Գիտակցափոխություն
հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի |
Գլուխ 1
Մարվին Ֆլինը «Սթենհոուփ գազեթի» ազդերի էջում կարդաց հետեւյան հայտարարությունը․
«Մարսեցի մի ջենտլմեն՝ 34 տարեկան, զուսպ, զարգացած, քաղաքավարի, ցանկանում է փոխանակել մարմինը նույն հակումների տեր երկրացի ջենտլմենի հետ։ Օգոստոսի 1֊ից սեպտեմբերի մեկը։ Երաշխավորագրերն՝ ըստ պահանջի։ Միջնորդությունն անվճար»։
Այս առօրեական հայտարարությունը բավական էր, որ Ֆլինի զարկերակը կատաղի բաբախեր։ Մարմինը փոխանակել մարսեցու հետ… Գաղափարը գրավիչ էր, բայց եւ վանող։ Ի վերջո, ո՞վ կուզի, որ ավազ փորփրող ինչ֊որ մարսեցի մտնի իր գլխի մեջ, շարժի իր ձեռքերն ու ոտքերը, նայի իր աչքերով, եւ լսի իր ականջներով։ Բայց դրա փոխարեն՝ ինքը՝ Մարվին Ֆլինը, հնարավորություն կստանա Մարսը տեսնելու։ Տեսնելու այնպես, ինչպես հարկն է՝ բնիկի աչքերով։
Ոմանք նկարներ են սիրում, մյուսները՝ գրքեր, ուրիշները՝ կանայք։ Մարվին Ֆլինը նույնպես սիրում էր այդ ամենը, բայց ամենից շատ նա սիրում էր ճանապարհորդել։ Սակայն, ցավոք, նրա իղձն անկատար էր մնացել։ Մարվինը ծնվել եւ մեծացել էր Սթենհոուփում՝ Նյու Յորքի նահանգ։ Առարկայական իմաստով այդ քաղաքը Նյու Յորքից ինչ֊որ երեք հարյուր մղոն էր հեռու։ Բայց հոգեկան ու զգացմունքային տեսակետից երկու քաղաքներին հարյուր տարվա անջրպետ էր բաժանում։
Սթենհոուփը Էդիրոնդաքի ստորոտում ծվարած մի բարետես գյուղական ավան էր՝ պատված երփներանգ այգիներով եւ կանաչ խորդուբուրդ արոտավայրերով, որտեղ առավոտից իրիկուն խումբ֊խումբ արածում էին շագանակագույն կովերը։ Անդառնալիորեն հովվերգական այդ քաղաքը հավատարիմ էր անտիկ սովորույթներին․ մեղմորեն, բայց միաժամանակ թաքուն կամակորությամբ, Սթենհոուփը իրեն հեռու էր պահում քարսիրտ ու անբարտավան հարավից։ RT—7֊րդ պողոտայի[1] մետրոյի գիծը հասել էր մինչեւ Քինգսթըն, սակայն ոչ Սթենհոուփ։ Հսկա ֆրիուեյները[2] տարածել էին իրենց բետոնե շոշափուկները գյուղական արվարձաններով մեկ, բայց չէին կարողացել կլանել Սթենհոուփի թեղիազարդ Մեյն֊սթրիրը[3]։ Մյուս քաղաքները վաղուց անցել էին հրթիռային թռիչքահորանների, Սթենհոուփը, մինչդեռ, համառորեն պահպանում էր հնամենի ռեակտիվ օդանավերի կայանը, բավարարվելով շաբաթական երեք թռիչքով։ (Հաճախ գիշերները Մարվինը պառկած ականջ էր դնում անհետացող գյուղական Ամերիկայի այդ թախծոտ ու տանջալի ձայներին՝ ռեակտիվ օդանավի միայնակ ողբին)։
Սթենհոուփը գոհ էր իրենից, իսկ մնացած աշխարհը, թվում է, միանգամայն գոհ էր Սթենհոուփից եւ պատրաստ էր թողնելու, որ այն ապրի ավելի հանգիստ դարաշրջանի մասին իր ռոմանտիկ անուրջների հետ։ Միակ անձնավորությունը, որին ստեղծված իրավիճակը ձեռք չէր տալիս, Մարվին Ֆլինն էր։
Նա ճանապարհորդել էր սովորական երթուղիներով եւ տեսել էր սովորական տեսարժան վայրերը։ Բոլորի նման բազում հանգստյան օրեր էր անցկացրել Եվրոպայի մայրաքաղաքներում։ Ջրասուզակի հանդերձանքով հետազոտել էր խորտակված Մայամի[4] քաղաքը, զմայլվել Լոնդոնի կախովի պարտեզներով, եւ ծնրադրել Հայիֆայում՝ Բահայի տաճարում։ Արձակուրդների օրերին ոտքով արշավի էր գնացել Մարի Բիրդ երկրով, զննել ներքին Իթուրիի Անձրեւի անտառը, ուղտով կտրել Սինքյանը եւ նույնիսկ մի քանի շաբաթ ապրել Լհասսայում՝ արվեստի համաշխարհային մայրաքաղաքում։ Այդ ամենը հատկանշական էր նրա տարիքի ու դիրքի համար։
Բայց այդ ճամփորդությունները Մարվինի աչքում ոչ մի արժեք չունեին։ Դրանք սովորական տուրիստական երթուղիներ էին, ցանկացած պատահական զբոսաշրջիկ այդ նույն բաները կաներ։ Եվ փոխանակ ունեցածով ուրախանալու, Ֆլինը դժգոհում էր։ Նրա ուզածն իսկական ճանապարհորդություն էր, իսկ դա նշանակում էր ուղեւորվել Երկրից դուրս։
Թվում է, ուզածը մեթ բան չէր, եւ այնուհանդերձ, Մարվինը նույնիսկ Լուսնում չէր եղել։
Պատճառը միջոցներն էին։ Միջաստղային ճանապարհորդությունները թանկ արժեին․ դրանք մեծ մասամբ հարուստների, գաղութարարների եւ ղեկավար անձանց մենաշնորհն էին։ Միջին վաստակ ունեցողն այդ մասին երազել անգամ չէր կարող։ Եթե միայն, իհարկե, չէր կամենում օգտվել գիտակցափոխության առավելություններից։
Ֆլինը, գավառացու բնածին պահպանողականությամբ, խուսափել էր այդ տրամաբանական, բայց տագնապահարույց քայլից։ Խուսափել էր մինչ օրս…
Մարվինը փորձել էր համակերպվել կյանքային իր դիրքին եւ այդ դիրքից բխող տանելի հնարավորություններին։ Ի վերջո, ինքն ազատ էր, գորշ[5] եւ ընդամենը երեսունմեկ տարեկան (ավելի ճիշտ, երեսունմեկից մի քիչ ավել)։ Նա գեղեցկադեմ, բարձրահասակ, լայնաթիկունք տղա էր, խուզած սեւ բեղերով ու մեղմ շագանակագույն աչքերով։ Մարվինը առողջ էր, խելացի, մարդամոտ, հակառակ սեռը նրա հանդեպ անտարբեր չէր։ Ստացել էր սովորական կրթություն՝ տարրական դպրոց, միջնակարգ դպրոց, տասներկու տարի քոլեջում եւ սովորելուց հետո չորս տարվա պրակտիկա։ Նա լավ մասնագետ էր։ Աշխատում էր Ռայք֊Փիսըրս միավորումում, որտեղ ֆլյուորոսկոպիայի էր ենթարկվում պլաստմասսայից խաղալիքները, ճնշման անալիզի ենթարկելով, ստուգելով միկրոսեղմման , ծակոտկենության, հյուսվածքների ամրության աստիճանը։ Գուցե դա աշխարհում ամենակարեւոր գործը չէր, ինչ արած՝ բոլորը չէ, որ կարող են տիեզերանավ վարող կամ թագավոր լինել։, Ինչեւէ, աշխատանքը պատասխանատու էր, հատկապես եթե հաշվի առնենք խաղալիքների կարեւորությունը ժամանակակից աշխարհում եւ երեխաների հուսալքվածությունը մեղմացնելու կենսական խնդիրը։
Մարվինն այս ամենը գիտեր, եւ այնուհանդերձ, անբավարարվածություն էր զգում։ Նա գնացել էր տեղական Խորհրդատուի մոտ, բայց ապարդյուն։ Այդ բարի մարդը փորձել էր Մարվինին օգնել «Իրավիճակային գործոնի վերլուծության» միջոցով, սակայն Մարվինը ներքնապես չէր արձագանքել այդ փորձին։ Նա ուզում էր ճանապարհորդել, չէր կարողանում ազնվորեն քննել այդ ցանկության գաղտնի իմաստը եւ ճանապարհորդությանը փոխարինող ոչ մի բան էլ չէր կամենում ընդունել։
Եվ այժմ, կարդալով այդ սովորական եւ, սակայն, հուզաթռթիռ հայտարարությունը՝ շատ նման հազարավոր ուրիշներին, բայց եւ եզակի ու առանձնահատուկ (քանի որ ինքն էր այդ պահին կարդացողը), Մարվինը կոկորդում ինչ֊որ տարօրինակ համ զգաց։ Գիտակցությունը փոխանակել մարսեցու հետ… տեսնել Մարսը, այցելել Ավազե արքայի որջը, անցնել Ճեղքվածքի ակուստիկ փայլատակման միջով, ունկնդրել Մեծ չորացած ծովի խրոմատիկ ավազներին։Նախկինում էլ նա երազել էր։ Բայց այս անգամ ուրիշ էր։ Կոկորդի տարօրինակ համը վկայում էր ինչ֊որ կազմավորվող որոշման մասին։ Մարվինը իմաստուն կերպով որոշեց դրա ընթացքի վրա չբռնանալ։ Փոխարենը գլխին դրեց թասակը եւ քայլեց կենտրոն՝ դեղատուն[6]։
- ↑ Հնարովի պողոտա։
- ↑ Լայն խճուղիներ ԱՄՆ֊ում։
- ↑ Գլխավոր փողոց (main-street), ամերիկյան միջին ու փոքր քաղաքների մեծ մասի կենտրոնական փողոցները չունեն հատուկ անուն։
- ↑ Հանրահայտ ծովափնյա առողջարան ԱՄՆ֊ում
- ↑ Նկատի ունի ռասսայական պատկանելությունը՝ համարյա սպիտակ
- ↑ ԱՄՆ֊ում դեղատները ծառայում են նաեւ որպես խորտկարաններ։