Չորրորդ Բաժին: Հարաբերական Հավելյալ Արժեքի Արտադրությունը
հեղինակ՝ Կարլ Մարքս |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
ՉՈՐՐՈՐԴ ԲԱԺԻՆ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՏԱՍՆԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԵԼՅԱԼ ԱՐԺԵՔԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
Աշխատանքային օրվա այն մասը, որը միայն կապիտալի կողմից վճարված աշխատուժի արժեքի համարժեքն է արտադրում, մինչև, այժմ մենք ընդունում էինք որպես հաստատուն մեծություն, և նա իրոք արտադրության տվյալ պայմաններում, հասարակության տնտեսական զարգացման տվյալ աստիճանի վրա հաստատուն մեծություն է։ Բանվորն իր այդ անհրաժեշտ աշխատաժամանակից կարող է 2, 3, 4, 6 ժամ և է՛լ ավելի աշխատել։ Այդ երկարացման չափերից են կախված հավելյալ արժեքի նորման և աշխատանքային օրվա մեծությունը։ Եթե անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, հաստատուն է, ապա, ընդհակառակը, ամբողջ աշխատանքային օրը փոփոխուն մեծություն է։ Հիմա ենթադրենք, որ մեզ տրված են ինչպես աշխատանքային օրվա ընդհանուր, տևողությունը, այնպես էլ նրա բաժանումը անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։ Ասենք, օրինակ, ac գիծը` a----------b--c, ներկայացնում է տասներկուժամյա աշխատանքային օր, ab հատվածը՝ 10 ժամ անհրաժեշտ աշխատանք, bc հատվածը՝ 2 ժամ հավելյալ աշխատանք։ Հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող է հավելյալ արժեքի արտադրությունը մեծացվել, ուրիշ խոսքով — ինչպե՞ս կարող է հավելյալ աշխատանքը երկարացվել առանց ac-ի որևէ հետագա երկարացման կամ ac-ի որևէ հետագա երկարացումից անկախ։
Չնայած որ տրված են աշխատանքային օրվա սահմանները՝ ac, այնուամենայնիվ, bc հատվածը, ըստ երևույթին, կարող է երկարացվել եթե ոչ այն ընդարձակելով իր c վերջնակետից այն կողմը, որը միաժամանակ ac աշխատանքային օրվա վերջնակետն է, ապա b սկզբնակետը հակառակ ուղղությամբ տեղափոխելով դեպի a-ն։ Ընդունենք, որ a----------b'-b--c գծի մեջ b'-b հատվածը հավասար է bc-ի կեսին, այսինքն՝ հավասար է մեկ աշխատաժամի։ Եթե հիմա ենթադրենք, որ ac տասներկուժամյա աշխատանքային օրվա դեպքում b կետը ետ է տարվում մինչև b', ապա bc-ն երկարելով դառնում է b'c, հավելյալ աշխատանքն աճում է կիսով չափ, 2-ից դառնում է 3 ժամ, թեև աշխատանքային օրն առաջվա նման պարունակում է միայն 12 ժամ։ Բայց հավելյալ աշխատանքի այդ ընդարձակումը bc-ից մինչև b'c, 2-ից մինչև 3 ժամ, ակներևորեն անհնարին է առանց անհրաժեշտ աշխատանքը միաժամանակ կրճատելու ab-ից մինչև ab', 10 ժամից մինչև 9 ժամ։ Այդ դեպքում հավելյալ աշխատանքի երկարացմանը կհամապատասխաներ անհրաժեշտ աշխատանքի կրճատումը, կամ այն աշխատաժամանակի մի մասը, որ բանվորը մինչև հիմա փաստորեն իրեն վրա էր գործադրում, պետք է դառնա այն աշխատաժամանակը, որ գործադրվում է կապիտալիստի օգտին։ Փոփոխության կենթարկվեր այդ դեպքում ո՛չ թե աշխատանքային օրվա երկարությունը, այլ այն համամասնությունը, որով աշխատանքային օրը տրոհվում է անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի։
Մյուս կողմից, ակներև է, որ եթե տրված են աշխատանքային օրվա մեծությունն ու աշխատուժի արժեքը, ապա տրված է նաև հավելյալ աշխատանքի մեծությունը։ Աշխատուժի արժեքը, այսինքն՝ նրա արտադրության համար պահանջվող աշխատաժամանակը որոշում է նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակը։ Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է կես շիլլինգի կամ 6 պենսի հավասար ոսկու քանակով, և եթե աշխատուժի օրական արժեքը կազմում է 5 շիլլինգ, ապա բանվորը պետք է օրական 10 ժամ աշխատի, որպեսզի փոխհատուցի իր աշխատուժի՝ կապիտալի կողմից իրեն վճարված օրական արժեքը, կամ արտադրի իրեն ամեն օր անհրաժեշտ կենսամիջոցների արժեքի համարժեքը։ Այս կենսամիջոցների արժեքով որոշվում է նրա աշխատուժի արժեքը[1], նրա աշխատուժի արժեքով, իր հերթին, որոշվում է նրա անհրաժեշտ աշխատաժամանակի մեծությունը։ Բայց հավելյալ աշխատանքի մեծությունն ստացվում է ամբողջ աշխատանքային օրվանից անհրաժեշտ աշխատաժամանակը հանելով։ Տասը ժամը տասներկուսից հանելով մնում է երկու, և տվյալ պայմաններում, ըստ երևույթին, ոչ մի հնարավորություն չկա հավելյալ աշխատանքն այդ երկու ժամի սահմաններից ավելի երկարացնելու։ Իհարկե, կապիտալիստը կարող է 5 շիլլինգի փոխարեն բանվորին միայն 4 շիլլինգ 6 պենս կամ նույնիսկ է՛լ ավելի քիչ վճարել։ 4 շիլլինգ 6 պենս գնահատվող այդ արժեքը վերարտադրելու համար բավական կլիներ 9 աշխատաժամ, և, այդպիսով, տասներկուժամյա աշխատանքային օրից հավելյալ աշխատանքին կընկներ 3 ժամ՝ փոխանակ 2 ժամի, որի հետևանքով ինքը՝ հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է մինչև 1 շիլլինգ 6 պենսի։ Սակայն այդ հետևանքին կարելի էր հասնել միայն բանվորի վարձը իր աշխատուժի արժեքից իջեցնելու միջոցով։ Ունենալով ընդամենը 4 շիլլինգ 6 պենս, որ բանվորն արտադրում է 9 ժամում, նա իր տրամադրության տակ -ով պակաս կենսամիջոցներ է ունենում, քան առաջ, և դրա հետևանքով կարող է տեղի ունենալ նրա աշխատուժի միայն կարճած վերարտադրություն։ Տվյալ դեպքում հավելյալ աշխատանքը կարող է երկարացվել միայն նրա նորմալ սահմանների խախտումով, նրա շրջանը կարող է ընդարձակվել միայն անհրաժեշտ աշխատաժամանակի շրջանի բռնի զավթումներով։ Թեև հավելյալ աշխատանքն ավելացնելու այս մեթոդը կարևոր դեր է խաղում աշխատավարձի իրական շարժման մեջ, այնուամենայնիվ, այստեղ նա պետք է բացառվի, քանի որ մեր ենթադրությամբ բոլոր ապրանքները, ուրեմն և աշխատուժը, վաճառվում և գնվում են իրենց լրիվ արժեքով։ Քանի որ այս ենթադրված է, աշխատուժի արտադրության կամ նրա արժեքի վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի պակասելու պատճառ կարող է լինել ո՛չ թե բանվորի աշխատավարձի իջեցումը նրա աշխատուժի արժեքից ցած, այլ միայն այդ իսկ արժեքի իջեցումը։ Եթե աշխատանքային օրվա տևողությունը տրված է, հավելյալ աշխատանքի աճումը պետք է առաջ գա անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետևանքով և ոչ թե ընդհակառակը, ոչ թե անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումը՝ հավելյալ աշխատանքի աճման հետևանքով։ Որպեսզի մեր օրինակի մեջ անհրաժեշտ աշխատաժամանակը -ով պակասի, այսինքն՝ 10-ից դառնա 9 ժամ, և, հետևաբար, հավելյալ աշխատանքը աճի 2-ից մինչև 3 ժամ, անհրաժեշտ է աշխատ ուժի արժեքի իրական իջեցում -ով։
Բայց աշխատուժի արժեքի -ի չափով այդպիսի իջեցումն իր կողմից ենթադրում է, որ կենսամիջոցների այն նույն քանակը, որ առաջ արտադրվում էր 10 ժամում, հիմա 9 ժամում է արտադրվում։ Բայց այդ անկարելի է առանց աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման։ Ենթադրենք, արտադրության տվյալ միջոցներով կոշկակարը կարող է, օրինակ, մեկ զույգ կոշիկ կարել 12-ժամյա աշխատանքային օրվա ընթացքում։ Որպեսզի նա կարողանա միևնույն ժամանակամիջոցում երկու զույգ կոշիկ պատրաստել, նրա աշխատանքի արտադրողական ուժը պետք է կրկնապատկվի, իսկ այն չի կարող կրկնապատկվել առանց նրա աշխատանքի միջոցների կամ մեթոդի կամ միաժամանակ թե՛ մեկի և թե՛ մյուսի փոփոխության։ Հետևաբար, նրա աշխատանքի արտադրական պայմանների մեջ, այսինքն՝ նրա արտադրության եղանակի, ուստի և աշխատանքի բուն իսկ պրոցեսի մեջ պետք է ռևոլյուցիա տեղի ունենա։ Աշխատանքի արտադրողական ուժի բարձրացում ասելով մենք այստեղ հասկանում ենք ընդհանրապես աշխատանքի պրոցեսի ամեն մի փոփոխություն, որը կրճատում է տվյալ ապրանքն արտադրելու համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակը, այսպիսով, աշխատանքի մի ավելի փոքր քանակ ընդունակություն է ձեռք բերում սպառողական արժեքի մի ավելի մեծ քանակ արտադրելու[2]։ Այսպես ուրեմն, եթե հավելյալ արժեքի արտադրությունը, նրա մինչև այժմ մեր քծնած ձևի մեջ հետազոտելիս, արտադրության եղանակը մեր կողմից ենթադրված է որպես ինչ-որ տրված բան, ապա այժմ, որպեսզի հասկանանք հավելյալ արժեքի արտադրությունը անհրաժեշտ աշխատանքը հավելյալ աշխատանք դարձնելու միջոցով, ամենևին բավական չէ ընդունել, որ կապիտալը տիրանում է աշխատանքի պրոցեսին՝ նրա պատմականորեն ժառանգված, գոյություն ունեցող ձևով և միայն նրա տևողությունն է երկարացնում։ Անհրաժեշտ է հեղաշրջում աշխատանքի պրոցեսի տեխնիկական ու հասարակական պայմանների և, հետևապես, նաև արտադրության բուն իսկ եղանակի մեջ, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժը բարձրանա, որպեսզի աշխատանքի արտադրողական ուժի բարձրանալով աշխատուժի արժեքն ընկնի և այդպիսով կրճատվի աշխատանքային օրվա այն մասը, որ անհրաժեշտ է այդ արժեքը վերարտադրելու համար։
Աշխատանքային օրը երկարացնելու. միջոցով արտադրվող հավելյալ արժեքը ես անվանում եմ բացարձակ հավելյալ արժեք։ Ընդհակառակը, այն հավելյալ արժեքը, որ առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակը կրճատելու և համապատասխանորեն՝ աշխատանքային օրվա երկու բաղկացուցիչ մասերի մեծությունների հարաբերակցության փոփոխության հետևանքով, ես անվանում եմ հարաբերական հավելյալ արժեք։
Որպեսզի աշխատուժի արժեքն իջնի, աշխատանքի արտադրողականության բարձրացումը պետք է ընդգրկի արդյունաբերության այն ճյուղերը, որոնց արդյունքները որոշում են աշխատուժի արժեքը, այսինքն՝ կա՛մ արդեն պատկանում են սովորական կենսամիջոցների թվին, կա՛մ կարող են նրանց փոխարինել։ Բայց ապրանքի արժեքը որոշվում է ո՛չ միայն այն աշխատանքի քանակով, որն ապրանքին վերջնական ձև է տալիս, այլ նաև աշխատանքի այն քանակով, որը պարունակվում է այդ ապրանքի արտադրության միջոցների մեջ։ Օրինակ, կոշկի արժեքը միայն կոշկակարի աշխատանքով չի որոշվում, այլ նաև կաշու, կուպրի, մոմաթելի և այլ նյութերի արժեքով։ Հետևաբար, աշխատուժի արժեքն ընկնում է նաև աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ապրանքների համապատասխան էժանացման հետևանքով արդյունաբերության այն ճյուղերում, որոնք հաստատուն կապիտալի նյութական տարրեր, այսինքն՝ աշխատանքի միջոցներ և աշխատանքի նյութ են մատակարարում անհրաժեշտ կենսամիջոցներ պատրաստելու համար։ Ընդհակառակը, արտադրության այն ճյուղերում, որոնք ո՛չ անհրաժեշտ կենսամիջոցներ են մատակարարում, ո՛չ էլ արտադրության միջոցներ՝ դրանք արտադրելու համար, արտադրողական ուժի բարձրացումը անփոփոխ է թողնում աշխատուժի արժեքը։
Ապրանքների էժանացումը, իհարկե, աշխատուժի արժեքը իջեցնում է միայն pro tanto, այսինքն՝ միայն այն չափով, որչափով այդ ապրանքը մասնակցում է աշխատուժի վերարտադրության մեջ։ Այսպես, օրինակ, շապիկը մի անհրաժեշտ կենսամիջոց է, բայց շատերից մեկը միայն։ Այդ ապրանքի էժանացումը պակասեցնում է բանվորի լոկ այն ծախսը, որ նա անում է շապիկների վրա։ Բայց անհրաժեշտ կենսամիջոցների ընդհանուր գումարը կազմված է տարբեր ապրանքներից, արդյունաբերության առանձին ճյուղերի ամենաբազմազան արդյունքներից, և ամեն մի այդպիսի ապրանքի արժեքը միշտ կազմում է աշխատուժի արժեքի համապատասխան մասը։ Այս վերջին արժեքը նվազում է իր վերարտադրության համար անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատման հետ միասին, որի ընդհանուր կրճատումը հավասար է արտադրության հիշյալ բոլոր առանձին ճյուղերում նրա կրճատումների գումարին։ Մենք այստեղ այդ ընդհանուր հետևանքն այնպես ենք քննում, որ կարծես թե նա յուրաքանչյուր առանձին դեպքում անմիջական հետևանք ու անմիջական նպատակ է եղել։ Սակայն, երբ առանձին կապիտալիստը աշխատանքի արտադրողական. ուժը բարձրացնելու միջոցով էժանացնում է իր ապրանքը, օրինակ, շապիկները, ապա նա, գուցե, ամենևին նպատակ էլ չի դնում աշխատուժի արժեքը, հետևապես և, անհրաժեշտ աշխատաժամանակը pro tanto իջեցնել, սակայն միայն այն չափով, որչափով նա վերջիվերջո օժանդակում է այդ հետևանքին, նա նպաստում է հավելյալ արժեքի ընդհանուր նորմայի բարձրացմանը[3]։ Կապիտալի ընդհանուր և անհրաժեշտ տենդենցները պետք է տարբերել դրանց դրսևորման ձևերից։
Այստեղ տեղը չէ քննելու, թե կապիտալիստական արտադրությանը ներհատուկ օրենքները հատկապես ինչպես են դրսևորվում կապիտալների արտաքին շարժման մեջ, ինչպես են գործում որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենքներ և հասնում առանձին կապիտալիստի գիտակցությանը որպես նրա գործունեության շարժառիթներ։ Համենայն դիպս պարզ է մի բան. կոնկուրենցիայի գիտական վերլուծությունը հնարավոր է դառնում միայն այն բանից հետո, երբ հասկացված է կապիտալի ներքին բնույթը, ճիշտ այնպես, ինչպես երկնային մարմինների թվացող շարժումը հասկանալի է դառնում միայն նրան, ով ծանոթ է այդ մարմինների իրական, բայց ոչ անմիջաբար ընկալելի շարժմանը։ Բայց հարաբերական հավելյալ արժեքի արտադրությունը հասկանալու համար, և այն էլ, միայն մեր վերլուծության արդեն ձեռք բերած հետևանքների հիման վրա, անհրաժեշտ է նշեք հետևյալը։
Եթե մեկ աշխատաժամը արտահայտվում է 6 պենսի կամ ½ շիլլինգի հավասար ոսկու քանակի մեջ, ապա տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում կարտադրվի 6 շիլլինգի արժեք։ Ենթադրենք, թե աշխատանքի արտադրողական ուժի տվյալ մակարդակի պայմաններում այդ 12 աշխատաժամերի ընթացքում պատրաստվում է ապրանքի 12 միավոր։ Ասենք, թե ապրանքի ամեն մի հատի վրա գործադրած արտադրամիջոցների, հումքի և այլ նյութերի արժեքը 6 պենս է։ Այդ հանգամանքներում ամեն մի առանձին ապրանք արժե 1 շիլլինգ, այն է՝ 6 պենս արտադրամիջոցների արժեքը, 6 պենս մշակման ժամանակ նրանց նոր միացած արժեքը։ Հիմա ընդունենք, թե որևէ կապիտալիստի հաջողվում է աշխատանքի արտադրողական ուժը կրկնապատկել, այնպես որ տասներկուժամյա աշխատանքային օրվա ընթացքում ապրանքի այդ տեսակից նա 12 հատի փոխարեն արդեն 24 հատ է արտադրում։ Եթե արտադրության միջոցների արժեքն անփոփոխ է մնացել, ապա ապրանքի առանձին հատի արժեքն այժմ ընկնում է մինչև 9 պենս, այն է՝ 6 պենս արտադրության միջոցների արժեքը, 3 պենս՝ վերջին աշխատանքի միջոցով նոր միացած արժեքը։ Չնայած արտադրողական ուժի կրկնապատկմանը, աշխատանքային օրը հիմա էլ, առաջվա նման, միայն 6 շիլլինգի նոր արժեք է ստեղծում, բայց միայն այդ վերջինը կրկնապատիկ ավելի քանակությամբ ապրանքների վրա է բաշխվում։ Ուստի ամեն մի առանձին արդյունքին այդ ընդհանուր արժեքի միայն մասն է ընկնում -ի փոխարեն, 3 պենս՝ 6 պենսի փոխարեն, կամ, որ միևնույնն է, հիմա արտադրամիջոցներին նրանց պատրաստի արդյունք դառնալու ժամանակ ապրանքի յուրաքանչյուր առանձին կտորին միայն կես աշխատաժամ է միացվում և ոչ թե մի ամբողջ ժամ, ինչպես առաջ։ Այժմ այդ ապրանքի անհատական արժեքը նրա հասարակական արժեքից ավելի ցածր է, այսինքն՝ ապրանքն ավելի քիչ աշխատաժամանակ է նստում, քան միևնույն արդյունքների այն ահագին մասսան, որ արտադրված է հասարակական միջին պայմաններում։ Ապրանքի մի հատը միջին հաշվով արժե 1 շիլլինգ, կամ ներկայացնում է հասարակական աշխատանքի 2 ժամ. արտադրության փոփոխված եղանակի դեպքում նա արժե միայն 9 պենս, այսինքն՝ միայն 1½ ժամ աշխատանք է պարունակում։ Բայց ապրանքի իսկական արժեքը նրա ոչ թե անհատական, այլ նրա հասարակական արժեքն է, այսինքն՝ այդ արժեքը չափվում է ո՛չ թե աշխատաժամանակի այն քանակով, որ տվյալ առանձին դեպքում արտադրողն իրապես գործադրել է նրա վրա, այլ այն աշխատաժամանակով, որ հասարակականորեն անհրաժեշտ է ապրանքն արտադրելու համար։ Հետևապես, եթե նոր մեթոդ կիրառած կապիտալիստը իր ապրանքը վաճառում է 1 շիլլինգով՝ նրա հասարակական արժեքով, ապա նա ապրանքը վաճառում է նրա անհատական արժեքից 3 պենս ավելի բարձր և այդպիսով 3 պենս լրացուցիչ հավելյալ արժեք է իրացնում։ Մյուս կողմից, հիմա տասներկուժամյա աշխատանքային օրը նրա համար արտահայտվում է 24 կտոր ապրանքի մեջ՝ առաջվա 12-ի փոխարեն։ Հետևապես, մեկ աշխատանքային օրվա արդյունքը վաճառելու համար նա պետք է երկու անգամ ընդարձակի իր ապրանքի վաճառահանումը կամ շուկան։ Մյուս հավասար պայմաններում' նրա ապրանքներն ավելի մեծ շուկա կարող են նվաճել՝ հենց միայն իրենց գներն իջեցնելով։ Ուստի, կապիտալիստը ապրանքները կվաճառի նրանց անհատական արժեքից բարձր, բայց նրանց հասարակական արժեքից ցածր, օրինակ, հատը 10 պենսով։ Այսպիսով, նա յուրաքանչյուր հատից, այնուամենայնիվ, 1 պենսի լրացուցիչ հավելյալ արժեք կքամի։ Հավելյալ արժեքի այդ բարձրացումը նա կստանա անկախ այն բանից, թե նրա ապրանքն անհրաժեշտ կենսամիջոցների շարքին է պատկանում, թե ոչ, իբրև որոշիչ մոմենտ մտնում է աշխատուժի ընդհանուր արժեքի մեջ, թե չի մտնում։ Հետևապես, անկախ այդ վերջին պարագայից, յուրաքանչյուր առանձին կապիտալիստ շահագրգռված է էժանացնելու ապրանքն աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։
Բայց նույնիսկ մեր քննած դեպքում հավելյալ արժեքի մեծացրած արտադրությունն առաջ է գալիս անհրաժեշտ աշխատաժամանակի կրճատումից և հավելյալ աշխատանքի համապատասխան երկարացումից [Տես 3a ծանոթ.]։ Ասենք թե անհրաժեշտ աշխատաժամանակը հավասար է 10 ժամի, այսինքն՝ աշխատուժի օրական արժեքը՝ 5 շիլլինգի, հավելյալ աշխատանքը՝ 2 ժամի, իսկ արտադրվող օրական հավելյալ արժեքը՝ 1 շիլլինգի։ Բայց մեր կապիտալիստը հիմա արտադրում է 24 հատ ապրանք, որ վաճառում է հատը 10 պենսով, այսինքն՝ ամբողջը միասին՝ 20 շիլլինգով։ Որովհետև արտադրամիջոցների արժեքը հավասար է 12 շիլլինգի, ուստի ապրանքի հատը փոխհատուցում են միայն ավանսավորած հաստատուն կապիտալը։ Տասներկուժամյա աշխատանքային օրն արտահայտվում է մնացած հատի մեջ։ Որովհետև աշխատուժի արժեքը = 5 շիլլինգի, ուստի ապրանքի 6 հատի մեջ արտահայտվում է անհրաժեշտ աշխատաժամանակը և հատի մեջ՝ հավելյալ աշխատանքը։ Անհրաժեշտ աշխատանքի ու հավելյալ աշխատանքի հարաբերությունը, որն աշխատանքի հասարակական միջին պայմաններում կազմում էր 5:1, հիմա միայն 5:3 է կազմում։ Նույն հետևանքը կարելի է ստանալ նաև հետևյալ ձևով։ Տասներկուժամյա աշխատանքային օրվա արդյունքի արժեքը 20 շիլլինգ է։ Այդ գումարից 12 շիլլինգն ընկնում է արտադրամիջոցների արժեքին, որը արդյունքի արժեքի մեջ լոկ նորից երևան է գալիս։ Հետևապես, մնում է 8 շիլլինգ, որպես ա՛յն արժեքի փողային արտահայտությունը, որի մեջ ներկայացված է աշխատանքային օրը։ Այս փողային արտահայտությունն ավելի մեծ է, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքի փողային արտահայտությունը, որովհետև վերջինի 12 ժամը միայն 6 շիլլինգի մեջ է արտահայտվում։ Բացառիկ բարձր արտադրողական ուժով օժտված աշխատանքը գործում է որպես բազմապատկված աշխատանք, այսինքն՝ հավասար ժամանակամիջոցներում ավելի մեծ արժեք է ստեղծում, քան նույն տեսակի հասարակական միջին աշխատանքը։ Բայց մեր կապիտալիստն աշխատումի օրական արժեքի համար հիմա, առաջվա նման, միայն 5 շիլլինգ է վճարում։ Հետևապես, բանվորին •առաջվա 10 ժամի փոխարեն հիմա միայն 7½ ժամ է պետք այդ արժեքը վերարտադրելու համար։ Ուստի նրա հավելյալ աշխատանքն աճում է 2½ ժամով, նրա արտադրած հավելյալ արժեքը 1 շիլլինգից բարձրանում է 3 շիլլինգի։ Այսպիսով, արտադրության բարելավված եղանակ կիրառող կապիտալիստը հավելյալ արժեք արտադրելու համար աշխատանքային օրվա ավելի մեծ մասն է յուրացնում, քան արտադրության նույն ճյուղի մնացած կապիտալիստները։ Նա առանձին դեպքում նույնն է անում, ինչ որ ընդհանուր առմամբ անում է կապիտալը հարաբերական հավելյալ արժեք արտադրելիս։ Բայց, մյուս կողմից, այդ լրացուցիչ հավելյալ արժեքը չքանում է, հենց որ արտադրության նոր եղանակն ընդհանրանում է, և դրա հետ միասին վերանում է տարբերությունը ավելի էժան արտադրվող ապրանքի անհատական արժեքի և նրա հասարակական արժեքի միջև։ Արժեքն աշխատաժամանակով որոշելու այդ միևնույն օրենքը, որը նոր մեթոդ գործադրող կապիտալիստին զգալի է դառնում այն ձևով, որ նա պետք է ապրանքը նրա հասարակական արժեքից ցած գնով վաճառի, այդ նույն օրենքը, որպես կոնկուրենցիայի հարկադրական օրենք, ստիպում է մեր կապիտալիստի ախոյաններին իրենց մոտ արտադրության նոր եղանակ մտցնել[4]։ Այսպես ուրեմն, հավելյալ արժեքի ընղհանուր նորման ամբողջ պրոցեսի կողմից կշոշափվի միայն այն ժամանակ, երբ աշխատանքի արտադրողական ուժի բարձրացումը կտարածվի արտադրության այնպիսի ճյուղերի վրա և, հետևապես, կէժանացնի այնպիսի ապրանքներ, որոնք մանում են անհրաժեշտ կենսամիջոցների շրջանակի մեջ և այդ իսկ պատճառով կազմում են աշխատուժի արժեքի տարրեր։
Ապրանքների արժեքը հակառակ հարաբերական է աշխատանքի արտադրողականության ուժին։ Այդ վերաբերում է նաև աշխատուժի արժեքին, որովհետև այն որոշվում է ապրանքային արժեքներով։ Ընդհակառակը, հարաբերական հավելյալ արժեքն ուղիղ հարաբերական է աշխատանքի արտադրողական ուժին։ Նա բարձրանում է աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման և ընկնում է նրա անկման հետ։ 12 ժամ տևողությամբ հասարակական միջին աշխատանքային օրը, փողի արժեքն անփոփոխ մնալու դեպքում, միշտ, 6 շիլլինգի միևնույն նոր արժեքն է արտադրում, ինչպես էլ որ արժեքի այդ գումարը տրոհվելիս լինի աշխատուժի արժեքի համարժեքի և հավելյալ արժեքի։ Բայց եթե աշխատանքի արտադրողական ուժի բարձրացման հետևանքով օրական կենսամիջոցների արժեքը, հետևապես, նաև աշխատուժի օրական արժեքը 5 շիլլինգից իջնում է 3 շիլլինգի, ապա հավելյալ արժեքն աճելով՝ 1 շիլլինգից հասնում է 3 շիլլինգի։ Աշխատուժի արժեքը վերարտադրելու համար առաջ անհրաժեշտ էր 10 ժամվա աշխատանք, իսկ հիմա պահանջվում է միայն 6 աշխատաժամ։ Չորս ժամն ազատվեց և կարող է միացվել հավելյալ աշխատանքի բնագավառին։ Այստեղից կապիտալի ներհատուկ ձգտումն ու մշտական տենդենցը՝ աշխատանքի արտադրողական ուժը բարձրացնել ապրանքներն էժանացնելու և ապրանքների էժանացման միջոցով հենց իրեն՝ բանվորին էժանացնելու նպատակով[5]։
Ապրանք արտադրող կապիտալիստի համար ապրանքի բացարձակ արժեքն ինքնըստինքյան նշանակություն չունի։ Նրան հետաքրքրում է միայն ապրանքի մեջ պարունակված և այն վաճառելիս իրացվող հավելյալ արժեքը։ Հավելյալ արժեքի իրացումն ինքնըստինքյան ենթադրում է ավանսավորած արժեքի փոխհատուցումը։ Քանի որ հարաբերական հավելյալ արժեքն աճում է աշխատանքի արտադրողական ուժի զարգացման նկատմամբ ուղիղ հարաբերությամբ, այնինչ ապրանքների արժեքն ընկնում է այդ զարգացման նկատմամբ հակառակ հարաբերությամբ,— ուրիշ խոսքով, քանի որ միևնույն պրոցեսն ապրանքներն էժանացնում և մեծացնում է նրանց մեջ պարունակվող հավելյալ արժեքը, ուստի հենց դրանով էլ բացատրվում է այն փաստի հանելուկային լինելը, որ կապիտալիստը, որը միայն փոխանակային արժեքի արտադրության մասին է հոգում, շարունակ աշխատում է իջեցնել իր ապրանքների փոխանակային արժեքը,— մի հակասություն, որով քաղաքատնտեսության հիմնադիրներից մեկը, Քենեն, տանջում էր իր հակառակորդներին և որի առթիվ նրանք այնպես էլ պատասխան չտվին նրան։ «Դուք ընդունում եք,— ասում է Քենեն,— թե որքան ավելի է հաջողվում առանց արտադրությանը վնասելու արդյունաբերական արդյունքները պատրաստելիս շատ ծախքեր ու թանկ աշխատանքներ տնտեսել, այնքան ավելի օգտավետ է այդ տնտեսումը, որովհետև այն պակասեցնում է արդյունքի գինը։ Եվ, չնայած դրան, դուք կարծում եք, թե արդյունաբերողների աշխատանքից ծագող հարստության արտադրությունը հենց նրանց արտադրանքների փոխանակային արժեքի մեծացումն է»[6]։
Այսպիսով, կապիտալիստական արտադրության պայմաններում աշխատանքի արտադրողական ուժի զարգացմամբ աշխատանքը տնտեսելու[7] նպատակը ամենևին աշխատանքային օրվա կրճատումը չէ։ Այդ տնտեսման նպատակը լոկ այն աշխատաժամանակի կրճատումն է, որ անհրաժեշտ է որոշ քանակությամբ ապրանք արտադրելու համար։ Եթե բանվորը իր աշխատանքի արտադրողականության բարձրացման հետևանքով սկսում է, օրինակ, մի ժամում առաջվանից 10 անգամ ավելի շատ ապրանք արտադրել և, հետևապես, ապրանքի ամեն մի հատի վրա 10 անգամ ավելի քիչ աշխատաժամանակ է գործադրում, ապա այդ ամենևին չի խանգարում, որ նրան առաջվա պես այժմ էլ ստիպեն 12 ժամ աշխատելու և 12 ժամում առաջվա 120-ի փոխարեն 1 200 հատ ապրանք արտադրելու։ Նրա աշխատանքային օրը կարող է այս դեպքում նույնիսկ երկարել, այնպես որ նա հիմա 14 ժամում 1 400 հատ կարտադրի և այլն։ Ուստի այնպիսի երանգի տնտեսագետների մոտ, ինչպես Մակ Կուլլոխը, Յուրը, Սենիորը et tutti quanti [և բոլոր նմանները], դուք մեկ էջում կարդում եք, թե բանվորը պետք է շնորհակալ լինի կապիտալին արտադրողական ուժերի զարգացման համար, որը կրճատում է անհրաժեշտ աշխատաժամանակը, իսկ հաջորդ էջում, թե՝ բանվորն իր այդ շնորհակալությունը պետք է ապացուցի 10-ի փոխարեն ապագայում օրական 15 ժամ աշխատելով։ Կապիտալիստական արտադրության ժամանակ աշխատանքի արտադրողական ուժի զարգացումը ձգտում է կրճատել աշխատանքային օրվա այն մասը, որ բանվորը գործադրում է հենց իրեն վրա, և ղրանով իսկ երկարացնել աշխատանքային օրվա մյուս մասը, որի ընթացքում բանվորը ձրի աշխատում է կապիտալիստի համար։ Թե ինչ աստիճան է հաջողվում հասնել այդ հետևանքին' առանց ապրանքներն էժանացնելու, կերևա հարաբերական հավելյալ արժեքի արտադրության առանձին մեթոդները քննելիս, որին մենք այժմ անցնում ենք։
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ԳԼՈՒԽ։ ԿՈՈՊԵՐԱՑԻԱ
Ինչպես տեսանք, կապիտալիստական արտադրությունը փաստորեն սկսվում է այն պահից, երբ միևնույն անհատական կապիտալը միաժամանակ ավելի մեծ թվով բանվորներ է աշխատեցնում, հետևապես, աշխատանքի պրոցեսն ընդարձակում է իր ծավալը և ավելի մեծ քանակությամբ արդյունք է մատակարարում։ Մեծ թվով բանվորների միաժամանակ, միևնույն տեղում (կամ, եթե կուզեք, աշխատանքի միևնույն֊ դաշտում) միևնույն տեսակի ապրանք արտադրելու համար, միևնույն կապիտալիստի հրամանատարության տակ գործելը պատմականորեն ու տրամաբանորեն կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը։ Արտադրության բուն իսկ եղանակի տեսակետից. օրինակ, մանուֆակտուրան իր սաղմնային ձևով տարբերվում է համքարային արհեստային արտադրությունից ոչ այլ կերպ, քան միևնույն կապիտալի կողմից միաժամանակ զբաղեցրած բանվորների ավելի մեծ թվով։ Համքարային վարպետի արհեստանոցը միայն ընդարձակված է։
Այսպես ուրեմն, տարբերությունն սկզբում զուտ քանակական է։ Ինչպես տեսանք, հավելյալ արժեքի այն մասսան, որ արտադրում է տվյալ կապիտալը, հավասար է առանձին բանվորի տված հավելյալ արժեքին՝ բազմապատկած միաժամանակ զբաղված բոլոր բանվորների թվով։ Այս թիվն ինքնըստինքյան ամենևին չի ազդում հավելյալ արժեքի նորմայի կամ աշխատուժի շահագործման աստիճանի վրա. իսկ ինչ վերաբերում է աշխատանքի պրոցեսի որակական փոփոխություններին, ապա դրանք, ըստ երևույթին, որևէ նշանակություն չունեն ընդհանրապես ապրանքագին արժեքի արտադրման համար։ Այդ բխում է արժեքի էությունից։ Եթե տասներկուժամյա աշխատանքային օրն առարկայանում է 6 շիլլինգի մեջ, ապա 1200 այդպիսի աշխատանքային օրը կառարկայանա 6 շիլլ. × 1200-ի մեջ։ Մի դեպքում արդյունքի մեջ մարմնացել է 12 × 1200, մյուս դեպքում՝ միայն 12 աշխատաժամ։ Արժեքի արտադրության մեջ մեծաքանակը միշտ նշանակություն ունի միայն որպես բազմաթիվ առանձին միավորների գումար։ Հետևապես, արժեքի արտադրության տեսակետից ոչ մի նշանակություն չունի, թե արդյոք 1200 բանվորներից յուրաքանչյուրն աոանձին է արտադրում, թե նրանք միավորված են միևնույն կապիտալի հրամանատարության տակ։
Ասենք, այստեղ որոշ սահմաններում մի որոշ ձևափոխություն է կատարվում։ Արժեքի մեջ առարկայացած աշխատանքը հասարակական միջին որակի աշխատանք է, այսինքն՝ միջին աշխատուժի դրսևորում։ Բայց միջին մեծությունը միշտ էլ միևնույն տեսակի բազմաթիվ անհատական տարրեր մեծությունների միջինն է։ Արդյունաբերության ամեն մի ճյուղում անհատ բանվորը, Պետրոսը կամ Պողոսը, ավելի կամ պակաս չափով շեղվում է միջին բանվորից։ Այդպիսի անհատական շեղումները, որոնք մաթեմատիկոսների լեզվով «անճշգրտություններ» են կոչվում, փոխադարձաբար մարվում և ոչնչանում են, հենց որ մենք զգալի թվով բանվորներ ենք վերցնում։ Հայտնի սոփեստ ու սիկոֆանտ Էդմունդ Բյորկը, որպես ֆերմեր, իր գործնական փորձի հիման վրա նույնիսկ պնդում է, որ «մի այնպիսի չնչին ջոկատի մեջ» արդեն, ինչպես 5 գյուղատնտես ական բատրակն չքանում են աշխատանքի բոլոր անհատական տարբերությունները, հետևաբար, բանվորական հասակում գտնվող հենց առաջին պատահած հինգ անգլիացի բատրակ, ըստ Բյորկի, տվյալ ժամանակի ընթացքում միասին ճիշտ նույնքան աշխատանք կկատարեն, որքան որևէ ուրիշ հինգ անգլիացի բատրակ[8]։ Համենայն դեպս պարզ է, որ միաժամանակ զբաղված մեծ թվով բանվորների ընդհանուր աշխատանքային օրը՝ բաժանած բանվորների թվի վրա, արդեն ինքնըստինքյան հասարակական միջին աշխատանքի օր է։ Ենթադրենք, մեկ անհատի աշխատանքային օրը տասներկու ժամ է տևում։ Այս դեպքում միաժամանակ զբաղված 12 բանվորի աշխատանքային օրն անում է 144 ժամից կազմված մի ընդհանուր աշխատանքային օր, և թեև այդ տասներկու բանվորից ամեն մեկի աշխատանքն ավելի կամ պակաս չափով շեղվում է հասարակական միջին աշխատանքից, թեև յուրաքանչյուր անհատ բանվոր, այդ պատճառով, միևնույն գործի վրա ավելի կամ պակաս ժամանակ է գործադրում միջին հասարակական աշխատանքի համեմատությամբ, այնուամենայնիվ առանձին բանվորի աշխատանքային օրը, որպես 144 ժամ պարունակող ընդհանուր աշխատանքային օրվա մեկ տասներկուերորդական մասը, հասարակական միջին որակ ունի։ Բայց կապիտալիստի համար, որը մի դյուժին բանվոր է բանեցնում, աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ամբողջ դյուժինի ընդհանուր աշխատանքային օր։ Ամեն մի առանձին բանվորի աշխատանքային օրը գոյություն ունի միայն որպես ընղհանուր աշխատանքային օրվա համապատասխան մաս, միանգամայն անկախ այն բանից, արդյոք այդ տասներկու մարդը միասին են աշխատում, թե նրանց աշխատանքների ամբողջ կապը այն է, որ նրանք միևնույն կապիտալիստի համար են աշխատում, Իսկ եթե այդ 12 բանվորից ամեն մի զույգը զբաղմունք ստանա մանր վարպետի մոտ, ապա միայն պատահաբար այդ մանր վարպետներից յուրաքանչյուրը կարող է արժեքի միատեսակ քանակ արտադրել, հետևաբար և պատահական կերպով հավելյալ արժեքի ընդհանուր նորմա իրացնել։ Այդ պայմաններում երևան կգան անհատական շեղումներ։ Եթե բանվորն ապրանքի արտադրության վրա շատ ավելի ժամանակ է գործադրում, քան այդ հասարակականորեն անհրաժեշտ է, եթե նրա համար անհատորեն անհրաժեշտ աշխատաժամանակը զգալիորեն շեղվում է հասարակականորեն անհրաժեշտ կամ միջին աշխատաժամանակից, ապա նրա աշխատանքը չի կարող միջին աշխատանք համարվել, իսկ նրա աշխատուժը չի կարող միջին աշխատուժ համարվել։ Այդպիսի աշխատուժը կա՛մ բոլորովին չի կարող վաճառվել, կա՛մ կվաճառվի աշխատուժի միջին արժեքից ավելի ցած գնով։ Այսպիսով, ենթադրվում է աշխատունակության մի որոշ մինիմում, և մենք հետո կտեսնենք, որ կապիտալիստական արտադրությունը գտնում է այդ մինիմումը չափելու եղանակը։ Բայց և այնպես այդ մինիմումը շեղվում է միջին մակարդակից, չնայած որ աշխատուժը ըստ իր միջին արժեքի պետք է վճարվի։ Այղ պատճառով էլ վեց մանր գործատերերից ոմանք հավելյալ արժեքի ընդհանուր նորմային համապատասխանող քանակից շատ, մյուսները քիչ կկորզեն։ Շեղումները կհավասարակշռվեն ամբողջ հասարակության համար, բայց ոչ առանձին վարպետի համար։ Հետևաբար, արժեքի աճման օրենքը ընդհանրապես առանձին արտադրողի համար լիովին իրացվում է միայն այն դեպքում, երբ նա որպես կապիտալիստ է արտադրում, շատ բանվորներ է աշխատեցնում միաժամանակ, այսինքն՝ հենց սկզբից հասարակական միջին աշխատանք է շարժման մեջ դնում[9]։
Նույնիսկ աշխատանքի անփոփոխ եղանակի դեպքում մեծ թվով բանվորների միաժամանակյա կիրառումը ռևոլյուցիա է առաջ բերում աշխատանքի պրոցեսի նյութական պայմանների մեջ։ Շենքերը, որոնց մեջ շատ մարդիկ են աշխատում, հում նյութի պահեստները և այլն, անոթները, գործիքները, ապարատները և այլն, որոնք միաժամանակ կամ փոփոխակիորեն շատերին են ծառայում, մի խոսքով՝ արտադրության միջոցների մի մասը հիմա աշխատանքի պրոցեսի մեջ գործադրվում է միատեղ։ Մի կողմից, ապրանքների, հետևապես նաև արտադրության միջոցների փոխանակային արժեքն ամենևին չի բարձրանում նրանց սպառողական արժեքի ուժեղացրած շահագործման հետևանքով։ Մյուս կողմից, միատեղ գործադրվող արտադրության միջոցների մասշտաբը պետք է աճի։ Այն սենյակը, որտեղ 20 ջուլհակ է աշխատում 20 հաստոցով, պետք է ավելի ընդարձակ լինի, քան երկու ենթավարպետի հետ աշխատող ինքնուրույն ջուլհակի սենյակը։ Բայց 20 բանվորի համար արհեստանոց կառուցելն ավելի էժան է նստում, քան 10 առանձին արհեստանոց կառուցելը՝ յուրաքանչյուրը 2 բանվորի համար և, ընդհանրապես մասսայական ու համակենտրոնացած համատեղ արտադրության միջոցների արժեքն աճում է արտադրամիջոցների չափի ու նրանց օգտակար էֆեկտի համապատասխանությունից անկախ։ Միատեղ գործադրվող արտադրամիջոցներն իրենց արժեքի ավելի փոքր մասն են փոխանցում արդյունքի միավորին, մասամբ այն պատճառով, որ նրանց տված ամբողջ արժեքը արդյունքների ավելի մեծ մասսայի վրա է բաշխվում միաժամանակ, մասամբ էլ այն պատճառով, որ դրանք, արտադրության առանձին գործադրվող միջոցների համեմատությամբ, թեև, բացարձակորեն ավելի մեծ արժեքով, բայց իրենց ներգործության ոլորտի տեսակետից հարաբերաբար ավելի փոքր արժեքով են մտնում արտադրության պրոցեսի մեջ։ Դրա հետ միասին նվազում է նաև արժեքի այն բաղկացուցիչ մասը, որ բաժին է ընկնում հաստատուն կապիտալին, հետևապես, նրա մեծությանը համապատասխան նվազում է նաև ապրանքի ընդհանուր արժեքը։ Հետևանքը նույնը կլինի, ինչպես և այն դեպքում, եթե ապրանքների արտադրության միջոցներն սկսեին ավելի էժան արտադրվել։ Արտադրության միջոցների կիրառման այդ տնտեսումն առաջ է գալիս բացառապես արտադրության միջոցները համատեղ գործադրելուց աշխատանքի պրոցեսում, որին մասնակցում են մեծ թվով մարդիկ։ Եվ արտադրության միջոցները ստանում են հասարակական աշխատանքի պայմանների կամ աշխատանքի հասարակական պայմանների այդ բնույթը, տարբերվելով առանձին ինքնուրույն բանվորների կամ մանր գործատերերի մանրատված ու համեմատաբար թանկ արտադրամիջոցներից,— նրանք այդ բնույթն ստանում են նույնիսկ այն դեպքում, եթե բազմաթիվ բանվորներ միավորված են միայն տարածականորեն և ոչ թե բուն աշխատանքի համատեղությամբ։ Արտադրության միջոցների մի մասն այդ հասարակական բնույթը նույնիսկ ավելի վաղ է ստանում, քան բուն իսկ աշխատանքի պրոցեսն ընդունում է նույն բնույթը։
Արտադրության միջոցների տնտեսումն ընդհանրապես պետք է դիտել երկու տեսակետից։ Նախ, այն չափով, որչափով այդ տնտեսումն էժանացնում է ապրանքները և դրանով իջեցնում է աշխատուժի արժեքը։ Երկրորդ, այն չափով, որչափով նա փոխում է հավելյալ արժեքի հարաբերությունը ավանսավորած ամբողջ կապիտալի նկատմամբ, այսինքն՝ նրա հաստատուն ու փոփոխուն բաղկացուցիչ մասերի արժեքների գումարի նկատմամբ։ Վերջին կետը քննության կառնվի այս աշխատության երրորդ գրքի առաջին բաժնում միայն, որի մեջ ներքին կապակցության համար մենք ուրիշ շատ բան պիտի մտցնենք այստեղ շոշափված թեմայի նյութից։ Վերլուծության ընթացքը պահանջում է առարկայի այդպիսի տրոհում, ընդ որում այդ համապատասխանում էլ է կապիտալիստական արտադրության ոգուն։ Հարցն այն է, որ կապիտալիստական արտադրության պրոցեսում աշխատանքի պայմանները հակադրվում են բանվորին որպես ինչ-որ ինքնուրույն բան, ուստի նրանց տնտեսումն էլ մի հատուկ օպերացիա է, որն ամենևին չի վերաբերում բանվորին և, հետևապես, անջատված է այն մեթոդներից, որոնք բարձրացնում են բանվորի անհատական արտադրողականությունը։
Աշխատանքի այն ձևը, երբ աշխատանքի միևնույն պրոցեսին կամ աշխատանքի տարբեր, բայց իրար հետ կապված, պրոցեսներին պլանաչափ կերպով և համատեղ շատ մարդիկ են մասնակցում, կոչվում է կոոպերացիա[10]։
Ինչպես որ հեծյալ էսկադրոնի հարձակման ուժը կամ հետևակ գնդի դիմադրության ուժն էապես տարբեր է առանձին հեծյալների կամ հետևակների ծավալած հարձակման ու դիմադրության ուժերի գումարից, այնպես էլ առանձին բանվորների ուռերի մեխանիկական այն ուժից, որը ծավալվում է, երբ շատ ձեռքեր միաժամանակ մասնակցում են միևնույն անբաժան օպերացիային, երբ, օրինակ, պահանջվում է ծանրություն բարձրացնել, ճախարակ պտտեցնել, ճանապարհից արգելքը վերացնել[11]։ Կոմբինացված աշխատանքի արդյունքը նման բոլոր դեպքերում կա՛մ բոլորովին չի կարող ստացվել մեկ անհատի ջանքերով, կա՛մ կարող է իրագործվել միայն շատ ավելի երկար ժամանակամիջոցում, կա՛մ միայն գաճաճային մասշտաբով։ Այստեղ խոսքը վերաբերում է ո՛չ միայն կոոպերարացիայի միջոցով անհատական արտադրողական ուժը բարձրացնելուն, այլև մի այնպիսի նոր արտադրողական ուժ ստեղծելուն, որն իր իսկ էությամբ մասսայական ուժ է [Տես 11a ծանոթ.]։
Սակայն բացի այն նոր ուժից, որ ծագում է շատ ուժեր մի ընդհանուր ուժի միաձուլելու հետևանքով, արտադրողական աշխատանքների մեծ մասի ընթացքում հասարակական կոնտակտն ինքն արդեն առաջ է բերում մրցակցություն և կենսական եռանդի (animal spirits) յուրահատուկ բարձրացում, որն ուժեղացնում է առանձին անձերի անհատական գործունակությունը։ Դրա հետևանքով 12 անձ 144 ժամից կազմված միատեղ աշխատանքային օրվա ընթացքում անհամեմատ ավելի շատ արդյունք կարտադրեն, քան տասներկու մեկուսացած բանվոր, որոնցից ամեն մեկը 12 ժամ է աշխատում, կամ մեկ բանվոր աշխատանքի իրար հաջորդող 12 օրվա ընթացքում[12]։ Սրա պատճառն այն է, որ մարդն իր բնությամբ եթե ոչ քաղաքական, ինչպես Արիստոտելն էր կարծում[13], ապա համենայն դեպս հասարակական կենդանի է։
Թեև շատերը միաժամանակ կամ միատեղ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, այնուամենայնիվ, յուրաքանչյուր առանձին անձի անհատական աշխատանքը, որպես ամբողջական աշխատանքի մի մասը, կարող է ներկայացնել, աշխատանքի որոշ պրոցեսի այն տարբեր փուլերը, որոնցով մշակվող առարկան կոոպերացիայի հետևանքով ավելի արագ է անցնում։ Այսպես, օրինակ, երբ որմնադիրները մի հաջորդական շարք են կազմում՝ աղյուսները կառուցվող շենքի հիմքից այդ շենքի կատարը հանելու համար, ապա նրանցից ամեն մեկը միևնույն բանն է անում, և, այնուամենայնիվ. նրանց առանձին օպերացիաները կազմում են մեկ ընդհանուր օպերացիայի անընդհատ աստիճանները, նրա առանձին փուլերը, որոնցով ամեն մի աղյուս պետք է անցնի աշխատանքի պրոցեսում և որոնց շնորհիվ, աղյուսը, հավաքական բանվորի 24 ձեռքից անցնելով, ավելի արագ է տեղ հասցվում, քան այն դեպքում, եթե այն բարձրացնեին լաստամածի վրայով մերթ բարձրացող, մերթ իջնող առանձին բանվորի երկու ձեռքը[14]։ Աշխատանքի առարկան ավելի կարճ ժամանակում է անցնում նույն տարածությունը։ Մյուս կողմից, աշխատանքի կոմբինացիա է տեղի ունենում նաև այն դեպքում, երբ, օրինակ, շենքի կառուցմանը միաժամանակ տարբեր կողմերից են ձեռնարկում, թեկուզ և համագործող բանվորները այդ դեպքում միևնույն կամ միատեսակ աշխատանք կատարեին։ 144 ժամ տևողությամբ կոմբինացված աշխատանքային օրվա դեպքում աշխատանքի առարկան միաժամանակ զանազան կողմերից է մշակման ենթարկվում, քանի որ կոմբինացված կամ հավաքական բանվորն աչքեր ու ձեռքեր ունի թե՛ առջևից ու թե՛ հետևից, որոշ չափով օժտված է ամեն տեղ լինելու ընդունակությամբ։ Այս դեպքում հավաքական արդյունքը ավելի արագ է շարժվում դեպի իր ավարտումը, քան ավելի կամ պակաս չափով մեկուսացած այն 12 բանվորի տասներկուժամյա աշխատանքային օրվա ժամանակ, որոնք հարկադրված են աշխատանքի առարկային ավելի միակողմանիորեն ձեռնարկելու։ Այստեղ միաժամանակ հասունանում են արդյունքի տարածականորեն տարբեր մասերը։
Մենք ընդգծում ենք, որ իրար լրացնող շատ բանվորներ միևնույն կամ միատեսակ աշխատանք են կատարում, որովհետև համատեղ աշխատանքի այդ ամենապարզ ձևը խոշոր դեր է կատարում կոոպերացիայի նաև ամենազարգացած տեսակների մեջ։ Եթե աշխատանքի պրոցեսը բարդ է, ապա համատեղ աշխատողների զգալի մասսայի միավորման լոկ փաստն արդեն թույլ է տալիս տարբեր օպերացիաները տարբեր բանվորների միջև բաշխել, հետևապես միաժամանակ դրանք կատարել և այդպիսով կրճատել այն աշխատաժամանակը, որն անհրաժեշտ է հավաքական արդյունքը պատրաստելու համար[15]։
Արտադրության շատ ճյուղերում լինում են կրիտիկական մոմենտներ, այսինքն՝ բուն իսկ աշխատանքի պրոցեսի էությամբ որոշվող ժամանակամիջոցներ, որոնց ընթացքում անհրաժեշտորեն պետք է ձեռք բերվի որոշ աշխատանքային հետևանք։ Օրինակ, եթե պետք է ամբողջ հոտի ոչխարները խուզվեն, կամ որոշ քանակությամբ մորգեն հացահատիկ հնձվի ու հավաքվի, ապա ստացվող արդյունքի քանակն ու որակը կախված է այն հանգամանքից, թե արդյոք տվյալ օպերացիան մի որոշ ժամանակում կսկսվի ու կավարտվի։ Այն ժամանակամիջոցը, որի ընթացքում պետք է ավարտվի աշխատանքի պրոցեսը, այստեղ նախօրոք որոշված է, ինչպես, օրինակ, ծովատառեխի որսի ժամանակ։ Առանձին անհատը չի կարող 24 ժամից ավելի քան մի աշխատանքային օր դուրս բերել, ասենք 12 ժամ տևողությամբ, մինչդեռ կոոպերացիան, օրինակ, 100 մարդը, տասներկուժամյա օրն ընդարձակելով, դարձնում է 1200 ժամ պարունակող աշխատանքային օր։ Աշխատանքի ժամկետի կարճությունը փոխհատուցվում է աշխատանքի այն մասսայի մեծությամբ, որը վճռական վայրկյանին նետվում է աշխատանքի դաշտը։ Ժամանակին արդյունքներն ստանալն այստեղ կախված է կոմբինացված բազմաթիվ աշխատանքային օրերը միաժամանակ կիրառելուց, օգտակար էֆեկտի ծավալը՝ բանվորների թվից. վերջինս, սակայն, միշտ ավելի փոքր է այն բանվորների թվից, որոնք մեկուսացած աշխատելով, կարող կլինեին միևնույն ժամանակի ընթացքում նույն աշխատանքը կատարել[16]։ Այդ տեսակ կոոպերացիայի բացակայությունն է պատճառը, որ Միացյալ Նահանգների արևմուտքում ամեն տարի մեծ քանակությամբ հացահատիկ, իսկ Արևելյան Հնդկաստանի այն մասերում, որտեղ անգլիական տիրապետությունը քայքայել է հին համայնքը, մեծ քանակությամբ բամբակ է փչանում[17]։
Մի կողմից, կոոպերացիան թույլ է տալիս ընդարձակել աշխատանքի տարածական ոլորտը, ուստի և աշխատանքի որոշ պրոցեսներում արդեն կոոպերացիա է պահանջում աշխատանքի առարկաների հենց դասավորությունը տարածության մեջ. այսպես, օրինակ, կոոպերացիան անհրաժեշտ է ճահիճների ցամաքեցման աշխատանքների ժամանակ, ամբարտակներ կառուցելիս, ոռոգման աշխատանքների ժամանակ, ջրանցքներ, գետնուղիներ և երկաթուղիներ անցկացնելիս և այլն։ Մյուս կողմից, կոոպերացիան թույլ է տալիս հարաբերականորեն, այսինքն՝ արտադրության մասշտաբի համեմատությամբ, տարածականորեն նեղացնել արտադրության բնագավառը։ Աշխատանքի ներգործության ոլորտի ընդարձակման հետ միաժամանակ տեղի ունեցող նրա տարածական ոլորտի այդ սահմանափակումը, որը հնարավորություն է տայիս տնտեսելու արտադրության անարտադրողական ծախքերի (faux frais) մի զcալի մասը, առաջ է գալիս բանվորների մասսայի կենտրոնացումից, աշխատանքի տարբեր պրոցեսների միաձուլումից և արտադրության միջոցների համակենտրոնացումից[18]։
Առանձին անհատական աշխատանքային օրերի հավասարամեծ գումարի համեմատությամբ կոմբինացված աշխատանքային օրը սպառողական արժեքների ավելի մեծ մասսաներ է արտադրում, ուստի և փոքրացնում է այն աշխատաժամանակը, որ անհրաժեշտ է որոշ օգտակար էֆեկտի հասնելու համար։ Յուրաքանչյուր առանձին դեպքում աշխատանքի արտադրողական ուժի այդպիսի բարձրացումը կարող է ձեռք բերվել տարբեր եղանակներով՝ կա՛մ բարձրացվում է աշխատանքի մեխանիկական ուժը, կա՛մ տարածականորեն նրա ներգործության ոլորտն է ընդարձակվում, կա՛մ տարածականորեն նեղացվում է արտադրության դաշտն արտադրության մասշտաբի համեմատությամբ, կա՛մ կրիտիկական վայրկյանին կարճ ժամանակամիջոցում մեծ քանակությամբ աշխատանք է շարժման մեջ դրվում, կա՛մ առանձին անհատների մրցակցություն է հարուցվում և նրանցը կենսական եռանդն է լարվում, կա՛մ շատ անձերի միատեսակ օպերացիաները անընդհատության ու բազմակողմանիության դրոշմ են ստանում, կա՛մ տարբեր օպերացիաներ միաժամանակ են կատարվում, կա՛մ արտադրության միջոցները տնտեսվում են նրանց համատեղ գործադրության շնորհիվ, կա՛մ անհատական աշխատանքը հասարակական միջին աշխատանքի բնույթ է ստանում։ Բայց այդ բոլոր դեպքերում էլ կոմբինացված աշխատանքային օրվա սպեցիֆիկ արտադրողական ուժը ներկայացնում է աշխատանքի հասարակական արտադրողական ուժ կամ հասարակական աշխատանքի արտադրողական ուժ։ Այդ ուժը ծագում է հենց կոոպերացիայից։ Ուրիշների հետ պլանաչափ համագործակցության մեջ բանվորը ջնջում է անհատական սահմանները և ծավալում է իր, որպես մարդու, ցեղային պոտենցիաները[19]։
Եթե բանվորներն ընդհանրապես չեն կարող անմիջական համագործակցության պրոցեսի մեջ մտնել, երբ նրանք միատեղ չեն գտնվում, եթե այդ պատճառով նրանց կուտակումը մի որոշ կետում նրանց կոոպերացման պայմանն է, ապա այդ նշանակում է, որ վարձու բանվորները կարող են համագործել միայն այն դեպքում, եթե միևնույն կապիտալը, միևնույն կապիտալիստը նրանց միաժամանակ է բանեցնում, այսինքն՝ նրանց աշխատուժերը միաժամանակ է գնում։ Հետևապես, այդ աշխատուժերի հավաքական արժեքը կամ բանվորների օրական, շաբաթական ու այլ աշխատավարձերի գումարը պետք է արդեն կապիտալիստի գրպանում միավորված լինի, նախքան այդ իսկ աշխատուժերի միավորումը արտադրության պրոցեսում։ 300 բանվորի աշխատանքը մեկ անգամից, թեկուզ միայն մեկ օրվանը վճարելու համար կապիտալի ավելի մեծ ծախսում է պահանջվում, քան սակավաթիվ բանվորների աշխատանքը ամբողջ տարվա ընթացքում շաբթե-շաբաթ վճարելու համար։ Այսպիսով, համագործող բանվորների թիվը, կամ կոոպերացիայի մասշտաբը կախված է ամենից առաջ այն կապիտալի մեծությունից, որ առանձին կապիտալիստը կարող է ծախսել աշխատուժը գնելու համար, այսինքն՝ այն բանից, թե ամեն մի առանձին կապիտալիստ իր տրամադրության տակ որքան կենսամիջոցներ ունի մեծ թվով բանվորների համար։
Եվ այս վերաբերում է ո՛չ միայն փոփոխուն, այլև հաստատուն կապիտալին։ Օրինակ, 300 բանվոր ունեցող կապիտալիստի համար հում նյութի ծախսումը 30 անգամ ավելի է, քան 10-ական բանվոր ունեցող 30 կապիտալիստներից ամեն մեկի ծախսումը։ Աշխատանքի միատեղ օգտագործվող միջոցների քանակը, ինչպես իր արժեքով, այնպես էլ իր նյութական մասսայով, ճիշտ է, նույն համամասնությամբ չի աճում, ինչպես զբաղված բանվորների թիվը, բայց և այնպես՝ շատ զգալի չափով է աճում։ Այսպիսով, արտադրության միջոցների խոշոր մասսաների համակենտրոնացումը առանձին կապիտալիստների ձեռքում վարձու բանվորների կոոպերացման նյութական պայմանն է, և կոոպերացիայի չափերը կամ արտադրության մասշտաբը կախված է այդ համակենտրոնացման աստիճանից։
Սկզբնապես անհատական կապիտալի մի որոշ նվազագույն մեծություն անհրաժեշտ էր, որպեսզի միաժամանակ շահագործվող բանվորների թիվը. հետևապես նաև նրանց արտադրած հավելյալ արժեքի մասսան բավական լինեին բուն շահագործողին ձեռքի աշխատանքից ազատելու, մանր գործատիրոջը կապիտալիստ դարձնելու, ձևականորեն կապիտալիստական հարաբերություն ստեղծելու համար։ Հիմա այդ մինիմումը նյութական պայման է աշխատանքի մանրատված, միմյանցից անկախ բազմաթիվ անհատական պրոցեսները աշխատանքի մեկ կոմբինացված հասարակական պրոցեսի վերածելու համար։
Նույն կերպ էլ կապիտալի հրամանատարությունն աշխատանքի նկատմամբ սկզբում լոկ ձևական հետևանք էր այն բանի, որ բանվորն աշխատում է ոչ թե իրեն համար, այլ կապիտալիստի ճամար և, հետևապես, կապիտալիստի իշխանության տակ։ Բազմաթիվ վարձու բանվորների կոոպերացման զարգացման հետ կապիտալի հրամանատարությունը անհրաժեշտ է դառնում բուն իսկ աշխատանքի պրոցեսը կատարելու համար,— դառնում է արտադրության իրական պայման։ Այժմ կապիտալիստի հրամանատարությունը նույնքան անհրաժեշտ է դառնում արտադրության դաշտում, որքան գեներալի հրամանատարությունը ճակատամարտի դաշտում։
Համեմատաբար խոշոր չափերով կատարվող անմիջաբար հասարակական կամ համատեղ ամեն մի աշխատանք ավելի կամ պակաս չափով կարիք ունի կառավարման, որը ներդաշնակություն է սահմանում անհատական աշխատանքների միջև և կատարում է այն ընդհանուր ֆունկցիաները, որոնք ծագում են արտադրական ամբողջ մարմնի շարժումից՝ ի տարբերություն նրա ինքնուրույն օրգանների շարժման։ Առանձին ջութակահարը ինքն է ղեկավարում իրեն, նվագախումբը կարիք ունի դիրիժորի։ Կառավարելու, հսկելու և համաձայնեցնելու ֆունկցիաները դառնում են կապիտալի ֆունկցիաներ, հենց որ կապիտալին ենթարկված աշխատանքը դառնում է կոոպերատիվ աշխատանք; Բայց կառավարելու ֆունկցիան, որպես կապիտալի սպեցիֆիկ ֆունկցիա, ձեռք է բերում սպեցիֆիկ բնորոշ առանձնահատկություններ։
Արտադրության կապիտալիստական պրոցեսի շարժիչ մոտիվն ու որոշիչ նպատակն ամենից առաջ կապիտալի արժեքի ըստ կարելույն մեծ ինքնաճումն է[20], այսինքն՝ հավելյալ արժեքի ըստ կարելույն մեծ արտադրությունը և, հետևաբար, աշխատուժի ըստ կարելույն մեծ շահագործումը կապիտալիստի կողմից։ Միաժամանակ զբաղված բանվորների մասսայի աճման հետ աճում է նաև նրանց դիմադրությունը, հետևապես, անխուսափելիորեն աճում է նաև կապիտալի ճնշումը, որի նպատակն է խեղդել այդ դիմադրությունը։ Կապիտալիստի կառավարելը ո՛չ միայն մի առանձին ֆունկցիա է, որ առաջ է գալիս աշխատանքի հասարակական պրոցեսի բուն իսկ բնույթից և այդ պրոցեսի կազմի մեջ է մտնում, այլ միաժամանակ նաև աշխատանքի այդ հասարակական պրոցեսի շահագործման ֆունկցիա է և, որպես այդպիսին, պայմանավորված է շահագործողի ու նրա շահագործմանը ենթակա հում նյութի միջև եղած անխուսափելի հակամարտությամբ։ Այնուհետև, արտադրության միջոցների չափերի աճման հետ, որոնք կանգնած են վարձու բանվորի դեմ որպես օտարի սեփականություն, աճում է այդ միջոցների նպատակահարմար կիրառմանը վերահսկելու անհրաժեշտությունը[21]։ Այնուհետև, վարձու բանվորների կոոպերացիան լոկ հետևանք է կապիտալի գործունեության, որն աշխատեցնում է այդ բանվորներին միաժամանակ։ Բանվորների ֆունկցիաների կապը, նրանց միասնությունը, որպես արտադրողական կոլեկտիվ մարմնի ֆունկցիաների կապ և միասնություն, գտնվում է բանվորներից դուրս, կապիտալի մեջ, որը նրանց շաղկապում և պահում է միասին։ Այդ պատճառով էլ բանվորների աշխատանքների կապը նրանց դեմ իդեալականորեն կանգնած է որպես կապիտալիստի պլան, պրակտիկորեն՝ որպես նրա հեղինակություն, որպես օտար կամքի իշխանություն, որը նրանց գործունեությունը ենթարկում է իր նպատակներին։
Այսպիսով, կապիտալիստական կառավարումն իր բովանդակությամբ երկակի բնույթ է կրում, համապատասխանելով այդ կառավարմանը ենթակա արտադրության պրոցեսի երկակիությանը, պրոցեսի, որը մի կողմից աշխատանքի հասարակական պրոցես է որոշ արդյունք պատրաստելու համար, մյուս կողմից, կապիտալի արժեքի ինքնաճման պրոցես է։ Իր ձևով կապիտալիստական կառավարումը բռնակալական է։ Կոոպերացիայի խոշոր մասշտաբով զարգանալու հետ այո բռնակալությունն էլ զարգացնում է ուրույն, իրեն հատուկ ձևերը։ Ինչպես արդեն տեսանք, կապիտալիստն ազատվում է ձեռքի աշխատանքից, հենց որ նրա կապիտալը հասնում է այն նվազագույն մեծությանը, որով հնարավոր է դառնում կապիտալիստական արտադրությունը այս բառի իսկական իմաստով։ Նույն ձևով էլ նա առանձին բանվորների ու բանվորների խմբերի անմիջաբար ու շարունակ հսկելու ֆունկցիաները հիմա հանձնում է վարձու աշխատողների մի առանձին կատեգորիայի։ Ինչպես որ բանակը կարիք ունի զինվորական հրամանատարների հիերարխիայի, ճիշտ այդպես էլ միևնույն կապիտալի հրամանատարության տակ համատեղ աշխատանքով միավորված բանվորների մասսայի համար հարկավոր են արդյունաբերական ավագ սպաներ (կառավարիչներ, managers) ու ենթասպաներ (վարպետներ, foremen, overlookers, contre-mâitres), որոնք աշխատանքի պրոցեսի ժամանակ կարգադրություն են անում կապիտալի անունից։ Հսկելու աշխատանքն ամրակայվում է որպես նրանց բացառիկ ֆունկցիան։ Տնտեսագետը, անկախ գյուղացիների կամ ինքնուրույն արհեստավորների արտադրության եղանակը համեմատելով ստրկության վրա հիմնված պլանտատորական տնտեսության հետ, հսկելու այդ աշխատանքը համարում է արտադրության faux frais [անարտադրողական ծախքեր] [Տես 21a ծանոթ.]։ Ընդհակառակը, արտադրության կապիտալիստական եղանակը քննելով, նա կառավարման ֆունկցիան, որչափով վերջինը բխում է աշխատանքի հասարակական պրոցեսի բնույթից, նույնացնում է նույն ֆունկցիայի հետ, որչափով նա բխում է այդ պրոցեսի կապիտալիստական, հետևապես և անտագոնիստական բնույթից[22]։ Կապիտալիստը կապիտալիստ է ո՛չ այն պատճառով, որ նա արդյունաբերական ձեռնարկություն է ղեկավարում,— ընդհակառակը, նա արդյունաբերության ղեկավար է դառնում, որովհետև կապիտալիստ է։ Արդյունաբերության մեջ բարձրագույն իշխանությունը դառնում է կապիտալի ատրիբուտը այնպես, ինչպես որ ֆեոդալական դարաշրջանում ռազմական գործում ու դատարանում բարձրագույն իշխանությունը հողային սեփականության ատրիբուտն էր [Տես 22a ծանոթ.]։
Բանվորն իր աշխատումի սեփականատերն է այնքան ժամանակ միայն, քանի դեռ նա, որպես այդ ուժի վաճառորդ, սակարկում է կապիտալիստի հետ, բայց նա կարող է միայն այն վաճառել, ինչ ունի՝ միայն իր անհատական, առանձնացած աշխատուժը։ Նրա այս դրությունը ամենևին չի փոխվում նրանից, որ կապիտալիստը մեկի փոխարեն 100 աշխատուժ է գնում, ոչ թե մեկ առանձին բանվորի հետ է պայմանագիր կնքում, այլ միմյանցից անկախ 100 բանվորի հետ։ Նա կարող է այդ 100 բանվորին աշխատեցնել առանց նրանց մեջ կոոպերացիա հաստատելու։ Հետևաբար, կապիտալիստը վճարում է 100 ինքնուրույն աշխատուժերի արժեքը, բայց նա չի վճարում հարյուրի կոմբինացված աշխատուժի արժեքը։ Բանվորները, որպես անկախ անձնավորություններ, անհատներ են, որոնք որոշ հարաբերության մեջ են մտել միևնույն կապիտալի հետ, բայց ոչ իրար հետ։ Նրանց կոոպերացիան սկսվում է միայն աշխատանքի պրոցեսում, բայց աշխատանքի պրոցեսում նրանք արդեն դադարում են իրենք իրենց պատկանելուց։ Այդ ասպարեզը մտնելով նրանք դարձել են կապիտալի մի մասը։ Որպես կոոպերացված բանվորներ, որպես գործունեություն ծավալող մի օրգանիզմի անդամներ, նրանք իրենք կապիտալի գոյության մի առանձին եղանակն են միայն։ Ուստի այն արտադրողական ուժը, որ բանվորը զարգացնում է որպես հասարակական բանվոր, կապիտալի արտադրողական ուժն է։ Աշխատանքի հասարակական արտադրողական ուժը զարգանում է ձրիաբար, հենց որ բանվորը դրվում է որոշ պայմանների մեջ, իսկ կապիտալը նրան հենց այդ պայմանների մեջ է դնում։ Որովհետև աշխատանքի հասարակական արտադրողական ուժը ոչինչ չի նստում կապիտալին, որովհետև, մյուս կողմից, բանվորը չի զարգացնում այդ ուժը, քանի դեռ նրա աշխատանքն ինքը չի պատկանում կապիտալին, ուստի թվում է, թե այդ ուժն ըստ իր բնության կապիտալին պատկանող մի արտադրողական ուժ է, կապիտալին ներհատուկ արտադրողական ուժ։
Պարզ կոոպերացիայի գործողությունը հսկայական մասշտաբով երևան է գալիս ասիական հին ժողովուրդների, եգիպտացիների, էտրուսկների և ուրիշների վիթխարի կառուցումների մեջ։ «Հին ժամանակներում պատահում էր, որ այս ասիական պետություններն իրենց քաղաքացիական ու ռազմական պետքերը հոգալուց հետո կենսամիջոցների որոշ ավելցուկ էին ունենում, որը նրանք կարող էին գործադրել հոյակապ և հանրօգուտ կառուցումների վրա։ Շնորհիվ այն բանի, որ գրեթե ամբողջ ոչ-հողագործական բնակչության աշխատող ձեռքերը նրանց իշխանության տակ էին գտնվում... և շնորհիվ այն հանգամանքի, որ միապետին ու քրմերին էր պատկանում հիշյալ ավելցուկների տնօրինման բացառիկ իրավունքը, նրանք միջոցներ ունեին կանգնեցնելու այն հզոր կոթողները, որոնցով նրանք լցրին երկիրը... Հսկա արձաններ կանգնեցնելիս ու վիթխարի ծանրություններ կրելիս, որոնց տեղափոխությունը զարմանք է հարուցում, ամենաշռայլ կերպով գրեթե բացառապես մարդկային աշխատանք էր կիրառվում... Դրա համար բավական էր բանվորների մեծ թիվն ու սրանց ջանքերի կենտրոնացումը։ Այդպես են օվկիանոսի խորքերից բարձրանում կորալի հզոր խութերը և կղզիներ ու ցամաք կազմում, չնայած որ այդ պրոցեսի յուրաքանչյուր անհատական մասնակիցը (depositary) չնչին է, թույլ ու ողորմելի։ Ասիական միապետության ոչ-հողագործական բանվորները գործի մեջ կարող էին մտցնել բացառապես միայն իրենց անհատական ֆիզիկական ուժերը, բայց հենց նրանց թիվը ուժ էր, և այդ մասսաներին միասնաբար ղեկավարելու հզորությունը վերոհիշյալ վիթխարի կառուցումների սկիզբը դրեց։ Միայն շնորհիվ այն բանի, որ մեկ ձեռքում կամ սակավաթիվ ձեռքերում էին կենտրոնացած այն եկամուտները, որոնց հաշվին ապրում էին բանվորները, ՚ հնարավոր էին այդպիսի ձեռնարկումները»[23]։ Ասիական ու եգիպտական թագավորների կամ էտրուսկական քրմերի և մյուսների այդ իշխանությունն արդի հասարակության մեջ անցել է կապիտալիստին, ընդ որում նշանակություն չունի՝ արդյոք վերջինը հանդես է գալիս որպես առանձին կապիտալիստ, թե որպես հավաքական կապիտալիստ, ինչպես ակցիոներական ընկերություններում։
Աշխատանքի պրոցեսում գոյացող այն կոոպերացիան, որը մենք գտնում ենք մարդկային կուլտուրայի սաղմնային աստիճանների վրա, օրին., որսորդական ժողովուրդների մոտ [Տես 23a ծանոթ.] կամ Հնդկաստանի հողագործական համայնքներում, խարսխված է, մի կողմից, արտադրության պայմանների ընդհանուր սեփականության վրա, մյուս կողմից, այն բանի վրա, որ առանձին անհատը դեռ չի կտրել այն պորտաթելը, որ նրան կապում է տոհմի կամ համայնքի հետ, և տոհմի հետ նույնքան սերտորեն է զոդված, որքան անհատ մեղուն մեղուների փեթակի հետ։ Թե՛ մեկը և թե՛ մյուսը այդ կոոպերացիան տարբերում են կապիտալիստական կոոպերացիայից։ Անտիկ աշխարհում, միջնադարում և արդի գաղութներում խոշոր մասշտաբով կոոպերացիայի պատահական կիրառումը խարսխված է անմիջական տիրապետության ու ենթարկման հարաբերությունների վրա, սովորաբար ստրկության վրա։ Կոոպերացիայի կապիտալիստական ձևը, ընդհակառակը, հենց սկզբից, ենթադրում է իր աշխատուժը կապիտալին վաճառող աղատ վարձու բանվոր։ Սակայն կոոպերացիայի կապիտալիստական ձևը պատմականորեն զարգանում է, հակադրվելով գյուղացիական տնտեսությանն ու արհեստային անկախ արտադրությանը, վերջինը համքարային ձև ունի թե ոչ, միևնույն է[24]։ Սրանց նկատմամբ կապիտալիստական կոոպերացիան հանդես է գալիս ոչ որպես կոոպերացիայի մի առանձին պատմական ձև. ո՛չ, կապիտալիստական կոոպերացիան ինքը հակադրվում է նրանց որպես արտադրության կապիտալիստական պրոցեսի բնորոշ ու նրա սպեցիֆիկ առանձնահատկությունը կազմող պատմական ձև։
Ինչպես որ աշխատանքի հասարակական արտադրողական ուժը, որը բարձրանում է կոոպերացիայի շնորհիվ, կապիտալի արտադրողական ուժն է,— այնպես էլ ինքը՝ կոոպերացիան արտադրության կապիտալիստական պրոցեսի առանձնահատուկ ձևն է, որ հակադրվում է մանրատված անկախ բանվորների կամ մանր գործատերերի արտադրության պրոցեսին։ Այս առաջին փոփոխությունն է, որ կրում է աշխատանքի բուն պրոցեսը կապիտալին ենթարկվելու հետևանքով։ Այդ փոփոխությունը կատարվում է տարերայնորեն։ Մեծ թվով վարձու բանվորների միաժամանակյա կիրառումը աշխատանքի միևնույն պրոցեսում, որպես այդ փոփոխության պայման, կազմում է կապիտալիստական արտադրության ելակետը, համընկնում է կապիտալի բուն գոյության հետ։ Ուստի եթե, մի կողմից, արտադրության կապիտալիստական եղանակը պատմական անհրաժեշտություն է աշխատանքի պրոցեսը հասարակական պրոցեսի փոխարկելու համար, ապա, մյուս կողմից, աշխատանքի պրոցեսի հասարակական ձևը կապիտալի կողմից կիրառվող եղանակն է՝ այդ պրոցեսը է՛լ ավելի ձեռնտու կերպով շահագործել նրա արտադրողական ուժը բարձրացնելու միջոցով։
Կոոպերացիան վերը քննարկած իր պարզ ձևով համընկնում է լայն ծավալ ունեցող արտադրության հետ, բայց նա կապիտալիստական արտադրության զարգացման մի առանձին դարաշրջանի որևէ կայուն, բնորոշ ձևը չի կազմում։ Ամենաշատը՝ նա մոտավորապես այդպիսի դեր է խաղում մանուֆակտուրայի դեռևս արհեստային սաղմնավորումների ժամանակ[25] և խոշոր հողագործության այն տեսակի մեջ, որն իր տիպով համապատասխանում է մանուֆակտուրային ժամանակաշրջանին, գյուղացիական տնտեսությունից էապես տարբերվելով միայն միաժամանակ աշխատեցվող բանվորների մասսայով և արտադրության համակենտրոնացված միջոցների չափերով։ Պարզ կոոպերացիան միշտ տիրապետող ձև է արտադրության այն ճյուղերում, որտեղ կապիտալը գործում է լայն մասշտաբով, իսկ աշխատանքի բաժանումը և մեքենաները դեռ զգալի դեր չեն խաղում։
Կոոպերացիան սնում է որպես արտադրության կապիտալիստական եղանակի հիմնական ձև, թեև կոոպերացիայի ավելի զարգացած ձևերի կողքին նրա հենց պարզ ձևն իրենից ներկայացնում է միայն մի հատուկ ձև։
- ↑ Օրական միջին աշխատավարձի արժեքը որոշվում է նրանով, ինչ որ բանվորին հարկավոր է «ապրելու, աշխատելու և բազմանալու համար» (William Petty: «Political Anatomy of Ireland», 1672, էջ 64)։ «Աշխատանքի գինը միշտ կազմվում է գոյության անհրաժեշտ միջոցների գներից»։ Բանվորը համապատասխան վարձը չի ստանում, «եթե... բանվորի ստացած վաստակը նրան հնարավորություն չի տալիս իր՝ որպես բանվորի ցածր կոչմանն ու դիրքին համապատասխան այնպիսի ընտանիք պահելու, որը հաճախ նրանցից շատերին Է վիճակվում» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 15)։ «Հասարակ բանվորը, որը ոչինչ չունի, բացի ձեռքերից ու արհեստ իմանալուց, լոկ այնքան է ստանում, որքանով նրան հաջողվում է իր աշխատանքը վաճառել ուրիշներին... Աշխատանքի բոլոր ճյուղերում պետք է տեղի ունենա և իսկապես տեղի է ունենում այն իրողությունը, որ բանվորի վաստակը սահմանափակվում Է նրանով, ինչ որ նրան անպայման անհրաժեշտ է իր գոյությունը պահպանելու համար» (Turgot: «Réflexions sur la Formation et la Distribution des Richesses». Oeuvres, հրատ Daire, հ. I, էջ 10)։ «Անհրաժեշտ կենսամիջոցն երի գինն աշխատանքի արտադրության արժեքն է իրապես» (Malthus: «Inquiry into the Nature and Progress of Rent and the Principles by which it is regulated» 1815, էջ 48, ծանոթագրություն)։
- ↑ «Երբ կատարելագործվում են արհեստները, հարցը հանգում է նոր մեթոդներ գտնելուն, որոնց շնորհիվ տվյալ աշխատանքը կարող է կատարվել ավելի քիչ թվով մարդկանցով կամ (որ միևնույն բանն է) ավելի կարճ ժամանակում, քան առաջ» (Galiani: «Della Moneta», հ. III, Custodi-ի «Scrittori Classici Italiani di Economia Politica», Parte Moderna, Milano 1803, էջ 158, 159։ «Արտադրության ծախքերի տնտեսումն այլ բան չի կարող լինել, քան եթե արտադրելու վրա գործադրվող աշխատանքի քանակի, տնտեսում» (Sismondi: «Etudes etc.», հ. I, էջ 22)։
- ↑ «Երբ գործարանատերը, մեքենաները կաւոարելագործելով, կրկնապատկում է իր ստացած արդյունքի քանակը... նա շահում է (վերջիվերջո) լոկ այն չափով, որչափով դրա շնորհիվ հնարավորություն է ստանում բանվորին ավելի էժան հագցնելու... որչափով, հետևապես, այժմ ամբողջ արդյունքի ավելի փոքր մասն է բաժին ընկնում բանվորին» (Ramsay: «An Essay on the Distribution of Wealth». London 1821, էջ 168, 169)։
3a «Մարդու ստացած շահույթը կախված է ո՛չ թե այն բանից, որ նա իշխում է ուրիշ մարդկանց աշխատանքի արդյունքի վրա, այլ այն բանից, որ նա իշխում է հենց այդ աշխատանքի վրա։ Եթե նա կարող է իր արդյունքներն, ավելի բարձր գնով վաճառել, այն ժամանակ, երբ նրա բանվորների աշխատավարձն անփոփոխ է մնում, նա, անշուշտ, օգուտ, կստանա... Այս դեպքում նրա արտադրածի ավելի փոքր մասը բավական է այդ աշխատանքը շարժման մեջ դնելու համար, և, հետևաբար, ավելի մեծ մասը մնում է նրա օգտին» («Outlines of Political Economy». London 1832, էջ 49, 50)։ - ↑ «Եթե իմ հարևանը փոքր քանակությամբ աշխատանքով ավելի շատ է արտադրում և կարող է ավելի էժան վաճառել, ես պետք է աշխատեմ նրա նման էժան վաճառել։ Այնպես որ ամեն մի գյուտ, գործիք կամ մեքենա, որը հնարավորություն է տալիս աշխատող ձեռքերի ավելի փոքր քանակությամբ կառավարվելու և, Հետևապես, ավելի էժան արտադրելու, ուրիշների մոտ էլ, այսպես ասած, անհրաժեշտություն է առաջ բերում մրցելու կա՛մ նույն այդ մեթոդը, գործիքը կամ մեքենան օգտագործելու միջոցով և կա՛մ նրանց նամն մի այնպիսի բան հնարելով, որ բոլորը հավասար պայմանների մեջ լինեին, և ոչ ոք չկարողանար իր հարևանից ավելի էժան վաճառել» («The Advantages of East-India Trade to England». London 1720, էջ 67)։
- ↑ «Նույն այն համամասնությամբ, որով իջնում են բանվորի ծախքերը, իջնում է նաև նրա աշխատավարձը, եթե դրա հետ միասին արդյունաբերությունն ազատվում է ամեն տեսակ ճնշումներից» («Considerations concerning Taking off the Bounty on Corn exported etc.», London 1753, էջ 7)։ «Արդյունաբերության և առևտրի շահերը պահանջում են, որ հացը և ընդհանրապես ամեն տեսակ սննդամթերքները, որքան կարելի է՝ ավելի էժան լինեն. որովհետև այն, ինչ թանկացնում է դրանք, թանկացնում է նաև աշխատանքը... Այն բոլոր երկրներում, որտեղ արդյունաբերությունը ազատ է սահմանափակումներից, սննդամթերքների գինը պետք է ազդի աշխատանքի գնի վրա։ Այս վերջինը միշտ իջնում է, երբ էժանանում են անհրաժեշտ կենսամիջոցները» (նույն տեղում, էջ 3)։ «Աշխատավարձը պակասում է այն համամասնությամբ, որով աճում են արտադրության ուժերը։ Մեքենաները, ճիշտ է, էժանացնում են կենսամիջոցները, բայց նրանք էժանացնում են նաև բանվորներին» («A Prize Essay on the comparative merits of Competition and Co-operation». London 1834, էջ 27)։
- ↑ Quesnay: «Dialogues sur le Commerce et sur les Travaux des Artisans»,. «Physiocrates», հրատ. Daire, Paris 1836, էջ 188, 189։
- ↑ «Այդ սպեկուլյանտներն են, որոնք այդպես տնտեսում են բանվորների աշխատանքի հաշվին, երբ պետք է այդ աշխատանքի վարձը վճարեն(J. N. Bidaut: «Du Monopole qui s’éfablit dans les Arts industriels et le Commerce». Paris 1828, էջ 13)։ «Ձեռնարկատերը միշտ ջանք կգործադրի, որպեսզի տնտեսի ժամանակն ու աշխատանքը» (Dugald Stewart: Works, ed. by Sir W. Hamilton, Edinburgh 1855, հ. VIII, «Lectures on Political Economy», էջ 318)։ «Նրանց (կապիտալիստների) շահը պահանջում է, որ իրենց կիրառած բանվորների արտադրողական ուժը, որքան կարելի է, մեծ լինի։ Այդ պատճառով նրանց ուշադրությունը ուղղված է, և այն էլ համարյա բացառապես, հենց այդ ուժը մեծացնելուն» (R. Jones: «Text-book of Lectures on the Political Economy of Nations». Hertford 1852, Lecture III [էջ 39])։ [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1937 թ., էջ 316։]
- ↑ «Անվիճելի է, որ մեծ տարբերություն կա տարբեր մարդկանց աշխատանքի արժեքի միջև, նայած նրանց ուժի, հմտության ու բարեխղճության տարբերություններին։ Բայց ես, իմ մանրազնին դիտողությունների վրա հիմնված, միանգամայն վստահ եմ, որ աոաջին պատահած հինգ մարդը, կտան միասին աշխատանքի այնպիսի քանակություն, որ հավասար է իմ մատնանշած տարիքն ունեցող ամեն մի ուրիշ հինգ մարդու աշխատանքին. այդ նշանակում է, թե այդ հնգյակից մեկը կունենա լավ աշխատողի բոլոր հատկությունները, մյուսը վատ աշխատող կլինի, մնացած երեքը՝ միջակ, որոնք կմոտենան մերթ առաջինին, մերթ երկրորդին։ Այսպիսով, արդեն մի այնպիսի խմբում, ինչպես հինգ մարդը, դուք կգտնեք լրիվ կոմպլեկտն այն բոլորի, որ ընդհանրապես կարող է տալ հինգ մարդը» (E. Burke: «Thoughts and Details on Scarcity». London 1800, էջ 15, 16), Հմմտ., բացի դրանից, Քետլեի կարծիքը միջին անհատի մասին։
- ↑ Պարոն պրոֆեսոր Ռոշերը մեզ հաղորդում է իր այն հայտնագործության մասին, թե պրոֆեսորի կնոջ համար 2 օր աշխատող կարուհին ավելի շատ աշխատանք է տալիս, քան երկու կարուհին, որոնք մեկ օր միասին աշխատում են պրոֆեսորի կնոջ համար։ Պարոն պրոֆեսորը պետք է ըմբռներ, որ արտադրության կապիտալիստական պրոցեսը չեն դիտում մանկանոցում, այնպիսի իրադրության մեջ, որտեղ բացակայում է գլխավոր գործող անձը՝ կապիտալիստը։ [Roscher: «Die Grundlagen der Nationalökonomie», 3-րդ հրատ., 1858, էջ 88—89)։
- ↑ «Concours des forces» [«ուժերի միացում»] (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1826, էջ 80)։
- ↑ «Կան բազմաթիվ օպերացիաներ, որոնք այնքան պարզ են, որ դրանք չի կարելի բաժանել ենթամասերի, Բայց որոնք.կարող.են կատարվել միայն բազմաթիվ աշխատող ձեռքերի կոոպերացումով։ Այսպես է, օրինակ, մեծ գերանը սայլի վրա բարձրացնելը... և ընդհանրապես, ամեն մի գործ, որ կարող են կատարել միայն մեծ քանակությամբ ձեռքեր, որոնք միաժամանակ իրար օգնում են միևնույն օպերացիայում» (E. G. Wakefield: «A view of the Art of Colonization». London 1849, էջ 168)։
11a «Եթե մի մարդը բոլորովին չի կարող, իսկ 10 մարդը իրենց բոլոր ուժերի մեծագույն լարումով միայն կարող են մի տոննանոց ծանրությունը բարձրացնել, ապա հարյուր մարդն այդ կանեն՝ ամեն մեկը միայն մի մատը գործի դնելով» (John Belleres: «Proposals for Raising a College of Industry», London 1696, էջ 21)։ - ↑ «Այս է նմանապես (այսինքն՝ այն, երբ մեկ ֆերմեր նույն քանակությամբ բանվորներ է բանեցնում 300 ակրի վրա, որը 10 մանր ֆերմերներ բանեցնում են յուրաքանչյուրը 30 ակրի վրա) կազմում նաև համատեղ գործող զգալի թվով աշխատողների առավելությունը, որը դժվարությամբ են ըմբռնում գործին պրակտիկորեն անծանոթ մարդիկ. իսկապես, ո՜վ կսկսի հերքել, թե 1-ը հարաբերում է 4-ին այնպես, ինչպես 3-ը հարաբերում է 12-ին. սակայն պրակտիկայում այս դրույթը ճիշտ չէ. հնձի ու միքանի այլ շտապ աշխատանքների ժամանակ գործն ավելի լավ ու ավելի հաջող է ընթանում, եթե մեծ թվով ձեռքեր համախմբվում են մի տեղ. այսպես, օրինակ, 2 սայլապան, 2 բարձող, 2 խրձատու և 2 հավաքող ու միքանի մարդ դեզերի վրա կամ կալում կրկնապատիկ ավելի շատ բան կանեն, քան նույն քանակով աշխատող ձեռքերը, որոնք փոքրիկ խմբերով ցրված են առանձին ֆերմաներում» («An Inquiry into the Connection between the present Price of Provisions and the Size of Farms. By a Farmer». London 1773, էջ 7, 8)։
- ↑ Արիստոտելյան սահմանումը, իսկապես ասած, պնդում է, թե մարդն իրէ բնությամբ իսկ քաղաքային ռեսպուբլիկայի քաղաքացի է։ Կլասիկ հնադարի համար այդ նույնքան բնորոշ է, որքան յանկիների դարի համար Ֆրանկլինի այն սահմանումը, թե մարդը գործիքների ստեղծող է։
- ↑ «Բացի դրանից, պետք է նկատել, որ աշխատանքի այդպիսի մասնակի բաժանում կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, երբ բոլոր բանվորներն զբաղված են միևնույն աշխատանքով։ Օրինակ, որմնադիրները, որոնք աղյուսները ձեռքից ձեռք տալով բարձրացնում են բարձր լաստամածի վրա, բոլորն էլ միևնույն աշխատանքն են կատարում, և, այնուամենայնիվ, նրանց միջև աշխատանքի որոշ բաժանում գոյություն ունի — նրանցից յուրաքանչյուրը աղյուսը փոխանցում է որոշ տարածության վրա, և բոլորը միասին շատ ավելի արագ են աղյուսը տեղ հասցնում, քան այդ տեղի կունենար, եթե նրանցից ամեն մեկն իրեն համար ինքնուրույն կերպով աղյուսները փոխադրեր բարձր լաստամածի վրա» (F. Skarbek: «Théorie des Richesses Sociales», 2-րդ հրատ., Paris 1840, հ. I, էջ 97, 98)։
- ↑ «Եթե պահանջվում է բարդ աշխատանք կատարել, տարբեր օպերացիաները պետք է միաժամանակ կատարվեն։ Մեկը մի բան է անում, մի ուրիշը՝ մի այլ բան, և բոլորը միասին նպաստում են հասնելու այնպիսի հետևանքի, որն ամենևին չէր կարող մի մարդու ջանքերով իրագործվել։ Մեկը թիավարում է այն ժամանակ, երբ մի ուրիշը ղեկն է պահում, երրորդն ուռկանն է նետում կամ եռաժանիով խփում է ձկներին, և ձկան որսը տալիս է մի հետևանք, որը հնարավոր չէր լինի առանց ջանքերի այդպիսի միացման» (Destutt de Tracy: «Traité de la Volonté et de ses Effets». Paris 1862, էջ 78)։
- ↑ «Նրանց (հողագործական աշխատանքների) կատարումը վճռական րոպեին հսկայական նշանակություն ունի» («An Inquiry into the Connection between the present Price, etc.», էջ 7)։ «Հողագործության մեջ չկա ավելի կարևոր գործոն, քան ժամանակի գործոնը» (Liebig: «Ueber Theorie und Praxis in der Landwirtschaft». 1856, էջ 23)։
- ↑ Հետագա չարիքը մի այնպիսի բնույթ է կրում, որ հազիվ թե որևէ մեկը կարող լիներ այն հնարավոր համարել մի երկրում, որն ավելի շատ է աշխատանք արտահանում, քան աշխարհի որևէ մի ուրիշ երկիր, բացառությամբ, թերևս, Չինաստանի ու Անգլիայի, այն է՝ անկարելի է բավարար քանակությամբ աշխատող ձեռքեր գտնել բամբակը հավաքելու համար։ Դրա հետևանքն այն փաստն է, որ բերքի մի զգալի մասը մնում է առանց հավաքելու, իսկ նրա մյուս մասը գետնի վրայից հավաքում են այն ժամանակ, երբ բամբակն արդեն թափվել է և դրա հետևանքով կորցրել է համապատասխան գույնը և մասամբ փտել է, այնպես որ հարկավոր ժամանակ աշխատող ձեռքերի պակասության հետևանքով պլանտատորը փաստորեն ստիպված է զրկվելու բերքի մեծ մասից, որին այնպիսի ագահությամբ ուղղված են Անգլիայի աչքերը» («Bengal Hurkaru». Bi-Monthly Overland Summary of News, 22nd July 1861)։
- ↑ «Հողագործության առաջադիմության շնորհիվ կապիտալի ու աշխատանքի այն ամբողջ քանակը,— գուցե դեռ ավելի մեծ քանակը,— որը մի ժամանակ գործադրվում էր 500 ակրի մակերեսային մշակման համար, հիմա կենտրոնացվում է 100 ակրի ավելի հիմնավոր մշակման վրա»։ Թեև «կիրառվող կապիտալի ու աշխատանքի համեմատությամբ տարածությունը կրճատվել է, բայց արտադրության ոլորտն ընդլայնվել է արտադրության այն ոլորտի համեմատությամբ, որի շրջանակներով առաջ սահմանափակվում էր արտադրության ամեն մի անկախ գործչի գործունեությունը» (R. Jones: «An Essay on the Distribution of Wealth», «On Rent». London 1831, էջ 191)։ [Հմմտ. Ричард Джонс «Экономические сочинения», Соцэкгиз, 1937 թ., էջ 131։]
- ↑ «Ամեն մի մարդու ուժը չնչին է, բայց աչդ չնչին ուժերի միացումն ստեղծում է ընդհանուր ում, որն ավելի խոշոր է, քան այդ մասնակի ուժերի գումարը, այնպես որ ուժերը հենց իրենց միացումով կարող են պակասեցնել ժամանակը և մեծացնել իրենց ներգործության ոլորտը» (Ջ. Ռ. Կարլի, ծանոթագր. P. Verri-ի «Meditazioni sulla Economia Politica» (առաջին անգամ հրատարակված է 1773 թ.), իտալական տնտեսագետների Custodi-ի հրատարակության մեջ, Parte Moderna, հ. XV, էջ 196)։
- ↑ «Շահույթը... արտադրության միակ նպատակն է» (J. Vanderlint: «Money answers all Things». London 1734, էջ 11)։
- ↑ Անգլիական ֆիլիստերների «Spectator» թերթը 1866 թ. մայիսի 26-ի համարում հաղորդում է, թե «Մանչեստրի մետաղալարի արտադրության ընկերության» կապիտալիստների ու բանվորների միջև մի տեսակ ընկերություն հիմնելուց հետո «առաջին հետևանքը եղավ նյութերի վատնման հանկարծակի նվազումը, որովհետև մարդիկ հասկացան, թե կարիք չկա, որ իրենք, ինչպես և ուրիշ բոլոր սեփականատերերը, փչացնեն իրենց սեփական գույքը, իսկ թեթևամիտ պարտքերից հետո նյութերի վատնումն արդյունաբերության մեջ, թերևս, կորուստների ամենամեծ աղբյուրն է»։ Միևնույն թերթը հայտնագործում է ռոչգելյան կոոպերատիվ փորձերի հետևյալ հիմնական թերությունը. «Նրանք ցույց տվին, որ բանվորական ընկերությունները կարող են հաջողությամբ կառավարել կրպակները, գործարաններն ու արդյունաբերության գրեթե բոլոր ձևերը, նրանք անչափ բարելավեցին իրենց իսկ բանվորների դրությունը, բայց (!) նրանք բնավ նկատելի տեղ չեն թողնում կապիտալիստի համար», Quelle horreur! [Ի՜նչ սարսափելի բան։]
21a Պրոֆեսոր Կերնսը, մատնանշելով «superintendence of labour»-ի [«աշխատանքի վերահսկողությունը], որպես Հյուսիս֊ային Ամերիկայի հարավային նահանգներում ստրկական արտադրության բնորոշ գիծ, շարունակում է. «սեփականատեր-գյուղացին (հյուսիսի), որը յուրացնում է իր աշխատանքի ամբողջ արդյունքը, աշխատելու համար ուրիշ դրդապատճառների կարիք չունի։ Հսկողության ամեն մի կարիք այստեղ բոլորովին վերացված է» (Cairnes: «The Slave Power». London 1862, էջ 48, 49)։ - ↑ Սըր Ջեմս Ստյուարտը, որը աչքի է ընկնում նրանով, որ տեսնում է արտադրության տարբեր եղանակների հասարակական բնորոշ առանձնահատկությունները, նկատում է. «Իսկ ինչո՞ւ են խոշոր ձեռնարկություններն արդյունաբերության մեջ խորտակում մասնավոր ձեռնարկությունները, եթե ոչ այն պատճառով, որ նրանք ավելի են մոտենում ստրկության պարզությանը» («Principles of Political Economy». London 1767, հ. I, էջ 167, 168)։
22a Այդ պատճառով էլ Օգյուստ Կոնտն ու նրա դպրոցը կարող էին նույնքան լավ ապացուցել ֆեոդալ տերերի հավիտենական անհրաժեշտությունը, ինչպես նրանք ապացուցում էին պարոնայք կապիտալիստների անհրաժեշտությունը։ - ↑ R. Jones: «Text-book of Lectures etc.». Hertford 1852, էջ 77, 78. [Հմմտ. Ричард Джонс: «Экономические сочинения». Соцэкгиз, 1927 թ., էջ 348, 349]։ Հին ասորեստանյան, եգիպտական և այլ կոլեկցիաները Լոնդոնում ու եվրոպական այլ մայրաքաղաքներում մեզ դարձնում ֊են աշխատանքի այդ կոոպերատիվ պրոցեսների վկաներ։
23a Լենգեն իր «Théorie des Lois Civiles» գրքում, գուցե և ոչ առանց հիմքի, որսորդությունը կոոպերացիայի առաջին ձևն է անվանում, իսկ մարդկանց որսալը (պատերազմը)՝ որսորդության առաջին ձևը։ - ↑ Ինչպես մանր գյուղացիական տնտեսությունը, այնպես էլ անկախ արհեստային արտադրությունը, մասամբ արտադրության ֆեոդալական եղանակի բազիսն են կազմում, իսկ մասամբ էլ, նրա քայքայումից հետո, երևան են գալիս կապիտալիստական արտադրության կողքին։ Միաժամանակ նրանք կազմում են կլասիկ հասարակության տնտեսական հիմքը նրա գոյության ամենածաղկած շրջանում, երբ նախասկզբնական արևելյան համայնական սեփականությունը քայքայվել էր արդեն, իսկ ստրկությունը դեռ չէր կարողացել քիչ թե շատ զգալի չափերով տիրանալ արտադրությանը։
- ↑ «Մի՞թե միևնույն գործի մեջ շատերի հմտության, աշխատասիրության ու մրցության միացումը այդ աշխատանքը կատարելագործելու եղանակը չէ։ Եվ մի՞թե Անգլիան կարող էր իր բրդեղենի մանուֆակտուրան որևև այլ եղանակով այնքան բարձր կատարելության հասցնել» (Berkeley: «The Querist London 1750, էջ 56, § 521)։