Ծաղկած փշալարեր

Գրապահարան-ից
02:48, 9 Հոկտեմբերի 2013 տարբերակ, Լանսելոտ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ծաղկած փշալարեր

հեղինակ՝ Գուրգեն Մահարի
աղբյուր՝ «Ծաղկած փշալարեր»


…Ու երգում էին փշալարերը, իսկ նրանց երգը ժանգոտ էր ու արյունոտ, իսկ արյունը սեւ՛ էր։

1

  Այդ օրը։
  Այդ օրը գործարար բակի պետ Իվան Բիչկոն բրուտանոց մտավ անբաժան կարճ մտրակը ձեռքին ետ ու առաջ շարժելով, մի կնոջ ուղեկցությամբ։ Մեծ փորձառություն ունենալու կարիք չկար գուշակելու, որ կինը կալանավորուհի էր եւ պատկանում էր Չիտայից եկած նոր էտապին։ Այդ էին վկայում նրա չարչարված, տնային մոխրագույն թեթեւ վերարկուն, այլեւ ծռված կրունկներով կանացի կիսակոշիկները։
  Եթե փորձենք որոշել կնոջ դեմքի գույնը, ապա անվերապահորեն պիտի ասենք, որ կարմիր էր, սակայն այդ կարմրությունը ոչ մի կապ չուներ ոչ բանաստեղծների երգած կարմիր վարդի, ոչ զատկվա կարմիր հավկիթի, ոչ արեւի, ոչ էլ ուրիշ կարմրությունների հետ։ Դա մի գունատ, բծավոր, խաթարված պուտերով կարմրություն էր, որը նրան տալիս էր հիվանդագին տեսք։ Նիհար էր նա կալանավորական նիհարությամբ եւ եթե չլինեին բարակ հոնքերի տակից նայող աշխույժ ու քննող, ավելին, հասկացող աչքերը, ապա կարելի էր նրան ոչ ավելի, ոչ պակաս՝ շարժուն ու թարմ դիակ համարել։
  Բրուտանոցը վաղուց կին չէր տեսել։ Լյալյայի հետ կապված հիշողությունների վերջին մուժ ու փոշին տարավ  իր հետ Սանոն։ Վերջինիս անիվի վրա հայտնվեց լիտվացի բարալիկ մի տղա՝ դեղին հոնքերով եւ ավելի դեղին բեղերով Իոնասը, որը գիտեր ամաչկոտ ու վախավոր ժպտալ, ժպտալ միատեսակ ժպիտով Մամոչին եւ ամենամեծ աստիճանավորին, ժպտալ, երբ մի հարց էին տալիս եւ նա պատասխանում էր իր դժվար ռուսերենով, ժպտալ, երբ պտտվում էր անիվն ու ձեւավորում բարակ մատներով հողե ամանները, ժպտալ անառիթ, իր մտքերին եւ հիշողություններին։
  — Վի՛նի՛մանյե՜, — գոռաց Մամոն տաշտի միջից պետք եղածից ավելի բարձր ձայնով, եւ անիվները լռեցին։ Պետը, գոհ Մամոյից ու աշխարհից, դիմեց Աշոտ դայուն։
  — Վերցրեք սրան, թեեւ չգիտեմ, թե ինչի կարող է պետք գալ։ Կար ու ձեւ անել չգիտե, ֆիզիկական աշխատանք կատարել չի կարող…
  — Ես գրագետ եմ, քաղաքացի պետ, — լսվեց կնոջ բարակ ու երգեցիկ ձայնը, — ես ավարտել եմ Բեռլինի նկարչական ակադեմիան… ես…
  — Իսկ ո՞ւմ է պետք այդ քո նկարչությունը, մեջ նկարիդներից ավելի ներկարարներ են հարկավոր, — ասաց Բիչկոն կտրուկ ու գործնական, — ժամանակները ծանր են, պետք է հարմարվել…
  Վերջին նախադասությունը նա արտասանեց ասես որպես մեջբերում եւ ժպտաց։ Այստեղ պետք է նշել, որ Վասկա Բիչկոն նույնպես կալանավոր էր, սակայն՝ ազատ եւ արտոնյալ կալանավոր, որովհետեւ նա ոչ թե քաղաքական, այլ քրեական գործով էր նստած, դատապարտված էր ոչ մեծ ժամկետով եւ դրսում էլ պետ լինելու փորձով։ Նովոիվանովյան ճամբարային բաժանմունքի պետը՝ խստաբարո եւ մանրախնդիր Կուցենկոն չէր սխալվել իր ընտրության մեջ, Բիչկոն տանում էր գործը մեծ հմտությամբ եւ բանիմացությամբ։ Մոտ էր ճամբարային բոլոր պետերի հետ Վասկա Բիչկոն, եւ նրա խոսակցությունից կարելի էր իմանալ, թե վերջին ընդունելության ժամանակ վերջին պետն ինչ պատգամով է նրան ճանապարհ դրել։ Ահա թե ինչու նրա վերջին խոսքերը հնչեցին որպես մեջբերում։
  — Ժամանակները ծանր են, պետք է հարմարվել…
  — Իսկապես, ես էլ չգիտեմ, թե ինչ կարող է անել մեզ մոտ, — նորից մտահոգվեց Բիչկոն, — վերցրեք, հաշվառեք ձեր բրիգադում, տեսնենք ինչ դուրս կգա…
  Ու դուրս եկավ նա առանց սպասելու պատասխանի։
  Ես նայեցի Աշոտ դայուն․ ես ուզում էի նրա դեմքի արտահայտությունից գուշակել՝ գո՞հ է նա, թե դժգոհ։ Աշոտ դային, սակայն, ամբողջովին տեսողություն դարձած՝ նայում էր Մամոյի կողմը։ Ի՞նչ էր տեսել Աշոտ դային։
  Կանգնել էր Մամոն տաշտակում՝ մինչեւ ծնկները կավով ծածկված, անշարժ, ասես հիպնոսացված, ու նայում էր կնոջը։ Այդպես նայում է հավատացյալը սրբապատկերին, աղվեսը՝ խաղողին կամ երեւի Ռոմեոն՝ Ջուլիետային։ Մամոյի բեղերն ավելի կախվել էին երկու կողմից, իսկ աչքերը… աչքերը…
  Կինն, ըստ երեւույթին, տարված անուրախ մտքերով, ոչինչ չէր նկատում։ Մի անգամ միայն նա վիզը երկարեց ընձուղտի նման եւ նայեց տախտակների վրա շարված չորացող ամաններին այնպիսի հայացքով, որ կարծես հաշվում էր։ Հետո նա մոտեցավ Աշոտ դայու անիվին, նրա մոտ դրված պատրաստի ցեխից ցուցամատով մի կտոր պճոկեց եւ սկսեց տրորել ցուցամատով ու բթամատով։
  Աշտո դային դուրս եկավ, դազգահին դրված խավատախտակը վերցրեց, փչեց փոշին, ապա գրպանից հանեց մատիտը եւ դիմեց նորեկին․
  — ՁԵր ազգանո՞ւնը…
  — Շարծ, — պատասխանեց կինը եւ, չգիտես ինչու, կամաց տնքաց։
  — Անո՞ւնը…
  — Լյուդմիլա։
  — Հայրանո՞ւնը…
  — Հայրանո՞ւն, — կրկնեց աղջիկը եւ կարծես նոր գլխի ընկավ, — ախ, այո, հայրանուն… Կարլովնա։
  Աշոտ դային գրեց։
  Հիմա գնանք ինձ հետ, Լյուդմիլա Կարլովնա, — դիմեց նա կնոջը եւ բացեց չորանոցի դուռը, — ահա՛, տեսնո՞ւմ եք…
  Դուռը թաթկվեց, եւ Աշոտ դայու խոսքերը մնացին անլսելի։ Ըստ երեւույթին, նա Լյուդմիլա Շարթին ուզում էր լծել  չորանոցի հետ կապված թեթեւ գործերին եւ բացատրում էր անելիքները։ Սակայն, նույնպես ըստ երեւույթին, Մամոն այս կարծիքի չէր․ նա մեքենաբար ոտներով կոկում էր կավը, նայվածքը հառաց չորանոցի փակ դռանը։ Նա չհամբերեց, դուրս եկավ տաշտից եւ չորանոցի դուռն անշշուկ հրեց։ Այնտեղից լսվեց Աշոտ դայու անխռով ձայնը։
  — Սրանք, օրինակի համար, չորացան, թրթվելու համար պատրաստ ամաններ են։ Կհավաքես իրար վրա եւ կտեղավորես ահա այս…
  Մամոն հանգստացած զգուշությամբ ծածկեց դուռը, արագ մտավ տաշտը, եւ շարունակեց ոտներով հունցել կավը։

2

  Այսպես մեզ մոտ հայտնվեց նա, Վոլգայի վրա գտնվող ոչ մեծ մի քաղաքում ծնված, Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած եւ միջոցների չգոյության պատճառով ուսումը կիսատ թողած եւ նորից ծննդավայրը վերադարձած քանդակագործ֊նկարչուհի Լյուդմիլա Կարլովնա Շաֆթը, որը ձերբակալված էր միայն այն պատճառով, որ գերմանուհի էր եւ եղել էր Բերլինում։
  — Ի՞նչ գործով ես նստած, — հարցրեց Աշոտ դային, երբ նրանք դուրս եկան չորանոցից։
  — Լրտես եմ, — պատասխանեց Լյուդմիլան՝ հանելով վերարկուն եւ կախելով բրուտանոցի միակ սյունին խփված մեխերից մեկից, — շպիոնաժ…
  — Գործ արե՞լ ես։
  — Երեւի։ Իմ ցուցմունքներում եւ արձանագրություններում ամեն ինչ ապացուցված է։ Շատ լավ եւ հմուտ քննիչի ձեռք ընկա։
  Աշոտ դային ժպտաց․
  — Ծեծե՞ց…
  — Ծեծը արդյունք չտվեց։ Եվ նա դիմեց ավելի ազդեցիկ միջոցների։
  — Այսի՞նքն։
  Լյուդմիլան լռեց, ապա պատասխանեց․
  — Ինձ մի հարցաքննեք, միեւնույն է, ես չեմ կարող ձեզ պատմել այն, ինչ իմ հետ արին… դա տղամարդուն պատմելու բան չէ… եւ ընդհանրապես, հարազատ քրոջը անգամ չեմ պատմի։
  — Եվ արդյո՞ւնքը…
  — Արդյունքը հայտնի է։ Քսանհինգ տարի։
  — Ալլա՛հ֊ալլա՛հ, — գոչեց Մամոն՝ երկու ձեռքը պարզելով դեպի բրուտանոցի առաստաղը, ադրբեջաներեն մի հանգամանալից եւ մանրակրկիտ հայհոյանք ուղարկելով Լյուդմիլայի դատավորի հասցեին․ եւ որպեսզի կինը հասկանա, որ ինքը դեմ է դատավորի դատավճռին եւ ամբողջ հոգով համակրում է թշվառ զոհին ավելացրեց․
  — Վա՛յ, սվոլիչ, վա՜յ…
  — Այսպիսի բաներ, — ասաց Լյուդմիլան եւ մտավ իր չորանոցը։
  Բրուտանոցում ընդհատված աշխատանքը շարունակվեց։ Մամոն այդ օրը, որքան ինձ թվաց, ավելի շուտ դուրմ եկավ տաշտից։ Ես փոխարինեցի նրան, կավը հասցրի իր կոչման աստիճանին եւ սկսեցի հանել տաշտից։ Մի անգամ էլ դազգահի վրա ձեռքով տրորելով կավը եւ տալով նրա գունդերին հացի բուխանկաների երկարավուն ձեւ, շարեցի այդ թուխ «բուխանկաները» Աշոտ դայու եւ Իոնասի երկու կողմերին դրված տախտակներին։ Կավը պատրաստ էր։
  Դուրս գալով տաշտից, Մամոն լվաց ոտները եւ մտավ չորանոցը։ Առանց այլեւայլության։ Հաստատուն քայլերով։ Առանց անհարմար զգալու։ Ոչ ոք կարող էր նրան մեղադրել անտակտության կամ անկարգության մեջ, որովհետեւ չորանոցի մի անկյունում Մամոն հարմարեցրել էր մի քանի տախտակ, որոնց վրա նա հանգստանում էր ամեն օր, ճաշից հետո։ Այնտեղ թին գտնվում նրա հացի տոպրակը, ճաշամանը, այնտեղ էին գտնվում նաեւ նրա գուլպաներն ու ծանր կոշիկները, որովհետեւ այնտեղ էր հանվում ու հագնվում նա։ Այնտեղ էր ոչ միայն Մամոյի արդուզարդարանը, այլեւ նրա պահեստն ու մառանը․ տախտակների տակ, մի անկյունում, գրեթե անպակաս էին մի քանի կիլո կապտոֆիլ, մի քանի ստեպղին, մի քանի շաղգամ։ Որտեղի՞ց էր ձեռք բերում Մամոն այս անորակ, թողոմշած մթերքները՝ միայն իրեն էր հայտնի եւ ադրբեջանական աստծուն։ Գրեթե ամեն օր, ճաշից հետո եւ բանթողից առաջ, նա իր ժանգոտած, թիթեղե «կատելոկում» մի երկու կարտոֆիլ էր խաշում եւ ուտում մեծ ախորժակով, ամեն անգամ մեզ եւս հրավիրելով իր ճաշկերույթին եւ ամեն անգամ ուրախությամբ ընդունելով մեր քաղաքավարի մերժումը։ Ես չէի կասկածում, որ եթե մեզնից մեկնումեկը սխալվեր եւ ընդուներ նրա սիրալիր հրավերը, ապա Մամոն կմթներ կարկտի տակ ընկած Աբասթումանի անտառների նման։
  Թեեւ չորանոցի դուռը ծածկված էր, բայց լսվում էր Մամոյի խուլ ձայնը։ Նա, ըստ երեւույթին, գերմանուհուն ինչ֊որ բան էր բացատրում կամ գուցե պատմում՝ գործի դնելով իր ռուսերենի ողջ բառապաշարը։ Մի անգամ իմ եւ Աշոտ դայու հայացքներն իրար հանդիպեցին․ նա մի աչքը կկոցեց եւ գլուխը շարժեց։ Իսկ այդ նշանակում էր՝ «Գործերը լավ են», կամ՝ «Տեսնո՞ւմ ես դու մեր Մամոյին»։
  Ահա եւ լսվեց ճաշի գոնգի խուլ ձայնը։ Չորանոցի դուռը բացվեց, եւ Մամոն արտակարգ աշխուժությամբ պատուհանի գոգից խլեց ճաշի փայտե դույլը եւ սլացավ դեպի խոհանոց։
  — Մամոն գտավ իր բախտը, — ասաց Աշոտ դային։
  Պատրաստվեցինք ճաշի։
  Մենք լավցվեցինլ եւ սովորականից ավելի զբաղվեցինք մեր արդուզարդով։ Ես ջրով լվացի իմ կերզե ոտնամանները եւ շատ գոհ մնացի իմ հնարամտությունից։ Աշոտ դային մտավ չորանոցը՝ երեւի Լյուդմիլային ճաշի հրավիրելու․ նա սեփական արդյունաբերության ապրանքներից մի նոփ֊նոր աման տվեց իր հիմնարկության աշխատակցուհուն։
  — Շնորհակալությո՜ւն, — ասաց Լյուդմիլան տխուր ժպիտով,— այսպես որ գնա, կհարստանամ։
  Հետո ցույց տալով չորանոցի կողմը՝ նա հարցրեց․
  — Ձեր օգնականի անունն ի՞նչ է։
  — Մամո,— պատասխանեց Աշոտ դային։
  — Մամու,— ձգեց աղջիկը Լյալյայի նման։— Իսկ… ի՞նչ գործի է եղել նա…
  — Ճիշտն ասած՝ չեմ հարցրել,— խուսափեց Աշոտ դային։
  Ես գիտեմ, թե ինչու նա ճիշտը չասաց․ առհասարակ նա չէր սիրում, երբ մարդիկ ստում էին, բայց այս անգամ նա ինքը ստեց, երեւի չփչացնելու համար Մամոյի գործը։ Աշոտ դային իրեն հատուկ նրբանկատությամբ հասկացավ, որ Մամոն պիտի աշխատի ամեն կերպ գրավել գերմանուհու սիրտը․ զգում էր եւ այն, որ վերջինս կարող էր բռնել Մամոյի պարզած ձեռքը… Կբռնե՞ր նա Մամոյի ձեռքը, եթե նա՝ Բեռլինի նկարչական ակադեմիայում սովորած նկարչուհի֊քանդակագործուհի Լյուդմիլա Շարթը՝ իմանար, որ այդ ձեռքի տերը ոչ այլ ոք է, եթե ոչ աբաստումանցի անգրագետ մի կառապան, որ նա այդ ձեռքով մտրակ է բռնել եւ մտրակը շարժել ձիերի վրա, — հաբարդա՜…— շիշտ է, ճամբարում նման նախապաշարումները մղված էին հետին տեղը, բայց դժվար էր պատկերացնել ավելի անհարիր զույգ,— ադրբեջանցի կառապան եւ գերմանացի նկարիչ֊քանդակագործուհի…
  Եկագ Մամոն, ճաշի դույլը դրեց պատուհանի գոգը, վերցրեց Լյուդմիլայի ձեռքից Աշոտ դայու տված ճաշամանը, ցուցամատի կոճով տկտկացրեց, ինչ֊որ բան քրտմնջաց քթի տակ եւ բեղերի վրա, արագ մտավ չորանոց եւ դուրս եկավ մի ուրիշ կամ գուցե նույն ամանը ձեռքին, մաքուր ջրով լավց, հոտ քաշեց եւ պարզեց ամանը Լյուդմիլային։
  Նստեցինք ճաշի, որի ընթացքում Մամոն շարունակ հայհոյեց խոհարարին, որը, Մամոյի ասելով, հրաժարվում էր Լյուդմիլայի բաժին ճաշը տալուց, առարկելով, որ տեղեկանք չկա։ Մամոն սարսափելի բարկացել է, առանց վախենալու խոհարարին դուռակ է անվանել եւ վերցնելով բրիգադների ցուցակը՝ գտել է բրուտանոցի բաժանմունքը, որի դիմաց ջնջված 3֊ի փոխարեն գրված է եղել 4…
  — Դուռակ, նեպանիմաչե՞շ, ահան չըտիրի…
  Մամոյի ասելով…
  Աշոտ դային լսում էր ու քթի տակ ներողամիտ ժպտում։ Պարզ էր, որ Մամոն հնարում էր, Մամոն, ավելի շուտ, ալլահին կարող է դուռակ անվանել, քան խոհարարին, այս ամենը հնարում էր նա Լյուդմիլայի սիրտը շահելու համար, եւ չէր կարելի ասել, որ Մամոյի ջանքերը զուր էին․ գերմանուհու աչքերը փայլում էին երախտագիտական փայլով։
  Մի ուրիշ բան էլ պատահեց․ մենք ճաշի նստեցինք, մեր տոպրակներից հանելով ճաշի համար խնայված հացի կտորները։ Լյուդմիլան ստիպված եղավ խոստովանել․
  — Ես իմ բաժին հացը միանգամից ուտում եմ… չեմ կարող պահել… չի լինում…
  — Այդ լավ չէ, ասաց Աշոտ դային,— հացի բաժինն ստանալիս պետք է բաժանել երեք հավասար մասերի…
  — Չեմ կարող,— տրտնջաց կինը։
  Ու պատահեց հրաշքը․ Մամոն իր բաժին հացից կտրեց մի կտոր եւ պարզեց գերմանուհուն։ Մամո՜ն։

3

  Օրե՛ր, բրուտանոցում նույնպես զգացվող կարճատեւ գարնան օրեր։ Արեւը չի թափանցում այստեղ, բայց ոչ խոր ձորի վրա բացվող պատուհանների պրտոր ապակիների միջից կարելի է տեսնել արեւի լույսով լցված ձորը, որի միջով ոլորվում է հանդարտ մի գետակ։ Այստեղից մենք՝ ես եւ Մամոն թիթեղե դույլերով ջուր ենք կրում բրուտանոցի կարիքների համար։ Ինձ համար մեծ վայելք է տարվա այս եղանակին, այսինքն մայիսի երկրորդ կեսից մինչեւ հունիսի առաջին կեսը կավը պատրաստելուց հետո վերցնել իմ կերզե ոտնամաններն ու գուլպաները, բոբիկ ոտներով իջնել ձորը, նստել գետափին, կանաչների վրա եւ լվալ ոտներս։ Մի ամսից ավելի չէր տեւում երանական այս շրջանը, որովհետեւ հունիսի երկրորդ կեսից գործարար բակը փակվում էր, եւ նրա բոլոր բաժանմունքների արհեստավորներն անխտիր քշվում էին դաշտային աշխատանքների մինչեւ ուշ աշուն, այսինքն բերքահավաքի եւ սեպտեմբերի վերջը, որից հետո փչում էին ձմեռային ձյունախառն հողմունք։
  Սկզբի օրերին հսկիչ աշտարակի վրա կանգնած զինված պահակները անհանգստացան՝ տեսնելով ինձ գետափին, բոբիկ ոտներով։ Մի երկու անգամ մինչեւ անգամ իմ ականջին հասավ նրանց սուլոցը, սակայն, ըստ երեւույթին, նրանք նկատեցին որ ես փախչելու ոչ մի մտադրություն չունեմ եւ զբաղված եմ խաղաղ, անվտանգ գործով։ Ու ինձ հանգիստ թողին։
  Ես նստում էի գետափին տասից֊տասնհինգ րոպե եւ օրհնում էի աշխարհի ստեղծումն ու իմ ծնունդը։ Մոռացած բոլոր դառնություններն ու իմ թշվառ վիճակը՝ ես վերանում էի հոգով, սավառնում գործարար բակից հեռու, եւ զինված պահակների մտքով անգամ չէր կարող անցնել, որ ես իմ ողջ էությամբ գտնվում եմ դուրս, անսահման դուրս նրանց հսկիչ կետերից։ Ես մտքով թռչում էի դեպի իմ մանկությունը, հիշում Հայոց ձորը, Խոշաբա գետը… Հետո փոխվում էր պատկերը, ես արդեն երիտասարդ՝ Հրազդանի ափերին, Հրազդանի ձորում, Երեւանում։ Իմ ծննդավայրի գետերի կարոտը ես Հրազդանից էի առնում, Վանի կարոտը՝ Երեւանից, եւ այդ էլ նրանց շատ թվաց։
  Ինձ զրկեցին դրանից էլ, մի գիշերում ոճրագործ դարձրին եւ արգելափակեցին հինգհարկանի տուֆակերտ շենքի նկուղային հարկի անարեւ ու նեղ խցերից մեկում, որի պատերը հաստ էին, այնքան հաստ, որքան իմ սիրտն էր բարակ։ Սարսափելին այն էր, որ բռնության այդ տունը կառուցված էր այն զբոսայգու դեմ, որը կոչվում էր ազատության երգչի՝ Միքայել Նալբանդյանի անունով, ուր եւ պիտի բարձրանար նրա հուշարձանը… Իմ մտքերը կառչեցին այդ հուշարձանից, հետո պոկվեցին նրանից եւ ուրիշ ընթացք ստացան, ես հիշեցի ինձ ծանոթ քանդակագործներին եւ նկարիչներին։ Ի՞նչ են քանդակում նրանք եւ ի՞նչ են նկարում։ Բայց ահա գործարար բակի պետը՝ Վասիլի Բիչկոն ասաց, որ հիմա ներկարարներն ավելի հարգի են, քան նկարիչները։ Մի՞թե։ Այս աղետը, պարզ է, վերաբերվում է այն երկրամասերին, որոնք գտնվում են փշալարերից ներս… Իսկ փշալարերից դուրս նկարիչներն են հարգի, եւ ներկարարներն անգամ նկարչությամբ են զբաղվում։ Երեւի՛։
  Ես լսում եմ թիթեղե դույլերի զնգզնգոց եւ առանց հետ նայելու գիտեմ, որ այդ Մամոն է իջնում ձորը՝ երկու ձեռքով բռնած չորս դատարկ դույլեր։ Չոր ու աններդաշնակ այդ զնգզնգոցն ինձ վերադարձնում է իրականության զգացուղությանը։ Երազը վերջացավ, մնացին հսկիչ աշտարակներն իրենց զինված պահակներով, Մամոն չորս դույլերով ու ես՝ իմ կերզե Աբու֊Հասանի մաշիկներով։
  Մամոն այսօր աշխույժ է, մի տեսակ ոգեշնչված, անգա՛մ բարի։ Նա լցնում է իր երկու դույլերը, հետո իմ երկու դույլերը, ապա վերցնում է իր երկու դույլերն ու ծանր, բայց հաստատուն քայլերով բարձրանում զառիվերով, ի միջիայլոց ասելով «Ռապոտաց նադը…— այսինքն՝ պետք է աշխատել, այսինքն՝ բավական է երազել ու դեռ այսինքն՝ վերցրու դույլերըդ, ջուր հասցրու, հարկավոր է վաղվա կավի համար հող պատրաստել, հող կրել։
  Դույլերը կախվում են իմ երկու ձեռքից, եւ մենք դանդաղ եւ ոչ այնքան հաստատուն քայլերով բարձրանում ենք դեպի այնտեղ, ուր սերն է սավառնում ու մարդկային ստեղծագործական մտքի վսեմ թռիչքը, դեպի բրուտանոց, ուր, այո, Մամոչի սերն է սաղմնավորվում եւ ուր, նստած փակ պատուհանի մոտ, քառակուսի տախտակին մի գունդ կավ ամրացրած՝ քանդակագործուհի Շարթը շարժուն մատներով ինչ֊որ ձեւ է տալիս անշունչ կավին։ Հետո նա թողնում է իր աշխատանքը եւ շտապ քայլերով դուրս է գալիս բրուտանոցից։
  Այդ միջոցին ես եւ Մամոն, ես առաջից, Մամոն ետեւից, պատգարակը բռնած, թեթեւ քայլերով գնում ենք դեպի բրուտանոցի դեմ֊դիմաց գտնվող փոքրիկ հողաբլուրը։ Արդեն երկրորդ տարին է, ինչ մենք այնտեղ շեկ հող ենք փորում, կրում բրուտանոց եւ լցնում տաշտը՝ կավ պատրաստելու։ Հարմարության համար մենք հողը փորում ենք դեպի խորքը, եւ հիմա հողաբլրի մեր կողմից շահագործվող մասը նման է մի մեծ, իր լայնությամբ մանավանդ մեծ՝ խորանի։ Մենք վար ենք դնում պատգարակը եւ վերցնում բահը, սկսում փորել եւ խոնավ, շեկ հողով բեռնավորել պատգարակը։ Մամոն ճարպիկ ոտներով ցատկում է հողաբլուրին եւ աչքերով սկսում չափել գործարար բակի լայնքն ու երկայնքը։ Նրան, ըստ երեւույթին, հետաքրքրում է, թե ո՞ւր գնաց Լյուդմիլան։
  — Հյուսնոց մտավ,— ասում է նա կարծես ինձ հանգստացնելու համար եւ վերցնում բահը։
  Պատգարակի վրա կանգնեց հողե մի Փոքր Մասիս, ու մենք հիմա տանում ենք այն դեպի բրուտանոց ծանր քայլերով, այս անգամ Մամոն առաջից, իսկ ես՝ ետեւից։
  Երբ թվով չորրորդ Փոքր Մասիսը գահավիժել էր տաշտում, թեթեւ ու գործնական քայլերով ներս մտավ գերմանուհին․ նա նստեց պատուհանի մոտ եւ սկսեց շարունակել ընդհատված աշխատանքը՝ գործի դնելով ոչ միայն մատները, այլեւ հյուսնոցից բերած մեծ ու փոքր, հաստ ու բարակ փայտիկներն ու շեղբերը։
  Իոնասն իր բարակ ժպիտով եւ նույնքան բարակ մատներով ամաններ էր ձուլում եւ աչքի տակով, բանիմաց հայացքով, հետեւում Լյուդմիլայի աշխատանքին։ Կրթված տղա է Իոնասը, նա լայն հասկացողություն ունի արվեստի եւ գրականության մասին․ հաճախել է Վիլնյուսի պետական համալսարանը ու թեեւ ուսանել է իրավասանական ֆակուլտետում՝ իրավաբան դառնալու համար, սակայն լայն զարգացում ունի, ինչպես պարզվեց մեր մի երկու կցկտուր, կարճ խոսակցություններից։ Առաջինը նա նկատեց, որ գերմանուհու մատների տակ անդունչ կավն ասես շնչեց, ու ձեւավորվեց ծանոթ մի գլուխ, ծանոթ դիմագծերով։
  — Ալեքսանդրաս Պո՛ւշկինաս,— ասես շշնջաց նա, բայց բոլորը լսեցին Իոնասի ժպտուն ձայնը։
  Գերմանուհին ետ նայեց երախտագիտությամբ ու շնորհակալությամբ լեցուն աչքերով եւ ժպտաց Իոնասին։ Մամոն զգաստացավ։ Նա կանգնեց այնպես, որ Իոնասը չկարողանա տեսնել հրաշագործ Լյուդմիլայի աշխատանքը, Աշոտ դային քթի տակ խնդմնդաց։ Մամոն կախարդված նայում էր գերմանուհու արագաշարժ ու ճարպիկ մատներին։ Հետո նա մոտեցավ Աշոտ դայուն եւ ադրբեջաներեն ասաց․
  — Ոսկի ձեռք ունի։
  Հետո հարցրեց․
  — Ո՞ւմ գլուխն է։
  — Ռուս շահիր Պուշկինըն բաշի դըր,— պատասխանեց Աշոտ դային,— ռուս բանաստեղծ Պուշկինի գլուխն է։
  — Տեսա՞ր դու աղջկան,— հիացավ Մամոն։
  — Այս աղջին ազատության մեջ մեկ երկու օրում հազարներ կարող է աշխատել,— ասաց Աշոտ դային։
  — Ի՞նչ ես ասում, մարդ,— գրեթե շշմեց Մամոն։
  — Գիտեմ ինչ եմ ասում,— ասաց Աշոտ դային,— իսկ այստեղ քաղցից այնքան է նիհարել, որ ամենաճարպիկ եւ հնարագետ ագռավն մի կտոր միս չի կարող պոկել նրա մարմնից…
  Մամոն ավելի կարճացավ, իսկ նրա բեղերն ավելի երկարեցին ու կախվեցին։ Երեւում էր, որ նա մտքում ինչ֊որ կարեւոր որոշում էր ընդունում։ Մամոն դանդաղ, բայց վճռական քայլերով չորանոց մտավ եւ այնտեղից դուրս եկավ մի քանի կարտոֆիլով։ Քիչ հետո վառարանի երկաթե սալի վրա Մամոյի կատելոկը քլթքլթում էր՝ շուրջը տարածելով եփվող կարտոֆիլների փափուկ ու տաք բուրմունքը, որը եւ հասավ, ըստ երեւույթին, իր աշխատանքով տարված գերմանուհուն։ Նա անհանգստացավ եւ մի քանի անգամ շուռ եկավ, նայեց դեպի վառարանը։
  Եփված կարտոֆիլները դուրս գլորվեցին կատելոկից, մխացին, ավելի որոշակի բուրեցին, մաքրվեցին կճեպից, նորից