Ճիշտը եւ սխալը
հեղինակ՝ Հենրիկ Գալստյան |
Բառագործածության, բառաձեւի եւ կապակցական սխալները հայերենում։
Երկու խոսք
Հայոց լեզվի եւ գրականության պետական ավարտական եւ միասնական քննության հարցարանի (թեստի) առաջադրանքներից մի քանիսում պահանջվում է գտնել բառագործածության, բառաձեւերի, համաձայնության, հոլովառության ու խնդրառության, շաղկապի կամ դերանվան կիրառության սխալները։ Ահա այդ ու համանման սխալների մասին է սույն ժողովածուն։ Այստեղ դրանք (որոշ պայմանականությամբ) խմբավորված են երեք հիմնական բաժիններում՝ «Բառագործածության սխալներ», «Բառաձեւի սխալներ» եւ «Կապակցական սխալներ»։
Հասկանալի է, որ գրական կանոնի սահմաններից դուրս եղած ամեն իրողություն չէ, որ պիտի դառնա քննարկման նյութ․ հակառակ պարագայում լեզվական աղավաղումների քանակը կարող է անսահմանափակ դառնալ։ Ուստի, հետեւելով դպրոցի շրջանավարտին առաջարկվող քննական պահանջներին, դիտարկման ոլորտից նախ դուրս են թողնվում մեր լեզվի հատկապես խոսակցական տարբերակին բնորոշ ինչպես օտար֊օտարախառն, այնպես էլ բարբառային֊ժարգոնային բառերն ու արտահայտչաձեւերը, ինչպես՝ զակազ, նալոգ, պորտման, ինադու, մթամ, ջեբկիր, սոթ տալ, մանթրաժ ընկնել… եւ այլն։ Ապա եւ մեծ մասամբ անտեսվում են լեզվական այնպիսի խաթարումները, որոնք միջնակարգ կրթություն ստացած դպրոցականի համար բավականաչափ ակնհայտ են եւ որեւէ բացատրության կարիքը չունեն, ինչպես ասենք՝ ծանդր, մանդր, դուս (դուրս), հմար (համար), կարամ֊կարաս… եւ այլն։
Սրանց նման շատ բառեր էլ կան (կարմունջ, դարտակ, կանանչ, ավելնորդ…), որոնց սխալաձեւությունը շատերի համար կարող է միանգամայն պարզ լինել, իսկ ոնանց համար՝ ոչ այնքան։ Այդպիսիները եւս ընդգրկելով՝ ժողովածուում առավելապես քննարկման նյութ ենք դարձրել լեզվական այն սխալները, որոնք որոշակի դժվարություննե են ներկայացնում ոչ միայն դպրոցականի համար։ Պատահում են նաեւ գրական կանոնը խախտող լեզվական այնպիսի շեղումներ, որոնք խիստ տարածվածության պատճառով «անտեսանելի» են դառնում անգամ բավարար գրագիտություն ունեցողների համար։ Այդ կարգի սխալների վերաբերյալ տրված պարզաբանումներն առավել ուշադրությամբ պիտի կարդալ եւ յուրացնել։ Դրանք, ըստ հարկի, ուղեկցվում են համապատասխան օրինակներով՝ ճիշտն ու սխալը ցուցադրելու նպատակով։
Բացատրված նյութի յուրացումն անպայման պետք է ստուգել առանձին կազմված վարժություններով՝ սրանց լուծումների ճիշտ պատասխաններով հանդերձ։
Գրքի վերջում զետեղված առարկայացանկը կօգնի անմիջապես գտնելու ձեր փնտրած բառը կամ արտահայտությունը։
(Սխալ բառաձեւերը կամ սխալ պարունակող նախադասությունները, որպես կանոն, առանձնացվում են կապույտ գույնով)։
Ա․ Բառագործածության սխալներ
Բառագործածության սխալները բառիմաստը չհասկանալու կամ ստույգ չիմանալու հետեւանք են։ Սխալի տեղիք տվող բառերը կարող են սակավ գործածություն ունենալ, ինչպես, ասենք տամուկ «խոնավ, թաց» կամ սինլքոր «ստոր, տականք» բառերը, որոնք պարզապես պիտի սերտել։ Բառեր էլ կան, որ թեեւ հաճախակի ենք գործածում, սակայն, պարզվում է, դրանց սխալ իմաստ ենք վերագրում։ Ինչպես՝ մեղանչել֊ը, որ շատերը շփոթում են մեղա գալ կամ մեղքը քավել բառերի հետ։ Այսպիսի ձեւային֊հնչյունական ընդհանրություն ունեցող բառազույգերը պիտի լավ ճանաչել՝ խուսափելու համար իմաստային խառնաշփոթից։
Դրանց իմաստային տարբերությունները երբեմն կարող են շատ որոշակի, հստակ լինել, այլ դեպքերում՝ պակաս նկատելի, բավականաչափ նուրբ։
Սույն բաժնի հիմնական հատվածում ներկայացված են այն բառազույգերը, որոնց իմաստային տարբերակման դժվարությունը (բացի մի քանի զույգից) ամենից առաջ կապված է բառարմատի նույնականության հետ, ինչի պատճառով էլ դրանք շփոթվում են։ Այստեղ ընտրություն կատարելիս բացառվել են իմաստային կիրառությամբ տակավին հստակորեն չտարորոշված բառազույգերից հետեւյալները՝ ապաստան— ապաստարան, բավական — բավականին, զգացում — զգացմունք, զգույշություն — զգուշավորություն, հեծել — հեծեծել, հնար(ք) — հնարանք, նորելուկ — նորընծա, պահանջ — պահանջմունք, սկզբունքորեն — սկզբունքայնորեն, սպասյակ — սպասավոր, տարբերել — տարբերակվել, վերնագիր — խորագիր, տարածք — տարածություն, տարեդարձ — տարելից, տեսիլ — տեսիլք, տպել — տպագրել։
Հիմնական խմբից առանձնացված են տարարմատ հարանունները, այն է՝ հնչումով ու գրությամբ բոտ, բայց իմաստով տարբեր բառերը (խիստ հակիրճ բացատրականով)։
§ 1. Ազատել — ազատագրել
Ազատել֊ի իմաստը բավականաչափ ընդարձակ է․ մեկին ազատել վտանգից, բանտից, գերությունից…, ազատել (թողնել) դասարանը, շենքը, տարածքը…, նաեւ՝ թշնամիներից ազատել երկիրը, հայրենիքը… Հենց այս վերջին դեպքում ավելի ճշգրիտ է ազատագրել֊ը, որ նույն ազատել֊ն է, բայց՝ պայքարով, կռվով, պատերազմով։
Այնուամենայնիվ, եթե սխալ չէ ազատագրել֊ի փոխարեն գործածել ազատել֊ը («Մեր ժողովուրդը դարերի պայքարով ազատվեց//ազատագրվեց օտարի լծից»), ապա հակառակը անճիշտ պիտի համարել, ինչպես՝ «Դատապարտվածները վերջապես ազատագրվեցին (փոխանակ՝ ազատվեցին) բանտից»։
§2․ Ազգային — ազգայնական — ազգայնամոլ — ազգասեր
Ազգային նշանակում է ազգին, այդ ժողովրդին վերաբերող, առնչվող կամ նրան հատուկ, պատկանող։ Արեւմտահայերենում գործածվում է նաեւ «ազգի գործերով զբաղվող անձ» նշանակությամբ։
Ազգայնական֊ը արդեն գոյական է եւ ասվել է իր ազգային շահերը ամենից ու ամեն ինչից վեր դասող, միաժամանակ՝ ազգային բացառիկություն ու գերազանցություն քարոզող գործչի համար։ Համարժեք է օտար նացիոնալիստ֊ին․ «Ազգայնականները միայն իրենց ազգն են աստվածատուր համարում»։ Ոմանք հիմա ազգայնական֊ի մեջ ուզում են միայն դրական բովանդակություն տեսնել՝ «ազգին ամբողջովին նվիրված», իսկ բացասական իմաստով գործածել միայն ազգայնամոլ֊ը։ Բայց ազգայնամոլ֊ը գործածվել է «թունդ, մոլեռանդ ազգայնական»֊ի համար եւ համարժեք է դիտվել օտար շովինիստ֊ին։
Այդպես էլ թող մնա, ազգայնական = նացիոնալիստ, ազգայնամոլ = շովինիստ։ Իսկ «ազգի շահերով տարված, ազգային հոգսերով խորապես ապրող», այսինքն՝ ամբողջովին դրականորեն բնութագրվող գործչի համար ունենք ազգասեր, ազգի նվիրյալ, ազգանվեր բառերը։ Ուստի սխալ համարենք՝ «Մեր ազատության համար մարտնչաց ազգայնականները (փոխ․ ազգի նվիրյալները, ազգասերները) ատելությամբ լցված չեն եղել այլ ժողովուրդների հանդեպ»։
§3․ Այգաբաց — այգեբաց
Այգաբաց․ կազմված է այգ «վաղ առավոտ» եւ բաց բառարմատներից՝ միացած ա հոդակապով։ Նույնն է՝ լուսաբաց, առավոտ։
Այգեբաց․ կազմված է այգի + ա + բաց > այգեբաց (ի + ա > ե), այսինքն՝ այգու բացելը (աշնանը թաղած խաղողի այգիները գարնան օրերին ազատում են հողածածկից)։
Նախադասության մտքից է երեւում խոսքը խաղողի այգո՞ւ բացելու մասին է, թե՞ լույսը բացվելու։ Օրինակ՝ «Մեր գյուղում ժամանակին հասցրին այգեբացն ու էտը», «Շառագունեց աշնանային մի ցրտաշունչ այգաբաց»։
§4․ Այլասերություն — այլասիրություն
Սրանց հնչական տարբերությունը չնչին է, այնինչ բովանդակային տարբերությունը հսկայական է, նույնիսկ հակադիր են իրար։
Այլասերություն֊ը կամ այլասերում֊ը այլասերվելն է, այլասերված լինելը, իսկ ավելի պարզ՝ անբարոյականությունը, բարքերի անկումը, բարոյական խեղվածությունը։ Այլասերված մարդ = այլանդակ, փչացած, անբարոյական մարդ։
Այլասիրություն֊ը ընդհակառակը, դրական բովանդակություն ունի․ իր անձը կամ սեփական շահը անտեսելու գնով անգամ այլոց սիրելու, ուրիշների ցավերը հոգալու կարողությունն է, «անանձնական ուրախություն», ապրելու մեծ զգացողությունն է։ Հիշեցեք, օրինակ, Մ․ Մեծարենցի բանաստեղծություններին տրված ճշմարիտ մի բնութագրականը․ «Նրա «Տո՜ւր ինձի, տե՛ր…» շարքը ամբողջովին տոգորված է այլասիրության գաղափարով»։
Կա նաեւ այլասեռված֊ը, որ պարզապես «սեռը փոխած» է նշանակում, այլասեռել = սեռը փոխել։
§5․ Անակնկալ գալ — անակնկալի գալ
Հանկարծակի գալ — հանկարծակիի գալ
Սրանք հոմանիշային զույգեր են։ Անակնկալ գալ = հանկարծակի գալ․ նույնն է, թե՝ անսպասելի (անսպասելիորեն) գալ։ Սրանք, այսպես ասած, ազատ բառակապակցություններ են, ըստ հարկի՝ կարող են փոփոխվել․ անակնկալ (հանկարծակի) գալ // գնալ, հուզվել, հեռանալ…
Զույգերի երկրորդ եզրերը կայուն բառակապակցություններ են, որ արդեն չեն կարող փոփոխվել նախորդների պես, այլ ամբողջովին կարող են փոխարինվել ուրիշ բառով․ անակնկալի գալ (հանկարծակիի գալ) = շփոթվել, կարկամել…
Այսպիսի մի նախադասություն կազմենք․ «Այդ օրը մայրը տղային չէր սպասում, եւ երբ որդին անակնկալ //հանկարթակի եկավ (վերադարձավ), մայրը անակնկալի//հանկարծակիի եկավ»։
§6․ Անօրինակ — անօրինական
Իմաստային առումով իրար հետ կապ չունեն։ Անօրինակ = օրինակը՝ նմանը չունեցող, որ կարող է նաեւ անսովոր, տարօրինակ կամ բացառիկ լինել։ «Անօրինակ վարքի (բնավորության) տեր է» = «Ոչ սովորական, անհասկանալի վարք ունի»։
Անօրինական֊ը, անշուշտ, ավելի պարզ է․ օրինական֊ի հակառակն է, նույնն է՝ ապօրինի, իրավական տեսանկյունից՝ անընդունելի, մերժելի։
Ուղղենք սխալը․ «Ձեր ընկերը անօրինական (փոխ․՝ անօրինակ) անձնազոհություն է ցուցաբերել»։ Իսկ՝ «Ձեր ընկերոջ անօրինակ // անօրինական պահանջները մերժվեցին» նախադասության մեջ, նայած իմաստի, երկու բառերի գործածությունն էլ ճիշտ է․ «Անօրինակ (=անսովոր, անհասկանալի) պահանջները մերժվեցին» եւ «Անօրինական (= ապօրինի, ոչ արդարացի, ոչ իրավական) պահանջները մերժվեցին»։
§7․ Ավանդություն— ավանդույթ
Ավանդություն֊ը այլ իմաստների հետ նախկինում նաեւ ավանդույթ՝ սովորույթ էր նշանակում։ Հիմա իմաստը ավելի սահմանափակվել է, եւ ամենից առաջ ավանդազրույց, պատմություն, հնից եկած, սերնդեսերունդ փոխանցված զրուցապատում ենք հասկանում։
Ավանդույթ֊ը նույնպես տարբերակված իմաստ է ստացել՝ սովորույթ, ընդունված կարգ տրադիցիա օտար բառի համարժեքով։ Առանձնացված նախադասության մեջ հնարավոր է երկակիություն։ «Այս ավանդությունը // ավանդույթը եկել է մեր նախնիներից» («այս զրույցն է եկել֊հասել» եւ այս սովորույթն է եկել֊փոխանցվել»։
Սխալ են՝
«Մեր ժողովրդի կյանքում տնօրհնեքի ավանդությունը (փոխ․՝ ավանդույթը) վաղ ժամանակներից է գործում», «Այդ սրբի մասին շատ ավանդույթներ (փոխ․՝ ավանդություններ) կան»։
§8․ Բարդություն — բարդույթ
Բարդություն֊ը լավ գիտենք՝ դժվարություն, անհասկանալիություն, բարդ լինել է նշանակում։
Բարդույթ֊ը արդեն ընկելելու մի փոքր բարդություն ունի։ Սա նորակազմություն է, վերջին տարիներին ստեղծված բառ, որ դրվում է օտար կոմպլեքս֊ի դիմաց։ Խոսքը այն կոմպլեքս֊ի մասին է, որ գործածվում է մեկի՝ իր ուժերի ու կարողությունների նկատմամբ ունեցած ներքին անվստահությունը, կաշկանդվածությունը կամ մտավախությունը մատնանշելու համար։ Շատերին, օրինակ, կարող է հետապնդել անկատարության կամ անլիարժեքության բարդույթը, ղեկավար աշխատանքի անընդունակ լինելու բարդույթը եւ այլն։ Կոմպլեքսավորված֊ի դիմաց էլ պիտի գործածենք բարդույթավորված֊ը։ Ավելացնենք՝ մարդը կարող է տառապել նաեւ մեծագործության կամ մեծամոլության՝ իրեն բոլորից գերազանց տեսնելու բարդույթով․ այս պարագայում թերեւս դա կհամապատասխանի օտար մանիա բառին, որի հայերեն համարժեքն էլ միագարություն֊ն է։
Այսքանից հետո կարեւորն այն է, որ բարդույթ֊ը չկիրառենք բարդություն֊ի փոխարեն, ինչպես հետեւյալում․ «Հարցի լուծումը իր յուրովի բարդույթը (փոխ՛ բարդությունը) ուներ»։