Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները

Գրապահարան-ից
12:57, 21 Ապրիլի 2014 տարբերակ, Garbage Collector (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները

հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես
թարգմանիչ՝ Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
աղբյուր՝ «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները», Ապոլոն, 1992

Վստահության արժանի մարդիկ են պատմում (թեև Ալլահն ավելի գիտե), թե Բաբելոնի կղզիներում առաջին օրերին եղել է մի թագավոր, որ կանչել էիր բոլոր մոգերին ու ճարտարապետներին և կառուցել այնքան նրբամիտ ու այնքան վարանամիտ մի լաբիրինթոս, ուր ոտք դնել չէին համարձակվում անգամ ամենախոհեմ կտրիճները, իսկ մտնողները կորչում էին: Այդ կառույցը խայտառակություն էր, քանի որ շփոթությունն ու չնաշխարհիկը Աստծուն և ոչ թե մարդկանց վայել արարքներ են: Ժամանակի ընթացքում արքունիք այցելեց մի արաբ թագավոր, և Բաբելոնի թագավորը (ծաղրելով հյուրի միամտությունը) նրան մտցրեց լաբիրինթոս, որտեղ նա անարգված ու շփոթված թափառեց մինչև երեկո: Այդ ժամանակ թագավորը աստվածային օգնություն խնդրեց և գտավ դուռը: Ոչ մի բողոք չարտահայտեցին շուրթերը, բայց Բաբելոնի թագավորին ասաց, թե ինքն Արաբիայում ունի առավել ճարտար լաբիրինթոս և, եթե Աստված կամենա, մի օր ցույց կտա: Հետո վերադարձավ Արաբիա, հավաքեց իր զորավարներին և այնպիսի հաջողությամբ ջախջախեց Բաբելոնի թագավորությունը, որ կործանեց պալատները, կոտորեց մարդկանց և գերեվարեց թագավորին: Նրան կապեց արագավազ ուղտի վրա և տարավ անապատ: Երեք օր ճամփա գնալուց հետո ասաց . «— Օ՜հ, թագավոր ժամանակի, նյութ ու թիվ դարերի, աստիճաններով ու պատերով կառուցված մի բրոնզե լաբիրինթոսում էիր ինձ ուզում կորցնել, հիմա Ամենակարողը պարգևել է իմը քեզ ցույց տալ, ուր ոչ բարձրանալու աստիճաններ կան, ոչ բացելու դռներ, ոչ էլ ճանապարհդ կտրող պատեր» :

Հետո կապերն արձակեց և թողեց անապատում, ուր նա սոված ու ծարավ մեռավ: Աստծո փառքը Նրան, ով չի մեռնում: