Սկանդալը Բոհեմիայում

Գրապահարան-ից
Բոսկոմյան հովտի գաղտնիքը

հեղինակ՝ Սկանդալը Բոհեմիայում
թարգմանիչ՝ Խ․ Հրաչյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»


1


Շերլոկ Հոլմսի համար նա ընդմիշտ մնաց իբրև «Այդ կինը»։ Ես հազվադեպ եմ լսել, որ նա նրան որևէ այլ անունով կոչի։ Հոլմսի աչքում նա մթագնել էր իր սեռի բոլոր ներկայացուցիչներին։ Անշուշտ, նա սիրո նման որևէ զգացմունք չէր տածում Իրեն Ադլերի հանդեպ։ Բոլոր զգացմունքները, և հատկապես սիրո զգացմունքները, ատելի էին նրա սառնարյուն, ճշգրիտ, բայց զարմանալի հավասարակշռված մտքին։ Ըստ իս, նա ամենակատարյալ մտածող ու դիտող մեքենա էր, որը երբևէ աշխարհը տեսել է, սակայն իբրև սիրահար նա իր տեղում չէր լինի։ Նա միշտ էլ քնքուշ զգացմունքների մասին խոսում էր ոչ այլ կերպ, քան արհամարական քմծիծաղով ու ծաղրանքով։ Քնքուշ զգացմունքները նրա աչքում դիտողության հիանալի օբյոկտներ էին, մարդկային հակումների և գործերի վրայից ծածկոցը պոկելու սքանչելի միջոց։ Սակայն սուր մտածողի համար թույլ տալ, որ այդ զգացմունքը ներխուժի իր նուրբ ու հիանալիորեն կարգավորված ներքին աշխարհը, կնշանակեր խառնաշփոթություն մտցնել այնտեղ, որը ստվեր կգցեր նրա մտքի բոլոր նվաճումների վրա։ Զգայուն գործիքի մեջ ընկած ավազահատիկ կամ նրա հզոր տեսապակիներից մեկում առաջացած ճաք՝ ահա թե ինչ կլիներ սերը Հոլմսի նման մարդու համար։ Բայց և այնպես, նրա աչքում գոյություն ուներ մի կին, և այդ կինը հանգուցյալ Իրեն Ադլերն էր՝ հույժ կասկածելի վարքի տեր մի անձնավորություն։