Պայծառատես աչքը արծաթե քաղաքում

Գրապահարան-ից
15:57, 9 Դեկտեմբերի 2024 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պայծառատես աչքը արծաթե քաղաքում

հեղինակ՝ Ջոն Ափդայկ
թարգմանիչ՝ Ռ․ Տեր֊Խաչատրյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ»_(1_հատոր)

Տասներեք տարեկան էի, երբ առաջին անգամ հորս հետ այցելեցի Նյու֊Յորք Սիթի։ Մենք այնտեղ էինք գնում հորեղբորս՝ Քուինսին տեսնելու և ինձ համար Վերմերի[1] մասին որևէ գիրք գնելու։ Իմ և մորս նպատակը Վերմերի գիրքն էր, իսկ հորս՝ եղբորը Քուինսին տեսնելը։ Մեկ սերունդ առաջ հորեղբայրս անհետացել էր Չիկագոյի ուղղությամբ ու, հավանաբար, դարձել հարուստ։ Անցյալ շաբաթ, երբ նա գործով եկել էր արևելք, ես արդեն գերազանց գնահատականներով ավարտել էի ութերորդ դասարանը։ Հայրս միշտ պնդում էր, որ ես ու հորեղբայրս իր երբևիցե ճանաչած ամենագործունյա մարդկանցից ենք։ Նա մեզ անվանում էր «հար շտապողներ», իհարկե, որոշ ծաղրանքով, մինչև այն ժամանակ, երբ նրան ապացուցեցի, որ այդ բանում չի սխալվում։ Հանկարծ հորս մեջ անդիմադրելի մի ցանկություն առաջացավ, որ ես ու հորեղբայրս հանդիպենք, գտնելով, որ դրա համար հասել է հարմար պահը։ Նյու֊Յորք գնալու համար պահանջվում էր յոթ դոլար, որովհետև այդ օրերին ամեն ինչ չափվում էր փողով՝ ժամանակը, տարածությունը։ Երկրորդ համաշխարհային պատերազմը գրեթե ավարտվել էր, բայց մենք դեռ ապրում էինք նրա ազդեցության տակ։ Ես ու հայրս ճանապարհ ընկանք դեպի Նյու֊Յորք, ունենալով միայն հետադարձ տոմսեր ու հինգ դոլար։ Հինգ դոլարը վերցրել էինք Վերմերի գիրքը գնելու համար։

Երկաթգծի կայարանում մեզ ճանապարհ դնելիս մայրս հանկարծակի գոչեց․ «Ես ատում եմ Ավգուստիններին»։ Մորս ասածը ինձ շատ զարմացրեց, որովհետև մենք բոլորս Ավգուստիններ ենք․ ես, հայրս, հորեղբայրս՝ Քուինսին, նույնիսկ մայրս, մտածում էի ես։

― Դրա համար բոլոր պատճառներն ունես։ Ես չէի մեղադրի քեզ, եթե վերցնեիր հրացանը և մեզ բոլորիս գնդակահարեիր, բացի Քուինսից ու քո որդուց։ Մեզնից միայն նրանք են ձեռներեցն ու բանիմացը։

Ոչ մի բան հորս այնքան չէր կատաղեցնում, որքան որևէ բանում համաձայնվելը։

Հորեղբայրս չդիմավորեց մեզ Պենսիլվանիա կայարանում։ Երբ հայրս որևէ բանից հուսախաբ էր լինում, այդ մասին ինձ ոչինչ չէր ասում։

Երբ քաղաք հասանք, ժամը մեկն անց էր, և մեզ մոտ ուտելու ոչ մի բան չկար, բացի երկու շաքարաձողիկներից։ Հյուրանոց տանող ճանապարհն ինձ երկար թվաց, մայթերը՝ մի փոքր ավելի լայն, քան մեր քաղաքինը, իսկ հյուրանոցը գնալով կարծես ավելի էր հեռանում Գրանթ Սենթրալ[2] կայարանից։ Երբ մտանք հյուրանոց, սպասասրահում օծանելիքի սուր հոտ զգացի։ Ադմինիստրատորը զանգահարեց Ավգուստ Քուինսին ու հայտնեց, որ եղբայրը եկել է։ Այնուհետև մենք վերելակ նստեցինք ու բարձրացանք քսաներորդ հարկ։ Սենյակում կային երեք հոգի, որոնք տարբեր գույնի կոստյումներով էին․ կապույտ, գորշավուն։ Երբ նրանք ոտքերն իրար վրա էին գցում, նոր արդուկված տաբատների ծալքերի արանքից երևում էին ծնրակապերը։ Բոլորովին նման չէին իրար։ Մեկը գանգուր բեղեր ուներ, մյուսը՝ հորս նման շիկավուն, խուճուճ հոնքեր, իսկ երրորդի ձեռքին խմիչքով լի մի բաժակ կար․ երեքն էլ խմիչքով լի բաժակներ ունեին, սակայն խմելիս բաժակներն իրար չէին խփում։

― Պարոնայք, կցանկանայի, որ ծանոթանայիք իմ եղբայր Մարտինի ու նրա որդու հետ, ― ասաց հորեղբայր Քուինսը։

― Տղայի անունը Ջեյ է, ― ավելացրեց հայրս, ուղիղ նայեց նրանց աչքերի մեջ ու ձեռքով բարևեց յուրաքանչյուրին։ Ես հետևեցի հորս օրինակին, բայց առանց ձեռքսեղմումի։ Բեղավոր մարդը նայեց ինձ ու ասաց․

― Ինչո՞ւ չես բարևում ձեռքով, Ջեյ։

― Մարտին, չէի՞ք ցանկանա մի փոքր թարմանալ, ― հարցրեց հորեղբայրս։ ― Լոգարանը գտնվում է սենյակից դուրս, ձախ կողմի վրա։

― Շնորհակալություն Քուինս, իհարկե կուզենայինք, ― պատասխանեց հայրս։

― Ներեցեք պարոնայք։

― Խնդրեմ, խնդրեմ, ― ասացին նրանք։

Հայրս ու ես գնացինք ննջասենյակ։ Սենյակի կահույքը քառակուսի ձև ուներ, նոր էր ու բոլորն էլ՝ միևնույն մուգ֊կարմիր գույնի։ Մահճակալի վրա մի բաց պայուսակ կար, որը նույնպես նոր էր։ Թանկարժեք կաշվից ու մաքուր սպիրտային խմիչքներից եկող բուրավետ հոտն ինձ հաճույք պատճառեց։ Երևում էր, որ հորեղբորս բոլոր ներքնաշորերը մետաքսից էին ու բուրում էին fleurs de-lis։[3] Լոգարանում ինձ կարգի բերելուց հետո ուզում էի գնալ հյուրասենյակ՝ միանալու հորեղբայր Քուինսին ու իր ընկերներին։

― Չգնաս, ― ասաց հայրս։ ― Սպասենք այստեղ։

― Անքաղաքավարություն չի՞ համարվի դա, ― հարցրեցի ես։

― Ոչ, հորեղբայրդ այդպես է ցանկանում։

― Հայրիկ, արի ծիծաղելի վիճակի մեջ չընկնենք։ Նրանք կմտածեն, որ մեզ հետ ինչ֊որ բան է պատահել։

― Ոչ, նա այդպիսի բան չի մտածի։ Նա ինչ֊որ գործերով է զբաղված և չի ցանկանում, որ իրեն խանգարեն։ Ես գիտեմ, թե ինչպես է աշխատում եղբայրս․ մեզ այստեղ ուղարկեց, որ չանհանգստացնենք իրեն։

― Հայրիկ, իրոք որ հորինողն ես, հա՛։

Բայց ես չէի ցանկանում մնալ սենյակում առանց հորեղբորս։ Կարդալու որևէ բան գտնելու հույսով նայեցի շուրջս, սակայն ոչինչ չգտա, նույնիսկ մի թերթ, բացի հյուրանոցի մասին եղած փոքրիկ ու փայլուն գրքույկից։ Անհամբեր սպասում էի, թե երբ պետք է գնայինք Վերմերի գիրքը գնելու։ Միաժամանակ շատ էի ուզում իմանալ, թե ինչի մասին էին խոսում մյուս սենյակում նստած մարդիկ։ Հետաքրքիր էր նաև, թե ինչու հորեղբայրս այդքան կարճահասակ էր, իսկ հայրս՝ այդքան բարձրահասակ։ Պատուհանից դուրս կախվելով, տեսա, թե ինչպես էին լարված խաղալիքների պես փողոցում մանևրում տաքսիները։

Հայրս մոտեցավ ինձ և ասաց․

― Շատ մի կախվիր պատուհանից դուրս։

Ես մի փոքր ետ քաշվեցի ու խորը շնչեցի փողոցի թոհ ու բոհից վեր գտնվող սառը օդը։

― Նայիր այն կանաչ ավտոմեքենային, որը կտրել է դեղնագույնի ճանապարհը, ― ասացի ես։ ― Պայտաձև շրջադարձ է կատարելու։

― Նյու֊Յորքում դա սովորական բան է, հնուց եկող սովորություն, որը օրինական է համարվում այստեղ։

― Դա Կրայսլեր բիլդինգն[4] է։

― Այո, գեղեցիկ է, չէ՞։ Այդ շենքն ինձ հիշեցնում է շախմատի թագուհու։

― Իսկ այն մեկը ո՞րն է։

― Չգիտեմ։ Ինչ֊որ հսկա շիրմաքար։ Իսկ այն դիմացինը Վուլվորթ բիլդինգն է, որը երկար տարիներ համարվել է աշխարհի ամենաբարձր շենքը։

Մենք պատուհանի մոտ կանգնած զրուցում էինք, և ես զարմանում էի, թե նա ինչպես է կարողանում պատասխանել իմ տված բազում հարցերին։ Ծնվելուցս առաջ հայրս աշխատանք փնտրելու նպատակով եղել էր Նյու֊Յորքում։ Այն ժամանակ նա երիտասարդ էր։ Այնպես որ սա հորս առաջին ուղևորությունը չէր։ Հորս նկատմամբ ունեցած հարգանքից դրդված, շատ էի ցանկանում որևէ մխիթարիչ բան ասել այդ հանգիստ, կյանքում միշտ տանջված մարդուն։

― Իսկապե՞ս կարծում ես, որ Քուինսի ակնարկը վերաբերում էր մեր այստեղ մնալուն, ― հարցրեցի ես։

― Քուինսը հետևողական մարդ է, և ես հիանում եմ նրանով։ Եթե նա որևէ բան է ցանկանում, ապա անմիջապես մեծ թափով ու եռանդով հետամուտ է լինում դրան։ Հորեղբայրդ, քո մոր նման, ինձնից շատ ավելի հեռուն է տեսնում։ Կզգաս, թե նա մտքով ինչքան առաջ է քեզնից։

Հայրս իր ձեռքերը մոտեցրեց իրար, ափերը շրջեց դեպի ներքև, վազանց կատարող տաքսիների նման ձախ ձեռքը արագ տարավ առաջ և ասաց․

― Դուք էլ եք կյանքում այդպես վարվում։

― Իհարկե, իհարկե, ― ասացի ես։

Սրտնեղությանս ու շփոթմունքիս պատճառը միայն ինձ գովաբանելը չէր․ զայրանում էի, որ հայրս հորեղբայր Քուինսին համարում էր նույնքան խելացի, որքան ինձ։ Այդ վայրկյանից սկսած համոզվեցի, որ կյանքում միայն հիմարներն են հետաքրքրություն ցուցաբերում փողի նկատմամբ։

Վերջապես․ երբ հորեղբայրս եկավ ննջասենյակ, ասաց․

― Մարտին, հույս ունեի, որ դու և որդիդ կգաք ու միանաք մեզ։

― Սատանան տանի, ինքս էլ չէի ցանկանում փակված մնալ սենյակում։ Դու և քո ընկերները զբաղված էիք գործարար խոսակցությամբ։

― Լուկասը, Ռուբակը և ես։ Մարտին, չկա մի բան, որ ցանկանամ թաքցնել իմ հարազատ եղբորից։ Խոսքը գնում էր երկրորդական մի հարց ճշտելու մասին։ Երկուսն էլ հրաշալի անձնավորություններ են, իրենց բնագավառի համար շատ կարևոր մարդիկ։ Ափսոս, որ չկարողացար ավելի մոտիկից ճանաչել նրանց։ Հավատա ինձ, ես ոչ մի ակնարկ չարեցի ձեր այստեղ մնալու մասին։ Ինչ արած, ի՞նչ կուզենայիք խմել։

― Ինձ հ ամար միևնույն է։ Հիմա շատ չեմ խմում։

― Մարտին, վիսկի կուզե՞ս, սառույցով։

― Հրաշալի է։

― Իսկ տղան։ Իմբիրի հյութ կուզե՞ս, երիտասարդ։ Միգուցե կա՞թ խմես։

― Իմբիրի հյութ, ― ասացի ես։

― Կար ժամանակ, որ հայրդ կարող էր երկու մարդու չափ խմել։ Որքան հիշում եմ, մատուցողը խմիչք բերեց մեր համար և երբ սկսեցինք խմել, հարցրեցի, թե այստե՞ղ ենք անցկացնելու ամբողջ օրը։ Հորեղբայրս կարծես չլսեց, սակայն հինգ րոպե հետո ասաց, որ միգուցե տղան ուզում է տեսնել Սիթին՝ Գոթամը,[5]նա այսպես անվանեց Նյու֊Յորքը, և առաջարկեց գնալ շրջագայության։ «Բաղդադը գետնուղու վրա», ― ասաց հայրս ու ավելացրեց, որ իմ այստեղ կատարած շրջագայությունը մեկընդմիշտ վառ կմնա հիշողությանս մեջ։ Հայրս միշտ ինձ «տղա» էր անվանում, երբ ես որևէ բանից հուսահատվում էի, հիվանդանում կամ զայրանում, կարճ ասած՝ նա վշտանում էր դրա համար։ Մենք դուրս եկանք սենյակից ու վերելակով իջանք ներքև, նստեցինք տաքսի և ուղևորվեցինք դեպի Բրոդվեյ։ Չգիտեմ, փողոցով վե՞ր բարձրացանք, թե՞ իջանք ներքև։ Երբ Բրոդվեյում էինք, հորեղբայրս մի քանի անգամ ասաց․ «Ահա թե ինչու տեղացիները Մեծ Արծաթե ճանապարհ են անվանում այս փողոցը։ Ցերեկն այն բոլորովին այլ տեսք ունի»։ Մեր ուղևորությունը տեսարժան վայրեր այցելելու նպատակ չուներ, քանի որ հորեղբայրս մտավ «Փիքերնաթ» ակումբ, միանման տաղավարաձև կառույցներում տեղավորված մի ռեստորան։ Հիշում եմ, թե ինչպես իջանք մութ սրահ։ Դաշնամուրի վրա նվագում էին «Կա մի փոքրիկ հյուրանոց» երգը։

― Նա չպետք է կատարի այդ երգը, ― ասաց հորեղբայր Քուինսը։ Հետո ձեռքի շարժումով դաշնամուրի մոտ նստած մարդու ուշադրությունը հրավիրեց իր վրա։

― Ինչպե՞ս ես, Ֆրեդի։ Ինչպե՞ս են տղաներդ։

― Լավ են, լավ են միստր Ավգուստ, ― ասաց Ֆրեդին առանց որևէ նոտա բաց թողնելու, ճոճեց գլուխն ու ժպտաց։

― Սա Քուինսի սիրած երգն է, ― ասաց ինձ հայրս, երբ խարխափելով մթության միջով գնում էինք՝ նստելու սրահում դրված շրջանակաձև սեղանի մոտ, կորաձև նստարանի վրա։

Լուռ էի։ Հորեղբայրս նկատելով այդ, ասաց․

― Ֆրեդն առաջին կարգի մարդ է։ Նրա տղան աշնանը գնալու է Քոլքեյթ։

― Ես հարցրեցի․

― Իրո՞ք դա ձեր սիրած երգն է։

Հորեղբայրս թեթևակի ժպտաց և իր տաք ու լայն ձեռքը դրեց ուսիս․ այդ տարիքում ատում էի, երբ ձեռքով դիպչում էին ինձ։

― Ես այդպես եմ ցույց տալիս, ― ասաց նա տարօրինակ մռմռոցով։ ― Երգերն ինձ համար նման են երիտասարդ աղջիկների։ Նրանք բոլորն էլ սիրունիկ են։

Կարմիր բաճկոնով մի մատուցող աճապարանքով մոտեցավ մեզ․

― Միստր Ավգուստ, ― հարցրեց նա, ― վերադարձե՞լ եք արևմուտքից։ Ինչպե՞ս եք, միստր Ավգուստ։

― Առանձնապես ոչինչ, Ջերոմ։ Մի կերպ։ Կուզենայի, որ ծանոթանայիք կրտսեր եղբորս՝ Մարտինի հետ։

― Բարև ձեզ, միստր Մարտին։ Եկել եք Նյու֊Յորք այցելությա՞ն, թե՞ այստեղ եք ապրում։

Հայրս ձեռքով բարևեց Ջերոմին, որը ինչ֊որ չափով զարմանք պատճառեց վերջինիս։

― Կեսօրին եմ եկել, շնորհակալություն։ Ապրում եմ Պենսիլվանիայի[6] մի փոքրիկ գավառական քաղաքում․ դժվար թե լսած լինեք նրա մասին։

― Հասկանում եմ, սըր։ Շտապ այցելություն է։

― Վեց տարվա մեջ սա իմ առաջին այցելությունն է, պարզապես հնարավորություն ունեցա այցելել եղբորս։

― Այո, վերջին տարիներին մենք հազվադեպ ենք տեսնում նրան։ Նա այնպիսի մարդ է, որ հաճախ հնարավոր չէ հանդիպել, ճիշտ չե՞մ ասում։

Հորեղբայրս ընդհատեց նրան․

― Սա եղբորս որդին է, Ջեյը։

― Քեզ դո՞ւր է գալիս այս քաղաքը, Ջեյ։

― Հրաշալի է, ― պատասխանեցի ես և, իհարկե, հորս նման ձեռքով չբարևեցի Ջերոմին։

― Դե ինչ կասես, Ջեյ, ― ասաց հորեղբայրս։ ― Ես ու եղբայրս կցանկանայինք շոտլանդական վիսկի խմել, իսկ տղան՝ իմբիրի հյութ։

― Ոչ, սպասեք, ― ասացի ես։ ― Ի՞նչ տեսակի պաղպաղակ ունեք։

― Վանիլով և շոկոլադով, սըր։

Մի փոքր վարանեցի։ Հավատս չէր գալիս․ մեզ մոտ, հասարակ դեղատանը պաղպաղակի տասնհինգ տեսակ կա։

― Կարծում եմ, որ դա շատ քիչ է լավ ընտրություն կատարելու համար, ― ասաց Ջերոմը։

― Այդ դեպքում՝ վանիլինով։

― Լսում եմ, սըր։ Մի բաժակ վանիլինով։

Մատուցողի բերած պաղպաղակը նման էր գոլֆի գնդակի։ Այն դրված էր արծաթյա հարթ ափսեի մեջ և ուտելիս սահում էր գդալիս տակից։ Հորեղբայրս նայեց ինձ և հարցրեց․

Ի՞նչ կցանկանայիր անել այստեղ։

― Տղաս ուզում է գրախանութ գնալ, ― ասաց հայրս։

― Գրախանութ։ Ի՞նչ գիրք կցանկանայիր գնել, Ջեյ։

― Կուզենայի աչքի անցկացնել Վերմերի որևէ լավ գիրք, ― ասացի ես։

― Վերմեր, ― արտասանեց հորեղբայրս դանդաղ, կարծես նրա անունը տալով բավականություն էր ստանում։ ― Դանիական դպրոցին է պատկանում։ Այո, նա դանիացի է։

― Ըստ իս, Ջեյ, ֆրանսիացիները այնպիսի մարդիկ են, որ պետք է ծեծել նրանց։ Մեզ մոտ, Չիկագոյում, հյուրանոցի հյուրասենյակում կա Դեգայի չորս դանիացի պարուհիների մի նկար։ Նկարում եղած դիմանկարներից յուրաքանչյուրին կարող եմ նայել ժամերով։ Իմ կարծիքով այդ նկարը հրաշալի է։ Դեգան հավասարակշռության հիանալի զգացողություն ունի։

― Այո, բայց Դեգայի նկարները ձեր վրա գունավոր գծանկարների տպավորություն չեն թողնում։ Կարծում եմ, նկարչությանը պայծառատես աչքով նայելիս՝ Դեգան նսեմանում է Վերմերի առաջ։

Հորեղբայր Քուինսն ու հայրս լուռ էին։ Որոշ ժամանակ անց հայրս նայեց ինձ անձկալից հայացքով և ասաց․

― Ահա թե ինչի մասին են խոսում մայր ու տղա ամբողջ ժամանակ։ Ես նրանց ասածներից ոչինչ չեմ հասկանում։ Դա իմ գիտակցությունից վեր է։

― Մայրդ ոգևորում է քեզ, որ նկարիչ դառնաս, ճիշտ չե՞մ ասում, Ջեյ, ― ասաց հորեղբայրս ու այնպես լայն ժպտաց, որ այտերը ուռեցին, կարծես բերանում կոնֆետներ լինեին։

― Ճիշտ է, կարծում եմ, այդպես էլ կա։

― Քո մայրը հրաշալի կին է, Ջեյ, ― ասաց Քուինսը։

Մորս հասցեին ուղղված գովասանքը այնքան բնորոշ էր նրա «հրաշալի» էությանը, որ ես, շոյված ու շփոթված, սկսեցի քչփորել պաղպաղակս, իսկ հայրս հարցրեց հորեղբորս նրա կնոջ՝ Թեսսի մասին։ Ռեստորանից դուրս գալիս հորեղբայրս բանկային չեկի վրա գրեց իր և ինչ֊որ ընկերության անունը։ Ժամը հինգին մոտ էր։

Հորեղբայրս չգիտեր Նյու֊Յորքում եղած գրախանութների տեղերը, որովհետև իր կյանքի տասնհինգ տարիներն անցկացրել էր Չիկագոյում։ Այնուհանդերձ, կարծում էր, որ եթե գնանք 42֊րդ փողոց, վեցերորդ ավյենու, կարող ենք որևէ գրախանութ գտնել։ Նստեցինք տաքսի, որը մեզ տարավ մի զբոսայգու մոտ։ Նրա ետնամասը հանրային գրադարանի համար բակի դեր էր կատարում։ Այդ տեղը հաճելի տեսք ուներ։ Բակում շատ աղունիկներ կային, իսկ նստարանների վրա հանգստացող մարդկանց և ամառային պիրկ զգեստներ հագած ծառայողուհիների ներկայությունն ինձ վրա այնքան լավ տպավորություն թողեց, որ ես առանց մտածելու երկու մարդկանց առաջնորդեցի դեպի գրադարան։ Եռուզեռով լի շենքերը վեր էին խոյանում ու փայլում ծառերի կատարների միջով։ Որքան ես հասկացա, դա Նյու֊Յորքն էր։ Փառասիրության աշտարակները սլանում էին դեպի երկինք և ասես բյուրեղանում իմ մեջ։

― Եթե այստեղ կանգնես, ― ասաց հայրս, ― կարող ես տեսնել Էմփայր Բիլդինգը։[7]

Ես մոտեցա հորս և նայեցի նրա ցույց տված ուղղությամբ։ Հանկարծ չոր ու կարծր մի բան ընկավ աչքիս մեջ։ Գլուխս իջեցրի ու թարթեցի աչքս։ Այն սկսեց ուժեղ ցավել։

― Ի՞նչ է պատահել, ― հարցրեց հորեղբայրս։

― Տղայի աչքի մեջ ինչ֊որ բան է ընկել, ― ասաց հայրս։ ― Նման բաներում նրա բախտը չի բերում, ինչքան գիտեմ։

― Օհ, ― ասացի ես զայրացած, գրեթե արտասվելու աստիճան։ Դեպքը կարծես մահու ու կենաց հարց լիներ ինձ համար։

― Եթե քամի չլիներ, ― ասաց հայրս, ― գուցե կարողանայի տեսնել, թե ինչ է պատահել։

― Մարտին, հիմա մտածելու ժամանակ չէ։ Աչքի կամ ականջի նկատմամբ չպետք է այդքան թեթև վերաբերվել։ Հյուրանոցը գտնվում է երկու թաղամաս այն կողմ։ Ի վիճակի՞ ես երկու թաղամաս քայլել, Ջեյ։

― Ես կույր եմ, բայց ոչ կաղ, ― պատասխանեցի բորբոքված։

― Ճկուն միտք ունի տղադ, ― ասաց հորեղբայրս։

Հորս և հորեղբորս ուղեկցությամբ ուղղվեցի դեպի հյուրանոց, ձեռքով ծածկելով դեմքս։ Ժամանակ առ ժամանակ նրանցից մեկը կամ մյուսը ձեռքը դնում էր ուսիս կամ բռնում դաստակիցս, բայց ես դիտավորյալ արագացնում էի քայլերս, որպեսզի այդ բանը թույլ չտամ նրանց։ Հույս ունեի, որ հյուրանոց մտնելիս ոչ ոքի ուշադրությունը չենք գրավի, դրա համար էլ ձեռքս հեռացրի դեմքիցս և ուղղաձիգ քայլեցի առաջ, աշխատելով պահպանել կեցվածս։ Եթե մի աչքս փակ չլիներ ու դեմքս կարմրած, կարծում եմ, որ լավ տեսք կունենայի։ Չնայած ձեռք առած ամբողջ զգուշությանս, հայրս ու հորեղբայրս ոչ մի բան չէին խնայում ինձ դավաճանելու համար։ Նրանք կրնկակոխ հետևում էին ինձ, կարծես ուր որ է՝ վայր էի ընկնելու։ Ավելին, երբ հյուրանոցի սպասասրահ մտանք, հայրս մի փնթփնթան ծերունու ասաց․ «Խեղճ տղայի աչքը բան է ընկել», իսկ հորեղբայրս էլ իր հերթին ադմինիստրատորին խնդրեց․ «Բժիշկ ուղարկեք քսանմեկերորդ հարկ»։

― Դու չպետք է բժիշկ կանչեիր, Քուինս, ― ասաց հայրս, երբ մենք բարձրանում էինք վերելակով։ ― Հիմա կարող եմ աչքը նայել, այստեղ քամի չկա։ Այսպիսի բան միշտ էլ պատահում է։ Տղան շատ անզգույշ է։

― Աչքերի հետ պետք է զգույշ վարվել, Մարտին։ Նրանք մեր կյանքի ամենաթանկ զենքերն են։

― Ամեն ինչ լավ կլինի, ― ասացի ես, չնայած ասածիս չէի հավատում։ Թվում էր՝ մետաղի կտորը խորն էր մտել աչքիս մեջ։

Երբ սենյակ մտանք, հորեղբայրս ստիպեց, որ անկողին մտնեմ։ Հայրս գրպանից հանեց թաշկինակը, ծայրը ձեռքերի մեջ ոլորեց այնքան ժամանակ, մինչև որ այն դարձավ սուր։ Հետո մոտեցավ ինձ և ուզում էր թաշկինակի ծայրով հանել մետաղի փոքրիկ կտորը, բայց ես թույլ չտվեցի, քանի որ աչքս սաստիկ ցավում էր։

― Ինձ մի տանջիր, ― ասացի ես, ետ քաշելով դեմքս։ ― Դա չի օգնի, սպասենք, հիմա բժիշկը կգա։

Հայրս նեղացավ և թաշկինակը դրեց գրպանը։

Բժիշկը թեթև ձեռք ունեցող և քչախոս մարդ էր։ Չէր ձևացնում, որ ինքը ընտանիքի բժիշկ է։ Նա ձախ աչքիս կոպը շուռ տվեց մի բարակ ձողիկի վրա ու սպիրալաձև գործիքի որսացող ծայրով դուրս հանեց աչքիս մեջ ընկած մետաղի կտորը։ Հետո, վարակումից խուսափելու համար, երեք կաթիլ դեղին հեղուկ կաթեցրեց։ Դեղը ցավ էր պատճառում ինձ, փակեցի աչքս ու հենվեցի բարձին, ուրախանալով, որ ամեն ինչ բարեհաջող վերջացավ։ Երբ բացեցի աչքս, տեսա, թե ինչպես հայրս մի թղթադրամ տվեց բժշկին։ Վերջինս շնորհակալություն հայտնեց ու հեռացավ։ Նրա գնալուց հետո հորեղբայրս դուրս եկավ լողասենյակից։

Դե, երիտասարդ, հիմա ինչպե՞ս ես զգում քեզ, ― հարցրեց նա։

― Շատ լավ։

― Մետաղի կտոր էր ընկել, ― ասաց հայրս։

― Մետա՛ղ։ Դե ես գիտեմ, թե ինչպես է ցավում այն, կարծես ածելու շեղբ լինի։ Եվ քանի որ հիմա մեր երիտասարդը լավացել է, կարող ենք մտածել ճաշելու մասին։

― Չենք կարող Քուինս, ես գնահատում եմ քո բարությունը, բայց մենք պետք է անմիջապես վերադառնանք։ Ժամը ութին ժողով ունեմ, պետք է անպայման ներկա լինեմ։

― Շատ ափսոս։ Ի՞նչ ժողով է, Մարտին։

― Եկեղեցական։

― Դու դեռ եկեղեցական գործերո՞վ ես զբաղվում։ Դե, աստված օրհնի քեզ քո բարի գործերի համար։

― Լավ բան արած կլինես, եթե մի օր, իհարկե, հնարավորության դեպքում, այցելես մեզ։ Գիշերը կօթևանես մեզ մոտ։ Դա մեծ ուրախություն կպատճառի կնոջս։

Հորեղբայրս մոտեցավ իր կրտսեր եղբորն ու ձեռքը դրեց նրա ուսին։

― Մարտին, աշխարհում ամենաշատ բանը, որ կցանկանայի, ձեզ այցելելն է։ Հինգշաբթի օրը պետք է մեկնեմ արևելք, որովհետև ժամադրված եմ։ Ժամադրությունները ոչ մի րոպե հանգիստ չեն տալիս։ Ոչ մի բան ինձ այնքան բավականություն չի պատճառի, որքան շնորհ անել ձեր տանն ու թեկուզ մի երկու օր մնալ ձեզ մոտ։ Հաղորդեցեք հարգանքներս ձեր կնոջը և ասացեք, թե ինչպիսի հրաշալի տղա է մեծացրել։ Իհարկե՝ երկուսովդ միասին։

Հայրս խոստացավ, որ կասի և ավելացրեց․

― Անպայման։

Մի փոքր իրարանցումից հետո մենք մեկնեցինք։

― Երեխան լա՞վ է, ― հարցրեց սպասասրահում նստած ծերունին, երբ դուրս էինք գալիս հյուրանոցից։

― Շնորհակալություն, սըր, մետաղի կտոր էր ընկել աչքը, ― պատասխանեց հայրը։

Հյուրանոցից դուրս գալիս ինձ հետաքրքրում էր, թե հիմա կա՞ արդյոք որևէ բաց գրախանութ։

― Մենք փող չունենք։

― Ոչ մի կոպե՞կ։

― Մեզ մոտ եղած հինգ դոլարը բժշկին տվեցինք։ Ահա թե ինչ արժե Նյու֊Յորքում աչքից մետաղի փոքրիկ կտոր հանելը։

― Ես այդ դիտավորյալ չարեցի։ Կարծում ես, ի՞նքս գցեցի աչքիս մեջ։ Չխնդրեցի, որ բժիշկ կանչես։

― Գիտեմ։

― Չգնա՞նք որևէ գրախանութ ու տեսնենք, թե ինչ կա։

― Մենք ժամանակ չունենք, Ջեյ։

Երբ հասանք Պենսիլվանիա կայարան, իմացանք, որ հաջորդ գնացքի մեկնելուն մնացել է գրեթե երեսուն րոպե։ Նստեցինք մի նստարանի վրա ու սպասեցինք։ Հայրս նայեց ինձ բազմանշանակալից հայացքով և ժպտալով ասաց․

― Տղաս, հորեղբայրդ ճարպիկ մարդ է, չէ՞։ Մտքով նա առնվազն երեսուն տարի առաջ է ինձնից։

― Ո՞վ։

― Եղբայրս։ Նկատեցի՞ր, թե ինչպես թաքնվեց լողասենյակում՝ մինչև բժշկի գնալը։ Ահա թե ինչպես են մարդիկ փող ստեղծում։ Հարուստ մարդը դոլարանոցները հավաքում է այնպես, ինչպես կոլեկցիոները՝ դրոշմանիշները։ Այդպես էլ գիտեի, որ նա չի վճարելու։ Երբ հյուրանոցի ծառայողին ասաց, որ բժիշկ կանչի, համոզված էի, որ ես եմ վճարելու։

― Այո, բայց ինչո՞ւ նա պետք է վճարեր։ Որպես հայր, դու պետք է վճարեիր։

― Ճիշտ է։ Իհարկե, նա պարտավոր չէր վճարել։

Հայրս հենվեց աթոռին, հայացքը հառեց առաջ, խաչեց ձեռքերն ու կռացավ ծնկների վրա։ Նրա ծնոտի մաշկը թորշոմել էր, քունքերը փոս էին ընկել։ Հավանբար, խմիչքն ազդել էր։

― Ահա թե ինչու նա այդքան հարուստ է, իսկ ես՝ այսքան աղքատ ― ավելացրեց հայրս թախիծով։

Այս բոլորը զայրույթ էր պատճառում ինձ, ոչ թե նրա համար, որ ուզում էի մեղադրել հորս, այլ իմ ցանկությունն էր՝ խելքի բերել նրան, որպեսզի ընկճված ու ծեր չզգար իրեն։

― Իսկ ինչո՞ւ շատ փող չվերցրիր հետդ։ Պետք է իմանայիր, որ կարող է պետք գալ մեզ։

― Ճիշտ ես ասում, Ջեյ։ Մենք պետք է շատ փող վերցնեինք մեզ հետ։

― Նայիր, այնտեղ՝ աջ կողմի վրա մի բաց գրախանութ կա։ Եթե մենք տասը դոլար վերցրած լինեինք․․․

― Դժվար թե բաց լինի։ Նրանք պարզապես ցուցափեղկերի լույսերը չեն մարել։ Եթե բաց լիներ, դրանից մեզ ի՞նչ օգուտ։ Հինգ դոլարով ի՞նչ գիրք կարող ես գնել արվեստի վերաբերյալ․ գունավոր տպագրությունը թանկ արժե։ Ի՞նչ ես կարծում, որքա՞ն արժե Վերմերի որևէ ստվարածավալ գիրքը։ Ինձ թվում է՝ տասնհինգ դոլարից ոչ պակաս, նույնիսկ գործածվածը, որի էջերը քրքրված են ու թերթերը սրճոտված։

Մինչև քաղաքից հեռանալը ես զայրացած էի և անընդհատ կոպտորեն ընդհատում էի նրան․ հորս պասիվ բնավորությունը զայրացնում էր ինձ։ Երբ գնացքն արդեն հասել էր մեր կողմերը, իմ տղայական զայրույթը հանդարտվեց։ Մեր ուղևորությունը մի տեսակ ծեսի իմաստ ունեցավ, որի ընթացքում հայրս համբերատար տարավ ճղճղոցներս, ասածներիս միշտ գլխով համաձայնության նշան անելով, նման այն մանկաբարձին, որն ընդունում է ընտանիքի առաջնեկի ծնունդը։ Դրանից հետո անցան տարիներ, մինչև որ ես նորից կարիք զգացի այցելել Նյու֊Յորք։
  1. Վերմեր ― Յան Վերմեր Դելֆտացի (1632-1675), հոլանդացի գեղանկարիչ։
  2. Գրանդ Սենթրալ ― Նյու֊Յորքի կենտրոնական մեծ կայարանը։
  3. Շուշանի հոտ (ֆրանս․)։
  4. Կրայսլեր բիլդինգ ― երկնաքեր Նյու֊Յորքում․ 50֊ական թվականներին մեծությամբ երկրորդն էր Էմփայր բիլդինգից հետո։
  5. Գոթամ ― գյուղ Անգլիայում, Նոթինգեմ քաղաքի մոտ։ Ըստ լեգենդի նրա բնակիչները համարվում էին «իմաստուններ»։ Հաճախ այդ գյուղի անունով են կոչում Նյու֊Յորքը։
  6. Պենսիլվանիա ― ԱՄՆ֊ի հյուսիս֊արևելյան նահանգներից․ վարչական կենտրոնը Հարիսբերգ քաղաքն է։
  7. Էմփայր բիլդինգ ― երկնաքեր Նյու֊Յորքում․ 40 տարի շարունակ 102 հարկանի այդ շենքը ամենաբարձր կառույցն էր աշխարհում։ Շատ ամերիկացիների համար Էմփայր բիլդինգն այսօր էլ մնում է որպես «երկնաքերերի արքա»։