Փիլիսոփայության պրոբլեմները
հեղինակ՝ Բերտրան Ռասել |
Բովանդակություն
- 1 Երախտիքի խոսքեր
- 2 Ներածություն
- 3 Նախաբան
- 4 Գլուխ I. Երևութականը և իրականությունը
- 5 Գլուխ II. Նյութի գոյությունը
- 6 Գլուխ III. Նյութի բնույթը
- 7 Գլուխ IV. Իդեալիզմ
- 8 Գլուխ V. Իմացություն ծանոթության միջոցով և իմացություն նկարագրության միջոցով
- 9 Գլուխ VI. Ինդուկցիայի մասին
- 10 Գլուխ VII. Ընդհանուր սկզբունքների՝ մեր իմացության մասին
- 11 Գլուխ VIII. Ինչպես է հնարավոր a priori գիտելիքը
- 12 Գլուխ IX. Ունիվերսալիաների աշխարհը
- 13 Գլուխ X. Ունիվերսալիաների՝ մեր իմացության մասին
- 14 Գլուխ XI. Ինտուիտիվ իմացության մասին
- 15 Գլուխ XII. Ճշմարտություն և մոլորություն
- 16 Գլուխ XIII. Գիտելիք, մոլորություն և հավանական կարծիք
- 17 Գլուխ XIV. Փիլիսոփայական իմացության սահմանները
- 18 Գլուխ XV. Փիլիսոփայության արժեքը
Երախտիքի խոսքեր
Ներածություն
Նախաբան
Գլուխ I. Երևութականը և իրականությունը
Կա՞ արդյոք այնպիսի գիտելիք, որն այնքան հավաստի է, որ ոչ մի ողջախոհ մարդ չի կարող այն կասկածի տակ դնել։ Այս հարցը, որ առաջին հայացքից կարող է դժվար չթվալ, իրականում հնարավոր ամենադժվար հարցերից մեկն է։ Եթե մենք գիտակցենք անմիջական և վստահ պատասխանի ճանապարհին գտնվող խոչընդոտները, փիլիսոփայություն սովորելու համար լավ սկիզբ վերցրած կլինենք, քանզի փիլիսոփայությունը հանդիսանում է լոկ փորձ նման հիմնական հարցերին պատասխանելու ոչ թե անհոգաբար կամ դոգմատիկորեն, ինչպես մենք անում ենք առօրյայում և նույնիսկ գիտությունների մեջ, այլ նման հարցերը շփոթեցուցիչ դարձնող ամեն ինչը քննադատաբար բացահայտելուց և մեր սովորական գաղափարների հիմքում ընկած բոլոր անորոշություններն ու շփոթությունները գիտակցելուց հետո։
Առօրյայում մենք հավաստի ենք համարում շատ բաներ, որոնք ավելի մանրազնին դիտարկելուց պարզվում է, որ այնպես լի են բացահայտ հակասություններով, որ միայն զգալի չափով մտածելուց հետո ենք իմանում, թե ինչին կարելի է հավատալ։ Հավաստին որոնելիս բնական է սկսել մեր ներկա փորձերից, և որոշակի իմաստով, անկասկած, գիտելիքը պետք է բխեցնել նրանցից։ Բայց շատ հավանական է, որ ցանկացած դրույթ այն մասին, թե ինչ է մեր անմիջական փորձը մեզ տալիս, լինի սխալ։ Ինձ թվում է՝ ես հիմա նստած եմ աթոռին, որոշակի ձև ունեցող սեղանի կողքին, որի վրա ես տեսնում եմ թղթեր՝ վրան գրած կամ տպագրած, գլուխս թեքելով՝ ես լուսամուտից տեսնում եմ շինություններ, ամպեր և արևը։ Ես հավատում եմ, որ արևը երկրից մոտ իննսուներեք միլիոն մղոն հեռու է, որ այն տաք գունդ է՝ երկրից շատ անգամ մեծ, որ երկրի պտտվելու պատճառով այն ծագում է ամեն առավոտ և կշարունակի ծագել ապագայում մի ինչ-որ ժամանակ։ Ես հավատում եմ, որ եթե որևէ այլ նորմալ անձ գա իմ սենյակ, նա կտեսնի նույն այն աթոռները, սեղանները, գրքերը և թղթերը, որոնք ես եմ տեսնում, և որ այն սեղանը, որ ես տեսնում եմ, այն նույն սեղանն է, որ ես զգում եմ, թե ինչպես է սեղմում ձեռքս։ Այս ամենն այնքան ակնհայտ են թվում, որ, կարծես, նշելու կարիք չկա, բացի ի պատասխան այն մարդկանց, ովքեր կասկածում են, թե ես որևէ բան գիտեմ արդյոք, թե ոչ։ Այնուամենայնիվ, այս ամենը կարելի է խելամտորեն կասկածի տակ դնել, և շատ ավելի խոր քննարկում է պահանջվում՝ համոզվելու նրանում, որ մենք այն ձևակերպել ենք ամբողջովին ճիշտ ձևով։
Մեր դժվարությունները պարզեցնելու համար եկեք ուշադրությունը կենտրոնացնենք սեղանի վրա։ Աչքի համար այն երկարավուն է, դարչնագույն և փայլուն, շոշափելիքի համար այն հարթ է, սառը և կոշտ։ Երբ ես թակում եմ նրան, այն փայտի ձայն է արձակում։ Ամեն մի այլ մարդ, որը տեսնում, զգում և լսում է այդ թակոցը, կհամաձայնի այս նկարագրության հետ, այնպես որ, կարող է թվալ, թե ոչ մի դժվարություն չի ծագում, բայց հենց որ մենք փորձում ենք լինել ավելի ճշգրիտ, մեր դժբախտություններն սկսվում են։ Թեև ես հավատում եմ, որ սեղանն «իրապես» ամբողջապես միագույն է, այն հատվածները, որ անդրադարձնում են լույսը, ավելի պայծառ են երևում, քան մյուսները, իսկ որոշ հատվածներ անդրադարձած լույսի պատճառով սպիտակ են երևում։ Ես գիտեմ, որ եթե ես շարժվեմ, լույսն անդրադարձնող հատվածներն ուրիշ կլինեն, այնպես որ, սեղանի վրա գույների երևութական դասավորությունը կփոփոխվի։ Այստեղից հետևում է, որ եթե միևնույն պահին մի քանի անձինք նայում են սեղանին, նրանցից ոչ մի երկուսը չեն տեսնի սեղանի գույների ճիշտ և ճիշտ նույն դասավորությունը, քանզի ոչ մի երկու անձ չի կարող այն տեսնել ճիշտ նույն տեսանկյունից, իսկ տեսանկյան ցանկացած փոփոխություն փոփոխում է լույսի անդրադարձման ձևը։
Գործնական նպատակներից մեծամասնության համար այս տարբերությունները կարևոր չեն, բայց նկարչի համար նրանք կարևոր են. նկարիչը պետք է հետ վարժվի մտածելուց, թե, թվում է, իրերն ունեն այն գույները, որ առօրյա գիտակցությունն ասում է՝ նրանք «իրապես» ունեն, և պետք է սովորի իրերն այնպես տեսնել, ինչպես նրանք երևում են։ Այստեղ մենք արդեն ունենք փիլիսոփայության մեջ ամենամեծ դժվարությունները պատճառող տարբերակման ակունքները։ Այդ «երևութականի» ե «իրականի» միջև տարբերակումն է. ինչպիսի՞ն են իրերը թվում, և ինչպիսի՞ն են նրանք։ Նկարիչն ուզում է իմանալ ինչպիսին են թվում իրերը, գործնական մարդը և փիլիսոփան ուզում են իմանալ՝ ինչպիսին են նրանք։ Բայց այս իմանալու փիլիսոփայի ցպնկությունն ավելի ուժեղ է, քան գործնական մարդունը, և նա ավելի շատ է մտահոգված «այս» հարցին պատասխանելու ճանապարհին ընկած դժվարությունների իմացությամբ։
Վերադառնանք սեղանին։ Մեր բացահայտածից ակնհայտ է, որ ոչ մի գույն չկա, որն ակնհայտորեն սեղանի կամ նույնիսկ նրա որևէ կոնկրետ հատվածի գույնն է. այն տարբեր տեսանկյուններից տարբեր գույներով է երևում, և այս գույների մի մասը մյուսներից ավելի իրական համարելու հիմք չկա։ Եվ մենք գիտենք, որ նույնիսկ տրված տեսակետից գույնը տարբեր կթվա արհեստական լույսի ներքո կամ գույները չտարբերող մարդուն, կամ կապույտ ակնոց կրող անձին, մինչդեռ մթության մեջ ընդհանրապես սեղան չի լինի, թեև շոշափելիքի և լսելիքի համար սեղանն անփոփոխ կմնա։ Այսպիսով՝ գույնը չի հանդիսանում սեղանին ներհատուկ բան, այն կախված է սեղանից, դիտողից և սեղանի վրա լույսի ընկնելու ձևից։ Երբ առօրյայում մենք խոսում ենք սեղանի գույնի մասին, մենք միայն նկատի ունենք այն գույնը, որը սովորական տեսանկյունից սովորական լուսավորության պայմաններում կերևա նորմալ դիտողին։ Բայց մյուս գույները, որոնք երևում են ուրիշ պայմաններում, նույնքան իրավունք ունեն իրական համարվելու, և, հետևաբար, միակողմանիությունից խուսափելու համար մենք ստիպված ենք մերժել, որ սեղանն իր մեջ ունի որևէ կոնկրետ գույն։
Նույնը կարելի է ասել նաև մակերևույթի մասին։ Անզեն աչքով կարելի է տեսնել գրամանոց կշռաքարերը, բայց բացի դրանցից սեղանն ունի հարթ և հավասար տեսք։ Եթե նրան նայենք մանրադիտակով, մենք կտեսնենք անհարթություններ, բլուրներ, հովիտներ և այլ տեսակի տարբերություններ, որոնք անզեն աչքի համար անընկալելի են։ Սրանցից ո՞րն է «իրական սեղանը»։ Մենք բնականորեն հակված ենք ասելու, որ այն, ինչ մենք տեսնում ենք մանրադիտակով ավելի իրական է, բայց այն իր հերթին կփոփոխվեր էլ ավելի ուժեղ մանրադիտակով նայելիս։ Այդ դեպքում, եթե մենք չենք վստահում նրան, ինչ մենք տեսնում են անզեն աչքով, ինչո՞ւ պետք է վստահենք նրան, ինչ տեսնում ենք մանրադիտակով։ Այսպիսով՝ նորից՝ մեր զգայարանների հանդեպ այն վստահությունը, որով սկսեցի, լքում է մեզ։
Սեղանի ձևն ավելի բարվոք վիճակում չէ։ Մենք բոլորս սովորություն ունենք դատելու կարծես առարկաների «իրական» ձևերի մասին, և մենք այս անում ենք այնքան անգիտակցաբար, որ սկսում ենք մտածել, թե մենք իսկապես տեսնում ենք իրական ձևերը։ Բայց, փաստորեն, ինչպես բոլորս կտեսնենք, եթե փորձենք նկարել, տրված առարկան տարբեր ձևով է երևում ցանկացած երկու տարբեր տեսակետներից։ Եթե մեր սեղանն «իրապես» ուղղանկյուն է, այն գրեթե բոլոր տեսանկյուններից կերևա այնպես, որ, կարծես, ունի երկու սուր և երկու բութ անկյուններ։ Եթե փոխհանդիպակաց կողմերը զուգահեռ են, ապա նրանք երևում են այնպես, որ, կարծես, հատվում են դիտողից հեռու գտնվող մի կետում, եթե նրանք հավասար երկարություններ ունեն, ապա երևում են այնպես, որ, կարծես, մոտիկ կողմն ավելի երկար է։ Այս բոլորը սովորաբար չի նկատվում սեղանին նայելիս, որովհետև փորձը մեզ սովորեցրել է «իրական» ձևը կառուցել երևացող ձևերից, իսկ մեզ՝ որպես գործնական անձանց, հետաքրքրում է «իրական» ձևը։ Բայց «իրական» ձևն այն չէ, ինչ մենք տեսնում ենք, այն մեր տեսածից բխեցված ինչ-որ բան է է։ Իսկ այն, ինչ մենք տեսնում ենք սենյակում, մեր շարժվելու հետ համատեղ մշտապես փոփոխում է իր ձևը, այնպես, որ այստեղ նույնպես, թվում է, զգայարանները մեզ չեն տալիս բուն սեղանի մասին ճշմարտություններ, այլ տալիս են միայն նրա թվացյալ պատկերի մասին ճշմարտություններ։
Նման դժվարություններ են ծագում, երբ մենք քննարկում ենք շոշափելիքի զգայությունը։ Ճշմարիտ է, որ սեղանը միշտ կոշտության զգայություն է առաջացնում, և մենք զգում ենք, որ այն հակազդում է ճնշմանը։ Բայց մեր ստացած զգայությունը կախված է մեր՝ սեղանին սեղմելու ուժից և նրանից, թե մարմնի որ մասով ենք սեղմում, այսպիսով՝ տարբեր ուժերի և մարմնի տարբեր մասերի պատճառով առաջացած տարբեր զգայությունները չեն կարոդ համարվել սեղանի որևէ կոնկրետ հատկություն ուղղակիորեն բացահայտոդ, ամենաշատը կարող են համարվել մի որևէ հատկության նշաններ, որը միգուցե բոլոր զգայությունների պատճառն է, բայց իրականում առկա չէ նրանցից ոչ մեկում։ Եվ նույնն էլ ավելի բացահայտորեն կարելի է ասել ձայնի մասին, որը կարելի է առաջ բերել սեղանին թակելով։
Այստեղից ակնհայտ է դառնում, որ իսկական սեղանը, եթե այն կա, տեսողության, շոշափելիքի կամ լսողության միջոցով մեր անմիջականորեն զգայածը չէ։ Իրական սեղանը, եթե այդպիսին կա, մենք ընդհանրապես անմիջականորեն չենք ճանաչում, բայց այն բխում է անմիջականորեն իմացածից։
Այստեղից միանգամից ծագում են երկու շատ դժվար հարցեր։ Դրանք են. 1) առհասարակ կա՞ արդյոք իրական սեղան. 2) եթե կա, ինչպիսի՞ օբյեկտ կարող է այն լինել։
Այս հարցերը քննարկելիս մեզ կօգնի մի քանի պարզ, որոշակի և հստակ նշանակություն ունեցող տերմիններ ունենալը։ Եկեք «զգայական տվյալ» անվանենք զգայություններից անմիջականորեն իմացվածը, նման բաներ են գույները, ձայները, հոտերը, կոշտությունը, անհարթությունը և այլն։ Մենք պետք է «զգայություն» անվանենք այս բաներից անմիջականորեն տեղեկանալու գործընթացը։ Այսպիսով, երբ մենք տեսնում ենք գույն, մենք գույնի զգայություն ենք ունենում, բայց գույնն ինքնին զգայական տվյալ է, ոչ թե զգայություն։ Գույնն այն է, ինչի մասին մենք անմիջականորեն տեղեկանում ենք, իսկ տեղեկանալն ինքը զգայությունն է։ Պարզ է, որ եթե մենք սեղանի մասին ինչ-որ բան պիտի իմանանք, այդ պետք է լինի զգայական տվյալների միջոցով՝ դարչնագույն, երկարավուն ձև, հարթություն և այլն, որոնք մենք զուգորդում ենք սեղանի հետ, բայց նկարագրված պատճառներով մենք չենք կարող ասել, որ սեղանը զգայական տվյալն է, կամ նույնիսկ, որ զգայական տվյալներն ուղղակիորեն սեղանի հատկությունն են։ Այսպիսով՝ խնդիր է ծագում զգայական տվյալների և իրական սեղանի, եթե ենթադրենք, որ այդպիսին կա, փոխհարաբերության վերաբերյալ։
Իրական սեղանը, եթե այն գոյություն ունի, մենք կանվանենք «ֆիզիկական օբյեկտ»։ Այսպիսով մենք պետք է քննարկենք զգայական տվյալների և ֆիզիկական օբյեկտների փոխհարաբերությունը։ Բոլոր ֆիզիկական օբյեկտների ամբողջությունը կոչվում է նյութ։ Այսպիսով մեր երկու հարցերը կարոդ են վերաձևակերպվել այսպես. 1) գոյություն ունի՞ արդյոք նյութը. 2) եթե այո, ապա ո՞րն է նրա բնույթը։
Փիլիսոփան, որն առաջին անգամ նշանակալից կերպով առաջ բերեց այն հիմնավորումները, որ մեր զգայությունների անմիջական օբյեկտները պետք է համարել մեզնից անկախ գոյություն չունեցող, Բիշոփ Բերկլին (1685-1753) էր։ Նրա «Երեք երկխոսություն Հիլասի և Փիլոնուսի միջև ի դեմս սկեպտիկների և աթեիստների» գործը փորձում է ապացուցել, որ նյութ ընդհանրապես գոյություն չունի, և որ աշխարհը կազմված է ոչ այլ ինչից, քան գիտակցություններից և նրանց գաղափարներից։ Հիլասը մինչև հիմա հավատացել է նյութի գոյությանը, բայց նա հավասար չէ Փիլոնուսին, որը նրան անգթաբար մղում է հակասությունների և պարադոքսների մեջ և նյութի գոյության իր ժխտումը վերջում դարձնում է այնպիսին, որ կարծես այն գրեթե առօրյա գիտակցության մի տվյալ է։ Կիրառված փաստարկները արժեքային շատ մեծ տարբերություններ ունեն, մի մասը կարևոր են և հիմնավոր, մնացածը անորոշ են կամ զարտուղի։ Բայց Բերկլիի վաստակն այն է, որ նա ապացուցեց, որ նյութի գոյությունը կարելի է մերժել առանց անհեթեթության հանգելու, և որ եթե կան բաներ, որոնք գոյություն ունեն մեզնից անկախ, նրանք չեն կարող լինել մեր զգայությունների անմիջական օբյեկտները։
Երբ մենք հարցնում ենք, թե արդյոք նյութը գոյություն ունի, երկու հարց է շոշափվում, և կարևոր է նրանց պահել աչքի առաջ։ Սովորաբար «նյութ» ասելով մենք նկատի ունենք «գիտակցությանը» հակադրվող մի ինչ-որ բան, մի բան, որը, ըստ մեզ, զբաղեցնում է տարածություն և առհասարակ ընդունակ չէ որևէ տեսակի մտածողության կամ գիտակցության։ Բերկլին գլխավորապես այլ իմաստով է ժխտում նյութը, այսինքն՝ նա չի ժխտում, որ զգայական տվյալները, որ մենք սովորաբար համարում ենք սեղանի գոյության նշաններ, իսկապես մեզնից անկախ ինչ-որ բանի գոյության նշաններ են, բայց նա մերժում է այն թեզը, թե այս ինչ-որ բանը մտային չէ, որ այն ոչ գիտակցություն է, ոչ էլ որևէ գիտակցության մեջ գտնվող գաղափար։ Նա ընդունում է, որ պետք է լինի ինչ-որ բան, որը շարունակում է գոյություն ունենալ, երբ մենք դուրս ենք գալիս սենյակից կամ փակում ենք մեր աչքերը, և որ այն, ինչ մենք անվանում ենք սեղան տեսնել, իսկապես մեզ հիմքեր է տալիս հավատալու ինչ-որ բանի, որը շարունակում է գոյություն ունենալ, նույնիսկ երբ մենք չենք տեսնում այն։ Բայց նա կարծում է, որ այս ինչ-որ բանը չի կարող մեր տեսածից ամբողջովին տարբերվել և չի կարող նայելուց՝ որպես այդպիսիից անկախ լինել, թեև այն պետք է անկախ լինի մեր տեսնելուց։ Նա, այսպիսով, ստիպված է «իրական» սեղանը համարել Աստծո գիտակցության մի գաղափար։ Նման գաղափարն ունի պահանջվող մշտականությունը և մեզնից անկախությունը, առանց լինելու, ինչպես նյութը կլիներ, լրիվ անճանաչելի, այն իմաստով, որ մենք կարող ենք միայն բխեցնել այն, և երբեք չենք կարող ուղղակիորեն և անմիջականորեն տեղեկանալ նրանից։
Բերկլիից սկսած՝ ուրիշ փիլիսոփաներ նույնպես պնդել են, որ թեև սեղանի գոյությունը կախված չէ իրենց տեսնելուց, այն կախված է որևէ գիտակցության կողմից տեսնվելուց (կամ, այլ կերպ, զգայությունների մեջ պատկերված լինելուց)։ Պարտադիր չէ, որ այս գիտակցությունը լինի Աստծունը, այն ավելի հաճախ ողջ տիեզերքի հավաքական գիտակցությունն է։ Նրանք այս պնդում են, ինչպես Բերկլին, հիմնականում այն պատճառով, որ կարծում են՝ ոչինչ չի կարող իրական լինել, կամ գոնե ոչինչ որպես իրական չի կարող ճանաչվել, բացի գիտակցություններից, նրանց գաղափարներից և զգացմունքներից։ Մենք կարող ենք նրանց տեսակետների օգտին բերվող փաստարկը ձևակերպել մոտավորապես այսպես. «Այն ամենը, ինչի մասին կարելի է մտածել, դրա մասին մտածողի գիտակցության միջի գաղափար է, հետնաբար, բացի գիտակցության միջի գաղափարներից, ոչնչի մասին չի կարելի մտածել, հետևաբար, ամեն մի այլ բան անըմբռնելի է, իսկ այն, ինչ անըմբռնելի է, չի կարող գոյություն ունենալ»։
Նման փաստարկն, իմ կարծիքով, անկանոն է, և իհարկե, նրանք, ովքեր այն առաջարկում են, այն այդքան սուր և այդքան կոպիտ չեն ձևակերպում։ Բայց, անկախ նրանից, կանոնավոր է, թե ոչ, փաստարկը շատ տարածված է եղել այս կամ այն ձևով, և շատ ու շատ փիլիսոփաներ, միգուցե մեծամասնությունը, պնդել են, որ բացի գիտակցություններից և նրանց գաղափարներից, իրական ոչինչ չկա։ Նման փիլիսոփաները կոչվում են «իդեալիստներ»։ Երբ նրանք դառնում են նյութը բացատրելուն կամ Բերկլիի նման ասում են, որ նյութն իրականում ոչ այլ ինչ է, քան գաղափարների հավաքածու, կամ էլ, ինչպես Լեյբնիցը (1646-1716), ասում են, որ այն, ինչ երևում է ինչպես նյութ, իրականում շատ թե քիչ տարրական գիտակցությունների հավաքածու է։
Բայց այս փիլիսոփաները, թեև ժխտում են գիտակցությանը հակադրվող նյութը, այն ընդունում են մեկ այլ իմաստով։ Հիշենք, որ մենք տվեցինք երկու հարց, դրանք են. 1) կա՞ արդյոք իրական սեղան. 2) Եթե կա, ինչպիսի՞ օբյեկտ կարող է այն լինել։ Հիմա և Բերկլին, և Լեյբնիցն ընդունում են, որ կա իրական սեղան, բայց Բերկլին ասում է, որ այն որոշակի գաղափար է Աստծո գիտակցության մեջ, իսկ Լեյբնիցն ասում է՝ այն հոգիների համայնք է։ Այսպիսով՝ նրանք երկուսն էլ մեր առաջին հարցին դրականապես են պատասխանում և սովորական մահկանացուների հայացքներից հեռանում են միայն երկրորդ հարցի իրենց պատասխաններով։ Փաստորեն, գրեթե բոլոր փիլիսոփաները կարծես համաձայն են, որ կա իրական սեղան, նրանք գրեթե բոլորը համաձայն են, որ որքան էլ մեր զգայական տվյալները՝ գույն, ձև, հարթություն և այլն, կախված լինեն մեզնից, նրանց հայտնվելը մեզնից անկախ գոյություն ունեցող ինչ-որ բանի նշան է, ինչ-որ բան, որը այն պահին, երբ մենք իրական սեղանի հետ համապատասխան հարաբերության մեջ ենք, միգուցե ամբողջությամբ տարբեր է մեր զգայական տվյալներից։
Այս հարցը, որի շուրջ փիլիսոփաները համաձայնության են եկել՝ ընդունելով, որ կա իրական սեղան, անկախ նրա բնույթից, շատ կարևոր է, և արժե մինչև իրական սեղանի բնույթի վերաբերյալ հարցին անցնելը քննարկել, թե ինչ պատճառներ կան այս տեսակետն ընդունելու համար։ Այս պատճառով հաջորդ գլխում կքննարկվի ընդհանրապես իրական սեղանի գոյությունը ենթադրելու հիմքերը։ Մինչև ավելի հեռու գնալը լավ կլինի մի պահ մտածել, թե ինչ ենք բացահայտել մինչև հիմա։ Պարզվում է, որ եթե մենք վերցնենք տվյալ տեսակի որևէ սովորական օբյեկտ, որը կարծես թե ճանաչվում է զգայություններով, ապա այն, ինչ զգայությունները մեզ անմիջականորեն ասում են, օբյեկտի մասին ճշմարտություններ չեն լինի, քանզի այն առանձին է մեզնից, այլ միայն ճշմարտություններ են որոշակի զգայական տվյալների մասին, որոնք, ինչպես մենք տեսնում ենք, կախված են մեր և օբյեկտի միջև հարաբերությունից։ Այսպիսով՝ այն, ինչ մենք անմիջականորեն տեսնում ե զգում ենք, միայն «երևութական» է, որը, ինչպես մենք հավատում ենք, հետևում կանգնած ինչ-որ «իրականության» նշան է։ Բայց եթե իրականությունն այն չէ, ինչ երևում է, մենք ունե՞նք արդյոք որևէ եղանակ պարզելու, թե արդյոք կա՞ որևէ իրականություն։ Եվ եթե կա, մենք ունե՞նք արդյոք որևէ եղանակ՝ պարզելու, թե ինչպիսին է այն։
Նման հարցերը շփոթեցնող են, և դժվար է իմանալ, որ նույնիսկ ամենաամուր հիպոթեզները կարող են ճշմարիտ չլինել։ Այսպիսով՝ մեր ծանոթ սեղանը, որը միշտ գրգռել է ամենաթեթև խոհերը, այժմ դարձել է զարմանալի հնարավորություններով լի խնդիր։ Մի բան, որ մենք գիտենք դրա մասին, այն է, որ նա այն չէ, ինչ թվում է։ Այս համեստ արդյունքից այն կողմ մենք առայժմ ունենք գուշակելու ամենաամբողջական ազատություն։ Լեյբնիցը մեզ ասում է՝ դա հոգիների համայնք է, Բերկլին մեզ ասում է՝ դա Աստծո գիտակցության գաղափար է, սթափ գիտությունը, մի փոքր պակաս զարմանք պատճառելով մեզ, ասում է՝ այն կատաղի շարժման մեջ գտնվող էլեկտրական լիցքերի հսկայական հավաքածու է։
Այս զարմանալի հնարավորությունների մեջ կասկածը հուշում է, որ միգուցե ընդհանրապես սեղան չկա։ Փիլիսոփայությունը, եթե այն չի կարող պատասխանել այնքան շատ հարցերի, ինչքան մենք ցանկանում ենք, գոնե ուժ ունի հարցեր տալու, որոնք մեծացնում են աշխարհի հետաքրքրությունը և ցույց են տալիս նույնիսկ առօրյա կյանքի ամենասովորական բաների հենց մակերևույթի տակ գտնվող տարօրինակությունը և հրաշքը։