Վկան
հեղինակ՝ Խորխե Լուիս Բորխես |
Գոմում, որը գրեթե ամբողջապես քարե նոր եկեղեցու շուքի տակ է, համեստորեն, ինչպես քուն որոնողը մոխրագույն աչքերով և մոխրագույն մորուքով մի մարդ, անասունների հոտի մեջ պառկած մահ է որոնում: Օրը հավատարիմ ընդարձակ ու գաղտնի օրենքներին տեղափոխում ու խառնում է այդ խղճուկ կացարանում գտնվող ստվերները: Դրսում հերկված հողերն են և մեռած տերևներով լեփլեցուն մի խրամատ, իսկ անտառամուտի սև ցեխերում գայլի ինչ-որ հետքեր: Մարդը քնում ու երազում է աշխարհից մոռացված: Աղոթքի կանչն արթնացնում է նրան: Անգլիայի թագավորություններում զանգակների ղողանջն արդեն երեկոյան սովորություններից մեկն է, բայց մարդը երեխա ժամանակ տեսել է Ուոդենի դեմքը, աստվածային սարսափն ու ցնծությունը, հռոմեական դրամներով և ծանր զգեստներով ծանրաբեռնված տախտակե բիրտ կուռքը ձիերի, շների և գերիների ողջակիզումը: Մայրամուտից առաջ նա կմահանա և նրա հետ կմեռնեն ու չեն վերադառնա հեթանոսական արարողության վերջին ու անմիջական պատկերները, և երբ այս սաքսոնը մեռնի՝ աշխարհը կդառնա փոքր-ինչ ավելի աղքատ: Տարածության մեջ կատարվող դեպքերը, որ հասնում են իրենց ավարտին ինչ-որ մեկի մահով կարող են հիացնել մեզ, բայց ինչ-որ բան, կամ բաների անհամար մի թիվ մեռնում է ամեն մի մղձավանջում: Հակառակ պարագայում պետք է գոյություն ունենա աստվածիմացների ենթադրած տիեզերական հիշողությունը: Ժամանակի մեջ եղել է մի օր, որ մարել են Քրիստոսին տեսնող վերջին աչքերը: Խունինի ճակատամարտն ու Հեղինեի սերը մի մարդու մահով են ավարտվել: Ի՞նչ կմեռնի ինձ հետ, երբ մահանամ, աշխարհը ի՞նչ պաթետիկ կամ փխրուն ձև կկորցնի Մասեդոնի Ֆերնանդեսի ձա՞յնը, կարմիր ձիու պատկե՞րը Սերանոյի և Չարկասի հողերում, ծծումբի ձո՞ղը մահակենու գրասեղանի դարակում: