Գավազանը

Գրապահարան-ից
Գավազանը

հեղինակ՝ Վահե Քաչա
թարգմանիչ՝ Ալ․ Թոփչյան
աղբյուր՝ «Գիշատիչների խնջույքը»


ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ

Գեստարմուսն իր կույր աչքերը ծածկող մեծ ու սև ակնոցը ուղղեց և գլուխը կամաց վեր բարձրացրեց։ Գավազանը ոտքերի արանքում պահած, ձեռքերը խաչած, նա ականջ էր դնում նույնիսկ ամենափոքր աղմուկը։ Նրա շուրջը բոլորը շշնջում էին, խոսում։ Դրսում սառցե քամու հոսանքը շունչ էր կտրում։ Այստեղ՝ հետաքրքրասերներով լցված դատարանի դահլիճում, օդը հեղձուցիչ էր։

Երդվյալները հեռացան դռնփակ խորհրդի։ Դահլիճը նման էր լքված նավի։ Գեստարմուսը բացեց ժամացույցի կափարիչը և մատներով սլաքներին դիպավ. երեկոյան ժամը տասն էր։ Դռնփակ խորհուրդը որքա՞ն կարող էր տևել։ Գուցե ուզածիդ չափ։ Երկար կամ կարճ։ Երեք օր է գալիս նույն տեղն է նստում։ Լսում է փաստաբաններին, երկու-երեք բառ է փոխանակում եղբոր հետ և վերադառնում տուն։ Ֆրեդը՝ նրա եղբայրը, մեղադրվում է Ռոբերտ Պասիի սպանության մեջ։ Հենց այսօր կիմանա նրա վիճակը։ Մի քիչ հետո։

Գեստարմուսը գիտե, որ եղբայրը նայում է իրեն։ Նա զգում է եղբոր հայացքը։ Բայց ցանկություն չունի ձեռքը շարժելու, ժպտալու՝ թեկուզ հանգստացնելու նպատակով։ Նա սպասում է։ Խորհրդակցությունը երկար չի տևում։

Կես ժամ հետո երդվյալները և դատավորները վերադառնում են դահլիճ։ Լռության է տիրում։ Մի երկար լռություն։

Հետո նախագահը խոսեց։

Ահա՜, վճիռը հանված է։ Ֆրեդը մեղավոր է ճանաչված։ Ֆրեդը դատապարտված է մահվան։ Կես ժամ, որպեսզի մարդուն մահվան դատապարտեն։ Գեստարմուսին ոչ մի կերպ չի հաջողվում մտքերը կարգավորել։ Նրան թվում է, թե մղձավանջի մեջ է և սպասում է արթնացումին։ Ինչ֊որ մեկը նրա ուսին դիպավ։

— Պետք է գնալ։

Նա զգաց է որ ժողովուրդը դուրս է եկել և ինքը մենակ է մնացել՝ գավազանը ձեռքում սեղմած։ Նրան խնդրում էին գնալ։ Պետք է ավլեին։

— Ես ձեզ կուղեկցեմ մինչև ելքը։

— Շնորհակալություն, ես գիտեմ իմ ճամփան։

Մյուսը չհամառեց։ Գեստարմուսը վեր կացավ։ Նա առաջնորդվում էր իր գավազանով։ Մինչև դուռը տանող աստիճանները հաշվել էր։ Նա հայտնվեց մայթի վրա։ Խոր շունչ քաշեց։ «Միայն թե ինձ հանգիստ թողնեն»։ Մարդիկ կարծում էին, թե առաջնորդելով ծառայություն կմատուցեն նրան։ Բայց նա իր ճամփան մենակ էր գտնում։ Տարիներ շարունակ միևնույն փողոցներով էր քայլել։ Անգիր գիտեր այդ փողոցները։ Այսօր նա գտնվում էր անծանոթ թաղամասում։ Եվ հետո մտազբաղ էր։ Նա առաջացավ մինչև մայթի եզրը, գավազանի ծայրը զարնվեց մի մեքենայի դռան.

— Դուք ազա՞տ եք։

Լռություն։ Դուռը բացվեց։

— Մտեք։

— Մատիկ փողոց, տասնհինգ։

Մեքենան շարժվեց։ Քառորդ ժամ հետո նա իր դռան առջև էր։ Առաջնորդվելու համար գավազանի կարիքը չկար։ Արթուն քայլերով շեմն անցավ և կանգնեց վերելակի առջև։ Առանց վարանելու սեղմեց կոճակը։ Վերելակը վերևում էր։ Նա սպասեց։ Վերելակի իջնելուն պես մտավ և սեղմեց ութերորդ հարկի կոճակը, որը եղբայրը, հատուկ նրա համար, մի փոքր քերծել էր։

Բնակարանը բաղկացած էր մի հյուրասրահից, երկու ննջարանից, մի խոհանոցից և մի լողարանից։ Կահույքը դրված էր պատերի տակ, որպեսզի Գեստարմուսը առանց բանի դիպչելու կարողանա շարժվել։

Դուռը փակելուն պես, գավազանը դրեց մի կողմ, բաճկոնը հանեց, գնաց խոհանոց և մի բաժակ սառը կաթ խմեց։

Գեստարմուսը ատլետիկ կազմվածք ուներ։ Հասակը մեկ մետր իննսուն սանտիմետր էր և, ամեն առավոտ, կես ժամ նվիրում էր մարզանքին։ Զորեղ դեմք, քառակուսի ծնոտ, խիտ հոնքեր, ուղիղ քիթ, բաց ճակատ և ճոխ, գանգուր մազեր։ Ո՛չ դժբախտ էր, ո՛չ էլ դառնացած։ Ի ծնե կույր էր, բայց խուսափում էր կույրերից. կույրերի առաջացրած խղճահարությունը գրգռում էր նրան։ Նա գիտեր, որ որոշ կույրեր չափազանցում են և որ հստակատեսները սխալ պատկերացում ունեն կուրության մասին։ Սկզբում փորձել բացատրել, հետո հրաժարվեց այդ մտքից։ Գեստարմուսն այցելում էր իր մի քանի բարեկամներին և շատ լավ հարաբերությունների մեջ էր նրանց հետ։ Բարեկամները չէին նկատում Գեստարմուսի կուրությունը։ Նա էլ հենց այդ էր ուզում։ Հեռուստացույց էր լսում, Բրայլի սիստեմով տպագրված թերթեր էր կարդում, շաբաթը երեք անգամ փող էր նվագում մի ջազ֊նվագախմբում և զբաղվում սպորտով։ Մնացած ժամանակը նվիրում էր ընթերցանությանը։ Ամերիկյան ինստիտուտում Բրայլի սիստեմով տպագրված հարյուր հազարից ավելի հատոր կար նրա տրամադրության տակ։ Դասական և ժամանակակից հեղինակներ։ Կաթի վերջին կումը խմելով, սառնարանը փակեց և կանգնեց լայն բացված պատուհանի մոտ։ Օդը սառն էր։ Ժամը ութը կլիներ։ Արդեն մթնել էր։ Գեսաարմուսը, բոլոր կույրերի պես, ցերեկը ջոկում էր գիշերից։ Վառ լույսը խտուտ էր տալիս նրա ակնաբիբերը։ Օրինակ՝ ամռանը, արևն անտանելի էր։ Վերջիվերջո, նա սովորեց մեծ ու սև ակնոցին։ Ակնոցը հանում էր երեկոյան, անկողին մտնելուց առաջ։

Ֆրեդը դատապարտված է մահվան։ Դա անկարելի էր։ Երեք ամսից ի վեր նա բանտում է, և Գեստարմուսը չի կարողանում հաշտվել նրա բացակայությանը։ Ֆրեդի հետ հեշտ չէր ապրել։ Նա ընդամենը քսանվեց տարեկան էր, դյուրագրգիռ, կողմնապահ և անբարեխիղճ։ Բայց Գեստարմուսը, որ տասնհինգ տարով մեծ էր, իր որդու տեղն էր դնում նրան։ Ֆրեդը երբ ուշանում էր, Գեստարմուսն անհանգստանում էր։ Երբ մեքենայով ուղևորության էր գնում, Գեստարմուսը վատ էր քնում։ Դա անկարելի էր։ Նրանք չեն կարող մահապատժի ենթարկել եղբորը։ Ինչ֊որ մեկը ներում կշնորհի։ Տարվա վերջում, պայմանական ժամկետով նրան կազատեն։

Պատուհանը փակեց, պառկեց բազմոցին։ Հևում էր։ Այլևս Ֆրեդի ձայնը չլսել, այլևս չհսկել նրա ոտնաձայները, մենակ մնալ այս բնակարանում, որ կիսում էր նրա հետ։ Մեն-մենակ։

— Քայլեք առջևիցս։

Գեստարմուսը ձեռքը դրեց հսկիչի ուսին, որպեսզի վերջինս իրեն առաջնորդի բանտի միջանցքներով։ Հսկիչը քանելով էր քայլում։ Փականքի ձայն։ Գեստարմուսը եղբոր դիմացն էր։ Գիտեր նրան։ Ճանաչում էր նրա հոտը։

— Ես անհամբեր սպասում էի քեզ,— ասաց Ֆրեդը։— Այդ կեղտոտները ոչինչ չհասկացան։

Նա խոսում էր երդվյալների մասին։ Գեստարմուսը ձեռքերը խաչած լսում էր։ Ֆրեդի ձայնը չէր փոխվել։

— Փաստաբանի ասելով ինձ ներում կշնորհեն։

— Իհարկե, իհարկե,— ասաց Գեստարմուսը։

— Մի քանի ամսից հետո իմ գործը կվերանայեն և ստիպված կլինեն ինձ արձակելու։ Եվ ներողություն կխնդրեն, կտեսնե՛ս։ Ես այստեղ խեղդվում եմ, ես խելագարվո՜ւմ եմ։

— Լավ սնվո՞ւմ ես։

— Ա՛հ, սնունդը դեռ ոչինչ։ Ես սոսկալի ձանձրանում եմ։ Չես կարո՞ղ խնդրել, որ ինձ թույլ տան հեռուստացույց նայել։

Ֆրեդն այսպիսին էր՝ երեխա։ Մի երեխա, որը ոչ մի պատասխանատվություն չէր ուզում ստանձնել։ Գեստարմուսը չէր կարողացել նրան խելքի բերել ու վերջիվերջո հրաժարվել էր այդ մտքից։ Եվ քանի որ սիրում էր, երես էր տվել նրան։ Գեստարմուսը նրա համար աշխատանքի տեղ էր գտել ավտոպահեստամասերի խանութում։ Ամեն անգամ գլխացավանքի մեջ ընկնելիս, Ֆրեդը դիմում էր եղբորը։ Պարզապես, մի շփացած երեխա էր։

— Ես կխնդրեմ,— ասաց Գեստարմուսը։

— Դա բոլորը չէ։ Պատկերացրու, որ լույսն այստեղ չեն մարում։ Երկու օր է լամպը վառած է, և դեռ անդադար ինձ հսկում են, կարծես կարող եմ փախչել։ Ասա նաև, որ մի բարձ էլ տան։

Մտածո՞ւմ էր արդյոք որ ինքը մահվան է դատապարտված։ Գեստարմուսը չհամարձակվեց խոսել այդ մասին։

— Ես վաղն առավոտյան փաստաբան Կանելլոյին կտեսնեմ և հետը կխոսեմ այդ մասին։

— Քո կարծիքով որքա՞ն ժամանակից հետո ինձ կազատեն։

Գեստարմուսն ակնոցը ուղղեց։ Այդ շարժումը նեղն ընկած ժամանակ էր անում։

— Համբերիր,— ասաց նա։

Ֆրեդը բարկացավ։

— Կուզեի քեզ իմ տեղում տեսնել,— ասաց նա։— Հեշտ է ասել՝ համբերիր։ Դու չես պատկերացնում, որ ես այստեղ ցնդում եմ։

— Ես լավ գիտեմ, բայց այդքան շուտ մի հուսահատվիր։

— Ես նույնիսկ կարդալու բան չունեմ։

Նա երբեք չէր կարդում։ Ժամանակ առ ժամանակ մի քանի թերթեր էր նայում։

— Ես քեզ վաղը գիրք կբերեմ։

— Իսկ աղջիկներ, կարծում ես նրանց կարիքը չունե՞մ։

Գեստարմուսը գավազանով հատակը թակեց.

— Բայց, վերջապես, Ֆրեդ, դու հաշվի չես առնում, որ դատապարտված ես... Դու հաշվի չես առնում, որ...

Լռություն տիրեց։ Ֆրեդը գոռաց.

— Բայց վերջապես դու լավ գիտես, որ ես անմեղ եմ։ Դու լավ գիտես։ Ես քեզ ամեն ինչ պատմեցի։

— Գիտեմ, գիտեմ։ Բայց ես հաշվից դուրս եմ։

— Դու ինձ ասացիր, որ կապեր ունես։

Գեստարմուսն ուսերը թոթվեց։

— Այլապես ես չէի հանձնվի ոստիկանությանը։ Ես կփախչեի։ Ես կգնայի արտասահման, դու շատ լավ գիտես։ Դու էիր, որ ստիպեցիր ինձ մնալ։ Դու էիր, որ զանգահարեցիր ոստիկանատուն, և նրանք եկան ու տան մեջ ձերբակալեցին ինձ։

— Դա լավագույն ելքն էր։

— Ապացուցի՛ր։ Շատ հնարավոր է, որ ինձ խորովեն էլեկտրական աթոռի վրա։

— Ֆրեդ...

Ոչ մի պատասխան։ Գեստարմուսը վեր կացավ և մոտեցավ մահճակալին։

Նա դիպավ եղբոր գլխին և նկատեց է, որ լալիս է։

— Ֆրեդ...

— Թո՛ղ ինձ, թո՛ղ ինձ...

— Մի վատ լուր ունեմ ձեզ հայտնելու,— ասաց փաստաբան Կանելլոն։

Գեստարմուսն անշարժացավ։ Նրան թվում էր, թե իր լարված ջղերը ուր որ է կկտրվեն։ Կանելլոն սկսեց ետ ու առաջ անել։

— Ներումը մերժվել է։ Ես ինչ որ կարող էի, արեցի։

Նա լավ փաստաբան էր։ Գեստարմուսը ինքն էր ընտրել Կանելլոյին։

Նա շարունակում էր լռել, հրաժարվելով մտածել, որ...

— Իսկ ե՞րբ։

— Եկող շաբաթ։

— Միայն թե նրան չասեք։

— Իհարկե, ոչ։ Վերջին րոպեին կհայտնեն։

Շարունակ այն տպավորությունն էր, որ կարծես խոսքն իր եղբոր մասին չէ։ Ահա Ֆրեդին դատապարտելու են, իսկ ինքը հանգիստ զրուցում է փաստաբանի հետ։

— Պետք չէ նրան անհանգստացնել,— ասաց Գեստարմուսը։— Նա երեխա է։

— Դուք կարող եք վաղն առավոտյան այցելել նրան։

— Ուրեմն, հիմա ոչ ոք չի կարո՞ղ փրկել։

— Ավա՜ղ։

— Ես ձեզ այլևս չեմ զբաղեցնի,— ասաց Գեստարմուսը։

Ուզում էր մենակ մնալ, որպեսզի խորհեր։ Բազմաթիվ մտքեր էին եփվում նրա գլխում։ Փաստաբան Կանելլոն վեր կացավ, որ գնա։

— Ես մի քանի հարց ունեմ ձեզ տալու,— ասաց Գեստարմուսը։— Ի՞նչ եք ուզում խմել։ Ես լավ պունշ ունեմ։

— Հաճույքով կխմեմ մի բաժակ։

Գեստարմուսը շիշը հանեց սառնարանից և լցրեց։

— Երդվյալների մասին պատմեք,— ասաց նա։— Քանի՞սն են։

— Տասներկու։

— Դուք ինձ ասել էիք, որ նրանցից մեկին ճանաչում եք։

— Մարտինելլիին։

— Եվ տասներկուսն էլ նրան մեղավոր են ճանաչե՞լ։ Ոչ ոք չի հավաաացե՞լ անհրաժեշ պաշտպանությանը, մեղմացուցիչ հանգամանքներին։

Փաստաբանը վարանեց։ Մի կում արեց։ Պունշը խտուտ տվեց նրա կոկորդը և վառեց ստամոքսը։

— Ձեր պունշը հիանալի է,— ասաց նա։

Հետո.

— Նրանցից հինգը ընդունեցին անհրաժեշտ պաշտպանությունը։ Դժբախտաբար, մյուսները այլ կարծիքի էին։ Նրանք մեծամասնություն էին։

Վիճաբանությունը հազիվ քառորդ ժամ տևեց։

— Գիտեմ, գիտեմ։

Գեստարմուսը մի սիգարեթ վերցրեց և դրեց մատների արանքը։ Հետո լուցկի վառեց, ձեռքը տարավ բոցի վրայով, որպեսզի ուղղի մինչև բերանը և սիգարեթը կպցրեց։

— Պատմեք դեմ քվեարկած երդվյալների մասին։ Գիտե՞ք նրանց հասցեները։ Ի՞նչ կյանք են վարում։ Շատ կուզեի իմանալ։ Շատ։


ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ

Ջոն Կարտոպ