Օգոստոս

Գրապահարան-ից
02:41, 22 Օգոստոսի 2022 տարբերակ, Vahagn (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

ԱՐՋԸ

— Իսկ պատահե՞լ է,—հարցրեց Ալա-

նը,— որ դուք մեն-մենակ արջի հանդի-

պեք։

— Ինչպե՛ս չէ,— պատասխանեց

անտառահատը։ — Նա երկար նայում էր

ինձ իր կանաչ աչքերով, հետո մենք

աչքով արեցինք իրար և բաժանվեցինք։

Մենք անտառի բնակիչներ ենք, իրար

հետ կռվելու հարկ չունենք։

_ՊԱՈԻՍՏՈՎՍԿԻ_

_Ձյունածածկ հարթավայրը_


Իրիկունն արջը ձորից դուրս եկավ, իրեն տվեց ուրթի մեջտեղ։ Շուն, կով, կաթ, կթվոր, ձի, խոճկոր իրար խառնեց ու՝ էլի ձորը՝ հետը տանելով դասատու Գևորգ Աբովյանի տատի էնիքը, ասելն ամոթ է, էն էլի՜ , որ տատերը հագնում են տակից։ Այդտեղ, վրանի մոտ, հրացանը ձեռքին, կանգնած էր դասատուն։ Իրար տեսան, կանգնեցին, իրար երեսի նայեցին, հետո արջն աչքով արեց, վարտիքը վերցրեց ու՝ ձորը։ Հրացանը ձեռքին՝ դասատուն ընկել էր ու ծիծաղից գալարվում էր։

— Կրակիր, ի՜նչ ես բերանդ բաց արել... Գնա՛, ետևից իջիր, բերանդ բաց ի՜նչ ես ծիծաղում...

— Կոտո... հա՜-հա-հա-հա... կոտորակ է, կոտո-հա՜-հա-հա-հա... Ձեռքը տվեցին կարաբին, տակը ձի քաշեցին. — Գնա՛, իջի՛ր։

— Նանի,էն որ լվացել էիր՝ ո՞ւր է...Որ լվացել էիր, էդտեղ Փռած էր...— ծիծաղից խեղդվելով ասում էր նա, բայց կթվորուհիները բան չէին հասկանում։

— Իջի՛ր, կհասցնե՛ս, գնա՜: Ձին քշեց որ գնա՝ ձի՛ն էր քուռակ, փորքաշներն էին թու֊յլ՝ ընկավ։ — Վա՜յ ծաղրածու, ծաղրածու... Վարտիքի մասին այստեղ սուտ էր. արջը վարտիք չէր տարել։ Մնացածը ճիշտ է։ Արջը գիշերը խոզանոցները մտավ, մյուս օրը մոռուտում վախեցրեց աղջիկներին, հետո վերաձևեց հովվի յափնջին ու շանը։ Խոզերի ականջներից էր կսմթել, աղջիկներից մեկի դույլն էր իրեն պահել, պոկել էր շան ականջն ու պոչը։ Գյուղում կարգին ծիծաղում էին։ Հետո համը հանեց, մի տասը խոզ էր սպանել։ Գյուղում վճռեցին, որ կսպանվի։ Ուրեմն Գևորգը՝ դասատուն, եկավ հին որսորդ՝ Գիրիշի մոտ, որ գնան սպանեն։ — Ասում ես վնաս է տվել, հա՞...—քմծիծաղը բեղի տակ՝ հարցրեց Գիրիշ քեռին։ — Ասում են տվել է։ — Եղա՜վ։ Կսպանենք։ Վնաս է տվել, շատ է տվել՝ կսպանենք։ Ասում ես սպանե՛նք, հա՞: — Ասում են Գիրիշ քեռու հետ սպանեցեք։ — Եղա՛վ։ Ասել են սպանեցեք՝ կսպանենք։ — Խոսեցնում էր ու պղնձալարով հրացանի փողն ամրացնում խզակոթին։ — Ասում ես դու ուրթում էիր, որ ինքն եկավ, ինչու՞ չկրակեցիր: — Կոտորակ էր, արջի գնդակ չունեի։ — Կոտորակ էր, արջի գնդակ չունեիր, հասկանալի է։ Բա որ ձի նստեցիր, կարաբինն էլ ձեռքիդ էր, ինչո՞ւ չգնացիր: — Ձիուց ընկա։ — Ձիուց ընկար...—խոսում էր ու թաքուն ծիծաղում։ — Հավատում եմ, կոտորակ էր, կարաբինն ուշ բերին, ձին խամ էր, ձիուց ընկար՝ չսպանեցիր։ Հավատում եմ, հավատում։ — Խոսում էր, հետն էլ կամաց-կամաց փաթաթում պղնձալարը։ Փաթաթեց, փաթաթե՜ց, մինչև լարը վերջացավ։ — Գնացինք։ — Բա քեզ հրացա՞ն... էդ հրացանո՞վ։ Գիրիշ քեռին, ուրեմն, որսորդ է, որս է անում։ Ամբողջ օրը հանդերում է լինում, պիտի որ շատ բաներ սպանելիս լինի և պիտի որ արգելված որս էլ որսալիս լինի, և գյուղխորհրդի նախագահ Նիկոլը իրիկունները գալիս է նրա տուն, կաքավի միս ուտում, նստում ու մնում։ «Թվանքը բեր տուր իրեն» — ասում է Գիրիշ քեռին կնոջը։ Գյուղխորհրդի Նիկոլը, արգելված որսի համար, հրացանն առնում տանում է, մյուս իրիկուն նորից գալիս։ Նորից կաքավ ուտում, նորից հրացան տանում։ Այդպես, գրասենյակում մի տասր հրացան է հավաքվում։ Դրանք բոլորը մի իսկական հրացան են։ Մի իսկական հրացանը ցրված է այդ տասի մեջ ու դեռ մի տասի մեջ էլ կցրվի, մեկի փողն է իսկական, երկրորդի խզակոթը, տասներորդի փակաղակը, և իսկական կլինի քսաներորդի նշահատիկը,— մնացածը Գիրիշ քեռին ուրագով- բանով տաշում, սարքում է։ Հա, որսորդի էն կիրքը որ նա ունի, թեկուզ էդ մի մասն էլ չլինի՝ էլի՛ կսարքի,— մաս-մաս կսարքի ու լարով կկապի, էնքան որ՝ տանը միշտ կաքավ լինի։ Կամ արջի միս։ Կամ եզնիկի։ Իսկ եթե ճիշտը կուզեք իմանալ, Նիկոլր ոչ մի անգամ էլ նրա տանը աղավնու միս չի կերել։ Այդ՝ հավի է եղել։ Կամ խոզի։ Կամ մոզու: Եթե կուզեք իմանալ, նա ոչ մի որս էլ չի անում։ Հանդերը մարդուն ուղղակի քաշում են, և ինքը, իր և ուրիշների համար, իմաստ է դնում դրա մեջ՝ ուսից հրացանի պես մի բան կախելով. «Որսորդ եմ, հանդերում որս եմ անում։ էս էլ հրացանս»: — Դրանով արջ սպանել կլինի՞,— ասաց Գևորգը՝ դասատուն, — էդ մահակով։ — Քոնը կարաբին է, սպանում է. լավ հրացան է: Որջի տեղը գիտեին, գնացին կանգնեցին գլխին։ — Խելառը մեջն է, — ասաց Գևորգը։ Կարծես երեկ հարբած ու գժություններ արած ընկերոջ մասին էր խոսում։ — Մեջն է՝ կսպանենք։ Թող վնաս չտար, չսպանեինք...— Ու ծերունին տնավարի, կարծես եղբոր տուն էր մտնում, ներս նայեց։—Հը՛-֊հը՜... Կարելի՞ է, — ու մտավ ներս։ Արթնացավ, իրար երեսի նայեցին, ու արջը սուսուփուս դուրս եկավ: Ծերունին ճամփա տվեց, կողքից անցնելիս ականջին ասաց. «Մեղավոր ես, չէ՞»: Գևորգը կրակեց բավական ուշ։ Արջի տան ղռանը նստած ծիծաղեցին փախչող տանտիրոջ ետևից, թութուն փստացրին և հնարեցին հաշվետվությունը։ «Կրակեցինք՝ չկպավ, դուք հո կրակոցը լսեցի՛ք»: Հետո վնասներ արջն էլի էր տալիս, և Գիրիշ քեռին ու Գևորգը գնում կրակում էին, մինչև որ «Անշեղ դեպի սոցիալիզմ» թերթի՝ ինքնակամ թղթակիցն իմացավ, որ արջի որսն արգելված է և գրեց թերթին, թե արջի որսն արգելված է, իսկ Գիրիշ քեռին ու Գևորգ Աբովյանը կրակում են։ Շրջկենտրոնից ի գիտություն հայտնեցին արգելքի մասին և ի միջի այլոց՝ տուգանքի չափը։ Ծիծաղը վերջացավ։ — Արջը, ախար, էդ ո՞ր օրվա անվնաս անասունն է։ Մենք կսպանենք, դուք տուգանեցեք, մի տեսնենք էդ ինչպե՞ս եք տու- գանելու։ Շրջկենտրոնից ի գիտություն հայտնեցին, որ զգուշացումից հետո տուգանքը լինում է կրկնակի։ «Զգուշացնո՛ւմ ենք»: Վախեցան։ Իսկ արջը շարունակում էր վնաս տալ։ Տնտեսությունից մի կով սպանեց։ Հեռախոսով հանգիստ-հանգիստ հայտնեցին շրջկենտրո- նին, որ մի կով է սպանել և առաջարկեցին մնալ հեռախոսի մոտ. «նոր զեկույցր չենք ուշացնի»: Եվ մյուս օրը ներկայացրին. «Ոչի՛նչ, մի երինջ՝ մի պոզը կոտրած, իսկի տոհմային էլ չէր...»: Շրջկենտրոնից առաջարկեցին սպանել. «Թույլատրվում է ա՛յդ արջին, լսու՞մ եք՝ ա՛յդ, սպանել և միսն ու մորթին ուղարկել շրջկենտրոն, որպես պետական սեփականություն»: — Արջը բնության զարդն է,— ասացին հեռախոսի այս ծայրից, — մենք բնության զարդ փչացնողը չենք: Որսորդների բրիգադ եկավ։ Որջին ետևից մոտեցավ օլիմպիական խազերի հաղթող Վասիկո Ղողոբերիձեն, ձախ կողմից՝ Անդրկովկասի քառակի չեմպիոն Հակոբ Մեղրունին, աջ կողմից՝ գրող-որսորդ Վախթանգ Անանյանը, դեմից, տաքսու վարորդ Կարապետ Հարությունյանն ու կուսակցության շրջանային կոմիտեի հրահանգիչ Վիլեն Խաչատրյանը։ Մի կրակոցով փշուր- փշուր արեցին նրա անհասկացող գանգը, փորոտիքը թողեցին այստեղ, միսն ու մորթին տարան մայրաքաղաք։ Ծերունի Գիրիշը հիմա միայն մի հրացան ունի, իսկական։ Հանդերը ձգում, տանում են ծերունուն, և, ուրիշների և իր համար իմաստ դնելով դրա մեջ, ծերունին ուսովն այղ հրացանն է գցում, իբր՝ արգելված որս եմ անում։ Արջի, իհարկե, հանդիպում է։ Հաճախ իրար չտեսնելու են դնում, երբեմն կանգնում, նայում են իրար։ Ծերունին չի կրակում՝ որովհետև տուգանք կա, արջը չի հարձակվում՝ որովհետև հրացանն իսկական է։ Այդքան։ Իսկ աչքով անել՝ էլ չի պատահում, որ իրար աչքով անեն: