Ընտանիքավոր մարդը
հեղինակ՝ Վիլիամ Թեն |
Ստյուարտ Ռեյլին գտավ իր տեղը հատուկ ստրատոպլանի մեջ, որը նախատեսված էր սեզոնային տոմսեր ունեցող ուղեւորների համար։ Այս ուղերթով նա ամեն օր Նյու Յորքի Կենտրոնական առեւտրա֊արդյունաբերական գոտուց վերադառնում էր հյուսիսային Նյու Հեմփշիրում գտնվող իր քաղաքամերձ տունը։ Նրա ոտքերը ասես փայտացել էին, իսկ աչքերը ոչինչ չէին տեսնում։ Միայն ըստ սովորության (չէ որ Ռեյլին տարիներ շարունակ կատարում էր նույն գործողությունը) նա նստեց պատուհանի մոտ, Էդ Գրինի կողքը։ Եվ դարձյալ ըստ սովորության իսկույն սեղմեց առժեւի բազկաթոռի թիկնակի կոճակը ու հայացքը հառեց փոքրիկ էկրանին։ Հեռուստատեսային նորությունների իրիկնային ծրագիրն էր, չնայած շուտասելուկի պես հաղորդվող լուրերից ոչ մեկը չէր հասնում նրան։
Ասես երազի մեջ նա լսեց թռիչքի պահի բնորոշ սուլոցը, ըստ սովորության ոտքերով ավելի ամուր հենվեց հատակին եւ փորով ընկավ ապահովիչ գոտու վրա։ Սակայն հասկացավ, որ իրեն համակում է այն վիճակը, երբ սովորությունը չի օգնում, ինչպես որ չի օգնի ոչ մի բան։ Իր հետ դժբախտություն է պատահել, այն ամենասոսկալի դժբախտությունը, որ կարող է պատահել մարդուն մեր թվարկության 2080 թվականին։
— Հը, Ստիվ, թեժ օ՞ր էր,— բարձրաձայն հարցրեց նրան մի քիչ խմած Էդ Գրինը։— Համա՜ տեսք ունես։
Ռեյլին զգաց, որ իր շուրթերը շարժվում են, բայց միայն բավական ժամանակ անց լսեց սեփական ձայնը։
— Այո,— հազիվհազ խոսեց նա,— թեժ օր էր։
— Իսկ ո՞վ էր քեզ խնդրում, որ խցկվես «Արեգակնային համակարգության միներալների» մեջ,— իսկույն վրա տվեց Էդը։— Բոլոր այդ միջմոլորակային կորպորացիաներն էլ իրար նման են՝ տո՛ւր, հա՛ տուր։ Անմիջապե՛ս, հենց ա՛յդ րոպեին, հենց ա՛յդ վայրկյանին պատրաստիր ապրանքագիրը, հենց հիմա ապրանքատար հրթիռապլանը թռչում է Նեպտուն, եւ ուղիղ կես տարի ուրիշը չի լինելու, անպայման թելադրի բոլոր նամակները Մերկուրիին… Ի՞նչ էլ ե՜ս չգիտեմ։ Տասնհինգ տարի առաջ աշխատել եմ «Այլմոլորակային ֆորմացիայում» եւ մինչեւ կոկորդս կուշտ եմ։ Չէ, ավելի լավ է զբաղվեմ անշարժ գույքի վաճառքով Կենտրոնական Նյույորքյան առեւտրա֊արդյունաբերական գոտում։ Հանգիստ է։ Հուսալի։
Ռեյլին տխուր գլխով արեց եւ ձեռքով շփեց ճակատը։ Գլուխը չէր ցավում, բայց ավելի լավ կլիներ, որ ցավեր։ Ինչ ուզում է թող լիներ, միայն թե ինքը չմտածեր։
— Ճիշտ է, շատ չես վաստակի,— բարձրաձայն շարունակում էր Էդը, անդրադառնալով հարցի մյուս կողմին։— Հարստություն չես դիզի, բայց դե վերքեր էլ չես ձեռք բերի։ Թող ես ամբողջ կյանքումս մնամ երկրորդ խմբում, բայց հո դրա փոխարեն՝ երկար կապրեմ։ Իմ գրասենյակում աշխատում են առանց շտապելու եկ իրենց առանձնապես չտանջելով։ Մենք գիտենք, որ ծերուկ Նյու Յորքը վաղուց է կանգնած իր տեղում եւ դեռ էլի կանգնած կմնա։
— Այո, դա ճիշտ է,— համաձայնեց Ռեյլին, նորից սառած հայացքը ուղղելով էկրանին։— Նյու Յորքը դեռ շատ երկար ժամանակ կանգուն կմնա։
— Լսիր, ծերուկ, ի՞նչ ես նվնվում։ Հանիմեդը եւս դեռ չի քայքայվել ատոմների։ Ոչինչ չի պատահի նրան։
Նրանց կողմը թեքվեց հետեւում նստած Ֆրենկ Թայլերը։
— Տղերք, թղթախաղ չսկսե՞նք։ Մի քիչ ժամանակ սպանենք։
Ռեյլին թղթախաղ երբեք չէր սիրել, բայց երախտապարտությունը նրան թույլ չտվեց հրաժարվել։ Ֆրենկը, «Միներալների» նրա աշխատակիցը, լսում էր Գրինի ասածները, ինչպես եւ ստրատոպլանի մեջ բոլոր նստածները, բայց միայն նա էր հասկանում, թե անշարժ գույքի վաճառքի գծով այդ գործակալն ակամա ինչպիսի՜ տանջանքներ է պատճառում Ստյուարտին։ Նա իրեն ավելի ու ավելի վատ էր զգում եւ որոշեց որեւէ կերպ իրենից վանել տխուր մտքերը։
Ֆրենկը մեծահոգաբար վարվեց, մտածեց Ռեյլին, երբ ինքը ու Էդը բազկաթոռներով շրջվեցին իրար դեմ։ Ի վերջո, Ռեյլիին Հանիմեդյան բաժանմունքի կառավարիչ նշանակեցին Ֆրենկի գլխի վրայով, մի ուրիշը հաճույքով կլսեր, թե ինչպես է Էդը խփում նրա ցավոտ տեղին, բայց Ֆրենկն այդպիսին չէր։
Սկսվեց սովորական խաղը, ինչպես միշտ, չորս հոգով։ Ֆրենկ Թայլերից ձախ նստած Բրուս Ռոբերտսոնը (որը գրքեր ձեւավորող նկարիչ էր) հատակից վերցրեց իր մեծ պայուսակը եւ դրեց ծնկներին սեղանի փոխարեն։ ֆրենկը բացեց նոր խաղաթղթերի կապուկը, եւ ամեն մեկը մի խաղաթուղթ քաշեց։ Խաղը սկսելու էր Էդ Գրինը։
— Գումարը ինչպես մի՞շտ,— հարցրեց նա, խաղաթղթերը խառնելով։— Տա՞սը, քսա՞ն, երեսո՞ւն։
Նրանք գլխով հավանության նշան արին, եւ Էդը սկսեց բաժանել։ Նա ուղղակի բերանը չէր փակում։
— Ես էլ Ստիվին ասում եմ, նա այնպես բարձր էր բացատրում, որ հերմետիկ խցում նստած օդաչուն էլ էր, երեւի, լսում, որ անշարժ գույքի վաճառքը բարենպաստ է ազդում արյան ճնշման վրա, եւ մնացած ամեն ինչի վրա էլ։ Կինս անընդհատ կպչում է, որ ես ավելի եկամտաբեր մի ուրիշ բանով զբաղվեմ։ «Խայտառակություն է,— անընդհատ ասում է նա,— որ իմ այս տարիքում ընդամենը երկու երեխա ունեմ։ Ստյուարտ Ռեյլին տասը տարով ջահել է քեզանից, իսկ Մերիանը արդեն չորրորդին է ունեցել։ Ու դու չե՞ս ամաչում։ Տղամա՞րդ ես։ Ախր եթե գոնե մի քիչ տղամարդ լինեիր, մի բան էլ դու կանեիր»։ Գիտե՞ք, ինչ եմ պատասխանում նրան։ «Շեյլա,— ասում եմ ես,— խնդրում եմ, ինձ ասա, իսկ 36—Ա֊ի հաշվով քո մոտ ամե՞ն ինչ տեղը տեղին է»։
Բրուս Ռոբերտսոնը տարակուսանքով նայեց նրան։
— 36—Ա՞։
Էդ Գրինը հռհռաց։
— Էհ, անհոգ ամուրի։ Այ սպասիր, որ ամուսնանաս, դու էլ կիմանաս, թե ինչ բան է 36—Ա֊ն։ Կուտես, կխմես ու կքնես 36—Ա֊ով։
— 36—Ա ձեւը լրացնում են,— Բրուսին հանգիստ բացատրեց Ֆրենկ Թայլերը, վերցնելով շահած գումարը,— երբ եւս մեկ երեխա ունենալու թույլտվուծյան համար դիմում են ԸՊԲ֊ին՝ Ընտանիքի պլանավորման բյուրոյին։
— Ախ, հա, իհարկե։ Ես ուղղակի անունը չգիտեի։ Բայց չէ որ բարեկեցությունը՝ սոսկ մեկն է պայմաններից։ ԸՆտանիքի պլանավորման բյուրոն նկատի է առնում նաեւ ծնողների առողջական վիճակը, ժառանգականությունը, ընտանեկան պայմանները…
— Հա, ի՞նչ էի ասում։ Անզավակ ամուրի, կաթնակեր, լակոտ,— ոռնաց Էդը։
Բրուս Ռոբերտսոնը գունատվեց։
— Դու ճիշտ ես, բարեկեցությունը պայմաններից միայն մեկն է,— շտապեց միջամտել հաշտարար Ֆրենկ Թայլերը։— Բայց ահա ամենակարեւորը։ Եթե ընտանիքում արդեն երկու երեխա կա եւ նրանց ամեն ինչը կարգին է, ապա ԸՊԲ֊ն որոշում ընդունելիս գլխավորապես նկատի է ունենում ձեր եկամուտը։
— Ճիշտ է։— Էդը ձեռքով շրփացրեց պայուսակին, եւ խաղաթղթերը վեր֊վեր թռան։— Վերցնենք թեկուզ իմ աներորդուն՝ Պոլին։ Առավոտից մինչեւ գիշեր լսում եմ․ Թոլը էսպես, Պոլն՝ էնպես, եւ զարմանալի չէ, որ ես նրա մասին ավելի շատ գիտեմ, քան ինքս իմ մասին։ Պոլին է պատկանում «Մարս֊Երկիր Բեռնային սինդիկատի» կեսը, իհարկե, նա տասնութերորդ խմբում է։ Նրա կինը ծույլի մեկն է, նրան չի հետաքրքրում, թե ինչ են իրենց մասին մտածում, դրա համար էլ ընդամենը տասը երեխա ունեն, սակայն…
— Նրանք Նյու Հեմփշիրո՞ւմ են ապրում,— հարցրեց Ֆրենկը։ Ստյուարտ Ռեյլին նկատեց, որ դրանից առաջ Ֆրենկը կարեկցանքով նայեց իրեն․ պարզ երեւում էր, որ նա ուզում է փոխել խոսակցության թեման, հասկանալով, թե դա ինչպես է ընկճում Ռեյլիին։ Երեւի, դա գրված է իր դեմքին։
Դեմքի մասին պետք է մտածել, մի քանի րոպե հետո Մերիանը դիմավորելու է իրեն։ Եթե ինքը իրեն չհավաքի, Մերիանը իսկույն գլխի կընկնի։
— Նյու Հեմփշիրո՞ւմ,— արհամարհանքով հարցը կրկնեց Էդը։— Իմ աներորդի Պո՞լը, իր փողերո՞վ։ Ոչ, սըր, այդ խուլ ծակը նրա համար չէ։ Ո՜վ֊ո՜վ, իսկ նա ապրում է իսկապես շքեղ վայրում։ Կանադայում, Հուդզոնի ծովածոցից դեպի արեւմուտք։ Բայց ես արդեն ասել եմ, որ Պոլն ու կինը այնքան էլ հաշտ չեն ապրում, եւ նրանց երեխաների ընտանեկան միջավայրը լավագույնը չէ աշխարհում, դե հասկանում եք, թե ինչ եմ ուզում ասել։ Եվ ինչ եք կարծում, երբեւիցե նրանք դժվարությունների հանդիպո՞ւմ են 36—Ա ձեւի պատճառով։ Բնավ երբեք։ Այդ ձեւը լրացնելուց հաջորդ օրը առավոտյան նա վերադառնում է տուն, եւ վերեւում փայլում է մեծ, կապույտ կնիքը՝ «խրախուսված է»։ Այնտեղ, ԸՊԲ֊ում, հաստատ մտածում են, թե ինչ կա որ, նրանք իրենց փողերով կարող են վարձել ամենաառաջնակարգ դաստիարակչուհիներին եւ հոգեբաններին։ Իսկ եթե, այնուամենայնիվ, տհաճություններ լինեն, ապա երբ երեխաները մեծանան, նրանք կանցնեն հոգեբանության ամենալավագույն կուրսը, ինչպիսին որ կարելի է ստանալ փող ունենալու դեպքում։
Բրուս Ռոբերտսը գլուխն օրորեց։
— Կասկածում եմ… Չէ որ ամեն օր շատ ու շատ հարուստ ծնողներ մերժում են ստանում վա ժառանգականության պատճառով։
— Ժառանգականությունը մի բան է, իսկ պայմանները՝ մի ուրիշ։ Ժառանգականությունը չի կարելի փոխել, իսկ պայմանները՝ կարելի է։ Եվ ապա մի ասա ինձ, սիրելի բարեկամ, ի՛նչը ամենից լավ կարող է փոխել պայմանները, եթե ոչ փողը։
Փող կա, եւ ԸՊԲ֊ն գտնում է, որ ձեր երեխան ապահովված է լավ ապագայով, մանավանդ որ մանկուց գտնվում է նրանց հսկողության տակ։ Դու պիտի բաժանես, Ստիվ։ Հե՜յ, Ստի՛վ։ Դու, ինչ է, տանուլ տվածիդ վրա ողբո՞ւմ ես։ Ինչ ես լռել, բերանդ ջո՞ւր ես առել։ Բա՞ն է պատահել։ Լսիր, գուցե քեզ հեռացրե՞լ են։
Ռեյլին փորձեց ինքն իրեն հավաքել։
— Չէ, չէ,— խռպոտած ձայնով մի կերպ ասած նա։— Չեն հեռացրել։
Մերիանը սպասում էր նրան ընտանեկան հրթիռաթիռի մեջ, օդանավակայանում։ Բարեբախտաբար, վերջին բամբասանքներն այնպես էին հուզել նրան, որ առանձնապես ուշադրություն չդարձրեց Ռեյլիի վրա։ Միայն երբ ամուսինը համբուրեց, նա կասկածանքով նայեց․
— Դու իսկը անզգա գերան ես։ Առաջ դա ավելի լավ էր ստացվում քեզ մոտ։
Ռեյլին ցավացնելու չափ ուժեղ սեղմեց ձեռքերը եւ փորձեց սրամտել։
— Դա եղել է շատ շուտ, երբ ես դեռ անզգա գերան չէի դարձել։ Այսօր շատ խառը օր էր ինձ համար։ Քնքուշ եղիր ինձ հետ, անուշս, ու շատ բան մի պահանջիր ինձանից։
Կինը գլխով արեց, եւ նրանք մտան մեքենայի մեջ։ Լիզան, նրանց ավագ դուստրը, որ տասներկու տարեկան էր, պստլիկ Մայքի հետ նստած էր հետեւում։ Նա բարձր չլմփոցով համբուրեց հորը եւ նրան մոտեցրեց պստլիկին՝ նույնպիսի արարողության համար։
Ռեյլին զգաց, որ երեխային համբույրելը մեծ ճիգեր պահանջեց իրենից։
Նրանք օդ բարձրացան։ Օդանավակայանից չորս կողմ էին թռչում հրթիռաթիռները։ Ստյուարտ Ռեյլին հայացքը չէր կտրում ներքեւում սուրացող տանիքներից եւ անընդհատ մտածում էր, թե երբ ավելի լավ կլինի ասել կնոջը։ Թերեւս, ընթրիքից հետո։ Չէ, ավելի լավ է սպասի, մինչեւ երեխաները քնեն։ Այ երբ ինքն ու Մերիանը կմնան մենակ… Նա մի սառը գունդ զգաց ստամոքսում, ճիշտ ինչպես ցերեկը նախաճաշից հետո։ Հետաքրքիր է, արդյոք ինքը ուժ կհավաքի՞ եւ կկարողանա՞ պատմել նրան ամեն ինչ։ Ստիպված է։ Խուսափել հնարավոր չէ։ Եվ դա պետք է անել ոչ ուշ, քան այսօր երեկոյան։
— … եթե ես երբեւէ հավատայի Շեյլայի թեկուզ մեկ բառին,— ասում էր Մերիանը։— Ես հենց այդպես էլ ասացի նրան, Կոննի Թայլերը դրանցից չէ, եւ բավական է այդ մասին խոսեն։ Հիշո՞ւմ ես, սիրելիս, անցյալ ամսին Կոննին եկավ ինձ մոտ հիվանդանոց։ Իհարկե, ես գիտեի, թե նա ինչ է մտածում Մայքին նայելիս։ Եթե ոչ թե դու, այլ Ֆրենկը դառնար Հանիմեդյան բաժանմունքի կառավարիչը եւ երկու հազար տերիտ ավել ստանար, ապա նա ինքը կծներ չորրորդ երեխան, իսկ ես կգնայի նրան այցի։ Ես գիտեի, ինչի մասին է նա մտածում, որովհետեւ եթե նրա տեղը լինեի՝ նույնը կմտածեի։ Բայց նա անկեղծորեն հայտարարեց, որ Մայքը իր տեսած պստիկներից ամենազարգացածն է ու ամենաառողջը։ Եվ երբ նա ցանկություն հայտնեց, որ ես մյուս տարի հիգերորդ երեխան ունենամ, դա ասաց ամենայն անկեղծությամբ, ի սրտե։
«Հինգերորդ երեխան,— դառնությամբ մտածեց Ստյուարտ Ռեյլին։— Հինգերորդ»։
— … դու ասա, ինչ անեմ, եթե վաղը Շեյլան գա ու ամեն ինչ նորից սկսի։
— Շեյլան,— շշմաթ կրկնեց նա։— Ի՞նչ Շեյլա։
Կռանալով ղեկավարման պլանելի վրա, Մերիանը անհամբերությամբ ցնցեց գլուխը։
— Ինչ է, դու չե՞ս հիշում Շեյլա Գրինին, Էդ Գրինի կնոջը։ Ստյուարտ, դու գոնե մի բառ լսե՞լ ես իմ խոսացածից։
— Իհարկե, սիրելիս… Հիվանդանոցի եւ… Կոննիի մասին։ Եվ Մայքի մասին։ Ես ամեն ինչ էլ լսեցի։ Բայց որտե՞ղ պիտի գա Շեյլան։
Կինը շրջվեց եւ հայացքը հառեց նրան։ Խոշոր, կանաչ, կատվային աչքերը (մի անգամ պարաստրահում այդ աչքերը դահլիճի մի ծայրից ընդմիշտ դեպի իրենց ձգեցին նրան) շատ լուրջ էին։ Չրխկացնելով փոխխարկիչը, նա միացրեց ավտոպիլոտը, որը հրթիռաթիռը առաջ տարավ նշված ուղիով։
— Ստյուարտ, ինչ֊որ բան է պատահել։ Ոչ թե խառը օր է եղել քեզ համար, այլ ավելի լուրջ բան է պատահել, ես դա զգում եմ։ Ի՞նչ է եղել։
— Հետո,— ասաց նա։ — Ես քեզ ամեն ինչ կպատմեմ հետո։
— Ոչ, հիմա։ Իսկույն պատմիր, ես մի վայրկյան անգամ չեմ դիմանա, եթե դու այդ տեսքով պիտի նստես։
Հայացքը չկտրելով ներքեւում անվերջանալի շարքով ձգվող տներից, Ռեյլին ծանր շունչ քաշեց՝ ինչպես ջրի մեջ ցատկելուց առաջ։
— Յուպիտերի քիմիական կորկորացիան այսօր գնեց Կեոխուլայի հանքահորը…
— Էհ, հետո ինչ։
— Կեոխուլան Հանիմեդի միակ հանքահորն է, որն աշխատում է լրիվ կարողությամբ— դժվարությամբ արտաբերեց նա։
— Ես, միեւնույն է… վախենում եմ, որ էլի չեմ հասկանում։ Ստյուարտ, երկու խոսքով բացատրի, թե դա ինչ է նշանակում։
Նա գլուխը բարձրացրեց եւ տեսավ, որ կինը վախեցած է։ Մերիանը չէր հասկանում, թե Ռեյլին ինչի մասին է խոսում, բայց նա միշտ ապշեցուցիչ ներքին զգացողություն ուներ։ Գրեթե հառազգացություն…
— Կեոխուլան վաճառված է եւ լավ գնով։ Այժմ «Միներալներին» ձեռնտու չէ Հանիմեդում բաժանմունք ունենալը։ Ահա եւ փակվում է, անմիջապես։
Մերիանը ձեռքերը սարսափահար մոտեցրեց բերանին։
— Եվ դա նշանակում է… նշանակում է…
— Դա նշանակում է, որ նրանց այլեւս ոչ Հանիմեդյան բաժանմունքն է հարկավոր, ոչ էլ նրա կառավարիչը։
— Բայց հո քեզ հին աշխատանքից չե՞ն փոխադրի,— բացականչեց Մերիանը։— Դա շատ դաժան բան կլինի։ Քո պաշտոնը չեն կարող իջեցնել, Ստյուարտ, այն բանից հետո, երբ մենք քո աշխատավարձի ավելացման շնորհիվ մեկ երեխա էլ ունեցանք։ Պետք է որ մի բաժանմունք էլ լինի, պե՛տք է որ…
— Ոչ մի բան չկա,— հազիվհազ ասաց Ռեյլին, նրա լեզուն չէր ենթարկվում։— Նրանք փակում են Յուպիտերի բոլոր արբանյակներում եղած բաժանմունքները։ Միայն ես չեմ… Կարտրայթը Եվրոպայից, Մաք֊Քենզին՝ Իոյից, նրանք ինձնից բարձր են։ «Միներալները» գործ են սկսում Ուրանի, Նեպտունի եւ Պլուտոնի հետ, իսկ մնացածների վրա թքում են։
— Իսկ այդ մոլորակները։ Նրանց պե՞տք չեն բաժանմունքի ղեկավարներ։
Ռեյլին անօգնական հառաչեց։
— Այնտեղ արդեն կան։ Եվ կառավարիչների տեղակալներ էլ կան։ Փորձված մարդիկ, որոնք աշխատում են երկար տարիներ եւ լավ գիտեն իրենց գործը։ Ես գիտեմ, սիրելիս, թե դու ինչ ես ուզում հարցնել․ ես խոսել եմ Յուպիտերի քիմիական կորպորացիան փոխադրվելու մասին։ Ոչինչ չի ստացվում, նրանք արդեն ունեն Հանիմեդյան բաժանումնք եւ այդ աշխատանքը կատարող մարդ։ Ես ամբողջ օրը մի տեղից մյուսն եմ վազել, եւ արդեն պայմանավորվել եմ, որ վաղվանից վերադառնում եմ «Հանքանյութի տեղափոխման» իմ հին աշխատանքին։
— Հի՞ն աշխատավարձով,— շշնջաց Մերիանը։— Յոթ հազար տերիտով։
— Այո, Երկու հազարով պակաս, քան հիմա։ Երկու հազարով պակաս չորս երեխայի համար սահմանված նվազագույնից։
Մերիանի աչքերն իսկույն լցվեցին արտասունքով։
— Ես թույլ չեմ տա դա,— հեծկլտաց նա։— Ո՛չ։ Երբե՛ք։
— Սիրելիս…— կմկմաց նա,— սիրելիս, փոքրիկս, օրենքն է այդպիսին։ Մենք ի՞նչ կարող ենք անել։
— Ես բոլորովին… Ես բոլորովին… չեմ կարող որոշել, թե իմ երեխաներից որից պիտի բաժանվեմ։ Դա իմ ուժերից վեր է։
— Իմ պաշտոնը դարձյալ կբարձրացնեն։ Շատ շուտով ես նորից իննը հազար տերիտ կստանամ։ Նույնիսկ ավելի շատ։ Այ կտեսնես։
Մերիանը դադարեց լաց լինել եւ քարացած նայեց նրան։
— Բայց եթե երեխային ուրիշին եմ տալիս դաստիարակության, նրան այլեւս հնարավոր չէ ետ վերցնել։ Նույնիսկ եթե եկամուտները աճեն էլ, դու ինձանից վատ չգիտես դա, Ստյուարտ։ Կարող են ուրիշ երեխաներ ծնվել, բայց չի կարելի ետ վերադարձնել այն երեխային, որը ավելորդ է եղել։
Նա, իհարկե, գիտեր։ ԸՊԲ֊ն այդպիսի օրենք էր սահմանել հոգեծնողների պաշտպանության համար, որպեսզի խրախուսի բարձր վարձատրվող խմբերի ընտանիքների կողմից հոգեզավակ վերցնելը։
— Մենք պիտի մի քիչ սպասեինք,— ասաց Ռեյլին։— Գրողը տանի, պիտի որ սպասեինք։
— Իսկ արդյոք չէ՞ինք սպասում,— առարկեց Մերիանը։— Մենք մի ամբողջ կես տարի սպասում էինք, ուզում էինք համոզվել, որ աշխատանքդ հուսալի է։ Միթե դու չես հիշում այն երեկոն, երբ միսթր Հելսին ճաշում էր մեր տանը։ Հենց նա էլ ասաց, որ դու շատ լավ ես աշխատում եւ անպայման կարիերա կստեղծես։ «Դուք դեր մի տասը երեխա կունենաք, եւ իմ խորհուրդն է ձեզ՝ ականջի հետեւ մի գցեք այդ գործը»,— սա նրա ասած բառերն են։ Խեղճ Հելսի։ Նա այսօր չէր համարձակվում նայել աչքերիս։ Խորհրդակցությունից հետո մոտեցավ ինձ եւ ասաց, որ շատ վշտացած է եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կմտածի իմ պաշտոնի բարձրացման մասին։ Բայց նա ասում է, որ հիմա գրեթե բոլորը ստիպված են իրենց մի քիչ զրկել, վերջին տարին շատ անհաջող էր ուրիշ մոլորակների հետ կապված ֆիրմաների համար։ Այ, ես ետ եմ վերադառնում «Հանքանյութի փոխադրում» ֆիրման եւ դուրս եմ գցում իմ տեղը գրաված մարդուն։ Նա ցած է իջնում եւ նույնպես ինչ֊որ մեկին դուրս է հրում իր տեղից։ Ամեն ինչ սոսկալի տհաճ է։
Մերիանը սրբեց աչքերը։
— Իմ հոգսերը ինձ հերիք են, Ստյուարտ։ Հիմա ինձ ուրիշ ոչ մի բան չի հետաքրքրում։ Ի՞նչ պիտի անենք։
Ռեյլին ետ ընկավ ու կնճռոտեց ճակատը։
— Ես որոշել եմ դիմել մեր փաստաբանին, ուրիշ բան մտածել չեմ կարողացել։ Կլիվը խոստացել է այսօր երեկոյան գալ, ճաշից հետո, այնպես որ նրա հետ ամեն ինչ կքննարկենք։ Եթե մի որեւէ ելք կա, Կլիվը մեզ կհուշի։ Նա շատ հաճախ է գործ ունենում ԸՊԲ֊ի հետ։
Լավ, սկսենք դրանից,— գլխով արեց Մերիանը, համաձայնելով նրա հետ։— Ինչքա՞ն ժամանակ ունենք։
— Վաղ առավոտյան ես ծանուցում պիտի ուղարկեմ ավելորդ երեխայի մասին։ Մենք ունենք երկու շաբաթ ժամանակ, որպեսզի որոշենք, թե ով… մեր երեխաներից ով պետք է…
Մերիանը նորից գլխով արեց։ Նրանք նստել էին քարացած, լիովին ապավինելով ավտոպիլոտին։ Մի քիչ հետո Ստյուարտը ավելի մոտեցավ կնոջը ու բռնեց նրա ձեռքը։ Նրանց մատները ջղաձգորեն միահյուսվեցին։
— Ես գիտեմ՝ ո՛վ,— լսվեց հետեւից մի ձայն։
Երկուսն էլ կտրուկ շրջվեցին։
— Լի՜զա։— Մերիանը շունչը կտրվեց։— Ես մոռացել էի քո մասին։ Իսկ դու նստել ես ու ամեն ինչ լսում։
Լիզայի կլորիկ այտերին փայլում էին արցունքի կաթիլները։
— Այո, ես լսում էի,— համաձայնվեց նա։— Ու ես գիտեմ, թե դուք ում կտաք։ Ի՛նձ։ Չէ որ ես եմ մեծը։ Միայն ինձ կարելի է տալ դաստիարակության։ Ոչ թե Պեննիին, ոչ թե Սյուզիին, ոչ թե Մայքին, այլ ինձ։
— Իսկույն լռիր, Լիզա Ռեյլի։ Ես ու հայրդ կորոշենք, թե ինչ պիտի անենք։ Ավելի շուտ՝ ոչինչ էլ չի լինի։ Ոչինչ։
— Դաստիարակության տալիս են ավագ երեխային։ Այդպես էր ասում իմ ուսուցչուհին։ Նա ասում է, որ փոքրիկ երեխաները ավելի ծանր… ծանր են տանում, քան մեծերըը։ Հետո նաեւ ասում էր, որ դա շատ լավ է, որովհետեւ եթե քեզ հանձնեն դաստիարակության, ապա դու անպայման կընկնես շատ հարուստ ընտանիք, շատ խաղալիքներ կունենաս, հրաշալի դպրոց եւ այլն։ Իմ ուսուցչուհին ասում է, որ գուցե եւ սկզբում տխր… տխրեն, բայց հետո այնքան լավ բաներ են լինում, որ դու երջ… երջանիկ ես լինում։ Ու հետո իմ ուսուցչուհին ասում էր, որ այդպես էլ պետք է լինի, որովհետեւ դա օրենք է։
Ստյուարտ Ռեյլին բռունցքով խփեց նստարանին։
— Մայրդ ասաց, չէ, որ մե՛նք ենք որոշելու։
— Եվ հետո,— համառորեն շարունակում էր Լիզան, մի ձեռքով սրբելով արցունքները,— եւ հետո ես չեմ ուզում երեք երեխա ունեցող ընտանիքում։ Իմ բոլոր ընկերուհիները չորս երեխայով ընտանիքներից են։ Ու ես նորից պիտի ընկերություն անեմ այդ խղճուկ աղջիկների հետ, որոնց առաջ…
— Լիզա՛— գոռաց Ռեյլին։— Առայժմ ես քո հայրն եմ։ Ուզո՞ւմ ես համոզվել դրանում։
Լռություն տիրեց։ Մերիանը միացրեց ձեռքի կառավարումը եւ հրթիռաթիռը վայրէջք կատարեց։ Նա պստլիկին վերցրեց ավագ դստեր մոտից, եւ, չնայելով իրար վրա, նրանք դուրս եկան մեքենայից։
Պարտեզում Ռեյլին հասցրեց տնային ռոբոտին «այգին մշակելուց» փոխադրել «սպասարկել ճաշի ժամանակ»֊ի վրա, եւ բզզացող մետաղե կերպարանքի հետեւից մտավ տուն։
Ամբողջ դժբախտությունը նրանում էր, որ Լիզան իրավացի էր։ Եթե ոչ մի բարդություն չկա, սովորաբար ավագ երեխային են տալիս դաստիարակության։ Դա նրա համար պակաս հիվանդագին է լինում, իսկ ընտանիքի պլանավորման բյուռոն ամենայն մանրակրկիտությամբ է ընտրում նոր ծնողներին բազում ցանկացողների միջից եւ հոգ է տանում, որ երեխայի փոխանցումը տեղի ունենա հնարավորին չափ խաղաղ եւ բնական ձեւով։ Առաջին տարիներին մանկան հոգեբանության գծով մասնագետները շաբաթը երկու անգամ կայցելեն նրան, որպեսզի հասնեն նոր միջավայրին երեխայի առավելագույն ընտելանալուն։
Ո՞վ կվերցնի նրան։ Պոլի՝ Էդ Գրինի աներորդու նման ոմն մեկը, որի եկամուտները թույլ են տալիս ավելի շատ երեխա պահել, քան ինքն ունի։ Ընտանիքում կարող են քիչ երեխաներ լինել ամենատարբեր պատճառներով, բայց այսպես թե այնպես դա խանգարում է հասարակության մեջ բարձր դիրք գրավելուն։
Կարելի է դառնալ փառահեղ հրթիռաթիռի տեր, գնել այն ապառիկ ու տասը տարի խրվել պարտքերի մեջ։ Կարելի է վիթխարի տուն գնել Մանիտոբում, որտեղ ապրում են բոլոր հողատերերը, Նյու Յորքի առեւտրաարդյունաբերական գոտու բոլոր բարձրաստիճան չինովնիկները, Չիկագոյի եւ Լոս Անջելոսի իրենց կոլեգաների հետ կողք֊կողքի, գնել մի այնպիսի տուն, որի պատերը զարդարված լինեն Մարսի հազվադեպ ծառերի փայտից պատրաստված պանելներով, տուն, որը լիքը կլինի ամեն տեսակ մասնագիտության ռոբոտներով եւ, չնայած դրան, գրավագիրը կարող է դանդաղ, բայց համառորեն հյուծել ձեր բարեկեցությունը։
Իսկ երեխաների հարցը պարզ է։ Երեխային չի կարելի ունենալ ապառիկով, այն հույսով, որ ձեր գործերը կբարելավվեն,— դա ձեզ թույլ չեն տա։ Երեխան միայն այն ժամանակ է հայտնվում, երբ ԸՊԲ֊ն, ձեզ ու ձեր կնոջն ուսումնասիրելով ժառանգականության եւ ընտանեկան միջավայրի տեսանկյունից, եզրակացնում է, որ ձեր եկամուտը թույլ է տալիս ապագա երեխայի համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ։ Ընտանիքը պարտավոր է ամեն մի երեխայի համար ներկայացնել լիցենզիա, որը ԸՊԲ֊ն տալիս է միայն մանրազնին հետազոտելուց հետո։ Այդպիսին է վիճակը։
Ահա ինչու եթե դուք որեւէ բան եք գնում ապառիկ եւ կարող եք վեց երեխա ունենալու լիցենզիա ներկայացնել, ձեզնից տեղեկանք չեն պահանջում աշխատանքի վայրից։ Ծառայողը գրում է ձեր ազգանունը, հասցեն, լիցենզիայի համարը եւ վերջ։ Դուք գնումներով դուրս եք գալիս խանութից։
Ընթրիկի ժամանակ Ռեյլին շարունակ այդ մասին էր մտածում։ Նա հիշում էր այն առավոտը, երբ ստացվեց Մայքի լիցենզիան, եւ զգում էր, որ կրկնակի անգամ մեղավոր է։ Այն պահին նա ամենից առաջ մտածեց։ «Այ հիմա արդեն մեզ կհրավիրեն մտնել ամառանոցային ակումբ»։ Իհարկե, նա ուրախ էր, որ ստացել է եւս մեկ երեխա ունենալու թույլտվություն։ Ինքն ու Մերիանը շատ էին սիրում երեխաներին, բայց արդեն երեքը ունեին, եւ չորրորդ երեխան նշանակում էր մեծ առաջընթաց քայլ։
«Դե լավ, իսկ իմ տեղը ո՞վ այլ կերպ կմտածեր»,— հարցրեց նա ինքն իրեն։ Նույնիսկ Մայքի ծնվելու հաջորդ օրը Մերիանը նրան սկսեց անվանել ամառանոցային ակումբի մեր բալիկ»։
Երջանկությամբ, հպարտությամբ լեցուն օրեր։ Ինքն ու Մերիանը այնպես էին քայլում, կարծես թագադրման գնացող երկու երիտասարդ իշխանազուններ լինեին։
Կլիվենդ Բետիգերը՝ Ռեյլիի փաստաբանը, եկավ հենց այն պահին, երբ Մերիանը նախատում էր Լիզային՝ քնելու պառկեցնելով նրան։ Տղամարդիկ մտան ճաշասենյակ եւ տնային ռոբոտին պատվիրեցին մի֊մի կոկտեյլ պատրաստել իրենց համար։
— Ես չեմ ուզում մեղմացնել ջիճակը, Ստիվ,— ասաց փաստաբանը, դնելով իր պայուսակի պարունակությունը սուրճի հինավուրց սեղանի վրա (քսաներորդ դարի սկզբի զինվորական կոշկի արկղ, որը Մերիանը հմտորեն դարձրել էր փոքրիկ սեղան) բավական տհաճ գործ է։ Ես ուսումնասիրեցի ԸՊԲ֊ի բոլոր վերջին որոշումները համանման վիճակների վերաբերյալ եւ մխիթարական ոչ մի բան չգտա։
— Բայց որեւէ հույս կա՞, որից կարելի կլինի կառչել։
— Այժմ կփորձենք պարզել։
Ներս մտավ Մերիանը եւ նստեց ամուսնու կողքը, բազմոցի վրա։
— Գժվել կարելի է,— հուզված ասաց նա,— քիչ էր մնում ծեծեի Լիզային։— Նա արդեն այնպես է խոսում ինձ հետ, ասես ես օտար կին եմ, որը ոչ մի իրավունք չունի նրա վրա։
— Լիզան հայտարարեց, որ միայն իրեն կարելի է տալ դաստիարակության,— բացատրեց Ռեյլին։— Նա լսել է մեր խոսակցությունը։
Բետիգերը բացեց գրառումներով ծածկված թուղթը։
— Լիզան իրավացի է։ Նա ավագն է։ Եկեք քննարկենք վիճակը։ Երբ դուք ամուսնացաք, Ստյուարտը ստանում էր տարեկան երեք հազար տերիտ․ դա մի երեխայի համար նվազագույնն է։ Ծնվեց Լիզան։ Երեք տարի հետո բոլոր հավելումներով քո եկամուտն ավելացավ երկու հազար տերիտով։ Ծնվեց Պենելոպան։ Եվս մեկուկես տարի՝ եւ դարձյալ երկու հազար։ Սյուզաննան։ Անցյալ տարվա փետրվարին դու աշխատանքի անցար Հանիմեդյան բաժանմունքում՝ տարեկան իննը հազար տերիտով։ Մա՛յքը։ Հիմա նորից քո աշխատավարձը իջեցրել են՝ յոթ հազար։ Դա առավելագույնն է երեք երեխայի համար։ Ճի՞շտ է։
— Ճիշտ է,— հաստատեց տանտերը։ «Ահա իմ ամուսնական կյանքի հակիրճ պատմությունը,— մտածեց նա։— Ճիշտ է, այստեղ չասվեց այն մասին, որ Մերիանը քիչ էր մնում վիժեր, երբ կրծքի տակ կրում էր Պեննիին, չասվեց այն մասին, որ խաղահրապարակի մոտ տնային ռոբոտին կարճ միացում եղավ եւ Սյուզիի գլխին վեց կար դրվեց դրա պատճառով։ Այստեղ չասվեց նաեւ, թե…»
— Լավ, Ստիվ, եկ հիմա պարզենք ձեր ֆինանսական հնարավորությունները։ Ձեզանից ոչ մեկը հույս չունի՞, որ մոտ ժամանակներս կստանա անհրաժեշտ գումարը, դե, ասենք, ժառանգություն կստանա։ Արդյո՞ք չունեք որեւէ սեփականություն, որը կարող ե զգալի չափով թանկանալ։
Նրանք իրար նայեցին։
— Մեր ծնողների ընտանիքները պատկանում են երրորդ եւ չորրորդ խմբերին,— դանդաղ ասաց Մերիանը։— Նրանք այնքան էլ ունեվոր չեն։ Իսկ ես ու Ստիվը, բացի տնից, կահույքից եւ հրթիռաթիռից, ունենք մի քիչ պետական փոխառության բաժնետոմսեր եւ «Արեգակնային համակարգության միներալների» բաժնեթղթեր։ Դրանք երկար, շատ երկար ժամանակ չեն թանկանա։
— Լավ, եկամուտների հարցը վերջացրինք։ Իսկ այժմ, սիրելիներս, թույլ տվեք հարցնել…
— Հալա դեռ սպասիր,— չդիմացավ Ռեյլին,— ինչո՞ւ «վերջացրինք»։ Իսկ եթե ես սկսեմ աշխատել շաբաթ եւ կիրակի օրերը, կամ երեկոները այստեղ, Նյու Հեմփշիրում։
— Որովհետեւ մեկ երեխայի լիցենզիան նկատի է առնում նորմալ երեսունժամյա աշխատանքային շաբաթվա եկամուտը,— համբերությամբ բացատրեց փաստաբանը։— Եթե ընտանիքի հայրը անհրաժեշտ աշխատավարձը ապահովելու համար պետք է այդ նորմայից ավելի աշխատի, երեխաները նրան քիչ կտեսնեն, կամ, իրավաբանական լեզվով արտահայտված՝ «զրկված կլինեն նորմալ մանկության նորմալ արտոնություններից»։ Հիշիր, որ գործող օրենսդրությունը ամենից վեր է դասում երեխաների իրավունքները։ Նրանց ոչ մի դեպքում չի կարելի նեղություն պատճառել։
Ստյուարտ Ռեյլին ոչինչ չտեսնող աչքերով նայում էր դիմացի պատին։
— Մենք կարող էինք արտագաղթել,— խուլ ձայնով ասաց նա։— Վեներայի վրա, օրինակ, ծնելիությունը չի սահմանափակվում։
— Դու երեսունութ տարեկան ես, Մերիանը՝ երեսուներկու։ Մարսի եւ Վեներայի վրա հարկավոր են երիտասարդ, շատ երիտասարդ մարդիկ, եթե չասենք արդեն այն մասին, որ դու գրասենյակային ծառայող ես, եւ ոչ թե ինժեներ, մեխանիկ կամ ագարակատեր։ Ես շատ եմ կասկածում, որ դու կկարողանաս ստանալ միջմոլորակային մշտական թույլտվություն։ Ոչ, ձեր եկամուտների հարցը պարզ է։ Այ, եթե միայն հատուկ դեպքեր լինեն։ Այդպիսի բան կարո՞ղ է լինել։
Մերիանը կառչեց ծղոտից․
— Գուցե… Մայքի ծնվելու ժամանակ ինձ կեսարյան հատում են կատարել։
— Քո հիվանդության պատմության մեջ ասվում է, որ դա տեղի ունեցավ արգանդում երեխայի ոչ ճիշտ դիրքի պատճառով։ Բոլորովին էլ պարտադիր չէ, որ հաջորդ անգամ վիրահատական միջամտության հարկ կլինի։ Էլի ուրիշ բան կա՞։ Լիզայի մոտ չե՞ն նկատվում որեւէ հոգեկան շեղումներ, որի պատճառով նրան այժմ ոչ մի կերպ չի կարելի հանձնել հոգեծնողներին։ Ապա մի մտածեք։
Նրանք մտածեցին եւ ծանր հառաչեցին։ Այդպիսի բան չկար։
— Ես հենց այդպես էլ գիտեի, Ստիվ։ Ձեր բանը բարդ է։ Դեհ, այ սա ստորագրեք ու վաղը ավելորդ երեխայի վերաբերյալ ծանուցումի հետ միասին ուղարկեք։ Ես ամեն ինչ լրացրել եմ։
— Սա ի՞նչ է,— տագնապած հարցրեց Մերիանը, նայելով իրեն տրված թղթին։
— Հետաձգելու խնդրագիր։ Ես նշում եմ քո բացառիկ լավ աշխատանքային բնութագիրը եւ գրում եմ, որ պաշտոնի իջեցումը սոսկ ժամանակավոր երեւույթ է։ Դրանից ոչինչ չի ստացվի, որովհետեւ ԸՊԲ֊ն գործի վիճակը պարյելու համար իր աշխատակցին կուղարկի քո վարչությունը, բայց եւ այնպես, մենք ժամանակ կշահենք։ Մենք կունենանք մի ավելորդ ամիս, որպեսզի որոշենք, թե որ երեխայից բաժանվենք եւ, ով գիտի, գուցե այդ ընթացքում մի որեւէ բան կպատահի։ Մի ավելի լավ աշխատանք կգտնես կամ էլ քո տեղում պաշտոնդ կբարձրացնեն։
— Մի ամսվա ընթացքում ես ավելի լավ տեղ չեմ գտնի,— հազիվհազ խոսեց վհատված Ռեյլին։— Դրությունը վատ է, պետք է ուրախանալ եւ այն բանի համար, ինչ ստացել եմ։ Իսկ պաշտոնի բարձրացման մասին չարժե մտածել անգամ, համենայն դեպս՝ մեկ տարի։
Տան առջեւի մարգարետնից լսվեց վայրէջք կատարող հրպիռաթիռի ձայնը։
— Մի՞թե հյուրեր եկան, — զարմացավ Մերիանը։— Մենք ոչ ոքի չենք սպասում։
— Հա, հիմա միայն հյուրերն էին պակաս,— գլուխն օրորեց Ռեյլին։— Ապա մի նայիր, ով է, Մերիան, ու աշխատիր շուտ ճամփու դնել նրան։
Մերիանը դուրս եկավ ճաշարանից, ռոբոտին նշան անելով, որ լցնի Բետիգերի դատարկ բաժակը։ Ցավից նրա դեմքը ճռմռվել էր։
— Ես չեմ հասկանում,— բողոքեց Ստյուարտ Ռեյլին,— ինչու է ԸՊԲ֊ն այդպիսի դաժանություն հանդես բերում ծնելիության հսկողության նկատմամբ։ Միթե չի կարելի մի քիչ ժամանակ տալ մարդուն։
— ԸՊԲ֊ն այդպես էլ անում է,— հիշեցրեց փաստաբանը, թղթերը խնամքով դասավորելով պայուսակի մեջ։— Հասկանալի է։ Եթե պետք է երեխան ծնվի, որի համար թույլտվությունը ստացված է, ձեր եկամուտը կարող է առանց որեւէ հետեւանքի իջնել իննը հարյուր տերիտով․ սա զիջում է չնախատեսված հանգամանքներին։ Բայց երկու հազարով, երկու հազարով…
— Ոչ, դա անարդարացի է։ Սոսկալի անարդարացի՛։ Երբ դուք արդեն ծնել եք ու մեծացրել երեխային, մի ինչ֊որ քոսոտ բյուրո նրան խլում է ձեզանից…
— Բավական է, Ռեյլի, ավանակ մի եղիր,— կտրուկ ընդհատեց նրան Բետիգերը։— Ես քո փաստաբանն եմ եւ պատրաստվում եմ օգնել քեզ, որքան որ թույլ կտան իմ գիտելիքներն ու փորձը, բայց ես չեմ ուզում լսել, թե ինչ անհեթեթություններ ես դուրս տալիս, որոնց ինքդ էլ չես հավատում։ Իմաստ ունի՞ արդյոք ընտանիքի պլանավորումը, թե չէ։ Կամ մենք համոզված պիտի լինենք, որ ամեն մի երեխա ծնվում է արժանավոր եւ երջանիկ կյանքի կայուն շանսերով, որ նա թանկ է մեզ համար եւ հարկավոր, կամ կվերադառնանք անցյալ դարերում երեխաների ծննդյան անպատասխանատու մեթոդներին։ 36—Ա ձեւը ընտանիքի պլանավորման խորհրդանիշն է, իսկ ավելորդ երեխայի մասին ծանուցումը՝ մեդալի սոսկ մյուս երեսը։ Ամեն ինչ ունի իր բացերը։
Ռեյլին կախեց գլուխը։
— Ես չեմ վիճում, Կլիկ։ Ես միայն… միայն…
— Հիմա, ինչպես ասում են, դու վառվել ես։ Ես քեզ շատ եմ խղճում, անկեղծորեն եմ խղճում։ Բայց երբ հաճախորդը գալիս է ինձ մոտ ու ասում, որ ցրվածության պատճառով թռել է արգելված գոտու վրայով, ես գործի եմ դնում իմ բոլոր իրավաբանական գիտելիքները եւ ուղեղիս յուրաքանչյուր ողորմելի ծալքը, որ օգնեմ նրան եւ նա գլուխը պրծացնի նվազաչափ տուգանքով։ Բայց եթե նա դրանով չի սահմանափակվում եւ սկսում է ապացուցել, որ փողոցային երթեւեկության կանոնները բանի պետք չեն, ես կորցնում եմ համբերությունս եւ հրամայում եմ նրան բերանը փակել։ Նույնը նաեւ ծնելիության նկատմամբ հսկողության մասին․ հարկ է եէել ստեղծել մի շարք կանոններ, որ մարդկային ցեղի վերարտադրություն ավելի խելամիտ կատարվի։
Նախասրահից լսվող ձայները հանկարծ կտրվեցին։ Նրանք լսեցին Մերիանի համար բնորոշ ձայնը՝ բացականչության եւ ճչոցի նման մի ձայն։ Տղամարդիկ վեր թռան եւ վազեցին այդ կողմը։
Նախասրահում Մերիանի կողքին կանգնած էր Բրուս Ռոբերտսոնը։ Աչքերը փակ՝ Մերիանը ձեռքով հենվել էր պատին, ասես վախենում էր ընկնելուց։
— Ես շատ եմ ցավում, որ այդպես վշտացրի նրան, Ստիվ,— արագ֊արագ ասաց նկարիչը։ Նա չափազանց գունատ էր։— Ես, գիտես, ուզում էի որդեգրել Լիզային։ Ֆրենկ Թայլերն ինձ պատմեց…
— Դո՞ւ։ Դու ուզո՞ւմ ես… Բայց չէ որ ամուրի ես։
— Այո, բայց ես պատկանում եմ հինգերորդ խմբի։ Ինձ թույլ կտան որդեգրել Լիզային, եթե կարողանամ ապացուցել, որ նրա համար նույնպիսի բարենպաստ պայմաններ կստեղծեմ, ինչ որ ամուսնական զույգը։ Ես այդպես էլ կանեմ։ Միայն մի բան եմ ուզում․ որ նա պաշտոնապես իմ ազգանունը կրի։ Ինձ համար միեւնույն է, թե ընկերուհիները կամ դպրոցում ինչպես կկոչեն նրան։ Նա կմնա այստեղ, ձեզ մոտ, իսկ ես փող կտամ նրան խնամելու համար։ ԸՊԲ֊ն կհամաձայնվի, որ սա ամենալավ տունն է Լիզայի համար։
Ռեյլին զարմանքից քարացավ, սպասողական հայացքով նայելով Բետիգերին։ Փաստաբանը գլխով արեց։
— Կլինի։ Չէ որ երբ իսկական ծնողները որեւէ ցանկություն են արտահայտում երեխայի հանձման պայմանների վերաբերյալ, բյուրոն, որպես կանոն, հաշվի է առնում նրանց պատճառաբանությունները, բայց դուք, երիտասարդ, դուք ի՞նչ եք շահում դրանից։
— Պաշտոնապես կհամարվի, որ ես երեխա ունեմ,— պատասխանեց Ռոբերտսոնը։— Երեխա, որի մասին ես կարող եմ խոսել եւ պարծենալ, ինչպես ուրիշներն են պարծենում իրենց երեխաներով։ Ես մահու չափ զզվել եմ անզավակ ամուրի լինելուց։ Ես ուզում եմ որեւէ մեկին ունենալ։
— Բայց մի գեղեցիկ օր դու կուզենաս ամուսնանալ,— կամաց ասաց Ռեյլին, գրկելով կնոջը, որը խոր հառաչ արձակելով սեղմվեց նրան։— Դու կուզենաս ամուսնանալ եւ սեփական երեխաներ ունենալ։
— Դա չի լինի,— կամաց պատասխանեց Բրուս Ռոբերտսոնը։— Խնդում եմ, ոչ ոքի չասեք։ Իմ ընտանիքում ամավրոտիկ ապուշության դեպք է եղել։ Այն կինը, որը կամուսնանա ինձ հետ, երեխաներ չպետք է ունենա։ Կասկածում եմ, որ ես երբեւիցե կամուսնանամ, իսկ երեխա՝ երբեք չեմ ունենա։ Սա… սա իմ միակ հնարավորությունն է։
— Օյ, սիրելիս,— ուրախացած շունչ քաշեց Մերիանը Ռեյլիի գրկում։— Այ տեսար, ամեն ինչ կարգավորվեց։
— Ես միայն մի բան եմ խնդրում,— անվստահ շարունակում էր նկարիչը,— ես մեկ֊մեկ կգամ այստեղ, որ Լիզային տեսնեմ եւ իմանամ գործերն ինչպես են գնում։
— Մե՜կ֊մե՜կ,— գրեթե գոռաց Ռեյլին։— Կուզես ամե՛ն որ արի։ Վերջ ի վերջո դու չէ որ կլինես ոնց որ մեր ընտանիքի անդամը։ Ի՜նչ եմ, էհ, ասում «ոնց որ»։ Դու կլինես մեր ընտանիքի ամենաիսկական անդամը, դու կլինես հնտանիքավոր մարդ։