Տարածուող Անին

Գրապահարան-ից
03:39, 19 Օգոստոսի 2013 տարբերակ, Հանուման (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Տարածուող Անին

հեղինակ՝ Գարեգին Նժդեհ
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ անհայտ

«Եկայ, տեսայ, ողբացի»

Նորէն խաչե՜ր ու խաչե՜ր մեր հէք Հայրենիքում: աչեր գերեզմանացած ու աւերակ գիւղ ու քաղաքի վրայ: Նորէն երկրի հայութիւնը՝ բախտից նետահար, ոճիրի ու սուգի մէջ: Ստորերկրեայ կոյր ոյժերից զարնուած ժողովուրդ - որ հազար մեռել, աւելի վիրաւոր եւ շա՛տ ավելի աղէտեալներ ունի - նորէն հազարաւոր որբեր կը յանձնէ օտար-ների խնամքին: Տարերքների կոյր բռնութիւնից հալածական եւ վերահաս ձմրայ դաժանութիւնից սարսափահար՝ հարիւր հազար հայեր իրենց հայեացքն ակամայից կը դարձնեն դէպի հայ գաղութները:

Օգնութեան կը կանչեն, օգնութիւն կը սպասեն, օգնութիւն՝ շուտափոյթ, սրտաբուղխ եւ լիաբուռն:

Ուշացա՞նք մենք - օգնութեան կը փութայ մահը:

Նուա՞զ եղաւ մերը - առատաձեռն պիտի լինի մահուան օգ-նութիւնը:

Ո՞վ է սակայն այն Աստծու արարածը, որ ե՛ւ հայ կը կոչուի, ե՛ւ կը մնայ անտարբեր, անկարեկիր՝ տարերքի պատերազմում սրտից զարնուած Հայաստանի նկատմամբ:

Ո՞վ է այն հայ եւ մարդ կոչուելու անարժանը, որ կարող է եւ օգնութեան ձեռք չերկարել իր ճակատագրի հետ կռուի բռնուած մեր ժողովրդին:

Ո՞վ է այն ստրուկ չհայը, որը հեթանոսաբար կ’ողբերգէ. կը սգայ միայն առանց իրովսանն մեղմելու մեր Հայրենիքի նորագոյն սուգը:

Ո՞վ է… բայց ինչո՞ւ կը հարցնեմ, մի՞թէ դեռ կան, մի՞թէ դեռ կարող են լինել նմանները:

Ի՛նչ, սո՞ւտ է ուրեմն հին խօսքն այն մասին, թէ տառապանքը կ’ազնուացնէ ցեղերի եւ անհատների հոգին:

Կե՞ղծ է ուրեմն այն հին կարծիքը, թէ տառապանքը վսեմ եւ իմաստուն խորհուրդներով կը լցնէ հոգիները: Ո՛չ, ո՛չ, սուտ չէ, կեղծ չէ տառապանքի ազնուացուցիչ յատկութիւնը մարդու եւ մարդկային ազգի համար: Կա՛մ մարդ ենք՝ ընդունակ տառապելու եւ ազնուանալու, կամ անասուն: Ո՞վ կուզէր վերջինը լինել: Ո՞վ ընդունակ չէ գոնէ հոգեպէս չարչարակցելու իր հարազատ ժողովրդին, որի վսեմական Գողգոթայի վրայ այսօր կը չարախնդան իր գայլ հարեւաններէն թուրքն ու թաթարը:

Չէ՛, չկայ եւ պիտի չլինի հայազգի մէկը, որ խղճի խայթ չզգար իր տաքուկ սենեակը մտնելիս կամ առատ սեղանին մօտենալիս, քանի դեռ հազարներն ու հազարները մերկ ու հացի կարօտ կը շարունակեն նստած մնալ Նոր Անիի ցրտաշունչ փլատակների տակ:

Չէ՛, չկայ եւ էլ պիտի չլինի անսիրտը, անմարդասէրը, անհայրե-նասէրը մեզանում, երբ ճակատագիրը, գուցէ եւ վերջին անգամ, փորձում է մեզ - հայն արժանի՞ է եւ ի վիճակի՞ անկախ հայրենիք ունենալու, թէ՞ ոչ: Արդե՛օք պիտի կարողանա՞նք ապացուցել աշխարհին, թէ ինքնօգնութեան, ստեղծագործութեան եւ ինքնայարգանքի զօրեղ զգացումներով զինուած ազգ ենք՝ արժանի եւ կարող անկախութեան: - Այդ եթէ տարածուող Անին սանձահարելու, եթէ մեր երկրի աւերածութիւնը դարմանելու, եթէ աւերակներին նոր շունչ փչելու՝ կեանք տալու համար - եթէ ազգովին հասկացանք, թէ օտար միջոցներից բարոյապէս ազատ ենք օգտուելու միայն այն դէպքում, երբ արդէն սպառել ենք մեր սեփական բովանդակ կարողութիւնները, եւ ապա եթէ ազգովին լուծեցինք օգնութեան գործին: Չվարուեցի՞նք այս ձեւով - ապացուցած պիտի լինենք, որ արժանի չենք ո՛չ թէ պետական կեանքի, այլ եւ մեր գոյութիւնը քարշ տալու որպէս ժողովուրդ:

  • * *

Սպեղանի կը սպասէր երկիրը մեր - նոր վէրքեր ստացաւ: Ներգաղթ կ’երազէինք - երկրաշարժի բերումով արտագաղթի վտանգը կայ այսօր: Գաղթ, պանդխտութիւն. ա՜հ, կը սոսկամ այդ բառերէն, երբ կը թերթեմ մեր գաղթականութեանց տխուր պատմութիւնը: Ո՞ւր են ժամանակին Մոլդավիա, Վալախիա, Լեհաստան եւ այլուր գաղթած բազմահազար հայերը:

Նրանք - գիտենք այդ - նրանք հեծութեամբ էին բաժնուած հայրենի հորիզոններից, տանելով իրենց հետ ե՛ւ եկեղեցական սպասներ, ե՛ւ գրչագիր մատեաններ, ե՛ւ յիշատակներ: Թողնելով հայրենի հողը՝ նրանք ուխտած էին չօտարանալ, չկորչել որպէս հայ, բայց «կարելի՞ է գետի մը դէպի ծով թափուիլը տեսնել եւ տարակուսիլ անոր խառնուելուն եւ կորսուելուն վրայ»:

Գետերը՝ որքան էլ որ մեծ լինեն, թափուելով ծովերը՝ կը կորչեն:

Նոյնն է հայ գաղթականութիւնը այն ժողովուրդների նկատմամբ, որոնց հետ կը խառնուի այսօր:

Ահա՛ թէ ինչո՛ւ պիտի արգիլել մի հատիկ իսկ հայու գաղթը երկրէն. իսկ այդ անելու համար չբաւականանանք միայն կրկնելով օտար այցելուի սրտացաւ երեք բառերը՝ գրուած Անիի տաճարներից մէկի կիսակործան պատի վրայ - «Եկայ, տեսայ, ողբացի»: Իսկ բնական աղէտի մեր զոհերի ձեռքը պանդխտի ցուպը չտալու համար տանք այն ամենը, որով կարողանար վերաշինել իր աւեր երկիրը, որ վերապրել կարողանար:

Չողբանք միայն, այլ՝ անհրաժեշտ զոհաբերութեամբ վե՛րջ տանք ողբերին մեր Հայրենիքի մէջ:

Չե՞ս կասկածում դու - տարաշխարհիկ հայութիւն, չե՞ս կասկածում, որ քո որոշ տարրերը դեռ չեն հասկացել, թէ գաղութներում որպէս հայ ապրելու, չձուլուելու համար պէտք է նախ երկրի հայութիւնն ապրեցնել:

Վստա՞հ ես, արդեօք, թէ դժբախտութիւն պիտի չունեաս վաղը քո շարքերում տեսնելու հայեր՝ չկատարուած պարտականութեան կնիքը ճակատներին: Չե՞ս կասկածում - երանի՜ քեզ, քանզի միայն այսպիսով դու իրաւունք պիտի ունենաս պահանջելու, որ աղէտեալ եղբայրներդ շարունակեն կառչած մնալ հայրենի հողին:

Այո՛, դու պիտի չլքես երկիրդ, ժամանակաւորապէս դժբախ-տացած եղբայր, քանզի Հայաստանից դուրս ամենուրեք անիմաստ մահը, անյայտ գերեզմանն է սպասում հայ գաղթականին:

Ես ճանաչում եմ քեզ. դու չես գաղթի, երկաթէ՛ ժողովուրդ, որին աստուածային տեսչութեամբ - վկայ քո պատմութիւնը - տրուած է առասպելական փիւնիկի՝ իր աճիւնից վերածնուելու կարողութիւնը. դո՛ւ, անմահ ժողովուրդ, որի վրայով Արեւելքի բարբարոս հորդաներն են եկել ու անցել, բայց եւ այնպէս դու կաս ու կը մնաս, դո՛ւ, քրտինքի հերոս ժողովուրդ, որի ստեղծագործ ձեռքը անդամալուծել դժուարացան անգամ Լենկթէմուրները՝ մեծ ու փոքր - դու պիտի վերաշինես ու շէնցնես քո երկիրը:

Ես ճանաչում եմ քեզ՝ չար բախտի հետ պայքարի մտած անընկճելի ժողովուրդ, խորապէս հաւատում քո մեծ ու երջանիկ ապագային եւ… կարօտով ու երկիւղածօրէն համբուրում աշխատանքի մէջ կոշտացած ու սրբացած քո ձեռքը, քո հայրենաշէն ձեռքը:

«Արաքս», 1926թ., թիւ 233