Խաչակրաց բանակին սպասելիս
հեղինակ՝ Վանո Սիրադեղյան |
Հայը պատմական հայրենիքը գերադասում է իրական հայրենիքից։
Գերադասում է, քանզի պատմական հայրենիքը խնամք չի պահանջում։
Այդ հայրենիքը տուրք չի պահանջում, քրտինք չի պահանջում, պաշտպանության կարիք չունի։
Եվ այդ հայրենիքի հմայքն այն է, որ այնտեղ ապրել պարտադիր չէ։
Եվ հարյուրամյակներ շարունակ մենք մեր հայրենիքը մաս֊մաս դարձնում ենք պատմական հայրենիք ու կապվում նրան հավաքական, չպարտավորեցնող սրտագին սիրով։
Հայը հավաքական գոյությունից վեր է դասում հավաքական սերը առ ոչինչ։
Հարյուրամյակներ շարունակ մաս֊մաս մեր հայրենիքը դարձնելով պատմական, մաս֊մաս ուժեղացնում ենք մեր հարեւաններին, ուժեղացնելով՝ հռչակում ենք թշնամի, նեղվում ենք թշնամու հարեւանությունից, անիծում ենք մեր իրական հայրենիքի փոքրությունը ու երազում մի հզոր, մի խաչակրաց բանակ, որ դարձյալ կգա ու կանցնի մեր հայրենիքի, մեր պատմական հայրենիքի, մեր հարեւանների վրայով ու այս անգամ, գուցե, հավերժորեն մնա։