Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը

Գրապահարան-ից
Առաջին հատոր: Գիրք առաջին - Կապիտալի Արտադրության Պրոցեսը

հեղինակ՝ Կարլ Մարքս
թարգմանիչ՝ անհայտ (ռուսերենից)
աղբյուր՝ «Կապիտալ»


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


ԱՌԱՋԻՆ ԲԱժԻՆ։ ԱՊՐԱՆՔ ԵՎ ՓՈՂ

ԱՌԱՋԻՆ ԳԼՈՒԽ։ ԱՊՐԱՆՔ

1. ԱՊՐԱՆՔԻ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆԸ՝ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՐԺԵՔ ԵՎ ԱՐԺԵՔ (ԱՐԺԵՔԻ ՍՈԻԲՍՏԱՆՑԸ, ԱՐԺԵՔԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ)

Այն հասարակությունների հարստությունը, որոնցում արտադրության կապիտալիստական եղանակն է իշխում, ներկայացնում է «ապրանքների մի հսկայական հավաքածու»[1], իսկ առանձին ապրանքր՝ նրա տարրական ձևը։ Այս պատճառով մեր հետազոտությունն սկսվում է ապրանքի վերլուծությամբ։

Ապրանքն ամենից առաջ մի արտաքին առարկա է, մի իր, որը իր հատկությունների շնորհիվ բավարարում է մարդկային որևէ պահանջմունք։ Բանի էությունը չի փոխվում այդ պահանջմունքների բնույթից՝ արդյոք նրանք ստամոքսի՞ց են ծագում թե երևակայությունից[2]։ Բանը նաև այն չէ, թե տվյալ իրը ինչպես է բավարարում մարդկային պահանջմունքը՝ արդյոք անմիջաբար, որպես կենսամիջոց, այսինքն՝ որպես սպառման առարկա, թե կողմնակի ճանապարհով, որպես արտադրամիջոց։

Ամեն մի օգտակար իր, օրինակ, երկաթը, թուղթը և այլն, կարելի է գիտել երկու տեսակետից — որակի կողմից և քանակի կողմից։ Ամեն մի այդպիսի իր բազմաթիվ հատկությունների ամբողջություն է, ուստի և կարող է իր զանազան կողմերով օգտակար լինել։ Իրերի այգ տարրեր կողմերը և, հետևաբար, գործադրման բազմապիսի եղանակները երևան հանելը պատմական զարգացման գործն է[3]։ Նույնը պետք է ասել օգտակար իրերի քանակական կողմի համար հասարակական չափեր գտնելու մասին։ Ապրանքային չափերի տարբերությունները մասամբ որոշվում են հենց չափվող առարկաների տարբեր բնույթով, մասամբ էլ պայմանական են։

Իրի օգտակարությունը այն դարձնում է սպառողական արժեք[4]։ Բայց այս օգտակարությունը կախված չէ օդի մեջ։ Ապրանքային մարմնի հատկություններով պայմանավորված այդ օգտակարությունը գոյություն չունի այդ ապրանքային մարմնից դուրս։ Ուստի ապրանքային մարմինը, ինչպես, օրինակ, երկաթը, ցորենը, ադամանդը և այլն, ինքը սպառողական արժեք է կամ բարիք։ Նրա այդ բնույթը կախված չէ այն բանից, թե արդյոք նրա սպառողական հատկությունների յուրացումը մարդու վրա շա՞տ աշխատանք է նստում թե քիչ։ Սպառողական արժեքները քննելիս միշտ ենթադրվում է նրանց քանակային որոշվածությունը, օրինակ, մի դյուժին ժամացույց, մի արշին կտավ, մի տոննա երկաթ և այլն։ Ապրանքների սպառողական արժեքները հատուկ դիսցիպլինի — ապրանքագիտության առարկան են կազմում [5]։ Սպառողական արժեքն իրացվում է միայն սպառման պրոցեսում։ Սպառողական արժեքները կազմում են հարստության իրային բովանդակությունը, ինչ հասարակական ձև էլ ունենա այդ հարստությունը։ Այն հասարակական ձևի ժամանակ, որ մենք քննարկելու ենք, սպառողական արժեքները միաժամանակ փոխանակային արժեքի իրային կրողներն են։

Փոխանակային արժեքն ամենից առաջ ներկայանում է որպես քանակային հարաբերակցություն, որպես մի համամասնություն, որով մի տեսակի սպառողական արժեքները փոխանակվում են ուրիշ տեսակի սպառողական արժեքների հետ[6],— հարաբերակցություն, որը շարունակ փոփոխվում է ժամանակի ու տեղի համեմատ։ Այդ պատճառով փոխանակային արժեքը թվում է ինչ֊որ մի պատահական ու միանգամայն հարաբերական բան, իսկ բուն ապրանքին հատուկ ներքին, փոխանակային արժեքը (valeur intrinseque) պատկերանում է որպես մի ինչ-որ contradicto in adjecto [7]։ Քննենք բանն ավելի մոտիկից։

Մի որոշ ապրանք, օրինակ, մեկ կվարտեր ցորենը, փոխանակվում է x կոշկաներկի հետ, կամ y մետաքսի հետ, կամ z ոսկու հետ և այլն, մի խոսքով՝ ուրիշ ապրանքների հետ ամենատարբեր համամասնությամբ։ Հետևաբար, ցորենն ունի ոչ թե մեկ եզակի, այլ բազմաթիվ փոխանակային արժեքներ։ Բայց որովհետև թե՛ x կոշկաներկի, թե՛ y մետաքսը և թե՛ z ոսկին և այլն մեկ կվարտեր ցորենի փոխանակային արժեքն են կազմում, ուստի x կոշկաներկը, y մետաքսը, z ոսկին և այլն պետք է իրար փոխարինելու ընդունակ կամ հավասարամեծ փոխանակային արժեքներ լինեն։ Սրանից հետևում է, առաջին, որ միևնույն ապրանքի տարրեր փոխանակային արժեքները ինչ֊որ միատեսակ բան են արտահայտում և, երկրորդ, որ փոխանակային արժեքն ընդհանրապես կարող է իրենից տարբեր ինչ֊որ բովանդակության արտահայտության միայն եղանակը, միայն «դրսևորման ձևը» լինել։

Վերցնենք այնուհետև երկու ապրանք, օրինակ, ցորեն և երկաթ։ Ի՛նչ էլ որ լինի նրանց փոխանակային հարաբերությունը, այն միշտ կարելի է արտահայտել մի հավասարումով, որի մեջ ցորենի տվյալ քանակը հավասարեցվում է երկաթի մի որոշ քանակի. օրինակ, 1 կվարտեր ցորենը = a ցենտներ երկաթի։ Ի՞նչ է ասում մեզ այս հավասարումը։ Այն, որ հավասար մեծություն ունեցող ինչ֊որ ընդհանուր բան կա երկու, տարբեր իրերի՝ 1 կվարտեր ցորենի և a ցենտներ երկաթի մեջ։ Հետևաբար, այդ երկու իրերն էլ հավասար են մի ինչ-որ երրորդ բանի, որն ինքնին ո՛չ նրանցից առաջինն է, ոչ էլ երկրորդը։ Այսպիսով, նրանցից յուրաքանչյուրը, որչափով նա փոխանակային արժեք է, պետք է վերածելի լինի այդ երրորդին։

Մի հասարակ երկրաչափական օրինակով լուսաբանենք այդ։ Բոլոր ուղղագիծ ձևերի մակերեսները որոշելու և համեմատելու համար վերջինները վեր են ածում եռանկյունիների։ Ինքը եռանկյունին վեր են ածում նրա տեսանելի ձևից բոլորովին տարբեր մի արտահայտության — հիմքի ու բարձրության արտադրյալի կեսին։ Ճիշտ այդպես էլ ապրանքների փոխանակային արժեքները ևս անհրաժեշտ է վերածել նրանց համար ընդհանուր ինչ-որ մի բանի, որի քանակական ձևափոխությունն են ներկայացնում նրանք։

Այդ ընդհանուր բանը չեն կարող ապրանքների երկրաչափական, ֆիզիկական, քիմիական կամ որևէ այլ բնական հատկությունները լինել։ Նրանց մարմնական հատկությունները քննության են ենթակա այստեղ ընդհանրապես միայն այն չափով, որչափով նրանցից է կախված ապրանքների օգտակարությունը, այսինքն՝ որչափով նրանք ապրանքները սպառողական արժեքներ են դարձնում։ Մյուս կողմից, ակներև է, որ ապրանքների սպառողական արժեքներից վերանալն է հենց, որ բնորոշում է նրանց փոխանակային հարաբերությունը։ Ապրանքների փոխանակային հարաբերության սահմաններում յուրաքանչյուր տվյալ սպառողական արժեք ճիշտ նույնքան նշանակություն ունի, որքան որևէ մի ուրիշ սպառողական արժեք, եթե միայն վերջինն առկա է համապատասխան համամասնությամբ։ Կամ, ինչպես ծերունի Բարբոնն է ասում՝ «Ապրանքների մի տեսակը նույնքան լավ է, որքան և մի ուրիշ տեսակը, եթե նրանց փոխանակային արժեքները հավասար են։ Ոչ մի զանազանություն կամ տարբերություն չկա հավասար փոխանակային արժեք ունեցող իրերի միջև»[8]։ Ապրանքները, որպես սպառողական արժեքներ, տարբերվում են միմյանցից ամենից առաջ որակապես, որպես փոխանակային արժեքներ նրանք կարող են միայն քանակական տարբերություններ ունենալ, հետևաբար, նրանք ոչ մի ատոմ սպառողական արժեք չեն պարունակում։

Եթե վերանանք ապրանքային մարմինների սպառողական արժեքից, ապա կմնա նրանց միայն մեկ հատկությանը, այն, որ նրանք աշխատանքի արդյունքներ են։ Բայց հիմա աշխատանքի արդյունքն էլ արդեն բոլորովին նոր կերպարանք է ստանում։ Եվ իրոք, քանի որ մենք վերացել ենք նրա սպառողական արժեքից, ապա դրա հետ միասին վերացել ենք նաև նրա ապրանքային մարմնի այն բաղկացուցիչ մասերից ու ձևերից, որոնք այդ արդյունքն սպառողական արժեք են դարձնում։ Այժմ նա այլևս սեղան կամ տուն կամ մանվածք կամ որևէ այլ օգտակար իր չէ։ Զգայաբար ընկալվող նրա բոլոր հատկությունները մարել են նրա մեջ։ Հավասարապես, այժմ նա արդեն հյուսնի կամ ատաղձագործի կամ մանողի աշխատանքի կամ մի որևէ այլ որոշակի արտադրողական աշխատանքի արդյունք չէ։ Աշխատանքի արդյունքի օգտակար բնույթի հետ չքանում է նաև նրա մեջ ներկայացված աշխատանքի տեսակների օգտակար բնույթը, հետևաբար և աշխատանքի այդ տեսակների տարբեր կոնկրետ ձևերը. այդ վերջիններն այլևս չեն զանազանվում իրարից, այլ նրանք բոլորը հանգում են միանման մարդկային աշխատանքի, մարդկային աբստրակտ աշխատանքի։

Հիմա քննենք աշխատանքի արդյունքների այդ residium-ը [մնացորդը]։ Նրանցից ոչինչ չի մնացել, բացի բոլորի համար միատեսակ երևութական առարկայականությունից, տարբերազուրկ մարդկային աշխատանքի հասարակ խտացվածքից, այսինքն՝ մարդկային աշխատուժի ծախսումից, անկախ այդ ծախսման ձևից։ Այդ բոլոր իրերը հիմա լոկ արտահայտությունն են այն բանի, որ նրանց արտադրության մեջ մարդկային աշխատուժ է ծախսված, մարդկային աշխատանք է կուտակված։ Որպես նրանց բոլորի համար ընդհանուր հասարակական այդ սուբստանցի բյուրեղներ՝ նրանք արժեքներ են, ապրանքային արժեքներ։

Ապրանքների հենց փոխանակային հարաբերության մեջ նրանց փոխանակային արժեքը մեզ ներկայացավ իբրև մի բան, որ միանգամայն անկախ է նրանց սպառողական արժեքներից։ Եթե մենք իրոք վերանանք աշխատանքի արդյունքների սպառողական արժեքից, ապա կստանանք նրանց արժեքն այնպես, ինչպես այն հենց նոր սահմանվեց։ Այսպիսով, այն ընդհանուրը, որն արտահայտվում է ապրանքների փոխանակային հարաբերության կամ փոխանակային արժեքի մեջ, հենց նրանց արժեքն է։ Հետազոտության հետագա ընթացքը մեզ նորից կբերի դեպի փոխանակային արժեքը, որպես արժեքի արտահայտության անհրաժեշտ եղանակ կամ նրա երևան գալու անհրաժեշտ ձև. այնուամենայնիվ, այս վերջինը պետք է նախ քննության առնվի այդ ձևից անկախ։

Այսպես ուրեմն, սպառողական արժեքը կամ բարիքն արժեք ունի միայն այն պատճառով, որ նրա մեջ առարկայացած կամ նյութականացած է աբստրակտ, մարդկային աշխատանքը։ Իսկ ինչպե՞ս չափել նրա արժեքի մեծությունը։ Ակներև է՝ նրա մեջ պարունակված աշխատանքի, այդ «արժեքների ստեղծող սուբստանցի» քանակով։ Բուն աշխատանքի քանակը չափվում է նրա տևողությամբ, աշխատաժամանակով, իսկ աշխատաժամանակը, իր հերթին, իր մասշտաբը գտնում է ժամանակի որոշ մասերի մեջ, ինչպիսիք են՝ ժամը, օրը և այլն։

Եթե ապրանքի արժեքը որոշվում է նրա արտադրության տևողության ընթացքում ծախսված աշխատանքի քանակով, ապա կարող Էր թվալ, թե ապրանքի արժեքն այնքան ավելի մեծ որքան ավելի ծույլ կամ անհմուտ է այդ ապրանքն արտադրող մարդը, որովհետև նրան այնքան ավելի շատ ժամանակ է պահանջվում ապրանքը պատրաստելու համար։ Բայց արժեքների սուբստանցը կազմող աշխատանքը միանման մարդկային աշխատանքն է, միևնույն մարդկային աշխատուժի ծախսումը։ Հասարակության ամբողջ աշխատուժը, որն արտահայտվում է ապրանքային աշխարհի արժեքների մեջ, այստեղ հանդես է գալիս որպես միևնույն մարդկային աշխատուժ, թեև այն կազմված է անթիվ անհատական աշխատուժերից։ Այդ անհատական աշխատուժերից ամեն մեկը, ինչպես և ամեն մի այլ ուժ, միևնույն մարդկային աշխատուժն է, քանի որ նա հասարակական միջին աշխատուժի բնույթ ունի և գործում է որպես այդպիսի հասարակական միջին աշխատուժ, հետևաբար, տվյալ ապրանքի արտադրության վրա գործադրվում է միայն միջին հաշվով անհրաժեշտ կամ հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը։ Հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը այն աշխատաժամանակն է, որ արտադրության հասարակականորեն նորմալ առկա պայմաններում և տվյալ հասարակության մեջ գոյություն ունեցող աշխատանքի հմտության ու ինտենսիվության միջին մակարդակի պարագայում պահանջվում է մի որևէ սպառողական արժեք պատրաստելու համար։ Այսպես, օրինակ, Անգլիայում մանածագործական շոգեհաստոցը մտցնելուց հետո մանվածքի տվյալ քանակը գործվածք դարձնելու համար պահանջվում էր, թերևս, այն աշխատանքի կեսը միայն, որ առաջ ծախսվում էր դրա վրա։ Անգլիական ձեռնաշխատ ջուլհակը այդ փոխակերպության վրա, իհարկե, դրանից հետո էլ նույնքան աշխատաժամանակ էր գործադրում, որքան առաջ, բայց այժմ նրա անհատա¬կան աշխատաժամի արդյունքի մեջ հասարակական աշխատաժամի միայն կեսն է ներկայացված, ուստի և այդ արդյունքի արժեքը կիսով չափ պակասել է։

Այսպես ուրեմն, տվյալ սպառողական արժեքում մարմնացած արժեքի մեծությունը որոշվում է միայն աշխատանքի քանակով կամ սպառողական արժեք պատրաստելու համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժայմանակի քանակով[9]։ Յուրաքանչյուր առանձին ապրանք տվյալ դեպքում նշանակություն ունի լոկ որպես իր տեսակի միջին նմուշահատ[10]։ Հետևաբար, այն ապրանքները, որոնց մեջ աշխատանքի հավասար քանակներ են պարունակվում, կամ որոնք կարող են պատրաստվել միևնույն աշխատաժամանակում, արժեքի միևնույն մեծությունն ունեն։ Մեկ ապրանքի արժեքը ամեն մի ուրիշ ապրանքի արժեքին այնպես է հարաբերում, ինչպես առաջինի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը հարաբերում է երկրորդի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակին։ «Որպես արժեքներ՝ բոլոր ապրանքները կարծրացած աշխատաժամանակի որոշ քանակ են միայն»[11]։

Հետևաբար, ապրանքի արժեքի մեծությունը հաստատուն կմնար, եթե նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը անփոփոխ լիներ։ Բայց աշխատաժամանակը փոփոխվում է աշխատանքի արտադրողական ուժի ամեն մի փոփոխության հետ միասին։ Աշխատանքի արտադրողական ուժը որոշվում է բազմաբարդ հանգամանքներով, ի միջի այլոց՝ բանվորի հմտության միջին աստիճանով, գիտության զարգացման մակարդակով ու նրա տեխնոլոգիական կիրառման աստիճանով, արտադրական պրոցեսի հասարակական կոմբինացիայով, արտադրության միջոցների չափերով ու էֆեկտիվությամբ և, վերջապես, բնական պայմաններով։ Աշխատանքի միևնույն քանակը, օրինակ, բարենպաստ տարում արտահայտվում է 8 բուշել ցորենով, անբարենպաստ տարում1 միայն 4 բուշելով։ Աշխատանքի միևնույն քանակը հարուստ հանքերում ավելի շատ մետաղ է տալիս, քան աղքատ հանքերում և այլն։ Ադամանդները հազվադեպ են երկրի կեղևի մեջ, և այդ պատճառով էլ դրանք որոնել-գտնելը միջին հաշվով ավելի շատ աշխատաժամանակ է պահանջում։ Հետևաբար, նրանց փոքր ծավալի մեջ շատ աշխատանք է ներկայացված։ Ջեկոբը կասկածում է, թե երբևէ ոսկու լրիվ արժեքը վճարված լինի։ Է՛լ ավելի մեծ իրավունքով այդ կարելի է ասել ադամանդի մասին։ Էշվեգեի ասելով՝ Բրազիլիայի ադամանդի հանքերի ութսունամյա մշակման ամբողջ արդյունքի արժեքը 1823 թվականին չէր հասնում Բրազիլիայի շաքարի ու սուրճի պլանտացիաների 1 1/2 տարվա արդյունքի միջին գնին, թեև առաջինն անհամեմատ ավելի շատ աշխատանք, ուրեմն և ավելի արժեք էր ներկայացնում։ Ավելի հարուստ հանքեր գտնելու դեպքում աշխատանքի նույն քանակը կարտահայտվեր ադամանդների ավելի մեծ քանակի մեջ, և հետևապես, նրանց արժեքը կիջներ։ Եթե հաջողվեր ածուխն ադամանդ դարձնել քիչ աշխատանք ծախսելով, ադամանդի արժեքը կարող էր աղյուսի արժեքից էլ իջնել։ Ընդհանրապես, որքան ավելի մեծ է աշխատանքի արտադրողական ուժը, այնքան ավելի փոքր է որևէ իր պատրաստելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը, այնքան ավելի փոքր է նրա մեջ բյուրեղացած աշխատանքի մասսան, այնքան ավելի փոքր է նրա արժեքը։ Ընդհակառակը, որքան ավելի փոքր է աշխատանքի արտադրողական ուժը, այնքան ավելի մեծ է որևէ իր պատրաստելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը, այնքան ավելի մեծ է նրա արժեքը։ Այսպիսով, ապրանքի արժեքի մեծությունը փոփոխվում է այդ ապրանքի մեջ իրացած աշխատանքի քանակի հետ ուղիղ համամասնությամբ և նույն աշխատանքի արտադրողական ուժի հետ հակառակ համամասնությամբ։

Իրը կարող է սպառողական արժեք լինել, առանց արժեք լինելու։ Այդպես է լինում, երբ նրա օգտակարությունը մարդու համար միջնորդացված է աշխատանքով։ Այսպես են օդը, կուսական հողը, բնական մարգագետինները, վայրի անտառը և այլն։ Իրը կարող է լինել օգտակար և մարդկային աշխատանքի արդյունք, բայց ապրանք չլինել։ Նա, ով իր աշխատանքի արդյունքով իր սեփական պահանջմունքն է բավարարում, միայն սպառողական արժեք է ստեղծում, բայց ոչ ապրանք։ Ապրանք արտադրելու համար նա պետք է արտադրի ո՛չ թե սոսկ սպառողական արժեք, այլ ուրիշների համար սպառո¬ղական արժեք, հասարակական սպառողական արժեք։ {Եվ ոչ միայն ուրիշների համար առհասարակ։ Միջնադարյան գյուղացու արտադրած հացի մի մասը տրվում էր սենյորին որպես բահրա, մյուս մասը՝ տերտերներին որպես տասանորդ։ Բայց ո՛չ բահրայի ձևով օտարվող հացահատիկը, ո՛չ էլ տասանորդի ձևով օտարվող հացահատիկը ապրանք չէին դառնում լոկ այն բանի հետևանքով, որ նրանք արտադրված էին ուրիշների համար։ Ապրանք դառնալու համար արդյունքը պետք է փոխանակության միջոցով հանձնվի այն մարդու ձեռքը, որին նա ծառայում է որպես սպառողական արժեք}[Տե՛ս 11a ծան.]։ Վերջապես, իրը չի կարող արժեք լինել, եթե սպառման առարկա չէ։ Եթե իրն օգտակար չէ, ապա նրա վրա ծախսված աշխատանքը ևս օգտակար չէ, աշխատանք չի հաշվվում, ուստի և ոչ մի արժեր չի կազմում։

2. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԵՋ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՐԿԱԿԻ ԲՆՈՒՅԹԸ

Սկզբնապես ապրանքը մեզ երևաց որպես մի ինչ֊որ երկակի բան, որպես Սպառողական արժեք և փոխանակային արժեք։ Հետագայում պարզվեց, որ աշխատանքը ևս, որչափով նա արտահայտված է արժեքի մեջ, այլևս չունի այն հատկանիշները, որոնք հատուկ են նրան իբրև սպառողական արժեքներ ստեղծողի։ Ապրանքի մեջ պարունակվող աշխատանքի այդ երկակի բնույթն առաջին անգամ ես եմ քննադատորեն ապացուցել[12]։ Որովհետև այս կետն այն մեկնակետն է, որից կախված է քաղաքատնտեսության ըմբռնումը, ուստի այս կետը մենք ավելի հանգամանորեն կլուսաբանենք այստեղ։

Վերցնենք երկու ապրանք, օրինակ, մի բաճկոն և 10 արշին կտավ։ Թող առաջինը ունենա վերջինի կրկնապատիկ արժեքը, այնպես որ եթե 10 արշին կտավը — w, ապա բաճկոնը = 2w։

Բաճկոնը սպառողական արժեք է, որը բավարարում է մի որոշ պահանջմունք։ Բաճկոն ստեղծելու համար անհրաժեշտ էր արտադրողական գործունեության մի որոշ տեսակ։ Վերջինը որոշվում է իր նպատակով, օպերացիաների եղանակով, առարկայով, միջոցներով ու հետևանքով։ Այն աշխատանքը, որի օգտակարությունն այսպիսով արտահայտվում է նրա արդյունքի սպառողական արժեքի մեջ, կամ այն բանի մեջ, որ նրա արդյունքը սպառողական արժեք է, մենք կարճ խոսքով կանվանենք օգտակար աշխատանք։ Այս տեսակետից աշխատանքը միշտ դիտվում է իր օգտակար էֆեկտի կապակցությամբ։

Ինչպես որ բաճկոնն ու կտավը որակապես տարբեր սպառողական արժեքներ են, ճիշտ այդպես էլ որակապես տարբեր են նրանց գոյությունը պայմանավորող աշխատանքները՝ դերձակությունն ու ջուլհակությունը։ Եթե այդ իրերը որակապես տարբեր սպառողական արժեքներ և, հետևաբար, օգտակար աշխատանքի որակապես տարբեր տեսակների արդյունք չլինեին, ապա նրանք ընդհանրապես չէին կարող միմյանց դեմ կանգնել որպես ապրանքներ։ Բաճկոնը չեն փոխանակում բաճկոնի հետ, տվյալ սպառողական արժեքը չեն փոխանակում հենց նույն սպառողական արժեքի հետ։

Այլատեսակ սպառողական արժեքների կամ ապրանքային մարմինների ընդհանրության մեջ երևան է գալիս նույն բան բազմազան, նույնքան տարբեր սեռերի, տեսակների, ընտանիքների, ենթատեսակների և տարատեսակների բաժանվող օգտակար աշխատանքների ընդհանրությունը, մի խոսքով, երևան է գալիս աշխատանքի հասարակական բաժանումը։ Վերջինը կազմում է ապրանքային արտադրության գոյապայմանը, թեև, ընդհակառակը, ապրանքային արտադրությունն աշխատանքի հասարակական բաժանման գոյապայմանը չէ։ Հին հնդկական համայնքում աշխատանքը հասարակականորեն բաժանված է, բայց նրա արդյունքներն ապրանք չեն դառնում։ Կամ վերցնենք մի ավելի մոտիկ օրինակ, ամեն մի գործարանում աշխատանքը սիստեմատիկորեն բաժանված է, բայց այդ բաժանումն իրականացվում է ոչ այն եղանակով, որ բանվորները փոխանակում են իրենց անհատական աշխատանքի արդյունքները։ Ինքնուրույն և միմյանցից անկախ մասնավոր աշխատանքների արդյունքներն են միայն, որ իրար դեմ են կանգնում որպես ապրանքներ։

Այսպես ուրեմն, յուրաքանչյուր ապրանքի սպառողական արժեքի մեջ պարունակվում է մի որոշ, նպատակահարմար արտադրողական գործունեություն կամ օգտակար աշխատանք։ Սպառողական արժեքները չեն կարող միմյանց դեմ կան գնել իբրև ապրանքներ, եթե նրանց մեջ պարունակված չեն օգտակար աշխատանքի որակապես տարբեր տեսակներ։ Այն հասարակության մեջ, որի արդյունքներն ընդհանրապես ապրանքների ձև են ընդունում, այսինքն՝ ապրանք արտադրողների հասարակության մեջ, օգտակար աշխատանքի տեսակները կիրառվում են միմյանցից անկախ, որպես ինքնուրույն արտադրողների մասնավոր գործ, և նրանց այդ որակական տարբերությունը զարգանալով հանգում է մի բազմանդամ սիստեմի՝ աշխատանքի հասարակական բաժանման։

Ասենք, բաճկոնի համար նշանակություն չունի, թե ո՞վ է այն հագնողը, արդյոք ինքը դերձա՞կը, թե դերձակի պատվիրատուն։ Երկու դեպքում էլ նա գործում է որպես սպառողական արժեք։ Բաճկոնի և բաճկոն արտադրող աշխատանքի միջև եղած հարաբերությունը նույնքան քիչ է փոխվում այն իրողությունից, որ դերձակի աշխատանքը դառնում է հատուկ պրոֆեսիա, աշխատանքի հասարակական բաժանման ինքնուրույն օղակ։ Այնտեղ, որտեղ հագուստի պահանջմունքն է առաջացրել այդ զբաղմունքը, մարդը ամբողջ հազարամյակներ հագուստ է կարել, նախքան կդառնար դերձակ։ Բայց բաճկոնը, կտավը և ընդհանրապես նյութական հարստության ամեն մի տարր, որ բնության մեջ պատրաստի ձևով չի գտնվում, միշտ պետք է ստեղծվի մի հատուկ, նպատակահարմար արտադրողական գործունեության միջոցով, որը բնության տարբեր նյութերը հարմարեցնում է մարդկային որոշ պահանջմունքներին։ Հետևաբար, աշխատանքը՝ իբրև սպառողական արժեքներ ստեղծող, իբրև օգտակար աշխատանք, մարդկանց գոյության ամեն հասարակական ձևերից անկախ մի պայման է, հավիտենական, բնական անհրաժեշտություն է, առանց աշխատանքի հնարավոր չէր լինի նյութերի փոխանակությունը մարդու և բնության միջև, այսինքն՝ հնարավոր չէր չինի ինքը մարդկային կյանքը։

Սպառողական արժեքները՝ բաճկոնը, կտավը և այլն, մի խոսքով, ապրանքային մարմինները, երկու տարրի՝ բնանյութի և աշխատանքի միացություն են։ Բաճկոնի, կտավի ու այլ իրերի մեջ պարունակված բոլոր տարբեր օգտակար աշխատանքների գումարը դուրս գալուց հետո միշտ մնում է մի նյութական սուբստրատ, որ գոյություն ունի բնությունից, առանց մարդու որևէ աջակցության։ Մարդը իր արտադրության մեջ կարող է գործել միայն այնպես, ինչպես բնությունն իքն է գործում, այսինքն՝ կարող է սոսկ փոխել նյութերի ձևերը[13]։ Այդ դեռ քիչ է։ Ձևավորման այդ աշխատանքի մեջ ևս նա շարունակ հենվում է բնության ուժերի աջակցության վրա։ Հետևաբար, աշխատանքն իր իսկ արտադրած սպառողական արժեքների, նյութական հարստության միակ աղբյուրը չէ։ Ինչպես Վիլյամ Պետտին է ասում, աշխատանքը հարստության հայրն է, հողը՝ նրա մայրը։

Այժմ ապրանքից, որպես սպառման առարկայից, անցնենք ապրանքային արժեքին։

Մեր ենթադրության համաձայն, բաճկոնը երկու անգամ ավելի արժեք ունի, քան կտավը։ Բայց այդ միայն քանակային տարբերություն է, որը մեզ առայժմ չի հետաքրքրում։ Այստեղ մենք միայն կհիշեցնենք, որ եթե մեկ բաճկոնի արժեքը հավասար է 10 արշին կտավի կրկնակի արժեքին, ապա 20 արշին կտավն արժեքի միևնույն մեծությունն ունի, ինչպես մեկ բաճկոնը։ Բաճկոնն ու կտավը, իբրև արժեքներ, միևնույն սուբստանցն ունեցող իրեր են, միատեսակ աշխատանքի օբյեկտիվ արտահայտություններ են։ Բայց դերձակությունն ու ջուլհակությունը աշխատանքի որակապես տարբեր տեսակներ են։ Սակայն կան հասարակական այնպիսի կացութաձևեր, երբ միևնույն մարդը փոփոխակի կարում է և կտոր է գործում և երբ, հետևաբար, աշխատանքի այդ երկու տարբեր տեսակները միևնույն անհատի աշխատանքի ձևափոխություններն են լոկ և ոչ թե տարբեր անհատների կայուն առանձնացած ֆունկցիաներ, ճիշտ այնպես, ինչպես բաճկոնը, որ դերձակը կարում է այսօր, և անդրավարտիքը, որ նա պատրաստում է վաղը, միևնույն անհատական աշխատանքի լոկ փոփոխակներն են։ Այնուհետև, ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ կապիտալիստական հասարակության մեջ, նայած աշխատանքի պահանջարկի փոփոխվող ուղղությանը, հասարակական աշխատանքի որոշ մասը փոփոխակիորեն առաջարկվում է մերթ դերձակության ձևով, մերթ ջուլհակության ձևով։ Աշխատանքի այդ ձևափոխությունը, իհարկե, առանց որոշ բախման չի կատարվում, բայց այն պետք է կատարվի։ Եթե վերանանք արտադրողական գործունեության որոշակի բնույթից և, հետևապես, աշխատանքի օգտակար բնույթից, ապա նրա մեջ կմնա միայն մի բան, այն, որ աշխատանքը մարդկային աշխատուժի ծախսումն է։ Ինչպես դերձակությունը, այնպես էլ ջուլհակությունը, չնայած արտադրողական գործունեության այդ տեսակների որակական տարբերությանը, մարդկային ուղեղի, մկանների, նյարդերի, ձեռքերի ու այլ մասերի արտադրողական ծախսումն են, և այս իմաստովս ներկայացնում են միևնույն մարդկային աշխատանքը։ Դրանք մարդկային աշխատուժի ծախսման երկու տարբեր ձևեր են միայն։ Իհարկե, ինքը մարդկային աշխատուժը պետք է շատ կամ քիչ զարգացած լինի, որպեսզի այս կամ այն ձևով ծախսվի։ Բայց ապրանքի արժեքի մեջ ներկայացված է պարզապես մարդկային աշխատանքը, մարդկային աշխատանքի ծախսումն ընդհանրապես։ Ինչպես որ բուրժուական հասարակության մեջ գեներալը կամ բանկիրը խոշոր դեր են խաղում, իսկ սոսկական մարդը՝ մի շատ խղճալի դեր[14], ճիշտ այդպես էլ այստեղ նույնն է կատարվում մարդկային աշխատանքի հետ։ Աշխատանքն այն պարզ աշխատուժի ծախսումն է, որով միջին հաշվով օժտված է յուրաքանչյուր սովորական մարդու, ոչ մի հատուկ պատրաստություն չունեցող մարդու մարմնական օրգանիզմը։ Պարզ միջին աշխատանքը, թեև տարբեր երկրներում ու կուլտուրայի տարբեր դարաշրջաններում տարբեր բնույթ է կրում, բայց և այնպես յուրաքանչյուր որոշ հասարակության համար ինչ֊որ տվյալ մեծություն է։ Համեմատաբար բարդ աշխատանքը լոկ աստիճանի բարձրացրած կամ ավելի շուտ՝ բազմապատկած պարզ աշխատանք է, այնպես որ բարդ աշխատանքի մի որոշ քանակ հավասար է պարզ աշխատանքի մի ավելի մեծ քանակի։ Փորձը ցույց է տալիս, որ բարդ աշխատանքի այդպիսի վերածումը պարզի կատարվում է միշտ։ Ապրանքը կարող է ամենաբարդ աշխատանքի արդյունք լինել, բայց նրա արժեքը նրան հավասարեցնում է պարզ աշխատանքի արդյունքին, և, հետևապես, ինքը պարզ աշխատանքի մի որոշ քանակ է միայն ներկայացնում[15]։ Այն տարբեր համամասնությունները, որոնցով աշխատանքի տարբեր տեսակները վեր են ածվում պարզ աշխատանքի՝ որպես իրենց չափի միավորի, սահմանվում են արտադրողների թիկունքում հասարակական պրոցեսի միջոցով, ուստի և արտադրողներին թվում են որպես սահմանված սովորույթ։ Հետագա շարադրանքի մեջ նյութի պարզության համար մենք աշխատուժի ամեն մի տեսակ կդիտենք անմիջականորեն որպես պարզ աշխատուժ,— այդ մեզ կազատի բարդ աշխատանքը պարզ աշխատանքի վերածելու գործողությունը յուրաքանչյուր մասնավոր դեպքում կրկնելու անհրաժեշտությունից։

Հետևապես, ինչպես որ բաճկոնի ու կտավի արժեքների մեջ չքանում են նրանց սպառողական արժեքների տարբերությունները, այնպես էլ այդ արժեքներում մարմնացած աշխատանքի մեջ չքանում են նրա օգտակար ձևերի՝ դերձակության ու ջուլհակության տարբերությունները։ Բաճկոն ու կտավ սպառողական արժեքները լոկ նպատակահարմար արտադրողական գործունեության միացումն են մահուդի ու մանվածքի հետ, մինչդեռ արժեքները — բաճկոնն ու կտավը — ոչ այլ ինչ են, եթե ոչ աշխատանքի միատեսակ խտացվածքներ. նույն ձևով էլ այդ արժեքների մեջ պարունակվող աշխատանքի ծախսումների մեջ նշանակություն ունի ոչ թե մահուդի և մանվածքի հետ նրանց ունեցած արտադրողական հարաբերությունը, այլ միայն մարդկային աշխատուժի ծախսումը։ Դերձակությունն ու ջուլհակությունը բաճկոն ու կտավ սպառողական արժեքներ ստեղծող տարրեր են հենց նրանով, որ որակապես տարբեր առանձնահատկություններ ունեն. նրանք բաճկոնի արժեքի ու կտավի արժեքի սուբստանց են միայն այն չափով, որչափով տեղի է ունենում վերացում նրանց հատուկ որակներից, որչափով երկուսն էլ օժտված են միևնույն որակով, մարդկային աշխատանքի որակով։

Բայց բաճկոնն ու կտավը ոչ միայն արժեքներ են ընդհանրապես, այլև որոշ մեծություն ունեցող արժեքներ են. մեր ենթադրությամբ բաճկոնը երկու անգամ ավելի մեծ արժեք ունի, քան 10 արշին կտավը։ Որտեղի՞ց է առաջ գալիս նրանց արժեքի մեծության այդ տարբերությունը։ նրանից, որ կտավը պարունակում է միայն կես մասն այն աշխատանքի, որ պարունակում է բաճկոնը, այնպես որ վերջինն արտագրելու համար պետք է երկու անգամ ավելի տևող ժամանակի ընթացքում աշխատուժ ծախսել, քան առաջինն արտադրելու համար։

Այս պատճառով, եթե ապրանքի սպառողական արժեքի վերաբերմամբ նշանակություն ունի նրա մեջ պարունակվող աշխատանքի լոկ որակը, ապա արժեքի մեծության վերաբերմամբ նշանակություն ունի միայն աշխատանքի քանակը, ընդ որում հիշյալ աշխատանքը պետք է արդեն վերածված լինի մարդկային աշխատանքի՝ առանց որևէ հետագա որակի։ Առաջին դեպքում խոսքն այն մասին է, թե ինչպե՛ս է կապարվում աշխատանքը և նա ի՛նչ է արտադրում, երկրորդ դեպքում այն մասին, թե որքա՛ն աշխատանք է ծախսվում և որքա՛ն ժամանակ է շարունակվում այն։ Քանի որ ապրանքի արժեքի մեծությունը արտահայտում է նրա մեջ պարունակվող աշխատանքի միայն քանակը, ապա որոշ համամասնությամբ վերցրած ապրանքները միշտ պետք է հավասարամեծ արժեքներ լինեն։

Եթե, օրինակ, մեկ բաճկոն արտադրելու համար պահանջվող աշխատանքի բոլոր օգտակար տեսակների արտադրողական ուժն անփոփոխ է մնում, ապա բաճկոնների արժեքի մեծությունն աճում է նրանց քանակին համամասնորեն։ Եթե մեկ բաճկոնը, օրինակ, x աշխատանքային օր է ներկայացնում, ապա 2 բաճկոնը ներկայացնում են 2x աշխատանքային օր և այլն։ Բայց ենթադրենք, թե մեկ բաճկոն արտադրելու համար անհրաժեշտ աշխատանքն ավելանում է կրկնակի չափով կամ նվազում է կիսով չափ։ Առաջին դեպքում մի բաճկոնը նույնքան արժի, որքան առաջ երկու բաճկոնն արժեին, երկրորդ դեպքում երկու բաճկոնը նույնքան արժեն, որքան առաջ մեկ բաճկոնը, թեև երկու դեպքում էլ բաճկոնի մատուցած ծառայությունը մնում է անփոփոխ, ինչպես որ անփոփոխ է մնում նաև նրա մեջ պարունակվող օգտակար աշխատանքի որակը։ Բայց նրա արտադրության Վրա ծախսված աշխատանքի քանակը փոխվել է։

Սպառողական արժեքի ավելի մեծ քանակն ինքնըստինքյան նյութական ավելի մեծ հարստություն է կազմում. երկու բաճկոնն ավելի շատ է, քան մեկը։ Երկու բաճկոնով կարելի է երկու մարդու հագցնել, մեկ բաճկոնով՝ միայն մեկին և այլն։ Բայց և այնպես նյութական հարստության աճող մասսային կարող է համապատասխանել նրա արժեքի մեծության միաժամանակյա նվազումը։ Այդ հակադիր շարժումն առաջ է գալիս աշխատանքի երկակի բնույթից։ Արտադրողական ուժը, իհարկե, միշտ էլ օգտակար, կոնկրետ աշխատանքի արտադրողական ուժ է և փաստորեն որոշում է տվյալ ժամանակամիջոցում տեղի ունեցող նպատակահարմար արտադրողական գործունեության էֆեկտիվության աստիճանը միայն։ Հետևաբար, օգտակար աշխատանքն արդյունքների մերթ հարուստ, մերթ աղքատ աղբյուր է դառնում՝ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման կամ անկման նկատմամբ ուղիղ համամասնությամբ։ Ընդհակառակը, արտադրողական ուժի փոփոխությունն ինքնըստինքյան բոլորովին չի ազդում ապրանքի արժեքի մեջ ներկայացված աշխատանքի վրա։ Քանի որ արտադրողական ուժը պատկանում է աշխատանքի կոնկրետ օգտակար ձևին, ապա նա, իհարկե, չի կարող ազդել աշխատանքի վրա, որչափով մենք վերանում ենք նրա կոնկրետ օգտակար ձևից։ Հետևաբար, միևնույն աշխատանքը հավասար ժամանակամիջոցներում միշտ միևնույն մեծությամբ արժեքներ է ստեղծում, որքան էլ նրա արտադրողական ուժը փոփոխվի։ Բայց աշխատանքը այդ պայմաններում հավասար ժամանակամիջոցներում սպառողական արժեքների տարբեր քանակներ է տալիս. շատ է տալիս, երբ արտադրողական ուժը աճում է, քիչ երբ նվազում է։ Արտադրողական ուժի այն իսկ փոփոխությունը, որը բարձրացնում է աշխատանքի արդյունավետությունը, հետևաբար, նաև նրա մատակարարած սպառողական արժեքների մասսան, նվազեցնում է, ինչպես տեսնում ենք, այդ աճած մասսայի արժեքի ընդհանուր մեծությունը, քանի որ կրճատում է այդ մասսայի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի քանակը։ Եվ ընդհակառակը։

Ամեն մի աշխատանք, մի կողմից, մարդկային աշխատուժի ծախսումն է բառի ֆիզիոլոգիական իմաստով,— և մարդկային միանման կամ աբստրակտ աշխատանքի իր այդ հատկությամբ նա ապրանքների արժեք է ստեղծում։ Ամեն մի աշխատանք, մյուս կողմից, մարդկային աշխատուժի ծախսումն է առանձին նպատակահարմար ձևով, և կոնկրետ օգտակար աշխատանքի իր այդ հատկությամբ նա սպառողական արժեքներ է ստեղծում[16]

3. ԱՐԺԵՔԻ ՁԵՎԸ, ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ

Ապրանքներն աշխարհ են գալիս սպառողական արժեքների կամ ապրանքային մարմինների ձևով, ինչպես երկաթը, կտավը, ցորենը և այլն։ Այդ նրանց տնաբույս նատուրալ ձևն է։ Բայց նրանք ապրանք են դառնում միայն իրենց երկակի բնույթի շնորհիվ, միայն այն բանի շնորհիվ, որ նրանք միաժամանակ թե՛ սպառման առարկաներ են և թե՛ արժեք կրողներ։ Հետևաբար, նրանք ապրանքներ են կամ ապրանքային ձև ունեն միայն այն չափով, որչափով նրանց հատուկ է այդ կրկնակի ձևը — նատուրալ ձևը և արժեքի ձևը։

Ապրանքների արժեքը [Werthgegenständlichkeit] նրանով է տարբերվում այրի Կվիկլիից, որ հայտնի չէ, թե որ կողմից մոտենալ նրան։ Ապրանքային մարմինների զգայական կոշտ շոշափելիության [Gegenständlichkeit] ուղիղ հակադրությունը կազմելով, ապրանքների արժեքը [Werthgegenständlichkeit] բնանյութի ոչ մի ատոմ չի պարունակում։ Դուք կարող եք ամեն մի առանձին ապրանք շոշափել և տնտղել, ի՛նչ ուզեք՝ անել, նա իբրև արժեք [Werthding], անորսալի է մնում։ Բայց եթե մենք մտաբերենք, որ ապրանքներն արժեք [Werthgegenständlichkeit] ունեն լոկ այն չափով, որչափով նրանք միևնույն հասարակական միասնության,— մարդկային աշխատանքի — արտահայտություն են, որ, հետևաբար, նրանց արժեքը զուտ հասարակական բնույթ ունի, ապա մեզ համար ինքնըստինքյան հասկանալի կլինի, որ արժեքը կարող է միայն երևան գալ մի ապրանքի՝ մի ուրիշ ապրանքի հետ ունեցած հասարակական հարաբերության մեջ։ Իսկապես, մենք ելնում ենք ապրանքների փոխանակային արժեքից կամ փոխանակային հարաբերությունից, որպեսզի, գտնենք նրանց մեջ թաքնված արժեքի հետքը։ Հիմա մենք պետք է վերադառնանք արժեքի երևան գալու այգ ձևին։

Ամեն մարդ իմանում է,— եթե նա նույնիսկ ուրիշ ոչինչ չի իմանում,— որ ապրանքներն ունեն նրանց բոլորի համար ընդհանուր արժեքային ձև, որը խիստ կերպով հակադրվում է նրանց սպառողական արժեքների խայտաբղետ նատուրալ ձևերին, այն է՝ ունեն արժեքի փողային ձև։ Մենք այստեղ պետք է (լուծենք մի հարց, որ բուրժուական քաղաքատնտեսությունը չի էլ փորձել լուծելու, այն է՝ պետք է ցույց տանք փողային այդ ձևի ծագումը, այսինքն՝ հետազոտելով երևան հանենք ապրանքների արժեքային հարաբերության մեջ պարունակվող արժեքային արտահայտության զարգացումը ամենապարզ, հազիվ նշմարելի կերպարանքից ընդհուպ մինչև նրա շլացուցիչ փողային ձևը։ Դրա հետ միասին կչքանա նաև փողի առեղծվածայնությունը։

Արժեքային ամենապարզ հարաբերությունը, ակներևաբար, ապրանքի արժեքային հարաբերությունն է մի ուրիշ տեսակ որևէ այլ ապրանքի հետ,— միևնույն է՝ թե ի՛նչ տեսակ ապրանքի հետ։ Այսպիսով, երկու ապրանքի արժեքների հարաբերությունը տալիս է տվյալ ապրանքի արժեքի ամենապարզ արտահայտությունը։

A. Արժեքի պարզ, առանձին կամ պատահական ձևը

A ապրանքի x քանակը = B ապրանքի y քանակին, կամ՝

A ապրանքի x քանակն արժե B ապրանքի y քանակ։

(20 արշ, կտավը = մեկ բաճկոնի, կամ` 20 արշ. կտավն արժե մեկ բաճկոն)։

1) Արժեքի արտահայտության երկու բևեռը՝ արժեքի հարաբերական ձևը ու համարժեքային ձևը

Արժեքի ամեն մի ձևի գաղտնիքը թաքնված է արժեքի այդ պարզ ձևի մեջ։ Այդ պատճառով նրա վերլուծությունն էլ հենց գլխավոր դժվարությունն է ներկայացնում։

Երկու տարատեսակ ապրանքներ, A-ն ու B-ն, մեր օրինակի մեջ՝ կտավն ու բաճկոնը, ակներևորեն երկու տարբեր դեր են կատարում այստեղ։ Կտավն իր արժեքն արտահայտում է բաճկոնի մեջ, բաճկոնը որպես նյութ է ծառայում արժեքի այդ արտահայտության համար։ Աոաջին ապրանքը ակտիվ դեր է կատարում, երկրորդը՝ պասսիվ դեր։ Առաջին ապրանքի արժեքը ներկայացված է իբրև հարաբերական արժեք, կամ նա գտնվում է արժեքի հարաբերական ձևի մեջ։ Երկրորդ ապրանքը գործում է որպես համարժեք կամ գտնվում է համարժեքային ձևի մեջ։

Արժեքի հարաբերական ձևն ու համարժեքային ձևը ներկայացնում են արժեքի միևնույն արտահայտության հարաբերակից, մեկը մյուսին փոխադարձաբար պայմանավորող, անբաժան մոմենտները, բայց միևնույն ժամանակ մեկը մյուսին բացառող կամ հակադիր ծայրահեղությունները, այսինքն՝ բևեռները. նրանք միշտ բաշխվում են տարբեր ապրանքների միջև, որոնք միմյանց հետ հարաբերության մեջ են գրվում արժեքի արտահայտության միջոցով։ Ես չեմ կարող, օրինակ, կտավի արժեքը կտավով արտահայտել։ 20 արշ. կտավը = 20 արշին կտավի՝ արժեքի արտահայտություն չէ։ Այդ հավասարումն ավելի շուտ հակառակն է ասում. 20 արշ. կտավը ոչ այլ ինչ է, բայց եթե 20 արշ. կտավ, այսինքն՝ սպառման առարկա հանդիսացող կտավի մի որոշ քանակ։ Հետևաբար, կտավի արժեքը կարող է արտահայտվել միայն հարաբերականորեն, այսինքն՝ ուրիշ ապրանքի մեջ։ Ուստի կտավի արժեքի հարաբերական ձևը ենթադրում է, որ մի որևէ ուրիշ ապրանք նրա հանդեպ գտնվում է համարժեքային ձևի մեջ։ Մյուս կողմից, այդ մյուս ապրանքը, որ հանդես է գալիս իբրև համարժեք, միևնույն ժամանակ չի կարող արժեքի հարաբերական ձևի մեջ գտնվել։ Նա ինքը չէ, որ արտահայտում է իր արժեքը։ Նա միայն նյութ է մատակարարում մի ուրիշ ապրանքի արժեքն արտահայտելու համար։

Ճիշտ է, այն արտահայտությունը, թե 20 արշ. կտավը = մեկ բաճկոնի, կամ 20 արշ. կտավն արժե մեկ բաճկոն, պարունակում է նաև մի հակադարձ հարաբերություն՝ մեկ բաճկոնը = 20 արշ. կտավի, կամ մեկ բաճկոնն արժե 20 արշին կտավ։ Բայց, այսպիսով, ես պետք է հավասարումը շուռ տամ՝ բաճկոնի արժեքը հարաբերականորեն արտահայտելու համար, և երբ ես այդ ակտը կատարում եմ, բաճկոնի փոխարեն կտավն է դառնում համարժեք։ Հետևապես, միևնույն ապրանքը արժեքի միևնույն արտահայտության մեջ չի կարող միաժամանակ ընդունել և՛ մեկ, և՛ մյուս ձևը։ Դեռ ավելին, վերջինները բևեռապես բացառում են իրար։

Արդյոք տվյալ ապրանքը արժեքի հարաբերակա՞ն ձևի մեջ է գտնվում, թե նրան հակադիր համարժեքային ձևի մեջ, դա բացառապես որոշվում է արժեքի տվյալ արտահայտության մեջ նրա գրաված տեղով, այսինքն՝ նրանով, թե արդյոք նա այն ապրանքն է, որի արժեքն է արտահայտվում, թե՞ այն ապրանքը, որի մեջ արտահայտվում է արժեքը։

2) Արժեքի հարաբերական ձևը

a) Արժեքի հարաբերական բովանդակությունը

Պարզելու համար, թե ինչպե՛ս է մի ապրանքի արժեքի պարզ արտահայտությունը բովանդակվում երկու ապրանքների արժեքային հարաբերության մեջ, անհրաժեշտ է վերջինը քննել ամենից առաջ նրա քանակական կողմից անկախ։ Իսկ սովորաբար ճիշտ հակառակն են անում և արժեքային հարաբերության մեջ տեսնում են միայն այն համամասնությունը, որով ապրանքների երկու տեսակների որոշ քանակներ հավասարեցվում են իրար։ Այս դեպքում մոռանում են, որ տարբեր իրերը քանակապես համեմատելի են դառնում միայն այն բանից հետո, երբ նրանք մի որոշ միասնության են վերածված։ Նրանք միայն իբրև մի որոշ միասնության արտահայտություններ համանոմւ, հետևապես նաև համաչափելի մեծություններ են[17]։

Արդյոք 20 արշ. կտավը հավասար է մե՞կ բաճկոնի, թե՞ = 20, կամ = x բաճկոնի, այլ խոսքով՝ արդյոք տվյալ քանակությամբ կտավը շատ կամ քիչ թվով բաճկոն արժի, համենայն դեպս այդպիսի համամասնության բուն իսկ գոյությունը միշտ ենթադրում է, որ կտավն ու բաճկոնները, իբրև արժեքի մեծություններ, մի որոշ միասնության արտահայտություններ են, միևնույն բնությունն ունեցող իրեր են։ Այդ հավասարման հիմքն է՝ կտավը = բաճկոնի։

Բայց որակապես միմյանց հավասարեցված այդ երկու ապրանքը միևնույն դերը չեն կատարում։ Միայն կտավի արժեքն է գտնում իր արտահայտությունը։ Եվ այն էլ ինչպե՞ս, նրանով, որ հարաբերում է բաճկոնին՝ որպես իր «համարժեքի», որպես մի բանի, որի հետ կտավը կարող է փոխանակվել։ Այս հարաբերության մեջ բաճկոնը ծառայում է իբրև արժեքի գոյաձև, իբրև արժեքի մարմնացում [Werthding], որովհետև միայն որպես արժեք նա նույնական է կտավի հետ։ Մյուս կողմից, միայն այստեղ է երևան գալիս կամ ինքնուրույն արտահայտություն ստանում բուն իսկ կտավի արժեքային կեցությունը, որովհետև միայն իբրև արժեք կտավը կարող է հարաբերել բաճկոնին՝ որպես ինչ-որ հավասարարժեք մի բանի կամ նրա հետ փոխանակելի ինչ-որ մի բանի։ Այսպես, օրինակ, յուղաթթուն և մրջնաթթվի պրոպիլային եթերը տարբեր նյութեր են։ Սակայն երկուսն էլ կազմված են միևնույն քիմիական սուբստանցներից — ածխածնից (C), ջրածնից (H) ու թթվածնից (Օ) և այն էլ միևնույն տոկոսային հարաբերությամբ, այն է՝ C4H8O2։ Եթե մենք յուղաթթուն հավասարեցնեինք մրջնապրոպիլային եթերին, ապա տվյալ հավասարման մեջ այդ կնշանակեր, առաջին, որ մրջնապրոպիլային եթերը C4H8O2-ի գոյաձևն է լոկ, և, երկրորդ, որ յուղաթթուն էլ կազմված է C4H8O2-ից։ Այսպիսով, մրջնապրոպիլային եթերի և յուղաթթվի հավասարեցման միջոցով արտահայտված կլիներ նրանց քիմիական սուբստանցը՝ ի տարբերություն նրանց ֆիզիկական ձևի։

Երբ մենք ասում ենք՝ ապրանքները, որպես արժեքներ, մարդկային աշխատանքի պարզ խտացվածքներ են, ապա մեր վերլուծությունը ապրանքները վեր է ածում աբստրակտ արժե֊քի, բայց դրանք չի արտահայտում իրենց նատուրալ ձևից տարբեր արժեքի ոչ մի ձևի մեջ։ Այլ բան է մի ապրանքի՝ մի ուրիշ ապրանքի հետ ունեցած արժեքային հարաբերությունը։ Ապրանքի արժեքային բնույթն այստեղ երևան է գալիս նրա սեփական հարաբերությամբ դեպի մի ուրիշ ապրանք։


Երբ, օրինակ, բաճկոնը, իբրև արժեքի մարմնացում [Werthding] հավասարեցվում է կտավին, ապա աոաջինի պարունակած աշխատանքը հավասարեցվում է երկրորդի պարունակած աշխատանքին։ Իհարկե, դերձակի աշխատանքը, որ բաճկոն է սtեղծում, մի այլ տեսակի կոնկրետ աշխատանք է, քան ջուլհակի աշխատանքը, որ կտավ է գործում։ Բայց ջուլհակության հետ հավասարեցնելը փաստորեն դերձակությունը հանգեցնում է այն բանին, ինչը իրոք նույնն է աշխատանքի երկու տեսակի մեջ էլ, հանգեցնում է մարդկային աշխատանքի նրանց համար ընդհանուր բնույթին։ Այս կողմնակի ճանապարհով հաստատվում է այնուհետև, որ ջուլհակությունն էլ, որչափով նա արժեք է հյուսում, չի տարբերվում դերձակությունից, հետևաբար մարդկային աբստրակտ աշխատանք է։ Միայն տարբեր տեսակի ապրանքների համարժեքայնության արտահայտությունն է երևան բերում արժեք ստեղծող աշխատանքի յուրահատուկ բնույթը, որովհետև տարբեր տեսակ ապրանքների պարունակած աշխատանքի տարբեր տեսակները նա փաստորեն վեր է ածում այն բանին, ինչ որ ընդհանուր է նրանց մեջ,— ընդհանրապես մարդկային աշխատանքի[Տե՛ս 17a ծան.

Սակայն բավական չէ այն աշխատանքի յուրահատուկ բնույթն արտահայտելը, որից կազմված է կտավի արժեքը։ Մարդկային աշխատուժը հոսուն վիճակում, կամ մարդկային աշխատանքը, արժեք է ստեղծում, բայց ինքը՝ աշխատանքը արժեք չէ։ Նա արժեք է դառնում կարծրացած վիճակում, առարկայացած ձևով։ Կտավի արժեքը որպես մարդկային աշխատանքի խտացվածք արտահայտելու համար այդ արժեքը պետք է արտահայտվի որպես մի առանձին «առարկայականություն», որը բուն կտավից իրորեն տարբեր է և միաժամանակ ընդհանուր է նրան և մի այլ ապրանքի։ Այս խնդիրն արդեն լուծված է։

Կտավի՝ բաճկոնի նկատմամբ ունեցած արժեքային հարաբերության մեջ բաճկոնը հանգես է գալիս իբրև կտավի հետ որակապես նույն տեսակի մի բան, իբրև միևնույն տեսակի իր, որովհետև նա արժեք է։ Բաճկոնն այստեղ խաղում է այն իրի դերը, որի մեջ երևան է գալիս արժեքը կամ որն իր շոշափելի նատուրալ ձևով արժեք է ներկայացնում։ Իհարկե, բաճկոնը,— բաճկոն կոչվող ապրանքի մարմինը,— միայն սպառողական արժեք է։ Բաճկոնը նույնքան քիչ է արժեք արտահայտում, ինչպես և կտավի առաջին պատահած կտորը։ Բայց այդ միայն ապացուցում է, որ բաճկոնը կտավի հետ ունեցած իր արժեքային հարաբերության սահմաններում ավելի բարձր նշանակություն է ձեռք բերում, քան այդ հարաբերությունից դուրս, այնպես, ինչպես ոսկեկար բաճկոն հագած շատ մարդիկ ավելի բարձր նշանակություն են ստանում, քան առանց նրան։

Բաճկոնի արտադրության մեջ իրոք մարդկային աշխատուժ է ծախսված դերձակի աշխատանքի ձևով։ Հետևաբար, նրա մեջ մարդկային աշխատանք է կուտակված։ Այս կողմից բաճկոնը «արժեք կրող» է, թեև նրա այդ հատկությունը չի ճառագայթում նրա գործվածքի միջից, որքան էլ բարակ լինի վերջինը։ Եվ կտավի հետ ունեցած իր արժեքային հարաբերության մեջ էլ նա հանդես է գալիս միայն իր այդ կողմով, այսինքն՝ իբրև մարմնացած արժեք, իբրև արժեքի մարմին [Wertkörper]։ Չնայած որ բաճկոնը հանդես է գալիս պինդ կոճկված, կտավը նրա մեջ ճանաչում է արժեքի՝ իրեն հարազատ գեղեցիկ հոգին։ Բայց բաճկոնը չի կարող կտավի աչքում արժեք ներկայացնել, եթե արժեքը կտավի համար բաճկոնի ձև չընդունի։ Այսպես, A անհատը չի կարող B անհատին վերաբերվել իբրև նորին մեծության, եթե A-ի աչքում նորին մեծությունը, որպես այդպիսին, չընդունի B-ի մարմնական կերպարանքը,— հենց այդ պատճառով էլ մեծությանը հատուկ դիմագծերը, մազերը և շատ ուրիշ հատկանիշներ յուրաքանչյուր անգամ փոխվում են երկրի տիրակալի փոխվելու հետ։

Հետևապես, այն արժեքային հարաբերության մեջ, որտեղ բաճկոնը կտավի համարժեքն է կազմում, բաճկոնի ձևը արժեքի ձևի դեր է խաղում։ Ուստի կտավ ներկայացնող ապրանքի արժեքն արտահայտվում է բաճկոն ներկայացնող ապրանքի մարմնի մեջ, մեկ ապրանքի արժեքը՝ մյուսի սպառողական արժեքի մեջ։ Կտավը, իբրև սպառողական արժեք, բաճկոնից զգայապես տարբեր մի իր է. իբրև արժեք նա «բաճկոնանման է», միանգամայն նույն կերպարանքն ունի, ինչպես բաճկոնը։ Այսպիսով, կտավն ընդունում է արժեքի մի ձև, որը տարբեր է նրա նատուրալ ձևից։ Նրա կեցությունը՝ որպես արժեքի կեցություն, երևան է գալիս բաճկոնի հետ ունեցած նմանության մեջ, ինչպես քրիստոնյայի ոչխարային բնությունը երևան է գալիս իրեն աստուծո գառին նմանեցնելու մեջ։

Մենք տեսնում ենք, որ այն ամենը, ինչ որ մեզ սրանից առաջ ասաց ապրանքային արժեքի վերլուծությունը, պատմում է ինքը՝ կտավը, երբ նա շփման մեջ է մտնում մի ուրիշ ապրանքի՝ բաճկոնի հետ։ Միայն թե նա իր մտքերն արտահայտում է իրեն միակ մատչելի լեզվով, ապրանքի լեզվով։ Արտահայտելու համար այն միտքը, թե աշխատանքը մարդկային աշխատանքի իր աբստրակտ հատկությամբ կազմում է նրա՝ կտավի, սեփական արժեքը, նա ասում է, թե բաճկոնը, որչափով նա կտավին հավասարարժեք է և, հետևապես, արժեք է, հենց միևնույն աշխատանքից է կազմված, ինչպես և ինքը կտավը։ Արտահայտելու համար այն միտքը, թե իր արժեքի վսեմ առարկայականությունը [Werthgegenständlichkeit] իր վուշեղեն կոշտ մարմնից տարբեր է, ասում է, թե արժեքը բաճկոնի կերպարանք ունի, և ուրեմն ինքն էլ, իբրև մի իր, որի մեջ արժեք է մարմնացած [Werthding], նման է բաճկոնին, ինչպես ջրի երկու կաթիլները միմյանց։ Թռուցիկ նկատենք, որ ապրանքային լեզուն ևս, բացի եբրայերենից, ունի շատ կամ քիչ մշակված բազմաթիվ ուրիշ բարբառներ։ Գերմաներեն «Werthsein» բառը, օրինակ, պակաս որոշակիությամբ է արտահայտում, քան ռոմանական valere, valer, valoir բայը, այն փաստը, որ B ապրանքի հավասարեցումը A ապրանքին` A ապրանքի սեփական արժեքի արտահայտությունն է։ Paris vaut bien une messe! [Փարիզն արժե՜, իհարկե, մի պատարագ]։

Այսպես ուրեմն, արժեքային հարաբերության միջոցով B ապրանքի նատուրալ ձևը դառնում է A ապրանքի արժեքի ձև, կամ B ապրանքի մարմինը դառնում է A ապրանքի արժեքի հայելին[18]։ A ապրանքը, հարաբերելով B ապրանքի իբրև արժեքի մարմնի, իբրև մարդկային աշխատանքի նյութականացում, B սպառողական արժեքը նյութ է դարձնում իր սեփական արժեքն արտահայտելու համար։ A ապրանքի արժեքը, այս ձևով արտահայտված B ապրանքի Սպառողական արժեքի մեջ, հարաբերական արժեքի ձև ունի։

b) Արժեքի հարաբերական ձևի քանակական որոշակիությունը

Յուրաքանչյուր ապրանք, որի արժեքը պետք է արտահայտվի, սպառման տվյալ առարկայի որոշ քանակ է, օրինակ, 15 շեֆֆել ցորեն, 100 ֆունտ սուրճ և այլն։ Ապրանքի այդ տվյալ քանակը մարդկային աշխատանքի մի որոշ քանակ է պարունակում։ Հետևաբար, արժեքի ձևը ոչ միայն պետք է արժեք արտահայտի ընդհանրապես, այլև քանակապես որոշ արժեք կամ արժեքի մեծություն։ Ուստի, A ապրանքի՝ B ապրանքի նկատմամբ, կտավի՝ բաճկոնի նկատմամբ ունեցած արժեքային հարաբերության մեջ ապրանքի բաճկոն տեսակը ո՛չ միայն իբրև ընդհանրապես արժեքի մարմնացում [Werthkörper] որակապես նույնացվում է կտավի հետ, այլ որոշ քանակությամբ, օրինակ, 20 արշին կտավին հավասարեցվում է որոշ քանակությամբ մարմնացած արժեք, կամ համարժեք, օրինակ՝ 1 բաճկոն։

«20 արշ. կտավը = 1 բաճկոնի կամ 20 արշ. կտավը 1 բաճկոն արժե» հավասարումը ենթադրում է, որ մեկ բաճկոնի մեջ արժեքի ճիշտ այնքան սուբստանց է պարունակված՝ որքան 20 արշ. կտավի մեջ, որ ապրանքների այդ երկու քանակն էլ հավասար աշխատանք կամ հավասարամեծ աշխատաժամանակ են նստում։ Բայց 20 արշ. կտավ կամ 1 բաճկոն արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը փոփոխվում է՝ ջուլհակության կամ դերձակության մեջ աշխատանքի արտադրողական ուժի ամեն մի փոփոխության հետ միասին։ Այժմ մենք ավելի մանրամասն կհետազոտենք այն ազդեցությունը, որ այդպիսի փոփոխությունն ունենում է արժեքի մեծության հարաբերական արտահայտության վրա։

I. Ենթադրենք, թե կտավի արժեքը փոփոխվում է[19], այնինչ բաճկոնի արժեքն անփոփոխ է մնում։ Եթե կտավն արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրկնապատկվում է, օրինակ, վշաբեր հողի նվազող պտղաբերության հետևանքով, ապա կրկնապատկվում է նաև նրա արժեքը։ 20 արշ, կտավը = 1 բաճկոնի հավասարման փոխարեն մենք կստանանք 20 արշ. կտավը = 2 բաճկոնի, ֊որովհետև, հիմա 1 բաճկոնը 20 արշ. կտավի պարունակած աշխատաժամանակի միայն կեսն է պարունակում։ Եթե, ընդհակառակը, կտավ արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը նվազի կիսով չափ, օրինակ, մանածագործական հաստոցների կատարելագործման հետևանքով, ապա դրան համապատասխանորեն կտավի արժեքն էլ կընկնի կիսով չափ։ Հետևապես, հիմա մենք ունենք 20 արշ. կտավը = 1/2 բաճկոնի։ B ապրանքի անփոփոխ արժեքի դեպքում A ապրանքի հարաբերական արժեքը, այսինքն՝ նրա այն արժեքը, որ արտահայտված է B ապրանքի մեջ, բարձրանում է և ընկնում A ապրանքի արժեքին ուղիղ հարաբերությամբ։

II. Ենթադրենք, թե կտավի արժեքը մնում է անփոփոխ, մինչդեռ բաճկոնի արժեքը փոփոխվում է։ Եթե այս դեպքում բաճկոն արտադրելու համար անհրաժեշտ աշխատաժամանակը կրկնապատկվում է, օրինակ, բրդի անբարեհաջող հավաքման հետևանքով, ապա մենք 20 արշ. կտավը = 1 բաճկոնի հավասարման փոխարեն կստանանք' 20 արշ. կտավը = 1/2 բաճկոնի։ Ընդհակառակը, եթե բաճկոնի արժեքն ընկնում է կիսով չափ, ապա 20 արշ. կտավը = 2 բաճկոնի։ A ապրանքի անփոփոխ արժեքի դեպքում նրա հարաբերական, B ապրանքի մեջ արտահայտվող արժեքն րնկնում է կամ բարձրանում B-ի արժեքի փոփոխությանը հակառակ հարաբերությամբ։

Համեմատելով I ու II տարբեր դեպքերը, մենք գտնում ենք, որ հարաբերական արժեքի մեծության միևնույն փոփոխությունը կարող է առաջ գալ բոլորովին հակադիր պատճառներից։ Այսպես, 20 արշ. կտավը = 1 բաճկոնի հավասարումից կարող է ստացվել 20 արշ. կտավը = 2 բաճկոնի հավասարումը՝ կամ այն պատճառով, որ կտավի արժեքը կրկնապատկվում է, կամ այն պատճառով, որ բաճկոնի արժեքն ընկնում է կիսով չափ. մյուս կողմից, 20 արշ. կտավը = 1/2 բաճկոնի հավասարումը ստացվում է միևնույն սկզբնական հավասարումից կամ այն պատճառով, որ կտավի արժեքը կիսով չափ ընկնում է, կամ այն պատճառով, որ բաճկոնի արժեքը կրկնապատիկ բարձրանում է։

III. Ենթադրենք, թե կտավի ու բաճկոնի արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակները փոփոխվում են միաժամանակ միևնույն ուղղությամբ ու միևնույն համամասնությամբ։ Այս դեպքում 20 արշ. կտավը = 1 բաճկոնի հավասարումը մնում է անփոփոխ, որքան էլ փոփոխվելիս լինի այդ ապրանքներից յուրաքանչյուրի արժեքը։ Նրանց արժեքի փոփոխությունը մենք կարող ենք երևան հանել միայն այն դեպքում, եթե դրանք համեմատենք մի երրորդ ապրանքի հետ, որի արժեքը հաստատուն է մնում։ Եթե բոլոր ապրանքների արժեքները միաժամանակ ու միևնույն համամասնությամբ բարձրանային կամ ընկնեին, նրանց հարաբերական արժեքներն անփոփոխ կմնային։ Ապրանքների արժեքի իրական փոփոխությունն այո դեպքում միայն նրանով կարտահայտվեր, որ միևնույն աշխատաժամանակի ընթացքում ընդհանրապես ավելի մեծ կամ ավելի փոքր քանակությամբ ապրանք կարտադրվեր, քան առաջ։

IV. Ենթադրենք, թե կտավի և բաճկոնի արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը, հետևապես նաև նրանց արժեքները, միաժամանակ փոփոխվում են միևնույն ուղղությամբ, բայց տարբեր աստիճանով, կամ փոփոխվում են հակադիր ուղղությամբ և այլն։ Նման բոլոր հնարավոր կոմբինացիաների ազդեցությունը ապրանքի հարաբերական արժեքի վրա որոշվում է պարզապես I, II ու III առանձին դեպքերը կիրառելով։

Ինչպես տեսնում ենք, արժեքի մեծության իրական փոփոխությունները բավականաչափ պարզորեն ու լրիվ կերպով չեն արտացոլվում նրանց հարաբերական արտահայտության մեջ կամ հարաբերական արժեքի մեծության մեջ։ Ապրանքի հարաբերական արժեքը կարող է փոփոխվել, չնայած որ նրա արժեքը հաստատուն է մնում։ Նրա հարաբերական արժեքը կարող է հաստատուն մնալ, չնայած որ արժեքը փոփոխվում է, և, վերջապես, արժեքի մեծության և արժեքի այդ մեծության հարաբերական արտահայտության միաժամանակյա փոփոխությունները, ամենևին էլ միշտ չէ, որ պետք է համապատասխանեն միմյանց[20]։

3) Համարժեքային ձևը

Մենք տեսանք, որ երբ որևէ A ապրանք (կտավը) իր արժեքն արտահայտում է իրենից տարբեր B ապրանքի (բաճկոնի) սպառողական արժեքի մեջ, նա միաժամանակ այդ վերջինին տալիս է արժեքի մի յուրահատուկ ձև, համարժեքի ձև։ Կտավ ապրանքը՝ որպես արժեք իր սեփական կեցությունը նրանով է երևան բերում, որ բաճկոնը, չընդունելով արժեքի իր բնական մարմնական ձևից տարբեր որևէ այլ ձև, նրան՝ կտավին հավասարարժեք է դուրս գալիս։ Այսպիսով, կտավն իր արժեքային կեցությունը նրանով է արտահայտում փաստորեն, որ բաճկոնը կարող է անմիջաբար փոխանակվել նրա հետ։ Ուստի որևէ ապրանքի համարժեքային ձևը նրա՝ մի ուրիշ ապրանքի հետ անմիջաբար փոխանակելիության ձևն է։

Եթե ապրանքի տվյալ տեսակը, օրին. բաճկոնները, ապրանքի մի ուրիշ տեսակի, օրին., կտավի համար, ծառայում է որպես համարժեք, եթե, այդպիսով բաճկոններն այն բնորոշ հատկությունն են ստանում, որ կտավի հետ անմիջաբար փոխանակելիության ձևի մեջ են գտնվում, ապա դրանով դեռևս ամենևին չի մատնանշվում այն համամասնությունը, որով բաճկոններն ու կտավը կարող են փոխանակվել իրար հետ։ Եթե կտավի արժեքի մեծությունը տրված է, հիշյալ համամասնությունը կախված է բաճկոնների արժեքի մեծությունից։ Բաճկոնն արդյոք համարժեք է, իսկ կտավը հարաբերական արժեք, թե՞ ընդհակառակը, կտավը համարժեք է, իսկ բաճկոնը հարաբերական արժեք, միևնույն է, բաճկոնի արժեքի մեծությունը ամեն դեպքում որոշվում է նրա արտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակով, հետևապես, նրա արժեքի ձևից անկախ։ Բայց եթե ապրանքի բաճկոն ներկայացնող տեսակը արժեքի արտահայտության մեջ համարժեքի տեղն է գրավում, նրա արժեքի մեծությունը, որպես այդպիսին, ոչ մի արտահայտություն չի ստանում։ Դեռ ավելի՛ն. նա արժեքային հավասարման մեջ հանդես է գալիս միայն որպես տվյալ իրի որոշ քանակ։

Օրինակ. 40 արշ. կտավն «արժե» — ի՞նչ։— Երկու բաճկոն։ Որովհետև բաճկոն տեսակի ապրանքը այստեղ համարժեքի դեր է խաղում, և բաճկոն սպառողական արժեքը կանգնած է կտավի դեմ որպես արժեքի մարմնացում [Werthkörper] ուստի բաճկոնների մի որոշ քանակն էլ բավական է՝ կտավի արժեքի մի որոշ մեծություն արտահայտելու համար: Ահա ինչո՛ւ երկու բաճկոնը կարող են արտահայտել 40 արշ. կտավի արժեքի մեծությունը, բայց նրանք երբեք չեն կարող արտահայտել իրենց սեփական արժեքի մեծությունը, բաճկոնների արժեքի մեծությունը։ Այս փաստի մակերեսային ըմբռնումը,— իբր թե արժեքային հավասարման մեջ համարժեքը միշտ մի որոշ իրի, մի որոշ սպառողական արժեքի սոսկ քանակի ձև ունի միայն,— մոլորեցրել է Բեյլիին և ստիպել է նրան, ինչպես և նրա նախորդներից ու հետնորդներից շատերին, արժեքի արտահայտության մեջ միայն քանակական հարաբերություն տեսնել։ Իրապես, ապրանքի համարժեքային ձևը արժեքի ոչ մի քանակական սահմանում չի պարունակում։

Առաջին առանձնահատկութունը, որն աչքի է ընկնում համարժեքային ձևը քննելիս այն է, որ սպառողական արժեքը դառնում է իր հակադրության՝ արժեքի դրսևորման ձև։

Ապրանքի նատուրալ ձևը դառնում է արժեքի ձև։ Բայց, nota bene — B ապրանքի համար (բաճկոնի կամ ցորենի կամ երկաթի համար և այլն) այս quid pro quo-ն իրականանում է միայն այն արժեքային հարաբերության սահմաններում, որի մեջ է մտնում նրա հետ ամեն մի ուրիշ A ապրանք (կտավ և այլն),— միայն այդ հարաբերության շրջանակներում։ Քանի որ ոչ մի ապրանք չի կարող ինքն իրեն հարաբերել իբրև համարժեքի և, հետևապես, չի կարող իր բնական արտաքինը իր սեփական արժեքի արտահայտություն դարձնել, ուստի նա պետք է ուրիշ ապրանքի հարաբերի իբրև համարժեքի կամ մի ուրիշ ապրանքի բնական արտաքինը դարձնի արժեքի իր սեփական ձևը։

Շարադրանքն ավելի ակնառու դարձնելու համար այս հարցը լուսաբանենք այն չափերի օրինակով, որոնցով չափվում են ապրանքային մարմինները որպես այդպիսիները, այսինքն՝ իբրև սպառողական արժեքներ։ Մի գլուխ շաքարը, իբրև ֆիզիկական մարմին, որոշ ծանրություն, քաշ ունի, բայց շաքարի ոչ մի գլուխ հնարավորություն չի տալիս անմիջաբար նրա քաշը տեսնելու կամ զգալու։ Ուստի մենք վերցնում ենք մի քանի կտոր երկաթ, որոնց քաշն առաջուց որոշված է։ Երկաթի մարմնաձևը, վերցրած ինքնըստինքյան, նույնքան քիչ է հանդիսանում ծանրության դրսևորման ձև, որքան և շաքարի գլուխը։ Բայց և այնպես շաքարի գլուխը որպես ծանրություն արտահայտելու համար մենք այն կշռային հարաբերության մեջ ենք դնում երկաթի հետ։ Այս հարաբերակցության մեջ երկաթը մի մարմին է, որի մեջ ոչինչ չկա բացի ծանրությունից։ Ուստի երկաթի քանակները ծառայում են իբրև շաքարի կշռաչափ և շաքարի ֆիզիկական մարմնի նկատմամբ ներկայացնում են միայն ծանրության մարմնացում, կամ ծանրության դրսևորման ձև։ Երկաթն այս դերը խաղում է միայն այն հարաբերության սահմաններում, որի մեջ է մտնում նրա հետ շաքարը կամ մի որևէ ուրիշ մարմին, երբ վերջինի քաշը պետք է գտնվի։ Եթե երկու մարմինն էլ ծանրությամբ օժտված չլինեին, նրանք չէին կարող այգ հարաբերության մեջ մտնել, և նրանցից մեկը չէր կարող մյուսի ծանրության արտահայտություն դառնալ։ Երկուսն էլ կշռաթաթերի մեջ դնելով՝ մենք կհամոզվենք, որ նրանք իրոք որպես ծանրություններ նույնն են, ուստի և որոշ համամասնությամբ վերցրած՝ միևնույն քաշն ունեն։ Ինչպես որ երկաթ ներկայացնող մարմինը, որպես կշռաչափ, շաքարի գլխի նկատմամբ միայն ծանրություն է հանդիսանում, այնպես էլ բաճկոն ներկայացնող մարմինը արժեքի մեր արտահայտության մեջ կտավի նկատմամբ միայն արժեք է հանդիսանում։

Սակայն հենց այստեղ էլ դադարում է անալոգիան։ Շաքարի մի գլխի քաշի արտահայտության մեջ երկաթը ներկայացնում է երկու մարմինների համար էլ մի ընդհանուր բնական հատկություն, այն է՝ նրանց ծանրությունը, այնինչ կտավի արժեքի արտահայտության մեջ բաճկոնը ներկայացնում է իրերի ոչ թե բնական հատկությունը, այլ նրանց արժեքը — զուտ հասարակական մի բան։

Քանի որ ապրանքի, օրինակ, կտավի արժեքի հարաբերական ձևն արտահայտում է նրա արժեքային կեցությունը որպես նրա մարմնից ու սրա հատկություններից բոլորովին տարբեր ինչ֊որ մի բան, օրինակ, որպես «բաճկոնանման» մի բան, ուստի հենց ինքը՝ այդ արտահայտությունն արդեն ցույց է տալիս, որ նրա ետևում ինչ-որ հասարակական հարաբերություն է թաքնված։ Ճիշտ հակառակ բնույթ է կրում համարժեքային ձևը։ Չէ՞ որ սրա էությունը հենց այն է, որ ապրանքի տվյալ մարմինը, ասենք՝ բաճկոնը, տվյալ իրը՝ որպես այդպիսին, արժեք է արտահայտում, հետևաբար, հենց իր բնությամբ օժտված է արժեքի ձևով։ Ճիշտ է, այդ իրավացի է միայն այն արժեքային հարաբերության սահմաններում, որտեղ կտավ ապրանքը բաճկոն ապրանքին հարաբերում է որպես համարժեքի[21]։ Բայց որովհետև տվյալ իրի հատկությունները չեն ստեղծվում ուրիշ իրերի նկատմամբ նրա ունեցած հարաբերությամբ, այլ միայն դրսևորվում են այդպիսի հարաբերության մեջ, ուստի առաջ է գալիս այնպիսի պատկերացում, թե բաճկոնը իր համարժեքային ձևով, այլ ապրանքների հետ անմիջաբար փոխանակվելու իր հատկությամբ բնությունից է օժտված ճիշտ այնպես, ինչպես օժտված է ծանրությամբ կամ տաքություն պահելու հատկությամբ։ Այստեղից էլ առաջ է գալիս համարժեքային ձևի առեղծվածային բնույթը, որը տնտեսագետի բուրժուական բիրտ հայացքը շանթում է միայն այն ժամանակ, երբ այդ ձևը նրա հանդեպ կանգնում է պատրաստի կերպարանքով — որպես փող։ Այն ժամանակ տնտեսագետը փորձում Է օձիքն ազատել ոսկու և արծաթի միստիկական բնույթից, նրանց տեղը խցկելով ավելի պակաս շլացուցիչ ապրանքներ և ավելի ու ավելի նոր հաճույքով թվարկելով ապրանքային այն խաժամուժի ցուցակը, որն իր ժամանակին ապրանքային համարժեքի դեր է կատարել։ Նրա մտքով չի էլ անցնում, որ արժեքային ամենապարզ արտահայտությունը։ 20 արշին կտավը = 1 բաճկոնի, արդեն տալիս է համարժեքային ձևի առեղծվածի լուծումը։

Համարժեք ծառայող ապրանքի մարմինը միշտ հանդես է գալիս որպես մարդկային աբստրակտ աշխատանքի մարմնացում և միշտ էլ միևնույն ժամանակ որոշ օգտակար, կոնկրետ աշխատանքի արդյունք է։ Այսպիսով, այդ կոնկրետ աշխատանքը դառնում է մարդկային աբստրակտ աշխատանքի արտահայտություն։ Եթե, օրինակ, բաճկոնը ծառայում է ոչ ավելի, քան որպես մի իր, որի մեջ իրականացած է մարդկային աբստրակտ աշխատանքը, ապա դերձակի աշխատանքը ևս, որը փաստորեն իրականացած է բաճկոնի մեջ, ծառայում է որպես ոչ ավելի քան մարդկային աբստրակտ աշխատանքի իրականացման ձև։ Կտավի արժեքի արտահայտության մեջ դերձակի աշխատանքի օգտակարությունը նրանով չի արտահայտվում, որ նա շորեր, հետևապես,— նաև մարդիկ է պատրաստում, այլ նրանով, որ նա մի այնպիսի իր է արտադրում, որի մեջ մենք իսկույն տեսնում ենք արժեք, այսինքն՝ աշխատանքի այնպիսի խտացվածք, որը ոչնչով չի տարբերվում կտավի արժեքի մեջ առարկայացած աշխատանքից։ Արժեքի մի այդպիսի հայելի պատրաստելու համար դերձակությունն ինքը ուրիշ ոչինչ չպետք է արտացոլի իր մեջ, բացի ընդհանրապես մարդկային աշխատանք լինելու իր աբստրակտ հատկությունից։

Դերձակության ձևի մեջ, ինչպես և ջուլհակության ձևի մեջ, մարդկային աշխատուժ է ծախսվում։ Հետևաբար, այդ երկու գործունեությունն էլ մարդկային աշխատանքի ընդհանուր բնույթ են կրում և մի քանի որոշ դեպքերում, օրինակ, արժեքի արտադրության մեջ, պետք է միայն այս տեսակետից դիտվեն։ Այստեղ միստիկական ոչինչ չկա։ Բայց ապրանքի արժեքի արտահայտության մեջ բանը այլ կերպարանք է ընդունում։ Օրինակ, արտահայտելու համար, որ ջուլհակությունը ոչ թե իր կոնկրետ ձևով է կտավի արժեքն ստեղծում, այլ մարդկային աշխատանքի իր ընդհանրական հատկությամբ,— ջուլհակությանը հակադրվում է դերձակությունը, հակադրվում է կտավի համարժեքն ստեղծող կոնկրետ աշխատանքը, որպես մարդկային աբստրակտ աշխատանքի իրականացման ակնառու ձև։

Եվ այսպես, համարժեքային ձևի երկրորդ առանձնահատկությունն այն է, որ կոնկրետ աշխատանքն այստեղ դառնում է իր հակադրության, մարդկային աբստրակտ աշխատանքի դրսևորման ձև։

Բայց որովհետև այդ կոնկրետ աշխատանքը, դերձակությունը, այստեղ հանդես է դալիս որպես մարդկային տարբերազուրկ աշխատանքի պարզ արտահայտություն, ուստի նա այղ ձևի մեջ նույնանման է մի ուրիշ աշխատանքի, կտավի մեջ պարունակված աշխատանքի հետ. այդ պատճառով էլ նա, չնայած որ ապրանքներ արտադրող ամեն մի աշխատանքի նման մասնավոր աշխատանք է, այնուամենայնիվ, նա անմիջականորեն հասարակական ձև ունեցող աշխատանք է։ Հենց այդ պատճառով էլ նա արտահայտվում է մի այնպիսի արդյունքի մեջ, որը կարող է անմիջաբար փոխանակվել մի ուրիշ ապրանքի հետ։ Այսպիսով, համարժեքային ձևի երրորդ առանձնահատկությունն այն է, որ մասնավոր աշխատանքը դառնում է իր հակադրության ձև, այսինքն՝ դառնում է անմիջականորեն հասարակական ձև ունեցող աշխատանք։

Համարժեքային ձևի այս վերջին երկու առանձնահատկությունները մեզ համար է՛լ ավելի շոշափելի կդաոնան, եթե մենք դիմենք այն մեծ հետազոտողին, որն առաջին անդամ վերլուծել է արժեքի ձևը, մտածողության այնքան բազմաթիվ ձևերի, հասարակական ձևերի ու բնության ձևերի հետ միասին։ Ես նկատի ունեմ Արիստոտելին։

Ամենից առաջ Արիստոտելը միանգամայն պարզ մատնանշում է, որ ապրանքի փողային ձևը արժեքի պարզ ձևի, այսինքն՝ մի ապրանքի արժեքը ամեն մի այլ ապրանքի արժեքով արտահայտելու հետագա զարգացումն է միայն. իրոք, նա ասում է.

«5 անկողինը = 1 տան» («Κλίναι πεντε άντί οικίας»)

«չի տարբերվում»

«5 անկողինը = այսքան փողի»

(«Κλίναι πεντε άντί... όσου αί πεντε κλίναι)

Այնուհետև, նա ըմբռնում է, որ արժեքային այն հարաբերությունը, որի մեջ պարունակված է արժեքի այդ արտահայտությունը, իր հերթին վկայում է, որ տունը որակապես նույնացվում է անկողնի հետ, և որ այդ զգայապես տարբեր իրերը, առանց իրենց էության այդպիսի նույնության, չէին կարող իրար հարաբերել որպես համաչափելի մեծությաններ։ «Փոխանակությունը, — ասում է նա,— չի կարող լինել առանց հավասարության, իսկ հավասարությունը՝ առանց համաչափելիությանն («ουτ ίσότης μή ουσης συμμετρίας»)։ Բայց այստեղ նա դեմ է առնում դժվարության և դադարեցնում է արժեքի ձևի հետագա վերլուծությունը։ «Բայց իրականում անկարելի է («τη μεν ουλ αλήθεια άδυναΐον»), որ այնքան տարբեր տեսակի իրերը լինեն համաչափելի», այսինքն՝ որակապես հավասար։ Այդպիսի հավասարեցումը կարող է, լոկ իրերի իսկական բնությանը խորթ մի բան լինել կարող է, հետևապես, «գործնական պահանջը բավարարելու մի արհեստական եղանակ» լինել միայն։

Այսպես ուրեմն, Արիստոտելն ինքը մեզ ցույց է տալիս, թե հատկապես ի՛նչն է անհնարին դարձրել նրա հետագա վերլուծությունը — դա արժեքի հասկացողության բացակայությունն է։ Ո՞րն է այն միատեսակ տարրը, այսինքն՝ այն ընդհանուր սուբստանցը, որն անկողինների համար ներկայացնում է տունը անկողինների արժեքի արտահայտության մեջ։ Ոչ մի այդպիսի բան չի կարող «իրականության մեջ գոյություն ունենալ»,— ասում է Արիստոտելը։ Ինչո՞ւ։ Տունը կանգնած է անկողնի դեմ որպես մի հավասար բան և այն չափով, որչափով նա ներկայացնում է այն, ինչ իսկապես միանման է այդ երկուսի — և՛ անկողնի, և՛ տան մեջ։ Իսկ դա մարդկային աշխատանքն է։

Բայց այն փաստը, որ ապրանքային արժեքների ձևի մեջ աշխատանքի բոլոր տեսակներն էլ արտահայտվում են որպես միատեսակ և, հետևապես, հավասար նշանակություն ունեցող մարդկային աշխատանք,— այդ փաստը Արիստոտելը չէր կարող հենց արժեքի ձևից բխեցնել, որովհետև հունական հասարակությունը հիմնված էր ստրկական աշխատանքի վրա և, հետևաբար, նրա բնական բազիսը մարդկանց ու նրանց աշխատուժերի անհավասարությունն էր։ Աշխատանքի բոլոր տեսակների հավասարությունն ու հավասարանշանակությունը, որչափով նրանք մարդկային աշխատանք են ընդհանրապես,— արժեքի արտահայտության այդ գաղտնիքը կարող է միայն այն ժամանակ վերծանվել, երբ մարդկային հավասարության իդեան արդեն ժողովրդական նախապաշարմունքի կայունություն է ստացել։ Իսկ այդ հնարավոր է միայն այնպիսի հասարակության մեջ, որտեղ ապրանքային ձևն աշխատանքի արդյունքի ընդհանրական ձևն է, և, հետևաբար, մարդկանց, որպես ապրանքատերերի, միմյանց հետ ունեցած հարաբերությունն է տիրապետող հասարակական հարաբերությունը։ Արիստոտելի հանճարը երևան է գալիս հենց այն բանի մեջ, որ ապրանքների արժեքի արտահայտության մեջ նա հայտնագործում է հավասարության հարաբերությունը։ Միայն այն հասարակության պատմական սահմանները, որի մեջ նա ապրում էր, նրան խանգարեցին բացահայտելու, թե «իրականության մեջ» հատկապես ի՛նչն է կազմում հավասարության այդ հարաբերությունը։

4) Արժեքի պարդ ձևը՝ ամբողջությամբ վերցրած

Ապրանքի արժեքի պարզ ձևը նրա արժեքային հարաբերությունն է իրենից տարբեր տեսակի ապրանքի հետ, կամ նրա փոխանակային հարաբերությունը վերջինի հետ։ A ապրանքի արժեքը որակապես արտահայտվում է B ապրանքի՝ A ապրանքի հետ անմիջաբար փոխանակվելու ընդունակությամբ։ Արժեքը քանակապես արտահայտվում է B ապրանքի որոշ քանակի՝ A ապրանքի տվյալ քանակի հետ փոխանակվելու ընդունակությամբ։ Ուրիշ խոսքով՝ ապրանքի արժեքն ինքնուրույն արտահայտություն է ստանում, երբ ապրանքը ներկայանում է որպես «փոխանակային արժեք»։ Երբ մենք այս գլխի սկզբում, շրջուն տերմինաբանությանը հետևելով, ասում էինք, թե ապրանքն սպառողական արժեք է և փոխանակային արժեք, ապա, խստորեն ասած, այդ սխալ էր։ Ապրանքն սպառողական արժեք կամ սպառման առարկա և «արժեք» է։ Նա իր այդ երկակի բնույթը երևան է հանում, երբ նրա արժեքը ստանում է դրսևորման սեփական, նրա նատուրալ ձևից տարբեր ձև, այն է՝ փոխանակային արժեքի ձև, ընդ որում մեկուսացված քննվող ապրանքը երբեք այդ ձևը չի ունենում, բայց այդպիսի ձև ունենում է միշտ միայն արժեքային կամ փոխանակային հարաբերության մեջ մի ուրիշ, տարբեր տեսակի ապրանքի նկատմամբ։ Քանի որ մենք այդ հիշում ենք, ապա վերոհիշյալ սխալ բառագործածությունը ոչ մի սխալ չի առաջացնում, այլ կրճատ արտահայտության համար է ծառայում միայն։

Մեր վերլուծությունը ցույց տվեց, որ ապրանքի արժեքի ձևը կամ նրա արժեքի արտահայտությունը բխում է ապրանքի արժեքի բնությունից, և ոչ ընդհակառակը՝ արժեքը կամ արժեքի մեծությունը չէ, որ բխում է փոխանակային արժեքից, արժեքի արտահայտման այդ եղանակից։ Բայց հենց այդպես են պատկերացնում բանը, մի կողմից, մերկանտիլիստներն ու նրանց արդի երկրպագուները, ինչպես Ֆերյեն, Գանիլը և այլն[22], մյուս կողմից, նրանց հակոտնյաները, ազատ առևտրի արդի շրջիկ-գործակալները, ինչպես Բաստիան և նրա նմանները։ Մերկանտիլիստները ծանրության կենտրոնը փոխադրում են արժեքի արտահայտության որակական կողմի վրա, այսինքն՝ ապրանքի համարժեքային ձևի վրա, որն իր ավարտուն արտահայտությունը գտնում է փողի մեջ, այնինչ ֆրիտըեդերյան ապրանքի ժամանակակից շրջավաճառները, որոնք պետք է իրենց ապրանքը ծախեն՝ ի՛նչ գնով ուղում է լինի, գլխավոր ուշադրությունը դարձնում են, ընդհակառակը, արժեքի հարաբերական ձևի քանակական կողմի վրա։ Հետևաբար, նրանց համար ապրանքի թե արժեքը և թե արժեքի մեծությունը գոյություն ունեն միայն այն արտահայտության մեջ, որ նրանք ստանում են ապրանքների փոխանակային հարաբերության մեջ, այսինքն՝ միայն ապրանքների ընթացիկ գնացուցակի սյունակներում։ Շոտլանդացի Մակլեոդը, որի պրոֆեսիոնալ պարտականությունն այն է, որ Լոմբարդստրիտի բանկիրների հնամոլ պատկերացումներն ըստ կարելույն մեծ գիտականությամբ գեղազարդի, մի հաջող համադրություն է ներկայացնում սնահավատ մերկանտիլիստների և ազատ առևտրի իդեաների լուսավորված շրջավաճառների միջև։

Ավելի մոտիկից քննելով A ապրանքի արժեքի արտահայտությունը նրա արժեքային հարաբերության մեջ B ապրանքի նկատմամբ, մենք տեսանք, որ այդ հարաբերության սահմաններում A ապրանքի նատուրալ ձևը լոկ սպառողական արժեքի կերպարանք է ներկայացնում, իսկ B ապրանքի նատուրալ ձևը՝ լոկ արժեքի ձև՝ կամ արժեքի կերպարանք։ Այսպիսով, սպառողական արժեքի ու արժեքի այն ներքին հակադրությունը, որ թաքնված է ապրանքի մեջ, արտահայտվում է արտաքին հակադրության միջոցով, այսինքն՝ երկու ապրանքների հարաբերության միջոցով, որի շրջանակներում մեկ ապրանքը,— այն ապրանքը, որի արժեքը արտահայտվում է,— անմիջաբար լոկ սպառողական արժեքի դեր է խաղում, իսկ մյուս ապրանքը,— այն, որի մեջ արժեքն արտահայտվում է,— անմիջաբար միայն փոխանակային արժեքի դեր է խաղում։ Հետևաբար, ապրանքի արժեքի պարզ ձևը ապրանքի մեջ պարունակվող այն հակադրության դրսևորման պարզ ձևն է, որ կա սպառողականի արժեքի ու արժեքի միջև։

Բոլոր հասարակական կացութաձևերում աշխատանքի արդյունքն սպառման առարկա է, բայց զարգացման պատմականորեն որոշ միայն մեկ դարաշրջան է աշխատանքի արդյունքը ապրանք դարձնում,— այսինքն՝ այն դարաշրջանը, երբ օգտակար իրի արտադրության վրա ծախսված աշխատանքը հանդես է գալիս որպես այդ իրի «առարկայական» հատկություն, որպես նրա արժեքը։ Այստեղից հետևում է, որ ապրանքի արժեքի պարզ ձևը միևնույն ժամանակ աշխատանքի արդյունքի ապրանքային պարզ ձևն է որ, ըստ այնմ, ապրանքային ձևի զարգացումը համընկնում է արժեքի ձևի զարգացման հետ։

Առաջին հայացքից արդեն ակներնև արժեքի պարզ ձևի անբավարարությունը, այդ սաղմնային ձևի, որը միայն մի շարք փոխակերպումներ անցնելով է հասունանում մինչև գնի ձևը։

A ապրանքի արժեքի արտահայտությունը B ապրանքի մեջ միայն տարբերում է A ապրանքի այդ արժեքը նրա սեփական սպառողական արժեքից և այդ պատճառով էլ ապրանքը դնում է միայն մեկ փոխանակային հարաբերության մեջ,— որևէ աոանձին, նրանից տարբեր ապրանքային տեսակի հետ ունեցած փոխանակային հարաբերության մեջ, բայց նա չի արտահայտում այդ ապրանքի որակական նույնությունն ու քանակական համամասնությունը ապրանքների մյուս բոլոր տեսակների հետ։ Մեկ ապրանքի արժեքի պարզ հարաբերական ձևին համապատասխանում է մի ուրիշ ապրանքի առանձին համարժեքային ձևը։ Այսպես, օրինակ, բաճկոնը կտավի արժեքի հարաբերական արտահայտության մեջ ունի համարժեքային ձև, կամ միայն այդ առանձին ապրանքային տեսակի՝ կտավի նկատմամբ անմիջաբար փոխանա֊կելիության ձև:

Մինչդեռ, արժեքի առանձին ձևը ինքն իրեն փոխվում է ավելի լիակատար ձևի։ Թեև այդ ձևի միջոցով A եզակի ապրանքի արժեքն արտահայտվում է ուրիշ տեսակի միայն մի ապրանքի մեջ, սակայն այս դեպքում ամենևին նշանակություն չունի, թե ինչ ապրանք է այդ՝ բաճկոն է արդյոք, երկաթ, ցորեն և այլն։ Որչափով միևնույն ապրանքը ապրանքի մերթ այս, մերթ այն տեսակի հետ արժեքային հարաբերությունների մեջ է մտնում, առաջ են գալիս նրա արժեքի տարբեր պարզ արտահայտություններ[Տե՛ս 22a ծանոթ.]: Նրա արժեքի հնարավոր արտահայտությունների թիվը սահմանափակված է ապրանքի՝ նրանից տարբեր տեսակների թվով միայն։ Ապրանքի արժեքի եզակի արտահայտությունը, այսպիսով, վեր է ածվում նրա արժեքի մի շարք տարբեր պարզ արտահայտությունների, ընդ որում այդ շարքը կարող է երկարացվել ուզած չափով։

B. Արժեքի լրիվ կամ ծավալուն ձև

A ապրանքի z քան ակր — B ապրանքի u քանակին, կամ = C ապրանքի v քանակին, կամ = D ապրանքի w քանակին, կամ = E ապրանքի x քանակին, կամ == և այլն։

(20 արշ. կտավը = 1 բաճկոնի, կամ = 10 ֆունտ թեյի, կամ = 40 ֆունտ սուրճի, կամ = կվարտեր ցորենի, կամ = 2 ունցիա ոսկու, կամ = 1/2 տոննա երկաթի, կամ = և այն)

1) Արժեքի ծավալուն հարաբերական ձևը

Տվյալ ապրանքի, օրինակ, կտավի արժեքը հիմա արտահայտվում է ապրանքային աշխարհի ուրիշ անթիվ տարրերի մեջ։ Ամեն մի ուրիշ ապրանքային մարմին դառնում է կտավի արժեքի հայելի[23]։ Այսպիսով, միայն այժմ

  1. Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1859, էջ 3: — [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը» Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հատ. XII, մ. 1, էջ 13]։
  2. «Ցանկությունը պահանջմունք է ենթադրում, ոգու ախորժակն է այն, և դա նրան հատուկ է նույնքան բնականորեն, որքան քաղցը մարմնին... (իրերի) մեծ մասն արժեք անի, որովհետև բավարարում է ոգու պահանջմունքները»: Nicholas Barbon: «A Discourse conerning Coining the New Money lighter. In Answer to Mr. Locke's Considerations etc.». London 1696, էջ 2, 3։
  3. Իրերն ունեն իրենց ներհատուկ հատկություն (vertue — ահա Բարբոնի առանձնահատուկ արտահայտությունը սպառողական արժեքի համար) որն ամեն տեղ անփոփոխ է մնում, օրինակ, մագնիսի՝ երկաթը ձգելու ունակությունը» (N. Barbon: «A Discourse concerning Coining the New Money lighter etc.». London 1696, էջ 6)։ Մագնիսի՝ երկաթի ձգելու հատկությունը միայն այն ժամանակ օգտակար դարձավ, երբ նրա միջոցով գտան մագնիսական բևեռայնությունը։
  4. «Որևէ իրի բնական արժեքը [natural worth] նրա ունակությունն բավարարելու մարդկային կյանքի պահանջմունքները կամ ծառայելու նրա հարմարություններին» (John Locke: «Some Consideratons on the Consequences of the Lowering of Interest». 1691, «Works», հրատ, London 1777, հատ, II, էջ 28). XVII դարում մենք դեռ հաճախ ենք հանդիպում անգլիական հեղինակների գրվածքներում «worth» բառին սպառողական արժեքն արտահայտելու և «value» բառին՝ փոխանակային արժեքն արտահայտելու համար. այդ լիովին համապատասխան է անգլերենի ոգուն, որը սիրում է անմիջաբար տրված իրերն արտահայտել գերմանական ծագում ունեցող բառերով, իսկ վերացական իրերը՝ ռոմանական ծագում ունեցող բառերով։
  5. Բուրժուական հասարակության մեջ իշխում է այն fictio juris-ը [իրավաբանական ֆիկցիան], իբր ամեն մարդ, որպես ապրանք գնող, հանրագիտական տեղեկություններ ունի ապրանքագիտության բնագավառում։
  6. «Արժեքը այն հարաբերությունն է, որով մեկ իր փոխանակվում է մեկ ուրիշի հետ, մի արդյունքի որոշ քանակ՝ մի ուրիշ արդյունքի որոշ քանակի հետ»։ (Le Trosne: «De l'Interet Social», «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 889)։
  7. «Ոչ մի բան չի կարող ներքին արժեք ունենալ (N. Barbon: «A Discourse concerning Coining the New Money lighter etc,». London 1696, էջ 6), կամ, ինչպես Բետլերն է ասում.

    «The value of a thing
    is just as much as it will bring».

    [Մի իրի արժեքն է ճիշտ այնքան, որքան կարող է բերել այն։]

  8. «Ապրանքների մի տեսակը նույնքան լավ է, որքան և մի ուրիշ տեսակը, եթե նրանք փոխանակային արժեքները հավասար են։ Ոչ մի զանազանություն կամ տարբերություն չկա հավասար փոխանակային արժեքներ ունեցող իրերի միջև։ Հարյուր ֆունտ ստեռլինգ արժեցող երկաթի կամ կապարի քանակը նույնքան փոխանակային արժեք ունի, որքան հարյուր ֆունտ ստեռլինգ արժեցող արծաթի կամ ոսկու քանակը»։ (N. Barbon: «A Discourse concerning Coining the New Money lighter etc.». London 1696, էջ 53 և 7)։
  9. 2-րդ հրատարուկության ծանոթագրություն.— «Նրանց (սպառման առարկաների) արժեքը, երբ նրանք փոխանակվում են իրար հետ, որոշվում է այն աշխատանքի քանակով, որ անհրաժեշտորեն պահանջվում և սովորաբար գործադրվում է նրանց արտադրության համար» («Some Thoughts on the Interest of Money in general, and particularly in the Public Funds etc.». London, էջ 36)։ Անցյալ դարի այս նշանավոր անանուն երկի հրատարակության ժամանակը չի նշված։ Բայց նրա բովանդակությունից երևում է, որ նա լույս է տեսել Գեորգ II֊ի ժամանակ, մոտավորապես 1739 կամ 1740 թվականին։
  10. «Իսկապես ասած՝ միևնույն տեսակի բոլոր արդյունքները կազմում են մի մասսա, որի գինը որոշվում է միասին առած, անկախ առանձին դեպքի հատուկ պայմաններից» (Le Trosne: «De l’Interet Social», «Physiocrates», Հրատ. Daire, Paris 1846, էջ 893)։
  11. K. Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1859, էջ 6 [Կ. Մարքս. «Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 16]։
    {11a. 4-րդ հրատ. ծանոթագրությունը.— Փակագծերի մեջ դրված բառերը ես մտցրի այն պատճառով, որ դրանք չլինելու հետևանքով շատ հաճախ է այն թյուրիմացությունը ծագել, թե իբր Մարքսի կարծիքով ամեն մի արդյունք, որ սպառում է ոչ նա, ով այն արտադրել է, ապրանք է։— Ֆ. Է.}
  12. Karl Marx: «Zur Kritik der Politischen Oekonomie». Berlin 1859, էջ 12, 13, [Կ. Մարքu, Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ, Էնգելսի երկ., Հ. XII, մ. I, էջ 21, 22, 23 և այլն]։
  13. «Տիեզերքի բոլոր երևույթները, մարդո՞ւ ձեռքով են արդյոք ստեղծված նրանք թե բնության ընդհանուր օրենքներով, ոչ թե իրական նոր ստեղծագործություն, այլ միայն մատերիայի փոխակերպություն են ներկայացնում։ Միացում ու բաժանում,— ահա այն միակ տարրերը, որ հայտաբերում է մարդկային բանականությունը, վերլուծելով վերարտադրության իդեան. նույնն է դրությունը նաև արժեքի (սպառողական արժեքի, թեև Վերրին, ֆիզիոկրատների դեմ բանավիճելով այստեղ, պարզ հասկացողություն չունի այն մասին, թե ինքը արժեքի որ տեսակի մասին է խոսում) ու հարստությունների վերարտադրության բնագավառում, երբ հողը, օդն ու ջուրը դաշտում դաոնում են բույս, կամ, երբ միջատների կպչուն արտաթորանքները, մարդու ձեռքով վերամշակվելով, դառնում են մետաքս, կամ մետաղի աոանձին կտորները միանում են իրար և կազմում ժամացույցի մեխանիզմd (Pietro Verri: «Meditazioni sulla Economia Politica» (աոաջին անգամ տպագրվել է 1773 թվականին) Custodi-ի իտալացի տնտեսագետների հրատարակության մեջ — Parte Modema, հ, XV, էջ 21, 22)։
  14. Հմմտ, Hegel: «Philosophie des Rechts». Berlin 1840, էջ 250, § ISO [Гегель «Философия права»: Соч. т. VII, Соцэкиз t. VII, 1934 թ., § 190, էջ 218]։
  15. Ընթերցողը պետք է նկատի ունենա, որ այստեղ խոսքը ո՛չ թե աշխատավարձի կամ այն արժեքի մասին է, որ բանվորն ստանում է, օրինակ, մի աշխատանքային օրվա համար, այլ ապրանքների այն արժեքի մասին, որի մեշ առարկայանում է նրա աշխատանքային օրը։ Մեր շարադրանքի տվյալ աստիճան իր պայմաններում մեզ համար ընդհանրապես֊ դեռ գոյություն չունի աշխատավարձի կատեգորիան։
  16. 2-րդ հրատ, ծանոթագրություն.— Ապացուցելու համար, «որ աշխատանքն է այն վերջնական ու ռեալ չափը, որի միջոցով մենք կարող ենք իրար հետ համեմատել տարբեր ապրանքների արժեքները բոլոր ժամանակներում և ամեն տեղ», Ա, Սմիթը գրում է. «Աշխատանքի հավասար քանակները բոլոր ժամանակներում ու ամեն տեղ միշտ միևնույն են ունեցել բանվորի համար։ Իր առողջության, ուժի և ընդունակության սովորական վիճակում, հմտության կամ ճարպկության սովորական աստիճանի պայմաններում, նա միշտ պետք է իր հանգստության, իր ազատության, իր երջանկության միևնույն մասը զոհաբերի («Wealth of Nations» հ. I, գլ. V)։ [Հմմտ. Адам Смит: «Исследование о природе и причинах богатства народов», 1935 թ,, էջ 35 և 32։] Մի կողմից՝ Սմիթն այստեղ (բայց ոչ ամեն տեղ) իրար հետ շփոթում է արժեքի սահմանումը ապրանքի արտադրության վրա ծախսված աշխատանքի քանակով ու. ապրանքային արժեքների սահմանումը իրեն իսկ աշխատանքի արժեքով, և այդ պատճառով աշխատում է ապացուցել, որ աշխատանքի հավասար քանակները միշտ միևնույն արժեքն ունեն։ Մյուս կողմից՝ նա զգում է, որ աշխատանքը, որչափով նա արտահայտվում է ապրանքների արժեքի մեջ, սոսկ աշխատուժի ծախսում է ներկայացնում, բայց դարձյալ այս ծախսումը նա պատկերում է սոսկ իբրև, հանգստության, ազատության ու երջանկության զոհաբերություն, չտեսնելով այդ ծախսման մեջ նաև նորմալ կենսագործունեություն։ Ճիշտ է, նա աչքի առաջ է ունեցել արդի վարձու բանվորներին։ — Շատ ավելի հաջող է դատում տվյալ հարցում Ա. Սմիթի այն անանուն նախորդը, որից ցիտատ է բերված 9-րդ ծանոթագրության մեջ... «Որևէ մեկը մի շաբաթ է, գործադրել սպառման մի առարկա պատրաստելու վրա... և նա, ով նրան որևէ ուրիշ առարկա է առաջարկում փոխանակելու համար, ամենից լավ կգնահատի, թե այդ առարկաներից որքանն է հավասարարժեք աոաջին առարկային, եթե հաշվի, թե ո՛ր առարկան է նույնքան աշխատանք [labour] ու ժամանակ նստել իրեն վրա։ Այստեղ բանը հանգում է հետևյալին. այն աշխատանքը, որը մի մարդ ծախսել է որոշ ժամանակի ընթացքում տվյալ իրը արտադրելու վրա, փոխանակվում է մի ուրիշ մարդու այն աշխատանքի հետ, որ նույն ժամանակի ընթացքում ծախսված է մի այլ իր արտադրելու վրա» («Some Thoughts օո the Interest of Money in general etc.», էջ 39)։
    {4-րդ հրատ. առթիվ.— Անգլերենն այն առավելությունն ունի, որ նա երկու տարբեր բառ ունի աշխատանքի երկու տարբեր կողմերը նշելու համար։ Որակապես որոշ աշխատանքը, որը սպառողական արժեքներ է ստեղծում, կոչվում է work, հակադրվելով labour-ին. այն աշխատանքը, որ արժեք է ստեղծում և միայն քանակապես է չափվում, կոչվում է labour, հակադրվելով work-ին։ Տե՛ս անգլերեն թարգմանության ծանոթագրությունը, էջ 14։— Ֆ. Է.}։ [Այս հատորում տե՛ս առաջին գլխի 4-րդ ծանոթագրությունը։ Խմբ.]
  17. Այն փոքրաթիվ տնտեսագետները, որոնք, ինչպես, օրինակ, Ս. Բեյլին, զբաղվել են արժեքի ձևի վերլուծությամբ։ ոչ մի հետևանքի չէին կարող հասնել, մի կողմից, այն պատճառով, որ նրանք շփոթում են արժեքի ձեն ու բուն արժեքը, մյուս կողմից՝ այն պատճառով, որ նրանք, բիրտ գործնական բուրժուայի ազդեցության տակ գտնվելով, հենց սկզբից բացառապես փոխանակային հարաբերության քանակական որոշվածության վրա են ուշադրություն դարձնում։ «Քանակի վրա ունեցած իշխանությունն է... կազմում արժեք» (Money and its Vicissitudes», London l837, էջ 11)։ Հեղինակը U. Բեյլին է։
    17a 2-րդ հրատարակության ծանոթագրություն,— Աոաջին տնտեսագետներից մեկը, որը Վիլյամ Պետտիից հետո ըմբռնել էր արժեքի էությունը, հռչակավոր Ֆրանկլինը, ասում է. «Որովհետև առևտուրն ընդհանրապես ոչ այլ ինչ է, եթե ոչ մի աշխատանքի փոխանակումը մի ուրիշ աշխատանքի հետ, ապա բոլոր իրերի արժեքի ամենաճիշտ գնահատությունը աշխատանքն է» («The Works of B. Franklin etc., edited bu Sparks». Boston 1836, հ. II, էջ 267։ Ֆրանկլինն իր համար չի պարզել, որ բոլոր իրերի արժեքն «աշխատանքով» գնահատելով, նա հենց դրանով վերանում է աշխատանքի փոխանակվող տեսակների տարբերություններից,— հետևապես, դրանք վեր է ածում մարդկային միատեսակ աշխատանքի։ Թեև նա չգիտե այդ, բայց ինքնարերարար արտահայտում է այդ։ Սկզբում նա խոսում է «մի աշխատանքի» մասին, հետո «մի ուրիշ աշխատանքի» մասին, վերջումն էլ «աշխատանքի» մասին՝ չսահմանելով այնուհետև. աշխատանքը, որպես բոլոր իրերի արժեքի սուբստանց։
  18. Որոշ տեսակետից մարդն էլ է ապրանք հիշեցնում։ Որովհետև նա աշխարհ է գալիս առանց ձեռքին հայելի բռնած լինելու և ոչ էլ որպես ֆիխտեյան փիլիսոփա՝ «Ես ես եմ», ուստի մարդը սկզբում իր պատկերը մի ուրիշ մարդու մեջ է տեսնում, որպես հայելիում։ Միայն Պողոս կոչված մարդուն՝ որպես իր նմանին վերաբերվելով է, որ Պետրոս անունով մարդը սկսում է իրեն իբրև մարդու, վերաբերվել։ Միաժամանակ Պողոսն էլ, ինչպես այդպիսին, իր ամբողջ պողոսյան մարմնականությամբ, Պետրոսի համար դաոնում է «մարդ» սեռի դրսևորման ձև։
  19. Այստեղ, ինչպես և վերը մի քանի տեղ, «արժեք» արտահայտությունը գործ է ածվում քանակապես որոշ արժեք, այսինքն՝ արժեքի մեծությունը նշելու համար։
  20. 2-րդ հրատ. ծանոթագրություն.— Վուլգար քաղաքատնտեսությունը արժեքի մեծության ու նրա հարաբերական արտահայտության այս անհամապատասխանությունը շահագործում է իր համար սովորական սրամտությամբ։ Օրինակ. «Ենթադրեցե՛ք միայն, որ A-ն ընկնում է այն պատճառով, որ B-ն, որի հետ նա փոխանակվում է, բարձրանում է, ընդ որում, սակայն, A-ի վրա ավելի քիչ աշխատանք չի ծախսվում, քան առաջ,— և արժեքի ձեր ընդհանուր սկզբունքը տապալվում է... Երբ ենթադրեցինք, որ B-ի արժեքը A-ի համեմատությամբ ընկնում է, որովհետև A-ի արժեքը B-ի համեմատությամբ բարձրանում է, ապա հենց դրանով էլ մենք ոչնչացնում ենք այն հողը, որի վրա Ռիկարդոն կառուցում է իր այն մեծ դրույթը, թե ապրանքի արժեքը միշտ որոշվում է նրա մեջ մարմնացած աշխատանքի քանակով։ Որովհետև, եթե A-ի արտադրության ծախքերի մեջ կատարվող փոփոխությունը փոխում է ոչ միայն A-ի սեփական արժեքը B-ի համեմատությամբ, որի հետ նա փոխանակվում է, այլև փոխում է արժեքը B-ի արժեքը A-ի համեմատությամբ, թեև արտադրության համար անհրաժեշտ աշխատանքի քանակի մեջ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել, ապա տապալվում է ո՛չ մ՞իայն այն դոկտրինան, որը հավատացնում է, թե առարկայի վրա ծախսված աշխատանքն է կարգավորում այդ առարկայի արժեքը, այլ նաև այն դոկտրինան, որի համաձայն տվյալ ապրանքի արտադրության ծախքերն են կարգավորում նրա արժեքը» (J. Broadhurst։ «Political Economy». London 1842, էջ 11, 14)։
    Պ-ն Բրոդհերստը նույնպիսի իրավունքով կարող էր ասել՝ լա՜վ նայեցեք 10/20, 10/50, 10/100 և այլն թվական հարաբերություններին։ 10 թիվն անփոփոխ է մնում, և չնայած դրան, նրա հարաբերական մեծությունը, 20, 50, 100 հայտարարների նկատմամբ նրա հարաբերական մեծությունը, շարունակ նվազում է։ Հետևապես, տապալվում է այն մեծ սկզբունքը, որի համաձայն ամբողջ թվի, օրինակ, 10-ի մեծությունը «կարգավորվում է» նրա մեջ պարունակված միավորների քանակով։
  21. Այսպիսի հարաբերակցական սահմանումերն ընդհանրապես մի խիստ յուրահատուկ բան էն։ Այս մարդը, օրինակ, թագավոր է միայն այն պատճառով, որ մյուս մարդիկ նրան վերաբերվում են որպես հպատակներ։ Այնինչ, նրանք, ընդհակառակը, կարծում են, թե իրենք հպատակներ են այն պատճառով, որ նա թագավոր է։
  22. 2-րդ հրատ. ծանոթագրություն.— F.L. A. Ferrier (մաքսային ենթատեսուչ): «Du Gouvernement considere dans ses Rapports avec le Commerce», Paris 1805, և Charles Ganilh: «Des Systemes d’Economie Politique etc.», 2-րդ հրատ. Paris 1821.
    22a 2-րդ հրատ. ծանոթագրության.— Օրինակ, Հոմերոսի մոտ մի իրի արժեքն արտահայտվում է ամբողջ մի շարք տարբեր իրերով։
  23. Այս պատճառով խոսում են կտավի բաճկոնակին արժեքի մասին, եթե կտավի արժեքը արտահայտում են բաճկոններով,— նրա հացահատիկային արժեքի մասին, եթե արժեքն արտահայտում են հացահատիկով, և այլն: Ամեն մի այսպիսի արտահայտություն նշանակում է, որ բաճկոնի, հացահատիկի և այլնի սպառողական արժեքի մեջ երևան է դայիս ոչ այլ ինչ, եթե ոչ կտավի արժեքը։ «Յուրաքանչյուր ապրանքի արժեք արտահայտություն է տալիս նրա փոխանակային հարաբերությանը... Մենք կարող ենք խոսել նրա մասին որպես հացահատիկային արժեքի, մահուդային արժեքի մասին և այլն, նայած թե ուրիշ ի՛նչ ապրանքի հետ է համեմատվում այն. այսպիսով, արժեքի հազարավոր տարբեր տեսակներ կան,— արժեքի ճիշտ այնքան տեսակներ, ոյ։քան ապրանքներ կան, և նրանք բոլորն էլ միատեսակ ռեալ են և միատեսակ անվանական» («A Critical Dissertation on the Nature, Measures and Causes of Value: chiefly in reference to the writings of Mr. Ricardo and his followers. By the Author of Essays on the Formation etc. of Opinions». London 1825, էջ 39)։ Իր ժամանակին Անգլիայում շատ աղմուկ հանած այս անանուն աշխատության հեղինակ Ս. Բեյլին երևակայում է, թե միևնույն ապրանքային արժեքի այս խայտաբղետ հարաբերական արտահայտությունների մատնանշումով նա ոչնչացրել է արժեքի հասկացողությունը սահմանելու ամեն մի հնարավորություն։ Այն հանգամանքը, որ նա, չնայած իր ամբողջ սահմանափակությանը, այնուամենայնիվ շոշափել է Ռիկարդոյի թեորիայի խոցելի տեղերը, ցույց է տալիս այ ջղայնությունը որո Ռիկարդոյի դպրոցը հարձակվեց նրա վրա, օրինակ, «Westminster Review»-ում։