Անդառնալի անկթարթը

Գրապահարան-ից
21:57, 25 Մայիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Անդառնալի ակնթարթը

հեղինակ՝ Ստեֆան Ցվայգ
թարգմանիչ՝ Լևոն Հախվերդյան (ռուսերենից)
աղբյուր՝ անհայտ

Անդառնալի ակնթարթը

Վաթեռլոո, 1815 թվականի հունիսի 18

Ճակատագիրը հակում ունի դեպի մեծազորներն ու տիրասերները։ Տարիներով նա հլու-հնազանդ հովանավորում է իր ընտրյալներին՝ Կեսարին, Ալեքսանդրին, Նապոլեոնին, քանի որ սիրում է տարերային խառնվածքները, նման հենց իրեն՝ ճակատագրին, որ նույնպես տարերային է՝ անըմբռնելի ու անվերահասու։

Բայց երբեմն, թեև բոլոր դարաշրջաններում հազվադեպ միայն, նա տարօրինակ մի քմահաճույքով նետվում է միջակության գիրկը։ Երբեմն, և դրանք համաշխարհային պատմության ամենազարմանալի ակնթարթներն են, բախտի սանձերը մի միակ երերուն պահի ընկնում են ոչնչության ձեռքը։ Եվ այս մարդիկ սովորաբար ոչ թե հրճվանք, այլ վախ են ապրում այն պատասխանատվության առաջ, որ իրենց ներքաշում է համաշխարհային խաղի հերոիկայի մեջ, և նրանք գրեթե միշտ իրենց դողդոջուն ձեռքից բաց են թողնում ակամայորեն իրենց բաժին ընկած բախտը։ Նրանցից շատ քչերին է տրվում երջանիկ պատահականությունից բռնելու և դրա հետ միասին սեփական անձը պանծացնելու կամքը։ Քանի որ միայն մի ակնթարթ է մեծությունն իջնում ոչնչության մոտ, և նա, ով ձեռքից բաց է թողնում այդ ակնթարթը՝ կորցնում է անդառնալիորեն։

Գրուշի

Վիեննական կոնգրեսի դավերի ու հակաճառությունների, պարահանդեսների և սիրային ինտրիգների ամենաթեժ ժամանակ թնդանոթի հրաձգության նման պայթում է այն լուրը, թե Նապոլեոնը՝ գերված առյուծը, դուրս է պրծել Էլբա կղզու իր վանդակից։ Եվ ահա թռչում է էստաֆետ էստաֆետի ետևից. Նապոլեոնը գրավեց Լիոնը, արտաքսեց թագավորին, գնդերը փողփողացող դրոշներով անցնում են նրա կողմը, նա արդեն Փարիզումն է, հենց Թյուիլրիում, զուր անցավ Լայպցիգի մոտի հաղթանակը, զուր անցան քսանամյա արյունալի կռիվները։

Քիչ առաջ միմյանց հակաճառած և գժտված մինիստրներին ասես ինչ-որ ճանկեր ի մի են բերում, անգլիական, պրուսական, ավստրիական, ռուսական զորքերը կենտրոնանում են շուտափույթ, որպեսզի երկրորդ անգամ և վերջնականապես խորտակեն բռնապետին։

Ժառանգական թագավորների ու կայսրների Եվրոպան դեռ երբեք չի եղել այնքան միասնական ու միակամ, որքան մահացու երկյուղի այդ ժամին։ Հյուսիսից Ֆրանսիայի վրա է գալիս Վելինգտոնը, նրան օգնության է գնում պրուսական բանակը՝ Բլյուխերի գլխավորությամբ, Հռենոսում արշավանքի է պատրաստվում Շվարցենբերգը[1], իսկ իբրև ռեզերվ Գերմանիայի միջով ծանր ու դանդաղորեն ընթանում են ռուսական գնդերը։

Նապոլեոնը մի հայացքով ընդգրկում է իրեն սպառնացող վտանգը։ Նա գիտե, որ չի կարելի սպասել մինչև որ հավաքվի ամբողջ ոհմակը։ Նա պետք է բաժան-բաժան անի նրանց, հարձակվի պրուսացիների, անգլիացիների, ավստրիացիների վրա առանձին-առանձին, հարձակվի ավելի վաղ, քան նրանք կդառնան համաեվրոպական բանակ և կջախջախեն իր կայսրությունդ։ Նա պետք է շտապի, քանի դեռ երկրի ներսում դժգոհության տրտունջ չի բարձրացել, պետք է հաղթանակի հասնի ավելի վաղ, քան հանրապետականները կհասցնեն ամրանալ և միանալ միապետականների հետ, ավելի վաղ, քան երկերեսանի և անորսալի Ֆուշեն, իր երկվորյակների ու թշնամու՝ Թալեյրանի հետ դաշն կնքելով, դանակն իր թիկունքը կխրի։

Նա պետք է, օգուտ քաղելով բանակին համակած ոգեշնչումից, մի սրընթաց հարձակումով ջախջախի թշնամիներին։ Ամեն մի բաց թողած օրը նշանակում է կորուստ, ամեն մի ժամը խորացնում է վտանգը։

Եվ նա առանց հապաղելու պատերազմի վիճակ է նետում Եվրոպայի ամենաարյունալի ռազմադաշտը՝ Բելգիա։ Հունիսի 15֊ի առավոտյան երեքին Նապոլեոնի մեծ և այժմ միակ բանակի առաջապահն անցնում է սահմանը։ Ձերբազատված առյուծի թաթի այդ առաջին հարվածը խորտակիչ է, բայց ոչ մահացու։ Պարտված, բայց չոչնչացված պրուսական բանակը նահանջում է դեպի Բրյուսել։

Նապոլեոնը նախապատրաստում է երկրորդ հարվածը, այս անգամ Վելինգտոնի դեմ։ Շունչ քաշելու մի րոպե իսկ չի կարող նա թույլ տալ ո՛չ իրեն, ո՛չ թշնամիներին, քանի որ օր օրի աճում են նրանց ուժերը, իսկ իր թիկունքում գտնվող երկիրը, արնաքամ, տրտնջացող ֆրանսիական ժողովուրդը պետք է շշմեցվի հաղթանակի լուրերի հաշիշով։

Հունիսի 17-ին արդեն նա իր ամբողջ բանակով մոտենում է Կատր-Բրային, ուր ամրացել է սառնարյուն, հաշվենկատ ոսոխը՝ Վելինգտոնը։ Երբեք Նապոլեոնի կարգադրությունները չեն եղել ավելի շրջահայաց, ռազմի հրամանները՝ ավելի հստակ, քան այդ օրը։ Նա ոչ միայն գրոհի է պատրաստվում, այլև կանխատեսում է դրա վտանգը։ Ջախջախված, բայց չոչնչացված Բլյուխերի բանակը կարող է միանալ Վելինգտոնի բանակին։ Այդ վտանգը կանխելու համար նա իր բանակի մի մասն առանձնացնում է, որպեսզի սա կրնկակոխ հետևի պրուսական բանակին և խանգարի նրան միանալու անգլիացիներին։

Իր բանակի այդ առանձնացված մասի հրամանատարությունը նա վստահում է մարշալ Գրուշիին։ Սա մի սովորական մարդ է, բայց քաջարի, ազնիվ, վստահելի, հեծելազորի փորձառու հրամանատար, բայց ոչ ավելին, քան հեծելազորի հրամանատար։ Սա հեծելազորի անվեհեր ու տաքարյուն առաջնորդ չէ, ինչպես Մյուրատը, ոչ էլ ստրատեգ, ինչպես Սեն֊Սիրը և Բերտյեն, և ոչ էլ հերոս, ինչպես Նեյը։ Նրա կուրծքը լանջապանակ չի զարդարում, նրա անունը պսակված չէ առասպելով, նա չունի գոնե մի յուրահատկություն, որ իրեն փառք բերեր և օրինական տեղ տար նապոլեոնյան դարաշրջանի հերոսական միթոսի մեջ. միայն իր ձախորդությամբ, անհաջողակ լինելով է հայտնի Գրուշին։ Քսան տարի մարտնչել է բոլոր ճակատամարտերում, Իսպանիայից մինչև Ռուսաստան, Նիդեռլանդներից մինչև Իտալիա, դանդաղորեն բարձրանալով աստիճան առ աստիճան, մինչև որ հասել է մարշալի կոչման՝ ոչ առանց վաստակի, բայց և առանց սխրանքների։ Ավստրիացիների գնդակները, Եգիպտոսի արևը, արաբական դաշույնները, Ռուսաստանի սառնամանիքը նրա ճանապարհից դուրս են բերել նախորդներին, Դեզեին՝ Մարենգոյի մոտ, Կլեբերին՝ Կահիրեում, Լանին՝ Վագրամում[2]։ Վերին տիտղոսի ուղին Գրուշին ինքը չէր հարթել, պատերազմի քսան տարիներն էին բացել նրա համար։

Որ Գրուշին հերոս չէ ու ոչ էլ ստրատեգ, այլ միայն վստահելի, նվիրված, քաջ ու դատող հրամանատար՝ Նապոլեոնը լավ գիտե։ Բայց իր մարշալների մի կեսը գերեզմաններում է, մյուսները չեն կամենում լքել իրենց կալվածքները, քանի որ ավելի քան կուշտ են կռիվներից, և նա ստիպված է վճռական ու պատասխանատու գործը միջակ զորավարին վստահել։

Հունիսի 17-ի առավոտյան տասնմեկին, Լինյիի մոտ տարած հաղթանակի հաջորդ և Վաթեռլոոյի նախորդ օրը, Նապոլեոնն առաջին անգամ մարշալ Գրուշիին ինքնուրույն հրամանատարություն է վստահում։ Մի ակնթարթ, մի հատիկ օր համեստափայլ Գրուշին լքում է իր տեղը ռազմի հիերարխիայի մեջ՝ համաշխարհային պատմության մեջ մուտք գործելու համար։ Միայն մի ակնթարթ, բայց ինչպիսի՜ ակնթարթ։

Նապոլեոնի հրամանը պարզ է։ Այն ժամանակ, երբ ինքը հարձակում կգործի անգլիացիների վրա, Գրուշին զորքի մի երրորդով պետք է հետապնդի պրուսացիներին։ Առաջին հայացքից ոչ մի բարդություն չներկայացնող առաջադրանք, հստակ և ուղղագիծ, բայց միաժամանակ և առաձգական ու երկսայրի, ինչպես սուրը։ Քանի որ Գրուշին պարտավորված է գործողության ընթացքում պարտադիր կապ պահպանել բանակի գլխավոր ուժերի հետ։

Մարշալն առաջադրանքն ընդունում է անվճռականորեն։ Նա սովոր չէ ինքնուրույնաբար գործել․ զգուշավոր, նախաձեռնությունից զուրկ մարդ՝ նա վստահություն է ձեռք բերում այն դեպքերում միայն, երբ կայսեր հանճարեղ միտքը նրան մատնացույց է անում նպատակը։ Բացի այդ, թիկունքում նա զգում է իր գեներալների դժգոհությունը և, ո՞վ իմանա, գուցեև վրա հասնող ճակատագրի չարագուշակ թևաբախման աղմուկը։ Բանակի գլխավոր կացարանի մոտիկությունն է միայն, որ մի քիչ հանգստացնում է նրան․ ընդամենը երեք ժամվա արագացված քայլերթ է բաժանում նրան կայսերական բանակից։

Տեղատարափ անձրևի տակ Գրուշին դուրս է գալիս արշավի։ Նրա զինվորները կավահողի կպչուն ճանապարհով դանդաղորեն քայլում են պրուսացիների հետքերով, համենայն դեպս այն ուղղությամբ, ուր ենթադրում են գտնել Բլյուխերի զորաբանակը։

Կայուի գիշերը

Հյուսիսային անձրևը թափվում է անդադար։ Թրջված նախիրի նման մոտենում են Նապոլեոնի զինվորները իրենց կոշիկների վրա երկուական ֆունտ ցեխ կրելով․ ո՛չ մի ապաստան, ո՛չ տուն, ո՛չ տանիք։ Ծղոտն այնպես է խոնավացել, որ ոչ մի տեղ պառկելու հնար չկար, և զինվորները տեղատարափ անձրևի տակ քնում են նստած, մեջք մեջքի տալով, տասը-տասնհինգ մարդ առանձինառանձին։ Կայսրն էլ հանգիստ չունի։ Տենդագին բորբոքումը նրան քշում է մի տեղից մյուսը․ հակառակորդի դիրքերի հետախուզմանը խանգարում է անթափանց թխպոտ եղանակը, հետախույզների բերածը խառնաշփոթ տվյալներ էին միայն։ Նա դեռևս չգիտե՝ Վելինգտոնը ճակատամարտ կընդունի՞ արդյոք, Գրուշիի կողմից էլ լուր չկա պրուսական բանակի մասին։

Եվ գիշերվա մեկին, բանի տեղ չդնելով մտրակող տեղատարափ անձրևը, նա ինքն է քայլում առաջապահ դիրքերի երկայնքով, թնդանոթի հրաձգության չափ մոտենալով անգլիական բիվոլակներին, ուր մեկ այստեղ, մեկ այնտեղ մթության մեջ առկայծում են աղոտ լույսերը, և մտքում որոճում է ճակատամարտի ծրագիրը։ Լուսադեմին միայն նա վերադառնում է Կայու, իր աղքատիկ շտաբ-կացարանը, ուր գտնում է Գրուշիի առաջին հաղորդումները․ աղոտ տվյալներ՝ նահանջող պրուսացիների մասին, բայց դրանց հետ միասին հետապնդումը շարունակելու հանգստացնող խոստում։ Անձրևն աստիճանաբար մեղմանում է։ Կայսրն անհամբեր քայլում է մի անկյունից մյուսը՝ հայացքը դարձնելով լուսամուտին, դեպի դեղնին տվող հեռուները՝ չի՞ պարզում, վերջապես, հորիզոնը, չի՞ եկել վճիռ ընդունելու պահը։

Առավոտյան հինգին անձրևը կտրվում է, բոլոր կասկածները փարատվում են։ Նա հրաման է տալիս՝ իննին մոտ ամբողջ բանակը շարվի և պատրաստ լինի գրոհի։ Հանձնակատարները սուրում են բոլոր ուղղություններով։ Թմբուկներն արդեն հավաքի նշան են տալիս։ Եվ դրանից հետո միայն Նապոլեոնը նետվում է շարժական մահճակալին երկու ժամվա քուն առնելու համար։

Վաթեռլոոյի առավոտը

Առավոտյան ինն է։ Բայց դեռ բոլոր գնդերը չէ, որ դիրքավորվել են։ Երեք օրվա անձրևից կակղած գետինը դժվարացնում է տեղաշարժը և կասեցնում հրետանու մոտենալը։ Սառը քամի է փչում, դանդաղորեն դուրս է գալիս արևը, բայց դա Աուստերլիցի արևը չէ՝ վառ, ճառագող, երջանկություն գուշակող արևը, այլ դրա տրտմալի առկայծող հյուսիսային արտափայլումը միայն։

Վերջապես գնդերը շարված են, և մարտից առաջ Նապոլեոնը իր ճերմակ զամբիկով շրջում է ճակատով մեկ։ Դրոշների արծիվները խոնարհվում են, հեծյալները մարտականորեն թափահարում են սրերը, հետևակայիններն ի նշան ողջույնի իրենց հրացանների վրա բարձրացնում են արջենու գլխարկները։ Կատաղի թափով թնդում են թմբուկները, մոլեգին հրճվանքով զորավարին գիմավորում են շեփորները, բայց այս ամբողջ հրավառությունը ծածկում է յոթանասունհազարանոց բանակի համերաշխ, ցնծագին, ալիք տվող կանչը․ «Vive l’Empreur!», «Կեցցե՛ կայսրը»։

Նապոլեոնի քսանամյա տիրապետության ընթացքում ոչ մի շքահանդես չի եղել ավելի հանդիսավոր ու վսեմաշուք, քան այս վերջին ստուգատեսը։

Հազիվ են դադարում կանչերը, երբ Ժամը տասնմեկին, երկու ժամվա ուշացումով (ճակատագրական եղավ այս ուշացումը) հրետաձիգներին հրաման տրվեց մանրագնդակ արկեր տեղալ բլրի կարմիր համազգեստների վրա։ Եվ ահա Նեյը՝ «քաջաց քաջը», առաջ տարավ հետևակը։ Հասավ Նապոլեոնի վճռական Ժամը։ Անհամար անգամ նկարագրվել է այս ճակատամարտը, և այդուամենայնիվ, առանց հոգնության ու ձանձրույթի վերստին հետևում ես դրա հարափոփոխ ընթացքին, բոլոր պերիպետիաներին՝ նորից կարդալով Վալտեր Սկոտի պատմվածքը կամ առանձին դրվագների Ստենդալի նկարագրությունները։ Դա հավասարապես նշանակալի է ու բազմազան՝ ինչ դիտակետից էլ նայելու լինես՝ մոտիկից թե հեռվից, գեներալական բլրի թե կիրասիրական թամբի վրայից։ Դրամատիկական ահագնաթափ լարում գլուխգործոց է այս ճակատամարտը՝ վախի ու հույսերի անընդմեջ փոփոխություններով ու մի այնպիսի հանգուցալուծումով, որի մեջ ամեն ինչ ավարտվում է վերջնական կործանումով. ճշմարիտ ողբերգության մի նմուշ, քանի որ այստեղ հերոսի ճակատագիրը կանխորոշեց Եվրոպայի ճակատագիրը, և նապոլեոնյան դարաշրջանի ֆանտաստիկական հրավառությունն ընդմիշտ մարելուց առաջ գահավիժեց բարձունքից՝ մի անգամ, մի վերջին անգամ ևս հրթիռի պես երկինք մխրճվելով։

Տասնմեկից մինչև մեկը ֆրանսիական գնդերը գրոհում են բարձունքները, գրավում գյուղեր ու դիրքեր, նորից են նահանջում և նորից գրոհի նետվում։ Արդեն տասը հազար դիակ պատել են բլրաշատ տեղանքի խոնավ կավահողը, բայց ուժասպառումից բացի դեռևս ոչինչ ձեռք չի բերվել ոչ մեկ, ոչ մյուս կողմից։ Երկու բանակն էլ հոգնել են, երկու գլխավոր զորապետն էլ անհանգիստ վիճակ են ապրում։ Երկուսն էլ գիտեն, որ կհաղթի նա, ով առաջինը համալրում կստանա՝ Վելինգտոնը Բլյուխերից, Նապոլեոնը՝ Գրուշիից։

Նապոլեոնը ստեպ-ստեպ ձեռքն է առնում հեռադիտակը, սուրհանդակներ առաքում. եթե իր մարշալը վրա հասնի ժամանակին Ֆրանսիայի վրա վերստին կշողա Աուստերլիցի արևը։

Գրուշիի սխալը

Գրուշին, Նապոլեոնի ճակատագրի ակամա տնօրենը, նրա հրամանով նախորդ երեկո արշավի ելավ նշված ուղղությամբ։ Անձրևը դադարեց։ Անհոգ, ասես խաղաղ ժամանակ, քայլում են վաշտերը, որ առաջին անգամ երեկ էին առել վառոդի հոտը։ Հակառակորդը չկա ու չկա, ջախջախված պրուսական բանակի հետքն էլ չի երևում։

Հանկարծ, այն ժամանակ, երբ մարշալը շտապ֊շտապ նախաճաշ է անում մի ֆերմերի տանը, հողը թեթևակի ցնցվում է ոտքի տակ։ Բոլորն ականջ են դնում։ Նորից ու նորից, խլաձայն և ապա մարելով, ալիք է տալիս թնդյունը. դա հեռավոր հրանոթային համազարկի ձայնն է, ասենք, ոչ այնքան հեռավոր, ամենաշատը՝ երեքժամանոց արշավային տարածություն։ Սպաներից մի քանիսը հնդկացիների նման ականջները հպում են գետնին՝ ուղղությունը որսալու համար։ Անընդմեջ հեռավոր թնդյուն է լսվում։ Մոն-Սեն-ժանի մոտ սկսված թնդանոթաձգության ձայնն է դա, Վաթեռլոոյի սկիզբը։ Գրուշին խորհուրդ է հրավիրում։ Ժերարը՝ նրա օգնականը, տաք-տաք, կրակ կտրած պահանջում է․ «Il failt marcher au Canon» — հառա՛ջ, դեպի կրակի վայրը։ Մեկ ուրիշ սպա պաշտպանում է նրա առաջարկը՝ այնտե՛ղ, անհապաղ այնտեղ։ Բոլորը հասկանում են, որ կայսրը բախվել է անգլիացիների հետ և կատաղի կովի թեժ պահն է։

Գրուշին տատանվում է։ Ենթարկվելու վարժված մարդ, նա երկչոտաբար հակվում է դեպի կայսեր կանխագծմանը հետևելու ուղին՝ հետապնղել նահանջող պրուսացիներին։ Տեսնելով մարշալի անվճռականությունը, Ժերարը համբերությունից դուրս է գալիս՝ «Marchez au Canon!» — գնացե՛ք դեպի կրակի վայրը։ Իբրև հրաման և ոչ իբրև խնդրանք է հնչում ենթակայի այս պահանջը քսան մարդու՝ զինվորականների և ոչ զինվորականների ներկայությամբ։ Գրուշին դժգոհ է։ Նա ավելի կտրուկ ու խստորեն կրկնում է, որ պարտավոր է ճշտորեն կատարել իր պարտքը, քանի դեռ կայսրն ինքը չի փոխել հրամանը։ Սպաները հիասթափված են, իսկ թնդանոթները որոտում են ցասումնալի լռության մեջ։

Ժերարը մի վերջին հուսահատ փորձ է անում, նա խնդրում է, աղաչում է թույլ տալ իրեն թեկուզև մի դիվիզիայով ու մի բուռ հեծելազորով շարժվել դեպի ռազմադաշտ և պարտավորվում է ժամանակին լինել տեղում։ Գրուշին միտք է անում։ նա մտածում է միայն մի վայրկյան։

Համաշխարհային պատմության վճռական ակնթարթը

Մի վայրկյան է մտածում Գրուշին, և այդ մի վայրկյանը վճռում է իր բախտը, Նապոլեոնի բախտը և ամբողջ աշխարհի։ Դա, այդ մի միակ վայրկյանը Վալհայմի ֆերմայում, կանխորոշում է 19-րդ դարի ամբողջ ընթացքը, և ահա անմահության երաշխիքը՝ այդ վայրկյանը դանդաղում է շատ ազնիվ և նույնքան սովորական մարդու շուրթերին, իսկ կայսեր չարաբաստիկ հրամանը պարզ ու ակներև թրթռում է թուղթը նյարդայնորեն ճմրթող նրա ձեռքերում։

Եթե Գրուշին քաջություն ունենար, եթե նա հանդգներ հրամանը խախտել, եթե նա հավատ ընծայեր իրեն և բացահայտ, հրատապ անհրաժեշտությանը՝ Ֆրանսիան փրկված կլիներ։ Բայց ենթակա, ստորադրրյալ մարդը միշտ էլ կարգադրությանն է հետևում և ականջ չի դնում ճակատագրի կանչին։

Գրուշին եռանդով մերժում է Ժերարի առաջարկը։ Ո՛չ, այսքան փոքր բանակը մասնատել չի կարելի։ Իր խնդիրն է հետապնդել պրուսացիներին, և այդքանը միայն։ Նա հրաժարվում է գործել ստացած հրամանին հակառակ։ Անբավական սպաները ձայն չեն հանում։ Գրուշիի շուրջը լռություն է տիրում։ Եվ այդ լռության մեջ անվերադարձ չքանում է այն, ինչ այլևս չի կարելի ետ բերել ո՛չ խոսքով, ո՛չ գործով. չքանում է վճռական ակնթարթը։ Հաղթանակը մնաց Վելինգտոնին։

Իսկ Գրուշիի գնդերը շարունակում են արշավը։ Ժերարը, Վանգամը ցասումով սեղմում են բռունցքները։ Գրուշին անհանգստանում է՝ պրուսացիները չեն երևում, պարզ է, որ նրանք շեղվել են Բրյուսելի ճանապարհից։ Շուտով հետախույզները կասկած հարուցող լուրեր են բերում․ ամենայն հավանականությամբ, պրուսացիների նահանջը դարձել է շեղումների քայլերթ դեպի ռազմադաշտը։ Դեռ ժամանակ կա կայսրին օգնության հասնելու համար, և ավելի ու ավելի անհամբերությամբ Գրուշին սպասում է վերադարձի հրամանի։ Բայց հրամանը չկա։ Միայն ավելի ու ավելի խլաձայն է լսվում հեռավոր թնդանոթաձգությունը՝ Վաթեռլոոյի երկաթե վիճակահանությունը։

Կեսօրից հետո

Մինչդեռ ժամը մեկն է արդեն։ Չորս գրոհ ետ է մղվել, բայց դրանք նկատելիորեն թուլացրել են Վելինգտոնի ճակատի կենտրոնը։ Նապոլեոնը պատրաստվում է վճռական գրոհի։ Նա հրամայում է ուժեղացնել Բել-Ալյանսի մոտ գտնվող հրետանին և, նախքան հրանոթների ծուխը կվարագուրի բլրամիջյան տարածությունը՝ նա մի վերջին հայացք է նետում ռազմադաշտի վրա։

Եվ ահա հյուսիս-արևելքում Նապոլեոնը ինչ-որ ստվեր է նկատում, որ ասես դուրս են սողում անտառի միջից թարմ զորքեր։ Հեռադիտակներն անմիջապես այն կողմն են դառնում. Գրուշի՞ն է, արդյոք, որ համարձակորեն զանց է առել հրամանը և հրաշքով օգնության եկել ամենավճռական պահին։

Ո՛չ, գերին հայտնում է, որ դա գեներալ Բլյուխերի առաջապահն է, դրանք պրուսական գնդերն են։ Կայսրն իսկույն կռահում է, որ պրուսացիների պարտված բանակը խուսափել է հետապնդումից և գալիս է միանալու անգլիացիներին, իսկ իր սեփական բանակի մեկ երրորդն աննպատակ ու ապարդյուն ետուառաջ է անում դատարկ տարածության մեջ։ Նա իսկույնևեթ Գրուշիին երկտող է գրում, հրամայելով ինչ գնով էլ լինի կապ պահպանել և խանգարել պրուսացիներին մտնելու մարտի մեջ։

Նույն ժամանակ մարշալ Նեյը գրոհելու հրաման է ստանում։ Վելինգտոնին պետք է տապալել ավելի վաղ, քան պրուսացիները կմոտենան, հենց հիմա, երբ հանկարծ ու միանգամից նվազել են հաղթանակի հնարավորությունները՝ պետք է առանց տատանվելու ամեն ինչ դնել խաղաթղթին։ Եվ ահա մի քանի ժամվա ընթացքում իրար են հետևում կատաղի գրոհները, նորանոր հետևակային զորամասեր են մտնում կռվի մեջ։ Նրանք գրավում են մի քանի ավերված գյուղեր, ապա ետ են քաշվում, և վերստին մարդկային զանգվածը կատաղորեն նետվում է թշնամու արդեն բզկտված կարեի (քառանկյուն դասավորություն) վրա։

Բայց Վելինգտոնը դեռ դիմանում է, իսկ Գրուշիից ոչ մի լուր։ «Ո՞ւր է Գրուշին, որտե՞ղ է դեմ առել Գրուշին»,— տագնապով շշնջում է կայսրը՝ նայելով պրուսացիների մոտեցող առաջապահին։ Կայսեր գեներալներն էլ սկսում են կորցնել համբերությունը։ Նպատակ դնելով ուժով վճռել ճակատամարտի ելքը, մարշալ Նեյը, գործելով նույնքան հանդգնաբար ու անվեհեր, որքան անվստահ գործում էր Գրուշին (երեք ձի արդեն սպանվել են Նեյի տակ), նա կրակի երախն է նետում ֆրանսիական ողջ հեծելազորը։ Տասը հազար կիրասիրներ և դրագուններ սուրում են մահվան ընդառաջ, սեպի պես խրվում կարեի մեջ, ճզմում թշնամական շարքերը, հնձում հրետանավորներին։

Ճիշտ է, նրանց ետ են մղում, բայց անգլիական բանակի ուժերն սպառվում են, ամրացված բլուրների մեջ խրված բռունցքը սկսում է բացվել։ Ու երբ ֆրանսիական նորաստեղծ հեծելազորը նահանջում է ռմբագնդերի տարափի տակ, Նապոլեոնի վերջին ռեզերվը, հին գվարդիան, հաստատուն և դանդաղ քայլքով գրոհում է այն բարձունքները, որոնց նվաճումը կարող էր որոշել Եվրոպայի ճակատագիրը։

Հանգույցի լուծումը

Ամբողջ օրը չորս հարյուր թնդանոթ է որոտում մեկ և մյուս կողմերից։ Ռազմադաշտում ձիերի դոփյունը միահյուսվում է հրանոթների համազարկերին, խլացուցիչ հարվածում են թմբուկները, գետինը ցնցվում է դղրդյունից ու թնդյունից։ Բայց բարձունքների՝ երկու բլրի վրա, երկու զորավարն էլ մարտի ժխորի մեջ ուշի֊ուշով որսում են ավելի ցածր հնչյուններ։

Ժամանակաչափերը հազիվ լսելի, թռչունի սրտի պես, տկտկում են կայսեր ձեռքին և Վելինգտոնի ձեռքին։ Երկուսն էլ ստեպ֊ստեպ նայում են ժամացույցին և հաշվում րոպեներն ու վայրկյանները, սպասելով վերջին, վճռական օգնության։ Վելինգտոնը գիտե, որ Բլյուխերը մոտենում է, Նապոլեոնը հույս է կապում Գրուշիի հետ։ Երկուսն էլ սպառել են իրենց ուժերը, և կհաղթի նա, ով առաջինը կստանա համալրում։ Երկուսն էլ հեռադիտակով նայում են անտառի փեշին, ուր, ինչպես թեթև ամպ, նշմարվում է պրուսական առաջապահը։ Առաջապա՞հն է միայն, թե բուն բանակը, որ խուսափել է Գրուշիի հետապնդումից։

Արդեն թուլանում է անգլիացիների դիմադրությունը, բայց ֆրանսիացիներն էլ ուժահատվել են։ Ծանր շնչելով, ինչպես երկու ըմբիշ, հակառակորդները կանգնել են դեմ դիմաց, ուժ հավաքելով վերջին գոտեմարտի համար, որը և կվճռի պայքարի ելքը։

Եվ ահա վերջապես անտառի կողմից համազարկ է լսվում՝ կրակում են հրացաններն ու հրանոթները. «Enfin Grouchy!» — վերջապես Գրուշին։ Նապոլեոնը թեթևացած շունչ է քաշում։ Վստահ, որ իր թևին հիմա ոչինչ չի սպառնում, նա բանակի մնացորդները ետ է քաշում թևից և նորից գրոհում Վելինգտոնի կենտրոնը, որ խորտակի Բրյուսելի ճանապարհը փակող բրիտանական փականքը, խորտակի Եվրոպայի դարպասը։

Բայց համազարկը թյուրիմացություն էր, պրուսացիները, որ մոլորության մեջ էին ընկել ոչ անգլիական համազգեստի պատճառով, կրակ էին բացել հանովերցիների վրա։ Կրակոցները դադարում են, և անարգել լայն ու հզոր հոսանքով անտառից դուրս են թափվում պրուսական զորքերը։ Ո՛չ, սա Գրուշին չէ իր գնդերով, այլ Բլյուխերը և նրա հետ միասին՝ անդառնալի հանգուցալուծումը։

Լուրն արագորեն տարածվում է կայսերական զորագնդերի մեջ, նրանք սկսում են նահանջել դեռևս տանելի կարգով։ Բայց Վելինգտոնը զգում է, որ եկել է ճակատագրական պահը։ Նա ձին քշում է դեպի այնքան կատաղորեն պաշտպանվող բլրի գագաթը, հանում է գլխարկը և պտտում գխավերևը՝ ցույց տալով հակառակորդի նահանջը։ Նրա զորքերն իսկույն կռահում են այդ հաղթական շարժման իմաստը։ Անգլիական գնդերի մնացորդները ելնում են միասնաբար ու նետվում ֆրանսիացիների վրա։ Նույն այդ ժամանակ պրուսական հեծելազորը մյուս թևից է վրա տալիս ուժահատ ու նոսրացած բանակի վրա։

Լսվում է «Փրկվեցե՜ք ով ինչպես կարող է» կործանարար ճիչը։ Եվս մի քանի րոպե՝ և մեծ բանակը, դառնալով վախից հալածված մի անկասելի հեղեղ, որ ամեն ինչ և ամենքին, նույնիսկ Նապոլեոնին իր մեջ առած, տանում է ետ։ Դիմադրության չհանդիպելով, հակառակորդի հեծելազորը նետվում է այդ արագորեն ետ քաշվող և լայնորեն տարածվող հեղեղի, ինչպես դյուրաթեք ջրահոսքի մեշ։ Խուճապահար աղաղակների փրփուրի միջից հազիվ դուրս են կորզում Նապոլեոնի կառքը, զինվորական գանձարանը և ամբողջ հերտանին, վրա հասած մութն է միայն, որ փրկում է կայսեր կյանքն ու ազատությունը։ Բայց այն մարդը, որ գիշերվա կեսին, ցեխոտված, ուժահատ, փուլ է գալիս գյուղական աղքատիկ պանդոկի աթոռին՝ կայսր չէ այլևս։

Վե՛րջ կայսրությանը, նրա դինաստիային, նրա ճակատագրին. փոքր, սահմանափակ մարդու անվճռականությունը խորտակեց այն, ինչ մարդկանցից ամենաքաջարին, ամենախորաթափանցը ստեղծել էր հերոսական քսան տարվա ընթացքում։

Վերադարձ դեպի առօրեականություն

Անգլիական գրոհը չէր հասցրել ջախջախել Նապոլեոնի բանակը, երբ ինչ֊որ մարդ, մինչ այդ գրեթե անանուն, փոստային արագընթաց կառքով արդեն սուրում էր Բրյուսելից դեպի ծովափ, ուր նրան նավ էր սպասում։ Նա Լոնդոն է հասնում կառավարական լրաբերներից առաջ և, օգուտ քաղելով այն հանգամանքից, որ լուրը դեռ մայրաքաղաք չի հասել, տառացիորեն պայթեցնում է բորսան. այդ հանճարեղ քայլով Ռոտշիլդը հիմնում է նոր կայսրություն, մի նոր դինաստիա։

Վաղն ևեթ ողջ Անգլիան կիմանա հաղթանակի մասին, իսկ Փարիզում, ինքն իրեն հավատարիմ դավաճան Ֆուշեն՝ պարտության մասին․ Բրյուսելի և Գերմանիայի վրա կտարածվի հաղթական զանգահարությունը։

Մի մարդ կա միայն, որ հաջորդ առավոտյան դեռ ոչինչ չգիտե Վաթեռլոոյի մասին, չնայած նրան ընդամենը չորսժամյա անցում է բաժանում ողբերգության վայրից՝ տարաբախտ Գրուշին, որ անշեղորեն կատարում է հրամանը՝ հետապնդել պրուսացիներին։ Բայց որքան էլ զարմանալի է՝ պրուսացիները չկան ու չկան, և դա անհանգստացնում է նրան։ Ավելի ու ավելի բարձր են որոտում թնդանոթները, ասես օգնություն աղերսելով։ Բոլորն զգում են, թե հողն ինչպես է դողում ոտքի տակ, և ամեն մի թնդյուն արձագանք է տալիս նրանց սրտում։ Բոլորը գիտեն, որ դա սովորական հրաձգություն չէ և որ վիթխարի, վճռական ճակատամարտը բռնկվել է։ Մռայլ ու անխոս՝ առաջ է շարժվում Գրուշին, շրջապատված իր սպաներով։ Նրանք այլևս վեճի մեջ չեն մտնում մարշալի հետ․ չէ որ նա չանսաց իրենց խորհրդին։

Վերջ ի վերջո Վավրի մոտ նրանք բախվում են պրուսական ջոկատին։ Դա Բլյուխերի բանակի վերջապահն է, և այդ հանդիպումը նրանց թեթևացում է բերում։ Նրանք մոլեգնությամբ նետվում են թշնամու խրամատների վրա։ Ամենքից առաջ սուրում է ժերարը. կարող է պատահել, մռայլ կանխազգացմամբ տոչորվելով, նա մահ է փնտրում։ Գնդակը հասնում է ժերարին, նա ընկնում է վիրավոր, նա, ով բողոքի ձայն էր բարձրացնում, լռեց։ Երեկոյան դեմ նրանք գրավում են գյուղը, բայց բոլորը կռահում են, որ այդ փոքրիկ հաղթանակն իզուր է արդեն, քանի որ այնտեղ, մյուս կողմում, ուր ռազմի դաշտն է, հանկարծ լռություն տիրեց։

Տիրեց ահեղ, սոսկալիորեն համր մեռելային լռություն։ Եվ ամենքը համոզվում են, որ հրանոթների որոտն էլի ավելի լավ էր, քան այս տանջալի անորոշությունը։ Ճակատամարտն, ըստ երևույթին, ավարտվել է, Վաթեռլոոյի ճակատամարտը, որի մասին Գրուշին վերջապես (ավա՜ղ, չափազա՜նց ուշ) լուր է ստանում՝ օգնության հասնելու Նապոլեոնի պահանջի հետ միասին։

Բայց ո՞վ է հաղթել այդ վիթխարի ճակատամարտում։ Նրանք սպասում են ողջ գիշերը։ Իզո՜ւր։ Լուր չկա, ասես մեծ բանակը մոռացել է իրենց և իրենք, ոչ ոքի պետք չգալով, անմտորեն կանգ են առել այստեղ, այս անթափանց խավարում։ Առավոտյան նրանք նորից ելնում են երթի, վերստին քայլում են ճամփաներով, մահու չափ հոգնած և, հավանորեն, գիտենալով արդեն, որ իրենց տեղաշարժերը կորցրել են ամեն մի իմաստ։ Վերջապես, առավոտյան տասին նրանց ընդառաջ է գալիս գլխավոր շտաբի մի սպա։ Նրան օգնում են իջնել թամբից և հարցեր են տեղում վրան։ Սպայի դեմքն աղավաղված է հուսահատությունից, քրտնամխած մազերը կպել են քունքերից, մարդը օրորվում է մահացու հոգնությունից, հազիվ ի վիճակի է ասելու մի քանի անորոշ խոսք, բայց այդ խոսքերը ոչ ոք չի հասկանում, չի՛ կարող, չի՛ ուզում հասկանալ։ Սպային խելագարի, հարբածի տեղ են դնում, քանի որ նա ասում է, թե չկա՛ այլևս կայսր, չկա՛ կայսերական բանակ, Ֆրանսիան կործանված է։ Բայց քիչ-քիչ նրանից կարողանում են մանրամասն տեղեկություններ ստանալ, և ամենքն իմանում են խորտակիչ, սպանիչ ճշմարտությունը։

Գրուշին, գունատ ու դողդոջուն, կանգնած է թրին հենված. նա գիտե, որ իր համար սկսվում է նահատակի կյանք։ Բայց նա հաստատակամորեն իր վրա է առնում մեղքի ողջ ծանրությունը։ Անվճռական ու երկչոտ ստորադրյալը, որ չկարողացավ այն նշանակալի ակնթարթում կռահել մեծ բախտը, հիմա, այս սպառնալիքի հետ երես առ երես դառնում է քաջարի զորապետ, գրեթե հերոս։

Նա անհապաղ հավաքում է բոլոր սպաներին և, ցասման ու տրտմության արցունքն աչքերին, մի կարճառոտ խոսքով արդարացնում է իր պատանումները և միաժամանակ դառնորեն զղջում արածը։ Անխոս լսում են մարշալին այն մարդիկ, որ դեռ երեկ զայրույթով էին լցված նրա հանդեպ։ Նրանցից ամեն մեկը կարող էր մեղադրել մարշալին, պարծենալ, թե ինքը ուրիշ, ավելի լավ ելք էր առաջարկում։ Բայց ոչ ոք սիրտ չի անում, ոչ ոք չի ուզում այդ անել։ Նրանք լռում են և լռում։ Անչափելի վիշտը փականք է դրել նրանց շուրթերին։

Եվ ահա այդ ժամին Գրուշին ուշացումով հանդես է բերում զորավարի արտասովոր տաղանդ։ Մարշալի բոլոր արժանիքները՝ խելամտություն, ջանասիրություն, զսպվածություն, պարտաճանաչություն, երևան են գալիս այն րոպեից, երբ նա դարձյալ վստահում է ինքն իրեն և ոչ թե հրամանի տառին։ Շրջապատված ոսոխի հնգապատիկ գերազանցող ուժերով, նա փայլուն տակտիկական մանևրով իր գնդերը դուրս է բերում թշնամական հոծ զորքերի միջով՝ չկորցնելով ոչ մի թնդանոթ, ոչ մի զինվոր, և Ֆրանսիայի համար, կայսրության համար փրկում է նրա բանակի մնացորդը։ Բայց չկա կայսրը, որ շնորհակալ լինի նրան։ Գրուշին ուշացել է, ուշացել առհավետ։ Ու թեև իր հետագա կյանքում նա շատ է բարձրանում, ստանում գլխավոր հրամանատարի և Ֆրանսիայի պերի տիտղոս, ամեն մի պաշտոնում իր հաստատակամ և բանիմաց գործունեության համար վայելում համընդհանուր հարգանք՝ ոչինչ այլևս չի կարող նրան փոխհատուցել այն վայրկյանը, որ իրեն ճակատագրի տնօրեն էր կարգել և որին նա չկարողացավ տեր կանգնել։

Այսպես ահավոր կերպով վրեժխնդիր է լինում մեծ, անկրկնելի ակնթարթը, որ երբեմն միայն բաժին է ընկնում մահկանացուին, եթե նա, որին սխալմամբ է վիճակվել ակնթարթը, երես է դարձնում նրանից։

Բոլոր քաղքենիական առաքինությունները հուսալի վահան են խաղաղ ընթացող առօրյա պահանջների հանդեպ, զգուշավորություն, ջանասիրություն, ողջախոհություն։ Այս նույն հատկանիշներն անօգնական ու անհարկավոր են դառնում, հալվում, անէանում են այն մի միակ վճռական վայրկյանի մեջ, որ բացահայտվում է միայն հանճարի առաջ և նրա մեջ է որոնում իր մարմնացումը։ Արգահատանքով նա հեռու է վանում փոքրոգի մարդուն, և միայն անվեհերին է բարձրացնում երկինք իր հրեղեն աջով ու նրան հերոսների կաճառը դասում։

  1. Շվարցենբերգ Կարլ Ֆիլիպ (1771—1820) — ավստրիական ֆելդմարշալ, Նապոլեոնի դեմ մղված պատերազմների վերջին շրջանում դաշնակիցների միացյալ զորքերի գլխավոր հրամանատարը։
  2. 1800 թ. հունիսի 14֊ին, Մարենգոյի մոտ տեղի ունեցած ճակատամարտում Նապոլեոնը ջախջախեց ավստրիական բանակը, որի հրամանատարն էր Մելասը։ Այդ հաղթանակի մեջ վճռական դեր էր խաղացել գեներալ Դեզեն, որի դիվիզիան համարձակ մանևրով անսպասելի հարված էր հասցրել ավստրիական ռազմաշարքերին։
    Կլեբեր Ժան Բատիստ (1753—1800) — ֆրանսիական զորավար, հետևողաբար ծառայել է Կոնվենտին, Դիրեկտորիային և Նապոլեոնին։ Բոնապարտի եգիպտական արշավանքի տապալումից և Փարիզ վերադառնալուց հետո նա, գլխավոր հրամանատար նշանակվելով, կարողացել էր կարգի բերել ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսի վիճակը, Բայց սպանվել էր Կահիրեում՝ էվակուացիային վերաբերող բանակցությունների ընթացքում։
    Լան Ժա՛ն, դուքս դե Մոնտեբելո (1769—1809) — Նապոլեոնի բանակի մարշալ։ Մահացու վիրավորվել էր Էսլինգի (Ցվայգը սխալմամբ նշում է՝ Վադրամի) մոտ կայացած ճակատամարտում 1809 թ. հունիսի 5-ին։