Անծանոթը
Սուրը տաճարում է։ Ես մեկն եմ տաճարի քրմերից, որ այն երբեք չի տեսել։ Այլ համայնքներ երկրպագում են բրոնզե հայելիներ կամ քարեր։ Մտածում եմ` վաղեմի ժամանակներում ընտրում էին հազվագյուտ իրեր։ Անկեղծորեն ասում եմ. սինտոիզմը ամենաազատ պաշտամունքն է։ Ամենաազատը և ամենահինը։ Մենք ունենք հին գրություններ, որ այլևս անընթեռնելի են: Սինտոիզմ դավանել կարող են եղջերուները և ցողի կաթիլները։ Այն բարերարություն է ուսուցանում, բայց չի սահմանում բարոյականություն: Եվ չի պնդում, որ յուրաքանչյուրը հյուսում է իր կարման։ Այն չի սարսափեցնում հատուցմամբ և կաշառում ընծաներով։ Նրա հետևորդները կարող են աշակերտել Բուդդային կամ Հիսուսին։ Այն պատվում է կայսիրն և մեռյալներին։ Հավատում է, որ մահից հետո մարդը աստվածանում է և պահպանում իր ժողովրդին։ Հավատում է, որ մահից հետո ծառը աստվածանում է և պահպանում ծառերին։ Հավատում է, որ աղը, ջուրը և երաժշտությունը մաքրագործում են։ Հավատում է, որ աստվածությունները անթվելի են։ Արշալույսին մեզ այցելեց մի ծեր բանաստեղծ` կույր պերուացի: Սրահում նստած մենք կիսում էինք այգու քամին, խոնավ հողի բույրը և երգը թևավոր աստվածների։ Թարգմանչի միջոցով ես մեկնել եմ մեր հավատը։ Չգիտեմ, թե նա ինչ է հասկացել Արևմտյան դեմքերը ` դիմակներ են, Որ անհնար է վերծանել։ Նա խոստացել է Պերու վերադառնալով` հիշել մեր զրույցը բանաստեղծությամբ։ Չգիտեմ, թե ինչ է եղել։ Չգիտեմ` կհանդիպե՞մ նրան։
Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի