտները։ Ճշմարտությունը կդաստիարակի արին ու ազնիվը։

Պարտություն, ստրկություն, տառապանք, ահա՛ կեղծիքին հարկատու ժողովուրդների ճակատագիրը։ Ճշմարտությունն, ընդհակառակը, կհզորացնի ու կփրկի` դարձնելով ազգերին հաղթական։ Առաջինը տխուր ախտանիշն է հոգիների խանգարման։ Երկրորդը, կրկնենք իմաստունի հետ, ամենամեծ Աստվածությունն է, որ բնությունը հայտնաբերել է մարդկության համար և օժտել այն ամենամեծ ուժով։

Ճշմարտության մեջ ապրող անհատի և հավաքականության հիմքը դրված է լինում ժայռի, կեղծիքի մեջ խարխափողինը` ավազի վրա։ Չե՞ս զգում, երիտասա՛րդ ընթերցող, թե ինչպես մահաշունչ կեղծիքից խորշակահար է լինում այն ամենը, ինչ որ գեղեցիկ, վսեմ, հերոսական է մեր կյանքում։ Չե՞ս տեսնում, թե ինչպես մանրացել ու գռեհկացել են մեր ժողովրդի որոշ տարրերը։ Թե որքան մեծ է ստորության ուժը մեր կյանքում։ Չե՞ս զգում արդյոք, թե խեղդվում ես շրջապատիդ մահաշունչ կեղծիքի մեջ։ Կեղծիք` մահ ասել է, դանդաղ մահացում, իսկ մեզ պետք է ապրել որպես ժողովուրդ։

Տե՛ս, հայրերդ իրար ավելի են ատում, քան արտաքին թշնամուն։ Եվ արդեն շատերի մեջ սկսել է խոսել ներումը դեպ թրքությունը՝ նշան ազգային նվաստության։ Տե՛ս, թե ինչպես ծաղրելի կերպով ինքնաբավ են շատերը, քչով բավականացող, փառասիրությամբ ծույլ և սակավապետ։ Որքա՜ն անխռով են, մտահոգության ստվեր իսկ չի նկատվում սրանց մեջ իրենց ժողովրդի ապագայի մասին։ Կարծեք՝ Թովմաս Մուրի իդեալական կղզում ապրելիս լիներ հայությունը և ոչ թե մեր տխուր Արևելքում` շրջապատված բարբարոս և քրիստոնյա իսլամությամբ։ Կեղծավորնե՛րը ... Յովտ գրի մասին ավելի են աղմկում, քան հայ ժողովրդի վտանգված ապագայի։ Երբեք ջրի և հովի հոսանքին հակառակ չնավել, հավետ սպասել հաջող հովի ու մակընթացության. այս է այն «զգաստ քաղաքականությունը», որով առաջնորդվում և ուզում են առաջնորդել հայությունը։ Տե՛ս, թե ինչպիսի՜ մոլեռանդությամբ նրանք ազգային գործիչների մեծագործությունները սառույցի, իսկ սխալները մարմարիոնի վրա են քանդակում։ Իսկ նրանց կեցվա՞ծքը. ծառայական` օտարի, ամբարտավան` հայ մարդու հանդեպ։ Իսկ իրենց հոգևոր ծուլությունն ու չքավորությունը սքողելու զավեշտական ճիգե՞րը։ Իսկ սրանց նյութակրոն վարդապետությո՞ւնը, որ մարդկային կյանքը համարելով մի օրվա ճամփորդություն՝ հորդորում է` «կե՛ր, խմի՛ր, խնդա» աշխարհի՝ ազգիդ ցավերը թողնելով ուրիշներին։ Հետևանքը՝ մի հոռենշան վիճակ, մտաբարոյական ընդհանուր քաոս, որի մեջ վաղուց է սկսվել եղծումն ու խաթարումը մեր ազգային հավաքական հոգու։ Իսկ գիտենք, որ «մի ժողովրդի ուժը ավելի նվազ չափով է գտնվում իր բանակների, քան իր զգացումների ընդհանրության, քան ազգային հոգու մեջ։ Ազգային հոգին Հռոմեացիներին դարձրեց աշխարհի տերը, կորցնելով այդ հոգին` կորավ Հռոմը»։ Հետևանքը՝ մի դրություն, որ սպառնում է մեզ մահվամբ։ Ի՞նչ, հա՛յ երիտասարդություն, մեռելի՞ ականջին է հնչում իմ խոսքը։ Ո՛չ, ես հավատում եմ քո ներքին վերանորոգիչ ուժին, ինչպես և քո ջահել թևերի թափին։ Ես զգում եմ, թե ինչպես զայրույթն ու ամոթը, միացած սրբազան ինքնադժգոհությանը, այրում են քեզ։ Ես տեսնում եմ, թե ինչպես սեղմվում է քո բռունցքը կեղծիք կոչված հրեշի դեմ։ Դու դողում ես կատաղությունից և արդեն նախաճաշակում քաղցրությունը պայքարի, որի մեջ պիտ սպանվի կեղծիք հսկան։ Ահա՛, դու զայրույթով հետ ես մղում անզիղջ հայրերիդ հոգևոր խնամակալությունը և նրան պարտադրում քոնը։ Սկսում է պայքարը որդիների և հայրերի միջև։ Ճշմարտության և կեղծիքի միջև։

Կռիվը Դավիթի և Գողիաթի միջև...

«Ինձ թեթև գործ մի՛ տվեք. ես ուզում եմ բարձրացնել այն հսկա լեռը և նետել ծովը»։ Ա՜հ, այդ ձայնն է քո ազնիվ փառասիրության, հա՛յ երիտասարդություն, որի համար անկարելին հայկական բառ չէ։

- Պիտ պարտվի, պիտ մեռնի կեղծիքը մեր կյանքում, որ ապրի մեր ժողովուրդը։

- Ջա՜ն, այդ քո ձայնն է, իդեալի ընդունա՛կ երիտասարդություն, որ սիրում եմ լսել։


Կեղծիքը զինաթափած ժողովուրդը

Ժողովուրդներն ավելի ուժեղ են, քան ժամանակավոր դժբախտությունը, կարիքը, բռնությունը։

Քո սկսած պայքարի մեջ՝ ուղղված հայրերիդ դեմ, կզարնվի կեղծիքը։ Ճշմարտությունը կտոնի իր հաղթանակը` վերագրավելով իր գահը մեր հասարակական և անհատական կյանքում։ Նրա արևը կլուսավորի մեր հոգևոր կյանքը` փրկելով մեզ մտավոր կուրությունից։

Կբացվեն աչքերը, և նրանք, որոնք բաց աչքերով էին ապրում աշխարհում, բայց չէին տեսնում, իրերը և երևույթները, տեսնել ու հասկանալ կսկսեն իրենց ճշմարիտ լույսի մեջ։ Շարժվել կսկսեն ճշմարտությամբ օծուն գրիչներ։ Ստեղծագործ ոգևորության մի հեղեղ կանցնի հայ աշխարհի վրայով` աճեցնելով հոգիներն ու կամքերը։ Հայ մարդը, ծանոթ ինքնաճանաչության օրենքներին, կզարգացնի իր ներքին թաքուն ուժերը, իր ներքին մարդը, որի բաղդատմամբ ինքն այժմ թզուկ է միայն։

Կհրապարակախոսեն վսեմ ու խանդավառ շրթունքներ, և երեկվա հակասություններով այնքան հարուստ մեր կյանքը կիմաստնանա բարոյական ճշմարտություններով։ Խոսելուց առաջ ամեն ոք ոսկե կշռով նախ կկշռի իր խոսքը։ Մայրերը զգաստության և ուղղության կհրավիրեն ազգայնորեն տկարացածներին` դաստիարակելով իրենց զավակները նախ հայրենիքի համար։ Դպրոցը կդառնա ազգային ոգու և ուխտի դպրոց, մամուլը` լույս և ջերմություն սփռող, Կինը` ընկերն ու օգնականը և ոչ աղախինը տղամարդու։ Ուսուցիչն ու աշակերտը կունենան իրենց ընդհանուր ուսուցիչը՝ լուսավոր ժողովրդասիրությունը, այսինքն, որ բավարարեր անհատի իմացականությունը, ջերմացներ սիրտը, զորացներ հույսը։ Վսեմ ժողովրդասիրություն, որից հայությունը կարողանար ստեղծել մի հրաշագործ ուժ։

Հայը կունենա ավելի բարձր ըմբռնում կյանքի մասին։

Պարտականության գիտակցությունը կհետևի մարդկանց` որպես խստապահանջ Աստվածություն։ Գոյություն կունենա մրցումի մի հատիկ ձև միայն` բարոյական մրցում։ Մարդիկ կպերճախոսեն գործով միայն` հայրենասիրական և առաքինի։ Քննադատության լավագույն ու արդար ձևը կհամարվի քննադատելիից ավելի բարձր ու օգտակար լինելը։ Բարեկեցիկ տարրերը ևս, գիտակցած, թե պետք է նախ մարդ և Հայ լինել, և ոչ թե հարուստ, կձգտեն իրենց երջանկությունը ապահովել՝ իրենց ժողովրդի երջանկության հոգը տանելով։ Ազնիվ փառասիրությունից մղված` Հայը կճգնի գերազանցել իր հարևանին արիությամբ, հայրենապաշտությամբ ու անձնվիրությամբ։

Կուսակցականի նշանաբանը կդառնա` կուսակցությանս հետ, բայց ազգիս համար։

«Նվիրո՜ւմ, ավելի՜ նվիրում», կլինի մեռնողի վերջին խոսքը։ Երկյուղածորեն կպաշտվի աճյունը հայրենապաշտ մեռելների, նվիրական աճյուն, որ Հայրենիք կստեղծի։ Եվ որպես հետևանք ստեղծված այդ բարոյաշունչ մթնոլորտի, հայ մարտիկն իր կրծքի տակ կկրի գիտակցական մահը, ասել է՝ և հաղթանակը արտաքին թշնամու հանդեպ` ապահովելով գոյությունը զորեղ, հարգված և երջանիկ Հայրենիքի։

Թոթափած կեղծիքի լուծը՝ հայությունն այժմ իր ամբողջության մեջ խորապես գիտակցած է մեր դարի և օրերի հրամայականը` հզորացի՛ր կամ մեռի՛ր։ Այժմ նա չի թաքցնում, թե ինքը պարտվեց ու պատժվեց խստիվ, քանզի չկարողացավ օգտվել իր ցեղի ոգու անսպառ ուժերից։

Պատմության դառնադառն դասերից խրատված` նա գիտի այժմ, որ անիրավված ժողովուրդների արյունն ու արցունքը պիտի չդադարի, մինչև որ նրանք ինքնօգնությամբ ոտքի չկանգնեն, մինչև չհզորանան հոգով։

Նա չի հաշտվել անիրավվածի իր դրության հետ. հակառակը կնշանակեր գիտակցորեն ստորագրել իր մահվան դատավճիռը։ Նա գիտի, որ ժողովուրդներն ավելի ուժեղ են, քան ժամանակավոր կարիքը, դժբախտությունը, բռնությունը։ Եվ, ահա՛, գերմարդկային ճիգեր է կատարում հաղթահարելու իր տառապանքը, և օրեցօր լցվում է ներքին ուրախությամբ և ուժով։ Նա գիտի, որ դեռ ազգերն ապրում են իրենց կազմակերպված եսականության շրջանը, որոնց «մարդասիրության» ապավինելը միամտություն լինելուց զատ և վտանգավոր է։ Գիտակցած այդ ճշմարտությունը` հայությունը վճռած է այլևս չմնալ որպես նյութական և բարոյական խաղալիք աշխարհի հզորների ձեռքին և, ահա՛, գործի է դրել իր ցեղային հանճարը, որի ուժերը և կարողությունները հարմար առիթի էին սպասում` զարթնելու և ծառայելու իրեն։

Նա խաղաղ է այժմ, բայց ուժեղ։ Նա սիրում է խաղաղությունը, բայց պատրաստվում է կռվի, որովհետև գիտի որ ամեն ժամ, այս կամ այն պետությունը կարող է «բաց թողնել պատերազմի շները»։ Նրա ճակատին այժմ, որպես արդար դատի տեր և մարտնչող ժողովուրդի, կա և կփայլի կատարված պարտականությունների կնիքը։ Կատարելով իր պարտականությունները իր հավաքական անձի նկատմամբ` նա աստիճանաբար ցրում է իր շրջապատի խավարն ու հոգեկան անհանգստությունը։ Նա այլևս կեղծիքի մեջ ապրող դժբախտ ժողովուրդը չէ, որ իր ուժերի կեսից ավելին սպառում էր վախի և անհուսության մեջ։ Զինաթափ արած կեղծիքը` նա գիտի այժմ, թե ինչ է ուզում աշխարհից, և թե դեպի ուր է ուղղված իր հերոսական չուն։

Ճշմարտությունը բուժիչ ջրի նման սրբել, մաքրել է նրա աչքերը, պայծառացրել նրա հոգևոր տեսողությունը։ Այժմ նա տեր է ճշմարտությունների, որ սփոփել, հզորացնել և փրկել գիտեն։ Այժմ նա գտնվում է փրկության իսկական ճամփին։

Այլևս ոչինչ չի կարող խախտել իր ժողովրդի գրանիտե հավատը։ Այժմ ոչինչ չի կարող հուսալքել նրան, քանզի խորապես գիտակցած է, թե մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն Հայրենիքը դառնալ։ Նա գիտի, որ Մնայուն Արդարության Օրենքի ուժով բռնագրաված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը` պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպ Հայրենի Երկիրը։

Կա, հա՛յ երիտասարդություն, կա Մեծ Հայրենիքը, որ քոնը պիտ լինի վաղը։ Բայց ասա՛, օրվա քո հոգեկան կառուցվածքով պիտ կարողանա՞ս նրան տեր դառնալ ու մնալ։ Խոստովանի՛ր, արժանի՞ ես նրան։

- Այո՛, եթե հոգեփոխվեցիր և հոգեփոխեցիր ժողովուրդդ։


Նախ՝ մարդ

Կյանքի խորհուրդը կայանում է հոգևոր և ոչ թե նյութական շինարարության մեջ։

Չի կարելի միաժամանակ վատ մարդ, բայց և այնպես լավ Հայ լինել։ Անկարելի է անհատի համար, առանց կեղծիքի, անձնական կյանքում նյութակրոն, իսկ ազգային գործերում գաղափարապաշտ լինել։ Նա, որ իրեն զգում է որպես «ժամանակավոր շունչ և կենդանություն առած մեքենա» չի կարող հասարակական ասպարեզում երևան գալ որպես կենդանի հոգեկանություն։ Նա, որ որպես մարդ իդեալականացնում է նյութն ու նրանից բխող բավականությունները, որ կյանքի նպատակը համարում է կրավորական հաճույքները, որպես Հայ չի կարող լինել անձնվեր, արի, հայրենապաշտ։ Միևնույն մարդու մեջ չեն ապրում միաժամանակ ստրկամիտն ու ազատատենչը։ Նա կամ մեկն է կամ մյուսը։ Սեղմ ասած` չի կարելի որպես մարդ կյանքում դավանել անձնական երջանկության վարդապետությունը, իսկ որպես գործիչ` առանց կեղծիքի ընդունել Դոստոևսկուն, թե մարդկությունն ապրում է ոչ թե երջանկության, այլ անսահման կատարելագործման համար։ Այո՛, չի կարելի անկատար մարդ, բայց կատարյալ Հայ լինել։ Միայն մարդ կոչվելու արժանին կարող է արժանաբար Հայ կոչվել։ Դա այբուբենական մի ճշմարտություն է, որ երկար իմաստասիրություն չի վերցնում։ Նախ մարդ. Դա նշանակում է զգալ իր հոգու մեջ ներկայությունը որևէ բարձր բարոյական իդեալի։ Դա նշանակում է իր էության մեջ զգալ անվերջ բոցավառումն այդ իդեալի սրբազան կրակի։ Իդեա՜լ, և աննվաղ ձգտում դեպ այդ վերջինը, ահա՛ թե ինչն է մեզ իրավունք տալիս մարդ կոչվելու։ Կենդանի արև, որ այրվում է ներքուստ և լուսավորում ու ջերմացնում իր հոգևոր շրջապատը։ Այդ դեպքում միայն մարդս դադարում է մնալ այն տխուր արարածը, որի ճակատին ծանոթ բարոյագետի զայրույթը «կենդանի դիակ» անունն է դրոշմել։

Նազովրեցին ուսուցանում էր, թե մարդուս մեջ ապրող հոգին ավելին արժե, քան ողջ աշխարհը։ Նույնը` գեղեցկագույն բանն այս աշխարհում նկարագիրն է, վսեմ ու ազնվական։ Իդեալ, իդեալապաշտություն, դա միակ միջոցն է, որի շնորհիվ տգեղ ու տկար հոգիներն ու նկարագրերը գեղեցկանում, բարձրանում, փարթամանում են։

Անիմաստ ու դատապարտելի է մարդկային կյանքը, եթե դա ծառայությունը չէ իդեալի՝ կատարումը բարոյական պարտականության։

«Երկու բան է լցնում իմ հոգին միշտ նոր հիացումով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխիս վերևում, բարոյական օրենքը սրտիս մեջ»,— ասել է մեծ իմաստասերը։ Նույնը` «վարվի՛ր այնպես, որ կարողանաս ասել ամեն մեկին՝ վարվի՛ր ինձ պես»։

Եղի՛ր իդեալիստ, երիտասա՛րդ ընթերցող, քանզի նյութապաշտը դառնում է մարդ - մեքենա, կոկորդ ու ստամոքս միայն, իսկ նմանը և՛ ապրում է, և՛ չի ապրում, իսկ նմանը ավելի անասուն է, քան մարդ։ Եղի՛ր իդեալի ընդունակ, և բավական մի՛ համարիր իմացականությամբ զարգացումը, որ առանց սրտի կրթության աշխարհի չարիքները մեղմացնելու փոխարեն աճեցնում է հաճախ։ Եղի՛ր ընդունակ ինքնանորոգումի ճամփով սատար հանդիսանալ հասարակության բարոյական վերանորոգմանը՝ խորապես գիտակցելով, թե միակ մարդը, որին կարող ես բարձրացնել, ինքդ ես։ Սկսի՛ր քեզնից։ Եվ իմաստունի հարցին, թե «ի՞նչ կուզեիր լինել կյանքում` հանուն ճշմարտության թույնի բաժակը դատարկելու դատապարտված Սոկրատե՞սը, թե՞ ճշմարտությունից դուրս ապրող խոզաբարո մի էակ», դու պատասխանիր` առաջինը։

Ճշմարիտ է այն կարծիքը, թե մարդկությունը դառնացնող տառապանքների մեծագույն մասը հետևանք է իրերի և երևույթների սխալ գնահատման։

Չե՞ս հիշում, ընթերցո՛ղ, այն ծանոթ պատկերը, որ երջանկությունն է խորհրդանշում։ Կախարդական զորությամբ օժտված կանացի մի թևավոր էակ, մի բան ձեռքում, փախչում է` իրեն հետ վազեցնելով մարդկային ցեղը։ Փախչում է մտացածին ըղձանույշը, և հազարներն ու հազարները խելահեղորեն վազում են իր հետևից։ Հևում են, հառաչում և աղմկում` ինձ է՜լ, ինձ է՜լ...։ Իսկ թևավոր էակը ժպտում է ու փախչում՝ թողնելով իր ետևը դժբախտների, հուսախաբների, ձախողվածների անթիվ ու անհամար բանակը։

Եվ, ահա՛, երևակայական ըղձանույշի ժպիտներին ու շնորհին չարժանացածների մի մասը իր «դժբախտության» վերջ տալու համար դիմեց գնդակին, թոկին, դաշույնին, թույնին` անձնասպանության։ Մի մասը իրեն հանձնեց հարբեցողության և նման այլասերիչ մոլությունների։ Մի այլ մասը գազազած դառավ թունավորիչը և անեծքը հասարակական կյանքի։ Տղամարդը, որ կարող էր իր մեծագործություններով անմահանալ, հավերժացավ իր չարագործություններով։ Կինը, որ կարող էր առաքինության օրինակ ծառայել աշխարհին, դառավ փողոցի սեփականությունը։ Հետևանքը՝ լիքն են բանտերը, հիմարանոցները, հիվանդանոցները։ Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես։ Ինչո՞ւ կտառապի մարդկային ցեղը։ Որովհետև միամիտ մարդը իրենից, իր հոգուց դուրս փնտրեց և փնտրում է երջանկությունը։

Որովհետև նյութականացած մարդը չճանաչեց ճշմարիտ երջանկությունը և իր կյանքը վերածեց դժոխքի։

Մշտատև անհանգստություն, ահա՛ այն սպանիչ տրամադրությունը, որ տիրում է արդի հասարակության և անհատի հոգում։

Մի բան պակասում է բոլորին, բոլորին։ Անորոշ ձանձրույթ, ջղայնություն, ինքնապատճառ թախիծ, ահա՛ անհատի հանապազօրյա կյանքը։ Հարուստն իրեն աղքատ է զգում իր հարստության մեջ, նյութապես երջանիկը` բարոյապես դժբախտ։

Կա, կա մի բան, որ թունավորում է մեր կարճատև ուրախության վայրկյանները, սպանում ժպիտը մեր շրթունքների վրա, խլում մեր քունը, մեր հոգեկան անդորրությունը և սարսափեցնում անարև ծերության ու մահվան ուրվականներով։

Կա մի խորհրդավոր ձեռք, որ աներևութաբար թույն և արտոսր է կաթեցնում մեր շրթունքներին մոտեցող գինու և հաճույքի բաժակի մեջ։ Կա մի պատուհասող ուժ, մի ձեռք, որ դատում է մեզ, պատժում ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան։

Ի՞նչ է նշանակում սա։ Ո՞վ է, ի՞նչ է այդ խորհրդավոր ուժը։

- Դա մեր խիղճն է, ընթերցո՛ղ, մեր գիտակցությունը, թե բարի չենք, առաքինի չենք, հայրենասեր չենք, թե կատարյալ Հայ և մարդ չենք։

Արտաքին երջանկությունը, որ խելագարորեն փնտրում են այն բոլորը, որոնց կյանքի նպատակը հաճույքներն են և ոչ բարոյական պարտականությունների կատարումը, խաբուսիկ և խոզաբարո երջանկություն է, որ պետք չէ լինի առարկան քո ձգտումների։

Դու պիտ չճանաչես երջանիկ լինելու մի այլ միջոց, քան ցեղիդ և նմաններիդ համար աշխատելն ու տառապելը։

Քո երջանկությունը` ծնունդ իմաստության, պիտ լինի հանուն ցեղային իդեալի զոհաբերվողների գերագույն երջանկությունը, քանզի մարդս տերն է միայն իր զոհաբերածի, և դա է միայն նրա արժեքը, և ոչ թե այն կարողությունները, որոնցից իրենից զատ ոչ ոք չի օգտվում։ Քեզնից դուրս չկա և պիտի չփնտրես երջանկություն։

Փնտրածդ երջանկատու ըղձանույշը ապրում է մի խորհրդավոր դղյակում, որ քո սիրտն է` բաժանելով հարևանությունը մաքուր խիղճ կոչված աստվածության։ Քո երջանկությունը պիտ լինի՝ ծառայել ժողովրդիդ երջանկության։ Իսկ դա նշանակում է, թե քո սերունդը զզվանքով երես պիտ դարձնի իր օրվա կյանքից, որ նա պիտ թողնի փողոցն իր բազմապիսի հրապույրներով։ Նա պիտ հետ մղի այն բոլոր նյութակրոն և անասնացուցիչ վարդապետությունները, որոնք տկարացնում են մեզ որպես Հայ և մարդ։ Իսկ դա նշանակում է, որ դու պիտ չնմանվես այն սերունդներին, որոնք կորչել են առանց ազգային օգտակարության ինչպես խոռոչներում ընկած արևի ճառագայթը։ Որոնք գոյություն են ունեցել, բայց չեն ապրել։ Որոնք չեն թողել մի բան, որ ապրեր իրենցից հետո։ Դու բարոյապես ազատ չես դառնալու սերունդը անասնորեն երջանիկ դատարկապորտների, որովհետև և ոչ մի ժամանակ քո ժողովրդի գոյությունն այնքան լուրջ կերպով վտանգված չի եղել, որքան այսօր։ Ինչպես և երբեք քո,ժողովուրդը այնքան հրամայողաբար չի զգացել կարիքը մի ուխտված և հերոսական սերունդի։

Եղել են սերունդներ, որոնք իրենց կյանքը վատնել են՝ խաբեական կրկներևույթների կամ «թիթեռնիկների» հետևից վազելով։ Դու, սակայն, պիտ լինես անձնական երջանկությունը չճանաչող սերունդ։ Ահա թե ինչու եմ ասում քեզ՝ վերցրո՛ւ խաչդ և հետևի՛ր ինձ։ Այո՛, քո սերունդը, պիտ լինի խաչակիր։ Նա պիտ քավի մեղքերն իր հայրերի՝ հանդիսանալով նրանց վերադաստիարակիչը։ Իսկ այդպիսին դառնալու համար, պետք է որ քո ամեն մի օրը լինի «ճերմակ քարով նշանակելի օր», պետք է, որ քո կյանքը լինի բարոյական լրջություն, գրավչություն և առողջություն։ Իսկ այդպիսին լինելու համար ապրի՛ր չմեռնելու, մեռի՛ր ապրելու համար։ Կյանքդ նվիրի՛ր բաների, որ չեն մեռնում։

Եղել են սերունդներ, որոնք ավելի ժամանակ են վատնել իրենց արտաքինը հարդարելու, քան իրենց մտքի և սրտի մշակույթի համար։ Դու պիտ ապրես ժողովրդիդ համար, այլապես պիտ երկարի նրա հոգեվարքը և շատ պիտ ուշանա նրա քաղաքական հարությունը։ Հոգեպես ծույլերն են ստեղծել դժվարին ու անկարելի խոսքերը։ Քույր ու եղբայր են չկամենալն ու չկարողանալը։ Հազարամղոն ճամփորդությունն սկսվում է մի հատիկ քայլով։ Չկա անկարելին, երբ կա զորեղ ու վճռական կամքը։ Գիտցի՛ր, եղել են կամքի հսկաներ, որոնք առաջարկել են Ալեքսանդր Մակեդոնացուն իր արձանը կերտել՝ Աթոս լեռը տաշելով։ «Թագավորը Նա է, ով կարող է»։ Ես ուզում եմ, որ դու լինես թագավոր սերունդ։ Քանի դեռ գետափին ես, տկար ես։ Անցար, կեսար ես։ Անցի՛ր, հա՛յ երիտասարդություն, անցի՛ր Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ հաղթության դափնին է սպասում։

«Հաղթության ու պարտության միջև ամբողջ պետություններ կան»,— ասել է Բոնապարտը։ Քո վաղվա հաղթանակի և պարտության միջև հայ ժողովրդի լինել չլինելու հարցը կա, հա՛յ երիտասարդություն։

Ահա՛, թե ինչու քեզ պետք է հաղթականի լուսապսակ ստեղծել քո ժողովրդի անվան ու ճակատի շուրջը։ Իսկ դրա համար քեզ պետք է լինել ավելի քան Հայ և մարդ։


Ինքնաճանաչություն

Սահման չի տրված ինքնաճանաչ անհատի հոգեկան ուժերին։

Կուզեի, որ դու, հա՛յ երիտասարդ, որ դու յուրացնեիր ինքնաճանաչությունը` որպես ուժի, հաղթանակի և բարձր երջանկության ամենակարճ և ամենաստույգ ճամփան։

Ծանի՛ր ինքդ քեզ։

Գիտցի՛ր,— ասում է դելփյան այդ պատգամը,— գիտցի՛ր, որ մարդս գաճաճ է իր ներքին հսկայի բաղդատմամբ։

Ծանի՛ր ինքդ քեզ։

Կուզեի, որ իմաստասիրական այդ հրամայականը քանդակված լիներ մեր դպրոցական շենքերի ճակատին, ապա և մեր աշակերտության ուղեղի մեջ։

Այն ողորմելիորեն տկար էակը չէ մարդը, որպիսին ճգնում է այն ներկայացնել նյութապաշտական կարճատես գիտությունը։ Նա գրեթե ամենակարող է, երբ գիտակցում է, թե իր մեջ թաքուն ուժերի մի ամբողջ ծով կա, որից ազատորեն օգտվում է ինքնաճանաչ անհատը։ Դու ավելի ուժեղ ես, քան կարող ես երևակայել և զգալ քեզ։

Դու օժտված ես անսպառ հոգեկան ուժով, որոնց մեծագույն մասը անինքնաճանաչության պատճառով շարունակում է մնալ քնած վիճակում և անօգտագործելի։ Քեզ տրված ներքին ուժերի բերումով դու գրեթե ամենակարող ես, հրաշագործ, եթե, վստահելով քո ներքին մարդուն, նրա ուժերից օգտվես միայն բարձր նպատակների համար։

«Ձեր մեջ ապրում է մի աստվածություն, որի միակ փափագն է ծառայել ձեզ, որ սրտառուչ համբերությամբ սպասում է, որ կանչեք իրեն»։

Հոգեբանական բացարձակ ճշմարտությամբ են շնչում այդ ոսկե խոսքերը։ Սահման չի տրված ինքնաճանաչ անհատի հոգեկան ուժերին։ Գիտենալ և կամենալ՝ նշանակում է կարողանալ։ Ինքնաճանաչ լինել, ասել է` կարող լինել ցանկացած վայրկյանի գործի դնել այն բոլոր ուժերը, որոնց տերն ես` իմաստություն, սեր, աշխատունակություն և այլն։

Ինքնաճանաչությամբ կարելի է դառնալ մագնիսական մի ամպ, որ չի խորտակվում և ոչ մի ուժից։ Անհուսորեն տգետները միայն չգիտեն այսօր, որ չօգտագործվող ուժերի մի հսկայական պահեստ է մարդս, որից դժբախտաբար կարողանում են օգտվել քչերը միայն։ Մեր ուժերի մեծագույն մասը շարունակում է մնալ թմրած վիճակի մեջ, երբ նրանց մասին գաղափար չունենք։ Բայց երբ ձգտել սկսեցինք որևէ բարձր նպատակի և նոր ուժերի կարիքն զգացինք, մեր մեջ անմիջապես զգում ենք ներկայությունը մեր թաքուն ուժերի։

Ո՞վ չի զգացել երբեմն իր մեջ կորովի հանկարծական ծովացում։ Ո՞վ չի ունեցել երբեմն հանճարեղ ներշնչումներ, հայտնություն, պարզատեսություն։ Ո՞ւմ հաճախ չի թվացել, որ ինքը որոշ արտասովոր վայրկյաններում ընդունակ է զարգացնելու իր մեջ շատ ավելի մեծ ուժ, քան այն, որ զգում է իր մեջ սովորական վիճակում։

Մարդս այն է, ինչ որ կամ ինչպես որ մտածում է իր մասին։ Անինքնաճանաչը, որ իրեն կենդանի մեքենա է համարում և ոչ ավելին, դատապարտված է ապրելու և գործելու իր տկար «ես»-ի աղքատիկ միջոցներով։ Նմանի համար չեն աշխարհ զարմացնող մեծագործությունները։ Նմանը, անինքնաճանաչ և անընդունակ վերանորոգումի, կուրորեն մասնակցում է իր ամենօրյա թաղման։

Աստիճանական անձնասպանություն է նմանի կյանքը։ Իսկ նա, որ գերագույն երջանկության հասնելու համար ձգտում է տիպար կատարելության, նա, որ գիտի, թե բոլոր մարդիկ կատարելության կարելիություններ են, նա կասի ձեզ` ընդունեցի՞ր մի բանի անհրաժեշտությունը, նշանակում է, որ այդ բանը ոչ միայն կարելի է, այլև կիսով չափ արդեն կատարված։

Ուրեմն, եղի՛ր ինքնաճանաչ, երիտասա՛րդ բարեկամ, հավատա՛ թաքուն ուժերիդ, օգնության կանչի՛ր քո ներքին մարդուն, որ ավելի Աստված է, քան տկար արարած, որպեսզի աշխարհը չկարողանա սահման դնել քո հոգու ավյունի թափին, թռիչքին։

Եղի՛ր անկախ հոգեպես։ Եվ ոչ մի տուրք այնպիսիների ազդեցության, որոնք ավելի բարի չեն, արի չեն, անձնվեր չեն քեզնից։

Հեռո՛ւ բանուկ ուղիներից, նրանցից, որոնք անընդունակ են խանդավառության. աշխարհն առաջ հրող լծակն է խանդավառությունը։ Եվ նրանցից, որոնք հաճախ են գործածում դժվար և անկարելի բառերը։

Աշխարհը և երևույթները մի՛ դիտեր ուրիշի աչքերով։ Հիմարություն է թութակորեն կրկնել ուրիշի խոսքերը։ Ավելի մեծ հիմարություն` կուրորեն բաժանել այլոց կարծիքը։

Մի՛ լինիր ուրիշի ստվերը, արձագանքը, եթե այդ ուրիշը անգամ աշխարհածանոթ համբավ լինի։ Ստեղծագործո՛ղ, և ոչ՝ ընդօրինակող։

Անձնասպանություն է նմանվելը։ Ունեցիր քո՛նը` խոսք, խոսելու եղանակ։ Եվ երբեք քեզ կատարյալ մի՛ համարիր, որ չդանդաղի վերելքդ։ Կատարելության չես ձգտում, եթե մտահոգեպես նույնն ես այսօր, ինչ որ էիր երեկ։

Սիրի՛ր վեհը, գեղեցիկը և հերոսականը նույնիսկ թշնամիներիդ մեջ։

Մի՛ նախանձիր, քանզի աշխարհը ոչինչ ունի, որ չունենար քո հոգին։

Թուլություն է չարությունը։

Մեզանում քչերն են ուժեղ։ Դրա համար էլ չար են շատերը՝ չար, պարսավասեր, աններող։

Մի՛ գարշիր հասարակությունից, բայց հաճախ գերադասիր իմաստուն մենությունը։

Ասված է. «Արծիվը թռչում է մենակ, ագռավները` խմբով»։ Գոռոզությունը ուժ չէ, այլ` տկարություն։ Մարդկանց մի՛ նայիր վերևից, դա հեղինակություն չէ։

Տկարն է ձգտում հաճոյանալ ամբոխին, արժանանալ փողոցի ուշադրությանը։ Ասպետ եղիր նախ անձիդ նկատմամբ։

Դժվարանո՞ւմ ես հարգել քեզ, բարոյապես կորած ես արդեն։ Զո՞ւրկ ես ինքնահարգանքի և ինքնատիրապետումի զորեղ զգացումներից, աշխարհն էլ ոչինչ չունի քեզ ուժեղ դարձնելու։

Հեռո՛ւ ունայնամտությունից, գռեհկությունից և ունակությունից` եռյակ թշնամին բարձր նկարագրի։

Մեռելություն է ունակությունը։ Դու խոկմամբ և փորձով հարազատի՛ր ճշմարտությունները։ Հեռո՛ւ և հոգով ծույլերից, որոնք ճշմարտությունները, սկզբունքները և սրբությունները սրբապղծորեն կիջեցնեն մինչև իրենց տափակ հասկացողության աստիճանը։ Դու բարձրացի՛ր, ձգտի՛ր հասնելու նրանց բարձրության, այլապես զուրկ պիտ մնաս հոգեկան մշակույթից։

Ինքնաճանաչությամբ մարդ դառնում է ներքնապես խաղաղ, ինքնավստահ և աներկյուղ։ Նրա կյանքի նավը, որ առաջ խաղալիք էր գոյության ալիքների ձեռքին, ստանում է հաստատ և անշեղ ընթացք։

Ծանի՛ր քեզ, հա՛յ երիտասարդ։

Քո մեջ մի գանձարկղ կա անբավ ու անհաշիվ հարստությամբ, բայց դու չես օգտվում նրանից, որովհետև քեզ պակասում է այդ արկղի ոսկե բանալին` ինքնաճանաչությունը։

Ծանի՛ր քեզ ... Նույնացի՛ր քո ներքին մարդու հետ, և դու պիտ զգաս քո մեջ ծովացումը հոգեկան նորանոր ուժերի, դու պիտ դառնաս ավելի քան զորեղ և ապա պիտ կարողանաս կապել բախտի անիվը և քարշ տալ ցանկացածդ ուղղությամբ։

Եղի՛ր պարզակյաց։ Բազում կարիքների տեր անհատներն ու ժողովուրդները կլանված են լինում ներկայով և մոռանում իրենց անցյալն ու ապագան։ Ունայնամտանում և տկարանում են նմանները։

Դո՛ւ, հա՛յ երիտասարդություն, ուխտիդ բերումով, դու պիտ լինես ուժեղ ամենակարողության աստիճան։ Իսկ ուժեղ և կարող դառնալու իմաստուն միջոցներից մեկն էլ պարզակյացությունն է։

Եղի՛ր պարզ, պարզակյաց, որպես Սպարտացի, քանզի որքան նվազ կարիքներ ունենաս, այնքան ավելի օգտակար կլինես ժողովրդիդ։

Կարիքներ կան, որոնց բավարարումը ստրկացնում է մեզ` դարձնելով մեզ գերի մեր կրքերի և ցանկության։ Իսկ չկա ավելի աղետալի բան, քան կրքերի և անիմաստ կարիքների լուծը։

Կան ավելորդ կարիքներ, որ ապրեցնում, սնուցում ենք որպես մակաբույծներ, որոնց բավարարումը սպանում է մարդու հոգևոր ազատությունն ու կարողությունները։

Հազար հիմարություններ փնտրողը միշտ էլ կունենա հազարումեկ կարիք։ Իսկ նմանը չի կարող չզգալ իրեն դժբախտ ու տկար։ Նա, որի ամենօրյա մտահոգության առարկան իր հագուստի և կաշվի մեռյալ գեղեցկությունն է և ոչ թե սրտի և մտքի մշակումը, նա կմնա աղքատ հոգով, ասել է` և տկար։

Նա, որ սովոր է ականջ տալ ունայնամիտ հասարակության և ոչ իր ներքին բարոյական օրենքի ձայնին, դժբախտ է երիցս և տկար։

Նա, որ իր ժամանակն ու միջոցները վատնում է գեղեցկացնելու իր էության շրջանակը և ոչ պատկերը, արտաքին երևույթը և ոչ բովանդակությունը, նա, որ շարունակելով մնալ հիմարական արձագանքը սնոտիասեր ամբոխի, դժվարանում է իր հանապազօրյա հացին չավելացնել և «կրկեսը», նման բարոյապես թեթևամիտը դառնում է մեռյալ թիվ և ոչ ստեղծագործ անհատ իր ժողովրդի համար։

Վայելչասերների շրջանը` ահա՛ անբարոյականը ու անբարոյացուցիչը, թշնամին մաքրության ու պարզակյացության։ Հեռո՛ւ այդ շրջանից, որ նեխություն կհոտի։ Գիտես, Դիոգենեսն իրեն ավելի երջանիկ կզգար, քան իրեն այցի եկած աշխարհակալը։ Զգու՛յշ հրապուրիչ երևույթներից։

Դալարների տակ հաճախ մահաթույն օձ է թաքնված լինում։ Թող քո հաճույքները լինեն մաքուր, ողջապահիկ, բարոյական։ Կրքերն ուկարիքները ծառաներ պիտ լինեն և ոչ թե տեր ու բռնակալ։

Եղի՛ր Սպարտացի, և բնավորությամբ անձնադյուր ու մեղկ երիտասարդներին համարիր անգոյ` նետված Էվրոտ գետը, ուր Սպարտան կթափեր իր հեղգ և երկչոտ զավակները։

«Երբ երիտասարդները, սանձարձակ կյանքից հոգնած, քնքշորեն քնում են փափուկ բարձերի վրա, հավատո՞ւմ եք, որ եթե գնանք արթնացնելու, որ ելնեն ու քշեն թշնամուն, հավատո՞ւմ եք, թե նրանք վեր կթռչեն տեղերից և իրենց մեջ կզգան ուժն ու կորովը այն դասական Աթենացիների, որոնք սովոր էին պառկել իրենց զենքերի կողքին, մերկ գետնի վրա և գիտեին արհամարհել զգայական հաճույքները»։ Եթե վաղը, վերստին, արտաքին վտանգը պայթեց հայ ժողովրդի գլխին, դու վստա՞հ ես, որ հազարավորները քո շարքերից իրենց վահանն ու դրոշակը չեն խոնարհի թշնամու ոտների առջև։ Ես ազատ եմ խոստովանելու, թե հայ երիտասարդությունը, եթե չհոգեփոխվեց, մեր Եռագույնի առջև ծունկի չի բերի թրքությանը։

Պարզակյացությամբ և մշտատև ջանասիրությամբ էին հզոր և անպարտ Հին Հելլադան, Սպարտան և Հռոմը։ Զինվոր, թե զորավար, խաղաղության օրերին մշակում էին դաշտերը և, առաջին ահակոչը լսելուն պես, թողնում էին արորը ու կապում էին սուրը։ Ցինցինատին գտան դաշտում արորելիս, երբ փնտրում էին իրեն` որպես զորագլուխ հռոմեական լեգեոնների։ Բայց, երբ մի օր Հույնի և Հռոմեացու մեջ տկարացավ պարզակյացության ոգին, երբ այդ առնական և խրոխտ ժողովուրդները մեղկացան ճոխության և քնքշանքի մեջ, ընկան, կորան բարբարոսների կրունկի տակ։

Ահա՛ թե ինչու քո սերունդը, հա՛յ երիտասարդ, պիտ լինի պարզակյաց, ազատ կարիքների ու կրքերի լծից ուժե՛ղ լինելու համար։


Պատճառ և հետևանք

Ամրացի՛ր վսեմ մտածումների մեջ։

Մի՛ լինիր ստվերը, արձագանքը, նմանությունը ուրիշների, որ հարկադրված չլինես ծիծաղելիորեն կրելու այլոց գաղափարներն ու տեսակետները, ինչպես կրում ես ուրիշի ձեռքով պատրաստված զգեստներդ։

Ամենաէականը, որպեսզի արթնանան հոգուդ հեքիաթային ուժերը և ծառայեն քեզ։

Այդ մասին խոսել եմ քեզ հետ։ Ավելացնեմ, թե բավական չէ դեռ սեփական խոկում ու խորհրդածություններ ունենալը։ Պետք է, որ այդ վերջինները լինեն մաքուր, վեհ, արդար։ Քանզի մեր նկարագիրն այլ բան չէ, եթե ոչ գումարը մեր մտածումների։ Մեր արարքները ծնունդ են առնում և կազմակերպվում նախ մեր ուղեղի և հոգու մեջ։ Անհատի և ազգի ճակատագիրը բնորոշվում և դարբնվում է այն մտածումներով, որ այդ վերջինները երկարորեն սնուցել են իրեն մեջ։ Տկարությու՞ն, թե՞ հզորություն, պարտությու՞ն, թե՞ հաղթանակ, տառապա՞նք, թե՞ երջանկություն, այդ բոլորի հեղինակը ինքը` անհատն է, ժողովո՛ւրդը, և ոչ սրանց թշնամիները, և ոչ դիպվածը։ Պատճառ ու հետևանք միևնույն փոխհարաբերությունն ունեն ինչպես նյութական, այնպես էլ մտաբարոյական աշխարհում։ Ահա՛ թե ինչու մեր պայքարը պարագաների և հետևանքների դեմ պիտի չլինի ուղղված, որ դուրս են մեզնից, այլ՝ պատճառների դեմ, որ մեր մեջ են։ Մտածումներից ծնունդ է առնում ցանկությունը, սրանից` ձգտումը, իսկ այդ վերջինը ունենում է իր այս կամ այն առարկան, որով և անհատը մատնում է իր մտածումների բնույթը։ Պարբերաբար ընդունած ներքին ներշնչումներից մենք մշակում ենք մեզ համար հատկություններ, պայմաններ, և որպես արդյունք այդ բոլորի` մեր ճակատագիրը։

Հսկի՛ր մտածումներիդ մաքրության ու վսեմության վրա։ Հաճախ «քաղհանք»-ի ենթարկի՛ր մտքերդ, զտի՛ր։ Ամեն մտածում, հենց որ տեղ գրավեց գլխիդ մեջ, պիտ ձգտի արտահայտվել։

Չար, ստոր, եսական մտածումները քեզ պիտ մղեն համապատասխան քայլեր առնելու։ Արդար, անձնվեր, ասպետական մտածումներն, ընդհակառակը, քեզ պիտ դարձնեն հեղինակը ազնիվ գործերի։ Սովորի՛ր ղեկավարել ուղեղդ։ Դժվար չէ դա, քանզի մարդս իշխանություն ունի իր մտածումների վրա։

«Մենք,— ասել է իմաստասերը,— մենք չենք կարող արգելել թռչուններին անցնելու մեր գլխի վրայով, բայց իշխանությունն ունենք թույլ չտալու նրանց, որ իրենց բույնը շինեն մեր գլխի վրա»։ Այս ձևով վարվիր մտածումներիդ հետ։ Թույլ մի տուր, որ վատերը իրենց բույնը հյուսեն ուղեղիդ մեջ։

Ամրացի՛ր վսեմ մտածումների մեջ, և դու կտիրես ներքին խաղաղության։ Իսկ գիտե՞ս, որ որքան հոգեպես անդորր է մարդս, այնքան ուժեղ և ազդեցիկ է նա։ Քո կյանքի արտաքին պայմանները, ինչպես և քո ժողովրդի, հարազատ ծնունդն են քո հոգեկան վիճակի, իսկ այդ վերջինը` քո մտածումների։ Արդարև, մեզնից ամեն մեկը մի հոգեբանի պատկերավոր արտահայտությամբ «հավաքում է քաղցր ու դառն պտուղները իր մտքի տնտեսության»։ Տանջանքն ու տխրությունը միշտ էլ հետևանք են վատառողջ մտքերի, որոնք ցույց են տալիս, թե անհատը հաշտ ու համերաշխ չէ իր խղճի հետ։

Հեռո՛ւ, ուրեմն, այն ստոր մտածումներից, որոնք բյուրեղանում են որպես դատապարտելի սովորություններ և տանջող պայմաններ մեզ համար։ Հեռո՛ւ նվաստ ու երկչոտ խոհերից, որոնք սնուցում են մեր վարանոտ ու անվճռական հատկությունները` դարձնելով մեզ հոգևոր ստրուկ, միշտ ենթակա նվաստացումի և զրկանքների։ Միշտ վեհ, ազնիվ, արիական մտածումներ, որոնք բյուրեղանում են որպես ուրախություն, ներքին հանգիստ, քաղցրություն` դարձնելով մեր հոգին թարմ, պայծառ ու կորովի։ Երկաթը մաշվում է իր ծնած ժանգից։ Մարդս տառապում է իր անկատարելությունից, որ արդյունք է իր անմաքուր, իր «ժանգոտ» մտածումների։

Մտածումը, նայած իր բնույթին, և՛ սպանիչ է, և՛ հարուցիչ, փրկիչ։ Հրաշագործ է մտքի ուժը։ Դո՛ւ, երիտասարդ զրուցընկեր, դո՛ւ, որ հրամայողաբար պիտ լինես ուժեղ, դու ևս ապավինի՛ր վսեմ մտածումի փրկարար ուժին։ Եվ որովհետև ուխտիդ բերումով քեզ վիճակված է և ղեկավարի պատասխանատու դեր, սովորի՛ր իմաստնորեն ղեկավարել նախ սեփական մտածումներդ ու ցանկություններդ։


Անբարոյավետ խոսքը

Մարդս իր խոսքի մեջ դրսևորում է իր հոգու բովանդակությունը։ Ոչինչ այնքան հեշտությամբ չի մատնում մեր ապրումները, մտածումները, մեր նկարագիրը, որքան խոսքը։ Դա միաժամանակ մեր բարոյական շունչն է։ Մեկին մտերմորեն ճանաչելու համար, հարկավոր է լսել նրա խոսքը, անշուշտ, երբ որ չի կեղծում։ Մի ընտանիք, մի հասարակություն, մի ժողովուրդ ճանաչելու համար պետք է լսել նրա մեջ հնչող խոսքը։ Երբ որ դա գործածվում է որպես քող մտածումների համար, եթե դա ավելի արտաքին բարեկրթության է ծառայում, քան բարոյականության, երբ որ դա լսվում է որպես ծաղր սրբության և սկզբունքների դեմ, երբ դա դառնում է ծառայական, օգտախնդիր ու թունավորիչ, և այդ ամենի պատճառով տարտամ, դա նշան է բարոյական անկման ու ապականության։ Երբ մի ժողովրդի մեջ, ինչպես մեզանում, որոշ տարրեր ազատորեն ժխտում են և՛ սրբություն, և՛ սկզբունք, և՛ Հայրենիք՝ առանց հասարակության ցասումը բորբոքելու իրենց դեմ, երբ մի ժողովրդի մեջ խոսքը ավելի գրգռում է, պառակտում, բաժանում, երբ դա կորցնում է լույսն ու ջերմությունը, դա նշան է, թե այդ ժողովուրդը նվաստացած է, ընկած իր խոսքի հետ։ Այսպիսին է, չնչին բացառությամբ, գաղութահայ խոսքն այսօր։

Հետևա՞նքը։ Հավասար չափով կեղծիքի ահավորություն և ճշմարտության թշվառություն մեր կյանքում։

Չարության թույն, կատաղության լորձունք և քացախ, ահա՛, թե ինչ են գործածում որոշ գրիչներ ու գրչակներ։ Էլ ոչինչ չի մնացել մեր գռեհկացած իրականության մեջ, որ հայհոյված չլիներ։ Պոռոտ, տգետ ու չար ճառասողներ։ Կարծեք, պետք է հայհոյել համոզելու կամ տարհամոզելու համար, զրպարտել, անվանարկել։ Կարծեք՝ անհրաժեշտ է դաստիարակելու համար խոսքը լինի բարձր և հայհոյալից, որ կարողանան ընթերցողին խաբել, թե իրենք արդար են, ուժեղ, հեղինակավոր։ Այնպես են խոսում և գրում մեր գաղութներում, որ կարծեք՝ իրենք են տերը աշխարհի ողջ իմաստնության և միակ տերը Հայաստանի, որ շատ շատերը գուցե և չեն էլ ճանաչում, նույնիսկ քարտեզի վրա։

«Ես էլ աքացի տվի նրան՝ առյուծին։ Թող ավանակի սմբակի ուժն էլ զգա...»։ Այս է շատերի խոսքի իմաստը ու շեշտը իրենց հակառակորդների մասին։ Կատաղի՜ գրչամարտ։ Գրում են, անձանձիր գրում, մրոտում անվերջ իրենց հակառակորդների մասին, առանց կարդացվելու նրանց կողմից, բայց և այնպես ոչ ոք չի հուսահատվում։

Տոլստոյի երրորդ որդին սկսել էր մամուլի մեջ քննադատել տոլստոյականությունը։ Հայրը, դժգոհ որդու արարքից, գանգատվում է իր մի բարեկամին. «Կատարվեց, ինչ որ պիտ կատարվեր։ Լսեցի որդուս գրածների մասին և չկարողացա չկիտել հոնքերս։ Սակայն, մի բան ուրախացնում է ինձ։ Վեճը վարելու համար որդիս ստիպված պիտ լինի կարդալ իմ որոշ աշխատությունները և խորհրդածել նրանց մասին։ Այդ ինձ հուսադրում է, թե մի օր նա էլ կհասկանա ինձ...»։

Հայ գրիչ շարժողներն ունե՞ն այդ հույսը, թե իրենց հակառակորդները մի օր կհասկանան իրենց։ Իհարկե` ոչ։ Հասկանալու համար պետք է կարդալ հակառակորդի գրածները, մի բան, որ մեզանում չի արվում, իսկ չի արվում, որովհետև ծաղրով, հայհոյանքներով խնկված հոդվածները գուցե և հաճույքով գրվում են, բայց ոչ կարդացվում։ Ընկած է հայ տպագրական խոսքը, որից ամեն մեկն օգտվում է իր ցանկության համաձայն։ Օրվա հայ խոսքը՝ երբեմն մերկ սուսեր, երբեմն` բութ տապար, և միշտ էլ` անբարոյավետ։

Բանակռվողներին ցավագինորեն պակասում է տարրական բարեկրթություն, պարկեշտություն, արդարախոհություն։

Ընդդիմախոսողի մեջ ոչ ոք է ազնվություն ու շիտակություն տեսնում։ Անխնա են, որպիսին չէին և վաղը չեն լինելու թուրքի հանդեպ։

«Պտույտի ժամանակ հանդիպակաց բլուրի վրա նշմարեցի մի հրեշային պատկեր։ Երբ մի քիչ մոտեցա, նկատեցի, որ դա մարդ է։ Հասնելով նրան` տեսա, որ դա իմ եղբայրներից մեկն է»... Որքա՜ն հարուստ հոգեբանություն և գեղեցկություն, եվրոպացի քարոզչի այդ անպաճույճ օրինակի մեջ։ Դադարում է մարդկանց միջև գոյություն ունեցող սառնությունը, երբ նրանք հաճախ են հանդիպում իրար։

Տարակարծությունները տեղի են տալիս հասկացողության։ Մեր կասկածը, հակակրանքը, թշնամանքը շարունակում են աճել, երբ դեռ հեռու են իրենց առարկայից։ Ընդհակառակը, մեր այդ զգացումները ամեն անգամ աստիճանական շոգիացումներ են կրում, երբ մոտենում են իրենց առարկային։ «Իմ կարծածը չէ այդ պարոնը»,— հաճախ ասում ենք այն մարդկանց մասին, որոնցից անիմաստ խուսափում էինք, որոնց թյուրիմացաբար չար էինք համարել։ Իսկ մեզանում, Աստվա՛ծ իմ, մեր իրականությունն ավելի զարհուրելի է, քան երկու ցեղերի միջև բորբոքված պատերազմը։ Պատերազմող կողմերի համար գոյություն ունեն զինադադարը, հաշտությունը, իսկ մեր կյանքում` անվերջ իրարակերություն։ Մենք չենք սիրում զինադադարը ներքին ճակատների վրա, որովհետև սովոր ենք ծունկի գալ արտաքին թշնամու առաջ։

Մենք չենք ներում իրար, որովհետև ստրուկին հատուկ հոգեբանությամբ ներում ենք արտաքին թշնամիներին։

«Ամեն օր տեսնում ենք, թե ինչպես մարդիկ հանուն իրենց կուսակցության կատարում են այն, որ չէին կատարի իրենց համար, եթե դրանով վտանգելու լինեին իրենց կյանքն իսկ»։ Ատելությունն ու ոխը, բոլորին, գրեթե բոլորին դարձրել են կրքից կուրացած և աչառու։ Քչերն են այլևս տարբերություն դնում միջոցների մեջ, և ոչ ոք չի ուզում հասկանալ, թե կրքոտ վեճերի ժամանակ ի սպառ մոռացվում է ճշմարտությունը, որ հայկական վեճը ընդհանրապես թշնամացնում է և ոչ թե համոզում։ Հետևանքը՝ կատարյալ բաբելոնյան աշտարակաշինություն, երբ այլևս մարդիկ իրար չեն հասկանում։

Հետևանքը՝ բարոյական մի մեծ դժբախտություն։ Հասկանանք, սակայն, որ դրանք դեռ դժբախտության ծաղիկներն են, պտուղները կվայելենք վաղը, մոտիկ ապագայում, երբ մեր երկրի գլխին կպայթի թրքական վտանգը, երբ կարիք կզգանք միակամ, կուռ և միաիդեալ ժողովրդի։

Խոսքը միաժամանակ մեր բարոյական պատկերն է, հասկանա՛նք այդ։ Լինելով ծնունդը մտքի` նա իր հերթին ազդում է մեր մտածումների վրա։ Օրինակ` չի կարելի ծաղրել սրբությունը և շարունակել երկյուղած լինել նրա նկատմամբ։ Չի կարելի քամահրել մեկին և շարունակել հարգալից լինել դեպ նրա անձը։

Մեր արտաբերած ամեն մի խոսքը ուրիշներից ավելի մեզ է ազդում։ Չի կարելի զազրախոս լինել և բարձր ու կիրթ նկարագիր ունենալ։

Ինչպես և չի կարելի անբարոյական, բայց և սրբախոս լինել։ Գռեհկաբանելով մարդս խրախուսում է և սնուցանում իր ստոր մտածումները` ուժեղացնելով նրանց։ Խուսափի՛ր վայրաբանությունից։

Ազնվացրո՛ւ լեզուդ, խոսքդ, իսկ այդ անելու համար, նախ ազնվացրո՛ւ մտավոր կյանքդ։ Թույլ մի՛ տուր, որ «անկոչ հյուրերը» տեղ գրավեն ուղեղիդ մեջ։

Մտածումների խստաբարոյություն, ահա՛ թե ի՛նչ պիտ լինի քո մտավոր կյանքը։ Եղա՞ր այդպիսին, դու կլինես վսեմախոհ, ուժեղ և գրավիչ։

Եղի՛ր ճշմարտության քարոզիչը, առավել ճշմարտության ուսուցիչը մեր կյանքում։ Երկու դեպքում էլ` եղի՛ր առաքյալ և ոչ անաղ ու անհամ դպիր։ Երկու դեպքում էլ վսեմաբան։ Քարոզիչը բազմություններ է փնտրում և նրանց ուղղում իր խոսքը։ Ուսուցիչը` քչերին։ Առաջինին` զանգվածն է պետք, երկրորդին` աշակերտողներ, հետևորդներ։ Ավելի` ուսուցի՛չ։

Կեղծիքը զինաթափելուց հետո եղի՛ր կարեկցող և ոչ դատավոր, կարեկցող ուսուցիչ և ոչ անսիրտ մերկացնող։ Այդպիսի՛ն եղիր, որովհետև գրեթե անանձնական սխալանքների և հավաքական թերությունների արդյունք է մեր ժողովրդի ապրած անլուր աղետը։ Ավելի բարվոք վիճակ չեն ունենում չկատարված պարտականության կնիքը իրենց ճակտին կրող ժողովուրդները։ Քո ժողովուրդի մի մասը միայն որպես Հայ և մարդ կատարեց իր պարտականությունը և այսօր հավասարապես կտառապի մյուս մասի տկարության և անպարտաճանաչության երեսից։ Մոտեցի՛ր բոլորին, բոլորին ուղղի՛ր խոսքդ սիրո և համերաշխության։ Եվ եթե քեզ հարցրին, թե ի՞նչ պետք է անել, որ այսուհետև մեր ժողովուրդը հեռու մնա նորանոր աղետներից, պատասխանի՛ր անմահ Դեմոսթենեսի խոսքերով` «Ոչի՜նչ այն ամենից, ինչ որ անում եք»։ Երևա՛ բոլորին, կանչի՛ր, հորդորի՛ր բոլորին որպես անհանգիստ հոգին վիրավոր Հայրենիքիդ։ Եվ թող գիտնան բոլորը, որ քեզ զբաղեցնողը ցեղիդ գոյությունն է, որ վտանգված է։ Ասա՛ ամեն մեկին, մեկ էլ, հազար անգամ կրկնիր բոլորին, մինչև որ հասկանան ու հարազատեն Ռնանի խոսքերի վսեմ իմաստը. «Հոգևոր եղբայրներ են մի ժողովրդի անդամները։ Եվ որպեսզի համերաշխություն տիրի եղբայրների միջև, անհրաժեշտ է, որ ամեն մեկը որոշ բաներ մոռացության տա և մտահոգվի միայն ամենաէականով»։

Դարձի՛ր, ժամանակի պահանջն է դա, դարձի՛ր կենդանի արձագանքը ճակատագրի մարգարեի, որ վաղուց է քարոզում. «Ժողովուրդնե՛ր, պատրաստվեցե՛ք արյան օրվա համար։ Պատրաստվեցե՛ք երկոտասան ժամվա համար։ Ձիթենու ճյուղի փոխարեն պատրաստեցե՛ք արյուն և արցունք...»։ Պատրա՞ստ ես դու, հա՛յ ժողովուրդ։

Ես արդեն լսում եմ քո ձայնը, Հա՛յ երիտասարդ, քո խոսքը, որ ազդում է որպես ջահել գինի։ Ոգևորության հեղեղ են առաջացնում քո հայրենապաշտ շրթունքները։ Անցնում ես որպես կենդանի մագնիս, որ անդիմադրելիորեն դեպ իրեն է ձգում իր անցած ճամփաների ցանցնված երկաթի փշրանքները` հոգիները։ Դու դառնում ես այն հրաբերան պերճախոսը, որ դասական ժողովուրդների պատկերացմամբ իր շրթունքներից դուրս եկած ոսկե շղթաներով իր հետևից քարշ էր տալիս ունկնդիր բազմությունները։ Դու այդպիսին պիտ լինես, քանզի միտքն ու սիրտը թև ու թռիչք են առնում, երբ վեհ է իրենց առարկան, քանզի չի կարելի ողջ էությամբ նվիրված լինել մի վսեմ առաքելության և չդառնալ ոսկեբերան։


Արիադավան ժողովուրդ

Արիությո՛ւն, մեզ պետք է արիություն, այնպիսին, որը չափավորելու կարիք զգայինք։

Արիությունն է ոստայնանկում ազգերի անկախության ու հզորության դրոշը։ Անարիությունը` պատանքն ազգերի։ Այն օրից, ընթերցո՛ղ, երբ Հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագավորեց Հայաստանում։ Ես տեսա մեր վարած ճակատամարտերում, տեսա ամենաընտիրը Հայի` մեռնելու մտքի հետ հաշտված, ամեն գնով հաղթելու անտեղիտալի վճռականությամբ դեպ թշնամին խոյացող հայ զինվորը։ Ճանաչեցի և ամենավատը Հայի` վախկոտության հանցանքի մեջ բռնված անարին։ Առաջինը մեռնում էր ապրեցնելու համար իր ազգն ու նրա զենքի հմայքը, երկրորդը ապրում էր ամեն գնով ապրեցնելու համար թշնամու փառքը։ Առաջինը ինձ համար ավելի բարձր էակ է, քան մարդ։ Երկրորդը` ավելի անասուն, քան Հայ և մարդ։ Եվ քանի կա այդ վերջինը, թրքությունը իր գոյության ապահովությունը պիտ փնտրի մեր ժողովրդի չգոյության մեջ։

Հանգիստ սրտով պիտ մեռնեմ, երիտասա՛րդ Հայ, եթե քո սերնդի օրով հայորեն բառը մեր ժողովրդի բարեկամների և թշնամիների կողմից գործածվի քաջորեն բառի իմաստով։ Քանզի գիտեմ, թե քանի դեռ իր ամբողջության մեջ քաջ և քաջանուն չէ հայությունը, նրա համար անցած չէ դեռ աշխարհի քարտեզից ազգովին անհետանալու վտանգը։

Ժողովուրդ, պետություն, անհատ. սրանց իրավունք է տրվում ապրելու և ապրում են, երբ պատրաստ են ամեն վայրկյան ապացուցելու, թե գիտեն մահվամբ պաշտպանել իրենց գոյության իրավունքը։ Այլապես սրանք, որպես ավելորդ տեղ գրավող իրեր, հարկադրվում են ազատելու իրենց տեղն արևի տակ։

— Մի՞թե Արաքսի ափին պահախարույկի շուրջն էին խոսում հայ զորավարները, մի՞թե անցյալ գիշեր չլսվեց գետնի տակից խուլ մի որոտում՝ նման զենքերի շառաչման։ Վայրագ տիտանն էր, որ զարթնում էր ու կանգնում վեր։

— Անտեղի է ասածդ։ Իր մոտ կհանգչի հաղթական Հայկը ու իրեն սպանողը։ Եթե զարթնի Նեբրովթը, Հայկ չի ննջի... (Յուլիոս Պարիլի)։

Քանի դեռ ամենահամեստ Հայն իսկ` տղամարդ, թե կին, չի կարող այդ խրոխտ անձնապաստանությամբ անգիտանալ թրքական վտանգը, քանի դեռ «Քաջ, ահավոր և անողոքելի Հայկը, իբրև կայծակների Աստված», չի արթնացել հայ մարդու մեջ, բախտին, այո՛, անարժանաբար միայն բախտին ենք պարտական մեր գոյությունը և ոչ մեր բազկին։ Պատժված անարիություն, ահա երկու բառ, որոնցով պիտ բնորոշել մեր արդի քաղաքական տխուր կացությունը։ Վաղվա մեր վիճակը կարելի պիտի լինի բնորոշել վարձատրված արիություն բառերով, եթե մինչ այդ վաղը, հայությունը հոգեփոխվելով դառնա արի և արիապաշտ։

Արիությու՛ն։ Գրեթե ոչինչ արժեն մարդկային բոլոր դրական հատկությունները, եթե պակասում է արիությունը։ Չկան ներգործոն առաքինություններ առանց արիության։ Ճշմարիտ է իմաստուն խոսքը, թե մեռյալ են անոնց գործերը, որոնք վախ ունեն մահի։ Անհատ, թե ժողովուրդ` սրանք չեն կարող ինքնիշխան տեր դառնալ իրենց կյանքին, ճակատագրին, մինչև որ չհաղթահարեն իրենց անասնական վախը և նրա պատճառները։

«Ես շատ թույլ էի», - մի հրեա ասում է մյուսին։ Այդ խոսքերը, ըստ Հայնեի, կարող են հանձնարարվել որպես moto, հրեության մասին գրվելիք պատմության։ Արդյո՞ք այս երեք բառերի մեջ պետք չէ փնտրել և հայության դարավոր տառապանքի իսկական պատճառը։

Անարին դա խրտվիլակն է, որով կարելի է միայն ճնճղուկներից պաշտպանվել, բայց ոչ և անգղերից։ Անարի լինել և անկախ հայրենիք երազել, ծիծաղելի չէ՞ դա։ Անմտություն չէ՞ և՛ ոչխար լինել, և՛ գանգատվել գայլերից։ Դառար ոչխար՝ պատրաստ են գայլերը։ Արիությանն է աշխարհն ու անկախությունը, քանզի «արիներն են անցնում Աստծո ճանապարհով»՝ անապատներում մեր վարած բախումներում արիանալուց հետո։ Իսկ արի է նա, որ իր մեջ սպանել է իր կաշվի համար դողացող անասունը և գիտի զինաթափել վտանգն ու մահը, ծիծաղելով նրանց երեսին։ Իսկ արի է նա, ով զինակցել է Ամենակարող Ոգու հետ։ Արին նա է, որ գիտի լրիվ կերպով արտահայտել իր մեջ ծփացող անծանոթ ծովը ուժերի։ Արի է ինքնաճանաչը՝ նա, որ ծիծաղում է թվի, նյութի, զենքի գերազանցության, ինչպես և գիտությունների վրա, և ճանաչում է մի հատիկ հոգեբանական արվեստ միայն` մեռնել, երբ պահանջում է պահը, ինչպես արևն է մեռնում։

Արիությու՛ն, որ իր մեջ կրում է իր վարձատրությունը` ներքին ուրախությունը, թե պիտի հաղթի և արտաքին հաջողությունը` հաղթանակը։ Հայրենասիրությունը միշտ էլ հաղթել է, երբ իր զինակիցը արիությունն է եղել։

Հռոմեացիք, պաշարված հին գաղիացիներից, քաշվում են բերդատաճարը Հռոմի և զզվանքով հետ մղում թշնամու առաջարկը` զենքը վայր դնել և հանձնվել։ Իսկ ծերակուտականները, որոնք չէին կարող զենքի դիմել, բայց չէին կարող և որևէ կերպով չմասնակցել հայրենի երդիկների համար մղվող ճակատամարտին, հագնում են իրենց ամենաշքեղ զգեստները, դուրս գալիս մեծ հրապարակ, ուր դրված էին մնում իրենց փղոսկրյա աթոռները, հանդիսավորապես կատարում իրենց վերջին աղոթքը և վերջ տալիս իրենց կյանքին... Առաքինական այդ օրինակով նրանք հաստատում են թշնամու դեմ ծառացած իրենց որդիներին, թե որքա՜ն քաղցր էր մեռնել Հայրենիքի համար։ Եվ հաղթում է Հռոմեական Արծիվը։

Լոզենգրադում է։ Խռպոտ շեփորները, ռազմադաշտային թմբուկները և սուր սուլիչները գրոհի հրամանն են տալիս։ Հուռռա՜, առա՛ջ... Բուլղար գումարտակները շարժվում են առաջ։ Գլխապետ Զաբրանսկին հրաման է ստացել սկսելու գրոհը։ Հրացանաձիգների մի վաշտի գլուխն անցած` նա խթանում է իր ձին, որ վայրկենաբար փռվում է գետնին՝ գլուխը ցրված հրանոթով։ Սպան ոտքի է թռչում, վերցնում սուրը, քաշում ատրճանակը և նետվում առաջ իր զինվորներին հասնելու համար... և գնդացիրային մի համազարկից փռվում գետին` ծեծված ծնոտով։ Նա նորից ոտքի վրա է արնաթաթախ, բայց դժվարանում է խոսել և հրամայել բերանացի, և ահա՛, որպես զորավար Marguerite-ը Floing-ի մոտ, նա նշանացի, մի հաղթական շարժուձևով ցույց է տալիս ամրությունը, որ պիտ գրավել։ Եվ նա նետվում է առաջ՝ թաշկինակով սեղմած իր զարհուրելի վերքը։ Սուսերամերկ, անմատչելի ու վեհափառ` նա հասնում է... Նա առաջինը պիտ լինի, բայց ո՛չ... Մի գնդակ փշրում է նրա ծունկը և վերստին փռում գետնին։ Սակայն ահա, հենված մի զինվորի, նա նորեն գրոհում է։ Ընկնում է և այս անգամ, երբ հաղթական աղաղակները, վերջապես, ազդարարում են հաղթանակը բուլղար առյուծի... Մի պատգարակի վրա՝ կազմված թրքական սվիններից, զինվորները իրենց հրամանատարին տեղափոխում են հիվանդանոց՝ կիսամեռ, բայց հաղթական։

Ռուս-ճապոնական պատերազմի սկզբի օրերն են։ Պետք է փակել Պորտ Արթուրի մուտքը։ Հարկավոր են հարյուրի չափ կամավորներ։ Ներկայանում են երկու հազար հոգի։ Կամավորները, փոքրիկ խմբակներով նստած շոգենավերը, թշնամու նավային և ծովափնյա մարտկոցների փոթորկային կրակի տակ պիտ հասնեն նավահանգիստ, մուտքի առջև պիտի խորտակեն իրենց նավերը և, եթե կարողացան, պիտ փորձեն վերադառնալ փոքրիկ նավակներով։ Նավապետ Եաշիրան` «Ասամա» զրահավորի հրամանատարը, ճամփա դնելով այդ խիզախներին, որպես հրաժեշտի նշան տալիս է նրանց խմելու արծաթե գավաթից և ասում. «Եթե ունենայի հարյուր որդի, պիտի ուղարկեի բոլորին էլ այդ վտանգավոր ձեռնարկի համար, եթե ունենայի մեկը, պիտի ուղարկեի և նրան։ «Ձեզ ուղարկում եմ դեպ ստույգ մահ և գիտեմ, որ պատրաստ եք մեռնելու։ Այժմ վստահե՛ք երկնքին ձեր կյանքը և դեպի գո՛րծ...»։ Ի՞նչ կա ավելի վեհափառ, քան ճապոնացի զինվորի այդ արհամարհանքը դեպ կյանքը և մահը։ Արիները «Գայ է Նիպոն բանզայ» աղաղակներով խորտակում են նավերը, խորտակում են նաև իրենց կյանքը, բայց ապահովում հայրենի զենքի հաջողությունը։

Բախտը ժպտում է խիզախներին։

«Հողմերն ու ալիքները միշտ էլ զորավիգ են հանդիսանում համարձակ նավորդներին», ինչպես բնության գեղեցկությունը միշտ էլ զգեստավորում է մարդկային մեծագործությունները` արիության գործերը։ «Այն գիշերը,— ասում է շվեյցարական ավանդությունը,— երբ որ երեսուներեք հայրենասերները, հավաքված Լիվցերն լճի ափին, երդվում էին մեռնել հայրենիքի ազատության համար, անսպասելիորեն քչքչալ սկսեցին երեք առվակներ, հակառակ որ ձմեռ էր և երկիրը ծածկված էր խոր ձյունով։ Այդ առվակները մինչև օրս էլ կոչվում են սուրբ աղբյուրներ։

Երբ որ Արնոլդը՝ ուխտված շվեյցարական լեռնականներից մեկը, Ալպերի գագաթին սառցակույտերի շքի տակ գրկում է դեպ իրեն ուղղված ավստրիական սվինների մի ամբողջ խուրձ և խրում կրծքի մեջ, որպեսզի պատռի թշնամու շղթան իր ընկերների համար, այն ժամանակ այդ հերոսները իրավունք չունե՞ն իրենց գործի գեղեցկության միացնելու և շրջապատի գեղեցկությունը։

Ամենաանշուք իրերի շրջանում ճշմարտության կամ հերոսության գործը կարծեք՝ անմիջապես դարձնում է երկինքն իր տաճարը, արևն իր կերոնը... «Բնությունը մեկնում է իր ձեռքերը` գրկելու մարդը, բավական է, որ նրա մտածումները լինեն նույնքան վեհ, որքան իրենը»։

Երևակայում և օրհնում եմ քաջությունը հեթանոս Հայի՝ որպես տղամարդու բարձր հատկություն։ Նախաքրիստոնեական հայության մոտ այն աստիճան զարգացած էին քաջությունն ու իր պաշտամունքը, որ Վահագն Արքան ժողովրդի կողմից արձանացած է հեթանոս երգերի մեջ որպես գերբնական ծնունդ «երկնի, երկրի և ծիրանի ծովի»։

Նախապատկերը քաջության՝ Աստվածացյալ Վահագնը, որ իր անհուն քաջությամբ քաղում էր վիշապները Հայոց աշխարհից. Վիշապաքաղ Արքան Հայոց, որի պատկերը կպաշտվեր Տարոնի Վահեվանյան մեհյաններում։ Երևակայում եմ և ապրում գեղեցկությունը Ավարայրի և նրա հերոսների անմեռ գործի, երբ ըստ Խորենացու` «ամենայն մարդ հանձն յուր եկեղեցի էր, նույն ինքն քահանա», երբ հայկական արիությունը սրբացնում էր հայ ռազմիկն ու այն վայրերը, ուր թափվում էր նրա նվիրական արյունը։

Այսօր... Կասկածելի և անօգուտ եմ համարում անարի Հայի հայրենասիրությունը։ Արիություն, սա պիտի լինի քո սերունդի կրոնը, հա՛յ երիտասարդ։ Արի և արիադավան, այդպիսին պիտ լինի հայությունը, եթե ուզում է որպես ազգ ապրել և վաղը։ Հա՛յ երիտասարդություն, պիտի կարողանա՞ս արտաքին վտանգի ժամանակ ձեռքդ խղճիդ գոչել. «Ես քո կենդանի սուրն եմ, Հայրենի՛ք, որ քեզ հաղթություն պիտի բերի»։ Պիտի չկարողանա՞ս, ի զուր ես ապրում։ Պիտի չարիանա՞ս, վա՛յ քո ժողովրդին...


Հայրենիք և հայրենասիրություն

Երբե՛ք և ոչ մի տեղ` առանց հոգևոր Հայրենիքի։

Քրքրի՛ր ազգերի պատմությունը և երես առ երես պիտ հանդիպես հետևյալ ճշմարտության. ժողովուրդները նախ և առաջ իրենց ամենաընտիր որդիների արյունով են սրբում իրենց երկիրը և ապա այդ սրբացած հողի վրա բարձրացնում շենքն իրենց անկախության։ Այո՛, նախ հերոսների և նահատակների գերեզմանատուն, ապա` ազատ և երջանիկ Հայրենիք։ Այլ կերպ չի ստեղծվել և ոչ մի հայրենիք, այլ կերպ չի ստեղծվելու և յոթնիցս սրբազան քո՛ Հայրենիքը։

Որո՞նք են լինելու վաղվա Հայաստանի սահմանները։

Նրանք, որ պիտի գծեն հայ զինվորի արիությունն ու հայրենասիրությունը։ Ուիլսոն, բախտ, հայկական սվին, սրանցից միայն վերջինի գծած սահմանները կլինեն իրական և կայուն։

Ինչպիսի՞ Հայրենիք կունենանք վաղը։

Ինչպիսին որ կառուցվում է այսօր մեր մտքի և հոգու մեջ։ Երբ որ մեր սիրտը և ուղեղը լցնողը ապառաժահիմն ու հաղթական հայրենիքի գաղափարն է, վաղվա Հայաստանը չի կարող ավազահիմն, ապազոր և դժբախտ լինել։ Ազգերն ունեցել են, ունեն ու պիտի ունենան իրենց արժանի ճակատագիրը։ Արի և հայրենապաշտ, որ ասել է` հզոր, ահա՛ անկախության արժանի ժողովուրդը։

«Քեզնից զատ,- խրատում է պատմությունը,- ո՛չ ոք չի կարող բարեփոխել քո դրությունը»։ Ինքնափրկություն, ահա՛ պատմության թելադրանքը։ Հայը հասկացա՞վ այդ` նա կանգնած կլինի փրկության անշեղ ճամփին։

Բայց կան, դեռ կան որոշ տարրեր մեզանում, միամիտ, «հիմա՛ր սրբության աստիճան», որ կարծում են, թե կարելի է և՛ ազգ կոչվել, և՛ քաղաքական մուրացիկ մնալ, թե կարելի է մուրալ անգամ պետականորեն անկախ ապրելու իրավունքը։ Սրանք կուզեին, որ աշխարհի ուժեղները և՛ շնորհ անեին իրենց, և՛ պաշտպանեին այդ շնորհը արտաքին վտանգից։ Սրանք դժբախտություն ունեն ուժեղ համարելու հայությունից զատ բոլորին, բոլոր ժողովուրդներին։ Չեն հասկանում, թե հզորությունն ու տկարությունը հարաբերական հասկացողություններ են, թե ժողովուրդներից և ոչ մեկն է առանձինն բացարձակորեն ուժեղ, ինչպես և ոչ մեկն է նույն ձևով ամենաթույլը։

Գոյություն ունեցող զանազան դաշինքների դրությունը թվապես տկար ժողովուրդներից շատերին է դարձրել ուժեղ և ապահով։ Տկարացնել ուժեղ հարևաներին և պաշտպանություն ցույց տալ տկարներին ի գին սրանց զենքի բարեկամության, ահա՛, հաճախ պետությանց արտաքին քաղաքականությունը։

Հեռատես ժողովրդի քաղաքականությունը իր գործունեության համար ընդգրկում է մի առաջնորդող նպատակ և նրա համաձայն որոշում իր հավանական թշնամին և զինակիցը, նպատակ, որի ուղղությամբ առաջանում է համառ ու վճռական քայլերով, և, օգտվելով սեփական և զինակից ուժերից, չեզոքացնում է խոչ ու խոչընդոտներն իր ճամփին։ Նա նախապատրաստում է բարեհաջող պայմաններ իր ռազմագիտության համար, երբ պետք է զենքի դիմել։ Դաշինքների միջոցով նա ապահովում է այս կամ այն պետության զինակցությունը կամ չեզոքությունը, օգտագործում հասարակական կարծիքն իր դատի համար, երբ պետք է պատերազմել։ Նա չի արհամարհում ամենատկար զինակցին անգամ, բայց միշտ էլ գերադասում է ուժեղը, այդպիսին համարելով ոչ թե թվով մեծ ժողովուրդը, այլ նկարագրով, մշակույթով և ռազմունակությամբ գերազանցը։

Միևնույն նպատակի համար աշխատում են երբեմն մեկից ավելի սերունդներ։ Հաջողությունը կախված է լինում պայքարը վարողի ծայրահեղ հետևողականությունից և համառությունից։

Քաղաքականության մեջ պարտվում, ձախողում են այն ժողովուրդները, որոնք չունեն որոշ և հստակ նպատակ, կամ երբ ունեցածը խստորեն ազգային չէ։ Պատերազմը դա քաղաքականության շարունակությունն է և մի վճռական միջոց քաղաքականության համար։ «Նա այնպես է զարգանում քաղաքականության մեջ, ինչպես երեխան` մոր արգանդի մեջ»։ Քաղաքականությունն է վարում աշխարհի և անհատ պետության բախտը` մեծապես հեշտացնելով վերջինների սրի գործը։ Ուզում եմ կրկնել, թե իմաստուն քաղաքականությունից մեծապես շահել են և շահում են թվապես, տեխնիկական տեսակետով և աշխարհագրորեն տկար ժողովուրդները։

Ուրեմն, մեզ մնում է որոշ ուժ և արժեք ներկայացնել միջազգային փոխհարաբերությունների մեջ ողբերգորեն մենակ և տկար չմնալու համար։ Այդ նպատակին պիտ ձգտի հայությունը՝ խորապես գիտակցելով, թե ազգերն այն են, ինչպես որ զգում են իրենց, եթե չեն` կդառնան վաղը, թե աղետալի է տկարության ինքնաներշնչումը, որից պիտ ազատվի մեր ժողովուրդը, այլապես նա կմնա անհուսորեն տկար, ինչպես որ զգում է իրեն, այլապես կմնա անհայրենիք, այսինքն` պարարտացուցիչ աղբ իրենից ուժեղ ժողովուրդների համար։ Հայրենի՛ք։ Այդ հասկացությունը կպատկանի ավելի բարոյական իրերի կարգին, քան նյութական։ Դա հայրենի հողը լինելուց զատ, «որին նախախնամությունը շղթայել է մեր մարմինը ու հոգին», միությունն է նաև նրանց, որոնք ապրել են, որոնք կապրեն և որոնք պիտի ապրեն։

«Մեռելների աճյունն է ստեղծում Հայրենիքը»,— ասել է Լամարտինը։

«Ուր՝ հայրեր, այնտեղ՝ Հայրենիք»,— պատգամել է Նիցշեն։ «Դուք,— ասել է Ժորեսը,— դուք կապված եք այդ հողին այն ամենով, որ գոյություն է ունեցել ձեզնից առաջ, այն ամենով, որ ստեղծել է ձեզ, այն ամենով, որ դուք կստեղծեք, անցյալով և ապագայով, գերեզմանների անշարժությամբ և օրորոցների երգով»։

Հայրենի՛ք։ Երկյուղած սեր և հարգանք դեպ մեր նախահայրերի հիշատակը, դեպ մեր կրոնը, որ ցեղի սիրտն է, դեպ մայրենի լեզուն, որ հայրենասիրության թթխմորն է, դեպ տոհմիկ գրականությունը և արվեստները, որ ցեղի մտքի և հոգու կյանքն են, ազգային պատմությունը, որ «ցեղի հոգին ամրացնելու ճիգերի պատմությունն է», իրար հաջորդող սերունդների հայրենի հողի վրա թափած քրտինքն ու արյունը, գեղջուկի հորովելն ու Տիգրան աշխարհակալի սուրը, դեպ Անիի ավերակներն ու Հայկյան եռաթև աղեղը, դեպ մեր հեթանոս աստվածներն ու փառատաճարները, անսասան հավատը դեպ մեր մեծ հույսը... Գումարի՛ր, ընթերցո՛ղ, գումարի՛ր այդ բոլորը և կստացվի հոգևոր Հայրենիքը։

Նվաճելի է նյութական Հայրենիքը, հոգևորը` գրեթե ոչ։ Երբ կորցնելով իրենց անկախությունը, շատ անգամ և հայրենի երկիրը՝ ժողովուրդները շարունակում են իրենց հոգու մեջ ապրեցնել աննյութեղեն, միստիկ Հայրենիքը, նրանց աշխարհագրական Հայրենիքը երկար չի մնա օտարների ձեռքին։ Երբ թրքությունն այսօր կաշվից դուրս է գալիս սրբելու մեր ցեղագրական հետքերն իսկ մեր պատմական Հայրենիքում, ես ծիծաղում եմ նրա անհատակ տգիտության վրա և հարց տալիս. «Պիտի կարողանա՞ս սպանել հայ ժողովրդի պատմական հիշողությունը»։

–Ո՛չ,— նրա փոխարեն պատասխանում է իրականությունը։ Ասել է` իմ երկիրը ժամանակավորապես մնալով օտար լծի տակ, չի կարող դառնալ այդ օտարի Հայրենիքը, քանզի Արևելքի անուղղա խուժը, որ թրքություն կկոչվի, ոչինչ ունի տված այդ երկրին` ո՛չ մեծ մեռելներ, ո՛չ միտք, ո՛չ զգացում... Այն ամենը, որ աննյութեղեն Հայրենիք է ստեղծում։ Այո՛, մարդկային ուժերից վեր է մի ժողովրդի պատմությունն սպանել, մի ժողովրդի հոգևոր Հայրենիքը նվաճել։ Սակայն, եթե նույնիսկ դա հնարավոր լիներ, արդյո՞ք թոյլատրելի է դա։ Ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Որովհետև սպանել մի ժողովրդի ազգությունը, կնշանակի սպանել նրա ցեղային հանճարը, կնշանակի մարդկությունը զրկել քաղաքակրթական մի ստեղծագործ ազդակից, որպիսին կհանդիսանան ազգությունները։

Աշխարհն ու իր խաղաղությունը ոչինչ կշահեն, եթե միայն մենք վայր դնենք սուրը, որ մերկացրել ենք հանուն մեր ազգային անկախության և ի պաշտպանություն մեր ցեղի առանձնահատուկ հանճարի։ Չկա միաիդեալ և միակամ մարդկություն։ Կան ինքնանկախ ու ինքնիշխան ազգեր միայն - մի դրություն, որ պիտի շարունակվի մնալ նույնը և մեր որպես ուրույն ազգություն չքանալուց հետո։ Միջազգային մրցումներն ու բախումները պիտի շարունակվեն տեղի տված ազգության գերեզմանի վրա։ Մեր օրերում, երբ մեծագույն թագավորությունները բաժանում են ճակատագիրն «այն նավերի, որոնք չափից ավելի են բեռնավորված», երբ մեծ պետությունները դատապարտված են կորչելու, վերածվելով ազգային ուրույն միավորների, հայ համայնավարները, որոնք ճգնում են սպանել հայ ազգության գաղափարը, կամենալով, որ Հայաստան երկիրը բաժանված մնա Ռուսիայի և Թուրքիայի միջև, կատարում են միաժամանակ և հակաքաղաքակրթական մի քստմնելի դեր։ Իսկ մենք, դավանելով անկախ Հայրենիքի գաղափարը, պաշտպանում ենք քաղաքակրթական մի լուրջ ազդակ։ Ազգերի հանճարը ստեղծագործ է, իսկ նրա արտահայտությունը հորդաբուխ է լինում միայն բացարձակ անկախության մթնոլորտում։ Ահա՛ թե ինչու մարդկությանն ավելի օգտակար լինելու համար, ժողովուրդները պիտ լինեն ինքիշխանորեն ազատ և անկախ։ Անկախությունը, անկախ Հայրենիքը, ինչպես տեսնում ես, հա՛յ երիտասարդ, իրավունք լինելուց զատ և պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը։

Չկան մեծ ու փոքր ազգեր։ Կան հավասար իրավունքներով անդամները մարդկության ընտանիքի։ Եվրոպական դիվանագիտության կեղծ լեզուն է ստեղծել «մեծ» և «փոքր» անունները։ Ճշմարիտ մեծություն չի թվական գերազանցությունը։ Փոքրիկ Հելլադան կիշխեր պարսից անծայրածիր թագավորության վրա։ Այսօր էլ երկայնամազ Չինաստանը, չի համարվում ազգերից մեծագույնը։ Կարմիր լաթը երկրպագող սակավաթիվ հայերի համար գուցե և թրքությունը «մեծ» ազգ է, որին պիտ ծառայի «փոքրիկ» հայությունը, մեզ համար, սակայն, Անիի փլատակների մեջ ավելի մեծություն կա, քան թուրք ցեղի խուժական հոգու մեջ։

Զինվորական եմ, չեմ սիրում երկարաբանել, թո՛ղ, ընթերցո՛ղ, թո՛ղ՝ մտքերս հայրենասիրության մասին արտահայտեմ աֆորիզմների ձևով.

— Վաղը պիտ անասնանան ու կործանվեն այն ժողովուրդները, որոնց որդիներն այսօր ուսումնասիրում են իրենց պատմությունը Մարքսից կամ Լենինից և ոչ իրենց նախահայրերից սկսած։

— Չկա հայրենասիրություն՝ չկա հոգևոր Հայրենիք։ Եղածը լոկ աշխարհագրական սահմաններ են, իսկ նմանը ավազահիմն է, դյուրակործան, անապագա։


— Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որ հոգեբանորեն անտարբեր է դեպ իր երկիրն ու ժողովուրդը։

— Անհայրենասեր ժողովուրդը, եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը։

— Սուրբ, հերոս, բարեգործ, սրանք կենդանի անհեթեթություններ են մեր կյանքում, եթե միաժամանակ հայրենասեր և արի չեն։

— Անհայրենասեր Հայ, այդ դժբախտը կնմանի այն թագավորին, որի մասին պատմությունն ասում է հեգնանքով` «միայն գահ բարձրացավ»։

— Ժողովուրդների մեջ մի ստոր տարր կա` անհայրենասերները։

— Անհայրենասեր ժողովուրդ, ասել է` անիդեալ և աննպատակ ժողովուրդ, որ իրենից կներկայացնի մի տրցակ, բայց ոչ թե մի մարմին, «անհատների փոշի», բայց ոչ գրանիտե ժայռ, որպիսին պիտ լինեն ժողովուրդները` միջազգային արնոտ փոթորիկներից պաշտպանվելու համար։

— Հերիք է, որ մի ժողովուրդ դառնա անհայրենասեր, որպեսզի համարվի պատրաստի որս և նրա երկիրը բաժանվի իր հարևանների միջև։

— Ապագան վտանգված ժողովուրդը, ինչպիսին է մերը, նորանոր աղետներից խուսափելու համար մի հատիկ միջոց ունի` բարձր հայրենասիրությունը, այնպիսին, որով քաղցրանում են մեր հավաքական, թե՛ անձնական ցավերը։

— Հայրենասիրությունը ժողովուրդներին ներշնչում է առաքինություններ, որոնց շնորհիվ նրանք դառնում են և մնում ապահով և հարգված։

— Գինետնային հայրենասիրությունը, որ բավականին դավանողներ ունի մեր մեջ, այնքան էլ հեռու չէ անհայրենասիրությունից։

— Դատապարտելի է նաև պայմանական հայրենասիրությունը։ Հայրենիքը պիտ սիրել անկախ իր քաղաքական ռեժիմից, ինչպես և անկախ մեր քաղաքական համոզումներից։

— Կան այնպիսինները, որոնք իբրև թե սիրում են Հայրենիքը, բայց որովհետև սիրում են և մարդկությունը, գործնականում մնում են անտարբեր թե՛ դեպի մեկը, և թե՛ դեպի մյուսը։ Հակազգային ուժ են և սրանք։ Սխալվում են ազգային պարտականության դասալիքները` կեղծ ընկերվարականը, համայնավարը, անիշխանականը։

— Հայրենասեր լինել` չի նշանակում օտար ժողովուրդների թշնամին լինել։ Դա նշանակում է, թե այդ օտարները կարող են մեր թշնամին դառնալ։

— Հզորանալու մի իմաստուն ճիգ է հայրենասիրությունը։

— Ինքնապաշտպանության բնազդից մղված` ժողովուրդները ուժի և կորովի նորանոր աղբյուրներ են փնտրում, որովհետև գիտեն, որ «Աստվածներն իսկ անցան ուժեղի, հաղթողի կողմը»։


Չարարվեստ տականքները

Ազգերն ամենից շատ տառապել են և կտառապեն իրենց տականքների երեսից։

Պատմության մեջ նախընթացը չունեցող մի ողբերգություն է խաղացվում Հայոց աշխարհում, մի արնոտ խաղ, որի գործող անձինք, որի դերակատարներն են բռնությունը, բռնության կենդանի գործիքները` հայ ժողովրդի տականքը, և բռնության զոհերը ինքը՝ հայ ժողովուրդը։

Առաջին դերակատարին պետք է հարատևել իր ոճրառատ գոյությունը։ Եվ ահա նա դիմել է աշխարհի պես հին, ծանոթ միջոցին. նա պաշտոնի ու ծառայության է հրավիրել հայորեն ու մարդկորեն ընկածներին` վարձելով սրանց չարարվեստ միտքը, կամքը, ցանկությունը։ Նոր գյուտ չէ այն բարոյազուրկ գործելակերպը, որին դիմել է հայությունը գիշատող կարմիր բռնությունը։ Նա համարձակ կրկնությունն է դասական այն տմարդ միջոցների, որոնց հենված՝ արվեստապես հարատևել են անցյալի բոլոր տեսակի բռնակալությունները։

Երկրորդին` բռնության ծառաներին, պետք է ապահովել իրենց հանապազօրյա անսուրբ հացը։

Երրորդին ապրելու համար պետք է անբռնադատորեն զարգանալու և ստեղծագործելու հնարավորություն։

Երեք կողմերն էլ ապրել են ուզում` և՛ բռնակալը, և՛ իր գործիքները, և՛ իր զոհերը։

Անխուսափելի պարտության սարսափով խելագար բռնակալությունը իր մոլեգնության հետ կրկնապատկում է ժողովրդի չարչարանքները։ Չարչարվող ժողովուրդն իր հերթին, վերջնական հաղթանակի անմեռ հույսերով սպառազեն, կրկնապատկում է իր համառությունը, հրաժարվում զինաթափվել հոգեբանորեն։

Ահա այսպես, կյանքը Հայոց աշխարհում դառել է միահեծան իշխանություն կարմիրների և երեսուն արծաթ սրանց գործիքների՝ ամենօրյա Գողգոթա մեր ժողովուրդի համար։

Այլ պիտի լիներ ժողովուրդների պատմությունը, եթե գոյություն չունենային ընկածներն ու ընկածությունը մարդկային։ Առանց սրանց գոյություն պիտի չունենար բռնությունը, որ անզիղջ վատերի սև գործերով է շնչել բոլոր դարերում։

Աներևակայելի է բռնությունը առանց իրեն ուժ տվող և իր գազանություններն արդարացնող չարագործների։ Աներևակայելի է բռնավորը հոգեբանական մի այնպիսի մթնոլորտում, ուր չի ծախվում մարդը բարոյապես, ուր մարդը գայլ չէ իր նմանների համար։

Մարդկային ազգը տառապել է և կտառապի իր տականքների երեսից։

Իրենց տականքները` ահա՛ ազգերի իրական թշնամին։ Իրենց տականքները` ահա՛ ազգերի գոյությունը հաճախ և հաճախ դժոխքի վերածող ամենազորեղ ազդակը։

Ազգորեն ու մարդկորեն ընկածներն են կարելի դարձրել ապերասան բռնակալությունը Ներոնների, Ցեզար Բորջիաների, Համիդների և նմանների։

«Պիտ ուզենայի անգրագետ լինել»,— կբացականչեր մեկը Հռոմի թագավորներից մի դժբախտի մահվան դատավճիռն ստորագրելիս։ Դա Ներոնն էր, երբ դեռ կաշակերտեր Սենեկային։ Մի օր, սակայն, իմաստասեր խորհրդականի փոխարեն Ներոնին կշրջապատեն ընկածները, չարերը և ... նա իր հրեշություններով կգերազանցի պատմության ծանոթ բոլոր բռնակալներին։

Այսպես է աշխարհը։ Ժողովուրդները շարունակում են տառապել իրենց տականքների երեսից։ Դեռ ժողովուրդների կյանքը շարունակում է մնալ մի արնոտ ողբերգություն, որի գործող անձինքը երեքն են` բռնությունը, սրա ծառաները և սրա զոհերը։

Միշտ էլ, երբ քաղաքական իրերի դժբախտ բերումով օտարն է իշխել Հայաստանում, համարձակ գլուխ է բարձրացրել մեր ժողովրդի տականքը` ազգորեն հերձվածողը, հոգով ստրուկը, տկարը, սեղմ ասած` ազգային ինքնագիտակցության և ինքնահարգանքի զգացումից զուրկ ցանցառության տարրերը։

Այսօր կարմիր սատրապություն է Հայաստան երկիրը և բռնությունը վերստին կյանքի և պաշտոնի է կոչել ծանոթ տարրերը։ Այս անգամ, սակայն, ոչ թե երկրի սահմաններում, ուր այդ տարրերի թիվը, պատի՜վ երկրի հայության, աննշան է գոյություն չունենալու աստիճան, այլ մեր գաղութներում։ Տարաշխարհիկ հայության որոշ տարրերը անցյալի իրենց պատմական փոքրոգությունը, իրենց դասալքությունը մեր վարած ազատագրական պայքարում` «խորքով ու մոխրով» ապաշխարհելու և երկրի հայության հոգեպես չարչարակից լինելու փոխարեն, իրենց դավաճան ընթացքով չարչարել են տալիս նրան։ Հոգեբանական անդամահատություն, ահա՛ երկրում տեղի ունեցողը։ Կարմիր հյուսիսից տրված հրամանի հիման վրա բարոյական անդամահատության է ենթարկվում երկրի հայությունը, նրա հոգևոր էությունը։ Բռնի փորձեր են կատարվում մեր ժողովրդի հավաքական սրտից կտրել, նետել իր բոլոր սրբությունները, ինչպես և մարդկային այն բոլոր առաքելությունները, որոնց շնորհիվ են միայն ազգերն ապրում իրենց և ստեղծագործում՝ մարդկության համար։ Զոհը գալարվում է ցավերի մեջ` մերթ աղերսելով, մերթ սեղմելով բռունցքը։

— Կտրի՛ր, պարո՛ն, կտրի՛ր,— կասեր բոնապարտյան զինվորը իր վերքը մաքրող բժշկին,— մի քիչ էլ,— և ահա՛ դուք կտեսնեք թագավորը։

— Կտրատե՛ք, քրքրե՛ք հոգիս, մի քիչ էլ, և դուք իմ էության խորքում կտեսնեք Մայիս Քսանութի հպարտ հեղինակին,— ասում է Երկրի հայությունը իրեն հոգեբանորեն անդամահատության ենթարկողներին։

Շարունակվում է անդամահատությունը։ Մեկիկ-մեկիկ հայության սրտից և ուղեղից հեռացնել են փորձում այն ամենը, որի շնորհիվ միայն որպես ազգ նա կարողացել է դարերով դիմագրավ լինել իսլամ Արևելքի հայասպան փորձերին։ Ո՞ր մեկը, սակայն, Հայոց սրբություններից, ո՞ր մեկը արմատախլել հայ հոգուց։ Բոլորը։ Բայց դա կնշանակեր դիակի վերածել, սպանել հայությունը։

— Մոռացի՛ր Մայիս Քսանութը,— գոչում են, սպառնում Երկրի հայության գաղութի ապազգայնացած տականքները։ Աղմկում, հայհոյում, բռունցք են սեղմում հայորեն ընկածները, առանց հասկանալու, որ դա միևնույն է, թե ասեին Մասիս լեռան՝ գնա՛, կորի՛ր տեղիցդ։

— Բոլշևիզմը սպանում է Հին Աստվածները առանց նորերը տալու, իսկ ազգերը չեն ապրել և չեն կարող ապրել առանց Աստվածների,— պատասխանում է Երկրի դառնացած հայությունը։

— Մոռացի՛ր սրբություններդ, մեռելներդ, հերոսներդ, քանզի այդպես են կամենում հրեա Զինովիևը և թուրք Քեմալը,— մոլեգնած կանչում են Կարմիրների գաղութային կապարճակիրները, առանց հասկանալու, որ իրենց «մոռացի՛ր»-ը նշանակում է՝ «մեռի՛ր»։

«Տարաշխարհներում օտարացածի և այլասերվածի ձեր այլանդակ ապրումներով մի՛ չափեք իմ ազատապաշտ հոգին, լռե՛ք, եթե չեք կարող վահան ու պաշտպանություն ընձեռել ինձ, լռե՛ք և մի՛ խրախուսեք իմ դահիճների հոգեսպանության փորձը։ Մի՛ գրգռեք Կարմիր գազանը»։


Հայության, մասնավորապես Երկրի հայության այդ հերոսական կեցվածքից կատաղած ծանոթ «փողոցը» աղմկում է անլսելի. «Խա՛չ հանիր այդ ապստամբ ժողովուրդը, խա՛չ»։ Ամեն անգամ, երբ կմտածեմ այդ չարաբաստ հայանունների մասին, կպատկերացնեմ այն տեսարանը, որ տեղի է ունեցած հրեական ամբոխի և Հրեաստանի փոխարքայի միջև։

Ամբոխը՝ – եթե,— մատնանշելով Նազովրեցուն,— եթե ազատ արձակես սրան, կնշանակի Կեսարի բարեկամը չես։

Պիղատոսը.– Ձեր թագավորին խաչ հանել տա՞մ։

Ամբոխը.– Մենք ուրիշ թագավոր չունենք Կեսարից զատ։

Պատմությունը։ Ինչպիսի՜ խոստովանություն հրեական շրթունքներից։

Դա հանձնումն էր մի ժողովրդի ազատության ու ատմության։

Պիղատոսը հաճույքով ընդունում է այդ հաստատումը և Նազովրեցուն հանձնում խաչելու։ Նույն տխուր տեսարանը և այսօր մեզանում։ Նույն ամբոխը, դատավորը նույն։ Տարբեր է միայն զոհը գերագույն։

Այսօրվանը Հիսուսը չէ, այլ` մեր Անկախության Գաղափարը։ Նույն աստվածասպան ամբոխն է՝ մեր ցեղի վատասերված տականքը, որ օտարի միջոցով խաչել է տալիս այն ամենը, ինչ որ ազգային է։ Նա կատարում է հանձնումը մեր Ազատության ու Պատմության և շնականորեն հայտարարում.

— Մենք այլ թագավոր չունենք Կեսարից զատ։

Մի սրտառուչ համերաշխություն, ստելու, դավելու, քծնելու մի չտեսնված մոլեռանդություն, համառություն և վճռականություն է տիրում մարդկորեն ընկած այդ ազգադավ արարածների շարքերում, որոնք ազգ ճանաչելու և սիրելու ո՛չ արժանիքն ունեն, ո՛չ էլ երջանկությունը, որոնք մի կտոր անսուրբ հացի և իրենց անասնական հանգստի համար միշտ էլ արտաքին թշնամու հետ են եղել։ Իրար բերան թքած կարծեք լինեն բոլորը՝ բոլոր հակամայիսքսանութականները։ Մշակած ու սրբագործած մի գործելակերպ ունեն սրանք, որքան հանճարեղ, այնքան բարոյազուրկ։

Իրենց դեմ ուղղված ամեն մի հարվածը, չարամիտ վարպետությամբ` ընդունել ուղղված խորհրդային իշխանության հասցեին, այդ վերջինը ավելի ևս գրգռելու Երկրի հայության դեմ։ Քննադատեցե՛ք, թքե՛ք, խարազանե՛ք այդ հոգեպես բորոտներին, և վաղը իրենց թերթերում կկարդաք, թե ձեր զայրույթի քննադատական խոսքը ուղղված է եղել Հայաստանի օրվա վարիչների հասցեին։

Ծաղրե՛ք, ծանակե՛ք, ձաղկե՛ք այդ հոգեպես խեղճ արարածներին և վաղը իրենց փողոցային թերթուկներում պիտի տեսնեք, որ ձեր զզվանքի խոսքը հայադավ նպատակով ընդունել են իրենց տերերի և ոչ իրենց հասցեին։ Փորձե՛ք որևէ տեղ այս կամ այն առթիվ բանախոսել ամենաակադեմիական նյութի մասին, այդ հայանուն վատերը, անսպասելիորեն կնետվեն առաջ, հիստերիկ ճիչեր կարձակեն, ռեկլամային աղմուկ կհանեն, խուճապ կստեղծեն, որ ժամեր անց սկսեն իրենց թղթե հարձակողականը` թզուկների արշավանքը հսկաների դեմ, որ հայհոյեն, հայհոյեն մեկ էլ, մինչև յոթերորդ քրտինքը, մինչև որ ուժասպառ կլինեն, մինչև որ Երևանը կլսի այդ շնորհունակների դոնքիշոտության մասին։

Այս է, այսպիսին է մեր ցեղի տականքը, ներքին թշնամին` դրուժան, դավադիր, հակահայ գործնականում։ Իր անսուրբ հացը կամ քաղաքական սիրախաղը ծանոթ հոսանքի հետ ապահովելու համար մի աննախընթաց մոլեռանդությամբ նա գրգռում է խորհրդային իշխանությունը Երկրի ժողովրդի դեմ՝ իր չարագործությունը հակադաշնակցականություն համարելով, երբ կատարածը իրապես հակահայկականություն է։

Այսպես, հա՛յ երիտասարդ, երկրի սահմաններից դուրս որոշ տականքներ Հայաստանի ժողովրդի նկատմամբ կատարում են գրգռիչի դեր։ Քո անողոք դատաստանին հանձնելով սև արարքներն այդ տականքների, որոնք տմարդորեն թույն ու քացախ կավելացնեն մեր քաղաքականապես դժբախտ ժողովրդին խմելու վիճակված դառնադառն բաժակին, զայրույթի և զզվանքի իմ խոսքը կուղղեմ ոչ թե բռնության, այլ իր հայակերպ գործիքներին։


Առյուծածին մայրեր

Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը։

Տկարության և կեղծիքի դեմ սկսածդ պայքարի մեջ մենակ չես դու, հա՛յ երիտասարդ։ Դու պիտի ունենաս քո մեծ ու վճռական զինակիցը` հայ մայրը։ Ինչպիսի՜ աստվածային հաճույք մարտնչողի համար` լսել խրախուսիչ ձայնը հայրենակրոն մոր։ Ո՞վ չգիտի, թե ազգային տագնապների օրերին, երբ հայրենասիրորեն կբաբախի տառապող կնոջ սիրտը, կորած չէ դեռ ամեն հույս։

«Միշտ էլ հիշենք,— ասում է գալիական պատմությունը,— հիշենք, թե մեր հայրենիքը ծնված է մի կնոջ ստինքից, նրա սիրուց և արցունքներից, այն արյունից, որ նա թափեց մեզ համար»։

Մոր ազդեցությունը որպես դաստիարակչուհին և ոգևորիչը մարտնչող սերունդների, նրա հրաշագործ ազդեցությունն այն ժողովուրդների համար, ինչպիսինն է մերը, կմնա միակ լծակը, որ պիտի բարձրացնի և մեր ազգային դատը, որի ծանրությունը այսօր սարսափեցնում է միայն անհայրենասերներին։

Բնությունը,— ասված է,— կնոջ ձեռքով կգրի տղամարդկանց սրտի մեջ։

Ահա թե ինչու հայ կինը պիտի դառնա հայրենապաշտության տաճարի Վեստյան Կույսը՝ նշանակված անշեջ պահելու նրա սրբազան կրակը։

Հայուհին, որին կարելի է ճանաչել հազարավոր օտարուհիների մեջ այն կնիքով, որ նրա ճակատին դրել է ձիգ դարերի տառապանքը, որ կարող է փոխարինել խաչափայտի առջև իր աստվածանման որդու վերքերը սգացող Տիրամորը, հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի։ Նրա շրթունքներից պիտի չպակասեն Ժաննադարկյան բառերը` ուղղված մեր սերունդներին. «Եթե հոգնած եք, դադար առեք, բայց մի՛ լքեք կռվադաշտը, մի՛ դասալքեք»։ Նա միայն պիտի չողբա վերքերն իր Հայրենիքի, այլև մեր սերունդներին անսահման սեր ու պաշտամունք պիտ ներշնչի դեպ այդ վերքերը։ Նա ավելի պիտի սիրի և հպարտանա, քան կարեկցի։ Նրա հայրենասիրությունը ևս՝ աստվածային կրակ, բոց ու ջերմություն, պիտի արթնացնի թմրած առյուծը իր ժողովրդի մեջ, պիտի բարձրացնի մեր առօրյա կյանքի թափը, պիտի քաղցրացնի ու հեշտացնի անձնազոհությունը։

Ոգիացած հայրենասիրություն, որից ժողովուրդները ստեղծում են մի հրաշագործ ուժ, անհրաժեշտ` հայրենիքների անկախության ու հզորության համար։

Հաճախ վիրավոր, բայց հոգեպես՝ անպարտելի։ Միայն նման ժողովուրդներն են հաջողում պատմության մեջ։ Հաջողում են նրանք, որոնք ծանոթ չեն հուսահատություն կոչված տկարության։ Իսկ չեն հուսահատվում ժողովուրդները, որովհետև մարդկության ընտանիքի բոլոր անդամները, մեր մտավորականության որոշ մասից զատ, գիտեն, որ մեկի հայրենի հողը չի կարող մյուսի համար մնայուն հայրենիք դառնալ, որ դա Հավիտենական Արդարության Օրենքի ուժով վաղ թե ուշ վերադարձվում է իր տերերին, եթե այդ վերջինների մեջ չի նվազել սերը դեպ հարազատ երկրամասը։ Իսկ սեր և նվիրում դեպ Հայրենիքը, ներշնչում և սնուցանում է հայրենասեր մայրը։ Ահա թե ինչու մեր իրականության մեջ` ՄԱՅՐ անունը պիտի դառնա ու մնա սրբազան մենաշնորհը միայն և միայն հայրենակրոն մայրերի, և ոչ թե բոլորի։ Իրենց որդիներով պիտի ճանաչել և գնահատել կանանց։ Անհայրենասեր ու անարի որդիների մայրը, անկախ իր հասարակական դիրքից, մեր կյանքում պիտի չվայելի հարգանք։ Ամեն ինչ` սեր, խնամք, ակնածանք հայրենասեր մորը։ Եվ ամեն ինչ հայրենասեր մորից` հերոս որդիներ, հաղթական դափնիներ, անկախ Հայրենիք։

Իդեալ մայրեր ունենանք երջանիկ Հայրենիք ունենալու համար։ Այլապես, քանի դեռ հայրենաշունչ մայրը կմնա որպես «բացակայող աստվածություն» հայ ընտանիքների համար, թուրքը պիտ շարունակի իր արնոտ խրախճանքը մեր սգվոր Հայրենիքում։ Կան ժողովուրդներ, որոնք դեռ հեռու են անկախության և քաղաքակրթության բարիքները վայելելու բախտից, որովհետև կնոջ ազդեցությունը տկար է նրանց մեջ։ Մի ժողովրդի բարքերը` գովելի թե պարսավելի, կախում ունեն մայրերից։ Մայրը միշտ էլ իր հոգուց մի բան տեղափոխում է իր զավակների կրծքի տակ։ «Ոչ իմաստասերներ, ոչ էլ թագավորներ օգնության կանչենք Հայրենիքին, այլ մայրական ազդեցությունը միայն»։ Կկասկածեմ այն մոր հայրենասիրության մասին, որի զավակները հայրենասեր չեն։ Կողբամ հայրենասիրությունը այն ընտանիքների, որոնք հոգևոր Հայրենիքի մանրանկարը չեն։ Կգարշեմ այն բոլորի հայրենասիրությունից, որոնք դեռ թուրքերեն կխոսեն։ Թրքախոս հա՞յ, հայրենասե՞ր ... Ողորմելի, փափկամարմին, ծույլ հայրենասիրություն, որ իր մայրենի լեզուն յուրացնելու ճիգն իսկ չի փորձում։ Անհեթեթություն։ Լավ է համր, քան թրքախոս լինել։ Սպարտան կհասցներ հայրենապաշտ և աներկյուղ մարտիկներ, որովհետև մայրերի ցանկությունն էր` նման սերունդ տալ Հայրենիքին։ «Կյանքի ընկեր ընտրենք կանայք, որոնց կաթը արյուն լիներ, որոնց ծնունդը` հերոս և վրիժակ».– այսպես կերգեր հին Գալիացին։


Հայ կինը։ Սրա միջոցով հոգեփոխենք հայ ընտանիքը։ Այդ վերջինի միջոցով` հայությունը։ Սկսենք հայ կնոջից, աշխատենք անդուլ մինչև որ սրա կաթը դառնա հայրենապաշտության սրբազան կաթը։ Հայրենապաշտորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը։ Հայ կնոջ միջոցով դարձի և զգաստության հրավիրենք հայության ազգայնորեն տկարացած տարրերը։ Նրա պաշտպանության ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն, Եռագույնը, անկախության Մայիսը` սրբությունները մեր ցեղի։

Ապագան վտանգված մեր որբախնամ ժողովուրդը, մեկ էլ կրկնենք` չկորչելու համար հրամայողաբար պիտի դառնա արիադավան և արիախնամ։ Հայ կնոջից սպասենք հոգեբանական այդ հրաշքը։

Ունենանք առյուծածին մայրեր, որոնց արիական որդիները ավելորդ դարձնեին Հայաստանը պաշտպանող արհեստական ամրությունները։


Մի նախագիծ

Կամքեր ու հոգիներ թրծող աշխատանք է պետք, որ պիտի ստեղծի վաղվա համար ազգովին նախապատրաստվելու մեր հավաքական ճիգը։

Դժվար թե գտնվի դիտելու և տեսնելու ընդունակ մի հայ մարդ, որ չտեսնի Հայաստան երկրի վրա կախված մեծ և աղետալի գալիքի ստվերը։ Գիտենք, որ օրվա Թուրքիայի գոյության համար ավելի քան անհրաժեշտ է մեր ժողովրդի չգոյությունը։ Գիտակցում ենք, թե հանուն իր հանցավոր գոյության թրքությունը դավել է և պիտի շարունակի դավել մեր ամբողջական գոյության դեմ։ Որ նա առիթ պիտի չփախցնի` ոչնչացնելու և՛ Արարատյան դաշտում խճողված մի բուռ հայությունը` հայկական հարցը բացասական լուծումի հանգեցնելու համար։ Այլևս միամիտ չենք կարծելու, թե մի փոքրիկ և անզոր Հայաստանի գոյությունը, որպես բուֆեր պետություն, անհրաժեշտ և ցանկալի է Տաճկաստանի համար, քանզի գիտենք, որ այդ վերջինի կողմից Հայաստանի անկախությունը ճանաչելը ժամանակավոր մի զիջում էր` արված հայությանը, մի բան, որ թելադրում էր մեր հակառակորդին պատմական վայրկյանը։

Ժամ առաջ թրքական զորամասերը պիտ նետվեին Բաքու` դաշնակիցներին զրկելու այն անհրաժեշտ նյութերից, որոնք այնքան մեծ դեր խաղացին համաշխարհային պատերազմում։ Այդ զիջումը պահանջում էին նաև զինակիցների ռազմագիտական և քաղաքական հաշիվները։ Բաքվին տեր դառնալու համար թրքական ուժերը պիտ ազատվեին հայկական ռազմաճակատներից, ահա՛ թե ինչի հետևանք էր տաճիկների կողմից մեզ արված ժամանակավոր և ակամա զիջումը։ Դաշնակիցների համար պատերազմի անհաջող ելքի դեպքում, Տաճկաստանը` մեր տկար Անկախությունը ստորագրելու փոխարեն, պիտի չտատանվեր գրելու Անդրկովկասում փակված հայության տապանագիրը։ Եվ մարդկության ծանոթ մասը, որ հաղթական լինելով հանդերձ, թրքությանը ներեց հայության կեսի բնաջնջումը, իր պարտության դեպքում գուցե և շնականություն ունենար ոչ միայն սեղմելու, այլև համբուրելու այն արնոտ ձեռքը, որ բռնամահ դարձրեց մեր ժողովրդի մի մասը։

Տաճկաստանը, չարաչար խրատված բալկանյան ժողովուրդների ընթացքից, խորապես համոզված է, որ Հայաստանը` ինչ աշխարհագրական սահմաններով էլ լինի դա, իրեն համար ցանկալի թումբ պետության դերը չի կատարի։ Տաճկաստանին պետք է հայկական գերեզմանատուն և ոչ մի դեպքում կենդանի թումբ։ Վաղվա Ռուսաստանի սարսափից խթանված` իրերի թելադրանքով նա վերստին պիտի նետվի Անդրկովկաս՝ օգտվելով երրորդ Ռուսաստանի ժամանակավոր, բայց անխուսափելի խռովահույզ վիճակից։ Նա պիտի առնի այդ քայլը, որովհետև նրա համար ավելի հեշտ է ռուսական վտանգից պաշտպանվել` հենված կովկասյան լեռնային զանգվածին և իսլամ զանգվածներին, քան Արարատյան դաշտում, ուր հայ տարրը, հասկանալի պատճառներով ո՛չ կզինակցի թուրքին, ոչ էլ կարող է հոգեբանորեն չեզոք մնալ նրա նկատմամբ։ Պարզ է ուրեմն, որ բացի քաղաքական ձգտումը, Թուրքիան ունի զուտ ռազմագիտական պատճառ` վաղն առաջանալու դեպ Հայաստան, կոխելու Երևանը և անցնելու հեռուները։ Այդ բոլորի հետ գիտենք և այն, որ կովկասյան իսլամ հանրապետության մեջ քեմալական ազդեցությունն ավելի մեծ է, քան խորհրդային իշխանության, որ Անդրկովկասի ռազմագիտական բոլոր բանալիները այսօր գտնվում են Թուրքիայի ձեռքին` Նախիջևան, Ադրբեջան, Դաղստան. շրջաններ, ուր քեմալական սրի վաղվա հաջողության համար անաղմուկ գործի է լծված համիսլամականների միտքն ու ձեռքը։ Գիտենք այդ ամենը։ Պարզ է մեզ համար և այն, որ գալիքն ավելի ահավոր պիտի լինի, քան այն, որ անցկացրինք 1918-ին։ Թուրք-պարսիկ մերձեցմամբ Հայաստանը պիտի կորցնի դեպի արտաքին աշխարհը բացվող իր փոքրիկ դռնակը։ Վաղը մեզ սպասում է անհավասար և դռնփակ գոյամարտը։ Գիտենք այդ ամենը, տեսնում ենք, թե ինչպես աստիճանաբար բարձրանում է թրքական տապարը` մեր ցեղի գոյության ծառի արմատին իջնելու համար։ Գիտենք այդ ամենը, անհանգիստ ենք, բայց ոչինչ, ոչինչ չենք անում գալիք վտանգը ժամանակին զինաթափել կարողանալու համար։

Եթե դու, հա՛յ երիտասարդություն, պիտի շարունակես ապրել փոքրիկ հարցերի, փոքրիկ գործերի և նույնքան փոքրիկ օգուտների սպանիչ մթնոլորտում, երբ կա մեր հավաքական գոյության սպառնացող մեծ վտանգը, եթե դու էլ` նման անցյալ սերունդների, պիտի շարունակես փորձել սովորական, փոքրիկ ճիգերով կամ արտաքին օգնության հույսերով լուծել մեր լինել - չլինելու ահավոր խնդիրը, գլխովին չկորչելու, ինչպես և մարդկության արգահատանքից մեկընդմիշտ ազատվելու խնդիրը, դու արդարացրած չես լինի ո՛չ քեզ, ո՛չ էլ քո ժողովրդի հույսերը։ Եթե ցանկության դեպքում դու պիտի չկարողանաս լինել ավելին, քան այն ինչ որ ես, այդ դեպքում վա՛յ և՛ քեզ, և՛ քո ժողովրդին։ Ստեղծված հոգեբանական մթնոլորտում հավատավորների և վրիժակների սերունդ դառնալու փոխարեն, դու նորանոր զոհեր կհասցնես թրքական յաթաղանի համար։ Սպասողական դրությունը ժողովուրդների կյանքում ժամանակավոր զինադադար է էապես, և ոչ թե զինաթափություն` ինչպիսին է մերը։ Ժողովուրդ, բանակ, կուսակցություն՝ սրանք երբեք այնքան ուժականական և լարված չեն լինում, որքան իրենց սպասողական վիճակում, երբ այդ հավաքականությունների մեջ կուտակված կարողական ուժերի մի մասը դառնում է կենդանի, ներգործոն, գիտակցական, որի ընթացքում հոգեպես աճում են, հզորանում այդ վերջինները։ Խորապես գիտակցված չէ մեր անցյալը, ստեղծագործ չէ մեր ներկան։ Դու տկար ես և անպատրաստ, ահա թե ինչումն է քո ժողովրդի դժբախտությունը։ Դու այսօր այն չես, ինչպիսին որ պիտի դառնաս հրամայողաբար։

Տկարությունը միշտ էլ պատժվում է վաղ թե ուշ։ Եվ վաղը քո տկարության պատճառով չարաչար պիտի պատժվի մեր ժողովուրդը։ Չէ, չէ, դու իրավունք չունես տկար լինելու, գոտելույծ վիճակում, երբեք, որովհետև քեզ պիտի վիճակվի վաղը վարելու հայության ճակատագիրը։

Դու պիտ լինես հզոր` հրաշագործելու աստիճան, որպիսին դառնալու համար իմաստությամբ օգտվել պիտի կարողանաս Գիտությունից և Դաստիարակությունից, որոնք շարունակում են մնալ վերջին խաղաթղթերը մեզ նման ապագան վտանգված ժողովուրդների համար։

Դու պիտի առաջնորդվես ցեղային բարոյականով, որ պահանջում է զարգացումը որոշ հոգեկան հատկությունների և արվեստագիտական կարողությունների` էապես անհրաժեշտ մեր ժողովրդի գոյության պահպանման համար։ Թողած ներքին անփառունակ ճակատները, որոնց վրա հայրերդ տարիներ ի վեր ընդունայն կորովաթափ կլինեն։ Դու բովանդակ ուժերդ գործի պիտ դնես` գլուխ հանելու մեր ժողովրդի կատարյալ հոգեբանական և տեխնիկական սպառազինությունը։ Գիտեմ, ընթերցո՛ղ, երկար ինձ լսելուց հետո, պիտի ուզեիր, որ քեզ տրվեր մի գործնական նախագիծ։


Ահա՛ դա, ընդհանուր գծերով, որ գործի և փառքի ընդարձակ դաշտ պիտի բանա քո սերնդի առջև։

1. Վտանգը։ Ավելի քան հավանական է վաղ թե ուշ թուրքերի ներխուժումը Անդրկովկաս, որի դեպքում երկրի հայությունը դարձյալ պիտի ապավինի միայն և միայն իր ուժերին` չգաղթելու և չբնաջնջվելու համար։ Ներխուժումը հնարավոր և հավանական է.

ա) Ռուսաստանի մեջ մեծամասնականների պարտության դեպքում,

բ) Եվրոպական որոշ պետության կամ զինակցության կողմից Տաճկաստանը որպես գործիք Խորհրդային Ռուսաստանի դեմ գործածվելու դեպքում,

գ) Տաճկաստանի` իր արևելյան սահմանները ռազմագիտորեն ապահովելու փորձի դեպքում, որ ասել է` Երկրի հայության բնաջնջմամբ կամ տեղահանությամբ, թաթար Ադրբեջանին միանալու և այլ հավանական դեպքերում։

2. Վաղվա մտահոգությունը։ Վաղ թե ուշ հայությանը պիտի տրվի տաճկահայկական հողերի մի մասը, որի պաշտպանությունը կազմակերպելու և վարելու համար մեր ժողովուրդը պիտի հենվի նույնպես նախ իր սեփական ուժերին։

3. Փոխվրեժի անհրաժեշտությունը սարսափի և պարտվողականության հոգեբանությունից սրբագրվելու համար։ Հետևանք` դարեր տևող օտար տիրապետության մեր Հայրենիքում, և մասնավորապես, տաճիկների` Հայաստանում պարբերաբար սարքած կոտորածների և ունեցած զենքի հաջողության, հայությունը մենակ, թե զինակցաբար պիտի կազմակերպի իր փոխվրեժի պատմական գործը, հրամայականորեն պարտության պիտ մատնի Տաճկաստանը, որպեսզի հոգեփոխվի ու ապահովի իր ֆիզիկական և հոգևոր գոյությունը։

4. Նախապատրաստություն։ Տաճկական վտանգը, Արևելքի և արևմտյան իսլամների` Հայաստանի վրայով իրար միանալու քաղաքական ձգտումը, հայության երկրամասային պահանջը Տաճկաստանից, մեր փոխվրեժի հոգեբանական անհրաժեշտությունը. այդ պատճառներից ամեն մեկն առանձին պահանջում է անհապաղ և լրջորեն նախապարաստվել վաղվա համար։

5. Վաղվա պատերազմը։ Դա, ըստ ամենայնի, պիտ լինի գերազանցորեն քիմիական։ Հոգեբանականից և տեխնիկականից զատ բոլոր տեսակի գերակշռությունները` թվական, քաղաքական, աշխարհագրական և այլն, պիտ դադարեն վաղը վճռական և բախտորոշ դեր կատարելուց։ Վաղվա ճակատամարտերի բախտը պիտ վճռի մարդկային հնարագետ միտքը և ոչ կենդանի ուժը։ Արվեստագիտության, տարրաբանության, էլեկտրաարվեստագիտության արագ և հրաշագործ առաջադիմության մեր օրերում, երբ այդ վերջինների օգտագործման կարելիությունները պատերազմում դառնում են անսպասելի, մահացու գործիքների և ռազմանյութերի հարաճուն ճոխացումն ու կատարելագործումը հնարավոր պիտի դարձնի մեզ նման տեխնիկապես տկար ժողովրդի գլխովին բնաջնջումը։

6. Գերազանցելու միջոցներ։ Թրքության ծանոթ առավելությունները կարելի է և պետք է արհամարհելի դարձնել մեր հոգեբանական և տեխնիկական գերազանցությամբ, որպիսին հնարավոր է և պիտ ձեռք բերել`

ա) Մեր գոյության և բնաշխարհի առարկայական պայմաններին համապատասխանող դաստիարակությամբ։ Վերադաստիարակությամբ պիտի սրբագրել մեր ժողովրդի հոգեբանությունը` դարձնելով նրան իր ամբողջության մեջ ազգորեն ինքնագիտակից, կորովի և մարտունակ։

բ) Եվ անհրաժեշտ մասնագիտություններով։ Մեր տեխնիկական գերակշռությունը պիտի ապահովենք` հասցնելով վաղվա համար անհրաժեշտ քանակությամբ հրարվեստագետներ, մեքենագետներ, քիմիագետներ, ռազմագետներ, հանքագետներ, օդագնացներ, ինչպես և ռազմամթերքի, թունավոր գազերի, մահացու գործիքների արտադրության մասնագետներ։

7. Վարիչ մարմին։ Հայ զանգվածների վերադաստիարակության և անհրաժեշտ մասնագետներ հասցնելու գործը վարում է Ազգային Ինքնապաշտպանության Վարիչ Մարմինը` ընտրված տեղական մարմինների կողմից։

8. Տեղական մարմին։ Ստեղծվում է ամեն մի հայաբնակ վայրում` նպատակ ունենալով.

ա) ժողովրդականացնել ազգովին նախապատրաստվելու անհրաժեշտության գաղափարը,

բ) հսկել տեղի հայ տարրի վերադաստիարակության գործը,

գ) հովանավորել իր վայրի խոստումնալի և հայրենապաշտ պատանի-երիտասարդներին,

դ) ստեղծել նյութական միջոցներ։

'9. Զինվորական հանձնախումբ։ Նշանակվում է վարիչ մարմնի կողմից, որի գործը պիտ լինի.

ա) հայ և օտար ռազմագետների աջակցությամբ մշակել Երկրի հայության քիմիական ինքնապաշտպանության ծրագիրը,

բ) եվրոպական և ամերիկյան քիմիարաններում, բարձր տեխնիկական դպրոցներում, զինվորական ակադեմիաներում, հրարվեստագիտական գործարաններում հասցնել անհրաժեշտ թվով մասնագետներ,

գ) իրազեկ լինել այն բոլոր ռազմարվեստային գյուտերին և նորույթներին, որոնցով հարաճուն կերպով հարստանում է եվրոպական և նոր աշխարհի զինվորական միտքը,

դ) զինվորականացնել բոլոր տեսակի պատանի-երիտասարդական միությունները,

ե) ստեղծել զինվորական գրականություն։

10. Հրատարակչական հանձնախումբ։ Ունենում է իր օրգանը, որով.

ա) հայ միտքը զբաղեցնում է մեր ժողովրդի գոյության պաշտպանության խնդրով,

բ) պայքարում է պարտվողականության ոգու, անգրագիտության և օտարացման դեմ։

11. Ազգային ուխտի դպրոց։ Անսահմանորեն անձնվեր, հայրենապաշտ և գաղափարական երիտասարդ գործիչներ հասցնելու համար հաստատել ազգային ուխտի և ոգու դպրոց, որի կողմից մեր ցեղի նյութական և բարոյական ինքնապաշտպանության գործը դասավանդվեր և հռչակվեր որպես նոր կրոն։

12. Նյութական միջոցներ։ Մեր ժողովրդի փրկության գործը վարելու համար անհրաժեշտ նյութական միջոցները պարտադրորեն հոգում է ինքը` հայությունը, հետևյալ ձևով. ամեն մի հայ մարդ ազգային տուրքի անվան տակ վճարում է գալիական մի ֆրանկ։ Ամեն հայ ընտանիք` այնքան ֆրանկ, որքան անդամ ունի[1]։

* * *

Անտառում նեղ ու դարձդարձիկ ճամփաների վրա երես առ երես իրար են հանդիպում առյուծն ու վագրը։ Նրանք կանգ են առնում գետնին մխվածի պես՝ մարմինները կծկած ետևի երկու ճկուն ոտների վրա` պատրաստ ոստյունի։ Ճիրանները դուրս, մազերը փշաքաղ, բերանաբաց` ամեն մեկը կամենում է զարհուրելի ծամածռություններով ահաբեկել, սրտաթափ դարձնել հակառակորդին, և խեղդել... Անսահման զգուշությամբ մեկը, միաժամանակ և մյուսը, իր մի ոտը շարժում է քիչ ետ։ Քիչ անց անաղմուկ և կամաց նույնն են կատարում մնացած ոտները։ Եվ գրեթե աննկատելի հակառակորդի համար՝ միաժամանակ հեռանում են իրարից։ Սակայն միշտ երես առ երես, մինչև որ երկուստեք նահանջը նրանց միջի տարածությունը կդարձնի ավելի մեծ, քան պետք է մի հանկարծակի և դավադիր ոստյունի համար։ Այլևս հակառակորդները դարձնում են իրենց թիկունքները, վերստանում իրենց բնական կեցվածքը, և քաշվելով իրենց թագավորության սահմաններից ներս՝ կորչում են անտառի մեջ։

Նույնը, գրեթե նույն բանն է կատարվում և ազգերի կյանքում, երբ նրանք երես առ երես և սպառազեն հանդիպում են իրար, իրենց երկրի սահմանագլխին։

Վա՛յ նրան, ով տկարություն ցույց տվեց. մահ է։ Վա՛յ նրան, ով անկարող եղավ անթարթափ ու շեշտակի նայելու հակառակորդի աչքի մեջ. մա՛հ է ստույգ։


Կորած է այն կողմը, որ անզոր է սարսափ ազդելու, ավելին` ավելի սարսափելի լինելու, քան հակառակորդը։ Հա՛յ երիտասարդություն, վաղը, երբ թրքությունը փորձեց պղծել Հայրենիքիդ սահմանների սրբությունը, պիտի կարողանա՞ս ավելի սարսափելի լինել, քան թշնամին։

Պիտ կարողանա՞ս վագրային կեցվածք ցուցադրել։

Պատասխանի՛ր, պիտի կարողանա՞ս...


Բախտորոշ մտավորականություն

Երբեք տեսնված չէ, որ ժողովուրդն ավելին չտար, քան կարող են պահանջել իր առաջնորդները։ Ժողովուրդներն այն են, ավելի ճիշտ` դառնում են այն, ինչպիսին որ համարվում են իրենց մտավորականության կողմից։ Մի ժողովուրդ, որ իր ղեկավար տարրերի կողմից համարվում է «փափկամարմին» կենդանիների տեսակից, երբեք չի լինի հաղթական ու հարգված։ Տկար, քաղաքականապես մուրացիկ և դիպվածով գոյությունը քարշ տվող, ահա՛ նման ժողովուրդը։ Պարտվում է մի ժողովուրդ, հենց որ իրեն պարտված է զգում իր մտավորականությունը։ Կորած է այն ազգային դատը, որի ղեկավարները կորած են համարում այն։ Պայքարում տեղի է տալիս այն կողմը, որի առաջնորդող տարրերն առաջինն են հուսահատվում։ Այո՛, հանձին ժողովուրդների, միշտ էլ չափվում են իրենց մտավորականությունները, հաղթում կամ պարտվում իրենց առաջնորդող տարրերը։ Եվ չի պարտվում այն կողմը, որ չի ուզում պարտվել։ Պիտի չպարտվեր հայ ժողովուրդը և հոգեբանորեն, եթե նրա մտավորականության մի խոշոր մասը չնետվեր պարտվողական ոգու գիրկը։ Դժբախտաբար, այսօր նա ոչ թե իրեն պարտված է զգում, այլև՝ պարտվողական։ Նրա որոշ տարրերը մեր պարտության և բարոյալքումի օրերին ոչ թե չկարողացան բարոյական շանթարգել հանդիսանալ զանգվածների համար, այլև պարտվողականության քարոզիչներ և բարոյալքիչներ դառան։ Զուրկ ապագայի զգացումից, ինչպես և ազգային բարոյականից, նա առանց մի հատիկ իսկ հարված փոխանակելու փորձի թշնամուն հանձնեց իր դիրքերը, որին այնքա՜ն մեծացրել էր տկարի իր երկչոտ երևակայությունը։ Նա բառացիորեն բաժանեց ճակատագիրը ծանոթ առակի այն դժբախտ եղնիկի, որը, օդի մեջ քամուց տարուբերվող փետուրից սարսափահար, նետվում է ... ուղիղ որսորդի գիրկը։ Նա նմանվեց այն զորամասին, որ ոչխարների հոտի բարձրացրած փոշու ամպը թշնամի համարելով, փախչում է՝ գլուխը կորցրած, և ընկնում ... թշնամու ամրացրած բանակատեղին։

Ամենակարող է այն առաջնորդը, որ կարողանում է անպարտելիության հավատ ներշնչել իր ժողովրդին։ Ժողովրդասպան է նա, որ իր նկուն կեցվածքով տկարացնում է իր ժողովրդի ուժի և կարողության գիտակցությունը։ Վերջինին նմանվեց մեր մտավորականության մի մասը։ Տեղի տվեց առանց մի հատիկ պատվո վերք ստանալու, նա փախավ և ոչ նահանջեց կռվադաշտից և իր դասալիքի հոգեբանությամբ բարոյալքեց թիկունքը։ «Վատ է մեր ժողովուրդը, տգետ, անարի», - ամենուրեք հայտարարեց մեր սրտաթափ եղած մտավորականը։ «Նա չի կռվում, նա չկռվեց և ի՞նչպես կարող էր կռվել տաճիկ բանակի դեմ», - գրեց ու տարփողեց ծանոթ մտավորականը։ «Լինենք համեստ և բավականանանք քչով, ո՞վ ասեց, որ անպայման պետք է անկախ լինել ապրելու համար, ապրենք այնպես, ինչպես որ կուզեն թուրքն ու բոլշևիկը, և ոչ թե այնպես, ինչպես որ հայ ժողովուրդն է ուզում... Ահա՛ այսպես գրեց, խոսեց և դեռ չարախոսում է անմիտ պարտվողականը։

Տխուր, մեռորեն տխուր է պարտվողական մտավորականի պատկերը։ Գլուխը կորցրած` նա այսօր ոչինչ չի խնայում վերջնական դարձնելու հայ ժողովրդի պարտությունը։ Ազգային աստվածությունները մի աման ապուրի հետ փոխելուց հետո նա այժմ իր վատությունը փիլիսոփայելով է զբաղված։ Այլազան են, ընթերցո՛ղ, պարտվողական հայ մտավորականի հոգևոր դիմադրությունները։ Մեկն այդ փաղանգից հոգևոր ստրկություն է քարոզում` հորդորելով հայությանն ապրել «խոնարհության հովտում» և էլ չերազել անկախության մասին։ Երկրորդը գտնում է, թե թուրքից լավը բոլշևիզմն է, որի կարմիր փորձարկության համար հայությունը հավատարմորեն պիտ նյութեր մատակարարի։ Երրորդը` կենդանի հողմացույց, և՛ այս է, և՛ այն։ Չորրորդը չգիտի, թե ինչ է ուզում, ամեն ինչ է և ոչինչ։ Հինգերորդը...

Նույնն են բոլորն էլ էությամբ` ստրկամիտ, տկար, պարտվողական։ Սրանք կուզեն ապրեցնել հայությունը որպես կենդանի ողորմելիություն արտաքին ողորմություններով։ Խոսե՛ք հետները, լսե՛ք իրենց և պիտի հասկանաք սրանց խորշակահար հոգին, որ մատնում են իրենց ամեն մի խոսքի և շարժուձևի մեջ։ Սրանք ասում են, - «եթե ամեն ինչ դեռ կորած չէ, եթե կարելի է և պետք է որևէ բան անել հայ ժողովրդի ճակատագրի դաժանությունը մեղմելու համար, այդ պիտի արվի վաղվա սերունդների ձեռքով, և ոչ մեր, որովհետև այլևս չենք ուզում մեր կերն ու հանգիստը զոհաբերել»։

Օ՜, այդ եսապաշտ ու անարի արարածները։ Եթե սրանք հնարավորություն ունենային հայ ժողովրդի գոյությունը զրնգուն դրամի վերածելու և տրամադրելու իրենց հոգեպես հաշմանդամ և դյուրասեր սերունդին այդ վերջինի հացն ու անդորրը ապահովելու համար, պիտի չնեղվեին ասելու` «մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ»։ Ուր մարդիկ խոստովանում են իրենց տկարությունը, բայց չեն ամաչում տկար լինելուց, հոգևոր ստրկություն է տիրում այնտեղ։ Այդպիսին են մերոնք` մեր պարտվողականները, տկար, բայց տկարությունից չամաչող։ Հոգեպես կաթնեղբայր, իրար նման, որոնց մեջ կա, սակայն, ամենավտանգավորը։ Դա ջատագովն է թրքական կողմնորոշման։ Հոգեբանորեն հասկանալի է և այդ ամոթալի երևույթը հայ մտավորականության որոշ մասի մեջ։ Վախը, սարսափը թշնամուց սպանում է դեպ այդ թշնամին տածած մեր ատելությունը։ «Պիտի ներել թրքության և մոտենալ նրան,— ասում է այդ վերջինը,— քանզի մեզ ճակատագրված է նրա անմիջական դրկիցը լինել, տկար հարևանը»։ Մտքի և հոգու ինչպիսի՜ աղքատություն։ Հեռատես դիվանագետ չէ խոսողը, այլ ծանոթ պարտվողականը, որ չի ամաչում ծիծաղելի դառնալ իր ողբերգանքի մեջ։

Ներել նրան, որից ծեծվել ես, թքվել, անարգվել։

Ներել նրան, որին քեզնից ուժեղ ես զգացել և ծունկի եկել նրա առջև։

Ներել իր տիրոջը, իր բռնակալին, իրեն հաղթողին։ Ինչպիսի՜ մահացու տգիտություն և բարոյական անկում։

Իսկ եթե թրքությունը, հա՛յ պարտվողական, կարիք չզգաց քո ներումի ստրկական արտահայտության և թքեց քո և քո ներումի երեսին։ Իսկ եթե թրքությունն ասեց. «Սրի քաշելով հայության կեսը` ես արձանի ու պսակի արժանի գործ եմ կատարել իսլամի համար։ Եվ եթե վաղը սուրս երկարեց քո մյուս կեսի վզին, քո ստրկական ներումը չի փրկի քեզ»։ Եթե այսպես խոսեց Արևելքի մարդատիպ բորենին։ Եթե լեզուն դրված լիներ միայն ճշմարտություններ ասելու համար, թրքությունը պիտ ասեր մեզ.- «Գիտեմ, որ իմ ներկայությունը Եվրոպայում շատ կարճ ժամանակի խնդիր է։ Գիտեմ, որ այսուհետև առաջանալու մի հատիկ ճամփա ունեմ` ռուսահայության գերեզմանի վրայով դեպ Անդրկովկաս։

Գիտեմ, զգում եմ և այն, որ հետայսու իմ գործը պիտ լինի ծեծվել եվրոպական ուժերից և ծեծել հայությունը, ծեծել ձեզ` վերջնականորեն պարտվածի սպանիչ հոգեբանությունից զերծ մնալու համար։ Ավելացնեմ և այն, թե հաղթականի իրավունքն է` զրկել պարտվածին փոխվրեժի դիմելու, ինձ վնասելու հնարավորությունից»։

Եթե դարավոր թշնամիդ այսպես խոսեց քեզ հետ։ Եվ կարիք կա՞ խոսքի` թրքությունը ճանաչելու համար։ Մի՞թե խոսուն և հասկանալի չէ նրա հայադավ լռությունը։ Միջազգային բարոյակա՞նը։ Բայց այդ երբվանի՞ց է, որ գոյություն ունի դա։ Արևելքի խուժն ու ստրո՞ւկը, հակաբարոյական թուրքն ու հայ պարտվողակա՞նը հիմքը պիտի դնեն ցեղամիջյան բարոյականության։ Վա՛յ և՛ այդ բարոյականին, և՛ հայության։ Երբեմն աշխարհի կարեկցությունը, երբեմն ծիծաղը շարժող մեր պարտվողականները կիսով չափ քաված պիտի լինեին իրենց մեղքը, եթե հայությունը ծիծաղելի չդարձնեին իր խոր դժբախտության մեջ։ Այո՛, ծիծաղելի է տկարի ներումը, ինչպես և նրա հաշտարար ոգին։ Մարդկությունը և ամենից առաջ թրքությունը, իրավացիորեն մեր ներումն ու հաշտ ոգին պիտ վերագրի մեր նվաստության և ոչ մեր մեծահոգության։ Տկարին իրավունք չէ տրված մեծահոգի լինելու։ Նա չի էլ կարող այդպիսին լինել։ Մեր ներումը կշարժեր աշխարհի նողկանքը միայն։ Ներելով, մենք հաստատած կլինեինք, թե մենք արժանի էինք այն ամենին, ինչ որ ապրեցրեց մեզ թրքությունը։ Ապացուցած կլինեինք և այն, թե իսկապես անկախության անարժան հավաքականություն ենք՝ գոհ մեր վիճակից։ Ներելով մենք մատնած կլինենք մի այլ բան, թե մահացիորեն տկար ենք, և թե այդպիսին էլ պիտի մնանք հավետ։ Իսկ նմանը պիտի չհանդգնի անկախ Հայրենիքի մասին երազելու, ինչպիսի աշխարհագրական սահմաններով էլ որ լինի դա։

Ներե՞լ եք ուզում` հաղթե՛ք նախ։ Բայց թող չանհանգստանան մեր պարտվողականները։ Մի օր հայությունը պիտ ների թրքության, բայց ոչ ծունկի եկած նրա առջև, պարտվելուց հետո, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց հետո։ Պիտ ներենք մի օր Արևելքի չարագործին, բայց նրան պարտության մատնելուց հետո։

Ասված է` «հաղթի՛ր և ապա անցիր պարտյալի կողմը»։ Մի հաղթություն և մենք կներենք թրքության։ Կասկածո՞ւմ է մեր անօրինակ մարդկայնության մասին հայ պարտվողականը։ Թող լսի, ուրեմն, մեր հաղթական նահապետի խոսքը. «Բայց Հայկ վեհանձն ու բարեպաշտ, կուտայ դիականց պատվավոր գերեզման բլուրին վրայ։ Իսկ Նեբրովթայ մեծազանգված մարմինը դիապատելով մեծաճոխ հանդերձանոք կտանեն ի Հայս լեռնակեաց հաղթական արծիւք, ուր հիմա Թորգոմայ արքայական տան մօտ կը ննջէ զքուն յաւիտենական ազատազգաց ոխերիմ թշնամին»։

Ճիշտ այսպես, հայկաբար պիտի վարվենք և մենք թրքության մեռելոտիի հետ, նրա «մեծազանգված դիակի» հետ, երբ որ հաղթեց մեր սուրը։ Մենք չենք ջախջախի մեր սվինից վիրավոր թուրք զինվորի գանգը, որովհետև մերը չէ այն շնական վարդապետությունը, որ տարբերություն չի դնում չարի և բարու միջև։ Մենք չենք շնանա նրա գեղեցկուհիների հետ, չենք կրոնափոխի նրա որբերը, քանզի մերը չէ այն ցեղը, որի մեջ դարերով և դարերով շունը ավելի ուժով է եղել, քան մարդը։

Մենք մարդ, ավելի քան մարդ կլինենք թրքության հանդեպ, երբ մեր սուրը նրան ծունկի բերեց մեր առջև։ Իսկ մինչ այդ օրը, նա մեր գլուխը, իսկ մենք նրա գարշապարը պիտ փնտրենք։ Որովհետև նա չի կարող մարդ լինել մեր նկատմամբ։ Նա չի զղջա մեզ հասցրած անլուր չարիքների համար, իսկ մենք ներելու համար պիտի ճգնենք լինել նրանից ուժեղ։ Ա՜հ, գիտեմ՝ չկա աստվածորեն ավելի վսեմ և գեղեցիկ շարժուձև, քան մեր սրից ու գնդակից զարնված հակառակորդի վերքերը կապելը։ Ինչպես չկա ավելի բարբարոս արարք, քան վիրավորներին նոր վերքեր հասցնելը։ Գիտե՜մ, գիտե՜մ՝ արժե ներել իրեն ուժեղ զգալու համար։ Գիտե՜մ՝ աստվածային արարք է ներումը, բայց ուժեղի, հաղթականի։

Ներե՞լ եք ուզում, արիացե՛ք, հզորացե՛ք, հաղթե՛ք նախ։ Ասում են` մեր տխուր Արևելքում նվաստությունը ծառայել է որպես ինքնապաշտպանության միջոց։ Հայ պարտվողականները այդ զազիր զենքից զատ այլ բան չեն գտել հանձնարարելու մեր ժողովրդին։ Չեն հասկանում, կարծեք, որ նվաստություն ասել է՝ շպարված թուլություն, որ միշտ էլ, վաղ, թե ուշ պատժվում է չարաչար։ Մեր միամիտները չեն հասկանում, որ նվաստությունը ժողովուրդների համար ավելին չէ, քան փտած եղեգն, որին կռթնել են հրավիրում հայությանը։

Նվաստություն, ներողամտություն, խոնարհություն, սրանցով գուցե և կարելի լինի երկարել հիվանդությունը, բայց այս բարոյազուրկ միջոցները չեն փրկի նրան ո՛չ հիվանդությունից, ո՛չ էլ` մահից։ Փրկություն չէ հոգեվարքի երկարումը։ Ինչպես և ցավերի ժամանակավոր մեղմացումը, երբ հիվանդությունը պիտ շարունակի մնալ և սպառնալ մահվամբ։ Ցավերը վերացնելու համար հիվանդությունը, պատճառներն են, որ պետք է բառնալ։ Թուլությունն է, որ պետք է խաչ հանվի։ Անիծված թուլությունը, որի պատճառով դարերով տառապանքի և ստորացումի դառն բաժակն է դատարկել մեր ժողովուրդը։ Գիտակցենք վերջապես, որ ժողովուրդների բախտավորության և անբախտության, հզորության և տկարության աղբյուրը գտնվում է իրենց մեջ։ Հայ հոգուց դուրս չէ և հայ տառապանքի, անլուր քաղաքական զրկանքների աղբյուրը։ Հարազատե՛նք այդ ճշմարտությունը, հա՛յ երիտասարդ, հասկանա՛նք` փրկվելու համար։

Բայց մի՞թե տկար ժողովուրդ է օրվա հայությունը։ Մի՞թե նա կարող էր և տկար մնալ` իր կեսը թրքական վայրագության սրին հանձնելուց հետո։ Մինչև մեր ցեղի մի մասի ողջակիզումը դեռ հոգեբանորեն հասկանալի էր մեր տկարությունը։ Իսկ այսօր, երբ կա թրքության կողմից մի միլիոն հայության ոչնչացումի աղաղակող փաստը, իրեն այսօր էլ տկար զգալ, կնշանակի ապրելու անարժան լինել։ Չէ՛, չէ՛, չի կարելի հազար և հազար զոհեր տալ և մնալ նույնը հոգեպես։ Չի կարելի հազար և հազար մեռելներ ունենալ և բարոյական անզորությամբ տառապել։ Դա կնշանակեր մարդկային ցեղից չլինել։

Ա՜հ, մեռելների անչափելիորեն զարհուրելի ուժը։ Մի միլիոն անհանգիստ և վրեժխնդիր ուրվականներ, ահա՛ մեր ուժը, որի նմանը չի ունեցել աշխարհի ոչ մի ժողովուրդ։ Բայց, ամո՜թ մեզ, հայությունը չօգտվեց այդ ուժից, չօգտվեց, որովհետև շուտ, շատ շուտ մոռացավ իր մեռելները։ Աշխարհը կսպասեր, որ այն հրեշային չարչարանքներից, որոնց դատապարտեց մեզ «վայրագության, ծուլության և գողության միայն ընդունակ ցեղը», աշխարհը կսպասեր, որ, ահա՛, հայ մտավորականության շարքերից դուրս կգան ծայրահեղապաշտներ, անհաշտներ` գայլի հոգեբանությամբ, կսպասեր, որ ահա՛, հայ տառապանքը կծնի ուխտվածներ, դեմոնական տիպեր սրբազան խենթությամբ։ Կսպասվեր, որ այլևս հայությունը պիտ սովորի խոսել մարդկության հետ այնպես, ինչպես որ կարող էր և պետք է խոսեր բազմաբյուր ողջակեզների տեր ժողովուրդը։ Բայց, ավա՜ղ, հայությունը, աննշան բացառությամբ, շարունակեց մնալ նույնը` տկար ու մուրացող։

Հայության ճակատագրի վարողները չգիտցան խոսել աշխարհի հետ, որ բնազդական արհամարհանք ունի դեպ տկարն ու լալկանը։ Գերմարդկային ցավերից խելագարվածի լեզվով խոսելու փոխարեն, նա խոսեց կանացի քրիստոնեության լեզվով։ Գերագույն վշտի մեջ կատաղելու փոխարեն, նա մնաց միևնույն «բնականոն ջղերի» տեր ժողովուրդը։ Նա չխոսեց բռնամահ եղած հայության կեսի լեզվով։ Նա, որ կարող էր այնպես վարվել, որ թուրք պետության ներկայացուցիչները, Թուրքիայի սահմաններից դուրս չերևան, նա, որ կարող էր մի միլիոն չարչարամահ եղած Հայերի ուրվականներով առանց բանակների և մարտանավերի սարսափով պաշարել Թուրքիան` կտրելով նրա հարաբերությունները արտաքին աշխարհի հետ, նա, որ կարող էր ահաբեկել մարդկության խղճմտանքը վարող հրեշների երևակայությունը, որի վրեժխնդրական ամեն մի շարժուձևը հիացումով պիտի լցներ մարդկության սիրտը, նա ոչինչ չարեց՝ իր գերագույն վշտից մղված։ Եվ աշխարհը հիացում ու սարսափ զգալու փոխարեն, զզվանք ու զայրույթ զգաց մեր նողկալի կանացիության հանդեպ։ Ինչո՞ւ այդպես։ Ինչո՞վ բացատրել այդ տխուր երևույթը։

— «Մեր կուլտուրականությամբ»,— պիտ աճապարեն պատասխանել մեր պարտվողականները։

Կեղծ և թքելի կուլտուրականություն, որ կայանում է անհամ ոտանավորներ գրելու և մի քանի եվրոպական լեզուներ գործածելու կարողության մեջ։ Ծիծաղելի կուլտուրականություն, որ մեր ժողովուրդը դարձրել է որբ և որբախնամ։

Զայրույթից չե՞ս դողում դու, հա՛յ երիտասարդություն, որ մի միլիոն հայրենակիցներիդ ողջակիզումն իսկ չկարողացավ խռովել հայրերիդ մի մասի հոգևոր մրափը։ Դու չե՞ս դողում սրբազան կատաղությունից, որ մեր ցեղի միտքն ու բազուկը, իրենց վրեժխնդրական մոլուցքի մեջ, սատանայի հետ իսկ զինակցելու փոխարեն, մնացին գերին քաղաքական տոլստոյականության։

Վրեժի ու քանդումի` աշխարհին ծանոթ և անծանոթ արվեստներին աշակերտելու փոխարեն, որ վաղը ի վիճակի լինի հրով և երկաթով պատժելու բարբարոսությամբ հիվանդ թրքությունը՝ քո սերունդն այսօր, իր հայրերի շնչով թրծված, հետևում է մի կտոր հաց ապահովող գիտությանը։

Սթափվի՛ր, հա՛յ մարդ, ուշքի՛ եկ, քանի դեռ ուշ չէ, այլապես մարդկությունը, որ դեռ սպասում է քո սրբազան խենթության, մի օր հուսախաբ պիտ թքի մեր ժողովրդի անունին։ Մարդը, որ ստրկացած է պարտվողական հայի մեջ, պիտի մարդկայնանա։ Հայ մտավորականությունը իր ամբողջության մեջ պիտ ազատվի ստրկական և սարսափի հոգեբանությունից։ Պիտի արիանա նա։ Պետք է ազատվել, և ոչ թե միայն ազատագրվել։ Մինչև որ հայ մարդը չզգա իր ուժի գերազանցությունը, չի ազատվի պարտվողական հոգեբանությունից, չի փրկվի նա։ Թրքական կողմնորոշում, ներում, հաշտություն. այդ ամենը կոչված է՝ սնուցանելու մեր տկարությունը և նախապատրաստելու թուրք զենքի վաղվա հաղթանակը Հայաստանում։

Այսպես մեր մտավորականության թևաբեկ մասը իր առաջնորդության ապավինած ժողովուրդը վաղվա հաղթանակի համար նախապատրաստելու փոխարեն՝ կլանված է մի ամոթալի խնդրով. «Օտար լուծերից ո՞րն է տանելին, ցանկալին», ահա՛ հարցը, որով նա զբաղեցրել է հայությունը։ Օտար տիրապետության դեմ անողոք պայքար կազմակերպելու և վարելու փոխարեն` նա առաջարկում է իր ժողովրդին ընտրել այս կամ այն օտար լուծը։

Փոքրոգությո՜ւն, տգիտությո՜ւն, ստրկամտությո՜ւն։ Այդ հրեշները, միացած հայ պարտվողականի մեջ, նրան մղել են ժողովրդասպանության։ Ժողովրդասպանություն, այո՛։ Ներսես Մեծը, լսելով Հայաստանի գլխին եկած դժբախտությունների մասին, հունական օժանդակ զորքերով կմտնի Հայաստան։ Մերուժանը, հրամայելով բերդի պատերից կախ տալ հայ նախարարների կանանց, կթողնի Հայաստանի սահմանները և օգնություն կխնդրի Շապուհից։ Հասնում են պարսից զորքերը, և դավաճանը շարժվում է Հայաստանի դեմ։

Կռիվը սկսվում է Ձիրավի տափարակի վրա... երբ Ներսես Մեծը բարձրանում է Նպատ լեռը, ձեռքերը բարձրացնում դեպի երկինք և աղոթելով իջեցնում ձեռքերը, մինչև որ չեն հաղթի Հայերը։ Ահա՛ հաղթելու գաղտնիքը։ Ներսես Մեծը լեռան վրա. Ինչպիսի՜ վեհ պատկեր։ Ինչպիսի՜ վսեմական նյութ հանճարեղ վրձնի և մտահայեցության համար։ Իսկ առաջնորդի համար` սկիզբը ու վախճանը իմաստության։ Ռազմավարի համար` հաղթելու գաղտնիքը, նշանակը այդ աստվածային գաղտնիքի, որ շարունակում է արձանացած մնալ մեր պատմության ոսկե էջերից մեկի վրա։ Մեծ Պարթևը լեռան վրա։ Սիրում եմ ապրել ու վերապրել այդ կախարդիչ պատկերի գեղեցկությունն ու վեհությունը։

Նրա` իմ մեջ առաջացրած խոկումներից թելադրված, ես հաճախ մտովի կայցելեմ մեր հին ու նորագույն ռազմավայրերը, մեր պարտության և հաջողության պատճառներն ինձ համար պարզելու ցանկությամբ։ Եվ գտել եմ, որ այն բոլոր դեպքերում, երբ Ներսես Մեծի նման մեկը «բարձրացել է լեռը», երբ մեր ցեղը լարել է իր բովանդակ ուժերը և չի տկարացել հոգով, մինչև որ տեղի կտար թշնամին, միշտ էլ հաղթության դիցուհին իր ոսկե մատներով պսակադրել է հայ զինվորի ճակատը։ Իսկ երբ չի գտնվել պարթևատիպ առաջնորդը, որ կարողանար լարված պահել ժողովրդի ուժերը, չթուլացնել ժողովրդի բազուկը, մինչև որ կտկարանար թշնամին, երբ պակասել է կատարյալ առաջնորդը, պարտությունն ու ամոթն են եղել հայ զորքի բաժինը։ Մի ժողովուրդ, որ եղել է և կարող է լինել ուժեղ, բայց իր մտավորականության մի մասի հոգևոր ծուլության բերումով շարունակում է մնալ տկար։ Եվ աշխարհը ասում է նրան` արիացի՛ր կամ մեռի՛ր։

Ոչ մի չար աստվածություն հավիտենական թուլության չի դատապարտել քեզ, հա՛յ պարտվողական։ Դու տկար ես, որովհետև քեզ պակասում է գիտակցությունը ուժեղ լինելու կարելիության։ Քեզ տկար ես զգում, որովհետև հոգու արիություն չես ունեցել թրքությունը տկար տեսնելու։

Ուժը չի պակասում քեզ, այլ` ուժեղ լինելու կամքը։ Պակասում է հայրենապաշտությունը, որ հզորացնել գիտի։ Քեզ պակասում է բարձր նպատակը և ոչ այն իրագործելու միջոցները։

Գարշի՛ր, գարշի՛ր թուլությունից և պիտ ուզենաս լինել, և պիտ լինես ուժեղ։

Իսկ երբ քեզ հոգով ուժեղ զգացիր, պիտ տկարանա թրքությունը, որին և պարտության պիտի մատնես ներելու համար։ Ապառաժ լեռան կռթնած չեն մեր մտավորականության և այն տարրերը, որոնք օրվա անելիքները թողել են մասամբ եկող սերունդներին, մասամբ էլ եվրոպական դիվանագիտության։

Կարծեք՝ սրանք էլ դեռ համոզված չեն, թե եվրոպական մարդկության համար միշտ էլ գետին փռվածը, միշտ էլ ընկածն է մեղավոր։ Տկարը մեղավոր է, որ տկար է` ահա՛ դատավճիռը։ Իր պետության շա՛հը, ահա՛ գերբարոյականը պետական գործիչների համար։ Սրանց սիրտը` Նապոլեոնի արտահայտությամբ, գլխումն է լինում։ Սրանց համար նպատակը բարոյականացնում է այն բոլոր միջոցները, որոնք իրենց պետության ուժեղացման և բարեկեցությանն են ծառայում։ Ազգային եսականության հզորացումը` սա է տիրող իրապաշտ քաղաքականությունը։ Ահա,՛ թե ինչու այս կամ այն պետության ճակատագիրը վարողները երբեմն իրենց թույլ են տալիս արարքներ, որ թույլ չէին տա որպես սոսկական մարդ։

Արդ, թե ինչու պիտ հասկանալ և ոչ թե դժգոհել և անիծել աշխարհը։

Միամտորեն չպահանջենք, որ աշխարհը լինի այն, ինչպես որ մենք ենք ուզում, այլ ազգովին մենք դառնանք այն, ինչպիսին լինել դա է թելադրում։

Եղի՛ր ավելի բարձր էակ, քան մարդը։ Ի՞նչ, երիտասա՛րդ հայություն, պիտի դառնա՞ս մեր դյուցազնախառն սերունդը, պիտ կարողանա՞ս կատարել ժամանակի պահանջը ու փրկել ապագան վտանգված մեր ժողովուրդը։

Ցանկության դեպքում` ԱՅՈ՛։


Վերջին խոսք

Գերագույն հաճույք է ինձ համար վերհիշել, թող հիշեցնեմ և քեզ, ընթերցո՛ղ, մի այլաբանական և իմաստալի պատկեր Կարլ Հաուպտմանի ծանոթ թատերգությունից։ Տարվա այն եղանակն է, երբ բոլորը ձգտում են դեպ լեռները։ Անսպասելիորեն «Հսկաների Լեռան» վրա պայթում է փոթորիկը։ Մարդիկ ապաստան են գտնում փրկարար տանը։ Այնտեղ երգ, երաժշտություն, հանգիստ կա։ Դուրսը փոթորիկը կրկնապատկել է իր կատաղությունը։

Երկնահաս կատարների վրա հայտնվում է արծվահայաց մի տղամարդ` ջահել, գլխաբաց, գանգրահեր։ Նրա կողքից ընթանում է մի ամեհի զամբիկ` իր թեթևորեն թամբված և ապերասան ձին։ Մեկը` պատկերը ուժի, մյուսը` խելահեղ թռիչքի։

Մարդը կանգ է առնում ժայռերի վրա և խոսում ինքն իրեն։ Հայտնվում է մի ուրիշը` սպառազեն հրեշտակի պատկերով։ Առաջինը «Լեռների Պահակն» է, երկրորդը` համագերմանական Ազատության և Միության թևավոր բանբերը։ «Նայի՛ր և տե՛ս», - ասում է այդ վերջինը և նշանացի ցույց տալիս ընկերոջը բարձրացող փոթորկի ալիքները։ Անհամար զինավառ զանգվածներ` ատելությամբ, գինով և ոգևոր։ Նրանք կուտակվում են Արևելքում, Հարավում, Արևմուտքում։ Շարժվում են լեռներով, գետերով, ծովերով։ Նրանց ոտքի տակ տրորվում է և երկինքը, օդը։ Գալիս են գերման մշտաջահել հայրենիքի դեմ։

Ժամանակն է՝ ահազանգի ժամը։ Լեռների Պահակը պիտի արձակի իր ճիչը, նա հեռուները պիտի նետի իր աղաղակը. «Հայրենիքը վտանգի մեջ է, արթնացե՛ք»... Կանչը գնում է, հասնում հեռուները, բայց մնում անարձագանք։

— «Մեկ է՛լ»,— թելադրում է Ազատության Ոգին։

— «Հայրենիքը վտանգի մե՜ջ է, արթնացե՜ք»...

Թույլ արձագանք։ Լռել են երգն ու երաժշտությունը փրկարար տանը, բայց ոչ ոք դեռ դուրս չի նետվել։ Անհանգիստ Լեռների Պահակը նետվում է ձիու վրա և շեփորում զարհուրելի ուժով. «Հե՜յ, հայրենիքը վտանգի մեջ է, արթնացե՜ք, փրկե՜ք»... Այժմ ոտքի վրա են բոլորը, բոլորը։ Ամեն ոք աճապարում է դուրս և ի զե՛ն։

Այժմ ոտքի վրա է ողջ ցեղը և լսվում է նրա երգերից ամենագոռն ու էլեկտրացուցիչը։

Դու՛, հա՛յ երիտասարդություն, պիտի ուզեի, որ դո՛ւ լինեիր «Լեռների պահակը» մեր կյանքում։ Եվ պահապան հրեշտակը մեր Ազատության ու Միության։ Պիտի ուզեի, որ դու հաճախ ու հաճախ հայ աշխարհի ամբողջ տարածությամբ արձակեիր անհանգիստ աղաղակդ. «Հե՜յ, վտա՜նգ կա, թրքական վտանգը՝ սև ամպի պես կախված Հայաստանի գլխին, վտա՜նգ, որ միայն յոթնիցս կույրերը չեն տեսնում...»։


  1. Չնչին տուրք, բայց հայրենասիրական, գիտակցական, փրկարար։ Կաթիլն ընկնելով ծովը՝ դառնում է ծով։ Նյութականը չի պակասելու։ Օրվա հայությունը հազարիցս ավելի մեռյալ ծախսեր է կատարում, քան պետք պիտ լինի՝ գծածս նախաշավղի սահմաններում կազմակերպել ու վարել իր գոյության պահպանման գործը։ Միացրե՞ց Հայը իր չնչին նյութական զոհաբերությանը՝ գիտակցություն և հայրենապաշտություն – ապահովված է նրա փրկության գործը։ Նպատակադրվե՞ց՝ ցեղամիջյան պայքարում չկորչելու համար սպառազինվել հոգեբանորեն և արվեստագիտաբար – հայությանը կմնա հայացքը դարձնել դեպ վերև, տեսնելու համար հրեղեն նշանը – այն միջոցը, որով պիտ հաղթի դժվարություններին ու իր դարավոր թշնամուն։