Մանոն Լեսկո
հեղինակ՝ Աբբա Պրևո |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
ՀԵՂԻՆԱԿԻ ՆԱԽԱԲԱՆԸ
Թեպետև ես կարող էի իմ «Հիշատակարան»-ում զետեղել ասպետ դե Գրիյոյի արկածների պատմությունը, բայց քանի որ դրանց միջև ոչ մի առնչություն չկա, ուստի ինձ թվաց, որ ընթերցողին ավելի հաճելի կլինի կարդալ այն առանձին։ Իսկ մյուս կողմից էլ այդքան երկարաշունչ պատմությունը տևականորեն կընդհատեր իմ սեփական վիպերգության թելը։ Որքան էլ հեռու լինեմ իսկական գրող կոչվելու հավակնությունից, այնուամենայնիվ ես լավ գիտեմ, որ պատմվածքը զերծ պետք է լինի այն բոլոր միջադեպերից, որոնք խճճում ու ծանրաբեռնում են երկը. տակավին Հորացիոսն է ասել,
- Ut jam nunc dicat jam nunc debentia dici,
- Pleraque differat, ac praesens in tempus omitta!
- Ut jam nunc dicat jam nunc debentia dici,
Այս պարզ ճշմարտությունն ապացուցելու համար բնավ հարկ չկա դիմելու այդպիսի մի խոշոր հեղինակության, քանզի լրջամիտ դատողությունը սույն կանոնի սկզբնաղբյուրն է։
Եթե ընթերցողը հետաքրքրական և ուշագրավ է համարել իմ կյանքի պատմությունը, ապա ես համարձակվում եմ խոստանալու, որ սույն հավելումը պակաս հաճույք չի պատ ճառի նրան։ Պարոն դե Գրիյոյի վարքի մեջ ընթերցողը կտեսնի ամենազոր կրքի ցնցող մի օրինակ։ Ես պատրաստվում եմ նկարագրել կրքից կուրացած մի պատանու, որը հրաժարվում է երջանկությունից և իրեն հոժարակամ մատնում ծայրահեղ թշվառության. մի պատանու, որն օժտված լինելով այն բոլոր բարեմասնություններով, որոնք ամենափայլուն հասարակական դիրք էին ապահովում իր համար, այնուամենայնիվ, աննախանձ ու թափառական կյանքը գերադասում է հարստության և բնության պարգևած առավելությունից, նա, որը նախատեսում է իր դժբախտությունն ու չի ջանում խուսափել դրանից և, գիտակցելով հանդերձ այդ դժբախտությունը, տանում է դրանք, սակայն առանց գործադրելու անդադար իրեն առաջարկված այն միջոցները, որոնք կարող էին ամեն վայրկյան վերջ տալ այդ ամենին։ Վերջապես ես պատրաստվում եմ պատկերել հակասական մի բնավորություն, որը առաքինությունների և մոլությունների մի խառնուրդ է, բարի հակումների և վատ արարքների մշտական մի հակադրություն։ Այսպիսին է իմ առաջադրած պատկերի բովանդակությունը։
Ողջամիտ մարդիկ, անշուշտ, այսօրինակ երկը ապարդյուն գործ չպետք է համարեն։ Բացի ընթերցման հաճույքից, նրանք այստեղ կտեսնեն ոչ սակավաթիվ իրադարձություններ, որոնք կծառայեն իբրև բարոյական խրատներ, իսկ զվարճացնելով խրատել — դա, ըստ իս, նշանակում է ընթերցողին բացառիկ ծառայություն մատուցել։
Բարոյական սկզբունքների շուրջը խորհրդածելիս, մենք չենք կարող չզարմանալ, տեսնելով, որ մարդիկ դրանք թե՛ հարգում են և թե՛ արհամարհում։ Հարց է ծագում. ինչո՞վ բացատրել մարդկային սրտի այն քմայքը, որը, բարու և կատարելության գաղափարները ճաշակելով հանդերձ, միևնույն ժամանակ հրաժարվում է դրանցից։ Եթե որոշ մտայնության ու կրթության տեր մարդիկ կամենան հետազոտել, թե որն է իրենց զրույցների կամ նույնիսկ ինքնամտորումների ամենասովորական առարկան, ապա հեշտությամբ կնկատեն, որ դա գրեթե միշտ պտտվում է որևէ բարոյական դատողության շուրջը։ Իրենց կյանքի ամենաքաղցր րոպեները նրանք մենակ են ապրում կամ մի մտերիմ բարեկամի հետ՝ սրտաբաց խոսակցելով առաքինության հրապույրների, բարեկամության քաղցրության, երջանկության հասնելու միջոցների, երջանկությունից մեզ հեռացնող մեր բնավորության թուլությունների և այդ թուլությունները հաղթահարելու միջոցների մասին։
Հորացիոսը և Բուալոն այդպիսի զրույցը համարում են երջանիկ կյանքի իրենց ստեղծած պատկերի լավագույն գծերից մեկը։ Արդ, ինչպե՞ս է պատահում, որ մենք այնքան հեշտ գահավիժում ենք այդ խոհերի բարձունքից և իսկույն իջնում մինչ սովորական մարդկանց մակարդակը։ Ես սխալված կլինեմ, եթե ստորև նշած իմ փաստերը պատշաճորեն չբացատրեն մեր գաղափարների ու արարքների միջև գոյություն ունեցող հակասությունը։ Իսկ որովհետև բարոյականության բոլոր պատվերները լոկ ընդհանուր սկզբունքներ են, ապա մի անգամայն դժվար է դրանք մասնակիորեն կիրառել այս կամ այն բարքերի ու արարքների նկատմամբ։ Ապացուցենք օրինակով։ Բարեծին հոգիները զգում են, որ հեզությունն ու մարդկայնությունը վսեմ առաքինություններ են, ուստի և նրանք ձգտում են դրանք կիրառել իրենց կյանքում։ Սակայն հենց այն րոպեին, երբ պետք է իրականացնել այդ առաքինությունները, հաճախ նրանց կենսագործումը խափանվում է։ Հիրավի, արդյոք հարմա՞ր է առիթը։ Ի՞նչ չափով անհրաժեշտ է առաքինությունների ցուցաբերումը։ Չե՞նք սխալվում արդյոք տվյալ անձի նկատմամբ։
Հազար ու մի տարակուսանք կաշկանդում է մարդուն։ Նա վախենում է խաբվել, երբ կամենում է բարերար ու առատաձեռն լինել. համարվել թուլամորթ, երբ իրեն ցույց է տալիս չափազանց մեղմ ու զգայուն, մի խոսքով՝ սահմանից դուրս գալ կամ ըստ հարկի չկատարել այն պարտականությունները, որոնք ծայր աստիճան անհամատեղելի են հեզություն ու մարդկայնություն հասկացողություններին։ Այդպիսի տատանման պահին միայն փորձն ու օրինակը կարող են ճշտիվ որոշել սրտի հակումը։ Սակայն փորձն այնպիսի մի շնորհք չէ, որին յուրաքանչյուր ոք ի վիճակի լինի տիրանալու. դա կախում ունի զանազան դրություններից, որոնց մեջ գտնվում է մարդս ճակատագրի բերմամբ։ Հետևաբար, մնում է սոսկ օրինակը, որն իբրև կանոն ունակ է ծառայելու այն բազմաթիվ մարդկանց, որոնք իրագործում են առաքինությունը։
Հենց այդպիսի ընթերցողի համար նմանօրինակ երկերը կարող են վերին աստիճանի շահեկան լինել, եթե միայն դրանք գրել է ազնվաբարո ու ողջամիտ մի մարդ։ Ամեն մի իրադարձություն, որի մասին այստեղ խոսվում է, իրենից ներկայացնում է լույսի մի նշույլ, մի խրատ, որը փոխարինում է փորձին. ամեն արկած՝ մի նմուշ, որի համեմատ մարդը կազմավորվում է բարոյապես։ Մնում է միայն այս ամենը կիրառել այն հանգամանքներում, որոնց մեջ գտնվում են մարդիկ։ Մեր ամբողջ երկը մի բարոյական տրակտատ է՝ վերածված ուշագրավ անցքերի։
Խստապահանջ ընթերցողը, թերևս, հանդիմանի ինձ, որ իմ տարիքում ես վերստին գրիչ եմ վերցնում՝ բախտախնդիր ու սիրային արկածներ գրելու համար։ Սակայն, եթե վերևում նշած իմ խորհրդածությունը ճիշտ է, դա արդարացնում է ինձ. իսկ եթե դա սխալ է, ապա հենց այդ սխալը կլինի իմ ներումը։
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Ես ստիպված եմ խնդրել ընթերցողին՝ վերադառնալ դեպի իմ կյանքի այն շրջանը, երբ առաջին անգամ հանդիպեցի ասպետ դե Գրիյոյին։ Այդ դեպքը պատահեց իմ՝ Իսպանիա մեկնելուց մոտ վեց ամիս առաջ։ Թեև ես հազվադեպ էի դուրս գալիս իմ մենությունից, սակայն դեպի դստերս տածած գուրգուրանքը հարկադրում էր ինձ երբեմն կատարել զանազան փոքր ճանապարհորդություններ, որոնք ես կրճատում էի կարելույն չափ։
Մի անգամ ես վերադառնում էի Ռույենից, ուր գնացեք էի նրա խնդրանքով դիմելու Նորմանդիայի պառլամենտին՝ մի քանի կալվածների ժառանգության գործով։ Այդ ժառանգության իրավունքը ես ստացել էի մորական պապիցս և իմ հերթին զիջել աղջկաս։ Ես ուղևորվեցի դեպի Էվրյո, ուր անցկացրի առաջին գիշերը, իսկ հետևյալ օրը ճաշին հասա Պասսի, որը այդտեղից հինգ-վեց մղոն հեռավորության վրա է գտնվում։ Այդ ավանը մտնելիս ինձ զարմացրեց բնակիչների բուռն իրարանցումը։ Նրանք դուրս էին թափվել տներից ու խուռն բազմությամբ վազում էին դեպի մի խղճուկ պանդոկի դարպասը, որի առաջ կանգնած էին երկու ծածկված սայլակներ։ Տոթից ու հոգնածությունից շնչասպառ ձիերը տակավին չէին արձակված։ Երևում էր, որ սայլակները նոր են եկել։
Մի րոպե ես կանգ առա՝ իրարանցման պատճառը պարզելու համար։ Սակայն քիչ ման կարողացա իմանալ հետաքրքրությամբ տարված այդ ամբոխից, որը ոչ մի ուշադրություն չէր դարձնում իմ հարցերին և մեծ խառնաշփոթությամբ միմյանց բոթելով շարունակում էր վազել դեպի պանդոկ։ Վերջապես դարպասի մոտ երևաց մի հրացանաձիգ ուսին մուշկետ, մեջքին՝ սուսերակալ։ Ես ձեռքով նշան արեցի նրան, որ մոտենա ինձ և խնդրեցի բացատրել այդ իրարանցման պատճառը։ «Դատարկ բան է, պարոն,— ասաց նա ինձ։— Ես ու ընկերներս տասներկու անառակ աղջիկ ենք տանում Հավր-դե-Կրաս, որտեղից նավով պիտի ճանապարհ դնենք դեպի Ամերիկա։ Նրանցից մի քանիսը գեղեցիկ են և, ըստ երևույթին, դա է, որ հարուցում է այս բարեսիրտ գյուղացիների հետաքրքրությունը»։
Այս բացատրությունից հետո ես պատրաստ էի շարունակել ճանապարհս, եթե իմ ուշադրությունը չգրավեին պանդոկից դուրս եկող մի պառավի բացականչությունները. նա՝ ձեռքերը երկինք պարզած՝ գոչում էր, թե դա բարբարոսություն է, սարսափելի դաժանություն, կարեկցանք շարժող անգթություն։
— Ի՞նչ է պատահել,— հարցրի ես նրան։
— Ա՜խ, պարոն,— պատասխանեց նա։— Ներս մտեք և տեսեք, արդյոք կարո՞ղ է այսպիսի մի տեսարան չխոցել մարդու սիրտը։
Հետաքրքրությունն ինձ ստիպեց իջնել ձիուց։ Ես ձիս հանձնեցի ձիապանիս խնամքին և, ամբոխը ճեղքելով, դժվարությամբ ներս մտա։ Հիրավի, իմ աչքի առաջ բացվեց սրտաճմլիկ մի տեսարան։
Մեջքերից վեց-վեց իրար շղթայված այդ տասներկու աղջիկների մեջ կար մեկը, որի դեմքն ու արտաքինն այնքան քիչ էին համապատասխանում իր ներկա դրությանը, որ այլ պայմաններում ես նրան հասարակության բարձր շրջանի կին կհամարեի։ Դեմքի թախիծը, կեղտոտ սպիտակեղենն ու զգեստներն այնքան քիչ էին տգեղացնում նրան, որ տեսքը հարգանք ու կարեկցանք ներշնչեց ինձ։ Այսուհանդերձ, աղջիկը ճգնում էր, որքան այդ թույլ էր տալիս շղթան, մի կողմ շրջվել հանդիսականներից՝ իր դեմքը նրանցից թաքցնելու համար։ Նրա թաքնվելու այդ ճիգը վերին աստիճանի բնական էր և թվում էր, թե պարկեշտության զգացումից է բխում։ Այդ անբախտ խմբին ուղեկցող վեց պահակները ևս նույն սենյակումն էին։ Ես մի կողմ կանչեցի նրանց ավագին և խնդրեցի փոքր-ինչ լուսաբանել այդ գեղեցիկ աղջկա վիճակը։
Նա միայն ընդհանուր տեղեկություններ կարողացավ տալ։
— Մենք այդ աղջկան վերցրինք բանտից ոստիկանության գլխավոր պետի հրամանով,— պատասխանեց ավագը։— Պարզ է, աղջիկն այնտեղ բանտարկված էր ոչ իր բարի գործերի համար։ Ճանապարհին բազմիցս հարցուփորձ արի, սակայն նա համառորեն լռում էր։ Թեև ես ոչ մի հրաման չեմ ստացել լավ վարվելու այդ աղջկա հետ, քան մյուսների, այնուամենայնիվ, որոշ սիրալիրություն եմ ցույց տալիս, որովհետև ինձ թվում է, թե նա ավելի արժանավոր է, քան իր ընկերուհիները։ Ահա այս երիտասարդ տղամարդը,— ավելացրեց հրացանաձիգը,— կարող է ինձնից լավ ձեզ բացատրել նրա դժբախտության պատճառը։ Սկսած Փարիզից, երիտասարդն ուղեկցում է այդ աղջկան և գրեթե ոչ մի րոպե չի դադարում արտասվելուց։ Թերևս նրա եղբայրն է կամ սիրեկանը։
Ես շրջվեցի դեպի այն անկյունը, ուր նստած էր այդ երիտասարդը. նա կարծես ընկղմված էր խոր մտածմունքի մեջ։ Կյանքումս ես երբեք չէի տեսել վշտի ավելի կենդանի մի պատկեր։ Նա վերին աստիճանի պարզ էր հագնված, սակայն առաջին իսկ հայացքից երևում էր, որ ազնվազարմ ու բարեկիրթ մի մարդ է։ Մոտեցա նրան։ Նա ոտքի կանգնեց, և ես նրա աչքերում, դեմքի և բոլոր շարժումների մեջ այնքան նրբություն, ազնվություն նկատեցի, որ սիրտս բնականաբար համակվեց բարյացակամ զգացումով դեպի նա։
— Արդյոք չե՞մ խանգարում ձեզ,— ասացի նրան, նստելով կողքին։— Ես կցանկանայի իմանալ այս գեղեցիկ կնոջ պատմությունը։ Կբարեհաճե՞ք բավարարել իմ հետաքրքրությունը։ Ինձ թվում է, նա ծնված չէ այն տխուր վիճակի համար, որի մեջ տեսնում եմ նրան։
Նա անկեղծորեն պատասխանեց, որ չի կարող ինձ ասել, թե ով է այդ կինը, առանց մատնելու միևնույն ժամանակ և իր ով լինելը։ Այնինչ նա լուրջ պատճառներ ունի անհայտ մնալու։
— Կարող եմ այնուհանդերձ ասել ձեզ այն, ինչ հայտնի է այս թշվառականներին,— ավելացրեց նա, մատնացույց անելով հրացանաձիգներին,— ես սիրում եմ այդ աղջկան այնպիսի բուռն սիրով, որ դրա համար դարձել եմ աշխարհիս ամենաանբախտ մարդը։ Փարիզում ես բոլոր հնարները գործադրեցի նրան ազատելու համար, սակայն ինձ չօգնեց ո՛չ աղերսանքը, ո՛չ հնարամտությունը և ո՛չ էլ ուժը։ Ի վերջո որոշեցի հետևել նրան թեկուզ մինչև աշխարհի ծայրը։ Ես նրա հետ նավ կնստեմ և կգնամ Ամերիկա։ Սակայն ամենամեծ անգթությունն այն է, որ սույն ստոր սրիկաները,— շարունակեց նա, խոսելով հրացանաձիգների մասին,— թույլ չեն տալիս, որ մոտենամ նրան։ Փարիզից մի քանի մղոն հեռանալուց հետո ես մտադիր էի ուղղակի հարձակվել նրանց վրա։ Այդ նպատակով ես պայմանավորվել էի չորս մարդու հետ, որոնք մի խոշոր գումարի դիմաց խոստացել էին ինձ իրենց աջակցությունը։ Սակայն ապիկարները կռվի պահին լքեցին ինձ և, դրամս առած, փախան։ Ուժով իմ նպատակին հասնելու անզորությունս ստիպեց ինձ զինաթափ լինել։ Հրացանաձիգներին որոշ վարձատրություն առաջարկելով, ես խնդրեցի գոնե թույլ տալ հետևելու իրենց։ Շահի տենչը նրանց ստիպես համաձայնել։ Ամեն անգամ, երբ ինձ թույլատրում էին խոսել սիրուհուս հետ, նրանք ինձանից վճար էին պահանջում ։ Քսակս շուտով դատարկվեց, իսկ այժմ, երբ գրպանումս ոչ մի սու այլևս չկա, նրանք բարբարոսային կոպտությամբ իսկույն ինձ ետ են հրում, հենց որ նրան մոտենալու մի քայլ եմ անում։ Ընդամենը մի րոպե առաջ, երբ ես, չնայած նրանց սպառնալիքներին, համարձակվեցի մոտենալ, նրանք հանդգնեցին հրացան ուղղել ինձ վրա։ Այժմ նրանց ագահությունը բավարարելու և ճանապարհս շարունակելու համար ես ստիպված եմ ծախել իմ անպետք ձին, որով եկել եմ մինչև այս ավանը։
Թեև կարծես այս ամենը նա պատմեց բավական հանդարտ, սակայն երբ խոսքը վերջացրեց, արտասուքները կաթիլ-կաթիլ գլորվում էին նրա աչքերից։ Այս իրադեպը ինձ վերին աստիճանի արտասովոր և հուզիչ թվաց։
— Ես չեմ պահանջում, որ դուք ինձ հայտնեք ձեր գաղտնիքը,— ասացի ես նրան,— սակայն, եթե կարող եմ ձեզ որևէ բանում օգտակար լինել, հաճությամբ պատրաստ եմ ձեզ ծառայելու։
— Ավա՜ղ,— պատասխանեց նա,— հույսի նշույլ անգամ չեմ տեսնում։ Ես հարկադրված եմ ամբողջովին համակերպվել իմ դաժան բախտին։ Ես կգնամ Ամերիկա, ուր գոնե ազատ կարող եմ սիրել։ Ես գրել եմ իմ բարեկամներից մեկին, և նա ինձ մի քիչ կօգնի Հավր-դե-Կրասում։ Ինձ մտատանջում է միայն մինչև այնտեղ հասնելու դժվարությունները և այս անբախտ արարածի,— ավելացրեց նա, թախծանքով նայելով իր սիրուհուն,— ճանապարհը գեթ մի քիչ թեթևացնելու անկարողությունս։
— Եթե այդպես է,— պատասխանեցի նրան,— ես ուզում եմ վերջ դնել ձեր մտատանջությանը։ Ահա ձեզ մի փոքր գումար. խնդրում եմ ընդունեք. շատ եմ ցավում, որ այլ կերպ չեմ կարող ձեզ օգնել։
Պահակներից թաքուն ես նրան չորս ոսկի տվի, լավ գիտենալով, որ եթե իմանան այդ գումարի մասին, ապա ավելի թանկ կծախեն իրենց մատուցած ծառայությունը։ Ես նույնիսկ մտածեցի սակարկել նրանց հետ, որպեսզի ապահովեմ երիտասարդ սիրեկանին մինչև Հավր իր սիրուհու հետ անընդհատ խոսակցելու թույլտվությունը։ Նշան անելով, որ պահակապետը մոտենա ինձ, ես համապատասխան առաջարկ արի։ Չնայած նա բավական անպատկառն էր, բայց, ըստ երևույթին, ամաչեց.
— Մենք, պարոն, նրան չենք արգելում խոսելու աղջկա հետ,— պատասխանեց նա շփոթված,— բայց երիտասարդը կամենում է միշտ նրա մոտ լինել, իսկ դա մեզ անհանգստացնում է. միանգամայն արդարացի է, որ նա վճարի պատճառած անհանգստության համար։
— Լավ, թող այդպես լինի,— ասացի նրան,— իսկ որքա՞ն պետք է վճարել, որպեսզի դուք այդ անհանգստությունը չզգաք։
Նա հանդգնություն ունեցավ ինձնից երկու ոսկի պահանջելու։ Ես իսկույն վճարեցի։
— Սակայն տեսեք, հա,— ավելացրի ես,— միայն թե առանց խարդախության։ Ես իմ հասցեն թողնում եմ այս երիտասարդին, որպեսզի նա ամեն ինչի մասին իրազեկ պահի ինձ, և հավատացնում եմ, որ ի վիճակի կլինեմ հարկ եղած դեպքում ձեզ պատմել տալ։
Այս հանդիպումն ինձնից խլեց վեց ոսկի։
Այն արժանավայել և ջերմ երախտագիտությունը, որով երիտասարդ անծանոթն արտահայտեց իր շնորհակալությունը, վերջնականապես համոզեց ինձ, որ նա մեծատոհմիկ մի մարդ է՝ արժանի իմ առատաձեռնությանը։ Մեկնելուց առաջ ես մի քանի խոսք ուղղեցի նրա սիրուհուն։ Վերջինս ինձ պատասխանեց այնպիսի քնքուշ ու հմայիչ համեստությամբ, որ սենյակից դուրս գալիս ես հազար ու մի խորհրդածություն արի կանանց անիմանալի բնության մասին։
Ես վերադարձա դեպի իմ մենությունը, և այս արկածի շարունակությունն անհայտ մնաց ինձ։ Անցավ մոտ երկու տարի, և ես բոլորովին մոռացել էի այն, երբ մի երջանիկ պատահականությամբ առիթ ունեցա ծանոթանալու այդ պատմության բոլոր հանգամանքների հետ։
Լոնդոնից նոր էի հասել Կալե իմ աշակերտ մարկիզ դը...-ի հետ։ Մենք իջևանեցինք, եթե չեմ սխալվում, «Ոսկե Առյուծ» կոչված հյուրանոցում, ուր, ինչ-որ պատճառներից ստիպված, անցկացրինք ամբողջ օրը և հետևյալ գիշերը։ Ճաշից հետո փողոցներում զբոսնելիս ինձ թվաց, թե ես տեսնում եմ նույն երիտասարդին, որին հանդիպել էի Պասսիում։ Նա չափազանց վատ էր հագնված և շատ ավելի դալկադեմ էր, քան մեր առաջին տեսակցության պահին։ Թևի տակ մի հին ուղեպարկ ուներ. երևի նոր էր ժամանել քաղաք։ Սակայն որովհետև նա չափազանց գեղեցկատես էր, ապա հեշտ էր նրան ճանաչելը, և ես իսկույն իմացա, որ այդ նա է։
— Մոտենանք այս պատանուն,— ասացի ես մարկիզին։
Անկարելի է նկարագրել պատանու ուրախությունը, երբ իր հերթին նա էլ ինձ ճանաչեց։
— Ա՜խ, պարոն,— բացականչեց նա ձեռս համբուրելով,— ուրեմն ես կարող եմ մի անգամ ևս ձեզ հայտնել իմ անմոռաց երախտագիտությունը։
Ես նրան հարցրի, թե որտեղից է գալիս։ Նա պատասխանեց, որ ծովով է եկել Հավր-դե-Կրասից. իսկ այնտեղ ժամանել է Ամերիկայից մի քանի օր առաջ։
— Ինձ թվում է, դուք դրամի կարիք ունեք,— ասացի ես նրան։— Գնացեք «Ոսկե Առյուծ» հյուրանոցը, ուր իջևանել եմ, հենց հիմա ինքս էլ կգամ։
Ես անմիջապես վերադարձա հյուրանոց, որպեսզի իսկույն իմանամ նրա դժբախտ վիճակի մանրամասնությունները և Ամերիկայի ճանապարհորդության հանգամանքները։ Գուրգուրիչ ուշադրությամբ ես պատեցի նրան և կարգադրություն արի, որ նա ոչ մի բանի պակասություն չզգա։ Նա չսպասեց, որ խնդրեմ իրեն՝ իր կյանքի պատմությունը անելու համար։
— Պարոն,— ասաց նա,— դուք այնքան ազնիվ եղաք դեպի ինձ, որ ես ստոր ապերախտության մեջ կհանդիմանեի ինձ, եթե որևէ բան թաքցնեի ձեզանից։ Ես ձեզ կպատմեմ ոչ միայն իմ դժբախտության ու տառապանքների, այլ նաև իմ անառակ կյանքի և ամենաամոթալի թուլությունների մասին։ Հավատացած եմ, որ դատապարտելով հանդերձ, դուք չեք կարող ինձ չկարեկցել։
Այստեղ ուզում եմ ընթերցողին նախազգուշացնել, որ նրա պատմությունը ես գրի առա այն լսելուց անմիջապես հետո, հետևաբար, կարելի է միանգամայն վստահ լինել դրա ճշգրտությանն ու իսկությանը։ Հավաստիացնում եմ, որ ճշտությունը պահպանել եմ մինչև իսկ այն տեղերում, ուր խոսում եմ խորհրդածությունների և զգացումների մասին, որ երիտասարդ թափառաշրջիկը արտահայտում էր մեծ շնորհքով ու նրբությամբ։
Ահա նրա պատմությունը, որին ես մի բառ անգամ չեմ ավելացնելու մինչև վերջը։
Ես տասնյոթ տարեկան էի և Ամիյենում արդեն ավարտում էի փիլիսոփայության դասընթացը, ուր ինձ ուղարկել էին ծնողներս, որոնք Պ.-ի լավագույն ընտանիքներից մեկին էին պատկանում։ Ես վերին աստիճանի խելոք ու բարեբարո կյանք էի վարում, և իմ ուսուցիչներն ամբողջ ուսումնարանում ինձ մատնանշում էին իբրև օրինակելի աշակերտ, թեև ոչ մի արտակարգ ճիգ չէի թափում, որպեսզի արժանանամ այդ գովեստին. բայց ի բնե մեղմ ու խաղաղ բնավորություն ունեի և մեծ հակում դեպի ուսումը, այնպես որ ինձ վերագրում էին առաքինություններ, որոնք հետևանք էին դեպի մոլությունը տածած իմ բնական խորշանքի։ Շնորհիվ իմ ծագման, ուսման մեջ ունեցած հաջողությունների և որոշ արտ աքին գրավչության՝ քաղաքում բոլոր ազնվաբարո մարդիկ ինձ ճանաչում և հարգում էին։
Հրապարակային քննությունները ես վերջացրի այնպիսի փայլուն հաջողությամբ և ընդհանուրի հավանությամբ, որ այնտեղ ներկա գտնվող եպիսկոպոսը ինձ առաջարկեց հոգևոր դաս մտնել, ուր կարող էի նրա կարծիքով ավելի խոշոր փառքի հասնել, քան Մալտայի ասպետական կարգում, որի համար ինձ կանխորոշել էին իմ ծնողները։ Նրանց կամքի համաձայն, ես արդեն կրում էի այդ կարգի խաչը և ասպետ դե Գրիյո անունը։ Արձակուրդները մոտենում էին, և ես պատրաստվում էի վերադառնալ հորս մոտ, որը խոստացել էր շուտով ինձ ակադեմիա ուղարկել։
Ամիյենից հեռանալիս միայն մի բան էր ինձ վշտացնում. այնտեղ ես թողնում էի մի բարեկամ, որի հետ կապվել էի մշտական ու քնքուշ մտերմությամբ։ Նա մի քանի տարով ինձնից մեծ էր։ Մենք միասին էինք դաստիարակվել, բայց լինելով աղքատ ընտանիքից, նա ստիպված էր հոգևորական դառնալ և մնալ Ամիյենում՝ այդ աստիճանին պատշաճ դասընթացներին հետևելու համար։ Նա բազմաթիվ արժանիքներ ուներ։ Դուք նրան կհանդիպեք իմ պատմության ընթացքում, ուր նա այնպիսի խանդաղատանք ու վեհանձնություն է ցուցաբերում մեր բարեկամության մեջ, որոնք գերազանցում են հնադարյան ամենափառապանծ օրինակները։ Եթե այն ժամանակ ես հետևած լինեի նրա խորհուրդներին, միշտ ողջամիտ ու երջանիկ կլինեի։ Եթե գեթ լսած լինեի նրա խրատները, ապա թեկուզ այն անդունդից, ուր ինձ նետել էին իմ կրքերը, ես կարող էի փրկել իմ կարողության գոնե ինչ-որ մի մասը և իմ բարի համբավը։ Սակայն նա իր հոգատարությունից ոչ մի օգուտ չքաղեց, նա զգաց միայն դրանց անօգուտ տեսնելու ցավը։ Նա նույնիսկ կծու խոսքերի էր արժանանում երախտամոռիս կողմից, որը նրա հոգածությունը ընդունում էր որպես վիրավորանք և համարում անպատեհ։
Ես նախօրոք որոշել էի իմ՝ Ամիյենից մեկնելու ժամը։ Ավա՜ղ, ինչո՞ւ մի օր առաջ չնշանակեցի։ Անաղարտ անմեղությամբ ես վերադարձած կլինեի իմ հոր տունը։ Քաղաքից հեռանալու հենց նախօրյակին, երբ ես զբոսնում էի բարեկամիս հետ, որին Տիբերժ էին կոչում, մենք պատահեցինք Արրասից եկող հանրակառքին և դրան հետևեցինք մինչև պանդոկ, ուր իջևանում էին ուղևորները։ Մենք այդ արինք պարզապես հետաքրքրությունից դրդված։ Կառքից դուրս եկան մի քանի կանայք և իսկույն մտան հյուրանոց։ Մեկը միայն, մի բոլորովին դեռատի աղջիկ, մնաց բակում, քանի դեռ հասակավոր մի մարդ, երևի նրան ուղեկցող սպասավորը, աշխատում էր կառքից իջեցնել նրա իրերը։ Այդ աղջիկը վերին աստիճանի գեղեցիկ երևաց ինձ, և ես, որ մինչ այդ երբեք չէի մտածել սեռերի տարբերության մասին, չէի նայել քիչ թե շատ ուշադրությամբ որևէ աղջկա վրա, ես, ասում եմ, որի ժուժկալությունը և համեստությունը ընդհանուրի հիացմունքի առարկան էին, մի ակնթարթում բռնկվեցի սիրատենչ զգացումով։ Ես մի մեծ պակասություն ունեի. չափից դուրս երկչոտ էի ու ամոթխած։ Սակայն այդ րոպեին իմ այդ թուլությունը չկասեցրեց ինձ, և ես քայլեցի դեպի իմ սրտի տիրուհին։
Թեև նա ինձնից փոքր էր, սակայն իմ սիրալիր ուշադրությունն ընդունեց կարծես առանց շփոթվելու։ Ես նրան հարցրի, թե ի՛նչ առիթով է եկել Ամիյեն և քաղաքում ո՛վ ունի ծանոթ։ Նա պատասխանեց անկեղծորեն, որ նրան ուղարկել են ծնողներր՝ կուսանոց մտնելու համար։
Սերն այնպես էր լուսավորել միտքս այն րոպեից, ինչ նա գրավել էր իմ սիրտը, որ ես իսկույն այդ դիտավորությունը համարեցի մահացու մի հարված իմ տենչերին։
Խոսելուս եղանակից նա հասկացավ, թե ինչսլիսի զգացումներով եմ համակված, որովհետև նա ինձնից շատ ավելի փորձված էր։ Նրան կուսանոց էին ուղարկում հակառակ իր կամքի, անշուշտ, դեպի հաճույքն ունեցած նրա հակումը սանձահարելու նկատառումով, մի հակում, որն արդեն երևան էր եկել և որը հետագայում դարձավ իմ և նրա թշվառությունների պատճառը։ Ես ծառացա նրա ծնողների մտադրության դեմ և դա վիճարկեցի այն բոլոր ապացույցներով, որ ինձ ներշնչեցին նոր փթթող սերս ու դպրոցական պերճախոսությունս։ Նա չարտահայտեց ոչ խստաբարոյություն, ոչ էլ արհամարհանք։ Մի վայրկյան լռելուց հետո ասաց, որ ինքն էլ կանխատեսում է իր ապագա դժբախտ կյանքը, բայց երևի այդպես է վիճակված ի վերուստ, քանի որ ոչ մի միջոց չկա դրանից խույս տալու։ Նրա հայացքի քնքշությունը, սույն խոսքերն արտասանելու թախծոտ գրավչությունը կամ ավելի շուտ մի ճակատագրական ուժ, որն ինձ դեպի իմ կործանումն էր մղում, թույլ չտվին, որ մի րոպե անգամ տատանվեմ իմ պատասխանի մեջ։ Սկսեցի նրան համոզել, որ եթե ապավինի իմ պատվին և այն անսահման քնքշությանը, որն արդեն ներշնչել է ինձ, ես կզոհաբերեմ իմ ամբողջ կյանքը՝ նրան իր ծնողների բռնակալությունից ազատելու և երջանկացնելու համար։
Հետագայում այդ մասին մտածելիս ես միշտ զարմացել եմ, թե այն ժամանակ որտեղի՛ց էր ինձ այնքան կորովն ու արտահայտվելու դյուրությունը։ Սակայն սերը երբեք աստվածություն չէին համարի, եթե նա հաճախ հրաշքներ չգործեր։ Ես ուրիշ շատ կրակոտ և համոզիչ խոսքեր ասացի նրան։
Գեղանի անծանոթուհիս լավ գիտեր, որ իմ հասակում մարդ չի խաբում. նա խոստովանեց, որ, հիրավի, եթե ես կարողանամ որևէ միջոց գտնել նրան ազատելու, նա իրեն պարտավորված պիտի համարի իմ հանդեպ՝ կյանքից առավել թանկագին մի բանով։ Ես կրկնեցի, որ պատրաստ եմ դիմելու ամեն մի քայլի։ Սակայն չունենալով բավականին փորձառություն, որպեսզի անհապաղ միջոցներ գտնեմ նրան աջակցելու, ես բավականացա այս ընդհանուր հավաստիացումով, որից ոչ մի օգուտ չկար ո՛չ ինձ և ո՛չ էլ նրան։ Մինչ այդ, նրա ծեր սպասավորը մոտեցավ մեզ, և ես մտածեցի, թե բոլոր իմ հույսերը պիտի խորտակվեն, եթե նրա հնարամտությունը չօգներ մտքիս անկարությանը։ Ես ապշած մնացի, երբ ծերունու մոտենալու միջոցին նա ինձ անվանեց հորեղբոր որդի և, առանց շփոթության նշույլ անգամ gnւյg աալու, ասաց, որ շատ ուրախ է ինձ Ամիյենում հանդիպելու համար, և որ այդ առթիվ նա վաղվան է թողնում կուսանոց մտնելը, որպեսզի իրեն չզրկի ինձ հետ ընթրելու հաճույքից։ Ես լավ հասկացա այս խորամանկության իմաստը։ Նրան առաջարկեցի իջևանել մի հյուրանոցում, որի տերը Ամիյեն փոխադրվելուց առաջ երկար ժամանակ հորս կառապանն էր եղել, իսկ այժմ միանգամայն հավատարիմ էր ինձ։
Ես ինքս ուղեկցեցի նրան հյուրանոց։ Ծեր սպասավորն ասես փնթփնթում էր քթի տակ, իսկ իմ բարեկամ Տիբերժը ոչինչ չհասկանալով այս անցուդարձից, առանց մի խոսք արտասանելուք հետևում էր ինձ։ Նա մեր խոսակցությունը չէր լսում, շարունակում էր ման գալ բակում, երբ ես սիրաբանում էի իմ գեղեցիկ տիրուհու հետ։
Վախենալով Տիբերժի խոհեմությունից, ես ուզեցի ազատվել նրա ներկայությունից և խնդրեցի, որ կատարի իմ մի հանձնարարությունը։ Այսպիսով, երբ մենք հասանք հյուրանոց, ես բախտ ունեցա առանձին՝ երես առ երես խոսակցելու սրտիս թագուհու հետ։
Շատ շուտ համոզվեցի, որ ես այնքան էլ երեխա չէի, որքան կարծում էի։ Իմ սիրտը բացվեց բյուր քաղցրատենչ զգացումների հանդեպ, որոնց մասին մինչև այդ գաղափար անգամ չունեի։ Իմ երակներով մի անուշ ջերմության հոսանք անցավ։ Ես գտնվում էի մի հոգեզմայլ վիճակում, որը միառժամանակ ինձ զրկեց խոսելու կարողությունից և որը արտացոլվում էր միմիայն աչքերիս մեջ։
Օրիորդ Մանոն Լեսկոն,— նա ինձ ասաց, որ այսպես են կոչում իրեն,— մեծապես գոհ մնաց իր հմայքի ներգործությունից։ Ես նկատեցի, որ նա ինձնից պակաս հուզված չէ։ Մանոնը խոստովանեց, որ ես իրեն դուր եմ գալիս, և ինքը շատ ուրախ է, որ ինձ է պարտական իր փրկությունը։ Նա ցանկացավ իմանալ, թե ով եմ ես և, ստանալով իմ պատասխանը, ավելի ուրախացավ, որովհետև, լինելով հասարակ ընտանիքից, առավել ևս հրճվեց, որ տիրացել է ինձ պես սիրեկանի սրտին։ Մենք սկսեցինք խորհել միմյանց պատկանելու միջոցների մասին։
Երկար խորհրդածությունից հետո մենք այլ հնար չգտանք, քան փախուստը։ Անհրաժեշտ էր մի կերպ թմրեցնել նրան ուղեկցող սպասավորի զգոնությունը, որը թեպետ սոսկ ծառա էր, բայց անվտանգ էր ոչ ամենևին։ Որոշեցինք, որ ես այգ գիշեր պատրաստ կպահեմ մի փոստատար կառք և վաղ առավոտյան, մինչև նրա ուղեկցի արթնանալը, կվերադառնամ պանդոկ, որտեղից մենք գաղտնի կփախչենք և ուղղակի կգնանք Փարիզ, ուր անմիջապես կամուսնանանք։ Մոտս ընդամենը հիսուն էկյու ունեի՝ իմ մանր խնայողությունների արդյունքը. իսկ Մանոնը՝ մոտավորապես երկու անգամ ավելի։ Սակայն որպես անփորձ պատանիներ, մենք կարծում էինք, թե այդ գումարն անսպառ կլինի․ Բացի դրանից, մենք քիչ հույս չէինք դնում մեր այլ ձեռնարկությունների հաջողության վրա։
Մինչ այդ ինձ համար աննախընթաց բավականությամբ ընթրելուց հետո՝ ես հեռացա մեր ծրագիրն իրագործելու համար։ Իմ անելիքը հեշտանում էր շնորհիվ այն բանի, որ հետևյալ օրը ես մտադիր էի տուն վերադառնալ և դրա համար արդեն պատրաստել էի իմ համեստ ճամպրուկը։ Ուստի, առանց դժվարության, այն փոխադրել տվի պանդոկ և պատվիրեցի, որ կառքը պատրաստ լինի առավոտյան ժամը հինգին, քաղաքի դռները բացվելու ժամին։ Սակայն մնում էր միայն մի խոչընդոտ, որի մասին չէի մտածել և որը քիչ մնաց խորտակեր իմ ամբողջ ծրագիրը։
Տիբերժը թեպետ երեք տարով էր միայն ինձնից մեծ, բայց հասունացած ողջամտության և խստաբարո վարքի տեր մի պատանի էր։ Նա ինձ սիրում էր արտասովոր քնքշությամբ։ Այնքան գեղեցիկ աղջկա տեսքը, ինչպիսին Մանոնն էր, նրան ուղեկցելու իմ բուռն ցանկությունր և իրենից ազատվելու իմ ջանքերը նրա մեջ կասկած էին հարուցել իմ սիրո մասին։ Նա չէր համարձակվել վերադառնալ պանդոկ, ուր ինձ թողել էր, երկյուղելով, թե դրանով կվիրավորի․ սակայն վճռել էր իմ բնակարանում սպասել, որտեղ և վերադարձիս նրան գտա, չնայած որ արդեն երեկոյան ժամը տասն էր։ Նրա ներկայությունն ինձ վշտացրեց։ Եվ ինքը այդ նկատեց իսկույն։
— Ես հավատացած եմ,— անկեղծորեն ասաց նա,— որ դուք մտադիր եք ինչ-որ բան անել, որն ուզում եք ինձնից թաքցնել․ այդ ես տեսնում եմ ձեր դեմքից։
Ես բավականին խիստ պատասխանեցի, որ պարտավոր չեմ իմ յուրաքանչյուր դիտավորության մասին հաշիվ տալ նրան։
— Անշուշտ,— վրա բերեց նա,— բայց դուք միշտ ինձ վերաբերվել եք իբրև բարեկամի, իսկ դա պայմանավորված է որոշ վստահությամբ և անկեղծությամբ։
Նա այնքան համառ և երկար խնդրեց հայտնել իմ գաղտնիքը, որ ես միշտ մտերիմ լինելով նրան, այս անգամ էլ վստահեցի պատմելու իմ բուռն հրապուրանքի մասին։ Իմ խոստովանությունը նա ընդունեց այնպիսի բացահայտ դժգոհությամբ, որ ես սարսռեցի։ Ես զղջացի, մանավանդ որ հայտնեցի նրան իմ փախուստի ծրագիրը։ Նա ասաց, որ տածելով դեպի ինձ ամենասերտ բարեկամություն, չի կարող հակառակ չլինել իմ մտադրություններին. որ ուզում է նախ մատնանշել այն ամենը, ինչ կարող է ինձ կասեցնել. սակայն, եթե այս ամենից հետո ես դարձյալ չհրաժարվեմ իմ չարաբաստիկ որոշումից, ապա նա այդ մասին պիտի նախազգուշացնի այն անձանց, որոնք անվրեպ կարող են հիմնովին խափանել իմ դիտավորությունը։ Այնուհետև նա մի լուրջ ճառ ասաց, որը տևեց քառորդ ժամից ավելի և վերջացրեց սպառնալիքով, թե ինձ կմատնի, եթե խոսք չտամ ավելի խելոք ու զգույշ լինել։
Վհատությունն ինձ պատեց, որ այսպես անտեղի մատնեցի ինձ։ Սակայն սերը, որ վերջին երկուերեք ժամվա ընթացքում ծայր աստիճան լուսավորել էր իմ միտքը, օգնեց ինձ գլխի ընկնելու, որ նրան դեռ չեմ հայտնել, թե իմ ծրագիրը պիտի գործադրեմ հետևյալ աոավոտ, և ես որոշեցի խորամանկությամբ մոլորեցնել նրան։
— Տիբերժ,— ասացի նրան,— մինչև այսօր ես ձեզ համարում էի իմ բարեկամը և իմ խոստովանությամբ ուզեցի փորձել ձեզ։ Ճիշտ է, որ ես սիրում եմ, չեմ խաբել ձեզ, սակայն ինչ վերաբերում է իմ փախուստին, դա այնպիսի մի քայլ չէ, որին կարելի լինի դիմել թեթևամտությամբ։ Վաղը՝ առավոտյան ժամը իննին եկեք ինձ մոտ, ես ձեզ կծանոթացնեմ, եթե հնարավոր լինի, իմ սիրուհու հետ, և դուք ինքներդ կդատեք, թե արդյոք նա արժանի է իմ որոշմանը։
Նա հեռացավ ինձնից իր մտերմության մասին հազար ու մի հավաստիացումներ անելով։ Այդ ամբողջ գիշերը ես անցկացրի կարգի բերելով իմ գործերը և առավոտյան, հենց որ լույսը բացվեց, գնացի պանդոկ, ուր Մանոնն արդեն սպասամ էր ինձ։ Նա կանգնած էր դեպի փողոց նայող լուսամուտի առաջ և ինձ տեսնելուն պես ինքն անձամբ բացեց դուռը։
Մենք դուրս եկանք առանց աղմուկի։ Նրա վերցրածը միայն սպիտակեղենն էր, որը ինքս էի բռնել։ Կառքը պատրաստ էր մեկնելու, և մենք իսկույն հեռացանք քազաքից։
Հետագայում ես ձեզ կպատմեմ, թե ինչ էր արել Տիբերժը, երբ իմացել էր, որ ես խաբել եմ իրեն։ Նրա հոգատար վերաբերմունքը դեպի ինձ դրանից չնվազեց։ Դուք կտեսնեք, թե նա ինչ ծայրահեղության հասցրեց այն, և ինչքան եմ ես արցունք թափել, երբ մտածել եմ, թե որն է եղել նրա հատուցումը։
Մենք այնպես արագ էինք ընթանում, որ մինչև մութն ընկնելը հասանք Սեն-Դընի։ Ձի նստած՝ ես սուրում էի կառքի կողքից, այնպես որ միայն երիվարները վախելու ժամանակ կարող էինք միմյանց հետ զրուցել։ Բայց, երբ տեսանք, որ մոտենում ենք Փարիզին, այսինքն՝ գրեթե ապահով դրության մեջ ենք գտնվում, կանգ առանք մի բան ուտելու, որովհետև Ամիյենից մեկնելուց հետո ոչինչ չէինք կերել։ Որքան էլ ես բուռն էի սիրահարված նրան, այնուամենայնիվ Մանոնը կարողացավ համոզել ինձ, որ ինքը ևս սիրում է ինձ ոչ պակաս ուժգնությամբ։ Մենք ծայր աստիճան անզուսպ էինք մեր փաղաքշանքների մեջ և համբերություն չունեինք սպասեմլու, որ առանձին լինենք։ Փոստատարները և պանդոկապետները հիացմունքով էին դիտում մեզ, և ես նկատեցի, որ նրանք զարմացած էին, տեսնելով մեր տարիքի երկու պատանիների, որոնք այնպես մոլեգին սիրում են միմյանց։
Սեն-Դընիում մենք մոռացանք մեր ամուսնանալու դիտավորությունր և, խախտելով եկեղեցու իրավունքները, ամուսիններ դարձանք, առանց մինչև իսկ մտածելու այդ մասին։ Կասկած չկա, որ ես, ի բնե օժտված լինելով քնքուշ և կայուն բնավորությամբ, իմ ողջ կյանքում երջանիկ կլինեի, եթե Մանոնն ինձ հավատարիմ մնար։ Որքան ավելի էի ճանաչում նրան, այնքան առավել նոր և հրապուրիչ հատկություններ էի գտնում նրա մեջ։ Նրա խելքը, սիրտը, քնքշությունն ու գեղեցկությունն այնպիսի մի հաստատուն և հիասքանչ շղթա էին կազմում, որ ես իմ ամբողջ երջանկությունը կզոհաբերեի՝ հավիտյան նրա գերին լինելու համար։ Օ՜, սարսափելի դու դարձ։ Այն, ինչ այժմ իմ հուսահատության պատճառն է, կարող էր իմ երջանկության առարկան լինել։ Ես ինձ համարում եմ ամենաանբախտ մարդը, շնորհիվ հենց իմ սիրո կայունության, որից ես պետք է սպասեի ամենաքաղցր վիճակը և ամենակատարյալ բարիքները։
Փարիզում մենք մի կահավորված բնակարան վարձեցինք Վ․․․ փողոցում, դժբախտաբար, հայտնի կապալառու պարոն դը Բ․-ի տան մոտ։ Անցավ երեք շաբաթ, որոնց ընթացքում ես այնքան էի տարված իմ կրքով, որ շատ քիչ էի մտածում իմ ընտանիքի և այն վշտի մասին, որ հայրս կրած կլիներ բացակայությանս հետևանքով։ Սակայն, որովհետև վարմունքիս մեջ անկարգության հետք անգամ չկար, և Մանոնը նույնպես իրեն շատ համեստ էր պահում, այսպես անդորր ընթացող մեր կյանքը իմ մեջ աստիճանաբար հարուցեց պարտականության գիտակցությունը։ Ես որոշեցի հաշտվել հորս հետ, եթե դա հնարավոր է։ Իմ սիրուհին այնպես չքնաղ էր, որ ես բնավ չէի կասկածում, թե նա հաճելի կլինի հորս, եթե միայն կարողանայի միջոցներ գտնել ծնողիս ապացուցելու նրա ողջամտությունն ու պարկեշտությունը։ Մի խոսքով, ես հույս ունեի նրանից ստանալ Մանոնի հետ ամուսնանալու թույլտվությունը, որովհետև առանց նրա համաձայնության դա իրագործելն ինձ հուսահատություն պետք է պատճառեր։ Իմ մտադրությունը ես հայտնեցի Մանոնին և հասկացրի նրան, որ բացի սիրո պարտականության դրդապատճառներից, պետք է այստեղ նկատի առնել նաև անհրաժեշտությունը, որովհետև մեր միջոցները չափազանց համեստ են, և ես սկսել եմ հրաժարվել այն մտքից, որ դրանք անսպառ են։
Մանոնն իմ այս առաջարկությունն ընդունեց սառնությամբ։ Սակայն ինձ թվում էր, թե նրա հարուցած դժվարությունները ծագում էին իր իսկ սիրալիր քնքշությունից և ինձ կորցնելու վախից, եթե հայրս՝ իմանալով հանդերձ մեր ապաստարանի տեղը, չտա իր հավանությունը մեր մտադրությունն իրագործելու համար։ Ես բնավ չկասկածեցի այն վտանգը, որն արդեն պետք է ինձ հարվածեր։ Անհրաժեշտության մասին տված իմ պատճառաբանությանը նա պատասխանեց, որ մեր միջոցները տակավին կբավականացնեն մի քանի շաբաթ ևս ապրելու, և թե այնուհետև նա հույս ունի, որ կօգնեն իրեն սիրող գավառացի մի քանի ազգականներ, որոնց ուզում է դիմել նամակով։ Նա իր մերժումը քաղցրացրեց այնպիսի քնքուշ և տարփալի գգվանքներով, որ ես, շնչելով սոսկ նրանով և բնավ չտարակուսելով նրա սրտաբուխ անկեղծությանը, ուրախությամբ համաձայնեցի նրա բոլոր առարկումներին և որոշումներին։
Ես նրան էի հանձնել մեր դրամապանակի տնօրինությունը և առօրյա ծախսերը վճարելու հոգսը։ Քիչ ժամանակ անց նկատեցի, որ մեր սեղանը հետզհետե ճոխանում է, և որ Մանոնն իր համար մի քանի թանկագին հագուստներ է ձեռք բերել։ Գիտենալով, որ մեր դրամից հազիվ տասներկու-տասնհինգ պիստոլ կարող է մնացած լինել, ես նրան հայտնեցի իմ զարմանքը՝ մեր կարողության ակնհայտ աճի առթիվ։ Ժպիտը երեսին՝ նա խնդրեց ինձ չանհանգստանալ։
— Քեզ չխոստացա՞,— ասաց նա,— որ ձեռք կբերեմ պետք եղած միջոցները։
Ես նրան սիրում էի պատանեկան կատարյալ պարզությամբ, ուստի և դյուրությամբ տագնապահար չեղա։
Մի անգամ, կեսօրից հետո, ես դուրս էի եկել տնից, նախազգուշացնելով Մանոնին, թե կվերադառնամ սովորականից ուշ։ Վերադարձիս ինձ զարմացրեց այն հանգամանքը, որ դռան մոտ երկու-երեք րոպե ինձ սպասել տվին։ Մեզ սսպասարկում էր մի դեռատ ի աղջիկ, որը մոտավորապես մեր տարիքն ուներ։ Երբ նա դուռը բացեց, ես հարցրի, թե ինչու էր նա ինձ այդքան երկար սպասել տալիս։ Շփոթված՝ նա պատասխանեց, թե չի լսել, որ դուռը բախել են։ Ես դուռը ծեծել էի միայն մի անգամ, ուստի և նկատեցի։
— Եթե չեք լսել, ապա ինչո՞ւ բացեցիք։
Իմ հարցն այն աստիճան շփոթեցրեց նրան, որ նա, անընդունակ մի բան հնարելու, սկսեց լաց լինել և ինձ վստահեցնել, որ ինքը ոչ մի բանում մեղավոր չէ, այլ տիկինն է նրան արգելել դուռը բանալու, քանի դեռ պարոն դը Բ․-ն չի հեռացել մյուս սանդուղքով, որը դեպի տիկնոջ առանձնասենյակն է տանում։
Իմ հուզումն այնքան մեծ էր, որ ես ուժ չունեցա բնակարան մտնելու։ Ես որոշեցի դուրս գալ պատրվակելով ինչ-որ մի գործ և հրամայեցի աղջկան տիկնոջը հայտնել, որ մի րոպե հետո կվերադառնամ, սակայն արգելեցի խոստովանել, թե ինձ հետ խոսել է պարոն դր Բ․֊ի մասին։
Այնպիսի մի սուր վիշտ համակեց ինձ, որ երբ իջնում էի սանդուղքի աստիճաններով, արտասուքները հոսում էին իմ աչքերից, առանց իմանալու տակավին, թե ինչ զգացումներից են դրանք հորդել։
Ես մտա առաջին պատահած սրճարանը, նստեցի սեղանի մոտ և, գլուխս առած ափերիս մեջ, սկսեցի խորհել, թե ինչ է կատարվում իմ սրտում։ Ես չէի համարձակվում մտաբերել այն, ինչ հենց նոր լսել էի։ Ես ուզում էի դա մի պատրանք համարել և մի քանի անգամ պատրաստվեցի տուն վերադառնալ, առանց ցույց տալու Մանոնին, թե որեէ բան նկատել եմ։ Այն աստիճան անհնարին էր թվում, թե Մանոնը դավաճանած կլինի ինձ, որ վախենում էի իմ կասկածով վիրավորել նրան։ Ես նրան պաշտում էի, դա անտարակուսելի էր․ ես նրանից շատ ավելի սիրո ապացույցներ էի ստացել, քան ինքս էի տվել։ Արդ, ինչպե՞ս կարող էի մեղադրել նրան, որ նա ինձնից նվազ անկեղծ է և նվազ կայուն՝ իր սիրո մեջ։ Նա ի՞նչ շարժառիթ ուներ ինձ խաբելու։ Դեռ երեք ժամ սրանից առաջ նա ամենաքնքուշ փայփայանքներով էր պատել ինձ և զմայլանքով ընդունել իմ փոխադարձ գուրգուրանքը․ իմ սեփական սիրտը նրա սրտից ավելի լավ չէի ճանաչում։ «Ո՛չ, ո՛չ,— ասացի ինքս ինձ,— անհնար է, որ Մանոնն ինձ դավաճանած լինի։ Նա լավ գիտե, որ ես նրանով եմ ապրում, նա բնավ չի կասկածում, որ ես պաշտում եմ իրեն․ իսկ դա ատելու շարժառիթ չի կարող ծառայել»։
Այնուամենայնիվ, պարոն դը Բ․֊ի այցը և գողունի փախուստը պղտորել էին մտքերս։ Ես հիշեցի նաև Մանոնի մանր-մունր գնումները, որոնք իմ կարծիքով գերազանցում էին մեր կարողությունը։ Սա կարծես վկայում էր նոր սիրեկանի առատաձեռնությունը։ Եվ ի՞նչ էր նշանակում նրա վստահությունը դեպի այն դրամական միջոցները, որոնք անհայտ էին ինձ։ Այս բոլոր առեղծվածներին ես չկարողացա տալ այն բավարար լուծումը, որպիսին տենչում էր իմ սիրտը։ Մյուս կողմից, Փարիզ փոխադրվելուց հետո ոչ մի րոպե նրան չէի հեռացրել իմ աչքից։ Զբոսնելիս, զվարճանալիս, զբաղվելիս մենք միշտ միասին ենք եղել։ Աստվա՜ծ իմ, մի րոպեի անջատումը մեզ անչափ վիշտ կարող էր պատճառել։ Մեզ անհրաժեշտ էր անդադար կրկնել, որ սիրում ենք միմյանց. առանց այս խոստովանության մենք վշտից կմեռնեինք։ Ուստի ես մի րոպե անգամ չէի կարող երևակայել, որ Մանոնն ինձնից բացի, ուրիշ մեկով տարված լինի։
Ի վերջո, ինձ թվաց, որ գտել եմ այս գաղտնիքի լուծումը։ «Պարոն դը Բ․-ն,— ասացի ինքս ինձ,— մեծ գործերով է զբաղվում և լայն կապեր ունի. երևի Մանոնի ծնողները նրա միջոցով Մանոնին որոշ գումար են փոխադրել։ Միգուցե նա արդեն նրանից դրամ է ստացել․ այսօր էլ այդ պարոնը, երևի, եկել էր կրկին մի բան հանձնելու։ Անշուշտ, Մանոնը դիտմամբ է ինձնից թաքցրել այդ, որպեսզի հանկարծակիի բերի ինձ հաճելի անակնկալությամբ։ Եվ, թերևս, նա այդ մասին կպատմեր ինձ, եթե ես, սովորականի պես, մտած լինեի տուն, փոխանակ գալու այստեղ և վշտի մեջ թաղվելու։ Համենայն դեպս, նա ոչինչ չի թաքցնի ինձնից, եթե ինքս այդ մասին սկսեմ հարցնել»։
Ես այն աստիճան հափշտակվեցի այդ մտքով, որ դա խիստ մեղմացրեց վիշտս։ Անմիջապես տուն վերադարձա և սովորական քնքշությամբ գրկեցի Մանոնին։ Նա քաղցրությամբ ընդունեց ինձ, սկզբում մտածեցի նրան հաղորդել իմ կռահումները, որոնք այժմ միանգամայն ստույգ էին թվում ինձ, սակայն այդ չարեցի, հուսալով, թե միգուցե նա կկանխի ինձ, պատմելով այն բոլորը, ինչ պատահել է։
Ընթրիքը մատուցեցին։ Ես սեղան նստեցի շատ ուրախ տրամադրված, սակայն իմ և Մանոնի միջև դրված մոմի լույսի տակ ինձ թվաց, թե թախիծ եմ տեսնում թանկագին սիրուհուս երեսին և աչքերի մեջ։ Նրա թախիծը համակեց և ինձ։ Ես նկատեցի, որ սովորականից տարբեր է ինձ վրա ուղղված նրա հայացքը։ Ես չէի կարողանում հասկանալ, թե ինչ է արտահայտում դա՝ սեր թե՞ կարեկցանք, թեև այդ ինձ թվում էր իբրև շոյող և քնքշանվաղ մի զգացում։ Այնուամենայնիվ, ես նույն ուշադրությամբ նայում էի նրան. թերևս նրա համար նույնպես հեշտ չէր դատել իմ սրտի վիճակի մասին, տեսնելով իմ հայացքը։ Մենք անկարող էինք ոչ խոսել և ոչ էլ ուտել։ Վերջապես արտասուքները հոսեցին նրա հիասքանչ աչքերից, կեղծ ու նենգ արտասուքներ։
— Ա՜խ, աստված իմ,— բացականչեցի ես,— դու լալիս ես, անգին Մանոն․ դու վշտացած ես մինչ արտասվելու չափ և ինձ մի խոսք անգամ չես ասում քո ցավերի մասին։
Նա ինձ պատասխանեց միայն մի քանի հառաչանքներով, որոնք է՛լ ավելի սաստկացրին իմ անհանգստությունը։ Դողալով ոտքի կանգնեցի։ Իմ սիրո ամբողջ կորովով թախանձեցի նրան հայտնել ինձ իր արտասուքների պատճառը։ Դրանք սրբելիս ինքս էլ արտասվեցի։ Ես ավելի շուտ մեռած էի, քան կենդանի։ Բարբարոսն անդամ կզգացվեր իմ այդ վիշտն ու ահը տեսնելիս։
Այն միջոցին, երբ ես ամբողջապես զբաղված էի նրանով, լսեցի սանդուղքով բարձրացող մի քանի մարդկանց ոտնաձայն։ Դուռը թեթև բախեցին։ Մանոնը շտապ համբուրեց ինձ և, իմ գրկից դուրս պրծնելով, արագ իր սենյակը մտավ և իսկույն փակեց դուռը։ Ես կարծեցի, թե նա ուզում է եկող կողմնակի մարդկանցից թաքնվել փոքր-ինչ անփույթ հագնված լինելու պատճառով։ Ինքս գնացի բացելու։
Հազիվ էի դուռը բացել, երբ երեք մարդ ինձ բռնեցին․ իսկույն ճանաչեցի, որ դրանք իմ հոր սպասավորներն են։ Նրանք ինձ վրա բռնություն գործ չդրեցին, սակայն մինչ երկուսը բռնել էին իմ ձեռքերը, երրորդը խուզարկեց գրպաններս և այնտեղից հանեց մի փոքրիկ դանակ, որը իմ մոտ եղած միակ զենքն էր։ Նրանք ներողություն խնդրեցին, որ հարկադրված են ինձ հետ անքաղաքավարի վերաբերվելու և բացատրեցին, որ, հարկավ, այդ անում են հորս կարդադրությամբ։ Հետո ավելացրին, որ ներքևում կառքի մեջ ինձ սպասում է իմ մեծ եղբայրը։ Ես այնքան էի հուզված, որ առանց դիմադրության և առարկության թույլ տվի ինձ տանեն նրա մոտ։ Եղբայրս, իրոք, սպասում էր դրսում։ Ինձ նրա հետ կառք նստեցրին, և կառապանը, նախօրոք ստացած հրամանի համաձայն, ձիերը սրընթաց քշեց մինչև Սեն֊Դընի։ Եղբայրս քնքշանքով համբուրեց ինձ, սակայն մի խոսք անգամ չարտասանեց, այնպես որ ես միանգամայն ազատ կարող էի խորհել իմ դժբախտ վիճակի մասին։
Սկզբում ամեն ինչ ինձ ծայր աստիճան մթին ու անհասկանալի թվաց, և ես անկարող եղա որևէ ենթադրություն անել։ Դաժանաբար դավաճանել էին ինձ։ Սակայն ո՞վ։ Ամենից առաջ մտքովս անցավ Տիբերժը։ «Դավաճան,— ասացի ես,— բանդ բուրդ է, եթե կասկածներս արդարանան»։ Ես մտածեցի, որ նա չգիտե մեր բնակավայրի տեղը, ուստի և նրանից չէին կարող իմանալ, թե մենք Փարիզում ենք։ Մանոնին մեղադրել, սակայն իմ սիրտը չէր հանդգնում այդպիսի մեղադրանք անելու։ Թեև նրա արտասովոր տխրությունը, որից ասես նա ընկճված էր, նրա արտասուքները, սենյակ քաշվելուց առաջ ինձ տված քնքուշ համբույրը առեղծվածային էին թվում ինձ, սակայն ես պատրաստ էի այդ բոլորը բացատրել մեր երկուսի մոտալուտ դժբախտության նախազգացումով․ մինչ ես հուսաբեկ մորմոքում էի չարաբաստիկ պատահականությունից, որն ինձ անջատել էր Մանոնից, բայց տակավին դյուրահավատությամբ երևակայում էի, թե նա ավելի շատ է կարոտ կարեկցության, քան ես։
Իմ մտորումներր ինձ բերին այն համոզման, որ Փարիզի փողոցներում ինձ տեսել են ինչ-որ ծանոթ մարդիկ և հաղորդել հորս։ Այս միտքն ինձ սփոփեց։ Ես հույս ունեի պրծնել սոսկ կշտամբանքներով կամ այլ թեթև պատժով, որ պետք է կրեի հանուն հայրական հեղինակության։
Որոշեցի ամեն ինչ տանել համբերությամբ և խոստանալ այն, ինչ ինձնից կպահանջեն, որպեսզի, երբ առիթը ներկայանա, առանց դժվարության, արագ վերադառնամ Փարիզ՝ իմ կյանքն ու երջանկությունը սիրելի Մանոնին նվիրաբերելու։
Մենք շատ շուտ հասանք Սեն-Դընի։ Զարմացած իմ լռությունից, եղբայրս կարծել էր, թե դա հետևանք է վախի։ Նա սկսեց ինձ մխիթարել, հավատացնելով, թե կարող եմ չվախենալ հորս խստասրտությունից, միայն անհրաժեշտ է, որ ես սակավ առ սակավ գիտակցեմ իմ որդիական պարտականությունները և ջանամ արժանի լինել հորս՝ դեպի ինձ տածած սիրուն։ Եղբայրս կարգադրեց, որ գիշերն անցկացնենք Սեն-Դընիում և զգուշության համար երեք սպասավորներին էլ հրամայեց քնել իմ սենյակում։
Ես սուր ցավ զգացի, երբ նորից ինձ գտա հենց այն պանդոկում, ուր իջևանել էինք Մանոնի հետ Ամիյենից Փարիզ գնալիս։ Պանդոկապետը և սպասավորներն ինձ ճանաչեցին և միևնույն ժամանակ գուշակեցին իմ արկածախնդրության ճիշտ պատմությունը։ Ես լսեցի, թե ինչպես սպասավորներից մեկն ասում էր տիրոջը․ «Ա՜խ, սա այն գեղեցիկ պարոնն է, որ վեց շաբաթ սրանից առաջ այստեղից անցնում էր մի սիրունիկ օրիորդի հետ։ Որքա՜ն նա սիրում էր նրան։ Որքա՜ն հրաշագեղ էր այն աղջիկը։ Խե՜ղճ երեխաներ, ինչպես էին նրանք գուրգուրում միմյանց։ Աստված վկա, շատ ցավալի է, որ նրանց անջատել են»։ Ես այնպես ձևացրի, թե ոչինչ չեմ լսում և աշխատեցի հնարավորին չափ քիչ երևալ մարդկանց աչքին։
Սեն֊Դընիում եղբորս սպասում էր երկտեղանի մի կառեթ, մենք մեկնեցինք վաղ առավոտյան և մյուս օրը երեկոյան դեմ հասանք տուն։ Եղբայրս ինձնից առաջ տեսակցեց հորս հետ, երևի նրան հօգուտ ինձ տրամադրելու համար, պատմելով, թե ինչպիսի հեզությամբ ու առանց դիմադրության ես թույլ եմ տվել, որ ինձ տուն տանեն։ Հայրս ինձ ընդունեց նվազ խստությամբ, քան ես սպասում էի։ Նա բավականացավ սովորական հանդիմանանքով իմ պարտազանցության և առանց իր թույլտվության տնից բացակայած լինելու համար։ Իսկ իմ սիրուհու մասին ասաց, որ ինձ հետ պատահածն արժանի հատուցումն է եղել այն բանի համար, որ ես անզգուշորեն հրապուրվել եմ անծանոթ աղջկանով․ նա ավելացրեց, թե առաջ ավելի լավ կարծիք ուներ իմ խոհեմության մասին, սակայն հույսով է, որ այս փոքրիկ արկածից հետո ես ավելի կխելոքանամ։ Նրա խոսքերին ես տվի իմ դիտավորություններին համապատասխանող նշանակություն։ Ես շնորհակալություն հայտնեցի հորս՝ ինձ ներելու բարեսրտության համար և խոստացա ապագայում ավելի հեզ ու վայելուչ վարք ունենալ։ Սրտիս խորքում ես ցնծում էի, որովհետև իրերի ընթացքից բնավ չէի կասկածում, որ նույն գիշերն ևեթ լուսաբացից առաջ հնարավորություն պիտի ունենամ տնից անհետանալու։
Սեղանը պատրաստ էր, և մենք նստեցինք ընթրիքի։ Սկսեցին ինձ ծաղրել՝ Ամիյենում տարած հաղթությանս և իմ հավատարիմ սիրուհու հետ փախչելուս համար։ Ես սիրալիր ներողամտությամբ ընդունեցի հարվածները․ նույնիսկ անչափ գոհ էի, որ ինձ թույլտվություն է ընձեռվում զրուցելու միտքս անդադար զբաղեցնող առարկայի մասին։ Սակայն հորս շրթներից թռած մի քանի խոսքեր ստիպեցին ինձ մի անգամայն լարել ուշադրությունս։ Նա խոսեց նենգության և պարոն դը Բ․-ի շահախնդիր ծառայության մասին։ Ես շշմեցի, երբ հորիցս լսեցի այս խոսքերը և խոնարհաբար խնդրեցի ավելի պարզ բացատրել, թե նա ինչ է ուզում ասել։ Դառնալով դեպի եղբայրս, նա հարցրեց, մի՞թե ինձ չի պատմել ողջ եղելությունը։ Եղբայրս պատասխանեց, որ ես ճանապարհին այն աստիճան հանգիստ եմ պահել ինձ, որ նա մտածել է, թե բնավ կարիք չկա դիմելու այդ միջոցին՝ ինձ իմ անմտությունից բուժելու համար։ Նկատեցի, որ հայրս երկընտրանքի մեջ է․ պե՞տք է արդյոք ամեն ինչ պարզել, թե ոչ։ Սակայն ես այնպես թախանձագին խնդրեցի նրան, որ նա բավարարեց իմ հետաքրքրությունը կամ, ավելի շուտ, անգթորեն ինձ ոչնչացրեց ամենասարսափելի մի պատմությամբ։
Նախ՝ նա հարցրեց մի՞թե ես միշտ միամտորեն հավատացել եմ, թե սիրուհիս հավատարիմ է ինձ։ Ես ամենայն համարձակությամբ պատասխանեցի, որ դրանում այն աստիճան վստահ եմ, որ ոչ մի բան չի կարող ամենաթեթև կասկածն անգամ հարուցել իմ մեջ։
— Հա՜, հա՜, հա՜, սքանչելի է,— բացականչեg հայրս անզուսպ քրքիջով,— որքան միամիտ ես ու դյուրահավատ։ Զվարճալի ես քո զգացումներով։ Չափազանց ցավալի է, իմ խեղճ ասպետ, որ կոչված ես Մալտայի կարգը մտնելու, քանի որ բավական հակում ես ցույց տալիս համբերատար ու հարմարվող ամուսին լինելու։— Եվ այսպիսի անգութ խոսքերով նա դեռ երկար ծաղրեց իմ հիմարությունն ու դյուրահավատությունը, ինչպես ինքն էր ասում։
Վերջապես, տեսնելով, որ ես համառում եմ լռությաՆ մեջ, նա շարունակեց ինձ բացատրել, որ իմ Ամիյենից մեկնելուց հետո անցած ժամանակի հաշվի համաձայն, Մանոնն ինձ սիրած պիտի լինի մոտավորապես տասներկու օր։
— Որովհետև,— ավելացրեց նա,— գիտեմ, որ Ամիյենից դու մեկնեցիր անցյալ ամսի 28-ին. այսօր ամսի 29֊ն է․ պարոն դը Բ․֊ի նամակը ես ստացել եմ տասնմեկ օր առաջ. ենթադրում եմ, որ նրան ութ օր էր պետք, որպեսզի կարողանար ծանոթանալ քո սիրուհու հետ։ Այսպես, ուրեմն, եթե ութը և տասնմեկը հանենք երեսունմեկից,— մի ամսի 28֊ից մինչև մյուս ամսի 29-ը տևած ժամանակը,— կմնա տասներկու կամ մոտավորապես այդքան։— Այս խոսքերից հետո քրքիջի պոռթկումները էլ ավելի սաստկացան։
Այս բոլորը լսելիս սիրտս ճմլվում էր, և ես վախենում էի, թե այլևս ի վիճակի չեմ լինի դիմանալու մինչև սույն տխուր կատակերգության վերջը։
— Իմացիր ուրեմն,— շարունակեց հայրս,— եթե ինքդ չգիտես, որ պարոն դր Բ․-ն նվաճել է քո իշխանուհու սիրտը։ Իհարկե, նա ծաղրում է ինձ, երբ ուզում է համոզել, որ կամեցել է քեզնից հափշտակել սիրուհուդ ինձ ծառայություն հատուցելու անշահախնդիր ցանկությունից միայն դրդված։ Այդպիսի մի մարդուց, որը նույնիսկ անծանոթ է ինձ, չպետք է սպասել այդքան վեհ զգացումներ։ Նա քո սիրուհուց իմացել է, որ դու իմ որդին ես, և որպեսզի ազատվի քո անցանկալի ներկայությունից, ինձ գրել է բնակավայրիդ հասցեն և քո անկարգ կյանքի մասին, միաժամանակ հասկացնելով, որ անհրաժեշտ է խիստ միջոցներ գործադրել քեզ այնտեղից բռնի հեռացնելու համար։ Նա ինձ առաջարկում էր իր աջակցությունը՝ քեզ ձերբակալելու միջոցները դյուրացնելու համար և միայն նրա և քո սիրուհու ցուցմունքների շնորհիվ եղբորդ հաջողվեց քեզ հանկարծակիի բերել և տուն վերադարձնել։ Դու կարող ես այժմ շնորհավորել քեզ տարածդ հաղթանակի տևականության առթիվ։ Դու ընդունակ ես մեծ արագությամբ հաղթություն տանելու, ասպետս։ Սակայն չես կարող քո նվաճումները պահպանել։
Ես չկարողացա ավելի երկար տանել հորս ճառախոսությունը, որի յուրաքանչյուր խոսքը խոցում էր սիրտս։ Սեղանից վեր կացա և հազիվ չորս քայլ էի արել սենյակից դուրս գալու համար, երբ ուշաթափ ու անզգա ընկա հատակին։ Շնորհիվ ցույց տված արագ օգնության, ես շուտով ուշքի եկա։ Բացեցի աչքերս, որ արցունքի հեղեղներ թափեմ, բերանս՝ որ վշտագին ու սրտառուչ տրտունջներ ասեմ։ Հայրս, որ միշտ կաթոգին սիրել էր ինձ, ամենայն քնքշանքով աշխատում էր մխիթարել։ Ես լսում էի նրան, սակայն չէի հասկանում արտասանած խոսքերը։ Ես ծունկ չոքեցի նրա առջև և, ձեռքերս վեր բարձրացրած, աղերսեցի թույլատրել գնալ Փարիզ պարոն դը Բ․-ին սրախողխող անելու։
— Ոչ,ասում էի ես,— նա չի նվաճել Մանոնի սիրտը, նա բռնություն է գործ դրել նրա վրա, հրապուրել է նրան որևէ կախարդանքով կամ թույնով, թերևս կոպտությամբ բռնաբարել է նրան։ Մանոնն ինձ է սիրում։ Մի՞թե ես չգիտեմ այդ։ Պարոն դը Բ․-ն դաշույնը ձեռին սպառնացել է նրան, որպեսզի հարկադրի ինձ լքելու։ Նա ամեն մի միջոցի դիմած կլինի՝ ինձնից հափշտակելու իմ աննման սիրուհուն։ Ախ, աստվա՜ծ իմ, աստվա՜ծ իմ, մի՞թե կարելի է, որ Մանոնն ինձ դավաճանած լինի և սիրելուց դադարած։
Ես անընդհատ կրկնում էի, թե ուզում եմ շուտափույթ վերադառնալ Փարիզ, և նույնիսկ ամեն անգամ այդ ասելիս տեղիցս վեր էի կենում։ Հայրս համոզվեց, որ այդպես մոլեգնած ես ոչ մի միջոցի առաջ կանգ չեմ առնի։ Տան վերնահարկում նա ինձ մի սենյակ հատկացրեց և մոտս թողեց երկու սպասավորների, որպեսզի աչալուրջ հսկեն։ Այլևս ինձ չէի տիրապետում։ Ես պատրաստ էի հազար կյանք զոհաբերելու, միայն թե քառորդ ժամով Փարիզում գտնվեմ։ Հասկացա, որ այդքան բացահայտ իմ դիտավորությունը հայտնելուց հետո ինձ հեշտությամբ թույլ չեն տա սենյակից դուրս զալու։ Ես աչքով չափեցի լուսամուտների րարձրությունը և, երբ տեսա, որ այս կերպ ոչ մի հնար չկա փախչելու, մեղմությամբ խոսեցի իմ պահակների հետ։ Հազար երդումներով նրանց խոստացա հետագայում առատաձեռն վարձատրել, եթե արգելք չլինեն իմ փախուստին։ Աղաչեցի, հորդորեցի, սպառնացի, սակայն իմ այս փորձն էլ անօգուտ անցավ։ Սրանից հետո ես կտրեցի ամեն հույս։ Որոշեցի մեռնել և ինձ անկողին նետեցի՝ միայն մահիցս հետո այն թողնելու մտադրությամբ։ Այս դրության մեջ անցկացրի գիշերը և հետևյալ օրը։ Մյուս առավոտ ինձ բերած կերակրից հրաժարվեցի։
Կեսօրից հետո հայրս եկավ ինձ տեսնելու։ Նա բարեսրտությամբ աշխատեց ամենաքաղցր մխիթարական խոսքերով մեղմացնել իմ տառապանքները։ Նա այնպես վճռականորեն հրամայեց մի բան ուտել, որ ես հնազանդվեցի՝ հարգանքից դրդված։ Մի քանի օր ես սնունդ էի ընդունում միայն հորս ներկայությամբ և նրան հնազանդվելու համար։ Նա անդադար շարունակում էր պատճառաբանություններ առաջ բերել, որոնք ի վիճակի լինեին վերադարձնել իմ առողջ դատողությունը և արհամարհանք ներշնչել ինձ դեպի անհավատարիմ Մանոնը։ Ճիշտ է, ես այլևս Մանոնին չէի հարգում. ինչպե՞ս կարող էի հարգել բոլոր արարածներից ամենաթեթևամտին, ամենանենգին։ Սակայն նրա պատկերը, հմայուն դիմագծերը, որոնք կրում էի սրտիս խորքում, նախկինի պես հարատևում էին այնտեղ։ «Թող ես մեռնեմ,— ասում էի ինքս ինձ,— դա նույնիսկ անհրաժեշտ է այսքան ամոթից և տառապանքներից հետո․ ես կարող եմ հազար մահ տանել, բայց չպիտի կարողանամ մոռանալ ապերախտ Մանոնին»։
Հայրս զարմացած էր, տեսնելով, որ ես տոչորվում եմ խորտակված սիրով։ Նա գիտեր իմ սկզբունքները պատվի խնդրում և չկասկածելով, որ Մանոնի դավաճանությունը պիտի ստիպի ինձ արհամարհել նրան, նա կարծեց, թե իմ սիրո հարատևությունը առաջ է գալիս ոչ թե այն մասնավոր կրքից, որ ես տածում եմ դեպի Մանոնը, այլ ընդհանրապես դեպի կանայք ունեցած իմ հակումից։ Նա այն աստիճան հաստատուն կառչեց այս մտքին, որ դրդված դեպի ինձ տածած քնքուշ զգացումից, մի անգամ մոտս եկավ այդ կարծիքն ինձ հաղորդելու։
— Ասպետս,— ասաց նա,— մինչև հիմա ես փափագում էի, որ դու կրես Մալտայի խաչը, սակայն տեսնում եմ, որ դու ուրիշ հակումներ ունես։ Դու սիրում ես գեղեցիկ կանայք, ես պատրաստ եմ գտնել մեկը, որը դուր գա քեզ։ Ասա անկեղծորեն, ինչ ես մտածում այս մասին։
Ես նրան պատասխանեցի, որ այլևս ոչ մի տարբերություն չեմ տեսնում կանանց միջև, և ինձ հետ պատահած դժբախտությունից հետո նրանց բոլորովին հավասարապես արհամարհում եմ։
— Ես քեզ համար կգտնեմ մեկը,— ժպտերես շարունակեց հայրս,— որ Մանոնին նման լինի, բայց լինի նաև ավելի հավատարիմ։
— Ախ, եթե դուք սիրում եք ինձ և բարիք եք կամենում,— ասացի ես նրան,— ապա վերադարձրեք ինձ իմ Մանոնին, միայն նրան։ Հավատացնում եմ ձեզ, սիրելի հայր, որ նա ինձ չի դավաճանել, նա անընդունակ է այդքան անգութ ու դաժան ստորության։ Մեզ բոլորիս՝ ձեզ, ինձ, Մանոնին, խաբում է նենգամիտ պարոն դը Բ․-ն։ Եթե միայն դուք գիտենայիք, թե որքան քնքուշ ու անկեղծ է Մանոնը, եթե դուք նրան ճանաչեք, ինքներդ կսիրեք նրան։
— Դու դեռ երեխա ես,— առարկեց հայրս։— Ինչպես կարող ես այդ աստիճան կուրացած լինել այն ամենից հետո, ինչ ես պատմեցի նրա մասին։ Հենց նա ինքն է քեզ հանձնել քո եղբորը։ Դու պետք է մոռանաս նրան, մոռանաս նրա անունն անգամ, և ջանաս, եթե ողջախոհ ես, օգտվել քո հանդեպ ունեցած իմ ներողամտությունից։
Ինձ համար միանգամայն ակներև էր, որ հայրս իրավացի է։ Սոսկ անգիտակցական մի զգացում էր ինձ դրդում պաշտպանել դավաճան սիրուհուս։
— Ավա՜ղ,— բացականչեցի ես, վայրկենական լռությունից հետո,— միանգամայն անտարակույս է, որ ես ամենաստոր դավաճանության դժբախտ զոհն եմ։ Այո,— շարունակեցի ես, զայրույթից հորդառատ արցունքներ թափելով,— տեսնում եմ, որ տակավին երեխա եմ։ Նրանց համար բնավ դժվար չէր խաբել իմ դյուրահավատությունը։ Սակայն ես այժմ գիտեմ, թե ինչ պետք է անեմ, որպեսզի նրանցից առնեմ իմ վրեժը։
Հայրս կամեցավ իմանալ իմ մտադրությունը։
— Կգնամ Փարիզ,— ասացի ես,— կհրդեհեմ դը Բ․֊ի տունը և նրան նենգ Մանոնի հետ միասին կայրեմ ողջ-ողջ։
Իմ բարկության պոռթկումը ծիծաղ պատճառեց հորս և միայն առիթ եղավ, որ ինձ սենյակում առավել խստությամբ հսկեն։
Այնտեղ արգելափակված մնացի վեց ամիս, առաջին ամսում մտադրություններս մեծ փոփոխություններ չկրեցին։ Իմ բոլոր զգացումները սոսկ ատելության ու սիրո, հույսի ու վհատության մի անընդհատ շղթա էին կազմում, նայած թե ես մտքումս ինչպես էի պատկերացնում Մանոնին։ Մերթ ես նրան պատկերացնում էի որպես բոլոր աղջիկներից ամենահմայիչը և այրվում էի նրան տեսնելու ցանկությունից, մերթ՝ իբրև ստոր ու նենգ մի սիրուհի և երդվում էի գտնել նրան՝ միայն պատժելու նպատակով։
Ինձ գրքեր տվին, որոնք փոքր-ինչ նպաստեցին հոգուս անդորրությանը։ Ես նորից կարդացի իմ սիրած բոլոր հեղինակների երկերը, ծանոթացա նոր հեղինակների հետ, նորից անսահման սեր զգացի դեպի ուսումը։ Դուք կտեսնեք, թե այս պարագան ինչպես օգնեց ինձ հետագայում։ Սերը ճաշակած, ես պարզ ըմբռնեցի Հորացիոսի և Վիրգիլիոսի ստեղծագործությունների բազմաթիվ հատվածներ, որոնք մինչ այդ ինձ համար անհասկանալի էին։
Ես սիրային մեկնաբանություն շարադրեցի «Էնեականի» չորրորդ գլխի մասին։ Որոշել եմ հրատարակել և հույս ունեմ, որ ընթերցողները գոհունակությամբ կընդունեն այն։
— Ավա՜ղ, ասուում էի ես այդ շարադրելիս,— հավատարիմ Դիդոնին իմ սրտի նման սիրտ էր պետք։
Մի անգամ իմ արգելարանում ինձ այցելելու եկավ Տիբերժը։ Ես զարմացա, տեսնելով այն ցնծությունը, որով նա գրկախառնվեց ինձ հետ։ Մինչ այդ՝ դեպի ինձ տածած նրա սիրո մասին ես ուրիշ ապացույցներ չունեի, որոնք դրդեին ինձ այն ընդունել ոչ իբրև հասարակ դպրոցական մտերմություն, հնչպիսին հաստատվում է մոտավորապես միևնույն տարիքի պատանիների միջև։ Նա այն աստիճան փոխված և առնացած էր անցած հինգ կամ վեց ամսվա ընթացքում, որ նրա դեմքն ու խոսելու եղանակն ինձ հարգանք ներշնչեցին, նա ինձ հետ խոսեց ավելի շուտ որպես իմաստուն խորհրրդատու, քան դպրոցական բարեկամ։ Ցավ հայտնեց իմ մոլորության առթիվ. շնորհավորեց իմ ամոքումը, որը բարեհաջող էր համարում։ Վերջապես նա ինձ հորդորեց օգուտ քաղել իմ պատանեկան մոլությունից, աչքերս բանալով հաճույքների ունայնության առաջ։ Ես զարմանքով էի նայում նրան։ Տիբերժն այդ նկատեց։
— Սիրելի ասպետս,— դարձավ նա ինձ,— ձեզ այնպիսի բան չեմ ասում, որ կատարելապես ճշմարիտ չլինի և որի ստուգության մեջ ինքս համոզված չլինեմ լուրջ ինքնաքննությամբ։ Ես ձեզանից նվազ հակում չեմ ունեցել դեպի զգայասիրությունը, սակայն երկինքը ինձ շնորհել է միևնույն ժամանակ և առաքինության սեր։ Ես դիմեցի իմ բանականությանը, որպեսզի համեմատեմ թե՛ մեկի և թե՛ մյուսի տված օգուտը։ Ես առանց հապաղելու ճանաչեցի նրանց տարբերությունը։ Երկինքը միացրեց իր օգնությունն իմ խորհրդածություններին։ Դեպի աշխարհն իմ մեջ ծագեց մի արհամարհանք, որը գերազանց է ամեն բանից։ Ասեմ ձեզ, թե ինչն է ինձ ստիպում մնալ այստեղ,— ավելացրեց նա,— և ինչն է ինձ արգելք հանդիսանում նվիրելու ինձ մենակյաց կյանքին։ Միմիայն դեպի ձեզ տածած քնքուշ բարեկամությունս։ Ես ճանաչում եմ ձեր սրտի և մտքի վսեմ հատկությունները։ Չկա այնպիսի բարություն, որը դուք ընդունակ չլինեք կատարելու։ Հաճույքի թույնը ձեզ մոլորեցրել է ուղիղ ճանապարհից․ ինչպիսի՜ կորուստ առաքինության համար։ Ամիյենից ձեր փախուստն այնքա՜ն վիշտ պատճառեց ինձ, որ այդ օրից ի վեր մի ուրախ րոպե չեմ ունեցել։ Այդ մասին դուք կարող եք դատել իմ ձեռնարկած քայլերից։
Նա ինձ պատմեց, որ երբ նկատել է իմ նրան խաբելն ու սիրուհուս հետ փախչելը, ձի է նստել ինձ հետևելու, բայց որովհետև ես չորս֊հինգ ժամ նրանից առաջ էի մեկնել, չի կարողացել հասնել ինձ։ Այնուամենայնիվ, նա Սեն֊Դընի է հասել իմ այնտեղից մեկնելուց կես ժամ հետո, հավատացած լինելով, որ կիջևանեմ Փարիզում։ Փարիզում նա մնացել է վեց շաբաթ՝ ինձ ապարդյուն որոնելով։ Եղել է այն բոլոր վայրերում, ուր հույս է ունեցել ինձ հանդիպել և վերջապես մի անգամ թատրոնում ճանաչել է իմ սիրուհուն․ նրան տեսել է այնպիսի շքեղ զգեստներով, որ մտածել է, թե նա դրանք պարտական է մի նոր սիրեկանի։ Նա հետևել է նրա կառեթին մինչև տուն և այնտեղ ծառայից իմացել, որ Մանոնն ապրում է պարոն դր Բ․֊ի շնորհներով։
— Ես դրանով չբավարարվեցի,— շարունակեց նա,— հետևյալ օրը նորից վերադարձա, որպեսզի իրենից իմանամ, թե ինչ է պատահել ձեզ։ Նա իսկույն հեռացավ ինձնից, հենց որ լսեց ձեր անունը, և ես ստիպված եղա առանց որևէ տեղեկության վերադառնալ գավառ։ Այնտեղ ես իմացա ձեր արկածի և այն վհատության մասին, որի մեջ ընկել եք։ Սակայն ես չէի ցանկանում ձեզ տեսնել, մինչև չհամոզվեի, որ ձեզ կգտնեմ մի ավելի անդորր վիճակում։
— Ուրեմն դուք տեսե՞լ եք Մանոնին,— ասացի ես հառաչանքով։— Ավա՜ղ, դուք ինձնից երջանիկ եք, որովհետև ես դատապարտված եմ երբեք չտեսնելու նրան։— Տիբերժն ինձ հանդիմանեց իմ հառաչանքի համար, որովհետև դա վկայում էր տակավին Մանոնի հանդեպ ունեցած իմ թուլությունը։ Նա այնպիսի մի ճարպիկ փափկանկատությամբ շոյեց իմ հեզահամբույր բնավորությունն ու բարի հակումները, որ այդ առաջին իսկ այցից հետո իմ մեջ բուռն ցանկություն ծագեց՝ նրա պես հրաժարվել աշխարհի բոլոր վայելքներից և անցնել հոգևոր դասը։
Այս միտքն այն աստիճան գրավեց ինձ, որ երբ մենակ էի մնում, այլևս ուրիշ բանի մասին չէի մտածում։ Վերհիշեցի Ամիյենի եպիսկոպոսի խոսքերը, երբ նա ինձ նույն խորհուրդն էր տալիս և երջանիկ ապագա կանխատեսում՝ հոգևվոր աստիճան ընդունելու դեպքում։ Բարեպաշտությունը նույնպես նպաստեց իմ դիտավորությանը։ «Խելոք ու քրիստոնիային վայել կյանք կվարեմ,— ասում էի ինքս ինձ, կնվիրվեմ ուսմանն ու կրոնին, և այս պարագան ինձ թույլ չի տա մտածելու սիրո վտանգալից վայելքների մասին։ Ես կարհամարհեմ այն ամենը, ինչ գայթակղեցնում է հասարակ մարդկանց, որովհետև զգում եմ, որ իմ սիրտը պիտի տենչա միայն այն, ինչ հարգելի է․ ես կունենամ նույնքան քիչ հոգսեր, որքան և ցանկություններ»։
Ընդսմին կանխօրոք մի անդորր ու մենակյաց կյանքի ծրագիր կազմեցի։ Դա ես պատկերացնում էի որպես մեկուսացած մի տնակ՝ պարտեզի ետևում պուրակով ու ջինջ առվակով․ մի գրադարան՝ ընտիր գրքերով, մի քանի առաքինի ու ողջամիտ բարեկամների մտերիմ խմբակ, մաքուր, սակայն չափավոր ու պարզ սնունդ։ Այս ծրագրին ես միացնում էի նամակագրություն Փարիզում ապրող մի բարեկամի հետ, որը պիտի հաղորդեր ինձ հասարակական նորություններ ոչ այնքան իմ հետաքրքրությունը բավարարելու, որքան մարդկանց անմիտ հույզերով ինձ զվարճացնելու նպատակով։ «Մի՞թե երջանիկ չպիտի լինեմ,— ավելացրի ես։— Մի՞թե իմ բոլոր տենչերը չպիտի իրագործվեն»։ Անկասկած այս ծրագիրը չափից դուրս շոյում էր իմ հակումները։ Սակայն այդքան խելոք իմ ապագա կյանքի պատկերը կառուցելուց հետո ես զգում էի, որ սիրտս անձկում է դեռ մի ուրիշ բան էլ, և որպեսզի իմ գերազանցորեն հմայիչ մենության մեջ ոչ մի բանի պակասություն չզգամ, ինձ անհրաժեշտ էր հետս տանել և Մանոնին։
Մինչ Տիբերժը շարունակում էր հաճախ այցելել ինձ, ամրացնելու համար իմ այդ դիտավորությունը, որ նա էր ներշնչել, ես այդ մասին մի անգամ հաղորդեցի հորս։ Նա ասաց, որ իր սկզբունքն է որդիների ազատ կամքին թողնել իրենց ապագա վփճակի ընտրությունը, և ինչ էլ որ լինի իմ դիտավորությունը, նա իրեն վերապահում է միայն խորհուրդներով ինձ օգնելու իրավունքը։ Նա մի քանի վերին աստիճանի իմաստալից խրատներ տվեց, որոնց նպատակն էր ոչ այնքան ինձ ետ պահել իմ մտադրությունից, որքան դրդել՝ այն իրագործել գիտակցաբար։
Ուսումնական տարվա սկիզբը մոտենում էր։ Տիբերժի հետ մենք պայմանավորվեցինք միասին Սեն֊Սյուլպիս սեմինարիա մտնել— նա՝ իր աստվածաբանական ուսումը ավարտելու, իսկ ես՝ իմը սկսելու համար։ Նրա արժանիքները հայտնի էին թեմական եպիսկոպոսին, և դրանց շնորհիվ Տիբերժը դեռ մեր մեկնումից առաջ մեծ բենեֆիցիա ստացավ այդ պրելատից։
Հայրս, ենթադրելով, որ ես բոլորովին ապաքինվել եմ կրքից, առանց դժվարության ինձ թույլ տվեց մեկնելու։ Մենք ժամանեցինք Փարիզ։ հոգևոր հանդերձը փոխարինեց Մալտայի խաչին և աբբա դե Գրիյո անունը՝ ասպետի կոչմանը։ Ես այնպիսի ջանասիրությամբ սկսեցի սովորել, որ մի քանի ամսվա ընթացքում արտակարգ առաջադիմություն ցույց տվի։ Մասամբ գիշերներն էլ էի զբաղվում, իսկ օրվա մեջ մի րոպե անգամ ապարդյուն չէի կորցնում։ Իմ համբավը այնպիսի մեծ աղմուկ հանեց, որ ինձ արդեն շնորհավորում էին ապագա բարձր աստիճանի համար, որը, անկասկած, ստանալու էի։ Առանց իմ խնդրատվության, անունս մտցվեց բենեֆիցիաների ցանկը։ Բարեպաշտությունն էլ ես աչքաթող չէի արել. խանդավառությամբ կատարում էի ամեն մի կարգ ու կանոն։ Տիբերժը զմայլված էր՝ իր ջանքերին վերագրելով այս ամենը, և ես բազմիցս նկատեցի, որ նա արտասուք է թափում, իրեն շնորհավորելով, ինչպես ինքն էր ասում, ինձ դավանադարձ անելու առիթով։
Որ մարդկային դիտավորությունները ենթակա են փոփոխության, դա ինձ երբեք չի զարմացրել. մի կիրք հարուցում է նրանց, մինչդեռ մյուսը կարող է ոչնչացնել։ Սակայն, երբ մտածում եմ իմ դիտավորությունների սրբության մասին, որոնք ինձ առաջնորդել էին Սեն-Սյուլպիս, և այն խոր բերկրանքի մասին, որ երկինքն ինձ ճաշակել էր տալիս դրանց իրագործման առթիվ, ես սարսում եմ, թե որքան դյուրությամբ կարողացա դրանք խորտակել։ Եթե ճշմարիտ է, որ երկնային օգնությունը յուրաքանչյուր րոպեում համազոր է կրքերի ուժին, ապա թող ինձ բացատրեն, թե ինչ չարաբաստիկ ներգործությամբ են մարդիկ խուսափում իրենց ճշմարիտ պարտականությունից, առանց դիմադրություն ցույց տալու և առանց ամենաաննշան խղճի խայթ անգամ զգալու։
Ես ենթադրում էի, թե միանգամայն ազատվել եմ դեպի սերն ունեցած իմ թուլություններից։ Ինձ թվում էր, թե այսուհետև ես սուրբ Ավգուստիոսի երկերից մի էջ կարդալը կամ քառորդ ժամ քրիստոնեական մտորումների մեջ խորասուզվելը կգերադասեմ զգայական բոլոր հաճույքներից, չբացառելով և այնպիսիները, որոնք կարող էր ինձ պատճառել Մանոնը։ Սակայն մի չարաբաստիկ ակնթարթ ինձ նետեց անդունդը, և իմ անկումը առավել ևս անդարձ եղավ։ Այսպիսով, հանկարծ ինձ գտնելով նույն խորության մեջ, որից դուրս էի եկել, ես նոր և ավելի մեծ մոլորությունների մեջ ընկա, որոնք ինձ անդունդի ամենախորքը նետեցին։
Մոտ մի տարի ես անցկացրի Փարիզում, առանց Մանոնի մասին տեղեկանալու։ Սկզբում ինձ համար դժվար էր մաքառել փորձության դեմ։ Սակայն Տիբերժի մշտական խորհուրդներն ու իմ սեփական խորհրդածություններն ինձ օգնեցին հաղթանակելու։ Վերջին ամիսներն այնքան անվրդով էին սահել, որ թվում էր, թե շուտով ես առհավետ կմոռանամ այն չքնաղ ու նենգ արարածին։ Հասավ ժամանակը, երբ պարտավոր էի հրապարակական քննություն տալու աստվածաբանության դպրանոցում։ Ես դիմեցի մի քանի ականավոր մարդկանց, խնդրելով, որ իրենց ներկայությամբ մեծարեն իմ քննությունները։ Այսպիսով, իմ անունը տարածվեց Փարիզի բոլոր թաղամասերում և հասավ ուխտադրուժ սիրուհուս ականջին։ Նա միանգամից ստուգությամբ չճանաչեց այն՝ աբբա տիտղոսի անվան տակ. սակայն բոլորովին չսպառված հետաքրքրությունը կամ թերևս ինձ դավաճանած լինելու զղջումը (երբեք չեմ կարողացել իմանալ, թե այս զգացումներից իրոք որ մեկը) դրդեց նրան հետաքրքրվել մի անունով, որն այնքան նման էր իմ անվան։ Ուրիշ մի քանի տիկինների հետ նա էլ եկավ Սորբոն։ Նա ներկա գտնվեց իմ քննությանը և, անկասկած, առանց դժվարության ճանաչեց ինձ։
Ես ոչինչ չգիտեի նրա այցի մասին։ Բոլորին հայտնի է, որ Սորբոնի քննության դահլիճներում առանձին խուցեր են հատկացվում կանանց, որոնք մյուս հանդիսատեսներից թաքնված՝ նստում են շերտափեղկերի ետևը։ Ես դպրանոց վերադարձա փառքով պսակված և բարեմաղթությունների ու հաճոյախոսությունների տարափի տակ։ Երեկոյան ժամը վեցն էր։ Մի քիչ անց ինձ հայտնեցին, թե մի տրկին կամենում է ինձ տեսնել։ Իսկույն գնացի ընդունարան։ Աստվա՜ծ իմ, ի՞նչ անսպասելի հանդիպում. Մանոնն էր այնտեղ։ Դա նա էր, սակայն ավելի քնքուշ, ավելի գեղանի, քան երբևէ տեսել էի նրան։ Նա նոր էր թևակոխել իր տասնութ տարին։ Անկարելի էր նկարագրել նրա գրավչությունը. նա վերին աստիճանի նրբակերտ էր, քնքուշ և հմայիչ. իսկ և իսկ ինքը Սերը․ նրա ողջ կերպարանքն ինձ կախարդական թվաց։
Նրա ներկայությունը բոլորովին շշմեցրեց ինձ և, չկարողանալով գուշակել նրա այցի նպատակը, դողդոջուն և աչքերս գետին հառած, սպասում էի, որ նա խոսի։ Սի րոպե նա ինձնից նվազ շփոթված չէր։ Սակայն երբ տեսավ, որ ես շարունակում եմ լռել, ձեռը տարավ դեպի աչքերը արցունքները թաքցնելու համար։ Երկչոտ ձայնով ասաց, որ խոստովանում է, թե իր անհավատարմությամբ արժանի է իմ ատելությանը։ Սակայն, եթե ճշմարիտ է, որ ես երբևիցե որևէ քնքշություն եմ տածել դեպի ինքը, ապա նվազ անգթություն չէ իմ վիճակի մասին երկու տարվա ընթացքում և ոչ մի լուր նրան չհաղորդելը և առավել ևս անգթություն է՝ այժմ նրա հետ հանդիպելով ու տեսնելով նրա հուզումնալից վիճակը, չասել նրան և ոչ մի խոսք։ Անհնարին է արտահայտել իմ հոգու ալեկոծումը, երբ լսեցի նրա այս խոսքերը։
Նա նստեց։ Ես մնացի ոտի վրա՝ նրանից կիսով չափ շրջված, որովհետև չէի համարձակվում շեշտակի նայել նրա երեսին։ Բազմիցս փորձեցի պատասխանել նրան, սակայն ամեն անգամ ուժ չէի ունենում խոսքս ավարտելու։ Վերջապես մի ճիգ ևս արեցի և ցավագին բացականչեցի․
— Նենգ Մանոն։ Ա՜խ, նե՛նգ, նե՛նգ։
Նա կրկնեց, ջերմ արցունքներ թափելով, որ բնավ մտադիր էլ չէ արդարացնելու իր նենգությունը։
— Այդ դեպքում ի՞նչ ես կամենում,— գոչեցի ես նորից։
— Ես կամենում եմ մեռնել,— պատասխանեց նա,— եթե դու չվերադարձնես ինձ քո սիրտը, առանց որի ինձ անհնար է ապրելը։
— Այդ դեպքում պահանջիր իմ կյանքը, ուխտադրուժ,— բացականչեցի ես, ինքս նույնպես արցունքներ թափելով, չնայած ճգնում էի զսպել,— պահանջիր իմ կյանքը, այն միակ բանը, որը ես դեռ չեմ զոհաբերել քեզ համար, որովհետև իմ սիրտը երբեք չի դադարել քեզ պատկանելուց։
Հազիվ ես կարողացա արտասանել այս խոսքերը, երբ նա տեղից վեր կացավ և, հոգեզմայլ, նետվեց գիրկս։ Նա ողողեց ինձ իր տարփալի փաղաքշանքներով։ Նա ինձ տվեց այն բոլոր անունները, որ սերն ստեղծում է իր ամենավառ քնքշություններն արտահայտելու համար։ Ես տակավփն զուսպ ու թույլ էի արձագանքում։ Հիրավի, ի՜նչ անցում այն անդորր դրությունից, որի մեջ գտնվում էի, դեպի հոգեկան այն հուզումնալի շարժումները, որոնք վերակենդանանում էին իմ մեջ։ Սարսափն ինձ պատեց։ Ես դողում էի, ինչպես դողում է մարդը, երբ գիշեր ժամանակ գտնվում է որևէ հեռու, անբնակ վայրում, երբ թվում է, թե փոխադրված ես մի ինչ֊որ նոր իրադրության մեջ․ այդտեղ քեզ համակում է մի ինչ֊որ զաղտնի սարսափ, որից ազատվում ես միայն այն ժամանակ, երբ երկար և ուշիմ քննում ես շրջապատդ։
Մենք նստեցինք կողք-կողքի։ Նրա ձեռքերը ես առա իմ ձեռքերի մեջ։
— Ա՜խ, Մանոն,— ասացի նրան,— երբեք քեզնից չէի սպասում այն սև դավաճանությունը, որր դու ցույց տվիր ինձ ի հատուցումն իմ սիրո։ Քեզ համար հեշտ էր խաբել մի սիրտ, որի բացարձակ վեհապետուհին դու էիր, որի ողջ երանությունը քեզ հաճոյանալն ու հնազանդվելն էր։ Ասա հիմա ինձ, ուրիշ մեկի մոտ դու գտա՞ր արդյոք նույնքան սիրող, նույնքան հլու մի սիրտ, որքան իմ սիրտն էր։ Ո՛չ, ո՛չ. բնությունը հաճախ չի ստեղծում իմ սրտի նմանը։ Գեթ ասա ինձ, երբևիցե ափսոսացե՞լ ես այն կորցնելու համար։ Ինչ հավատ կարող եմ ընծայել այն բարի զգացման նկատմամբ, որը դրդել է քեզ գալ ինձ սփոփելու։ Ես լավ տեսնում եմ, որ դու ավելի հմայիչ ես, քան երբևէ, սակայն հանուն այն բոլոր տառապանքների, որ ես կրեցի քեզ համար, չքնաղ Մանոն, ասա ինձ, կլինե՞ս այսուհետև ավելի հավատարիմ։
Ի պատասխան ինձ՝ նա այնպիսի սրտառուչ խոսքեր ասաց իր զղջման մասին և այնպիսի հավաստիացումներով ու երդումներով պարտավորվեց հավատարիմ մնալ, որ իմ սիրտն անասելի փափկեց։
— Թանկագին Մանոն,— ասացի նրան, իրար միացնելով սիրային և աստվածաբանական արտահայտությունները,— հասարակ արարածի համար դու չափազանց գեղեցիկ ես։ Ես զգում եմ, թե ինչպես է իմ սիրտը տոգորվում հաղթական քաղցրությամբ։ Այն ամենը, ինչ սեմինարիայում ճառում են կամքի ազատության մասին, դա միայն բանդագուշանք է։ Քո սիրո համար ես պետք է կորցնեմ իմ կարողությունն ու բարի համբավը, ես այդ լավ եմ կանխատեսում. իմ ճակատագիրը կարդում եմ քո հրաշագեղ աչքերում․ սակայն այդ բոլոր կորուստները կմխիթարվեն քո սիրով։ հարստության առավելությունները ինձ չեն հրապուրում։ Փառքն ինձ թվում է իբրև ծուխ։ Կղերական կյանքի իմ բոլոր ծրագրերը՝ ցնորք։ Վերջապես այն բոլոր բարիքները, որոնք տարբեր են քեզնից ակնկալած վայելքից, արհամարհելի են ինձ, որովհետև դրանք մի ակնթարթ անգամ չեն կարող մնալ իմ սրտում՝ սոսկ քո մեկ նայվածքի հանդեպ։
Խոստանալով նրա հանցանքները լիովին մոռացության տալ, այնուամենայնիվ ես ուզեցի իմանալ, թե նա ինչպես է հրապուրվել պարոն դը Բ․֊ով։ Նա պատմեց, որ դը Բ․֊ն իրեն տեսել է լուսամուտի առաջ ու սիրահարվել։ Այդ պարոնը հայտնել է նրան իր սերը որպես կապալառու, այսինքն՝ նամակով գրել է, թե վարձատրությունը համապատասխան կլինի նրա գգվանքներին։ Ինքը զիջել է, սակայն միայն այն նպատակով, որ նրանից մի խոշոր գումար կորզի, որը հնարավորություն տա մեզ ապահով ապրելու։ Պարոն դը Բ․֊ն այնպիսի հրապուրող խոսքերով է շլացրել նրան, որ նա աստիճանաբար բոլորովին անձնատուր է եղել։
Զղջո՞ւմ էր արդյոք նա։ Այդ մասին ես կարող եմ դատել միայն այն ցավից, որ ինքը արտահայտեց մեր բաժանման նախօրյակին։ Եվ չնայած այն փարթամությանը, որով նա շրջապատված էր, այնուամենայնիվ երբեք Բ.-ի հետ երջանկություն չի վայելել, ոչ միայն այն պատճառով, որ ինքը նրա մոտ չի գտել,— ասաց նա ինձ,— իմ զգացմունքների քնքշությունն ու վերաբերմունքի քաղցր թովչանքը, այլ նրա համար, որ նույնիսկ անվերջ իրեն պատճառած հաճույքների մեջ իր սրտի խորքում նա անշեջ կրել է իմ սիրո հիշատակը և իր անհավատարմության խայթը։ Նա խոսեց Տիբերժի և այն մեծ շփոթության մասին, որ իրեն պատճառել է նրա այցելությունը։
— Սուսերի հարվածն իմ սրտում,— ավելացրեց նա,— ավելի քիչ խոցած կլիներ ինձ։ Ես հեռացա նրանից, չկարողանալով մի ակնթարթ անգամ տանել նրա ներկայությունը։
Հետո նա պատմեց, թե ինչպես է իմացել, որ ես Փարիզում եմ ապրում, ինչպես է իմացել իմ վիճակի փոփոխության և Սորբոնի քննությունների մասին։ Նա հավատացրեց, որ շատ հուզվել է հարցաքննության միջոցին։ Շատ ճիգեր է թափել ոչ միայն արցունքները, այլ նույնիսկ հառաչանքները և ճիչերը զսպելու համար, որոնք բազմիցս ստիպում էին նրան փղձկալ։ Վերջապես նա ասաց, որ ինքը դահլիճից դուրս է եկել բոլորից հետո, որպեսզի թաքցնի իր հուզմունքը, և միայն սրտի մղման և զգացմունքների ուժգնության շնորհիվ է, որ ուղղակի եկել է սեմինարիա, այստեղ մեռնելու որոշումով, թե ինձ չտեսնի ներելու պատրաստակամ։
Կարելի՞ է արդյոք գտնել մի բարբարոս, որին չհուզեր այսքան վառ ու քնքուշ զղջումը։ Ինչ ինձ է վերաբերում, ես այն րոպեին զգացի, որ Մանոնի սիրուն պատրաստ էի զոհաբերելու քրիստոնյա աշխարհի բովանդակ թիմերը։ Ես հարցրի նրա կարծիքը մեր անելիքի մասին։ Նա պատասխանեց, որ անհապաղ պետք է դուրս գալ սեմինարիայից և աշխատել մի ավելի ապահով ապաստարան գտնելու։ Ես առանց առարկելու համաձայնեցի նրա բոլոր թելադրանքներին։ Նա նստեց իր կառեթը, որպեսզի մեկնի և փողոցի անկյունում ինձ սպասի։ Փոքր-ինչ հետո ես էլ դռնապանից աննկատելի հեռացա։ Մենք ուղևորվեցինք դեպի պատրաստի զգեստի խանութը։ Ես նորից հագա ասպետի բաճկոնս և կապեցի սուսերս։ Մանոնը վճարեց դրանց արժեքը, որովհետև ես մի գրոշ անգամ չունեի. նա չկամեցավ, որ ես, թեկուզ մի վայրկյան, վերադառնամ իմ խուցը դրամ վերցնելու համար, վախենալով, թե միգուցե որևէ բան արգելք հանդիսանա իմ փախուստին։ Բացի դրանից, իմ ունեցածը չնչին գումար էր, իսկ նա, շնորհիվ Բ.-ի առատաձեռնության, բավական հարուստ էր, այնպեւ որ նրա հրամանով թողած հարստությանս ափսոսալու առրթ չկար։ Մենք հենց խանութում որոշեցինք մեր անելիքը։
Որպեսզի ես ավելի գնահատեմ ի սեր ինձ արած իր զոհաբերությունը, նա որոշեց խզել իր բոլոր կապերը Բ․-ի հետ։
— Ես ուզում եմ կահկարասիքը թողնել նրան,— ասաց նա ինձ,— դա նրան է պատկանում. սակայն միանգամայն արդարացի է, որ վերցնեմ բոլոր գոհարները և մոտ վաթսուն հազար ֆրանկ, որ «կորզել» եմ նրանից երկու տարվա ընթացքում։ Նա ոչ մի իրավունք չունի իմ նկատմամբ,— ավելացրեց Մանոնը,— այնպես որ մենք աներկյուղ կարող ենք մնալ Փարիզում և վարձել մի հարմար տուն, որտեղ և կապրենք երջանիկ։
Ես նրան առարկեցի, որ եթե նրա համար ոչ մի վտանգ չկա, ինձ համար վտանգը մեծ է, որովհետև վաղ թե ուշ քաղաքում կճանաչեն, և ինձ շարունակ կսպառնա դժբախտությունը, որ մի անգամ արդեն կրել եմ։
Նա ինձ հասկացրեց, որ նրա համար դժվար է հեռանալ Փարիզից։ Ես այն աստիճան էի վախենում նրան վշտացնելուց, որ չկար և ոչ մի վտանգ, որ չարհամարհեի, միայն թե հաճելի լինեմ նրան։ Այնուամենայնիվ, մենք գտանք մի միջին խելացի ելք, այն է, մի տուն վարձել Փարիզի շրջակա որևէ գյուղում, որտեղից հեշտ կլիներ գալ քաղաք ամեն անգամ, երբ մեր բարի ցանկությունը կամ անհրաժեշտ կարիքը կթելադրեր մեզ։ Մենք ընտրեցինք Շայոն, որը գտնվում էր քաղաքից ոչ հեռու։ Մանոնն անմիջապես մեկնեց իր բնակարանը, իսկ ես Տյուլըրիի այգու դռնակի մոտ մնացի նրան սպասելու։
Մի ժամ հետո նա վերադարձավ վարձու կառքով. հետը վերցրել էր իրեն սպասարկող աղախնուն և մի քանի պայուսակներ, որոնց մեջ նրա զգեստներն ու թանկագին իրերն էին։
Մենք շատ շուտ հասանք Շայո։ Գիշերն անցկացրինք հյուրանոցում, որպեսզի ժամանակ ունենանք մեզ համար մի տուն կամ գոնե մի հարմար բնակարան փնտրելու։ Հաջորդ օրն ևեթ վարձեցինք մեր ուզած տունը։
Սկզբում ինձ թվաց, թե իմ երջանկությունը միանգամայն հաստատուն է։ Մանոն ինքնին քնքշություն ու սիրալիրություն էր։ Նա այնպիսի քաղցր ու սիրալիր ուշադրությամբ էր վերաբերվում ինձ, որ ես կարծեցի, թե իմ ամբողջ տառապանքների փոխարեն ստացել եմ լիակատար հատուցում։ Երկուսս էլ բավական փորձառություն էինք ձեռք բերել, ուստի և ի վիճակի էինք կշռադատելու մեր կարողության մեծությունը։ Վաթսուն հազար ֆրանկը, որը մեր հարստության հիմքն էր, այնպիսի մի մեծ գումար չէր, որ բավարարեր մեր ամբողջ կյանքի ընթացքում։ Բացի այդ, մենք տրամադիր չէինք մեր ծախսերը զգալիորեն կրճատելու։ Խնայողությունը ոչ Մանոնի և ոչ էլ իմ գլխավոր առաքինությունն էր։ Ես նրան հետևյալ ծրագիրն առաջարկեցի։
Վաթսուն հազար ֆրանկը կարող է մեր գոյությունն ապահովել տասը տարի։ Եթե մենք շարունակենք ապրել Շայոյում, երկու հազար էկյուն մեզ մի տարի կբավարարի։ Մենք այստեղ կվարենք պատվավոր, սակայն համեստ կյանք։ Մեր միակ ծախսը կլինի թատրոնը և կառեթ պահելը։ Մենք կապրենք մեր միջոցների համեմատ։ Դու սիրում ես օպերա։ Շաբաթը երկու անգամ կհաճախենք։ Թղթախաղում այնպես կսահմանափակենք մեզ, որ մեր կորուստը երբեք երկու պիստոլից ավելի չլինի։ Անկարելի է, որ տասը տարվա ընթացքում իմ ընտանեկան կյանքում ոչ մի փոփոխություն չպատահի։ Հայրս ծեր է և կարող է շուտով մեռնել։ Ես կստանամ ժառանգության ինձ հասանելիք մասը, և այն ժամանակ մենք կհաղթահարենք մեր մտավախությունը և կհարթենք մնացած բոլոր դժվարությունները։
Այս կարգադրությունն իմ կյանքի ամենաանմիտ արարքը չէր չինի, եթե մենք բավականաչափ խելոք գտնվեինք մշտապես նրան հարմարվելու։ Սակայն մեր որոշումը տևեց միայն մի ամիս։ Մանոնը հաճույք էր սիրում, իսկ ես պաշտում էի նրան։ Ամեն րոպե դրամ ծախսելու նոր առիթներ էին ծագում, և ես ոչ միայն չէի ափսոսում այն գումարները, որ նա վատնում էր երբեմն մեծ շռայլությամբ, այլ ընդհակառակը, ինքս առաջինը պատրաստ էի նրան տալու այն ամենը, ինչ կարող էր հաճելի լինել։ Շայոյում մեր կյանքը արդեն տաղտկալի էր դառնում նրա համար։
Զմեռը մոտենում էր, բոլորը վերադառնում էին քաղաք․ գյուղն ամայանում էր։ Նա առաջարկեց նորից Փարիզ տեղափոխվել։ Ես չհամաձայնեցի․ սակայն, որպեսզի մի կերպ բավարարած լինեմ նրան, ասացի, որ կարելի է քաղաքում մի կահավորված բնակարան վարձել, որտեղ կարող կլինենք գիշերն անցկացնել, երբ երկար կնստենք ժողովարանում, ուր շաբաթը մի քանի անգամ լինում էինք, որովհետև նա գիշերն ուշ վերադառնալու անհարմարություններ էր բերում իբրև պատրվակ՝ Շայոյից հեռանալու համար։ Այսպիսով մենք ունեցանք երկու բնակարան․ մեկը՝ քաղաքում, իսկ մյուսը՝ գյուղում։ Նույն փոփոխությունը շուտով մեծ շփոթ առաջացրեց մեր գործերում, հարուցելով երկու արկած, որոնք և պատճառ եղան մեր կործանմանը։
Մանոնը մի եղբայր ուներ, որը գվարդիայի զինվոր էր։ Մեր չար բախտից պարզվեց, որ նա ևս ապրում է Փարիզում և հենց մեր փողոցում։ Եվ ահա նա ճանաչում է իր քրոջը։ երբ մի առավոտ նրան տեսնում է լուսամուտի առաջ, և անմիջապես վազում է մեզ մոտ։ Նա կոպիտ և պատվազուրկ մարդ էր։ Սոսկալի հայհոյանքներով մտնում է մեր սենյակը, և, որովհետև մասամբ իմացել է քրոջ արկածները, ապա անզուսպ հիշոցներ ու հանդիմանություններ է տեղում նրա գլխին։
Սենյակից ես դուրս էի եկել դրանից փոքր-ինչ առաջ, անկասկած նրա ու իմ բախտից, որովհետև ես բնավ տրամադիր չէի վիրավորանքներ տանելու։ Տուն վերադարձա նրա հեռանալուց հետո։ Մանոնի տրամադրությունից ես կռահեցի, որ իմ բացակայության ժամանակ մի արտասովոր բան է պատահել։ Նա ինձ պատմեց եղբոր հետ ունեցած անախորժ խոսակցության և նրա կոպիտ սպառնալիքների մասին։ Ես այնպիսի զայրույթ զգացի, որ ուղում էի անմիջապես գնալ պատճառած վիրավորանքի վրեժն առնելու, բայց Մանոնի արտասուքներն ինձ զսպեցին։
Երբ ես սույն արկածի մասին խոսում էի սիրուհուս հետ, գվարդիականն առանց դուռը բախելու նորից մտավ մեր սենյակը։ Եթե ես նրան ճանաչեի, ապա չէի ընդունի այնքան սիրալիր քաղաքավարությամբ։ Սակայն մեզ ուրախ բարևելուց հետո նա ժամանակ գտավ ասելու Մանոնին, որ եկել է նրանից ներողություն խնդրելու իր դյուրաբորբոքության համար։ Նա ասաց, որ ինքը կարծել է, թե իր քույրն անառակ կյանք է վարում, և այդ միտքը հարուցել է նրա զայրույթը։ Բայց, երբ մեր ծառաներից իմացել է իմ ով լինելը և ուրիշ շատ բարենպաստ տեղեկություններ, այժմ կամենում է մեզ հետ հաշտ ապրել և մտերմություն հաստատել։
Թեև մեր սպասավորներից իմ մասին ստացված այս տեղեկությունն ինքնին տարօրինակ ու վիրավորական էր, այնուամենայնիվ, ես քաղաքավարությամբ ընդունեցի նրա բարևը։ Ինձ թվում էր, որ այդպիսով հաճույք կպատճառեմ Մանոնին․ նա հիացած էր, որ իր եղբայրը հաշտության է արամադրված։ Մենք նրան այդ օրը ճաշի հրավիրեցինք։
Նա շուտով մեզ հետ այնքան մտերմացավ, որ երբ լսեց մեր՝ Շայո վերադառնալու մասին, ուզեց անպայման ուղեկցել մեզ։ Մենք հարկադրվեցինք նրան ևս տեղավորել մեր կառքում։ Այդպիսով նա իր տիրակալությունը հաստատեց մեր կյանքի վրա, որովհետև կարճ ժամանակից հետո սովորություն դարձրեց մեզ այցելել այնպիսի հաճությամբ, որ, ի վերջո, իրեն զգաց ինչպես իր տանը և դարձավ կատարյալ տնօրենն այն ամենի, ինչ մեզ էր պատկանում։ Նա ինձ եղբայր էր անվանում և եղբայրական ազատությամբ իր բոլոր բարեկամներին սկսեց հրավիրել Շայո՝ մեր տուն և մեր հաշվին հյուրասիրել։ Նա իր համար շքեղ զգեստ կարեց մեր ծախսով և մինչև իսկ ստիպեց մեզ վճարելու իր պարտքերը։ Ես աչքերս փակում էի այդ բռնակալության հանդեպ՝ Մանոնին չվշտացնելու համար և նույնիսկ ձևացնում թե չեմ տեսնում, ինչպես նա ժամանակ առ ժամանակ խոշոր գումարներ է կորզում իր քրոջից։ Ճիշտ է, լինելով մեծ խաղամոլ, նա այնքան ազնվություն ուներ, որ երբեմն վերադարձնում էր ստացած գումարները, երբ բախտը նպաստում էր։ Սակայն մեր կարողությունը չափազանց աննշան էր, որպեսզի հնարավոր լիներ երկար ժամանակ հոգալու նրա այդ կարգի ծախսերը։
Ես արդեն պատրաստվել էի ամենայն խստությամբ բացատրվել նրա հետ իր աներեսության համար, երբ մի չարաբաստիկ դիպված ազատեց ինձ այդ հոգսից, նետելով մեզ մի ուրիշ դժբախտությանն գիրկը, որը մեզ անվերադարձ կործանեց։
Մի անգամ, ինչպես դա հաճախ էր պատահում, մենք մնացել էինք Փարիզում՝ գիշերն այնտեղ անցկացնելու համար։ Աղախինը, որն այն ժամերին մենակ էր մնում Շայոյում, առավոտյան եկավ ինձ հաղորդելու, որ մեր տանը հրդեհ է բռնկվել, որը մեծ դժվարությամբ են հանգցրել։ Ես նրան հարցրի, թե մեր կահ-կարասիքր չի՞ վնասվել արդյոք: Նա պատասխանեց, որ շնորհիվ օգնության եկած բազմաթիվ անծանոթ մարդկանց այնպիսի մի իրարանցում է եղել այնտեղ, որ նա ոչ մի բան դրականապես պնդել չի կարող։ Ես սարսափ զգացի, մտածելով փոքր արկղում գտնվող մեր դրամի մասին։ Անմիջապես Շայո վերադարձա։ Զո՜ւր աճապարանք․ արկղիկն անհետացել էր։
Ես միայն այն ժամանակ հասկացա, որ կարելի է դրամը սիրել և ժլատ չլինել։ Այս կորուստն այնպիսի մի սուր ցավով համակեց ինձ, որ կարծեցի, թե խելագարվում եմ։ Անմիջապես պատկերացրի, թե ինչ նոր դժբախտությունների պիտի ենթարկվեմ. չքավորությունը դրանցից փոքրագույնն էր։ Ես լավ էի ճանաչում Մանոնին, իմ մորթու վրա արդեն զգացեւ էի, որ նա որքան էլ հավատարիմ է ու նվիրված ինձ, երբ բախտը ժպտում է մեզ, այնուամենայնիվ, դժբախտության դեպքում նրա վրա հույս դնել չի կարելի, նա չափից դուրս սիրում էր փարթամությունն ու հաճույքները, որպեսզի ի վիճակի լիներ դրանք զոհաբերելու իմ սիրուն։ «Կկորցնե՜մ նրան,— բացականչեցի ես։— Անբախտ ասպետ, դու վերստին կկորցնես նրան, ում սիրում ես»։ Այս միտքն այնպիսի սարսափելի տագնապի մեջ ձգեց ինձ, որ մի քանի րոպե տատանվում էի, թե լավ չի՞ լինի արդյոք միանգամից վերջ դնել իմ բոլոր տառապանքներին, դիմելով անձնասպանության։
Բայց և այնպես հոգով դեռ բավականին արի էի, որպեսզի կարողանայի նախապես քննեի թե չկա՞ արդյոք որևէ այլ միջոց՝ աղետի հետևանքները կանխելու։ Երկինքն ինձ ներշնչեց մի միտք, որը փրկեց ինձ հուսալքությունից, մտածեցին թե արդյոք չե՞մ կարող մեր կորուստը թաքցնել Մանոնից։ Շնորհիվ իմ հնարամտության կամ մի երջանիկ պատահականության ես ի վիճակի կլինեմ նրան ապահովել պատվավոր ու բարեկեցիկ մի կյանք, որպեսզի նա չզգա կարիքի բեռը։
— Ես հաշվել էի,— ասացի ինձ մխիթարելու համար, որ քսան հազար էկյուն մեզ կբավականացնի տասը տարի․ այժմ ենթադրենք, թե այդ տասը տարին արդեն անցել է, մինչդեռ իմ ընտանիքում չի կատարվել սպասած փոփոխությունը։ Ի՞նչ պիտի անեի տվյալ հանգամանքներում, այդ լավ չգիտեմ․ սակայն ի՞նչն է ինձ արգելում հիմա անել այն, ինչ ես պիտի անեի այդ դեպքում։ Փարիզում որքան մարդիկ են ապրում, որոնք ոչ իմ խելքն ունեն և ոչ էլ բնատուր ձիրքերս, սակայն որոնք իրենց ապրուստը հայթայթում են սեփական ընդունակությունների համեմատ։
«Մի թե նախախնամությունը կատարյալ իմաստությամբ չի դասավորել աշխարհի բաները,— ավելացրի ես, խորհրդածելով տարբեր հասարակական դիրքերի մասին։— Հարուստ և մեծանուն մարդկանց մեծամասնությունը տխմարներ են․ սա ակներև է յուրաքանչյուր մարդու համար, ով քիչ թե շատ ճանաչում է աշխարհը։ Արդ, այստեղ զարմանալի արդարություն է նախատեսված։ Եթե այդ մարդկանց իրենց հարստության հետ տրված լիներ նաև խելք, նրանք չափից դուրս երջանիկ պիտի լինեին, իսկ մնացած մարդիկ՝ չափազանց անբախտ․ այս վերջիններիս էլ տրված են մարմնի և հոգու ունակությունները, որպես թշվառության ու չքավորության դեմ մաքառելու միջոցներ։ Ոմանք վայելում են մեծերի հարստությունը՝ սպասարկելով նրանց հաճույքներին և նրանց իրենց խաբեության զոհը դարձնելով։ Ուրիշները ծառայում են նրանց դաստիարակությանը, ջանալով նրանցից պատվարԺան մարդիկ կրթել։ Ճշմարիտ է, դա հազվադեպ է հաջողվում նրանց, սակայն աստվածային իմաստության նպատակը այդ չէ, դրանք միշտ իրենց շանքերից օգուտ են քաղում, ապրելով ի հաշիվ այն մարդկանց, որոնց դաստիարակում են․ և խնդիրը ինչ կողմից էլ որ քննելու լինենք, ունևորների ու մեծատունների տխմարությունն այս աշխարհի ընչազուրկների եկամտի լավագույն աղբյուրն է»։
Այս խոհերը մի փոքր հանգստացրին իմ սիրտն ու միտքը։ Ես որոշեցի նախապես խորհրդակցել Մանոնի եղբոր՝ պարոն Լեսկոյի հետ։ Նա կատարելապես գիտեր Փարիզը, և ես բազմիցս առիթ էի ունեցել համոզվելու, որ նրա եկամտի գլխավոր աղբյուրը ոչ իր սեփական կարողությունն է և ոչ էլ թագավորից ստացած թոշակը։ Ինձ մոտ մնում էր ընդամենը քսան պիստոլ, որոնք, բարեբախտաբար , գրպանումս էին։ Ես նրան ցույց տվի քսակս ու պատմեցի իմ դժբախտության ու մտավախության մասին, խնդրելով, որ նա ասի, թե ինձ համար չկա՞ արդյոք մի ուրիշ ելք, քան սովամահությունը կամ ինքնասպանությունը։ Նա պատասխանեց, որ ինքնասպանությունը տխմարների գործն է. ինչ վերաբերում է սովամահությանը, բազմաթիվ խելացի մարդիկ անգամ ենթարկվում են դրան, երբ չեն կամենում գործադրել իրենց ձիրքերը։ Հետո նա ավելացրեց, որ ինքս պիտի մտածեմ, թե ինչ բանի եմ ընդունակ․ իսկ նա իր կողմից պատրաստ է ինձ աջակցել և խորհուրդներ տալ իմ բոլոր ձեռնարկներում։
— Այդ ամենը չափազանց անորոշ է, պարոն Լեսկո,— ասացի ես նրան.— իմ դրությունն անմիջական օգնություն է պահանջում, որովհետև ի՞նչ պիտի ասեմ Մանոնին։
— Ի՞նչն է ձեզ անհանգստացնում Մանոնի վերաբերմամբ,— վրա բերեց նա։— Նրա նկատմամբ դուք միշտ էլ կարող եք հանգիստ լինել, եթե կամենաք։ Նման մի աղջիկ պետք է, որ մեզ բոլորիս՝ և՛ ձեզ, և՛ իրեն, և՛ ինձ, պահի։
Նա թույլ չտվեց ինձ ըստ հարկի պատասխանելու իր անլուր լկտիությանը և ավելացրեց, ասելով, որ խոստանում է մինչև երեկո հայթայթել հազար էկյու, կեսը՝ ինձ, կեսը՝ իրեն, եթե միայն կամենամ հետևել իր խորհրդին։ Նա ասաց, որ ճանաչում է մի ազնվական պարոնի, որն այնքան է առատաձեռն հաճույքի խնդրում, որ ինքը հավատացած է, թե նա մեծ հաճությամբ կտա հազար էկյու Մանոնի նման մի աղջկա սիրո համար։
Ես նրան թույլ չտվի շարունակելու։
— Ձեր մասին ես ավելի լավ կարծիք ունեի,— ասացի նրան։— Ես երևակայում էի, թե ձեր՝ դեպի ինձ տածած բարեկամությունը բխում է մի այլ զգացումից, քան այն, որը դուք ցուցաբերեցիք հենց հիմա։
Նա առանց ամաչելու խոստովանեց ինձ, որ ինքը միշտ նույն կարծիքն է ունեցել, և քանի որ քույրը խախտել է իր սեռի օրենքները՝ թեկուզև ամենից սիրած տղամարդու համար, ապա ինքը հաշտվել է նրա հետ սոսկ այն հաշվով, ոը իրեն կհաջողվի որևէ օգուտ քաղել քրոջ վատ վարքից։
Ինձ համար դժվար չէր հասկանալ, որ մինչև այսօր նա մեզ անամոթ կերպով խաբել է։ Սակայն որքան էլ նրա խոսքերը իմ արդար զայրույթը հարուցեցին, այնուամենայնիվ, կարիքն ինձ ստիպեց ժպտալով պատասխանել, որ նրա խորհուրդն ընդունում եմ որպես վերջին միջոց, որին պետք է դիմել ծայրահեղ դեպքում։ Իսկ այժմ նրան խնդրում եմ մի այլ ուղի նշել։
Այն Ժամանակ նա ինձ առաջարկեց օգտագործել բնությունից ինձ շնորհված երիտասարդությունս ու գեղեցկությունս և ջանալ սիրային կապեր հաստատել որևէ պառավ և առատաձեռն տիկնոջ հետ։ Ես չընդունեցի և այդ խորհուրդը որովհետև դա պահանջում էր դավաճանել Մանոնին։
Ես նրան մատնանշեցի թղթախաղը, որպես միակ և ամենադյուրին մի միջոց, որը պատշաճում է իմ վիճակին։ Նա ասաց, որ, հիրավի, թղթախաղը կարող է փող վաստակելու միջոց լինել, սակայն դա պահանջում է որոշ բացատրություններ։ Նախաձեռնել թղթախաղը միայն տանելու հույսով, դա, անտարակույս, նշանակում է կատարյալ դարձնել իմ կործանումը․ իսկ հավակնել մենակ, առանց ուրիշի աջակցության, կիրառելու այն բոլոր փոքր հնարները, որ գործադրում են ճարպիկ մարդիկ, որպեսզի շտկեն բախտի անակնկալությունը, դա չափազանց վտանգավոր մի զբաղմունք է։ Կա և մի երրորդ ճանապարհ՝ ընկերության մեջ մտնել ուրիշ խաղացողների հետ։ Սակայն իմ երիտասարդությունը նրան երկյուղ է ներշնչում, թե ընկերության պարոն անդամները կարող են կարծել, որ ես տակավին զուրկ եմ նրանց ընկերակցելու շնորհքից։ Այնուամենայնիվ, նա խոստացավ իմ մասին բարեխոսել նրանց և, ինչ ես բնավ չէի սպասում նրանից, առաջարկեց ինձ մի որոշ գումար, երբ ծայր կարիքն ինձ նեղի։ Միակ շնորհը, որ խնդրեցի նրանից տվյալ հանգամանքներում, դա այն էր, որ նա ոչինչ չասի Մանոնին ոչ իմ կորստի և ոչ էլ մեր խոսակցության նյութի մասին։
Նրա մոտից ես հեռացա ավելի գժգոհ, քան այցելել էի, նույնիսկ զղջացի, որ իմ գաղտնիքը հայտնել եմ նրան։ Նա ինձ ոչ մի այնպիսի բան չարեց, որը չկարողանայի նրանից ստանալ առանց իմ խոստովանության․ մինչդեռ ես սաստիկ վախենում էի, որ նա կխախտի իր խոստումը՝ ոչինչ չհայտնելու Մանոնին։ Բացի այդ, իր զգացումների հայտնությամբ, նա ինձ առիթ տվեց երկյուղելու, որ կորոշի Մանոնից օգուտ քաղել, ինչպես ինքն էր ասում, խլելով նրան իմ ձեռից կամ առնվազն խորհուրդ տալով նրան լքել ինձ՝ որևէ հարուստ կամ առավել երջանիկ սիրեկանի հետ կապվելու համար։ Այս առթիվ արած իմ բյուր խորհրդածությունները լոկ մի բանի հանգեցին՝ սաստկացրին իմ տագնապն ու վերանորոգեցին այն հուսալքությունը, որը պատել էր ինձ առավոտյան։ Մի քանի անգամ մտադրվեցի նամակով դիմել հորս և մի նոր կեղծ զղջումով նրանից դրամական օգնություն հայցել։ Սակայն անմիջապես հիշեցի, թե ինչպես նա, չնայած իր բարեսրրտությանը, վեց ամիս խստությամբ արգելափակել էր ինձ առաջին հանցանքիս համար։ Ես համոզված էի, որ Սեն֊Սյուլպիսից իմ կատարած փախուստից հետո, որը, անկասկած, խոշոր աղմուկ պետք է հանած լիներ, նա ինձ հետ ավելի խիստ կվարվեր։
Ի վերջո, այս խորհրդածությունների շփոթից իմ գլխում մի միտք ծագեց, որն իսկույն ինձ հանգստացրեց, և ես զարմացա, թե ինչու այն ավելի առաջ չէի հղացել․ իմ մեջ ծագեց Տիբերժի աջակցությանը դիմելու միտքը։ Ես հավատացած էի, որ հանձին նրա, միշտ կգտնեմ նույն ջերմ ու բարեկամական վերաբերմունքը։ Ոչինչ չկա ավելի հրապուրիչ և ոչ մի բան այնքան պատիվ չի բերում առաքինությանը, որքան այն վստահությունը, որով դիմում ես այնպիսի անձանց, որոնց ազնվությունը քեզ արդեն հայտնի է. գիտես, որ ոչ մի անակնկալությունից երկյուղ չունես, եթե նրանք միշտ ի վիճակի չեն օգնության ձեռք կարկառելու, գոնե վստահ ես, որ նրանք քեզ բարություն ու կարեկցանք ցույց կտան։ Սիրտդ, որ օտար մարդկանց առջև փակվում է այնքան մեծ խնամքով, ինքնաբերաբար բացվում է նրանց ներկայությամբ, ինչպես ծաղիկն է փթթում ջերմ արևի տակ, որից նա միայն կենսատու ջերմություն է սպասում։
Մտածեցի, որ ես սոսկ աստծո ներշնչմամբ այսպես՝ հենց ժամանակին մտաբերեցի Տիբերժին և որոշեցի միջոցներ որոնել նրա հետ մինչ երեկո տեսնվելու համար։ Անմիջապես վերադարձա տուն, որպեսզի նրան մի երկտող գրեմ և նշանակեմ մեր տեսակցության հարմար վայրը։ Ես նրան խնդրեցի կատարյալ լռություն պահ պանել մեր հանդիպման մասին․ դա ամենամեծ ծառայությունն էր, որ նա կարող էր ինձ մատուցել իմ ներկա վիճակում։
Տիբերժի հետ տեսնվելու հույսի ներշնչած բերկրանքը ջնջել էր իմ դեմքից թախծի հետքերը, որ Մանոնն անպայման կնշմարեր իմ երեսին։ Շայոյում մեզ պատահած դժբախտությունը ես նրան ներկայացրի իբրև մի դատարկ բան, որը բնավ չպիտի հուզեր նրան։ Եվ որովհետև Փարիզն այն քաղաքն էր, որը նա ամենից շատ էր սիրում և ուր նա միշտ տենչացել էր ապրել, ապա նա բնավ չսրտմտեց, որ մենք ստիպված ենք այնտեղ մնալ, մինչև որ Շայոյում նորոգեն հրդեհի պատճառած չնչին ավերումները։
Մի Ժամ հետո ստացա Տիբերժի պատասխանը․ նա խոստանում էր լինել նշանակված վայրում։ Ես անհամբերությամբ վազեցի դեպի այդ վայրը։ Այնուամենայնիվ, որոշ ամոթ զգացի երևալու մի բարեկամի աչքին, որի սոսկ ներկայությունն իմ անառակության կշտամբանքը կարող էր լինել։ Սակայն նրա սրտի բարության մասին ունեցած վստահությունս ու Մանոնի նկատմամբ զգացած հոգատար գուրգուրանքս պահեցին իմ արիությունը։
Ես նրան խնդրել էի գալ Պալե Ռուայալի այգին։ Նա ինձնից առաջ էր եկել այնտեղ։ Հենց որ ինձ տեսավ, իսկույն նետվեց դեպի ինձ և գրկախառնվեց․ նա երկար ժամանակ ինձ սեղմեց իր գրկում, և նրա արցունքները թրջեցին դեմքս։ Ես ասացի, որ մեծ ամոթով եմ հանդիպում նրան և որ իմ սրտում միշտ վառ է մնում երախտագիտությանս զգացումը․ ամենից առաջ խնդրեցի նրան ասել, թե արդյոք ինձ թույլատրելի՞ է նայել իրեն իբրև բարեկամի, երբ միանգամայն արդարացիորեն արժանի եմ, որ նա ինձ զրկի իր հարգանքից ու սիրուց։ Նա պատասխանեց ամենաքնքուշ խոսքերով, որ ոչ մի բան չի կարող ստիպել նրան հրաժարվելու այդ կոչումից․ մինչև իսկ իմ դժբախտությունները կամ եթե ես թույլ տամ նրան այդպես արտահայտվել, մոլություններս ու մոլորություններս կրկնապատկել են դեպի ինձ տածած նրա քնքշությունը։ Սակայն այդ քնքշությունը համակվել է ամենախոր վշտով, որը զգում ես սիրելի բարեկամիդ հանդեպ, երբ նա քո աչքերի առաջ կործանվում է, իսկ դու ի վիճակի չես օգնության ձեռք կարկառել նրան։
Մենք նստեցինք նստարանին։
— Ավա՜ղ,— ասացի ես նրան սրտի խոր հառաչանքով,— ձեր կարեկցությունը չափազանց մեծ է, սիրելի Տիբերժ, եթե, ինչպես դուք հավաստիացնում եք, այն հավասար է իմ տառապանքներին։ Ես ամաչում եմ դրանք ձեզ ցուադրելուց, որովհետև պատճառը, խոստովանում եմ, գովելի չէ․ սակայն նրանց հետևանքն այն աստիճան տխուր է, որ կարիք չկա ինձ սիրել այնպես, ինչպես դուք եք սիրում, որպեսզի կարեկցանք շարժեմ դեպի ինձ։
Նա ինձ խնդրեց հանուն մեր բարեկամության, առանց որևէ բան թաքցնելու, պատմել իրեն այն ամենը, ինչ ինձ պատահել է իմ՝ Սեն֊Սյուլպիսից մեկնելուց հետո։ Ես բավարարեցի նրա ցանկությունը, նկարագրեցի իմ սիրո պատմությունը դրա՝ ինձ ներշնչած թափով, առանց աշխատելու աղավաղել ճշմարտությունը կամ նվազեցնել մոլորություններս՝ դրանց ներումը դյուրությամբ ստանալու նպատակով։ Ես իմ սերը նրան պատկերացրի իբրև մեկը ճակատագրի մասնակի հարվածներից, որը մարդուս մղում է դեպի իր կործանումը, և որից առաքինությունը չի կարող պաշտպանել, ինչպես այդ չի կարող նախատեսել իմաստությունը։ Ես վառ գույներով նկարագրեցի նրան իմ հուզմունքը, երկյուղը և այն հուսալքությունը, որով բռնված էի երկու ժամ առաջ և որի մեջ վերստին պիտի ընկնեի, եթե իմ բարեկամներն ինձ լքեն նույնպիսի անգթությամբ, ինչպես արել է ճակատագիրը։ Ի վերջո, իմ պատմությամբ ես այն աստիճան շարժեցի Տիբերժի սիրտը, որ նա՝ դեպի ինձ տածած կարեկցանքից նույնքան վշտացած էր, որքան ես իմ ցավերից։
Նա անդադար գրկում էր ինձ, քաջալերում ու մխիթարում։ Սակայն որովհետև նա մինչև վերջը պնդում էր, թե անհրաժեշտ է Մանոնից բաժանվել, ես կտրականապես ասացի նրան, որ այդ բաժանումը համարում եմ իմ դժբախտություններից ամենամեծագույնը, և որ ես պատրաստ եմ կրելու ոչ միայն ամենածայրահեղ թշվառությունը, այլև մինչև իսկ ամենադաժան մահը, նախքան կդիմեմ բուժման այնպիսի մի միջոցի, որը շատ ավելի անտանելի է, քան իմ բոլոր ցավերը միասին վերցրած։
— Այդ դեպքում, խնդրում եմ, բացատրեցեք ինձ,— ասաց նա,— ինչպիսի՞ օգնություն կարող եմ ցույց տալ, եթե դուք ընդդիմանում եք իմ բոլոր առաջարկություններին։
Ես քաջություն չունեցա ասելու, որ նրա քսակի օգնության կարիքն ունեմ։ Ի վերջո, նա ինքը գուշակեց այդ և, խոստովանելով, որ իրեն թվում է, թե ինձ հասկանում է, մի պահ լռեց տատանվող մարդու կերպարանք ընդունելով։
— Չկարծեք,— ասաց նա նորից,— որ իմ մտածմունքի պատճառը սիրուս ու բարեկամությանս սառնությունն է։ Դուք այնպիսի երկընտրանքի առաջ եք դնում ինձ, որ ես ստիպված եմ կամ մերժել միակ օգնությունը, որ դուք համաձայնում եք ընդունել, կամ խախտել իմ պարտականությունը՝ ընձեռելով ձեզ այդ օգնությունը։ Մի՞թե նպաստել ձեր համառությանը, չի նշանակում մասնակցել ձեր անառակ կյանքին։
— Այնուամենայնիվ,— շարունակեց նա, մի րոպե մտածելուց հետո,— ես ենթադրում եմ, որ գուցե հենց ձեր փոթորկալից դրությունը, որի մեջ դուք ընկել եք չքավորության հետևանքով, ձեզ զրկում է լավ ընտրություն անելու ազատությունից։ Միայն անդորր վիճակում մարդ կարող է ճաշակել իմաստությունն ու ճշմարտությունը։ Ես միջոց կգտնեմ ձեզ դրամ հայթայթելու։ Միայն թույլ տվեք, սիրելի ասպետ,— շարունակեց նա, գրկելով ինձ,— ձեզ մի պայման դնել․ դուք ինձ կհայտնեք ձեր բնակավայրի հասցեն և կհանդուրժեք, որ ես գոնե ջանամ ձեզ վերադարձնել առաքինությանը, որը, ինչպես ես լավ գիտեմ, դուք սիրում եք, և որից ձեզ հեռացնում է լոկ կրքերի մոլեգնությունը։
Ես անկեղծորեն խոստացա նրան այն, ինչ ցանկանում էր և խնդրեցի կարեկցել իմ չարախինդ ճակատագրին, որը ստիպում է ինձ այդ աստիճան անարժան վերաբերմունք ցույց տալ այդքան ազնիվ մի բարեկամի խորհուրդներին։ Այնուհետև նա ինձ առաջնորդեց իրեն ծանոթ մի բանկիրի մոտ, որն ինձ տվեց հարյուր պիստոլ նրա մուրհակի դիմաց, որովհետև ինքը Տիբերժը բնավ կանխիկ դրամ չուներ։ Ես արդեն առիթ ունեցա ասելու, որ նա հարուստ չէր։ Նրա բենեֆիցիան հազար էկյուի արժեք ուներ, սակայն որովհետև նա առաջին տարին էր այդ ստանում, ուստի տակավին ոչ մի եկամուտ չէր ունեցել դրանից. նա այդ գումարն ինձ տվեց ի հաշիվ իր ապագա եկամտի։
Ես լավ զգացի նրա մեծահոգության ողջ արժեքը և այն աստիճան զգացվեցի, որ սկսեցի ողբալ շլացումն իմ ճակատագրական սիրո, որը ստիպում էր ինձ խախտելու բոլոր պարտականություններս։ Միառժամանակ առաքինությունը բավականին ուժ ունեցավ իմ սրտում ըմբոստանալու կրքիս դեմ և ես՝ գեթ արթնամտության այդ րոպեներին, գիտակցեցի իմ շղթաների ամոթն ու ստորությունը։ Սակայն պայքարը թույլ էր և երկար չտևեց։ Սոսկ Մանոնի տեսքն ընդունակ էր ինձ գահավիժել երկնքից, և երբ նորից նրա մոտ եղա, ես զարմացա, թե ինչպես էի կարողացել թեկուզ մի ակնթարթ, ամոթալի համարել այդպիսի արդարացի քնքշությունը՝ այնքան հրապուրիչ մի անձի համար։
Մանոնը մի արտասովոր արարած էր։ Անկարելի է երևակայել մի աղջիկ, որն այնքան քիչ սիրեր դրամը, ինչպես Մանոնը։ Սակայն դրա սոսկ պակասության երկյուղը մի րոպե անգամ հանգիստ չէր տալիս նրան։ Նա սիրում էր միայն հաճույքը և կենսուրախ ժամանցը։ Նա երբեք մի սու անգամ չէր ծախսի, եթե կարելի լիներ զվարճանալ առանց դրամի։ Նա չէր էլ հետաքրքրվում, թե ինչ դրության մեջ են մեր միջոցները, միայն թե օրը հաճելի անցկացներ։ Մանոնը թղթախաղով չափից դուրս չէր տարվում, ոչ էլ շլանում էր մեծ ծախսերի շուքով, այնպես որ նրան բավարարելուց ավելի հեշտ բան չկար, միայն թե օրը օրին պետք էր ապահովել հաճելի զվարճությունները։ Սակայն այդ զվարճությունները այն աստիճանի էին նրան անհրաժեշտ, որ առանց դրանց բացարձակապես անկարելի էր ապավինել նրա տրամադրությանը և վստահել հակումներին։ Թեև նա ինձ սիրում էր քնքշագին, և ես նրա սեփական խոստովանությամբ, միակ մարդն էի, որն ի վիճակի էր նրան լիովին ճաշակել տալու սիրո քաղցրությունը, այնուամենայնիվ, գրեթե համոզված էի, որ նրա քնքշությունը որոշ երկյուղի ազդեցության տակ չէր կարող անդրդվելի մնալ։ Նա ինձ կգերադասեր ողջ աշխարհից, եթե միայն ես թեկուզ միջակ կարողություն ունենայի։ Սակայն ես ամենևին չէի տարակուսում, որ նա ինձ կլքի որևէ մի նոր դը Բ․-ի համար, եթե ես բացի սիրուց ու հավատարմությունից ընդունակ չլինեմ առաջարկել նրան որևէ մի ուրիշ բան։
Ուստի որոշեցի այնպես կարգավորել սեփական հաշիվներս, որ միշտ ի վիճակի լինեմ հոգալու նրա ծախսերը և ավելի շուտ ինձ զրկել հազար ու մի անհրաժեշտ բաներից, քան սահմանափակել նրան թեկուզև շռայլության մեջ։ Ինձ ամենից շատ վախեցնում էր կառեթը, որովհետև բնավ հնարավորություն չունեի ձիեր և կառապան պահելու։
Իմ մտատանջության մասին հայտնեցի պարոն Լեսկոյին։ Ես նրանից չէի թաքցրել, որ մի բարեկամից հարյուր պիստոլ էի ստացել։ Նա ինձ վերստին հիշեցրեց, որ եթե ցանկանում եմ փորձել իմ բախտը թղթախաղում, նա հույս ունի, որ մի հարյուր ֆրանկ բարեհաճորեն զոհաբերելով նրա ընկերներին հյուրասիրելու համար, ինձ կհաջողվի իր հանձնարարությամբ ընդունվել վարպետ խաղացողների ընկերության մեջ։ Չնայած դեպի խաբեությունն ունեցած իմ գարշանքին, ես ստիպված էի համաձայնվել, դրդված անողոք անհրաժեշտությունից։
Նույն երեկո պարոն Լեսկոն ինձ, իբրև իր ազգականի, ներկայացրեց նրանց։ Նա ավելացրեց, որ ես առանձնապես տրամադրված եմ տանել թղթախաղում, որովհետև բախտի շնորհների մեծ կարիք ունեմ։ Միևնույն ժամանակ, որպեսզի հասկացնել տա, թե ես ամենաետին չքավորը չեմ, նա ասաց, որ մտադիր եմ բոլորին ընթրիքի հրավիրելու։ Այս առաջարկությունն ընդունվեց։ Ես նրանց շատ լավ հյուրասիրեցի։ Նրանք անվերջ խոսում էին իմ գեղեցկության և երջանիկ ձիրքերի մասին։ Միաբերան հաստատում էին, թե ինձնից շատ բան կարելի է սպասել, թե իմ դեմքն այնքան ազնվություն է արտահայտում, որ ոչ ոք ինձ չի կասկածի խարդախության մեջ։ Ի վերջո, նրանք իրենց գոհունակությունը հայտնեցին պարոն Լեսկոյին՝ ընկերության մեջ այսպիսի մի շնորհալի նորեկի անդամագրության համար և ասպետներից մեկին հանձնարարեցին ուսուցել ինձ թղթախաղի անհրաժեշտ կանոնները և հրահանգները։
Իմ սխրագործությունների գլխավոր թատերաբեմը պիտի լիներ Տրանսիլվանյան հյուրանոցը, ուր մի դահլիճում դրված էր փարավոնախաղի սեղանը, իսկ մյուս սրահներում խաղում էին զառերով․ կային նաև ուրիշ թղթախաղեր։ Այս խաղատունը պահում էր իշխան Ռ․-ն, որն այն ժամանակ ապրում էր Կլանիայում, և նրա սպաների մեծ մասը մեր ընկերության մեջ էր գտնվում։ Թեպետև ամաչում եմ խոստովանել, սակայն պետք է ասեմ, որ քիչ ժամանակում մեծ օգուտ քաղեցի ուսուցչիս դասերից. ես առանձնապես մեծ ճարպկություն ձեռք բերի թղթերը փոխարինելու շնորհքի մեջ․ մի զույգ երկար բազկակալների օգնությամբ ես ամենասևեռուն աչքերից անգամ աննկատելի կերպով խարդախում էի և ամենայն սառնասրտությամբ սնանկացնում բազմաթիվ ազնիվ խաղացողների։ Սույն արտակարգ ճարպկությունն այն աստիճան բազմացրեց իմ կարողությունը, որ մի քանի շաբաթից խոշոր գումարների տեր դարձա, չհաշված այն դրամները, որ ես սիրահոժար կիսում էի իմ ընկերների հետ։
Ես այլևս չէի երկյուղում Մանոնին պատմելու Շայոյի մեր կորստյան մասին և այն անախորժ լուրից նրան սփոփելու համար մի կահավորված տուն վարձեցի, ուր սկսեցինք փարթամ ու անհոգ կյանք վարել։
Այս ամբողջ ժամանակվա ընթացքում Տիբերժը բազմիցս այցելել էր ինձ։ Նրա բարոյական խրատանքներին վերջ չկար։ Նա անդադար հիշեցնում էր այն վնասը, որ ես պատճառում եմ իմ խղճմտանքին, պատվին ու կարողությանը։ Նրա նկատողությունները ես ընդունում էի բարեկամաբար և թեպետ բնավ տրամադիր չէի հետևելու նրա խրատներին, այնուամենայնիվ, մեծապես երախտապարտ էի նրան խանդավառ հոգատարության համար, որովհետև գիտեի, թե ինչ աղբյուրներից է բխում այն։ Շատ անգամ ես մտերմաբար ծաղրում էի նրան Մանոնի ներկայությամբ և հորդորում չջանալ իր բծախնդրությամբ գերազանցել բազմաթիվ եպիսկոպոսների և այլ կղերականների, որոնք թե՛ սիրուհի են պահում և թե՛ բենեֆիցիա ստանում։
— Դիտեցեք,— ասում էի ես նրան, մատնանշելով իմ սիրուհու աչքերը,— և ասացեք, կա՞ն այնպիսի հանցանքներ, որոնք չարդարացվեն այսպիսի մի հրաշագեղ պատճառով։
Նա համբերությունը չէր կորցնում, ընդհակառակը, նրա համբերությունը անչափ մեծ էր։ Սակայն, երբ տեսավ, որ իմ հարստությունն օրեցօր աճում է, և ես ոչ միայն նրան վերադարձրի իր հարյուր պիստոլը, այլև մի նոր տուն վարձելով և կրկնապատկելով իմ ծախսերը, նորից թաղվեցի ավելի մեծ հաճույքների մեջ, քան երբևէ, նա միանգամայն փոխեց իր խոսելու ձևը և վերաբերմունքը դեպի ինձ։ Նա գանգատվեց իմ քարսրտությունից, սպառնաց երկնային պատժով և նախագուշակեց ապագա իմ դժբախտությունները, որոնք և շուտով հարվածեցին ինձ։
— Անկարելի է,— ասում էր նա,— որ ձեր անառակ կյանքին անհրաժեշտ հարստությունները ձեռք բերված լինեն օրինավոր ճանապարհով։ Դուք անարդարությամբ եք վաստակել դրանք և նույն եղանակով էլ պիտի կորցնեք։ Աստծո ամենասարսափելի պատիժը կլինի թողնել, որ դուք հանդարտ վայելեք դրանք։ Իմ բոլոր խորհուրդները,— ավելացրեց նա,— իզուր անցան ձեզ համար․ ես լավ եմ տեսնում, որ շուտով դրանք տաղտկալի պիտի երևան ձեզ։ Մնաք բարով, ապերախտ և թուլամորթ բարեկամս։ Թող ստվերների պես անհետանան ձեր հանցավոր հաճույքները։ Թող անվերադարձ կորչի ձեր բարեբախտությունն ու կարողությունը, և դուք մնաք մերկ ու միայնակ, որպեսզի զգաք ձեզ խելահեղորեն արբեցնող բոլոր բարիքների ունայնությունը։ Այն ժամանակ դուք ինձ կգտնեք պատրաստակամ ձեզ սիրելու և ծառայելու․ իսկ այսօր ես խզում եմ ամեն մի հարաբերություն ձեզ հետ և արհամարհում այն կյանքը, որ դուք եք վարում։
Այս առաքելական քարոզը նա կարդաց իմ սենյակում Մանոնի ներկայությամբ։ Նա ոտքի կանգնեց, որ հեռանա։ Ես փորձեցի չթողնել նրան։ Սակայն Մանոնն ինձ կասեցրեց, ասելով, թե բարեկամս խելագար է, որին պետք է թույլ տալ հեռանալու։
Այնուամենայնիվ, նրա խոսքերը որոշ տպավորություն գործեցին ինձ վրա։ Այսպես, ես նշում եմ այն բազմաթիվ առիթները, երբ իմ սիրտը տենչում էր վերադառնալ դեպի բարին, որովհետև ապագայում ես այդ հուշերին էի պարտական իմ ուժի այն մասը, որն ինձ օգնեց տանելու իմ կյանքի ամենացավալի րոպեները։
Մանոնի փաղաքշանքները մի ակնթարթում փարատեցին այս տեսակցության ինձ պատճառած վիշտը։ Մենք շարունակեցինք վարել հաճույքներից ու սիրուց հյուսված մի կյանք։ Մեր հարստության աճումը կրկնապատկեց մեր փոխադարձ գուրգուրանքը։ Վեներան և Ֆորտունան երբևիցե մեզնից ավելի երջանիկ ստրուկներ չեն ունեցել։ Աստվա՜ծ իմ, ինչպե՞ս կարելի է աշխարհն անվանել տառապանքների անդաստան, երբ այստեղ մարդիկ կարող են ճաշակել այնքան քաղցրանուշ վայելքներ։ Սակայն, ավա՜ղ, դրանք սրընթաց թռչելու հատկություն ունեն․ ուրիշ ի՞նչ երանություն կարելի է գերադասել դրանցից, եթե դրանք իրենց բնությամբ հարատև լինեին։ Իմ և Մանոնի վայելքներին էլ վիճակված էր նույն ընդհանուր բախտը, այսինքն՝ այդ հաճույքները երկար չտևեցին և դառն կսկիծներ պատճառեցին մեզ։
Թղթախաղում ես այնպիսի խոշոր գումարներ տարա, որ մտածում էի մի մասը պահ տալ սեղանավորին։
Մեր ծառաներր գիտեին իմ հաջողությունների մասին, մանավանդ իմ սպասավորը և Մանոնի աղախինը, որոնց ներկայությամբ հաճախ մենք խոսակցում էինք առանց զգուշանալու։ Աղախինը գեղեցիկ էր։ Իմ սպասավորը սիրահարվել էր նրան։ Նրանք գործ ունեին երիտասարդ ու ներողամիտ տերերի հետ, որոնց, ինչպես նրանք կարծում էին, հեշտությամբ կարելի էր խաբել։ Նրանք հղացան մեզ կողոպտելու միտքը և այդ իրագործեցին այնքան չարամտորեն և այնպիսի դրության մեջ նետեցին մեզ, որից այնուհետև երբեք չկարողացանք դուրս գալ։
Մի անգամ պարոն Լեսկոն մեզ ընթրիքի էր հրավիրել իր մոտ, և երբ մենք տուն վերադարձանք, մոտավորապես կեսգիշեր էր։ Ես կանչեցի իմ սպասավորին, Մանոնը՝ իր աղախնին․ չերևաց ո՛չ մեկը, ո՛չ մյուսը։ Իմացանք, որ նրանք ութ ժամ առաջ հեռացել են տնից, իրենց հետ վերցնելով մի քանի արկղներ, նրանց ասելով, ինձանից ստացած կարգադրության համաձայն։ Ես մասամբ նախազգացի ճշմարտությունը․ սակայն այն, ինչ տեսա սենյակ մտնելիս, գերազանցեց իմ բոլոր կասկածները։ Իմ առանձնասենյակի փակը կոտրել էին և դրամս ու բոլոր զգեստներս գողացել։ Մինչ ես մտածում էի այս դեպքի մասին, Մանոնը սաստիկ հուզված եկավ ինձ հաղորդելու, որ նույն կողոպուտը կատարվել է և իր սենյակում։
Հարվածն այն աստիճան անողորմ էր, որ միայն բանականության արտակարգ ճիգն արգելեց ինձ անձնատուր չլինել լաց ու կոծին։ Այն երկյուղը, որ իմ վհատությամբ կհամակվի նաև Մանոնը, ստիպեց ինձ արտաքուստ անվրդով կերպարանք ցույց տալ։ Կատակով ես նրան ասացի, թե Տրանսիլվանյան հյուրանոցում որևէ ձախողակ խաղացող կհատուցի մեր վնասները։ Մինչդեռ նա այն աստիճան էր հուզված մեզ պատահած դժբախտությունից, որ նրա տրամադրությունն ինձ շատ ավելի վշտացրեց, քան իմ կեղծ զվարճությունը կարող էր նրան զերծ պահել հուսալքությունից։
— Մենք կործանվեցինք,— ասաց նա, արցունքներն աչքերին։ Ես իզուր էի աշխատում նրան մխիթարել իմ գգվանքներով։ Սեփական արտասուքներս մատնում էին վհատությունս ու վիշտս։ Հիրավի, այնպես հիմնովին էին կողոպտել մեզ, որ մի շապիկ անզամ չէր մնացել։
Ես որոշեցի իսկույն ևեթ կանչել պարոն Լեսկոյին։ Նա ինձ խորհուրդ տվեց անմիջապես դիմել պարոն ոստիկանապետին և Փարիզի գլխավոր դատավորին։ Ես այդ կատարեցի, սակայն մեծապես վնասելով ինձ, որովհետև ոչ միայն դիմումս և իմ խնդրանքով արդարության այդ պահապանների արած քայլերը հետևանք չունեցան, այլև այդպիսով ես ժամանակ տվի Լեսկոյին խորհրդակցելու իր քրոջ հետ և իմ բացակայությամբ նրան ներշնչել մի սարսափելի վճիռ։ Նա Մանոնին պատմում է մի ծեր տռփասեր պարոն դը Գ․ Մ․-ի մասին, որը շռայլորեն հատուցում էր իր հաճույքների համար և այնքան համոզիչ կերպով է մատնանշում նրան այդ պարոնի սիրուհին լինելու առավելությունները, որ Մանոնը՝ միանգամայն ընկճված մեր դժբախտությունից, համաձայնում է նրա բոլոր ասածներին։ Սույն պատվավոր գործարքը կնքվել էր իմ վերադարձից առաջ, իսկ իրագործումր հետաձգվել էր մյուս օրվան, որպեսզի Լեսկոն նախազգուշացնի պարոն դը Գ․ Մ․-ին։
Երբ ես վերադարձա, Լեսկոն մեր տանը սպասում էր ինձ, բայց Մանոնն առանձնացել էր իր սենյակը քնելու և հրամայել էր սպասավորին ասել ինձ, որ հանգստի կարիք ունի և խնդրում է չխանգարել իրեն այդ գիշեր։ Լեսկոն հեռացավ ինձնից, առաջարկելով մի քանի պիստոլ, որը և ես ընդունեցի։
Երբ անկողին մտա, մոտ ժամը չորսն էր։ Ես նորից երկար ժամանակ խորհեցի մեր կարողությունը վերականգնելու միջոցների մասին և այնքան ուշ քնեցի, որ ժամը տասնմեկը թե տասներկուսն էր, երբ արթնացա։ Հապճեպ վեր կացա, որպեսզի գնամ իմանալու Մանոնի առողջության մասին․ ինձ ասացին, որ մի ժամ առաջ նա տնից մեկնել է իր եղբոր հետ, որը կառքով եկել էր նրա ետևից։ Թեպետ այդպիսի զբոսանքը Լեսկոյի հետ ինձ խորհրդավոր թվաց, այնուամենայնիվ ես ճնշում գործ դրի ինձ վրա, որպեսզի վանեմ կասկածներս։ Մի քանի ժամ անցկացրի ընթերցանությամբ․ ի վերջո, չկարողանալով այլևս զսպել իմ հուզմունքը, սկսեցի մեծ-մեծ քայլերով ետ ու առաջ անել բնակարանում։ Մանոնի սենյակում սեղանի վրա մի փակ նամակ նկատեցի։ Նամակն ինձ էր ուղղված. ձեռագիրը նրանն էր։ Ես նամակը բացեցի մահացու մի սարսուռով․ ահա թե ինչ էր ասված այնտեղ.
«Երդվում եմ քեզ, իմ սիրելի ասպետ, որ դու իմ սրտի կուռքն ես, ողջ աշխարհում ես միայն քեզ կարող եմ սիրել այնպես, ինչպես իրոք սիրում եմ։ Սակայն դու չե՞ս տեսնում, իմ խեղճ, սիրելի հոգյակս, որ մեր արդի վիճակում հավատարմությունն անմիտ առաքինություն է։ Մի՞թե դու կարծում ես, թե կարելի է քնքուշ լինել, երբ քաղցած ես։ Քաղցն ինձ համար մի ճակատագրական սխալանքի պատճառ կարող է լինել։ Մի օր ես կտամ իմ վերջին շունչր, կարծելով, դա սիրո հառաչանքն է։ Ես քեզ պաշտում եմ, հավատա ինձ, սակայն թույլ տուր ինձ միառժամանակ հարթել մեր դրամական դժվարությունները։ Վա՜յ նրան, ով կընկնի իմ ցանցը։ Ես աշխատում եմ, որպեսզի հարստացնեմ և երջանկացնեմ ասպետիս։ Իմ եղբայրը քեզ լուրեր կհաղորդի քո Մանոնի մասին. նա քեզ կասի, թե որքան եմ արտասվել քեզ լքելու անհրաժեշտության պատճառով»։
Այս նամակի ընթերցումից հետո ես ընկա մի այնպիսի դրության մեջ, որ միանգամայն դժվարանում եմ նկարագրել, որովհետև մինչև այսօր էլ չգիտեմ, թե ինչպիսի՞ զգացումներով էի այն ժամանակ փոթորկված։ Դա մեկն էր այն բացառիկ կացություններից, որոնց նմանը ոչ ոք չի ապրել երբևէ․ չի կարելի դրանք բացատրել ուրիշներին, որովհետև ուրիշները չեն կարող գաղափար կազմել այդ մասին։ Բացի դրանից, ինքդ էլ դժվարանում ես լավ ըմբռնել դրանք, որովհետև, լինելով եզակի իրենց տեսակում, հիշողության մեջ դրանք չեն հարակցվում այլ ապրումների հետ, և ոչ էլ կարելի է մինչև իսկ դրանք համեմատել որևէ ծանոթ զգացման հետ։ Սակայն, ինչպիսին էլ որ լիներ իմ կացությունը, համենայն դեպս, պարզ էր, որ նա պարունակում էր և՛ ցավ, և՛ զայրույթ, և՛ խանդ, և՛ ամոթ։ Որքա՞ն ես երջանիկ կլինեի, եթե այն չպարունակեր մեծ չափով և սեր։
«Մանոնն ինձ սիրում է, ես հավատում եմ դրան։ Սակայն չէ՞ որ նա պետք է հրեշ լինի,— բացականչեցի ես,— որպեսզի ատի ինձ։ Կա՞ն արդյոք այնպիսի իրավունքներ մի սրտի նկատմամբ, որ ես չունենամ նրա հանդեպ։ Էլ ի՞նչ է մնացել անելու այն ամենից հետո, ինչ ես զոհաբերեցի նրան։ Այնուամենայնիվ, նա ինձ լքում է․ ապերախտը կարծում է, թե իրեն իմ կշտամբանքներից զերծ է պահում, ասելով, թե չի դադարել ինձ սիրելուց։ Նա քաղցից է վախենում։ Օ՜, սիրո աստված, զգացումների ինչպիսի՞ գռեհկություն և որպիսի հատուցում՝ իմ սեփական նրբազգացությանը։ Քաղցն ինձ չահաբեկեց, երբ ես, ի սեր նրա, հաճությամբ ենթարկվեցի դրա փորձանքներին՝ հրաժարվելով իմ կարողությունից ու հայրական տան քաղցր անդորրից։ Ես, որ ինձ զրկել եմ ամենաանհրաժեշտ պետքերից, որպեսզի բավարարեմ նրա չնչին ցանկություններն ու քմահաճույքները։ Նա ասում է, որ ինձ պաշտում է։ Եթե, հիրավի, դու ինձ պաշտեիր, երախտամոռ, դու կխորհրդակցեիր ինձ հետ, չէիր լքի առանց հրաժեշտի։ Ի՛նձ պետք է հարցնել, թե ինչպիսի դաժան տանջանքների է ենթարկվում մարդս, երբ բաժանվում է իր պաշտած էակից։ Պետք է բանականությունից զրկված լինես, որպեսզի քեզ հոժարակամ ենթարկես դրանց»։
Իմ գանգատներն ընդհատեց մեկի այցելությունը, որին ես բնավ չէի սպասում։ Այցելողը Լեսկոն էր։
— Դահիճ,— գոչեցի ես, ձեռքս տանելով սուսերիս ո՞ւր է Մանոնը, ի՞նչ արիր նրան։
Նա ահաբեկվեց իմ շարժումից։ Պատասխանեց, որ եթե նրան այդպես եմ ընդունում, երբ գալիս է ինձ հաշիվ տալու այն խոշորագույն ծառայության համար, որ կարողացել է ինձ մատուցել, ապա նա ստիպված է իսկույն հեռանալ և դրանից հետո էլ երբեք իր ոտքն իմ տունը չդնել։ Ես վազեցի դեպի դուռը և պինդ փակեցի։
— Չկարծես,— ասացի ես դառնալով նրան, թե քեզ կհաջողվի մի անգամ ևս ինձ խաբել ու հեքիաթներով կերակրել։ Պաշտպանիր քո կյանքը կամ ինձ վերադարձրու Մանոնին։
— Է՜, որքա՜ն դյուրաբորբոք եք,— առարկեց նա,— ես էլ հենց այդ նպատակով եմ եկել։ Եկել եմ ձեզ հայտնելու մի երջանկության մասին, որը ձեր մտքով անգամ չի անցել, և որի համար դուք, թերևս, շնորհակալ պիտի լինեք ինձ։
Ես պահանջեցի, որ նա անմիջապես բացատրի, թե ինչ է ուզում ասել։
Նա ինձ պատմեց, որ Մանոնը, չկարողանալով տանել թշվառության երկյուղը և մանավանդ այն միտքը, որ մենք ստիպված պիտի լինենք միանգամից փոխելու մեր ապրելակերպը, խնդրել է իրեն հնարավորություն տալ ծանոթանալու պարոն դը Գ․ Մ․-ի հետ, որի մասին ասում են, որ շատ առատաձեռն է։ Նա, իհարկե, չասաց, որ ինքն է այդ խորհուրդը տվել Մանոնին, և ոչ էլ այն, որ ինքն է ուղի հարթել, նախքան նրան այնտեղ առաջնորդելը։
— Ես այս առավոտ,— շարունակեց նա,— Մանոնին տարա նրա մոտ, և այդ արժանապատիվ մարդն այնքան հրապուրվեց նրա գեղեցկությամբ, որ հրավիրեց նրան նախապես գնալ իր ամառանոցը, ուր նա ցանկանում է անցկացնել մի քանի օր։ Իսկ ես,— շարունակեց Լեսկոն,— մի ակնթարթում ըմբռնելով, թե ինչ օգուտ կարելի է քաղել ձեզ համար այս առիթից, ճարպկությամբ հասկացրի նրան, որ Մանոնը խոշոր կորուստներ է ունեցել, և այն աստիճան շոյեցի նրա մեծահոգությունը, որ ծերուկն իսկույն երկու հարյուր պիստոլ նվիրեց Մանոնին։ Ես նրան ասացի, որ առայժմ դա հրաշալի է, սակայն ապագայում մեծ ծախսեր են սպասում քրոջս, որը իր խնամքի տակ է վերցրել մեր հոր և մոր մահից հետո մնացած փոքրիկ եղբորը։ Եվ եթե պարոն դը Մ․-ն Մանոնին արժանի է համարում իր հարգանքին, ապա նա չի թողնի, որ իմ քույրը մտատանջվի այն խեղճ երեխայի համար, որի կյանքն անբաժան է իր կյանքից։ Պարոն դը Մ.֊ն զգացվեց իմ պատմածից։ Նա պարտավորվեց մի հարմար տուն վարձել ձեզ և Մանոնի համար, որովհետև այդ դուք եք մեր խեղճ փոքրիկ որբ եղբայրը։ Նա խոստացավ պատշաճորեն կահավորել տունը և ձեզ նշանակել չորս հարյուր լիահնչուն ֆունտ ամսաթոշակ, որը մի տարում անում է, իմ հաշվով, չորս հազար ութ հարյուր։ Գյուղ մեկնելուց առաջ նա հրամայեց իր կառավարչին մի տուն գտնել և մինչև իր վերադարձը հոգ տանել, որ ամեն ինչ այնտեղ պատրաստ լինի։ Այն ժամանակ դուք վերստին կտեսնեք Մանոնին, որն ինձ հանձնարարել է իր փոխարեն ձեզ հազար անգամ համբուրել և հավաստիացնել, որ նա ձեզ սիրում է ավելի շատ, քան երբեք։
Ես հուսաբեկ նստեցի և խորասուզվեցի դառն մտածմունքների մեջ, թե որքան տարօրինակ ընթացք ունի իմ վիճակը։ Զանազան զգացումներ ու մի անասելի անորոշ կացություն պատեցին ինձ, և ես երկար ժամանակ ոչ մի պատասխան չկարողացա տալ Լեսկոյի հարցումների տարափին։ Այդ վայրկյանում պատիվը և առաքինությունն ինձ ստիպեցին խղճի խայթ զգալու, և ես հառաչելով մի հետադարձ հայացք ձգեցի դեպի Ամիյեն՝ դեպի իմ հայրենական տունը, դեպի Սեն-Սյուլպիս և դեպի այն բոլոր վայրերը, ուր ես ապրել էի անմեղության մեջ։ Ինչպիսի անսահման տարածություն էր ինձ բաժանում նախկին երջանիկ կացությունից։ Ես այն տեսնում էի հեռվից։ Նա երևում էր որպես մի ստվեր, որը հարուցում էր իմ կսկիծն ու տանջանքները, և որը, սակայն, չափազանց թույլ էր, որպեսզի կարողանար հարուցել և իմ եռանդը։ «Ո՞ր ճակատագիրը,— ասացի ես մտքումս,— այս աստիճան հանցագործ դարձրեց ինձ։ Սերն անմեղ մի կիրք է։ Ինչպե՞ս դա ինձ համար եղավ թշվառության ու անառակության աղբյուր։ Ո՞վ էր ինձ արգելում անդորր ու առաքինի ապրել Մանոնի հետ։ Ինչո՞ւ ես նրա հետ չամուսնացա, նախքան նրա սիրո ապացույցն ստանալը։ Մի՞թե ինձ քնքշագին սիրող հայրս չէր համաձայնվի, եթե ես թախանձեի նրան օրինավոր պնդումով։ Օ՜հ, հայրս ինքը կգուրգուրեր Մանոնին որպես հրաշագեղ մի աղջկա, որն ավելի քան արժանի է իր որդու կինը լինելու։ Ես երջանիկ կլինեի Մանոնի սիրով, հորս գուրգուրանքով, ազնվաբարո մարդկանց հարգանքով, բախտի բարիքներով և առաքինության անդորրությամբ։ Օ՜, իմ չարաբաստիկ հեղհեղուկ վիճակ։ Ինչպիսի՞ ստոր մարդ են ուզում ինձ դարձնել։ Ես նրա հետ ի՞նչ պետք է կիսեմ․․․ Սակայն կարո՞ղ եմ արդյոք երկմտել, քանի որ ինքը Մանոնն է այդպես կարգադրել, և քանի որ ես կարող եմ կորցնել նրան, եթե չհամարձայնվեմ այդ նվաստացուցիչ առաջարկության հետ»։
— Պարոն Լեսկո,— բացականչեցի ես, աչքերս փակելով, կարծես այս ցավալի մտքերն ինձնից վանելու համար,— եթե դուք մտադրվել եք ինձ ծառայություն մատուցել, ապա շնորհակալությունս եմ ձեզ հայտնում։ Իհարկե, դուք կարող էիք այդ անել մի ուրիշ, ավելի ազնիվ ճանապարհով։ Բայց դա արդեն կատարվել է, այնպես չէ՞։ Այժմ մեզ մնում է միայն խորհել, թե ինչպես օգտվենք ձեր հոգատարությունից և ինչպես օգտագործենք ձեր ծրագիրը։
Լեսկոն, որին իմ զայրույթն ու դրանից հետո տիրող երկար լռությունը շփոթել էր, մեծապես ուրախացավ, լսելով իմ՝ իր սպասածից բոլորովին տարբեր վճիռը, որը նրան անշուշտ երկյուղ էր պատճառել․ նա բնավ քաջասիրտ չէր։ Հետագայում այդ մասին ես ամենահամոզիչ փաստերն ունեցա։
— Այո, այո,— պատասխանեց նա շտապ,— ես շատ խոշոր ծառայություն մատուցեցի ձեզ, և կտեսնեք, որ ապագայում դրանից մենք ավելի մեծ օգուտ կքաղենք, քան դուք սպասում եք։
Մենք սկսեցինք խորհրդակցել, թե ինչ կերպ կարելի կլիներ կանխել պարոն դը Գ․ Մ․-ի կասկածները, որ նա կարող էր ունենալ մեր ազգակցության վերաբերյալ, երբ տեսներ, որ ես ավելի բարձրահասակ եմ և, թերևս, ավելի տարիքոտ քան նա պատկերացնում էր։ Մենք ուրիշ հնար չգտանք․ ես որոշեցի նրա առաջ գավառացու միամիտ կերպարանք ընդունել՝ որ իբր պատրաստվում եմ հոգևորական դառնալու, և այդ նպատակով ամեն օր ճեմարան եմ գնում։ Բացի դրանից, մենք որոշեցինք, որ առաջին անգամ, երբ պատիվ ունենամ նրան ներկայանալու, հնարավորին չափ վատ հագնվեմ։
Պարոն դը Գ․ Մ․-ն քաղաք վերադարձավ երեք-չորս օրից հետո։ Նա անձամբ Մանոնին ուղեկցեց իր կառավարչի վարձած և խնամքով կահավորված տունը։ Նրա վերադարձի մասին Մանոնն անմիջապես տեղեկացրեց Լեսկոյին, իսկ վերջինս հաղորդեց ինձ այդ լուրը, և մենք երկուսով մեկնեցինք Մանոնի մոտ։ Ծեր սիրեկանն արդեն դուրս էր եկել տնից։
Չնայած այն անտրտունջ խոնարհությանը, որով ես հպատակվեցի Մանոնի ցանկություններին, այնուամենայնիվ, չկարողացա զսպել սրտիս մորմոքը, երբ նորից տեսա նրան։ Տխուր ու հոգետանջ վիճակում ներկայացա նրան։ Նրան վերստին տեսնելու ուրախությունս բոլորովին չփարատեց իր անհավատարմությունից կրած իմ վիշտը։ Ընդհակառակը, ինքը կարծես հիացած էր ինձ նորից տեսնելու հաճույքից։ Նա ինձ կշտամբեց սառնությանս համար։ Ես չկարողացա ինձ զսպել և նրան նենգ ու սիրադրուժ անվանեցի. այս խոսքերը արտասանեցի հառաչանքով։
Նա նախ ծիծաղեց իմ անշուք արտաքինի վրա, սակայն երբ տեսավ իր դեմքին հառած անթարթ հայացքս և իմ խոր վիշտը՝ կրած այս փոփոխության հետևանքով, որ միանգամայն անհարիր էր իմ բնավորությանը և տենչանքներին, նա լուռ առանձնացավ իր սենյակը։ Մի րոպե հետո ես հետևեցի նրան։ Նա դառն արտասվում էր։ Ես հարցրի արտասվելու պատճառը։
— Քեզ դա լավ հայտնի պետք է լինի,— պատասխանեց նա։— Կարո՞ղ եմ արդյոք ես ապրել, երբ իմ տեսքը քեզ ուրիշ բան չի ներշնչում, բացի տխրությունից ու վշտից։ Ահա մի ժամ է, ինչ դու այստեղ ես, սակայն ինձ ոչ մի անգամ չգուրգուրեցիր, մինչդեռ իմ գգվանքներն ընդունեցիր սուլթանի վեհությամբ՝ կարծես հարեմում։
— Լսիր, Մանոն,— ասացի ես, գրկելով նրան,— չեմ կարող քեզնից թաքցնել, որ իմ սիրտը մահացու խոցվել է։ Այժմ ես չեմ խոսում այն խոր վշտի մասին, որ ինձ պատճառել է քո անսպասելի փախուստը, ոչ էլ այն անգթության մասին, որով դու առանց մխիթարական մի խոսքի լքեցիր ինձ՝ գիշերն ուրիշի անկողնում անցկացնելով։ Քո ներկայության հմայքն ընդունակ է ինձ ստիպել մոռանալու դեռ ավելին։ Բայց մի՞թե դու կարծում ես, թե ես կարող եմ առանց հառաչանքի ու արցունքի,— շարունակեցի ես լալագին,— մտածել այն տխուր ու թշվառ կյանքի մասին, որը ես այստեղ վարելու եմ քո կամքի համաձայն։ Մի կողմ թողնենք իմ ծագումն ու պատիվը, այս բոլորը չափազանց թույլ հիմքեր են, որպեսզի կարենան մրցել իմ սիրո հետ։ Մի՞թե չես պատկերացնում, թե ինչպես սերը մորմոքում է, երբ տեսնում է իրեն այդքան վատ վարձատրված կամ, ավելի շուտ, ագթորեն խոշտանգված՝ երախտամոռ ու դաժան սիրուհուց։
— Լսիր, ասպետս,— ընդհատեց Մանոնը,— անօգուտ է ինձ տանջել կշտամբանքներով, որոնք խոցում են սիրտս, երբ դրանք քեզանից եմ լսում։ Ես տեսնում եմ, թե ինչն է քեզ վիրավորում։ Ես հույս ունեի, թե դու կհամաձայնես այն ծրագրի հետ, որ կառուցել էի մեր կարողությունը փոքր-ինչ վերականգնելու համար։ Ես միայն քո փափկանկատությունը խնայելու նկատառումով սկսեցի այն իրագործել առանց քո մասնակցության․ բայց ես դրանից հրաժարվում եմ, քանի որ դու չես տալիս քո հավանությունը։— Նա ավելացրեց, որ այժմ ինձանից խնդրում է միայն մի բան՝ համբերել մինչև երեկո, որովհետև ինքն արդեն երկու հարյուր պիստոլ ստացել է իր ծեր սիրեկանից, որը նրան խոստացել է երեկոյան բերել մի հրաշալի մարգարտյա մանյակ և ուրիշ գոհարներ, ապա նաև խոստացած տարեկան թոշակի կեսը։ Ժամանակ տուր ինձ,— ասաց նա,— որ ես ստանամ այս նվերը. երդվում եմ քեզ, որ նա ոչ մի հիմք չունի պարծենալու, թե վայելել է իմ շնորհները, որովհետև ես այդ նրան խոստացել եմ քաղաք վերադառնալուց հետո։ Ճիշտ է, նա միլիոն և ավելի անգամ համբուրել է իմ ձեռները, և միանգամ այն արդարացի է, որ վճարի այդ հաճույքի համար․ հինգ կամ վեց հազար ֆրանկ մի արտակարգ վճար չէ՝ նկատի ունենալով նրա հարստությունն ու տարիքը։
Նրա որոշումն ինձ շատ ավելի հաճելի էր, քան հինգ հազար ֆրանկ ստանալու հույսը։ Ես առիթ ունեցա համոզվելու, որ իմ սիրտր տակավին ամբողջապես չի կորցրել պատվի զգացումը, քանի որ այդքան հրճվում է ամոթալի արարքից խուսափելու համար։ Սակայն ես ծնված եմ վաղանցուկ բերկրանքի և տևական տառապանքների համար։ Ճակատագիրն ինձ փրկեց մի վիհից՝ որպեսզի նետի մի ուրիշ անդունդ։
Երբ հազար ու մի փաղաքշանքով իմ երջանկությունը հայտնեցի Մանոնին նրա այդ շրջադարձի առթիվ, ես ավելացրի, որ պետք է այս մասին տեղեկացնել պարոն Լեսկոյին, որպեսզի նրա հետ համաձայնեցնենք մեր անելիք քայլերը։
Սկզբում Լեսկոն փոքր-ինչ մտմտաց․ սակայն չորս-հինգ հազար ֆրանկ հնչուն դրամը դրդեցին նրան ուրախությամբ ընդունելու մեր առաջադրած ծրագիրը։ Որոշեցինք, որ բոլորս էլ կգնանք ընթրիքի պարոն դը Գ․ Մ․-ի մոտ՝ երկու պատճառով․ նախ՝ որպեսզի մի քիչ զվարճանանք, ես ինձ ձևացնելու էի որպես Մանոնի դպրոցական եղբայրը, երկրորդ՝ որպեսզի թույլ չտանք ցոփ ծերուկին չափից դուրս ազատ վարվել սիրուհուս հետ, ենթադրելով, թե նա այդ իրավունքը գնել է իր այնքան առատ կանխավճարով։ Լեսկոն և ես պետք է հեռանայինք, երբ Գ․ Մ․-ն բարձրանար իր սենյակը, որտեղ անցկացնելու էր գիշերը, իսկ Մանոնը, փոխանակ նրան հետևելու, խոստացավ մեր ետևից դուրս գալ տնից և գիշերն անցկացնել ինձ հետ։ Լեսկոն հանձն առավ ապահովել, որ մեր կառքը ճիշտ որոշված ժամին պատրաստ լինի դռան առաջ։
Երբ ընթրիքի Ժամանակը հասավ, պարոն դը Գ․ Մ․-ն իրեն երկար սպասել չտվեց։ Լեսկոն քրոջ հետ դահլիճում էր։ Ծերուկը ողջունեց իր գեղանի սիրուհուն՝ նվիրաբերելով նրան մարգարտյա ապարանջաններ, մանյակներ, օղեր, որոնք առնվազն հազար էկյու արժեին։ Այնուհետև նա հնչուն ոսկով հաշվեց երկու հազար չորս հարյուր ֆունտ, որը նշանակած թոշակի կեսն էր։ Նա իր ընծաները համեմեց բյուր հաճոյախոսություններով՝ հյուսված հին արքունի ոճով։ Մանոնը չկարողացավ նրան մերժել մի քանի համբույր․ դրանով նա իրավունք էր ձեռք բերում այն դրամի վրա, որ ծերուկը տալիս էր նրան։ Ես դրսում դռան մոտ՝ ականջ էի դնում, սպասելով, որ Լեսկոն ինձ նշան անի ներս մտնելու։
Նա եկավ իմ ետևից և ձեռքիցս բռնած մտցրեց գահլիճ, երբ Մանոնն արդեն ստացած գրամն ու գոհարները թաքցրել էր իր արկղիկում։ Նա ինձ տարավ պարոն դը Գ․ Մ․-ի մոտ և հրամայեց խոր գլուխ տալ։ Ես երեք թե չորս անգամ խոնարհվեցի նրա առաջ։
— Ներողամիտ եղեք, պարոն,— ասաց Լեսկոն,— երեխան տակավին բոլորովին անտաշ է։ Ինչպես տեսնում եք, նա դեռևս չի տիրապետում Փարիզի նիստուկացին, սակայն մենք հույս ունենք, որ սովորությունը կհղկի նրան։ Դուք պատիվ պիտի ունենաք պարոնին հաճախ այստեղ տեսնելու,— ավելացրեց նա, շրջվելով դեպի ինձ,— աշխատեցեք լավ օգտվել այսպիսի մի սքանչելի օրինակից։
Ծեր սիրեկանը կարծես հաճույքով էր ինձ դիտում։ Նա երկու թե երեք անգամ թեթև շոյեց իմ այտերը, ասելով, որ ես գեղադեմ տղա եմ, ուստի Փարիզում միշտ պետք է զգույշ լինեմ, որովհետև այստեղ երիտասարդ տղամարդիկ շատ դյուրությամբ են անձնատուր լինում անառակության։ Լեսկոն նրան վստահեցրեց, որ ես ի բնե չափազանց պարկեշտ մի տղա եմ և միայն տենչում եմ քահանա դառնալ․ որ իմ միակ հաճույքը գտնում եմ փոքրիկ մատուռներ կառուցելու խաղի մեջ։
— Ես տեսնում եմ, որ նա նման է Մանոնին,— ասաց ծերուկը, ծնոտս բռնելով։ Ես նրան պատասխանեցի՝ դեմքիս միամիտ արտահայտություն տալով.— այդ նրանից է, պարոն, որ մենք արյունակից ենք, և ես սիրում եմ իմ քրոջն, ինչպես սեփական անձիս։
— Դուք լսո՞ւմ եք,— ասաց նա Լեսկոյին,— խելոք տղա է։ Ափսոս, որ նա հասարակության մեջ քիչ է եղել։
— Ոչ, պարոն,— առարկեցի ես,— մեր եկեղեցիներում մեծ բազմության հետ եմ շփվել և հավատացած եմ, որ Փարիզում ինձնից տխմար շատ մարդիկ պիտի տեսնեմ։
— Տեսնո՞ւմ եք,— ավելացրեց նա, միշտ խոսքն ուղղելով Լեսկոյին,— գավառացի տղայի համար դա սքանչելի է։
Ընթրիքի ժամանակ մեր ամբողջ խոսակցությունը գրեթե ընթացավ այս եղանակով։ Չարաճճի Մանոնն իր անզուսպ քրքիջներով մի քանի անգամ քիչ մնաց խորտակեր մեր ծրագիրը։ Ընթրիքի ընթացքում ես առիթ գտա ծերունուն անելու իր սեփական պատմությունը և այդ պատմության նրան սպառնացող չարաբաստիկ վերջավորությունը։ Լեսկոն և Մանոնը դողում էին իմ պատմած ժամանակ, մանավանդ, երբ ես Մ․-ի ճշգրիտ պատկերն էի ուրվագծում. սակայն ինքնասիրությունն արգելք հանդիսացավ նրան այդ պատկերի մեջ ճանաչել իրեն, և ես իմ պատմությունն այնպիսի ճարպկությամբ վերջացրի, որ նա ինքն առաջինը նշեց, թե դա շատ զվարճալի է։ Դուք հետագայում կտեսնեք, որ այս արտակարգ դիպվածի մասին այսքան երկար խոսելն անհիմն չէ։
Վերջապես, երբ քնելու ժամանակը եկավ, ծերունին սկսեց խոսել սիրո և իր անհամբերության մասին։ Լեսկոն և ես հեռացանք։ Ծերունուն առաջնորդեցին իր սենյակը, իսկ Մանոնը, տնից ինչ-որ պատրվակով դուրս գալով, եկավ միացավ մեզ։ Երեք-չորս տուն այդտեղից ցած մեզ սպասող կառքն ուղղվեց դեպի մեզ։ Մի ակնթարթում մենք հեռացանք այդ թաղից։
Թեպետև իմ աչքում այս վարմունքն իսկական խաբեություն էր, այնուամենայնիվ, դա ամենից անազնիվ արարքը չէր, որի համար պարտավորվեի ինձ կշտամբելու։ Ինձ շատ ավելի մեծ խղճահարություն էր պատճառում այն դրամը, որ տանում էի թղթախաղում։ Ի դեպ, մենք ոչ մի օգուտ չքաղեցինք ոչ մեկից և ոչ մյուսից, երկինքն այնպես տնօրինեց, որ այս երկու խարդախությունից փոքրագույնն ավելի խստությամբ պատժվեց։
Պարոն դը Մ․-ն շատ շուտ գլխի ընկավ, որ ինքը խաբեության զոհ է եղել։ Չգիտեմ, արդյոք հենց այն երեկո նա դիմե՞ց որևէ քայլի՝ մեզ գտնելու համար. նա բավականին լայն կապեր ուներ, որոնք ապահովում էին նրա ճիգերի շուտափույթ հաջողությունը, իսկ մենք բավականին անխոհեմ գտնվեցինք, հույս դնելով Փարիզի մեծության և մեր ու ծերունու թաղերի միջև եղած տարածության վրա։ Ոչ միայն նա տեղեկացավ մեր բնակավայրի և ներկա կացության մասին, այլև իմացավ և իմ ով լինելը, Փարիզում անցկացրած կյանքիս մասին, Մանոնի Բ․-ի հետ ունեցած սիրային կապի և նրա դավաճանության մասին, մի խոսքով նա իմացավ մեր պատմության բոլոր խայտառակությունները։ Այս ամենից հետո նա որոշեց մեզ ձերբակալել տալ և պահանջել, որ մեզ դատեն ոչ միայն իբրև քրեական հանցագործների, այլև որպես անուղղելի անառակների։ Մենք տակավին անկողնումն էինք, երբ ոստիկանության մի սպա վեց պահակների հետ մտավ մեր սենյակը։ Նրանք ամենից առաջ խլեցին մեզ մոտ եղած դրամը, ավելի ճիշտ պարոն Գ. Մ.-ի դրամը, հետո կոպտությամբ մեզ անկողնուց հանեցին և աջնորդեցին դեպի փողոց, ուր երկու կառք սպասում էին մեզ. մեկի մեջ նստեցրին խեղճ Մանոնին, առանց որևէ բացատրության, իսկ մյուսով ինձ տարան Սեն֊Լազար։
Մարդս ինքը պետք է ապրած լինի այդպիսի ձախորդություններ, որպեսզի կարողանա դատել դրանցից առաջացած հուսահատության մասին։ Պահակն անգութ գտնվեց և թույլ չտվեց, որ ես գրկեմ իմ Մանոնին և ոչ էլ գոնե մի խոսք ասեմ նրան։ Երկար ժամանակ ես չգիտեի, թե ինչ է պատահել նրան։ Անտարակույս, ինձ համար երջանկություն էր, որ անմիջապես չիմացա նրա վիճակի մասին, որովհետև այդպիսի մի սոսկալի աղետ կարող էր ինձ զրկել խելքից, թերևս և կյանքից։
Անբախտ սիրուհիս իմ աչքի առաջ հափշտակվեց և կալանավորվեց մի արգելատան մեջ, որի անունն անգամ ինձ սարսափեցնում է։ Ի՜նչ վիճակ մի չքնաղագեղ արարածի համար, որը կարող էր աշխարհի առաջին գահը գրավել, եթե բոլոր մարդիկ ունենային իմ աչքերն ու սիրտը։ Ճիշտ է, նրա հետ այնտեղ բարբարոսությամբ չվարվեցին․ սակայն նա բանտարկվեց մի նեղ խցում՝ միայնակ և դատապարտվեց ամենօրյա աշխատանքի, որպես անհրաժեշտ մի պայման՝ գարշելի կերակուր ստանալու համար։ Այս ցավալի մանրամասնությունը ես իմացա շատ ժամանակ հետո այն օրից, ինչ ինքս մի քանի ամիս կրեցի տաժանակիր ու հոգեմաշ պատիժը։
Իմ պահակները նույնպես չասացին, թե ուր են տանում ինձ, և ես իմ վիճակն իմացա Սեն-Լազար բանտի առջևում միայն։ Այդ րոպեին ես կգերադասեի մահն այն դրությունից, որ ինչպես ես էի մտածում, շուտով վիճակվելու էր ինձ։ Այդ բանտի մասին ես զարհուրելի գաղափար ունեի։ Իմ սարսափը կրկնապատկվեց, երբ այնտեղ մտնելիս պահակները կրկին անգամ խուզարկեցին գրպաններս, համոզվելու համար որ ինձ մոտ չկա ոչ զենք և ոչ էլ դիմադրության ուրիշ որևէ գործիք։
Անմիջապես հայտնվեց վանահայրը, որին նախազգուշացրել էին ինձ բերելու մասին։ Նա մեծ սիրալիրությամբ ողջունեց ինձ։
— Հայր իմ,— ասացի ես նրան,— խնդրում եմ ինձ հետ վարվել առանց վիրավորանքի. ես պատրաստ եմ հազար կյանք զոհաբերելու, քան թե տանել որևէ անարժան վերաբերմունք։
— Ոչ, իհարկե, ոչ, պարոնս,— պատասխանեց նա ինձ,— դուք ձեզ վայելուչ կպահեք, և մենք գոհ կմնանք միմյանցից։
Նա խնդրեց ինձ բարձրանալ վերին հարկը։ Առանց ընդդիմադրության ես հետևեցի նրան։ Պահակները մեզ ուղեկցեցին մինչև սենյակի դուռը․ վանականն ինձ հետ ներս մտավ և նրանց նշան արավ հեռանալու։
— Ուրեմն ես ձեր գերի՞ն եմ,— ասացի նրան։— Թող այդպես լինի, հայր իմ, սակայն ի՞նչ եք մտադիր անելու ինձ։
Նա պատասխանեց, որ շատ ուրախ է՝ տեսնելով իմ խոնարհությունը․ նրա պարտականությունն է ջանալ ինձ հարգանք ներշնչել դեպի առաքինությունն ու կրոնը, իսկ ես պարտավոր եմ օգտվել նրա հորդորներից և խրատներից։ Եթե ես ընդառաջ գնամ դեպի ինձ ունեցած իր սիրալիր ուշադրությանը, ապա իմ մենության մեջ հաճույքից բացի ուրիշ ոչինչ չեմ զգա։
— Ինչպե՞ս, հաճույք զգա՞լ,— ասացի ես,— մի՞թե դուք չեք ճանաչում, հայր իմ, այն միակ առարկան, որն ընդունակ է ինձ հաճույք պատճառելու։
Նրա պատասխանն ինձ համոզեց, որ նա իրազեկ է իմ արկածներին և, թերևս, գիտե նաև անունս։
Ես նրան խնդրեցի ասել, թե ինչ գիտե իմ մասին։ Նա անկեղծորեն ասաց, որ ամեն ինչ պատմել են իրեն։
Այս լուրը բոլոր պատիժներից ամենադաժանը եղավ։ Ես արցունքի հեղեղներ թափեցի և անձնատուր եղա ամենասարսափելի հուսահատության։ Ես ոչ մի կերպ չէի կարող մխիթարվել այն նվաստացումից, որը շուտով իմ բոլոր ծանոթների խոսակցության նյութը և իմ ընտանիքի ամոթը պիտի լիներ։ Այսպես ես անցկացրի ութ օր ամենամեծ վհատության մեջ, ի վիճակի չլինելով որևէ բան լսելու, ոչ էլ ուրիշ բանի մասին մտածելու, բացի իմ նախատինքից։ Նույնիսկ Մանոնին հիշելը ոչինչ չէր ավելացնում իմ վշտին. թերևս դա միանում էր նրան որպես մի զգացմունք , որը ծագել էր իմ այս նոր ցավից, սակայն իմ հոգում տիրող հույզը սոսկ ամոթն ու վրդովմունքն էր։
Սակավաթիվ մարդիկ գիտեն սրտի այս առանձնահատուկ հույզերի զորությունը։ Մարդկանց մեծ մասը զգայուն է միայն հինգ կամ վեց զգացումների հանդեպ, որոնց շրջանակում ընթանում է կյանքր և որոնց հանգում են նրանց բոլոր հույզերը։ Խլեցեք նրանցից սերն ու ատելությունր, հաճույքն ու ցավը, հույսն ու վախը, և նրանք այլևս ոչինչ չեն զգա։ Սակայն ավելի բարձր ու ազնիվ բնության տեր մարդիկ կարող են հուզվել հազար ու մի այլ ձևերով. թվում է, թե նրանք օժտված են հինգից ավելի զգայարաններով և որ կարող են ստանալ գաղափարներ ու զգայություններ, որոնք դուրս են բնության սովորական սահմաններից։ Եվ որովհետև նրանք գիտակցում են այդ գերազանցությունը, որն իրենց բարձր է դասում հասարակ մարդկանց մակարդակից, ապա նրանք վերին աստիճանի նախանձախնդիր են այդ հարցում։ Այս պատճառով է, որ նրանք այնքան անհամբեր են նախատինքի ու ծաղրի ժամանակ, և որ ամոթը նրանց ամենաբուռն կիրքն է։
Այս չարաբաստիկ առավելությունը ես ունեի Սեն-Լազարում գտնված ժամանակ։ Իմ վիշտն այն աստիճան ծայրահեղ թվաց վանահորը, որ, վախենալով վատ հետևանքներից, նա որոշեց ինձ հետ շատ ավելի մեղմ ու ներողամտորեն վարվել։ Նա օրական երկու թե երեք անգամ այցելում էր ինձ։ Հաճախ նա ինձ իր հետ տանում էր պարտեզ զբոսանքի և իր եռանդը սպառում՝ հորդորանքներ ու փրկարար խրատներ տալով ինձ։ Ես դրանք ընդունում էի խոնարհաբար և նույնիսկ շնորհակալությունս էի հայտնում․ այս պարագան նրան հույս էր ներշնչում իմ բարոյական դարձի մասին։
— Դուք բնությամբ այնքան հեզահամբույր ու համակրելի եք,— ասաց նա մի օր,— որ չեմ կարող հասկանալ այն անառակությունը, որում ձեզ մեղադրում են։ Երկու բան ինձ զարմացնում է․ նախ՝ ինչպե՞ս այսպիսի գերազանց բարեմասնություններ ունենալով հանդերձ դուք անձնատուր եք եղել ծայրահեղ անառակության, երկրորդ, որով ես առավել ևս հիանում եմ, ինչպե՞ս դուք այսպիսի հաճությամբ լսում եք իմ խորհուրդներն ու հորդորները՝ երկար տարիներ զեխ կյանք վարելուց հետո։ Եթե դա զղջման հետևանք է, դուք երկնային գթասրտության նախընտրած մի մարդ եք, իսկ եթե դա բխում է ձեր բնածին բարությունից, ուրեմն դուք համենայն դեպս օժտված եք մի գերազանց բնավորությամբ, որն ինձ հույս է ներշնչում, թե կարիք չկա ձեզ երկար պահելու մեզ մոտ, որպեսզի վերադարձնենք ազնիվ ու արժանավայել կյանքի։
Ես հիացմունքով լսեցի նրա կարծիքն իմ մասին։ Որոշեցի այդ կարծիքն ամրացնել այնպիսի մի վարմունքով, որը միանգամայն գոհացներ նրան, որովհետև համոզված էի, որ դա իմ բանտարկությունը կարճելու ամենաապահով միջոցն է։ Գրքեր խնդրեցի նրանից։ Նա շատ զարմացավ, որ ես կանգ առա մի քանի լուրջ հեղինակների վրա, թեպետ ինձ էր շնորհված ընտրության իրավունքը։ Ես ձևացրի, թե միանգամայն տարվում եմ ուսումով և այսպես ամեն հարմար առիթին նրան ապացույցներ տվի իր սպասած փոփոխության վերաբերմամբ։
Սակայն դա միայն արտաքուստ էր այդպես։ Ամոթով պետք է խոստովանեմ, որ ես Սեն-Լազարում երկերեսանի անձի դեր էի կատարում։ Սովորելու փոխարեն, երբ մենակ էի, միայն հեծեծում էի իմ բախտի վրա։ Նզովում էի իմ բախտն ու ինձ այնտեղ արգելափակող բռնակալությունը։ Տակավին ես չէի ապաքինվել այն ցավից, որով բռնված էի, երբ վերստին անձնատուր եղա սիրո տառապանքներին։ Մանոնի բացակայությունը, նրա վիճակի անորոշությունը, նրան երբեք չտեսնելու երկյուղն իմ տխուր մտորումների միակ առարկան էր։ Ես նրան երևակայում էի պարոն դը Մ.-ի գրկում, որովհետև դա էր իմ առաջին ենթադրությունը։ Ես հեռու էի այն մտքից, թե նա կարող է Մանոնի հետ վարվել այնպես, ինչպես ինձ հետ վարվեց, և համոզված էի, որ նա ինձ հեռացրել է նրան հանգիստ տիրանալու նպատակով։
Այսպես էի անցկացնում օրերն ու գիշերները, որոնք ինձ անվերջանալի երկար էին թվում։ Իմ ամբողջ հույսը ես դրել էի միայն իմ կեղծավորության հաջողության վրա։ Ես ուշադրությամբ դիտում էի վանահոր դեմքի արտահայտությունը և հետևում նրա խոսքերին, որպեսզի իմանամ, թե նա ի՞նչ է մտածում իմ մասին, և աշխատում էի սովորել հաճոյանալու նրան, որպես իմ բախտի դատավորին։ Դյուրությամբ նկատեցի, որ նա իմ մասին լավ կարծիք ունի և համակրում է ինձ։ Այլևս ոչ մի տարակուսանք չունեի, որ նա պատրաստ է ինձ ծառայություն մատուցելու։
Մի անգամ ես համարձակություն ունեցա հարցնելու նրան, թե արդյոք իրենի՞ց է կախված իմ ազատությունը։ Նա ինձ ասաց, որ դա բացարձակապես իրենից չի կախված։ Սակայն հույս ունի, որ իր միջնորդությամբ պարոն դը Գ․ Մ․-ն, որի խնդրանքով ոստիկանության գլխավոր պետը հրամայել է ինձ բանտարկել, թերևս համաձայնվի ազատ արձակել։
— Կարո՞ղ եմ արդյոք հուսալ,— ասացի ես խոնարհաբար,— որ իմ կրած երկամսյա բանտարկությունը նա բավական կհամարի՝ իբրև իմ հանցանքների քավություն։
Նա խոստացավ խոսել Գ․ Մ․-ի հետ, եթե ես ցանկամ։ Ես նրան թախանձագին խնդրեցի մատուցել ինձ այդ բարի ծառայությունը։
Երկու օր հետո նա ինձ հաղորդեց, որ պարոն դը Գ․ Մ․-ն այն աստիճան է զգացվել իմ մասին հայտնած բարենպաստ կարծիքով, որ ոչ միայն որոշել է ինձ ազատություն շնորհել, այլ նաև մեծ ցանկություն է հայտնել ավելի մոտիկից ինձ ճանաչելու և մտադիր է ինձ այցելել բանտում։ Թեև նրա այցելությունը չէր կարող հաճելի լինել ինձ, այնուամենայնիվ, ես այդ համարեցի իմ ազատությունր մոտեցնող մի միջոց։
Հիրավի, նա եկավ Սեն֊Լազար։ Նա ինձ երևաց ավելհ պատկառելի և նվազ հիմար, քան Մանոնի տանն եղած ժամանակ։ Ինձ մի քանի բարեմիտ խոսքեր ասաց իմ վատ վարքի մասին։ Այնուհետև ավելացրեց, անշուշտ իր սեփական անառակությունն արդարացնելու համար, որ մարդկային թուլությանը թույլատրելի է վայելել որոշ հաճույքներ, որ պահանջում է բնությունը, սակայն խաբեությունն ու խայտառակ արարքը արժանի են պատժի։
Ես նրան լսեցի խոնարհաբար, որից և նա շատ գոհ մնաց։ Ես նույնիսկ չվիրավորվեցի նրա ծաղրանքներից, ուղղված իմ, Լեսկոյի և Մանոնի եղբայրությանը, այն փոքրիկ մատուռներին, որ ինչպես նա էր ենթադրում, ես մեծ քանակությամբ պետք է արդեն կառուցած լինեի Սեն-Լազարում, քանի որ այդ բարեպաշտ զբաղմունքն ինձ այնքան հաճույք էր պատճառում։ Սակայն նա՝ ի դժբախտություն իր և իմ, անխոհեմություն ունեցավ ասելու, որ անտարակույս Մանոնը ևս արգելատանը նույնպիսի գեղեցիկ մատուռիկներ պետք է որ կառուցած լինի։ Չնայած արգելատան անվան ինձ ներշնչած սարսափին, ես ուժ ունեցա նրան հեզաբար խնդրելու, որ բացատրի, թե ի՞նչ է ուզում ասել։
— Այո,— պատասխանեց նա,— ահա երկու ամիս է, ինչ ձեր Մանոնը գլխավոր արգելատանը ողջախոհություն է սովորում, և ես ցանկանում եմ, որ նա ևս այնտեղ նույնքան օգուտ քաղի, որքան դուք՝ Սեն-Լազարում։