Մոսկվա 2042

Գրապահարան-ից
Մոսկվա 2042

հեղինակ՝ Վլադիմիր Վոյնովիչ
թարգմանիչ՝ Ժան (ռուսերենից)

Նախաբան

Ցավոք, ոչ մի գրառում ինձ մոտ չի պահպանվել։ Իմ բոլոր տետրերը, բլոկնոտները, օրագրերը, ծոցատետրերը և թղթի առանձին թերթիկները մնացին այնտեղ։ Միայն մի ճմրթված, մաշված, գզգզված ծայրերով թերթիկ պատահաբար ընկել էր պիջակի աստառի տակ, որը և ինձ վերադարձրեց մեր շտոկդորֆյան քիմմարքրման տիրուհի՝ ֆրաուԳրյունբերգը։ Այդ թերթիկի վրա ես կարողացա տեսնել մի կողմում գրված «4 шм. У наг. Тт. ЛО. Ль»։ Եվ հակառակ կողմում՝ «Վաղը կամ երբե՛ք»։ Դե, այս արտահայտության իմաստը ինձ համար պարզ է, ես այն ընթացքում հեշտությամբ կբացատրեմ։ Բայց ի՞նչ է նշանակում առաջին գրառումը։ Ի՞նչ չորս «шм»֊ի մասին է խոսքը և ի՞նչ են նշանակում մյուս տառերը, սպանեք էլ, չեմ հիշում։

Անձամբ ինձ չգիտես ինչու, ամենից շատ հետաքրքրում է այդ կոշտ «ь»֊ով «Л» տառը։ Ի՞նչ է նրանով նշված՝ մարդ, առարկա, կենդանի։ Դա ինձ մոտ կտրականապես չի ասոցացվում ոչ մի բանի հետ։

Իսկ դեռ վերջերս իմ հիշողությունը ողղակի հիասքանչ էր։ Հատկապես լավ էի հիշում թվերը։ Ես միշտ անգիր հիշում էի իմ անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների և գրողների միության իմ անդամակցելը հաստատող փաստաթղթի համարները։ Ուզում եք հավատացեք, ուզում եք ոչ, ես երբեք գրի չէի առնում հեռախոսների համարները, ես նրանք հիշում էի միանգամից։

Իսկ հիմա՞․․․

Իսկ հիմա իմ սեփական ծննդյան օրվա մասին երբեմն իմանում եմ շնորհավորական հեռագրերից։

Համենայն դեպս ես չունեմ ոչ մի ուրիշ ելք, քան հիմնվել հիշողությանս վրա։

Հեշտությամբ կանխատեսում եմ, որ որոշ ընթերցողներ անվստահությամբ կվերաբերվեն իմ պատմածին և կասեն․ սա արդեն չափազանց է, սա նա հնարել է, այդպիսի բան չի կարող լինել։ Չեմ վիճի, միգուցե և չի կարող, բայց պետք է հստակորեն ասեմ, որ ես երբեք և ոչինչ չեմ հորինում։

Ես պատմում եմ միայն նրա մասին, ինչը տեսել եմ սեփական աչքերով։ Կամ լսել եմ սեփական ականջներով։ Կամ ինձ պատմել է ինչ֊որ մեկը, որին ես շատ եմ վստահում։ Կամ վստահում եմ, բայց ոչ այնքան։

Կամ չափից շատ չեմ վստահում։ Համենայն դեպս այն ինչ գրում եմ, միշտ հիմնված է ինչ֊որ բանի վրա։ Երբեմն նույնիսկ, ոչ մի բանի վրա էլ հիմնված չի։ Բայց յուրաքանչյուրը, ով գոնե մակերեսորեն ծանոթ է հարաբերականութայն տեսութայն հետ գիտե, որ ոչինչը ինչ֊որ բանի տարբերակն է, իսկ ինչ֊որ բանը դա այն է, որից կարելի է կորզել որևիցե բան։

Ես կարծում եմ, որ այս բացատրությունը բավարար է, որպեսզի իմ պատմածին վերաբերվեք ամենայն վստահությամբ։

Վերը ասածին մնում է ավելացնել, որ այս գրքում նկարագրված մարդիկ նախատիպեր չունեն։ Երկու սեռին էլ պատկանող գլխավոր և երկրորդական կերպարները իմ և միայն իմ սեփական անձի նկարագիրն են և ես վերագրել եմ նրանց ոչ միայն իմ թվացյալ արժանիքները, այլև իրական թերությունները, արատները, վատ հակումները, որոնցով ինձ այդքան առատորեն պարգևատրել է բնությունը։

Առաջին մաս

Խոսակցություն գարեջրի գավաթի շուրջը

Այս խոսակցությունը տեղի ունեցավ 1982 թվի հունիսին։

Գործողության վայրը․ Անգլիական այգի, Մյունխեն։

Մենք նստած էինք բացօդյա գարեջրատանը։ Մենք՝ դա ես և իմ ծանոթը, որի անունն է Ռուդոլֆ, կամ կարճ, Ռուդի։ Իսկ նրա ազգանունը ռուս մարդու համար ընդհանրապես անհնարին է հիշել։ Ոչ այն է Միտտելբրեխենմախեր, ոչ այն է Մախենմիտտելբրեխեր։ Ինչ֊որ մի նման բան, բայց դա կարևոր չէ։ Անձամբ ես նրան անվանում եմ ուղղակի Ռուդի։

Մենք նստած էինք դեմ առ դեմ, և Ռուդին ինձանից մի թեթև փակում էր ընդհանուր համայնապատկերը։ Բայց աչքերս թեքելով մի փոքր աջ, ես տեսնում էի արճճագույն փայլով քնատ լիճը, որի ափով, մի ոտքից մյուսի վրա ընկնելով դանդաղ քայլում էին ճարպոտ սագերը և մերկ գերմանացիները։ Այսինքն, ավելի շուտ, ոչ միայն գերմանացիները, այլ նաև բոլոր ազգությունները ներկայացնող էքսգիբիցիոնիստները, որոնք օգտվելով տեղի ոստիկանության թողտվությունից, ամբողջ աշխարհից հավաքվում էին Մյունխենում, որպեսզի և մարդկանց տեսնեն և իրենց ցույց տան։

Մենք գարեջուր էինք խմում լիտրանոց գավաթներից, որոնք այստեղ անվանում են մասս։

Ճիշտն ասած, ես հաստատ չգիտեմ, ինքը գավա՞թն է կոչվում մասս, թե գարեջրի այն քանակը, որը տեղավորվում է գավաթի մեջ։ Սակայն դա կարևոր չէ։ Կարևորն այն է, որ մենք նստած էինք գարեջրատանը, գարեջուր էինք խմում, և խոսում տարբեր բաներից։

Կարծեմ, մենք սկսեցինք ձիերից։ Որովհետև այդ Ռուդին ձիաբույծ է։ Նա մեծացնում է ձիերին և վաճառում նրանց միլիոնատերերին։ Ինքը՝ ի դեպ, նույնպես միլիոնատեր է, բայց դա էլ էական չէ։

Չնայած նա զբաղվում է ձիերի վաճառքով, անձամբ ամենից շատ հետաքրքրվում է տարբեր ամենաժամանակակից սարքավորումներով։ Նա քշում է շքեղ «յագուար», որը լցոնված է ամեն տեսակի էլեկտրոնիկայով, իսկ թե ինչ է կատարվում նրա տանը, ավելորդ է խոսել։ Ինչ֊որ համակարգիչներ, հեռուստառադիոկոմբայներ, ավտոմատ դռներ, և էլի ինչ֊որ նման բաներ։ Լույսը նրա առանձնասենյակում մութն ընկնելուն պես միանում է ինքն իրեն, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ որևիցե մեկը կա։ Երբ տերը դուրս է գալիս առանձնասենյակից, լույսը անմիջապես հանգչում է (Ռուդին պնդում է, որ շնորհիվ այդ սարքավորման նա էլեկտրոէներգիա է խնայում ամսական ոչ պակաս, քան չորս մարկով)։ Ինքնին, նա ունի երաժշտական համակարգիչ, որի վրա կարելի է նվագել երգեհոնի, ջութակի, քսիլոֆոնի, բալալայկաի և բազմաթիվ ուրիշ գործիքների վրա առանձին և միաժամանակ։ Այնպես որ մի մարդ մեկ մատով կարող է կատարել ստեղծագործություններ, որոնք նախկինում մատչելի էին միայն մեծ նվագախմբերին։

Ռուդին այնքան է տարված տեխնիկայով, որ կարծես, ոչինչ չի կարդում, բացի տեխնիկական ամսագրերից և ֆանտաստիկայից։ Նա նույնիսկ իմ գրքերը չի կարդացել, չնայած պահում է նրանք երևացող տեղում և իր ձիական ծանոթների առաջ պարծենում է, որ ունի այդպիսի անսովոր ընկեր, ռուս գրող։

Նա ինձ ասում է (առանց կարդալու), որ ես գրում եմ շատ ճշմարտացի, իսկ դա գրականության երեկվա օրն է։ Անկեղծ ասած այդպիսի անհեթեթ դատողությունները ինձ զայրացնում են ու ես միշտ ասում եմ Ռուդիին, որ նրա ձիերը նույնպես երեկվա օրն են։ Բայց եթե նույնիսկ ձիերն են դեռ ինչ֊որ մեկին պետք, ապա մարդկանց իրական կյանքը նկարագրող գրականութայն կարիքը նույնպես չի վերացել։ Իրենց մասին կարդալ մարդկանց համար ավելի հետաքրքիր է, քան ինչ֊որ ռոբոտների և մարսեցիների մասին։

Ես հենց գարեջրատանը, որտեղ մենք նստած էինք, այդ ասացի։ Ի պատասխան, Ռուդին ներողամտաբար ժպտալով առաջարկեց ինձ համեմատել իմ գրքերի տպաքանակները որևիցե միջին ֆանտաստի գրքերի տպաքանակների հետ։

― Ֆանտաստիկան, ― ասաց նա ինքնավստահ, ― դա գրականության ապագան է։

Այդ պնդումով նա հանեց ինձ հունից։ Ես պատվիրեցի երկրորդ մասսը և ասացի, որ ֆանտաստիկան, ինչպես նաև դետեկտիվը, ընդհանրապես գրականություն չեն, այլ էլեկտրոնային խաղերի նման անհեթեթություն, և նպաստում են մասսայական ապուշության զարգացմանը։

Շոգ արևը, սառը գարեջուրը, այստեղի կյանքի ընդհանուր կարգը, չեն նպաստում բուռն վեճերին։ Ռուդին ծուլորեն առարկում էր, անտեսելով իմ վրդովմունքը․ նա հիշեց Ժյուլ Վերնին, որն իբրև թե ի տարբերություն ռեալիստների կանխագուշակել էր մեր ժամանակի շատ գիտական նվաճումներ՝ այդ թվում նաև մարդու թռիչքը լուսին։

Ես պատասխանում էի, որ գիտական նվաճումների կանխատեսումը ընդհանրապես գրականության գործը չե, որ Ժյուլ Վերնի կանխագուշակումներում ոչ մի օրիգինալ բան չկա։ Ամեն մի մարդ էլ երբևիցե պատկերացրել է և՛ թռիչքներ դեպի տիեզերք, և՛ ստորջրյա նավարկություններ, և բազմաթիվ հին գրքերում նման հրաշքները նկարագրված են եղել Ժյուլ Վեռնից շատ ավելի առաջ։

― Հնարավոր է, ― համաձայնվեց Ռուդին։ ― Բայց ֆանտաստները գուշակել են ոչ միայն տեխնիկական հայտանգործությունները, այլ նաև ժամանակակից հասարակության էվոլյուցիան դեպի տոտալիտարիզմ։ Վերցրու, օրինակ, Օրուելլին։ Մի՞թե նա չի գուշակել այն համակարգի մանրամասները, որոնք այսօր գոյություն ունեն Ռուսաստանում։

― Իհարկե չի՛ գուշակել, ― ասացի ես։ ― Օրուելլը գրել է պարոդիա այն բանի վրա, ինչը նրա ժամանակ արդեն եղել է։ Նա նկարագրել է կատարելապես գործող տոտալիտար մեխանիզմ, որը մարդկային կենդանի հասարակությունում ուղղակի չի կարող գոյություն ունենալ։ Եթե վերցնենք Սովետական Միությունը, նրա բնակչությունը ցուցաբերում է միայն արտաքին հնազանդություն և միևնույն ժամանակ բացարձակ արհամարհում է նրանց նշանաբանները, կոչերը, պատասխանելով վատ աշխատանքով, հարբեցողությամբ ու գողությամբ, իսկ այսպես կոչված մեծ եղբայրը ընդհանուր ծաղրի առարկա է և անեկդոտների մշտական հերոսը։

Պետք է նշեմ, որ արևմուտքի մարդակնց հետ վիճել ուղղակի անհետաքրքիր է։ Արևմտյան մարդը տեսնելով, որ զրուցակցի սեփական տեսակետը շատ թանկ է նրա համար, պատրաստ է տեղն ու տեղը համաձայնվել դրա հետ, ինչը երբեք տեղի չի ունենում մեզ մոտ։

Մեր վեճը Ռուդիի հետ ինքնաբերաբար մարեց, իսկ ես ուզում էի այն աշխուժացնել։ Դրա համար ես Ռուդիին ասացի, որ ֆանտաստները հորինել են շատ բաներ, որոնք իրականացել են, բայց որոշ կանխատեսումներ երբեք իրականություն չեն դառնա, օրինակ՝ ճանապարհորդությունները ժամանակի մեջ։

― Այո՞, ― ասաց Ռուդին վառելով սիգարը։ ― Դու իսկապե՞ս մտածում ես, որ ճանապարհորդությունները ժամանակի մեջ անհնար են։

― Այո, ― ասացի ես։ ― Հենց այդպես էլ կարծում եմ։

― Այդ դեպքում, ― ասաց նա, ― դու շատ ես սխալվում։ ― Ճանապարհորդությունները ժամանակի մեջ ֆանտաստիկայից արդեն անցել են իրականացման շրջան։

Ինքնին հասկանալի է, որ մեր խոսակցությունը տեղի էր ունենում գերմաներեն լեզվով, որից ես այն ժամանակ, 1?82 թվականին, դեռ շատ ուժեղ չէի (որից ես հիմա նույնպես այնքան էլ ուժեղ չեմ): Դրա համար ես Ռուդիին հարցրի, ճի՞շտ եմ ես արդյոք նրան հասկացել, որ արդեն այսօր, ինչ֊որ տեխնիկական միջոցներով կարելի է մի ժամանակից տեղափոխվել մեկ ուրիշը։

― Այո֊այո, ― հաստատեց Ռուդին։ ― Հենց դրա մասին էլ ես քեզ ասում եմ։ Արդեն այսօր դու կարող ես գնալ ռայզեբյուրո, որոշակի գումարով տոմս գնել և ժամանակի մեքենայով մեկնել դեպի ապագա կամ անցայլ, որտեղ որ քեզ ավելի շատ է դուր գալիս։ Իմիջիայլոց, այդպիսի մեքենա առայժմ գոյություն ունի միայն մեզ մոտ Գերմանիայում, «Լյուֆտգանզա» ընկերությունում։ Ի դեպ, տեխնիկական լուծումը շատ պարզ է։ Դա սովորական կոսմոպլան է, ամերիկյան շատլի նման, որը սակայն ունի ոչ միայն հրթիռային, այլև ֆոտոնային շարժիչներ։ Կոսմոպլանը հասնւմ է սկզբից առաջին, հետո երկրորդ տիեզերական արագության, որից հետո միանում են ֆոտոնային շարժիչները։ Նրանց օգնությամբ մեքենան զարգացնում է լույսին մոտ արագություն և քեզ համար ժամանակը կանգ է առնում, իսկ երկրագնդի վրա շարժվում է և դու հայտնվում ես ապագայում։ Կամ ապպարատը զարգացնում լույսից ավելի մեծ արագություն և դու ժամանակից առաջ անցնելով հայտնվում ես անցյալաում։

Ես արդեն բավականաչափ գարեջուր էի խմել և մի քիչ հարբել, բայց խելքս, դեռ չէի թռցրել։ Եվ ես ասացի Ռուդիին․

― Գիտե՞ս ինչ, վերջացրու այս հիմար խոսակցությունները։ Դու շատ լավ գիտես, որ դեռ Էյնշտեյնն է ապացուցել, որ ոչ միայն հնարավոր չէ գերազանցել լույսի արագությունը, այլև լույսի արագությանը հնարավոր չէ հասնել։

Ինչից հետո, վերջապես, Ռուդին կորցրեց ինքնատիրապետումը, դուրս թքեց սիգարը, դատարկ գավաթը շրխկացրեց սեղանին, ինչը ես նրանից՝ այդպիես հավասարակշռվածիծ, չէի սպասում։

―Այն, ինչ ասել է քո Էյնշտեյնը, ― հայտարարեց Ռուդին, ― վաղուց հնացել է։ Էվկլիդեսը ասում էր, որ հարթությունից դուրս գտնվող կետի միջով կարելի է անցկանել միայն մեկ զուգահեռ և իրավացի էր, իսկ Լոբաչևսկին ասաց, որ կարելի է անցկացնել երկու ու ավելի զուգահեռներ և երկուսն էլ իրավացի էին։ Էյնշտեյնն ասաց, որ անհնարին է, և իրավացի էր, ես ասում եմ, որ հնարավոր է ու ես էլ եմ իրավացի։

― Լսիր, լսիր, ― ասացի ես նրան, ― պետք չէ այդպես երևակայել։ Ես իհարկե քեզ հարգում եմ (երբ ես խմում եմ, բոլորին էլ հարգում եմ), բայց դու համենայն դեպս դեռ Էյնշտեյն չես։

― Դե հա, ― համաձայնվեց Ռուդին։ ― Ես իսկապես Էյնշտեյն չեմ։ Ես՝ Միտելբրեխենմախեր եմ, բայց պետք է քեզ ասեմ, որ Լոբաչևսկին էլ Էվկլիդես չէր։

Տեսնելով, որ նա այդքան խիստ հուզվել է, ես նրան տեղն ու տեղը ասացի, որ վերջ ի վերջո, ինձ քիչ է հետաքրքրում, թե նրանցից ով (Էյնշտեյնը, Լոբաչևակին, Էվկլիդեսը, թե Ռուդին է) ավելի խելացի, ես պատրաստ եմ օգտվել ժամանակակից տեխնիկայով գործնականորեն, իսկ թե ինչ օրենքների հիման վրա է այն կառուցված, ինձ համար նույնիսկ անհետաքրքիր է։ Եվ իրոք։ Իմ այս նշումները ես գրում եմ համակարգչի վրա։ Ես սեղմում եմ ստեղները ― էկարանի վրա հայտնվում են բառեր։ Մի քանի պարզ գործողություն և նույն բառերը տպվում են թղթի վրա։ Եթե ես ուզեմ փոխել տեղերով ինչ֊որ պարբերություններ, մեքենան անհապաղ կկատարի իմ կամքը։ Կցանկանամ բոլոր դեպքերում Միտելբրեխենմախեր ազգանունը փոխարինել Մախենմիտտելբրեխերով, կամ Էյնշտեյնով, մեքենան դա էլ կանի ինձ համար։ Ես ամեն օր օգտվում եմ էլեկտրական սափրիչից, ռադիոընդունիչից, կամ հեռուստացույցից։ Մի՞թե ես անպայման պետք է իմանամ, թե ինչ տեսությունների հիման վրա են նրանք աշխատում։

Ես հարցրի Ռուդիին, արդյոք նա թռե՞լ է ժամանակի մեքենայով։ Նա ասաց որ թռել է, և արդեն կուշտ է։ Մի անգամ նա ուզում էր Հին Հռոմում դիտել գլադիատորների կռիվը, բայց հենց իրեն էլ դուրս բերեցին արենա։ Եվ նա հազիվհազ այնտեղից փախավ։ Այն ժամանակվանից այդպիսի հրաշքները նախնտրում է նայել հեռուստատեսությամբ, կամ նրանց մասին գրքեր կարդալ։

Իհարկե, ես նրան շատ էլ չհավատացի։ Նա ինձ ասաց, որ ես հեշտությամբ կարող եմ ինքս համոզվել այդպիսի ճանապարհորդության հնարավորությայն մեջ։ Դրա համար ինձ պետք է այցելել նրա ծանոթ Ֆրոյլեն Գլոբկեին, որը աշխատում է Ռայզեբյուրոյում, Ամալիենշտրասսե հինգում։

― Իրականում, ― ասաց Ռուդին, ― այդպիսի ճանապարհորդություն, քեզ հազիվ թե հաջողվի կատարել։

― Ինչո՞ւ միևնույն է, ինչո՞ւ հազիվ թե, ― հարցրեցի ես։ Դու ինքդ ասացիր, որ դա ֆանտաստիկայից դարձել է իրականություն։

― Այո, ― ծիծաղեց նա։ ― Դա ճիշտ է։ Բայց տոմսի գինը ֆանտաստիկ է և չի դարձել մատչելի։ Համ էլ քո ինչի՞ն է պետք թռչել ինչ֊որ տեղ և ենթարկվել ավելորդ վտանգների։ Դու ինչ է, ավանտյուրիստ ե՞ս։

Այս վերջին նախադասությունը նշանակում էր, որ Ռուդին վատ էր ճանաչում ինձ։ Այո,ես հենց ավանտյուրի՛ստ եմ։


Ֆրոյլայն Գլոբկե

Ամալիենշտրասսեում գտնվող ռայզեբյուրոյում ամեն ինչ շատ սովորական էր։ Բազմաթիվ գունագեղ պլակատներ և պրոսպեկտներ առաջարկում էին ցանկացողներին դիտել եգիպտական բուրգերը, իսլանդանկան գեյզերները, նորվեգական ֆյորդները, տաքանալ Բագամյան կղզիներում, դահուկներով սահել շվեյցարական Ալպերի լանջերին, կամ ճանապարհորդել հայտնի «Թագուհի Եղիսաբեթ երկրորդ» օվկիանոսային լայներով։

Ես հարցրեցի ֆրոյլայն Գլոբկեին և ինձ ցույց տվեցին համակարգչային էկրանով առանձնացված անկյունում, շիկակակարմիր մազերով պեպենոտ աղջկան։

Ճիշտն ասաց, վերջին ակնթարթին ես բավականին երկչոտեցի։ Ես մտածեցի, որ այդ անպիտան Ռուդին խաղ խաղաց գլխիս և հիմա ամբողջ ռայզեբյուրոն կհավաքվի, հիմարացված օտարերկրացու վրա հռհռալու համար։ Բայց երբ ես ասացի ֆրոյլայն Գլոբկեին իմ ազգանունը և իմ այցելության նպատակը, ի բավարարություն ինձ և մասամբ էլ միևնույնն է զարմանքիս, ոչ զարմացավ և ոչ էլ սկսեց ծիծաղել։ Այո, ասաց նա, մենք ունենք հնարավորություն ուղարկել մեր հաճախորդին ցանկացած ժամանակ և ցանկացած տեղ Երկիր մոլորակի վրա և ինքը, ֆրոյլայն Գլոբկեն, պատրաստ է լսել իմ ցանկությունները։

Ցանկությունս, նրա տեսանկյունից, չափազանց համեստ էր։ Ես կուզենայի ընկնել Մոսկվա 50 տարի հետո, այսինքն, 2032 թվականի Մոսկվան։

― Լավ, ― ասաց ֆրոյլայնը և իր ներկված մատիկներով սկսեց սեղմել համակարգչի ստեղները։

Էկրանին թռչկոտեցին ինչ֊որ տառեր և թվեր, ֆրոյլայն Գլոբկեն նայեց նրանց, չմփացրեց լեզվով և տարակուսած շրջվեց իմ կողմը։

― Ահա՜, ուրեմն դա ձեր մոտ չկա, ― ուրախացա ես Ռուդիին ծիծաղելի դրության մեջ դնելու հնարավորությանը։

― Ցավոք, ― ասաց ֆրոյլայնը շփոթված։ ― Այդ չվերթին բոլոր տոմսերը վաճառված են։ Բայց եթե դուք համաձայնեք թռչել 60 տարի առաջ․․․

― Ի՜նչ տարբերություն ինձ համար, ― ընդհատեցի ես նրան։ Տաս տարի շատ, տաս տարի քիչ, դա կարևոր չէ։

― Պրիմա, ― ասաց Ֆրոյլայնը և շողացող ժպիտով հայտնեց, որ գալով իրենց մոտ, ես կատարեցի ճիշտ ընտրություն։ Որովհետև առայժմ նրանք միակ ռայզեբյուրոն են Եվրոպայում, որը կազմակերում է այդպիսի ուղևորություններ։

― Ներեցեք, ― ընդհատեցի ես նրան անհամբեր, ― տեղաշարժվելու ձևը ինձ արդեն մոտավորապես հայտնի է, դա ինձ բավականին մանրամասն բացատրեց հերր Մախենմիտտելբրեխերը։

― Միտտելբրեխենմախերը, ― ուղղեց նա ինձ քաղաքավարի։ Ես շնորհակալություն հայտնեցի ուղղումի համար և ասացի, որ ինձ հետաքրքրում են ոչ թե տեսական հիմքերը, այլ թռիչքի իրական պայմանները։ Ինչպե՞ս է այնտեղ անկշռելիության վիճակը և ընդհանրապես, շատ ուժեղ չի՞ ճոճում։

Բանը նրանում է, ― բացատրեցի ես, ― որ երբ ես խմում եմ, երբեմն ինձ ճոճում է նույնիսկ Երկրի վրա։

― Օ՜, առաջինի մասին, ― ժպտաց ֆրոյլայնը, ― դուք կարող եք ընդհանրապես չանհանգստանալ։ Մեր արհեստական գրավիտացիայի էլեկտրոնային համակարգը չունի մրցակիցներ։ Իսկ, այ, օրորելու մասին ոչինչ չեմ կարող ասել։ Իսկ դուք թռիչքի ժամանակ չէի՞ք կարող խուսափել պինդ ալկոհոլային խմիչքների օգտագործումից։

― Ի՞նչ, ― նորից հարցրի ես։ ― Խուսափել վաթսուն տարի՞։ Ֆրոյլայն, դուք ինձանից չափից ավելին եք ուզում։

― Ի՜նչ եք ասում, ― առարկեց ֆրոյլյանը։ Այդպիսի երկար ժամկետի մասին խոսք լինել չի կարող։ Դա երկրի վրա կանցնի վաթսուն տարի։ Իսկ ձեզ համար դա կլինի երեք ժամ։ Ինչպես սովորական թռիչքը Մյունխենից Մոսկվա։

― Այո, ― ասացի ես։ Իհարկե։ Ես հասկանում եմ դա։ Ինձ համար այնտեղ կանցնի երեք ժամ։ Բայց իրականում ախր կանցնի վաթսուն տարի։ Եվ վաթսուն տարվա ընթացքում ոչ մի կաթի՞լ։

― Ի՜նչ եք ասում։ Ի՜նչ եք ասում։ Ֆրոյլայնը այնպես հուզվեց, որ նրա պեպենները երկու անգամ ավելացան։ ― Ինչո՞ւ ոչ մի կաթիլ։ Վերջի վերջո, խմել, թե չխմել, դա ձեր անձնական գործն է։ Ի դեպ, խմիչքները այդ թռիչքում տրվում են ուղևորեներին անսահմանափակ քանակով և միանգամայն ձրի։

― Դա ուրիշ բան է, ― ասացի ես։ Ինչո՞ւ միանգամից չասացիք, որ խմիչքները անվճար են։ Եթե անվճար են, ուրեմն այստեղ և քննարկելու բան չկա։ Գրեք․ մեկ տոմս այնտեղ, և մի ամսից՝ ետ, տեղը՝ խմողների և ծխողների համար, ցանկանալի է պատուհանի մոտ։

― Լավ, ― գլխով արեց ֆրոյլայնը։ ― Միայն պետք է ձեզ նախազգուշացնեմ, որ մեր ֆիրման վերադարձը չի երշխավորում։ Մենք, իհարկե, կանենք մեզանից կախված ամեն բան, բայց մենք չգիտենք ինչպիսին կլինեն այն ժամանակ քաղաքական պայմանները։ Անշուշտ մեր հյուպատոսը միշտ կլինի ձեր տրամադրության տակ, բայց մեր երկիրը վաթսուն տարի հետո գոյություն կունենա՞ արդյոք և կունենա՞ հյուպատոսներ։

Դե իհարկե, մտածեցի ես, վաթսուն տարում ինչ ասես կարող է պատահել։ Բայց ես հենց դրա համար էլ թռչում եմ, որպեսզի իմանամ ինչ տեղի կունենա։

― Լավ, ― ասացի ես։ Ինչ արած, որ դուք չեք կարող երաշխավորել Վերադարձը։ Բայց եթե դուք ապհովում եք անվճար խմիչքներով, ուրեմն, միևնույն է, գրեք։

Ես տվեցի նրան իմ անձնագիրը։ Ֆրոյլայն Գլոբկեի բարակ մատները վազեցին համակարգչի ստեղնաշարի վրայով, ասես կատարելով տառերի ու թվերի անլսելի երաժտությունը։ Էկրանին հայտնվեցին իմ անուն֊ազգանունը, անձնագրիս համարը, թռիչքի համարն ու ամսաթիվը, և էլի ինչ֊որ թվեր, որոնք թռչկոտում էին իրենք իրենց հետ և ուրախ բազմապատկվում։ Վերջապես կանգ առան, շարվելով այսպես․

457884300

― Երկու ուղղությամբ տոմսը, ― կարդաց ֆրոյլայնը, ― արժե ուղիղ չորս միլիոն հինգ հարյուր յոթանասունութ հազար ութ հարյուր քառասուներեք մարկ։

― Բայց եթե դուք մուծումը կատարեք կանխիկ, մենք ձեզ կտրամադրենք տասը տոկոս զեղչ, և այն ժամանակ ձեր ամբողջ ուղևորությունը կարժենա միայն․․․ Նա շարժեց մատները, թվերը նորից թռչկոտեցին և ստացվեց այսպիսի պատկեր․ ― Չորս միլիոն հարյուր քսան հազար իննըհարյուր հիսունութ մարկ և յոթանաուն պֆեննինգ։

― Սա արդեն ուրիշ բան է, ― ասացի ես։

― Բացի այդ, եթե ձեր վերադարձը չկայանա, երեք ամսվա ընթացքում վերադարձի տոմսի արժեքի յոթանասունհինգ տոկոսը կտրվի ձեր ժառանգներին։

― Դա արդեն միանգամայն լավ է, ― նկատեցի ես։ ― Ճիշտ է ինձ մոտ նման գումար չկա, բայց ես մեծ հույս եմ կապում հերր․․․

― Միտտելբրեխենմախեր, ― հուշեց Ֆրոյլայն Գլոբկեն։

Ա՜յ քեզ մարդիկ։ Ինչո՞ւ են նրանք միշտ խառնվում իրենց միջամտություններով։ Մի՞թե այս ֆրոյլայնը կարծում է, որ առանց նրա օգնության ես չէի կարող հիշել իմ լավագույն ընկերոջ ազգանունը։


Երեք միլիոն ռեպորտաժի համար

Իհարկե, ես իզուր էի հույսս դրել Ռուդիի վրա։ Երբ ես զանգահարեցի նրան ավտոմատից, նա ասաց, որ հաճույքով պարտք կտար ինձ պահանջված գումարը, բայց ափսոսանքով պետք է ասի, որ ներկայումս ինքն էլ ունի որոշ ֆինանսական դժվարություններ։ Բանն այն է, որ վերջին վեց միլիոնը նա ծախսել է Սաուդյան Արաբիայից բերված երկու մտրուկների վրա, որոնցից մեկը, հենց երեկ կոտրել է ոտքը։ Այնպես որ, երեք միլիոնը կորան։

Ինչպես ես հետո իմացա, այդ ողջ պատմությունը կոտրած ոտքի մասին մաքուր սուտ էր։ Ռուդին ուղղակի վախեցավ պարտքով փող տալ ինձ։ Միլիոնատերերը, ինչպես ես նկատել եմ, ընդհանրապես ժլատ մարդիկ են։

Ես տուն վերադարձա մասամբ վատ տրամադրությամբ, մասամբ էլ հանգստացած։ Չստացվեց ― ուրեմն չստացվեց, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Միգուցե այսպես ավելի լավ է։ Վերջ ի վերջո, ես արդեն քառասուն տարեկան եմ, տարիք՝ որին հասնելով ժամանակն է հնարավորինս խուսափել արկածախնդրությունից։

Ինչ վերաբերվում է կնոջս, ապա նա դեպքերի այդպիսի զարգացումից, ինչպես ես նկատեցի, նույնիսկ շատ գոհ էր։ Որովհետև ես, ինչպիսին էլ որ կամ, բայց դե ամուսին եմ։ Ու եթե ես ինչ֊որ տեղ հեռավոր ապագայում, ինչ֊որ պատճառներով լռվեմ, դեռ հայտնի չէ, թե նա կգտնի՞ ինձ նման մեկին, թե ոչ։

Կինս այնքան զգացվեց, որ ընթրիքի ժամանակ նույնիսկ առաջարկեց խմել, ինչը սովորաբար չի անում։ Ես, իհարկե, երկար խնդրել ինձ չստիպեցի։ Առաջին ըմպանակը ես խմեցի կնոջս հետ, երկրորդը և երրորդը, երբ նա դուրս եկավ հեռախոսի մոտ, չորրորդը՝ նորից նրա հետ։

― Այո, ― ասացի ես, ― բայց միևնույն է ափսոս, որ չստացվեց։ Շատ կցանկանայի տեսնել։

Ինչի՞ն այնտեղ նայել։ Կարծում ես այդ ժամանակահատվածում, այնտեղ ինչ֊որ բան կփոխվի՞։ Եվ նա հիշեցրեց ինձ մեր հարևանի պատմածը, որը վերջերս էր մահացել։ Ժամանակին նա ընտանիքի հետ այստեղ էր եկել Ռուսաստանից և չէր ուզում քանդել ճամպրուկները։

― Շուտով բոլշևիկներին կքշեն և մենք ստիպված կլինենք ետ վերադառնալ։ Ինչո՞ւ անել կրկնակի աշխատանք․ քանդել ու նորից հավաքել։

Նորից զանգեց հեռախոսը։ Հենց որ կինս դուրս եկավ, ես մի բաժակ էլ կուլ տվի, բայց չհասցրեցի լցնել երկրորդը՝ կինս վերադարձավ։

― Քեզ են հարցնում, ինչ֊որ ամերիկացի է, ― ասաց նա։

Պարզվեց, որ ամեիկացին «Նյու Թայմս» թերթի թղթակից էր։ Նա հարցրեց, կարո՞ղ եմ ես վաղը ընդունել նրան շտապ գործով։ Իմ հարցին, թե այդ ի՞նչ շտապ գործեր են, նա պատասխանեց, որ դա հեռախոսային խոսակցություն չէ։ (Հետո էլ ասում են, որ միայն Սովետական Միությունում են վախենում խոսել հեռախոսով):

― Լավ, ― ասացի ես, ― եկեք, միայն տասից ոչ շուտ։ Ես երկար եմ աշխատում և ուշ վեր կենում։

― Օ կեյ, ― ասաց նա և կախեց խոսափողը։

Ասում են, թե ամերիկացիները կիրթ չեն։ Ես այդպես չեմ գտնում։ Կյանքումս հանդիպած ամերիկացիների մեծ մասը քաղաքավարի, նրբազգաց, համեստ մարդիկ են, կոկիկ հագնված և շատ սիրալիր։ Իհարկե, նրանք երբեմն դնում են իրենց ոտքերը սեղանին, բայց դա ինձ միանգամայն չի նյարդայնացնում։ Նրանք այդպես լիցքաթափվում են, կամ ինչպես իրենք են ասում լարվածությունից են ազատվում։ Եվ դա ճիշտ է։ Դա օգտակար է առողջությանը։ Իսկ անհանգստանալ, ինչպես անում ենք մենք, սխալ է։ Ես ինքս էլ երբեմն ոտքերս դնում եմ սեղանին, բայց հանգստանալ չի ստացվում, մենք դրան սովոր չենք։

Հաջորդ առավոտ ուղիղ ժամը տասին լսվեց դռան զանգը։ Բացելով դուռը ես տեսա բարձրահասակ, բարեկազմ մի մարդու, երկնագույն կոստյումով, մուգ, թեք սանրված մազերով։

― Պարոն Մա՞կ․․․, ― սկսեցի ես մոռանալով նրա իռլանդական ազգանվան շարունակությունը։

― Ինձ դիմեք ուղղակի Ջոն, ― ասաց նա և ժպտաց։

Ես նրան հրավիրեցի հյուրասենյակ և սուրճ առաջարկեցի։

― Վիտալի, ― ասաց նա, ― ես մի մեծ խնդրանք ունեմ։ Դուք կլսեք իմ առաջարկությունը, իսկ հետո, անկախ նրանից կընդունեք այն, թե ոչ, մեր խոսակցության մասին ոչ ոքի չեք ասի։

― Դուք ՑՌՈւ֊ի՞ց եք, ― հարցրեցի ես։

― Չէ, ի՜նչ եք ասում։ Ես «Նյու֊Թայմսից» եմ, ինչպես և ասել եմ։ Բայց ես չէի ցանկանա․․

― Ուզում եք, որ ես երդվեմ աստվածաշնչի վրա՞։

― Դա պարտադիր չէ, ― ժպտաց նա։ ― Ինձ հերիք է ձեր խոսքը։ Ես լսել եմ, որ դուք ուզում եք գնալ երկու հազար ինչ֊որ տարվա Սովետական Միություն։

― Ինչպե՞ս իմացաք, ― զարմացա ես։ ― Դրա մասին ես ոչ մեկին չեմ պատմել։

― Մի անհանգստացեք, ես էլ ոչ մեկին չեմ պատմի։

Դուք կարող եք պատմել ում ուզում եք, որովհետև ես ոչ մի տեղ չեմ գնում։ Երկու կողմի տոմսը արժե․․․

― Ես ամեն ինչ գիտեմ, ― ընդհատեց նա։ Բայց եթե բանը միայն տոմսի գնի մեջ է, մեր ֆիրման բոլոր ծախսերը վերցնում է իր վրա։

― Բոլոր ծախսե՞րը, թերահավատորեն կրկնեցի ես։ Ավելի քան չորս միլիոն մա՞րկ։ Դա համարյա երկու միլիոն դոլար է։

Եվ դեռ մի միլիոն էլ կստանաք որպես հոնորար, ձեր ուղևորության մասին մանրամասն ռեպորտաժ գրելու համար։

― Երեք միլիոն դոլա՞ր, ինչ֊որ ռեպորտաժի համա՞ր։

Նա ծիծաղեց։

― Վիտալի, ես տեսնում եմ, դուք դեռ չեք վարժվել արևմուտքին։ Դա ինչ֊որ ռեպորտաժ չի։ Դա դարի սենսացիա է։ Կամ միգուցե նույնիսկ երկու դարերի։ Հնարավոր է, որ նա նույնիսկ ավելի թանկ արժե, բայց մեր ֆինանսական դրությունը այժմ լավագույն վիճակում չէ։

Ես խոստացա Ջոնին մտածել։ Նա թողեց իր այցեքարտը, և կիսատ թողնելով սուրճը գնաց։


Զրույց սատանայի հետ

Շատ է սխալվում նա, ով մտածում է, որ որոշում կայացնելիս ինձ վրա ինչ֊որ կերպ ազդեց այն խելահեղ գումարը, որը ես հնարավորություն ստացա աշխատելու։ Չեմ պնդի, որ ես փողի հանդեպ անտարբեր եմ, բայց հստակ կարող եմ ասել, որ միայն փողի համար ես երբեք չէի վտանգի նույնիսկ իմ մի մազը։

Հնարավոր է, որ ես չէի բավարարի Ջոնի խնդրանքը, բայց այստեղ արթնացավ իմ սատանան, որը այն ժամանակվանից, ինչ ապրում է մեջս, միայն մտածում է այն մասին, թե ինչպես դրդի ինձ որևիցե բախտախնդրության։ Երբեմն նա չափը անցնում է, և ես առանց խղճալու ճնշում եմ նրան իմ մեջ։ Որոշ ժամանակ նա լռում է առանց կյանքի նշաններ ցույց տալու։ Այդ ժամանակ, ես ինձ պահում եմ համարյա իդեալական․ խուսափում եմ խմել և ծխել, փողոցը անցնում եմ միայն կանաչ լույսի տակ, մեքենան վարում եմ ենթարկվելով ճանապարհային նշաններին, իսկ աշխատածս բոլոր փողերը տալիս եմ կնոջս մինչև վերջին մանրադրամը։ Այդպիսի օրերին, բոլոր ինձ ճանաչողները չեն կարող չուրախանալ։ Լավ հագնված, լվացված, սափրված, խուզած մազերով և, միևնույն ժամանակ բոլորի հետ բացառիկ սիրալիր։

Բայց գալիս է ժամանակը, սատանան արթնանում է և նորից սկսում է․

― Ինչո՞ւ ես վեր կենում։ Ճաշը պատրաստ չի, կարող ես էլի քնել։ Շտապել պետք չի, միևնույն է երբևիցե կմեռնես։ Այսօր պետք չի լվացվել, դու դա արել ես երեկ։ Պառկիր, ծխիր, թոքերդ լցրու ծխով։ Ահա՛ նրանք, քո սիգարետները, սեղանի վրա են։

Իմ սատանան այնքան համառ է, որ միշտ չի որ, հնարավոր է նրան դիմադրել։

Ես թափ տվեցի տուփից մի սիգարետ, չրխկացրեցի վառիչը և ծխեցի։

― Բռավո, ― բացականչեց սատանան։ Քաղցկեղը, լավագույն միջոցն է ծխողների դեմ։

Դա նրա սիրած ասույթն է։

― Հիմար, ― ասացի ես նրան։ ― Դու ոչ թե պետք է իմ մեջ նստես, այլ աշխատես ծխելու դեմ պայքարող հասարակական կազմակերպությունում։

Ներս քաշելով Մալբորոյի ծուխը, ես սկսեցի մտածել Ջոնի առաջարկության մասին։

Առաջարկը գրավիչ էր, բայց երևի թե ոչ ինձ համար։ Ո՞ւր եմ ես մեկնելու։ Ի՞նչ է ինձ այնտեղ սպասում, այդ հեռավոր ապագայում։ Մի գուցե ինչ֊որ սարսափելի, տհաճ իրադարձություննե՞ր։ Ախր ես երեխա չեմ։ Ես լրջամիտ, ընտանիք ունեցող մարդ եմ, որի քառասունը (մի՞թե դա ճիշտ է), շուտով կլրանա։ Ժամանակն է հանդարտվել և ավելի խոհեմ լինել։ Խուսափել ավելորդ հուզմունքներից, սթրեսային իրավիճակներից, միջանցիկ քամիներից։ Հագնել խալաթ, թույլ թեյ եփել, ծայրահեղ դեպքում ծխամորճ ծխել, ինձ համար նստել գրասեղանի առաջ, դանդաղ զարգացող գործողությամբ մի ինչ֊որ վեպ գրել։

― Բոլոր մարդկային արատներից ամենազզվելին խոհեմությունն է, ― ասաց սատանան։

Դո՛ւրս կորիր։ Մի՛ խառնվիր ուրիշի գործերի մեջ։ Դու ինձ ձանձրացրել ես։

― Դու էլ ինձ, ― ասաց սատանան։ Հատկապես այն րոպեներին, երբ դառնում ես առաքինի։ Լսի՛ր, լսի՛ր, ― շշնջաց նա, ― դու լավ գիտես, որ խոհեմությունը անխոհեմ է։ Այսօր դու վախենում ես մրսելուց, իսկ վաղը քո վրա աղյուս է ընկնում, և այն ժամանակ, ի՞նչ տարբերություն, մրսա՞ծ ես դու, թե ոչ։ Ինչո՞ւ ես տատանվում։ Քեզ այսպիսի հաջողություն է տրվում, օգտվի՛ր։ Գնանք նայենք, ի՞նչ են ձեր կոմունիստները այնտեղ հնարել վաթսուն տարվա ընթացքում։

― Իսկ դու սիրո՞ւմ ես կոմունիստներին, ― հարցրեցի ես ծաղրանքով։

― Այն էլ ո՜նց, ― բացականչեց սատանան։ Ինչպե՞ս նրանց չսիրել։ Նրանք էլ սատանաների նման, միշտ ինչ֊որ ուրախ բան են հնարում։ Լսիր, արի գնանք, ես քեզ շատ եմ խնդրում։

Լավ, ասացի ես։ Ենթադրենք, ես գնացի։ Բայց դա կլինի վերջին արկածը, որով ինձ գայթակղեցիր։

― Հոյակա՜պ է, ― ծափ տվեց սատանան։ ― Հիանալի՜ է։ Միանգամայն հնարավոր է, որ դա լինի վերջին անգամը։

― Տխմար, ― ասացի ես նրան։ ― Ինչի՞ վրա ես ուրախանում։ Եթե ինձ հետ ինչ֊որ բան պատահի, ի՞նչ ես անելու առանց ինձ։

― Այո֊այո, ― ասաց սատանան տխուր։ ― Խոստովանում եմ, ինձ համար շատ դժվար կլինի առանց քեզ։ Բայց, ճիշտն ասած, ես կնախընտրեի տեսնել քեզ մեռած, քան խոհեմ։

― Փակի՛ր բերանդ, ― ասացի ես։ ― Ու մի խանգարիր ինձ մտածել։

― Փակում եմ, ― խոնարհաբար ասաց սատանան և լռեց, հասկանալով, որ նա իր գործն արդեն արեց։

Եվ չնայած, որ ես ասել էի Ջոնին, որ որոշումս հազիվ թե դրական լինի, և որ ես նրան կզանգահարեմ ոչ շուտ քան շաբաթ֊շաբաթուկես հետո, ես զանգեցի նրան երեք օր անց և ասացի՝ Այո։


Հետապնդում

Կարծում եմ, պետք չէ բացատրել, որ նախքան նախաձեռնածս վտանգավոր ճանապարհորդության ուղևորվելը, ես պետք է հոգ տանեի իմ ընտանիքի մասին և մի քանի կարգադրություններ անեի, որոնք ունեին մեծ հավանականություն վերջինը լինելու։

Բանկ, փոստ, ապահովագրական գործակալություն, նոտարական գրասենյակ ― սրանք են այն հիմնարկությունները, որոնք ես այցելեցի մի քանի օրվա ընթացքում։

Զբաղվելով բոլոր այս գործերով, ես հանկարծ, դեռ Մոսկվայում ձեռք բերված հոտառությամբ զգացի, որ ինչ֊որ մեկը ինձ հետևում է։

Ես շատ քիչ ժամանակ ունեի, բայց ցուցաբերելով տարրական դիտողականություն, նկատեցի, որ հեռախոսս պահում է իրեն ոչ այնքան սովորական ձևով։ Մեկ նրանում լսվում են ինչ֊որ խշշոցներ (մագնիտոֆո՞ն), մեկ չգիտես ինչու նա ինքն իրեն զնգում է, մեկ ինչ֊որ մեկին զանգելով ընկնում եմ ոչ այն համարը, կամ ինձ մոտ է ընկնում նա, ով ինձ չի զանգահարել։

Շունս, գիշերները հանկարծ սկսում էր տեղին֊անտեղին հաչել։ Դուրս վազելով, ես ոչ մեկին ոչ մի անգամ չհայտնաբերեցի, բայց մի օր, հենց դռան մոտ գտա «Պրիմա» ծխախոտի մնացորդ։

Մի ուրիշ անգամ ես ուշադրություն դարձրի ասիական տիպի արտաքինով մի երիտասարդի։ Հեծանվով անցնելով իմ դարպասի մոտով, նա չափազանց ջանադրաբար շրջվեց ինձանից։ Հետո, մոտակա նրբանցքներից մեկում, իմ ուշադրությունը գրավեց ֆրանկֆուրտյան համարներով մի հին կանաչ «ֆոլկսվագեն»։ Նայելով ներս, ես նկատեցի ետևի նստարանի վրա ինչ֊որ մեկի կողմից մոռացված «Պրավդա» թերթը։

Համենայն դեպս, ես հայտնեցի իմ դիտարկումների մասին ոստիկանությանը։ Այնտեղ ինձ ուշադիր լսեցին և ասացին, որ իմ կասկածները շատ անորոշ ու անհստակ են, բայց եթե ես ունենամ ավելի համոզիչ ապացույցներ հետապնդման մասին, նրանք իհարկե, կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ։

Ոստիկանը, որի հետ ես խոսում էի, այնուամենայնիվ, գրի առավ «ֆոլկսվագենի» համարը, իսկ «Պրիմայի» մնացորդը դրեց փոքրիկ տոպրակի մեջ և պահեց սեյֆում։


Առևանգում

Նույն օրը ինձ հետ մի դեպք պատահեց, որը հիմա կարելի է անվանել զվարճալի, բայց այն ժամանակ նա ինձ այդպիսին չթվաց։

Վերադառնալով ոստիկանությունից, որոշեցի դուրս նետել գլխիցս իմ բոլոր կասկածները և մի քիչ ցրվել։

Ես նստեցի հեծանիվս և գնացի զբոսնելու մեր շտոկդորֆյան անտառում։ Իմ վտարումից հետո ինձ համար սովորական և սիրելի էին դարձել հեծանվային զբոսանքները։ Այդ ամբողջ, մեծամասամբ փշատերև անտառը, որը բաժանում է մեր գյուղը Մյունխենի ծայրամասից, շատ սիրելի է ինձ և հիշեցնում է մեր մերձմոսկովյան անտառները, բայց տարբերվում է նրանցից․ ամբողջ անտառը լայնքով ու երկայնքով հատող ասֆալտե և խճե ճանապարհներով, որոնց խաչմերուկներում դրված են ուղեցույցներ, իսկ բացատներում մանրամասն քարտեզներ։ Այնպես որ այստեղ նույնիսկ ցանկության դեպքում, հնարավոր չէ մոլորվել։ Ես անցնում էի իմ սիրած ճանապարհով, որը միացնում է Բուխենդորֆը Նոյրիդին, այն ուղիղ է, ասֆալտապատ, և սովորական օրերին դատարկ։ Շարժվում էի բավականին արագ, խորհելով առաջիկա ճանապարհորդության մասին և երևի այնպես էի տարվել մտքերով, որ չնակտեցի մի ինչ֊որ բան, որը սպասում էր ինձ ճանապարհին։

Ես հիմա էլ չգիտեմ, թե ինչ կար այնտեղ։ Երևի դա ձգված պարան էր, որին բախվելով ես ընկա և կորցրեցի գիտակցությունս։ Իսկ մի գուցե ինձ ուշագնաց են արել այլ միջոցով, ստույգ ոչինչ չեմ կարող ասել։ Ես միայն հիշում եմ, որ գնում էի հեծանվով ու մտածում։ Իսկ հետո հիշողության կորուստ, և հետո ինչպես ասում են ամերիկացիները, ես ինձ գտա մի փոքրիկ բազմոցի վրա, որը մի թեթև շարժվում էր իմ տակ։

Մտածելով, որ ես գտնվում եմ իմ սենյակում, ես ենթադրեցի որ երկրաշարժ է և ուզում էի վեր թռչել տեղիցս։ Բայց տեղնուտեղը նկատեցի, որ առաջին՝ մարմինս չի ուզում ինձ ենթարկվել, երկրորդ՝ որ ես տանը չեմ, այլ վարագուրված պատուհաններով ավտոբուսի մեջ։ Ավտոբուսը ինչ֊որ տեղ է գնում, իսկ իմ առջև նստած են երեք մարդ, երկուսը սովորական կոստյումներով, իսկ մեկը ամբողջովին սպիտակ հագած, երևի բժիշկ։

― Աստվա՜ծ իմ, ― մտածեցի ես։ Այս ի՞նչ է պատահել ինձ, ինչի՞ տակ եմ ես ընկել և ու՞ր են տանում ինձ։

Ես շարժվեցի, որպեսզի ինչ֊որ կերպ ինձ շոշափեմ և ստուգեմ մարմնիս վիճակը։

Հենց որ ես կյանքի նշաններ ցույց տվի, իմ առջև նստած մարդիկ էլ շարժվեցին, իսկ բժիշկը ինչ֊որ բան ասաց անծանոթ լեզվով։ Ուշադիր նայելով ես տեսա, որ նա բժիշկ չէ, այլ ավելի շուտ ինչ֊որ արաբ ազգային սպիտակ տարազով և սպիտակ ծածկոցով, որը փակում էր դեմքի կեսը։ Մյուս երկուսը, երևի նույնպես արաբներ էին, բայց հագնված էին եվրոպացիների նման։ Կոստյում հագնողները կլինեին մոտ երեսուն տարեկան, իսկ այդ ծածկոցովը՝ թերևս ավելի մեծ էր։

Երբ արթնացա, նրանք մի քանի խոսք փոխանակեցին, հետո նա, ծածկոցովը, խոսեց արագ, բարձր և հրամայական։ Ընդ որում, երբ նա բացեց բերանը, նրա ատամներից ինչ֊որ երկնագույն փայլ տարածվեց, որից կարծես, ավտոբուսում լույսն ավելացավ։

Երբ նա լռեց, ուղեկիցերից մեկը գլխով արեց և դիմեց ինձ անգլերեն։ Անվանելով ինձ ազգանունով (իհարկե ավելացնելով «միստր» բառը), նա ասաց, որ նորին Մեծությունը (այսինքն նա, ով ծածկոցով է) բերում է ինձ իր խորագույն ներողությունները, այն բանի համար, որ նրանք ստիպված էին այդպես անքաղաքավարի վարվել ինձ հետ։ Նրանք երբեք իրենց թույլ չէին տա այդպիսի վերաբերմունք այսպիսի հարգված և արժանավոր մարդու նկատմամբ, որպիսին իրենց խորին համոզմամբ ես եմ հանդիսանում։ Միայն բացառիկ անհրաժեշտությունը ստիպեց նրանց այդ քայլին դիմել, ինչի համար Նորին Մեծությունը նորից ու նորից ափսոսանք է հայտնում։

Ակնհայտ էր, որ այն ինչ֊որ բանից հետո, որ պատահել էր ինձ հետ ոչ վաղուց, ես հիշողության որոշ կորուստ ունեի, չգիտեի ինչի համար է ափսոսում Նորին Մեծությունը, և որոշեցի լռել։

― Բայց, ― ասաց թարգմանիչը, ― Նորին մեծությունը հույս է հայտնում, որ դուք ձեզ բավական լավ եք զգում և շատ հիշաչար չեք լինի իրենց նկատմամբ։ Նորին Մեծությունը պատրաստ է իր կողմից հատուցել այն ոչ մեծ վնասը, որը մենք ակամա հասցրեցինք ձեզ։

Այդ բառերի հնչելու ժամանակ Նորին Մեծությունը եռանդուն գլխով արեց (չբացելով սակայն դեմքը), մտավ իր փեշի տակ և երկար ժամանակ խճճվելով և փորփորելով շորի ծալքերի մեջ, վերջապես հանեց ծխախոտի տոպրակի նման մի կաշվե քսակ, և խնամքով դրեց մեզ բաժանող նեղ սեղանի վրա։

― Սա ի՞նչ է, ― հարցրեցի ես աչքի ծայրով նայելով տոպրակին։

― Փոքրիկ անձնական նվեր, Նորին մեծության կողմից, ― ժպտաց թարգմանիչը (Նորին Մեծությունն էլ, շփոթված ժպտաց): ― Մի քիչ ոսկի։

Ես փակեցի աչքերս և սկսեցի մտածել, թե այս ի՞նչ մարդիկ են և ի՞նչ են ուզում ինձանից։ Ոչինչ չհասկանալով, ես բացեցի աչքերս և ուղիղ հարցրեցի նրանց այդ մասին։

Սկզբում Նորին Մեծությունը արագ֊արագ ինչ֊ որ բան ասաց։ Հետո թարգմանիչը ինձ բացատրեց, որ նրանք ներկայացնում են ոչ մեծ, բայց շատ հարուստ մի արաբական երկիր։ Իմանալով իմ առաջիկա ուղևորության մասին․․․

― Ինչպե՞ս այդ մասին իմացաք, ― ընդհատեցի ես նրան։

― Մեզ մոտ Արևելքում ասում են, ― կամաց ասաց թարգմանիչը, ― որ եթե ականջդ դնես գետնին, կարելի է լսել ամբողջ աշխարհը։

Ուրեմն, դնելով ականջը գետնին և իմանալով իմ մտադրությունների մասին, նրանք որոշեցին դիմել ինձ մի փոքրիկ, բայց նուրբ խնդրանքով։ Նրանք հույս ունեն, որ արաբական երկրների մեծ ընկեր Սովետական Միությունում, մի որոշ ժամանակ անց, որոշ գաղտնիքներ կդադարեն լինել գաղտնիք։ Եվ նրանք, իմ ուղեկիցները, շատ շնորհակալ կլինեն, եթե ինձ հաջողվի ճարել և բերել այստեղ սովորական ջրածնային ռումբի մանրամասն գծագրերը, որոնք իրենց պետք են բացառապես խաղաղ նպատակներով։ Եթե ես մատուցեմ իրենց այդպիսի ծառայություն, նրանք, և անձամբ Նորին Մեծությունը պարտքի տակ չեն մնա և ոսկու պարկը, որը ես կստանամ մի քանի լուսանկարված կադրերի համար, կարող է լինել հիսուն անգամ ավելի մեծ նրանից, որը դրված է իմ առաջ։

Առաջին ցանկությունս էր ուղարկել նրանց Շայթանի մոտ, բայց ճիշտն ասած ես համոզված չէի, որ իմ անկեղծությունը բարենպաստ կլինի ինձ համար։ Այն ժամանակ ես որոշեցի օգտվել Խոջա Նասրեդդինի դրական փորձով, որը, ինչպես հայտնի է, խոստացել էր շահին, քսան տարվա ընթացում էշին սովորեցնել խոսել մարդկային լեզվով։ Նասրեդդինը համոզված էր, որ իրեն վտանգի չի ենթարկում, քանի որ քսան տարվա ընթացքում կամ շահը կմեռնի, կամ ավանակը, կամ էլ ինքը, Նասրեդդինը կկանգնի Ալլահի առաջ։

Մյուս կողմից, չցանկանալով նրանց աչքին երևալ չափից ավելի պատրաստակամ իրենց ցանկությունը կատարելու, ես ասացի, որ իհարկե, ես կաշխատեմ ամեն ինչ անել իմ համեստ հնարավորությունների սահմանում (և ոչ այնքան փողի համար, որքան հատկապես հարգելով նրանց երկիրը և անձամբ Նորին Մեծությանը), բայց ոչինչ խոստանալ չեմ կարող։ Հիմա, ― ասացի ես, դժվար է պատկերացնել, ինչպիսին կլինի իմ երկիրը այդքան երկար տարիներից հետո և ես չգիտեմ, որ տվյալները արդեն բաց կլինեն, իսկ որոնք կմնան գաղտնի։

Հասկանում եք, ես շատ եմ ուզում օգտակար լիել ձեզ համար, բայց միևնույն ժամանակ, ամեն մի անօրինական գործունեություն հակասում է իմ համոզմունքներին։

Այստեղ նրանք երեքն էլ միասին արաբերեն խոսեցին և հանկարծ, Նորին Մեծությունը մաքուր ռուսերեն և համարյա առանց առոգանության ասաց․

Մենք ձեզ չենք զրկում ձեր համոզմունքներից և ոչ մի բան չենք ստիպում անել։ Բայց երբ հիասքանչ ապագայից վերադառնալիս կընկնեք մեր դժվար ներկան, միգուցե դուք կցանկանաք մտածել ձեր, ձեր երեխաների և թոռների մասին։

― Ձերդ գերազանցություն, ― հարցրեցի ես ցնցված, ― որտե՞ղ են ձեզ այդքան լավ սովորեցրել ռուսերեն։

Պատրիս Լումումբայի անվան ժողովուրդների բարեկամության մոսկովյան Համալսարանում, ― հաճույքով պատասխանեց Նորին Մեծությունը և ժպտաց հանելուկային փայլ արձակելով։

Այդպիսով մեր խոսակցությունն ավարտվեց և հինգ րոպե հետո առևանգողները իջեցրին ինձ մի ինչ֊որ փողոցում հեծանվի և կաշվե քսակի հետ։

Ավտոբուսից իջնելիս, ես չկարողացա զսպել ինձ և հարցրի Նորին Մեծությանը, թե արդյո՞ք նրա ատամները սարքված են պլատինից։

― Ի՜նչ եք ասում, ― արձագանքեց Մեծությունը, ― ես բավականաչափ ապահովված եմ, որպեսզի կարողանամ ինձ թույլ տալ ադամանդյա ատամներ։


Անսպասելի հանդիպում

Այ մտածեք, ի՞նչ կգնեիք դուք ձեր ենթադրյալ ծանոթների համար, եթե նախատեսել եք ճանապարհորդություն վաթսուն տարի առաջ։

Ես շփոթված կանգնած էի Մյունխենի Կաուֆհոֆ (մեր լեզվով առևտրի տուն) հայտնի խանութի մեջտեղում։

Իսկապես, ամեն ինչ կա, իսկ ինչ գնել, չեմ պատկերացնում։ Ջինսե՞ր, վառիչնե՞ր, հաշվիչնե՞ր, ծամո՞ն։

Ծամոն, ես լսել եմ, Սովետական Միությունում հայտնվել է սեփական արտադրության։ Նրանք, իհարկե առայժմ զիջում են արևմտյան նմուշներին, բայց ես չէի կասկածում, որ վաթսուն տարվա ընթացքում տեխնիկական հեղափոխության զարգացման հետևանքով, պարտիայի և կառավարության պատմական որոշումների և աշխատանքային կոլլեկտիվների խանդավառության շնորհիվ, տեղի կունենան արմատական փոփոխություններ դեպի լավը, ծամելու առարկաների արտադրության և հասարակության լայն շերտերին նրանց մատակարարման գործում։

Ջինսերի մասին ես նույնպես մտածում էի, որ վաթսուն տարի հետո, անխուսափելիորեն, նույնպես ինչ֊որ առաջընթաց կլինի, և լեհական կամ ասենք հունգարական ջինսեր, գոնե Մոսկվայում հնարավոր կլինի գտնել։

Մի զույգ ջինսեր, ես համենայն դեպս գնեցի։ Գնեցի նաև ինչ֊որ փողկապներ, շարֆեր, մի երկու հատ հինգ մարկ արժողությամբ ծալովի հովանոցներ, էլեկտրոնային շախմատ, գծագրության գործիքներ, տարբեր տեսակի դեկորատիվ կոսմետիկա․ շրթներկեր, մատների լաք, դիմափոշի, արհեստական թարթիչներ, այդպիսի բաները, ես գիտեմ, երբեք գործածությունից դուրս չեն գալիս։

Իմ մասին իհարկե, ես նույնպես մտածեցի և գնեցի ժապավեններ խցիկի, ձայնագրիչի և գրամեքենայի համար, բլոկնոտներ, գրիչներ, բացի այդ ես ձեռք բերեցի մի քանի զույգ սպիտակեղեն, գուլպաներ, ձեռնոցներ, օճառ, ատամի մածուկ, նոր ածելի «Ժիլլետ» և երկու տուփ սայրեր։ Այդ ամենը ես գնեցի ելնելով այն հանգամանքից, որ գուցե այդ նույն իրերը ապագայում կլինեն անհամեմատ լավ որակի, բայց ինձ համար չափազանց անսովոր։

Տեսնելով «Մյունխեն֊1982» մակագրությամբ վերնաշապիկներ, ես, մինագամից վերցրեցի հինգ հատ։ Հետո քարտեզների և ուղեցույցերի բաժնում գտա աշխարհի տարբեր քաղաքների գծագրերը, այդ թվում նաև Մոսկվայինը։ Որոշեցի, որ այդ իրը պետք է ձեռք բերել (գոնե նրա համար, որպեսզի համեմատեմ այժմյան Մոսկվան անցյալի Մոսկվայի հետ), ես վերցրեցիի քարտեզներից մեկը և սկսեցի ուսումնասիրել, զարմանալով նրա մանրամասնությանբ։ Մոսկվայում, երբ ես այնտեղ ապրում էի, նույնպես հրատարակվում էին նմանատիպ քարտեզներ, բայց նրանց վրա նշված էին միայն գլխավոր փողոցները և այն էլ ոչ բոլորը։ Իսկ այստեղ ես գտա նույնիսկ այն փոքրիկ նրբանցքներն ու փակուղիները, որտեղ ես երբևիցե ապրել եմ։

― Գրող Կարցեվի անվան փողոցը այնտեղ չկա՞, ― լսեցի ես ետևից ծաղրալից ձայն և, ցնցվելով ետ նայեցի։

Բաց կանաչ թիկնոցով և մոխրագույն գլխարկով իմ առջև կանգնած էր քմծիծաղ տվող Լյոշկա Բուկաշևը, իմ նախկին ընկերը, համակուրսեցին և բաժակակիցը։

Ժամանակին մենք միասին սովորել էինք ժուռնալիստիկայի ֆակուլտետում, հետո աշխատել ռադիոյում ես գրական, նա՝ նորությունների բաժնում։ Երեկոները մենք անց էինք կացնում ժուռնալիսիտի Տանը, երբեմն երկուսով, երբեմն էլ երեքով։ Նա բերում էր հետը իր բարեկամ Էդիկին, գանգուր մազերով երիտասարդին, որը ինքն֊իրեն անվանում էր գենետիկ և իմմորտոլոգ։ Ես այդ Էդիկին առաջին ծանոթության ժամանակ հարցրեցի, զբաղվո՞ւմ է նա արդյոք կյանքի երկարացման հարցերով։ Նա ասաց, որ կյանքի երկարացման խնդիրը նրա համար ոչ մի հետաքրքություն չի ներկայացնում, որ այդ հիմարությամբ զբաղվում են գերոնտոլոգները։ Նրան հետաքրքրում է ոչ թե կայնքի տևողությունը, այլ հավիտենական կյանքը։

― Այսինքն՝ դուք ուզում եք կյանքի էլեկսի՞րը գտնել, ― հարցրեցի ես։

Նա պատասխանեց, որ փնտրում է մի ինչ֊որ ուրիշ բան, բայց հիմարների համար կարելի է անվանել և էլեկսիր։ Ես արդեն քիչ մնաց վիրավորվեի, բայց այստեղ նա շփոթվեց և ասաց, որ, խոսելով հիմարների մասին, նա նկատի ուներ ոչ թե ինձ, այլ այն բյուրոկրատներին, որոնք չեն հավատում պրոբլեմի լուծման հնարավորությանը, չեն տալիս նրան լաբորատորիա և փայտեր են խցկում իր անիվների մեջ։ Մի անգամ նրան քիչ մնաց նստեցնեին մենդելիզմ֊մորգանիզմի համար, նրա մասին ֆելյետոններ էին գրում «Կրոկոդիլում», և նա շնորհակալ էր Լյոշկայից, որը առաջինը դրական արձագանքեց նրա փորձերի մասին ռադիոյով։

Լյոշկան ընդհանրապես այն մարդկանցից է, որոնք հենց այնպես ուրիշին վատություն չեն անի։ Լավության վերաբերյալ ինքն իր մասին ասում էր այսպես․ «Ես պատրաստ եմ բարություն արարել ողջամիտ սահմաններում։ Ուզո՞ւմ ես ես քեզ պարտք տամ «երեքանոց»։

Իր հայացքներով նա ավարտուն ցինիկ էր և կարիերիստ։ Բայց նրա կարիերան ստացվեց միայն երկրորդ փորձից։ Առաջին փորձը նա կատարեց դեռ համալսարանի առաջին կուրսում։

Ես հիմա էլ լավ եմ հիշում նրան, այնժամանակվանին։ Մեր բոլոր ուսանողների մեջ նա ամենամեծերից և անենաաղքատներից էր։ Նա ընդունվեց համալսարան բանակից հետո և ամբողջ առաջին կուրսը ման եկավ զինվորական հագուստով։ Իր հորը, որը զոհվել էր պատերազմի ժամանակ, չէր հիշում։ Լյոշկայի մայրը՝ Պոլինա Պետրովնան աշխատում էր դռնապան Սիվցեվ Վրաժոկում, որտեղ ուներ յոթ և կես մետրանոց առանց պատուհանների սենյակ։

Նա ինձ պատմել էր, որ ծնված օրվանից երբեք (նույնիսկ բանակում) կուշտ չէր կերել և ընդունվել էր համալսարան ոչ թե լրագրություն սովորելու համար, այլ որպեսզի անցնի այն մարդկանց թվին, որոնք համով ուտում են, լավ հագնվում և որոնց չեն ծեծում միլիցիայում (նրան մի անգամ ծեծել էին)։

Բայց արդեն առաջին կուրսում նա հասկացավ, որ մարդիկ, որոնց չեն ծեծում միլիցիայում, նույնպես բաժանվում են խմբերի, և նա ասաց ինձ, որ իսկական կարիերա կարելի է անել ոչ թե պրոֆեսսիոնալ, այլ «պարտիական֊սեռական» գծով։ Ես կարծում էի, որ նրա դիտարկումները ունեն վերացական բնույթ, հետո տեսա, որ ոչ, նա փորձում է օգտագործել դրանք գործնական նպատակներով։

Հազիվ ընդունվելով համալսարան, նա սկսեց ակտիվություն ցուցաբերել կոմերիտմիության կոմիտեում, հետո դարձավ մեր կուրսի կոմերիտմիության քարտուղարը և Սովետական Միության Կամունիստական պարտիայի թեկնածու։ Սեռական գիծը նա նույնպես աչքաթող չեր անում և կապվեց մեր ուսանողուհիներից մեկի հետ, որը պատմական և հերոսական բոլշևիկի թոռնիկ էր և բացի դրանից, Լյոշկայի նման այրվում էր կոմերիետական աշխատանքով։

Երկրորդ կուրսում Լյոշկան պատրաստվում էր ամուսնանալ այդ ուսանողուհու հետ և պարտիայի լիիրավ անդամ դառնալ։ Այս նույն ժամանակ նրան առաջադրեցին ֆակուլտետի կոմերիտմիության առաջնորդ, մի պաշտոն, որից սկսած Լյոշկայի որոշ նախորդները հասան իշխանության վերևները։ Եվ ահա, նրան առաջադրեցին և քվեարկությունից առաջ, բացառապես ձևի համար հարցրեցին հանդիսատեսին, թե արդյոք առարկողներ կա՞ն։

Եվ այստեղ բեմ է դուրս գալիս Լյոշկայի լացակումած հարսնացուն և ասում, որ ինչքան էլ որ դա դժվար լինի իր համար նա պետք է հայտարարի ընկեր Բուկաշևին անվստահություն, քանի որ նա երկդեմ մարդ է․ հասարակության առաջ ասում է մի բան, իսկ մասնավոր խոսակցություններում մի ուրիշ բան։ Օրինակ նրա հետ զրուցելիս նա անվանել է Լենինին Вовка-морковка։

Ժամանակները արդեն ազատամիտ էին, այդ պատճառով Բուկաշևին համալսարանից չհեռացրեցին։ Պարտիական տոմս նա չստացավ, առաջնորդ նրան չընտրեցին, բայց թողեցին կոմերիտմիությունում, խիստ նկատողությամբ անձնական գործում։ Ոչ մի մեծ կարիերայի մասին խոսք լինել չէր կարող, և ռադիոյում նա աշխատում էր որպես ամենացածր կարգի լրագրող, գրում էր արտադրության առաջավոր աշխատավորների, արագընթաց ձուլման և բարձր կաթնատվության մասին։

Նրա պաշտոնական դիրքը և աշխատավարձը շատ դանդաղ էին աճում, մինչև որ համարայա պատահաբար, նորից դուրս եկավ պարտիական֊սեռական գծի վրա։

Նա ինչ֊որ տեղ ծանոթացավ արտաքին գործերի փոխնախարարի աղջկա հետ և այս անգամ իր հնարավորությունը բաց չթողեց։ Ամուսնացավ, ընդունվեց պարտիա և սկսեց արագ լրացնել բաց թողնվածը։

Այն ժամանակ մենք վիճեցինք և մեր ճակատագրերը տարբեր ուղղություններով շարժվեցին։ Ես դարձա այլախոհ, ինձ հեռացրեցին գրողների Միությունից և նույնիսկ պատրաստվում էին նստեցնել, իսկ նա, ընդհակառակը, արագ վեր էր բարձրանում․ քաղաքական մեկնաբան դարձավ հեռուստատեսությունում, լինում էր արտասահմանում, կատարելով այնտեղ ինչ֊որ կարևոր հանձնարարություններ, և նույնիսկ, ինչպես լսել եմ, անդամակցում էր ստեղծագործողների այն խմբին, որը գրում էր գրքեր Բրեժնևի փոխարեն։ Ինքնին հասկանալի է, որ մենք Մոսկվայում չէինք հանդիպում, իսկ ահա այստեղ, Մյունխենում, հանդիպեցինք։


Հավայան կղզիներ

― Դե, ողջույն, ― բարեկամաբար ասաց նա և մեկնեց ձեռքը, որը ես միգուցե չարժեր, որ նկատեի։ Բայց պետք է խոստովանեմ, որ իմ հետևողականությունը այդպիսի արարողական շարժումների հանդեպ երբեք չի հերիքել։

Սեղմելով նրա ձեռքը, ես հարցրի, թե ի՞նչպես է նա հայտնվել Մյունխենում։

― Դե այսպես, ― ասաց նա ծիծաղելով։ ― Եկել եմ տեսնեմ, թե ինչ են տալիս։ Ցանկանալով ինչ֊որ կերպ խոցել նրան, ես հարցրի արդյո՞ք այն ինչ տալիս են Գումում չի հերիքում նրան։

― Գումը, բարեկամս, ― ասաց նա ուսուցանող և ցինիկ տոնով, ― այն մարդկանց համար է, որոնք անհամ բաներ են ուտում, վատ են հագնվում և որոնց ծեծում են միլիցիայում։ Բացի այդ, այնտեղ հերթեր են, իսկ ես հերթեր չեմ սիրում։ Դու չգիտե՞ս, թե որտեղ են տեսաժապավենները։

Ես ասացի, որ չգիտեմ և հարցրի, թե ինչ է նա այստեղ անում։

― Դա հետաքրքիր չէ, ― խուսափեց նա։ Մանր ինտրիգներ։

― Իսկ ես կարծում էի, որ դու զբաղվում ես մեծ քաղաքականությամբ, ― ասացի ես։

― Մեծ քաղաքականությունը, ― առարկեց նա, հիմնականում միայն մանր ինտրիգներից էլ կազմված է։

Մենք լռեցինք։ Հետո ես հարցրեցի, արդյո՞ք նա՝ այդքան կարևոր պաշտոնյան, չի վախենում այս ամբոխի հրմշտոցից, որտեղ ով ասես կարող է լինել։

― Ոչ, սիրելիս, չեմ վախենում։ Այստեղ, գնորդների մեջ, կա մի քանի մարդ, որոնք ինձանից աչք չեն հեռացնում և պահպանում են իմ կյանքը ավելի, քան իրենց սեփականը։

― Դու նկատի ունես, որ այստեղ կան ձեր մարդի՞կ, ― հարցրեցի ես շեշտելով «ձեր» բառը։

― Դե հա, մերոնք և․․․ ― Նա ծիծաղեց։ Եվ ձերոնք էլ։ Լսիր, դու որևիցե տեղ շտապո՞ւմ ես։

― Ոչ, ― ասացի ես։ ― Եվ ի՞նչ։

― Ուրեմն, միգուցե, գնանք մի բաժակ գարեջո՞ւր խմենք։

― Չնայած նրան, որ ձեր մարդիկ հետևում են քեզ, դու չե՞ս վախենում ինձ հետ շփվել։

― Բարեկամս, ― ասաց նա որոշ ներքին հպարտությամբ։ ― Հավատացնում եմ քեզ, որ շփումը քեզ հետ, ինձ չի կարող վնասել։ Բայց քեզ էլ դա ոչ մի բանով չի սպառնում։

― Ով գիտե քեզ, ― ասացի ես, ցանկանալով նրան վիրավորել։ ― Ես հո չգիտեմ, թե ինչ հանձնարարությամբ ես դու այստեղ եկել։

― Ինչպիսին էլ լինի, ― ասաց նա առանց նեղանալու, ― դու կարող ես համոզված լինել, որ թաց գործերով ես չեմ զբաղվում։ Դրա համար կան ուրիշ մարդիկ, որոնց հետ ես, սակայն, ծանոթ չեմ։

Մենք նստեցինք իմ մեքենան, և ես նրան տարա Անգլիական զբոսայգում գտնվող այն նույն գարեջրատունը, որտեղ վերջերս խմել էինք Ռուդիի հետ։

Այժմ մենք նորից պատվիրեցինք մի֊մի մասս։ Պատվիրողը Բուկաշևն էր։ Ես նկատեցի, որ չնայած որոշ ակցենտին, նա խոսում է գերմաներեն առանց այս ու այն սխալների։ Մատուցողը հագել էր կարճ կաշվե բավարյան վարտիք, որը կոճկվում էր ծնկների տակ։ Լսելով Բուկաշևին նա բղավեց «Յավոլ» և վազեց կատարելու պատվերը, իսկ Բուկաշևը սկսեց ինձ հարցուփորձ անել իմ կյանքի մասին․ ինչպես եմ ես այստեղ ընտելացել, ում հետ եմ շփվում, խոսո՞ւմ եմ արդյոք գերմաներեն։ Ես ասացի, որ իմ գերմաներենը շատ ավելի վատն է, քան նրանը, բայց կենցաղային թեմաներով ինչ֊որ կերպ բացատրվում եմ։ Նա նորից ծիծաղեց և նկատեց, որ ինչքան էլ որ գերմաներենը անհասանելի լինի ինձ համար, նա միևնույն է յակուտերենից դժվար չէ, որը ես ստիպված կլինեի յուրացնել, եթե ճակատագիրը շրջվեր մի այլ կողմ։ Եվ նույնիսկ ակնարկեց, որ իմ ճակատգրի լուծման մեջ նա էլ ունեցավ որոշ մասնակցություն, ընդ որում հենց նա՝ դեմ էր «յակուտական» տարբերակին։

― Մյուսները կո՞ղմ էին, ― հարցրեցի ես։

― Ոչ բոլորը, բայց ոմանք կողմ էին։

― Իսկ ինչո՞ւ էիր դու դեմ։

― Ես ունեի երեք պատճառ, բարեկամս, ― պատասխանեց նա անխռով․ ― Առաջինը, ես, եթե հիշում ես, դեռ երիտասարդ տարիքից պատրաստ էի բարին արարել բանականության սահմաններում։ Երկրորդը՝ քո հանդեպ ես ունեմ որոշ սենտիմենտալ զգացմունքներ։ Իսկ երրորդը, ինձ ճիշտն ասած դուր է գալիս ինչպես ես դու գրում։ Ես համարում եմ, որ չնայած այն բոլոր հիմարություններին, որոնք դու արեցիր, ուղղակի վիրավորական կլիներ օգտագործել քո տաղանդը անտառահատման մեջ։

Այստեղ նա սկսեց համոզել ինձ, (և ինչպես ինձ թվաց բավականին անկեղծորեն), որ ես ժամանակ չկորցնեմ և գրեմ։

― Ո՞ւմ համար գրեմ, ― հարցրի ես։ ― Դուք ինձ բաժանեցիք իմ ընթերցողից։

― Պետք չէ չափազանցնել, ― ասաց նա։ ― Մասամբ բաժանեցինք, մասամբ էլ ոչ։ Երկիրը մեր մեծ է, սահմանները երկար, մարդիկ չափից ավելի շատ են շրջում, հնարավոր չէ բոլորին հետևել, թե ով ինչ է բերում։ Ես ինքս, իմիջիայլոց, քո գրքերից, եթե չխաբեմ, 50-60 հատ եմ անց կացրել։ Հիմա էլ մի երկուսը ինձ հետ կվերցնեմ։

― Դուք, բոլշևիկներդ, զվարճալի մարդիկ եք։ ― Ինքներդ հալածում եք գրողին, ինքներդ վտարում, հետո ինքներդ էլ տանում եք նրա գրքերը մաքսանենգ ճանապարհով։ Մի՞թե դա ապուշություն չէ։

― Ապուշություն է, ― հոժարությամբ համաձայնվեց Բուկաշևը։ ― Մաքուր ապուշություն։ Բայց ոչինչ հնարավոր չէ անել։ Հասկանում ես, համակարգն է հիմար։

Ես տարակուսած նայեցի նրան։

― Ուրեմն, դու է՞լ, ― հարցրեցի ես, ― հասկանո՞ւմ ես, որ սիստեմը տխմար է։

― Եվ ի՞նչ, ― ասաց նա։ ― Դա քեզ զարմացնո՞ւմ է։ Համակարգը տխմար է, և ես նրան ծառայում եմ, բայց դա չի նշանակում որ ես պետք է անպայման հիմար լինեմ։ Եվ մնացածներն էլ հիմար չեն։ Բոլորն էլ ամեն ինչ հասկանում են, բայց ոչինչ չեն կարող անել։

― Տարօրինակ է, ― ասացի ես։ ― Եթե դուք ամեն ինչ հասկանում եք, ինչո՞ւ չեք փորձում ինչ֊որ կերպ փոխել դրությունը։ Իշխանությունը հո ձեր ձեռքում է։

Իշխանությունը մեր ձեռքում է։ Բայց ինչպե՞ս դրանից օգտվել։ Դե պատկերացրու, ասենք նա քեզ է տրված։ Ի՞նչ կանեիր դու նրա հետ։

― Ո՜ւ֊ու, ― գոչեցի ես այնպես, որ մի դյուժին գավաթներով մեր կողքից անցնող մատուցողը վախեցած ինձ նայեց։ ― Եթե այդ իշխանությունը գոնե մի շաբաթով իմը լիներ, ես առաջին հերթին կցրեի ձեր ամբողջ կուսակցությունը։

― Դա հասկանալի է, ― ասաց Բուկաշևը, իմ սրբապղծությունից ամենևին չվրդովվելով։ ― Դե, կցրեիր, իսկ հետո ի՞նչ։

― Չգիտեմ, թե ինչ, ― ասացի ես։ Ու չեմ էլ ուզում իմանալ։ Բայց ինչ էլ որ լիներ, ավելի լավը կլիներ, քան ձեր անտաղանդ իշխանությունը։

― Ահա՜ թե ինչպիսին ես։ ― Նա նայեց ինձ գավաթի միջով։ ― Դու, ես տեսնում եմ, դարձել ես հակակոմունիստ։

― Հիմարություն, ― առարկեցի ես։ Ոչինչ էլ չեմ դարձել։ Այսպես կոչված կոմունիստական իդեալների դեմ ես ոչինչ չունեմ։ Ազատություն, հավասարություն, եղբայրություն, սահմանների վերացում, պետությունների անհետացում, ամեն մեկից ըստ կարողությունների, ամեն մեկին ըստ կարիքների։ Ի՞նչ ընդհանուր բան ունի դա ձեր արածների հետ։

― Դու ճիշտ ես, ― ասաց նա մաքրելով շրթունքներից փրփուրը։ Ընդհանուրն, ճիշտն ասած, քիչ է։ Բայց մենք դեռ յոթանասուն տարեկան էլ չկանք։ Պատմության համար դա մի ակնթարթ է։ Ճշմարտություն է, որ բավականին սխալներ և հիմարություններ հասցրեցինք անել, որովհետև շտապում էինք թռչել բոլոր աստիճաններից։ Իսկ այդպես չի ստացվում։

― Եվ չի էլ կարող ստացվել, ― ասացի ես։ ― Ուտոպիան մնում է ուտոպիա։

― Որտեղի՞ց գիտես, ուտոպիա է, թե ոչ։ ― Բուկաշևը վերջացրեց իր գարեջուրը և դրեց գավաթը սեղանին։ ― Եթե գլխապատառ նետվես, ուրեմն ուտոպիա է։ Իսկ եթե ամեն ինչ նախորոք հաշվարկես և գնաս քայլ առ քայլ․․․

― Լսիր, ― ասացի ես, ― ինչո՞ւ ես այդ անմիտ բաներն ասում։ Դու կարող ես Մոսկվայում հեռուստատեսությամբ ուզածդ ասել և կարող ես այստեղ հիմարեցնել տեղացի միամիտներին, բայց ոչ ինձ։ Մի՞թե իսկապես հույս ունես համոզել ինձ, որ ինչ֊որ չափով հավատում ես կոմունիզմին։

― Սիրելիս, ես ընդհանրապես ոչ մի բանի չեմ հավատում, ― ծիծաղեց նա։ ― Ես չեմ հավատում, ես մտածում եմ և ինձ թվում է, որ ինչ֊որ հնարավորություններ դեռ կան։

― Հնարավորություննե՞ր, ― ես քիչ մնաց շնչահեղձ լինեի վրդովմունքից։ ― Այն ամենից հետո ինչ դուք գործե՞լ եք։ Ի՞նչ շանսեր կարող են լինել։

― Ես քեզ ասում եմ ՝ ինչ֊որ։ Փոքրիկ։ Միգուցե նույնիսկ չնչին։ Բայց նրանք կան։ Լսիր, եղբայր, ― բռնեց նա կողքից վազող մատուցողի վարտիքից, բեր մեզ համար ևս մի զույգ գարեջուր։

― Յավո՛լ, ― պատրաստակամորեն ասաց մատուցողը և շտապեց կատարել պատվերը։ Ես զարմացած նայեցի նրա հետևից և շրջվեցի դեպի Բուկաշևը։

— Լյոշա, ― առաջին անգամ հանդիպման ընթացքում ես դիմեցի նրան անունով։ ― Ի՞նչ է տեղի ունենում։ Դու նրան ռուսերեն ասացիր։ Ինչպե՞ս նա քեզ հասկացավ։

― Այո՞, ― շփոթված հարցրեց նա։ ― Ես ռուսերե՞ն ասացի։ Դե, նշանակում է, նա մերոնցից ինչ֊որ մեկն է։ Կարևոր չի, ուշադրություն մի դարձրու։ Դա քեզ չի վերաբերում։

Մատուցողը բերեց և դրեց սեղանին էլի երկու մասս։

― Կոճակդ կոճկի՛ր, ― ասաց նրան Բուկաշևը ծաղրանքով։

Մատուցողի ձեռքը ինքաբերաբար ձգվեց կոճակին, բայց նա տեղն ու տեղը զգաստացավ։

― Իխ ֆերշտեե զի նիխտ, ― ասաց նա ու կտրուկ հեռացավ։

― Արի ու աշխատիր սրանց նմանների հետ, ― հոգոց հանեց Բուկաշևը։ Բացահայտվում են ամեն մի հիմարության վրա։ Ուրեմն, այ թե ինչ ես քեզ կասեմ։ Դու գիտես, որ ես երբեք հիմար չեմ եղել։ Ամեն մի վսեմ զառանցանքին չեմ հավատացել։ Բայց քեզ խաբել ինձ պետք չէ։ Չկա ոչ մի պատճառ։ Եվ եթե ես խոսում եմ հնարավորություններից, ուրեմն, ես այդ մասին ինչ֊որ չափով խորհել եմ։ Եվ ոչ միայն ես։ Դու, ես գիտեմ, մեր ղեկավարության մասին շատ ցածր կարծիք ունես, բայց հավատա ինձ, որ այնտեղ էլ կան մարդիկ, որոնց ուղեղները պտտվում են։

Ես վազեցի փոքր գործով։

― Գիտե՞ս ինչ, ― ասացի երբ վերադարձա, ― ես չգիտեմ, պտտվում են ձեր ուղեղները թե ոչ, ես միայն գիտեմ, որ այդ ամենը միևնույն է ոչ մի նշանակություն չունի։ Համակարգը փտել է, քարացել, դուք այդ բոլորը ինքներդ էլ լավ գիտեք, բայց ոչ մի դրական գործողության արդեն ունակ չեք։

― Այ հենց դրանում, ծերուկ, դու սխալվում ես, անսպասելի ոգևորությամբ առարկեց նա։ ― Ինչ֊որ բանի մենք ունակ ենք։ Եվ ինչ֊որ բան կանենք։

― Ի՞նչ կարող եք անել։ ― Ես նայեցի ուղիղ նրան։


Ինչ֊որ մտքեր կան, ասաց նա, առանց աչքերը հեռացնելու։ Բայց հարցը նրանում է, ինչպես ինքդ էլ հասկանում ես, թե այսպիսի լուրջ բազմաքայլ կոմբինացիայում, ինչպես սխալներ չանել։ Եթե հնարավոր լիներ նայել, ասենք 50-60 տարի առաջ և իմանալ, թե դրանից ինչ ստացվեց․․․ Այդ ասելով նա ուշադիր ինձ նայեց և ծիծաղեց։

Իհարկե, այս վերջին նախադասությունը ինձ զգաստացրեց։ Այն ասված էր պատահաբար, թե՞ որպես ակնարկ։ Եթե ակնարկ էր, ի՞նչ էր ուզում ինձանից Բուկաշևը։

Ես սպասում էի թեմայի հետագա զարգացմանը, բայց նա կարծես թե այդ մասին մոռացավ և սկսեց ինձ հարց ու փորձ անել իմ կյանքից, միաժամանակ պատմելով իր մասին։

Հետո նա հարցրեց իմ ամառային ծրագրերի մասին և ես չհասկացա, թե այդ հարցը տրված էր հետին մտքով, թե՞ հետաքրքրությունից։

Աշխատելով չմատնել ինձ, ես ասացի, որ ընդհանրապես մտադրվում եմ հանգստանալ և հնարավոր է, մոտ ժամանակներս մի որևիցե տեղ ուղևորվեմ։ Ասենք, թե (ասացի առանց մտածելու)... Հոնոլուլու։

― Հոնոլուլո՜ւ։ Հավայան կղզինե՜ր, ― երազկոտ արտասանեց Բուկաշևը։ ― Դու գիտես, որտեղ ասես եղել եմ, բայց Հավայներում չեմ եղել։ Այնտեղ պետք է որ շատ լավ լինի։ Արմավենիներ, արև, ծով և հավայան կանայք հավայան կիթառներով։ Լսիր, դու իմ առաջվա սիրուն վաղո՞ւց չես տեսել։

― Վաղուց, ― ասացի ես։

― Ասում են, նա դարձել է հավատացյալ։

― Ժամանակի ընթացքում մարդիկ փոխվում են, ― խուսափեցի պատասխանից ես։

― Դատարկ բան է, ― առարկեց նա։ Նրանք փոխում են երկրպագության առարկան։ Բայց միևնույն ժամանակ մնում են այնպիսին, ինչպիսին կային։ Այո, այն ժամանակ նա իր Вовка-морковка-այով իմ հանդեպ մե՜ծ խոզություն արեց։ Ես արդեն կարծում էի, որ էլ դուրս չեմ պրծնի։ Դե լավ, բարեկամս, ուրախ էի քեզ տեսնել։ Լուրջ եմ ասում, առանց հիմարությունների։ Ո՞ւզում ես Մոսկավյում որևիցե մեկին բան փոխանցել։

Ես, իհարկե, ոմանց փոխանցելու բան ունեի, բայց ոչ նրա միջոցով։

― Լսիր, ― ասացի ես։ ― Իսկ ճի՞շտ են քո մասին ասում, որ դու դու ԿԳԲ֊ի մայոր ես։

― Կարծես թե այո, ― համաձայնվեց նա հաճույքով։ ― Ավելի ճիշտ, գեներալ֊մայոր։ Բայց քե՞զ ինչ։ Մի՞թե դու մտածում ես, որ ես քեզ հետ հանդիպեցի, որ մատնություն գրեմ։ Ոչ, եղբայրս, ես խաղում եմ ուրիշ խաղեր և խոշոր խաղադրույքներ դնում։

Նա կանչեց մատուցողին և չնայած իմ դիմադրությանը, վճարեց մեր երկուսի համար։

Հետդարձի ճանապարհին, նայելով հայելու մեջ ես նկատեցի, որ մեր ետևից առանձնապես չթաքնվելով, գալիս է կանաչ «ֆոլկսվագենը», որի համարը ոչ թե ֆրանկֆուրտյան է, այլ Կյոլնի։ Ես այդ մասին ասացի Բուկաշևին, բայց նա ուշադրություն չդարձրեց։

― Դա մերոնք են։ Մի անհանգստացիր, նրանք գալիս են ոչ թե քո, այլ իմ հետևից։

Նա խնդրեց իջեցնել իրեն Մյունխենի ամենաշքեղ «Ֆիր Յարեե Ցայտեն» հյուրանոցի մոտ։

Երբ արդեն ոտքը դրել էր մայթին, հանկարծ հարցրեց, կարո՞ղ է արդյոք երբևիցե մի որևիցե առիթով ինձ զանգել։

― Ինչպե՞ս ես ինձ զանգելու, եթե ես մեկնում եմ,― հարցրի ես։

― Օ, այո, ― ասաց նա։ ― Հոնոլուլու։ Մոռացել էի։ Բայց չէ՞ որ դու այնտեղ ընդմիշտ չես մեկնում։ Այս ասելով նա ուշադիր նայեց ինձ։ ― Մի օր դու կվերադառնաս և հնարավոր է, նույնիսկ ցանկանաս պատմել ինձ, ինչպես են այնտեղ ապրում Հոնոլուլուի բնակիչները։ Այնպես որ ես քեզ կզանգեմ։ Քո համարը ես ունեմ։

Կարծես թե նա իմ մասին ավելի շատ գիտեր, քան ես կարծում էի։

Սակայն, դա ինձ քիչ էր հուզում։

Շարժվելով հյուրանոցի մոտից, ես տեսա անկյունում կայանված կանաչ «ֆոլկսվագենը»։ Հետո, տան ճանապարհին ես անընդհատ հայելուն էի նայում և մի քանի ստուգողական մանևրներ արեցի մտնելով խուլ նրբանցքներ և տուպիկներ, «ֆոլկսվագենը» չէր հայտնվում, ոչ մի ուրիշ նշան, որ ինձ հետևում են ես նույնպես չնկատեցի։

Ճանապարհին ես միացրի ընդունիչը, որը ինձ մոտ միշտ լարված է սովետական ռադիոյի առաջին ծրագրի վրա։ Հաղորդում էին համերգ ծովային աշխատավորների պատվերով։ Սկզբում ինձ անհայտ մի ըթերցող֊ասմունքող կարդաց հատվածներ «Անագե զինվորիկից», հետո Մեծ թատրոնի օրկեստրը կատարեց փոքրիկ կարապների պարը Չայկովսկու բալետից։

― Իսկ հիմա, ― հայտարարեց հաղորդավարը քաղցր ձայնով, ― Սովետական Միության ժողովրդական երգչուհու կատարմամբ․․․ կհնչի ուկրաինական ժողովրդական երգ․․․

― «Գյանձյա-ձկնիկ» ― ասացի ես բարձրաձայն և ասես ջուրը նայեցի։

Ինչքան ես ինձ հիշում եմ, բոլոր այն համերգներին, որոնք ցույց էին տալիս բազմազգ արվեստի անիրական վերելքը իմ երկրում, միշտ կատարվում էին միևնույն երգերը։ Եթե ռուսական՝ ուրեմն անպայման «Սրեդի դոլինի րովնիա», կամ «Վդոլ պո Պիտերսկոյ», իսկ ուկրաինականի դեպքում հատված «Նատալկա֊Պոլտավկայից», կամ էլ այդ նույն «Գյանձյան»։

Հենց որ Գյանձյան ինձ նայում է,
Սիրտս միանգամից մարում է,
Օհ, ասեք բարի մարդիկ,
Ինչ կլինի հիմա ինձ հետ
 

Չգիտեմ ինչու, բայց հենց «Գյանձյան» էր կատարվում բոլոր հանդիսավոր համերգներում, որոնք նվիրված էին կուսակցական համագումարներին, Միլիցիայի Օրվան ու էլի ինչ֊որ նման բաներին, ընդ որում բոլոր դեպքերում և բոլոր ժամանակներում կատարողը կարծես թե նույն էր․ մեծ կրծքով գեր տիկինը՝ հագած սև, մինչև կրունկները հասնող երկար թավշյա շրջազգեստ, մեծ բացվածքով փարթամ կրծքի վրա։ Նա իր ձեռքերը դնում էր այդ կրծքի վրա, ինչպես հենարանի վրա, կոտրատում էր մատները և խորամանկ կկոցելով աչքերը ողողվում էր թերզարգացած մեցցո֊սոպրանոյով։

Գյանձյան - ձկնիկ է,
Գյանձյան - ծիտիկ է,
Գյանձյան ֊ երիտասարդ է․․․

Աստվա՜ծ իմ, մտածում էի ես, մի՞թե այդ երկրում իսկապես երբեք ոչինչ չի փոխվի։


Զանգ Տորոնտոյից

Երբ ես զբաղված էի ճանապարհորդության նախապարստությամբ, հանկարծ հնչեց զանգ Կանադայից։ Ողջույն ծերուկ, ասում է Զիլբերովիչը։

― Ա՜ ― ասում եմ, ― Ողջույն, ինչպե՞ս է կյանքը։

― Հոգսաշատ, ― պատասխանում է նա։ Ինչ֊որ բանով զբաղվա՞ծ ես։

― Ի՞նչ նկատի ունես։ Հիմա՞, թե ընդհանրապես։

― Դե, հիմա և ընդհանրապես։

― Ընդհանրապես ասած զբաղված եմ։

― Ուրեմն ամեն ինչ թող, տոմս վերցրու և որ վաղը լինես Տորոնտոյում։

Ես ուղղակի ապշեցի այդպիսի առաջարկությունից։

Դու ինչ է, ասում եմ, սիրելիս, գժվե՞լ ես ինչ է։ Ի՞նչու ես հանկարծ պետք է ամեն ինչ թողնեմ և սլանամ Մյունխենից Տորոնտո։ Դու ինչ է, կարծում ես, որ ես էլ բան ու գործ չունե՞մ, քան այդպիսի հեռուն գալը։

Ծերուկ, այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Տորոնտոյում կվարձես որևիցե ոչ մեծ և աննկատելի կառ, դուրս կգաս հայվեյ, այնտեղ կվերցնես վեցերորդ էկզիտ, կանցնես ուղիղ երկու մղոն, շուլդերի վրա կտեսնես երկնագույն «շեվրոլե»։ Տանիքին ալեհավաք, ետևի ապակու վրա շերտավարագույր, համարը կեղտոտված է ցեխով։ Հետևիր այդ «շեվրոլեին», առանձնապես մի մոտեցիր, բայց աչքից բաց չթոցնես։ Վերջ։

― Տխմա՛ր։ ― Գոռացի ես։ Նախքան կարգադրություններ անելը, գոնե ռուսերեն խոսել սովորեիր։

Բայց այդ բառերը լսեց միայն իմ կինը, երկրի մյուս կողմում խոսփողն անջատված էր։

― Ի՞նչ է պատահել, ― մտահոգված հարցրեց կինս։ Ո՞վ էր զանգում։

― Չհասկացա՞ր ինչ է։ Իհարկե Զիլբերովիչը։

― Եվ ի՞նչ էր ուզում։

Ես պատմեցի։

Կինս զայրացավ։ Ոչ այնքան Զիլբերովիչի, որքան ինձ վրա։ Այդ ի՞նչ բան է։ Այդ ինչո՞ւ հանկարծ։ Հնարավոր է մենք բաժանվում ենք ընդմիշտ, մեզ մնացել է միայն մի քանի օր, իսկ դու պատրաստ ես ծախսել նրանք ում վրա ասես, միայն ոչ ընտանիքիդ։ Դո՛ւ ես մեղավոր, դո՛ւ ես քեզ այնպես պահում, որ նրանք քեզ հետ վերաբերվում են ինչպես երեխայի հետ։ Տեսեք, թե ինչ է երևակայում նա իր մասին, նա երկրի կենտրոնն է, և դու նրա մոտ կվազես, հենց որ նա քեզ մատով կա՞նչի։

Ես նրան ասացի, որ ինքս էլ խորապես վրդովված եմ, որ ամեն կանչին չեմ պատրաստվում պատասխանել և ոչ մի Տորոնտո էլ իհարկե չեմ մեկնի։

Ես դա ասում էի շատ անկեղծ, ամենից շատ ջղայնանալով ինքս ինձ վրա և միաժամանակ զարմանալով այն տարօրինակ հոգեկան ուժին, որը ազդում էր ինձ վրա, չնայած մեզ բաժանող ֆանտաստիկ տարածությանը։

Այդ ուժը ինձ ինչ֊որ կերպ հիպնոսացնում էր, դուրս էր բերում հավասարակշռությունից, առանց իրապես բացատրելի պատճառների ստիպում ինձ նրան ենթարկվել, իսկ չենթարկվել ես կարող էի միայն ցուցաբերելով հուսահատ ներքին դիմադրություն։

Անհասկանալի՞ է։

Կփորձեմ ավելի պարզ բացատրել։

Զիլբերովիչը զանգում էր ինձ ոչ թե իր դեմքից, (սեփական դեմք նա երբեք չի ունեցել), այլ ուրիշ մարդու հանձնարարությամբ։ Այդ ուրիշին ես ենթակա չէի ոչ ծառայողական առումով, ոչ նյութականապես, նրա վերաբերմունքը իմ նկատմամբ ոչ մի կերպ չէր կարող ազդել իմ գործերի վրա։

Եթե ես նրան վերաբերվեի ակնածանքով և այդ պատճառով պատրաստ լինեի կատարել նրա բոլոր պահանջները, դա էլ չկար։ Ավելին, նրա համոզվածությունը, որ նա տիրում է վերջնական ճշմարտությանը, իմ աչքերում նրան դարձնում էր կոմիկական։

Եվ միևնույն է, երբ նա ինձ ինչ֊որ բանի համար կանչում էր, ես ուղղակի քարանում էի և զգում, որ իմ ուժերից վեր է նրան մերժել։

Հիմա նույն բանն էր։

Ինչպե՞ս ես պետք է արձագանքեմ Զիլբերովիչի զանգին։ Շատ հասարակ՝ ոչ մի կերպ։ Ինչ֊որ մեկի խելքին փչել է, որ ես պետք է ամեն ինչ թողնեմ և ինչ֊որ տեղ նետվեմ։ Իսկ ինձ թվում է, որ ես ոչ մեկին ոչինչ պարտք չեմ, և պարտավոր չեմ պատասխանել։ Ես ինքս մինչև կոկորդս խրված եմ իմ գործերում։

Բայց ինչ֊որ բան ինձ նյարդայնացնում էր և բերում այն մտքին, որ ընդհանրապես չպատասխանել անհարմար կլիներ։ Վերջին խոսքերով վիրավորելով Զիլբերովիչին և նրա այսպես ասած պատրոնին, մասամբ էլ ինքս ինձ, ես արդեն մտքումս հորինում էի մերժման պատճառի տարբերակները, որոնցից ամենաամբարտավանը (հեռագրով). Ում պետք նա էլ գալիս է։

Պարզ, հստակ ու հասկանալի։ Բայց անիրական։ Որովհետև պատկերացնել մի իրադրություն, որում Նա գալիս է ինձ մոտ, անհնարին է, իսկ որ ես եմ Նրա մոտ գնում, այստեղ պատկերացնելու բան չկա։

Բայց ինչո՞ւ, ինչո՞ւ, ինչո՞ւ․․․

Ինչո՞ւ ես չեմ կարող դիմադրել մի մարդու, որը ինձ ոչ մի բանի համար պետք չէ։

― Ինչո՞ւ ես այդքան հուզված ման գալիս, ― գոռաց կինս ինձ վրա։ ― Ինչո՞ւ ես մեկը մյուսի հետևից ծխում և ի՞նչ ես մրթմրթում։

― Իսկ ինչ է, ես ինչ֊որ բա՞ն եմ մրթմրթում, ― զարմացա ես։

― Ոչ միայն մրթմրթում ես այլև դեմքդ ես ծամածռում և մատների որոշ համակցություն ցույց տալիս։ Եթե դու չես կարող նրանց հեռու ուղարկել, պատասխանիր ինչ֊որ կերպ քաղաքավարի։ Ասա որ հիվանդացել ես, որ կոնֆերանսի ես մասնակցում, որ պետք է գիրքդ վերջացնես։

― Այո՞, ― կասկածեցի ես, ― իսկ նա կասի․ իսկ ո՞ւմ են պետք քո գրքերը։

― Եթե այդպես ասի, դու էլ կարող ես նրան ասել․ իսկ ո՞ւմ են պետք քո գրքերը։ Անտաշությանը միշտ պետք է անտաշությամբ պատասխանել։ Դու ինքդ քեզ դնում ես վերջին տեղը, դրա համար էլ ուրիշներն էլ են քեզ այնտեղ դնում։

Նա իրավացի էր, ինչպես միշտ։

Բայց երբ նա գնաց բանկ, ես զանգեցի օդանավակայան, հենց այնպես, պարզապես համենայն դեպս։

Ինչպես և ենթադրում էի, ուղիղ չվերթ Մյունխենից Տորոնտո, գոյություն չուներ։ Իսկ թռչել փոխելով չվերթը Ֆրանկֆուրտում, դա արդեն չափազանց էր։ Հանուն ինչի՞ ես պետք է հաղթահարեմ այդպիսի դժվարություններ։

Չնայած եթե հանգիստ մտածել, ապա փոխել չվերթը առանց ուղեբեռի այնքան էլ դժվար բան չի։ Բացի դրանից Ֆրանկֆուրտում ես ունեի, այսպես ասած, անձնական փոքրիկ գործ, որի համար ես հենց այնպես իհարկե ոչ մի դեպքում այնտեղ չէի գնա։ Բայց եթե միանգամից․․․


Նոր Լեոնարդո դա Վինչի

Լեոպոլդ Զիլբերովիչի (կամ ուղղակի Լեոյի) հետ ես ծանոթացել եմ վաթսունականների սկզբին նրա քրոջ՝ Ժանետայի միջոցով, որի հետ ես այն ժամանակ սովորում էի նույն համալսարանում։ Այն ժամանակվա գրական(կամ երևի ավելի ճիշտ կլինի ասել գրականին մոտ) շրջանակներում Լեոն ամենա աչքի ընկնող կերպարներից էր։

Երկար և երկարամազ, փայլող կոստյումով, կարկատած արմունկներով և փուչիկներով ծնկներին, նա անդադար շարժվում էր Մոսկվայով, լինելով կարծես միաժամանակ և՛ ժամանակի ամենալիբերալ խմբագրություններում, և՛գրողների տանը, և՛ բոլոր բանաստեղծական երեկույթներին, և՛ բոլոր պրեմիերաներին։

Նա անձամբ ծանոթ էր բոլոր ինչ֊որ չափով հայտնի բանաստեղծների, արձակագիրների, քննադատների և դրամատուրգների հետ, որոնց(ամեն մեկին առանձին) հմայում էր իրենց ստեղծոգործությունների նուրբ զգացողությամբ։ Պատեհ առիթով կարող էր յուրաքանչյուրին մեջբերել նրա քառատողը, տողեր վեպից կամ մի ռեպլիկ պիեսից և մեջբերվածին տալ երբեմն անսպասելի, բայց օրիգինալ և անպայման հեղինակի համար հաճելի բացատրություն։

Ես չեմ հիշում թե ինչով էր նա զբաղվում պաշտոնապես (կարծեմ ինչ֊որ տեղ հաստիքից դուրս գրական խորհրդատու էր), բայց նրա գլխավոր կոչումն էր երիտասարդ տաղանդների հայտնաբերումը և աճեցումը։

Նրա շիկակարմիր, մաշված, յուղով և էլի ինչ֊որ կլեպով պատված պորտֆելը միշտ բերնեբերան լցված էր երիտասարդ հանճարների բանաստեղծություններով, արձակով, պիեսներով, կինոսցենարներով, որոնք անխոնջ փորփրելով նա գտնում և գովազդում էր։

Շատ տարիներ հետո, ընկնելով արևմուտք հանդիպել եմ մեծ թվով տարբեր գրական գործակալների, որոնք նստած մեծ գրասենյակներում, ուղարկում են հրատարակիչներին իրենց պատվիրատուների ձեռագրերը, այսինքն՝ վարում են մեծ և եկամտաբեր բիզնես։

Մեր պայմաններում Զիլբերովիչը անում էր նույնը, չունենալով ոչ մի շահ։ Ավելին, լինելով եկեղեցական մկան նման աղքատ, նա ինքը, ինչպես կարողանում, այնպես կերակրում էր իր հայտնաբերած հանճարներին հույս չունենալով, որ նրանք երբևիցե շնորհակալություն կհայտնեն իրեն։

Հենց որ նրա գտած տաղանդը սկսում էր տպագրվել և մետրոյի համար հինգ կոպեկանոցի կարիք չէր ունենում, միանգամից դեն էր նետում Զիլբորովիչին իր գլխից, բայց Լեոն ոչինչ չէր էլ պահանջում։ Նրա անշահախնդրությունը այնքան մաքուր էր, որ նա ինքն իրեն չէր համարում ալտրուիստ։

Մոռացվելով մի հանճարի կողմից, նա միանգամից գտնում էր մեկ ուրիշին և ամբողջ ուժով նվիրվում նրան։

Ինձանով, իմիջիայլոց, նա նույնպես ժամանակին զբաղվել է։

Նա միաժամանակ և՛ իմ երկրպագուն էր, և՛ զինակիցը, և՛ լուսավորիչը։

Իմ բոլոր գրածները նա համարյա հիշում էր անգիր։

Այն ժամանակ, երբ ես հաճախ կարդում էի ստեղծագործություններս ամենատարբեր հավաքույթներում, Լեոն, իհարկե, միշտ այնտեղ էր լինում։ Նա տեղավորվում էր անկյունում և պահելով իր պորտֆելը ծնկների վրա ուշադիր լսում էր, իսկ երբ բանը հասնում էր որևիցե տպավորիչ պասսաժի կամ հաջողված բառախաղի, Լեոն նախորոք ակնկալելով այդ տեղը, սկսում էր ժպտալ, գլխով անել, հավաքվածների հետ հայացքներ փոխանակել, նրանց ուշադրությունը գրավելով այն բանի վրա, ինչը հիմա կհետևի։ Եվ երբ հանդիսատեսը նույնպես դրական էր արձագանքում, նա լայն ժպտում էր և այնպիսի հպարտությամբ էր լցվում, կարծես ինքն էր ինձ ստեղծել։

Հիշելով իմ կյանքի այն ժամանակաշրջանը, ես մտածում եմ, որ գրողի համար, իհարկե, գլխավորը բնածին տվյալներ ունենալն է, բայց ուղու սկզբում շատ կարևոր է հանդիպել այդպիսի Զիլբերովիչի։

Մեր սիրավեպը Զիլբերովիչի հետ վերջացավ, երբ նա հանդիպեց Սիմ Սիմիչ Կարնավալովին։

Առաջին անգամ լսելով այդ ազգանունը ես ասացի, որ նա անհամատեղելի է քիչ թե շատ պարկեշտ գրողի հետ։ Այդպիսի ազգանուն կարող է ունենալ կոնֆերանսյեն կամ հաշվապահը, բայց գրողը՝ երբեք։

Այն ժամանակ ես պատկերացնել անգամ չէի կարող, որ ժամանակի ընթացքում կընտելանամ այդ ազգանվանը և նա կսկսի թվալ ինձ ոչ միայն բնական, այլ նույնիսկ նշանակալից։

Ես հիշում եմ Զիլբերովիչի առաջին հիացած պատմությունները նախկին կալանավորի մասին, որը աշխատելով մանկապարտեզի կաթսայատանը գրում է հիասքանչ (Լեոյի սահմանմամբ) արձակ։ Այդ մարդը ամսեկան վաստակելով վաթսուն ռուբլի, ապրում է խիստ ասկետիկ, չի խմում, չի ծխում, սնվում է շատ համեստ։

Առավոտից մինչև գիշեր գրում է (ընդմիջվելով միայն քնելու, ուտելու և ածուխ լցնելու համար), թույլ չտալով իրեն ոչ մի թուլություն և գործնականում ոչ մեկի հետ չշփվելով, որովհետև առաջինը, վախենում է մատնիչներից, իսկ երկրորդը՝ գնահատում է իր ամեն մի րոպեն։

Միևնույն ժամանակ իր, Զիլբերովիչի հետ, նա(Լեոն դա հատուկ ընդգծեց) ոչ միայն խոսեց միանգամից ժամ ու կես, այլ նույնիսկ բարձրաձայն կարդաց նրա համար մի քանի էջ իր գործերից ինչ֊որ մեկից։

― Ծերուկ, ― հանդիսավոր ասաց Զիլբերովիչը, ― հավատա իմ ճաշակին, նա իսկական հանճար է։

Ընդորում նա ասաց դա այնպիսի տոնով, որից դժվար չէր հասկանալ, որ չնայած ես էլ ինչ֊որ առումով կարծես թե հանճար եմ, բայց միգուցե ոչ այնքան իսկական։

Զիլբերովիչն այն ժամանակ ապրում էր Ստրոմինկայում։ Մոր՝ Կլեոպատրա Կազիմիրովնայի ու Ժանետայի հետ։ Նրանք ունեին առանձին երկու սենյականոց բնակարան։ Այն ժամանակվա համար այդ չտեսնված շքեղությունը նրանք ունեին, որովհետև Լեոի պապը, Պավել Իլյիչ Զիլբերովիչը (պարտիական մականունը Սերեբրով), քաղաքացիական պատերազմի հերոս էր, որտեղ, ի բարեբախտություն Զիլբերովիչների հաջորդ սերունդների և զոհվեց։ Եթե նա ավելի ուշ զոհվեր ճամբարներում, նրա թոռան բնակարանային պայմանները հազիվ թե լինեյին այդքան լավը։ Լեոի մայրը և քույրը ապրում էին մի սենյակում, իսկ նա ուներ իրենը, առանձինը։ Սենյակը ամբողջապես զարդարված էր նրա սրտի համար թանկ մարդկանց դիմանկարներով։ Ամենամեծի, հին լուսանկարից մեծացվածի վրա պատկերված էր Զիլբերովիչ պապիկը, քսանհինգ տարեկան հասակում, չապաևյան բեղերով, կաշվե բաճկոնով և մաուզերով կողքի վրա։ Զիլբերովիչ պապիկը միակ զինվորականն էր նրա լուսանկարների հավաքածույում։ Մնացածը Լեոի սիրելի գրողներն էին՝ սկսած Չեխովից և վերջացրաց ինձնով։

Այդ սենյակում մենք հաճախ էինք հանդիպում, ես այնտեղ կարդում էի իմ առաջին պատմվածքները։

Եվ ոչ միայն ես։ Աստեղ էին լինում իմ սերնդակից բանաստեղծներից ու արձակագիրներից շատերը և նույնիսկ Օկուջավային ես առաջին անգամ լսել և տեսել եմ Զիլբերովիչի մոտ։

Չնայած սկզբում ես որոշ չափով խանդեցի Զիլբերովիչին, բայց չէի մտածում, որ նրանք կարող են այդքան մտերմանալ։ Բայց նրանք մտերմացան։

Ճիշտ է, ոչ միանգամից։

Դատելով ամեն ինչից Կարնավալովը մարդամոտ չէր և նոր ծանոթներին մոտ թողնել չէր շտապում։ Բայց Զիլբերովիչից էլ, եթե նա որևէ մեկին սիրահարվում էր, այդքան էլ հեշտ չէր պոկվել։ Նա զանգում էր, գալիս էր, առաջարկում էր իր օգնությունը․ ինչ֊որ բան տանել, բերել և նույնիսկ արտատպել ձեռագիրը։

Մի օր գիշերը ժամը երկուսին թե երեքին զանգահարեց Ժանետան․ Լեոն կորել էր։ Ժամը յոթին գնացել էր և մինչև հիմա չկար։ Արդեն զանգել էին դժբախտ պատահարների բյուրո, մայրը պառկած է նոպայի մեջ, Զիլբերովիչը չկար։

― Հետո ի՞նչ որ չկա, ― ասացի ես։ Առաջին անգա՞մ է ինչ է, նա ուշանում։

Նա ասաց․ ոչ, ոչ առաջին, բայց նրանք ունեն պայմանավորվածություն, որ եթե նա ուշանում է, զանգում է ոչ ուշ քան տասնեմեկանց կես։

Առավոտյան զանգահարեց Զիլբերովիչը և խնդրեց շտապ գնալ նրա մոտ։

Պարզվեց, որ նա գիշերը եղել է Կարնավալովի մոտ։ Նա թույլ էր տվել կարդալ իր վեպը առանց տանից դուրս բերելու։ Զիլբերովիչը կարդաց մինչև առավոտ և հիմա այնքան երջանիկ էր, կարծես գիշերը անց էր կացրել սիրած կնոջ հետ։

Ծերուկ, հավատա ինձ, ― Լեոն պահպանեց պաուզան, նա նոր Տոլստոյ է։

Խոստովանում եմ, այդ գնահատականը ինձ տհաճություն պատճառեց։ Եթե նա անվաներ Կարնավալովին Գոգոլ, Դոստոևսկիյ, Չեխով, կամ թեկուզ Շեքսպիր՝ թող անվաներ ինչքան ուզում էր։ Բայց նախկինում Տոլստոյ նա անվանում էր ինձ։ Իսկ ենթադրել, որ երկրագնդի վրա կարող են գոյատևել միանգամից երկու Տոլստոյ և դրանով սփոփվել, ես իհարկե չէի կարող։

Ես, բնականաբար, հարցրեցի Լեոյին, թե ինչ վեպ է գրել այդ Տոլստոյը։

Լեոն հաճույքով պատասխանեց, որ վեպն ունի 860 էջ և կոչվում է «ԿՊԶ»

― «ԿՊԶ՞», ― զարմացա ես։ ― Միլիցիայի մասի՞ն։

― Ինչո՞ւ միլիցիայի, ― խոժոռվեց նա։

― Իսկ ի՞նչ բան է «ԿՊԶ»֊են։ Նախնական կալանավորման կամերա՞։

― Այո, իհարկե, ― ասաց Լեոն, ― բայց վեպը միլիցիայի մասին չէ։ Եվ ընդանրապես դա ուղղակի վեպ չէ։ Դա միայն մի հատորն է վաթսուն նախատեսվածից։

Ես կարծեցի, որ սխալ լսեցի և խնդրեցի Լեոյին կրկնել թիվը։ Նա կրկնեց։ Այն ժամանակ ես հարցեցի, արդյո՞ք հեղինակը չի նստել հոգեբուժարանում։ Լեոն ասաց, որ իհարկե նստել է։

Բնականաբար, ― ասացի ես։ ― Եթե մարդը նախատեսել է գրել վաթսուն վեպ, որոնցից ամեն մեկը հազար էջից է բաղկացած, նրա տեղը իսկապես հոգեբուժարանում է։

Առաջադեմ հայացքների տեր մարդ լինելով, Լեոն շատ զայրացավ և սկսեց իմ վրա գոռալ, որ այդպիսի հայտարարություններով ինձ ավելի կսազեր դիմել ԿԳԲ, կամ ընկերներ ընտրել Սերբսկու անվան ինստիտուտի բժիշկների շրջանում։ Այնտեղ ինձ կհասկանան։ Իսկ ինքը՝ Լեոն չի հասկանում։

Մենք այն ժամանակ, շատ խիստ վիճեցինք, ես խփեցի դուռը և գնացի, մտածելով որ ընդմիշտ։ Բայց դա ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամ էր։ Մյուս օրը Լեոն եկավ ինձ մոտ օղու շշով և ասաց, որ երեկ շատ էր տաքացել։

Բայց երբ մենք խմեցինք, նա նորից սկսեց խոսել իր հանճարի մասին և նրա սուտը հասավ նրան, որ նա ոչ միայն Տոլստոյ է, այլև Լեոնարդո դա Վինչի։ Նա այնքան օրիգինալ մարդ է, որ իր վեպերը, նկատի առնելով նրանց մեծությունը ինչպես ծավալով այնպես էլ բովանդակությամբ, անվանում էր ոչ թե վեպեր այլ ժայռաբեկորներ։

― Ամբողջ «Մեծ զոնան», ― ասաց Զիլբերովիչը, կկառուցվի վաթսուն բեկորից։

Ի՞նչ կապ ունի այստեղ «Մեծ զոնան»։

Զիլբերովիչը բացատրեց, որ «Մեծ զոնան» ամբողջ էպոպեայի անվանումն է։

― Ա՜ա, ուրեմն նորից ճամբարների մասին, ասացի ես։

― Հիմար, ճամբարները դա «Փորք զոնան» է։ Սակայն «Փոքր զոնան» որպես «Մեծ զոնայի» մաս այնտեղ նույնպես կլինի։

― Հասկանալի է, ― ասացի ես։ Իսկ «ԿՊԶ»֊ն ― «Փոքր զոնայի» մասն է։ Ճի՞շտ է։

― Ահա սովորակն մտածողության տիպիկ օրինակ, ― ասաց Զիլբերովիչը։ «ԿՊԶ»֊ն «Փոքր զոնայի» մասը չէ, դա վեպ է հարնրության էմբրիոնալ զարգացման մասին։

― Ի՞֊ինչ, ― հարցրեցի ես։

― Ուրեմն ուշադիր լսիր ինձ։ ― Նա հանեց պիջակը, գցեց աթոռի մեջքին, և սկսեց վազվզել սենյակում։ Պատկերացրու, որ դու սպերմատոզոիդ ես։

― Ներիր, ― ասացի ես, ― բայց ինձ համար ավելի է հեշտ է պատկերացնել, որ դու ես սպերմատազոիդը։

― Լավ, հեշտությամբ ընդունեց նա նոր դերը։ ― Ես սպերմոտոզոիդ եմ։ Ես ժայթքում եմ կյանք, բայց ոչ մենակ, այլ երկու հարյուր միլլիոնանոց պոչավոր շերեփուկների բազմության հետ։ Եվ մենք միանգամից հայտնվում ենք ոչ թե ջերմոցային պայմաններում, այլ թթու֊ալկալային միջավայրում, որտեղ կենդանի կմնա միայն մեկը։ Եվ ահա այդ երկուհարյուր միլիոնը պայքարի մեջ են մտնում այդ մի տեղի համար։ Եվ բոլորը բացի մեկից մահանում են։ Ւսկ այդ մեկը դառնում է մարդ։ Ծնվելով, նա մտածում է, որ նա միակ անկրկնելին է իր տեսակի մեջ, իսկ հետո բանից դուրս է գալիս, որ նա նորից մեկն է երկու հարյուր միլիոնից։

― Ինչպիսի հիմարությո՛ւն, ― ասացի ես։ Երկրագնդում մարդկանց թիվը ոչ թե երկու հարյուր միլիոն է, այլ չորս միլիարդ։

― Այո՞, ― Լեոն կանգ առավ և շփոթված նայեց ինձ։ Բայց տեղն ու տեղը գտավ հերքումը։ ― Երկրագնդում, այո, իհարկե։ Բայց խոսքը գնում է ոչ թե ամբողջ երկրագնդի մասին, այլ միայն մեր երկրի մասին, և հենց դրա համար էլ էպոպեան կոչվում է «Մեծ զոնա»։

― Լսիր, ― ասացի ես, ― դու այնպիսի անհեթեթություններ ես դուրս տալիս, որ իմ գլուխը արդեն ցավում է քեզանից․ Մեծ զոնա, սպերմատոզոիդներ․․․ Ի՞նչ ընդհանուր բան կա դրանց մեջ։

― Չե՞ս հասկանում, ― հարցրեց Լեոն։

― Ոչ, ― ասացի ես, ― չեմ հասկանում։

― Լավ, ― ասաց Զիլբերովիչը համբերատար։ ― Փորձեմ բացատրել։ Ամբողջ էպոպեյան և ամեն մի վեպը առանձին ― դա շատ տարբեր շերտեր են։ Կենսաբանական, փիլիսոփայական, սոցիալական, քաղաքական։ Այստեղից էլ գալիս է տարբեր հասկացությունների խառնուրդը։ Բացի ամենից, դա նաև մեծ հասարակական նշանակություն ունեցող գրականություն է։ Դրա համար մարդու ներարգանդային կյանքը համարվում է որպես նախնական կալանավորում։ Նախնական կալանքից հետո նա մինգամից հայտնվում է ցմահ կալանքում և միյան մահն է հանդիսանում ազատության հաղթանակը։

― Հետո ինչ, ― ասացի ես, կյանքը, հատկապես մեր իրական֊պատմական պայմաններում կարելի է համարել հավերժական բանտարկություն։ Իսկ ի՞նչ է, այդ սպերմատոզոիդները նկարագրվում են, որպես կենդանի մարդի՞կ։

― Ւհարկե, ― ասաց Զիլբերովիչը, չգիտես ինչու հոգոց հանելով։ ― Սովորական մարդիկ պայքարում են բանտ ընկնելու համար, իսկ պարտվողները ստանում են ազատություն։ Հասկանալի՞ է։

― Այո, ― ասացի ես։ ― Այսպես քիչ թե շատ հասկանալի է։ Չնայած մի քիչ բարդ է։ Ասա ինձ ավելի պարզ, այդ վեպը կամ վեպերը սովետական իշխանությանը կո՞ղմ են, թե դեմ։

― Ա՜յ քեզ հիմար, ― ասաց Զիլբորովիչը և խփեց իր ազդրին։ ― Դե իհարկե դեմ է։ Եթե նրանք լինեին կողմ, ես քեզ չէի պատմի նրանց մասին։

Չեմ ուզում սխալ հասկացված լինել, բայց երբ Լեոն հրապուրվեց այդ Լեոնարդո Տոլստոյով, սկսեց վազել նրա մոտ և խոսել միայն նրա մասին, ես ընկալեցի այդ որպես անսպասելի դավաճանություն։ Բանը նրանում է, որ անգիտակցաբար ես սովորել էի ունենալ նրան ձեռքի տակ, որպես հավատարիմ երկրպագու, որին միշտ կարելի էր ուղարկել սիգարետների կամ օղու շշի հետևից, և դուրս գցել գլխիցս, երբ նա ինձ պետք չէր։ Ես սովորել էի, որ ցանկացած ժամանակ կարող եմ գալ նրա մոտ, կարդալ նրան ինչ֊որ մի նոր բան և լսել նրա հիացմունքը։ Իսկ հիմա նա սկսեց կտրուկ փոխվել։ Չէ, նա առաջվա պես ինձ հաճույքով լսում էր և նույնիսկ գովում, բայց արդեն ոչ այնպես։ Արդեն ոչ թե հոյակապ է, հանճարեղ է, հիասքանչ է, այլ լավ է, հաջող է, վատ չի, իսկ Կառնավալովի մոտ․․․

Եվ հրամցնում է ինձ մի մեջբերում Կարնավալովից։ Ավելին, այն ժամանակվանից, ինչ նա դարձել էր իրեն՝ Կարնավալովի մերձավորներից, նրա իմ հանդեպ վերաբերմունքում հայտնվեց ինչ֊որ տիրական ներողամտություն։

Այս ամենը ես հիշում էի Ֆրանկֆուրտ֊ Տորոնտո թռչող ինքնաթիռում։


Հանճար Բեսկուդնիկովից

Ինչքան էլ որ խանդում էի, և թաքցնում իմ նախանձը, երբեմն հաջողված, երբեմն էլ տափակ կատակներ անելով, Զիլբերովիչի աղբանոցում գտած հանճարը անհանգստացնում էր իմ երևակայությունը։ Եվ երբ Զիլբերովիչը ցուցադրական կարևորությամբ հայտնեց ինձ, որ որ Սիմ Սիմիչը, իր, Զիլբերովիչի պրոտեկցիայի շնորհիվ, համաձայնվեց ինձ ընդունել, ես իմ հերթին հեգնանքով շնորհակալություն հայտնեցի ինձ տրված պատվի համար և բացատրեցի Զիլբերովիչին, որ համաձայնվում են ընդունել միայն մեծ պաշտոն ունեցող ղեկավարները, իսկ տարբեր հնոցապաններն և նման մանր մարդիկ ոչ թե համաձայնվում են ընդունել, այլ խնդրում են, որ իրենց այցելեն։

― Եվ ընդանրապես, ես բավականին շատ հանճարներ եմ տեսել, ― ասացի, ― և նրանք այնքան էլ չեն հետաքրքրում ինձ։ Բայց ես կարող եմ գալ քեզ հետ ուղղակի հետաքրքրասիրությունից դրդված և ոչ ավելին։

Իհարկե Զիլբերովիչը կարող էր զայրանալ և չտանել ինձ, բայց վտանգը, ճիշտն ասած, այնքան էլ մեծ չէր։

Ճանաչելով Զիլբերոցիչին իմ հինգ մատների նման, ես հասկանում էի, որ նա ուզում է թոզ փչել և՛ իմ և՛ Սիմ Սիմիչի աչքերին, ցույց տալով մեզ իրար։ Որովհետև նվիրվելով նրան, համենայն դեպս երբեմն հիշում էր, որ ես էլ նրա համար ինչ֊որ բան արժեմ։

Կարճ ասած, մի ձմեռային օր, մենք հավաքվեցինք և վերցնելով մեզ հետ մի շիշ «Կուբանսկայա», գնացինք սատանի ծոցում գտնվող Բեսկուդնիկովո։

Դուրս եկանք գնացքից սառցակալած կառամատույցում․ թափվում էր դեմքին խփող ծակող ձյուն, խավար էր (բոլոր լապտերները ջարդված էին), սառած աղբանոցի և էլի ինչ֊որ բանի զզվելի հոտ էր գալիս։ Հետո տեղական շների հաչոցի ուղեկցությամբ քարշ եկանք փոսերով պատված ինչ֊որ անկյուններով, որտեղ հավասարակշռությունը պահելու և ոտք չկոտերելու համար մեծ ճարպկություն էր պետք։

Վերջապես գտանք այն մանկապարտեզը և սարսափելի նկուղը, որը ներծծված էր մկների և քրտնքի հոտով։

Նկուղի սենյակներից մեկում էլ ապրում էր այդ նորահայտ հանճարը և Զիլբերովիչի կուռքը։

Մոտավորապես յոթ֊ութ քառակուսի մետրանոց սենյակ էր։ Պատերը պատված էին պատառոտված, տեղ֊տեղ խոնավ, տեղ֊տեղ էլ եղյանով ծածկված կանաչ պաստառներով։ Առաստաղի տակ փոքրիկ պատուհան՝ այն էլ վանդակապատ, ինչպես բանտախցում։ Կահավորանքը կազմում էին․ երկաթե ժանգոտ մահճակալը՝ մոխրագույն ծածկոցով, խոհանոցային սեղանը պահարանով, ամանեղենը պահելու համար և դարակով, որտեղ դրված էին ինքնաշեն դանակը՝ սարքված փականակագործական մետաղասղոցից, ալյումինե պատառաքաղը, որը վաղուց արդեն կորցրել էր իր ատամներից մեկը և ալյումինից ձուլված բաժակը, որի վրա քերծված էին տիրոջ ինիցիալները «Ս․Կ․»

Ժամանակին երկնագույն, բայց ներկը համարյա լրիվ թափված, տանիքի երկաթով պատված տախտակի վրա դրված էին ափի չափ հայելու կտոր, ածելիի մի մասը (սայրը պահող մամլակները և ինքը սայրը, բայց առանց բռնակի), վրձինը ( նույնպես առանց պոչի ― միայն խոզանակը), նաև շպրոտների պահածոյի ամանի մեջ դրված թրջված օճառը, որը այնքան սև էր և այնքան տհաճ հոտ ուներ, որ նույնիսկ սովետական խանությներում ամեն մեկը չէ, որ կարող էր գտնել։

Պատերին ոչինչ, բացի մի փոքրիկ սրբապատկերից հեռավոր անկյունում։

Կային նաև երկու լամպ։ Մեկը առաստաղին, մյուսը այսպես ասած սեղանի։ Ճիշտն ասած, դա նույնիսկ լամպ չէր, այլ ինչ֊որ այլանդակ կոնստրուկցիա, սարքված ոլորած մետաղալարից և մի կերպ փաթաթված, տեղ֊տեղ վառված թղթով։ Պետք է նաև նշել երկու մաշված աթոռակները, փոքր պահարանը և կախովի կողպեքով ծանր մետաղյա սնդուկը։ Անկյունում, դռան մոտ, պարտեզներում օգտագործվող լվացարան ալյումինե թասով նրա տակ, և կախիչ, որի վրա կախված էր ածուխի փոշու մեջ կորած տելոգրեյկան։ Մի քիչ ավելի մաքուրը տիրոջ հագին էր։ Բացի այդ նրա հագին կային բամբակյա շալվար և կրկնակոշիկներով վալենկաներ։

Նա բարձրահասակ էր, կուզիկ, ներս ընկած այտերով, երկաթե ատամներով։

― Ծանոթացիր, Սիմիչ, սա իմ ընկերն է։ Նա, իմիջիայլոց, ի տարբերություն քեզ, Գրողների միության անդամ է, ― բարձր ձայնով և իրեն հատուկ անբռնազբոսիկ ոճով ասաց Զիլբերովիչը։

Սիմիչը անվստահ մեկնեց ձեռքը և բարևի փախարեն ասաց․

Լավ։

Այդ ասելիս նա նայեց ինձ արագ և լարված հայացքով, ինչպես դա սովորաբար անում են նախկին զեկերը։

Ասում են, որ ժամանակակից օդանավերում կան հատուկ սարքեր, որոնք օդում տարբերում են յուրաիններին օտարներից։

Կալանավորների մոտ դա սարք չէ, դա հոտառություն է։ Ես հիմք ունեմ մտածելու, որ նա ինձ օտարի տեղ չդրեց։ Չնայած առաջին հանդիպման համար իրեն բավականին տարօրինակ պահեց։ Առանց տեսանելի հեգնանքի, բայց խայթելով հարցրեց։ Ուրեմն դուք պաշտոնապես համարվում եք գրո՞ղ։ Եվ դուք նույնիսկ փաստաթո՞ւթղթ ունեք, որ գրող եք։

― Այո, ― ասացի ես, ― համարվում եմ։ Եվ նույնիսկ փաստաթուղթ ունեմ։

Իսկ դուք ձեր գրքերը գրում եք տպագրական մեքենայի վրա՞, թե ոնց։

― Ոչ ասում եմ, ― ինչի համար։ Ես ունեմ «Էրիկա» գրամեքենա, ― նրա վրա էլ այսպես՝ չիկ֊չիկ֊չիկ֊չիկ և գրում եմ։

Զիլբերովիչը զգաց, որ խոսակցությունը գնում է մի ուրիշ, ոչ ցանկալի կողմ և ընդհատեց։

― Սիմիչ, իսկ դու այս գրչով ե՞ս գրում։

Միայն այդ հարցից հետո ես նկատեցի, որ սեղանին, լամպի կողքին դրված էր կրծոտված ծայրով փայտյա գրիչ։ Վերջին անգամ ես այդպիսի բան տեսել էի ցելինայում, ինչ֊որ կոլտնտեսությունում։

― Այո֊ այո, ― ասաց նա մարտահրավեր արտահայտող հայացքով նայելով ինձ վրա։ Հենց դրանով էլ գրում եմ։

― Սիմիչ, ― ասաց Զիլբերովիչը, ― չէ որ ես քեզ նվիրել էի ինքնահոս գրիչ։ Որտե՞ղ է այն։

― Ա՜, ինքնահոսը։ ― Նա բացեց սեղանի դարակը և այնտեղից դուրս բերեց պլաստմասսայից սարքված տուփը որի վրա դրոշմած էր «Սոյուզ»։

― Իսկ ի՞նչու ես գրում այս անպետքությունով, ― հարցրեց Զիլբերովիչը։

Ճիշտն ասած, Զիլբերովիչի պահվածքը ինձ հաճախ էր զայրացնում էր, բայց տվյալ պահին, ինձ թվում է, նա ոչ մի արտակարգ բան չասաց։ Ւսկ Սիմիչը չգիտես ինչու հանկարծ զայրացավ, և այնպես նայեց խեղճ Լեոյին, կարծես ուզում էր այրել նրան հայացքով։

― Այսպիսի անպետքությամբ, ― ասաց նա ատելությամբ, ― և ավելի անպետք բաներով, նույնիսկ փետուրե անպետքություններով է գրված ամբողջ համաշխարհային գրականությունը։ Ոչ թե գրամեքենաներով, էրիկաներով կամ գարիկներով, այլ հենց այսպիսի անպետքությամբ։

Հետո նա բարիացավ և նույնիսկ թույլ տվեց Զիլբերովիչին բացել շիշը։ Ճիշտ է, ինքը համարյա թե ոչինչ չխմեց, մնացածն էլ ես ու Զիլբերովչը վերջացրինք։ Այն էլ խմում էինք հերթով տիրոջ բաժակից, հետն ուտելով սոխով հալված պանրիկ։

Ինձ թվում էր, որ մեր հարաբերությունները արդեն կայացել են, բայց երբ Զիլբերովիչը խնդրեց որևիցե բան կարդալ, նա նոիրց զայրացավ, և աչքերով կրակելով Լեոյի կողմը, սկսեց պնդել, որ նա կարդալու բան չունի, որովհետև նա ընդհանրապես ոչինչ չի գրում։ Իսկ եթե երբեմն ինչ֊որ բան մրոտում է, բացառապես իր համար։ Երևում է, նա ինձ միևնույն է չէր վստահում։

Իսկ Զիլբերովիչին վստահում էր այնքան, որ նույնիսկ հայտնեց նրան իր սնդուկի այրող գաղտնիքը։ Գաղտնիքը կայանում էր նրանում, որ տասներեք արդեն գրված ժայռաբեկորները և քառասուն դեռ չգրվածների համար նախապատրաստված նյութերը պահվում էին հենց այդ սնդուկում, ամբարի կախովի կողպեքի տակ։ Ինչի մասին իհարկե, Զիլբովիչը (գաղտնիքների մեծ պահապանը) ասաց ինձ այն բքոտ գիշերը, երբ մենք խարխափելով սառցակալած փոսերով, մի կերպ գնում էինք մինչև գնացքը։

― Դե, հիմա դու հասկացա՞ր, ― հարցրեց Զիլբերովիչը հուզված։ ― Դու հասկացա՞ր, որ Սիմիչը հանճար է։

― Միստր Զիլբերովիչ, ― ասացի ես նրան, իսկ դուք կարո՞ղ եք, թեկուզ հարբած լինելու պատճառով, սիրալիր բացատրել ինձ, թե ինչ առնչություն ունեք դուք կանացի սեռի հետ։

― Դու ինչը նկատի ունես, ― Լեոն կանգ առավ և շրջեց դեպի ինձ իր մթում կապույտ թվացող երկար քթով դեմքը։

― Ես նկատի ունեմ, որ դու քո արտաքին տվյալներով և ակնառու պահպանակով, որը համաձայն լեգենդի պետք է համապատասխանի մարմնի մյուս մասերին, ամբողջ ժամանակ վազում ես հանճարների հետևից, չնայած կարող էիր վազել կանանց հետևից։ Ազնվորեն ասա, դու պեդի՞կ ես, թե իմպո։

― Լսիր, ― ասաց Զիլբերովիչը, ցրտից կծկվելով և պահելով վերարկուի օձի քը, ― դու անպայման պետք է ամեն ինչ իմանա՞ս։

― Ինձ պետք չի, բայց հետաքրքիր է, ― ասացի ես։ Բայց դու կարող ես պատասխան չտալ։

― Կարող եմ պատասխան չտալ, ― ասաց նա, ― կարող եմ և պատասխանել։ Կամ ավելի ճիշտ հարցնել։ Կարո՞ղ ես դու ինձ ասել, ինչի համար է այդ ամենը պետք և ի՞նչ լավ բան կա այդ կանանց մեջ։

Այ քեզ բա՜ն, ― ասացի ես մի քիչ ապշած։ ― Ոչ մի լավ բան իհարկե չկա, բայց հետաքրքիր է։ Բնության կանչ։ Դու ինչ է, հիմա՞ր ես ― զայրացա ես։ ― Չե՞ս հասկանում։

― Ոչ ասաց Զիլբերովիչը։ ― Չեմ հասկանում։ Դու կարծում ես ես աննորմալ ե՞մ։ Նորմալ եմ։ Ինձ մոտ ամեն ինչ աշխատում է, և ես ամեն ինչ փորձել եմ։ Դե այո, հաճելի է։ Բայց հինգ րոպե հաճույքի համար այնքա՜ն իրարանցում մինչև և հետո։

Ուրեմն դու կանանց հետ իրարանցում չե՞ս ուզում։

― Չեմ ուզում, գլուխը թափ տվեց Զիլբերովիչը։

― Իսկ հանճարների հետ ուզո՞ւմ ես։

― Հանճարների հետ ուզում եմ։

― Հիմար, ― ասացի ես Զիլբերովիչին։

― Ինքնդ ես հիմար, ― պատասխանեց Զիլբերովիչը։

Դա միակ դեպքն էր, երբ ես հետաքրքրվեցի Զիլբորովիչի անձնական կյանքով։


Առաջնորդը և հոտը

Հիմա ես չեմ պատրաստվում կրկնել Սիմիչի ողջ պատմությունը, դա բավականին լավ և լայնորեն հայտնի է։ Կարնավալովի մասին արդեն գրված են հազարավոր և նույնիսկ տասնյակ հազարավոր հորդվածներ, դիսերտացիաներ, մենագրություններ։ Նրա մասին նույնիսկ նկարահանված է մի քանի վավերագրական և մեկ գեղարվեստական ֆիլմ (ճիշտ է բավականին թույլ)։ Իմ սերնդակիցները լավ են հիշում, թե ինչպես Կարնավալովը տպվելով արտասահմանում, միանգամից հայտնի դարձավ ամբողջ աշխարհում։ Ողջ սովետական իշխանությունը ― և Գրողների Միությունը, և՛ լրագրողները, և՛ ԿԳԲ, և՛ միլիցիան ― սկսեցին նրա դեմ կայնքի ու մահու պայքար մղել, բայց ոչինչ չկարողացան անել։

Սկզբում, երբ նա տպեց իր առաջին ժայռաբեկորը, իշխանությունները ուղղակի շփոթվեցին։ Դա այն ժամանակն էր, երբ մեր կառավարությունը սիրաշահում էր Արևմուտքին, հույս ունենալով այնտեղ ինչ֊որ բան գնել կամ գողանալ, և Սոլժենիցինի և ուրիշ գրողների հետ պատմություններից հետո, խուսափում էր որևիցե խայտառակությունից կապված գրողների հետ։

Դրա համար էլ տրված էր ցուցում Կարնավալովի հետ վարվել մարդկայնորեն։ Նրա հետ անցկացնել զրույց, որպեսզի նա զղջա «Լիտերատուրնայա գազետայում» և խոսք տա այլևս երբեք Արևմուտքում չտպագրվել։ Դրա համար էլ, երբ նրան առաջին անգամ կանչեցին քննիչի մոտ, խոսակցությունը մեղմ էր։ Պարզվեց, որ քննիչը բեկորների հեղինակի գրական տաղանդի մեծագույն երկրպագուն է։

― Ես իհարկե, մասնագետ չեմ, ― ասաց քննիչը, ― ես ուղղակի ընթերղող եմ։ Բայց ինձ ձեր վեպը շատ դուր եկավ։ Որոշ էջերի վրա ես նույնիսկ լաց եղա։ ― Ընդսմին նա նույնիսկ սվսվացրեց քթով և սրբեց ակնոցները ցույց տալով, թե ինչպես է լաց եղել։ Ափսոս միայն, որ վեպը տպագրվել է ոչ այնքան պատեհ ժամանակ։ Ուրիշ անգամ մենք դա նույնիսկ կողջունեինք, բայց հիմա, երբ միջազգային դրությունը բարդացել է, մեր թշնամիները, իհարկե, կաշխատեն օգտագործել ձեր վեպը վատ նպատակներով։

Որպեսզի այդպես չլինի, քննիչը առաջարկեց անհապաղ վճռական պատասխան տալ «Լիտերատուրնայա գազետայի» էջերում։

Սիմիչը խոստացավ դա անել, բայց տուն հասնելուն պես, հենց իր կաթսայատանը հարցազրույց հրավիրեց արտասահմանյան լրագրողների համար։ Եվ նրանց առաջ շատ տպավորիչ ճառ արտասանեց ընդեմ կոմմունիզմի և կոմմունիստների, որոնց նա անվանեց ամենակուլ կոմմունիստներ, կամ ուղղակի զագլոտչիկներ։

Արձագանքը անսովոր էր։ Սիմիչը միանգամից հայտնի դարձավ ոչ միայն որպես աշխարհի ամենալավ գրող, այլև հերոս, և այդ անվախ ռուս հերոսի մասին խոսեց ամբողջ երկրագունդը։ Հենց որ աշխարհը մի քիչ հանգստանում էր և իշխանությունը համարում էր, որ երբ աղմուկը դադարի, նրան միանգամից կխժռի, նա, հիմար չլինելով, անհապաղ տպում էր նոր բեկոր։ Սկսվում էր ավելի մեծ աղմուկ, և նրա ենթադրյալ կալանավորումը կարող էր ավելի մեծ միջազգային արձագանք ստանալ, քան նույնիսկ, ներխուժումը Չեխոսլովակիա կամ Աղվանստան։ Իշխանությունները փորձում էին և այսպես, և այնպես, առաջարկում էին ինքնակամ մեկնել երկրից։ Բայց նա ոչ միայն չարեց դա, այլև հիշելով Սոլժենիցինի հետ կատարվածը, դիմեց աշխարհին խնդրանքով չհամաձայնվել ընդունել նրան, եթե ամենակուլների մտքով անցնի ուժով դուրս գցել նրան։

Իշխանությունները ուղղակի ոռնացին, չիմանալով ինչ անել։ Կալանավորումը չէր ստացվում։ Կարնավալովի երկրպագուները (իսկ նրանց թիվը հասնում էր հազարների) հետևում էին նրա գործունեությանը և իշխանությունների գործելակերպին։ Իշխանությունները վախ ունեին, որ Կառնավալովի բացահայտ կալանավորումը կարող է բերել ապստամբության։ Ավտովթարը կլիներ սպիտակ թելերով կարված, մնում էր միայն գաղտնի վտարումը, բայց ինչպե՞ս և ո՞ւր վտարել, եթե բոլոր արևմտյան տերությունները հրաժարվում էին նրան ընդունել։ Այն ժամանակ ԿԳԲ իրականացրեց փայլուն և օրիգինալ գործողություն։

Սիմիչին կալանավորեցին երեկոյան ժամը տասնմեկին խիստ գաղտնիության պայմաններում։ Բարեկամներին մեկուսացրեցին, անջատեցին ոչ միայն նրա, այլ նաև նրա բոլոր հարևանների հեռախոսները։ Մամուլը ոչինչ չէր իմանա, եթե ՅՈԻՊԻ գործակալության թղթակիցը պատահաբար կողքով անցնելիս չլիներ։ Նա տեսավ, թե ինչպես էին Սիմիչին դուրս բերում տանից և խցկում մեքենայի մեջ։ Բայց մինչև ստուգում էր այդ տվյալները, մինչև հաղորդեց դրանք տելետայպով, Սիմիչին արդեն պարաշուտով ինքնաթիռից դուրս էին գցում Հոլլանդիայի վրա։ Ւնչպես հետագայում հայտնի դարձավ, հոլլանդական ոստիկանությունը հայտնաբերելով այդչափ անսովոր դեսանտային, փորձ արեց հենց նույն գիշերը նրան հրել Բելգիա, բայց բելգիացիները, ինչ֊որ կերպ գլխի ընկնելով այդ օպերացիայի մասին, սահմանի վրա կենտրոնացրին իրենց զորքերը և ետ հրեցին նրան։ Հոլլանդացիներին ոչինչ չէր մնում, քան պահպանել դեմքի լավ արտահայտություն, վատ խաղի դեպքում։ Առավոտյան այդ երկրի կառավարությունը հայտարարեց, որ չնայած Նիդեռլանդների տերրիտորիան չափազանց փոքր է, միևնույն է այնտեղ տեղ կգտնվի պարոն Կարնավալովի գրասեղանի համար։ Սակայն արդեն մի քանի օր հետո Կարնավալովը ցանկություն հայտնեց տեղափոխվել Կանադա, քանի որ այնտեղ բնությունը շատ էր հիշեցնում այն երկիրը, որտեղ նա մեծացել էր։ Այնպես որ վերջ ի վերջո, ամեն ինչ վերջացավ ի հաճույքս բոլորի։

Կարծես թե ես ես խցկվեցի այնտեղ և պատմում եմ այն մասին, ինչ առանց այդ էլ բոլորին հայտնի է։ Իսկ իմ խնդիրը դրանում չի կայանում։ Ճիշտն ասած, ես ոչ մի խնդիր էլ չունեմ, ես ուղղակի հիշում եմ առանձին դրվագներ մեր հարաբերություններից, ոչ միշտ կարևոր և հաճախ ոչ այնքան կապված իրար հետ։

Համենայն դեպս ժամանակը, երբ մենք ծանոթացանք, հետո սկսեցին անվանել օտտեպելնիյ (ձնհալային)։

Ամեն ինչ հալչում էր և բոլորը հալվում էին։ Նույնիսկ նախկին կալանավորները։ Եվ նույնիսկ գաղտնապահներից գաղտնապահ Սիմ Սիմիչը։

Ես հետո էլի շատ անգամ եմ եղել նրա մոտ և Զիլբերոոիչի հետ և մենակ։ Վերջի վերջո, նկատելով, որ ես նրա հանդեպ չունեմ ոչ մի վատ մտադրություն, Սիմիչը սկսեց ինձ վստահել և կարդալու համար տալիս էր ինձ ոչ միայն «ԿՊԶ»֊ները այլև առանձին գլուխներ ուրիշ բեկորներից։

Նա գնում էր իր կաթսայատուն ածուխ խառնելու, իսկ ես նստում էի նրա խոհանոցային սեղանի առաջ և ագահորեն կարդում։ Իմիջիայլոց, ես դեռ այն ժամանակ ուշադրություն դարձրի «ԿՊԶ»֊ի գլուխներից մեկի վրա։ Նա շատ մեծ էր, մոտավորապես հարյուր էջ, և առանձնանում էր ամբողջ պատմությունից։ Նրա սկսզբում նույնիսկ ասված էր, որ այն ոչ թե թեթև գրականության սիրահարների համար է, այլ հետաքրքրիչ ընթերցողի համար։ «Հետաքրքրիչ» բառը, Սիմիչը իհարկե քաղել էր Դալի բառարանից, որը նա մշտապես կարդում էր և օգտագործում իր աշխատանքում։ Ուրեմն ես բավականին հետաքրքրիչ դուրս եկա և ամբողջ այդ գլուխը համբերությամբ կարդացի։ Չնայած նա ավելի շատ նման էր ոչ թե վեպի առանձին գլխի, այլ գիտական աշխատության։ Նրա վերնագրված էր՝ «Առաջնորդը և հոտը»։ Այնտեղ նորից հիշվում էր տխրահռչակ սպերմատոզոիդը, որը այն երկու հարյուր միլլիոնի հետ ինչ֊որ տեղ էր ձգտում։ Եվ ասված էր, որ բնությունը բոլոր կենդանի էակներին, սկսած սպերմատոզոիդներից և վերջացրած բարձրագույն կենդանիներով բաժանում է առաջնորդների և հոտի անդամների։ Մեծ տեղ էր տրված ոչխարների, գայլերի, սագերի, փոկերի վարքագծին և այդ օրենքները հեղինակը տեղափոխում էր մարդկային հասարակության վրա, որտեղ նույնպես կա բնական բաժանում առաջնորդների և հոտի։

Այդ պատճառով իմ ու Սիմիչի միջև այն ժամանակ տեղի ունեցավ առաջին լուրջ վեճը։ Նա վերադարձել էր կաթսայատնից, և սենյակի մեջտեղում կանգնած իր ամանից գարեձավարի շիլա էր ուտում։ Ինձ չէր հյուրասիրում, բայց ես ինքս էլ դա չէի ուտի։ Ես ասացի, որ գլուխը ինձ շատ դուր եկավ, բայց պետք է նկատի ունենալ, որ կենդանիների աշխարհը և մարդկային հասարակությունը էապես տարբերվում են միմյանցից։ Եվ չնայած մարդն էլ ունի խմբակային զգացմունքներ, բայց միևնույն է նրա մոտ ավելի զարգացած են անհատական որակները, ձգտումը ազատության, և ընդանրապես, մարդիկ չեն կարող կուրորեն հնազանդվել բնությանը, մարդկային հասարակությունը պետք է հիմնված լինի բազմակարծության հիմքի վրա։ Այդ «բազմակարծություն» բառը այն ժամանակ դարձել էր մոդայիկ մեր շրջանում և մենք օգտագործում էինք այն տեղին ու անտեղի։ Եվ ես էլ այդ բառը թռցրի շատ անզգուշաբար։ Ես դեռ չգիտեի, որ դա նրա համար ամենաատելի խոսքն է։ Իմ ասածները նրան այնքան վրդովեցին, որ նա սկսեց ցնցվել ամբողջ մարմնով և քիչ էր մնում խեղդվեր իր շիլայով։

― Բազմակարծությո՞ւն, ― բացականչեց նա։ Նրանք նույնիսկ ավելի վատն են, քան կուլտվողները։ Դու ինքդ էլ չես հասկանում, թե ինչ ես խոսում։ Վերցրու թեկուզ սագերի երամը։ Երբ նրանք ինչ֊որ տեղ թռչում են, միշտ ունեն առաջնորդ։ Իսկ եթե առաջնորդ չլինի և լինեն միայն բազմակարծողներ, նրանք կթռչեն տարբեր կողմեր և բոլորը կզոհվեն։

― Այդ օրինակը այնքան էլ հաջող չէ, ― առարկեցի ես։ Սագերի մոտ ամեն ինչ մի քիչ այլ կերպ է լինում։ Նրանց մոտ մեկ մեկն է տանում երամը, մեկ մյուսը, նրանց մոտ այդպիսի սագային դեմոկրատիա կա։

― Անպետքոկրատիա, ― բացականչեց Սիմիչը։ ― Դեմոկտատիայում ոչ մի լավ բան չկա։ Երբ պատահում է հրդեհ, բոլոր բազմակարծիքները փնտրում են այն մեկին, որը նրանց դուրս կբերի կրակից։ Այդ գովված դեմոկրատները վաղուց քայքայվում են, ոչնչանում, կորել են շքեղ կյանքի և պորնոգրաֆիայի մեջ։ Դա մեր ժողովրդին հատուկ չէ։ Մեր ժողովուրդը միշտ իր միջից առաջադրում է այն մեկին, որը գիտի ուր գնալ։

Այն ժամանակ առաջին անգամ ես կասկածեցի, որ այդ մեկի տակ նա նկատի ունի իրեն։

Հիմա ոմանք ասում են, որ նա Արևմուտքում այդպես փոխվեց։ Իսկ ես ասում եմ, որ նա միշտ է եղել այդպիսին։ Մի օր, հիշում եմ (այս անգամ էլ ի դեպ նա ուտում էր գարեձավարի շիլա), մենք խոսում էինք Աղվանստանից և ես ասացի, որ այդ պատերազմը սարսափելի է։ Իսկ նա ասաց սարսափելի է, բայց անհրաժեշտ։ Որովհետև, երբ մենք կուլտվողներին քշենք, մեզ անպայման պետք կգա Հնդկական օվկիանոսը։

Ես նրան ասացի․

― Նախքան դեպի Հնդկական օվկիանոս ելք ունենալու համար մտհոգվելը, դու գոնե քո ներքնահարկի ելքը կարգի բերեիր։ Միգուցե տախտակներ դնեիր, թե չէ ախր այնպիսի ցեխ է, որ կարելի է խեղդվել։

Բայց դրանք իհարկե հատուկենտ վեճեր էին։ Իսկ ընդհանրապես և՛ նրա բեկորները, և՛ պահվածքը այնքան էին ինձ գրավել, որ ես Սիմիչին դրեցի բոլորից բարձր և նրա ներկայությամբ սարսափելի քաշվում էի։


Լիրիկական շեղում մորուքի մասին

Ամենից շատ նրա մեջ ինձ զարմացնում էր որևիցե շտապողականության բացակայությունը։ Նա չէր ձգտում տպագրվել, ճանաչված դառնալ, ստանալ հոնորարներ, ապրել լավ բնակարանում, ավելի լավ ուտել և հագնվել։ Հետո ես շատ զարմացա, երբ Սիմիչը լինելով փառքի շեմքին սկսեց մեծ նշանակություն տալ իր արտաքինին և նույնիսկ մորուք աճեցրեց։ Նրա մորուքի մասին ես մտածում էի, որ դա նրան չի սազում և նույնիսկ հակասում է նրա ներքին նկարագրին։ Բայց հետո ես ստիպված էի ընդունել, որ այս դեպքում էլ, նա հստակ գիտեր իր անելիքը։ Գիտեր, երբ ման գալ մորուքով և երբ առանց դրա։ Լինելով հնոցապան, եթե նա աճեցներ ցանկացած երկարության մորուք, հազիվ թե դա կբերեր նրան որևիցե օգուտ։ Ծայրահեղ դեպքում Բեսկուդինովոյի բնակիչների կողմից կընդունվեր որպես քաղաքային խելագար։ Հասկանալի է, որ այդպիսի համբավի համար նա երբեք չէր գնա այն անհարմարություններին, որոնք կապված են մորուք կրելու հետ, առավել ևս նկատի ունենալով նրա պարտականությունները, դա հրդեհի դեպքում կլիներ չափազանց վտանգավոր։ Իսկ երբ եկավ ճանաչումը, նրա հետ էլ երկրպագուների և լրագրողների ամբոխը, մորուքը շատ տեղին եղավ։ Հարյուրավոր հեռուստաէկրաններով բազմապատկված, դա թողնում էր անջնջելի տպավորություն։

Ճիշտն ասած, ես ունեմ մի ամբողջ հետազոտություն մորուքի մասին, որը, ամեն մի ցանկացող կարող է ստանալ աշխարհի համարյա ամեն մի գրադարանում։ Բայց նրանց համար, ով ծուլանում է գրադարան գնալ, ես կարճ կբացատրեմ, որ իմ խորին համոզմամբ, մորուքը խաղում է շատ մեծ դեր առաջավոր գաղափարների, տեսությունների տարածման և ուղեղներին տիրապետելու գործում։ Ես մտածում եմ, որ մարքսիզմը երբեք չէր կարող գրավել մասսաներին, եթե Մարկսը իր ժամանակին թեկուզև ստիպողաբար, սափրված լիներ։ Լենինը, Կաստրոն, Հոմեյնին՝ չէին կարողանա իրագործել հեղափոխություն այս կամ այն երկրում, եթե սափրված լինեին։ Իհարկե, գրավել իշխանությունը այս կամ այն երկրում կամ նվաճել տարացքներ, երբեմն հաջողվում էր և մորուսավորներին և անմորուսներին։ Բայց դեռ ոչ մի անմորուսի չի հաջողվել դառնալ մարգարե։

Ավելորդ չէ նշել, որ մորուքը մորուքից տարբեր է լինում։ Որպեսզի տարբերվի ընդհանուր շարքից, մորուք կրողը պետք է խուսափի ամեն մի կրկնօրինակումից։ Երբեք պետք չէ պահել մորուք, որը կարելի է անվանել՝ մարկսյան, լենինյան, խոշեմինյան կամ տոլստովյան։ Այդ դեպքում ձեզ կարող են դասել ոչ թե մարգարեների, այլ միայն հետևորդների թվին։ Սիմ Սիմիչը դա լավ էր հասկացել, բայց օպտիմալ լուծումը միանգամից չգտավ։ Սկզբից նա շատ հեռուն գնաց և աճեցրեց այնպիսի երկարության մորուք, որ արագ քայլելիս երբեմն ինքն էլ տրորում էր։ Դա շատ անհարմար էր և անիմաստ, որովհետև խոշոր պլանով նկարահանումների ժամանակ, մորուքը չէր տեղավորվում կադրի մեջ։ Հարկ եղավ կարճեցնել, և այն ժամանակվանից ճշմարիտ կարնավալովյան էր համարվում այն մորուքը, որը մի թեթև ծածկում էր ծնկները։

Ոմանք կարող են հարցնել, արդյո՞ք ես չափից ավելի ուշադրության չեմ դարձնում մորուքի վրա։ Ինչ հիմարություններ էլ մարգարեն անի, կարևորը միևնույն է նրա արտաքինը չէ, այլ նրա մտքերն ու գաղափարները։ Դա համընդհանուր պատրանք է, որը ես արդեն շատ տարիներ միանգամայն անօգուտ աշխատում եմ հերքել։ Մարգարեների մտքերն ու գաղափարները երկրորդական են։ Մարգարեն առաջին հերթին ազդում է ոչ թե ուղեղի, այլ հորմոնալ ոլորտի վրա, ինչի համար էլ պետք են մորուքը և նրան համապատասխանող ժեստերը, շարժումները, ծամածռությունները։ Սեքսուալ գրգռված ամբոխը, սխալմամբ կարծում է, որ տիրապետել է այն գաղափարներին, հանուն որոնց արժի ոչնչացնել եկեղեցիները, կառուցել ջրանցքներ և ոչնչացնել իր նմաններին։ Հետաքրքիր է, որ սանձազերծելով բազմության սեքսուալ էներգիան, իրենք, մարգարեները, հաճախ իմպոտենտ են լինում և խոսում են կանացի ձայնով։ Սակայն Սիմիչին դա վերաբերվում է մասնակիորեն։ Նրա ձայնը իսկապես բարակ է, բայց մնացյալում, ինչպես ես լսել եմ, ամեն ինչ կարգին է և հենց այդ հակասությունը իմ տեսության հետ, խանգարում է ինձ ճանչել նրան որպես իսկական մարգարե։


Փեսացուն

Ես պատմում եմ իրադարձությունների մասին որոնց վկան եմ եղել, խախտելով հաջորդականությունը, որովհետև ինձ հետ պատահածի արդյունքում ես կորցրել եմ ներքին զգացողությունս անցյալի և ապագայի միջև։

Երբ Սիմիչը հայտնի դարձավ, նրան բոլորը միահամուռ ճանաչեցին։ Նրա մասին կարելի էր խոսել միայն վսեմ տոնով, թույլ չտալով ոչ մի քննադատություն։ Իսկ երբ նա արդեն ամուսնացել էր Ժանետայի հետ, նրա մոտ ընդհանրապես չէր կարելի ասել, որ ասենք թե Սիմիչի մոտ ինչ֊որ մի առանձին արտահայտություն կամ տող դուր չի եկել։ Այն ամենը ինչ անում էր Սիմիչը այնքան անառարկելի հիանալի էր, որ նույնիսկ «հանճար» արտահայտությունը անբավարար էր թվում։

Բայց Ժանետան, իմիջիայլոց, գնահատեց նրան ոչ միանգամից։ Ես հիշում եմ այն ժամանակը, երբ Սիմիչը ինձ ոչ միայն զարմացրեց, այլև ցնցեց նրանով, թե ինչպես էր սիրահարվել առաջին հայացքից և միանգամից որոշել էր գայթակղել Ժանետային իր «ԿՊԶ»֊ով, որը շականակագույն ժապավեններով կապված գրասենյակային թղթապանակի մեջ, անձամբ բերեց նրան կարդալու համար։

Ժանետան հիմա դրա մասին ընդհանրապես չի հիշում, բայց այն ժամանակ «ԿՊԶ»֊ին վերաբերվեց շատ խիստ։

Դե ասա, ― հարցնում էր նա ինձ, ― ի՞նչու է նա գրում այդքան երկար և ի՞նչու նրա բոլոր հերոսները այդքան անթև են, անողնաշար և թերի։ Ի՞նչու է նա մեր կյանքը նկարագրում միայն սև գույներով։ Մի՞թե նա չէր կարող գտնել ոչ մի դրական բան։ Դե իհարկե, բոլորը գիտեն, առանձին սխալներ և չարաշահումներ եղել են և դրանց մասին պարտիան անկեղծորեն ասաց։ Վերջ ի վերջո, որքա՞ն կարելի է նույն բանի մասին։ Չէ՞ որ մեզ մոտ միայն վատը չի եղել։ Որքան նոր քաղաքներ, գործարաններ, էլեկտրոկայաններ են կառուցվել․․․

Նման կարծիքներ ես լսել էի Ժանետայից դեռ այս խոսակցությունից բավականին առաջ։ Ճիշտ է, նախկինում, նա արտասանում էր դրանք շատ ավելի վստահ։ Իսկ հիմա նրա մեջ հայտնվել են որոշ կասկածներ «մեր գործի» իրավության մեջ։ Նա իր համար աննկատելի հեռանում էր մի գաղափարախոսությունից, բայց մյուսներին դեռ չէր հասել։

Ինչպես հիմա հիշում եմ, մի անգամ լինելով Ստրոմինկայում և չունենալով գրպանումս նույնիսկ երկու կոպեկ, որոշեցի առանց նախազգուշացնելու այցելել Զիլբերովիչին։

Բարձրանալով չորրոդ հարկ, հենց Զիլբերովիչի դռների մոտ քիթ֊քթի հանդիպեցի ամբողջովին սպիտակ հագնաված մարդու հետ․ սպիտակ պարուսինե վարտիքով, պարուսինե պիջակով, ատամնափոշիով մաքրված պարուսինե կոշիկներով, և վաղ երեսունական թվականների նմուշի գլխարկով (որտեղից էլ գտել էր) ― նորից պարուսինից։

― Բարի օր, Սիմ Սիմիչ, ― ողջունեցի ես։

Նա մի տեսակ տարօրինակ նայեց ինձ, ասես չճանաչելով, և, ոչինչ չպատասխանելով, դանդաղ և խարխափելով ինչպես կույր, սկսեց իջնել աստիճաններով։

Դուռը բացեց Կլեոպատրա Կազիմիրովնան։ Նա շատ հուզված էր և շշուկով ասաց ինձ, որ այդ «խրտվիլակը» հենց նոր իր Նետոչկային (այդպես էր նա անվանում աղջկան) առաջարկություն արեց։

― Դա ուղղակի հանդգնություն է, ― վրդովվում էր նա։ ― Չունենալով ոչ մի դիրք և այն էլ այդ տարիքում․․․

Ի դեպ, տարիքի մասին․ Սիմիչը այն ժամանակ միայն քառասունչորս տարեկան էր, բայց շատ ավելի մեծ էր երևում։

Կլեոպատրա Կազիմիրովնան ասաց ինձ, որ Լեոն շուտով կգա, իսկ Նետոչկան իր սենյակում է։ Եվ գնաց խոհանոց։ Ժանետան չթե խալաթով նստած էր պատուհանի գոգին և փողոց էր նայում (երևի ուզում էր տեսնել, թե ինչպես է նա դուրս գալու մուտքից)։ Սենյակի մեջտեղում գտնվող կլոր սեղանի վրա դրված էին չբացված ալժիրյան գինին և մանիկյուրի պարագաներով կարմիր թավշյա տուփը։

Ժանետան ինձ հետ սովորաբար չէր կիսվում, իսկ այստեղ հանկարծ մանրամասն պատմեց, թե ինչպես եկավ Սիմիչը, ինչպես էր հուզվում, երկար ժամանակ թեյ էր խմում և չէր գնում, ինչպես վերջապես վեր կացավ և հնում ընդունված կարգով առաջարկեց իր ձեռքն ու սիրտը։ Իսկ երբ նա մերժեց, Սիմիչը զայրացավ և խոստացավ, որ նա դեռ շատ կփոշմանի այդ որոշման համար, որովհետև շուտով իր մասին կիմանա ամբողջ աշխարհը։

― Դու պատկերացնո՞ւմ ես․ ― ասաց նա ինձ հուզվելով և վրդովվելով, միաժամանակ ճնշելով իր համար անսովոր մի ինչ֊որ անվստահություն։ ― Նրա մասին կիմանա ամբո՛ղջ աշխարհը։ Դու կարո՞ղ ես դա քեզ պատկերացնել։

― Կարող եմ ― կարճ ասացի ես։

― Ինչո՞ւ, ― զարմացավ նա։ ― Երկրագնդի վրա կան տասնյակ կամ հարյուր հազարավոր գրողներ, որոնցից ամեն մեկը հույս ունի հռչակվել ամբողջ աշխարհում։

― Այո, ― ասացի ես, ― ամեն մեկն էր հույս ունի։ Բայց նրանցից ոմանք միևնույն է իզուր չեն հույս դնում։ Դու ախր կարդացել ես նրա մոտ, որ միայն մեկը երկու հարյուր միլլիոն սպերմատոզոիդներից մարդ կդառնա։

― Դու կարծում ես Սիմիչը հենց այդ մե՞կն է, ― հարցրեց նա, հեգնանքի տակ թաքցնելով կասկածը։

― Նա շատ համառն է, ― ասացի ես խուսափողաբար։

― Նա խելագար է, ― ասաց Ժանետան։ ― Դու գիտե՞ս, թե նա ինձ ինչ է ասել։ Որ համարյա թե արքայական ծագում ունի։ Այդ հենց նա՞, այդ պարուսինե գլխարկով հաշվապա՞հը։

Ես կարծում եմ, որ նա վաղուց մոռացել է այդ բառերը, իսկ ես երբեք քաջություն չեմ ունենա հիշենել նրան այդ մասին։


Դուք ունե՞ք այդենտիֆիկեյշեն

Մենք շարժվում էինք տեղական համար 4 ճանապարհով, խոտորեն պահպանելով հրահանգը․ առջևում ցեխոտված համարներով երկնագույն «շևրոլեն, նրա ետևից ես, վարձակալաությամբ վերցված «տոյոտայով»։ Սահմանված կարգով, ես աշխատում էի պահպանել հեռավորությունը, չափից ավելի չմոտենալ «շեվրոլեին» և միևնույն ժամանակ աչքից բաց չթողնել նրան։

Ես մտածում էի, թե հետաքրքիր է, ո՞ւր է նայում կանադական ոստիկանությունը և ինչու ուշադրություն չի դարձնում այն բանի վրա, որ համարը ցեխոտ է, չնայած Տորոնտոյի մոտակայքում, դատելով չորացած խոտից, անձրևներ վաղուց չեն եղել։ Եվ իհարկե, մտածում էի Սիմիչի, նրա տարօրինակ արարքների ու սովորությունների մասին, այս լրտեսական խաղի հիմարության մասին, որի ժամանակ պետք է փակել պատուհանները և կեղտոտել մեքենայի համարը։

― Անորսալի Ջոյին նայե՛ք, ― ասացի ինքս ինձ, հիշելով ձիավորի մասին անեկդոտը, որը երևակայում էր, որ իրեն երբեք չեն բռնի, այն պարագայում, երբ նրան ոչ ոք մտադրություն չուներ բռնելու։

Առջևից ընթացող մեքենայի վարորդը լավ գիտեր իր գործը։ Նա ամբողջ ժամանակ պահում էր նույն արագությունը, կտրուկ շարժումներ չէր անում և միշտ նախորոք միացնում էր շրջապտույտի ազդանշանը։

Փոքրիկ քաղաքից հետո, որի անունը կարծես թե Լորենսվիլ է, սկսվեց մետաղացանցով շրջափակված եղևնու մեծ անտառը։ Այդ ցանցի կողքով մենք անցել էինք արդեն մի քանի կիլոմետր, երբ «շեվրոլեի» վարորդը միացրեց աջ շրջադարձը։

Անտառ մտնող ճանապարհը ուշագրավ էր միայն նրանով, որ համարյա աննկատելի էր։ Ճանապարհի սկզբի մոտ, ցանկապատի վրա կախված էր մի մեծ սպիտակ վահանակ այսպիսի տեքստով․

ATTENTION!!!

PRIVATE PROPERTY!

TRESPASSING STRICTLY PROHIBITED!

VIOLATORS WILL BE PROSECUTED!

Ակնհայտ է, որ «շեվրոլեին» այս նախաղգուշացումը չէր վերաբերվում։

Եվս մի քանի կիլոմետր չոր, մանրախճով պատված ճանապարհ և մենք կանգ առանք կանաչ երկաթյա դարպասի առջև, որի երկու կողմերից շարունակվում և անհայտանում էր անտառում, նույնպիսի կանաչ երկաթյա պարիսպ։ Ավելի ճիշտ, կանգ առա միայն ես իմ «տոյոտայով»։ «Շեվրոլեյի» առջև դարպասը բացվեց, իսկ իմ առջև՝ հասցրեց նորից փակվել։

Բնականաբար, ես զարմացա, բայց անհամբերություն ցույց տալ չշտապեցի և սկսեցի ուսումնասիրել դարպասը, որի վերևում կամարաձև երկաթի վրա ռուսական խոշոր տառերով նշված էր․

Օտրադնոե

Ես արդեն լսել էի, որ Սիմիչը այդպես է անվանել իր կալվածքը։ Դեռ չէի հասցրել ծխել սիգարետը, երբ դարպասը նորից բացվեց և ես ներս մտա։ Բայց հեռու չգնացի։ Որովհետև դարպասից հետո կար նաև շլագբաում և շերտավոր տնակ, որից դուրս եկան երկու կուբանսկիյ կազակներ ― մեկը սպիտակ, մյուսը նեգր, երկուսն էլ կախ ընկած բեղերով և երկար սրերով կողքներին։

Ուշադիր նայելուց հետո պարզվեց, որ սպիտակը Զիլբերովիչն է։

― Ողջո՛ւյն, ― ասացի ես նրան։ Ինչո՞ւ ես այդպես հագնվել։

― Դուք ունե՞ք որևիցե այդենտիֆիկեյշեն, ― հարցրեց նա կարծես չճանաչելով ինձ։

― Ահա քեզ այդենտիֆիկեյշեն, ― ասացի ես և նրա քթի տակ խցկեցի մատներս։

Նեգրը միանգամից հանեց սուրը, իսկ Զիլբերովիչը կնճռոտեց դեմքը։

― Պետք է ցույց տալ այդենտիֆիկեյշեն, ― կրկնեց նա։

Այդ ընթացքում նեգրը բացեց բեռնախցիկը, բայց այնտեղ պահեստային անվադողից բացի ոչինչ չգտնելով, տեղնուտեղը փակեց։

― Լսիր Լեո, ― ասացի ես Զիլբերովիչին զայրացած։ Քո պատճառով ես տասնվեց ժամ ճանապարհին էի, վերջացրու քո հիմար կատակները։

― Պետք է այդենտիֆիկեյշեն, ― համառեց Լեոն և աչքի տակով նայեց նեգրին, որը մոտենալով, նայում էր ինձ ոչ այնքան բարեհամբյուր։

Դե լավ, ― հանձնվեցի ես։ ― Եթե դու պնդում ես, որ շարունակվի այս տարօրինակ խաղը, ահա քեզ փաստաթուղթ։ Ես տվեցի նրան իմ բացված վարորդական գրգույքը։

Նա ուշադիր ուսումնասիրեց այն։ Ինչպես խիստ գաղտնի ձեռնարկության անցակետում։ Մի քանի անգամ համեմատեց ինձ նկարիս հետ և նկարս ինձ հետ։ Եվ միայն դրանից հետո գրկախառնվեց։

― Դե, բարև ծերուկ։

― Սատանի ծոցը գնա՛, ― ասաի ես, վերցնելով գրքույկս և ազատվելով նրանից։

― Լավ, լավ, հերիք է բողոքես, ― ասաց նա, թփթփացելով մեջքիս։ ― Դու ինքդ գիտես, որ ԿԳԲ֊ն Սիմիչին հետապնդում է, և եթե նրանք կամենան, ում ուզեն և ում նման ուզեն կդիմահարդարեն։ Դե, գնանք։ Հիմա ճանապարհից մի բան կմտածենք։ Էյ, Թոմ, ― դիմեց նա սև կազակին անգլերեն։ ― Դիր նրա մեքենան մի տեղ ախոռի մոտ։


Կալվածքում

Կալվածքը, որում ես հայտնվեցի, ինչ֊որ բանով հիշեցնում էր ոչ այն է գրողների միության տունը Մալեեվկայում, ոչ այն է Բառվիխայում գտնվող կառավարական առողջարանը, ուր ես շատ պատահաբար մի անգամ ընկել էի։

Երկար, երեք հարկանի շենք, կիսակլոր սյունազարդ սանդղամուտքով։ Սանդղամուտքի մոտ բավականին մեծ, քառակուսի, կարմիր աղյուսով պատած հրապարակ և նրանից արևի ճառագայթների նման բաժանվող ասֆալտապատ ծառուղիներ, եզրերին տնկված մատղաշ կեչիներով։ Տան ձախ կողմում փոքրիկ պատուհաններով մի քանի կոկիկ քոթեջներ, աջից՝ ոչ մեծ եկեղեցի երեք համեստ գմբեթներով, հեռվում, գլխավոր շենքի դիմաց էլի ինչ֊ որ կառույցներ։ Ավելի այն կողմ, մայր մտնող արևի տակ փայլփլում է լիճը։

Հրապարակի վրա տեսա մի զոլավոր սյուն, որի վրա ամրացրած տախտակի վրա մակագրված էր՝ «ՍՍՍՌ»։

― Ի՞նչ է նշանակում Սի֊Սի֊Սի֊Պի, ― հացրեցի ես Զիլբերովիչին։

― Ի՞նչ Սի֊Սի֊Սի֊Պի, ― չհասկացավ նա։

― Դե այնտեղ, սյան վրա ի՞նչ է գրված։

― Ախ դա՞, ― ծիծաղեց Զիլբերովիչը։ ― Դու էլ հո չես ասի, ծերուկ, ոչ թե անգլերեն, այլ ռուսերեն է գրված․ Էս-Էս-Էս-Էռ:

― Սա ինչ է, սովետական սահմանի՞ց եք քարշ տվել։

― Դե չէ, դա Թոմն է սարքել։ Դու հետո ամեն ինչ կհասակնաս։

Ինչ֊որ կանացի ցեղին պատկանող էակ, վերևի և ներքևի մասում շատ բաց շրջազգեստով, մեզ մեջքով կանգնած ջրում էր խրիզանտեմները փողրակից։ Ավելի տգեղ կազմվածք ես իմ կայնքում երբեք չէի տեսել։ Նա հիմնականում կազմված էր մեծ հետույքից, իսկ մնացածը կարծես թե պատահաբար աճում էր նրանից։

Թողնելով ինձ, Զիլբերովիչը աննկատ մոտեցավ և երկու ձեռքով բռնեց այդ հետույքը։

― Ախ, աստվա՜ծ, ― բացականչեց հետույքի տերը և շրջվեց։ Դա հասարակ, պեպեններով ծածկված դեմքով երիտասարդ աղջիկ դուրս եկավ։ ― Այդ դո՞ւք եք, պարոն, ― ասաց նա բավականին հիմար ժպիտով։ ― Դուք անընդհատ կատակում եք և կատակում, իսկ հետո Թոմը հարցնում է ինձ, թե որտեղից այդ կապտուկները։

― Իսկ դու արի ինձ մոտ, ես նրանց դիմափոշիով կծածկեմ, ― կատակեց Զիլբերովիչը և ընկերաբար խփեց նրան։ ― Սա մեր Ստեպանիդան է, Ստեշան։ Նա Թոմի կինն է, որը այս ստեղծագործության առաջ, ― նա նորից թփփացրեց ստեղծագործությանը, ― չկարողացավ դիմակայել։

― Ախր դուք բոլորդ, պարոն, այնպիսի աչք ունեք, որ կանանց մոտ ոչ մի ուրիշ տեղ չեք նկատում, ― ասաց Ստեշան շարունակելով ժպտալ։

Մենք շարժվեցինք առաջ և ես նկատեցի Լեոյին, որ նրա վերաբերմունքը սեռական հարցերին, կարծես թե փոխվել է։

Ոչ, ― շփոթվեց Լեոն։ ― Չի փոխվել։ Բայց այստեղ կյանքը այնքան մեկուսի է, ձանձրալի, որ երբեմն ուզում ես զվարճանալ։

― Իսկ այդ Թոմը ո՞ւր է նայում։

Նա ոչ մի տեղ էլ չի նայում, ― անհոգ ասաց Լեոն։ Նա լայնահոգի մարդ է։

Երբ մենք մոտեցանք սանդղամուտքին, նրա վրա հայտնվեց ևս մի էակ, որը տեղնուտեղը նետվեց իմ կրծքին։ Դա բավականին խոշոր գերմանական հովվաշուն էր։ Ես պատրաստվում էի հրաժեշտ տալ կյանքիս, երբ զգացի, որ նա լպստում է քիթս։

― Պլյո՜ւշկա, ― բացականչեց Զիլբերովիչը ետ քաշելով շանը։ ― Դու ինչ անպիտա՜նն ես, ինչ վատն ես։ Դու ինչ շուն ես։ Իզուր չէ, որ Սիմիչը անվանել է Պլյուռալիստ։

Պլյուռալի՞ստ, ― հարցրեցի ես զարմացած։

― Այո, ― ասաց Զիլբերովիչը։ Անխտիր բոլորին լպստում է։ Իսկական Պլյուռալիստ է։ Բայց նրան չնեղացներլու համար, մենք նրան անվանում ենք Պլյուշկա։

Պլյուշկայից հետո սանդղավանդակ դուրս եկավ մի ռուսական գեղեցկուհի՝ կարմիր մետաքսյա սառաֆանով, բատիստե գլխաշորով, սաֆյանե երկարաճիտ կոշիկներով և գլխի շուրջը փաթաթված բաց շիկահեր հյուսերով։

― Այս ո՞վ է, այս ո՞ւմ է աստված ուղարկել, ― ասաց նա վերևից արևաշող ժպիտով։

Դա Ժանետան էր։

Նա թեթև ներքև վազեց աստիճաններով և մենք եռակի, ինչպես ընդունված է ռուսական սովորույթները հարգող օտարերկրացիների մոտ, համբուրվեցինք։

― Դու բոլորովին չես փոխվել, ― ասացի ես Ժանետային։

― Ես փոխվելու ժամանակ չունեմ, ― ասաց նա։ ― Մենք բոլորս այստեղ աշխատում ենք օրական տասնվեց ժամ։ Իսկ դու սպիտակել ես և գիրացել։

― Այո֊այո, ― համաձայնվեցի ես տխուր։ ― Ինչ կա, այն կա։

― Դե, գնանք ճաշենք, ինչով որ աստված է տվել։

Մենք բարձրացանք սանդղահարթակ և հայտնվեցինք սյունազարդ և ընդարձակ նախասրահում։ Ուղիղ՝ գորգով ծածկված լայն աստիճանները տանում էին դեպի փայտյա արղի մեջ գտնվող ֆիկուսը, աջից՝ երկփեղկ ապակյա դուռը, որը ներսից վարագուրված էր ինչ֊ որ ծաղկավոր բանով, դռան վրա կախված էր խաչ։

Ժանետան խաչակնքվեց։ Զիլբերովիչը հանեց գլխարկը և նույնպես խաչակնքվեց։ Ի զարմանս ինձ նա բոլորովին ճաղատ էր։

― Իսկ դու ինչո՞ւ ճակատդ չես խաչակնքում, ― հարցրեց ժանետան։ Ռազմատենչ անհավա՞տ ես։

― Ոչ, ― ասացի ես։ ― Ոչ թե ռազմատենչ, այլ անհոգ։

Ճաշասենյակում ես հայտնվեցի Կլեոպատրա Կազիմիրովնայի գրկում, որը ինչպես և ես այս տարիների ընթացքում բավականին գիրացել էր։ Նրա հագին մուգ կանաչ շրջազգեստ էր, մի քիչ ավելի բաց գոգնոց, մազերը եզերված էին սպիտակ կտորով։

Լեոն կախեց սուրը դռան մոտ գտնվող կեռից։

Մենք տեղավորվեցինք անծածկ, մեծ, մոտավորապես տասներու հոգու համար նախատեսված կաղնե սեղանի մի անկյունում։ Աթոռները նույնպես կաղնուց էին։

Կողքում գտնվող խոհանոցից, Կլեոպատրա Կազիմիրովնան անմիջապես բերեց ապուրով կաթսան, իսկ Ժանետան դասավորեց փայտյա ամանները և գդալները։

― Դու ի՞նչ կխմես, կվաս թե կոմպոտ, ― հարցրեց Ժանետան։

― Իսկ ինչ է, ընտրության ուրիշ հնարավորություն չկա՞, ― հարցրեցի ես վատ կանխազգացումով։

Զիլբերովիչը սեղմեց ոտքս և աչքով արեց։

― Սպիրտային ոչինչ չենք պահում, ― չոր պատասխանեց Ժանետան։

― Ա՞յո, ― ասացի ես, ― դուք իհարկե ոչ, իսկ ես պահում եմ։

Ես կռացա վերցնելու համար իմ «դիպլոմատ» տիպի պայուսակը, որում գտնվում էր դեռ Ֆրանկֆուրտի օդանավակայանում գնված գերմանական «Գորբաչով» օղու շիշը։

― Այս տանը ալկոհոլ չեն խմում, ― կանգնեցրեց ինձ Ժանետան։

Աստվա՜ծ իմ, ― մտածեցի ես ընկճված, բայց ոչինչ չասացի։

Զիլբերովիչը ծնկով հրեց ինձ։ Ես նրան հասկացա և խնդրեցի կվաս, որի համը ես արդեն մի քիչ մոռացել էի։

― Քեզ էլի ինչ֊որ բան պե՞տք է, ― հարցրեց Ժանետան։

― Այո, ― ասացի ես։ ― Եթե կարելի է մի քիչ աղ։

― Մենք աղ չենք օգտագործում, որովհետև Սիմ Սիմիչը շաքարախտ ունի և պահպանում է առանց աղի դիետա։

― Ախ, այո, ― ասացի ես հիասթափված։ ― Ես չմտածեցի։ Իսկ ես պահպանում եմ աղային դիետա։

Դե այո, ― բարեսրտորեն ծիծաղեց Ժանետան։ ― Քո դիետան կազմված է աղից և ալկոհոլից։

― Հենց այդպես, ― հաստատեցի ես։ ― Եվ նաև ծխախոտից։

― Ի դեպ, ― նկատեց Ժանետան, մեզ մոտ շինություններում չեն ծխում։

― Դա ոչինչ, ― հանգստացրեցի ես նրան։ ― Հիմա տաք է, այնպես որ ես կարող եմ ծխել փողոցում։

Ապուրից հետո տվեցին կաթով եփված վարսակաձավարով շիլա, որտեղ աղի պակասությունը զգացվում էր ավելի քիչ։

Կլեոպատրա Կազիմիրովնան մանրամասն հարց ու փորձ էր անում ինձ կյանքի մասին Գերմանիայում, կնոջս, երեխաերի մասին, ինչպես ենք ապրում, ինչով ենք զբաղված։ Ես բացատրեցի․ տղաս սովորում է րեալշուլեում, աղջիկս գիմնազիայում, ես աշխատում եմ, կինս օգնում է ինձ և զբաղվում գնումներով։

― Նա սովորել է մեքենա վարե՞լ, ― հարցրեց Կլեոպատրա Կազիմիրովնան։

Ես ասացի ոչ, չի սովորել, նա հեծանիվ է քշում։

― Հեծանի՞վ, ― հարցրեց Ժանետան։ ― Բայց դա անհարմար է։ Շրջազգեստը կարող է բարձրանալ, կամ ընկենլ անվի մեջ։

Ես հավաստիացրի նրան, որ այդ վտանգը իմ կնոջը չի սպառնում, որովհետև նա ջինսերով է քշում։

― Ջինսերո՞վ ― զարմացավ Ժանետան։ ― Դու թույլ ես տալիս նրան ման գալ ջինսերո՞վ։

― Նա ինձանից թույլտվություն չի հարցնում, ― ասացի ես։ ― Բայց ես ինքս էլ ոչ մի վատ բան չեմ տեսնում ջինսերում։

― Նետոչկան այնքան խստապահանջ է դարձել, ― նկատեց Կլեոպատրա Կազիմիրովնան, ոչ այն է հպարտությամբ, ոչ այն է ներողություն խնդրելով։

― Այո, խստապահանջ եմ, ― հաստատուն ասաց ժանետան։ ― Կինը պետք է հագնի այն, ինչ նրան Աստվածն է կանոնակարգել։

Դրա վրա ես նկատեցի, որ իմ ունեցած տվյալներով, Աստված կնոջը մերկ է ստեղծել, իսկ ինչ վերաբերվում է ջինսերին, ապա դրանք հիմա բոլորն են հագնում, և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և՛ գերմաֆրոդիտները։

Ես ուզում էի էլի ինչ֊որ բան ավելացնել, բայց Զիլբերովիչը այնպես սեղմեց ոտքս, որ ես հազիվ ինձ զսպեցի որ չգոռամ, և փոխելով թեման նրբորեն հարցրեցի, թե ինչո՞ւ չի երևում տան տերը։

― Իսկ նա արդեն ընթրել է, ― ասաց Լեոն։

― Բայց հետո դո՞ւրս կգա, թե ավելի լավ է ինքս մտնեմ նրա մոտ։

Ժանետան և մայրը հայացքներ փոխանակեցին, իսկ Լեոն անկեղծորեն ծիծաղեց։

― Սիմ Սիմիչը, ― ասաց Ժանետան, ― ընթրիքից հետո գործերով չի զբաղվում։

― Այո՞, ― ասացի ես զսպված դժգոհությամբ, ― բայց չէ որ ես, իմ գործերով չեմ եկել։

― Ընթրիքից հետո նա ընդհանրապես ոչ մի գործով չի զբաղվում, ― կրկնեց Ժանետան։ ― Ոչ իր, ոչ էլ ուրիշների։

― Այո֊այո, ծերուկ, ― հաստատեց Զիլբերովիչը։ Նա հիմա քեզ ընդունել ոչ մի կերպ չի կարող։ Նա հիմա Դալի բառարանն է անգիր անում, հետո կսկսի Բախ լսել, քնելուց առաջ նա միշտ Բախ է լսում, առանց Բախի նա չի կարողանում քնել։

Ես ետ հրեցի շիլան և վեր կացա։ Ես ասացի․

― Դուք ինձ իհարկե ներեցեք․․․ Առաջին հերթին դուք, Կլեոպատրա Կազիմիրովնա, և դու, Ժանետա, բայց ես այդպիսի վերաբերմունքը ուղղակի չեմ հասկանում։ Ես ձեզ չեմ խնդրել ինձ հյուրնկալել։ Ես ավելորդ ժամանակ չունեմ։ Ինձ սպասվում է հեռավոր, և միգուցե շատ վտանգավոր ճանապարհորդություն։ Ես այստեղ եկա միայն այն պատճառով, որ Լեոն շատ էր պնդում։ Ես գիշերը չեմ քնել, ձեզ մոտ հասնելու համար, կորցրել եմ տասնվեց ժամ փոխելով փոխադրամիջոցները․․․

Դե, ծերուկ, ծերուկ, ինչո՞ւ ես տաքացել, ― Զիլբերովիչը բռնեց ձեռքս և քաշում էր ներքև։ ― Դե հասնում էիր, դե հոգնել ես։ Հիմա կհանգստանաս։ Մինչև Նետկան տեղերը կգցի քեզ համար, մենք քո հետ կզրուցենք․․․ ― Նա նորից աչքով արեց ինձ և թեքեց աչքերը իմ «դիպլոմատի» վրա․․․ կպառկես, կքնես, իսկ վաղը ամեն ինչ կպարզենք։

Ինչ֊որ տեղ վերևից լսվում էր մեղմ երաժշտություն։ Լինելով երաժշտության մեծ գիտակ, ես միանգամից ճանաչեցի Բախի այդ ստեղծագործությունը․ « Լավ տեմպերացված կլավիր»։


Սպիտակ ձիու վրա

Անիծվա՜ծ Զիլբերովիչ։ Քիչ էր նրան իմ բերած «Գորբաչովը», նա հետո 0, 75 լիտրանոց «Բուրբոն» քարշ տվեց, ասելով, որ ամերիկացիների մոտ դա համարվում է աշխարհում լավագույն խմիչքը։ Բայց նրանք այդ լավագույն խմիչքին սոդայաջուր են ավելացնում, իսկ մենք առանց դրա, աղ դրված վարունգի հետ էինք խմում։

Իհարկե, այդպիսի խմիչքի հետ ինչ֊որ բան խառնելը հիմարություն է և հանցագործություն, բայց խառնել այն օղու հետ նույնպես չարժեր։

Դժվարությամբ բացելով աչքերս, ես շուրջս նայեցի։

Ես պառկած էի փայտյա մահճակալի չոր ներքնակի վրա, ինչ֊որ տարօրինակ սենյակում, որը ոչ այն է բանտախուց, ոչ այն է վանականի խուց էր հիշեցնում։ Մի անկյունում սրբապատկերներով դարակ, մյուսում՝ գյուղական լվացարան իր թասով (արդյոք այն նույնը չէ՞ր, որը ես տեսել էի սրանից քսան տարի առաջ Սիմիչի նկուղում): Փոքրիկ պատուհան առաստաղի տակ, որի միջով սենյակ էին ներխուժում տարբեր նողկալի ձայներ։ Ինչ֊որ տականք թմբուկ է խփում և փչում ճչացող շվի ։ Ինչպիսի՜ հանդգնություն։ Մի՞թե կարելի է այսքան վաղ․․․

Ես մոտեցրի աչքերիս ժամացույցը և ապշեցի։ Տասներկուսից քսան է պակաս, իսկ ես դեռ քնած եմ։ Եվ դա էլ այն տանը, որտեղ տերն ու նրա բոլոր օգնականները աշխատում են առավոտից մինչև երեկո։

Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ եմ ես այդքան խմել։ Ախր ինչո՞ւ ես չեմ կարող, ինչպես նորմալ մարդիկ, ինչպես ինչ֊որ մի ամերիկացի, մի քիչ լցնել բաժակի մեջ, սոդայաջուր ավելացնել և վարել հանգիստ, հավասարակշռված խոսակցություն Դանթեի և հարկերի մասին։

Սակայն, մեր խոսակցությունն էլ ինչ֊որ առումով հետաքրքիր էր։ Լեոն սկզբից մեծամիտ էր և գաղտնապահ, իսկ հետո, հարբելով, որոշ գաղտնիքներ պատմեց այստեղի իրենց կյանքի մասին։

Նրանք շատ մեկուսի են ապրում։ Սիմիչը օրական գրում է քսանչորս էջ։ Երբեմն աշխատում է իր առանձնասենյակում, երբեմն էլ զբոսնելով կալվածքի տարածքում։ Քայլելիս գրում է ծոցատետրում։ Վերջացնելով էջը, դեն է նետում առանց նայելու գետնին, իսկ Կլեոպատրա Կազիմիրովնան և Ժանետան միանգամից այդ թղթերը հավաքում են և դասավորում։ Անցնելով առաջ ասեմ, որ ես հետո տեսա, ինչպես է դա տեղի ունենում։ Նա ծոցատետրը ձեռքին զբոսնում է, իսկ կինը և զոքանչը կամացուկ քայլում են նրա ետևից։ Երբ նա դեն է նետում հերթական թերթիկը, նրանք բարձրացնում են, տեղնուտեղը կարդում և Ժանետան անհապաղ գնահատում է գրվածը մեկ բալլանոց սանդղակով։ «Հանճարեղ է» ― ասում է նա շշուկով, որպեսզի չխանգարի Սիմիչին։

Մի ժամանակ, նա այդպես էր գնահատում Լենինին։ Հիշում եմ, դեռ համալսարանում, ես վերցրեցի նրանից մի լենինյան գրքույկ ( կարծեմ, «Պետություն և հեղափոխություն») և այնտեղ «հանճարեղ» բառը գրված էր լուսանցքներում համարյա ամեն տողի դիմաց։

Համենայն դեպս «Գորբաչովին» «Բուրբոնի» հետ խառնել չարժեր։ Գլուխս սարսափելի ցավում էր, և նույնիսկ սկսեցի մտածել, որ հարբեցողությանը պետք է վերջ տալ։ Ես նույնիսկ խոսք տվեցի, որ վերջ կտամ։ Միայն թե հիմա պետք է մի բան խմել, իսկ հետո վերջնականապես հրաժարվել։

Թմբուկը դեռ հարվածում էր, շվին շվվացնում, չթողնելով կենտրոնանալ։

Ես կանգնեցի աթոռին և հասա պատուհանին։ Դուրս նայեցի և չհավատացի աչքերիս։ Տան առաջ գտնվող հրապարակում, հենց զոլավոր սյունի տակ, որի վրա գրված էր «ՍՍՍՌ», կանգնած էր սովետական համազգեստով զինվոր, ուսին գցած ավտոմատ։ Ես հուսահատ թափ տվեցի գլուխս։ Սա ի՞նչ բան է։ Սովետական զորքերը ներխուժել են Կանադա՞, թե իմ աչքին է արդեն երևում։

Թեքելով աչքերս, ես տեսա Թոմին սաքսֆոնով և Ստեպանիդային թմբուկով, որը նրա հետույքից էլ մեծ էր։ Ինչպես և ենթադրեցի, նրանք ոչ թե նվագում էին, այլ միայն պատրաստվում էին նվագել։

Հետո հայտնվեցին երկու ռուսական գեղեցկուհի ծաղկավոր սառաֆաններով և գլխաշորերով։ Նրանցից մեկը ձեռքում պահել էր հացի բոքոնը, իսկ մյուսը աղամանով ափսեն։

Հետո․․․ Ես ճշգրիտ չհասկացա ինչ կատարվեց։ Սկզբից, կարծեմ, Թոմը փչեց ինչ֊որ հանդիսավոր բան, իսկ Ստեպանիդան հարվածեց թմբուկին։ Այդ նույն ժամանակ հեռավոր շինություններից եկող ծառուղու վրա հայտնվեց սպիտակ ձիու վրա նստած, սպիտակ հագնված հրաշալի հեծյալը։

Սաքսոֆոնը երգում էր, թմբուկը հարվածում, սանդղամուտքի մոտ շղթայված շունը հաչում էր և ուզում էր պոկվել։ Նժույգը ձգտում էր առաջ, կրծում էր սանձը և գլուխը թափ տալիս, բայց հեծյալը նրան զսպում էր և մոտենում դանդաղ, բայց անողոք ճակատագրի նման։

Ինչպես ես ասացի նա ամբողջովին սպիտակ էր հագնված։ Սպիտակ թիկնոց, սպիտակ կամզոլ, սպիտակ վարտիկ, սպիտակ երկարաճիտ կոշիկներ, սպիտակ մորուք, իսկ կողքին երկար սուր սպիտակ պատյանի մեջ։

Ես լայն բացեցի պատուհանը և դուրս հանեցի գլուխս, որպեսզի ավելի լավ տեսնեմ և լսեմ։ Ուշադիր նայելով, ես ճանաչեցի Սիմ Սիմիչին։ Նրա դեմքը ոգեշնչված էր և խիստ։

Սիմիչը մոտեցավ ժամապահին։ Սաքսոֆոնը և թմբուկը լռեցին։ Սիմիչը հանկարծ մի տեսակ թեքվեց, ձեռքի ինչ֊որ շարժում արեց, և արևի շողերի տակ փայլեց երկար և նեղ սուրը։ Թվում էր, նա ուզում է դժբախտ զինվորի գլուխը թռցնել։

Ես փակեցի աչքերս։ Երբ նորից բացեցի տեսա, որ զինվորը կանգնած է վեր բարձրացրած ձեռքերով, նրա ավտոմատը ընկած է գետնին, իսկ Սիմիչը դեռ պահում է սուրը նրա գլխավերևում։

― Պատասխանի՛ր, լսեցի ես նրա զրնգուն ձայնը, ― ինչո՞ւ էիր ծառայում ամենակուլների իշխանությանը։ Պատասխանի՛ր, ո՞ւմ դեմ էիր պահում զենքը։

― Ներիր, հայր, ― պատասխանեց զինվորը Զիլբերովիչի ձայնով։ Իմ ցանկությամբ չեմ ծառայել, ինձ ստիպել էին սատանայական ամենակուլները։

― Երդվո՞ւմ ես արդյոք, հետագայում ծառայել միայն ինձ և կանգուն մարտնչել ամենակուլ կոմմունիստների և պլյուռալիստ պնակալեզների դեմ։

― Ճիշտ այդպես, հայր, խոսք եմ տալիս պայքարել բոլոր թշնամիների դեմ, պահել ռուսական սահմանները մեր ժողովրդի բոլոր ատողներից։

― Համբուրի՛ր սուրը, ― ասաց հայրը։

Ծնկի գալով Զիլբերովիչը հպեց շրթունքները սրին, իսկ Սիմիչը անցավ երևակայական գիծը, որից հետո երկու գեղեցկուհիները (հիմա արդեն ես չէի կասկածում, որ դա Ժանետան և Կլեոպատրա Կազիմիրովնան էին) նրան մատւցեցին հացն ու աղը։

Սիմիչը հացը ընդունեց, ձեռքը մեկնեց գեղեցկուհիներին համբյուրի համար և ասպատակելով ձիուն, արագ հեռացավ կողքի ծառուղիներից մեկով։

Դրանով երևի թե արարողությունը վերջացավ։ Բոլոր մասնակիցները ցրվեցին։

Մինչև ես շալվարս էի հագնում, Զիլբերովիչը, ինչպես կար, համազգեստով ու ավտոմատով, ներս մտավ իմ մոտ, խուց։

― Դեռ քնա՞ծ ես, ծերուկ, ― ասաց նա կշտամբանքով։ Եվ նույնիսկ մեր փորձը չե՞ս տեսել։

― Տեսել եմ, ― ասացի ես։ ― Ամեն ինչ տեսել եմ։ Միայն թե չհասկացա, ինչ է նշանակում այդ ամենը։

― Ի՞նչ կա չհասկանալու, ― ասաց Զիլբերովիչը։ ― Այստեղ հասկանալու ոչինչ չկա։ Սիմիչը փորձ է անցկացնում։

Մի՞թե հույս ունի վերադառնալ սպիտակ ձիու վրա նստած, ― հարցրեցի ես հեգնանքով։

― Ւհարկե, ծերուկ։ Իհարկե հույս ունի։

― Բայց դրա մասին նույնիսկ ծիծաղելի է մտածել։

― Գիտես ինչ, ծերուկ, բառերը ընտրելով ասաց Զիլբերովիչը։ Մի ժամանակ, դու հանդիպեցիր նրան ներքնահարկում, աղքատ և սոված, ոչ մեկին չհետաքրքրող ժայռաբեկորներով սնդուկում։ Այն ժամանակ նրա ծրագրերը քեզ նույնպես թվում էին ծիծաղելի։ Իսկ հիմա դու տեսնում ես, որ իրավացին նա է և ոչ թե դու։ Ուրեմն ինչո՞ւ դու չես կարող ենթադրել, որ նա հիմա էլ քեզանից առաջ է տեսնում։ Հանճարները միշտ տեսնում են այն, ինչ մեզ, հասարակ մահկանացուներիս տրված չէ տեսնել։ Մեզ միայն մնում է որոշել, վստահել նրանց, թե ոչ։

Խոստովանում եմ, նրա բառերը ինձ համարյա թե չխոցեցին։ Նրա նախկին, բարձր կարծիքը իմ մասին վաղուց արդեն փոշիացել էր։ Նա Սիմիչին ամպերի տակ էր բարձրացրել, իսկ ինձ համարում էր իր հետ նույն մակարդակի, կամ նույնիսկ ավելի ցածր։ Որովհետև նա համենայն դեպս հանճարի կողքին էր, իսկ ես միայն ինքս ինձ հետ էի։ Բայց ես հասկանում էի, որ Լեոն դատարկ մարդ է, և չնեղացա։ Ես նայեցի ժամացույցին և հարցրեցի Զիլբերովիչին, ինչ է նա մտածում, հնարավո՞ր է ժամը վեցի չվերթի համար տոմս վերցնել ուղղակի օդանավակայանում, թե՞ ավելի լավ է նախօրոք պատվիրել հեռախոսով։

Զիլբերովիչը ինձ նայեց ոչ այն է զարմացած, ոչ այն է շփոթված (հստակ չկարողացա որոշել) և ասաց, որ այսօր մեկնել ինձ ոչ մի կերպ չի հաջողվի։

― Ինչո՞ւ, ― հարցրեցի ես։

― Որովհետև Սիմիչը քեզ հետ դեռ չի զրուցել։

― Բայց մենք դեռ բավականին շատ ժամանակ ունենք։

― Այդ դու ունես շատ ժամանակ, նկատեց Զիլբերովիչը։ Իսկ նա չունի։ Նա ուզում էր ընդունել քեզ նախաճաշի ժամանակ, բայց դու քնած էիր։ Իսկ նրա ամբողջ ժամանակը, բաշխված է րոպե առ րոպե։ Յոթին նա վեր է կենում։ Կես ժամ վազում է լճի շուրջը, տաս րոպե ցնցուղ ընդունում, տասնհինգ րոպե աղոթում, քսան րոպե նախաճաշում։ Ութնանց տասնհինգ նա նստում է սեղանի մոտ։ Տասներկուսից քառորդ պակաս նա թամբում է Գլագոլին․․․

― Ո՞ւմ։

― Դա իր նժույգն է։ Գլագոլը։ Ուղիղ ժամը տասներկուսին Ռուսաստան մուտք գործելու արարողության փորձը։ Հետո նորից աշխատանք մինչև ժամը երկուսը։ Երկուսից մինչև երեքի կեսը նա ճաշում է։

― Ահա, շատ լավ է, ― բացականչեցի ես։ ― Թող ճաշի ժամանակ ինձ ընդունի։

― Չի կարող, ― հոգոց հանեց Զիլբերովիչը։ ― Ճաշի ժամանակ նա աչքի է անցկացնում ընթերցիչը։

― Ի՞նչն է աչքի անցկացնում։

― Դե թերթը, ― ասաց Լեոն նյարդայնացած։ ― Դու գիտես չէ, որ նա պայքարում է օտար բառերի հետ։

― Իսկ ճաշից հետո հույս ունեմ, նա ո՞ւնի ազատ ժամանակ։

― Ճաշից հետո նա քառասուն րոպե ռուսերեն է պարապում Ստեպանիդայի հետ, հետո կես ժամ քնում, որովհետև նրան պետք է ուժերը վերականգնել։

― Իսկ քնից հետո՞։

― Քնից հետո նորից փոքրիկ մարզանք, ցնցուղ, թեյ և աշխատանք մինչև ժամը յոթը։ Հետո ընթրիք։

― Նորից թերթերո՞վ։

― Ոչ, նայիչով։

― Հասկանալի է, ― ասացի ես։ Ուրեմն հեռուստացույց է նայում։ Զվարճանում է։ Ւսկ ես պետք է սպասեմ։

― Ի՞նչ ես ասում, թափահարեց ձեռքերը Զիլբերովիչը։ ― Ի՜նչ զվարճություններ։ Նա նայում է միայն նորություններ և միայն կես ժամ։ Իսկ հետո աշխատում է մինչև տասն անց կես։

― Դե լավ, թող ընդունի տասն անց կեսից հետո։ Այդ դեպքում ես գոնե կմեկնեմ վաղը առավոտյան։

― Տասն անց կեսից մինչև տասնմեկանց կեսը նա կարդում է Դալի բառարանը, հետո նրա մոտ մնում է կես ժամ Բախի համար և ժամանակն է քնելու։ Բայց դու, ծերուկ մի հուզվիր։ Վաղը նա քեզ երևի անպայման կընդունի։ Միայն թե դու քնով չանցնես և չուշանաս նախաճաշին։

Բայց դուք անամոթն եք հա՜, ― ասացի ես վրդովված։

― Այդ ովքե՞ր, մենք։

― Չէ, ես ուրիշների մասին չեմ խոսի, բայց դու անամոթ ես, իսկ քո Սիմիչը եռակի անգամ ավելի անամոթ է։ Քիչ էր, որ ստիպեց երկրագնդի կեսը անցնել, հիմա էլ ձևեր է թափում։ Նա գրաֆիկով է ապրում, նա ժամանակ չունի։ Ինձ նույնպես վերջի վերջո ժամանակը ինչ֊որ բանի համար պետք է։

― Ճիշտ է, ― աշխուժացավ Զիլբերովիչը։ ― Քո ժամանակը պետք է քեզ, իսկ նրա ժամանակը պետք է բոլորին, ամբողջ մարդկությանը։

Այստեղ ես ուղղակի հունից դուրս եկա։ Ես, իմիջիայլոց, այդ հղումները ժողովրդին, տանել չեմ կարող։ Եվ ես ասացի Զիլբերովիչին, որ եթե Սիմիչը պետք է մարդկությանը, թող դիմի մարդկությանը։ Իսկ ես անհապաղ մեկնում եմ օդանավակայան։ Եվ ի դեպ, հույս ունեմ, որ իմ բոլոր տրանսպորտային ծախսերը կհատուցվեն։

― Դրա մասին, ծերուկ, կարող ես չանհանգստանալ, նա ամեն ինչ գիտի և ամեն ինչի համար կվճարի։ Բայց դու հիմարություն մի արա։ Եթե մեկնես, նա այնպես կզայրանա, որ դու նույնիսկ չես պատկերացնում։

Վերջ ի վերջո նա ինձ համոզեց և ես մնացի։

Ճաշից հետո ես ու Զիլբերովիչը գնացինք սունկ հավաքելու, հետո լողանալու գոլորշիով և փայտյա շայկաներով, իսկական ռուսական բաղնիքում։

Բաղնիքի նախասենյակում ես տեսա մի դյուժին թարմ կեչիից ավելներ, ընտրեցի ամենալավը և հարցրեցի Զիլբերովիչին, վերցնե՞լ նաև նրա համար, թե այս մեկը կհերիքի երկուսիս։

― Ինձ հարկավոր չի, ― մի տեսակ տարօրինակ քմծիծաղ տվեց Լեոն,― ինձ արդեն դրանով լողացրել են։

Ես չհասկացա, թե դա ինչ է նշանակում, բայց երբ Լեոն հանվեց, տեսա, որ նրա ամբողջ կոր մեջքը վերից վար ծածկված է զոլավոր մորեգույն սպիերով։

― Այդ ի՞նչ է, ― հարցրեցի ես զարմացած։

― Թոմը, ― ասաց Լեոն առանց զայրույթի։ Եթե մի ինչ֊որ բան է անում, ապա ուժը չի խնայում։


― Չեմ հասկանում, ― ասացի ես։ Դուք ինչ է կռվե՞լ եք։ Ոչ թե մենք կռվել ենք, այլ նա ծեծել է ինձ ճիպոտներով։

― Ինչպես թե, ― զարմացա ես։ Ինչպե՞ս կարող էր նա հարվածել քեզ ճիպոտներով։ Եվ ի՞նչու դու այդ թույլ տվեցիր։

― Դե իր ցանկությամբ չի արել։ Դա Սիմիչն էր նշանակել ինձ հիսուն հարված։

Այդ ժամանակ ես հանում էի ձախ կոշիկս և այդ կոշիկով էլ ձեռքիս մնացի քարացած։

― Այո, ― ասաց Զիլբերովիչը ։ ― Սիմիչը մտցրել է մեզ մոտ մարմնական պատիժներ։ Դե իհարկե, ես ինքս էի մեղավոր։ Նա ուղարկել էր ինձ փոստ հրատարակչին ձեռագիրը ուղարկելու համար։ Իսկ ես ճանապարհին մտա մի փոքրիկ ռեստորան, այնտեղ մի քիչ խմեցի և մոռացա ձեռագիրը։ Իսկ երբ արդեն փոստի մոտ հիշեցի և վերադարձա, ձեռագիրը արդեն չկար։

― Իսկ ի՞նչ է, դա միակ օրինա՞կն էր, ― հարցրեցի ես։

― Ոչ, ― ասաց Զիլբերովիչը, եթե դա միակ օրինակը լիներ, նա ինձ ուղղակի կսպաներ։

Ես լռում էի, այդպիսի հայտարարությունից շշմած։ Հետո հանկարծ խփեցի կոշիկով նստարանին։

― Լեո, ― ասացի ես։ Ես չեմ կարողանում հավատալ այդպիսի վայրենությանը։ Ես չեմ կարող պատկերացնել, որ մեր օրերի ազատ երկրում, այսպիսի մեծ, նուրբ, մտածող մարդու, ինտելլեկտուալի, ծեծեն ախոռում, ինչպես ճորտի։ Չէ՞ որ դա ոչ միայն ֆիզիկական ցավ է, այլև վիրավորում է մարդկային արժանապատվությանը։ Մի՞թե դու չես բողոքել։

Այն էլ ոնց եմ բողոքել, ― ասաց Լեոն հուզվելով։ ― Ես կանգնել եմ նրա առաջ ծնկներիս վրա։ Ես նրան աղաչում էի «Սիմիչ, ասում եմ, ― սա առաջին և վերջին անգամ է։ Ես երդվում եմ պատվովս, որ դա երբեք չի կրկնվի»։

― Իսկ նա՞,― հարցրեցի ես։ Մի՞թե չխղճաց։ Մի՞թե նրա սիրտը չփափկեց։

Ինչպե՜ս չէ, փափկեց, ― ասաց Զիլբերովիչը և թափ տվեց ձախ աչքից դուրս հոսած արցունքը։

Ես այնպես հուզվեցի, որ կոշիկս ձեռքիս, սկսեցի վազվզել բաղնիքի նախամուտքում։

― Լեո, ― ասացի ես։ Այսպես էլ չի կարող շարունակվել։ Պետք է դրա վերջը տալ։ Դու ոչ մեկին չպետք է թույլ տաս անլեզու անասունի նման վերաբերվել քեզ հետ։ Ահա թե ինչ, բարեկամս, հագնվիր, գնանք։ ― Ես նստեցի նստարանին և նորից հագա կոշիկս։ Ո՞ւր գնանք, ― չհասկացավ Լեոն։

― Ոչ թե գնանք, այլ մեկնենք այստեղից, ― ասացի ես։ Կգնանք օդանավակայան։ Իսկ այնտեղից Մյունխեն։ Փողի մասին մի մտածիր, ես շատ ունեմ։ Կտանեմ քեզ Մյունխեն, կտեղավորեմ աշխատելու «Ազատություն ռադիոկայանում», այնտեղ կվարես որևէ հակասովետական հաղորդում, բայց քեզ էլ ոչ ոք ծեծել չի համարձակվի։

Լեոն նայեց ինձ և տխուր ժպտաց։

― Ոչ, ծերուկ, ի՜նչ «Ազատություն»։ Իմ պարտքն է մնալ այստեղ։ Հասկանում ես, Սիմիչը իհարկե, շատ քմահաճ մարդ է, բայց դու գիտես, որ բոլոր հանճարներն էլ հակում ունեն կամակորությունների, իսկ մենք պետք է դա համբերատար տանենք։ Ես չգիտեմ, չգիտեմ, ― շտապեց նա, կարծես կանխելով իմ առարկությունները։ ― Քեզ դուր չի գալիս, երբ ես ասում եմ «մենք», դրանով ինձ ու քեզ դնելով նույն հարթության վրա։ Բայց ես մեզ չեմ հավասարեցնում։ Ես հասկանում եմ, որ ինչ֊որ տաղանդ դու ունես։ Բայց պետք է հասկանաս, որ տաղանդի և հանճարի միջև գոյություն ունի անդունդ։ Իզուր չէ, որ ամբողջ Ռուսաստանը երդվում է նրա անունով։

― Ռուսաստանը երդվո՞ւմ է, ― ասացի ես։ Հա֊ հա֊հա։ Նրան արդեն վաղուց այնտեղ մոռացել են։

Լեոն ուշադիր նայեց ինձ և ճոճեց գլուխը։

― Ոչ, ծերուկ, սխալվում ես։ Նրան ոչ միայն չեն մոռացել, այլ ընդհակառակը, նրա ազդեցությունը ուղեղների վրա գնալով աճում է։ Նրա գրքերը հենց այնպես չեն կարդում։ Կան գաղտնի խմբեր, որտեղ ուսումնասիրում են նրա գործերը։ Նա ունի կողմնակիցներ ոչ միայն ինտելլիգենցիայի, այլև բանվորների, պարտիայի, ԿԳԲ֊ի և գլխավոր շտաբի շրջանակներում։ Եթե ուզում ես իմանալ, ― Լեոն ետ նայեց դռանը և ասաց ականջիս, ― անցայլ շաբաթ եկել էր․․․

Եվ արդեն ավելի ցածրացնելով ձայնը մինչև խշխշոց, Լեոն ասաց ինձ Պոլիտբյուրոի այն անդամի ազգանունը, որը վերջերս եղել էր Ամերիկայում։

― Դա արդեն խաբում ես, ― ասացի ես։

― Տականք լինեմ, եթե խաբում եմ, ― ասաց Լեոն և գողականի նման եղունգով փորեց ատամը։

Հաջորդ առավոտյան ես ավելի վաղ վեր կացա։ Տանից դուրս գալով տեսա երկու մեծ մեքենա վաշինգտոնյան համարներով։ Մեկը մարդատար, մյուսը ավտոբուս՝ «AMERICAN TELEVISION NEWS» մակագրությամբ։ Ինչ֊որ մարդիկ քանդում էին մալուխները և տուն էին խցկում սարքավորումները։ Միայն մեկը, անգործ կանգնած սիգար էր ծխում։

― Ջո՞ն, զարմացա ես։ ― Այդ դո՞ւք եք։ Ի՞նչ եք այստեղ անում։ Մի՞թե դուք նաև հեռուստատեսությունում եք աշխատում։

― Այո, ― ասաց Ջոնը։ Ես բոլորի համար էլ աշխատում եմ։ Իսկ դուք այստեղ ի՞նչ եք անում։ Ես կարծում էի, որ արդեն շատ հեռու պիտի լինեք։ Եթե մտափոխվել եք, ստիպված կլինեք վճարել շատ մեծ տուգանք։

― Մի անհանգստացեք, ― ասացի ես։ Դեռ մի շաբաթ ունեմ մինչև թռիչքը։

― Ես չեմ անհանգստանում, ― ժպտաց Ջոնը։ ― Ես գիտեմ, որ դուք գնել տոմս։ Ես եկել եմ ասյտեղ ոչ ձեր համար, այլ փոքրիկ հարցազրույց վերցնել պարոն Կարնավալով։

Այս խոսքերով նա մտավ տուն ղեկավարելու սարքավորումների տեղադրումը, իսկ ես որոշեցի զբոսնել լճի մոտ։

Այստեղ ինձ հանդիպեց վազող Սիմիչը, նա բարևեց ինձ շարունակելով վազքը, այնպես, կարծես մենք ամեն օր հանդիպում էինք այս ճանապարհի վրա։

Երբ ես եկա նախաճաշի, այնտեղ արդեն Ջոնի ղեկավարությամբ աշխատում էր օպերատորների, լուսավորողների և հնչյունային տեխնիկների մի ամբողջ խումբ։ Ճաշասենյակում, սեղանի մոտ հավաքվել էին բոլոր տնեցիները․ Կլեպատրա Կազիմիրովնան, Ժանետան, Զիլբերովիչը, Թոմը և Ստեպանիդան։ Բոլորը ինչ֊որ բանից հուզված էին, իսկ իմ հայտնվելուն պես, նույնիսկ որոշ չափով շփոթվեցին, որի պատճառը սակայն, անմիջապես պարզվեց։

Բանը նրանում է, շատ քաղաքավարի ասաց ինձ Ժանետան, որ հիմա Սիմ Սիմիչին պետք է նկարահանեն ընտանեկան միջավայրում նախաճաշելիս մերձավորների հետ, իսկ քանի որ ես այդ ամենամերձավորների շրջանին չեմ պատկանում, չե՞ի լինի ես արդյոք այնքան սիրալիր, որ համաձայնվեի նախաճաշել իմ սենյակում։

Ես նեղացա և ուզում էի անմիջապես գնալ։ Վերջ ի վերջո ինչո՞ւ եմ ես այստեղ նստել։ Սպասում եմ, որ վճարեն իմ ուղևորության համա՞ր։ Ես ինքս այնքան ապահովված եմ, որպեսզի այդպիսի չնչին գումարից կախված չլինեմ։

Ես արդեն ուզում էի գնալ դեպի ելքը, երբ դուռը բացվեց և սկզբում սայլակով ներս բերեցին Ջոնին, որը ջինսերի մեջ փաթեթավորված հետույքը վեր ցցած, նայում էր կամերայի մեջ։ Նրա հետևից հայտնվեց ինքը Սիմ Սիմիչը սպորտային կոստյումով։ Նա քայլում էր արագ, կարծես չնկատելով կամերաները, անձատուր եղած իր մեծ մտքերին։

Բայց մոտենալով սեղանին, նա կերպարանափոխվեց և պահեց իրեն որպես իսկական դենդի, համբուրեց կնոջը, հետո Կլեոպատրա Կազիմիրովնայի ձեռքը, սեղմեց Ստեպանիդայի ձեռքը, Թոմի մեջքին թփթփացրեց, Զիլբերովիչին գլխով արեց, իսկ ինձ ասաց․

― Մենք արդեն հանդիպել ենք։

Հետո նա նստեց սեղանի գլխին, առաջարկեց աղոթել Աստծուն և բարակ ձայնով գոռաց «Господи, иже еси на небеси...»

― Օ կեյ, ― ընդհատեց նրան Ջոնը, ― բավական է, մենք միևնույն է թարգմանել անգլերեն։ Հիմա դուք մի քիչ ուտել և խոսել։ Եվ եթե կարելի է, մի քիչ ժպիտ արեք։

― Ոչ մի ժպիտ, զայրացած ասաց Սիմիչը։ ― Աշխարհը կործանվում է։ Արևմուտքը ամենակուլներին է տալիս երկիր երկրի ետևից, կոմմունիզմի երկաթյա ծնոտները արդեն հասել են մինչև մեր կոկորդը և շուտով կպատռեն ադամագեղձը, իսկ դուք շարունակում եք ժպտալ։ Դուք ապրում եք չափից ավելի ապահով, և այնքան եք նրբացել, որ չեք հասկանում․ ազատության համար պետք է պայքարել, դուք պետք է զոհեք ձեզ։

― Ինչպե՞ս մենք պետք է պայքարենք, ― քաղաքավարի հարցրեց Ջոնը։

Ամենից առաջ դուք պետք է հրաժարվեք բոլոր ավելորդ բաներից։ Ամեն մեկը պետք է ունենա միայն այն, ինչ իրեն խիստ անհրաժեշտ է։ Այ նայեք ինձ։ Ես ամբողջ աշխարհում հայտնի գրող եմ, բայց ես համեստ եմ ապրում։ Ես ունեմ միայն մեկ տուն, երկու քոթեջ, բաղնիք, ախոռ և փոքրիկ եկեղեցի։

― Ասացեք, իսկ այս լիճը ձե՞րն է։

― Այո, ես ունեմ մի փոքրիկ համեստ լիճ։

― Միստեր Կարնավալով, ձեր կարծիքով, ո՞վ է այսօր ամենալավ գրողը աշխարհում։

― Իսկ դուք չգիտե՞ք։

― Ես գլխի եմ ընկնում, բայց ուզում եմ այդ հարցը անել ձեզ։

― Գիտե՞ք ինչ, ― ասաց Սիմիչը մի քիչ մտածելուց հետո։ Եթե ես ասեմ, որ աշխարհի լավագույն գրողը ես եմ, դա կլինի անհամեստություն։ Իսկ եթե ասեմ, որ ես չեմ, դա չի լինի ճշմարիտ։

Միստեր Կարնավալով, բոլորին է հայտնի, որ դուք ունեք միլլիոնավոր ընթերցողներ։ Բայց կան մարդիկ, որոնք չեն կարդում ձեր գրքերը․․․

― Բանը նրանում չի, որ չեն կարդում, ― խոժոռվեց Սիմիչը, այլ նրանում, որ մինչև վերջ չկարդալով զրպարտում են։

― Բայց կան մարդիկ, որոնք մինչև վերջ կարդում են և չեն կիսում ձեր հայացքները։

― Հիմարությո՜ւն, ― նյարդային գոչեց Սիմիչը և պատառաքաղով խփեց սեղանին։ Հիմարություն և անմտություն։ Ի՞նչ է նշանակում կիսում են, կամ չեն կիսում գաղափարները։ Որպեսզի բաժանեն իմ գաղափարները, պետք է ունենան մի քիչ ավելի մեծ ուղեղ, քան հավինը։ Ամենակուլների ուղեղը կեղտոտված է ժանգով, իսկ պլյուռալիստների մոտ ընդհանրապես ուղեղ չկա։ Եվ մեկը և մյուսը չեն հասկանում, որ ես ասում եմ ճշմարտություն և միայն ճշմարտություն և որ տեսնում եմ շատ տասնամյակներ առաջ։ Վերցրեք օրինակ նրան։ ― Սիմիչը ցույց տվեց ինձ մատով։ Նա, կարծես թե, նույնպես համարվում է գրող։ Բայց այսօրվանից առաջ չի տեսնում։ Եվ նա, փոխանակ նստի ու աշխատի, գնում է ինչ֊որ տեղ, այնտեղ, այսպես կոչված ապագան։ Ուզում է իմանալ, թե ինչ կկատարվի վաթսուն տարի հետո։ Իսկ ինձ պետք չի ոչ մի տեղ գնալ։ Ես առանց այդ էլ գիտեմ, թե ինչ կլինի այնտեղ։

― Շատ հետաքրքրիր է, ― բացականչեց Ջոնը։ ― Շատ։ Եվ հատկապես ի՞նչ կլինի այնտեղ։

Սիմիչը մռայլվեց, ետ հրեց ափսեն և սկսեց մորուքից թափ տալ փշրունքները։ Եթե աշխարհը չի ուզում մտածել այն մասին, ինչի մասին որ խոսում եմ, ― ասաց նա ուղիղ նայելով կամերային, ― ոչ մի լավ բան այնտեղ չի լինի։ Ոչ այնտեղ և ոչ էլ որևիցե ուրիշ տեղ։ Ամենակուլները կուտեն ամբողջ աշխարհը և իրենք իրենց։ Ամեն ինչ կնվաճեն չինացիները։

― Իսկ եթե աշխարհը համենայն դեպս ձեզ լսի՞։

― Օ՜, այն ժամանակ, ― աշխուժացավ և իր համոզմունքներին հակառակ ժպտաց Սիմիչը։ ― Այն ժամանակ ամեն ինչ լավ կլինի։ Կսկսվի ընդհանուր առողջացում, և կսկվի առաջին հերթին Ռուսաստանում։

― Ինչպիսի՞ն եք տեսնում ապագա Ռուսաստանը։ Հույս ունե՞ք, որ այնտեղ հաղթանակելու է կառավարման դեմոկրատական ձևը։

― Ո՛չ մի դեպքում, ― առարկեց Սիմիչը։ Ձեր գովվերգած դեմոկրատիան, մեզ ռուսներիս համար չէ։ Այն երևույթը, երբ ամեն մի հիմար կարող է իր կարծիքը արտահայտել և ցուցում տալ իշխանությանը, թե ինչ պետք է նրանք անեն կամ չանեն, մեզ համար ընդունելի չէ։ Մեզ պետք է այնպիսի ղեկավար, որը ունի անառարկելի հեղինակություն և ստույգ գիտի, ուր գնալ և ինչու։

― Ւսկ դուք կարծում եք, այդպիսի ղեկավարներ լինո՞ւմ են։

― Միգուցե և չեն լինում, բայց կարող են լինել, ասաց Սիմիչը նշանակալից և հայացք փոխանակեց Ժանետայի հետ։

― Ես շատ ներում եմ, ― ասաց Ջոնը։ ― Դուք հատկապես որևիցե մեկի՞ն ի նկատի ունեք, թե դա միայն թեորիա է։

― Գրողը տանի, ― հանկարծ հուզվեց Սիմիչը։ Նա խփեց իր ծնկին, վեր կացավ և սկսեց նյարդային քայլել սենյակում։ ― Տեսնում եք, եթե ես ձեզ ասեմ, ինչ եմ մտածում, սարսափելի ոռնոց կբարձրանա, ամբողջ աշխարհի պլյուռալիստները շների նման կհարձրակվեն ինձ վրա։ Կասեն․ Կարնավալովը ուզում է դառնալ թագավոր։ Ես թագավոր լինել չեմ ցանկանում։ Ես արվեստագետ եմ։ Ես մտածում եմ գեղարվեստորեն։ Ես պատկերավոր եմ մտածում։ Ես վերցնում եմ պատկերը, խորհրդածում և եմ թղթի վրա։ Հասկանալի՞ է։

― Այո, ― անվստահ ասաց Ջոնը։ Ընդհանուր առմամբ հասկանալի է։

Դե ուրեմն, ես թագավոր լինել չեմ ուզում։ Ես դեռ իմ ոչ բոլոր գեղարվեստական խնդիրներն եմ իրագործել։ Բայց երբեմն պատմական իրողությունները այնպես են դասավորվում, որ մարդ պետք է իր վրա վերցնի այն առաքելությունը, որը նրա վրա աստվածն է դրել։ Եթե ուրիշ այդպիսի մարդ աշխարհում չի գտնվում, նա պետք է այդ գործը վերցնի իր վրա։

― Եթե այդ առաքելությունը դրվի ձեզ վրա, դուք չէի՞ք հրաժարվել։

― Ես կհրաժարվեի, եթե լիներ գոնե մի մարդ, որին կարելի լիներ վստահել։ Բայց շուրջը ոչ ոք չկա։ Ամենուր միայն մանրուք։ Եվ միայն դրա համար, եթե Աստված ուզում է պատմության այդ էջը գրել այս ձեռքով, ― Սիմիչը բարձրացրեց պատառաքաղը բռնած ձեռքը, ― այն ժամանակ ինչ արած․․․

Կիսատ թողնելով խոսքը, Սիմիչը տխրեց, երևի կասկածեց, որ Աստված կընտրի հենց այդ ձեռքը։

― Դե լավ, ― ասաց նա խոնարհաբար, անմիջապես սակայն անցնելով տիրական ոճի։ ― Ինչպես կլինի, այնպես էլ կլինի, իսկ հիմա նախաճաշը ավարտված է, ժամանակն է աշխատել։

Ջոնը հարցրեց Սիմիչին, կարելի՞ է արդոք նրան նկարահանել աշխատանքի ժամանակ։ Սիմիչը ասաց, որ իհարկե, ինքը կաշխատի, իսկ նրանք կարող են նկարահանել․ նա սովոր է աշխատել դժվար պայմաններում, և հեռուսատատեսությունը նրան չի շեղում։

Սիմի՛չ, նետվեցի ես նրա կողմը։ ― Մինչև այս կամ այն, միգուցե մենք խոսե՞նք։

― Չեմ կարող, ― ասաց Սիմիչը։ ― Ես արդեն առանց այն էլ շատ ժամանակ կորցրեցի։

Հաջորդ առավոտյան ինձ ընդհանրապես չթողեցին նախաճաշի, որովհետև Սիմիչի մոտ էր եկել կոնգրեսմեն Պիտեր Բլոխը և նախաճաշի ժամանակ նրանք կարճ բանակցություններ վարեցին ատոմային զինաթափության մասին։

Ես չդիմացա և զայրացած հայտնեցի Զիլբերովիչին, որ ամեն դեպքում մեկնում եմ։

― Դե սպասիր, սպասիր, ― խնդրեց Զիլբերովիչը։ ― Ես կաշխատեմ ամեն ինչ գլուխ բերել։


Սեքս֊տակառ

Հինգ րոպե հետո նա վերադարձավ տխուր դեմքով։ Ոչ, այսօր Սիմիչը քեզ ոչ մի կերպ չի կարող ընդունել։ Նրանից այնքան շատ ժամանակ խլեցին, որ նա գրել է միայն չորս էջ։ Հնարավոր է, որ նա նույնիսկ ստիպված կլինի հրաժարվել ցերեկային հանգստից և Ստեպանիդայի դասից։ Միակ հաճույքը, որը նա իրեն թույլ կտա, Բախն է, դա էլ այն պատճառով, որ առանց Բախի նա չի կարողանում քնել։ Իսկ եթե նա չքնի, ապա հաջորդ օրն էլ անհաջող կլինի։

Լսելով այս տեղեկությունը, ես ոչինչ չպատասխանեցի, և գնացի իմ խուցը իրերս հավաքելու։

«Տականքնե՛ր և սրիկանե՛ր, ― մտովի գոչում էի ես, ճամպրուկի մեջ նետելով կեղտոտ գուլպաները և ճմրթված վերնաշապիկները։ Նրանք կարծում են, որ ես պետք է այստեղ նստեմ և սպասեմ, մինչև նրանք վճարեն տոմսի գինը։ Նրա համար ժամանակը թանկ է, իսկ ինձ համար ոչ։ Ո՜նց չէ։ Ինձ պետք չէ ձեր տոմսը։ Ինքս կվճարեմ, աղքատ չեմ։ Բայց այստեղ այլևս ոչ մի վարկյան չեմ մնա։ Հիմարներ չկան։ Հերի՛ք է։

Ես արդեն ուզում էի փակել ճամպրուկը, երբ նկատեցի, որ այնտեղ պակասում են իմ տնային հողաթափերը։ Ո՞ւր են նրանք տեսնես կորել։

Ես սկսեցի աչքերով փնտրել անկյուններում, երբ դուռը բացվեց և շեմքին հայտնվեց Ստեպանիդան ավելն ու աղբակալը ձեռքին։

― Ա՜հ, պարոն, ― բացականչեց նա։ Դուք այստե՞ղ եք։

― Ի՞նչ է քեզ պետք, ― հարցրեցի ես։

― Ուզում էի մի քիչ հավաքել, էլ ի՞նչ։ Ախր ես մտածում էի, որ դուք այնտեղ եք, իսկ դուք տեսնում եմ այստեղ եք։ Լավ, այդ դեպքում, ես միգուցե հետո՞։

Նրա դեմքին խաղում էր իրեն հատուկ հիմար ժպիտը։

― Սպասի՛ր, ― ասացի ես, դու իմ տնային կոշիկները չե՞ս տեսել։

― Տնային կոշիկնե՞ր, ― կրկնեց նա և սկսեց մտածել, կարծես ես նրան հանձնարարել էի ապացուցել Պիֆագորի թեորեմը։ ― Բա ո՜նց, ― վերջապես գլխի ընկավ նա։ ― Այդ ձեր սլիպերները, կարմիր, առանց կրունկների։ Իհարկե, իհարկե տեսել եմ։ Ես նրանք այնտեղ, մահճակալի տակ եմ խցկել, որպեսզի հոտ չգա։ Դժաստ է մոմենտ։

Նա կանգնեց ծնկների վրա և խցկվեց մահճակալի տակ, նշան բռնելով իմ վրա իր աննկարագրելի հետույքով։ Նրա կարճ փեշը բարձրացավ, բացելով նրա կիսաթափանցիկ բարակ ժանյակներով կիսավարտիքը։

Օ՜, աստված։ Ես միշտ էլ անտարբեր չեմ եղել կանացի այդ մասի կառուցվածքի հանդեպ, բայց այդպիսի գայթակղություն կայնքում չեմ ունեցել։ Այդ երկու հանելուկային էներգիայով լցված կիսագնդերը ձգում էին ինձ, ինչպես մագնիս։

Պայքարելով այդ գայթակղության հետ, ես փորձեցի աչքերս մի կողմ շրջել և գրգռված հարցրեցի, թե ինչ է նա այդքան երկար անում։

― Հիմա, պարոն, ― լսվեց նրա երգեցիկ ձայնը մահճակալի տակից։ Մի րոպե, միայն աչքերս մթությանը սովորեն։

― Ի՜նչ մթություն, ― ասացի ես և, կռանալով ուզեցի ինքս նայել մահճակալի տակ, բայց կորցրեցի հավասարակշռությունս և երկու ձեռքերով կառչեցի նրա երկու կիսագնդերից, որոնք միանգամից սկսեցին դողալ։

― Օ՜հ, պարոն, ― լսվեց նրա վախեցած ձայնը։ ― Այդ ի՞նչ եք դուք անում։

― Ոչինչ, ոչինչ, ― մրթմրթացի ես, զգալով, թե ինչպես են նուրբ ժանյակները փրփուրի նման սահում նրա վրայից։ ― Այդպես էլ կանգնիր։ Դու սովորիր մթությանը։ Հիմա լավ կլինի։ Իմ կարծիքով, դու արդեն ինչ֊որ բան տեսնում ես, ― շնչակտուր շշնջում էի ես, զգալով, որ իմ խելագար ճնշման տակ նա թուլանում է և հալվում կարագի պես։

Պետք է ասեմ, որ ես խիստ բարոյական սկզբունքների տեր մարդ եմ։ Եվ իմ բոլոր ծանոթները գիտեն ինձ, որպես օրինակելի ամուսին։ Բայց այդ պահին, ես ուղղակի խելագարվել էի և չէի տիրապետում ինձ։

Հետո մենք գլուխկոնձի տվեցինք լայն մահճակալի վրա, ներքնակը պայթեց և փետուրները թռչում էին ամբողջ սենյակում ու կպչում մեր քրտնած մարմիններին։ Ես կորցրեցի ամեն մի վերահսկողություն ինձ վրա, տնքում էի, ոռնում, ատամներս կրճտացնում։ Եվ նա էլ իմ ականջին թոթվում էր տարբեր քնքշություններ, անվանելով ինձ և՛ սիրելի, և՛ ոսկյա, և՛ ավազակ, և՛ անպատկառ, և սփոփում էր իմ ինքնասիրությունը պնդելով, որ այսպիսի տղամարդ կյանքում չի հանդիպել։

Մենք պոկվեցինք իրարից միայն ճաշին մոտ, որին ես ջարդված և անուժ հազիվ քարշ տվեցի ոտքերս։ Ես այնպիսի տեսք ունեի, որ Ժանետան նույնիսկ հարցրեց, արդյոք ես չեմ հիվանդացե՞լ, իսկ նրա խորաթափանց եղբայրը ոչինչ չասաց, բայց նրա քմծիծաղող մռութից ես հասկացա, որ նա ամեն ինչի մասին գլխի է ընկել։

Իմ համար տհաճ էր, որ նա հասկացել է, և ես ուզում էի մեկնել ճաշից հետո, բայց առաջին՝ ուժ չունեի, իսկ երկրոդր՝ նա խոստացել էր գիշերը գալ ինձ մոտ։ Եվ եկավ, հենց որ նրա Թոմը լցվելով «Բուրբոնով» քնեց։

Նա իսկական սեկս֊ռումբ էր։ Կամ, հաշվի առնելով նրա կազմվածքի առանձնահատկությունը, սեքս֊տակառ, Տակառ՝ լցված սեքսով, ինչպես դինամիտով, առանց մտքի մի որևիցե նշույլի։ Բայց նա ցնցեց ինձ այնպես, որ ես կորցրեցի խելքս և պատրաստ էի մոռանալով և ընտանիքս և բոլոր ծրագրերս, մնալ այստեղ և, սարդի նման կառչելով Ստեպանիդայից, մեռնել ուժերիս սպառումից։

Ես նույնիսկ ուրախացա իմանալով, որ հաջորդ նախաճաշին Սիմիչը նորից չի կարող զրուցել ինձ հետ, որովհետև հրատարակչությունից եկել է հավաքված տեքստը, և բացի նախաճաշից նա ուրիշ ժամանակ կարդալու համար չուներ։

Բայց ճաշից առաջ, երբ ես դեռ նոր էի բաց թողել Ստեպանիդային, վազելով եկավ հուզված Զիլբերովիչը և ասաց, որ Սիմիչը անհապաղ պահանջում է ինձ իր մոտ։


Լավ է

Սիմիչը այնքան էր տարված աշխատանքով, որ չլսեց, ինչպես ես ներս մտա։ Սեղանին թեքված նա ինչ֊որ բան էր գրում, իմիջիայլոց, ոչ թե գրասենյակային, այլ «Պարկեր» ֆիրմայի գնդիկավոր գրիչով։ Իսկ գրասենյակայինը՝ այն նույնը, կրծոտած ծայրով, որը մի ժամանակ ինձ վրա մեծ տպավորություն էր գործել, ուրիշ գրիչների ու մատիտների հետ ցցված էր այն ալյումինե բաժակից, որի վրա փորագրված էին նրա ինիցիալները՝ «Ս․ Կ․»։

Սիմիչը բռնել էր «պարկերը» բռունցքի մեջ սեղմած, ինչպես կտրիչ, և գրում էր, աջ ուսով սեմելով գրչի վրա և պատռելով թուղթը։ Ես չէի տեսնում, թե նա ինչ է գրում, բայց, գրելով մի կտոր, կամ նախադասություն, նա բարձրացնելով գրիչը անշարժանում էր, վերակարդալուց շարժում շրթունքները։ Կարդալով մինջև վերջ թափ էր տալիս գլուխը և բացականչում․

― Լա՜վ է։

Եվ կտրուկ հարվածով, կարծես մեխ խփելիս լիներ, կետ էր դնում։

Հետո նորից մի նախադասություն և նորից․

― Լա՜վ է։

Եվ նորից կետ։

Ես նրան նախանձով էի նայում։ Երևում էր, որ աշխատում է իր ուժերին վստահ վարպետ։ Ես անհարմար էի զգում ընդհատել նրան, բայց կանգնել նրա մեջքի հետևում, նույնպես մի տեսակ հարմար չէր։ Ես հազացի մի անգամ, հետո նորից։ Վերջապես նա ինձ լսեց, ցնցվեց և շուռ եկավ․

― Ա՜, այդ դու ես։ ― Եվ անհամբեր ասաց․ ― Ի՞նչ է քեզ պետք։

Ես ասացի, որ ինձ ոչինչ պետք չէ, ես եկել եմ հրաժեշտ տալու և լսելու նրա ցանկությունները։

― Լավ, ― ասաց նա և նայեց ժամացույցին։ ― Ես քո համար ունեմ ուղիղ յոթ և կես րոպե։

― Սիմի՛չ, ― բացականչեցի ես վրդովված։ ― Դու ինձ ներիր, բայց սա անպատկառություն է։ Ես քո պատճառով օրերով այստեղ եմ մնացել, իսկ դու իմ համար ունես միայն յոթ ու կես րոպե։

― Յոթ ու կես էր, իսկ հիմա, ― նա նորից նայեց ժամացույցին, ― միայն յոթ։ Բայց դա էլ հերիք է։ Ի՞նչու ես «եփում»։ Քեզ համար մեր հանդիպումը նույնպես օգտակար կլինի։ Կվերցնես քեզ հետ «Մեծ զոնան»։

― «Մեծ զոնա՞ն», ― զարմացա ես։ ― Ինձ հետ Մյունխե՞ն։

― Ոչ թե Մյունխեն, այլ երկու հազար․․․ ո՞ր թվի Մոսկվա։ Քառասուն երկո՞ւ։ Հենց այնտեղ էլ կտանես։

― Ինչպե՞ս։ Բոլոր վաթսուն ժայռաբեկորնե՞րը։

― Վաթսո՞ւն, ― մռայլվեց Սիմիչը, ― ես դեռ այդքան չեմ գրել։ Ինձ չափից ավելի են ընդհատում։ Ես գրել եմ միայն երեսունվեցը։

― Եվ դու ուզում ես, որ ես ապագան քաշ տամ երեսունվեց բեկո՞ր։ Ինչի՞ համար։ Մի՞թե դու չես հավատում, որ մինչև այդ նրանք արդեն տպագրված կլինեն։

― Իհարկե կլինեն, ― հաստատեց Սիմիչը։ ― Բայց ես վախենում եմ, որ նրանք այնտեղ ինչ֊որ բան կխեղաթյուրեն կամ կուղղեն։ Իսկ ես ուզում եմ, որ ամեն ինչ ճշգրիտ լինի։

― Հասկանում եմ, ― ասացի ես։ Բայց երեսունվեց ժայռաբեկոր, ես ուղղակի չեմ կարողանա տեղ հասցնել։ Ես ճողվածք ունեմ և հինգից ավելի ոչ մի կերպ չեմ կարող տանել։

― Պարզ է, ― քմծիծաղ տվեց Սիմիչը ինքնգոհ։ ― Այն ինչ ես եմ կարող, ուրիշների ուժերից վեր է։ Բայց դու, ես հույս ունեմ կկարողանաս։

Նա բացեց պլաստմասայից սարքվաց փոքրիկ տուփը և այնտեղից հանեց բարակ, ափի չափսի սև սկավառակ։ Դա տնային կոմպյուտերի հասարակ ֆլոպպի դիսկ էր, բայց երևի շատ ավելի մեծ հնարավորություններով։

― Ահա, ― ասաց նա հեգնանքով։ Բոլոր երեսունվեց ժայռաբեկորները։ Չես լարվի։

― Եվ ի՞նչ եմ անելու սրա հետ այնտեղ։

― Այդ ես չգիտեմ, հոգոց հանեց Սիմիչը։ Դա կախված է նրանից, թե ինչ կլինի այնտեղ։ Եթե այս ամենը տպագրված լինի, կկարդաս, կհամեմատես սխալները․․․

«Է՜լ ինչ », ― ասացի ես մտքումս։ ― Կարդալ երեսունվեց ժայռաբեկոր ինձ համար (ես դանդաց եմ կարդում) ― մի տարվա աշխատանք է, իսկ ես մեկնում եմ ոչ ավել, քան մեկ ամսով։

Եթե սխալներ չկան, հանձնիր սկավառակը Կարնավալովի թանգարանը․․․

― Իսկ եթե թանգարան չկա՞, ― հարցրեցի ես զգուշորեն խայթելով։

― Եթե չկա, ― զայրացավ նա կամ ինձ, կամ անշնորհակալ հետնորդների վրա, ― ուրեմն, այնտեղ դեռ կառավարում են ամենակուլները։ Այն ժամանակ, դու․․․ ― այստեղ նա ուղղակի ամբողջապես դողաց և քայլեց սենյակով․․․ Ուրեմն, ահա թե ինչ։ Գտիր որևէ ապագա համակարգիչ, դիր նրա մեջ այս իրը, տպիր որքան կարող ես շատ օրինակներ և տարածիր, որքան լայնորեն, այնքան ավելի լավ։ Ուղղակի բաժանիր աջ ու ձախ։ Թող մարդիկ կարդան, թող իմանան, թե ինչ են իրենցից ներկայացնում նրանց ագահ ղեկավարները։

― Սիմիչ, ― ասացի ես կամաց։ ― Ինչպե՞ս եմ տարածելու։ Ախր, եթե այնտեղ դեռևս ղեկավարում են ամենակուլները, նրանք ուղղակի կձերբակալեն ինձ, իսկ միգուցե և գնդակահարեն։

Այդ ես շատ անզգույշ արտահայտվեցի։ Ես դեռ չէի վերջացրել նախադասությունը, իսկ նա արդեն կարմրեց, սեղմեց բռունցքները և զայրույթից ցնցվեց։

― Երիտասարդ, ― ասաց նա այնքան բարձր, որ նույնիսկ ապակիները զրնգացին։ ― Ամոթ է, երիտասարդ։ Ռուսաստանը կործանվում է։ Ագահ ամենակուլները արդեն խրթխրթացնում են աշխարի կեսի ոսկորները, պետք են զոհեր, իսկ դուք անհանգստանում եք միայն ձեր մասին։

Սակայն տեսնելով իմ շփոթմունքը, նա արագ փոխեց զայրույթը ներողամտությամբ։

― Դե լավ, ― ասաց նա, ― լավ։ Հոգու թուլությունը դա արատ է, որը հատուկ է շատ մարդկանց։ Իսկ քո մոտ դա նրանից է, որ Աստծուն չես հավատում։ Եթե հավատայիր Աստծուն, ապա կիմանայիր, որ մեր երկրային կյանքը միայն ժամանակավոր զբոսանք է, իսկ այնտեղ հանգստություն և հավերժական երանություն։ Մտածիր այդ մասին։ Իսկ հիմա մեկնիր․․․ Հա, քիչ մնաց մոռանայի է։ Ահա քեզ երկտող։ Վերցրու այն հետդ և այնտեղ կփոխանցես ձեռքից ձեռք ում որ պետք է։ Բայց չփորձես բացել և կարդալ։ Այս բառերով նա ինձ հանձնեց կնիքով զմռսված մի լիքը փաթեթ։ Ծրարի վրա խոշոր տառերով գրված էր․

Ռուսաստանի ապագա ղեկավարներին

― Լե՛ո, ― կանչեց նա։

Դուռը անմիջապես բացվեց, հայտնվեց ջինսերով և վերնաշապիկով, որը աներիկցիները անվանում են «տի֊շերտ» հասարակ հագնված Լեոն։ Վերնաշապիկի վրա պատկերված էր Սիմիչը։

― Լե՛ո, ― ասաց Սիմիչը, գլխով ցույց տալով ինձ։ ― Նա մեկնում է։ Ուղեկցիր նրան մինչև Մոնրեալի ճանապարհը։

― Սիմիչ, ― ասաց Լեոն բավականին սանձարձակ տոնով, իսկ միգուցե նա ճաշի մեզ հետ և հետո նոր գնա՞։

― Ոչ ― վճռականորեն առարկեց Սիմիչը։ Կճաշի թռչողում։ Կարիք չկա իզուր ժամանակ կորցնել։

Մյուս առավոտ ես վերադարձա Մյունխեն և ապագայի ղեկավարներին ուղաված նամակը իջեցրի աղբամանը։ Բայց ֆլոպպի֊դիսկը չգիտեմ ինչու պահեցի։