Guerra y paz, volumen 1, parte 1

Գրապահարան-ից
21:26, 24 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Gonzalez (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Առաջին մաս

I

— Eh bien, mon prince. Gênes et Lueques ne sont plus que des apanages, des կալվածները, de la famille Buonaparte. Non, je vous préviens que si vous ne me dites pas que nous avons la guerre, si vous vous permettez encore de pallier toutes les infamies, toutes les atrocités de cet Antichrist (ma parole, j’y crois) — je ne vous connais plus, vous n’êtes plus mon ami, vous n’êtes plus իմ հավատարիմ ստրուկը, comme vous dites[1]։ Է, բարև ձեզ, բարև։ Je vois que je vous fais peur[2], նստեցեք և պատմեցեք։

Այսպես էր խոսում 1805 թվի հուլիսին հայտնի Աննա Պավլովնա Շերերը, կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի մերձավոր ֆրեյլինան, դիմավորելով նշանավոր ու բարձրաստիճան իշխան Վասիլիին, որ առաջին եկողն էր նրա երեկույթին։ Մի քանի օր էր Աննա Պավլովնան հազում էր. իր ասելով՝ գրիպ ուներ (գրիպն այն ժամանակ նոր բառ էր, որ գործ էին ածում շատ սակավ մարդիկ)։ Առավոտյան կարմրազգեստ լաքեյի միջոցով ցրած բոլոր հրավիրատոմսերի մեջ նա միատեսակ գրել էր.

«Si vous n’avez rien de mieux à faire, Monsieur le comte (или mon prince), et si la perspective de passer la soirée chez une pauvre malade ne vous effraye pas trop, je serai charmée de vous voir chez moi entre 7 et 10 heures. Annette Scherer»[3]։

— Dieu, quelle virulente sortie![4]— այդպիսի ընդունելությունից բնավ չշփոթվելով պատասխանեց ներս մտնող իշխանը՝ հագին պալատական ասեղնագործ նշանազգեստ, երկարաճիտ գուլպաներ, կոշիկներ, կուրծքն աստղերով զարդարած, տափակ դեմքին պայծառ արտահայտություն։

Նա խոսում էր այն ընտիր ֆրանսերենով, որով ոչ միայն խոսում, այլև մտածում էին մեր պապերը, և այն հանդարտ, հովանավորող ինտոնացիաներով, որ հատուկ են բարձր շրջանում ապրած և պալատում ծերացած նշանավոր մարդուն։ Նա մոտեցավ Աննա Պավլովնային, համբուրեց նրա ձեռը՝ դեմ անելով նրան անուշահոտ յուղերով օծված ու փայլուն իր ճաղատն ու հանգիստ նստեց բազմոցի վրա։

— Avant tout dites moi, comment vous allez, chère amie?[5] Հանգստացրեք ձեր բարեկամին,— ասաց նա, ձայնը չփոխելով և մի եղանակով, որի մեջ, քաղաքավարության ու համակրանքի ետև, զգացվում էր անտարբերություն և անգամ հեգնանք։

— Ինչպե՞ս կարելի է առողջ լինել… երբ բարոյապես տանջվում ես։ Միթե կարո՞ղ է զգացմունք ունեցող մարդը հանգիստ լինել մեր օրերին,— ասավ Աննա Պավլովնան։— Դուք, հույս ունեմ, ամբողջ երեկոն կմնաք ինձ մոտ։

— Իսկ անգլիական դեսպանի հանսե՞սը։ Այսօր չորեքշաբթի է։ Պետք է երևամ այնտեղ,— ասավ իշխանը։— Աղջիկս կգա իմ ետևից և կտանի ինձ։

— Կարծում էի այսօրվա տոնը հետաձգված է։ Je vous avoue que toutes ces t’êtes et tous ces feux d’artifice commencent à devenir insipides[6].

— Եթե իմանային՝ դուք այդ ցանկանում եք, տոնը կհետաձգեին,— ասավ իշխանը, ըստ սովորության, լարած ժամացույցի պես, ասելով բաներ, որոնց նա չէր էլ ուզի, որ հավատան։

— Ne me tourmentez pas. Eh bien, qu’a-t-on décidé par rapport à la dépêche de Novosilzoff? Vous savez tout[7].

— Ինչպե՞ս ասեմ,— ասավ իշխանը սառը, ձանձրագին եղանակով։— Qu’a-t-on décidé? On a décidé que Buonaparte a brûlé ses vaisseaux, et je crois que nous sommes en train de brûler les nôtres[8].— Իշխան Վասիլին միշտ խոսում էր ծուլորեն, ինչպես դերասանն է ասում հին պիեսի դերը։ Աննա Պավլովնա Շերերը, ընդհակառակը, չնայած իր քառասնամյա տարիքին, լի էր աշխույժով ու եռանդով։

Խանդավառ կին լինելը դարձել էր նրա հասարակական դիրքը, և երբեմն, անգամ երբ նա այդ չէր էլ ուզում, որպեսզի չհիասթափեցնի իրեն ճանաչող մարդկանց՝ դառնում էր խանդավառ։ Զուսպ ժպիտը, որ շարունակ խաղում էր Աննա Պավլովնայի դեմքին, թեև չէր սազում նրա մաշված դիմագծերին, արտահայտում էր, ինչպես երես առած երեխաների մոտ, իր սիրելի պակասության մշտական գիտակցությունը, պակասություն, որից նա չի ուզում, չի կարող և կարևոր չի համարում ուղղվել։

Քաղաքական գործերին վերաբերող զրույցի կեսին՝ Աննա Պավլովնան տաքացավ։

— Ա՛խ, Ավստրիայի մասին մի՛ խոսեք ինձ հետ։ Ես, գուցե ոչինչ չեմ հասկանում, բայց Ավստրիան երբեք պատերազմ չի ցանկացել և չի ցանկանում։ Նա դավաճանում է մեզ։ Ռուսաստանը մենա՛կ պետք է դառնա Եվրոպայի փրկիչը։ Մեր բարերարը գիտի իր բարձր կոչումը և հավատարիմ կմնա դրան։ Ահա մի բան, որին ես հավատում եմ։ Մեր բարի և սքանչելի թագավորին սպասում է մեծագույն մի դեր այս աշխարհում, և նա այնքան առաքինի ու բարի է, որ աստված կօգնի նրան, և նա կիրագործի իր կոչումը՝ կճնշի ռևոլուցիայի հիդրան, որն այժմ էլ ավելի սարսափելի է դարձել՝ հանձին այդ մարդասպանի ու չարագործի։ Մենք մենակ պետք է քավենք անմեղի արյունը… Ո՞ւմ վրա պետք է հույս դնենք, հարցնում եմ ձեզ… Անգլիան իր վաճառականական հոգով չի ըմբռնի և չի կարող ըմբռնել Ալեքսանդր կայսեր հոգու ամբողջ մեծությունը։ Նա հրաժարվեց պարպել Մալթան։ Նա մեր գործողությունների մեջ հետին մտքեր է փնտրում։ Ի՞նչ են ասել նրանք Նովոսիլցևին… Ոչինչ։ Նրանք չեն ըմբռնել, և չեն կարող ըմբռնել անձնազոհությունը մեր կայսեր, որ ոչինչ չի ցանկանում իր համար, այլ ամեն ինչցանկանում է աշխարհի բարօրության համար։ Եվ ի՞նչ խոստացան նրանք։ Ոչինչ։ Եվ ինչ էլ խոստացել են, այն էլ չի լինի։ Պրուսիան հայտարարել է արդեն, թե Բոնապարտն անհաղթելի է և թե ամբողջ Եվրոպան ոչինչ չի կարող նրա դեմ… Եվ ես չեմ հավատում թե՛ Հարդենբերգի և թե Հաուգվիցի ո՛չ մի խոսքին։ Cette fameuse neutralité prussienne, ce n’est qu’un piège[9]. Ես հավատում եմ միայն աստծուն և մեր սիրելի թագավորի բարձր ճակատագրին։ Նա կփրկի Եվրոպան…— Նա հանկարծ կանգ առավ ու հեգնորեն ժպտաց իր բռնկման վրա։

— Ես կարծում եմ,— ասավ իշխանը ժպտալով,— եթե մեր սիրելի Վինցենհերոդեյի փոխարեն ձե՛զ ուղարկեինք, դուք գրոհով կառնեիք պրուսական թագավորի համաձայնությունը։ Դուք այնպես պերճախոս եք։ Դուք ինձ թեյ կտա՞ք։

— Իսկույն։ A propos,— ավելացրեց նա, կրկին հանգստանալով,— այսօր ինձ մոտ երկու շատ հետաքրքրական մարդիկ են լինելու, le vicomte de Mortemart, il est allié aux Montmorency par les Rohans[10]. Ֆրանսիայի լավագույն տոհմերից մեկը։ Դա լավ վտարանդիներից մեկն է, իսկականներից։ Եվ հետո l’abbé Morio[11]. Դուք ճանաչո՞ւմ եք այդ խորամիտ մարդուն։ Թագավորն ընդունել է նրան։ Գիտե՞ք։

— Ա՜։ Շատ ուրախ կլինեմ,— ասավ իշխանը։— Ասացեք,— ավելացրեց նա, կարծես հենց նոր միայն հիշելով ինչ-որ բան և առանձնապես անփույթ, մինչդեռ այն, ինչի մասին հարցնում էր, նրա այցելության գլխավոր նպատակն էր,— ճի՞շտ է, որ l’impératrice-mère[12] ցանկանում է, որ բարոն Ֆունկեն նշանակվի առաջին քարտուղար Վեննայում։ C’est un pauvre sire, ce baron, à ce qu’il paraît[13].— Իշխան Վասիլին ցանկանում է իր որդու համար ձեռք բերել այդ պաշտոնը, որ սակայն կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի միջոցով ջանում էին տալ բարոնին։

Աննա Պավլովնան գրեթե փակեց աչքերը ի նշան այն բանի, որ ոչ ինքը, ոչ ուրիշ մեկը չեն կարող դատել այն բանի մասին, թե ինչն է հաճելի կամ ինչն է դուր գալիս կայսրուհուն։

— Monsieur le baron de Funke a été recommandé à l’impératrice-mère par sa sœur[14],— ասավ նա տխրագին, չոր եղանակով։ Այն վայրկյանին, երբ Աննա Պավլովնան հիշեց կայսրուհուն, նրա դեմքը հանկարծ ընդունեց հավատարմության և հարգանքի խորին ու անկեղծ արտահայտություն, միացած մի տխրության հետ, որ պատահում էր նրան ամեն անգամ, երբ զրույցի մեջ հիշում էր իր բարձր հովանավորուհուն։ Նա ասավ, որ նորին մեծությունը բարեհաճել է բարոն Ֆունկեին ցույց տալ beaucoup d’estime[15], ու նրա նայվածքը նորից մշուշվեց տխրությամբ։

Իշխանն անտարբեր լռեց։ Աննա Պավլովնան իրեն հատուկ պալատական և կանացի ճարպկությամբ ու տակտի արագությամբ, կամեցավ և՛ խայթել իշխանին, որ համարձակվեց այդպես արտահայտվել կայսրուհու հանձնարարած մարդու մասին, և միևնույն ժամանակ մխիթարել նրան։

— Mais à propos de votre famille[16],— ասավ նա,— գիտեք, որ ձեր դուստրը այն օրից, երբ սկսել է հասարակության մեջ երևալ, fait les délices de tout le monde. On la trouve belle comme le jour[17].

Իշխանը գլուխը խոնարհեց ի նշան հարգանքի և երախտագիտության։

— Ես հաճախ մտածում եմ,— շարունակեց Աննա Պավլովնան րոպեական լռությունից հետո, նստած տեղը մոտենալով իշխանին և սիրալիր ժպտալով, կարծես դրանով արտահայտելով, որ քաղաքական ու աշխարհիկ զրույցները վերջացան և այժմ սկսվում է մտերմականը,— ես հաճախ մտածում եմ, թե ինչպես երբեմն անարդար կերպով է բաշխվում կյանքի երջանկությունը։ Ինչո՞ւ համար է բախտը ձեզ տվել այդպիսի երկու հիանալի զավակներ (բացի Անատոլիից, կրտսերից, ես նրան չեմ սիրում),— ավելացրեց նա անառարկելի ձևով, հոնքերը բարձրացնելով,— այդպիսի սքանչելի զավակներ։ Իսկ դուք, ճիշտն ասած՝ շատ քիչ եք գնահատում նրանց և դրա համար նրանց արժանի չեք։

Եվ նա ժպտաց իր խանդավառ ժպիտով։

— Que voulez-vous? Lafater aurait dit que je n’al pas la bosse de la paternité[18],— ասավ իշխանը։

— Թողեք հանաքները։ Ես ցանկանում էի լուրջ խոսել ձեզ հետ։ Գիտեք, ես դժգոհ եմ ձեր կրտսեր որդուց։ Խոսքը մեր մեջ (Աննա Պավլովնայի դեմքը տխուր արտահայտություն ընդունեց), նրա մասին խոսում էին մայր-կայրսուհու մոտ և խղճում ձեզ…

Իշխանը չէր պատասխանում, բայց Աննա Պավլովնան անխոս, խորհրդավորությամբ նայելով նրան, սպասում էր պատասխանի։ Իշխան Վասիլին հոնքերը կիտեց։

— Դուք ի՞նչ եք ցանկանում, որ ես անեմ,— ասավ նա վերջապես։— Դուք գիտեք, որ ես նրանց կրթության, դաստիարակության համար արել եմ բոլորը, ինչ կարող է մի հայր, և երկուսն էլ դուրս եկան des imbéciles[19]։ Իպպոլիտը, գոնե, հանգիստ հիմար է, իսկ Անատոլը՝ անհանգիստ։ Ահա միակ տարբերությունը,— ասավ նա, ժպտալով ավելի անբնական ու ոգևորված, քան սովորաբար, և այդ միջոցին նրա բերանի մոտերքը գոյացած կնճիռներում առանձնապես երևան եկավ ինչ-որ անսպասելի կոպիտ ու տհաճ մի բան։

— Եվ ինչո՞ւ են ձեզ նման մարդիկ զավակներ ունենում։ Եթե դուք հայր չլինեիք, ես ոչ մի բանում չէի կարող հանդիմանել ձեզ,— ասավ Աննա Պավլովնան, աչքերը մտախոհ վեր բարձրացնելով։

— Je suis votre[20] հավատարիմ ստրուկը, et à vous seule je puis l’avouer. Իմ զավակները — ce sont les entraves de mon existence[21]. Դա իմ խաչն է։ Ես այսպես եմ բացատրում ինձ։ Que voulez vous[22]…— Նա լռեց, մի շարժումով արտահայտելով իր հնազանդությունը դաժան ճակատագրին։

Աննա Պավլովնան մտածմունքի մեջ ընկավ։

— Դուք երբեք չեք մտածել ձեր անառակ որդի Անատոլիին ամուսնացնելու մասին։ Ասում են,— ասավ Աննա Պավլովնան,— թե պառավ աղջիկները ont la manie des mariages[23]. Ես տակավին այդ թուլությունը չեմ զգում մեջս, բայց ես մի petite personne[24] ունեմ, որը շատ դժբախտ է իր հոր հետ, une parente à nous, une princesse[25] Բալկոնսկայան։

Իշխան Վասիլին չէր պատասխանում, թեև աշխարհիկ մարդկանց հատուկ՝ կռահելու և հիշելու արագությամբ, գլխի շարժումով ցույց տվեց, թե նկատի առավ այդ տեղեկությունները։

— Ո՛չ, դուք գիտեք, որ այդ Անատոլն ինձ տարեկան 40 000 է նստում,— ասավ նա, ըստ երևույթին, անկարող լինելով զսպել իր մտքերի տխուր ընթացքը։ Նա լռեց։

— Ի՞նչ կլինի հինգ տարի հետո, եթե այդպես շարունակվի։ Voilà l’avantage d’être père[26]. Ձեր այդ իշխանադուստրը հարո՞ւստ է։

— Հայրը շատ հարուստ է և ժլատ։ Ապրում է գյուղում։ Գիտեք, դա հայտնի իշխան Բալկոնսկին է, որ պաշտոնանկ է արված դեռ հանգուցյալ կայսեր օրոք և պրուսական թագավոր հորջորջումն է ստացել։ Նա շատ խելացի մարդ է, բայց տարօրինակություններով և՝ ծանր բնավորության տեր։ La pauvre petite est malheureuse comme les pierres[27]. Իշխանադուստրը եղբայր ունի, այն, որ վերջերս ամուսնացավ Lise Մեյնենի հետ, Կուտուզովի ադյուտանտն է։ Նա այսօր լինելու է ինձ մոտ։

— Ecoutez, chère Annette[28],— ասավ իշխանը, բռնելով հանկարծ իր խոսակցի ձեռն ու չգիտես ինչու՝ այն դեպի վար թեքելով։— Arrangez-moi cette affaire et je suis votre[29] հավատարիմ ստրուկը à tout jamais (pan — comme mon կառավարիչը m’écrit des[30] զեկուցագրերը покой-ер-п)։ Նա լավ ընտանիքից է և հարուստ։ Ա՛յն, ինչ հարկավոր է ինձ։

Եվ նա իրեն հատուկ ազատ ու մտերմական, նուրբ շարժումներով, բռնեց ֆրեյլինայի ձեռը, համբուրեց այն և, համբուրելով, ճոճեց բազկաթոռի մեջ ընկողմանած ու հայացքն այլ կողմ ուղղելով։

— Attendez[31],— ասավ Աննա Պավլովնան, կռահելով։— Ես այսօր իսկ Lise-ի (երիտասարդ Բալկոնսկու կնոջ) հետ կխոսեմ։ Եվ, թերևս, հաջողի։ Ce sera dans votre famille que je ferai mon apprentissage de vieille fille[32].

II

Աննա Պավլովնայի հյուրասրահն սկսեց կամաց֊կամաց լցվել։ Եկան Պետերբուրգի մեծամեծները, մարդիկ ամենատարբեր հասակի ու բնավորության, բայց միևնույն հասարակությանը պատկանող, եկավ իշխան Վասիլիի դուստրը՝ գեղեցկուհի Էլենը. նա եկել էր հոր ետևից, որպեսզի նրա հետ միասին գնան դեսպանի տոնախմբության։ Նա շիֆրով էր և պարահանդեսի զգեստով։ Եկավ նաև հայտնի, ինչպես la femme la plus séduisante de Pétersbourg[33], ջահել փոքրիկ իշխանուհի Բալկոնսկայան, որ ամուսնացել էր անցյալ ձմեռ և այժմ բարձր շրջաններում չէր լինում իր հղիության պատճառով, բայց տակավին գնում էր փոքրիկ հավաքույթներ։ Եկավ իշխան Իպպոլիտը, իշխան Վասիլիի որդին՝ Մորտեմարի հետ, որին և ներկայացրեց. եկավ և Մորիո աբրան և շատ ուրիշները։

— Դուք դեռ չե՞ք տեսել կամ ծանո՞թ չեք ma tante-ին,— ասում էր Աննա Պավլովնան եկող հյուրերին և, ամենայն լրջությամբ, տանում նրանց ցցուն ժապավեններով զարդարված փոքրիկ պառավի մոտ, որ դուրս էր եկել մյուս սենյակից, երբ հյուրերն սկսեցին գալ, տալիս էր նրանց անունները, դանդաղորեն նայվածքը հյուրից դարձնելով ma tante-ի վրա, և ապա հեռանում։

Բոլոր հյուրերը ողջույնի այդ ծեսը կատարում էին ամենքին անհայտ, ամենքին անհետաքրքիր և անհարկավոր մորաքրոջ առաջ։ Աննա Պավլովնան տխուր, հանդիսավոր համակրությամբ հետևում էր նրանց ողջույններին, լռելյայն հավանություն տալով նրանց։ Ma tante-ն յուրաքանչյուրի հետ միևնույն արտահայտություններով խոսում էր հյուրի առողջության մասին, իր առողջության մասին, և նորին մեծության կայսրուհու առողջության մասին, որ հիմա, փառք աստծու, ավելի լավ էր։ Մոտեցող բոլոր հյուրերը, քաղաքավարությունից դրդված՝ շտապողականություն չցուցահանելով, ծանր պարտականություն կատարողի թեթև զգացումով էին հեռանում պառավից, որպեսզի ամբողջ երեկոյի ընթացքում էլ ոչ մի անգամ չմոտենան նրան։

Ջահել իշխանուհի Բալկոնսկայան եկել էր ձեռագործի ոսկեկար թավշյա պայուսակը հետը։ Նրա սիրունիկ, սևին տվող բեղիկներով վերին շուրթը կարճ էր ատամների համար, բայց այդպես ավելի ևս դուրեկան էր բացվում և էլ ավելի դուրեկան ձգվում էր երբեմն ու հասնում ներքին շուրթին։ Ինչպես այդ միշտ պատահում է միանգամայն գրավիչ կանանց, նրա պակասությունը — շուրթի կարճությունը և կիսաբաց բերանը — թվում էին նրան առանձնահատուկ, միայն նրան սեփական մի գեղեցկություն։ Բոլորն ուրախությամբ էին նայում այդ, առողջությամբ ու աշխույժով լեցուն ապագա լավիկ մորը, որ այնպես թեթևությամբ էր տանում իր հղիությունը։ Ծերերին և ձանձրացող, մռայլ երիտասարդներին թվում էր, թե նրան նայելով և նրա հետ մի փոքր խոսելով՝ իրենք ևս զվարթանում, նրան են նմանում։ Ով խոսում էր հետը և յուրաքանչյուր խոսքին տեսնում նրա փոքրիկ պայծառ ժպիտն ու շարունակ երևացող ճերմակ փայլուն ատամները, նա մտածում էր, որ ինքն այսօր առանձնապես սիրալիր է։ Եվ այդպես կարծում էր ամեն մեկը։

Փոքրիկ իշխանուհին, երերալով, մանր արագ քայլերով, ձեռագործի պայուսակը ձեռին պտտեց սեղանի շուրջը և, ուրախ-ուրախ զգեստները կարգի բերելով, նստեց բազմոցին, արծաթե ինքնաեռի մոտ, և կարծես բոլորը, ինչ նա անում էր՝ partie de plaisir[34] էր իր և բոլոր շրջապատողների համար։

— J’ai apporté mon ouvrage[35],— ասավ նա, բանալով իր պայուսակը և դիմելով բոլորին միասին։

— Նայեցեք, Annette, ne me jouez pas un inauvais tour,— դիմեց նա տանտիրուհուն։— Vous m’avez écrit que c’était une toute petite soirée; voyez comme je suis attifée[36]։

Եվ նա ձեռները տարածեց, որ ցույց տա իր, ժանյակավոր մոխրագույն նուրբ զգեստը, որ կրծքից մի փոքր ցած գոտևոր ած էր լայն ժապավենով։

— Soyez tranquille, Lise, vous serez toujours la plus jolie[37],— պատասխանեց Աննա Պավլովնան։

— Vous savez, mon mari m’abandonne,— շարունակեց նա նույն եղանակով, դիմելով գեներալին,— il va se faire tuer. Dites moi, pourquoi cette vilaine guerre[38],— ասաց նա իշխան Վասիլիին և, պատասխանի չսպասելով, դիմեց իշխան Վասիլիի դուստր գեղեցկուհի էլենին։

— Quelle délicieuse personne, que cette petite princesse![39]— ասավ իշխան Վասիլին կամաց Աննա Պավլովնային։

Շուտով, փոքրիկ իշխանուհուց հետո, ներս մտավ մի հաղթանդամ հաստ երիտասարդ՝ խուզած գլխով, ակնոցով, հագած այն ժամանակվա ձևի բաց փայլուն վարտիք, բարձր ժաբո և կինամոնագույն ֆրակ։ Այս հաստ երիտասարդը ապօրինի զավակն էր Եկատերինյան նշանավոր ավագանի կոմս Բեզուխովի, որ այժմ մահամերձ էր Մոսկվայում։ Նա տակավին ոչ մի տեղ չէր ծառայում, նոր միայն եկել էր արտասահմանից, ուր ուսում էր առնում և առաջին անգամն կր լինում հասարակության մեջ։ Աննա Պավլովնան ողջունեց նրան գլխի այնպիսի շարժումով, որով ողջունում էր իր սալոնի ամենաստոր կարգի մարդկանց։ Բայց, չնայած այդ ամենահասարակ տեսակի ողջույնին, ներս մտնող Պիեռին տեսնելով՝ Աննա Պավլովնայի դեմքին երևաց անհանգստություն ու երկյուղ, նման այն բանին, որ արտահայտվում է ինչ-որ չափազանց վիթխարի և տեղին անպատշաճ բան տեսնելիս։ Թեև, իսկապես, Պիեռը փոքր֊ինչ խոշոր էր սենյակում եղած մյուս տղամարդկանցից, բայց այդ վախը կարող էր վերաբերել միայն այն խելացի և միաժամանակ երկչոտ, դիտող ու բնական նայվածքին, որով տարբերվում էր նա հյուրասրահում եղածներից։

— C’est bien aimable à vous, monsieur Pierre, d’être venu voir une pauvre malade[40],— ասավ Աննա Պավլովնան, երկյուղալի նայվածքներ փոխանակելով իր մորաքրոջ հետ, որի մոտ տարավ Պիեռին։ Պիեռն ինչ-որ անհասկանալի բաներ վրա տվեց և շարունակեց աչքերով որոնել ինչ-որ բան։ Նա ուրախ֊ուրախ ժպտաց, գլխով բարևելով փոքրիկ իշխանուհուն, որպես մոտիկ ծանոթի, և մոտեցավ մորաքրոջը։ Աննա Պավլովնայի երկյուղն իզուր չէր, որովհետև Պիեռը մինչև վերջը չլսելով մորաքրոջ խոսքը նորին մեծություն կայսրուհու առողջության մասին, հեռացավ նրանից։ Աննա Պավլովնան վախեցած կանգնեցրեց նրան ասելով․

— Դուք Մորիո աբրային չե՞ք ճանաչում, շատ հետաքրքրական մարդ է…

— Այո, լսել եմ նրա հավիտենական խաղաղության ծրագրի մասին, և դա շատ հետաքրքրական է, բայց հազիվ թե հնարավոր…

— Կարծո՞ւմ եք…— ասավ Աննա Պավլովնան, որպեսզի մի բան ասած լինի և նորից շարունակի իր տանտիրուհու, զբաղումները, բայց Պիեռը կրկնակի անքաղաքավարությունն արավ։ Առաջինը նա, զրուցակցի խոսքը կիսատ թողնելով, հեռացավ հիմա էլ զրույցով զբաղեցրեց Աննա Պավլովնային, որ ուզում էր հեռանալ նրանից։ Նա, գլուխը կռացնելով և մեծ ոտներն իրարից հեռու դնելով, սկսեց ապացուցել Աննա Պավլովնային, թե ինչու է ինքը կարծում, որ աբբայի ծրագիրը ցնորք է։

— Մենք հետո կխոսենք,— ասավ Աննա Պավլովնան ժպտալով։

Եվ, անփորձ, ապրելու կերպը չիմացող երիտասարդից բաժանվելով, դարձավ իր տանտիրուհու զբաղումներին ու շարունակեց ականջ դնել ու նայել շուրջը, պատրաստ՝ օգնության հասնելու այն կետին, ուր թուլանում էր զրույցը։ Ինչպես մանարանի տերը, բանվորներին իրենց տեղերը նստեցնելով, անցուդարձ է անում արհեստանոցում, բայց նկատելով իլիկի կանգնելը կամ անսովոր բարձր ճռինչը, շտապ վրա է հասնում, պահում-կանգնեցնում կամ հարկավոր ընթացքը տալիս, այդպես էլ Աննա Պավլովնան, անցուդարձ անելով իր հյուրասրահում, մոտենում էր լռած կամ չափազանց շատ խոսող խմբին և մի խոսքով կամ տեղափոխումով կրկին լարում էր համաչափ, վայելուչ, խոսամեքենան։ Բայց բոլոր այդ հոգսերի մեջ նկատելի էր, որ նա առանձնապես անհանգիստ էր Պիեռի համար։ Նա հոգածությամբ նայում էր Պիեռին այն ժամանակ, երբ Պիեռը մոտեցավ լսելու այն, ինչ խոսվում էր Մորտեմարի շուրջը, և գնաց դեպի ուրիշ մի խումբ, ուր խոսում էր աբբան։ Արտասահմանում կրթված Պիեռի համար Աննա Պավլովնայի այս երեկույթն առաջինն էր, որ տեսնում էր Ռուսաստանում։ Նա գիտեր, որ այստեղ հավաքված է Պետերբուրգի ամբողջ ինտելիգենցիան, և նա, ինչպես երեխան խաղալիքների խանութում, հափշտակված էր։ Նա շարունակ վախենում էր բաց թողնել խելացի զրույցները, որ կարող էր լսել։ Նայելով այստեղ հավաքվածների ինքնավստահ և նուրբ դեմքերի արտահայտություններին, նա շարունակ սպասում էր ինչ-որ առանձին խելոք մի բանի։ Վերջապես, մոտեցավ նա Մորիոյին։ Զրույցը նրան հետաքրրական երևաց, և նա կանգ առավ, առիթի սպասելով իր մտքերն արտահայտելու, ինչպես այդ սիրում են երիտասարդները։

III

Աննա Պավլովնայի երեկույթն սկսվել էր։ Իլիկներն ամեն կողմից աղմկում էին համաչափ ու անլռելի։ Բացի ma tante-ից, որի կողքին նստել էր միայն մի հասակավոր կին՝ արտասվակալած, նիհար դեմքով, որ փոքր֊ինչ օտար էր թվում այս փայլուն հասարակության մեջ, բազմությունը բաժանվել էր երեք խմբի։ Մեկում, ուր տղամարդիկ ավելի մեծ թիվ էին կազմում՝ կենտրոնը աբբան էր, մյուսում՝ ջահելների մոտ՝ գեղեցկուհի֊իշխանադուստր Էլենը, իշխան Վասիլիի դուստրը, և լավիկ, կարմրադեմ, ջահելության համեմատ շատ գիրուկ փոքրիկ իշխանուհի Բալկոնսկայան։ Երրորդում՝ Մորտեմարն ու Աննա Պավլովնան։

Վիկոնտը սիրունատես, նուրբ դիմագծերով ու ձևերով երիտասարդ էր, ըստ երևույթին իրեն նշանավոր համարող, բայց բարեկիրթ լինելով, համեստորեն թույլ էր տալիս, որ իրենից օգտվի այն հասարակությունը, որի մեջ գտնվում է։ Աննա Պավլովնան, ըստ երևույթին, նրանով հյուրասիրում էր իր հյուրերին։ Ինչպես լավ մետր֊դ’օտելը, որպես մի գերբնական֊սքանչելիք, մատուցում է տավարի մսի այն կտորը, որ ուտել չէիր ուզի, եթե տեսնեիր այն կեղտոտ խոհանոցում, այնպես էլ Աննա Պավլովնան իր հյուրերին այդ երեկո մատուցեց նախ վիկոնտին, ապա աբբային, ինչպես մի գերբնական, ընտիր բան։ Մորտեմարի խմբում իսկույն խոսք բացվեց Էնգիենի հերցոգի սպանության մասին։ Վիկոնտն ասավ, թե Էնգիենի հերցոգն իր մեծահոգության զոհն է, և որ Բոնապարտի կատաղությունն առանձին պատճառներ է ունեցել։

— Ah! voyons. Contez-nous cela, vicomte[41],― ասավ Աննա Պավլովնան, ուրախությամբ զգալով, որ այդ ֆրազը հնչեց մի տեսակ à la Louis XV[42],— contez-nous cela, vicomte.

Վիկոնտը գլուխն իջեցրեց ի նշան հնազանդության և հարգալիր ժպտաց։ Աննա Պավլովնան պտտվեց վիկոնտի շուրջը և բոլորին հրավիրեց լսելու նրա պատմությունը։

— Le vicomte a été personnellement connu de monseigneur[43],— շչնջաց Աննա Պավլովնան մեկին։— Le vicomte est un parfait conteur[44],— ասավ նա մի ուրիշին։— Comme on voit l’homme de la bonne compagnie[45],— ասավ նա երրորդին, և վիկոնտը մատուցվեց հասարակությանը՝ իր համար ամենաշահավետ կողմով, ինչպես վրան կանաչ ցանված ռոզբիֆ։

Վիկոնտն արդեն ուզեց սկսել իր պատմությունը և թեթև Ժպտաց։

— Տեղափոխվեցեք այստեղ, chère Hélène[46],— ասավ Աննա Պավլովնան գեղեցկուհի֊իշխանադստեր, որ նստել էր մի քիչ հեռու, կազմելով մյուս խմբի կենտրոնը։

Իշխանադուստր Էլենը ժպտում էր. նա վեր կացավ միանգամայն գեղեցիկ կնոջ նույն անփոփոխ ժպիտով, որով մտել էր հյուրասրահ։ Թեթևակի շրշելով իր պարահանդեսային ճերմակ զգեստը, որ զարդարված էր բաղեղաձև ու մամուռանման զարդերով, և փայլելով ուսերի ճերմակությամբ, մազերի ու ադամանդների փայլով, նա անցավ իր առջև ճանապարհ բացող տղամարդկանց արանքով և ուղիղ, առանց որևէ մեկին նայելու, բայց բոլորին ժպտալով և կարծես յուրաքանչյուրին իրավունք տալով հիանալու իր հասակի, լեցուն ուսերի (որ շատ բաց էին այն ժամանակվա մոդայով) կրծքի ու մեջքի գեղեցկությամբ, և կարծես իր հետ բերելով պարահանդեսի շուքը, մոտեցավ Աննա Պավլովնային։ Էլենն այնքան գեղեցիկ էր, որ նրա մեջ նկատելի չէր ոչ միայն կոկետության հետք, այլ, ընդհակառակը, նա կարծես ամաչում էր իր անկասկած և անչափ ուժեղ հաղթական-ներգործող գեղեցկության համար։ նա կարծես ցանկանում ու չէր կարողանում նվազեցնել իր գեղեցկության ներգործությունը։ «Quelle belle personne![47]— ասում էր յուրաքանչյուր տեսնող։

Կարծես ինչ-որ անսովոր բանից զարմացած՝ վիկոնտն ուսերը թոթվեց և աչքերը խոնարհեց այն միջոցին, երբ Էլէնը նստեց իր առջև ու լուսավորեց նրան ևս նույն անփոփոխ ժպիտով։

— Madame, je crains pour mes moyens devant un pareil auditoire[48],— ասավ նա ժպտերես գլուխը թեքելով։

Իշխանադուստրը իր բաց լեցուն թևով կռթնեց փոքրիկ սեղանին և հարկավոր չհամարեց որևէ բան ասել։ Նա ժպտալով սպասում էր։ Զրույցի ամբողջ ընթացքում նա նստած էր ուղիղ, նայելով երբեմն մերթ իր գեղեցիկ գերուկ ձեռին, որ սեղանին սեղմելուց փոխել էր իր ձևը, մերթ՝ էլ ավելի գեղեցիկ կրծքին, որի վրա ուղղում էր գոհարաշար մանյակը. մի քանի անգամ ուղղում էր շրջազգեստի ծալքերը և, երբ զրույցը տպավորություն էր թողնում, նայում էր Աննա Պավլովնային և իսկույն ևեթ դեմքին տալիս էր այն արտահայտությունը, որ կար ֆրեյլինայի դեմքին, և ապա նորից հանգիստ էր առնում շողուն ժպիտի մեջ։ Էլենից հետո տեղափոխվեց և փոքրիկ իշխանուհին թեյասեղանի մոտից։

— Attendez moi, je vais prendre mon ouvrage[49],— ասավ նա։- Voyons, à quoi pensez-vous?,— դարձավ նա իշխան Իպպոլիտին։— Apportez-moi mon ridicule[50].

Իշխանուհին ժպտալով ու բոլորի հետ խոսելով, հանկարծ տեղափոխություն կատարեց և, նստելով, ուրախ֊ուրախ ուղղվեց։

— Հիմա ինձ լավ եմ զգում,— ասավ նա և, խնդրելով սկսել, ինքը ձեռագործը ձեռն առավ։

Իշխան Իպպոլիտը բերեց նրա ռիդիկյուլը, անցավ նրա ետևը ու, բազկաթոռը մոտեցնելով, նստեց նրա կողքին։

Le charmant Hippolyte[51] զարմացնում էր նրանով, որ անսովոր կերպով նման Էր գեղեցկուհի քրոջը, և մանավանդ նրանով, որ չնայած այդ նմանության, չափազանց տգեղ Էր։ Նրա դիմագծերը նույնն էին, ինչ որ քրոջը, բայց քրոջ ամեն ինչը փայլում էր կենսուրախ, ինքնագոհ, ջահել, անփոփոխ ժպիտով և մարմնի արտասովոր դասական գեղեցկությամբ, եղբայրը, ընդհակառակը, նրա դեմքը մշուշված էր ապուշությամբ և արտահայտում էր մշտական ինքնավստահ անբավականություն, իսկ մարմինը նիհար էր ու թույլ։ Աչքերը, քիթը, բերանը — բոլորը կարծես սեղմվում֊դառնում էր մի անորոշ ու տխուր ծամածռություն, իսկ ձեռներն ու ոտները միշտ անբնական դիրք էին ընդունում։

— Ce n’est pas une histoire de revenants?[52]— ասավ նա, իշխանուհու կողքին նստելով և հապճեպ լորնետն աչքերին դնելով, կարծես առանց այդ գործիքի չէր կարող խոսել։

— Mais non, mon cher[53],— ուսերը թոթվելով՝ ասավ զարմացած պատմողը։

— C’est que je déteste les histoires de revenants[54],— ասավ նա այնպիսի եղանակով, որից երևւսց, թե նա այդ խոսքերն ասելուց հետո արդեն հասկացավ, թե ի՛նչ էին նշանակում։

Այդ խոսքերի ինքնավստահ եղանակից ոչ ոք չկարողացավ հասկանալ՝ նրա ասածները շատ խելացի, թե շատ հիմար բան էին։ Նա հագել էր մութ֊կանաչ ֆոակ, չուլքիներ և բաշմակներ, իսկ պանթալոնը ուներ cuisse de nymphe effrayée[55] գույն, ինչպես ինքն էր ասում։

Vicomte շատ լավ պատմեց այդ ժամանակները բերնեբերան անցնող այն պատմությունը, թե Էնգիենի Հերցոգը գաղտնի գնում է Փարիզ m-lle Georg-ի հետ տեսակցելու, և թե այնտեղ հանդիպում է Բոնապարտին, որ նույնպես վայելում էր Նշանավոր դերասանուհու ողորմածությունը, և թե այնտեղ, հերցոգին հանդիպելով, Նապոլեոնը պատահաբար ուշաթափվում է (որին նա ենթակա էր) ու մնում հերցոգի ձեռքին, որից սակայն հերցոգը չի օգտվում, բայց թե Բոնապարտը հետագայում այդ իսկ մեծահոգության համար մահվամբ վրեժխնդիր է լինում հերցոգից։

Պատմությունը շատ հաճելի ու հետաքրքրական էր, մանավանդ այն տեղում, ուր ախոյանները հանկարծ ճանաչում են իրար, և կանայք, թվում էր, հուզված էին։

— Charmant[56],— ասավ Աննա Պավլովնան, հարցական նայելով փոքրիկ իշխանուհուն։

— Charmant,— շշնջաց փոքրիկ իշխանուհին, ասեղը ձեռագործի մեջ խրելով, կարծես ի նշան այն բանի, որ պատմության հետաքրքրականությունն ու գրավչությունը խանգարում են իրեն ձեռագործը շարունակելու։

Վիկոնտը գնահատեց այդ լռելյայն գովասանքը և, գոհությամբ ժպտալով, շարունակեց, բայց այդ ժամանակ Աննա Պավլովնան, որ շարունակ նայում էր իր համար վտանգավոր երիտասարդին, նկատեց, որ նա մի տեսակ տաքացած ու բարձր խոսում է աբբայի հետ, ուստի շտապեց վտանգավոր տեղը՝ օգնության։ Իրոք, Պիեռին հաջողել էր զրույցի բռնվել աբրայի հետ քաղաքական հավասարակշռության մասին, և աբբան, ըստ երևույթին, հետաքրքրված երիտասարդի պարզամիտ բորբոքումով, բացատրում էր նրան իր սիրած գաղափարը։ Երկուսն էլ լսում ու խոսում էին չափազանց աշխույժ ու բնականորեն, և այդ էր որ դուր չեկավ Աննա Պավլովնային։

— Միջոցը՝ եվրոպական հավասարակշռությունը և droit des gens[57],— ասում էր աբբան։— Բավական է, որ մի հզոր պետություն, ինչպես Ռուսաստանը (որ հռչակված է իր բարբարոսությամբ) անշահախնդիր կերպով անցնի մի դաշնակցության գլուխ, որի նպատակն է Եվրոպայի հավասարակշռությունը,— և նա կփրկի աշխարհը։

— Իսկ ինչպե՞ս կգտնեք դուք մի այդպիսի հավասարակշռություն,— սկսեց Պիեռը, բայց այդ ժամանակ մոտեցավ Աննա Պավլովնան և, խստությամբ Պիեռին նայելով, հարցրեց իտալացուն, թե նա ինչպես է տանում այստեղի կլիման։ Իտալացու դեմքը փոխվեց հանկարծ և ընդունեց վիրավորական կեղծ արտահայտություն, որն, ըստ երևույթին, սովորական էր նրա համար՝ կանանց հետ զրուցելիս։

— Ես այնքան հմայված եմ հասարակության մտքի ու զարգացման հրապույրներով, մանավանդ կանանց հասարակության, ուր ընդունվելու բախտն ունեցա, որ էլ ժամանակ չունեցա կլիմայի մասին մտածելու,— ասավ նա։

Ձեռից չթողնելով այլևս աբրային ու Պիեռին՝ Աննա Պավլովնան՝ հսկելու հարմարության համար՝ նրանց միացրեց ընդհանուր խմբին։

Այդ միջոցին հյուրասրահ մտավ մի նոր անձնավորություն։ Դա երիտասարդ իշխան Անդրեյ Բալկոնսկին էր՝ փոքրիկ իշխանուհու ամուսինը։ Իշխան Բալկոնսկին կարճահասակ, շատ գեղեցիկ երիտասարդ էր, շեշտված ու չոր դիմագծերով։ Նրա կերպարանքի վրա ամեն ինչ, սկսած նրա հոգնած տաղտուկ նայվածքից մինչև հանդարտ, համաչափ քայլվածքը ամենասուր հակադրություն էր ներկայացնում իր փոքրիկ աշխույժ կնոջ համեմատությամբ։ Հյուրասրահում գտնվողները, ըստ երևույթին, ոչ միայն ծանոթ էին նրան, այլև ձանձրացրել էին նրան այնպես, որ նրանց նայելն ու լսելն անգամ շատ ձանձրալի էր նրա համար։ Եվ ամենից ավելի նրան ձանձրացրել էր, կարծես, իր գեղեցիկ կնոջ դեմքը։ Նա իր սիրուն դեմքը տգեղացնող մի ծամածռությամբ երեսը դարձրեց կնոջից։ Համբուրեց Աննա Պավլովնայի ձեռը և, աչքերը կկոցելով, մի հայացք նետեց հասարակության վրա։

— Vous vous enrôlez pour la guerre, mon prince?[58]— ասավ Աննա Պավլովնան։

— Le général Koutouzoff,— ասավ Բալկոնսկին, ֆրանսացու պես շեշտելով վերջին zoff վանկը,— a bien voulu de moi pour aide-de-camp[59]

— Et Lise, votre femme?[60]

— Նա գյուղ պիտի գնա։

— Մեղք չե՞ք գործում, որ մեզ զրկում եք ձեր սքանչելի կնոջ ներկայությունից։

— André,— ասավ կինը, դիմելով ամուսնուն նույն կոկետ եղանակով, որով դիմում էր և կողմնակի մարդկանց,— ինչպիսի՜ պատմություն արավ մեզ վիկոնտը m-lle Ժորժի և Բոնապարտի մասին։

Իշխան Անդրեյը դեմքը խոժոռեց ու շրջվեց։ Պիեռը, որ իշխան Անդրեյի հյուրասրահ մտնելուց ի վեր ուրախ բարեկամական հայացքը չէր հեռացնում նրանից, մոտեցավ ու բռնեց նրա ձեռը։ Իշխան Անդրեյը, առանց նայելու, դեմքը ծամածռեց՝ արտահայտելով իր դժգոհությունը ձեռը բռնողի դեմ, բայց, տեսնելով Պիեռի ժպտուն երեսը, ինքն ևս ժպտաց անսպասելի բարի ու հաճելի ժպիտով։

— Ա՛յ թե ինչ… Դու էլ ե՞ս մեծ հասարակության մեջ,— ասավ նա Պիեռին։

— Գիտեի, որ դուք լինելու եք այստեղ,— պատասխանեց Պիեռը։— Գալու եմ ձեզ մոտ ընթրիքի,— ավելացրեց նա կամաց, որպեսզի չխանգարի վիկոնտին, որը շարունակում էր իր պատմությունը։— Կարելի՞ է։

— Ոչ, չի կարելի,— ասավ իշխան Անդրեյը ծիծաղելով, ձեռի սեղմումով հասկացնելով Պիեռին, որ այդ մասին հարցնելն ավելորդ է։

Նա ուզում էր էլի ինչ-որ բան ասել, բայց այդ միջոցին տեղից ելավ իշխան Վասիլին իր աղջկա հետ, և երկու երիտասարդները ոտքի ելան՝ նրանց ճանապարհ տալու։

— Դուք ինձ ներեցեք, սիրելի վիկոնտ,— ասավ իշխան Վասիլին ֆրանսացուն, սիրալիր ցած քաշելով նրա թեքը դեպի աթոռը, որպեսզի նա ոտքի չկանգնի։— Դեսպանի այդ դժբախտ տոնախմբությունը զրկում է ինձ հաճույքից և ընդհատում է ձեզ։ Շատ ցավում եմ, որ թողնում եմ ձեր հիասքանչ երեկոն,— ասավ նա Աննա Պավլովնային։

Նրա դուստրը՝ Էլենը, զգեստի ծալքերը թեթևակի պահած, անցավ աթոռների արանքավ. ժպիտը նրա գեղեցիկ դեմքին փայլում էր էլ ավելի պայծառ։ Պիեռը գրեթե երկյուղալի, սքանչացած աչքերով նայեց այդ գեղեցկուհուն, երբ նա անցնում էր իր կողքով։

— Շսւտ գեղեցիկ է,— ասավ իշխան Անդրեյը։

— Շա՛տ,— ասավ Պիեռը։

Նրանց մոտով անցնելիս՝ իշխան Վասիլին բռնեց Պիեռի ձեռքը և դարձավ Աննա Պավլովնային։

— Կրթեցեք այս արջին,— ասավ նա։— Ահա մի ամիս է ապրում է ինձ մոտ և առաջին անգամն եմ տեսնում սրան հասարակության մեջ։ Երիտասարդի համար ոչ մի բան այնքան կարևոր չի, որքան խելացի կանանց շրջանը։

IV

Աննա Պավլովնան ժպտաց և խոստացավ զբաղվել Պիեռով, որը, նա գիտեր, հոր կողմից ազգական Է իշխան Վասիլիին։ Ma tante-ի մոտ նստած տարիքոտ կինը հապճեպ վեր կացավ և նախասենյակում հասավ իշխան Վասիլիին։ Նրա դեմքից չքացավ նախկին կեղծ հետաքրքրությունը։ Նրա բարի լացակումած դեմքը արտահայտում էր միայն անհանգստություն ու երկյուղ։

— Ի՞նչ կասեք, իշխան, Բորիսիս մասին,— ասավ նա։ (Նա Բորիս անունը արտասանեց ո-ն առանձնապես շեշտելով)։— Ես այլևս Պետերբուրգում մնալ չեմ կարող։ Ասացեք, ի՞նչ լուր կարող եմ տանել իմ խեղճ որդուն։

Չնայած որ իշխան Վասիլին դժկամությամբ և գրեթե անքաղաքավարությամբ էր լսում տարիքոտ կնոջը և անգամ արտահայտում էր անհամբերություն, այդ կինը սիրալիր ժպտում էր նրան և, որպեսզի նա չգնա, բռնեց նրա ձեռը։

— Բավական է մի խոսք ասեք թագավորին, և որդիս ուղղակի կփոխադրվի գվարդիա,— խնդրեց կինը։

— Հավատացեք, որ ձեռիցս եկածը կանեմ, իշխանուհի,— պատասխանեց իշխան Վասիլին,—֊բայց ինձ համար դժվար Է թագավորին խնդրել, խորհուրդ կտայի ձեզ՝ իշխան Գոլիցինի միջոցով դիմել Ռումյանցևին. այդ ավելի խելացի կլիներ։

Տարիքոտ կինը կրում էր իշխանուհի Դրուբեցկայա անունը, որ Ռուսաստանի լավագույն տոհմերից մեկի անունն էր, բայց իշխանուհին աղքատ էր, վաղուց քաշվել էր բարձր շրջաններից և իր նախկին կապերը կորցրել։ Նա այժմ եկել էր խնդրելու միակ որդուն գվարդիայում տեղավորելու համար։ Միա՛յն իշխան Վասիլիին տեսնելու համար էր եկել Աննա Պավլովնայի երեկույթին, միա՛յն դրա համար էր լսում վիկոնտի պատմությունը։ Նա վախեցավ իշխան Վասիլիի խոսքերից. նրա երբեմնի գեղեցիկ դեմքի վրա զայրույթ երևաց, բայց դա տևեց միայն մի վայրկյան։ Նորից ժպտաց ու ավելի պինդ բռնեց իշխան Վասիլիի ձեռքը։

— Լսեցեք, իշխան,— ասավ նա,— ես երբեք չեմ խնդրած ձեզ, երբեք չեմ խնդրելու, երբեք չեմ հիշեցրել ձեզ, թե որքան հայրս բարյացակամ էր դեպի ձեզ։ Բայց այժմ, աստծո անունով աղերսում եմ ձեզ, արեք այդ բանը որդուս համար, և ես ձեզ կհամարեմ բարերար,— շտապ ավելացրեց նա։— Ոչ, մի՛ բարկանաք, այլ խոստացեք։ Ես Գոլիցինին խնդրեցի՝ մերժեց։ Soyez le bon enfant que vous avez été[61],— ասավ նա, ջանալով ժպտալ, այն ժամանակ, երբ աչքերում արտասուք կար։

— Հայրիկ, մենք ուշանում ենք,— սիրուն գլուխն անտիկ ուսերի վրա դարձնելով ասավ իշխանադուստր Էլենը, որ սպասում էր դռների մոտ։

Սակայն հասարակության մեջ ունեցած ազդեցությունը մի կապիտալ է, որը պետք է պահպանել, որպեսզի չկորչի։ Իշխան Վասիլին այդ բանը գիտեր, և պարզ գիտակցելով, որ եթե սկսի բոլոր իրեն դիմողների համար թագավորին խնդրել, շուտով ինքը կզրկվի իր համար խնդրելու հնարավորությունից, ուստի իր ազդեցությունը շատ սակավ էր գործադրում։ Իշխանուհի Դրուբեցկայայի գործում, սակայն, նոր հիշեցումից հետո, նա մի տեսակ խղճի խայթ զգաց։ Կինը հիշեցրեց նրան ճշմարտությունը. իր ծառայության առաջին քայլերով՝ նրա հորն էր պարտական։ Բացի դրանից՝ այդ կնոջ վարմունքից զգաց, որ նա ա՛յն կանացից, մանավանդ այն մայրերից է, որոնք եթե մի բան մտադրեն, ետ չեն կանգնի, մինչև որ իրենց ցանկությունը չկատարվի, հակառակ դեպքում պատրաստ են ամեն օր, ամեն վայրկյան դիմումներ անել և անգամ անհաճո տեսարաններ սարքել։ Այս վերջին մտքից նա տատանվեց։

— Chère Աննա Միխայլովնա,— ասավ նա սովորական մտերմությամբ և ձանձրույթի շեշտով,— ինձ համար գրեթե անկարելի է ձեր խնդիրը կատարել, բայց որպեսզի ապացուցեմ, թե որքան եմ սիրում ձեզ և հարգում ձեր հանգուցյալ հոր հիշատակը, կանեմ անկարելին. ձեր որդին կփոխադրվի գվարդիա. ահա ձեզ ձեռս։ Գո՞հ եք։

— Սիրելիս, դուք բարերար եք։ Այլ բան չէի էլ սպասում ձեզանից. գիտեի, թե որքա՜ն բարի եք։

Իշխանն ուզեց գնալ։

— Սպասեք, երկու խոսք էլ։ Une fois passé aux gardes…[62]— Իշխանուհին կանգ առավ։— Դուք Միխայիլ Իլարիոնովիչ Կուտուզովի հետ լավ եք, Բորիսին հանձնարարեցեք նրան որպես ադյուտանտ, և այն ժամանակ արդեն…

Իշխան Վասիլին ժպտաց։

— Այդ չեմ խոստանում։ Դուք չգիտեք, թե այն օրից, ինչ Կուտուզովը նշանակվել է գլխավոր հրամանատար, ինչպես են պաշարում նրան այդպիսի խնդիրներով։ Ինքն ասավ ինձ, որ Մոսկվայի բոլոր ազնվական տիկինները խոսքերնին մեկ են արել — իրենց բոլոր որդիներին տալու նրան՝ իբրև ադյուտանտ։

— Ոչ, խոստացեք, ես ձեզ չեմ թողնի իմ սիրելի, իմ բարերար…

— Հայրի՛կ, նույն եղանակով կրկնեց գեղեցկուհին,— ուշանում ենք։

— Դե, au revoir[63], ցտեսություն։ Տեսնո՞ւմ եք։

— Ուրեմն վաղը կզեկուցե՞ք թագավորին։

— Անպայման, բայց Կուտուզովին — չեմ խոստանում։

— Ոչ, խոստացեք, խոստացեք, Basile[64],— ասավ Աննա Միխայլովնան նրա ետևից, ջահել պչրուհու ժպիտով, որ մի ժամանակ երևի հատուկ Էր եղել նրան, բայց հիմա բնավ չէր սազում նրա մաշված դեմքին։

Նա, երևի, մոռացավ իր տարիքը և, ըստ սովորության, գործ դրեց իր կանացի վաղեմի բոլոր միջոցները։ Բայց հենց որ իշխանը դուրս գնաց՝ դեմքն ընդունեց նորից նախկին սառն ու շինծու արտահայտությունը։ Նա վերադարձավ այն խմբակը, ուր վիկոնտը շարունակում էր իր պատմությունը, և նորից ձևացրեց թե լսում է, սպասելով գնալու ժամին, որովհետև իր գործը վերջացրել էր արդեն։

— Բայց ինչպե՞ս եք գտնում այն վերջին կատակերգությունը du sacre de Milan?[65],— ասավ Աննա Պավլովնան։— Et la nouvelle comédie des peuples de Gênes et de Lucques qui viennent présenter leurs vœux à M. Buonaparte. M. Buonaparte assis sur un trône, et exauçant les vœux des nations! Adorable! Non, mais c’est à en devenir folle! On dirait que le monde entier a perdu la têtê[66]։

Իշխան Անդրեյը ծիծաղեց՝ ուղիղ Աննա Պավլովնայի երեսին նայելով։

— «Dieu me la donne, gare à qui la touche»,— ասավ նա (Բոնապարտի խոսքերը թագադրության միջոցին)։— On dit qu’il a été très beau en prononçant ces paroles[67],— ավելացրեց նա և մի անգամ էլ այդ խոսքերը կրկնեց իտալերեն. «Dio mi la dona, guai a chi la tocca»։

— J’espère enfin,— շարունակեց Աննա Պավլովնան,— que ça a été la goutte d’eau qui fera déborder le verre. Les souverains ne peuvent plus supporter cet homme qui menace tout[68]։

— Les souverains? Je ne parle pas de la Russie,— ասավ վիկոնտը քաղաքավարությամբ և անհույս։— Les souverains, madame! Qu’ont ils fait pour Louis XVI, pour la reine, pour madame Elisabeth? Rien,— շարունակեց նա ոգևորվելով։— Et croyez-moi, ils subissent la punition pour leur trahison de la cause des Bourbons. Les souverains? Ils envoient des ambassadeurs complimenter l’usurpateur[69]։

Եվ նա, արհամարհանքով հառաչելով, նորից փոխեց դիրքը։ Իշխան Իպպոլիտը, որ լոռնետով երկար նայում էր վիկոնտին, այս խոսքերից հետո հանկարծ ամբողջ մարմնով դարձավ փոքրիկ իշխանուհուն և, նրանից ասեղ խնդրելով, սկսեց ասեղով սեղանի վրա նկարել Կոնդեյի տոհմանիշը ու սկսեց բացատրել այն մի այնպիսի լրջությամբ, կարծես իշխանուհին խնդրել էր այդ։

— Bâton de gueules, engrêle de gueules d’azur — maison Condé[70],— ասում էր նա։

Իշխանուհին ժպտերես լսում էր նրան։

— Եթե Բոնապարտը մի տարի ևս մնա Ֆրանսիայի գահի վրա,— շարունակեց վիկոնտն սկսած զրույցը, ուրիշների խոսքը չլսող մարդու տեսքով և իրեն բոլորից ավելի լավ հայտնի գործի մեջ միայն իր մտքերի ընթացքին հետևելով,— այն ժամանակ բանը բանից կանցնի։ Բանսարկությամբ, բռնությամբ, հալածանքներով, մահապատիժներով հասարակությունը, ես նկատի ունեմ բարձր ֆրանսական հասարակությունը, ընդմիշտ կոչնչանա և այն ժամանակ…

Նա ուսերը սեղմեց ու ձեռները տարածեց։ Պիեռն ուզէց ինչ որ բան ասել, խոսակցությունը նրան հետաքրքրում էր, բայց Աննա Պավլովնան, որ նրան հսկում էր, ընդմիջեց։

— Ալեքսանդր կայսրը,— ասավ նա տխրությամբ, մի բան, որ միշտ անբաժան էր նրա խոսքից, երբ խնդիրը վերաբերում էր կայսերական ընտանիքին,— հայտարարեց, որ իրենից՝ ֆրանսացիներին պիտի թողնի վարչաձևի ընտրությունը։ Եվ ես կարծում եմ, կասկած չկա, որ ամբողջ ազգը, հափշտակչից ազատվելով, կնետվի իր օրինավոր թագավորի բազուկների մեջ,— ասավ Աննա Պավլովնան, աշխատելով սիրալիր լինել էմիգրանտի ու միապետականի հետ։

— Այդ կասկածելի է,— ասավ իշխան Անդրեյը։— Պարոն վիկոնտը միանգամայն իրավացի կերպով ենթադրում է, որ բանը բանից անցել է։ Ես կարծում եմ դժվար կլինի վերադառնալ դեպի հինը։

— Որքան լսել եմ,— կարմրելով նորից խոսակցության մեջ մտավ Պիեռը,— համարյա ամբողջ ազնվականությունն անցել է արդեն Բոնապարտի կողմը։

Այդ բոնապարտիստներն են ասում,— ասավ վիկոնտը, առանց Պիեռին նայելու։— Այժմ դժվար է Ֆրանսիայի հասարակական կարծիքն իմանալ։

— Bonaparte l’a dit[71],— ասավ իշխան Անդրեյը քմծիծաղով։

Նկատելի էր, որ վիկոնտը դուր չէր գալիս նրան, և որ նա, թեև չէր նայում վիկոնտին, բայց իր խոսքերն ուղղված էին նրա դեմ։

— «Je leur ai montré le chemin de la gloire»,— ասավ նա կարճ լռությունից հետո, դարձյալ Նապոլեոնի խոսքերը կրկնելով.— «ils n’en ont pas voulu; je leur ai ouvert mes antichambres, ils se sont précipités en foule»… Je ne sais pas à quel point il a eu le droit de le dire[72]։

— Aucun[73],— առարկեց վիկոնտը։— Հերցոգի սպանությունից հետո ամենաաչառու մարդիկ անգամ դադարեցին նրան հերոս համարելուց։ Si même ça été un héros pour certaines gens,— ասավ վիկոնտը, դառնալով Աննա Պավլովնային,— depuis l’assassinat du duc il y a un martyr de plus dans le ciel, un héros de moins sur la terre[74]։

Աննա Պավլովնան ու մյուսները հազիվ կարողացան ժպիտներով գնահատել վիկոնտի այդ խոսքերը, երբ Պիեռը կրկին միջամտեց խոսակցության, և Աննա Պավլովնան, որը թեև նախազգում էր, որ Պիեռը մի անվայել բան պիտի ասի, այլևս չկարողացավ կանգնեցնել նրան։

— Էնգիենի հերցոգի սպանությունը,— ասավ մըսյո Պիեռը,— պետական անհրաժեշտություն էր. և ես հենց այդ բանի մեջ եմ տեսնում Նապոլեոնի հոգու մեծությունը, որ նա չվախեցավ մենակ իր վրա վերցնել այդ գործի ամբողջ պատասխանատվությունը։

— Dieu! mon dieu![75],— շշնջաց Աննա Պավլովնան սարսափահար։

— Comment, monsieur Pierre, vous trouvez que l’assassinat est grandeur d’âme?[76],— ասավ փոքրիկ իշխանուհին ժպտալով և ձեռագործը մոտեցնելով իրեն։

— Ա՛հ։ Օ՛հ,— լսվեցին տարբեր ձայներ։

— Capital![77],— ասավ իշխան Իպպոլիտը անգլերեն և սկսեց ձեռի ափը խփել ծունկին։

Վիկոնտն ուսերը թոթվեց միայն։ Պիեռը ակնոցի վերևից հաղթական նայեց ունկնդիրներին։

— Ես այսպես խոսում եմ նրա համար,— շարունակեց նա հանդգնաբար,— որովհետև Բուրբոնները փախան ռևոլուցիայից, ժողովրդին մատնելով անիշխանության. և միայն Նապոլեոնը կարողացավ հասկանալ ռևոլուցիան, հաղթել նրան, և այդ իսկ պատճառով՝ հանրային բարօրության համար նա չէր կարող կանգ առնել մի մարդու կյանքի առջև։

— Չէի՞ք ցանկանա արդյոք անցնել մյուս սեղանը,— ասավ Աննա Պավլովնան։

Բայց Պիեռն, առանց պատասխանելու, շարունակեց խոսքը։

— Ոչ,— ասում էր նա ավելի ու ավելի ոգևորվելով։ Նապոլեոնը մեծ է, որովհետև նա ավելի բարձր կանգնեց ռևվոլուցիայից, ճնշեց նրա չարարկությունները, պահելով բոլոր լավ բաները — թե՛ քաղաքացիական հավասարությունը, թե՛ խոսքի ու մամուլի ազատությունը — և միայն այդ պատճառով իշխանություն ձեռք բերեց։

— Այո, եթե նա իշխանությունը վերցնելով, չգործադրեր այն սպանության համար, այլ հանձներ այն օրինավոր թագավորին,— ասավ վիկոնտը,— այն ժամանակ ես նրան մեծ մարդ կկոչեի։

— Նա այդ չէր կարող անել։ Ժողովուրդն իշխանությունը նրան հանձնեց միա՛յն նրա համար, որպեսզի նա ժողովրդին ազատի Բուրբոններից, և նրա՛ համար, որովհետև ժողովուրդը նրա մեջ մեծ մարդ էր տեսնում։ Ռևոլուցիան մեծ գործ էր,— շարունակեց մըսյո Պիեռը, այդ հանդգնությամբ և միջանկյալ նախադասությամբ արտահայտելով իր եռուն ջահելությունը ու ամեն բան լիովին ասելու ցանկութլունը։

— Ռևոլուցիան և արքայասպանությունը մե՞ծ գործ է… Դրանից հետո… բայց չե՞ք ուզում արդյոք անցնել մյուս սեղանը,— կրկնեց Աննա Պավլովնան։

— Contrat social[78],— ասավ վիկոնտը հեզ ժպիտով։

— Խոսքս արքայասպանության մասին չէ, այլ գաղափարների։

— Այո, կողոպուտի, սպանության և արքայասպանության գաղափարների,— նորից ընդմիջեց հեգնական ձայնը։

— Դրանք ծայրահեղություններ էին, իհարկե, բայց ռևոլուցիայի ամբողջ նշանակությունը դրանցում չէ, այլ մարդու իրավունքների, նախապաշարումներից ազատագրվելու, քաղաքացիների իրավահավասարության մեջ. և բոլոր այդ գաղափարները Նապոլեոնն իրենց ուժի մեջ պահեց։

— Ազատություն և հավասարություն,— ասավ վիկոնտն արհամարհանքով, կարծես վճռելով, վերջապես, լրջորեն ապացուցել այդ պատանուն՝ նրա խոսքերի ամբողջ հիմարությունը,— պոռոտ խոսքեր, որ վաղուց արդեն վարկաբեկված են։ Ո՞վ չի սիրում ազատությունն ու հավասարությունը։ Դեռ մեր փրկիչը ազատություն և հավասարություն է քարոզել։ Մի՞թե ռևոլուցիայից հետո մարդիկ ավելի երջանիկ դարձան։ Ընդհակառակը։ Մենք ազատություն էինք ցանկանում, իսկ Բոնապարտը ոչնչացրեց այն։

Իշխան Անդրեյը ժպտերես նայում էր մերթ Պիեռին, մերթ վիկոնտին, մերթ տանտիրուհուն։ Առաջին վայրկյանին Աննա Պավլովնան, չնայած իր աշխարհիկ վարվելակերպին, սարսափեց Պիեռի վարքից, բայց, երբ տեսավ, որ, չնայած Պիեռի սրբապիղծ խոսքերին, վիկոնտն իրեն չի կորցնում, և երբ համոզվեց, որ այլևս անկարելի է այդ խոսակցությանը վերջ տալ, նա հավաքեց իր ուժերը և վիկոնտին միանալով, հարձակվեց Պիեռի վրա։

— Mais, mon cher monsieur Pierre[79],— ասավ Աննա Պավլովնան,— ինչպե՞ս եք հասկանում այդ մեծ մարդուն, որ առանց դատի և անմեղ տեղը մահապատժի ենթարկեց հերցոգին, վերջապես, մի սոսկ մարդու։

— Ես կհարցնեի,— ասավ վիկոնտը,— ինչպե՞ս է monsieur-ը բացատրում Բրյումերի 18-ը։ Դա մի՞թե խաբեբայություն չէ։ C’est un escamotage qui ne ressemble nullement à la manière d’agir d’un grand homme[80]։

— Իսկ Աֆրիկայում սպանված գերինե՞րը,— ասավ փոքրիկ իշխանուհին։— Սոսկալի է։— Եվ նա ուսերը ցնցեց։

— C’est un roturier, vous aurez beau dire[81],— ասավ իշխան Իպպոլիտը։

Մըսյո Պիեռը չգիտեր որի՛ն պատասխանի, նայեց բոլորին ու ժպտաց։ Նրա ժպիտը նման չէր մյուս մարդկանց ժպիտին։ Երբ նա ժպտում էր, հանկարծ, վայրկենապես՝ լուրջ և փոքր ինչ մռայլ դեմքը չքանում էր և երևան էր գալիս մի ուրիշը — մանկական, բարի, նույնիսկ հիմարավուն մի դեմք, որ կարծես թողություն էր հայցում։

Վիկոնտը, որ առաջին անգամն էր տեսնում նրան, հասկացավ, որ այդ յակոբինը այնքան էլ սարսափելի չէ, ինչպես իր խոսքերը։ Բոլորը լռեցին։

— Ինչպե՞ս, դուք ուզում եք, որ բոլորիդ միանգամից պատասխանի,— ասավ իշխան Անդրեյը։— Դրա հետ միասին պետք է պետական մարդու գործերի մեջ զանազանել մասնավոր անհատի, զորավարի և կայսեր արարքները։ Ինձ այսպես է թվում։

— Այո, այո, իհարկե,— վրա բերեց Պիեռը,— ուրախանալով այդ վերահաս օգնությունից։

— Չի կարելի չխոստովանել,— շարունակեց իշխան Անդրեյը,— Նապոլեոնը որպես մարդ՝ մեծ է Արկոլյան կամուրջի վրա, Յաֆայի հիվանդանոցում, ուր ձեռք էր տալիս ժանտախտավորներին, սակայն… սակայն կան այլ արարքներ, որոնք արդարացնել դժվար է։

Իշխան Անդրեյը, ըստ երևույթին, կամենալով մեղմել Պիեռի խոսքերի անհարմարությունը՝ ոտքի ելավ՝ մեկնելու և նշան արավ կնոջը։

Հանկարծ իշխան Իպպոլիտը վեր կացավ և, ձեռի նշաններով բոլորին կանգնեցնելով ու խնդրելով նստել, ասավ.

— Ah! aujourd’hui on m’a raconté une anecdote moscovite, charmante: il faut que je vous en régale. Vous m’excusez, vicomte, il faut que je raconte en russe. Autrement on ne sentira pas le sel de l’histoire[82]։

Եվ Իշխան Իպպոլիտն սկսեց ռուսերեն խոսել այնպիսի Առոգանությամբ, որով խոսում են Ռուսաստանում մի տարի ապրած ֆրանսացիները։ Բոլորը կանգ առան. այնպես եռանդուն, համառորեն ուշադրություն էր պահանջում իշխան Իպպոլիտը դեպի իր պատմությունը։

— Moscou-ում տիկին կա, une dame։ Շատ ժլատ։ Նա իր կառքի համար կարիք է ունեցել երկու valets de pied[83]։ Եվ շատ բարձրահասակների։ Այդպես է եղել նրա ճաշակը։ Նա ունեցել է նա և une femme de chambre[84], ավելի բարձրահասակ։ Տիկինն ասում է…

Այստեղ իշխան Իպպոլիտը մտմտաց, ըստ երևույթին դժվարանում էր հիշել։

— Տիկինն ասում է… այո, ասում է «աղջիկ (à la femme de chambre), հագիր livrée[85] և միասին, կառքով գնանք faire des visites»[86]։

Այստեղ իշխան Իպպոլիտը փռթկաց և իր ունկնդիրներից ավելի շուտ քրքջաց, ինչ որ պատմողի համար աննպաստ տպավորություն գործեց։ Սակայն շատերը, դրանց թվում և տարիքոտ կինն ու Աննա Պավլովնան, ժպտացին։

— Տիկինը գնում է։ Հանկարծ սաստիկ քամի է բարձրանում։ Աղջիկը կորցնում է գլխարկը և երկար մազերը շաղ են անցնում…

Այստեղ իշխան Իպպոլիտն այլևս չկարողացավ զսպել իրեն և սկսեց բարձրաձայն ծիծաղել և ծիծաղի միջից ասել.

— Եվ ամբողջ աշխարհն իմանում է…

Անեկդոտը դրանով էլ վերջացավ։ Թեև անհասկանալի մնաց, թե ինչու նա պատմեց այդ և ինչու ուզեց անպայման ռուսերեն պատմել, սակայն Աննա Պավլովնան և մյուսները գնահատեցին իշխան Իպպոլիտի շնորհքը, որ այնպես հաճելի կերպով փակեց մըսյո Պիեռի անդուրեկան և անհաճո վարմունքի տպավորությունը։ Անեկդոտից հետո խոսակցությունը մանր, աննշան զրույցների բաժանվեց. խոսեցին ապազա և անցյալ պարահանդեսների, ներկայացումների մասին, և այն մասին, թե ե՛րբ և ո՛ւր պիտի հանդիպեն։

V

Շնորհակալություն հայտնելով Աննա Պավլովնային իր charmante soirée[87] համար՝ հյուրերն սկսեցին ցրվել։

Պիեռն անշնորհք ու կոպիտ էր։ Հաստ, սովորականից բարձր հասակով, լայն, մեծ կարմիր ձեռներով,— նա, ինչպես ասում են, չգիտեր սալոն մտնելու և առավել ևս այնտեղից դուրս գալու ձևը, այսինքն դուրս գալու միջոցին մի հաճելի բան ասել։ Բացի դրանից՝ ցրված Էր։ Ոտքի ելնելով՝ նա իր գլխարկի փոխարեն վերցրեց մի գեներալի ցցունազարդ եռանկյունի գլխարկը և նրա փետրազարդ ցցունքը ձիգ տալով ձեռին պահեց այնքան, մինչև որ գեներալը խնդրեց վերադարձնել։ Սակայն նրա ցրվածությունը, սալոն մտնելու և այնտեղ խոսելու անճարակությունը փրկում էր բարեհոգի, պարզասիրտ և համեստ բնավորությունը։ Աննա Պավլովնան դարձավ նրան և քրիստոնեական հեզությամբ նրա անվայել վարմունքը ներելով, գլուխը շարժեց ու ասավ։

— Հույս ունեմ, որ նորից կհանդիպեմ ձեզ, բայց հույս ունեմ նույնպես, որ դուք ձեր կարծիքները կփոխեք, իմ սիրելի մըսյո Պիեռ,— ասավ նա։

Աննա Պավլովնայի այդ խոսքերին՝ Պիեռը չպատասխանեց, միայն խոնարհվեց և մի անգամ ևս ժպտաց բոլորին, և այդ ժպիտը ոչինչ չէր ասում, բացի այն, թե «կարծիքները՝ կարծիքներ, բայց տեսնում եք որքա՛ն բարի և լավ երիտասարդ եմ»։ Թե բոլորը, թե Աննա Պավլովնան ակամա զգացին այդ։

Իշխան Անդրեյը դուրս եկավ նախասենյակ և, մինչ լաքեյը նրա ուսերին կգցեր թիկնոցը, անտարբեր ականջ էր դնում իր կնոջ շաղակրատանքին՝ իշխան Իպպոլիտի հետ, որ նույնպես դուրս էր եկել նախասենյակ։ Իշխան Իպպոլիտը կանգնել էր սիրունիկ հղի իշխանուհու կողքին և համառորեն ուղիղ նրա դեմքին էր նայում իր լոռնետով։

— Գնացեք ներս, Annete, կմրսեք,— ասավ փոքրիկ իշխանուհին, հրաժեշտ տալով Աննա Պավլովնային։— C’est arrêté[88],— ավելացրեց նա կամաց։

Աննա Պավլովնան արդեն հաջողել էր Լիզայի հետ խոսել նշանախոսության մասին, որ ուզում էր գլուխ բերել Անատոլիի և փոքրիկ իշխանուհու տալոջ միջև։

— Հույսս դուք եք, սիրելիս,— ասավ Աննա Պավլովնան նույնպես կամաց,— դուք կգրեք ձեր տալոջը և ինձ կասեք, comment le père envisagera la chose. Au revoir[89],— և նախասենյակից հեռացավ։

Իշխան Իպպոլիտը մոտեցավ փոքրիկ իշխանուհուն և, երեսը նրան մոտեցնելով, սկսեց ինչ-որ շշնջալ։

Երկու լաքեյները, մեկը իշխանուհունը, մյուսը Իպպոլիտինը, սպասելով թե երբ կվերջացնեն նրանք իրենց խոսակցությունը, շալն ու ռեդինգոթը ձեռներին՝ կանգնել ականջ էին գնում իրենց համար անհասկանալի ֆրանսերենը՝ այնպիսի դեմքերով, որ կարծես հասկանում էին ի՛նչ է ասվում, բայց չէին ուզում ցույց տալ այդ։ Իշխանուհին, ինչպես միշտ, խոսում էր ժպտալով և լսում ծիծաղելով։

— Շատ ուրախ եմ, որ դեսպանի մոտ չգնացի,— ասում էր իշխան Իպպոլիտը.— ձանձրալի է… Հիանալի երեկո էր, այնպես չէ՞, հիանալի։

— Ասում են պարահանդեսը շատ լավն է լինելու,— պատասխանեց իշխանուհին, բեղիկներով շուրթը վեր քաշելով։— Բոլոր գեղեցիկ կանայք այնտեղ են լինելու։

— Ոչ բոլորը, որովհետև դուք այնտեղ չպիտի լինեք,— ասավ իշխան Իպպոլիտը ուրախ-ուրախ ծիծաղելով և շալն առնելով լաքեյի ձեռից, անգամ հրելով նրան, սկսեց ծածկել իշխանուհուն։ Անճարակությունից թե դիտմամբ (այդ ոչ ոք չէր կարող որոշել) նա երկար ժամանակ ձեռները չէր հեռացնում իշխանուհուց, երբ շալն արդեն վրան էր գցել, ու կարծես գրկել էր ջահել կնոջը։

Իշխանուհին վայելչորեն, բայց միշտ ժպտալով, ետ քաշվեց, շուռ եկավ ու նայեց ամուսնուն։ Իշխան Անդրեյի աչքերը փակ էին — այնպես նա հոգնած ու քնատ էր երևում։

— Դուք պատրա՞ստ եք,— հարցրեց նա կնոջը, հայացքով չափելով նրան։

Իշխան Իպպոլիտն արագ-արագ հագավ իր ռեդինգոթը, որը, ըստ նոր ձևի, շատ երկար էր, և մեջը փաթաթվելով վազեց դեպի դուռը, իշխանուհու ետևից, որին լաքեյը կառեթ էր նստեցնում։

— Princesse, au revoir[90],— գոչեց նա, լեզվով շփոթվելով այնպես, ինչպես ոտներն էին շփոթվում ռեդինգոթի մեջ։

Իշխանուհին, փեշերը հավաքելով, կառեթ նստեց, ամուսինն իր թուրն էր ուղղում, իշխան Իպպոլիտը, ծառայություն մատուցելու պատրվակով, բոլորին խանգարում էր։

— Թույլ տվեք, պարոն,— չոր-անհաճո դիմեց իշխան Անդրեյը ռուսերեն իշխան Իպպոլիտին, որ խանգարում էր իրեն առաջ անցնելու։

— Ես քեզ սպասում եմ, Պիեռ,— սիրալիր ու քնքշանքով ասավ նույն իշխան Անդրեյը։

Ֆորեյտորը շարժվեց, և կառեթի անիվները դղրդացին։ Իշխան Իպպոլիտը, դռան առջև կանգնած, ծիծաղում էր ընդհատումներով, սպասելով վիկոնտին, որին խոստացել էր իր կառքով տուն հասցնել։

— Eh bien, mon cher, votre petite princesse est très bien, très bien,— ասավ վիկոնտը, Իպպոլիտի հետ կառեթ նստելով։— Mais très bien.— Նա համբուրեց իր մատների ծայրերը։— Et tout-à-fait française[91].

Իպպոլիտը, փռթկալով, ծիծաղեց։

— Et savez-vous que vous êtes terrible avec votre petit air innocent,— շարունակեց վիկոնտը։— Je plains le pauvre mari, ce petit officier qui se donne des airs de prince régnant[92].

Իպպոլիտը նորից փռթկաց և ասավ ծիծաղելով.

— Et vous disiez, que les dames russes ne valaient pas les dames françaises. Il faut savoir s’y prendre[93].

Պիեռը, շուտ տեղ հասնելով, տանու մարդու պես անցավ իշխան Անդրեյի առանձնասենյակը և անմիջապես, ըստ սովորության, պառկեց բազմոցին, վերցրեց դարակից առաջին պատահած գիրքը (Կեսարի… հիշատակարանն էր) և, թիկն տված, սկսեց մեջտեղից կարդալ։

— Այդ ի՛նչ արիր m-lle Շերերին։ Նա հիմա բոլորովին կհիվանդանա,— ասավ իշխան Անդրեյը առանձնասենյակ մտնելով և իր փոքրիկ ճերմակ ձեռները տրորելով։

Պիեռը դարձավ ամբողջ մարմնով, այնպես որ բազմոցը ճռնչաց. աշխույժ դեմքը դարձրեց դեպի իշխան Անդրեյը, ժպտաց և ձեռը թափ տվեց։

— Ոչ, այդ աբբան շատ հետաքրքրական մարդ է, միայն թե բանն այնպես չի հասկանում… Իմ կարծիքով՝ հավիտենական խաղաղությունը հնարավոր է, բայց ես չեմ կարողանում, ինչպես այդ արտահայտեմ… սակայն ոչ քաղաքական հավասարակշռությամբ…

Իշխան Անդրեյն, ըստ երևույթին, չէր հետաքրքրվում այդ վերացական խոսակցություններով։

— Չի կարելի, mon cher, ամեն տեղ ասել այն, ինչ մտածում ես։ Հը, որոշեցիր, վերջապես, մի բան։ Կավալերգա՞րդ ես դառնալու թե դիվանագետ,— հարցրեց իշխան Անդրեյը րոպեական լռությունից հետո։

Պիեռը նստեց բազմոցին, ոտքերը տակը դնելով։

— Կարող եք երևակայել, դեռ չգիտեմ ինչ անեմ։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը դուր չեն գալիս ինձ։

— Բայց չէ՞ որ պետք է մի բան որոշել։ Հայրդ սպասում է։

Պիեռը տասը տարեկան հասակից դաստիարակ֊աբբայի հետ ուղարկվել էր արտասահման, ուր նա մնացել էր մինչ քսան տարեկան հասակը։ Երբ Մոսկվա վերադարձավ՝ հայրը աբբային արձակեց և երիտասարդին ասավ. «Այժմ գնա Պետերբուրգ՝ տես և ընտրիր։ Ես ամեն բանի համաձայն եմ։ Ահա քեզ նամակ՝ իշխան Վասիլիի անունով, և ահա քեզ դրամ։ Գրիր ամեն բանի մասին, և ես ամեն բանում կօգնեմ քեզ»։

Պիեռն արդեն երեք ամիս էր ինչ ընտրություն էր անում և ոչինչ չէր որոշել։ Հենց այդ ընտրության մասին էր, որ խոսում էր իշխան Անդրեյը։ Պիեռը ճակատը շփեց։

— Բայց նա պետք է որ մասոն լինի,— ասավ նա՝ երեկույթին տեսած աբբային հիշելով։

— Այդ բոլորը զառանցանքներ են,— նորից ընդհատեց նրան իշխան Անդրեյը,— ավելի լավ է գործի մասին խոսենք։ Եղա՞ր հեծելազորի գվարդիայում…

— Ոչ, չեղա, բայց ահա թե ինչ մտածեցի և ինչ եմ ուզում ասել ձեզ։ Հիմա պատերազմում ենք Նապոլեոնի դեմ։ Եթե այդ պատերազմը լիներ հանուն ազատության, կհասկանայի, ինքս առաջինը կմտնեի զինվորական ծաոայության մեջ, բայց օգնել Անգլիային ու Ավստրիային՝ աշխարհիս մեծագույն մարդու դեմ կռվելու… դա լավ չի…

Իշխան Անդրեյը, Պիեռի երեխայական խոսքերի վրա, ուսերը ցնցեց միայն։ Նա այնպիսի տեսք ընդունեց, թե չարժի պատասխան տալ այնպիսի հիմարությունների. բայց իսկապես այդ միամիտ հարցին դժվար էր ուրիշ պատասխան տալ, քան իշխան Անդրեյի պատասխանն էր.

— Եթե բոլորն էլ իրենց համոզմունքների թելադրությամբ պատերազմեին, էլ պատերազմ չէր լինի,— ասավ նա։

— Եվ այդ հիանալի բան կլիներ,— ասավ Պիեռը։

Իշխան Անդրեյը ժպտաց։

— Գուցե հիանալի լիներ, բայց այդ երբեք չի լինի…

— Էե, դուք ինչո՞ւ համար եք պատերազմ գնում,— հարցրեց Պիեռը։

— Ինչո՞ւ համար, չգիտեմ։ Այդպես պետք է։ Բացի դրանից, ես գնում եմ…— Նա կանգ առավ։— Ես գնում եմ նրա համար, որովհետև կյանքը, այս կյանքը — սրտովս չի։

VI

Հարևան սենյակից լսվեց կանացի զգեստների խշխշոց։ Իշխան Անդրեյը քնից արթնացողի պես ցնցվեց և նրա դեմքն ընդունեց Աննա Պավլովնայի հյուրասրահում ունեցած արտահայտությունը։ Պիեռը ոտներն իջեցրեց բազմոցից։ Ներս մտավ իշխանուհին։ Նա արդեն հագել էր մի ուրիշ, տնային, բայց նույնքան գեղեցիկ ու թարմ զգեստ։ Իշխան Անդրեյը վեր կացավ ու քաղաքավարությամբ բազկաթոռ առաջարկեց նրան։

— Հաճախ մտածում եմ թե ինչու,— խոսեց նա, ինչպես միշտ ֆրանսերեն, արագությամբ ու հոգնածությամբ բազկաթոռին նստելով,— ինչո՞ւ Աննետը չի ամուսնացել։ Որքան բոլորդ էլ անխելք եք, messieurs, որ նրա հետ չեք ամուսնացել։ Դուք ինձ ներեցեք, բայց պիտի ասեմ, ոչինչ չեք հասկանում կանանցից։ Ի՜նչ վիճասերն եք եղել, մըսյո Պիեռ։

— Ես ձեր ամուսնու հետ էլ վիճում եմ շարունակ. չեմ հասկանում, թե ինչո՛ւ է ուզում գնալ պատերազմ,— ասավ Պիեռն առանց քաշվելու (որ այնքան սովորական է երիտասարդ մարդու և երիտասարդ կնոջ հարաբերությունների մեջ) դիմելով իշխանուհուն։

Իշխանուհին ցնցվեց։ Ըստ երևույթին, Պիեռի խոսքերը դիպան նրա սրտին։

— Ա՜խ, ես էլ նույնն եմ ասում,— ասավ նա։— Չեմ հասկանում, բացարձակապես չեմ հասկանում. ինչո՞ւ մարդիկ չեն կարողանում ապրել առանց պատերազմի։ Ինչո՞ւ մենք՝ կանայքս ոչինչ չենք ցանկանում, ոչինչ այդպիսի բան չենք ուզում։ Այ, դուք դատավոր եղեք։ Ես միշտ ասում եմ. նա այստեղ հորեղբոր ադյուտանտն է, ամենափայլուն դիրքն ունի։ Բոլորը նրան լավ ճանաչում, գնահատում են։ Մի քանի օր առաջ Ապրաքսինների մոտ լսեցի, թե ինչպես մի կին հարցնում էր. «C’est ça le fameux prince André?» Ma parole d’honneur![94].— Իշխանուհին ծիծաղեց։— Նա ամեն տեղ այդպես է ընդունված։ Նա շատ հեշտությամբ կարող է ֆլիգել-ադյուտանտ դառնալ։ Գիտեք, թագավորը շատ ողորմածաբար է խոսել հետը։ Մենք Աննետի հետ խոսեցինք, որ դա շատ հեշտությամբ կարելի է գլուխ բերել։ Ի՞նչ եք կարծում։

Պիեռը նայեց իշխան Անդրեյին և, նկատելով, որ այդ խոսակցությունը դուր չի գալիս բարեկամին, ոչինչ չպատասխանեց։

— Ե՞րբ եք մեկնում,— հարցրեց նա։

— Ah! ne me parlez pas de ce départ, ne m’en parlez pas. Je ne veux pas en entendre parler[95],— խոսեց իշխանուհին այնպիսի քմահաճ-չարաճճի եղանակով, որով խոսում էր Իպպոլիտի հետ հյուրասրահում, և որն այնպես, ակներև, չէր սազում ընտանեկան շրջանին, ուր Պիեռն ընտանիքի անդամի պես էր։— Այսօր, երբ մտածում էի, թե պետք է ընդհատել բոլոր այդ թանկագին հարաբերությունները… Եվ հետո, գիտե՞ս, Andre (նա խորհրդավոր կերպով աչքով արավ ամուսնուն)։ J’ai peur, j’ai peur![96],— շշնջաց նա, մեջքը դողացնելով։

Ամուսինը նրան նայեց այնպիսի տեսքով, կարծես զարմացած էր, նկատելով, որ իրենից և Պիեռից բացի ուրիշ մեկն էլ կա սենյակում, և սառը քաղաքավարությամբ դարձավ կնոջը.

— Ինչի՞ց ես վախենում, Լիզա։ Ես չեմ կարողանում հասկանալ,— ասավ նա։

— Ահա թե ինչպես բոլոր տղամարդիկ եսամոլ են. բոլորը, բոլորը եսամոլ են։ Ինքն իր քմահաճույքի համար, աստված գիտի թե ինչու, թողնում է ինձ ու մենակ բանտարկում գյուղում։

— Հորս և քրոջս մոտ ես լինելու, այդ մի մոռանա,— ասավ իշխան Անդրեյը հանդարտ։

— Միևնույն է՝ մենակ եմ լինելու, առանց իմ բարեկամների… Եվ ուզում է, որ չվախենամ։

Նա խոսում էր արդեն դժգոհությամբ. վերին շուրթը բարձրացավ, դեմքին տալով ոչ թե ուրախ, այլ գազանային, սկյուռային արտահայտություն։ Նա լռեց, կարծես անհարմար համարելով Պիեռի ներկայությամբ խոսել իր հղիության մասին, մինչդեռ բանի էությունը հենց այդ էր։

— Այսուամենայնիվ ես չհասկացա, de quoi vous avez peur[97],— ասավ իշխան Անդրեյը դանդաղորեն, աչքը չհեռացնելով կնոջից։

Իշխանուհին կարմրեց և ձեռները թափահարեց հուսահատ:

— Non, André, je dis que vous avez tellement, tellement changé…[98]

— Բժիշկդ կարգադրել է քեզ շուտ պառկել,— ասավ իշխան Անդրեյը։— Լավ կանես գնաս պառկես։

Իշխանուհին ոչինչ չասավ, և հանկարծ բեղիկներով կարճ շուրթը դողդողաց. իշխան Անդրեյը ոտքի ելավ և, ուսերը թոթվելով, սկսեց գնալ-գալ սենյակում։

Պիեռն ակնոցների միջից զարմացած ու միամտորեն նայեց մեկ նրան, մեկ իշխանուհուն և տեղից շարժվեց, կարծես ինքը նույնպես ուզում էր վեր կենալ, բայց հետո փոշմանեց։

— Ինչ անեմ որ մըսյո Պիեռն այստեղ է,— հանկարծ ասավ փոքրիկ իշխանուհին և նրա սիրունիկ դեմքը հանկարծ լացի արտահայտություն ընդունեց։— Ես վաղուց ուզում էի ասել քեզ, Անդրեյ, թե ինչո՞ւ վերաբերմունքդ փոխել ես դեպի ինձ։ Ես ի՞նչ եմ արել քեզ։ Դու բանակ ես գնում, ինձ չես խղճում։ Ի՞նչ է պատճառը։

— Lise! — ասավ միայն իշխան Անդրեյը. սակայն, այդ խոսքի մեջ կար և՛ թախանձանք, և՛ սպառնալիք, և՛, որ գլխավորն է, հաստատ համոզում, թե կինը կզղջա իր խոսքերի համար, բայց իշխանուհին շարունակեց արագ-արագ.

— Դու ինձ վերաբերվում ես ինչպես հիվանդի կամ երեխայի։ Ես ամեն բան տեսնում եմ։ Մի՞թե այդպես էիր վեց ամիս առաջ։

— Lise, խնդրում եմ ձեզ վերջ տաք,— ասավ իշխան Անդրեյը ավելի խիստ։

Պիեռը, որ այս խոսակցության միջոցին հուզվում էր ավելի ու ավելի, վեր կացավ՝ մոտեցավ իշխանուհուն։ Թվում էր նա արտասուք տեսնել չէր կարող ու ինքն ևս պատրաստ էր արտասվել։

— Հանգստացեք, իշխանուհի։ Ձեզ այդպես թվում է, որովհետև, հավատացնում եմ ձեզ, ես ինքս զգացել եմ… ինչից… որովհետև… Ոչ, ներեցեք, կողմնակի մարդն այստեղ ավելորդ է… Ոչ, հանգստացեք… Մնաք բարով…

Իշխան Անդրեյը՝ ձեռից բռնելով՝ կանգնեցրեց նրան։

— Ոչ, կաց, Պիեռ։ Իշխանուհին այնքան բարի է, որ չի ցանկանա զրկել ինձ այս երեկոն քեզ հետ անցկացնելու հաճույքից։

— Ոչ, նա միայն իր մասին է մտածում,— ասավ իշխանուհին, չկարողանալով զսպել բարկության արցունքները։

— Lise,— խստությամբ ասավ իշխան Անդրեյը այնպիսի տոնով, որ ցույց էր տալիս, թե համբերությունն սպառված է։

Հանկարծ իշխանուհու սիրունիկ դեմքի բարկացած-սկյուռային արտահայտությունը փոխվեց վախի, գրավիչ և կարեկցություն հարուցող արտահայտության. հոնքերի տակից, գեղեցիկ աչքերով նայեց ամուսնուն, և նրա դեմքի վրա երևաց այն խոնարհ ու երախտագետ արտահայտությունը, որպիսին ունենում է պոչն արագ-արագ ու թեթև շարժող շունը։

— Mon Dieu, mon Dieu[99],— ասավ իշխանուհին և մի ձեռքով զգեստի փեշերը հավաքելով, մոտեցավ ամուսնուն ու համբուրեց նրա ճակատը։

— Bonsoir, Lise[100],— ասավ իշխան Անդրեյը, ոտքի ելնելով և քաղաքավարությամբ համբուրեց նրա ձեռը, ինչպես մի օտար կնոջ ձեռ։

Բարեկամները լուռ էին։ Ոչ մեկը և ոչ մյուսը չէր կարողանում խոսակցություն սկսել։ Պիեռը նայում էր իշխան Անդրեյին, իշխան Անդրեյը ճակատը շփում էր իր փոքրիկ ձեռքով։

— Գնանք ընթրենք,— ասավ նա հառաչելով և, ոտքի ելնելով, գնաց դեպի դուռը։

Նրանք մտան գեղեցիկ, փարթամորեն նորոգված ճաշասրահը։ Ամեն բան՝ անձեռոցիկներից սկսած մինչև արծաթեղենը, հախճապակյա և բյուրեղյա ամանները՝ կրում էին նորության այն առանձին դրոշմը, որ հատուկ է երիտասարդ ամուսինների տան համար։ Ընթրիքի կիսին իշխան Անդրեյը արմունկներով հենվեց սեղանին և վաղուց սրտումը բան ունեցող և հանկարծ արտահայտվել վճռող մարդու նման՝ նյարդային հուզումով, խոսել սկսեց.

— Երբեք, երբեք չամուսնանաս, բարեկամս, ահա քեզ խորհուրդս, մի ամուսնանար այնքան ժամանակ, մինչև ինքդ չասես քեզ, թե արել ես բոլորը, ինչ կարող էիր, և այնքան ժամանակ, մինչև չդադարես ընտրածդ կնոջը սիրելուց, մինչև լավ չճանաչես նրան, այլապես կսխալվես չարաչար և անուղղելի կերպով։ Ամուսնացիր ծերության հասակում, երբ ոչ մի բանի պիտանի չես լինի… Թե չէ ամեն բան կկորչի, ամե՛ն բան, ինչ որ լավ է ու վսեմ քեզ համար։ Ամեն ինչ կվատնվի մանր բաների վրա։ Այո՛, այո՛, այո՛։ Այդպես զարմացած մի նայիր ինձ։ Եթե քեզնից որևէ սպասելիք ունենաս ապագայում, ամեն քայլափոխիդ պիտի զգաս, որ ամեն ինչ վերջացած է քեզ համար, ամեն բան փակված է, բացի հյուրասրահից, ուր պալատական լաքեյի և ապուշի հետ պիտի մնաս միևնույն աստիճանի վրա… Ահա՛…

Նա ձեռը թափահարեց ուժգին։

Պիեռն ակնոցը վերցրեց, որից նրա դեմքը փոխվեց, ար տահայտելով է՛լ ավելի բարեսրտություն, ու զարմացած բարեկամին նայեց։

— Կինս,— շարունակեց իշխան Անդրեյը,— սքանչելի կին է։ Այն հազվագյուտ կանանցից մեկը, որի հետ կարող ես ապահով լինել պատվիդ համար, բայց, աստված իմ, այժմ ինչ ասես չէի տա, որ ամուսնացած չլինեի։ Սա միայն քեզ եմ ասում, որովհետև սիրում եմ քեզ։

Իշխան Անդրեյը այս խոսքերն ասելիս բնավ նման չէր այն Բալկոնսկուն, որ Աննա Պավլովնայի բազկաթոռին փռված, աչքերը կկոցելով, ատամների արանքից ֆրանսերեն դարձվածքներ էր արտասանում։ Նրա ոսկրոտ դեմքը դողում էր յուրաքանչյուր մկանի նյարդային դողով, աչքերը, ուր առաջ կյանքի կրակը հանգած էր թվում, հիմա փայլում էին ցոլուն ու պայծառ փայլով։ Նկատելի էր, որ ինչքան կենսազուրկ էր թվում սովորական ժամանակ, այնքան ավելի եռանդուն էր այդ գրեթե հիվանդագին գրգռումի վայրկյաններին։

— Դու չես հասկանում, թե ինչու եմ այս բաները ասում,— շարունակեց նա։— Սա չէ՞ որ կյանքի մի ամբողջ պատմություն է։ Դու ասում ես՝ Բոնապարտն ու իր կարիերան,— ասավ նա, թեև Պիեռը չէր էլ խոսել Բոնապարտի մասին։— Դու ասում ես՝ Բոնապարտը. բայց Բոնապարտը, երբ աշխատում էր, քայլ առ քայլ դիմում էր դեպի իր նպատակը, նա ազատ էր, ոչինչ չուներ իր նպատակից բացի,— և հասավ իր նպատակին։ Բայց կապվիր կնոջ հետ — շղթայված կալանավորի պես կկորցնես ազատությունդ։ Եվ բոլորը, ունեցածդ հույսերն ու եռանդը, շարունակ կճնշեն քեզ և զղջումով կտանջեն։ Հյուրասրահներ, բամբասանքներ, պարահանդեսներ, սնափառություն, ոչնչություն — ահա այն կախարդական շրջանը, որից դուրս գալ չեմ կարողանում։ Ես այժմ գնում եմ պատերազմ, մի մեծ պատերազմ, որի նմանը չի եղել, բայց ես ոչինչ չգիտեմ և ոչ մի բանի պետք չեմ։ Je suis très aimable et très caustique[101],— շարունակեց իշխան Անդրեյը,— Աննա Պավլովնայի մոտ էլ ունկնդրում են ինձ։ Եվ այդ տխմար հասարակությունը, առանց որի կինս ապրել չի կայողանում, և այդ կանայք… Եթե իմանայիր միայն, թե ի՞նչ բան են toutes les femmes distinguées[102] և առհասարակ կանայք։ Հայրս իրավացի է։ Ամեն բանի մեջ եսասիրություն, սնափառություն, բթամտություն, մանրություն — ահա կանայք, երբ տեսնում ես այնպես, ինչպես կան։ Նայում ես նրանց հասարակության մեջ, թվում է թե մի բան են, բայց ոչի՜նչ, ոչի՜նչ։ Այո, մի ամուսնացիր, հոգիս, մի ամուսնացիր,— վերջացրեց իշխան Անդրեյը։

— Ինձ ծիծաղելի է թվում,— ասավ Պիեռը,— որ դուք ձեզ, անընդունակ եք համարում, իսկ ձեր կյանքը — փչացած կյանք։ Ձեզ համար ամեն բան նոր է սկսվում։ Եվ դուք…

Պիեռը չասավ, թե դուք ինչ, բայց նրա խոսքի եղանակն արդեն ցույց էր տալիս, թե որքան բարձր է գնահատում նա իր բարեկամին և որքան շատ բան է սպասում նրանից ապագայում։

«Ինչո՞ւ է այդպես խոսում», մտածեց Պիեռը։ Պիեռն իշխան Անդրեյին համարում էր բոլոր կատարելությունների տիպար հենց նրա համար, որ իշխան Անդրեյը մեծագույն չափով իր մեջ միացնում էր այն բոլոր հատկությունները, ինչ ինքը՝ Պիեռը չուներ, հատկություններ, որոնք կարելի է արտահայտել մի մոտավոր հասկացողությամբ — կամքի ուժ։ Պիեռը միշտ զարմանում էր իշխան Անդրեյի՝ ամեն տեսակ մարդկանց հետ հանգիստ վարվելու ընդունակության վրա, նրա անօրինակ հիշողության, շատ կսրդացած լինելու (նա ամեն ինչ կարդում էր, ամեն բան գիտեր, ամեն ինչի մասին հասկացողություն ուներ) և մանավանդ նրա աշխատելու և սովորելու ընդունակության վրա։ Եթե հաճախ Պիեռին զարմացնում էր այն, որ իշխան Անդրեյը զերծ է երազկոտ փիլիսոփայություն անելու հակումից (դեպի որն առանձնապես հակամետ էր Պիեռը), դա համարում էր ոչ թե պակասություն, այլ ուժ։

Ամենալավ, բարեկամական և պարզ հարաբերությունների մեջ անգամ շողոքորթությունն ու գովասանքը անհրաժեշտ են, ինչպես յուղը անիվներին, որպեսզի ճանապարհ կտրեն։

— Je suis un homme fini[103],— ասավ իշխան Անդրեյը,— ինչ կարիք կա իմ մասին խոսելու։ Արի խոսենք քո մասին,— ասավ նա, լռելով ու ժպտաlով իր մխիթարական մտքերի վրա։

Այդ ժպիտը նույն վայրկյանին անդրադարձավ Պիեռի դեմքին։

— Իմ մասին ի՞նչ խոսենք,— ասավ Պիեռը դեմքին անհոգ, ուրախ ժպիտ շինելով։ Ես ի՞նչ եմ որ։ Je suis un bâtard![104].— Եվ նա հանկարծ կարմրատակեց։ Նկատելի էր, որ նա այդ ասելու համար մեծ ջանք էր գործ դրել։— Sans nom, sans fortune[105]. Եվ իսկապես…— Նա չասավ, թե իսկապես ինչ։— Եվ առայժմ ազատ եմ, և ինձ լավ եմ զգում։ Միայն չգիտեմ, թե ինչ գործ անեմ։ Կուզեի լրջորեն խորհրդակցել ձեզ հետ։

Իշխան Անդրեյը բարի աչքերով նրան էր նայում։ Բայց նրա բարեկամական, սիրալիր հայացքի մեջ, այնուամենայնիվ, արտահայտվում էր իր գերազանցության գիտակցությունը։

— Ես քեզ սիրում եմ առանձնապես նրա համար, որովհետև դու միակ կենդանի մարդն ես մեր հասարակության մեջ։ Քո բանը լավ է։ Ընտրիր, ինչ ուզում ես. միևնույն է։ Դու քեզ ամեն տեղ լավ կզգաս, բայց մի բան. մի այցելիր այդ Սուրագիններին և թո՛ղ այդ կյանքը։ Այնպես չեն սազում քեզ այդ խրախճանքները, հուսարությունը և այլն…

— Que voulez-vous, mon cher ,— ասավ Պիեռը, ուսերը թոթվելով,— les femmes, mon cher, les femmes![106]

— Չեմ հասկանում,— պատասխանեց Անդրեյը։— Les femmes comme il faut[107], այդ այլ բան է, բայց Կուրագինի les femmes, les femmes et le vin[108], չեմ հասկանում։

Պիեռն ապրում Էր իշխան Վասիլի Կուրագինի տանը և մասնակցում էր նրա Անատոլ որդու զեղխ կյանքին, այն Անատոլի, որին ուղղելու համար պատրաստվում էին ամուսնացնել իշխան Անդրեյի քրոջ հետ։

— Գիտեք ինչ,— ասավ Պիեռը, կարծես մի անսպասելի գեղեցիկ միտք հղանալով,— ճիշտ. ես այդ վաղուց եմ մտածել։ Այս պայմաններում ես չեմ կարողանում որևէ բան ո՛չ որոշել, ո՛չ էլ խորհել։ Գլուխս ցավում է, դրամ էլ չկա։ Այսօր նորից կանչել է, բայց չեմ գնա։

— Ազնիվ խոսք տուր, որ այլևս չես գնա։

— Ազնի՛վ խոսք։

Գիշերվա ժամը երկուսն էր արդեն, երբ Պիեռը գնաց իր բարեկամի մոտից։ Հունիսյան գիշեր էր, Պետերբուրգի պայծառ գիշերներից մեկը։ Պիեռը կառք նստեց՝ տուն գնալու մտադրությամբ։ Բայց քանի մոտենում էր տանը, այնքան ավելի զգում էր, որ անհնարին է քնել այդ գիշեր, որ ավելի նման էր երեկոյի կամ առավոտի։ Ամայի փողոցները երևում էին մինչև հեռուները։ Ճամփին Պիեռը հիշեց, որ այդ երեկո Անատոլ Կուրագինի մոտ հավաքվելու էր թուղթ խաղացողների սովորական խումբը, որից հետո սովորաբար լինում էր կերուխում, որը վերջանում էր Պիեռի սիրած զվարճություններից մեկով։

«Լավ կլիներ Կուրագինի մոտ գնայի», մտածեց Պիեռը։

Սակայն անմիջապես հիշեց իշխան Անդրեյին տված ազնիվ խոսքը՝ էլ չգնալ Կուրագինի մոտ։ Բայց անմիջապես, ինչպես այդ հատուկ Է թուլամորթ կոչվող մարդկանց, նա բուռն ցանկություն ունեցավ մի անգամ ևս փորձել իրեն այնքան ծանոթ շվայտ կյանքը, ու վճռեց գնալ։ Եվ իսկույն մտածեց, որ տրված խոսքը նշանակություն չունի, որովհետև իշխան Անդրեյին խոսք տալուց առաջ, նա Անատոլին նույնպես խոսք էր տվել՝ լինել նրա մոտ. վերջապես մտածեց, որ բոլոր այդ ազնիվ խոսքերը այնպիսի պայմանական բաներ են, որ չունեն որևէ որոշ իմաստ, մանավանդ եթե մարդ մտածի, որ վաղն իսկ կարող է մեռնել կամ իրեն կարող է մի այնպիսի անսովոր բան պատահել, որ էլ ոչ ազնիվ խոսք կմնա, ոչ անազնիվ։ Իր վճիռներն ու ենթադրությունները ոչնչացնող այսպիսի դատողություններ հաճախ էին անցնում Պիեռի մտքով։ Նա գնաց Կուրագինի մոտ։

Հասնելով հեծգնդի զորանոցների մոտ գտնվող մի մեծ տան, ուր ապրում էր Անատոլը, Պիեռը, կառքից իջնելով, բարձրացավ այդ տան լուսավորված աստիճաններով, և բաց դռնից մտավ ներս։ Նախասենյակում ոչ ոք չկար, այդտեղ ընկած էին դատարկ շշեր, թիկնոցներ, կրկնակոշիկներ։ Գինու հոտ էր գալիս, հեռավոր խոսակցություն ու բացականչություններ էին լսվում։

Խաղերն ու ընթրիքը վերջացել էին արդեն, բայց հյուրերը դեռ չէին ցրվել։ Պիեռը թիկնոցը գցեց մի կողմ ու մտավ առաջին սենյակը, ուր կային ընթրիքի մնացորդներ և մի լաքեյ, որ կարծելով իրեն մարդ չի տեսնում, դատարկում էր կիսատ բաժակները։ Երրորդ սենյակից լսվում էին քաշքշոցի, քրքիջի ձայներ, ծանոթ բացականչություններ և արջի ոռնոց։ Ութ երիտասարդներ մտահոգ խմբվել էին բաց պատուհանի մոտ։ Երեք հոգի զբաղված էին մի ջահել արջուկով. դրանցից մեկը արջին շղթայով քաշելով՝ վախեցնում էր մյուսներին։

— Ստիվենսի կողմից տալիս եմ հարյուր,— կանչեց մեկը։

— Տես, օգնել չի կարելի,— գոչեց մյուսը։

— Ես Դոլոխովի կողմն եմ,— գոռաց երրորդը։— Կտրի՛ր, Կուրագին։

— Դե, արջը թողեք, այստեղ գրազ են գալիս։

— Մի շնչով, այլապես տարված է,— գոռում էր չորրորդը։

— Յա՛կով, մի շիշ բեր, Յա՛կով,— ձայն տվեց ինքը՝ գեղեցիկ, բարձրահասակ տանտերը, որ կուրծքը բաց, բարակ շապիկով կանգնել էր բազմության մեջ։— Սպասեցեք, պարոններ։ Ահա և Պետրուշան, սիրելի բարեկամս,— դարձավ նա Պիեռին։

Ուրիշ մի ոչ-բարձրահասակ, պայծառ կապույտ աչքերով մարդու ձայնը, որ բոլոր այդ գինովցած ձայների մեջ զարմացնում էր իր զգաստ արտահայտությամբ, կանչում էր պատուհանից. «Արի՛ այստեղ — գրազը կտրի»։ Դա Սեմյոնովյան գնդի սպա Դոլոխովն էր՝ հայտնի խաղամոլ ու մենամարտի սիրահար, որ ապրում էր Անատոլի հետ միասին։ Պիեռը, շուրջը նայելով, ուրախ ժպտաց։

— Բան չեմ հասկանում։ Ի՞նչ կա։

— Կացեք, սա հարբած չի։ Շիշը տուր,— ասավ Անատոլը և սեղանից բաժակը վերցնելով, մոտեցավ Պիեռին։

— Նախ և առաջ խմի՛ր։

Պիեռն սկսեց խմել բաժակ բաժակի ետևից, հոնքերի տակից նայելով հարբած հյուրերին, որոնք նորից խմբվեցին լուսամուտի մոտ, միևնույն ժամանակ ականջ դնելով նրանց խոսակցությանը։ Անատոլր գինի էր լցնում նրա բաժակը և պատմում, թե Դոլոխովը գրազ է բռնում այստեղ գտնվող անգլիացի ծովագնաց Ստիվենսի հետ, որ ինքը՝ Դոլոխովը երրորդ հարկի պատուհանում նստած և ոտները դեպի դուրս կախած մի շիշ ռոմ պիտի խմի։

— Դե բոլորը խմի՛ր,— ասավ Անատոլը, վերջին բաժակը Պիեռին տալով,— թե չէ բաց չեմ թողնի։

— Ոչ, չեմ ուզում,— ասավ Պիեռը և Անատոլին հրելով, մոտեցավ լուսամուտին։

Դոլոխովը անգլիացու ձեռը բռնած՝ պարզ ու որոշ թվում էր գրազի պայմանները, դիմելով գլխավորապես Անատոլին և Պիեռին։

Դոլոխովը միջահասակ մարգ էր՝ գանգրահեր ու պայծառ, կապույտ աչքերով։ Քսանուհինգ տարեկան էր։ Ինչպես բոլոր հետևակ սպաները՝ նա էլ բեղեր չէր պահում, և նրա բերանը, որ դեմքի ամենաաչքի ընկնող մասն էր, երևում էր ամբողջությամբ։ Այդ բերանի գծերը կորացած էին զարմանալի նրբությամբ։ Մեջտեղից՝ վերին շուրթը եռանդուն կերպով սեպաձև իջնում էր ներքին պինդ շուրթի վրա, և բերանի անկյուններում շարունակ երկու յուրատեսակ ժպիտներ էին գոյանում, յուրաքանչյուր կողում մեկը։ Եվ այդ բոլորը միասին, մանավանդ աչքերի հանդուգն, լպիրշ ու խելացի հայացքը, այնպիսի տպավորություն էր անում, որ չէր կարելի չնկատել այդ դեմքը։ Դոլոխովը հարուստ չէր, և կապեր էլ չուներ հասարակության մեջ։ Եվ չնայած որ Անատոլը տասնյակ հազարներ էր ծախսում, Դոլոխովը նրա հետ էր ապրում և կարողացել էր իրեն պահել այնպես, որ բոլոր նրանց ճանաչողները Դոլոխովին ավելի էին հարգում, քան Անատոլին։ Դոլոխովը խաղում էր ամեն խաղ և միշտ տանում էր։ Որքան էլ խմեր՝ մտքի պայծառությունը չէր կորցնում։ Թե՛ Կուրագինը, թե՛ Դոլոխովը այն ժամանակները հայտնի էին Պետերբուրգի կոնծաբանների և ստահակների աշխարհում։

Ռոմի շիշը բերել էին. շրջանակը, որ արգելում էր լուսամուտի դրսի կողմի թեքության վրա նստելու, սկսեցին պոկել երկու լաքեյ միասին, հայտնապես շտապելով ու շփոթվելով շրջապատող պարոնների խորհուրդներից ու գոչյուններից։

Անատոլին հաղթական տեսքով պատուհանին մոտեցավ։ Նա ուզում էր որևէ բան կոտրել։ Լաքեյներին մի կողմ հրելով՝ շրջանակը քաշեց դեպի իրեն, բայց շրջանակը մնաց տեղում, նա ջարդեց ապակին։

— Հապա, դու փորձիր, հսկա,— դարձավ նա Պիեռին։

Պիեռը ձեռը գցեց շրջանակի թեք ձողերին, ձիգ տվեց և ճռնչոցով տեղահան արավ կաղնյա շրջանակը։

— Ամբողջովին հանիր, թե չէ կկարծեն մի տեղից բռնել եմ,— ասավ Դոլոխովը։

— Անգլիացին պարծենում է… հա՞… լա՞վ է…— ասում էր Անատոլը։

— Լավ է,— ասավ Պիեռը, նայելով Դոլոխովին, որ ռոմի շիշը ձեռին մոտենում էր լուսամուտին, որտեղից երևում էին երկնքի վրա իրար ձուլվող վերջալույսն ու արշալույսը։

Դոլոխովը ռոմի շիշը ձեռին թռավ լուսամուտը։ «Լսեցե՛ք», գոչեց նա, լուսամուտի գոգին կանգնելով և սենյակում գտնվողներին դիմելով։ Բոլորը լռեցին։

— Ես գրազ եմ բռնում (նա խոսում էր ֆրանսերեն, որ անգլիացին հասկանա իրեն, և այնքան էլ լավ չէր խոսում այդ լեզվով)։ Գրազ եմ բռնում հիսուն ոսկով, ուզո՞ւմ եք հարյուր,— ավելացրեց նա, անգլիացուն դիմելով։

— Ոչ, հիսուն,— ասավ անգլիացին։

— Լավ, հիսուն ոսկով,— որ ես խմում եմ ռոմի շիշն ամբողջությամբ, մի շնչով, առանց բերնիցս հեռացնելու, խմում եմ՝ լուսամուտից դուրս նստած, ահա այս տեղում (նա կռացավ և ցույց տվեց լուսամուտի դրսի կողմի թեքությունը) առանց որևէ բանից բռնելու… Այդպե՞ս է…

— Շատ լավ,— ասավ անգլիացին։

Անատոլին դարձավ անգլիացուն և, նրա ֆռակի կոճակը բռնելով ու վերևից նրան նայելով (անգլիացին կարճահասակ էր), սկսեց անգլերեն կրկնել նրան գրազի պայմանները։

— Կա՛ց,— պոռաց Դոլոխովը, շշով պատուհանը թակելով, որ ուշադրություն դարձնեն իր վրա։— Կաց, Կուրագին, լսեցեք։ Եթե ուրիշ մեկն այս նույնն անի, ես տալիս եմ հարյուր ոսկի։ Հասկանո՞ւմ եք։

Անգլիացին գլխով արավ, առանց հասկացնելու, թե մտադի՞ր է արդյոք այս նոր գրազը բռնելու թե ոչ։ Անատոլն անգլիացուն չէր թողնում և, չնայած որ նա գլխի շարժումով հասկացնել տվեց, թե ըմբռնել է ամեն ինչ, Անատոլը Դոլոխովի խոսքերը թարգմանեց անգլերեն։ Մի նիհար, ջահել տղա, հուսար-սպա, որ այդ երեկո տանուլ էր տվել խաղի մեջ, լուսամուտը բարձրացավ, գլուխը հանեց ու նայեց ցած։

— Ո՜ւ… ո՛ւ… ո՛ւ…— բացականչեց նա, լուսամուտից ներքև մայթերը դիտելով։

— Հանդարտ,— պոռաց Դոլոխովը և պատուհանից քաշեց սպային, որը, խթաններն իրար խճողելով, անշնորհք կերպով թռավ սենյակը։

Շիշը դնելով լուսամուտի գոգին, որ վերցնելը հեշտ լինի, Դոլոխովն զգուշությամբ և կամացուկ մտավ լուսամուտի մեջ։ Ոտները կախելով և երկու ձեռքով լուսամուտի կողերը բռնելով՝ նա փորձեց հավասարակշռությունը, տեղավորվեց, ձեռները թողեց, շարժվեց դեպի աջ, դեպի ձախ ու շիշը վերցրեց։ Անատոլը բերեց երկու մոմ ու դրեց լուսամուտի գոգը, չնայած որ բոլորովին լույս էր արդեն։ Սպիտակ շապիկով Դոլոխովի մեջքը և գանգրահեր գլուխը լուսավորվեցին երկու կողմից։ Բոլորը խմբվեցին լուսամուտի մոտ։ Առջևը կանգնած էր անգլիացին։ Պիեռը ժպտում ու ոչինչ չէր ասում։ ներկաներից մեկը, որ մյուսներից ավելի տարիքով էր, վախեցած ու զայրացած դեմքով, առաջ անցավ հանկարծ և ուզեց բռնել Դոլոխովի շապկից։

— Պարոններ, այս հիմարություն է. մարդը կընկնի՝ կըմեռնի,— ասավ այդ ավելի խոհեմ մարդը։

Անատոլը կանգնեցրեց նրան։

— Ձեռ մի՛ տա. կվախեցնես՝ կընկնի-կմեռնի։ Հը՞… Այն ժամանակ ի՞նչ… Հը՞…

Դոլոխովը գլուխը դարձրեց, ուղղվելով ու ձեռներին հենված։

— Եթե մեկը նորից դեպի ինձ է եկել,— ասավ նա, բառերը հազիվ արտասանելով սեղմած ու նուրբ շրթերի արանքից,— ես նրան անմիջապես կիջեցնեմ այ այստեղ։ Դե՛…

«Դե՛» ասելով նա շուռ եկավ նորից, ձեռները թողեց, շիշը վերցրեց, մոտեցրեց բերանին, գլուխը ետ գցեց և ազատ ձեռը վեր բարձրացրեց հավասարակշռության համար։ Լաքեյներից մեկը, որ կոտրած ապակու կսարտանքներն էր հավաքում, կանգ առավ կռացած դիրքով, աչքերը չհեռացնելով լուսամուտից և Դոլոխովի մեջքից։ Անատոլը դիք կանգնել էր՝ աչքերը չռած։ Անգլիացին, շրթունքը դուրս գցած, նայում էր կողքանց։ Այն տարիքոտ սպան, որ ուզում էր արգելել այդ բանը, վազեց դեպի սենյակի անկյունը և պառկեց բազմոցին՝ երեսը պատին դարձրած։ Պիեռը երեսը ծածկել էր, և մի նվաղ, մոռացված ժպիտ մնացել էր նրա դեմքին, թեև այդ դեմքն արտահայտում էր ահ ու սարսափ։ Բոլորը լռեցին։ Պիեռը ձեռները հեռացրեց աչքերից. Դոլոխովը նստած էր նույն դիրքով, միայն գլուխն էր ետ թեքվել, այնպես որ ծոծրակի գանգուր մազերը դիպչում Էին շապկի օձիքին, և ձեռը շշի հետ միասին բարձրանում էր ավելի ու ավելի, դողդողալով ու ճիգ գործ դնելով։ Շիշն ըստ երևույթին դատարկվում էր և դրա հետ միասին բարձրանում, ծռելով Դոլոխովի գլուխը։ «Ինչո՞ւ այսպես երկար տևեց», մտածեց Պիեռը։ Նրան թվում էր, թե կես ժամից ավելի է անցել։ Հանկարծ Դոլոխովը մեջքով շարժում արավ դեպի ետ, և նրա ձեռը դողաց նյարդային դողով. այդ ցնցումր բավական էր, որ թեք մակարդակի վրա նստած մարմինը շարժվեր տեղից։ Նա ամբողջովին շարժվեց, և նրա ձեռներն ու գլուխը, ճիգեր թափելով, դողացին առաջվանից ավելի սաստիկ։ Ձեռի մեկը բարձրացավ լուսամուտի գոգից բռնելու, բայց նորից իջավ։ Պիեռը նորից աչքերը ծածկեց, որոշելով՝ էլ երբեք չբանալ։ Հանկարծ զգաց, որ շուրջը բոլորը շարժվեցին։ Նայեց. Դոլոխովը կանգնած էր լուսամուտի գոգին, դեմքը գունատ էր և ուրախ։

— Դատարկ է։

Նա շիշը նետեց անգլիացուն, որը ճարպկորեն բռնեց այն։ Դոլոխովը լուսամուտից ցած թռավ։ Նրանից ռոմի ուժեղ հոտ էր փչում։

— Հիանալի՜ էր։ Կեցցե՛ս։ Ա՛յ քեզ գրազ։ Գրողը ձեզ տանի,— լսվում էր ամեն կողմից։

Անգլիացին, քսակը հանելով, դրամը համրեց։ Դոլոխովը հոնքերը կիտեց և լուռ էր։ Պիեռը թռավ լուսամուտը։

— Պարոնա՛յք։ Ո՞վ է ուզում գրազ գալ ինձ հետ։ Ես էլ այդ կանեմ,— հանկարծ բացականչեց նա։— Գրազն էլ հարկավոր չի։ Հրամայի՝ մի շիշ բերեն։ Ես կանեմ… հրամայի՝ բերեն։

— Թող, թող,— ասավ Դոլոխովը ժպտալով։

— Ի՞նչ է պատահել քեզ. խելքդ թռցրե՞լ ևս։ Ո՞վ կթողնի։ Քո գլուխը սանդուղի վրա էլ պատվում է,— խոսեցին այս ու այն կողմից։

— Կխմեմ, մի շիշ ռոմ տվե՛ք,— բղավեց Պիեռը, վճռականորեն ու հարբած շարժումով սեղանին խփելով, և մտավ լուսամուտի մեջ։

Նրա ձեռները բռնեցին, բայց նա այնքան ուժեղ էր, որ հեոու էր հրում իրեն մոտեցողներին։

— Ոչ, դրան այդպես ոչ մի կերպ չես կարող կոտրել, ասավ Անատոլը,— կացեք, ես նրան կխաբեմ։ Ես գրազ եմ բռնում քեզ հետ, բայց վաղը, իսկ հիմա մենք բոլորս գնում ենք …-ի մոտ։

— Գնանք,— բացականչեց Պիեռը,— գնա՛նք… Արջն էլ տանենք հետներս…

Նա բռնեց արջին և, նրան գրկելով ու բարձրացնելով, սկսեց սենյակի մեջ պտույտներ անել։

VII

Իշխան Վասիլին՝ Աննա Պավլովնայի երեկույթում իշխանուհի Գրուբեցկայային տված խոստումը կատարեց, որ վերաբերում էր նրա միակ որդի Բորիսին։ Նրա մասին զեկուցվեց թագավորին, և նա, ոչ օրինակ այլոց, փոխադրվեց Սեմյոնովյան գնդի գվարդիան՝ վառակիրի պաշտոնով։ Բայց, չնայած Աննա Միխայլովնայի բոլոր ջանքերին ու դիմումներին, Բորիսն այնպես էլ չնշանակվեց Կուտուզովի այդուտանտ կամ նրա շտաբին կից։ Աննա Պավլովնայի երեկույթից հետո Աննա Միխայլովնան շուտով վերադարձավ Մոսկվա՝ ուղիղ իր հարուստ ազգական Ռոստովների տունը, ուր իջևանում էր Մոսկվա եղած միջոցին և ուր մանկությունից դաստիարակվել ու տարիներով ապրել էր իր պաշտելի Բորինկան, որ հենց նոր զինվորական էր դարձել և անմիջա պես գվարդիա փոխադրվել՝ իբրև, վառակիր։ Գվարդիան արդեն դուրս էր եկել Պետերբուրգից օգոստոսի 10-ին, և Բորիսը, որ մնացել էր Մոսկվայում զգեստավորվելու համար, զորքին պիտի հասներ Ռաձիվիլով տանող ճանապարհին։

Ռոստովների տանը, Նատալիայի տոնի առթիվ, մոր և կրտսեր աղջկա անվանակոչությունն էր տոնվում։ Առավոտից սկսած, անդադար, եռազույգ ձիերով լծված կառքեր էին գալիս ու գնում, շնորհավորողներ բերելով Ռոստովների մեծ, ամբողջ Մոսկվային հայտնի տունը, որ գտնվում էր Պովարսկայա փողոցի վրա։ Կոմսուհին իր մեծ սիրուն աղջկա և, մեկը մյուսին փոխարինող հյուրերի հետ, նստել էին հյուրասրահում։

Կոմսուհին նիհար դեմքով արևելյան տիպի կին էր, քառասունհինգ տարեկան, ըստ երևույթին մաշված՝ տասներկու երեխա բերելուց։ Շարժումների և խոսակցության դանդաղկոտությունը, որ առաջանում էր ուժասպառությունից, նրան տալիս էր մի պատկառելի տեսք, որ հարգանք էր ներշնչում։ Իշխանուհի Աննա Միխայլովնա Դրուբեցկայան, որպես տանու մարդ, այդտեղ նստած, օգնում էր հյուրեր ընդունելու և զրույցով զբաղեցնելու գործին։ Երիտասարդներն անցել էին ետևի սենյակներր, կարևոր չհամարելով մասնակցել այցելուներ ընդունելուն։ Կոմսը դիմավորում և ճանապարհ էր դնում հյուրերին, բոլորին էլ ճաշի հրավիրելով։

«Շատ և շատ շնորհակալ եմ, ma chère կամ mon cher (ma chère կամ mon çher նա ասում էր անխտիր բոլորին, բնավ տարբերություն չդնելով իրենից բարձր կամ ցած կանգնածների միջև) թե իմ և թե թանկագին անվանակոչյալների կողմից։ Բայց տեսեք ա՛յ, կգաք ճաշելու։ Դուք ինձ կվիրավորեք, mon cher։ Սրտանց խնդրում եմ ամբողջ ընտանիքի կողմից, ma chère»։ Լիքը, ուրախ և մաքուր ածիլած դեմքի միատեսակ արտահայտությամբ, ձեռների միատեսակ ամուր սեղմումով և գլխի թեթևակի խոնարհումներով այդ խոսքերն ասում էր բոլորին անխտիր, անփոփոխ կերպով։ Մի հյուրին ճամփա դնելով՝ կոմսը վերադառնում էր հյուրասրահում մնացած այր կամ կին հյուրի մոտ. բազկաթոռն առաջ քաշելով, լավ ապրել սիրող և ապրել իմացող մարդու տեսքով, աշխուժորեն ոտներն իրարից հեռու և ձեռները ծնկներին դնելով, նա օրորվում էր վեհորեն, գուշակություններ անում եղանակի մասին, խորհրդակցում առողջության մասին, երբեմն ռուսերենով, երբեմն շատ վատ, բայց ինքնավստահ ֆրանսերենով, և նորից հոգնած, բայց տղամարդու պարտականությունը կատարելու ամուր գիտակցությամբ, գնում էր ճամփու դնելու, ցանցառ մազերը ճաղատի վրա ուղղելով, և կրկին հրավիրում ճաշի։ Երբեմն նախասենյակից վերադառնալով, նա ծաղիկների և սպասավորների սենյակների միջից անցնելով, մտնում էր ընդարձակ մարմարյա դահլիճը, ուր սեղան էին պատրաստում ութսուն մարդու համար, և նայելով արծաթ ու հախճապակի բերող, սեղաններ սարքող և շերտավոր կտավի սփռոցներ փռող սպասավորներին, նա իր մոտ էր կանչում Դմիտրի Վասիլևիչին, իր բոլոր գործերը վարող ազնվականին, և ասում. «Դե՛, դե՛, Միտենկա, տես, ամեն բան լավ լինի։ Այդպես, այդպես,— ասում էր նա, բավականությամբ նայելով բացված ահագին սեղանին։— Գլխավորը սպասքավորումն է։ Այո»… Եվ նա ինքնագոհ հառաչելով՝ գնում էր նորից հյուրասրահ։

— Մարիա Լվովնա Կարագինան իր դստեր հետ,— թավ ձայնով հայտնեց կոմսուհու լաքելը, հյուրասրահի դռնից մտնելով։

Կոմսուհին մտածեց և հոտ քաշեց ամուսնու պատկերով զարդարված քթախոտի ոսկե տուփից։

— Հոգիս հանեցին այս այցելությունները,— ասավ նա։— Է՛հ, սա արդեն վերջինը կլինի։ Շատ մեծամիտն է ու չմահավան։ Խնդրի՛ր,— ասավ լաքեյին մի տխուր ձայնով, որ կարծես ասում էր. «Դե, արդեն հոգիս հանեցիք»։

Բարձրահասակ, գիրուկ, հպարտ տեսքով մի կին՝ իր կլորադեմ աղջկա հետ, զգեստների աղմուկով, մտան հյուրասրահ։

«Chère comtesse, il y a si longtemps… elle a été alitée la pauvre enfant… au bal des Razoumowsky… et la comtesse Apraksine… j’ai été si heureuse…[109]» լսվեցին կանացի աշխույժ, իրար ընդհատող ձայներ, խառնվելով զգեստների աղմուկին ու աթոռների շարժումին։ Սկսվեց մի խոսակցություն, որ տևում է այնքան, որ հենց առաջին ընգմիջումին վեր են կենում և, զգեստներով աղմկելով, ասում. «Je suis bien charmée; la santé de maman… et la comtesse Apraksine[110]», և, դարձյալ զգեստների աղմուկով, անցնում նախասենյակ, մուշտակ կամ թիկնոց հագնում ու մեկնում։ Խոսակցություն բացվեց քաղաքի այն ժամանսւկվա գլխավոր նորության — Եկատերինայի ժամանակի հայտնի հարուստ և գեղեցիկ ծերունի կոմս Բեզուխովի հիվանդության և նրա ապօրինի որդի Պիեռի մասին, որն իրեն այնպես անկարգ էր պահել Աննա Պավլովնա Շերերի երեկույթին։

— Ես շատ խղճում եմ ծերունի կոմսին,— ասավ հյուրը,— նրա առողջությունն առանց այն էլ վատ է, իսկ հիմա որդու պատճառած վիշտը կսպանի նրան։

— Ինչպե՞ս,— հարցրեց կոմսուհին, կարծես չգիտեր ինչի մասին է խոսում հյուրը, թեև տասնուհինգ անգամ արդեն լսել էր կոմս Բեզուխովի վշտի պատճառի մասին։

— Ահա այժմյան դաստիարակությունը,— ասաց հյուրը,— դեռ արտասահմանում այդ երիտասարդը թողնված է եղել ինքն իրեն, իսկ հիմա Պետերբուրգում, ասում են, այնպիսի սարսափելի բաներ է արել, որ ոստիկանությունը նրան արտաքսել է այնտեղից։

— Մի՜թե ,— ասավ կոմսուհին։

— Նա վատ ընկերներ է ընտրել,— միջամտեց իշխանուհի Աննա Միխայլովնան։— Իշխան Վասիլիի որդին, նա և մի ինչ-որ Դոլոխով, այդ երեքը, ասում են, սարսափելի բաներ են արել։ Եվ երկուսը պատժվել են. Դոլոխովին աստիճանազուրկ են արել և հասարակ զինվոր դարձրել, Բեզուխովի որդուն աքսորել են Մոսկվա։ Իսկ Անատոլի Կուրագինին — հայրն ազատել է մի կերպ։ Բայց և այնպես արտաքսել են Պետերբուրգից։

— Բայց ի՞նչ են արել,— հարցրեց կոմսուհին։

— Դրանք կատարյալ ավազակներ են, մանավանդ Դոլոխովը,— ասում էր հյուրը։— Նա Մարիա Իվանովնա Դոլոխովայի որդին է, այդպիսի մի հարգելի կնոջ որդի և ի՜նչ… Կարող եք երևակայել, դրանք երեքով ձեռք են բերում մի արջ, նստեցնում են կառեթ և տանում դերասանուհիների մոտ։ Ոստիկանությունը վրա է հասնում դրանց զսպելու։ Դրանք բռնում են ոստիկանական թաղապետին և մեջքը կապում արջի մեջքին ու թողնում Մոյկայի մեջ, արջը լողում է, իսկ թաղապետը նրա վրա։

— Հետաքրքրական կերպարանք կունենար թաղապետը, ma chère,— բացականչեց կոմսը, ծիծաղից թուլանալով։

— Ախ, ինչ սարսափելի՜ է։ Այստեղ ծիծաղելու ի՞նչ կա։ կոմս։

Բայց կանայք իրենք էլ ակամա ծիծաղեցին։

— Հազիվ են կարողանում այդ թշվառին փրկել, շարունակեց հյուրը։— Եվ դա կոմս Կիրիլ Վլադիմիրովիչ Բեզուխովի որդին է այդպես խելացի զվարճանում,— ավելացրեց նա։— Բայց ասում են, թե շատ կրթված ու խելոք մարդ է։ Ահա արտասահմանի կրությունն ո՛ւր հասցրեց։ Հույս ունեմ, որ նրան այստեղ ոչ ոք չի ընդունի, չնայած իր հարստության։ Ուզեցին ծանոթացնել ինձ։ Կտրականապես հրաժարվեցի. աղջիկների տեր եմ։

— Ինչո՞ւ համար եք ասում, թե այդ երիտասարդն այնքան հարուստ է,— հարցրեց կոմսուհին, մի կողմ թեքվելով աղջիկներից, որոնք անմիջապես ձևացրին, թե չեն լսում։— Չէ՞ որ կոմսը միայն ապօրինի զավակներ ունի։ Կարծեմ… այդ Պիեռն էլ ապօրինի է։

Հյուրը ձեռը թափ տվեց։

— Նա, կարծեմ, քսան ապօրինի զավակ ունի։

Իշխանուհի Աննա Միխայլովնան խառնվեց խոսակցության, ըստ երևույթին, կամենալով ցույց տալ իր կապերը և բարձր շրջանի բոլոր հանգամանքների մասին ունեցած իր տեղյակությունը։

— Ահա բանն ինչումն է,— ասավ նա խորհրդավորությամբ և նույնպես կիսաշշուկով։— Կոմս Կիրիլ Վլադիմիրովիչի համբավը հայտնի է… Նա իր զավակների հաշիվն էլ մոռացել է, բայց այդ Պիեռը նրա սիրելին էր։

— Որքա՜ն լավն էր ծերուկը,— ասավ կոմսուհին,— դեռ անցյալ տարի։ Ավելի գեղեցիկ տղամարդ չեմ տեսել։

— Հիմա շատ է փոխվել,— ասավ Աննա Միխայլովնան։— Հա, ես ուզում էի ասել, շարունակեց նա,— որ կնոջ կողմից նրա կալվածների անմիջական ժառանգն իշխան Վասիլին է, բայց հայրը Պիեռին շատ էր սիրում, զբաղվեց նրա դաստիարակությամբ և գրեց թագավորին… այնպես որ ոչ ոք չգիտե, եթե մեռնի (նա այնքան վատ է, որ յուրաքանչյուր վայրկյան սպասում են այդ բանին, և Lorrain եկավ Պետերբուրգից) ո՛ւմ է մնալու այդ ահագին կարողությունը, Պիեռի՞ն թե իշխան Վասիլիին։ Քառասուն հազար ճորտ և միլիոններ։ Ես այդ լավ գիտեմ, որովհետև ինքը, իշխան Վասիլին է ինձ ասել։ Բացի դրանից՝ Կիրիլ Վլադիմիրովիչն ինձ՝ մորս կողմից՝ քեռի է գալիս երրորդ պորտով։ Բորիսիս կնքահայրն էլ նա է եղել,— ավելացրեց նա, կարծես այդ հանգամանքին ոչ մի նշանակություն չտալով։

— Իշխան Վասիլին երեկ եկել է Մոսկվա։ Ինձ ասին, թե վերաքննության գործով է գնում,— ասավ հյուրը։

— Այո, բայց, entre nous[111] ,— ասավ իշխանուհին,— դա պատրվակ է. նա եկել է իսկապես կոմս Կիրիլ Վլադիմիրովի չի մոտ, լսելով, որ նա այդքան վատ է։

— Սակայն, ma chère, դա հիանալի բան է,— ասավ կոմսը, նկատելով, որ հյուրն իրեն չի լսում, դիմեց արդեն օրիորդներին։— Հետաքրքրական կերպարանք կունենար այդ թաղապետը, երևակայում եմ։

Եվ նա, երևակայելով, թե ինչպես թաղապետը ձեռները կթափահարեր, նորից քրքջաց իր զիլ ու թավ ծիծաղով, որ ցնցում էր նրա ամբողջ մարմինը. այդպես ծիծաղում են միշտ լավ կերած և լավ խմած մարդիկ։— Այդպես, խնդրում եմ, գալ ճաշի,— ասավ նա։

VIII

Լռություն տիրեց։ Կոմսուհին նայում էր հյուրին հաճելիորեն ժպտալով, ասենք, չթաքցնելով և այն, թե ինքն այժմ բնավ չի վշտանա, եթե հյուրը վեր կենա ու գնա։ Հյուրի աղջիկը զգեստներն ուղղում էր արդեն, հարցականորեն մորը նայելով, երբ հանկարծ հարևան սենյակից մի քանի տղամարդկային ու կանացի ոտքերի վազք, ընկնող աթոռի դղրդոց լսվեց, և վազեվազ սենյակ մտավ մի տասներեք տարեկան աղջիկ, կարճ կիսեյի շրջազգեստով ինչ-որ բան ծածկելով, ու կանգ առավ սենյակի մեջտեղը։ Նկատելի էր, որ նա ուժեղ վազքից պատահաբար հասել էր այսքան հեռու։ Նույն վայրկյանին դռան մեջ երևացին մոռագույն օձիքով մի ուսանող, գվարդիական մի սպա, մի տասնուհինգ տարեկան աղջիկ և հաստլիկ կարմրաթուշ մի տղա՝ մանկական բաճկոնակով։

Կոմսը վեր թռավ և, օրորվելով, ձեռները լայն տարածեց վազող աղջկա շուրջը։

— Ահա և ինքը,— ծիծաղելով ասավ նա։— Անվանակոչյալը։ Ma chère անվանակոչյալս։

— Ma chère, il y a un temps pour tout[112],— ասավ կոմսուհին խիստ ձևանալով։— Դու շարունակ երես ես տալիս դրան, Elle,— ավելացրեց նա մարդուն դառնալով։

— Bonjour, ma chère, je vous félicite[113],— ասավ հյուրը։— Quelle délicieuse enfant![114]— ավելացրեց նա, մորը դիմելով։

Սևաչյա, մեծ բերանով, տգեղ, բայց աշխույժ աղջիկը՝ իր մանկական բաց ուսերով, որոնք արագ վազքից շարժվում էին իրենց սեղմող կորսաժի մեջ, իր ետև ընկած սև խոպոպներով, բարակ մերկ ձեռներով և ժանեկավոր վարտիքի ու բաց կոշիկների մեջ եղած փոքրիկ ոտներով այն հաճելի հասակումն էր, երբ աղջիկն արդեն երեխա չի, իսկ երեխան դեռ աղջիկ չի։ Հոր ձեռներից դուրս պրծնելով՝ նա վազեց դեպի մայրը և, ոչ մի ուշադրություն չդարձնելով նրա խիստ նկատողության, իր կաս-կարմիր դեմքը թաքցրեց մոր ժանեկավոր կրկնոցի մեջ ու ծիծաղեց։ Նա ծիծաղում էր ինչ-որ բանի վրա, կցկտուր խոսում տիկնիկի մասին, որ հանել էր շրջազգեստի տակից։

— Տեսնո՞ւմ եք… Տիկնիկ… Միմի… Տեսնո՞ւմ եք։

Եվ Նատաշան այլևս չկարողացավ խոսել (նրան ամեն բան թվում էր ծիծաղելի)։ Նա ընկավ մոր վրա ու քրքջաց այնպես բարձր ու հնչուն ձայնով, որ բոլորը, անգամ փքված հյուրը, ծիծաղեցին ակամա։

— Դե գնա՛, գնա՛ այդ այլանդակ տիկնիկիդ հետ,— ասավ մայրը կեղծ բարկությամբ աղջկանը հրելով։— Սա կրտսեր աղջիկս է,— դարձավ նա հյուրին։

Նատաշան մի վայրկյան դեմքը պոկեց մոր ժանեկավոր զգեստից, ներքևից ծիծաղի արցունքների միջից նայեց նրան ու նորից դեմքը թաքցրեց։

Հյուրը հարկադրված լինելով հրճվելու ընտանեկան այս տեսարանով, կարևոր համարեց որևէ կերպ մասնակցել։

— Ասացեք, սիրելիս,— ասավ նա, դիմելով Նատշային,— այդ Միմին քո ի՞նչն է։ Աղջի՞կը, երևի։

Նատաշային դուր չեկավ մանկական ձևով խոսելու այդ եղանակը, որով հյուրը դիմեց իրեն։ Ոչինչ չպատասխանեց և լրջորեն հյուրին նայեց։

Մինչդեռ ամբողջ այդ երիտասարդ սերունդը՝ սպա Բորիսը — իշխանուհի Աննա Միխայլովնայի որդին, ուսանող Նիկոլայը — կոմսի ավագ որդին, Սոնյան — կոմսի տասնուհինգամյա ազգականուհին և կոմսի կրտսեր որդի Պետրուշան,— բոլորը տեղավորվեցին հյուրասրահում և, ըստ երևույթին աշխատում էին վայելչության սահմաններում պահել իրենց աշխույժն ու ուրախությունը, որ արտահայտում էր տակավին նրանց յուրաքանչյուր դիմագիծը։ Նկատելի էր, որ այնտեղ, հետին սենյակներում, որտեղից եկան նրանք այդպիսի թափով, ավելի ուրախ խոսակցություն էին ունեցել, քան այստեղի խոսակցությունը՝ քաղաքի բամբասանքների, եղանակի ու comtesse Apraksine-ի մասին։ Երբեմն-երբեմն իրար էին նայում և ծիծաղները հազիվ զսպում։

Երկու երիտասարդները՝ ուսանողն ու սպան, մանկության ընկերներ էին, հասակակից և երկուսն էլ գեղեցիկ, բայց նման չէին իրար։ Բորիսը բարձրահասակ խարտյաշ պատանի էր՝ հանգիստ ու գեղեցիկ դեմքի նուրբ, ուղիղ գծերով. Նիկոլայը միջահասակ գանգրահեր երիտասարդ էր՝ դեմքի պայծառ արտահայտությամբ։ Նրա վերին շուրթի վրա արդեն սև մազեր էին բուսել, և ամբողջ դեմքն արտահայտում էր ուժ և խանդավառություն։ Նիկոլայը հյուրասրահ մտնելուն պես կարմրեց։ Նկատելի էր, որ ասելու բան էր փնտրում, բայց չէր գտնում. Բորիսն, ընդհակառակը, անմիջապես գտավ և սկսեց հանգիստ, հանաքով պատմել, թե ինչպես այդ Միմի-տիկնիկին ճանաչում է դեռ ջահել աղջիկ եղած ժամանակ, երբ քիթը դեռ չէր փչացել, թե ինչպես հինգ տարվա մեջ տիկնիկը պառավել է և գանգը ճեղքվել է ամբողջապես։ Այս ասելով՝ Նատաշային նայեց։ Նատաշան երեսը շրջեց, նայեց կրտսեր եղբորը, որ աչքերը կուչ ածած՝ ցնցվում էր անձայն ծիծաղից, ու այլևս անկարող լինելով իրեն զսպել, ծուլ եղավ ու փախավ սենյակից այնպիսի արագությամբ, որքան կարող էին ներել իր արագավազ ոտները։ Բորիսը չծիծաղեց։

— Դուք, կարծեմ, նույնպես ոպում էիք մեկնել maman? Կառեթը պե՞տք է,— ասավ նա ժպտերես, մորը դիմելով։

— Այո, գնա, կարգադրիր պատրաստեն,— ասավ մայրը ժպտալով։

Բորիսը դուրս եկավ կամաց ու գնաց Նատաշայի ետևից, հաստլիկ տղան բարկացած վազեց նրա ետևից, կարծես զայրանալով իր զբաղումների մեջ տեղի ունեցած անկարգության վրա։

IX

Երիտասարդներից, չհաշվելով կոմսուհու մեծ աղջկան (որը չորս տարով մեծ էր քրոջից և իրեն պահում էր արդեն որպես մեծ) և հյուր-օրիորդին,— հյուրասրահում մնացին Նիկոլայն ու ազգականուհին — Սոնյան։ Սոնյան բարալիկ, նուրբ, թխահեր աղջիկ էր՝ երկար թարթիչներով ստվերավորված քնքուշ հայացքով, գլխի շուրջը երկու անգամ պատ տված հաստ սև հյուսով, և երեսի, մանավանդ մերկ նիհար, բայց հրապուրիչ մկանուտ թևերի ու պարանոցի դեղնավուն մորթով։ Շարժումների նազելիությամբ, մանր անդամների նրբությամբ ու ճկունությամբ և փոքր-ինչ խորամանկ ու զուսպ ձևերով նա հիշեցնում էր գեղեցիկ, բայց տակավին չկազմակերպված կատվիկ, որ հիանալի կատու դառնալու ապագա է խոստանում։ Նա ըստ երևույթին պատշաճավոր էր համարում ժպիտով մասնակցել ընդհանուր զրույցին, բայց՝ հակառակ կամքի, նրա աչքերը երկար, խիտ թարթիչների տակից բանակ մեկնող cousin-ին նայում էին կուսական այնպիսի բուռն հափշտակությամբ, որ նրա ժպիտը վայրկյան անգամ չէր կարող խաբել ոչ ոքի, և երևում էր, որ կատվիկը նստել է միայն նրա համար, որպեսզի էլ ավելի եռանդով ցատկի ու խաղա իր cousin-ի հետ, հենց որ իրենք էլ, Բորիսի ու Նատաշայի նման, դուրս կգան հյուրասրահից։

— Այո, ma chère,— ասավ ծեր կոմսը՝ դառնալով հյուրին, իր Նիկոլային ցույց տալով։— Նրա բարեկամ Բորիսն ահա սպա է դարձել, և Նիկոլայն իբրև ընկեր չի ուզում ետ մնալ նրանից. թողնում է թե՛ համալսարանը, թե՛ ինձ՝ ծերունուս. գնում է զինվորական ծառայության, ma chère։ Իսկ նրա համար արխիվում արդեն պաշտոնը պատրաստ էր, և այլն։ Ահա ինչ բան է բարեկամությունը,— ասավ կոմսը հարցականորեն։

— Բայց չէ որ պատերազմն, ասում են, հայտարարված է,— ասավ հյուրը։

— Վաղուց են ասում,— ասավ կոմսը։— Դարձյալ կասեն, կասեն ու այդպես էլ կթողնեն։ Ma chère, այ բարեկամությո՜ւնը,— կրկնեց նա։— Նա մտնում է հուսարական գունդը։

Հյուրը չիմանալով ինչ ասել, գլուխն օրորեց։

— Բոլորովին էլ բարեկամության համար չէ,— պատասխանեց Նիկոլայը կարմրելով և կարծես ամոթալի մի ամբաստանությունից պաշտպանվելով։— Բոլորովին էլ բարեկամություն չի, այլ պարզապես զինվորական ծառայության կոչում եմ զգում։

Նա նայեց քուզենին և հյուր-օրիորդին. երկուսն էլ նրան էին նայում հավանության ժպիտով։

— Այսօր մեզ մոտ ճաշելու է Շուբերտը, Պավլոգրադյան հուսարական գնդի գնդապետը։ Նա արձակուրդով եկել է Մոսկվա և Նիկոլային տանում է հետը։ Ի՜նչ արած,— ասավ կոմսը, ուսերը թոթվելով և կատակի տալով մի բան, որը, ըստ երևույթին, նրան շատ վիշտ էր պատճառել։

— Ես արդեն ձեզ ասել եմ, հայրիկ,— ասավ Նիկոլայը,— որ եթե չեք ուզում ինձ թողնել, կմնամ։ Բայց գիտեմ, որ ոչ մի բանի պիտանի չեմ, բացի զինվորական ծառայությունից. ես ոչ դիվանագետ եմ, ոչ էլ չինովնիկ. զգացածս չեմ կարող թաքցնել,— ասում էր նա ու շարունակ շահել մարդու կոկետությամբ նայում Սոնյային ու հյուր-օրիորդին։

Կատվիկը աչքերը նրան սևեռած, թվում էր ամեն վայրկյան պատրաստ է խաղալ և ցույց տալ իր կատվային ամբողջ բնավորությունը։

— Դե՛, դե՛, լավ,— ասավ ծերունի կոմսը,— միշտ տաքանում է։ Բոլորին Բոնապարտն է խենթացրել. բոլորը մտածում են, թե այդ ինչպես նա տեղակալությունից (պորուչիկ) կայսր դարձավ։ Էհ, աստված տա,— ավելացրեց նա, չնկատելով հյուրի հեգնական ժպիտը։ Մեծերը խոսեցին Բոնապարտի մասին։ Ժյուլին՝ Կարագինայի դուստրը, դարձավ երիտասարդ Ռոստովին։

— Ափսոս, որ հինգշաբթի օրը չէիք եկել Արխարովների մոտ։ Առանց ձեզ ձանձրանում էի,— ասավ նա քնքշորեն ժպտալով։

Շոյված երիտասարդը՝ ջահելության կոկետ ժպիտով ավելի մոտ նստեց նրան և առանձին զրույց սկսեց ժպտերես Ժյուլիի հետ, չնկատելով բնավ, որ իր ակամա ժպիտը խանդի դանակով կտրում էր կարմրատակած և առերես ժպտացող Սոնյայի սիրտը։ Խոսակցության կեսին Նիկոլայը նրան նայեց։ Սոնյան բուռն զայրույթով մի հայացք գցեց նրա վրա և արցունքն աչքերում և շինծու ժպիտը շուրթերին հազիվ պահելով, վեր կացավ ու դուրս ելավ սենյակից։ Նիկոլայի ամբողջ աշխույժը կորավ։ Նա սպասեց խոսակցության առաջին ընդմիջումին և հուզված դեմքով դուրս եկավ սենյակից՝ Սոնյային փնտրելու։

— Ինչպես բոլոր այս երիտասարդների գաղտնիքները սպիտակ թելերով են կարված,— ասավ Աննա Միխայլովնան, ցույց տալով դուրս ելնող Նիկոլային։— Cousinage dangereux voisinage[115],— ավելացրեց նա։

— Այո,— ասավ կոմսուհին նրանից հետո, երբ արևի ճառագայթը, որ երիտասարդ սերնդի հետ միաժամանակ հյուրասրահ էր մտել, չքացավ, և կարծես պատասխանելով մի հարցի, որ ոչ ոք իրեն չէր տվել, բայց որը սակայն միշտ զբաղեցնում էր իրեն։— Որքան տանջանք, որքան անհանգստություն ենք կրել, որպեսզի այժմ ուրախանանք դրանցով։ Իսկ հիմա էլ, ճիշտն ասած, ավելի երկյուղ ենք զգում, քան ուրախություն։ Մի՜շտ վախենում ես, շարունա՜կ վախենում ես։ Հենց այն տարիքումն են, երբ վտանգներն այնքան շատ են թե աղջիկների և թե տղաների համար։

— Ամեն ինչ դաստիարակությունից է կախված,— ասավ հյուրը։

— Այո, դուք իրավացի եք,— շարունակեց կոմսուհին։— Ես մինչև այժմ, փառք աստծո, եղել եմ զավակներիս բարեկամը և վայելում եմ նրանց լիակատար վստահությունը,— ասավ կոմսուհին, կրկնելով շատ ծնողների այն մոլորությունը, որ կարծում են, թե զավակները գաղտնիք չունեն իրենցից։— Գիտեմ, որ ես միշտ աղջիկներիս առաջին confidente[116] կլինեմ, և որ Նիկոլենկան, իր կրակոտ բնավորությամբ, եթե չարություններ էլ անի (տղան առանց դրան չի լինի), այնպես չի անի, ինչպես Պետերբուրգի այդ պարոնները։

— Այո, հիանալի, հիանալի երեխաներ են,— հաստատեց կոմսը, իրեն համար խճճված հարցերը միշտ լուծելով նրանով, որ ամեն ինչ գտնում էր հիանալի։— Ահավասիկ, ուզեց հուսար դառնալ։ Էլ ինչ եք ուզում, ma chère!

— Ի՜նչ սքանչելի էակ է ձեր կրտսեր աղջիկը,— ասավ հյուրը։— Կրակի կտոր է։

— Այո կրակի կտոր,— ասավ կոմսը։— Ինձ է քաշել։ եվ ի՜նչ ձայն ունի. թեև աղջիկս է, բայց ճիշտը կասեմ, երգչուհի է դառնալու։ Մի նոր Սալոմոնի։ Իտալացի վարձեցինք, որ սովորեցնի։

— Արդյոք շո՞ւտ չի։ Ասում են՝ այդ հասակում սովորելը ձայնի համար վտանգավոր է։

— Օ՜, ոչ, ինչու է շուտ,— ասավ կոմսը։— Հապա ինչպե՞ս էին մեր մայրերը տասերկու-տասերեք տարեկան հասակում ամուսնանում։

— Նա հենց հիմա էլ սիրահարված է Բորիսի վրա։ Ինչպե՞ս եք հավանում,— ասավ կոմսուհին, հանդարտ ժպտալով, Բորիսի մորը նայելով և, ըստ երևույթին, իրեն շարունակ զբաղեցնող մտքին պատասխանելով, ավելացրեց։— Այ, տեսնում եք, եթե ես Նատաշային խիստ պահեի, արգելեի… աստված գիտի, ինչե՜ր կարող էին անել նրանք ծածուկ (կոմսուհին մտածում էր, որ նրանք կհամբուրվեին), բայց հիմա ես գիտեմ Նատաշայի յուրաքանչյուր խոսքը։ Նա ինքը երեկոյան կվազի և ամեն ինչ կպատմի ինձ։ Ես, գուցե, երես եմ տալիս նրան, բայց, ճիշտն ասած, դա, կարծես, ավելի լավ է։ Մեծին ես խիստ եմ պահել։

— Այո, ինձ բոլորովին այլ կերպ են դաստիարակել,— ասավ մեծը, գեղեցիկ կոմսուհի Վերան, ժպտալով։

Բայց ժպիտը չգեղեցկացրեց Վերայի դեմքը, ինչպես այդ սովորաբար լինում է. ընդհակառակը, նրա դեմքը անբնական տեսք ընդունեց և դրանից տհաճ դարձավ։ Մեծը՝ Վերան՝ լավն էր, խելացի, սքանչելի սովորում էր, լավ դաստիարակված էր, ձայնը դուրեկան էր. այն, ինչ ասավ, ճիշտ էր և տեղին, բայց, տարօրինակ բան, բոլորը՝ թե՛ հյուրը, թե՛ կոմսուհին, նրան նայեցին ու կարծես զարմացան, թե ինչու ասավ նա այդ խոսքերը, ու անհարմարություն զգացին։

— Անդրանիկ երեխաներին կրթելիս միշտ խելքներին զոռ են տալիս, ուզում են նրանց ինչ-որ անսովոր բան դարձնել,— ասավ հյուրը։

— Մեղքս ի՜նչ թաքցնեմ, ma chère։ Կոմսուհին այդպես է եղել Վերայի հետ,— ասավ կոմսը։— Եվ ի՜նչ. այնուամենայնիվ հիանալի աղջիկ դարձավ,— ավելացրեց նա, խրախուսանքով աչքով անելով Վերային։

Հյուրերը վեր կացան ու մեկնեցին, խոստանալով ճաշին գալ։

— Սա ի՜նչ բան է։ Նստեցի՜ն ու նստեցի՜ն,— ասավ կոմսուհին՝ հյուրերին ճանապարհելուց հետո։

X

Երբ Նատաշան դուրս եկավ հյուրասրահից, նա վազեց մինչև ծաղկասենյակը միայն։ Այդ սենյակում նա կանգ առավ, ականջ դնելով հյուրասրահի զրույցին և սպասելով Բորիսի դուրս գալուն։ Անհամբերություն էր զգում արդեն ու, ոտով հատակը դոփելով, քիչ էր մնում արտասվեր, որ նա անմիջապես չհետևեց իրեն, երբ լսվեց երիտասարդի ոչ հանդարտ, ոչ էլ արագ, բայց վայելուչ քայլերի ձայնը։ Նատաշան իսկույն նետվեց ծաղկի թաղարների արանքն ու թաքնվեց։

Բորիսը կանգնեց սենյակի մեջտեղը, շուրջը նայեց, թափ տվեց մունդիրի վրա եղած փոշին և, հայելուն մոտենալով, դիտեց իր սիրուն դեմքը։ Նատաշան, շունչը պահած, նայում էր իր թաքստոցից, սպասելով, թե Բորիսն ի՛նչ է անելու։ Նա մի առ ժամանակ կանգնեց հայելու առաջ, ժպտաց ու գնաց դեպի ելքի դուռը։ Նատաշան ուզեց ձայն տալ, բայց փոշմանեց. «Թող փնտրի», ասավ ինքն իրեն։ Հենց որ Բորիսը դուրս եկավ, մյուս դռնից ներս մտավ կաս-կար միր կտրած Սոնյան՝ արտասվելով ու զայրացած ինչ-որ բան շշնջաց։ Նատաշան քիչ մնաց վազի նրա մոտ, բայց զսպեց իրեն, ու մնաց իր թաքստոցում, ինչպես հեքիաթի աներևույթացնող գլխարկի տակ, դիտելով, թե ինչ է կատարվում շուրջը։ Նա մի նոր, առանձին հաճույք էր զգում։ Սոնյան շշնջում էր ինչ-որ ու նայում դեպի հյուրասրահի դուռը։ Դուռը բացվեց և ներս մտավ Նիկոլայը։

— Սո՛նյա։ Ի՞նչ է պատահել քեզ։ Այդպես կանե՞ն,— ասավ Նիկոլայը, նրա մոտ վազելով։

— Ոչինչ, ոչինչ, թողե՛ք ինձ։— Սոնյան հեկեկաց։

— Ոչ, ես գիտեմ պատճառը։

— Եթե գիտեք՝ ավելի լավ. գնացեք նրա մոտ։

— Սո՜ոնյա։ Մի խոսք միայն։ Ինչո՞ւ ես տանջում ինձ ու քեզ ինչ-որ երևակայած բանի համար,— ասավ Նիկոլայը, նրա ձեռքը բռնելով։

Սոնյան ձեռը չխլեց նրանից և լացը դադարեցրեց։

Նատաշան, անշարժ ու շունչը պահած, փայլուն աչքերով նայում էր իր թաքստոցից։ «Հիմի ի՞նչ է լինելու», մտածում էր նա։

— Սոնյա՛։ Ամբողջ աշխարհը ինձ համար ոչինչ է։ Դու մենակ ամեն ինչ ես ինձ համար,— ասում էր Նիկոլայը։— Ես կապացուցեմ այդ։

— Չեմ սիրում, երբ այդպես ես խոսում։

— Դե՛, էլ չեմ խոսի, դե՛, ներիր, Սոնյա։— Նիկոլայը նրան քաշեց դեպի իրեն ու համբուրեց։

«Ա՜հ, ի՜նչ լավ է», մտածեց Նատաշան, և երբ Սոնյան ու Նիկոլայը դուրս եկան սենյակից, նա գնաց նրանց ետևից ու Բորիսին կանչեց իր մոտ։

— Բորիս, եկեք այստեղ,— ասավ նա խորհրդավոր, խորամանկ տեսքով։— Ես քեզ մի բան պիտի ասեմ։ Այստեղ, այստեղ արի,— ասավ նա, Բորիսին տանելով ծաղկի թաղարների արանքը, ուր ինքը թաքնվել էր։ Բորիսը, ժպիտն երեսին, հետևում էր նրան։

— Այդ ի՞նչ բան է,— հարցրեց նա։

Նատաշան շփոթվեց, շուրջը նայեց և, տեսնելով ծաղկամանի վրա ընկած տիկնիկը, վերցրեց այն։

— Համբուրիր տիկնիկին,— ասավ նա։

Բորիսն ուշադիր, սիրալիր նայեց նրա աշխուժացած դեմքին ու ոչինչ չպատասխանեց։

— Չե՞ք ուզում։ Դե, եկեք այստեղ,— ասավ նա, ավելի խորանալով ծաղիկների մեջ ու տիկնիկը նետեց։ Մոտ եկեք, ավելի մոտ,— շշնջաց նա, ու ձեռներով բռնեց սպայի թևածալքը։ Նատաշայի շիկնած դեմքն արտահայտում էր հանդիսավորություն ու երկյուղ։

— Իսկ ինձ կուզե՞ք համբուրել,— շշնջաց նա հազիվ լսելի ձայնով, հոնքերի տակից նրան նայելով, ժպտալով և հուզումից, արցունքները հազիվ զսպելով։

Բորիսը կարմրեց։

— Ի՜նչ ծիծաղելի եք,— ասավ նա, դեպի Նատաշան թեքվելով, էլ ավելի կարմրելով, բայց ոչինչ չձեռնարկելով ու սպասելով։

Նատաշան հանկարծ թռավ-կանգնեց փայտե ծաղկամանի վրա, այնպես որ բարձրացավ Բորիսից, երկու ձեռով գրկեց նրան, այնպես որ մերկ բազուկները միացան նրա պարանոցից վերև ու, գլխի շարժումով մազերը ետ գցելով, համբուրեց ուղղակի նրա շուրթերը։

Նա ծաղկամանների արանքով անցավ ծաղիկների մյուս կողմը և, գլուխն իջացնելով, կանգ առավ։

— Նատաշա,— ասավ Բորիսը,— դուք գիտեք, որ ձեզ սիրում եմ, բայց…

— Դուք սիրահարվա՞ծ եք ինձ վրա,— ընդհատեց Նատաշան։

— Այո, սիրահարված եմ, բայց, խնդրեմ, էլ չանեք այն, ինչ այժմ… Դեռ մի չորս տարի էլ… Այն ժամանակ ես խնդրելու եմ քո ձեռը։

Նատաշան մտածեց։

— Տասներեք, տասչորս, տասնուհինգ, տասնվեց…— ասավ նա բարակ մատների վրա հաշվելով։— Լավ։ Ուրեմն վերջացա՞ծ է։

Եվ ուրախության ու հանգստության ժպիտը լուսավորեց նրա աշխուժացած դեմքը։

— Վերջացա՛ծ է,— ասավ Բորիսը։

— Ընդմի՞շտ,— ասավ Նատաշան։— Մինչև մա՞հ։

Եվ, Բորիսին թևանցուկ անելով, երջանիկ դեմքով ու հանդարտ քայլերով նրա հետ միասին գնաց բազմոցարան։

XI

Կոմսուհին այնպես էր հոգնել այցելություններից, որ կարգադրել էր այլևս ոչ ոքի չընդունել, և բարապանին հրամայել էր, որ այսուհետև բոլոր նոր եկողներին ճաշի հրավիրի։ Կոմսուհին ցանկանում էր մեն-մենակ խոսել իր մանկության ընկերուհի՝ իշխանուհի Աննա Միխայլովնայի հետ, որովհետև Պետերբուրգից գալուց հետո, դեռ կարգին չէր տեսնվել հետը։ Աննա Միխայլովնան, իր լացակումած ու դուրեկան դեմքով, ավելի մոտ քաշվեց կոմսուհու բազկաթոռին։

— Քեզ հետ բոլորովին անկեղծ պիտի լինեմ,— ասավ Աննա Միխայլովնան։— Մեր՝ հին բարեկամներիս թիվը պակասել է արդեն։ Դրանից է, որ այնպես գնահատում եմ քո բարեկամությունը։

Աննա Միխայլովնան նայեց Վերային ու լռեց։ Կոմսուհին սեղմեց իր բարեկամուհու ձեռը։

— Վե՛րա,— ասավ կոմսուհին, դիմելով մեծ աղջկան, որին, ըստ երևույթին, չէր սիրում։— Ինչպե՞ս է որ դու ոչ մի բան չես հասկանում։ Մի՞թե չես զգում, որ այստեղ ավելորդ ես։ Գնա քույրերիդ մոտ, կամ…

Սիրուն Վերան արհամարհանքով ժպտաց, ըստ երևույթին ոչ մի վիրավորանք չզգալով։

— Եթե շուտ ասեիր, մայրիկ, ես իսկույն կհեռանայի,— ասավ նա, ու գնաց իր սենյակը։

Բայց, բազմոցարանի մոտով անցնելիս, նկատեց, որ այնտեղ երկու պատուհանների մոտ, սիմետրիկ կերպով նստած են երկու զույգեր։ Նա կանգ առավ և արհամարհանքով ժպտաց։ Սոնյան նստել էր Նիկոլայի կողքին, որը նրա համար արտագրում էր իր՝ առաջին անգամ հեղինակած ոտանավորը։ Բորիսն ու Նատաշան նստած էին մյուս լուսամուտի առաջ ու լռեցին, երբ Վերան ներս մտավ։ Սոնյան ու Նատաշան մեղավոր ու երջանիկ դեմքերով նայեցին Վերային:

Այդ սիրահարված աղջիկներին նայելը զվարճալի ու հուզիչ էր, բայց նրանց տեսքն, ըստ երևույթին, ախորժելի զգացմունք չհարուցեց Վերայի սրտում։

— Քանի՞ անգամ ձեզ խնդրել եմ,— ասավ նա,— իմ իրերին ձեռք չտաք, դուք ձեր սենյակն ունեք։

Եվ նա թանաքամանն առավ Նիկոլայի ձեռից։

— Իսկույն, իսկույն,— ասավ Նիկոլայը գրիչը թաթախելով։

— Դուք ոչ մի բան իր ժամանակին չեք անում,— ասավ Վերան։— Այնպես վազելով հյուրասենյակ մտաք, որ ուրիշներն ամաչեցին ձեր փոխարեն։

Չնայելով որ, կամ հենց այն պատճառով, որ նրա նկատողությունը միանգամայն իրավացի էր, ոչ ոք նրան չպատասխանեց, և չորսը միասին իրար նայեցին։ Վերան դեռ դանդաղում էր սենյակում, թանաքամանը ձեռին։

— Եվ ի՜նչ գաղտնիքներ կարող են լինել ձեր տարիքում Նատաշայի ու Բորիսի և ձեր միջև,— միայն հիմարություննե՜ր։

— Է, քո ի՞նչ բանն է, Վերա,— կամացուկ պաշտպանողական ձայնով խոսեց Նատաշան։

Նա այսօր, ըստ երևույթին, սովորականից ավելի սիրալիր ու բարի էր դեպի ամենքը։

— Շատ մեծ հիմարություն,— ասավ Վերան,— ամաչում եմ ձեր փոխարեն։ Ի՞նչ գաղտնիքներ են դրանք…

— Ամեն մարդ իր գաղտնիքն ունի։ Մենք քեզ ու Բերգին չենք դիպչում,— ասավ Նատաշան տաքանալով։

— Ես կարծում եմ՝ չեք դիպչում,— ասավ Վերան,— որովհետև վարմունքիս մեջ երբեք ոչ մի վատ բան չի կարող լինել։ Այ, ես էլ, մայրիկին կասեմ, թե դու ինչպես ես վարվում Բորիսի հետ։

— Նատալիա Իլինիշնան շատ լավ է վարվում ինձ հետ,— ասավ Բորիսը։— Գանգատվելու առիթ չունեմ,— ավելացրեց նա։

— Թողեք, Բորիս, դուք այնպիսի դիվանագետն եք (դիվանագետ բառը շատ գործածական էր երեխաների մեջ այն առանձին նշանակությամբ, որ նրանք էին տալիս այդ բառին). նույնիսկ ձանձրալի է,— ասավ Նատաշան վիրավորված, դողացող ձայնով։— Սա ի՜նչ է կպել ինձանից։ Դու այդ երբեք չես հասկանա,— ասավ նա, Վերային դիմելով,— որովհետև դու երբեք ոչ մեկին չես սիրել, դու սիրտ չունես, դու միայն madame de Genlis[117] ես (այս կոչումը, որ համարվում էր վիրավորական, Նիկոլայն էր տվել Վերային), և քո սիրած զվարճությունն այն է, որ ուրիշներին անախորժություն պատճառես։ Դու ինչքան ուզում ես կոկետություն արա Բերգի հետ,— ավելացրեց նա արագ-արագ։

— Բայց և այնպես՝ ես հյուրերի առաջ չեմ վազվզի երիտասարդի ետևից…

— Է, ուզածդ արիր,— խոսակցությանը միջամտեց Նիկոլայը,— անախորժություններ ասիր բոլորին, տրամադրությունները փչացրիր։ Գնանք մանկանոց։

Ու չորսն էլ, ինչպես տեղից թռցրած թռչունների երամ, վեր կացան ու դուրս եկան սենյակից։

— Անախորժություններն ի՛նձ ասին, իսկ ես ոչ ոքի,— ասավ Վերան։

— Madame de Genlis! Madame de Genlis!— կանչեցին ծիծաղող ձայները դռան ետևից։

Սիրուն Վերան, որ բոլորի վրա այդպես գրգռիչ, անախորժ ազդեցություն էր անում, ժպտաց և, ըստ երևույթին, իրեն ասված խոսքերից չզգացվելով՝ մոտեցավ հայելուն և ուղղեց շարֆն ու մազերը։ Նայելով իր գեղեցիկ դեմքին՝ նա կարծես դարձավ ավելի սառն ու հանգիստ։

Հյուրասրահում խոսակցությունը շարունակվում էր։

— Ah! chère,— ասում էր կոմսուհին,— մեր կյանքում էլ tout n’est pas rose։ Մի՞թե չեմ տեսնում, որ du train, que nous allons[118], մեր կարողությունը մեզ երկար չի բավականացնելու։ Ու բոլորի պատճառը այդ ակումբն է և կոմսի բարեսրտությունը։ Գյուղում ապրելիս էլ՝ մի՞թե հանգստանում ենք։ Ներկայացումներ, որսորդություն և, աստված գիտի, էլ ինչ։ Իմ մասին խոսելն էլ ավելորդ է։ Է, ինչպե՞ս դու այդ բոլորը գլուխ բերիր։ Ես հաճախ զարմանում եմ վրադ, Annette, թե այդ ինչպես դու, քո այդ տարիքում, մեն-մենակ՝ սայլակում նստածդ վազում ես մեկ Մոսկվա, մեկ Պետերբուրգ, դիմում բոլոր մինիստրներին, բոլոր մեծամեծներին. բոլորի հետ կարողանում ես վարվել, զարմանո՜ւմ եմ։ Է, այդ ինչպե՞ս հաջողվեց։ Այ ես այդ բանը չեմ կարող անել։

— Ախ, հոգիս,— պատասխանեց իշխանուհի Աննա Միխայլովնան։— Աստված չանի, որ տեսնես, թե որքան դժվար է այրի մնալն առանց նեցուկի ու մի որդու հետ, որին սիրում ես պաշտելու չափ։ Բայց ամեն բանի ընտելանում ես,— ավելացրեց նա փոքր-ինչ հպարտությամբ։ Իմ դատն ինձ սովորեցրեց։ Եթե պետք եմ ունենում այդ տուզերից որևէ մեկին տեսնելու, գրում եմ. «princesse une telle[119] ցանկանում է տեսնել այս ինչին», և կառք նստած գնում եմ երկու, երեք, թեկուզ չորս անգամ, այնքան, մինչև որ ուզածս ձեռք եմ բերում։ Ինձ համար միևնույն է, ինչ կուզեն թող մտածեն իմ մասին։

— Է, ինչպե՞ս արիր, ո՞ւմ խնդրեցիր Բորենկայի համար,— հարցրեց կոմսուհին,— Այ քոնն արդեն գվարդիայի սպա է, իսկ Նիկոլուշկան մնում է որպես յունկեր։ Մեկը չկա, որ նրա մասին հոգա։ Դու ո՞ւմ խնդրեցիր։

— Իշխան Վասիլիին։ Նա շատ սիրալիր գտնվեց։ Անմիջապես ամեն բանի համաձայնեց, դիմեց թագավորին,— ասավ իշխանուհի Աննա Միխայլովնան հիացած, միանգամայն մոռանալով իր նպատակին հասնելու համար կրած բոլոր ստորացումները։

— Ինչպե՞ս է, ծերացե՞լ է իշխան Վասիլին,— հարցրեց կոմսուհին,— նրան չեմ տեսել Ռումյանցևների տանն ունեցած մեր ներկայացումներից հետո։ Եվ կարծում եմ, ինձ մոռացած կլինի, Il me faisait la cour[120],— հիշեց կոմսուհին ժպտալով։

— Նույնն է,— պատասխանեց Աննա Միխայլովնան սիրալիր, պատրաստակամ։ Les grandeurs ne lui ont pas tourné la tête du tout[121]։ «Ցավում եմ, որ չափազանց քիչ բան կարող եմ անել ձեզ համար, սիրելի իշխանուհի,— ասում է ինձ,— հրամայեցե՛ք»։ Ոչ, նա հիանալի մարդ է և հարազատ։ Բայց դու, Nathalia, գիտես որքան եմ սիրում որդուս։ Չդիտեմ, ինչ ասես չէի անի նրա երջանկության համար։ Իսկ իմ հանգամանքներն այնքան վատ են,— շարունակեց Աննա Միխայլովնան տխրությամբ ու ձայնն իջեցնելով,— այնքան վատ են, որ հիմա ես սարսափելի դրության մեջ եմ։ Իմ դժբախտ դատը ունեցածս ամբողջովին կլանում է ու առաջ չի գնում։ Ես, կարո՞ղ ես երևակայել, à lâ lettre[122] տասը կոպեկ անգամ չունեմ, և չգիտեմ ինչով պիտի հագցնեմ Բորիսիս։— Նա թաշկինակը հանեց ու լաց եղավ։— Ինձ հարկավոր է հինգ հարյուր ռուբլի, իսկ ես միայն մի քսանուհինգ ռուբլիանոց թղթադրամ ունեմ։ Այսպիսի դրության մեջ եմ… Միակ հույսս հիմա կոմս Կիրիլ Վլադիմիրովիչ Բեզուխովն է։ Եթե նա չօգնի իր սանիկին,— չէ որ նա Բորիայիս կնքահայրն է,— և նրան ապրուստի որևէ գումար չնշանակի, այն ժամանակ իմ բոլոր աշխատանքր ջուրը կընկնի, էլ ինչով կարող եմ զգեստավորել նրան։

Կոմսուհին արտասվեց ու լուռ խորհում էր ինչ-որ։

— Հաճախ մտածում եմ, գուցե և մեղք եմ գործում,— ասավ իշխանուհին,— բայց հաճախ մտածում եմ, թե ահա կոմս Կիրիլ Վլադիմիրովիչ Բեզուխովն ապրում է մենակ… այդ ահագին կարողությունը… և ինչո՞ւ համար է ապրում։ Կյանքը նրա համար բեռ է, իսկ Բորիան նոր միայն սկսում է ապրել։

— Նա, հավանորեն մի որևէ բան կթողնի Բորիսին,— ասավ կոմսուհին։

— Աստված գիտի, chère amie[123]։ Այդ հարուստներն ու մեծամեծներն այնպիսի եսապաշտ մարդիկ են։ Բայց ես այնուամենայնիվ հենց հիմա Բորիսիս հետ կերթամ և ամեն բան կասեմ պարզապես։ Թող իմ մասին ի՛նչ ուզում են մտածեն. ճիշտն ասած, ինձ համար միևնույն է, քանի որ որդուս բախտը դրանից է կախված։— Իշխանուհին վեր կացավ։— Հիմա ժամը երկուսն է, դուք ճաշում եք չորսին։ Կհասնեմ։

Եվ պետերբուրգցի՝ ժամանակից օգտվել իմացող գործնական տիկնոջ ձևերով Աննա Միխայլովնան կանչել տվավ որդուն և նրա հետ միասին դուրս եկավ նախասենյակ։

— Մնաս բարով, հոգիս,— ասավ նա կոմսուհուն, որն ուղեկցում էր նրան մինչև դուռը,— հաջողություն ցանկացիր ինձ,— ավելացրեց նա շշուկով, որդուց ծածուկ։

— Դուք կոմս Կիրիլ Վլադիմիրովիչի մո՞տ եք գնում, ma chère,— ասավ կոմսը սեղանատնից նույնպես դուրս գալով։— Եթե նա լավ է, Պիեռին կանչեցեք մեզ մոտ ճաշի։ Չէ՞ որ նա մեզ մոտ եղել է, երեխաների հետ պարել։ Անպայման կան չեցեք, ma chère։ Է, տեսնենք, Տարասն ինչպես աչքի կընկնի այսօր։ Ասում է՝ կոմս Օռլովի մոտ այնպիսի ճաշ չի եղել, ինչպիսին մերն է լինելու։

XII

— Mon cher Boris,— ասավ իշխանուհի Աննա Միխայլովնան երբ կոմսուհի Ռոստովայի կառեթը (որով գնում էին) ծղնոտով ծածկված փողոցն անցնելով՝ մտավ կոմս Կիրիլ Վլադիմիրովիչ Բեզուխովի ընդարձակ բակը։— Mon cher Boris,— ասավ մայրը, ձեռը հին վերարկուի տակից հանելով ու որդու ձեռի վրա դնելով,— եղիր սիրալիր, ուշադիր։ Կոմս Կիրիլ Վլադիմիրովիչն այսուամենայնիվ կնքահայրդ է, և նրանից է կախված ապագա բախտդ։ Հիշիր այդ, mon cher, եղիր բարեհամբույր, ինչպես դու կարողանում ես…

— Եթե իմանայի, որ դրանից մի բան կստացվի, բացի ստորացումից…— պատասխանեց որդին սառը։— Բայց ես խոստացել եմ ձեզ և կանեմ այդ ձե՛զ համար։

Չնայած շքամուտքի մոտ կանգնած էր ում-որ կառքը, բարապանը, նայելով մորն ու որդուն (որոնք, իրենց մասին հայտնել չկարգադրելով, ուղղակի, նիշերում դրված երկշարք արձանների արանքով, մտան ապակեշեն նախասենյակը) և նշանակալից դիտելով տիկնոջ հին վերարկուն, հարցրեց, թե ո՛ւմ են ուզում տեսնել — իշխանադուստրների՞ն թե կոմսին,— և իմանալով որ կոմսին, ասավ, որ նորին պայծառափայլությունը այսօր ավելի վատ է և ոչ ոքի չի ընդունում։

— Մենք կարող ենք վերադառնալ,— ասավ որդին ֆրանսերեն։

— Mon ami,— ասավ մայրը աղերսաձայն, կրկին ձեռը որդու ձեռին դիպցնելով, կարծես այդ շփումը կարող էր հանգստացնել նրան կամ հուզել։

Բորիսը լռեց և, առանց վերարկուն հանելու, հարցականորեն մորը նայեց։

— Աղավնյակս,— մեղմ ձայնով ասավ Աննա Միխայլովնան, դիմելով բարապանին,— գիտեմ, որ կոմս Կիրիլ Վլադիմիրովիչը լուրջ հիվանդ է… դրա համար էլ եկել եմ… ես ազգականն եմ… Ես նրան չեմ անհանգստացնի, աղավնյակս… Ես ուզում եմ տեսնել միայն իշխան Վասիլի Սերգեևիչին. չէ՞ որ նա այստեղ է իջևանել։ Հայտնիր, խնդրեմ։

Բարապանը քաշեց վերևի զանգակի թելը և շուռ եկավ։

— Իշխանուհի Դրուբեցկայան ուզում է տեսնել իշխան Վասիլի Սերգեևիչին,— ձայն տվեց նա վերևից վազող և աստիճաններից նայող երկարաճիտ գուլպաներ, կոշիկներ և ֆռակ հագած սպասավորին։

Իշխանուհին հարդարեց իր գունավոր մետաքսյա զգեստի ծալքերը, նայեց պատի մեջ դրված վենետիկյան մեծ հայելուն և իր մաշված կոշիկներով առույգորեն, աստիճանի գորդի վրայով, գնաց վեր։

— Mon cher, vous m’avez promis[124],— կրկին դարձավ նա որդուն, ձեռի հպումով զգաստացնելով նրան։

Որդին, աչքերը խոնարհելով, հանգիստ հետևեց մորը։

Նրանք մտան դահլիճը, որի դռներից մեկը տանում էր իշխան Վասիլիին հատկացված սենյակը։

Այն ժամանակ, երբ մայր ու որդի դահլիճի մեջտեղը հասան և ուզեցին իրենց մտնելուն պես տեղից վեր թռչող սպասավորից իմանալ ճանապարհը, դռներից մեկի բրոնզյա բռնակը պտտվեց, և իշխան Վասիլին՝ թավշյա կիսամուշտակով, կրծքին մի աստղաշքանշան, տնավարի, դուրս եկավ, մի գեղեցիկ սևահեր տղամարդու ուղեկցելով։ Այդ մարդը Պետերբուրգի նշանավոր բժիշկ Lorrain-ն էր։

— C’est donc positif?[125]— հարցրեց իշխանը։

— Mon prince, «errare humanum est», mais[126],— պատասխանեց բժիշկը, լատիներեն խոսքերը ֆրանսերեն շեշտով արտասանելով։

— C’est bien, c’est bien…[127]

Նկատելով Աննա Միխայլովնային իր որդու հետ, իշխան Վասիլին գլխի խոնարհումով ճանապարհ դրավ բժշկին և անխոս, բայց հարցական տեսքով, մոտեցավ նրանց։ Բորիսը նկատեց, թե ինչպես հանկարծ խորին վիշտ արտահայտվեց մոր աչքերում, և թեթևակի ժպտաց։

— Այո, ի՜նչ տխուր հանգամանքներում ենք հանդիպում, իշխան… Է, ինչպե՞ս է մեր թանկագին հիվանդը,— ասավ նա, կարծես չնկատելով իր վրա սևեռած սառը, վիրավորական հայացքը։

Իշխան Վասիլին հարցական, անգամ տարակուսանքով, նայեց նրան, ապա Բորիսին։ Բորիսը գլուխը խոնարհեց հարգալիր։ Իշխան Վասիլին նրա բարևին չպատասխանելով, դարձավ Աննա Միխայլովնային և նրա հարցումին պատասխանեց գլխի ու շրթների շարժումով, որ նշանակում էր, թե հիվանդի դրությունը ծանր է։

— Մի՞թե,— բացականչեց Աննա Միխայլովնան։— Ա՛հ, այդ սարսափելի՛ է։ Մտածելն անգամ սարսափելի է… Սա որդիս է,— ավելացրեց, նա, Բորիսին ցույց տալով։— Ինքն անձամբ ուզեց շնորհակալություն հայտնել ձեզ։

Բորիսը նորից հարգալիր գլուխ տվեց։

— Հավատացեք, իշխան, որ մայրական սիրտը երբեք չի մոռանա այն, ինչ դուք արիք մեզ համար։

— Ուրախ եմ, որ կարողացա հաճելի բան անել ձեզ համար, աիրելի Աննա Միխայլովնա,— ասավ իշխան Վասիլին, ուղղելով ժաբոն և ձայնի ու շարժումների մեջ, այստեղ՝ Մոսկվայում, իր հովանավորյալ Աննա Միխայլովնայի առջև, արտահայտելով ավելի մեծ վեհություն, քան Պետերբուրգում՝ Annette Շերերի երեկույթին։

— Աշխատեցեք լավ ծառայել և արժանավոր լինել,— ավելացրեց նա, խստությամբ դիմելով Բորիսին։— Ուրա՜խ եմ… դուք այստեղ արձակուրդի մե՞ջ եք,— ասավ նա անտարբեր։

— Հրամանի եմ սպասում, ձերդ պայծառափայլություն, որ մեկնեմ նոր նշանակված տեղս,— պատասխանեց Բորիսը, չարտահայտելով ոչ դժգոհություն իշխանի խիստ վերաբերմունքի առթիվ, ոչ էլ ցանկություն նրա հետ զրուցելու, բայց այնպես հանգիստ ու հարգալիր, որ իշխանը սևեռուն նրան նայեց։

— Դուք ձեր մայրիկի հե՞տ եք ապրում։

— Ես ապրում եմ կոմսուհի Ռոստովայի մոտ,— ասավ Բորիսը, կրկին ավելացնելով.— ձերդ պայծառափայլություն։

— Դա այն Իլյա Ռոստովն է, որ ամուսնացավ Nathalia Շինշինայի հետ,— ասավ Աննա Միխայլովնան։

— Ճանաչում եմ, ճանաչում եմ,— ասավ իշխան Վասիլին իր մոնոտոն ձայնով։— Je n’ai jamais pu concevoir, comment Nathalie s’est décidée à épouser cet ours mal-léché! Un personnage complètement stupide et ridicule. Et joueur à ce qu’on dit[128]։

— Mais très brave homme, mon prince[129],— նկատեց Աննա Միխայլովնան, մորմոքուն ժպիտով, կարծես նա էլ գիտեր՝ որ կոմս Ռոստովը արժանի էր այդ գնահատականին, բայց խնդրում էր խղճալ թշվառ ծերունուն։— Բժիշկներն ի՞նչ են ասում,— հարցրեց իշխանուհին, փոքր-ինչ լռելուց հետո և լացակումած դեմքի վրա նորից մեծ վիշտ արտահայտելով։

— Քիչ հույս կա,— ասավ իշխանը։

— Իսկ ես այնպես կուզեի մի անգամ ևս շնորհակալություն հայտնել քեռուն ինձ և Բորիսին արած բարությունների համար։ C’est son filleuil[130],— ավելացրեց իշխանուհին այնպիսի եղանակով, կարծես այդ տեղեկությունը չափազանց պետք է ուրախացներ իշխան Վասիլիին։

Իշխան Վասիլին մտածմունքի մեջ ընկավ և դեմքը կնճռեց։ Աննա Միխայլովնան հասկացավ, որ նա վախենում է հանձին իրեն ախոյան շահել կոմս Բեզուխովի կտակի նկատմամբ, ուստի շտապեց իշխանին հանգստացնել։

— Եթե չլիներ իմ անկեղծ սերն ու անձնվիրությունը դեպի քեռիս,— ասավ նա՝ առանձին վստահությամբ ու անփույթ արտասանելով այդ խոսքերը.— ես գիտեմ նրա ազնիվ, շիտակ բնավորությունը, բայց չէ՞ որ մոտը միայն իշխանադուստրներն են… Նրանք դեռ ջահել են…— Նա գլուխը թեքեց և շշուկով ավելացրեց,— կատարե՞ց արդյոք իր վերջին պարտքը, իշխան։ Որքա՜ն թանկագին են այդ վերջին րոպեները։ Չէ՞ որ ավելի վատ դրություն չի կարող լինել, անհրաժեշտ է նախապատրաստել, եթե դրությունն այդքան վատ է։ Մենք՝ կանայքս, իշխան,— նա ժպտաց մեղմորեն,— լավ գիտեք, թե այդ բաներն ինչպես պիտի ասվեն։ Անհրաժեշտ է իրեն տեսնել։ Որքան էլ դա ծանր լինի ինձ համար, բայց ես արդեն սովորել եմ տանջվել։

Իշխանն, ըստ երևույթին, հասկացավ նրան, հասկացավ նույնպես և այն, որ Աննա Միխայլովնայից դժվար է ազատվել, ինչպես եղավ Annette Շերերի երեկույթին։

— Կարող է պատահել այդ տեսակցությունը ծանր լինի նրա համար, chère Աննա Միխայլովնա,— ասավ նա։— Սպասենք մինչև երեկո, բժիշկները ճգնաժամ են սպասում։

— Բայց այսպիսի րոպեներին սպասել չի կարելի, իշխան։ Pensez, il y va du salut de son âme… Ah! c’est terrible, les devoirs d’un chrétien…[131]

Ներսի սենյակներից մեկի դուռը բացվեց և ներս մտավ կոմսի ազգական-իշխանադուստրներից մեկը, մռայլ, սառը դեմքով և ոտներին անհամապատասխան երկար իրանով։

Իշխան Վասիլին շրջվեց դեպի նա:

— Հը, ինչպե՞ս է։

— Դարձյալ նույնն է։ Եվ ինչպես եք ուզում, որ այս աղմուկը…— ասավ իշխանադուստրը, նայելով Աննա Միխայլովնային, որպես անծանոթի։

— Ah, chère, je ne vous reconnaissais pas[132],— երջանիկ ժպիտով ասավ Աննա Միխայլովնան, թեթև արագությամբ կոմսի ազգականուհուն մոտենալով։— Je viens d’arriver et je suis à vous pour vous aider à soigner mon oncle. J’imagine combien vous avez souffert[133],— ավելացրեց նա աչքերը կարեկցաբար փակելով։

Իշխանադուստրը ոչինչ չպատասխանեց, անգամ չժպտաց, ու անմիջապես դուրս ելավ։ Աննա Միխայլովնան ձեռնոցները հանեց և հաղթականորեն բազկաթոռ նստեց, հրավիրելով իշխան Վասիլիին նստել իր կողքին։

— Բորիս,— ասավ նա որդուն և ժպտաց,— ես կանցնեմ կոմսի, քեռուս մոտ, իսկ դու առայժմ գնա Պիեռի մոտ mon ami, և չմոռանաս հայտնել նրան Ռոստովների հրավերը։ Նրանք Պիեռին ճաշի են կանչում։ Կարծում եմ՝ չի գնա,— դարձավ նա իշխանին։

— Ընդհակառակը,— ասավ իշխանը, ըստ երևույթին, տրամադրությունը վատացած։— Je serais très content si vous me débarrassez de ce jeune homme…[134] Նստել է այստեղ։ Կոմսը ոչ մի անգամ չհարցրեց նրա մասին։

Նա ուսերը թոթվեց։ Սպասավորը Բորիսին տարավ ցած, ապա մյուս սանդուղով վեր՝ Պիեռի՝ Պյոտր Կիրիլովիչի սենյակը։

XIII

Պիեռն այնպես էլ չկարողացավ Պետերբուրգում իր համար ասպարեզ ընտրել և, իրոք, իր անկարգության համար աքսորվել էր Մոսկվա։ Այն, ինչ պատմում էին Ռոստովների տանը՝ ճիշտ էր։ Պիեռը մասնակցել էր թաղապետին արջի մեջքին կապելու գործին։ Նա եկել էր մի քանի օր առաջ և իջևանել, ինչպես միշտ, հոր տանը։ Թեպետ ենթադրում էր, որ իր պատմությունն արդեն հայտնի կլինի Մոսկվայում, և որ, հորը շրջապատող կանայք, միշտ անբարյացակամ դեպի իրեն, կօգտվեն այդ դեպքից, որպեսզի կոմսին դրդեն իր դեմ, նա այնուամենայնիվ գալու օրն իսկ գնաց հոր հարկաբաժինը։ Մտնելով հյուրասրահը, ուր սովորաբար լինում էին իշխանադուստրները, նա բարևեց ձեռագործով ու ընթերցանությամբ զբաղված կանանց։ Նրանք երեք հոգի էին։ Մեծը՝ մաքրասեր, երկար իրանով, խստադեմ աղջիկ էր, նա՛, որ դուրս եկավ Աննա Միխայլովնայի առաջ, դա կարդում էր. փոքրերը, երկուսն էլ կարմրադեմ ու սիրուն, միմյանցից տարբերվում էին միայն նրանով, որ մեկի շրթան վրա խալ կար՝ որ շատ գեղեցկացնում էր նրան, երկուսն էլ աշխատում էին քարգահի վրա։ Պիեռին ընդունեցին այնպես, ասես մեռել կամ ժանտախտավոր լիներ։ Մեծ իշխանադուստրն ընթերցումն ընդհատեց և անխոս նրան նայեց՝ վախեցած աչքերով. մյուսը, խալ չունեցողը, նույնպիսի արտահայտություն տվեց դեմքին. կրտսերը՝ խալ ունեցողը, որ ուրախ-խնդուն բնավորության տեր էր, կռացավ քարգահի վրա, որպեսզի ժպիտը թաքցնի, այդ ժպիտն առաջանում էր, հավանորեն, տեղի ունենալիք տեսարանից, որի զվարճալիությունը նախատեսում էր։ Նա թելը քաշեց ցած ու կռացավ, կարծես նախշերը ջոկելու, բայց ծիծաղը հազիվ զսպելով։

— Bonjour, ma cousine,— ասավ Պիեռը։— Vous ne me reconnaissez pas?[135]

— Ես ձեզ շատ լավ եմ ճանաչում, շատ լավ։

— Ինչպե՞ս է կոմսի առողջությունը։ Կարո՞ղ եմ իրեն տեսնել,— հարցրեց Պիեռը, ինչպես միշտ, անհամարձակ, բայց առանց շփոթվելու։

— Կոմսը տառապում է թե՛ ֆիզիկա պես, թե՛ բարոյապես, և դուք, կարծեմ, առանձնապես հոգ եք տարել, որպեսզի նրան որքան կարելի է, ավելի շատ բարոյական տանջանք պատճառեք։

— Կարո՞ղ եմ կոմսին տեսնել,— կրկնեց Պիեռը։

— Հը՛մ… Եթե ուզում եք սպանել նրան, բոլորովին սպանել, կարո՛ղ եք տեսնել։ Օլգա, գնա մի տես քեռու բուլյոնը պատրաստ է, շուտով ժամանակն է,— ասավ նա, դրանով ցույց տալով Պիեռին, որ իրենք զբաղված են և զբաղված են նրա հորը հանգստացնելու գործով, այն ժամանակ, երբ ինքն ակնհայտորեն, զբաղված է միայն նրան հուզելով։

Օլգան դուրս գնաց։ Պիեռը կանգնեց, նայեց քույրերին և, գլուխը խոնարհելով, ասավ.

— Ուրեմն կերթամ սենյակս։ Երբ կարելի լինի՝ ինձ կասեք։

Պիեռը դուրս եկավ, և նրա ետևից լսվեց խալավոր քրոջ հնչուն, բայց ոչ բարձր ծիծաղը։

Մյուս օրը եկավ իշխան Վասիլին և տեղավորվեց կոմսի տանը։ Նա Պիեռին կանչեց մոտն ու ասավ.

— Mon cher, si vous conduisez ici comme, Pétersbourg, vous finirez très mal; c’est tout ce que je vous dis[136], կոմսը շատ ծանր հիվանդ է, կարիք չկա որ իրեն տեսնես։

Այդ օրվանից Պիեռին չէին անհանգստացնում, և նա ամբողջ օրն անց էր կացնում մենակ՝ վերևում՝ իր սենյակում։

Այն ժամանակ, երբ Բորիսը մտավ նրա սենյակը, Պիեռը գնում-գալիս էր, երբեմն անկյուններում կանգ առնելով, ձեռի սպառնալից շարժումներ ուղղելով պատին, կարծեո խոցում էր անտես թշնամուն, և, խստությամբ ակնոցների վերևից նայելով, նորից սկսում էր երթևեկը, անորոշ խոսքեր ասելով, ուսերը թոթվելով ու ձեռները տարածելով։

— L’Angleterre a vécu[137],— խոսեց նա, հոնքերը կիտելով և ինչ-որ մեկին մատնացույց անելով։— Monsieur Pitt comme traitre à la nation et au droit des gens est condamné à…[138] — Նա չկարողացավ վերջացնել Պիթի դատավճիռը, այդ րոպեին ինքն իրեն Նապոլեոն երևակայելով և իր հերոսի հետ միասին արդեն Պադե-Կալեյի դժվարանցը կատարած ու Լոնդոնը գրաված,— երբ տեսավ իր սենյակը մտնող ջահել, բարեկազմ գեղեցիկ սպային։ Նա կանգ առավ։ Պիեռը Բորիսին թողել էր տասնչորս տարեկան հասակում և բոլորովին չէր հիշում նրան, բայց չնայած դրան, իրեն հատուկ արագ ու սրտաբաց ձևով բռնեց երիտասարդի ձեռն ու ժպտաց բարեկամաբար։

— Դուք հիշո՞ւմ եք ինձ,— հանգիստ, հաճելի ժպիտով ասավ Բորիսը։— Մայրիկիս հետ եկել եմ կոմսի մոտ, բայց նա, կարծեմ այնքան էլ առողջ չի։

— Այո, կարծյոք, հիվանդ է։ Նրան շարունակ անհանգստացնում են,— պատասխանեց Պիեռը, աշխատելով հիշել, թե ո՛վ է այս երիտասարդը։

Բորիսն զգում էր, որ Պիեռն իրեն չի ճանաչում, բայց հարկ չհամարեց իր անունը տալ և ամենափոքր շփոթություն իսկ չզգալով, ուղիղ նայում էր նրա աչքերին։

— Կոմս Ռոստովը խնդրել է այսօր գալ իր մոտ ճաշի,— ասավ նա Պիեռի համար բավական երկար ու անհարմար լռությունից հետո։

— Ա՜։ Կոմս Ռոստովը՞,— ուրախ բացականչեց Պիեռը։— Դուք ուրեմն նրա որդի՞ն եք, Իլյա՞ն։ Ես, կարո՞ղ եք երևակայել, առաջին րոպեին չճանաչեցի ձեզ։ Հիշո՞ւմ եք, ինչպես Վորոբիևի գորի գնացինք m-me Jacquot-ի հետ… վաղուց է։

— Ղուք սխալվում եք,— անշաապ, բայց համարձակ ու փոքր-ինչ հեգնական ժպիտով ասավ Բորիսը։— Ես Բորիսն եմ, իշխանուհի Աննա Միխայլովնա Դրուբեցկայայի որդին։ Ռոստովի հոր անունը Իլյա է, որդունը՝ Նիկոլայ։ Եվ ես ոչ մի m-me Jacquot չեմ ճանաչել։

Պիեռը ձեռներն ու գլուխը թափահարեց, կարծես մոծակներ ու մեղուներ էին թափվել վրան։

— Ա՜հ, այս ինչ բան էր, ամեն ինչ խառնեցի։ Մոսկվայում այնքա՜ն ազգականներ ունեմ որ։ Դուք Բորիսն եք… այո։ Ա՛յ, մենք իրար հասկացանք։ Է, դուք ի՞նչ կարծիք ունեք Բուլոնյան արշավանքի մասին։ Անգլիացիների բանը վատ կլինի, չէ՞, եթե Նապոլեոնն անցնի ջրանցքը։ Ես կարծում եմ, որ այդ արշավանքը շատ հնարավոր է։ Միայն թե Վիլնյովն անհոգ չգտնվի։

Բորիսը Բուլոնյան արշավանքի մասին ոչինչ չգիտեր, նա լրագիրներ չէր կարդում և Վիլնյովի մասին առաջին անգամն էր լսում։

— Մենք այստեղ Մոսկվայում զբաղված ենք ավելի ճաշկերույթներով ու բամբասանքներով, քան քաղաքականությամբ,— ասավ նա իր հանգիստ, հեգնական տոնով։— Ես այդ մասին ոչինչ չգիտեմ և չեմ մտածում։ Մոսկվան ամեն բանից ավելի զբաղված է բամբասանքներով,— շարունակեց նա։— Այժմ էլ խոսում են ձեր և կոմսի մասին։

Պիեռը ժպտաց իր բարի ժպիտով, վախենալով, կարծես, խոսակցի համար, չլինի թե հանկարծ այնպիսի բան ասի, որ հետո ստիպված լինի զղջալ։ Սակայն Բորիսը խոսում էր պարզ, որոշակի և չոր, նայելով ուղիղ Պիեռի աչքերին։

— Մոսկվան էլ անելիք չունի, բացի բամբասանքը,— շարունակեց նա։— Բոլորն զբաղված են նրանով, թե կոմսն ո՛ւմ է թողնելու իր կարողությունը, թեև կարող է պատահել, որ նա մեզնից շատ ապրի, ինչ-որ ցանկանում եմ ի սրտե…

— Այո, այդ բոլորը շատ ծանր է,— հարեց Պիեռը,— շատ ծանր է։— Պիեռը շարունակ վախենում էր, թե չլինի հանկարծ այդ սպան ինքն իր համար անհարմար մի զրույց սկսի։

— Իսկ ձեզ պիտի թվա,— ասավ Բորիսը, թեթևակի կարմրելով, բայց ձայնն ու դիրքը չփոխելով,— ձեզ պիտի թվա, թե բոլորն զբաղված են միայն նրանով, որ կոմսից որևէ բան ստանան։

«Այդպես էլ է», մտածեց Պիեռը։

— Իսկ ես հենց այդ եմ ուզում ասել ձեզ, թուրիմացությունից խուսափելու համար, որ դուք շատ կսխալվեք, եթե ինձ և մորս համարեք այդ մարդկանցից։ Մենք շատ աղքատ ենք, բայց ես, գեթ ինձ համար կարող եմ ասել. հենց այն պատճաոով, որ ձեր հայրը հարուստ է, ես ինձ չեմ համարում նրա ազգականը. ու թե՛ ես, թե՛ մայրս երբեք ոչինչ չենք խնդրի և ոչինչ չենք ընդունի նրանից։

Պիեռը երկար ժամանակ չէր կարողանում հասկանալ, բայց երբ հասկացավ, բազմոցից վեր թռավ, Բորիսի թևը բռնեց իրեն հատուկ արագությամբ և, Բորիսից ավելի կարմրելով, սկսեց խոսել ամոթի և դժկամության խառն զգացումով։

— Ա՜յ քեզ տարօրինակ բան։ Միթե ես… և ով կարող է մտածել… Ես լավ գիտեմ…

Բայց Բորիսը կրկին ընդհատեց նրան։

— Ուրախ եմ, որ ամեն ինչ ասի։ Գուցե, ձեզ հաճելի չէ, ներեցեք ինձ,— ասավ նա, հանգստացնելով Պիեռին, փոխանակ որ նա իրեն հանգստացնի,— բայց կարծում եմ, որ ձեզ չվիրավորեցի։ Իմ սկզբունքն է՝ ամեն ինչ ասել շիտակ… Հիմա ի՞նչ պատասխան տանեմ։ Կգա՞ք Ռոստովների մոտ ճաշելու։

Եվ Բորիսը, ըստ երևույթին, ծանր պարտականությունից ազատվելով, ինքն անհարմար դրությունից դուրս գալով և ուրիշին նրա մեջ դնելով, նորից դարձավ հաճելի։

— Ոչ, լսեցեք,— ասավ Պիեռը հանգստանալով։— Դուք զարմանալի մարդ եք։ Այն, ինչ հիմա ասացիք, շատ լավ է, շատ լավ։ Իհարկե, դուք ինձ չեք ճանաչում։ Մենք վաղուց իրար չենք տեսել… դեռ երեխա ժամանակից… Դուք իմ մասին կարող եք կարծել… Ես ձեզ հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում։ Ես այդ բանը չէի անի, քաջություն չէի ունենա, բայց այդ սքանչելի է։ Շատ ուրախ եմ ձեզ ծանոթանալուս համար։ Տարօրինակ է,— ավելացրեց նա, լռելով ու ժպտալով,— թե ինչ մարդու տեղ եք դրել ինձ։— Նա ծիծաղեց։— Է, ինչ արած։ Ավելի լավ ծանոթանանք իրար։ Խնդրեմ։— Նա սեղմեց Բորիսի ձեռը։— Գիտեք, ես դեռ ոչ մի անգամ չեմ եղել կոմսի մոտ։ Ինձ չի կանչել… Խղճում եմ նրան, իբրև, մարդու… Բայց ի՞նչ կարելի է անել։

— Եվ դուք կարծում եք, թե Նապոլեոնը կարո՞ղ է նեղուցն անցնել,— հարցրեց Բորիսը ժպտալով։

Պիեռը հասկացավ, որ Բորիսն ուզում է խոսակցությունը փոխել, և, նրա հետ համաձայնելով, սկսեց թվել Բուլոնյան արշավանքի օգուտներն ու վնասները։

Լաքեյն եկավ Բորիսին կանչելու մոր մոտ։ Իշխանուհին մեկնում էր։ Պիեռը խոստացավ գնալ ճաշի, որպեսզի ավելի մտերմանա Բորիսի հետ, ամուր սեղմեց նրա ձեռը, ակնոցների միջով սիրալիր նրան նայելով… Նրա գնալուց հետո՝ Պիեռը դեռ երկար շրջում էր սենյակում, այլևս աներևույթ թշնամուն չխոցելով, այլ ժպտում էր, հիշելով այդ համակրելի խելացի ու հաստատակամ երիտասարդին։

Ինչպես այդ պատահում է երիտասարդ հասակում և մանավանդ միևնույն վիճակում գտնվողներին, Պիեռն անբացատրելի խանդաղատանք զգաց դեպի այդ երիտասարդը և որոշեց անպայման մտերմանալ նրան։

Իշխան Վասիլին ճանապարհ էր դնում իշխանուհուն։ Իշխանուհին, թաշկինակն աչքերին, լալիս էր։

— Սարսափելի՛ է, սարսափելի՜,— ասում էր նա,— բայց ինչ էլ լինի, ես իմ պարտքը կկատարեմ։ Կգամ այստեղ գիշերելու։ Նրան այդպես չի կարելի թողնել։ Ամեն վայրկյանը թանկ է։ Չեմ հասկանում, թե ինչո՞ւ իշխանադուստրները դանդաղում են։ Գուցե, աստված օգնի ինձ նրան նախապատրաստելու միջոց գտնել… Adieu, mon prince, que le bon Dieu vous soutienne…[139]

— Adieu, ma bonne[140],— պատասխանեց իշխան Վասիլին, արագ շրջվելով։

— Ախ, նա սարսափելի դրության մեջ է,— ասավ մայրը որդուն, երբ նրանք նորից կառեթ էին նստում։— Նա համարյա ոչ ոքի չի ճանաչում։

— Ես չեմ հասկանում, մայրիկ, թե ի՞նչ վերաբերմունք ունի դեպի Պիեռը,— հարցրեց Բորիսը։

— Ամեն ինչ կպարզի կտակը, բարեկամս, դրանից է կախված և մեր բախտը…

— Բայց ինչո՞ւ եք կարծում, թե մի բան կթողնի մեզ։

— Ա՜հ, սիրելիս։ Նա այնքա՜ն հարուստ է, իսկ մենք այնքա՜ն աղքատ։

— Է, դա դեռ բավարար պատճառ չի, մայրիկ…

— Ա՛հ, աստված իմ, աստված իմ։ Որքան ծանր է դրությունը,— բացականչեց մայրը։

XIV

երբ Աննա Միխայլովնան որդու հետ գնաց կոմս Կիրիլ Վլադիմիրովիչ Բեզուխովի մոտ, կոմսուհի Ռոստովան երկար նստած էր մենակ, թաշկինակն աչքերին դրած։ Վերջապես, զանգը տվեց։

— Սա ի՜նչ բան է, սիրելիս,— ասավ նա բարկացած սպասավոր աղջկան, որ ստիպել էր մի քանի րոպե սպասել իրեն։— Չե՞ք ուզում ծառայել, ինչ է։ Այդ դեպքում ես ձեզ համար տեղ կգտնեմ։

Կոմսուհին հուզված էր իր մանկության ընկերուհու վշտից ու ստորացուցիչ աղքատությունից և այդ պատճառով վատ տրամադրության մեջ էր, որն արտահայտում էր նա միշտ սպասուհուն «սիրելիս» և «դուք» կոչելով։

— Ներողություն,— ասավ սպասուհին։

— Կոմսին կանչեցեք գա ինձ մոտ։

Կոմսը, երերալով և, ինչպես միշտ, փոքր-ինչ մեղավոր դեմքով կնոջը մոտեցավ։

— Է, կոմսուհիս։ Աքարներից ի՜նչ sauté ail madère[141] է լինելու, ma chère! Համը տեսա։ Իզուր էլ չէր որ Տարասին հազար ռուբլի տվի։ Արժի՛։

Նա նստեց կնոջ մոտ, ձեռներն ուրախ-ուրախ ծնկներին հենելով և ճերմակ մազերը խառնելով։

— Ի՞նչ կհրամայեք, կոմսուհիս։

— Ահա՛ թե ինչ, բարեկամս, այս ի՞նչ է թափվել,— ասավ նա ամուսնու ժիլետը ցույց տալով։— Երևի, սոտե է,— ավելացրեց կոմսուհին ժպտալով։— Այ ինչ, կոմս. ինձ փող է հարկավոր։

Եվ տխրությունը պատեց նրա դեմքը։

— Ա՜խ, կոմսուհիս…

Եվ կոմսն իրար անցավ, դրամապանակը հանելով։

— Ինձ շատ է հարկավոր, կոմս, ինձ հարկավոր է հինգ հարյուր ռուբլի։

Եվ նա բատիստե թաշկինակը հանելով, սրբեց ամուսնու ժիլետը։

— Իսկո՛ւյն, իսկո՛ւյն։ Էյ, ո՞վ կա այդտեղ,— կանչեց կոմսը այնպիսի ձայնով, որով կանչում են այն մարդիկ միայն, որոնք վստահ են, թե նա, որին կանչում են, գլխապատառ ներս է վազելու,— Կանչեցեք Միտենկային։

Միտենկան, այն ազնվական տղան, որ կրթվել էր կոմսի տանը և այժմ վարում էր նրա տնտեսությունը, ներս մտավ հուշիկ քայլերով։

— Ահա ինչ, սիրելիս,— ասավ կոմսը ներս մտնող հարգալիր երիտասարդին։— Բեր ինձ…— նա մտածեց։— Այո, 700 ռուբլի, այո։ Բայց տես անցյալ անգամվա պես պատռված ու կեղտոտ չլինեն, լավերը բեր, կոմսուհու համար են։

— Այո, Միտենկա, խնդրեմ մաքուր լինեն,— ասավ կոմսուհին ծանր հառաչելով։

— Զերդ պայծառափայլություն, ե՞րբ կհրամայեք բերեմ,— ասավ Միտենկան։— Բարեհաճեցեք իմանալ, որ… ասենք, բարեհաճեցեք չանհանգստանալ,— ավելացրեց նա, նկատելով, որ կոմսն սկսում է ծանր ու արագ շնչել, ինչ որ նշան էր բռնկվող զայրույթի։— Մոռացել էի… Այս րոպեի՞ս կհրամայեք բերեմ։

— Այո, այո, բեր և կոմսուհուն տուր։

— Ոսկի տղա է այդ Միտենկան,— ավելացրեց կոմսը ժպտալով, երբ երիտասարդը դուրս գնաց։— Նրա համար անկարելի բան չկա։ Ես որ այդ տանել չեմ կարող։ Ամեն բան կարելի է։

— Ախ, փողը, կոմս, փողը, որքա՜ն վիշտ կա աշխարհի երեսին այդ փողի երեսից,— ասավ կոմսուհին։— Իսկ այդ փողն ինձ շատ հարկավոր է։

— Դուք, կոմսուհիս, հայտնի շռայլող եք,— ասավ կոմսը և, կնոջ ձեռը համբուրելով, նորից գնաց իր առանձնասենյակը։

Երբ Աննա Միխայլովնան վերադարձավ Բեզուխովի մոտից, կոմսուհու մոտ, սեղանի վրա դրված էին արդեն թղթադրամները՝ բոլորն էլ նոր՝ ու թաշկինակով ծածկված, և Աննա Միխայլովնան նկատեց, որ կոմսուհին հուզված է։

— Հը, ի՞նչ կա, սիրելիս,— հարցրեց կոմսուհին։

— Ա՜խ, ինչ սարսափելի դրության մեջ է։ Նրան ճանաչել չի կարելի, այնքա՛ն, այնքա՛ն վատ է. երկու րոպե մնացի, երկու խոսք էլ չկարողացա ասել…

— Annette, ի սեր աստծո, չմերժես,— ասավ հանկարծ կոմսուհին, կարմրելով, որ այնքան օտարոտի էր նրա ոչ ջահել, նիհար ու լուրջ դեմքի համար, և թաշկինակի տակից թղթադրամները վերցնելով։

Աննա Միխայլովնան անմիջապես հասկացավ ինչ կա, և կռացավ, որ հարկավոր վայրկյանին ճարպկորեն գրկի կոմսուհուն։

— Ահա իմ կողմից Բորիսին՝ համազգեստներ կարելու, համար…

Աննա Միխայլովնան արդեն գրկել էր նրան ու լալիս էր։ Կոմսուհին նույնպես լալիս էր։ Լաց էին լինում նրա համար, որ համերաշխ են. և նրա համար, որ բարի են. և նրա համար, որ իրենք, մանկության ընկերներն զբաղված են այսպիսի ստոր բանով — փողով, լաց էին լինում և նրա համար, որ իրենց ջահելությունն անցել է… Եվ երկուսի արցունքներն էլ հաճելի էին իրենց…

XV

Կոմսուհի Ռոստովան իր աղջիկների ու արդեն մեծ թվով հյուրերի հետ նստած էր հյուրասրահում։ Կոմսը տղամարդ հյուրերին առաջնորդեց իր առանձնասենյակը, առաջարկելով իր տաճկական ծխամորճների կոլեկցիան։ Նա երբեմն դուրս էր գալիս ու հարցնում՝ դեռ չի՞ եկել։ Սպասում էին Մարյա Դմիտրիևնա Ախրոսիմովային, որը հասարակության մեջ հայտնի էր՝ le terrible dragon[142] կոչումով, նշանավոր ոչ իր հարստությամբ, ոչ հրավերքներով, այլ ուղղամտությամբ և պարզ վարվեցողությամբ։ Մարյա Դմիտրիևնային ճանաչում էր թագավորական գերդաստանը, ճանաչում էր ամբողջ Մոսկվան և ամբողջ Պետերբուրգը, և երկու քաղաքն էլ, զարմանալով նրա վրա, թաքուն ծիծաղում էին նրա կոպտության վրա, անեկդոտներ էին պատմում նրա մասին, բայց և այնպես բոլորն էլ, առանց բացառության, հարգում էին նրան և վախենում էին նրանից։

Ծխով լցված առանձնասենյակում խոսում էին պատերազմի մասին, որ հայտարարված էր հրովարտակով, և զորահավաքի մասին։ Հրովարտակը դեռ ոչ ոք չէր կարդացել, բայց բոլորն էլ գիտեին նրա հայտարարվելու մասին։ Կոմսը նստել էր տաճկական թախտի վրա, երկու ծխող ու խոսակցող հարևանների մեջտեղը։ Նա ինքը ոչ ծխում էր և ոչ խոսում, բայց գլուխը մերթ այս, մերթ այն կողմը թեքելով, ակներև բավականությամբ նայում էր ծխողներին և լսում իր երկու հարևանի զրույցը, որոնց ինքն էր հրահրել իրարու դեմ։

Խոսողներից մեկը քաղաքից էր՝ կնճռոտ, մաղձոտ և ածիլած նիհար դեմքով, մեկը, որ արդեն հասակն առած էր, թեև հագնված, ինչպես ամենապճնասեր երիտասարդը. նա ծալապատիկ նստել էր թախտի վրա՝ տանու մարդու պես և, սաթե ծխամորճը խոր դրած բերանի մի կողմը՝ ագահությամբ ներս էր քաշում ծուխը և աչքերը կկոցում։ Դա տարիքն անցած ամուրի Շինշինն էր, կոմսուհու հորեղբոր որդին, մի չար կծու լեզու, ինչպես ասում էին Մոսկվայի հավաքույթներում։ Թվում էր նա առանձին զիջողություն է անում, որ բարեհաճւււմ է իջնել մինչև խոսակցի աստիճանը և խոսել նրա հետ։ Մյուսը թարմ, կարմրադեմ, գվարդիական սպա էր՝ շատ մաքուր, լավ կոճկված ու սանրված, ծխամորճը պահել էր բերանի մեջտեղը, և վարդագույն շրթերով թեթևակի ներս էր քաշում ծուխն ու օղակ-օղակ դուրս թողնում գեղեցիկ բերնից։ Դա այն տեղակալ Բերգն էր, Սեմյոնովյան գնդի սպան, որի հետ Բորիսը մեկնելու էր գունդ, և որով Նատաշան ծաղրեց Վերային, Բերգին անվանելով նրա փեսացու։ Կոմսը նստել էր նրանց մեջտեղն ու լսում էր ուշադիր։ Կոմսի ամենահաճելի զբաղմունքը, բոստոն խաղից հետո, որ նա շատ էր սիրում, զրույց լսելն էր, մանավանդ եթե հաջողվում էր նրան հրահրել շատախոս խոսակիցներին։

— Է, այդ ինչպես կլինի, ախպեր ջան, mon très honorable[143] Ալֆոնս Կառլիչ,— ասում էր Շինշինը ծիծաղելով և միացնելով (դրա մեջ էր նրա խոսելու առանձնահատկությունը) ռուս ժողովրդական արտահայտությունները ֆրանսական ընտիր ֆրազների հետ։— Vous comptez vous faire des rentes sur l’ état[144], և վաշտից էլ ուզո՞ւմ եք օժանդակ եկամուտ ստանալ։

— Ոչ, Պյոտր Նիկալայիչ, ես ուզում եմ ցույց տալ միայն, որ հեծելազորի մեջ օգուտը շատ ավելի քիչ է, քան հետևակում։ Այ հիմա պատկերացրեք, իմ գրությունը, Պյոտր Նիկալայիչ…

Բերգը խոսում էր միշտ որոշ, հանգիստ ու քաղաքավարի։ Նրա խոսակցությունը միշտ վերաբերում էր միայն իրեն. նա միշտ հանգստորեն լռում էր, երբ խոսում էին ուրիշ որևէ, ուղղակի իրեն չվերաբերող բաների մասին։ Եվ այդպես կարող էր լռել մի քանի ժամ, անհարմարություն չզգալով և ուրիշների վրա անհարմար տպավորություն չթողնելով։ Բայց հենց որ խոսակցությունը վերաբերում էր իրեն անձամբ նա խոսում էր հանգամանորեն ու ակնհայտ բավականությամբ։

— Պատկերացրեք իմ դրությունը, Պյոտր Նիկոլայիչ. եթե հեծելազորի մեջ լինեի, չորս ամիսը երկու հարյուրից ավելի չէի ստանալու, նույնիսկ տեղակալի աստիճանով, իսկ հիմա ես ստանում եմ երկու հարյուր երեսուն,— ասում էր նա ուրախ հաճելի ժպիտով, նայելով Շինշինին ու կոմսին, կարծես նրա համար պարզ էր, որ իր հաջողությունը միշտ էլ կազմելու է մնացած բոլոր մարդկանց ցանկությունների գլխավոր նպատակը։

— Բացի դրանից, Պյոտր Նիկոլայիչ, փոխադրվելով գվարդիա, ես աչքի կընկնեմ,— շարունակեց Բերգը,— գվարդիայի հետևակում արձակուրդներն էլ շատ են։ Հետո, ինքներդ դատեցեք, ինչպես կարող եմ հարյուր երեսուն ռուբլով ապրել։ Իսկ ես մի մասը ետ եմ գցում և մի բան էլ հորս եմ ուղարկում,— շարունակեց նա ծխի մի օղակ արձակելով։

— La balance y est…[145] գերմանացին նեղն ա ընկել, comme dit le proverbe[146],— ծխամորճը բերանի մյուս կողմը դնելով՝ ասավ Շինշինն ու աչքով արավ կոմսին։

Կոմսը ծիծաղեց բարձր։ Մյուս հյուրերը, տեսնելով Շինշինը խոսակցություն է սկսել, մոտեցան լսելու։ Բերգը/ չնկատելով շրջապատողների ոչ հեգնանքը, ոչ անտարբերությունը, շարունակում էր պատմել, թե ինչպես գվարդիա փոխադրվելով, ինքն արդեն մի աստիճան է շահել զորաբանակի իր ընկերների հանդեպ, ինչպես պատերազմի ժամանակ վաշտապետին կարող են սպանել, և ինքը, վաշտի մեջ ամենաավագը մնալով, կարող է հեշտությամբ վաշտապետ դառնալ, թե ինչպես գնդում բոլորը սիրում են իրեն, և թե ինչպես հայրը գոհ է իրենից։ Բերգն, այս բոլորը պատմելով, հրճվում էր ակներև, և, կարծես մոռանում, որ մյուսներն էլ կարող են ունենալ իրենց շահերն ու ձգտումները։ Բայց այն ամենը, ինչ պատմում էր այնքան վայելուչ-չափավոր էր և ջահել եսամոլության պարզամտությունն այնքան ակներև, որ նա զինաթափ էր անում իր ունկնդիրներին։

— Է, ախպեր ջան, դուք և՛ հետևակում, և՛ հեծելազորում, ամեն տեղ էլ առաջ կերթաք. այդ ես գուշակում եմ ձեզ համար,— ասավ Շինշինը, Բերգի ուսին խփելով ու ոտները թախտից իջեցնելով։

Բերգն ուրախ ժպտաց։ Կոմսը և նրա հետևից հյուրերը մտան հյուրասրահ։

Ճաշին նախորդող այն ժամն էր, երբ հավաքված հյուրերը երկար խոսակցություն չեն սկսում, սպասելով թե հիմա կկանչեն ուտելու, և միաժամանակ անհրաժեշտ են համարում շարժվել ու չլռել, որպեսզի ցույց տան, թե այնքան էլ անհամբեր չեն սպասում ճաշին։ Տանտերերը նայում են դեպի դուռը և երբեմն հայացքներ փոխանակում իրար հետ։ Հյուրերն այդ հայացքներից աշխատում են գուշակել՝ ո՛ւմ կամ ինչի՛ են սպասում, մի կարևոր, ուշացած ազգականի՞, թե՞ մի ուտելիքի, որ դեռ պատրաստ չի։

Պիեռն եկավ հենց ճաշից առաջ և անճարակ նստեց հյուրասրահի մեջտեղը, առաջին իսկ պատահած բազկաթոռին, կտրելով բոլորի ճանապարհը։ Կոմսուհին ուզեց ստիպել նրան, որ խոսի, բայց նա ակնոցների միջից միամիտ շուրջն էր նայում, կարծես ինչ-որ մեկին որոնելով, և կոմսուհու հարցերին պատասխանում էր կարճ խոսքերով։ Նա ճնշված էր և միայն ինքը չէր նկատում այդ։ Հյուրերի մեծ մասը, որ գիտեր արջի պատմությունը, հետաքրքիր նայում էին այդ մարմնեղ, հաստ ու հանդարտ մարդուն, զարմանալով, թե այդ դանդաղկոտ ու հեզաբարո մարդն ինչպես կարող էր այդպիսի խաղ խաղալ թաղապետի գլխին։

— Դուք վերջերս եք եկե՞լ,— հարցրեց կոմսուհին նրան։

— Oui, madame[147],— պատասխանեց Պիեսը, շուրջը նայելով։

— Դուք ամուսնուս չե՞ք տեսել։

— Non, madame[148].— Եվ Պիեռը ժպտաց՝ բոլորովին անտեղի։

— Դուք, կարծեմ, վերջերս եղե՞լ եք Փարիզում։ Կարծում եմ՝ շատ հետաքրքրական է։

— Շատ հետաքրքրական է։

Կոմսուհին մի հայացք փոխանակեց Աննա Միխայլովնայի հետ։ Աննա Միխայլովնան հասկացավ, որ իրեն խնդրում են երիտասարդին զբաղեցնել և նա, Պիեռի մոտ նստելով, սկսեց խոսել հոր մասին։ Ինչպես կոմսուհուն, դրան էլ Պիեռը պատասխանում էր կարճ նախադասություններով։ Բոլոր հյուրերն էլ զբաղված էին իրարով. «Les Razoumovsky… Ça a été charmant… Vous êtes bien bonne… la comtesse Apraksine…»[149], լսվում էր ամեն կողմից։ Կոմսուհին վեր կացավ և գնաց դահլիճ։

— Մարիա Դմիտրիևնա՛,— լսվեց նրա ձայնը դահլիճից։

— Նա ինքն է,— լսվեց ի պատասխան մի կոպիտ կանացի ձայն, որից հետո սենյակ մտավ Մարիա Դմիտրիևնան։

Բոլոր Օրիորդները և անգամ կանայք, բացառությամբ ամենապառավների, ոտքի ելան։ Մարի Դմիտրիևնան կանգ առավ շեմքին և, իր գերուկ մարմնի բարձունքից, վեր բռնելով իր ճերմակ խոպոպներով զարդարված հիսնամյա գլուխը, նայեց հյուրերին և, կարծես թևերը քշտելով, առանց շտապելու, ուղղեց զգեստի լայն թևքերը։ Մարիա Դմիտրիևնան խոսում էր միշտ ռուսերեն։

— Թանկագին անվանակոչյալներս՝ շնորհավորում եմ,— ասավ նա բարձր, բամբ ձայնով, որ խլացնում էր բոլոր մյուս ձայները։— Դու ինչ ես անում ծեր սատանա,— ասավ նա ձեռը համբուրող կոմսին,— երևի ձանձրանո՞ւմ ես Մոսկվայում։ Շուն խաղացնելու տեղ չկա՞։ Ինչ արած, սիրելիս. այ, երբ այս թռչնակները մեծանան…— Նա ցույց տվեց աղջիկներին։— Ուզես-չուզես՝ փեսացուներ պիտի փնտրես։

— Է, ինչպե՞ս ես կազակս (Մարիա Դմիտրիևնան կազակ անվանում էր Նատաշային),— ասավ նա, ձեռով Նատաշային փաղաքշելով, որ անվախ ու ուրախ մոտեցավ նրան։— Գիտեմ, որ չար աղջիկ ես, բայց սիրում եմ։

Նա ահագին ռեդիկյուլից հանեց հակինթյա տանձաձև գինդեր և, տալով դրանք տոնական ժպիտով փայլող, շիկնած Նատաշային, անմիջապես շուռ եկավ նրանից ու դարձավ Պիեռին։

— Է, է՜։ սիրելիս, արի մի այստեղ,— ասավ նա շինծու հանդարտ ու բարակ ձայնով։— Արի, սիրելիս, արի՛։

Եվ նա սպառնալից թևքերը վեր քշտեց։

Պիեռը մոտեցավ, ակնոցների միջից միամտորեն նրան նայելով։

— Մոտեցիր, մոտեցիր, սիրելիս։ Ես քո հորն էլ ճշմարտություն չեմ խնայել, երբ նա արքունիքից անգամ սիրված էր, իսկ քեզ՝ ևս առավել։

Նա լռեց։ Լուռ էին և բոլորը, սպասելով, թե ի՛նչ է լինելու, զգում էին, որ դա նախաբան է միայն։

— Լավն ես, խոսք չունեմ։ Լա՜վ տղա ես… Հայրը մահամերձ պառկած, ինքը զվարճանում է, թաղապետին նստեցնում է արջի մեջքին։ Ամո՜թ է, սիրելիս, ամո՛թ։ Ավելի լավ կանեիր պատերազմ գնայիր։

Նա շրջվեց ու ձեռը տվեց կոմսին, որ ծիծաղը հազիվ էր զսպում։

— Հը՛, սեղան նստելու ժամանա՞կն է,— ասավ Մարիա Դմիտրիևնան։

Առջևից գնաց կոմսը՝ Մարիա Դմիտրիևնայի հետ, հետո կոմսուհին, որին թևանցուկ էր արել հուսարական գնդապետը, հարկավոր մի մարդ, որի հետ Նիկոլայը պիտի գնար-հասներ իր գնդին։ Աննա Միխայլովնան՝ Շինշինի հետ։ Բերգը թևը տվեց Վերային։ Ժպտերես Ժյուլի Կարագինան սեղանատուն մտավ Նիկոլայի հետ։ Նրանց հետևեցին ուրիշ զույգեր էլ, դահլիճի երկարությամբ շար ընկած, իսկ բոլորի ետևից մեկ-մեկ գնացին երեխաները, դաստիարակներն ու դաստիարակչուհիները։ Սպասավորներն իրար անցան, աթոռները գռռացին, վերնատանը նվագեց երաժշտախումբը, և հյուրերը տեղավորվեցին։ Կոմսի տնային երաժշտության հնչյուններին փոխարինեցին դանակների ու պատառաքաղների ձայները, հյուրերի խոսոցը, սպասավորների հուշիկ քայլվածքը։ Սեղանի գլխին նստել էր կոմսուհին, աջ կողմը Մարիա Դմիտրիևնան, ձախ կողմը՝ Աննա Միխայլովնան և մյուս հյուրերը։ Սեղանի մյուս ծայրին նստել էր կոմսը, նրանից ձախ՝ հուսար գնդապետը, աջ՝ Շինշինը և մյուս տղամարդ հյուրերը։ Երկար սեղանի մի կողմը բռնել էին հասակավոր երիտասարդները, Վերան Բերգի կողքին, Պիեռը՝ Բորիսի, մյուս կողմը — երեխաները, դաստիարակներն ու դաստիարակչուհիները։ Կոմսը բյուրեղյա շշերի և մրգերով լի վազերի ետևից նայում էր կնոջն ու նրա կապույտ ժապավեններով զարդարված չամչիկին և եռանդով գինի լցնում հարևանների համար, չմոռանալով և իրեն։ Կոմսուհին նույնպես, տանտիկնոջ պարտականությունները չմոռանալով, անանասների ետևից նշանակալից ակնարկներ էր նետում մարդուն, որի ճաղատն ու դեմքը՝ իրենց կարմրությամբ, որոշակի աչքի էին ընկնում ճերմակ մազերի մեջ։ Կանանց մասում տեղի էր ունենում միօրինակ փսփսոց, իսկ տղամարդկանց մասում ձայները, քանի գնում, բարձրանում էին, մանավանդ հուսար գնդապետինը, որն ավելի ու ավելի կարմրելով, այնքան կերավ, խմեց, որ կոմսը նրան օրինակ էր բերում՝ մյուս հյուրերի համար։ Բերգը քաղցր ժպիտով խոսում էր Վերայի հետ այն մասին, թե սերը ոչ թե երկրային զգացմունք է, այլ երկնային։ Բորիսը իր նոր բարեկամ Պիեռին հայտնում էր սեղանակից հյուրերի անունները և հայացքներ փոխանակում իր դեմը նստած Նատաշայի հետ։ Պիեռը քիչ էր խոսում, նայում էր նոր դեմքերին ու շատ ուտում։ Սկսած երկու արգանակից, որոնցից ընտրեց à la tortue, ձկնից պատրաստած կարկանդակից մինչև աքարները, նա չհրաժարվեց կերակուրների ոչ մի տեսակից և ոչ մի գինուց, որ գլխավոր սպասավորը անձեռոցի մեջ փաթաթած շիշը խորհրդավորությամբ հարևանի ուսի ետևից տալիս էր նրան, ասելով կա՛մ «դրեյմադերա», կա՛մ «հունգարական», կա՛մ «ռեյնվեյն»։ Պիեռը կոմսի մենագիրը կրող չորս բյուրեղյա բաժակներից մեկն ու մեկը դեմ էր անում գլխավոր սպասավորի պարզած շշին ու խմում հաճույքով, ավելի ու ավելի դուրեկան արտահայտությամբ նայելով հյուրերին։ Նրա դեմը նստած Նատաշան նայում էր Բորիսին, ինչպես տասներեք տարեկան աղջիկները կնայեն մի տղայի, որի հետ հենց նոր միայն համրուրվել են և որի վրա սիրահարված են։ Նատաշան այդ նույն հայացքով երբեմն նայում էր Պիեռին և Պիեռն այդ զվարճալի ու աշխույժ աղջկա հայացքի ազդեցության տակ ուզում էր ինքն էլ ծիծաղել, չիմանալով ինչու։

Նիկոլայը նստած էր Սոնյայից հեոու, Ժյուլի Կարագինայի կողքին, և դարձյալ նույն ակամա ժպիտով ինչ-որ բան էր ասում նրան։ Սոնյան ժպտում էր տոնական ժպիտով, բայց, ըստ երևույթին, տանջվում էր խանդից. մերթ գունատվում էր, մերթ կարմրում և ամեն կերպ աշխատում էր լսել, թե ինչ են խոսում Նիկոլայն ու Ժյուլին։ Դաստիարակչուհին անհանգիստ շուրջն էր նայում, կարծես պատրաստվում էր դիմադրել, եթե որևէ մեկը փորձեր հանկարծ երեխաներին վիրավորել։ Գերմանացի դաստիարակը աշխատում էր չմոռանալ կերակուրների, անուշեղենների և գինիների բոլոր տեսակները, որ մանրամասն նկարագրի Գերմանիա՝ տնեցիներին ուղարկելիք նամակի մեջ, և շատ վիրավորվում էր, որ գլխավոր սպասավորը անձեռոցի մեջ փաթաթած շիշը իրեն չէր մոտեցնում։ Գերմանացին հոնքերը կիտում էր, աշխատում էր այնպիսի տեսք ընդունել, թե ինքը չի էլ ցանկանում այդ գինուց բաժին ստանալ, բայց վիրավորվում է նրա համար, որ ոչ ոք չի ուզում հասկանալ, թե գինին իրեն հարկավոր է ո՛չ թե ծարավը հագեցնելու, ո՛չ թե ագահությամբ խմելու, այլ լոկ հետաքրքրականության համար։

XVI

Սեղանի շուրջը՝ տղամարդկանց բաժնում խոսակցությունը գնալով աշխուժանում էր։ Գնդապետը պատմեց, թե պատերազմի հայտարարության հրովարտակն արդեն դուրս է եկել Պետերբուրգում և թե այն օրինակը, որ ինքը տեսել է, սուրհանդակի միջոցով բերված է գլխավոր հրամանատարին։

— Եվ ինչո՞ւ համար, որ սատանան է դրդում մեզ, կռվել Բոնապարտի դեմ,— ասավ Շինշինը։— II a déjà rabattu le caquet à l’Autriche. Je crains que cette fois ce ne soit notre tour[150]։

Գնդապետը մարմնեղ, բարձրահասակ և տաքարյուն մարդ էր, ըստ երևույթին, լավ ծառայող ու հայրենասեր։ Շինշինի խոսքերից վիրավորվեց։

— Ն_ռ_ա համա_ռ_, բա_ռ_եկամս,— ասավ նա «ր»-ի փոխարեն «ռ» արտասանելով։— Ն_ռ_ա համա_ռ_, ո_ռ_ովհետև կայս_ռ_ն այդ գիտի։ Նա մանիֆեստում ասել է, թե չի կա_ռ_ող սառնասի_ռ_տ դիտել Ռուսաստանին սպառնացող վտանգը, և թե կայս_ռ_ության անվտանգությունը, ն_ռ_ա արժանապատվությունը և դաշնադ_ռ_ություննե_ռ_ի ս_ռ_բությունը,— ասավ նա, չգիտես ինչու, շեշտելով առանձնապես «դաշնադրություն» բառը, կարծես դրա մեջ էր բանի ողջ էությունը։

Եվ իրեն հատուկ անսխալ, պաշտոնական հիշողությամբ կրկնեց հրովարտակի առաջին խոսքերը. «և կայսեր ցանկությունը, միակ և անփոփոխ նպատակը — Եվրոպայում հաստատուն հիմքերի վրա խաղաղություն վերահաստատել — հարկադրեցին նրան այժմ զորքերի մի մասը շարժել դեպի արտասահման՝ սույն մեր մտադրությունը իրականացնելու համար»։

— Ահա ինչո՛ւ համա_ռ_, ողո_ռ_մած պա_ռ_ոն,— եզրակացրեց նա, խրատական շարժումով մի բաժակ գինի խմելով և խրախուսանքի ակնկալությամբ կոմսին նայելով։

— Connaissez vous le proverbe[151]։ Երեմ, Երեմ, լավ կանեիր տանդ նստեիր՝ իլիկ պտտեիր»,— ասավ Շինշինը, դեմքը կնճռոտելով ու Ժպտալով։— Cela nous convient à merveille[152]։ Մի Սուվորով ունեինք՝ նրան էլ ջարդեցին, a plate couture, իսկ հիմա որտեղ Սուվորովներ գտնե՞նք։ Le vous demande un peu[153],— անդադար ռուսերենից ֆրանսերենի անցնելով՝ կրկնում էր նա։

— Մենք պետք է կռվենք մինչև վե_ռ_ջին կաթիլ ա_ռ_յուն,— ասավ գնդապետը, սեղանին խփելով,— և մե_ռ_-ռ-ռ_նենք մե_ռ կայսե_ռ_ համա_ռ_, և այն ժամանակ ամեն բան լավ կլինի։ Եվ ինչքան «կա_ռ_-ռ_ելի է (նա առանձնապես երկարեց «կարելի է» բառը), ինչքան կա_ռռ_ելի է քիչ դատողություններ անենք,— վերջացրեց նա, կրկին կոմսին դիմելով։— Այսպես ենք կա_ռ_ծում մենք՝ հին հուսա_ռ_ներս, ահա բոլորը։ Իսկ դուք ի՞նչ եք կա_ռ_ծում, ե_ռ_իտասա_ռ_դ հուսա_ռ,— ավելացրեց նա, դիմելով Նիկոլային, որը, լսելով խոսքը պատերազմի մասին է, խոսակցուհուն թողած, մեծ ուշադրությամբ ականջ էր դնում գնդապետին։

— Միանգամայն համաձայն եմ ձեզ,— պատասխանեց Նիկոլայը, ամբողջովին բռնկվելով, ափսեն պտտելով ու բաժակները տեղափոխելով մի այնպիսի վճռական տեսքով, կարծես հենց այդ րոպեին իսկ ենթարկվում էր մեծ վտանգի,— ես համոզված եմ, որ ռուսները պետք է մեռնեն կամ հաղթեն,— ասավ նա, ուրիշների պես ինքն էլ զգալով, որ իր խոսքերը, ներկա առիթի համար, չափազանց խանդավառ ու փքուն էին, ուստի և անհարմար։

— C’est bien beau ce que vous venez de dire[154],— ասավ նրա մոտ նստած Ժյուլին, հառաչելով։ Սոնյան դողաց ամբողջ մարմնով և կարմրեց մինչև ականջները, ականջների ետևը, մինչև պարանոցն ու ուսերը այն ժամանակ, երբ Նիկոլայը խոսում էր։ Պիեռը լսում էր գնդապետի խոսքերը, և գլխով հավանություն տվավ։

— Ա՛յդ հիանալի է,— ասավ նա։

— Իսկական հուսա_ռ_ ես, ե_ռ_իտասա_ռ_դ,— բացականչեց գնդապետը, նորից սեղանին խփելով։

— Ի՞նչ եք աղմկում այդտեղ,— լսվեց հանկարծ Մարիա Դմիտրիևնայի բամբ ձայնը։— Ի՞նչ ես ձեռդ սեղանին խփում,— դարձավ նա հուսար գնդապետին,— ո՞ւմ վրա ես տաքացել, ո՞վ գիտի, կարծում ես դիմացդ ֆրանսացիներ են։

— Ես ճշմարտություն եմ ասում,— ասավ հուսարը ժպտալով։

— Պատերազմի մասին է,— գոռաց կոմսը սեղանի մի ծայրից մյուսը։— Չէ՞ որ որդիս գնում է, Մարիա Դմիտրիևնա, որդիս գնում է։

— Իսկ իմ չորս որդին էլ բանակումն են, բայց ես չեմ տխրում։ Ամեն բան աստծու կամքից է կախված. տանդ պառկած էլ կմեռնես, կռվի մեջ էլ աստված կողորմա,— առանց որևէ ջանքի սեղանի մյուս ծայրից հնչեց Մարիա Դմիտրիևնայի թավ ձայնը։

— Այդ այդպես է։

Եվ խոսակցությունը կրկին կետրոնացավ — կանանցն իրենց մասում, տղամարդկանցն՝ իրենց։

— Ա՛յ, չես կարող հարցնել,— ասում էր փոքր եղբայրը Նատաշային,— չես կարող հարցնել։

— Կհարցնեմ,— պատասխանեց Նատաշան։

Նրա դեմքը հանկարծ բռնկվեց, արտահայտելով մի խիզախ ու զվարթ վճռականություն։ Նա վեր կացավ, դեմը նստած Պիեռին հայացքով հրավիրելով լսել իրեն, և դիմեց մորը։

— Մայրի՛կ,— հնչեց սեղանովը մեկ նրա մանկական կրծքային ձայնը։

— Ի՞նչ ես ուզում,— հարցրեց կոմսուհին վախեցած, բայց աղջկա դեմքից նկատելով, որ այդ չարաճճիություն է, ձեռը խստությամբ թափ տվեց նրա վրա, գլխով սպառնական ու բացասական շարժում անելով։

Խոսակցությունը լռեց։

— Մայրի՜կ, ի՞նչ կարկանդակ են մատուցելու,— հնչեց Նատաշայի ձայնը ավելի վճռական։

Կոմսուհին ուզեց դեմքը խոժոռել, բայց չկարողացավ։ Մարիա Դմիտրիևնան հաստ մատովն սպառնաց։

— Կազա՛կ,— ասավ նա սպառնալով։

Հյուրերի մեծամասնությունը նայում էր մեծերին, չիմանալով ինչպես վերաբերվել Նատաշայի այդ չարաճճիությանը։

— Ա՛յ, ցույց կտամ քեզ,— ասավ կոմսուհին։

— Մայրի՜կ, կարկանդա՞կ են բերելու,— հարցրեց Նատաշան բարձրաձայն, արդեն համարձակ և քմահաճորեն ուրախ, նախապես վստահ, որ իր վարմունքը լավ ընդունելություն կգտնի։

Սոնյան ու հաստլիկ Պետյան թաքնվում էին, որ իրենց ծիծաղը չտեսնեն։

— Այ, տեսար, հարցրի,— շշնջաց Նատաշան փոքր եղբորն ու Պիեռին, որին նայեց դարձյալ։

— Պաղպաղակ, բայց քեզ չեն տա,— ասավ Մարիա Դմիտրիևնան։

Նատաշան տեսավ, որ վախենալու բան չկա, ուստի չվախեցավ և Մարիա Դմիտրիևնայից։

— Մարիա Դմիտրիևնա, ի՞նչ տեսակ պաղպաղակ։ Սերով պատրաստածը չեմ սիրում։

— Գազարի։

— Չէ, ասեք, ի՞նչ տեսակ։ Մարիա Դմիտրիևնա, ի՞նչ տեսակ,— գրեթե գոռաց նա։— Ուզում եմ իմանալ։

Մարիա Դմիտրիևնան ու կոմսուհին ծիծաղեցին, նրանց հետ և բոլոր հյուրերը։ Բոլորը ծիծաղում էին ոչ թե Մարիա Դմիտրիևնայի պատասխանի վրա, այլ այդ փոքրիկ աղջկա աներևակայելի համարձակության ու ճարպկության վրա, որ հանդգնեց այդպես վերաբերվել Մարիա Դմտրիևնային։

Նատաշան հանգստացավ այն ժամանակ միայն, երբ հայտնեցին, թե պաղպաղակն անանասից է։ Պաղպաղակից առաջ շամպայն տվին։ Նորից երաժշտախումբը նվագեց, կոմսը համբուրվեց կոմսուհու հետ, հյուրերը ոտքի կանգնելո, շնորհավորեցին կոմսուհուն, սեղանի վրայով բաժակներ շրխկացրին կոմսի, երեխաների և միմյանց հետ։ Նորից սպասավորներն իրար անցան, աթոռները դռռացին, և նույն կարգով, բայց ավելի կարմրած դեմքերով, հյուրերը վերադարձան հյուրասրահն ու կոմսի առանձնասենյակը։

XVII

Բոստոնի սեղանները բաց արին, խմբեր կազմեցին, և կոմսի հյուրերը տեղավորվեցին երկու հյուրասրահում, բազմոցարանում ու գրադարանում։

Կոմսը, խաղաթղթերը հովհարաձև փռելով, հազիվ էր զսպում սովորական ետճաշյա քունը և ծիծաղում էր ամեն բանի վրա։ Երիտասարդությունը, կոմսուհու դրդումով, հավաքվեց դաշնամուրի և տավիղի շուրջը։ Առաջինը ժյուլին, բոլորի խնդրանքով, տավիղի վրա մի եղանակ նվազեց իր վարիանտներով և մյուս աղջիկների հետ միասին սկսեց խնդրել Նատաշային ու Նիկոլային, որոնք հայտնի էին իրենց երաժշտական ընդունակությամբ, որևէ բան երգել։ Նատաշան, որին դիմեցին իբրև մեծի, ըստ երևույթին շատ գոհ էր այդ բանից, բայց միաժամանակ և քաշվում էր։

— Ի՞նչ պիտի երգենք,— հարցրեց նա։

— «Աղբյուրը»,— պատասխանեց Նիկոլայը։

— Դե, շուտ արեք։ Բորիս, եկեք այստեղ,— ասավ Նատաշան,— իսկ Սոնյան ո՞ւր է։

Նա չորս կողմը նայեց և, տեսնելով ընկերուհին սենյակում չի, վազեց նրան գտնելու։

Վազելով Սոնյայի սենյակը և, նրան այնտեղ չգտնելով, Նատաշան վազեց մանկանոց — Սոնյան այդտեղ էլ չէր։ Նատաշան հասկացավ, որ Սոնյան միջանցքի սնդուկի վրա կլինի։ Միջանցքում դրված սնդուկը Ռոստովների տան իգական մատաղ սերնդի տխրության վայրն էր։ Իսկապես, Սոնյան իր եթերային, վարդագույն զգեստով երեսնիվայր պառկել էր դայակի կեղտոտ շերտավոր ներքնակին՝ սնդուկի վրա և, մատներով երեսը ծածկած, հեկեկում էր, մերկ ուսերը ցնցելով։ Նատաշայի դեմքը, որ ամբողջ օրն աշխույժ ու տոնական էր, հանկարծ փոխվեց, աչքերը սառեցին, ապա դողաց նրա լայն պարանոցը և բերանի անկյուններն իջան։

— Սոնյա՜։ Ի՞նչ է… Ի՞նչ, ի՞նչ է պատահել քեզ։ Ը՜-ը՜-ը՜…

Եվ Նատաշան, մեծ բերանը լայն բանալով ու բոլորովին տգեղանալով, սկսեց երեխայի պես բարձրաձայն լաց լինել, չիմանալով պատճառը և միայն նրա համար, որովհետև Սոնյան լաց էր լինում։ Սոնյան ուզեց գլուխը բարձրացնել, ուզեց պատասխանել, բայց չկարողացավ և երեսն ավելի թաքցրեց։ Նատաշան լաց լինելով նստեց կապույտ ներքնակի վրա ու ընկերուհուն գրկեց։ Ինքն իրեն հավաքելով՝ Սոնյան բարձրացավ, արցունքները սրբեց ու սկսեց պատմել.

— Նիկոլենկան մի շաբաթից հետո գնում է, նրա… թուղթը… դուրս է եկել… ինքն ինձ ասավ… Բայց ես լաց չէի լինի… (նա ցույց տվեց ձեռին բռնած մի թուղթ — Նիկոլայի գրած ոտանավորները) ես էլի լաց չէի լինի, բայց դու չես կարող… Ոչ ոք չի կարող հասկանալ… թե նա ինչ սիրտ ունի։

Եվ նա նորից սկսեց լաց լինել, որ Նիկոլայի սիրտը շատ բարի է։

— Քո բանը լավ է… քեզ չեն նախանձում… ես քեզ սիրում եմ, նույնպես և Բորիսին,— ասում էր Սոնյան, փոքր-ինչ իրեն հավաքելով,— նա համակրելի է… ձեզ համար արգելքներ չկան։ Իսկ Նիկոլայն իմ cousin-ն է… պետք է որ… միտրոպոլիտն ինքը… այդ էլ չի կարելի։ Եվ հետո, եթե մայրիկը (Սոնյան կոմսուհուն թե՛ մայրիկ էր համարում և թե՛ մայրիկ էր ասում), նա կասի, որ ես Նիկոլայի ապագան փչացնում եմ, որ ես անսիրտ եմ, ապերախտ, բայց ճիշտը… աստված վկա (նա խաչակնքեց), ես այնպես եմ սիրում մայրիկին, և ձեզ բոլորիդ, միայն Վերան է մենակ… Ինչո՞ւ համար։ Ես նրան ի՞նչ եմ արել։ Ես այնքան երախտապարտ եմ ձեզ, որ ուրախությամբ ամեն ինչ կզոհեմ, բայց բան չունեմ…

Սոնյան այլևս չկարողացավ խոսել և գլուխը նորից թաքցրեց ձեռների ու ներքնակի մեջ։ Նատաշան սկսեց հանգստացնել, բայց դեմքից երևում էր, որ զգում-հասկանում է ընկերուհու վշտի ամբողջ լրջությունը։

— Սոնյա՛,— ասաց նա հանկարծ, կարծես գուշակելով ընկերուհու վշտի իսկական պատճառը։— Վերան, Վերան խոսե՞լ է ճաշից հետո։ Այո՞։

— Այո, այս ոտանավորն ինքը Նիկոլայն է գրել, իսկ ես արտագրել եմ ուրիշներն էլ. Վերան դրանք տեսավ սեղանիս վրա և ասավ, որ ցույց է տալու մայրիկին, ու ավելացրեց, թե ես ապերախտ եմ, թե մայրիկը երբեք թույլ չի տա, որ Նիկոլայն ամուսնանա ինձ հետ, թե Նիկոլայն ամուսնանալու է Ժյուլիի հետ։ Տեսնում ես՝ նա ամբողջ օրը Ժյուլիի հետ էր… Նատաշա՛։ Ինչո՞ւ համար….

Եվ նորից լաց եղավ առաջվանից ավելի դառնագին։ Նատաշան պառկած տեղից բարձրացրեց նրան, գրկեց և, արցունքների միջից ժպտալով, սկսեց հանգստացնել նրան։

— Սոնյա, դու նրան մի հավատա, մի հավատա։ Հիշո՞ւմ ես, ինչպես երեքով բազմոցարանում խոսում էինք Նիկոլենկայի հետ, հիշո՞ւմ ես, ընթրիքից հետո։ Մենք ամեն բան վճռեցինք, թե ինչպես պիտի լինի։ Չեմ մտաբերում ինչպես, բայց հիշո՞ւմ ես, ինչպես ամեն բան լավ էր և հնարավոր։ Ա՛յ մորեղբայր Շինշինի եղբայրն ամուսնացել է մորաքրոջ աղջկա հետ, իսկ մենք չէ՞ որ երրորդ աստիճանի ազգականներ ենք։ Եվ Բորիսն ասում էր, որ դա հնարավոր է։ Գիտես, ես ամեն բան պատմեցի։ Իսկ նա այնքան խելացի, այնքան լավն է,— աաավ Նատաշան։— Սոնյա, լաց մի լինի, սիրելիս, հոգիս, Սոնյա։— Եվ նա համբուրեց նրան, ծիծաղելով։— Վերան չա՛ր է, աստված նրա հետ։ Ամեն բան լավ կլինի, նա մայրիկին չի ասի։ Նիկոլենկան ինքը քեզ կասի, որ ինքը Ժյուլիի մասին չի էլ մտածել։

Եվ նա համբուրեց Սոնյայի գլուխը։ Սոնյան վեր կացավ, և կատվիկը նորից կենդանացավ, աչքերը պսպղացին, և նա, թվում էր, պատրաստ է պոչը շարժել, ցատկել փափուկ թաթերի վրա ու նորից խաղալ կծիկի հետ, ինչ որ սազում էր իրեն։

— Կարծո՞ւմ ես։ Իսկապե՞ս։ Աստված վկա՞,— ասավ նա, արագ-արագ զգեստներն ուղղելով։

— Իսկապե՛ս, աստված վկա՛,— պատասխանեց Նատաշան, ուղղելով ընկերուհու հյուսքի տակից դուրս ընկած մազերի փունջը։

Եվ նրանք երկուսն էլ ծիծաղեցին։

— Դե, գնանք «Աղբույրը» երգենք։

— Գնանք։

— Գիտես, այդ հաստ Պիեռը, որ իմ դեմն էր նստած, այնքա՜ն ծիծաղելի է,— ասավ հանկարծ Նատաշան, կանգ առնելով։— Ես շա՜տ ուրախ եմ։

Եվ Նատաշան վազեց միջանցքով։

Սոնյան, զգեստին կպած փետուրները թափ տալով և ոտանավորը ծոցը դնելով, թեթև, ուրախ քայլերով, շիկնած դեմքով՝ Նատաշայի ետևից միջանցքով վազեց բազմոցարան։ Հյուրերի խնդրանքով երիտասարդները երգեցին «Աղբյուր» կվարտետը, որը բոլորին շատ դուր եկավ. հետո Նիկոլայը երգեց նոր սովորած երգը.

Լուսնյակ գիշերին, սիրուն գիշերին.
Երջանկություն է երազել մենակ,
Թե աշխարհիս վրա մի ուրիշ կա,
Որ մտածում է և քո վրա.
Եվ որ նա սիրուն մատներով
Ոսկե տավիղի թելերի վրա
Իր անուշ ու կրքոտ նվագով
Կանչում է իր մոտ, կանչում է քեզ։
Մի երկու օր էլ, ու դրախտը կբացվի…
Բայց ա՜խ, սիրեցյալդ այդ չի տեսնի։

Վերջին խոսքերը դեռ չէր երգել-վերջացրել, երբ դահլիճում երիտասարդությունը պատրաստվեց պարի և երաժիշտներն սկսեցին ոտքերով աղմկել ու հազալ։

Պիեռը նստել էր հյուրասրահում, ուր Շինշինը նրա, իբրև արտասահմանից նոր եկածի հետ սկսեց, Պիեռի համար տաղտկալի, քաղաքական մի զրույց, որին շուտով միացան և ուրիշները։ Երբ նվագը հնչեց, Նատաշան եկավ հյուրասրահ և, ուղիղ Պիեռին մոտենալով, ծիծաղելով ու շիկնելով, ասավ.

— Մամաս պատվիրեց ձեզ պարի հրավիրել։

— Վախենում եմ ֆիգուրները շփոթեմ,— ասավ Պիեռը,— բայց եթե ուզում եք իմ ուսուցիչը լինել…

Եվ նա իր հաստ ձեռն իջեցնելով՝ մեկնեց փոքրիկ բարալիկ աղջկան։

Մինչ զույգեր էին կազմվում և երաժշտախումբը պատրաստություն էր տեսնում, Պիեռն իր փոքրիկ դամայի հետ նստեց. Նատաշան կատարելապես երջանիկ էր. նա պիտի պարեր արտասահմանից եկած հասակավոր մարդու հետ։ Նստել էր բոլորի աչքի առաջ ու մեծի պես զրուցում էր Պիեռի հետ։ Ձեռին հովհար ուներ, որ մի օրիորդ տվել էր նրան պահելու։ Եվ, աշխարհիկ դիրք ընդունելով (աստված գիտի, թե երբ և որտեղ էր սովորել այդ) նա հովհարելով ու ժպտալով, խոսում էր իր կավալերի հետ։

— Սրան տեսեք, մի սրան նայեցեք,— ասավ կոմսուհին դահլիճից անցնելով ու Նատաշային ցույց տալով։

Նատաշան կարմրեց ու ծիծաղեց։

— Է, ի՞նչ կա որ, մամա, ի՞նչ կա ծաղրելու, ի՞նչ կա այստեղ զարմանալի։

Երրորդ էքոսեզի կիսին աթոռներն աղմուկով շարժվեցին հյուրասրահում, ուր թուղթ էին խաղում կոմսն ու Մարիա Դմիտրիևնան, և պատվավոր հյուրերի մեծ մասն ու ծերունիները, երկար նստելուց հետո ձգվելով և թղթապանակներն ու քսակները գրպանները դնելով՝ դահլիճի դռնից մտան ներս։ Առջևից գալիս էր Մարիա Դմիտրիենան՝ կոմսի հետ — երկուսն էլ ուրախ դեմքով։ Կոմսը սիրակատակ քաղաքավարությամբ, մի տեսակ պարահանդիսային ձևով, թևը տվեց Մարիա Դմիտրիևնային։ Կոմսն ուղղվեց և նրա դեմքը լուսավորվեց ջահելության խորամանկ ժպիտով, և հենց որ պարեցին էքոսեզի վերջին ֆիգուրը՝ նա ծափահարեց երաժիշտներին և ձայն տվեց առաջին ջութակին։

— Սիմո՛ն։ Դանիլո Կուպորը գիտե՞ս։

Դա կոմսի սիրած պարն էր, որ պարել էր դեռ ջահել ժամանակը (Դանիլո Կուպորն իսկապես անգլեզի մի ֆիգուրն էր)։

— Հայրիկին նայեցեք,— գոչեց Նատաշան դահլիճովը մեկ (բոլորովին մոռանալով, որ ինքը պարում է մեծի հետ), գանգրահեր գլուխը մինչև ծնկներն իջեցնելով ու իր հնչուն ծիծաղով դահլիճը լցնելով։

Իսկապես, բոլորը, ովքեր կային դահլիճում, հրճվանքով նայում էին ուրախ ծերուկին, որն իր մեծավայելուչ դամայի՝ իրենից բարձրահասակ Մարիա Դմիտրիևնայի հետ, թևերը շարժում էր տակտով, ուսերը կոտրտում, ոտները խաղացնում, թեթևակի հատակին խփելով, և կլոր դեմքին հետզհետե ավելի ու ավելի աճող ժպիտով հյուրերին նախապատրաստում էր այն բանին, ինչ տեղի էր ունենալու։ Հենց որ Դանիլո Կուպորի ուրախ ու գրգռիչ հնչյունները լսվեցին, դահլիճի բոլոր դռների մեջ երևացին՝ մի կողմից տղամարդ, մյուս կողմից կին սպասավորների ժպտուն դեմքերը, որ եկել էին զվարճացող աղային տեսնելու։

— Մեր աղան՝ արծի՛վ է, արծի՛վ,— ասավ դայակը բարձրաձայն, դռան միջից։

Կոմսը լավ պարում էր և ինքը գիտեր այդ, բայց նրա դաման բոլորովին չէր կարողանում ու չէր ցանկանում լավ պարել։ Նրա վիթխարի մարմինը մնացել էր ուղիղ՝ կախ ընկած ահագին թևերով (նա ռեդիկյուլը տվել էր կոմսուհուն)- պարում էր միայն նրա խիստ, բայց գեղեցիկ դեմքը։ Այն, ինչ արտահայտում էր կոմսի հաստ ու կլոր մարմինը, նույնն արտահայտում էր Մարիա Դմիտրիևնայի հետզհետե ժպտուն դարձող դեմքը և վեր ցցվող քիթը։ Սակայն, եթե կոմսը ավելի ու ավելի ոգևորվելով՝ հանդիսականներին հիացնում էր ճարպիկ ոլորան շարժումների անսպասելիությամբ և իր փափուկ ոտների թեթև ոստյուններով, Մարիա Դմիտրիևնան՝ ուսերի շարժան և բազուկները ոլորելու ամենափոքրիկ ճիգովն իսկ, հիրավի, թողնում էր ոչ պակաս տպավորություն, ինչ որ գնահատում էր ամեն ոք, նկատի առնելով նրա մարմնի գիրությունը և մշտական խիստ լրջությունը։ Պարը գնալով ավելի ու ավելի աշխուժանում էր։ Մյուսները մի վայրկյան իսկ ուշադրություն չէին գրավում և նույնիսկ չէին էլ հոգում այդ մասին։ Բոլորն էլ զբաղված էին կոմսով ու Մարիա Դմիտրիևնայով։ Նատաշան, բոլոր ներկա եղողների թևքն ու փեշերը քաշելով, պահանջում էր, որ հորը նայեն, որոնք առանց այդ էլ աչք չէին հեռացնում այդ պարողներից։ Կոմսը պարի ընդմիջումներին ծանր շնչում էր, ձեռները թափահարում ու ձայն տալիս երաժիշտներին, որ նվագն արագացնեն։ Ու արագ, արագորեն ու արագորեն դառնում էր կոմսը, մերթ ոտքի ծայրերի, մերթ կրունկների վրա պտտվելով Մարիա Դմիտրիևնայի շուրջը և, վերջապես, դամային տանելով դեպի իր տեղը, արավ վերջին պան, ետևից վեր բարձրացնելով իր փափուկ ոտքը, ժպտուն դեմքով խոնարհելով քրտնած գլուխը և աջ ձեռը. թափահարեց շրջանաձև՝ ծափահարության ու ծիծաղի որոտի մեջ. ծիծաղում էր մանավանդ Նատաշան։ Երկու պարողներն էլ կանգ առան, ծանր շնչելով ու բատիստե թաշկինակով երեսները սրբելով։

— Ահա ինչպես էին պարում մի ժամանակ, ma chère,— ասավ կոմսը։

— Այ գիտի Դանիլո Կուպոր,— ծանր, երկար շունչ առնելով և թևքերը վեր քաշելով, ասավ Մարիա Դմիտրիևնան։

XVIII

Այն ժամանակ, երբ Ռոստովների դահլիճում հոգնածությունից սխալ նվագող երաժիշտների նվագի տակ պարում էին վեցերորդ անգլեզը, և հոգնած սպասավորներն ու խոհարարն ընթրիք էին պատրաստում, կոմս Բեզուխովն ստացավ կաթվածի վեցերորդ հարվածը։ Բժիշկները հայտարարեցին, որ առողջանալու հույս չկա այլևս։ Հիվանդին լուռ խոստովանեցրին ու հաղորդեցին. պատրաստություն էին տեսնում վերջին օծման համար, և տան մեջ, որ սովորական է այդպիսի րոպեներին, իրարանցում ու սպասումի տագնապ էր տիրում։ Դուրսը, տան դարպասների մոտ, եկող կառքերից թաքնվելով, խմբվել էին դագաղագործները, սպասելով հարուստ պատվերի՝ կոմսի թաղման համար։ Մոսկվայի գլխավոր հրամանատարը, որ անդադար համհարզներ էր ուղարկում կոմսի վիճակն իմանալու, այս երեկո ինքն եկավ անձամբ վերջին հրաժեշտը տալու անվանի եկատերինյան ավագանի կոմս Բեզուխովին։

Փառահեղ ընդունարանը լիքն էր։ Բոլորը հարգանքով ոտի կանգնեցին, երբ գլխավոր հրամանատարը, մոտ կես ժամ հիվանդի մոտ մնալուց հետո, դուրս եկավ այնտեղից, թեթևակի պատասխանելով գլխով արված բարևներին և աշխատելով որքան կարելի է շուտ անցնել հայացքներն իր վրա սևեռած բժիշկների, հոգևորականների ու ազգականների մոտով։ Իշխան Վասիլին, որ նիհարել ու գունատվել էր այս քանի օրը՝ ճանապարհ էր դնում գլխավոր հրամանատարին և ցած ձայնով ինչ-որ կրկնեց նրան մի քանի անգամ։

Գլխավոր հրամանատարին ճանապարհ դնելով՝ իշխան Վասիլին դահլիճի մեջ մեկուսի նստեց մի աթոռի, ոտը ոտի վրա գցելով, արմունկը հենեց ծնկանն ու ալքերը ծածկեց ձեռով։ Մի առ ժամանակ այդպես նստելով՝ վեր կացավ ու անսովոր-արագ քայլերով, վախեցած աչքերով շուրջը նայելով, երկար միջանցքով գնաց տան ետին հարկաբաժինը՝ ավագ իշխանադստեր մոտ։

Թույլ լուսավորված ընդունարանում գտնվողներն անհավասար շշուկով խոսում էին միմյանց հետ ու լռում ամեն անգամ և հարցական ու սպասողական հայացքներով նայում մահամերձի սենյակը տանող դռան, որ թույլ ճռինչ էր արձակում, երբ մեկը ներս էր մտնում կամ դուրս էր գալիս այնտեղից։

— Մարդկային վախճանը,— ասավ ծերուկ հոգևորականը մոտը նստող և իրեն միամտորեն ունկնդրող կնոջը,— վախճանը սահմանված է, և այն անցնել չի կարելի։

— Արդյոք ուշ չէ՞ վերջին օծման համար,— հոգևոր կոչումն ավելացնելով՝ հարցրեց կինը, կարծես այդ մասին իր սեփական կարծիքը չունենալով։

— Խորհուրդը, քույրիկ, մեծ է,— պատասխանեց հոգևորականը, ձեռքը քսելով ճաղատին, որի վրա պառկած էին մի քանի փունջ սանրած ալեխառն մազեր:

— Ղա ո՞վ էր, ինքը գլխավոր հրամանատա՞րը,— հարցրին սենյակի մյուս ծայրում։— Ի՜նչ առույգ է երևում…

— Բայց յոթանասունի մեջ է։ Ի՞նչ, ասում են, որ կոմսն էլ մարդ չի ճանաչո՞ւմ։ Ուզում էին օծել։

— Մեկին ճանաչում էի՝ յոթն անգամ օծվեց։

Երկրորդ իշխանադուստրը դուրս եկավ հիվանդի սենյակից արցունքոտ աչքերով և նստեց բժիկ Լոռենի մոտ, որը վայելուչ դիրքով, նստել էր Եկատերինայի պատկերի ներքո, սեղանին կրթնած։

— Très beau,— ասավ բժիշկը, պատասխանելով եդանակի մասին արած հարցումին,— très beau, princesse, et puis, à Moscou on se croit à la campagne[155]։

— N’est-ce-pas?[156],— ասավ իշխանադուստրը հառաչելով։— Ուրեմն նա կարո՞ղ է խմել։

Լոռենը մտածեց մի փոքր։

— Դեղն ընդունե՞ց։

— Այո։

Բժիշկը նայեց ժամացույցին։

— Վերցրեք մի բաժակ եռացրած ջուր և դրեք une pincèe (նա իր բարակ մատներով ցույց տվեց թե ինչ է նշանակում une pincée) de cremortartari…[157]

— Դեռ չի պատախած,— ասում էր գերմանացի բժիշկը մի ադյուտանտի,— որ կաթխվածի երրորդ խարվածից հետո մառդ կենդանի մնա։

— Բայց ի՜նչ թարմ մարդ էր,— ասավ ադյուտանտը։— Եվ ո՞ւմ է մնալու այս հարստությունը,— ավելացրեց նա շշուկով։

Ցանկացող կգտնվի,— ժպտալով պատասխանեց գերմանացին։

Բոլարը նորից դռանը նայեցին, որը ճռնչաց, և երկրորդ իշխանադուստրը, Լոռենի ցույց տված ըմպելիքը պատրաստած, տարավ հիվանդին։ Գերմանացի բժիշկը մոտ եցավ Լոռենին։

— Կարո՞ղ է մինչև վաղը առավոտ ապրել,— հարցրեց գերմանացին վատ ֆրանսերենով։

Լոռենը շրթները սեղմելով, խստությամբ ու բացասաբար մատը շարժեց իր քթի առաջ։

— Այս գիշեր, ոչ ուշ,— ասավ նա կամաց, ինքնագոհ ժպիտով, որ ցույց էր տալիս, թե միայն ինքն է հասկանում հիվանդի, վիճակն, ու գնաց։

Մինչ այդ իշխան Վասիլին բաց արավ իշխանադստեր սենյակի դուռը։

Սենյակում կիսախավար էր տիրում. միայն երկու կանթեղ էր վառվում սրբապատկերների առաջ, օդը լցված էր խնկի ու ծաղիկների դուրեկան հոտով։ Ամբողջ սենյակը սարքավորված էր մանր կահերով — փոքրիկ պահարաններով ու սեղաններով։ Պարտակի ետևից երևում էին փետրյա բարձր անկողնու ճերմակ ծածկոցները։ Շնիկը հաչեց։

— Ախ, այդ դո՞ւք եք, mon cousin։

Իշխանադուստրը վեր կացավ և շտկեց մազերը, որոնք միշտ, ինչպես և այժմ, անսովոր կոկ էին՝ այնպես, կարծես գլխի հետ մի կտորից էին շինված ու լաքով պատված։

— Ի՞նչ է, բան պատահե՞ց,— հարցրեց նա։— Ես այնպես վախեցա։

— Նույնն է. ես եկա քեզ հետ, Կատիշ, գործի մասին խոսելու,— ասավ իշխանը, հոգնած նստելով հենց այն բազկաթոռին, որից վեր կացավ իշխանադուստրը։ Ինչքան տաքացրել ես,— ասավ նա,— դե, նստիր այստեղ, causons[158]։

— Կարծեցի բան է պատահել,— ասավ իշխանադուստրը և իր դեմքի անփոփոխ քարե-խիստ արտահայտությամբ նստեց իշխանի դիմաց, պատրաստվելով նրան լսելու։

— Ուզեցի քնել, mon cousin, բայց չեմ կարողանում։

— Հը, ի՞նչ կա, սիրելիս,— ասավ իշխան Վասիլին, բռնելով իշխանադստեր ձեռքն ու, ըստ սովորության, ցած թեքելով։

Երևում էր, որ այդ «հը, ինչ կա»-ն վերաբերվում էր շատ բաների, որ առանց անունը տալու, երկուսն էլ հասկանում էին արդեն։

Ոտների համեմատ անհամաչափ-երկար, չոր և ուղիղ իրանով իշխանադուստրը անտարբեր և ուղիղ նայում էր իշխանին իր դուրս ընկած գորշ աչքերով։ Նա գլուխն օրորեց և, հառաչելով, նայեց սրբապատկերներին։ Նրա այդ շարժումը կարելի էր բացատրել, թե՛ որպես վշտի ու անձնվիրության արտահայտություն և թե որպես հոգնածության և շուտով հանգստանալու բաղձանք։ Իշխան Վասիլին այդ շարժումը բացատրեց որպես հոգնածության արտահայտություն։

— Իսկ ինձ համար,— ասավ նա,— կարծում ես հե՞շտ է։ Je suis éreinté, comme un cheval de poste[159]։ Այնուամենայնիվ հետդ պիտի խոսեմ, Կատիշ, և շատ լուրջ։

Իշխան Վասիլին լռեց, և նրա այտերն սկսեցին նյարդայնորեն ձգվել մերթ այս, մերթ այն կողմի վրա, դեմքին տալով անհաճո արտահայտություն, ինչ որ չէր երևում նրա դեմքին, երբ նա հյուրասրահներում էր լինում։ Աչքերն էլ այնպես չէին, ինչպես միշտ, մերթ նայում էին լպիրշ-հանաքով, մերթ երկյուղով դիտում շուրջը։

Իշխանադուստրը իր չոր, նիհար ձեռներով շնիկը ծնկներին պահած, ուշադիր նայում էր իշխան Վասիլիի աչքերի մեջ, բայց երևում էր, որ նա որևէ հարցով լռությունը չի խզելու, թեկուզ ստիպված լինի լռել մինչև առավոտ։

— Ա՛յ տեսնում եք, սիրելի իշխանադուստր և քուզինս, Կատերինա Սիմյոնովնա,— շարունակեց իշխան Վասիլին, ըստ երևույթին, ներքին պայքարով շարունակելով իր խոսքը,— այսպիսի րոպեներին ամեն ինչի մասին պիտի մտածել։ Պետք է մտածել ապագայի մասին, ձեր մասին… Ես ձեզ բոլորիդ զավակներիս պես սիրում եմ, ինչպես գիտես։

Իշխանադուստրը շարունակում էր անփայլ աչքերով ու անշարժ նայել նրան։

— Վերջապես, պետք է մտածել և ընտանիքի մասին,— բարկացած հրելով առջևի փոքրիկ սեղանը և, առանց խոսակցին նայելու, շարունակեց իշխան Վասիլին,— դու գիտես, Կատիշ, որ դուք՝ Մամոնտով երեք քույրերդ և մեկ էլ կինս, միայն մենք ենք կոմսի անմիջական ժառանգները։ Գիտեմ, գիտեմ, որքան ծանր է քեզ համար խոսել ու մտածել այսպիսի բաների մասին։ Ինձ համար էլ հեշտ չի. բայց, սիրելիս, ես վաթսունի մեջ եմ, պետք է ամեն բանի պատրաստ լինել։ Դու գիտե՞ս, որ ես մարդ ուղարկեցի Պիեռի ետևից, որովհետև կոմսը, նրա պատկերը ցույց տալով, պահանջեց կանչել նրան իր մոտ։

Իշխան Վասիլին հարցական նայեց իշխանադստեր, բայց չկարողացավ հասկանալ, թե նա ըմբռնեց արդյոք իր ասածները, թե միայն նայում էր իրեն…

— Ես շարունակ միայն մի բան եմ խնդրում աստծուց, mon cousin,— պատասխանեց իշխանադուստրը,— որ նա գթա նրան, որ նրա բարի հոգին խաղաղությամբ թողնի այս…

— Այո, այդ այդպես է,— անհամբերությամբ շարունակեց իշխան Վասիլին, ճաղատը շփելով, և նորից բարկությամբ դեպի իրեն քաշեց մի կողմ հրած փոքրիկ սեղանը,— բայց, վերջապես… վերջապես, բանն այն է, դու ինքդ գիտես, որ անցյալ ձմեռ կոմսը կտակ է գրել, որով իր ամբողջ կարողությունը թողնում է Պիեռին, անտեսելով անմիջական ժառանգներին ու մեզ։

— Ինչ անենք գրել է,— հանգստությամբ ասավ իշխանադուստրը։— Բայց Պիեռին կտակել չէր կարող։ Պիեռը ապօրինի զավակ է։

— Ma chère,— ասավ հանկարծ իշխան Վասիլին, սեղանը կրծքին սեղմելով, աշխուժով ու արագ-արագ,— բայց ի՞նչ կասես, որ թագավորին նամակ է գրված, և կոմսը խնդրում է որդեգրել Պիեռին։ Հասկանում ես, նկատի ունենալով կոմսի ծառայությունները. նրա խնդիրքը կհարգվի…

Իշխանադուստրը ժպտաց, ինչպես ժպտում են այն մարդիկ, որոնք կարծում են, թե խոսակցից ավելի շատ բան գիտեն գործի մասին։

— Ես քեզ ավելին կասեմ,— շարունակեց իշխան Վասիլին, խոսակցի ձեռը բռնելով,— նամակը գրվել է, բայց չի ուղարկվել, և թագավորն իմացել է այդ մասին։ Այժմ խնդիրն այն է, թե արդյոք ոչնչացված է այդ նամակը, թե ոչ։ Եթե ոչ, այն ժամանակ, երբ ամեն ինչ վերջանա,— իշխան Վասիլին հառաչեց, ուզելով հասկացնել՝ թե ինչ է ուզում ասել ամեն ինչ վերջանա բառերով,— կոմսի թղթերը կբանան, կտակը նամակի հետ կհանձնեն կայսեր, և նրա խնդիրը, հավանորեն, կհարգվի։ Պիեռը իբրև օրինական զավակ, կստանա ամբողջ ժառանգությունը։

— Հապա մեր բաժի՞նը,— հարցրեց իշխանադուստրը մի այնպիսի հեգնական ժպիտով, թե ամեն ինչ կարող է պատահել, բայց այդ երբեք։

— Mais, ma pauvre Catiche, c’est clair, comme le jour[160]։

Այն ժամանակ միայն Պիեռը կլինի օրինական ժառանգը, իսկ դուք ա՛յ այս էլ չեք ստանա։ Դու պետք է իմանաս, սիրելիս, գրվե՞լ են արդյոք կտակն ու նամակը և ոչնչացվե՞լ են արդյոք։ Եվ եթե ինչ-ինչ պատճառներով մոռացվել են, դու պետք է իմանաս՝ որտեղ են դրանք, և գտնես, որովհետև…

— Այդ էր պակաս,— ընդհատեց նրան իշխանադուստրը, հեգնորեն ժպտալով ու աչքերի արտահայտությունը չփոխելով։— Ես կին եմ. ձեր կարծիքով մենք բոլորս հիմար ենք. բայց ես այսքանը միայն գիտեմ, որ ապօրինի զավակը չի կարող ժառանգել… Un bâtard[161],— ավելացրեց նա, կարծելով այդ թարգմանությամբ վերջնականապես ապացուցել իշխանին, թե որքան անհիմն են նրա ասածները։

— Ինչպե՞ս դու չես հասկանում, վերջապես, Կատիշ։ Դու այնքան խելացի ես. ինչպե՞ս չես հասկանում, որ եթե կոմսը թագավորին նամակ է գրել, որով խնդրում է Պիեռին ճանաչել օրինավոր զավակ, նշանակում է, Պիեռն այլևս Պիեռ չէ, այլ կոմս Բեզուխով, այն ժամանակ նա, կտակի համաձայն, կստանա բոլորը։ Եվ եթե կտակը նամակի հետ միասին ոչնչացված չեն, այն ժամանակ քեզ կմնա միայն մխիթարվել, որ դու եղել ես առաքինի et tout, ce qui s’en suit[162]։ Այս ճիշտ է։

— Ես գիտեմ, որ կտակը գրված է. բայց գիտեմ նույնպես, որ այն իսկականի արժեք չունի, և դուք ինձ, կարծեմ, բոլորովին հիմարի տեղ եք դնում, mon cousin,— ասավ իշխանադուստրը այնպիսի արտահայտությամբ, որով խոսում են կանայք, կարծելով, թե իրենց ասածը սրամիտ ու վիրավորական մի բան է։

— Սիրելիդ իմ, իշխանադուստր Կատերինա Սեմյոնովնա,— անհամբերությամբ խոսեց իշխան Վասիլին։— Ես քեզ մոտ եկել եմ ոչ թե նրա համար, որպեսզի իրար վիրավորենք, այլ նրա համար, որպեսզի իբրև հարազատի, լավ, բարի, իսկական հարազատի հետ խոսենք հենց քո շահերի մասին։ Ես քեզ տասներորդ անգամն է ասում եմ, որ եթե թագավորի անունով նամակ և Պիեռի օգտին կտակ կա կոմսի թղթերի մեջ, այդ դեպքում, դու աղավնյակս, և քույրերդ — ժառանգ չեք։ Եթե ինձ չես հավատում, հավատա գիտցող մարդկանց. ես քիչ առաջ խոսեցի Դմիտրի Օնուֆրիչի հետ (դա տան փաստաբանն էր), նա էլ նույնն ասավ։

Ըստ երևույթին, իշխանադստեր մտքերի մեջ հանկարծ ինչ-որ փոփոխություն տեղի ունեցավ, նուրբ շրթները գունատվեցին (աչքերը մնացին նույնը) և ձայնը, երբ սկսեց խոսել, բեկբեկվում էր այնպիսի ելևէջներով, որ նա ինքն էլ, երևի, չէր սպասում։

— Այդ լավ կլիներ,— ասավ նա։— Ես ոչ մի բանի վրա աչք չեմ ունեցել և չունեմ։

Նա շանը ցած գցեց ծնկներից ե զգեստի ծալքերն ուղղեց։

— Ահա քեզ շնորհակալություն, ահա քեզ երախտագիտություն այն մարդկանց հանդեպ, որոնք ամեն տեսակ զոհողություն են արել նրա համար,— ասավ նա։— Սքանչելի է։ Հիանալի՛։ Ինձ ոչ մի բան էլ հարկավոր չի, իշխան։

— Այո, բայց դու մենակ չես, քույրեր ունես,— պատասխանեց իշխան Վասիլին։

Բայց իշխանադուստրը նրան չէր լսում։

— Այո, ես այդ վաղուց գիտեի, բայց մոռացել էի, որ բացի ստորությունից, խաբեությունից, նախանձից, բանսարկությունից, բացի ապերախտությունից, ամենասև ապերախտությունից բացի, ես ուրիշ ոչինչ չէի կարող սպասել այս տան մեջ…

— Բայց արդյոք կտակի տեղը գիտե՞ս թե ոչ,— հարցրեց իշխան Վասիլին, և նրա այտերն ավելի ցնցվեցին, քան առաջ։

— Այո, ես հիմար էի, ես դեռ հավատում էի մարդկանց և սիրում էի նրանց ու զոհաբերում ինձ։ Բայց հաջողություն ունեն միայն նրանք, ովքեր ստոր են ու գարշելի։ Գիտեմ ո՛ւմ դավերն են դրանք։

Իշխանադուստրն ուզեց վեր կենալ տեղից, բայց իշխանը բռնեց ձեռը։ Իշխանադուստրն այնպիսի տեսք ուներ, որ կարծես միանգամից հիասթափվել էր մարդկային ողջ ցեղից. նա զայրույթով նայում էր խոսակցին։

— Դեռ ժամանակ կա, բարեկամս։ Հիշիր, Կատիշ, որ բոլորն արվել է պատահաբար, ցասման մեջ, հիվան րոպեին, ու ապա մոռացվել։ Մեր պարտականությունն է, սիրելիս, ուղղել այդ սխալը, թեթևացնել նրա վերջին րոպեները նրանով, որ թույլ չտանք նրան այդ անարդարությունն անելու, չթողնենք, որ նա մեռնի այն գիտակցությամբ, թե ինքը դժբախտացրել է այն մարդկանց…

— Այն մարդկանց, որոնք ամեն ինչ զոհաբերել են նրա համար,— վրա բերավ իշխանադուստրը, ջանալով նորից ոտքի ելնել, բայց իշխանը չթողեց,— ինչ որ նա երբեք չի կարողացել գնահատել։ Ոչ, mon cousin,— ավելացրեց նա հառաչելով,— պիտի հիշեմ, որ աշխարհում վարձատրություն չի կարելի սպասել, որ այս աշխարհում չկա ո՛չ ազնվություն, ո՛չ արդարություն։ Այս աշխարհում պետք է լինել խորամանկ ու չար։

— Է, voyons[163], հանգստացիր, ես գիտեմ քո բարի սիրտը։

— Ոչ, ես չար սիրտ ունեմ։

— Ես գիտեմ քո սիրտը,— կրկնեց իշխանը,— գնահատում եմ քո բարեկամությունը և կցանկանայի, որ դու նույն կարծիքն ունենաս իմ մասին։ Հանգստացիր և parlons raison[164], քանի դեռ ժամանակ կա — գուցե մի ամբողջ օր, գուցե՝ մի ժամ։ Պատմիր բոլորը, ինչ գիտես կտակի մասին, և, որ գլխավորն է, ասա՝ որտե՞ղ է պահված, դու պետք է որ իմանաս։ Մենք հենց հիմա կվերցնենք այն ու ցույց կտանք կոմսին։ Նա, հավանորեն, մոռացել է արդեն այդ կտակը և կուզեր ոչնչացնել այն։ Դու հասկանում ես, որ իմ միակ ցանկությունն է— սրբությամբ կատարել նրա կամքը, ես միայն դրա համար եմ եկել այստեղ։ Ես այստեղ եմ միայն նրա համար, որ օգնեմ ձեզ և նրան։

— Հիմա ես ամեն ինչ հասկացա։ Գիտեմ ո՛ւմ դավերն են դրանք։ Գիտեմ,— ասավ իշխանադուստրը։

— Կարևորն այդ չէ, հոգիս։

— Դա ձեր protégée-ն[165] է, ձեր սիրելի իշխանուհի Տրուբեցկայան, Աննա Միխայլովնան, որին իբրև սպասուհի չէի պահի, այդ զզվելի, գարշելի կնոջը։

— Ne perdons point de tempsa[166]։

— Ա՛հ, մի՛ ասեք։ Անցյալ ձմեռ եկավ ու մեր մասին, մանավանդ Sophie-ի մասին, այնպիսի զզվելի, գարշելի բաներ պատմեց կոմսին,— կրկնել չեմ կարող,— որ կոմսը հիվանդացավ և երկու շաբաթ չէր ուզում մեզ տեսնել։ Գիտեմ, որ այդ ժամանակ է նա գրել այդ գարշելի, զզվելի թուղթը, բայց կարծում էի, թե այդ թուղթը ոչ մի արժեք չունի։

— Nous y voilà[167], բայց ինչո՞ւ առաջուց ոչինչ չասիր ինձ։

— Նկարազարդ պորտֆելի մեջն է, որ միշտ բարձի տակ է պահում։ Այժմ ես գիտեմ,— ասավ իշխանադուստրը, չպատասխանելով։— Այո, եթե ես ունեմ որևէ մեղք, մի մեծ մեղք, դա այդ գարշելի կնոջ նկատմամբ ունեցածս ատելությունն է,— գրեթե գոռաց իշխանադուստրը, բոլորովին կերպարանափոխվելով։— Եվ ինչու համար է նա խցկվում այս տունը, բայց այս բոլորը ես նրա երեսովը կտամ։ Կգա դրա ժամանակն էլ։

XIX

Մինչ այսպիսի խոսակցություններ էին տեղի ունենում ընդունարանում ու իշխանադստեր սենյակում, Պիեռն (որի ետևից մարդ էր ուղարկված) ու Աննա Միխայլովնան (որը կարևոր համարեց գալ նրա հետ) կառքով մտան կոմս Բեզուխովի բակը։ Երբ կառեթի անիվները մեղմագին շրշյունով անցան լուսամուտների առջև սփռած ծղնոտի վրայով, Աննա Միխայլովնան, մխիթարական խոսքերով իր ուղեկցին դառնալով, նկատեց, որ Պիեռը քնել է կառեթի անկյունում, ու զարթեցրեց։ Արթնանալով՝ Պիհռը, Աննա Միխայլովնայի ետևից, դուրս եկավ կառեթից և այդ րոպեին միայն հիշեց իրեն սպասող մահամերձ հոր հետ ունենալիք տեսակցությունը։ Նա նկատեց, որ կառքը կանգնեց ոչ թե շքամուտքի առաջ, այլ ետին մուտքի առաջ։ Այն ժամանակ, երբ Պիեռն իջնում էր կառքից՝ քաղքենու հագուստով երկու մարդ շտապ-շտապ մուտքի առջևից վազեցին-անցան պատի ստվերը։ Կանգ առնելով՝ Պիեռը տան ստվերում նշմարեց ևս մի քանի այդպիսի մարդ։ Բայց ո՛չ Աննա Միխայլովնան, ո՛չ լաքեյը, ո՛չ կառապանը, որոնք չէին կարող նկատած չլինել այդ մարդկանց, ուշադրություն չդարձրին նրանց վրա։ Երևի, այդպես էլ պետք է, վճռեց Պիեռն ինքն իրեն ու հետևեց Աննա Միխայլովնային։ Աննա Միխայլովնան արագ-արագ բարձրանում էր թույլ լուսավորված նեղ քարե սանդուղով, կանչելով ետ մնացող Պիեռին, որը թեև չէր էլ հասկանում, թե առհասարակ ինքն ինչու համար պետք է գնար կոմսի մոտ, և մանավանդ, թե ինչո՛ւ պետք է բարձրանար հետին սանդուղով, բայց նայելով Աննա Միխայլովնայի ինքնավստահ ու շտապ քայլերին, ինքն իր մեջ վճռեց, թե դա անհրաժեշտորեն պետք է։ Սանդուղի կիսին քիչ մնաց նրանց գլորեին դույլերը ձեռներին բռնած ինչ-որ մարդիկ, որ հաստ կոշիկների աղմուկով եկան նրանց դեմ։ Այդ մարդիկ սեղմվեցին պատին՝ Պիեռին ու Աննա Միխայլովնային ճանապարհ տալու, և ամենևին չզարմացան նրանց տեսնելով։

— Իշխանադուստրների հարկաբաժինն այստե՞ղ է,— հարցրեց Աննա Միխայլովնան նրանցից մեկին։

— Այստեղ է,—պատասխանեց լաքեյը համարձակ, բարձր ձայնով, կարծես հիմա արդեն ամեն բան կարելի էր,— դուռը ձախ կողմն է, տիրուհի։

— Գուցե, կոմսն ինձ չի կանչել,— ասավ Պիեռը, երբ հասավ սանդուղի հարթակը,— ես կգնայի սենյակս։

Աննա Միխայլովնան կանգ առավ, որ Պիեռին հավասարվի։

— Ah, mon ami,— ասավ նա, ձեռը նույն շարժումով (ինչպես առավոտը որդուն) Պիեռի ձեռին դիպցնելով.— croyez, que je souffre, autant que vous, mais soyez homme[168]։

— Իսկապես, գնա՞մ,— հարցրեց Պիեռը, ակնոցների միջից քաղցրությամբ նայելով Աննա Միխայլովնային։

— Ah, mon ami, oubliez les torts qu’on a pu avoir envers vous, pensez que c’est votre père… peut-être à l’agonie.— Իշխանուհին հառաչեց։— Je vous ai tout de suite aimé comme mon fils. Fiez vous à moi, Pierre. Je n’oublierai pas vos intérêts[169]։

Պիեռը բան չէր հասկանում. նորից նրան էլ ավելի թվաց, թե այդ բոլորն այդպես էլ պիտի լինի, և նա հնազանդորեն հետևեց Աննա Միխայլովնային, որ դուռը բացել էր արդեն։

Դուռը տանում էր ետին մուտքի միջանցքը։ Անկյունում նստած էր իշխանադուստրների ծեր սպասավորը և գուլպա էր գործում։ Պիեռը երբեք չէր եղած այդ հարկաբաժնում, դրա գոյության մասին նույնիսկ գաղափար չուներ։ Աննա Միխայլովնան իրենց հետևից վազող՝ մատուցարանով ջրաման տանող աղջկան (նրան սիրելի ու աղավնյակ անվանելով) հարցրեց իշխանադուստրների առողջությունը, և քարե միջանցքով Պիեռին տարավ առաջ։ Միջանցքի ձախակողմի առաջին դուռը տանում էր իշխանադուստրների բնակելի սենյակը։ Ջրաման տանող սպասուհին շտապելուց (ինչպես ամեն բան այդ րոպեին այդ տան մեջ արվում էր շտապ) դուռը չծածկեց ետևից, և Պիեռն ու Աննա Միխայլովնան, անցնելիս, ակամա ներս նայեցին այն սենյակը, ուր խոսակցում էին՝ մեծ իշխանադուստրը և իշխան Վասիլին իրար մոտ նստած։ Անցնողներին տեսցնելով՝ իշխան Վասիլին անհամբեր շարժում արավ և ետ քաշվեց, իշխանադուստրը թռավ տեղից և կատաղի շարժումով, ամբողջ ուժով շրխկացրեց դուռն ու փակեց։

Այդ շարժումն այնքան անսովոր էր մշտապես հանգիստ իշխանադստեր համար և իշխան Վասիլիի դեմքին արտահայտված վախն այնքան անհամապատասխան նրա վեհությանը, որ Պիեռը, կանգ առնելով, ակնոցների միջից հարցական նայեց իր առաջնորդուհուն։ Աննա Միխայլովնան զարմանք չարտահայտեց, նա թեթևակի ժպտաց միայն ու հառաչեց, ասելով կարծես, թե այդ բոլորը նա սպասում էր։

— Soyez homme, mon ami, c’est moi qui veillerai à vos intérêts[170],— ասավ նա ի պատասխան Պիեռի հայացքին և ավելի արագ-արագ քայլեց միջանցքով։

Պիեռը չէր հասկանում, թե ինչ կա, և մանավանդ, թե՝ «veiller à vos intérêts»[171], բայց հասկանում էր, որ այդ բոլորն այդպես էլ պիտի լինի։ Միջանցքով դուրս եկան կիսով չափ լուսավորված մի դահլիճ, որը կից էր կոմսի ընդունարանին։ Դա արդեն սառը և շքեղ կահավորված սենյակներից մեկն էր որ Պիեռին ծանոթ էր շքամուտքի դռնից։ Բայց այդ սենյակի մեջտեղը դրված էր մի դատարկ լողարան (վաննա) և գորգի վրա էլ ջուր էր թափած։ Ոտնածայրերի վրա քայլելով նրանց դեմն ելան, առանց նրանց վրա ուշադրություն դարձնելու, մի սպասավոր ու մի դպիր՝ բուրվառը ձեռին։ Նրանք մտան Պիեռին ծանոթ ընդունարանը, որի իտալական երկու լուսամուտը նայում էին ձմեռային պարտեզին, և որի մեջ էր Եկատերինայի խոշոր կիսանդրին ու հասակովը մեկ նկարված պատկերը։ Նույն մարդիկ, գրեթե նույն դիրքով նստած շշուկով խոսում էին ընդունարանում։ Բոլորը միանգամից լռեցին ու նայեցին ներս մտնող լացակումած, գունատ դեմքով Աննա Միխայլովնային և գեր, մեծամարմին Պիեռին, որ գլուխը կախ, հնազանդորեն հետևում էր նրան։

Աննա Միխայլովնայի դեմքին արտահայտվեց վճռական րոպեն հասնելու գիտակցությունը. չթողնելով Պիեռին հեռանա իրենից՝ նա պետերբուրգցի գործնական կնոջ ձևերով ներս մտավ, ավելի համարձակ, քան առավոտյան։ Զգում էր, որ իր ընդունելությունն ապահովված է, որովհետև իր հետ տանում է այն մարդուն, որին հիվանդը տեսնել է ուզում։ Արագ մի հայացք գցելով սենյակում գտնվողների վրա և տեսնելով կոմսի խոստովանահորը, նա, ոչ թե կռանալով, այլ հանկարծ հասակով փոքրանալով, մանրիկ ու արագ քայլով մոտեցավ խոստովանահորը և խոնարհությամբ ընդունեց նախ մեկի, ապա մյուս հոգևոր անձի օրհնությունը։

— Փառք աստծո, որ հասաք,— ասավ նա հոգևորականին,— մենք՝ բոլոր հարազատներս, այնպե՜ս վախենում էինք։ Այս երիտասարդն ահա կոմսի որդին է,— ավելացրեց նա ցած ձայնով։— Սարսափելի վայրկյան է։

Այս ասելով՝ նա մոտեցավ բժշկին։

— Cher docteur,— ասավ նա,— ce jeune homme est le fils du comte… y a-t-il de l’espoir?.[172]

Բժիշկն անխոս, արագ շարժումով աչքերն ու ուսերը բարձրացրեց վեր։ Աննա Միխայլովնան ճիշտ նույն շարժումով վեր բարձրացրեց ուսերը և աչքերը փակեց, ապա, հառաչելով, մոտեցավ Պիեռին և առանձին մի հարգանքով ու մեղմ տխրությամբ ասավ նրան։

— Ayez confiance en se miséricorde[173],— ասավ նա, ցույց տալով բազմոցը, որպեսզի Պիեռը նստի՝ իրեն սպասի, իսկ ինքը անձայն քայլերով գնաց դեպի այն դուռը, որի վրա էին ուղղված բոլորի հայացքները, ու հազիվ լսելի ճռնչոցով դուռը բանալով՝ անհետացավ նրա ետև։

Պիեռը, որոշած լինելով ամեն բանում հնազանդել իր առաջնորդուհուն, գնաց-նստելու նրա ցույց տված բազմոցի վրա։ Հենց որ Աննա Միխայլովնան անհետացավ՝ Պիեռը նկատեց, որ սենյակում գտնվողների հայացքները ավելի քան հետաքրքրությամբ ու կարեկցությամբ ուղղվեցին իր վրա։ Նա նկատեց նույնպես, որ աչքով իրեն ցույց տալով՝ բոլորը փսփսացին, կարծես երկյուղով և անգամ ստորաքարշությամբ. նրան հարգանք էին ցույց տալիս, ինչ որ առաջ երբեք չէին անում. նրան անծանոթ մի կին, որ խոսում էր հոգևորականների հետ, վեր կացավ տեղից և առաջարկեց այն Պիեռին. ադյուտանտը վերցրեց Պիեռի ձեռից ընկած ձեռնոցն ու իրեն տվավ, բժիշկները հարգալիր լռեցին, երբ Պիեռն անցնում էր իրենց մոտով, և մի կողմ քաշվեցին, որ տեղ տան նրան։ Պիեռն սկզբում ուզեց մի ուրիշ տեղ նստել, որ տիկնոջն անհանգիստ չանի, ուզեց ինքը վերցնել ձեռնոցը և անցնել բժիշկների կողքից, որ բնավ էլ ճանապարհի վրա չէին կանգնած, բայց հանկարծ զգաց, որ դա անվայել բան կլիներ, զգաց, որ ինքն այս գիշեր այն անձնավորությունն է, որ պարտավոր է ինչ-որ սարսափելի և բոլորի կողմից սպասվող մի ծես կատարել, ուստի և պետք է ընդունի բոլորի մատուցած ծառայությունները։ Նա անխոս ընդունեց ձեռնոցը ադյուտանտից, նստեց տիկնոջ տեղը, խոշոր ձեռները դնելով հավասար պահած ծնկների վրա՝ եգիպտական արձանի միամիտ դիրքով, ու ինքն իր մեջ վճռեց, թե այդ բոլորը հենց այդպես էլ պետք է լինի, և որ այս երեկո՝ իրեն չկորցնելու և հիմարություններ չանելու համար, կարիք չկա իր ուզածի պես վարվել, այլ ամբողջովին պիտի հանձնվի իրեն ղեկավարողների կամքին։

Չանցավ երկու րոպե, իշխան Վասիլին կաֆտանով, երեք աստղ կրծքին, գլուխը բարձր պահած, վեհորեն մտավ ներս։ Նա առավոտվանից ավելի նիհարած էր երևում, աչքերը սովորականից ավելի խոշորացել էին, երբ նստողներին դիտելով՝ նկատեց Պիեռին. մոտենալով՝ ձեռը բռնեց (ինչ որ երբեք չէր անում առաջ) ու ցած քաշեց, կարծես ուզում էր փորձել, թե ամո՞ւր է արդյոք։

— Courage, courage, mon ami. Il a demandé à vous voir. — G’ est bien[174],— և ուզեց հեռանալ։

Բայց Պիեռը հարկ համարեց հարցնել.

— Ինչպե՞ս է առողջությունը…

Նա շփոթվեց, չիմանալով՝ հարմա՞ր է արդյոք մեռնողին կոմս անվանել, իսկ հայր անվանել ամաչում էր։

— Il a eu encore un coup, il y a une demi-heure. Մի հարված էլ եղավ։ Courage, mon ami…[175]

Պիեռը մտքերի մի այնպիսի անորոշ վիճակի մեջ էր, որ «հարված» բառը լսելով, նրան որևէ առարկայի հարված պատկերացավ։ Ու տարակուսած նայեց իշխան Վասիլիին և հետո արդեն գլխի ընկավ, որ հարված կոչվում է հիվանդությունը։ Իշխան Վասիլին անցնելիս մի երկու խոսք ասավ Լոռենին և ոտի ծայրերի վրա գնաց դեպի դուռը։ Նա ոտի ծայրերի վրա չէր կարողանում քայլել և թռչկոտում էր ամբողջ մարմնով։ Նրա ետևից գնաց մեծ իշխանադուստրը, հետո անցան հոգևորականներն ու դպիրները, սպասավորները նույնպես մտան ներս։ Այդ դռան ետևից լսվեց շարժում, և վերջապես, նույն գունատ, բայց իր պարտականությունը կատարելու հաստատակամությամբ, ներս վազեց Աննա Միխայլովնան և, ձեռը Պիեռի ձեռին դիպցնելով, ասավ։

— La bonté divine est inépuisable. C’est la cérémonie de l’extrême onction, qui va commencer, Venez.[176]

Պիեռը փափուկ գորգի վրայով գնաց-մտավ ներս և նկատեց, որ ադյուտանտը, անծանոթ կինը և սպասավորներից մեկը — բոլորը հետևեցին իրեն, կարծես այժմ այլևս կարիք չկար թույլտվություն խնդրել այդ սենյակը մտնելու։

XX

Պիեռին լավ ծանոթ էր այս մեծ, սյունաշարքով երկուսի բաժանված կամարակապ սենյակը՝ ամբողջովին պարսկական գորգերով պատած։ Սյուների ետևի մասը,— որի մի կողմը դրված էր բարձր կարմիր փայտյա մահճակալը՝ մետաքսյա վարագույրներով շրջափակված, իսկ մյուս կողմը՝ սրբապատկերների պահարանը,— լուսավորված էր կարմիր ու պայծառ լույսով, ինչպես լուսավորված են լինաւմ եկեղեցիները երեկոյան ժամերգության պահին։ Սրբապատկերների պահարանի լուսավորված զարդերի ներքո դրված էր երկար ոլտերյան մի բազմոց, ու բազմոցի վրա, գլխակողմը ձյունափայլ-ճերմակ, դեռ չտրորված, ըստ երևույթին, նոր միայն փոխած բարձերով շրջապատված, մինչև գոտկատեղը վառ-կանաչ վերմակով ծածկված՝ պառկած էր Պիեռին լավ ծանոթ՝ իր հոր վեհաշուք կերպարանքը — կոմս Բեզուխովը՝ առյուծ հիշեցնող նույն ճերմակ մազերի բաշը լայն ճակատի վրա՝ և գեղեցիկ կարմրադեղին դեմքի բնորոշ ազնիվ խոշոր կնճիռներով։ Նա պառկած էր ուղիղ սրբապատկերների ներքո, երկու հաստ խոշոր ձեռները դուրս էին հանված վերմակի տակից ու դրված էին նրա վրա։ Ափը դեպի ցած դարձրած աջ ձեռի բթամատի ու ցուցամատի արանքում դրված էր մի մեղրամոմ, որը բռնել էր բազմոցի մյուս կողմից թեքված ծերունի սպասավորը։ Բազմոցի գլխակողմը շարվել էին հոգևորականները՝ իրենց փառահեղ, շողշողուն զգեստներով, որոնց վրա փռված էին նրանց երկար մազերը, ու վառ մոմերը ձեռներին՝ հանդարտ-հանդիսավոր կարգ էին կատարում։ Նրանցից մի քիչ հետ կանգնած էին կրտսեր իշխանադուստրները՝ թաշկինակները ձեռներին ու աչքերին, իսկ նրանց առջև մեծը, Կատիշը՝ զայրացկոտ ու վճռական տեսքով։ Նա անթարթ աչքերով նայում էր սրբապատկերներին, և կարծես ասում բոլորին, թե ինքը պատասխանատու չի իր համար, եթե ետ նայի։ Աննա Միխայլովնան՝ հեզ վշտի և թողության դրոշմը դեմքին, և անծանոթ տիկինը կանգնել էին դռան մոտ։ Իշխան Վասիլին կանգնել էր դռան մյուս կողմր, բազմոցին մոտիկ, թավշյա աթոռի ետևը, որի թիկունքն արել էր իր կողմն ու մոմ բռնած ձախ ձեռը դրել վրան, իսկ աջով խաչակնքում էր երեսը, ամեն անգամ աչքերը վեր բարձրացնելով, երբ մատները դնում էր ճակատին։ Նրա դեմքն արտահայտում էր խաղաղ բարեպաշտություն և հնազանդություն աստծու կամքին ու կարծես ասում էր. «Եթե դուք այս զգացմունքները չեք հասկանում, ավելի վատ ձե՛զ համար»։

Նրա ետև կանգնել էին ադյուտանտը, բժիշկները և տղամարդ սպասավորները. տղամարդիկ և կանայք կանգնել էին առանձին, ինչպես եկեղեցում: Բոլորն էլ լուռ խաչակնքում էին երեսները. լսվում էին միայն աղոթքների ընթերցումը, զուսպ թավ ձայներով հնչող երգեցողությունը և, լռության վայրկյաններին, ոտերի տեղափոխում ու հառաչանքներ։ Աննա Միխայլովնան՝ հոգածու դեմքով, որ ցույց էր տալիս, թե ինքը գիտի ի՛նչ է անում, անցավ սենյակի ամբողջ երկարությամբ և, Պիեռին մոտենալով, մոմը տվավ նրան։ Պիեռը վառեց այն, և շրջապատողներին դիտելով զբաղված, սկսեց մոմ բռնած ճեռով խաչակնքել երեսը։

Կարմրադեմ ու խնդուն կրտսեր իշխանադուստր Սոֆին, խալավորը, նայում էր Պիեռին. հանկարծ ժպտաց, դեմքը ծածկեց թաշկինակով ու երկար չբացեց. բայց, նորից Պիեռին նայելով, կրկին ծիծաղեց։ Նա, ըստ երևույթին, զգում էր, որ անկարող է առանց ծիծաղի նայել նրան, բայց չէր էլ կարողանում իրեն զսպել, որ չնայի, ուստի գայթակղությունից խուսափելու համար անցավ սյունի ետևը։ Արարողության կիսին հոգևորականների ձայնը կտրվեց հանկարծ և նրանք ինչ-որ փսփսացին իրար, կոմսի ձեռը բռնող ծեր սպասավորը վեր կացավ ու դիմեց կանանց։ Աննա Միխայլովնան առաջ եկավ և, հիվանդի վրա կռանալով, նրա ետևից, մատի շարժումով իր մոտ կանչեց Լոռենին։ Ֆրանսացի բժիշկը,— որ առանց մոմի, հենվել էր սյունին՝ օտարերկրացու մի այնպիսի հարգալիր դիրքով, որ ցույց է տալիս, թե չնայած դավանության տարբերության, ինքը հասկանում է կատարվող ծեսի ամբողջ կարևորությունը և նույնիսկ հավանություն է տալիս դրան,— անձայն քայլերով մոտեցավ հիվանդին, իր նուրբ սպիտակ մատներով վերցրեց նրա ձեռը կանաչ վերմակի վրայից և, շուռ տալով, զարկերակը բռնեց ու սկսեց մտածել։ Հիվանդին ինչ-որ բան տվին խմելու, շարժվեցին, իրար անցան նրա շուրջը, ապա նորից բոլորը գնացին իրենց տեղերը, և արարողությունը վերսկսվեց։ Այս ընդմիջումի ժամանակ Պիեռը նկատեց, որ իշխան Վասիլին դուրս եկավ իր թիկնաթոռի ետևից և նույն տեսքով, որ ցույց էր տալիս թե ինքը գիտի ի՛նչ է անում, և թե ավելի վատ ուրիշների համար, որ այդ չեն հասկանում, չմոտեցավ հիվանդին, այլ նրա կողքից անցնելով, գնաց-միացավ մեծ իշխանադստեր ու նրա հետ միասին անցան ննջարանի խորքը, դեպի թավշյա վարագույրներով պատած մահճակալը։ Ապա մահճակալի մոտից երկուսն էլ՝ թե՛ իշխանը, թե՛ իշխանադուստրը աներևույթացան հետին դռնով, բայց արարողության վերջում մեկը մյուսի ետևից վերադարձան իրենց տեղերը։ Պիեռն այդ հանգամանքի վրա մյուս բաներից ավելի ուշադրություն չդարձրեց, մի անգամ ընդմիշտ որոշած լինելով մտքում, թե բոլորը, ինչ կատարվում է այս երեկո, այդպես էլ անհրաժեշտորեն հարկավոր է։ Երգեցողությունը դադարեց և լսվեց խոստովանահոր ձայնը, որ հարգանքով շնորհավորում էր հիվանդին՝ հաղորդություն ընդունելու աոթիվ։ Հիվանդը պառկած էր առաջվա պես անկենդան ու անշարժ։ Նրա շուրջն էլի իրար անցան, լսվեցին քայլեր ու փսփսոցներ, որոնցից առանձնապես ջոկվում էր Աննա Միխայլովնայի ձայնը։

Պիեռը լսեց, թե ինչպես նա ասավ.

— Պետք է հիվանդին անպատճառ փոխադրել մահճակալ, այստեղ ոչ մի կերպ չի լինի։

Բժիշկները, իշխանադուստրներն ու սպասավորներն այնպես էին շրջապատել հիվանդին, որ Պիեռն այլևս չէր տեսնում այն սպիտակ բաշով կարմրադեղին գլուխը, որը, չնայած որ Պիեռը տեսնում էր ուրիշ դեմքեր էլ, չէր հեռանում նրա աչքից արարողության ամբողջ ընթացքում։ Բազմոցը շրջապատող մարդկանց զգույշ շարժումներից Պիեռը գլխի ընկավ, որ մահամերձին վերցնում-տեղափոխում են։

— Ձեռս բռնիր, այդպես կգցես,— լսվեց սպասավորներից մեկի երկյուղալի շշունջը,— ներքևից… մեկն էլ,— ասում էին ձայները և մարդկանց ծանր շնչառություններն ու ոտնափոխումները արագացան, կարծես ծանրությունը, որ տանում էին, իրենց ուժից վեր էր։

Հիվանդին տեղափոխողները, որոնց թվումն էր և Աննա Միխայլովնան, հավասարվեցին Պիեռին, և Պիեռը անցողակի նրանց մեջքերի ու ծոծրակների ետևից տեսավ հիվանդի բաց, բարձր, ճարպակալած կուրծքը, հաստ ուսերը, որ մարդիկ, թևատակերից բռնելով, բարձրացրել էին վեր, և ճերմակ գանգրահեր առյուծի գլուխը։ Այդ գլուխը՝ իր անսովոր լայն ճակատով ու այտոսկրներով, գեղեցիկ զգայական բերանով և սառը, վսեմ հայացքով, այլանդակված չէր մահվան մերձավորությունից։ Նույնն էր, ինչ որ երեք ամիս առաջ տեսել էր Պիեռը, երբ կոմսը իրեն՝ Պիեռին ճանապարհ էր դնում Պետերբուրգ։ Բայց այդ գլուխն անզոր կերպով օրորվում էր փոխադրողների անհավասար քայլերից, ու սառն, անտարբեր հայացքը չգիտեր ինչի վրա կանգ առնի։

Մի քանի րոպեում վերջացավ մահճակալի շուրջը տեղի ունեցող իրարանցումը. հիվանդին տեղափոխողները ցրվեցին։ Աննա Միխայլովնան ձեռը դիպցրեց Պիեռի ձեռին և ասավ. «Venez»։ Պիեռը նրա հետ միասին մոտեցավ մահճակալին, որի վրա, հանդիսավոր դիրքով, որ երևի, կապ ուներ հենց նոր կատարված խորհուրդի հետ, պառկած էր հիվանդը՝ գլուխը վեր, բարձերին դրած։ Նրա ձեռները՝ ափերը դեպի ցած՝ դրված էին վերմակի վրա։ Երբ Պիեռը մոտեցավ՝ կոմսն ուղիղ նրան նայեց, բայց նայեց մի հայացքով, որի իմաստն ու նշանակությունը մարդ չի հասկանում։ Այդ հայացքը կա՛մ բացարձակապես ոչինչ չէր ասում, բացի միայն այն, թե քանի որ աչքեր կան, պետք է նայել որևէ բանի, կա՛մ շատ բան էր ասում։ Պիեռը, չիմանալով ինչ անել, կանգ առավ ու հարցական նայեց իր առաջնորդուհուն։ Աննա Միխայլովնան աչքերով ցույց տվեց հիվանդի ձեռը և շուրթերով օդային համբույր ուղարկեց այդ ձեռին։ Պիեռը, վերմակին չդիպչելու համար, մեծ ճիգով երկարեց վիզը, կատարեց Աննա Միխայլովնայի պատվերը — համբուրեց հոր լայնոսկր ու մսոտ ձեռը։ Կոմսի ոչ ձեռը ցնցվեց, ոչ էլ դեմքի մկաններից մեկը։ Պիեռը կրկին հարցական նայեց Աննա Միխայլովնային, հարցնելով, թե հիմա ինչ անի։ Աննա Միխայլովնան աչքերով ցույց տվեց մահճակալի մոտ դրված բազկաթոռը։ Պիեռը հնազանդորեն նստեց բազկաթոռին, շարունակելով աչքերով հարցնել, թե ա՞յն արավ, ինչ պետք է։ Աննա Միխայլովնան գլխով հավանություն տվեց։ Պիեռը դարձյալ եգիպտական արձանի համաչափ-միամիտ դիրքն ընդունեց, ցավելով, ըստ երևույթին, որ իր անճոռնի հաստ մարմինն այդքան մեծ տարածություն է բռնում, մեծ ուժ գործադրելով՝ որքան կարելի է փոքր երևալ։ Պիեռը նայում էր կոմսին։ Կոմսը նայում էր այն կետին, ուր քիչ առաջ գտնվում էր Պիեռի դեմքը, երբ նա կանգնած էր։ Աննա Միխայլովնայի դեմքին երևում էր հոր և որդու տեսակցության այդ վերջին վայրկյանի սրտաշարժ վեհության գիտակցությունը։ Այս բոլորը տևեց մի երկու րոպե, բայց Պիեռին թվաց մի ամբողջ ժամ։ Հանկարծ կոմսի երեսի խոշոր մկանների ու կնճիռների մեջ ցնցում նկատվեց։ Ցնցումը սաստկացավ, գեղեցիկ բերանը ծռվեց (Պիեռն այժմ միայն հասկացավ, թե որքան հոր մահը մոտ է), և ծռմռված բերանից լսվեց մի անորոշ, խռպոտ հնչյուն։ Աննա Միխայլովնան ուշադիր նայում էր հիվանդի աչքերին, և աշխատելով գուշակել, թե ինչ է ուզում նա, ցույց էր տալիս մերթ Պիեռին, մերթ խմիչքը, մերթ շշուկով տալիս էր իշխան Վասիլի անունը, մերթ մատնացույց անում վերմակը։ Հվանդի դեմքն ու աչքերն արտահայտում էին անհամբերություն։ Նա ջանք գործ դրեց նայելու իր սպասավորին, որ առանց հեռանալու կանգնած էր անկողնի գլխակողմը։

— Ուզում են շրջվել մյուս կողքի վրա,— շշնջաց սպասավորը և ոտի կանգնեց, որպեսզի կոմսի երեսը շրջի դեպի պատը։

Պիեռը վեր կացավ՝ սպասավորին օգնելու։

Այն ժամանակ, երբ կոմսին շրջում էին, նրա մի ձեռը անզոր կերպով հետ ընկավ, և նա իզուր ջանք գործ դրեց այն քաշելու։ Նկատե՞ց արդյոք կոմսը սարսափի այն արտահայտությունը, որով Պիեռը նայեց այդ անկենդան ձեռին, թե՞ այդ րոպեին մի ուրիշ միտք ցոլաց մեռնող գլխում, այնուամենայնիվ նայեց իրեն չենթարկվող ձեռին, Պիեռի սարսափահար դեմքին, դարձյալ ձեռին, ու նրա երեսին երևաց՝ իր դիմագծերին չսազող՝ մի թույլ, տանջալի ժպիտ, որը կարծես հեգնում էր իր սեփական անզորությունը։ Այդ ժպիտը տեսնելով՝ Պիեռն անսպասելի մի ցնցում զգաց կրծքում. քիթը խուտուտ եկավ և արցունքները մթագնեցին աչքերը։ Հիվանդի երեսը դարձրին դեպի պատը։ Նա հառաչեց։

— Il est assoupi[177],— ասավ Աննա Միխայլովնան, նկատելով փոխարինելու եկող իշխանադստեր։— Allons[178]։

Պիեռը դուրս եկավ։

XXI

Ընդունարանում այլևս ոչ ոք չկար, բացի իշխան Վասիլիից ու մեծ իշխանադստրից, որոնք, Եկատերինայի պատկերի ներքո նստած, տաք-տաք խոսում էին ինչ-որ բանի վրա։ Հենց որ Պիեռին ու նրա առաջնորդուհուն տեսան՝ լռեցին։ Պիեռին թվաց, որ իշխանադուստրը մի բան պահեց ու շշնջաց,

— Այդ կնոջը տեսնե՜լ չեմ կարողանում։

— Catiche a fait donner du thé dans le petit salon,— ասավ իշխան Վասիլին Աննա Միխայլովնային։— Allez, ma pauvre Աննա Միխայլովնա, prenez quelque chose, autrement vous ne suffirez pas.[179]

Պիեռին ոչինչ չասավ, միայն կարեկցությամբ սեղմեց նրա թևը։ Պիեռն ու Աննա Միխայլովնան անցան petit salon.

— Il n’y a rien qui restaure comme une tasse de cet excellent thê russe après une nuit blanche[180],— ասում էր Լոռենը զսպված աշխույժի արտահայտությամբ, չինական նուրբ գավաթից թեյ խմելով, կանգնած փոքրիկ բոլորակ հյուրասենյակի սեղանի առջև, որի վրա դրված էին թեյի պարագաներ և սառն ընթրիք։ Այդ գիշեր կոմս Բեզուխովի տանն եղած մարդիկ հավաքվել էին սեղանի շուրջը՝ իրենց ամրապնդելու։— Պիեռը շատ լավ էր հիշում այդ փոքրիկ բոլորակ հյուրասրահը՝ իր հայելիներով ու սեղաններով։ Կոմսի սարքած պարահանդեսների ժամանակ՝ Պիեռը, պարել չիմանալով, սիրում էր նստել այս հայելազարդ հյուրասրահում ու դիտել, թե ինչպես կանայք՝ շքեղորեն զուգված, մերկ թևերն ու կուրծքը գոհարներով ու մարգարիտներով զարդարած, այս սենյակից անցնելով, դիտում էին իրենց պայծառորեն լուսավորված հայելիների մեջ, որոնք մի քանի անգամ անդրադարձնում էին նրանց պատկերը։ Իսկ հիմա այդ սենյակը հազիվ լուսավորված էր երկու մոմով, և կես գիշերին մի փոքրիկ սեղանի վրա անկարգ դրված էին թեյի պարագաներ և ափսեներով ուտելիք, և տարբեր մարդիկ, բոլորովին պարզ, ոչ տոնական հագուստներով նստած, խոսակցում էին շշուկով, յուրաքանչյուր շարժումով ու յուրաքանչյուր խոսքով զգացնել տալով, թե ոչ ոք չի մոռանում այն, ինչ արվում է այժմ և ինչ դեռ պիտի կատարվի ննջարանում։ Պիեռը չընթրեց, թեև շատ ցանկանում էր։ Նա հարցական նայեց իր առաջնորդուհուն և տեսավ, որ նա, ոտների ծայրերի վրա դուրս եկավ կրկին ընդունարան, ուր մնացել էին իշխան Վասիլին ու մեծ իշխանադուստրը։ Պիեռը ենթադրեց, որ այդ էլ այդպես պետք է լինի և, փոքր-ինչ սպասելով, ինքն էլ գնաց նրա ետևից։ Աննա Միխայլովնան կանգնել էր իշխանադստեր կողքին, ու երկուսն էլ միաժամանակ խոսում էին հուզված շշուկով։

— Թույլ տվեք, իշխանուհի, ես գիտեմ ի՛նչ է հարկավոր և ի՛նչ չի հարկավոր,— ասում էր իշխանադուստրը, ըստ երեվույթին, նույն հուզված վիճակում, որի մեջ գտնվում էր սենյակի դուռը շրխկացնելու ժամանակ։

— Բայց, սիրելի իշխանադուստրս,— մեղմ ու համոզիչ ասավ Աննա Միխայլովնան, կտրելով ննջարանի ճանապարհն ու չթողնելով իշխանադստեր առաջ գնալու,— արդյո՞ք չափազանց ծանր չի լինի խեղճ մորեղբորս համար մի այսպիսի րոպեի, երբ նա հանգստի կարիք ունի։ Խոսե՜լ աշխարհային բաների մասին այն ժամանակ, երբ նրա հոգին պատրաստված է արդեն…

Իշխան Վասիլին, ոտը ոտին գցած, արձակ-համարձակ նստել էր բազկաթոռի մեջ։ Նրա այտերը սաստիկ ցնցվում էին և, կախ ընկնելով, նրանց ներքին մասն ավելի հաստ էր թրվում. բայց այնպիսի տեսք ուներ, թե քիչ է հետաքրքրվում կանանց զրույցով։

— Voyons , ma bonne Աննա Միխա յլովնա, laissez faire Catiche.[181] Գիտեք, թե կոմսը որքան է սիրում իշխանադստեր։

— Ես չգիտեմ էլ թե ի՞նչ է գրված այս թղթում,— ասավ իշխանադուստրը, դառնալով իշխան Վասիլիին ու ցույց տալով իր ձեռին բռնած նկարազարդ պորտֆելը։— Գիտեմ միայն, որ իսկական կտակը նրա բյուրոյի մեջ է, իսկ սա մոռացված թուղթ է…

Նա ուզեց անցնել Աննա Միխայլովնայի կողքով, բայց Աննա Միխայլովնան, տեղից ծուլ լինելով, նորից կտրեց նրա ճանապարհը։

— Գիտեմ, սիրելի, բարի իշխանադուստրս,— ասավ Աննա Միխայլովնան պորտֆելը բռնելով և այնպես ամուր, օր երևում է թե շուտ չի բաց թողնելու։— Սիրելի իշխանադուստրս ես ձեզ խնդրում, աղաչում եմ՝ խնայեցեք նրան։ Je vous en conjure…[182]

Իշխանադուստրը լռեց. լսվում էր միայն պորտֆելի շուրջը տեղի ունեցող պայքարի ձայնը։ Երևում էր, որ եթե իշխանադուստրը խոսեր, հաճելի բաներ չէր ասելու Աննա Միխայլովնային։ Աննա Միխայլովնան պինդ բռնել էր պորտֆելը, բայց, չնայած դրան, նրա ձայնը պահել էր իր անուշ առաձգականությունն ու մեղմությունը։

— Պիեռ, այստեղ արի, բարեկամս։ Կարծում եմ նրա ներկայությունն ընտանեկան խորհրդի մեջ ավելորդ չի, այնպե՞ս չի, իշխան։

— Ինչո՞ւ եք լռում, mon cousin,— հանկարծ կանչեց իշխանադուստրն այնպես բարձր, որ հյուրասրահում լսեցին ու վախեցան նրա ձայնից։— Ինչո՞ւ եք լռում, երբ այստեղ աստված գիտի թե ո՛վ թույլ է տալիս իրեն մեջ ընկնել ու տեսարաններ սարքել մեռնողի սենյակի շեմքին։ Ինտրիգան…— շշնջաց նա կատաղությամբ ու պորտֆելը ձիգ տվեց ամբողջ ուժով։

Բայց Աննա Միխայլովնան մի քանի քայլ արավ, պորտֆելից ետ չմնալու համար, ու բռնեց նրա ձեռը։

— Oh! — ասավ իշխան Վասիլին հանդիմանանքով ու զարմացած։ Նա ոտքի կանգնեց։— C’est ridicule. Voyons[183], թողեք, ասում եմ ձեզ։

Իշխանադուստրը թողեց։

— Դուք էլ։

Աննա Միխայլովնան չլսեց նրան։

— Թողեք, ասում եմ։ Ես ամեն պատասխանաավություն վերցնում եմ ինձ վրա։ Ես կերթամ և նրան կհարցնեմ։ Ե՛ս… այսքանը բավական է ձեզ։

— Mais, mon prince,— ասավ Աննա Միխայլովնան,— այսպիսի մի մեծ ծիսակատարությունից հետո թողեք մի րոպե հանգստանա։ Այ, Պիեռ, կարծիքդ ասա՛,— դարձավ նա երիտասարդին, որ բոլորովին մոտեցել էր նրանց ու զարմացած նայում էր իշխանադստեր կատաղած ու ամեն վայելչություն կորցրած դեմքին և իշխան Վասիլի ցնցվող այտերին։

— Հիշեցեք, որ պատասխանատու եք հետևանքի համար,— խստությամբ ասավ իշխանը,— չեք հասկանում, թե ինչ եք անում։

— Զազրելի՛ կին,— պոռաց իշխանադուստրը. անսպասելիորեն հարձակվելով Աննա Միխայլովնայի վրա, ու պորտֆելը խլեց։

Իշխան Վասիլին գլուխը կախեց ու ձեռները տարածեց։

Այդ րոպեին դուռը, այն սարսափելի դուռը, որին ուղղված էին Պիեռի աչքերը և որը բացվում էր այնպես կամացուկ, հանկարծ բացվեց աղմուկով, դիպավ պատին, և միջնեկ իշխանադուստրը դուրս վազեց ու ձեռները զարկեց իրար։

— Ի՞նչ եք անում,— ասավ նա հուսահատորեն։— Il s’en va et vous me laissez seule.[184]

Պորտֆելն ընկավ մեծ իշխանադստեր ձեռից։ Աննա Միխայլովնան արագորեն կռացավ և, վիճելի առարկան վերցնելով, վազեց ննջարան։ Մեծ իշխանադուստրը և իշխան Վասիլին, սթափվելով, գնացին նրա ետևից։ Մի քանի րոպե հետո ամենից առաք այնտեղից դուրս եկավ մեծ իշխանադուստրը՝ գունատ, սառը դեմքով ու ներքին շուրթն ատամի տակ դրած։ Պիեռին տեսնելով՝ նրա դեմքի վրա անզուսպ չարություն երևաց։

— Այո, ուրախացեք հիմա,— ասավ նայ — գրան էլ սպասում էիք։

Եվ, հեկեկալով, երեսը ծածկեց թաշկինակով ու սենյակից վազեց դուրս։

Նրա ետևից դուրս եկավ իշխան Վասիլին։ Նա, օրորվելով, հասավ Պիեռի նստած բազմոցին ու ընկավ այդ բազմոցի վրա, ձեռներով աչքերը ծածկելով։ Պիեռը նկատեց, որ նա սփրթնած էր և վարի ծնոտը ծուլ-ծուլ էր լինում ու դողում տենդային դողով։

— Ա՜խ, բարեկամս,— ասավ նա, Պիեռի արմունկը բռնելով, և նրա ձայնի մեջ անկեղծություն կար ու վհատություն, որ Պիեռն առաջներում երբեք չէր նկատել։— Որքա՛ն ենք մեղանչում, որքան ենք խաբում, և այդ բոլորն ինչի՞ համար։ Վաթսունի մեջ եմ, բարեկամս… Չէ որ ինձ… Ամեն բանի վերջը մա՛հ է։ Մահը սարսափելի է։— Նա լաց եղավ։

Բոլորից հետո դուրս եկավ Աննա Միխայլովնան։ Նա մեղմ, դանդաղ քայլերով մոտեցավ Պիեռին։

— Պիե՛ռ…— ասավ նա։

Պիեռը հարցականորեն նայեց նրան։ Աննա Միխայլովնան, համբուրեց երիտասարդի ճակատը, արցունքներով թրջելով այն, ու լռեց։

— Il n’est plus…[185]

Պիեռն ակնոցի միջիg նայեց նրան։

— Allons; je vous reconduirai. Tâchez de pleurer. Rien ne soulage comme les larmes.[186]

Աննա Միխայլովնան Պիեռին տարավ մութ հյուրասրահը, և Պիեռն ուրախ էր, որ ոչ ոք այդտեղ իր երեսը չի տեսնում։ Աննա Միխայլովնան հեռացավ-գնաց, և երբ վերադարձավ, Պիեռը, ձեռները գլխատակին դրած, պինդ քնել էր։

Հետևյալ առավոտ Աննա Միխայլովնան ասում էր Պիեռին.

— Oui, mon cher, c’est une grande perte pour nous tous. Je ne parle pas de vous. Mais dieu vous soutiendra, vous êtes jeune et vous voilà à la tête d’une immense fortune, je I’espère. Le testament n’a pas été encore ouvert. Je vous connais assez pour savoir que cela ne vous tournera pas la tête, mais cela vous impose des devoirs, et il faut être homme.[187]

Պիեռը լուռ էր։

— Peut-être plus tard je vous dirai, mon cher, que si je n’avais pas été là, dieu sait ce qui serait arrivé. Vous savez, mon oncle avant-hier encore me promettait de ne pas oublier Boris. Mais il n’a pas eu le temps. J’espère, mon cher ami, que vous remplirez le désir de votre père.[188]

Պիեռը, բան չհասկանալով և լուռ, ամոթխածարար կարմրելով, նայում էր իշխանուհի Աննա Միխայլովնային։ Պիեռի հետ խոսելուց հետո՝ Աննա Միխայլովնան գնաց Ռոստովների մոտ ու պառկեց քնելու։ Առավոտը զարթնելով՝ Ռոստովներին և բոլոր ծանոթներին պատմեց կոմս Բեզուխովի մահվան մանրամասնությունները։ Ասավ, որ կոմսը մեռավ այնպես, ինչպես ինքը Աննա Միխայլովնան կցանկանար մեռնել, որ նրա վերջին վայրկյանը ոչ միայն հուզիչ էր, այլ և խրատական - իսկ հոր և որդու վերջին տեսակցությունն այնքան սրտառուչ էր, որ նա չկարողացավ հիշել առանց արցունքների և որ ինքը չի իմանում, թե այդ սարսափելի րոպեին ո՛վ ավելի լավ պահեց իրեն, հա՞յրը, որ վերջին րոպեներին հիշեց ամեն ինչ ու ամենքին և այնպե՜ս սրտառուչ խոսքեր ասավ որդուն, թե՞ Պիեռը, որին մարդ խղճահարվում էր նայել,— այնպես ընկճված էր և այնպես, չնայած դրան, աշխատում էր թաքցնել իր վիշտը՝ մահամերձ հորը չվշտացնելու համար։ «C’est pénible, mais cela fait du bien; ça élève l’âme de voir des hommes, comme le vieux comte et son digne fils[189], ասում էր Աննա Միխայլովնան։ Իշխանադստեր և իշխան Վասիլիի արարքների մասին նույնպես պատմեց, առանց հավանություն տալու, բայց մեծ գաղտնապահությամբ ու շշուկով։

XXII

Լիսյի Գորի-ում՝ իշխան Նիկոլայ Անդրեևիչ Բալկոնսկու կալվածում օրըստօրե սպասում էին երիտասարդ իշխան Անդրեյին և իշխանուհուն։ Բայց այդ սպասումը չէր խանգարում այն կարգ ու կանոնը, որով ընթանում էր կյանքը ծեր իշխանի տան մեջ։ Գեներալ-անշեֆ իշխան Նիկոլայ Անդրեևիչը, որ հասարակության մեջ հայտնի էր le roi de Prusse[190] մականունով, այն օրից, երբ Պավել կայսեր օրով աքսորվել էր գյուղ, ապրում էր Լիսյի Գորի կալվածում իր աղջկա՝ իշխանադուստր Մարիայի, և նրա ընկերակից՝ m-lle Bouriene-ի հետ։ Նոր կայսեր օրով, թեև նրան թույլատրվեց մայրաքաղաք գալ, բայց նա շարունսւկոլմ էր ապրել իր գյուղում, ասելով, որ եթե մեկն իր կարիքն զգա, նա Մոսկվայից 150 վերստ կկտրի-կգա Լիսյի Գորի, և որ իրեն ոչ ոք և ոչինչ հարկավոր չի։ Նա ասում էր, թե մարդկային արատները երկու աղբյուր ունեն միայն — պարապություն և սնահավատություն, և թե կա երկու առաքինություն միայն — գործունեություն և խելք։ Նա անձամբ ինքն էր զբաղվում իր աղջկա դաստիարակությամբ, և որպեսզի նրա մեջ զարգացնի այդ երկու գլխավոր առաքինությունները, մինչև քսան տարեկան հասակը նրան տալիս էր հանրահաշվի և երկրաչափության դասեր և նրա կյանքը դասավորել էր այնպես, որ անընդհատ զբաղումների մեջ անցնի։ Նա ինքը շարունակ զբաղված էր. մերթ իր հիշատակարանն էր գրում, մերթ բարձր մաթեմատիկական խնդիրներ էր լուծում, մերթ դազգահի վրա քթախոտի կամ ծխախոտի տուփեր էր շինում-հղկում, մերթ աշխատում էր պարտեզում և հսկում կառուցումների վրա, որ նրա կալվածում չէին վերջանում։ Որովհետև գործունեության գլխավոր պայմանը կարգ ու կանոնն է, ուստի և նրա կենցաղի մեջ կարգ ու կանոնը հասել էր իր ամենաբարձր աստիճանին։ Նրա սեղան նստելը կատարվում էր միևնույն անփովոխ պայմաններում, և ոչ միևնույն ժամին, այլև միևնույն րոպեին։ Իրեն շրջապատող մարդկանց հետ, սկսած աղջկանից մինչև սպասավորները, իշխանը խիստ էր և պահանջկոտ, և դրա համար, խստասիրտ չլինելով հանդերձ, երկյուղ և հարգանք էր ներշնչում, ինչ որ հեշտությամբ չի հաջողվում ամենադաժան մարդուն անգամ։ Չնայած որ պաշտոնաթող էր և այժմ պետական գործերի մեջ ոչ մի ազդեցություն չուներ, բայց և այնպես յուրաքանչյուր նահանգապետ (այն նահանգի, որի մեջ մտնում էին իր կալվածները) իր պարտքն էր համարում ներկայանալ նրան և նույնպես, ինչպես ճարտարապետը, պարտիզպանը կամ իշխանադուստր Մարիան, սպասել սպասավորների սրահում՝ մինչև իշխանի ընդունելության ժամը հասներ։ Եվ այդ սրահում ամեն ոք ունենում էր հարգանքի և անգամ երկյուղի նույն զգացումը, երբ բացվում էր նրա առանձնասենյակի բարձր ու խոշոր դուռը և ներս էր մտնում փոշի ցանած կեղծամով միջահասակ ծերունի իշխանը՝ մանրիկ ոսկրոտ ձեռներով և կախված գորշ հոնքերով, որոնք երբեմն, երբ նա հոնքերը կիտում էր, ծածկում էին նրա խելացի և կարծես ջահել պսպղուն աչքերի փայլը։

Երիտասարդ ամուսինների գալու օրը, առավոտյան իշխանադուստր Մարիան, սովորության համաձայն, առավոտվա տեսակցության համար, որոշյալ ժամին մտավ սպասավորների սրահը, երկյուղածությամբ խաչակնքեց երեսը և ներքուստ աղոթեց։ Ամեն օր նա գալիս էր տեսակցության և ամեն օր աղոթում, որ տեսակցությունը բարեհաջող անցնի։

Սրահում նստած շպարված ծերունի սպասավորը հանդարտ շարժումներով ոտքի ելավ և ցած ձայնով ասավ. «Համեցեք»։

Դռան ետևից լսվում էր դազգահի համաչափ ձայնը։ Իշխանադուստրը վախվխելով քաշեց հեշտ ու անաղմուկ բացվող դուռը և կանգ առավ շեմքում։ Իշխանն աշխատում էր դազգահի վրա. նայեց ու շարունակեց գործը։

Ահագին առանձնասենյակը լիքն էր, ըստ երևույթին, միշտ գործածելի իրերով։ Խոշոր սեղանը, որի վրա դրված էին գրքեր ու հատակագծեր, բարձր, ապակյա դռներով գրապահարանները՝ բանալիները վրան, կանգնած դիրքով գրելու հարմարեցրած սեղանը, որի վրա դրված էր մի բաց տետր, խառատի դազգահը՝ իր գործիքներով ու շուրջը թափված տաշեղներով,— այս բոլորը ցույց էին տալիս մշտական բազմազան ու կանոնավոր գործունեություն։ Թաթարական արծաթակար մուճակ հագած փոքրիկ ոտի շարժումից, ոսկրոտ, ջլուտ ձեռի ամուր սեղմումից երևում էր իշխանի առույգ ծերության համառ ու դիմացկուն ուժը։ Մի քանի շրջան անելով՝ նա ոտը վերցրեց դազգահի ոտկալից, դուրը սրբեց-գցեց դազգահից կախված կաշվե տոպրակը և, սեղանին մոտենալով, աղջկան կանչեց։ Նա երբեք իր զավակներին չէր օրհնում, և միայն, դեմ անելով նրան իր մազոտ, դեռևս չսափրած երեսը, խստությամբ և միաժամանակ ուշադիր քնքշությամբ նրան նայելով՝ ասավ.

— Առո՞ղջ ես… դե, ուրեմն նստի՛ր։

Նա վերցրեց իր ձեռով գրած երկրաչափության տետրակը և ոտով բազկաթոռը սեղանին մոտեցրեց։

— Վաղվա համար,— ասավ նա, արագ թերթելով ու մի հատվածից մինչև մյուսը կոշտ եղունգով նշան արավ։

Իշխանադուստրը կռացավ տետրակի վրա։

— Սպասիր, նամակ ունես,— հանկարծ ասավ ծերունին ու սեղանի վրա հարմարեցրած պայուսակից հանեց կանացի ձեռքով գրած մի նամակ ու նետեց սեղանի վրա։

Նամակը տեսնելով՝ իշխանադուստր Մարիայի դեմքի վրա կարմիր բծեր երևացին։ Նա շտապով վերցրեց այն ու կարդաց։

— Էլոիզի՞ց է,— հարցրեց իշխանը, սառը ժպիտով ցույց տալով իր տակավին ամրապինդ ու դեղին ատամները։

— Այո, Ժյուլիից է,— ասավ իշխանադուստրը ամաչկոտ նայելով և ամաչկոտ ժպտալով։

— Երկու նամակ էլ թույլ կտամ, իսկ երրորդն արդեն կկարդամ,— խստությամբ ասավ իշխանը,— վախենում եմ որ շատ հիմար բաներ եք գրում։ Երրորդը կկարդամ։

— Կարդացեք թեկուզ այս, mon père,— պատասխանեց իշխանադուստրն էլ ավելի կարմրելով ու նամակը նրան մեկնելով։

— Երրորդը, ես ասի երրորդը,— կտրուկ գոռաց իշխանը, նամակը հրելով և, սեղանին կռթնելով, մոտ քաշեց երկրաչափության տետրակը։

— Դեհ, օրիորդ,— սկսեց ծերունին, ավելի մոտենալով աղջկան ու տետրակի վրա կռանալով, նա ձեռը դրեց աղջկա նստած բազկաթոռի թիկունքին, այնպես որ իշխանադուստրն ամեն կողմից իրեն շրջապատված զգաց հոր քթախոտի և ծերունական-վանող հոտով, որ վաղուց ծանոթ էր իրեն։— Դեհ, օրիորդ, այս եռանկյունիները նման են. տեսնում ես, abc անկյունը…

Իշխանադուստրը վախեցած նայում էր իրենից շատ մոտ փայլող հոր աչքերին, կարմիր բծերը ողողեցին նրա դեմքը. երևում էր, որ նա ոչինչ չի հասկանում և այնպես է վախենում, որ երկյուղը խանգարելու է նրան՝ հասկանալ հոր հետագա բացատրությունները, որքան էլ նրանք պարզ լինեն։ Մեղավորը ուսուցի՞չն էր թե աշակերտուհին, հայտնի չէ, բայց միևնույն բանը կրկնվում էր ամեն օր. իշխանադստեր աչքերը մթագնում էին, ոչինչ չէր տեսնում, չէր լսում, միայն զգում էր չոր դեմքով խիստ հոր ներկայությունը, զգում էր նրա շնչառությունն ու հոտը և մտածում միայն թե ինչպես անի, որ շուտով հեռանա հոր առանձնասենյակից և իր սեկյակի ազատության մեջ ըմբռնի խնդիրը։ Ծերունու համբերությունը հատնում էր. նա գոռոցով մոտեցնում-հեռացնում էր բազկաթոռը, որի վրա նստած էր ինքը և, ճիգ էր գործադրում, որ չբարկանա, բայց ամեն անգամ գրեթե տաքանում էր, հայհոյում, երբեմն էլ տետրակը նետում։

Իշխանադուստրը սխալ պատասխան տվեց։

— Է, ի՜նչ հիմարն ես,— պատասխանեց իշխանը, հրելով տետրակը և արագ ետ դառնալով, բայց իսկույն էլ վեր կացավ, մի երկու քայլ արավ, ձեռը դիպցրեց իշխանադստեր մազերին ու կրկին նստեց։

Նա մոտեցավ ու շարունակեց բացատրությունը։

— Չի կարելի, իշխանադուստր, չի կարելի,— ասավ նա, երբ իշխանադուստրր տրված դասերի տետրակը վերցնելով՝ պատրաստվում էր արդեն դուրս գնալ,— մաթեմատիկան բարդ բան է, օրիորդ։ Իսկ ես չեմ ուզում, որ դու մեր հիմար օրիորդների նման լինես։ Համբերիր՝ կսիրես։— Նա ձեռով շոյեց աղջկա այտը։— Կսովորես-կխելոքանաս։

Իշխանադուստրն ուզում էր դուրս գալ, բայց հայրը ձեռի շարժումով կանգնեցրեց նրան և բարձր սեղանից հանեց մի նոր չկտրտած գիրք։

— Ահա էլի ինչ-որ խորհուրդների բանալի է ուղարկել քեզ քո Էլոիզան։ Կրոնական է։ Իսկ ես ոչ ոքի դավանության, հավատի մեջ չեմ խառնվում… Ինքս նայել եմ։ Վերցրու։ Դե, գնա, գնա։

Ձեռը մեղմորեն դիպցրեց աղջկա ուսին և դուռը փակեց նրա ետևից։

Իշխանադուստր Մարիան իր սենյակը վերադարձավ տխուր, վախի արտահայտությամբ, որ հաճախ էր ունենում և նրա տգեղ, հիվանդոտ դեմքն ավելի էր տգեղանում. նստեց իր գրասեղանի մոտ, որի վրա դրված էին մանրիկ պորտրեներ, թափված էին տետրակներ ու գրքեր։ Իշխանադուստրը նույնքան թափթփված էր, որքան հայրը՝ կարգապահ։ Նա ձեռի տետրակը մի կողմ դրեց և անհամբեր բաց արավ նամակը։ Նամակը գրել էր իր մանկության ամենամոտիկ ընկերուհին. այն Ժյուլի Կարագինան, որ ներկա էր Ռոստովների անվանակոչությանը։

Ժյուլին գրում էր.

«Chère et excellente amie, quelle chose terrible et effrayante que l’absence! J’ai beau me dire que la moitié de mon existence et de mon bonheur est en vous, que malgré la distance que nous sépare, nos cœurs sont unis par des liens indissolubles; le mien se révolte contre la destinée, et je ne puis, malgré les plaisirs et les distractions qui m’entourent) vaincre une certaine tristesse cachée que je ressens au fond du cœur depuis notre séparation. Pourquoi ne sommes-nous pas réunies, comme cet été dans votre grand cabinet sur le canapé bleu, le canapé à confidences? Pourquoi ne puis-je, comme il y a trois mois, puiser de nouvelles forces morales dans votre regard si doux, si calme et si pénétrant, regard que j’aimais tant et que je crois voir devant moi, quand je vous écris?»[191]

Մինչև այստեղ կարդալով՝ իշխանադուստրը հառաչեց ու նայեց աջ կողմը դրված մեծ հայելուն, որն անդրադարձրեց նրա թույլ մարմինն ու նիհար դեմքը։ Աչքերը, որ միշտ թախծոտ էին, այժմ առանձին հուսահատությամբ հայելու միջից նայում էին իրեն։ «Նա ինձ շողոքորթում է», մտածեց իշխանադուստրը, շուռ եկավ և շարունակեց կարդալ։ Ժյուլին, սակայն, ընկերուհուն չէր շողոքորթում, իսկապես, իշխանադստեր խոշոր, խոր ու ճառագայթող աչքերը (երբեմն նրանցից կարծես տաք լույսի ճառագայթներ էին ցայտում խուրձերով) այնքան սիրուն էին, որ հաճախ, չնայած ամբողջ դեմքի ընդհանուր տգեղությանը, այդ աչքերը դառնում էին գեղեցկությունից ավելի հրապուրիչ։ Բայց իշխանադուստրը երբեք չէր տեսնում իր աչքերի լավ արտահայտությունը, այն արտահայտությունը, որ ունենում էր այն վայրկյաններին, երբ ինքն իր մասին չէր մտածում։ Ինչպես բոլոր մարդկանց, այնպես էլ նրա դեմքը՝ շինծու-անբնական, վատ արտահայտություն էր ընդունում, երբ նա հայելուն էր նայում։ Նա շարունակեց կարդալ։

«Tout Moscou ne parle que guerre. L’un de mes deux frères est déjà à l’étranger, l’autre est avec la garde qui se met en marche vers la frontière. Notre cher empereur a quitté Pétersbourg et, à ce qu’on prétend, compte lui-même exposer sa précieuse existence aux chances de la guerre. Dieu veuille que le monstre corsicain, qui détruit le repos de l’Europe, soit terrassé par l’ange que le Tout-Puissant, dans sa miséricorde, nous a donné pour souverain. Sans parler de mes frères, cette guerre m’a privée d’une relation des plus chères à mon cœur. Je parle du jeune Nicolas Rostoff qui avec son enthousiasme n’a pu supporter l’inaction et a quitté l’université pour aller s’enrôler dans l’armée. Eh bien, chère Marie, je vous avouerai, que, malgré son extrême jeunesse, son départ pour l’armée a été un grand chagrin pour moi. Le jeune homme, dont je vous parlais cet été, a tant de noblesse, de véritable jeunesse qu’on rencontre si rarement dans le siècle ou nous vivons parmi nos vieillards de vingt ans. Il a surtout tant de franchise et de cœur. Il est tellement pur et poétique, que mes relations avec lui, quelque passagères qu’elles fussent, ont été l’une des plus douces jouissances de mon pauvre cœur, qui a déjà tant souffert. Je vous raconterai un jour nos adieux et tout ce qui s’est dit en partant. Tout cela est encore trop frais. Ah! chère amie, vous êtes heureuse de ne pas connaître ces jouissances et ces peines si poignantes. Vous êtes heureuse, puisque les dernières — sont ordinairement les plus fortes! Je sais fort bien que le comte Nicolas est trop jeune pour pouvoir jamais devenir pour moi quelque chose de plus qu’un ami, mais cette douce amitié, ces relations si poétiques et si pures ont été un besoin pour mon cœur. Mais n’en parlons plus. La grande nouvelle du jour qui occupe tout Moscou est la mort du vieux comte Բեզուխով et son héritage. Figurez-vous que les trois princesses n’ont reçu que très peu de chose, le prince Basile rien, et que c’est M. Pierre qui a tout hérité, et qui par-dessus le marché a été reconnu pour fils légitime, par conséquent comte Բեզուխով et possesseur de la plus belle fortune de la Russie. On prétend que le prince Basile a joué un très vilain rôle dans toute cette histoire et qu’il est reparti tout penaud pour Pétersbourg.[192]

Je vous avoue que je comprends très peu toutes ces affaires de legs et de testament; ce que je sais, c’est que depuis que le jeune homme que nous connaissions tous sous le nom de M. Pierre tout court est devenu comte Բեզուխով et possesseur de l’une des plus grandes fortunes de la Russie. Je m’amuse fort à observer les changements de ton et des manières des mamans accablées de filles à marier et des demoiselles elles-mêmes à l’égard de cet individu qui, par parenthèse, m’a paru toujours être un pauvre sire. Comme on s’amuse depuis deux ans à me donner des promis que je ne connais pas le plus souvent, la chronique matrimoniale de Moscou me fait comtesse Բեզուխովա. Mais vous sentez bien que je ne me soucie nullement de le devenir. A propos de mariage, savez-vous que tout dernièrement la tante en général Աննա Միխայլովնա m’a confié sous le sceau du plus grand secret un projet de mariage pour vous. Ce n’est ni plus ni moins que le fils du prince Basile, Anatole, qu’on voudrait ranger en le mariant à une personne riche et distinguée, et c’est sur vous qu’est tombé le choix des parents. Je ne sais comment vous envisagerez la chose, mais j’ai cru de mon devoir de vous en avertir. On le dit très beau et très mauvais sujet; c’est tout ce que j’ai pu savoir sur son compte.[193]

Mais assez de bavardage comme cela. Je finis mon second feuillet, et maman me fait chercher pour aller dîner chez les Apraksines. Lisez le livre mystique que je vous envoie et qui fait fureur chez nous. Quoiqu’il y ait des choses dans ce livre difficiles à atteindre avec la faible conception humaine, c’est un livre admirable dont la lecture calme et élève l’âme. Adieu. Mes respects à monsieur votre père’et mes compliments à m-elle Bourienne. Je vous embrasse comme je vous aime.[194]

Julie

P. S. Donnez-moi des nouvelles de votre frère et de sa charmante petite femme»։[195]

Իշխանադուստրը մտածեց, ժպտաց (որից նրա ճառագայթող աչքերով լուսավորված դեմքը բոլորովին կերպարանափոխվեց), և հանկարծ վեր կենալով՝ ծանրաքայլ մոտեցավ սեղանին։ Վերցրեց մի թուղթ, և նրա ձեռն սկսեց սահել այդ թղթի վրայով։ Գրեց այս պատասխանը.

«Chère et excellente amie. Votre lettre du 13 m’a causé une grande joie. Vous m’aimez donc toujours, ma poétique Julie. L’absence, dont vous dites tant de mal, n’a donc pas eu son influence habituelle sur vous. Vous vous plaignez de l’absence — que devrai-je dire moisi j’osais me plaindre, privée de tous ceux qui me sont chers? Ah! si nous n’avions pas la religion pour nous consoler, la vie serait bien triste. Pourquoi me supposez vous un regard sévère quand vous me parlez de votre affection pour le jeune homme? Sous ce rapport je ne suis rigide que pour moi. Je comprends ces sentiments chez les autres et si je ne puis approuver ne les ayant jamais ressentis, je ne les condamne pas. Il me paraît seulement que l’amour chrétien, l’amour du prochain, l’amour pour ses ennemis est plus méritoire, plus doux et plus beau, que ne le sont les sentiments que peuvent inspirer les beaux veux d’un jeune homme à une jeune fille poétique et aimante comme vous.[196]

La nouvelle de la mort du comte Բեզուխով nous est parvenue avant votre lettre, et mon père en a été très affecté. Il dit que c’était l’avant-dernier représentant du grand siècle, et qu’à présent c’est son tour; mais qu’il fera son possible pour que son tour vienne le plus tard possible. Que dieu nous garde de ce terrible malheur![197]

Je ne puis partager votre opinion sur Pierre que j’ai connu enfant. Il me paraissait toujours avoir un cœur excellent, et c’est la qualité que j’estime le plus dans les gens. Quant à son héritage et au rôle qu’y a joué le prince Basile, c’est bien triste pour tous les deux. Ah! chère amie, la parole de notre divin sauveur qu’il est plus aisé a un chameau de passer par le trou d’une aiguille, qu’il ne l’est a un riche d’entrer dans le royaume de dieu, cette parole est terriblement vraie; je plains le prince Basile et je regrette encore davantage Pierre. Si jeune et accablé de cette richesse, que de tentations n’aura-t-il pas à subir! Si on nie demandait ce que je désirerais le plus au monde, te serait d’être plus pauvre que le plus pauvre des mendiants. Mille grâces, chère amie, pour l’ouvrage que vous, m’envoyez, et qui fait si grande fureur chez vous. Cependant, puisque vous me dites qu’au milieu de plusieurs bonnes choses il y en a d’autres que la faible conception humaine ne peut atteindre, il me paraît assez inutile de s’occuper d’une lecture inintelligible; qui par là même, ne pourrait etre d’aucun fruit. Je n’ai jamais pu comprendre la passion qu’ont certaines personnes de s’embrouiller l’entendement, en s’attachant à des livres mystiques, qui n’élèvent que des doutes dans leurs esprits, exaltent leur imagination et leur donnent un caractère d’exagération tout-à-fait contraire à la simplicité chrétienne. Lisons les apôtres et l’Evangile. Ne cherchons pas à pénétrer ce que ceux-là renferment de mystérieux, car, comment oserions-nous, misérables pécheurs que nous sommes, prétendre à nous initier dans les secrets terribles et sacrés de la providence, tant que nous portons cette dépouille charnelle, qui élève entre nous et l’éternel un voile impénétrable? Bornons-nous donc à étudier les principes sublimes que notre divin sauveur nous a laissé pour notre conduite ici-bas; cherchons à nous y conformer et à les suivre, persuadons-nous que moins nous donnons d’essor à notre faible esprit humain et plus il est agréable à dieu, qui rejette toute science ne venant pas de lui; que moins nous cherchons à approfondir ce qu’il lui a plu de dérober nous en accordera à notre connaissance, et plutôt il nous en accordera la découverte par son divin esprit.[198]

Mon père ne m’a pas parlé du prétendant, mais il m’a dit seulement qu’il a reçu une lettre et attendait une visite du prince Basile. Pour ce qui est du projet de mariage qui me regarde, je vous dirai, chère et excellente amie, que le mariage, selon moi, est une institution divine à laquelle il faut se conformer. Quelque pénible que cela soit pour moi, si le tout-puissant m’impose jamais les devoirs d’épouse et de mère, je tâcherai de les remplir aussi fidèlement que je le pourrai, sans m’inquiéter de l’examen de mes sentiments à l’égard de celui qu’il me donnera pour époux.[199]

J’ai reçu une lettre de mon frère qui m’annonce son arrivée à Լիսյի Գորի avec sa femme. Ce sera une joie de courte durée, puisqu’il nous quitte pour prendre part à cette malheureuse guerre, à laquelle nous sommes entraînés dieu sait comment et pourquoi. Non seulement chez vous, au centre des affaires et du monde, on ne parle que de guerre, mais ici, au milieu de ces travaux champêtres et de ce calme de la nature que les citadins se représentent ordinairement à la campagne, les bruits de la guerre se font entendre et sentir péniblement. Mon père ne parle que marche et contremarche, choses auxquelles je ne comprends rien; et avant-hier en faisant ma promenade habituelle dans la rue du village, je fus témoin d’une scène déchirante… C’était un convoi des recrues enrôlés chez nous et expédiés pour l’armée… Il fallait voir l’état dans lequel se trouvaient les mères, les femmes, les enfants des hommes qui partaient et entendre les sanglots des uns et des autres! On dirait que l’humanité a oublié les lois de son divin sauveur qui prêchait l’amour et le pardon des offenses, et qu’elle fait consister son plus grand mérite dans l’art de s’entretuer.[200]

Adieu, chère et bonne amie, que notre divin sauveur et sa très sainte mère vous aient en leur sainte et puissante garde.[201]

Marie»

— Ah, vous expédiez le courrier, princesse, moi j’ai déjà expedié le mien. J’ai écris à ma pauvre mère[202],— ասավ հաճելի, հյութեղ ձայնով ժպտուն m-lle Bourienne-ը, ներս գալով և իր հետ իշխանադուստր Մարիայի կենտրոնացած, թախծոտ ու մռայլ մթնոլորտը մտցնելով բոլորովին այլ, թեթևամիտ ու զվարթ և ինքնագոհ մի շունչ։

— Princesse, il faut que je vous prévienne,— ավելացրեց նա, ձայնը ցածրացնելով,— le prince a eu une altercation,— «altercation»,— ասավ նա, բավականությամբ ինքն իրեն լսելով, une altercation aves Michel Ivanoff, il est de très mauvaise humeur, très morose. Soyez prévenue, vous savez.[203]

— Ah! chère amie,— պատասխանեց իշխանադուստր Մարիան,— je vous ai priée de ne jamais me prévenir de l’humeur dans laquelle se trouve mon père. Je ne me permets pas de le juger, et je ne vondrais pas que les autres le fassent.[204]

Իշխանադուստրը ժամացույցին նայեց, և տեսնելով, որ արդեն հինգ րոպե է անցել երգեհոն նվազելու համար սահմանված ժամանակից, վախեցած դեմքով բազմոցարան գնաց։ Տանը տիրող կարգ ու կանոնի համաձայն՝ իշխանը հանգստանում էր 12-ից մինչև 2-ը, իսկ իշխանադուստրը երգեհոն էր նվագում։

XXIII

Ալեհեր սենեկապահը նստած ննջում էր ու ականջ դնում իշխանի խռմփոցին, որ լսվում էր նրա առանձնասենյակից։ Իսկ տան հեռավոր մի կողմից, փակ դռների ետևից, լսվում էր քսաներորդ անգամը կրկնվող Դյուսսեկովյան սոնատի դժվարին պասսաժները։

Այդ ժամանակ տան մուտքին մոտեցան մի կառեթ և մի թեթև կառք։ Կառեթից դուրս եկավ իշխան Անդրեյը, իջեցրեց իր փոքրիկ կնոջը և առաջ գցեց նրան։ Ծերունի Տիխոնը, պարիկով գլուխը դուրս հանեց սրահից և շշուկով հայտնեց, թե իշխանը քնած է, ու արագ ծածկեց դուռը։ Տիխոնը գիտեր, որ ո՛չ որդու գալուստը, ո՛չ էլ որևէ անսովոր դեպք՝ չպետք է խանգարեն օրվա կարգը։ Իշխան Անդրեյը, ըստ երևույթին, շատ լավ գիտեր այդ բանը, նայեց ժամացույցին, կարծես նրա համար, որ ստուգի, թե հոր սովորույթները չեն փոխվել արդյոք իր բացակայության միջոցին, և, համոզվելով, որ չեն փոխվել, դարձավ կնոջը.

— Քսան րոպեից հետո կզարթնի։ Գնանք Մարիայի մոտ,— ասավ նա։

Փոքրիկ իշխանուհին այդ ժամանակամիջոցում հաստացել էր, բայց աչքերը և բեղիկներով կարճ շուրթը խոսելու ժամանակ բարձրանում ու ժպտում էր առաջվա պես զվարթ ու դուրեկան։

— Mais c’est un palais,— ասավ նա ամուսնուն, նայելով շուրջը մի արտահայտությամբ, որով գովում են պարահանդեսի տիրոջը։— Allons, vite, vite!..[205]— Նա, չորս կողմը նայելով, ժպտում էր և՛ Տիխոնին, և՛ ամուսնուն, և՛ իրենց ուղեկցող սպասավորին։

— C’est Marie qui s’exerce? Allons doucement, il faut la surprendre.[206]

Իշխան Անդրեյը մի տխուր արտահայտությամբ հետևում էր կնոջը։

— Ծերացել ես, Տիխոն,— ասավ նա ձեռը համբուրող ծերունուն։

Սենյակի (որտեղից երգեհոնի ձայներ էին գալիս) կողքի դռնից դուրս նետվեց սիրուն շիկահեր ֆրանսուհին։— M-lle Bourienne-ը ուրախությունից կարծես խենթացել էր։

— Ah! quel bonheur pour la princesse,— ասավ նա։— Enfin! Il faut que je la prévienne.[207]

— Non, non, de grâce… Vous êtes m-lle Bourienne, je vous connais déjà par l’amitié que vous ma belle-soeur,— ասավ իշխանուհին, համբուրվելով ֆրանսուհու հետ։— Elle ne nous attend pas?[208]

Նրանք մոտեցան բազմոցարանի դռանը, որի ետևից լսվում էր նորից ու նորից կրկնվող սոնատի պասսաժը։ Իշխան Անդրեյը կանգ առավ ու դեմքը խոժոռեց, կարծես ինչ-որ անախորժ բանի սպասելով։

Իշխանուհին ներս մտավ, պասսաժը կիսին ընդհատվեց։ Լսվեց մի ճիչ, իշխանադուստր Մարիայի ծանր քայլվածքը և համբույրի ձայներ։ Երբ իշխան Անդրեյը ներս մտավ, իշխանադուստրն ու իշխանուհին, որ միայն մի անգամ՝ կարճ ժամանակով՝ տեսել էին իրար իշխան Անդրեյի հարսանիքի օրը, միմյանց գրկած՝ շրթունքներով պինդ հպվել էին իրար՝ առաջին վայրկյանային պատահած տեղերը։ M-lle Bourienne-ը նրանց մոտ կանգնած՝ ձեռը սրտին դրած՝ ժպտում էր ջերմեռանդ. պատրաստ որքան լալու, նույնքան և ծիծաղելու։ Իշխան Անդրեյն ուսերը թոթվեց ու դեմքը խոժոռեց, ինչպես խոժոռում է երաժշտություն սիրողը սխալ նոտա լսելիս։ Կանայք թողին իրար, հետո նորից բռնեցին իրարու ձեռ, նորից սկսեցին համբուրվել, թողին իրար ձեռ ու նորից համբուրեցին միմյանց երես և, իշխան Անդրեյի համար բոլորովին անսպասելի, երկուսն էլ լաց եղան և կրկին սկսեցին համբուրվել։ M-lle Bourienne-ը նույնպես լաց եղավ։ Իշխան Անդրեյն, ըստ երևույթին, իրեն անհարմար դրության մեջ էր զգում, բայց երկու կանանց շատ բնական էր թվում իրենց լացը. նրանք կարծես չէին էլ ենթադրում, թե իրեց տեսակցությունը կարող է այլ կերպ կատարվել։

— Ahl chère!.. ah! Marie!..— հանկարծ ասին երկուսը միասին ու ծիծաղեցին։— J’ai rêvé cette nuit…— Vous ne nous attendiez donc pas… Ah! Marie, vous avez maigri… Et vous avez repris…[209]

— J’ai tout de suite reconnu madame la princesse[210],— միջամտեց m-lle Բուրիենը։

— Et moi qui ne me doutais pas!..— բացականչեց իշխանադուստր Մարիան։— Ah! André, je ne vous voyais pas.[211]

Իշխան Անղրեյը ձեռ-ձեռի տված համբուրվեց քրոջ հետ և ասավ, որ նա նույնպիսի pleurnicheuse[212] է, ինչպես միշտ։ Իշխանադուստր Մարիան դարձավ եղբորը և, արցունքի միջից, նրա խոշոր ճառագայթող աչքերի սիրազեղ, ջերմ ու հեզ հայացքը կանգ առավ եղբոր դեմքին։

Իշխանուհին անդադար խոսում էր։ Վերին բեղիկներով կարճ շուրթը մի ակնթարթ արագությամբ իջնում էր ցած, դիպչում ուր պետք է՝ ներքին կարմիր շուրթին, և նորից բացվում էր ատամներով ու աչքերով շողուն ժպիտը։ Իշխանուհին պատմում էր Սպասսկայա սարի վրա իրեն պատահած դեպքը, որն իր վիճակի մեջ գտնվող կնոջ համար եղել է շատ վտանգավոր, և դրանից անմիջապես հետո հայտնեց, թե իր բոլոր զգեստները թողել է Պետերբուրգում և այստեղ, աստված գիտի, ինչ է հագնելու, և թե Անդրեյը բոլորովին փոխվել է, և թե Կիտտի Օգինցովան ամուսնացել է մի ծերունու հետ, և թե հարմար փեսացու կա նաև իշխանադուստր Մարիայի համար, բայց այդ մասին կխոսենք հետո։ Իշխանադուստր Մարիան շարունակում էր անխոս նայել եղբորը, և նրա գեղեցիկ աչքերի մեջ կար թե՛ սեր, թե՛ վիշտ։ Երևում էր, որ նա զբաղված է իր սեփական մտքերով, հարսի խոսքերից անկախ։ Իշխանադուստրը հարսի՝ Պետերբուրգի վերջին տոնին վերաբերող պատմության կիսին դարձավ եղբորը.

— Եվ դու վերջնականապես որոշե՞լ ես գնալ պատերազմ, André,— ասավ հոգոց քաշելով։

Lise-ն նույնպես ցնցվեց։

— Վաղն իսկ,— պատասխանեց եղբայրը։

— Il m’abandonne ici, et Dieu sait pourquoi, quand il aurait pu avoir de l’avancement…[213]

Իշխանադուստր Մարիան մինչև վերջը չլսեց և, շարունակելով իր մտքերի թելը, հարսին դարձավ, սիրալիր աչքերով նրա փորը ցույց տալով։

— Ճի՞շտ է,— հարցրեց նա։

Իշխանուհու դեմքը փոխվեց, և նա հոգոց քաշեց։

— Այո, ճիշտ է,— ասավ նա։— Օհ, սարսափելի բան է…

Լիզայի վերին շուրթն իջավ։ Նա երեսը մոտեցրեց տալոջ դեմքին և կրկին անսպասելի լաց եղավ։

— Նա հանգստանալու կարիք ունի,— ասավ իշխան Անդրեյը խոժոռվելով։— Այնպես չէ՞, Լիզա։ Տար Լիզային սենյակդ, իսկ ես գնամ հայրիկի մոտ։ Ինչպե՞ս է, դարձյալ նո՞ւյնն է։

— Նույնն է, նույնը. չգիտեմ քո աչքին ինչպես կերևա,— պատասխանեց իշխանադուստրն ուրախ-ուրախ։

— Նույն ժամե՞րը, նո՞ւյն պտույտները ծառուղիների մեջ, դազգա՞հը,— հարցրեց Անդրեյը հազիվ նկատելի ժպիտով, որը ցույց էր տալիս, թե չնայած դեպի հայրն ունեցած սիրուն ու հարգանքին, հասկանում էր և նրա թույլ կողմերը։

— Նույն ժամերն ու դազգահը, նաև մաթեմատիկան և իմ երկրաչափության դասերը,— պատասխանեց իշխանադուստրն ուրախ-ուրախ, կարծես երկրաչափության դասերը նրա կյանքի հաճելի ժամերը լինեին։

Երբ ծեր իշխանի հանգստյան ժամանակամիջոցը լրացնող քսան րոպեներն անցան, Տիխոնը եկավ՝ երիտասարդ իշխանին հոր մոտ հրավիրելու։ Ծերունին իր ապրելակերպի մեջ մի բացառություն թույլ տվեց՝ ի պատիվ որդու գալստյան. պատվիրեց ներս թողնել նրան ճաշից առաջ հագնվելիս։ Իշխանը հին սովորույթի համաձայն կաֆտան էր կրում և շպարվում էր։ Եվ այն ժամանակ երբ իշխան Անդրեյը (ոչ թե հյուրասրահներում ունեցած մռայլ արտահայտությամբ, այլ այն աշխույժ դեմքով, երբ խոսում էր Պիեռի հետ) ներս մտավ, ծերունին հարդարանքի սենյակում լայն, կաշեպատ բազմոցին նստած՝ գլուխը հանձնել էր Տիխոնի ձեռներին։

— Ա՜։ Ռազմի՜կ. Բոնապարտին հաղթե՞լ ես ուզում,— ասավ ծերունին և թափահարեց կեղծամով-շպարած գլուխը, որքան թույլ էին տալիս այդ Տիխոնի ձեռներով հյուսվող մազերը։— Գոնե դո՛ւ մի լավ բռնիր նրա օձիքը, թե չէ նա մեզ էլ շուտով իր հպատակը կդարձնի։— Բարև՛,— ու այտը դեմ արավ որդուն։

Ծերունին լավ տրամադրության մեջ էր նախաճաշյան քնից հետո։ (Նա ասում էր, թե հետճաշյա քունը — արծաթ է, մինչճաշյանը — ոսկի)։ Կախ ընկած թավ հոնքերի տակից ուրախ-ուրախ նայեց որդուն։ Իշխան Անդրեյը մոտեցավ և համբուրեց հոր ցույց տված տեղը։ Նա չպատասխանեց հոր սիրած խոսակցության նյութին,— ա՛յն, որ նա ծաղրում էր այժմյան զինվորականներին, մանավանդ Բոնապարտին։

— Այո, եկա ձեզ մոտ, հայր, և այն էլ հղի կնոջս հետ,— ասավ իշխան Անդրեյը, եռանդուն ու հարգալիր աչքերով հետևելով հոր դեմքի յուրաքանչյուր մկանի շարժմանը։— Ինչպե՞ս է ձեր առողջությունը։

— Վատառողջ լինում են, սիրելիս, միայն հիմարներն ու անառակները, իսկ դու ինձ ճանաչում ես. առավոտից երեկո զբաղված եմ, ժուժկալ եմ, հետևաբար և առողջ։

— Փառք աստծո,— ասավ որդին ժպտալով։

— Աստված այստեղ գործ չունի։ Դե՛, պատմիր,— շարունակեց ծերունին, դառնալով իր սիրած նյութին,— թե ինչպես գերմանացիք սովորեցրին ձեզ Բոնապարտի հետ կռվելու նոր գիտությունը, ստրատեգիա կոչեցյալը։

Իշխան Անդրեյը ժպտաց։

— Թողեք մի քիչ հանգստանամ, հայրիկ,— ասավ նա մի ժպիտով, որը ցույց էր տալիս, թե հոր թերությունները երբեք չեն խանգարում, որ ինքը հարգի և սիրի նրան։— Չէ՞ որ ես դեռ չեմ տեղավորվել։

— Ստո՛ւմ ես, ստո՛ւմ ես,— գոչեց ծերունին, կեղծամը թափահարելով՝ նրա հյուսվածքի ամրությունը փորձելու համար ու բռնեց որդու ձեռը։— Կնոջդ բնակարանը պատրաստ է։ Մարիան կառաջնորդի նրան, ցույց կտա և սրտի ուզածի չափ կշատախոսի։ Դա կնկա գործ է։ Ուրախ եմ, որ նա եկել է։ Նստիր՝ պատմիր։ Միխելսոնի բանակը հասկանում եմ, Տոլստոյինը՝ նույնպես… միաժամանակ հարձակում… Հարավային բանակն ի՞նչ է անելու։ Պրուսիան, չեզոքություն… այդ գիտեմ։ Ավստրիան ի՞նչ է,— ասավ նա, բազկաթոռից վեր կենալով ու սենյակում քայլելով, մինչ այդ Տիխոնը վազում էր նրա ետևից ու զգեստներ մատուցում։— Շվեցիան ի՞նչ է անում։ Ինչպե՞ս են Պոմերանիան անցնելու։

Իշխան Անդրեյը, տեսնելով հոր համառ պահանջը, սկզբում ակամա, բայց հետո հետզհետե աշխուժանալով, ու ըստ սովորության, ռուսերենից ֆրանսերենի անցնելով՝ սկսեց բացատրել առաջիկա պատերազմի գործողության ծրագիրը։ Պատմեց, թե ինչպես իննսուն հազարանոց բանակը պիտի ապառնա Պրուսիային, որպեսզի հանեն նրան չեզոքությունից և պատերազմի մեջ քաշեն, թե ինչպես այդ զորքերի մի մասը պետք է Շտրալզունդում միանա շվեդական զորքին, թե ինչպես երկու հարյուր քսան հազար ավստրիացի, միանալով հարյուր հազար ռուսների հետ, պետք է գործեն Իտալիայում ու Հռենոսի ափերին, և թե ինչպես հիսուն հազար ռուս և հիսուն հազար անգլիացի ափ են իջնելու Նեապոլում, և ինչպես ի վերջո հինգ հարյուր հազարանոց բանակը պետք է ամեն կողմից հարձակում գործի ֆրանսիացիների վրա։ Ծեր իշխանը ցույց չտվեց ամենափոքր հետաքրքրություն անգամ, ասես չէր լսում, և շարունակելով քայլել ու հագնվել, երեք անգամ անսպասելի ընդհատեց նրան։ Մի անգամ կանգնեցրեց ու գոչեց.

— Սպիտակը՛, սպիտակը՛։

Դա նշանակում էր, որ Տիխոնը չի տվել նրան ուզած ժիլետը։ Մյուս անգամ նա կանգնեցրեց որդուն ու հարցրեց.

— Իսկ նա շուտո՞վ կծնի,— և գլուխը հանդիմանանքով շարժելով՝ ասավ.— Լավ չի՛։ Շարունակիր, շարունակիր։

Երրորդ անգամ, երբ իշխան Անդրեյը վերջացնում էր նկարագրությունը, ծերունին երգեց կեղծ, պառավական ձայնով. «Marlbroug s’en va-t-en guerre. Dieu sait quand reviendra»[214]։

Որդին միայն ժպտաց։

— Չեմ ասում, թե այս ծրագիրը ես հավանում եմ,— ասավ որդին,— պատմեցի միայն, ինչ որ կա։ Նապոլեոնն արդեն կազմել է իր ծրագիրը՝ սրանից ոչ պակաս։

— Է, նոր ոչինչ չասիր։— Եվ ծերունին մտածկոտ շարունակեց երգ.— Dieu sait quand reviendra։— Գնա սեղանատուն։

XXIV

Որոշյալ ժամին ծեր իշխանը՝ շպարված ու ածիլված՝ մտավ սեղանատուն, ուր նրան սպասում էին հարսը, իշխանադուստր Մարիան, m-lle Բուրիենը և իրենց ճարտարապետը, որին իշխանի տարօրինակ քմահաճույքով թույլատրված էր սեղանին մասնակցել, թեև իր դիրքով աննշան այդ մարդը երբեք չէր կարող ակնկալել մի այդպիսի պատիվ։ Իշխանը, որ կյանքում խստորեն պահպանում էր դիրքերի տարբերությունը և հազվադեպ էր թույլ տալիս իր սեղանին մասնակցել անգամ նահանգական բարձր պաշտոնյաների, հանկարծ ճարտարապետ Միխայլա Իվանովիչին, որ քիթը սրբում էր անկյունում, գծավոր թաշկինակով, ապացուցում էր, թե բոլոր մարդիկ հավասար են, և շատ անգամ ասում էր աղջկան, թե Միխայլա Իվանովիչը ոչ մի բանով պակաս չի մեզնից։ Ու սեղանի վրա իշխանն ամենից ավելի խոսակցում էր լռակյաց Միխայլա Իվանովիչի հետ։

Սեղանատանը (որ ահագին ու բարձր մի սենյակ էր, ինչպես և տան բոլոր սենյակները) իշխանի գալուն սպասում էին տնեցիներն ու սպասավորները՝ յուրաքանչյուր աթոռի ետև կանգնած, սպասավորների գլխավորը՝ անձեռոցիկը բռնած՝ նայում էր սեղանի սարքին, աչքով էր անում լաքեյներին ու անհանգիստ նայվածքը շարունակ պատի ժամացույցից դարձնում էր դեպի դուռը, որտեղից ներս էր մտնելու իշխանը։ Իշխան Անդրեյը նայում էր մեծ, իր համար նոր, ոսկե շրջանակի մեջ դրված իշխան Բալկոնսկիների տոհմաբանական ծառը ներկայացնող պատկերը, որի դիմաց կախված էր նույնպիսի մեծ շրջանակով, վատ նկարված (հավանորեն տանու նկարչի ձեռքով) մի թագակիր տիրակալ իշխան, որը պետք է սերած լիներ Րյուրիկից և Բալկոնսկիների տոհմի նահապետը պետք է եղած լիներ։ Իշխան Անդրեյը նայում էր այդ տոհմաբանական ծառին, գլուխն օրորելով ու մի քմծիծաղով, որով նայում են ծիծաղելիության չափ նման պատկերի։

— Իր ամբողջ էությամբ այս պատկերի մեջ է,— ասավ նա իրեն մոտեցող իշխանադուստր Մարիային։

Իշխանադուստրը զարմանքով եղբորը նայեց։ Չէր հասկանում ինչի՛ վրա է եղբայրը ժպտում։ Հոր բոլոր արածներին ինքը վերաբերվում էր խորին ակնածանքով և քննադատությունից վեր էր համարում։

— Յուրաքանչյուր մարդ ունի իր Աքիլեսյան գարշապարը,— շարունակեց իշխանը։— Իր ահագին խելքով հանդերձ donner dans ce ridicule![215]

Իշխանադուստր Մարիան չկարողացավ ըմբռնել եղբոր դատողության համարձակությունը և պատրաստվում էր առարկել նրան, երբ առանձնասենյակից լսվեց սպասվող քայլերի ձայնը, իշխանը ներս մտավ իր մշտական, սովորական արագ, զվարթ շարժ ու ձևերով, որոնք դիտմամբ հակադրում էր կարծես տանը տիրող խիստ կարգ ու կանոնին։ Նույն վայրկյանին մեծ ժամացույցը խփեց ժամը երկուսը և բարակ ձայնով նրան արձագանք տվին մյուս ժամացույցները հյուրասրահից։ Իշխանը կանգ առավ, կախված թավ հոնքերի տակից եռանդուն, փայլատակող խիստ աչքերը նայեցին բոլորին ու կանգ առան ջահել իշխանուհու վրա։ Ջահել իշխանուհին այդ միջոցին զգաց այն, ինչ թագավորի ներս մտնելու ժամանակ զգում են պալատականները,— երկյուղի և հարգանքի մի զգացում, որ հարուցանում էր այդ ծերունին իրեն շրջապատողների սրտում։ Նա շոյեց իշխանուհու գլուխը և անհարմար շարժումով զարկեց ծոծրակին։

— Ուրախ եմ, ուրախ,— ասավ նա, և մի անգամ ևս ուշադիր նայեց հարսի աչքերին, արագությամբ հեռացավ ու նստեց իր տեղր։— Նստեցե՛ք, նստեցե՛ք։ Միխայիլ Իվանովիչ, նստեցեք։

Ու հարսին հրավիրեց իր կողքին նստելու։ Սպասավորն աթոռ մատուցեց իշխանուհուն։

— Հո՜, հո՜,— ասավ ծերունին, նայելով հարսի կլորացած իրանին։— Շտապել ես, այդ լավ չի։

Ու ծիծաղեց չոր, սառը, տհաճ, ինչպես ծիծաղում էր միշտ միայն բերանով, և ոչ աչքերով։

— Պետք է ման գալ, ման գալ՝ որքան կարելի է շատ, որքան կարելի է շատ,— ասավ նա։

Փոքրիկ իշխանուհին չլսեց կամ չուզեց լսել այդ խոսքերը։ Լուռ էր և թվում էր շփոթված։ Իշխանը հարցուփորձեց նրան հոր մասին, և իշխանուհին պատասխանեց ու ժպտաց։ Իշխանը հարցրեց ընդհանուր ծանոթների մասին. իշխանուհին ավելի աշխուժացավ ու սկսեց պատմել, հայտնելով իշխանին բերած բարևները և քաղաքի բամբասանքները։

— La comtesse Apraksine, la pauvre, a perdu son mari, et elle a pleuré les larmes de ses yeux[216],— ասում էր նա ավելի ու ավելի աշխուժանալով։

Քանի նա աշխուժանում էր, իշխանն այնքան ավելի խստությամբ էր նայում նրան, և հանկարծ, կարծես բավականաչափ ուսումնասիրելով հարսին և պարզ գաղափար կազմելով նրա մասին, երեսը շրջեց նրանից ու դարձավ Միխայիլ Իվանովիչին։

— Հը, Միխայլո Իվանովիչ, մեր Բոնապարտի բանը բուրդ է։ Ինչպես իշխան Անդրեյը (նա միշտ այդպես երրորդ դեմքով էր կոչում որդուն) պատմեց ինձ՝ մե՜ծ ուժեր են հավաքվում նրա դեմ։ Իսկ մենք՝ ես և դուք նրան ոչինչ մարդ էինք համարում։

Միխայիլ Իվանովիչը, բացարձակապես չիմանալով թե՝ երբ ենք մենք՝ ես ե դուք, այդպիսի խոսքեր ասել Բոնապարտի մասին, բայց հասկանալով, որ դա անհրաժեշտ է իշխանին՝ իր սիրած նյութին անցնելու, զարմացած նայեց երիտասարդ իշխանին, ինքն էլ չիմանալով, թե ինչ կստացվի դրանից։

— Սա մեծ տակտիկ է,— ասավ իշխանը որդուն, ճարտարապետին մատնացույց անելով։

Ու խոսք բացվեց նորից պատերազմի, Բոնապարտի ու այժմյան գեներալների ու պետական մարդկանց մասին։ Ծեր իշխանը, թվում էր, համոզված է ոչ միայն այն բանում, որ այժմյան բոլոր գործիչները ռազմական ու պետական գործի այբուբենը չհասկացող տղաներ են և որ Բոնապարտը չնչին մի ֆրանսացի է, հաջողություն է ունեցել միայն այն պատճառով, որ այլևս չկան Պոտյոմկիններ ու Սուվորովներ՝ հակադրելու նրան, այլև համոզված էր, որ քաղաքական ոչ մի բարդություն չկա Եվրոպայում, չկա և պատերազմ, այլ կա մի ինչ-որ տիկնիկային կատակերգություն, որի մեջ դեր են կատարում այժմյան մարդիկ, ձևացնելով, թե գործ են անում։ Իշխան Անդրեյն ուրախությամբ տանում էր հոր՝ նոր մարդկանց հասցեին ուղղած ծաղրը, ու նկատելի հրճվանքով խոսեցնում էր հորը և ունկնդրում նրան։

— Անցածը միշտ լավ է թվում,— ասավ նա,— բայց մի՞թե նույն Սուվորովը չէր, որ ընկավ Մորոյի լարած թակարդն ու էլ չկարողացավ դուրս գալ։

— Այդ ո՞վ ասավ քեզ։ Ո՞վ ասավ…— գոչեց իշխանը։— Սուվորովը՞։— Եվ նա շպրտեց ափսեն, որը ճարպկորեն բռնեց Տիխոնը։— Սուվորովը՜… Մտածեցե՛ք, իշխան Անդրեյ։ Երկուսը՝ Ֆրիդրիխն ու Սուվորովը… Մորո՜։ Մորոն գերի կընկներ, եթե Սուվորովի ձեռներն ազատ լինեին, բայց նրա ձեռների վրա նստած էին հոֆս-կրիգս-վուրստ-շնապս-ռատը։ Անախորժ մի բան։ Ա՛յ կերթաք, և կճանաչե՜ք այդ հոֆս-կրիգս-վուրստ-շնապս-ռատները։ Սուվորովը չկարողացավ լեզու գտնել նրա հետ, Միխայլա Կուտուզովը պիտի գտնի՞։ Չէ, բարեկամս,— շարունակեց նա,— դուք ձեր գեներալներով Նապոլեոնի դեմ չեք կարող բան անել, պետք է ֆրանսացիներ վարձել, որ յուրայինները ջարդեն իրար։ Գերմանացի Պալենին ուղարկել են Նյու-Յորք, Ամերիկա, ֆրանսացի Մորոյին կանչելու,— ասավ նա, ակնարկելով այն հրավերը, որ արված էր այս տարի Մորոյին՝ ռուսական ծառայության մեջ մտնելու։— Հրաշալի՜ է… Ինչ է, Պոտյոմկինները, Սուվորովները, Օռլովները մի՞թե գերմանացիներ էին։ Ոչ, սիրելիս, կամ դուք եք այնտեղ խենթացել, կամ ես եմ խելքս թռցրել։ Աստված ձեզ հաջողություն տա, իսկ մենք կտեսնենք։ Բոնապարտը նրանց աչքում մե՜ծ զորավար է դարձել։ Հը՜մ…

— Ես չեմ ասում, թե բոլոր կարգադրությունները լավ են եղել,— ասավ իշխան Անդրեյը,— միայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչու այդպիսի կարծիք ունեք Բոնապարտի մասին։ Ծիծաղեցեք, ինչքան կուզեք, բայց և այնպես Բոնապարտը մե՜ծ զորավար է։

— Միխայլա Իվանովիչ,— գոչեց ծեր իշխանը ճարտարապետին, որը տապակածով զբաղված, կարծում էր թե իրեն մոռացել են։— Ես ձեզ ասե՞լ եմ, որ Բոնապարտը մեծ տակտիկ է։ Ահա սա էլ նույնն է ասում։

— Ինչպես չէ, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց ճարտարապետը։

Ծեր իշխանը նորից ծիծաղեց իր սառը ծիծաղով։

— Բոնապարտը բախտավոր աստղի տակ է ծնվել։ Նրա զինվորները հիանալի են։ Առաջին անգամ գերմանացիների վրա հարձակվեց։ Իսկ գերմանացիներին ով ասես, որ չի խփել։ Աշխարհի հենց սկզբից գերմանացիներին խփել են շարունակ։ Իսկ նրանք՝ ոչ ոքի. միայն միմյանց։ Նապոլեոնն իր փառքը նրանց խփելով վաստակեց։

Եվ իշխանը սկսեց թվել այն բոլոր սխալները, որոնք, նրա կարծիքով, արել էր Բոնապարտը իր բոլոր պատերազմների և անգամ պետական գործերի մեջ։ Որդին չէր առարկում, բայց երևում էր, որ ինչ պատճառաբանություններ էլ բերեին նրան, հոր նման տրամադիր չէ իր կարծիքները փոխելու։ Իշխան Անդրեյը լսում էր, զսպելով ընդդիմախոսելու ցանկությունը և ակամա զարմանում, թե ինչպես կարող է այս ծեր մարդը, այսքան տարի գյուղում նստած, այսքան մանրամասն ու նրբությամբ իմանալ ու քննադատել Եվրոպայի վերջին տարիների ռազմական ու քաղաքական հանգամանքները։

— Կարծում ես՝ ծեր եմ, իրերի իսկական դրությունը չե՞մ հասկանում,— եզրակացրեց նա։— Ես գիշերները չեմ քնում, խորհում եմ, մտածում։ Բայց ո՞ւր է քո այդ մեծ զորավարը, որտեղ է ցույց տվել իր շնորհքը։

— Դա երկար պատմելու բան է,— պատասխանեց որդին։

— Դե ուրեմն գնա՛ քո Բոնապարտի մոտ։ M-lle Bourienne, voilà encore un admirateur de votre goujat d’empereur![217]— գոչեց նա հիանալի ֆրանսերենով։

— Vous savez, que je ne suis pas bonapartiste, mon prince.[218]

— «Dieu sait quand reviendra»…[219]— երգեց ծեր իշխանը կեղծ տոնով, ծիծաղեց ավելի կեղծ ձևով ու դուրս եկավ սեղանատնից։

Փոքրիկ իշխանուհին թե՛ վեճի ժամանակ, թե՛ հետո լուռ ու երկյուղով համակված նայում էր մերթ իշխանադուստր Մարիային, մերթ կեսրայրին։ Երբ ճաշը վերջացավ՝ նա թևանցուկ արավ տալոջը և տարավ մյուս սենյակը։

— Comme c’est un homme d’esprit votre père,— ասավ նա։— C’est à cause de cela peut-être qu’il me fait peur.[220]

— Օ՜, նա այնքան բարի է,— ասավ իշխանադուստրը։

XXV

Իշխան Անդրեյը մեկնելու էր մյուս օրը երեկոյան։ Ծեր իշխանը, ըստ իր սովորության, ճաշից հետո գնաց իր առանձնասենյակը։ Փոքրիկ իշխանուհին տալոջ մոտ էր։ Իշխան Անդրեյը, ճանապարհորդական, առանց ուսադիրների բաճկոնը հագած, իր սենեկապահի հետ կապկպում էր իրերը իրեն հատկացված հարկաբաժնում։ Անձամբ քննելով կառքը և հետևելով ճամպրուկների տեղավորմանը, հրամայեց լծել։ Սենյակում մնացել էին այն իրերը միայն, որ իշխան Անդրեյը միշտ տանում էր հետը,— մի արկղիկ, արծաթյա պահարան՝ ամանեղեն գնելու համար, տաճկական երկու ատրճանակ և հոր նվիրած սուրը, որ բերված էր Օչակովից։ Ճամփորդական այս իրերը իշխան Անդրեյը պահում էր խնամքով, բոլորը նոր էին, մաքուր, մահուդե պատյանների մեջ և խնամքով կապված էին բարակ թելերով։

Մեկնումի և կյանքի փոփոխության վայրկյաններին՝ իրենց քայլերը կշռադատելու ընդունակություն ունեցող մարդիկ սովորաբար անձնատուր են լինում լուրջ մտախոհությունների։ Այդ վայրկյաններին սովորաբար ստուգում են անցյալը և ապագայի ծրագիր կազմում։ Իշխան Անդրեյի դեմքը խոհուն ու մեղմ արտահայտություն ուներ։ Նա, ձեռները ետևը դրած, արագ գնում-գալիս էր սենյակի մի անկյունից մյուսը, միշտ առջևը նայելով ու գլուխը մտածկոտ շարժելով։ Սարսափո՞ւմ էր արդյոք պատերազմ գնալուց, թե՞ տխուր էր կնոջը թողնելու համար,— գուցե և՛ մեկը, և՛ մյուսը, միայն, ըստ երևույթին, չցանկանալով, որ իրեն այդ դրության մեջ տեսնեն, նախասենյակից քայլերի ձայն լսելով, շտապով թողեց ձեռները, կանգնեց սեղանի առաջ, իբր թե կապում է արկղիկի պատյանը, և ընդունեց իր մշտական, հանգիստ ու անթափանցելի տեսքը։ Եկողը իշխանադուստր Մարիան էր։

— Ինձ ասին, որ հրամայել ես կառքը լծեն,— ասավ նա հևալով (նա ըստ երևույթին, վազել էր),— իսկ ես այնպես ուզում էի դեռ խոսել քեզ հետ առանձին։ Աստված գիտի, թե նորից որքան ժամանակով ենք բաժանվում։ Չե՞ս բարկանում, որ եկա։ Դու շատ փոխվել ես, Անդրյուշա,— ավելացրեց նա կարծես իր այդ հարցին բացատրություն տալու համար։

«Անդրյուշա» բառն արտասանելով՝ նա ժպտաց։ Երևի իրեն էլ տարօրինակ թվաց, որ այդ խստադեմ, գեղեցիկ տղամարդը նույն Անդրյուշան է, նիհար, չարաճճի տղան, իր մանկության ընկերը։

— Իսկ ուր է Lise?— հարցրեց իշխան Անդրեյը, ժպիտով միայն պատասխանելով քրոջ հարցին։

— Նա այնպես հոգնած էր, որ իմ սենյակում բազմոցի վրա քնեց։ Օ՜հ, André! Quel trésor de femme vous avez[221],— ասավ իշխանադուստրն ու նստեց եղբոր դեմ ու դեմ՝ բազմոցի վրա։— Նա կատարյալ երեխա է, այնքան սիրելի, զվարթ։ Այնպես սիրեցի նրան։

Իշխան Անդրեյը լուռ էր, բայց իշխանադուստրը նրա դեմքի վրա նկատեց հեգնական ու արհամարհական արտահայտություն։

— Բայց պետք է ներողամիտ լինել փոքրիկ թերությունների նկատմամբ. ո՛վ այդպիսի թերություններ չունի, André! Մի մոռանա, որ նա մեծացել ու դաստիարակվել է աշխարհիկ ոգով և հետո նրա վիճակն այժմ վարդագույն չէ։ Պետք է յուրաքանչյուրի դրության մեջ մտնել։ Tout comprendre, c’est tout pardonner[222]. Մտածիր թե որքան դժվար է խեղճի համար, ամուսնական կյանքին ընտելանալուց հետո, բաժանվել ամուսնուց ու մենակ ապրել գյուղում, այն էլ այդ դրության մեջ։ Դա շատ դժվար բան է։

Իշխան Անդրեյը, քրոջը նայելով, ժպտաց այնպես, ինչպես ժպտում ենք մենք լսելով այն մարդկանց, որոնց ներքին էությունը պարզ տեսնում ենք։

— Դու էլ գյուղում ես ապրում, բայց այդ կյանքը սարսափելի չես համարում,— ասավ նա։

— Ես՝ ուրիշ։ Իմ մասին ավելորդ է խոսել։ Ես ուրիշ կյանք չեմ ցանկանում, և ցանկանալ էլ չեմ կարող, որովհետև. ուրիշ մի այլ կյանք չեմ ճանաչում, բայց մտածիր, André, թե որքան ծանր է ջահել, աշխարհիկ կնոջ համար իր կյանքի լավագույն տարիներում փակվել գյուղում, մենակ, որովհետև հայրիկը զբաղված է միշտ, իսկ ես… դու ինձ ճանաչում ես… թե որքան ես զուրկ եմ լավագույն հասարակությանն ընտելացած կնոջն զբաղեցնելու շնորհքից, հնարավորությունից։ M-lle Բուրիենը միայն…

— Այդ ձեր Բուրիենն ինձ բոլորովին դուր չի գալիս,— ասավ իշխան Անդրեյը։

— Օ՜, ոչ։ Նա շատ սիրելի և բարի է, և որ գլխավորն է, խեղճ աղջիկ է։ Ոչ ոք չունի, ոչ ոք։ Ճիշտն ասած՝ նա ինձ ոչ միայն պետք չի, այլև ծանրություն է։ Ես, ինչպես գիտես, միշտ եղել եմ վայրենի, իսկ հիմա ավելի ևս։ Սիրում եմ մենակություն… Mon père-ն նրան շատ է սիրում։ Նա ու Միխայիլ Իվանովիչը — այն անձնավորություններն են, որոնց հետ նա միշտ սիրալիր ու բարի է, որովհետև երկուսն էլ իր կողմից բարերարված են. ինչպես Ստերնը ասում է. «Մենք այնքան չենք սիրում մեզ բարիք անողներին, որքան սիրում ենք մեզնից բարիք ստացողներին»։ Mon pêre-ն նրան վերցրել է իբրև որբի, և m-lle Բուրիենը շատ բարի է։ Եվ mon père-ն սիրում է նրա կարդալու եղանակը։ Նա երեկոները կարդում է հայրիկի համար։ Կարդում է հիանալի։

— Է, ճիշտն ասա, Matie, կարծում եմ, երբեմն շատ ծանր պիտի լինի քեզ համար հայրիկի բնավորությունը,— հանկարծ հարցրեց իշխան Անդրեյը։

Իշխանադուստր Մարիան նախ զարմացավ, հետո վախնցավ այդ հարցից։

— Ի՞նձ… ի՞նձ համար… ծա՞նր,— ասավ նա։

— Նա միշտ էլ խիստ է եղել, իսկ հիմա, կարծում եմ ավելի ծանր պիտի լինի,— ասավ իշխան Անդրեյը, ըստ երևույթին, դիտմամբ, որպեսզի քրոջը փորձի։

— Դու ամեն բանով լավ ես, André, բայց մտքի մի տեսակ հպարտություն ունես,— ասավ իշխանադուստրը, ավելի հետևելով իր մտքերի, քան թե խոսակցության ընթացքին,— և դա մեծ մեղք է։ Մի՞թե կարելի է հայրիկին քննադատել, և եթե կարելի էլ լիներ, խորին հարգանքից բացի՝ ուրիշ ինչ զգացում կարող է հարուցանել մի այնպիսի մարդ, ինչպիսին mon père-ն է։ Եվ ես այնպե՜ս գոհ ու երջանիկ եմ նրա հետ ապրելով։ Կցանկանայի միայն, որ դուք բոլորդ էլ ինձ նման երջանիկ լինեք։

Եղբայրը գլուխն օրորեց կասկածամտությամբ։

— Մի բան, որ ծանր է ինձ համար,— ես քեզ ճիշտը կասեմ, André,— դա նրա մտածելակերպն է կրոնի նկատմամբ։ Չեմ հասկանում, թե ինչպե՜ս այդքան մեծ խելքի տեր մի մարդ, չի կարողանում տեսնել այն, ինչ ցերեկվա պես պարզ է, ու կարող է մոլորվել այդպես։ Այս է ահա իմ միակ դժբախտությունը։ Բայց վերջերս բարելավման նշաններ եմ տեսնում։ Նրա ծաղրն այնպես թունավոր չի հիմա, մի վանական կա, որին նա ընդունեց ու երկար խոսեց հետը։

— Է, բարեկամս, վախենում եմ, որ իզուր եռանդ եք սպառում այդ վանականի հետ,— հեգնանքով, բայց սիրալիր ասավ իշխան Անդրեյը։

— Ah! mon ami. Ես միայն աղոթում եմ աստծուն և հույս ունեմ, որ նա կքսի ինձ։ André,— ասավ նա քաշվելով, վայրկյանական լռությունից հետո,— մի մեծ խնդիր ունեմ։

— Ի՞նչ է, սիրելիս։

— Ոչ, նախ խոստացիր, որ չես մերժի։ Քեզ համար դժվար բան չի, ոչ էլ արժանապատվությանդ դիպչող։ Ինձ կմխիթարես միայն։ Խոստացիր, Անդրյուշա,—ասավ նա, ձեռը ռիդիկյուլի մեջ կոխելով, մի բան բռնեց, բայց դեռ ցույց չտվեց, կարծես այն, ինչ բռնել էր իր խնդրի առարկան էր և, կարծես, նախքան խնդիրը կատարելու խոստումն առնելը, չէր կարող հանել այդ բանը։

Նա ամաչկոտ, աղերսող հայացքով նայում էր եղբորը։

— Եթե նույնիսկ այդ ծանր լիներ ինձ համար…— կարծես գուշակելով բանի էությունը՝ պատասխանեց իշխան Անդրեյը։

— Դու ինչ ուզում ես կարծիր։ Դիտեմ, դու էլ mon père-ի պես ես։ Ինչ ուզում ես կարծիր, մտածիր, բայց այս բանն արա ինձ համար։ Կատարիր, խնդրում եմ։ Այս բանը մեր հայրիկի հայրը, մեր պապը կրել է բոլոր պատերազմներում…— Նա դեռ ռիդիկյուլից չէր հանում այն, ինչ բռնել էր։— Ուրեմն խոստանո՞ւմ ես։

— Իհարկե։ Բայց ի՞նչ կա։

— André, ես քեզ օրհնում եմ այս սրբապատկերով. խոստացիր, որ երբեք վզիցդ չես հանի։ Խոստանո՞ւմ ես։

— Եթե երկու փթանոց չի և վիզս չի ծռի… Քեզ բավականություն պատճառելու համար…— ասավ իշխան Անդրեյը, բայց նույն վայրկյանին նկատելով, որ քրոջ դեմքը, իր կատակից, վիրավորված արտահայտություն ստացավ, զղջաց։— Շատ ուրախ եմ, իսկապես, շատ ուրախ եմ, սիրելիս,— ավելացրեց նա։

— Հակառակ քո կամքի նա կփրկի, կողորմա ու դարձի կբերի քեզ, որովհետև միայն նրա մեջ է ճշմարտությունն ու անդորրությունը,— ասավ իշխանադուստրը հուզումից դողացող ձայնով, երկու ձեռի հանդիսավոր շարժումով եղբոր առջև բռնելով փրկչի ձվաձև սրբապատկերը, որ արծաթե շրջանակ ուներ և արծաթե նուրբ շղթա։

Նա խաչակնքեց երեսը, սրբապատկերը համբուրեց ու տվեց եղբորը։

— Խնդրեմ, André, ինձ համար…

Նրա խոշոր աչքերը ճառագայթում էին բարության ու հեզության լույսով։ Այդ աչքերը լուսավորում էին նրա հիվանդոտ ու տգեղ դեմքը և գեղեցկացնում նրան։ Եղբայրն ուզեց վերցնել սրբապատկերը, բայց քույրը կանգնեցրեց նրան։ Անդրեյը հասկացավ, խաչակնքեց երեսն ու համբուրեց պատկերը։ Նրա դեմքը միաժամանակ թե գորովալի, (զգացված էր) և թե հեգնական արտահայտություն ուներ։

— Merci, mon ami.

Իշխանադուստրը համբուրեց եղբոր ճակատն ու կրկին նստեց բազմոցին։ Երկուսն էլ լուռ էին։

— Ինչպես ասի, André, մեծահոգի եղիր ու բարի, ինչպես եղել ես միշտ։ Lise-ի նկատմամբ խիստ մի լինի,— ասավ։— Նա այնքան սիրելի, այնքան բարի է. իսկ նրա վիճակը հիմա շատ ծանր է։

— Կարծեմ, ես քեզ ոչինչ չասի, Մաշա, թե որևէ բանի համար հանդիմանում եմ կնոջս կամ դժգոհ եմ նրանից։ Այդ բոլորն ինչի՞ համար ես ասում։

Իշխանադուստր Մարիայի դեմքը ծածկվեց կարմիր բծերով և նա լռեց, կարծես ինքն իրեն մեղավոր համարելով։

— Ես քեզ ոչինչ չեմ ասել, բայց արդեն ասող եղել է։ Եվ դա վշտացնում է ինձ։

Իշխանադուստր Մարիայի ճակատին, պարանոցին ու այտերին երևացին ավելի մեծ քանակությամբ կարմիր բծեր։ Նա ինչ-որ բան ուզեց ասել, բայց չկարողացավ։ Եղբայրը գուշակեց. փոքրիկ իշխանուհին ճաշից հետո, արտասվելով, ասել էր, թե նախազգում է դժբախտ ծննդաբերություն, վախենում է. գանգատվել էր իր բախտից, սկեսրայրից ու ամուսնուց։ Արտասվելուց հետո՝ քնել էր։ Իշխան Անդրեյը խղճաց քրոջը։

— Մի բան իմացիր, Մաշա, ես ոչ մի բանի համար չեմ կարող հանդիմանել, չեմ հանդիմանել և երբեք չեմ հանդիմանելու կնոջս, և ինքս էլ չեմ կարող որևէ բանում հանդիմանել ինձ՝ դեպի նա ունեցածս վերաբերմունքի համար, և այսպես կլինի միշտ, ինչ հանգամանքներում էլ լինեմ։ Բայց եթե ուզում ես իմանալ ճշմարտությունը… ուզում ես իմանալ արդյո՞ք երջանիկ եմ ես։ Ոչ։ Նա երջանի՞կ է։ Ոչ։ Ինչո՞ւ է այդպես։ Չգիտեմ…

Այս ասելով, վեր կացավ, մոտեցավ քրոջը և, կռանալով, համբուրեց նրա ճակատը։ Նրա գեղեցիկ աչքերը փայլում էին խելացի ու բարի, անսովոր փայլով, բայց նա քրոջը չէր նայում, այլ, նրա գլխի վրայով, նայում էր բաց դռան մթության մեջ։

— Գնանք նրա մոտ, պետք է հրաժեշտ տալ։ Կամ ինքդ գնա, զարթեցրու, իսկույն կգամ։ Պետրուշկա՛,— կանչեց նա սենեկապահին,— արի այստեղ, հավաքիր։ Սա դիր կառքի նստարանի տակ, սա՝ աջ կողմը։

Իշխանադուստր Մարիան ելավ ու գնաց դեպի դուռը, բայց կես ճամփին կանգ առավ։

— André, si vous avez la foi, vous vous seriez adressé à Dieu, pour qu’il vous donne l’amour, que vous ne sentez pas, et votre prière aurait été exaucée…[223]

— Այո, միթե այդպես,— ասավ իշխան Անդրեյը։— Գնա, Մաշա, ես անմիջապես կգամ։

Քրոջ սենյակը գնալիս, միջանցքում, որը միացնում էր մի տունը մյուսին, իշխան Անդրեյը հանդիպեց սիրալիր ժպտացող m-lle Բուրիենին, որ այսօր երրորդ անգամն էր պատահում նրան առանձնացած անկյուններում՝ հիացագին ու միամիտ ժպիտը դեմքին։

— Ah! je vous croyais chez vous[224],—ասավ նա, չգիտես ինչու կարմրելով ու աչքերը խոնարհելով։

Իշխան Անդրեյը խստությամբ նայեց նրան, նրա դեմքին կատաղություն երևաց։ Նա ոչինչ չասավ օրիորդին, այլ, առանց նրա աչքերին նայելու, դիտեց ճակատն ու մազերը մի այնպիսի արհամարհանքով, որ ֆրանսուհին կարմրեց ու հեռացավ, առանց մի խոսք ասելու։ Երբ իշխանը մոտեցավ քրոջ սենյակին՝ իշխանուհին արդեն զարթնել էր և նրա զվարթ, արագախոս ձայնը լսվում էր բաց դռնից։ Նա խոսում էր այնպես, կարծես երկար ժամանակ չէր խոսել, և ուզում էր շահել նաև կորցրած ժամանակը։

— Non, mais figurez-vous, la vieille comtesse Zouboff avec de fausses boucles et la bouche pleine de fausses, dents, comme si elle voulait défier les années…[225] Հա՜-հա-հա՜, Marie.

Նույն այդ խոսքերը կոմսուհի Զուբովայի մասին, նույն ծիծաղով իշխան Անդրեյը արդեն հինգ անգամ լսել էր կնոջից՝ կողմնակի մարդկանց պատմելիս։ Նա հանդարտ ներս մտավ։ Իշխանուհին՝ հաստլիկ, կարմրած, ձեռագործը ձեռին նստել էր բազկաթոռում ու խոսում էր անդադար, պատմելով Պետերբուրգի հիշողություններից, մինչև իսկ հիշելով ֆրազներ։ Իշխան Անդրեյը մոտեցավ, շոյեց նրա գլուխն ու հարցրեց, թե հանգստացե՞լ է արդյոք ճանապարհի հոգնությունից։ Իշխանուհին պատասխանեց ու շարունակեց նույն զրույցը։

Կառքը, երեք զույգ ձի լծած, սպասում էր մուտքի առաջ։ Դուրսը աշնանային մութ գիշեր էր։ Կառապանը կառքի լծափայտն անգամ չէր տեսնում։ Մուտքի դռան առաջ խմբված էին լապտերներով մարդիկ։ Ահագին տան լուսամուտները լուսավորված էին առատորեն։ Նախասենյակում խմբվել էին տան ծառաները՝ երիտասարդ իշխանին հրաժեշտ տալու. դահլիճում հավաքվել էին տնեցիները՝ Միխայիլ Իվանովիչը, m-lle Bourienne, իշխանադուստր Մարիան և իշխանուհին։ Իշխան Անդրեյը կանչվել էր հոր մոտ, որ ուզում էր որդուն հրաժեշտ տալ առանձին։ Բոլորն սպասում էին նրանց դուրս գալուն։

Երբ իշխան Անդրեյը հոր առանձնասենյակը մտավ, ծեր իշխանը՝ ակնոցը քթին, սպիտակ խալաթով (որով ոչ ոքի չէր ընդունում, բացի որդուց) սեղանի առաջ նստած՝ գրում էր։ Նա ետ նայեց։

— Գնո՞ւմ ես։— Եվ նորից շարունակեց գրել։

— Եկա հրաժեշտ տալու։

— Համբուրիր այստեղ,— ցույց տվավ նա այտը,— շնորհակալ եմ, շնորհակալ եմ։

— Ինչո՞ւ համար եք շնորհակալություն հայտնում։

— Նրա համար, որ ժամանակին ես մեկնում, կնոջդ փեշերից չես բռնում։ Ծառայությունը՝ ամենից առաջ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։— Եվ նա շարունակեց գրել այնպիսի թափով, որ ճռճռացող գրչից կաթիլներ էին ցայտում այս ու այն կողմ։ Եթե բան ունես ասելու՝ ասա՛… Այդ երկու գործը կարող եմ միասին անել,— ավելացրեց նա։

— Կնոջս մասին… Առանց այն էլ ամաչում եմ, որ նրան թողնում եմ ձեր խնամքին…

— Ինչե՞ր ես խոսում։ Ասա՝ ինչ պետք է։

— Երբ կնոջս ծննդաբերության ժամանակը գա Մոսկվայից մանկաբարձ կանչեցեք… անպատճառ։

Ծեր իշխանը գրելը թողեց և, կարծես որդու ասածը չհասկանալով, խստահայաց աչքերը սևեռեց նրա վրա։

— Գիտեմ, որ ոչ ոք օգնել չի կարող, եթե իր կազմվածքը չօգնի,— ասավ իշխան Անդրեյը նկատելի շփոթված։— Գիտեմ, որ միլիոնավոր դեպքերից մեկն է դժբախտ լինում, բայց այդ նրա և իմ երևակայությունն է։ Նրան շատ բաներ են ասել, երազ է տեսել, և վախենում է։

— Հը՛մ… հը՛մ…— քրթմնջաց ինքն իրեն ծեր իշխանը, շարունակելով գրածը վերջացնել։— Կանեմ։

Ստորագրեց, հանկարծ շուռ եկավ դեպի որդին ու ծիծաղեց։

— Բանդ վա՞տ է, հա։

— Ի՞նչ բան, հայրիկ։

— Կինդ,— կարճ ու նշանակալից ասավ ծեր իշխանը։

— Չեմ հասկանում,— ասավ իշխան Անդրեյր։

— Է, ինչ արած, սիրելիս.— ասավ իշխանը,— կանայք բոլորն այդպես են, թողնել չես կարող։ Մի վախենա, մարդու բան չեմ ասի. իսկ դու ինքդ արդեն գիտես։

Եվ իր փոքրիկ ոսկրոտ ձեռքով բռնեց որդու աջը, թափ տվեց, ուղիղ որդու երեսին հառեց իր արագաշարժ աչքերը, որոնք, կարծես, թափանցում էին մարդու ներսը, ու նորից ծիծաղեց իր սառը ծիծաղով։

Որդին հոգոց քաշեց, ի նշան խոստովանության, թե հայրը հասկացավ իր միտքը։ Ծերունին, շարունակելով ծալել ու կնքել նամակները, իրեն հատուկ արագությամբ վերցնում ու մի կողմ էր նետում զմուռսը, կնիքն ու թուղթը։

— Ի՞նչ պիտի անել։ Գեղեցիկ է։ Ես ամեն ինչ կանեմ։ Հանգիստ կաց,— ասում էր հատ-ընդհատ, նամակները կնքելով։

Անդրեյը լուռ էր. նա և՛ ուրախ էր և՛ տխուր, որ հայրը հասկացավ իր միտքը։ Ծերունին վեր կացավ ու նամակը տրվեց որդուն։

— Լսի՛ր,— ասավ նա,— կնոջդ մասին մի մտածիր, ինչ հնարավոր է՝ կարվի։ Հիմա լսիր. նամակը տուր Միխայիլ Իլարիոնովիչին։ Գրում եմ, որ քեզ լավ տեղեր ուղարկի և երկար համհարզ չպահի, զզվելի պաշտոն է։ Ասա նրան, որ իրեն հիշում եմ և սիրում։ Հետո գրիր, թե քեզ ինչպես կընդունի։ Եթե լավ կլինի՝ ծառայի։ Նիկոլայ Անդրեևիչ Բալկոնսկու որդին ոչ ոքի մոտ չի կարող ծառայել ողորմածությամբ։ Դե, հիմա արի այստեղ։

Նա խոսում էր այնպես արագ, որ բառերի կեսը չէր վերջացնում, բայց որդին սովորել էր հասկանալ նրան։ Նա որդուն տարավ դեպի բյուրոն, կափարիչը ետ գցեց, քաշեց արկղը և այնտեղից հանեց իր խոշոր, երկար ու սեղմ ձեռագրովը գրած մի տետրակ։

— Երևի, ես քեզնից առաջ կմեռնեմ։ Իմացիր, սա իմ հիշատակարանն է. մահիցս հետո կհանձնեք թագավորին։ Հիմա այստեղ — սա լոմբարդի տոմս է և նամակ. սա իբրև պարգև կտրվի, նրան՝ ով կգրի Սուվորովի պատերազմների պատմությունը։ Կուղարկեք ակադեմիա։ Այստեղ գրված են իմ դիտողությունները, ինձնից հետո կարդա, կօգտվես։

Անդրեյը հորը չասավ, թե նա, հավանորեն, դեռ երկար կապրի։ Հասկացավ, որ այդ ավելորդ է.

— Բոլորը կկատարեմ, հայրիկ,— ասավ նա։

— Դե, այժմ գնաս բարով։— Նա ձեռը տվեց որդուն համբուրելու և ինքը գրկեց նրան։— Մի բան հիշիր, իշխան Անդրեյ, եթե քեզ սպանեն, ինձ ծերուկիս համար այդ մեծ ցավ կլինի…— Նա անսպասելի լռեց ու հանկարծ շարունակեց ճչուն ձայնով։— Իսկ եթե իմանամ, որ քեզ Նիկոլայ Բալկոնսկու որդու նման չես պահել, ինձ մեծ ամոթանք կպատճառես…— ծղրտաց նա։

— Այդ բանը կարող էիր ինձ չասել, հայրիկ,— ժպտալով ասավ որդին։

Ծերունին լռեց։

— Ուզում եմ ձեզ խնդրել նաև,— շարունակեց իշխան Անդրեյը,— որ եթե ինձ սպանեն և եթե ես որդի ունենամ, պահեցեք ձեզ մոտ, ինչպես երեկ ասի, որպեսզի ձեզ մոտ մեծանա… խնդրում եմ։

— Կնոջդ չհանձնե՞մ,— ասավ ծերունին ու ծիծաղեց։

Նրանք լուռ կանգնեցին իրար դեմ։ Ծերունու արագաշարժ աչքերը սևեռված էին որդու աչքերին, նրա դեմքի ներքին մասը թեթև դողաց։

— Հրաժեշտ տվինք… գնա՛,— հանկարծ ասավ նա։— Գնա՛,— գոչեց նա բարկացած ու բարձր ձայնով, առանձնասենյակի դուռը բանալով։

— Ի՞նչ պատահեց, ի՞նչ,— հարցրին իշխանուհին ու իշխանադուստրը, տեսնելով Անդրեյին և վայրկյանաչափ գլուխը դռնից հանած ու բարկացած ձայնով խոսող հոր կերպարանքը՝ ճերմակ խալաթի մեջ, առանց պարիկի և ակնոցով։

Իշխան Անդրեյը հոգոց քաշեց և ոչինչ չպատասխանեց։

— Դե՛հ,— ասավ նա, դիմելով կնոջը։

Եվ այդ «դեհ»-ը հնչեց սառը ծաղրով, կարծես ասում էր. «այժմ կարող եք ձեր խաղերը խաղալ»։

— André, déjà!— ասավ փոքրիկ իշխանուհին, գունատվելով և երկյուղով ամուսնուն նայելով։

Իշխանը գրկեց նրան։ Իշխանուհին ճչաց և ուշաթափ ընկավ նրա ուսին։

Իշխանն զգուշությամբ մի կողմ տարավ ուսը, նայեց կնոջ դեմքին և խնամքով նստեցրեց նրան բազկաթոռին։

— Adieu, Marie,— ասավ կամացուկ քրոջը, համբուրվեց նրա հետ՝ ձեռը բռնած, և արագ քայլերով դուրս եկավ սենյակից։

Իշխանուհին պառկել էր բազկաթոռի մեջ և m-lle Բուրիենը շփում էր նրա քներակները։ Իշխանադուստր Մարիան, հարսին բռնած, արտասվաթոր գեղեցիկ աչքերով դեռ նայում էր դեպի այն դուռը, որտեղից դուրս գնաց իշխան Անդրեյը, ու խաչակնքում էր նրան։ Առանձնասենյակից, կրակոցների պես, լսվում էին ծերուհու հաճախ կրկնվող բարկացած խնչոցները։ Իշխան Անդրեյը նոր միայն դուրս էր եկել, երբ առանձնասենյակի դուռը բացվեց արագ ու երևաց ճերմակ խալաթով ծերունու խիստ կերպարանքը։

— Մեկնե՞ց։ Դե, լավ,— ասավ նա, բարկացած նայելով ուշագնաց ընկած փոքրիկ իշխանուհուն, գլուխն օրորեց կշտամբանքով և դուռը վրա բերեց շրխկոցով։



  1. է, Իշխան, Ջենովան ու Լուկկան Բուոնապարտի տոհմի կալվածներն են։ Ոչ, ես ձեզ նախազգուշացնում եմ, եթե ինձ չեք ասի, որ մենք պատերազմ ունենք, եթե դուք էլի թույլ կտաք ձեզ պաշտպանել այդ նեռի (ես, իսկապես, հավատում եմ, որ նա նեռ է) գարշելի ու սարսափելի արարքները,— ես ձեզ այլևս չեմ ճանաչում, դուք այլևս իմ բարեկամը չեք, դուք այլևս իմ հավատարիմ ստրուկը չեք, ինչպես դուք եք ասում։ (ֆրանս.)
  2. Տեսնում եմ, որ ես ձեզ վախեցնում եմ։
  3. «Եթե դուք, կոմս (կամ իշխան) նկատի չունեք ոչինչ ավելի լավը և եթե երեկոն թշվառ հիվանդիս հետ անցկացնելու հեռանկարը ձեզ շատ չի վախեցնում, շատ ուրախ կլինեմ ճեզ այսօր տեսնել իմ տանը յոթ և տասը ժամերի արանքում։ Աննետ Շերեր»։
  4. Օ՜, որպիսի դաժան հարձակում։
  5. Նախ և առաջ ասեք ինչպե՛ս է ձեր առողջությունը, սիրելի բարեկամ։
  6. Խոստովանում եմ բոլոր այդ հանդեսներն ու հրավառությունները անտանելի են դառնում։
  7. Ինձ մի տանջեք։ Հը, ի՞նչ որոշեցին Նովոսիլցևի հեռագրի առթիվ։ Դուք բոլորը գիտեք։
  8. Ի՞նչ որոշեցին։ Որոշեցին, որ Բուոնապարտն այրել է իր բոլոր նավերը, և հենց նույնպես, կարծեմ, պատրաստ ենք այրել մերը։
  9. Պրուսիայի այդ տխրահռչակ չեզոքությունը — թակարդ է միայն։
  10. Ի դեպ — վիկոնտ Մորտեմարը. նա ազգակցություն ունի Սոնմորանսիի հետ Ռոգանների միջոցով։
  11. Աբրա Մորիո։
  12. Մայր-կայսրուհին։
  13. Այդ բարոնը, կարծեմ, խղճուկ անձնավորություն է։
  14. Բարոն Ֆունկեին մայր-կայսրուհուն հանձնարարել է իր քույրը։
  15. Շատ հարգանք։
  16. Ի դեպ ձեր ընտանիքի մասին։
  17. Դարձել է ողջ հասարակության հիացման առարկան։ Նրան գտնում են գեղեցիկ, ինչպես լույսը։
  18. Ի՞եչ եք ուզում դուք, Լաֆատերը կասեր, թե ես ծնողական սիրո ուռուցք չունեմ։
  19. Հիմարներ։
  20. Ես ձեր…
  21. Միայն ձեզ կարող եմ խոստովանել։ Իմ զավակները — իմ գոյության բեռն են։
  22. Ի՞նչ արած։
  23. Ամուսնացնելու մանիա ունեն։
  24. Փոքրիկ անձնավորություն։
  25. Մեր ազգականուհին է, իշխանադուստր…
  26. Ահա հայր լինելու առավելությունը։
  27. Խեղճը դժբախտ է, ինչպես քարերը։
  28. Լսեցեք, սիրելի Աննետ։
  29. Գլուխ բերեք այդ բանը ինձ համար, և ես ընդմիշտ ձեր…
  30. Ինչպես գրում է իմ կառավարիչը։
  31. Սպանեցեք։
  32. Ես ձեր ընտանիքում կսկսեմ սովորել պառավ աղջկա արհեստը։
  33. Պետերբուրգի ամենահմայիչ կինը։
  34. Զվարճություն։
  35. Ես ձեռագործս վերցրել եմ։
  36. Ինձ հետ վատ հանաքներ մի անեք, դուք ինձ գրել էիք, որ բոլորովին փոքրիկ երեկույթ է։ Տեսնում եք որքան վատ եմ հագնված։
  37. Հանգիստ եղեք, Լիզ, դուք էլի բոլորից լավը կլինեք։
  38. Դուք գիտեք, ամուսինս լքում է ինձ։ Գնում է մահի առաջ։ Ասացեք ինչո՞ւ համար է այս գգվելի պատերազմը։
  39. Ի՜նչ չքնաղ անձնավորություն է այս փոքրիկ իշիտանուհին։
  40. Այդ մեծ սիրալիրություն է ձեր կողմից, մըսյո Պիեռ, որ թշվաո հիվանդիս այցի եկաք։
  41. Դե, պատմեցեք մեզ այդ, վիկոնտ։
  42. Լյուդովիկոս XV ոճով։
  43. Վիկոնտն անձամբ ծանոթ է եղել հերցոգին։
  44. Վիկոնտը պատմելու զարմանալի վարպետ է։
  45. Ինչպե՜ս իսկույն հայտնի է լինում լավ հասարակության մարդը։
  46. Սիրելի Էլեն։
  47. Ի՜նչ գեղեցկուհի է։
  48. Ես, իսկապես, վախենում եմ թե իմ ընդունակություններով չբավարարեմ մի այսպիսի հասարակության։
  49. Ապասեցեք, ձեռագործս վերցնեմ։
  50. Ինչի՞ մասին եք մտածում։ Բերեք իմ ռիդիկյուլը։
  51. «Հմայիչ Իպպոլիտը»։
  52. Այդ պատմությունն ուրվականների մասին չէ՞։
  53. Բոլորովին ոչ։
  54. Բանն այն է, որ ես աանել չեմ կարող որևէ պատմություն ուրվականների մասին։
  55. «Վախեցած նիմֆայի ազդրերի»։
  56. Սքանչելի է։
  57. Մարդկանց իրավունքը։
  58. Դուք պատերազմ գնալու պատրաստությո՞ւն եք տեսնում, իշխան։
  59. Գեներալ Կուտուզովը բարեհաճում է նշանակել ինձ իրեն ադյուտանտը։
  60. Իսկ Լիզա՞ն, ձեր կինը։
  61. Եղեք բարեմիտ ինչպես եղել եք։
  62. Քանի որ նա փոխադրվելու է գվարդիա։
  63. Ցտեսություն։
  64. Բազիլի։
  65. Միլանի օծումը։
  66. Եվ ահա նոր կատակերգություն. Ջենովայի և Լուկկայի ժողովուրդները իրենց ցանկություններն են հայտնում պարոն Բուոնապարտին։ Եվ պարոն Բուոնապարտը գահին նստած կատարում է ազգերի ցանկությունը։ Է՜, սքանչելի է։ Ոչ, այդ տեսնելով ցնորվել կարելի է։ Կարելի է կարծել, թե աշխարհը գլուխը կորցրել է։
  67. «Աստված ինձ թագ տվեց։ Վա՛յ նրան, ով կդիպչի սրանն։— Ասում են՝ այս խոսքերն արտասանելու ժամանակ շատ գեղեցիկ էր։
  68. Հույս ունեմ, որ դա եղավ, վերջապես, այն կաթիլը, որ պիտի լցնի բաժակը։ Վեհապետներն այլևս չեն կարող հանդուրժել այդ մարդուն, որ սպառնում է բոլորին։
  69. Վեհապետնե՜րը։ Խոսքս Ռուսաստանի մասին չէ։ Վեհապետնե՜րը, տիկին, Բայց ինչ արին նրանք Լյուդովիկոս XVII համար, թագուհու համար, տիկ. Ելիզավետայի համար։ Ոչինչ։ Եվ, հավատացեք ինձ, նրանք կրում են իրենց պատիժը Բուրբոնների գործին դավաճանելու համար։ Վեհապետնե՜ր, նրանք դեսպաններ են ուղարկում ողջունելու գահը հափշտակողին։
  70. Այս ֆրազը բառացի անթարգմանելի է, որովհետև կազմված է պայմանական հերալդիկ տերմիններից, ոչ բոլորովին ճիշտ գործածված։ Ընդհանուր իմաստը այս է.— Կոնգեյի տոհմանիշը ներկայացնում է վահան՝ կարմիր ու կապույտ նեղլիկ ատամնավոր շերտերով։
  71. Այդ ասել է Բոնապարտը։
  72. «Ես ցույց տվի նրանց փառքի ճանապարհը — նրանք չուզեցին այն. ես նրանց առջև բաց արի իմ նախասենյակները — նրանք ներս խուժեցին խմբերով»… Չգիտեմ՝ որ աստիճան իրավունք ուներ նա այդպես ասելու։
  73. Ոչ մի։
  74. Եթե նա հերոս էր մի քանի մարդկանց համար, ապա հերցոգի սպանությունից հետո՝ մի նահատակ ևս ավելացավ երկնքում և մի հերոս պակասեց երկրի վրա։
  75. Աստված իմ, աստված։
  76. Ինչպե՜ս, մըսյո Պիեռ, սպանության մեջ տեսնում եք հոգու մեծություն։
  77. Հրաշալի է։
  78. «Հասարակական դաշինք» Ռուսո։
  79. Բայց սիրելի պ. Պիեռ։
  80. Այդ խարդախությունն ամենևին նման չէ մեծ մարդու վարմունքի
  81. Ինչ էլ որ ասեք, բախտախնդիրի մեկն է։
  82. Այսօր ինձ պատմեցին մոսկովյան մի հիանալի անեկդոտ, պետք է ձեզ հյուրասիրել նրանով, ներեցեք, վիկոնտ, ես կպատմեմ ռուսերեն, այլապես անեկդոտի ամբողջ համը կկորչի։
  83. Լաքեյ։
  84. Սպասուհի։
  85. Լիվրեյ։
  86. Այցելություններ անելու։
  87. Հիանալի երեկույթ։
  88. Վճռված էt
  89. Ինչպե՞ս է հայրը նայում այդ բանին։ Ցտեսություն։
  90. Իշխանուհի, ցտեսություն։
  91. Էհ, իմ թանկագին, ձեր փոքրիկ իշխանուհին շատ սիրուն է։ Շատ սիրուն է և կատարյալ ֆրանսուհի։
  92. Բայց գիտե՞ք, դուք սարսափելի մարդ եք, չնայած ձեր անմեղ արտաքինին։ Եվ խղճում եմ թշվառ ամուսնուն, այդ փոքրիկ սպային, որ իրեն մեծ մարդ է երևակայում։
  93. Իսկ դուք ասում էիք, թե ռուս կանայք վատ են ֆրանսուհիներից։ Ձեր խոսքերը պետք է ետ վերցնեք։
  94. «Դա նշանավոր իշխան Անդրե՞յն է»։ Ազնիվ խոսք։
  95. Ա՛խ, մի խոսեք այդ մեկնումի մասին։ Մի՛ խոսեք։ Այդ մասին լսել անգամ չեմ ուզում։
  96. Ես վախենում եմ, ես վախենում եմ։
  97. Ինչի՞ց ես վախենում։
  98. Ոչ, Անդրեյ, ես ասում եմ՝ դու այնպես, այնպես փոխվել ես։
  99. Աստված իմ, աստված իմ։
  100. Բարի գիշեր, Լիզա։
  101. Ես շատ սիրալիր եմ և լավ խայթող։
  102. Բարձր դասի բոլոր այդ կանայք։
  103. Իս վերջացած մարդ եմ։
  104. Ես ապօրինի զավակ եմ։
  105. Առանց անունի, առանց կարողության։
  106. Ի՞նչ ես ուզում, սիրելիս, կանայք, սիրելիս, կանայք։
  107. Կարգին կանայք։
  108. Կանայք, կանայք և գինի։
  109. Թանկագին կոմսուհի, որքան ժամանակ է… աղջիկս ստիպված էր պառկել անկողնում, խեղճը… Ռազումովսկիների պարահանդեսում… և կոմսուհի Ապրաքսինան… ես այնքան երջանիկ էի։
  110. Հիացած եմ… մամայի առողջությունը… և կոմսուհի Ապրաքսինան։
  111. Խոսքը մեր մեջ։
  112. Սիրելիս, ամեն բանի ժամանակը կա։
  113. Բարև, սիրելիս, շնորհավորում եմ ձեզ։
  114. Ի՞նչ հիանալի երեխա է։
  115. Քուզինություն — վտանգավոր հարևանություն։
  116. Խորհրդակից-մտերիմը։
  117. Մադամ դը-Ժանլիս:
  118. Ամեն ինչ վարդադույն չի։— Մեր ապրելակերպով։
  119. Իշխանուհի այսինչը։
  120. Նա դառնում էր իմ շուրջը։
  121. Բարձր դիրքը նրան չի հարբեցրել բնավ։
  122. Բառացի։
  123. Սիրելի բարեկամուհի։
  124. Սիրելիս, դուք ինձ խոստացել եք։
  125. Ուրեմն այդ ճի՞շտ է։
  126. Իշխան, «մարդը սխալական է»։
  127. Լավ, լավ։
  128. Երբեք չեմ կարողացել հասկանալ, թե ինչպես Նատալիան որոշեց ամուսնանալ այդ կեղտոտ արջի հետ։ Շատ հիմար և ծիծաղելի անձնավարություն է։ Բացի դրանից, ասում են, խաղամոլ է։
  129. Բայց բարի մարդ է, իշխան։
  130. Սա նրա սանիկն է։
  131. Մտածեցեք, խոսքը նրա փրկության մասին է։ Ահ, սարսափելի է այդ, քրիստոնյայի պարտականությունը…
  132. Ահ, սիրելիս, չճանաչեցի ձեզ։
  133. Հենց նոր եկա ձեզ օգնելու՝ քեռուն խնամելու։ Երևակայում եմ, որքան եք տանջվել։
  134. Շատ ուրախ կլինեի, եթե ինձ ազատեիք այդ երիտասարդից։
  135. Բարև, քուզին, ինձ չե՞ք ճանաչում։
  136. Սիրելիս, եթե դուք այստեղ ձեզ պիտի պահեք, ինչպես Պետերբուրգում, ձեր բանը շատ վատ կլինի, էլ ուրիշ ասելիք չունեմ։
  137. Անգլիայի բանը վերջացած է։
  138. Պիտտը, որպես ազգի և ժողովրդի իրավունքի դավաճան, դատապարտված է…
  139. Մնաք բարով, իշխան, աստված օգնական։
  140. Գնաք բարով, սիրելիս։
  141. Կերակուրի տեսակ։
  142. Սարսափելի դրագոն։
  143. Ամենահարգելի։
  144. Դուք գանձարանից եկամուտ ստանալու ակնկալություն ունեք։
  145. Բալանսը պարզ է։
  146. Ինչպես առածն է ասում։
  147. Այո, տիկին։
  148. Ոչ, տիկին։
  149. Ռազումովսկիները… Դա հիասքանչ բան էր… Դուք շատ բարի եք… կոմսուհի Ապրաքսինան…
  150. Նա արդեն կոտրեց Ավստրիայի գոռոզությունը։ Վախենում եմ, որ հիմա հերթը մերը լինի։
  151. Ծանոթ է ձեզ այս առածը։
  152. Դա սազում է մեզ հրաշալի կերպով։
  153. Հարցնում եմ ձեզ։
  154. Սքանչելի է, սքանչելի է, ինչ որ ասացիք։
  155. Հիանալի եղանակ է, իշխանուհի, և հետո Մոսկվան այնպես նման է գյուղի։
  156. Այնպես չէ՞։
  157. Մի պտղուց կրեմորտարաարի։
  158. Զրուցենք։
  159. Ես ուժասպառ եմ եղել փոստի ձիու նման։
  160. Բայց թանկագին Կատիշ, դա լույսի պես պարզ է։
  161. Ապօրինի։
  162. Եվ բոլորը, ինչ բխում է այստեղից։
  163. Տեսնենք։
  164. Լուրջ խոսենք։
  165. Հովանավորյալը։
  166. Ժամանակ չկորցնենք։
  167. Բանն էլ հենց այդ է։
  168. Հավատացեք, ես ձեզնից պակաս չեմ տանջվում. քայց տղամարդ կացեք։
  169. Մոռացեք, բարեկամս, եթե անիրավացի են եղել դեպի ձեզ։ Հիշեցեք, որ նա ձեր հայրն է… Գուցե հոգեվարքի մեջ է։ Ես ձեզ որդու պես սիրեցի, վստահեցեք ինձ, Պիեռ։ Ես ձեր շահերը չեմ մոռանա։
  170. Տղամարդ եղեք, բարեկամս, իսկ ես կհոգամ ձեր շահերի մասին։
  171. Կհոգամ ձեր շահերի մասին։
  172. Այս երիտասարդը — կոմսի որդին է… հույս կա՞ արդյոք։
  173. Վստահեցեք նրա ողորմածությանը։
  174. Մի վհատիր, մի վհատիր, բարեկամս։ Նա փափագում է քեզ տեսնել։ Այդ լավ է։
  175. Կես ժամ առաջ մի հարված էլ ստացավ։ Մի վհատիր, բարեկամս։
  176. Աստծու ողորմությունն անսահման է։ Վերջին օծումը հիմա կսկսվի։ Եկեք։
  177. Նիրհեց։
  178. Գնանք։
  179. Կատիշը կարգադրեց՝ թեյը մատուցել փոքրիկ հյուրասրահում։ Դուք, իմ խեղճ Աննա Միխայլովնա, լավ կանեիք կազդուրեիք ձեզ, թե չէ չեք դիմանա։
  180. Անքուն գիշերից հետո ոչինչ այնպես չի կազդուրում, ինչպես ռուսական հիանալի թեյի մի բաժակը։
  181. Թողեք Կատյան անի իր գիտցածը։
  182. Աղաչում եմ ձեզ։
  183. Դա ծիծաղելի է։ Դե՜։
  184. Նա մեռնում է, իսկ դուք ինձ մենակ եք թողնում։
  185. Նա այչևս չկա։
  186. Գնանք, ես կուղեկցեմ ձեզ։ Աշխատեցեք արտասվել, ոչ մի բան այնպես չի թեթևացնում, ինչպես արցունքը։
  187. Այո, սիրելիս, այս մեզ համար մեձ կորուստ է, էլ չեմ խոսում ձեր մասին։ Բայց աստված կօգնի ձեզ, դուք երիտասարդ եք, և հիմա հույս ունեմ, մեծ հարստության տեր եք։ Կտակը դեռ չի բացված։ Ես բավական ճանաչում եմ ձեզ և վստահ եմ, որ դա ձեզ չի շշմեցնի։ Բայց դա ձեր վրա պարտականություններ է դնում, և դուք պետք է տղամարդ լինեք։
  188. Հետո, գուցե, պատմեմ ձեզ, որ եթե ես այնտեղ չլինեի, աստված գիտի ի՛նչ կարղ էր պատահել։ Դուք գիտեք, որ մորեղբայրս երեք օր առաջ ինձ խոստացավ՝ Բորիսին չմոռանալ, բայց էլ չկարողացավ խոստումը կատարել։ Հույս ունեմ, բարեկամս, դուք կկատարեք ձեր հոր ցանկությունը։
  189. Դա ծանր է, բայք փրկարար, հոգիդ բարձրանում է, երբ ծեր կոմսի և իր արժանավոր զավակի նման մարդիկ ես տեսնում։
  190. Պրուսիայի թագավոր։
  191. «Սիրելի և թանկագին բարեկամս, ինչ սոսկալի ու սարսափելի բան է անջատումը։ Որքան էլ ինքս ինձ ասում եմ, թե իմ գոյության ու երջանկության կեսը դուք եք, որ չնայած մեզ բաժանող տարածությանը, մեր սրտերը միացած են անքակտելի կապերով, սիրտս ըմբոստանում է ճակատագրի դեմ և, չնայած ինձ շրջապատող զվարճություններին, չեմ կարողանում խեղդել թաքուն վիշտս, որ զգում եմ սրտիս խորքում մեր անջատումից ի վեր։ Ինչո՞ւ ամառվա պես միասին չենք, ձեր մեծ առանձնասենյակում, երկնագույն բազմոցի վրա, «մտերմական» բազմոցի վրա։ Ինչո՞ւ, ինչպես երեք ամիս առաջ չեմ կարողանում նոր բարոյական ուժեր ստանալ ձեր հեզ, անդորր ու թափանցող հայացքից, որ այնպես սիրում էի և որը այս վայրկյանիս, այս տողերը գրելիս, տեսնում եմ իմ առջև»։
  192. Ամբողջ Մոսկվան միայն պատերազմի մասին է խոսում։ Երկու եղբայրեներիցս մեկն արդեն արտասահման է, մյուսը գվարդիայում, որը շուտով շարժվելու է դեպի սահմանագլուխը։ Մեր սիրելի թագավորը թողնում է Պետերբուրգը և, ինչպես ենթադրում են, մաադիր է իր թանկագին կյանքը ենթարկել պատերազմի վտանգներին։ Աստված տա, որ այդ կորսիկացի հրեշը՝ Եվրոպայի խաղաղությունը վրդովողը, տապալվի այն հրեշտակի ձեռով, որ Ամենակարողը իր ողորմածությամբ վեհապետ է կարգել մեզ վրա։ Չխոսելով եղբայրներիս մասին, այս պատերազմը զրկեց ինձ սրտիս ամենամոտ բարեկամից։ Ես խոսում եմ երիտասարդ Նիկոլայ Ռոստովի մասին, որը, իր խանդավառ բնավորության շնորհիվ, չկարողացավ տանել անգործությունը և համալսարանը թողնելով՝ մտավ բանակ։ Խոստովանում եմ ձեզ, սիրելի Մարի, որ, չնայած նրա չափազանց երիտասարդ հասակին, նրա բանակ մտնելը մեծ վիշտ է ինձ համար։ Այդ երիտասարդի մեջ, որի մասին անցյալ ամառ խոսեցի ձեզ հետ, այնքան ազնվություն կա, այնքան աշխուժություն, որ հազվագյուտ է մեր դարի քսան տարեկան ծերունիների մեջ։ Առանձնապես շատ անկեղծ է և սրտագին։ Նա այնքան մաքուր է և պոեզիայով լի, որ մեր հարաբերությունները, չնայած շատ կարճատև լինելուն, իմ տխուր սրտի ամենաքազցր ուրախություններից մեկն է եղել. իմ սրտի, որ այնքան արդեն տանջվել է։ Ես մի օր կպատմեմ մեր հրաժեշտը և այն բոլորը, ինչ խոսեցինք այդ ժամին։ Այդ ամենը դեռ շատ թարմ է… Ա՜խ, սիրելի բարեկամս, երջանիկ եք, որ դուք ծանոթ չեք այս այրող վայելքներին, այս տոչորող վշտերին։ Երջանիկ եք, որովհետև վերջինները սովորաբար շատ ավելի զորավոր են առաջիններից։ Ես շատ լավ գիտեմ, որ կոմս Նիկոլայը դեռ շատ երիտասարդ է, և ինձ համար բարեկամից բացի ուրիշ բան չի կարող լինել։ Բայց այդ քաղցր բարեկամությունը, այդ այնքան բանաստեղծական ու այնքան մաքուր հարաբերությունները սրտիս պահանջն էին։ Բայց բավական է այդ մասին։ Գլխավոր նորությունը, որ զբաղեցնում է ամբողջ Մոսկվան,— ծերունի կոմս Բեզուխովի մահն է և նրա թողած ժառանգությունը։ Երևակայեցեք, երեք իշխանադուստրները ստացել են ինչ-որ չնչին բան, իշխան Վասիլին՝ ոչինչ, իսկ Պիեռը ամբողջ հարստության ժառանգ է, բացի դրանից, ճանաչված է օրինական որդի, ուրեմն և կոմս Բեզուխով և Ռուսաստանում եղած ամենամեծ կարողության տերը։ Ասում են, թե իշխան Վասիլին շատ ստոր դեր է խաղացել այս ամբողջ գործի մեջ, և թե Պետերբուրգ է մեկնել շատ շփոթված։
  193. Խոստովանում եմ, ես այս ժառանգություններից և կտակներից շատ քիչ բան գիտեմ, գիտեմ միայն այս, որ այն օրից, երբ այդ երիտասարդը, որին մենք բոլորս ճանաչում էինք սոսկ Պիեռ անունով, դարձել է կոմս Բեզուխով և Ռուսաստանի մեծագույն կարողություններից մեկի տերը,— զավեշտական է տեսնել հարսնացու-աղջիկ ունեցող մայրերի և հենց իրենց աղջիկների փոխված վերաբերմունքը դեպի այդ պարոնը, որը (փակագծի մեջ ասեմ) միշտ ոչնչություն է թվացել ինձ։ Որովհետև երկու տարի է արդեն բոլորը զվարճանում են՝ ինձ համար, ինձ անծանոթ փեսացուներ գտնելով, հիմա Մոսկվայի ամուսնական քրոնիկան ինձ դարձնում է կոմսուհի Բեզուխովա։ Բայց դուք գիտեք, որ ես այդ բնավ չեմ ցանկանում։ Ի դեպ՝ ամուսնությունների մասին։ Գիտե՞ք, որ մոտ օրերս ընդհանուր մորաքույր Աննա Միխայլովնան հայտնեց ինձ, իբրև խորին գաղտնիք, ձեզ ամուսնացնելու մտադրությունը։ Դա ոչ այլ ոք է, եթե ոչ իշխան Վասիլիի որդի Անատոլը, որին կարգի բերելու համար ուզում են ամուսնացնել մի հարուստ, բարձրատոհմ աղջկա հետ, և ծնողների ընտրությունը կանգ է առել ձեզ վրա։ Չգիտեմ, ինչպես եք նայում այս խնդրին, բայց ես պարտքս եմ համարում նախապես հայտնել ձեզ։ Նա, ասում են, շատ գեղեցիկն է, բայց ստահակի մեկը։ Ահա բոլորը, ինչ կարողացա իմանալ նրա մասին։
  194. Բայց բավական է շաղակրատեմ։ Վերջացնում եմ երկրորդ թերթը, իսկ մայրիկը մարդ է ուղարկել, որ Ապրաքսինների մոտ ճաշի գնանք։ Կարդացե՛ք ուղարկածս միստիքական գիրքը. դա մեզ մոտ մեծ հաջողություն ունի։ Թեև այնտեղ կան բաներ, որ մարդկային տկար միտքը դժվար կհասկանա, սակայն սքանչելի գիրք է. նրա ընթերցումը հանգստացնում-բարձրացնում է մարդու հոգին։ Մնաք բարով։ Հարգանքներս ձեր հորը և բարևներս m-lle Բուրյենին։ Սրտագին գրկում եմ ձեզ։
  195. «Հ. Գ. Գրեք ձեր եղբոր և նրա հմայիչ կնոջ մասին»։
  196. Սիրելի և անգին բարեկամս։ Ձեր 13-ի թվակիր նամակը ինձ մեծ ուրախություն պատճառեց։ Դուք դեռ սիրում եք ինձ, իմ բանաստեղծական Ժյուլիա։ Անջատումը, որի մասին այնքան վատ բաներ եք ասում, երևում է, իր սովորական ազդեցությունը չի ունեցել ձեր վրա։ Դուք գանգատվում եք անջատումից, հապա ի՜նչ պիտի ասեմ ես, եթե կարողանայի,— ե՛ս, որ զրկված եմ բոլոր նրանցից, ովքեր թանկ են ինձ։ Ա՜խ, եթե մեզ մխիթարող կրոնն էլ չլիներ, կյանքը շատ տխուր կլիներ։ Ինչո՞ւ համար եք ինձ խիստ հայացքներ վերագրում, երբ խոսում եք ձեր՝ դեպի երիտասարդն ունեցած լավ վերաբերմունքի մասին։ Այդ կողմից ես խիստ եմ միայն իմ նկատմամբ։ Ուրիշների այդպիսի զգացումները հասկանալի են ինձ համար, և եթե չեմ կարողանում հավանություն տալ դրանց, ապրած չլինելով այդ զգացումները, ապա չեմ էլ դատապարտում։ Ինձ թվում է միայն, որ քրիստոնեական սերը, սերը դեպի մերձավորը, սերը դեպի թշնամին շատ ավելի արժանավոր, քաղցր ու լավ է, քան այն զգացումները, որոնք երիտասարդի գեղեցիկ աչքերը կարող են ներշնչել մի երիտասարդ, բանաստեղծական ու սիրող աղջկա, ինչպիսին դուք եք։
  197. Կոմս Բեզուխովի մահվան լուրը մեզ հասավ ձեր նամակից առաջ, և հայրս շատ հուզվեց դրանից։ Նա ասում է, որ նա մեծ դարի նախավերջին ներկայացուցիչն է, և որ հերթը հիմա իրենն է, բայց ձեռքից եկածը պիտի անի, որ այդ հերթը որքան կարելի է ուշ հասնի։ Աստված ազատի մեզ այդ ահռելի դժբախտությունից։
  198. Ես չեմ կարոդ համաձայնել Պիեռի մասին հայտնած հեր կարծիքներին։ Պիեռի, որին ճանաչում եմ դեռ մանկությունից։ Ինձ միշտ թվացել է, որ նա սքանչելի սիրտ ունի, իսկ դա այն հատկությունն է, որը ես ամենից ավելի եմ գնահատում մարդկանց մեջ։ Ինչ վերաբերում է նրա ստացած ժառանգության և իշխան Վասիլիի կատարած դերին, դա շատ վատ է երկուսի համար էլ։ Ախ, սիրելի բարեկամս, մեր աստվածային փրկչի խոսքերը, թե ուղտն ավելի հեշտ կանցնի ասեղի ծակով, քան հարուստն արքայություն,— անչափ ճշմարիտ խոսքեր են։ Խղճում եմ իշխան Վասիլիին, մանավանդ Պիեռին։ Այդպիսի մի երիտասարդ՝ մի այդպիսի ահագին կարողությամբ ծանրաբեռնված,— քանի՜-քանի գայթակղությունների միջից պիտի անցնի։ Եթե ինձ հարցնեին թե աշխարհիս վրա ի՛նչ եմ ցանկանում ամեն բանից ավելի,— ցանկանում եմ լինել աղքատներից ամենաաղքատը։ Հազար շնորհակալություն, սիրելիս, այն գրքի համար, որ ուղարկել ես ինձ և որն այնքան աղմուկ է հանել այդտեղ։ Բայց որովհետև ասում եք, թե շատ լավ բաների թվում կան և այնպիսիները, որոնք անմատչելի են մարդկային տկար մտքին, ուստի, ինձ թվում է, ավելորդ է զբաղվել անհասկանալի գրքի ընթերցանությամբ, որը այդ իսկ պատճառով ոչ մի օգուտ չի կարող բերել։ Երբեք չեմ կարողացել հասկանալ որոշ մարդկանց սերը դեպի միստիքական գրքերը, որոնք կասկածներ են միայն հարուցանում նրանց մտքերում, գրգռում են նրանց երևակայությունը և չափազանցության բնույթ տալիս նրանց միանգամայն հակառակ քրիստոնեական պարզության։ Ավելի լավ է կարդանք Գործք առաքելոցն ու Ավետարանը։ Չփորձենք թափանցել այդ գրքերում եղած խորհրդավորությունների մեջ, քանի որ մենք՝ նվաստ մեղավորներս, ինչպե՞ս կարող ենք ըմբռնել նախախնամության ահավոր ու սրբազան գաղտնիքները մինչ այն, քանի կրում ենք մեզ վրա այն մարմնական կեղևը, որը մեր ու հավիտենության միջև մի անթափանցելի վարագույր է քաշում։ Ավելի լավ է սահմանափակվենք այն մեծ պատվիրանների ուսումնասիրությամբ, որ մեր աստվածային փրկիչը թողել է մեզ՝ այստեղ, երկրի վրա՝ ղեկավարվելու համար։ Աշխատենք համակերպվել ու հետևել դրանց և աշխատենք համոզվել, թե որքան քիչ սանձարձակություն տանք մեր մտքին, այնքան ավելի հաճելի կլինենք աստծուն, որը մերժում է իրենից չբխող ամեն մի գիտություն, և որքան քիչ խորասուզվենք այն բաների մեջ, որ աստծուն հաճելի է եղել թաքցնել մեզանից, նա այդ ավելի շուտ կպարզի մեզ իր աստվածային բանականությամբ։
  199. Հայրս ինձ ոչինչ չի ասել փեսացուի մասին, բայց հայտնեց միայն, որ նամակ է ստացել և սպասում է իշխան Վասիլիի այցելության. ինչ վերաբերվում է իմ ամուսնության ծրագրին, կասեմ ձեզ, սիրելի և անգին բարեկամս, որ ամուսնությունը, ըստ իս, աստվածային կարգ է, որին պիտի հնազանդել։ Որքան էլ ծանր լինի ինձ համար, բայց եթե Ամենակարողին հաճելի լինի վրաս դնել ամուսնու և մոր պարտականություններ, ես պիտի աշխատեմ կատարել դրանք, որքան կարող եմ, հավատարմությամբ, հոգ չտանելով ուսումնասիրելու իմ զգացումները դեպի այն անձը, որին նա կարժանացնի ինձ։
  200. Եղբորիցս նամակ ստացա՝ հայտնում է, թե կնոջ հետ գալու է Լիսիե Գորի։ Այս ուրախությունը երկար չի շարունակվելու, որովհետ և նա մեզ թողնելու է, որպեսզի մասնակցի այդ դժբախտ պատերազմին, որի մեջ են քաշել մեզ, աստված գիտի թե ինչպես և ինչու համար։ Ոչ միայն ձեզ մոտ՝ բարձր կյանքի ու գործերի կենտրոնում, այլև այստեղ, դաշտային աշխատանքների և այս անդորրության մեջ, ինչպես քաղքենիները սովորաբար պատկերացնում են գյուղը, լսել են պատերազմի արձագանքները և զգալի է նրանց ծանրությունը։ Հայրս մի գլուխ խոսում է արշավանքների մասին, որից ես ոչինչ չեմ հասկանում, և երկու օր առաջ, գյուղի փողոցով իմ սովորական զբոսանքը կատարելիս ներկա եղա մի սրտաճմլիկ տեսարանի։ Գյուղում հավաքած նորակոչիկների խումբն ուղարկվում էր բանակ։ Պետք էր տեսնել, թե ինչ վիճակի մեջ էին գնացողների մայրերը, կանայք, երեխաները, և լսել գնացողների ու մնացողների լացն ու հեկեկանքը։ Մտածում եմ, որ մարդկությունը մոռացել է իր աստվածային փրկչի սիրո և ներողամտության պատվերները, և իր գլխավոր արժանիքը տեսնում է միմյանց սպանելու արվեստի մեջ։
  201. Մնացեք բարով, բարի և սիրելի բարեկամս։ Թող մեր աստվածային փրկիչը և նրա ամենասուրբ մայրը պահեն ձեզ իրենց սուրբ և հզոր հովանու ներքո։
  202. Ա, դուք նամակ եք գրել, ես իմն արդեն ուղարկեցի։ Խեղճ մայրիկիս եմ գրել։
  203. Պետք է նախազգուշացնեմ ձեզ, իշխանադուստր, որ իշխանը կռվեց Միխայիլ Իվանիչի հետ։ Տրամադրությունը շատ վատ է, այնպես մռայլ է։ Նախազգուշացնում եմ, իմացեք…
  204. Ա՛հ, սիրելի բարեկամս։ Ես ձեզ խնդրել եմ՝ երբեք չասել ինձ, թե ինչ տրամադրության մեջ է հայրս։ Ես ինձ թույլ չեմ տա դատել նրան և չէի ցանկանա, որ ուրիշներն էլ դատեն։
  205. Սա կարգին պալատ է։ Գնանք շուտ, շուտ։
  206. Մարի՞ն է վարժություններ անում։ Կամաց, հանկարձակիի բերենք։
  207. Օ՜հ, ինչ ուրախություն իշխանադստեր համար։ Վերջապե՜ս։ Պետք է նախապես իմացյ տալ նրան։
  208. Ոչ, ոչ, խնդրեմ… Դուք մամզել Բուրի՞ենն եք, ես արդեն ծանոթ եմ ձեզ այն բարեկամական հարաբերությունից, որ գոյություն ունի ձեր և իմ տալոջ միջև։ Նա մեզ չի՞ սպաաում։
  209. Ա՜խ, սիրելիս… Ա՜խ, մարիա։— Իսկ ես գիշերը երազիս տեսա։— Ուրեմն դուք մեզ չէի՞ք սպասում… Օ՜հ, Մարի, այնքան նիհարել եք։— Իսկ դուք այնպես լցվել եք…
  210. Ես անմիջապես ճանաչեցի իշխանուհուն։
  211. Մտքովս էլ չէր անցնում, թե… Ա՛խ, Անդրեյ, ես քեզ չտեսա էլ։
  212. Լացկան։
  213. Նա լքում է ինձ, և, աստված գիտի, թե ինչու. մինչդեռ կարող էր բարձր պաշտոններ ստանալ։
  214. Մալբրուկը կռիվ գնաց։ Աստված գիտի, երբ կվերադառնա։
  215. Ընկել է ծիծաղելի դրության մեջ։
  216. Կոմսուհի Ապրաքսինայի ամուսինը մեռավ. աչքերը կուրացել են, այնքան է լաց եղել։
  217. Ահա ձեր ստրկահոգի կայսեր մի երկրպագու էլ։
  218. Դուք լավ գիտեք, իշխան, որ ես բոնապարտյան չեմ։
  219. Աստված գիտի, թե երբ կվերադառնա։
  220. Ինչ խելացի մարդ է ձեր հայրը։ Գուցե հենց այդ պատճառով եմ վախենում նրանից։
  221. Օ՜հ, Անդրե, ի՜նչ գանձ է կինդ քեզ հասար։
  222. Ով ամեն ինչ հասկանում է, նա ամեն ինչ ներում է։
  223. Եթե հավատ ունենայիր, կաղոթեիր աստծուն, որ նա քեզ սեր շնորհի, որ չունես, և աղոթքդ ընդունելի կլիներ։
  224. Ահ, կարծում էի դուք ձեր սենյակումն եք։
  225. Ոչ, երևակայեցեք, պառավ կոմսուհի Զուբովան, կեղծ խոպոպներով, կեղծ ատամներով, կարծես իր տարիները հեգնելով…