Չորրորդ Բաժին: Հարաբերական Հավելյալ Արժեքի Արտադրությունը
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքային օրվա այն մասը, որը միայն կապիտալի կողմից վճարված աշխատուժի արժեքի համարժեքն է արտադրում, մինչև, այժմ մենք ընդունում էինք որպես հաստատուն մեծություն, և նա իրոք արտադրության տվյալ պայմաններում, հասարակության տնտեսական զարգացման տվյալ աստիճանի վրա հաստատուն մեծություն է։ Բանվորն իր այդ անհրաժեշտ աշխատաժամանակից կարող է 2, 3, 4, 6 ժամ և է՛լ ավելի աշխատել։ Այդ երկարացման չափերից են կախված հավելյալ արժեքի նորման և աշխատանքային օրվա մեծությունը։ Եթե անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, հաստատուն է, ապա, ընդհակառակը, ամբողջ աշխատանքային օրը փոփոխուն մեծություն է։ Հիմա ենթադրենք, որ մեզ տրված են ինչպես աշխատանքային օրվա ընդհանուր, տևողությունը, այնպես էլ նրա բաժանումը անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Ասենք, օրինակ, ac գիծը` a----------b--c, ներկայացնում է տասներկուժամյա աշխատանքային օր, ab հատվածը՝ 10 ժամ անհրաժեշտ աշխատանք, bc հատվածը՝ 2 ժամ հավելյալ աշխատանք։ Հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է հավելյալ արժեքի արտադրությունը մեծացվել, ուրիշ խոսքով — ինչպե՞ս կարող է հավելյալ աշխատանքը երկարացվել առանց ac-ի որևէ հետագա երկարացման կամ ac-ի որևէ հետագա երկարացումից անկախ։
Չնայած որ տրված են աշխատանքային օրվա սահմանները՝ ac, այնուամենայնիվ, bc հատվածը, ըստ երևույթին, կարող է երկարացվել եթե ոչ այն ընդարձակելով իր c վերջնակետից այն կողմը, որը միաժամանակ ac աշխատանքային օրվա վերջնակետն է, ապա b սկզբնակետը հակառակ ուղղությամբ տեղափոխելով դեպի a-ն։ Ընդունենք, որ a----------b'-b--c գծի մեջ b'-b հատվածը հավասար է bc-ի կեսին, այսինքն՝ հավասար է մեկ աշխատաժամի։ Եթե հիմա ենթադրենք, որ ac տասներկուժամյա աշխատանքային օրվա դեպքում b կետը ետ է տարվում մինչև b', ապա bc-ն երկարելով դառնում է b'c, հավելյալ աշխատանքն աճում է կիսով չափ, 2-ից դառնում է 3 ժամ, թեև աշխատանքային օրն առաջվա նման պարունակում է միայն 12 ժամ։ Բայց հավելյալ աշխատանքի այդ ընդարձակումը bc-ից մինչև b'c, 2-ից մինչև 3 ժամ, ակներևորեն անհնարին է առանց անհրաժեշտ աշխատանքը միաժամանակ կրճատելու ab-ից մինչև ab', 10 ժամից մինչև 9 ժամ։ Այդ դեպքում հավելյալ աշխատանքի երկարացմանը կհամապատասխաներ անհրաժեշտ աշխատանքի կրճատումը, կամ այն աշխատաժամանակի մի մասը, որ բանվորը մինչև հիմա փաստորեն իրեն վրա էր գործադրում, պետք է դառնա այն աշխատաժամանակը, որ գործադրվում է կապիտալիստի օգտին։ Փոփոխության կենթարկվեր այդ դեպքում ո՛չ թե աշխատանքային օրվա երկարությունը, այլ այն համամասնությունը, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։
Մյուս կողմից, ակներև է, որ եթե տրված են աշխատանքային օրվա մեծությունն ու աշխատուժի արժեքը, ապա տրված է նաև հավելյալ աշխատանքի մեծությունը։ Աշխատուժի արժեքը, այսինքն՝ նրա արտադրության համար պահանջվող աշխատաժամանակը որոշում է նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը։ Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է կես շիլլինգի կամ 6 պենսի հավասար ոսկու քանակով, և եթե աշխատուժի օրական արժեքը կազմում է 5 շիլլինգ, ապա բանվորը պետք է օրական 10 ժամ աշխատի, որպեսզի փոխհատուցի իր աշխատուժի՝ կապիտալի կողմից իրեն վճարված օրական արժեքը, կամ արտադրի իրեն ամեն օր անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի համարժեքը։ Այս կենսամիջոցների արժեքով որոշվում է նրա աշխատուժի արժեքը[1], նրա աշխատուժի արժեքով, իր հերթին, որոշվում է նրա անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունը։ Բայց հավելյալ աշխատանքի մեծությունն ստացվում է ամբողջ աշխատանքային օրվանից անհրաժեշտ աշխատաժամանակը հանելով։ Տասը ժամը տասներկուսից հանելով մնում է երկու, և տվյալ պայմաններում, ըստ երևույթին, ոչ մի հնարավորություն չկա հավելյալ աշխատանքն այդ երկու ժամի սահմաններից ավելի երկարացնելու։ Իհարկե, կապիտալիստը կարող է 5 շիլլինգի փոխարեն բանվորին միայն 4 շիլլինգ 6 պենս կամ նույնիսկ է՛լ ավելի քիչ վճարել։ 4 շիլլինգ 6 պենս գնահատվող այդ արժեքը վերարտադրելու համար բավական կլիներ 9 աշխատաժամ, և, այդպիսով, տասներկուժամյա աշխատանքային օրից հավելյալ աշխատանքին կընկներ 3 ժամ՝ փոխանակ 2 ժամի, որի հետևանքով ինքը՝ հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է մինչև 1 շիլլինգ 6 պենսի։ Սակայն այդ հետևանքին կարելի էր հասնել միայն բանվորի վարձը իր աշխատուժի արժեքից իջեցնելու միջոցով։ Ունենալով ընդամենը 4 շիլլինգ 6 պենս, որ բանվորն արտադրում է 9 ժամում, նա իր տրամադրության տակ -ով պակաս կենսամիջոցներ է ունենում, քան առաջ, և դրա հետևանքով կարող է տեղի ունենալ նրա աշխատուժի միայն կարճած վերարտադրություն։ Տվյալ դեպքում հավելյալ աշխատանքը կարող է երկարացվել միայն նրա նորմալ սահմանների խախտումով, նրա շրջանը կարող է ընդարձակվել միայն անհրաժեշտ աշխատաժամանակի շրջանի բռնի զավթումներով։ Թեև հավելյալ աշխատանքն ավելացնելու այս մեթոդը կարևոր դեր է խաղում աշխատավարձի իրական շարժման մեջ, այնուամենայնիվ, այստեղ նա պետք է բացառվի, քանի որ մեր ենթադրությամբ բոլոր ապրանքները, ուրեմն և աշխատուժը, վաճառվում և գնվում են իրենց լրիվ արժեքով։ Քանի որ այս ենթադրված է, աշխատուժի արտադրության կամ նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասելու պատճառ կարող է լինել ո՛չ թե բանվորի աշխատավարձի իջեցումը նրա աշխատուժի արժեքից ցած, այլ միայն այդ իսկ արժեքի իջեցումը։ Եթե աշխատանքային օրվա տևողությունը տրված է, հավելյալ աշխատանքի աճումը պետք է առաջ գա անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետևանքով և ոչ թե ընդհակառակը, ոչ թե անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումը՝ հավելյալ աշխատանքի աճման հետևանքով։ Որպեսզի մեր օրինակի մեջ անհրաժեշտ աշխատաժամանակը -ով պակասի, այսինքն՝ 10-ից դառնա 9 ժամ, և, հետևաբար, հավելյալ աշխատանքը աճի 2-ից մինչև 3 ժամ, անհրաժեշտ է աշխատ ուժի արժեքի իրական իջեցում -ով։
Բայց աշխատուժի արժեքի -ի չափով այդպիսի իջեցումն իր կողմից ենթադրում է, որ կենսամիջոցների այն նույն քանակը, որ առաջ արտադրվում էր 10 ժամում, հիմա 9 ժամում է արտադրվում։ Բայց այդ անկարելի է առանց աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման։ Ենթադրենք, արտադրության տվյալ միջոցներով կոշկակարը կարող է, օրինակ, մեկ զույգ կոշիկ կարել 12-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում։ Որպեսզի նա կարողանա միևնույն ժամանակամիջոցում երկու զույգ կոշիկ պատրաստել, նրա աշխատանքի արտադրողական ուժը պետք է կրկնապատկվի, իսկ այն չի կարող կրկնապատկվել առանց նրա աշխատանքի միջոցների կամ մեթոդի կամ միաժամանակ թե՛ մեկի և թե՛ մյուսի փոփոխության։ Հետևաբար, նրա աշխատանքի արտադրական պայմանների մեջ, այսինքն՝ նրա արտադրության եղանակի, ուստի և աշխատանքի բուն իսկ պրոցեսի մեջ պետք է ռևոլյուցիա տեղի ունենա։ Աշխատանքի արտադրողական ուժի բարձրացում ասելով մենք այստեղ հասկանում ենք ընդհանրապես աշխատանքի պրոցեսի ամեն մի փոփոխություն, որը կրճատում է տվյալ ապրանքն արտադրելու համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, աշխատանքի մի ավելի փոքր քանակ ընդունակություն է ձեռք բերում սպառողական արժեքի մի ավելի մեծ քանակ արտադրելու[2]։ Այսպես ուրեմն, եթե հավելյալ արժեքի արտադրությունը, նրա մինչև այժմ մեր քծնած ձևի մեջ հետազոտելիս, արտադրության եղանակը մեր կողմից ենթադրված է որպես ինչ-որ տրված բան, ապա այժմ, որպեսզի հասկանանք հավելյալ արժեքի արտադրությունը անհրաժեշտ աշխատանքը հավելյալ աշխատանք դարձնելու միջոցով, ամենևին բավական չէ ընդունել, որ կապիտալը տիրանում է աշխատանքի պրոցեսին՝ նրա պատմականորեն ժառանգված, գոյություն ունեցող ձևով և միայն նրա տևողությունն է երկարացնում։ Անհրաժեշտ է հեղաշրջում աշխատանքի պրոցեսի տեխնիկական ու հասարակական պայմանների և, հետևապես, նաև արտադրության բուն իսկ եղանակի մեջ, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժը բարձրանա, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժի բարձրանալով աշխատուժի արժեքն ընկնի և այդպիսով կրճատվի աշխատանքային օրվա այն մասը, որ անհրաժեշտ է այդ արժեքը վերարտադրելու համար։
Աշխատանքային օրը երկարացնելու. միջոցով արտադրվող հավելյալ արժեքը ես անվանում եմ բացարձակ հավելյալ արժեք։ Ընդհակառակը, այն հավելյալ արժեքը, որ առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու և համապատասխանորեն՝ աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերի մեծությունների հարաբերակցության փոփոխության հետևանքով, ես անվանում եմ հարաբերական հավելյալ արժեք։
Որպեսզի աշխատուժի արժեքն իջնի, աշխատանքի արտադրողականության բարձրացումը պետք է ընդգրկի արդյունաբերության այն ճյուղերը, որոնց արդյունքները որոշում են աշխատուժի արժեքը, այսինքն՝ կա՛մ արդեն պատկանում են սովորական կենսամիջոցների թվին, կա՛մ կարող են նրանց փոխարինել։ Բայց ապրանքի արժեքը որոշվում է ո՛չ միայն այն աշխատանքի քանակով, որն ապրանքին վերջնական ձև է տալիս, այլ նաև աշխատանքի այն քանակով, որը պարունակվում է այդ ապրանքի արտադրության միջոցների մեջ։ Օրինակ, կոշկի արժեքը միայն կոշկակարի աշխատանքով չի որոշվում, այլ նաև կաշու, կուպրի, մոմաթելի և այլ նյութերի արժեքով։ Հետևաբար, աշխատուժի արժեքն ընկնում է նաև աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ապրանքների համապատասխան էժանացման հետևանքով արդյունաբերության այն ճյուղերում, որոնք հաստատուն կապիտալի նյութական տարրեր, այսինքն՝ աշխատանքի միջոցներ և աշխատանքի նյութ են մատակարարում անհրաժեշտ կենսամիջոցներ պատրաստելու համար։ Ընդհակառակը, արտադրության այն ճյուղերում, որոնք ո՛չ անհրաժեշտ կենսամիջոցներ են մատակարարում, ո՛չ էլ արտադրության միջոցներ՝ դրանք արտադրելու համար, արտադրողական ուժի բարձրացումը անփոփոխ է թողնում աշխատուժի արժեքը։
Ապրանքների էժանացումը, իհարկե, աշխատուժի արժեքը իջեցնում է միայն pro tanto, այսինքն՝ միայն այն չափով, որչափով այդ ապրանքը մասնակցում է աշխատուժի վերարտադրության մեջ։ Այսպես, օրինակ, շապիկը մի անհրաժեշտ կենսամիջոց է, բայց շատերից մեկը միայն։ Այդ ապրանքի էժանացումը պակասեցնում է բանվորի լոկ այն ծախսը, որ նա անում է շապիկների վրա։ Բայց անհրաժեշտ կենսամիջոցների ընդհանուր գումարը կազմված է տարբեր ապրանքներից, արդյունաբերության առանձին ճյուղերի ամենաբազմազան արդյունքներից, և ամեն մի այդպիսի ապրանքի արժեքը միշտ կազմում է աշխատուժի արժեքի համապատասխան մասը։ Այս վերջին արժեքը նվազում է իր վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետ միասին, որի ընդհանուր կրճատումը հավասար է արտադրության հիշյալ բոլոր առանձին ճյուղերում նրա կրճատումների գումարին։ Մենք այստեղ այդ ընդհանուր հետևանքն այնպես ենք քննում, որ կարծես թե նա յուրաքանչյուր առանձին դեպքում անմիջական հետևանք ու անմիջական նպատակ է եղել։ Սակայն, երբ առանձին կապիտալիստը աշխատանքի արտադրողական. ուժը բարձրացնելու միջոցով էժանացնում է իր ապրանքը, օրինակ, շապիկները, ապա նա, գուցե, ամենևին նպատակ էլ չի դնում աշխատուժի արժեքը, հետևապես և, անհրաժեշտ աշխատաժամանակը pro tanto իջեցնել, սակայն միայն այն չափով, որչափով նա վերջիվերջո օժանդակում է այդ հետևանքին, նա նպաստում է հավելյալ արժեքի ընդհանուր նորմայի բարձրացմանը[3]։ Կապիտալի ընդհանուր և անհրաժեշտ տենդենցները պետք է տարբերել դրանց դրսևորման ձևերից։
Այստեղ տեղը չէ քննելու, թե կապիտալիստական արտադրությանը ներհատուկ օրենքները հատկապես ինչպես են դրսևորվում կապիտալների արտաքին շարժման մեջ, ինչպես են գործում որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենքներ և հասնում առանձին կապիտալիստի գիտակցությանը որպես նրա գործունեության շարժառիթներ։ Համենայն դիպս պարզ է մի բան. կոնկուրենցիայի գիտական վերլուծությունը հնարավոր է դառնում միայն այն բանից հետո, երբ հասկացված է կապիտալի ներքին բնույթը, ճիշտ այնպես, ինչպես երկնային մարմինների թվացող շարժումը հասկանալի է դառնում միայն նրան, ով ծանոթ է այդ մարմինների իրական, բայց ոչ անմիջաբար ընկալելի շարժմանը։ Բայց հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը հասկանալու համար, և այն էլ, միայն մեր վերլուծության արդեն ձեռք բերած հետևանքների հիման վրա, անհրաժեշտ է նշեք հետևյալը։
Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է 6 պենսի կամ ½ շիլլինգի հավասար ոսկու քանակի մեջ, ապա տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում կարտադրվի 6 շիլլինգի արժեք։ Ենթադրենք, թե աշխատանքի արտադրողական ուժի տվյալ մակարդակի պայմաններում այդ 12 աշխատաժամերի ընթացքում պատրաստվում է ապրանքի 12 միավոր։ Ասենք, թե ապրանքի ամեն մի հատի վրա գործադրած արտադրամիջոցների, հումքի և այլ նյութերի արժեքը 6 պենս է։ Այդ հանգամանքներում ամեն մի առանձին ապրանք արժե 1 շիլլինգ, այն է՝ 6 պենս արտադրամիջոցների արժեքը, 6 պենս մշակման ժամանակ նրանց նոր միացած արժեքը։ Հիմա ընդունենք, թե որևէ կապիտալիստի հաջողվում է աշխատանքի արտադրողական ուժը կրկնապատկել, այնպես որ տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ապրանքի այդ տեսակից նա 12 հատի փոխարեն արդեն 24 հատ է արտադրում։ Եթե արտադրության միջոցների արժեքն անփոփոխ է մնացել, ապա ապրանքի առանձին հատի արժեքն այժմ ընկնում է մինչև 9 պենս, այն է՝ 6 պենս արտադրության միջոցների արժեքը, 3 պենս՝ վերջին աշխատանքի միջոցով նոր միացած արժեքը։ Չնայած արտադրողական ուժի կրկնապատկմանը, աշխատանքային օրը հիմա էլ, առաջվա նման, միայն 6 շիլլինգի նոր արժեք է ստեղծում, բայց միայն այդ վերջինը կրկնապատիկ ավելի քանակությամբ ապրանքների վրա է բաշխվում։ Ուստի ամեն մի առանձին արդյունքին այդ ընդհանուր արժեքի միայն մասն է ընկնում -ի փոխարեն, 3 պենս՝ 6 պենսի փոխարեն, կամ, որ միևնույնն է, հիմա արտադրամիջոցներին նրանց պատրաստի արդյունք դառնալու ժամանակ ապրանքի յուրաքանչյուր առանձին կտորին միայն կես աշխատաժամ է միացվում և ոչ թե մի ամբողջ ժամ, ինչպես առաջ։ Այժմ այդ ապրանքի անհատական արժեքը նրա հասարակական արժեքից ավելի ցածր է, այսինքն՝ ապրանքն ավելի քիչ աշխատաժամանակ է նստում, քան միևնույն արդյունքների այն ահագին մասսան, որ արտադրված է հասարակական միջին պայմաններում։ Ապրանքի մի հատը միջին հաշվով արժե 1 շիլլինգ, կամ ներկայացնում է հասարակական աշխատանքի 2 ժամ. արտադրության փոփոխված եղանակի դեպքում նա արժե միայն 9 պենս, այսինքն՝ միայն 1½ ժամ աշխատանք է պարունակում։ Բայց ապրանքի իսկական արժեքը նրա ոչ թե անհատական, այլ նրա հասարակական արժեքն է, այսինքն՝ այդ արժեքը չափվում է ո՛չ թե աշխատաժամանակի այն քանակով, որ տվյալ առանձին դեպքում արտադրողն իրապես գործադրել է նրա վրա, այլ այն աշխատաժամանակով, որ հասարակականորեն անհրաժեշտ է ապրանքն արտադրելու համար։ Հետևապես, եթե նոր մեթոդ կիրառած կապիտալիստը իր ապրանքը վաճառում է 1 շիլլինգով՝ նրա հասարակական արժեքով, ապա նա ապրանքը վաճառում է նրա անհատական արժեքից 3 պենս ավելի բարձր և այդպիսով 3 պենս լրացուցիչ հավելյալ արժեք է իրացնում։ Մյուս կողմից, հիմա տասներկուժամյա աշխատանքային օրը նրա համար արտահայտվում է 24 կտոր ապրանքի մեջ՝ առաջվա 12-ի փոխարեն։ Հետևապես, մեկ աշխատանքային օրվա արդյունքը վաճառելու համար նա պետք է երկու անգամ ընդարձակի իր ապրանքի վաճառահանումը կամ շուկան։ Մյուս հավասար պայմաններում' նրա ապրանքներն ավելի մեծ շուկա կարող են նվաճել՝ հենց միայն իրենց գներն իջեցնելով։ Ուստի, կապիտալիստը ապրանքները կվաճառի նրանց անհատական արժեքից բարձր, բայց նրանց հասարակական արժեքից ցածր, օրինակ, հատը 10 պենսով։ Այսպիսով, նա յուրաքանչյուր հատից, այնուամենայնիվ, 1 պենսի լրացուցիչ հավելյալ արժեք կքամի։ Հավելյալ արժեքի այդ բարձրացումը նա կստանա անկախ այն բանից, թե նրա ապրանքն անհրաժեշտ կենսամիջոցների շարքին է պատկանում, թե ոչ, իբրև որոշիչ մոմենտ մտնում է աշխատուժի ընդհանուր արժեքի մեջ, թե չի մտնում։ Հետևապես, անկախ այդ վերջին պարագայից, յուրաքանչյուր առանձին կապիտալիստ շահագրգռված է էժանացնելու ապրանքն աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։
Բայց նույնիսկ մեր քննած դեպքում հավելյալ արժեքի մեծացրած արտադրությունն առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումից և հավելյալ աշխատանքի համապատասխան երկարացումից [Տես 3a ծանոթ.]։ Ասենք թե անհրաժեշտ աշխատաժամանակը հավասար է 10 ժամի, այսինքն՝ աշխատուժի օրական արժեքը՝ 5 շիլլինգի, հավելյալ աշխատանքը՝ 2 ժամի, իսկ արտադրվող օրական հավելյալ արժեքը՝ 1 շիլլինգի։ Բայց մեր կապիտալիստը հիմա արտադրում է 24 հատ ապրանք, որ վաճառում է հատը 10 պենսով, այսինքն՝ ամբողջը միասին՝ 20 շիլլինգով։ Որովհետև արտադրամիջոցների արժեքը հավասար է 12 շիլլինգի, ուստի ապրանքի հատը փոխհատուցում են միայն ավանսավորած հաստատուն կապիտալը։ Տասներկուժամյա աշխատանքային օրն արտահայտվում է մնացած հատի մեջ։ Որովհետև աշխատուժի արժեքը = 5 շիլլինգի, ուստի ապրանքի 6 հատի մեջ արտահայտվում է անհրաժեշտ աշխատաժամանակը և հատի մեջ՝ հավելյալ աշխատանքը։ Անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի հարաբերությունը, որն աշխատանքի հասարակական միջին պայմաններում կազմում էր 5:1, հիմա միայն 5:3 է կազմում։ Նույն հետևանքը կարելի է ստանալ նաև հետևյալ ձևով։ Տասներկուժամյա աշխատանքային օրվա արդյունքի արժեքը 20 շիլլինգ է։ Այդ գումարից 12 շիլլինգն ընկնում է արտադրամիջոցների արժեքին, որը արդյունքի արժեքի մեջ լոկ նորից երևան է գալիս։ Հետևապես, մնում է 8 շիլլինգ, որպես ա՛յն արժեքի փողային արտահայտությունը, որի մեջ ներկայացված է աշխատանքային օրը։ Այս փողային արտահայտությունն ավելի մեծ է, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքի փողային արտահայտությունը, որովհետև վերջինի 12 ժամը միայն 6 շիլլինգի մեջ է արտահայտվում։ Բացառիկ բարձր արտադրողական ուժով օժտված աշխատանքը գործում է որպես բազմապատկված աշխատանք, այսինքն՝ հավասար ժամանակամիջոցներում ավելի մեծ արժեք է ստեղծում, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքը։ Բայց մեր կապիտալիստն աշխատումի օրական արժեքի համար հիմա, առաջվա նման, միայն 5 շիլլինգ է վճարում։ Հետևապես, բանվորին •առաջվա 10 ժամի փոխարեն հիմա միայն 7½ ժամ է պետք այդ արժեքը վերարտադրելու համար։ Ուստի նրա հավելյալ աշխատանքն աճում է 2½ ժամով, նրա արտադրած հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է 3 շիլլինգի։ Այսպիսով, արտադրության բարելավված եղանակ կիրառող կապիտալիստը հավելյալ արժեք արտադրելու համար աշխատանքային օրվա ավելի մեծ մասն է յուրացնում, քան արտադրության նույն ճյուղի մնացած կապիտալիստները։ Նա առանձին դեպքում նույնն է անում, ինչ որ ընդհանուր առմամբ անում է կապիտալը հարաբերական հավելյալ արժեք արտադրելիս։ Բայց, մյուս կողմից, այդ լրացուցիչ հավելյալ արժեքը չքանում է, հենց որ արտադրության նոր եղանակն ընդհանրանում է, և դրա հետ միասին վերանում է տարբերությունը ավելի էժան արտադրվող ապրանքի անհատական արժեքի և նրա հասարակական արժեքի միջև։ Արժեքն աշխատաժամանակով որոշելու այդ միևնույն օրենքը, որը նոր մեթոդ գործադրող կապիտալիստին զգալի է դառնում այն ձևով, որ նա պետք է ապրանքը նրա հասարակական արժեքից ցած գնով վաճառի, այդ նույն օրենքը, որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենք, ստիպում է մեր կապիտալիստի ախոյաններին իրենց մոտ արտադրության նոր եղանակ մտցնել[4]։ Այսպես ուրեմն, հավելյալ արժեքի ընղհանուր նորման ամբողջ պրոցեսի կողմից կշոշափվի միայն այն ժամանակ, երբ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը կտարածվի արտադրության այնպիսի ճյուղերի վրա և, հետևապես, կէժանացնի այնպիսի ապրանքներ, որոնք մանում են անհրաժեշտ կենսամիջոցների շրջանակի մեջ և այդ իսկ պատճառով կազմում են աշխատուժի արժեքի տարրեր։
Ապրանքների արժեքը հակառակ հարաբերական է աշխատանքի արտադրողականության ուժին։ Այդ վերաբերում է նաև աշխատուժի արժեքին, որովհետև այն որոշվում է ապրանքային արժեքներով։ Ընդհակառակը, հարաբերական հավելյալ արժեքն ուղիղ հարաբերական է աշխատանքի արտադրողական ուժին։ Նա բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ընկնում է նրա անկման հետ։ 12 ժամ տևողությամբ հասարակական միջին աշխատանքային օրը, փողի արժեքն անփոփոխ մնալու դեպքում, միշտ, 6 շիլլինգի միևնույն նոր արժեքն է արտադրում, ինչպես էլ որ արժեքի այդ գումարը տրոհվելիս լինի աշխատուժի արժեքի համարժեքի և հավելյալ արժեքի։ Բայց եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով օրական կենսամիջոցների արժեքը, հետևապես, նաև աշխատուժի օրական արժեքը 5 շիլլինգից իջնում է 3 շիլլինգի, ապա հավելյալ արժեքն աճելով՝ 1 շիլլինգից հասնում է 3 շիլլինգի։ Աշխատուժի արժեքը վերարտադրելու համար առաջ անհրաժեշտ էր 10 ժամվա աշխատանք, իսկ հիմա պահանջվում է միայն 6 աշխատաժամ։ Չորս ժամն ազատվեց և կարող է միացվել հավելյալ աշխատանքի բնագավառին։ Այստեղից կապիտալի ներհատուկ ձգտումն ու մշտական տենդենցը՝ աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնել ապրանքներն էժանացնելու և ապրանքների էժանացման միջոցով հենց իրեն՝ բանվորին էժանացնելու նպատակով[5]։
Ապրանք արտադրող կապիտալիստի համար ապրանքի բացարձակ արժեքն ինքնըստինքյան նշանակություն չունի։ Նրան հետաքրքրում է միայն ապրանքի մեջ պարունակված և այն վաճառելիս իրացվող հավելյալ արժեքը։ Հավելյալ արժեքի իրացումն ինքնըստինքյան ենթադրում է ավանսավորած արժեքի փոխհատուցումը։ Քանի որ հարաբերական հավելյալ արժեքն աճում է աշխատանքի արտադրողական ուժի զարգացման նկատմամբ ուղիղ հարաբերությամբ, այնինչ ապրանքների արժեքն ընկնում է այդ զարգացման նկատմամբ հակառակ հարաբերությամբ,— ուրիշ խոսքով, քանի որ միևնույն պրոցեսն ապրանքներն էժանացնում և մեծացնում է նրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքը, ուստի հենց դրանով էլ բացատրվում է այն փաստի հանելուկային լինելը, որ կապիտալիստը, որը միայն փոխանակային արժեքի արտադրության մասին է հոգում, շարունակ աշխատում է իջեցնել իր ապրանքների փոխանակային արժեքը,— մի հակասություն, որով քաղաքատնտեսության հիմնադիրներից մեկը, Քենեն, տանջում էր իր հակառակորդներին և որի առթիվ նրանք այնպես էլ պատասխան չտվին նրան։ «Դուք ընդունում եք,— ասում է Քենեն,— թե որքան ավելի է հաջողվում առանց արտադրությանը վնասելու արդյունաբերական արդյունքները պատրաստելիս շատ ծախքեր ու թանկ աշխատանքներ տնտեսել, այնքան ավելի օգտավետ է այդ տնտեսումը, որովհետև այն պակասեցնում է արդյունքի գինը։ Եվ, չնայած դրան, դուք կարծում եք, թե արդյունաբերողների աշխատանքից ծագող հարստության արտադրությունը հենց նրանց արտադրանքների փոխանակային արժեքի մեծացումն է»[6]։
Այսպիսով, կապիտալիստական արտադրության պայմաններում աշխատանքի արտադրողական ուժի զարգացմամբ աշխատանքը տնտեսելու[7] նպատակը ամենևին աշխատանքային օրվա կրճատումը չէ։ Այդ տնտեսման նպատակը լոկ այն աշխատաժամանակի կրճատումն է, որ անհրաժեշտ է որոշ քանակությամբ ապրանք արտադրելու համար։ Եթե բանվորը իր աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքով սկսում է, օրինակ, մի ժամում առաջվանից 10 անգամ ավելի շատ ապրանք արտադրել և, հետևապես, ապրանքի ամեն մի հատի վրա 10 անգամ ավելի քիչ աշխատաժամանակ է գործադրում, ապա այդ ամենևին չի խանգարում, որ նրան առաջվա պես այժմ էլ ստիպեն 12 ժամ աշխատելու և 12 ժամում առաջվա 120-ի փոխարեն 1 200 հատ ապրանք արտադրելու։ Նրա աշխատանքային օրը կարող է այս դեպքում նույնիսկ երկարել, այնպես որ նա հիմա 14 ժամում 1 400 հատ կարտադրի և այլն։ Ուստի այնպիսի երանգի տնտեսագետների մոտ, ինչպես Մակ Կուլլոխը, Յուրը, Սենիորը et tutti quanti [և բոլոր նմանները], դուք մեկ էջում կարդում եք, թե բանվորը պետք է շնորհակալ լինի կապիտալին արտադրողական ուժերի զարգացման համար, որը կրճատում է անհրաժեշտ աշխատաժամանակը, իսկ հաջորդ էջում, թե՝ բանվորն իր այդ շնորհակալությունը պետք է ապացուցի 10-ի փոխարեն ապագայում օրական 15 ժամ աշխատելով։ Կապիտալիստական արտադրության ժամանակ աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը ձգտում է կրճատել աշխատանքային օրվա այն մասը, որ բանվորը գործադրում է հենց իրեն վրա, և ղրանով իսկ երկարացնել աշխատանքային օրվա մյուս մասը, որի ընթացքում բանվորը ձրի աշխատում է կապիտալիստի համար։ Թե ինչ աստիճան է հաջողվում հասնել այդ հետևանքին' առանց ապրանքներն էժանացնելու, կերևա հարաբերական հավելյալ արժեքի արտադրության առանձին մեթոդները քննելիս, որին մենք այժմ անցնում ենք։
- ↑ Օրական միջին աշխատավարձի արժեքը որոշվում է նրանով, ինչ որ բանվորին հարկավոր է «ապրելու, աշխատելու և բազմանալու համար» (William Petty: «Political Anatomy of Ireland», 1672, էջ 64)։ «Աշխատանքի գինը միշտ կազմվում է գոյության անհրաժեշտ միջոցների գներից»։ Բանվորը համապատասխան վարձը չի ստանում, «եթե... բանվորի ստացած վաստակը նրան հնարավորություն չի տալիս իր՝ որպես բանվորի ցածր կոչմանն ու դիրքին համապատասխան այնպիսի ընտանիք պահելու, որը հաճախ նրանցից շատերին Է վիճակվում» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 15)։ «Հասարակ բանվորը, որը ոչինչ չունի, բացի ձեռքերից ու արհեստ իմանալուց, լոկ այնքան է ստանում, որքանով նրան հաջողվում է իր աշխատանքը վաճառել ուրիշներին... Աշխատանքի բոլոր ճյուղերում պետք է տեղի ունենա և իսկապես տեղի է ունենում այն իրողությունը, որ բանվորի վաստակը սահմանափակվում Է նրանով, ինչ որ նրան անպայման անհրաժեշտ է իր գոյությունը պահպանելու համար» (Turgot: «Réflexions sur la Formation et la Distribution des Richesses». Oeuvres, հրատ Daire, հ. I, էջ 10)։ «Անհրաժեշտ կենսամիջոցն երի գինն աշխատանքի արտադրության արժեքն է իրապես» (Malthus: «Inquiry into the Nature and Progress of Rent and the Principles by which it is regulated» 1815, էջ 48, ծանոթագրություն)։
- ↑ «Երբ կատարելագործվում են արհեստները, հարցը հանգում է նոր մեթոդներ գտնելուն, որոնց շնորհիվ տվյալ աշխատանքը կարող է կատարվել ավելի քիչ թվով մարդկանցով կամ (որ միևնույն բանն է) ավելի կարճ ժամանակում, քան առաջ» (Galiani: «Della Moneta», հ. III, Custodi-ի «Scrittori Classici Italiani di Economia Politica», Parte Moderna, Milano 1803, էջ 158, 159։ «Արտադրության ծախքերի տնտեսումն այլ բան չի կարող լինել, քան եթե արտադրելու վրա գործադրվող աշխատանքի քանակի, տնտեսում» (Sismondi: «Etudes etc.», հ. I, էջ 22)։
- ↑ «Երբ գործարանատերը, մեքենաները կաւոարելագործելով, կրկնապատկում է իր ստացած արդյունքի քանակը... նա շահում է (վերջիվերջո) լոկ այն չափով, որչափով դրա շնորհիվ հնարավորություն է ստանում բանվորին ավելի էժան հագցնելու... որչափով, հետևապես, այժմ ամբողջ արդյունքի ավելի փոքր մասն է բաժին ընկնում բանվորին» (Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». London 1821, էջ 168, 169)։
3a «Մարդու ստացած շահույթը կախված է ո՛չ թե այն բանից, որ նա իշխում է ուրիշ մարդկանց աշխատանքի արդյունքի վրա, այլ այն բանից, որ նա իշխում է հենց այդ աշխատանքի վրա։ Եթե նա կարող է իր արդյունքներն, ավելի բարձր գնով վաճառել, այն ժամանակ, երբ նրա բանվորների աշխատավարձն անփոփոխ է մնում, նա, անշուշտ, օգուտ, կստանա... Այս դեպքում նրա արտադրածի ավելի փոքր մասը բավական է այդ աշխատանքը շարժման մեջ դնելու համար, և, հետևաբար, ավելի մեծ մասը մնում է նրա օգտին» («Outlines of Political Economy». London 1832, էջ 49, 50)։ - ↑ «Եթե իմ հարևանը փոքր քանակությամբ աշխատանքով ավելի շատ է արտադրում և կարող է ավելի էժան վաճառել, ես պետք է աշխատեմ նրա նման էժան վաճառել։ Այնպես որ ամեն մի գյուտ, գործիք կամ մեքենա, որը հնարավորություն է տալիս աշխատող ձեռքերի ավելի փոքր քանակությամբ կառավարվելու և, Հետևապես, ավելի էժան արտադրելու, ուրիշների մոտ էլ, այսպես ասած, անհրաժեշտություն է առաջ բերում մրցելու կա՛մ նույն այդ մեթոդը, գործիքը կամ մեքենան օգտագործելու միջոցով և կա՛մ նրանց նամն մի այնպիսի բան հնարելով, որ բոլորը հավասար պայմանների մեջ լինեին, և ոչ ոք չկարողանար իր հարևանից ավելի էժան վաճառել» («The Advantages of East-India Trade to England». London 1720, էջ 67)։
- ↑ «Նույն այն համամասնությամբ, որով իջնում են բանվորի ծախքերը, իջնում է նաև նրա աշխատավարձը, եթե դրա հետ միասին արդյունաբերությունն ազատվում է ամեն տեսակ ճնշումներից» («Considerations concerning Taking off the Bounty on Corn exported etc.», London 1753, էջ 7)։ «Արդյունաբերության և առևտրի շահերը պահանջում են, որ հացը և ընդհանրապես ամեն տեսակ սննդամթերքները, որքան կարելի է՝ ավելի էժան լինեն. որովհետև այն, ինչ թանկացնում է դրանք, թանկացնում է նաև աշխատանքը... Այն բոլոր երկրներում, որտեղ արդյունաբերությունը ազատ է սահմանափակումներից, սննդամթերքների գինը պետք է ազդի աշխատանքի գնի վրա։ Այս վերջինը միշտ իջնում է, երբ էժանանում են անհրաժեշտ կենսամիջոցները» (նույն տեղում, էջ 3)։ «Աշխատավարձը պակասում է այն համամասնությամբ, որով աճում են արտադրության ուժերը։ Մեքենաները, ճիշտ է, էժանացնում են կենսամիջոցները, բայց նրանք էժանացնում են նաև բանվորներին» («A Prize Essay on the comparative merits of Competition and Co-operation». London 1834, էջ 27)։
- ↑ Quesnay: «Dialogues sur le Commerce et sur les Travaux des Artisans»,. «Physiocrates», հրատ. Daire, Paris 1836, էջ 188, 189։
- ↑ «Այդ սպեկուլյանտներն են, որոնք այդպես տնտեսում են բանվորների աշխատանքի հաշվին, երբ պետք է այդ աշխատանքի վարձը վճարեն(J. N. Bidaut: «Du Monopole qui s’éfablit dans les Arts industriels et le Commerce». Paris 1828, էջ 13)։ «Ձեռնարկատերը միշտ ջանք կգործադրի, որպեսզի տնտեսի ժամանակն ու աշխատանքը» (Dugald Stewart: Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1855, հ. VIII, «Lectures on Political Economy», էջ 318)։ «Նրանց (կապիտալիստների) շահը պահանջում է, որ իրենց կիրառած բանվորների արտադրողական ուժը, որքան կարելի է, մեծ լինի։ Այդ պատճառով նրանց ուշադրությունը ուղղված է, և այն էլ համարյա բացառապես, հենց այդ ուժը մեծացնելուն» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, Lecture III [էջ 39])։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 316։]