Դավաճանի և հերոսի թեման

Գրապահարան-ից
05:08, 12 Մարտի 2021 տարբերակ, TigoS (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Դավաճանի և հերոսի թեման

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Տօ the platonic Year
Whirls out new right and wrong,
Whirls in the old instead;
AII men are dancers and their tread
Goes to the barbarous clangour of a gong․

W. B. Yeats "The Tower"[1]

Հայտնապես ազդված Չեստերտոնից (նրբին գաղտնիքների այդ հմուտ կազմողն ու պաճուճողը) և պալատական խորհրդական Լայբնիցից (որը հորինել է նախասահմանված ներդաշնակությունը) ես երևակայել եմ հետևյալ սյուժեն, որը հավանաբար կգրեմ և որը որոշ չափով կարդարացնի իմ անգործ երեկոները։ Առայժմ բացակայում են անհրաժեշտ մանրամասնություններ ճշտումներ, ուղղումներ պատմության որոշ շրջաններ ինձ դեռ չեն հայտնվել այսօր, 1944 թվականի հունվարի 3֊ին այն ինձ երևում է այսպես։ Գործողությունը կատարվում է ճնշված, բայց դիմադրող մի որևէ երկրում` Լեհաստանում, Իռլանդիայում, Վենետիկի հանրապետությունում, մի որևէ հարավամերիկյան կամ բալկանյան հանրապետությունում... Ավելի ճիշտ, այն կատարվել է, որովհետև թեև պատմողը ժամանակակից է, բայց պատմությունը տեղի է ունեցել 19֊րդ դարի սկզբին կամ վերջին։ Վերցնենք (պատմության հարմարության համար) Իռլանդիան և ասենք 1824 թվականը։ Պատմողի անունը Ռայան է։ Նա թոռնորդին է այն երիտասարդ պանծալի գեղեցիկ ու... գնդակահարված հերոս Ֆերգյուս Քիլպատրիկի, որի շիրիմը պղծվեց հանելուկային կողոպուտով, որի անունը զարդարում են Բրաունինգի և Հյուգոյի բանաստեղծությունները, որի արձանը իշխում է կարմրավուն ճահճուտներով շրջապատված գորշ բլուրին։

Քիլպատրիկը եղել է դավադիր գաղտնի և փառապանծ առաջնորդը ապստամբների։ Նման Մովսեսին, որը Մոաբի երկրից նշմարեց, բայց այդպես էլ չկարողացավ հասնել ավետյաց երկիրը։ Քիլպատրիկը զոհվեց իր իսկ տենչացած ու նախապատրաստած հաղթական ապստամբության նախօրյակին։ Մոտենում է նրա մահվան առաջին հարյուրամյակի տարելիցը, սպանության հանգամանքները առեղծվածային են իրեն հերոսի կենսագրությունը կազմելուն նվիրած Ռայանը կարծում է, որ սպանության առեղծվածը անցնում է զուտ քրեականի սահմանները։ Քիլպատրիկին գնդակահարեցին թատրոնում, բրիտանական ոստիկանությունը այդպես էլ երբեք չգտավ սպանողին պատմագիրները, սակայն գտնում են, որ այդ անհաջողությունը չի խունացնում նրա փառքը, քանի որ սպանությունը թերևս կազմակերպել էր հենց ոստիկանությունն ինքը։ Սակայն Ռայանին մտահոգում են առեղծվածի և այլ կողմեր․ դրանք կրկնվածության բնույթ ունեն, այսինքն դրանցում նույնօրինակ կրկնվում կամ համադրվում են դեպքեր կատարված իրարից հեռու տարբեր վայրերում տարբեր դարաշրջաններում։ Այսպես գաղտնիք չէ, որ հերոսի դիակը հերձելիս գտնվել է մի փակ նամակ որը նրան զգուշացնում էր այդ գիշեր թատրոն չգնալ, նույն կերպ էլ Հուլիոս Կեսարն էր դեպի իրեն սպասող բարեկամների դաշույնները գնալիս ստացել մի գրություն, որը չէր հասցրել կարդալ։ Այն դավադրության մատնություն էր՝ դավաճանների անուններով։ Կեսարի կինը՝ Կալպուռնիան, վհատված, երազներում տեսնում է փլուզումը մի աշտարակի, որով Կեսարին պատվել էր սենատը։ Քիլպատրիկի մահվան նախօրյակին անանուն կեղծ լուրերը ամբողջ երկրով մեկ տարածեցին Քիլգարվանի կլոր աշտարակի հրդեհը, դեպք, որը կարող էր թվալ կանխանշան, քանի որ նա ծնվել է Քիլգարվանում։ Այս զուգահեռները (նաև ուրիշներ) Կեսարի և մի իռլանդացի դավադրի պատմության միջև Ռայանին մղում են ենթադրելու ժամանակի մի գաղտնի ձև, մի զարդանախշ, որի գծերը կրկնվում են։ Նա խորհում է Կոնդերսեի հղացած տասնորդական սխեմայի պատմության, Հեգելի, Շպենգլերի, Վիկոյի ձևաբանությունների և Հեսիոդոսի՝ ոսկին երկաթի փոխարկող մարդկության մասին։ Խորհում է հոգիների փոխանցման ուսմունքի մասին, որը սարսափներով էր պարուրել կելտական գրությունները և որը Կեսարն ինքը վերագրում էր կելտական դրուիդներին․ մտածում էր, որ նա՝ նախքան Ֆերգյուս Քիլպատրիկ լինելը, եղել է Հուլիոս Կեսար։ Այս շրջանաձև լաբիրինթոսներից Ռայանին դուրս է բերում մի հետաքրքիր համընկնում, որը, սակայն, նրան խորասուզում է առավել անելանելի ու այլասեռ լաբիրինթոսների մեջ. մահվան օրը Ֆերգյուս Քիլպատրիկի հետ զրուցած մի մուրացկանի խոսքերը նախապես ասված էին եղել Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգության մեջ։ Տարօրինակ ու սարսափելի է, երբ պատմությունը ընդօրինակում է պատմությանը, բայց երբ պատմությունը ընդօրինակում է գրականությանը դա արդեն անըմբռնելի է... Ռայանը նկատում է, որ հերոսի ամենահին ընկեր Ջեյմս Ալեգզանդեր Նոլանը 1814 թվականին կելտերեն է թարգմանել Շեքսպիրի գլխավոր դրամաները, ներառյալ նաև «Հուլիոս Կեսար»֊ը։ Արխիվներում հայտնաբերում է նաև Նոլանի հոդվածների մի ձեռագիր շվեյցարական «Festspiele»֊ների մասին. սրանք թափառական ընդարձակ ներկայացումներ էին, որոնք պահանջում էին հազարավոր դերասաններ և ներկայացնում էին պատմական դեպքեր այն նույն քաղաքներում ու լեռներում, որտեղ դրանք իսկապես տեղի էին ունեցել։ Հայտնաբերված ևս մի անտիպ փաստաթուղթ բացահայտում է, որ մահից մի քանի օր առաջ Քիլպատրիկը՝ վերջին անգամ նախագահելով դավադիրների նիստը, ստորագրել է մի դավաճանի մահվան դատավճիռ, որի անունը, սակայն, ջնջված է եղել։ Այս դատավճիռը միանգամայն հակասում էր Քիլպատրիկի գթասիրտ բնավորությանը։ Ռայանն ուսումնասիրում է գործը (նրա հետազոտությունը սյուժեի բացարկներից մեկն է) և նրան հաջողվում է լուծել գաղտնիքը։ Քիլպատրիկին սպանեցին թատրոնում։ Բայց թատրոն եղավ նաև ողջ քաղաքը, ուր կային լեգեոններով դերասաններ, և դրաման, պսակված նրա մահով, ներառավ բազում ցերեկներ ու բազում գիշերներ։

Ահա թե ինչպես զարգացան պատմության դեպքերը։

1824 թվականի օգոստոսի 2֊ին եղավ դավադիրների հանդիպումը։ Երկրում ապստամբությունը հասունացել էր, սակայն ինչ֊որ բան շարունակ խանգարում էր՝ դավադիրների մեջ դավաճան կար։ Ֆերգյուս Քիլպատրիկը Նոլանին հանձնարարել էր գտնել նենգավորին։ Նոլանը հանձնարարությունը կատարեց՝ նա բոլոր հավաքվածների առաջ հայտարարեց, որ դավաճանը ինքը՝ Քիլպատրիկն է։ Անհերքելի փաստերով նա ապացուցեց մեղադրանքի ճշմարտացիությունը․ դավադիրներն իրենց առաջնորդին դատապարտեցին մահվան։ Նա ինքը ստորագրեց սեփական դատավճիռը, բայց խնդրեց, որ իր մահապատիժը չվնասի հայրենիքին։

Եվ Նոլանը մտահղացավ մի արտասովոր ծրագիր։ Իռլանդիան խոնարհվում էր Քիլպատրիկի առաջ, նրա ստորության մասին կասկածի նշույլն անգամ վտանգի տակ կդներ ապստամբությունը։ Նոլանի ծրագրով դավաճանի մահապատիժը պետք է վերածվեր հայրենիքի ազատագրության գործի հզոր խթանի։ Նա առաջարկեց, որ դատապարտյալը զոհվի մի անծանոթ մարդասպանի ձեռքով։ Դեպքը պիտի կատարվեր միտումնավոր ողբերգական պայմաններում, որպեսզի խոր տպավորվելով ժողովրդի հիշողության մեջ՝ միաժամանակ արագացներ ապստամբության պոռթկումը։ Քիլպատրիկը երդվեց համագործակցել մտահղացմանը, որը հնարավորություն էր տալիս քավել մեղքերը և ցնցող դարձնել վախճանը։

Ժամանակի սղության պատճառով Նոլանը չհասցրեց կարգադդրել բարդագույն գործողության բոլոր հանգամանքները և ստիպված եղավ բանագողություն կատարել թշնամի դրամատուրգից՝ անգլիացի Վիլյամ Շեքսպիրից։ Նա կրկնեց «Մակբեթ»֊ի և «Հուլիոս Կեսար»֊ի տեսարանները։ Հասարակական և գաղտնի այս ներկայացումը տևեց մի քանի օր։ Դատապարտյալը մտավ Դուբլին, խոսեց մարդկանց հետ, գործեց, աղոթեց, փնովեց, ասաց պաթետիկ խոսքեր... և նրա յուրաքանչյուր արարք, որոնք հետո նրա փառքի նշանները եղան, Նոլանի կողմից նախօրոք պատրաստված էին։ Գլխավոր հերոսի հետ հարյուրավոր դերասաններ խաղացին՝ ոմանց դերը բարդ էր, ոմանցը՝ հպանցիկ։ Նրանց խոսքերն ու արարքները արձանագրվեցին պատմական գրքերում, Իռլանդիայի կրքոտ հիշողության մեջ։ Մանրամասն պատրաստված հզոր ճակատագրով տարված՝ Քիլպատրիկը չնախատեսված խոսքերով ու արարքներով քանիցս ճոխացրեց իր դատավարի տեքստը։ Ժամանակի մեջ, այսպես ետ պտտելով սփռվեց այս բազմամարդ դրաման՝ ընդհուպ մինչև 1824 թվականի օգոստոսի 6֊ը, երբ հուղարկավորության վարագույրներով զարդարված օթյակում, որ ընդօրինակում էր Լինքոլնինը, երկար սպասված մի գնդակ մխրճվեց դավաճանի և հերոսի կուրծքը, որը կոկորդը լցվող արյան ուժեղ հորձանքների միջով հազիվ հասցրեց արտասանել ևս մի քանի նախատեսված խոսքեր։

Նոլանի աշխատանքում Շեքսպիրից վերցված մասերը պակաս ողբերգականներն են։ Ռայանը կասկածում էլ որ հեղինակը դրանք միտումով է մտցրել, որպեսզի հետագայում որևէ մեկը գուշակեր ճշմարտությունը։ Նա հասկանում է, որ ինքն էլ է Նոլանի մտահըղացման մասը կազմում։ Երկար ու համառ մտատանջումներից հետո նա որոշում է իր հայտնաբերածի մասին լռել և հերոսին փառաբանող գիրք է հրատարակում. հնարավոր է, որ դա էլ էր նախատեսված։

  1. Ահա այսպես պլատոնյան տարին
    Բոլորելով շրջանը՝ բարին և չարը քշում է հեռու,
    Ապա հնին նորից վերադառնում.
    Բոլոր մարդիկ տիկնիկներ են. շուրջպարը տանում է,
    Եվ նրանց թելը ցնցվում է կոչնազանգի ղողանջների տակ։
    Ու. Բ. Յեյթս «Աշտարակ» (անգլ.) (տողացի թարգմ. խմբ.)