Guerra y paz, volumen 1, parte 2

Գրապահարան-ից
21:27, 24 Դեկտեմբերի 2018 տարբերակ, Gonzalez (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Երկրորդ մաս

I

1805 թվի հոկտեմբերին ռուսական զորքերը բռնել էին Ավստ րիական էրցհերցոգության գյուղերն ու քաղաքները, և դեռ նոր գնդեր էին գալիս Ռուսաստանից ու, բնակիչներին նեղություն պատճառելով, տեղավորվում Բրաունաու բերդաքաղաքի մոտ։ Բրաունաուի մեջ էր գտնվում գլխավոր հրամանատար Կուտուզովի գլխավոր կայանը։

1805 թվի հոկտեմբերի 11-ին հենց նոր Բրաունաու եկած հետևակ գնդերից մեկը, գլխավոր հրամանատարի զորատեսին սպասելով, բանակել էր քաղաքից կես մղոն հեռու։ Չնայած որ տեղը և շրջապատը ռուսական չէր (պտղատու այգիներ, քարե ցանկապատեր, կղմինդրե տանիքներ, հեռվում երևացող սարեր), ռուս չէր նաև զինվորներին հետաքրքրությամբ դիտող ժողովուրդը. բայց և այնպես գունդն ուներ ճիշտ այնպիսի տեսք, ինչպես ներքին Ռուսաստանի որևէ վայրում զորատեսի սպասող ամեն մի ռուսական գունդ։

Իրիկվանից, վերջին անցումին, հրաման ստացվեց, թե գլխավոր հրամանատարը գունդը դիտելու է երթի ժամանակ։ Թեև հրամանի խոսքերը որոշ չթվացին գնդի հրամանատարին ու հարց ծագեց, թե ինչպես պիտի հասկանալ հրամանի խոսքերը,— երթի զգեստո՞վ, թե ոչ,— այնուամենայնիվ գումարտակապետների խորհրդում որոշվեց գունդը զորատեսի հանել տոնական զգեստով, այն հիմունքով, թե միշտ լավ է պատվել չափից ավելի, քան թերի։ Եվ զինվորները, երեսուն վերստ ճանապարհ կտրելուց հետո, առանց աչք փակելու, ամբողջ գիշեր կարգի էին բերում իրենց, մաքրվում, ադյուտանտներն ու վաշտապետները հաշվում, դասավորում էին և առավոտյան՝ գունդը, առաջին իրիկվա անկարգ, ցրիվ ամբոխի փոխարեն ներկայացնում էր երկու հազար մարդու մի կանոնավոր զանգված, որոնցից յուրաքանչյուրը գիտեր իր տեղը, իր գործը և յուրաքանչյուրի ամեն մի կոճակն ու ամենափոքրիկ փոկը իրենց տեղն էին ու աչքի էին ընկնում մաքրությամբ։ Ոչ միայն նրանց արտաքինն էր կարգին, այլև, եթե գլխավոր հրամանատարը հաճեր նայել մունդիրների տակը, նա յուրաքանչյուրի հագին կտեսներ միատեսակ մաքուր շապիկ և պայուսակներում որոշված թվով իրեր՝ «ասեղ-մասեղ», ինչպես զինվորներն են ասում։ Մի հանգամանք կար միայն, որ բոլորին անհանգստացնում էր։ Դա ոտնամանն էր։ Զինվորների կես մասի կոշիկները մաշված-քրքրված էին։ Այդ պակասությունը գնդի հրամանատարի մեղքից չէր, որովհետև չնայած նրա բազմիցս արած դիմումներին՝ ավստրիական վարչությունը բաց չէր թողել, իսկ գունդը հազար վերստ ճանապարհ էր կտրել։

Գնդի հրամանատարը տարիքավոր, սանգվինիկ, ճերմակող բեղերով ու այտամորուսներով գեներալ էր, կրծքից մինչև թիկունքը ավելի լայն ու լեցուն, քան մեկ ուսից մյուսը։ Հագել էր բոլորովին նոր, բայց երկար պահելուց ծալքերը փչացած մունդիր՝ թանձր ոսկեզօծ ուսադիրներով, որոնք ոչ թե ներքև, այլ վեր էին քաշում նրա հաստ ուսերը։ Հրամանատարը կյանքի ամենափառավոր գործերից մեկը հաջողությամբ կատարողի տեսք ուներ։ Նա անց ու դարձ էր անում զորաշարքի առջև և ամեն մի քայլափոխին ցնցվում, մեջքը թեթևակի ծռելով։ Երևում էր, որ գնդի հրամանատարը հրճվում է իր գնդով, երջանիկ է նրանով, հոգու ամբողջ կարողությամբ նվիրված է նրան, բայց, չնայած դրան, նրա նյարդային քայլվածքը կարծես վկայում էր, որ զինվորական շահերից բացի, նրա հոգու մեջ քիչ տեղ չեն բռնում հասարակական կենցաղը և կանացի սեռը։

— Է, սիրելի Միխայլո Միտրիչ,— դիմեց նա գումարտակի հրամանատարներից մեկին (հրամանատարը ժպտալով առաջ եկավ, նկատելի էր, որ նրանք երջանիկ են),— գիշերը լավ հանգստացաք։ Սակայն, կարծես, ոչինչ, գունդը վատ չի… Այնպես չի՞։

Գումարտակի հրամանատարը հասկացավ ուրախ հեգնանքը և ծիծաղեց։

— «Ցարիցին Լուգ» հրապարակում էլ կընդունեին։

— Ի՞նչ,— հարցրեց հրամանատարը։

Այդ միջոցին քաղաքի ճանապարհի վրա, ուր կարգված էին նշանատու զինվորներ, երևացին երկու ձիավոր։ Նրանցից մեկը ադյուտանտ էր, մյուսը նրան հետևող մի կազակ։

Ադյուտանտը ուղարկված էր գլխավոր շտաբից՝ գնդի հրամանատարին հայտնելու այն, ինչ անորոշ ասված էր երեկվա հրամանում, այն է՝ թե գլխավոր հրամանատարը ցանկանում է գունդը տեսնել ճիշտ այն վիճակում, ինչ վիճակի մեջ ճամփա է անցել՝ շինելներով, հրացանների պատյաններով և առանց որևէ պատրաստության։

Երեկ երեկո Վեննայից Կուտուզովի մոտ էր եկել հոֆկրիգսռատի անդամը՝ առաջարկելու և պահանջելու՝ որքան կարելի է շուտ գնալ միանալ էրցհերցոգ Դերդինանդի և Մակի բանակին, բայց Կուտուզովը, այդ միացումը ձեռնտու չհամարելով, մտադիր էր, իր կարծիքը հաստատող մյուս ապացույցների հետ միասին, ցույց տալ ավստրիական գեներալին Ռուսաստանից եկող զորքերի անմխիթար վիճակը։ Այդ նպատակով էլ ցանկանում էր դիմավորել գնդին, այնպես որ որքան վատ լիներ գնդի դրությունը, այնքան այդ հաճելի պիտի լիներ գլխավոր հրամանատարին։ Թեև ադյուտանտը չգիտեր այս մանրամասնությունները, սակայն նա գնդի հրամանատարին հայտնեց գլխավոր հրամանատարի անխախտ պահանջը, որպեսզի զինվորները լինեն շինելներով. հակառակ դեպքում գլխավոր հրամանատարը դժգոհ կմնա։ Այս խոսքերը լսելով՝ գնդի հրամանատարը ուսերը բարձրացրեց անխոս և ձեռները տարածեց ջղայնորեն։

— Բա՜ն արիք,— ասավ նա։— Ես ձեզ ասում էի չէ, Միխայլո Միտրիչ, երթի զգեստով՝ նշանակում է շինելներով,— հանդիմանությամբ դարձավ նա գումարտակի հրամանատարին։— Օ՜հ, աստված իմ,— ավելացրեց նա և վճռականորեն առաջ անցավ։— Պարոնայք վաշտապետներ,— գոչեց նա հրամանի սովոր ձայնով,— կանչեցեք վերականերին (ֆելդֆեբելներին)… Շուտո՞վ են գալու,— դարձավ նա ադյուտանտին մի հարգալիր քաղաքավարությամբ, որն ըստ երևույթին վերաբերում էր այն անձնավորության, որի մասին խոսում էր։

— Կարծում եմ, մի ժամից։

— Կարո՞ղ ենք մինչև գալը հագուստները փոխել տալ։

— Չգիտեմ, գեներալ…

Գնդի հրամանատարը, ինքն անձամբ շարքերին մոտենալով, կարգադրեց նորից շինելներ հագնել։ Վաշտապետները վազեցին դեպի իրենց վաշտերը, վերականերն իրար անցան (շինելները բոլորովին կարգին չէին) և նույն վայրկյանին նախկին կանոնավոր ու անխոս քառակուսի շարքերը խառնվեցին ու աղմկեցին։ Զինվորներն սկսեցին վազել այս ու այն կողմից, ուսերն անցրած պարկերը հանեցին գլուխներից և, շինելները վերցնելով, ձեռները վեր բարձրացրած, հագան։

Կես ժամ հետո ամեն ինչ նախկին գրության մեջ էր. միայն սևին տվող քառակուսի շարքերը գորշացան։ Գնդի հրամանատարը նորից, իր նյարդային քայլվածքով, առաջ անցավ և հեռվից դիտեց գունդը։

— Սա ի՞նչ բան է։ Սա ի՞նչ բան է,— գոչեց նա կանգ առնելով։— Կանչեցե՛ք 3-րդ վաշտի հրամանատարին այստեղ…

— 3-րդ վաշտի հրամանատար՝ գեներալի մո՛տ, հրամանատարին՝ գեներալի մոտ, 3-րդ վաշտի հրամանատարին…— լռվեցին ձայներ շարքերից, և ադյուտանտը վազեց ուշացող սպային փնտրելու։

Երբ եռանդոտ ձայները՝ աղավաղելով այդ խոսքերը և վեր ածելով այն «գեներալը 3-րդ վաշտը» դարձվածքին, հասան ըստ պատկանելույն, պահանջված սպան երևաց վաշտի ետևից և, չնայած տարիքոտ մարդ լինելուն ու վազելու անսովոր, ոտների ծայրերը պատահած բաներին դիպցնելով, սրընթաց վազեց գեներալի մոտ։ Կապիտանի դեմքն արտահայտում էր դպրոցականի անհանգստություն, որից պահանջում են ասել չսովորած դասը։ Կարմիր քթի վրա (հավանորեն անժուժկալությունից) բծեր կային, իսկ բերանը չէր կարողանում գտնել իր բնական դիրքը։ Գնդի հրամանատարը ոտից գլուխ նայեց կապիտանին, այն ժամանակ, երբ նա հևիհև մոտենում էր, և մոտենալով քայլերը դանդաղեցնում։

— Դուք շուտով ձեր զինվորներին սարաֆաններ կհագցրնե՛ք։ Սա ի՞նչ բան է,— գոչեց գնդի հրամանաաարը՝ ներքին ծնոտն առաջ գցելով և ցույց տալով 3-րդ վաշտի շարքերում կանգնած մի զինվորի, որ ուրիշներից տարբերվում էր իր գործարանային մահուդի գույնի շինելով։— Դուք ո՞ւր էիք։ Մենք սպասում ենք գլխավոր հրամանատարին, իսկ դուք թողնում-հեռանո՞ւմ եք ձեր տեղից։ Հը՞… Ես ձեզ կսովորեցնեմ, թե ի՛նչ է նշանակում զորատեսի ժամանակ զինվորներին կազակին հագցնել… հը՞…

Վաշտի հրամանատարը, աչքը պետից չհեռացնելով, երկու մատը ավելի ու ավելի սեղմում էր գլխարկի պահպանակին (կազիրոկ), կարծես այդ սեղմումի մեջ էր տեսնում իր փրկությունը։

— Հը, ի՞նչ եք լռում։ Ո՞վ է այդ հունգարացու նման հագնվողը,— խստությամբ կատակեց գնդի հրամանատարը։

— Ձերդ գերազանցություն…

— Հը, ի՞նչ է «ձերդ գերազանցություն»։ Ձերդ գերազանցությո՜ւն, ձերդ գերազանցությո՜ւն։ Իսկ թե ի՞նչ ձերդ գերազանցություն — հայտնի չէ։

— Ձերդ գերազանցություն, դա Դոլոխովն է, աստիճանազուրկ արված…— կամացուկ ասավ կապիտանը։

— Ի՞նչ, նա աստիճանազուրկ արվելով, ֆելդմարշալի աստիճա՞ն է ստացել, թե՞ զինվորի։ Իսկ զինվորը պետք է հագնվի զինվորի նման։

— Ձերդ գերազանցություն, դուք ինքներդ թույլատրեցիք։

— Թույլատրեցի՞։ Թոլյլատրեցի՞։ Ա՛յ, դուք միշտ այդպես եք, երիտասարդներդ,— ասավ գնդի հրամանատարը փոքր-ինչ մեղմանալով։— Թույլատրեցի՞։ Ձեզ մի բան ասեն թե չէ, դուք արդեն… Ի՞նչ,— ասավ նա, նորից բորբոքվելով։— Հաճեցեք զինվորներին կարգին հագցնել…

Եվ գնդի հրամանատարը, նայելով ադյուտանտին, իր նյարդային քայլվածքով գնաց դեպի գունդը։ Երևում էր, որ իր բարկությունն իրեն իսկ դուր է եկել, և որ նա, գնդի առջևից անցնելով նոր առիթ էր փնտրում բարկությունը թափելու։ Մի սպայի հանդիմանեց չմաքրած նշանի համար, մյուսին՝ շարքի անկանոնության, ու մոտեցավ 3-րդ վաշտին։

— Ինչպե՞ս ես կանգնել։ Ո՞ւր է ոտդ։ Ոտդ ո՞ւր է,— պոռաց հրամանատարը տանջալից ձայնով, դեռ հինգ մարդ հեռու գտնվելով կապտագույն շինել հագած Դոլոխովին։

Դոլոխովը դանդաղորեն ուղղեց ծռած ոտը և իր պայծառ ու հանդուգն աչքերը հառեց գեներալի դեմքին։

— Ինչո՞ւ ես կապույտ շինել հագել։ Հանի՛ր… Վերակա՛։ Փոխեցեք այս… ան…— Նա չկարողացավ խոսքը վերջացնել։

— Գեներալ, ես պարտավոր եմ կատարել հրամանները, բայց պարտավոր չեմ տանել…— ասավ Դոլոխովն արագ-արագ։

— Շարքի մեջ չխոսե՜լ… չխոսե՜լ, չխոսե՛լ…

— Պարտավոր չեմ վիրավորանքներ տանել,— ասավ Դոլոխովը բարձր, հնչեղ ձայնով։

Գեներալի և զինվորի աչքերը հանդիպեցին իրար։ Գեներալը լռեց, բարկացած ներքև քաշելով պինդ կապած շարֆը։

— Բարեհաճեցեք, խնդրում եմ, ձեր շինելը փոխել,— ասավ նա հեռանալով։

II

— Գալի՜ս է,— ձայն տվեց այդ միջոցին նշանատու պահակը։

Գնդի հրամանատարը, կարմրելով, ձիու մոտ վազեց, դողդոջ ձեռներով ասպանդակը բռնեց, մարմինը գցեց ձիու վրա, ուղղվեց, սուրը մերկացրեց և երջանիկ, վճռական դեմքով, բերանը մի կողմի վրա ծռած, պատրաստվեց պոռալ։ Գունդը թափ տվեց իրեն՝ թափահարող թռչունի նման, և սառեց տեղում։

— Զգա՜ստ,— գոռաց հրամանատարը հոգեցունց ձայնով, որն իր համար պարունակում էր հրճվանք, զորքի համար՝ խստություն, մոտեցող պետի համար՝ սիրալիր ողջույն։

Լայն, ծառազարդ, մեծ անխիճ ճանապարհով, զսպանակներով թեթևակի աղմկելով սրընթաց գալիս էր վեննական մի կապույտ կառք, որին լծված էին երկու զույգ ձի։ Կառքի ետևից գալիս էր շքախումբը և կրոատներից կազմված ուղեկցորդը (կոնվոյ)։ Կուտուզովի կողքին նստել էր ավստրիացի գեներալը, որն իր տարօրինակ ճերմակ մունդիրով ջոկվում էր սև հագած ռուսներից։ Գնդին հասնելուն պես կառքը կանդ առավ։ Կուտուզովն ու ավստրիացի գեներալը հանդարտ խոսում էին ինչ-որ բանի վրա, և Կուտուզովը ժպտաց այն ժամանակ, երբ ոտը կառքից դնում էր գետին, կարծես գոյություն չունեին այդ 2000 զինվորը, որոնք, շունչները պահած, նայում էին նրան ու գնդի հրամանատարին։

Լսվեց հրամանի ձայնը, գունդը զրնգոցով ցնցվեց նորից և պատվի առավ։ Մեռելային լռության մեջ լսվեց գլխավոր հրամանատարի թույլ ձայնը։ Գունդը մեկեն գոռաց. «Առողջություն ենք ցանկանում, ձերդ ու-ո՜ւ-ո՜ւ-թյան»։ Եվ նորից ամեն ինչ անշնչացավ։ Սկզբում, քանի գունդը շարժվում էր, Կուտուզովը կանգնել էր մի տեղում, հետո ավստրիական գեներալի հետ միասին, ոտքով, շքախմբի ուղեկցությամբ, գնաց շարքերը դիտելու։

Այն բանից, թե ինչպես գնդի հրամանատարը ողջունեց գլխավոր հրամանատարին, աչքերը նրան հառած, ձգվելով ու իրեն հավաքելով, ինչպես առաջ թեքված, նյարդային շարժումները հազիվ զսպելով, հետևում էր շարքերը դիտող գեներալներին, ինչպես վեր էր թռչում գլխավոր հրամանատարի յուրաքանչյուր խոսքից ու շարժումից,— երևում էր, որ նա իր ստորադրյալի պարտավորությունները կատարում էր ավելի մեծ հաճույքով, քան պետի պարտականությունը։ Գունդը, իր հրամանատարի խստության ու շահասիրության շնորհիվ, լավ վիճակի մեջ էր, համեմատած նույն ժամանակ Բրաունաու եկած մյուս գնդերի հետ։ Հետ մնացողների և հիվանդների թիվը միայն 217 էր։ Եվ, բացի կոշիկներից, ամեն ինչ կարգին էր։

Կուտուզովը, շարքերի առջևից անցնելիս, երբեմն կանգ էր առնում ու մի քանի փաղաքշական խոսք ասում սպաներին, որոնց ճանաչում էր տաճկական պատերազմից, երբեմն նաև զինվորներին։ Նայելով զինվորների կոշիկներին՝ նա մի քանի անգամ գլուխն օրորեց տխրությամբ և ավատրիական գեներալի ուշադրությունը հրավիրեց դրանց վրա մի այնպիսի արտահայտությամբ, թե որքան էլ դրա համար չի կարող կշտամբել ոչ ոքի, բայց չի էլ կարող չտեսնել, թե ինչ թշվառ գրություն է։ Գնդի հրամանատարը նրա յուրաքանչյուր շարժումից նետվում էր առաջ, վախենալով չլինի թե չլսի գլխավոր հրամանատարի խոսքերը գնդի վերաբերյալ։ Կուտուզովի ետևից, այնպիսի մի հեռավորությամբ, որ ամեն մի մեղմ արտասանված խոսք կարող էր լսվել, գնում էր 20 հոգիանոց շքախումբը։ Շքախմբի անդամները խոսում էին իրար հետ և երբեմն ծիծաղում։ Անմիջապես գլխավոր հրամանատարի ետևից գնում էր մի գեղեցկադեմ ադյուտանտ։ Դա իշխան Բալկոնսկին էր։ Նրա կողքից գնում էր նրա ընկեր Նեսվիցկին՝ բարձրահասակ, չափազանց գեր սպան՝ բարի, ժպտուն, գեղեցիկ դեմքով ու տամուկ աչքերով։ Նեսվիցկին հազիվ էր զսպում ծիծաղը, որ հարուցանում էր կողքից քայլող թխադեմ հուսար սպան։ Հուսար սպան, առանց ժպտալու և անշարժ աչքերի արտահայտությունը չփոխելով, լուրջ դեմքով նայում էր գնդի հրամանատարի թիկունքին և ծաղրում նրա յուրաքանչյուր շարժումը։ Ամեն անգամ, երբ գնդի հրամանատարը ցնցվում ու թեքվում էր առաջ, ճիշտ այնպես էլ, նույնությամբ, ցնցվում ու առաջ էր թեքվում հուսար սպան։ Նեսվիցկին ծիծաղում էր և հրում ուրիշներին, որ նրանք էլ նայեն տնազ անող սպային։

Կուտուզովը դանդաղ ու ծուլորեն անցնում էր հազարավոր աչքերի աոջևից, որոնք իրենց կոպիճներից դուրս ընկած, հետևում էին պետին։ Հասնելով 3-րդ վաշտին՝ նա հանկարծ կանգ առավ։ Շքախումբը, այդ բանը չնախատեսելով, ակամա առաջ գնաց և ավելի մոտեցավ նրան։

— Ա՜, Տիմոխին,— ասավ գլխավոր հրամանատարը, ճանաչելով կարմիր քթով կապիտանին, որ նկատողություն էր ստացել կապույտ շինելի համար։

Թվում էր անկարելի էր ավելի ձգվել, քան Տիմոխինն էր ձգվել գնդի հրամանատարի նկատողության ժամանակ։ Բայց հիմա, երբ գլխավոր հրամանատարը դարձավ նրան, կապիտանն այնպես ձգվեց, որ, թվում էր, եթե Կուտուզովը մի քանի րոպե էլ նայի, կապիտանն այլևս չի դիմանա, ուստի և Կուտուզովն, ըստ երևույթին, նրա վիճակը հասկանալով և նրա բարիքը ցանկանալով, շտապ շրջվեց։ Կուտուզովի ուռուցիկ, վերքից այլանդակված դեմքի վրայով հազիվ նկատելի մի ժպիտ անցավ։

— Իզմայիլյան կռվի ընկերներից է,— ասավ նա։— Քա՛ջ սպա է։ Գո՞հ ես նրանից,— հարցրեց Կուտուզովը գնդի հրամանատարին։

Եվ գնդի հրամանատարը, ինչպես հայելում անդրադառնալով իրեն ընդօրինակող հուսար սպայի շարժումների մեջ, ցնցվեց, առաջ անցավ ու պատասխանեց.

— Շա՛տ գոհ եմ, ձերդ բարձր գերազանցություն։

— Մենք բոլորս էլ զերծ չենք թերությունից,— ասավ Կուտուզովը, ժպտալով ու նրանից հեռանալով։— Բաքոսի երկրպագու էր։

Գնդի հրամանատարը վախեցավ, թե արդյոք ինքը մեղավոր չի այդ բանում, և ոչինչ չասավ։ Այդ վայրկյանին հուսար սպան նշմարեց կարմրաքիթ ու ձգված փորով կապիտանի դեմքն ու այնպես նման ընդօրինակեց նրա դեմքն ու դիրքը, որ Նեսվիցկին չկարողացավ ծիծաղը զսպել։ Կուտուզովը ետ նայեց։ Երևում էր, որ սպան կարողանում էր ուզածի պես փոխել դեմքը, այն վայրկյանին, երբ Կուտուզովը ետ նայեց՝ սպան արդեն իր ծամածռությունն արել էր և ամենալուրջ, հարգալիր ու անմեղ արտահայտությունն էր ընդունել։

Երրորդ վաշտը վերջինն էր։ Եվ Կուտուզովն, ըստ երևույթին, ինչ-որ բան հիշելով, մտածմունքի մեջ ընկավ։ Իշխան Անդրեյը առաջ եկավ շքախմբից և կամաց ասավ ֆրանսերեն.

— Կարգադրեցեք հիշեցնել աստիճանազուրկ արված Դոլոխովի մասին, որ այս գնդի մեջ է գտնվում։

— Ո՞ւր է այստեղ Դոլոխովը,— հարցրեց Կուտուզովը։

Դոլոխովը, արդեն զինվորի գորշ շինել հագած, էլ չսպասեց, որ իրեն կանչեն։ Շիկահեր, պայծառ կապույտ աչքերով զինվորի բարեկազմ կերպարանքը դուրս եկավ շարքի միշից։ Նա մոտեցավ գլխավոր հրամանատարին ու պատվի առավ։

— Գանգա՞տ,— հոնքերը կիտելով՝ հարցրեց Կուտուզովը։

— Սա Դոլոխովն է,— ասավ իշխան Անդրեյը։

— Ա՜,— ասավ Կուտուզովը։— Հույս ունեմ այս դասը քեզ խելքի կբերի, լավ ծառայիր։ Թագավորը ողորմած է։ Ես էլ չեմ մոռանա քեզ, եթե արժանի լինես։

Դոլոխովի կապույտ պայծառ աչքերը գլխավոր հրամանատարին նայում էին նույնպիսի հանդգնությամբ, ինչպես գնդի հրամանատարին, ու իրենց արտահայտությամբ կարծես պատռում էին պայմանականության այն վարագույրը, որ այնպես խորապես բաժանում է գլխավոր հրամանատարին զինվորից։

— Միայն մի բան եմ խնդրում՝ ձերդ բարձր գերազանցություն,— ասավ Դոլոխովն իր հնչեղ, հաստատուն ու անշտապ ձայնով։— Խնդրում եմ առիթ տաք ինձ մեղքս քավելու և դեպի կայսրն ու Ռուսաստանն ունեցած անձնվիրությունս ապացուցելու։

Կուտուզովը երեսը շրջեց։ Նրա դեմքին երևաց աչքերի նույն ժպիտը, ինչ երևաց կապիտան Տիմոխինից դառնալիս։ Նա դարձավ ու դեմքը կնճռեց, կարծես դրանով ուզում էր ասել, թե այն բոլորը, ինչ ասավ Դոլոխովը, և այն բոլորը, ինչ դեռ կարող էր ասել, ինքը վաղուց արդեն գիտի, և այդ բոլորն արդեն ձանձրացրել է իրեն ու այդ ամենը այն չէ բնավ, ինչ պետք է։ Նա դարձավ ու գնաց դեպի կառքը։

Գունդը վաշտերի բաժանվեց և ճանապարհ ընկավ Բրաունաուից ոչ հեռու նշանակված բնակատեղին, ուր հույս ունեին հագնվել և հանգստանալ երկար, դժվարին ճամփա կտրելուց հետո։

— Դուք ինձնից գանգատավոր չե՞ք, Պրոխոր Իգնատիչ,— ասավ գնդի հրամանատարը, հասնելով բնակատեղը գնացող 3-րդ վաշտին և նրա առջևից գնացող կապիտան Տիմոխինին։ Գնդի հրամանատարի դեմքը, հաջող անցած զորատեսից հետո, անզուսպ ուրախություն էր արտահայտում։— Թագավորական ծառայություն է… չի լինի… մեկ էլ տեսար հայհոյեցիր… Առաջինն ինքս ներողություն կխնդրեմ, ինձ ճանաչում եք… Շատ շնորհակալ էր։— Եվ նա ձեռը մեկնեց վաշտապետին։

— Խնդրեմ, գեներալ, մի՞թե կհամարձակվեմ,— պատասխանեց կապիտանը. նրա քիթը կարմրեց. ինքը ժպտաց և ժպիտով երևան հանեց առաջին երկու ընկած ատամը, որ հրացանի կոթով ջարդել էին Իզմայիլի բերդի մոտ։

— Եվ պարոն Դոլոխովին հայտնեցեք, որ ես իրեն չեմ մոռանա, թող հանգիստ լինի։ Ասացեք, խնդրեմ, ես միշտ մոռանում եմ հարցնել, թե ինչպե՞ս է նա իրեն պահում։ Եվ…

— Ծառայության մեջ շատ կարգին է, ձերդ գերազանցություն… բայց բնավորությունը…— ասավ Տիմոխինը։

— Ի՞նչ, բնավորությունն ինչպե՞ս է,— հարցրեց գնդի հրամանատարը։

— Երբեմն, ձերդ գերազանցություն, իրեն կորցնում է,— առավ կապիտանը,— թե՛ խելոք է, թե՛ կրթված, թե՛ բարի, բայց մեկ էլ տեսար գազան կտրեց։ Լեհաստանում քիչ մնաց մի հրեա սպաներ…

— Այո, այո,— ասավ գնդի հրամանատարը,— պետք է խղճալ երիտասարդին դժբախտության մեջ։ Չէ որ մեծ կապեր ունի… Ուրեմն դուք այնպես…

— Լսում եմ, ձերդ գերազանցություն,— ասավ Տիմոխինը, ժպիտով զգացնել տալով, թե պետի ցանկությունը հասկանում է։

— Այո, այո։

Գնդի հրամանատարը շարքերում գտավ Դոլոխովին և ձին պահեց։

— Մինչև առաջին կռիվը,— ուսադիրներ,— ասավ նրան։

Դոլոխովը նայեց, ոչինչ չասավ և ոչ էլ հեգնորեն ժպտացող դեմքի արտահայտությունը փոխեց։

— Է, լավ է, լավ,— շարունակեց գնդի հրամանատարը։— Զինվորներին մի-մի բաժակ օղի իմ կողմից,— ավելացրեց նա, որպեսզի զինվորները լսեն այդ։— Շնորհակալությո՜ւն բոլորից։ Փա՜ռք աստծո։

Եվ նա ձին քշեց, մոտեցավ մյուս վաշտին։

— Ճիշտն ասած՝ լավ մարդ է, նրա հետ կարելի է ծառայել,— ասավ Տիմոխինը կողքից քայլող ստորադրյալ մի սպայի։

— Մի խոսքով «փոսիկի» թագավոր է (գնդի հրամանատարի անունը դրել էին «փոսիկի» թագավոր),— ծիծաղելով ասավ ստորադրյալ սպան։

Զորատեսից հետո՝ մեծավորների ուրախ տրամադրությունը վարակեց զինվորներին էլ։ Վաշտերը գնում էին ուրախ-ուրախ։ Ամեն կողմից լսվում էին զինվորների խոսակցության ձայներ։

— Բա ասում էին թե Կուտուզովի մի աչքը շիլ ա։

— Մթամ բոլորովին կույր ա։

— Չէ, ախպեր ջան, քեզանից լավ է տեսնում։ Կոշիկներ, փաթաթաններ. ամեն բան լավ նայեց…

— Հենց որ, ախպեր ջան, ոտներիս մտիկ արավ. է՛հ, մտածեցի…

— Իսկ մյուսը՝ ավստրիացին, որ նրա հետ էր, կարծես կավիճով սպիտակացրել էին։ Ալրի պես սպիտակ էր։

— Հը՛, Ֆեդյուշա, դու մոտիկ էիր. ասա՞վ՝ թե կռիվը երբ պիտի սկսվի։ Բոլորն ասում էին, թե Բոնապարտը Բրունովումն է։

— Բոնապարտը՜։ Դու էլ բա՜ն ասիր։ Չիմացածդ մի խոսի։ Հիմա պրուսացիք են ապսաամբել։ Ավստրիացիք նրանց, ուրեմն, խաղաղեցնում են։ Հենց որ դրանք խաղաղեն, էն ժամանակ կռիվ կսկսի Բոնապարտի հետ։ Թե չէ, ասում ա, Բոնապարտը Բրունո՜վն ա։ Երևում ա շաշի մեկն ես։ Դու ավելի լավ ա ուրիշներին ականջ դնես։

— Օ՜, գրողի տարած կվարտիրյերներ (բնակարանորդներ)։ Հինգերորդ վաշտը, տե՛ս, արդեն դեպի գեղը ծռվեց, նրանք կաշա կեփեն, իսկ մենք դեռ տեղ չենք հասնի։

— Մի կտոր պաքսիմաթ տուր, տեսնեմ։

— Իսկ դու երեկ թութուն տվի՞ր։ Հը՜։ Դե առ, աստված քեզ հետ։

— Գոնե հանգստանայինք, թե չէ դեռ հինգ վերստ պետք է քաղցած, ծարավ ճամփա կտրենք։

— Լավ կլիներ՝ չէ մի գերմանացիք մեզ կառքեր տային։ Նստեինք ու ուռած-փքված գնայինք։

— Իսկ էստեղ բոլորովին ուրիշ ժողովուրդ է։ Էնտեղ կարծես թե լեհացիք էին, էլի ռուս արյուն կար մեջները. հիմա մի գլուխ գերմանացիք են։

— Երգիչները՝ առա՜ջ,— լսվեց կապիտանի ձայնը։

Եվ տարրեր շարքերից վազելով՝ վաշտի առջև հավաքվեց քսան մարդ։ Երգ սկսող թմբկահարը երգիչներին դարձավ և, ձեռը թափ տալով, սկսեց զինվորական ծորուն մի երգ, որն սկսվում էր. «Արշալույսը բացվել, արևն է փայլում» և վերջանում էր հետևյալ խոսքերով. «Օ՜, ինչ փառք կվաստակենք Կամենսկի հայրիկի հետ…»։ Այս երգը հորինված էր Տաճկաստանում և այժմ երգում էր Ավստրիայում այն փոփոխությամբ միայն, որ «Կամենսկի հայրիկի» տեղ դրել էին «Կուտուզով հայրիկ» խոսքերը։

Վերջին խոսքերը զինվորաբար կտրելով՝ թմբկահարը՝ մի չորչորուկ ու գեղեցիկ քառասուն տարեկան զինվոր, ձեռները թափ տվեց, կարծես մի բան գցեց գետին. ու խստությամբ երգիչ զինվորներին նայելով՝ աչքերը կուչ ածավ։ Ապա, համոզվելով, որ բոլոր աչքերն ուղղված են իր վրա, նա երկու ձեռով զգուշությամբ, կարծես ինչ-որ անտեսանելի ու թանկագին մի բան բարձրացրեց գլխից վեր, պահեց այդպես մի քանի վայրկյան ու հանկարծ կատաղորեն նետեց.

Ах вы, сени мои, сени!

«Сени новые мои…», ձայնակցեցին քսան հոգի միասին, և գդալավորը չնայած իր ծանր հանդերձանքին, կայտառ նետվեց առաջ, երեսը շրջելով դեպի վաշտը, գնաց նրա առջևից, ուսերն օրորելով և գդալներով ում-որ սպառնալով։ Զինվորները, երգի տակտով ձեռները թափահարելով՝ ազատ քայլերով գնում էին առաջ։ Վաշտի ետևից լսվում էր անիվների դղրդոց, զսպանակների ճռինչ և ձիերի դոփյուն։ Կուտուզովն իր շքախմբով վերադառնում էր քաղաք։ Գլխավոր հրամանատարը նշան արավ, որ զինվորները շարունակեն ազատ քայլել, և թե՛ նրա, թե՛ շքախմբի բոլոր մարդկանց դեմքին բավականություն նկատվեց, երբ լսեցին երգի հնչյունները և երբ տեսան պարող զինվորին և ուրախ-զվարթ քայլող վաշտի զինվորներին։ Վաշտի երկրորդ շարքի մեջ ակամա աչքի ընկավ կապտաչյա զինվոր Դոլոխովը, որն առանձնապես, երգի տակտով քայլում էր կայտառ, վայելուչ և նայում կառքով անցնողներին մի այնպիսի արտահայտությամբ, կարծես խղճում էր բոլոր նրանց, ովքեր այդ րոպեին վաշտի հետ չեն քայլում։ Կուտուզովի շքախմբի հուսարական կոռնետը, գնդի հրամանատարին տնազողը, ետ նայեց կառքից և մոտեցավ Դոլոխովին։

Հուսարական կոռնետ Ժերկովը մի ժամանակ Պետերբուրգում պատկանում էր այն սանձարձակ խմբին, որի ղեկավարը Դոլոխովն էր։ Արտասահմանում Ժերկովը Դոլոխովին հանդիպեց զինվոր դարձած, բայց չուզեց ճանաչել։ Հիմա, այն բանիg հետո, երբ Կուտուզովը խոսեց աստիճանազուրկ Դոլոխովի հետ, նա հին բարեկամի սիրալիրությամբ մոտեցավ նրան։

— Սիրելի բարեկամս է ինչպե՞ս ես,— ասավ նա երգի հնչյունների տակ, ձիու քայլը հավասարեցնելով վաշտի քայլին։

— Ինչպե՞ս եմ,— սառը պատասխանեց Դոլոխովը,— ինչպես տեսնում ես։

Աշխույժ երգը առանձին նշանակություն էր տալիս Ժերկովի արձակ-համարձակ տոնին և Դոլոխովի դիտավորյալ սառը պատասխաններին։

— Է, ինչպե՞ս ես իշխանավորներիդ հետ,— հարցրեց Ժերկովը։

— Ոչինչ, լավ մարդիկ են իշխանավորներս։ Դու ինչպե՞ս ես շտաբը խցկվել։

— Գործուղեցին, հերթապահություն եմ անում։

Լռեցին։

«Բազեն թողեց աջ ձեռից», ասում էր երգը, հարուցանելով մարդու մեջ կայտառ և ուրախ զգացումներ։ Նրանց խոսակցությունը, հավանորեն, ուրիշ կլիներ, եթե երգի հնչյունների տակ չխոսեին։

— Հը, ճի՞շտ է, որ ավստրիացիներին ջարդել են,— հարցրեց Դոլոխովը։

— Սատանան գիտի, ասում են։

— Ուրախ եմ,— պատասխանեց Ղոլոխովը կարճ ու կտրուկ, ինչպես այդ պահանջում էր երգը։

— Իրիկունն արի մեզ մոտ թուղթ խաղանք,— ասավ Ժերկովը։

— Երևի փող շա՞տ ունեք։

— Դու արի։

— Չեմ կարող։ Երդվել եմ։ Չեմ խմելու և չեմ խաղալու, մինչև աստիճանս չբարձրացնեն։

— Երկար չի տևի, երևի մինչև առաջին կռիվը…

— Այն ժամանակ կտեսնենք։

Կրկին լռեցին։

— Դու արի, եթե մի բան հարկավոր լինի, բոլորն շտաբում կօգնեն…— ասավ Ժերկովը։

Դոլոխովը քմծիծաղ տվեց։

— Ավելի լավ կլինի՝ չանհանգստանաս։ Ինձ հարկավորը չեմ խնդրելու, ինքս ձեռք կբերեմ։

— Է, չէ, ես այնպես…

— Է, ես էլ այնպես։

— Մնաս բարով։

— Գնաս բարով…

… Եվ բարձր, և հեռու
Դեպի հայրենի երկիրը…

Ժերկովը խթանեց ձիուն, որը երկու-երեք անգամ, տաքացած, փոխեց ոտները, չիմանալով ո՛րն առաջ գցել, հետո իրեն հավաքեց և, նույնպես երգի տակտով արշավեց ու հասավ Կուտուզովի կառքին….

III

Զորատեսից վերադառնալով՝ Կուտուզովը, ավստրիական գեներալի ուղեկցությամբ, անցավ իր առանձնասենյակը և, ադյուտանտին կանչելով, հրամայեց բերել իրեն՝ եկող զորքերին վերաբերող որոշ թղթեր և առաջապահ բանակի պետ էրցհերցոգ Ֆերդինանդից ստացված նամակները։ Իշխան Անդրեյ Բալկոնսկին պահանջված թղթերը ձեռին մտավ գլխավոր հրամանատարի առանձնասենյակը։ Սեղանին փռած պլանի շուրջը նստել էին Կուտուզովն ու հոֆկրիգսռատի ավստրիացի անդամը։

— Ա…— ասավ Կուտուզովը Բալկոնսկուն նայելով, կարծես այդ բացականչությամբ ադյուտանտին հրավիրեց սպասել, և շարունակեց ֆրանսերեն սկսած խոսակցությունը։

— Ես միայն մի բան եմ ասում, գեներալ,— ասում էր Կուտուզովը հաճելի արտահայտություններով ու առոգանությամբ, հարկադրելով լսել իր յուրաքանչյուր անշտապ ասված խոսքը։ Երևում էր, որ Կուտուզովն ինքն իսկ բավականությամբ է լսում իրեն։— Ես միայն մի բան եմ ասում, գեներալ, եթե բանը կախված լիներ իմ անձնական ցանկությունից, այդ դեպքում նորին մեծություն Ֆրանց կայսեր կամքը վաղուց կատարված կլիներ։ Ես վաղուց արդեն միացած կլինեի էրցհերցոգին։ Եվ հավատացեք ինձ, որ ես շատ ուրախ կլինեի, որ բանակի բարձր հրամանատարությունը անձամբ հանձնեի ավելի տեղյակ ու հմուտ մի գեներալի, որոնցով այնքան հարուստ է Ավստրիան, և կարողանայի, հրաժարվել այս ծանր պարտականությունից։ Բայց հանգամանքները մեզնից ավելի զորավոր են լինում, գեներալ։

Եվ Կուտուզովը ժպտաց այնպիսի արտահայտությամբ, կարծես ասում էր. «Դուք լիակատար իրավունք ունեք ինձ չհավատալու, և նույնիսկ ինձ համար միևնույն է՝ հավատում եք ինձ թե չեք հավատում, բայց առիթ չունեք այդ բանն ինձ ասելու, և բանն էլ հենց այդ է»։

Ավստրիացի գեներալը դժգոհ տեսք ուներ, բայց չէր կարող նույն տոնով չպատասխանել Կուտուզովին։

— Ընդհակառակը,— ասավ նա քրթմնջող ու բարկացած տոնով, որ այնպես հակասում էր նրա արտասանած խոսքերի քծնական նշանակության,— ընդհակառակը, ձերդ գերազանցության մանսակցությունը այս ընդհանուր գործի մեջ՝ նորին մեծությունը շատ բարձր է գնահատում, բայց մենք կարծում ենք, որ ներկա դանդաղումը ռուսական փառապանծ զորքերին և նրանց գլխավոր հրամանատարին զրկում է այն դափնիներից, որ սովոր են քաղել նրանք կռիվների մեջ,— ավարտեց նա հավանորեն նախապատրաստած ֆրազը։

Կուտուզովը գլուխ տվեց, առանց ժպիտը փոխելու։

— Իսկ ես այնպես եմ համոզված և, հիմնվելով նորին բարձրության էրցհերցոգ Ֆերդինանդի վերջին նամակի վրա (որն ուղարկելու պատիվն է արել ինձ), ենթադրում եմ, որ ավստրիական զորքերը, Մակի պես հմուտ գեներալի ղեկավարությամբ, այժմ արդեն այնպիսի վճռական հաղթանակ են տարել, որ այլևս կարիք չունեն մեր օգնության,— ասավ Կուտուզովը։

Գեներալը հոնքերը կիտեց։ Թե հաստատ տեղեկություններ չկային ավստրիացիների պարտության մասին, բայց այդ ընդհանուրի համար անշահավետ լուրերը հաստատող շատ հանգամանքներ կային. ուստի և Կուտուզովի ենթադրությունը՝ ավստրիացիների հաղթության մասին՝ շատ նման էր ծաղրի։ Բայց Կուտուզովը ժպտաց հեզաբար, դարձյալ նույն արտահայտությամբ, որ կարծես ասում էր, թե ինքն այդպես ենթադրելու իրավունք ունի։ Իրոք, Մակի բանակից ստացած վերջին նամակը հայտնում էր հաղթության և բանակի ամենահաջող ստրատեգիական դիրքի մասին։

— Տվեք այդ նամակը,— ասավ Կուտուզովը, դառնալով իշխան Անդրեյին։— Ահա հաճեցեք լսել։— Եվ Կուտուզովը հեգնական ժպիտը՝ շրթունքների ծայրին, ավստրիացի գեներալին գերմաներեն կարդաց էրցհերցոդ Ֆերդինանդի նամակի հետևյալ կտորը. «Wir haben vollkommen zusammengehaltene Kräfte, nahe an 70 000 Mann, um den Feind, wenn er den Lech passierte, angreifen und schlagen zu können. Wir können, da wir Meister von Ulm sind, den Vorteil, auch von beiden Ufern der Donau Meister zu bleiben, nicht verlieren; mithin auch jeden Augenblick, wenn der Feind den Lech nicht, passierte, die Donau übersetzen, uns auf seine Kommunikations-Linie werfen, die Donau unterhalb repassieren um dem Feinde, wenn er sich gegen unsere treue Allierte mit ganzer Macht wenden wollte, seine Absicht alsbald vereiteln. Wir werden auf solche Weise dem Zeitpunkt, wo die Kaiserlich-Russische Armee ausgerüstet sein wird, mutig entgegenharren, und sodann leicht gemeinschaftlich die Möglichkeit finden, dem Feinde das Schicksal zuzubereiten, so er verdient».[1]

Նամակի այս պարբերությունը վերջացնելով՝ Կուտուզովը ծանր հոգոց արձակեց և ուշադիր ու սիրալիր նայեց հոֆկրիգսռատի անդամին։

— Բայց դուք գիտեք, ձերդ գերազանցություն, այն իմաստուն սկզբունքը, որ հրահանգում է ենթադրել վատթարը,— ասավ ավստրիացի գեներալը, հավանորեն կատակներին վերջ տալու և գործի անցնելու ցանկությամբ։

Ու ակամա նազեց ադյուտանտին։

  • Ներեցեք, գեներալ,— ընդհատեց նրան Կուտուզովը և նույնպես դարձավ դեպի իշխան Անդրեյը։— Ահա ինչ, սիրելիս, Կազլովսկուց վերցրու մեր լրտեսների բոլոր զեկուցումները։ Ահա քեզ կոմս Նոստիցի երկու նամակը, նորին բարձրություն էրցհերցոգ Ֆերդինանդի նամակը և այս,— ասավ, իշխանին մի քանի թղթեր տալով։— Այս բոլորից ֆրանսերեն լեզվով մաքուր mémorandum, տեղեկագիր կազմիր, որ հայտնի լինի, թե մենք ինչ տեղեկություններ ունենք ավստրիական բանակի գործողությունների մասին։ Այդպես, և ներկայացրու նորին գերազանցությանը։

Իշխան Անդրեյը գլուխը խոնարհեց ի նշան այն բանի, թե առաջին իսկ խոսքից հասկացավ ոչ միայն այն, ինչ ասվեց, այլ և այն, ինչ ցանկանում էր ասել իրեն Կուտուզովը։ Նա թղթերը հավաքեց և, գլուխ տալով, գորգի վրա հուշիկ քայլելով, դուրս եկավ ընդունարանը։

Թեև շատ ժամանակ չէր անցել, ինչ իշխան Անդրեյը մեկնել էր Ռուսաստանից, բայց շատ էր փոխվել այդ ժամանակի ընթացքում։ Նրա դեմքի արտահայտության, շարժումների ու քայլվածքի մեջ գրեթե նկատելի չէր նախկին հոգնած ու ծոյլ ձևանալու հակումը։ Նա ուներ այնպիսի մարդու տեսք, որ կարծես ժամանակ չունի մտածելու, թե ինչ տպավորություն է թողնում ուրիշների վրա և զբաղված է հաճելի ու հետաքրքրական մի գործով։ Դեմքից երևում էր, որ գոհ է իրենից ու շրջապատողներից։ Ժպիտն ու նայվածքը առաջվանից ավելի ուրախ ու գրավիչ էին։

Կուտուզովը, որին նա հասավ-միացավ Լեհաստանում, նրան ընդունեց շատ սիրալիր, խոստացավ չմոռանալ նրան, գերադասում էր մյուս ադյուտանտներից, իրեն հետ Վեննա տարավ և ավելի լուրջ հանձնարարություններ էր տալիս։ Վեննայից Կուտուզովը իր հին ընկերոջը՝ Անդրեյ իշխանի հորը գրեց.

«Ձեր որդին,— գրում էր նա,— սպա լինելու հույսեր է տալիս իր արտակարգ եռանդուն պարապմունքներով, հաստատակամությամբ և հանձնարարությունների կատարումով։ Ես ինձ երջանիկ եմ համարում այսպիսի ստորադրյալ ունենալուս համար»։

Կուտուզովի շտաբում, պաշտոնակից-ընկերնհրի շրջանում և ընդհանրապես բանակում իշխան Անդրեյը, ճիշտ այնպես, ինչպես Պետերբուրգի հասարակության մեջ, երկու, բոլորովին իրար հակասող համբավ ուներ։ Ոմանք՝ փոքրամասնությունը, իշխան Անդրեյին համարում էին իրենցից և ուրիշներից մի տեսակ առանձին բարձր մարդ, նրանից ակնկալում էին մեծ հաջողություններ, լսում էին նրան, հիանում էին նրանով և աշխատում էին նրան նմանվել. և այդ մարդկանց հետ իշխան Անդրեյը պարզ էր ու հաճելի։ Մյուսները՝ մեծամասնությունը, իշխան Անդրեյին չէին սիրում, նրան համարում էին գոռոզ, սառը և տհաճ մարդ։ Բայց այդ մարդկանց մոտ իշխան Անդրեյն իրեն պահում էր այնպես, որ նրան հարգում էին և մինչև իսկ վախենում։

Կուտուզովի առանձնասենյակից ընդունարան մտնելով՝ իշխան Անդրեյը թղթերը ձեռին մոտեցավ ընկերոջը՝ հերթապահ ադյուտանտ Կոզլովսկուն, որ պատուհանի առաջ նսաած գիրք էր կարդում։

— Հը, ի՞նչ կա, իշխան,— հարցրեց Կոզլովսկին։

— Հրամայված է տեղեկագիր կազմել, թե ինչու առաջ չենք գնում։

— Ինչո՞ւ համար։

Իշխան Անդրեյը ուսերը թոթվեց։

— Մակից լուր չկա՞,— հարցրեց Կոզլովսկին։

— Ոչ,

— Եթե նրա ջարդվելը ճիշտ լիներ՝ մի լուր կստացվեր։

— Հավանորեն,— ասավ իշխան Անդրեյը և գնաց դեպի դուռը, բայց նույն րոպեին դուռն արագությամբ բանալով՝ նրա դեմն ելավ և արագ-արագ ընդունարան մտավ մի բարձրահասակ, հավանորեն նորեկ, սյուրթուկ հագած ավստրիացի գեներալ՝ գլուխը սև թաշկինակով կապած և Մարիա-Թերեզայի շքանշանը վզին։ Իշխան Անդրեյը կանգ առավ։

— Գեներալ-անշեֆ Կուտուզով,— արագ-արագ ասավ նորեկ գեներալը՝ գերմանական կտրուկ առոգանությամբ, չորս կողմը նայելով և առանց կանգ առնելու առանձնասենյակին մոտենալով։

— Գեներալ-անշեֆը զբաղված է,— ասավ Կոզլովսկին, հապճեպ անծանոթ գեներալին մոտենալով և ճամփան կտրելով։— Ինչպե՞ս կհրամայեք զեկուցել։

Անծանոթ գեներալը արհամարհանքով վերից վար նայեց միջահասակ Կոզլովսկուն, զարմանալով կարծես, որ իրեն չեն ճանաչում։

— Գեներալ-անշեֆը զբաղված է,— հանդարտ կրկնեց Կոզլովսկին։

Գեներալի դեմքը մթագնեց, շրթունքները քաշվեցին ու դողացին։ Ծոցատետրը հանեց, արագորեն մի բան գրեց մատիտով, թուղթը պոկեց տվեց ադյուտանտին, փութկոտ քայլերով մոտեցավ լուսամուտին, նետեց իր մարմինն աթոռին ու նայեց սենյակում գտնվողներին, կարծես հարցնելով. ինչո՞ւ են իրեն նայում։ Հետո գեներալը գլուխը բարձրացրեց, վիզը ձգեց, կամենալով կարծես մի բան ասել, բայց իսկույն էլ, կարծես ցանկանալով անփութորեն երգել ինքն իրեն, մի տարօրինակ ձայն հանեց, որը սակայն անմիջապես կտրվեց։ Առանձնասենյակի դուռը բացվեց, և շեմքին երևաց Կուտուզովը։ Գլուխը կապած գեներալը, վտանգից փախչողի պես, կռացած, իր նիհար ոտքերի խոշոր ու արագ քայլերով մոտեցավ Կուտուզովին։

— Vous voyez le malheureux Mack[2],— ասավ նա բեկված ձայնով։

Առանձնասենյակի շեմքին կանգնած Կուտուզովի դեմքը մի քանի ակնթարթ բոլորովին անշարժ մնաց։ Հետո, ալիքի պես, մի կնճիռ անցավ նրա դեմքի վրայով և ճակատը հարթվեց. նա գլուխը խոնարհեց հարգալիր, աչքերը փակեց, անխոս թույլ տվեց Մակին կողքից անցնելու և հետո ինքը դուռը ծածկեց իր ետևից։

Առաջուց արդեն տարածված այն լուրը, թե ավստրիացիք պարտվել են և ամբողջ բանակն անձնատուր է եղել Ուլմի մոտ,— ճշտվեց։ Կես ժամ հետո արդեն տարբեր ուղղությամբ ադյուտանտներ ուղարկվեցին՝ հատուկ հրամաններով, որ նշան էր, թե շուտով ռուսական զորքերը ևս, որ մինչև հիմա անգործ էին, հանդիպելու են թշնամուն։

Իշխան Անդրեյը շտաբի այն հազվագյուտ սպաներից մեկն էր, որ մեծապես հետաքրքրվում էր պատերազմի ընդհանուր ընթացքով։ Տեսնելով Մակին և լսելով նրա պարտության մանրամասնությունները, նա հասկացավ, որ գործի կեսը տանուլ է տրված, ըմբռնեց ռուսական զորքերի կացության ամբողջ դժվարությունը և կենդանի պատկերացրեց ա՛յն, ինչ սպասում է բանակին, և այն դերը, ինչ ինքը պետք է խաղա բանակի մեջ։ Նա ակամա ուրախության զգացում ունեցավ, մտածելով, որ ինքնահավան Ավստրիան խայտառակվել է, և որ, մի շաբաթ հետո, գուցե, ինքն ականատես ու մասնակից լինի ռուսների ու ֆրանսացիների ընդհարումին, մի ընդհարում, որը, Սուվորովից հետո, առաջին անգամն է լինում։ Բայց նա վախենում էր Բոնապարտի հանճարից, որ կարող էր ավելի զորավոր լինել, քան ռուսական զորքերի բովանդակ քաջությունը, և դրա հետ միասին մտքովն անգամ չէր ուզում անցնել, թե ռուսական բանակը կարող է խայտառակվել։

Այս մտքից հուզված, գրգռված՝ իշխան Անդրեյը գնաց իր սենյակը՝ հորը նամակ գրելու։ (Նա հորը նամակ գրում էր ամեն օր)։ Միջանցքում հանդիպեց իր սենյակի ընկեր Նեսվիցկուն, և կատակաբան Ժերկովին։ Նրանք, ինչպես միշտ, ծիծաղում էին ինչ-որ բանի վրա։

— Ինչո՞ւ այդպես մռայլ ես,—հարցրեց Նեսվիցկին, նկատելով իշխան Անդրեյի գունատ դեմքը, որի վրա աչքերը փայլում էին։

— Ուրախանալու բան չկա,— պատասխանեց Բալկոնսկին։

Այն միջոցին, երբ իշխան Անդրեյը հանդիպեց Նեսվիցկուն ու Ժերկովին, միջանցքի մյուս կողմից դեպի նրանց եկան ավստրիացի գեներալ Շտրաուխը, որը Կուտուզովի շտաբում հսկում էր ռուս զորքի պարենավորմանը, և երեկ երեկո եկած հոֆկրիգսռատի անդամը։ Միջանցքն այնքան լայն էր, որ գեներալներն ազատ կարող էին անցնել երեք սպայի կողքով, բայց Ժերկովը, Նեսվիցկուն ձեռով հրելով, հևաձայն ասաց.

— Գալի՜ս են… գալի՜ս են… մի կողմ քաշվիր, ճամփա՜, ճամփա տուր, խնդրեմ։

Գեներալներն անցան մի այնպիսի տեսքով, որ ցույց էր տալիս նրանց այդ ավելորդ հարգանքից ազատվելու ցանկությունը։ Կատակաբան Ժերկովի դեմքին հանկարծ ուրախության մի հիմար ժպիտ երևաց, որ իբր թե չէր կարողանում զսպել։

— Ձերդ գերազանցություն,— ասավ նա գերմաներեն, մի փոքր առաջ գնալով և ավստրիական գեներալին դիմելով։— Պատիվ ունեմ շնորհավորելու։

Նա խոնարհեց գլուխը և անհամարձակ կերպով, ինչպես պարել սովորող երեխա, սկսեց շարժել նախ մեկ, ապա մյուս ոտը։

Հոֆկրիգսռատի անդամ գեներալը խստությամբ նայեց նրան, բայց, նշմարելով նրա հիմար ժպիտի լրջությունը, չկարողացավ վայրկենական ուշադրություն չդարձնել նրա վրա։ Նա աչքերը կկոցեց, ցույց տալով, թե լսում է։

— Պատիվ ունեմ շնորհավորելու, գեներալ Մակը եկել է, բոլորովին առողջ, միայն այստեղը մի քիչ քերծվել է,— ավելացրեց նա զվարթ ժպիտով և գլուխը ցույց տալով։

Գեներալը դեմքը խոժոռեց, շրջվեց ու առաջ անցավ։

— Gott, wie naiv![3]— ասավ նա բարկացած, մի քանի քայլ հեռանալով։

Նեսվիցկին քրքիջով գրկեց իշխան Անդրեյին, բայց Բալկոնսկին ավելի ևս գունատվեց և, կատաղության արտահայտությունը դեմքին, հրեց նրան ու դարձավ Ժերկովին։ Այն նյարդային հուզումը, որ պատճառել էր նրան Մակի տեսքը, նրա պարտության լուրը և ռուսական բանակին սպասող վտանգը,— ելք գտավ Ժերկովի անտեղի կատակից առաջացած զայրույթի մեջ։

— Եթե դուք, սիրելի պարոն,— ասավ նա սուր ձայնով ներքին շուրթը թեթևակի դողացնելով,— կամենում եք ծաղրածու լինել, ես այդ բանում ձեզ չեմ կարող արգելք լինել, բայց հայտարարում եմ ձեզ, որ եթե դուք մյուս անգամ համարձակվեք իմ ներկայությամբ խեղկատակություններ անել, ես ձեզ կսովորեցնեմ, թե ինչպես պիտի ձեզ պահեք։

Նեսվիցկին ու Ժերկովն այնպես զարմացան իշխանի այդ վարմունքի վրա, որ անխոս, աչքերնին չռած, Բալկոնսկուն նայեցին։

— Ինչ կա որ, ես շնորհավորեցի միայն,— ասավ Ժերկովը։

— Ես կատակ չեմ անում, բարեհաճեցեք լռե՛լ,— պոռաց Բալկոնսկին էլ, Նեսվիցկու թևը բռնելով, հեռացավ Ժերկովից, որը չէր իմանում ինչ պատասխանի։

— Հը, ի՞նչ եղավ, եղբայր,— հանգստացնելով ասավ Նեսվիցկին։

— Ինչպե՞ս թե՝ ինչ,— ասավ իշխան Անդրեյը. հուզումից կանգ առնելով։— Դու մի հասկացիր, որ մենք կա՛մ սպաներ ենք, որ ծառայում ենք մեր թագավսրին ու հայրենիքին և ուրախանում ենք ընդհանուր հաջողությամբ ու տրտմում ընդհանուր անհաջողությունից, կա՛մ լաքեյներ ենք, որոնք չեն հետաքրքրվում իրենց տիրոջ գործերով. Quarante milles hommes massacrés et l’armeé de nos de nos alliés détruite, et vous trouvez là le mot pour rire,— ասավ նա, ֆրանսերեն այդ ֆրազով կարծես իր կարծիքն ամրապնդելով։— C’est bien pour un garçon de rien, comme cet individu, dont vous avez fait un ami, mais pas pour vous, pas pour vous.[4] Միայն տղաները կարող են այդպես զվարճանալ,ասավ իշխան Անդրեյը ռուսերեն, արտասանելով այդ խոսքը ֆրանսերեն առոգանությամբ, նկատելով, որ Ժերկովը դեռ կարող է իրեն լսել։

Նա սպասեց, տեսնելու, թե կոռնետը որևէ պատասխան չի տա արդյոք։ Բայց կոռնետը շրջվեց ու միջանցքից դուրս եկավ։

IV

Բրաունաուից երկու մղոն հեռու բանակել էր հուսարական Պավլոգրադյան գունդը։ Հեծվաշտը, որի մեջ ծառայում էր Նիկոլայ Ռոստովն իբրև յունկեր, տեղավորված էր գերմանական Զալցենեկ գյուղում։ Հեծվաշտի հրամանատար՝ ռոտմիստր Դենիսովին՝ որ ամբողջ հեծյալ դիվիզիայում հայտնի էր Վասկա Դենիսով անունով, հատկացված էր գյուղի ամենալավ բնակարանը։ Յունկեր Ռոստովը, Լեհաստանում բանակին միանալուց ի վեր, ապրում էր հեծվաշտի հրամանատարի հետ միասին։

Հոկտեմբերի 11-ին, հենք այն օրը, երբ Մակի պարտության լուրը գլխավոր շտաբում բոլորին ոտքի հանեց, հեծվաշտի շտաբում ռազմական կյանքն ընթանում էր սովորականի պես։ Դենիսովը, ամբողջ գիշեր թղթախաղում տանուլ տալուց հետո, դեռ տուն չէր եկել, երբ Ռոստովը, վաղ առավոտյան, ձիով վերադարձավ խարավորումից (ֆուրաժիրովկա)։ Ռոստովը՝ յունկերական համազգեստը հագին՝ մոտեցավ տան դռանը, հրեց ձիուն, ճկուն շարժումով մի ոտը հանեց ասպանդակից, մի ակնթարթ մնաց այդպես, կարծես չկամենալով ձիուց բաժանվել, վերջապես, թռավ ցած ու ձայն տվեց բանբերին։

— Ա՜, Բոնդարենկո, սիրելի բարեկամ,— ասավ նա իր ու մոտ վազող հուսարին։— Սանձն ու թամբը հանի, սիրելիս,— ասավ նա եղբայրական, ուրախ մտերմությամբ, ինչպես երիտասարդները դիմում են բոլորին, երբ երջանիկ են։

— Լսում նմ, ձերդ պայծառափայլություն,— պատասխանեց խախոլը, գլուխն ուրախ թափահարելով։

— Տես, լավ հոգ տար։

Մի ուրիշ հուսար նույնպես վազեց ձիու մոտ, բայց Բոնդարենկոն արդեն հանել էր լկամի սանձը։ Երևում էր, որ յունկերը լավ վարձատրում էր, ուստի և նրան ծառայելը շահավետ էր։ Ռոստովը շոյեց ձիու վիզը, հետո գավակը ու կանգնեց տան դռան առաջ։

«Հիանալի՜ է։ Ա՛յ, ձին այսպես կլինի», ասավ նա ինքն իրեն և, ժպտալով ու թուրը բռնած, բարձրացավ պատշգամբ՝ խթանները շրխկացնելով։ Գերմանացի տանտերը, որը ֆուֆայկայով ու թասակով՝ եղանը ձեռին մաքրում էր գոմի աղբը, դուրս նայեց։ Ռոստովին տեսնելուն պես՝ գերմանացու դեմքը պայծառացավ հանկարծ։ Ուրախ ժպտաց ու աչքով արավ. «Schön, gut Morgen! Schön, gut Morgen!»[5], կրկնեց նա, հավանորեն, երիտասարդին ողջունելուց բավականություն զգալով։

— Schon fleissig![6]— ասավ Ռոստովը նույն ուրախ, եղբայրական ժպիտով, որ չէր հեռանում նրա զվարթ դեմքից։— Hoch Oestreicher! Hoch Russen! Kaiser Alexander hoch![7]— դարձավ նա գերմանացուն, կրկնելով տանտիրոջ հաճախ գործածած բառերը։

Գերմանացին ծիծաղեց, գոմից դուրս եկավ բոլորովին, թասակը վերցրեց ու, գլխից վեր թափ տալով, բացականչեց.

— Und die ganze Welt hoch![8]

Ռոստովն ինքն էլ, գերմանացու նման, գլխարկը թափահարեց գլխից վեր ու, ծիծաղելով, բացականչեց։ «Und vivat die ganze Welt![9]». Թեև ուրախության առանձին մի պատճառ չկար ոչ իր՝ գոմը մաքրող գերմանացու համար, ոչ էլ դասակի հետ խոտի գնացած Ռոստովի համար, բայց նրանք երկուսն էլ երջանիկ հրճվանքով ու եղբայրական սիրով նայեցին միմյանց, գլուխները թափ տվին ի նշան փոխադարձ սիրո և ժպտալով բաժանվեցին՝ գերմանացին մտավ գոմը, Ռոստովը՝ խրճիթը, որն զբաղեցնում էր Դենիսովի հետ միասին։

— Աղան ո՞ւր է,— հարցրեց նա Դենիսովի լաքեյ Լավրուշկայից, որ ամբողջ գնդին հայտնի էր որպես խորամանկի մեկը։

— Իրիկվանից տուն չի եկել։ Ով գիտի տանուլ է տվել,— պատասխանեց Լավրուշկան։— Ես գիտեմ արդեն. երբ տարած է լինում՝ շուտ գալիս է պարծենալու, իսկ եթե մինչև առավոտ չի գալիս, նշանակում է՝ տանուլ է տվել, ու տուն է գալու բարկացած։ Սուրճ կհրամայե՞ք։

— Բե՛ր, բե՛ր։

Տասը րոպեից հետո Լավրուշկան բերեց սուրճը։

— Գալիս է,— ասավ նա,— վա՛յ մեզ։

Ռոստովը լուսամուտից նայեց և տեսավ տուն վերադարձող Դենիսովին։ Դենիսովը փոքրիկ կարմրադեմ մարդ էր՝ սև փայլուն աչքերով, սև խռիվ բեղերով ու մազերով։ Հագինը վերից վար կոճակներ բաց մենտիկ էր և ծալքավոր լայն շալվար, իսկ ծոծրակին դրել էր հուսարական ճմրթած գլխարկը։ Գլուխը կախ, մռայլ մոտեցավ պատշգամբին։

— Լավղուշկա,— ձայն տվեց նա բարձր ու բարկացած։— Դե՛, հանիր, տխմար։

— Արդեն հանում եմ,— պատասխանեց Լավրուշկայի ձայնը։

— Ա՜, աղդեն վեղ ես կացել,— ասավ Դենիսովը սենյակ մտնելով։

— Վաղուց,— ասավ Ռոստովը,— խոտի գնացի արդեն և ֆրեյլեն Մատիլդային էլ տեսա։

— Այ թե ի՛նչ։ Իսկ ես տաղվեցի, ախպեղ ջան, եղեկոյան, շանվողդու պես տաղվեցի,— գոչեց Դենիսովը ր-երը և ռ-երը ղ արտասանելով։— Այսպես դժբախտությո՜ւն։ Այսպես դժբախտությո՜ւն։ Քու գնալուց հետո տաղվեցի։ Էյ, թեյ տուր։

Դենիսովը դեմքը կնճռեց, կարծես ժպտում էր, ու կարճ պինդ ատամները բանալով, սկսեց երկու ձեռի կարճլիկ մատներով խճճել անտառի պես ցցված սև, խիտ մազերը։

— Սատանան դղդեց ինձ գնալ այդ աղնետի մոտ (սպայի մականուն),— երկու ձեռով ճակատն ու երեսը շփելով՝ շարունակեց նա։— Կաղող ես եղևակայել ո՛չ մի թուղթ, ոչ մի թուղթ չեկավ։

Դենիսովը վերցրեց իրեն մատուցված ծխամորճը, սեղմեց բռունցքի մեջ և, կրակը թափելով, զարկեց հատակին, շարունակելով.

— Սեմպելը տալիս է, պաղոլը՝ խփում. սեմպելը տալիս է, պաղոլը՝ խփում։

Նա կրակը շաղ տվեց, ծխամորճը կոտրեց ու նետեց։ Մի րոպե լռեց, ապա հանկարծ իր սև փայլուն աչքերով Ռոստովին նայեց։

— Գոնե կանայք լինեին։ Թե չէ այստեղ, խմելուց բացի, ուղիշ բան չկա անելու։ Է՛յ, ո՞վ կա այդտեղ,— դարձավ դեպի դուռը, լսելով խթանավոր հաստ կոշիկների դրմփոց և հարգալիր հազի ձայն։

— Վերական է (վախմիստր),— ասավ լավրուշկան։

Դենիսովը դեմքն ավելի խոժոռեց։

— Զզվելի է,— ասավ նա մի քանի ոսկի պարունակող քսակը շպրտելով։— Զոստով, համղի, սիղելիս, ինչքան է մնացել, ու դիղ րաղձիս տակ,— ասավ նա ու դուրս եկավ։

Ռոստովը փողը վերցրեց և, մեքենայորեն հին ու նոր ոսկիները դասավորելով, սկսեց հաշվել։

— Ա՜։ Տելյանի՜ն։ Բաղև։ Եղեկ ինձ մի լավ կեղցրին,— լսվեց Դենիսովի ձայնր մյուս սենյակից։

— Ո՞ւմ մոտ։ Բիկովի՞, առնետի՞ մոտ… Ես գիտեի,— ասավ մի ուրիշ բարակ ձայն, ապա սենյակ մտավ տեղակալ (պորուչիկ) Տելյանինը, նույն հեծվաշտի սպան։

Ռոստովը քսակը բարձի տակ կոխեց ու սեղմեց դեպի իրեն պարզված փոքրիկ ու տամուկ ձեռը։ Տելյանինը արշավանքից առաջ ինչ-որ բանի պատճառով գվարդիայից փոխադրվել էր հուսարական գունդը։ Նա իրեն շատ լավ էր պահում գնդում, բայց նրան չէին սիրում, և մանավանդ Ռոստովը չէր կարողանում ոչ հաղթահարել, ոչ էլ թաքցնել իր անառիթ զզվանքը դեպի այդ սպան։

— Հը՛, երիտասարդ հեծելակ, Գրաչիկս ինչպե՞ս է ծառայում ձեզ,— հարցրեց նա։ (Գրաչիկը այն ձին էր, որ Տելյանինը ծախել էր Ռոստովին)։

Տելյանինը երբեք խոսակիցների աչքերին չէր նայում, նրա նայվածքը շարունակ հածում էր մի առարկայից մյուսը։

— Տեսա քիչ առաջ ձիով անցաք…

— Ոչինչ՝ լավ ձի է,— պատասխանեց Ռոստովը, չնայած այդ ձին, որ գնված էր 700 ռուբլով, դրա կեսն էլ չարժեր։— Սկսել է առաջի ձախ ոտից կաղալ…— ավելացրեց նա։

— Սմբակը ճաքե՜լ է։ Այդ ոչինչ։ Կսովորեցնեմ, ցույց կտամ թե ինչպես պիտի մեխել։

— Ցույց տվեք, խնդրեմ,— ասավ Ռոստովը։

— Ցույց կտամ, դա գաղտնիք չէ։ Բայց ձիու համար շնորհակալ պիտի լինեք։

— Ուրեմն կարգադրեմ ձին բերեն,— ասավ Ռոստովը, ցանկանալով ազատվել Տելյանինից, ու դուրս եկավ, որ ձին բերել տա։

Հաշտում Դենիսովը, ծխամորճն ատամների արանքին, կուչ եկած նստել էր շեմքին, վերակայի առաջ, որը ինչ-որ բան էր զեկուցում։ Ռոստովին տեսնելով՝ Դենիսովը հոնքերը կիտեց և, ուսի վրայից մատով ցույց տվեց սենյակը, ուր նստած էր Տելյանինը, դեմքը խոժոռեց ու գլուխը շարժեց զզվանքով։

— Օ՜, տանել չեմ կարող այդ տղային,— ասավ նա, չքաշվելով վերակայի ներկայությունից։

Ռոստովն ուսերը թոթվեց, կարծես ուզում էր ասել՝ «Ես էլ. բայց ինչ կարող եմ անել», և, կարգադրություն անելով, վերադարձավ Տելյանինի մոտ։

Տելյանինը նստած էր նույն ծույլ դիրքով, ինչպես Ռոստովը թողել էր նրան, ու շփում էր փոքրիկ ճերմակ ձեռները։

«Այ թե հակակրելի մարդիկ կան», մտածեց Ռոստովը, սենյակ մտնելով։

— Հը, կարգագրեցի՞ք ձին բերեն,— ասավ Տելյանինը, տեղից ելնելով ու անփույթ շուրջը նայելով։

— Կարգադրեցի։

— Դե մենք էլ գնանք։ Ես եկա միայն Դենիսովին երեկվա հրամանի մասին հարցնելու։ Ստացա՞ք, Դենիսով։

— Դեռ ոչ։ Իսկ դուք ո՞ւր եք գնում։

— Ուզում եմ երիտասարդին սովորեցնել, թե ինչես պետք է ձին պայտել,— ասավ Տելյանինը։

Նրանք դուրս եկան պատշգամբը և այնտեղից գնացին գոմը։ Տեղակալը ցույց տվեց պայտելու ձևն ու գնաց իր բնակարանը։

Երբ Ռոստովը վերադարձավ, սեղանի վրա դրված էր օղու մի շիշ ու երշիկ։ Դենիսովը սեղանի առջև և նստած՝ գրիչը ճռճռացնում էր թղթի վրա։ Մռայլորեն նայեց Ռոստովի դեմքին ու ասավ.

— Նրա՛ն եմ գրում։

Նա, գրիչը ձեռին, արմունկով հենվեց սեղանին և, ըստ երևույթին, ուրախանալով գրելիքը բերանացի ասելու առիթից, նամակի բովանդակությունը պատմեց Ռոստովին։

— Գիտես, բաղեկամս,— ասավ նա։— Մենք քնում ենք, հանգիստ ենք, քանի դեռ չենք սիրում։ Մենք հողեղեն աղաղածներ ենք… բայց սիրեցիր թե չէ — աստված ես, մաքուղ ես, ծնված աղաջին օղվա պես… Այդ ո՞վ է։ Քշի՛, գնա’։ Ժամանակ չկա,— ձայն տվեց նա Լավրուշկային, որ առանց քաշվելու մոտեցավ նրան։

— Ո՞վ պիտի լինի։ Դուք եք կարգադրել։ Վերական փողի է եկել։

Դենիսովը դեմքը խոժոռեց, ուզեց ինչ-որ բան ասել, բայց լռեց։

— Բանը վատ է,— ասավ նա ինքն իրեն։— Ինչքա՞ն փող է մնացել քսակում,— հարցրեց Ռոստովից։

— Յոթը նոր և երեք հատ հին։

— Է, վա՜տ է։ Դե, ինչ ես կանգնել, հիմաղ, վեղակային ճամփու դիղ գնա,— բղավեց նա Լավրուշկայի վրա։

— Խնդրեմ, Դենիսով, ես կարող եմ տալ, ունեմ,— ասավ Ռոստովը կարմրելով։

— Չեմ սիղում իմ ընկեղներից փոխ աղնել, չեմ սիղում,— փնթփնթաց Դենիսովը։

— Եթե ընկերաբար ինձնից փող չվերցնես, ինձ կվիրավորես։ Ճիշտ եմ ասում, ունեմ,— կրկնեց Ռոստովը։

— Է, չէ։

Եվ Դենիսովը մահճակալին մոտեցավ, որ քսակը վերցնի բարձի տակից։

— Որտե՞ղ ես դրել, Ղոստով։

— Տակի բարձի տակը։

— Ո՞ւղ է, չկա։

Դենիսովը երկու բարձն էլ գցեց հատակին։ Քսակը չկար։

— Ա՜յ քեզ հղաշք։

— Կա՛ց, հո ցած չգցեցիր,— ասավ Ռոստովը, բարձերը մեկ-մեկ բարձրացնելով ու թափ տալով։

Վերմակը նույնպես վերցրեց ու թափ տվեց։ Քսակը չկար։

— Մոռացած չլինե՞մ։ Չէ, մտածեցի էլ, որ գանձի պես գլխիդ տակն ես դնում,— ասավ Ռոստովը։— Ես քսակն այդտեղ դրի։ Բայց ո՞ւր կորավ,— դիմեց նա Լավրուշկային։

— Ես ներս չեմ մտել։ Որտեղ դրել եք, այնտեղ էլ կլինի։

— Չկա՜…

— Դուք միշտ այդպես եք. գցում եք մի տեղ ու մոռանում։ Գրպաննիդ նայեցեք։

— Չէ, եթե գանձի մասին մտածած չլինեի,— ասավ Ռոստովը,— բայց լավ եմ հիշում, որ այդտեղ դրի։

Լավրուշկան ամբողջ անկողինը խառնեց, նայեց մահճակալի տակը, սեղանի տակը, ամբողջ սենյակը տակն ու վրա արավ և սենյակի մեջտեղը կանգնեց։ Դենիսովն անխոս հետևում էր Լավրուշկայի շարժումներին, և երբ նա զարմացած տարածեց ձեռները, ասելով, թե ոչ մի տեղ չկա, Դենիսովը նայեց Ռոստովին։

— Ղոստով, երեխայություն մի անի…

Ռոստովն զգաց Դենիսովի իր վրա սևեռած հայացքը, աչքերը բարձրացրեց և իսկույն էլ խոնարհեց ցած։ Ամբողջ արյունը երեսը տվեց, էլ չկարողացավ շունչ քաշել։

— Սենյակում էլ բացի տեղակալից ու ձեզանից մարդ չի եղել։ Էստեղ մի տեղ պետք ա ըլնի,— ասավ Լավրուշկան։

— Դե, դու էլ, սատանի ծնունդ, շուղ արի, տնտղի,— գոռաց հանկարծ Դենիսովը, կաս-կարմիր կտրելով և սպառնալից շարժումով լաքեյի վրա հարձակվելով։— Քսակը պիտի գտնեք, թե չէ կջաղդեմ։ Բոլողիդ կջաղդեմ։

Ռոստովն, առանց Դենիսովին նայելու, բաճկոնը կոճկեց թուրը պնդացրեց ու գլխարկը դրեց։

— Ես քեզ ասում եմ քսակը պիտի գտնվի,— գոռաց Դենիսովը, սպասյակի (դենշչիկ) ուսերը ցնցելով և նրան դեպի պատը հրելով։

— Դենիսով, դրան թող. ես գիտեմ ո՛վ է վերցրել,— ասավ Ռոստովը, աչքերն առանց բարձրացնելու, դռանը մոտենալով։

Դենիսովը կանգ առավ, մտածեց և, հավանորեն Ռոստովի ակնարկը հասկանալով, նրա ձեռը բռնեց։

— Հիմաղություն է,— բացականչեց նա այնպես, որ վզի ու ճակատի երակները պարանի պես հաստացան։— Ես քեզ ասում եմ՝ խելքդ թղցղել ես. ես այդ թույլ չեմ տա։ Քսակն այստեղ է. այս սղիկայի կաշին կքեղթեմ, և կգտնվի։

— Ես գիտեմ ո՛վ է վերցրել,— կրկնեց Ռոստովը դողացող ձայնով ու գնաց դեպի դուռը։

— Իսկ ես քեզ ասում եմ՝ չհամաղձակվես այդ բանն անել,— պոռաց Դենիսովն ու նետվեց դեպի յունկերը, որ չթողնի նրան դուրս գնալու։

Բայց Ռոստովը թևն ազատեց նրա ձեռից այնպիսի չարությամբ, կարծես Դենիսովը նրա մեծագույն թշնամին լիներ, և աչքերը վճռականորեն հառեց նրա երեսին։

— Հասկանո՞ւմ ես ինչ ես ասում,— ասավ նա դողացող ձայնով,— սենյակում ինձնից բացի մարդ չի եղել։ Նշանակում է՝ եթե նա չի, ուրեմն…

Նա չկարողացավ խոսքը վերջացնել ու սենյակից դուրս վազեց։

— Էհ, սատանան տանի քեզ էլ, բոլողիդ էլ,— Ռոստովի ականջին հասավ Դենիսովի վերջին խոսքերը։

Ռոստովը գնաց Տելյանինի բնակարանը։

— Աղան տանը չի, շտաբ գնաց,— ասավ նրան Տելյանինի սպասյակը։— Ի՞նչ է պատահել որ,— ավելացրեց նա, զարմանալով յունկերի այլայլված դեմքի վրա։

— Ոչինչ։

— Մի փոքր ուշացել եք,— ասավ սպասյակը։

Շտաբը գտնվում էր Զալցենեկ գյուղից երեք վերստ հեռու։ Ռոստովը, առանց տուն մտնելու, ձին հեծավ ու շտաբ գնաց։ Գյուղը, ուր գտնվում էր շտաբը, մի ճաշարան կար, որ հաճախում էին սպաները։ Ռոստովն ուղիղ գնաց ճաշարան, դռան մոտ նկատեց Տելյանինի ձին։

Ճաշարանի երկրորդ սենյակում նստած էր Տելյանինը, աոջևը՝ սեղանի վրա մի աման սոսիսկի ու մի շիշ գինի։

— Ա՜, դուք էլ եկաք, պատանյակ,— ասավ նա ժպտալով ու հոնքերը վեր բարձրացնելով։

— Այո,— ասավ Ռոստովը, կարծես այդ խոսքն արտասանելը մեծ ջանք էր պահանջում իրենից, ու նստեց հարևան սեղանի մոտ։

Երկուսն էլ լուռ էին. սենյակում նստած էին երկու գերմանացի և մի ռուս սպա։ Բոլորը լուռ էին, լսվում էին միայն դանակների՝ ափսեներին դիպչելու ձայնը և Տելյանինի ծամելու չլփչլփոցը։ Երբ Տելյանինը նախաճաշն ավարտեց, գրպանից հանեց կրկնակ քսակը, սպիտակ մատներով օղակը քաշեց, մի ոսկի հանեց ու, հոնքերը վեր քաշելով, տվեց սպասավորին։

— Խնդրեմ, շուտ արեք,— ասավ նա։

Ոսկեդրամը նոր էր։ Ռոստովը վեր կացավ ու մոտեցավ Տելյանինին։

— Թույլ տվեք ինձ քսակին նայելու,— ասավ նա կամաց, հազիվ լսելի ձայնով։

Թափառուն նայվածքով, բայց շարունակ վեր քաշած հոնքերով Տելյանինը քսակը տվեց Ռոստովին։

— Այո, լավ քսակ է… Այո… այո…— ասավ նաև հանկարծ գունատվեց։— Նայեցեք, պատանյակ,— ավելացրեց նա։

Ռոստովը քսակը ձեռն առավ ու նայեց թե՛ քսակին, թե՛ նրա մեջ եղած փողին և թե՛ Տելյանինին։ Տեղակալն, ըստ սովորության, չորս կողմը նայեց և հանկարծ, թվաց թե շատ ուրախացավ։

— Եթե Վեննա գնանք, բոլորն այնտեղ ծախսելու եմ, իսկ այստեղ, այս ողորմելի քաղաքներում ծախսելու տեղ չկա,— ասավ նա։— Դե, տվեք, պատանյակ, ես գնամ։

Ռոստովը լուռ էր։

— Իսկ դուք ինչո՞ւ եկաք, նույնպե՞ս նախաճաշելու։ Լավ կերակրում են,— շարունակեց Տելյանինը։— Դե, տվեք։

Նա ձեռը մեկնեց ու քսակը բռնեց։ Ռոստովը թողեց։ Տելյանինը քսակը վերցրեց ու գրպանը դրեց, և նրա հոնքերը նորից անփութորեն վեր քաշվեցին, իսկ բերանը ծռվեց թեթևակի, որ կարծես ասելիս լիներ. «այո, այո, գրպանս եմ դնում իմ քսակը, և դա շատ պարզ բան է, և ոչ ոք իրավունք չունի այդ բանին խառնվելու»։

— Հը, ի՞նչ կա, պատանյակ,— ասավ նա, հոգոց քաշելով և վեր քաշած հոնքերի տակից նայեց Ռոստովի աչքերին։ Աչքերի մի ինչ-որ լույս՝ էլեկտրական կայծի արագությամբ՝ սկսեց վազել Տելյանինի աչքերից դեպի Ռոստովի աչքերը և ընդհակառակը, դարձյալ ու նորից, և այս բոլորը մի ակնթարթում։

— Եկեք այստեղ,— ասավ Ռոստովը, Տելյանինի ձեռը բռնելով։ Ու գրեթե քարշ տվեց նրան դեպի լուսամուտը։— Այս փողերը Դենիսովինն են, դուք վերցրել եք…— շշնջաց նրա ականջին։

— Ի՞նչ… Ի՞նչ… ինչպե՞ս եք համարձակվում։ Ի՞նչ…— ասավ Տելյանինը։

Սակայն այդ խոսքերը հնչեցին աղաչական, հուսահատական ճիչով և ներողություն հայցող եղանակով։ Հենց որ Ռոստովն այդ ձայնը լսեց, կասկածի քարն ընկավ նրա հոգու վրայից։ Ուրախություն զգաց, և նույն վայրկյանին էլ խղճաց իր առջևը կանգնած թշվառ մարդուն, բայց սկսած գործը պետք է հասցներ իր վախճանին։

— Այստեղ մարդիկ, ո՛վ գիտի, ինչ կարող են մտածել,— փնթփնթաց Տելյանինը գլխարկը վերցնելով և դեպի դատարկ սենյակը գնալով,— պետք է բացատրվել…

— Ես այդ գիտեմ, և կապացուցեմ,— ասավ Ռոստովը։

— Ես…

Տելյանինի վախեցած, գունատված դեմքն սկսեց դողալ իր բոլոր մկաններով, հայացքը շարունակում էր թափառել, բայց միշտ ցածերում, ու չէր բարձրանում նայում Ռոստովի դեմքին, և հանկարծ հեծկլտանք լսվեց։

— Կո՜մս… երիտասարդ եմ, ինձ մի կործանեք… ահա այդ դժբախտ փողերը, վերցրեք…— Նա փողերը նետեց սեղանի վրա։— Ես ծեր հայր ունեմ, մա՜յր…

Ռոստովը փողը վերցրեց և, առանց Տելյանինին նայելու, առանց մի խոսք ասելու, դուրս եկավ սենյակից։ Բայց դռան մոտ կանգնեց ու ետ դարձավ։

— Աստված իմ,— ասավ նա արտասվալի աչքերով,— ինչպե՞ս ձեզ այդպիսի բան թույլ տվիք։

— Կոմս,— ասավ Տելյանինը, յունկերին մոտենալով։

— Ինձ ձեռ մի տաք,— ասավ նա մի կողմ քաշվելով։— Եթե կարիքի մեջ եք, առեք այս փողը։— Նա քսակը նետեց նրան ու արագ դուրս եկավ ճաշարանից։

V

Նույն օրը երեկոյան Դենիսովի բնակարանում հեծվաշտի սպաները տաք-տաք խոսում էին։

— Իսկ ես ձեզ ասում եմ, Ռոստով, դուք պետք է ներողություն խնդրեք գնդի հրամանատարից,— կաս-կարմիր կտրած, հուզված Ռոստովին դիմելով՝ ասում էր ալեխառն մազերով, ահագին բեղերով և կնճռոտ դեմքի խոշոր գծերով փոխ-կապիտանը։

Փոխ-կապիտան Կիրստենը պատվի խնդիրներով երկու անգամ աստիճանազուրկ էր արվել մինչև հասարակ զինվորություն և երկու անգամ էլ ձեռք էր բերել իր նախկին աստիճանը։

— Ես ոչ ոքի թույլ չեմ տա ինձ ասելու, թե ես ստում եմ,— բացականչեց Ռոստովը։— Նա ինձ ասավ, թե ես ստում եմ, իսկ ես պատասխանեցի, որ ինքն է ստում։ Այդպես էլ կվերջանա։ Ինձ հերթապահության կարող է նշանակել թեկուզ ամեն օր, կարող է և կալանքի տակ առնել, բայց ոչ ոք չի կարող ինձ հարկադրել ներողություն խնդրելու, որովհետև եթե նա, որպես գնդի հրամանատար, իրեն արժան չի համարում ինձ բավարարություն տալ, ուրեմն…

— Բայց սպասեք, սիրելիս. լսեցեք ինձ,— ընդհատեց փոխ-կապիտանն իր թավ ձայնով, երկար բեղերը հարթելով։— Դուք ուրիշ սպաների ներկայությամբ գնդի հրամանատարին ասում եք, թե սպան գողացավ…

— Ես մեղավոր չեմ, որ խոսակցություն բացվեց ուրիշ սպաների ներկայությամբ։ Թերևս նրանց ներկայությամբ չպետք է խոսեի, բայց ես դիվանագետ չեմ։ Ես դրա համար էլ հուսարական գունդը մտա, մտածելով, որ այստեղ նրբություններ պետք չեն. իսկ նա ինձ ասում է, թե ես ստում եմ… թող ուրեմն ինձ բավարարություն տա…

— Այդ բոլորը լավ, ոչ ոք չի կարծում, թե դուք վախկոտ եք, բայց բանն այդ չի։ Հարցրեք Դենիսովին. տեսնված բա՞ն է, որ յունկերը բավարարություն պահանջի գնդի հրամանատարից։

Դենիսովը, բեղը կոծելով, մռայլ տեսքով ականջ էր դնում խոսակցության, ըստ երևույթին չցանկանալով մասնակցել։ Փոխկապիտանի հարցին ի պատասխան, նա գլուխը շարժեց բացասաբար։

— Սպաների ներկայությամբ գնդի հրամանատարին ասում եք այդ զազրելի բանը,— շարունակեց փոխ-կապիտանը։— Բոգդանիչը (Բոգդանիչ կոչում էին գնդի հրամանատարին) ձեզ լռեցրեց։

— Չլռեցրեց, այլ ասավ, թե ես սուտ եմ խոսում։

— Այո, և դուք ամեն տեսակ հիմարություններ ասիք նրան, պետք է ուրեմն ներողություն խնդրել։

— Ոչ մի դեպքում,— գոչեց Ռոստովը։

— Ես այդ ձեզնից չէի սպասում,— լրջորեն ու խստությամբ ասավ փոխ-կապիտանը։— Դուք չեք ուզում նրանից ներողություն խնդրել, բայց սիրելիս, դուք ոչ միայն նրա, այլ ամբողջ գնդի, մեր բոլորի առաջ մեղավոր եք ոտից գլուխ։ Ահա թե ինչու. մի մտածեք կամ խորհրդակցեք՝ ինչպես վարվել այդ գործում, թե չէ ուղղակի, այն էլ սպաների ներկայությամբ, ա՛ռ հա քեզ — ամեն ինչ ասիք։ Հիմի ի՞նչ պիտի անի գնդի հրամանատարը։ Սպային դատի հանձնի և ամբողջ գունդը արատավորի՞։ Մի սրիկայի պատճառով ամբողջ գունդը խայտառակի՞։ Ա՞յդ է ձեր ուզածը։ Մենք այդպես չենք մտածում։ Եվ Բոգդանիչը՝ կեցցե՛, նա ասավ, որ դուք սուտ եք խոսում։ Անախորժ բան է, բայց ինչ արած, սիրելիս, ինքներդ առիթ տվիք։ Իսկ հիմա, երբ ուզում են խնդիրը փակել, դուք ինչ-որ հպարտության պատճառով չեք ուզում ներողություն խնդրել, այլ ուզում եք բոլորը պատմել։ Ձեզ համար վիրավորակա՛ն եք համարում հերթապահության կանգնելը։ Վիրավորակա՞ն եք համարում ներողություն խնդրել մի հին ազնիվ սպայից։ Ինչ էլ լինի Բոգդանիչը, այնուամենայինվ ազնիվ և հին քաջ գնդապետ է. դուք ներողություն խնդրելը վիրավորական եք համարում, իսկ գունդն արատավորելը ձեզ համար ոչի՞նչ։— Փոխ-կապիտանի ձայնը սկսեց դողալ։— Դուք, սիրելիս, գնդի մեջ նորելուկ եք. այսօր այստեղ եք, վաղը կերթաք մի տեղ ադյուտանտ կդառնաք, ու ձեզ համար թքած, թե կասեն. «պավլոգրադյան սպաների մեջ գողեր կան»։ Իսկ մեզ համար այդպես չի։ Այնպես չի՞, Դենիսով։

Դենիսովը շարունակում էր լռել ու չէր շարժվում, երբեմն միայն սև փայլուն աչքերով նայում էր Ռոստովին։

— Ձեր ինքնասիրությունը թանկ է ձեզ համար, ներողություն խնդրել չեք ուզում,— շարունակեց փոխ-կապիտանը,— իսկ մենք, ծերունիներս, որ մեծացել և, աստված տա, մեռնելու ենք գնդի մեջ, մեր գնդի պատիվը թանկ է մեզ համար, և Բոգդանիչն այդ գիտի։ Օ՜, որքան թանկ է, սիրելիս։ Իսկ քո արածը՝ լավ բան չի՛, լավ բան չի՛։ Կուզեք վիրավորվեք, կուզեք ոչ, ես ճշմարտությունը կասեմ։ Լավ չի՛։

Եվ փոխ-կապիտանը վեր կացավ ու երեսը շրջեց Ռոստովից։

— Ճիշտ է, գղողը տանի,— բացականչեց Դենիսովը տեղից վեր թռչելով։— Դե՛, Ղոստով։ Դե՛։

Ռոստովը, կարմրելով ու գունատվելով, նայում էր մերթ այս, մերթ մյուս սպային։

— Ոչ, պարոնայք, ոչ… դուք մի կարծեք… ես շատ լավ եմ հասկանում, իզուր եք իմ մասին այդպես կարծում… ես… ինձ համար… ես գնդի պատվի պաշտպանն եմ… և այդ գործով կապացուցեմ, և դրոշակի պատիվն ինձ համար… է, միևնույն է, ճիշտ է, ես մեղավո՜ր եմ…— նրա աչքերը լցվեցին արցունքով։— Մեղավո՛ր եմ, ոտից-գլուխ մեղավոր եմ… Հը, էլ ի՞նչ եք ուզում…

— Այ այդպես, կոմս,— երեսը շրջելով՝ գոչեց փոխ-կապիտանը, խոշոր ձեռով նրա ուսին խփելով։

— Ես քեզ ասում եմ որ,— գոչեց Դենիսովը,— սա լավ տղա է։

— Այդպես շատ լավ է, կոմս,— կրկնեց փոխ-կապիտանն ու կարծես նրա խոստովանության համար սկսեց տիտղոսներով մեծարել նրան։— Գնացեք և ներողություն խնդրեցեք ձերդ պայծառափայլություն, այո-ս։

— Ամեն ինչ կանեմ, պարոններ, ոչ ոք ինձնից մի խոսք չի լսի,— աղաչական ձայնով ասավ Ռոստովը,— բայց ներողություն խնդրել չեմ կարող, աստված վկա, չեմ կարող, ինչպես կուզեք։ Ինչպե՞ս պետք է ներողություն խնդրեմ. երեխայի նման թողությո՞ւն հայցեմ։

Դենիսովը ծիծաղեց։

— Ձեզ համար վատ կլինի։ Բոգդանիչը հիշաչար մարդ է, կտուժեք ձեր համառության համար,— ասավ Կիրստենը։

— Աստված վկա, համառություն չի։ Չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացում է, չեմ կարող…

— Է, կամքը ձերն է,— ասավ փոխ-կապիտանը։— Իսկ այդ սրիկան ո՞ւր է կորել,— հարցրեց նա Դենիսովին։

— Հիվանդ է ձևացել, կաղգադղված է վաղը հղամանով հեղացնել,— ասավ Դենիսովը։

— Դա հիվանդություն է, այլ կերպ չի կարելի բացատրել,— ասավ փոխ-կապիտանը։

— Հիվանդություն է թե հիվանդություն չի, աչքիս չեղևա, կսպանեմ,— գռռաց Դենիսովը արյունարբու ձայնով։

Ներս մտավ Ժերկովը։

— Դու որտեղի՞ց հայտնվեցիր,— դիմեցին սպաները նրան։

— Կռիվ ենք գնում, պարոններ։ Մակն իր ամբողջ բանակով գերի է ընկել։

— Խաբո՜ւմ ես։

— Ինքս եմ տեսել։

— Ինչպե՞ս։ Մակին ո՞ղջ տեսար։ Ձեռներո՞վ, ոտներո՞վ։

— Արշավա՜նք։ Արշավա՜նք։ Մի շիշ օղի տվեք այդ նորության համար։ Իսկ դու ինչպե՞ս ընկար այստեղ։

— Նորից գունդն ուղարկեցին այդ սատանայի՝ Մակի պատճառով։ Ավստրիացի գեներալը գանգատվել է վրաս։ Ես նրան շնորհավորեցի Մակի գալստյան առթիվ… Այդ ի՞նչ է պատահել, Ռոստով, կարծես բաղնիսից նոր ես դուրս եկել։

— Այստեղ, եղբայր, երկու օր է մեծ անհամություն կա։

Ներս մտավ գնդի ադյուտանտը և հաստատեց Ժերկովի բերած լուրը։ Հրամայված էր վաղը կռվի դուրս գալ։

— Պատերա՜զմ, պարոններ։

— Է, փառք աստծո, այստեղ երկար մնացինք։

VI

Կուտուզովը նահանջեց դեպի Վեննա, իր ետևից ոչնչացանելով Իննա (Բրաունաուի մեջ) և Տրաունա (Լինցի մեջ) գետերի կամուրջները։ Հոկտեմբերի 23-ին ռուսական զորքերն անցնում էին Էնս գետը։ Ռուսական գումակը, հրետանին և զորասյուները կեսօրին անցնում էին Էնս քաղաքի միջով, կամուրջի այս ու այն կողմը ձիգ-շարքեր կազմած։

Աշնանային տաք անձրևոտ օր էր։ Ընդարձակ հեռապատկերը, որ բացվում էր այն բարձունքից, ուր կանգած էր կամուրջը պաշտպանող ռուսական մարտկոցը, մերթ հանկարծ ծածկվում էր թեք իջնող անձրևի վարագույրով, մերթ բացվում հանկարծ, և արևի լույսի տակ հեռվում պարզ երևում էին պայծառացած առարկաները, կարծես լաքով պատած։ Ներքևը երևում էր փոքրիկ քաղաքը՝ իր սպիտակ տներով ու կարմիր տանիքներով, եկեղեցիով ու կամուրջով, որի երկու կողմը խմբված՝ հոսում էր ռուսական զորքերի զանգվածը։ Դանուբի ոլորանի վրա երևում էին նավեր, և կղզի, և պարտեզով մի դղյակ, որ շրջապատված էր Էնսի՝ Դանուբը թափվող ջրերով, երևում էր Դանուբի ձախ ժայռոտ և շամի անտառով ծածկված ափը՝ կանաչ գագաթների խորհրդավոր հեռվով ու կապույտին տվող կիրճերով։ Երևում էին վանքի աշտարակներ, որ բարձրանում էին շամի, կարծես կուսական ու վայրի անտառի ետևից։ Հեռվում, լեռան վրա, Էնսի մյուս կողմը երևում էին թշնամու հեծելադետներր։

Թնդանոթների արանքում, բարձրության վրա կանգնած էր վերջապահ զորամասի հրամանատար գեներալը՝ շքախմբին պատկանող մի սպայի հետ ու հեռադիտակով նայում-ուսումնասիրում էր շրջական։ Նրանից մի քիչ ետ՝ թնդանոթի փողին նստել էր Նեսվիցկին, որ գլխավոր հրամանատարի կողմից ուղարկված էր վերջապահ զորամասը։ Նեսվիցկուն ուղեկցող կազակը՝ պարկն ու ջրամանը տվավ նրան, և Նեսվիցկին սպաներին հյուրասիրեց խմորեղենով ու իսկական դոպպել-կյումելով։ Սպաներն ուրախ-զվարթ շրջապատել էին նրան՝ ոմանք չոքած, ոմանք տաճկական ձևով թաց կանաչի վրա ծալապատիկ նստած։

— Այո, այդ ավստրիացի իշխանը հիմար չի եղել, որ այստեղ դղյակ է շինել։ Փառավոր տեղ է։ Ինչո՞ւ չեք ուտում, պարոններ,— ասավ Նեսվիցկին։

— Խորապես շնորհակալ եմ, իշխան,— պատասխանեց սպաներից մեկը, հաճությամբ զրուցելով շտաբի այդպիսի բարձրաստիճան մի պաշտոնյայի հետ։— Հիանալի տեղ է։ Մենք հենց պարտեզի կողքով անցանք, երկու եղջերու տեսանք, իսկ տունը որքա՜ն հրաշալի է։

— Նայեցեք, իշխան,— ասավ մի ուրիշը, որը շատ էր ցանկանում դարձյալ խմորեղեն վերցնել, բայց քաշվում էր, և որ այդ պատճառով ձևացնում էր, թե դիտում է շրջակայքը,— մի նայեցեք, մեր հետևակներն արդեն հասան այնտեղ։ Ա՛յ այնտեղ փոքրիկ մարգագետնի վրա՝ ծառերի ետև, երեք հոգի ինչ-որ բան են քաշ տալիս։ Նրանք այդ պալատը կքանդեն։

— Այո, այո,— ասավ Նեսվիցկին։— Բայց, գիտեք, ես ինչ կցանկանայի,— ավելացրեց նա խմորեղենը իր գեղեցիկ բերանով ծամելով,— ա՛յ այնտեղ գնալ։

Նա ցույց տվեց սարի վրա երևացող աշտարակավոր վանքն ու ժպտաց, նրա աչքերը կուչ եկան ու փայլեցին։

— Լավ բան կլիներ, չէ՞, պարոններ։

Սպաները ծիծաղեցին։

— Գոնե մի քիչ վախեցնեինք այդ կույսերին։ Ասում են՝ իտալուհիներ են. մեջները կան ջահելներ էլ։ Իսկապես, կյանքիցս հինգ տարի կտայի՜։

— Չէ որ նրանք էլ տխրում են,— ծիծաղելով ասավ մի ապա, որ ավելի համարձակն էր երևում։

Մինչ այդ շքախմբի սպան, որ կանգնած էր գեներալի մոտ, իհչ-որ բան ցույց տվեց նրան, գեներալը նայում էր հեռադիտակով։

— Այո, այդպես էլ կա, այդպես էլ կա,— բարկացած ասավ գեներալը, հեռադիտակն աչքերից հեռացնելով և ուսերը թոթվելով,— այդպես էլ կա, խփելու են կամուրջին՝ անցնելու ժամանակ։ Բայց մերոնք ինչո՞ւ են դանդաղում։

Այն կողմը պարզ աչքով երևում էր թշնամին ու իր մարտկոցը, որից հանկարծ կաթնագույն մի ծուխ երևաց։ Ծխից հետո լսվեց մի հեռավոր կրակոց, և երևաց թե ինչպես մեր զորքերն շտապեցին անցնել կամուրջը։

Նեսվիցկին, փքվելով, վեր կացավ և, ժպտալով, գեներալին մոտեցավ։

— Չէի՞ք բարեհաճի մի քիչ ճաշակել, ձերդ գերազանցություն,— ասավ նա։

— Բանը վատ է,— ասավ գեներալը, չպատասխանելով նրան,— մերոնք դանդաղում են։

— Չմեկնե՞մ արդյոք, ձերդ գերազանցություն,— ասավ Նեսվիցկին։

— Այո, գնացեք, խնդրեմ,— ասավ գեներալը, կրկնելով այն, ինչ մի անգամ արդեն մանրամասնորեն հրամայված էր,— և հուսարներին ասեք, որ ամենից վերջը անցնեն ու կամուրջը վառեն, ինչպես հրամայել եմ, և թող կամուրջի վրա եղած վառվող նյութերը մե՛կ էլ ստուգեն։

— Շատ լավ, պատասխանեց Նեսվիցկին։

Նա ձայն տվեց ձին պահող կազակին, հրամայեց վերցնել պարկն ու ջրամանը և իր ծանր մարմինը թեթևորեն գցեց թամբի վրա։

— Իսկապես, գնալու եմ կույսերի մոտ,— ասավ նա սպաներին, որ ժպտերես նայում էին իրեն, ու ձին քշեց սարն ի վար ձգվող արահետով։

— Է, կապիտան, նշան բռնեցեք,— ասավ գեներալը, դիմելով թնդանոթաձիգ սպային։—- Փարատեցեք ձեր ձանձրույթը։

— Թնդանոթաձիգնե՛ր՝ թնդանոթների մոտ,— հրամայեց սպան։

Եվ մի րոպեի մեջ թնդանոթաձիգները խարույկների մոտից ուրախ-ուրախ վազեցին և սկսեցին թնդանոթները լցնել։

— Առաջի՛նը,— լսվեց հրամանը։

Առաջին համարը ժրությամբ ետ ցատկեց։ Թնգանոթը որոտաց մետաղի խլացուցիչ ձայնով, և ռումբը, շաչեչով, թռավ սարի ստորոտում գտնվող մեր զինվորների գլխի վրայից ու, թշնամուն չհասած, իր անկման տեղը ծխով հայտնի դարձնելով, պայթեց։

Զինվորների և սպաների դեմքերը զվարթացան այդ ձայնից. բոլորը վեր կացան և սկսեցին դիտել ներքևում, ինչպես ձեռի ափում, պարզ երևացող մեր զորքերի շարժումը ցածում և, մոտեցող թշնամու շարժումը՝ առջևում։ Այդ նույն վայրկյանին արևը բոլորովին դուրս եկավ ամպերի տակից, և այդ միայնակ կրակոցի գեղեցիկ ձայնն ու պայծառ արևի փայլը իրար ձուլվելով՝ ստեղծեցին մի առույգ ու զվարթ տրամադրություն։

VII

Կամուրջի վրայից թռան-անցան թշնամու երկու ռումբը, և կամուրջի վյրա այժմ հրհրոց էր։ Կամուրջի մեջտեղը, ձիուց իջած, կանգնել էր իշխան Նեսվիցկին՝ իր հաստ մարմնով ճաղերին սեղմված։ Նա ծիծաղադեմ ետ նայեց իր կազակին, որը, երկու ձիու սանձերը բռնած, կանգնել էր նրանից մի քանի քայլ հեռու։ Հենց որ իշխան Նեսվիցկին ուզեց առաջ շարժվել, զինվորներն ու սայլերը նորից ճաղերին սեղմեցին նրան, ու նրան էլ ոչինչ չէր մնում անել, եթե ոչ ժպտալ։

— Ի՜նչ ես անում, ախպեր ջան,— ասավ կազակը պաշարակիր սայլը վարող զինվորին, որ քշում էր անիվների և ձիերի շուրջը խմբված հետևակների վրա,— ի՞նչ ես անում։ Չե՞ս կարող մի քիչ համբերել. տեսնում ես՝ գեներալն ուզում է անցնել։

Բայց սայլը վարող զինվորն ուշադրություն չդարձրեց գեներալի անվանն ու ձայն տվեց ճանապարհը կտրող զինվորներին.

— Է՜յ, հայրենակիցներ, ձախ քաշվեցե՛ք, ճամփա տվե՛ք։

Բայց հայրենակիցներն իրար սեղմված, սվինները միմյանց դիպցնելով. անընդհատ, մի ընդհանուր զանգված կազմած շարժվում էին կամրջով։ Ճաղերից ցած նայելով՝ իշխան Նեսվիցկին տեսավ Էնսի սրընթաց, շառաչուն, մանրիկ ալիքները, որոնք կամուրջի ոտների մոտ իրար գալով և ուռչելով, հալածում էին մեկը մյուսին։ Կամուրջին նայելով՝ նա տեսավ զիվորների նույնքան միօրինակ կենդանի ալիքները, քութասներ. պայուսակներ, սվիններ, երկար հրացաններ, բարձրադիր գլխարկների տակից նայող լայն այտոսկրներով, փոս ընկած այտերով դեմքեր, որոնց վրա կար անհոգության մի արտահայտություն և կամուրջի տախտակների վրա տրորված լպրծուն ցեխի միջից շարժվող ոտքեր։ Երբեմն զինվորների միօրինակ ալիքների միջով, ինչպես Էնսի ալիքների մեջ ընկած մի ճերմակ փրփուր, անցնում էր մի սպա՝ իր թիկնոցով և զինվորներից տարբերվող կերպարանքով, երբեմն, ինչպես գետի հոսանքով տարվող մի տաշեղ, հետևակ զինվորների ալիքներով տարվում էր մի հետիոտն հուսար, սպասյակ կամ սոսկ բնակիչ, երբեմն՝ գետի երեսին լողացող գերանի պես, ամեն կողմից շրջապատված՝ կամուրջով անցնում էր մի վաշտային կամ սպայական սայլ՝ լիքը բարձած ու կաշիներով ծածկած։

— Տե՛ս, ամբարտակի պես քանդեց անցավ,— հուսահատորեն կանգ առնելով՝ ասավ կազակը։— Ձերոնցից դեռ շատ կա՞ն։

— Մի միլիոնից մի հատ պակաս,— աչքով արավ մոտիկից անցնող պատռված շինելով մի ուրախ զինվոր ու անհետացավ. նրա ետևից անցավ մի ուրիշ ծեր զինվոր։

— Երբ նա (նա — թշնամին) հիմի կամուրջի վրա կրակ թափի,— մռայլ ձայնով ասավ ծեր զինվորը իր ընկերոջը,— հանաքդ կմոռանաս։

Եվ զինվորը անցավ։ Նրա ետևից գնում էր սայլի վրա նստած մի զինվոր։

— Տո, գրողի տարած, ոտիս փաթաթաններն ո՞ւր ես դրել,— ասում էր սպասյակը, սայլի ետևից վազելով ու նրա ետևի մասը խառնելով։

Դա էլ ացնավ իր սայլով։ Նրա ետևից եկան ուրախ, ըստ երևույթին, խմած զինվորներ։

— Որ, ախպեր ջան, հրացանի կիթով ատամներին չտվե՜ց…— ուրախ-ուրախ ասում էր շինելի փեշերը վեր քաշած մի զինվոր, ձեռները լայն չարժելով։

— Ա՛ռ քեզ քաղցր ապուխտ,— պատասխանեց մի ուրիշը ծիծաղելով։

Դրանք էլ անցան, այնպես որ Նեսվիցկին չիմացավ, թե ո՛ւմ ատամներին են խփել և ապուխտը ի՛նչին էր վերաբերում։

— Նրա սառը զենքը տեսան՝ ո՜նց են վռազում. կարծես բոլորին պըտի կոտորի,— ասավ մի ենթասպա բարկացած, կշտամբանքով։

— Կողքիցս որ անցավ, քեռի ջան, էդ ռումբը,— ասում էր ծիծաղը հազիվ զսպելով մի մեծաբերան զինվոր.— տեղն ու տեղը լեզուս կապ ընկավ։ Աստված վկա, էնպե՛ս վախեցա, լեղիս ջուր դառավ,— ասում էր այդ զինվորը, կարծես պարծենալով, որ ինքը վախեցել է։

Դա էլ անցավ։ Նրան հետևեց մի սայլ, որ նման չէր մինչ այդ անցածներին։ Դա գերմանական ֆորշպան էր (սայլ) մի զույգ ձիով, որին, թվում էր, մի ամբողջ տուն են բարձել. ֆորշպանի ետևից կապված-գնում էր սիրուն, խայտախար, մեծակուրծ մի կով։ Վերմակների վրա նստել էր ծծկերը գրկած մի կին, մի պառավ և կաս-կարմիր դեմքով, առողջ գերմանացի աղջիկ։ Երևում էր տեղահանվող բնակիչներ էին և կամուրջից անցնում էին հատուկ թույլտվությամբ։ Բոլոր զինվորները նայեցին կանանց և, մինչ սայլն անցնում էր՝ քայլ առ քայլ շարժվելով, զինվորների ամբողջ խոսակցությունը դառնում էր այդ երկու կնոջ շուրջը միայն։ Բոլոր դեմքերի վրա գրեթե կար այդ կանանց նկատմամբ եղած անպարկեշտ մտքերի միևնույն ժպիտը։

— Տե՛ս, երշիկներն էլ են փախչում։

— Քրոջդ ծախի,— ասավ մի ուրիշ զինվոր, դիմելով գերմանացուն, որ աչքերը գետնին, բարկացած ու վախեցած մեծ֊մեծ քայլերով գնում էր սայլի հետ։

— Տես ո՜նց է զուգվել։ Ո՜ւ, գրողի տարածներ։

— Նրա կողքին ըլնեիր, Ֆյոդոտով։

— Տեսե՜լ եմ, ախպեր ջան։

— Ո՞ւր եք գնում,— հարցրեց մի հետևակ սպա, որ խնձոր ուտելով և նույնպես ժպտալով՝ նայում էր սիրուն աղջկան։

Գերմանացին աչքերը փակեց, ցույց տալով, թե չի հասկանում։

— Եթե ուզում ես՝ ա՛ռ,— ասավ սպան, խնձորը աղջկանը մեկնելով։

Աղջիկը ժպտաց և խնձորը վերցրեց։ Նեսվիցկին, ինչպես և կամրջի վրա գտնվող բոլոր մարդիկ, աչքը չհեռացրեց կանանցից, մինչև որ նրանք չանցան։ Երբ նրանք գնացին, նորից եկան-անցան նույնպիսի զինվորներ՝ նույն խոսակցություններով և, վերջապես, բոլորը կանգ առան։ Ինչպես այդ հաճախ է պատահում՝ կամուրջի ծայրին վաշտային սայլի ձիերը կանգնեցին-մնացին, և բոլորն ստիպված էին սպասել։

— Ինչո՞ւ են կանգնել։ Կարգ-կանոն չկա՞,— ասում էին զինվորներր։— Ո՞ւր ես քշում։ Սատանի ծնունդ։ Չեն ուզում սպասել։ Ավելի վատ կլինի, եթե նա կամուրջը վառի։ Տես, օֆիցերին էլ սեղմեցին,— խոսում էին ամեն կողմից կանգ առնող բազմությունները, իրար նայելով, ու հրում-սեղմում էին միմյանց՝ կամուրջից անցնելու։

Նայելով կամրջի տակի ջրերին՝ Նեսվիցկին հանկարծ իր համար բոլորովին նոր ձայն լսեց, որ արագորեն մոտենում էր… մի ինչ-որ խոշոր բան, որ հանկարծ ջուրն ընկավ։

— Տե՛ս ո՜ւր են խփում,— խստությամբ ասավ մոտիկ կանգնած մի զինվոր, ձայնի կողմը նայելով։

— Սիրտ է տալի, որ շուտ անցնենք,— ասավ մի ուրիշն անհանգիստ։

Ամբոխը նորից շարժվեց։ Նեսվիցկին հասկացավ, որ դա ռումբ էր։

— Էյ, կազակ, ձին մոտեցրու,— ասավ նա։— Է՛յ, դուք, մի կողմ քաշվե՛ք, ճամփա՛ տվեք։

Նա մեծ դժվարությամբ մոտեցավ ձիուն, և անդադար գոռալով՝ առաջ անցավ։ Զինվորները սեղմվում էին՝ նրան ճանապարհ տալու, բայց նորից նրան այնպես սեղմեցին, որ ոտը տրորեցին. բայց մոտ գտնվողները մեղավոր չէին, որովհետև նրանց ավելի՛ շատ էին սեղմում։

— Նեսվիցկի՛, Նեսվիցկի՛, է՜յ, ռեխ,— ձայն տվեց մեկն այդ միջոցին նրա ետևից։

Նեսվիցկին ետ նայեց և տասնուհինգ քայլի վրա՝ շարժվող հետևակի զանգվածի մեջ՝ տեսավ կարմրադեմ, սևաչյա, մազմազոտ, գլխարկը ծոծրակին թեքած և մենտիկը ուսին գցած Վասկա Դենիսովին։

— Հղամայի այդ սատանանեղին ճամփա տան,— գոչեց Դենիսովը, ըստ երևույթին շատ բարկացած, նրա ածուխի պես սև աչքերը փայլում էին բորբոքված սպիտակուցների մեջ. օդի մեջ շարժում էր պատյանից հանած թուրը, որ բռնել էր երեսի պես կարմրած փոքրիկ ձեռով։

— Է՞, Վասյա՞,— ուրախ պատասխանեց Նեսվիցկին։— Դու ի՞նչ գործ ունես այստեղ։

— Հեծվաշտը չի կաղողանում անցնել,— գոչեց Վասկա Դենիսովը, կատաղությամբ ճերմակ ատամները բանալով և իր սիրուն, սև ազնվացեղ Բեդուինին խթանելով, որը հանդիպող սվիններից ականջները թարթելով, փնչացնում էր՝ չորս կողմը փրփուր շաղ տալով, սմբակները շրխկոցով խփում էր կամրջի տախտակներին և, թվում էր, պատրաստ է ցատկել կամուրջի ճաղերից, եթե միայն հեծվորը թույլ տա։— Սա ի՞նչ բան է. ոչխաղնեղի պես խաղնվել են. ճիշտ և ճիշտ ոչխաղնեղ։ Հեղո՜ւ… ճամփա՜… է՛յ, սայլդ կանգնացղու, սատանի ծնո՜ւնդ։ Թղովս կտող-կտող կանեմ,— գոռաց նա, և իսկապես թուրը մերկացնելով սկսեց շարժել։

Զինվորները վախեցած դեմքերով իրար կպան և Դենիսովը մոտեցավ Նեսվիցկուն։

— Ի՞նչ է, հարբած չե՞ս,— ասավ Նեսվիցկին Դենիսովին։

— Խմելու ժամանակ էլ չեն տալիս,— պատասխանեց Դենիսովը։— Ամբողջ օրը գունդը դես ու դեն են քաշ տալիս։ Եթե կռվելու ենք՝ կռվենք։ Թե չէ, սատանան գիտի, սա ի՛նչ բան է։

— Ինչպե՜ս էլ պճնվել ես,— ասավ Նեսվիցկին, նայելով նրա նոր մենտիկին ու ձիու տապճակին։

Դենիսովը ժպտաց, զինվորական մախաղից թաշկինակը հանելով (որն անուշ բուրմունք տարածեց շուրջը), մոտեցրեց Նեսվիցկու քթին։

— Ո՜նց կլինի, կռի՛վ եմ գնում, սափրվեցի, ատամներս մաքրեցի և վրաս անուշահոտություն ցանեցի։

Նեսվիցկու պարթև կերպարանքը՝ իրեն ուղեկցող կազակով, և Դենիսովի վճռականությունը, որ թուրը շարժում էր ու գոռում կատաղի,— այնպիսի ազդեցություն արին, որ նրանք կամուրջի այն կողմն անցան և հետևակ զորքը կանգնեցրին։ Նեսվիցկին կամուրջի ծայրին գտավ այն գնդապետին, որին հայտնելու էր բերած հրամանը և, հանձնարարությունը կատարելով, ետ դարձավ։

Ճանապարհը մաքրելով՝ Դենիսովը կանգնեց կամուրջի բերանին։ Անփութորեն զսպելով յուրայինների մոտ ձգտող և ոտները գետնին զարկող նժույգին՝ նա նայում էր դեպ իրեն եկող հեծելազորին։ Կամրջի տախտակների վրա հնչեցին սմբակների պարզ ձայները, կարծես արշավում էին մի քանի ձիեր, և հեծելազորը, սպաներն առջևից, չորսական հոգուց շարքեր կազմած ձգվեցին-անցան կամրջի այն կողմը։

Կանգնեցված հետևակ զինվորները կամրջի մոտ տրորված ցեխի վրա հավաքված՝ խորթության անբարյացակամ զգացումով ու ծաղրանքով (ինչպես սովորաբար հանդիպում են զորքի տարբեր տեսակները) նայում էին մաքուր, պճնված հուսարներին, որ կանոնավոր շարքեր կազմած անցնում էին իրենց մոտով։

— Զուգված տղերք են։ Մնում է, որ զբոսանքի գնան։

— Դրանցից ի՜նչ օգուտ։ Ցույց տալու համար են ման ածում,— ասավ մի ուրիշը։

— Հետևակ, փոշի մի բարձրացնի,— կատակեց մի հուսար, որի տակ ձին խաղս լինելով՝ ցեխի ցալքուններ նետեց մի հետևակ զինվորի վրա։

— Ես քեզ մի առաջ դնեի ու քշեի, որ հոգիդ բերնովդ դուրս գար,— ասավ հետևակը, դեմքի ցեխը թևքով սրբելով,— ձի նստողը հո մարդ չի, թռչուն է։

— Այ լավ կլիներ, Զիկին, քեզ մի ձի նստացնեին, ո՜նց կքշեիր, — ծաղրեց թելանին (եֆրեյտորը)՝ պայուսակի ծանրության տակ կքած նիհար զինվորին։

— Մահակը կոխի ոտներիդ արանքը, ահա քեզ ձի,— վրա բերեց մի հուսար։

VIII

Մնացյալ հետևակը հապճեպ անցավ կամրջով, ձագարաձև կուտակվելով ելքի մոտ։ Վերջապես սայլերը բոլորն անցան, ճնշումն ու հրհրոցը պակասեց և վերջին գումարտակը ոտք դրեց կամուրջի վրա։ Միայն Դենիսովի հեծվաշտի հուսարներն էին մնացել կամուրջի այն կողմը՝ թշնամու դիմաց։ Հակառակորդը, որ երևում էր հեռվում, դիմացի սարի վրա, ներքևից, կամուրջից դեռ չէր տեսնվում, որովհետև այն ձորակից, որով հոսում էր գետը, հորիզոնը վերջանում էր հանդիպակաց բարձրունքներով՝ հազիվ կես վերստ հեռավորությամբ։ Առջևը ամայի տարածություն էր, ուր տեղ-տեղ շարժվում էին կազակ հեծելադետների խմբեր։ Հանկարծ ճանապարհի դիմացի բարձրության վրա երևացին կապտազգեստ զորքեր և հրետանի։ Ֆրանսացիներն էին։ Կազակ-հեծելագնդերը ձիերը քշեցին դեպի սարի ստորոտը։ Բոլոր սպաները և Դենիսովի հեծվաշտի զինվորները, թեև աշխատում էին խոսել կողմնակի նյութերի վրա ու նայել այս ու այն կողմ, բայց շարունակ մտածում էին միայն այն մասին, թե սարի վրայինը ի՛նչ է արդյոք, ու անդադար նայում էին հորիզոնի վրա երևացող բծերին, որոնց ընդունում էին հակառակորդի զորքերի տեղ։ Կեսօրից հետո եղանակը նորից պարզվեց։ Պայծառ արևը խոնարհվեց դեպի Դանուբը և նրան շրջապատող մթին լեռները։ Խաղաղ էր, երբեմն միայն դիմացի սարից լսվում էին թշնամու կանչերը և փողերի ձայնը։ Հեծվաշտի ու հակառակորդի միջև այլևս մարդ չկար, բացի հեծելադետների փոքրիկ խմբերից։ Նրանց իրարից բաժանողը երեք հարյուր սաժենաչափ մի դատարկ տարածություն էր։ Թշնամին դադարեցրեց կրակը, որից հետո ավելի պարզ զգացվեց այն դաժան, ահարկու, անմատչելի ու անշոշափելի գիծը, որ երկու հակառակորդ բանակները բաժանում էր իրարից։

«Բավական է մի քայլ անես այդ գծի այն կողմը, որը հիշեցնում է կենդանի մարդկանց մեռելներից բաժանող գիծը,— և այնտեղ դու կգտնես անհայտ տանջանք ու մահ։ Եվ ի՞նչ կա այնտեղ, ո՞վ կա, այնտեղ՝ արևի ճառագայթներով լուսավորված դաշտի, ծառերի ու տանիքների այն կողմը։ Ոչ ոք չգիտի, բայց ուզում ես իմանալ, և սարսափելի է այդ գիծն անցնելը, և միաժամանակ ուզում ես անցնել այն. և գիտես, որ վաղ թե ուշ ստիպված ես լինելու անցնել ու իմանալ ի՛նչ կա այնտեղ, այդ գծի այն կողմը, ինչպես և անհրաժեշտ է իմանալ, թե ինչ կա այնտեղ, մահից անդին։ Բայց ինքդ ուժեղ ես, առողջ, զվարթ ու գրգռված և շրջապատված ես նույնպիսի առողջ ու գրգռված-աշխույժ մարդկանցով»։ Եթե այսպես չի էլ մտածում, գոնե այսպես է զգում թշնամու դեմ գտնվող յուրաքանչյուր մարդ, և այդ զգացումը առանձին մի փայլ ու խորություն է տալիս այդ վայրկյանին նրա շուրջը կատարվող յուրաքանչյուր անցուդարձի տպավորություններին։

Թշնամու դիրքի վրա կրակոցի ծուխ երևաց, և ռումբը, շաչելով, եկավ-անցավ հուսարական հեծվաշտի գլխի վրայից։ Իրար մոտ խմբված սպաները՝ շտապեցին իրենց տեղերը։ Հուսարներն սկսեցին շարքերը հավասարեցնել։ Հեծվաշտում ամեն ինչ լռեց։ Բոլորը նայում էին առաջ՝ թշնամուն և վաշտի հրամանատարին, սպասելով նրա հրամանին։ Եկան-անցան երկրորդ, երրորդ ռումբերը։ Երևում էր՝ կրակում են հուսարների վրա, բայց ռումբերը համաչափ ուրախ շաչյունով թռչում էին հուսարների գլխի վրայից և գնում դիպչում նրանց ետևում ինչ-որ մի տեղ։ Հուսարները ետ չէին նայում, բայց թռչող ռումբի յուրաքանչյուր ձայնից, կարծես հատուկ հրամանով, ամբողջ հեծվաշտը՝ իր միատեսակ-բազմատեսակ դեմքերով, շունչը պահած, քանի դեռ թռչում էր ռումբը, բարձրանում էր ասպանդակների վրա և նորից իջնում։ Զինվորները, առանց գլուխները ծռելու, կողքանց նայում էին իրար, միմյանց դեմքի արտահայտությունը տեսնելու։ Դենիսովից սկսած մինչև փողահարը՝ յուրաքանչյուր դեմքի վրա՝ շուրթերի և կզակի շուրջը երևում էր ներքին պայքարի, լարվածության և հուզմունքի ընդհանուր գիծ։ Վերական (վախմիստրը), զինվորներին նայելով, հոնքերը կիտում էր, կարծես սպառնում էր պատժել։ Յունկեր Միրոնովը յուրաքանչյուր ռումբի թռիչքից կռանում էր։ Ռոստովն իր Գրաչիկը հեծած կանգնած էր ձախ թևում, և մեծ հասարակության առաջ քննություն տալու կանչված երջանիկ աշակերտի տեսք ուներ, աշակերտ, որը համոզված է, թե գերազանց է հանդիսանալու։ Նա պարզ, պայծառ հայացքով նայում էր բոլորին, կարծես խնդրելով, որ ուշադրություն դարձնեն, թե ինչպես է ինքը հանգիստ կանգնել ռումբի տակ։ Բայց նրա դեմքին էլ, հակառակ իր կամքի, բերանի շուրջը երևում էր նույն նոր ու խիստ դիծը։

— Ո՜վ է այնտեղ գլուխ խոնաղհում։ Յունկեղ Միղոնո՜վ։ Լավ չէ՛, նայեցե՛ք ինձ,— գոչեց Դենիսովը, որ մի տեղ կանգնել չէր կարողանում և ձիու վրա գնում-գալիս էր հեծվաշտի առաջ։

Վասկա Դենիսովի վեր ցցված քթով սևամազ դեմքը և նրա ամբողջ փոքր կերպարանքը՝ իր ջղուտ (կարճ մազմազոտ մատներով) ձեռով, որով բռնել էր մերկացրած թուրը, նույնն էր, ինչպես միշտ, մանավանդ երեկոյան դեմ երկու շիշ կոնծելուց հետո, միայն սովորականից ավելի կարմրած էր. նա ջուր խմող թռչունի պես՝ մազառատ գլուխը վեր տնկած, փոքրիկ ոտների խթանները անխնա սեղմում էր իր ազնիվ Բեդուինի կողերին Ու կարծես ետևի վրա ընկնելով, քշեց-գնաց վաշտի մյուս թևը և խռպոտ ձայնով պոռաց, որ ատրճանակներն ստուգեն։ Ապա մոտեցավ Կիրստենին։ Փոխ-կապիտանը՝ իր հաստլիկ մադյանին նստած՝ հանդարտաքայլ եկավ դեպի Դենիսովը։ Փոխ-կապիտանը, իր երկար բեղերով, ինչպես միշտ, լուրջ էր. միայն աչքերն էին փայլում սովորականից ավելի։

— Հ՞ը,— ասավ նա Դենիսովին,— բանը կռվի չի հասնելու։ Կտեսնես, ետ ենք գնալու։

— Սատանան գիտի, ի՜նչ են անում,— փնթփնթաց Դենիսովը։— Ա՛, Ղոստով,— ձայն տվեց նա յունկերին, նկատելով նրա զվարթ դեմքը։— Հը, վեղջապես սկսվեց։

Եվ նա ժպտաց խրախուսական ժպիտով, ըստ երևույթին ուրախանալով յունկերի վրա։ Ռոստովն իրեն բոլորովին երջանիկ զգաց։ Այդ միջոցին կամուրջի վրա երևաց հրամանատարը։ Դենիսովը ձին քշեց դեպի նա։

— Ձեղդ գեղազանցություն, թույլ տվեք հաղձակվել. ես նղանց կքշեմ։

— Ի՜նչ հարձակում,— ասավ հրամանատարը տաղտուկ ձայնով ու դեմքը խոժոռելով, կարծես աներես ճանճերից։— Ինչո՞ւ եք այստեղ կանգնել։ Տեսնում եք՝ ձիավոր կողմնախույզները նահանջում են։ Վաշտը ե՛տ տարեք։

Հեծվաշտը կամուրջն անցավ և դուրս եկավ կրակի տակից, չկորցնելով և ոչ մի մարդ։ Նրա ետևից անցավ և երկրորդ հեծվաշտը, որ գտնվում էր շղթայի մեջ, և ապա վերջին կազակները։

Պավլոգրադցիների երկու հեծվաշտը, կամուրջն անցնելով, մեկը մյուսի ետևից սարը բարձրացան։ Գնդի հրամանատար Կարլ Բոգդանովիչ Շուբերտը մոտեցավ Դենիսովի վաշտին, և այժմ հանդարտ գնում էր Ռոստովի կողքից, բայց ոչ մի ուշադրություն չդարձնելով նրա վրա, չնայած որ Տելյանինի պատճառով տեղի անեցած ընդհարումից հետո, նրանք այժմ առաջին անգամն էին տեսնվում։ Ռոստովը (այստեղ՝ ճակատում իրեն գգալով այդ մարդու իշխանության ներքո, մի մարդ, որի առջև իրեն այժմ մեղավոր էր համարում) աչքը չէր հեռացնում գնդի հրամանատարի ըմբիշային թիկունքից, խարտյաշ ծոծրակից և կարմիր վզից։ Ռոստովին մերթ թվում էր, թե Բոգդանիչն անուշադիր է ձևանում միայն, և թե նրա ամբողջ նպատակն այն է այժմ, որպեսզի փորձի յունկերի քաջությունը, ուստի և շտկվում էր ու նայում զվարթորեն. մերթ թվում էր թե Բոգդանիչը, դիտմամբ է իր կողքից քայլում, որպեսզի ի՛ր քաջությունը ցույց տա իրեն՝ Ռոստովին։ Երբեմն էլ մտքովն անցնում էր, թե իր թշնամին դիտմամբ վաշտը կուղարկի կատաղի հարձակման, որպեսզի պատժի իրեն՝ Ռոստովին։ Կամ երևակայում էր, թե կռվից հետո նա կմոտենա իրեն՝ վիրավորվածին և մեծահոգաբար հաշտության ձեռք կմեկնի։

Պավլոգրադցիներին ծանոթ վեր բարձրացրած ուսերով Ժերկովը (նա նորերս էր դուրս եկել նրանց գնդից) մոտեցավ գնդի հրամանատարին։ Ժերկովը, շտաբից քշվելուց հետո գնդում չմնաց, ասելով թե՝ հիմար չի, որ ճակատում նեղություններ քաշի, երբ շտաբում, ոչինչ չանելով, ավելի պարգևներ կստանա, և կարողացել էր արդեն պատվիրակի (օրդինարեց) պատշոն ստանալ իշխան Բագրատիոնի մոտ։ Այժմ վերջապահ գնդի հրամանատարից հրաման էր բերել իր նախկին պետին։

— Գնդապետ,— ասավ նա մռայլ լրջությամբ, դիմելով Ռոստովի թշնամուն ու նայելով ընկերներին,— հրամայված է կանգ առնել և կամուրջն այրել։

— Ո՞վ է հրամայել,— հարցրեց գնդապետը խոժոռ։

— Ես էլ չգիտեմ, գնդապետ, ով է հրամայել,— պատասխանեց Ժերկովը լրջությամբ,— միայն իշխանն ինձ կարգադրեց. «Գնա և գնդապետին ասա, որ հուսարները շուտ վերադառնան և կամուրջն այրեն»։

Ժերկովի ետևից նույն հրամանով հուսարական գնդապետի մոտ եկավ շքախմբի սպաներից մեկը։ Շքախմբի սպայից հետո՝ կազակի ձի հեծած, որը հազիվ էր տանում նրան, եկավ գիրուկ Նեսվիցկին։

— Չէ որ, գնդապետ,— գոչեց նա դեռ հեռվից,— ես ձեզ ասի, որ կամուրջն այրեք. մեկը երևի ձեզ սխալանքի մեջ է գցել. այնտեղ մարդիկ խենթանում են, ոչինչ չի կարելի ջոկել։

Գնդապետը առանց շտապելու կանգնեցրեց գունդը և դարձավ Նեսվիցկուն։

— Դուք ինձ վառվող նյութերի մասին ասիք,— ասավ նա,— իսկ կամուրջն այրելու մասին ոչինչ չասիք։

— Ինչպես չէ, եղբայր,— ասավ Նեսվիցկին կանգ առնելով և, գլխարկը վերցնելով, փափլիկ մատներով սղալեց քրտինքից թացացած մազերը,— ինչպես չեմ ասել, թե կամուրջը պիտի այրել, երբ դյուրավառ նյութեր են դրված։

— Ես ձեզ համար «եղբայր» չեմ, պարոն բարձրակա սպա (շտաբ-օֆիցեր), իսկ դուք ինձ չեք ասել, որ կամուրջն այրեմ։ Ես ծառայությունս գիտեմ և սովորություն ունեմ հրամանը ճշտությամբ կատարել։ Դուք ասիք՝ կամուրջը կայրեն, իսկ թե ով կայրի, ես սուրբ հոգով չեմ կարող իմանալ…

— Է, միշտ այդպես եք,— ձեռը թափ տալով՝ ասավ Նեսվիցկին։— Դու ի՞նչ գործ ունես այստեղ,— դարձավ նա Ժերկովին։

— Նույն գործով։ Բայց դու քրտնել ես, թող սրբեմ։

— Դուք, պարոն բարձրակա սպա, ասիք որ,— շարունակեց գնդապետը նեղացած…

— Գնդապետ,— ընդհատեց շքախմբի սպան,— պետք է շտապել, թե չէ թշնամին թնդանոթները կմոտեցնի՝ կարտեչ կթափի։

Գնդապետը անխոս նայեց շքախմբի սպային, հաստլիկ Նեսվիցկուն, Ժերկովին ու մռայլվեց։

— Ես կամուրջը կայրեմ,— ասավ նա հանդիսավոր եղանակով, որ կարծես ուզում էր ասել, թե չնայած իրեն պատճառած բոլոր անախորժություններին, ինքն այնուամենայնիվ կանի այն, ինչ պարտավոր է։

Իր երկար մկանուտ ոտները խփելով ձիուն, կարծես ամեն բանում նա էր մեղավոր, գնդապետն առաջ անցավ և 2-րդ հեծվաշտին (հենց այն վաշտին, ուր ծառայում էր Ռոստովը՝ Դենիսովի հրամանատարության տակ) հրամայեց վերադառնալ ետ՝ դեպի կամուրջը։

«Է, այդպես էլ կա, չէի սխալվում,— մտածեց Ռոստովը,— նա ուզում է ինձ փորձե՜լ։— Նրա սիրտը կծկվեց և արյունը խփեց երեսը։— Թող փորձի, տեսնենք վախկոտ եմ»,— մտածեց նա։

Նորից վաշտի զինվորների ուրախ-զվարթ դեմքերին երևաց այն լուրջ արտահայտությունը, որ նկատվում էր այն ժամանակ, երբ նրանք կանգնել էին ռումբերի տակ։ Ռոստովն աչքը չէր հեռացնում իր թշնամուց՝ գնդի հրամանատարից, ցանկանալով իր ենթադրությունը հաստատող մի նշան տեսնել նրա դեմքին, բայց գնդապետը ոչ մի անգամ չնայեց Ռոստովին. նա իր առջևն էր նայում՝ խիստ ու հանդիսավոր։ Հրամանը լսվեց։

— Շո՛ւտ։ Շո՛ւտ,— կրկնեցին մի քանի ձայներ։

Սրերը ձիերի սանձերին դիպցնելով, խթաններով աղմկելով՝ հուսարներն իջան ձիերից՝ իրենք էլ չիմանալով, թե ինչ պիտի անեն։ Նրանք խաչակնքեցին երեսները։ Ռոստովն էլ գնդի հրամանատարին չնայեց,— ժամանակ չկար։ Նա վախենում էր, սաստիկ վախենում էր, թե հանկարծ հուսարներից ետ չմնա։ Նրա ձեռը դողաց, երբ ձին հանձնեց ձիապահին, և զգաց, որ արյունն արագորեն հոսեց դեպի սիրտը։ Դենիսովը՝ ետ թեքված մի ինչ-որ բան գռռալով՝ անցավ նրա կողքով։ Ռոստովն, իր շուրջը վազող հուսարներից բացի էլ բան չէր տեսնում։

— Պատգարա՛կ,— կանչեց մի ձայն ետևից։

Ռոստովը չմտածեց, թե ինչ է նշանակում պատգարակ պահանջելը. նա վազում էր, աշխատելով բոլորից առաջ անցնել. բայց հենց կամրջի մոտ, ոտի տակ չնայելով, սայթաքեց լպրծուն ցեխի վրա ու երեսն ի վայր ընկավ գետին։ Մյուսները նրանից առաջ անցան։

— Երկու կողմի վրա էլ, ռոտմիստր,— լսվեց գնդի հրամանատարի ձայնը, որ առաջ անցնելով՝ հանդիսավոր և ուրախ դեմքով ձիով կանգնել էր կամրջի մոտ։

Ռոստովը, ցեխոտած ձեռները վարտիքին քսելով, նայեց իր թշնամուն և ուզեց առաջ վազել, կարծելով թե որքան առաջ անցնի, այնքան լավ կլինի։ Բայց Բոգդանիչը, թեև չնայեց ու չճանաչեց Ռոստովին, պոռաց նրա վրա.

— Այդ ո՞վ է կամրջի մեջտեղով վազում։ Դեպի ա՛ջ։ Յունկեր, ե՛տ դարձիր,— բարկացած բղավեց նա և դարձավ Դենիսովին, որ իր քաջությունը ցույց տալու համար, ձին քշեք կամուրջի տախտակների վրա։

— Ռիսկելու տեղը չէ, ռոտմիստր։ Լավ կանեք իջնեք,— ասավ գնդապետը։

— Է, գնդակը մեղավորին կգտնի,— պատասխանեց Վասկա Դենիսովը, թամբի վրա շուռ գալով։

Մինչդեռ Նեսվիցկին, Ժերկովը և շքախմբի սպան, կրակոցների շրջանից դուրս, միասին կանգնած՝ նայում էին մերթ հուսարների այդ փոքր խմբին, որ իրենց դեղին բարձրադիր գլխարկներով, մութ-կանաչ բաճկոններով և կապույտ վարտիքներով խռնվել էին կամուրջի մոտ, մերթ նայում էին այն կողմը՝ հեռվից մոտեցող կապույտ կապոտներին և ձիավորների խմբերին, որոնց հեշտությամբ կարելի էր ընդունել թնդանոթների տեղ։

«Կամուրջը կարո՞ղ են վառել թե ոչ։ Ո՞վ կարող է կանխել։ Մերոնք կարո՞ղ են հասնել ու կամուրջը վառել, թե՞ ֆրանսիացիք առաջ կգան ու կարտեչով կկոտորեն մերոնց»։ Ակամա, սրտդողով այս հարցերն էին տալիս իրենց կամուրջից վեր գտնվող բազմաթիվ զինվորներից յուրաքանչյուրն ու երեկոյի պայծառ լույսով նայում էին կամուրջին, հուսարներին և այն կողմը՝ սվիններով ու թնդանոթներով առաջացող կապույտ կապոտներ հագած թշնամուն։

— Վա՜յ։ Հուսարների բանը վա՛տ է լինելու,—ասավ Նեսվիցկին,— հիմա արդեն հրանոթի կկապեն՝ կարտեչ կթափեն։

— Նա իզուր այդքան շատ մարդ տարավ,— ասավ շքախմբի սպան։

— Իսկապես,— ասավ Նեսվիցկին։— Երկու քաջ տղա ուղարկեր, միևնույն է, գործը գլուխ կբերեին։

— Օհ, ձերդ պայծառափայլություն,— միջամտեց Ժերկովը, աչքը չհեռացնելով հուսարներից, բայց դարձյալ իրեն հատուկ միամիտ ձևով, որից դժվար էր հասկանալ՝ լո՞ւրջ է ասում թե՞ հանաք է անում։— Օ՜հ, ձերդ պայծառափայլություն, ի՞նչ եք ասում, եթե երկու հոգի ուղարկեր, հապա մեզ ո՞վ Վլադիմիրի շքանշան կտար։ Իսկ այսպես, թեև կթակեն, բայց կարելի է մի վաշտ ներկայացնել և ժապավենն ստանալ։ Մեր Բոգդանիչը կարգն իմանում է։

— Էհե՜,— ասավ շքախմբի սպան,— սա արդեն կարտեչ է։

Նա ցույց տվեց ֆրանսական հրանոթները, որոնք քարշակները թողելով՝ հեռացան։

Ֆրանսական դիրքերում, այնտեղ, ուր հրանոթներն էին, գրեթե միաժամանակ, երեք ծուխ երևաց, և այն րոպեին, երբ լսվեց առաջին կրակոցի ձայնը, երևաց չորրորդ ծուխը։ Երկու կրակոց իրար ետևից, ապա երրորդը։

— Օօ՜ֆ,— տնքաց Նեսվիցկին, կարծես այրող մի ցավից, բռնելով շքախմբի սպայի ձեռը։— Նայեցեք, մեկն ընկավ, ընկավ, ընկա՜վ։

— Երկո՞ւսը, կարծես։

— Եթե թագավոր լինեի, երբեք չէի պատերազմի,— ասավ Նեսվիցկին՝ երեսը շուռ տալով։

Ֆրանսացիք հապճեպ հրանոթները լցրին նորից։ Կապտազգեստ հետևակները վազելով շարժվեցին դեպի կամուրջը։ Նորից իրարից տարբեր ժամանակ, ծխեր երևացին, և կարտեչը տրաք-տրաքեց ու շեպեց կամուրջին։ Բայց այս անգամ Նեսվիցկին չկարողացավ տեսնել, թե ինչ է կատարվում կամուրջի վրա։ Կամուրջից թանձր ծուխ բարձրացավ։ Հուսարները հաջողել էին կամուրջը վառել, և ֆրանսական մարտկոցները նրանց վրա կրակում էին արդեն ոչ թե նրա համար, որ խանգարեն, այլ նրա համար, որ հրանոթները արդեն ուղղված էին թշնամու վրա և կարելի էր կրակել։

Ֆրանսացիք կարողացան երեք անգամ կարտեչ արձակել, նախքան հուսարները վերադարձան ձիապանների մոտ։ Երկու համագարկը վրիպեցին, և կարտեչն անցավ-գնաց, բայց վերջին զարկը դիպավ հուսարների խմբի մեջտեղը և երեքին գետին տապալեց։

Ռոստովը, մտահոգված իր ու Բոգդանիչի փոխհարաբերությամբ, կանգնել էր կամուրջի վրա՝ չիմանալով ինչ անել։ Մարդ չկար, որ կոտորի (ինչպես նա էր պատկերացնում կռիվը). կամուրջն այրողներին օգնել նույնպես չէր կարող, որովհետև, մյուս զինվորների նման, հետը ոլորած ծղնոտ չէր վերցրել։ Նա կանգնել-նայում էր, երբ հանկարծ, թափվող ընկույզների նման, տրաք-տրաքոց լսվեց կամուրջի վրա, և հուսարներից մեկը, որ ավելի մոտ էր կանգնած նրան, հառաչանքով ընկավ կամուրջի ճաղի վրա։ Ռոստովը՝ ուրիշների հետ միասին, նրա մոտ վազեց։ Նորից մեկը ձայն տվեց. «Պատգարա՛կ»։ Չորս հոգի բռնեցին ընկած հուսարին և սկսեցին բարձրացնել։

— Օօ՜օ՜, թողեք, ի սեր Քրիստոսի,— պոռաց վիրավորը. բայց և այնպես նրան բարձրացրին ու պատգարակի վրա դրին։

Նիկոլայ Ռոստովը երեսը շրջեց ու, կարծես ինչ-որ բան որոնելով, սկսեց նայել դեպի հեռուն, Դանուբի ջրերին, երկնքին ու արևին։ Ինչպե՜ս գեղեցիկ էր թվում երկինքը, որքա՜ն կապույտ, անդորր ու խորունկ։ Որքա՜ն պայծառ ու վեհ էր մայր մտնող արևը։ Ի՜նչ դուրեկան փայլով էին շողշողում հեռու Դանուբի ջրերը։ Էլ ավելի լավ ու գրավիչ էին հեռավոր, Դանուբի այն կողմը կապույտին տվող լեռները, վանքը, խորհրդավոր կիրճերը, մինչև կատարները մշուշով լցված շամի անտառները… այնտեղ խաղաղ է ու երջանիկ… «Ոչինչ, ոչինչ չէի ցանկանա, ոչինչ չէի ուզի, միայն թե այնտեղ լինեի,— մտածում էր Ռոստովը։— Մենակ իմ և այս արևի մեջ այնքա՜ն երջանկություն կա, իսկ այստեղ… հառաչանք, տանջանք ու սարսափ, և այս անորոշությունը, այս շտապողականությունը… Ահա նորից գոռում են ինչ-որ և բոլորը կրկին ետ են վազում, ու ես նրանց հետ. ահա և նա, ահա և նա — մահը, սավառնում է իմ գլխի վերև ու իմ շուրջը։ Մի ակնթարթ — և ես այլևս երբեք չեմ տեսնի այս արևը, այս ջրերը, այս կիրճը»։

Այդ րոպեին արևը ծածկվեց ամպերով։ Ռոստովի առջև երևացին ուրիշ պատգարակներ։ Եվ մահվան ու պատգարակների երկյուղը և թե արևի ու կյանքի սերը՝ բոլորը ձուլվեցին մի հիվանդագին-տագնապալի տպավորության մեջ։

«Տե՜ր աստված։ Նա, ով այս երկնքումն է, փրկիր, ներիր և պաշտպանիր ինձ», շշնջաց Ռոստովն ինքն իրեն։

Հուսարները հասան ձիապաններին, ձայները հնչեցին ավելի բարձր ու հանգիստ, պատգարակներն աներևույթացան։

— Հը, ախպեղս, վաղոդի հոտն աղա՞ր,— հնչեց նրա ականջին Վասկա Դենիսովի ձայնը։

«Ամեն ինչ վերջացավ, բայց ես վախկոտ եմ, այո, վախկոտ եմ», մտածեց Ռոստովը և, մի ծանր հոգոց քաշելով, ձիապահի ձեռից առավ իր Գրաչիկի սանձն ու սկսեց հեծնել։

— Ի՞նչ էր այդ, կարտե՞չ,— հարցրեց նա Դենիսովին։

— Այո, այն էլ ինչպիսի՜,— բացականչեց Դենիսովը։— Քաջի պես գործ տեսաք։ Բայց զզվելի գողծ է։ Հաղձակումը — հիանալի բան է, կոտողիր աջ ու ձախ, իսկ այստեղ, գղողը տանի, այնպես են խփում կարծես նշան են առնում։

Եվ Դենիսովը գնաց-միացավ Ռոստովից քիչ հեռու կանգնած գնդի հրամանատարին, Նեսվիցկուն, Ժերկովին և շքախմբի սպային։

«Բայց, կարծեմ, ոչ ոք չնկատեց», մտածեց Ռոստովն ինքն իրեն։ Եվ իրոք, ոչ ոք ոչինչ չէր նկատել, որովհետև յուրաքանչյուրին ծանոթ էր այն, ինչ առաջին անգամ զգաց վառոդի հոտ չառած յունկերը։

— Այ հիմա որ կզեկուցվի,— ասավ Ժերկովը,— հանկարծ տեսար ինձ էլ փոխ-տեղակալի աստիճան տվին։

— Հայտնեցեք իշխանին, որ ես կամուրջը վառեցի,— ասավ գնդապետը հանդիսավոր ու զվարթ։

— Իսկ եթե հարցնի ի՞նչ կորուստ եք ունեցել։

— Աննշա՜ն բան,— պատասխանեց գնդապետը բամբ ձայնով,— վիրավորված են երկու հուսար, և մեկը սպանված է տեղն ու տեղը,— ասավ նա նկատելի ուրախությամբ, չկարողանալով զսպել իր երջանիկ ժպիտը, շեշտելով առանձնապես «տեղն ու տեղը» բառը։

IX

Բոնապարտի հրամանատարության տակ գտնվող ֆրանսական հարյուր հազարանոց բանակից հետապնդվելով, թշնամաբար տրամադրված բնակիչների վերաբերմունքին հանդիպելով, չվստահելով այլևս իր դաշնակիցներին, պարենի պակասություն զգալով և հարկադրված լինելով կռվել պատերազմական չնախատեսված պայմաններում,— ռուսական երեսունհինգ հազարանոց բանակը՝ Կուտուզովի առաջնորդությամբ, հապճեպ նահանջում էր Դանուբն ի վար, կանգ առնելով այն տեղերում, ուր թշնամին հասնում էր ետևից, և վերջապահ մասերի կռվով պաշտպանվում էր այնքան, որքան դա հարկավոր էր՝ նահանջել — առանց զենք ու մթերք կորցնելու։ Ընդհարումներ եղան Լամբախի, Ամշտետենի և Մելկի մոտ. բայց չնայած ռուսների քաջության ու անվեհերության, մի բան, որ թշնամին անգամ խոստովանում էր, այնուամենայնիվ այդ ընդհարումների հետևանքը լինում էր ռուսների ավելի ևս արագ նահանջը։ Ավստրիական զորքերը, որ Ուլմի մոտ հազիվ ազատվել էին գերի ընկնելուց և Բրաունաուի մոտ միացել էին Կուտուզովին, այժմ բաժանվեցին նրանից, և Կուտուզովին մնաց միայն իր թույլ, հյուծված զորքը։ Այլևս Վեննան պաշտպանելու մասին մտածելն իսկ ավելորդ էր։ Ռազմագիտական օրենքների համաձայն խորապես մտածված հարձակողական պատերազմի փոխարեն (որի ծրագիրը ավստրիական հոֆկրիգսռատը հանձնել էր Կուտուզովին՝ Վեննայում եղած ժամանակ), այժմ Կուտուզովի միակ, գրեթե անհասանելի նպատակն այն էր, որ առանց բանակը կորցնելու (ինչպես Մակն արավ Ուլմի մոտ), միանա Ռուսաստանից եկող զորքերին։

Հոկտեմբերի 28-ին Կուտոզովը բանակի հետ միասին անցավ Դանուբի ձախ ափը, և առաջին անգամ կանգ առավ, Դանուբը դարձնելով անջրպետ իր և ֆրանսական գլխավոր ուժերի միջև։ 30-ին նա հարձակվեց ձախ ափին գտնվող Մորտյեի դիվիզիայի վրա ու ջարդեց։ Այդ կռվում ռուսներն առաջին անգամ վերցրին հաղթանիշներ (տրոֆեյ) - դրոշակներ, թնդանոթներ ու գերի առան նաև երկու գեներալ։ Երկու շաբաթ տևող նահանջից հետո ռուսներն առաջին անգամ կանգ առան և կռվից հետո պատերազմի դաշտր ոչ միայն իրենց ձեռքում պահեցին. այլև ֆրանսացիներին քշեցին։ Չնայած զորքը մերկ էր, հյուծված, չնայած մի երրորդ մասը սպանվել, վիրավորվել ու հիվանդացել էր. չնայած Դանուբի մյուս ափին մնացել էին հիվանդներ ու վիրավորներ, որոնց Կուտուզովն իր նամակով հանձնել էր թշնամու մարդասիրության, չնայած Կրեմսի հիվանդանոցներն ու տները լիքն էին և բոլոր հիվանդներին ու վիրավորներին տեղ չկար,— չնայած այս բոլորին, Կրեմսի մոտ կանգ առնելը և Մորտյեի վրա տարած հաղթանակը զգալի չափով բարձրացրին զորքի ոգին։ Ամբողջ բանակում և գլխավոր շտաբում ուրախ, թեև ոչ ճիշտ, լուրեր էին շրջում, իբր թե Ռուսաստանից զորքեր են գալիս, իբր թե ավստրիացիք հաղթանակ են տարել և Բոնապարտը վախեցած նահանջում է։

Իշխան Անդրեյը ճակատամարտի ժամանակ գտնվում էր այդ կռվում սպանված ավստրիացի գեներալ Շմիտի մոտ։ Նրա տակի ձին վիրավորվել էր, իսկ ձեռը թեթև քերծվել էր գնդակից։ Ի նշան գլխավոր հրամանատարի առանձին ողորմածության՝ նա այս հաղթանակի տեղեկագրով ուղարկվեց ավստրիական արքունիքը, որ այժմ գտնվում էր ոչ թե Վիեննայում, որին սպառնում էին ֆրանսական զորքերը, այլ Բրյուննում։ Ճակատամարտի գիշերը նա հուզված, բայց ոչ հոգնած (չնայած իր տկար կազմվածքին՝ իշխան Անդրեյը ամենաուժեղ մարդուց ավելի լավ դիմացավ ֆիզիկական հոգնածության) ձիով եկավ Կրեմս՝ Կուտուզովի մոտ՝ Դոխտուրովի զեկուցագիրը նրան հանձնելու և նույն գիշերն իսկ իշխան Անդրեյը, իբրև սուրհանդակ, ուղարկվեց Բրյունն։ Սուրհանդակ ուղարկվելը, պարգևատրությունից բացի, նշանակում էր մի կարևոր քայլ պաշտոնի բարձրացման ուղղությամբ։

Մութ, աստղալից գիշեր էր. ճանապարհը սևին էր տալիս ճերմակ ձյուների միջև, որ տեղացել էր կռվի երեկոյան։ Մերթ անցած ճակատամարտի տպավորությունները վերհիշելով, մերթ ուրախորեն պատկերացնելով այն տպավորությունը, որ նա թողնելու է հաղթանակի լուրը հաղորդելով, և՝ հիշելով թե ինչպես ճանապարհ դրին իրեն գլխավոր հրամանատարն ու ընկերները,— իշխան Անդրեյը արշավում էր պոստային սայլակ նստած. նա երկար ժամանակ երջանկության սպասող և, վերջապես, այդ ցանկալի երջանկության դուռը հասած մարդու զգացումն ուներ։ Աչքերը փակում էր թե չէ՝ ականջներում հնչում էր հրացանների ու հրանոթների որոտը, որ խառնվում էր անիվների ձայնին ու հաղթանակի տպավորության։ Մերթ նրան պատկերանում էր, թե ռուսները փախչում են, թե ինքն սպանված է. բայց սթափվում էր իսկույն՝ երջանիկ զգացումով, կարծես նոր էր միայն իմանում, որ այդպիսի բան չկա, որ, ընդհակառակը, փախչողը ֆրանսիացիք էին։ Նորից հիշում էր հաղթության մանրամասնությունները, իր սառնասիրտ արիությունը ճակատամարտի ժամանակ և, հանգստանալով, ննջում… Մութ աստղալից գիշերից հետո՝ բացվեց մի պայծառ, ուրախ առավոտ։ Ձյունը հալվում էր արևի տակ, ձիերը սլանում էին արագ, և աջից ու ձախից իրար հաջորդում էին նորանոր բազմատեսակ անտառներ, դաշտեր ու գյուղեր։

Մի կայարանում նա հանդիպեց ռուս վիրավորներ տանող սայլերի։ Տրանսպորտի ղեկավար ռուս սպան, առաջին սայլին փռված-նստած՝ բղավում էր ինչ-որ ու կոպիտ խոսքերով հայհոյում մի զինվորի։ Գերմանական յուրաքանչյուր երկարուկ ֆորշպանի (սայլ) վրա, քարքարոտ ճանապարհին, ծուլ-ծուլ էին լինում վեց կամ ավելի գունատ, վիրակապված ու կեղտոտ հիվանդներ։ Նրանցից ոմանք խոսում էին (իշխան Անդրեյը լսեց ռուսերեն խոսակցություն), մյուսները հաց էին ուտում, իսկ ամենածանր վիրավորներն անխոս, հեզ ու հիվանդագին մանկական հետաքրքրությամբ, նայում էին իրենց մոտով սլացող սուրհանդակին։

Իշխան Անդրեյը հրամայեց կանգնել ու մի զինվորի հարցրեց, թե ո՞ր կռվում են վիրավորվել։ «Երեկ չէ, առաջի օրը՝ Դանուբի ափին», պատասխանեց զինվորը։ Իշխան Անդրեյը քսակը հանեց և երեք ոսկի տվավ զինվորին։

— Բոլորի համար,— ավելացրեց նա, դառնալով իրեն մոտեցող սպային։— Առողջացեք, տղերք,— դարձավ նա զինվորին,— դեռ շատ կռիվներ ունենք։

— Ի՞նչ նորություններ կան, պարոն ադյուտանտ,— հարցրեց սպան, ըստ երևույթին խոսակցություն սկսելու ցանկությամբ։

— Լա՛վ նորություններ։ Քշի՛ր,— ձայն ավեց նա կառապանին և սլացավ առաջ։

Բոլորովին մութն էր արդեն, երբ իշխան Անդրեյը Բրյունն մտավ և իրեն շրջապատված տեսավ բարձր տներով, խանութների, լուսամուտների ու լապտերների առատ լույսով, սալահատակը աղմկող շքեղ կառքերով, մի խոսքով՝ մեծ եռուն քաղաքի այն մթնոլորտով, որը միշտ այնպես գրավիչ է լինում զինվորականի համար՝ բանակային կյանքից հետո։ Իշխան Անդրեյը, չնայած հապճեպ արշավին և անքուն անցրած գիշերին, պալատին մոտենալով, իրեն ավելի աշխույժ էր զգում, քան նախընթաց օրը։ Միայն աչքերն էին պսպղում տենդային փայլով, և մտքերը հաջորդում էին զարմանալի արագությամբ ու պայծառությամբ։ Նորից կենդանի պատկերացան նրան ճակատամարտի մանրամասնությունները, արդեն ոչ թե աղոտ կերպով, այլ որոշակի, հակիրճ ձևով, որը նա երևակայությամբ հայտնում էր Ֆրանց կայսեր։ Կենդանի պատկերացնում էր այն անակնկալ հարցումները, որ կարող էին անել իրեն, և այն պատասխանները, որ ինքը տալու էր նրանց։ Ենթադրում էր, թե իրեն անմիջապես կներկայացնեն կայսեր։ Բայց պալատի մեծ շքամուտքի առաջ նրան մոտեցավ մի պաշտոնյա և, իմանալով նրա սուրհանդակ լինելը, առաջնորդեց նրան դեպի մյուս շքամուտքը։

— Միջանցքից դեպի աջ. այնտեղ, Euer Hochgeboren, կպատահեք հերթապահ ֆլիգել-ադյուտանտին,— ասավ պաշտոնյան,— նա ձեզ կտանի ռազմական մինիստրի մոտ։

Հերթապահ ֆլիգել-ադյուտանտը, իշխան Անդրեյին դիմավորելով, խնդրեց մի փոքր սպասել և ինքը գնաց ռազմական մինիստրի մոտ։ Հինգ րոպեից հետո ֆլիգել-ադյուտանտը վերադարձավ և, առանձին քաղաքավարությամբ խոնարհվելով, իշխան Անդրեյին ճանապարհ տվեց առաջ անցնելու, և ինքը ետևից՝ միջանցքով տարավ նրան այն առանձնասենյակը, ուր պարապում էր ռազմական մինիստրը։ Ֆլիգել-ադյուտանտը իր կիրթ քաղաքավարությամբ, թվում էր, աշխատում է խուսափել ռուս ադյուտանտի մտերմական վերաբերմունքից։ Իշխան Անդրեյի զվարթ տրամադրությունը զգալի չափով թուլացավ, երբ մստեցավ ռազմական մինիստրի առանձնասենյակի դռանը։ Նա իրեն վիրավորված զգաց, և վիրավորանքի այդ զգացումը վայրկենապես, իր համար էլ աննկատելի, փոխվեց արհամարհանքի, որը սակայն ոչ մի հիմք չուներ։ Բայց նրա ճկուն միտքը թելադրեց նրան այն տեսակետը, որով նա իրավունք ուներ արհամարհելու թե՛ ադյուտանտին, թե՛ ռազմական մինիստրին։ «Նրանց, երևի շատ հեշտ է թվում հաղթանակ տանելը, առանց վառոդի հոտն առնելու»,— մտածեց նա. նրա աչքերը արհամարհանքով կկոցվեցին. ու մի առանձին դանդաղությամբ նա մտավ մինիստրի առանձնասենյակը։ Այդ զգացումը նրա մեջ ավելի ուժեղացավ, երբ տեսավ իրեն՝ ռազմական մինիստրին, որ նստել էր մեծ սեղանի առաջ և առաջին երկու րոպեին ուշադրություն չդարձրեց նրա վրա։ Ռազմական մինիստրը իր ճաղատ, քունքերը ճերմակ մազերով ծածկված գլուխը երկու մոմի արանքում կռացրած կարդում էր և մատիտով թղթի վրա նշաններ անում։ Նա, առանց գլուխը բարձրացնելու, շարունակեց կարդալ նաև այն ժամանակ, երբ դուռը բացվեց և քայլերի ձայն լսեց։

— Առեք այս և հանձնեցեք,— ասավ ռազմական մինիստրը, իր ադյուտանտին տալով թղթերը և դեռ ուշադրություն չդարձնելով սուրհանդակի վրա։

Իշխան Անդրեյն զգաց, որ կա՛մ ռազմական մինիստրին զբաղեցնող բոլոր գործերից ամենաքիչ հետաքրքրականը Կուտուզովի բանակի գործողություններն են, կա՛մ թե ուզում է այդ զգացնել տալ իրեն՝ ռուս սուրհանդակին։ «Բայց ինձ համար դա բոլորովին միևնույն է», մտածեց նա։ Ռազմական մինիստրը մնացյալ թղթերը հավասարեցրեց իրար և գլուխը բարձրացրեց։ Նա խելացի և յուրահատուկ արտահայտություն ուներ։ Բայց այն վայրկյանին, երբ դիմեց իշխան Անդրեյին, նրա դեմքի այդ խելացի հաստատակամ արտահայտությունը, հավանորեն, ըստ սովորության և գիտակցաբար փոխվեց. ու երեսին մնաց մի հիմար, շինծու, և այդ շինծուությունը չքողարկող ժպիտ, որ հատուկ է իրար ետևից խնդրարկուներ ընդունող մարդկանց։

— Գեներալ-ֆելդմարշալ Կուտուզովի կողմի՞ց եք ուղարկված,— հարցրեց նա։— Հույս ունեմ, լավ լուրե՞ր եք բերել։ Մորտյեի հետ ընդհարում ունեցա՞ք։ Հաղթությո՞ւն։ Ժամանա՛կն է։

Նա վերցրեց իր հասցեին ուղղած գրությունը և մի տխուր արտահայտությամբ սկսեց կարդալ։

— Ախ, աստվա՛ծ իմ, աստվա՛ծ իմ։ Շմի՜տ,— ասավ նա գերմաներեն։— Ի՜նչ դժբախտություն, ի՜նչ դժբախտություն։

Գրությունը կարդալով՝ դրեց այն սեղանի վրա ու նայեց իշխան Անդրեյին, հավանորեն, ինչ-որ բանի վրա մտածելով։

— Օ՜հ, ինչ դժբախտություն։ Հաղթանակը վճռակա՛ն է, ասում եք։ Սակայն, Մորտյեն գերի չի ընկել։ (Նա մտածեց)։ Շատ ուրախ եմ, որ լավ լուրեր բերիք, թեև Շմիտի մահը մի թանկագին կորուստ է այդ հաղթանակի դիմաց։ Նորին մեծությունը, հավանորեն, կցանկանա ձեզ տեսնել, բայց ոչ հիմա։ Շնորհակալ եմ, գնացեք հանդստացեք։ Վաղը, զորահանդեսից հետո, եկեք ընդունելության։ Ասենք, ես ձեզ իմաց կտամ։

Խոսակցության ընթացքում աներևույթացած հիմար ժպիտը նորից երևաց ռազմական մինիստրի դեմքին։

— Ցտեսություն, շատ շնորհակալ եմ ձեզնից։ Թագավոր կայսրը հավանորեն կցանկանա ձեզ տեսնել,— կրկնեց նա և գլուխը խոնարհեց։

Երբ իշխան Անդրեյը պալատից դուրս եկավ, զգաց, որ հաղթության պատճառած հետաքրքրությունն ու երջանկությունը իրեն թողին ու անցան ռազմական մինիստրի և նրա քաղաքավարի ադյուտանտի անտարբեր ձեռքը։ Նրա մտքերը վայրկենապես փոխվեցին. ճակատամարտը նրան պատկերացավ վաղուց անցած-գնացած, հեռավոր մի հիշողություն։

X

Իշխան Անդրեյը Բրյուննում իջևանեց իր ծանոթ, ռուս դիվանագետ Բիլիբինի տանը։

— Ա՜, սիրելի իշխան, ավելի հաճելի հյուր չէի կարող սպասել,— ասավ Բիլիբինը, իշխան Անդրեյին դիմավորելով։— Ֆրանց, իշխանի իրերը տար իմ ննջարանը,— դարձավ նա Բալկոնսկուն ուղեկցող սպասավորին։— Հը, հաղթության համբավաբե՞ր։ Հիանալի է։ Իսկ ես, ինչպես տեսնում ես, հիվանդ նստած եմ տանը։

Իշխան Անդրեյը, լվացվելով ու շորերը փոխելով, մտավ դիվանագետի շքեղ առանձնասենյակը և ճաշի նստեց։ Բիլիբինը հանդարտ նստեց բուխարու մոտ։

Իշխան Անդրեյը ոչ միայն իր ճանապարհորդությունից, այլև ամբողջ արշավանքից հետո, որի ընթացքում զրկված էր կքանքի բոլոր հարմարություններից ու վայելքներից, հանգստի հաճույք էր զգում այդ փարթամության մեջ, որին սովոր էր մանկությունից։ Բացի դրանից, նրա համար հաճելի էր, ավստրիացիների ընդունելությունից հետո, խոսել թեև ոչ ռուսերեն (նրանք խոսում էին ֆրանսերեն), գոնե ռուս մարդու հետ, որը, իր ենթադրությամբ, նույնպիսի զզվանք էր զգում դեպի ավստրիացիները, ինչպես և բոլոր ռուսները։

Բիլիբինը երեսունհինգ տարեկան ամուրի էր և իշխան Անդրեյի դասին պատկանող մարդ։ Նրանք դեռ Պետերբուրգից ծանոթ էին, բայց ավելի մտերմացան, երբ իշխան Անդրեյը Կուտուզովի հետ եկավ Վեննա։ Ինչպես որ իշխան Անդրեյը զինվորական ասպարեզում հեռուն գնալու հույսեր տվող երիտասարդ էր, այնպես էլ, և դեռ ավելին, խոստանում էր Բիլիբինը դիվանագիտական ասպարեզում։ Նա դեռ երիտասարդ էր, բայց արդեն երկար տարիների դիվանագետ, որովհետև ծառայել սկսել էր տասնվեց տարեկան հասակից, եղել էր Փարիզում, Կոպենհագենում և այժմ Վեննայում գրավում էր բավականին աչքի ընկնող դիրք։ Թե կանցլերը (ավստրիական վարչապետը), թե Վեննայի մեր դեսպանը գիտեին և գնահատում էին նրան։ Նա ա՛յն բազմաթիվ դիվանագետներից չէր, որոնք պարտավոր են ունենալ միայն բացասական արժանիքներ, պարտավոր են անել որոշ բաներ և ֆրանսերեն խոսել նրա համար, որպեսզի շատ լավ դիվանագետ համարվեն. նա այն դիվանագետներից մեկն էր, որոնք սիրում են և կարողանում են աշխատել, ու, չնայած իր ծուլության, նա երբեմն գիշերներ էր լուսացնում գրասեղանի առաջ։ Ինչ աշխատանք էլ լիներ՝ կատարում էր միատեսակ լավ։ Նրան հետաքրքրում էր ոչ թե «ինչո՞ւ» հարցը, այլ «ինչպե՞սը»։ Ինչ էլ լիներ դիվանագիտական գործի էությունը, նրա համար միևնույն էր. հմտությամբ, նրբությամբ ու գեղեցկորեն կազմում էր շրջաբերականներ, մեմորանդումներ կամ զեկուցագրեր,— և այդ գործի մեջ զգում էր մեծ բանականություն։ Բիլիբինին, գրական աշխատանքներից բացի, գնահատում էին նաև բարձր շրջաններում լավ վարվելու և խոսելու ճարտարության համար։

Բիլիբինը աշխատանքի պես սիրում էր զրույցը, միայն թե այդ զրույցը լիներ նուրբ, սրամիտ։ Հասարակության մեջ միշտ առիթի էր սպասում, որ մի սրամիտ կամ նշանակալից բան ասի, և միայն այդ դեպքում էր խառնվում զրույցին։ Նրա զրույցը միշտ համեմվում էր օրիգինալ-սրամիտ, ամբողջական և ընդհանուր շահեկանություն ունեցող դարձվածներով։ Այդ դարձվածները Բիլիրինն իր ներքին լաբորատորիայում պատրաստում էր կարծես դիտմամբ, նրա համար, որպեսզի չնչին աշխարհիկ մարդիկ դյուրությամբ հիշեին և հյուրասրահից հյուրասրահ տանեին։ Եվիրոք, les mots de Bilibine ne se colportaient dans les salons de Vienne[10] և հաճախ ազդեցություն էին ունենում, այսպես անվանված, կարևոր խնդիրների վրա։

Նրա նիհար, հյուծված դեղնավուն դեմքը ամբողջապես ծածկված էր խոշոր կնճիռներով, որոնք թվում էին այնպես մաքուր ու խնամքով լվացված, ինչպես մատների ծայրերը բաղնիսից հետո։ Այդ կնճիռների շարժումներն էին կազմում նրա դեմքի արտահայտությունն ու խաղը։ Մերթ ճակատն էր կնճռոտում լայն ծալքերով ու հոնքերը բարձրանում էին վեր, մերթ հոնքերն իջնում էին ցած, և այտերի շուրջը գոյանում էին խոշոր կնճիռներ։ Խոր ընկած փոքր աչքերը նայում էին միշտ ուրախ ու զվարթ։

— Է, այժմ պատմեցեք ձեր հերոսությունները,— ասավ նա։

Բալկոնսկին ամենահամեստ ձևով և ոչ մի անգամ իրեն չհիշելով՝ պատմեց ամբողջ ճակատամարտը և ռազմական մինիստրի ցույց տված ընդունելությունը։

— Ils m’ont reçu avec ma nouvelle, comme un chien dans un jeu de quilles.[11]— եզրակացրեց նա։

Բիլիբինը քմծիծաղ տվեց։

— Cependant, mon cher,— ասավ նա, հեռվից իր եղունգին նայելով և դեմքի մաշկը ձախ աչքի վերը հավաքելով,— malgré la haute estime que je professe pour le ուղղափառ ռուսական զորքը, j’avoue que votre victoire n’est pas des plus victorieuses.[12]

Նա այդպես ֆրանսերեն շարունակեց, ռուսերեն արտասանելով միայն այն բառերը, որոնք ուզում էր ընդգծել արհամարհանքով։

— Այդ ինչպե՞ս։ Դուք ձեր ամբողջ ուժով հարձակվե՞լ եք միայն մի դիվիզիա ունեցող թշվառ Մորտյեի վրա, և այդ Մորտյեն փախո՞ւստ է տվել ձեր ձեռից։ Սա՞ է ձեր հաղթությունը։

— Սակայն, լրոջորեն ասած,— պատասխանեց իշխան Անդրեյը,— այնուամենայնիվ առանց պարծենալու կարող ենք ասել, որ սա Ուլմից մի քիչ լավ է…

— Ինչո՞ւ գերի չվերցրիք մի, գեթ մի մարշալ։

— Որովհետև ամեն ինչ չի կատարվում այնպես, ինչպես ենթադրվում է, և ոչ էլ այնպես կանոնավոր ձևով, ինչպես զորահանդեսի ժամանակ։ Մենք կարծում էինք, ինչպես ասի, առավոտվա ժամը յոթի մոտ անցնել թշնամու թիկունքը, բայց երեկոյան ժամը հինգին էլ չհասանք։

— Իսկ ինչո՞ւ առավոտյան ժամը յոթին չհասաք։ Դուք պետք է առավոտյան ժամը յոթին այնտեղ լինեիք,— ժպտալով ասավ Բիլիբինը,— պետք է առավոտյան ժամը յոթին այնտեղ լինեիք։

— Ինչո՞ւ դուք դիվանագիտական ճանապարհով չներշնչեցիք Բոնապարտին, թե իր համար ավելի լավ է թողնի Ջենովան,— նույն տոնով ասավ իշխան Անդրեյը։

— Գիտեմ,— ընդհատեց Բելիբինը,— դուք մտածում եք հիմա, թե մարշալ գերի վերցնելը՝ շատ հեշտ է բուխարու առաջ՝ բազմոցի վրա նստած։ Դա ճիշտ է, բայց և այնպես, ինչո՞ւ մեկին գերի չվերցրիք։ Եվ չզարմանաք, ո՛չ միայն ռազմական մինիստրը, այլև օգոստափառ կայսրը և Ֆրանց թագավորը իրենց շատ էլ երջանիկ չեն զգա ձեր հաղթությամբ. նույնիսկ ես, ռուսական դեսպանության դժբախտ քարտուղարս, ոչ մի պահանջ չեմ զգում ի նշան ուրախության իմ Ֆրանցին մի տալեր տալ և բաց թողնել նրան՝ իր սիրուհու հետ Պրատեր գնալու… ճիշտ է, այստեղ Պրատեր չկա։

Նա նայեց ուղիղ իշխան Անդրեյին և նրա ճակատի կնճիռները բացվեցին հանկարծ։

— Հիմա հերթն իմն է ձեզ հարցնելու «ինչու համար», սիրելիս,— ասավ Բալկոնսկին,— խոստովանում եմ, որ չեմ հասկանում, թերևս այստեղ դիվանագիտական նրբություններ կան իմ թույլ ուղեղին անմատչելի, բայց չեմ հասկանում, թե այդ ինչպես Մակը կորցնում է իր ամբողջ բանակը, էրցհերցոգ Ֆերդինանդը և էրցհերցոգ Կարլը կենդանության ոչ մի նշան չեն ցույց տալիս և սխալներ են անում սխալների ետևից, վերջապես, Կուտուզովը մենակ իսկական հաղթություն է տանում, ոչնչացնում է ֆրանսացիների հմայքը, և ռազմական մինիստրը մինչև իսկ չի հետաքրքրվում մանրամասնություններն իմանալու։

— Այդ իսկ պատճառով, սիրելիս։ Voyez-vous, mon cher[13] ուռռա՜ ցարի համար, Ռուսաստանի համար, հավատի համար. tout ça est bel et bon[14], բայց մեզ համար, ասում են, այսինքն ավստրիական արքունիքի համարի ի՞նչ նշանակություն ունեն ձեր հաղթությունները։ Բերեք մեզ լավ տեղեկություններ էրցհերցոգ Կարլի կամ Ֆերդինանդի՝ (մեկը մյուսին արժի) Բոնապարտի՝ թեկուզ հրշեջ խմբի վրա տարած հաղթության մասին, այդ ուրիշ բան է, մենք թնդանոթներ կարձակենք։ Թե չէ այդ՝ մեզ ծաղրել կարող է միայն։ Էրցհերցոգ Կարլը ոչինչ չի անում, էրցհերցոգ Ֆերդինանդը խայտառակվում է։ Վեննան թողնում եք իր բախտին ու այլևս չեք պատշպանում, comme si vous nous disiez[15].— աստված մեգ օգնական, և աստված ձեզ ու ձեր մայրաքաղաքի հետ։ Մի գեներալ, որին բոլորս սիրում էինք, Շմիտն էր. դուք նրան տարաք գնդակների տարափի տակ սպանել տվիք և շնորհավորում եք մեզ հաղթությամբ։ Համաձայնեցեք, որ ձեր բերած տեղեկություններից ավելի ծաղրական բան չի կարող լինել։ C’est comme un fait exprès, comme un fait exprès.[16] Բացի դրանից, ասենք թե դուք իսկապես փայլուն հաղթություն տարած լինեք, մինչև իսկ այդ հաղթությունը տարած լիներ էրցհերցոգ Կարլը, ի՜նչ փոփոխություն պիտի առաջացներ իրերի ընդհանուր ընթացքի մեջ։ Հիմա արդեն ուշ է, երբ Վեննան ֆրանսացիք գրավել են։

— Ինչպե՞ս թե գրավել են։ Վեննան գրավե՞լ ենt

— Ոչ միայն գրավված է, այլև Բոնապարտը Շենբրուննումն է, իսկ մեր սիրելի կոմս Վրբնան գնում է նրա մոտ հրամաններ ստանալու։

Բալկոնսկին հոգնածությունից, ճանապարհորդության և ընդունելության տպավորությունից և մանավանդ ճաշից հետո զգում էր, որ իր լսած խոսքերի բովանդակ նշանակությունը չի հասկանում։

— Այս առավոտ այստեղ էր կոմս Լիխտենֆելսը,— շարունակեց Բիլիբինը,— և ինձ ցույց տվեց մի նամակ, որի մեջ մանրամասն նկարագրված է ֆրանսացիների զորահանդեսը Վեննայում։ Le prince Murat et tout le tremblement[17]… Տեսնո՞ւմ եք, որ ձեր հաղթությունը մեծ ուրախություն չէր կարող պատճառել, և դուք չեք կարող ընդունվել որպես փրկիչ…

— Իսկապես, ինձ համար միևնույն է, բոլորովին միևնույն է,— ասավ իշխան Անդրեյը, կամաց-կամաց հասկանալով, որ Կրեմսի ճակատամարտի լուրն իրոք մեծ կարևորություն չէր ներկայացնում այնպիսի դեպքերի հանդեպ, ինչպիսին Ավստրիայի մայրաքաղաքի գրավումն էր։— Ինչպե՞ս թե՝ Վեննան գրավել են։ Հապա կամո՞ւրջը և նշանավոր têtê de ponte-ը[18] և իշխան Աուերսպե՞րգը։ Մենք լսեցինք, որ իշխան Աուերսպերգը Վեննան պաշտպանում է,— ասավ նա։

— Իշխան Աուերսպերգը մեր կողմից է մեզ պաշտպանում, ե կարծում եմ՝ շատ վատ է պաշտպանում, բայց և այնպես պաշտպանում է։ Իսկ Վեննան այն կողմն է։ Ոչ, կամուրջը դեռ չի գրավված և, հույս ունեմ, չի գրավվի, որովհետև ականված է, և հրամայված է օդը հանել։ Հակառակ դեպքում մենք վաղուց Բոհեմիայի սարերում կլինեինք, և դուք ձեր բանակի հետ միասին վատ րոպեներ պիտի անցնեիք երկու կրակի արանքում։

— Բայց և այնպես՝ դա չի նշանակում, թե պատերազմը վերջացած է,— ասավ իշխան Անդրեյը։

— Ես կարծում եմ՝ վերջացած է։ Այդ կարծիքի է և այստեղի բարձրագույն իշխանությունը, բայց ոչ ոք չի համարձակվում այդ ասելու։ Կլինի այն, ինչ ասել եմ ես պատերազմի սկզբից, որ ձեր Դյուրենշտեյնի ընդհարումը չի, առհասարակ վառոդը չի վճռելու խնդիրը, այլ այն հնարողները,— ասավ Բիլիբինը, կրկնելով իր սիրած mots-ից մեկը, բանալով ճակատի կնճիռները և կանգ առնելով։— Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ հետևանք կունենա Ալեքսանդր կայսեր և պրուսական թագավորի տեսակցությունը Բեռլինում։ Եթե Պրուսիան մտնի դաշնակցության մեջ, on forcera la main à l’Autriche[19], և պատերազմը կշարունակվի։ Եթե ոչ, այն ժամանակ մեզ կմնա միայն պայմանավորվել, թե որտեղ պիտի կազմել նոր Campo Formio-ի նախնական հոդվածները։

— Բայց ի՜նչ չտեսնված հանճար է,— հանկարծ բացականչեց իշխան Անդրեյը, փոքրիկ ձեռը սեղմելով ու սեղանին խփելով։— Ի՜նչ բախտ ունի այդ մարդը։

— Buonaparte?— հարցրեց Բիլիբինը, ճակատը կնճռելով, ու դրանով զգացնել տալով, թե շուտով ասելու է իր mots-ից մեկը։— Buonaparte?— ասավ նա, շեշտելով առանձնապես ու-ն։— Ես կարծում եմ, սակայն, որ այժմ, երբ նա Շենբրուննից օրենքներ է թելադրում Ավստրիային, il faut lui faire grâce de l’u[20]։ Ես մի նորամուծություն եմ կատարում, և նրան անվանում են Bonaparte tout court[21]։

— Ոչ, առանց կատակի,— ասավ իշխան Անդրեյը,— մի՞թե կարծում եք, թե պատերազմը վերջացավ։

— Ա՛յ, ես ինչ եմ կարծում։ Ավստրիան հիմար դրության մեջ ընկավ, իսկ նա այդ բանին սովոր չէ։ Եվ նա պիտի տուժի։ Իսկ նա հիմար դրության մեջ ընկավ, որովհետև՝ նախ գավառները քայքայված են, բանակը ջարդված է, մայրաքաղաքը գրավված, և այդ բոլորը նորին Սարդինական մեծության գեղեցիկ աչքերի համար։ Եվ այդ պատճառով — entre nous mon cher[22],— հոտառությամբ զգում եմ, որ մեզ խաբում են, զգում եմ, որ Ֆրանսիայի հետ բանակցություններ են տարվում և հաշտության ծրագիրներ կան, գաղտնի, առանձին կնքված։

— Այդ անկարելի է,— ասավ իշխան Անդրեյը,— դա չափազանց գարշելի բան կլիներ։

— Qui vivra verra[23],— ասավ Բիլիբինը, կնճիռները նորից բանալով, որ նշանակում էր թե խոսակցությունը վերջացած է։

Երբ իշխան Անդրեյը գնաց-մտավ իր համար պատրաստված սենյակը և մաքուր ճերմակեղենով պառկեց փետրյա անկողնում և գլուխը դրեց անուշահոտությամբ օծված բարձերի վրա,— զգաց, որ ճակատամարտը, որի լուրը բերեց, իրենից հեռու, շատ հեռո՜ւ էր։ Նրան զբաղեցնում էին Պրուսիայի դաշնակցությունը, Ավստրիայի դավաճանությունը, Բոնապարտի նոր հաղթանակը, վաղվա զորահանդեսը և Ֆրանց կայսեր ընդունելությունը։

Նա աչքերը փակեց, բայց նույն վայրկյանին նրա ականջներում հնչեցին թնդանոթաձգություն, համազարկեր, կառքերի անիվների դղրդյուն, և նորից ահա սարից իջնում են հրացանակիրները իրար ետևից շար ընկած, ու ֆրանսացիք կրակում են, և նա զգում է, թե ինչպես է բաբախում սիրտը, նա ձի նստած գնում է առշևից, Շմիտի հետ միասին, և գնդակներն ուրախ-զվարթ շաչում-սուլում են նրա շուրջը, և կյանքը տասնապատիկ անգամ հաճելի է թվում նրան, մի բան, որ նա չի զգացել մանկությունից ի վեր։

Նա արթնացավ…

«Այո, այս բոլորը եղա՜ն…», ասավ նա ինքն իրեն, մանկական-երջանիկ ժպիտով, ու քնեց մի խորունկ քնով։

XI

Հետևյալ օրն ուշ զարթնեց։ Նորոգելով երեկվա տպավորությունները՝ նա ամենից առաջ հիշեց, որ այսօր պետք է ներկայանալ Ֆրանց կայսեր, հիշեց ռազմական մինիստրին, քաղաքավարի ավստրիական ֆլիգել-ադյուտանտին, Բիլիբինին և իրիկվա զրույցը։ Պալատ գնալու համար հագավ իր տոնական համազգեստը, որ վաղուց չէր հագել, և թարմացած, աշխույժ ու գեղեցիկ տեսքով, ձեռի վերքը կապած, մտավ Բիլիբինի առանձնասենյակը, ուր գտնվում էին դիվանագիտական կորպուսի չորս անդամները։ Իշխան Իպպոլիտ Կուրագինը, որ դեսպանության քարտուղարն էր, Բալկոնսկուն ծանոթ էր, մյուսներին ծանոթացրեց Բիլիբինը։

Բիլիբինի մոտ եղած բարձր շրջանին պատկանող ջահել, հարուստ և կենսուրախ մարդիկ թե՛ Վեննայում, թե՛ այստեղ կազմում էին առանձին խումբ, որին Բիլիբինը, այդ խմբի պարագլուխը լինելով, անվանում էր մերոնք, les nôtres. Այդ խմբում, որը բաղկացած էր գրեթե բացառապես դիվանագետներից, ըստ երևույթին, ունեին իրենց, պատերազմի և քաղաքականության հետ ընդհանուր ոչինչ չունեցող բարձրաշխարհիկ շահերը, և կապ՝ մի քանի կանանց հետ ու՝ պաշտոնավարության դիվանական հանգամանքներ։ Այս պարոնները, ըստ երևույթին, սիրով, ինչպես յուրայինի (մի պատիվ, որին շատ քչերին էին արժանացնում) իրենց խումբն ընդունեցին իշխան Անդրեյին։ Քաղաքավարության համար, և որպես խոսակցության նախաբան, մի քանի հարցեր տվին նրան բանակի ու ճակատամարտի մասին, ու զրույցը նորից դարձավ անհետևողական, անցավ կատակների և սրա-նրա վարքը քննադատելուն։

— Բայց մանավանդ զվարճալին,— ասում էր մեկը, պատմելով դիվանագետ-ընկերոջ անհաջողությունը,— զվարճալին այն է մանավանդ, որ կանցլերն ուղղակի ասել է նրան, թե Լոնդոն նշանակվելը պաշտոնի բարձրացում է, և թե այդպես էլ պիտի ընդունի այդ կարգադրությունը։ Պատկերացնո՞ւմ եք նրա կերպարանքը այդ րոպեին…

— Բայց ամենից վատթարն այն է, պարոնայք, որ ես ձեր ձեռն եմ մատնում Կուրագինին. մարդը դժբախտության մեջ և դրանից օգտվում է այս Դոն-Ժուանը, այս սոսկալի մարդը։

Իշխան Իպպոլիտը պառկած էր վոլտերյան բազկաթոռում, ոտները բազկատեղից դուրս պարզած։ Նա ծիծաղեց։

— Parlez-moi de ça[24],— ասավ նա։

— Օ՜, Դոն-Ժուան։ Օ՜, օձ,— լսվեցին այս ու այն կողմից։

— Դուք չեք իմանում, Բալկոնսկի,— դարձավ Բիլիբինն իշխան Անդրեյին,— որ ֆրանսական բանակի (քիչ մնաց ասեի՝ ռուսական բանակի) բոլոր արհավիրքները ոչինչ են համեմատած այն բոլորի հետ, ինչ արել է այս մարդը կանանց շրջանում։

— La femme est la compagne de l’homme[25],— արտասանեց իշխան Իպպոլիտը և լոռնետով նայեց իր պարզած ոտներին։

Բիլիբինն ու մերոնք քրքջացին, նայելով Իպպոլիտի աչքերին։ Իշխան Անդրեյը տեսավ, որ այդ Իպպոլիտը, որին ինքը (պետք է խոստովանած) գրեթե խանդում էր դեպի իր կինը, ծաղրածու էր այս հասարակության մեջ։

— Ոչ, ես ձեզ պետք է հյուրասիրեմ Կուրագինով,— կամացուկ ասավ Բիլիբինը Բալկոնսկուն։— Հիանալի՛ է, երբ դատողություններ է տալիս քաղաքականության մասին, պետք է տեսնել այդ լրջությունը։

Նա նստեց Իպպոլիտի կողքին և, կնճիռները ճակատին հավաքելով, խոսակցություն սկսեց նրա հետ քաղաքականության մասին։ Իշխան Անդրեյն ու մյուսները շրջապատեցին նրանց։

— Le cabinet de Berlin ne peut pas exprimer un sentiment d’alliance,— սկսեց Իպպոլիտը, նշանակալից նայելով բոլորին,— sans exprimer… comme dans sa dernière note… vous comprenez… vons comprenez… et puis si sa Majesté l’Empereur ne déroge pas au principe de notre alliance…[26]

— Attendez, je n’ai pas fini…— ասավ նա իշխան Անդրեյին, նրա ձեռը բռնելով։— Je suppose que l’intervention sera plus forte que la non-intervention. Et… — Он помолчал. — On ne pourra pas imputer à la fin de non-recevoir notre dépêche du 28 novembre. Voilà comment tout cela finira.[27]

Եվ նա թողեց Բալկոնսկու ձեռը, դրանով ցույց տալով, թե ինքն այժմ բոլորովին վերջացրեց։

— Demosthenes, je te reconnais au caillou que tu as caché dans ta bûche d’or![28]— ասավ Բիլիբինը, որի մազերը բավականությունից շարժվեցին գլխին։

Բոլորը ծիծաղեցին։ Իպպոլիտը քրքջաց բոլորից բարձր։ Նա, ըստ երևույթին, տանջվում, շնչարգել էր լինում, բայց չէր կարողանում քրքիջը զսպել, որը ձգում երկարացնում էր նրա մշտապես անշարժ դեմքը։

— Ահա թե ինչ, պարոններ,— ասավ Բիլիբինը,— Բալկոնսկին այստեղ՝ Բրյուննում իմ հյուրն է և ես ուզում եմ, որքան կարող եմ, հյուրասիրել նրան այստեղի կյանքի բոլոր հաճույքներով։ Եթե Վեննայում լինեինք, հեշտ կլիներ. բայց այստեղ, dans ce vilain trou morave[29],— ավելի դժվար է, և ես բոլորիդ օգնությունն եմ խնդրում։ Il faut lui faire les honneurs de Brünn.[30] Դուք հանձն առեք հոգալ թատրոնի մասին, ես — հասարակության, Իպպոլիտը, պարզ է,— կանանց։

— Պետք է նրան ծանոթացնել Ամելիի հետ,— ասավ մերոնցից մեկը, մատների ծայրերը համբուրելով։

— Առհասարակ այս արյունարբու զինվորին,— ասավ Բիլիբինը,— պետք է ավելի մարդասիրական հայացքներ ներշնչել։

— Հազիվ թե ձեր հյուրասիրությունից կարողանամ օգտվել, պարոններ, իսկ այժմ իմ գնալու ժամանակն է,— ժամացույցին նայելով՝ ասավ Բալկոնսկին։

— Ո՞ւր։

— Կայսեր ներկայանալու։

— Օ՜, օ՜, օ՜։

— Է, ցտեսություն, Բալկոնսկի։— Ցտեսություն, իշխան, ճաշին շուտ եկեք,— ասին մի քանի ձայներ։— Մենք հանձն ենք առնում հոգալ ձեր մասին։

— Երբ կայսեր հետ խոսեք, աշխատեցեք գովել պարենի մատակարարման և մարշրուտների կանոնավորությունը,— ասավ Բիլիբինը, ուղեկցելով Բալկոնսկուն մինչև նախասենյակը։

— Կուզեի գովել, բայց չեմ կարող, որքան գիտեմ,— ժպտալով պատասխանեց Բալկոնսկին։

— Դե, ընդհանրապես որքան կարելի է շատ խոսեք։ Նա ամեն բանից ավելի սիրում է — ունկնդրություններ, իսկ ինքը խոսել չի սիրում և չի կարողանում, ինչպես ինքներդ էլ կտեսնեք։

XII

Հանդիսավոր ընդունելության ժամանակ Ֆրանց կայսրը ուշադիր նայեց միայն իշխան Անդրեյի դեմքին, որ ավստրիական սպաների միջև կանգնած էր իրեն հատկացված տեղը, ու բարևեց նրան իր երկար գլխով։ Բայց ընդունելությունից հետո երեկվա ֆլիգել-ադյուտանտը քաղաքավարությամբ հայտնեց Բալկոնսկուն կայսեր ցանկությունը՝ նրան ունկնդրություն շնորհելու։ Ֆրանց կայսրն ընդունեց նրան սենյակի մեջտեղը կանգնած։ Նախքան խոսակցությունն սկսելը՝ իշխան Անդրեյին զարմացրեց այն, որ կայսրը կարծես շփոթվեց, չիմանալով ինչ ասել, ու կարմրեց։

— Ասեք, ճակատամարտը ե՞րբ սկսվեց,— հարցրեց նա հապճեպ։

Իշխան Անդրեյը պատասխանեց։ Այդ հարցումին հաջորդեցին ուրիշ նույնքան պարզ, հասարակ հարցումներ. «առո՞ղջ է արդյոք Կուտուզովը. վաղո՞ւց է նա դուրս եկել Կրեմսից» և այլն։ Կայսրը խոսում էր այնպիսի արտահայտությամբ, կարծես նրա ամբողջ նպատակն այն էր միայն, որ որոշ քանակությամբ հարցեր տա։ Իսկ այդ հարցերի պատասխանը, ակներև էր, որ նրան չէին կարող հետաքրքրել։

— Ժամը քանիսի՞ն սկսվեց ճակատամարտը,— հարցրեց կայսրը։

— Չեմ կարող ասել, ձերդ մեծություն, թե որ ժամին սկսվեց գլխավոր ճակատի կռիվը, բայց Դյուրենշտեյնում, ուր գտնվում էի ես, զորքը հարձակում սկսեց երեկոյան ժամը վեցին,— ասավ Բալկոնսկին, ոգևորվելով և դրանից ենթադրելով, թե իրեն կհաջողվի իր տեսածի ու գիտցածի ճիշտ նկարագրությունը ներկայացնել, ինչ որ գլխումը պատրաստ էր արդեն։

Բայց կայսրը ժպտաց և ընդհատեց նրան։

— Քանի մղո՞ն է։

— Որտեղի՞ց որտեղ, ձերդ մեծություն։

— Դյուրենշտեյնից մինչև Կրեմս։

— Երեք ու կես մղոն, ձերդ մեծություն։

— Ֆրանսացիք հեռացա՞ն ձախ ափից։

— Լրտեսների տեղեկության համաձայն՝ գիշերը անցել են լաստերով։

— Բավականաչափ կեր կա՞ արդյոք Կրեմսում։

— Կերն այն քանակով չէր բերվել, որ…

Կայսրն ընդհատեց նրան.

— Ժամը քանիսի՞ն սպանվեց գեներալ Շմիտը…

— Կարծեմ ժամը յոթին։

— Ժամը յոթի՞ն։ Շա՜տ ցավալի է։ Շա՜տ ցավալի է։

Կայսրն ասավ, թե ինքը շնորհակալ է, ու գլխով արավ։

Իշխան Անդրեյը դուրս եկավ և անմիջապես շրջապատվեց պալատականներով։ Ամեն կողմից նայում էին նրան սիրալիր աչքեր և լսվում էին սիրալիր խոսքեր։ Երեկվա ֆլիգել-ադյուտանտը հանդիմանեց նրան, թե ինչու չէր իջևանել պալատում, ու առաջարկեց նրան իր տունը։ Մոտեցավ ռազմական մինիստրը և շնորհավորեց կայսեր կողմից նրան շնորհված Մարիա-Թերեզայի 3-րդ աստիճանի շքանշանը։ Կայսրուհու սենեկապահը հրավիրեց նրան նորին մեծություն կայսրուհու մոտ։ Էրցհերցոգուհին նույնպես փափագ էր հայտնում նրան տեսնելու։ Նա չգիտեր որին պատասխանի, ու մի քանի վայրկյան իր մտքերի ետևից էր ընկած։ Ռուսական դեսպանը՝ նրա ուսից բռնելով, տարավ նրան դեպի լուսամուտը և սկսեց հետը խոսակցել։

Բիլիբինի ասածների հակառակ՝ նրա բերած լուրն ընդունվեց ուրախությամբ։ Կատարվեց գոհաբանական մաղթանք։ Կուտուզովը պարգևատրվեց Մարիա-Թերեզայի մեծ խաչով, և ամբողջ բանակը նվեր ստացավ։ Բալկոնսկին ամեն կողմից հրավերներ ստացավ և ամբողջ առավոտն ստիպված էր այցելություններ տալ Ավստրիայի մեծամեծներին։ Այցելությունները վերջացնելով երեկոյան ժամը հինգին և մտքում շարադրելով հորը գրելիք նամակը՝ ճակատամարտի և իր Բրյունն գալու մասին,— իշխան Անդրեյը վերադարձավ Բիլիբինի տունը։ Բիլիբինի տան առաջ, կիսով չափ իրերով բեռնավորված, կանգնած էր մի կառք, և Բիլիբինի ծառա Ֆրանցը, մի ծանր ճամպրուկ ձեռին, դուրս եկավ դռնից։

Նախքան Բիլիբինի մոտ գալը՝ իշխան Անդրեյը գնացել էր գրախանութ՝ հետը տանելու համար գրքեր գնելու, և այնտեղ մնացել էր երկար։

— Ի՞նչ կա,— հարցրեց Բալկոնսկին։

— Ach, Erlaucht!— ասավ Ֆրանցը, դժվարությամբ ճամպրուկը կառքի վրա դնելով։— Wir ziehen noch weiter. Der Bösewicht ist schon wieder hinter uns her!.[31]

— Ի՞նչ ասիր։ Ի՞նչ,— հարցրեց իշխան Անդրեյը։

Բիլիբինը դուրս եկավ Բալկոնսկուն դիմավորելու։ Նրա մշտապես հանգիստ դեմքն այլայլված էր։

— Non, non, avouez que c’est charmant,— ասավ նա,— cette historie du pont de Thabor (կամուրջ Վեննայում). Ils l’ont passé sans coup férir.[32]

Իշխան Անդրեյը ոչինչ չէր հասկանում։

— Բայց որտեղի՞ց եք գալիս, որ տեղեկություն չունեք այնպիսի բաներից, ինչ քաղաքի բոլոր կառապանները գիտեն արդեն։

— Ես էրցհերցոգուհու մոտից եմ գալիս։ Ես այնտեղ ոչինչ չլսեցի։

— Եվ չտեսա՞ք, որ ամեն տեղ մեկնելու պատրաստություն են տեսնում։

— Չտեսա… բայց ի՞նչ կա,— անհամբեր հարցեց իշխան Անդրեյը։

— Ի՞նչ կա։ Այն կա, որ ֆրանսացիներն անցել են Աուերսպերգի պաշտպանած կամուրջը, և պաշտպնողները կամուրջը օդը չեն հանել, այնպես որ Մյուրատն այժմ ուղիղ ճանապարհով սրարշավ գալիս է Բրյուննի վրա, և այսօր չէ վաղը այստեղ կլինեն։

— Ինչպե՞ս թե այստեղ կլինեն։ Եվ ինչպես թե կամուրջն օդը չեն հանել, երբ նա ականված էր արդեն։

— Այդ նույնը ես ձեզ եմ հարցնում։ Այդ ոչ ոք, և ինքը՝ Բոնապարտն էլ չգիտի։

Բալկոնսկին ուսերը թոթվեց։

— Եթե կամուրջն անցել են, նշանակում է բանակը ևս կորած է. նրան գերի կվերցնեն,— ասավ նա։

— Բանն էլ հենց այդ է,— պատասխանեց Բիլիբինը։— Լսեցեք։ Ինչպես ասի՝ ֆրանսացիք մտնում են Վեննա։ Շատ լավ։ Մյուս օրը, այսինքն երեկ, պարոնայք մարշալներ՝ Մյուրատը, Լաննը և Բելյարը ձի են նստում ու գնում դեպի կամուրջը։ (Նկատեցեք՝ երեքն էլ գասկոն)։ Պարոններ,— ասում է մեկը,— գիտեք որ Տաբորի կամուրջը ականված է և հակաականված, ու մեր առջևն է ահարկու tête de pont-ը և տասնուհինգ հազարանոց մի բանակ, որին կարգադրված է կամուրջն օդը հանել և մեզ առաջ չթողնել։ Սակայն մեր թագավոր կայսր Նապոլեոնին հաճելի կլիներ, եթե մենք գրավենք այս կամուրջը։ Երեքով գնանք և այս կամուրջը գրավենք։ Գնանք, ասում են մյուսները, ու գնում են և կամուրջը գրավում, անցնում և հիմա ամբողջ բանակով Դանուբի այս ափից գալիս են մեզ վրա, ձեզ վրա և ձեր հաղորդած տեղեկությունների վրա։

— Կատակները թողեք,— տխրությամբ ու լրջորեն ասավ իշխան Անդրեյը։

Այդ լուրն իշխան Անդրեյի համար թե՛ դառն էր, թե՛ հաճելի։

Հենց որ իմացավ, թե ռուս բանակը գտնվում է մի այդպիսի անհուսալի դրության մեջ, նա մտածեց, որ հենց իրեն է վիճակված փրկել ռուս բանակը այդ դրությունից, որ ահա դա է այն Տուլոնը, որ առաջ կքաշի իրեն անհայտ սպաների շարքից և փառքի ճանապարհ կբանա իր համար։ Ականջ դնեքով Բիլիբինին, նա երևակայում էր արդեն, թե ինչպես ինքը, բանակ գալով, զինվորական խորհրդում կհայտնի իր կարծիքը, որը միայն կարող է փրկել բանակը, և ինչպես միայն իրեն կրհանձնարարվի այդ ծրագրի իրագործումը։

— Թողեք կատակները,— ասավ նա։

— Կատակ չեմ անում,— շարունակեց Բիլիբինը,— ասածներիցս ավելի ճիշտ և տխուր բան չկա։ Այդ պարոնները՝ երեքով գալիս են կամուրջի ծայրը և սպիտակ թաշկինակներ պարզում, հավատացնում են, թե զինադադար է, և որ իրենք՝ մարշալները, գնում են իշխան Աուերսպերգի հետ բանակցելու։ Հերթապահ սպան թողնում է նրանց tête de pont-ը։ Եվ նրանք այդ սպային պատմում են հազար ու մի գասկոնական հիմարություններ, թե՝ պատերազմը վերջացած է, թե Ֆրանց կայսրը տեսակցություն է նշանակել Բոնապարտին, թե իրենք ցանկանում են տեսնել իշխան Աուերսպերգին, և այսպես շատ հիմար բաներ։ Սպան մարդ է ուղարկում Աուերսպերգի ետևից, այդ պարոնները գրկվում են սպաների հետ, հանաքներ են անում, նստում են թնդանոթների վրա, մինչ այդ ֆրանսական գումարտակն աննկատ մոտենում է կամուրջին, դյուրավառ նյութերը և ականները թափում է ջուրը և մոտենում tête de pont-ին։ Վերջապես, գալիս է ինքը՝ գեներալ-լեյտենանտը, մեր սիրելի իշխան Աուերսպերգ ֆոն-Մաուտերնը։ «Սիրելի հակառակորդ, ավստրիական զորականության ծաղիկ, տաճկական պատերազմների հերո՛ս։ Թշնամությունը վերջացած է։ Մենք կարող ենք հաշտության ձեռք մեկնել իրար… Նապոլեոն կայսրը ջերմապես փափագում է ճանաչել իշխան Աուերսպերգին»։ Մի խոսքով, այդ պարոնները, իզուր չէ որ գասկոնացի են, այնքան շոյիչ խոսքեր են ասում Աուերսպերգին, և նա այնպես է հրապուրվում ֆրանսական մարշալների այդ մտերմությունից, այնպես է շլանում Մյուրատի պատմուճանից և ջայլամի փեղույրներից, qu’il n’y voit que du feu, et oublie celui qu’il devait faire, faire sur l’ennemi։[33] (Չնայած իր արագախոսության, Բիլիբինը չմոռացավ կանգ առնել իր այդ mot-ից հետո, որպեսզի ժամանակ տա այն գնահատելու)։ Ֆրանսական գումարտակը վազեվազ մտնում է tête de pont-ը, փակում են թնդանոթների բերանը, և ահա կամուրջը գրավված է։ Բայց ամենից զավեշտականը,— շարունակեց Բիլիբինը, մեղմելով իր հուզումը սեփական պատմության գրավչությամբ,— դա այն է, որ թնդանոթի վրա հսկող սերժանտը, որի ազդանշանով ականները պիտի վառեին և կամուրջն օդը հանեին, այդ սերժանտը, տեսնելով որ ֆրանսական զորքերը վազում են դեպի կամուրջը, ուզում է կրակել արդեն, բայց Լաննը բռնում է նրա ձեռը։ Սերժանտը, որն ըստ երևույթին, ավելի խելացի է լինում իր գեներալից, մոտենում է Աուերսպերգին և ասում. «Իշխան, ձեզ խաբում են, ահա՛ ֆրանսացիք»։ Մյուրատը տեսնում է, որ բանը տանուլ է տված, եթե սերժանտը խոսի։ Նա կեղծ զարմանքով (իսկական գասկոնացի) դառնում է Աուերսպերգին. «Ես չեմ տեսնում աշխարհում գոված ավստրիական կարգապահությունը,— ասում է նա,— և դուք թո՞ւյլ եք տալիս, որ մի հասարակ սպա այդպե՞ս խոսի ձեզ հետս։ C’est génial. Le prince d’Auersperg se pique d’honneur et fait mettre le sergent aux arrêts. Non, mais avouez que c’est charmant toute cette histoire du pont de Thabor. Ce n’est ni bêtise, ni lâcheté…[34]

— C’est trahison peut-être[35],— ասավ իշխան Անդրեյը, վառ պատկերացնելով շինելներ, վիրավորներ, վառոդի ծուխ, որոտի ձայներ և իրեն սպասող փառքը։

— Non plus. Cela met la cour dans de trop mauvais draps,— շարունակեց Բիլիբինը։— Ce n’est ni trahison, ni lâcheté, ni bêtise: c’est comme à Ulm…— Նա կարծես մտածեց համապատասխան արտահայտություն գտնելու.— c’est c’est… du Mack. Nous sommes mackés[36],— եզրափակեց նա, զգալով, որ ասավ un mot, և մի թարմ mot, մի այնպիսի mot, որը կարող է բերնե-բերան անցնել։

Մինչ այդ ճակատին հավաքված կնճիռները ետ գնացին ի նշան ուրախության, և նա, թեթևակի ժպտալով, սկսեց եղունգները դիտել։

— Ո՞ւր,— ասավ նա հանկարծ, դիմելով իշխան Անդրեյին, որ վեր կացավ ու գնաց դեպի իր սենյակը։

— Ես մեկնում եմ։

— Ո՞ւր։

— Բանակ։

— Սակայն ուզո՞ւմ էիք երկու օր ևս մնալ։

— Բայց հիմա մեկնում եմ այս րոպեին։

Եվ իշխան Անդրեյը, մեկնելու համար կարգադրություններ անելով, գնաց իր սենյակը։

— Գիտեք ինչ, սիրելիս,— ասավ Բիլիբինը, մտնելով նրա սենյակը։— Ես մտածեցի ձեր մասին և ուզում եմ հարցնել՝ ինչո՞ւ եք գնում։

Եվ իբրև անհերքելի ապացույց այդ պատճառաբանության՝ կնճիռները չքացան նրա դեմքից։

Իշխան Անդրեյը հարցականորեն նայեց իր խոսակցին և պատասխանեց։

— Ինչո՞ւ եք գնում։ Գիտեմ, մատծում եք, թե ձեր պարտքն է այժմ իսկ սլանալ բանակ, երբ բանակը վտանգի մեջ է։ Ես այդ հասկանում եմ, mon cher, c’est de l’chéroisme[37].

— Բնավ,— ասավ իշխան Անդրեյը։

— Բայց դուք un philosophe եք, եղեք ուրեմն կատարյալ փիլիսոփա, իրերին նայեցեք այլ կողմից, և կտեսնեք, որ ձեթ պարտքն է, ընդհակառակը, խնայել ձեր կյանքը։ Թողեք դա ուրիշներին, որոնք ոչ մի բանի պիտանի չեն… Ձեզ հրամայված չէ՝ ետ դառնալ, և այստեղից էլ չեն արձակել գնալու, նշանակում է՝ կարող եք մնալ և մեզ հետ գալ, ուր որ մեր դժբախտ ճակատագիրը կառաջնորդի մեզ։ Ասում են՝ գնալու ենք Օլմյուց, Օլմյուցը շատ դուրեկան քաղաք է։ Եվ մենք միասին իմ կառքով կերթանք հանգիստ։

— Թողեք կատակները, Բիլիբին,— ասավ Բալկոնսկին։

— Ասում եմ անկեղծորեն և բարեկամաբար։ Ինքներդ դատեցեք։ Ո՞ւր և ինչի՞ համար եք գնում հիմա, երբ կարող եք մնալ այստեղ։ Ձեզ սպասում է երկու բան (նա մաշկը հավաքեց ձախ քունքի վրա), կա՛մ բանակ չհասած հաշտություն կկնքվի, կամ պարտություն կլինի և Կուտուզովի ամբողջ բանակը կխայտառակվի։

Եվ Բիլիբինը կծկած մաշկը բաց արավ, զգալով, որ իր առաջադրած երկընտրանքը անհերքելի է։

— Ես այդ չեմ կարող ասել,— սառնությամբ ասավ իշխան Անդրեյը, բայց մտածեց. «գնում եմ, որպեսզի բանակը փրկեմ»։

— Mon cher, vous êtes un héros[38],— ասավ Բիլիբինը։

XIII

Նույն գիշերը, ռազմական մինիստրին հրաժեշտ տալով, Բալկոնսկին մեկնեց բանակ, ինքն էլ չիմանալով, թե ուր կգտնի նրան, և երկյուղ կրելով, թե Կրեմս գնալիս հանկարծ չընկնի ֆրանսացիների ձեռը։

Բրյունի բոլոր պալատական պաշտոնեությունը հավաքվում, հեռանալու պատրաստություն էր տեսնում, և արդեն բեռներ էին ուղարկում Օլմյուց։ Էցելսդորֆի մոտ իշխան Անդրեյը հանդիպեց ռուսական բանակին, որը ծայրահեղ շտապողականությամբ և մեծագույն անկարգությամբ շարժվում էր առաջ։ Ճանապարհն այնպես էր խճողված սայլերով, որ կառքով անկարելի էր առաջ գնալ։ Կազակների հրամանատարից վերցնելով մի ձի և մի կազակ՝ իշխան Անդրեյը, քաղցած ու հոգնած, գումակի առաջն անցնելով, գնաց գլխավոր հրամանատարին և իր սայլակը փնտրելու։ Ճանապարհին նա արդեն շատ չարագուշակ լուրեր էր լսել բանակի դրության մասին, և այժմ անկարգ փախչող բանակի տեսքը հաստատում էր այդ լուրերը։

— Cetle armée russe que l’or de l’Angleterre a transportée des extrémités de l’univers, nous allons lui faire éprouver la même sort (le sort de l’armée d’Ulm)[39],— հիշեց նա պատերազմի սկզբին Բոնապարտի հրամանի խոսքերը՝ ուղղված իր բանակին, և այդ խոսքերը նրա մեջ միատեսակ կերպով հարուցանում էին հիացում՝ հանճարեղ հերոսի նկատմամբ, վիրավորված հպարտության զգացում և փառքի հույսեր։ Իսկ եթե մեռնելուց բացի ուրիշ ոչինչ չմնա՞, մտածեց նա։ Ինչ կա որ, եթե հարկավոր է։ Ես այդ բանում ուրիշներից ետ չեմ մնա։

Իշխան Անդրեյն արհամարհանքով նայեց այդ անվերջ, իրար խառնված վաշտերին, սայլերին, հրետանուն ու դարձյալ սայլերին, սայլերին, այդ բազմատեսակ սայլերին, որոնք աշխատում էին առաջել միմյանց, և երեք, չորս շարքով բռնել էին ճանապարհը։ Ամեն կողմից, ետևից ու առջևից, որքան կարող էր ձայն հասնել, լսվում էին կառքերի ու հրետասայլերի անիվների դղրդոց, ձիերի դոփյուն, մտրակների հարված, քշելու ճիչեր, զինվորների, սպասյակների ու սպաների հայհոյանքներ։ Ճանապարհի երկու կողմը շարունակ պատահում էին մերթ սատկած՝ մաշկած և ոչ մաշկած ձիեր, մերթ կոտրած սայլեր, որոնց մոտ, ինչ-որ բանի սպասելով նստած էին մենակ զինվորներ, մերթ իրենց գնդերից բաժանված զինվորներ, որոնք խմբերով գնում էին դեպի հարևան գյուղերը կամ գյուղերից բերում էին հավեր, ոչխարներ, խոտ կամ ինչ-որ բանով լցրած պարկեր։ Վայրէջքներում ու վերելքներում բազմությունները խտանում էին, ու տիրում էր գոռում-գոչյունների մի անլռելի ղռվռոց։ Զինվորները, ծնկահար ցեխի մեջ, ձեռներով քաշում էին հրանոթներն ու ռազմասայլերը. մտրակները հարվածում էին, սմբակները սահում-սայթաքում, ձգափոկերը կտրվում և մարդկանց կոկորդը պատռում էր ճիչերից ու կանչերից։ Շարժումը ղեկավարող սպաները շարունակ ետ ու առաջ էին գնում սայլերի արանքով։ Նրանց ձայնը հազիվ էր լսվում ընդհանուր ժխորի մեջ, և նրանց դեմքից երևում էր, որ այս անկարգության առաջն առնելը համարում էին անհուսալի, անհնարին մի բան։

«Voilà le cher[40] ուղղափառ զորականությունը», մտածեց Բալկոնսկին, հիշելով Բիլիբինի խոսքերը։

Ցանկանալով որևէ մեկից իմանալ գլխավոր հրամանատարի տեղը, իշխան Անդրեյը մոտեցավ գումակին։ Նրա առջևից գնում էր մի տարօրինակ միաձի կառք, ըստ երևույթին, տնավարի զինվորների ձեռով սարքած մի բան, որը ոչ սայլ էր, ոչ կաբրիոլետ, ոչ էլ զսպանակներով կառք, այլ դրանց խառնուրդը։ Այդ կառքը վարում էր մի զինվոր, իսկ կաշիով պատած վերնածածկի տակ նստած էր մի կին՝ ամբողջովին շալերով փաթաթված։ Իշխան Անդրեյը մոտեցավ և հազիվ զինվորին հարցում արավ, երբ նրա ուշադրությունը գրավեցին ծածկի տակ նստած կնոջ հուսահատ ճիչերը։ Գումակի ղեկավար սպան խփում էր այդ կառքը վարող զինվորին, թե ինչու է նա ուզում մյուսներից առաջ անցնել, և մտրակի ծայրը դիպչում էր կառքի ծածկին։ Կինը սարսափելի ծղրտում էր։ Իշխան Անդրեյին տեսնելով նա գլուխը հանեց այդ քողի տակից և, նիհար ձեռները թափահարելով, ճչաց.

— Ադյուտա՛նտ։ Պարոն ագյուտանտ, ի սեր աստծո… պաշտպանեցեք… Սա ի՞նչ բան է… Ես 7-րդ եգերական գնդի բժշկի կինն եմ… չեն թողնում առաջ անցնելու. մենք ետ ենք մնացել. մերոնց կորցրել ենք…

— Գլուխդ կջարդեմ, ետ գարձիր,— գոռում էր կատաղած սպան զինվորի վրա,— ետ դարձիր քո անառակի հետ։

— Պարոն ադյուտանտ, պաշտպանեցեք։ Սա ի՞նչ բան է,— ճչում էր բժշկի կինը։

— Թույլ տվեք այս սայլակն անցնի։ Չե՞ք տեսնում միթե, որ կին է,— ասավ իշխան Անդրեյը, ձին քշելով դեպի սպան։

Սպան նայեց նրան և, առանց պատասխանելու, կրկին դարձավ զինվորին։

— Ես քեզ ցույց կտամ… Ե՛տ…

— Թողեք անցնի, ասում եմ,— կրկնեց իշխան Անդրեյը, շուրթերը սեղմելով։

— Իսկ դու ո՞վ ես որ,— հանկարծ հարբածի մոլեգնությամբ դարձավ սպան նրան։— Դու ո՞վ ես որ։ Դու (նա առանձնապես շեշտում էր դու-ն) պե՞տ ես, ի՞նչ ես։ Այստեղ պետը ե՛ս եմ և ոչ թե դո՛ւ։ Էյ, ե՛տ դարձիր,— կրկնեց նա,— գլուխդ կջարդեմ։

Այս արտահայտությունն, ըստ երևույթին, դուր էր եկել սպային։

— Լավ շշպրեց ադյոլտանտին,— լսվեց մի ձայն ետևից։

Իշխան Անդրեյը տեսավ, որ սպան գտնվում է մի այնպիսի անառիթ մոլեգնության մեջ, երբ մարգ չի իմանում ի՛նչ է ասում։ Նա նկատեց, որ իր միջամտությունը՝ հոգուտ բժշկի բովանդակում է այն՝ ինչ ամեն բանից ավելի վախեցնում էր նրան, ա՛յն, ինչ կոչվում է ridicule[41], բայց բնազդն ուրիշ բան էր ասում։ Սպան վերջին բառերը դեռ չէր վերջացրել, երբ իշխան Անդրեյը, կատաղությունից այլափոխված դեմքով, մոտեցավ նրան ու մտրակը բարձրացրեց։

— Բա-րե-հաճե-ցեք թող-նել։

Սպան ձեռը թափ տվեց և հապճեպ հեռացավ։

— Ամբողջ անկարգությունը սրանց, այս շտաբականների երեսից է,— փնթփնթաց նա։— Արեք ձեր ուզածի պես։

Իշխան Անդրեյը, առանց նայվածքը բարձրացնելու, շտապ հեռացավ իրեն փրկիչ անվանող բժշկի կնոջ մոտից, զզվանքով հիշելով այս ստորացուցիչ տեսարանի մանրամասնությունները, ու ձին քշեց դեպի այն գյուղը, ուր, ինչպես ասել էին, գտնվում էր գլխավոր հրամանատարը։

Գյուղ մտնելով՝ ձիուց իջավ և գնաց առաջին պատահած տունը՝ գեթ մի րոպե հանգստանալու, որևէ բան ուտելու և այդ վիրավորիչ, տանջող մտքերը պարզելու մտադրությամբ։ «Սա սրիկաների ամբոխ է, և ոչ թե զորք», մտածեց նա, մոտենալով առաջին պատահած տան լուսամուտին, երբ մի ծանոթ ձայն կանչեց նրան։

Նայեց և տեսավ, որ մի փոքրիկ լուսամուտից դուրս էր նայում Նեսվիցկու գեղեցիկ գլուխը։ Նեսվիցկին, իր հյութեղ բերնով մի բան ծամելով ու ձեռները թափահարելով՝ կանչում էր նրան իր մոտ։

— Բալկոնսկի՛, Բալկոնսկի՛։ Չե՞ս լսում, ինչ է։ Շո՛ւտ արի,— գոռում էր նա։

Ներս մտնելով՝ իշխան Անդրեյը տեսավ Նեսվիցկուն և ուրիշ մի ադյուտանտի. նրանք ինչ-որ բան էին ուտում։ Անմիջապես դարձան Բալկոնսկուն, թե «նոր բան չգիտի՞ արդյոք»։ Իշխան Անդրեյը նրանց ծանոթ դեմքերին կարդաց տագնապի և անհանգստության արտահայտություն։ Այդ արտահայտությունն ավելի նկատելի էր Նեսվիցկու մշտածիծաղ դեմքին։

— Որտե՞ղ է գլխավոր հրամանատարը,— հարցրեց Բալկոնսկին։

— Այստեղ, ա՛յն տանը,— պատասխանեց ադյուտանաը։

— Հը, ճի՞շտ է հաշտության և անձնատուր լինելու լուրը,— հարցրեց Նեսվիցկին։

— Ես ձեզ պիտի հարցնեմ։ Ոչինչ չգիտեմ, բացի այն, որ մեծ դժվարությամբ հասա ձեզ։

— Իսկ մեզ մոտ ինչ կա որ։ Սարսափելի է մեր դրությունը։ Մակի վրա ծիծաղում էինք, իսկ մենք ավելի վատ դրության մեջ ենք ընկել,— ասավ Նեսվիցկին։— Դե, նստիր, մի բան կեր։

— Հիմա, իշխան, էլ ոչ սայլ, ոչինչ չեք գտնի, իսկ ձեր Պյոտրն աստված գիտի ո՛ւր է,— ասավ մյուս ադյուտանտը։

— Գլխավոր կայանը որտե՞ղ է։

— Գիշերելու ենք Ցնայմում։

— Իսկ ես իմ իրերն այնպես կապեցի, որ երկու ձիու բեռ եղավ,— ասավ Նեսվիցկին,— և լավ հակեր շինեցին։ Գոնե Բոհեմիայի լեռներով կարողանանք փախչել։ Բաններս վատ է։ Հը, ի՞նչ է պատահել, երևի հիվանդ ես, որ այդպես դողում ես,— հարցրեց Նեսվիցկին, նկատելով որ իշխան Անգրեյը սարսռաց։

— Ոչինչ,— պատասխանեց իշխան Անդրեյը։

Այդ րոպեին հիշեց քիչ առաջ բժշկի կնոջ և գումակի ղեկավար սպայի միջև եղած ընդհարումը։

— Ի՞նչ է անում գլխավոր հրամանատարն այստեղ,— հարցրեց նա։

— Բան չեմ հասկանում,— ասավ Նեսվիցկին։

— Ես միայն մի բան եմ հասկանում, որ այս բոլորը զզվելի է, զզվելի, զզվելի,— ասավ իշխան Անդրեյը և գնաց այն տունը, ուր իջևանել էր գլխավոր հրամանատարը։

Կուտուզովի կառքի, շքախմբի անդամների հոգնած ձիերի և իրար հետ բարձրաձայն խոսող կազակների մոտից անցնելով՝ իշխան Անդրեյը հաշտը մտավ։ Ինքը Կուտուզովը, ինչպես հայտնեցին իշխան Անդրեյին, գտնվում էր այս խրճիթում՝ իշխան Բագրատիոնի և Վեյրոտերի հետ։ Վեյրոտերը սպանված Շմիտին փոխարինող ավստրիացի գեներալն էր։ Հաշտում վտիտ Կոզլովսկին պպզել էր գրագրի առաջ։ Գրագիրը շուռ տված փոքրիկ տակառի վրա շտապ բան էր գրում՝ թևքերը ետ ծալած։ Կոզլովսկու դեմքը տանջված էր երեում, հավանորեն, նա նույնպես գիշերը չէր քնել։ Նայեց իշխան Անդրեյին և գլխով անդամ չբարևեց։

— Երկրորդ գիծը… Գրեցի՞ր,— շարունակեց նա, գրագրին թելադրելով։— Կիևի գրենադերյան, Պոդոլսկի…

— Շտապում եք, ձերդ բարձր ազնվություն, չեմ հասցնում,— պատասխանեց գրագիրը, առանց պատշաճ հարգանքի ու բարկացած նայելով Կոզլովսկուն։

Այդ միջոցին դռան ետևից լսվում էր Կուտուզովի հուզված-գժգոհ ձայնը, որին ընդհատում էր մի ուրիշ, անծանոթ ձայն։ Այդ ձայների շեշտերից, Կոզլովսկու անուշադիր նայվածքից, տանջված գրագրի անհարգալիր վերաբերմունքից և այն հանգամանքից, որ գրագիրն ու Կոզլովսկին գլխավոր հրամանատարին այդքան մոտ նստել էին տակառի կողքին, և այն հանգամանքից, որ ձիերի սանձը բռնած կազակները բարձրաձայն ծիծաղում էին տան լուսամուտի առաջ,— այս բոլորից իշխան Անդրեյն զգում էր, որ մի կարևոր ու դժբախտ բան է պատահելու։

Իշխան Անդրեյը պահանջկոտ տոնով Կոզլովսկուն դիմեց մի քանի հարցերով։

— Իսկույն, իշխան,— ասավ Կոզլովսկին։— Կարգադիրը Բագրատիոնն է լինելու։

— Իսկ անձնատուր լինելու խնդի՞րը։

— Այդպիսի բան չկա. կռվելու կարգադրություններ են արված։

Իշխան Անդրեյը գնաց դեպի այն դուռը, որի ետևից ձայներ էին լսվում։ Բայց այն րոպեին, երբ նա ուզում էր դուռը բանալ, սենյակում ձալները լռեցին, դուռն ինքն իրեն բացվեց և Կուտուզովն իր լեցուն դեմքի արծվային քթով երևաց շեմքին։ Իշխան Անդրեյը կանգնել էր ուղիղ Կուտուզովի դիմաց. բայց գլխավոր հրամանատարի տեսնող միակ աչքի արտահայտությունից նկատելի էր, որ մտքերն ու հոգսերն այնպես են պաշարել նրան, որ կարծես սքողել էին նրա տեսողությունը։ Նա ուղիղ իր ադյուտանտի դեմքին նայեց և նրան չճանաչեց։

— Հը, վերջացրի՞ր,— դիմեց նա Կոզլովսկուն։

— Այս վայրկյանիս, ձերդ բարձր գերազանցություն։

Բագրատիոնը, որ միջահասակ, արևելյան տիպի պինդ ու անշարժ դեմքով, չոր չորուկ, տարիքոտ մարդ էր, դուրս եկավ գլխավոր հրամանատարի ետևից։

— Պատիվ ունեմ ներկայանալու,— կրկնեց բավական բարձր իշխան Անդրեյը, նամակը հանձնելով։

— Ա՜, Վեննայի՞ց։ Լավ։ Հետո՛, հետո՛։

Կուտուզովը Բագրատիոնի հետ միասին դուրս եկավ դուռը։

— Է, իշխան, գնաք բարև,— ասավ նա Բագրատիոնին։— Քրիստոսը քեզ հետ։ Օրհնում եմ քեզ այդ մեծ գործի համար։

Կուտուզովի դեմքն անսպասելի մեղմացավ, և նրա աչքերում արցունք երևաց։ Նա ձախ ձեռով գրկեց, դեպի իրեն քաշեց Բագրատիոնին, իսկ աջով, որի վրա մատանի կար, խաչակնքեց նրան ու փափլիկ այտը դեմ արավ, որի փոխարեն Բադրատիոնը համբուրեց նրա վիզը։

— Քրիստոսը քեզ հետ,— կրկնեց Կուտուզովն ու մոտեցավ կառքին։— Նստիր մոտս,— ասավ նա Բալկոնսկուն։

— Ձերդ բարձր գերազանցություն, կուզեի այստեղ օգտակար լինել։ Թույլ տվեք իշխան Բագրատիոնի ջոկատում մնալ։

— Նստիր,— ասավ Կուտուզովը, և, նկատելով, որ Բալկոնսկին դանդաղում է,— լավ սպաներ ինձ էլ հարկավոր են, ինձ էլ։

Նրանք կառք նստեցին և մի քանի րոպե գնացին անխոս։

— Առաջներիս դեռ շատ բան կա, դեռ շատ բան է լինելու,— ասավ նա ծերունու խորաթափանց հայացքով, կարծես հասկանալով այն բոլորը, ինչ կատարվում է Բալկոնսկու սրտում։— Եթե վաղը նրա զորաբաժնի գեթ մի տասերորդ մասը վերադառնա, ես շնորհակալ կլինեմ աստծուց,— ավելացրեց Կուտուզովը, կարծես ինքն իր հետ խոսելով։

Իշխան Անդրեյը նայեց Կուտուզովին, և ակամա նրա աչքովն ընկավ Կուտուզովի, իրենից՝ (Անդրեյից) կես արշին հեռու գտնվող քունքի մաքուր լվացված սպին (որտեղից իզմայիլյան գնդակը ծակել էր նրա գլուխը), և թափված աչքը։ «Այո, սա իրավունք ունի մարդկանց մահվան մասին այսպես հանգիստ խոսելու», մտածեց Բալկոնսկին։

— Այդ իսկ պատճառով խնդրում եմ ինձ այդ զորաբաժինն ուղարկել,— ասավ նա։

Կուտուզովը չպատասխանեց։ Նա կարծես մոռացել էր ասածը, և նստել էր մտքերի մեջ խորասուզված։ Հինգ րոպե անց, կառքի փափուկ զսպանակների վրա մեղմ օրորվելով, Կուտուզովը դարձավ իշխան Անդրեյին։ Նրա դեմքին այլևս հուզումի հետք չկար։ Նուրբ հեգնանքով հարցուփորձ արավ իշխան Անդրեյին՝ կայսեր հետ ունեցած տեսակցության մասին, նաև թե ինչ կարծիքներ է լսել արքունիքում Կրեմսի կռվի մասին, ու վերջում հետաքրքրվեց մի քանի ընդհանուր ծանոթ կանանցով։

XIV

Կուտուզովն իր լրտեսի միջոցով նոյեմբերի 1-ին մի այնպիսի լուր առավ, որն իր հրամանատարության տակ գտնվող բանակը դնում էր գրեթե անել կացության մեջ։ Լրտեսը հայտնում էր, թե ֆրանսացիք ահագին զորքով, Վեննայի կամուրջն անցնելով, գնացին դեպի Կուտուզովի և Ռուսաստանից եկող զորքերի հաղորդակցության ճամփան բռնելու։ Եթե Կուտուզովը որոշեր մնալ Կրեմսում, այդ դեպքում Նապոլեոնի հարյուր հիսուն հազարանոց բանակը կկտրեր նրան ամեն տեսակի հաղորդակցությունից, կշրջապատեր նրա քառասուն հազարանոց հյուծված բանակը և նա կընկներ այն դրության մեջ, ինչ դրության մեք ընկավ Մակը՝ Ուլմի մոտ։ Եթե Կուտուզովը որոշեր թողնել Ռուսաստանից եկող զորքերի հետ կապվելու ճամփան, այդ դեպքում ստիպված պիտի լիներ քաշվել կանոնավոր ճանապարհներից զուրկ Բոհեմյան լեռների անծանոթ աշխարհը, պաշտպանվելով գերազանց ուժեր ունեցող թշնամուց, ու պետք է թողներ Բուկսգևդենի հետ կապվելու ամեն մի հույս։ Եթե Կուտուզովը որոշեր նահանջել Կրեմսից Օլմյուց տանող ճանապարհով՝ Ռուսաստանից եկող զորքերի հետ միանալու, այդ դեպքում նա պիտի հանդիպեր Վեննայի կամուրջն անցած ֆրանսական զորքին և այսպիսով ստիպված պիտի լիներ կռվել երթի ժամանակ, բոլոր տեսակ ծանրություններն ու գումակը հետը, գործ ունենալով երեք անգամ իրեն գերազանցող և երկու կողմից իրեն շրջապատող հակառակորդի հետ։

Կուտուզովն ընտրեց այս վերջին ելքը։

Ֆրանսացիք, ինչպես լրտեսն էր հայտնում, Վեննայի կամուրջն անցնելով, ամենայն արագությամբ գնում էին դեպի Ցնայմ, որն ընկած էր Կուտուզովի նահանջի ճանապարհին, նրանից ավելի քան հարյուր վերիտ առաջ։ Եթե ֆրանսացիներից շուտ Ցնայմ հասներ — նշանակում է կարող էր լիահույս լինել, որ բանակը կփրկվի, իսկ եթե ֆրանսացիք կանխեին իրեն, նրանք շուտ հասնեին Ցնայմ — նշանակում է բանակը ենթարկել խայտառակության կամ ընդհանուր կորստի։ Բայց չէր կարող ամբողջ բանակով ֆրանսացիներից շուտ տեղ հասնել։ Անհնարին էր։ Ֆրանսացիների ճամփան Վեննայից մինչև Ցնայմ ավելի կարճ էր ու լավ, քան ռուսների ճամփան — Կրեմսից Ցնայմ։

Լուրն ստանալու գիշերը Կուտուզովը՝ Բագրատիոնի չորս հազարանոց առաջապահ զորքը լեռների վրայով, Կրեմս-Ցնայմի ճամփից, ուղարկեց դեպի Վեննա-Ցնայմ ճանապարհը։ Բագրատիոնն առանց հանգիստ առնելու պիտի անցներ այդ ճամփան ու կանգ առներ երեսը դեպի Վեննա, թիկունքը դեպի Ցնայմ, և եթե հաջողեր կանխել ֆրանսացիներին, նա պետք է զբաղեցներ, կտրեր նրանց ճամփան, որքան կարող էր։ Իսկ ինքը Կուտուզովը՝ ամբողջ բանակով, հրետանիով ու գումակով շարժվեց դեպի Ցնայմ։

Քաղցած ու բոբիկ զինվորներով, առանց ճանապարհի, լեռների վրայով, փոթորկալի գիշերվա մեջ քառասունհինգ վերստ կտրելով, զորաբաժնի մի երրորդը ուժասպառ՝ ճամփին թողնելով, Բագրատիոնը դուրս եկավ Հոլլաբրուն՝ Վեննա-Ցնայմի ճանապարհը՝ ֆրանսացիներից մի քանի ժամ առաջ, որոնք Հոլլաբրունին մոտենում էին Վեննայի կողմից։ Կուտուզովը դեռ մի ամբողջ օր ու գիշեր պիտի գնար, որ Ցնայմ հասներ, ուստի և, բանակը փրկելու համար, Բագրատիոնը չորս հազար քաղցած, ուժասպառ զինվորներով պետք է պահեր, դիմագրավեր ֆրանսական բանակը, ինչ որ անհնարին բան էր։ Բայց տարօրինակ ճակատագիրը անհնարինը դարձրեց հնարավոր։ Այն խաբեության հաջողությունը, որով ֆրանսացիք ձեռք գցեցին Վեննայի կամուրջը, դրդեց Մյուրատին փորձել՝ խաբելու նույնպես և Կուտուզովին։ Մյուրատը Ցնայմի ճանապարհին հանդիպելով Բագրատիոնի թույլ զոբաբաժնին, կարծեց թե՝ դա Կուտուզովի ամբողջ բանակն է։ Որպեսզի բոլորովին ջարդի այդ բանակը, սպասեց Վեննայի ճանապարհին ետ մնացած զորքի գալուն և այդ նպատակով երեք օրվա զինադադար առաջարկեց, պայմանով, որ երկու կողմի զորքերը չփոխեն իրենց դիրքերը և չշարժվեն իրենց տեղերից։ Մյուրատը հավատացնում էր, թե արդեն հաշտության բանակցություններ են տեղի ունենում և այդ իսկ պատճառով, անօգուտ արյունահեղությունից խուսափելու համար, զինադադար է առաջարկում։ Ավստրիական գեներալ կոմս Նոստիցը, որ բռնել էր առաջապոստերը, հավատաց Մյուրատի բանակցողի խոսքերին և ետ քաշվեց, բանալով Բագրատիոնի զորաբաժնի ճակատը։ Մի ուրիշ բանակցող գնաց ռուսական զորաշղթան՝ նույնը հայտնելու և երեք օրվա զինադադար առաջարկելու։ Բագրատիոնը պատասխանեց, որ ինքը չի կարող ընդունել կամ չընդունել զինադարարը, և իր ադյուտանտին ուղարկեց Կուտուզովի մոտ՝ այդ առաջարկի մասին հայտնելու։

Զինադադարը Կուտուզովի համար միակ միջոցն էր ժամանակ շահելու, Բագրատիոնի ուժասպառ զորաբաժնին հանգիստ տալու, գումակն ու հրետանին (որոնց շարժումը ֆրանսացիները չէին կարող տեսնել) մի օր ևս դեպի Ցնայմ տանելու։ Զինադադարի առաջարկը բանակը փրկելու միակ և անսպասելի հնարավորությունն էր։ Այս լուրն առնելով՝ Կուտուզովն անմիջապես իր մոտ գտնվող գեներալ-ադյուտանտ Վինցենհերոդին թշնամու բանակն ուղարկեց։ Վինցենհորոդեն ոչ միայն զինադադարը պիտի ընդուներ, այլև անձնատուր լինելու պայմաններ պիտի առաջարկեր, իսկ մինչ այդ Կուտուզովն իր ադյուտանտներին ետ ուղարկեց՝ շտապեցնել, որքան հնարավոր է, ամբողջ բանակի և գումակի շարժումը Կրեմս-Ցնայմի ճանապարհով։ Բագրատիոնի ուժասպառ, քաղցած զորաբաժինը մենակ պետք է քողարկեր ամբողջ գումակի ու բանակի շարժումը և անշարժ կենար ութ անգամ ավելի ուժեղ հակառակորդի դիմաց։

Կուտուզովի սպասելիքներն իրականացան, ինչպես անձնատուր լինելու առաջարկի նկատմամբ, որ ոչնչի չէր պարտավորեցնում, բայց ժամանակ էր տալիս գումակի որոշ մասին անցնելու նույնպես և այն բանի նկատմամբ, որ Մյուրատի սխալը շատ շուտով պիտի պարզվի։ Հենց որ Բոնապարտը (որ գտնվում էր Շենբրունում, Հոլլաբրունից 25 վերստ հեռու) ստացավ Մյուրատի տեղեկագիրը և զինադադարի ու անձնատրության նախագիծը, նա հասկացավ խաբեությունը և հետևյալ գամակը գրեց Մյուրատին։

«Au prince Murât. Schoenbrunn, 25 brumaire en 1805 à huit heures de matin.

Il m’est impossible de trouver des termes pour vous exprimer mon mécontentement. Vous ne commandez que mon avant-garde et vous n’avez pas le droit de faire d’armistice sans mon ordre. Vous me faites perdre le fruit d’une campagne. Rompez l’armistice sur-le-champ et marchez à l’ennemi. Vous lui ferez déclarer que le général qui a signé cette capitulation n’avait pas le droit de le faire, qu’il n’y a que l’Empereur de Russie qui ait ce droit.

Toutes les fois cependant que l’Empereur de Russie ratifierait la dite convention, je la ratifierai; mais ce n’est qu’une ruse. Marchez, détruisez l’armée russe… vous êtes en position de prendre son bagage et son artillerie.

L’aide-de-camp de l’Empereur de Russie est un… Les officiers ne sont rien quand ils n’ont pas de pouvoirs: celui-ci n’en avait point… Les Autrichiens se sont laissé jouer pour le passage du pont de Vienne, vous vous laissez jouer par un aide-de-camp de l’Empereur.

Napoléon».[42]

Նապոլեոնի ադյուտանտը, ձին սրարշավ քշելով, այս ահարկու նամակը տարավ Մյուրատին։ Ինքը Բոնապարտը, իր գեներալներին չվստահելով, ամբողջ գվարդիան շարժեց դեպի կռվի դաշտը, վախենալով ձեռից թողնել պատրաստի զոհը, իսկ Բագրատիոնի 4000-ոց զորաբաժինը, ուրախ-զվարթ խարույկներ վառած, չորացնում էին իրենց հագուստները, տաքանում էին, երեք օրից հետո առաջին անգամ քաշովի էին եփում, և զորաբաժնի զինվորներից ոչ ոք չգիտեր և չէր մտածում, թե ինչ է սպասում իրեն։

XV

Իշխան Անդրեյը պնդելով իր խնդրի վրա և Կուտուզովից թույլտվություն ստանալով՝ երեկոյան ժամը չորսին եկավ Գրունտ և ներկայացավ Բագրատիոնին։ Բոնապարտի ադյուտանտը տակավին չէր հասել Մյուրատի զորաբաժինը, ու կռիվը դեռ չէր սկսվել։ Բագրատիոնի զորաբաժնում գործերի ընդհանուր ընթացքի մասին ոչինչ չգիտեին, խոսում էին հաշտության մասին, բայց չէին հավատում դրա կարելիության։ Խոսում էին կռվի մասին և նույնպես չէին հավատում, թե շուտով կարող է կռիվ լինել։ Բագրատիոնը, Բալկոնսկուն ճանաչելով որպես սիրված ու վստահելի ադյուտանտի, ընդունեց նրան առանձին պատվով, բացատրեց, որ այսօր կամ վաղը կսկսվի կռիվը, և լիակատար ազատություն տվեց նրան՝ կռվի ժամանակ իր մոտ լինել կամ վերջապահ մասերում հսկել նահանջի կանոնավորությունը. «ո՛րը, նույնպես շատ կարևոր է»։

— Բայց այսօր, հավանորեն, ընդհարում չի լինի,—֊ասավ Բագրաաիոնը, կարծես իշխան Անդրեյին հանգստացնելով։

«Եթե սա շտաբի սովորական ֆրանտներից մեկն է, որ ուղարկվել է խաչ ստանալու, այդ դեպքում նա վերջապահում էլ պարգև կստանա, իսկ եթե ուզում է ինձ մոտ լինել, թող մնա… կհարկավորվի, եթե քաջ սպա է», մտածեց Բագրատիոնը։ Իշխան Անդրեյը, ոչինչ չպատասխանելով, թույլտվություն խնդրեց՝ գնալ դիրքերը և ծանոթանալ զորքերի դասավորությանը, որպեսզի, հանձնարարության դեպքում, իմանա ո՛ւր է գնում։ Զորաբաժնի հերթապահ սպան, որ լավ հագնված տղամարդ էր և ցուցամատին ադամանդյա մատանի ուներ, որ ֆրանսերեն խոսում էր վատ, բայց մեծ սիրով ցանկություն հայտնեց առաջնորդել իշխան Անդրեյին։

Ամեն կողմ երևում էին թրջված, տխուր դեմքով սպաներ, որ ինչ-որ մի բան էին որոնում կարծես, և զինվորներ, որ գյուղերից քաշ տալով բերում էին դռներ, նստարաններ և ցանկապատի մասեր։

— Ահա, իշխան, չենք կարողանում ազատվել այս ժողովրդից,— ասավ բարձրակա սպան, զինվորներին ցույց տալավ։— Հրամանատարներն են թույլատրում։ Իսկ այստեղ ահա՛,— մատնացույց արավ նպարավաճառի վրանը,— Հավաքվել, նստել են։ Այս առավոտ բոլորին քշեցի. բայց, տեսեք, դարձյալ լիքն է։ Պետք է մոտենալ, իշխան, և վախեցնել դրանց։ Այս րոպեիս։

— Գնանք միասին, ես էլ պանիր ու հաց կվերցնեմ,— ասավ իշխան Անդրեյը, որ դեռ չէր կարողացել մի բան ուտել։

— Հապա ինչո՞ւ չէիք ասում, իշխան։ Ես իմ աղուհացը կառաջարկեի ձեզ։

Նրանք ձիերից իջան ու մտան նպարավաճառի վրանը։ Կարմրած ու հոգնած դեմքերով մի քանի սպաներ՝ սեղանների շուրջը նստած, ուտում-խմում էին։

— Հը, սա ի՞նչ բան է, պարոններ,— ասավ բարձրակա սպան հանդիմանանքի տոնով, որպես մի մարդ, որ միևնույն բանն ասել է մի քանի անգամ։— Չէ՞ որ այսքան բացակայել չի կարելի։ Իշխանը հրամայեց, որ ոչ ոք չմնա այստեղ։ Այ դուք, օրինակ, պ. փոխ-կապիտան,— դարձավ նա փոքրամարմին, կեղտոտ, նիհար թնդանոթաձիգ սպային, որն առանց կոշիկների (դրանք չորացնելու համար տվել էր նպարավաճառին), գուլպաներով կանգնեց ներս մտնողների առջև, փոքր-ինչ անբնական ժպտալով։

— Է, ինչպես դուք, կապիտան Տուշին, չե՞ք ամաչում,— շարունակեց բարձրակա սպան,— դուք, որպես թնդանոթաձիգ, պետք է որ օրինակ ցույց տայիք, բայց ինքներդ առանց կոշիկի եք։ Հանկարծ տագնապի փող հնչեցնեն, և դուք առանց կոշիկի հիանալի կլինեք։ (Բարձրակա սպան ժպտաց)։ Բարեհաճեցեք ձեր տեղերը գնալ, պարոններ, բոլո՛րդ, բոլո՛րդ,— ավելացրեց նա իշխանավորի շեշտով։

Իշխան Անդրեյը, կապիտան Տուշինին նայելով, ակամա ժպտաց։ Տուշինն, անխոս, ժպտալով, բոբիկ ոտքը ոտի վրա դնելով, իր խոշոր, խելացի ու բարի աչքերով հարցական նայում էր մերթ իշխան Անդրեյին, մերթ բարձրակա սպային։

— Զինվորներն ասում են՝ բոբիկ մարդն ավելի ճարպիկ է լինում,— ասավ կապիտան Տուշինը, ժպտալով ու ամաչելով, կամենալով, ըստ երևույթին, իր անհարմար դրությունից դուրս գալ կատակով։

Բայց խոսքը դեռ չվերջացրած՝ զգաց, որ իր կատակը չընդունվեց, ուստի շփոթվեց։

— Բարեհաճեցեք գնալ,— ասավ բարձրակա սպան, աշխատելով լրջությունը պահել։

Իշխան Անդրեյը մի անգամ ևս նայեց թնդանոթաձիգ սպայի կերպարանքին։ Նա մի առանձնահատուկ, ոչ բոլորովին զինվորական, փոքր-ինչ կոմիկական, բայց անչափ գրավիչ տեսք ուներ։

Բարձրակա սպան ու իշխան Անդրեյը ձիերը հեծան ու գնացին առաջ։

Գյուղից դուրս գալով, անդադար հանդիպելով գնացող եկող՝ տարբեր վաշտերի զինվորների ու սպաների, նրանք ձախ կողմի վրա տեսան նոր փորված ու նոր շինվող կարմրին տվող ամրություններ։ Մի քանի գումարտակ զինվորներ, չնայած սառը քամուն, շապկանց, սպիտակ մրջյունների նման, շարժվում էին այդ ամրությունների վրա. հողաթմբի այն կողմից աներևույթ մեկը անդադար կարմիր կավ էր դուրս ածում։ Նրանք մոտեցան այդ ամրություններից մեկին, նայեցին ու շարունակեցին իրենց ճամփան։ Հենց ամրության ետևը հանդիպեցին մի քանի տասնյակ զինվորների, որոնք անդադար փոխվում, դուրս էին վազում ամրությունից։ Նրանք ստիպված էին քիթները բռնել և ձիերը քշել արագ, որպեսզի շուտ հեռանան այդ թունավորված մթնոլորտից։

— Voila l’agrément des camps, monsieur le prince[43],— ասավ հերթապահ բարձրակա սպան։

Նրանք դիմացի սարը բարձրացան։ Այդ սարից արդեն ֆրանսացիք երևում էին։ Իշխան Անդրեյը կանգ առավ ու սկսեց դիտել։

— Այնտեղ ահա մեր մարտկոցն է,— ասավ բարձրակա սպան, ցույց տալով սարի ամենաբարձր կետը,— հենց այն տարօրինակ սպայի մարտկոցը, որ առանց կոշիկ նստել էր. այնտեղից ամեն բան երևում է. գնանք, իշխան։

— Խորապես շնորհակալ եմ, հիմա մենակ կերթամ,— ասավ իշխան Անդրեյը, ցանկանալով ազատվել բարձրակա սպայից,— մի անհանգստանաք, խնդրեմ։

Սպան կանգ առավ, և իշխան Անդրեյը մենակ շարունակեց ճամփան։

Որքան առաջ էր գնում դեպի թշնամին, այնքան ավելի կանոնավոր և զվարթ էին երևում զինվորները։ Կատարյալ անկարգություն և վհատություն էր տիրում այն գումակի մեջ, որ առավոտյան հանդիպեց իշխան Անդրեյը Ցնայմի մոտ և որը տասը վերստ հեռու էր գտնվում ֆրանսացիներից։ Գրունտում նույնպես ինչ-որ տագնապ ու երկյուղ էր զգացվում։ Բայց որքան ավելի էր մոտենում իշխան Անդրեյը ֆրանսական զորաշղթային, այնքան ավելի ինքնավստահ էր երևում մեր զորքը։ Շարք կազմած կանգնել էին զինվորները շինելներով, և վերական ու վաշտապետը համրում էին նրանց, մատը դեմ անելով ջոկի ծայրին կանգնած զինվորների կրծքին, հրամայելով, որ նա ձեռը բարձրացնի. փռված ամբողջ տարածության վրա՝ զինվորները փայտ ու խռիվ էին կրում և հոլիկներ շինում, ուրախ-զվարթ ծիծաղելով ու խոսելով. խարույկների շուրջը նստած էին հագնված ու մերկ զինվորներ, որոնք չորացնում էին իրենց շապիկները, ոտի փաթաթանները կամ կարկատում էին կոշիկներն ու շինելները. ոմանք էլ խմբվել էին կերակրի կաթսաների ու խոհարարների շուրջը։ Մի վաշտում ճաշն արդեն պատրաստ էր, և զինվորներն ագահ դեմքերով նայում էին գոլորշի արձակող կաթսաներին ու սպասում փորձնական բաժնին, որ մթերապահը փայտե ամանով տարավ-տվեց իր հոլիկի առջև գերանին նստած սպային։

Մի ուրիշ, ավելի երջանիկ վաշտում (որովհետև բոլորը օղի չունեին) զինվորները խմբված կանգնել էին ծաղկատար դեմքով լայնաթիկունք վերակայի շուրջը, որը, տակառիկը ծռելով, հերթով օղի էր լցնում տակառի տակ դրվող ջրամանների խուփերի մեջ։ Զինվորները բարեպաշտ դեմքերով օղին տանում էին դեպի շուրթերը, ամանը դատարկում և, բերանները ողողելով ու շինելի թևքերով սրբվելով, զվարթացած դեմքերով հեռանում վերակայից։ Բոլոր դեմքերն այնքան հանգիստ էին, կարծես այդ բոլորը կատարվում էր ոչ թե թշնամու դիմաց, կռվից առաջ (ուր զորաբաժնի կեսը պիտի մնար անշունչ փռված), այլ հայրենիքում հանգիստ կայանի սպասելիս։ Անցնելով եգերյան գունդը, իշխան Անդրեյը Կիևի գրենադերյան զորքի մեջ մտավ, ուր զինվորները նույն խաղաղ գործերով էին զբաղված. գնգի հրամանատարի բարձր, մյուսներից տարբերվող հոլիկից քիչ հեռու, նա մոտեցավ գրենադերների մի դասակի, որոնց առջև պառկած էր մի մերկացրած մարդ։ Երկու զինվոր բռնել էին նրան, իսկ ուրիշ երկուսը դալար ճիպոտներով խփում էին նրա բաց մեջքին. պատժվողը ճչում էր անբնական ձայնով։ Գեր մայորը գնում-գալիս էր ֆրոնտի աոջև ու, ճիչերին ուշադրություն չդարձնելով, ասում էր միալար։

— Զինվորի համար խայտառակություն է գողություն անելը, զինվորը ազնիվ, վեհանձն ու քաջ պիտի լինի, իսկ եղբորից գողություն անողը անազնիվ է. սրիկա է։ Դարձյա՛լ, էլի՛։

Եվ լսվում էին ճկուն հարվածներ ու հուսահատ, բայց կեղծ ճիչեր։

— Էլի՛, էլի՛,— ասում էր մայորը։

Մի երիտասարդ սպա, տարակուսանքի ու տանջանքի արտահայտությունը դեմքին, հեռացավ պատժվողից, հարցական նայելով մոտից անցնող ադյուտանտին։

Իշխան Անդրեյը, առաջավոր գիծը դուրս գալով, գնաց ֆրոնտով։ Մեր և թշնամու զորաշղթաները թե աջ, թե ձախ թևերի վրա գտնվում էին իրարից հեռու, իսկ մեջտեղը, այնտեղ, ուր առավոտը բանագնացներ եկան, զորաշղթաներն այնքան էին մոտեցել իրար, որ կարող էին միմյանց երես տեսնել ու խոսակցել։ Այդտեղ, զինվորներից բացի, թե այս, թե այն կողմը, հավաքվել էին շատ հետաքրքիրներ, որոնք, ծիծաղելով նայում էին տարօրինակ ու իրենց համար օտարոտի հակառակորդներին։

Վաղ առավոտից, չնայած զորաշղթային մոտենալու արգելքին, վաշտապետները չկարողացան հետաքրքիրներից ազատվել։ Զինվորներն այլևս ֆրանսացիներին չէին նայում, այլ դիտում էին այդ այցելուներին և, ձանձրույթով սպասում հերթափոխության։ Իշխան Անդրեյը կանգ առավ ֆրանսացիներին նայելու։

— Տես, տես,— ասում էր մի զինվոր իր ընկերոջը, ցույց տալով մի հրացանակիր ռուս զինվորի, որ սպայի հետ մոտեցավ զորաշղթային և սկսեց արագ ու տաք-տաք խոսել ֆրանսացի գրենադերի հետ։— Տեսնում ես ոնց ա վրա տալի։ Ֆրանցուզը ետևից չի կարում հասնի։ Դե, դու էլ խոսի, Սիդորով։

— Կաց, լսի։ Ի՜նչ լավ ա խոսում,— ասավ Սիդորովը, որ ֆրանսերեն լավ խոսող էր համարվում։

Զինվորը, որին մատնացույց էին անում ծիծաղելով, Դոլոխովն էր։ Իշխան Անդրեյը ճանաչեց նրան ու ականջ դրեց նրա խոսակցության։ Դոլոխովն իր վաշտապետի հետ զորաշղթան էր եկել ձախ թևից, ուր գտնվում էր նրանց գունդը։

— Հը, շարունակի, շարունակի,— խրախուսում էր վաշտի հրամանատարը՝ առաջ թեքվելով և ջանալով բաց չթողնել իրեն անհասկանալի և ոչ մի բառ։— Խնդրեմ, շուտ-շուտ։ Ի՞նչ է ասում։

Դոլոխովը չէր պատասխանում վաշտի հրամանատարին. նա ամբողջովին տարված էր տաք վիճաբանությամբ։ Նրանք խոսում էին, ինչպես և պետք է լիներ, կռվի մասին։ Ֆրանսացի գրենադերն ապացուցում էր, ավստրիացիներին ռուսների հետ շփոթելով, թե ռուսներն անձնատուր են եղել և փախել հենց Ուլմի մոտից։ Դոլոխովն ապացուցում էր, թե ռուսներն անձնատուր չեն եղել, այլ ջարդել են ֆրանսացիներին։

— Այստեղ էլ հրամայեն՝ քշել ձեզ, կքշենք,— ասում էր Դոլոխովը։

— Աշխատեցեք միայն, որ ձեզ բոլորիդ գերի չվերցնենք ձեր րոլոր կազակների հետ միասին,— ասում էր ֆրանսացի գրենադերը։

Ունկնդրող ֆրանսացիները ծիծաղեցին։

— Ձեզ կստիպենք պարել, ինչպես Սուվորովի ժամանակ պարեցիք,— ասավ Դոլոխովը։

— Qu’est-ce qu’il chante?[44]— ասավ մի ֆրանսացի։

— De l’histoire ancienne[45],— ասավ մի ուրիշը, գլխի ընկնելով, որ խոսքը վերաբերում է նախկին պատերազմներին։— L’Empereur va lui faire voir à votre Souvara, comme aux autres…[46]

— Բոնապարտը…— սկսեց Դոլոխովը, բայց ֆրանսացին ընդհատեց նրան։

— Բոնապարտ չկա, այլ կա կայսր։ Sacré nom[47]…— բղավեց ֆրանսացին բարկացած։

— Գրողը տանի ձեր կայսեր,— և Դոլոխովն ռուսերեն, կոպիտ, զինվորավարի հայհոյելով, հրացանն ուսը գցելով՝ հեռացավ։

— Գնանք, Իվան Լուկիչ,— ասավ նա վաշտի հրամանատարին։

— Այ էդպես կխոսեն ֆրանցուզերեն,— ասին զինվորները։— Դե, դու էլ, Սիդորով, սկսի։

Սիդորովն աչքով արավ և, ֆրանսացիներին դառնալով, սկսեց շուտ-շուտ իրար ետևից անհասկանալի բառեր ասել։

— Կարի, մալա, տաֆա, սաֆի, մուտեր, կասկա,— բլբլացնում էր նա, աշխատելով արտահայտիչ շեշտեր տալ ձայնին։

— Հո, հո, հո՜, հա, հա՜… Ուհ ու ո՜ւ…— հնչեց առողջ ուրախ քրքիջի մի այնպիսի որոտ, որն ակամա վարակեց և ֆրանսացիներին, որից հետո պետք էր, թվում է, հրացանները դատարկեին, լիցքերը պայթեցնեին ու բոլորը ցրվեին իրենց տները։

Բայց հրացանները լցված մնացին, հրակնատները տներում ու ամրություններում առաջվա պես սպառնալից նայում էին իրար և առաջվա պես իրար դեմ էին ուղղված թնդանոթները։

XVI

Զորքերի բռնած ամբողջ գիծը՝ աջ թևից ձախն անցնելով իշխան Անդրեյը բարձրացավ այն մարտկոցը, որտեղից, բարձրակա սպայի ասելով, երևում էր ամբողջ դաշտը։ Այստեղ նա ձիուց իջավ ու կանգ առավ քարշակներից վերցրած չորս թնդանոթներից վերջինի մոտ։ Թնդանոթների առջև գնում-գալիս էր հերթապահ թնդանոթաձիգը, որ ուզեց ձգվել-պատիվ տալ սպային, բայց վերջինի նշանի վրա՝ վերսկսեց իր համաչափ, տաղտկալի երթևեկությունը։ Հրանոթների ետև ընկած էին քարշակներր, իսկ դրանց ետևը, ավելի հեռու գտնվում էին ձիակապարանը և թնդանոթաձիգների խարույկները։ Ձախ կողմը, ծայրի թնդանոթից ոչ հեռու գտնվում էր դալար ճյուղերից հյուսած հոլիկ, որտեղից սպաների աշխույժ ձայներ էին լսվում։

Արդարև, մարտկոցից երևում էր ռուսական գրեթե ամբողջ զորքը և հակառակորդի զորքի մեծ մասը։ Մարտկոցի ճիշտ դեմը, դիմացի բլրի հորիզոնի վրա նշմարվում էր Շենգրաբեն գյուղը։ Ավելի ձախ և ավելի աջ, երեք տեղ, խարույկների ծխի մեջ կարելի էր նկատել ֆրանսական զորքի բազմությունը, որի մեծ մասը, հավանորեն, գտնվում էր գյուղում և սարի ետևը։ Գյուղից դեպի ձախ, ծխի մեջ, մարտկոցի նման մի բան էր երևում, բայց հասարակ աչքով դժվար էր ջոկել։ Մեր ձախ թևը տեղավորված էր մի բավական զառիվեր բարձրության վրա, որ իշխում էր ֆրանսական դիրքերին։ Այդտեղ էր մեր հետևակը, իսկ ծայրին երևում էին դրագոնները։ Կենտրոնում, ուր գտնվում էր Տուշինի մարտկոցը և որտեղից իշխան Անդրեյը դիտում էր դիրքերը, ամենաթեք զառիվայրն էր և ուղիղ վայրէջք դեպի գետակը, որը մեզ բաժանում էր Շենգրաբենից։ Դեպի ձախ մեր զորքերը հասնում-միանում էին անտառին, ուր ծխում էին մեր, փայտ կտրող հետևակի խարույկները։ Ֆրանսական գիծը մերից ավելի ընդարձակ էր, և պարզ երեվում էր, որ ֆրանսացիք հեշտությամբ կարող էին երկու կողմիg մեր թիկունքն անցնել։ Մեր դիրքերի ետևը գտնվում էր մի զառիվայր ու խոր ձոր, որով հրետանու և հեծելազորի համար շատ դժվար կլիներ նահանջել։ Իշխան Անդրեյը թնդանոթին կրթնելով և ծոցատետրը հանելով, սկսեց գծել իր համար զորքերի դասավորումը։ Երկու տեղ մատիտով նշան արավ, մտադրվելով դրանց մասին հայտնել Բագրատիոնին։ Ենթադրում էր՝ նախ, ամբողջ հրետանին կենտրոնացնել մեջտեղը և, երկրորդ, հեծելազորը տանել ետ, ձորի այն կողմը։ Իշխան Անդրեյը միշտ գլխավոր հրամանատարի մոտ գտնվելով, զորքի շարժումներին և ընդհանուր կարգադրություններին հետևելով և շարունակ պատերազմների պատմական նկարագրություններ կարդալով, այս առաջիկա ճակատամարտի ապագա ընթացքը նույնպես՝ ակամա պատկերացնում էր ընդհանուր գծերով։ Նա պատկերացնում էր լոկ հետևյալ խոշոր պատահականությունները. «Եթե թշնամին հարձակում գործի աջ թևի վրա,— ասում էր նա ինքն իրեն,— Կիևյան գրենադերյան և Պոդոլյան եգերյան զորամասերն ստիպված պիտի լինեն իրենց դիրքերը պահել այնքան, մինչև որ կենտրոնի օժանդակ մասերն օգնության հասնեն։ Այդ դեպքում դրագոնները կարող են հարձակվել թևի վրա և ետ մղել նրանց։ Իսկ կենտրոնի վրա հարձակվելու դեպքում՝ մենք այս բարձրության վրա կդնենք կենտրոնական մարտկոցը և նրա պաշտպանության տակ՝ ձախ թևը ետ կքաշենք ու շարաններով (էշելոն) կնահանջենք դեպի ձորը», մտածում էր նա ինքն իրեն։

Մարտկոցում, թնդանոթի մոտ գտնված ժամանակամիջոցում նա շարունակ լսում էր հոլիկում զրուցող սպաների ձայնը, բայց նրանց ասածների ոչ մի բառը չէր հասկանում։ Հանկարծ խոսողների ձայնի սրտագին տոնը զարմացրեց նրան և նա ակամա ականջ դրեց։

— Չէ, սիրելիս,— ասում էր մի դուրեկան և իշխան Անդրեյին կարծես ծանոթ մի ձայն,— ես ասում եմ՝ եթե հնարավոր լիներ իմանալ, թե ի՛նչ է լինելու մահից հետո, այն ժամանակ ոչ ոք մեզնից մահից չէր վախենա։ Այդպես, սիրելիս։

Ուրիշ, ավելի ջահել մի ձայն ընդհատեց նրան.

— Վախենաս թե չվախենաս, միևնույն է, մահից չես կարող խուսափել։

— Բայց մարդ շարունակ վախենում է։ Է, դուք, գիտուններ,— ասավ մի երրորդ առնական ձայն, երկուսին էլ ընդհատելով։— Դուք, թնդանոթաձիգներդ, նրանից եք այդքան գիտուն, որ ամեն ինչ կարողանում եք ձեզ հետ վերցնել թե՛ օղի, թե՛ ակռատ։

Եվ այդ առնական ձայնի տերը, որ հավանորեն հետևակ ապա էր, ծիծաղեց։

— Բայց շարունակ վախենում ես,— շարունակեց առաջին ծանոթ ձայնը։— Վախենում ես անհայտից, ա՛յ թե ինչ։ Որքան ասա թե՝ հոգին երկինք է գնում… բայց գիտեք որ երկինք չկա, այլ կա միայն մթնոլորտ։

Առնական ձայնը նորից ընդմիջեց։

— Հապա, Տուշին, հյուրասիրիր ծխախոտովդ,— ասաց նա։

«Հա՜, սա այն կապիտանն է, որ առանց կոշիկների կանգնած էր նպարավաճառի վրանում», մտածեց իշխան Անդրեյը, գոհությամբ ճանաչելով դուրեկան ու փիլիսոփայող ձայնը։

— Կարելի է,— ասավ Տուշինը,— բայց և այնպես հանդերձյալ կյանքն իմանալ…

Նա չկարողացավ խոսքը վերջացնել։ Այդ միջոցին օդի մեջ սուլոց լսվեց, որը գնալով ավելի ու ավելի մոտեցավ, ավելի լսելի դարձավ, և ռումբը, կարծես ամեն ինչ չասելով, ինչ հարկավոր էր, գերմարդկային ուժով, կտորտանքներ շաղ տալով, գետնովը դիպավ, հոլիկից ոչ հեռու։ Գետինը կարծես հառաչեց այդ ահավոր հարվածից։

Նույն վայրկյանին հոլիկից դուրս թռավ ամենից առաջ փոքրամարմին Տուշինը՝ ծխամորճը բերանի անկյունում. նրա բարի, խելացի դեմքը փոքր-ինչ գունատ էր։ Նրա ետևից դուրս եկավ առնական ձայնի տեր, կտրիճի տեսքով հետևակ սպան ու կոճկվելով վազեց դեպի իր վաշտը։

XVII

Իշխան Անդրեյը ձին նստած մնաց մարտկոցի վրա, նայելով ռումբ արձակող հրանոթի ծխին։ Նրա հայացքը թափառում էր ընդարձակ տարածության վրա։ Նա տեսավ միայն, որ ֆրանսացիների առաջվա անշարժ բազմությունները շարժվում են, և ձախ կողմն իրոք մարտկոց կար, որի ծուխը դեռ չէր ցրվել։ Ֆրանսացի երկու ձիավոր, հավանորեն, այդուտանտներ, սրարշավ գնացին սարով։ Սարի տակ, հավանորեն, զորաշղթան ուժեղացնելու համար, շարժվում էր թշնամու մի սակավաթիվ զորասյուն։ Առաջին կրակոցի ծուխը դեռ չէր ցրվել, երբ երևաց մի նոր ծուխ ու լսվեց մի նոր կրակոց։ Ճակատամարտն սկսվեց։ Իշխան Անդրեյը ձիու գլուխը թեքեց ու արշավեց ետ դեպի Գրունտ՝ իշխան Բագրատիոնին փնտրելու։ Լսում էր, թե ինչպես ետևում թնդանոթները որոտում էին ավելի հաճախ և ուժգին։ Երևի, մերոնք սկսեցին պատասխանել։ Ներքևում, այնտեղ, որտեղից անցան բանագնացները, հրացանի կրակոցներ լսվեցին։

Լեմառուան (Lemarrois) Բոնապարտի սպառնալից նամակը հենց նոր էր հանձնել Մյուրատին, և ամոթահար Մյուրատը կամենալով իր սխալն ուղղել, անմիջապես զորքերը շարժեց դեպի կենտրոնը և ռուսական երկու թևի թիկունքը՝ հույս ունենալով մինչև երեկո և մինչև կայսեր ժամանումը՝ ոչնչացնել իր առջև կանգնած չնչին զորաբաժինը։

«Սկսվե՜ց։ Ահա ճակատամարտը», մտածում էր իշխան Անդրեյը, զգալով, թե ինչպես է բաբախում սիրտը։ «Բայց ո՞ւր է։ Ինչպես է արտահայտվելու իմ Տուլոնը», մտածում էր նա։

Անցնելով նույն վաշտերի միջով, որ քառորդ ժամ առաջ քաշովի էին ուտում և օղի խմում, նա ամեն տեղ տեսավ կարգի մեջ մտնող և զենքեր վերցնող զինվորների միևնույն արագ շարժումները, ու բոլոր դեմքերին կարդաց աշխուժության այն զգացումը, ինչ կար իր սրտում։ «Սկսվե՜, Ահա՜ ճակատամարտը։ Սարսափելի՜ է, և հետաքրքիր»՝ կարելի էր կարդալ յուրաքանչյուր զինվորի ու սպայի դեմքին։

Շինվող ամրություններին չհասած, նա աշնանային ամպամած օրվա իրիկնային լույսով նշմարեց դեպի իրեն եկող ձիավորներ։ Առջևից եկողը, որ յափնջով էր և գառան մորթուց կարած կարտուզով, ճերմակ ձի էր նստած։ Դա իշխան Բագրատիոնն էր։ Իշխան Անդրեյը կանգ առավ, սպասելով որ նա մոտենա։ Իշխան Բագրատիոնը ձին կանգնեցրեց և, իշխան Անդրեյին ճանաչելով, գլխով բարևեց։ Եվ մինչ իշխան Անդրեյը խոսում էր իր տեսածների մասին՝ նա շարունակ առջևն էր նայում։

«Սկսվե՜ց. ահա՛ ճակատամարտը» արտահայտությունը երևում էր մինչև իսկ իշխան Բագրատիոնի պինդ ու թուխ դեմքին. նրա պղտոր աչքերը կիսախուփ էին, կարծես քնատ լիներ։ Իշխան Անդրեյն անհամբեր հետաքրքրությամբ նայում էր այդ անշարժ դեմքին, և ուզում էր իմանալ, թե նա մտածում ու զգում է արդյոք, և թե ի՛նչ է մտածում ու զգում այդ մարդն այդ վայրկյանին։ «Կա՞ առհասարակ մի որևէ բան այդ անշարժ դեմքի ետևը», հարց էր տալիս իշխան Անդրեյն իրեն, նրան նայելով։ Իշխան Բագրատիոնը գլխով հավանության նշան արավ իշխան Անդրեյի խոսքերին, և ասավ «լավ», մի այնպիսի արտահայտությամբ, որ կարծես բոլորը, ինչ կատարվում էր և ինչ հաղորդում էին իրեն, հենց այն էր, ինչ ինքը նախատեսել էր արդեն։ Իշխան Անդրեյը, արագ վազքից հևալով, խոսում էր շտապ-շտապ։ Իշխան Բագրատիոնը խոսքերն արտասանում էր արևելյան առոգանությամբ, դանդաղ, կարծես կամենալով ներշնչել, թե շտապելու կարիք չկա։ Սակայն ձին արագորեն քշեց Տուշինի մարտկոցի կողմը։ Իշխան Անդրեյը հետևեց նրան՝ զորախմբի հետ միասին։ Իշխան Բագրատիոնի ետևից գնում էին՝ շքախմբի սպան, իշխանի անձնական ադյուտանտը, Ժերկովը, հանձնակատարը (օրդինարեց), հերթապահ բարձրակա սպան՝ իր գեղեցիկ ձիու վրա նստած և մի դատական աստիճանավոր, որ հետաքրքրությունից խնդրել էր իրեն ևս տանել ճակատամարտը տեսնելու։ Աստիճանավորը, որ լեցուն մարդ էր, լիքը դեմքով, ուրախության միամիտ ժպիտով շուրջն էր նայում ձիու վրա ծուլուծուլ լինելով, նա իր կամլոտե շինելով տարօրինակ տպավորություն էր թողնում հուսարների, կազակների և ադյուտանտների շրջանում։

— Սա ուզում է ճակատամարտ տեսնել,— ասավ Ժերկովը Բալկոնսկուն, աստիճանավորին ցույց տալով,— բայց սիրտն արդեն դող է ընկել։

— Լավ, հերիք է,— ասավ աստիճանավորը փայլուն, միամիտ և միաժամանակ խորամանկ ժպիտով, կարծես իրեն շոյված էր զգում, որ Ժերկովը հանաքներ է անում իր հետ, ու կարծես դիտմամբ աշխատում էր ավելի հիմար երևալ, քան էր իսկապես։

— Très drôle, mon monsieur prince[48],— ասավ հերթապահ բարձրակա սպան։ (Նա հիշում էր, որ ֆրանսերեն մի ուրիշ տեսակ է ասվում իշխան տիտղոսը, ու ոչ մի կերպ չէր կարողանում ասել)։

Այդ ժամանակ նրանք մոտենում էին արդեն Տուշինի մարտկոցին, երբ մի ռումբ եկավ-ընկավ նրանց առաջ։

— Այդ ի՞նչ ընկավ,— հարցրեց աստիճանավորը պարզամտորեն։

— Ֆրանսական բոքոններ են,— ասավ Ժերկովը։

— Ուրեմն դրանո՞վ են խփում,— հարցրեց աստիճանավորը։— Ի՜նչ երկյուղալի է։

Եվ նա, թվաց թե, գոհունակությունից անչափ ուրախացավ։ Նա խոսքը հազիվ էր վերջացրել, երբ կրկին անսպասելի ահավոր մի շաչյուն լսվեց, որն ընդհատվեց հանկարծ ինչ որ հեղուկ բանի դիպած հարվածից,— շըը-լըփ,— աստիճանավորի ետևից եկող կազակն իր ձիու հետ տապալվեց գետին։ Ժերկովն ու հերթապահ սպան կռացան թամբերի վրա ու, ձիերի գլուխը շուռ տալով, քշեցին։ Ատիճանավորը կանգ առավ կազակի առաջ, ուշադիր հետաքրքրությամբ նրան նայելով։ Կազակը մեռած էր, ձին դեռ կենդանի էր։

Իշխան Բագրատիոնը, աչքերը կկոցելով, ետ նայեց և, իրարանցման պատճառը տեսնելով, երեսը շրջեց անտարբեր, կարծես ուզում էր ասել, թե արժի արդյոք հիմարություններով զբաղվել։ Նա ձին կանգնեցրեց հմուտ հեծվորի ձևերով, մի փոքր կռացավ և ուղղեց յափնջու փեշովն ընկած թուրը։ Դա շատ հին թուր էր, որի նմանը ոչ ոք չէր կրում հիմա։ Իշխան Անդրեյը հիշեց այն պատմությունը, թե ինչպես Սուվորովն Իտալիայում իր թուրը նվիրել է Բագրատիոնին, և առանձին մի հաճույք զգաց այդ հիշողությունից։ Նրանք մոտեցան հենց այն մարտկոցին, որի մոտ Բալկոնսկին կանգնած դիտում էր կռվի դաշտը։

— Ո՞վ է այս վաշտի հրամանատարը,— հարցրեց Բագրատիոնը ֆեյերվերկերին, որը կանգնած էր ռազմամթերքների սնդուկների մոտ։

Նա հարցրեց՝ ո՞վ է հրամանատարը, բայց էապես հարցնում էր, թե չե՞ք վախենում արդյոք։ Եվ ֆեյերվերկերը հասկացավ այդ։

— Կապիտան Տուշինը, ձերդ գերազանցություն,— ձգվելով, ուրախ ձայնով բացականչեց կարմրաշեկ, պեպենոտ դեմքով ֆեյերվերկերը։

— Լավ, լավ,— ասավ Բագրատիոնը, ինչ-որ մտմտալով, և քարշակների մոտով ձին քշեց դեպի ամենավերջին հրանոթը։

Այն վայրկյանին, երբ նա մոտենում էր՝ նրան և շքախմբին խլացնող մի կրակոց լսվեց այդ թնդանոթից, և հրանոթը հանկարծակի շրջապատող ծխի մեջ երևացին թնդանոթաձիգներ, որ թնդանոթը բռնած՝ աշխատում էին իր նախկին տեղը դնել։ Առաջին համար լայնաթիկունք, վիթխարի զինվորը փարտիչը ձեռին, ոտները լայն դնելով, ոստնեց դեպի անիվը, երկրորդ համար զինվորը դողացող ձեռով լցնում էր թնդանոթը։ Մի փոքրամարմին մարդ՝ կապիտան Տուշինը, սայթաքելով, առաջ վազեց, գեներալին չտեսնելով և փոքրիկ ձեռը ճակատին դրած՝ սկսեց նայել։

— Ավելացրու երկու գիծ էլ. այդպես, եղավ,— գոչեց նա իր բարակ ձայնով, որին աշխատում էր տալ կտրիճի շեշտ, ինչ որ չէր սազում նրա փոքրիկ մարմնին։— Երկրորդը՛,— ծվծվաց նա։— Խորտակիր դրանց, Մեդվեդև։

Բագրատիոնը կանչեց սպային, և Տուշինը, ամաչկոտ ու խեղճ շարժումներով բարևեց գեներալին ոչ թե այնպես, ինչպես զինվորականներն են բարևում, այլ այնպես, ինչպես քահանաներն են օրհնում, երեք մատը քունքին դրած մոտեցավ գեներալին։ Թեպետ Տուշինի թնդանոթները նրա համար էին, որ կրակի տակ առնի ձորը, բայց նա հրկիզագնդերն արձակում էր հեռվում երևացող Շենգրաբեն գյուղի վրա, որտեղից առաջանում էր ֆրանսացիների հոծ բազմություն։

Ոչ ոք Տուշինին չէր հրամայել, թե ո՛ւր և ի՛նչի վրա պիտի կրակի, և նա, խորհրդակցելով իր վերակա Զախարչենկոյի հետ, որին հարգում էր մեծապես, որոշել էր, որ լավ կլինի, եթե գյուղը հրդեհի։ «Լա՛վ», ասավ Բագրատիոնը սպայի զեկուցումը լսելով և սկսեց իր առջև երևացող կռվի դաշտը դիտել, կարծես ինչ-որ մտմտալով։ Աջ կողմից ֆրանսացիք շատ առաջ էին եկել։ Այն բարձունքի ներքև, ուր գտնվում էր Կիևյան գունդը, գետի հեղեղատում սարսափելի հրացանաձգություն էր լսվում, իսկ ավելի աջ կողմը, դրագոնների ետևը, շքախմբի սպան Բագրատիոնին ցույց տվևց մեր թևի ետևն անցնող ֆրանսական զորասյունը։ Ձախ կողմը հորիզոնը փակվում էր մոտակա անտառով։ Իշխան Բագրատիոնը կենտրոնի երկու գումարտակի հրամայեց՝ օգնության հասնել աջ թևին։ Շքախմբի սպան սիրտ արավ դիտել տալ իշխանին, թե այդ գումարտակների հեռանալով հրանոթները կմնան անպաշտպան։ Իշխան Բագրատիոնը երեսը շրջեց դեպի շքախմբի սպան ու անփայլ աչքերով նրան նայեց անխոս։ Իշխան Անղրեյին թվաց, թե սպայի դիտողությունն իրավացի էր և թե իրոք որ ասելու բան չկար։ Բայց այդ ժամանակ սրարշավ մի ադյուտանտ եկավ ձորակում գտնվող գնդի հրամանատարի կողմից, թե ներքևով ֆրանսական ահագին զորք է գալիս, թե գունդը քայքայված է և նահանջում է դեպի Կիևյան գրենադերները։ Իշխան Բագրատիոնը գլուխը խոնարհեց ի նշան համաձայնության ու հավանության։ Ձին մանրաքայլ քշեց դեպի աջ և ադյուտանտին ուղարկեց դրագոնների մոտ՝ ֆրանսացիների վրա հարձակվելու հրամանով։ Բայց կես ժամ հետո այդ ադյուտանտը վերադարձավ՝ լուր բերելով, թե դրագոնների գնդի հրամանատարը նահանջել է արդեն ձորի այն կողմը, որովհետև սաստիկ կրակ է եղել ուղղված իր դեմ, և նա իզուր տեղ զոհեր է տվել, ուստի և զորքն շտապով տանում է դեպի անտառ։

— Լա՛վ,— ասավ Բագրատիոնը։

Այն միջոցին, երբ նա հեռանում էր մարտկոցից, ձախ կողմից նույնպես կրակոցներ լսվեցին անտառում, և որովհետև ձախ թևը բավական հեռու էր, և ինքը չէր կարող ժամանակին հասնել, Բագրատիոնն այնտեղ ուղարկեց Ժերկովին՝ ավագ գեներալին հայտնելու (հենց այն գեներալին, որը Բրաունաուում գունդը ներկայացրեց Կուտուզովին), որպեսզի նա որքան կարելի է շուտ նահանջի ձորի ետևը, որովհետև աջ թևը, երևի ուժ չի ունենա երկար դիմադրել թշնամուն։ Իսկ Տուշինն ու նրան պաշտպանող գումարտակը մոռացվեցին։ Իշխան Անդրեյն ուշադրությամբ հետևում էր Բագրատիոնի՝ զորավարների հետ ունեցած խոսակցություններին ու նրա տված հրամաններին և զարմանքով նկատում էր, որ ոչ մի հրաման էլ չէր տրվում, այլ որ միայն իշխան Բագրատիոնն աշխատում էր ցույց տալ, թե ի՛նչ արվում է անհրաժեշտաբար, պատահաբար և մասնավոր, զորավարների կամքով,— այդ բոլորն արվում է թեև ոչ իր հրամանով, բայց իր մտադրությունների համաձայն։ Իշխան Բագրատիոնի ցույց տված տակտի շնորհիվ, իշխան Անդրեյը նկատում էր, որ (չնայած դեպքերի պատահականության ու զորապետների կամքից անկխ լինելուն) նրա ներկայությունը անչափ օգտակար է։ Այն զորավարները, որ այլայլված էին, զինվորներն ու սպաները ուրախությամբ ողջունում էին նրան, աշխուժանում էին նրա ներկայությամբ և, հայտնապես, ուզում էին իրենց քաջությունը ցույց տալ նրան։

XVIII

Իշխան Բագրատիոնը հասնելով մեր աջ թևի ամենաբարձր կետին՝ սկսեց իջնել ցած, որտեղից որոտագին հրաձգություն էր լսվում և որտեղ ոչինչ չէր երևում վառոդի ծխի պատճառով։ Որքան մոտենում էին ձորակին, այնքան քիչ էին բան տեսնում, բայց այնքան ավելի էր զգացվում իսկական ճակատամարտի դաշտի մոտիկությունը։ Հանդիպեցին վիրավորներ։ Անգլխարկ, արյունոտված գլխով մեկին՝ թևատակերից բռնած քաշ էին տալիս երկու զինվոր։ Նա խռխռացնում էր ու թքոտում։ Գնդակը, հավանորեն, մտել էր բերանը, կամ կոկորդը։ Մյուսը, որ հանդիպեց, առույգ քայլում էր մենակ, առանց հրացանի, բարձրաձայն տնքալով և թարմ ցավից ձեռը թափահարելով, որից արյունը, ինչպես շշից, թափվում էր շինելի վրա։ Նրա դեմքի վրա ավելի վախ կար, քան թե ցավ։ Նա վիրավորվել էր մի րոպե առաջ։ Ճանապարհն անցնելով՝ նրանք սկսեցին զառիվայրով իջնել և վայրէջքին տեսան մի քանի մարդ, որ պառկած էին. հանդիպեցին զինվորների մի մեծ խմբի, որոնց մեջ կային և ոչ վիրավորներ։ Զինվորները, հևալով, սարն էին բարձրանում և, չնայած գեներալին տեսան, այնուամենայնիվ շարունակեցին խոսել բարձրաձայն ու ձեռների շարժումներով։ Առջևում, ծխի մեջ երևում էին գորշազգեստ զինվորների շարքերը, և սպան, Բագրատիոնին տեսնելով, պոռալով վազեց խմբով հեռացող զինվորների ետևից, պահանջելով, որ ետ դառնան։ Բագրատիոնը մոտեցավ շարքերին, ուր մերթ այստեղ, մերթ այնտեղ հրացաններ էին տրաքտրաքում, խլացնելով խոսակցությունն ու հրամանների ձայնը։ Օդն ամբողջ հագեցած էր վառոդի ծխով։ Զինվորների դեմքն ամբողջովին սևացած էր վառոդից ու կենդանացած։ Ոմանք հրացանները լցնում էին շամփուրներով, մյուսները խանձոցների մեջ վառոդ էին ածում, գնդակներ էին հանում պարկերից, ուրիշները կրակում էին։ Բայց թե ո՛ւմ վրա էին կրակում, այդ չէր երևում վառոդի անշարժ ծխի պատճառով։ Բավական հաճախ լսվում էին բզզոցի և շվշվոցի հաճելի ձայներ։ «Սա ի՞նչ բան է,— մտածեց իշխան Անդրեյը, մոտենալով զինվորների այդ խմբին։— Սա չի կարող հարձակում լինել, որովհետև նրանք չեն շարժվում. չի էլ կարող կառե լինել, նրանք այնպես չեն կանգնած»։

Գնդի հրամանատարը՝ նիհար, տեսքով թուլակազմ ու հաճելի ժպիտով մի ծերուկ, որի թերթերունքները կիսով չափ ծածկում էին նրա զառամյալ աչքերը, տալով նրան հեզ կերպարանք, մոտեցավ իշխան Բագրատիոնին և ընդունեց նրան, ինչպես տանտերը մի թանկագին հյուրի։ Նա զեկուցեց իշխան Բագրատիոնին, թե ֆրանսական հեծելազորը հարձակում գործեց իր գնդի վրա, և թեև այդ հարձակումը ետ մղվեց, բայց գունդը կորցրեց իր կիսից ավելին։ Գնդապետն ասում էր՝ հարձակումը ետ է մղված, բայց իսկապես ինքն էլ չէր իմանում, թե այս կես ժամվա մեջ ինչ է անցնում-դառնում իր գորքերի մեջ, ու հաստատապես չէր կարող ասել՝ հարձակո՞ւմն է ետ մղված, թե իր գունդն է ջարդված հարձակումից։ Կռվի սկզբում նա գիտեր միայն, որ ռումբեր ու նռնակներ սկսեցին տեղալ իր գնդի վրա ու մարդիկ սպանել, որ հետո մեկը ձայն տվեց՝ «հեծելազորը», ու մերոնք սկսեցին կրակել։ Եվ մինչև այժմ կրակում էին ոչ թե հեծելազորի վրա, որ անհետացել էր արդեն, այլ հետևակ ֆրանսացիների, որ երևացել էին ձորում ու կրակում էին մերոնց վրա։ Իշխան Բագրատիոնը գլուխն իջեցրեց ի նշան այն բանի, թե այդ բոլորը կատարվել է այնպես, ինչպես ինքն է ցանկացել ու ենթադրել։ Դառնալով ադյուտանտին նա հրամայեց՝ սարից, 6-րդ եգերյանից բերել երկու գումարտակ, որոնց մոտով քիչ առաջ անցան։ Այդ վայրկյանին իշխան Անդրեյին զարմացրեց Բագրատիոնի դեմքի վրա կատարված փոփոխությունը։ Նրա դեմքն արտահայտում էր մի կենտրոնացած ու երջանիկ վճռականություն, որ ունենում է շոգ օրը ջուրը նետվելու պատրաստ մարդը։ Աչքերն այլևս քնատ, անփայլ չէին, և ինքը չուներ շինծու-խորամիտ տեսք. կլոր, ուժեղ, բազեի աչքերը հիացումով ու փոքր-ինչ արհամարհանքով նայում էին առաջ, ըստ երևույթին, ոչ մի բանի վրա կանգ չառնելով, թեև նրա շարժումների մեջ մնացել էր նախկին դանդաղկոտությունն ու չափավորությունը։

Գնդի հրամանատարը Բագրատիոնին խնդրեց՝ ետ դառնալ, որովհետև այստեղ շատ վտանգավոր էր։ «Ի սեր աստծո, ձերդ պայծառափայլություն», ասում էր նա ու իր խոսքը հաստատելու ակնկալությամբ նայում շքախմբի սպային, որը սակայն խուսափում էր նրանից։ «Այ, բարեհաճեցեք տեսնել»,— ցույց էր տալիս նա գնդակները, որ շարունակ վզզում, երգում ու սուլում էին նրանց շուրջը։ Նա խոսում էր խնդրանքի ու հանդիմանության այնպիսի տոնով, որով հյուսն է խոսում կացինը ձեռն առած աղայի հետ. «մեզ համար սովորական ա, բայց դուք ձեռներդ մազոլ կանեք»։ Նա խոսում էր այնպես, կարծես այդ գնդակներն իրեն չէին կարող սպանել, ու նրա կիսախուփ աչքերը նրա խոսքերին տալիս էին ավելի համոզիչ արտահայտություն։ Բարձրակա սպան միացավ գնդի հրամանատարի հորդորներին, բայց իշխան Բագրատիոնը չպատասխանեց նրանց և հրամայեց միայն՝ կրակը դադարեցնել և դասավորվել այնպես, որ եկող երկու գումարտակների համար տեղ լինի։ Այդ միջոցին, երբ նա խոսում էր, բարձրացած քամին անտես ձեռի նման, աջից դեպի ձախ տարավ ձորը ծածկող ծխի վարագույրը, և դիմացի սարը՝ վրան շարժվող ֆրանսացիներով, բացվեց նրանց առաջ։ Բոլոր հայացքներն ակամա ուղղվեցին ֆրանսական այդ զորասյունին, որ սարի ծապաններով շարժվում էր դեպի մեզ։ Երևում էին արդեն զինվորների բրդոտ գդակները. կարելի էր արդեն սպաներին ջոկել շարքայիններից, երևում էր, թե ինչպես է դրոշակը ֆռֆռալով, դիպչում իր կոթին։

— Լավ են գալիս,— ասավ մեկը Բագրատիոնի շքախմբում։

Զորասյունի գլուխն արդեն ձորը մտավ։ Ընդհարումը պիտի տեղի ունենար վայրէջքի այս կողմը…

Կռվին մասնակցող մեր գնդի մնացորդները, հապճեպ դասավորվելով, քաշվեցին դեպի աջ. նրանց ետևից, ետ մնացողներին քշելով, մոտեցան 6-րդ եգերյանի երկու գեղակազմ գումարտակները։ Նրանք դեռ Բագրատիոնին չէին հասել, բայց լսվում էր արդեն նրանց ծանր ու համաչափ քայլվածքը։ Ձախ կողմից, Բագրատիոնին մոտիկ քայլում էր վաշտի հրամանատարը՝ կլոր դեմքով, բարեկազմ մի տղամարդ՝ տխմար ու երջանիկ արտահայտությամբ, հենց այն սպան, որ դուրս վազեց հոլիկից։ Նա, հավանորեն, այդ վայրկյանին ոչ մի բանի մասին չէր մտածում, բացի այն, որ կտրիճի պես անցնի իր իշխանավորների առջևից։ Ռազմական ինքնաբավական տեսքով, իր ջլապինդ ոտներով քայլում էր թեթևորեն, կարծես լողում էր, առանց նվազագույն ճիգի ձգվելով և իր այդ թեթևությամբ ջոկվելով իրեն հետևող զինվորների ծանր քայլվածքից։ Նա ոտի երկարությամբ բռնել էր մերկացրած նեղլիկ թուրը և, մերթ իշխանավորներին, մերթ ետ նայելով, քայլի համաչափությունը չկորցնելով, ճկունությամբ շրջվում էր իր ամբողջ հաղթ իրանով։ Թվում էր՝ իր հոգու ամբողջ կարողությունը գործադրում է, որպեսզի լավագույն ձևով անցնի իշխանավորների ետևից, և զգալով, որ այդ բանը կատարում է լավ,— երջանիկ էր։ «Ձախը՛… ձախը՛… ձախը՛…», թվում էր ներքուստ կրկնում էր նա յուրաքանչյուր քայլն անելիս, ու ըստ այդ տակտի շարժվում էր բազմատեսակ-խիստ դեմքերով զինվորների պատը, կաշեպարկեր կապած, հրացաններն ուսերը գցած, ու կարծես այդ հարյուրակ զինվորներից յուրաքանչյուրը ամեն մի քայլից հետո կրկնում էր մտքում. «ձախը՛… ձախը՛… ձախը՛…»։ Հաստ մայորը, փնչացնելով ու լոք-լոք անելով՝ անցավ ճամփին բուսած թուփը. ետ մընացած մի զինվոր, հևասպառ, իր անճշտապահությունից վախեցած դեմքով, սնգսնգալով հասավ վաշտին, ռումբը, օդը ճնշելով, թռած եկավ-անցավ իշխան Բագրատիոնի և նրա շքախմբի գլխի վրայից և, «ձախը-ձախը» տակտով, զարկեց զորասյունին։ «Շարքերը խտացրե՛ք», լսվեց վաշտի հրամանատարի ցուցամոլ ձայնը։ Զինվորները աղեղաձև շարքով անցան այն տեղից, ուր ռումբն ընկավ, մի ծեր ենթասպա, մի քանի վայրկյան կանգնելով սպանվածների մոտ, վազելով հասավ իր շարքին, ծուլ լինելով քայլեց ու քայլվածքը հարմարեցրեց մյուսներին և բարկացած շուրջը նայեց։ «Ձախը՛… ձախը՛… ձախը՛…», թվում էր լսվում է սպառնալից լռության միջից և միաժամանակ գետին զարկվող ոտների միատեսակ ձայնից։

— Կեցցե՛ք, տղերք,— ասավ իշխան Բագրատիոնը։

«Պատրաստ ենք ձե-ըը՜ թյո՜ւն…», լսվեցին շարքերից։ Ձախ կողմից քայլող մի մռայլ զինվոր, պոռալով, աչքերով նայեց Բագրատիոնին մի այնպիսի արտահայտությամբ, կարծես ասում էր. «ինքներս գիտենք», մի ուրիշը, առանց նայելու և կարծես վախենալով ուրախանալ, բերանը բանալով՝ պոռաց ու անցավ։

Կարգադրվեց կանգ առնել և պայուսակները հանել։

Բագրատիոնն անցավ շարքերի առջևից և ձիուց իջավ։ Սանձը տվեց կազակին, յափնջին վերցրեց և նույնպես նրան տվեց, ապա կարտուզն ուղղեց գլխին։ Ֆրանսական զորասյունի գլուխը, սպաներն առջևից, երևաց սարի տակից։

«Աստված օգնակա՛ն», ասավ Բագրատիոնը պինդ, լսելի ձայնով, մի ակնթարթ նայեց ճակատ կազմած զինվորներին և, ձեռները թեթևակի գցելով, հեծվորի անհաստատ քայլերով, կարծես դժվարությամբ, առաջ գնաց անհարթ դաշտով։ Իշխան Անդրեյն զգաց, որ մի անդիմադրելի ուժ իրեն առաջ է մղում, ու մեծ երջանկություն էր զգում։[49]

Ֆրանսացիք արդեն բավական մոտեցել էին. իշխան Անդրեյը, որ քայլում էր Բագրատիոնի կողքից, պարզ ջոկում էր նրանց լանջակապերը. կարմիր ուսադիրները, անգամ դեմքերը։ (Նա պարզ տեսավ մի ծեր ֆրանսացի սպայի, որ դուրս ընկած ոտներով դժվարությամբ քայլում էր սարն ի վեր)։ Իշխան Բագրատիոնը նոր հրաման չտվեց և շարունակեց անխոս անցնել շարքերի առջևից։ Հանկարծ ֆրանսացիների շարքերից մի կրակոց լսվեց, ապա երկրորդը, երրորդը… և թշնամու ցրիվ շարքերում ծուխ բարձրացավ և հրացանները ճարճատեցին։ Մի քանի մարդ ընկան մերոնցից, դրանց թվում և կլոր դեմքով սպան, որ քայլում էր այնպես ուրախ ու ջանասիրությամբ։ Բայց այն վայրկյանին, երբ առաջին կրակոցը հնչեց. Բագրատիոնը շուրջը նայեց ու գոչեց. «Ուռա՜»։

«Ուռա՜-ա-ա-ա՜» զիլ կանչերով տարածվեց մեր զորագծում և, մերոնք իշխան Բագրատիոնին ու միմյանց առաջևելով, անկարգ, բայց զվարթ ու աշխույժ բազմությամբ վազեցին սարն ի վար՝ ցրված ֆրանսացիների ետևից։

XIX

6-րդ եգերյան գումարտակի հարձակումն ապահովեց աջ թևի նահանջը։ Կենտրոնում՝ Տուշինի մոռացության մատնված մարտկոցի գործողությունը, որ արդեն հաջողել էր վառել Շենգրաբենը, կանգնեցրել էր ֆրանսացիների առաջխաղացումը։ Ֆրանսացիները հանգցնում էին քամուց տարածվող հրդեհը, և այդպիսով մերոնց ժամանակ տալիս նահանջելու։ Կենտրոնի նահանջը ձորի միջով կատարվեց հապճեպ ու մեծ աղմուկով, սակայն նահանջելիս՝ զորամասերը չխառնվեցին իրար։ Բայց ձախ թևը, որ միաժամանակ ենթարկվեց Լաննի ղեկավարության տակ գտնվող ֆրանսական գերազանց ուժերի հարձակմանն ու թիկնանց շարժումին և որը կազմված էր Ազովյան ու Պոդոլյան հետևակ և Պավլոգրադյան հուսարական գնդերից,— քայքայվեց։ Բագրատիոնը Ժերկովին ուղարկեց ձախ թևի հրամանատար գեներալի մոտ, հրամայելով անմիջապես նահանջել։

Ժերկովն առույգորեն, ձեռը քունքից չհեռացնելով, ձին շարժեց ու քշեց սրարշավ։ Բայց հազիվ մի փոքր հեռացավ Բագրատիոնից — ուժերը դավաճանեցին նրան. անդիմադրելի մի երկյուղ ընկավ սիրտը,— ու չկարողացավ գնալ վտանգի ենթակա վայրը։

Ձախ թևի զորքերին մոտենալով՝ նա չգնաց առաջ, ուր հրաձգություն կար, այլ գեներալին ու զորապետին փնտրեց այնպիսի տեղեր, ուր նրանք չէին կարող լինել, ուստի և հրամանը տեղ չհասցրեց։

Ձախ թևի հրամանատարությունն ըստ ավագության պատկանում էր ա՛յն գնդի հրամանատարին, որ Բրաունաուի մոտ ներկայացավ Կուտուզովին և ուր իբրև զինվոր ծառայում էր Դոլոխովը։ Իսկ ծայրագույն ձախ թևի հրամանատար էր նշանակված Պավլոգրադյան գնդի (ուր Ռոստովն էր ծառայում) հրամանատարը, որի հետևանքով և թյուրիմացություն տեղի ունեցավ։ Երկու զորապետն էլ սաստիկ գրգռված էին իրարու դեմ, և այն ժամանակ, երբ աջ թևում կռիվ էր գնում և ֆրանսացիք արդեն սկսել էին հարձակումը, այս երկու զորապետներն զբաղված էին իրար վիրավորելու նպատակ ունեցող բանակցություններով։ Իսկ գնդերը՝ թե՛ հեծելազորը, թե՛ հետևակը պատրաստ չէին առաջիկա կռվի համար։ Զինվորից սկսած մինչև գեներալը ճակատամարտ չէին սպասում և հանգիստ զբաղված էին խաղաղ գործով. հեծելազորում կեր էին տալիս ձիերին, հետևակում՝ վառելափայտ էին հավաքում։

— Քանի որ նա աստիճանով ինձնից բարձր է,— ասում էր գերմանացի հուսարական գնդապետը, կարմրելով ու խոսքն ուղղելով իրեն մոտեցած ադյուտանտին,— թող ինչ ուզում է անի։ Ես իմ հուսարներին չեմ կարող զոհաբերել։ Փողահա՛ր, հնչեցրու նահանջի փողը։

Բայց գրությունը դառնում էր տագնապալից։ Թնդանոթաձգությունն ու հրացանաձգությունը, ի մի ձուլված, որոտում էին թե՛ աջից և թե՛ կենտրոնում, և Լաննի ֆրանսական հրաձիգներն անցնում էին արդեն ջրաղացի ամբարտակը և վերադասավորվում հրացանազարկի երկու տարածություն հեռու։ Հետևակի գնդապետր իր նյարդային քայլվածքով մոտեցավ ձիուն և, նրան հեծնելով (դարձավ ավելի ուղիղ ու բարձր) քշեց պավլոգրադյան գնդի հրամանատարի կողմը։ Երկու հրամանատարները հանդիպեցին իրար քաղաքավարի բարևներով և չարությունը սրտներում թաքցրած։

— Այսուամենայնիվ, գնդապետ,— ասավ գեներալը գերմանացուն,— չեմ կարող, սակայն, զորքի կեսը թողնել անտառում։ Ես ձեզ խնդրում եմ, ես ձեզ խնդրում եմ,— կրկնեց նա,— դիրք գրավել և հարձակման պատրաստություն տեսնել։

— Իսկ ես ձեզ խնդրում եմ մի խառնվեք ձեզ չվերաբերող գործին,— պատասխանեց գնդապետը տաքացած։— Եթե դուք հեծելակ լինեիք…

— Ես հեծելակ չեմ, գնդապետ, բայց ռուս գեներալ եմ, և եթե այդ չգիտեք…

— Գիտեմ, ձերդ գերազանցություն,— գոչեց հանկարծ գնգապետը, ձին տեղից շարժելով ու կաս-կարմիր կտրելով։— Համեցեք ու մի տեսեք, թե դա դիրք բռնելու տե՞ղ է։ Չեմ ուզում իմ գունդը ջարդել տալ ձեր բավականության համար։

— Դուք չափն անցնում եք, գնդապետ։ Ես իմ բավականության մասին չեմ մտածում և արգելում եմ այդպես խոսել։

Գեներալը, ընդունելով գնդապետի հրավերը՝ քաջության տուրնիրի գնալու, կուրծքն ուղղելով և դեմքը խոժոռելով, գնաց նրա հետ միասին դեպի զորաշղթան, կարծես նրանց ամբողջ տարաձայնությունը պետք է լուծվեր այնտեղ, զորաշղթայում գնդակների տակ։ Հասան այնտեղ, մի քանի գնդակներ անցան նրանց գլխի վրայից, և անխոս կանգ առան։ Շղթային նայելու կարիք չկար, որովհետև նրանց առաջվա տեղից էլ պարզ էր, որ հեծելազորը թփերի մեջ և ձորերում չէր կարող գործել, և որ ֆրանսացիք անցնում են ձախ թևի թիկունքը։ Գեներալն ու գնդապետը, ինչպես կռվի պատրաստվող երկու աքաղաղ. խստությամբ ու նշանակալից նայեցին իրար, իզուր միմյանց դեմքի վրա վախկոտության նշաններ փնտրելով։ Երկուսն էլ քննություն բռնեցին։ Որովհետն ասելու բան չկար, թե՛ մեկը, թե՛ մյուսը չուզեց մյուսին առիթ տալ ասելու, թե առաջինը նա հեռացավ գնդակների տակից, և նրանք երկար կմնային այդտեղ, փոխադարձաբար միմյանց քաջությունը փորձելու, եթե այդ ժամանակ անտառում, գրեթե նրանց ետև, չլսվեր հրացանների ճարճատյուն և մի խուլ աղաղակ։ Ֆրանսացիք հարձակվել էին անտառում գտնվող փայտ բերող զինվորների վրա։ Հուսարներն այլևս չէին կարող հետևակի հետ նահանջել։ Նրանց նահանջի ճանապարհը կտրել էր ֆրանսական շղթան։ Այժմ, որքան էլ տեղն անհարմար էր, անհրաժեշտ էր հարձակումով ճանապարհ բանալ։

Հեծվաշտը (ուր ծառայում էր Ռոստովը) հազիվ կարողացավ ձի նստել, ստիպվեց կանգնել-մնալ թշնամու դեմ-դիմաց։ Նորից, ինչպես Էնսի կամուրջի վրա, հեծվաշտի և թշնամու միջև ոչ ոք չկար, և նրանց միջև, նրանց բաժանելով, ընկած էր անհայտության ու սարսափի նույն ահավոր գիծը, որը կենդանի մարդկանց կարծես բաժանում է մեռելներից։ Բոլորն էլ զգում էին այդ գիծը, և այն խնդիրը, թե կանցնեն արդյոք այդ գիծը, թե ոչ ու ինչպե՛ս կանցնեն, հուզում էր նրանց։

Գնդապետը մոտեցավ ճակատ կազմած հեծվաշտին, բարկացած ինչ-որ պատասխան տվեց սպաների հարցումներին և, որպես իր կարծիքի վրա պնդող մի մարդ, մի ինչ-որ հրաման տվեց։ Ոչ ոք որոշ բան չասավ, բայց հեծվաշտում լուր տարածվեց հարձակում գործելու մասին։ Մարտակարգի հրաման տրվեց, և պատյաններից հանվող սրերը կրճտացին։ Բայց ոչ ոք չշարժվեց տակավին։ Ձախ թևի զորքը՝ թե՛ հետևակը, թե՛ հուսարները զգում էին, թե հրամանատարությունն ինքն էլ չգիտի ինչ անի, և պետերի անվճռականությունն անցավ զորքին։

«Շուտ լիներ, շուտ», մտածում էր Ռոստովը, զգալով, թե հասել է, վերջապես, հարձակման հաճույքը ճաշակելու ժամանակը, որի մասին այնքան բան էր լսել հուսար-ընկերներից։

— Աստված օգնական, տղեղք,— լսվեց Դենիսովի ձայնը,— ձիեղը քշեցեք։ Մաղշ։

Առաջին շարքի ձիերի գավակները շարժվեցին։ Գրաչիկը սանձը ձիգ տվեց և ինքը շարժվեց։

Ռոստովն աջ կողմը տեսնում էր իր հուսարների շարքերը, իսկ ավելի դենը, առջևը երևում էր մի մութ շերտ, որ չէր կարողանում ջոկել, բայց համարում էր թե դա թշնամին է։ Կրակոցներ էին լսվում, բայց հեռվում է։

— Քայլերն աղագացղեք,— կանչեց հրամանատարը, և Ռոստովն զգաց, թե ինչպես իր Գրաչիկը շարժում արավ քառասմբակ վազելու։

Նա առաջուց գուշակում էր նրա շարժումները, և քանի գնում, իրեն ավելի ուրախ էր զգում։ Առջևը նկատեց մի մենավոր ծառ։ Այդ ծառն սկզբում շատ առաջ էր, ա՛յն գծի մեջտեղը, որ այնպես սարսափելի էր թվում։ Անցան ահա այդ գիծը, և ոչ միայն սարսափելի բան չկար, այլ քանի գնում՝ ուրախություն և աշխույժ էր գալիս վրան։ «Օ՜հ, ինչպես պիտի թրատեմ նրանց», մտածում էր Ռոստովը, թրի երախակալը ձեռին սեղմելով։

— Ուռա-ա՜-ա՜,— որոտացին ձայները։ «Դե, թող հիմա մեկն առաջս գա», մտածեց Ռոստովը, խթանելով Գրաչիկին, ու, մյուսներին առաջելով, ձիու գլուխը բաց թողեց։ Թշնամին արդեն երևում էր առջևում։ Հանկարծ, լայն ավելի պես մի բան մտրակեց հեծելազորին։ Ռոստովը թուրը բարձրացրեց, պատրաստվելով թրատել, բայց այդ ժամանակ նրա առջևից սրարշավ գնացող զինվոր Նիկիտենկոն բաժանվեց նրանից, և Ռոստովը զգաց, ինչպես երազում, թե շարունակում է առաջ գնալ անբնական արագությամբ և միաժամանակ տեղից չի շարժվում։ Ետևից ծանոթ հուսար Բոնդարչուկը ձին քշեց նրա վրա ու նայեց բարկացած։ Բոնդարչուկի ձին ընկավ, և նա անցավ-գնաց առաջ։

«Սա ի՞նչ բան է. ես առաջ չե՞մ գնում։— Ես ընկել եմ, ես սպանված եմ»… մի վայրկյանում հարցրեց ու պատասխանեց Ռոստովն իրեն։ Նա դաշտի մեջ արդեն մենակ էր։ Շարժվող ձիերի և հուսարների թիկունքների փոխարեն իր շուրջը տեսնում էր միայն անշարժ գետին ու հնձած արտեր։ Տաք արյուն էր գնում իր տակից։ «Չէ, ես վիրավորված եմ, իսկ ձիս՝ սպանված»։ Գրաչիկն ուզեց բարձրանալ առաջին ոտների վրա, բայց ընկավ, տակովն անելով և հեծվորի ոտը։ Ձիու գլխից արյուն էր հոսում։ Ձին ջանք էր թափում, բայց չէր կարողանում ոտքի կանգնել։ Ռոստովն ուզեց բարձրանալ, բայց նույնպես ընկավ. թուրն ընկել էր թամբի փոկերի մեջ։ Որտեղ էին մերոնք, որտեղ էին ֆրանսացիք — չգիտեր։ Շուրջը ոչ ոք չկար։

Ոտն ազատելով, նա վեր կացավ։ «Ո՞ւր է, ո՞ր կողմն է այժմ այն գիծը, որ երկու բանակը խստորեն բաժանում էր իրարից»,— հարցնում էր ինքն իրեն ու չէր կարողանում պատասխանել։ «Արդյոք մի վատ բան չի՞ պատահել ինձ։ Լինո՞ւմ են արդյոք այսպիսի դեպքեր, և ի՞նչ պիտի անել այսպիսի պարագաներում», հարցրեց ինքն իրեն, վեր կենալով. և այդ միջոցին զգաց, որ մի ավելորդ բան է կախված իր ձախ ընդհարմացած ձեռից։ Ձեռի թաթը կարծես իրենը չլիներ։ Նայեց ձեռին, իզուր նրա վրա արյուն փնտրելով։ «Ահա և մարդիկ,— մտածեց նա ուրախացած, տեսնելով դեպի իրեն վազող մի քանի մարդու։— Սրանք ինձ կօգնե՜ն»։ Այդ մարդկանց առջևից վազում էր տարօրինակ կիվերով և կապույտ շինելով մեկը, որի թուխ արևառ դեմքի վրա երևում էր կեռ քիթը։ Նորից երկու և էլի շատ մարդիկ էին վազում ետևից։ Նրանցից մեկը մի բան ասավ տարօրինակ, ոչ ռուսերեն լեզվով։ Ետևում նույնպիսի կիվերներով նույնպիսի մարդկանց արանքում կանգնած էր մի ռուս հուսար. նրա ձեռները բռնել էին, իսկ նրա ետևը սանձից բռնել էին նրա ձին։

«Երևի, մեր հուսարը գերի է ընկել… Այո։ Մի՞թե ինձ էլ են գերի վերցնելու», մտածում էր Ռոստովը, աչքերին չհավատալով։ «Մի՞թե ֆրանսացիներ են»։ Նա նայում էր մոտեցող ֆրանսացիներին, և, չնայած մի վայրկյան առաջ արշավում էր նրանց հասնելու և թրատելու, սակայն նրանց մոտիկությունն այժմ այնպես սարսափելի էր թվում նրան, որ աչքերին չէր հավատում։ «Ովքե՞ր են սրանք։ Ինչո՞ւ են վազում։ Մի՞թե դեպի ինձ են վազում։ Եվ ինչո՞ւ։ Սպանելո՞ւ։ Ի՞նձ, որին բոլորն այնպես սիրում են։ Հիշեց մոր, ընտանիքի, բարեկամների սերը, և իրեն սպանելու թշնամու մտադրությունը անկարելի թվաց։ «Բայց գուցե և գալիս են սպանելու»։ Նա տասը վայրկյանից ավելի անշարժ կանգնեց իր տեղում, չհասկանալով իր կացությունը։ Առջևից եկող կեռ քթով ֆրանսացին այնքան մոտեցավ, որ նրա դեմքի արտահայտությունն երևում էր արդեն։ Եվ սվինը թեք բռնած, շունչը պահած դեպի իրեն վազող այդ մարդու բորբոքված երեսհարքը վախեցրեց Ռոստովին։ Նա ատրճանակը ձեռն առավ, և նրա վրա կրակելու փոխարեն, նետեց այն ֆրանսացու վրա և, որքան ոտներում ուժ ուներ, վազեց դեպի թփերը։ Փախչում էր ոչ թե կասկածի ու պայքարի այն զգացումով, որով գնաց Էնսի կամուրջի վրա, այլ շներից փախչող նապաստակի զգացումով։ Նա ամբողջ էությամբ սարսափ էր զգում իր ջահել, երջանիկ կյանքի համար։ Շտապ-շտապ արտերի միջնակներից ցատկելով՝ նա սլանում էր դաշտի միջով, իսկ երբեմն, երբ իր գունաթափ, բարի, ջահել դեմքը դարձնում՝ ետ էր նայում, սարսուռ էր անցնում մեջքով։ «Չէ, ավելի լավ է ետ չնայեմ», մտածեց նա, բայց թփերին մոտենալով՝ մի անգամ էլ ետ նայեց։ Ֆրանսացիք ետ էին մնացել, և նույնիսկ այն րոպեին, երբ նա ետ նայեց, առջևից եկող ֆրանսացին արդեն էլ չէր վազում, այլ քայլում էր և, երեսը շրջելով բարձրաձայն մի բան էր ասում ետևի ընկերոջը։ Ռոստովը կանգ առավ։ «Չէ, չէր կարող պատահել, որ սրանք ինձ սպանել ուզենային։ Այդպես չի կարծես»,— մտածեց նա և զգաց, որ ձախ ձեռն այնքան ծանր է, ասես երկու փթանոց կշռաքար էր կախված նրանից։ Նա էլ չկարողացավ առաջ վազել։ Ֆրանսացին նույնպես կանգ առավ ու նշան բռնեց։ Ռոստովն աչքերը փակեց ու կռացավ։ Բզզալով երկու գնդակ եկան-անցան իր կողքով։ Հավաքեց իր վերջին ուժերը, աջ ձեռով բռնեց ձախը և վազեց մինչև թփերը։ Թփերում ռուս հրաձիգներ կային։

XX

Անտառի մեջ հանկարծակիի բերված մեր հետևակ գնդերը դուրս թափվեցին անտառից, և վաշտերը, տարբեր վաշտերի խառնվելով, սկսեցին անկարգ խմբերով փախչել։ Մի ահաբեկված զինվոր բացականչեց պատերազմի դաշտում սարսափելի ու անիմաստ բառը «կտրեցի՜ն», և այդ բառը երկյուղի ու ահի զգացումով համակեց բոլորին։

— Մեր թիկունքն են անցե՞լ։ Կտրվա՜ծ ենք։ Կորա՜նք,— գոռում էին փախչողները։

Գնդի հրամանատարը, այն վայրկյանին, երբ ետևից կրակոցներ ու ճիչեր լսեց, հասկացավ, որ իր գնդին դժբախտություն է պատահել, և այն միտքը,— թե ինքը, երկար տարիներ ծառայած և ոչ մի բանում հանցավոր չգտնված օրինակելի սպան, կարող է հանկարծ անհոգության կամ անփութության համար հանցավոր համարվել իշխանության առաջ,— այնպես ցնցեց նրան, որ նա անմիջապես, մոռանալով թե՛ հեծգնդի անհնազանդ գնդապետին և թե իր գեներալի աստիճանը, բայց ամենից գլխավորը — մոռանալով միանգամայն վտանգն ու ինքնապահպանման զգացումը, թամբի կեռը բռնելով ու ձին խթանելով, սրարշավ գնաց դեպի գունդը՝ կարկուտի պես թափվող գնդակների տարափի տակ, որոնք բարեբախտաբար չդիպան նրան։ Նա միայն մի բան էր փափագում. հասկանալ ի՛նչ է պատահել, օգնել և ինչ գնով էլ լինի սխալն ուղղել, եթե դա եղել է իր կողմից, որ ինքը չդառնա հանցավոր, ինքը՝ քսաներկու տարի ծառայած, ոչ մի նկատողություն չստացած օրինակելի սպան։

Անվնաս անցնելով ֆրանսացիների միջով՝ նա սրարշավ հասավ անտառի ետևը տարածվող դաշտը, որով փախչում էին մերոնք ու, հրամանի ականջ չդնելով, իջնում էին սարի ստորոտը։ Հասավ բարոյական կերպարանափոխության ա՛յն վայրկյանը, որով վճռվում է ճակատամարտի բախտը,— զինվորների քայքայված խմբերը կլսե՞ն արդյոք իրենց հրամանատարի ձայնը, թե՞, նրան նայելով, կշարունակեն փախչել։ Չնայած գնդի հրամանատարի հուսահատ կանչին (որի ձայնն առաջ այնքան ահարկու էր զինվորի համար), չնայած գնդի հրամանատարի կատաղած, կարմրած, այլափոխված դեմքին ու թրի թափահարումին,— զինվորները շարունակեցին փախչել, խոսել, կրակել օդում և հրամաններ չլսել։ Ճակատամարտի բախտը վճռող բարոյական կերպարանափոխությունը, ըստ երևույթին, լուծվեց հօգուտ վախի։

Պոռալուց և վառոդի ծխից նեղվելով՝ գեներալը հազաց ու կանգ առավ հուսահատ։ Ամեն ինչ կորած էր թվում, բայց այդ րոպեին մերոնց վրա հարձակվող ֆրանսացիք հանկարծ, առանց նկատելի պատճառի, դեպի ետ վազեցին, թաքնվեցին անտառի փեշերում, և անտառում երևացին ռուս հրաձիգներ։ Դա Տիմոխինի վաշտն էր, որ իր կարգապահությունը չխախտելով, մենակ մնացել էր անտառում և, մի փոս տեղ դիրք մտած, հանկարծ հարձակում գործեց ֆրանսացիների վրա։ Տիմոխինը ֆրանսացիների վրա հարձակվեց մի այնպիսի կատաղի գոռոցով և այնպիսի խելագար վճռականությամբ՝ միայն մի թուր ձեռին, որ ֆրանսացիք հանկարծակիի գալով, զենքերը նետեցին ու փախան։ Տիմոխինի կողքից վազող Դոլոխովը մոտիկից սպանեց մի ֆրանսացու և առաջինը բռնեց անձնատուր եղող սպայի օձիքը։ Փախչողները ետ դարձան, գումարտակները հավաքվեցին, և ֆրանսացիք, որ քիչ էր մնացել ձախ թևի զորքերը երկու մասի բաժանեին, մի վայրկյանում ետ մղվեցին։ Պահեստի մասերը կարողացան միանալ, և փախչողները կանգ առան։ Գնդի հրամանատարը՝ մայոր Էկոնոմովի հետ կամուրջի մոտ կանգնած, նայում էր իր մոտով անցնող վաշտերին, երբ նրան մոտեցավ մի զինվոր և ասպանդակը բռնելով՝ գրեթե հենվեց նրան։ Զինվորի հագինը գործարանային կապույտ մահուդե շինել էր. նա ոչ պայուսակ ուներ, ոչ կիվեր, գլուխը կապված էր և ուսովն անցրել էր ֆրանսական մի փամփշտապարկ, իսկ ձեռին բռնել էր սպայի թուր։ Զինվորը գունաթափ էր, կապույտ աչքերն ամբարտավանորեն նայում էին գնդի հրամանատարին, իսկ բերանը ժպտում էր։ Թեպետ հրամանատարն զբաղված էր մայոր Էկոնոմովին հրամաններ տալով, բայց և այնպես չէր կարող ուշադրություն չդարձնել այդ զինվորի վրա։

— Զերդ գերազանցություն, ահա երկու հաղթանիշ,— ասավ Դոլոխովը ֆրանսական թուրն ու պարկը ցույց տալով։— Ես գերի վեցրի մի սպա։ Ես կանգնեցրի վաշտը։— Դոլոխովը հոգնածությունից դժվարությամբ էր շնչում, ու խոսում էր ընդմիջումներով։— Ամբողջ վաշտը կարող է վկայել։ Խնդրում եմ հիշեք, ձերդ գերազանցություն։

— Լավ, լավ,— ասավ գնդի հրամանատարը և դարձավ մայոր Էկոնոմովին։

Բայց Դոլոխովը չհեռացավ. նա գլխի կապը բաց արավ և ցույց տվեց մազերի մեջ լերդացած արյունը։

— Սվինի վերք է, բայց ճակատից չհեռացա։ Չմոռանաք, ձերդ գերազանցություն։

Տուշինի մարտկոցը մոռացվել էր, և միայն կռվի վերջում իշխան Բագրատիոնը, շարունակելով ականջ դնել կենտրոնից եկող թնդանոթաձգությանը, նախ հերթապահ բարձրակա սպային և ապա իշխան Անդրեյին ուղարկեց այնտեղ որպեսզի մարտկոցին հրամայեն՝ նահանջել, որքան կարելի է շուտ։ Տուշինի թնդանոթների մոտ եղած պաշտպանողական ջոկատը, ինչ-որ մեկի հրամանով, հեռացավ կռվի կիսին, բայց մարտկոցը շարունակեց կրակել և ֆրանսացիները այն չվերցրին միայն այն պատճառով, որովհետև չէին կարող ենթադրել, թե այդ հանդուգն հրաձգությունը չորս անպաշտպան թնդանոթից է։ Ընդհակառակը, մարտկոցի եռանդուն գործողությունից թշնամին ենթադրում էր, թե այստեղ, կենտրոնում են համախմբված թշնամու գլխավոր ուժերը, և երկու անգամ փորձեց հարձակում գործել այդ կետի վրա և երկու անգամն էլ էտ քշվեց այդ բարձունքի վրա մենակ մնացած չորս թնդանոթի կարտեչային կրակոցներից։

Շուտով, իշխան Բագրատիոնի հեռանալուց հետո, Տուշինը կարողացավ հրդեհել Շենգրաբենը։

— Տեսա՛ր, իրար անցան, շփոթվեցին։ Տե՛ս, ծուխ, ծուխ։ Լավ է, լավ։ Ծուխ, էլի ծուխ,— ասում էր թնդանոթաձիգներից մեկը, հետզհետե աշխուժանալով։

Բոլոր թնդանոթները, առանց որևէ հրամանի, խփում էին հրդեհի ուղղությամբ։ Կարծես իրար խրախուսելու համար, զինվորներր ամեն մի կրակոցն ուղեկցում էին բացականչություններով։ «Լա՜վ էր։ Այ էդպես, էդպե՛ս։ Տեսա՞ր… Լա՛վ էր»։ Հրդեհը, քամու շնորհիվ, արագությամբ տարածվեց։ Գյուղի այս կողմն անցած ֆրանսական զորասյուները ետ դարձան, բայց այդ անհաջողության համար իբրև պատիժ, թշնամին գյուղի աջ կողմը տասը թնդանոթ դրեց և սկսեց կրակել Տուշինի մարտկոցի վրա։

Հրդեհի պատճառած ուրախության և ֆրանսացիներին հաջողապես կրակի բռնելու բուռն ոգևորության հետևանքով մեր թնդանոթաձիգները թշնամու այդ մարտկոցը տեսան այն ժամանակ միայն, երբ երկու ռումբ, դրա ետևից նաև չորսը եկան խփեցին թնդանոթների մեջտեղը, ռումբերից մեկը տապալեց երկու ձի, մյուսը կտրեց արկղավարի ոտը։ Սակայն, նրանց մի անգամ արդեն համակած աշխույժր չթուլացավ, այլ տրամադրությունը փոխեց միայն։ Ձիերը փոխարինվեցին նորերով, վիրավորին վերցրին-տարան հեռու, և չորս թնդանոթն էլ ուղղվեցին թշնամու տասթնդանոթյա մարտկոցի դեմ։ Տուշինի ընկեր սպան սպանվեց կռվի հենց սկզբում, և մի ժամվա ընթացքում քառասուն զինվորից շարքից դուրս եկան տասնյոթ հոգի, բայց թնդանոթաձիգներն առաջվա պես զվարթ էին և եռանդուն։ Երկու անգամ նկատեցին, որ ներքևում, իրենց մոտիկ, ֆրանսացիք երևացին ու անմիջապես կարտեչահար արին նրանց։

Թույլ, անճարակ շարժումներով փոքրիկ մարդը սպասյակից շարունակ պահանջում էր մի ծխամորճ էլ դրա համար, ինչպես նա էր ասում, և ծխամորճի կրակը շաղ տալով, շուտ-շուտ առաջ էր նետվում ու, փոքրիկ ձեռը ճակատին դրած, նայում ֆրանսացիների կողմը։

— Խորտակեք դրանց, տղերք,— ասում էր նա և ինքը բռնում թնդանոթի անիվները և պտուտակները հանում։

Ծխի մեջ, խլանալով անընդհատ կրակոցներից, որոնք ամեն անգամ ստիպում էին նրան ցնցվել, Տուշինը առանց ծխամորճը թերնից հանելու, մի թնդանոթից վազում էր դեպի մյուսը, մերթ նշան էր բռնում, մերթ գնդակներն էր համրում, մերթ կարգադրում էր փոխել ու փոխարինել սպանված ու վիրավոր ձիերը, ու երբեմն ճչում էր իր թույլ բարակ, անվճռական ձայնով։ Նրա դեմքն ավելի ու ավելի կենդանանում էր։ Բայց երբ մարդ էին սպանում կամ վիրավորում՝ նա հոնքերը կիտում էր և երեսը շրջում սպանվածից, բարկացած պոռում էր զինվորների վրա, որոնք, ինչպես միշտ, հապաղում էին վիրավորին կամ սպանվածի դիակը վերցնելու։ Զինվորները, մեծ մասամբ գեղեցիկ կտրիճներ (ինչպես և միշտ լինում է մարտկոցային վաշտում, երկու գլուխ բարձր էին իրենց սպայից և կրկնակի թիկնեղ), բոլորը, ինչպես երեխաները դժվարին դրության մեջ, նայում էին իրենց հրամանատարին, և նրա դեմքի արտահայտությունն անփոփոխ կերպով անդրադառնում էր նրանց դեմքի վրա։

Այդ սարսափելի որոտի, աղմուկի, լարված ուշադրության ու գործունեության հետևանքով՝ Տուշինը ամենանվազ չափով իսկ ահի-երկյուղի տհաճ զգացում չուներ և մտքովն իսկ չէր անցնում, թե կարող է սպանվել կամ ծանր վիրավորվել։ Ընդհակառակը, նա հետզհետե ավելի զվարթանում էր։ Նրան թվում էր, թե շատ վաղուց, գուցե հենց երեկ էր, երբ նկատեց թշնամուն ու կրակեց առաջին անգամ, և թե այն դաշտամասը, ուր հիմա կանգնած է, վաղուց ծանոթ ու հարազատ է իրեն։ Չնայած որ ամեն ինչ հիշում էր, ամեն բան կշռադատում, ամեն բան անում, ինչ կարող էր անել ամենալավ սպան նրա դրության մեջ, նա գտնվում էր մի վիճակում, որ նման էր տենդագին զառանցանքի կամ հարբած մարդու վիճակի։

Իր թնդանոթների ամեն կողմից արձակող խլացուցիչ ձայնի պատճառով, թշնամու ռումբերի շաչյունի և հարվաների տակ, տեսնելով թնդանոթների մոտ աշխատող քրտնամխած, կարմրատակած զինվորներին, տեսնելով մարդկանց ու ձիերի արյունը, տեսնելով այն կողմը թշնամու արձակած ծխերը (որոնցից հետո ամեն անգամ ռումբ էր թռչում ու գալիս խփում գետնին, մարդկանց, թնդանոթներին կամ ձիերին),— ի տես այս բոլորի նրա գլխում ստեղծվել էր մի ֆանտաստիկ աշխարհ, որը նրա հաճույքն էր կազմում այդ րոպեին։ Թշնամու թնդանոթները նրա երևակայության մեջ թնդանոթներ չէին, այլ ծխամորճեր, որոնցից նոսր քուլաներով ծուխ էր արձակում աներևույթ ծխողը։

— Տես, էլի փստացրեց,— շշնջում էր Տուշինն ինքն իրեն, երբ սարից ծխի քուլա էր բարձրանում ու քամուց տարվում գեպի ձախ,— հիմա սպասիր խաղագնդակին։

— Ի՞նչ կհրամայեք, ձերդ ազնվություն,— հարցրեց ֆեյերվերկերը, որ մոտ կանգնած լինելով՝ լսեց թե ինչ-որ բան է քրթմնջում նա։

— Ոչինչ, ռումբը,— պատասխանեց նա։

«Հապա, Մատվևնա», ասավ ինքն իրեն։ Նրա երևակայության մեջ Մատվևնան ամենածայրի, հին ձևի թնդանոթն էր։ Ֆրանսացիք իրենց թնդանոթների մոտ նրան պատկերանում էին իբրև մրջյուններ։ Երկրորդ թնդանոթի համար առաջին գեղեցիկ, հարբեցող զինվորը նրա աշխարհում քեռի էր։ Տուշինն ամենից շատ նրան էր նայում և հրճվում նրա յուրաքանչյուր շարժումից։ Մերթ մարող, մերթ սաստկացող հրացանաձգությունը սարի տակ նրան թվում էր ինչ-որ մեկի շնչառություն։ Ու ականջ էր դնում այդ ձայների մարումին ու բռնկումին։

— Տես, էլի շունչ քաշեց, շունչ քաշեց,— ասում էր նա ինքն իրեն։

Ինքն իրեն պատկերանում էր վիթխարի հասակով, ուժեղ տղամարդ, որ երկու ձեռով ռումբ է նետում ֆրանսացիների վրա։

— Դե, Մատվենա, սիրելիս, ամոթով չթողնես,— ասավ նա, թնդանոթից հեռանալով, երբ նրա գլխավերևը հնչեց մի օտար անծանոթ ձայն։

— Կապիտան Տուշին։ Կապիտան։

Տուշինը վախեցած ետ նայեց։ Դա այն բարձրակա սպան էր, որ Գրունտից քշեց իրեն։ Նա շնչասպառ ձայնով գոռում էր։

— Այդ ի՞նչւ բան է. խենթացե՞լ եք։ Երկու անգամ հրամայել են ձեզ նահանջել, իսկ դուք…

«Է, ինչո՞ւ համար են ինձ…», մտածեց Տուշինն ինքն իրեն, երկյուղով նայելով սպային։

-— Ես… ոչինչ…— ասավ նա, երկու մատը քունքին դնելով։— Ես…

Բայց գնդապետը չասավ բոլորը, ինչ ուզում էր։ Մոտիկից անցնող ռումբն ստիպեց նրան կռանալ ձիու վրա։ Նա լռեց, բայց հենց որ ուզեց էլի ինչ-որ բան ասել, մի նոր ռումբ խանգարեց կրկին։ Նա ձիու գլուխը շուռ տվեց ու սրարշավ հեռացավ։

— Նահանջեցեք, բոլորդ նահանջեցեք,ձայն տվեց նա հեռվից։

Զինվորները ծիծաղեցին։ Մի րոպե հետո ադյուտանտն եկավ նույն հրամանով։

Դա իշխան Անդրեյն էր։ Ոտք դնելով Տուշինի մարտկոցի գրաված տարածությունը՝ նա տեսավ ոտը կոտրած, լծարձակ մի ձի, որ խրխնջում էր լծված ձիերի կողքին։ Արյունն աղբյուրի պես գնում էր նրա ոտից։ Քարշակների արանքում ընկած էին մի քանի սպանվածներ։ Երբ նա մոտենում էր մարտկոցին, ռումբերն իրար ետևից անցնում էին նրա գլխավերևից, և նա զգում էր թե ինչպես մի ներվային դող անցավ մեջքով։ Բայց այն միտքը, թե վախենում է, նորից արիություն ներշնչեց նրան։ «Ես չպետք է վախենամ», մտածեց նա և դանդաղ իջավ ձիուց՝ հենց թնդանոթների արանքում։ Հրամանը հայտնեց ու մնաց։ Որոշեց, որ իր ներկայությամբ թնդանոթները հանել կտա դիրքից ու կտանի հետը։ Եվ Տուշինի հետ, դիակների վրայից լոք տալով, ֆրանսացիների սարսափելի կրակի տակ, զբաղվեց թնդանոթների հավաքումով։

— Քիչ առաջ մի մեծավոր եկավ ու իսկույն էլ պո՛ւկ,— ասավ ֆեյերվերկերը իշխան Անդրեյին,— ձեզ նման չէր սկի, ձերդ ազնվություն։

Իշխան Անդրեյը ոչինչ չխոսեց Տուշինի հետ։ Երկուսն էլ այնքան զբաղված էին, որ, կարծես, իրար չէին տեսնում։ Երբ չորսից անվնաս մնացած երկու թնդանոթը քարշակներին դրած՝ սկսեցին ցած իջնել, իշխան Անդրեյը մոտեցավ Տուշինին.

— Է, ցտեսություն,— ասավ իշխան Անդրեյը, ձեռը Տուշինին մեկնելով։

— Ցտեսություն, սիրելիս,— ասավ Տուշինը,— ցտեսություն, հոգիս, գնաք բարով,— և չգիտես ինչու աչքերը լցվեցին արցունքով։

XXI

Քամին դադարեց, սև ամպերը կախվեցին ցած՝ ճակատամարտի դաշտի վրա, հորիզոնում ձուլվելով վառոդի ծխին։ Մթնում էր, և այդ պատճառով պարզորեն երկու տեղ հրդեհի բոցեր էին երևում։ Թնդանոթաձգությունը թուլացավ, բայց հրացանների ճարճատյունը ետևում և աջ կողմը հաճախանում էր ու մոտենում։ Երբ Տուշինն իր թնդանոթներով կրակի գծից դուրս եկավ և ձորն իջավ, նրան դիմավորեց վերին հրամանատարությունը իր ադյուտանտներով, որոնց թվումն էին բարձրակա-սպան ու Ժերկովը, որ երկու անգամ ուղարկվել, բայց ոչ մի անգամ Տուշինի մարտկոցը չէր հասել։ Բոլորն, իրար ընդմիջելով, հրամաններ էին տալիս և հրամաններ էին հաղորդում, թե ո՛ւր պետք է գնալ, և ինչպե՛ս, և հանդիմանություններ ու նկատողություններ էին անում Տուշինին։ Տուշինն ինքը ոչ ոքի կարգադրություն չէր անում և անխոս (նա վախենում էր խոսել, որովհետև, ինքն էլ չգիտեր ինչու, յուրաքանչյուր խոսքից պատրաստ էր արտասվել) գնում էր բոլորի ետևից։ Թեև կարգադրված էր վիրավորներին թողնել, բայց նրանցից շատերը քարշ էին գալիս զորքի ետևից և խնդրում էին տեղ տալ թնդանոթների վրա։ Այն քաջարի հետևակ սպան, որ ճակատամարտից առաջ դուրս վազեց Տուշինի հոլիկից, գնդակը փորում, դրվեց Մատվևնայի լաֆետի վրա։ Սարի տակ մի գունաթափ հուսարական յունկեր, մի ձեռով մյուս ձեռը բռնած մոտեցավ Տուշինին և խնդրեց նստել։

— Կապիտան, ի սեր աստծո, ձեռս սալջարդ է եղել,— ասավ նա ամաչկոտ։— Ի սեր աստծո, քայլել չեմ կարող։ Խնդրում եմ։

Երևում էր, որ այդ յունկերը շատերին էր խնդրել, բայց ամենքից էլ մերժում էր ստացել։ Նա խնդրում էր անհամարձակ ու աղերսագին ձայնով։

— Հրամայեցեք նստեցնել, ի սեր աստծո։

— Նստեցրեք, նստեցրեք,— ասավ Տուշինը։— Շինելը տակը դիր, քեռի,— դարձավ նա իր սիրելի զինվորին։— Իսկ վիրավոր սպան ո՞ւր է։

— Ցած դրինք, վախճանվեց,— պատասխանեց մեկը։

— Նստեցրեք։ Նստիր, սիրելիս, նստիր։ Շինելը փռիր, Անտոնով։

Յունկերը Նիկոլայ Ռոստովն էր։ Նա մի ձեռով բռնել էր մյուս ձեռը, դեմքը գունաթափ էր, ներքին ծնոտը ցնցվում էր տենդային դողից։ Նրան նստեցրին Մատվևնայի վրա, հենց այն իսկ թնդանոթի վրա, որից իջեցրել էին մեոած սպային։ Ռոստովին առաջարկված շինելի վրա արյուն կար, որից նրա վարտիքն ու ձեռներն արյունոտվեցին։

— Հը, վիրավորվա՞ծ ես, սիրելիս,— ասավ Տուշինը՝ Ռոստովի նստած թնդանոթին մոտենալով։

— Ոչ, սալաջարդ եմ եղել։

— Հապա վարտիքիդ արյունն ինչի՞ց է,— հարցրեց Տուշինը։

— Էս, ձերդ ազնվություն, սպան է արյունոտել,— պատասխանեց թնդանոթաձիգ զինվորը, շինելի թևքով արյունը սրբելով և կարծես ներողություն խնդրելով, որ թնդանոթը մաքուր չի։

Մի կերպ, հետևակի օգնությամբ, թնդանոթները սարը հանեցին և, Գունտերսդորֆ գյուղին հասնելով, կանգ առան։ Արդեն այնպես էր մթնել, որ տասը քայլի վրա զինվորների համազգեստը դժվար էր ջոկել, հրացանաձգությունը երկու կողմից էլ սկսեց դադարել։ Բայց հանկարծ աջ կողմից՝ մոտիկ նորից աղաղակներ ու կրակոցներ լսվեցին։ Եվ կրակոցներն արդեն փայլում էին մթնում։ Դա ֆրանսացիների վերջին հարձակումն էր, որին պատասխանում էին գյուղի տներում պահված մեր զինվորները։ Նորից բոլորը փախան գյուղից, բայց Տուշինի թնդանոթները չկարողացան շարժվել, և թնդանոթաձիգները, Տուշինն ու յունկերը անխոս իրար էին նայում, սպասելով, թե ի՛նչ է վիճակվելու իրենց։ Հրաձգությունը երկու կողմից էլ սկսեց դադարել և կողքի փողոցից դուրս թափվեցին աշխուժորեն խոսող զինվորներ։

— Կենդանի՞ ես, Պետրով,— հարցրեց մեկը։

— Այ, լավ ուտեցրինք հա՛,— ասավ մյուսը։— Հիմի էլ չեն գա։

— Էնքան մութն է, մարդ բան չի տեսնում։ Ո՞նց իրար կրակեցին։ Էստեղ խմելու բան չկա՞։

Ֆրանսացիք այս վերջին անգամ ևս ետ մղվեցին։ Եվ նորից, կատարյալ խավարի մեջ, Տուշինի թնդանոթները, խոսակցող հետևակներով շրջապատված, շարժվեց առաջ։

Մթան մեջ կարծես մի աներևույթ, մռայլ գետ էր հոսում՝ միշտ միևնույն ուղղությամբ՝ շշուկների ու խոսակցության աղմուկով և սմբակների ու անիվների ձայներով։ Այս ձայների ընդհանուր ժխորի մեջ, գիշերվա խավարում ամենից ավելի պարզ լսվում էին վիրավորների տնքոցն ու հեծեծանքը։ Եվ նրանց հեծեծանքը, կարծես, լցնում էր զորքին շրջապատող այդ ամբողջ խավարը։ Նրանց հեծեծանքը և այդ գիշերվա խավարը — միևնույն բանն էր։ Որոշ ժամանակից հետո շարժվող բազմության մեջ իրարանցում առաջացավ։ Ինչ-որ մեկը ճերմակ ձիով անցավ շքախմբի հետ և, անցնելիս, ինչ-որ բան ասավ։

— Ի՞նչ ասավ։ Ո՞ւր պիտի գնալ հիմա։ Կա՞նգ առնել արդյոք։ Թե՞ շնորհակալություն հայտնեց,— լսվում էին ագահ հարցուփորձեր այս ու այն կողմից և շարժվող բազմությունն սկսեց ինքն իրեն սեղմել (երևի, առջևից գնացողները կանգ էին առել), և լուր տարածվեց, թե կարգադրված է կանգ առնել։ Բոլորը կանգ առան իրենց տեղերում, հենց ճանապարհի ցեխի մեջտեղը։

Կրակներ վառեցին և խոսակցությունը վերսկսվեց։ Կապիտան Տուշինը, վաշտին կարգագրություններ անելով, զինվորներից մեկին ուղարկեց յունկերի համար վիրակապության կայան կամ բժիշկ գտնելու, և ինքը նստեց զինվորների վառած խարույկի մոտ։ Ռոստովը նույնպես մի կերպ քաշ գալով մոտեցավ կրակին։ Ցավից, ցրտից ու խոնավությունից առաջացած տենդային դողը ցնցում էր նրա ամբողջ մարմինը։ Քունը տանում էր սաստիկ, բայց ձեռի տանջալի ցավից չէր կարողանում քնել։ Նա մերթ աչքերը փակում էր, մերթ նայու կրակին, որ նրան թվում էր վառ-կարմիր, մերթ էլ գետնին ծալապատիկ նստած փոքրամարմին Տուշինին, որի բարի ու խելացի աչքերը համակրանքով ու կարեկցությամբ դառնում էին իրեն։ Ռոստովը նկատում էր, որ Տուշինն ամբողջ սրտով ցանկանում, բայց և ոչ մի բանով չէր կարողանում օգնել իրեն։

Ամեն կողմից լսվում էին մոտեցող, հեռացող և նրանց շուրջը տեղավորվող հետևակների քայլերը, խոսակցությունը։ Եվ խոսակցության, քայլերի ու ցեխի մեջ խրվող ձիերի սմբակների ձայները, և հեռվից ու մոտիկից լսվող փայտերի ճարճատյունը խառնվում էին մի ընդհանուր, երերուն ժխորի մեջ։

Այժմ արդեն, առաջվա պես, խավարի մեջ աներևույթ գետը չէր հոսում, այլ փոթորկից հետո, կարծես, հանդարտում և դողում էր մի մռայլ ծով։ Ռոստովն անգիտակցաբար նայում ու ականջ էր դնում, թե ինչ է կատարվում իր առջևն ու իր շուրջը։ Մի հետևակ զինվոր մոտեցավ խարույկին, պպզեց, ձեռները մեկնեց կրակին ու երեսը շրջեց։

— Կարելի՞ է, ձերդ ազնվություն,— ասավ նա, հարցականորեն դառնալով Տուշինին։— Վաշտս կորցրել եմ, ձերդ ազնվություն, չգիտեմ որտեղ է։

Զինվորի հետ միասին խարույկին մոտեցավ երեսը կապած մի հետևակ սպա և, Տուշինին դառնալով, խնդրեց կարգադրել, որ թնդանոթը տեղից շարժեն մի քիչ, որպեսզի սայլը անցկացնեն։ Վաշտային հրամանատարի ետևից խարույկի մոտ վազեցին երկու զինվոր։ Նրանք կատաղած հայհոյում ու կռվում էին, իրար ձեռից մի զույգ կոշիկ քաշքշելով։

— Ո՜նց թե՝ դու վերցրիր։ Տես հլա, սրան տես,— պոռում էր մեկը խռպոտ ձայնով։

Հետո մոտեցավ նիհար, վիզն արյունոտ փաթաթանով կապած մի զինվոր և բարկացած ձայնով ջուր պահանջեց թնդանոթաձիգներից։

— Ի՞նչ ա, շան պես պիտի սատկե՞նք էստեղ,— ասավ նա։

Տուշինը հրամայեց ջուր տալ նրան։

Ապա վազեվազ մոտեցավ մի ուրախ զինվոր և կրակ խնդրեց հետևակի համար՝ խարույկ վառելու։

— Մի թեժ կրակ եմ ուզում։ Շեն մնաք, հայրենակիցներ, շնարհակալ եմ կրակի համար, տոկոսներով կվերադարձնենք,— ասավ նա, մթան մեջ բոցավառ խանձողն ուր-որ տանելով։

Այն զինվորի ետևից խարույկի կողքով անցան չորս զինվոր, շինելի մեջ ինչ-որ ծանրություն տանելով։ Նրանցից մեկը սայթաքեց։

— Տես, գրողի տարածները ճամփի վրա փետ են գցել,— փնթփնթաց նա։

— Մեռավ, էլ ո՛ւր ենք տանում որ,— ասավ նրանցից մեկը։

— Է՛, ձեր էլ։

Եվ նրանք իրենց բեռի հետ չքացան խավարում։

— Հը՞, ցավո՞ւմ է,— շշուկով հարցրեց Տուշինն Ռոստովին։

— Ցավում է։

— Ձերդ ազնվություն, գեներալը կանչում է։ Էստեղ խրճիթումն է,— ասավ ֆեյերվերկերը, Տուշինին մոտենալով։

— Իսկույն, սիրելիս։

Տուշինը վեր կացավ և, շինելը կոճկելով ու իրեն կարգի բերելով, հեռացավ խարույկից…

Թնդանոթաձիգների խարույկից քիչ հեռու, իր համար պատրաստած խրճիթում, Բագրատիոնը նստած ճաշում էր ու խոսակցում մոտը հավաքված մի քանի զորապետների հետ։ Այդտեղ էր կիսափակ աչքերով ծերուկը, որ ագահաբար ոչխարի մի ոսկոր էր կրծում, և քսաներկու տարվա անբիծ գեներալը՝ խմած օղուց և ճաշից կարմրատակած, և բարձրակա-սպան՝ իր անվանատառերը վրան փորագրած մատանիով, և Ժերկովը, որ անհանգիստ նայում էր բոլորին, և իշխան Անդրեյը՝ շուրթերը սեղմած, տենդագին փայլող աչքերով։

Խրճիթի անկյունում դրված էր ֆրանսացիներից առնված դրոշակը. դատական աստիճանավորը պարզամիտ դեմքով շոշափում էր դրոշակի գործվածքն ու գլուխը շարժում տարակուսած, թերևս այն պատճառով, որ դրոշակն իրոք հետաքրքրում էր նրան, գուցե և այն պատճառով, որ ծանր էր քաղցած փորով նայել ճաշին, որից նրան բաժին չէր հասել։ Հարևան խրճիթումն էր գտնվում դրագոնների կողմից գերի վերցված ֆրանսացի գնդապետը։ Նրա շուրջը, նրան նայելու համար, խմբվել էին մեր սպաները։ Իշխան Բագրատիոնը շնորհակալություն էր հայտնում առանձին զորապետների ու հարցուփորձում կռվի մանրամասնությունների և կորուստների մասին։ Բրաունաուի մոտ Կուտուզովին ներկայացող գնդի հրամանատարը զեկուցում էր իշխանին, թե հենց որ կռիվն սկսվեց, ինքը նահանջեց անտառից, հավաքեց փայտահատ զինվորներին և, դրանց ետ ուղարկելով, երկու գումարտակով սվինամարտի գնաց ու ետ մղեց ֆրանսացիներին։

— Հենց տեսա թե չէ, ձերդ պայծառափայլություն, որ առաջին գումարտակը քայքայված է, կանգնեցի ճանապարհին ու մտածում եմ՝ «սրանց կթողնեմ ու անընդհատ կրակով կդիմավորեմ թշնամուն». այդպես էլ արի։

Գնդի հրամանատարն այնպես էր փափագում այդ բանն անել, այնպես ցավում էր, որ չէր կարողացել այդ անել, որ նրան թվում էր, թե այդ բոլորն իրոք եղել է։ Գուցե, իսկապես, և եղե՞լ էր։ Հնարավո՞ր էր միթե այս խառնաշփոթության մեջ ջոկել թե ինչ է եղել, ինչ չի եղել։

— Այս էլ պետք է նկատեմ, ձերդ պայծառափայլություն,— շարունակեց նա, հիշելով Դոլոխովի խոսակցությունը Կուտուզովի հետ և թե ինչպես վերջին անգամ ինքը տեսավ այդ Դոլոխովին,— որ աստիճանազուրկ, շարքային Դոլոխովը իմ աչքի առաջ գերի վերցրեց մի ֆրանսացի սպա և առանձնապես աչքի ընկավ։

— Հենց այդտեղ էլ ես, ձերդ պայծառափայլություն, տեսա պավլոգրադցիների հարձակումը,— անհանգիստ շուրջը նայելով՝ խոսակցությանը միջամտեց Ժերկովը, որ այդ օրը բնավ էլ հուսարներին չէր տեսել, այլ նրանց մասին լսել էր միայն հետևակ սպայից։— Երկու կառք ջարդեցին, ձերդ պայծառափայլություն։

Ժերկովի խոսքերի վրա մի քանիսը ժպտացին, ինչպես միշտ նրանից կատակներ սպասելով, բայց նկատելով, որ նրա խոսքը նույնպես վերաբերում է մեր զենքի և այսօրվան փառաբանության, լուրջ կերպարանք ընդունեցին, թեև շատերը հիանալի գիտեին, որ Ժերկովի ասածը անհիմն սուտ է։ Իշխան Բագրատիոնը դարձավ ծերուկ-գնդապետին։

— Բոլորիցդ էլ շնորհակալ եմ, պարոնայք, բոլոր զորամասերն էլ՝ հետևակը, հեծելազորը, հրետանին՝ կռվել են հերոսաբար։ Ինչպե՞ս է պատահել, որ կենտրոնում երկու թնդանոթ է մնացել,— աչքերով ինչ-որ մեկին որոնելով ասավ նա։ (Իշխան Բագրատիոնը ձախ թևի թնդանոթների մասին չէր հարցնում. գիտեր արդեն, որ կռվի հենց սկզբում դրանք բոլորը թողնվել էին)։— Ես ձեզ, կարծեմ, խնդրեցի,— դարձավ նա հերթապահ բարձրակա-սպային։

— Մեկը վնասվել էր,— պատասխանեց հերթապահ բարձրակա-սպան,— մյուսը՝ չգիտեմ իսկապես, ես ինքս շարունակ այնտեղ էի և կարգադրություններ էի անում և հեռացա թե չէ… Կռիվը տաք էր, ճիշտ է,— ավելացրեց նա համեստորեն։

Մեկը հայտնեց, թե կապիտան Տուշինն այստեղ հենց գյուղի մոտ է, և թե նրա հետևից արդեն մարդ է ուղարկված։

— Հա, դուք էլ այնտեղ եղել եք,— ասավ իշխան Բագրատիոնը, դիմելով իշխան Անդրեյին։

— Բայց ինչպես է որ իրար չենք հանդիպել,— ասավ հերթապահ բարձրակա-սպան, հաճելիորեն Բալկոնսկուն ժպտալով։

— Ես ձեզ տեսնելու բախտը չեմ ունեցել,— սառն ու կտրուկ պատասխանեց իշխան Անդրեյը։

Բոլորը լռեցին։ Շեմքին երևաց Տուշինը, որ ամաչկոտ առաջ էր գալիս գեներալների ետևից։ Ինչպես միշտ, իշխանությանը ներկայանալիս՝ նա շփոթված անցավ նեղ խրճիթում գտնվող գեներալների ետևից և, դրոշակի կոթը չտեսնելով, ոտը դիպցրեց նրան ու քիչ մնաց ընկներ։ Մի քանի հոգի ծիծաղեցին։

— Ինչպես է եղել, որ թնդանոթները թողել եք,— հարցրեց Բագրատիոնը հոնքերը կիտելով ոչ այնքան կապիտանի վրա, որքան ծիծաղողների, որոնց մեջ ամենից բարձր լսվում էր Ժերկովի ձայնը։

Տուշինին այժմ միայն, իր ահեղ իշխանավորի առաջ, պատկերացավ իր հանցանքի ու խայտառակության բովանդակ սարսափը, որ ինքը, ողջ մնալով, երկու թնդանոթ է կորցրել։ Նա այնքան հուզված էր, որ մինչև այս վայրկյանը չէր կարողացել այդ մասին մտածել։ Սպաների ծիծաղն ավելի ևս շփոթեցրեց նրան։ Բագրատիոնի առջև կանգնած՝ նրա ներքին ծնոտը դողում էր, և հազիվ կարողացավ ասել։

— Չգիտեմ… ձերդ պայծառափայլություն… մարդիկ չկային, ձերդ պայծառափայլություն։

— Կարո՛ղ էիք պաշտպան զորամասից վերցնել։

Որ պաշտպան զորամաս չկար, այդ Տուշինը չասավ, թեև դա զուտ ճշմարտություն էր։ Նա վախենում էր դրանով անհարմար դրության մեջ դնել մի ուրիշ զորապետի և անխոս, անշարժ աչքերով նայում էր ուղիղ Բագրատիոնի դեմքին, ինչպես նայում է շփոթվող աշակերտը քննողի աչքերին։

Լռությունը բավական երկար տևեց։ Իշխան Բագրատիոնն, ըստ երևույթին, չցանկանալով խիստ լինել, չէր իմանում ինչ ասի. մյուսները չէին համարձակվում միջամտել խոսակցության։ Իշխան Անդրեյը հոնքերի տակից նայում էր Տուշինին, և նրա մատները շարժվում էին ջղաձգորեն։

— Ձերդ պայծառափայլություն,— խզեց իշխան Անդրեյը լռությունն իր կտրուկ ձայնով,— դուք հաճեցիք ինձ ուղարկել կապիտան Տուշինի մարտկոցը։ Գնացի և տեսա զինվորների ու ձիերի երկու երրորդ մասը սպանված, երկու թնդանոթը ջարդված, և ոչ մի պաշտպան զորամաս։

Իշխան Բագրատիոնն ու Տուշինը միատեսակ սևեռուն հայացքով նայում էին այժմ զսպված ու հուզված խոսող Բալկոնսկուն։

— Եվ եթե, ձերդ պայծառափայլություն, թույլ կտաք ինձ կարծիքս հայտնելու,— շարունակեց նա,— այսօրվա հաջողությամբ մենք պարտական ենք ավելի այդ մարտկոցի գործողության և կապիտան Տուշինի ու նրա վաշտի հերոսական դիմադրության,— ասավ իշխան Անդրեյը և, պատասխանի չսպասելով, անմիջապես վեր կացավ ու հեռացավ սեղանից։

Իշխան Բագրատիոնը նայեց Տուշինին և, ըստ երևույթին, չցանկանալով անվստահություն ցույց տալ դեպի Բալկոնսկու կտրուկ եզրակացությունը և, դրա հետ միաժամանակ, զգալով, որ անկարող է լիովին հավատալ նրան, գլուխն իջեցրեց և Տուշինին ասավ, թե կարող է գնալ։ Իշխան Անդրեյը դուրս եկավ նրա ետևից։

— Այ, շնորհակալ եմ. փրկեցիր, սիրելիս,—ասավ Տուշինը նրան։

Իշխան Անդրեյը նայեց Տուշինին և, բան չասելով, հեռացավ գնաց։ Նա տխուր էր ու ծանր խոհերով պաշարված։ Այդ բոլորը այնքան արտառոց էին, և այնքան հեռու իր սպասածից։

«Ովքե՞ր են սրանք։ Ի՞նչ գործ ունեն այստեղ։ Ինչի՞ են սպասում։ Եվ, ե՞րբ պիտի վերջանա այս բոլորը», մտածում էր Ռոստովը, նայելով առջևը փոփոխվող ստվերներին։ Ձեռի ցավը քանի գնում տանջալից էր դառնում։ Քունը տանում էր սաստիկ, աչքերի առաջ կարմիր շրջանակներ էին դառնում, և այդ ձայների ու դեմքերի տպավորությունը և մենակության զգացումը խառնվում էր ֆիզիկական ցավի հետ։ Այդ նրանք են, այդ, վիրավոր ու ոչ վիրավոր զինվորները, որ տրորում, ձգձգում-քաշում են իր ջարդված ձեռի և ուսի ջղերն ու այրում միսը։ Եվ նրանցից ազատվելու համար՝ նա աչքերը փակեց։

Նա ինքնամոռացության մեջ ընկավ մի րոպե, և այդ կարճ ժամանակամիջոցում երազում տեսավ բազմաթիվ բաներ. տեսավ մորը և նրա խոշոր սպիտակ ձեռը, տեսավ Սոնյայի նիհարիկ ուսերը, Նատաշայի աչքերն ու ծիծաղը, և Դենիսովին՝ իր ձայնով ու բեղերով, և Տելյանինին, և իր ամբողջ պատմությունը՝ Տելյանինի ու Բոգդանիչի հետ։ Այդ ամբողջ պատմությունը միևնույն բանն էր, ինչ որ սուր ձայնով այս զինվորը. թե այդ պատմությունը և թե այս զինվորը տանջում, ճնշում և շարունակ մի կողմ էին ձգում իր ձեռը։ Նա ուզում էր ազատվել դրանցից, բայց նրանք ոչ մի վայրկյան չէին թողնում իր ուսը։ Ուսը չէր ցավի, նա առողջ կլիներ, եթե դրանք չձգեին։ Բայց դրանցից ազատվել անկարելի էր։

Նա աչքերը բաց արավ ու վեր նայեց։ Գիշերվա սև վարագույրը կախվել էր ածխացող խարույկի վրա։ Կրակի, լույսերի մեջ թռչկոտում էին իջնող ձյունի փաթիլները։ Տուշինը չվերադարձավ, բժիշկը չեկավ։ Նա մնացել էր մենակ, միայն մի փոքրիկ զինվոր մերկ նստել էր այժմ կրակի այն կողմն ու տաքացնում էր իր նիհար, ղեղին մարմինը։

«Ոչ մեկին էլ պետք չեմ ես,— մտածում էր Ռոստովը։— Չկա մեկը, որ օգնի, խղճա։ Բայց չէ՞ որ մի ժամանակ ես էլ եղել եմ տան, ընտանիքի մեջ. եղել եմ ուժեղ, ուրախ-զվարթ, սիրված»։

Նա հոգոց քաշեց ու հոգոցի հետ միասին տնքաց ակամա։

— Ո՞վ գիտի՝ մի տեղդ ցավում ա,— հարցրեց փոքրիկ զինվորը, շապիկը կրակի վրա թափ տալով, և, պատասխանի չսպասելով, ավելացրեց.— էսօր քիչ ժողովուրդ չփչացրին, է՜հ։

Ռոստովը զինվորին չէր լսում։ Նա նայում էր կրակից վեր ձյունի թռչկոտող փաթիլներին և հիշում ռուսական ձմեռը իր տաք, լուսավոր տներով, մորթե մուշտակներով, սրընթաց սահնակով, առողջ մարմնով և ընտանիքի սիրով ու հոգացողությամբ։ «Եվ ես ինչու համար եկա այստեղ», մտածում էր նա։.

Մյուս օրը ֆրանսացիք հարձակումը չնորոգեցին, և Բագրատիոնի զորաբաժնի մնացորդը միացավ Կուտուզովի բանակին։



  1. «Մենք ունենք մոտ 70 000 կենտրոնացած զորք, այնպես որ, Լեխը անցնելու դեպքում, կարող ենք հարձակվել և ջարդել թշնամուն։ Որովհետև արդեն մեր ձեռին է գտնվում Ուլմը՝ մենք կարող ենք մեր ձեռին պահել Դանուբի երկու ափերը, հետևաբար, ամեն վայրկյան, եթե թշնամին չանցնի Լեխը, մենք կարող ենք անցնել Դանուբը, հարձակվել թշնամու կոմունիկացիոն գծի վրա, ներքևից նորից անցնել Դանուբը և թշնամուն, եթե նա մեր հավատարիմ դաշնակիցների վրա գնալ ուզենա, թույլ չտալ իր մտադրությունը ի կատար ածել։ Այսպիսով մենք արիությամբ կսպասենք մինչև որ ռուսական կայսերական բանակը բոլորովին կազմ ու պատրաստ լինի, և այնուհետև միացյալ ուժերով դյուրությամբ կգտնենք թշնամուն արժանի պատիժը տալու հնարը»։ (գերմ.)։
  2. Ձեր առջև է դժբախտ Մակը։
  3. Աստված իմ, որքան պարզամիտ է։
  4. Քառասուն հազար մարդ է զոհվել, մեր դաշնակից բանակը ոչնչացել է, իսկ դուք հնարավոր եք համարում կատակներ անել։ Դա ներելի է մի չնչին տղայի, ինչպիսին այդ պարոնն է, որին դուք բարեկամ եք դարձրել, բայց ոչ թե ձեզ, ո՛չ թե ձեզ։
  5. Լավ է, բարի լույս, լավ է, բարի լույս։
  6. Արդեն աշխատանքի վրա եք։
  7. Ավստրիացիք — կեցցե՛։ Ռուսները - կեցցե՛։ Կայսր Ալեքսանդրը — կեցցե՛։
  8. Եվ ամբողջ աշխարհը — կեցցե՛։
  9. Բիլիբինի կարծիքները տարածվում կին Վիեննայի հյուրասրահներում։
  10. Բիլիբինի կարծիքները տարածվում կին Վիեննայի հյուրասրահներում։
  11. Նրանք ինձ այդ տեղեկությամբ ընդունեցին այնպես, ինչպես կեգլի խաղը խանգարող շանն են ընդունում։
  12. Սակայն, սիրելիս, իմ դեպի ուղղափառ ռուսական զորքն ունեցած հարգանքովս հանդերձ, կարծում եմ, որ ձեր հաղթանակը փայլուններից չէ։
  13. Գիտեք, սիրելիս։
  14. Այդ բոլորը գեղեցիկ է և լավ է։
  15. Ինչպես, եթե մեզ ասեիք։
  16. Դա կարծես դիտմամբ, կարծես դիտմամբ։
  17. Իշխան Մյուրատը և այդ աղմուկը։
  18. Ամրությունը։
  19. Այդ դեպքում կհարկադրեն Ավստրիային։
  20. Նրան պետք է ազատել ու-ից։
  21. Բոլորովին կարճ — Բոնապարտ։
  22. Մեր մեջ, սիրելիս։
  23. Կապրենք — կաեսնենք։
  24. Ասեք ինձ այդ մասին։
  25. Կինը մարդու ընկերուհին է։
  26. Բերլինի կաբինետը չի կարող արտահայտել իր կարծիքը դաշնակցության մասին, չարտահայտելով… ինչպես իր վերջին հուշագրում… հասկանում եք… Բայց եթե նորին մեծություն կայսրը չփոխի մեր դաշնակցության էությունը…
  27. Սպասեցեք, ես չեմ վերջացրել։ Ես կարծում եմ, որ միջամտությունը ավելի հաստատուն… քան չմիջամտելը։ Եվ… մեր նոյեմբերի 28-ի հեռագրի մերժումով չի կարելի ամեն բան վերջացած համարել։ Այս բոլորը պետք է մի բանով վերջանա։
  28. Դեմոսթենես, ես քեզ ճանաչում եմ ոսկե բերանումդ թաքցրած քարով։
  29. Մորավական այս կեղտոտ փոսում։
  30. Պետք է երան հյուրասիրել Բրյուննով։
  31. Ա՛հ, ձերդ պայծառափայլություն։ Մենք գնում ենք ավելի հեռուն։ Չարագործն էլի հետևում է մեզ։
  32. Ոչ, ոչ, ընդունեցեք, որ սա հրաշալի է, այս Տաբորյան կամուրջի պատմությունը։ Նրանք անցել են առանց դիմադրության։
  33. որ նա տեսնում է միայն նրանց կրակը և մոռանում է իրենը, այն, որը պարտավոր է բանալ հակառակորդի դեմ։
  34. Հանճարեղ բան է։ Իշխան Աուերսպերգը վիրավորվում է և հրամայում է սերժանտին ձերբակալել։ Ոչ, ընդունեցեք որ այս կամուրջի պատմությունը հիանալի բան է. չես կարող ասել հիմարությո՞ւն է, թե ստորություն։
  35. Գուցե դավաճանություն։
  36. Նույնպես ոչ։ Այս բանը արքունիքը դնում է անհեթեթ դրության մեջ. սա ոչ դավաճանություն է, ոչ ստորություն, ոչ հիմարություն. սա Ուլմի մոտ եղածի պես բան է… սա մակականություն է։ Մենք մակացել ենք։
  37. Թանկագինս, դա հերոսություն է։
  38. Թանկագինս, դուք հերոս եք։
  39. Այդ ռուսական բանակը, որին անգլիական ոսկին աշխարհի մի ծայրից այստեղ է բերել, նույն բախտին կարժանանա (Ուլմի բանակի բախտին)։
  40. Ահավասիկ թանկագին։
  41. Ծիծաղելի։
  42. Իշխան Մյուրատին. Շենբրուն, 25 Բրյումերի 1805 թվի առավոտյան ժամը 8-ին։ /// «Խոսք չեմ գտնում դժգոհությունս ձեզ հայտնելու։ Ձեր հրամանատարության ներքո է գտնվում միայն իմ առաջապահը և իրավունք չունեք, առանց իմ հրամանի, զինադադար կնքել։ Դուք ստիպում եք ինձ պատերազմի արդյունքը կորցնել։ Անմիջապես խախտեցեք զինադադարը և հարձակվեցեք թշնամու վրա։ Հայտնեցեք նրան, թե անձնատրությունը ստորագրող գեներալը այդ իրավունքը չունի, և ոչ ոք չունի, բացի ռուսական կայսրից։ /// Սակայն, եթե Ռուսաստանի կայսրը համաձայնի հիշյալ պայմաններին, ես նույնպես կհամաձայնեմ, բայց դա ոչ այլ ինչ է, եթե ոչ խորամանկություն։ Գնացեք, ոչնչացրեք ռուսական բանակը… Դուք ի վիճակի եք վերցնել նրա գումակը և հրետանին։ /// Ռուսական կայսեր գեներալ-ադյուտանտը — մեկն է… Սպաները արժեք չունեն, երբ իշխանություն չունեն, նա նույնպես իշխանություն չունի… Ավստրիացիք Խաբվեցին Վեննայի կամուրջը տվին, հիմա ձեզ խաբում է կայսեր մի ադյուտանտը։ /// Նապոլեոն»
  43. Ահավասիկ բանակային կյանքի բավականությունը, իշխան։
  44. Դա ի՞նչ է երգում։
  45. Հնադարյան պատմություն։
  46. Կայսրը ձեր Սուվարին էլ ցույց կտա, ինչպեա և մյուսներին։
  47. Գրողը տանի։
  48. Շատ զավեշտական է, իմ պարոն իշխան։
  49. Այստեղ տեղի ունեցավ այն հարձակումը, որի մասին Տիերը գրում է. «Les russes se conduisirent vaillament, et chose rare à la guerre, on vit deux masses d’infanterie marcher résolument l’une contre l’autre sans qu’aucune des deux céda avant d’être abordée». Իսկ Նապոլեոնը ս. Հեղինեի կղզում ասել է. «Quelques bataillons russes montrèrent de l’intrépidité»։ Այսինքն՝ «Ռուսները կռվեցին քաջաբար, և մի բան, որ հազվադեպ է պատերազմում, երկու հետևակ գունդ վճռապես գնացին իրար դեմ, էլ երկուսից ոչ մեկը չզիջեց, մինչև որ չհարձակվեցին նրա վրա»։ Նապոլեոնի խոսքերը. «Մի քանի ռուս գումարտակներ անվեհերություն ցույց տվին»։ (Ծանոթ. Լև Տոլստոյի)