Հաղթական կամար - VI գլուխ

Գրապահարան-ից
22:51, 13 Հուլիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Հաղթական կամար
◀ Հաղթական կամար - V գլուխ Հաղթական կամար - VII գլուխ ▶


Երբ Ռավիկը ներս մտավ, Լյուսիեննա Մարտինեն նստած էր լուսամատին։

— Հը, ինչպե՞ս է,— հարցրեց նա։— Ինչպե՞ս է առաջին անգամ անկողնուց վեր կենալը։

Աղջիկը նայեց Ռավիկին և ապա դեպի դուրս, որտեղ մռայլ ու գորշ օր էր։ Հետո նորից նայեց նրան։

— Լավ եղանակ չէ այսօր,— ասաց Ռավիկը։

— Բոլորովին էլ ոչ,— ասաց աղջիկը,— ինձ համար շատ լավ է։

— Ինչո՞ւ։

— Որովհետև ես դուրս չեմ գալու։

Նա կուչ եկած նստել էր բազկաթոռին, ուսերին գցած էժանագին չթե մի կիմոնո։ Դա նիհար, անբարետես արտաքինով մի էակ էր՝ շատ վատ ատամներով, թեև այդ վայրկյանին նա Ռավիկին թվում էր ավելի գեղեցիկ, քան Տրոյացի Հելենան։ Այդ աղջիկը կյանքի մի փոքրիկ կտոր էր, որին նա իր ձեռքերով էր ազատել։ Ճիշտ է, հպարտանալու առանձնապես ոչինչ չկար, չէ որ դրանից քիչ առաջ նա մյուսին կորցրել էր։ Գուցե հաջորդին նույնպես կորցնի։ Վերջիվերջո նա կկորցնի բոլորին և իրեն նույնպես: Բայց այս մեկը տվյալ դեպքում փրկված էր։

— Քիչ հաճույք կա այսպիսի եղանակին սրա-նրա տուն կանացի գլխարկներ տանել։

— Դուք կանացի գլխարկնե՞ր էիք սրա-նրա տուն տանում։

— Այո։ Մադամ Լանվերի համար, որի ատելյեն ավենյու Մատինյոնի վրա է գտնվում։ Ես այնտեղ էի աշխատում։ Մինչև ժամի հինգը մենք աշխատում էինք։ Իսկ հինգից հետո կարտոնատուփերը ես պետք է հասցնեի պատվիրատուներին։ Հիմա ժամը հինգն անց կես է։ Այս ժամանակ ես գլխարկներն առած սրա-նրա մոտ էի վազում։— Նա լուսամուտից դուրս նայեց։— Ափսոս անձրևը կտրվեց։ Երեկ ավելի լավ էր։ Ամբողջ օրը հեղեղի նման անձրևը թափվում էր։ Հիմա իմ տեղակ, երևի, մի ուրիշն է գնում։

Ռավիկը նստեց նրա դիմաց, լուսամատի գոգին։ Տարօրինակ է, մտածեց նա։ Մարդ միշտ կարծում է, որ եթե մարդիկ խասափում են մահից, ուրեմն անսահման երջանիկ են։ Մինչդեռ նրանք գրեթե երբեք այդպիսին չեն։ Ահա սա, որ այստեղ է, Լյուսիեննան, նույնպես այդպիսին չէ։ Պարզապես մի փոքրիկ հրաշք է կատարվել, ուրիշ ոչինչ, և միակ բանը, որ նրան հետաքրքրում է հիմա, դա այն է, որ նա չի վազվզում անձրևի տակ։

— Այդ ինչպե՞ս է եղել, որ դուք հատկապես այս կլինիկան եք եկել, Լյուսիեննա,— հարցրեց Ռավիկը։

Լյուսիեննան զգուշանալով նայեց նրան։

— Ինձ մեկն ասել էր այդ մասին։

— Ո՞վ։

— Մի ծանոթ աղջիկ։

— Ի՞նչ ծանոթ աղջիկ։

Լյուսիեննան իսկույն չպատասխանեց։

— Մի աղջիկ, որը նույնպես եղել է այստեղ։ Ես ինքս եմ նրան այստեղ բերել, ուղղակի մինչև դուռը։ Դրա համար էլ տեղը գիտեի։

— Այդ ե՞րբ է եղել։

— Իմ այստեղ գալուց մի շաբաթ առաջ։

— Չլինի՞ նա էր, որը վիրահատման ժամանակ մահացավ։

— Այո։

— Եվ չնայած դրան, դուք այստե՞ղ եկաք։

— Այո,— անտարբերությամբ ասաց Լյուսիեննան։— Իսկ ինչո՞ւ չպետք է գայի։

Ռավիկը չասաց այն, ինչ ուզում էր։ Նա նայեց նրա փոքրիկ, պաղ երեսին, որը մի ժամանակ մեղմ էր ու քնքուշ, սակայն կյանքը այնքան արագ կոպտացրել էր։

— Դո՞ւք էլ եք այն մանկաբարձուհու մոտ եղել,— հարցրեց Ռավիկը։

Լյուսիեննան չպատասխանեց։

— Կամ նույն բժշկի։ Դուք հանգիստ կարող եք այդ ինձ ասել։ Չէ՞ որ ես չգիտեմ, թե ով է նա։

— Սկզբում Մարին էր եղել նրա մոտ։ Մի շաբաթ ինձանից առաջ։ Տասն օր առաջ։

— Իսկ նրանից հետո էլ դո՞ւք գնացիք։ Թեև գիտեիք, ինչ է պատահել Մարիին։

Լյուսիեննան ուսերը վեր քաշեց։

— Բա ի՞նչ անեի։ Ուզեի-չուզեի պետք է ռիսկ անեի։ Ես ուրիշ ոչ ոքի չգիտեի։ Երեխա էր լինելու... ես երեխային ի՞նչ պետք է անեի։

Լյուսիեննան նայում էր դեպի պատուհանը։ Դիմացի պատշգամբում կանգնած էր շալվարակալերով մի տղամարդ, որը բացած հովանոց էր բռնել ձեռքին։

— Ես դեռ ինչքա՞ն պետք է մնամ այստեղ, բժիշկ։

— Մոտավորապես երկու շաբաթ։

— Դեռ երկու շաբա՞թ էլ պետք է մնամ։

— Դա այնքան էլ շատ չէ։ Իսկ ինչո՞ւ։

— Ես որտեղի՞ց պետք է այդքան փող վճարեմ...

— Գուցե հնարավոր լինի մի քանի օր շուտ դուրս գրել։

— Կարծում եք, ես կարո՞ղ եմ այդքանը վճարել։ Որտեղի՞ց ինձ այդքան փող։ Շատ թանկ է, օրը երեսուն ֆրանկ։

— Ձեզ ո՞վ է ասել։

— Բուժքույրը։

— Ո՞ր բուժքույրը։ Իհարկե, Էժենին...

— Այո։ Նա ասաց, որ վիրահատման ու բինտերի համար առանձին է վճարվում։ Դրանք շա՞տ են թանկ։

— Վիրահատման համար դուք արդեն վճարել եք։

— Բուժքույրն ասում է, որ դա շատ քիչ է։

— Բուժքույրը շատ չգիտե, թե ինչը ինչքան արժի։ Ավեքի լավ է դա բժիշկ Վեբերին հարցնեք։

— Ես կուզեի որքան կարելի է շուտ դա իմանալ։

— Ինչո՞ւ։

— Այդ դեպքում ես կարող եմ ավելի ստույգ հաշվել, թե դրա համար ինչքան պետք է աշխատեմ։— Լյուսիեննան նայեց իր ձեռքերին։ Նրա մատերը բարակ էին և ասեղներից ծակծկված։— Ես դեռ մի ամսվա սենյակի վարձ էլ պետք է վճարեմ,— ասաց նա։— Ես այստեղ եմ եկել ամսի տասներեքին։ Տասնհինգին պետք է տանտիրուհուն զգուշացնեի, որ գնալու եմ։ Իսկ հիմա մի ամբողջ ամսվա համար պետք է վճարեմ։ Եվ բոլորովին զուր տեղը։

— Դուք ոչ ոք չունե՞ք, որ ձեզ օգնի։

Լյուսիեննան նայեց նրան։ Հանկարծ նրա դեմքը մի տասը տարով ծերացավ։

— Ինքներդ եք հասկանում, բժիշկ։ Նա միայն ջղայնանում էր։ «Ես չգիտեի, ասում էր, որ դու այդքան հիմար ես։ Թե չէ, ասում էր, ես քեզ հետ գործ չէի բռնի»։

Ռավիկը գլխով արեց։ Դա բոլորովին նորություն չէր։

— Լյուսիեննա,— ասաց Ռավիկը,— մենք կփորձենք ձեզ աբորտ անող կնոջից որևէ բան ստանալ։ Մեղքը նրանն է։ Միայն թե դուք պետք է նրա անունն ասեք։

Աղջիկը ցնցվեց։ Նա վայրկենապես պատրաստվեց դիմադրության։

— Ոստիկանությո՞ւն։ Երբեք։ Եթե բանը նրանց հասավ, ես իմ հացը կուտեմ։

— Հարցը կլուծենք առանց ոստիկանության։ Մենք միայն նրան կսպառնանք։

Նա դառնորեն ժպտաց։

— Սպառնալիքներով նրանից ոչինչ չեք ստանա։ Նա երկաթից է։ Ես նրան երեք հարյուր ֆրանկ փող տվի։ Իսկ դիմացը ի՞նչ ստացա...— Լյուսիեննան ուղղեց իր հագի կիմոնոն։— Մարդիկ կան, որոնք բախտ չեն ունենում,— հուսահատորեն այնպես ասաց նա, կարծես խոսքը ոչ թե իր, այլ մի կողմնակի մարդու մասին լիներ։

— Ամենևին էլ ոչ,— պատասխանեց Ռավիկը։— Դուք շատ բախտավոր եք։


Ռավիկը Էժենիին տեսավ վիրահատարանում։ Նա փայլեցնում էր նիկելապատ գործիքները։ Դա Էժենիի ամենասիրած գործերից էր։ Նա այնպես էր խորասուզվել իր աշխատանքի մեջ, որ նույնիսկ չլսեց էլ, թե Ռավիկն ինչպես ներս մտավ։

— Էժենի,— ասաց նա։

Բուժքույրը ցնցվեց ու շուռ եկավ։

— Ախ, այդ դուք եք։ Դուք պետք է միշտ ինձ վախեցնե՞ք։

— Ես չէի կարծում, թե այդքան կարևոր անձնավորություն եմ։ Իսկ դուք չպետք է վախեցնեք պացիենտներին հոնորարի և բուժման վարձերին վերաբերվող ձեր խոսակցություններով։

Էժենին ուղղվեց և, ջնջոցը ձեռքին քարացավ տեղում։

— Հասկանալի է, այդ պոռնիկն է իսկույն տեղ հասցրել։

— Էժենի,— ասաց Ռավիկը։— Այն կանանց մեջ, որոնք երբեք որևէ տղամարդու հետ չեն պառկել, ավելի շատ պոռնիկներ կան, քան նրանց մեջ, ովքեր դրանով մի կտոր հաց են վաստակում, էլ չեմ ասում ամուսնացածների մասին։ Իսկ ինչ այդ աղջկան է վերաբերում, ապա նա ամենևին էլ ոչինչ տեղ չի հասցրել։ Դուք պարզապես նրա օրը փչացրել եք, ուրիշ ոչինչ։

— Թեկուզև այդպես։ Մի տեսեք, թե ինչպիսի նրբազգացություն... և այն էլ այսպիսի պայմաններում։

Դու, բարոյականության շրջիկ կատեխիզիս, մտածեց Ռավիկը։ Դու, գարշելի և ամբարտավան կեղծ բարեպաշտ, դու ի՞նչ գիտես այս գլխարկ կարող փոքրիկ աղջկա լքվածության ու միայնակության մասին, աղջիկ, որ հերոսաբար գնացել է այն մանկաբարձուհու մոտ, ով կործանել է իր րնկերուհուն, մեկը, որ սիրտ է արել պառկել այն հիվանդանոցում, որտեղ մահացել է իր ընկերուհին և որը ընդամենը միայն մի բան է կրկնում — «բա ի՞նչ անեի», «ես որտեղի՞ց պետք է վճարեմ այդքան փողը»...

— Դուք պետք է ամուսնանաք, Էժենի,— ասաց Ռավիկը։— Կամ երեխաներ ունեցող մի այրիացած տղամարդու հետ և կամ էլ՝ թաղման բյուրոյի սեփականատիրոջ։

— Մեսյո Ռավիկ,— արժանապատվությամբ ասաց բուժքույրը,— դուք կարող եք չանհանգստանալ իմ անձնական գործերի համար։ Այլապես ես հարկադրված կլինեմ բողոքել բժիշկ Վեբերին։

— Դուք առանց այդ էլ ամբողջ օրը դրանով եք զբաղված։— Ռավիկը ուրախությամբ նկատեց, թե ինչպես նրա այտերին երկու կարմիր բիծ հայտնվեցին։— Էժենի, ինչո՞ւ են աստվածավախ մարդիկ այդքան հազվադեպ հանդուրժող լինում։ Ամենաթեթև բնավորությունը ցինիկներինն է։ Իսկ ամենաանտանելին՝ իդեալիստներինը։ Արդյո՞ք սա ձեզ մտածելու հիմք չի տալիս,

— Փառք աստծո, ոչ։

— Այդպես էլ գիտեի։ Իսկ հիմա ես գնում եմ մեղքի որդիների մոտ, «Օզիրիս»։ Սա ես ձեզ ասում եմ առ ի դեպ, որպեսզի եթե հանկարծ պետք լինեմ բժիշկ Վեբերին, տեղս իմանաք։

— Ես կարծում եմ, որ հազիվ թե բժիշկ Վեբերը ձեր կարիքն ունենա։

— Կույս լինելը դեռ չի նշանակում նաև հեռատես լինել։ Մեկ էլ տեսաք, պետք եկա։ Ես մոտավորապես մինչև ժամը հինգը այնտեղ եմ լինելու։ Որից հետո կգնամ հյուրանոց։

— Էլ ոնց կլինի, հյուրանոց, փոխանակ ասեք հրեական բալագան։

Ռավիկը շրջվեց։

— Էժենի, ոչ բոլոր փախստականներն են հրեա։ Եվ ոչ էլ բոլոր հրեաները՝ հրեա։ Իսկ երբեմն էլ հրեա է դուրս գալիս նա, ով մտքովդ անգամ չի անցնի, թե հրեա է։ Ես նույնիսկ մի նեգր հրեայի գիտեի։ Դա մի սոսկալի միայնակ մարդ էր։ Միակ բանը, որ նա սիրում էր, չինական ճաշերն էին։ Ահա թե աշխարհում ինչեր են լինում։

Բուժքույրը ոչինչ չպատասխանեց։ Նա շարունակում էր մաքրել նիկելապատ մի մատուցարան, որն առանց այն էլ մաքրությունից շողշողում էր։


Ռավիկը նստել էր Բուասիեր փողոցի վրա գտնվող բիստրոյում և անձրևից թրջված ապակիների միջով դուրս էր նայում, երբ փողոցում մի մարդ նկատեց։ Դա կարծես ստամոքսին հասցրած ուժեղ հարված լիներ։ Առաջին ակնթարթին նա շոկի մի զգացում ունեցավ, առանց գիտակցելու, թե ինչ կատարվեց... Իսկ հաջորդ վայրկյանին, սեղանը մի կողմ հրելով, նա տեղից վեր ցատկեց ու, առանց ետ նայելու, մարդաշատ դահլիճի միջով նետվեց դեպի դուռը։ Մեկը բռնեց նրա թևից։ Ռավիկը արագ շրջվեց։

— Ի՞նչ է,— առանց հասկանալու հարցրեց նա։— Ի՞նչ է։

Դա քելներն էր։

— Դուք չեք վճարել, մեսյո։

— Ի՞նչ... հա-ա... ես ետ եմ գալու...— նա ազատեց ձեռքը։

Քելները կարմրատակեց։

— Մեզ մոտ այդպիսի բաներ չեն անում... Դուք...

— Վերցրեք...

Ռավիկը գրպանից դուրս քաշեց մի թղթադրամ, նետեց քելներին և դուռը թափով բացեց։ Դուրս պրծնելով մի խումբ մարդկանց միջից, նա իսկույն շենքի անկյունից թեքվեց դեպի աջ և սկսեց վազել Բուասիեր փողոցի երկարությամբ։

Ինչ-որ մեկը նրա հետևից հայհոյեց։ Նա մի տեսակ սթափվեց, դադարեց վազելուց և, աշխատելով այնպես անել, որ ոչ ոքի ուշադրություն չգրավի, քայլեց արագ-արագ, որքան ոտքերում ուժ կար։ Անհնարին բան է, մտածում էր նա, միանգամայն անհնարին, ես խելագարվել եմ, դա անհնարին է։ Այդ դեմքը, նրա դեմքը... ըստ երևույթին, ինլ-որ նմանություն էր, ինչ-որ շուն-շան որդու անիծյալ նմանություն... անհեթեթ մի տեսիլք... ներվերի հիմար մի խաղ... նա չի կարող Փարիզում լինել։ Այդ դեմքը... նա Գերմանիայում էր, Բեռլինում։ Լուսամուտի ապակիներր շղարշվել էին անձրևի շիթերով, մարդ չէր կարողանում տեսնել, ինչպես պետքն է... Ես, երևի, սխալվել եմ... ինձ պարզապես թվացել է։

Նա արագ-արագ քայլում էր առաջ, հրում-անցնում էր կինոյից դուրս ժայթքող մարդկային բազմության միջով, ուշադիր զննում էր յուրաքանչյուր տղամարդու դեմք, նայում էր շլյապաների տակը։ Ոմանք նրան նայում էին տարակուսանքով, ոմանք՝ վրդովված... Առաջ... առաջ... Ուրիշ դեմքեր, ուրիշ շլյապաներ մոխրագույն, սև, կապույտ... նա հասնում էր նրանց հետևից, շրջվում ու նայում էր նրանց, ուշադիր զննում...

Ավենյու Կլեբերի խաչմերուկում Ռավիկը կանգ առավ։ Մի կին... պուդելի հետ մի կին... հանկարծ հիշեց նա։ Իսկ նա գնում էր այդ կնոջ հետևից։

Պուդելի հետ գնացող կնոջից նա վաղուց անցել էր արդեն։ Հետո շրջվեց և արագ-արագ ետ դառավ։ Հեռվում նկատելով շանն ու կնոջը, նա կանգ առավ մայթի եզրին ու մնաց կանգնած։ Բռունցքները գրպաններում սեղմած, նա լարված նայում էր յուրաքանչյուր անցորդի։ Պուդելը լույսի սյան մոտ կանգ առավ, հոտոտեց և անսահման դանդաղ բարձրացրեց հետևի ոտքը։ Հետո հանգամանորեն ճանկռտեց սալարկը և վազեց առաջ։ Ռավիկը հանկարծ զգաց, որ ծոծրակը քրտինքից թրջվեց։ Նա մի քանի րոպե ևս սպասեց։ Դեմքը չէր գալիս։ Նա զննեց կանգնած մեքենաների մեջը։ Նրանց ներսում ոչ ոք չկար։ Ետ դառավ ու գնաց ավենյու Կլեբերի վրա գտնվող մետրոն։ Աստիճաններն ի վար ցած վազելով, նա տոմս վերցրեց ու քայլեց կառամատույցի երկարությամբ, որտեղ ուղևորների ձեռքից ասեղ գցելու տեղ չկար։ Մինչև կառամատույցի վերջը հասնելը, հայտնվեց գնացքը, մի պահ կանգ առավ և ապա նորից անհետացավ թունելի մեջ։ Կառամատույցը դատարկվեց։

Ռավիկը անշտապ քայլերով նորից վերադարձավ բիստրո և նստեց իր սեղանի մոտ, որի վրա դեռ դրված էր կալվադոսի կիսով լցված բաժակը։ Նրան տարօրինակ թվաց, որ բաժակը մինչև հիմա տեղից ոչ ոք չէր շարժել...

Ներս մտավ քելները։

— Ներեցեք, մեսյո։ Ես չգիտեի...

— Ոչինչ, ոչինչ,— ասաց Ռավիկը։— Մի բաժակ էլ կալվադոս բերեք։

— Մի բաժա՞կ էլ։— Քելները աչքը գցեց սեղանի վրայի կիսատ բաժակին։— Դուք չե՞ք ուզում դա խմել վերջացնել հետո։

— Ոչ։ Նորը բերեք։

Քելները վերցրեց բաժակը և հոտ քաշեց։

— Ինչ է, լա՞վը չէ։

— Ես այդպիսի բան չասացի։ Պարզապես ուզում եմ, որ մի նոր բաժակ բերեք։

— Այս րոպեիս, մեսյո։

Ես սխալվեցի, մտածեց Ռավիկը։ Անձրևով ողողված ու քրտնած ապակի — մի՞թե մարդ կարող է որևէ բան տեսնել։ Նա մոտեցավ լուսամուտին և սկսեց դարան մտած որսորդի նման ուշադիր ու լարված նայել փողոցի ամեն մի անցորդին, իսկ հիշողության մեջ գորշ և մուգ ստվերների պես անտարբեր անցնում էին ֆիլմի կադրերը՝ հիշողությունների անվերջանալի պատառիկները...

Բեռլին։ Ամառային մի երեկո։ 1934 թիվ։ Գեստապոյի շենքը։ Արյուն։ Մերկ պատերով անլուսամուտ սենյակ։ Առանց լուսամփոփի էլեկտրական լապտերի վառ լույս։ Կարմիր բծերով ծածկված սեղան, որի վրա կապելու գոտիներ էին հարմարեցված։ Գրգռված ուղեղի գիշերային պայծառություն, ուղեղ, որի մթագնումը տասնյակ անգամ սթափեցվել է կիսախեղդող ընկղմումներով ջրով լի դույլի մեջ։ Երիկամներ, ջարդոտված այն աստիճանի, որ այլևս ցավ չէին զգում։ Սիբիլայի աղավաղված, հուսահատ դեմքը։ Մի քանի համազգեստով դահիճներ, որոնք բռնել էին նրան։ Եվ մի ուրիշ դեմք ևս, ու մի ձայն, որ իրեն բարեկամաբար բացատրում է, թե ինչ կարող է լինել, եթե ինքը չխոստովանի... Երեք օրից հետո Սիբիլային գտել էին կախված... իբրև թե ինքնասպան է եղել։

Հայտնվեց քելները և սեղանին դրեց կալվադոսով լի բաժակը։

— Սա ուրիշ տեսակի է, մեսյու Կանի Դիդյեից է։ Եվ հին։

— Շատ լավ, շնորհակալ եմ։

Ռավիկը բերած բաժակը խմեց, գրպանից հանեց սիգարետի տուփը, վերցրեց մի հատ ու վառեց։ Ձեռքերը դեռ շարունակում էին դողդողալ։ Լուցկին հատակին շպրտելով, նա նորից կալվադոս պատվիրեց։

Այդ դեմքը... ժպտացող այդ դեմքը, որը նրան թվում էր, թե հենց նոր տեսավ, մի՞թե մոլորություն չէր։ Դա անհնարին էր... Հաակեն չէր կարող Փարիզում լինել։ Անհնարին բան է։ Ռավիկն իրենից հեռացրեց հիշողությունները։ Ի՞նչ նպատակ ունի տանջվել, եթե ոչինչ անել չի կարող։ Նրա օրը կհասնի այն ժամանակ, երբ այնտեղ ամեն ինչ կործանվի և հնարավոր լինի վերադառնալ։ Իսկ հիմա...

Նա իր մոտ կանչեց քելներին և վճարեց։ Սակայն դուրս գալով փողոց, չէր կարողանում իրեն զսպել, որպեսզի անցորդների դեմքերին չնայի։


Ռավիկը Մորոզովի հետ նստած էր «Կատակոմբայում»։

— Քո կարծիքով դա նա՞ չի եղել,— հարցրեց Մորոզովը։

— Ոչ, բայց շատ նման էր... դա մի անիծյալ նմանություն էր։ Եվ կամ էլ հիշողությունս է դավաճանում։

— Ափսոս բիստրոյում նստած ես եղել։

— Էլ մի ասի։

Մորոզովը լռեց։

— Շատ անհանգստացնող բան է, ճի՞շտ է,— ավելացրեց նա։

— Չէ։ Ինչո՞ւ։

— Որովհետև մարդ որոշակի չգիտի։

— Ես գիտեմ։

Մորոզովյը ոչինչ չպատասխանեց։

— Հալյուցինացիա է,— ասաց Ռավիկը։— Ես կարծում էի դրանից ազատվել եմ։

Որոշ ժամանակ նրանք լուռ էին։

— Մի պարտիա շախմատ չխաղա՞նք,— հարցրեց Մորոզովը։

— Խաղալը խաղանք։ Բայց ես ազատ տախտակ չեմ տեսնում։

— Այ այնտեղ պրոֆեսորը վերջացրեց։ Լևիի հետ էր խաղում։ Տարավ, ինչպես միշտ։

Ռավիկր գնաց շախմատի տախտակն ու ֆիգո։րաները բերելու։

— Երկար խաղացիք, պրոֆեսոր,— ասաց նա։— Համարյա օրվա երկրորդ կեսը։

Ծերունին գլխով արեց։

— Ցրում է։ Շախմատն ավելի կատարյալ է, քան թղթախաղը։ Թղթախաղում ամեն ինչ բախտը բերելուց ու չբերելուց է կախված։ Եվ մարդու չի ցրում ինչպես պետքն է։ Շախմատը ինքն իր մեջ մի ամբողջ աշխարհ է։ Քանի դեռ մարդ խաղում է, մեսյո, դրսի աշխարհը մոռացության է մատնվում։— Պրոֆեսորը բարձրացրեց իր բոցավառված աչքերը։— Իսկ դրսի աշխարհը այնքան էլ կատարյալ չէ։

Լևին, նրա խաղընկերը, հանկարծ ինչ-որ բան մրթմրթաց։ Հետո լռեց և, վախեցած շուրջը նայելով, հետևեց պրոֆեսորին։

Նրանք խաղացին երկու պարտիա։ Որից հետո Մորոզովը տե-ից կանգնեց։

— Ես պետք է գնամ, որպեսզի դռները բացեմ մարդկության ծաղիկների առաջ։ Ինչո՞ւ այլևս չես երևում մեր կողմերում։

— Չգիտեմ։ Պարզապես պատահականություն է։

— Վաղը երեկոյան կերևա՞ս։

— Վաղը երեկոյան չեմ կարող։ Ընթրիքի եմ գնալու։ «Մաքսիմում»։

Մորոզովը քմծիծաղեց։

— Անանձնագիր փախստական լինելով հանդերձ, դու քեզ բավական հանդուգն ես պահում — հաճախում ես Փարիզի ամենաբարձրաճաշակ ռեստորանները։

— Դրանք միակ տեղերն են, որտեղ մարդ իրեն լրիվ ապահով է զգում։ Բորիս։ Եթե մարդ իրեն փախստականի պես պահի, իսկույն կճանկեն։ Դու ինքդ դա պետք է իմանաս, դու նանսենյան անձնագրի տեր։

— Ճիշտ է։ Իսկ ո՞ւմ հետ ես գնալու։ Չլինի գերմանական դեսպանի։ Որպես նրա հովանավորյալ։

— Կետ Հեգստրեմի հետ։

Մորոզովը սուլեց։

— Կետ Հեգստրե՞մի,— ասաց նա։— Մի՞թե նա վերադարձել է։

— Վաղն առավոտյան է գալիս։ Վիեննայից։

— Շատ լավ։ Ուրեմն, ես քեզ անպայման կտեսնեմ մեզ մոտ, ավելի ուշ։

— Գուցե և չտեսնես։

Մորոզովը գլուխն օրորեց։

— Դա անհնարին է։ Երբ Կետ Հեգստրեմը Փարիզ է գալիս, նրա շտաբ-կվարտիրան «Շեհերազադեն» է։

— Այս անգամ բանն ուրիշ է։ Նա գալիս է, որպեսզի հիվանդանոցում պառկի։ Մոտ օրերս նրան վիրահատելու են։

— Այդ դեպքում առավել ևս։ Դու կանանց լավ չգիտես։— Մորոզովը աչքերը կկոցեց։— Թե դու չես ուզում, որ նա գա։

— Ինչո՞ւ չպետք է ուզեմ։

— Ես նոր միայն հիշեցի, որ դու մեզ մոտ չես եղել այն օրից ի վեր, ինչ այն կնոջը ուղարկել էիր։ Ժոան Մադուին։ Այնպես որ, քո չգալը ամենևին էլ պատահականություն չէ։

— Դատարկ բաներ ես ասում։ Ես նույնիսկ չգիտեմ էլ, նա ձեզ մոտ տեղավորվեց թե՞ չէ։ Պետք չեկա՞վ։

— Եկավ։ Մասնակցում էր մեր երգչախմբին։ Հիմա էլ մեներգի մի քանի առանձին համարներ ունի, երգում է։ Երկու թե երեք երգ։

— Հիմա ինչպե՞ս է, արդեն ընտելացե՞լ է։

— Իհարկե։ Ինչո՞ւ չպետք է ընտելանար։

— Խեղճը սոսկալի հուսահատված էր։

— Ի՞նչ,— հարցրեց Մորոզովը։— Ինչ ասացի՞ր։

— Խեղճը, ասացի։

Մորոզովը ժպտաց։

— Ռավիկ,— վրա բերեց նա հայրական տոնով և դեմքի մի այնպիսի արտահայտությամբ, որտեղ հանկարծակի ստեպներ, հեռաստան, մարգագետին և աշխարհի ամբողջ իմաստությունը արտացոլվեց։— Հիմար բաներ մի ասի։ Նա ուղղակի սրիկայի մեկն է։

— Ի՞նչ,— կարծես չհասկանալով հարցրեց Ռավիկը։

— Սրիկայի մեկը։ Ոչ թե բոզ, այլ սրիկա։ Եթե դու ռուս լինեիր, կհասկանայիր դա։

Ռավիկը ծիծաղեց։

— Նշանակում է, նա ամբողջովին փոխվել է։ Ցտեսություն, Բորիս։ Թող աստծո օրհնանքը քեզ վրա լինի: