Վերջաբան։ Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները»

Գրապահարան-ից
19:26, 7 Օգոստոսի 2013 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վերջաբան։ Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիները»

հեղինակ՝ Արտեմ Հարությունյան
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ «Դուբլինցիներ»

ՎԵՐՋԱԲԱՆ

ՋԵՅՄՍ ՋՈՅՍԻ «ԴՈՒԲԼԻՆՑԻՆԵՐԸ»

Ջեյմս Զոյս (1882-1940)... երբ խոսք է լինում ժամանակակից արձակի մասին, այս անունը հայտնվում է 20֊րդ դարի խոշորագույն արձակագիրների՝ Պրուստի, Կաֆկայի, Ֆոլքների անունների կողքին։

Ջեյմս Ջոյսը անգլիական գրականության դասական է։ Ծնվել է Իռլանդիայում՝ Դուբլինում։ Կրթություն է ստացել կաթոլիկական ճեմարանում։ 1898թ. ընդունվում է համալսարան, իսկ 1904թ. ընդմիշտ հեռանում Իռլանդիայից։ Ապրում է Փարիզում, Ցյուրիխում։ Մինչև իր արվեստի ճանաչումը Ջոյսը ապրել է փորձությունների մի ծանր շրջան՝ թե ստեղծագործական և թե անձնական կյանքում։ Նա հրաժարվում է ճիզվիտական համալսարանը ավարտելուց հետո ծառայել ոչ միայն Անգլիայի լծի տակ գտնվող Իռլանդիային, այլև կաթոլիկ եկեղեցուն և քաղքենիական միջավայրին։ Իր հոգևոր ուսուցչի՝ Իբսենի նման, նա հրաժարվում է փարիսեցի հասարակության կեղծ արժեքներից և հատկապես այդ հասարակության կողմից ստրկացված արվեստից։ Ջոյսի համար նոր արվեստը ոչ միայն ինքնաարտահայտման ձև է, այլև ըմբոստացման միջոց։ Իբսենի նման նա ժխտում էր բոլոր այն «հեղինակություններին», որոնք կեղծ «ազգային արվեստի» և կրոնի դիմակներով թակարդել էին վարձում գրողին։ Իզուր չէ, որ «Արվեստագետի դիմանկարը պատանության հասակում» վեպում նա գրում է. «Իռլանդիան մի ծեր խուլ է, որը խժռում է իր զավակներին»։ Նա հեռանում է Իռլանդիայից՝ ինչպես միլիոնավոր գաղթած իր հայրենակիցները, բայց մի պայմանով՝ գրել լքված հայրենիքի մասին։ Դուբլինցիներն են նրա բոլոր հերոսները և գրողի համար նրանք խորհրդանշում են ողջ մարդկությունը։ Գրողի կարևոր ստեղծագործություններն են՝ «Կամերային երաժշտություն» (բանաստեղծություններ, 1907թ.), «Դուբլինցիներ» (պատմվածքներ, 1914թ.), «Արվեստագետի դիմանկարը պատանության հասակում» վեպը (1916թ.), «Աքսորյալներ» թատերակը (1918թ.), «Ուլիս» վեպը (1922թ.) և «Ֆիննեգանի հոգեհացը», փորձարարական արձակ գործը (1939թ.):

«Դուբլինցիներով» է սկսում իր գրական ուղին 23֊ամյա Ջեյմս Ջոյսը։ Բայց գրքի ուղին մինչև հրատարակում դժվարին էր։ Գիրքը պատրաստ էր տպագրության 1906թ., բայց լույս տեսավ 1914թ.֊ին։ Ճիշտ է, 1907թ. այն տպագրվեց, բայց այդպես էլ լույս աշխարհ չեկավ։ Դուբլինի խոշոր բուրժուաներից մեկը գնեց համարյա ողջ տպաքանակը և ոչնչացրեց։ Գրողի դեմ ելան մյուս «հարգարժան» դուբլինցիները։ Պատճառը՝ դուբլինյան իշխող խավի համարձակ քննադատությունն էր. նաև՝ «անգլիական թագավորի մասին անպատշաճ արտահայտությունները»։ «Դուբլինցիներ» պատմվածաշարի էությունը և նպատակը երևում են Ջոյսի նամակներում, որոնք ուղղված էին գրքի հրատարակչին՝ Գրանդ Ռիչարդսին։ Այդ նամակները նույնքան կարևոր են, որքան նրա ծրագրային հոդվածները։ Նամակներում նա իրեն հատուկ վճռականությամբ պաշտպանում է իր ստեղծագործական սկզբունքները։ Առաջին անգամ անգլիական և իռլանդական գրականության մեջ հեղինակը շատ զուսպ և անսովոր արձակով պատկերում էր եվրոպական մեծ քաղաքի միջին խավի մարդկանց կյանքն ու առօրյան. ուրբանիստական թեման խիստ ընդգծված է։ Ջոյսը «Դուբլինցիները» համարում էր իր հայրենիքի հոգեկան կյանքի պատմությունը և հավատարիմ մնալով իր որոշմանը, ոչ մի տող չփոխեց։ «Դուք կարգելեք քաղաքակրթության զարգացմանը Իռլանդիայում, եթե թույլ չտաք, որ իռլանդացիները իրենց տեսնեն իմ լավ փայլեցրած հայելու մեջ»,— գրում է Ջոյսը հրատարակչին։ «Ես նպատակ ունեի գրել իմ երկրի հոգեկան կյանքի պատմությունը և գործողության վայր եմ ընտրել Դուբլինը, որովհետև այդ քաղաքը իմ կարծիքով կաթվածի կենտրոն է։ Ես փորձել եմ պատկերել այդ քաղաքը և նրա անտարբեր հասարակությունը իր չորս ասպեկտներով. նրա բնակիչները մանուկ ժամանակ, պատանեկան հասակում, հասակն առած և հասարակական կյանքում։ Պատմվածքները խմբված են այդ հաջորդականությամբ։ Պատմվածքների մեծ մասում մանրակրկտորեն երևան եմ հանում քաղաքի թշվառությունը և այն կարծիքին եմ, որ միայն ամոթ չունեցող մարդը իր պատկերածի մեջ կփոխի և մանավանդ կաղճատի այն, ինչ նա տեսել է ու լսել»։

«Դուբլինցիների» համարյա բոլոր պատմվածքներում պատկերված են «կաթվածի աոաջին նշանները»։ «Դուբլինցիներ» բառը դառնում է էպիֆանիա՝ աստվածահայտնություն և բացատրում մեծ քաղաքի էությունը։ Օգուտը, վաղը և էգոիզմը՝ ահա իռլանդական իրականության հասարակական գործոնները։ Իզուր չէ, որ Ջոյսը իր նամակներում անընդհատ ընդգծում է՝ «Քայքայման յուրահատուկ հոտը» Իռլանդիայի վրա է, իսկ Դուբլինը «կաթվածի կենտրոն է», որը տարածվում է ողջ երկրով մեկ։ Վաղ շրջանում գրված հոդվածներից մեկում արդեն երևում են գրողի դաժան հեգնանքի հետքերը, որ իր գագաթնակետին կհասնի «Ուլիսում»։ «Իռլանդիան մեծ երկիր է։ Զմրուխտյա են անվանում նրա կղզիները։ Կառավարությունը դարեր շարունակ երկիրը ճնշելուց հետո այն ամայացրեց։ Այժմ դա անմշակ հող է։ Կառավարությունը սերմանում է այնտեղ քաղց, սնոտիապաշտություն և հարբեցողություն, հողից ծլում են պուրիտանիզմ, ճիզվիտներ, ֆանատիկոսներ և երկերեսանիներ»։ Այս հատվածից պարզ երևում է, որ Ջոյսը տեսնում էր չարիքի ու թշվառության սոցիալական արմատները։ Անկում են ապրում ընտանեկան հարաբերությունները։ «Բաղեղի օրը» պատմվածքում, չկա մի ռեալ ուժ, որ հարստահարումից ու թշվառությունից փրկի Իռլանդիան՝ ազգային վերածնության ու փառքի ժամանակները դուբլինցիների համար միայն վերհուշ են, իսկ ազգային հերոս Պառնելը՝ ստվեր, որ մի պահ հայտնվում֊կորչում է նրանց զրույցի ժամանակ։ Նման պայմաններում ստեղծագործ որևէ հարաբերություն հնարավոր չէ (դա իր գագաթնակետին է հասնում ««Ուլիս» վեպում, իսկ ավելի ուշ, Ջոյսը սկսում է «դաժան իրականությանը փոխարինող նոր լեզվի որոնում», որն իր տրամաբանական լուծումը գտավ «Ֆիննեգանի հոգեհացը» վեպում)։

Ջոյսի պատմվածքներում Դուբլինը «գրողի համար հուշ է, թշվառության ու զղջանք»։

Համարյա բոլոր պատմվածքներում, հերոսները փորձում են դուրս գալ իրավիճակների թակարդից, խուսափել կյանքի միօրինակությունից, գտնել փրկության ուղիներ։ Բայց մի անտես ուժ միշտ հաղթում է նրանց և որպես այդ միջավայրի արդյունք, նրանք նույնպես ծախված են ու մենակ։

Բայց Ջոյսը գիտե հակադրությունների ուժը. դուբլինցիները նաև երազող են։ Դա փրկվելու երազն է, ուրեմն՝ փախուստի։ Փախուստի, թռիչքի թեման դառնում է առաջնային ոչ միայն «Դուբլինցիներում» («Հանդիպում», «Ամպիկը» պատմվածքները), այլև վեպերում։ Այս իմաստով արտակարգ հմայք ու թեմատիկ ամբողջություն ունեն մանկությանը նվիրված պատմվածքները, որտեղ աշխարհը դեռ լի է զգայական պահերով և որտեղ երազողը դեռ շարունակում է երազել, չնայած երազը բախվում է աշխարհին («Արաբի»): Իսկ վերջին՝ «Մեռյալները» պատմվածքում, Ջոյսը չեխովյան վարպետությամբ, համարյա աննկատելիորեն ընթերցողի առջև գծում է մի աշխարհ, որտեղ համալսարանի դասախոս, գրող Գաբրիել Քոնրոյը քայլ առ քայլ պարտվելով և կորցնելով պատրանքները, հանկարծ գիտակցում է իր ողջ էգոիստական կյանքն ու անցյալը, որոնք այնքան վարպետորեն քողարկված էին սովորույթների շնորհիվ։ Եվ երբ Գաբրիելը կնոջ հայտնած լուրը լսելուց հետո զննում է իր անարյուն ու սառը հոգին, անտեղ տեսնում է նաև իր պարտությունը։ «Նա զգուշորեն պառկեց կնոջ կողքին, իր վրա քաշելով սավանը։ Նրանք հետզհետե դառնում էին ստվերներ»։ Պատմվածքի ամենակենդանի հերոսը հուշն է հանգուցյալի մասին։ Քոնրոյը գիտակցում է իր փախուստը... ավաղ՝ դեպի անէություն, որի նշանն է դառնում Իռլանդիալի վրա իջնող ձյունը։ Երբ կենդանի հուշը «դիպչում է» դուբլինյան հերոսներին, նրանք «սուզվում են» «խեղդվում» («Էվելին»):

Եվ այս թեմաների զարգացմանը համընթաց Դուբլին քաղաքը պատմվածաշարում նոր խորհրդանիշ է դառնում, գծագրվում է նրա գորշությունն ու փարիսեցիությունը, նաև՝ երիտասարդ իռլանդացիների երազկոտ ներաշխարհն ու նրանց սպասող փակուղին։

Բայց Ջոյսը կվաներ ընթերցողին, եթե սահմանափակվեր միայն անկման մթնոլորտի պատկերումով։ «Դուբլինցիներում» Ջոյսը նաև մեծ հումանիստ է և չեխովյան անսահման կարեկցանքով ու սիրով են շնչում նրա պատմվածքները «փոքր մարդու» մասին (որոշ պատմվածքներում պարզ երևում են Չեխովի և Իբսենի ազդեցությունները): Ահա «Հողը» պատմվածքը, որը ժողովածուի լավագույն գործերից է։ Լվացարարուհի Մարիան, որը գրեթե ողջ կյանքում տնային ծառայող է եղել մի ընտանիքում, իսկ ծերության շեմին աշխատանքի է անցել լվացքատանը, այցելում է իր երբեմնի «տունը»։ Բայց պատմվածքի սյուժեն Ջոյսի մոտ երկրորդական դեր է խաղում։ Այդ այցելոլթյունը միջոց է, որի օգնությամբ Ջոյսը պատկերում է մի ամբողջ ճակատագիր և պատկերում է աննկատ, մանրուքների և երկրորդական իրադրությունների նկարագրության շնորհիվ։ Այս և մյուս գործերում գրողը դրսևորում է իր զարմանալի վարպետությունը և աննկատելիորեն կյանք տալիս իր ստեղծած տեսարաններին ու կերպարներին։ Ինչպես Բալզակի և Վ. Ֆոլքների վեպերը, յուրաքանչյուր պատմվածք ստեղծված է «ներքին լուսավորման» սկզբունքով. նրանք իրար հետ կապակցված են և թեմայով և թե այդ թեմայի զարգացմամբ։ «Դուբլինցիներում» Ջոյսը գծում է իր մյուս վեպերի կենդանի «քարտեզը» և այն բնակեցնում հերոսներով։ Գիրքը պատրաստի կերպարներ տվեց գրողի հայտնի վեպի՝ «Ուլիսի» համար։

«Ուլիսում» ավանդական վեպի միասնությունը խախտվում է և փոխարենը պատկերվում է դուբլինյան բնակիչների «միասնությունը», այսինքն, թե ինչպես կարող է մի քանի հերոսների կյանքը հատվել, խաչաձևվել ոչ միայն առօրյայում, այլև հոմերոսյան առասպելում, որն «արթնացնելով», գրողը ստեղծում է մի նորը։ Առասպելի շնորհիվ նա եզակին դարձնում է համընդհանուր, տիեզերական, բայց միաժամանակ կորցնում է իր վաղ շրջանի ռեալիստական արձակի հմայքը և առասպելական սխեմաների մեջ «խճճում» հերոսներին։ Բայց «Ուլիսում» գրողը նաև շարունակում է անգլիական երգիծական վեպի մեծ տրադիցիաները. այս անգամ նրա անողոք քննադատության համար թիրախ են դառնում իռլանդական հասարակությունը և նրա բնակչի՝ Բլումի մեկ օրը։ Գրողն այս վեպում մեծ վարպետությամբ է օգտագործում «մտքի հոսքի» տեխնիկան։

Ներկայումս գրողը հայտնի է հիմնականում «Ոլիս» վեպով, բայց Անգլիայում վերջերս ընթերցողներին արված հարցումի ժամանակ պարզվեց, որ «Դուբլինցիները» Ջոյսի մյուս գործերի համեմատ ամենատարածված գիրքն է մնում։ Պատճառը երևի նրա վաղ շրջանի արձակին բնորոշ այն ռեալիզմն է, որով նա պատմում է Դուբլին քաղաքի բնակիչների կյանքն ու երազանքը։ Հիմա, Հեմինգուեյի, Ֆոլքների և նրանց հետևորդների լակոնիկ և այսպես կոչված «հեռագրային» ոճի պատմվածքներից հետո, դժվար չէ տեսնել այն խզումը, որն առկա է «Դուբլինցիների» և 19֊րդ դարի պատմվածքի միջև։ Գիրքը մերկացրեց այն «պաճուճանքները», որոնք վիկտորյան վեպի ծաղկման շրջանում պոետիկ «փայլատակումների» համբավն ունեին։ Պատմվածքներում համարյա բացակայում են հեղինակային «ես»֊ի ներխուժումները (այս հարցում Ջոյսի ուսուցիչն էր Գ. Ֆլոբերը), և ընթերցողն ինքն է լրացնում բաց թողնված մասերը, կամ մի քանի նախադասությունից եզրակացնում հերոսի կյանքի ողջ ընթացքը։ Պատմվածքների լեզուն արտաքուստ չեզոք է, «անկողմնապահ»։

Բայց այն, ինչ պատկերում է Ջոյսը, խորապես հուզում է ընթերցողին։

ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ