Գավազանը

Գրապահարան-ից
12:18, 4 Սեպտեմբերի 2013 տարբերակ, Myavrum (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Գավազանը

հեղինակ՝ Վահե Քաչա
թարգմանիչ՝ Ալ․ Թոփչյան
աղբյուր՝ «Գիշատիչների խնջույքը»


ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Գեստարմուսն իր կույր աչքերը ծածկող մեծ ու սև ակնոցը ուղղեց և գլուխը կամաց վեր բարձրացրեց։ Գավազանը ոտքերի արանքում պահած, ձեռքերը խաչած, նա ականջ էր դնում նույնիսկ ամենափոքր աղմուկը։ Նրա շուրջը բոլորը շշնջում էին, խոսում։ Դրսում սառցե քամու հոսանքը շունչ էր կտրում։ Այստեղ՝ հետաքրքրասերներով լցված դատարանի դահլիճում, օդը հեղձուցիչ էր։

Երդվյալները հեռացան դռնփակ խորհրդի։ Դահլիճը նման էր լքված նավի։ Գեստարմուսը բացեց ժամացույցի կափարիչը և մատներով սլաքներին դիպավ. երեկոյան ժամը տասն էր։ Դռնփակ խորհուրդը որքա՞ն կարող էր տևել։ Գուցե ուզածիդ չափ։ Երկար կամ կարճ։ Երեք օր է գալիս նույն տեղն է նստում։ Լսում է փաստաբաններին, երկու-երեք բառ է փոխանակում եղբոր հետ և վերադառնում տուն։ Ֆրեդը՝ նրա եղբայրը, մեղադրվում է Ռոբերտ Պասիի սպանության մեջ։ Հենց այսօր կիմանա նրա վիճակը։ Մի քիչ հետո։

Գեստարմուսը գիտե, որ եղբայրը նայում է իրեն։ Նա զգում է եղբոր հայացքը։ Բայց ցանկություն չունի ձեռքը շարժելու, ժպտալու՝ թեկուզ հանգստացնելու նպատակով։ Նա սպասում է։ Խորհրդակցությունը երկար չի տևում։

Կես ժամ հետո երդվյալները և դատավորները վերադառնում են դահլիճ։ Լռության է տիրում։ Մի երկար լռություն։

Հետո նախագահը խոսեց։

Ահա՜, վճիռը հանված է։ Ֆրեդը մեղավոր է ճանաչված։ Ֆրեդը դատապարտված է մահվան։ Կես ժամ, որպեսզի մարդուն մահվան դատապարտեն։ Գեստարմուսին ոչ մի կերպ չի հաջողվում մտքերը կարգավորել։ Նրան թվում է, թե մղձավանջի մեջ է և սպասում է արթնացումին։ Ինչ֊որ մեկը նրա ուսին դիպավ։

— Պետք է գնալ։

Նա զգաց է որ ժողովուրդը դուրս է եկել և ինքը մենակ է մնացել՝ գավազանը ձեռքում սեղմած։ Նրան խնդրում էին գնալ։ Պետք է ավլեին։

— Ես ձեզ կուղեկցեմ մինչև ելքը։

— Շնորհակալություն, ես գիտեմ իմ ճամփան։

Մյուսը չհամառեց։ Գեստարմուսը վեր կացավ։ Նա առաջնորդվում էր իր գավազանով։ Մինչև դուռը տանող աստիճանները հաշվել էր։ Նա հայտնվեց մայթի վրա։ Խոր շունչ քաշեց։ «Միայն թե ինձ հանգիստ թողնեն»։ Մարդիկ կարծում էին, թե առաջնորդելով ծառայություն կմատուցեն նրան։ Բայց նա իր ճամփան մենակ էր գտնում։ Տարիներ շարունակ միևնույն փողոցներով էր քայլել։ Անգիր գիտեր այդ փողոցները։ Այսօր նա գտնվում էր անծանոթ թաղամասում։ Եվ հետո մտազբաղ էր։ Նա առաջացավ մինչև մայթի եզրը, գավազանի ծայրը զարնվեց մի մեքենայի դռան.

— Դուք ազա՞տ եք։

Լռություն։ Դուռը բացվեց։

— Մտեք։

— Մատիկ փողոց, տասնհինգ։

Մեքենան շարժվեց։ Քառորդ ժամ հետո նա իր դռան առջև էր։ Առաջնորդվելու համար գավազանի կարիքը չկար։ Արթուն քայլերով շեմն անցավ և կանգնեց վերելակի առջև։ Առանց վարանելու սեղմեց կոճակը։ Վերելակը վերևում էր։ Նա սպասեց։ Վերելակի իջնելուն պես մտավ և սեղմեց ութերորդ հարկի կոճակը, որը եղբայրը, հատուկ նրա համար, մի փոքր քերծել էր։

Բնակարանը բաղկացած էր մի հյուրասրահից, երկու ննջարանից, մի խոհանոցից և մի լողարանից։ Կահույքը դրված էր պատերի տակ, որպեսզի Գեստարմուսը առանց բանի դիպչելու կարողանա շարժվել։

Դուռը փակելուն պես, գավազանը դրեց մի կողմ, բաճկոնը հանեց, գնաց խոհանոց և մի բաժակ սառը կաթ խմեց։