Սկանդալը Բոհեմիայում

Գրապահարան-ից
Բոսկոմյան հովտի գաղտնիքը

հեղինակ՝ Սկանդալը Բոհեմիայում
թարգմանիչ՝ Խ․ Հրաչյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին__Կորուսյալ_աշխարհ»


I


Շերլոկ Հոլմսի համար նա ընդմիշտ մնաց իբրև «Այդ կինը»։ Ես հազվադեպ եմ լսել, որ նա նրան որևէ այլ անունով կոչի։ Հոլմսի աչքում նա մթագնել էր իր սեռի բոլոր ներկայացուցիչներին։ Անշուշտ, նա սիրո նման որևէ զգացմունք չէր տածում Իրեն Ադլերի հանդեպ։ Բոլոր զգացմունքները, և հատկապես սիրո զգացմունքները, ատելի էին նրա սառնարյուն, ճշգրիտ, բայց զարմանալի հավասարակշռված մտքին։ Ըստ իս, նա ամենակատարյալ մտածող ու դիտող մեքենա էր, որը երբևէ աշխարհը տեսել է, սակայն իբրև սիրահար նա իր տեղում չէր լինի։ Նա միշտ էլ քնքուշ զգացմունքների մասին խոսում էր ոչ այլ կերպ, քան արհամարական քմծիծաղով ու ծաղրանքով։ Քնքուշ զգացմունքները նրա աչքում դիտողության հիանալի օբյոկտներ էին, մարդկային հակումների և գործերի վրայից ծածկոցը պոկելու սքանչելի միջոց։ Սակայն սուր մտածողի համար թույլ տալ, որ այդ զգացմունքը ներխուժի իր նուրբ ու հիանալիորեն կարգավորված ներքին աշխարհը, կնշանակեր խառնաշփոթություն մտցնել այնտեղ, որը ստվեր կգցեր նրա մտքի բոլոր նվաճումների վրա։ Զգայուն գործիքի մեջ ընկած ավազահատիկ կամ նրա հզոր տեսապակիներից մեկում առաջացած ճաք՝ ահա թե ինչ կլիներ սերը Հոլմսի նման մարդու համար։ Բայց և այնպես, նրա աչքում գոյություն ուներ մի կին, և այդ կինը հանգուցյալ Իրեն Ադլերն էր՝ հույժ կասկածելի վարքի տեր մի անձնավորություն։

Վերջին ժամանակներս ես հազվադեպ էի տեսնվում Հոլմսի հետ․ իմ ամուսնությունը մեզ հեռացրեց իրարից։ Ւմ անձնական անամպ երջանկությունը և զուտ ընտանեկան շահերը, որոնք առաջ են գալիս, երբ մարդ առաջին անգամ դառնում է իր սեփական օջախի տերը՝ այս ամենը բավական էր, որպեսզի կլաներ իմ ողջ ուշադրությունը։ Մինչդեռ Հոլմսը, որ իր գնչուական հոգով ատում էր աշխարհիկ կյանքի ամեն մի ձև, շարունակում էր ապրել Բեյքր֊ստրիտի մեր բնակարանում, շրջապատված իր հին գրքերի կույտերով, կոկաինով տարվելու շաբաթները հերթագայելով փառամոլության նոպայով, նարկոմանի քնկոտ դրությունը՝ վայրի էներգիայով, որը հատուկ էր նրա բնավորությանը։

Ինչպես և առաջ, նա խորապես զբաղված էր հանցագործությունների հետազոտությամբ։ Նա իր հսկայական ընդունակությունները և դիտողականության արտասովոր ձիրքը տրամադրում էր այն գաղտնիքները պարզող թելերի որոնման, որոնք պաշտոնական ոստիկանության կողմից ճանաչվել էին անվերծանելի։ Ժամանակ առ ժամանակ իմ ականջին աղոտ լուրեր էին հասնում նրա գործերի մասին․ նրան կանչել են Օդեսա Տրեպովի ապանության կապակցությամբ, նրան հաջողվել է լույս սփռել Ատկինսոն եղբայրների հանելուկային ողբերգության վրա Տրինկոմալիում և, վերջապես, հոլանդական կայսերական տան հանձնարարության մասին, որը նա կատարել է բացառիկ նրբությամբ ու հաջողությամբ։

Սակայն, բացի նրա գործունեությանը վերաբերող այս տեղեկություններից, որ ես, ինչպես և բոլոր ընթերցողները, թերթերից էի քաղել, ուրիշ շատ քիչ բան գիտեի իմ նախկին բարեկամի ու ընկերոջ մասին։

Մի անգամ գիշերը, ― դա 1888 թվականի մարտի 20֊ին էր, ― ես վերադառնում էի մի պացիենտի մոտից (քանի որ այժմ ես նորից զբաղվում էի մասնավոր պրակտիկայով), և ճամփաս ինձ բերեց Բեյքր֊ստրիտ։ Երբ անցնում էի ինձ լավ ծանոթ դռան մոտով, որն իմ մտքում ընդմիշտ կապված է նշանվելուս ժամանակվա և «Բոսորագույն հետքի» մռայլ իրադարձությունների հիշողության հետ, ինձ համակեց մի սուր ցանկություն նորից տեսնել Հոլմսին և իմանալ, թե այժմ ինչ խնդիրների վրա է աշխատում նրա հիանալի միտքը։ Պատուհանները պայծառ լուսավորված էին, և, նայելով վերև, ես նկատեցի նրա բարձր, նիհարավուն կերպարանքը, որը երկու անգամ մութ ուրվանկարով անցավ իջեցրած վարագույրի վրայով։ Նա արագ, սրընթաց քայլում էր սենյակում, գլուխը ցած խոնարհած, ձեռքերը մեջքին։ Հոլմսի անկյունից այնկյուն քայլելը և ողջ արտաքին կերպարանքը շատ բաների մասին էին վկայում․ ես լավ գիտեի նրա բոլոր տրամադրություններն ու սովորությունները։ Նա նորից գործի էր անցել, իր վրայից թոթափելով նարկոտիկների բերած մշուշոտ անուրջները, և այժմ ինչ֊որ նոր հանելուկի թելերն էր արձակում։ Ես զանգահարեցի, և ինձ առաջնորդեցին սենյակ, որը մի ժամանակ մասամբ նաև իմն էր։

Նա ինձ դիմավորեց առանց խանդավառ զեղումների։ Հոլմսը խիստ հազվադեպ էր անձնատուր լինում նման զեղումների, բայց ինձ թվաց, որ ուրախ է իմ գալուն։ Համարյա առանց խոսքերի, ձեռքի սիրալիր շարժումով հրավիրեց նստելու, սիգարների տուփը մոտեցրեց ինձ և ցույց տվեց ճամբորդական արկղիկը, ուր պահվում էր գինին։ Ապա նա կանգնեց բուխարիկի առաջ և զննեց ինձ իր յուրահատուկ, թափանցող հայացքով։

― Ընտանեկան կյանքը ձեզ վրա գալիս է, ― նկատեց նա։ ― Կարծում եմ, Ուոթսն, որ վերջին անգամ ձեզ տեսնելուց հետո դուք ավելացել եք յոթ և կես ֆունտով։

― Միայն յոթ ֆունտ։

― Իսկապե՞ս։ Ո՛չ, ո՛չ, մի քիչ ավելի։ Մի քիչ ավելի, հավատացնում եմ ձեզ։ Եվ, ինչպես տեսնում եմ, նորից աշխատում եք։ Դուք ինձ չէիք ասել, որ պատրաստվում եք գործի լծվելու։

― Հապա որտեղի՞ց իմացար։

― Ես այդ տեսնում եմ, հետևություններ եմ անում։ Օրինակ, որտեղի՞ց գիտեմ, որ դուք վերջերս խիստ թրջվել եք, և որ ձեր աղախինը փնթիի մեկն է։

― Թանկագին Հոլմս, ― ասացի ես, ― այդ արդեն չափից դուրս է։ Ձեզ անկասկած խարույկի մեջ կայրեին, եթե դուք ապրեիք մի քանի դար առաջ։ Այդ ճիշտ է, որ ես հինգշաբթի օրը եղել եմ քաղաքից դուրս և տուն եմ վերադարձել ամբողջովին ցեխոտված, բայց ախր կոստյումս փոխել եմ, այնպես որ անձրևից ոչ մի հետք չի մնացել։ Ինչ վերաբերում է Մերի Ջենին, ապա նա իրոք որ անուղղելի է, և կինս արդեն նախազգուշացրել է, որ ուզում է ազատել նրան։ Բայց և այնպես չեմ հասկանում, թե դուք ինչպե՞ս գլխի ընկաք այդ մասին։

Հոլմսը կամացուկ ծիծաղեց ու շփեց իր երկար, ջղային ձեռները։

― Շատ հասարակ, ― ասաց նա։ ― Իմ աչքերը հայտնում են ինձ, որ ձեր ձախ կոշիկի ներսի կողմից, այնտեղ, ուր հիմա լույս է ընկած, կաշու վրա երևում են վեց համարյա զուգահեռ քերծվածքներ։ Պարզ է՝ քերծվածքներն արել է ինչ֊որ մեկը, որը խիստ անփույթ կերպով սրբել է ներբանի եզրերեը, որպեսզի ցեխը մաքրի։ Այստեղից, ինչպես տեսնում եք, ես անում եմ կրկնակի եզրակացություն․ առաջին, որ դուք դուրս եք եկել վատ եղանակի և, երկրորդ, որ ձեզ բաժին է ընկել լոնդոնյան ծառայի ամենավատ մի նմուշ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր պրակտիկային, ապա եթե իմ սենյակն է մտնում մի ջենտլմեն, որից յոդոֆորմի հոտ է գալիս, եթե նրա աջ ձեռքի ցուցամատին ազոտաթթվից առաջացած սև բիծ կա, իսկ ցիլինդրի վրա՝ մեծ ելունդ, որը ցույց է տալիս, թե նա որտեղ է պահել իր լսափողը ― ես պետքե կատարյալ հիմար լինեմ, որպեսզի չճանաչեմ բժշկական աշխարհի գործունյա ներկայացուցչին։

Ես չկարողացա ծիծաղս զսպել, լսելով, թե նա ինչպիսի հեշտությամբ է բացատրում իր եզրահանգումների ուղին։

― Երբ դուք բաց եք անում ձեր խորհրդածությունները, ― նկատեցի ես, ― ամեն ինչ ծիծաղելիորեն հասարակ է թվում․ ես ինքս էլ առանց դժվարության կարող էի գլխի ընկնել։ Բայց ամեն մի նոր դեպքում ես բոլորովին շշմած եմ մնում, քանի դեռ դուք չեք բացատրել ձեր մտքերի ընթացքը։

― Միանգամայն ճիշտ է, ― պատասխանեց Հոլմսը՝ ծխախոտ վառելով և մեկնվելով բազկաթոռի մեջ։ ― Դուք նայում եք, բայց չեք զննում, իսկ դրանց միջև տարբերությունը շատ մեծ է։ Օրինակ, դուք հաճա՞խ եք տեսել նախասենյակից այստեղ բերող աստիճանները։

― Հաճախ։

― Որքա՞ն հաճախ։

― Դե մի քանի հարյուր անգամ։

― Շատ լավ։ Քանի՞ աստիճան կա այնտեղ։

― Քանի՞։ Ուշադրություն չեմ դարձրել։

― Այ, տեսնո՞ւմ եք, ուշադրություն չեք դարձրել։ Մինչդեռ տեսե՜լ եք։ Այս է ամբողջ բանի էությունը։ Դե, իսկ ես գիտեմ, որ աստիճանները տասնյոթն են, որովհետև և՛ տեսել եմ, և՛ դիտել։ Ի դեպ, կարծեմ դուք հետաքրքրվում եք այն ոչ մեծ խնդիրներով, որոնց լուծմամբ զբաղվելը իմ արհեստն է։ Դուք նույնիսկ բարեհաճել եք իմ փոքրիկ փորձերից երկու֊երեքը նկարագրել, ուստի թերևս ձեզ հետաքրքրի ահա այս նամակը։

Նա ինձ նետեց փոստային վարդագույն, հաստ թղթի մի թերթիկ, որն ընկած էր սեղանի վրա։

― Հենց նոր է ստացվել, ― ասաց նա։ ― Կարդացեք բարձրաձայն։

«Այսօր երեկոյան, ութից քառորդ պակաս, ― ասված էր երկտողում, ― ձեզ մոտ կգա մի ջենտլմեն, որն ուզում է մի խիստ կարևոր գործի առթիվ խորհուրդ հարցնել ձեզանից։ Վերջերս Եվրոպայի թագավորական տներից մեկին ձեր մատուցած ծառայույթյունները ցույց տվին, որ ձեզ կարելի է վստահել արտակարգ կարևորություն ունեցող գործեր։ Այսպիսի գնահատական մենք ամեն տեղից ստացել ենք ձեր մասին։ Այդ ժամին եղեք տանը և ոչ մի վատ բան մի՛ մտածեք, եթե ձեր այցելուն դիմակով ներկայանա։

― Սա իսկապես որ խորհրդավոր է, ― նկատեցի ես։ ― Ինչ եք կարծում, այս բոլորն ի՞նչ է նշանակում։

― Առայժմ ես ոչ մի տվյալ չունեմ։ Տվյալներ չունենալով՝ տեսական եզրակացություններ անելը վտանգավոր է։ Մարդ իր համար իսկ աննկատելի սկսում է փաստերը շուռումուռ տալ, որպեսզի հարմարեցնի իր տեսությանը, փոխանակ տեսությունը փաստերով հիմնավորելու։ Բայց ուշադրություն դարձրեք երկտողին։ Ի՞նչ հետևություններ կարող եք անել այդ երկտողից։

Ես ուշիուշով տնտղեցի նամակն ու թուղթը, որի վրա գրված էր այն։

― Նամակը գրողը, ըստ երևույթին, միջոցների տեր մարդ է, ― նկատեցի ես, փորձելով ընդօրինակել բարեկամիս ձևերը։ ― Այսպիսի թղթի կապն արժե կես կրոնից ոչ պակաս։ Շատ ամուր և թանձր թուղթ է։

― Արտասովո՛ր է՝ ահա ամենահարմար խոսքը, ― ասաց Հոլմսը։ ― Եվ անգլիական թուղթ չէ սա։ Նայեցեք լույսի դեմ։

Ես այդպես էլ արեցի և թղթի վրա տեսա ջրանիշեր․ մեծատառ «E» և փոքրատառ «g», հետո «p» և մեծատառ «G»՝ փոքրատառ «t»֊ի հետ։

― Դրանից ի՞նչ եզրակացություն կարող եք անել, ― հարցրեց Հոլմսը։

― Սա անկասկած գործարանատիրոջ անունն է, կամ, ավելի շուտ, նրա մոնոգրամման։

― Այ թե սխալվեցիք։ Մեծատառ «G»֊ն փոքրատառ «t»֊ի հետ՝ դա «Gesellshait»֊ի հապավաումն է, որ գերմաներեն նշանակում է «ընկերություն»։ Դա սովորական հապավում է, ինչպես մեր «Ընկ․»֊ը։ «P», անշուշտ, նշանակում է «Papier» ― թուղթ։ Հիմա վերծանենք «Eg»֊ն։ Նայենք օտարազգի աշխարհագրական տեղեկատուն․․․ ― Նա դարակից վերցրեց դարչնագույն կազմով ծանր մի ֆոլիանտ։ ― «Eglow Eglonitz... Ահա և գտանք՝ Egeria: Սա մի վայր է Բոհեմիայում, Կառլսբադից ոչ հեռու, ուր խոսում են գերմաներեն։ Վալենշտեյնի մահվան տեղն է, հռչակված է իր բազմաթիվ ապակու գործարաններով և թղթի ֆաբրիկաներով․․․ Հա՛֊հա՛, տղաս, ի՞նչ եզրակացություն եք անում դրանից։ ― Նրա աչքերը փայլում էին հաղթական, և նա ծխի մի մեծ ամպ բաց թողեց իր ծխախոտից։

― Թուղթը պատրաստված է Բոհեմիայում, ― ասացի ես։

― Հենց այդ է որ կա։ Իսկ նամակը գրողը գերմանացի է։ Նկատո՞ւմ եք այդ ֆրազի տարօրինակ կառուցվածքը․ «Այդպիսի գնահատական մենք ամեն տեղից ստացել ենք ձեր մասին»։ Ֆրանսիացին կամ ռուսը չէին կարող այսպես գրել։ Միայն գերմանացիք են այսպես առանց ձևականությունների վարվում իրենց բայերի հետ։ Հետևաբար, մնում է միայն իմանալ, թե ինչ է հարկավոր այդ գերմանացուն, որը գրում է բոհեմական թղթի վրա ու գերադասում է դիմակ կրել, միայն թե իր դեմքը ցույց չտա․․․ Ահա և նա ինքը, եթե չեմ սխալվում։ Նա մեր բոլոր կասկածները կփարատի։

Մենք լսեցինք ձիու սմբակների խիստ թակոց և մոտակա փողոցի կողքով գլորվող անիվների ճռնչյուն։ Դրանից անմիջապես հետո ինչ֊որ մեկը ուժգին քաշեց զանգը։

Հոլմսը սուլեց․

― Դատելով ձայնից, զույգ լծած կառք է․․․ Այո՛, ― շարունակեց նա, դուրս նայելով պատուհանից, ― փոքրիկ, շքեղ կառք է երկու վարգաձի․․․ ամեն մեկը հարյուր հիսուն գինեյա արժողությամբ։ Այսպես թե այնպես, Ուոթսն, բայց այս գործից դրամի հոտ է գալիս։

― Միգուցե ավելի լավ է ես գնա՞մ, Հոլմս։

― Ո՛չ, ո՛չ, մնացեք։ Ես ի՞նչ կարող եմ անել առանց իմ կենսագրի։ Գործը կարծես թե հետաքրքիր է լինելու։ Ափսոս է, որ դուք այն բաց թողնեք։

― Բայց ձեր այցելուն․․․

― Ոչինչ, ոչինչ։ Ես կարող եմ ձեր օգնության կարիքն զգալ, նա՝ նույնպես․․․ Դե, ահա նա գալիս է։ Դոկտոր, նստեցեք այն բազկաթոռին և խիստ ուշադիր եղեք։

Դանդաղ, ծանր քայլերի ձայնը, որ լսում էինք սանդուղքների վրա ու միջանցքում, լռեց հենց մեր դռան մոտ։ Հետո լսվեց ուժգին ու տիրական մի թակոց։

― Մտեք, ― ասաց Հոլմսը։

Ներս մտավ հերկուլեսյան կառուցվածքի մի մարդ, հասակը ոչ պակաս վեց ոտնաչափ ու վեց դյույմից։ Նա հագնված էր շքեղ, բայց այդ շքեղությունը Անգլիայում կհամարեին գռեհիկ։ Նրա վերարկուի թեղանիքն ու ծալերը պատված էին կարակուլի ծանր շերտերով․ ուսերին գցած մուգ կապույտ թիկնոցը հրակարմիր մետաքսե աստառ ուներ և վզի մոտ կոճկված էր բյուրեղաքարե փայլուն ճարմանդով։ Մինչև սրունքաձկների կեսը հասնող և վերևից դարչնագույն մորթով պատած սապոգները լրացնում էին վայրի շքեղության այն տպավորությունը, որ թողնում էր նրա ողջ կերպարանքը։ Նա ձեռքում պահել էր լայնեզր գլխարկը, իսկ դեմքի վերևի մասը ծածկված էր մինչև քունքերն իջնող սև դիմակով։ Այդ դիմակը, որ նման էր երեսկալի, ըստ երևույթին նա հենց նոր էր դրել, որովհետև երբ ներս մտավ, ձեռքը դեռ չէր իջեցրել։ Դատելով դեմքի ներքևի մասից, դա ուժեղ կամքի տեր մարդ էր․ հաստ, դուրս ընկած շրթունքը և երկար, ուղիղ կզակը խոսում էին կամակորության հասնող վճռականության մասին։

― Դուք իմ երկտողը ստացա՞ք, ― հարցրեց նա բարձր, կոպիտ ձայնով, որի մեջ խիստ կերպով զգացվում էր գերմանական ակցենտը։ ― Ես հայտնել էի, որ կգամ ձեզ մոտ։

Նա նայում էր մերթ մեկիս, մերթ մյուսիս, ըստ երևույթին չիմանալով, թե ում դիմի։

― Նստեցեք, խնդրեմ, ― ասաց Հոլմսը։ ― Սա իմ բարեկամն ու ընկերն է, Դոկտոր Ուոթսն։ Նա այնքան բարի է, որ երբեմն օգնում է ինձ իմ աշխատանքում։ Ո՞ւմ հետ պատիվ ունեմ խոսելու։

― Դուք կարող եք համարել, որ ես կոմս ֆոն Կրամն եմ, բոհեմյան ազնվական։ Կարծում եմ, որ այդ ջենտլմենը՝ ձեր բարեկամը, արժանի է լիակատար վստահության, և ես կարո՞ղ եմ նրան տեղյակ պահել հույժ կարևորություն ունեցող մի գործի։ Եթե այդպես չէ, ես կգերադասեի խոսել ձեա հետ առանձին։

Ես վեր կացա, որպեսզի դուրս գնամ, բայց Հոլմսը ձեռքով բռնեց և ետ հրեց բազկաթոռի մեջ։

― Խոսեցեք կամ երկուսիս հետ, կամ մի՛ խոսեք։ Այս ջենտլմենի ներկայությամբ դուք կարող եք ասել այն ամենը, ինչ կասեիք ինձ երես առ երես։

Կոմսը թոթվեց լայն ուսերը։

― Այդ դեպում ես պետք է ամենից առաջ ձեզանից խոսք վերցնեմ, որ այն, ինչի մասին այժմ պատմելու եմ պիտի երկու տարի գաղտնի մնա։ Երկու տարին անցնելուց հետո դա այլևս նշանակություն չի ունենա։ Ներկայումս ես կարող եմ առանց չափազանցության ասել՝ այդ ամբողջ պատմությունն այնքան լուրջ է, որ կարող է անդրադառնալ Եվրոպայի բախտի վրա։

― Խոստանում եմ, ― ասաց Հոլմսը։

― Ես նույնպես։

― Ներեցեք ինձ այս դիմակի համար, ― շարունակեց տարօրինակ այցելուն։ ― Օգոստափառ անձը, որի հանձնարարությամբ ես գոծում եմ, կամեցել է, որ իր հավատարմատարը մնա անհայտ։ Պետք է խոստովանեմ, որ այն տիտղոսը, որով ես ներկայացա, այնքան էլ ճիշտ չէ։

― Ես այդ նկատեցի, ― չորությամբ ասաց Հոլմսը։

― Հանգամանքները խիստ փափուկ են, ուստի անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռք առնել, որպեսզի դրանց պատճառով հսկայական սկանդալ չառաջանա, որը կարող է մեծապես անվանարկել Եվրոպայի թագավորող դինաստիաներից մեկին։ Ավելի պարզ ասած, խնդիրը վերաբերում է Բոհեմիայի ժառանգական թագավորների՝ Օրմշտեյնների Տանը։

― Այդպես էլ կարծում էի, ― շշնջաց Հոլմսը, ավելի հարմար տեղավորվելով բազկաթոռի մեջ և աչքերը փակելով։

Այցելուն ակնհայտ զարմանքով էր նայում ծուլորեն մեկնված, անտարբեր այդ մարդուն, որին անկասկած, նկարագրել էին նրան իբրև եվրոպական ամենաեռանդուն ու խորաթափանց խուզարկուի։ Հոլմսը դանդաղ բացեց աչքերը և անհամբերությամբ նայեց իր ծանրաքաշ այցելուին։

― Եթե ձերդ մեծությունը բարեհաճի տեղյակ պահել մեզ իր գործին, ― նկատեց նա, ― ինձ համար ավելի հեշտ կլինի ձեզ խորհուրդ տալը։

Այցելուն աթոռից վեր թռավ և սկսեց խիստ հուզված քայլել սենյակում։ Ապա հուսահատական մի շարժումով նա պոկեց դիմակը և շպրտեց հատակին։

― Դուք իրավացի եք, ― բացականչեց նա, ― ես թագավոր եմ։ Ինչո՞ւ աշխատեմ թաքցնել այդ։

― Իրոք, ինչո՞ւ։ Ձերդ մեծությունը դեռ խոսել չէր սկսել, իսկ ես արդեն գիտեյի, որ իմ առաջ կանգնած է Կասսել֊Ֆելշտենյան մեծ իշխան և Բոհեմիայի ժառանգական թագավոր Վիլհելմ Գոտտստրեյխ Սիգիզմունդ ֆոն Օրմշտեյնը։

― Բայց դուք հասկանում եք, ― ասաց մեր տարօրինակ այցելուն, նորից նստելով և ձեռքով շոյելով սպիտակ, բարձր ճակատը, ― դուք հասկանում եք, որ ես սովոր չեմ անձամբ զբաղվելու այսպիսի գործերով։ Սակայն հարցն այնքան փափուկ է, որ ես դա չէի կարող վստահել ոստիկանական գործակալներից որևէ մեկին, առանց նրա իշխանությանը ենթարկվելու վտանգի։ Ես Պրահայից գաղտնի եկել եմ հատկապես ձեզանից խորհուրդ վերցնելու համար։

― Խնդրեմ, հարցրեք, ― ասաց Հոլմսը, նորից աչքերը փակելով։

― Փաստերը համառոտակի սրանք են․ մի հինգ տարի առաջ, տևական ժամանակով Վարշավայում եղածս միջոցին, ես ծանոթացա լավ հայտնի արկածախնդրուհի Իրեն Ադլերի հետ։ Այդ անունը, անշուշտ, ծանոթ է ձեզ։

― Բարի եղեք, դոկտոր, նայեցեք իմ քարտակալը, ― մռթմռթաց Հոլմսը՝ առանց աչքերը բանալու։

Շատ տարիներ առաջ նա մտցրել էր մարդկանց և իրերին վերաբերող զանազան փաստեր արձանագրելու մի սիստեմ, այնպես որ դժվար էր գտնել այնպիսի մի անձ կամ իր, որոնց մասին նա չկարողանար անմիջապես տեղեկություններ տալ։ Այս դեպքում ես Իրեն Ադլերի կենսագրությունը գտա հրեական բարբիի և խորաջուր ձկների մասին աշխատություն գրած մի շտաբի պետի կենսագրությունների միջև։

― Ցույց տվեք, հապա, ― ասաց Հոլմսը։ ― Հը՜մ։ Ծնվել է 1858 թվականին Նյու֊Ջերսիում։ Կոնտրալտո հը՜մ․․․ Լա Սկալա, այսպե՛ս, այսպե՛ս․․․ Վարշավայի կայսերական օպերայի պրիմադոննա, այդպե՛ս․․․ Թողել է օպերային բեմը, հա՛֊հա՛։ Ապրում է Լոնդոնում, միանգամայն ճիշտ է։ Որքան ես հասկանում եմ, ձերդ մեծությունն ընկել է այդ երիտասարդ կնոջ ցանցը, գրել անվանարկող նամակներ և այժմ կուզենար ետ ստանակ այդ նամակները։

― Միանգամայն ճիշտ է։ Սակայն ինչպե՞ս։

― Դուք գաղտնի ամուսնացե՞լ եք նրա հետ։

― Ո՛չ։

― Ոչ մի փաստաթուղթ կամ վկայությո՞ւն։

― Ոչ մի։

― Այդ դեպքում ես ձեզ չեմ հասկանում, ձերդ մեծություն։ Եթե այդ երիտասարդ կինը ուզենա նամակներն օգտագործել շանտաժի կամ այլ նպատակների համար, ինչպե՞ս կարող է դրանց իսկությունն ապացուցել։

― Իմ ձեռագիրը։

― Դատարկ բան։ Կեղծիք է։

― Իմ անձնական փոստային թուղթը։

― Գողացված է։

― Իմ անձնական կնիքը։

― Կեղծ է։

― Իմ լուսանկարը։

― Գնված է։

― Բայց մենք լուսանկարված ենք միասին։

― Օ՜, այ դա շատ վատ է։ Ձերդ մեծությունն իրոք մեծ անհոգություն է թույլ տվել։

― Ես գժվում էի Իրենի համար։

― Դուք լրջորեն անվանարկել եք ձեզ։

― Այն ժամանակ ես ընդամենը թագաժառանգ էի, ջահել։ Ես այժմ էլ միայն երեսուն տարեկան եմ։

― ԻՆչ կերպ ուզում է լինի՝ լուսանկարը պետք է վերադարձնել։

― Փորձել ենք, բայց չի հաջողվել։

― Ձերդ մեծությունը պետք է ծախքեր անի․ լուսանկարն անհրաժեշտ է ետ գնել։

― Իրենը չի կամենում վաճառել այն։

― Այդ դեպքում պետք է գողանալ։

― Հինգ փորձ արված է արդեն։ Ես երկու անգամ վարձել եմ դուռ ջարդող գողեր, որոնք տակնուվրա են արել նրա տունը։ Մեկ անգամ, երբ նա ճամբորդում էր, մենք խուզարկել ենք նրա ծանրոցները։ Երկու անգամ նրան գցել ենք ծուղակի մեջ։ Սակայն ոչ մի արդյունքի չենք հասել։

― Ո՞չ մի։

― Բացարձակապես ոչ մի։

Հոլմսը ծիծաղեց։

― Այնքան էլ վատ խնդիր չէ, ― ասաց նա։

― Բայց ինձ համար դա չափազանց լուրջ խնդիր է, ― հանդիմանությամբ առարկեց թագավորը։

― Այո՛, իսկապես որ։ Իսկ նա ի՞նչ է մտադիր անել։

― Կործանել ինձ։

― Բայց ինչպե՞ս։

― Ես պատրաստվում եմ ամուսնանալ։

― Այդ մասին ես լսել եմ։

― Սկանդինավիայի թագավորի երկրորդ դստեր՝ Կլոտիլդա Լոտման ֆոն Սաքսեն֊Մենինգենի հետ։ Թերևս դուք ծանոթ եք այդ ընտանիքի խիստ սկզբունքներին։ Ինքը՝ Կլոտիլդան մարմնացյալ մաքրություն է։ Իմ անցյալի վերաբերյալ կասկածի ամենաչնչին ստվերն իսկ կհասցներ խզման։

― Իսկ Իրեն Ադլե՞րը։

― Նա սպառնում է լուսանկարն ուղարկել հարսնացուիս ծնողներին։ Եվ կուղարկի, անպայման կուղարկի։ Դուք նրան չեք ճանաչում։ Նա երկաթե բնավորություն ունի։ Այո՛, այո՛, դեմքը հմայիչ կնոջ դեմք է, իսկ հոգին՝ դաժամ տղամարդու հոգի։ Նա ոչ մի բանի առաջ կանգ չի առնի, միայն թե թույլ չտա ինձ մեկ ուրիշի հետ ամուսնանալու։

― Դուք համոզվա՞ծ եք, որ նա լուսանկարը դեռևս չի ուղարկել ձեր հարսնացուին։

― Համոզված եմ։

― Ինչո՞ւ։

― Նա ասել է, որ լուսանկարը կուղարկի իմ պաշտոնական նշանադրության օրը։ Իսկ դա լինելու է առաջիկա երկուշաբթի։

― Օ՜, մենք դեռ երեք օր ժամանակ ունենք, ― ասաց Հոլմսը հորանջելով։ ― Եվ դա շատ հաճելի է, որովհետև ես այժմ պետք է զբաղվեմ որոշ անհրաժեշտ գործերով։ Ձերդ մեծությունն, անշուշտ, առայժմ մնալու է Լոնդոնո՞ւմ։

― Իհարկե։ Դուք ինձ կարող եք գտնել Լենգհեմ հյուրանոցում կոմս ֆոն Կրամ անունով։

― Այդ դեպքում ես երկտող կուղարկեմ ձեզ, հայտնելով, թր գործն ինչպես է առաջ գնում։

― Շատ եմ խնդրում։ Ես այնպես եմ հուզվում։

― Դե, իսկ փողի հարցն ինչպե՞ս։

― Ծախսեցեք, որքան անհրաժեշտ կհամարեք։ Գործողությունների լիակատար ազատություն է տրվում ձեզ։

― Բացարձա՞կ։

― Օ՜, ես պատրաստ եմ այդ լուսանկարի դիմաց իմ թագավորության ուզածդ պրովինցիան տալ։

― Իսկ ընթացիկ ծախքերի համա՞ր։

Թագավորը թիկնոցի տակից հանեց կաշվե մի ծանր քսակ և դրեց սեղանի վրա։

― Այստեղ երեք հարյուր ֆունտ ոսկեդրամ կա և յոթ հարյուր ֆունտ թղթադրամ, ― ասաց նա։

Հոլմսը ծոցատետրի թերթիկի վրա մի ստացական գրեց ու հանձնեց թագավորին։

― Օրիորդի հասցե՞ն, ― հարցրեց նա։

― Բրայոնի֊Լոջ, Սերպանտյան֊ավենյու, Սեթ֊Ջոնս վուդ։

Հոլմսը գրեց։

― Եվս մի հարց, ― ասաց նա։ ― Լուսանկարը կաբինետայի՞ն չափսի է։

― Այո՛, կաբինետային։

― Իսկ այժմ բարի գիշեր, ձերդ մեծություն։ Հուսով եմ որ շուտով մենք լավ լուրեր կունենանք․․․ Բարի գիշեր, Ուոթսն, ― ավելացրեց նա, երբ թագավորական կառքի անիվները դղրդացին փողոցի սալարկին։ ― Բարի եղեք վաղը ժամը երեքին գալ ինձ մոտ, ես կուզենայի այս գործի մասին խոսել ձեզ հետ։