Ամառ առանց այգաբացի - Նախաբան

Գրապահարան-ից
09:55, 21 Հուլիսի 2014 տարբերակ, Ծովիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ամառ առանց այգաբացի
Ամառ առանց այգաբացի - Գլուխ 1 ▶


1915 p. հունիսի 30-ին գերմանական բանակի թնդանոթները կրակ բացեցին այգաբացից երկու ժամ առաջ։ Փարիզից մոտ հարյուր հիսուն կիլոմետր հեռավորության վրա գտնվող Նեվիլ-Սենտ-Վաաստի ֆրանսիական դիրքերը հրետակոծվում էին։ Զինվորները, որոնց հաջողվել էր քնել խրամատներում անտեսելով հարմարությունների բացակայությունը, արթնացան։ Այդ հրետակոծությունն ազդարարում էր գերմանացիների հակահարձակումը, որոնք հետ էին մղվել ընդամենը մի քանի կիլոմետրով, գեներալ Ֆոշի բանակի երկամսյա մարտերից հետո։ Դրանք տասնյակ հազարավոր մարդկային կյանքերի գնով նվաճված խղճուկ հեկտարներ էին՝ պատված արկերի պայթյուններից գոյացած ձագարներով և լցոնված մարդկային մարմիններով։

Այս պատերազմը մարդիկ սկսել էին երգը շուրթերին, կարծես թե կարճատև ճամփորդության նախապատրաստվեին։ Սակայն ցեխոտ խրամատներում անցկացրած մեկ ձմեռը ոգեշնչումը ընդարմացման էր վերածել։ Սա անծանոթ մի բան էր, երբևէ եղած ամենաանմարդկային պատերազմը։ Մարդկային ուժն ու քաջությունն անզոր էին երկնքից տեղացող հրի ու երկաթի դեմ։ Մարդն անզոր էր թոքերն այրող գազի դեմ։ Ի չիք դարձան գեղեցիկ համազգեստները, մեծաքանակ բանակների զորաշարժերը, հեծելազորի տպավորիչ հարձակումները։ Ցեխոտ զինվորները փորձում էին ձուլվել հողին, խլուրդների պես փոսեր էին փորում, թաքնվում էին այնտեղ, սողում։

Նրանց թվում Էր, թե ողջ աշխարհը հրի ճարակ էր դարձել։ Եվ միգուցե նրանք իրավացի Էին։ Եվրոպայի գրեթե բոլոր երկրները իրենց գաղութների հետ միասին ներքաշված էին այդ պատերազմի մեջ։ Մի կողմից Եռյակ միությունն էր՝ Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Ռուսաստան, որոնց միացել էին Բելգիան, Ճապոնիան, Իտալիան և Սերբիան։ Նրանց հակառակորդներն էին Կենտրոնական կայսրությունները՝ Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Օսմանյան կայսրությունը և Բուլղարիան։ Եվ ուշ թե շուտ, դեռևս չեզոք տերությունները կամա թե ակամա ստիպված էին լինելու որևէ մեկի կողմը բռնել։


Նեվիլ-Սենտ-Վաաստից երեք հազար կիլոմետր այն կողմ, Միջերկրական ծովի արևելյան ծայրամասում՝ Օսմանյան կայսրությունում արևն էր ծագում։ Դարդանելի նեղուցի մուտքի մոտ գտնվող Գալիպոլի փորակղզում անգլիական և ֆրանսիական ռազմանավերը հրետակոծամ էին թարքական բանակի դիրքերը։ Հակառակորդի հրետանու արկերը չէին հասնում նավերին և պայթում էին ծովափին, ուր դաշնակիցները հենակետ ունեին, իսկ ցամաք նոր զորամասեր տեղափոխող ռազմանավերը շրջապատված էին ջրի շատրվաններով։

Նրանց թիվն արդեն անցնում էր հարյուր հազարից. ֆրանսիացիներ, բրիտանացիներ, գաղութների ներկայացուցիչներ՝ ավստրալացիներ, կանադացիներ, հյուսիսաֆրիկացիներ՝ անգլիացի գեներալ Համիլտոնի հրամանատարության ներքո, իսկ համալրում բերող նավերը շարունակում էին ժամանել։ Ապրիլին սկիզբ առած զորքի դեսանտից ի վեր էքսպեդիցիոն զորագունդը շրջափակված էր ցամաքի նեղ շերտում և չէր կարողանում խորանալ երկրի ներքին շրջանները, ուր օսմանյան զորքը՝ դիրքավորված լեռներում, համառորեն պաշտպանում էր իր տարածքը և թույլ չէր տալիս դաշնակիցներին շարժվել դեպի կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս։ Փետրվարին Կոստանդնուպոլիս հասնելու նպատակով ֆրանս-բրիտանական նավատորմիղը ապարդյուն կերպով փորձել էր բռնանցնել Դարդանելի նեղուցը, որը երիզված էր պաշտպանական ամրոցներով։

Արկերը և խոշոր տրամաչափի թնդանոթները, որոնք, ի դեպ գործ էին դնում գերմանացի հրետանավորները, լուրջ վնասներ էին հասցրել ռազմանավերին։

Բոսֆորի նեղուցի եվրոպական և ասիական ափամերձ բլուրներին սփռված հազարամյա քաղաքը հպարտությամբ ցուցադրում էր իր մարմարյա գմբեթներն ու մինարեթները։ Չնայած պատերազմին՝ անտիկ Բյուզանդիոնը, որը հետագայում Կոստանդնուպոլիս էր անվանվել առաջին քրիստոնյա կայսեր Կոստանդնի պատվին, եռուզեռի մեջ էր։ Ո՛չ անցած հարյուրամյակները, ո՛չ էլ նվաճողները արմատապես չէին փոխել քաղաքը, որը պահպանում էր անցյալի ժառանգությունը։ Այսպես, Աթմեյդանը՝ Ձիահրապարակը, զբաղեցնում էր հռոմեական ձիարշավարանի տեղը և պահպանել էր նրա հատակագիծը։ 1453 թ. Օսմանյանների կողմից Կոստանդնուպոլսի նվաճումից հետո Սուրբ Իմաստնության հին քրիստոնեական եկեղեցին չորս մինարեթների հավելումով վերածվել էր Սուրբ Սոֆիայի մզկիթի։ Այդ պահին Մեհմեդ V սուլթանը իշխում էր մեծ կայսրության մնացորդների վրա։ Վերջին հարյուրամյակի ընթացքում Օսմանյանների ժառանգությունը մասնատվել էր։ Բալկաններում՝ Հունաստանը, Ռումինիան, Ալբանիան, Բուլղարիան, Սերբիան և Չեռնոգորիան անկախացել էին։ Աֆրիկայում՝ Ալժիրը, Լիբիան, Թունիսը և Եգիպտոսը անցել էին եվրոպական տերությունների հովանավորության ներքո։ Սուլթանին մնացել էր միայն արևելյան Թրակիան, Անատոլիան, Միջագետքը, Պաղեստինը և Արաբական թերակղզին։ Բացի դրանից, նրա իշխանությունը ձևական էր։ Եթե նա գոռոզանում էր հավատացյալների Առաջնորդի իր տիտղոսով, ապա Անատոլիայի սահմաններից դուրս ապրող հավատացյալները նրան որպես այդպիսին այլևս չէին ընկալում։ Եվ վերջապես, այն պահից ի վեր, երբ 1909 թ. երիտթուրքերը գահընկեց էին արել Աբդուլ Համիդ II-ին՝ նրան փոխարինելով Մեհմեդ V-ով, սուլթանի ամբողջատիրությանը վերջ էր տրվել։ Սկզբունքորեն երկիրը կառավարվում էր խորհրդարանի կողմից, սակայն իրականում իշխանությունը իրականացնում էին երեք հոգի՝ Էնվերը, Թալեաթը և Ջեմալը։ Այս եռյակն էր, որ 1914 թ. հոկտեմբերի սկզբին ներքաշել էր երկիրը պատերազմի մեջ, դաշնակցելով Գերմանիային։

Այժմ կայսրությունը շրջապատված էր բոլոր կողմերից։ Թեժ մարտեր էին մղվում Անատոլիայի արեելքում՝ Արևմտյան Հայաստանի տարածքում, ուր ռուսներն անցել էին սահմանը և գրավել Վանը։ Ռազմամթերքի պակասի պատճառով նրանք նահանջում էին, սակայն դա արվում Էր, անկասկած, էլ ավելի հուժկու հարված հասցնելու նպատակով։ Հարավում բրիտանացիները տիրացել Էին Բասրային՝ Միջագետքում, որը տեղադրված էր Տիգրիսի և Եփրատի գետաբերանում։ Դրանից դեպի արևմուտք՝ Սինայի թերակղզում բրիտանական մեծաքանակ զորախմբի կողմից պահպանվող Սուեզի ջրանցքը գրավելու անհաջող փորձից հետո օսմանյան բանակը նահանջում Էր։ Կար նաև Գալիպոլին, որը գրեթե Կոստանդնուպոլսի մատույցներում էր, և ֆրանսիական ու բրիտանական նավատորմիղները, որոնք վերահսկում Էին Միջերկրական ծովը։ Այս ամենը ամենևին չէր խաթարում օսմանյան ղեկավարների լավատեսությունը։ Դարդանելի նեղուցի ճակատամարտը նրանց ինքնավստահություն էր ներշնչում. առաջին անգամը լինելով, բրիտանական ամբարտավան նավատորմիղը ստիպված էր իր պարտությունը խոստովանել։ Իսկ դա թուրքերի կատարած սխրագործությունն էր։ Եվ վերջապես, Օսմանյան կայսրությունը ազատվել էր Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի, Իտալիայի շուրջ մեկ հարյուրամյակ իրականացվող ճնշող խնամակալությունից։ Անատոլիայում, հատկապես Կոստանդնուպոլիս-Բաղդադ երկաթգծի վրա, խոշոր ներդրումներ իրականացրած Գերմանիայի օգնությամբ Էնվեր փաշայի կառավարությունը կկարողանար կառավարել երկիրն այնպես, ինչպես հարկ կհամարեր։


Նորին գերազանցություն Հենրի Մորգենթաուն, որը 1913 թ. ի վեր ԱՄՆ դեսպանն էր Կոստանդնուպոլսում, տնային զգեստով նստեց իր գրասեղանի աոջև։ Նա սիրում էր առավոտյան անդորրը և ամեն օր իրեն մենության մի պահ էր պարգևում պաշտոնական պարտականություններին անցնելուց առաջ։ Դրանց ծավալը զգալիորեն մեծացել էր այն պահից, երբ նա ստանձնել էր Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի և Բելգիայի շահերի պաշտպանությունը օսմանյան կառավարության առջև։ Այդ կեսժամյա դադարը նա օգտագործում էր մի քանի տող գրելու համար։ Անձնական մտքեր, տպավորություններ, նոթեր տարբեր իրադարձությունների վերաբերյալ։ Այդ գրառումները օգնում էին նրան կարգի բերել ցրիվ մտքերը, ինչպես նաև հիմքն էին ապագայում գրվելիք ինքնակենսագրության։

Նրա բարակ, սակայն ցցուն քիթը և փոքր-ինչ մեծ ականջները համաչափ էին թվում նեղ և երկարավուն դեմքի վրա, որի այդ առանձնահատկությունն ընդգծում էին ճաղատացող քունքերը և սրածայր կարճ մորուքը։ Կանայք նրան գեղեցիկ էին համարում։ Պենսնեն և բեղերը նրան խիստ տեսք էին տալիս, սակայն չէին թաքցնում աչքերում արտացոլվող բարությունը։ Այդ սովորաբար հանգիստ և հարթ դեմքին երկու ծալք կար, որոնք, սկիզբ առնելով հոնքերից, բարձրանում էին դեպի ճակատը և ճյուղավորվելով՝ հորիզոնական կնճիռներ էին կազմում։ Ամերիկայի դեսպանը մտահոգ էր։

Նրան չափազանց մտահոգում էր Օսմանյան կայսրության ազգային փոքրամասնությունների, հատկապես հայերի, ճակատագիրը։ Մոտ երկու միլիոն հայ ապրում էին Անատոլիայի արևելյան վեց վիլայեթներում՝ պատմական Հայաստանի տարածքի մի մասում, որը հասնում էր մինչև Կովկասյան լեռները՝ մասամբ գտնվելով Ռուսաստանի գերիշխանության տակ։ Բացի դրանից, հայերը նշանակալից փոքրամասնություն էին կազմում կայսրության այլ քաղաքներում, մայրաքաղաքը ներառյալ։ Կառավարությունը ծրագիր էր մշակել տեղահանելու բոլոր այդ մարդկանց և քշելու դեպի Սիրիական անապատը այն պատճառաբանությամբ, որ նրանք կարող էին աջակցել ռուսական զորքին, որը նույնպես քրիստոնյաներից էր կազմված։

Հենրի Մորգենթաուի համար պարզորոշ էր դարձել, որ կայսրության ղեկավարներն այլ նպատակ էին հետապնդում։ Նրանք ուզում Էին մաքրել Անատոլիան ոչ մահմեդական ազգաբնակչությունից։ Այդ տարվա ապրիլի 24-ին մայրաքաղաքի ավելի քան երկու հարյուր մտավորականների և աչքի ընկնող քաղաքացիների բանտարկությունը ավելի քան պերճախոս էր։ Իսկ այժմ, չնայած որ երկրի տարածքով ազատ տեղաշարժը սահմանափակված էր, իսկ նամակները գրաքննության էին ենթարկվում, մայրաքաղաք լուրեր էին հասնում հայկական ջարդերի մասին։ Թեև Մորգենթաուն այլևս իրավունք չուներ օգտվելու ծածկագրից երկրի ներսում գործող հյուպատոսարանների հետ կապվելու համար, այդուհանդերձ նա երբեմն նրանցից նամակներ էր ստանում միսիոներների միջոցով։ Այդ մարդիկ՝ ամերիկացիներ, կանադացիներ, նույնիսկ գերմանացիներ, գալիս էին և նրան պատմում էին այն դաժանությունների մասին, որոնց ականատեսն էին եղել։

Նրանք կարծում էին, որ միայն Միացյալ Նահանգներն էր ի զnրու ճնշում գործադրել օսմանյան կառավարության վրա։ Գերմանացի միսիոներները ցավով նշում էին, որ Կայզերը չէր ցանկանում անդրադառնալ այդ հարցին և ընդհարվել իր դաշնակցի հետ։ Հենրի Մորգենթաուն շատ բան անել չէր կարող, նա միայն բողոքում էր, իսկ ներքին գործերի նախարար Թալեաթ փաշան նրան պատասխանում էր, որ Միացյալ Նահանգները իրավունք չուներ խառնվելու կայսրության ներքին գործերին։ Եվ ըստ միջազգային դիվանագիտության կանոնների Թալեաթն իրավացի էր։

Դեսպանը դադարեց շոյել իր մորուքը, ուղղեց պենսնեն, վերցրեց գրիչը Թալեաթի հետ իր զրույցը գրանցելու համար։ Նախօրեին երկու միսիոներ այցելել էին իրեն և պատմել Կոնիայում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների մասին։ Նրանց պատմածը լսելուց հետո նա առանց հապաղելու գնացել էր Թալեաթի մոտ։ Նախարարը չափից ավելի անտրամադիր էր։ Արդեն մի քանի ամիս էր, ինչ նա փորձում էր ազատագրել իր երկու բարեկամներին՝ Այուբ Սաբրիին և Զինունին, որոնց անգլիացիները բանտարկել էին Մալթայում։ Այդ հարցը լուծելու անկարողությունն ընկճում և բարկացնում էր Թալեաթին։ Նա անդադար խոսում էր այդ խնդրի մասին և Մորգենթաուից պահանջում էր միջամտել այդ գործին։

Նրանց ազատ արձակելուն ուղղված հերթական փորձը անհաջողության էր մատնվել և Թալեաթը վրդովված էր։ Նա ջանում էր հանդարտ և քաղաքավարի լինել ամերիկացի դիվանագետի հետ, սակայն նրա կարճ ու հատու նախադասությունները և կատաղի դեմքր վկայում էին, որ պահը հարմար չէր մարդասիրության մասին խոսելու համար։ Հետևաբար Մորգենթաուն խոսեց նախ կանադացի միսիոներ դոկտոր Մակ Նոգտի մասին, որի հետ անարդարացի Էին վարվել։

— Այդ մարդը Անգլիայի գործակալն է,— պատասխանեց Թալեաթը,— և մենք դրա ապացույցն ունենք։

— Ներկայացրեք ինձ ապացույցները,— պահանջեց Հենրի Մորգենթաուն։

Քանի որ նախարարը չէր կարող դրանք ներկայացնել, ապա գերադասեց վրդովված ճառ արտասանել անգլիացիների դեմ։ Ակնհայտ էր, որ նա պատրաստ էր օգտագործել իր տրամադրության տակ հայտնված Անգլիայի ցանկացած հպատակի իր բարեկամներին ազատագրելու համար։ Զրույցի այդպիսի սկիզբը բարենպաստ չէր հայերի հարցը քննարկելու համար, և երբ դեսպանը անցավ այդ հարցին, Թալեաթը բռնկվեց։

— Հայերին չի կարելի վստահել։ Ավելին, նրանց նկատմամբ մեր գործելակերպը չի վերաբերում Միացյալ Նահանգներին։

Մորգենթաուն պատասխանեց, որ ինքը հայերի բարեկամը լինելով՝ վրդովված է նրանց պատուհասած դժբախտությունից։ Փաշան գլուխը թափ տվեց և հրաժարվեց խոսել դրա մասին։ Իբրև բարի կամքի դրսևորում, նա համաձայնեց ազատ արձակել կանադացի միսիոներին։ Դեսպանը գգաց, որ արդյունքի չէր հասնի, եթե պնդեր հայերի հետ կապված հարցի քննարկման վրա։ Բարեբախտաբար Թալեաթի տրամադրությանը փոփոխվում էր մանկական անհետևողականությամբ. այսօր նա կոպիտ էր և համառ իսկ հաջորդ օրը՝ բարեհոգի և խանդավառ։ Հետևաբար, զգուշությունից դրդված` պետք էր սպասել բարեհոգության պահի և ապա շոշափել այն թեմաները, որոնց մասին նա չէր սիրում խոսել։ Հենրի Մորգենթաուն վայր դրեց գրիչը և աչքերը հառեց դեպի արևելք նայող լուսամատին։ Այդ կողմում էր գտնվում Ռուսաստանի սահմանը, ավելի քան 1200 կմ հեռավորության վրա։ Անպտուղ դաշտավայրերի և մերկ լեռների այդ երկրում, ուր գետահովիտները միակ կանաչ օազիսներն էին, հայերը մատնված էին ճակատագրի քմահաճույքին։


Անատոլիայի հենց սրտում` Հալիս գետի հովտում գտնվում էր Սվասի վիլայեթի կենտրոն Սվաս քաղաքը։ Հասունացող ցորենի արտերը ոսկեզօծում էին դաշտավայրը։ Հյուսիսից և հարավից դաշտավայրը շրջափակող դեղին լեռները կարծես միանային հեռվում, և այնպիսի պատրանք էր ստեղծվում, որ քաղաքը գտնվում էր աշխարհի մեկուսացած գոգավորության մեջ։ Մինչդեռ սա միջանցք էր, որտեղով անցնում էր Կոստանդնուպոլսից Պարսկաստան տանող ճանապարհը։ Անատոլիայի բարձրավանդակը, որն ընկած էր Միջերկրական և Սև ծովերի արանքում միշտ էլ կամուրջ էր եղել Արևելքի և Արևմուտքի միջև, անցում, որն ընտրում էին նվաճողները, առևտրականները և քոչվոր ցեղերը։ Իսկ Սվասն էլ իր հերթին կարևորագույն հանգրվան է եղել քարավանների համար, որոնք մետաքս և համեմունք էին բերում Կենտրոնական Ասիայից։

Մ.թ.ա VII դ. ի վեր այդտեղ հաստատված հայ ժողովուրդը տարել էր խեթերի և պարսիկների գերիշխանությունը։ Հետագայամ այդ տարածքով էին անցել Ալեքսանդր Մակեդոնացու բանակը, Կեսարի լեգեոնները, բյուզանդացիները, արաբ նվաճոդները և մոնղոլական հորդաները։ Սելջուկյան թուրքերը եկան ասիական տափաստաններից, իսկ խաչակիրներն անցան երկիրը, ուղևորվելով դեպի Երուասղեմ։ Եվ վերջապես XV դարում օսմանյան թուրքերը տիրացան երկրին, իսկ հետո իրենց գերիշխանությանը տարածեցին մինչև Աֆրիկա և Եվրոպա։

Չնայած պատերազմներին և ջարդերին՝ հայերին հաջողվել էր վերապրել և բարգավաճել։ Գործունյա և ճարպիկ լինելով, նրանք հաճախ միջնորդի դեր էին կատարում հարևան ժողովուրդների համար։ Իրենց պատմության քսանհինգ դարերի ընթացքում նրանք հինգ տարբեր թագավորաթյուններ էին հիմնադրել, որոնք միասին գոյատևել էին մեկ հազարամյակ։ Միջթագավորությունների ընթացքում նրանք հայտնվում էին որևէ նվաճողի լծի տակ։ Մ.թ ա. I դ. Տիգրան Մեծի թագավորությունը տարածվում էր Սև ծովից մինչև Կասպից ծովը, Կովկասյան լեռներից մինչև Միջերկրական ծովի ափը։ Հայոց վերջին թագավորությանը՝ խաչակիրների դաշնակիցը, գտնվում էր Կիլիկիայում և գոյատևել էր մինչև 1375 թ.։ Հետագայում Հայաստանը, ուր Նոյյան տապանի հանգրվան Արարատ լեռն Է, բաժանվել է Օսմանյան կայսրության, Պարսկաստանի և Ռուսաստանի միջև։

Բազմադարյան մշակութային ավանդույթներ, սեփական հավատք, լեզու, գիր ունենալով, հայերը դիմադրում էին ձուլման ցանկացած փորձին։ Չնայած հայերը շրջապատված են եղել մահմեդականներով, նրանք համառորեն պահպանել են իրենց դավանանքը, որն ըստ ավանդության Հայաստանում քարոզել են Սուրբ Թադեոսը և Սուրբ Բարդուղիմեոսը։ Հայերը հպարտանում էին, որ 301 թ Տրդատ Մեծ արքան հռչակել էր քրիստոնեությունը որպես պետական կրոն և այդպիսով հիմնադրել առաջին քրիստոնեական պետությանը։ Դավանափոխության եզակի դեպքեր էին անցնումը կաթողիկե և բողոքական եկեղեցիների գիրկը, որոնց միսիոներները ակտիվ գործունեություններ էին ծավալել Անատոլիայում 19-րդ դարում։ Սակայն հայերի մեծ մասը հավատարիմ էր մնացել Հայոց Առաքելական եկեղեցուն, որը նրանց համար մարմնավորում էր ազգային ինքնուրյունը և կապը անցյալի հետ։

Սվասում, ինչպես և Անատոլիայի մնացած վիլայեթներում, մահմեդականները և հայերը լավ թե վատ գոյակցում էին չորս դար շարունակ և քաղաքի տեղագրությունը վկայում էր այդ փոխադարձ կախվածության, մասին ուր փոխադարձ հարգանքը չէր բացառում նաև որոշակի փոխադարձ անվստահություն։ Բազմաթիվ մատուռներ, վանքեր ու դպրոցներ ունեցող հայկական թադաղամասը փռված էր սարի լանջին։ Վերին քաղաքը, իր հարուստ առանձնատներով, որոնք շրջապատված էին այգիներով ու ցանկապատերով, տեղադրված էր ավելի համեստ, տափակ տանիքներով և կրով սպիտակեցրած պատերով տների զանգվածի վերևում։ Այս՝ ներքին թաղի տների միջև գոյանում էր նեղ փողոցների և նրբանցքների լաբիրինթոսը։

Ավելի ցած ընկած քաղաքապետարանը, շուկայի հրապարակը և կառավարական շենքերը սահման Էին հանդիսանում։ Դրանցից այն կողմ ծավալվում էր Կավալը, ուր ապրում էր մահմեդական ազգաբնակչությունը` թուրքեր, չերքեզներ և քրդեր։ Այնտեղ արևի տակ փայլփլում էին հին հոգևոր դպրոցի՝ երկնագույն ֆայանսով պատված գմբեթը, և տասնյակ մինարեթներ էին խոյանում տափակ տանիքների կողքին։ Վաճառատները, պաշտոնական նստավայրերը շարված էին կողք կողքի` խանդավառ խառնաշփոթի մեջ...