Բանաստեղծություններ - Սոհրաբ Սեփեհրի

Գրապահարան-ից
03:33, 23 Մայիսի 2014 տարբերակ, Հանուման (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

ՄԵՆՈՒԹՅԱՆ ՆՈՒՐԲ ՃԵՆԱՊԱԿԻՆ ՍՈՀՐԱԲ ՍԵՓԵՀՐԻ

Պարսկական «ժամանակակից պոեզիայի» թերեւս ամենաինքնատիպ բանաստեղծներից է Սոհրաբ Սեփեհրին։ Վերջին հիսուն տարիների ընթացքում Իրանի գրականության ու արվեստի ամենաճանաչված դեմքերից մեկը, որի պոեզիան ու գեղանկարչությունը, հատկապես հեղինակի մահից հետո, դուրս եկան համաշխարհային արվեստի ասպարեզ։

Լինելով նաեւ տաղանդավոր գեղանկարիչ Ս. Սեփեհրին փնտրում էր բնապաշտական ու սուֆիստական շքեղ երեւույթների ու վիճակների անզուգական տոնահանդեսը, որն իր լավագույն դրսեւորումն է գտել «Կանաչ ծավալ», «Մենք ոչինչ, մենք հայացք» ժողովածուներում եւ «Ջրի ոտնաձայնը», «ճամփորդը» պոեմներում։ Ս. Սեփեհրին ծնվել է 1928թ. Իրանի Քաշան քաղաքում։

Ս. Սեփեհրիի կենդանության օորք թե՞ պարսկերեն եւ թե այլ լեզուներով հիսունից ավելի հոդվածներ գրվեցին պոեզիայի բնագավառում նրա անուրանալի ձեռքբերումների մասին։ «Ջրի ոտնաձայնը» գրքով կարելի է ասել, որ սկսվում է հեղինակի երկրորդ ստեղծագործական շրջանը։ Նրա լեզուն եւ մտորումները դառնում են առավել պայծառ եւ ինքնատիպ։ Համարյա հենց այս նույն շրջանում Ֆ. Ֆարրոխզադը հասավ իր «Սի այլ ծնունդ»ին (Ֆ. Ֆարրոխզադի 4ևրդ ժողովածուն)։ Այն տարբերությամբ, որ Ֆորուղի նվաճումները ձեռք էին բերվում մեծ թռիչքներով, մեծ տագնապներով ու ջղաձգությամբ, իսկ Սեփեհրին իր գագաթին մոտենում էր բացարձակ մենության, խաղաղության եւ տեսանող ու քննախույզ հայացքով։ 1977թ. «Ութ գիրք» վերտառությամբ լույս են տեսնում Սեփեհրիի ամբողջական ստեղծագործությունները։

«Ջրի ոտնաձանը» եւ «ճամփորդը» կազմում են «Ութ գրքի» հինգերորդ եւ վեցերորդ գրքերը։

Սեփեհրին սիրում էր ճամփորդել։ Եղել է Բրազիլիայում, Ֆրանսիայում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Գերմանիայում, Անգլիայում, իսպանիայում, Հոլանդիայում, Եգիպտոսում եւ այլուր։ Ֆրանսիայում, Բրազիլիայում, ԱՍՆում, Շվեդիայում եւ Իրանի տարբեր քաղաքներում ունեցել է անհատական ցուցահանդեսներ։

Խորապես տիրապետելով անգլերենին, ֆրանսերենին, ինչպես նաեւ որոշ չափով ճապոներենին, նա կարողացավ բնագրով ծանոթանալ համաշխարհային գրականության լավագույն նմուշներին։ Ս. Սեփեհրիի թարգմանությամբ պարսկերեն լույս է տեսել նորվեգացի բանաստեղծ Ռիշարդ Բիլինգերի (R. Bilinger), ամերիկացի Վիլյամ Կարլոս Վիլյամզի (W Carlos Williams), Փիեռ Րեւերդիի (P. Revedy), ինչպես նաեւ ճապոնացի եւ չին բանաստեղծների ստեղծագործությունները։

Ս. Սեփեհրիի բանաստեղծություններն ու պոեմները կենդանության օրոք եւ հետո բազմիցս թարգմանվել են գերմաներեն, իսպաներեն, անգլերեն, իտալերեն, արաբերեն, ֆրանսերեն, լեհերեն, թուրքերեն...

Ս. Սեփեհրին կարճ ապրեց։ Ծանր հիվանդությունը նրան գամում է անկողնում. 1980թ. 52 տարեկան հասակում Իրանի «Փարս» հիվանդանոցում վախճանվում է պարսկական ժամանակակից պոեզիայի եւ արվեստի պայծառ դեմքերից մեկը...


Մշտապես

Երեկո,

Մի քանի սարյակ

Հեռացան եղեւնու հիշողության առանցքից,

Տեղում մնաց ծառի մարմնական բարությունը

Իմ ուսերին թափելով պարկեշտության արեւածագը։

Խոսիր, ով գիշերային ժամադրավայրերի կին,

Հենց այս բարեհաճ ճյուղերի տակ քամու

Իմ ձեռքին հանձնիր մանկությունը իմ։

Այս սեւ մշտապեսների կենտրոնում

Խոսի՛ր, ով գեղագույն կատարելության քույր,

Իմ արյունը լցրու մտքի մեղմությամբ,

Բացահայտիր զարկերակն իմ

Սիրո շնչի կոշտության վրա։

Բացարձակ, մաքուր հողերի վրա

Քայլիր մինչ

Առասպելների այգու պայծառությունը։

ճաճանչափայլ խաղողի պահերի եզրին

Խոսի՛ր, բեդվինական խոսքի հուրի՛,

Իմ տրտմությունը մաքրիր

Բառ ու բանի հեռու գետաբերանին,

Եվ տկարության բոլոր աղի ավազներում

Տարածիր կոկորդը ջրի։

Հետո,

Երեկ գիշերվա քաղցր կոպը

Փռիր

Չալեկոծված գազոնների ըմբռնման վրա։