Սենտիմենտալ իրողություն

Գրապահարան-ից
17:12, 20 Նոյեմբերի 2013 տարբերակ, Թափառաշրջիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սենտիմենտալ իրողություն

հեղինակ՝ Խաժակ Գյուլնազարյան
աղբյուր՝ «Գարուն», 8(128) 1977, Օգոստոս

Ինչպես կարելի է չսիրել մեկին, որը բնագրից թարգմանում է Բոդլերի արձակ բանաստեղծությունները, խոնավացած աչքերով լսում Շարլ Ազնավուրի «Ալիլուան» և «Իզաբելը», երկրի վրա մանուկների արդար թագավորություն է երազում և ափսոսում, որ ծնվել է հիմա, այլ ոչ թե անձնազոհ ասպետների միջնադարում…

Այն սքանչելի ռոմանտիկան, գեղեցկության այն ինքնամոռաց պաշտամունքը, որ նրա լուսեղեն պսակն էր և լույսի աղբյուր, նույնիսկ նրան շրջապատող անծանոթների համար, չէր կարող գլխահան չանել տասնութամյա աղջկան, որ դեռ իսկական սիրո խոստովանություն չէր լսել և ինքն էլ չէր գրել ոչ մի «խելառ» նամակ…

Ոչ ոք չգիտի, թե որտեղ է այն քարը, որը տաշվելու ու դրվելու է իր շիրիմին։ Ոչ ոք չգիտի նաև, թե որն է այն արահետը, որ իրեն հասցնելու է երջանկության ծաղկած հովիտները…

Բայց դա այդպես է, քանի դեռ տասնութ տարեկան ես։ Հետո ուրիշ։ Հետո հասկանում ես, որ քարն այսինչ քարհանքում է, նայած, թե որդիդ ինչքան կկարողանա ծախսել գերեզմանիդ վրա։ Հասկանում ես, որ արահետը կողքիդ է` հետդ աշխատող ոմն Մայրանուշ, որին դեռ զարդարում ես արդեն մսխած ռոմանտիկայի փշրանքներով` կոչելով ոչ թե Մայրանուշ, այլ Մարի։ Հասկանում ես, որ արահետի վերջում էլ երջանկության ծաղկած հովիտներ չկան, այլ սովորական «քաչալ» սարեր են, ինչպիսին երեք երեխա կերակրող ծնողի կյանքն է` պետական բնակարանում, անփույթ հարևանի բաց թողած ջրի ծորակով, որը մի ժամում բառացիորեն «ջուրն է գցում» բնակարանդ վերանորոգելու շաբաթների չարչարանքդ, կրկին Մայրանուշ դարձած Մարիի փնթփնթոցով, այն մասին, որ հասակ առած աղջիկներիդ այլևս չի կարելի դպրոց ուղարկել չթե շրջազգեստներով…

Նա ճանապարհի ամենառոմանտիկ հատվածն էր անցնում, նա տասնութ տարեկան էր, այսինքն այն տարիքում, երբ դեռ Բոդլերը Բոդլեր է և, նունյիսկ, բնագրում չի նկատվում նրա այս կամ այն երկի գեղագիտական չեչոտությունը, երբ Շարլ Ազնավուրի հետ արժե լաց լինել Իզաբելի համար…

Նա տասնութ տարեկան էր, երբ արևի պայծառությունը խանձեց թարթիչները…

Ինչ անենք, թե հասակների մեջ տասնութ տարվա տարբերություն կար, ինչ անենք, որ սիրո գգվանքներում, ինքն իրեն մոռանալով, տղան նրան երբեմն ասում էր «աղջիկս»… Ինչ անենք… պայծառ էին վայրկյանները, րոպեները, ժամերը, օրերը և խավար գիշերներն անգամ…

Երբ հանգստյան տան պատուհանների լույսերըմարում էին և անտառի խավարում, նստարանի տակ ծղրիդն իր քաղցր երգն էր սկսում, հնչում էր աղջկա երջանկության ժամը… Նա իր մայրենի լեզվով լսում էր Բոդլերի ու վերլենի ոտանավորները, Շարլի «Իզաբելն» էր լսում համարյա Շարլի կատարմամբ… Լսում էր սիրո կրքոտ խոսքեր այն մասին, որ ամեն մարդու հետ ծնվում է աշխարհն ու անէանում ամեն մարդու հետ… Նա հասկանում էր կամ նրան թվում էր, թե հասկանում է երևույթների պատճառականությունը, բնության անթերի հարմոնիան։ Հասկանում էր, որ ոչ մի բնանկար շունչ չունի առանց մարդու, որ մարդը բնության արքան է, և բնության ամենամեծ պարգևն էլ սերն է, ազնիվ, անձնուրաց, զոհողության ունակ մարդկանց սերը…

Եղ ինչ է զոհողությունը, եթե ոչ սիրելու և սիրցած լինելու երջանկություն, և ինչ է երջանկությունը, եթե ոչ զոհաբերվելու կարողություն, վաղվա մոռացում, թմբիր, նիրվանա…

Նա գտել էր իր արահետը, որ հասցնելու էր ծաղկած հովիտներին, գտել էր իր միակը, կարևորը, անհրաժեշտը, խենթանալու չափ սիրելին…

Հոգ չէր, եթե այդ երջանիկ օրերից հետո անակնկալ մահը փակեր նրա ճանապարհը… Նա կկտակեր, որ իր շիրմաքարի վրա գրեին. «Ապրեցի քսաանչորս օր, քսանչորս օր երջանիկ եղա…»։

Բայց ինչո՞ւ բծեր որոնել պայծառության մեջ, ինչո»ւ մտածել մահվան մասին, երբ հավիտենական է այս երջանկությունը, և դեպի ծաղկած հովիտները տանող արահետն անվերջ…

Նրանք տարբեր աշխարհներից չեն ոչ բառացիորեն, ոչ էլ փոխաբերաբար։ Նույն քաղաքից են, համարյա նույն միջավայրից, ինչ անենք, թե տղան աղջկանից քսան տարի շուտ է ծնվել…

Ոչ, անվերջ է այս ճանապարհը, անվերջ կլինի նույնիսկ այն ժամանակ, երբ նրանք հասնեն ծաղկած հովիտներին ու ձեռք ձեռքի տված անցնենդրանց միջով դեպի մայրամուտ…

Հանգստյան տան քսանչորսերորդ երեկոն։

Ամեն ինչ պայմանավորվել են։ Ամեն օրվա նման հանդիպելու են ուղիղ կես գիշերին, անտառի խավարում, նստարանի տակ սիրազեղող ծղրիդի հարևանությամբ…

Գիշերն անքուն անցկացնելու համար հարկավոր է գոնե երեկոյան մի փոքր հանգստանալ։ Այդպես էլ պայմանավորվեցին։ Ընթրիքից հետո ճամպրուկները կդասավորեն, հետո դադար կառնեն մինչև կես գիշեր, իսկ առավոտյան արևածագը կդիմավորեն անտառապատ բլրի բարձունքին…

Բայց մի՞թե մարդը կարող է քնել պայծառ լույսի տակ։ Այս լույսն էլեկտրական էլ չէ, որ մարես` կոճակը սեղմելով։ Մարե՞ս։ Ինչպե՞ս թե մարես։ Եթե մարես, էլ ինչպե՞ս և ինչո՞ւ ապրես աշխարհում…

Նա չէր կարող քնել, երբ ընդամենը հարյուր քայլ այն կողմ, մեկ ուրիշ փայտե տնակում վառվող լույսը, ռենտգենյան ճառագայթների նման անցնելով տնակների տախտակե պատերի և անտառի անթափանց խավարի միջով, խտտում էր աչքերը։

Արագ հավաքեց շորերը, մի կերպ դասավորեց ճամպրուկի մեջ և կամացուկ դուրս եկավ տնակից։ Հաստատ գիտեր, որ տղան ալարկոտ է, երևի չի էլ սկսել ճանապարհի պատրաստությունը։ Ինքը կգնա, մի կուշտ կծիծաղի այդ «ծույլ, անպետքի» վրա, հետո… Հետո կգրկի, ավելի ճիշտ կկախվի նրա վզից, ոտքերն օդում կթափահարի, կծիծաղի ու կհամբուրի, կծիծաղի ու կհամբուրի շուրթերը, սև, նշաձև աչքերը, արդեն արծաթվող քունքերը…


Մտավ նախասենյակ։ Նախասենյակում մութ էր, իսկ սենյակի կիսաբաց դռնից լսվում էր տղայի ձայնը։ Բարձրաձայն կարդո՞ւմ էր, թե խոսում։ Մի՞թե մենակ չէր…

Աղջիկը կանգնեց սենյակի դռան առաջ։

Վերջապես գլխի ընկավ, որ տղան խոսում է հեռախոսով.

― Հրա՞չ… Հա ես եմ, ես եմ… Վերջապես միացրին… Վաղվա գնացքով եմ գալիս… Վաղը չէ մյուս օրը Հայկազին ասա, թող մեքենայով գա կայարան մոսկովյան գնացքը դիմավորելու… Մենա՞կ։ Ինչո՞ւ մենակ։ Մի՞թե դու ինձ այդքան անհետաքրքիր ես համարում… Այո, իհարկե, կծանոթացնեմ։ Բերանդ բաց կմնա… Մի քիչ ռոմանտիկ է, ձանձրացնելու չափ ռոմանտիկ… սակայն թարմ է, ինչպես ասում են, արցունքի պես մաքուր…

Նա չհասկացավ, թե, այնուամենայնիվ, ինչպես կարողացավ դուրս գալ նախասենյակից…

Արահետը դեմ էր առել անդունդին… Ծաղկած հովիտների փոխարեն, նույնիսկ գիշերվա խավարում, արցունքից կուրացած աչքերով նա չէր կարող չտեսնել հորիզոնի բոլոր կողմերում բարձրացող «քաչալ» սարերը…